|
Ռափայել Պատկանյան
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Պատկանյան Ռափայել Գաբրիելի, Գամառ Քաթիպա (8.11.1830, Նոր
Նախիջևան — 26.8.1892, Նոր Նախիջևան), բանաստեղծ, արձակագիր, հասարակական
գործիչ: Գ. Պատկանյանի որդին:
Սկզբնական կրթությունն ստացել է հոր դպրոցում, 1843—49-ին սովորել
է Լազարյան ճեմարանում: 1850-ին մեկնել է Թիֆլիս:
Առաջին ստեղծագործությունները՝ «Պանդուխտ հայ ի Փարեզ», «Զարմայր
Նահապետի մահը» (պոեմներ), «Առավոտյան երգ շինականաց», «Երեկոյան երգ
շինականաց» (բանաստեղծություններ), լույս են տեսել 1850—51-ին «Արարատ»
շաբաթաթերթում: Առաջին պոեմում Պ. հայ պետականության վերջին ներկայացուցիչ
Լևոն IV-ի կերպարը նույնացրել է հայրենիք, ազգ, ազգային ինքնագիտակցություն
գաղափարների հետ, առաջ քաշել հայրենիքի անկախության, Հայաստանը օտար
լծից ազատագրելու խնդիրները: Երկրորդ պոեմը, որ անտիկ շրջանի պատմությունից
վերցված դրվագ է, դարձյալ վերածվում է հայրենիքը գովերգող պատգամի:
Նա հայ քաղաքացիական պոեզիայի հիմնադիրներից մեկն է:
1851-ին Պ. սովորել է Դորպատի համալսարանում, գրել ուրախության, գինու,
վայելքի, ինչպես նաև հեռավոր հայրենիքի փառաբանման տրամադրություններով
հագեցած բանաստեղծություններ («Հայոց գինին», «Թիֆլիսի քեֆ»): 1851-ին
ընդունվել է Մոսկվայի համալսարանի բժշկ. ֆակ-ը:
1852-ին ուսանողներ Գ. Քանանյանի և Մ. Թիմուրյանի հետ հիմնել է Գամառ-Քաթիպա
ընկերությունը: Գամառ-Քաթիպայի տետրակները լույս ընծայելու համար 1854-ին
տեղափոխվել է Պետերբուրգ, ընդունվել տեղի համալսարանի արլ. ֆակուլտետի
հայ-վիրա-թաթարական բաժինը: 1855-ին լույս է տեսել Գամառ-Քաթիպայի
առաջին պրակը՝ «Գրե այնպես, ինչպես որ խոսում են, խոսե այնպես, ինչպես
որ գրում են» բնաբանով: Պ. ձգտել է իր խոսքին տալ ժողովրդին հարազատ,
կենդանի, կենսունակ արտահայտություն: Նրա լեզվական հայացքներն իրենց
արտացոլումն են գտել «Արաքսի արտասուքը» (1856), «Քաջ Վարդան Մամիկոնյանի
մահը» (1856) ստեղծագործություններում:
1857-ին Պ. դարձել է Մ. Բադաղյանի ստեղծած «Երիտասարդ Հայաստան» խմբակցության
անդամ, որի նպատակն էր Հայաստանի ազատագրումը դարավոր լծից:
1857—62-ին գրել է «Պատմություն Մեծին Պետրոսի...», «Նապոլեոն Բոնապարտ»,
«Մարտին Լյութեր» (անտիպ) աշխատությունները, որոնց օրինակով կամեցել
է ոգեշնչել հայ ժողովրդին, «Դև Մրուս», «Քյոռ Օղլու» պոեմները, որտեղ
մարմնավորել է անկախության համար պայքարող հայ մարտիկներին: 1863—64-ին
հրատարակել է «Հյուսիս» շաբաթաթերթը, որի էջերում նկարագրել է Զեյթունի
հերոսամարտի դրվագները:
1866-ին մեկնել է Նոր Նախիջևան, որտեղ, ուսումնա-կրթական աշխատանքներին
զուգընթաց, ստեղծագործել է, արտահայտել ազատաբաղձ գաղափարներ, որոնք
արտացոլվել են Նոր Նախիջևանի բարբառով գրած «Չախու», «Պաց ազպար»,
«Տիրացինս» (1875), «Կիւլզատե» պատմվածքներում և «Նոր Նախիջևանի քնար»
(1878) ժողովածուում:
1875-ին թուրք բռնապետության դեմ Հերցեգովինայում և Բոսնիայում բռնկած
սլավոնների ապստամբության լուրը ստեղծագործական նոր լիցք է հաղորդել
Պ-ին, և նա գրել է «Ազատ երգեր» բանաստեղծությունների շարքը:
Բեռլինի կոնգրեսից (1878) հետո տիրող ծանր հիասթափության տարիներին
Պ. շարունակել է ստեղծագործել նույն ոգով: 1880-ական թթ. ստեղծել է
«Փառասեր», «Ես նշանած էի», «Տիկին և Նաժիշտ» վիպակները, որոնցից առաջինում
ներկայացրել է օտարամոլ, միայն անձնական բարօրության մասին մտածող
հային, իսկ երկրորդում գովերգել է ասպետական գծերով օժտված, ազնիվ
անձնազոհ հերոսին:
1880-ին Պ-ի ջանքերով Նոր Նախիջևանում հիմնադրվել է արհեստագործական
դպրոց, որը հնարավորություն է ընձեռել չքավոր երեխաներին, տարրական
գիտելիքներին զուգընթաց, տիրապետելու արհեստների, ստանալու անվճար
սնունդ ու հագուստ: Պ. մինչև իր կյանքի վերջը եղել է այդ դպրոցի տեսուչը:
Այդ տարիներին նա գրել է մի շարք դասագրքեր («Մայրենի բարբառ», «Այբբենարան
հնչական ոճով», «Հայոց պատմություն»), «Մեր տեղի ծակլաբունները» պատմվածքը,
որտեղ երգիծել է Բեռլինի կոնգրեսի մասնակից մեծ տերություններին, խարազանել
անձնական շահը հայրենիքի ազատությունից գերադասող անձանց: 1880-ական
թթ. կեսերին Հայաստանում տեղի ունեցող ընդվզումները առիթ են դարձել
ստեղծելու «Զոհեր», «Տաճկահայերի օրհասը», «Երդում», «Փեսաներ» բանաստեղծությունները,
որոնցում հեղինակը համայն հայությանը կոչ է արել զորավիգ կանգնել հայրենիքի
փրկության գործին:
Պ. Նոր Նախիջևանի բարբառով գրել է նաև երգիծական պատմվածքներ, որոնցում
ներկայացրել է բուրժ. հարաբերությունների զարգացման հետևանքով փլուզվող
հայ համայնքի պատկերը («Օձի խածածը», «Շատերեն մեկը», «ՒԽոռթլախը»,
«Նոր տուն ու հին տուն», «Փորսոլխին Ավագը», «Խ՚ապաաթը վորի'նն է»
ևն):
______________
Երկ. Ընտ. երկասիրություններ, հ. 1—3, ՍՊԲ, 1893-1904: Երկ.
Ժող., հ. 1—8. Ե., 1963—74:
Գրկ. Մուրադյան Հ., Ռափայել Պատկանյան, Ե., 1956: Սիմոնյան
Ռ., Ռափայել Պատկանյան: Գեղարվեստական արձակը, Ե., 1956: Վարդունի
Լ. Մ., Ռափայել Պատկանյանի մանկավարժական գործունեությունը և ասույթները,
Ե., 1966: Սաղյան Մ., Ռափայել Պատկանյան. կյանքը և գործը, Ե., 1980:
Оհանյան Ա., Ռափայել Պատկանյանի հրապարակախոսությունը, Ե., 1981:
Մ. Սաղյան
|