ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian
Հովհաննես Թումանյան

ԵԴԵՄԱԿԱՆ ԾԱՂԻԿԸ

Ժամանակով մեր աշխարհքում մի վաճառական է լինում։ Էս վաճառականը ունենում է մի աղջիկ՝ անունը Ծաղիկ։ Ծաղիկ որ ծաղիկ, էնքան քնքուշ, էնքան նախշուն, էնքան սիրուն է լինում։

Հերը անչափ սիրելիս է լինում աղջկանը։ Մի անգամ էլ օտարության գնալիս հարցնում է.

— Ի՞նչ կուզես քեզ համար բերեմ։— Թե՝ եդեմական ծաղիկը կուզեմ ինձ համար բերես։— Լավ, ասում է, կբերեմ։

Գնում է աշխարհքից աշխարհք անց է կենում, իր առուտուրն անում է, իր գործը պրծնում, ուզում է աղջկա համար էլ եդեմական ծաղիկ գտնի, որ տուն գա։ Դես է հարցնում եդեմական ծաղիկ, դեն է հարցնում եդեմական ծաղիկ, ոչով չի իմանում, թե ինչ բան է եդեմական ծաղիկը կամ որտեղ է բացվում։ Վերջը մի ծեր մարդ է պատահում։ Էս ծեր մարդը մի ճամփա է ցույց տալի, ասում է էս ճամփով որ գնաս, էսինչ տեղը կգտնես քո հարցրած ծաղիկը։ Բայց զգույշ կաց Սպիտակ դևից, նա եդեմական ծաղկին հսկում է։

Հոր սիրտ է։ Ծերունու ցույց տված ճամփեն բռնում է գնում։ Գնում է, գնում, շատ է գնում թե քիչ, դուրս է գալիս էնտեղ, որտեղ բացվում է եդեմական ծաղիկը։ Հենց հասնում է, ծաղիկը պոկում է թե չէ, մի հողմ, մի փոթորիկ է վեր կենում, փոթորկի հետ հայտնվում է մի հրեշ։ Մարդ ասես, մարդ չի, գազան ասես, գազան չի, բայց գազանի նման մռնչում է.

— Ո՞ւր պոկեցիր իմ ծաղիկը... քո մահն է հիմի...

— Քո մահն է հիմի...— ձեն է գալի ամեն կողմից... Մարդը ոչ մեռած, ոչ կենդանի՝ հրեշի առաջն է ընկնում։

— Ներիր,— ասում է, — ո՛վ հզոր... իմ աղջիկն էր ուզել...

— Կներեմ,— կանչում է հրեշը,— միայն էն պայմանով, որ էդ աղջիկը ինձ տաս։

— Համաձայն եմ։

— Որ համաձայն ես՝ քեզ եմ բաշխում քո կյանքը։ Գնա։ Հենց որ ձեր տան դիմացի սարն սպիտակի, էդ իմ նշանն է, կգամ Ծաղիկին տանելու։

Դու մի ասիլ Սպիտակ դևը ինքը հրեշն է, որ կա։

Վաճառականը վերադառնում է տուն։ Աղջիկը միամիտ առաջն է վազում, վզովը փաթաթվում։ Հերը համբուրում է՝ եդեմական ծաղիկը տալիս իրեն, իսկ պատահած դեպքն ու իր խոստումը թաքցնում է։ Թաքցնում է, բայց ինքն իր մեջ միտք է անում ու տխրում։ Քանի օրերն անց են կենում, էնքան ավելի է տխրում։ Մի առավոտ էլ վեր է կենում տեսնում իրենց տան դիմացի սարն արդեն սպիտակել է։ Լաց է լինում։ Պատճառը, հարցնում են. էլ չի կարողանում ծածկի, պատմում է, թե՝ հապա չեք ասիլ էսպես-էսպես բան է պատահել, ես էլ խոսք եմ տվել, հիմի Սպիտակ դևը գալու է Ծաղիկին տանի։

— Բան չկա, հայրիկ,— ասում է Ծաղիկը,— դու լաց մի լինի, ես կերթամ Սպիտակ դևի հետ. ինչ կլինի կլինի։

Այնինչ Սպիտակ դևը արդեն դուռը կտրել է ու մռնչում է.

— Ո՜ւր է Ծաղիկն, ո՜ւր... ինձ տո՜ւր...

Մռնչում է ու նրա սառը շնչից դողում են ծառերը, աշխարհքը գունատվում, ի՜նչ պետք է անեին խեղճ մարդիկը։ Զուգած, զարդարած, եդեմական ծաղիկը ձեռքին դուրս են բերում Ծաղիկին հանձնում են Սպիտակ դևին, որ չարախինդ սուլոցով ու ագահ ոռնոցով, սառով, սևով, հողմի թևով իսկույն հափշտակում է տանում։ Տանում է Մասիսի մեծ վիհը։ Հնտեղ, Մասիսի էն մեծ վիհում, էն անմատչելի, միշտ մռայլ ու միշտ սառն աշխարհքում կանգնած էր իր բյուրեղյա ապարանքը։ Էն ապարանքից իջնում էր նա, սառով ու սարսափով աշխարհքը պատում, հափշտակում տանում ամեն կյանք ու կենդանություն։ Ծաղիկին էլ տանում է, փակում են բյուրեղյա ապարանքում։

Էսպես ամիսներ են անցկենում։ Մի անգամ էլ, գարնան սկզբին, երբ Սպիտակ դևը տանից դուրս է գնում, աղջիկը վեր է կենում փախչում։ Ետ է գալի դևը, տեսնում է՝ Ծաղիկը չկա։ Կատաղում է, հավաքում է իր բոլոր դիվական ուժն ու մրրիկի նման սուրալով, օձի նման սուլելով՝ ընկնում է ետևից։ Աղջիկը արդեն Արագածի ստորոտն է լինում հասած։ Ետ է նայում տեսնում է Սպիտակ դևը գալիս է։ Գալիս է, ո՜նց է գալիս, աստված ետ ու հեռու անի։ Սարսափից ճչում է, օգնություն է կանչում։ Կանչելու հետ, աստծու հրամանով, առաջը մի դուռն է բացվում։ Էն դռնովը մտնում է սարի մեջն, ու կրկին դուռը փակվում է դևի առաջին։

Ավելի է կատաղում Սպիտակ դևը. իր լայն թևերով բամփում է Արագածի գագաթին ու մռնչում.

— Ո՞ւր է Ծաղիկն, ո՛ւր... ինձ տո՛ւր...

Սա էստեղ թող մռնչա, մենք գնանք Ծաղիկի ետևից, տեսնենք էն կախարդական դռնից որ մտավ, ինչ եղավ։

Ծաղիկը էն կախարդական դռնից ներս է մտնում թե չէ, դուրս է գալի մի դրախտական այգի, որտեղ հազարավոր ձայներ երգում են.

Զմրուխտ պալատում, ոսկի դագաղում,
Պառկած է չարի ուժով կախարդված,
Պառկած է Արին ոչ մեռած, ոչ քուն,
Ու աշխարհքն ամեն սև սուգ է մտած։

Պառկած է մինչև օրը ցանկալի,
Էն պայծառ օրը, երբ որ նա կըգա,
Կըգա նոր կյանքով ու նոր սիրով լի,
Կարտասվի անուշ ու համբույր կըտա։

Առաջ է գնում Ծաղիկը, հանկարծ այգին լցվում է զվարթ աղմուկով ու տարածվում են ուրախ երգի ձայները.

Ահա եկավ, հասավ չքնաղ
Իր թագուհին, իր սիրելին,
Հիմի կելնի պաղ դագաղից
Մեր քաջ Արին-Արմանելին։

Հիմի կելնի թագավորը,
Հզոր Արին-Արմանելին,
Ու կըժպտան վառ աչքերը
Ողջ աշխարհքին, ծաղկին, ծըլին։

Հիմի կընկնի կախարդանքը
Չար թշնամու, Սպիտակ դևի,
Հիմի կըգա դալար կյանքը,
Բույրը ծաղկի, շողն արևի։

Եվ ճիշտ որ, Ծաղիկը գնում է, ինչ է տեսնում, այգու մեջ մի զմրուխտ պալատ, պալատի մեջ ոսկի դագաղ, դագաղի մեջ մի ջահել, գեղեցիկ երիտասարդ, որ ոչ քնած է, ոչ մեռած, շունչը վրեն հազիվ տրըփում է։ Տեսնում է թե չէ, սիրտը փուլ է գալի, էլ չի դիմանում, լաց է լինում ու կռանում է համբուրում։ Արտասուքի կաթիլներն ընկնում են երիտասարդի երեսին, երիտասարդը հանկարծ բաց է անում աչքերն ու վեր է կենում կանգնում, ինչպես էն դրախտում բուսած սոսիներից մինը։

Դու մի՛ ասիլ՝ հենց ինքը Արին-Արմանելին է, որ կա։

— Ո՞վ ես դու, սիրուն աղջիկ,— հարցնում է Արին-Արմանելին,— և ինչպես ընկար էս աշխարհքը։

Ու Ծաղիկը կանգնում պատմում է իր գլխին եկածը, թե ինչպես ինքը գերի էր եղած Սպիտակ դևին, որ այժմ էլ ետևիցն է ընկել ու հալածում է իրեն։

— Լսում եմ, լսում եմ նրա դաժան ձայնը,— պատասխանում է Արին-Արմանելին։— Ինձ էլ նա է կախարդել ամիսներ առաջ ու գցել էս մահանման քնի մեջ։ Էսպես է անում ամեն տարի։ Պետք է էսպես էլ մնայի, մինչև մինը խորտակեր նրա չար կախարդանքը։ Դու եղար էդ մինը։ Այժմ ես դուրս կգնամ նրա դեմ։

Ասելն ու անելը մին է լինում։ Առնում է կայծակի թուրը ու դուրս է գալի։ Երկու թշնամի ուժերը պատառում են իրար, բացվում է օրհասակռիվը։ Զարկում են զարկվում, երկինք ու գետինք իրար են խառնվում։ Մութն ամպերում մռնչում է Սպիտակ դևը, Արին-Արմանելին ահավոր որոտում ու շողացնում է կայծակի թուրը, երկիրը դողում, դղրդում է հիմքից։ Կռվի վերջում պարտված–զարկված Սպիտակ դևը վշշալով ու թշշալով, լացով ու թացով քաշվում է նորից իր մռայլ թագավորությունը, Մասիսի էն մեծ վիհը, դարձյալ փակվում է իր բյուրեղյա սառն ապարանքում։ Աշխարհքը մնում է գեղեցիկ հաղթողին։

Ու աստվածային հանդես է բացվում Արաքսի հովտում։ Արին-Արմանելին պսակվում է Ծաղիկի հետ։ Բնությունը առատորեն փռում է իր փարթամ վարդերն ու զարդերը, ինս ու ջինս, մրջյուն ու թռչուն իրար են խառնում իրենց զվարթ աղմուկն ու աղաղակը, խաղն ու տաղը, ամենի վրա հոյակապ կամար է կապում կանաչ-կարմիրը՝ ծիածանը, իսկ նրանց վերև ճառագում ու աշխարհքովը մի ժպտում է գարնան կենսատու արևը։

Ու էսպես կրկնվում է ամեն տարի, որովհետև ամեն տարի Սպիտակ դևը կախարդում է Արին-Արմանելիին ու հափշտակում է սիրուն Ծաղիկին։


Անհաղթ աքլորը | Պոչատ աղվեսը | Անխելք հիմարը | Խելոքն ու հիմարը
Ձախորդ Փանոսը | Ծիտը | Չախչախ թագավորը | Ճամփորդներ | Տերն ու ծառան
Ոսկու կարասը | Խոսող ձուկը | Սուտասանը | Կռնատ աղջիկը | Բարեկենդանը
Քեֆ անողին քեֆ չի պակսիլ | Կացին ախպեր | Եդեմական ծաղիկը | Կիկոսի մահը
Անբան Հուռին | Սուտլիկ որսկանը | Ուլիկը | Քաջ Նազարը

Հեքիաթներ Թումանյանի թարգմանությամբ

 

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Հովհաննես Թումանյան - Հեքիաթներ:
«Սովետական գրող», Երևան, 1978թ.

Տրամադրել է՝ Մ. Յալանուզյան

Տես նաև

Թումանյանի ստեղծագործությունները հայերեն և ռուսերեն։
English translations of Tumanyan's poetry by Alice Stone Blackwell.

Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice