ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Խաչիկ Դաշտենց

ՌԱՆՉՊԱՐՆԵՐԻ ԿԱՆՉԸ


Բովանդակություն   Նախաբան   Խոսք հեղինակի
Մաս I-1   Մաս I-2   Մաս I-3   Մաս I-4   Մաս I-5   Մաս I-6   Մաս I-7   Մաս I-8
Մաս II-1   Մաս II-2   Մաս II-3   Մաս III-1   Մաս III-2


ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

Եվ շարան-շարան բարձրանում էր վեր
Մեր բեռնավորված ընկերների չուն:

Ե. ՉԱՐԵՆՑ

«ՌԱՆՉՊԱՐՆԵՐԻ ԿԱՆՉԸ»

Մուշ քաղաքի ս. Մարինե թաղում հայոց լեզվի դաս էր։

— Ապա արտասանիր «Ռանչպարների կանչը», — մատնացույց արեց Մելքոն վարժապետը վերջին շարքում նստած մի թխադեմ աշակերտի, որ լուսամուտին կպած մտազբաղ նայում էր Ձորաթաղի այգիներին։

Աշակերտը կանգնեց։

Բոլորը զույգ-զույգ էին նստած, իսկ սա մենակ էր։ Կողքի դասընկերը մի տարի առաջ լքել էր դպրոցը՝ իրեն մենակ թողնելով վերջին նստարանին։

Շաբաթը մեկ անդամ Մելքոն վարժապետը աշակերտներին կրկնել էր տալիս հայոց այբուբենը։ Աշակերտները պարտավոր էին անգիր ասել բոլոր տառերը, դրանք զուգակցելով հայ շինականների առավոտյան կանչերի հետ։ Այբուբենը սերտելու այս եղանակը Մելքոն վարժապետն էր մշակել ոտանավորի ձևով, նպատակ ունենալով հայոց գրերի պատկերը և հաջորդական կարգը ամուր դրոշմել իր սաների հիշողության մեջ։ Այնպես պետք է արտասանեին, որ թվար, թե առավոտ է, և ռանչպարները իրար ձայն տալով շտապում են դաշտային աշխատանքի։

— Ա՛յբ, նե՛ն, գե՛մ,

Բրդեմ ուտեմ.

— Ի՞նչ ուտես, — ընդմիչեց Մելքոն վարժապետը հոնքերը խոժոռելով։

— Թփով կլուլիկ կարմիր տաքտեղով։

Դասարանը փռթկաց։

— Լավ բան է Մշո թփով կլուլիկ ուտելը, այն էլ կարմիր տաքտեղով, բայց դասը լավ սերտելուց հետո, — սաստեց վարժապետը։ — Այլապես տեսնու՞մ ես վարոցների խուրձը։

— Առաջ ուտել, հետո սերտել, — պատասխանեց թխադեմ աշակերտը, դժկամությամբ նայելով բարակ վարոցների կապոցին, որ դրված էր անկյունում, կարգապահությունը խախտող և դասը չսովորող աշակերտներին պատժելու համար։

— Դու ասա «Ռանչպարների կանչը», — դիմեց պարոն Մելքոնը մի ուրիշ աշակերտի, որ առջևում էր նստած և թըվաբանությունից ու մայրենի լեզվից միշտ հինգ ու խաչ էր ստանում ։

Խաժաչք, սուր քթով և մազերի խոպոպները ճակատին թափած սասունցի մանուկ էր Սանասարը։ Դասը պատասխանելուց առաջ սա միշտ դիմում էր Մարութա սարին, կարծես ուժ առնելու համր։ «Յա Մարաթուկ», ասում էր ու դասը պատասխանում։ Ուստի դասարանում նա հայտնի էր նաև «Յա Մարաթուկ» մականունով։

Սանասարը համարձակ վեր կացավ, և «Յա Մարաթուկ» դոչելով, ճակատը բարձր պահած սկսեց.

— Ա՛յբ, բե՛ն, գի՛մ,
Ե՛լ, Հովակիմ,
Դա՛, ե՛ջ, զա՛,
Լծիր եզան։
է՛, ը՛թ, թո՛,
Վերկաց, Թաթո,
ժե՛, ինի՛, լյո՛ւն,
Կապիր քո շուն։
Խե՛, ծա՛, կե՛ն,
Ու՞ր է Հակեն։
Հո՛, ձա՛, ղա՛տ,
Միհրա՜ն, Մրհրդա՜տ,
Ճե՛ն, մե՛ն, հի՛,
Կգանք հիմի։
Նո՚ւ, շա', ո՜,
Պրծիր, Շավո,
Չա', պե', ջե',
Ուշ է, Վաչե։
Ռա', սե', վե՛վ,
Ծագեց արև։
Տյո՛ւն, րե', ցո',
Մարդ աստծո։
Վյո՚ւն, փյո՛ւր, քե',
Քելե, Սրքե,
Ե՛վ, օ', ֆե',
Օ, ի՜նչ զով է։

— Ապրե՛ս, Սանասար։ Դու Սասնա ո՞ր գյուղից ես։

— Բսանաց գավառի Ջրտնիք գյուղից։

— Շատ ապրես, որդիս։ Ա՜յ, այդպես կսերտեն «Ռանչպարների կանչը» և ոչ թե կլուլիկ ուտելու մասին կմտածեն, — նկատեց Մելքոն վարժապետը և դասամատյանը բաց անելով Սանասարի անվան դիմաց ավելացրեց մի նոր հինգ ու խաչ։

Թեպետ խոսքը վերջին նստարանի աշակերտի մասին էր, բայց նա դարձյալ դրսի աշխարհով այնպես էր կլանված, որ բոլորովին չլսեց իր ուսուցչի ձայնը։ Ներքևում ձորի մեջ ինչ-որ բան էր կատարվում, որ նրան գամել էր լուսամուտին։

— Ուշադրությունդ ուրիշ տեղ է, Մամիկո՛ն։

— Ա՛յբ, բե՛ն, գի՛մ,
Ել, Հովակիմ,
Դա՜, ե՚ջ, զա՛,

Լծիր եզան, — բարձրաձայն կրկնեց թխադեմ աշակերտը և լուսամուտը արագությամբ բաց անելով, իրեն վայր նետեց այնտեղից։ — Վարժապետ, ես գնացի, — հնչեց Մամիկոնի ձայնը լուսամուտի տակից։ Նա թռավ առաջին տանիքը, այնտեղից երկրորդ տանիքը և, մի կտուրից մյուսը անցնելով, սլացավ դեպի Զորաթաղի այգիները։

Տարիների ընթացքում մի քանի աշակերտներ զանազան պատճառներով լքել էին ուսումը։ Բայց նրանցից ոչ մեկը այդպես չէր բաժանվել դպրոցից, այդքան հանդուգն և անթույլատրելի ձևով։

Զորի մեջ կանացի ճիչեր լսվեցին, և դպրոցում պարապմունքը ընդհատվեց։

Հետևյալ օրը շաբաթ էր։

Վարժապետ Մելքոնը վաղ լուսաբացին շտապեց դեպի ս. Մարինե թաղը՝ իր աշակերտի ծնողներին տեսնելու։

Նրանց տունը շինված էր գետափին։

Հասավ այն ժամանակ, երբ Մամիկոնը, մի կապոց թևի տակ, քայլում էր դեպի այն կամուրջը, որ ս. Մարինե թաղը միացնում էր Կողու թաղին։

— Մամիկո՛ն։

Պատանին կանգ առավ։

— Զավակս, երեկվա դեպքը ցնցեց մեր քաղաքը։ Բայց խոհեմություն չէր այդքան անթույլատրելի ձևով հեռանալ դպրոցից՝ «Ռանչպարների դասը» թողնելով կիսատ։

— Իմ դասը վերջացավ, վարժապետ։ Ներիր ինձ և թողություն արա ձեռքդ համբուրեմ։

— Քահանայի ձեռքն են համբուրում, ես քահանա չեմ։

— Ոչ թույլ տուր համբուրեմ ձեռքը այն մարդու, որ հայոց այբուբենի մշակն է եղել երեսուն տարի։ Օրհնյալ լինես դու, Մեսրոպ Մաշտոց։ Օրհնյալ լինես և դու, Մելքոն վարժապետ։

— Որոշել ես գնա՞լ։

— Իմ պես պատանին իրավունք չունի այժմ հանգիստ նստել դասի։

Մելքոն վարժապետի աչքում արտասուք երևաց։

— Գնա՛, տղաս, ես քեզ արգելք լինել չեմ կարող։ ճիշտ է, իմ դասարանը մեկով կպակասի, բայց ժողովրդի համար գործող արաբոների թիվը մեկով կավելանա։ Անցյալ տարի կոփեցի Շեկ Լևոնը գնաց Ամերիկա, այժմ դու ես գնում։ էլ ո՞վ պիտի լսի ս. Կարապետի Ժառանգավորաց վարժարանի շրջանավարտ Մելքոն վարժապետի դասը։ Ո՞վ պիտի անգիր անի «Ռանչպարների կանչը»։ Գոնե այնքան սովորեիր, որ կարողանայիր «Նարեկը» և Րաֆֆու «Խենթը» կարդալ։

— Իմ սովորածը ինձ բավ է, Մելքոն վարժապետ։ Շարժում է ինձ պետք, լեռների կյանք եմ փնտրում։ Ես մեկ էլ քեզ մոտ կգամ այն ժամանակ, երբ ռանչպարների կանչը իրական դառնա և հայ շինականներն առանց երկյուղի գնան գործի։ Տա աստված, որ քեզ ողջության մեջ տեսնեմ վերադարձիս։

— Գնա՛, որդիս, և աստված քեզ հետ։ Մինչև ցորյանի հատիկ չմեռնի՝ հունձք չկա։ Եվ եթե քո մեջ հավատք ունես մանանեխի հատիկի չափ՝ լեռը կշարժես։

Մելքոն վարժապետը հնամաշ վերարկուն թիկունքին ուղղելով, թանձր ծխելով ետ դարձավ, իսկ Մամիկոնը առաջ ընթացավ քթի տակ դանդաղ երգելով.

Թե հայրենյաց պսակադիր
Գողթնի քնարք լռել են,
Երկնուց թող գան անմահ հոգիք
Հայոց քաջեր պսակել։

Փրե կամուրջով անցնելիս Մամիկոնը տեսավ իր դաստիարակներից մեկին, որ գետափին կռացած լվացվում էր պաղ ջրով։ Հայոց պատմության ուսուցիչ պարոն Սենեքերիմն էր, որ ամեն առավոտ իջնում էր ձորը գետակի ջրով թարմանալու։

Նրա տեսքը մռայլ էր։

Պարոն Սենեքերիմը իր աշակերտին չնկատեց, այլապես կարող էր կանգնեցնել նրան և հարցնել, թե որո՛նք են Հայաստանի գավառները։

Մամիկոնը գնում էր ոտքով չափելու այդ գավառների լայնքը և նրանց լեռների վրա սերտելու ռանչպարների կանչը։

ԲԴԵ

Բայց ես պետք է մտնեմ Բդեի մոտ։ նա իմ քեռին է։ Ես ինչպե՞ս կարող եմ քաղաքից հեռանալ առանց քեռի Բդեի օրհնությունն առնելու։

Փույթ չէ, թե քեռիս խեցիների վաճառական է։ Բայց նա այժմ մի շատ օգտակար գործով է զբաղված։ Նա սկսել է գրել Մուշ քաղաքի պատմությունը և այն էլ՝ երկաթագիր տառերով, որով դժվարանում է գրել նույնիսկ ս. Կարապետի Ժառանգավորաց դպրոցի շրջանավարտ Մելքոն վարժապետը։

Բդեն նստած գրում էր ձեթի ճրագի տակ, երբ ես անաղմուկ մտնելով, կանգնեցի նրա թիկունքին։ Նա վերջին անգամ գրիչը թաթախեց սև մելանի մեջ, շարադրեց ևս մի պարբերություն և հիշատակարանը ձեռքը վերցնելով բարձրաձայն կարդաց.

ՄՈԻՏՔ
«Կարմիր իրիցու տների բուն կենտրոնը եղել է Խութ-Բռնաշեն գավառակի Արծվիք գյուղը, որ կոչվել է նաև Կրպնիք-Արծվիք։ Տոհմի հիմնադիրը եղել է կարմիր մորուգով մի երեց, որ ունեցել է քառասուն զավակ։ Այդ տան մի ճյուղը Արծվիքից տարածվել է Մոտկան, Մոտկանից՝ Մուշ, Մշուց՝ շրջակա մի քանի գյուղեր։ Դրանք կարմրահեր, կապուտաչյա հայեր էին՝ աշխատասեր և քաջ, բարությամբ անսահման, ազնվությամբ անբաղդատելի։ Կարմիր երեցը ունեցել է Կոճղեզ անունով մի թռչնագիր ավետարան, որ այժմ կորած է համարվում։ Այդ գրքի վրա հին հայերը երդվել էին։

Խութ-Բռնաշենի սահմանների վրա, ս. Աղբերիկ վանքից ոչ շատ հեռու, գտնվում էր կարմիր իրիցու գյուղերից մեկը — Վերին Շնիստը։ Շնիստի գյուղապետն էր տանուտեր Գասպարը։ Ռես Գասպարը իր որդի Բդեին (Բաղդասար) 1715-ին ուղարկում է Գոմաց վանքը գրել-կարդալ սովորելու։ Նոր վայրում դպրոցն ավարտելով և սոլկարի արհեստին հետևելով, Բդեն դառնում է նշանավոր արհեստավոր։ Բդեի թոռը (Բդե Բ) 1825-ին իր հոր հետ Գոմաց վանքից տեղափոխվում և հաստատվում է Դաշտի Խաս գյուղ բնակավայրը, որ Մուշից ոտքով կես օրվա ճամփա է։

Բդե Բ-ն Խասգյուղի մեջ ունեցավ չորս զավակ։ Ավագ զավակի անունը Գասպար էր։ Սրանք փոխանակ իրենց հորենական սոլկարի արհեստը բանեցնելու, սկսեցին խեցեգործությամբ զբաղվել և, իրենց ձեռնարկը ընդարձակելով, հաստատվեցին Մուշ քաղաքում։

Գասպարն էր, որ 1862-ին առաջին անգամ խեցիների խանութ բաց արեց Մշո մեջ։ Նա ունեցավ չորս արու զավակ։

Այս հուշեր գրողը ես եմ՝ Բդե Միսակը, կարմիր իրիցու տներից, երկրորդ որդին Գասպարի։ Մեր տունը շինված է Մշո Ձորաթաղի մեջ, որի կռնակը Կուրտիկ լեռն է։ Մեր տան առջևով քաղաքի գետակն է գլորվում, երբեմն գազազած քանդելով իր վրայի կամուրջները։

Մեր տան ետևը աղբյուր կա և քաղաքում հայտնի է Պաղորակ անունով։ Ինչպես շատ մշեցիք, այնպես էլ ես այդ աղբյուրի կենսատու ջրով եմ սնած ու մեծացած։

Իմ պապը՝ Բդե Բ-ն, տեսավ իր զավակների հալածվելն ու տառապանքը օսմանյան բանտերի մեջ և վշտից մեռավ 1835-ին, թաղվելով Ջորաթաղի գերեզմանատանը։ Նա էր, որ ինձ իր ծնկներին նստեցնելով, սովորեցրեց հայոց երկաթագրերը։ Ու ես Տարոն աշխարհի հիշատակարանն եմ գրում պապիս սովորեցրած գրերով։ Գրում եմ անցյալ ժամանակով, քանզի հիշատակարանը գալոց սերունդների համար է, երբ ես էլ մեռած կլինեմ, ինչպես վաղուց մեռած են Բդե գերդաստանի բոլոր մեծերը Վերին Շնիստում, Խաս գյուղում և Մուշ քաղաքում։

Գրում եմ դեպք առ դեպք, քառածալ թղթի վրա, ընկույզի կեղևից շինած մելանով, ականջս Մշո գետակի աղմկահույզ շառաչին, որ զօր ու գիշեր անլռելի հնչում է մեր տան մոտով։

«Աստված, դու նախ մեր ազգի բոլոր զավակներին տիրություն արա, հետո իմ երկու զավակներին ու եղբայրներիս և մանավանդ իմ սիրասուն եղբայր Վաղարշակին, որ բնակիչն է Խասգյուղի։ Եվ հավիտյան խնկելի հիշատակով պահիր մեր քաղաքի երևելի մարդոց, մեր Կոտո Հակոբին, մեր Մելքոն վարժապետին և Մշո ու Սասնո աշխարհի մեր աննման ժողովրդի մեծին ու փոքրին։

Տեր ամենակարող, սատարիր ինձ, որ ավարտեմ հիշատակարանը Տարոնա և մեղքերիս թողություն տուր, որ ավուր դատաստանին սևերես չգամ քովդ։ Մեղա քար բերնիս»։

«Տարոնը՝ Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի գավառներից մեկն է, այժմյան Մշո դաշտը, որի կենտրոնն է Մուշ։

Մշո հարավում Սասունն է։ Հայ իշխանության օրերին Սասունի բնակչությունը բաղկացած էր բացառապես հայերից, որոնք կոչվում էին լեռնցի, այդպես է հավաստում Զենոբ Գլակը։ Ժէ և ԺԸ դարերում քրդական վաչկատուն ցեղերը հարավից գաղթելով և հայերի հետ շփման մեջ մտնելով, հետզհետե թափանցեցին Սասնո Բuանք, Խիանք և Գաբլճոզ գավառակների մեջ։

Օսմանցին մի օրենք ուներ. եթե մեկը տաս տարի օգտագործում էր մի արոտավայր, այդ արոտավայրը կամ կալվածքը այլևս դառնում էր նրա սեփականությունը։ Այսպիսով, վերոհիշյալ գավառակներում, լեռնցի հայերի բոլոր արոտավայրերը, որտեղ քուրդ աղաները իրենց անասուններն էին արածեցրել, մի քանի ամառվա ընթացքում՝ քրդերի ձեռքն անցան։ Այդ գավառակները ոչ միայն խէվեցին իրենց տերերից, այլե հայ գյուղացիները խաֆիր (ճորտ) դարձան այդ հողերի վրա։ Նրանք պարտավոր էին շաբաթվա մեջ մի քանի օր ձրի աշխատել քուրդ աղայի համար և նրան խաֆիրության տուրք վճարել։ Մինչև անգամ քուրդ աղաները իրենց ճորտ հայերին կամ հայերով բնակեցված գյուղերը սկսեցին ծախել կամ նվիրել միմյանց՝ իբրև ինչք կամ ստացվածք։

Այս վիճակին ենթարկվեցին ոչ միայն Խիանքի, Բսանքի և Գաբլճոզի գավառակները, այլև նրանց հարևան շրջանները՝ Խnւթ-Բռնաշենը և Մոտկանը։ Հարստահարությունը այնպիսի ահռելի չափեր ընդունեց, որ այդ վայրերի հայ բնակիչները, մեծ մասամբ կարմիր իրիցու տներից, լքեցին իրենց տունն ու տեղը և իրենց լեռներից իջան Մշո դաշտ՝ շարժվելով դեպի Խնուս, Բուլանուխ և Ալաշկերտ։

Մշո դաշտի մի շարք գյուղեր Աասունի և Խութի նախկին բնակիչներից են կազմված։ Մոկսի և Վանի Շատախի բնակիչները հին սասունցիներ են։ Խաֆիրության տուրքը այնպիսի խոր արմատներ էր ձգել քրգերի մեջ իբրև իրենց արդար իրավունք, որ որևէ քուրդ, ոտքով երկու օրվա ճամփա կտրելով, Սասնո կամ Խութա լեռներից իջնում էր Մշո դաշտ, գտնում էր իր նախկին հպատակ հային, մեկ-երկու օր հյուր էր լինում այդ հայի տանը և հաջորդ օրը, գանձելով իր տուրքը, ամենաքիչը մի զույգ տրեխ կամ գուլպա վերադառնում էր տուն։ Անձամբ հիշում եմ, մենք Խութ-Բռնաշենի քրդական աշիրեթապետությանը պատկանելով (որովհետև կարմիր իրիցու տան մեր նախնիքները ապրած են եղել Վերին Շնիստում), մեր Միրզա աղան 1884-ին եկավ Խասգյուղ և իբրև խաֆիրության տուրք, իմ հորից ստացավ մի ձեռք հագուստի կերպաս, կտորն էլ հորս դրամով կարել տվեց և հագնելով վերադարձավ Խութ։

Մինչև 1880 թվականները Տարոնի և Սասնո գործերը կառավարում էին քուրդ բեկերն ու օսման փաշաները։ Թուրք փաշաները հայերին ստիպում էին իսլամանալ։ Երբ հայը մերժում էր՝ նրան հազար ու մի ձևով չարչարում, սպանում էին։ Այդ շրջանի զոհերից բավական է Հիշել կոշկակար Սարուխանին՝ սպանված Բաղեշում 1631-ին, 15-ամյա պատանի Նիկողոսին՝ սպանված Դիարբեքիրում 1642-ին, 20-ամյա փականագործ Խաչատուրին՝ սպանված նույն քաղաքում 1652-ին, վարպետ Գրիգորին՝ սպանված Մուշում 1676-ին, վարսավիր Դավթին՝ սպանված 1677-ին։

Օսմանյան վերջին կառավարողներից մեկը Չփլաղ Շեյխն էր։ Այս բռնակալը երկար իշխեց Տարոնում, կողոպտեց, գերեվարեց և զնդանների մեջ տանջեց հայ գյուղացիներին։ Նրա օրոք հայկական հողերին տիրացած թուրք և քուրդ աղաները ասում էին. «Գյավուրներ, ձեր ազան էլ մենք ենք, ձեր բեկն էլ մենք ենք, ձեր աստվածն էլ մենք ենք»։ Հայերը որոշեցին վերջ տալ այս հրեշին։ Շեյխի համար դհոլ և զուռնա նվազող երկու հայ փողփուչ մի գաղտնի անցք փորեցին շեյխի քյոշկի տակ և մի գիշեր, երբ շեյխը քնած էր, նրանք իրենց դհոլը վառոդով լցրին, պատրույգը վառեցին, և քյոշկը բռնակալի հետ բարձրացավ օդ։

Չփլաղին հաջորդեց Ալադին փաշան։ Ալադինի տունը հաճախ ըմբոստ դիրք էր բռնած օսման կայսրության դեմ։ Այս փաշայի օրոք Խութի մեջ տիրում էր Միրզաբեկի աշիրեթը, որ մի ճյուղն էր Ալադին փաշայի։ Այդ աշիրեթը հայտնի էր նաև «Յոթ թամբերի տուն» անունով։ Միրզաբեկի թոռներից մեկը՝ Մուսան, բազում չարագործություններ կատարեց Մշո դաշտում։ Նա իրավունք ուներ կողոպտել և սպանել իրեն ենթակա գյուղերի շինականներին և նույնիսկ ամբողջ գյուղը վաճառել մեկ ուրիշի իբրև ժառանգական իրավունք։ Մուսաբեկը բռնեց իր պատկանյալ Արգավանք գյուղի ռես Օհանին, որ ընդդիմացել էր իր դեմ և, բուխարիկի մեջ դնելով ողջ-ողջ այրեց։ 1889-ին նա քսան ձիավորով և անհամար չեթեներով գիշերով հարձակվեց Մշո դաշտի հարս գյուղի վրա և գեղեցկուհի Գյուլիզարին առևանգելով՝ փախցրեց Խութա սարի Տախտակներ՝ իր քյոշկը։

Ուրիշ աշիրեթներ էլ կային։ Խիանքում տիրում էր Խիանքի քրդական աշիրեթը, որի առաջնորդն էր Սլեման աղան (Քոռ Սլո)։ Հայտնի էր նաև Սասունի աշիրեթը, որի աշիրեթապետն էր Բալաքցի Խալիլ աղան։ Մոտկանում և Խութում իշխում էր Շեկո տան աշիրեթը։ Այս աշիրեթի քրդերի մի մասը շիկամորուս էին և կապուտաչյա։ նրանք ասում էին, որ առաջ իրենք հայ են եղել և մի ճյուղն են կարմիր իրիցու տան հին հայերի։

Երբ աչքս բացի և գիտակցության եկա, ես Սասունի և Մշո դաշտի հայ իրականությունը հետևյալ վիճակում տեսա, մեկ գերդաստանին պատկանող անձինք բնակություն էին հաստատած մեկ գյուղի մեջ։ Գերդաստանի նահապետը միաժամանակ և գյուղի կառավարիչն էր՝ ռեսը, որի որոշումները պարտադիր էին բոլորի համար։ Մեծ ընտանիք ունեցողը մեծ պատիվ ու հարգանք էր վայելում։ Քսանից մինչև քառասուն և ավելի անձեր մի տան մեջ ապրելը ընդունված կարգ էր։ Սեմալ գյուղի Մարտոյի տունը, օրինակ, վաթսուն և չորս անձ էր։ Մինչև խոր ծերության հասնելը Մարտոն կառավարեց իր տնտեսությունը և ամբողջ գյուղը։ Երբ ծերացավ, նրան փոխարինեց իր որդի Գորգեն, որն ինչպես Մարտոն, դարձավ այդ գյուղի ռեսը։

Երկրագործի աշխատանքը սուրբ էր։ Երբ ընտանիքի նահապետը կամ աշխատող ձեռքը դաշտից տուն էր մտնում, ամբողջ գերդաստանը, մեծ թե փոքր, ոտքի էր ելնում՝ իբրև հարգանք հողի աշխատավորին։

Հարսանիքին մասնակցում էր ամբողջ համայնքը։ Ամենապատվավորն այն տան պսակն էր, որի հարսանիքին յոթ սրինգ էր պայթել փոխնեփոխ փչելով։

Համայնքի անդամներից որևէ մեկի տունը այրվելիս կամ հուսինից* ու հեղեղից քանդվելիս, ամբողջ գյուղը միանում էր և նրա համար նոր տուն էր շինում։ Չքավորին օգնում էին. մեկը մի կտոր վարելահող էր տալիս, մյուսը՝ լծկան, երրորդը սերմացու, չորրորդը՝ մի կով, հինգերորդը՝ մեկ-երկու այծ կամ ոչխար։

Ընդհանուր աղետի կամ հարձակման ենթարկվելու դեպքում գյուղապետը կամ գյուղի իշխանը հրացան էր կրակում կամ մեկնումեկը մի քարափի կանգնած հարայ էր կանչում, և ամբողջ գյուղը՝ զինյալ ու անզեն, մի ակնթարթում ոտքի էր։

_______________________________
* Ձյան փլվածք
_______________________________

Սասնո մեջ Գելի կամ Գելիեգուզան գյուղի կառավարիչն էր Պետոյի տունը, Շենիքի մեջ՝ իշխան Գրքոյի տունը, Սեմալի մեջ՝ Քյաթիպ Մանուկի և Մարտոյի տները։ Տալվորիկի մեջ նշանավոր էին իշխան Մակարը, Համզեն, Թաթարը։

Տակավին երեսուն տարի առաջ «Արծվիք Տարոնոյ» մեջ դրված է Մուշի և մշեցու մասին. «Երանի մրջյունին և արոս թռչունին։ Մեկը իր կուտը կուտե, մյուսը իր սիրեկան ամուսինը իր հետ կպահե։ Երանի սարեկին, որ իր ձագերը իր ածածեն կծնե, և իր փետրիկներով զանոնք կծվարե, իր բնությունն ու լեզուն անոնց կուսուցանե և ազատ կթռցուցանե։ Մշեցի հայը քան զանոնք շատ թշվառ է... նա սուլթանի ճորտն է և աղայի գերին։ Ծեծ՝ ոսկորները փշրելու չափ, ստրկություն՝ գերությունից վատ։ Օ՜հ, այն դաշտի մեջ գըլգըլացող աղբյուրը, որմե ինքը ջուր կխմե, այն արտիկը, որու մեջ քրտնաթաթախ և արևակեզ ինքը վար կվարե և հունձ կհնձե, այն եզնիկը, որ իր ձեռքով կփայփայե, ասոնցմե և ո՛չ մեկը ալ իրեն չի մնար։

Մուշը մշավ, Տարոնը տարան, անոր բնակիչները հետզհետե փախան, շատերն անոթութենե մեռան... վերջին գուժաբերին կսպասեինք, որ գա և գուժե, թե ահա Տարոն տունը ամբողջը փլավ և յուր որդիք տակը մնալով՝ ողջ-ողջ մտան գերեզման»։

Բայց բարեբախտաբար վերջին գուժաբերը չեկավ։ Նրա փոխարեն ազգային զարթոնքի համբավաբերն եկավ։ Ազատության կոչնակներ հնչեցին, և տառապած մշեցին զարթնեց։

Այդպիսի մի փորձ եղել էր դեռևս ս. Կարապետի վանահայր Հովնանի օրոք։ Արտասովոր տարազով և անգլիական զենքով մեր երկիրն էր եկել Հովսեփ էմին անունով մի նշանավոր պարսկահայ։ նա Հալեպի վրայով բարձրացել էր Տարոն։

Խնուսի մեջ եղած միջոցին շատ հայ ռանչպարներ են հավաքվել նրա շուրջը։ էմինը Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» նրանց առաջ պարզելով՝ գոչել է» «Ինչու՞ եք դուք այսպես գերի մնացած, իսկ բեկերն ու աղաները այսպես զինված և իշխող ձեր աշխարհի վրա»։

Գյուղի քահանան, աստվածաշունչը ձեռքը բռնած, վճռաբար առաջ գալով պատասխանել է նրան.

— Մեր գյուղի և Տարոն աշխարհի պատվական հյուր, դու գալիս ես մի աշխարհից, որը մեզ անհայտ է, ինչպես որ դու չես ճանաչում մեր աշխարհը, որի մասին խոսում ես... Մեր պատվական հայ զավակ, սուրբ Աստվածաշնչի մեջ գրված է, թե 666 տարի հետո մեկը պիտի գա և ազատե մեզ օսման բռնակալությունից։ Դու, ըստ երևույթին, այդ մեկը չես, վասնզի շատ կանուխ ես եկել։ Գնա այն երկիրը, որտեղից շնորհ ես բերել։

Եվ Հովսեփ էմինը, զգալով, որ ինքը իսկապես շատ կանուխ է եկել, Հին Բայազետի վրայով Խնուսից մեկնել է էջմիածին։

Տարոնի ուժգին զարթոնքի կոչնակը հնչեց Հովսեփ Էմինից հարյուր տարի հետո։

Այդ տարիներին Մուշում հայ կուսակցություններ չկային։ Կար մի միություն՝ «Վարդան» անունով, որի նպատակն էր ազատագրել Տարոնի ժողովուրդը սուլթանի և թուրք փաշաների բռնակալությունից։ Ամեն ճնշված հայ գյուղացի և արհեստավոր, որ զենք էր վերցնում սուլթանի դեմ կռվելու, «Վարդան» միության անդամ էր։

1879-ին Մուշ քաղաքում հիմնադրվեց Միացյալ Ընկերության վարժարան, որ կոչվեց Կեդրոնական։ Մշո մեջ սկսվեց շինվել նաև մի վարժարան հայ օրիորդների համար։ Հայերի այս կրթական շարժումը գրգռեց սուլթանի պաշտոնյաների և քուրդ բեկերի նախանձը։ Շուկայից անցած պահերին, երբ Կեդրոնականի սաները իրենց թևերը համարձակ շարժելով երգում էին «Ո՛րն է աշխարհ Հայաստան», Մշո գաղտնի ոստիկանության պետ Հյուսնի էֆենդին առանձին աշխուժությամբ դիտում էր նրանց երթը, ասելով՝ թե «հայերը անկախության են ձգտում»։

Շուտով կատարվեց անսպասելին։

Երեք օր առաջ սուլթանի ժանդարմաները Սասնո լեռների մեջ ձերբակալել էին Միհրան անունով մի շրջիկ քարոզչի և բերել Մուշ։ Միհրանը առաջին գործիչն էր Տարոնում։ Անձամբ տեսա, թե ինչպես երկու կարգ ոստիկանների շարքի միջով քայլում էր Միհրանը՝ սասունցու տարազով, ոտքերը բոբիկ, գլուխը դրած ճերմակ արախչի, գրեթե կիսաբաց, սիգապանծորեն վեր բռնած, գրեթե ծիծաղերես։ Քաղաքի փողոցների երկու կողմերը բռնված էին մեծ բազմությամբ։ Միհրանին ներս բերին և այդ բազմության միջով ուղղակի վեր՝ կառավարչի ներկայությանը հանեցին։

Իսկ երեկ...

Երեկ ըմբոստ քարոզչին կառավարչությունից հանելով, իմ ղռան առջևով Բաղեշ տարան։ Իր հեծած ձիու վրա ոտքերը կապած լինելով՝ ոստիկաններից մեկի ձիու աքացու հարվածից իր մեկ ոտքը ջախջախված էր։ Եվ այդ ջախջախված ոտքով էլ նրան Բաղեշի բանտը տարան։

Քարոզչին ձերբակալելու հաջողությունից քաջալերված, Հյուսնի էֆենղու ազդանշանով, մի քանի տաքգլուխ երիտասարդներ Փորկանց աղբյուրի վրա հայ օրիորդների կժերը կոտրեցին։ Ջորաթաղի մեջ կանացի ճիչեր լսվեցին։ Մավի անունով մի չերքեզ աղջիկ (միակ չերքեզուհին մեր ամբողջ քաղաքում), որ նույնպես ջրի հերթի էր կանգնած, հայ կանանց հետ հարձակվեց ոստիկանների վրա և ստացավ դաշույնի երկու հարված...»։

— Նա մեռավ, քեռի, օրհնիր, որ գնամ, — գոչեցի ես՝ Բղեի թիկունքից առաջ գալով և ինձ նետելով նրա ծնկներին։

— Ո՞վ մեռավ, — շփոթահար հարցրեց քեռիս՝ իմ ներկայությունից անակնկալի եկած։

— Մավին մեռավ, Մանազկերտի սարերում տեսած այն աղջիկը, որ սիրում էր ինձ և մեր գաղտնի հանդիպումների ժամանակ նվիրել էր ինձ մի դաշույն։ Օրհնիր, որ գնամ։

— Դ՛եպի ու՞ր, — գոչեց Բդեն, հիշատակարանը ձեռքին ոտքի կանգնելով։

— Ուր որ բախտը և պարտքը կառաջնորդեն։

— Օրհնյալ լինես, զարմիկ, և աստված քեզ հետ, — հուզված ասաց նա, հուշամատյանը ձեռքի հետ իմ գլխին իջեցնելով։

Բդեի մոտից դուրս գալով ես քայլերս ուղղեցի դեպի Պաղորակ աղբյուրը։ Երկար նայեցի նրա ծորակի վճիտ ջրին և կռանալով՝ խմեցի։ Ապա շարժվեցի դեպի գետափի կանաչ բարդիները։

Մշո գետակը շառաչելով թավալվում էր իմ ոտքերի տակով։ Ա՜խ, այդ գետակը, այդ բարձրագոչ և մաքրամաքուր վտակն հայրենի։ նա հարավից էր գալիս և գնում դեպի հյուսիս՝ Ձորաթաղը երկու մասի բաժանած։ Ինչքա՜ն կամուրջներ էր քանդել նա, երբ գիժ էր, մանավանդ գարնանը հորդանալիս։ Հալչում էին Սիմ լեռան և Ծիրնկատարի ձյուները, և գետակն իր ափերից ելած՝ որոտալով անցնում էր քաղաքի միջով։

Ուր էր գնում՝ չգիտեմ։

Կեսօրին Փրե կամուրջի մոտ լողանալու կգան իմ խաղընկերները՝ Ճիրոն, Պստիկ Արամը և Շահկա Արոն ու ինձ այլևս այդ գետակի մոտ չեն տեսնի, ոչ էլ իմ շորերը կգտնեն նրա երկնասլաց բարդիների տակ։

Հայրենի քաղաքիս գետակը վերջին անգամ փայլեց աչքերիս առաջ և անհետացավ քեռի Բդեի ապարանքի ետևում։

ՍԱՄԻՐՈՎ ՃԱՇ

Քաղաքից հեռանալով, ես բռնեցի Քանասարի ճանապարհը։ Բայց հանկարծ վարանում եկավ վրաս։ Դեպի ո՛ր կողմը գնալ։ Բարձրանալ դեպի Սասուն, թե իջնել Մշո դաշտ։ Դեպի Սասուն գնալու համար ես պետք է բարձրանայի Սիմ լեռան լանջերն ի վեր և նրա գագաթներից մեկով, որ ճանճիկ էր կոչվում, շրջվեի Շենիք և Սեմալ գյուղերի վրա։ Մշո դաշտ գնալու համար՝ պետք է շարժվեի Քանասարի լանջերով՝ ուղղություն վերցնելով դեպի արևելք։ Քանի որ բռնել էի վերջին ճանապարհը, որոշեցի շարունակել այն։

Իմ ետևում մնաց Մուշ քաղաքը իր աղջկանց վարժարանի նորակառույց շենքով։ Այդ շինության վրա մի ժամանակ ես էլ էի աշխատում, օգնելով իմ Հովհաննես հորեղբորը, որ որմնադիր էր այնտեղ։ Քար ու շաղախ էի կրում, որ հայոց աղջիկները կարդան։

Քանասարի վրա մի նշանավոր վայր կար, որ Ծծմակա Քիթ էր կոչվում։ Ծծմակը քարքարոտ բազուկներից մեկն էր, որ կտրուկ իջնելով վերջանում էր Մշո դաշտի մեջ, Ալվառինջ գյուղի ետևում։

Երեք գյուղ կար Մշո դաշտում, ուր բնակիչները կաթոլիկ էին՝ Հավատորիկ, Բերդակ և Նորշեն։

Ես աննկատելի հասել էի վերջին երկու գյուղի սահմանագլխին և պատրաստվում էի Ալվառինջի մոտով դեպի Ծըծմակ բարձրանալ, երբ տեսա երկու մարդ վազում են իմ ետևից։ Մեկը նորշենցի էր, իսկ մյուսը՝ բերդակցի։ Նորշենցին միջակից քիչ ցածր էր, բարակ կեռ բեղերով, ձեռքին մի կծիկ պարան կար և մի քանի ցցափայտ։ Նա զայրացած վիճում էր բերդակցու հետ, որը ոչ մի կերպ չէր համաձայնում պարանի ծայրը բռնել։ Նրանք մեկ-երկու տեղով կանգ առան, նորից վիճեցին և համաձայնության չգալով՝ շտապեցին իմ ետևից։

— Երևում է դու մշեցի ես և քաղաքից ես գալիս, մի եկ էս չվանի ծայրը պահիր՝ սահմանը որոշենք, — ասաց նորշենցին, որին կոչում էին Ֆրանկ-Մոսո, և իմ թևից քաշելով պարանի ծայրը զոռով դրեց բռիս մեջ։

— Դե հիմա գնա դեպի Բերդակ գյուղի Սալով աղբյուրի կողմը։ Ես չվանը կամաց-կամաց կարձակեմ քո ետևից, որտեղ կասեմ՝ կանգնիր, կկանգնես, — ասաց Ֆրանկ-Մոսոն և իր մոտի ցցափայտերը ինձ տալով՝ հրամայեց, որ առաջանամ։

Վերցրի ցցերն ու գլուխս դեպի նրա ցույց տված կողմը ուղղելով, շարժվեցի առաջ, իմ ետևից քարշ տալով պարանը։

— Էդտեղ կանգնիր, — գոռաց Ֆրանկ-Մոսոն իմ ետևից և դառնալով բերդակցուն՝ ասաց. — երկայնքը վաթսուն չվան է, իսկ լենքը եղավ քսան չվան ու կես։ էլի՛ գնա, — հրամայեց նորշենցին, ու ես, պարանի ծայրը մեջքիս ետև բռնած, ցցերը թևատակիս շարժվեցի առաջ։

— Էդտեղ կանգնիր։ էս եղավ հիսուներկու չվան ու կես, — ազդարարեց նորշենցին։

— Իսկ հիմա երեք չվան ետ արի ու գնա դեպի Նորշենի կողմը, — կարգադրեց բերդակցին՝ պարանի ծայրը նորշենցու ձեռքից բարկությամբ վերցնելով։

Այս անգամ ես կատարեցի բերդակցու հրամանը։ Այդ մարդիկ ինձ այնքան տարան ու բերեցին մերթ դեպի Բերդակի, մերթ դեպի Նորշենի կողմը, որ ես հոգնեցի քարափից-քարափ գնալով, մի հանդից մյուսը վազվզելով։

Նորշենցին ու բերդակցին նորից սկսեցին տաքացած վիճել։ Բերդակցին բարկությունից նորշենցիներին անվանում էր «գրիրա (կրյա) ուտող), իսկ նորշենցին բերդակցիներին՝ «շաղգամ ուտող գավռցի”, և քիչ մնաց գործը տուրուդմբոցի հասներ»

Պատմությունը իմացա։

Այս երկու գյուղերի միջև սահմանային վեճ կար։ Մեկը մյուսի սահմանաքարերը հանելով՝ գիշերով գաղտնի փոխադրում էր մյուսի կողմը՝ հանած քարերի հետքերը վարպետորեն ջնջելով։ Սահմանային այդ վեճը այնպիսի սուր բնույթ էր ընդունել, որ նույնիսկ կռիվներ էին տեղի ունեցել մեկ-երկու քարափի կամ խանդակի համար։ Մի քանի անգամ պաշտոնական մարդիկ էին եկել կենտրոնից և չէին կարողացել հաշտություն կայացնել դրանց միջև։

— Չեղա՜վ, — ասել էր բերդակցին։

— Չեղա՜վ, — պնդել էր նորշենցին։

Եվ ահա այս երկու հարևան գյուղերի ներկայացուցիչները համայնքների կողմից լիազորված իջել էին դաշտ՝ իրենց գյուղամիջյան սահմանը վերջնականապես ճշտելու։ Եվ որովհետև բերդակցիները գավառի, այսինքն Սասունի կողմից գաղթած լեռնականներ էին և իրենց շաղգամի արտերը և խոտհարքները չափում էին պարանով, ինչպես իրենց պապերն էին արել, ուստի բերդակցին առաջարկել էր սահմանային վեճը լուծել անպայման պարանի օգնությամբ։

Նորից ինձ տարան ու բերին քարափից-քարափ և այնքան վիճեցին, որ իրենք էլ հոգնեցին, ես էլ։ Երբ չվանը տանում էի դեպի Բերդակի հողային տարածությունները, բերդակցին էր գոռում նորշենցու վրա, երբ Նորշենի կողմն էի տանում, նորշենցին էր նեղանում ու խռոված հեռանում։

— Չեղա՜վ, — ասում էր բերդակցին։

— Չեղա՜վ, — պնդում էր նորշենցին։

Պաշտոնյաներից մեկը արել էր այսպիսի մի առաջարկություն. «Գնացեք ձեր տները, ամեն մեկդ ձեր ուզած ձևով մի ճաշ եփել տվեք, լցրեք հողե ամանների մեջ և նույն ժամին հավասար քայլով ճամփա ընկեք դեպի դաշտ։ Որտեղ ձեր ճաշերը սառեցին, այնտեղ էլ կդրվի ձեր սահմանը»։

Տեսան, որ համաձայնության չեն գալիս, որոշեցին հարցը այդ ձևով կարգավորել։ Ինձ վկա գրեցին վիճելի սահմանի վրա, մոտս թողնելով պարանի կծիկն ու ցցափայտերը, իսկ իրենք գնացին, մեկը՝ դեպի Բերդակ, մյուսը՝ Ֆրանկ-Նորշեն։

ճիշտն ասած, ես էլ դեմ չէի, որ հարցը այդ ձևով լուծվի, որովհետև այդ գյուղերի հանդերը չափչփելով այնպես էի հոգնել ու քաղցել, որ սիրով կուզենայի բաժին ունենալ նրանց եփած ճաշերից։

Ես այդտեղ սպասեցի մինչև եղավ կեսօր։ Մեկ էլ վեր նայեցի՝ տեսնեմ գալիս են, բերդակցին՝ Բերդակի կողմից, Ֆրանկ-նորշենցին՝ Նորշենի։ Գալիս էին հավասար քայլով, ինչպես պայմանավորվել էին, և հանդիսավորությամբ, ամեն մեկի ետևից մի քանի մարդ և կին իբրև վկա, նաև երեխաներ, ամանով ճաշերը իրենց կրծքի առաջ երկու ձեռքով պահած։

Հանկարծ Ֆրանկ-Մոսոն իրենց սահմանի մեջ շփոթված կանգ առավ։ Նրա եփած ճաշը ձվածեղ էր և սառել էր դեռ չհասած նույնիսկ նախկին սահմանին։ Իսկ բերդակցու կինը խորամանկ էր եղել և եփել էր սամիրով ճաշ։ Սամիրը դեղին կորեկի տեսք ունեցող գավարսն է։ Ծեծում են և նրանից եփում են թանով սամրե ճաշ, որ երկար ժամանակ տաք է մնում։

Բերդակցին անցավ իրենց գյուղի նախկին սահմանը և Հաղթական շարժվեց դեպի նորշենցու կանգնած տեղը, մի քանի ոտնաչափ խորանալով հարևան գյուղի հողային տարածության մեջ։ Ես ցիցը տարա և ամրացրի Ֆրանկ-Մոսոյի կանգնած տեղում։

Այդպես հաջորդաբար ամրացրի նաև մյուս ցցերը։

Ու սահմանը որոշվեց ժողովրդական հավատքի ուժով՝ համաձայն պայմանի։

Ձվածեղը բերդակցին կերավ, իսկ սամիրով ճաշը բաժին ընկավ ինձ։

— Վա՜յ, Կաքավ, Մոկնաց Հովհաննեսի աղջիկ, էս չվանի մեջ ավելի շատ խելք կա, քան քո գլխի, — բացականչեց Ֆրանկ-Մոսոն իր կնոջ հասցեին, պարանի կծիկն ու մնացած ցցերը իմ ձեռքից առնելով։ — Աշխարհը քո սիրուն երեսին նայի, թե քո բռնած գործին։

— Կնոջ խելքը բնովի է և ոչ թե գնովի, — վրա թերեց բեր՜դակցին մանրիկ ծիծաղելով։

Թեպետ հողային սահմանը երկու գյուղերի միջև վճռվեց իրենց պայմանավորված ձևով, բայց ես զգացի, որ Ֆրանկ-նորշենցիները դժգոհ մնացին արդյունքից և նրանցից մեկը նույնիսկ ոտքով աննկատելի զարկեց իմ ձեռքին, երբ ես կռացած վերջին ցիցն էի ամրացնում։

Կողմերը շարժվեցին դեպի իրենց գյուղերը, բերդակցիներր ուրախ տրամադրությամբ, նորշենցիներր տխուր։

Ամենից տխուրը Ֆրանկ-Մոսոն էր։ սա քայլում էր գլուխը կախ, կարծես ամաչելով գյուղ մտնել։

Իսկ իմ մտքերը ուրիշ տեղ էին։

Դաշտեցի այդ երկու հողագործների միջև ծագած վեճը ավարտված համարելով, ես իմ կապոցը վերցրի և Բերդակ գյուղի տակով քայլերս ուղղեցի դեպի Ծծմակի բարձունքները։

ՏԵՐԳԵՂԱՆՔԻ ԳԻՇԵՐԸ

Ծծմակի գագաթի մոտ մի բարձր քարաժայռ կար։ Մագլցեցի վեր և նստեցի այդ ժայռին։ Կողքիս մի խոր կիրճ էր բացվում, երևում էին վիհեր, անձավներ։ Այդ կիրճն ու վիհերը համարվում էին Մշո դաշտի բուք ու բորանի որջերը։ Այդտեղից էին ամպրոպն ու մրրիկը որոտմունքով խուժում դաշտի վրա։

Ծծմակը հայտնի էր իր կաքավներով, որոնք վաղ արևածագից մինչև ուշ մայրամուտ կվկվում էին ձորերի ու ծերպերի մեջ, իրենց գունագեղ փետուրները ժայռերին թափելով։

Վարժապետ Սենեքերիմը պատմում էր, որ երբ Մշո դաշտի հեթանոս տաճարները կործանվեցին, նրանց քրմերն ու քրմուհիները քարակաքավներ դարձան ու թռան դեպի ապառաժոտ բլուրները։ Նրանց մի մասը թաքնվեց Ծծմակա Քթի ծերպերի մեջ։

Ահա նրանք խմբերով բխում են Ծծմակի քարուտներից և, խախաբալով ու զգույշ պտույտներ գործելով արևի տակ՝ մայրամուտից առաջ շտապում են թաքնվել իրենց խոռոչներում։ Մի քանիսը ուղղակի իմ ոտքի տակից թռան և ոլորապտույտ գլորվեցին դեպի ձորը։ Ես նայում եմ նրանց և մի տեսակ սրբազան ղող է պատում ինձ. մի՞թե իսկապես դրանք այն հին քրմերի ու քրմուհիների վերափոխված մնացորդներն են։

Բարձր քարաժայռին նստած ես երկար նայեցի Մշո դաշտին։ Բայց դաշտի առաջին բնակիչները, ըստ ավանդության, եղել է Սիմ նահապետի սերունդը, որ ջրհեղեղից հետո բնակություն է հաստատել Մշո թիկունքի լեռներին, որոնք նրա անունով այնուհետև կոչվեցին Սիմ։ Սիմ նահապետի կրտսեր որդի Տարբանին բաժին ընկավ այդ լեռների առաջ տարածված հարթությունը. այն էլ նրա անունով կոչվեց Տարբանի կամ Տարոնի դաշտ։

Մի ուրիշ բան էլ էր պատմում պարոն Սենեքերիմը։ Ոչ, սխալվեցի, այդ պատմողը Մելքոն վարժապետն էր, «Ռանչպարների կանչի» հեղինակը։ նա ասում էր, որ Մաշտոցի գրերից առաջ Հայաստանում եղել են քարե հեթանոս մատյաններ։ Երբ թշնամին մտել է Տարոն և սկսել է դրանք ջարդել, նրանց միջի բոլոր գրերը մի ակնթարթում դարձել են մեղուներ և աղմկալի դուրս փախչելով քարե մատյաններից՝ պարս են կապել Ծծմակի և Ծիրնկատարի ապառաժներին։

— Գնացեք դեպի Ծծմակի կողմերը։ Առաքելոց վանքի ճանապարհին, ուր Արաբոյի քարն է, — աչքերը սրբելով ասաց մի անգամ Մելքոն վարդապետը, — իր մոլեգին սլացքի մեջ անշարժացած մի գագաթ կա թուխ ժայռերով, որ կոչվում է Մեղրի քարեր։ Դա մեղրաճանճեր դարձած մեր հին ու հալածական գրերի հավերժական բնակավայրն է։ Իմաստության փոխարեն նրանք այժմ որձաքարերի խոռոչներից կախված մեղր են շինում մարդկանց համար։

Ծծմակա Քթի մեծ ժայռին նստած նայում եմ Մեղրի քարերին։ Մեղուները մայրամուտի ցոլքերի մեջ վերջին պտույտներն են գործում իրենց քարե փեթակների շուրջ։

Ալվառինջ գյուղը իմ աչքի առաջ է։ Դեպի աջ Տերգեվանքն է, իմ մորաքրոջ գյուղը։ Գինեվարդ մորաքույրս խաշած ցորեն է փռել տանիքին։ Սարի կողերով շինականներ են իջնում դեպի գյուղ։ Առաքելոց վանքից են գալիս։ Գնացել են մոմեր վառելու Դավիթ Անհաղթի գերեզմանին։ Մորաքույրս ինձ մի օր վանքում տեսնելով՝ ասաց. «Դու էլ մի մոմ կպցրու Անհաղթի խաչքարին»։ Ես ասացի՝ թող տերգեվանքցիք կպցնեն, իրենց գյուղումն է ծնվել։ «Ինչի, դու հայ չե՞ս», նեղացավ վրաս Գինեվարդ մորաքույրս և մի դեղնամոմ վառելով՝ տվեց ձեռքս, ինձ տանելով դեպի վանքի արևելակողմը և չոքեցնելով մի հին խաչքարի առաջ։

Այնքան հափշտակված էի Ծծմակից դեպի Մեղրի քարերը և Ալվառինջ ու Տերգեվանք գյուղերը բացվող տեսարանով, որ աննկատելի իջավ երեկոն։ Նախ թանձր մթնեց, ապա երկնքի չորս կողմը առկայծեցին աստղերը, ասես իրարից լույս առնելով։

Գեղեցիկ է գիշերը Մշո դաշտում։

Ահա իմ գլխավերևում կանգնած է Հակոբի ցուպը։ Կաթնագույն Հարդագողի եզերքին հետզհետե կամար կապեցին Լուծքն ու Կշեռքը։ Մեկը Հավատամք լեռան ետևից ելավ, մյուսը՝ Մանազկերտի բերդի։ Լուծքի աստղերը ես հիանալի զանազանում եմ իրարից։ Դրանք յոթ սանամոր աստղերն են՝ Մեծ Արջը։ Յոթից առաջինը Մաճկալն է, մի զույգ գոմեշ և մի զույգ եզ լծած։ Վեցերորդը՝ Հոտաղն է Լուծքին նստած, իսկ յոթերորդը՝ զատվորն է, որ մաճկալի և հոտաղի համար հաց է բերել դաշտ։ Զատվորի կողքին հազիվ նշմարվող մի ուրիշ աստղիկ էլ կա, դա էլ զատվորի շնիկն է։

Շուտով կերևա Բույլքը։

Ուղիղ իմ դիմաց կարմրավուն փայլով շողշողում է մի սիրուն աստղ, որ մի քիչ առաջ Նեմրութի թիկունքից ցատկեց երկինք։ Դու նրան մի շփոթիր Լուսաստղի հետ։ Դա Քարվան-Կորուսն է, որով շատերն են մոլորվել ճանապարհներին։

Ցուլի պարանոցի վրա վառվեցին Բույլքի աստղերը։ Լուսինն ու Լուսաստղը ելան։ Ծծմակի քթին նստած տեսնում եմ, թե ինչպես Լուծքն ու Կշեռքը, Լուսաստղն ու Քարվան-Կորուսը փայլփլելով դանդաղորեն շարժվում են Մշո դաշտի վրայով։

Մի աստղիկ դեմ է առել Մեղրի քարերին և շունչը պահած նայում է Սիմ լեռան քերծերից իրեն ժպտացող մի ուրիշ աստղի։

Ուշ գիշեր է։ Ինչ-որ մեկը իր արտն է վարում դիմացի լանջին։ Երևի Ալվառինջի շինականներից է։ Այնպես պարզ լսվում է գութանի ճռռոցը գիշերային խաղաղության մեջ։ Եզները հոգնած շարժվում են լեռան կողերով։ Ես տեսնում եմ նրանց կարճ ու կեռ եղջյուրները, որ մերթ ստվերի մեջ են ընկնում և մերթ ուժգին փայլում լուսնի տակ։

Գնացի բռնեցի գութանի մաճը և մինչև լուսադեմ վարեցի։ Բույլքը այնպես պայծառորեն շողում է երկնքում։ Այդ այն ժամն է, երբ ուղևորները ասում են իրար, «Վե՛ր կացեք, Բույլքը ելել է, ճանապարհ ընկնելու ժամանակ է»։

Բայց ես ու՞ր պիտի երթամ և ո՞րն է իմ ժամը ճանապարհ ընկնելու։

Երբ վեջին անգամ նայեցի դեպի երկինք, Մաճկալն անհետացել էր՝ իր հետ տանելով զույգ լծկանին, հոտաղին և զատվորին։ Շնիկն էլ չկար։ Կշեռքն ու Լուսինն էլ չէին երևում։ Մնացել էր միայն Լուսաստղը։ Ես Ալվառինջի շինականին թողեցի իր կարճ եղջյուրներով եզների հետ և Լուսաստղի լույսով շարժվեցի Ծծմակն ի վեր։

ԱՐԱԲՈ

Ծծմակի կողմերով մի կածան էր ոլորվում դեպի վանքի կողմերը։ Բռնեցի այդ կածանն ու գնացի։ Հասա Մեղրի քարերին և Ծիրնկատարի լանջերով բարձրացա վեր։ Հանկարծ կածանը չքացավ, ու դեմս ցցվեց ծառերով ծածկված մի ապառաժ։ Նստեցի այդ քարին, որ հանգստանամ։ Չնկատեցի, թե ինչպես նիրհը հաղթեց ինձ, ու ես այդ քարին ընկած քնեցի։

Երազ տեսա։ Երկու տղամարդ կուզեկուզ գալիս էին Ծծմակի կողմից։ ճանաչեցի։ Մեկը պարոն Սենեքերիմն էր, իսկ մյուսը՝ Մելքոն վարժապետը։ Առաջինը վազեց կաքավների ետևից։ Մեկ-երկուսին բռնեց դրեց ծոցը, իսկ մյուսները խախաբալով փախան թաքնվեցին ծերպերում։ Երկրորդը մոտեցավ Մեղրի քարերին։ Վերարկուի տակ աման կար։ Բռնեց ժայռերից ծորացող մեղրի դեմ։ Մեղուները պարսերով եկան լցվեցին ամանի մեջ։ Մեկ էլ տեսնեմ՝ ի՜նչ աման, ի՜նչ բան։ Մելքոն վարժապետի ձեռքին Նարեկն է ու աստվածային մեղուները մեջը կողք-կողքի շարված։

Ու մի ծանոթ ձայն է հնչում ականջիս. «Գոնե այնքան սովորեիր, որ կարողանայիր Նարեկը և Րաֆֆու «Խենթը» կարդալ»։

Երբ արթնացա՝ Լուսաստղը չկար։ Եվ մենության մեջ սարի վրա ահավոր մտքեր պաշարեցին ինձ։ Չէ որ այդ վայրը կապված էր քաջ Արաբոյի անվան հետ։

Արաբոյի անունը վառել էր իմ մանկական երևակայությոuնը։ Յոթ տարեկան էի, երբ առաջին անգամ ինձ պատմեցին Արաբոյի և նրա ձիու՝ Տիլիբոզի մասին։

Արաբոն կարմիր իրիցոu տներից էր, Բռնաշեն գավառակի Կուռթեր գյուղից։ Մկրտության անունը Առաքել էր։ Ասում էին, որ նա ապրում է Առաքելոց վանքի մոտերքը՝ դարավոր ծառերով ծածկված մի քարայրի մեջ։ Ձմեռը մշակություն է անում Հալեպում, իսկ ամառները զենքը ձեռքին կռվում է քրդական աշիրեթների և տաճիկ հարստահարիչների դեմ՝ իրեն զինակից ունենալով Մխո Շահեն անունով տերգեվանքցի մի երիտասարդ։ Որ ինքը և Մխո Շահենը ահաբեկում են իշխանավորներին, կողոպտում նրանց քարավանները և ավարը բաժանում չքավոր գյուղացիներին։

Արաբոյի հայրը մի անգամ տեղեկանում է, որ իր որդին գնացել է Կովկաս։ Ենթադրելով, որ որդին պետք է մեծ հարստություն դիզած լինի և նրա բեռնված քարավանը շուտով հասնելու է Մուշ, գնում է, որ նրան օգնի քարավանը բերելու։ Մի ծանոթի միջոցով իմանում է, որ Արաբոն Կարս քաղաքի ճամփեզրին նստած մուրճով քար է ջարդում խճուղի շինելու համար։ Ծերունին մեջքից ճանաչում է զավակին և մոտենալով ասում է. «Առաքել, լաո, էդ ղու՞ն ես, որ քար կջարդես։ Ապա ու՞ր են քո քարվանները, որ Կովկասեն Մուշ պիտի բերեիր։ Թու՛հ, մորդ կաթը հարամ լինի վրադ»։ Ու հայրը առանց որդու երեսին նայելու Կարսից վերադառնում է Բռնաշեն։

Արաբոյի և իմ տեսած երազի մտքերով էի տարված, երբ գեղադեմ մի ձիավոր, իրեն թամբից վայր նետելով, ձիու սանձը բռնած՝ մոտեցավ ինձ։ Հագած էր կիսաթև աբա, գլխին՝ կարմիր արախչի, ոտքերին՝ տրեխներ բրդյա գուլպաներով, թևին՝ բերդանկի։

— Դու ի՞նչ գործ ունես այս քարի վրա, — հարցրեց նա, կռանալով վրաս։

— Նստեցի, որ հանգստանամ։ Քաջ Արաբոյի մասին էի մտածում ։

— Արաբոն ես եմ և սա իմ քարն է։ Որտեղացի՞ ես։

— Մշեցի։

— Սրտոտ տղա ես երևում, որ եկել նստել ես այս քարին։ Իմ ձին պահիր, ես հիմա կգամ, — ասաց ու սանձը ինձ հանձնելով՝ աներևութացավ։

Նայում եմ՝ սանձը բռիս մեջ է, իսկ ինքը չկա։ Աչքերս շաղվեցին։ Մի՞թե սա Արաբոն էր։ Ու՞ր գնաց։

Տեսնեմ՝ գետնի տակից մի խուլ ձայն է գալիս» «ձին քաշիր Մեղրի քարերի մոտ»։ Մի դող եկավ վրաս։ Կանչը նորից լսվեց» «Զին քաշիր Մեղրի քարերի մոտ»։

Զիու սանձր բռնած իջա դեպի Մեղրի քարերը։ Հասա ճիշտ այն կետին, որտեղ քիչ առաջ Մելքոն վարդապետն էր կանգնած երազիս մեջ։ Մեղուները տենդագին պտույտներ էին գործում երկնասլաց ժայռերի շուրջ։ Կաքավները ծերպերից բխելով լցվել էին ձորերը։

Ու հանկարծ մեկը ետևից ձեռքը դրեց ուսիս։

Արաբոն էր։

Ինչպես Հայտնվեց՝ չիմացա։

Արաբոն ինձ նստեցրեց Տիլիբոզի թամբին, և մենք Մեղրի քարերի տակով ընկանք ճանապարհ։ Ուր էր գնում նա, ուր էր տանում ինձ՝ չգիտեի։ Ամբողջ ժամանակ մենք գնում էինք անտառների միջով։ Նա այդ անտառներով անցնում էր իբրև այդ երկրի տերը, համարձակ և անվախ, և ոչ մի իշխանավոր չէր հանդգնում նրա առաջ ելնել։ Ընթացքի միջոցին, մեկ էլ տեսար, ձին թափով կանգնեցնում էր որևէ ընկուզենու տակ և ծառաբնից մի կտոր չորացած աբեթ պոկելով դնում էր կայծքարին ու չախմախը զարկում։ Տեղ-տեղ նա երգելով էր գնում, ձայնը գցելով, տեղ-տեղ էլ՝ հանգիստ ծխելով և դանդաղ պատմելով բեկերի և աշիրեթների դեմ մղած իր անթիվ կռիվներից, թե ինչպես շեյխի կամ աշիրեթապետի տարազով ծպտված ներկայացել է այս կամ այն գյուղի վայրագ բռնակալին և ոչնչացրել նրան իր ապարանքի մեջ։

Անհավատալի էր ուղղակի, որ ես գտնվում էի այդ հերոսական մարդու նժույգին, որին երազում նույնիսկ չէի կարող այդքան մոտիկից տեսնել։ Մի քանի անգամ նա իր կարմիր արախչին դրեց գչխիս և ես ինձ այնքան հպարտ էի ըզգում, որ պատրաստ էի նրա հետ մինչև աշխարհի ծայրը գնալ։

Անվեհեր նշանառու էր Արաբոն, և առաջին իսկ օրը նա ինձ սովորեցրեց հմուտ հրաձիգ դառնալ։ Իր բերդանկին մեկ կրականի էր. տալիս էր իմ ձեռքը և, կողքիս կանգնելով վարժեցնում էր ինձ անվրեպ կրակելու ձևերին։ Մի ուրիշ վարժություն էլ սովորեցրեց. ինչպես մագլցել ժայռից-ժայռ և ձիով թռիչք գործել կիրճերի և անդունդների վրայով։ Արաբոյի սիրած վայրերից մեկը Շմլակ գյուղի կիրճն էր, որ տանում էր դեպի Բռնաշեն։ Այդտեղ ճանապարհը շատ նեղ էր և լեռը կոչվում էր Խաչասար։ Շատ կարմիր ալուջ կար Խաչասարի անտառներում, և Արաբոն ինձ հաճախ տանում էր այդ կողմերը ալուջ ուտելու։ Բայց ամեն անգամ այդ ճանապարհով անցնելիս տխրում էր Արաբոն։

Կարմիր իրիցու տան «Կոճղեզ» ավետարանը պահվում էր Արաբոյի տան տոհմական սնդուկի մեջ, Կուռթեր գյուղում։ Այնքան զորավոր էր, որ հին խութեցիները կռվի գնալուց առաջ նրա վրա երդվել էին։ Սուրբ Կարապետի վանահոր առաջարկով Արաբոն այդ ավետարանը տանում է վանք, որ սուլթանի դեմ զենք վերցնող ռանչպարները աստվածաշնչի փոխարեն նրա վրա երդվեն։ Կապում է ձիու թամբին և տանում։ Զին արագ քշելիս՝ «Կոճղեզը» ընկել էր թամբից և կորել կիրճի ճանապարհին։

— Ա՜յ, այստեղ կորավ, — ասում էր Արաբոն, մատնացույց անելով ինձ անտառի նեղ կածանը կարմիր ալուջների ձորում։

Արաբոյի հետ ձի հեծած Բռնաշենի լեռներով գնալը իմ առաջին ղասն էր, հայոց պատմության առաջին անմոռանալի դասը։

Արաբոյի երազն էր Սասունում ստեղծել Տալվորիկ անունով մի իշխանապետություն, դրա մեջ միավորելով Սասնո և Մշո դաշտի բոլոր բերդերը։

Բերդե՛ր։

Աստված իմ, որքան շատ էին դրանք։ Ամեն սարի ու սարավանդի վրա մի բերդ կամ բերդամրոց կար։ Մշո հովտի վրա շինված էր Մուշեղի բերդը։ Մոկնաց հովտի մեջ երևում էին Մոկնաց բերդի ավերակները։ Ալվառինջի մոտ՝ Պստիկ բերդը։ Բերդակի դաշտահովտի մեջ՝ Խասգյուղի վերևում, խոյանում է առեղծվածային Սմբատաբերդը։ Հենց որ Տիլիբոզը մոտենում էր այդ բերդին՝ սկսում էր խրխնջալ և սմբակներով կատաղորեն դոփել նրա քերծերը։

Մի օր Արաբոն ինձ Տիլիբոզի թամբին առած բարձրացավ Սմբատաբերդի գագաթը և այդտեղից, Սասնո լեոների միջով, ձին քշեց մինչև Փրե-Բաթմանի կամուրջը, Տիգրիսի հովիտն իջնող ճանապարհի վրա։

— Սա է իմ իշխանության սահմանը, — ասաց Արաբոն, ձին կանգնեցնելով կամուրջին։

Կամարներին բախվող ամեհի ջրերի որոտից ձին ծառս եղավ կամրջի վրա։ Մի ակնթարթ՝ և ես թամբից պոկվելով կանհետանայի գետի հորձանքների մեջ, եթե Արաբոն ինձ չբռներ։

— Բաթման անունով կամուրջ շինող մի հայտնի վարպետ կար, — ասաց Արաբոն, — կարմիր իրիցու ավետարանի մեջ է գրված։ Սասունցիք դիմեցին նրան՝ թե եկ, մեր գետի վրա կամուրջ կապիր։

— Ձեր գետի անունը ի՞նչ է, — հարցրեց Բաթմանը։

— Սասնա գետ։

— Որտեղի՞ց է բխում։

— Մարաթուկի և Ծովասարի գագաթներից։

— Կկապենք, — ասաց Բաթմանը։

Քարհանքը Ֆարխին քաղաքի մոտ էր։ Չափն առավ ու

հիմքը գցեց։

Հաջորդ օրը եկավ տեսավ իր շինած հիմքը չկա։ Երկրորդ և երրորդ անգամ գցեց՝ դարձյալ չդիմացավ։ Ու զարմացավ Բաթմանը իր վարպետության վրա։

Մի ծերունի երազի մեջ եկավ՝ ասաց նրան.

— Սասնա գետին հիմք չի դիմանա, Բաթման։ Սրանց երկրի ջուրը որձ է։ Եթե կուզես, որ քո շինած կամուրջը Սասնա ջրին դիմանա, նրա հիմքում դիր առավոտյան առաջին հանդիպած շնչավորին և որմը նրա վրա շինիր»։

Առավոտյան Բաթմանը աշխատանքը սկսելիս տեսավ սիրած կինը կերակուրը ձեռքին, շունը ետևից՝ գալիս է։ Հուզվեց Բաթմանը։ Շունն առաջ անցավ։ Ուրախացավ վարպետը։ Բայց հաց բերող կինը անհամբեր էր։ Ոտքը շտապելուց դիպավ քարին և կերակուրը թափվեց։ Շունը զբաղվեց կերակուրը լիզելով։ Փրեշան հասավ ամուսնու մոտ։ Մռայլվեց Բաթմանը։ Կինը հարցրեց տխրության պատճառը։ Վարպետը պատմեց իր տեսած երազը։ Կինը ասաց. «Մահը մահ է, շինիր քո կամուրջը»։

Բաթմանը կնոջը դրեց շինվածքի հիմքում և որմը շարեց։

— Եթե աստված չքանդի, քանի աշխարհը կանգուն է, էս կամրջին քանդվել չկա, — ասաց վարպետը և իր շինած կամրջի տակով անհետացավ գետի հորձանքի մեջ։ Այդ օրվանից կամուրջը կոչվեց Փրե-Բաթման վարպետ Բաթմանի և. իր կնոջ անունով։

Արաբոն ինձ մի քանի անգամ տարավ-բերեց այդ կամուրջի վրայով և Սասնա ներքին դաշտից ձին քշեց դեպի Տալվորիկ։

Գիշերը անցկացրինք Զկնգոլում։

Այդ աղբյուրը գտնվում էր Ծիրնկատարի լանջին։ Նրա վերևով անցնում էր Սասունից Մուշ և Մուշից Սասուն տանող լեռնային ճանապարհը՝ բարձր գագաթներով։

Լուսաբացին Արաբոյի հետ Զկնգոլից հասանք Ծիրնկատար և նրա բարձունքից դիտեցինք արևածագը։ նա, ով չի տեսել արևածագը Ծիրնկատարից, թող երբեք չասի, թե ինքը ապրել է աշխարհում։

Անկարելի է այդ վայրով անցնել և չիջնել Կորեկ աղբյուրի վրա։ Մենք էլ իջանք։

Արաբոն Տիլիբոզին կապեց արոտ և շտապեց աղբյուր։ Կռացավ, կարմիր արախչին լցրեց ջրով և խմեց։ Մի գդակ ջուր էլ ինձ տվեց։ Գրեթե բոլոր խութեցիք այդ ձևով էին ջուր խմում։

Բերդակի հանդում կերած սամրե ճաշից հետո ես դեռ տաք ճաշ կերած չկայի։ Երկուսս էլ քաղցած էինք, իսկ մեր ունեցածը կորեկ հաց էր. փոքրիկ չոր գնդեր՝ քարի կարծրությամբ։

Այդ հացը լավ է կաթի հետ։

Արաբոն ինձ ուղարկեց հովիվներից կաթ բերելու, իսկ ինքը, աջ թևը զենքի վրա բարձ արած, պառկեց հանգստանալու։

Բավական հեռացել էի, երբ ինձ թվաց իմ ետևում ձիու խրխինջ լսվեց։ Ետ դարձա, տեսնեմ մի զինված տղամարդ ձախ ոտքը հասցրել է Տիլիբոզի ասպանդակին և փորձում է թամբին բարձրանալ։

— Արաբ՜ո, Տիլիբոզին փախցրին, — գոռացի ես հեռվից և արագ նետվեցի դեպի ձին։ Իմ գոռոցից Արաբոյի վեր թռչելն ու մի կարծր գունդ ավազակի քունքին զարկվելը՝ մեկ եղավ։ Գողը անշնչացած փռվեց խրտնած նժույգի սմբակների տակ։

Ես շատ զարմացա, թե Արաբոն ինչով սպանեց հափշտակիչին, որովհետև իր պառկած տեղում միայն ծաղիկ էր ու կանաչ։ Քար ու կոշտ չկար։

— Ինչո՞վ սպանեցիր, — հարցրի։

— Կորեկ հացով։

Ժամանակ չկար այլևս կաթի ետևից գնալու։ Նստեցինք աղբյուրի մոտ և կորեկ հացի վերջին կոշտերը ջրի մեջ թաթախելով կերանք։

Ու լուր տարածվեց, որ կարմիր իրիցու Արաբոն մի կտոր կորեկ հացով սպանել է իր ձին հափշտակելու եկած բագրևանդցի մի քրդի։

Այդ օրվանից այդ աղբյուրի անունը մնաց «Կորեկ աղբյուր»։ Թեպետ այդպիսի զրույց պատմում էին Աղբիկ գյուղացի մի քաջ սասունցու մասին, բայց իրապես այդ աղբյուրի անունը առնչվեց Արաբոյի հետ պատահած դեպքին, որին ես անձամբ ականատես եղա։

Ընդամենը մի տարի եղա Արաբոյի հետ Բռնաշենի լեռներում։

Մի առավոտ Արաբոն շատ կանուխ արթնացավ։ Ես բռնեցի ասպանդակը և նա թռավ Տիլիբոզի թամբին։ Զգում էի, որ հեռու տեղ էր գնալու։ Գնալուց առաջ ծոցից հանեց ընկույզի փայտից շինած մի ծխատուփ և մեկնելով ինձ՝ ասաց.

— Կգնաս Կարմիր Ծառ և ինձ համար թութուն կբերես։ — Ապա ավելացրեց.

— Եթե ինձ չտեսնես՝ բերածդ կտանես Աղբյուր Սերոբին։ Նրա տեղը Սողորդն է, կողմը՝ Խլաթ։

Հետևյալ օրը ես առա Արաբոյի մահվան լուրը։ Քոսուրա սարի վրա կա մի ձոր։ Կոչվում է Գյալառաշ (Սև բերդ)։ Արաբոն զոհվել էր այդ ձորի մեջ 1895 թվականին, երբ քրդական տարազ հագած, իր հինգ ընկերներով, քնից նոր արթնացած անհավասար կռվի էր բռնվել մի ավազակախմբի հետ։

Սպանվելուց հետո նրա զենքը տեսել էին հասնանցի մի քրդի ձեռքում։

Բայց ես կատարեցի նրա պատվերը։

ԴԵՊԻ ԿԱՐՄԻՐ ԾԱՌ

— Կարմիր Ծառ, ու՛ր ես, եկա՛, — ասացի ու ելա ոտքի։ Ծծմակից իջա Մշո դաշտ և դեպի արևմուտք գնալով՝ Աջմանուկ և Քարձոր գյուղերի տակով հասա Խորոնք։ Խորոնքի վերևում Կարմիր Ծառն էր, որին օտարները Ղզլաղաճ էին ասում։ Նստած էի Խոզմա լեռան ստորոտում։ Աջ կողմը մի սիրուն անտառ կար կարմրատերև ծառերով։ Երևի այդ էր պատճառը, որ այդ գյուղը Կարմիր Ծառ էր կոչվում։

Ես այդտեղ հասա հետևյալ օրր. Արաբոյի մահվան լուրը առնելուց հետո։ Դեռ գյուղ չմտած, զգացի, որ ականջներս լավ չեն լսում։ Մի խուլ ու խոր շառաչ է գալիս Զանգակ սարի կողմից։ Ես այդ ձայնը առել էի Քարձորի տակով անցնելիս։ Որքան մոտեցա Կարմիր Ծառին, այնքան այդ գոռոցը ուժեղացավ։ Վերջում հիշեցի, որ դա Գուռգուռա կոչվող ջրվեժի գոռոցն է Առածանու վրա, Խոզմո սարի տակ, որի թնդյունը լսելի էր շատ հեռուներից, մանավանդ պարզկա գիշերներին և վաղ առավոտյան։ Արաբոն նրա մասին ասում էր» «Էդոր համար կըսեն Գուռգուռ, որովհետև ձեն կիտա ու իր ձեն երեք օրվա ճամփա կերթա»։

Քիչ-քիչ ականջներս ընտելացան այդ ջրվեժի որոտին և ես Արաբոյի ծխատուփը ծոցս դրած, մտա Կարմիր Ծառ։ Այդ վայրի թութունը հռչակավոր էր։ Հիշում եմ, թե ինչպես Մելքոն վարժապետը հաճախ շուկա էր գնում, որ այդ գյուղի ծխախոտից առնի։

Ամբողջ գյուղում ընդամենը մի հատիկ ծառ կար և այն էլ տնկված եկեղեցու բակում։

Առաջին իսկ հարցումից, թե որ տան ծխախոտն է հարգի, ինձ հեռվից ցույց տվեցին Արմենակ անունով մի գյուղացու, որ իրենց ասելով ամենահայտնի ծխախոտ մշակողն էր։ Ասացին, որ նա Սասունի Ահարոնք գյուղից է գաղթել Կարմիր Ծառ։ Երկար տարիներ եղել է Ռուսաստանում և նոր է ազատվել Կարինի բանտից։

Անցա մի քանի տնկարաններ և հասա այն տունը, որ հեռվից մատնացույց էին արել։ Իմ տեսածը փոքրահասակ մի գյուղացի էր, նիհար ու ոսկրոտ կազմվածքով, գլխին կարմիր արախչի։ Իր որոշ դիմագծերով նա ինձ հիշեցրեց Արաբոյին։

Բայց ինձ այդ պահին ոչ մի բան չէր հետաքրքրում։ Շտապում էի իմ տուփը լցնել ծխախոտով և ելնել ճամփա։

Արմենակը ինձ նախ իր ծխախոտի մարգերը ցույց տվեց, ապա տարավ չորանոց և ամենաընտիր ծխախոտի շարանները ցույց տալով՝ հարցրեց.

— Ինչքա՞ն թութուն է քեզ պետք։

— Ընդամենը մի տուփ, — պատասխանեցի։

— Մի տուփ թութունի համար Կարմիր Ծա՞ռ ես եկել, — ծիծաղելով հարցրեց նա և սաստիկ զարմացավ, որ ես մի փոքրիկ տուփ իմ ծոցից հանելով՝ մեկնեցի նրան։ Նա տուփը շուռ ու մուռ տվեց, ուշադրությամբ նայեց մաշված նախշերին, կարծես ինչ-որ բան էր ուզում վերհիշել կամ մտաբերել և դժվարանում էր։ Երկու անգամ աչքի տակով խորհրդավոր նայեց ինձ։ Հազաց։ Նորից նայեց։ Ապա տուփը լցրեց ծխախոտով, մատներով ամուր սեղմեց և կափարիչը փակելով ու ինձ հանձնելով՝ ասաց.

— Երևի մի նպատակ ունես, որ ընդամենը մի տուփ թութուն է քեզ հարկավոր։

Ուզեցի հայտնել, որ իմ նպատակը բարի է, բայց աչքերս, չգիտեմ ինչու, հանկարծ լցվեցին արցունքով և նա հասկացավ, որ մի վիշտ է ինձ տանջում։ Նա ինքն էլ հուզվեց և առաջարկեց գնալ իրենց տուն, բայց ես կարևոր համարեցի ճանապարհ ընկնել։

Կարմիր Ծառի Արմենակը մինչև գյուղի ծայրը եկավ ինձ հետ։ Փոքրիկ, վտիտ մարդ էր, շատ քչախոս։ Ավելի շատ իր մտքերի հետ էր, քան թե իր շրջապատի։ Երբեք չհարցրեց, թե որտեղից եմ գալիս և դեպի ուր եմ գնում։ Եվ արդյոք որևէ տեղ ունե՞մ գնալու։

Անտառը հրաշալի բուրում էր։ Իրար կողք-կողքի կամ իրար թիկնած հպարտ կանգնած էին բոդախին, լուսանը, կաղամախին։ Բայց անտառին իշխողը կարմրատերև նորքենին էր։

— Սրա ամուր, ծանր ու փայլուն փայտից մեր պապերը նետեր են շինել ինքնապաշտպանության համար, — ասաց Արմենակը ծառերից մեկին մոտենալով։ Այդ եղավ նրա ամբողջ խոսակցությունը։ Նա այդ ծառից մի ճյուղ պոկեց, հավանորեն ձեռնափայտի համար, և դանդաղ վերադարձավ գյուղ, իսկ ես մի քանի քայլ անելուց հետո՝ վարանած կանգ առա անտառի եզրին։ Ուղղակի շփոթված էի։ Կանգնած մտածում եմ. ու՞ր գնալ։ Մի քանի անգամ հոտ քաշեցի՝ Արաբոյի կարոտը առնելու համար, ապա տուփը դրեցի ծոցս և ինձ նետեցի դեպի Դաշտի գյուղերը՝ հայացքս Խլաթի սարերին պահած։

Որքան հեռացա Կարմիր Ծառից և Զանգակ սարից, այնքան Գուռգուռայի գոռոցը նվազեց և ականջներս, Արածանու զայրագին թնդյունից խաղաղվելով՝ անձնատուր եղան Մեղրագետի հանդարտիկ հոսանքին։

Միայն մի տեղ կանգ առա. այդ Սողգոմն էր, հռչակված իր սոխով և անուշահամ շաղգամով։ Այդ գյուղի մոտակայքում իմ հայրենի քաղաքի գետակը գալիս միանում էր Մեղրագետի ջրերին։ Այդտեղ հասնելով նա սպառում էր իր կյանքը՝ խառնվելով ավելի մեծին, դառնալով անճանաչելի ու անըմբռնելի։

Իմ կյանքն էլ այդ գետակի նման էր։

Ես գնում էի դեպի Խլաթ, հեռանալով իմ ծննդավայրից և խառնվելով ավելի մեծին ու անծանոթին։ Եվ արդյոք երբևիցե վերադարձ կլինե՞ր դեպի Մուշ։

ԽԼԱԹԻ ՍԱՐԵՐՈՒՄ

Սողորդը Խլաթի մեջ էր։

Հայերը և քրդերը այդ գավառին Խլաթ էին ասում, թուրքերը՝ Ախլաթ։

Ես դեպի Խլաթ դիմեցի Սողգոմից շարունակ դեպի արևելք գնալով և անցնելով Մշո դաշտի Ազաղբյուր և Արագիլի բույն գյուղերը։

Արագիլի բու՜յն։ Հայկական այդ գողտրիկ բնակավայրի անունը տարիների ընթացքում բերանից բերան զարկվելով դարձել էր Ալիգլբուն։

Այդ գյուղի ծայրին մի կին ինձ կանգնեցնելով՝ հարցրեց.

— Դո՞ր կերթաս, այ տղա։

— Խլաթ կերթամ։

— Խլաթ ո՛ր գեղը կերթաս։

— Սողորդ կերթամ, — ասացի։

— Զգույշ Շամիրամա ավազներից և մանրիկ փշերի բը– լէրից։ Ղարիբ ես, լաո։ Ղարիբ աղավնին կուտի ետևից կերթա, թակարդ կընկնի, — զգուշացրեց դաշտեցի պառավը և պատմեց Շամիրամա ավազների հին զրույցը.

Նեմրութ լեռան տիրակալը մի ամբարտավան իշխան է եղել։ նա թրով հարձակվել է աստծո վրա, որ նրան հաղթի և իրեն հայտարարի աստված։ Գոռոզ իշխանը Վանա ծովի ավազները ուղտերին բարձած բերել է տալիս դեպի Նեմրութ, որ իր գահը բարձրացնի երկինք հասցնի և թրի մի հարվածով վայր գլորի աստծուն ու նստի նրա տեղը։ Երկնավորը, զայրացած, իշխանի ավազով բեռնված ուղտերի քարավանը քարացնում է դեպի Շամիրամ գյուղը շարժվելու ճանապարհին, իսկ Նեմրութին անիծելով՝ որոտմունքով ցնցում է հիմքից, գագաթի քարաժայռերն ու փոշին շպրտելով ստորոտների վրա և տեղը գոյացնելով մի հսկայական փոս, որից մինչև այսօր դեղին գոլորշիներ են բարձրանում։ Անզգամ իշխանին պատժելով, աստված, այնուամենայնիվ, լեռան խառնարանը լցնում է սառնորակ ջրով, որ երկրագործ մարդիկ իրենց դաշտերը ոռոգեն։

— Անզգամը աստված չունի, անգութը՝ խիղճ, — ասաց դաշտեցի կինը և գնաց։

Չնայած, որ Ալիգլբունցի պառավը ինձ զգուշացրեց Շամիրամի «ուղտոլ քարերից», բայց ես մոլորվեցի և քիչ մնաց անհետանայի Նեմրութի ավազաբլուրների մեջ։ Շամիրամը շինված էր Նեմրութ լեռան մի փոքրիկ ձորահովտում։ Կողքին չորս մեծ բլուրներ կային, իսկ ավելի հեռվում կանգնած էր մի հինգերորդ սրածայր բլուր, որ վիզը երկարած Նեմրութի գագաթին էր նայում։ Իսկական ուղտի էր նման։ Ինձ թվաց, թե այդ հինգ քարացած ուղտերը հիմա վեր կկենան ու կգան ինձ վրա ու ես, այդ մտքից սարսափած, արագացրի քայլերս, որ Սողորդ հասնեմ։ Բայց այս անգամ դեմս ելավ Գրգուռ լեռան մանրիկ փշերի ու մացառների դաշտը։ Ոտքերիս տակից սահող ավազափոշին և այդ մանրիկ փշերն ու բլերը ինձ անվերջ քաշում էին դեպի իրենց խորքը։ Իսկապես, այդ վայրերի համար ես ղարիբ աղավնի էի, և ամեն քայլափոխին թակարդը լարված էր։ Իմ ոտնամաններից մեկը կորավ ավազների մեջ։ Խառնեցի ավազները, բայց չգտա, երկյուղս սաստկացավ ու ես մի պահ զղջացի իմ այդ հանդուգն ուղևորության համար։

Հազիվ էի հաղթահարել ավազափոշին և ուղտափշերը, երբ նոր արգելքի հանդիպեցի։ Սուլթանի ոստիկանները բռնել էին սասունցի մի ծերունու և մազի պարանով կապկպած, սարից–սար քարշ տալով, ստիպում էին նրան հայտնել հայդուկների տեղը։ Խոսակցությունից հասկացա, որ ծերունուն տանջող ոստիկանապետի անունը Ղալիպ էր, իսկ տանջվողի անունը՝ ռես Խեչո։

— Ու՞ր տեսար Սերոբին ու իր ֆիդայիներին։ Ինչպե՞ս տեսար, — գոռում էր ոստիկանապետը։

— Անցյալ ամսին տեսա։ Ինձ ստիպեցին, թե՝ մեզ տար Կուրտիկ սար։ Ես ընկա իրենց առաջ ու տարա Կուրտիկ։

— Կուրտիկից ու ր գնացին։

— Կուրտիկից անցան Քոսուրա սար։

— Իսկ Քոսուրա սարից ու՞ ր տարար։

— Քոսուրա սարից անցան գնացին Խաթավին։

— ճանապարհին պապիրոս վառեցի՞ն։

— Մեկ-երկու հատ։

— Մնացորդները գետին թափեցի՞ն։

— Չէ, էֆենդի, ձեռքերի մեջ փշրեցին, քամուն տվին։

— Կանգնած տեղը խո՞տ էր, թե հող։

— Խոտ էր, էֆենդի։

— Ի՞նչ էին հագած։

— Բոլորն էլ չուխա շորեր։ Մի քանիսի գլխին փափախ կար։

— Ո՞ր կողմով գնացին։

— Մի Խաթավին սար՝ տաս ճամփա։ Որ ճամփով գնացին՝ չգիտեմ։

— Դու ինձ գիտես, ռես Խեչո, — գոռաց Ղալիպ էֆենդին։ — Ես քեզ էլ եմ ճանաչում, քո պապին էլ, քո ջոջ պապին էլ։

— Ի՞նչ պիտի անես, շատ-շատ գլուխս պիտի կտրես՝ մի ափ արյուն պիտի երթա... ես բոլոր ֆիդայիների պա՞պն եմ, որ նրանց տեղը իմանամ։

— Դու իբրև հպատակ պարտավոր ես բռնել և մեր ձեռքը հանձնել սուլթանի թշնամիներին։

— Դրանք թռչուն են, էֆենդի, ինչպե՞ս բռնենք։ Ֆիդային սահման չունի։ Հարյուր աշիրի միջով կանցնեն, հազար սարով կգնան կթառեն իրենց ուզած սարին։ Վաղն էլ կթռչեն կերթան ուրիշ սարեր։ Թագավորի ձեռքը երկար է, թող գնա բոնի։

— Ուրեմն դու չե՞ս ուզում Սերոբի խմբի տեղն ասել։

— Որ սպանեք էլ՝ չեմ ասի։

— Նեմրութի վրա չե՞ն։

— Որ Նեմրութի վրա լինեին, կթողնե՞ին, որ դու և քո կարմիրգլուխ ասկյարները ինձ էսպես տանջեք։

Խեչոն խոսում էր համարձակ, գրեթե բոռալով, չիբուխն էլ բարկությունից գետնին թխկթխկացնելով։

— Իսկ երբ Սերոբը Կուրտիկ էր, ի՞նչ ասաց գյուղացիներին։

— Սերոբն ասաց. «Սուլթանի երկրում առանց հացի մնացեք, առանց զենքի մի մնացեք»։

— էլ Ի՞նչ ասաց:

— Հետո ասաց. «Ես բախտավոր ընտանիքի զավակ էի։ Bայց պետք է բախտավորները երբեմն լան, որ թշվառները մխիթարվեն։ Տեսեք, մեր շեն տունը ձեզ օրինակ. ես նախ մեր տունը՝ Խլաթա Խչեի մեծ օջախը քանդեցի, որ շատ մայրեր իրավունք չունենան ինձ անիծելու, ասելով. «մեր տուն քանդողի տունը քանդվի»։

— Եվ դու չե՞ս ուզում այդ ապստամբի տեղը մեզ ասել։

— Ես նրա ասածը ասացի, բայց տեղը չգիտեմ։

— Շու՛տ, ասա Սերոբի տեղը, թե չէ քեզ կխորովենք ավազների մեջ։

— Չեմ ասի։

Ղալիպի հրամանով ոստիկանները շինական Խեչոյի մազե պարանը նորից ամուր ձգեցին և քարշ տալով տարան դեպի Շամիրամի ավազաթմբերը։ Այստեղ դարձյալ չարչարեցին նրան և, վզից մի մեծ ապառաժ կապելով, թաղեցին ավազների մեջ։ Միայն գլուխը դուրս մնաց։ Ապա ուղտափշերի մի կույտ դիզեցին շուրջը, չիբուխի կոթը մտցրին բերանը. «Դե, հիմա ծխիր», — ասացին, և փշերը կրակ տալով՝ հեռացան։

Երբ նրանք իջան ձորը, ես ավազների միջով սողալով մոտեցա ռանչպար Խեչոյին, կրակները ոտքով, ձեռքով մի կողմ հրեցի և կապանքը քանդելով ապառաժը հեռացրի նրա կրծքից։

Շուտով տեսա, թե ինչպես ծերունին ավազներից ելավ և չիբուխը զայրացած ծխելով իջավ դեպի ձորը։ Իսկ ես Արաբոյի ծխատուփը ծոցիս մեջ, անվհատ շարունակեցի իմ վերելքը։

Վերջապես մեծ դժվարությամբ մագլցեցի Նեմրութի լանջերն ի վեր, իմ ետևում թողնելով Շամիրամի ավազաբլուրները և Գրգուռի ուղտաքարերն ու ուղտափշերը։

Բովանդակություն   Նախաբան   Խոսք հեղինակի
Մաս I-1   Մաս I-2   Մաս I-3   Մաս I-4   Մաս I-5   Մաս I-6   Մաս I-7   Մաս I-8
Մաս II-1   Մաս II-2   Մաս II-3   Մաս III-1   Մաս III-2

 

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Խաչիկ Դաշտենց «Ռանչպարների կանչը»: Երևան:

Տրամադրել է՝ Արևիկ Գառամովա
Scanned: Արևիկ Գառամովա
OCR: Աննա Վրթանեսյան
Ուղղագրում՝ Աննա Վրթանեսյան

Տես նաև

«Ռանչպարների կանչը» ռուսերեն / ”Зов пахарей” на русском

Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice