ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Ոսկեփորիկ. նմուշներ հին և միջնադարյան արձակից

ՈՍԿԵՓՈՐԻԿ

Նախորդ էջԲովանդակություն  | Հաջորդ էջ

[էջ 3]

ԱՌԱՋԱԲԱՆ

405 թվականին Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայկական գրերը, որից հետո բուռն թափով ծաղկեց ու բարգավաճեց գրավոր մշակույթը։ Ի հայտ եկան տաղանդավոր պատմիչներ ու գիտնականներ, թարգմանիչներ ու մեկնիչներ, բանաստեղծներ ու երաժիշտներ։

Բազմաբովանդակ ու ճոխ ինքնուրույն մատենագրության կողքին ստեղծվեց հարուստ թարգմանական գրականություն։ Աստվածաբանական, փիլիսոփայական և ուրիշ բնույթի աշխատանքների հետ շուտով հայերենի վերածվեցին նաև «Ալեքսանդր Մակեդոնացու պատմությունն» ու համաշխարհային գրականության այլ նշանավոր աշխարհիկ հուշարձաններ։

Հայ հին և միջնադարյան մատենագրության յուրահատկություններից մեկը աշխարհիկ, երբեմն նույնիսկ հակակրոնական միտում ունեցող թեմաներից չխորշելն էր, երևույթ, որ նկատելի էր նրա ծագումից սկսած։ Հենց դա է հինգերորդ դարի մեր պատմագրության էական արժանիքներից մեկը։ Բավական է հիշել միայն Մովսես Խորենացու (V դ.) «Հայոց պատմության» մեջ հեթանոսական շրջանի առասպելներին ու երգերին զգալի տեղ հատկացնելու փաստը և Փավստոս Բուզանդի (V դ.) ավանդած զրույցները Հոհան եպիսկոպոսի մասին։ Ավելին, աշխարհիկ նյութը հետզհետե ներթափանցում է նաև առավել պահպանողական շրջանակներ, մտնում նույնիսկ հոգեոր բանաստեղծության՝ շարականների մեջ:

[էջ 4]

Հայ մատենագրության հարուստ բաժինն է կազմում արձակը, որ ներկայանում է ամենաբազմազան տեսակներով. պատմագրություն ու ժամանակագրություն, վարքագրություն ու վկայաբանություն, ճառ, քարոզ, թուղթ, մեկնություն, առակ, զրույց, մանրավեպ, խրատ և այլն։

Տպագրության սկզբնավորումից ի վեր հսկայական աշխատանք է կատարվել հին և միջնադարյան արձակի հրատարակության ուղղությամբ: Որոշ երկեր մի քանի տասնյակ տպագրություն են ունեցել: Շատ հուշարձաններ լույս են տեսել նաև քննական բնագրերով։ Համեմատաբար լավ վիճակում է պատմագրական հուշարձանների և առակների գիտական հրատարակության գործը։ Հայ հին արձակի ուսումնասիրության ու հրատարակության աշխատանքը հաջողությամբ շարունակվում է մեր օրերում։ Արձակ ժանրերի տեսական գնահատության պահանջից ելնելով, վերջին տասնամյակների ընթացքում լուրջ հետաքրքրություն է առաջացել զրույցների, խրատական արձակի, վարքերի, վկայաբանությունների, հին թարգմանական հուշարձանների և գրական մյուս տեսակների նկատմամբ։

Չնայած այս ամենին, հայ հին արձակը քիչ է ծանոթ ընթերցող լայն հասարակությանը։ Աշխարհաբար թարգմանությամբ լույս են տեսել հիմնականում առավել նշանավոր մատենագիրների երկերը (Կորյուն, Խորենացի, Եղիշե, Բուզանդ, Կաղանկատվացի, Լաստիվերտցի և այլն)։ Իսկ արձակի մյուս տեսակներից թարգմանվել են սակավաթիվ էջեր։

Այսպես, Խ. Միրզաբեգյանը Բաքվում, 1893 թվականին աշխարհաբար թարգմանությամբ լույս է ընծայել Մխիթար Գոշի, Ողիմպիանոսի և Եզովպոսի ընտիր առակների ժողովածուն: Հաջորդ քայլը կատարվել է բավական մեծ ընդմիջումից հետո` 1935 թվականին, մեծատաղանդ արձակագիր Ակսել Բակունցի ձեռքով։ Վերջինս թարգմանել է Վարդան Այգեկցու առակներից մի փունջ և հրաաարակել «Աղվեսագիրք» խորագրով։ Բակունցյան սույն թարգմանությունը հետագայում ունեցել է վերահրատարակություններ, այդ

[էջ 5]

թվում նաև` 1951 թվականին, երբ «Դպրոցական գրադարան» մատենաշարով լույս տեսավ Մխիթար Գոշի և Վարդան Այգեկցա «Առակներ» ժողովածուն։ Եթե ավելացնենք, որ Գոշի և Այգեկցու առակներից մի քանիսը տարբեր տարիների ընթացքում մտել են նաև դպրոցական դասագրքերի ու ընթերցարանների մեջ, թերևս սպառած կլինենք այն ամենը, ինչ արված է միջնադարյան հայկական առակները մասսայականացնելու ուղղությամբ։

Մեր թվարկումից արդեն երևում է, որ ընթերցող լայն հասարակությանը, ինչպես նաև սովորողներին մատչելի է եղել միայն պատմական արձակի և առակների մի մասը, իսկ մնացած ժանրերին ու նյութերին նա անհաղորդ է մնացել։

Այդ բացը մասամբ լրացնելու նկատառումով է կազմվել սույն ժողովածուն, որ ամփոփում է նմուշներ հայոց հին և միջնադարյան արձակի ամենատարբեր տեսակներից։ Ժողովածուի նպատակն է՝ ներկայացնել միջնադարյան արձակի առավել ընդհանուր պատկերը, ընդլայնել ընթերցողների պատկերացումը հայոց միջնադարյան գրականությունից, օգնել ըմբռնելու այդ գրականության արժանիքները, հնարավորություն ընձեռել նրան ծանոթանալու ժամանակի գրական ճաշակին, նախասիրություններին, բարոյական ըմբռնումներին ու հակումներին, հոգեբանությանը։ Այս իսկ պատճառով ձգտել ենք հնարավորին չափ շատ գրական տեսակներ ու երկեր ընդգրկել հատորի մեջ:

Ներկայացվող նյութերի բազմազանությունը, գեղարվեստական բարձր մակարդակը, նրանցում՝ լավի, գեղեցկի, բարու ջատագովությանը, մարդկային արատները նշավակելու անկեղծ կիրքը, իմաստուն գաղափարների առկայությանը այսօր էլ չեն հնացել և կարող են օգտակար լինել պատանիներին ու երիտասարդությանը։ Կազմողները նպատակահարմար գտան հատորին տալ «Ոսկեփորիկ» խորագիրը, որ բավական տարածված ու հարգի էր միջնադարում:

[էջ 6]

Հայ ժողովրդի միջնադարյան պատմությունը նրա մղած դարավոր անդուլ պայքարի պատմությունն է, պայքար՝ հանուն ազատության, քաղաքական ինքնուրույնության, հայրենիքի միասնականության։ Եվ տարօրինակ կլիներ, եթե այդ պայքարը կամ, ինչպես Մ. Աբեղյանը պիտի ասեր, մաքառումը, արձագանք չգտներ հայ մշակույթի, մասնավորապես՝ մատենագրության մեջ։ Վերջինիս սկզբնավորման շրջանում առաջատարի դերը կատարել է պատմագրությունը, որի նշանակությունը դուրս է եկել ազգային մշակույթի սահմաններից և վաղուց արդեն դարձել ռուս ու եվրոպացի գիտնականների ուշադրության առարկա։

Պատմագրությունը սոսկ ժողովրդի գլխով անցած հավաստի իրադարձությունների արձանագրությունը չէ, այլ նաև ժամանակաշրջանի գրական արտահայտությունը։ Ստեղծելով իրենց գործերը սերունդների մեջ հայրենասիրություն դաստիարակելու, նրանց ինքնաճանաչությունն ու ազգային արժանապատվությունը բարձրացնելու նպատակով, պատմիչները անցյալի ու ներկայի դեպքերը երբեմն նկարագրել են գրողի հարուստ երևակայությամբ, պատմական անձնավորություններին վերամարմնավորել կենդանի ու արտահայտիչ գույներով, գործողությունների ու բնորոշ հանգամանքների մեջ ցուցադրել նրանց վարքի, հոգեբանության գծերը։
Պատմական արձակի այս հատկանիշները հաճախ խտացված կերպով դրսևորվել են առանձին հատվածների մեջ։ Եվ պատահական չէ, որ դրանք աչքի են ընկնում թե՛ իրենց գեղարվեստական արժանիքներով և թե՛ ընդգրկված նյութի ավարտվածությամբ։ Այդ կտորները հայ հին և միջնադարյան բանահյուսությունից եկող աշխարհիկ զրույցների գրական մշակումներ են, պատերազմական գործողությունների, առանձին իրադարձությունների ու տեսարանների ոգեշունչ նկարագրություններ կամ իրականության ինչ-ինչ կողմերի նկատմամբ հեղինակների խորհր–

[էջ 7]

դածությունների, քնարական տրամադրությունների պատկերավոր ու գեղեցիկ դրսևորումներ։

Այդ հատվածներում արտացոլվել է ժամանակի մարդն իր ամենաբազմազան կողմերով։ Հերոսականությամբ ու քաջությամբ, հայրենասիրական գծերով են օժտված Հայկ Նահապետի, Արշակ Երկրորդի, Վասակ և Վարդան Մամիկոնյանների, Սմբատ Բագրատունու, Դավիթ Բեկի կերպարները։ Իրենց մարդկային տառապանքով, ազնիվ վշտով են աչքի ընկնում Արշակ Երկրորդը, Խորենացու Ողբի քնարական հերոսը, Ավարայրում սիրեցյալ ամուսիններին կորցրած հայոց տիկնայք, Արծրունյաց Սոփի իշխանուհին: Չարությամբ ու նվաճողական ձգտումներով են հանդես գալիս Տիտանյան Բելը, Շապուհ արքան, Հազկերտ թագավորը։ Հետաքրքիր բնավորություններ են Հոհան եպիսկոպոսը, Վանի Դերեն իշխանը, որոնցից առաջինը մարմնավորում է մարդկային ագահությունն ու չարությունը, իսկ երկրորդը՝ առատաձեռնությունը, խիզախությունն ու կենսասիրությունը։

Դասական պատմագրության ականավոր ներկայացուցիչներ Փավստոս Բուզանդի, Մովսես Խորենացու, Եղիշեի երկերում տեղ գտած գեղարվեստական հատվածները այսօր էլ շարունակում են մեծ հաճույք ու բավականություն պատճառել ընթերցողին։ Այդպիսիք են նաև Ղազար Փարպեցու և հետագա դարերի հայ մատենագիրներ Սեբեոսի (VII դ.), Անանուն Զրուցագրի (X դ.), Անանուն Արծրունու (X դ.), Ղուկաս Սեբաստացա (XVIII դ.) ստեղծագործություններում պահպանված առանձին կտորները։

«Դավիթ Բեկի պատմությունը» գրի է առել Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ Ղուկաս Սեբաստացին 1730-ական թվականներին Ստեփանոս Շահամյանի, տեր Ավետիսի և ապստամբության մյուս մասնակիցների պատմածից։ Մեծ պատմաբան Լեոն իրավամբ այն գնահատել է որպես «XVIII դարի ամենագեղեցիկ գրական գործերից մեկը»1։ Հատկապես անմոռաց պատկերներ է ստեղծել հեղինակը պատերազմական տեսարաններ նկարագրելիս:

----------------------

1 Լեո, Հայոց պատմություն, Գ հատ., Երևան, 1946, էջ 1023:

[էջ 8]

«Ոսկեփորիկի» մեջ հատուկ տեղ է տրվել Մխիթար Գոշի և Վարդան Այգեկցու առակներին (Բ բաժին), որոնք իրենց հարուստ բովանդակությամբ, հորինվածքի նպատակասլացությամբ ու գեղարվեստական կատարելությամբ գալիս են ապացուցելու հայ միջնադարյան արձակի այդ ճյուղի բարձր զարգացածությունը։
Առակը, իբրե գեղարվեստական խոսքի հատուկ տեսակ, որն աչքի է ընկնում սեղմ սյուժեով, այլաբանական կառուցվածքով ու խրատական բովանդակությամբ, նախապես ծագել ու զարգացել է ժողովրդական բանահյուսության մեջ, իսկ այնուհետև անցել գրականությանը։ Հայտնի է, որ առակի տեսակին հայերը ծանոթ են եղել հնագույն ժամանակներից։ VI—VII դարերում հունարենից թարգմանվում են «Բարոյախոս» կոչված առակագիրքն ու «Առակք Ողիմպիանու» ժողովածուն։ Հաջորդ դարերում առակախոսությունը այնքան տարածված երևույթ է դառնում Հայաստանում, որ XI դարի նշանավոր մատենագիր ու պետական գործիչ Գրիգոր Մագիստրոսը մի նամակում պատվիրում է քերականության ու ճարտասանության հետ մեկտեղ դպրոցներում սովորեցնել նաև «առասպելավարժություն», այսինքն՝ աշակերտներին հմտացնել ինքնուրույն կերպով առակներ մեկնելու կարողության մեջ։

Բայց առակի ժանրը հայ իրականության մեջ իր զարգացման բարձրակետին է հասնում XII—XIII դարերում և դառնում գեղարվեստական արձակի առաջատար տեսակներից մեկը։ Հայ գրողներից առաջինը, որ լրջորեն ուշադրության դարձրեց այդ ժանրի զարգացման վրա, Մխիթար Գոշն էր։

Մխիթար Գոշը եղել է Հայաստանում XII դարի ամենազարգացած անձնավորություններից մեկը։ Նա իր գործունեությամբ հսկայական դեր է կատարել և՛ Արևելյան Հայաստանի, և՛ Կիլիկիայի մշակութային ու հասարակական կյանքում։ Լինելով անվանի ու բանիմաց վարդապետ (ուսուցչապետ), նա իր հիմնադրած Նոր Գետիկի դպրո-

[էջ 9]

ցում աճեցրել է բազմաթիվ աշակերտներ, որոնցից շատերը հետագայում դարձան մշակույթի ականավոր գործիչներ։ Մինչև Գոշը հայ իրականության մեջ չկար աշխարհիկ իրավական հարաբերությունների հաստատուն օրենսգիրք։ ։ Նա գրեց «Դատաստանագիրքը», որով ղեկավարվում էր հայկական արդարադատությունը ընդհուպ մինչև XV—XVI դարերը։

Մխիթար Գոշը ոչ միայն գրական մշակման ենթարկեց իր իմացած հայկական ժողովրդական առակները, այլև դրանց հետևությամբ ստեղծեց ինքնուրույն առակներ: Գոշի առակները ճանաչողական և գեղարվեստական մեծ արժեք ու հետաքրքրություն են ներկայացնում։ Որոշակի գաղափարախոսության ու աշխարհայեցողության դիրքերից դրանցում արտացոլվել են XII դարում վերստին պետական ինքնուրույնության հասած Հայաստանի սոցիալ-քաղաքական, դասակարգային հարաբերությունները։ Առակագիրն իր հայացքներով կենտրոնացված միապետության կողմնակից է։ Ըստ նրա՝ պետության գլուխ կանգնած թագավորը պետք է լինի արդարադատ, կամայականություններ թույլ չտա, հարգի իր հպատակների իրավունքները։ Հպատակներն իրենց հերթին պետք է հնազանդվեն թագավորին և մյուս պաշտոնյաներին։ Տարբեր դասակարգերի նման հարաբերության պայմաններում, Գոշի կարծիքով, ամուր ու անսասան կմնան պետության հիմքերը, արտաքին թշնամին երբեք չի կարողանա վնասել երկրին։ Գոշի այս տեսակետը երկրի անկախության ու պաշտպանության առումով այն ժամանակներում, անկասկած, առաջադիմական էր։

Ելակետ ընդունելով այս գաղափարախոսությունը, իր առակներում Գոշը ձգտում է խրատներ տալ հասարակության բոլոր խավերին։

Եթե երկրի ներքին կարգն ու կանոնը պաշտպանող թագավորը, չարաշահելով իր անսահմանափակ իրավունքները, նեղում է հպատակ իշխաններին, յուրացնում նրանց ունեցվածքը, իշխաններն էլ, օրինակ վերցնելով թագավորից, իրենց հերթին նեղություն պիտի պատճառեն աշխատավորներին։ Առակներից մեկում հեղինակը պատմում է, որ ձկները մեղադրվում են իրենց թագավորից՝ «Ինչո՞ւ եք

[էջ 10]

ուտում մանր ձկներին»: Սրանք պատասխանում են. «Որովհետե քեզանից սովորեցինք, շատերը եկան քեզ երկրպագելու, և կլանելով՝ քեզ կերակուր դարձրիր»։ Առակագիրը եզրակացնում է. «Գործո՜վ պիտի խրատող լինել և ոչ թե խոսքով»։

Թագավորներին ու իշխաններին Գոշը միաժամանակ խրատում է չարհամարհել փոքրավորների ուժը։ Ճիշտ է, նրանք տկար են, բայց միանալով կարող են հզորանալ և հաղթել ուժեղին։ Այս միտքը հստակորեն դրսևորվել է «Արջը և մրջյունը» առակում։ Մյուս կողմից առակագիրը հորդորում է հպատակներին հնազանդ լինել տերերին, ճանաչել նրանց իրավունքը, չապստամբել հզորների դեմ։ Այս դեպքում նա հանդես է գալիս իբրև ավատատիրության գաղափարախոս։

Մխիթար Գոշը իմաստուն հայացք ունի կյանքի մասին։ Թեպետ նա ձգտում է հասարակության ներսում գոյություն ունեցող տարբեր դասակարգերի միջև պահպանել հավասարակշռված հարաբերություն, այնուամենայնիվ, նրա անձնական համակրանքը աշխատավորության կողմն է։ Ահա առակներից մեկը: Ոսկին թագավորելիս պահանջում է, որ բոլոր նյութերը գան իրեն երկրպագելու։ Չի գնում միայն ցորենը՝ ասելով, թող նախ ինքը գա ինձ երկրպագելու։ Առակագիրը գիտակցում է, որ աշխատավորն է նյութական բարիք ստեղծողը, երկիր պահող ու շենացնող ուժը։ Մեծ մտածողի այս հայացքը համընկնում է աշխատավորական զանգվածների պատկերացմանը և համահունչ է նշանավոր ժողովրդական երգի տողերին.

Աշխարհի շեն վըր գութնին է,
Գութան չեղնի` աշխարհն ի՞նչ է...

Գոշի մարդասիրական առաջադեմ մտածողության լավագույն արտահայտությունն են «Դեղձը և սերկևիլը», «Անմիտ մարդն ու հունապի ծառը», «Բամբակենին և սոսին», «Նշենին և շագանակենին», «Առյուծը և կենդանիները» և բազմաթիվ այլ առակներ։
Գոշից մնացել է 190 առակ: Առակը նա բաժանոմ է երկու մասի՝ բուն պատմվածքի և խրատական եզրակացու–

[էջ 11]

թյան։ Նրա առակները սեղմ են, գրելաոճը՝ հստակ ու արտահայտիչ։ Գոշի առակների այլաբանական հերոսները խիստ բազմազան են՝ երկնային մարմիններ, բույսեր ու տունկեր, կենդանիներ, մարդիկ և այլն։

Մխիթար Գոշից հետո ևս շարունակում է զարգանալ առակագրությունը, հիմնականում կապվելով Վարդան Այգեկցու անվան հետ։ Այգեկցին ապրել և ստեղծագործել է XII—XIII դարերում, եղել է քարոզիչ վանական։ Հենց քարոզչական նպատակով էլ գրի է առել հայ ժողովրդական առակները և կազմել ժողովածու, որը հետագայում արտագրվել է ուրիշների կողմից, հարստացվել նորանոր առակներով։ Բազմազան է Վարդան Այգեկցու անվան հետ կապված առակների թեմատիկան։ Սրանք ունեն ճանաչողական մեծ արժեք։ Այգեկցու առակներում ցայտուն գծերով արտացոլված են միջնադարում իշխող դասակարգային հարաբերությունները, հիմնականում աշխատավորության դիրքերից են պատկերված սոցիալական ներհակությունները։ Դա նշանակում է, որ Վարդան Այգեկցու առակների մեծ մասը բանահյուսական ծագում պիտի ունենա։

Աշխատավոր մարդիկ ապրում են դառն չքավորության մեջ և մտածում իրենց վիճակի թեթևացման մասին, բայց գնալով՝ ավելի է ծանրանում նրանց դրությունը։ Ահա «Իշխանը և այրի կինը» հանրահայտ առակը։ Լինում է մի չար ու անիրավ իշխան։ Նրա քաղաքում ապրում էր մի այրի կին, որին ապօրինի հարկերով շատ էր նեղում այս իշխանը։ Իսկ կինը շարունակ աղոթում էր աստծուն, որ իշխանն ունենա խաղաղ ու երկար կյանք։ Այրու աղոթքի մասին լսում է իշխանը։ Նա գալիս է այրու մոտ և հարցնում. «Ես քեզ բարիք չեմ արել, ո՜վ կին, դու ինձ համար ինչո՞ւ ես աղոթում»։ Այրին պատասխանում է. «Քո հայրը վատ մարդ էր, ես անիծեցի, և նա մեռավ։ Դու նստեցիր նրա տեղը՝ ավելի խիստ չար։ Եվ այժմ վախենում եմ, որ մեռնես, և քո որդին քեզնից ավելի չար լինի»։ Այստեղ խտացված կերպով արտահայտվել է աշխատավորության դարավոր կենսափորձն ու պատկերացումը իշխանների, իշխանավորների վերաբերյալ։

[էջ 12]

Այգեկցու ստեղծագործություններում հանդիպում ենք պետական և հոգևոր գործիչների դատապարտելի արարքների քննադատությանը։ «Կաշառառու դատավորն ու բղուղով յուղը» առակի մեջ ծաղրվում է կաշառքով կամայականորեն դատ վարող դատավորը։ Նույն բանը տեսնում ենք նաև հոգևորականների շրջանում «Կաշառառու քահանա» առակով։ Վարդանյան առակներում թերևս ամենից շատ ծաղրվել են եկեղեցու սպասավորների պաշտպանած դավանանքի և կատարած գործերի հակասությունը, ճգնավորների ու երեցների ընչաքաղցությունը, բարոյական մյուս արատները։ Քրիստոսի ծառաները ոչ միայն կաշառք են առնում, այլև զբաղվում են գողությամբ, նույնիսկ՝ շնանում: Ընդ որում, նրանք պատրաստ են իրենց հանցագործությունը արդարացնել Ավետարանի հեղինակությամբ։ Այդ առակներից են «Գող քահանան և այրի կինը», «Միայնակյացը և գամփռ շունը», «Ճգնավորն ու իշխանը» և այլն։ Վերջին առակում պատմվում է, որ մի ճգնավոր գողանում է արաբ իշխանի ձին և փոխում մի հացի հետ։ Երբ իշխանը իմանում է այդ մասին, հարցնում է նրան, թե ինչո՞ւ է մեծագին ձին վաճառել մի հացով, ճգնավորը պատասխանում է. «Որովհետև Քրիստոսն ասել է՝ ձրի առեք և ձրի տվեք»։

Վարդան Այգեկցու որոշ առակներից երևում է, որ միջնադարում մարդիկ սկսել էին թերահավատությամբ վերաբերվել կրոնական ծեսերին, կասկածանքի ենթարկել քրիստոնեական բարոյախոսության սկզբունքները։ Պատճառն այն էր, որ աշխարհիկ մտածողությունը հետզհետե տիրապետող էր դառնում, մարդիկ ձգտում էին զվարճանալ, քան՝ աղոթել ու քարոզ ունկնդրել։ Այգեկցու ավագ ժամանակակից Ներսես Շնորհալին «Հավատով խոստովանիմ» աղոթքի նախադրության մեջ դժգոհում էր, թե աղոթավայրերից դուրս ժողովուրդը բնավ չի հիշում աստծուն և ավելի շատ սիրում է «դատարկաբանությունը», զվարճախոսությունները։

Հետաքրքիր է «Աղքատը և Ավետարանը» առակը։ Մերկ ու սոված, անձրևից թրջված ու մրսած մի աղքատ մտնում է եկեղեցի։ Այդ պահին քահանան ընթերցելիս է

[էջ 13]

լինում Ավետարանի այն մասը, որտեղ ասվում է. «Օտար էի ես, ընդունեցիք ինձ, մերկ էի՝ հագցրիք, քաղցած էի՝ կերակրեցիք ինձ»։ Աղքատը, այդ լսելով, ուրախանում է և մտածում, թե հիմա իրեն կտանեն, ապաստարան կտան, կկերակրեն։ Սակայն, երբ քահանան ու ժողովուրդը ժամասացությունից հետո անտարբեր հեռանում են, նա հիսաթափված՝ վերցնում է Ավետարանը և դնում ջրի մեջ։ Գալիս է քահանան և հարցնում նրան, թե որտեղ է Ավետարանը: Աղքատը պատասխանում է. «Ի՞նչ ես անում սուտ Ավետարանը, ես տարա ջուրը գցեցի»։

Առակներում արտահայտվել է նաև ժողովրդի աշխատասիրությունը, այն բարձր գիտակցությունը, որ և՛ հոգևորականները, և՛ պետական պաշտոնյաները ապրում են աշխատավորի դառն վաստակի, նրա քրտինքի հաշվին։ «Եզը և ձին», «Եկեղեցին ու ջրաղացը» առակներում արտահայտված է աշխատավորության արհամարհանքը ամեն կարգի ձրիակերների նկատմամբ։ Ձին պարծենում է, որ ինքը ավելի կարևոր կենդանի է, որովհետև իրեն հեծնում են թագավորն ու իշխանները։ Եզը պատասխանում է. «Բոլոր մարդիկ իմ վաստակն են ուտում, և եթե չվաստակեմ, դու և քո թագավորն իսկույն կմեռնեք»։ Մի այլ առակում իմաստուն և աղքատ մի մարդ որդիներին աշխատանքը սիրել տալու նպատակով, մեռնելիս նրանց ասում է, թե այգու մեջ մի տեղ գանձ է պահել, ով շատ և խոր փորի, նա կգտնի։ Որդիները եռանդով փորում են այգին, որ գանձը գտնեն։ Մշակվում է հողը, աճում են ծառերը, առատ բերք տալիս, ու որդիները հարստանում են։ Այստեղից էլ՝ հարստության աղբյուրի ճիշտ, ժողովրդական ըմբռնումը, թե աշխատանքն է գանձի միակ ստեղծողը։

«Ոսկեփորիկում» կարևորագույն տեղ է հատկացվել մանրավեպին, ծիծաղական պատմություններին (Գ բաժին), որոնք զրույց անվան տակ լայն տարածում են ունեցել միջնադարյան Հայաստանում, պատմվել են այլևայլ առիթնե–

[էջ 14]

րով, բավարարել մարդկանց մտավոր ու գեղագիտական պահանջները։ Իրենց կառուցվածքով, գեղարվեստական պատկերման եղանակներով զրույցներն աղերսվում են մերթ առակի, մերթ պատմվածքի ու նորավեպի, մերթ էլ իրապատում հեքիաթի ու անեկդոտի հետ։

Այս զրույցները մեր օրերն են հասել տարբեր գրառումներով ու աղբյուրներով, մեծ մասամբ՝ անհեղինակ։ Որոշ ձեռագրերում, սակայն, սրանցից մի քանիսի տարբերակները վերագրված են Վարդան Այգեկցուն։ Մինչդեռ հայտնի է, որ «Առակք Վարդանայ վարդապետի» ժողովածուները արտագրվելիս մշտապես համալրվել են նորանոր գործերով։ Ընդ որում, Վարդան Այգեկցուն վերագրվել են ոչ միայն ժողովրդական առակներ, այլև` նովելատիպ պատմվածքներ, հեքիաթատիպ ընդարձակ պատմություններ, անգամ՝ Ալեքսանդրի (Մակեդոնացու) մասին շրջող առանձին զրույցներ։

Սրանք խրատական-ուսուցողական բնույթի ստեղծագործություններ են, որոնք ժամանակաշրջանի բարոյական ըմբռնումների դիտակետից արձագանքում են կյանքի խնդիրներին, շոշափում չարի ու բարու, խելքի և իմաստության, հասարակության տարբեր դասակարգերին պատկանող մարդկանց վարքի, հոգեբանության, ապրելակերպի հարցերը, բացահայտելով իրականության, տիրապետող սոցիալական հարաբերությունների ճշմարտացի պատկերը։ Զրույցներում այս ամենը մեծ մասամբ արտացոլված է ժամանակի առաջադեմ աշխարհայեցողության դիրքերից, խոհա-փիլիսոփայական լրջությամբ, դրամատիկ կամ զավեշտական լուծումներով։

Ակներև է, որ շատ ստեղծագործություններ ժողովրդական ծագում ունեն, հորինվածքով և գաղափարական բովանդակությամբ արտահայտում են իրականության նկատմամբ աշխատավորության վերաբերմունքը, արտացոլում նրանց կենսափորձն ու մտածողությունը։ Այս կարգի զրույցներում քննադատվում են իշխող դասակարգի հոռի բարքերը, պալատական միջավայրն ու պետական պաշտոնյաների ներքին կյանքը, կեղծիքը, չարաշահումները, մարդկային ընչաքաղցությունն ու նախանձը։

[էջ 15]

Ահա «Թագավորի նախանձոտ իշխանները» վերնագրով զրույցը, որ տարբեր փոփոխակներով գոյություն ունի նաև ուրիշ գրականությունների մեջ։ Պալատում ծառայող երկու իշխաններ ատում էին միմյանց։ Գիտենալով այդ՝ մի անգամ թագավորը նրանց ասում է. «Խնդրեցեք ինձանից ինչ որ ուզում եք։ Բայց իմացե՛ք, մեկի խնդրածի դիմաց մյուսին կրկնակի պիտի տամ»։ Իշխաններից ավագը մտածում է. «Եթե ես մի քաղաք ուզեմ, կտա։ Բայց իմ ընկերոջը երկուսը կհասնի, սիրտս կպայթի»։ Նա խնդրում Է, որ իր մեկ աչքը հանեն, որպեսզի ընկերը ամբողջովին կուրանա։ «Պարզ է, որ նախանձոտն իր անձին ավելի թշնամի է, քան՝ ուրիշների» — եզրակացվում է զրույցի վերջում։

«Երեք ճշմարիտ խոսք» ստեղծագործության մեջ խտացված գծերով արտահայտվել է ժողովրդական այն գիտակցությունը, որ պալատներում թագավորում են կեղծիքն ու ընչաքաղցությունը, անհավատարմությունն ու սուտը։ Այս ամենն է չարիքի աղբյուրը, ծնունդ առնող ողբերգությունների պատճառը։ Ճշմարտությունը գիտակցելով, այն խոստովանելով միայն կարելի է խուսափել չարիքից։

Թագավորն ու թագուհին երկար ժամանակ զավակ չէին ունենում։ Վերջապես ծնվում է մի տղա։ Բայց երեխան ո՛չ աչքեր է ունենում, ո՛չ լեզու և ո՛չ ոտքեր։ Հավաքված բազմությունից թագավորն ու թագուհին խորհուրդ են խնդրում՝ ի՞նչ անել։ Մի ճգնավոր հայտարարում է, որ եթե թագավորը լսի իրեն, մի խրատ կտա, և երեխան կառողջանա։

«Կանչեցին առաջ։

— Թագավորը, թագուհին և մեծ իշխանը՝ յուրաքանչյուրը մի–մի ճշմարիտ խոսք ասի,— խոսեց ճգնավորը,– տղան կլավանա։

— Թեև տասներկու թագավորների վրա իշխանություն ունեմ,— ասաց թագավորը,– բայց երբ մարդ է գալիս մոտս, դարձյալ ձեռքին եմ նայում, թե ինչ նվեր է բերում։
Երբ թագավորն այս ասաց, երեխայի աչքերը բացվեցին։

— Ես մի աղքատ մարդու աղջիկ էի,— խոսեց թագու–

[էջ 16]

հին,— դարձա թագուհի ու հասա այս ողջ իշխանությանը: Բայց երբ մի սիրուն երիտասարդ եմ տեսնում, մտածում եմ՝ ճար լիներ, թագավորիս թունավորեի, հետը ամուսնանայի։

Տղան անմիջապես սկսեց խոսել։

— Թագավորության երկրորդ դեմքն եմ,— ասաց մեծ իշխանը։— Ես աղքատ մարդ էի, և գրագիտությանս պատճառով թագավորը տվեց ինձ այս իշխանությունը։ Բայց երբ նա մի փոքր բարկանում է վրաս, մտածում եմ՝ ճար լիներ, թագավորիս սպանեի, նրա կինն ու թագավորությունը առնեի ինձ։

Երբ իշխանն ավարտեց խոսքը, տղան վազեց և գնդակ ու մահակ ուզեց, որ խաղա»։

Սա սոսկ վերացական ճշմարտախոսություն չէ, այլ պալատական միջավայրին բնորոշ երևույթների բացահայտում, որ արտահայտում է աշխատավորության հայացքն ու համոզմունքը։ Այդ հայացքը առավել արտահայտիչ, առավել համոզիչ ներկայացնելու համար օգտագործված է ինքնաբացահայտման ձևը։ Զրույցի սյուժեն ու կառուցվածքն էլ պայմանավորված են այդ ինքնաբացահայտման իրողությամբ։ Տխեղծ մանկանը փրկելու պահանջն է ստիպում, որ ծնողներն ու մեծ իշխանը ճշմարիտ խոսք ասեն։ Զրույցը հորինված է ժողովրդական սիմվոլիկ մտածողության ու չափազանցության հնարանքի զուգորդմամբ, հրաշապատում լուծումով և դրանց նպատակային կիրառությամբ։ Նորածին մանուկը խորհրդանշում է պալատական անարդար ու կեղծապաշտ միջավայրի ապագան։ Այդ ապագան առողջ ու հուսալի կդառնա միայն այն ժամանակ, երբ այնտեղ թագավորի անկեղծ ճշմարտախոսությունը։

«Պատանին և անարդար դատավորը» ստեղծագործության մեջ պատկերված է հայրական ժառանգությունը խնջույքներում վատնած, բայց ի վերջո մոլորությունից դարձի եկած ճարպիկ ու հնարամիտ մի պատանու հետևողական վրիժառությունը անազնիվ ու խաբեբա դատավորի նկատմամբ։

Շատ զրույցներում հանդիպում ենք հոգևոր և աշխար–

[էջ 17]

հիկ ամենատարբեր խավերի կյանքի, ապրելակերպի, բարոյական նկարագրի պատկերմանը։

Աղոթասեր ու ճգնակենցաղ հոգևորականների կողքին գոյություն ունեն նաև այնպիսիները, որոնք ընկել են իրենց երբեմնի բարեպաշտությունից։ Մի զրույցում հիվանդանոցի փափուկ միջավայրին ընտելացած կրոնավորը առողջանալուց հետո նեղսրտում է, որ հարկադրված է կրկին վերադառնալ վանք («Դժվարությամբ վանք վերադարձող կրոնավորը»)։ Հոգևոր դասի ներկայացուցիչներից շատերը դիրքի, պաշտոնի կամ հարստության հասնելու համար երբեմն բռնում են հանցագործության ուղին («Աբեղան և թույնը», «Թե ինչպես մի սատանա խաբեց կրոնավորին»), դրսևորում են արատավոր հակումներ, գող են ու շնացող («Գող կրոնավորը», «Աբեղային խաբող կինը»)։ Դժվար չէ նկատել, որ սրանք թեմատիկ առումով ընդհանուր եզր ունեն Վարդանյան ժողովածուների որոշ առակների հետ:

Այս զրույցներն, իհարկե, հորինվել են խրատական– դաստիարակչական նպատակներով, միաժամանակ դրանք ունեն ճանաչողական արժեք և արտացոլում են ժամանակի իրական բարքերն ու հարաբերությունները։

«Հրեան ու քրիստոնյան» զրույցում, զավեշտական շնչով և աշխարհիկ զգացողությամբ մերժվում է կրոնական ծեսերին կուրորեն հետևելու անիմաստ սովորույթը:

Մի շարք գործերում դատապարտվում են հարստանալու անհագ կիրքը, ագահությունն ու խաբեությունը («Արծաթասերի աղոթքը», «Վաճառականը և թանկագին ակը», «Խաբեբա վաճառականը»), զրպարտությունն ու բամբասկոտությունը («Թագավորի զրպարտիչ դստեր համրանալը», «Բամբասկոտ կինը»)։

Զգալի քանակ են կազմում այն ստեղծագործությունները, որոնք պաշտպանում ու զարգացնում են խելքի և իմաստության, մարդասիրության, արդարության, բարեգործության համամարդկային գաղափարները։ Դրանցից են «Մեռելն ու այգեգործը», «Երկու ընկեր», «Արդար վաստակը», «Երկու արդար մարդիկ», «Բարեգործության պտուղը», «Կողոպտված կույրը», «Թագավորն ու ծերունին», «Սուտ և ճշմարիտ բարեկամություն» և ուրիշ գործեր:

[էջ 18]

Հայրենասիրական բովանդակությամբ է տոգորված «Բազեն և ընտանի հավը» առակ–զրույցը, որն այլաբանորեն արտացոլում է օտար տիրապետության և նրա վարձկան զորքերի նկատմամբ ճնշված ժողովրդի հակակրանքն ու զգուշավորությունը: Բազեն նախատում է հավին, ասելով, թե ինչո՞ւ է անշնորհակալ տիրոջ նկատմամբ, ինչո՞ւ է զգուշանում նրանից։ Ինքը վայրենի լինելով հանդերձ, հենց որ լսում է տիրոջ սուլոցը կամ տեսնում ձեռքի շարժումը, անմիջապես մոտենում է նրան, իսկ հավը խուսափում է։ «Շամփուրն եմ հիշում,— պատասխանում է հավը,— որովհետև մեզանից շատերին խորովեցին, իսկ բազեներից և ոչ մեկին...»

Կան զավեշտական բնույթի մանր պատմություններ, սրամիտ զրույցներ ու անեկդոտներ։ Առանձին հիշատակման են արժանի «Բարի գործը», «Աղվեսը և սագերը», «Շինականի որդին՝ թագավոր», «Տգեղ կինը», «Կամակոր կինը», «Շահ-Աբբասն ու հարբած հայը», «Գյուղացին ու ազնվականը», «Ժլատ հարուստն ու նրա արձանը», «Գեր քահանան ու սրամիտ գյուղացին», «Օգոստոս կայսրն ու օտարականը» ստեղծագործությունները։ Թեև այս գործերի ստեղծման ու տարածման փաստը հիմնականում բացատրվում է մարդկանց զվարճասիրությունը բավարարելու պահանջով, բայց դրանք նույնպես զուրկ չեն որոշակի գաղափարական միտումից, պատկերվող իրականության, երևույթների, անձերի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի հստակությունից։

Զավեշտական ստեղծագործությունների մի մասը, ինչպես ակնհայտորեն երևում է նյութերի հորինվածքից և այլ հատկանիշներից, ստեղծվել է բուն հայկական միջավայրում, մյուսները հայ իրականության մեջ մուտք են գործել պատմվելով, երբեմն նաև` թարգմանաբար2։

---------------------

2. Օրինակ՝ «Ծիծաղական պատմություններ» շարքի գործերը (ինչպես նաև այլ ստեղծագործություններ, որոնք տեղ չեն գտել սույն գրքում) իտալերենից գրաբար է թարգմանել Պետրոս Կոստանդնուպոլսեցին: Մաշտոցի անվան Մատենադարանի, N 1778 ձեռագրում այդ նյութերը զետեղված են «Յաղագս ծիծաղական պատմութեանց...» ընդ–

[էջ 19]

Այս, ինչպես նաև նախորդ զրույցների գլխավոր առանձնահատկություններից մեկն այն է, որ դրանք օժտված են պատմողական ժանրի ստեղծագործության անհրաժեշտ հատկանիշներով. դեպքերի և իրադարձությունների փոխկապակցված ընթացք, որ պայմանավորված է ընդհանուր մտահղացմամբ և ծառայում է դրա բացահայտմանը, պատկերվող երևույթների ու հանգամանքների հեղինակային նկարագրության, հերոսներին բնութագրող տրամախոսություններ ու պատկերավոր մտածողություն, անհատականացման տարրեր և ընդհանրացնող բնույթ։ Այստեղ ընթերցողը կգտնի և՛ պատմական, հրաշապատում նկարագրություններ ու սյուժեներ, և՛ իրապատում, ռեալիստական պատկերներ ու բնութագրումներ։ Այս ստեղծագործությունների պատմելաոճը, նյութի կառուցման եղանակներն ու մտածողությունը տարբեր են ու այլազան, ինչպես բազմաբովանդակ ու բազմազան է կյանքը։ Զրույցները գեղարվեստական որոշակի մակարդակ ներկայացնող ամբողջական ստեղծագործություններ են, որ նպաստել են հայ արձակի մի շարք ժանրերի՝ առակի, հեքիաթի, պատմվածքի, նովելի ձևավորման գործին, հող նախապատրաստել այդ տեսակների հետագա զարգացման համար։

Հայտնի է, որ առհասարակ միջնադարյան գրականության յուրահատկություններից մեկն էլ թարգմանվող նյութի ստեղծագործական իրացումն է, մշակումը, տեղայնացումը։ Ըստ էության դա թարգմանություն չէ, երբեմն, այլ՝ փոխադրություն։ «Հին և միջին դարերում,– գրել է ակադեմիկոս Կ. Մելիք-Օհանջանյանը,– միայն բիբլիական գրքերն ու դավանաբանական երկասիրություններն են, որ թարգմանվում էին համարյա բառացի և հարազատ։ Ոչ կրոնական, աշխարհիկ նյութերը, էլ չեմ ասում մանրապատումները, առակները և այլն, թարգմանվում էին շատ ազատ։ Դրանք ավելի շատ վերապատումներ կամ փոխադրություններ են, քան թարգմանություններ։ Շատ հաճախ օտար նյութը հայ «թարգմանչի» գրչի տակ ազգայնանում

--------------------------

հանուր խորագրի տան. (տե՛ս Արմենուհի Սրապյան, Հայ միջնադարյան զրույցներ, Երևան, 1969, էջ 49, 382—383):

[էջ 20]

էր, երբեմն նոր միջադեպեր ներմուծվում, երբեմն էլ գործողության վայրը Հայաստան տեղափոխվում»3։

Ժշմարիտ ընկերության վերաբերյալ զրույցը («Սուտ և ճշմարիտ բարեկամություն»), օրինակ, բազմաթիվ տարբերակներով կարելի է գտնել ինչպես արևելյան, այնպես էլ եվրոպական միջնադարյան շատ ժողովածուներում։ Թե որքանով է հայկական խմբագրությունը հեռու հիշյալ տարբերակներից՝ կարելի է թերևս պարզել այդ բոլորի հանգամանալի համեմատությունից ու քննությունից։ Սակայն բացառված չէ, որ այն հայ իրականության մեջ թափանցած լինի բանավոր ճանապարհով։ Գուցե սույն ենթադրության օգտին է խոսում այն փաստը, որ մեզ հետաքրքրող սյուժեն պահպանվել է հայկական բանահյուսության մեջ ևս։ Ուշագրավ է հատկապես համշենցիների պատմած «Նեղ օրվա ընկերը» հեքիաթը4, որը միայն մեկ (գրեթե աննշան) հարցում զիջում է գրավոր փոփոխակին, բայց և ունի արժեքավոր տարբերություններ։

Միջնադարյան արձակի առանձին ստեղծագործությունների ծագումն ու տիպաբանությունը ուսումնասիրելու ուղղությամբ դեոևս շատ անելիքներ կան, շատ հարցեր սպասում են պատասխանի։ Այնուամենայնիվ, կարելի է ասել, որ «Ոսկեփորիկում» արտացոլված են ինչպես ինքնուրույն, բուն ազգային արձակի շերտերը, այնպես էլ անտիկ և հելլենիստական մշակույթի, քրիստոնեական դարաշրջանի արևմտա-եվրոպական ժողովուրդների, նաև՝ պարսկական, արաբական և արևելյան մյուս ժողովուրդների գրականությունների հետ հայոց մշակութային շփումները։

----------------------------

3 «Էջեր հայ միջնադարյան գեղարվեստական արձակից», խմբագրությամբ և աոաջաբանով Կ. Մելիք-Օհանջանյանի, ժողովածուի նյութերը ընտրեցին, տեքստը պատրաստեցին և ծանոթագրեցին Ավդալբեգյան Մ., Մկրտչյան Մ. և Սրապյան Ա., Երևան, 1957, էջ XXVII։ Հմմտ. նաև «Պատմաթիւն Փարէզի և Վեննայի. Պատմաթիւն Վենետիկ քաղաքին», աշխատասիրությամբ Կ. Մելիք-Օհանջանյանի, Երևան, 1966, էջ 52։

4 Տե՛ս «Ձայն համշենական», Երևան, 1971, էջ 109—111 (գրի է առել սոչիաբնակ բանահավաք Թ. Թոռլաքյանը):

[էջ 21]

«Ոսկեփորիկում» զգալի տեղ է հատկացվել միջնադարյան Հայաստանում լայն տարածում գտած խրատական ու թևավոր խոսքերին, դարավոր կենսափորձով իմաստավորված ասույթներին (Դ բաժին), որոնք հին և միջին դարերի բարոյա-կրթական նորմերը արտացոլելով հանդերձ, շնորհիվ առաջադիմական գաղափարների, այսօր ևս չեն կորցրել իրենց դաստիարակչական նշանակությունը։ Խրատներն ու ասույթները, թևավոր խոսքերը աչքի են ընկնում խտացած բովանդակությամբ, կուռ ու արտահայտիչ սեղմությամբ։

Ժամանակակից ընթերցողին միջնադարյան հայ արձակի տեսակների վերաբերյալ լայն պատկերացում տալու նպատակով գրքում տեղ է տրվել նաև վկայաբանական և այլ կարգի մի քանի գործերի (Ե բաժին)։ Սրանք միջնադարում գրեթե նույն դերն են կատարել, ինչ և գեղարվեստական արձակը, թեև պատկանում են այսպես կոչված` «պաշտոնական» գրականությանը։ Ուշագրավ է, որ Մ. Աբեղյանը, խոսելով վարքագրական մի հուշարձանի մասին, «Հայոց հին գրականության պատմություն» աշխատության մեջ գրել է. «... այդ տիպի երկերն ընդհանրապես անծանոթ են մեր գրագետներին, իսկ դրանք մեր հին գրականության վեպերն են, գեղեցիկ արվեստով հորինված»5։ Նույնն է պարագան նաև վկայաբանության հարցում։ Այս բնագավառի լավագույն ստեղծագործությունները, որոնցից երկուսը՝ Վահան Գողթնացու և Խոսրով Գանձակեցու վերաբերյալ վկայաբանությունները, ներկայացվում ես սույն ժողովածուի մեջ, իրոք հորինված են «գեղեցիկ արվեստով»:

Քանի որ սրանք առաջին անգամ են հրատարակվում իրենց հեղինակների անունով, անհրաժեշտ ենք համարում երկու խոսքով անդրադառնալ այդ հարցին։

-----------------------

5. Մ. Աբեղյան, Երկեր, հատ. Գ. Երևան, 1968, էջ 890։

[էջ 22]

Առաջինը՝ Վահան Գողթնացու կենսագրությունը գրվել է VIII դարում։ «Սոփերքի» հրատարակիչը (Ղևոնդ Ալիշան), սույն բնագրում եղած ակնարկությունից ելնելով, ենթադրել է, թե Ողբը և Վկայաբանաթյունը գրած պիտի լինի Արծկեի Երաշխավոր վանքի առաջնորդ Աբրահամ– Արտավազդը և ափսոսանք է հայտնում, որ գրչագրում հիշված չէ հեղինակի անունը6: Ղ. Ալիշանի ենթադրությունը հաստատվում է Մաշտոցի անվան մատենադարանի մի ձեռագրով (N 1520, Ճառընտիր, հին համարը՝ 934)7։

Երկրորդը նույնպես դեպքերի ժամանակակցի գրչի արգասիք է: Դ. Տեր-Մկրտչյանը, որ առաջին անգամ հրատարակել է «Խոսրով Գանձակեցի» բնագիրը, դիտում է, թե վկայաբանությունը մի շարք ընդհանրություններ ունի Մխիթար Գոշի՝ նույն Խոսրովին նվիրված Ներբողի հետ («Մխիթարայ վարդապետի կոչեցեալ Գոշ, Ներբողեան ասացեալ ի նոր վկայն կոչեցեալն Խոսրով»)։ Նաև մի քանի այլ հանգամանքներ նկատի ունենալով, Գ. Տեր-Մկրտչյանը կարծում է, որ Ներբողյանը և Վկայաբանությունը միևնույն հեղինակի գործ են, ինչպես լինում է սովորաբար8։ Այս ենթադրությունը ևս այժմ ընդունված է9։

Ժողովածուի մեջ ընդգրկված վկայաբանությունները գրված են իրապաշտ գրչով և այդ առումով սերտորեն կապված են հայ պատմագրության ավանդներին։ Այս գործերը ուսումնասիրողին հնարավորություն են ընձեռում հետևելու նաև մատենագիրների աշխարհագրական պատկերացումներին, հետազոտելու գեղարվեստական ժամանակի պոետիկայի հարցերը։

Կազմողները անհրաժեշտ համարեցին «Ոսկեփորիկի» վերջում բերելու նաև հազարավոր ձեռագրերի հիշատակարաններից երեք նմուշ։

----------------------------

6. «Սոփերք հայկականք», ԺԳ, վենետիկ, 1854, էջ 99—100:

7. Այս մափն մանրամասն տե՛ս Մ. Աբեղյան, Երկեր, հատ. Դ, էջ 513:

8. «Արարատ», 1896, էջ 590:

9. Տե՛ս «Հայոց նոր վկաները (1153—1843)», սւշխատասիրությամբ Հ. Մանանդյանի և Հ. Աճառյանի, Վաղարշապատ, 1903, էջ 21—31, «Հայ մշակույթի նշանավոր գործիչները. Ե — ԺԸ դարեր», Երևան, 1976, էջ 280:

[էջ 23]

Հիշատակարանները միջնադարում գրվում էին որևէ մատյանի ընդօրինակման կամ ծավալուն աշխատության ավարտման կապակցությամբ: Դրանք արժեքավոր տեղեկություններ են պարունակում ոչ միայն տվյալ մատյանի գրության հանգամանքների, այլև՝ գրքի հեղինակի, պատվիրատուի, գրչի, ծաղկողի (նկարչի), նրանց հարազատների ու գործընկերների և, որ առավել կարևոր է, ժամանակի անցուդարձերի վերաբերյալ: Ու թեև հիշատակարանը գրական տեսակ լինելուց հեռու է, այնուամենայնիվ, շատ հաճախ, շարադրված լինելով ներհուն և օժտված մատենագրի ձեռքով, դրանք պատմական արժեքի հետ ունենում են նաև անժխտելի գրական արժանիքներ: Ժողովածուի մեջ զետեղված՝ 1314 թվականին Սարգիս գրչի («Գործք առաքելոց»), 1386 թ. Հակոբի («Ժողովածու բանից Գրիգորի Նարեկացւոյ, Գրիգորի Տղայի և այլոց») և 1679թ. Գրիգոր Երևանցու («Յայսմաւուրք») թողած հիշատակարանները ընթերցողին կարող են որոշ պատկերացում տալ առհասարակ հայկական գրչագրերի հիշատակարանների մասին։

Ի վերջո, հարկ է նշել, որ միջնադարյան արձակի բազմաթիվ ստեղծագործություններ արժանացել են նոր գրականության դասականների ուշադրությանը և ներշնչանքի աղբյուր են ծառայել. հայտնի են Հովհ. Թումանյանի, Ավ. Իսահակյանի, Դ. Դեմիրճյանի, նորագույն շրջանի գրողների մշակումները։ Ուշագրավ է, օրինակ, որ հայ պատմավիպագրության ամենաաչքի ընկնող դեմքերից մեկը՝ Մուրացանը, 1904 թվականի ապրիլին Վահան Գողթնացու վկայաբանության հիման վրա սկսել է գրել պատմավեպ, որը, սակայն, ինչ-ինչ պատճառներով մնացել է անավարտ10։

«Ոսկեփորիկի» նյութերի զգալի մասը թարգմանված է մեր կողմից: Բացառություն են կազմում Փավստոս Բուզանդի,

----------------------------

10. Տե՛ս «Բանբեր Երևանի համալսարանի», 1972, N 3, էջ 144 «Մուրացանի անտիպ նամակները»։

[էջ 24]

Մովսես Խորենացու, Եղիշեի, Ղազար Փարպեցու երկերից վերցրած հատվածներն ու Վարդան Այգեկցու բաժնի առաջին 34 առակները։ Բուզանդի, Խորենացու և Եղիշեի գործերից ընտրված կտորները ներկայացնում ենք Ստ. Մալխասյանցի և Ե. Տեր–Մինասյանի թարգմանություններով։ Ղազար Փարպեցու երկի աշխարհաբար թարգմանությունը, որ կատարել է Մ. Տեր-Պետրոսյանցը և հրատարակել 1895 թվականին, կատարման որակով նկատելիորեն զիջում է նախորդ պատմիչների գրքերի թարգմանություններին։ Եվ կազմողները, բնական է, օգտագործելով Փարպեցու Պատմության միակ աշխարհաբար հրատարակությունը, շատ հաճախ միջամտություններ են կատարել, մասնավորապես աշխատելով ազատվել լեզվական հնաբույր արտահայտություններից ու ձևերից։

Վարդան Այգեկցու հիշյալ 34 ստակները նույնությամբ վերցրել ենք բակունցյան «Աղվեսագրքից»11, ծայրահեղ անհրաժեշտության դեպքում միայն կատարելով աննշան փոփոխություններ12։

Ելնելով ներկա ժողովածուի սկզբունքներից ու նպատակից, բոլոր նյութերի մեջ ուրիշի ուղղակի խոսքը դրել ենք նոր տողից։ Որոշ դեպքերում ճշտել ենք կետադրությունը։

------------------------------

11. Վարդան Այգեկցի, Աղվեսագիրք, Երևան, 1955։

12. «Տեքստի համար,— գրել է գրքի առաջաբանում Ա. Բակունցը — հիմք ընդունելով Ն. Մառի եռահատոր աշխատությունը՝ «Ժողովածոյք առակաց Վարդանայ», ... մենք հաճախ գերադասել ենք առակների այն վարիանտները, որոնք «գռեհիկ» հայերեն են և բովանդակությամբ ավելի հարուստ։ Առակների մեկնությունները չենք բերել` համարելով հնացած ավելորդաբանության։ Համարյա անփոփոխ են վերնագրերը» (տե՛ս նույն տեղը, էջ XV)։

«Աղվեսագրքից» վեց առակ՝ «Գինի», «Իմաստուն ավագ էշ», «Կաթ մեղու պատճառ պատերազմի», «Կռունկ՝ թագավոր թռչունների և էշ», «Հայրը և որդին», «Արվեստ կնոջ», զաճազան պատճառներով դուրս ենք թողել սույն հատորից։ Հակառակ սրան, Այգեկցու առակաշարը համալրել ենք 15 այլ առակների նոր թարգմանությամբ, հիմք անենալով Մառի ժողովածուի նյութերը։ Անհեղինակ արձակի բաժնում ենք գրել «Աղվեսագրքի» հիշյալ հինգ առակներից առաջինի և վերջինի այլ տարբերակների թարգմանությունները։

[էջ 25]

Նույնպիսի փոփոխություններ կատարել ենք նաև առաջին անգամ աշխարհաբար ներկայացվող գործերի թարգմանությունների մեջ. ավելի հաճախ հրաժարվել ենք առակների բարոյախոսական մասերից: Հիմնականում պահպանելով բնագրերի վերնագրերը, հատուկենտ նյութերի մանվածապատ կամ անհաջող խորագրերի փոխարեն դրել ենք նորերը։ Թարգմանելով այն գործերը, որոնք ունեն տարբերակներ, ընտրել ենք դրանցից այն լավագույնը, որն առանձնանում է բովանդակության հստակությամբ, կերպարների հոգեբանական հիմնավորվածությամբ, նյութի ու սյուժեի առավել պատկերավոր հորինվածքով։ Հաճախ էլ առանձին տարբերակներից ընտրել ենք լավագույն հատվածները, այն հաշվով, որ թարգմանությունը կատարված լինի համեմատական, գեղարվեստական առումով առավել լիարժեք բնագրի հիման վրա։

Ծավալը և արդի ընթերցողի պահանջները նկատի ունենալով, որոշ նյութերի թարգմանության մեջ կատարել ենք աննշան կրճատումներ։ Հիմնականում հանված են նյութի հետ սերտորեն չառնչվող նեղ–կրոնական բնույթի այնպիսի հատվածներ, որոնք գրական հորինվածքի տեսակետից ավելորդ են և չեն ծառայում, այլ խանգարում են գաղափարի դրսևորմանը, կամ իրենց էությամբ անհասկանալի են այսօրվա ընթերցողին։

«Ոսկեփորիկի» մեջ ընդգրկված նյութերը թարգմանելիս և կազմելիս ձեռքի տակ ունեցել ենք հետևյալ աղբյուրները.

Փավստոս Բուզանդ, Պատմության հայոց, թարգմանությունը, ներածությունը և ծանոթագրություններն ակադեմիկոս Ստ. Մալխասյանցի, Երևան, 1947։

Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին, թարգմանությունը և ծանոթագրությունները Ե. Տեր –Մինասյանի, Երևան, 1971։

Մովսես Խորենացի, Պատմություն հայոց, թարգմանությունը, ներածությունը և ծանոթագրությունները ակադեմիկոս Ստ. Մալխասյանցի, Երևան, 1968։

«Ղազար Փարպեցու Հայոց պատմությունը և Վահան Մամիկոնյանին գրած թուղթը», թարգմանեց Մինաս ք. Տեր– Պետրոսյանց, Ալեքսանդրապոլ, 1895։

[էջ 26]

«Պատմութիւն Սեբեոսի եպիսկոպոսի ի Հերակլն», Թիֆլիս, 1913։

«Պատմութիւն Անանուն Զրուցագրի. Կարծեցեալ Շապուհ Բագրատանի», աշխատասիրությամբ Մ. Դարբինյան–Մելիքյանի, Երևան, 1971։

«Թովմայի վարդապետի Արծրունւոյ Պատմութիւն տանն Արծրունեաց», Թիֆլիս, 1917։

«Ընտիր պատմութիւն Դաւիթ բէգին», Վաղարշապատ, 1871։

Մխիթար Գոշ, Առակներ, տեքստը ձեռագրերի համեմատությամբ և ներածությունը Էմ. Պիվազյանի, Երևան, 1951։

Ն. Մառ, Ժողովածոյք առակաց Վարդանայ, մասն Բ, Ս. Պետերբուրգ, 1894։

Վարդան Այգեկցի, Աղվեսագիրք, Երևան, 1955։

«Էջեր հայ միջնադարյան գեղարվեստական արձակից», խմբագրությամբ և առաջաբանով Կ. Մելիք-Օհանջանյանի, ժողովածուի նյութերը ընտրեցին, տեքստը պատրաստեցին և ծանոթագրեցին Ավդալբեգյան Մ., Մկրտչյան Մ. և Սրապյան Ա., Երևան, 1957։

Արմենուհի Սրապյան, Հայ միջնադարյան զրույցներ, Երևան, 1969։

«Գիրք պատմութեան վասն Պղնձե քաղաքին և Հարցմունք աղջկանն և մանկանն և Պատմութիւն Խիկարայ և Փահլուլ թագաւորին», Կ. Պոլիս, 1708։

Եզնիկ Կողբացի, Եղծ աղանդոց, Թիֆլիս, 1914։

«Խրատք Նուշիրուանի», աշխատասիրությամբ Ռ. Չուգասզյանի, Երևան, 1966։

«Սոփերք հայկականք», Ա, Վենետիկ, 1855, ԺԳ, Վենետիկ, 1854։

«Պատմութիւն և խրատք Խիկարայ իմաստնոյ» (հայկական խմբագրություն), գիրք Ա, աշխատասիրությամբ Ա. Մարտիրոսյանի, Երևան, 1969։

«Գիրք որ կոչի Այսմաւուրք», Կ. Պոլիս, 1730։

«Հայոց նոր վկաները (1155—1843)», աշխատասիրությամբ Հ. Մանանդյանի և Հ. Աճառյանի, Վաղարշապատ, 1903։

[էջ 27]

«ԺԴ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ», կազմեց Լ. Խաչիկյան, Երևան, 1950։

«Մանր ժամանակագրություններ. 13—18-րդ դդ.», հատ. II, կազմեց Վ. Հակոբյան, Երևան, 1956։

Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարան, ձեռագրեր՝ NN 1, 6451, 6958։

Նյութերը հատորի բաժիններում զետեղելիս հաշվի են առնվել ինչպես նրանց ժանրային բնույթը, այնպես էլ բնագրերի աղբյուրների առանձնահատկությունը։ Այսպես, հեղինակային առակները ներկայացրել ենք առանձին բաժնով, անհեղինակները՝ զրույցների, մանրավեպերի, ծիծաղական պատմությունների հետ՝ առանձին, բակունցյան «Աղվեսագրքից» և Ն. Մառի հրատարակությունից վերցրած նյութերը ներկայացնում ենք Վարդան Այգեկցու անունով, իսկ նույն Վարդանի հետ այս կամ այն կերպ առնչվող մյուս գործերը, եթե թարգմանվել են այլ աղբյուրներից, դրել ենք Դ բաժնում։

Կազմողները գիտակցում են, որ այսպիսի մի ժողովածու չի կարող անթերի լինել, ուստի սիրով և շնորհակալությամբ կընդունեն ամեն մի ցանկություն, առաջարկություն ու բարեկամական դիտոդություն։

ԿԱԶՄՈՂՆԵՐ

Նախորդ էջԲովանդակություն  | Հաջորդ էջ
Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Սովետական գրող հրատարակչություն, Երևան 1977
Տրամադրել է՝ Միքայել Յալանուզյանը

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice