ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Րաֆֆի

ԽԱՉԱԳՈՂԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԸ


Բովանդակություն   Ներածություն   Մաս I   Մաս II   Մաս III   Մաս IV


ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

Ա

ԵՐՈԻՍԱՂԵՄԻ ՆՎԻՐԱԿԸ

1840 թվականն էր։

Անցել էր հինգ տարի այն օրից, որ մենք թողեցինք Պարսկաստանը։

Ռուսաստանի հյուսիսային, հեռավոր գավառներից մեկում, անապատի մեջ ցրված գյուղերի միջով, անցնում էր մի ծածկված կառք։ Հինգ միագույն ուժեղ ձիաներ տանում էին նրան։

Այդ կառքը, այնպես ծածկված, անցել էր շատ նահանգներ, շատ գավառներ և ամեն տեղ, որտեղ հայտնվել էր նա, ժողովուրդը խորին ջերմեռանդությամբ հանդիպել էր նրան և նրա փոշին սրծել էր իր համբույրներով։ Այժմ կառքը շարժվում էր դեպի մի մեծ գյուղ, որ չորս վերստ հեռավորության վրա էր; ճանապարհի ամբողջ երկարությունը, որ տանում էր դեպի հիշյալ գյուղ, պատած էր մարդիկներով։ Ծեր, մանուկ, այր և կին կոխ էին տալիս միմյանց, առաջ էին մղվում, որ տեսնեն անցորդին։ Բայց անցորդը չէր երևում, ծածկված կառքի լուսամուտների վարագույրներն անգամ ցած էին թողած։

Կառապանի տեղը նստած էր և կառավարում էր ձիաները մի աբիսինիացի խափշիկ՝ նիհար դեմքով և բաց ղահվեի գույնով։ Սառը հյուսիսը կարծես փոքր-ինչ փոխել էր տաք աշխարհի որդու բնական գույնը և խլել էր նրա սևությունը։

Կառքի ետևում նստած էր մի երիտասարդ արևելյան թուխ դեմքով և երկայն, գանգրահեր մազերով։ Այդ մազերը սև սաթի նման փայլում էին։ Նրա ամբողջ հագուստը նույնպիսի սև գույն ուներ, որպես գլխի մազերը։ Պատրաստված էր կոշտ բուրդից։ Այսպիսի հագուստ արևելքում կրում են անապատական աբեղաները միայն, որոնք աշխարհ չեն մտնում, մարդկանց երես չեն տեսնում, այլ, առանձնացած իրանց խցիկներում, աղոթում են կամ սուրբ գրքեր կարդում։

Կառքի մեջ նստած էր մի անձնավորություն միայն։ Նրան ոչ ոք չէր տեսնում։

Երբ կառքը մոտեցավ գյուղին, սկսեցին զանգակները հարկանել։ Այդ ժամանակ միայն կառքի փոքրիկ լուսամուտների վարագույրները բարձրացան, և աջ կողմի լուսամուտը բացվեցավ։ Այստեղից դուրս պարզվեցավ մի ձեռք և սկսեց խաչակնքել և օրհնություն տալ ամբոխին։

Ձեռքի երեսը և բազուկը (որ բոլորովին մերկ էր) դրոշմված էին մուգ կապտագույն նկարներով, որոնք ներկայացնում էին սերովբեներ, քերովբեներ և մի վանքի պատկերը, զարդարված խաչերով։ Մուժիկները մոտենում էին և ջերմեռանդությամբ համբուրում էին այդ խորհրդավոր ձեռքը։ Նրա շագանակի գույն ունեցող կաշուց երևում էր, որ կրողը ծնվել է տաք կլիմայի տակ, ուր մարդկանց կաշին արևի ջերմության ներքո կորցնում է իր սպիտակությունը։

Կառքը մտավ գյուղը։

Այդ կառքը ամեն գյուղ, ամեն փոքրիկ քաղաք, ուր որ հասնում էր, կանգնում էր կա՛մ եկեղեցու դռանը, եթե այնտեղ կար հարմար իջևան, կա՛մ հոգևոր առաջնորդի դռանը և կամ ավագ քահանաների դռանը։ Նա իրան հեռու էր պահում աշխարհականների բնակարաններից։ իսկ այսօր նրան ընդունելու համար պատրաստված էր գյուղի հարուստ կալվածատիրոջ տունը։

Կառքը դանդաղ էր շարժվում։ Ուժեղ ձիաները, հակառակ իրանց կամքի, գնում էին համընթաց քայլով։ Որովհետև նրանք իրանց ընթացքը պիտի հարմարեցնեին ահագին ամբոխի շարժման հետ, որ շրջապատել էր կառքը։ Երևում էր, այդ խելացի անասունները այնքան սովորած էին այդպիսի բազմության, որ բնավ չէին խրտչում, այլ մի առանձին կամակատարությամբ այնքան կամաց էին գնում, որ ամբոխը որքան կամենում է նայե և բավականացնե իր փափագը։

Փողոցները, տների լուսամուտները բռնված էին մարդիկներով։ Կնիկները, իրանց երեխաներին գրկած, անց էին կենում ձիաների երասանակների տակով։ Շատերը փորձում էին անիվների տակով անցնել։

Կառքը կանգնեց գյուղի կալվածատիրոջ տան դռանը։ Նրա ետևում նստած գանգրահեր երիտասարդը ցած ցատկեց և, շուտով բաց անելով նրա դռնակը, օգնեց նստողին դուրս գալու։ Գյուղի երկու քահանաները և կալվածատեր պարոնը մտան սրբազան հյուրի թևքերի տակը և համարյա ձեռքերի վրա նրան ներս տարան։

Թեև երեկո էր, բայց տակավին բավական լույս կար։ Այսուամենայնիվ, բազմությունը դարձյալ զուրկ մնաց նրա դեմքը տեսնելուց։ Որովհետև երեսի վրա ձգած ուներ մի տեսակ խիստ օտարոտի քող, որի վրա նկարված էր վերջին դատաստանի սոսկալի պատկերը։

Երբ նրան ներս տարան իր համար հատկապես պատրաստված սենյակը, երեսի քողը վեր առեց։ Հայտնվեցավ մի պատկառելի դեմք փառահեղ սպիտակ մորուքով, երկայն ալեխառն մազերով։ Արդարությունը, հոգևոր խաղաղությունը, լուսավորված ջերմ հավատքով, դուրս էին ցոլանում նրա երեսի մեղմ գծերից։

Տունը գեղեցիկ կերպով զարդարված էր։ Նրա տերերը այն տեսակ ազնվականներից էին, որոնք իրանց կյանքի առույգ տարիները մայրաքաղաքների զեխության, շռայլության և անբարոյական շվայտությունների մեջ մաշում են, սպառում են և, երբ մոտենում են գերեզմանին, այնուհետև հոգնած, ձանձրացած, վերադառնում են դեպի հեռավոր գավառը և անձնատուր են լինում կրոնական բարեպաշտության։

Առանձնանալով մի հեռավոր գյուղի խուլ անկյունում, այդ տեսակ մարդիկ չեն զլանում, հին հիշողությունները պահպանելու համար, շրջապատել իրանց այն զարդարանքներով, այն խայտաճամուկ առարկաներով, որոնց մեջ մի ժամանակ լողում էին։ Այդպես զարդարված էր և հիշյալ կալվածատիրոջ տունը։

Մի գեղեցիկ դիվան, պատած մանիշակագույն ատլասով, սպասում էր, որ հարգելի հյուրը նստեր նրա վրա։ Երբ տան տերը հրավիրեց նստել, հարգելի հյուրը կանգ առեց գեղեցիկ դիվանի առջև և, մի տեսակ զարմացական հայացք ձգելով նրա վրա, արտասանեց այդ խոսքերը.

— Մեր տեր Հիսուս Քրիստոսը Բեթղեհեմի մսուրի մեջ ծնվեցավ և առաջին անգամ աղքատ, խղճուկ հովիվների հետ տեսնվեցավ։ Այնուհետև շատ գիշերներ անց էր կացնում բացօթյա, մերկ գետնի վրա պառկելով։ Այժմ նրա անարժան աշակերտին ի՞նչ կվայելե այսպիսի փառավոր գահավորակի վրա բազմել։ — Այդ խոսքերը արտասանեց նա հունարեն լեզվով, իսկ գանգրահեր երիտասարդը թարգմանեց ռուսերեն։

Տան տերը չգիտեր՝ վիրավորվե՞լ, թե՞ ամաչել իր, քրիստոնեական սակավապետության հակառակ, շռայլ կենցաղավարության համար։

Գանգրահեր երիտասարդը, մասնավորապես ծանոթացնելով տան տիրոջը «վշտալի հոր» սովորությունների հետ, հայտնեց, թե ավելի հարգած կլինեին, եթե թույլ կտային նրան չշեղվել իր կյանքի սովորական եղանակներից։ Այդ խոսքերի հետ գանգրահեր երիտասարդը տարածեց դիվանի մանիշակագույն ատլասի վրա մի մաշված կապերտի կտոր, որ «վշտալի հոր» գործածական օթոցն էր։ Նրա վրա է՛ նստում էր նա, և գիշերները քնում էր։

Նա իր ծանր հողաթափները հանեց դիվանի առջև և ասիական կերպով ծալապատիկ բազմեցավ նրա վրա։ Այդ հոդաթափները, երկու մատնաչափ հաստ տակերով, նույն ձևը ունեին, որպես մեր քահանաները հագնում են սուրբ սեղանի վրա պատարագ մատուցելու ժամանակ։

Նրա անշուք, անպաճույճ զգեստը իր վրա աոանձին ուշադրություն էր դարձնում։ Դա կոշտ մազից գործված մի տեսակ մուգ մոխրագույն հագուստ էր, որը անապատներում կոչում են «խարազն», իսկ հագնողներին՝ «խարազնազգեստ»։ Այդպես հագնվում են միայն իրանց անձը ամենախիստ ճգնությունների ենթարկող անապատական աբեղաները։ Գլխին կրած ուներ մուգ-լաջվարդի գույնով ֆես՝ փաթաթած սև ապարոշներով, որոնց ծայրերը իջնում էին մինչև ուսերը։Վերնազգեստը արևելյան կրոնավորների ֆարաջայի նմանությունն ուներ, մինչև կրունկները հասած լայն փեշերով և բավական ընդարձակ թևքերով։ Մեջքը սեղմված էր սև կաշուց պատրաստված լայն գոտիով։ Մի ահագին երկաթյա խաչ զարդարում էր նրա կուրծքը, որ կախված էր նույնպես երկաթյա հաստ շղթայից։ Գլխի և երեսի մազերը այնքան աճել էին, որ կարծես երբեք մկրատի և ածելու հետ ծանոթ չեն եղել։ Այդ տալիս էր նրա դեմքին դերվիշի տպավորություն։

Այդ աբեղան Երուսաղեմի վանքի նվիրակ էր, իսկ գանգրահեր երիտասարդը, որ իր հագուստի ձևերով շատ չէր տարբերվում իր վարդապետից, նրա սարկավագն էր։

Մինչև այդ տունը հասնելը, աբեղայի մասին ռամիկ գյուղացիների մեջ տարածվել էին շատ առեղծվածային պատմություններ, շատ առասպելներ։ Ասում էին, որ նա ոչինչ չէ ուտում, ոչինչ չէ խմում, այլ միայն աղոթքով է կերակրվում։ Ասում .էին, որ նա կույրերի, կաղերի, հիվանդների վրա բժշկություններ է անում, և ուրիշ շատ այսպիսի բաներ էին ասում։ Բայց ինչ որ ճշմարիտ էր, այն էր, որ նա չափազանց պարզ և սակավապետ մարդ էր. խորշում էր ամեն տեսակ վայելչությունից, որոնք թուլացնում են հոգին, իսկ սնուցանում են մարմնականը և անասնականը մարդու մեչ։

Երբ աբեղան ծալապատիկ նստեց դիվանի վրա, գյուղի երկու քահանաները և տան տերը դեռ կանգնած էին նրա առջև, չէին համարձակվում նստելու։ Նա խնդրեց, որ նստեն, ասելով.

— Դուք նստեցեք, որպես սովոր եք։

Տան տերը տեղավորվեցավ բազկաթոռի վրա, իսկ երկու քահանաները նստեցին հեռու աթոռների վրա։

Հյուրանոցում, ուր գտնվում էին նրանք, տիրում էր մի տեսակ ծանր լռություն։ Տան տերը, չնայելով որ բավական զվարճախոս և մինչև անգամ շատախոս մարդ էր, ինչպես լինում են առհասարակ շատ ման եկած, շատ բան տեսած և շատ բան լսած ծերունիները, այսուամենայնիվ, չգիտեր ի՞նչ առարկայի վրա խոսել իր տարապայման հյուրի հետ։ Նա գտնվում էր մի տեսակ երկյուղածության մեջ, որ տիրում է մարդու սրտին, երբ զգում է գերբնական էակների ներկայությունը: Իսկ քահանաները վախենում էին խոսել ավելի այն պատճառով, որ ցույց չտան իրանց տգիտությունը։

Վերջապես կից սենյակի դռնից ներս մտավ տան տիկինը իր զավակների ահագին խումբով, և հյուրանոցի լռությունը փոքր-ինչ փարատվեցավ, փոքր-ինչ կենդանացավ։

Ամուսին այրը կանգնեց, սկսեց ներկայացնել նախ իր տիկնոջը, հետո իր աղջիկներին և որդիներին։ Բոլորը հերթով մոտեցան համբուրեցին աբեղայի աջը և օրհնություն առին։

Տիկինը նստեց աբեղայի դիվանի մոտ, մեծ աղջիկները և մեծ որդիները տեղավորվեցան մյուս կողմում, իսկ փոքրիկները մի քանի րոպե ոտքի վրա մնացին, ձանձրացան և դուրս գնացին։

Հարգելի հյուրը, ինչպես երևում էր, կանանց զբաղեցնել չգիտեր և, կարծես թե, նրանց ներկայությունից նեղվում էր։ Այդ երևում էր այն անախորժ արտահայտությունից, որ նկատվում էր նրա տխուր դեմքի վրա, որը ամենայն ջանքով աշխատում էր թաքցնել։ Դա կուսակրոնի սովորական վրդով մունքն է, երբ հանդիպում է կնոջ։ Բայց ի՞նչով բացատրել այդ։

— Ձեր սրբազնությունը երևի շատ հեռվից է գալիս, — Տան տիրուհին սկսեց խոսակցությունը։

Աբեղան դարձավ դեպի գանգրահեր սարկավագը, որ կանգնած էր նրա մոտ։ Թարգմանը պատասխանեց.

— Այո՛, հեռվից, շա՛տ հեռվից։ Ամբողջ երեք ամիս ճանապարհ ենք անցել, մինչև հասել ենք այստեղ։

Այդ միջոցին ֆրակով և սպիտակ ձեռնոցներով ներս մտան երկու սպասավորներ և արծաթյա մատուցարանների վրա տվեցին թեյ։

Աբեղան հրաժարվեցավ ընդունելուց, ասելով, որ սուրբ տաճարի սպասավորները իրանց հեռու են պահում անուշ ըմպելիքներից։ Տան տիկինը երկար աշխատում էր բացատրեի համոզել նրան, թե դա հասարակ թեյ է, ուրիշ ըմպելիք չէ, թե դրան գործ են ածում իրանց երկրում մինչև անգամ էգզարխները։

Չկամենալով վշտացնել տան տիկնոջ բարեսրտությունը, աբեղան ընդունեց մի բաժակ և սկսեց առանց շաքարի խմել։Երկու քահանաները հետևեցին նրա օրինակին և, հակառակ իրանց սովորության, սկսեցին իրանք էլ կծովի խմել։

Տիկինը հետաքրքրվեցավ գիտենալ, թե ի՞նչ նպատակով է ճանապարհորդում «նորին սրբազնությունը»։ (Տիկինը միշտ նրան« սրբազնություն» էր կոչում, թեև հարգելի հյուրը եպիսկոպոս չէր, այլ Երուսաղեմի վանքի հունաց միաբանության աբեղաներից էր)։

Աբեղան համառոտ կերպով հայտնեց իր ո՛վ լինելը կամ ի՞նչ միաբանության կողմից իրրև Երուսաղեմի նվիրակ ուղարկված լինելը, հայտնեց իր ճանապարհորդության նպատակը։ Այնուհետև խիստ ցավալի կերպով սկսեց նկարագրել «սուրբ տաճարի» թշվառ դրությունը, նկարագրեց փրկչի սուրբ գերեզմանի հալածանքը մահմեդականներից, նկարագրեց միաբանների կրած նեղությունները թուրքերից, նրանց աղքատությունը և ողորմելի վիճակը։ նրա ամբողջ պատմությունը այնքան ազդու և ցավակցական էր, որ տան տիրուհին լսելու ժամանակ անդադար խաչակնքում էր իր երեսը, վերջը նա այլևս դիմանալ չկարողացավ, թաշկինակը տարավ աչքերին, սկսեց դառն կերպով հեկեկալ։

Աբեղան, նկատելով այդ, մխիթարեց նրան՝ ասելով.

— Սուրբ տաճարի բոլոր թշվառություններին դարման կարվի բարեպաշտ հավատացելոց նվիրատվությամբ։ Ես ուխտել եմ այնքան ժամանակ չուտել, չխմել, չքնել, և այդ երկաթե շղթան (նա ձեռքը տարավ դեպի հաստ շղթան, որից քարշ էր ընկած ահագին երկաթյա խաչը նրա կուրծքի վրա) միշտ իմ պարանոցին կրած պիտի ունենամ, մինչև բարեպաշտ հավատացելոց օժանդակությամբ չհավաքեմ այնքան նվերներ, որոնցով կարելի լինի փրկչի սուրբ գերեզմանը գերությունից ազատել։

— Մի՞թե գերության մեջ է նա, — Բացականչեց տիկինը։

— Այո՛, գերության մեջ է, անօրենների ձեռքում... Վանքը պարտքի տակ է ընկած... սրբությունները գրավ են դրված...

— Աստվա՜ծ իմ, աստվա՜ծ իմ, — Բացականչեց տիկինը, դարձյալ թաշկինակը տարավ դեպի աչքերը։

Տիկնոջ օրինակին հետևեց և նրա ամուսին այրը։ Երկու քահանաները նույնպես փորձեցին զգացված ձևանալ։

Թեյի երկրորդ բաժակը ընդհատեց այդ տխուր խոսակցությունը.սպասավորները արծաթյա մատուցարանները ձեռքներում կրկին ներս մտան։

Բոլոր ժամանակը աբեղան խոսում էր հունարեն, իսկ գանգրահեր երիտասարդը թարգմանում էր նրա ասածները։ Այդ վերջինը ռուսերեն նույնպես շատ փոքր գիտեր, և այդ ավելի հետաքրքրական էր դարձնում նրա խոսքերը, երբ շատ բաներ մնում էին անհասկանալի։

Թեյի երկրորդ բաժակից հետո խոսակցությունը ընդունեց ուրիշ ուղղություն։ Տան տերը հարցրեց,

— Երուսաղեմի մեջ այժմ ի՞նչ սրբություններ են մնացել։

— Շատ սրբություններ են մնացել, — պատասխանեց աբեղան, — Որոնց թվումն է Հիսուս Քրիստոսի օրորոցը։ Իսկ այդ սուրբ օրորոցը վաղուց է, որ թուրքերը խլել են մեզանից, պահվում է Օմարի մեչիդում։ Երբ մի քրիստոնյա մտնում է այնտեղ, սուրբ օրորոցը սկսում է ինքն իրան օրորվել։ Այդ պատճառով քրիստոնյաներին թույլ չեն տալիս, որ այնտեղ մտնեն։

— Անիծյալնե՛ր... — Բացականչեցին երկու քահանաները, որ բոլոր ժամանակը լուռ էին։

— Այլևս ի՞նչ կա, — Հարցրեց տան տերը։

— Հուդայի վիրապը, — պատասխանեց աբեղան, կարծես թե դա էլ սրբությունների կարգումն էր։

— Հուդայի վիրապը, — կրկնեց տան տիրուհին երեսը խաչակնքելով։

— Այո՛, Հուդայի վիրապը։ Անիծյալ Հուդան դեռ կենդանի է այն խոր վիրապի մեջ։

— Ի՞նչպես չէ դուրս գալիս, — Հարցրեց տան տերը զարմանալով։

— Խորի բերանը աստծո հրամանով հավիտյան ծածկված է ահագին ժայռով։ Երբ գալիս է ավագ ուրբաթ գիշերը, այսինքն՝ այն գիշերը, որ անիծյալը մատնեց մեր տեր Հիսուսին, խորի միջից լսվում են սարսափելի ձայներ, լսվում են նրա տանջանքի հառաչանքները...

— Երևի սատանաները չարչարում են անիծյալին, — մեջ մտավ երկու քահանաներից մեկը։

— Այո՛, չարչարում են.,, նա միշտ կչարչարվի և այնպես կմնա մինչև Հիսուս Քրիստոսի սոսկալի դատաստանի օրը։

— Անիծյա՜լ Հուդա...— դարձյալ կրկնեցին ամեն կողմից:

— Այլևս ի՞նչ կա, — Հարցրեց տիկինը։

— Մի սուրբ աղբյուր, որ գոյացած է Մարիամ Մաղդաղենացու արտասուքներից։ Կույրերը բժշկվում են, երբ լվացվում են նրա ջրով։

— Ուղարկենք այնտեղ մեր Ֆեդկային, — Ասաց տիկինը, դառնալով դեպի իր ամուսինը։

Ֆեդկան նրանց փոքրիկ որդին էր, որի աչքերից մեկը ծաղկից փչացել էր.

— Բժշկության համար հաստատ հույս և հավատ պետք է, —նրանց խոսքը կտրեց աբեղան։

Աբեղայի պատմությունները Երուսաղեմի նվիրական տեղերի մասին հետզհետե ավելի և ավելի հետաքրքրական էին դառնում։ նա խոսեց «թափառական հրեայի» մասին, նա խոսեց «անբան մարգարեի» գերեզմանի մասին, նա խոսեց «պիթենյաց լեոան» և «Գեթսեմանի ձորի» մասին, նա խոսեց «Վա՜յ-Վա՜յ-Գոլի» կոչված լճակի մասին և այլն։

— Այդ ի՞նչ լիճ է, — հարցրեց տիկինը։

— Դա այն լիճն է, — պատասխանեց աբեղան, — Որի մեջ Հիսուս Քրիստոսը մանուկ հասակում մի անգամ լողանում էր ուրիշ շատ երեխաների հետ։ Չար երեխաները տանջում էին նրան։ Փոքրիկ Հիսուսը վեր առեց մի բուռ ավազ, ցրեց չար երեխաների վրա, նրանք բոլորն էլ գորտեր դարձան և մնում են մինչև այսօր, անդադար աղաղակելով «վա՜յ-վա՜յ», այդ պատճառով էլ այդ լիճը կոչվում է «Վա՜յ-վա՜յ-Գոլի», որը նշանակում է վայ— Վայի լիճ։

Զարմացած տիկինը դարձավ դեպի իր որդիները, ասելով,

— Լսո՞ւմ եք, զավակներս, թե ինչպես է պատժվում չարությունը։

Նրանք կարմրեցին։

Սեղանատանը պատրաստված էր ճոխ ընթրիք։ Տան տերը մտավ այնտեղ տեսնելու՝ միգուցե մի բան պակաս լիներ։ նա կանչեց գանգրահեր երիտասարդին նրա հետ խորհրդակցելու։

— Ներեցե՛ք, խնդրեմ, — Հարցրեց նրանից, — ձեր հայր սուրբը որպիսի գինիներ, որպիսի՝ նախաճաշիկներ ավելի շատ է ախորժում։

Գանգրահեր երիտասարդը աչք ածեց հարուստ պատրաստության վրա, մի առանձին ափսոսանքով պատասխանեց.

— Այդ բոլոր գեղեցիկ պատրաստություններից իմ հայր սուրբը ոչինչ չէ կարող ոչ ուտել և ոչ՝ խմել։

— Երևակայեցեք, պատվելի, — Ասաց տան տերը ներողություն խնդրելով, — մենք համարյա անապատների մեջ ենք ապրում, հազարավոր վերստերով մեծ քաղաքներից հեռու գտնվելով, ամեն բանից զրկված ենք։ Ինչ որ տեսնում եք այստեղ, այն ևս հազիվ կարելի է գտնել, մենք բերել ենք տվել Մոսկվայից։

— Ներեցեք, տեր իմ, — պատասխանեց երիտասարդը։ — Ես լավ չկարողացա հասկացնել իմ միտքը։ Այդ բոլորը շատ գեղեցիկ է, չափազանց է և մինչև անգամ արքայավայել է, բայց իմ հայր սուրբի համար չէ։

— Ինչո՞ւ։

— Նա ամբողջ տարին պահեցողությամբ է անցկացնում, համարյա աղ ու հացով, իսկ այստեղ պահոց ոչինչ չկա։ Ուտում է միայն սուրբ Հարության զատկին և սուրբ Ծննդյան տոնին, այն ևս ոչ միս, այլ սակավ ինչ յուղեղեն։ Իսկ գինիներ ամենևին չէ խմում, միայն պարզ ջուր է գործածում։

— Այդ զարմանալի է, շատ զարմանալի։ Հյուրընկալը սաստիկ դժվարության մեջ ընկավ։

Գանգրահեր երիտասարդը նկատելով այդ ասաց նրան.

— Սուրբ գերեզմանի պաշտոնյաները բոլորը այդպես են։ Դուք ավելի հարգած կլինեք ձեր հյուրին, եթե թույլ կտաք նրան իր սովորություններին հետևել։ Մի պնակ խաշած սիսեռը խիստ ճոխ ընթրիք է նրա համար։ Եթե այդ էլ չգտնվի, նա շատ գոհ կլինի, եթե ցամաք հացով կկերակրվի։

Չնայելով ժուժկալության այդ բոլոր խստություններին, տան տերը պատվիրեց պահոց մի քանի տեսակ կերակուրներ, որոնք աբեղային բավական տհաճություն պատճառեցին, թեև նա այդ մասին քաղաքավարությամբ լռեց։

Ընթրիքը վերջացավ ավելի զվարճությամբ, քան թե սպասվում էր։ Հայր սուրբը շատ նոր և հետաքրքիր բաներ պատմեց Երուսաղեմի վանքի մասին, աբեղաների խիստ ու աշխարհազուրկ կենցաղավարության մասին, ուխտավորների տոնական հանդիսակատարությունների մասին և այն հրաշքի մասին, թե ո՛րպես սուրբ Հարության զատկի օրը երկնքից լույս է իջնում փրկչի գերեզմանի վրա և սուրբ տաճարի բոլոր ջահերը, բոլոր մոմերը միանգամից վառվում են։

Նրա պատմությունները լցնում էին լսողների սրտերը կրոնական ջերմեռանդությամբ, վառում էին նրանց հավատքը և մի առանձին հոգեզմայլությամբ նրանց սրտերը ձգում էին դեպի այն հեռավոր բիբլիական աշխարհը, ուր ծնվել էին աստծո մարգարեները, ուր տիեզերքի փրկիչը կատարել էր նոր ուխտի աստվածային պատգամները։

Ընթրիքից հետո, որովհետև հայր սուրբը հոգնած էր, իսկույն սկսեցին մտածել նրա հանգստության համար։ Բարեպաշտ տան տիկինը ինքն անձամբ առանձին խնամք էր տանում նրա անկողնի պատրաստության մասին։ Այդ զանազան վարագույրներով, բազմաթիվ մեծ և փոքրիկ բարձիկներով, տեսակ-տեսակ վերմակներով և դրոշակներով կազմված փափուկ, փետրային անկողինը կարծես թե պատրաստված լիներ Մորփեոսի ձեռքով*։ Եվ որպեսզի նույն անախորժությունները տեղի չունենային, ինչ որ ընթրիքի ժամանակ կերակուրների վերաբերմամբ, տիկինը կանչեց քնարանում գանգրահեր սարկավագին, տեղեկանալու համար նրա հայր սոլրբի քնելու սովորությունների մասին։

——————————————
* Ըստ հունական դիցաբանության, Մորփեոսը համարվել է քնի ու երազատեսության աստվծը։
——————————————

— Այդ ի՞նչ է, հարգելի. տիկին, — Բացականչեց գանգրահեր երիտասարդը զարմանալով.— դուք, երևի, մտածել եք իմ հայր սուրբին մեղքի մեջ ձգել, ավելի շուտով նա հանձն կառնի պառկել Սադայելի գրկում, քան թե այս փառավոր անկողնու մեջ։

Տիկինը վիրավորվեցավ երիտասարդի երկմտանի նկատողությունից։ Երիտասարդը շուտով ուղղեց իր սխալը, ավելացնելով.

— Երուսաղեմի խստակյաց աբեղաները մեղք կհամարեն այս տեսակ փառավոր անկողինների մեջ քնելը։ Իմ հայր սուրբը ունի իր առանձին անկողինը, որ միշտ իր հետ է ման ածում, նրա մեջ կպառկի։

Այդ խոսքերի հետ երիտասարդը մտավ այն սենյակը, ուր դրած էին իրանց իրեղենները և բերեց այնտեղից կոշտ մազից պատրաստված մի վերմակ և մի փոքրիկ բարձ, մեջը լցրած խոտով ու երեսը պատած սև սաֆիանով: Դրանց հետ էր այն մաշված կապերտի կտորը, որ տարածված էր գեղեցիկ դիվանի մանիշակագույն ատլասի վրա, և որին հայր սուրբը գործ էր ածում և իբրև օթոց, և իբրև դոշակ քնելու ժամանակ։

— Ահա նրա մահճի բոլոր պարագայքը, — Ասաց երիտասարդը, ցած դնելով ցնցոտիները, — Այդ տեսակ մահիճը լավ է այն կողմից, որ նրա մեջ դժվար է երկար քնել, և այդ իմ հայր սուրբի համար շատ հարկավոր է։ Իսկ այն փառավոր անկողինը հանգիստ քուն կբերե, դա շատ վատ է, վտանգավոր է։

Տիկինը չգիտեր զարմանա՞լ, թե՞ ծիծաղել երիտասարդի միամտության վրա։ Վերջը չկարողանալով զսպել իր համբերությունը, ասաց.

— Չէ" որ քնում են հանգստանալու համար։

— Այդ ուղիղ է, պատվելի տիկին, բայց ոչ ամեն մարդիկ։ Իմ հայր սուրբը գիշերվա մեջ մի ժամ հազիվ է քնում, հետո զարթնում է, ճրագը վառում է, սկսում է կարդալ։

Ամեն գիշեր պետք է ծայրեծայր վերջացնե Դավթի սաղմոսների ընթերցումը։ Հետո կարդում է Սողոմոն իմաստունի առակները, հետո մարգարեությունները, հետո Պողոս առաքյալի թղթերը, և մյուսները այդ կարգով։ Մի այսպիսի կոշտ անկողին անհրաժեշտ է, որ քունը չհաղթե մարդուն։ Քայց դարձյալ երբեմն չար սատանան հակառակվում է, և քունը հաղթում է։ Դրա համար իմ հայր սուրբը հագնում է բոլորովին այլ տեսակ շապիկներ, քան թե հագնում են հասարակ մարդիկ։

Տիկնոջ զարմացումը այժմ փոխվեցավ հետաքրքրության։ Նա հարցրեց,

— Ի՞նչ տեսակ շապիկ։

— Եթե պատվելի տիկինը հետաքրքրվում է, ես այս րոպեիս կարող եմ։ ցույց տալ։

Երիտասարդը դարձյալ մտավ այն սենյակը, ուր դրված էին իրանց իրեղենները։ Բազմաթիվ մեծ և փոքրիկ արկղներից մեկը բաց արավ և այնտեղից դուրս բերեց տոպրակի պես մի բան, որ ֆուֆայկայի նմանություն ուներ այն կողմից, որ երկու նեղ թևքեր ուներ։ Տիկինը մինչև ագամ վախեցավ իր ձեռքով շոշափել այդ օտարոտի շապիկը և միայն հեռվից սկսեց նայել նրա վրա։ Միայն ինկվիզիցիան կարող էր հնարել մի այսպիսի սատանայական զգեստ իր դատապարտյալներին տանջելու համար։ Շապիկը գործված էր նույնպես կոշտ մազից, բայց նրա հյուսվածքի մեջ փայլում էին հազարավոր մանրիկ ասեղիկներ, որոնք իրանց սուր ծայրերը դարձրել էին դեպի այն կողմը, որ պիտի շոշափվեր մարմնի կաշու հետ։

— Դա կոչվում է «զգաստության շապիկ», — սկսեց բացատրել երիտասարդը, — դա արթնության մեջ է պահում մարդուն։ Դա տանջում է մարմինը և զորություն է տալիս հոգուն։ Մեր վանքի բոլոր աբեղաները այս տեսակ շապիկներ են հագնում։

— Այդ սարսափելի է, — Բացականչեց տիկինը։ — Ուրեմն նա հիմա էլ հագած ունի։

— Այո՛։ Ես էլ նույն տեսակ ունեմ հագած։

Երիտասարդը, իր օձիքը բաց անելով, ցույց տվեց իր «զգաստության շապիկը»։ Տիկինը սոսկաց։

Մյուս օրը, առավոտյան պահուն, այդ տան մեջ կատարվեցավ մի հանդիսավոր մաղթանք։ Հայր սուրբը ջուր օրհնեց մի խաչով, որի մեջ, ինչպես հավատացնում էր, ամփոփված էր «կենաց փայտի» մի մասը։ պրօրհնության միջոցին կարդացվեցավ ավետարան, երգվեցան զանազան հոգևոր երգեր։.

Ամբողջ ընտանիքը, ծառաները, աղախինները և հարևաններից շատերը հավաքված էին ընդարձակ դահլիճում, ուր կատարվում էր այդ հոգևոր ծիսակատարությունը։ Հայր սուրբը օրհնած ջուրը սրսկեց հանդիսականների վրա, և, երբ վերջացրեց, նախ տան տիրուհին և նրա ամուսինը մոտեցան համբուրեցին խաչն ու ավետարանը, հետո նրանց որդիները, և ապա մնացած բազմությունը, բոլորը համբուրեցին և օրհնություն առին։

Երբ ամեն ինչ վերջացած էր, օտարները հեռացան, դահլիճում մնացին միայն տանեցիքը։ Հայր սուրբի կառքը արդեն սպասում էր դռանը, նա շտապում էր ճանապարհ ընկնել։ Բայց տան տիկինը խնդրեց, որ մի փոքրիկ նախաճաշիկ անեն և հետո ճանապարհ ընկնեն։ Հայր սուրբը հարգեց նրա խընդիրքը։

Նախաճաշիկից հետո, երբ խմում էին վերջին բաժակները և ցանկանում էին հայր սուրբին հաջողություն ու բարի ճանապարհ, մոտեցավ տան տերը և, կրկին համբուրելով հարգելի հյուրի աջը, տվեց նրան մի հաստ ծրար՝ ասելով՛

— Համարեցեք այս փոքրիկ նվերը որպես այրի կնոջ լուման։ Ես քրիստոնեական պարտավորություն եմ համարում իմ կարողության չափով մասնակից լինել այն օժանդակությանը, որ նպատակ ունի թեթևացնելու Երուսաղեմի սուրբ տաճարի պետքերը։

Ծրարի մեջ կար 5000 ռուբլի արծաթ։

Հայր սուրբը օրհնեց նրա առատաձեռնությունը, խոստացավ հինգ անգամ պատարագ մատուցանել Երուսաղեմի սուրբ տաճարի սեղանի վրա նրա և իր տիկնոջ հոգիների քավության համար։ Բացի ղրանից, ընծայեց տան տիկնոջը մի «տերողորմյա», որ շինված էր ձիթապտուղի կորիզներից։ Ասաց, որ այդ ձիթապտուղները հասարակ տեսակից չեն, այլ քաղված են Զիթենյաց լեռան նվիրական ծառերից, որոնց հովանիների ներքո շատ անգամ հանգստանում էր Հիսուս Քրիստոսը ու շատ անգամ խոսում էր նա իր ամենանշանավոր քարոզները։

— Այն օրից անցել է տասնևինը դար, — Ավելացրեց աբեղան, — Այն նվիրական ծառերը, որ արժանացել էին իրանց հովանու ներքո հյուրասիրելու մարդկության փրկչին, մինչև այսօր կենդանի են մնում։

Հետո նա ընծայեց տան տիրոջ երեխաներին մի-մի հատ սադաֆե փոքրիկ փաչեր։ — Այդ սադաֆը, — ասաց նա, — հանված է այն ծովից, որտեղից անցավ Մովսեսը Իսրայելի որդիների հետ և ազատեց նրան Փարավոնի գերությունից։ Եվ այդ պատճառով այդ խաչերը կրողները ազատ կմնան ամեն տեսակ չարից ու փորձանքից։

Տան տերը և տան տիրուհին շատ գոհ մնացին իրանց ստացած ընծաների մասին և մեծ շնորհակալությամբ ճանապարհ դրին հարգելի հյուրին։

Նա դարձյալ իր օտարոտի քողը, որի վրա նկարված էր վերջին դատաստանի սոսկալի պատկերը, ձգեց դեմքի վրա, դուրս եկավ և նստեց ծածկված կառքի մեջ։ Կառքը մեկնեցավ։

Գյուղացիների բազմությունը դարձյալ չկարողացավ տեսնել այդ խորհրդավոր աբեղայի երեսը։ Բայց այդ բարի և կրոնասեր գյուղացիները երկար ժամանակ չէին մոռանում հայր Անտոնիոսի ու նրա սարկավագ Ամբրոսիոսի հետաքրքիր պատմությունները Երուսաղեմի նվիրական տեղերի մասին...

Բ

ՇԱՐԺԱԿԱՆ ՄԱԳԱԶԻՆ

Կարծեմ ընթերցողը ճանաչեց հայր Անտոնիոսին և նրա սարկավագ երիտասարդ Ամբրոսիոսին։

Այն բոլոր սրբությունները, որ մենք վաճառում էինք Երուսաղեմի վանքի անունով, նրանցից և ոչ մեկը Պալեստինայի երկիրը տեսած չէր։ Մենք ունեինք մեզ հետ ամեն տեսակ նյութեր, որոնցից պատրաստում էինք հարկավոր եղած իրեղենները։ Այդ աշխատությունները կատարում էինք մենք գիշերով և այնպիսի խուլ անկյուններում, որ ոչ ոք մեր արհեստի մասին կասկած ունենալ չէր կարող։ Ես սովորել էի շինել գեղեցիկ սադաֆե խաչեր և ձիթապտուղի կորիզներից «տերողորմյաներ»։ Մեր աբիսինիացի խափշիկը գիտեր պատրաստել օրհնության թղթեր և զարդարել նրանց զանազան խորհրդավոր նկարներով։ Այդ պարոնը, որ ճանապարհորդության ժամանակ կառապանի պաշտոն էր կատարում, իսկապես աբիսինիացի չէր, նա նույնպես «խաչագող» էր, բայց, երեսի մուգ-դեղին կաշին և դեմքի գծագրությունը փոքր-ինչ աբիսինիացու նման լինելով, քավոր Պետրոսը պահում էր իր մոտ իբրև մի ցույց։

Ինքը քավոր Պետրոսը գիտեր պատրաստել «քավության պատանքներ»*։ Այսպիսի պատանքներ, ճշմարիտ է, պատրաստվում են Երուսաղեմի վանքում, և միաբանությունը մի-մի հատ ընծայում է այն ուխտավորներին, որոնք մի նշանավոր քանակությամբ նվերներ էին տված վանքի գանձարանին։ Իսկ մերը իսկականը չէր, մեր ունեցածը մեր ձեռագործն էր։ Բայց այնքան ճշտությամբ նմանեցրած էր իսկականին, որ կարող էր գրավել ամեն մի մոլեռանդի սնահավատությունը։ Այն սպիտակ կտավի վրա տպված էին գույնզգույն ներկերով փրկչի մարդեղության խորհրդի բոլոր նկարագիրները. նրա ծնունդը, մկրտությունը, խաչելությունը, հարությունը և այլն։ Բացի դրանցից, կային նրա վրա զանազան սրբերի, հրեշտակների և հրեշտակապետների պատկերներ։

——————————————
* Պատանքն այն սպիտակ սավանն է, որի մեջ փաթաթել են Քրիստոսին թաղելուց առաջ։ Այդ ծեսը իբրև ավանդույթ խոր արմատներ ունի և կիրաովում է քրիստոնյա ժողովուրդների մեջ: Առանձին նշանակություն են ստանում այն պատանքները, որոնք բերվոյւմ են Երուսաղեմից, և որոնք կոչված են քավելու հանգուցյալի ենթադրվող մեղքերր, այստեղից էլ «քավության պատանք» խոսքը։ Ուղղափառ (հունադավան) եկեղեցու շնորհած քավության պատանքների վրա դաջված են լինում նաև զանազան պատկերներ։ Քրիստոսին վերաբերող թեմաներով:
——————————————

Մեր արհեստի ճյուղերից մեկն էր պատրաստել այդպիսի պատանքներ։ Կտավը և ներկերը կարելի էր ամեն տեղ գտնել. իսկ փայտի վրա փորագրած պատկերները մեզ հետ ունեինք։ Շատ գիշերներ անց էինք կացնում պատանքներ, խաչեր, «տեր-Ողորմյաներ» և այլ դրանց նման իրեղեններ պատրաստելով։ Եվ այդ բոլորը Երուսաղեմի վանքի անունով վաճառելով, մեծ վաստակ էր բերում մեզ։

Այս րոպեիս էլ, այդ տողերը գրելու ժամանակ, սարսափում եմ ես, իմ մարմնի վրա դող է ընկնում, երբ մտաբերում եմ մեր կատարած չարագործությունները։ Արդյոք, ո՜ր աստիճան բարոյապես ընկած էինք մենք, որքան մեծ էր մեր մեջ անպատկառ անզգալությունը, որ համարձակվում էինք կրոնը, եկեղեցու սրբությունները մեր խաբեբայությունների, մեր շահասիրության առարկա դարձնեք...

Մենք ման էինք ածում մեզ հետ մի ամբողջ շարժական մագազին։ Մեր սնդուկների մեջ կային ամեն տեսակ մթերքներ։ Որտեղ ո՛րը շահ էր բերում, այն էինք վաճառում։ Գնալով ավելի և ավելի ներս էինք մտնում կայսրության հեռավոր գավառները, միշտ խույս տալով մեծ քաղաքներից։ Այդ առանց պատճառի չէր։ Ո՛ւր ավելի տիրում էր մտավոր խավարը, ուր ժողովուրդը դեռ գռեհկության մեջ էր, այնտեղ ավելի առատ էր լինում մեր հունձքը...

Խաբել, սուտ խոսել, կողոպտել, ամեն տեղ մի նոր կեր պարանք տալ իրան՝ այդ խարդախությունների մեջն էր մեր գործունեությունը։ Մենք ունեինք մեզ հետ ամեն տեսակ պարագայք, ամեն տեսակ հարմարություններ, մի տեղ իրան ձևացնելու որպես ասիացի վաճառական, մյուս տեղ որպես կրոնավոր, մի այլ տեղ՝ հասարակ արհեստավոր և երբեմն մուրացկան, բժիշկ, կախարդ, ձեռնածու և այլն։

Խաչագողը անդադար պետք է փոխե իր կերպարանքը, նա միշտ միևնույն դերի մեջ մնալ չէ կարող։ Ես ուրախ էի, որ բավական վարժված էի այդ բոլորի մեջ և հպարտանում էի իմ ճարպկություններով... Քավոր Պետրոսը գովում էր իմ հառաջադիմությունը, ասելով.

— Մուրադ, զավակս, դու խելացի տղա ես, ամեն բան շատ շուտ սովորեցար...

Քիչ չէր պատահում, որ մեր ծուղակի մեջ ընկնում էին այնպիսի բարեպաշտ քրիստոնյաներ, որպիսիք էին հարուստ կալվածատերը և նրա միամիտ տիրուհին, որոնց պատկերները տեսանք նախընթաց գլխում։ Բայց զարմանալին այն է՛ր, թե ի՛նչպես էր հաջողվում մեզ գտնել այդպիսիներին։ Ահա ի՞նչպես։

Ամեն մի քաղաք կամ մեծ գյուղ մտնելու՛ց հետո քավոր Պետրոսը ինձ իր հետ առնելով՝ կգնայինք մի հյուրանոց։ (Այդպիսի տեղերը հաճախում էինք հասարակ արհեստավորի հագուստով։) Առհասարակ ընտրում էինք այնպիսի հյուրանոցներ, ուր հաճախում էր ժողովրդի ստոր, միևնույն ժամանակ անբարոյական մասը։ Ուր ամեն տեսակ մարդկանց կարելի էր գտնել, սկսյալ փողոցային սրիկաներից, ավազակներից, մինչև խաղամոլներ, գրպանահատներ, մոլարբուներ և այլն։ Այդ հասարակությունը գիտե քաղաքի բոլոր գաղտնիքները։ Առանց նպատակի չէր, որ քավոր Պետրոսը ընտրում էր այդպիսի անառակ տեղեր։ Կտեսնեիր, մեկին գտավ։ (Նա իր նպատակներին հարմար մարդիկ գտնելու մեծ ընդունակություն ուներ)։ Կսկսեր նրա հետ ծանոթանալ, իր հաշվով խմեցնել և թուղթ խաղալ։ Թղթախաղի մեջ ոչ ոք քավոր Պետրոսի հետ կարող չէր մրցություն անել։ Թայց այսպիսի դեպքերում դիտմամբ միշտ տանուլ էր տալիս, որպեսզի իր նոր ծանոթին ավելի ևս մտերմացնի իր հետ։ Խաղը, խմելը տևում էր ամբողջ ժամեր։ Այդ միջոցում նա կարողանում էր թափ տալ իր խաղակցի գլխից այն գաղտնիքները, ինչ որ իրան պետք էր։ Դա կատարվում էր այնքան անզգալի կերպով, մինչ նրա խաղընկերը ոչինչ չէր նկատում։

Մի այսպիսի հյուրանոցի մեջ, փոքրիկ գավառական քաղաքում, քավոր Պետրոսը տեղեկացավ մի պառավ տիկնոջ գաղտնիքների։ Հաղորդողը նույն տիկնոջ ծերունի սպասավորն էր, որ մանկությունից ծառայել էր նրա մոտ, բայց ալևոր հասակում արտաքսված էր չափազանց արբեցության համար։ Տիկինը այն պառավներից մեկն էր, որ իրանց մանկությունը անց են կացնում զանազան զվարճությանց փոթորիկների մեջ, իսկ գերեզմանին մոտենալու ժամանակ մտածում են առաքինի լինել։ Նա ապրում էր իր կալվածներում, որոնց մեջ մի քանի հազար հոգի ճորտեր կային։ Կալվածները գտնվում էին քաղաքից երկու հարյուր վերստ հեռավորության վրա։

— Դա խիստ պարարտ որս է Երուսաղեմի աբեղայի համար, —Ասաց քավոր Պետրոսը, և մյուս օրը վաղ առավոտյան պատրաստվեցանք այնտեղ գնալու։

Քավոր Պետրոսը շատ լավ գիտեր, թե ամեն մի տեղ գնալու համար ի՞նչ տեսակ պատրաստություններ էին հարկավոր, որպես հմուտ զորապետը իսկույն կշռում է, թե այսինչ բերդը գրավելու համար ո՞ր կողմից կամ որքան թնդանոթներով պետք է ռմբակոծել։ Բայց այն առավոտ այնքան շտապեց նա, որ մոռացավ մի քանի անհրաժեշտ բաներ։

Ծածկված կառքը իր հինգ միագույն ձիաներով թողեց քաղաքում, հրամայեց լծել մի ճանապարհորդական թեթև սայլակ երեք ձիաներով։ Մեր սնդուկները մնացին նույն հյուրանոցում, որտեղ իջևանել էինք։ Աբիսինիացին մնաց այնտեղ մեր իրեղենները պահելու համար։ Մենք ճանապարհ ընկանք արևի ծագելուց շատ առաջ։ Ես կառավարում էի ձիաները, իսկ քավոր Պետրոսը, փաթաթված իր աբեղայական լայն վերարկուի մեջ, նստած էր սայլակի վրա։

Երեկոյան պահուն մենք հայտնվեցանք պառավ տիկնոջ տանը հասարակ աբեղաների հագուստով, առանց որևիցե հանդիսավոր ձև տալու մեր այցելությանը։ Պառավը բարեսրտությամբ ընդունեց մեզ, որպես աղքատ օտարերկրյա կրոնավորների, և ավելի շարժվեց նրա գութը, երբ լսեց սուրբ Երուսաղեմի անունը։

Քավոր Պետրոսը հրամայեց ինձ փոքր-ինչ հիվանդ ձևանալ, որ առիթ ունենանք այն գիշեր մնալ պառավի տանը։ Տիկինը այնքան բարեսիրտ էր, որ խորին ցավակցությամբ խղճալով իմ վրա, իր ձեռքով խինա խմացրեց, պատվիրեց աղախիններին, որ իմ ոտների տակ տաք ջրով լցրած շշեր դնեն, որպեսզի ես քրտնեմ, որովհետև մրսած էի։

Թե ի՞նչ ասաց, ի՞նչ խոսեց քավոր Պետրոսը տիկնոջ հետ, ես չգիտեմ, որովհետև ես պառկած էի մյուս սենյակում, ես հիվանդ էի։

Առավոտյան ինձ լավ էի զգում։ Քավոր Պետրոսը պատրաստվեցավ մի թեթև մաղթանք կատարելու, որ հետո հեռանանք։ Հայտնվեցավ, որ քավոր Պետրոսը մոռացել էր իր հունարեն ավետարանը և նրա տեղը սխալմամբ վեր էր առել մի հաստ, մագաղաթյա գիրք, գույնզգույն ներկերով գրված։ Դա հայերեն հին բժշկարան էր, որից երբեմն օգուտ էր քաղում քավոր Պետրոսը իր բժշկությունները անելու ժամանակ։ Նրա մեջ կային շատ բաներ, օրինակ, լոշտակի բույսը գտնելու աղոթքը, զանազան հոդվածներ «Վեցհազարյակի» կախարդական արհեստից*, տեսակ-տեսակ աստղագիտական աղյուսակներ, համաստեղությունների մարդկանց ճակատագրի վրա ունեցած լավ կամ վատ ազդեցությունը և այլն։

——————————————
* «Վեցհազարյակ» խորագրով ձեռագիրը հանդիսանում է կախարդանքների, տգետ ու խաբեական գրվածքների, սուտ իմաստակությունների ու գուշակությունների մի ժողովածու։ Առաջարկվում են պայմաններ՝ կապված հայերեն ձայնավոր տառերին խոսեցնելու հետ, որոնց ըստ ցուցումի կիրառումը օգնում է խոսելու հրեշտակների և մարգարեների հետ և իմանալու աշխարհի, սկզբից մինչև վերջ եղածի գաղտնիքները և լինելիքի գուշակությունը։ Ձեռագրի հեղինակը իր գործի արժեքը հավաստի դարձնելու համար այս «աշխատությունը» վերագրել է Անանիա Շիրակացուն, «Այս արուեստ վեցհազարեկին է, զոր գովեաց Անանիա Շիրակացի և ասաց, գանձ ծածկեալ է յերկրին Հայոց և ակն թագուցեալ է ի տանն Թորգոմայ. զի մայր է սա ամենայն իմաստութեան», (տեþս «Բազմավեպ», 1847, թիվ 11, Հք 164), Ա, Գ., Աբրահամյանի «Անանիա Շիրակացու մատենագիտությունը» աշխատության մեջ (Երևան, 1944, էջ 57—64) ասված է, որ Ա. Շիրակացին ունեցել է «Վեցհազարյակ» անունով թվաբանության գիրք (բաժանման աղյուսակ), որը սակայն ոչ մի կապ չի ունեցել այդ կեղծ «Վեցհազարյակի» հետ։ (էջ 87):
——————————————

Քավոր Պետրոսը ամենևին չշւիոթվեցավ, երբ նկատեց, որ հունարեն ավետարանի փոխարեն այդ գիրքն է վեր առել։ Նա սկսեց կարդալ։ Իր ընթերցանության մեջ գործ էր ածում այնպիսի բառեր, այնպիսի խոսքեր, որ ոչ մի լեզվի մեջ չէր կարելի գտնել։ Բոլորը ինքն էր հնարում։ Ես էլ ոչինչ չէի հասկանում։ Բայց այնպիսի մի ջերմեռանդության ձև էր տալիս թե իր առոգանությանը, թե՛ արտասանությանը և թե ձայնին, որ անկարելի էր կասկածել, թե նրա կարդացածը Սուրբգիրքը չէ:

Ես էլ սկսեցի քավոր Պետրոսի օրինակին հետևել։ Բայց որ նրա նման հնարած, անմիտ խոսքեր կարդալ, այլ երգել զանազան «ջանգյուլումներ» և հայերեն ռամկական երգեր, որ սովորել էի մանկությանս ժամանակ։ Իմ ձայնը վատ չէր, հոգևոր երգերը ես էի երգում։

Մեր ամբողջ ծիսակատարությունը վերջացավ մի հիմար երգով, որի մեջ դարձյալ փոքրիշատե միտք կար։ Դա վերջին մեղեդին էր։

Քավոր Պետրոսը սկսեց.

«Մեր տղա, որսի ժամանակ է,
Մեր գործն այստեղ հաջողակ է,
Պառավի գլուխը դատարկ է,
Որքան կարող ես՝ Հավաքե...
Ալելուիա, ալելուիա,
Սոխ ու սխտոր, ալելուիա,
Կանաչ կխտոր, ալելուիա»։

Ես պատասխանեցի նույն եղանակով,

«Վերջացավ մեր պատարագը,
Հիմա պարպենք պառավի քսակը,
Հիմարների այդ տեսակը Կկատարե մեր փափագր...
Ալելուիա, ալելո՛ւիա,
Սոխ ու սխտոր, ալելուիա,
Կանաչ կխտոր, ալելուիա...

Մեր օրհներգությունը, որքան և խաբեական լիներր այսուամենայնիվ խորին ազդեցություն գործեց պառավի վրա, խաչագողները շատ անգամ զվարճության առարկա են դարձնում իրանց արհեստը, այսօր մենք նույնպես վարվեցանք։

Պառավը առաջարկեց նախաճաշիկ ուտել։ Այս անգամ քավոր Պետրոսը չէր խորշում կերակուրներից և թարգմանի բերանով չէր խոսում։ Նա անդադար հանաքներ էր անում և երբեմն նուրբ սրախոսություններով ծիծաղեցնում էր պառավին։ Բայց երբ պառավը առաջարկեց նրան հարյուր ռուբլի «աջահամբույր», քավոր Պետրոսը այն ժամանկ միայն ընդունեց ծանր և մինչև անգամ խիստ կերպարանք և մերժեց արծաթը, ասելով.

— Այդ բավական չէ ձեր մեղքերը քավելու համար, տիկին։

— Ի՞նչ մեղքեր, — Հարցրեց պառավը վրդովված կերպով։

Քավոր Պետրոսը ինձ աչքով արեց, ես սենյակից դուրս եկա, նրանք մնացին մենակ։ Մյուս սենյակից ես լսում էի նրանց խոսակցությունը։

— Ի՞նչ մեղքեր, — կրկնեց պառավը։

— Մի՛ թաքցրեք, տիկին, ես բոլորը գիտեմ... Ձեր անցյալի սարսափելի պատկերը նկարված է իմ աչքի առջև։

— Որպե՞ս։

— Դուք մի ծեր գեներալից միակ զավակն էիք։

— Այդպես է։

— Հորից մեծ ժառանգություն ստացաք։

— Ուղիղ է։

— Պետերբուրգում ամուսնացաք մի մեծ աստիճանավորի հետ։

— Այդպես է։

— Դուք միմյանց հենց սկզբից չէիք սիրում, նա հրապուրվեցավ քո փողով, իսկ դու նրա աստիճանով։

Վերջին խոսքերը լսածին պես պառավի երեսի խորշոմների մեջ նկատվեցան ցնցումներ։ Քավոր Պետրոսը շարունակեց.

— Դուք չսիրեցիք ձեր ամուսնին, որովհետև ձեր սիրտը ուրիշին էր պատկանում...

— Հետո՞ ։

— Ձեր ամուսնի խանդոտությունը առիթ եղավ նրա մահին...

— Աստվա՜ծ իմ։ Բավական է։

— Լսեցեք, դեռ բոլորը չէ։ Դուք թունավորեցիք օրինավոր ամուսնին, որ ազատ կյանք վարեք սիրականի հետ։ Պառավը կրկին գոչեց զարհուրելով,

— Բավակա՜ն է, ի սեր աստծու։

— Դեռ բավական չէ։ Ես բոլորը դեռ չեմ ավարտել։ Լսեցեք: Դո՛ւք սպանեցիք ամուսնին, որ ավելի ազատ ապրեք սիրականի գրկում, և ձեր եղեռնագործությունը ծածկելու համար նրա հետ միասին գնացիք արտասահման։ Այնտեղ սիրականը վատնեց ձեր փողերը, կողոպտեց ձեզ և մաշված լաթի նման մի կողմ ձգեց։ Դուք վերադարձաք Պետերբուրգ։ Այստեղ երկար մնալ չկարողացաք, որովհետև հանապազ ձեզ տանջում էր մի կողմից սպանված ամուսնի ուրվականը, մյուս կողմից խաբված սերը... Ձեր խիղճը հանգստացնելու համար դուք տեղափոխվեցաք այդ գյուղը, որ միակ կտորն էր մնացած ձեր հոր ահագին հարստությունից, և այնուհետև սկսեցիք մխիթարություն որոնել գյուղական առանձնության մեջ։

— Բավական է, դուք բոլորը գիտեք... Ես սարսափում եմ...

— Ես պետք է վերջացնեմ։ Այդպես էր ձեր տխուր անցյալը: Հիմա նայեցեք, ահա ձեր ապագայի սոսկալի նկարագիրը իմ առջև բացված է տարտարոսը, ծծումբի բոցերի միջից հազիվ նշմարում եմ ձեր սարսափած դեմքը... սատանաները բորբոքում են կրակր, ձեր տանջանքը ավելի և ավելի սաստկացնելու համար... Իսկ այնտեղ, հեռու, մի բարձրության վրա, տեսնում եմ կանգնած մի մարգ, որպես վրեժխնդրության բողոքավոր արձան կանգնած է նա, նայում է ահռելի դեմքով և աղաչավոր ձեռքերը մեկնել է դեպի հավիտենական աթոռը, արդարադատություն է խնդրում... Դա ձեր ամուսնի պատկերն է...

Վերջին խոսքերը համարյա թե չլսեց պառավը, որովհետև նա արդեն ուշաթափ ընկած էր։ Քավոր Պետրոսի մոգական ազդեցությունը կրկին նրան ուշքի բերեց, և բռնելով նրա թևից, նստեցրեց դիվանի վրա։

Փոքր-ինչ հանգստանալուց հետո արտասուքը աչքերում հարցրեց նա,

— Այդ դուք ո՞րտեղից գիտեք։

— «Աստուծո մարդը» ամեն բան գիտե, — պատասխանեց քավոր Պետրոսը ծանր կերպով։

Բավական մեծ քանակությամբ արծաթ արժեց պառավին, մինչև «աստուծո մարդը» հոժարեցավ քավել նրա մեղքերը և ազատեց դժոխքի տանջանքներից։ Բացի դրանից, տվեց նրան մի սուրբ պատանք, որպես Երուսաղեմի հիշատակ, և պատվիրեց մեռնելուց հետո նրանով թաղվել, ասելով, թե չար ոգիները երբեք չեն համարձակվի մոտենալ նրա մարմնին։

Պառավին ըստ կարգին կողոպտելուց հետո վերադարձանք հյուրանոցը, ուր թողել էինք մեր իրեղենները։ Այստեղ գտանք աբիսինիացուն անհայտացած։ Մեր հարցերին հյուրանոցի տերը ոչինչ բացատրել չկարողացավ, որից կարելի լիներ մի որոշ հետևանքի հասնելը։ Բայց քավոր Պետրոսը իսկույն հասկացավ պատահածը և մտավ սենյակը, որտեղ դրած էին մեր իրեղենները։ Նա սկսեց քննել արկղներր։ Նրանցից մեկի կողպեքը կոտրած էր։ Դա միևնույն արկղն էր, որի մեջ սովորաբար պահում էինք մեր փողերը։ Պակաս էր հիսուն հազար ռուբլի։ Ես հիշեցի հայկական առածը.

«Գողը գողից գողացավ,
աստված տեսավ, զարմացավ»...

— Ես այդ վաղուց սպասում էի...— Ասաց քավոր Պետրոսը և սկսեց ծիծաղել։

Զարմանալի բնավորություն ուներ այդ մարդը, ոչինչ նրան վրդովեցնել չէր կարող։ Դա այն տեսակ քարասիրտ մարդիկներից էր, որոնք ոչ դժբախտության ժամանակ տրտմել գիտեն և ոչ հաջողության ժամանակ ուրախանալ։ Ես չկարողացա համբերել և փոքր-ինչ կոպիտ կերպով ասացի նրան.

— Հիսուն հազար ռուբլի տարել է անպիտանը, և դուք դեռևս ծիծաղո՞ւմ եք։ Հենց այս րոպեին պետք է նրա ետևից ընկնել։

— Երբ խաչագողը անհայտանում է, նրա հետևից այլևս չեն ընկնում, — Պատասխանեց նա, դարձյալ իր ծիծաղը շարունակելով։

— Ինչո՞ւ։

— Նրա համար, որ անկարելի է գտնել։

— Ես այդ անպիտանին հենց այս գիշեր կարող եմ բռնել։

— Չես կարող։ Եթե նա իմ աշակերտն է, ես լավ եմ ճանաչում, թե ի՜նչ պտուղ է...

Աբիսինիացին քավոր Պետրոսի ամենաընդունակ աշակերտներից մեկն էր։ Նրա իսկական անունը Մաթոս էր, բայց չափազանց խորամանկության համար կոչում էին «Շեյթան Մաթոս», որ նշանակում էր սատանա Մաթոս։

Ես հարցրի քավոր Պետրոսից,

— Դուք ասում եք, թե վաղուց սպասում էիք մի այսպիսի վարմունք նրա կողմից։ Երբ այսպիսի կասկած ունեիք նրա վրա, ինչո՞ւ չէիք հեռացնում ձեզանից։

— Երբ խաչագողը կասկած ունի իր ընկերի վրա, այդ դեպքում ոչ նրանից բաժանվում է և ոչ հեռացնում է իրանից.

— Ապա ի՞նչ է անում։

— Սպանում է...

Վերջին խոսքը ակամա թռավ քավոր Պետրոսի բերանից:

— Սպանո՜ւմ է...— կրկնեցի ես հետաքրքրությամբ։

— Ուրիշ ճար չկա։ Եթե կասկածավորին կենդանի հեռացնե, այնուհետև պետք է զանազան չարիքներ սպասե նրա կողմից։ Նա կարող է դավաճանել, կարող է մատնել, մի խոսքով, շատ վնասներ կարող է տալ, որովհետև իր ընկերի գաղտնիքների մասին շատ տեղեկություններ ունի։

— Որպես աբիսինիացին մեր գաղտնիքների մասին։

— Ուրեմն ինչո՞ւ չսպանեցիք նրան։

— Խոստովանում եմ, որ այդ դեպքում ես սաստիկ ծույլ գտնվեցայ: Միշտ այսօր էգուց ասելով, գործը այնքան հետաձդեցի, մինչև նա ավելի ճարպիկ գտնվեցավ։

— Այո՛, ճարպիկ գտնվեցավ, բացի հիսուն հազար ռուբլի հափշտակելը, տարավ իր հետ մեր գաղտնիքների մեծ մասը։ Այսուհետև նա ամեն տեսակ խաղ կարող է խաղալ մեզ հետ։

— Կարող է...— ասաց քավոր Պետրոսը, — մանավանդ երբ կմտածե, որ մենք նրան հանգիստ չենք թողնի...

Այդ ժամանակ միայն ես նկատեցի քավոր Պետրոսի դեմքի վրա վրդովմունքի նշաններ։ Նա առ ոչինչ էր համարում հիսուն հազար ռուբլու հափշտակությունը։ Փողի կորուստը նրան չէր կարող խռովություն պատճառել. փող նա միշտ կարող էր գտնել։

Բայց նրան վրդովեցնում էր իր խաբված դրությունը։ Նա սաստիկ վիրավորանք էր համարում, որ գտնվեցավ աշխարհում մի մարդ, որը կարողացավ խաբել քավոր Պետրոսին, այդ խաբեբայության մեծ հանճարին...

— Պետք է նրան «ներողամտության նշան» ցույց տալ, — Ասաց քավոր Պետրոսը և վառեց երկու մոմ, դրեց լուսամուտի առջև ներսի կողմից։

Դրսում տիրում էր գիշերային խավարը։

— Ա՞յդ է «ներողամտության նշանը»։

— Այդ է։ Պետք է նրան միամտացնել, որ մենք ներում ենք, որ մենք այլևս չենք հալածի նրան։

Քավոր Պետրոսի վարմունքը ինձ բոլորովին ծիծաղելի երևաց։ Ես ասացի,

— Նա կորավ, գնաց և գուցե այժմ մի քանի հարյուր վերստ հեռացել է այս քաղաքից։ Նա ո՞րտեղից պետք է տեսնե այդ «ներողամտության նշանը»։

— Նա գուցե այս րոպեիս պտտվում է մեր հյուրանոցի շուրջը։

Ես խլեցի մի տապար, որ այնտեղ դրած էր, և դուրս վազեցի, գոչելով.

— Եթե այդպես է, ես հիմա նրա փոքրիկ գլուխը կջարղեմ:

Քավոր Պետրոսի զորեղ ձեռքերը բռնեցին ինձ։ Նա ասաց բավական հեգնական եղանակով.

— Ավելի լավ կանես, եթե նրա փոքրիկ գլխով ու փոքրիկ մարմնով չխաբվես։ Նա թեև պստիկ է, բայց ճստիկ է: Նա վագրի սիրտ ունի և՝ առյուծի ուժ։

Այդ խոսքերը սաստիկ վիրավորեցին իմ հպարտությունը, և ես փոքր-ինչ տաքացած կերպով պատասխանեցի.

— Դուք կարծում եք, որ ձեր «ներողամտության նշանը» կօգնե՞ , և նա կհավատա , որ դուք այսուհետև չեք հալածի նրան, և իր անձը պաշտպանելու համար չի մատնի ձեզ։

— Օրինավոր խաչագողը պետք է այնքան ազնվություն ունենա, որ հավատա։ Այդ նշանը մեր մեջ ընդունված է որպես մի սուրբ պայման, որի դեմ հազիվ թե կմեղանչեր ամենաստոր խաչագողն անգամ։

Գ

ԵՐԿՐՈՐԴ ՔԱՅԼ, ՍՊԱՆՈԻԹՅՈԻՆ

Քավոր Պետրոսը զարմանալի հոտառություն ուներ վտանգի ժամանակ։ նա իսկույն հասկանում էր, երբ կարող էր պատահել որևիցե անհաջողություն։ Պառավին ըստ կարգին կողոպտելուց հետո, աբիսինիացու անցքից հետո, մի անգամ ասաց ինձ.

— Մուրադ, պետք է առժամանակ փոխել մեր մորթը...

Ես հասկացա նրա միտքը։ Նա ասել էր ուզում, թե պետք է փոխել մեր կերպարանքը, մեր արհեստի ու պարապմունքի ձևը։ Ես շատ շուտ էի հասկանում նրա բոլոր փոխաբերական խոսքերը, օրինակ, երբ նա ասում էր՝ «երկինքը ամպած է», ես գիտեի, որ դա նշանակում է, թե փոթորիկը մոտ է, սպառնում է վտանգ։ Այսպես մեր մեջ խոսքերի մեծ մասը պայմանավորված էին, ունեին առանձին միտք։

Պատրաստվեցանք փոխել մեր «մորթը»։

Նույն օրը թողեցինք մեր կեցած հյուրանոցը, գիշերով անցանք մի այլ հյուրանոց։ Այդ այն նպատակով էր, որ այստեղ մեր կերպարանափոխությունը ոչ ոք չնկատե, որովհետև աոաքին հյուրանոցում բավական ճանաչված էինք։ Քավոր Պետրոսը կարճացրեց իր փառահեղ սպիտակ մորուքը, որ ծածկում էր նրա ամբողջ կուրծքը, խուզել տվեց գլխի աբեղայական երկայն մազերը, հետո ներկեց սև գույնով և համարյա թե երիտասարդացավ։ Նրա դեմքը դեռ բավական թարմ էր մնացել, միայն մազերը վաղօրոք սպիտակել էին։ Նույնը հրամայեց անել և ինձ։ Ւմ սև սաթի պես փայլուն մազերը ներկելու պետք չունեին, ես միայն կարճացրի, իսկ երեսիս մազերը դեռ այնքան չէին աճել, որ հարկավոր լիներ կտրել։ Մենք ձգեցինք մեր աբեղայական հագուստը, մի կողմ՛ գրեցինք խաչն ու ավետարանը և ստացանք ա՜ղքատ, թափառաշրջիկ մանրավաճառների կերպարանք։ Անցանք մի այլ գավառ։ Այստեղ մեր ձիաները, ճանապարհորդական սայլակը և, ինչ որ ավելորդ ունեինք, բոլորը վաճաովեցան։ Մի քանի անհրաժեշտ իրեղեններ, որ կարող էին երբեմն մեզ պետք գալ, պահվեցան։ Ո՞ւմը պահ տվեց քավոր Պետրոսը, ես հասկանալ չկարողացա։

Հագանք ճանապարհորդական կոշիկներ, ծնկներից վեր բարձր վզերով, և սկսեցինք ոտքով թափառել գյուղից գյուղ։ Քավոր Պետրոսը կրած ուներ մի փոքրիկ արկղիկ, իսկ ես շալակել էի մի ահագին արկղ զանազան հարկերով, զանազան լայն և անձուկ խորշերով, որոնց յուրաքանչյուրի մեչ դարսված էին առանձին տեսակ վաճառքներ։ Երբ մտնում էինք մի գյուղ, ես մանրավաճառների սովորական ձայնով եղանակում էի. «մանդրո՜ւք ապրանք... մանդրո՜ւք ապրանք... լավ ասեղներ, թելեր, գուլպաներ, ձեռնոցներ, պատկերներ, հուլունքներ», և այլն։

Իսկ շատ անգամ նույն երկրի լեզվով երգում էի մի այսպիսի երգ.

«Լի՜քն՛ է, լի՜քն է իմ արկղիկը
Գույնզգույն փարչաներով.
Թող գնե սիրուն աղջիկը,
Ես կտամ էժան գնով։

Չթեր ունեմ ես զանազան,
Ծաղիկներով զարդարած,
Մատնիք ունիմ , ապարանջան,
Շուրջը ակներով շարած։

Դուրս ե՛կ, դուրս ե՛կ, կարմիր աղջիկ,
Կզարդարեմ քո մատները.
Եթե կտաս ինձ մի պաչիկ,
Ձրի կառնես իմ չթերը»:

Իմ ձայնը վատ չէր։ Առհասարակ մանրավաճառի ձայնը այն ուրախալի ձայներից մեկն է, որ խիստ հազիվ անգամ լսելի է լինում քաղաքներից հեռու ընկած գյուղերի մեչ։ Այդ ձայնը մոգական ազդեցություն է գործում։ Իսկույն դուրս են վազում խրճիթներից կնիկներ, աղջիկներ, երեխաներ և, հավաքվելով ցանկալի հյուրի շուրջը, թափում են նրա քսակի մեջ իրանց տարիներով խնայած գրոշները։ Ա՜խ, ո՛րքան ուրախալի բան է առևտուր ունենալ մի այսպիսի միամիտ հասարակության հետ, որ ոչինչ տեղեկություն չունի վաճառքի թե՛ արժողության և թե՛ որպիսության մասին։

Ճորտությունը այն ժամանակ դեռ տիրում էր այդ երկրում։ Գյուղերում երբեմն պատահում էին մի-մի հարուստ տներ։ Դրանք ըստ մեծի մասին շինում էին կալվածատերեր, որոնց պատկանում էր գյուղը իր ճորտերով։ Մեզ հրավիրում էին աղայի տունը։ Շատ անգամ ամբողջ ժամեր էին անցնում, մինչև տիկինը ընտրում էր իր համար ձեռնոցներ, մանկահասակ օրիորդը՝ անուշահոտ յուղեր, աշակերտ որդին՝ մատիտներ, գրիչներ, երեխաները՝ խաղալիքներ, աղախինները՝ գլխի թաշկինակներ, մի խոսքով, ամեն մեկը ընտրում էր իր պետքերի համար զանազան բաներ։ Այնուհետև պետք էր երկար ու բարակ բազար անել, երդվել, ստախոսել, գովաբանել վաճառքը և այլն։

Այդպիսի դեպքերում քավոր Պետրոսը առհասարակ ինձ էր թողնում առևտուրը առաջ տանել։ Իմ դեմքը բավական գեղեցիկ էր։ Ես ընդունակ էի գրավելու, հարկավոր ժամանակ հանաքներ և սրախոսություններ անելու։ Այդ պատճառով դեռահաս աղջիկներին ավելի ախորժելի էր ինձ հետ բազար անեի քան թե մռայլոտ քավոր Պետրոսի հետ գործ ունենալ։ Գեղեցկադեմ գործակատարը մի լավ գրավական է առևտրի հաջողությանը, մանավանդ երբ գնողները կանայք ենք

Շատ անգամ ես դիտմամբ գործը երկարացնում էի, ավելի այն ժամանակ, երբ տեսնում էի, որ, ինչպես ասում են, մեկի «աչքումը լույս կար»։ «Օրիորդ, ասում էի, ձեր գեղեցիկ գլխին շատ կսազի այդ հիանալի վարսակալը, հատուկ ձեր սիրուն մազերի համար պատրաստված է»։ Օրիորդը ժպտում էր, խնդրում էր մորից գնել այն վարսակալը։

Ի՞նչ էր անում քավոր Պետրոսը։

Տեսար, մոտեցավ տան պառավին։ (Ըստ մեծի մասին այնպիսիներին, որոնց վրա տանեցիք ուշադրություն չեն դարձնում, միայն նայում են որպես մի հնացած, գործածությունից ընկած կարասիքի վրա)։ Կսկսեր զբաղեցնել նրան, առածներ, առակներ կպատմեր և արտասվելու չափ կծիծաղեցներ։ Նա առանձին ընդունակություն ուներ պառավներին գրավելու։ Այդ միջոցին ես առևտուրը ավելի ձգձգում էի, որպեսզի քավոր Պետրոսը ավելի երկար ժամանակ ունենա, որպես նա սովորաբար ասում էր՝ «տան հիմարի ուղեղը թափ տալու...»։

Այդ առանց նպատակի չէր։ Որովհետև քավոր Պետրոսը իր հատուկ խորամանկությամբ, տեղեկանալով նույն տան հանգամանքներին, այնուհետև քիչ չէր պատահում, որ մի անգամ իր արկղով այն տունը մտնող մանրավաճառը մյուս անգամ հայտնվում էր բոլորովին ուրիշ կերպարանքով, խաչով, ավետարանով, կամ սրով՝ գիշերային մթության մեջ...

Եվ այդպես, մեր մանրավաճառությունը ուներ ոչ թե շահեկան նպատակ, այլ մենք գործ էինք դնում որպես մի միջոց, որ նրա պատրվակով կարողանայինք մեր ցանկացած տեղերը մտնել, հետազոտել, լրտեսել, առանց մեզ վրա կասկած հարուցանելու։

Ես մինչև այսօր սարսափելով հիշում եմ մի դեպք... մինչև այսօր զգում եմ իմ ձեռքերի վրա այն անմեղ արյան թացությունը...

Գտնվում էինք փոքրիկ գավառական քաղաքում։ Մենք մտանք մի տուն, իհարկե, իբրև մանրավաճառներ։ Քավոր Պետրոսը սովորություն ուներ հարկը պահանջած տեղերում ցույց տալ իրան կա՛մ հիմար, կամ ապուշ և կամ չափից դուրս միամիտ։ Այդ տան մեջ նա ձևացրեց իրան սաստիկ երկչոտ։

Այնտեղ ապրում էին չորս հոգի միայն՝ երկու ալևոր ամուսիններ, մի սպասավոր և մի աղախին։ Ամուսին այրը ծխում էր յուր չիբուխը և անդադար գանգատվում էր ռևմատիզմից։ Պառավ տան տիկինը զբաղված էր իր մոխրագույն թութակով և երկու սպիտակ կատուներով, որոնք նրա գլխավոր մխիթարությունն էին ներկայացնում։

Երբ որ մենք ներս մտանք, թութակը արտասանեց մի քանի մարդկային բառեր։ Քավոր Պետրոսը զարհուրեցավ... Այդ մարդը, որ հազար սատանաներից երկյուղ չուներ, «սատանա՛ն... սատանա՜ն»... աղաղակելով, ճիչ բարձրացնելով, դուրս փախավ։ Տանտիկնոջ վրա ցավալի ներգործություն ունեցավ, երբ տեսավ, որ իր թութակը անզգուշությամբ վախեցրեց խեղճ մարդուն։Նա իր սպասավորին ուղարկեց, մի կերպով հետ բերեցին քավոր Պետրոսին։ Պառավը երկար աշխատում էր համոզել, հանգստացնել նրան, հավատացնելով, որ իր տեսածը սատանա չէ, այլ հասարակ, թռչուն է, միայն սովորել է մի քանի բառեր արտասանել։ Քավոր Պետրոսը, որ մի քանի անգամ եղել էր թութակների հայրենիքում և ահագին խումբերով էր տեսել նրանց Հնդկաստանի կղզիներում, վերջապե՛ս համոզվեցավ, որ իր տեսածը սատանա չէր, մանավանդ, երբ պառավը դրեց նրան իր ոսկրացած ձեռքի վրա և սկսեց շաքար ուտացնել։

Բարեսիրտ ամուսինները, քավոր Պետրոսին ավելի մխիթարելու համար, դիտմամբ թանկ վճարելով, գնեցին մեզանից զանազան իրեղեններ, որոնք գուցե նրանց ամենևին պետք չէին։ Մենք, շնորհակալություն հայտնելով և նրանց երկար կյանք բարեմաղթելով, հեռացանք։

Մենք իջևանել էինք մի կեղտոտ հյուրանոցում, որ ավելի նման էր գինետան, այն զանազանությամբ միայն, որ այստեղ կարելի էր գտնել խիստ վատ կահավորված սենյակներ։ Նրա ընդարձակ բակում՝ իրանց ձիաները հանգստացնելու համար կանգնում էին կառապանները։ Այդ պատճառով այդ հյուրանոցը այն տեսակներից էր, ուր ամբողջ գիշերը հաճախորդները չեն պակասում, անդադար շատերը մտնում են և դուրս են գալիս։ Եվ այդ հարբած, խելագարված խառնիճաղանջի մեջ տիրում էր այնպիսի բաքոսային խանաշփոթություն, որ ոչ ոք միմյանց չէր հասկանում։ Այդ բոլորը մեզ համար շատ նպաստավոր էր։ Մեզ շատ հնարավոր էր գիշերվա մի որոշյալ ժամում դուրս գալ այնտեղից, գնալ ուր որ ցանկանում էինք, կատարել մեր գործը և կրկին վերադառնալ, առանց ոչ ոքից նկատելի լինելու։

Քավոր Պետրոսը մի գիշեր չգնաց հասարակաց սեղանատանը ընթրիք ուտելու, այլ պահանջեց մի ահագին կտոր սառն միս և մի շիշ արաղ, որ բերեցին մեր սենյակը։ Նա մի քանի մարդու չափ ուտել կարող էր, իսկ մի ամբողջ շիշ արաղը նրա սովորական խմիչքն էր ընթրիքի ժամանակ։ Ես արաղ չէի սիրում, պահանջեցի ինձ համար մի շիշ գինի։

Մենք տեղեկացել էինք, որ այն տունը, որտեղ թութակը վախեցրեց քավոր Պետրոսին, փոքրիկ քաղաքի հարուստ տներից մեկն էր։ Մենք գիտեինք, որ երկու ծերունի ամուսինները ունեին իրանց տան մեջ մի նշանավոր գումար, որ պահել էին սև. օրվա համար։

Ընթրիքից հետո քավոր Պետրոսը հարցրեց ինձ.

— Մուրադ, դու ի՞նչ տեսակ զենք ավելի լավ գործածել գիտես։

— Ատրճանակներ։ Մի օր գրազ եկանք, ես հինգ անգամ մինը մյուսի ետևից կարողացա խփել օդի մեջ նետած խընձորը։

Քավոր Պետրոսին երբեք դուր չէր գալիս, երբ մեկը սկսում էր նրա մոտ պարծենալ։ Պարծենալու համար նրա կարծիքով պետք էր շատ մեծ գործ կատարած լինել։

— Այդ աղմուկ հանող զենքերը պետք չեն, երբ ուզում ես սուս ու փուս գործ կատարել, — Ասաց նա։ — Ավելի լավ են խուլումունջ զենքերը, որ ձայն չհանեն։

Ես հասկացա նրա միտքը։

— Ուրեմն ես կարող եմ վեր առնել իմ տապարը։

— Վատ չէ։

Գիշերից բավական անցել էր, երբ մենք դուրս եկանք հյուրանոցից։ Անձրևը մանր կաթիլներով մաղվում էր։ Փողոցները դատարկված էին, մարդիկ չէին երևում։ Գիշերային թանձր խավարի մեջ մրափում էր քաղաքը։

Անցնելով մի քանի խուլ փողոցներ, մենք արդեն գտնվում էինք հիշյալ տան մոտ, որտեղ թութակը վախեցրեց քավոր Պետրոսին։

— Եթե շունը աղմուկ չբարձրացնե, լավ է, — Ասացի ես:

— Ի՞նչ շուն, — Հարցրեց քավոր Պետրոսը։

— Երբ ցերեկով մտանք այստեղ, ես նկատեցի մի ահագին շուն, որ շղթայով կապված էր բակում։ Գ՛իշերը բաց են թողնում նրան։

— Նա հիմա հանգուցյալների կարգումն է դասված։

Քավոր Պետրոսի խոսքերից երևաց, որ նա մի անգամ ևս մտել էր այս տունը, այն անցքից հետո, որ թութակը վախեցրեց նրան։ Վերջին անգամ հայտնվել էր այնտեղ մուրացկանի կերպարանքով, և միջոց էր գտել ոչ միայն թունավորելու շանը, այլ լավ հետազոտելու տան դիրքը, մուտքերը և այլն։

Տան ընդարձակ բակը շրջապատված էր փայտյա ցանկապատով, որը այնքան ցածր էր, որ մի առանձին ընդդիմադրություն չարեց մեզ բակը իջնելու ժամանակ։ Այժմ հարկավոր էր մի կերպով ներս սողալ սենյակների մեջ։ Մի լուսամուտ, որ ցերեկով նկատել էինք, ուղղակի բացվում էր սպասավորների քնարանի մեջ։ Գիշերային տոթի պատճառով լուսամուտը բաց էր թողած։ Քավոր Պետրոսը Հերքուլեսի ուժ ուներ, իսկ ես թեթևաշարժ էի որպես առյուծ։ Երկու ահագին ջրի տակառները, որ կանգնած էին բակում անիվների վրա, միմյանց վրա դնելը և այդ սանդուղքներով լուսամուտից ներս մտնելը մի րոպեի գործ եղավ։ Մենք գտանք սպասավորի սենյակում և աղախնին։ Երևում էր, այդ դեռահաս աղջիկը սովորություն ուներ երբեմն իր տիրուհուց գաղտնի ծառայի քնարանը ներս սողալ...

Քավոր Պետրոսի երկաթի ձեռքերը երկուսին ևս ճնշեցին միևնույն անկողնի մեջ։ նրանք քնած էին. աղջկա գլուխը դրած էր սիրականի թևքի վրա։ Նրանք զարթեցան։

— Սենյակների բանալինե՞րը, — Հարցրեց քավոր Պետրոսը։

Նրանք փորձեցին ճիչ բարձրացնել։ Բայց քավոր Պետրոսի սպառնալիքը լռեցրեց նրանց։ Բանալիները իսկույն մեր ձեռքը անցան։

— Դու այդ նազելի սիրահարներին կպահես միմյանց գրկում, մինչև ես գործը կվերջացնեմ, — Ասաց քավոր Պետրոսը և հեռացավ։

Մանկահասակ աղախինը երկյուղից իսկույն ուշաթափ եղավ և դիակ դարձավ իմ ճանկերի մեջ։ Ես գործ ունեի այժմ կատաղած սպասավորի հետ։ Ճշմարիտը խոստովանած, այդ Գողիաթը այնքան ուժեղ էր, որ ես հազիվ կարողանում էի զսպել նրան։ Իմ դրությունը նախանձելի չէր: Մենք կորած էինք) եթե նա դուրս, պրծներ իմ ձեռքից։ Ուրիշ ճար չկար, պետք էր այդ գազանին հանգստացնել։ Ւմ ծանր տապարի մի հարվածը գլորեց նրա գլուխը մահճակալից ցած։ Տաք արյունը դուրս փչեց պարանոցից սիրուհու կուրծքի վրա...

Դա եղեռնագործության ամենասարսափելին էր, որ ես կատարել եմ իմ կյանքում։ Գազանային անգթությունը այդ դեպքում անցնում է ամեն վայրենությունից։ Սպանե՜լ այն րոպեում, երբ երկու անմեղ արարածներ, իրանց հոգու բոլոր քնքշությամբ գրկախառնված, սիրում են միմյանց, սպանե՛լ սերը, դա սոսկալի չարագործություն է...

Մինչ ես Կայենի նման կանգնած էի իմ զոհի մոտ, լսելի եղավ քավոր Պետրոսի ձայնը.

— Հեռանանք...

Մյուս առավոտ քավոր Պետրոսը հանդարտ, հանգիստ տրամադրությամբ, ինձ իր հետ առնելով, մտանք հասարակաց սեղանատունը նախաճաշիկ ուտելու։ Հյուրանոցի ամբողջ խոսակցությունը գիշերվա անցքի մասին էր։

— Ի՞նչ է պատահել, — Հարցրեց քավոր Պետրոսը իր մոտ նստած մի արհեստավորից, որ դատարկում էր թեյի յոթերորդ բաժակը։

— էլ ի՞նչ պետք է լինի, — պատասխանեց արհեստավորը ցավակցաբար, — Այս գիշեր անհայտ չարագործներ մտել են մի տուն, ծերունի տանտերերին, թե ամուսնին և թե կնոջը, երկուսին էլ խեղդել են, ծառայի գլուխը կտրել են, տանիցը ուրիշ բան չեն տարել, բացի զուտ փողերից։ Ասում են տասն հազարից ավելի կլինի։

— Անիծյալնե՜ր... այդ ի՞նչ անխղճություն է, — պատասխանեց քավոր Պետրոսը նույնպես ցավակցաբար։ — Ինչպե՜ս աստված չէ պատժում այս տեսակ չարագործներին... խեղդե՜լ ծերունի մարդկանց, դա ոբքա՜ն անգթություն է...

Մենք մի քանի օր ևս բոլորովին անվրդով կերպով շարունակեցինք մեր առևտուրը, հետո թողեցինք այդ քաղաքը։ Ոչ ոք կասկած ունենալ չէր կարող խեղճ մանրավաճառի վրա, որը թութակից անգամ վախենում էր, որը մի քանի օր առաջ մտնելով նույն տունը, օրհնում էր, բարեմաղթություններ էր կարդում և երկար կյանք էր ցանկանում երկու ծերունիներին, որովհետև գնեցին նրանից բավական վաճառքներ ավելի թանկ գնով, այո , ոչ ոք երակայել անգամ չէր կարող, որ նույն «երկար կյանք» ցանկացողը ընդունակ կլիներ կարճելու նրանց կյանքը...

Թողնելով հիշյալ քաղաքը, մենք անցանք մի անծանոթ գավառ։ Առհասարակ ամեն մի հանցանք գործած տեղից երբ հեռանում էինք, թողնում էինք մեր ետևից ահագին տարածություն։ Այդ երկիրը այնքան ընդարձակ էր, որ ամեն տեղ բացվում էր մեր առջև մի նոր ասպարեզ ...

Դ

ՀԱՎԱՏԱՐՄՈԻԹՅՈԻՆ

Տասնևյոթ տարեկան էի ես, երբ ոտքս դուրս դրեցի հայրենական երկրից։ Այն օրից անցել էր յոթ տարի ևս, որ ես թափառում էի օտարության մեջ։ Այդ յոթ տարվա ընթացքում, կարծես թե, ես արբած լինեի մի տեսակ կախարդական ըմպելիքով, որը օրըստօրե ինձ թմրեցնում էր, խորասուզում էր մի անբացատրելի ինքնամոռացության մեջ։ Մի անգամ գոնե չզարթնեց իմ մեջ ինքնաքննության միտքը, որ ես խորհեի, թե ի՞նչ է իմ կոչումը, ի՞նչ նպատակի եմ ձգտում ես, դեպի ո՞ւր է տանում ինձ այդ տեղային եռանդը, ի՞նչ է իմ ներկան և ի՞նչ կլինի իմ ապագան...

Իմ ամբողջ մտավոր և հոգեկան զորությունը.լարված էր դեպի չարը, դեպի անբարոյականը, դեպի վնասակարը։ Ես մի առանձին դիվական հրճվանքով ուրախանում էի, երբ արյունոտ գործը հաջողվում էր ինձ իմ սոսկալի ձեռնարկությունների մեջ։

Ինչո՞ւ այսպես փոխվեցա ես, ո՞ւր մնաց իմ հոգու քնքշությունը, ո՞րտեղ կորավ իմ բնավորության մեղմությունը...

Ես գործում էի ոչ թե խելքով, ոչ թե գիտակցաբար, այլ մի տեսակ վայրենի բնազդումով, որ միայն գազաններին է հատուկ։

Խաբել՝ խաբելու համար, կողոպտել՝ հափշտակելու համար, սպանել՝ արյուն թափելու համար, ոսկի և արծաթ դիզել միայն ունենալու համար, դրանք էին այն անհագ բաղձանքները, դեպի որոնք մղում էր ինձ վայրենի բնազդումը։

Չարագործը մի տեսակ բարոյական խելագար է։ Այդ հիվանդության մեջ էի գտնվում ես։

Ես ոչ միայն մոռացել էի իմ անձը, այլ մոռացել էի և այն արարածներին, որոնք իմ սրտին խիստ մոտ էին։ Եվ մի անգամ գոնե մտքիս չբերեցի իմ հայրենիքը և այն ազգը, որի արյունն էի կրում և որից կտրված էի։ Ես մի անգամ գոնե մտքիս չբերեցի մորս, քույրերիս և վերջապես Սառային...

Ո՜րպիսի խոստմունքներով բաժանվեցա նրանցից, ո՜րքան մեծ ակնկալություններ ունեին նրանք իմ մասին։ Պարսկաստանի սահմանից անցնելու ժամանակ իմ սիրտը դեռ թարմ էր, որդիական զգացմունքը դեռ ոչ բոլորովին հանգել էր նրա մեջ։ Այն ժամանակ ես մտածեցի մորս վիճակի վրա և այդ պատճառով ծախած ավանակիս արծաթը ուղարկեցի նրան։ Իսկ այնուհետև ո՜րքան գումարներ անցան իմ ձեռքը, բայց մի անգամ գոնե չմտածեցի, թե աղքատության մեջ ապրող մայր ունեմ և որբ մնացած քույրեր ունեմ։ Զարմանալի՜ փոփոխություն։ Պանդխտությունը ինչպես քարացնում է մարդու սիրտը... ի՜նչպես կարծրացնում է բոլոր քնքուշ զգացմունքները։ «Աչքից հեռու, սրտից հեռու», ասում է հայկական առածը։ Դա կատարվել էր իմ հետ։

Այդ բոլոր մտածությունները զարթեցան իմ մեջ այն ժամանակ, երբ հանկարծ ստացա մորիցս մի նամակ։ Ամբողջ յոթ տարի օտարության մեջ ապրելով, այդ առաջին նամակն էր, որ ստանում էի մոռացված հայրենիքից։ Նամակը հասավ ինձ մի խաչագողի ձեռքով, որ եկել էր Պարսկաստանից։ Նրա թվականից անցել էր ավելի քան մի տարի։ Դա համարվում է շատ նոր նամակներից մեկը, որ մեր դասակարգի պանդուխտները բախտ են ունենում ստանալո՛ւ իրանց ընտանիքից։ Բոլոր ժամանակը նա մնացել էր նամակաբերի ծոցում, սպասելով, որ մի տեղում կհանդիպե ինձ և կհանձնե։

Կարծես դառն արտասուքներով գրված լիներ այղ ողբալի նամակը։ Նրա մեջ նկարագրված էր մորս և քույրերիս կրած նեղությունները ինձանից հետո, նկարագրված էր կառավարության սարվազների ու ֆերրաշների գործ դրած բարբարոսությունները, նկարագրված էր մեր ընտանիքի թշվառ դրությունը և իրանց կրած ցավերը իմ պանդխտության մասին և այլն։ Նամակը վերջանում էր այսպիսի խոսքերով. «Մուրադ, այդպես են վճարում զավակները փոխարենը այն կաթի, որով մայրը սնուցանում է որդուն... Դու մոռացա՜ր, բոլորը մոռացա՜ր... Դու մոռացար դժբախտ մորդ և թշվառ քույրերիդ... Դու մոռացար՞ Սառային, որ մինչև այսօր էլ սիրում է քեզ... որին դու ևս մի ժամանակ սիրում էիր...»։

Ո՛րքան ազդու է լինում մոր խոսքը։ Իմ բոլոր ապերախտությունները մի րոպեում նկարվեցան իմ աչքերի առջև։ Կարծես իմ ականջներին զարկում էր մի դառն, հանդիմանական անեծք. «Դու անառակ որդի ես»...

Իմ սիրտը լցվեց ցավերով։ Մի բան միայն մխիթարում էր ինձ, որ այդ նամակից տեղեկացա, այն արարածները, որ մի ժամանակ սիրելի են եղել ինձ, դեռ կենդանի են։

Ես հենց նույն օրը հայտնեցի քավոր Պետրոսին նամակի բովանդակությունը։ նա ցանկացավ տեսնել խաչագողին, որի ձեռքով հասավ ինձ նամակը, բայց նամակաբերը արդեն անհետացել էր։ Երկու տարբեր խումբերի պատկանող խաչագողներ երբեք միևնույն սահմանում չեն գործում։ նա հենց որ տեսավ մեզ, իսկույն հեռացավ մեր գտնված տեղից։

Քավոր Պետրոսը կարգադրեց մի գումար ուղարկել մեր և իր ընտանիքների ծախքերի համար։ Երևում էր, որ նա էլ նոր հիշեց, որ ինքը նույնպես կին ունի, զավակներ ունի, կարոտության մեջ թողած ազգականներ ունի։

Այժմյան մեր իջած տեղը այն քաղաքն էր, որ ընտրել էինք մեզ համար որպես գլխավոր կենտրոն։ Պատահում էր, որ ամիսներով կորչում էինք, թափառում էհնք զանազան երկըրներ, և մեր ձեռքը ընկած արծաթը հավաքում էինք այստեղ։ Այս քաղաքում կար մի բարեսիրտ և արդար սեղանավոր, որը քավոր Պետրոսի վաղեմի ծանոթն էր։ Մեր փողերը հանձնում էինք նրան։ Սեղանավորը ճանաչում էր մեզ մեր իսկական անուններով։ Նա գիտեր, թե մենք ոþրտեղացի ենք, ի՛նչ մարդիկ ենք, բայց չգիտեր մեր իսկական պարապմունքը։ Մենք հայտնի էինք նրան իբրև օրինավոր վաճառականներ, որ ասիական ապրանքների առևտուր են անում։ Բայց թե հեռու տեղերում ի՞նչ գործերով էինք զբաղված, կամ ի՞նչ միջոցներով այդ գումարները հավաքվում էին մեր ձեռքում՝ դրանց մասին նա ոչինչ տեղեկություն չուներ։

Երևում է, կյանքի մեջ ճշմարտությունը այնքան անհրաժեշտ է մարդու համար, որ ամենասարսափելի չարագործը անգամ պետք է ունենա գոնե մի բարեկամ, որի հետ պետք է անկեղծ լինի։ Քավոր Պետրոսի հարաբերությունները հիշյալ սեղանավորի հետ, թեև իսկությամբ այսպես չէին, բայց նա դարձյալ պահպանում էր բոլոր ճշտությունները, ինչ որ վայել են մի բարեկամի, մի ազնիվ մարդու։ Սեղանավորը մեծ վստահություն ուներ նրա հավատարմության. վրա, մանավանդ այն պատճառով, որ համարում էր նրան միամիտ, բարի և ճշմարտասեր մարդ։ Ամեն անգամ, երբ հայտնվում էինք այդ քաղաքում, սեղանավորը մեզ հրավիրում էր իր տունը։ Նրա կինը, երեխաները, աղախինները, սպասավորները՝ բոլորը ճանաչում էին քավոր Պետրոսին, և բոլորի համար քավոր Պետրոսը ուներ անուշ խոսքեր, զբաղեցնելու, ծիծաղեցնելու և գրավելու համար։

Նրանք սիրում էին լսել քավոր Պետրոսի ճանապարհորդությունների պատմությունը։ Այդ «թափառական հրեան» համարյա ամեն երկրում եղել էր և ամեն երկրի մասին կարող էր պատմել նրանց շատ հետաքրքիր տեղեկություններ։ Թեև երբեմն նա առասպելներ էր պատմում, այսուամենայնիվ, մեծ ուշադրությամբ լսում էին։ Օրինակ, մի անգամ ասում էր, թե Հնդկաստանում մի կղզի կա, որտեղ ոսկին ծնեբեկի նման գետնից բուսնում է, աճում է և ճյուղեր է արձակում։

— Այդ լա՜ վ է, — ասաց սեղանավորը զարմանալով. — կարելի է գնալ այնտեղ և քաղել մի ամբողջ ոսկու հունձք։

— Եթե հեշտ լիներ, ամեն մարդ կգնար, — պատասխանեց քավոր Պետրոսը ժպտալով։

— Ի՞նչ դժվարություն կա։

— Շատ դժվարություններ։ Կղզին կախարդված է։ Նավերը հազիվ կարող են մոտենալ նրա եզերքին։ Հենց որ մոտեցան, սոսկալի ալեկոծությունը կտանե նրանց դեպի օվկիանոսի հատակը։ Պատահել է, որ մարդիկ, ալեկոծությունից ևս ազատվելով, դուրս են եկել նրա ցամաքի վրա։ Բայց այդ մարդիկ այլևս չեն վերադարձել, նրանք կերպարանափոխվել են, կապիկներ են դարձել և մնացել են այնտեղ։

— Ուրեմն ո՞չինչ հնար չկա այնտեղ գնալու։

— Ի՞նչպես չկա. միայն պետք է գտնել կախարդված կղզու թիլիսմանը։ Հազարավոր բրամիններ քննում են գրքերը, աշխատում են լուծելու թիլիսմանը, բայց դեռ ոչինչ հետևանքի չեն հասել։ Անգլիայից միլիոններ կտային, եթե մեկը գտնելու լիներ անմատչելի կղզու կախարդական բանալին։

Հետո պատմում էր նա, թե մի այլ կղզում (դարձյալ Հնդկաստանում) գտնվում են այնպիսի հսկա մրջիմներ, որ մարդիկ նրանց մեջքի վրա թամք են դնում, նրանց բերանը սանձ են դնում և ձիու նման նստում են նրանց վրա, ուր որ կամենում են, գնում են։ Եվ քավոր Պետրոսը խիստ ծիծաղելի կերպով նկարագրում էր իր մի հետաքրքիր ճանապարհորդությունը մրջիմի մեջքի վրա նստած։ Զարմանալին այն էր, որ նրան լսողները այնքան փոքր տեղեկություններ ունեին հեռավոր երկրների մասին, այնքան սակավ ճանաչում էին երկրագունդը, որ բոլորովին հավատում էին նրա պատմածներին։

Ահա այսպիսի և դրա նման պատմություններով էր զբաղեցնում քավոր Պետրոսը իր ունկնդիրներին։

Իր հաշիվների մեջ քավոր Պետրոսը վերին աստիճանի ճիշտ էր սեղանավորի հետ։ Շատ անգամ նրանից բավական խոշոր գումարներ էր փոխ առնում, իբր թե մի առևտրական ընդարձակ ձեռնարկության համար։ Բայց ինձ հայտնի էր, որ քավոր Պետրոսը ոչ փողի կարոտություն ուներ և ոչ՝ առևտրական ընդարձակ ձեռնարկություններ։ նա վեր առած գումարը այնպես անշարժ պահում էր իր մոտ, մինչև լրանում էր իր տված պարտամուրհակի ժամանակը։՝ Այդ միջոցին տանում էր փողը, իր տոկոսով հետ էր տալիս, պարտքը վճարում էր և ստանում էր պարտամուրհակը։ Այդ անում էր նա իր վարկը պահպանելու համար։

Մի անգամ մեզ հարկավորեց վեր առնել սեղանավորից 15000 ռուբլի։ Փողերը բերեցինք մեր իջևանը, կրկին համբարեցինք, տեսանք, որ 1000 ռուբլի ավել է։ Սեղանավորը փոխանակ 15 հազար ռուբլու, սխալմամբ տվել է 16 հազար ռուբլի, իսկ 15-ի պարտամուրհակ էր առել։ Քավոր Պետրոսը մյուս օրը հազար ռուբլի ետ տարավ, հանձնեց սեղանավորին այսպիսի գանգատներով,

— Այդ ի՞նչ արեցիք դուք ինձ հետ, Արկադիյ Ֆադեիչ, — Այսպես էին կոչում սեղանավորին։ — Եթե ես այս գիշեր մեռնելու լինեի, ինչ կլիներ իմ հոգու ճարը։ Երևի, դուք իմ հոգին կորցնել էիք ուզում...

Սեղանավորը մնաց զարմացած։

— Ի՞նչ կա, ի՞նչ է պատահել, Պյոտր Աբրամիչ, — Հարցրեց նա, խնդրելով վրդովված քավոր Պետրոսին նստել։

Պյոտր Աբրամիչը ոչինչ չէ խոսում, լռությամբ դնում է սեղանավորի առջև 1000 ռուբլի։

— Այդ ի՞նչ փող է, — Հարցնում է սեղանավորը։

— Այդ այն փողն է, որ դու ինձ ավել էիր տված, — պատասխանում է քավոր Պետրոսը դեռևս վրդովված կերպով։ — Ավելի լավ կլիներ, որ համբարքի մեջ զգույշ լինեիք և ուրիշին մեղքի մեջ չգցեիք...

— Դու բարի ես, շա՜տ բարի, Պյոտր Աբրամիչ, — Ասում է սեղանավորը, բարեկամաբար նրա ձեռքը սեղմելով։

— Ես բարի եմ նրա՞ համար, որ չգողացա ուրիշի փողը։ Այդ բարություն չէ, Արկադիյ Ֆադեիչ։

Չնայելով այդ համեստությանը, Արկադիյ Ֆադեիչը աշխատում է ապացուցել, որ Պյոտր Աբրամիչը բարի մարդ է։

Ամեն անգամ, երկար թափառումներից հետո, երբ հայտնվում էինք սեղանավորի մոտ, նրա սովորական հարցմունքն այդ էր լինում։

— Լա՞վ վաստակ ունեցար, Պյոտր Աբրամիչ։

— Վա՜տ են գնում գործերը, շատ վատ, Արկադիյ Ֆադեիչ։

— Ինչո՞ւ։

— Բոլորը մեր մեղքերից։

Սեղանավորը ծիծաղում է։

— Դուք ծիծաղում եք, Արկադիյ Ֆադեիչ։ Բայց տեսեք, ինչպես վատացել են ժամանակները, առանց երդվելու, առանց սուտ խոսելու չես կարող առևտուր անել... Բայց այդ մե՜ղք է, Արկադիյ Ֆադեիչ, շա՜տ մեղք է... Համարյա մարդ յուր հոգին է ծախում...

— Բայց շա՜հ, այսուամենայնիվ, լինում է։

— Ի՜նչ շահ... այսպիսի շահը Հուդայի արծաթն է, որ ստացավ և մատնեց մեր տեր Հիսուս Քրիստոսին։ Այսպիսի շահը սատանան կտանե...

Չնայելով հայտնած դժգոհությանը վատ ժամանակների և իր առևտրական անհաջողության մասին, քավոր Պետրոսը դարձյալ համբարում է սեղանավորի առջև մի քանի հազարներ։

— Այս անգամ, երևի, սատանան չէ դիպել քո փողերին, Պյոտր Աբրամիչ։

— Քրտինքով է աշխատած, դա՜ռն քրտինքով, Արկադիյ Ֆադեիչ։ Արդար աշխատանքը Հիսուս Քրիստոսը կպահպանե, — պատասխանում է քավոր Պետրոսը և սկսում է ջերմեռանդությամբ խաչակնքել իր երեսր։

Սեղանավորը երբեմն սիրում էր քավոր Պետրոսի հետ հանաքներ անել և զվարճանալ նրա պարզամտության վրա»

Բայց ինձ զարմացնում էր քավոր Պետրոսի հավատարմությունը, որ ուներ դեպի սեղանավորը։ Այդ մարդը, որի համար ոչինչ սուրբ բան չկար, վարվում էր նրա հետ ամենայն ճշմարտությամբ։ Ես կարծում էի, թե դա մի խորամանկ նախապատրաստություն է, սեղանավորին մեր ծուղակի մեջ գցելու համար, որի հարստությունը միլիոնների էր հասնում։ Սի անգամ հարցրի քավոր Պետրոսից»

— Սեղանավորի «հոգվոցը» ե՞րբ պիտի կարդանք։ — Ուզում էի հասկացնել, թե ե՞րբ պետք է կողոպտենք նրան։

Նա պատասխանեց,

— Եթե ամեն աղբյուրները պղտորելու լինես, գոնե մեկը պետք է մաքուր թողնես, որ ինքդ խմես։

Ես տեսնում էի, որ քավոր Պետրոսը այս դեպքում ևս չէ շեղվում իր հիմնական կանոնից, «ամեն ինչ ծառայեցնել իր օգտի համարտ»...

Խաչագողին ևս պետք է մի հավատարիմ մարդ ունենալ: Դուք չգիտեք խաչագողի վիճակը։ Նա թափառում է երկրե երկիր զանազան կերպարանքներով, զանազան անուններով, որոնց ոչ մեկը իր իսկական անունը չէ։ Հանկարծ նա մեռավ. նրա ունեցածն էլ իր հետ կմեռնի։ Որովհետև նա հայտնի է միայն կեղծ անունով, իսկ այդ կեղծ անունը կրողի ժառանգները գտնել անհնարին բան է։ Կիրակոսի թողած կայքը չեն տալ Մարկոսի ժառանգներին, թեև մեռնողը իսկապես Մարկոս լիներ և կեղծ անունով միայն իրան կոչելիս լիներ Կիրակոս։ Մի կենտրոն պետք է, որ խաչագողը հայտնի լինի իր իսկական անունով և հավաքն այնտեղ իր ունեցածը, որպեսզի եթե մահ պատահելու լինի, հասցնեն նրա ընտանիքին։ Ահա այդ էր քավոր Պետրոսի հարաբերությունների պատճառը սեղանավորի հետ։ Նրա մոտ հավաքում էր քավոր Պետրոսը մեր բոլոր վաստակած փողերը։ Եթե մեզ մի բան պատահելու լիներ, սեղանավորը գիտեր, թե փողերը ումն են պատկանում։ Մենք հայտնի էինք նրան մեր իսկական անուններով, և հանձնած գումարների համար ստացական էինք առնում նույն անուններով։

Քավոր Պետրոսը հայտնի էր անունովս՝ պարսկաստանցի, այսինչ գավառից, այնինչ գյուղից, վաճառական Պյոտր Աբրամիչ Աղախանով։ Հայտնի էի և ես իմ անունով, տոհմանունով և տեղի անունով։ .

Այդ ձևը ուներ և այն հարմարությունը, որ դիցուք թե մեզ մահ չպատահեց, այլ մի տեղ կալանավորեցին մեզ։ Այսպիսի դեպքերում չէին կարող մեր կայքը գրավել, որովհետև մեզ կգտնեին մի որևիցե կեղծ անվան տակ, իսկ մեր կայքը մեր սեփական անունով կլիներ բոլորովին ուրիշ ձեռքում։

Ես այժմ հասկանում էի այն զանազան անցագրերի անհրաժեշտությունը, որ քավոր Պետրոսը Պարսկաստանից դուրս գալու ժամանակ առեց իր հետ և միշտ նորոգել էր տալիս, որ ժամանակները չկորցնեն։

Հանձնելով մեր այս անգամվա բերած փողերը սեղանավորին, վերադարձանք դեպի մեր իջևանը։ ճանապարհին քավոր Պետրոսի ուշադրությունը գրավեց մի օտարոտի մուրացկան, որը փողոցում կանգնած էր մի լուսամուտի հանդեպ և խղճալի ձայնով ողորմություն էր խնդրում։ Լուսամուտի հանդեպ նստած տիկինը ձգեց նրան մի քանի գրոշներ և փակեց լուսամուտը։ Մուրացկանը սկսեց որոնել, թե որտեղ ընկան գրոշները։

— Նայի՛ր, Մուրադ, — Ասաց ինձ քավոր Պետրոսը, — կարող ես ճանաչել, թե դա ինչ մարդ է։

Ես նայեցի։ Մուրացկանը հագած ուներ պատառոտած սև փարաչա, մեջքը սեղմված էր գունավոր լայն գոտիով. գլխին դրած ուներ մի ջարդված և հնությունից իսկական գույնը կորցրած հոգևորականի ցած շլյապա (երևի մեկը ընծայել էր նրան) և ձեռքին կրում էր երկայն գավազան, հասարակ ոսկրյա գլխիկով։

— Խաչագող է, — պատասխանեցի ես։

— Ոչ, — Ասաց քավոր Պետրոսը։ — Քահանա է և հայ քահանա։

Ես չհավատացի։ Մոտեցա մուրացկանին և հարցրի նրա ինչ մարդ լինելը։ Քավոր Պետրոսի նկատողությունը ուղիղ էր։ Նա հրավիրեց թշվառ քահանային մեզ մոտ։ Քահանայի ուրախությանը չափ չկար, երբ հեռավոր օտարության մեջ հանդիպեց երկու հայերի։ Մենք նրան հյուրասիրեցինք թեյով և իսկույն մի բան տվեցինք ուտելու։ Ողորմելին այնպիսի ախորժակով կերավ, որ երևում էր՝ մի քանի օր քաղցած էր մնացել։ Երբ նա փոքր-ինչ կազդուրվեցավ, քավոր Պետրոսը հարցրեց, թե ի՞նչ դեպքով այս կողմերն է անցել։

Նրա պատմությունից երևաց, որ ինքը սպահանցի է։ Նրա ժողովրդի մի մասը Կասպից ծովի հարավ-արևելյան եզերքի վրա մի փոքրիկ գաղթականություն է հիմնել։ Նոր գաղթականները մեծ դժվարությամբ կարողացան իրավունք ստանալ պարսից կառավարությունից, որ իրանց համար մի եկեղեցի շինեն։ Եկեղեցին հիմնեցին, սկսեցին կառուցանել, բայց ավարտել չկարողացան, որովհետև սաստիկ աղքատ էին, իրանց միջոցները չէին բավականացնում։ Շինվածքը մնաց թերի։ Քահանան իմացավ, որ շուտով խմբվելու է... քաղաքի մեծ տոնավաճառը, ինքն ևս դիմեց այնտեղ, այն նպատակով, որ տոնավաճառի առիթով հավաքված հայ վաճառականներից եկեղեցու շինության անունով նվիրատվություններ հավաքե։

— Հաջողվեցա՞վ, — Հարցրեց քավոր Պետրոսը, թույլ չտալով քահանային ավարտել իր պատմությունը։

— Հաջոզվեցավ։ Աստված օրհնե բարեպաշտ հայերի առատաձեռնությունը, նրանք այնքան նվիրվեցին, որով ոչ միայն կարելի էր ավարտել եկեղեցու շինությունը, այլ բավական նշանավոր գումար ավել կմնար եկեղեցին զարդարելու համար պետք եղած սրբություններով։

— Ուրեմն ի՞նչ է պատճառը, որ այդ ողորմելի դրության մեջն ենք գտնում ձեզ։

— Երբ ուղևորվեցա դեպի Պարսկաստան, ճանապարհին կողոպտեցին ինձ և բոլորը, ինչ որ հավաքել էի, տարան։ Այդ դժբախտությունից հետո ես չուզեցի դատարկաձեռն և ամոթալի երեսով վերադառնալ իմ ժողովրդի մոտ, ստիպվեցա մուրացկանությամբ շարունակել իմ ուղևորությունը, գուցե մի տեղ դարձյալ բարեպաշտ հայեր կգտնեմ և կդիմեմ նրանց գթասրտությանը։

— Այժմ ո՞րտեղ դիտավորություն ունեք գնալու։

— Մոսկվա, ասում են այնտեղ ևս հայեր կան։

Խաչագողին հեշտությամբ չէ կարելի խաբել, մանավանդ քավոր Պետրոսի նման մարդուն։ Նա, թեև անզգալի կերպով, բայց բավական խստությամբ սկսեց զանազան հարցեր առաջարկելով քննել քահանային, ստուգելու համար, թե ո՛ր աստիճան ճշմարիտ էին նրա ասածները։

Ես չլսեցի նրանց բոլոր խոսակցությունը, որովհետև այդ միջոցին քավոր Պետրոսը հրամայեց ինձ, որ գնամ հյուրանոցը և մեզ համար ընթրիք պատվիրեմ։ «Բամբակը ղալին լինի», — Ասաց նա։ Այդ նշանակում էր, որ արաղը շատ լինի։

Ընթրիքի ժամանակ քավոր Պետրոսը առիթ ունեցավ քննելու քահանային, որովհետև տեր հայրը ուրախությունից խմեց ավելի, քան թե պատշաճ էր։

Քահանան գիշերը մնաց մեգ մոտ։

Մյուս առավոտ, թեյից հետո, քավոր Պետրոսը ասաց նրան.

— Ամբողջ յոթ տարի է, տեր հայր, օտարության մեջ ապրելով և օտար ազգերի հետ հարաբերություններ ունենալով, զուրկ եմ մնացել Հայաստանյաց եկեղեցու սուրբ հաղորդությունից։ Ձեզ աստված ուղարկեց ինձ մոտ՝ քավելու իմ մեղքերը և արժան կացուցանելու Հիսուս Քրիստոսի կենարար մարմնին և արյանը։

Տեր հայրը, հայ քահանաների սովորության համեմատ, ճանապարհորդության առիթով, մի փոքրիկ արծաթյա մասնատուփի մեջ վեր էր առել իր հետ սուրբ հաղորդության նշխարներ։ Նա դուրս հանեց մասնատուփը, դրեց սեղանի վրա և պատրաստվեցավ կատարելու սուրբ խորհուրդը։ Քավոր Պետրոսը և ես չոքեցինք նրա առջև։ Քավոր Պետրոսի խոստովանությունը կատարվեցավ հրապարակաբար, թեև ես ոչինչ չհասկացա, որովհետև գրաբար լեզվով էր։ Նա կարդաց հայոց ժամագրքի ամբողջ «մեղան»։ նրա մեջ բովանդակում է բոլոր մեղքերի խոստովանությունը, ինչ որ կարող է մտածել, հնարել և գործել միայն չարագործ մարդը և ոչ ուրիշ արարած։

Ես տեր հոր թելադրությամբ կրկնեցի մի քանի տուն նույն «մեղայից»։ Երբ նա, պահանջված աղոթքները կարդալուց հետո, մոտեցրեց իմ շրթունքին սուրբ հազոդագրության նշխարը, իմ ամբողջ մարմնին տիրեց մի սոսկալի, հոգևոր սարսուռ։ Նույն ազդեցությունը ես նկատեցի և քավոր Պետրոսի դեմքի վրա։

Մենք չոքած տեղից վեր կացանք, երկուսս էլ համբուրեցինք տեր հոր աջը. նա օրհնեց մեզ և թողություն շնորհեց։

Հետո քավոր Պետրոսը տեր հորը իր հետ առնելով, գնացին շուկան» Իսկ ինձ տվեց մի տոմսակ և ուղարկեց Արկադիյ Ֆադեիչի մոտ։ Ես ստացա սեղանավորից 10000 ռուբլի և վերադարձա մեր իջևանը։ Նրանք դեռևս չէին եկել։ Ես մինչև ճաշ սպասեցի նրանց։

Երբ հայտնվեցան նրանք, ես հազիվ կարողացա ճանաչել քահանային։ Նրա հագուստը ոտքից գլուխ նորոգված էր, և տեր հայրը իր կարգին վայելուչ կերպարանք էր ստացել։

Երբ մտան սենյակը, քավոր Պետրոսը նայեց նրա վրա և մի առանձին բավականությամբ ասաց ինձ,

— Տեսնո՞ւմ ես, Մուրադ, տեր հայրը այժմ մի բանի նման է։ Այն ի՞նչ էր առաջ։ ճշմարիտ ասած, իմ սիրտը կտրատվեցավ, երբ առաջին անգամ տեսա հայոց եկեղեցու քահանան, պատառոտած հագուստով, փողոցում մուրացկանություն է անում։ Այդ ամոթը, այդ նախատինքը մեզ, բոլոր հայերիս է վերաբերում։ Ի՞նչ կարծիք կունենան մեր մասին օտարազգիները, եթե հասկանան, որ հայ քահանա է։

Փակագծի մեջ ասելով, պետք է խոստովանած, որ խաչագողները մի առանձին նախանձախնդրություն և պատկառանք ունեն դեպի հայոց եկեղեցին և եկեղեցականները։ Նրանք ամեն կրոնների (թե քրիստոնեական և թե հեթանոսական) հոգևորականի անունով հայտնվում են ազգերի մեջ, բայց երբեք իրանց հայ քահանա չեն ձևացնում, հայ քահանայի անունը չխայտառակելու համար։

Քավոր Պետրոսի սովորություններն ինձ հայտնի լինելով, ես արդեն նախաճաշիկը պատրաստել էի տվել։ Երբ կերանք խմեցին, քավոր Պետրոսը վեր առեց վերջին բաժակը և, զարկելով տեր հոր բաժակին, ասաց,

— Ցանկանում եմ ձեզ բարի ճանապարհ, տացե աստված, որ հաջողությամբ վերադառնաք ձեր տեղը և շարունակեք եկեղեցու շինության գործը։ Ամեն ինչ այս աշխարհում անցողական է և ունայնություն, միայն եկեղեցին և սուրբ հավատը կմնա հավիտյան։

Հետո նա դարձավ դեպի ինձ, հարցնելով,

— Բերեցի՞ր։

— Ես սեղանավորից ստացած 10000 ռուբլու կապոցը տվեցի նրան։ Նա տվեց քահանային, ասելով.

— Ահա, տեր հայր, այդ կապոցի մեջ դուք կգտնեք այն գումարը, որ ձեզ պետք է սուրբ տաճարի շինությունը ավարտելու համար։ Ես մի մեղավոր մարդ եմ, ընդունեցեք այդ մասնավոր գումարը, իբրև այրի կնոջ լուման ։*

——————————————
* Խոսքը վերաբերում է այրի կնոջ գանձանակի մեջ գցած դրամին, որը վերցված է «Այրի կնոջ լուման» ավետարանական առակից։ Տե՛ս Ավետարան ըստ Ղուկասի, գլուխ ԻԱ, 1—4։
——————————————

Քահանան մեծ շնորհակալությամբ և օրհնություններով ընդունեց կապոցը, հարցնելով,

— Ես չի՞ պիտի գիտենամ իմ բարերարի անունը։

— Գիտենալու մի առանձին պետք չկա, տեր հայր, դուք միայն աղոթեցեք իմ հոգու համար։ Աստված առանց անունների ևս ճանաչում է մարդիկներին։

Մեր իջևանի դռան առջև կանգնեց մի ճանապարհորդական սայլակ, որի վրա նստած էր մի ուղեկից։ Քավոր Պետրոսը, կամենալով այն օր իր հյուրին ճանապարհ դնել, գտել էր այդ ուղեկցին և բոլոր հոգսը հոգացել էր, որ տեր հոր ճանապարհորդությունը անվտանգ լինի և ապահով։

Նա իր ձեռքով կապեց տեր հոր ճանապարհի մափրաշը և իր նվիրած փողերը թաքցրեց նրա մեջ։ Հետո ասաց ինձ, որ տանեմ մափրաշը, տեղավորեմ սայլակի մեջ։ Ես հոժարությամբ կատարեցի այդ, ցանկանալով, որ իմ կողմից ևս մի ծառայություն արած լինեմ տեր հորը։

— Ամեն ինչ պատրաստ է, — Ասաց քահանան, — օրհնյալ լինիք, բայց ինձ պակասում է մի բան, ինձ կողոպտելու ժամանակ, թղթերիս հետ տարան և իմ անցագիրը։

— Դա մի մեծ կորուստ չէ, — պատասխանեց քավոր Պետրոսը ծիծաղելով, — ես կտամ ձեզ մի անցագիր, այն ևս քահանայի անցագիր, միայն դուք այսուհետև ձեզ պիտի կոչեք հայր Անաստասիոս։

— Դա հայի անուն չէ, — Ասաց տեր հայրը դժվարանալով»

— Միևնույն է, մինչև սահմանը անցնելը կարելի է հայր Անաստասիոս լինել, իսկ Պարսկաստանում ձեզանից այլևս անցագիր չեն պահանջի։

Քավոր Պետրոսը նայեց տեր հոր դեմքին և հասակին, ասաց.

— Բոլորովին համապատասխանում է ձեր կերպարանքին։

Թե՛ ես և թե՛ քավոր Պետրոսը կրկին համբուրեցինք տերհոր աջը և տարանք նրան, նստեցրինք սայլակի վրա։ Նա,երկար բարեմաղթություններ անելով իր անծանոթ բարերարի համար, հեռացավ։

Այն օր քավոր Պետրոսը ինձ երևում էր իբրև մի հրեշտակ։ Ես երբեք չէր կարող երևակայել այդ գազանի մեջ այս աստիճան բարեպաշտական զգացմունք։ Գողը, ավազակը, սարսափելի խաբեբան ահագին գումար էր նվիրում եկեղեցի կառուցանելու համար։ Այդ ի՞նչ տարօրինակ զոհաբերություն էր։ Ի՞նչպես կարող էին մարդու մեջ հաշտվել լույսը և խավարը, չարը և բարին, առաքինությունը և ոճրագործությունը։

Այդ ուրիշ բան է, եթե նա կատարած լիներ այդ զոհաբերությունը որևիցե նենգավոր և խորամանկ նպատակի համար։ Թայց ինձ զարմացնում էր այն, որ նրա վարմունքի մեջ գտնում էի կատարյալ անկեղծություն։ Ես բավական ուսումնասիրել էի քավոր Պետրոսին և հազիվ կպատահեր, որ նրա վերաբերությամբ սխալվեի իմ կարծիքների մեջ։ Կրկնում եմ։ որ նրա վարմունքը բոլորովին անկեղծ էր։ նրա հոգու և սրտի խորքիցն էր բխում այն ջերմեռանդ զգացմունքը, որով նա ցանկացավ նպաստամատույց լինել մի տաճարի կառուցմաննը, ասիական մի խուլ երկրում, մահմեդականների մեջ։

Այն օր նա ավելի ուրախ էր, գտնվում էր ավելի խաղաղ տրամադրության մեջ, վայելում էր իր բարեգործության բերկրանքը։ Այն օր, իր ապաշխարանքը վերջացրած քրիստոնյայի նման, նա զգում էր իր խիղճը մաքրված, զգում էր իրան թեթևացած մեղքերի ծանր բեռից։

Մի խորհրդավոր ցնցում տիրում էր իմ մարմնին, երբ մտաբերում էի, թե ո՝րպիսի հոգևոր հեզությամբ, թե ո՝րպիսի բորբոքված հավատով, ծունր իջած աստուծու սեղանի պաշտոնյայի առջև, այդ եղեռնագործը ընդունեց սուրբ հաղորդության խորհուրդը։ Մտածում էի և ուրախանում, թե այդ մարդը արդեն դարձավ չար ճանապարհից, թե դա այսուհետև այլևս չի շարունակի այն, ինչ որ մինչև այնօր գործել էր։

Ես սխալվում էի...

Կրոնական զգացմունքը միշտ վառ էր պահվել քավոր Պետրոսի մեջ։ Նա միշտ մնացել էր հավատարիմ եկեղեցու պատվերներին։ Դեռ Պարսկաստանում եղած ժամանակ մեր գյուղում համարվում էր նա ամենաբարեպաշտ մարդիկներից մեկը. ամեն օր, առավոտյան և երեկոյան, եկեղեցի էր գնում, պաս էր պահում և ամեն տարի մի քանի անգամ սուրբ հաղորդություն էր ընդունում» Պանդխտության մեջ դարձյալ նա նույնն էր մնացել, բնավ չէր փոխվել» Ես շատ անգամ տեսել էի (մինչև անգամ ամենասարսափելի չարագործություններից հետո), թե ի՛նչպես նա առանձնացած մեր իջևանի մի անկյունում, արտասուքը աչքերում աղոթում էր» Ւնձ երբեք չէր պատահած տեսնել, որ նա անցկացներ իր առավոտյան և երեկոյան աղոթքները։ Շատ անգամ, երբ պատրաստվում էինք մի որևիցե արշավանք կատարելու, կամ, ինչպես նա սովորություն ուներ ասելու երբ պատրաստվում էինք «գործին գնալ, տեսնում էի, որ նա ուշանում է» Երբ շտապեցնում էի նրան, պատասխանում էր, «Փոքր-ինչ սպասեցեք, դեռ աղոթքս չեմ վերջացրել»...

Դա փարիսեցություն չէր, դա նրա հաստատ հավատն էր։ Նա համոզված էր, որ ամեն գործ, թե՛ բարի լիներ նա և թե չար, պետք էր աղոթքով սկսել և աստծուց օգնություն խնդրել։

Նա մինչև անգամ պաս էր պահում, կատարում էր հայկական եկեղեցու բոլոր տոները։ Նրա թղթապանակի մեջ, կեղծ անցագրերի հետ միասին, կար մի փոքրիկ հայերեն օրացույց, շատ անգամ նայում էր նրա մեջ, որ չսխալվի, որ գիտենա, թե ե՝րբ պետք էր պաս պահել, ե րբ պետք էր ուտել, կամ երբ պետք էր կատարել այս և այն տոնը։

Քավոր Պետրոսը իր հոգևոր հասկացողությունների մեջ սաստիկ անհավատ էր, իսկ իր կրոնական համոզմունքների մեջ՝ վերին աստիճանի մոլեռանդ։ Նա հավատում էր, որ, բացի լուսավորչի հոտից, ուրիշ քրիստոնյաներից և ոչ մեկը աստուծո արքայությունը չի վայելի։ Եվ այդ պատճառով սաստիկ նախանձախնդրություն ուներ դեպի հայոց եկեղեցին։

Բայց ի՞նչպես կարելի էր միևնույն ժամանակ և՛ խաչագող լինել, և՛ լավ քրիստոնյա։

Քավոր Պետրոսի կարծիքով կարելի էր։ Եկեղեցին ներող է։ Եկեղեցին հենց նրա համար է, որ սրբե մեղավորներին։ Եթե օրվա մեջ յոթանասուն և յոթն անգամ մեղանչելու լինես, նա դարձյալ կներե։ Խոստովանիþր, զղջա՛, սուրբ հաղորդություն ընդունիր, այնուհետև, դու ՛արդար ես: Այդ հավատը ունեն եկեղեցու վերաբերությամբ բոլոր խաչագողները։ ՛Նրանց մոտ մինը մյուսին չէ խանգարում։ Կարելի է և՛ պաս պահել, և՛ աղոթք անել, և սուրբերի բարեխոսությունը խնդրել, կարելի է միևնույն ժամանակ և նույն սուրբերի անունով սուտ երդվել, խաբել, գողանալ և այլն։

Խաչագողը ծիսապաշտ է։ Կրոնի հոգևոր, բարոյական մասը նրան անմատչելի է։ Եկեղեցու հրահանգները կատարում է նա որպես արարողություն, իսկ խաբեությունը որպես գործ։

Քավոր Պետրոսը և նրա նմանները պատրաստ էին և՛ եկեղեցի կառուցանել, և միևնույն ժամանակ հարյուրավոր ընտանիքների տուն քանդել, նրանց պատառ հացի կարոտ թողնել։ Նա սովորած էր մեկ շրթունքով աղոթել, իսկ մյուսով հայհոյել, ս՜ուտ խոսել։ Նա պատրաստ էր մեկ ձեռքով ողորմություն տալ, մյուսով հափշտակել աղքատի վերջին կոպեկը։

Գործողությունների այդ տարօրինակ հակառակությունը հաշտվում և ներդաշնակում էր նրա մեջ ամենայն համաձայնությամբ։ Եվ նրա սիրտը միշտ խաղաղ էր, և նրա խիղճը միշտ անդորր էր, որովհետև ամեն մի մեղանչելու դեպքում նա ուներ մի ապաստարան եկեղեցին, և մի միջնորդ իրան երկնքի հետ հաշտեցնելու համար քահանան։

Քավոր Պետրոսը այդպես էր հասկանում կրոնի և եկեղեցու խորհուրդը։ Նա մի այլանդակ քրիստոնյա էր։ Բայց նրա հավատի անկեղծության վերաբերությամբ կասկածելը շատ սխալ կլիներ։

Ե

ԳՈՀԱՐՆԵՐ

Քահանայի ճանապարհ դնելու հենց մյուս օրը քավոր Պետրոսը ինձ իր մոտ կանչեց և ժպտալով ասաց.

— Մուրադ, մանրավաճառության համն էլ գնաց, պետք է մի ուրիշ բանով զբաղվել:

Խիստ սակավ էր պատահում, որ նա ինձ հետ հանաքներ աներ։ Ես հարցրի,

— Ապա ի՞նչ անենք։

— Պետք է մի փոքր զվարճանալ, շատ հոգնեցանք։

— Ինչո՞վ զվարճանալ։

— Դու խո իմանում ես երգել, ես էլ լավ ածել գիտեմ ջութակի վրա։ Այսօր մուժիկի մոտ մի լավ արջ տեսա, ծախում է, ես անպատճառ պետք է գնեմ այն արջը։

Ես ծիծաղեցի։

— Ինչի՞ համար, — Հարցրի, — չլինի՞ թե ուզում եք օինբազություն անել։

— Մի այդպիսի միտք ունեմ...

Նա այնպես լուրջ կերպով արտասանեց վերջին խոսքը, որ անկարելի էր ասածը կատակ համարել։

— Լավ, ի՞նչ օգուտ դրանից։

— Օգուտը հետո կտեսնես...

Առաջին անգամն էր, որ քավոր Պետրոսը ինձ, որպես ասում են, մարդու տեղ էր դնում և ինձ հետ խորհրդակից էր լինում։ Նա ինձ հետ միշտ կարճ էր խոսում և ավելի հրամայում էր, քան թե խորհուրդ էր հարցնում։

Թողնելով քաղաքը, որտեղ գտնվում էինք, անցանք մի գյուղ։ Արջը արդեն պատրաստ էր։ Մեր նոր պարապմունքի համար ընտրած երաժշտական գործիքներով և հագուստի ձևերով մենք բոլորովին նմանում էինք թափառական ցիգանների։ Թե՛ ես և թե քավոր Պետրոսը խիստ ծիծաղելի էինք այդ նոր կերպարանափոխության մեջ։

Արջը վարժված էր։ Մնում էի ես։ Քավոր Պետրոսը երկու ամբողջ շաբաթ սովորեցնում էր ինձ բոլոր եղանակները, թե ո՛րպես պետք էր պար ածել նրան։ Ես այս գործի մեջ ևս ցույց տվի իմ ընդունակությունը։ Քսան օրից հետո այն աստիճան պատրաստված էի, որ կարող էի ամենայն վստահությամբ հանդես դուրս գալ, որպես մի լավ արջ պարածող։

Քավոր Պետրոսը, այդ երևելի չարագործը, օրըստօրե բարձրանում էր իմ աչքում իր խաբեբայության հսկայական մեծությամբ։ Նա իր արջ պարածողի մուշտակի մեջ նույնքան մեծ էր, որքան Երուսազեմի աբեղայի ֆարաջայի մեջ։ Նրա համբերությունը,նրա հեռատեսությունը սահման չուներ։ Ւնձ թվում էր, որ նա նայում էր այն րնդարձակ երկրի վրա, որպես իր մշակության դաշտերի, որպես իր ագարակի վրա: Արջ պարածողի կեղևի մեջ պարածածկված, կարծես թե նա ցանում էր սերմերը, որոնց բեղմնավոր արդյունքը մի ժամանակ պիտի հնձեր.,, Թափառելով գավառից գավառ, քաղաքից քաղաք և գյուղից գյուղ, նա հետազոտում էր հողը, նշանակում էր իր հիշողության մեջ այն տեղերը, ուր մի ժամանակ նրա մանգաղին հաջող հունձք էր սպասում...

Եվ արդարև, արջ պարածողը, ռամիկ ժողովրդի ծաղրածուն, այնքան անմեղ, այնքան անվտանգ մարդ է, որ բոլոր տների բակի դռները բաց են նրա համար։ Տիկինները, պարոնները, իրավ է, նրա վրա ուշադրություն չեն դարձնում, բայց աղախինների, սպասավորների և տան երեխաների սիրելին է նա: Ժամերով կանգնում է նա բակում, տասն անգամ կրկնել են տալիս միևնույն խաղը, մինչև ձգում են նրան մի քանի գրոշներ։ Այդ առիթով կարողանում է նա ամեն տուն մտնել, ամեն տան ծակուծուկը հետազոտել և ամեն գաղտնիք իմանալ։ Այդ բավական է «խաչագողի» համար...

Քաղաքից քաղաք, գյուղից գյուղ, մեր արջը պար ածելով, առաչ էինք գնում։ Ունեինք մեզ հետ մի ճանապարհորդական ողորմելի սայլակ, լծած մի ձիով։ Նրա վրա տեղավորվում էինք ես, քավոր Պետրոսը և արջը։ Վերջինը նստում էր իմ կողքին, և ես երբեմն նրա ձեռքն էի տալիս ձիան ե՛րասանակները, երբ կամենում էի փոքր-ինչ նիրհել սայլակի վրա։

Վերջապես հասանք... քաղաքը, ուր դեռ նոր սկսվել էր տարեկան տոնավաճառը։ Այստեղ ամեն տեսակ ապրանքների հետ կարելի էր գտնել և ամեն տեսակ մարդիկ երեսների գույնզգույն կաշիներով և հագուստների զանազան ձևերով։ Սկսյալ Միջին Ասիայի խորքերից մինչև Արևմտյան Եվրոպան, ամեն երկրից մարդիկ կային այնտեղ։

Շատ հասկանալի է, որ մեր արջով չէինք կարող մրցություն անել այն բազմաթիվ ձեռնածուների, լարախաղացների, մոլաշրջիկ երաժիշտների ու դերասանական խմբերի հետ, որոնք զանազան երկրներից հավաքվել էին այստեղ իրանց շնորհքը վաճառելու համար։ Այսուամենայնիվ, «ծիտը թեև փոքրիկ է, դարձյալ թռչուն է»։ Արջ պարածողն էլ ունի իր սիրողները։

Ամբողջ բազմությունը գտնվում էր սարսափելի խառնաշփոթության մեջ։ Ամեն ոք տենդային անհամբերությամբ շտապում էր, որպեսզի մինչև տոնավաճառի ավարտվելը վաճաոե իր մթերքը։ Ամեն տեղ տիրում էր վազվզոց, աղաղակ և խռովություն։ «Շունը տիրոջը չէր ճանաչում»։ Գողությունները չափ չունեին։ Երկրի բոլոր արտիստները, որոնք սովոր են զարմանալի ճարպկությամբ ձեռքը տանել մարդկանց գրպանը, այստեղ էին։ Ես և քավոր Պետրոսը լրացնում էինք պակասը...

Այստեղ հասնելու ժամանակ քավոր Պետրոսը ինձանից բաժանվեցավ։ Նա խինայով ներկեց իր մորուքը, մազերը և մատները, հագավ իր ամենապատվավոր հագուստը, գլխին դրեց երկայն պարսկական մորթե գդակ և, ձևացնելով իրան խորասանցի ակնավաճառ, խիստ թանկ գնով վարձեց մի խանութ գլխավոր փողոցի վրա։ Ես այժմ միայն հասկացա այն անցագրի գաղտնիքը, որը մի քանի տարի առաջ ստացավ նա Թաբրիզում այս անունով, «Խորասանցի ակնավաճառ Մաշադի-Մուհամեդ-Ղուլի-Աղա»։

Իսկ ես իմ արջի հետ կենում էինք վաճառահանդեսի մի ետ ընկած, կեղտոտ և մթին կողմում, ուր աշխատում էին ժամանակավոր տակառագործները, ուր կանգնեցրած էին բազմաթիվ ֆուրգոններ, սայլակներ և ապրանք կրող քարավաններ, ուր իջևանել էին ցիգաններ, թաթարներ և դրանց նման մարդիկ։ Երբեմն իմ արջի հետ դուրս էինք գալիս այդ խառնափնթոր բանակից, անցնում էինք տոնավաճառի միջով և փող էինք հավաքում։

Մի օր կանգնեցի քավոր Պետրոսի խանութի առջև, սկսեցի արջս պար ածել։ Նա ձեռքը պարզեց, որ տա ինձ մի քանի գրոշ։ Երբ մոտեցա ստանալու, հազիվ լսելի ձայնով ասաց. «Գիշերը ինձ մոտ եկ...»։

Մենք ունեինք մեզ հետ զանազան տեսակ հագուստներ։ Ո՛րտեղ ո՛րը հարկավոր էր լինում, այն էինք հագնում։ Գիշերը հագուստս փոխեցի և գնացի քավոր Պետրոսի մոտ։ Նա հարցրեց.

— Քեզ մոտ կա՞ն անտեր, անծանոթ և ոչինչ պարապմունք չունեցող մարդիկ։

— Որքան ուզես։

— Որոնց կազմվածքը ինձ նման լիներ։

— Ես ճանաչում եմ մի խըրսըզ թաթար, որի, բացի գլուխը, ամբողջ մարմինը ձեզ նման է։

— Հենց մարմինն է հարկավոր, — Ասաց նա։ — էգուց երեկոյան պահուն դու անցիր իմ խանութի մոտով և այն թաթարը թող քեզ հետ լինի։ Հիմա գնա՛։

Ես հեռացա, առանց հարցնելու այդ պատրաստության նպատակը: Ես գիտեի, որ քավոր Պետրոսը աննպատակ ոչինչ չի անի։

Մյուս օրը, երեկոյան, ես թաթարին հրավիրեցի մի ստոր հյուրանոց, լավ ուտացրի, հետո փողոցը տարա, ասելով, թե գնելու եմ մի քանի բաներ։ Անցանք քավոր Պետրոսի խանութի առջևից։ նա կանչեց մեզ։

— Ի՞նչ մարդիկ եք, — Հարցրեց։

— Ես արջ պարածող եմ, — պատասխանեցի։

— Իսկ այդ պարո՞նը։

— Ես եկած եմ այստեղ գործ գտնելու, — Ասաց թաթարը:

— Դեռևս որևիցե գործ գտած չե՞ս»։

— Ոչ։ Երեք օր է, եկած եմ։

— Ընկեր ունե՞ս։

— Մենակ եմ։

— Քեզ ո՞վ է ճանաչում այստեղ։

— Միայն այս պարոնը, — նա դարձավ դեպի ինձ, — ես այստեղ ուրիշ ծանոթ չունեմ։

— Ես ճանաչում եմ, աղա, լավ մարդ է, — Ասեցի, — եթե կամենում եք գործ հանձնել, կարող եք հավատալ։

Թաթարը ամենևին չէր սպասում, որ ես այսպիսի վկայություն կտայի իր մասին։ Աղան, այսինքն՝ քավոր Պետրոսը, իմ խոսքերով բավականացավ, խոստացավ նրան ամիսը տասնևհինգ ռուբլի վճարել, որ իր մոտ ծառայե։

— Քո ծառայությունները խիստ թեթև կլինեն, — Ասաց նա, — քո գլխավոր գործը այն կլինի, որ գիշերները իմ խանութում պիտի պառկես, որքան կարելի է արթուն կերպով, որ հսկես դռան վրա։ Տոնավաճառի պատճառով գողերը բազմացել են։

Միամիտ մահմեդականի ուրախությանը չափ չկար։ Աղան շնորհեց նրան մի ռուբլի, հրամայեց, որ իսկույն բաղանիք գնա, մաքրվի, հագուստը փոխե և այն օրից սկսե ծառայությունը։

— Ես ուրիշ հագուստ չունեմ, բացի դրանցից, որ տեսնում եք, — Ասաց թաթարը։

— Ես կտամ, — պատասխանեց աղան։

Թաթարը մեծ գոհունակությամբ հեռացավ։

Քավոր Պետրոսի խանութը, իրավ որ, աոանձին հսկողության կարոտ էր։ Նրա մեջ գտնված հարստությունը կարող էր հրապուրել գողերի և ավազակների ախորժակը։ Շատերը նրան ճանաչում էին իբրև մի հայտնի ակնավաճառ, որի մոտ գտնվում էին խիստ հազվագյուտ գոհարներ։ Բայց ո՞րտեղից էին այղ գոհարները, ո՞վ տվեց նրան, ի՞նչու մինչև այժմ ես տեղեկություն չունեի նրանց գոյության մասին, այդ հարցերը սաստիկ հետաքրքրում էին ինձ։

Թաթարի բաղանիք գնալուց հետո քավոր Պետրոսը կողպեց խանութը և, իր երկայն չիբուխը թամբաքուի քսակի հետ տալով ինձ, ասաց, «Հետևիր ինձ՛»

Արևը վաղուց մայր էր մտած՛ փողոցներում վառվում էին ճրագները։ Բազմության աղմկալի անցուդարձը փոքր-ինչ դադարել էր։ Ես այն գիշեր փոխել էի իմ արջ պարածողի մուշտակը և հագած ունեի պարսիկ սպասավորի հագուստ։ Քավոր Պետրոսի երկայն չիբուխը ձեռքիս բռնած, նրա հետևից գնալով, ես կատարում էի այն տեսակ սպասավորների պաշտոնը, որոնք արևելքում միայն չիբուխ կամ ղեյլան են պատրաստում իրանց պարոնների ծխելու համար և մի տեղ գնալու ժամանակ հետևում են նրանց։

Քավոր Պետրոսը մտավ մի բուխարեցի վաճառականի մոտ։ Համեցեք, համեցեք ասելով նրան նստացրին սենյակի ամենապատվավոր տեղում։

Ես իսկույն պատրաստեցի չիբուխը և, մատուցանելով իմ պարոնին, խոնարհությամբ կանգնեցի սենյակի մի անկյունում, դռան մոտ և, ձեռքերս սրտիս դրած, սպասում էի, մինչև նա ծխե ու վերջացնե։

Բուխարեցին մի երիտասարդ վաճառական էր, որ բերել էր ահագին քանակությամբ Բուխարայի թանկագին մորթիք, մետաքսե և զանազան տեսակ ասիական ապրանքներ: Իր վաճառքները ծախած, վերջացրած լինելով, նա միտք ուներ նրանց փոխարեն գնել իրանց երկրին հարմար մի քանի տեսակ եվրոպական և Ռուսաստանի ապրանքներ, հետո վերադառնալ իր հայրենիքը»

— Բերեցի՞ք, — Հարցրեց նա քավոր Պետրոսից։

Քավոր Պետրոսը հանեց իր ծոցից մի արծաթյա տուփ ասելով.

— Երդվում եմ Օմարի և Աբուբաքրի գլուխներով, որ ոչ Ստամբուլի սուլթանը և ոչ պարսից շահը չունեն այսպիսի գեղեցիկ գոհարներ իրանց գանձարանում։

Լսելով Օմարի և Աբուբաքրի անունները, ես հասկացա, որ քավոր Պետրոսը իրան ներկայացրել է որպես մահմեդական շիա աղանդից, որին և պատկանում էր երիտասարդ բուխարեցին ։

— Ես ձեզ հավատում եմ, — պատասխանեց բուխարեցին, — ճշմարիտ է, լավ գոհարներ են, բայց թանկ եք գնահատում, շատ թանկ։

— Լավ բանը լավ էլ գին կունենա, — պատասխանեց քավոր Պետրոսը։ — Բայց թող ես կույր աչքերով ներկայանամ Մուհամմեդի դրախտում և թող հավիտյան զուրկ մնամ մեծ մարգարեի լուսապայծառ դեմքը տեսնելուց, եթե սուտ լինեմ ասում։ Այդ պատվական գոհարները ես բոլորովին կես գնով եմ տալիս ձեզ։

Նա սկսեց արծաթյա տուփի միջից մեկ-մեկ դուրս բերել փայլուն գոհարներ, որոնք ճրագի լույսի առջև աստղերի նման վառվում էին։ Ես շլացած մնացի։ Ոչ սակավ շլացավ և երիտասարդ բուխարեցին, բայց վաճառականական խորամանկությամբ իր հիացմունքը թաքցնելով, պատասխանեց նա.

— Դուք հավատացնում եք, թե կես գնով եք տալիս, բայց ես բավական թանկ եմ գտնում։ Իմ առաջարկած գինը պակաս գին չէ։ Ավելի լավ կանեք, որ ընդունեք և այս րոպեիս վերջացնեք գործը։

— Ձեզանից, որպես մի հմուտ վաճառականից, աններելի է այդ լսել։ Մի՞թե կարելի է այս աստիճան ստորացնել իմ գոհարների արժեքը, — ասաց քավոր Պետրոսը և դժգոհությամբ սկսեց թանկագին քարերը կրկին դարսել արծաթյա տուփի մեջ։

Պետք է ասած, որ երիտասարդ բուխարեցին ամենևին հմտություն չուներ առհասարակ վաճառականության մեջ, մանավանդ գոհարներ ճանաչելու կամ գնահատելու մեջ։ Քավոր Պետրոսը կամեցավ միայն շողոքորթել նրան։ Հարուստ հոր միակ զավակը լինելով, նրան առաջին անգամ վաճառականությամբ օտար աշխարհ էին ուղարկել նրա բախտը փորձելու համար։ Եվ, որպես խորհրդատու, անփորձ երիտասարդի հետ դրել էին նրա ծերունի դայակին, որը այն գիշեր ուրիշ տեղ հյուր էր գնացած։ Բայց ծերունի դայակի ներկայությունը այժմ այնքան հարկավոր չէր, որովհետև գոհարների մասին բանակցությունը սկսվել էր մի քանի օր առաջ, և ծերունի դայակը զանազան հասկացող ակնավաճառների ցույց էր տվել, գնահատել էին գոհարները։ Տարբերությունը քավոր Պետրոսի պահանջածի ու նրանց առաջարկածի մեջ հինգ հազար ռուբլի էր միայն։ Քավոր Պետրոսը երկու հազար ևս զիջում արեց և, վերջապես գինը հայտնելով, ասաց.

— Քսան հազար ռուբլի, բոլորակ թիվ է, մի կոպեկ անգամ չեմ պակասեցնի։

Երիտասարդը համաձայնեցավ և հրամայեց իր գործակատարին իսկույն համբարել փողերը։ Քավոր Պետրոսը ստացավ և հանձնեց գոհարները, ասելով.

— Թող ես Մուհամմեդի սուրբ ատամը կոտրող չարագործներից մեկը լինեմ, եթե սուտ լինեմ ասում, որ այդ առևտուրի մեջ ոչ միայն վաստակ չունեցա, այլ բավական վնաս եմ կրում։ Ես այդ գոհարները գնել եմ Հնդկաստանում մի հարուստ ռաջայից քսանևհինգ հազար ռուբլով։ Իսկ այժմ փոխարենը ստանում եմ միայն քսան հազար ռուբլի։ Ես վնասվեցա, բայց տացե աստված, որ դուք մեկին հազար օգուտ վեր առնենք։

— Հույս ունեմ, — Ասաց երիտասարդը ինքնաբավական ժպիտով։ —Դուք բարի մուսուլման եք, ձեզանից կարելի է «խեյր» սպասել։

— Հավատացեք, որ այդպես է, դուք չեք սխալվում, պատվելի պարոն,— պատասխանեց քավոր Պետրոսը մի առանձին քերմեռանդությամբ։ — Երբ հաջողությամբ կվերադառնաք ձեր հայրենիքը, իսկույն կտեսնեք իմ ձեռքի օրհնությունը, դուք այդ գոհարներից մի քանիսը կընծայեք Բուխարայի էմիրին, և նա անպատճառ կտա ձեզ մի քանի գավառների նահանգապետության պաշտոնը և գուցե ձեզ իր վեզիր կնշանակե։

Բուխարեցին սկսեց ուրախ-ուրախ ծիծաղել։ Գուցե այղ իսկ նպատակով գնեց նա գոհարները։

Քավոր Պետրոսը (այսինքն՝ խորասանցի ակնավաճառ Մաչադի-Մուհամեդ-Ղուլի- Աղան) բարի գիշեր ասելով, հեռացավ։ Ես չիբուխը ձեռքումս հետևեցի նրան։

Դրսում եղանակը բոլորովին փոխվել էր։ Անձրևը հեղեղի նման թափվում էր, այդ պատճառով փողոցներում մարդիկ հազիվ էին երևում։ Գիշերը այնքան խավար էր, որ եթե մատդ կոխելու լինեիր մեկի աչքը, բնավ չէր տեսնի։

Քավոր Պետրոսը հրամայեց ինձ հեռվից հեռու հետևել իրան։ նա գտավ նոր վարձված թաթար ծառային բաղնիքից վերադարձած, սպասում էր խանութի դռանը։ Աղան նրան ներս տարավ։ ճրագները վառվեցան:

Այդ միջոցին ես անցա խանութի դռնից, ծառան տեսավ ինձ և ճանաչեց։ Իմ այնօրվա վկայությունը նրա հավատարմության վերաբերությամբ, երևում էր, այնքան գրավել էր նրա սերը դեպի ինձ, որ խեղճը մտածեց մի բանով երախտամատույց լինել։ Նա չկամեցավ, որ ես անձրևի տակ մնայի, հրավիրեց իր մոտ։ Ես հրաժարվեցա, պատասխանելով, թե չեմ կարող ներս մտնել, գուցե նրա աղային հաճելի չէր լինի այդ։ նա ասաց, որ այդ մասին աղայից թույլտվություն կխնդրեք Իհարկե ստացավ թույլտվությունը։

Խանութը ուներ մի քանի բաժանմունքներ, մենք գտնվում էինք ծառայի սենյակում։ Այդ ժամանակ միայն ես մտածեցի հարցնել նրա անունը։

— Ասկեր, ձեր ոտքի հողը, — Ասաց նա։

Ասկերը բոլորովին մաքրվել էր բաղնիքում, նրան հարկավոր էր մի լավ հագուստ, որ օրինավոր սպասավորի կերպարանք ստանար։ Աղան ընծայեց նրան նույն հագուստը, որով ինքը այն գիշեր հայտնվել էր երիտասարդ բուխարեցու մոտ։ Ծառայի համար տիրական իրանից առնված հագուստը ամենամեծ պարգևներից մեկն է։ Ասկերը ընդունեց այդ թանկագին պարգևը երեխայական հրճվանքով։ Խեղճ մարդը չգի տեր, թե՛ որպես շնորհակալություն հայտներ իր նոր աղայի բարեսրտության համար։Աղան հրամայեց նրան, որ իսկույն հագնվի։ Երբ բոլորովին պատրաստ էր նա, ասաց, որ գնա խոհանոցում ղահվե պատրաստե։ Ասկերի հեռանալուց հետո քավոր Պետրոսը ինձ կանչեց իր մոտ։

— Մուրադ, — Ասաց նա, — Ունե՞ս քեզ մոտ որևիցե զենք։

— Մեծ դանակս մոտս է։

— Այդ բավական է, — Ասաց նա շտապով։ — Ես գնում եմ, դու այդ հիմարի պարանոցը կկտրես... գլուխը կբերես քեզ հետ... իսկ մարմինը կթողնես այստեղ... այդ արկղը և խանութի կողպեքը կկոտրես... դուռը կիսաբաց կթողնես... ես գնում եմ քո արջի մոտ... այնտեղ կսպասեմ քեզ...

Այդ խոսքերը այնպիսի արագությամբ արտասանեց նա, որ ես ժամանակ չգտա բացատրություն պահանջելու։ Վստահ լինելով, որ իր պատվերները ճշտությամբ կկատարվեն, այլևս չսպասեց պատասխանի, Ասկերի շորերը հագավ և հեռացավ։

Երևում էր, որ Ասկերը սպասավորության մեջ բավական վարժված էր։ Տասն րոպե չանցած, ղահվեի լիքը գավաթները մատուցարանի վրա դրած, ներս բերեց։ Տեսնելով իր տիրոջ բացակայությունը, հարցրեց նա.

— Ու՛ր գնաց աղան։

— Դրացի խանութից կանչեցին նրան, շուտով կվերադառնա, — պատասխանեցի ես։

Ասկերի սերը այն աստիճան վառված էր դեպի ինձ, որ մի առանձին մտերմությամբ տվեց ղահվեի գավաթներից մեկը և խնդրեց խմել։ Երբ վերջացրի, իսկույն մտաբերեցի քավոր Պետրոսի սոսկալի պատվերը։ Ի՞նչ պետք էր անել։ Ես մնացել էի շվարած։ Մի մթին, անորոշ զգացմունք ներսից տանջում էր ինձ։ Գուցե դա հանգած խղճի մի փոքրիկ կայծը լիներ, որ դեռ վառ էր մնացել իմ սրտում։ Երբեք և ոչ մի ժամանակ ես այնպես կանգ չէի առել եղեռնագործության առջև, որպես այդ րոպեում։ Կյանքից զրկել մի անմեղ մարդու, դա սարսափելի չարագործություն էր։ Եվ ինչի՞ համար, ի՞նչ էր արել նա։ Բայց մի՞թե դահիճը իրավունք ունի քննելու, մի՞թե իրավունք ունի խղճալու։ Ես դահիճ էի, ես մի կույր, անսիրտ գործիք էի։ Հրամայում էին մորթել, պետք է մորթեի...

Ես կանգնեցի։ Ասկերը տեսնելով, որ մենք մենակ ենք, երախտագետ սիրտը այլևս չհամբերեց։ Նա մոտեցավ, գրկեց ինձ և իր կուրծքի վրա սեղմելով, ասաց,

— Ա՜խ, դու ո՜րքան լավ մարդ ես, շա՜տ լավ մարդ, աստված քեզ բարի տա: Եթե ինձ այդ աղայի մոտ չբերեիր, ես սովից կմեռնեի։

— Դարձյալ կմեռնես... — պատասխանեցի ես, և դանակը ցցվեցավ նրա կոկորդի մեջ...

Խեղճը դողդողաց և գլորվեցավ ցած...

Ես ամենայն ճշտությամբ կատարելով իմ վարպետի պատվերները, հեռացա, ինձ հետ տանելով ողորմելի Ասկերի կտրած կառափը։

Գալով քավոր Պետրոսի մոտ, հարցրի։

— Ի՞նչ պետք է անել այդ գլխի հետ։

— Ջարդիր, տուր արջիդ, թող ուտե։

Ես կատարեցի և նրա վերքին հրամանը։

Քավոր Պետրոսը այրեց Ասկերի շորերը, որ հագնելով դուրս էր եկել խանութից, և կրկին հագավ իր արջ պարածողի մուշտակը։

Մյուս առավոտ նա ուղարկեց ինձ փողոց, տեսնելու, թե ի՞նչ ձայն կա։ Դեռ նոր էին ուշադրություն դարձրել խանութի կոտրած կողպեքի վրա, դեռ նոր էին գտել մորթված դիակը և գոհարների խորտակված արկղիկը։ Ոստիկանությունը շրշապատել էր խանութը, ոչ ոքին չէին թողնում մոտենալ։

— Ի՞նչ է պատահել, — հարցնում էին մարդիկ միմյանցից: — Այս գիշեր խորասանցի հարուստ ակնավաճառի գլուխը կտրել են, բոլոր գոհարները տարել են, — լինում էր պատասխանը։

— Աստված պատժեց նրան, — ամբոխի միջից լսելի եղավ մի ձայն, այս գիշեր նա վաճառեց ինձ քսան հազար ռուբլու կեղծ գոհարներ ...

Ոստիկանությունը իսկույն կալանավորեց այդ մարդուն։ Դա երիտասարդ բուխարեցին էր։

Վերադառնալով քավոր Պետրոսի մոտ՝ ճանապարհին զանազան մտածություններ պաշարել էին ինձ։ Ես հասկանում էի, թե ինչ նպատակով խաղացվեցավ այդ ամբողջ դրաման։ Ես հասկանում էի, որ խեղճ Ասկերին խորասանցի ակնավաճառի հագուստի մեջ մորթել տալով, քավոր Պետրոսը կամեցավ կորցնել իսկական ակնավաճառի (այսինքն՝ իր) հետքերը։ Բայց ես չէի հասկանում մի բան։ Իրավ է, քավոր Պետրոսը, օգուտ քաղելով երիտասարդ բուխարեցու միամտությունից, վաճառեց նրան քսան հազար ռուբլու կեղծ գոհարներ։ Բայց ինձ հայտնի էր, որ նա սկզբում ցույց էր տվել բոլորովին բնական գոհարներ, հետո բնականի փոխարեն տվեց կեղծը, արհեստականը, նմանեցրածը։ Այժմ գլխավոր հարցը նրանումն էր, թե ո՞րտեղից ուներ քավոր Պետրոսը այն բնական գոհարները, որ ուրիշ շատ մարդկանց վրա ևս վաճառեց։

Մի ակնթարթում ծագեց իմ հիշողության մեջ վաղուց մոռացված անցքը, որ սկիզբն դրեց իմ դժբախտությանը։ Ես հիշեցի այն աղետալի բանալին, որ դարբնի աշկերտ եղած ժամանակս շինել էի քավոր Պետրոսի համար։ Ես հիշեցի նույն բանալիով ամրոցի մեջ պահված երկաթե արկղի բացվելը, և նրա միջից մեծ քանակությամբ գոհարների և զանազան թանկագին իրեղենների կողոպտվելը։ Ես հիշեցի վարպետիս կրած տանջանքները, նրա արհեստանոցը հարքունիս գրավելը։ Այդ բոլորը ինձ ասում էին, թե քավոր Պետրոսի այժմյան ակնավաճառությունը խորին կապ ուներ Պարսկաստանում մի ժամանակ կատարված գողության հետ։ Ես հիշեցի մի այլ փաստ, որ բոլորովին հաստատում էր իմ ենթադրությունները։ Երբ անց կացանք Երասխ գետից և առաջին անգամ ոտք դրեցինք ռուսաց հողի վրա, քավոր Պետրոսը մաքսատնից փախցնելու նպատակով իր ավանակի փալանի մեջ թաքցրեց զանազան իրեղեններ, որ հետո ամենայն զգուշությամբ աշխատում էր ծածկել ինձանից։ Մի՞թե այն իրեղենները այժմյան գոհարները չէին, որ գողացվել էին հիշյալ երկաթե արկղից, իմ ձեռքով շինված բանալիով։

Երբ այդ մասին փո՛րձեցի տեղեկանալ քավոր Պետրոսից, նա խիստ խոժոռ հայացքով նայեց իմ երեսին և լռեց...

Մենք մի քանի օր ևս մնացինք տոնավաճառում, պար ածեցինք մեր արջը և ապա հեռացանք։

Զ

ՌԱԲԻ ՇԻՄՈՆԸ

Թողնելով տոնավաճառը, մենք շարունակեցինք մեր արշավանքը դեպի կայսրության հարավ-արևմտյան գավաոները։ Մի ամսից հետո գտնվում էինք... քաղաքում։ Այստեղ քավոր Պետրոսը ծանոթացավ մի հրեա սեղանավորի հետ, որը, թանկագին իրեղեններ գրավ առնելով, փող էր տոկոսով տալիս, իհարկե, խիստ մեծ տոկոսով։

Փոքր միջոցում քավոր Պետրոսը կարողացավ այնքան գրավել հրեայի համակրությունը, որ նրանց հարաբերությունները, կարելի է ասել, բոլորովին բարեկամական էին։ Բայց պետք չէ մոռանալ, որ քավոր Պետրոսը իրան ձևացրել էր նույնպես հրեա, ոչ թե հասարակ հրեա, այլ մի գիտնական ռաբբի, որ Թովրաթը և Թալմուդը անգիր գիտեր*։ Դրա մեջ կասկածել ոչ ոք կարող չէր, որովհետև նրա դեմքի գծագրությունը բավական նման էր իսրայելի հալածված որդիների տխրամած դեմքին։ Բացի դրանից, նրան ծանոթ էին ոչ միայն եբրայեցոց, այլ զանազան ասիական ազգերի սովորությունները ու լեզուները։ Քավոր Պետրոսը իրան ներկայացրել էր որպես Սպահանի և Համադանի հրեաների հովիվ։

——————————————
* Թովրաթը Հին կտակարանի՝ հնգամատյանի արաբերեն անվանումն Է։ Այս գրքի մեջ ամփոփված են այն օրենքներն ու հրահանգները, որոնք ըստ առասպելի, Եհովան (հրեաների աստվածը) Սինա լեռան վրա Մովսես մարգարեի միջոցով կտակում Է իսրայելական ժողովրդին։
Թալմուդը հրեաների հուդայական կրոնի գրական-աոասպելաբանական ավանդույթների ու կրոնաիրավական դոգմաների մի ժողովածու Է։ Ստեղծվել Է մ. թ. ա. 4-րդ և մ. թ. 5-րդ դարերի ընթացքում։ թալմուդի մեջ արտացոլված են հրեական ժողովրդի առասպելադիցաբանական գաղափարները և բժշկական, աստղաբաշխական, աշխարհագրական ու մաթեմատիկական պատկերացումները։

——————————————

Սեղանավորը եկած էր այս քաղաքը բոլորովին աղքատ. մի բան, որ բերել էր նա իր հետ, էր նրա հրեական անվաստակելի եռանդը և հրեական խելքը, որ զորավոր է հանդիսանում ավելի մթին ճանապարհների մեջ... Սկզբում նա ժամագործ և կնիքներ փորագրող էր, բայց մի քանի տարուց հետո դաոնում է բանկիր։

Սեղանավորը որքան և ջերմեռանդ փողապաշտ էր, այնքան էլ մոլեռանդ մովսիսական էր։ Արծաթի և Հին Կտակարանի պաշտամունքը նրա մոտ համահավասար նշանակություն ունեին։ Նրա պապերը Սինա լեռան ստորոտում գուցե չէին պաշտի Ահարոնի շինած հորթին, եթե ոսկուց ձուլված չլիներ*։

——————————————
* Ըստ աստվածաշնչային առասպելի, աստծու հետ զրույցի բռնված Մովսեսը Սինա լեոան վրա երկար Է մնում։ Ժողովուրդը կարծելով, որ նա մեռել է բազմությամբ դիմում են Ահարոնին և պահանջում, որ նա իրենց համար նոր աստված ստեղծի։ Ահարոնը, տեսնելով, որ անկարող է դիմադրել, պահանջում է, որ գնան բերեն իրենց կանանց ու աղջիկների զարդերը։ Նա այդ զարդերից ձուլում է Ոսկե հորթը և առաջարկում իբրև աստված զոհ մատուցել ու պաշտել նրան։
——————————————

Սեղանավորը իր հայրենական կրոնի նախանձախնդրությունն ուներ։ Այդ էր պատճառը, որ նա խիստ հարգանքով ընդունեց քավոր Պետրոսին, որ հայտնվել էր նրա մոտ, որպես նրա թշվառ ազգակիցների քահանա, որոնք աղքատ, հալածված ապրում էին Պարսկաստանի գավառներում։

Ռաբբի Շիմոնի (այսպես էր կոչում իրան քավոր Պետրոսը) ցավալի պատմությունները արևելքի հրեաների աննախանձելի դրության մասին՝ ոչ միայն գրավեցին հարուստ սեղանավորի սիրտը, այլ շարժեցին այն քաղաքում գտնված բոլոր նշանավոր հրեաների կարեկցությունը դեպի ուխտյալ աշխարհի հայրենազուրկ և տարագրված որդիները։

Գլխավորապես սեղանավորի հորդորանքով տեղային հրեաները մի նշանավոր գումար հանգանակեցին ի նպաստ Սպահանի և Համադանի մեջ բնակվող եղբայրների, որոնց կողմից քավոր Պետրոսը ներկայացել էր իբրև հոգևոր նվիրակ։

Իրան ձևացնել նվիրակ այս և այն դավանության, այս և այն եկեղեցու հոգևոր իշխանության կողմից և ժողովրդից հավաքել բարեգործական օժանդակություններ, դա խաչագողի արհեստի գլխավոր ճյուղերից մեկն է։ Խաչագողը գիտե մարդկային հասարակությունների թույլ կողմերից օգուտ քաղել։ Այդ թույլ կողմերից ավելի դյուրախաբը, ավելի հեշտ հրապուրվողը կրոնական զգացմունքն է։ Խաչագողը ամենայն ճարպկությամբ հարստահարում է այդ սրբազան զգացմունքը։

Հասկանալի է, որ այս և այն կրոնական համայնքի, այս և այն եկեղեցական պետի ներկայացուցիչ լինելու համար պետք է ունենալ իր ձեռքում թղթեր կամ կոնդակներ զանազան բարձր հոգևոր իշխանություններից, որոնց ներկայացուցիչն են ձևանում։ Խաչագողները ունենում են այս տեսակ թղթեր, և այն աստիճան վարպետությամբ պատրաստված, որ անկարելի է կասկածել նրանց անհարազատության մասին կամ ճանաչել, որ նրանք կեղծ են։ Խաչագողներից առանձին մարդիկ իրանց համար արհեստ են շինել պատրաստելու կեղծ կոնդակներ, որ վաճառում են ցանկացողներին խիստ թանկ գնով։ Քավոր Պետրոսը ուներ մի կոնդակ, եբրայեցոց լեզվով մագաղաթի վրա գրված և Բաղդադի հրեից քահանայապետի ահագին կնիքով դրոշմված։ Քավոր Պետրոսը չէր գնած այդ նշանավոր կոնդակը, այլ փոխել էր մի ուրիշ թղթի հետ, որը իբր թե նա ստացել էր Մեքքայի շերիֆից, և որի շնորհիվ նա մի քանի տարի կողոպտեց Հնդկաստանի մահմեդականներին։

Խաչագողները ունենում են զանազան թղթեր, որոնք մեկի համար հնացած և գործածությունից ընկած են լինում, իսկ մյուսի համար նոր են համարվում։ Այսպիսի թղթերը նրանք փոխում են միմյանց հետ, կամ վաճառում են միմյանց վրա։ Նոր թուղթ ստացող խաչագողը ման չէ գալիս երկրի այն կողմում և այն ժողովրդի մեջ, ուր նույն թղթով շրջան էր գործել նրա նախկին ունեցողը։ Որպես ձկնորսը իր ուռկանը չէ գցում գետի այն տեղը, ուր մի քանի օր առաջ որսացել էր մի ուրիշը։

Այդ քաղաքը մտնելուց հետո անցել էր երկու շաբաթ։ Ես ամենևին տեղեկություն չունեի, թե քավոր Պետրոսը ի՛նչ բանի վրա է մտածում կամ ինչով է զբաղված, որովհետև նա շատ ժամանակ բացակա էր գտնվում մեր իջևանից։ Բայց հենց առաջին օրից ինձ պատվիրեց, որ մեր կացարանից դուրս չգամ և ամենևին ցույց չտամ, թե ես նրա ընկերն եմ։ Ինձ սկզբում անհասկանալի էր, թե ինչո՞ւ թաքստի մեջ էր պահում ինձ։ Բայց մի օր դարձավ դեպի ինձ այդ հարցով.

— Կամենում ես շատ փող ունենալ, Մուրադ։

— Ինչո՞ւ չէ։

— Ուրեմն, ինչ որ ասեմ, պետք է կատարես։

— Ես միշտ հնազանդ եմ եղել ձեզ։

— Դու պետք է մտնես այդ մեծ սնդուկի մեջ, որ այսօր բերեցի բազարից։

— Կամենո՞ւմ եք, որ դա իմ դագաղը լինի։

— Այո՛, դրա նման մի բան, — պատասխանեց նա ժպտալով և ապա շարունակեց.

—Լսիր, քեզ այս սնդուկի մեջ փակած պետք է տանեմ մի հրեա սեղանավորի խանութը։ Սնդուկը այնտեղ պահ կտամ, ուր կմնա երեք օր։ Վերջին օրվա գիշերը դու կբացես քո դագաղը և հարություն կառնես նրա միջից։ Սնդուկը այնպես պատրաստված է, որ ներսից խիստ հեշտությամբ կբացվի։ Խանութում դու կգտնես երկաթյա ահագին արկղ։ Նա լիքն է ոսկիներով և զանազան թանկագին իրեղեններով։ Նրանց մեկ մասը, իհարկե մեծ մասը, քեզ հետ առած, կրկին կմտնես քո դագաղի մեջ։

— Ինչո՞ւ ոչ ամենը, այլ նրանց մեկ մասը։

— Այստեղ նպատակ կա...

Թեև նա չասաց, բայց ես հասկացա, որ քավոր Պետրոսր սակավապետությունը այն նպատակով էր, որ իսկույն ուշադրություն չդարձնեն հափշտակության վրա, երբ արկղը բոլորովին դատարկված կգտնեն իր հարստությունից։ Ես պատասխանեցի.

— Ես էլ կընտրեմ, ինչ որ ավելի թանկագին է։

— Այդ թողնում եմ քո ճաշակին, միայն թուղթ փողերին չի պիտի դիպչես։

— Որովհետև թուղթ փողը բանացնում են, մյուս օրը իսկույն կնկատեն, որ պակաս է։

— Դու խիստ հասկացող տղա ես, գառնո՛ւկս, — Ասաց նա ձեռքով փաղաքշաբար իմ մեջքին զարկելով։ — Ահա քեզ երկու բանալիներ, որ շատ հեշտությամբ կբաց անեն երկաթյա արկղը։

— Եթե չբաց անեն, իմ դարբնության արհեստը այնտեղ պետք կգա...

— Ոչ, կբաց անեն, քո արհեստը հարկավոր չի լինի։ Միայն պետք է զգուշանաս, որ արկղի վրա կամ բանալիների տեղում որևիցե խանգարմունք չպատճառես։

— Հասկանում եմ։ Հետո՜։

— Այդ գործը կկատարվի, որպես ասացի, երրորդ օրվա գիշերը։ Չորրորդ օրվա առավոտյան պահուն ես սնդուկը կվեր առնեմ հրեայի խանութից։

— Բայց ես նրա մեջ կմեռնեմ սովից։

— Դու կգտնես նրա մեջ բոլոր հարմարությունները, ինչ որ քեզ պետք կլինի։

Այդ միջոցին նա բաց արեց սնդուկը և ցույց տվեց նրա միջի պատրաստությունները։

— Ցերեկները, — Ասաց նա, — դու պետք է անշարժ և լուռ մնաս քո դագաղի մեջ, որպես մի դիակ։ Իսկ գիշերները ազատ ես, կարող ես դուրս գալ, զվարճանալ, որքան կամենաս։ Խանութում ոչ ոք չի լինելու։

Նույն օրվա երեկոյան պահուն մի բեռնակիր սայլով խորհրդավոր սնդուկը տարավ սեղանավորի խանութը։ Նրա միջից ես լսեցի հետևյալ խոսակցությունը։

— Այդ ի՞նչ է ռաբբի Շիմոն, — Հարցրեց սեղանավորը։

Ռաբբի Շիմոնը, այսինքն քավոր Պետրոսը, պատասխանեց.

— Բնակարանս ապահով տեղ չէ, Աբրաամ Ւսայիչ, համարյա ամեն գիշեր գողություններ են պատահում։ Մի քանի բաներ գնել էի մեր այնտեղի սինագոգայի համար, շատ բաներ էլ նվիրեցին բարի մարդիկ, բոլորը, ինչ որ հավաքել եմ, դրել եմ այդ սնդուկի մեջ։ Վախենում եմ, չիցե թե մի դժբախտություն պատահի, և հազարավոր խեղճ իսրայելցիներ կզրկվեն այն օժանդակությունից, որ շնորհեցին մեր այստեղի եղբայրները։ Մտածեցի սնդուկը ձեզ մոտ թողնել, Աբրաամ Իսայիչ, մինչև իմ գնալը;

— Լավ ես մտածել, ռաբբի Շիմոն, — Ասաց սեղանավորը և հրամայեց սնդուկը դնել խանութում։ Հետո հարցրեց.

— Ե՞րբ եք կամենում գնալ, ռաբբի Շիմոն։

— Եթե աստված հաջողի, մի երկու կամ երեք օրից հետո։ Շատ ուշացա, Աբրաամ Ւսայիչ։ Այնտեղի գործերս կատարող չկա. խեղճ ժողովուրդը մնացել է բոլորովին անտեր, անխնամ։ Պետք է շտապեմ, որ նրանց օգնություն հասցնեմ։

— Պետք է շտապել, ռաբբի Շիմոն, երբ որ այդպես է, — Ասաց սեղանավորը։

Ռաբբի Շիմոնը շնորհակալություն հայտնելով հեռացավ։ Այնուհետև ամեն օր գալիս էր նա սեղանավորի խանութը, և ամեն անգամ իմ դարանի միջից լսում էի նորանոր խոսակցություններ։

Երկրորդ օր։

— Ռաբբի Շիմոն, — Հարցնում է սեղանավորը, — դեռ երկա՞ր պետք է սպասենք մեսիայի գալստյանը։

— Ժամանակը մոտեցել է։

— Ի՞նչպես կլինի մեր վիճակը, երբ նա կհայտնվի։

— Սուրբ քաղաքը (Երուսաղեմը) կվերականգնվի իր ավերակների միջից։ Իսրայելի ցրիվ եկած որդիները կհավաքվեն աշխարհի ամեն կողմերից։ Ավետյաց երկիրը կրկին կծաղկի իր հին փառքերով։ Մեսիան կտիրե ամբողջ տիեզերքին։ Եվ երկրի ամենահզոր թագավորները, մեկ գռեհիկ հրեայի փեշից բռնած, նրանից ողորմություն կխնդրեն։

— Իսկ ե՞րբ կհայտնվի մեսիան։

— Բոլոր հեթանոսները կդիմեն դեպի նա, բոլորը հրեա կդառնան։

— Ուրեմն այդ հեթանոսները, որ այժմ մեզ հալածում են, էլ չեն լինի։

— Արևի ծագելու տեղից մինչև նրա մուտքր կտիրե Մովսեսի սուրբ օրենքը։

Երրորդ օր։

— Ռաբբի Շիմոն, ինչո՞ւ ընկավ Երուսաղեմը։

— Իսրայելի որդիների մեղքերի պատճառով։ Նրանք օրենքը քանդեցին. Եհովայի փոխարեն կուռքեր պաշտեցին, օտարազգի կանանց հետ ամուսնանալով, պոռնկություն գործեցին. սուրբ տաճարի խնամատարությունը և քահանաների հարգանքը մոռացան, իրանց զոհերի, իրանց նվերների մեջ ժլատ գտնվեցան. այրի կնոջ հացը խլեցին և որբերի ժառանգությունը հափշտակեցին։ Այդ բոլորը տեսնելով, աստված բարկացավ նրանց վրա, սուրբ քաղաքը կործանեց և Իսրայելին գերության մատնեց։

— Այժմս էլ մենք միևնույնն ենք գործում, ուրիշի հացը խլում ենք, նրա որդիներին քաղցած ենք թողնում։

— Դա ներելի է, երբ գործը օտարազգիների հետ է, բայց մի իսրայելացուն թույլ տված չէ իր եղբորը հարստահարեք։

— Ուրեմն օտարներին կարելի է։

— Կարելի է։ Միթե չե՞ս հիշում Թովրաթի այն տեղը, երբ Մովսեսը մտածում էր Իսրայելը փարավոնների գերությունից ազատել և տանել նրանց իրանց հայրենի աշխարհը, նա խորհուրդ տվեց Իսրայելի կնիկներին, որ իրանց եգիպտացի հարևաններից արծաթյա և ոսկյա զարդեր փոխ առնեն, ասելով, թե ոչ այնքան հեռու մի տեղ ուխտ ենք գնում, երբ կվերադառնանք, կրկին հետ կտանք ձեզ։ Կնիկները կատարեցին այդ պատվերը և, եգիպտացիների հարստությունը իրանց հետ առնելով, անցան Կարմիր ծովը։

— Հիշում եմ Թովրաթի այն տեղը։ Բայց այդ խաբեբայություն չէ՞ր։

— Ոչ։ Եգիպտացիները շատ էին հարստահարել իսրայելացիներին, դրանք էլ փոխադարձաբար կողոպտեցին նրանց։ «Ակն ընդ ական», դա օրենք է։

Չորրորդ օրվա առավոտյան պահուն խանութի դռանը կանգնեց մի սայլակ։

— Ռաբբի Շիմոն, այդ ի՞նչ է, — Հարցրեց սեղանավորը։

— Գնում եմ, Աբրաամ Իսայիչ, եկա սնդուկը վեր առնելու և իմ շնորհակալությունը ձեզ հայտնելու։

— Մի՞թե այդպես շուտ, շատ ցավում եմ, ռաբբի Շիմոն։ Ես դեռ երկար հույս ունեի լսել ձեր բարի խրատները։

— Այո , գնում եմ, Աբրաամ Իսայիչ, Մովսեսի և Ահարոնի օրհնությունը ձեզ թողնելով։

— Թող Եհովան բարի ճանապարհ տա ձեզ , — Ասաց սեղանավորը և հրամայեց սնդուկը տեղավորել սայլակի վրա։

Ռաբբի Շիմոնը կրկին և կրկին օրհնեց Աբրաամ Իսայիչին, նրանք համբուրվեցան, բարեմաղթեցին միմյանց շատ օրեր, երկայն կյանք և այլն։

— Ես մի հիշատակ պիտի թողնեմ ձեզ, Աբրաամ Ւսայիչ, դուք շատ բարություններ արեցիք ինձ համար, — Ասաց ռաբբի Շիմոնը և տվեց նրան մի բան։

Թե ի՞նչ էր այդ, ես, իհարկե, սնդուկի միջից տեսնել չէի կարող, միայն լսեցի, որ քավոր Պետրոսը ասաց նրան, թե այդ արծաթյա տուփի մեջ ամփոփված է «տապանակ ուխտիի» մի մասը, և տուփը ինչպես շինված է, պետք է այնպես անձեռնմխելի և առանց բացվելու մնա։

— Պահի՛ր քեզ մոտ, — Ասաց նա, — և աստծո օրհնությունը պակաս չի լինի քո տանից։ Քո զավակները կծլեն, կծաղկեն, և քո հարստությունը ծովի ավազի չափ կլինի։

Սեղանավորը չգիտեր ինչով հայտնե իր շնորհակալությունը, մանավանդ երբ լսեց, որ այդ տուփի շնորհիվ իր հարստությունը ծովի ավազի չափ կլինի։

Ես չտեսա, թե ինչ տվեց նա քավոր Պետրոսին, միայն լսում էի նրանց գրկախառնության, նրանց համբույրների ձայնը, լսում էի նրանց փոխադարձ գոհունակությունների ջերմ արտահայտությունները։

Սայլակը շարժվեցավ։ Ես իմացա, որ նրանք բաժանվեցան։

Սայլակը, որ տանում էր քավոր Պետրոսի մթերքը, մեր սեփականն էր։ Ինքը քավոր Պետրոսը կառավարում էր ձիաները։ Նա շարժվում էր շտապով և արագ կերպով։ Բայց դեպի ո՞ւր էր տանում, ես տեսնել չէի կարողանում, ես դեռ իմ դագաղի մեջն էի։

Մի քանի ժամից հետո քավոր Պետրոսը ինձ ձայն տվեց.

— Հիմա կարող ես դուրս գալ։

Սնդուկը պատրաստված էր ձեռնածուների սնդուկի նման, որի մեջ հեշտությամբ կարելի է մտնել և դուրս գալ առանց կողպեքը բաց անելու, առանց նրա խուփը բարձրացնելու։

Երբ դուրս եկա, նայում եմ իմ շուրջը, կեսօրից բավական անցել էր։ Գտնվում էինք մեծ ճանապարհի վրա, որը այդ միջոցին բոլորովին դատարկ էր։ Քավոր Պետրոսը հրամայեց ինձ՝ նստել իր տեղը և կառավարել ձիաները։ Ես կատարեցի հրամանը, ասելով.

— Ես կմեռնեմ սովից, եթե մի բան չուտեմ, հենց այս գիշերը պաշարս սպառված էր։

— Փոքր-ինչ առաջ գնանք, ճանապարհին կա մի իջևան, այնտեղ մի բան կգտնենք ուտելու։ Քշի՜ր, ձիաները շատ կամաց են գնում։

Ես հարցրի.

— Ի՞նչ պիտի անենք, եթե մեզ հետամուտ լինեն։

— Ոչ ոք հետամուտ չի լինի, — պատասխանեց նա հանդարտությամբ։ — Ինձ հայտնի է, որ սեղանավորը այսօր զբաղված է մի դատաստանական գործով, նա խանութում չի մնա, ուրեմն և իր արկղը չի բաց անի, որ նկատե, թե իր հարստության հետ ի՛նչ է պատահել։ Ես բաժանվելու ժամանակ նրան կանչեցին դատարանը։

Իջևանը այնքան մոտ չէր, որպես ցույց տվեց քավոր Պետրոսը։ Երեկոյան, արևը մտնելուց հետո, հազիվ կարողացանք հասնել։ Սայլակը պահեցինք ճանապարհի վրա, քավոր Պետրոսը ցած իջավ, իսկ ինձ պատվիրեց մնալ ձիաների մոտ։

Նա մտավ իջևանը, մի քանի րոպեից հետո վերադարձավ, իր հետ բերելով մի շիշ արաղ, հաց, պանիր և տասն հատ ձվաներ։ Ուրիշ բան չէր գտել։ նույն միջոցին իջևանի ծառաներից մեկը բերեց և գարի ձիաների համար։

— Այստե՞ղ եք կամենում կերակրել ձիաները, — Հարցրեց նա։

— Ո՛չ, մենք պետք է շարունակենք ճանապարհը, — Ասաց քավոր Պետրոսը։

Այդ բոլոր պաշարը մեզ հետ առնելով, սկսեցինք առաջ գնալ։ Երեք վերստաչափ հազիվ էինք հեռացել իջևանից, երբ քավոր Պետրոսը հրամայեց դուրս գալ մեծ ճանապարհից և շեղվել դեպի աջ։

— Հիմա կանգնեցրեք, — Ասաց նա։ — Այստեղ կարող ենք հանգստացնել ձիաները, մենք ևս մի բան կուտենք։

Բայց ինձ ուտելու ոչինչ չէր մնացել, որովհետև ես իմ բաժինը գալու ժամանակ ճանապարհին բոլորը կերել էի։

Մեր գտնված տեղը մի տափարակ դաշտ էր։ Թեև շատ չէինք հեռացել մեծ ճանապարհից, բայց այնքան սաստիկ մութն էր, որ անցորդները հազիվ կարող էին նշմարել մեզ։ Երբ ձիաները գարին կերան, փոքր-ինչ հանգստացան, քավոր Պետրոսը հրամայեց լծել։ Ես զբաղվեցա ձիերը լծելով, իսկ քավոր Պետրոսը այդ միջոցին փոխում էր իր ռաբբիի հագուստը։ Երբ բոլորովին պատրաստ էինք, ասաց նա,

— Նստի՛ր, քշիր դեպի այդ կողմը։

— Այդ կողմով մենք դարձյալ կվերադառնանք քաղաքը, — նկատեցի ես։

— Ես էլ այդ եմ ուզում։

Մեծ պտույտ գործելով, զարտուղի ճանապարհներով, մենք լուսաբացին հազիվ կարողացանք հասնել քաղաքը։ Մեր սայլակը կանգնեց քաղաքի մի հեռավոր և խուլ անկյունում գտնված տան հանդեպ։ Այդ տունը այն կասկածավոր բնակարաններից մեկն էր, որի դռները ցերեկով միշտ փակ են մնում, և գիշերները միայն մարդիկ այնտեղ ելումուտ են գործում։ Այստեղ քավոր Պետրոսը վարձել էր մի փոքրիկ մթին սենյակ, ուր հազիվ տեղավորեցինք մեր իրեղենները։ Բավական հոգնած էինք։ Ես պառկեցի բակում, սայլակի վրա, ձիաների մոտ, իսկ քավոր Պետրոսը քնեց փոքրիկ սենյակում։

Հեռանալ մեկ քաղաքից, գնալ ձևացնելով, և կրկին վերադառնալ նույն քաղաքը, դա քավոր Պետրոսի փախստյան եղանակներից մեկն էր։ Դիցուք թե սեղանավորը հենց նույն օրը հասկանար իր խանութում կատարված գողությունը, բայց մինչև կհայտներ ոստիկանությանը, մինչև մեր ետևից մարդիկ կուղարկեին, բավական ժամանակ կանցներ։ Մարդիկը կգային և մեզ ճանապարհի վրա չէին գտնի, որովհետև մենք արդեն մի այլ ճանապարհով կրկին վերադարձած կլինեինք նույն քաղաքը։

Ես զարթնեցա այն ժամանակ, երբ արևը մի ժամ առաջ ծագել էր, և հնդկահավերը բակում կռնչում էին։ Բայց այդ հնացած, խոնավությունից բորբոսնած և գերեզմանի պես մթին տան մեջ դեռ մարդիկ չէին երևում։ Կարծես, դա ժանտախտով վարակված այն տներից մեկը լիներ, ուր մարդիկ չեն համարձակվում բնակվել։ Միայն ես նկատեցի քավոր Պետրոսին, իր սենյակի դռան առջև կանգնած, հեռվից ձեռքով կանչում էր ինձ.

— Իսկույն թեյ կտան, — Ասաց նա, — շուտով խմիր, որովհետև ուրիշ տեղ եմ ուղարկելու քեզ։

Ներս մտա սենյակը։ նստեցի նույն սնդուկի վրա, որ ամբողջ երեք օր իմ դագաղն էր եղած։ Քանի րոպեից հետո, թեյի մատուցարանը ձեռքում՝ ներս մտավ մի մանկահասակ, բայց սաստիկ կեղտոտ հագնված կին։ նրա մի ժամանակ գեղեցիկ դեմքը այլանդակվել էր կարմիր բծերով, որ երևում էին երեսի վրա։

— Դա ո՞վ է, — դարձավ նա դեպի քավոր Պետրոսը, մի առանձին ուշադրությամբ իմ վրա նայելով։

— Իմ որդին է, — պատասխանեց քավոր Պետրոսը։

— Այդպիսի սիրուն որդի ունեիր և ինձանից թաքցնո՞ւմ էիր, ա՜խ, դու ծերուկ, անխիղճ ծերուկ, — Բացականչեց նա և մոտեցավ ինձ. սկսեց փայփայել իմ մազերը։

— Լիզա, թո՛ղ տուր, լրբության ժամանակ չէ, — գոչեց քավոր Պետրոսը բարկությամբ։

Լիզան ինձ բաց թողեց, բայց քավոր Պետրոսին ավելի բարկացնելու համար ասաց.

— Հիմա կգնամ քեզ համար սպիտակ հաց և կարագ կբերեմ։

Ես կարծում էի, որ միայն ծեր՛ուկն է այստեղ, այդ պատճառով թեյի հետ ոչինչ չբերեցի նախաճաշելու։

Նա շտապով դուրս վազեց սենյակից։

Լիզայի հարաբերությունները քավոր Պետրոսի հետ բավական ընտանեկան էին թվում ինձ։ Երևում էր, որ նրանք վաղուց ճանաչում էին միմյանց։ Բայց քավոր Պետրոսը այդ կարծիքը ցրելու համար ասաց ինձ, որ նրա «վերնատունը փոքր-ինչ դատարկ է», այսինքն՝ հիմար է, և այդ պատճառով իրան վայելուչ պահել չգիտե։

Բայց Լիզան այնքան հիմար չէր երևում, որպես կամենում էր ցույց տալ քավոր Պետրոսը։ Նա երևում էր այն տեսակ կնիկներից, որոնք, վշտից և հուսահատությունից տանջված, աշխատում են իրանց սրտի ցավերը թմրեցնել արաղի շոգիներով։

Երբ վերջացրի իմ նախաճաշիկը, քավոր Պետրոսը ասաց.

— Դու ճանաչում ես հրեա սեղանավորի խանութը, կգնաս նրա մերձակայքում կպտտես և ինձ տեղեկություններ կբերես։

Ես գնացի, քավոր Պետրոսին թաքստոցի մեջ թողնելով, ինչպես նա առաջ ինձ թաքստոցի մեջ էր պահում։ Ոչ սեղանավորը և ոչ մի այլ մարդ այդ քաղաքում ինձ չէր ճանաչում։

Քավոր Պետրոսի ենթադրությունը ուղիղ հայտնվեցավ: Սեղանավորը առաջին օրը չէր հասկացել, թե ի՛նչ էր պատահել իր արկղի հետ։ Որովհետև այսպիսի սեղանավորները, որոնք ոսկի, արծաթ և գոհարներ գրավ առնելով, փող են տոկոսով տալիս, սովորաբար միշտ վեճեր են ունենում գրավատերերի հետ, և հետևաբար շատ անգամ գործ են ունենում դատարանների հետ։ Այն օրը, որի գիշերը կատարվեցավ հայտնի գողությունը, սեղանավորը մի տիկնոջ գանգատով կանչված էր դատարանը։ Հրեան վաճառել էր տիկնոջ 5000 ռուբլի արժեք ունեցող օղամանյակը 1500 ռուբլի պարտքի փոխարեն։ Դատարանը գործը վճռել էր հօգուտ տիկնոջ։

Իսկ երկրորդ օրը, երբ ես գնացի քավոր Պետրոսի համար տեղեկություններ բերելու, գողությունը արդեն հայտնված էր։Ոստիկանությունը քննություն էր անում և կազմում էր իրտեղեկագիրը։ Խանութի դռները, կողպեքները, լուսամուտները գտան ամբողջ։ Երկաթյա արկղը նույնպես կոտրած չէր։ Ուրեմն ո՞րտեղից էր մտել գողը։ Ինքը հրեան նույնպես ցույց էր տալիս, որ նա իր արկղը բոլորովին կողպված գտավ, և խանութի դռները փակված էին, երբ գործակատարները առավոտյան եկան բաց անելու։

— Ուրեմն սատանաներ պետք է մտած լինեն խանութը, — Ծաղրում էին շատերը հրեային, — Որովհետև սատանան կարող է անցնել փակ դռնից, պատի միջից, առանց հետք թողնելու»

Բազմության հետ հավաքված էին այնտեղ և գրավատերերից շատերը, նրանք աղաղակում էին,

— Սո՜ւտ է խոսում անիծված հրեան, սո՜ւտ է խոսում։ Նա ինքն է թռցրել մեր իրեղենները, պատճառ բերելով, թե գողացել են։ Ո՞րտեղից մտավ գողը, ի՞նչպես դուրս եկավ։ Ինչո՞ւ արկղի միջի թուղթ փողերը չտարավ, միայն մեր իրեղենները տարավ։

Ոստիկանությունը հավանական գտավ կասկածը և կալանավորեց հրեային։

Հրեան երևի մոռացել էր ռաբբի Շիմոնի սնդուկը և երևակայել անգամ չէր կարող, որ նրան տապանակ ուխտիի մեկ մասը ընծայող քահանան և նրա հարստությունը ծովի ավազների չափ բազմացնելու ցանկություն հայտնող քահանան կարող էր նրա արկղի հետ անբարեխղճաբար վարվել։

Մենք մի ամբողջ շաբաթ մնացինք Լիզայի մոտ։ Ես ամեն օր նոր տեղեկություններ էի բերում քավոր Պետրոսի համար։ Նա ցերեկները դրսում չէր հայտնվում, այլ գիշերները միայն դուրս էր գալիս իր մթին սենյակից։ Արդյոք ո՞ւր էր գն՛ում, այդ մասին ինձ ոչինչ չէր ասում։

Լիզան օրըստօրե ավելի համակրելի էր դաոնում։ Այդ դժբախտ կինը զարթնեցնում էր իմ մեջ ոչ այլ զգացմունք, այլ միայն ցավակցություն։ Երբ նա պատմում էր ինձ իր կրած տանջանքները, իր հետ պատահած անցքերը, ես սարսափում էի։ Նա մի կատաղի ավազակի սիրուհին էր, որից բաժանվել չէր կարող, որովհետև սաստիկ սիրում էր նրան, թեև օր չէր անցնում, որ չծեծվեր նրանից։

Որպես գիշերով մտանք Լիզայի տունը, այնպես էլ գիշերով դուրս եկանք այնտեղից։ Խեղճ աղջիկը պատրաստել էր ինձ համար բավական ճոխ պաշար ճանապարհին ուտելու համար։ նա ինձ կոչում էր Նիկոլայ, որովհետև այդ անունով ծանոթացա նրա հետ։

— Նիկոլայ, հոգյակս, — Ասաց նա մեզ ճանապարհ դնելու ժամանակ, — երբ կպատահի քեզ մի անգամ ևս անցնել այս քաղաքով, չմոռանաս խեղճ Լիզային։

— Չեմ մոռանա, — պատասխանեցի ես, և մեր սայլակը հեռացավ։

Քավոր Պետրոսը բարկացավ։ Նա սաստիկ ատում էր, երբ մարդիկ քաղցրությամբ էին խոսում «քածերի» հետ, ինչպես սովորաբար արտասանում էր նա։

է

ԲԱՐԵԳՈՐԾՈԻԹՑՈԻՆ

Գիշեր էր, երբ մենք դուրս եկանք հիշյալ քաղաքից։ Լուսնյակի լուսով մեր սայլակը հանդարտ վազում էր հարթած ճանապարհով։ Երկու ուժեղ ձիաներ քաշում էին նրան ամենայն արագությամբ։ Ես կառավարում էի նրանց երասանակները։ Քավոր Պետրոսը մրափում էր սայլակի մեջ, որպես մի հսկա, որ հանգստանալու պետք է զգում մի մեծ հաղթությունից հետո։

Մեր ճանապարհը ձգվում էր անսահման անապատի միջով, ուր դեպի ո՛ր կողմը նայում ես, երկինքը միանում է հորիզոնի հետ։ Այսպիսի անապատները ոչ միայն ցերեկով, այլև գիշերով, այն ևս լուսնկա գիշերով կախարդիչ կերպով ազդում են մարդու երևակայության վրա։ Եվ ինչպիսի՜ պատկերներ ասես չեն գալիս ու չեն գնում նրա աչքերի առջևից...

Հանկարծ միտքը սլանում է հեռո՜ւ և հեռո՜ւ, և օտարական պանդուխտը տեսնում է իրան իր հայրենիքում... տեսնում է ծանոթ երեսներ... տեսնում է ծանոթ տեղեր... տեսնում է իր մանկության սրբավայրը և ուրախանում է... Բոլորը հետզհետե անհետանում են։ Ւսկ այն պատկերը, որ միշտ կից է եղել նրա սրտին, նա մնում է, նա երկար ժամանակ մնում է...

Այդ իմ Սառայի պատկերն է...

— Նազելի Սառա...— Ո՜րքան մեծացել է նա... ո՜րքան գեղեցկացել է... ահա նա ժպտում է... ո՛րքան ուրախ է... ահա մոտ եկավ... ինչո՞ւ է գլուխը քաշ գցել... երևի ամաչում է... տե՛ս, կարմրեց... — Սիրելի Սառա, մի վախիր... ես քո Մուրադն եմ... գրկիր ինձ... համբուրիր ինձ... ա՜խ, ինչո՞ւ ես փախչում.,, Սառա ջան... իմ Սառա...

Վերջին խոսքերը այնպիսի բարձր ձայնով արտասանեցի ես, որ քավոր Պետրոսը իր քնից զարթնեց։

— Ի՞նչ է, ի՞նչ է պատահել, — գոչեց նա շփոթվելով։

— Ոչինչ, — պատասխանեցի ես փոքր-ինչ հուշի գալով։

Նա կրկին աչքերը խփեց, քնեց։

Քավոր Պետրոսի խռովությունը առանց պատճառի չէր՛ Ես ամբողջ գիշերը անցուցել էի զառանցության մեջ։ Մի կողմից անքնությունը, մյուս կողմից սայլակի անդադար օրորվիլը այն աստիճան գրգռել էին իմ ուղեղը, որ ես ընկել էի հալուցինասիոնների մեջ...

Այդ ինձ հետ շատ անգամ էր պատահում։ Բայց երբեք չէր պատահել, որ ես ինձ բոլորովին մոռանայի։ Երբեմն, ամբողջ ժամերով, բոլորովին քնած դրության մեջ, ես կառավարում էի ձիաները, բայց գեթ մի անգամ չէր պատահել, որ կա՛մ մտրակը, կա՛մ երեսանակները իմ ձեռքից ցած ընկնեին։ Ես իմ կիսաքուն դրության մեջ մինչև անգամ հետևում էի ճանապարհի ուղղությանը, նկատում էի կամուրջները, զգուշանում էի զառիվայրներից և սայլակը վտանգի չէի ենթարկում։ Իսկ այս անգամ ինձ այն աստիճան մոռացել էի, որ ձիաներին իրանց կամքին էի թողել, և բոլորովին շեղվել էինք ուղիղ ճանապարհից։ Այդ նկատելի եղավ այն ժամանակ, երբ լույսը բացվեց, և արևելքը սկսեց շառագունել։

— Այդ ճանապարհը սատանան գիտե թե ո՛ւր է տանում, — Ասաց քավոր Պետրոսը, երբ զարթնելով սկսեց նայել իր շուրջըւ— Մենք մոլորվել ենք...

Այդ խոսքերը թեև արտասանեց նա հանդարտությամբ, բայց նրանց մեջ կար և՛ բարկություն, և՛ հանդիմանություն։

Հետ դառնանք, — պատասխանեցի ես, — գուցե կգտնենք ուղիղ ճանապարհը։

— Հարկավոր չէ, շարունակի՛ր, տեսնենք աստված ո՛ւր է տանում մեզ։

Քավոր Պետրոսը մեր մոլորվելու մեջ գտնում էր աստծո կամքը։ Նա մտածում էր, գուցե ուղիղ ճանապարհի վրա մեզ մի վտանգ կպատահեր, գուցե այնտեղ հետամուտ էին լինում, որ կալանավորեն մեզ, իսկ շեղվելով ուղիղ ճանապարհից՝ ազատվեցանք։

Զարմանալի բան է աստուծո ներկայությունը ամեն գործի մեջ. թե գողը և թե կողոպտյալը միօրինակ հույս են գնում նրա վրա։ Սպանողը նրանից ուժ է խնդրում իր բազկի համար, իսկ սպանվողը՝ ազատություն։ Բոլորը դիմում են դեպի նա։

Արևը բավական բարձրացել էր։ Մենք գտնվում էինք դեռ միևնույն հարթ-հավասար անապատի մեջ։ Դեպի ո՛ր կողմը և նայում ես, վերջ չկա։ Մի ծանր, ճնշող տպավորություն էր գործում այդ լայնատարած, մռայլոտ անապատը մարդու վրա։ Կարծում ես, թե հորիզոնը ամեն կողմից հետզհետե նեղանալով, պատրաստվում է խեղդել քեզ։ Տեղ-տեղ պատահում էին փոքրիկ գյուղեր, նույնպես փոքրիկ, ողորմելի խրճիթներով, բայց մենք կանգ չէինք առնում, անցնում էինք։ Մի տեղ միայն քավոր Պետրոսը ցած իջավ սայլակից, մտավ գյուղը, մեզ համար ճանապարհի պաշար գնելու և մանավանդ տեղեկանալու, թե որտեղ ենք գտնվում, կամ դեպի ո՛ւր է տանում մեր բռնած ուղին։

Ես սայլակը կանգնեցրի գյուղի գլխավոր փողոցի վրա, սպասում էի քավոր Պետրոսի վերադարձին։ Նա կանչել տվեց գյուղի տանուտերին, ինչ-որ խոսեց նրա հետ և, քառորդ ժամից հետո վերադառնալով, ասաց ինձ,

— Այստեղ անկարելի է մնալ։

— Ինչո՞ւ։

— Ո՛չ մեզ համար հաց կարելի է գտնել, և ո՛չ ձիաների համար գարի։

— Ի՞նչ է պատահել։

— Այս կողմերում սարսափելի սով է տիրում, մարդիկ ամեն ինչ սպառելով, հետո կերել են իրանց անասուններին, այդ ևս սպառելով, այժմ ուտում են այն, ինչ որ անասունները պիտի ուտեին։

Ես սոսկացի։ Նա նստեց սայլակի վրա և հրամայեց քշել»։

— Դեպի ո՞ր կողմը, — Հարցրի ես։

— Դեպի աջ։

— Դուք հիմա գիտե՞ք, թե ո՞ւր է տանում այդ ճանապարհը։

— Գիտեմ։

Քավոր Պետրոսի պատմությունից երևաց, որ նախորդ տարվա երաշտության պատճառով այս կողմերում հունձը խիստ անհաջող է եղել, իսկ ներկա տարվա ցանքերը նույնպես մի առանձին բեղմնավորություն չէին խոստանում։ Գյուղացիները, որ առանց այդ դժբախտությունների ևս միշտ աղքատ են եղել, այժմ զրկվել էին ապրուստի ամեն միջոցներից։

— Իսկ մեզ մոտ ուտելու մի բան մնացե՞լ է, — Հարցրեց քավոր Պետրոսը։

— Միայն հացը պակաս է։ Շա՛տ ապրի Լիզան, նրա առատաձեռնության շնորհիվ մենք այժմ ունենք մի ամբողջ բուդ խոզի ապուխտ, մի քանի կտոր երշիկներ և պանիր։

— Պանիրը պահիր ինձ համար, իսկ մյուսները դու կուտես։

Քավոր Պետրոսը խոզի միս ուտելու սովորություն չուներ, որովհետև մեղք էր համարում։

Առաջիկա գյուղը այնքան հեռու էր, որ մենք հասանք այնտեղ, երբ երեկոյան ճրագները վառվում էին։ Թեև քավոր Պետրոսին ասել էին, որ այստեղ ավելի հարմարություններ կգտնենք իջևանելու համար, բայց հայտնվեցավ, որ սովը և չքավորությունը այստեղ ավելի սարսափելի էր։

Մեր սայլակը կանգնեցրինք առաջին հանդիպած խրճիթի դռանը։ ճրագվի մոմ անգամ չգտանք վառելու համար, որովհետև ճրագվի մոմերը այժմ գործ էին ածում որպես կերակուր։ Մեր հեռվից տեսած ճրագները ուրիշ ոչինչ չէին, բայց միայն փայտի տաշեղներ, որ բանեցնում էին մոմերի տեղ։

Մենք ունեինք մեզ հետ «մոմապատ», այսինքն՝ մոմով պատած թելի մի ահագին կծիկ, որ մարդիկ ճանապարհորդության ժամանակ ման են ածում։ Բայց այդ կծիկը մեզ ուրիշ շատ գործերում ևս հարկավոր էր լինում։ Վառեցինք «մոմապատը»։

Մտանք խրճիթը։ Դա մի կատարյալ հիվանդանոց էր, ընտանիքի մեծ մասը պառկած, հառաչում էր ցնցոտիների ներքո։ Ոտքի վրա էր մնացել միայն ծերունի տանտերը և մի փոքրիկ աղջիկ նրա թոռնիկը։

— Այստեղ անկարելի է մնալ, — Ասացի ես քավոր Պետրոսին։

— Ամեն տեղ այսպես է, պարոն, — մեջ մտավ ծերունի տանտերը, —ամեն խրճիթում հիվանդներ կգտնեք։

Ամառվա եղանակը և լուսնկա գիշերը նպաստեցին մեզ իջևանելու բակում, դատարկ ախոռատան հանդեպ։ Այստեղ հիվանդներ չկային, որովհետև և շնչավորներ չկային։

— Սամովար կգտնվի՞, — Հարցրի ես տան տերից։

—Սամովա՞ր, — կրկնեց թավամորուս տան տերը ծոծրակը քորելով։

— Այո՛, սամովար։

Ռուս մուժիկին մի բան հասկացնելու համար պետք է տասն անգամ կրկնել։

— Սամովար եթե գտնվի, պարոն, պետք է տերտերի տանը գտնվի։ Մենք էլ առաջվա ժամանակներում ունեինք, պարոն, բայց մեր մեղքից ոչինչ չմնաց, բոլորը ծախվեցավ...

— Ինչո՞ւ ծախվեցավ։

— Ծախեցինք կերանք, պարոն։ Մեր մեղքերի համար աստված պատիժ ուղարկեց սովը։ Ոչինչ չկար ուտելու։

— Իսկ հիմա՞։

— Հիմա ավելի վատ է, սովի հետ ավելացավ և հիվանդդությունը։

Ես ընդհատեցի տխուր խոսակցությունը և կրկին հիշեցրի նրան սամովարը։

— Օլյա, — ձայն տվեց նա իր փոքրիկ թոռնիկին, — վազի՛ր տեր հոր տունը, ասա, որ մեզ մոտ պարոններ եկան, թող փոխ տա մեզ սամովարը։

Եվ իրավ, նրա խրճիթում ոչինչ չէր մնացել, կա՛մ առաջուց չէր ունեցել, կամ ունեցածը վաճառել էր։ Մի հասարակ սեղան, որի երեսի վրա սև փոսիկներ էին կազմվել սամովարի տակից ընկած կրակներից, մի քանի հատ կոտրված տաբուրետկաներ, մի հատ արույրե կաթսա, հնոցի մոտ դրած, որի մեջ վաղուց կերակուր չէր եփվել, մի քանի փայտյա գդալներ, մի քանի անկոթ դանակներ, առանց պատառաքաղների, եթե ավելացնենք դրանց վրա երկաթյա անթրոցը ( ) կստանանք կարասիների ամբողջ թիվը:

Միակ առարկան, որ մնացել էր իր տեղում անշարժ, որին սովի բոլոր սաստկությունը չէր կարողացել ստիպել վաճառելու, էր աստվածամոր պատկերը, փոքրիկ Հիսուսը գրկում, որ դրված էր խրճիթի մի անկյունում։ Մուժիկը նրանից չէր բաժանվում, մուժիկը ամեն բան նրանից է սպասում և նրա համար է զոհում»

Քավոր Պետրոսը այս գիշեր լուռ էր, ոչինչ չէր խոսում։ Նա նստած էր մեր սնդուկներից մեկի վրա և ծխում էր։ Խիստ հազիվ անգամ էր պատահում, որ նա ծխեր, բայց երբ որ ծխում էր, դա արդեն նշան էր կա՛մ սաստիկ ուրախության և կա՛մ սաստիկ տրտմության։ Վերջինն այս գիշեր ավելի հավանական էր։ Շրջապատող թշվառությունները դառն տպավորություն էին գործել նրա զգայուն սրտի վրա»

Օլյան վերադարձավ սամովարը իր հետ բերելով, բայց սամովարի հետ եկավ և տեր հայրը, երևի նրա համար, որ լսել էր, թե հյուրերը «պարոններ» են և ոչ հասարակ մարդիկ։ Քավոր Պետրոսը քաղաքավարությամբ ընդունեց նրան։

Քահանան հայտնվեցավ բավական բարեկիրթ մարդ, որպիսիները խիստ հազիվ են պատահում գյուղերում։ Լսելով, որ մենք «պարոններ» ենք, նա կարծել էր, թե գուցե պաշտոնական անձինք ենք, եկել էր հայտնելու մի սարսափելի դեպք։ Մի սովատանջ կին, քաղցածության կատաղության մեջ, սպանել էր իր երեխային և ուտելու փորձ էր արել...

Քավոր Պետրոսը զարհուրեցավ։ Ինձ վրա ևս խիստ սոսկալի տպավորություն գործեց այդ լուրը։

— Մի՞թե այս աստիճան սաստկացել է սովը, — Հարցրեց քավոր Պետրոսը։

— Մարդիկ այժմ համարյա ոչինչ չեն գտնում ուտելու, — Պատասխանեց քահանան, — կերակրվում են բանջարով, խոտերով, արմատներով և դեռ չհասունացած ցորենի հասկերով, իսկ դրանք ավելի շուտով են սպանում նրանց, որովհետև հիվանդանում են ու մեռնում են։

— Շա՞տ է մեռնողների թիվը»

— Շատ է։ Գյուղի բնակիչների համարյա կեսը չի մնացել։

Տիֆը ավելի մեծ կոտորած է անում, քան թե քաղցածությունը։ Մնացածներից շատերը հիվանդ են։

— Գյուղական հասարակությունը ոչինչ հնարների վրա չէ՞ մտածում։

— Գյուղական հասարակությունը ի՞նչ կարող է անել։ Սպասում են կառավարությունից հաց և բժիշկ ստանալ։ Մեզ խոստացել են։

— Շուտո՞վ կստացվի։

— Աստված գիտե։ Դեռ պետք է քննեն, դեռ պետք է տեղեկանան, թե որ աստիճան օգնության կարոտ է մեր դրությունը, որ հետո օգնեն։

— Դուք ձեր դրության մասին տեղեկություններ չե՞ք տվել։

— Ի՜նչպես չենք տվել, մի քանի անգամ խնդիրներ ենք մատուցել, բայց դեռ խնդիրները չեն քննվել:

— Հաց ամենևին չէ՞ մնացել։

— Ձեզ հայտնի է, որ այսօր տերունական տոն է, ես պետք է պատարագ մատուցանեի, ամբողջ գյուղում այնքան ալյուր չգտնվեցավ, որ նշխարք պատրաստեինք։

— Իսկ մերձակա քաղաքում հաց գտնվո՞ւմ է։

— Գտնվում է, բայց գյուղացիների մոտ միջոցներ չեն մնացել բերել տալու համար։

Տխրության մռայլը պատեց քավոր Պետրոսի դեմքը, մի քանի րոպե մնաց լուռ մտածության մեջ, հետո նա դարձավ դեպի քահանան այդ խոսքերով.

— Խնդրեմ, նեղություն հանձն առեք, տեր հայր, ես կամենում եմ անձամբ տեսնել մի քանի խրճիթներ, առաջնորդեցեք ինձ։

— Մեծ ուրախությամբ, — Ասաց քահանան և վեր կացավ:

Նրանք գնացին։ Մեր հյուրընկալը վազեց գյուղի տանուտերին իմաց տալու, թե աստիճանավոր է եկել։ Քավոր Պետրոսի այցելությանը տալիս էին պաշտոնական նշանակություն:

Ես և փոքրիկ Օլյան մնացինք մենակ, պտտվում էինք սամովարի շուրշը, հոգս էինք տանում թեյի պատրաստության համար։

— Այսօր ի՞նչ ես կերել, Օլյա։

— Այն օրից, որ մայրս մեռավ, ես հաց չեմ կերել։

— Շա՞տ ժամանակ է, որ մայրդ մեռավ:

— Երկու շաբաթ է։ Հետո Սաշան մեռավ, հետ Միտկան մեռավ... երեկ թաղեցինք փոքրիկ Վերային...

Խեղճ աղջիկը չկարողացավ վերջացնել, նա սկսեց հեկեկալ։

— Գիտե՞ս, Վերան իմ քույրն էր, — Ասաց նա արտասվախառն ձայնով։

Ես տվեցի Օլյային մի կտոր երշիկ և խնդրեցի, որ ուտե: Խեղճ աղջիկը առաջին անգամ էր տեսնում մի այսպիսի բան։

— Այդ ի՞նչ է, — հարցրեց նա։

— Եփած միս է։

Նա չկերավ, թեև մոր մեռնելուց հետո հաց չէր կերել, այլ վազեց մտավ խրճիթը, երևի, հիվանդներից մեկին ուտացնելու համար։

Քավոր Պետրոսի այցելությունները երկար չտևեցին, որովհետև նա մտել էր մի քանի խրճիթներ միայն և, ամեն տեղ տեսնելով միևնույն զարհուրելի տեսարանները, միևնույն դժբախտությունները, այլևս համբերել չէր կարողացել և հետ էր դարձել։ Նա սաստիկ զգայուն մարդ էր. թշվառության համար դեռ պահված էին նրա աչքերում արտասուքի մի քանի կաթիլներ։

Նրա հետ էր և՛ քահանան, և՛ գյուղի տանուտերը։

Իսկ գյուղացիների մի խումբ, լսելով այդ անակնկալ այցելության համբավը, հավաքվել էր մեր կեցած տան դռանը։

Հենց որ նստեցին, քավոր Պետրոսը դարձավ դեպի քահանան այդ խոսքերով.

— Ես ձեզ կտամ մի գումար, տեր հայր, դրանով դուք հաց, բժիշկ և դեղորայք բերել կտաք քաղաքից։ Ես հավատացած եմ, որ ձեր ծուխի թշվառությունը ձեզ համար նույնքան զգալի է և ցավակցական, որքան եղավ նա ինձ համար, երբ այս գիշեր իմ աչքով տեսա ողորմելի մարդկանց կրած տառապանքը։

— Այդ փողերը գանձարանի՞ց են, — Հարցրեց գյուղի տանուտերը։

— Այդ փողերը ես եմ տալիս ձեզ, — պատասխանեց քավոր Պետրոսը։

Նրանք զարմացած մնացին։ Նրանց վրա տիրեց մի տեսակ երկյուղ, մի տեսակ կասկած, թե ի՞նչ նպատակ կարող էր լինել դրանում, որ մի անծանոթ մարդ, մի քանի ժամ իրանց գյուղում հյուր լինելով, նվիրում էր այդքան փող։

— Աստուծո և իմ հոգու համար եմ տալիս, — Ասաց քավոր Պետրոսը։

Աստուծո և հոգու անունը տալու ժամանակ նրանց կասկածը փարատվեցավ, և ամեն կողմից օրհնություններ ու շնորհակալությունները չափ չունեին։

Քահանան, որպես երևում էր, բարեխիղճ մարդ էր. նա թույլտվություն խնդրեց քավոր Պետրոսից, որ ներս կանչե դրսում կանգնած գյուղացիներին ևս, որ մի քանի վկաների ներկայությամբ ստանա գումարը, որպեսզի վերջը տարաձայնությունների առիթ չմնա։

— Ես, — Ասաց նա, — Այդ գումարը մի քանի անձինքների գործակցությամբ կծախսեմ և նրա գործադրության մասին մանրամասն հաշիվ կներկայացնեմ ձեզ։ — Հետո խնդրեց նա քավոր Պետրոսի հասցեն։

— Այդ հարկավոր չէ, տեր հայր, ես ձեզ բոլորովին հավատում եմ։

Քավոր Պետրոսը մինչև անգամ չհայտնեց նրանց իր անունը, թեև շատ խնդրեցին, և հանգստացրեց քահանային Ավետարանի խոսքերով, թե բարեգործությունները պետք է ծածուկ կատարվեն, և միայն աստված պիտի գիտենա»

Հետո դարձավ նա դեպի ինձ և ներկա գտնվողներին անհասկանալի լեզվով ասաց.

— Պատրաստվիր, որ շուտով ճանապարհ ընկնենք, այս գյուղը մնալու տեղ չէ։

Քավոր Պետրոսը իր ձեռքով մխիթարեց այն գյուղացու դժբախտությունը, որի տանը հյուրասիրվեցանք մենք։ Քառորդ ժամից հետո մեր սայլակը արդեն գտնվում էր ճանապարհի վրա։

Սպահանցի քահանային եկեղեցու շինության համար հանգանակած գումարից հետո, քավոր Պետրոսի այդ երկրորդ բարեգործական վարմունքը ինձ ավելի զարմացնում էր։ Զարմանում եմ գլխավորապես այն պատճառով, որ եկեղեցու շինության գործում նրան թելադրում էր հավատը, կրոնի զգացմունքը և վերջապես ազգային նախանձախնդրությունը։ Ւսկ ա՛յստեղ ի՞նչ կար, որ զարթնեցներ նրա կարեկցությունը։ Մի՞թե մի ամբողջ սովատանջ բազմության թշվառությունը կարող էր ազդել նրա քարացած սրտի վրա։

Այդ խորհրդածությունները զբաղեցնում էին իմ միտքը, երբ մեր սայլակը դանդաղ կերպով առաջ էր գնում։ Ձիաները ամբողջ օրը չարչարված լինելով, չէինք կամենում ավելի հոգնեցնել նրանց։ Այդ միջոց էր տալիս ինձ քավոր Պետրոսից բացատրություններ խնդրելու։

— Բարեգործությունը լա՞վ բան է, — Հարցրի նրանից։

— Ես չեմ հասկանում ի՞նչը առիթ տվեց քեզ հանկարծ մի այսպիսի հարց առաջարկել ինձ։

— Ինձ առիթ տվեց ձեր այսօրվա վարմունքը»

— Լավ բան է։

— Ուրեմն մենք ինչո՞ւ ենք խաբում, կողոպտում, սպանում և ամեն տեսակ եղեռնագործություններից ետ չենք մնում։

— Մենք կողոպտում ենք ժլատ հարուստներին։ Իսկ աղքատներին պետք է օգնել։

Գիշերային լռության պահուն, անապատի մեջ, ճանապարհի վրա, առանձնացած մի խստասիրտ մարդու հետ, այս տեսակ վիճաբանությունը կարող էր վտանգավոր հետևանքի հասցնել։ Ւմ տապարը, որ միշտ սայլակի նստարանի տակ էր պահված լինում, հանեցի և խրեցի գոտիիս մեջ։ Լուսնյակի լուսով քավոր Պետրոսը նկատեց այդ, իսկ ես նրա դեմքի վրա նկատեցի մի արհամարհական ժպիտ։

— Դուք ասում եք, թե աղքատներին և թշվառներին պետք է օգնել։ Շատ գեղեցիկ միտք է, — շարունակեցի ես։ — Իսկ ողորմելի թաթար Ասկերը աղքատ և թշվառ չէ՞ր, ինչո՞ւ հրամայեցիք ինձ սպանել նրան։

— Ես միջոցների մեջ խտրություն չեմ գնում։ Եթե Ասկերին սպանել չտայի, չէի կարող կողոպտել բուխարեցի հարուստ վաճառականին։ Իսկ բուխարեցուն կողոպտելով, ես այսօր մի ամբողջ գյուղ ազատեցի սովատանջ մահից։

Քավոր Պետրոսի խոսքերը որքան էլ ինձ տարապայման թվեին, այսուամենայնիվ, նրանք բխում էին հաստատ համոզմունքից, որոնց համեմատ ևս գործում էր նա։ Նա իր գաղափարների մեջ հաջորդաբար էր վարվում։ Այնքան ժամանակ նրա մոտ ծառայելով, ես վկա էի եղել շատ անցքերի և միշտ նկատել էի, որ նա մի առանձին կատաղի ատելություն ուներ դեպի ժլատ հարուստները, որոնց ընդհակառակն, նա երբեք չէր վշտացրել աղքատին և միշտ թշվառների բարերարն էր հանդիսացել։ Բայց, ես հիշեցի մի պայման, որի մասին մինչև այսօր առիթ չէի ունեցել խոսելու նրա հետ։ Ես հարցրի.

— Դուք, որ միշտ բարի եք եղել դեպի աղքատը, դեպի հարստահարյալը և դեպի թշվառը, ինչո՞ւ մինչև այսօր չկատարեցիք ձեր խոստմունքը մի անձի վերաբերմամբ, որ ձեր պատճառով թշվառացավ։

— Ի՞նչ անձ։

— Իմ վարպետը։ Չե՞ք հիշում, երբ առաջին անգամ մենք վճռեցինք թողնել մեր հայրենիքը և օտար աշխարհ գնալ, մենք ուխտեցինք փող վաստակել և այդ մարդու կրած բոլոր վնասների փոխարենը վճարել։ Մոռացե՞լ եք։

—Չեմ մոռացել։ Երբ կհասնենք իջևան, դու ինձ հիշեցրու, ե՛ս ցույց կտամ քեզ մի նամակ, որից դու կտեղեկանաս, որ ես վաղուց կարգադրություն արել եմ այդ մասին։ Ես ուղարկել էի մի գումար մեր գյուղի քահանային, խնդրելով, որ հասցնե քո վարպետին, բայց պատասխան ստացա, թե այն օրից, որ նրան փախցրին բանտից, նրա մասին ոչինչ տեղեկություն չկա, թե ինքը և թե իր ընտանիքը անհայտացել են։ Բայց ինձ զարմացնում է մի բան, Մուրադ, ի՞նչը առիթ տվեց քեզ այսպես կասկածավոր կերպով վերաբերվել դեպի իմ գործունեությունը։

Ես ոչինչ չպատասխանեցի։

Ը

ՓՐԿՈԻԹՅԱՆ ՀՐԵՇՏԱԿԸ

Անցել էր ավելի քան մի ամիս այն օրից, որ մենք թողեցինք հրեա սեղանավորի գտնված քաղաքը։

Շատ երկար կլիներ, եթե մանրամասնաբար նկարագրեի մեր ամբողջ ճանապարհորդությունը։ Իմ հիշատակարանի այս գլուխը ես կիսով չափ համառոտում եմ։ Համառոտում եմ, որովհետև շտապում եմ ծանոթացնել ընթերցողին մի նոր դեպքի հետ, որը իմ սրտին շատ մոտ է...

Կարճ կասեմ, անցնելով զանազան գավառներից և փոքրիկ քաղաքներից, մենք արդեն գտնվում էինք կայսրության հարավային գավառում, Սև ծովի եզերքի մոտ։ Բնությունը այստեղ փոխվեցավ, անապատներից ազատվեցանք, երկիրը ավելի լեռնային էր։

Ամառային գեղեցիկ առավոտներից մեկն էր։ Մեր ճանապարհը գնում էր նեղ ձորի միջով, որ պատած էր խիտ անտառներով։ ճանապարհի մեկ կողքով զուգընթաց կերպով ձգվում էր խորին անդունդ, որի հատակում հազիվ նշմարվում էր լեռնային գետակը։ Իսկ ճանապարհի մյուս կողքին բարձրանում էին ապառաժներ, որ ծածկված էին ծառերով։

Ինձ հայտնի չէր, թե ո՞ւր էր տանում այդ ճանապարհը, կամ ի՞նչ էինք որոնում այդ վայրենի, համարյա անմարդաբնակ լեռների մեջ։ Ես միայն հիացած էի բնության գեղեցկություններով։ Երբեմն ես լսում էի առվակների խոխոջմունքը, որոնք թաքուն վազում էին թփերի միջով, երբեմն տեսնում էի նրանց ջրվեժը, որ նոր ծագող արեգակի աոաջին ճառագայթներից ծիածանի նման կամար էին կապում կանաչազարդ լեռան վրա։ Տեղ-տեղ հանդիպում էին հին ամրոցների ավերակներ, որ մնացել էին թաթարների տիրապետության ժամանակներից։

Կրկնում եմ, որ ես ամենևին տեղեկություն չունեի, թե ինչ նպատակով էինք ճանապարհորդում։ Միայն քավոր Պետրոսը մի բան որոնում էր այն լեռների մեջ. նա շտապում էր, որքան կարելի է, շուտով հասնել ծովի ափերին։

Մինչև կեսօր մենք գնում էինք միևնույն նեղ ճանապարհով, որ երկու կողմից սեղմված էր ծառերով։ Բայց դեռ ոչ մի բնակության չէինք հանդիպել և ոչ մի մարդու երես չէինք տեսել։ Շարունակել ուղին՝ անհնարին էր, որովհետև ձիաները սաստիկ հոգնած էին։ Պետք էր փռքր-ինչ հանգստանալ։ Մենք կանգնեցրինք սայլակը մի տեղում, ուր ձորի միջով անցնող գետակը ավելի բարձրից էր հոսում, և ջուրը բոլորովին մատչելի էր։ Իմ աոաջին հոգսը եղավ ձիաները ջրել և նրանց կեր տալ։ Հետո սկսեցինք հագեցնել և մեր քաղցը։

Ճաշելուց հետո քավոր Պետրոսը նստած էր մի ծառի հովանու ներքո և լուռ մտախոհության մեջ էր գտնվում: Սատանան գիտե, թե ի՛նչ էր մտածում նա։ Նրա այս տեսակ լռությունը միշտ նախագուշակում էր մոտալուտ փոթորիկ։ Ես ձանձրացա և մտա անտառը փոքր-ինչ ծառերի մեջ ման գալու համար։

— Հեռու չգնաս, — զգուշացրեց նա։

— Ինչո՞ւ։

— Այս տեղերը խիստ երկյուղալի տեղեր են։

— Ես ինձ հետ կվեր առնեմ տապարս։

Այս զենքը իմ մարմնի անբաժանելի անդամներից մեկն էր:

Զարմանալի բան է, լինում են այնպիսի րոպեներ, երբ հասակ առած մարդն անգամ երեխա է դառնում։ Իմ մանկության զվարճությունները միտս եկան, սկսեցի քաղել և ուտել վայրենի պտուղներ։ Նրանք անզգալի կերպով հրապուրում էին ինձ ավելի հեռու և հեռու դեպի անտառի խորքը։ Ես բոլորովին մոռացա քավոր Պետրոսի պատվերը։

Հանկարծ իմ ականջին զարկեց մի ձայն, նա ավելի նման էր խուլ հառաչանքի։ Ես մոտեցա։ Ձայնը կրկնվեցավ։ Պարզ որոշեցի, դա կանացի ձայն էր, որ լսելի էր լինում ոչ այնքան հեռվից։ Ես թաքնվեցա թուփերի մեջ և այնտեղից սկսեցի գիտել։ Ի՞նչ եմ տեսնում, մեկ մանկահասակ աղջիկ, չոքած գետնի վրա, գրկել էր մի տղամարդի ոտքերը, աղաչում էր, պաղատում էր խնայել իր կյանքին։ Տղամարդը, կանգնած, բռնել էր նրա մազերից և վայրենի կատաղությամբ պատրաստվում էր սպանել։ Հենց որ նա սուրը բարձրացրեց, ես կայծակի արագությամբ վրտ հասա։ Իմ հասնելը և տապարիս զարկը կատարվեցավ միևնույն րոպեում։ Նա ընկավ գետնի վրա։

Աղջիկը ազատված էր։

Չարագործը լողում էր արյան մեջ։ Նա իր գազանային դեմքը դարձրեց դեպի ինձ, արձակեց մի քանի հայհոյանքներ և լռեց...

Ես սարսափելի խռովության մեջ ընկա, լսածս հայոց լեզվի բառեր էին։ Ուրեմն իմ ձեռքը շաղախվեցավ մի հայի արյան մեջ, որը մահվան տագնապի րոպեում, մոռանալով իրան, իր հայհոյանքները արտասանեց մայրենի լեզվով:

Այստեղ անպատճառ պետք է մի գաղտնիք լինի, մտածեցի ես և դարձա դեպի աղջիկը, որ զարհուրած նայում էր իմ վրա։

— Ո՞վ ես դու։

— Իմ հայրն ու մայրը մեռան խոլերայից:

— Այդ մարդը ինչո՞ւ էր սպանում քեզ։

— Գյուղացիք ինձ հաց էին տալիս, ես նրանց համար գուշակում էի...

— Ես այդ չեմ հարցնում։ Այդ մարդը ինչո՞ւ էր սպանում քեզ։

— Նա լավ մարդ չէ... նա շատ վատ մարդ է...

— Ինչպե՞ս ընկար նրա ճանկը։

— Ինձ բռնեց, երբ մի օր դառնում էի գյուղից։

— Հետո՞։

— Տարավ անտառը... այնտեղ ընկերներ ուներ, բոլորը չար մարդիկ էին... բոլորը ավազակներ էին։

— Ի՞նչ արեցին քեզ։

— Չարչարեցին... շատ չարչարեցին... — էլ ինչո՞ւ էին սպանում քեզ։

— Ես ասեցի, եթե ինձ բաց չթողնեք, կմատնեմ ձեզ։

— Ի՞նչ բանում պետք է մատնեիր։

— Նրանք թուղթ փողեր էին շինում։ Դու մատնեցի՞ր։

— Չմատնեցի։ Ինձ տվին այդ մարդու ձեռքը, որ սպանե ինձ։

Գաղտնիքը մասամբ պարզվեցավ:

— Այն մարդիկը հեռո՞ւ են կենում։

— Այդ անտառի մեջ են։

— Դու ճանաչո՞ւմ ես նրանց բնակարանը։

— Ճանաչում եմ։

— Կարո՞ղ ես ինձ ցույց տալ։

— Ա խ, ես չեմ գնա այնտեղ, ես վախում եմ...

— Դու գիտե՞ս ի՛նչ ազգից են նրանք։

— Ես շատ լեզուներով խոսում եմ, բայց նրանց լեզուն չէի հասկանում։

— Կարո՞ղ ես ինձ տանել նրանց մոտ։

— Մի՛ գնացեք նրանց մոտ. նրանք լավ մարդիկ չեն։

Վերջին խոսքերը մի այնպիսի զգալի կերպով արտասանեց խեղճ աղղիկը, որ ես համոզվեցա իսկույն չգնալ ավազակների րնակարանը և վճռեցի նախ այդ անցքը հայտնեք քավոր Պետրոսին և ապա սպասել նրա կարգագրությանը։

Աղջիկը կլիներ հազիվ տասնութ տարեկան։ Նա ցիգանուհի էր, բայց ոչ Ռուսաստանի ցիգաններից, այլ հեռավոր երկրներից եկած, բայց ի՞նչ երկրներից, նա բացատրել չկարողացավ։ Նրան կոչում էին Նենե։ Նրա հայրը ածում էր արֆայի վրա, մայրը երգում էր, իսկ ինքը պար էր գալիս։ Այդ պարապմունքով թափառում էին և դրանով ապրում էին։ Ծնողները մինը մյուսից հետո, խոլերայից բռնվելով, մի շաբաթվա մեջ մեռան։ Նենեն մնաց որբ և անտեր։ Նա շարունակեց այնպես թափառել գյուղից գյուղ, քաղաքից քաղաք, մարդկանց համար գուշակություններ էր անում, հմայում էր և փող էր ստանում։

Նենեն իր ցեղին հատուկ լղարիկ կազմվածք ուներ, բայց սաստիկ դյուրաթեք, սաստիկ առաձգական էր նա։ Առհասարակ մի գեղեցիկ նրբություն արտափայլում էր նրա մարմնի յուրաքանչյուր գծերից։ Աչքերը սև և կրակոտ էին. գույնը նույնպես թուխ էր, որպես մազերը։ Բայց որքա՜ն կյանք կար նրա հայացքի մեջ, ո՛րքան պարզություն կար նրա խոսքերի մեջ...

Վերադառնալով քավոր Պետրոսի մոտ, ես չգիտեի ի՛նչ տեսակ հաշիվ և համար տամ իմ անտառում կատարած գործողության մասին։ Նա հեռվից տեսնելով ինձ Նենեի հետ միասին, հեգնեց, ասելով.

— Որսորդությունդ հաջողակ է երևում, մենակ գնացիր, զույգով վերադարձար։

Նա նստած էր միևնույն ծառի հովանու ներքո, ուր առաջ թողել էի նրան։ Ես ոչինչ չպատասխանեցի, տարա Նենեին սայլակի մոտ։ Խեղճ աղջիկը այնպես շուտով մտերմացավ ինձ հետ, որ իսկույն հարցրեց,

— Ասեղ ունե՞ս։

— Ի՞նչ ես անում։

— Դրանք պետք է կարկտնեմ։

Նա ցույց տվեց իր պատառոտված հագուստը։

Ես Նենեին թողեցի սայլակի մոտ և շտապեցի դեպի քավոր Պետրոսը։

— Այդ ի՞նչ բան է, — Հարցրեց նա այժմ խիստ սառն կերպով:

Ես առանց մի բան թաքցնելու պատմեցի նրան անտառում պատահած անցքը, պատմեցի բոլորը, ինչ որ լսել էի Նենեից։ Նա հետաքրքրությամբ լսում էր։ Ես կարծում էի, որ նա կհանդիմաներ ինձ իմ գործած աննպատակ սպանության համար, որի մեջ շահեկան կամ օգտավետ ոչինչ չկար։ Բայց նա գտավ դրա մեջ մի շահ։

— Պետք է օգուտ քաղել այդ դեպքից, — Ասաց նա, երբ ես վերջացրի աղետալի պատմությունը։

— Ո՞րպես։

— Այդ մարդիկ մեզ հարկավոր են...

— Ինչո՞վ։

— Աղջիկը չասա՞ց քեզ, թե նրանք շինում են կեղծ թղթադրամներ։

— Ասաց։

— Այդ բավական է։

Նա էլ չխոսեց, հրամայեց իսկույն լծել ձիաները։ Երբ սալյակը պատրաստ էր, ես հարցրի.

— Ի՞նչ պետք է անել այդ աղջկա հետ։

— Վե՛ր առ մեզ հետ։ Մենք պետք է առանձնանանք այդ անտառի մեջ մի ապահով տեղում, մինչև կստուգեինք, թե ո՛վքեր են այդ մարդիկ։ Քշի՛ր դեպի ձախ։

Արևը արդեն խոնարհվում էր դեպի իր մուտքը, երբ մենք մտանք մի ձոր, որ գոգավորվելով, կազմում էր մի նեղ ծոց անտառապատ լեռների մեջ։ Այստեղ իջևանեցինք։

Նենեն լուռ էր և տխուր։ Կարծես թե խեղճ աղջիկը մտածում էր, թե ավազակի ձեռքից ազատվելուց հետո կրկին ո՛րպիսի վիճակի ենթարկեց նրան դառն ճակատագիրը, կրկին ո՛րպիսի մարդկանց ձեռքը ձգեց։ Բայց նա դրա վրա չէր մտածում, նա քաղցած էր, նա մի քանի օր ոչինչ չէր կերել և սովից նվազել էր։ Ես իսկույն տվեցի նրան մի բան ուտելու, նա կազդուրվեցավ և ժպիտը երեսին ասաց.

— Դուք լավ մարդիկ եք, ես ձեզ մոտ կմնամ՝ դուք ինձ չեք սպանի։

Երբ մութը բոլորովին պատեց, քավոր Պետրոսն ասաց ինձ.

— Մուրադ, այդ աղջիկը ճանաչում է ավազակների բնակարանը, դրան վե՛ր առ քեզ հետ, գնացեք, լուր բերեցեք այն մարդերի մասին։

Ես իսկույն համաձայնվեցա։ Ինձ հետաքրքրում էր ավելի, այն, որ այն օր իմ սպանած մարդու բերանից լսեցի հայերեն խոսքեր։ Ի՞նչ գործ ուներ հայը այդ վայրենի, անմարդաբնակ լեռների մեջ։ Ես վեր առի, բացի տապարից, և մի զույգ ատրճանակներ։ Ամեն ինչ պատրաստ էր, միայն դժվար էր համոզել Նենեին, որ նա առաջնորգեր ինձ մինչև ավազակների բնակարանը։

— Ա՜խ, մի՛ տարեք ինձ այնտեղ... նրանք չար մարդիկ են... ես վախենում եմ...— կրկնում էր նա ողորմելի ձայնով:

— Ինչո ւ ես վախենում, ես քեզ հետ եմ գալիս։

— Դու կսպանես նրանց, այդպես չէ՞։

— Կսպանեմ, եթ՜ե քեզ դիպչելու լինեն։

— Հա՛, սպանի՛ր նրանց... նրանք աստված չունեն...

Նենեն այն օր իր աչքով տեսել էր իմ ձեռքի ուժը։ Նա շուտով համոզվեցավ, որ ես կկատարեմ իմ խոստմունքը։ Երեում էր, որ անբախտ աղջկա մանուկ կուրծքի մեջ բորբոքվում էր խիստ դառն վրեժխնդրություն դեպի այդ չարագործները, և այդ պատճառով, երբ վերջին խոստմունքը լսեց, իսկույն հոժարվեցավ ինձ հետ գալու։

Լուսնյակը լուսավորում էր հազիվ նշմարվող շավիղը, որ տանում էր դեպի ավազակների բնակարանը։ Այդ լեռնային շավիղը տեղ-տեղ կորչում էր խտությամբ աճած խոտաբույսերի մեջ և դարձյալ հայտնվում էր։ Նենեն գնում էր իմ մոտով և համարյա կպած էր իմ կողքին։ Նա իմ աջը բռնել էր իր փոքրիկ ձեռքի մեջ և մի այնպիսի հոգատարությամբ պահում էր, կարծես թե վախենում էր, չիցե թե թողնեմ նրան մենակ, գիշերային մթության մեջ ավազակների բնակարանի մերձակայքում, իսկ ես փախչեմ։

Հանկարծ նա կանգ առեց և, ընդհատելով մեր մեք տիրող լռությունը, ասաց.

— Դու լավ մարդ ես։

— Ի՞նչ գիտես։

— Եթե դու չլինեիր, այն ավազակը ինձ կսպաներ։

— Այդ աստված ազատեց քեզ։

— Նա քեզ ուղարկեց, որ դու ինձ ազատես։

Այդ խոսքերի միջոցին նա իմ ձեռքը տարավ և սեղմեց իր բորբոքված շրթունքի վրա։ Դա նրա լուռ շնորհակալության նշանն էր: Բայց ո՞վ կարող էր նախագուշակել, որ այդ անմեղ աղջիկը, որը իր սրտի բոլոր ջերմությամբ երախտամատույց էր լինում ինձ, որպես իր կյանքի ազատչի, մի օր կլիներ իմ փրկության հրեշտակը...

— Ա՛խ, որքա՜ն հիմար եմ ես, — խոսեց նա հանկարծ մտաբերելով, — ես մինչև հիմա չեմ հարցրել, թե ինչպես է քո անունը։

— Մուրադ։

— Մուրա՛դ, ի՜նչ գեղեցիկ անուն է, ի նչպես հեշտ արտասանվում է։

Մահվան երկյուղը այնքան տիրել էր խեղճ աղջկա սրտին, որ նա ամեն անգամ, երբ մտաբերում էր իր հետ կատարված անցքը, հարցնում էր.

— Մուրադ, դու ինձ չես սպանի, այդպես չէ՞։

— Ես քեզ իմ հոգու պես կպահեմ։

Նա նայեց իմ երեսին, և նրա աչքերը վառվեցան ուրախության բոցով։ Նա գոհ էր, նա ապահով էր։ Անտեր, անխնամ, թափառաշրջիկ, բախտի կամքին թողած որբիկը այժմ մի պաշտպան ուներ։ "

Անտառի խորքից նշմարվեցավ ճրագի աղոտ լույս։

— Տե՛ս, այնտեղ են, — ցույց տվեց Նենեն։

Շավիղը, որ տանում էր դեպի այդ կողմը, բոլորովին անհետացավ մացառների մեջ։ Մենք դժվարությամբ կարողանում էինք առաջ գնալ։ Նենեի առանց դրան ևս քրքրված հագուստը, բռնվելով փշոտ թփերից, պատառոտվում էր։

— Դու այստեղ կսպասես, մինչև ես կվերադառնամ։

— Ո՞ւր ես գնում, — Հարցրեց Նենեն դողդոջուն ձայնով:

— Այնտեղ, որտեղից երևում է ճրագի լույսը։

— Ա՜խ, մի՛ գնացեք այնտեղ... մի՛ մտեք նրանց մոտ...

Նրան միամտացրի, ասելով, թե պետք է հեռվիից միայն նայեմ նրանց բնակարանին և այնքան գաղտնի կերպով, որ ինձ տեսնել չեն կարող։ Նա հանգստացավ։ Երևում էր, որ Նենեն այնքան երկչոտ չէր, որքան ես կարծում էի։ Նա մտածում էր իմ մասին, չիցե թե վտանգի հանդիպեի։ Խե՜ղճ աղջիկ, այն ի՞նչ զգացմունք էր, որ զարթեցրեց նրա մեջ մի այդպիսի կարեկցություն դեպի ինձ։

Նա մնաց թուփերի մեջ, ասելով, թե հեռվից կդիտե ինձ։ Ես ուղղեցի իմ ընթացքը դեպի այն կողմը, ուսկից նշմարվում էր լույսը։ Քառորդ ժամից հետո երևաց մի խրճիթ, որ թաքնված էր ծառերի ու պատատուկների մեջ։ Ամենայն զգուշությամբ, առանց մի թեթև շշուկ անգամ հանելու, մոտեցա։ Նշմարվող լույսը դուրս էր ցոլանում միակ պատուհանից, որ շատ բարձր չէր գետնի մակերևույթից։ Այդ ծակից կարելի էր դյուրությամբ հետազոտել խրճիթի ներսը։ Ի՞նչ եմ տեսնում: Մի քանի ուրախ դեմքեր բոլորել էին ընթրիքի սեղանի շուրջը, ուտում էին ու խմում էին։ Այդ հարբած, մոլեգնած հասարակության աղմուկն ու աղաղակը չէր թողնում մի բառ անգամ որոշել նրանց խոսակցությունից։ Մի քանի րոպե ես ականջ էի դնում, բայց իմ ականջներին չէի հավատում։ Տեր աստված, այդ ի՞նչ բան է։ Իմ ականջին դիպան Խաչատուր, Համբարձում, Մնացական անունները։ Դրանք հայի անուններ էին։ Ես լսում էի հայոց ձայներ, հայոց խոսքեր, իսկ և իսկ այն բարբառով, որպես խոսում էին իմ հայրենիքում...

Ինձ համար դրանց ի՛նչ տեսակ մարդիկ լինելը արդեն պարզված էր։ Շուտով թողեցի խրճիթը ու հեռացա, որովհետև չէի ուզում Նենեին երկար սպասել տալ։ Նրա ուրախությանը չափ չկար, երբ ողջությամբ վերադարձա նրա մոտ: Նա այժմ միամտաբար սկսեց գովել իմ քաջությունը։

— Դու ղոչաղ տղա ես, Մուրադ, — ասաց, — գնացիր նրանց բնակարանի մոտ, ու քեզ ոչինչ չկարողացան անել։

Մենք շտապեցինք քավոր Պետրոսի մոտ։ Նա անհամբերությամբ սպասում էր մեզ։ Ես պատմեցի բոլորը, ինչ որ տեսա, ինչ որ լսեցի խրճիթում։ Նրա խոժոռ դեմքի վրա երեվացին մի տեսակ ցնցումներ, որ արտահայտություն էին նրա սրտի բերկրությանը։

— Դա խաչագողների մի նշանավոր որջ է, — Ասաց նա մի առանձին բավականությամբ։ — Ես այդ մարդիկներին որոնում էի...

Թ

ԽԻՂՃՍ ԶԱՐԹՆՈԻՄ է

Մյուս առավոտ քավոր Պետրոսը ասաց ինձ հետևյալ խոսքերը.

— Մուրադ, ես տեսնում եմ, որ աստված մեզ հետ է. մեր գործը օրըստօրե հաջողություն է խոստանում։ Ես վաղուց որոնում էի այդ մարդիկներին, վերջապես բախտը մեզ հանդիպեցրեց նրանց։ Նրանք խիստ համարձակ և ընդունակ մարդիկ են։ Նրանց ձեռքով կարելի է միլիոններ դիզել։ Գնանք և միանանք նրանց հետ, մենք սիրով կընդունվենք նրանց ընկերության մեջ»

Երևում էր, խոսակցության առարկան խիստ մոտ էր քավոր Պետրոսի սրտին, այդ պատճառով նա այնպես երկար ձգեց իր ճառախոսությունը։ Եվ ես, համոզված լինելով, որ նա ամեն բանի մեջ իմ բարին է ցանկանում, ընդունեցի նրա առաջարկությունը։

— Բայց մեկ դժվարություն կա, — Ասաց նա։

— Ի՞նչ դժվարություն։

— Այդ աղջիկը...

Նա ցույց տվեց Նենեի վրա, որը դեռ քնած էր։

— Նա ինչո՞վ կարող է արգելք լինել մեզ։

— Ամեն բանով։

— Ես չեմ հասկանում։

— Ուրեմն լսի՛ր։ Այդ աղջկա կյանքը ազատելու համար դու սպանեցիր այն մարդուն, որը հիշյալ ընկերության անդամ էր։ Այժմ մենք ցանկանում ենք նրանց հետ միանալ, մտածի՛ր, նրանք կարո՞ղ են վստահություն ունենալ դեպի մեր հավատարմությունը։

Ես ոչինչ չգտա պատասխանելու։ Նա շարունակեց,

— Մենք ինչպե՞ս կարող ենք այսօր միանալ նրանց հետ, երբ երեկ սպանել ենք նրանց ընկերներից մեկին։

— Մենք կարող ենք այդ սպանությունը թաքցնել։

— Այո՛, կարող ենք այդ սպանությունը թաքցնել։ Բայց քանի որ աղջիկը մեզ հետ կլինի, թաքցնել չենք կարող։ Բացի դրանից, այդ աղջկա մասին նրանք կասկած ունեին, թե կմատնե իրանց, և այդ պատճառով վճռեցին նրա մահը։ Աղջիկը դեռ կենդանի է, ուրեմն նրանց կասկածը կմնա դարձյալ կասկած։ Իսկ երբ մենք կմիանանք նրանց ընկերության հետ, և այդ աղջկան մեզ հետ կտեսնեն, արդյոք մեր անձը չե՞նք ենթարկի նույն կասկածանքին, որ նրանք ունեին այդ աղջկա մասին։

— Մենք կարող ենք աղջկան մեզ հետ չունենալ, այլ բաց թողնել, ուր որ ուզում է, թող գնա։

Քավոր Պետրոսը, որ ոչ մեկ խոսքի առջև կանգ չէր առնի, լռեց, մտածության մեջ ընկավ։ Ես չէի հասկանում, թե ինչո՞ւ նա այսպես սատանայաբար ոլորում էր, քաշքշում էր իր բացատրությունները, առանց իր վերջնական միտքը հայտնելու։ Ի՞նչ երկյուղ ուներ ինձանից։ Վերջապես փոքր առ փոքր հայտնեց նա իր միտքը։

— Դու ասում ես, որ մենք կարող ենք աղջկան բաց թողնել, ուր որ ուզում է, թող գնա, բայց այդ անկարելի է։ Ցիգանուհին երբեք չի մոռանա վիրավորանքը և իրան հասցրած անպատվությունը։ Այդ մարդիկը, որպես քեզ հայտնի է, անպատվել են այդ աղջկան և մինչև անգամ պատրաստվել են սպանել նրան։ Այդ բոլորը չի մոռանալ նա և պետք է վրեժխնդիր լինի, պետք է մատնե նրանց։ Իսկ մատնելով նրանց, կմատնվենք և մենք, որովհետև նրանց խումբի մեջ կլինենք, որովհետև կամենում ենք ընկերանալ նրանց հետ։

— Ուրեմն ի՞նչ պետք է արած։

— Պետք է անել այն, ինչ որ նրանք էին կամենում անել:

— Սպանե՞լ...

— Այո , սպանել։

Առաջին անգամն էր, որ քավոր Պետրոսի խոսքը ոչ միայն վատ տպավորություն գործեց իմ վրա, այլ կատաղության չափ գրգռեց իմ բարկությունը։ Ես գոչեցի.

— Սպանել նրա՞ն, որի կյանքը ազատել ես, դա խղճի և ազնվության հակառակ բան է։

Մի դառն, արհամարհական ժպիտ երևաց նրա գերեզմանի պես սառն դեմքի վրա։

— Խղճմտա՜նք... ազնվությո՜ւն....— Բացականչեց նա, — Ի՜նչ գեղեցիկ խոսքեր են, բայց նույնքան դատարկ, որքան ինքը հիմարությունը։

— Ինչո՞ւ:

Այդ հարցին պատասխանելու ժամանակ նա իր ձայնը մեղմացրեց։

— Դու դեռ տղա ես, Մուրադ, և աշխարհը չես ճանաչում։ Մարդ չէ կարող խղճմտանք և ազնվություն ունենալ այնպիսի ժամանակներում, երբ ամբողջ մթնոլորտը, որի մեջ ապրում է նա, վարակված է անբարոյականությամբ։ Եթե նա այնքան հիմար կլինի, որ կցանկանա ազնիվ լինել, անտարակույս, ինքը իրան դժբախտության կդատապարտե։ Այսպիսի հանգամանքներում մարդ պետք է խղճմտանք և ազնվություն ունենա դեպի իր անձը միայն և դեպի նրա բարօրությունը։ Իսկ երբ մի ուրիշը արգելք է լինում իր բարօրությանը, պետք է ոչնչացնել նրան, որ ինքը կարողանա ապրել, և լա՛վ ապրել:

Ես պատասխանեցի նրան կրոնական փաստերով.

— Դա աստծուն ընդդեմ է, դա մեղք է, դա քրիստոնյայի գործ չէ։

— Ինչպես կամենում ես համարիր, բայց դժբախտաբար այդպես է։ Ես ճանաչում եմ միայն կյանքը և նրա պայմանները։ Եթե մի ծառ արմատախիլ չանես, նրա տեղը մի ուրիշը տնկել չես կարող։ Բոլոր աշխարհը այդ բնական օրենքին է հետևում, մինը մյուսին ոչնչացնում է, սպառում է, կլանում է, որ իր գոյությունը պահպանե։ Դա կյանքի կռիվն է և երբեք չի դադարի, քանի որ տևում է կյանքը։

Ես չհակառակեցի քավոր Պետրոսի այդ օտարոտի վարդապետություններին, որոնք ինձ բոլորովին անհասկանալի էին. ես միայն ցավում էի Նենեի վրա, այդ պատճառով հարցրի.

— Ինչո՞վ է մեղավոր այդ խեղճ աղջիկը, որ զոհ գնա մեր զանազան սատանայական մեքենայություններին։

— Ոչնչով մեղավոր չէ, — պատասխանեց նա։ — Բայց նա պետք է զոհվի, որ մենք ապահով լինենք։

Համոզված լինելով, որ երբեք չէ կարելի փոխել նրա երկաթե կամքը, ես ստիպվեցա կեղծել, ստիպվեցա խաբել նրան։ Իմ ընդդիմադրությունը կարող էր ավելի վատ հետևանքի հասցնել։ նա պատրաստ էր թե՛ ինձ և թե Նենեին սպանել, որ փարատվի իր կասկածանքը, որ հաստատ կերպով կարողանա սկսել այն գործը, որից միլիոններ էր սպասում։

Ես համաձայնություն ցույց տվի:

— Ուրեմն տար աղջկան և հենց այս առավոտ մի տեղում ամփոփ ի՛ր...

Արևը դեռ նոր էր արձակել իր առաջին ճառագայթները, թռչունները ուրախ-ուրախ ճկճկում էին. ամեն տեղ զարթնում էր կյանքը իր նոր, սքանչելի զվարճությամբ։ Իսկ ինձ հրամայում էին կարճել մի անմեղ արարածի կյանքը...

Ես մոտեցա Նենեին։ Նա դեռ քնած էր սայլակի վրա։ Ի՜նչպես քաղցր և հանդարտ քնել էր նա։ Ինձ խիստ դառն էր խռովել դեռահաս կույսի հանգստությունը։ Ո՞վ գիտե ո՛րպիսի երազներ հրապուրում էին նրան։ Նա ժպտում էր, նրա մարջանի պես կարմիր շրթունքները շարժվում էին։ Գուցե նա այդ րոպեում համբուրում էր մեկին, որին սիրում էր։ Երբեմն արձակում էր ինձ անհասկանալի բառեր։ Մեկի հետ խոսում էր նա։ Ո՞վ գիտե, գուցե խոսում էր հենց իր ծնողների հետ, որոնց կորցրել էր։ Նա իր թևիկները տարածեց, երևի գրկում էր նրան, և ահա նրա դեմքը պայծառացավ ուրախությա՛ն լույսով...

Երկար զմայլված նայում էի նրա վրա։ Կիսամերկ կուրծքը խիստ մեղմ կերպով բարձրանում և իջնում էր։ Շնչառությունը խաղաղ էր։ Հանկարծ նրան տիրեց մի տեսակ խռովություն։

Երեսի վրա երևացին զայրացած ցնցումներ։ «Հեռո՜ւ, անիծյալ»...— գոչեց նա և վեր թռավ տեղից։

— Ա՜խ, դարձյալ այն ավազակը...— Բացականչեց նա ցավալի ձայնով, սկսեց երկչոտ աչքերով նայել իր շուրջը։

Երբ տեսավ ինձ իր մոտ կանգնած, հանգստացավ։

— Ի՞նչ եղավ այն ավազակը, — Հարցրեց ինձանից։

— Ո՞ր ավազակը։

— Այն, որ սպանում էր ինձ:

— Դու երազի մեջ ես տեսել նրան, Նենե։

Խեղճ աղջկա երևակայությունից չէր հեռանում չարագործի պատկերը, որը մի օր առաջ փորձում էր սպանել նրան։ Բայց նա չգիտեր, որ այժմ կանգնած էր իր մոտ մի ուրիշ չարագործ, որին պատվիրել էին նույն դահճի դերը կատարել։

— Դու այստեղ ես, ես էլ չեմ վախենա, — Ասում էր նա, իր մտերմությամբ լի աչքերը դարձնելով դեպի ինձ։

Որքա՜ն կրակ կար այդ աչքերի մեջ, որքա՜ն խոր թափանցում էր նրանց փայլը իմ սրտի մեջ։

Մտածելով, որ մեր համեցողությունը կարող էր շարժել քավոր Պետրոսի կասկածը, ես հրավիրեցի Նենեին ինձ հետ գնալ անտառը առավոտյան զբոսանքի համար։ Նա հրաժարվեցավ, ասելով

— Չէ, անտառ չգնանք։

Նա վախենում էր հանդիպել ավազակներին։ Ես հանգըստացրի նրան, ասելով.

— Շատ հեռու չենք գնա, և ոչ քեզ այն ավազակների կողմը կտանեմ։

Նա համաձայնեցավ։

Գեղեցի՜կ էր այն առավոտը։ Ո՛րքան ախորժ ազդում էր հովասուն օդի թարմությունը, խնկարկված բյուրավոր ծաղիկների անուշահոտությամբ։ Ի՜նչպես ուրախ երգում էին անհոգ թռչունները և ո՜րքան ծիծաղկոտ փայլում էին արեգակի աոաջին ճառագայթները ցողազարդ տերևների վրա։ Ամեն ինչ սքանչելի էր, ամեն ինչ խորին, անսահման բերկրությամբ զվարճանում էր բնության սրբազան տաճարի մեջ: Տխուր էր միայն իմ սիրտը...

Նենեն շուտով նկատեց այդ, և երբ փոքր-ինչ հեռացանք մեր իջևանից, հարցրեց նա.

— Դու սիրո՞ւմ ես ծաղիկներ։

— Սիրում եմ։

— Ես քեզ համար մի լավ փունջ կպատրաստեմ, ես իմանում եմ գեղեցիկ փունջեր շինել։ Իմ հայրը մի ժամանակ մի պարտիզպանից գնում էր մեծ քանակությամբ զանազան տեսակ ծաղիկներ, ես փունջեր էի պատրաստում , ածում էի զամբյուղի մեջ, և, փողոցներում ման ածելով, վաճառում էի։

Ես ժամանակ չունեի պատասխանելու Նենեի այս տեսակ քնքշություններին, ինձ զբաղեցնում էր այն միտքը, թե ի՞նչ պետք է անել խեղճ աղջկա հետ։

— Նենե, — Հարցրի նրանից, — Այդ անտառում բնակիչներ կա՞ն։

— Այն ավազակները...

— Բավական հեռավորության վրա գտնվում է մի փոքրիկ գյուղ։

— Իսկ մոտի՞կ տեղերում։

— Մի տնակ կա, ուղիղ ծովի ափի մոտ։

— Ովքե՞ր են բնակվում տնակի մեջ։

— Երկու հոգի միայն, մի ալևոր մարդ և մի պառավ կին։

— Ինչպիսի մարդիկ են։

— Բարի ձկնորսներ են։

— Քեզ ճանաչո՞ւմ են։

— Ճանաչում են։ Ամեն անգամ, երբ պատահում էր ինձ մտնել նրանց տնակը, կերակրում էին ինձ, հագուստ էին տալիս։

— Կարո՞ղ ես ինձ տանել այնտեղ։

— Կարող եմ։

Մինչև ձկնորսի տնակը հասնելը, ես ընկղմված էի խառն մտածությունների մեջ։ Նենեին սպանելու մտքից շատ հեռու էի։ Այժմ նրա կյանքը նույնքան թանկագին էր ինձ համար, որքան իմը։ Բայց ինձ համար անհասկանալի էր մի բան, թե այդ ի՞նչ փոփոխություն էր, որ կատարվեցավ իմ մեջ։ Ինչո՞ւ իմ ձեռքերը այս անգամ դողում էին արյունոտ գործում: Ո՞վ մեղմացրեց իմ բնավորության վայրենությունը։ Մի՞թե կնոջ շնչի կախարդական ազդեցությունը զարթեցրեց իմ մեջ քնած խիղճը։ Այդ բոլորը դեռ անորոշ մթության մեջ էր ինձ համար։ Միայն ես զգում էի մի բան՝ զգում էի, որ իմ սիրտը կապված էր այդ անբախտ աղջկա հետ։ Արդյոք սիրո՞ւմ էի նրան։ Ո՛չ։ Իմ զգացմունքը ավելի ցավակցական էր, ավելի բխում էր կարեկցությունից դեպի նրա թշվառ վիճակը։ Նենեն որբ էր, Նենեն անտեր էր, Նենեին ես ազատեցի մահից, և մի ներքին ձայն ասում էր ինձ, որ պետք է շարունակեմ նրա պաշտպանը լինել։

Մյուս կողմից, ես այժմ զգում էի մի տեսակ ատելություն դեպի քավոր Պետրոսը։ Կարծես Նենեն խլեց իմ աչքերից այն դյութական քողը, որ մինչև այսօր թույլ չէր տալիս ինձ նկատել այդ հրեշավոր մարդու բարոյական այլանդակությունը: Ոչինչ չէր կարող այնպես համոզիչ կերպով բացատրել ինձ նրա բարբարոսությունը, որպես այն խոսքը, որով հրամայեց ինձ սպանել Նենեին։ «Դրանից լավ առիթ գտնել չեմ կարող, — Մտածում էի ես, — կվեր առնեմ Նենեին, կհեռանամ և կազատվեմ այդ չարագործից...

Բայց իսկույն երևան էին գալիս աղքատ մայրս, քույրերս և վերջապես իմ նազելի Սառան։ Դրանք սպասում էին իմ լիք քսակով վերադարձին։ Իսկ իմ վաստակած բոլոր արծաթը քավոր Պետրոսի մոտ էր գտնվում։ Բաժանվելով նրանից, պետք է կորցնեի իմ ամբողջ հարստությունը։ Ինչպե՞ս թողնեի, ինչպե՞ս հեռանայի նրանից։ Շահասիրությունը և այդ դեպքում կուրացրեց ինձ... ես մնացի անվճռականության մեջ...

Այդ բոլոր խորհրդածությունների մթությունից իմ մտքում պարզվեցավ մի բան, որ ես որոշեցի անպատճառ բաժանվել քավոր Պետրոսից։ Բայց մտածեցի, թե նախ պետք է Նենեին հանձնել ձկնորսին պահելու համար, եթե կգտնեմ նրան այնպիսի բարի մարդ, որպես պատմում էր Նենեն։ Իսկ հետո կաշխատեմ մի կերպով քավոր Պետրոսի ձեռքից դուրս բերել իմ արծաթը, որ նա ոչինչ չհասկանա։ Երբ այդ կատարված կլինի, այն ժամանակ կառնեմ Նենեին, կհեռանամ մի օտար աշխարհ և այնտեղ նրա կյանքը ապահով վիճակի մեջ կդնեմ։ Բայց ես չգիտեի, արդյոք Նենեն կհամաձայնե՞ր մնալ ձկնորսի տնակում և սպասել ինձ, մինչև ես քավոր Պետրոսի հետ հաշիվներս վերջացնեի։ Նրան փորձելու համար ասացի.

— Նենե, մենք ուրիշ տեղ պիտի գնանք, դու չես կարող միշտ մեզ մոտ մնալ։ Հիմա ես քեզ ազատ եմ թողնում, ուր որ ուզում ես, գնա ։

— Ես քեզանից չեմ բաժանվի։

— Ինչո՞ւ։

— Ես հիմա շատ եմ վախենում։

— Առաջ չէի՞ր վախենում։

— Չէի վախենում նրա համար, որ չէի իմանում, որ մարդիկ այդքան վատ են լինում...

Նա ակնարկում էր իրան չարչարող ավազակների վրա։

— Կարելի է ես էլ վատ եմ։

— Դու լավ մարդ ես. ես քեզանից չեմ վախենում։

— Ես հեռու երկիր պիտի գնամ։

— Ուր որ գնաս, կգամ քեզ հետ։

— Բայց եթե մնա՞մ այստեղ։

— Ես էլ կմնամ քեզ մոտ։

— Մենք տուն չունենք։

— Այդ անտառի մեջ մեզ համար մի խրճիթ կշինենք, նրա մեջ կապրենք։

Նա դարձյալ հիշեց ավազակներին և խոսքը փոխեց,

—Չէ , հեռու, այստեղից շատ հեռու գնանք:

Խե՜ղճ աղջիկ, ի՞նչ էր, որ նրան այդպես կապեց ինձ հետ, արդյոք սե՞րը, արդյոք երախտագիտական զգացմո՞ւնքը, որ ես նրա կյանքը ազատեցի մահից։ Այդ հարցերը քննելու համար ես ո՜չ միջոց ունեի և ոչ ժամանակ։ Ես միայն մտածում էի Նենեի կյանքը գոնե առժամանակ ապահով վիճակի մեջ դնել, մինչև քավոր Պետրոսի հետ գործերս վերջացնեի։ Ինձ հրամայված էր սպանել նրան, եթե ես այդ հրամանը չկատարեի, անտարակույս կկատարեր նա, որ հրամայեց ինձ։ Աղջիկը չէր կարող ազատվել քավոր Պետրոսի գազանությունից, եթե նա հասկանար, որ տակավին կենդանի է մնացել նա։

Մենք այժմ գտնվում էինք լեռնային բարձրության վրա։ Մեր առջև բացվեցավ անսահման մուգ-արծաթափայլ տարածություն ծովը։

— Հիմա մոտեցանք ձկնորսի տնակին, — Ասաց Նենեն:

— Քեզ կտանեմ նրա խրճիթը։

— Ես այնտեղ մենակ չեմ մնա։

— Ես շուտ-շուտ քեզ մոտ կգամ։

— Ամեն օր, հա՞։

— Հա , ամեն օր։

Մենք պետք է իջնեինք լեռնային զառիվայրը, որ տանում էր դեպի ծովեզրը։ Անտառը այստեղ վերջանում էր, սկսվում էին մանր թփեր միայն։ Այդ թփերի մեջ թաքնված էր ձկնորսի խրճիթը, ոչ այնքան հեռու ծովի ափից։ Այդ մենավոր խրճիթի մեջ բնակվում էր այն գաղտնածածուկ մարդը, որի մասին շրջակայքում ոչինչ տեղեկություն չունեին, թե ո վ է նա, ո՞րտեղից է եկել, կամ ի՞նչ մարդ է։

Ես գտա նրան իր պառավի հետ այնպես բարի, որպես պատմել էր Նենեն։ Նրանք խիստ սիրով ընդունեցին իմ առաջարկությունը, մանավանդ երբ պատմեցի անբախտ աղջկա աղետալի անցքը։

— Որդի չունենք, աստված մեզ որդի ուղարկեց, — Ասաց ծերունին, — կպահենք մեզ մոտ, կսնուցանենք, գուցե մի ժամանակ բախտավոր կլինի նա։

Ես շտապում էի, գիտեի, որ քավոր Պետրոսը որպիսի անհամբերությամբ սպասելիս կլիներ ինձ։ Ես առաջարկեցի ձըկնորսին իմ ոսկով լի քսակը, բայց նա հրաժարվեցավ ընդունելուց։ Երբ պատրաստվում էի հեռանալ, Նենեն հարցրեց,

— Ե՞րբ կգաս։

—Շուտ կգամ։ Բայց դու այդ խրճիթից չպիտի հեռանաս։

— Երբ դու ինձ հետ չես լինի, ես ոչ մի տեղ չեմ գնա։

Բաժանման րոպեն խիստ զգալի եղավ: Նենեն չկարողացավ զսպել իր կրքերը։ Նա քաշ ընկավ իմ պարանոցից, արտասուքը հեղեղի նման թափվում էր նրա աչքերից, և սրտաշարժ հեկեկանքով ասում էր. «Մի՛ գնա, ինձ մենակ մի թողնիր» ...

Ձկնորսը և նրա պառավը հազիվ կարողացան հանգստացնել նրան։ Ես դարձյալ խոստացա, որ նրան մենակ չեմ թողնի և ամեն օր կայցելեմ ձկնորսի խրճիթը։ Ես բաժանվեցա։

Գալով քավոր Պետրոսի մոտ, նրա առաջին հարցը եղավ,

— Ինչ արեցիր։

— Սպանեցի։

— Իսկ դիա՞կը։

— Ձգեցի ծովը։

Բովանդակություն   Ներածություն   Մաս I   Մաս II   Մաս III   Մաս IV

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Րաֆֆի — «Խաչագողի հիշատակարանը»
«ԱՐԵՎԻԿ», Երևան,1989թ.

Տրամադրել է՝ Վահան, Վարդան և Անատոլի Պապոյաններ
Scanned: Վահան և Վարդան Պապոյաններ
OCR: Վահան և Վարդան Պապոյաններ
Ուղղագրում՝ Անատոլի Պապոյան, Աննա Վրթանեսյան

Տես նաև

«Խամսայի մելիքություններ» ժամանակագրությունը (ռուսերեն )

Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice