ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Եղիշե Չարենց

ԵՐԿԻՐ ՆԱԻՐԻ


Նախորդ էջԲովանդակություն  | Հաջորդ էջ

[ էջ 3 ]

ԵՐԿՐՈՐԴ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՌԹԻՎ

«Երկիր Նաիրի» վեպը լույս տեսնելուց հետո հեղինակն իր մի շարք հայրենակիցներից սկսեց ստանալ գրություններ, մեծ մասամբ բարեկամական նամակներ, որոնցով այդ արգո նաիրցիները մի կողմից իրենց խորին գոհունակությունն են հայտնում հեղինակին, որ նա որոշ տեսակետով, այսպես ասած՝ անմահացրել է իրենց սրտին շատ մոտ նաիրյան այդ քաղաքի օրերն ու վաստակները,— իսկ, մյուս կողմից, դժգոհությունը, որ հեղինակը, իր կամքից երևի անկախ պատճառներով, նաիրյան այդ քաղաքի մի քանի արգո քաղաքացիների մասին արձանագրել է տեղեկություններ, որ չեն համապատասխանում իրականության։ Այսպես, օրինակ, մի շարք քաղաքացիներ հայտնում են, որ նաիրյան այդ քաղաքի առաջին ծխականի տեսուչ եղել է ո՛չ թե պ. Մարուքեն, ինչպես ասված էր մեր աշխատության մեջ, այլ պ. Բյուզանդ Վարդերեսյանը, որի և մի շարք ոչ այնքան էլ գեղեցիկ արարքները ծխական դպրոցում, հիշյալ հիմնական սխալի պատճառով, վեպում վերագրված էին պ. Մարուքեին։ Այս վերջինի մասին մի շարք ամենաստույգ աղբյուրներ իրենց պարտքն են համարում հայտնել նաև այն, որ նա, այսինքն պ. Մարուքեն, ավարտած է եղել ո՛չ թե Գևորգյան ճեմարանը, ինչպես ասված էր մեր վեպում, այլ — տեղական յոթնամյա քաղաքային դպրոցը, որտեղից և, որքան մեզ հայտնի է, անցել է արտասահման (Բեռլին): — Սակայն այս վերջին հանգամանքն է ահա, որ այնպես էլ մութ մնաց հեղինակին, մեզ այնպես էլ չհաջողվեց ճշտել, թե եղե՞լ է նա արդյոք Բեռլինում, ինչպես ինքն է ասում, և, եթե այո՝ իրերի ի՞նչ երջանիկ բերումով է, որ նա կարողացել էր

[էջ 4]

նաիրյան այդ — թող ներվի ինձ ասել — բավականին հետամնաց քաղաքից թռչել — պատկերավոր ասած — այդքան հեռու։

Այս հանգամանքն է ահա, որ այնպես էլ մութ մնաց մեզ համար ու չպարզաբանված.— և ահա, օգտվելով առիթից, խնդրում ենք բոլոր մեր հայրենակիցներին՝ եթե նրանք ունեն ստույգ տեղեկություններ հիշյալ կարևորագույն հանգամանքը ճշտող՝ թող բարի լինեն գրել մեզ, հետևյալ հասցեով.—

Երկիր Նաիրի. Եղիշե Չարենցին.—

Մինչ այդ, օգտվելով մեր վեպի երկրորդ հրատարակության ցանկալի առիթից՝ այսու մենք շտապում ենք առաջին հերթին մեր խորին շնորհակալությունները հայտնել մեր բոլոր հիշյալ բարեկամներին՝ ոչ այնքան մեզ, որքան պատմությանը մատուցած նրանց հիշյալ անգնահատելի ծառայությանց համար,— և ապա՝ շտկել բոլոր այն սխալներն ու թերությունները, որ, մեր կամքից անկախ, տեղ էին գտել մեր աշխատության էջերում։

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ
1926. հունվար Երևան

P. S. — Մեր աշխատության մեջ գուցե և կան, իհարկե, ավելի մեծ, թեկուզ մի քիչ այլ կարգի, սխալներ ու թերություններ, քան վերոհիշյալները. — բայց այդ սխալներն ու թերությունները շտկելու համար հարկավոր էր թերևս նորից գրել այս վեպը, բայց դա արդեն ո՛չ թե շտկում կլիներ, այլ անդամահատություն՝ մահվան սպառնալիքի ներքո։ Ուստի և մենք հիմնականում թողնում ենք մեր աշխատությունն այնպես, ինչպես նա կա, ելնելով ժողովրդական այն իմաստուն ասացվածքից, որ կուզիկի մեջքը գերեզմանը միայն կշտկի... Թեկուզ պիտի ասենք, որ ժողովրդական այս իմաստուն ասացվածքում կա մի բան, որ նրա ճշմարտությունը մեր աչքին դարձնում է բավականին թեական.— այդ այն է, թե ո՞նց կարող է գերեզմանը— շտկել... Գերեզմանից հետո — էլ ի՞նչ շտկում...

Հասկացողը կհասկանա։

Ե. Չ.

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր. Եղիշե Չարենց, Երկիր Նաիրի։ «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977
Տրամադրեց. Միքայել Յալանուզյան

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice