ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Րաֆֆի

ԽԱՉԱԳՈՂԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԸ


Բովանդակություն   Ներածություն   Մաս I   Մաս II   Մաս III   Մաս IV


ՉՈՐՐՈՐԴ ՄԱՍ

Ա

ԱՎԱԶԱԿԱՊԵՏԻ ՊԱՏՄՈԻԹՅՈԻՆԸ ԱՌԱՋԻՆ ԳԻՇԵՐ

Անցել էր երեք տարի այն օրից, որ ես աքսորվեցա։ Այժմ բավական ընտելացել էի դատապարտյալի տաժանական կյանքին, բավական տանելի էր դարձել ինձ ծանր աշխատությունը հանքերի մեջ, բավական սովորել էի այնտեղի կերակրին և կեցությանը խոնավ, մթին կացարանների մեջ։

Աշխարհից կտրված, կյանքի վայելչություններից զրկված դատապարտյալը իր շրջանի մեջ ոչինչ բավականություն չէ գտնում: Այստեղ ամեն մարդ ակամայից է գործում, որովհետև իր համար չէ գործում։ Ուր չկա շահ և շահերի միություն, շատ բնական է, որ այնտեղ չէ կարող կազմվել ընկերական կյանք, սեր և միաբանություն։ Եվ գուցե այդ է պատճառը, որ այն ահագին խառնիճաղանջ բազմության մեջ մարդ չէ կարող գտնել մի լավ բարեկամ, մի լավ ընկեր։

Միակ բանը, որ երբեմն մոտեցնում է այդ թշվառներին և կապում է միմյանց հետ, է նրանց վիճակի միանմանությունը։ Դժբախտության մեջ մարդը իր նման ընկեր է գտնում։ Ես գտա մի այսպիսի ընկեր, որի հետ բաժանում էինք մեր վշտերը։

Այդ երիտասարդը հենց առաջին անգամից գրավեց իմ ուշադրությունը, քանի դեռ նրա հետ ծանոթացած չէի։ Նա մի բարեկազմ տղամարդ էր, բարձրահասակ, որի երեսի փոքրինչ խոշոր գծագրությունը տալիս էր դեմքին խիստ այրական բնավորություն։

Ես շատ էի հետաքրքրվում, թե ի՞նչ հանցանքի համար աքսորված էր նա։ Բայց նա իր մասին ոչինչ չէր խոսում, և միշտ տխրությունը պատում էր նրա դեմքը, երբ խոսքը վերաբերում էր իր անձին։ Ինձ ասացին, թե նա եղել է մի նշանավոր ավազակապետ։ Հենց որ այդ իմացա, սկզբում իմ մեջ ծագեց սաստիկ հակակրություն դեպի այդ մարդը։ Ավազակը իր գործունեությամբ շատ չէ զանազանվում խաչագողներից։ Իսկ խաչագողներին ես ատում էի։ Բայց իմ հակակրությունը հետզհետե անհետացավ, երբ ավելի մոտ ծանոթացա նրա հետ։

Ավազակապետը բնիկ պարսկաստանցի էր, Ատրպատականի կողմերից։ Հայրենակցությունը առաջին բարեկամական կապը եղավ իմ և նրա մեջ։ Բայց երբ իմացա, որ նա ազգով հայ էր, բոլորովին կապվեցա նրա հետ։

Մի գիշեր, երբ երկար թախանձեցի նրան, հոժարացավ հաղորդել ինձ իր կյանքի պատմությունը։ նա սկսեց այսպես.

«Ինձ կոչում են Ջալլադ. դա իմ իսկական անունը չէ. դա իմ մականունն է, որ նշանակում է դահիճ։ Այդ մականունը ստացա ես ոչ թե նրա համար, որ դահճի պաշտոն եմ կատարել, այլ նրա համար, որ շատ արյուն եմ թափել, բայց ոչ անմեղ արյուն... Իմ հայրը Ղարաբաղ գավառի հայ մելիքի տնտեսն էր*: Մելիքը չափազանց հավատարմություն ուներ դեպի նա և համարյա իր տնտեսական բոլոր գործերը հանձնել էր նրան։ Մելիքը, միշտ պարսից խաների հետ կյանք վարելով, ընդունել էր նրանց շատ սովորությունները։ նրա ընտանեկան կյանքը, բարքը, վարքը կատարյալ պարսկական էր, պակաս էր, հարեմը միայն, պակաս էին սևամորթ ստրուկներ և ներքինի ծառաներ, որ նրա տունը մահմեդական ընտանիքի ճիշտ կերպարանքը ստանար։

——————————————
* Ղարադաղը պատմական Հայաստանի Փայտակարան նահանգն է, գտնվում է Ղարաբաղի հանդեպ՝ Երասխ գետի մյուս ափում։ Չալաբեանցիների արշավանքից առաջ երկրի ազգաբնակչության մեծամասնությունը կազմել են հայերը, սակայն վերջիններիս դաժան հարստահարության հետևանքով տեղաբնիկները գաղթել են Ղարաբաղ և Թավրիզ:
Մելիք կամ մալիք, արաբերեն բառ Է, նշանակում Է տեր, իշխան, թագավոր։ Հայ մելիքության շրջանում այդ բառը կորցրել Էր իր նախնական իմաստը և նշանակում էր մելիքություն՝ գավառ, և մելիք գավառապետ։ Մելիքները նշանակվում էին պարսից կառավարողների կողմից և ապա դաոնում ժառանգական։ Ժառանգորդը կոչվում Էր մելիքզադե։ Այդպես է առաջացել նաև Րաֆֆու Մելիքզադե անունը։ Մելիքներն ունեին վարչական, զինվորական, դատական ու ոստիկանական իրավունքներ, նրանց իշխանությունը ենթակա էր պարսից շահին ու Երևանի խանին։

——————————————

Շատ անգամ պատահում էր, որ հայրս մի որևիցե բան էր գնում մելիքի տան համար և տալիս էր ինձ տանել այնտեղ։ Ես ավելի ուրախությամբ էի կատարում հորս պատվերը, երբ մի բան պետք էր տանել մելիքի կանանոցը։ Ամեն անգամ, այնտեղ մտնելու ժամանակ, մելիքի աղջիկները, աղախինները շրջապատում էին ինձ, «ի՞նչ ես բերել», հարցնում էին և, ամեն կողմից վրա պրծնելով, սկսում էին խլխլել իմ տարած փարչաները։ Իսկ երբ իմ տարած բաները աղջիկներին չէին պատկանում, նրանք հանաքներ էին անում, ծիծաղում էին իմ վրա, ջիգրացնում էին ինձ, իսկ ես, ամոթից քրտնած, կարմրած, հեռանում էի նրանցից։ Ես թեև արդեն հասակ առած պատանի էի, բայց ինձանից չէին քաշվում, ինձ վրա նայում էին որպես տան տղայի վրա։

Մելիքը, մահմեդականների սովորությանը հետևելով, ուներ մի քանի կնիկներ։ Նրա առաջին կնիկը մեռած էր, որից մնացել էր մի աղջիկ միայն, որին կոչում էին Սանամ։ Խորթ մայրերը, որպես սովորաբար լինում է, վատ էին վարվում Սանամի հետ և շատ բաներում խտրություն էին դնում նրա և իրանց զավակների մեջ։ Սանամը զրկված էր մայրական սերից, զրկված էր առհասարակ ընտանեկան քաղցրությունից։ Ես շատ անգամ հանդիպում էի նրան արտասուքը աչքերում, բայց նա ինձ ոչինչ չէր ասում, նա վաղուց սովորել էր իր վշտերը թաքցնել իր սրտում։ Հայրը, զբաղված լինելով իր գործերով, նրա վրա ուշադրություն չէր դարձնում։ Պատահում էր, երբ աղջիկների հագուստի համար զանազան թանկագին ճոթեր էի տանում, երբ Սանամը բաժին չէր ստանում, նա իսկույն լռությամբ հեռանում էր, առանձնանում էր մի տեղ և անձնատուր էր լինում խորին տխրության։

Այսպիսի դեպքերը, որ պատահում էին ոչ սակավ անգամ, վիրավորում էին Սանամի սիրտը. նա վշտանում էր ոչ թե այն պատճառով, որ նա զրկվում էր այն զվարճություններից, որ վայելում էին նրա մյուս քույրերը, ո՛չ, Սանամը այդ մասին շատ հպարտ էր, այլ նա վիրավորվում էր գլխավորապես նրա համար, որ խտրություն էին դնում նրա և մյուսների մեջ և անդադար հիշեցնում էին, թե՝ «դու անբախտ ես, որովհետե, մայր չունես»։

Այդ հանգամանքները ծնեցին իմ մեջ մի ջերմ կարեկցություն դեպի դժբախտ աղջկա վիճակը։

Անցան տարիներ, Սանամն արդեն հասունացած օրիորդ էր դարձել, իսկ ես նորահաս երիտասարդ էի։ Այդ հասակում մարդիկ ամեն բան հասկանում են։

Մի անգամ, երբ մոտենում էր զատկի տոնը, մելիքի աղջիկները կարել էին տալիս իրանց համար նոր հագուստներ։ Սանամի համար նույնպես ձևել էին տվել, բայց նա ամենևին չէր շտապում, որ շուտով կարվեն և զատկվա համար պատրաստ լինեն։ Ես հարցրի պատճառը, նա պատասխանեց.

— Ի՞նչ կանեմ կարմիր շապիկը, երբ սիրտս միշտ սև ու սև է հագած...

Նա այլևս չխոսեց և հեռացավ։

Ես նկատեցի, որ Սանամը այժմ չէր տանջվում այն ցավով, որ երեխայության ժամանակ շատ անգամ արտասուք էին թորեցնում նրա աչքերից։ Այժմ նրա տանջանքը բոլորովին հոգեկան էր...

Սանամը մի առանձին մտերմություն չուներ դեպի ինձ. նա նայում էր ինձ վրա որպես իր հոր տանը մեծացած սպասավորի վրա։ Որքան էլ ճնշված լիներ նրա դրությունը, այսուամենայնիվ, նա մելիքի աղջիկ էր, իսկ ես՝ նրա հոր մոտ ծառայողի որդին։ Ես շատ էի աշխատում շոշափել նրա սրտի խորքերը, բայց նա այնքան ծածկամիտ էր, որ երբեք իր սիրտը չէր բաց անում ինձ մոտ։ Նա միայն համարում էր ինձ մի երիտասարդ, որ իր բոլոր շրջապատողներից ավելի համակրություն ուներ դեպի նա, և որին պատահած ժամանակ կարող էր հավատալ և ասել նրան մի քանի խոսքեր։

Մի անգամ գտա նրան սարսափելի խռովության մեջ. կարծես թե սպանված լիներ հուսահատությունից։ Նա դարձավ դեպի ինձ այդ խոսքերով.

— Աղաչում եմ քեզ, գնի՛ր ինձ համար մի կտոր աֆիոն, դա կլինի իմ աոաջին և վերջին խնդիրը քեզանից։

Իսկույն հասկացա նրա միտքը։

— Ի՞նչ կա, ի՞նչ է պատահել, — հարցրի ես ոչ սակավ զարհուրելով։

Նա ուշադրություն չդարձրեց իմ հարցերի վրա և կրկնեց իր խնդիրը ավելի հրամայական ձայնով.

— Քո գիտենալու բան չէ... գնա՛, գնի՛ր, ինչ որ ասում են քեզ... հենց այսօր, հենց այս րոպեիս... գնա՛, մի ուշացի՛ր...

Ես դուրս եկա Սանամի սենյակից, նրան այն հույսի մեջ թողնելով, թե կկատարեմ նրա խնդիրքը։ Բակում ինձ հանդիպեց մելիքի վաղեմի ձիապանը, մի ծերունի, որ ծառայում էր այդ տան մեջ նրա հոր ժամանակներից։ Ծերունին, չլսելով, որ ես կանչեցի նրան, շարունակեց իր դանդաղ քայլերը և մտավ ախոռատունը։ Ես հետևեցի նրան, պատմեցի, թե ինչ դրության մեջ գտա Սանամին։

— Ամեն բան տակնուվրա եղավ...— ասաց նա ինքն իրան խոսելով, — էլ ի՞նչ մնաց... ամեն բան կորավ... մնացել էր մեր սուրբ հավատը, այն էլ կորավ...

— Ի՞նչ է պատահել, — հարցրի ես, ոչինչ չհասկանալով նրա մթին խոսքերից։

— Ի՞նչ է պատահել, — կրկնեց նա գլուխը շարժելով, բայց այդ միջոցին ոսկեգույն նժույգներից մեկը, տեսնելով իր ծերունի խնամատարին, սկսեց ուրախությամբ խրխնջալ և առջևի սմբակները հատակին զարկել։ Նա դարձավ դեպի նժույգը, ասելով. «Սարի, խելոք կաց»։ Սարին փոքր-ինչ հանգստացավ, և նա կրկին դիմեց ինձ՝ դարձյալ նժույգի վրա խոսելով.

— Հինգ տարուց ավելի է, որ աշխատում եմ այդ անզգամին խելքի բերել, բայց դա հենց էն գիժն է ու էն գիժը։

Ծերունի Թունին սաստիկ սիրում էր իր ձիաների մեջ կարգ պահպանել և մանավանդ ներել չէր կարող, երբ նրանք, մի այլ մարդու ներկայությամբ, չէին հետևում համեստության կանոնների։ Նա պատրաստվում էր ավելի երկար բացատրություններ տալ իր կարգապահության մասին, բայց իմ համբերությունը հատավ, ես կրկին հարցրի,

— Դու այն ասա՛, ի՞նչ է պատահել»

— Էլ ի՞նչ լինի... ամեն բան փչացավ... ամեն բան ծուռն է գնում...

Նժույգը դարձյալ ընդհատեց նրա խոսքը։ «Սարի, սատանայի ծնունդ, քեզ եմ ասում, խելոք կաց»։

Նա, մոռանալով իմ հարցմունքը, մոտեցավ Սարիին, սկըսեց հայրաբար փայփայել նրա գեղեցիկ բաշը և նորից խրատներ կարդալ» Նժույգը լսեց նրա խրատները, հանգստացավ, իսկ ծերունին եկավ, կրկին նստեց իմ մոտ։

— Անցա՜ն, գնացին հին ժամանակները, — խոսեց նա խորին կերպով հոգվոց հանելով.— լինում էր, շատ անգամ հանգուցյալ մելիքը մտնում էր այստեղ, ձիաները մեկը մյուսի կողքին շարված էին հիսունի չափ, չաղ, սիրուն, կասես թե ամեն մեկը մի ռաշխ լիներ։ Հանգուցյալի սիրտը փառավորվում էր, ձեռքով զարկում էր իմ քամակին, «Շա՜տ ապրես, ասում էր, Թունի, ձիաները լավ ես պահել»... ու այն րոպեում հանում էր իր հագիցը կաբան, ինձ խալաթ էր տալիս։ Բայց հիմա… ոչ այն մելիքը կա և ոչ այն ձիաները... Բոլորը պստիկ մելիքը ընծայեց պարսիկ խաներին... Բայց առա՞ջ... պարսիկ խաներն էին մեզ ձիաներ փեշքաշ անում, որ հանգուցյալ մելիքը նրանց հոգին չհաներ... տերևի նման դողդողում էին, երբ նրա շվաքն էին տեսնում։

Մելիքների տան վաղեմի փառքի հիշատակը և նրա թուլանալը ներկա մելիքի օրերում այն աստիճան ցավերով լըցրին բարեսիրտ ծերունու սիրտը, որ նա, կարծես, բոլորովին չէր նկատում իմ ներկայությունը և իսպառ մոռացավ այն հարցը, որով ես մի քանի անգամ դիմեցի նրան» Ես դարձյալ հարցրի.

— Ես այդ բոլորը գիտեմ, դու այն ասա՛, ի՞նչ է պատահել Սանամի հետ։

Նա դարձյալ ինձ համբերությունից հանեց իր երկարաբանությամբ։

— Խե՜ղճ աղջիկ, երանի՜ թե բնավ ծնված չլինեիր... երանի քո մորը, որ շուտ մեռավ և աչքերով չտեսավ այդ նախատինքը... Բայց ալևոր Թունին մեղավոր էր, նա մնաց, չմեռավ և չտեսած բաներ տեսավ... Մի այդպիսի բան կարո՞ղ էր պատահել հանգուցյալ մելիքի օրերում։ Նրա ժամանակում աստուծո բարությունով լցված էր մեր երկիրը, գայլն ու գառը միասին էին ապրում, մարդիկ խաղաղությամբ ցանում էին, հնձում էին, ուտում էին, ուրախանում էին... Բայց հիմա՞, հիմա մարդ ոչ իր գլխի տերն է և ոչ իր ապրանքի տերն է... ամեն բան փչացավ... ոչ կարգ կա, ոչ կանոն... ամեն մարդ իր սրտի ուզածն է անում... Իսկ մեր մելիքը իր քեֆերից չի արթնանում։ Բայց այդ վերջինը... նրա այդ վերջին արարմունքը... ա՜խ, աստված, այդ ի՞նչ բան է։

— Ի՞նչ արարմունք, — գոչեցի ես բարկությամբ, — դե,՛ ասա՛, ի՞նչ ես սիրտս տրաքեցնում:

— Ի՜նչ արարմունք... դու դեռ չե՞ս լսել, — Հարցրեց նա զարմանալով։

— Ես ոչինչ չեմ լսել։

— Մեր մելիքը (ա՜խ, տեր աստված, նրան մեքիչ խելք տուր), հա՛, մեր մելիքը ամեն բան ոտքի տակ տվեց, ամեն բան տակնուվրա արեց։ Խաները նրա հորից տերևի նման դողում էին, երբ գալիս էին նրա սալամին, ժամերով կանգնում էին դռանը, մինչև հրաման չէին ստանում, չէին համարձակվում ներս մտնել։ Բայց թուլասիրտ որդին հիմա խաների ոտքերն է լիզում, խոնարհվում է նրանց առջև։ Այդ բավական չէ՛, իր հարազատ աղջիկը նրանց կնության է տալիս... մի լույս հոգի է կորցնում։

— Սանամի՞ն է տալիս, — Հարցրի ես սարսափելով։

— Սանամին, ապա ո՞ւմը, — պատասխանեց նա, իր մարած աչքերից արտասուքը սրբելով։

Ես հասկացա դժբախտ աղջկա խռովության պատճառը և իսկույն դուրս եկա ախոռատնից։ Արևը արդեն մայր մտնելու մոտ էր։ Ես սպասում էի, մինչև բոլորովին մթնի, որ հարմար ժամանակ գտնեմ Սանամի հետ տեսնվելու։

Բայց, մինչև մեր տեսնվելը, հարկավոր է ձեզ տեղեկացնել, որ այ՛ն ժամանակ Ղարադաղի գավառում կային հայոց երկու նշանավոր մելիքներ, մեկը մեր մելիքն էր, իսկ մյուսը, նույնպես հին տոհմից, ավելի զորավոր էր, քան թե մերը։ Ղարադաղի հայերի իշխանությունը բաժանված էր այդ երկուսի մեջ։ Երկուսն էլ անմիաբան, հակառակ միմյանց, միշտ աշխատում էին ստորացնել միմյանց, վնասել միմյանց, և այդ պատճառով ներքին երկպառակտությունը երկրից անպակաս էր լինո՛ւմ։ Պարսիկ խաները, օգուտ քաղելով դրանց թշնամությունից, ավելի բորբոքում էին կռիվը։ Եվ այդ, իհարկե, ավելի ձեռնտու էր նրանց, երբ հայոց գլխավորները չէին կարող միանալ, որ ընդհանուր ուժերով պատերազմեին երկրի արտաքին թշնամու դեմ։

Վերջին ժամանակներում մեր մելիքը մտածում էր բոլորովին ոչնչացնել իր հակառակորդին և, այդ նպատակին հասնելու համար, աշխատում է դեպի ինքը գրավել Քուրդաշտի խանին, խոստանալով որպես բարեկամության առհավատչյա գեղեցիկ Սանամին նրան կնության տալ։

Մի այնպիսի մարդ, որպես մեր մելիքն էր, պատրաստ էր իր փառասիրության համար զոհել ամեն ինչ։ Նա նայում էր իր աղջկա վրա որպես իր նժույգներից մեկի վրա, որ շատ անգամ ընծայում էր այս և այն խանին, նրանց բարեկամությունը գրավելու համար։

Պարզ, մաքուր, անարատ մնացած ժողովրդի կրոնական զգացմունքը վիրավորվում էր, տեսնելով, որ իր մելիքը մահմեդական սովորություններին է հետևում, բայց նրա խուլ բողոքը լսելի չէր լինում։

Դուք մի փոքր տեղեկություն ստացաք մեր երկրի այն ժամանակվա դրության մասին, շարունակեց ավազակապետը, հիմա դառնանք դեպի օրիորդ Սանամը։

Ախոռատան բակից մի փոքրիկ դուռ տանում էր դեպի պարտեզը, որ կպած էր մելիքի ամրոցին։ Սանամը սովորություն ուներ երեկոյան պահուն պարտեզում պտտելու։ Ես մտա այնտեղ, հուսալով, թե կգտնեմ նրան։ Երկար անհանգիստ կերպով թափառում էի, բայց ոչ ոքին չտեսա։ Արևը մտավ, մութը սկսեց հետզհետե թանձրանալ։ Ես մտա ամրոցը այն դռնով, որ ուղղակի տանում էր դեպի Սանամի սենյակը։ Նախասենյակում ճրագ չկար։ Մոտեցա նրա կացարանի դռանը, ներսից լսվում էր մի այսպիսի սոսկալի խոսակցություն.

— Լո՛ւռ կաց, անզգամ... ի՞նչպես ես համարձակվում... քեզ մորթել կտամ... ինչ որ ասում եմ, պետք է հնազանդվես։

Այդ նրա հոր ձայնն էր։

— Հողեմ քո սարսաղ գլուխը... էլ ի՞նչ ես ուզում... կգնաս խանի տանը խանում կդառնաս... միշտ ղառ ու ղումաշ կհագնես։

Այդ նրա խորթ մոր ձայնն էր։

— Թե որ սպանեք, թե որ կտրատեք ինձ, էլի այն կասեմ պարսիկի կին չեմ դառնա, հոգիս չեմ կորցնի...

Այդ Սանամի պատասխանն էր։

Ես հետ քաշվեցա, մի անկյունում կծկվեցա, երբ լսեցի մելիքի քայլերի ձայնը։ Նա իր կնոջ հետ դուրս եկավ, անցավ իմ մոտից, բայց մութի մեջ չկարողացավ նկատել ինձ։ Ես լսեցի հետևյալ խոսակցությունը։

— Ա՛յ մարդ, — ասաց կինը, — դու ինչո՞ւ ես մտիկ անում այն քածի ասածներին, ինչ որ ուզում է, թող անե. դու խանին խոսք ես տվել, խո չե՞ս կարող խոսքիցդ ետ կանգնել։

— Ես նրա լաց ու սուգին մտիկ չեմ տա, — պատասխանեց մելիքը, — ես տղամարդ եմ, իմ թքածը չեմ լիզի:

Սանամի վիճակը արդեն վճռված էր։ Այր ու կին համաձայն էին։ Դժբախտ օրիորդի ընդդիմադրությունը կմնար ապարդյուն, եթե մեկը նրան օգնության չհասներ։

Մինչ ես այն մտածության մեջ էի, թե ի՞նչ ելք պետք է գտնել, նախասենյակ մտավ օրիորդի դայակը, ճրագը ձեռին։ Պառավը, տեսնելով ինձ, կանգնեց։

— Ախար այդ լավ բան չէ, — Ասաց նա ցավալի ձայնով, — Ախար այդ ընդդեմ է մեր տան աստծուն... ո՞վ է տեսել մի այդպիսի բան... ա՜խ, այդ ի՞նչ են ուզում անել, սուրբ աստվածածին... Քանի՜— Քանի՜ տարիներ կուրծքիս վրա պահել, մեծացրել եմ նրան... իմ աչքի լույսի պես պահել եմ... հիմա ուզում են տալ անօրենին... ուզում են հոգին, հավատը կորցնել։

Պառավը նկատեց, որ ես համբերություն չունեմ նրան լսելու, հարցրեց.

— Ո՞ւր ես գնում։

— Սանամի մոտ։

Նա էլ էր ցանկանում մտնել օրիորդի մոտ, բայց երբ տեսավ, որ ես այնտեղ եմ գնում, չկամեցավ խանգարել մեր տեսությունը, ետ դարձավ, ասելով.

— Գնա, մի՛ ուշացիր, նա քեզանից խոսք կլսե, ասա՛, թող ականջ չդնե հորն ու մոր խոսքին, ասա, թող չկորցնե լույս հավատն ու հոգին։

— Ես, հակառակ իմ սպասածին, գտա Սանամին բավական խաղաղ դրության մեջ։ Բոցավառված աչքերի կրակը, որ տեսել էի այն օր առավոտյան, կարծես թե հանգել էր, միայն գունաթափ դեմքի վրա երևում էին խորին հուսահատության նշաններ։

— Բերեցի՞ր, — Հարցրեց նա անհամբերությամբ։

— Ի՞նչը, — Հարցրի ես։

— Այն, որ առավոտյան խնդրեցի քեզանից։

— Այն, որ դու պահանջեցիր, այլևս պետք չի լինի, — Պատասխանեցի ես։

Նա երեսը շուռ տվեց, ասելով,

— Լավ, հեռացիր, էլ չեմ ուզում... Ես անշարժ մնացի։ Նա շարունակեց,

— Ի՞նչ մարդիկ են... չեն օգնում գոնե մեռնել ինձ... Նա կրկին նայեց ինձ վրա և, տեսնելով, որ դեռ կանգնած եմ, ասաց փոքր-ինչ հրամայական ձայնով,

— Խնդրում եմ ինձ մենակ թողնել։

Ինձ հայտնի էր օրիորդի հաստատամտությունը, ես չհեռացա, ես գիտեի, թեև ես աֆիոն չգնեցի նրա համար, բայց իմ հեռանալուց հետո նա մի այլ միջոցով անձնասպանություն կգործեր։ Ես մոտեցա, ասելով,

— Թեև աֆիոն չգնեցի, բայց բերել եմ ձեզ համար մի այլ դարման...

— Ի՞նչ դարման, — Հարցրեց նա հանգստանալով։

— Ես ձեզ պետք է ազատեմ...

— Շնորհակալ եմ, — պատասխանեց նա արհամարհական եղանակով.— դու ինձ կազատեիր, եթե կբերեիր իմ խնդրածը...

— Ես ցանկանում եմ, որ դուք կենդանի մնաք և միևնույն ժամանակ ազատված լինեք։

— Դա անկարելի բան է... ես ճանաչում եմ իմ հորն ու մորը...

— Կարելի է, եթե դու կընդունեք իմ առաջարկությունը...

— Ի՞նչ եք ուզում ասել։

— Փախչենք, հեռանանք այստեղից, եթե ոչ, առավոտյան ձեզ բռնությամբ խանի ամրոցը կուղարկեն։ Ամեն ինչ պատրաստված է ձեզ ճանապարհ դնելու համար։ Փախչենք, քանի որ դեռ ժամանակը կորած չէ։ Հենց այս գիշեր ես կտանեմ ձեզ մի ապահով տեղ, ուր ոչ ոք չէ կարող գտնել ձեզ։

Մի քանի վայրկյան մտածելուց հետո պատասխանեց նա,

— Ոչ։ Թող ես մեռնեմ, այդ ավելի լավ է... Նա վախենում էր հասարակաց կարծիքից, հիմար ամբոխի դատապարտությունից։ Մարդիկ կծաղրեին նրան, ասելով, թե փախավ իր հոր սպասավորի հետ։ Ես չոքեցի նրա առջև, աղաչելով.

— Սանամ, այս տան մեջ ես եմ եղել ձեր ամենահավատարիմ սպասավորը, նույնպես և կմնամ այսուհետև։ Մենք համարյա թե միասին ենք մեծացել, և ձեզ պետք է հայտնի լինի, թե ո՜ր աստիճան հարգում եմ ձեզ։ Ապավինեցեք ձեր ծառայի օգնության վրա, որ հանձն է առել ամեն ինչ ձեր կյանքը և պատիվը պաշտպանելու համար։

Երկար ես բաց չէի թողնում նրա ձեռքը, մինչև պատասխան չստանամ, երկար իմ արտասուքով լի աչքերը հառած էին դեպի նրա գունաթափ դեմքը։ Նա տարուբերվում էր սարսափելի անվճռականության մեջ։ Նա այնքան կամքի զորություն չուներ, որ մաքառեր ընդունված նախապաշարմունքների դեմ։ Ես սկսեցի ավելի ու ավելի թախանձել նրան, մինչև լսեցի նրա բերանից այդ ուրախալի խոսքը,

— Համաձայն եմ...

Ես կանգնեցի, ասելով,

— Գնում եմ պատրաստելու ինչ որ պետք է մեզ ճանապարհի համար։ Դուք պարտեզում կսպասեք ինձ։

Իմ ուրախությանը չափ չկար: Օրիորդի սենյակից դուրս գալը և ծերունի Թունիի մոտ մտնելը մի քանի րոպեի գործ եղավ։ Ձիապանը դեռ քնած չէր։ Ես գտա նրան խորին տխրության մեջ, երևի նա էլ Սանամի վրա էր մտածում։ Բոլորովին վստահ լինելով ծերունու բարեսրտության վրա, հայտնեցի նրան իմ դիտավորությունը։ Նրա խորշոմած դեմքի վրա երևաց ուրախության նման մի բան, և ինձ գրկելով ասաց.

— Օրհնյա՜լ լինիս, աստված զորացնե քեզ։ Եթե չլիներ Թունին վաթսուն տարեկան, նա ինքը կաներ այդ բանը, նա չէր թող տա, որ մեր Լուսավորիչ հոր գառը գայլերին տային։ Բայց Թունիի մեջ այժմ առաջվա ուժը չէ մնացել։ Կար ժամանակ, որ ալևոր Թունին էլ մի տղամարդ էր, տասն, քսան պարսիկին մարդ չէր ասի... Գնա՜ց էն ժամանակը։ Բայց դու դեռ ջահիլ իս. քեզանում արյունը դեռ եփ է գալիս. դու կարող ես շատ բան անել...

Ես ընդհատեցի նրան, ասելով.

— Դե , շուտ, Թունի ապեր, երկար խոսելու ժամանակ չէ. պետք է թամքել ձիաներից երկուսը։

— Հա՛, պետք է թամքել, իհարկե, պետք է թամքել երկու ամենալավը մեր ձիաներից։ Թող առավոտյան մելիքը ջարդել տա Թունիի ալևոր գլուխը, այդ ոչինչ, միայն թե նա ազատված լինի... Թող ազատվի իմ հրեշտակը, նա իր հանգուցյալ մոր կտորն է, նրա նման բարի է... աստված հանգիստ արքայություն պարգևե նրան։ Հանգուցյալի պես կնիկ չկար մեր երկրւմ, այնպիսի լավ սիրտ ուներ, որ ճանճին էլ չէր նեղացնի։ Շատ անգամ մտնում էր նա աղքատ Թունիի խրճիթը և, երբ նրա երեխաներից մեկին մերկ էր տեսնում, հագցնում էր, երբ մեկին հիվանդ էր տեսնում, օգնում էր։ Ոչ մի օր դատարկ ձեռքով նա իմ շեմքի վրա ոտք չէր կոխում, ամեն անգամ մի բան կբերեր իմ երեխաների համար, կասեր. «Թունի, դու կին չունես, ես պետք է պահպանեմ նրանց...» Այդ բոլորը ալևոր Թունին չի մոռանա... թեկուզ մեռնի, թեկուզ նրա գերեզմանի վրա խոտեր բուսնեն, դարձյալ չի մոռանա...

Մինչ ծերունին կվերջացներ իր հին հիշողությունները, ես ձիաներից երկուսը թամքեցի։ Հետո նշանակեցի մի տեղ, խնդրելով նրան, որ ձիաները տանե այնտեղ և սպասն մեզ։ Իսկ ես վազեցի դեպի մեր տունը, որ զենքերս վեր առնեմ։ Գիշերը խիստ մութն էր։ Մարդիկ քնած էին։ Փողոցներում ոչ ոք չէր երևում։

Վերադառնալով մեր տնից, մտա պարտեզը, ուղիղ դիմեցի դեպի այն կողմը, ուր պատվիրել էի օրիորդին սպասել ինձ։ Ես գտա նրան իր ծառայի հագուստով։ Հազիվ կարելի էր ճանաչել նրան, եթե չասեր նա. «Այդ ես եմ»։

Մելիքի ամրոցի մեջ տիրում էր խորին լռություն։ Լուսամուտներից ոչ մի ճրագ չէր երևում։ Բոլորովին աննկատելի կերպով դուրս եկանք պարտեզից և սկսեցինք դիմել դեպի այն կողմը, ուր Թունին իր ձիաներով սպասում էր մեզ։ Օրիորդը շնորհակալությամբ համբուրեց ծերունու աջը և առեց նրա օրհնությունը։ Ես օգնեցի նրան նստել ձին։ Մենք հեռացանք։

Ամեն ինչ խաղաղ հանգստության մեջ էր։ Ոչ մի շնչավոր արարած չէր երևում։ Ես ետ նայեցի, ծերունին դեռ անշարժ կանգնած էր իր տեղում և, որպես մարմնացած բարեսրտություն, ձեռքերը բարձրացրել էր դեպի երկինք, մեզ համար հաջողություն էր բարեմաղթում»:

Բ

ԵՐԿՐՈՐԴ ԳԻՇԵՐ

Ավազակապետի պատմությունը այնքան գրավել էր իմ ուշադրությունը, որ ամենևին չէի նկատել, թե գիշերը աննկատելի կերպով անցել էր։ Երբ արեգակի առաջին շառավիղները ներս ցոլացին մեր արգելանոցի նեղ լուսամուտներից, այդ ժամանակ դռները բացվեցան, և պահապանների կոպիտ ձայնը ընդհատեց հետաքրքիր պատմությունը։ Մեզ խումբով դուրս քաշեցին դեպի հանքերը աշխատելու։

Ավազակապետը ամբողջ օրը լուռ էր, նրա քաջազնական դեմքը պատած էր մի խորհրդական մռայլով։ Ես անհամբերությամբ սպասում էի գիշերին, որ լսեմ նրա պատմության շարունակությունը։

Բայց ինձ ավելի զարմացնում էր նրա անձնավորությունը, այդ անունը՝ «ավազակապետ», ամենևին սազ չէր գալիս նրան, նրա մեջ կային շատ գեղեցիկ հատկություններ, նա ուժեղ էր, որպես Հերքուլես*, և մեծահոգի ու բարի էր որպես մի ազնիվ հերոս։ Նա ոչ միայն ուներ մի առանձին սեր դեպի ինձ, այլ թշվառականների ամբողջ հասարակության վրա նայում էր խորին ցավակցությամբ։ Այդ պատճառով բոլորը հարգում էին նրան։

——————————————
* Ըստ հունական դիցաբանության, Հերքուլեսո ունի աստվածային ծագում՝ Զևսի ու Ալքեմենեի զավակն է, աստվածներից ստացել է անմահություն և ապրում է Օլիմպոսում։ Հերքուլեսը տիտանական ուժի տեր է, նրա անվան մեջ այլաբանվում է մարդկային մեծ ուժը և անպարտևլիությունը:
——————————————

Ավազակապետը անկիրթ ևս չէր. նրա բավական մշակված լեզուն և առողջ դատողությունները ցույց էին տալիս, թե ինքը գրագետ ոմն էր։ Ո՞րտեղից պետք է ուսած լիներ, երբ նրա ժամանակ Ղարադաղում չկար ոչ մի դպրոց։ Այդ հարցին պատասխանեց նա, թե իր պատանեկության ժամանակ Հայրը ուղարկեց նրան Տաթևի վանքը, ուր մնաց նա ամբողջ վեց տարի։ Այդ վանքում մեծ հռչակ էր ստացել մի վարդապետ որպես քաջ հայկաբան, ճարտասան և աստվածաբան։ նրա մոտ ուղարկում էին ղարադաղցիք իրանց զավակներին։ Նրա աշակերտների թվում ուսանում էր և ինքը։

Այնօր աշխատությունից արձակեցին մեզ սովորականից խիստ վաղ, որովհետև հետևյալ օրը տոն էր։ Մենք խումբով անցնում էինք մեծ փողոցի միջով, որի երկու կողմերում միմյանց մոտ շարված էին փոքրիկ խանութներ։ Այդ խանութներում ծախվում էին ըստ մեծի մասին այնպիսի վաճառքներ, որ պետք էին աքսորականներին, զինվորներին, տեղային պաշտոնատարներին, հանքային արհեստավորներին, վարպետներին և այլ ծառայողներին։ Մանրավաճառների խանութների շարքում կային դարբնոցներ, հացթուխներ, դերձակներ, գինետներ, խոհարարներ և ուրիշ պիտույքների կրպակներ։

Փողոցը լիքն էր մարդիկներով։ Հետևյալ օրվա տոնի համար ամեն ոք գնում էր ինչ որ իրան պետք էր։ Բայց իմ ուշադրությունը գրավեց մի մուրացկան, որ, մի խանութից մյուսը անցնելով, ողորմություն էր խնդրում։ Հնացած, պատառոտած, կիսակարկատ ցնցոտիներից շատ տեղ երևում էր նրա մարմնի մերկությունը։ Մի նույնպիսի հնամաշ տոպրակ ուսից քաշ էր ընկած։ Գլուխը կռացած մինչև գետին, իսկ քամակից բարձրացել էր մեջքի ահագին կուզը։ Իր դողդոջուն մարմինը հազիվհազ կարողանում էր ոտքի վրա պահել, նեցուկ տալով կուրծքին ձեռքի ցուպը։ Նա կաղկաղալով քարշ էր գալիս մի խանութի դռնից դեպի մյուսը և ցավալի ձայնով մրմնջում էր, «Ողորմություն արեք, պարոններ, հիվանդ, սոված աղքատին»։ Ամեն մի անգութ սրտի վրա կարող էր ազդել նրա դառն հառաչանքը։

Երբ նա տեսավ աքսորականների խումբը, մոտեցավ։ «Դուք ավելի թշվառ եք, քան թե ես» ասելով, սկսեց իր հավաքած գրոշները բաժանել նրանց։ Նա դրեց և իմ ափի մեջ երկու հատ հինգկոպեկանոց։ Այդ ժամանակվա հինգ կոպեկանոցները այնքան մեծ էին, որ կարող էին իշի նալի հետ մրցել։ Ես նայեցա մուրացկանի երեսին և շվարած մնացի... Ավազակապետը իմ կողքին կանգնած էր։ Երբ մուրացկանը հեռացավ, նա ասաց.

— Այդ դեմքը ծանոթ է ինձ...

Ես ոչինչ չպատասխանեցի։

— Մի՞թե նա այժմ կաղ է դարձել և մեջքին կուզ ունի, — Ասաց նա ինքն իրան։

Տեսնելով, որ ավազակապետը ճանաչեց մուրացկանին, ես այլևս չթաքցրի նրանից, պատասխանեցի.

— Նրա ոտները քո և իմ ոտներից ավելի ուղիղ են, մեջքն էլ՝ նույնպես, միայն նա այնպես ձևացրել է իրան։ Այդ մարդիկը հարկավորած ժամանակ գիտեին իրանց կույր, կաղ, սապատող ձևացնել։ Տեսա՞ր նրա խառնված մազերը, խճճված մորուքը, ողորմելի երեսը, բոլորը շինծու էր։

— Այդ երեսը ծանոթ է ինձ, — դարձյալ կրկնեց ավազակապետը։

— Ո՞րտեղ ես տեսել նրան։

— Հետո կպատմեմ...

Խումբը անցավ։ Ես մուրացկանից ստացած երկու հատ հինգկոպեկանոցները դրեցի գրպանս, այնտեղ մատներով շոշափեցի, հայտնվեցավ, որ հինգկոպեկանոցերի մեջտեղում դրած էր բոլորակ ձևով ծալած թղթի կտոր։ Առանց կարդալու, արդեն երևակայում էի, թե ինչ պետք է գրված լիներ այն թղթի վրա, որ խորհրդավոր ծրարի մեջ հասցրեց ինձ մուրացկանը։ Այսուամենայնիվ, մի պատեհ ժամանակ էի որոնում, որ կարդամ թուղթը։

Երբ հասանք մեր արգելանոցը, արդեն մութն էր, ճրագները վառվում էին։ Ես առիթ գտա թուղթը կարդալու։ Նրա մեջ գրված էին հետևյալ տողերը. «Մուրադ, ամեն ինչ կարգադրված է քո փախուստի համար։ Հուսով եմ, որ դու այժմ կհետևես իմ խորհուրդներին։ Դու երկրորդ անգամ ինձանից նամակ կստանաս և նրա համեմատ կվարվես։ Պետրոս»։

Նամակը կարդացի ես մի այնպիսի տեղում, ուր թույլ են տալիս կալանավորներին մենակ մտնել։ Պատին կպցրած էր մի ճրագ, թուղթը բռնեցի ճրագի վրա և քավոր Պետրոսի խորհրդավոր ազդարարությունը մի վայրկյանում ոչնչացավ։

Ինձ հետաքրքրում էր ավազակապետի այն խոսքը, թե մուրացկանի դեմքը նրան ծանոթ էր։ Ես համոզված էի, որ անպատճառ այդ ծանոթության հետ կապված կլիներ մի ամբողջ պատմություն։ Որովհետև քավոր Պետրոսը այն պտուղներից չէր, որ նրան ճաշակելը մնար առանց հետևանքի։

Գիշերը, երբ մեզ տեղավորեցին մեր կացարաններում, ես խնդրեցի ավազակապետից, որ պատմե, թե ինչ առիթով ծանոթ է եղել ծպտյալ մուրացկանի հետ։ Նա հաճությամբ կատարեց իմ խնդիրքը։

«Դու հիշո՞ւմ ես, մի անգամ պատմեցի քեզ, որ իմ պատանեկության հասակում հայրս ուղարկեց ինձ Տաթևի վանքը ուսում առնելու։ Այդ միջոցներում լուր տարածվեց, թե Որոտնա վանքում հայտնվել է մի հրաշագործ ճգնավոր։ (Որոտնա վանքը հեռու է Տաթևի վանքից կես օրվա ճանապարհով միայն։) ճգնավորի մասին խոսում էին, թե նա ոչ ուտում է, ոչ խմում է, այլ լիացած է սուրբ հոգու շնորհով, թե նրա կերակուրը մշտական աղոթքներն են։ Նրա մասին պատմում էին զանազան հրաշքներ, այդ պատճառով ամեն կողմից կույրեր, կաղեր և զանազան տեսակ հիվանդներ դիմում էին վանքը՝ ճգնավորից բժշկություն գտնելու համար։

Լսելով ճգնավորի համբավը, իմ հինգ տարի շարունակ անդամալույծ մայրս հանգստություն չէր տալիս ինձ։ Անդադար տնից նամակ էի ստանում, որ գնամ մորս բերեմ ճգնավորի մոտ։ Նա էլ ցանկանում էր առողջանալ և ամուր ոտների վրա ման գալ։ Հայրս էլ նույնն էր ցանկանում։ Ես ստիպվեցի առժամանակ ընդհատել իմ ուսումը, Տաթևի վանքից գնացի մեր տունը մորս բերելու համար։ Հայրս դրեց մեզ հետ ամեն բան, ինչ որ արժան էր վանքին ընծա տանելու համար։

Որոտնա վանքը հասնելուց երկու օրից հետո մեզ թույլ տվեցին այցելել ճգնավորի մոտ։ Մենք գտանք նրան իր ձեռքով ապառաժի մեջ փորած մի քարանձավում, ուր նա ապրում էր, ուր սովորություն ուներ աղոթելու և իր անձը զանազան ճգնություններով տանջելու։ Այնտեղ տարավ մեզ վանքի աբեղաներից մեկը։ Ճգնավորը այդ միջոցին աղոթքով զբաղված չէր, այլ նստած էր իր խուցի մեջ, բոլորովին մերկ քարահատակի վրա, և թևքի արմունկը դնելով մի քարի կտորի վրա, որ նրան բարձի տեղ էր ծառայում, ձեռքը նեցուկ էր տրված գլխին, և կիսաթեք դրության մեջ նրա բաց աչքերը անշարժ հառած էին դեպի քարանձավի առաստաղը։ Այդ դրության մեջ, կարծես նրա միտքը վերասլացել էր դեպի երկինքը, և տիրել էր նրան խորին, սրբազան հափշտակություն։ Այնպես որ, նա ամենևին չզգաց, երբ մայրս մոտեցավ և համբուրեց նրա հագուստի քղանցքը։

Հագուստը խիստ պարզ էր. կոշտ մազից գործված սև բաճկոնը իջնում էր մինչև ոտները, մեջքը պնդած էր նույնպես մազե սև չվանով։ Տրեխներ կամ հողաթափեր չէր հագնում, բոբիկ ոտներով էր ման գալիս։ Գլուխը բաց էր, բայց չկտրված և չսանրված մազերը այնքան երկարացել և աճել էին, որ պահպանում էին նրա գագաթը թե ցրտից և թե՛ արևի տոթից։ Խճճված մորուքը խառնվել էր գլխի մազերի հետ և տալիս էր նրա դեմքին ահռելի կերպարանք։ Երեսը գունաթափ և հիվանդոտ էր։

Տեսնելով, որ ճգնավորը ոչ շարժվում է, ոչ խոսում է և ոչ փոխում է իր նստվածքի ձևը, մենք կարծեցինք, թե նա քնած է։ Բայց աբեղան ասաց.

— Նա քնած չէ, տեսնո՞ւմ եք, աչքերը բաց են, միայն հոգով բարձրացել է երկինքը։

Մայրս խնդրեց, թե կցանկանար, որ ճգնավորը տեսներ նրան։ Աբեղան պատասխանեց.

— Մենք, մեղավոր ադամորդիներս, տեսնում ենք աչքերով, բայց նա տեսնում է հոգով։

Հետո աբեղան խորհուրդ տվեց մորս, որ մոտենա ճգնավորին, բռնե միայն նրա հագուստի դրոշակը, և նա կասե, ինչ որ ոգիները կներշնչեն նրան։

Ես օգնեցի մորս մոտենալ, նա կատարեց աբեղայի պատվերը։ Նույն րոպեում ճգնավորը մի անսովոր շարժում գործեց և, չփոխելով իր առաջվա դրությունը, արտասանեց մի քանի անկապ խոսքեր.

«Խնկի ծառը բուսել է... գլխին պսակ հյուսել է... տասն երկու ճյուղ է արձակած...ամեն մի ճյուղի վրա... մի-մի հրեշտակ է նստած... բայց բոլորից վերևը... սուրբ տիրամայրն է նստած... գրկին մանուկ է բռնած... լույս մազերով զարդարած... Մորս աչքերում արտասուք... սիրտը վշտերով լցված... մանկան ձեռքին է մի խաչ... դեմքը պայծառ է դարձած... արտասուքը սրբություն... իսկ խաչը մեզ փրկություն... Մայրն ու որդին խոստանում»։

Ճգնավորը լռեց։ Աբեղան բացատրեց մեզ նրա պատգամախոսության իմաստը, թե սուրբ տիրամայրը և որդին «փրկություն» են խոստանում։ Մայրս ուրախացավ, կրկին համբուրեց ճգնավորի հագուստի դրոշակները, և մենք երկյուղածությամբ հեռացանք։

Այնուհետև անցան մի քանի ամիսներ, ճգնավորի մասին շատ անգամ լսվում էին այսպիսի խոսքեր, թե նրա ժամանակը մոտեցել է, թե նա երկար չէ մնալու երկրի վրա, թե հրեշտակները նրան իրանց մոտ են կանչում, թե նա մի օր կանհայտանա, թե նրա վախճանը Մովսեսի և սուրբ Լուսավորչի նման կլինի, որ ժողովուրդը նրա մարմինը չգտնե և պաշտելու առարկա չդարձնե։

Եվ իրավ, ճգնավորը անհայտացավ։ Ո՞ւր գնաց, ոչ ոք չգիտեր։ Միայն ժողովրդի մեջ տարածվեցան զանազան կարծիքներ, ոմանք համարում էին նրան Ենովքի և Եղիայի նման երկինքը բարձրացած*, ոմանք ասում էին, թե նա առանձնացել է մի սարում, իր կյանքի վերջին օրերը խստակեցությամբ անցկացնելու և իր անձը բոլորովին աստծուն նվիրելու համար։ Ոմանք պատմում էին, թե նրան տեսել են այսինչ տեղում, լույսի ճաճանչներով պատած, երբ մոտեցել են, նա աներևութացել է։ Վերջապես, շատ այսպիսի խոսքեր էին ասում, իսկ նրանցից ո՞րն էր ճշմարիտ, աստված գիտե»։

——————————————
* Ըստ Հին կտակարանի, աստված Ենովքին երկրից տարել է երկինք «փոխեցեր յէրկրէ յերկինս զԵնօք»։ Տե՛ս Գիրք Եսթերայ, գլուխ ԺԴ, 5։ Նույն բանն ասված է նաև Ավետարանում, տես Թուղթ եբրայեցիներին, գլուխ ԺԱ, 5։
Ըստ աստվածաշնչային առասպելաբանության, Եղիա մարգարեն ևս Ենովքի նման կենդանի վիճակում երկինք է վերանում։ Հրեղեն կառքը, հրեղեն երիվարներով իջնոսէ է երկրի վրա և Եղիային տանում է երկինք։ Տե՛ս Աստվածաշունչ, Գիրք չորրորդ թագավորադ, գլուխ Բ։
——————————————

Ավազակապետի պատմությունը թեև շատ հետաքրքրական էր,

Բայց ինձ ամենևին չէր զարմացնում։ Ես քավոր Պետրոսին լավ էի ճանաչում, նրա համար այս և այն կերպարանք ընդունելը, այս և այն ձևի մեջ մտնելը խիստ սովորական բան էր։ Միայն ինձ անհավատալի էր թվում մի բան, արդյո՞ք քավոր Պետրոսը միևնույն անձնավորությունն էր, որին տեսել էր ավազակապետը ճգնավորի քարանձավի մեջ և ի՞նչ ապացույց ուներ այսպես կարծելու։ Դեմքի նմանությունը բավական չէր. մանավանդ քավոր Պետրոսի դեմքը այն Ժամանակից հետո պետք է բավական փոխված լիներ։ Երբ այդ հարցերը առաջարկեցի, ավազակապետը պատասխանեց.

— Նրան կոչում էին «ականջը կտրած» ճգնավոր, պատմում էին, թե նա մի անգամ գերի է ընկել անօրենների ձեռքը, նրան տանջել են, ստիպել են հավատքը ուրանալ, նա մերժել է, և այդ պատճառով ականջները կտրել են։ Այդ չարչարանքի համար նրան համարում էին մի տեսակ նահատակ։ Եվ ես նկատեցի, որ մեր տեսած մուրացկանի երկու ականջների ծայրերը կտրված էին։ Բացի դրանից, ճգնավորի բազուկների և ձեռքերի վրա Երուսաղեմի ուխտավորների դրոշմը կար։ Նույնը ես նկատեցի մեր տեսած մուրացկանի ձեռքերի և բազուկների վրա։

Նշանները ուղիղ էին։ Իրավ է, Պարսկաստանում մի փոքրիկ գողության համար քավոր Պետրոսի երկու ականջների ծայրերը կտրել էին։ Այդ պատիժը ստացել էր նա իր երիտասարդ հասակում։ Եվ թե նա Երուսաղեմի ուխտավոր է եղել, այդ նույնպես ուղիղ էր։

— Բայց ի՞նչ նպատակով թափառում է այդ մարդը հե՛ռավոր հյուսիսում, — խոսեց ավազակապետը, — և ի՞նչ ողորմելի դրության մեջ էր նա։

Ես չգիտեի ի՞նչ պատասխանել, ես դժվարանում էի հայտնել ավազակապետին, թե ճանաչում եմ նրան, թե մեր մեջ եղել են երկար տարիների հարաբերություններ և թե նույն ճգնավորի առաջնորդությամբ ես մի այնպիսի ծուռ ճանապարհի վրա դրվեցա, որ վերջը բերեց հասցրեց ինձ այնտեղ, ուր տանջվում են հանցավորները միայն։ Ես չհայտնեցի նաև, թե նա ինձ համար էր մտել այն ողորմելի կերպարանքի մեջ և ինձ համար է թափառում դատապարտյալների բնակության մերձակայքում։ Ես ծածկեցի նրանից և այն, որ խորհրդավոր մուրացկանը, մոտենալով մեզ, հինգ կոպեկանոցների հետ տվեց ինձ մի թուղթ։ Այդ բոլորը ծածկեցի իմ ամենալավ ընկերից, որովհետև դեռ մտատանջության մեջ էի, դեռ չգիտեի, թե ինչ պիտի պատասխանեմ քավոր Պետրոսի առաջարկությանը։

Ի՞նչ պետք է պատասխանեի։ Մերժեի՞, ընդունեի՞, ոչ մեկը վճռել չէի կարողանում։ Նա եկել էր ինձ ազատելու, նա անցել էր հարյուրավոր մղոններ, հազարավոր վերստեր, նա դեռ չէր մոռացել ինձ, դեռ մտածում էր ինձ համար։ Բայց ի՞նչ նպատակով։ Արդյո՞ք աշխատում էր հանգստացնել խղճի խայթը, որ ինձ մոլորության և դատապարտության մեջ ձգեց, թե կամենում էր ինձ նորից ձեռք առնել, որպես մի գործիք, որ նրան պակասում էր։ Մինչև ես այս մտատանջությունների մեջ էի, ավազակապետը ասաց.

— Ես նրան երրորդ անգամն է, որ հանդիպում եմ։

— Առաջին անգամն որպես ճգնավոր, վերջին անգամ որպես մուրացկան, իսկ մյո՞ւսը, — Հարցրի ես։

— Դա կապ ունի Սանամի անցքի հետ, հետո կպատմեմ քեզ։

Գ

ԵՐՐՈՐԴ ԳԻՇԵՐ

Երրորդ գիշերը ավազակապետը այսպես սկսեց Սանամի ընդհատված պատմությունը.

«Դու հիշում ես, որ գիշեր էր, երբ ես և Սանամը հեոացանք մելիքի ամրոցից, մի մթին և խուլ գիշեր, որ բնությունը ինքն էր նպաստում մեր փախուստին։ Անցանք մի քանի մղոններ, գիշերային խավարը սկսեց փոքր առ փոքր պարզվել։ Ճանապարհին օրիորդը մի խոսք անգամ չխոսեց ինձ հետ։ Նա լուռ էր. որպես երևում էր, ծանր մտախոհություններ տանջում էին նրան։ Նա ուներ հայ օրիորդի թե՛ հնազանդությունը և թե՛ նախապաշարմունքները։ Առաջինի դեմ բողոքեց նա, ընդդիմացավ ծնողների բռնությանը և չկամեցավ մահմեդականի կին դառնալ, իսկ երկրորդը, նախապաշարմունքը, մնաց։ Նա մի նախատինքից ազատվեցավ, բայց մի այլ նախատինքի ենթարկեց իր անձը։ Նա փախավ ծնողների տնից մի երիտասարդի հետ, որ ոչ նրա ազգականն էր և ոչ նրա բարեկամը։ Երևի, այդ մտածություններն էին տանջում նրան։

Իմ ձին ընթանում էր առաջ, իսկ նա հետևում էր ինձ։ Ես էլ իմ կողմից չէի խոսեցնում նրան, որովհետև չէի ցանկանում ավելի վրդովել նրա հոգեկան խռովությունը։ Ես միայն հիացած էի նրա կերպարանքի բարեկազմությամբ, թե ո՛րքան գեղեցիկ էր նա տղամարդի հագուստով և որքա՛ն քաջազնաբար ձիավարում էր նա, նստած իր սիրուն նժույգի վրա։ Նա ներկայացնում էր մի շնորհալի ձիավոր, որի նմանը կարելի էր տեսնել պարսից բարձր ազնվականների որդիների մեջ։

Բայց նրա հայրը իր կեցությամբ, իր սովորություններով, իր բարքով ու վարքով նույնպես ներկայացուցիչ էր պարսից բարձր ազնվականության։ Շրջապատված բազմաթիվ նոքարներով, որսորդական շներով ու բազեներով, վատնում էր նա իր ժամանակի մեծ մասը զանազան զբոսանքների ու զվարճությունների մեջ, որոնք կատարվում էին ըստ մեծի մասին ձիաների վրա։ Խիստ սակավ անգամ էր պատահում, որ նրա ընտանիքը չմասնակցեր այն զբոսանքներին, և այդ պատճառով Սանամը մանկությունից վարժված էր ձիավարելու մեջ։

Մելիքը, ինչպես Ղարադաղի բոլոր խաները, ուներ բազմաթիվ անասուններ, որոնց ամառը տանում էին լեռնային հովասուն տեղերում արածացնելու։ Շատ անգամ մելիքի ընտանիքը ամբողջ ամիսներ անց էր կացնում ամառանոցում, իրանց հոտերի մոտ։ Հովիվների վրաններում Սանամին ավելի էր զվարճացնում լեռնային կյանքը։ Իարաղաղը սարոտ և անտառապատ երկիր է։ Երբեմն ձի նստած ամբողջ ժամերով թափառում էր նա ձորերի, անտառների և լեռների մեջ։ Այստեղ ավելի ազատ էր շնչում, քան թե հոր փակված տնում, ուր ամեն ինչ ճնշում էր նրան։ Շատ անգամ ես լսել էի նրանից այդ խոսքերը. «Ես չեմ սիրում ձմեռը»։ Երբ հարցնում էի պատճառը, պատասխանում էր. «Նրա համար, որ ձմեռը միշտ տան ծածկի տակ եմ մնում»։

Երբ արևը ծագեց, չգիտեմ ի՞նչ զգացմունքից դրդված, նա կանգնեցրեց իր ձին և մի քանի րոպե լուռ նայում էր դեպի այն կողմը, ուր նրա հոր լայնատարած կալվածների սահմաններր հետզհետե անհայտանում էին մեր տեսությունից։ Նա իսկույն երեսը շուռ տվեց, որ ես չնկատեմ նրա արտասուքը։ Նա գնում էր, հեռանում էր այն երկրից, ուր ծնվել, սնվել ու մեծացել էր։ Բայց ո՞ւր էր գնում՝ ինքն էլ չգիտեր։ Բայց ինչո՞ւ էր թաքցնում ինձանից յուր արտասուքը։ Նա այնքան հպարտ էր, որ չէր արժանացնում ինձ տեսնել ո՛չ նրա ուրախո՛ւթյունը և ո՛չ տրտմությունը։

Ես մոտեցա, երբ նկատեցի, որ ուզում էր խոսել ինձ հետ։

— Մենք լավ չարեցինք, — Ասաց նա, — Որ այդ ձիաները վեր առինք հորս ախոռատնից։

— Ինչո՞ւ լավ չարեցինք, — Հարցրի ես։

— Դու գիտես հորս բնավորությունը, նա այսօր այն խեղճ Թունիին սպանել կտա, որ մեզ ձիաներ տվեց։

— Ուրի՛շ ճար չկար, ո՞րտեղից կարող էինք գտնել ուրիշ ձիաներ։

— Կարող էինք ոտքով փախչել։

— Դա կհոգնեցներ ձեզ։ Իսկ մեզ պետք է, որքան կարելի է, շուտով հեռանալ այդ կողմերից։

— Ինչո՞ւ։

— Մի՞թե դուք չգիտեք, որ հետամուտ կլինեն մեզ։ Մի՞թե դուք չեք իմանում, որ հենց այս առավոտ, երբ կնկատեն, որ դուք տանը չեք, ամեն ինչ կհայտնվի, և ձեր հայրը դեպի ամեն կողմեր մարդ կուղարկե, որ ձեզ որոնեն։

— Թող ուղարկե։ Այդ մթին ձորերը, այդ անտառները, այդ լեռներր կարող են տարիներով պահել մեզ իրանց ծոցում, և ոչ ոք գտնել չէ կարող մեզ։ Այդպես չէ՞։

— Այդպես է, բայց զգուշություն ևս հարկավոր է։

Ես չկամեցա օրիորդի վստահությունը թուլացնել, թեև մեր ձեռնարկությունը սաստիկ վտանգավոր էր։ Մենք կարող էինք և խանի մարզիկներին հանդիպել, որոնք, իմանալով օրիորդի փախուստը, նույնպես հետամուտ կլինեին։ Այդ պատճառով շտապում էի րոպե անգամ չկորցնել և այն օր, որքան կարելի էր, երկար ճանապարհ կտրել։

Գիշերը մենք մնացինք անտառում, իսկ երկրորդ օրվա երեկոյան պահուն հասանք Երասխ գետի ափի մոտ։ Երասխը այդ կողմերում ռուսաց և պարսից հողերի սահմանագլուխն է։ Ես մտածում էի անցնել գետը և ռուսաց հողի վրա ապաստան գտնել։ Այդ կողմերում միակ անցքը Խուդա-Աֆերինի կամուրջն էր։ Բայց կամուրջով անցնել անկարելի էր, նախ այն պատճառով, որ այնտեղ կարող էին մարդիկ դրած լինել մեզ բռնելու, երկրորդ, մեզանից անցաթղթեր կպահանջեին։ Իսկ մենք, փախստականներս, անցաթղթեր չունեինք։

Դժվարությունը մեծ էր։ Ի՞նչպես պետք էր անցնել գետը։ Ուրիշ հնար չկար, պետք էր որոնել գետի ծանծաղուտներում մի ոչ այնքան խորին տեղ և մաքսախույսների նման անցնել ջրի միջով։ Բայց Սանամը կարո՞ղ էր կատարել մի այսպիսի հանդուգն ձեռնարկություն։ Ես մնացել էի շվարած, չգիտեի, թե ի՛նչ պիտի անեմ։ Երբ օրիորդը նկատեց իմ հուսահատությունը՝ հարցրեց.

— Ինչո՞ւ եք կանգնած։

Ես բացատրեցի նրան, թե ավելի ապահով դրության մեջ լինելու համար պետք է անցնել ռուսաց հողի վրա։

— Անցնենք, էլ ի՞նչ բանի ենք սպասում, — պատասխանեց նա։

Ես ցույց տվի ահարկու գետը։

— Անցնենք գետը, — կրկնեց նա մի առանձին վստահությամբ։

— Դուք չե՞ք վախենում։

— Ինչի՞ց պետք է վախենամ։

Ես հայտնեցի նրան, թե այն տեղը, թեև գետի ծանծաղ տեղերից մեկն է, այսուամենայնիվ բավական խորն է։

— Ես, ճշմարիտ է, լողալ չեմ իմանում, — ասաց նա, — բայց ձին խո իմանում է, լողալով կտանե և կհանե ինձ մյուս ափի վրա։

— Բայց դրա համար պետք է բավական քաջություն ունենալ, պետք է սրտի և հոգու հանգստություն ունենալ, չշփոթվել, չմոլորվել և կարենալ իրան ձիու վրա պահել։

— Կարող եմ, — Ասաց նա։ Հետո ավելացրեց, — միևնույն չէ՞, ես խո ուզում էի սպանել ինձ։ Եթե աստված կամենում է, որ ես կենդանի մնամ, նա ինձ կօգնի և ոչ մի վտանգ չի պատահի։ Իսկ եթե հասել է իմ կյանքի վախճանը, ավելի լավ է, որ այդ մաքուր գետը լինի իմ գերեզմանը։

Հավատը, մի այսպիսի ջերմ հավատը՝ նախախնամության տնօրինության վրա, միակ և ամենահաստատ գրավականն էր, որ ինձ առիթ տվեց մտածելու, թե օրիորդը չի կորցնի իր հոգու քաջությունը և երկյուղից չի շփոթվի։ Եվ այդքանը բավական էր կատարյալ հաջողություն սպասելու համար։ Բավական էր, ասում եմ, այն պատճառով, որ եթե նա կարողանար իրան ձիու վրա պահել, ձին այնքան ուժեղ էր և. վարժված, որ առանց դժվարության կարող էր լողալով դուրս տանել նրան մյուս ափի վրա։

Այսուամենայնիվ, սպասելիք վտանգը մեծ էր։ Ես բռնեցի օրիորդի ձիու սանձը իմ ձեռքում և պատվիրեցի նրան, որ իր ձին կառավարելու համար ամենևին հոգ չտանե, միայն երկու ձեռքով պինդ բռնե թամքից և աշխատե, որ ոտները դուրս չպրծնեն ասպանդակներից։ Իսկ ես իմ ձին առաջ քաշեցի, նրա ձիուն իմ ետևից քաշ տալով։ Երբ նրա ձին աոաջին ոտները դրեց ջրի մեջ, ես նկատեցի, որ օրիորդը խաչակնքեց իր դեմքը և լուռ աղոթում էր։ Մենք սկսեցինք առաջ գնալ։ պուրը հազիվ հասնում էր մինչև ձիաների կուրծքը։ Օրիորդը սկսեց մինչև անգամ ծիծաղել իմ վրա, թե ինչո՞ւ ես այնքան չափազանցորեն նկարագրեցի գետի ահավորությունը։ Բայց ես զգուշացնում էի նրան, թե կարող են պատահել և ավելի խոր տեղեր։

Երասխի ծանծաղուտները այնքան վտանգավոր չեն, մանավանդ ամառը, երբ ջուրը փոքրանում է։ Գյուղացիները մինչև անգամ ոչխարների հոտեր են անցկացնում։ Միայն պետք է ճանաչել այն տեղերը, ուր նշանավոր խորություններ չեն պատահում։ Իմ ընտրած տեղը ամենասովորական տեղն էր, ուսկից անց էին կենում այն տեսակ մարդիկ, որ չէին ցանկանում սահմանապահ ղարավուլների հանդիպել։ Բայց ո՞վ կարող է նախագուշակել, թե գետը ամեն ժամ, ամեն օր ինչ հեղափոխություններ է կատարում իր հատակում։ Այնտեղ, ուր երեկ ծանծաղ էր, այսօր բացվում է մի ահագին խորություն։ Իսկ ջրի խաբուսիկ մակերևույթը դարձյալ հարթհավասար է մնում։

Մինչև գետի լայնության կեսը անցանք առանց որևէ դժվարության։

Ես խորհուրդ էի տալիս օրիորդին, որ երբեմն աչքերը խփե, շատ չնայի ջրին։ Ձիաները ջրի սրընթացության հետ կռվելով, փռնչալով, առաջ էին գնում։ Դեռ նրանց ոտները հասնում էին հատակին, և այդ օգնում էր իրանց պինդ պահել և չգնալ հոսանքի հետ։ Բայց երբ հասանք խորությունների, նրանք սկսեցին լողալ։ Այդ ժամանակ ամենավտանգավոր րոպեն էր։ Ես անդադար ձայն էի տալիս օրիորդին, որ չվախենա և իրան ամուր պահե թամքի վրա։ Բայց ջուրն արդեն հասել էր մինչև թամքը։ Զիաների վեր բարձրացրած գլուխներն էին միայն երևում։ Այդ միջոցին գետի սրընթաց հոսանքը սկսեց իր հետ տանել օրիորդի ձիուն։ Ես աշխատում էի կանգնեցնել նրան, ձիգ տալով սանձից, որ իմ ձեռքում բռնած ունեի։ Բայց հնար չեղավ, սանձը կտրվեցավ, և նրա ձին բավական հեռացավ ինձանից։ Վտանգն ակներև էր։ Օրիորդը, այսուամենայնիվ, չկորցրեց սրտի ամրությունը և քաջությամբ պահում էր իրան ձիու վրա։ Ես փութացնում էի իմ ձիուն, որ առաջանամ և բռնեմ նրան։ Բայց իսկույն սարսափը տիրեց ինձ, երբ տեսա, որ օրիորդը իր ձիու հետ խորասուզվեցավ ջրի տակ։ Ուրիշ հնար չկար, պետք էր թողնել իմ ձին և լողալով որոնել նրան ալիքների մեջ։ Նրա ձիու գլուխը կրկին հայտնվեցավ ջրի տակից, օրիորդը դեռ նրա վրա էր գտնվում, երկու ձեռքով պինդ բռնած ունենալով նրա բաշից։ Ես լողալով մոտենում էի։ Մենք արդեն շեղվել էինք ծանծաղուտներից և ընկել էինք սարսափելի խորությունների մեջ։ Ես չեմ կարող նկարագրել այն բոլոր զարհուրանքը, որ այս րոպեիս էլ տիրում է իմ սրտին, երբ մտաբերում եմ իմ անխոհեմությունը, թե որպիսի հիմարությամբ ես թույլ տվեցի ինձ այնպես անհոգությամբ վերաբերվել դեպի կատաղի Երասխը։ Ես թե այն ժամանակ և թե այժմ դեռ չեմ կարողացել պարզ հասկանալ, թե ի՞նչ կատարվեցավ, և ի՞նչպես եղավ, որ երբ աչքերս բաց արի, ինձ ջրի խորության մեջ գտա։ Երևի, մի ուժգին պտույտ, մի կատաղի հորձանք ինձ ևս տարել էր ջրի տակ։ Բայց երբ կրկին բարձրացա ջրի մակերևույթի վրա, նայեցի, օրիորդը այլևս չէր երևում։ Երկար ես լողում էի այս կողմ և այն կողմ, երկար որոնում էի նրան, բայց նա չկար ու չկար...

Մի ձայն գետի հակառակ ափից վաղուց կանչում էր ինձ:

Բայց ես իմ խռովության խորին տագնապի մեջ սկզբում ոչինչ չէի լսում։ Նա կանչում էր։ Նա կանչում էր, «Դու՛րս եկեք, դուրս եկեք... դեպի այս կողմը»։

Իմ ուժերը բոլորովին սպառված չէին, միայն օրիորդի կորուստը մահվան չափ տանջում էր ինձ։ Ես սկսեցի ալիքները պատառելով լողալ դեպի կոչող ձայնը։ Երբ դուրս եկա ափի վրա, իմ ուրախությանը չափ չկար։ Օրիորդը այնտեղ նստած էր, և կոչող մարդը կանգնած էր նրա մոտ։ «Դու այժմ փրկված ես»... մի առանձին բերկրությամբ ասում էր նրան, որպես մի մարդ, որ խորին բավականություն էր զգում, որ ազատել էր մի կյանք։ Հետո դարձավ նա դեպի ինձ, ասելով.

— Դու բավական քաջությամբ կռվում էիր ջրի հետ, ես համոզված էի, որ դու դուրս կգաս, այդ պատճառով քո մասին հոգ չտարա։

Արևը դեռ նոր մայր էր մտել, դեռ բավական լույս կար» Երասխի գետաձորի մեջ մշտական քամին սաստիկ սառն է լինում, մանավանդ երեկոյան պահուն։ Օրիորդը թրջված հագուստի մեջ ամբողջ մարմնով դողդողում էր։ Անծանոթ բարերարը առաջարկեց ինձ տանել նրան մերձակա գյուղը տաքացնելու և հագուստները չորացնելու համար։ Սանամը ոչինչ չէր խոսում, նա գտնվում էր մի տեսակ տենդային դրության մեջ։ Բայց անծանոթի առաջարկությունը ինձ անգործնական երևաց։ Մենք փախստականներ էինք, անխոհեմություն կլիներ մեր կողմից մտնել բնակությունների մեջ։ Թեև այդ մասին ես ոչինչ չհայտնեցի անծանոթին, բայց, կարծես թե, նա մի բան նշմարում էր» Օրիորդը, թեև ծածկված էր տղամարդի հագուստի մեջ, բայց նրա գդակը ջրի հոսանքի հետ գնալով, գլուխը մնացել էր բաց, և մազերի երկայն հյուսերը թափվել էին թիկունքի ու կուրծքի վրա։ Այդ կասկածանքի մեջ ձգեց անծանոթին։ Ես աշխատեցի փարատել նրա կասկածը, ասելով, որ «նա այսինչ խաչի «զուլն» է, մայրը ուխտել է, որ մինչև քսան տարեկան հասակը մազերը չկտրվեն»։

— Այդ ինձ շատ չէ հետաքրքրում, պատասխանեց նա, — Բայց դրան հարկավոր է շուտով մի տաք տեղ, եթե ոչ, իսկույն տենդ կստանա։

— Ի՞նչ ազգից են այն գյուղացիները, — Հարցրի ես։

— Հայեր են, — պատասխանեց նա։

Երբ պատրաստվեցանք գնալ դեպի գյուղը, ես նոր նկատեցի, որ մեր ձիաները կորած էին։ Անծանոթը ասաց, որ նրանք դուրս եկան գետի մյուս ափի վրա։ Կորուստը շատ զգալի էր։ Փախստականը առանց ձիաների ո՞ւր կարող էր գնալ։ Կրկին լողալով անցնել գետը և որոնել ձիաներին, շատ դժվար էր. նախ, այն պատճառով, որ ես չէի կարող մենակ թողնել օրիորդին, երկրորդ, ոչինչ հավանականություն չկար, թե կարելի կլիներ գտնել նրանց։ Զիաները այնքան սովորած էին եկած ճանապարհին, եթե մի օտար մարդ չբռներ նրանց, ուղղակի կդիմեին իրենց տիրոջ տունը։

Երբ անծանոթը նկատեց իմ շվարած դրությունը, ասաց։

— Գնանք, ձիաների մասին կմտածենք հետո։

— Ի՞նչ կարող ենք մտածել, — Հարցրի ես։

— Գյուղից ուրիշ մարդիկ կուղարկենք, որ որոնեն նրանց։

Գյուղը շատ հեռու չէր. մութը դեռ նոր էր պատել, երբ հասանք այնտեղ։ Անծանոթը չբաժանվեցավ մեզանից, որպես երևում էր, նա իր առաքինությունը կամենում էր մինչև ծայրը հասցնել։ Իմանալով, որ մենք օտարականներ ենք, նա հոգ տարավ մեզ համար գիշերելու օթևան ևս գտնել։

— Ես էլ այստեղ օտար եմ, — Ասաց նա, — ձեզ կտանեմ միևնույն տունը, ուր ես մի քանի օր կացել եմ։ Նրանք բարի և հյուրասեր մարդիկ են։

Օրիորդը հազիվ էր շարժվում, սոսկալի դեպքը խլել էր նրանից ամեն զորություն։ Հենված իմ թևքի վրա, դժվարությամբ փոխում էր նա իր դողդոջուն քայլերը։

Տունը, ուր տարավ մեզ անծանոթը, գյուղի նշանավոր անձինքներից մեկի տունն էր։ Մեզ պատահած դժբախտության տեղեկությունը բավական էր, որ հրավիրեր բոլորի կարեկցությունը մեզ վրա։ Այդ պատճառով մեր փախուստի մասին ոչինչ չխոսեցինք։

Օրիորդին պետք էր հանգստություն, պետք էր ջերմացնել սառած մարմինը։ Իսկույն մի առանձին սենյակում տաք անկողին պատրաստեցին։ Նա խնդրեց ինձ օգնել իրան, որ հանե թրջված հագուստը։ Ես մյուսներին հեռացրի, որպեսզի չնկատեն, թե նա աղջիկ է և ոչ տղա։ Վիշտը, ցավը, հիվանդոտ դրությունը խլել էին նրանից կանացի պարկեշտության այն զգուշությունները, որով կինը չէր ներում մի օտար տղամարդին շոշափել իր մարմինը։ Բայց այն դրության մեջ նա նայում էր իմ վրա որպես իր աղախիններից մեկի վրա։ Եվ իմ զգացմունքները այնքան մաքուր էին, որ օրիորդը չէր սխալվում իր մտերմության մեջ:

Նրա՝ անկողին մտնելուց հետո ես չհեռացա նրա կշտից, մինչև տաքացավ և ջերմ քրտինքը պատեց ճակատը։ Քունը շուտով տիրեց նրան, բայց տենդային և անհանգիստ էր քունը։ Բորբոքված երևակայությունը դեռ արթուն էր։ Երկար նա տանջվում էր սոսկալի երազներով և երբեմն խոսում էր խառն զառանցությունների մեջ։ «Թեկուզ սպանեք, թեկուզ կտրատեք, պարսիկի կին չեմ դառնա»... այդ խոսքերը մի քանի անգամ լսելի եղան նրա բերնից։

Գիշերը ես մնացի նույն սենյակում, ուր պառկած էր օրիորդը։ Մի անգամ միայն մտավ ինձ մոտ անծանոթը և հարցրեց օրիորդի դրությունը։ Տանեցիներից ուրիշ ոչ ոք չխանգարեց նրա հանգստությունը։

Առավոտյան օրիորդը իրան լավ էր զգում, վեր կացավ և առանց իմ օգնության հագնվեցավ։ Ես միայն ջուր տվի լվացվելու։ Նրա վիճակը ինձ այն աստիճան զբաղեցրել էր, որ դեռ ուշադրություն չէի դարձրել, թե ո՞րտեղ ենք գտնվում, կամ ո՞վ է մեր հյուրընկալը։ Ես մինչև անգամ իմ շնորհակալությունը դեռ չէի հայտնել անծանոթին, որ օրիորդի կյանքը ազատեց խեղդվելուց, և դեռ չգիտեի, թե ի՞նչ դիպվածով պատահեց նա գետի ափի մոտ, երբ մենք ենթարկվեցանք սոսկալի վտանգին։

Առավոտյան անծանոթը կրկին մտավ մեզ մոտ։ Մեծ եղավ իմ զարմանքը, երբ նկատեցի, որ այդ մարդը ծանոթ էր ինձ։ Դա միևնույն ճգնավորն էր, որին իմ պատանեկության հասակում տեսել էի Որոտնա վանքում։ Այո , նույն ճգնավորը, երկու ականջների ծայրերը կտրած, բազուկները և ձեռքի երեսը դրոշմված Երուսաղեմի ուխտավորի նշաններով։ Իսկ այժմ նա աշխարհականի հագուստ ուներ։ Թեև այդ հագուստի մեջ ևս պահպանել էր իր բարձր առաքինությունը։

Տեսնելով օրիորդին առողջ, չափազանց ուրախացավ նա և մի առանձին կարեկցությամբ մոտեցավ, նստեց մեզ մոտ։

Երևում էր, մեզ հետ առանձին խոսելիք ուներ, այդ պատճառով պատվիրեց ինձ սենյակի դուռը փակել և ոչ ոքի ներս չընդուներ

— Ես այստեղացի չեմ, — Ասաց նա, — ես էլ ձեզ նման օտարական մարդ եմ այս գյուղում։ Այսօր պետք է հեռանամ այստեղից։ Ես եկա ձեզ մոտ հարցնելու, արդյոք այլևս հարկավոր չե՞մ լինի ձեզ։

— Ձեր կատարած գործը այնքան մեծ է, որ մենք իրավունք չունենք ավելին պահանջել ձեզանից, — պատասխանեցի ես։ — Մեզ մնում է միայն շնորհակալ լինել ձեր առաքինության համար։

— Այդ ավելորդ է, — Ասաց նա համեստությամբ։ — Ես արել եմ այն, ինչ որ ամեն մարդու պարտքն է անել, երբ տեսնում է դժբախտություն։ Քայց դուք այն ասացեք, արդյոք մի որևիցե այլ բանո՛ւմ պե՞տք եմ ձեզ, թե՞ ոչ։ Ես սիրում եմ պարզ խոսել, ավելի լավ կլինի, որ դուք ևս բոլորովին անկեղծ լինեք ինձ հետ։

Վերջին խոսքերը ինձ կասկած պատճառեցին, երևում էր, որ նա փոքրիշատե տեղեկություն ուներ մեր գաղտնիքի մասին։ Ես պատասխանեցի,

— Մենք չենք կարող անկեղծ չլինել դեպի մի բարերար, որ այնքան մեծ զոհաբերություն հանձն առեց ազատելու մի կյանք։

— Մի օրիորդի կյանք, — կրկնեց նա խորհրդավոր ձայնով:

Ես մնացի շվարած։ Ո՞րտեղից գիտեր նա, որ տղամարդի հագուստով ծպտյալ պատանին օրիորդ էր։ Նա պատասխանեց.

— Օրիորդին ջրից հանելու ժամանակ ես արդեն հասկացա, որ նա տղամարդ չէ։ Նրա մի այսպիսի ծպտյալ դրությունը առիթ է տալիս ինձ մտածելու, որ ձեր վարմունքի մեջ թաքնված է մի գաղտնիք։ Դուք չեք սխալվի, եթե այդ գաղտնիքը կհայտնեք ինձ։ Գուցե ես կարող կլինեմ դարձյալ օգնել ձեզ:

Օրիորդը, որ բոլոր ժամանակ լուռ լսում էր, ընդհատեց մեր խոսակցությունը, ասելով.

— Ես գաղտնիք չեմ պահի մի մարդուց, որը ազատեց իմ կյանքը։ — Եվ սկսեց նա մի ըստմիոջե պատմել, թե ինքը ում աղջիկն է, պատմեց իր հոր անգութ վարմունքը, որ նրան ուզում էր բռնությամբ մահմեդական խանին տալ, և ինքը այդ բարբարոսությունից ազատվելու համար ստիպվեցավ փախուստի մեջ փրկություն որոնել և այլն։

Անծանոթը խորին ցավակցությամբ լսում էր։ Երբ օրիորդը ավարտեց, ասաց նա.

— Որքան ցավալի է ձեր պատմությունը, հարգելի օրիորդ, այնքան գովելի է ձեր արիությունը, որով պատերազմեցիք կոպիտ բռնության դեմ և բարի օրինակ դարձաք շատերի համար: Հիմա աղջիկներ մահմեդականների խաներին տալն այն սովորական կաշառքներից մեկն է համարվում, որով չարամիտ մարդիկ ձգտում են այս և այն նպատակին հասնել: Դա վատ է, դա շատ վնասակար է։ Ձեր պատմությունը ավելի և ավելի գրավեց իմ կարեկցությունը։ Ես ուրախ եմ, որ դեռևս մի փոքրիկ ծառայություն կարող եմ անել ձեզ։

— Բավական է, ինչ որ արեցիք, — պատասխանեց օրիորդը:

— Ոչ, բավական չէ, — պատասխանեց նա հանդարտությամբ։ — Դուք այժմ գտնվում եք ռուսաց հողի վրա, դուք փախստական եք պարսից երկրից, դուք անցել եք այս կողմը առանց անցագրի, այդ բոլորը ձեզ խիստ դժվարին դրության մեջ է դնում։ Ձեր հայրը այնքան ազդեցության տեր մարդ է, բավական է, որ նա գրե այստեղի կառավարությանը, ձեզ իսկույն կբռնեն և ետ կուղարկեն, որովհետև դուք փախստական եք, դուք անցագիր չունեք։ Այդ լավ է, որ դուք տղամարդի կերպարանքի մեջ եք մտել, բայց այդ բավական չէ ձեր ապահովության համար։ Դուք դեռ գտնվում եք պարսից սահմանի մոտ, պետք է հեռանալ այստեղից և շուտով հեռանալ։ Բայց այդ դժվար կլինի ձեզ, որովհետև դուք կորցրիք ձեր ամենակարևոր դյուրությունները՝ ձեր ձիաները։ Ես գիշերը այս մասին մտածում էի, մի քանի լավ լողացողներ ուղարկեցի, անցան գետը որոնելու ձեր ձիաները, բայց առավոտյան լուր բերեցին, որ չգտան նրանք։ Դուք առանց ձիաների ոչ մի տեղ գնալ չեք կարող։ Ձեզ պետք է շուտափույթ կերպով տեղափոխվել մի տեղից մյուս տեղ, իսկ այդ առանց ձիաների անկարելի է։

Նրա նկատողությունները ուղիղ էին։ Մեր դրությունը խիստ դժվարին էր։ Մենք զուրկ էինք ամեն միջոցներից, որ մեր պետքերը հոգայինք։ Մեր փախուստը այնքան անակնկալ և անպատրաստ կերպով կատարվեցավ, որ ապագա պետքերի մասին ամենևին չմտածեցինք։ Մենք մինչև անգամ այնքան փող չունեինք, որ մեզ համար հաց գնեինք ուտելու։

— Ես, — շարունակեց նա, — Բոլորը հոգացել եմ։ Ես վարձեցի ձեզ համար երկու ձիաներ, որոնց տերը կտանե ձեզ ուր որ կամենաք։ Միայն խորհուրդ կտայի, որ անցնեիք Ղափանի կողմերը, այնտեղ ժողովուրդը բարի է, ամեն տեղ կնդունեն, ամեն տեղ կպահպանեն ձեզ։ Դուք ժամանակ չի պիտի կորցնեք, հենց այսօր, հենց այս առավոտ պետք է ճանապարհ ընկնեք։ Օրիորդը այնքան առողջ է, որ կարող է շարունակել ճանապարհորդությունը։ Ես հոգացել եմ ինչ որ պետք է ճանապարհի համար։ Ձեզ պակաս է մի բան, որ ամեն տեղ կպահանջեն ձեզանից։ Ես անցագրի մասին եմ խոսում։ Ես կտամ ձեզ երկու անցագրեր։ Օրիորդը թող մնա իր ծպտյալ կերպարանքի մեջ, որպես և է, միայն տղամարդ ձևանալով, պետք է ընդունե մի տղամարդի անուն։ Իսկ դուք, — Դարձավ դեպի ինձ,— նույնպես պետք է փոխեք ձեր անունը։

Վերջացնելով իր պատվերները, հանեց նա իր ծոցից երկու պարսկերեն անցագրեր, մեկը տվեց ինձ, մյուսը օրիորդին, հայտնելով, որ մենք կրենք այնուհետև նրանց մեջ նշանակված անունները։

Բոլոր ժամանակը խոսում էր նա մի այնպիսի եղանակով, կարծես մեր վաղեմի բարեկամը կամ մտերիմ խորհրդակիցը լիներ։ Գլուխը դեպի ցած խոնարհած, կիսաբաց աչքերով խիստ հազիվ անգամ նայում էր մեր երեսին։ Բայց մի խորհրդավոր վեհություն, առաքինական խիստ ազդու արտահայտություն նշմարվում էր նրա պատկառելի դեմքի վրա։ Ես աստուծո մի առանձին ողորմությունն էի համարում, որ մեր նեղ դրության մեջ ուղարկեց մի այնպիսի օգնական։ Բայց օրիորդը այնքան հպարտ էր, որ շատ դժվար եղավ համոզել նրան, որ ընդունե մի օտար և անծանոթ անձից այս տեսակ բարերարություններ։ Բայց անհրաժեշտ կարիքի նրան ևս ստիպեց հաշտվել հանգամանքների հետ։

Երբ ամեն ինչ պատրաստ էր, մենք սենյակից դուրս եկանք։ Մեր հյուրընկալը բարեմաղթությամբ ճանապարհ դրեց մեզ, իսկ անծանոթը բավական տեղ եկավ մեզ հետ։

Օրիորդը նստած էր ձիու վրա, իսկ ես անծանոթի հետ գնում էի ոտքով։ Իմ ձին բերում էր մեր ետևից չարվադարը։

Ինձ բոլորովին չէր զարմացնում այն միտքը, թե ինչո՞ւ կամ ի՞նչ պատճառներից դրդված այդ մարդը ընդունում էր այնքան խորին կարեկցություն մեր դրության մեջ։ Բավական էր, որ ես գիտեի, թե նա մի ժամանակ ճգնավոր է եղել, թե աստծուն նվիրական մարդիկ միշտ պատրաստ են օգնել, բարիք գործել, երբ տեսնում են թշվառություն, երբ տեսնում են կարոտություն։

Բայց ես տակավին տարակուսության մեջ էի գտնվում, իմ կասկածը բոլորովին փարատված չէր, թե արդյո՞ք դա միևնույն անձնավորությունն էր, որին իբրև ճգնավոր մի ժամանակ տեսել էի Որոտնա վանքում, թե ես սխալվում էի չափազանց ճիշտ նմանությունների մեջ։

Բավական տեղ մեզ ճանապարհ դնելուց հետո, երբ կամենում էր նա բաժանվել մեզանից, ես հարցրի.

— Մենք չի՞ պիտի գիտենանք, թե ումից պետք է շնորհակալ լինենք այսքան բարությունների համար։

Նա սառնությամբ պատասխանեց.

— Կարծեմ, մի առանձին հարկավորություն չկա այդ գիտենալու։

— Այսուամենայնիվ, ինձ շատ ցանկալի էր գիտենալ, թե դուք ո վ եք։

— Եթե այդ ձեզ որևիցե օգուտ կբերեր, ես կասեի ձեզ։

Ես ուղիղ նայեցի նրա երեսին, ասելով,

— Եթե իմ հիշողությունը ինձ չէ խաբում, կարծեմ ես տեսել եմ ձեզ մի ժամանակ մի վանքում... մի քարանձավի մեջ... դուք ճգնավոր էիք...

Նրան տիրեց մի վայրկենական խռովություն, բայց իսկույն ծածկելով իր շփոթությունը, պատասխանեց.

— Դուք չեք սխալվում... այն ժամանակ ճգնում էի մի լեռան քարանձավի մեջ, հեռացած մարդիկներից... իսկ այժմ ճգնում եմ կյանքի մեջ...

Այս ասելով, նա տվեց ինձ իր քսակը։ «Ա՛ռ, — Ասաց, —ճանապարհին ձեզ պետք կլինի», և իսկույն բաժանվեցավ մեզանից։

Ես ապշած մնացի, մի խոսք անգամ չգտա նրան ասելու, միայն, քարացածի պես կանգնած, նայում էի նրա ետևից։ Նա էլ ճանապարհորդ էր, նա էլ մի տեղ էր գնում, բայց ո՞ւր էր գնում, աստված գիտե։ Նա իր քսակը տվեց ինձ. ես հավատացած էի, որ դա նրա վերջին արծաթն էր։ Իսկ ինքը գնում էր միայնակ, ոտքով, մի երկայն ցուպ ձեռին բռնած, աղքատ ուղևորի պարկը ուսին կապած»։

Երբ ավազակապետը վերջացրեց, հարցրի նրանից.

— Այնուհետև մյուս անգամ չհանդիպեցի՞ք նրան։

— Ոչ։ Այն օրից անցել են շատ տարիներ, կրկին հանդիպեցի նրան միայն այստեղ, քեզ հետ միասին, մուրացկանի կերպարանքով, և այդ խիստ զարմացնում է ինձ։ Այդ մարդը մի տեսակ հանելուկ է ինձ համար։ Ես շատ կցանկանայի, որ մեկ անգամ ևս տեսնեի և խոսեի նրա հետ։ Իբրև մուրացկան նա նույն բարի և առաքինի մարդը երևաց ինձ, որպես էր առաջ։ Դու տեսար, ի՛նչպես կարեկցությամբ մոտեցավ նա դատապարտյալների խումբին, ի՛նչպես բաժանեց մեզ իր հավաքած գրոշները, ասելով. «Դուք ավելի թշվառ եք, քան թե ես»...

Ես դարձյալ գաղտնիք պահեցի խորհրդավոր մուրացկանի մասին, այսքանը միայն ասելով իմ լավ ընկերին,

— Գուցե մյուս անգամ ևս կտեսնեք... այդ մարդը շուտով չի հեռանա այստեղից...

Ես հավատում էի, բոլորը հավատում էի, ինչ որ պատմում էր ավազակապետը։ Քավոր Պետրոսը այն տեսակ առասպելական արարածներից էր, որ ընդունակ էր հրեշտակից սատանա լինել, իսկ սատանայից՝ հրեշտակ։ Թե բարին և թե չարը նրա մեջ միևնույն ուժով էին գործում։ Միայն հանգամանքներից էր կախված, թե ե՞րբ կամ ի՞նչ դեպքում պետք էր ո՛րը գործ դնել։ Նա աշխարհի մարդ էր, գիտեր, թե ի՛նչպես պետք է վարվել աշխարհի հետ։ Ես ինքս վկա էի եղել գործերի, որոնց մեջ նա ցույց էր տվել թե իր վերին աստիճանի առաքինությունը և թե իր վերին աստիճանի անգթությունը։ Ես տեսել էի նրան բարեսիրտ, որպես աղավնի, և նենգավոր, որպես օձ։ Այդ մարդը, որի հետ տարիներով ապրել էի, գործել էի, ինձ համար ևս մնացել էր որպես մի մթիՆ հանելուկ։ Ես հասկանալ չէի կարողանում, թե ի՛նչպես չարն ու բարին, առանց

միմյանց հետ հակառակելու, հաշտվում էին նրա մեջ։ Բայց հավատացած էի, որ նա ամենայն անկեղծությամբ, ամեն տեսակ զոհաբերություններ հանձն առնելով, եկել էր ինձ ազատելու իմ թշվառ դրությունից։ Բայց ես կարո՞ղ էի կրկին անձնատուր լինել մի մարդու, որը որքան բարի էր, նույնքան ևս չար էր, Այդ հարցը դարձյալ մնաց իմ սրտում անվճիռ։

Դ

ՉՈՐՐՈՐԴ ԳԻՇԵՐ

— Դու այն պատմիր, թե ինչո՞ւ են կոչում քեզ ավազակապետ և ո՞րտեղ ընկար դատապարտյալների հասարակության մեջ, — Հարցրի ես չորրորդ գի՛շերը, երբ բավական հանգստացել էինք ցերեկվա ծանր աշխատությունից։

Ավազակապետը շարունակեց.

«Մեր անծանոթ բարերարի վարձած ձիաներով անցանք Մեղրիի գավառը։ Այստեղ ճանապարհները այն աստիճան քարքարոտ են, և լեռնային ելևէջները այն աստիճան սարսափերի են, որ անկարելի է ձիով ման գալ։ Մենք ստիպված էինք մեր ձիաները փոխել և վարձել ջորիներ։ Այդ խորամանկ անասունները սովոր են լեռնային քարքարոտներում ման գալ։

Սկզբում Սանամը դժվարությամբ հոժարացավ ջորիի վրա նստել։ Ղարադաղի մելիքի աղջիկը, որ սովորած էր սիգապանծ նժույգների, կարծես ամաչում էր, որ ստոր անասունների վրա հեծած տեսնեին նրան։ «Ինձ այլևս ո՞վ է ճանաչում», ասաց նա և մի առանձին մտերմությամբ խնդրեց ինձանից օգնել իրան, որ հեծնե։ Ես զարմացա։ Սանամը, որ ծտի նման ձիաների վրա թռչել գիտեր, ինձանից օգնություն էր խնդրում։ Երբ փոքր-ինչ առաջ գնացինք, ասաց նա,

— Վերջին ժամանակներում շատ ուժաթափ եղա...

Նրա ձայնի մեջ լսվում էր խորին տխրություն և սրտի դառն կսկիծ։

— Դուք այս առավոտ ոչինչ չկերաք, — Ասացի նրան, —կարելի է քաղցածությունից լինի։

— Ոչ, — պատասխանեց նա։ — Շատ անգամ սուրբ Սարգսի պասին երկու կամ երեք օրով ծոմ էի պահում, ո՛չինչ չէի ուտում, բայց երբեք ուժաթափ չէի լինում։

— Երևի, գետը ձեզ վրա վատ տպավորություն գործեց, —նկատեցի ես։

— Ոչ։ Այն մարդը շուտ վրա հասավ, ես դեռ բոլորովին ջրի տակ չէի գնացել, որ ազատեց ինձ։ Ա՜խ, երանի թե գիտենայի ով էր այդ մարդը։ Երևում է՝ որ աստված մեզ հետ է։ Նա ուղարկեց այդ մարդուն մեղ օգնելու համար։

Վերջին խոսքերը մխիթարում էին նրան և ավելի ամրացնում էին նրա հավատը, որ խիստ վառ էր օրիորդի մեջ։

Չնայելով, որ ջորիները դանդաղ էին ընթանում, դարձյալ մենք այն օրը անցանք բավական ճանապարհ։ Գնալով լեռների միջով, շատ անգամ ստիպված էինք անցնել այնպիսի վտանգավոր տեղերից, ուր անձնավստահ որսորդները միայն ոտք են կոխում, այն ևս խիստ հազիվ անգամ։ Զառիվայրների դժվարությունը երբեմն ստիպում էին մեզ ցած իջնել ջորիներից և, ապառաժների վրայով մագլցելով, առաջ գնալ։ Սանամը բոլորովին հոգնած էր, հազիվհազ կարողանում էր իրան ոտների վրա պահել։ Ես մի քանի անգամ առաջարկեցի բռնել նրա ձեռքից, օգնել նրան, բայց ամեն անգամ մերժում ստացա։ Նա դեռ խորշում էր ինձանից, նա այնքան հպարտ էր, որ դեռ նայում էր իմ վրա որպես իր հոր տան ծառաներից մեկի վրա։ Ես դեռ նրա մտերիմ անձնվեր բարեկամը չէի։

Երբ բարձրացանք սարերի վրա, արևը արդեն սկսել էր թեքվել դեպի իր երեկոյան մուտքը։ Ստորոտներում տոթը խեղդում էր, իսկ այստեղ ցուրտը մրսեցնելու չափ զգալի էր՛ ջորիներից ցած իջանք, նստեցինք փոքր-ինչ հանգստանալու։ Ես առաջարկեցի օրիորդին փաթաթվել իմ վերարկուի մեջ. նա հոժարությամբ ընդունեց, որովհետև վերարկու չէր առած իր հետ։ Հետո տվեցի նրան մի բան ուտելու, նա բոլորովին կազդուրվեցավ և գտնվում էր բավական խաղաղ տրամադրության մեջ։

Արևը մտավ։ Երեկոյան վերջալույսը հետզհետե զրկվում էր իր պարզ-ծիրանի շառավիղներից։ Սարերի գագաթները պատած էին սպիտակ ձյունափայլ մշուշով, որը, միախառնվելով երկնքի կապուտակության հետ, ներկայացնում էր անսահման մանիշակագույն օվկիանոս, որի մեջ լեռների ալիքավոր բարձրությունները ձևացնում էին սքանչելի տեսարան։ Օրիորդը բնություն սիրող էր։ Ես նկատեցի՝ նույն ժամում հափշտակված էր նա խորին հիացմունքով, և նրա խոշոր աչքերը մի առանձին ոգևորությամբ նայում էին դեպի գեղեցիկ լեռնային տարածությունը։ Ես նստած էի նրա մոտ։ Նա դարձավ ինձ այս խոսքերով.

— Նայի՜ր այն նեղ հովտին, որ հազիվ երևում է թափանցիկ մառախուղի միջից. նայի՜ր այն բաց-կանաչազարդ խոտերին, որ պատել են նրա սիրուն տափարակը, տե՛ս այն վտակը, ինչպես շտապով վազում է դեպի ձորը, ականջ դիր, որքան քաղցր է լսվում նրա ձայնը։ Ա՜խ, որքան գեղեցիկ է այդ բոլորը: Այնտեղ երևում են հովիվների տաղավարներ։ Տե՛ս, ոչխարները վերադառնում են արոտից, ես լսում եմ նրանց ձայնը: Ահա խմբվեցին նրանք տաղավարների շուրջը։ Կնիկները դուրս եկան կթելու նրանց, փոքրիկ գառները, փոքրիկ ուլերը կռվում են կթողների հետ, թե ինչո ւ են խլում իրանց սնունդը։ Բայց նրանց մայրերը այնքան առատ են, որ բավականություն են տալիս թե իրանց տերերին և թե իրանց ձագերին։ Գնանք այդ հովիվների մոտ և վայելենք նրանց հյուրասիրությունը։

Հովիտը, որ այնքան ոգևորությամբ նկարագրում էր օրիորդը, շատ հեռու չէր մեր նստած տեղից։ Երեկոյան մթությունը սկսել էր թանձրանալ։ Շարունակել մեր ճանապարհորդությունը չէինք կարող, որովհետև թե մենք և թե մեր անասունները սաստիկ հոգնած էինք։ Պետք էր մի օթևան գիշերելու համար։ Բայց նախքան այդ հովիվների մոտ հյուրասիրություն խնդրելը, հարկավոր էր տեղեկանալ, թե նրանք ինչ տեսակ մարդիկ են։ Այդ մտքով ես մոտեցա մեր ջորեպանին, որ մեզանից փոքր-ինչ հեռու արածացնում էր իր անասունները։

Ջորեպանի տված տեղեկությունները հովիվների մասին խիստ նպաստավոր էին։ Այդ խաշնարածները եկած էին Ղափանի կողմերից, ազգով հայ էին և հայտնի էին իրանց քաջությամբ։ Այստեղ ժամանակավորապես զետեղվել էին նրանք ամառը անցկացնելու և իրանց անասունները արածացնելու համար։ Վերջացնելով իր խոսքերը, ջորեպանը Խորհուրդ տվեց նրանց մոտ գնալ և ավելի բարվոք էր համարում գիշերը անցկացնել նրանց տաղավարների մեջ, քան թե բացօթյա մնալ։ Բայց միևնույն ժամանակ ակնարկեց նա, որ այդ հովիվները փոքր-ինչ կասկածավոր մարդիկ են, ավազակներ են։

— Եթե ուզում ես ավազակից անվնաս մնալ, պետք է ավազակի տունը գնալ, — պատասխանեցի ես։

Ուրիշ հնար չկար, գիշերը բացօթյա դրսում մնալը կարող էր վնասակար ազդեցություն ունենալ օրիորդի առողջության վրա։ Մենք ոչինչ պատրաստություն չունեինք մեզ հետ, ինչ էլ որ ունեինք, կապած էին մեր ձիաների վրա, բայց Երասխից անցկացնելու միջոցին պատահած վտանգի ժամանակ ձիաները իրանց հետ տարան։ Ես վճռեցի գնալ հովիվների մոտ, մանավանդ որ օրիորդի ցանկությունն էլ հենց այդ էր:

Մութը բոլորովին պատել էր, երբ հասանք նրանց ամառանոցին։ Ոչխարները մակաղել էին բնակությունից հեռու, առանձին հանգրվաններում, իսկ տաղավարների մոտ խմբվել էին ավելի խոշոր անասունները ձիաներ, կովեր, եզներ և այլն։ Տեղ-տեղ վառվում էին խարույկներ, որոնց շուրջը՝ խոտերի վրա նստած էին ալևոր մարդիկ, ծխում էին, խոսում էին, իսկ կնիկները մի բան էին եփում ընթրիքի համար։ Խարույկների աղոտ լույսով այդ լեռնականների կերպարանքները ավելի մռայլ կերպով նշմարվում էին գիշերային մթության մեջ։ Երիտասարդները զբաղված էին իրանց նժույգներով, քորում էին, մաքրում էին նրանց մարմինը և ծածկում էին թաղիքներով, որ գիշերը չմրսեն։ Իսկ նրանց ծերունի հայրերը դեռ չէին ավարտել իրենց երեկոյան աղոթքը, բաց երկնքի տակ, մերկ գետնի վրա չոքած, լուռ աղոթում էին։ Տիրում էր ընդհանուր լռություն, երբեմն հեռվից լսելի էին լինում խուլ ձայներ, որոնում էին որևիցե կորած անասուն։

Շները ահագին աղմուկ բարձրացրին, երբ մոտեցանք նրանց տաղավարներին։ Հովիվները խռովության մեջ ընկան, ամեն կողմից վազեցին, որ տեսնեն, թե ի՞նչ մարդիկ ենք։ Մեր ջորեպանը, որ ծանոթ էր նրանց սովորություններին, առաջ գնաց, հայտնեց, որ ճանապարհորդներ ենք, գիշերելու օթևան ենք խնդրում։ Նրանք հանգստացան և ամեն կողմից սկսեցին հրավիրել մեզ իրանց տաղավարները։ Որպեսզի ոչ մեկին վիրավորած չլինենք, մենք իջանք առաջին հանդիպած տաղավարի առջև։ Այստեղ, կարծես, վաղուց սպասում էին մեզ, երկու պատանիներ դուրս վազեցին, բռնեցին մեր ջորիները և մեզ ներս տարան։

Մեր բախտից տաղավարը, որ վիճակվեցավ մեզ, պատկանում էր խաշնարածների բավական նշանավոր և հարուստ ընտանիքներից մեկին։ Ընտանիքի հայրը մի ծերունի էր, բայց դեռ ժիր և աշխույժ, կարծես տարիների բոլոր ջանքերը իզուր էին անցել խլելու նրա մարմնի ամրությունը և սրտի զվարթությունը։ Նա խիստ սիրով ընդունեց մեզ, հայտնեց իր ուրախությունը և հրավիրեց նստել իր մոտ։ Նա բնավ հարցուփորձ չարեց, թե ո՛վ էինք մենք, ո՛րտեղից էինք գալիս կամ ո՛ւր էինք գնում։ Դա նրանց սովորությամբ մի տեսակ վիրավորանք էր հյուրի համար։ Բավական էր, որ մենք նրա տաղավարի ծածկի տակ էինք գտնվում, և այդ րոպեից նրա գերդաստանի անդամներից մեկն էինք համարվում։

Այդ լեռնաբնակները, դեռ պահպանված լինելով նահապետական պարզության մեջ, ազատ էին մնացել կրթված աշխարհի կեղծ քաղաքավարության ձևերից։ Երբ իմացան մեր հայ-քրիստոնյա լինելը, ավելի մտերմացան մեզ հետ։ Ամենայն բարեսրտությամբ խոսում էին, ծիծաղում էին և ամեն կերպով աշխատում էին գոհացնել մեզ, որ ոչինչ պակաս չլինի մեզ համար։

Մեր հյուրընկալը առանձին ուշադրություն էր դարձնում մեր զենքերի վրա. մեկ-մեկ վեր էր առնում, ճրագի լույսի առջև զննում էր և իր հմտությունը զենքեր ճանաչելու մեջ ցույց տալու համար ասում էր, թե ո՛րը ի՛նչ գործարանի կամ ի՜նչ ժամանակի գործ էր։ Հին զենքերը հարգի էին դրանց մոտ։ Զենքերից նա գաղափար կազմեց մեր ի՛նչ դրության կամ ի՛նչ աստիճանի մարդիկ լինելու մասին։ Հասարակ մարդիկ չէին կարող ունենալ այս տեսակ հարուստ զենքեր։ Այդ րոպեից նրա հարգանքը ավելի ևս բազմացավ մեր վերաբերությամբ։

Ընթրիքը երկար չտևեց։ Լեռնաբնակները շուտ են ուտում, և կերակուրների տեսակները այնքան առատ չեն, որ շատ ժամանակ պահանջեն։ Ես մտածում էի օրիորդի հանգստության մասին, նա սաստիկ հոգնած էր։ Ծերունին նույնպես նկատեց, որ մեր խոսակցության միջոցին, նստած տեղում, նիրհում, էր նա։ Բայց գերդաստանի հայրը երևակայել անգամ չէր կարող, թե մի ուրիշ արարած, որը հասակով փոքր էր իրանից, կարող էր հանգստության վրա մտածել, քանի որ ինքը տակավին նստած էր, քանի որ ինքը դեռ քնելու ախորժակ չուներ։ Ամեն մարդ քնելու իրավունք ուներ՝ երբ նա արդեն քնած էր. ամեն մարդ ուտելու իրավունք ուներ երբ նա արդեն կերած էր։ Ամեն բանի մեջ պետք է նա առաջինը լիներ, իսկ մյուսները՝ հետևողներ։

Եվ ես տեսնում էի՝ ընթրիքի ժամանակ ծերունու բոլոր որդիքը ոտքի վրա սպասավորություն էին անում, կամ մի բան ներս էին բերում և կամ դուրս էին տանում։ Նրանցից մեկը միայն, երեց որդին, հորից թույլտվություն ստացավ մեզ հետ սեղանակից լինելու։ Կնիկները ամենևին չէին երևում, նրանք փակված էին տաղավարի առանձին բաժնում: Երբ սեղանը հավաքեցին, որդիները հեռացան, որ իրանք էլ մի բան ուտեն։ Մենք ծերունու հետ մնացինք տաղավարում միայնակ։

Որդիների թիվը հասնում էր չորս հոգու, բոլորը կարծես թե տիտանների սերունդից լինեին, առողջ և ամուր կազմվածքով։ Ամենքը ամուսնացած էին, ունեին բազմաթիվ զավակներ, որոնցից շատերը նույնպես ամուսնացած էին։ Տունը լիքն էր ամեն հասակի երեխաներով։ Այստեղ ապրում էին մի քանի սերունդներ, որոնք սերտ կերպով միացած էին միմյանց հետ, որոնց գլխին կանգնած էր ալևոր պապը իր նահապետական մեծությամբ։

Ե

ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳԻՇԵՐ

«Սանամի տկարությունը ստիպեց մեզ երկար մնալ մեր հյուրընկալի տաղավարում, — շարունակեց ավազակապետը իր ընդհատված պատմությունը։

— Օրիորդի լարված ուժերը հետզհետե թուլացան, և նա վերջապես չկարողացավ տանել այն բոլոր տանջանքները, որ կրել էր իր հոր տնից բաժանվելուց հետո։ Երասխ գետի մեջ պատահած սարսափելի անցքից հետո նա արդեն իրան ոչ բոլորովին առողջ էր զգում։ Բայց նա թաքցնում էր ինձանից իր դրությունը, մինչև հիվանդությունը խիստ ծանր կերպարանք ստացավ։ Հիվանդի համար որոշել էին մի առանձին տաղավար, և ոչ ոք չէր խանգարում նրա հանգստությունը։ Բժիշկ չկար, նրան թողել էինք բնության կամքին։ Միայն երբեմն նրա մոտ մտնում էին զանազան պառավներ, ի՞նչ դեղ ու դարմաններ էին անում, ոչ իրանք էին հասկանում և ոչ՝ ես։ Ես նրա մահճի մոտից չէի հեռանում, ամբողջ գիշերը անքուն նստած՝ լսում էի նրա խուլ հառաչանքները, ականջ էի դնում նրա ծանր շնչառությունը, իսկ ցերեկով նայում էի նրա գունաթափ դեմքին։ Մի առավոտ նստած էի նրա մոտ և լի տխուր մտածություններով նայում էի նրա վրա։ Այդ միջոցին քնած էր նա, և, ավելի ճիշտ ասած, գտնվում էր մի այնպիսի ինքնամոռացության մեջ, որ չէր զգում իմ ներկայությունը։ Այն զվարթ դեմքը, որ մի ժամանակ իր կանացի քնքշության հետ արտահայտում էր այրական վեհություն, այժմ թառամած էր, այժմ չուներ առաջվա կենդանությունը։ Այն խորախորհուրդ աչքերը, որոնց մթության մեջ մի ժամանակ այնքան կյանք, այնքան գորով և այնքան հոգեկան ջերմ զգացմունքներ կային, այժմ այդ աչքերը չունեին առաջվա կրակը։ Այն ողջախոհական շրթունքները, որոնցից լսել էի այնքան քաղցր, այնքան բարեկամական խոսքեր, որոնք միշտ մխիթարել և խրախուսել էին ինձ, այժմ այդ շրթունքները թրթռում էին տենդային ցնցումներով և իմ մեջ ազդում էին սոսկում ու զարհուրանք միայն։ Հուսահատական խառն մտածություններ տանջում էին ինձ։ Ի՞նչ կլինի մեր վերջը, եթե երկար կտևե նրա հիվանդությունը, ասում էի ես։ Եթե նա առողջ լիներ, նա այնքան ուժ և տոկունություն ուներ, որ ամեն տեղ կարող էր գալ ինձ հետ, և ես ամեն տեղ կարող էի տանել նրան։ Կգնայինք, կհեռանայինք մի անծանոթ աշխարհ, և ոչ ոք չէր գտնի մեզ։ Բայց ի՞նչ կարելի էր անել հիվանդի հետ, ո՞ւր տանել նրան, ո՞րտեղ թաքցնեի այդ մտքերը սաստիկ խռովեցնում էին ինձ։ Մենք դեռ պարսից սահմանից շատ չէինք հեռացել, մենք դեռ բավական մոտ էինք գտնվում այն երկրին, որտեղ բնակվում էր նրա հայրը։ Իսկ այդ անգութ հոր սատանայական հետախուզություններից անհայտ մնալը հեշտ բան չէր։ Անկարելի էր, որ նա ստուգած չլիներ, թե մենք ո՛ր կողմը կամ ո՜ւր էինք գնացել։ Օրիորդը ընդհատեց իմ մտածությունները։ Նա այժմ զառանցության մեջ արտասանում էր զանազան անկապ խոսքեր։ Մի քանի անգամ պարզ լսեցի իմ անունը։ Նա խոսում էր ինձ հետ, երազների և ցնորքների աշխարհում խոսում էր ինձ հետ։ Քնած դրության մեջ մարդը գաղտնիք պահել չէ կարող, որովհետև աշխարհի պայմանները զգուշության մեջ չեն դնում նրան։ նա խոսում է, նա դատում է, որպես մտածում է։ նրա զգացմունքները նույնքան անկեղծ են լինում, որքան անկեղծ է նրա դրությունը։ «Սիրում եմ քեզ, — ասաց նա հեզությամբ լի ձայնով, — քո զոհաբերությունը ուրիշ ոչնչով չեմ կարող վարձատրել, բայց միայն իմ սիրով»։ Այդ խոսքերը արտասանելու միջոցին նա իր տկարացած թևքերը տարածեց, երևի ինձ գրկելու համար։ Բայց իմ շրթունքներն արդեն սեղմված էին նրա տաքացած երեսի վրա, և նրա բազուկներն անգիտակցաբար փաթաթվել էին իմ պարանոցին։ Երազների աշխարհում նա գրկած ուներ իմ ուրվականը, բայց իսկության մեջ ես գրկել էի հիվանդ մարմինը։ Իմ արտասուքը թրջում էր նրա բորբոքված դեմքը։ Ո՜րքան բարություն, ո՜րքան առաքինություն կար նրա անմեղ խոստովանության մեջ։ Մի՞թե ես կարող էի ընդունել նրանից մի այսպիսի զոհաբեքություն։ Ես երևակայել անգամ չէի համարձակվում, որ նա իմ կինը լիներ։ Մի՞թե իր սիրով պետք է վարձատրեր նա իմ մատուցած ծառայությունները, ու այն սիրով, որ ավելի բարձր, ավելի արժանավոր արարածների համար էր պահված։ Ես ուրախ էի, որ այդ բոլորը կատարվեցավ նրա քնած ժամանակ։ Բայց իմ հպավորությունը արթնացրեց նրան, մռայլոտ աչքերը բաց արեց, նայեց իմ վրա։ «Դու այստե՞ղ էիր...», — եղավ նրա առաջին հարցմունքը, հետո երեսը շուռ տվեց մյուս կողմը, սկսեց դառն կերպով հոգվոց հանել։ Այդ ի՞նչ տանջանք էր։ Անտարակույս, հիվանդության տանջանքը չի պիտի լիներ։ Երևի, նրա ազնվական արյունը հուզվում էր, որ երազի մեջ անգամ ինձ նման ռամիկին արժանացրել էր իր սիրուն։ Քանի րոպեից հետո նա կրկին երեսը շուռ տվեց դեպի իմ կողմը։ Արևը այդ ժամանակ դեռ նոր էր սկսել ծագել, և նրա առաջին ճառագայթները շողշողում էին նրա վհատած դեմքի վրա։ Նա հրամայեց ցած թողնել տաղավարի մուտքի վարագույրը, որ ազատվի ճառագայթներից։ «Ուզում եմ մութ լինի... միշտ մութ, որ ինձ ոչ ոք չտեսնի»։ Ես զարմացա, թե ինչն էր ստիպում նրան փախչել լույսից, արդյոք ամո՞թը, որ նա քնի մեջ արել էր մի անմեղ խոստովանություն։ Այդ ենթադրությունը ավելի հավանական երևաց ինձ, երբ հարցրեց նա. «Շատ ժամանակ է, որ դու այստեղ ես»։ «Շատ ժամանակ չէ, կես ժամ հազիվ կլինի, լսեցի, որ քո քունը անհանգիստ է, ներս մտա»։ «Այո , ես անհանգիստ էի»...— Ասաց նա և հրամայեց, որ իրեն միայնակ թողնեմ։ Ես դուրս եկա, նստեցի տաղավարի մուտքի մոտ։ Այնտեղ քնում էի ես ամեն գիշեր, այնտեղ ամբողջ, գիշերը հսկում էի նրա վրա, այնտեղից լսում էի նրա դառն հառաչանքները, և իմ սիրտը լցվում էր կրակով։ Բայց այն առավոտ ո՜րքան երջանիկ էի զգում ինձ, որքան ուրախ էի ես, իմ հոգին վայելում էր անսահման բերկրություն։ Այն մի քանի խոսքերը, որ արտասանեց նա անգիտակցության մեջ, ինձ բաշխում էին աշխարհի բոլոր փառքերը։ «Երևի նա մտածում է իմ վրա, որ ես նրա երազների առարկան եմ դարձել», — Ասում էի ես և այսքանով միայն ինձ բոլորովին բախտավոր էի համարում։ Բայց ո՞վ կմտածեր, որ այդ բախտավորությունը երկար չէր տևի...

Այդ հոգեկան բերկրության մեջ էի ես, երբ մեր հյուրընկալի կրտսեր որդին մոտեցավ, հայտնեց, որ իր հայրը կանչում է ինձ։ Ես գնացի։ Ծերունին առանձնացած էր և, որպես երևում էր, պատվիրել էր իր մոտ ոչ ոքի չթողնեն» Նա հարցրեց օրիորդի առողջությունը, հետո խնդրեց, որ նստեմ իր մոտ։ Նա տխուր, միևնույն ժամանակ վրդովված էր երևում, կամենում էր մի բան խոսել, բայց դժվարանում էր։ Վերջապես, ասաց նա.

— Այն օրից, որ դուք ոտք եք կոխել իմ տան շեմքի վրա, ես ամենևին չեմ հարցրել ձեզ, թե ո վ եք դուք, ո՞րտեղից եք գալիս, կամ ո՞ւր եք գնում։ Ես այսքանով միայն ուրախ էի, որ իմ հացը բաժանում եմ աստուծո հյուրերի հետ։ Բայց այժմ առանց հարցնելու ևս, ես գիտեմ, թե դուք ով եք, և ում որդին է ձեր մանկահասակ ընկերը, որի հիվանդությունը նույնքան ցավ է պատճառում ինձ, որքան՝ ձեզ։ Մենք, այս լեռների բնակիչներս, սովորություն ունենք ոչ միայն հյուրասիրելու մի օտարականին, որ մեր տան ծածկի տակ օթևան է խնդրում, այլ վտանգի ժամանակ մեր պարտքն ենք համարում և պաշտպանել նրան ամեն չար պատահարներից: Մեր տունը մտնողը, ի՛նչ մարդ էլ և լիներ նա, ի՛նչ հանցանք էլ որ գործած լիներ, դարձյալ մեր օգնությունն է վայելում։ Այդ մասին կարող եք բոլորովին ապահով լինել...

Վերջին խոսքերի միջոցին ծերունին զգուշությամբ նայեց իր շուրջը, մի գուցե մի ուրիշը լսեր նրան։ Ես արդեն նախագուշակում էի, թե նրա հառաջաբանը ինչով պետք է վերջանար, և չսխալվեցա։ Մեզ որոնում էին...

— Այս րոպեիս ես վերադարձա մեր տանուտերի մոտից... շարունակեց նա: — Տանուտերը հավաքել էր իր մոտ մեր շենի բոլոր ծերերին և կարդաց գավառապետի հրամանը։ Նրա մեջ գրված էր, թե Իարադաղի մելիքի աղջիկը փախել է իր ծառայի հետ, և անցել են մեր կողմերը։ Հրամայված էր որտեղ և գտնելու լինեն նրանց, հանձնեն կառավարության ձեռքը, որ ետ ուղարկեն Պարսկաստան։ Հրամանի մեջ ծանր պատիժ և տուգանք էր նշանակված, եթե մեկը կհամարձակվի թաքցնել նրանց իր մոտ։ Ես տարակույս չունեմ, որ դուք և ձեր ուղեկիցը միևնույն անձնավորություններն եք, որ ցույց է տված հրամանի մեջ։

— Այո՛, մենք ենք, — պա՛տասխանեցի ես, առանց որևիցե կասկածանքի, առանց թաքցնելու։

— Շնորհակալ եմ ձեր մտերմության համար, — Ասաց ծերունին, — Հիմա պատմեցեք, այդ անցքը ի՞նչպես է պատահել։

Ես ծերունու անկեղծության վրա կասկած չունեի։ Իր բարեսրտությամբ նա այն աստիճան գրավել էր իմ վստահությունը, որ ես պատմեցի բոլորը, ինչ որ գիտեի օրիորդի մասին, պատմեցի նրա հոր փառասիրության մասին, թե ո՜րպես պարսիկ խանի բարեկամությունը գրավելու համար կամենում էր իր աղջկան կնության տալ նրան, պատմեցի օրիորդի ընդդիմադրության մասին, որ չցանկացավ մահմեդականի կին դառնալ, պատմեցի մեր փախուստը և այն բոլոր դժբախտ անցքերը, որ պատահել էին մեզ հետ ճանապարհին։ Ծերունին խորին ցավակցությամբ լսում էր։ Նրա խորշոմած դեմքի վրա նշմարվում էին բարկության և դառն ատելության ցնցումներ։

— Ես չեմ զարմանում խեղճ աղջկա հոր անգթության վրա, — Ասաց նա, երբ ես վերջացրի, — ես ճանաչում եմ նրա հորը, նա իր փառասիրության համար ամեն բան կանե, ամեն բան կզոհե։ Ես գովում եմ օրիորդի քաշությունը և ձեր անձնվիրությունը, որ հանձն եք առել ազատել նրան։ Բայց այդ թողնենք, խոսենք գավառապետի հրամանի վրա։

Ծերունու խոսքերից երևաց, որ իրանց տանուտերը, որին հրամայված էր որոնել մեզ, եթե տեղեկություն ստանար իմ և օրիորդի մասին, իսկույն կմատներ կառավարության ձեռքը։

Իմ հուսահատությանը չափ չկար, ես գտնվում էի ամենաանելանելի դրության մեջ. չգիտեի՝ ի՛նչ հնար գտնել վտանգից ազատվելու համար, այդ պատճառով, երբ ծերունին հարցրեց, թե ի՞նչ պետք է անել, ես ոչինչ պատասխանել չկարողացա։

— Եթե օրիորդը հիվանդ չլիներ, գործը շատ հեշտ էր, — Ասաց նա փոքր-ինչ մտածելուց հետո։ — Ես ձեզ՝ երկուսիդ ևս կուղարկեի Սիսիանի կողմերը, իմ բարեկամի մոտ, նա կպահեր ձեզ, մինչև հրամանը կհնանար, և ամեն բան կմոռացվեր։ Բայց օրիորդի հիվանդությունը ինձ դժվարության մեջ է դնում...

Նա դարձյալ մտածության մեջ ընկավ և ապա շարունակեց.

— Ռուսաց տիրապետությունից առաջ մեր կողմերի հայերը ևս միևնույն դրության մեջ էին, ինչ դրության մեջ գտնվում են այժմ Պարսկաստանի հայերը։ Պատահում էր այս և այն խանը, այս և այն բեկը մի գեղեցիկ հայ աղջիկ էր տեսնում, իսկույն իր ծառաներին ուղարկում էր և բռնությամբ տանում էր իր տունը։ Ոչ մի ծնող համարձակություն չուներ հակառակելու։ Մի անգամ մահմեդականի տունը մտած աղջիկը այլևս այնտեղից դուրս չէր գալիս։ Նրան կա՛մ աղախին էին դարձնում, կա՛մ հարճ և կա՛մ կին։ Ծնողները աշխատում էին տգեղացնել իրանց աղջիկներին, որ մահմեդականների աչքին հաճելի չթվին։ Այստեղից սովորական դարձան գլխի և երեսի այն այլանդակ փաթոթները, որ այժմ կրում են մեր կանայքը։ Բայց մի այլ հնար ևս երբեմն ազատում էր մեր աղջիկներին։ Երբ ծնողները հասկանում էին, որ մահմեդականը աչք ունի մեկի վրա, իսկույն վեր էին առնում աղջկան և պսակում էին պատահած հայ տղայի հետ։ Ամուսնացած կնոջը շատ չէին դիպչում, նրան անպատվում էին և բաց թողնում, որովհետև կին դարձնելու համար բավական դժվարություններ կային։ Մահմեդական օրենքը արգելում է՝ ամուսին ունեցող կնոջը, ի՛նչ ազգից և կրոնքից լիներ նա, իրա կինը դարձնել, քանի որ նա չէր բաժանված իր ամուսնից և մահմեդականություն չէր ընդունած։ Բայց ազաբ աղջիկների վերաբերությամբ այդ տեսակ պայմաններ չէին պահանջվում: Ազաբ աղջիկը մի անգամ մահմեդականի ձեռքը ընկնելուց հետո դառնում էր կոտրած աման, նրան այլևս ոչ ոք չէր առնում. մինչև անգամ գտնվում էին այնպիսի սնահավատ ծնողներ, որ հրաժարվում էին իրանց տունը ընդունել «պղծված» աղջկան։ Պատահում էր, որ նշանած աղջիկներին ևս ուզու էին քաշել տանել, այսպիսիներին իսկույն պսակում էին նշանած տղայի հետ, բայց պատահում էր, որ տղան բացակա էր լինում, մի ուրիշ երկիր գնացած էր լինում։ Այսպիսի դեպքերում պսակը կատարում էին մի առարկայի հետ, որ մնացել էր այն տղայից։ Ես դեռ չեմ մոռացել մի այսպիսի դեպք, տղան գտնվում էր հեռու երկրում, իսկ նրա նշանածին ուզում էին հափշտակել։ Ժամանակ չկար տղային կանչելու։ Ծնողները աղջկան ծածուկ տարան եկեղեցի, կանգնացրին սեղանի առջև, իսկ խաչեղբայրր, նրա մոտ կանգնած, ձեռին բռնած ուներ փեսայի հին գդակը։ Քահանան անդադար դիմում էր այդ գդակին, հարցնելով, «տե՞ր ես», «սիրո՞ւմ ես» և կատարում էր պսակի խորհուրդը։

Ես թեև հետաքրքրությամբ լսում էի ծերունու խոսքերը, բայց չգիտեի, ինչու համար էր այդ երկար պատմությունը։ Նրա միտքը հասկացա այն ժամանակ, երբ դարձավ դեպի ինձ հետևյալ հարցով.

— Օրիորդը նշանած ունի ։

— Դեռ ոչ ոք նշան չէ դրել նրան, — պատասխանեցի ես։

— Նա որևիցե մեկին սիրո՞ւմ է։

— Չգիտեմ...

— Այդ միևնո՛ւյն է, ս՛իրում է, թե չէ սիրում, — Ասաց նա, — Բայց պետք է անպատճառ պսակել մեկի հետ, ուրիշ հնար չկա ազատելու նրան։

— Ո՞ւմ հետ,

— Հենց ձեզ հետ, — Ասաց ծերունին ուրախ դեմքով։ — Զեր անձնազոհությունը օրիորդի վերաբերությամբ այնքան նշանավոր է, որ դուք արժանի եք նրա ամուսինը լինելու։

— Դա անկարելի բան է, — պատասխանեցի ես, — Այդ մասին խոսելն անգամ ավելորդ է։ Դուք չեք ճանաչում օրիորդին, նա ուրիշ աղջիկների նման չէ, նա սեփական կամքի և խելքի տեր աղջիկ է, նրան չէ կարելի զոռով եկեղեցի տանել: Մտածենք ուրիշ հնարների վրա։

Իմ խոսքերը շատ օտարոտի թվեցան ծերունուն, որ աղջիկը ևս կարող էր իր սեփական կամքը և խելքը ունենալ, բայց, թեև շատ դժվարությամբ, այսուամենայնիվ, նա համաձայնեցավ ինձ հետ չբռնադատել օրիորդին ամուսնության մասին և ուրիշ հնարների վրա մտածել։ Մենք երկար խորհեցինք, վերջապես ծերունին այն եզրակացությանը հասավ, որ օրիորդը պահվի իր տանը, իսկ ես առժամանակ հեռանամ։ «Հիվանդին իմ տան ծածկի տակ թաքցնելը հեշտ է, բայց ձեզ կարող են նկատել», — Ասաց նա։

Բայց ես ո՞րպես կարող էի բաժանվել օրիորդից, ո՞ւմ հոգաբարձությանը հանձնեի նրան, միթե կարո՞ղ էի հանգիստ լինել, եթե մի օր, մի ժամ, մի՝ րոպե նրան չտեսնեի, կամ ի՞նչ ազդեցություն կաներ նրա հիվանդության վրա, եթե այդ բոլորը հայտնվեր նրան։

— Ուրիշ հնար չկա, — կրկնեց ծերունին։ — Եթե օրիորդը առողջ ևս լիներ, ձեզ դարձյալ հարկավոր էր բաժանվել միմյանցից, որովհետև ձեզ երկուսիդ միասին տեսնելով՝ ավելի հեշտ կարող էին ճանաչել։

Ես իմ սրտի և զգացմունքների հետ կարող էի հաշտվել, բայց իմ բոլոր մտատանջությունը նրանումն էր, թե ի՞նչպես հայտնեմ օրիորդին, որ նրան միայնակ եմ թողնում։ Բայց մեծ եղավ իմ զարմանքը, երբ նրան հաղորդեցի մեր աննախանձելի վիճակը, նա խիստ սառնասրտությամբ ասաց ինձ.

— Դու շատ բան արեցիր ինձ համար, ավելին պահանջել քեզանից իրավունք չունեմ։ Դու, ո՛ւր որ կամենում ես, գնա, հեռացիր, գլուխդ ազատիր, ես կմնամ այստեղ։ Այժմ ինձ համար միևնույն է... կյանքր զզվացրել է ինձ... Եթե ինձ գտնելու և տանելու ևս լինեն հորս տունը, դարձյալ չեմ վախենա, որովհետև գիտեմ, որ մինչև այնտեղ հասցնելը կենդանի չեմ մնա։ Այնուհետև իմ դիակի հետ ինչ որ ուզում են, թող անեն...

Օրիորդի հուսահատական խոսքերը կրակի նման այրում էին իմ սիրտը, իմ լեզուն կապվեցավ, ես մի բառ անգամ չկարողացա գտնել նրան մխիթարելու։ Ես ցանկանում էի գրկել նրա ոտները, համբուրել և ասել, որ մինչև մահ քո ծառան, քո ստրուկը կդառնամ, քո ոտքերի տակի հողր կլինեմ և քեզանից չեմ բաժանվի։ Բայց նա չթողեց ինձ խոսել, ասելով,

— Իմ բանը պրծած է... ես շատ չեմ ապրի... դու քո գլուխը ազատիր և իմ վրա մի՛ մտածիր։

Իմ աչքերը լցվեցան արտասուքով։ Նա ափսոսում էր ինձ... արդյո՞ք իմ մատուցած ծառայությունների համար, արդյոք երախտագիտության զգացմունքի՞ց դրդված, թե մի այլ կիրք թելադրում էր նրան այդպես խոսել։ Ես այդ հասկանալ չկարողացա, միայն նկատում էի, կարծես թե նա մինչև անգամ ուրախ էր, որ հանգամանքները փոխվեցան, կարծես թե ցանկանում էր առանձնանալ և առժամանակ անջատված լինել ինձանից։ Ի՞նչ էր պատճառը։ Ես այդ հասկացա, բայց շատ ուշ հասկացա, երբ նա արդեն այս աշխարհից հրաժարվել էր և իր վշտերը իր հետ գերեզման էր տարել... Հիվանդության մահճի մեջ երկու զգացմունքներ կռվում էին նրա սրտում, մեկը՝ սերը,՛ որ դեռ նոր բոցավառվում էր նրա մեջ. մյուսը ազնվատոհմական հպարտությունը, թե ի նչպես կարող էր կին լինել մի ոամկի, իր հոր տան ծառայի որդուն։ Նա վախենում էր աշխարհի նախատինքից և ցանկանում էր օգուտ քաղել իմ բացակայությունից և խեղդել իր սրտի մեջ իրան տանջող զգացմունքը»...

Ավազակապետը կանգ առեց։ Վաղեմի հիշողությունները շոշափեցին նրա սրտի դեռ ոչ բոլորովին բուժված վերքերը։ Նա երեսը մի կողմ շուռ տվեց, որ ես չտեսնեմ նրա արտասուքը։

«Ես բոլորովին չանջատվեցա նրանից, — շարունակեց դժբախտը ցավալի ձայնով։ — Ես հեռացա, բայց շատ հեռու չգնացի։ Ցերեկով անհետանում էի մերձակա անտառներում, թափառում էի մթին ծմակների մեջ, կենակցում էի ծառերի, ժայռերի և գազանների հետ և իմ վշտերը ցրում էի որսորդությամբ։ Իսկ գիշերը մոտենում էի մեր հյուրընկալի տաղավարներին, և եթե միջոց էի գտնում, մտնում էի հիվանդին տեսնելու։ Երբ նա իր պղտորված աչքերը բաց էր անում, տեսնում էր ինձ իր մահճի մոտ նստած, միշտ կրկնում էր միևնույն խոսքերը, «Ինչո՞ւ եկար, կարող են կալանավորել քեզ»։ Անցան օրեր, անցան շաբաթներ, անցավ մի ամիս։ Օրըստօրե նրա հիվանդությունը ավելի վտանգավոր կերպարանք էր ստանում։ Մի գիշեր, երբ մոտեցա մեր հյուրընկալի տաղավարին, նա արտասուքը աչքերում դուրս եկավ իմ առջև և խորին ցավակցությամբ հայտնեց. «Նա մեռավ»... Ես սարսափեցա, որպես մի եղեռնագործ։ Ինձ այնպես թվեցավ, թե ես եմ եղել նրա մահվան պատճառը։ Խղճի զարհուրանքը շանթահարեց ինձ»...

Ավազակապետը կրկին կանգ առեց, ձեռքը տարավ դեպի հանգած չիբուխը, որ դրած էր նրա մոտ, կրկին վառեց և սկսեց ծխել։ Ծուխը թանձր մեգի նման դուրս էր հոսում նրա բերանից, նրա պնչերից, կարծես թե, նրա սիրտը ճարակում էր մի սարսափելի հրդեհ։

«Ոչինչ հայտնել չկարողացան ինձ նրա մահվան մասին, — Առաջ տարավ նա, — թե նա իր կյանքի վերջին րոպեներին ի՞նչ դրության մեջ է եղել, կամ ի՞նչ է խոսացել։ Նրա մոտ ոչ ոք չէր եղել, որ գոնե վկա լիներ անբախտ հանգուցյալի վերջին խոսքերին։ Երկու օր էր, որ նա մեռած էր, երկու օր նրա մարմինը պահել էին, որ ես տեսնեի։ Առավոտյան պետք է կատարվեր նրա թաղումը։ Ես այլևս չգնացի անտառը, մնացի, որ կատարեմ իմ վերջին պարտքը։ Իմ մասին այլևս չէի մտածում, թե ինչ կարող էր պատահել ինձ հետ։ Նրան կորցնելուց հետո այլևս կյանքը իմ աչքում արժեք չուներ։ Ես իմ ձեռքով պետք է գերեզման իջեցնեի այն նազելի արարածին, որին իմ կյանքում միայն սիրել էի, և որը նույնպես սիրում էր ինձ։ Նրա գերեզմանը փորվեցավ հենց նույն լեռան վրա, հեռու մարդկային բնակությունից, ուր երբեմն հանդիպում են հովիվները։ Նրա դագաղը հազիվ ծածկված էր հողով, խաշնարածների քահանան կարդում էր վերջին աղոթքը։ Ես սպանվածի նման կանգնած էի և լաց էի լինում։ Այդ միջոցին երկու յասավուլներ մոտեցան և ինձ կալանավորեցին։ «Նա մեռավ և ազատվեցավ, բայց դու ազատվել չես կարող», լսելի եղան տանուտերի խոսքերը։ Ինձ տարան, բանտարկեցին տանուտերի տաղավարում, որ մյուս օրը ուղարկեն գավառապետի մոտ։ Օրիորդի կորուստը ինձ այն աստիճան ապշած և խելագարված դրության մեջ էր դրել, որ ես համարյա չէի զգում, թե ինձ հետ ինչ է կատարվում։ Այսուամենայնիվ, հենց նույն գիշերը ինձ հաջողվեցավ իմ մոտ դրած պահապաններից մեկին սպանել, մյուսին սաստիկ վիրավորել և փախչել իմ բանտից։ Այնուհետև այլևս ի՞նչ էր մնում ինձ անել։ Իմ հանցանքները կրկնապատկվեցան, այստեղ դարձա մարդասպան, իսկ իմ հայրենիքից փախցրել էի իմ մեծավորի աղջիկը: Իմ հայրենի երկիրը վերադառնալ չէի կարող, իսկ իմ գտնված երկրում դարձա մի փախստական և միացա փախստականների խումբի հետ։ Ուխտեցի այնուհետև վրեժխնդիր լինել բոլո՛ր այն մարդկանցից, որ կրում են խան, բեկ, մելիք և տանուտեր անունները։ Իմ նպատակին մասամբ հասա... Բայց իմ ձեռնարկությունը այնքան սարսափելի էր և արյունոտ, որ վերջը բերեց ինձ այստեղ»...

Զ

ՀԱՄՐԸ

Ավազակապետը ծանոթացրեց ինձ մի այլ երիտասարդի հետ, որին կոչում էին Համր։ Նրա իսկական անունը ոչ ոք չգիտեր։ Չգիտեին նաև, թե ի՞նչ ազգից էր նա։ Նա միշտ լուռ էր և մտախոհ. մի անգամ գոնե չէին տեսել նրան խոսելիս, և այդ էր պատճառը, որ ընկերները նրան Համր էին կոչում։ Այդ օտարոտի խուլումունջը վաղուց գրավել էր իմ ուշադրությունը։ Նրանում կար մի խորհրդավոր բան, որ իր լռության մեջ ևս աչքի էր զարկում։ Բավակա՛ն բարձրահասակ էր նա, նիհար և ցամաք կազմվածքով,

դեղնած դեմքը գունաթափվելով, ստացել էր թառամած տերևի գույն, իսկ արագաշարժ աչքերը վառվում էին տենդագին բոցով։ Չնայելով իր տկար, հիվանդոտ կազմվածքին, աշխատում էր նա չափազանց եռանդով, և այդ առիթ էր տվել վերակացուներին բավական մեղմ վարվել նրա հետ, թեև նրա հսկողության վրա դարձնում էին առանձին ուշադրություն։

Գիշեր էր, երբ առաջին անգամ առիթ ունեցա խոսելու նրա հետ։ Խոնավ պատերին կպցրած ճրագի մոմերը հազիվ լուսավորում էին դատապարտյալների մռայլոտ ու սառն օթևանը։ Մերկ հատակի վրա, այստեղ ու այնտեղ, անկարգ կերպով պառկած էին ցերեկվա տաժանական աշխատությունից հոգնած թշվառները։ Քունը միակ մխիթարությունն է այդ ողորմելիների, նա կազդուրում է նրանց ջարդված անդամները և մոռանալ է տալիս սրտի դառն վշտերը։

Արթուն էր Համրը միայն։ Նա մտքով կարծես թե վերասլացել էր երկինքը, իսկ նրա խորախորհուրդ աչքերը մի առանձին կարեկցությամբ նայում էրն քնած թշվառների վրա։ Ես նրանից ոչ այնքան հեռու պառկած էի իմ հարդյա անկողնի վրա, և իմ աչքերը հառած էին դեպի երիտասարդի տխրամած դեմքը, որ կրում էր իր վրա հետքերը մի դժբախտ անցյալի...

Նա լուռ էր, որպես միշտ։ Իսկ այն գիշեր մեծ եղավ իմ զարմանքը, երբ նրա ցամաք ու փակված շրթունքներից դուրս հնչեց մի խուլ հառաչանք այդ երկու բառի հետ «աստված իմ»... Ես մինչև այն օր չգիտեի նրա ինչ ազգից լինելը, բայց հանկարծ լսեցի նրանից հայկական բառեր։ Ես չկարողացա զսպել իմ սրտի զեղմունքը։

— Դարձյա՞լ մի հայ, — Բացականչեցի ես այնքան լսելի ձայնով, որ դեպի ինձ գրավեցի Համրի ուշադրությունը։ Նրա փակված լեզուն բացվեցավ և պատասխանեց ինձ հետևյալ խոսքերով.՝

— Ինչո՞ւ եք զարմանում, աշխարհի ո՞ր անկյունում չկա հայ։ Արմատից խլված և ցամաքած բույսը տանում է քամին դեպի ամեն կողմ...

Նա կրկին լռեց։

Կան անձնավորություններ, որոնց մի բառը, մի խոսքը բավական է, որ մարդ նրանց մասին գաղափար կազմե։ Համրի ասածը թեև շատ պարզ չէր, բայց բավական հատկանիշ էր նրա մթին ծածկամիտ բնավորությանը։ Ես մոտեցա, նստեցի նրա մոտ։

— Ուրեմն դուք հայ եք, — Հարցրի նրանից։

— Այո...— պատասխանեց նա։

Ես այն աստիճան զգացվեցա, որ ձեռքերս տարածելով խնդրեցի նրանից.

— Թույլ տվեցեք ձեր ազգակցին գրկել ձեզ։

— Կարծեմ մեր դրության մեջ ավելորդ են այս տեսակ քնքշություններ, — Ասաց նա հրաժարվելով։

Նրա խոսքերը նույնքան սառն էին, որքան նրա դեմքը, բայց ինչո՞ւ այնքան ջերմ կերպով ազդում էին իմ սրտին։ Ես աշխատում էի շարունակել նրա հետ խոսակցությունը, բայց դժվարանում էի կապը պահպանել։

— Դուք այս գիշեր չեք քնում, — Ասացի ես, — Համարյա ամեն գիշեր նկատում եմ, որ դուք խիստ սակավ եք քնում:

— Այդ իմ սովորությունն է։

— Երևի մի բան տանջում է ձեզ։

— Մեզ ուղարկել են այստեղ տանջվելու համար:

— Այդ չեմ հարցնում, երևի մի ուրի՞շ բան կա։

— Խնդրեմ չմտնել իմ սրտի խորքը, — Ասաց նա և երեսը շուռ տվեց։

Ես փոշմանեցա, որ թույլ տվի ինձ մի դեռևս անծանոթ մարդու գաղտնիքները շոշափել։

— Ներեցեք, խնդրեմ, իմ անհամեստ հարցմունքի մասին։ Նա պատասխանեց ժպտալով.

— Հանցանքների այդ քավարանում իմ ներողությունը ավելորդ է։

Ես չկամեցա այլևս ձանձրացնել նրան, բարի գիշեր ասելով հեռացա և կրկին պառկեցի իմ հարդյա անկողնի վրա։ Իմ աչքերը դեռ երկար նայում էին նրա վրա, իմ միտքը դեռ երկար զբաղված էր նրանով։ Ո՞վ էր դա, ո՞ր երկրից և ի՞նչ հանցանքի համար էր դատապարտված, այդ հարցերը հետաքրքրում էին ինձ։ Ամեն մի դատապարտյալ սովորություն ուներ անամոթաբար և մինչև անգամ պարծենալով պատմել իր գործած հանցանքները, բայց Համրը իր մասին խոսելու սովորություն չուներ։

Երբ առավոտյան կրկին քշեցին մեզ հանքերի մեջ աշխատելու, ճանապարհին ես պատմեցի ավազակապետին իմ գիշերվա խոսակցությունը Համրի հետ։

— Նա շատ հետաքրքիր մարդ է, ասաց ավազակապետը, — ես քեզ կբարեկամացնեմ նրա հետ։

Մենք հասանք հանքը, կրկին խլուրդների նման ներս սողացինք մթին խորշերի և խոռոչների մեջ, կրկին մեր բահերը, բրիչները և մուրճերը սկսեցին գործել։ Այն քարանձավի մեջ, ուր մեր խումբը աշխատում էր, պատահեց մի ցավալի անցք։ Հանկարծ ժայռի մի բավական մեծ կտոր, դուրս պոկվելով անձավի պատից, ցած գլորվեցավ և բանվորներից մեկին տակով արեց։ Թվով չորս հոգի էինք այնտեղ՝ ես, Համրը և մի այլ տաժանակիր, իսկ չորրորդը հեծում և հառաչում էր ժայռի տակ։ Համրը մեզանից փոքր-ինչ հեռու էր, նա չնկատեց անցքը, բայց լսեց դղրդյունի ձայնը։ Մինչև նրա մեզ մոտ վազելը, ևս և մյուս ընկերը ամեն ճիգ թափում էինք, որ ետ մղենք ժայռը և նրա տակից դուրս բերենք թշվառին։ Բայց անգութ ժայռը ամենայն ծանրությամբ նստած էր նրա ոտների ու ծնկների վրա և չէր շարժվում տեղից։ Վրա հասավ Համրը։ Ես և իմ մյուս ընկերը չկարողացանք զսպել մեր ծիծաղը։ Նա ուշադրություն չդարձրեց մեզ վրա. վեր առեց երկաթյա մեծ ձողը, նրա ծայրը դրեց քարի տակին, և այնպիսի մի ուժով շարժեց, որ քարը իսկո՛ւյն առաջ մղվեցավ, և թշվառ դատապարտյալի ջարդվա՛ծ սրունքները դուրս եկան նրա տակից։ Այդ գործողությունը, որ ավելի հնարագիտության արդյունք էր, քան թե մարմնական ուժի, զարմացրեց մեզ։ Իսկ Համրը պարծենկոտության մի նշան անգամ չցույց տալով մնաց լուռ և սառն, որպես մեզ շրջապատող քարանձավը։ Այդ դեպքը առաջացրեց իմ մեջ մի առանձին հարգանք դեպի համեստ և միևնույն ժամանակ վերին աստիճանի բարի երիտասարդը։

Երեկոյան, մեր օթևանը վերադառնալու ժամանակ, ճանապարհին ես մի քանի անգամ փորձեցի խոսակցել նրա հետ, բայց միշտ ստանում էի այնպիսի կտրուկ պատասխաններ, որ դժվարանում էի խոսակցությունը շարունակել։ Այսպես մոտեցանք այն փողոցին, ուր գտնվում էին մեր ֆերմայի կրպակները։ Հեռվից նկատեցինք, մի տեղ խմբված էին մարդիկ, և բազմությունը դեպի այն կողմն էր վազում։ Մենք մտածեցինք, որ մի տարօրինակ բան պետք է պատահած լինի, և շտապեցրինք մեր քայլերը։ Երբ հասանք, անցքը շատ սովորական երևաց, երկու մարդիկ կռվում էին, և բազմությունը նրանց շուրջը հավաքված զվարճանում էր, թե ո՛րպես նրանք վայրենի կերպով ջարդում էին միմյանց կողքերը։ Ոմանք աշխատում էին բաժանել։ Մեկին, որ ավելի ուժեղ էր երևում, բռնեցին, իսկ մյուսը դուրս պրծավ նրա ճանկերից, «ազատեցե՜ք... օգնեցե՜ք»... գոչելով, փախավ և մոլորվածի նման մտավ մեր խումբի մեջ ապաստան որոնելու» Մեր պահապանները մոտ վազեցին, որ սվիններով հեռացնեն նրան։ Բայց նա արդեն կպած էր իմ կուրծքին, ինձ պինդ գրկած ուներ, այնպես ձևացնելով, որ վախենում է իր հակառակորդից։ «Նա ինձ կսպանե, նա աստված չունի», — ասում էր անդադար։ Այդ հանկարծակի դեպքից ես այն աստիճան շփոթվեցա, որ ամենևին չհասկացա, թե ինչ փսփսաց նա իմ ականջին, միայն զգացի, որ նրա ձեռքը խիատ ճարպիկ կերպով սողաց իմ գրպանի մեջ։ Մեր պահապանները հեռացրին նրան, նրա վարմունքը շատ բնական համարելով, որովհետև խեղճի հակառակորդը այնքան ուժեղ էր, որ կարող էր բոլորովին խեղդել նրան։ Տեղային ոստիկանությունը վրա հասավ, խռովությունը հանդարտվեց, ամբոխը ցրիվ եկավ, իսկ մեր խումբը անցավ։

Ամբոխի համար դա փողոցային սովորական անցքերից մեկն էր, իսկ խաչագողի համար դա նոր բան չէր։ Ես ճանաչեցի, թե ո վ էր այն մարդը, ես հասկացա, թե ի՛նչ նպատակով էր սարքել այդ կռիվը, և վերջապես ես գիտեի, թե ինչո՞ւ մեր խումբի մեջ մտնելու միջոցին ինձ միայն ընտրեց իր պաշտպան և ուղղակի ինձ մոտեցավ։ Խաչագողները շատ անգամ փողոցներում, հրապարակների վրա սարքում են այս տեսակ կռիվներ։ Բազմությունը հավաքվում է, մարդիկ խառնվում են միմյանց, իսկ նրանք, օգուտ քաղելով ընդհանուր շփոթությունից, գողանում են սրա ու նրա ժամացույցը, կամ շատ անգամ կողոպտում են հենց իրանց բաժանողների գրպանները։ Այդ մարդը նույնպես ձեռքը տարավ իմ գրպանը, բայց այնտեղից ոչինչ չգողացավ, և գողանալու բան էլ չկար, բայց զգացի, որ մի բան դրեց այնտեղ։ Առանց նայելու, ես գիտեի, թե ի՛նչ պետք է լիներ այդ։ Դա միևնույն անձնավորությունն էր, որ մի քանի շաբաթ առաջ մուրացկանի կերպարանքով մոտեցավ մեր խումբին և բաժանեց մեզ իր հավաքած գրոշները։ Այն ժամանակ, երկու հինգ կոպեկանոցների մեջ թաքցրած, տվեց ինձ իր խորհրդավոր տոմսակը։ Այժմ միևնույն անձնավորությունը, այդ հնարքով մոտենալով ինձ, դրեց իմ գրպանում մի այլ տոմսակ։ Իհարկե, ոչ ոք չհասկացավ նրա խորամանկությունը, և նա այն աստիճան կերպարանափոխ էր եղած, որ մինչև անգամ ավազակապետը չճանաչեց, որ այդ մարդը միևնույն ծպտյալ մուրացկանն էր։

Երբ հեռացանք, ձեռքս տարա գրպանս, տեսա, որ իմ ենթադրությունը սխալ չէր. այնտեղ կար մի թղթի կտոր։ Առանց կարդալու, արդեն ինձ հայտնի էր նրա բովանդակությունը, այսուամենայնիվ, գիշերը միջոց գտա ծածուկ կարդալու։ Նրա մեջ շտապ ձեռքով գրված էին հետևյալ տողերը.

«Մուրա՛դ, մի շաբաթից հետո զատկի տոնն է։ Դու գիտես ի՞նչ դրության մեջ են լինում մարդիկ այդ տոնի օրերում։ Արաղը կհաջողեցնե մեր դիտավորությունը։ Ում հետ որ հարկավոր էր, ես կարգադրել եմ։ Քեզ բաց կթողնեն։ Դու կգտնես ինձ եղևնիների փոքրիկ անտառում, Կարմիր բլուրի մոտ։ Այնտեղ ամեն ինչ պատրաստ կգտնես քո փախուստի համար։

Պետրոս»։

է

ԻՄ ՆՈՐ ԴԱՍՏԻԱՐԱԿԸ

Մոտեցան զատկի տոները։ Մեզ այլևս չէին աշխատեցնում, մեզ թույլ էին տալիս փոքրիկ զվարճություններ, մեզ թույլ էին տալիս և մեր հոգիների մասին մտածել, աղոթք կարդալ, խոստովանել, հաղորդվել և այլն։ Իհարկե, այդ բոլորը կատարվում էր զինվորների հսկողության ներքո։

Այդ օրերում ես ավելի ընտելացա Համրի հետ, մանավանդ երբ ավազակապետը իմ մասին նրա ականջում մի քանի բաներ փսփսաց։ Տարակույս չունեի, որ վատ բան չէր խոսի իմ մասին։ Այնուհետև այդ երիտասարդը, որ առաջ խորշում էր ինձանից, բավական մտերմացավ ինձ հետ։

Մի օր միասին նստած էինք մեր արգելանոցի բակում, տաքանում էինք արեգակի ճառագայթներով։ Մեր առջև դատապարտյալները զանազան խաղեր էին անում, ծիծաղում էին, աղաղակում էին, հռհռում էին և լրբաբար բոթբթում էին միմյանց։ Տաժանակիրը իր թշվառության մեջ դառնում է կատարյալ ստահակ։ Ամոթը, պատկառանքը և մարդկային բոլոր արժանավորությունները կորցնում է նա։ Օրենքը զրկում է նրան ամեն իրավունքներից, բայց նա ինքը զրկում է իրան բարոյական և հոգեկան բոլոր լավ հատկություններից։ Կարծես նա հետզհետե հաշտվում է այդ մտքի հետ՝ «ինձ համար վճռեցին, որ ես վատ եմ, անպիտան եմ, ես կշարունակեմ մնալ անպիտան, որովհետև իմ ուղղվելը կամ լավանալը չեն փոխի այն վիճակը, որին դատապարտված եմ»...

Ես նայում էի այդ մոլեգնած ստահակների վրա։ Համրը ընկղմված էր մտածությունների մեջ. նա տխուր էր, որպես միշտ, տոները չէին ուրախացնում նրան։ Ես չգիտեի ի՛նչ առարկայի վրա խոսել նրա հետ։ Այդ մարդուն հանդիպելիս իմ լեզուն կապվում էր, ես նույնպես համր էի դառնում։ Ես ուրիշ խոսք չգտա և հիշցրի նրա մի քանի օր առաջ կատարած քաջագործությունը քարանձավի մեջ։

— Ձեր արածը կատարյալ հրաշք էր, — Ասացի նրան։

— Մի՞թե դուք հավատում եք հրաշքների, — ժպտալով հարցրեց նա։

— Հավատում եմ։ Բայց ձեր գործը մարդկային ուժից բարձր էր։

— Մարդկային ուժը շատ և շատ բարձր է, քան ձեր տեսածը։

Նրա համեստությունը վիրավորվեցավ։ Ես տեսա, որ իմ նկատողությունները հաճելի չեն նրան, այդ պատճառով խոսքս փոխեցի, նրա ուշադրությունը դարձնելով մեր աոջևում զվարճացող թշվառների վրա։

— Նայեցեք, ի՛նչպես են զվարճանում դրանք, կարծես թե խելագարներ լինեն, բոլորովին մոռացել են իրանց դրությունը։

— Ինչո՞ւ չզվարճանան, երբ թույլ են տալիս նրանց վայելել այդ փոքրիկ մխիթարությունը։

— Մի քաղցր կաթի՜լ դժբախտության անսահման ծովի մեջ, ի՞նչ նշանակություն ունի այդ մի կաթիլը։

Նա ուղիղ նայեց իմ երեսին, կարծես զարմանում էր, որ ես էլ դատել գիտեմ, որ ես էլ իմ աոանձին համոզմունքներն ունեմ։

Բակը ընդարձակ էր։ Մենք բավական հեռու նստած էինք խաղացողներից։ Մեր խոսակցությունը ոչ ոք չէր խանգարում։

— Մի՞թե նրանք մեղավոր են, որ դժբախտ են, — Հարցրեց նա։

— Իհարկե մեղավոր են, — պատասխանեցի ես։

— Այդ դժբախտներից մեկն էլ դուք եք. ասացեք խնդրեմ, դո՞ւք եք մեղավոր, որ ձեզ այստեղ ուղարկեցին։

— Ապա ո՞վ է մեղավոր, ես հանցանք գործեցի, դրա համար էլ ուղարկեցին ինձ այստեղ պատժվելու։

Նա ոչինչ չպատասխանեց, միայն հետաքրքրվեցավ իմ անցյալով, խնդրեց մանրամասնաբար պատմել իմ կյանքի պատմությունը։ Ավազակապետից լսել էի, որ նա սովորություն ունի իր բոլոր ծանոթների կյանքը ուսումնասիրելու, այդ պատճառով ես ամեն ինչ պատմեցի նրան։ Ես պատմեցի, թե ո՛րպես երեխա ժամանակս հորից զրկվելով՝ մնացի աղքատ մոր խնամատարության ներքո, թե ո՛րպես նա հանձնեց ինձ մի դարբնոցում արհեստ սովորելու և միշտ խրատում էր, որ խաչագողների ճանապարհով չգնամ, մի բան սովորեմ և իմ արդար աշխատանքով ապրեմ։ Պատմեցի աղետավոր բանալիի անցքը, իմ վարպետի դարբնոցի հետ պատահած դժբախտությունը և իմ փախուստը այնտեղից։ Պատմեցի, թե ո՛րպես այնուհետև թափառական կյանք էի վարում և ո՛րպես միացա մի խումբ մանկահասակ սրիկաների հետ, որոնք ինձ պես փախստականներ էին, և սկսեցի նրանց հետ մանր գողություններ անել։ Պատմեցի, որ իմ երկրում ես հալածվեցա, տանջվեցա, փախստական եղա օրենքի և դատաստանի երեսից, և այն մարդը, որ խաբել էր ինձ՝ անմեղիս, և ես նրա թելադրությամբ ակամա ու անգիտակցաբար հանցանք էի գործել, կրկին նույն մարդը մոտեցավ ինձ, և ես նրա առաջնորդությամբ թողեցի իմ հայրենիքը, հեռացա դեպի օտար աշխարհներ և մտա խաչագողների հասարակության մեջ։ Այստեղ ես դարձա մի կատարյալ եղեռնագործ, սովորեցի ամեն չարիքներ գործել, սպանություն, գողություն, բազմատեսակ խաբեբայություններ, որոնցով ահագին գումարներ էինք ձեռք բերում, սովորեցի ուրիշի վաստակով ապրել։ Վերջապես, բռնվեցա և աքսորի դատապարտվեցա։

— Այդ բոլորը շատ հետաքրքրական է, — Ասաց նա, երբ ես վերջացրի։ — Հիմա տեսնո՞ւմ եք, որ դուք սկզբից անմեղ եք եղել և արդար, բայց ձեզ հանցանքի մեջ ձգեցին այն հանգամանքները և այն կենսական պայմանները, որոնցով, սկսյալ մանկությունից, շրջապատված եք եղել։ Եթե այո հանգամանքները և այն պայմանները ձեզանից հեռացնեին կամ իսպառ չլինեին, դուք, անտարակույս, կմնայիք ձեր անմեղության մեջ և գուցե շատ օրինավոր մարդ կդառնայիք։ Ընտանիքի մեջ ոչինչ չսովորեցաք, ընտանիքը լավ չկրթեց ձեզ։ Ձեր վարպետի դարբնոցում կարող էիք արհեստ սովորել, և դա ձեր արդար ապրուստի հիմքը կլիներ, բայց անիրավացի պատճառներ այնտեղից ևս հալածեցին ձեզ։

Ձեր պատանեկության փոքրիկ, սրիկա ընկերները սովորեցրին ձեզ գողությամբ ապրելու նախակրթությունը, իսկ խաչագողների ընկերությունը բոլորովին կատարելագործեց ձեր մեջ այդ արհեստը և դարձրեց ապրուստի միակ միջոց։ Այդ բոլորը՝ ընտանիքը, սրիկա ընկերները, խաչագողները, մի խոսքով, այն ամբողջ մթնոլորտը, որի մեջ ծլեցին, աճեցին և հասունացան ձեր ընդունակությունները, կոչվում է հասարակություն։ Եթե այդ հասարակությունը, կամ, որպես ասացի, այդ մթնոլորտը, մաքուր լիներ, առողջարար լիներ և ձեզ վրա բարերար ազդեցություն գործեր, տարակույս չկա, որ ձեր ընդունակությունները կզարգանային դեպի բարին, դեպի լավը և դեպի օգտավետը։ Բայց եթե դուք դարձաք մի չարագործ, դուք ծնունդ եք նույն մթնոլորտի, այլ խոսքով, նույն հասարակության , որը իր միջից արտադրել է ձեզ։

Ես նրա բացատրությունները հասկանալ չէի կարողանում։

Նա շարունակեց, ձեռքը մեկնելով դեպի զվարճացող բազմությունը, որ խաղում էր բակի մեջ։

— Տեսնո՞ւմ եք այդ թշվառներին, դրանք նույնպես հասարակության հիվանդոտ կազմվածքի արտադրած վերքերն ու պալարներն են, որ կտրել և այստեղ են ձգել, այն մտքով, որ կազմվածքը բոլորովին չվարակվի։ Բայց ո՞րտեղից առաջ եկան այդ վերքերը, այդ թարախալից պալարները հայտնի բան է, նույն կազմվածքի հիվանդոտ դրությունից։ Եթե մարմինը առողջ լիներ, դրանք չէին լինի։ Քննեցեք դրանց յուրաքանչյուրի կյանքի պատմությունը և դուք կտեսնեք, որ դրանց գործած հանցանքների արմատը դրած է եղել այն հողի մեջ, որից դրանք բուսել, աճել և զարգացել են։ Յուրաքանչյուրի հանցանքի ձևը, տեսակը, որպիսությունը տեղային բնավորություն ունի։ Եվ այղ կետից նայելով, այդ թշվառների ամեն մեկի կյանքի պատմությունը նույն հասարակությունների մտավոր, բարոյական և հոգեկան հիվանդության պատմությունն է, որոնց միջից դուրս են եկել դրանք։ Այստեղ, այդ արգելանոցի մեջ, կարելի է ուսումնասիրել այն բոլոր կրթական, տնտեսական և հասարակական պայմանները, որ առաջ են բերել այս տեսակ հրեշներ։

Վերջացնելով իր խոսքը, նա կրկին դարձավ դեպի ինձ, հարցրեց.

— Հիմա հասկացա՞ք, թե ով է մեղավորը, որ դուք, ես և այդ բոլոր թշվառները այստեղ բերվեցան։

— Ճշմարիտն ասած, շատ փոքր հասկացա, — պատասխանեցի ես, ամաչելով իմ տգիտության վրա։ — Դուք բոլորովին նոր բաներ եք խոսում։

Նրա սառն դեմքի վրա երևաց մի թեթև ժպիտ։

— Ձեզ այսպես է թվում,— ասաց նա, — Բայց իմ խոսքերը նոր չեն, խելացի մարդիկ այսպես են մտածում։ Հիմա ես կխոսեմ ձեզ հետ ավելի պարզ կերպով, հենց ձեր լեզվով, որ դուք հասկանաք։ Ես իբրև օրինակ կվեր առնեմ հենց ձեր անձնավորությունը, որովհետև դա ավելի մոտիկ և ավելի ծանոթ է ձեզ։ Ասացեք, խնդրեմ, դուք ինչո՞ւ սկսեցիք գողանալ, երբ ձեր պատանեկության հասակում ընկերացաք այն մանկահասակ սրիկաների հետ։

— Մենք քաղցած էինք մնում, այդ՝ պատճառով գողանում էինք, որ սովից չմեռնենք։

— Շատ Լավ։ Բայց մի՞թե չէիք կարող դուք, կամ այն մանկահասակ սրիկաները, ձեր աշխատանքով հաց վաստակել և չգողանալ։

— Մենք ոչինչ չէինք սովորած։

— Տեսնո՞ւմ եք, այստեղ կան պատճառներ, որ մարդուն անբարոյական են դարձնում, այն է՝ աշխատանքին անսովոր և անընդունակ լինելը։

Եվ նա սկսեց երկար բացատրել, թե ի՛նչ բան է հացի խնդիրը մարդկային հասարակության մեջ, ինչո՛ւ մարդիկ հացի համար անբարոյական են դառնում, ասաց, որ ոչ միայն մի անհատը, գործելու անընդունակ լինելով և արդար աշխատանքի սովորած չլինելով, դառնում է գող, ավազակ, խաբեբա, այլ մի ամբողջ ժողովուրդ կարող է այսպես դառնալ, եթե աշխատանքի սովորած չէ։ Նա օրինակ բերեց մի քանի ցեղեր, որ պարապում են ավազակությամբ և կողոպտում են իրանց հարևաններին։ Ես հարցրի.

— Կան մարդիկ, որոնք աշխատանքի սովոր են, որոնք ընդունակ են գործելու, բայց դարձյալ գողանում են, խաբում են և իրանց վաստակի մեջ անազնիվ միջոցների են դիմում, օրինակ, Պարսկաստանի խաչագողները և հրեաները:

Նա պատասխանեց.

— Ասացեք խնդրեմ, ինչո՞ւ ոչ մի այլ բարեկարգ երկիր, այլ միայն Պարսկաստանը արտադրեց խաչագողներ։ Այդ խաբեբաները ուրիշ ոչինչ չեն, եթե ոչ պարսիկների բռնակալության բնական արդյունք։ Մահմեդական կրոնը պիղծ է համարում նրանց, օրենքի առջև հավասար իրավունքներ չեն վայելում, նրանց կայքը, նրանց կյանքը ապահով դրության մեք չեն գտնվում, նրանց մշակության պտուղները, մահմեդականներից պիղծ համարվելով, չեն վաճառվում և այսպիսով զրկվում են ապրուստի ամենահաստատ միջոցներից մեկից, որ մատակարարում է նրանց հողը, ավելացրեք դրանց վրա պարսիկների ճնշումը, հալածանքը, կամայականությունը, հարստահարությունը, և ձեզ հասկանալի կլինեն խաչագողների գոյության բուն պատճառները։ Ստրկությունը խաչագողների մեջ զարգացրեց նենգավորություն, իսկ ճնշված, հալածված և հարստահարված դրությունը նրանց անբարոյական դարձրեց։ Հալածանքը զարգացրեց այդ հալածյալների մեջ նույնպես հալածասիրության ոգի, իսկ հարստահարությունը աճեցրեց նրանց մեջ անբարոյական բնազդումներ։ Վերևից, այսինքն՝ իրանից ավելի զորավորից, հարստահարվելով, սովորեցին նրանք հարստահարել իրանցից ավելի տկարներին: Այսպիսի ճնշումը արտադրեց խաչագողներին։ Պարսիկները հարստահարում էին նրանց կոպիտ ուժով, իսկ նրանք սովորեցին հարստահարել պարսիկներին կամ իրանցից ավելի տգետ մարդկանց մեղմ խորամանկությամբ և զանազան սատանայական խաբեբայություններով։ Ազատ մրցության մեջ և իրավունքների հավասարության մեջ նրանք կարող էին ազնիվ կերպով մաքառել։ Բայց որովհետև իրավունքները անհավասար էին, մի կողմում կանգնած էր բռնությունը, կոպիտ ուժը, իսկ մյուս կողմում՝ անձայն հնազանդությունը, այսպիսի հարաբերությանց մեջ, շատ բնական է, որ մրցության համար նրանք կընտրեին անազնիվ միջոցներ։ Միշտ դրության մեջ են եղել և Պարսկաստանի խաչագողները։ Այլևս ինչո՞ւ ենք մեղադրում խաչագողներին, որ նրանք անբարոյական դարձան, չէ՞ որ մահմեդական աշխարհը փչացրեց նրանց։

Դուք օրինակ բերեցիք և Պարսկաստանի հրեաներին, — առաջ տարավ նա։ — Չէ կարելի այդ ազգը անբարոյական կոչել, որ տվել է մարդկությանը երկու ամենավսեմ և ամենաբարձր կրոնքներ, որոնք բարոյականության հիմունքն են կազմում։ Բայց ինչո՞ւ բարոյապես փչացան հրեաները։ Եթե նրանց ազատ ասպարեզ տային գործելու, եթե նրանց չհալածեին, նրանք երբեք ստիպված չէին լինի խաբեբայությամբ ապրել։ Հրեան ցեղական հարուստ ձիրքեր ունի, նա խելքի, իմաստության, գիտության, ճարտարության և գեղարվեստի ասպարեզում հանդես է բերել ամենանշանավոր հանճարներ։ Օրինակ, Գերմանիայում նրա դրությունը փոքրիշատե ապահով է եղել, և նա միշտ նշանավոր և օգտավետ է հայտնվել մարդկային գործունեության ամեն ճյուղերում։ Իսկ մահմեդական աշխարհում նրան ճնշել են, նա դարձել է վնասակար: Սկսյալ Եգիպտոսի փարավոնների օրերից, աշխարհի երեսին ցիրուցան եղած այդ ազգը հալածվում է։ Հալածանքը սովորեցրեց նրան խաբեբա լինել, խորամանկ լինել, նենգավոր լինել։ Այդ հատկությունները, որ առաջ եկան նեղված կյանքի անխուսափելի անհրաժեշտությունից, դարձան բնավորություն և ժառանգաբար անցան սերունդից սերունդ։ Միայն դժբախտ դրության բարեփոխությունը կարող էր մաքրել այդ վատ հատկությունները։ Եվ որտեղ նրանց դրությունը բարեփոխվեցավ, այնտեղ նրանք լավացան։ Իսկ Պարսկաստանում և առհասարակ մահմեդական աշխարհներում նրանց դրությունը դեռ իր աննախանձելի պայմանների մեջ է գտնվում։ Նրանց կայքը հափշտակվում են, նրանց բարբարոսաբար չարչարում են, նրանց ամեն կերպ հարստահարում են, նրանք էլ սովորեցին իրանց զենքով՝ խելքով հարստահարել իրանցից ավելի միամիտներին։ Այդ դեպքում խաչագողի նշանակությունը հրեայից ոչնչռվ չէ զանազանվում, տարբերությունը միայն նրանց գործունեության եղանակի մեջն է։

Հիմա հասկացա՞ք, — շարունակեց նա, — Որ մահմեդականությունը ինքն է մեղավոր, որ պատրաստում է իր միջից անպիտան մարդիկ։ Եվ Պարսկաստանի նման երկիրը միայն կարող էր արտադրել խաչագողներ։ Որպես չէ կարելի մի վատ, անարգավանդ հողից առողջ և պտղաբեր բույսեր սպասել, այնպես էլ չէ կարելի մի անբարեկարգ երկրից սպասել լավ մարդիկ։ Վատ հողը կարելի է մշակել և պտղաբեր դարձնել, նույնպես և մի անբարեկարգ երկրի, որպիսին է Պարսկաստանը, հասարակական կազմակերպությունը կարելի է այնպիսի պայմանների մեջ դնել, որ եթե վատերը, անբարոյականները բոլորովին չսպառվեին, գոնե նրանց թիվը համեմատաբար շատ փոքր լիներ։

Եվ նա երկար խոսում էր այն մասին, թե ի՛նչ միջոցներ է հարկավոր գործ դնել, որ աղքատությունը և մարդկանց չարությունը վերացվի, որ բոլոր մարդիկ լինեն կրթված, բարի, գոհ և բախտավոր։ Այդ ամենը բացատրում էր նա այնքան պարզ լեզվով, որ ես այժմ բոլորը հասկանում էի։

Այնուհետև ես համարյա ամեն գիշեր խոսում էի նրա հետ և շատ բաներ էի սովորում։ Նրա հայացքները, նրա կարծիքները բոլորովին տարբեր էին իմ մինչև այնօր լսածներից և սովորածներից։ Օրինակ, մեր տերտերից շատ անգամ լսել էի, թե գողությունը մեղք է, եթե գողանալու լինես, մեռնելուց հետո հոգիդ կտանեն դժոխքի կրակի մեջ կայրեն։Բայց ես դժոխքի կրակից շատ չէի վախենում, որովհետև դեռ նորահաս երիտասարդ էի, մինչև մեռնելը շատ ժամանակ ունեի, կարող էի հազար անգամ գողանալ, և նույն տերտերի մոտ մեղքերս խոստովանվելով, նրանից թողություն ստանալ։ Եվ այսպես, իմ գործը հեշտացրած էր։ Բայց թե այս աշխարհի, ներկա կյանքի համար գողությունը ի՞նչ վնաս ուներ, տերտերը այդ մասին ոչինչ չէր խոսում, նա միայն սպառնում էր դժո՛խքի կրակով։ Բայց Համրը, բացի դժոխքից, նաև ասում էր, որ գողի համար հենց այդ աշխարհը նմանապես դժոխք է, և եթե ես առաջուց գիտենայի, երբեք չէի գողանալ։ Ես շատ էի գողացել, շատ էի խաբել, ահագին գումարներ էի ձեռք բերել, բայց երբեք բախտավոր չէի եղել։

«Քո անձնական բարիքը պետք է որոնես ուրիշի բարիքի մեջ, — Ասում էր նա, — կցանկանայի՞ր, որ ուրիշը անե քեզ այն բանը, ինչ որ քեզ ախորժելի չէ, օրինակ, գողանա քեզանից, խաբե, հարստահարե քեզ, անպատվե քեզ, ճնշում գործ դնե քեզ վրա և այլն»։ «Չէի ցանկանա», պատասխանում էի ես։ «Ուրեմն դու էլ չպիտի անես ուրիշներին»։ Հետո հարցնում էի. «Դու կցանկանայի՞ր, որ ուրիշները սիրեին քեզ, օգնեին քեզ, հարգեին քո մարդկային իրավունքները, չհարստահարեին քեզ»։ «Կցանկանայի»։ «Ուրեմն դու էլ և միևնույն կերպով պետք է վարվես ուրիշների հետ»։ Նա ասում էր, «Մեր օգուտն ուրիշի օգտի մեջ է, վնասելով նրան, վնասում ենք մեզ»։

Բայց քավոր Պետրոսը, իմ նախկին դաստիարակը, բոլորովին հակառակն էր խոսում, նա ասում էր. «Մենք մեր անձի համար ենք ապրում, մարդը պետք է հոգ տանի իր անձի և իր բարօրության համար միայն, բայց երբ մի ուրիշը արգելք է լինում իմ բարօրությանը, ես պետք է աշխատեմ նրան ոչնչացնել, որ իմ անձը լավ ապրի»։ Ես այժմ հասկանում էի, թե որ աստիճան անբարոյական նշանակություն ունեին այդ խոսքերը, թե ո՛րքան վնասակար էին նրանք։ Դիցուք թե, ես իմ անձի բարօրության համար ոչնչացնեի մի ուրիշին, ինձանից ավելի տկարին, չէ որ կգտնվեր մեկը, ինձանից ավելի զորեղը, նա էլ իր բարօրության համար ինձ կոչնչացներ, և այսպես, զորեղը անզորին սպառելով, մարդկային հասարակության մեջ կտիրեր ընղհանուր ամայություն, ընդհանուր դժբախտություն։

Համրը միշտ իր խոսքերի մեջ օրինակ էր առնում իմ անձը, կարծես ես ամբողջ մարդկության ներկայացուցիչը լինեի: Ասում էր, քո անձը քեզ ավելի մոտ է, դու նրա հետ ավելի ծանոթ ես, և քո անձի օրինակով կարող ես դատել բոլոր մարդերի վրա։ Ինձ երևում էր, որ ես գրավել էի նրա ուշադրությունը։ Նա որքան սառն էր, որքան ծածկամիտ էր դեպի իր ընկերները, այնքան եռանդոտ կերպով սկսեց հոգ տանել իմ զարգացման վրա։ Մի անգամ ասաց ինձ.

— Մուրադ, դու այժմ գիտես (նա հիմա ինձ հետ դու-ով էր խոսում), թե ի՛նչն է պատճառը, որ մարդիկ անբարոյական և միևնույն ժամանակ անբախտ են դառնում, դու գիտես նաև, որ մի մարդու անբախտության պատճառները հասկանալու համար պետք է ծանոթանալ նրա կյանքի պատմության հետ։ Եվ այսպես, մի ամբողջ ազգի անբախտության պատճառները հասկանալու համար պետք է նույնպես ծանոթանալ նրա պատմության հետ։ Որովհետև մի ազգ մարդկության մեջ նույն տեղն է բռնում, ինչ որ անհատը հասարակության մեջ։ — Եվ նա ազգերի պատմությունից բացատրեց ինձ շատ կրթիչ բաներ։

Երկար նա խոսում էր երկնքի, լեզվի և գրականության մասին, բացատրում էր, թե մի ազգի գրականությունը ի՞նչ ուղղություն կարող է տալ նրա կյանքին և գործունեությանը, բացատրում էր մեր նոր գրականության սխալ ընթացքը և նրա վնասակար ազդեցությունը ժողովրդի վրա։ Նրա ասածները ինձ այն աստիճան գրավեցին, որ ես վճռեցի, որքան կարելի է լավ սովորել հայոց լեզուն։ Իմ լեզուն առաջ շատ կոշտ և ռամկական էր։ Թուրքերեն և պարսկերեն բառերով լի էր իմ խոսակցությունը։ Ես աշխատում էի այնուհետև բուն հայկական բառեր գործածել։ Ես շատ շուտ սովորեցի բառերը, օրինակ, մի գիշերվա մեջ սովորեցի այդ բոլոր բառերի նշանակությունը, անհատ, ընտանիք, ցեղ, ազգ, հայրենիք, պետություն, քաղաքակրթություն, լուսավորություն և ուրիշ շատ բառեր։ Նա ասում էր, որ այդ բառերի վրա ամբողջ գրքեր են գրված, բայց նա մի քանի խոսքերով բացատրում էր ինձ դրանց իմաստը։ Ափսո՜ս, որ թույլ չէր տրված մեզ մոտ գիրք, թուղթ, գրիչ ունենալ, թե չէ, ես շատ բան կսովորեի նրանից։

«Գիտությունը և ուսումը միտքն միջոցներ են մի ժողովրդի համար՝ հասնել բարօրության, բայց ո՛չ բարօրության առարկան», — Ասում էր նա և սկսում էր բացատրել, թե ուրիշ ի՛նչ պայմանների մեջ պետք է դրված լինի ժողովրդի կյանքը, որ կարողանա լինել նա բախտավոր։ Երկար ու երկար խոսում էր հողի ու նրա մշակության պայմանների մասին, արհեստների կատարելագործության մասին, դրամատերերի գործունեության մասին և այլն։ Աշխատանքը նա ավելի բարձր էր դասում, քան ամեն ինչ։ «Աշխատանքը կյանք է, ասում էր նա, իսկ անգործությունը՝ մեռելություն»։

Նրա խոսակցությունը այնքան հաճելի էր, որ ես ժամերով լսում էի նրան և չէի կշտանում։ Ոչ մի անմիտ բառ չէր դուրս թռչում նրա բերանից։ Նա գիտեր խիստ լուրջ և խորին կերպով վերաբերվել դեպի ամեն մի հարց։ Ես իմ կյանքում աոաջին անգամ տեսնում էի մի այնպիսի երիտասարդ, որը անսահման բարության հետ ուներ և հմտությունների մեծ պաշար։ Նա գիտեր մի քանի եվրոպական և ասիական լեզուներ և, որքան ասես, խելացի մարդ էր։

Իր մասին նա ոչինչ չէր խոսում։ Մի քանի անգամ հետաքրքրվեցա նրա անցյալով, բայց ստանում էի միշտ անորոշ պատասխաններ։

— Դուք բարի և ազնիվ մարդ եք, — մի օր ասեցի նրան, — Դուք չէիք կարող ինձ նման եղեռնագործ լինել, պատմեցեք, խնդրեմ, ի՞նչ հանցանքի համար աքսորեցին ձեզ։

— Այդ մի հարցրեք, — պատասխանեց նա ոչ սակավ հուզված կերպով։

— Գոնե ասացեք, դուք ո՞վ եք և ո՞ր տեղացի։

— Այդ ևս մի՛ հարցրեք...

Ո՞րպիսի տխուր գաղտնիք էր թաքնված այն անբախտ երիտասարդի ճակատագրի մեջ։ Ինչ էլ որ լիներ, ես համոզված էի, որ նա ազնիվ մարդ էր, և նրա բարեկամությունը ինձ համար մեծ մխիթարություն էի համարում։ Այդ էր պատճառը, որ քավոր Պետրոսի երկրորդ նամակը ստանալուց հետո ես ամենևին չէի մտածում օգուտ քաղել նրա օգնությունից, և նրա ձեռքով ազատություն գտնել։ Եկավ զատիկը, անցան զատկի տոները, բայց ես ամենևին չգնացի եղևնիների անտառը, Կարմիր բլուրի մոտ։ Նա, որ ինձ մոլորեցրել էր, նա, որ ինձ ցույց էր տվել չար գործի չար ճանապարհները, այժմ աշխատում էր փրկել ինձ։ Բայց ինձ պետք չէր փրկությունը նրա ձեռքից ընդունել։ Ես արդեն բարոյապես ինձ փրկված էի համարում, սկսյալ այն օրից, որ իմ նոր դաստիարակի շնորհիվ մկրտվեցա կրթության նոր ավազանի մեջ։ Ես իմ շղթաների մեջ իմ անձը բախտավոր էի համարում, որ միշտ կարող էի տեսնել նրան, միշտ կարող էի վայելել նրա բարեկամությունը և լսել նրա իմաստալից խրատները։

Ավազակապետի պատմությունը ինձ վրա խիստ տխուր տպավորություն թողեց։ Նա սիրել էր մեկին, նրան նվիրել էր իր անձը, իր հոգեկան բոլոր քաղցր զգացմունքները։ նրա սիրո առարկան այլևս չկար, բնակվում էր շատ հեռու, ոգիների աշխարհում։ Բայց այդ դժբախտ մարդը դեռ շարունակում էր սիրել նրան, դեռ նրան հիշելիս նրա այրական դեմքը մռայլվում էր տխրության թախիծներով։ Ես նույնպես սիրում էի մեկին, բայց իմ սիրո առարկան գուցե դեռ կենդանի էր, գուցե դեռ մտածում էր իմ վրա։ Այժմ ո՞րտեղ էր անհայր, անմայր, անտուն, անտեղ և անօգնական որբիկը։ Ես շատ անգամ մտաբերում էի նրան, և իմ սիրտը լցվում էր անշիջանելի կրակով։ Աչքերիս արտասուքը չէր զորում հանգցնելու այդ կրակը։ Դատապարտյալը մոռանում է ծնողներ, ազգականներ, բարեկամներ, մոռանում է իր հայրենիքը, բայյ սիրած կնոջ հիշատակը մնում է նրանից անբաժան։ Սիրած կնոջ կորուստը ավելի ծանրացնում է նրա շղթաները, ավելի զգալ է տալիս իր թշվառ դրությունը...

Առժամանակ Համրի բարեկամությունը ինձ մոռանալ տվեց Նենեին, և սիրելի աղջկա հիշատակը խիստ սակավ էր խավարեցնում իմ դժբախտ դրության րոպեները։ Բայց դա երկար չտևեց, ես կրկին անձնատուր եղա այն սովորական հոգեմաշ թախծությանը, որ Նենեից բաժանվելուց հետո մշտապես տանջում էր ինձ։ Մի անգամ Համրը գտավ ինձ այսպիսի տրամադրության մեջ։

— Ի՞նչ է պատահել քեզ հետ, — կարեկցությամբ հարցրեց նա։

Ես նրանից թեև ծածուկ ոչինչ չունեի, բայց իմ կյանքի բոլոր անցքերը նրան պատմելու ժամանակ ոչինչ չէի հիշել Նենեի մասին։ Այժմ ի՞նչպես կարող էի թաքցնել նրանից իմ սիրտը և նրան մաշող ցավերը։ Ես պատմեցի նրան բոլորը, ինչ որ հայտնի է ձեզ Նենեի մասին, թե որպես գտա նրան անտառում այն րոպեում, երբ մի չարագործ պատրաստվում էր սպանել նրան, ո՜րպես ազատեցի նրա կյանքը և բերեցի քավոր Պետրոսի մոտ, թե ո՜րպես այդ վերջին չարագործը նույնպես հրամայեց ինձ սպանել նրան, և ո՛րպես ես խաբեցի նրան, հայտնելով, թե հրամանը կատարված է, բայց աղջկան թաքցրի իմ հոր խրճիթում, և, վերջապես, ո՛րպես իմ վարմունքը ծնեցրեց անմեղ աղջկա սրտում սեր դեպի ինձ, և այնուհետև նա չբաժանվեցավ ինձանից և այն ժամանակ, երբ ես կալանավորվեցա, բանտարկվեցա և դատապարտվեցա մշտական աքսորի։

Կնոջ սերը, որպես երևում էր, շատ զգալի չէր Համրին, նա իր կյանքում կա՛մ երբեք չէր սիրել, կամ եթե սիրել էր, կրակը վաղուց արդեն հանգել էր նրա սրտում։ Այդ էր պատճառը, որ նա խիստ սառնությամբ լսեց իմ պատմությունը, վերջը նկատելով,

— Այդ պատմության մեջ ես գովում եմ ձեր առաքինությունը, դուք ազատել եք մի թշվառի կյանք։

— Բայց նրան կորցնելը այժմ իմ կյանքը անտանելի դարձրել։

— Այդ ես հասկանում եմ... այդպիսի հանգամանքներում մարդուն փրկում է մի բան միայն՝ աշխատանքը։ Աշխատանքը մոռանալ է տալիս սրտի կսկիծները, որ առաջ էին եկել սիրո սլաքներից։

Նրա սառն փիլիսոփայությունը այժմ ինձ չէր գրավում: Ես տվեցի խիստ հուսահատական պատասխան,

— Այժմ մահը, միայն մահը կարող է հանգստացնել ինձ, աշխատանքից ես ձանձրացել եմ, մանավանդ այսպիսի ապարդյուն աշխատանքից։

— Ոչինչ աշխատանք ապարդյուն չէ, երբ մարդկությանը որևիցե օգուտ է բերում։

— Մեր աշխատանքը ի՞նչ օգուտ է բերումք

— Երևի դու մոռացել ես, որ մի անգամ ես քեզ ասացի, որ մեր օգուտը ուրիշի օգտի մեջ է, և նույնը փոխադարձաբար։ Եվ եթե մենք ուղղակի կերպով չենք շահվում մեր աշխատանքից, կշահվին, անտարակույս, մեզ նմանները, այսինքն ուրիշ մարդիկ։ Մենք փորում ենք լեռների սիրտը և այնտեղից դուրս ենք բերում պղինձ, երկաթ, ոսկի և արծաթ։ Այդ մետաղներով բացվում են դպրոցներ, կառուցանում են արհեստանոցներ և այլ բարեգործական հիմնարկություններ։ Նրանց մեջ ուսում են առնում, կրթվում են և լավ մարդիկ են դաոնում։

Ես այնքան գրավվեցա այդ վիճաբանությամբ, որ մոռացա Նենեին, մոռացա և նրա սերը, որի առթիվ սկսվել էր վիճաբանությունը։ Համրը, իր սառնասրտության հակառակ, ավելի տաքացած էր։ Նա ուղիղ իմ աչքերի մեջ նայելով՝ ասա՛ց,

— Դուք (երբ բարկանում էր նա, սկսում էր դուք— Ով խոսել) միշտ մոռանում եք մեր անցյալ խոսակցությունները, որոնց մեջ մենք միշտ համաձայնել ենք միմյանց հետ։ Ես կրկին կդառնամ դեպի ձեր անձնավորությունը և ձեր անձի օրինակով կբացատրեմ իմ մտքերը։ Ասացեք, խնդրեմ, եթե ես այժմ մոռացմամբ իմ քսակը ձեզ մոտ թողնեի, դուք ի՞նչպես կվարվեիք նրա հետ։

— Ես կվեր առնեի, կպահեի և կրկին ձեզ կվերադարձնեի:

— Իսկ եթե այդ պատահելու լիներ մի քանի տարի առա՞ջ։

— Ձեզ կսպանեի և կխլեի ձեր քսակը։

— Այդ փոփոխությունը ո՞րտեղից ծագեց ձեր մեջ:

— Դուք ինձ սովորեցրիք, որ գողությունը վատ բան է։

— Հիմա տեսնո՞ւմ եք, ես ձեզ սովորեցրի, թե գողությունը վատ բան է, չէ՞ որ այդ իմ օգտի համար արեցի, որովհետև դրանով ես ապահովացրի իմ քսակի դրությունը։ Չէ՞ որ բոլոր վատ մարդիկ ձեզ նման են, նրանք էլ միևնույն ուղեղն, միևնույն նյարդային կազմվածքն ունեն, որպես դուք։ Եթե մենք կսովորեցնենք նրանց լավ մարդիկ լինել, դրանով օգուտ կբերենք մեզ՝ ինքներիս, որովհետև նրանք կդադարեն մեզ չար գործելուց։ Հիմա հասկանո՞ւմ՛ եք, թե ի՞նչ եղանակով ենք օգտվում մենք մեր դուրս փորած ոսկուց և արծաթից։

— Հասկանում եմ, նրանցով մարդիկ կրթություն են ստանում և դադարում են իրանց նման մարդկանց կողոպտել։

— Միայն կրթությունը չէ, ուրիշ շատ լավ բաներ են կատարվում մեր աշխատանքի արդյունքով։— Եվ նա սկսեց երկար խոսել այդ առարկայի վրա և իր դատողությունները վէրջացրեց հետևյալ ասացվածքով. «Մեկը ամենքի համար, ամենքը մեկի համար»։

— Այժմ հասկացա, — պատասխանեցի ես, — Բայց ինչու դու մեր մյուս ընկերներին ևս չես սովորեցնում ինձ նման բարի լինել։

Նա դժվարացավ պատասխանել և, րոպեական շփոթություններից հետո,

— Այդ թողնենք...— Ասաց նա, խո՛սքը փոխելով, — լսիր, Մուրադ, միայն բարի լինելով չէ, որ մարդը կարող է ուրիշներին օգուտ բերել և ինքը բախտավոր լինել։ Մարդիկ հրեշտակներ չեն, որ միայն բարի լինելով կարողիանան լավ ապրել: Մարդը պետք է գործե, իսկ գործելու համար պետք է մի բանի սովորած լինի։ Այդ մարդիկ, — նա ցույց տվեց դատապարայալներին, — եթե անբարոյականացան, եթե դժբախտտացան, գլխավոր պատճառն այն էր, որ ոչինչ հիմնավոր բան սովորած չէին։ Գոնե այժմ սովորեցնեին։

Ը

ՍՊԻՏԱԿ ՏՆԱԿԸ

Դատապարտյալների ֆերմայի վրա, զինվորանոցից և զանազան արքունի շինվածքներից հետո, ավելի աչքի էր զարկում մի սպիտակ տնակ, որը շատ մոտ էր հիվանդանոցին։ Այդ առանձնացած բնակարանը միայն երեք սենյակներ ուներ, փոքրիկ լուսամուտներով և լերդագույն ներկած կտուրով։ Մի կողմում գտնվում էր ծառաների կացարանը, որի մոտ էր խոհանոցը։

Երևում էր, որ վաղուց մարդիկ չէին բնակվել այյտեղ։ Բակի փոքրիկ պարտեզը, որ զարդարված էր մրգաբեր ծառերով, մնացել էր անմշակ, հովանոցը քայքայվել էր, փայտյա վանդակապատը շատ տեղ կոտրատված էր, փտած սանդուղքից ցած էին թափվել մի քանի տախտակներ։

Սենյակների ներքին դրությունը շատ նման էր փոստային կայարանի, ուր ուշ գիշերով եկած ճանապարհորդը իր բոլոր ծանրությունները խառնիխուռն ածած է լինում այս կողմ և այն կողմ, ուշադրություն չդարձնելով նրանց կարգի դնել, որովհետև առավոտյան կրկին պետք է ճանապարհ ընկնի, կրկին պետք է նրանց կարգը խանգարվի։

Այժմյան բնակիչները նույնպես նորեկներ էին. նրանք իջևանել էին այստեղ հենց նույն գիշերը։ Նրանց ծանրությունները նույնպես խառնիխուռն ածած էին այս և այն կողմ, ճանապարհի փոշին դեռ նստած էր նրանց վրա։ Բայց դրանք գնալու չէին, դրանք պետք է մնային այդ բնակարանի մեջ։

Առավոտ էր, խոնավ, մառախլապատ առավոտներից մեկը։ Փոքրիկ բնակարանում դեռ քնած էին։ Միայն սենյակներից մեկի դուռը կամաց բացվեցավ, և շեմքի վրա հայտնըվեցավ մի բարձրահասակ օրիորդ։ նա նայեց իր շուրջը, հանդարտ քայլերով ցած իջավ սանդուղքներից, անցավ պարտեզի տատասկներով պատած ճեմելիքը, անցավ կիսավնր հովանոցի մոտից և մերձեցավ փայտյա վանդակապատին» Այստեղից սկսեց նայել դեպի շրջակայքը։ Գիշերով եկած լինելով, նա դեռ ոչինչ չէր տեսել, այժմ առավոտյան լուսով ցանկանում էր լավ նայել այն աշխարհի վրա, ուր գուցե ընդերկար ստիպված կլիներ մնալ։

Առավոտյան թանձր մառախուղը հետզհետե նոսրանում էր, բայց դեռևս աղոտ կերպով նկարվում էին հեռավոր առարկաները։ Օրիորդը նայում էր, խորին ՜ անձկանոք նայում էր և կարծես զայրանում էր, որ ոչինչ չէր տեսնում։

Նրան կարելի էր ո՛չ աղախին համարել և ո՛չ՝ տան աղջիկ։ նա ո՛չ աղախնի անվստահ կայտառությունն ուներ և ո՛չ՝ տան աղջկա նազելի վստահությունը։ Նա ավելի նման էր տանտիկնոջ մի հեռավոր ազգականին, որ զրկված էր ծնողներից, որին թեև սիրում են, փայփայում են, բայց դարձյալ զգում է, որ ինքը որբ է, որ իրան հոգու համար են պահում։ Նրա թուխ դեմքը, սև, կրակոտ աչքերը, հարուստ մթագույն գիսակները ամենևին չէին համապատասխանում հեռավոր հյուսիսին։ Նա եկած էր հարավից, ջերմ, արեգնավետ հարավից, ուր արյունը մշտապես եռ է գալիս, ուր դեմքերը ստանում են մուգ վարդի գույն։ Բայց որքա՜ն լույս և կյանք կար այն մթին աչքերի մեջ, որքա՜ն հրապուրանք՝ այն թախծալի դեմքի վրա։ Նա ներկայացնում էր մի աշխույժ, անսանձ բնավորություն, սքողած տխրության ամպերով, թառամած դառն հուսահատության մեջ։

Նա շարունակում էր նայել։

Վերջապես շողացին արեգակի առաջին ճառագայթները և երևան հանեցին շրջակա տեսարանները։ Ահա այնտեղ հալոցների բարձր ծխարաններից, թուխ ամպերի նման, դուրս էր հոսում թանձր մուխը և նսեմացնում էր դեռ նոր լուսավորված հորիզոնը։ Մարդիկ մրոտած հագուստով, մրոտած դեմքով, սև, որպես ուրվական, թափառում էին ծխային մթնոլորտի մեջ։ Այդ տեսարանը սարսափ ազդեց օրիորդի վրա։ Հալոցներից ոչ այնքան հեռու, հանքային քարերի կույտերի մոտ, գետնի վրա նստած էին նույնպես մռայլոտ դեմքեր։ Դրանք ծանր մուրճերով ջարդում էին, մանրում էին քարի մեջ թաքնված մետաղը և պատրաստում էին հալելու համար։ Օդը թնդում էր հարյուրավոր կռանների հարվածներից։ Ոմանք փոքրիկ սայլակներով մանրած մետաղը քարշ էին տալիս, տանում էին ու ածում առանձին կույտերի վրա, որոնք բազմաթիվ բլրակների ձև էին ստացել։ Այդ բլրակներից մի քանիսը ծխում էին։ Ածուխը և ծծումբը այրվում էր նրանց մեջ և ուտում, մաշվում էր հանքային ավելորդ մասերը։ Օդը այստեղ խեղդում էր ծծումբի կծու հոտով։

Այդ կողմում ամեն առարկա սև գույն ուներ, կարծես ամեն ինչ սուգ էր զգեցած։ Մետաղի սև կղկղանքով պատած էին ճանապարհները, սև փոշին ծածկել էր գործարանների կտուրները, սևացած էին և ճնճղուկները, որ բույն էին գրել այն շինվածքների ծածկի տակ։

Ամեն ինչ սև էր, ամեն ինչ մրոտած էր։ Միայն կրակն ու բոցը, որ բորբոքվում էր հալոցների մեջ, ներկայացնում էր մի սոսկալի հակապատկեր ընդհանուր նսեմության մեջ: Այդ դժոխքում մարդիկ այրվում էին, բայց չէին խորովվում։ Հալած մետաղը ծփում էր բոցերի մեջ, որպես հրեղեն լճակ։ Երկաթյա երկայն շերեփներով վեր էին առնում բաց-դեղնագույն հեղուկը և ածում էին արույրյա կաղապարների մեջ։ Քրտինքը հորդ վտակներով հոսում էր գործավորների սարսափած դեմքից, բոցը խանձում էր նրանց կիսախաշ երեսները։

Օրիորդը դեմքը շուռ տվեց զարհուրելի տեսարանից:

Մյուս առարկաները չէին հետաքրքրում նրան։ Ահա այնտեղ, պաշտոնավոր զինվորի հաստլիկ կինը, փեշերը վեր քաշած, բոբիկ ոտներով, ցեխը կոխ տալով, վերադառնում էր մերձակա վտակից և, ուսի վրա դրված լծակի երկու ծայրերից թիթեղյա սաթլները քաշ տված, ջուր էր բերում։ Այնտեղ պառավը մրթմրթալով քշում էր դեպի դաշտը իր մի հատիկ կովը։ Փոքր-ինչ հեռու, մի ստահակ տղա, առանց անդրավարտիքի, միայն շապիկը հագին, նստած էր մերկ ձիու վրա և նույնպես մերկ ոտներով նրա կողքերը ծեծելով բոլոր ուժով վազեցնում էր իր նիհար յաբուն, աստված ոչ գիտե, թե դեպի ուր։ Բայց գլխի մազերը ծածանվում էին՝ սաստիկ շփվելով օդի հետ։ Մի կողմում սագերի սպիտակ երամը, իրանց լայն թաթիկների վրա օրորվելով և մի առանձին բավականությամբ կչկչալով, դիմում էր դեպի մերձակա ճահիճը։ Փողոցում գյուղացու մանկահասակ աղջիկը, մի քանի գրոշներ ափի մեջ պինդ բռնած, վազ էր տալիս դեպի մերձակա դուքանը՝ քառորդ ֆունտ շաքար գնելու։ Նրան հանդիպեց մի գրագիր դեղին կոճակներով, ինչ-որ ասաց, աղջիկը հայհոյեց նրան և փախավ։

Ուրիշ ոչինչ չէր տեսնում օրիորդը, միայն այստեղ ու այնտեղ երևում էին մռայլոտ շինվածքներ հազիվ նշմարելի լուսամուտներով, որոնք այնքան առանձնացած էին, կարծես վախենում էին մոտենալ միմյանց։ Պահապան զինվորները, չափավոր քայլերով, անցուդարձ էին անում դռների առջև։ Օրիորդի արտասուքով լցված աչքերը հառած էին դեպի այլ կողմը։ Երկար նայում էր նա և կարծես աչքերով աշխատում էր ներս թափանցել այդ մռայլոտ շինվածքների հաստ պատերից։ Ծանր, երկաթապատ դռներից մեկը բացվեցավ, և դրսում հայտնվեցավ մի մոխրագույն խումբ։ Շրջապատված զինվորներով, խումբը շարժվեցավ դեպի այն կողմը, ուր կանգնած էր սպիտակ տնակը։ Նրանք կրում էին բահեր, բրիչներ և փորելու զանազան գործիքներ։ Քայց ինչո՞ւ հսկողության ներքո էին տանում այդ թշվառ բանվորներին։ 0րիորդի սիրտը սկսեց բաբախել։ Նա պատրաստ էր վազել մերձենալ նրանց և մոտից, շատ մոտից նայել նրանց վրա։ Բայց նրա ոտները չհնազանդվեցան, ծնկները դողացին, գլուխը պտտվեցավ, աչքերի առջև մթնեց, նա թուլացավ, ընկավ պարտեզի վանդակապատի վրա։ Մոխրագույն խումբը հեռվից անցավ։ Ուշաթափ օրիորդը ոչինչ չտեսավ, միայն նրա ականջներին, որպես երազի մեջ, զարկում էին ծանր շղթաների աններդաշնակ հնչյունները...

Խորին ապշության մեջ նա ուշի եկավ։ Անրջային տեսիլքը անցել էր։ նրա առջև նկատվեցան միևնույն տխուր, սրտաբեկ տեսարանները։ Նա դանդաղ, դողդոջուն քայլերով սկսեց դիմել այն սենյակը, որտեղից դուրս էր եկել։ Պարտեզի միջով անցնելու ժամանակ նրա շրջազգեստի ներքին եզրը բռնվեցավ վարդենու փշից և պատռվեցավ։ նա այն աստիճան հուզված էր, որ ոչինչ չզգաց։ Սենյակի դռան մոտ հանդիպեց նրան սպասավորը, հարցնելով.

— Պարոնները վե՞ր են կացել։

— Չգիտեմ։

—Սամովարը եփ է գալիս: — Բերեցեք։

Նա մտավ սենյակը։

Սպասավորը մի քանի րոպեից հետո սամովարը ներս քերեց, դրեց սեղանի վրա և լուռ դուրս գնաց։ Օրիորդի տրամաղրությունը կարծես նրա վրա ևս ճնշում էր գործում։

Նա բաց արեց հատակի վրա ընկած սնդուկներից մեկը, մյուսը, նայեց չամադանի մեջ, նայեց ճանապարհորդական զամբյուղի մեջ, որոնում էր, թե որտեղ է դրած թեյը։ Շաքարն էլ անհետացել էր նրա աչքերից։ Հիշողությունը դավաճանում էր նրան։ Վերջապես գտավ միևնույն փոքրիկ սնդուկի մեջ, ուր տասն անգամ նայել էր։ Սկսեց թեյ պատրաստել: Գործը փախչում էր նրանից, ձեռքերը չէին խոնարհվում. ջուրը վիթվում էր, բաժակը ցած էր ընկնում, աղմուկ էր բարձրացնում, հազիվհազ կարողացավ նա տաք ջրով լցրած թեյամանը սամովարի վրա դնել» Գլուխը դարձյալ պտտվում էր։ Նա հեռացավ, նստեց լուսամուտի պատուհանում և, ձեռքը նեցուկ տալով գլխին, սկսեց անխորհուրդ կերպով նայել դեպի պարտեզը։ Արտասուքը հեղեղի նման թափվում էր նրա խոշոր աչքերից և զովացնում էր բորբոքված երեսը և ավելի ևս բորբոքված սիրտը...

Կից սենյակում արդեն զարթնել էին։ Մանկահասակ տիկինը վեր էր կացել, իսկ նրա երիտասարդ ամուսինը դեռ պառկած էր մահճակալի վրա։

— Դե , վեր կաց, — շտապեցնում էր նրան տիկինը, — Վե՛ր կաց, լվացվիր, հագնվիր, դու այս առավոտ պետք է ներկայանաս քո մեծավորներին։

— Դա մի այնքան շտապելու գործ չէ, — պատասխանեց երիտասարդը, ավելի ամուր կերպով փաթաթվելով ամառվա վերմակի մեջ։ — էգուց էլ կարող եմ ներկայանալ։

— Այստեղ մեծավորները երևի խիստ պահանջողներ են, — նկատեց տիկինը։

— Իսկ ես խիստ պահանջը հեշտությամբ չեմ վճարում, — Ասաց ամուսինը։

Տիկինը կարծես ամուսնի համառությունը պատժելու համար վառեց մի բարակ պապիրոս, սկսեց ծխել։ Ամուսինը, այդ նկատելով, սկսեց աղաչել նրան.

— Թո՜ղ տուր, ի սեր աստծու, քանի՜ անգամ ասել եմ քեզ, որ թեյից առաջ չծխես։ Դու ամբողջ գիշերը անհանգիստ էիր, դարձյալ հազում էիր:

Տիկինը ուշադրություն չդարձրեց և, ամուսնուն ավելի ջիգրացնելու համար, մոտեցավ նրա մահճակալին, ընկավ նրա կուրծքի վրա, ասելով.

— Ես քո բժշկությանը չե՜մ հավատում, չե՜մ հավատում։ — Այդ միջոցին նա ավելի սաստկությամբ ներս քաշեց պապիրոսի ծուխը և ապա իր գունատ շրթունքների միջից փչեց երիտասարդի խիտ մազերի վրա, որոնք կորան մուխի մեջ։

— Այդ ի՞նչ երեխայություն է,— ասաց երիտասարդը, գլուխը վեր բարձրացնելով և իր մանկահասակ կնոջ անմեղ չարությունը վարձատրելով ջերմ համբույրներով։

Դրանք այն ամուսիններից էին, որ մինչև մահ, մինչև խորին ծերություն ապրում են իրանց ամուսնության մեղրամիսի մեջ։ Արդեն հինգ տարի է, որ միասին էին ապրում, իսկ այսօր կարծես առագաստի առաջին գիշերվա առավոտը լիներ նրանց համար։

Երիտասարդը բժիշկ էր։ Նա ընտրել էր ծառայություն կայսրության այդ հեռավոր անկյունում ոչ թե այն նպատակով, որ ծառայությունը այսպիսի խուլ տեղերում առավելությամբ էր վարձատրվում, ոչ, այլ նա ավելի բարոյական վարձատրություն էր սպասում այստեղ։ Նրան մի առանձին բավականություն էր պատճառում բժշկել դատապարտյալներին, այդ հոր, մոր, բարեկամների խնամատարությունից զրկված թշվառներին։

Նրա մանկահասակ կինը նույն մարդասիրական զգացմունքն ուներ։ Նա այն բարեսիրտ և խելացի կնիկներից էր, որոն՜ց նմանները խիստ հազվագյուտ են լինում ամուսնական կյանքում, որոնք չեն ձգտում հաճոյանալ տղամարդին միմիայն կանացիությամբ, որոնք չեն բավականանում օգնել նրան, բաժանել նրա հոգսերը, միմիայն խնայող տնտես և լավ տանտիկին լինելով, այլ որոնք պաշտում են տղամարդի իդեալները, նպաստում են՛ նրանց իրագործվելուն, վառ և մշտաբորբոք դրության մեջ են պահում նրա հոգին իր բարձր, մարդասիրական գաղափարներով։ Այսպիսի լծորդության մեջ կինը դառնում է այն գերագույն ոգին, որից միշտ ներշնչված է լինում տղամարդը, այսպիսի լծորդության մեջ տղամարդի եռանդը երբեք չէ մեռնում։

Դեռևս օրիորդ էր նա, դեռևս նոր էր ծանոթացել իր ապագա ամուսնացուի հետ, սկսեց բժշկական գրքեր կարդալ, հաճախել հիվանդանոցները և ներկա գտնվել անդամահատական գործողությունների։ Պատերազմի ժամանակ մտավ նա «գթության քույրերի» հասարակության մեջ և գնդակների ու ռումբնրի տարափի ներքո փաթաթում էր վիրավոր զինվորների վերքերը։ Այստեղ նա նորից հանդիպեց իր ամուսնացուին, այստեղ սիրեց նրան և սիրվեցավ։

Ոչ եկեղեցական և ոչ քաղաքական ամուսնությամբ կապված չէին նրանք։ Նրանց կապում էր մտքերի, ձգտումների և գաղափարների համերաշխությունը։ Բնությունը նույնպես զլացավ օրհնել նրանց ամուսնությունը այն շաղկապով, որ կոչվում էր բնական կապ, զավակներ չունեցան նրանք։ Զավակը սիրո ավելի հաստատ գրավականն է ամուսինների մեջ, մանավանդ այն դեպքում, երբ օրենքը չէ կապում նրանց։

Հետաքրքիր պատահարները պարգևեցին նրանց մի զավակ, թեև իրանց արյունից չէր։ Դա այն օրիորդն էր, որ մյուս սենյակում նստած լաց էր լինում։ Օրիորդը պատկանում էր այն ցեղին, որ տուն, տեղ, հայրենիք չունի, որի հայրենիքը ամբողջ աշխարհն է, որը թափառում է ամեն տեղ։ Նա գնչու (ցիգան) էր. նա բնության որդի էր։ Ո՜րպիսի ջերմ սիրով տիկինը ընդունեց իր մոտ այդ վայրենի այծյամին, ո՜րպիսի եռանդոտ հոգատարությամբ սկսեց նա կրթել նրան, ուղղել նրա վատ սովորությունները։ Ամեն անգամ, երբ մի նոր փոփոխություն էր նկատում նրա մեջ դեպի լավը, դեպի ազնիվը և դեպի մարդավայելը, առաքինի կնոջ սիրտը լցվում էր անսահման բերկրությամբ։ Նա իսկույն վազում էր ամուսնու մոտ և պատմում էր իր որդեգրուհու նոր հառաջադիմությունը։ «Նրա մեջ թաքնված ձիրքեր և գեղեցիկ հատկություններ շատ կան», — Ասում էր ամուսինը ոչ սակավ ուրախանալով, և տիկնոջ հույսերը ավելի հավանակություն էին ստանում։ Շատ օրեր, ժամերով նստած, պարապում էր նրա հետ, սովորեցնում էր գրել, կարդալ և զանազան ձեռագործներ։ Շատ անգամ ինքը պառկած էր լինում դիվանի վրա, նրան նստեցնում էր իր մոտ, բարձր ձայնով կարդալ էր տալիս և մեծ բավականությամբ լսում էր։ Վերջին ժամանակներում սկսեց պարապել նրա հետ մուզիկայով և նկարչությամբ, վերջինի մեջ թեև մի առանձին ընդունակություն չէր ցույց տալիս նա, բայց երաժշտության մեջ չափազանց ընդունակ գտնվեցավ։ Նրա բնականից գեղեցիկ ձայնը, մշակվելով, զարգանալով, սքանչացնում էր լսողներին։

Տիկնոջ դաստիարակության ոգին արտափայլեցավ նրա աշխատասեր աշակերտուհու ոչ միայն մտավոր և հոգեկան զարգացման վրա, այլև նրա բնավորության և բարոյական հատկությունների վրա: Օրիորդը նույնպես սիրում էր իր բարերարների հետ այցելել հիվանդներին, մտնել աղքատ շինականների խրճիթը և իր հացի վերջին պատառը բաժանել կարոտյալների հետ։

Նա մնաց անբաժան իր խնամակալներից և այն բոլոր ժամանակներում, երբ նրանք պաշտոնի առիթով ստիպված էին մի քաղաքից մյուս քաղաք, մի գավառից մյուս գավառ անցնել։ Իսկ երբ նրանք վճռեցին Սիբիր տեղափոխվել, այդ միջոցին նա ավելի ուրախ էր, ավելի բախտավոր էր համարում իրան։ Ի՞նչն էր, որ կապում էր խեղճ աղջկա սիրտը հեռավոր հյուսիսի հետ. ի՞նչն էր, որ քաշում էր նրան այդ կողմը։ Այդ գաղտնիքը հայտնի էր տիկնոջը, հայտնի էր և նրա ամուսնուն։ Ամեն անգամ, երբ ասում էին նրան, «Կգնանք Սիբիր, կտեսնենք նրան»,— խեղճ աղջիկը հրճվանքից սքանչանում էր և, ուրախության արտասուքը աչքերում, գրկում էր թե տիկնոջը և թե նրա ամուսնուն, համբուրում էր, անվերջ կերպով համբուրում էր և թափում էր նրանց առջև իր հոգու բոլոր շնորհակալությունները։ Թե՛ տիկինը և թե նրա ամուսինը՝ երկուսն էլ սիրում էին նրան, սիրում էին հարազատ զավակի նման։ Տիկինը սովորություն ուներ ասել, «Դա առաջ մի թանկագին, բայց անտաշ քար էր, ես ուրախ եմ, որ այդ դրության մեջ գտա նրան, որովհետև իմ ցանկացած թրաշը (գրան) և փայլը կարողացա տալ»։

Իսկ այն առավոտ ոչ սակավ վշտացավ նա, երբ, դուրս գալով մյուս սենյակը, գտավ օրիորդին պատուհանում նստած և լաց լինելիս։ Նա մոտեցավ և, փայփայելով նրա գեղեցիկ գլուխը, հարցրեց,

— Ի՞նչ է պատահել քեզ հետ, սիրելիս։

— Ոչինչ, — պատասխանեց օրիորդը, վեր կացավ տեղից և սկսեց սրբել աչքերի արտասուքը։

— Դու քեզ վա՞տ ես զգում։

— Ոչ... գլուխս փոքր-ինչ ցավում է... Տիկինը գրկեց նրան, ասելով.

— Հասկանում եմ... խե՜ղճ աղջիկ, դու շա՛տ տանջվեցար, երկար համբերեցիր... մի փոքր ևս համբերիր, այնուհետև վերջ կդրվի քո արտասուքին։

Թ

ՀԻՎԱՆԴԱՆՈՑ

Ավելի քան մի ամբողջ տարի անցել էր այն օրից, որ ես ծանոթացա Համրի հետ։ Այդ ժամանակամիջոցը պետք է իմ կյանքի ամենագեղեցիկ և ամենաբախտավոր մասը համարել: Ես նրանից շատ բան սովորեցա. նրա ազդեցության ներքո ես բոլորովին ուրիշ մարդ դարձա։

Ես թեև բարոյապես և մտավորապես զարգանում էի, բայց իմ մարմնական զորությունները օրըստօրե թուլանում էին: Տաժանական աշխատանքը հանքերի մեջ իսպառ մաշել էր ինձ։ Ինձ տարան հիվանդանոց։

Հիվանդանոցը աքսորականի համար մի դուռն է, որտեղից բացվում է ճանապարհ դեպի գերեզման։ Եվ ես ուրախ կլինեի, եթե ինձ վիճակվեր այդ ճանապարհով գնար: Կյանքը ձանձրացրել էր ինձ։

Կյանքը ձանձրալի է դառնում ավելի այն ժամանակ, երբ հասկանում ես նրա նպատակը և չես կարողանում ցանկացածդ կատարել։ Մինչև այնօր ես տգետ էի, ոչինչ չէի հասկանում, այդ պատճառով էլ հանգիստ էի։ Քայց երբ շատ բան սովորեցա, սկսեցի ավելի տանջվել։ Եթե անասուններին բնությունը շատ խելք տված լիներ, եթե նրանք դպրոց մտնեին, ավելի պահանջող կլինեին և երբեք չէին հոժարի կատարել այն բարբարոսական ծառայությունները, որ մարդիկ նրանց անել են տալիս։

Հիվանդանոցը դատապարտյալի ամենասիրելի օթևանն է։ Այստեղ նա ավելի հանգիստ է, այստեղ նրա հետ գոնե մարդու պես են վարվում։ Այստեղ նրան մշտապես չեն մտրակում, թեև երբեմն չարացած ֆելդշերը ծեծում է նրան, թե ինչո՞ւ չէր կատարել իր այս և այն պատվերը, ինչո՞ւ դեղը իր ժամանակին գործ չէր ածել, այսուամենայնիվ, կրկնում եմ, հիվանդանոցը դատապարտյալի հանգստության տեղն է, և այդ է պատճառը, որ նա փափագում է, որ իր հիվանդությունը երկարատև լինի, և ավելի բախտավոր է համարում իրան, եթե հիվանդության մահիճը բոլորովին գերեզմանի կփոխվի։

Բայց մեռնելը հեշտ բան չէ դատապարտյալի համար: Օրենքը մարդասիրական գեղեցիկ սկզբունքներ ունի։ Կախաղանի դատապարտված թշվառականն անգամ, երբ պատժի նշանակած օրը հիվանդանում է, այդ դեպքում պատիժը հետաձգում են, նրան առողջացնում են, հետո են կախաղան բարձրացնում։ Աքսորականը նույնպես մի հայտնի ժամանակամիջոց ունի տաժանական աշխատանքների մեջ ճգնելու, ապաշխարելու և իր մեղքերը քավելու։ Այդ ժամանակամիջոցը պետք է լրացնե նա։ Եվ եթե պատահում է նրան հիվանդանալ, աշխատում են առողջացնել, որ իր ապաշխարանքը վերջացնե։

Ես տարվեցա հիվանդանոց։ Ո՞րքան ժամանակ մնացի այնտեղ, ի՞նչ էր իմ հիվանդությունը, չեմ հիշում, այսքանը միայն չեմ մոռացել, որ ինձ առանձնացրել էին մյուս հիվանդներից և գտնվում էի տիֆով հիվանդների բաժնում։ Առաջին անգամ, երբ աչքս բաց արի, երբ փոքր-ինչ ուշի եկա, ինձ մոտ գտա հիվանդանոցի ծերունի սպասավորներից մեկին, որը կանգնած ինքն իրան մրթմրթում էր.

— Ինչպես ամուսինն է, այնպես էլ տիկինն է, ինչպես տիկինն է, այնպես էլ աղախինն է։ Աստված է վկա, լա՛վ մարդիկ են, այսպիսի մարդիկ մինչև այսօր չէ տեսել մեր հիվանդանոցը։

Արդյոք ո՞ւմն էին վերաբերում այդ խոսքերը, ես ոչ հետաքրքրվեցա և ոչ էլ հասկանալ կարողացա, իսկ նա դեռ շարունակում էր մրթմրթալ.

— Ի՜նչ բարի աղջիկ է, ո՜րքան խնամքով նայում է հիվանդներին, կարծես իր եղբայրները և հորեղբայրները լինեն,

— Ի՞նչ աղջիկ, — մեքենայաբար հարցրի ես։

— Այն աղջիկը, որ հիմա այստեղ էր. չտեսա՞ր, — զարմանալով հարցրեց նա։ — Այն օրից, որ դու պառկած ես, ճակատիդ թրջած քաթան ու սառույց էր դնում։ Ի՞նչպես չտեսար։

Այդ միջոցին մի օրիորդ դանդաղ քայլերով անցավ կորիդորից և անհետացավ մթության մեջ։

— Ահա այն աղջիկը, — Ասած ծերունին։ — Ոմանք ասում են՝ մեր նոր բժշկապետի աղախինն է, ոմանք ասում են՝ նրա կնոջ ազգականն է։ Ո՛վ որ էլ լինի, աստված է վկա, լավ աղջիկ է: Իսկ բժշկապե՜տը, կատարյալ հրեշտակ է, մեղք է նրան մարդ ասել։ Կմտնե հիվանդանոցը, կնստե ամեն մի հիվանդի մոտ, կխոսե, կհարցնե, հանաքներ կանե, սիրտ կտա, կմխիթարե։ Հետո կվեր կենա, ամեն բանի վրա կնայե, կմտնե խոհանոցը, կմտնե և այնտեղ, ուր մենք զզվանքով ենք մտնում։ Իսկ տիկինը կատարյալ հոգի է. օր չի լինի, որ հիվանդների համար թեյ, շաքար, սպիտակ պաքսիմաթ և զանազան քաղցրավենիք չբերե։ Կնայե նրանց անկողիններին, կնայե սպիտակեղեններին, և վայ այն սպասավորին, եթե մի փոքր անմաքրություն տեսնե։ Բայց առաջվա բժիշկները ու նրանց տրկինները, աստվա՜ծ ազատե, այսպես չէին, շատ սակավ անգամ էր պատահում, որ հիվանդանոցը ոտք կոխեին։ Պատահում էր, գնում ես պարոն բժշկապետի մոտ, ասում ես, «Պարոն բժշկապետ, խեղճը մեռնելու վրա է»... կա՛մ կոպիտ կերպով կպատասխաներ, թե ժամանակ չունի, կամ եթե չուզեր, վշտացնել քեզ, ծիծաղելով կասեր. «Թող հանգստանա»...

Ծերունի սպասավորի շատախոսությունը վերջ չուներ։ Ես ձանձրացա լսել նրան, թեև նրա խոսքերը զուրկ չէին չափազանց ջերմ և բարի զգացմունքներից։ Բնության մի առանձին խաղը պետք է համարեի որ երբեմն այսպիսի կոշտ, կոպիտ, անկիրթ ռամիկների մեջ դնում է քնքուշ սիրտ։ Նա հին զինվոր էր։ Դրանք են թշվառ հիվանդների մխիթարիչները, դրանք են ազատում նրանց սովից և ծարավից, դրանք են փակում նրանց աչքերը մահվան վերջին րոպեներում։ Պատահել են շատ դեպքեր, որ հիվանդը բոլորովին մոռացվել է և մեռել է ոչ թե հիվանդությունից, այլ քաղցից և ծարավից։

Մի շաբաթ անցել էր վերոհիշյալ խոսակցությունից։ Իմ առողջությունը օրըստօրե դեպի լավն էր գնում, ուշք ու միտքս համարյա վերադարձել էր, աչքերս այժմ համեմատաբար ավելի պարզ էին տեսնում, թեև դեռ սաստիկ թույլ էի զգում ինձ։ Մի օր նույն օրիորդը ծերունի սպասավորի հետ մտավ ինձ մոտ։ նա անցավ, վեր առեց իմ հիվանդության օրագրության թերթը, ուշադրությամբ կարդաց, որ տեսնե՝ ի՛նչ փոփոխություն է արել իմ գրությունը։ Քանի օր էր, որ նա ինձ մոտ չէր եղել։ Ես նայում էի նրա վրա, զննում էի հասակը,դեմքը, աչքերը, ձայնը և մի զարմանալի նմանություն էի գտնում... Կարծես, հասկանալով այդ, նա երեսը շուռ տվեց, սկսեց խոսել սպասավորի հետ։ Որքան էլ նսեմացած լիներ իմ տեսությունը, դարձյալ ես նրա երեսի վրա նկատեցի մի նշան, որ ինձ շատ ծանոթ էր։ Դա մի խալ էր, ուղիղ այն տեղում, ուր երկու հոնքերը, աղեղնաձև գալո՛վ, միանում էին միմյանց հետ։ Դա բնության մի առանձին հրաշալիքն էր, որ խիստ հազիվ է գտնվում կանանց դեմքի վրա։ Դա այն միջնակետն էր, որ կենտրոնացնում է իր մեջ դեմքի բոլոր գեղեցկությունը։ Նենեն միայն ուներ արարչի այդ հարուստ պարգևը։

Նա կրկին երեսը դարձրեց դեպի ինձ, նայեց իմ վրա, և, մի քանի պատվերներ տալով սպասավորին, պատրաստվում էի հեռանալ։ Այո՛, նա էր։ իմ սիրելի Նենեն էր։ Իմ մաշված կուրծքից դուրս պրծավ մի խուլ հառաչանք, ես խելագարի նման նետվեցա և փորձ փորձեցի գրկել նրան։ Ծերունի սպասավորը բռնեց ինձ։ Նա իսկույն հեռացավ, ասելով.

— Այդ հիվանդը իր խելքի առողջ դրության մեջ չէ...

Ես մնացի խորին ապշության մեջ։ Ի՞նչ էր այդ, երա՞զ էր, ցնո՞րք էր, թե խանգարված երևակայության պատրանք։ Ի՞նչ էր այդ։ Նենեի գեղեցիկ դեմքն էր, նրա վառվռուն աչքերն էին, նրա նուրբ, բարձր հասակն էր, նրա արծաթի հնչյուններով ձայնն էր։ Հայց մի՞թե կրակոտ, պարզամիտ, աներկյուղ Նենեն կարող էր իրան այնպես զգույշ և սառնասիրտ պահել։ Ո՞րտեղից հայտնվեցավ նա։ Եթե նա լիներ, չէր կարող զսպել իրան, անպատճառ կնետվեր, կգրկեր ինձ և կասեր. «Ահա ես գտա քեզ, ես այստեղ կմնամ, էլ քեզանից չեմ բաժանվի»։ Նա այսպես կվարվեր։ Այսպես վարվեցավ նա, երբ մի անգամ մտավ ինձ մոտ բանտը։ Այսպես վարվեցավ նա և այն օրը, երբ ինձ վարում էին դեպի աքսոր։ Նա չէր ուզում բաժանվել ինձանից, նրան բռնությամբ բաժանեցին։

Ահա այդ մտածությունները պաշարեցին ինձ գեղեցիկ տեսիլքը անցնելուց հետո։

Բայց մի՞թե չէր կարող պատահել, որ Նենեն այնքան տարվա մեջ փոխված լիներ։ Բավական տարիներ էին անցել այն օրից, որ անջատված էինք միմյանցից։ Մի՞թե չէր կարող պատահել, որ այն, թեև կիսավայրենի, բայց աշխույժ և ձիրքերով հարուստ բնավորությունը, մի առաքինի հոգու ազդեցության ներքո, մեղմանար, ազնվանար և բարի կրթություն ստանար։ Ես նույնպես մի վայրագ եղեռնագործ էի։ Բայց ի՞նչպես փոխվեցա։ Համրը ինձ բոլորովին այլ մարդ դարձրեց։ Մի՞թե միևնույնը չէր կարող պատահել և Նենեի հետ։ Ծերունի սպասավորի ասելով, նա գտնվում էր բժշկապետի ընտանիքի մեջ։ Գուցե այդ ընտանիքը ազդել էր նրա վրա, գուցե հենց նրանց հետ էր եկել, եթե ոչ, ո՞վ կբերեր նրան Սիբիր։

Վերջին ենթադրությունը ինձ ավելի հավանական էր թվում։ Բայց ես դեռ չէի տեսել այդ բժշկապետին և ոչ նրա կնոջը, թեև շատ անգամ այցելել էին ինձ մոտ։ Ես այդ միջոցներում հիշողությունս կորցրած եմ եղել։

Խաչագողի արհեստը թողել էր իմ մեջ մի առանձին սրամըտություն, այն է՝ շուտով ըմբռնել ամենանուրբ ակնարկությունները և իսկույն հարմարվել հանգամանքների հետ։ Ես հիշեցի այն խորհրդավոր խոսքերը, որ նա հեռանալու ժամանակ ասաց. «Այդ հիվանդը իր խելքի առողջ դրության մեջ չէ»... Այդ խոսքերով կամեցավ ծածկել նա, որ ես ճանաչեցի նրան, որ իմ և նրա մեջ եղել են հին հարաբերություններ։ Այդ խոսքերով կամեցավ արդարացնել իմ հոգու սաստիկ հուզմունքը, որը համարեց նա իբր իմ ուղեղի անառողջ դրության արտահայտություն։

Ես տարակույս չունեի, որ նա դարձյալ կայցելե ինձ, և մի քանի օր շարունակ սպասում էի նրան։ Մի անգամ նախասենյակից լսում եմ հետևյալ խոսակցությունը.

— Այժմ ի՞նչ դրության մեջ է խելագարը։

— Բավական հանգիստ է.

— Խե՜ղճ տղա... նա դեռ շատ ջահել է...

— Եվ պատվական մարդ է։

— Երկյուղ չկա նրա մոտ մտնելու։

— Զգուշությունը վատ բան չէ։

— Ուրեմն կապեցեք նրան։

Ծերունի սպասավորը ներս մտավ, ինձ կաշկանդեց։ Քանի րոպեից հետո ներս մտավ և նույն օրիորդը։ Այդ Նենեն էր, իսկ և իսկ Նենեն։

Այժմ ես իմ կատարյալ դերի մեջ էի, ոչ իբրև կեղծ խելագար, այլ իսկապես ինձ տիրեց մի տեսակ խելագարություն։ Ես մոռացա բոլոր այն պայմանները, որով նա սկզբից նախազգուշացրել էր ինձ։ Ես ամեն բան մոռացա և միայն տեսնում էի իմ առջև սիրելի աղջկան, որին նվիրել էի իմ սրտի ամենաջերմ զգացմունքները, տեսնում էի, և կատաղությունը տիրում էր ինձ, թե ինչո՞ւ ես չէի կարող գրկել նրան, ինչո՞ւ չէի կարող ասել. «Ահա մենք դարձյալ գտանք միմյանց, ապրե՛նք միասին և կյանք վայելենք»... Եթե առաջվա ուժս կորցրած չլինեի, ես անպատճառ կկոտրատեի այն շղթաները, որոնցով կապված էին իմ ձեռքերն ու ոտները, և նրան կսեղմեի իմ կուրծքին, ասելով. «Մենք այլևս չենք բաժանվի միմյանցից»... Բայց ես միայն գոռում էի, գոչում էի, աղաչում էի արձակել ինձ, սպառնալիքներ էի կարդում, այս կողմ ու այն կողմ էի նետվում, խնդրում էի Նենեից, որ գոնե ինքը մոտենա ինձ։ Նա քաշվեցավ դեպի դուռը, ասելով.

— Խղճալիի դրությունը ամենևին չէ փոխվել...

— Նա միայն ձեզ տեսնելու ժամանակ այսպես անհանգիստ է լինում, —նկատեց ծերունի սպասավորը։

— Այդ իրավ է, — պատասխանեց օրիորդը առանց շփոթվելու։ —Խելագարները զանազան տեսակ ցնորքներ ունեն, դա երևի, իմ մեջ գտնում է նմանություն մի որևիցե կնոջ, որի՝ հետ կապեր է ունեցել։

— Ճշմարիտ է, խելագարները զանազան տեսակ ցնորքներ ունեն, — Համաձայնեցավ ծերունի սպասավորը։ — Մենք ունենք մեկը, որը ամեն անգամ ինձ տեսնելիս հարձակվում է իմ վրա, որ կտրատե ինձ։ Մյուս սպասավորները նրա մոտ մտնելու ժամանակ հանգիստ է։ Նա միշտ երևակայում է մի ինչ-որ ընկերին, որ նրան մատնել է, և իմ մեջ նրա նմանությունն է գտնում։

Օրիորդը կռացավ և հազիվ լսելի ձայնով ասաց ծերունու ականջին.

— Տեսեք, եթե ես այժմ երեսս ծածկեմ և մոտենամ նրան, նա այլևս ոչինչ չի անի:

Ես, իրավ որ, այժմ հանգիստ էի, հասկանում էի նրա դիտավորությունը, հասկանում էի, որ իմ անխոհեմ վարմունքով մատնում էի նրան։ Նա երեսի քողը ցած ձգեց և կամաց մոտեցավ փոքրիկ սեղանին, որ դրած էր իմ գլխի մոտ։ Նրա վրա մի ամանի մեջ ջուր էր դրած և մի կտոր հաց։ Նա վեր առեց ջրի ամանը, հոտոտեց և, դառնալով դեպի սպասավորը, ասաց,

— Այդ ջուրը բոլորովին թարմ չէ, պետք է փոխել։

— Կփոխեմ, օրիորդ, — պատասխանեց ծերունին:

— Այս րոպեիս փոխեցեք։

Ծերունին վեր առեց ամանը և հեռացավ:

Նա շրթունքը մոտեցրեց իմ շրթունքներին և հազիվ լսելի ձայնով ասաց.

—Կարդա այս տոմսակը և սպասիր ինձ...

Նա դրեց իմ բարձի տակին մի թղթի կտոր։ Կորիդորից լսելի եղավ ծերունի սպասավորի ծանր քայլերի ձայնը: Նենեն հեռացավ ինձանից և մոտեցավ դռանը։ Ծերունին բերեց ջուրը, դրեց իր տեղում։

Նա կրկին անգամ նայեց իմ երեսին և հեռացավ։ Ա՜խ, ո՜րքան սրտաշարժ խոսքեր կային այդ լուռ նայվածքի մեջ։ Դրսից լսելի եղավ նրա պատվերը սպասավորին,

— Հիմա կարող եք արձակել նրան, միայն դռները կողպած պահեցեք։

Ծերունին ներս մտավ, բաց արեց իմ ձեռքերն ու ոտները և դուրս գնաց, իր ետևից դուռը կողպելով։ Ես իսկույն վեր առի բարձի տակում թողած տոմսակը և սկսեցի կարդալ։ Նրա բովանդակությունը խիստ կարճ էր, երկու տող միայն, բայց այդ երկու տողը պարունակում էր իր մեջ ինձ համար անսահման բախտավորություն։

«Մուրադ, կիրակի գիշերը, երկու ժամին, սպասիր ինձ, ես քեզ մոտ կլինեմ։ Նենե»։

Հարյուր անգամ կարդացի այդ երկու տողը, հարյուր անգամ շրթունքիս վրա սեղմեցի, բայց դարձյալ չէի կշտանում : Նրանից, այդ անշունչ թղթի կտորից փափագում էի առնել սրտիս կարոտը։ Նրա մատներն էին գրել, նրա սիրտն էր դրած նա մեջ։ Բայց ո՞վ սովորեցրեց նրան գրելը...

Հիվանդանոցի այն մասը, ուր այժմ զետեղված էի ես, բաժանված էր մյուս մասերից, այստեղ պահվում էին միայն խելագարները և վարակիչ հիվանդները։

Նենեն այլևս չհայտնվեցավ։ Մինչև կիրակի դեռևս չորս օր կար։ Այդ չորս օրը ավելի երկարաձիգ էր թվում ինձ, քան թե չորս տարի: Բայց աքսորականը սովորում է սպասել։ Ես խորին անձկանոք սպասում էի։

Բժշկապետը նույնպես չէր հայտնվում, երևի նա ինձ բոլորովին առողջացած էր համարում։ Միայն երբեմն մտնում էր ծերունի սպասավորը և իր շատախոսություններով զբաղեցնում էր ինձ։ Այդ բարեսիրտ ծերունին այնքան երկար տարի ծառայել էր հիվանդանոցում, որ համարյա կես բժիշկ էր դարձել։ Նա ծաղրում էր ֆելդշերների կատարած հիմարություններր, ծաղրում էր դեղարարի տգիտությունը, թե ինչպես նա շատ անգամ խառնում է դեղերը և թույնը հասարակ քինայի փոխարեն է տալիս։ Պատմում էր զանազան սարսափելի դեպքեր, որ առաջ էին եկել կա՛մ դեղերը խառնելուց, կա՛մ նրանց չափն ու կշիռը չհասկանալուց: Ուրախանում էր, որ նոր բժշկապետը առաջարկել է փոխել այդ բոլոր «անպիտաններին» և դիտավորություն ունի նոր կարգեր մտցնել հիվանդանոցի մեջ։ Նա հիացած էր նոր բժշկապետով և միշտ կրկնում էր միևնույն խոսքերը նրա տիկնոջ և մանկահասակ օրիորդի մասին։

Վերջապես եկավ կիրակին։ Ես սարսափելով մտածում էի, թե ի՞նչպես պետք է անցկացնեմ այդ օրը, թե ի՞նչպես պետք է սպասեմ մինչև գիշերվա ժամը երկուսը։ Իսկ այնօր, որպես կարծում էի, ինձ համար ծանր չանցավ։

Համրը թույլտվություն էր խնդրել ինձ տեսնելու, եկավ և ժամերով մնաց ինձ մոտ։ Թեև այժմ նրա փիլիսոփայությունները շատ հետաքրքրական չէին ինձ համար, բայց, այնուամենայնիվ, նրա այցելությունը բավական մխիթարեց ինձ։

Համրը ինձ մոտ եղած միջոցին ներս մտավ բժշկապետը։ Նրան ես ճանաչեցի, թեև այժմ փոքրիկ մորուք ուներ։ Զարմանալի բան է կյանքի մեջ դեպքերի հանդիպումը։ Այդ երիտասարդին ես պատահել էի իմ կյանքում մի քանի անգամ։ Երբ ես կալանավորվեցա, երբ ինձ տարան քննիչի մոտ հարցուփորձ անելու, այդ երիտասարդը, իբրև. քաղաքային բժիշկ, այնտեղ ներկա էր։ Երբ դատարանում քննում էին իմ գործը, և ես մանրամասնաբար պատմում էի դատավորներին իմ կյանքի պատմությունը, որպեսզի նրանց կարեկցությունը և բարոյական համոզմունքը շարժեմ իմ անմեղության վրա, այդ երիտասարդը դարձյալ այնտեղ էր։ Երբ ինձ աքսորի դատապարտեցին, և սարսափելի գանահարությունից հետո գիշատված մարմնով ընկած էի բերդի հիվանդանոցում, այդ երիտասարդն էր ինձ բժշկում։ Նա գիտեր իմ կյանքի բոլոր պատմությունը, նա հետաքրքրված էր այդ դժբախտ պատմությունով։ Նա գիտեր, թե ո՛րպես, հակառակ իմ կամքի, անխուսափելի հանգամանքները ձգեցին ինձ չարագործության մեջ։ Եվ այդ գրավել էր նրա կարեկցությունը դեպի իմ թշվառությունը։

Նա նախածանոթ էր և Նենեի հետ։ Նա գիտեր այդ անբախտ աղջկա պատմությունը իր բոլոր մանրամասնություններով։ Նրա միջնորդությամբ Նենեն առաջին անգամ մտավ ինձ մոտ բանտը։ Նրա բարերարությանը հանձնեցի ես անտեր, անօգնական աղջկան, այն ժամանակ, երբ մի քանի օրից հետո ինձ պետք է վարեին դեպի աքսոր։ Նա էր, որ բանտում մխիթարեց ինձ այդ խոսքերով, «Հույս ունեցեք, որ մի ժամանակ կտեսնեք նրան»...

Այժմ ամեն ինչ ինձ համար պարզ էր։ Հիշյալ խոսքերը ասաց նա մի քանի տարի առաջ, և ես այս գիշեր պիտի տեսնեի Նենեին։ Այժմ ես գիտեի, որ երիտասարդը հենց այն ժամանակ, երբ ես անջատվեցա Նենեից, առել էր նրան իր խնամակալության ներքո, և հետո, պաշտոնով այստեղ գալով, բերել էր իր հետ։

Չնայելով այդ բոլոր հին հարաբերություններին, բժշկապետը ծանոթություն չտվեց ինձ։ Նա երկար խոսում էր Համրի հետ, առանց ինձ վրա ուշադրություն դարձնելու։ Նրանց խոսակցությունը ես չէի հասկանում, որովհետև խոսում էին գերմաներեն լեզվով։ Այդ լեզուն ես չգիտեի։

Բժշկապետի գնալուց հետո Համրը ավելի ուրախ տրամադրության մեջ էր գտնվում։ Այդ մարդը այն բնավորություններից էր, որ հազիվ կուրախանար, և եթե ուրախ էր, այդ կնշանակեր, որ մի նշանավոր բան կա։ Ի՞նչ կար, ի՞նչ խոսեցին, ի՞նչ էր, որ ուրախացնում էր այդ մշտատխուր երիտասարդին՝ այդ մասին նա ոչինչ չհայտնեց։ Ես էլ իմ կողմից չհարցրի պատճառը։ Նրա ներկայությունը, որ սկզբում այնքան մխիթարում էր ինձ, այժմ ձանձրալի դարձավ։ Ես ցանկանում էի միայնակ մնալ և հագենալու չափ մտածել Նենեի վրա։ Ես չէի ներում, որ մի ուրիշի ներկայությունը խանգարեր այդ գեղեցիկ մտածությունները։

Համրը երկար չնստեց, նա գնաց և ինձ ձեռք տալու միջոցին ասաց այդ մթին խոսքերը.

— Հանգիստ կացեք, շուտով ձեզ փրկություն կլինի...

Ես ուշադրություն չդարձրի այդ խոսքերի նշանակության վրա, կարծեցի, թե իմ հիվանդությունից փրկվելու մասին էր խոսքը։ Բայց այժմ ես չէի ցանկանում առողջանալ հիվանդությունից, այժմ ինձ խիստ ծանր էր թողնել հիվանդանոցը։ Ես կամենում էի միշտ այնտեղ մնալ և առիթ ունենալ տեսնելու Նենեին։

Ժ

ՆԵՆԵԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ

Կան այնպիսի դրություններ, որ մարդ րոպեական զվարճության համար կորցնում է իր ամբողջ ապագան և մինչև անգամ կյանքը, բայց դարձյալ չէ հրաժարվում իրան զրկել ցանկացած վայելքից։ Այսպիսի վտանգավոր ձեռնարկություններից մեկն էր Նենեի գիշերային այցելությունը։ Ես անհամբերությամբ սպասում էի նրան, սպասում էի, թե ե՞րբ կզարկե գիշերվա երկու ժամը։

Վերջապես, իմ օթյակի դուռը կամաց բացվեցավ, ծերունի սպասավորը նրան ներս հրեց և հեռացավ, ասելով.

— Որքան կամենում եք, խոսեցեք, բայց ձայն չբարձրացնեք։

Ինձ դժվար է նկարագրել այն սրտաշարժ տեսարանը, որ տեղի ունեցավ մեր տեսակցության առաջին րոպեներում։ Այո , դժվար է նկարագրել այն բոլոր լացը, արտասուքը, այն անսահման ուրախությունը, այն հոգեկան սաստիկ մրրիկը, որ փոթորկում էր մեր սրտերը մեր գրկախառնության լուռ ցնծության մեջ։ Մեր մեջ խոսում էին հոգին, սիրտը, ճախրում էին և թրթռում էին վաղուց նիրհած, թախծալի զգացմունքները։ Իսկ լեզուն բառեր չէր գտնում սրտի թարգման լինելու։

Դատապարտյալի սերն անգամ իր ոտներին շղթա էր կրում։ Նա սիրում է արտասվելով, նա սիրած կնոջը գրկում է սարսափելով։ Նա սիրում է առանց սիրելու իրավունք ունենալու։ Սերը նրա համար մի հանցանք է։ Նույն հանցանքի մեջն էինք գտնվում ես և Նենեն։

— Ի՞նչպես հայտնվեցար այստեղ, ի՞նչպես եկար, — եղավ իմ առաջին հարցմունքը, երբ Նենեն, իմ ձեռքը առնելով իր ափի մեջ, նստեց իմ մահճակալի վրա, իմ կշտին։

— Ես քեզ այն ժամանակ ասացի, որ կգամ, և որտեղ էլ որ լինես դու, կգտնեմ քեզ, — Ասաց նա, սեղմվելով իմ կուրծքի վրա։ — Տեսնո՞ւմ ես, եկա ու գտա քեզ։

— Ա՜խ, որքան տանջված կլինես, ո՜րքան նեղություններ կրած կլինես, Նենե։

— Այդ բոլորը ես մոռանում եմ քո գրկի մեջ։ Իմ կրած չարչարանքները ոչինչ են այդ մխիթարության առջև, որ այժմ վայելում եմ։

Ես հիացման մեջ էի գտնվում։ Մի՞թե այդ բարեսիրտ, նազելի արարածը առաջվա կիսավայրենի Նենեն էր։ Ո՞ր աստվածային շունչը այսպես մեղմացրեց, այսպես ազնվացրեց նրա բնավորությունը։

— Դու ո՞ւմ մոտ ես ապրում, — Հարցրի նրանից։

— Բժշկապետի տանը։ Նրա ամուսինը մի պատվական կին է, սաստիկ սիրում է ինձ։ Գիտե՞ս, Մուրադ, նա ինձ սովորեցրեց գրել, կարդալ, ես շատ գրքեր եմ կարդացել։

— Նրանք գիտե՞ն, որ դու հիմա այստեղ ես։

— Գիտեն։ Բժշկապետը ինքը պատվիրել էր ծերունի սպասավորին, որ ինձ ներս թողնե։ Ես նրան շատ խնդրեցի, սկզբում չէր հոժարում, ասում էր քո այցելությունը վատ ազդեցություն կանե հիվանդի առողջության վրա, բայց երբ երկար աղաչեցի, հոժարեցավ։

Ինձ ավելի հետաքրքրում էին Նենեի հետ պատահած անցքերը, սկսյալ այն օրից, որ ես անջատվեցա նրանից։ Ես խնդրեցի պատմել բոլորը։ Նա խիստ դժվարությամբ հանձն առեց պատմել, ասելով, որ իր հետ պատահած արկածների մեջ կային այնքան դա՜ռն, այնքան տխո՜ւր դեպքեր, որ չէր ցանկանա ես լսեի։

— Այսուամենայնիվ, ես պետք է գիտենամ բոլորը:

— Ուրեմն կպատմեմ։

Նա այսպես սկսեց իր պատմությունը,

— Դու հիշո՞ւմ ես, Մուրադ, քո կալանավորվելուց հետո ես մի անգամ կարողացա տեսնվել քեզ հետ, այն ևս բերդի մեջ։ Այնուհետև ես ամեն օր գալիս էի, կանգնում է, բերդի դռան մոտ, լաց էի լինում, աղաչում էի, բայց ինձ ներս չէին թողնում. «Գի՛ժ աղջիկը... տեսեք գի՜ժ աղջիկը...», ասում էին ու ինձ հալածում էին։ Երբ խավարը պատում էր, երբ չար մարդիկ այլևս չէին երևում, ես դարձյալ մոտենում էի բերդին, պտտում էի նրա շուրջը, և գիշերային լռությունը աղմկում էի իմ հառաչանքներով։ Միայն առավոտյան լույսը ինձ հեռացնում էր այնտեղից։ Անցա՜ն օրեր, անցա՜ն շաբաթներ, անցա՜ն ամիսներ։ Մի առավոտ բերդի դռան պահապան զինվորը ասաց ինձ. «Խե՜ղճ աղջիկ, այն, որ դու պտրում ես, էլ այստեղ չէ»... «Ապա ո՞րտեղ է», հարցրի ես սարսափելով. «Տարան»... պատասխանեց նա, կարծես, ինքն ևս տխրելով, չգիտեմ իմ վրա, թե քեզ վրա։ «Ո՞րտեղ տարան», հարցրի ես, ավելի մոտենալով նրան։ «Սիբի՜ր»։ Ես խելագարի նման սկսեցի վազ տալ։ Չգիտեի, թե ո՛ր կողմը գնամ։, նույն զինվորը ետևից ձայն տվեց. «Բռնեցեք փոստայի մեծ ճանապարհը»։

Վերջապես ես հասա։ Մի խումբ աքսորյալների հետ քեզ վարում էին։ Ինձ թույլ չտվին մոտենալ քեզ։ Որքան խնդրեցի, որքան աղաչեցի, դարձյալ թույլ չտվին։ Ես կատաղեցա, խելքս գլխիցս թռավ, աչքերիս առջև մթնեց... Չգիտեմ այլևս ի՞նչ արեցի, ի՞նչ պատահեց ինձ հետ, միայն այսքանը հիշում եմ: Երբ աչքերս բաց արի, ինձ գտա քաղաքային գժատան մեջ: Երբ խելքս գլուխս եկավ, ես տեսա միևնույն բժշկապետին, որի տանը այժմ ապրում եմ։ Նա եկել էր ինձ նայելու։ Ես բռնեցի նրա ձեռքից և արտասվալի աչքերով ասացի նրան. «Պարոն բժշկապետ, ես գիժ չեմ, իզուր են չար մարդիկ ինձ գիժ կոչում։ Ինչո՞ւ են բերել ինձ գժատունը»։ Բժշկապետը կարեկցությամբ ասաց ին՛ձ. «Խե՜ղճ աղջիկ, ես գիտեմ, որ դու գիժ չես. միայն խորհուրդ եմ տալիս, որ առժամանակ գժատանը մնաս»։ «Ի՞նչու», հարցրի ես զայրացած կերպով։ «Այդ միայն կարող է ազատել քեզ», պատասխանեց նա հազիվ լսելի ձայնով։ «Ի՞ն՛չ բանից», հարցոի ես ավելի վրդովվելով։ «Սիբիրից»... Ես սկսեցի ծիծաղել։ «Ես էլ հենց այդ եմ ո՛ւզո՛ւմ, որ ինձ ուղարկեն Սիբիր... այնտեղ կտեսնեմ նրան»... «Ո՞ւմը»։ հարցրեց նա։ «Այն աքսորյալին, որ մի քանի օր առաջ տարան», պատասխանեցի ես։ «Դուք, պարոն բժշկապետ, կարծեմ, ճանաչում եք նրան, դուք բժշկում էիք նրան»։ «Այո , ճանաչում եմ...— պատասխանեց նա, — ես մի անգամ խնդրեցի բերդապահից, քեզ թույլ տվին նրա մոտ բանտը մտնել, հիշո՞ւմ ես», հարցրեց նա։ «Այո՛, հիշում եմ, ես մինչև այսօր դեռ չեմ հայտնել ձեզ իմ շնորհակալությունը»։ Այդ խոսքերի հետ բռնեցի նրա ձեռքը և ամուր կերպով սեղմեցի։

«Ես այն աքսորյալին սիրում եմ, ես անկարող եմ չսիրել նրան», ասացի ես, չթողնելով բժշկապետի ձեռքը։ «Նա իմ կյանքը ազատել է մի սարսափելի սպանությունից, ի՞նչպես չսիրել նրան»։ Հետո պատմեցի, թե ո՛րպես ծնողներից որբ մնալով, իբրև անտեր, անպաշտպան մի աղջիկ, սկսեցի թափառական կյանք վարել, միակ արհեստը, որ ուսուցել էր ինձ իմ մայրը, էր կախարդությունը, ես մարդկանց բախտը գուշակում էի, նրանք ինձ հաց ու մի քանի գրոշներ էին տալիս։ Պատմեցի, թե ո՛րպես հափշտակվեցա ավազակներից, և ո՛րպես նրանք, ինձ երկար չարչարելուց հետո, վերջը կամենում էին սպանել, իսկ դու ազատեցիր ինձ։ Մի խոսքով, պատմեցի բոլորը, ինչ որ մինչև այն օրը պատահել էր ինձ հետ։ Բժշկապետը հետաքրքրությամբ լսելուց հետո ասաց ինձ. «Այդ բոլորը ես գիտեմ, այն աքսորյալը պատմել է ինձ»։

— Դուք պատմե՞լ էիք նրան, Մուրադ, — Հարցրեց Նենեն, կտրելով իր խոսքի թելը և դիմելով ինձ։

— Այո , պատմել էի, պատմել էի այն ժամանակ, երբ ես բանտումն էի։ Ես խնդրեցի նրանից, որ քեզ առնե իր պաշտպանության ներքո, և նա խոստացավ կատարել իմ խնդիրքը, և, որպես երևում է, կատարեց բարի մարդը։

— Այո՛, կատարե՜ց, — կրկնեց Նենեն մի առանձին զգացմունքով։ — Ա՜խ, ի՞նչով կարող ենք փոխարինել այդ ազնիվ երիտասարդի երախտիքը... նա դիտավորություն ունի դեռևս շատ լավություններ անելու մեզ...

Նենեն, ուրախության արտասուքը սրբելով իր աչքերից, շարունակեց,

— Ես հարցրի բժշկապետից, թե ի նչ էր պատճառը, որ ինձ բերել էին գժատուն։ Նա ասաց, որ այն դատապարտյալին, այսինքն՝ քեզ, դեպի աքսոր վարելու ժամանակ, ես խելագարի նման հարձակվել էի պահապան զինվորների վրա, խլել էի մեկի հրացանը և արձակել էի։ Թեև ոչ ոքին վնաս չէի հասցրել, բայց իմ վարմունքը օրենքով համարվում էր ծանր հանցանք։ Այդ հանցանքը ավելի խստությամբ էր պատժվում գլխավորապես այն պատճառով, որ կատարվել էր քեզ հափշտակելու նպատակով։ «Իսկ երբ գործողությունը կատարած է ուղեղի անառողջ դրության մեջ, — Ավելացրեց բժշկապետը, — պատիժը մեղմացնում են»։ Ես պատասխանեցի, «Ամենևին չեմ ցանկանում, որ իմ պատիժը մեղմացնեն։ Ես շատ ուրախ կլինեմ, եթե ինձ կուղարկեն Սիբիր։ Այնտեղ կտեսնեմ նրան, այնտեղ տարան նրան, թող ես էլ նրա մոտ լինեմ»։ «Խե՜ղճ աղջիկ,— ասաց բժշկապետը, — դու դեռ այնքան անփորձ ես, որ չգիտես, թե ի նչպես են վարվում աքսորյալների հետ։ Խելագարությունը միայն կարող է փրկել քեզ»։ Ես դարձյալ պնդեցի, թե երբեք չեմ ասի, որ ցնորված եմ եղել, այլ պարզ կխոստովանեմ, որ կամենում էի ազատել սիրելիիս և այդ նպատակով հարձակում գործեցի։ Բժշկապետը, թեև չկարողացավ ինձ համոզել, բայց դարձյալ ուրիշ շատ խրատներ տալով ավելացրեց, որ իմ վարմունքը իսկապես «մինչև խելագարության հասած» սիրո ցնորք է եղել, և ավելի ոչինչ։

Բայց ես բժշկապետին չհավատացի, թեև նա ինձ զանազան խոստմունքներ արեց և զանազան հույսեր տվեց։ Ես հաստատ մնացի իմ կամքի մեջ, և երբ աոաջին անգամ տարան ինձ դատարանը, ես պարզ ասեցի դատավորներին. «Պարոն դատավորներ, ես խելագար աղջիկ չեմ, ես շատ խելացի աղջիկ եմ։ Խելագարությունը չէր, որի պատճառով ես հարձակում գործեցի զինվորների վրա։ Ես սիրում էի նրան, այն երիտասարդին, որին դուք Սիբիր ուղարկեցիք։ Ես կամենում էի ազատել իմ սիրելիին։ Ոչ, պարոն դատավորներ, դուք մի՛ հավատացեք, որ ես խելագարված եմ եղել։ Ես միշտ խելացի էի, ինչպես այժմ։ Այդ հանցանքները ևս գործել եմ իմ առողջ դատողությունով։ Ինձ ևս աքսորեցեք Սիբիր, ես ցանկանում եմ սիրելիիս հետ միասին լինել» Բայց դատավրրները ինձ չհավատացին։ Ես շատ բարկացա, երբ իմ վճիռը կարդացին։ Փոխանակ Սիբիր ուղարկելու, վճռել էին՝ երեք ամիս նստացնել ապաշխարության տան մեջ։ Թեև ես վճռից գոհ չմնացի, այնուամենայնիվ, ինձ տարան այնտեղ։

Բայց գիտե՞ս, Մուրադ, իմ սխալն ինչումն էր, — հարցրեց Նենեն, դառնալով դեպի ինձ։ — Ես չպետք է ասեի, թե խելացի աղջիկ եմ և ամեն ինչ գործել եմ իմ կամքով, իմ հոժարությամբ։ Ես պետք է ասեի, թե խելագարված եմ եղել, չեմ հասկացել, թե ինչ եմ գործել։ Ես պետք է աշխատեի արդարացնել իմ վարմունքը և խնդրել, որ ինձ չպատժեն։ Այն ժամանակ կմտածեին, որ ես գիտությամբ եմ գործել և իմ ցանկացած պատիժը կնշանակեին։ Ինձ կուղարկեին Սիբիր։ Բայց դատարանի մեջ, երբ աշխատում ես քեզ արդար ցույց տալ, մեղավոր են համարում։ Իսկ երբ ուզում ես քեզ գիժ ցույց տալ, խելացի են համարում, և ընդհակառակն։

Ապաշխարության տան մեջ եղած ժամանակս, — շարունակեց Նենեն, — Բժշկապետը մի քանի անգամ այցելեց ինձ։ Այնտեղ ես առաջին անգամ ծանոթացա նրա կնոջ հետ։ Նա ինձ համար զանազան բաներ էր բերում և ամեն կերպով հոգ էր տանում, որ ես հանգիստ լինեմ։ Թե՛ այր և թե՛ կին խոստանում էին, որ իմ ապաշխարության ամիսները վերջանալուց հետո ինձ կընդունեն իրանց տանը և կպահեն ու կպահպանեն իրանց զավակի նման։ Բայց ես իմ վրա չէի մտածում, ես միշտ քեզ վրա էի մտածում։ Այդ էր պատճառը, հենց որ վերջացավ երեք ամիսը, ես փախա այնտեղիցք որ բժշկապետի տնից ազատվեմ։ Առանց որևիցե պատրաստության, ես ճանապարհ ընկա քեզ մոտ գալու համար։ Սիբի՜ր, Սփբի՜ր. այդ անո՛ւնը կրկնելով, շարունակում էի իմ ճանապարհը։ Խիստ սակավ էր պատահում, որ ես մի որևիցե բնակության հասնեի։ Ըստ մեծի մասին գիշերներն անց էի կացնում բացօթյա։ Մարդիկ, տեսնելով իմ պատառոտած հագուստը, խառնված ծամերը, ցրտից և արևից սևացած դեմքը, ասում էին՝ «դա ջադուկ է», և ինձ օթևան չէին տալիս։

Նենեի նկարագրությունները ինձ սարսափեցնում էին։ Ո՜րքան տանջվել էր, ո՜րքան չարչարվել էր խեղճ աղջիկը մի կորած, աշխարհից կտրված դատապարտյալի համար։ Մի՞թե ես արժանի էի այսքան զոհաբերությանց։ Ես խնդրեցի նրանից համառոտել իր պատմությունը և միայն այն ասել, թե ի՞նչպես կրկին հանդիպեց բժշկապետին։

— Ես շուտով այդ տեղը կհասնեմ, — պատասխանեց նա, — մի փոքր ևս լսիր, եթե չես ձանձրանում։

— Ես չեմ ձանձրանում, այլ տխրում եմ... իմ սիրտը լցվում է ցավերով...

— Շուտով կուրախացնեմ քեզ, — Ասաց նա և շարունակեց.— Մի անգամ, երեկոյան պահուն, հասնում եմ մի գյուղ։ Գյուղացիները հավաքված էին գինետան առջև, զանազան դատարկախոսություններ էին անում։ Ես հարցրի նրանցից,

— Որ ճանապարհն է տանում դեպի Սիբիր։ նրանք զարմացած նայեցին իմ վրա։

— Սիբի՞ր, — Հարցրեց մեկը ծիծաղելով։

— Այո՛, Սիբիր։ Հեռո՞ւ է։

— Այդ սատանայական սև մազերդ կսպիտակեն, մինչև այնտեղ կհասնես։

— Ցույց տվեցեք ինձ ճանապարհը, — կրկնեցի ես։

— Ահա՛ ճանապարհը, գնա՛, գուցե առավոտյան կհասնես, — Ասաց մի ուրիշը, ավելի լրբաբար ծիծաղելով։

— Եթե գայլերը չպատառոտեն, — նկատեց մի այլը: — Մի ծաղրեք ինձ, բարի մարդիկ, ես Սիբիր եմ գնում, — Աղաչեցի նրանց։

— Դա խելագար է, — Ասաց մեկը։

— Չէ, անպատճառ անտառի դևերից մեկը կլինի, տեսեք, ինչպես վառվում են աչքերը, — Ասաց մյուսը։ — նայեցեք մազերին։ Բոլորը խաչակնքեցին։

— Ոտքերիցը արյուն է հոսում, խե՜ղճ աղջիկ, — նկատեց մի պառավ կին։ — Երևի փուշերը ծակռտել են։

— Դուք չե՞ք հասկանո՛ւմ, ես Սիբիր եմ գնում, — զայրացած կերպով ձայն տվի ես։ — Ցույց տվեցեք ինձ ճանապարհը։

— Կորե՛ք, թող սատանան տանե ձեզ, — Ասեցին ինձ և երեսները շուռ տվին։

Ես բռնեցի առաջին պատահած ճանապարհը և հեռացա: Դեռ գյուղից չէի դուրս եկել։

— Մուրացկա՛ն, մուրացկա՛ն, — ձայն տվեց մի երեխա։

— Ես Սիբիր եմ գնում...— պատասխանեցի նրան։

Ես անցնում էի փոստային իջևանի առջևից։ Այդ միջոցին ուղևորի սայլակը, փոշու ամպերի մեջ ծածկված, փոթորիկի նման հասավ իջևանը։ Սայլակի միջից դուրս նետվեցավ մի պարոն, վազեց իմ ետևից և իմ թևքից բռնելով, ասաց.

— Վերջապես գտա քեզ...

Այդ պարոն բժշկապետն էր։ Ես իսկույն նկատեցի նրա բարի դեմքի վրա այն մեծ ուրախությունը, որ պատճառեց ինձ գտնելը։ «Ո՞ւր ես գնում», հարցրեց նա, չթողնելով իմ ձեռքը։ «Սիբի՜ր», պատասխանեցի ես, աշխատելով դուրս պրծնել նրա ձեռքից։ «Այժմ ուշ է, — Ասաց նա, — տեսնո՞ւմ ես, արեգակը մտնելու մոտ է, տեղ չես հասնի, անապատումր կմնաս»։ «Ես միշտ անապատումն եմ գիշերում, մարդիկ ինձ տեղ չեն տալիս»։ «Մնա ինձ մոտ, այս գիշեր հանգստացիր, առավոտյան կշարունակես քո ճանապարհը»։ «Ես դեռ ոչ բոլորովին հոգնած եմ, կարող եմ անցնել մի քանի վերստ ևս, մինչև արեգակը կմտնե»։

Վերջապես նա համոզեց ինձ մնալ և տարավ փոստային կայարանը, — շարունակեց Նենեն։ — Աշնան սաստիկ ցրտերի ժամանակն էր։ Իսկ իմ հնամաշ հագուստը հազիվ ծածկում էր իմ մարմինը։ Ես նոր էի զգում, թե որքան մրսել էի։ Երբ մտա սենյակը, իմ ատամները սկսեցին բաբախել» Իմ լեզուն դժվարանում էր շարժվել։ Նա իսկույն փաթաթեց ինձ իր մուշտակի մեջ և նստեցրեց մահճակալի վրա։ Տաք թեյը կյանք տվեց ինձ, իսկ սպիտակ հացը կարագի հետ զովացրին իմ սպառված ուժերը։ Ես ա՛յժմ միայն հասկանում էի, եթե այն դրության մեջ անապատում մնայի, անպատճառ, կսառչեի։ Երբ ես բավական հանգստացա, երբ իմ գրգռված դրությունը մեղմացավ, բժշկապետը ասաց ինձ, որ ինքը հատկապես ինձ համար եկած էր։ Նա պատմեց, թե այն առավոտը, երբ ինձ պետք է արձակեին ապաշխարության տնից, ինքը և իր կինը կառքով եկան այնտեղ, որ ինձ առնեն և իրանց տունը տանեն։ Բայց մինչև իրանց գալը, ես անհայտացած էի։ Հետո հարցուփորձ անելով տեղեկացան, թե ես ո՛ր կողմն էի գնացել։ Բժշկապետը առանց ժամանակ կորցնելու հետամուտ եղավ և գտավ ինձ։

Առավոտյան, — շարունակեց Նենեն, — Բժշկապետը հայտնեց, թե ինքը նույնպես Սիբիր գնալու դիտավորություն ունի և խոստացավ, որ ինձ ևս կվեր առնի իր հետ։ Կարծես, ամբողջ աշխարհը ինձ տվեցին, ուրախությունիցս չգիտեի, թե ինչ անեմ։ Երեխայի նման քաշ ընկա իմ բարերարի պարանոցից և սկսեցի համբուրել նրա աչքերը, երեսը, ճակատը, բոլորը։ «Կտանե՞ք, կտանե՞ք», անդադար հարցնում էի ես։ «Անպատճառ կտանեմ», պատասխանեց նա և ավելացրեց, թե ինքը պետք է պաշտոնով գնա այնտեղ, և այդ մասին արդեն առաջարկել են իրան, և ինքը ընդունել է։ «Եվ ես կտեսնե՞մ նրան»:«Կտեսնես, շատ անգամ կտեսնես», պատասխանեց նա։ Ես կրկին գրկեցի նրա պարանոցը։

Բժշկապետը, — առաջ տարավ Նենեն, — ինձ շատ խրատներ էր տվել, ինձ շատ խորհուրդներ էր տվել, բայց առաջ ես չէի հավատում նրան։ Մարդիկ ինձ այնքան շատ խաբել էին, որ ես կորցրել էի իմ հավատը դեպի ամեն մարդ։ Բայց երբ նա խոստացավ, որ ինձ կտանե Սիբիր, ես բոլորովին հավատացի։ Այդ էր պատճառը, որ ես իսկույն հնազանդվեցա, երբ առավոտյան աոաջարկեց ինձ նստել ճանապարհորդական սայլակի վրա և վերադառնալ տուն։ Չնայելով, որ ես մինչև այն գյուղը հասել էի երեք օրվա մեջ, բայց նույն օրվա երեկոյան պահուն մենք հասանք քաղաքը։ Բժշկապետի բնակարանը բավական ընդարձակ էր, իսկույն ինձ համար որոշեցին մի աոանձին սենյակ։ Նրա մանկահասակ կինը ավելի բարեսիրտ երևաց, քան թե ամուսինը։ Նրա առաջին հոգսը եղավ լվանալ իմ գլուխը, սանրել և փոխել իմ հագուստը. Երբ ես ոտքից ցգլուխ հագնվեցա, նա մի առանձին ուրախությամբ նայեց իմ վրա, գրկեց և համբուրելով՝ ասաց. «Հիմա դու շատ սիրուն աղջիկ դարձար»։ Եվ որպեսզի ես մի նոր ծանրություն չդառնամ այդ ոչ այնքան միջոցներ ունեցող ընտանիքի վրա, հենց երկրորդ օրը ես խնդրեցի տիկինից, որ ինձ ցույց տա մի քանի գործեր, թե ինչո՛վ կարող էի ծառայել նրանց։ Տիկինը ժպտաց և ինձ հանձնեց մի քանի թեթև գործեր։ Ես իմ պարտավորությունները այնքան ճշտությամբ կատարում էի, որ նրանք, որ առաջ միայն խղճում էին ինձ, սկսեցին այնուհետև սիրել։ Տիկինը չափազանց գութ ուներ ինձ վրա։ Նա մի աոանձին եռանդով սկսեց զբաղվել իմ դաստիարակությամբ. ամեն օր մի քանի ժամ պարապում էր ինձ հետ։ Ես սովորեցի գրել, հաշվել և գրքեր կարդալ, Ա՜խ, որքան լավ բան են այդ գրքերը։ Նրանց մեջ խոսում են խելացի մարդիկ, նրանք այն չեն ասում, ինչ որ մենք սովորաբար լսում ենք կամ տեսնում ենք կյանքի մեջ։ Նրանք պախարակում են այդ մեր տեսածները և ասում են, որ լավ բաներ չեն, և ցույց են տալիս, թե ի՞նչպես մարդիկ կարող էին ավելի լավ լիներ

— Եվ դու լավացար, — կտրեցի ես Նենեի խոսքը։

— Այո՛, լավացա, — պատասխանեց նա մի առանձին բավականությամբ։

— Դու հենց սկզբից բարի էիր, Նենե։

— Իմ առաջվա բարության և այժմյան բարության մեջ մեծ զանազանություն կա։ Աղավնին էլ բարի է, բայց եթե նրան հարցնելու լինես, թե ինչու համար է բարի, նա քեզ չէ կարող բացատրել պատճառը։ Նա բարի է, ինքն էլ չգիտե, թե ինչի համար։ Այդպես էր և իմ բարի լինելը։ Ոչխարի բարություն և ավելի ոչինչ։ Բայց ես հիմա գիտեմ, թե ինչո՞ւ լավ է բարին և ինչո՞ւ վատ է չարը։ Չէ՞ որ ես առաջ սուտեր էի խոսում, խաբում էի մարդկանց, բայց չէի հասկանում, որ դա վատ է։ Ես մի բոշա աղջիկ էի և մորիցս սովորած կախարդությանը ինքս էլ հավատում էի։ Բայց հիմա գիտեմ, որ այն բոլորը խաբեբայություն էր։ Այդ թողնենք, — խոսքը փոխեց Նենեն, — բժշկապետը և նրա կինը կատարեցին իրանց խոստմունքը։ Երբ նրանք պաշտոն ստացան Սիբիրում, ինձ ևս բերեցին իրանց հետ։ Իմ հարաբերությունը քեզ հետ նրանք գիտեին, նրանց հայտնի էր և այն, թե ո՛ր աստիճան ես սիրում եմ քեզ։ Հետո, թեև ինձանից գաղտնի, նրանք աշխատում էին, որ դու ազատված լինես քո դատապարտությունից, և մեզ բախտավորացնեն ամուսնական կյանքով։ Այդ մասին ինձ հետ չէին խոսում, բայց ես նրանց ակնարկություններից և առանձին խոսակցություններից շատ բան էի հասկանում։

— Ի՞նչ միջոցներով էին աշխատում, — հարցրի ես անհամբերությամբ։ — Արդյոք հույս կա՞... կարելի է...— և բազմաթիվ հարցերով շփոթեցրի Նենեին։

Կարծես, նա վախենում էր, որ միանգամից հաղորդած ուրախալի տեղեկությունը կարող էր վատազդել իմ առողջության վրա և երևի այդ մտքով բավական հեռվից սկսեց իր պատասխանը։

— Դու պետք է գիտենաս, — Ասաց նա, — Որ բժշկապետը աղքատ և շատ աղքատ ծնողների որդի է եղել, ժողովրդի ստոր դասակարգից։ Նրա հայրը փողոցներում կոշկաներկ վաճառող է եղել, իսկ մայրը՝ մի լվացարար կին։ Բայց տիկինը բարձր շրջաններից է, Ս. Պետերբուրգում նշանավոր ազգականներ ու բարեկամներ ունի, որոնք նույնպես նշանավոր պաշտոններ են վարում։ Բժշկապետը, որպես աղքատ ուսանող, նրա հոր տանը մասնավոր դասեր էր տալիս։ Այստեղից սկսվեց նրանց ծանոթությունը, որը հետո սիրո փոխվեցավ։ Օրիորդի ծնողները, իհարկե, հակառակվեցին նրա ամուսնանալուն մի բժշկի հետ, որ թե իր դիրքով և թե իր ծագումով չէր համապատասխանում նրանց կոչմանը։ Բայց օրիորդը այնքան բնավորության զորություն ուներ, որ, հակառակ ծնողների կամքին, թողեց հայրենական տունը և սկսեց սիրած երիտասարդի հետ ապօրինի ամուսնությամբ ապրել։ Այնուհետև ծնողները բոլորովին մերժեցին նրան և միշտ անհաշտ մնացին նրա հետ։ Բայց տիկինը ուներ մի ազգական, որ ծառայում էր մինիստրության մեջ։ Այդ բարձր աստիճանավորը սաստիկ սիրում էր տիկնոջը և գնահատում էր նրա արժանավորությունները։ նա մինչև անգամ մեղադրում էր տիկնոջ ծնողներին, որ այնպես անգթաբար վարվեցան նրա հետ։ Ահա այդ ազգականի հետ տիկինը սկսեց բանակցություններ անել քո ազատության մասին և, կարծես, հաջողված է...

— Այդ դու ո՞րտեղից գիտես, իմ ավետաբեր հրեշտակ, — Բացականչեցի ես և սկսեցի անհագաբար համբուրել նրա ձեռքերը։

— Գիտեմ, մի քանի օր առաջ տիկինը ցույց տվեց ինձ մի նամակ, որ նոր էր ստացել Ս. Պետերբուրգից ու ասաց, «Նենե, քո բախտը վճռված է»...

— Բարերա՜ր աստված, փառք լինի քո գթությանը, — կրկին բացականչեցի ես, հետո դաոնալով դեպի իմ ազատիչը, ասեցի նրան, — Այդ բոլորը քեզ եմ պարտական, քե՛զ, եթե դու չլինեիր, եթե դու չգտնվեիր բժշկապետի ընտանիքի մեջ, ո՞վ կդարձներ նրանց բարի ուշադրությունը ինձ վրա։ Դու, միայն դու քո հրեշտակային բնավորությամբ գրավեցիր քո տիկնոջ սիրտը և նրա ամուսնու ցավակցությունը դեպի մեր թշվառ վիճակը։ Եթե դու չլինեիր, ես հավիտյան կորած էի թե աշխարհի և թե քեզ համար...

Այդ միջոցին դուռը բացվեցավ, և ծերունի սպասավորի երկայն կերպարանքը հայտնվեցավ շեմքի վրա։

— Օրիորդ, — դարձավ նա դեպի Նենեն, — օրը լուսանում է, լավ չի լինի, եթե քեզ տեսնեն այստեղ։

Նենեն վեր կացավ և, ինձ հետ կրկին և կրկին համբուրվելով, հեռացավ, ասելով.

— Շուտով դարձյալ կտեսնվենք...

ԺԱ

ՆԵՐՈԻՄՆ

Սպիտակ տնակը այժմ բոլորովին ուրիշ տեսք էր ստացել։ Պատշգամբի կոտրատված վանդակապատը նորոգվել էր և փայլում էր ձյունի պես սպիտակ գույնով։ Փտած սանդուղքները նույնպես նորոգված էին, և աջ ու ձախ կողմից շարած էին ծաղիկների թաղարներ։ Պարտեզի ճեմելիքները պատած էին մանրած աղյուսի ծիրանագույն փոշիով։ Հովանոցը կանաչազարդ վրանի էր նմանում, արեգակի ճառագայթները անկարող էին թափանցել պատատուկ բույսերի սաղարթախիտ հյուսվածքի միջից։ Պարտեզի ցանկապատը, բոլորած կենդանի բույսերով, ներկայացնում էր մի ծաղկազարդ պատնեշ։ Ծառերը մանկացել էին, գեղեցկացել էին և տարածում էին իրանց շուրջը խիստ զովարար ստվեր։ Ծաղիկները քաղցրացնում էին ամառային առավոտները ախորժելի անուշահոտությամբ։ Հին, ավերակ դարձած տնակը այժմ փոքրիկ դրախտ էր դարձել։ Նա ներկայացնում էր խիստ աչքի զարկող հակապատկեր իր տխուր, միօրինակ շրջակայքի մեր Նենեի և նրա աշխատասեր տիկնոջ ջանքերին էին պարտական այդ բոլոր նորոգությունները։

Երեկոյան պահուն, երբ արևը խոնարհվում էր դեպի իր գիշերային մուտքը, Նենեն, ցնցուղը ձեռքին, սառն ջրով սրսկում էր ցերեկվա տոթից թառամած ծաղիկները։ նրա ժրաջան տիկինը, կարճ շրջազգեստով, գոգնոցը կապած կամ փոքրիկ բահը ձեռին փորում էր ածուները, կամ մկրատով կտրատում էր թուփերի ավելորդ ճյուղերը։ Նրա ամուսինր հովանոցում նստած գիրք էր կարդում և երբեմն, աչքերը բարձրացնելով, նայում էր գեղեցիկ կնոջ վրա և սքանչանում էր:

Այդ պարտեզում առավոտները և երեկոները հավաքվում էին մի խումբ երեխաներ, տղա, աղջիկ զանազան հասակների։ Այդ փոքրիկ չարաճճիները, ավելի քան երգեցիկ թռչունները, կենդանացնում էին գեղեցիկ դրախտը իրանց ուրախ ճլվլոցով։ Քրտնած, փթթած, կարմրած թշերով, վազվզում էին նրանք ճեմելիքներում, ընկնում էին փափուկ ավազի վրա, վեր էին կենում, և կայտառ, անվաստակելի բնավորությունները դարձյալ շարունակում էին վազվզել։ Նենեի տիկինը գրկում էր նրանց, համբուրում էր, թափ էր տալիս հագուստները, պատվիրում էր զգույշ լինել։ Նույն պարտեզում տիկինը շինել էր տվել փոքրիկ մանուկների համար զանազան մարմնամարզական գործիքներ, սովորեցրել էր նրանց մի քանի կանոնավոր խաղեր, կրթություններ և շատ անգամ ինքն ևս մասնակցում էր նրանց զվարճությունների մեջ։ Դրանք տիկնոջ աշակերտներն ու աշակերտուհիներն էին, որոնց հետ որոշյալ ժամերում պարապում էր նա։ Դրանք թշվառ աքսորյալների զավակներն էին, որոնց ընտանիքով ուղարկել էին այնտեղ բնակության համար։ Տարվա բարեխառն ամիսներում տիկինը պարապում էր նրանց հետ պարտեզում, իսկ երբ սկսվում էին ցրտերը, նրանց համար մի առանձին սենյակ էր որոշել իր տան մեջ։ Նրա դպրոցը փոքրիկ էր, աշակերտների ու աշակերտուհիների թիվը հասնում էր ութն հոգու, որոնք սովորում էին ձրի և նույնպես ձրի ստանում էին թե գրքեր և թե դասական այլ առարկաներ։ Տիկինը իր ծանոթներից կազմել էր բարերարների մի շրջան, որոնք մատակարարում էին բոլոր ծախքերը։

Իսկ այն օր սպիտակ տնակում ինչ-որ անսովոր շարժում կար, ինչ-որ պատրաստություններ էին լինում։ Փոքրիկ չարաճճիները այլևս չէին վազվզում, նրանք, դարան մտած կատուների նման, հավաքվել էին հովանոցի շուրջը և պլշած աչքերով նայում էին դեպի սենյակների լուսամուտները։ Տիկինը այն օր խոստացել էր նրանց քաղցրավենիք բաժանել։ Նոր բոված ղահվեի ախորժելի հոտը դեռ բուրում էր օդի մեջ։ Սպասավորը հագել էր իր սև սերթուկը, որ խիստ հազիվ անգամ էր հագնում, և կրում էր սպիտակ ձեռնոցներ ու սպիտակ փողպատ։ Նենեն Նույնպես հագել էր իր տոնական հագուստները և պարտեզում ծաղիկներ էր փնջում սեղանի համար։ Բացված լուսամուտներից երևում էին սենյակներում անցուդարձ անող հյուրերի ուրախ դեմքերը։ Ինքը, բժշկապետը, այն օր կտրել էր գլխի մազերն ու եղունգները, որ տարվա մեջ հազիվ մի քանի անգամ էր պատահում, ժամանակ չգտնելու պատճառով։ Իսկ նրա մանկահասակ կինը հագել էր մետաքսյա սև հագուստ, և գլխի շիկագույն խիտ գիսակների մեջ երևում էր մի մեծ, սպիտակ վարդ։

Հյուրերի թվում գտնվում էին տեղային ծառայողներից մեծ և փոքր աստիճանավորներ իրանց կանանց հետ։ Սեղանի վրա պատրաստված էր նախաճաշիկ, դրած էին զանազան ըմպելիքներ։ Հյուրերը ոտքի վրա ուտում էին, խմում էին, ծխում էին և շատախոսում էին։ Տանտիկինը անդադար դիմում էր մեկից դեպի մյուսը և ամենի համար նա պատրաստ ուներ մի քանի քաղցր խոսքեր։ Բժշկապետը ուշադրություն չէր դարձնում նրանց վրա, այլ մի անկյունում առանձնացած, տաք վիճաբանության մեջ էր մի լեռնային ինժեների հետ: նա պնդում էր, թե տեղային հանքային բովագործության եղանակը խիստ ապարդյուն է, և աշխատում էր ապացուցանել, որ արտասահմանում այժմ բոլորովին ուրիշ սիստեմներ են ընդունված։ Վիճաբանությանը վերջ գրվեցավ, երբ հյուրերի մեջ լսելի եղավ. «Կամենդանտը գալիս է»։ Այդ ժամանակ միայն բժշկապետը բաց թողեց տգետ ինժեների օձիքը, դուրս եկավ իր անկյունից և դիմեց դեպի սանդուղքները՝ հարգելի հյուրին ընդունելու համար։ Տիկինը նույնպես մոտեցավ դռանը։

Կամենդանտի գալուց հետո ներս բերեցին սկուտեղների վրա շարած շամպանիայի գինու երկայն գավաթներ։ Սառույցի մեջ դրած շիշերը վաղուց սպասում էին այդ հանդիսավոր րոպեին։

Կամենդանտը, բոլորի հետ բարևելուց հետո, անցավ սենյակի վերևի կողմը և ոտքի վրա մնաց։ Նրա կշտին կանգնած էր մի երիտասարդ, որին իր հետ էր բերել։ Գունաթափ, մաշված դեմքով այդ երիտասարդը այնպիսի տխուր տպավորություն էր գործում, որ, կա՛մ նոր էր դուրս եկել հիվանդանոցից, կա՛մ նոր էին բաց թողել նրան երկար տարիների բանտարկությունից։ Այդ թառամած դեմքը, որը, երևի, շատ ժամանակ չէր ծիծաղել, այժմ փոքր-ինչ զվարթացել էր, և նրա մռայլված աչքերում երևում էին ուրախության նշույլներ։

Սենյակի մեջ տիրեց լռություն։ Հյուրերը ոտքի վրա սպասում էին. բոլորի աչքերը դարձրած էին դեպի կամենդանտը։ Նա մի համառոտ հառաջաբանից հետո հանեց ծոցից մի թուղթ, սկսեց կարդալ։ Երբ վերջացրեց ընթերցումը, ամբողջ սենյակը թնդաց ուռաների աղաղակներով. «Կեցցե կայսրը», մի քանի անգամ լսելի եղավ բոլորի բերանից։ Հետո ամենքը, շամպանիայի գավաթները ձեռներին, մոտեցան գունաթափ երիտասարդին և շնորհավորեցին նրան։

Երիտասարդը Մուրադն էր. կարդացին նրան ներումն շնորհելու թուղթը։ Նա ազատված էր աքսորանքից։

Շամպանիայի գավաթները դատարկվեցան. ամենքը խմեցին կայսրի կենացը։ Այդ ժամանակ առաջ անցավ բժշկապետը և, առաջարկելով խմել նոր կենաց, խնդրեց նախապես լսել իրան։ Նա սկսեց մի փոքրիկ ճառ. խոսում էր հանդարտ, սահուն պաճուճանքների լեզվով։ Ճառախոսը, որ բավական ծանոթ էր դատապարտյալի անցյալի հետ, նկարագրեց նրա կյանքի նշանավոր գծերը և գլխավորապես շեշտում էր այն կենսական պայմանների վրա, որոնց անխուսափելի ազդեցության ներքո այդ բնականից բարի և տաղանդավոր երիտուսարդը դարձավ մի տաղանդավոր չարագործ։ Եվ հետո ավելացրեց, թե ի՜նչպես նա, հանդիպելով մի օրինավոր ընկերի, նրա ազդեցության ներքո ուղղվեցավ, զարգացավ և բարոյական մարդ դարձավ։ Նա վերջացրեց իր ճառը այդ խոսքերով. «Եթե ցանկանում ենք, որ մեր բանտերը, որ մեր աքսորատեղերը չլցվեն հանցավորների ահագին բազմությամբ, պետք է աշխատենք անհետացնել հանցանքների պատճառները իրանց բուն արմատի մեջ»։

Բոլորը ծափահարեցին։ Գավաթները դատարկվեցին. խմեցին ուղղված և ներումն ստացած դատապարտյալի կենացը։

ԺԲ

ՎԵՐՋԻՆ ՀԱՆԴԻՊՈԻՄՆ

Մի ամիս անցել էր այդ օրից։ Մի կառք սահում էր հարթ, փոստային ճանապարհով։ Նրա մեջ նստած էին Նենեն և Մուրադը։ Երկուսն էլ ուրախ, երկուսն էլ բախտավոր։ Կառապանը սուլելով քշում էր ձիաները, կարծես նա ևս ուրախ էր, որ տանում էր մի զույգ նորապսակ ամուսիններ։

Առջևում, երկայն կոշիկները հագին, ցուպը ձեռին, ուղևորի պարկը ուսին, դանդաղ քայլերով գնում էր մի ճանապարհորդ։ Երբ նա հեռվից նշմարեց կառքի մոտենալը, կանգնեց։

Կառքը հասավ ճանապարհորդին։

— Ձեր անունով նամակ ունեմ, պարոն, — Ասաց նա և մի ծրար մեկնեց դեպի կառքը։

Մուրադը նայեց օտարականի երեսին և սոսկաց։ Սա ձեռքը տարավ դեպի ատրճանակը և, ուղիղ բռնելով դեպի օտարոտի նամակաբերը, ասաց.

— Հեռացե ք, եթե չեք ցանկանում մեռնել։

— Երդվում եմ երկնքի և երկրի բոլոր սրբություններով, որ դեպի ձեզ ոչ մի չար նպատակ չունեմ, — Ասաց նա համոզիչ ձայնով։ — Ընդունեք այդ նամակը։

— Մի՞թե կարելի է հավատալ ձեր երդումներին։

— Ես կամենում եմ ապացուցանել, որ ես այնքան վատ չեմ, որքան դուք կարծում եք։

Այդ խոսակցության բոլոր ժամանակը Նենեն կպած էր իր սիրելի ամուսնու կողքին և անդադար հարցնում էր։ «Ի՞նչ է ասում, ի՞նչ է ուզում այդ մուրացկանը»։

Մուրադը հրամայեց կառքը կանգնեցնել, ձեռքը մեկնեց առեց ծրարը։

Նա իսկույն բաց արեց նամակը, որ սկսվում էր այդ խոսքերով.

«Մուրադ, կարդացեք, հետո ոչնչացրեք այդ նամակը։ Մեզ հաջողվեցավ ազատվել դատապարտյալների տնից։ Մենք կսպասենք քեզ 0... քաղաքում։ Ներեցեք նամակաբերին և մոռացեք անցյալը։ Մեր ազատությամբ նրան ենք պարտական»։

Ստորադրված էին նրա երկու բարեկամների՝ Համրի և Ավազակապետի անունները։

Մի քանի անգամ Մուրադը կարդաց այդ տողերը։ Նրա սրտին տիրեց անչափ ուրախություն և միևնույն ժամանակ կասկած։ Մի՞թե այդ բոլորը կեղծ չէր: Երևի նամակաբերը նկատեց նրա տարակուսությունը և խիստ սրտաշարժ ձայնով ասաց,

— Երդվում եմ այն աղ ու հացով, որ շարունակ տասնյակ տարիներ միասին կերել ենք, և հավատացնում եմ ձեզ, որ այդ նամակի մեջ կեղծ ոչինչ չկա։

Մուրադը կրկին ուշադրությամբ նայեց նամակի վրա։ Նրա մի անկյունում նշմարվում էր մի խորհրդավոր էմբլեմա, որ կազմված էր հայոց այբուբենի աոաջին և վերջին տառերից Ա և Ք, իսկ այդ երկու տառերի մեջտեղում զետեղված էր մի խարիսխ, որ հովանավորված էր սև ձեռքով։ Դա նրա և իր երկու ընկերների մեջ մի պայմանական նշանաբան էր։

— Հավատում եմ, — Ասաց Մուրադը և, նամակը բռնելով վառած լուցկիի վրա, այրեց։

Նամակաբերը խոսեց.

— Իմ ձեռքով կատարվեցավ քո անկումը, Մուրադ, ես ինձ բախտավոր կհամարեի, եթե քո ազատությունը նույնպես իմ ձեռքով կատարվեր։ Դրանով ես իմ խիղճը հանգստացրած կլինեի։ Բայց դարձյալ ուրախ եմ, որ քեզ ազատված եմ տեսնում և բախտավոր։ Իսկ այն ծառայությունը, որ պատրաստել էի կատարել քո փրկության համար և որի մասին մի քանի անգամ դիմեցի քեզ, այն ծառայությունը ես մատուցի քո երկու բարեկամներին։ Հուսով եմ, որ այդ էլ բավական կլինի, որ դու ներես ինձ և չհիշես մեր անցյալը...

Մուրադը, ձեռք տալով նրան, ասաց.

— Շնորհակալ եմ, մոռանում եմ բոլոր անցյալը...

Փոստային իջևանը շատ հեռու չէր։ Մուրադը իջավ կառքից, սկսեց նրա հետ ոտքով գնալ։ Նենեն մնաց կառքի մեջ, որը կամաց-կամաց քշում էին դեպի իջևանը։

Այդ մարդը քավոր Պետրոսն էր։ Մինչև իջևան հասնելը նա պատմեց, թե ի՞նչ հնարքով կարողացավ փախցնել Համրին և Ավազակապետին։

— Բայց դու ի՞նչպես կարողացար այդքան մոտիկ հարաբերություններ ունենալ դատապարտյալների հետ, հարցրեց Մուրադը։

— Քեզ հայտնի է, որ վերջին օրերում տիֆով հիվանդների թիվը սաստիկ բազմացավ, օր չէր անցնում, որ մի քանի հոգի չմեռնեին։ Տեղային միակ քահանան նույնպես հիվանդացավ, այդ պատճառով քահանայի մեծ պահանջ կար։ Ես, իբրև պատահական հույն աբեղա, առաջարկեցի իմ ձրի ծառայությունը։ «Փեշքեշ ձիու ատամներին չեն մտիկ անում»։ Ինձ նույնպես չքննեցին։ Ես ազատ մուտք ունեի թե՛ բերդում և թե հիվանդանոցում։ Այդ բավական էր իմ նպատակին հասնելու համար։

— Դու նախածանո՞թ էիր Համրի և Ավազակապետի հետ։

— Ոչ։ Այսքանը միայն գիտեի, որ նրանք քո բարեկամներն են։ Բացի դրանից, այդ մարդկանց ես շատ հավանեցի։ Նրանք սովորական մարդկանց տեսակից չէին։

Կառքը հասավ իջևանին։ Մուրադը մոտեցավ, վեր բերեց Նենեին։ Այստեղ պետք է մի փոքր ճաշեին, հետո ճանապարհ ընկնեին։ Նենեն հայտնեց, թե ուտելու ախորժակ չունի, նա մոտեցավ, թեք ընկավ դիվանի վրա, և մի քանի րոպեից հետո նրա քունը տարավ։ Նա սաստիկ հոգնած էր։ Ամուսինը ծածկեց նրան և թողեց հանգստանալ։

Մուրադը և քավոր Պետրոսը դուրս եկան մյուս սենյակը և պահանջեցին նախաճաշիկ։ Հասարակ կաղնյա փայտից շինած սեղանի վրա, որի մակերևույթը պատած էր բազմաթիվ սև խորշիկներով, որոնք գոյացել էին ծակ սամովարի տակից թափված կրակներից, դրվեցավ մի շիշ գինի, պանիր, հաց և մի ամբողջ խաշած հավ։ Մուրադը իր հին դաստիարակի հետ նստեց այդ սեղանի մոտ։

Քավոր Պետրոսը տխուր էր, նրա թախծալի դեմքը ցույց էր տալիս ներքին խռովություն։ Մուրադը այժմ միայն ուշադրությամբ նայեց այդ երկաթե մարդու վրա։ Նա բավական փոխվել էր։ Նրա մորուքի և գլխի մազերը բոլորովին ճերմակացել էին։ Նրա ճակատի վրա առաք կար մի մռայլ դրոշմ, որը դրված էր այն ժամանակ, երբ առաջին անգամ մի մեծ հանցանքի համար նրան Սիբիր աքսորեցին։ Հետո, փախչելով այնտեղից, այդ ամոթալի նշանը նա ամենայն զգուշությամբ միշտ ծածկում էր, որ չճանաչվի։ Երբ նա իր մորթյա թանձր գլխարկը մի կողմ դրեց, այժմ միայն Մուրադը նկատեց, որ այն դրոշմի հետքերը բոլորովին եղծված էին, իսկ նրա փոխարեն տարածվում էր լայն ճակատի վրա մի սարսափելի սպի։ Երևում էր, որ շիկացրած երկաթով ամբողջ ճակատը այրել ու խարել էին։

— Քո ճակատի վրա ես մի փոփոխություն եմ նկատում, — Հարցրեց Մուրադը։

— Այդ ես արեցի քո համար, — պատասխանեց նա, գլուխը վեր բարձրացնելով։ — Ես կորցրի այն սև դրոշմի հետքերը, որպեսզի չճանաչվեմ և ավելի վստահությամբ կարողանամ մոտենալ այն բնակարանին, որտեղից մտածում էի ազատել քեզ։

Այդ վերին աստիճանի զոհաբերությունը մի պարզ ապացույց էր այդ հին չարագործի անկեղծությանը դեպի իր սիրելի սանիկը, որը սաստիկ զգացվեցավ և, լցնելով բաժակը, մեկնեց նրան ու ասաց.

—Խմիր, հագեցրու քաղցդ։ Ես քեզ կառնեմ իմ կառքի մեջ և կտանեմ մեր հայրենիքը։ Բավակա՛ն է, որքաձ թափառեցիր, բավական է, որքան աշխարհից աշխարհ պտտեցար։ Թո՛ղ այժմ գոնե ծերությունը ստիպեցնե քեզ հայրենի տնակի տակ անցկացնել կյանքի վերջին օրերը։

Նա խմեց բաժակը՝ պատասխանելով.

— Ոչ, ես չեմ ների ինձ նստել այն կառքի մեջ, այն կնոջ մոտ, որին մի ժամանակ ես հրամայեցի սպանել և դահճի պաշտոնը քեզ հանձնեցի, Մուրադ։ Դու ավելի բարեխիղճ գտնվեցար, քան թե ես, և խնայեցիր անմեղ կյանքը, և քո բարությունը վարձատրվեցավ... Այդ նազելի հրեշտակը, երևի, չէ ճանաչում ինձ, եթե ճանաչեր, անպատճառ կզզվեր ինձանից։ Ոչ, ես իմ ներկայությամբ չեմ պղծի մի սուրբ ամուսնություն։ Գնացե՛ք, տեր ընդ ձեզ, և տարեք ձեզ հետ իմ օրհնությունը, եթե աստված կընդունե օրհնությունը մի եղեռնագործի շրթունքներից։ Իսկ ես Կայենի նման կթափառեմ աշխարհից աշխարհ, մինչև դժոխքը կխղճա իմ վրա և իմ առջև բաց կանե իր դռները...

Նա գլուխը քաշ գցեց, և նրա խիտ, ճերմակ ծամերը թափ վեցան սոսկալի ճակատի վրա, ծածկեցին արտասուքը, որ գետի նման հոսում էր այն աչքերից, որոնք երբեք արտասվելու սովոր չէին եղել։

— Դու կարծո՞ւմ ես, որ քեզ համար փրկություն չկա, դու կարծում ես, որ չե՞ս կարող մաքրել քո խիղճը, — Հարցրեց Մուրադը խորին ցավակցությամբ։ — Ապա ինչո՞ւ համար է քրիստոնեական ներողամտությունը, որ հաշտեցնում է մեղավորին սիրո և խաղաղության աստուծո հետ։

— Շատ անգամ փորձել եմ, բայց չէ հաջողվել, — պատասխանեց նա առանց գլուխը վեր բարձրացնելու։ — Մեղքը միացել է իմ հոգու, սրտի և ամբողջ մարմնի հետ։ Նա ամեն րոպե սնունդ է պահանջում։ Չեմ կարող չկերակրել նրան։ Նա ինձ հետ պետք է ապրե, որպես չարություն, միայն չար գործելու համար։ Չեմ կարող բաժանվել նրանից։ Մի՞թե կարելի է օձից խլել թույնը և կարիճին այնպես դաստիարակել, որ չխայթե...

Նա գլուխը վեր բարձրացրեց և ճակատի վրա թափված մազերը մի կողմ ձգեց։ Այժմ նրա ահռելի աչքերում, փոխանակ արտասուքի, նկատվում էր բարկության կրակը։

— Այո՛, չեմ կարող, — կրկնեց նա։ — Ես մի չար դևի նման պետք է պատժեմ մարդկանց անիրավությունները միայն անիրավություններով... Մարդիկ իրանք են ստեղծել ինձ նման պատիժը իրանց համար... Ես նրանց մեղքերի հրեշավոր ծնունդն եմ... նրանց վատ օրինակներով ես էլ մոլորվեցա։

— Հենց այդ գիտակցությունը բավական է, որ ողղե և փրկե քեզ, — կտրեց նրա խոսքը Մուրադը։ — Ես էլ այդ գիտակցությանը հասա և փրկվեցա։

— Հասկանում եմ։ Բայց այդ փրկության մեջ կլինի և իմ մահը... Իսկ ես դեռ մեռնել չեմ ուզում... Սատանան պետք է անմահ մնա...

Նա միայն խմում էր, բայց ոչինչ չէր ուտում։ Մո՛ւրադը պատվիրեց մի նոր շիշ գինի ևս դնել սեղանի վրա։

— Երբեմն բարություն եմ գործում, — Ասաց նա, — ինչպես միգապատ երկնքի կամարի վրա ճեղքվում են թանձր ամպերը, և րոպեական դուրս են ցոլանում արեգակի կենսատու ճառագայթները։ Բայց այդ երկար չէ տևում, կրկին անցնում են սև ամպերը, և ամեն ի՛նչ կրկին նսեմանում է, մթնում է... Ես ուրախ կլինեի, որ կատարյալ չարագործ լինեի, և իմ մեջ բնավ բարության սերմեր չլինեին։ Այն ժամանակ խիղճս հանգիստ կլիներ։ Այն ժամանակ գուցե ամենևին չէի զգա, որ ես չար եմ։ Որովհետև, բարությունն է միայն զգալ տալիս մեր չարությունը, ինչպես սպիտակի վրա ավելի պարզ կերպով նշմարվում է սեր։ Կցանկանայի, որ իմ սրտի մեջ ամեն ինչ միագույն լիներ, կա՛մ սև, կա՛մ սպիտակ, կա՛մ բարի, կա՛մ չար։ Սատանաները նրա համար միայն բախտավոր են, որ շատ չար են։ Այնպես էլ բախտավոր են հրեշտակները, որ զուտ բարի են։ Իսկ ի՞նչ եմ ես... Մի այլանդակ խառնուրդ։ Ինչո՞վ կարող եմ ես բախտավոր լինել, երբ իմ սրտի մեջ միշտ պատերազմ կա, և մանավանդ, չարը ավելի զորեղ է, քան թե բարին...

Նա վեր կացավ, ասելով,

— Ա խ, ինչո՞ւ եմ այդքան երկար խոսում։ Դուք պետք է ճանապարհ գնաք, իսկ ես ուշացնում եմ ձեզ։

Նա մոտեցավ իր ճանապարհորդական պարկին և, հանելով նրա միջից մի ծանր քսակ, մեկնեց Մուրադին, ասելով.

— Ես կխնդրեի քեզանից, որ թեթևացնեիր իմ բեռը և ընդունեիր այդ, գուցե քեզ հարկավոր կլիներ։

— Շնորհակալ եմ, — Ասաց Մուրադը հրաժարվելով։ — Բժշկապետը հոգացել է մեր ճանապարհի ծախքը։

— Գիտեմ... դու խորշում ես այդ ոսկիներից, որովհետև նրանք շաղախված են արյունով... Բայց գիտե՞ս հին առակը» Հուդայի ստացած երեսուն արծաթի մեջ նույնպես արյուն կար։ Այդ երեսուն արծաթով գնեցին մի ագարակ, որ կոչվեցավ «Ագեղտամա», որ նշանակում է արյան ագարակ*։ Ավանդությունն ասում է, որ այդ ագարակի վրա մշակվում էին Երուսաղեմի ամենապտղաբեր ձիթենիները։ Երբ դու կհասնես քո հայրենիքը, այնտեղ քեզ մեծ աշխատություններ են սպասում։ Այդ ոսկիներով կգնես մի ագարակ և կսկսես նրա վրա մշակություններ անել։ Թող այդ ագարակը կոչվի «արյան ագարակ», փույթ չէ, բայց քո աշխատությունը կբուսեցնե նրա վրա հայրենիքի ամենապտղաբեր տունկերը։ Ես իմ բոլոր արժեթղթերը նվիրեցի Համրին և Ավազակապետին։ Այդ քո բաժինն էր, որ պահել էի քեզ համար։ Այն թղթերը նույնպես մաքուր վաստակ չէին։ Բայց նրանք ընդունեցին, ասելով. «Հացը թող համեղ լինի, ի՞նչ փույթ, որ ջհուդի թխած կլինի...»

——————————————
* Ավետարանից Հայտնի է, որ Քրիստոսին խաչելուց հետո Հուդան զղջում է իր արարքը և մատնության դիմաց իբրև վարձ ստացած 30 արծաթը նետում է տաճարի մեջ և գնում ինքնասպան է լինում։ Քահանայապետերը, վերցնելով նետված դրամները, խորհուրդ են անում և գնում են բրուտի ագարակը՝ որպես գերեզման օտարականների համար, որը և կոչվում է Արյան ագարակ։ Տե՛ս Ավետարան ըստ Մատթեոսի, գլուխ Իէ, 3-9։
——————————————

Մուրադը ընդունեց ոսկիները։ Քավոր Պետրոսը շարունակեց.

— Դու կհանդիպես Համրի ու Ավազակապետի հետ Օ... քաղաքում։ Նրանք այնտեղ կսպասեն քեզ։ Հետո միասին կգնաք մեր հայրենիքը։ Նրանք երկուսն էլ լավ մարդիկ են։ Խորհուրդ եմ տալիս քեզ չբաժանվել նրանցից, միասին կսկսեք գործել ու աշխատել։ Քաղցր է աշխատանքը հայրենի հողի վրա...

Բոլոր այդ խոսակցության ժամանակ Մուրադը նկատում էր և մի ավելի մեծ փոփոխություն քավոր Պետրոսի բնավորության, հայացքների և բարոյական հատկությունների մեջ։ Առաջ նա գործում էր չարը միայն չարության համար, թեև նրա գործողությունները կատարվում էին որոշված, հաստատ և գիտակցական նպատակներով։ Իսկ այժմ նա կարծես օրորվում էր այդ երկու մտքերի մեջ. միթե ավելի լավ չէ՞ր լինի, որ չարությունը բառնայինք բարությամբ, մի թե չարությունը չարությամբ արմատախիլ անելը դաստիարակության նույն եղանակը չէր լինի, երբ վարժապետը աշխատում է կրթել և բան սովորեցնել անպիտան աշակերտին ծեծի և պատիժների ուժով։ Քավոր Պետրոսը հակված էր երևում դեպի զղջում, դեպի ուղղություն, բայց նրան կատաղեցնում էր այն միտքը, թե ինչո՞ւ ինքն առաջին քայլն անե և ուղղվի, թե ինչո՞ւ ինքը զիջումն անե ուրիշների չարության դեմ, մի՛թե դրանով իրան մի անբախտ զոհի վիճակի մեջ չի՞ դնի։ Երբ մարդիկ խաբում են, նա էլ պետք է խաբե, երբ մարդիկ հարստահարում են, նա էլ պետք է հարստահարե։

Կառքի ձիաները փոխել էին, անիվները ձյութով օծել էին, և պատրաստ էր իջևանի բակում։ Նենեն զարթնել էր և, հոգնածությունից կազդուրված, վազեց նա կառքի մոտ, և, առանց Մուրադի օգնության, ինքը ցատկեց, նստեց նրա մեջ։

— Նենե, ձեռք տուր այդ օտարականին, դա իմ վաղեմի բարեկամն է, — Ասաց Մուրադը։

Նենեն մեկնեց ձեռքը։ Քավոր Պետրոսը բռնելո՛վ, ասաց,

— Դուք երկուսդ էլ արժանի եք միմյանց։ Նախախնամությունը, զանազան փորձանքների միջից անցկացնելով ձեզ, կրկին հանդիպեցրեց միմյանց։ Օրհնում եմ ձեր ամուսնությունը և բախտավորություն եմ ցանկանում։

Մուրադը ընկավ նրա գիրկը և, արտասուքը աչքերում, երկար աղաչում էր, խնդրում էր նրան, որ նստե իրենց հետ կառքը և միասին վերադառնան իրանց հայրենիքը՝ Պարսկաստան։ Բայց քավոր Պետրոսը դարձյալ մերժեց, ասելով.

— Դուք գնացեք, տեր ընդ ձեզ, ես դեռ բոլորովին չեմ վերջացրել իմ գործը... գուցե հեռվից ավելի պիտանի կլինեմ ձեզ...

Մուրադը նստեց։ Կառքը շարժվեցավ։ Քավոր Պետրոսը բավական տեղ ոտքով գնաց նրանց հետ։ Հետո կրկին ձեռք տալով Նենեին, կրկին համբուրվելով Մուրադի հետ, բաժանվեցավ։ Նա երկար կանգնած նայում էր նրանց ետևից, մինչև կառքը բոլորովին անհետացավ նրա աչքերից։ Այդ ժամանակ միայն դժբախտ թափառականը ճանապարհը ծռեց և սկսեց դիմել դեպի մի այլ կողմ։

Երեք ամիս անցել էր այդ օրից։

Պարսկաստանի Սալմաստ գավառում, Սավրա գյուղից ոչ այնքան հեռու (որը Մուրադի հայրենի գյուղն էր) տարածվում էին հին ավերակներ։ Արաբական ճաշակով կառուցված մի հոյակապ մինարեթ միայն կանգուն էր մնացել այդ տխուր ավերակների մեջ։ Նրա բարձր կամարների ներքո թագավորում էր մշտական ամայություն և խավար։ Չղջիկները և վայրենի աղավնիները միայն երբեմն աղմկում էին այդ անբնակ մինարեթի գերեզմանական լռությունը։ Բայց մի գիշեր այնտեղ լույս էր երևում։ Հատակի վրա վառվում էր խարույկը, և նրա լուսավորության մեջ շարժվում էին անորոշ ստվերներ։ Եթե մեր ընթերցողը համարձակություն ունենար և, գաղտնի կերպով մոտենալով մինարեթին, նրա կիսավեր դռնից նայեր ներսը, անպատճառ կտեսներ նույն դեմքերը, որոնք ծանոթ են նրան, որոնց ճանաչում է նա, սկսյալ նրանց պատանեկության հասակից։ Այնտեղ էին Մուրադը և պալլադը (Ավազակապետը), երկուսն էլ զեյթունցու հագուստի մեջ կերպարանափոխ եղած։ Այնտեղ էին Մուրադի մանկության երեք ընկերները՝ Կարոն, Ասլանը և Սագոն, մշեցոց ծպտյալ հագուստով։ Այնտեղ էր պատանի Ֆարհադը, որ նոր էր ընկել այդ շրջանի մեջ։ Այնտեղ չէր միայն Համրը։

Մինարեթը շատ հեռու չէր այն վայրերից, այն այգիներից և այն ձեռնատունկ անտառներից, որոնց մեջ Մուրադը իր պատանեկության հասակում, իբրև փախստական, ապաստան գտավ։ Որպես տեսանք այդ Հիշատակարանի սկզբում, այն ժամանակ նա վարում էր բավական կասկածավոր կյանք իր երեք ընկերների՝ Կարոյի, Ասլանի և Սագոյի հետ։ Այնուհետև աղետավոր հանգամանքները բաժանեցին այդ փոքրիկ սրիկաներին և ձգեցին կյանքի տարբեր ճանապարհների վրա։ Թափառելով աշխարհից աշխարհ, երկրից երկիր և անցնելով զանազան դառն փորձերի միջից, տասնևերկու տարվա անջատումից հետո, վաղեմի ընկերները կրկին հանդիպում են միմյանց միևնույն մինարեթի մեջ, որ մանկության հասակում նրանց թաքստի տեղն էր, նրանց սիրելի որջն էր։ Երկու օր մնացին այնտեղ, իսկ երրորդ օրը մինարեթը դարձյալ դատարկ էր, դարձյալ ամայի էր։ Ի՞նչ եղան նրանք, ո՞ւր գնացին, այդ կտեսնե ընթերցողը մեր այլ աշխատության՝ «Կայծերի» մեջ:

Բովանդակություն   Ներածություն   Մաս I   Մաս II   Մաս III   Մաս IV

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Րաֆֆի — «Խաչագողի հիշատակարանը»
«ԱՐԵՎԻԿ», Երևան,1989թ.

Տրամադրել է՝ Վահան, Վարդան և Անատոլի Պապոյաններ
Scanned: Վահան և Վարդան Պապոյաններ
OCR: Վահան և Վարդան Պապոյաններ
Ուղղագրում՝ Անատոլի Պապոյան, Աննա Վրթանեսյան

Տես նաև

«Խամսայի մելիքություններ» ժամանակագրությունը (Ռուսերեն )

Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice