ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Խաչիկ Դաշտենց

ՌԱՆՉՊԱՐՆԵՐԻ ԿԱՆՉԸ


Բովանդակություն   Նախաբան   Խոսք հեղինակի
Մաս I-1   Մաս I-2   Մաս I-3   Մաս I-4   Մաս I-5   Մաս I-6   Մաս I-7   Մաս I-8
Մաս II-1   Մաս II-2   Մաս II-3   Մաս III-1   Մաս III-2


ԵՐՐՈՐԴ ՄԱՍ

ՀԱՅԴՈԻԿԻ ՓԱԽՈԻՍՏԸ

Ամռան գիշեր էր։

Ահագչի գյուղի ծայրամասում գտնվող իր խաղաղ խրճիթի տանիքին քնած էր Մորուք Կարոն։

1921 թվականի փետրվարին Մորուք Կարոն եղել էր դեպի Էջմիածին և Աշտարակ արշավող զինված ուժերի շ՛արքերում, իսկ նույն տարվա ապրիլին Չոլոյի հետ Ջուլֆայի վրայով փախել էր Պարսկաստան։ Համ աղան քաղաքից Բաղդատի վրայով անցել էր Հալեպ, այնտեղից էլ՝ Հունաստան։

1924-ին Սովետական Հայաստանից փախած ֆիդայիներին ներում էր շնորհվել և այդ երկուսն էլ Հունաստանից Հայաստան վերադառնալով ձեռնամուխ էին եղել երկրագործական խաղաղ աշխատանքի։

Կարոն ընտրված էր գյուղսովետի անդամ և «փոդի» նախագահ։

Գյուղում տիրական էին դարձել բատրակները։ Ստեղծվել էր չքավոր և միջակ գյուղացու դաշինք ընդդեմ ուռճացած տնտեսությունների։

Անբարեհույս էին համարվում հին ֆիդայիները։

Վերադարձից երեք տարի անց Չոլոն ձերբակալվեց։ Մորուք Կարոն դարձավ անհանգիստ։

Մի օր մի միլիցիոներ եկավ Ահագչի և ուզեց իմանալ, թե որտեղ է Կարոն։ Կինը պատասխանեց, թե աղուն է տարել Ոսկեթաս։

Միլիցիոներս շտապեց Ոսկեթաս։ Ճանապարհին Հանդիպեց մի ալրոտ մարդու։ Կարոն էր։ Հարցրեց.

— Ջրաղացում շատ մարդ կա՞ր։

— Կար։

— Մորուսն էնտե՞ղ է։

— Հա, իր հերթին է սպասում, — խորհրադավոր պատասխանեց Մորուք Կարոն և տուն հասնելով ծեծեց կնոջը, թե ինչու է իր տեղը ուրիշներին հայտնում։

Թեև Կարոն գյուղսովետի անդամ էր և փոդի նախագահ, բայց արդեն համոզվել էր, որ իրեն կասկածում են և սկսել էր մոտը զենք պահել։ Ու այժմ էլ քնած էր տասնոցը գլխատակին։ Ցերեկները նա այդ զենքը թաքցնում էր ամբարի կամ թոնրի ակի մեջ։ Այդ հին ֆիդային վերին աստիճանի զգույշ էր և կասկածամիտ։ Չէր վստահում ոչ մեկին, նույնիսկ կնոջը, մանավանդ, Չոլոյի ձերբակալությունից հետո։ Քնում էր միշտ առանձին, ամառները տանիքին և զենքը միշտ վրան։ Գլխի տակ բարձի փոխարեն նա երբեմն մի սուր քար էր դնում, որ խոր քնով չտարվի։

Զենքից բացի Կարոն ձեռք էր բերել մի հրաշալի զամբիկ։ Անունը Սոսե էր։ Այնպես էր վարժեցրել, որ ձին ցերեկը արածի մարգագետնում, իսկ գիշերները պատրաստ կանգնած լինի տան ետև։ Զին ոչ միայն դրան էր վարժվել, այլև տիրոջ միջամատի մի թեթև շարժումով քառատրոփ սուրալ ցանկացած ուղղությամբ։

Ռանչպար մարդուն ինչ է հարկավոր— հայրենի հող և մի խաղաղ անկյուն այդ հողի վրա։

Այդ խաղաղ անկյունը կար։ Կարոն ուներ բարձր տանիքով մի տուն լեռնային գյուղում, դիմացը մի սար՝ Արտենի, և սարի ճակատին լուսին։

Հրաշալի հնձվոր էր Կարոն և դաշտ էր գնում միշտ արշալույսից առաջ։ Միջահասակից քիչ ցածր էր, փոքր–ինչ շեկին տվող, ճակատը լայն, բեղերը խիտ ու ոլորուն։ Արագաշարժ մարդ էր, ազդու շարժուձևերով։ Հանգիստ հաց կերած չկար կյանքում, այլ միշտ ոտքի վրա։ Խնայել, խղճալ չգիտեր, երբ խոսքը վերաբերվեր ընդհանուրի ապահովությանը։ Այս նոր վայրում Կարոն այնքան բարեկեցիկ էր դարձել, որ ակնարկներ կային, թե «Գյուղսովետի անդամ Մորուքը սեփականատիրական ձգտումներ ունի»։

Ընդամենը մի քանի տարի նա իրեն զգաց խաղաղ աշխատավոր այդ լեռնային գյուղում։ Դարձյալ խափանվեց հանգիստը։

Ռանչպարն ու ըմբոստ ֆիդային կողք–կողքի ապրում էին այդ հին սասունցու մեջ։ Ճնշվում էր առաջինը՝ պոռթկում էր ֆիդային, երկրորդն էր ճնշվում՝ զարթնում էր ռանչպարը։

Տեղական թերթերից և եկող–գնացողներից հայտնի էր դարձել, որ քրդական նոր շարժումներ են սկսվել Արարատի թիկունքում և Շեյխ Զիլան անունով մի հայ ֆիդայի այդ շարժումների գլուխն անցնելով, դրանք վերածել է թուրք բըռնակալության դեմ ուղղված մեծ ապստամբության։ Նույնիսկ այդ ֆիդայու անունն էին տալիս— «Բրինդար»։ Որ այդ կռիվների մեջ սպանվել են երկու հին հայդուկ— քուրդ Հասանոն և ասորի Աբդելոն։ Եթե այդ լուրերը ճիշտ են, ինչու չգնալ և չմասնակցել այդ ապստամբությանը։ Թեկուզ և սպանվի, ինչ կա որ։ Չէ որ հայդուկի կոչումն է կռվել և մեռնել ազատության համար։ Ինչո՞վ է ինքը ասորի Աբդելոյից կամ Հասանոյից պակաս։

Այսօր նա հնձից եկավ, գերանդին հանեց տանից, որ հեսանի, բայց հոգնած էր, շուտ քնեց։ Գիշերը նոր էր ճեղքվել։

Կարոյին թվաց, որ իր ականջին ձայն դիպավ։ Արթնացավ, նայեց շուրջը։ Ոչ ոք չկար։ Արտենի սարը կախված էր իր վրա, իսկ տան առջևի ձորակով խշշալով գնում էր առուն։ Տան ետևը քարե սանդուղքներ կային։ Ստուգեց։ Ջին կանգնած էր վերջին սանդուղի մոտ, պատի տակ։ Մի բերան ծըխեց և տանիքին նստելով սկսեց գերանդին սրել։ Լուսաբացին հնձի էր գնալու։

Քիչ անց խուլ ոտնաձայն լսվեց։ Թվաց, թե ներքևում դուռը բախեցին։

— Ո՞վ է, — հնչեց Մորուքի ձայնը վերևից։

Տանիքի վրա կանգնել էր տանտերը նախշուն վերմակը շուրջը հավաքած, գերանդին ձեռքի մեջ։ Նայեց։ Լուսնյակն իր տեղումն էր։ Արտենի սարը իր տեղումն էր, խրճիթներն իրենց տեղում էին։ Այս մեկը իր եղբայր Օհանի տունն է։ Մյուսը Մոսե Իմոյի տանիքն է։ Տեր Քաջի դեզը ստվեր է նետել իր մարագի պատին։

Ահա և գյուղի Խոտնոցը՝ մեծ քարով։

Դռան վրա դարձյալ զարկ լսվեց։

— Ո՞վ է, — իր հարցը կրկնեց Մորուքը տանիքից ներքև կռանալով։

Դռանը մի կին էր կանգնած։

— Իշխնձորցի, դու ես։

— Ես եմ, Մորուք։ Գործով ելա դուրս, դուռը իմ ետևից փակվեց։

— Ուժով հրիր։

Հրում եմ, լի բացվում։ Սողնակը իջել է դռան վրա։

Մորուք Կարոն գերանդին ձեռքին տանիքից կռացած նայում էր կնոջը՝ Մարթային։ Ի՞նչ էր մնացել այդ հրեղեն հարսից, որ դժվարանում էր նույնիսկ մի դուռ բանալ։ Մի՞թե այդ այն լեռնական աղջիկն է, որին ինքը ձիու մեջքին դրած փախցրել էր Կեպին սարի ամառանոցից։

Սեփական դուռը փակվել էր իրենց դեմ։

Ո՞վ պետք է փակած լիներ, այն էլ այդ լուսնյակ գիշերին, այդ զմայլելի խաղաղության մեջ, երբ Մորուքը գերանդին էր հեսանում, որ շուտով հնձի գնա։

Ու ծանր մի տրտմություն իջավ երկուսի վրա, որ միգուցե այդ դուռը հավիտյան է փակվելու։

Մորուք Կարոն հագավ շորերը, իջավ բաց արեց դուռը և գերանդին ուսին դրած գնաց հնձի։ Մինչև երեկո հնձեց։ Հեսանեց ու նորից հնձեց։ Հոգնած էր, դաշտից վերադարձավ, գերանդին կախեց պատից ու մտավ օդան։ Վրայի շորերը հա՛նեց, որ շոգից չնեղվի։ Կինը գնաց ճաշ բերելու, բայց փողանից դատարկ ետ դարձավ։

Դիմացի ձորակի մեջ ինչ–որ անծանոթ մարդիկ երևացին, Յոթ հոգի էին և դեպի իրենց կողմն էին գալիս։

— Կարո, էդ մարդիկ եկել են քեզ տանելու, — տագնապալի ազդարարեց Մարթան ցածր ձայնով։ Մորուքը նայեց օդայի նեղլիկ լուսանցքից և արագ նետվեց հացատուն։ Ինչ-որ բան էր ուզում վերցնել, բայց ետ դարձավ և փողանից ձիու կապը առնելով շտապեց դուրս։ Շեմքին չհասած դեմը կտրեցին,

Մարթան ետևից ձայնեց. «Մորուք, դու գնա իրենց բարև տուր։ Եթե քո բարևն առան ու քեզ ձեռք տվին, վնաս չկա, իսկ եթե քո բարևը չառան՝ ուրեմն հաստատ իմացիր, որ եկել են քեզ տանելու»։

Կարոն մոտեցավ, բարև տվեց, բայց ոչ մեկը նրա բարևը չառավ։

Զին կանգնած էր պատի տակ։ Մարթան մոտեցավ և գըլխի կամաց թափ տվեց ձիու երեսին։ Ջին ընդոստնեց դեպի աղբյուրը։

Կարոն շարժվեց ձիու ետևից։

— Մենք քեզ հետ մի քիչ գործ ունենք, ու՞ր ես գնում, — զգուշացրեց նրանց պետը։

— Ձին աղբյուրն է, գնամ բերեմ, հետո գործի մասին կըխոսենք, — ասաց Կարոն։

Տեսան, որ անզեն է, շապիկ վարտիքով և ձեռքին ձիու սանձ կա, համաձայն եղան։

Մորուքը գնաց դեպի աղբյուրը։ Ձին տիրոջ ոտնաձայնն առնելով ականջները խաղացրեց։ Հազիվ էր կապը ձիու բերանը դրել, երբ անծանոթ մարդիկ մոտեցան աղբյուրին։

— Ինչպե՞ս, դուք իմ ետևից եք գալիս, — ասաց Կարոն և ձեռնաթաթով աննկատելի հարվածեց ձիու դնչին։ Սոսեն խրտնեց ու փախավ։

— Քուռը, քուռը, — բղավեց սասունցին և շտապեց ձիու ետևից։

Ջին քառատրոփ վազքով բարձրացավ քարքարոտ բլուրը, որի վրա գյուղն էր շինված և սլացավ դեպի Խոտնոցի ձորը, մեծ քարի ուղղությամբ։

Այդ ձորը ուղիղ տանում էր դեպի Արագածի լանջերը։ Կարոն հետքը կորցնելու համար ճանապարհին մտավ ինչ–որ տուն, և հակառակ կողմից դուրս գալով, սլացավ ձիու ետեվից։ Սոսեն Խոտնոցի մեծ քարի տակ կանգնած սպասում էր իրեն։ Հասնելն ու հեծնելը մեկ եղավ։ Մինչ մարդիկ ուշքի կգային, թե ինչ կատարվեց, Մորուք Կարոն արդեն մոտենում էր Ծխով աղբյուրին։

Շատ թամբահ ձիեր էր սանձել այդ անսանձ ֆիդային, բայց այս մեկը անթամբ էր և անսանձ, սակայն նույնքան հնազանդ իր կամքին, որքան մինչև այդ եղած բոլոր նժույգները։ Այնպես էր մտել ձիու ականջը և այնպիսի հմտությամբ էր վարում, մերթ իջնելով ձիու փորատակ, մերթ հակառակ կողմից բարձրանալով մեջքին ու նորից դեպի վար թեքվելով կպչում մերթ այս կողին, մերթ այն կողին, որ տեսարանը թվում էր զարմանալի անիրական։ Մարթան, հարևանները և շատ գյուղացիք, ոմանք տանիքներին կանգնած, ոմանք էլ հավաքված Խոտնոցի ձորում, զարմացած նայում էին այդ տեսլացած ձիավորի ետևից, որին բռնելու համար դեպի Լեռնաձորի աղբյուրն էին վազում յոթ զինված մարդ։

— Չմոտենաք ինձ և չգաք իմ ետևից, — լսվեց Մորուք Կարոյի սպառնական կանչը հեռվից և ինքն ու իր ձին կորան արևի վերջին ճառագայթներից դատարկված ոլորապտույտ ձորի մեջ։

— Փախավ մեր ձեռքից, — ասաց պետը հուսահատորեն կանգ առնելով և արմունկը հենելով մի մթնած ժայռի։

— Գնաց միանալու կոլխոզից փախածներին, — ավելացրեց նրա թիկունքից վազողներից մեկը, զայրույթից կրակելով ձորնիվեր։

Կարոն, իհարկե, բանդիտներին չմիացավ։ նա իրեն համարում էր նպատակի մարդ և գնաց իր նպատակի ետևից։

ՀԱՄԱԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԸ ՕԳՆԵՑԻՆ

Ու՞ր էր գնում այդ ծուռ սասունցին։ Արևը մայր էր մըտնում, և ցուրտ էր սարերի վրա։

Գոնե մեկնումեկը իր շորերը բերեր։

Լեռան բարձրադիր լանջով աղմկալի գալարվում էր մի կապտաջուր վտակ։ Մի բարակ առվակ նրանից անջատվելով խոխոջալով իջնում էր դեպի Խոտնոցի ձորը։ Երևի որևէ գյուղացի իր արտն է ջրում սարի տակ։ «Եթե ջուրը կտրեմ, ջրի տերը սար կգա և ես նրան կպատվիրեմ, որ շորերս բերի», — ինքն իր մեջ խոսեց Մորուք Կարոն և ձիուց իջնելով առուն կտրեց։

Շուտով երևաց մի ջղուտ տղամարդ, որ թիակը ուսին բարձրաձայն գոռալով գալիս էր ներքևից։

— Էդ ո՞վ կտրեց իմ առվի ջուր։

Ճանաչեց։ Ջրտուքվար Ֆադեն էր։ Սա նույնպես նոր բընակավայր էր ընտրել Ահագչի գյուղը և իր սովորության համաձայն գիշերով էր ջրտուք անում։ Խտանա կածից մինչև Գորիս և Գորիսից մինչև Արագած Ֆադեն եկել էր թիակը ուսին դրած։ Աշխարհում շատ բան էր փոխվել, բայց երեք բան անփոփոխ էր մնացել այդ սասունցու վրա. սև աբան, քշտած ոտքերը և իր թիակը։

Իր բանն ու գործը դարձյալ ջրի ու ջրտուքի հետ էր։ Դարձյալ քնում էր բացօթյա, իր հին կարպետը իբրև վերմակ և թաղիքն իբրև ներքնակ օգտագործելով։ Միայն խոր աշնանը, երբ ձյունը խփում էր վերմակին, նա անկողինը պլուլելով մտնում էր տուն։

— Էդ ո՞ր զոռբան կտրեց իմ առվի ջուր, — նորից բղավեց Ֆադեն և բարկությամբ տեղ հասնելով թքեց իր ափի մեջ և բահը ամուր զարկեց մայր առվի կոկորդին։

— Ես կտրեցի, քեռի Ֆադե, մի հայհոյիր, — ասաց Մորուքը և եղելությունը պատմելով, խնդրեց, որ գնա գյուղ ու իր հագուստն ու զենքը բերի։

Ու ցնցվեց ծերունի ջրվորը Մորուքին այղ վիճակի մեջ տեսնելով։

— Մաուզերը որտե՞ղ է, — հարցրեց Ֆադեն։

— Իշխնձորցին տեղը գիտի, — ասաց Կարոն։

Ֆադեն իր աբան համագյուղացու ուսին գցելով, թիակը ձեռքին շտապեց գյուղ։

Զենքը պահված էր թոնրի ակի մեջ։ Առավ զենքն ու հագուստը և ետ եկավ։

Կարոն վերցրեց կապոցն ու ձին քշեց։ Ճանապարհին հիշեց։ Վարադարձավ, աբան տվեց ջրտուքվար Ֆադեին։

— Աբան քոնն է, — ասաց ու ձին քշեց։

Ջրվորը ետ դարձավ իր առվի հետ, Կարոն մենակ մնաց սարի վրա։

Քշեց հայդուկն իր ձին ու կանգ առավ մի ժայռի տակ։ Կապոցը բաց արավ, որ շորերը հագնի։ Զենքն ու շապիկը կար, բայց շալվարը չկար։ — Հեյ վա՜խ, — ասաց Կարոն, — դեռ գիշերը չեկած կինս շփոթվել է մտածմունքից։

Վերնաշապիկն հագավ ու կիսամերկ թռավ ձիու մեջքին։

Տեսավ վերի սարից երկու ուշացած ճամփորդ են իջնում մի տղամարդ և կին։

Տղամարդը Մոսե Իմոն էր, հռչակավոր սասունցին, իսկ կինը Վիկտորիան էր, Լոնդոնում ծնված աղջիկը։

Թշնամին Սասունը գրավելով հափշտակել էր նաև Մոսե Իմոյի առասպելական օրորոցը։ Իմոն նախ զինվոր էր դարձել գնդապետ Սիլիկովի և Սամարցյանի գնդերում, կատարե՛լով բազմաթիվ մարտական առաջադրանքներ, ապա իր կընոջ և երեխայի հետ, Անդրանիկի զորամասին կրնկակոխ հետևելով, հասել էր մինչև Գորիս և սովետական կարգերի հաղթանակից հետո հաստատվել Թալինի շրջանի Ահագչի գյուղում ։

Ու թեպետ շատ տարիներ էին անցել այդ դեպքերի վրայով, բայց Մոսե Իմոն չէր մոռացել իր պատմական ուղևորությունը դեպի ինգլիզաց երկիր և այն օրորոցը, որ նվեր էր ստացել Ինգլիզի թագավորից։ Ահագչի գյուղում ծնված մանուկներն անգամ լսել էին այդ օրորոցի մասին և երբ Իմոն անցնում էր գյուղամիջով, մատնացույց էին անում՝ ասելով* «Օրորոց քեռին եկավ»։

Մոսե Իմոն, սակայն, նշանավոր էր նրանով, որ տեսել էր Անդոկի ժայթքող աղբյուրի հրեղեն ձիերին։ Թալինի գյուղերում պատմում էին, թե ինչպես Մոսե Իմոն ձեռքը դիպցրել է այդ աղբյուրից ելած հրեղեն ձիուն, ապա նույն ձեռքը դիպցրել է Շապինանդի ձիուն և դրանից Շապինանդի ձին դարձել է հրեղեն։ Նա այլևս այն հողեղեն մտրուկը չէր, որ նվիրել էր ծերունի ասորին Յոթ Գդալի դաշտում, այլ անմահական մի նժույգ մանրիկ կճղակներով՝ պատրաստ ճախրելու դեպի երկինք։

Ու այսպես, Սովետական Հայաստանի գյուղերում առասպելական էին դարձել ոչ միայն ասորի ցեղապետի ձին և Անդոկի Պայթող աղբյուրը, այլև Շապինանդը և ինքը՝ Մոսե Իմոն։

Ահագչի գյուղում հրեղեն ձիեր չկային և Մոսե Իմոն իր մոգությունը փորձում էր օձերի աչքերի մեջ նայելով և նըրանց հմայելով; Նա գյուղի մանուկներին սովորեցնում էր, թե ինչպես պետք է օձերին կախարդել նրանց կոկորդից բըռնելով։

Ազդեցիկ էր Մոսե Իմոն մանավանդ իր գյուղի մեջ։

Այդ լեռնային գյուղի վերաբնակները, ով որտեղից եկել էր, այնտեղից բերած տարազն էր հագնում։ Մոսե Իմոյի հագուստը տարբերվում էր բոլորից։ Առաջվա պես նա ծածկում էր սասունցու տոհմիկ գդակը, սև փուշին շուրջը ոլորած, մեջքին կրում էր շալե հյուսված թանձր գոտի՝ ծխամորճն ու քիսեն ծալքի մեջ, մազե երկար աբա և բրդյա լմած վերնավարտիք, նաև մի հավելյալ վերնավարտիք, որ չմրսի։ Խոշոր քթով, պալթա բեղերով և ծանր բուռը ամուր սեղմած կեռգլուխ գավազանին։ Այդ էր Մոսե Իմոն։

Այդ ձեռնափայտով և այդ տեսք ու տարազով էլ նա ներկայացել էր Անգլիայի թագավորին (իհարկե, ներս մըտնելիս նրա ձեռնափայտը քաղաքավարությամբ վերցրել և կախել էին թագավորական հանդերձարանում մինչև իր դուրս գալը)։

Մոսե Իմոն միշտ այդ տոհմիկ տարազի մեջ էր, մանավանդ տոնական օրերին, կամ երբ հյուր էր գնում։ Իսկ այդ օրը նա իր աղջկա հետ առավոտ վաղ հյուր էր գնացել Արագածի քրդական օբաները և այժմ վերադառնում էր գյուղ։ Երկուսն էլ հանկարծ նկատեցին, որ իրենց մոտով մի տղամարդ է անցնում շապկանց։ Սաստիկ զարմացան հայր ու աղջիկ գրեթե մ երկանդամ տեսնելով այդ տարօրինակ

— Քա վու՜յ, Մորուքն է, — բացականչեց Վիկտորիան աչքերը ամոթից փակելով և գլուխը շուռ տալով, որ չըտեսնի։

— Մորուքն է, — հաստատեց Մոսե Իմոն։

Կարոն սկզբում բոլորովին չճանաչեց իր համագյուղացիներին։ Նույնիսկ կասկածեց, թե իրեն հետապնդում են, և ձիու գլուխը թեքեց, որ ձորը մտնի, աջ ձեռքում ատրճանակը պատրաստ պահած։ Սակայն շուտով համոզվեց, որ սարից իջնողները իր համագյուղացիներն են և ձին կանգնեցրեց։

— Չեմ կարող մոտենալ, որովհետև շոր չունեմ վրաս, — ասաց Մորուքը։ Մոսե Իմոն վազեց նրա մոտ։ Կարոն պատմեց եղելությունը։

— Երանի ես Անդոկի տակ մեռած լինեի և քեզ չտեսնեի էս վիճակի մեջ, Մորուք, — պոռթկաց Մոսե Իմոն։ Սասունցին նրան տվեց իր վերնավարտիքներից մեկը և իր նոր տրեխները, ասելով, որ ինքը գյուղ է գնում և մինչև տուն հասնելը ոտնաման կճարի։

Սակայն կար մի ավելի զարմանալի բան. ձին ոչ թամբ ուներ և ոչ կանոնավոր սանձ։ Գիտեին, որ Մորուքը հմուտ ձիավոր է, բայց որքան կկարողանար նա իր ձին առանց թամբի և սանձի վազեցնել այղ քարքարոտ վտանգավոր լեռների մեջ, որ արդեն մթնել էին։ Վիկտորիան նոր խուզված ոչխարի բուրդ էր բերում սարից։ Մոսե Իմոն աղջկա բեռը ցած առավ, վրայի պարանը քանդեց ոլորեց և մի բավական հարմար սանձ պատրաստելով հանձնեց Կարոյին։

Կարոն առանց ձիուց իջնելու նրանց հետ հաց կերավ։

— Իմ հունձը կիսատ մնաց, Մոսե։ Օհանին կասես՝ գնա վերջացնի։ Գերանդին տանն եմ թողել, — հիշեցրեց փախստական սասունցին։

— Դե, ես գնացի, մենք իրար չենք տեսել, — պատվիրեց Մորուքը և համագյուղացիներից բաժանվելով ձիու գլուխը ուղղեց դեպի Արագածի ամայի բարձունքները։

ԽԵԼԱԳԱՐ ԱՆԴՐԵԱՍԸ

Մորուք Կարոն մի ամբողջ ամիս սարերում ապրեց։ Եղավ Ամբերդի ավերակներում, գիշերեց Կաքավաձորի և Դիանի քարայրներում, ցորենի բարդոցների տակ թաքնվեց։

Մի օր էլ մի գերանդի գտավ սարում և ուսին գրած ձին քշեց դեպի Գեղամա լեռները։ Ուզում էր ճշտել, թե ո՛ր ճանապարհով հեշտ կլիներ դեպի Մեղրի և Ջռւլֆա գնալ։

Ապարանի վրայով իջավ Եղվարդ և Արզականի կիրճով բարձրացավ Թեղենիսի լանջերը։ Բարձր սարերով էր գնում, որ իրեն չնկատեն։ Մաքրավանք գյուղի թիկունքին թամբաձև մի սար կա։ Կանգնեց այդ սարի վրա և հայացքը հառեց Գեղամա լեռներին։

Դեռ բավական ճանապարհ ուներ անցնելու։

— Յած իջիր ձիուց, Անդրանիկ փաշա, — լսվեց մի հրամայական կանչ իր ետևում և մի տղամարդ ոչխարենու մաշված գդակով՝ տակից ականջները կարմիր թաշկինակով կապած՝ մանգաղը ձեռքին ցցվեց նրա դեմ։

Հեծ յալը ժպտաց.

— Ո՞վ է Անդրանիկ փաշան։

— Ես եմ Անդրանիկ փաշան։ Դու էդպես մենակ ու՞ր կերթաս։

— Աղմաղանի սարերը հնձի կերթամ, — պատասխանեց Կարոն։

— Անդրանիկ փաշան բոլոր սարերը հնձել է։ Ցած իջիր փաշի ձիուց։

— Դու երևի նրա ձիապանն ես եղել։ Նրա ձիու անունը ի՞նչ էր։

— Հրեղեն։ Քո գերանդին ինձ տուր, կամ ցած իջիր փաշի ձիուց։

— Գերանդի՞ն։ Ինչու՞։

— Տանեմ Սերոբ փաշին տամ, իսկ դու գնա ոզնի բռնիր Նեմրութա սար։

— Նեմրութա սարը շատ է հեռու, իմ ճամփեն Աղմաղանն է։

— Հեռու չէ։ Անդրանիկ փաշան տաս օր ժամանակ է տրվել օսմանցու զորքին։ Դու Մորուք Կարոն չե՞ս։

— Մորուքն եմ, ի՞նչ կա։

— Անդրեաս փաշին չե՞ս ճանաչում։

Մորուք Կարոն վայր թռավ ձիուց։ Առաջին իսկ հայացքից զգաց, որ իր առաջ կանգնած է մի խելագար։

— Անդրեա՜ս, — ասաց ու գրկեց խելագար հայդուկին։

— Տուր գերանդին, տուր գերանդին, որ վաղը հնձի երթանք։

— Դու տուն ունե՞ս, Անդրեաս։

— Անդրանիկ փաշեն իմ տուն նստած Սերոբ փաշի հետ զրույց կենե։ Ուղիղ տաս օր ժամանակ է տվել, իսկ օսմանցին ասել է. «Ես տաս օրվա մեջ իմ վեշերը ինչպե՞ս կապեմ»։ Երեկ ես փաշին ասացի, երկու օր էլ ավելացրու՝ թող վեշերը կապեն։

— Փաշեն ի՞նչ ասաց։

— Չէ, ասաց փաշեն, իմ ժամկետը տաս օր է։ Կայծակ Անդրեասը կովի բռնվելով Իբրահիմ խանի հետ մասնակցել էր Սարդարապատի ճակատամարտին և իր պահանջով ձիու թամբին կապված ուղևորվել էր դեպի Լոռի։ Զին վիրավոր Անդրեասին Սարդարապատի դաշտից հասցրել էր մինչև Թեղենիսի լանջերը։ Եվ այդ օրվանից Կայծակ Անդրեասը մնացել էր Ծաղկաձորում, չկարողանալով հասնել Անդրանիկի զորքին։ Ուժեղ ապրումներից, որ ուշացել է, խախտելով հայդուկ կամավորի սրբազան ուխտը, Անդրեասը ցնորվել էր և ամենքը նրան խելագար Անղրեաս էին ասում։ Այդ խելագարությունը արտահայտվում էր խիստ անհավասարակշիռ ձևերով. մեղմ ժպիտից մինչև հանկարծական քըրքիջ, խելացի խոսքից թռիչք դեպի անհարակից, անկապ խոսքեր, շշուկից մինչև գոռոց և հայհոյախառն բացականչություններ, և այդ բոլորը զուգորդված իր վաղուց ապրած վայրերին ու սիրելի անուններին, անցյալի դեպքերին ու տպավորություններին։ Կերպարանքը դարձյալ սարսափազդու էր, բայց ոչ առաջվա պես ահեղ։ Անծանոթ ուղևորները երբեմն նրան շփոթում էին թաթերին բարձրացած արջի հետ։ Ջուր խմելիս դարձյալ երեսը մինչև ականջները խորասուզում էր աղբյուրի մեջ, երկայն ցից բեղերը ծփացնելով ջրի երեսին։ Ապա արևի տակ բեղերը ցամաքեցնելով և բարակ ոլորելով տաքանում էր մի ժայռի նստած։

Կայծակ Անդրեասը ամառները մանգաղով հնձում էր Թեղենիսի լանջերը, իսկ ազատ ժամերին Ծաղկաձորի դարիվեր փողոցները չափչփելով սրտակեղեք երգեր էր ասում իր քաջ զորավարի մասին։ Բավական էր որևէ անցորդի բերանից լսեր «ուշացա» բառը։ — Ես ի՞նչ մեղավոր եմ, որ ուշացա։ Ինձ կապեցին ձիու թամբին ու ասացին՝ «Գնա հասիր Անդ՛րանիկ փաշի զորքին», — գոռում էր նա և երեք անգամ ուշացա, ուշացա, ուշացա՜ բացականչելով, բռունցքով հարվածում էր քունքերին ու քայլամոլոր շարունակում ճամփան։

Սովորաբար շրջում էր ոչխարենու հնամաշ գդակով, տակից կարմիր թաշկինակը ականջներին կապած, և ոստոտ գավազանը դրած ուսին։ Վա՜յ նրան, ով իր ներկայությանը հանդգներ որևէ կծու խոսք ասել Անդրանիկի մասին։ Ասողի բաժինը մի անողոք նայվածք էր կամ գավազանի հարված, իսկ իր բաժինը՝ դառնագին հեծկլտուք «Կեչառիս» խորտկարանի մի անկյունում օղու գավաթի առաջ նստած։ Դառնանում ու հայհոյում էր՝ մինչև ուշ գիշեր իր երգն ու լացը, զայրությանն ու թախիծը իրար խառնած։ Ու գնում էր խելագար Անդրեասը ինքն իր հետ կամ անցորդների հետ բարձրաձայն վիճելով և իբրև օրվա կարևորագույն նորություն հավաստելով ու հաստատելով թե՝ «օսմանցին արդեն սկսել է իր վեշերը կապել»։

Ծաղկաձորում խորհրդավոր կերպով պատմում էին, որ Կայծակ Անդրեասը իր գդակի տակ պահում է Կովկասի փոխարքայի հրամանը Բաղեշը գրավելու մասին։ Այդ այն հեռագիրն էր» որ Անդրանիկը բարկացած շպրտել էր ՌահվեԴուրանի ձյուների վրա իբրև բողոք թագավորի դեմ։ Այդպիսի մի թուղթ իսկապես Անդրեասը գաղտնի պահում էր իր գդակի մեջ և առաջին տեսնողը եղել էր Ծաղկաձորի շրջանային գործադիր կոմիտեի նախագահը, որին վերջինս դիմել էր իրեն ծերության թոշակ նշանակելու հարցով։

— Սերոբ փաշեն ի՞նչ ասաց, — իր խոսքը շարունակեց Մորուք Կարոն»

— Սերոբ փաշեն ասաց՝ Անդրեաս, մի գերանդի գտիր, վաղը հնձի երթանք։

— Ո՞ր սարը։

— Տանձաղբյուրի։

— Ձեր գյուղում կոլխոզ կա՞, Անդրեաս։

— Կա։ Անդրանիկ փաշեն կոլխոզի նախագահ է, իսկ Սերոբ փաշեն՝ գործկոմի։ Գնա Բիթլիսու սար մի քիչ խոտ քաղիր նրանց ձիերի համար։ Ռահվե–Դուրան գնա, Ռահվե–Դուրան։ «Ճվիկե տոտանի, ճվիկե տոտանի, քո տունը քանդեցիր, իմն էլ դրիր վրան»։

— Իմ ճամփեն Աղմաղան է, Անդրեաս։ Ես իմ ճամփից շատ ուշացա։

— Ուշացա, ուշացա՛, ուշացա՜, — գոռաց Անդրեասը քունքերին խփելով։ — Ես ի՞նչ անեմ, որ ուշացա։ Ինձ կապեցին ձիու մեջքին ու ձին ինձ բերեց Եղվարդ։ եղվարդից բերեց Կեչառիս ու չկարողացա հասնել Լոռի։ Տուր Անդրանիկ փաշի ձին, որ գնամ հասնեմ նրա զորքին։

— Տուն գնա, Անդրեաս, գնա հանգստացիր, — ասաց Մորուք Կարոն։

— Ինձ հանգիստ չկա, մինչև չհասնեմ փաշի զորքին։ — Ասաց, նորից խփեց քունքին և մանգաղն ու մի կապ խոտ թևի տակ, շարժվեց առաջ։

Գնում էր ու երգում,

Բիթլիս քաղաք շատ լեռնային, նամակ չկար Անդրանիկին... »

— Անդրե՛աս, — բղավեց Կարոն խելագարի ետևից։ Բայց նա արդեն հեռացել էր և հանգ–հանգ ծիծաղելով գնում էր դեպի Ծաղկաձոր։

Հանկարծ ետ դարձավ։

— Մորու՜ք, տղաներին շատ բարև կանես ու մանավանդ Սեյդո Պողոսին, որ նստած էր Ծծմակա Քթին։

Մի աղջիկ նրան տեսնելով ճչալով նետվեց դեպի իրենց բակը։

— Մայրի՜կ, խելառ Անդրեասը… Մայրը դուրս եկավ.

— Բարև, Անդրեաս քեռի։

— Բարին արևդ, Տիրուն։

— Անդրեաս քեռի, Անդրանիկ զորավարը ինչու՞ Հայաստանը թողեց գնաց ու քեզ էս օրին գցեց։

Վշտից գնաց, Տիրուն, վշտից։ Անդրանիկ զորավարը երբ տեսավ, որ խաբված է դրսից ու ներսից, բարկացած հեծավ իր Ասլան ձին, քշեց անցավ Գեկեչկորու տերության սահմանը և Սև ծովին հասնելով ասաց՝ Եվրոպա, դո՜ր ես, եկա։

— Հիմա որտե՞ղ է։

— Կոլխոզի գրասենյակ։

— Քա վու՜յ կանաչ մեռոն էս մարդը իսկական խելառ է։

— Ի՞նչ է, Անդրեաս։

— Մի քանի գաթա թխիր, վաղը Բջնի պիտի երթամ։

— Բջնի ի՞նչ գործ ունես։

— Մի որբևայրի կին կա, կուզեմ բերեմ իմ տուն։

— Հարսանիքը դու անես, գաթեն ե՞ս թխեմ։ Երևանում աղջիկներ ունես, թող նրանք թխեն։ Ի՞նչ տեսակ կին է։

— Քեզ պես սիրուն, կարմրաթուշ կին է։ Կուրծքը ասես Ռահվե–Դուրան լինի հունիս ամսին, մեջքը՝ Խլաթա կամուրջ։ Խածնեմ թշերդ, Տիրուն։

— Քա աղջի, դու ներս գնա տեսնեմ էս խելառն ինչ է խոսում, — ասաց ծազկաձորցի կինը, դուռը աղջկա վրա կիսածաձկ անելով։

— Ու՞մ թշերը խածնես։

— Քո թշերը, Տիրուն, քո կարմիր թշերը։ Անդրանիկի ձին Ռահվե–Դուրանում մի օր իմ թևը պինդ խածեց։ Երկու սանձ էի դրել բերանը, բայց խածեց։ «Ճվիկե տոտանի, ճվիկե տոտանի, քո տունը քանդեցիր՝ իմն էլ դրիր վրան»։

Կարոն ինքն էլ չիմացավ, թե ինչպես հասավ Գեղամա լեռներին։ Ամբողջ ժամանակ խելագար Անդրեասն էր իր աչքի առաջ։

Մեղրին և Ջուլֆան շատ հեռու թվացին իրեն։ Աժդահակ սարի տակով ձին քշեց դեպի Մարտունու շրջանի Վերին Գետաշեն։ Մշո Աղջան գյուղացի հազարապետ Վահանն էր այնտեղ թաղված։ Սպանվել էր Ջղնի ձորում։ Ինքը և Չոլոն դիակը կապել էին ձիու վրա և տարել ամփոփել այդ գյուղի եկեղեցու բակում։

Աղջնա Վահանի մահից հետո կինը՝ Խաթունը ամուսնացել էր նրա զինվորներից մեկի հետ։ 1930-ին նոր ամուսինը՝ Պետրոսը երկու կով էր վաճառել և Թալինի Ցամաքաբերդ գյուղից գնացել էր Մարտունի՝ Վերին Գետաշեն ու իր կնոջ նախկին ամուսնու շիրմին հուշարձան կառուցել։

Մորուքը մտավ եկեղեցու բակը, գլխարկը հանեց տապանաքարի առաջ և լռությամբ հարգանք մատուցեց սասունցոց գնդի քաջարի զինվորի հիշատակին։

Հետևյալ օրը նրա ձին կանգնեց Արագածի վրա։

ՄԻԼՊԵՏԻ ԾՈՑՈԻՄ

Մութ էր։

Մորուք Կարոն իջավ ձիուց, կանգնեց ձիու կողքին ու մտածեք. ու՞ր գնալ։ Նորի՞ց ապավինել լեռներին։

Մի հավք անցավ իր վերևով։ Երկար նայեց ետք՛ից։ Հավքը գնաց թառեց մի քերծի։ Ապա թևերը ծալեց ու սուզվեց ժայռի մեջ։ «Նա էլ մտավ իր բույնը, — մտածեց Կարոն, — իսկ ե՞ս»։

Հիշեց։

Սարդարապատի դաշտում մի ծանոթ գյուղ կար, անունը Ջանֆիդա։ Նրանից աչն կողմը՝ հին Արմավիրի մոտ մի ուրիշ գյուղ Մեծ Շարիար։ Այնտեղ նա տալվորիկցի մի բարեկամ ուներ, նախագահ էր գյուղում։

«Արի էս գիշերը Ռաշիդիս հյուրը լինեմ», — ինքն իր մեջ խոսեց Մորուք Կարոն։

Քշեց Կարոն իր ձին և գիշերով իջավ Մեծ Շարիար։

Ռաշիդը մենակ նստած գինի էր խմում։

Ուրախացավ Արարատյան դաշտի գյուղացին իր շեմքին պատվական հյուրին տեսնելով։

Շեմքի վրա գրկախառնվեցին։

— Նախ ձիուն գարի, հետո տիրոջը հաց, — պատվիրեց Կարոն գերանդին պատից կախելով։

Ռաշիդը ձին տարավ գոմ, իսկ Կարոյին՝ օդա։ Ձիու առաջ գարի դրեց, հյուրի առաջ՝ հաց։ Հանեց իր ամենաընտիր կա՛րասի գինին, որ երբեք բացած չկար։

— Հողե աման ունե՞ք, — հարցրեց Կարոն։

Ռաշիդն հասկացավ, որ Կարոն վիշտ ունի։ Կինը մի խոր պնակ բերեց հյուրի համար։

— Մի պնակ էլ ինձ համար բեր, — ասաց Ռաշիդը գինու փոքրիկ գավաթը մի կողմ հրելով։

Կինը մի պնակ էլ բերեց։

Հավ մորթեցին, թթու հանեցին ու նստեցին սեղան։ Պնակները զարկվում էին իրար ու դատարկվում։ Պատրաստվում էին քնելու, երբ լուսամուտի դեմ մի գըլուխ երևաց.

— Նախագահը տա՞նն է, — լսվեց դրսից։

— Տանն է, ներս համեցեք, — պատասխանեց Ռաշիդը և ճրագը ձեռքին մոտենալով դուռը բացեց։

Եկողը Էջմիածնի գավառամասի միլպետ սուրմալեցի Վաչագանն էր, առույգ, գեր ու կարճլիկ, թխադեմ մի տղամարդ։ Նա հենց շեմքից նկատեց, որ շեկ բեղերով մի գյուղացի նախագահի տանը նստած կավե ամանով գինի է խմում։ Առաջին անգամ էր տեսնում մեկին, որ գինին պնակով է խմում։ Պետին դուր եկավ այդ գյուղացին։ Եվ որովհետև ինքն էլ ի պաշտոնե այդ գավառամասի գրեթե բոլոր կարասների գինին փորձել էր, ուստի շատ ուրախացավ, որ այդ գիշերը դարձյալ առիթ ուներ շփվելու խմիչքի հետ։

— Էս ի՞նչ հալի եք, — ձեռքերը աշխուժորեն իրար տրո՛րելով հարցրեց միլպետ Վաչագանը։

— Նստած գինի ենք խմում, ընկեր պետ, — պատասխանեց Ռաշիդը նրան թախտի վրա տեղ առաջարկելով և ճըրագը դնելով պատուհանի գոգը։

— Գինին պնակներո՞վ։ Առաջին անգամն եմ տեսնում։

— Մեր երկրում գինին պնակներով են խմում, — ավելացրեց Կարոն։

— Ձեր երկիրը ո՞րն է։

— Արաբս տան։

— Մեծ Շարիարի գինին հայտնի է մեր գավառամասում և արժե այդ գինին պնակներով խմել, — ասաց միլպետը։ — Ո՞ր կարասից է քաշված։

— Իմ մառանի ամենաընտիր կարասից, ընկեր պետ։ Քիչ առաջ բաց արի, — ասաց տանտերը։

Մորուք Կարոն գինով լի ամանը դեմ արեց Էջմիածնի միլպետին։

— Մի տես ի՜նչ գինի է։

— Ոչ, պնակով գինին շատ է։ Ես պաշտոնյա մարդ եմ և գործով եմ եկել գյուղ։

— Հիմա գինու ժամն է, գործը հետո կանես, — նկատեց Կարոն։

— Դու երևի վաղուց գինի խմած չկաս, որ պնակով ես խմում։ Եվ քո պնակը կրկնակի խոշոր է նախագահի ամանից։

— Պատահում է և այդպես, ընկեր պետ։ Կարասին ասացին. ինչի՞ց ես վախենում. ասաց՝ փոքր ամաններից։

Երկուսն էին՝ դարձան երեք։ Կինը նոր հավեր մորթեց և երեքով սեղան նստած խմեցին մինչև կեսգիշեր։ Միլպետն ու նախագահը գավաթներով էին խմում, իսկ Կարոն՝ կավե ամանով։ Խմեցին ու զրույց արին։

Ամեն մեկը սեղանի առաջ մի հետաքրքիր բան պատմեց։ Հյուրն էլ պատմեց կորեկի և ցորենի վեճը։

— Կորեկը քառասուն օրից է բերք տալիս, — ասաց Մորուքը, — իսկ ցորենը ավելի ուշ։ Մի տարի Մշո դաշտում սով էր։ Գյուղացիք սկսեցին կորեկ ցանել, որ սովի առաջը փակեն։ Կորեկը փքվելով ցորենին ասաց.

— Ցորեն ախպեր, ես ելել եմ բեմ։

— Ի՞նչ անեմ, տարին քո տարին է, — ասաց ցորենը։

— Կուզեմ երթամ Երուսաղեմ։

— Ձենդ կտրիր. մի էս պլպլան աչքով պարծենկոտին տես։ Կուզես աշխարհը սո՞վ գցել, — գոռաց ցորենը և բարկացած դմբեց կորեկի գլխին։

Սարից եկած հյուրը իր պատմություններով և քաղցր բնավորությամբ գերեց սուրմալեցուն։ Միլպետ Վաչագանի կենացի վրա Կարոն նրա պատվին երգեց «Սուրմալու» երգը, որ սովորել էր վերջին թափառումների ընթացքին Արագածի վրա։

Չկա զանգակի ձայն, չկա հայ բարբառ, Դառել ես բնավեր, պայլերի անտառ, Դպրոցներով հարուստ մարդասեր գավառ, Օձն է նստել բախտիդ վրա, Սուրմալու։

— Վա՜յ էս ինչ լավ մարդ ես, լավաշի մեջ փաթաթես ուտես։

Միլպետը հուզմունքից գրկեց համբուրեց հյուրին և նըրան իր տուն հրավիրեց՝ Էջմիածին։ Այնքան դուր եկան մեկը մյուսին, որ գիշերը քնեցին իրար հետ, միևնույն թախտի վրա։

Առավոտ վաղ Մորուք Կարոն արթնացավ, հեծավ իր ձին, առավ գերանդին ու գնաց։

Դիանի և Կաքավաձորի անձավները վերևից աչք էին թարթում՝ մեզ. մոտ արի։ Ամբերդի ավերակները հեռվից կանչում էին արի, մենք քեզ տուն կտանք։

Միլպետն արթնացավ, լվացվեց, հաց կերավ և նախագահին մի կողմ քաշելով՝ ասաց.

— Ռաշիդ, ախր ես կարևոր գործով եմ եկել Մեծ Շարիար։

— Ի՞նչ գործ է։

— Տեղեկություն է ստացված, որ Մորուք Կարոն գտնըվում է ձեր գյուղում։ Գուցե և Ջանֆիդա գյուղումն է թաքնըված, կամ Արմավիրում։ Եկել եմ քեզ մոտ, որ օգնես ինձ Մորուքին գտնելու։ Դրան էլ բռնեմ հանձնեմ ու հոգիս ազատեմ էդ ցավից։ Ուղիղ երկու օր է տղաներով գյուղերն ընկած նրան ենք փնտրում։

— Քո տունը շինվի, ընկեր պետ, Մորուք Կարոն էն էր, որ գիշերը քնուկ էր քո ծոց, — խնդալով պատասխանեց Ռաշիդը։

Միլպետը զարմանքից սփրթնեց։

— Ինչպե՞ս թե։ Էն գյուղացին, որ պնակով գինի՞ էր խըմում։

— Հա՜, Մորուք Կարոն նա էր։

— Ու՞ր գնաց։

— Առավոտ շուտ արթնացավ, հեծավ իր ձին ու գնաց։

— Դու ճի՞շտ ես ասում։ Ուրեմն դա՞ է եղել Մորուք Կարոն։

— Հենց նա է, որ կա։

— Որ ցորենի ու պլպլան կորեկի պատմությունն արեց։

— Այո։

— Էն գյուղացի՞ն։

— Հա, էն գյուղացին, որի հետ դու համբուրվեցիր և գիշերը միասին քնեցիք թախտի վրա, — հանգիստ պատասխանեց Ռաշիդը։

— Քնելը հիշում եմ, բայց համբուրվելը… մի՞թե համբուրվեցի։

— Այն էլ մի քանի անգամ։ Իմ կարասի գինին խմողը չի կարող չհամբուրվել։

Միլպետ Վաչագանը մոտեցավ սեղանին, վերցրեց այն պնակը, որով Մորուքը գինի էր խմել, զարմացած նայեց մեջը, հոտոտեց և դրեց տեղը։

— Ուղղակի անհավատալի բան է. այն մարգը, որին դու փնտրում ես, մտնի քո ծոցը և քո ձեռքից փախչի՞։ Ախ՛պեր, եթե Մորուք Կարոն դա է, հալալ լինի նրան իր ծծած կաթն էլ, իր խմած գինին էլ։ Էսքան ապրել եմ աշխարհում, ես դեռ էդպիսի խոսքաշեն անուշ մարդ տեսած չկամ, — ասաց սուրմալեցին։ — Բայց ի՞նչ արած, մեզանից պահանջում են։ Ուզենք թե չուզենք պիտի բռնենք և հանձնենք։ Ես չբռնեմ ուրիշը պիտի բռնի։ Օձն է նստել էդ մարդու բախտի վրա։ Երեկ Թալինից զանգահարեցին, թե նա կարող է մեր կողմերում լինել։ Տվեցին Ջանֆիդայի և ձեր գյուղի անունը։ Հայտնեցին, որ նա վաղուց փախստական է դարձել և ապրում է սարերում։ Մերթ այս ձորի կամ քարայրի մեջ է, մերթ այն քարափի գլխին, մերթ մի ավերակ բերդի դռան, մերթ ծանոթ–բարեկամի գոմում։ Երբեմն էլ հավքերին թռցնում՝ մտնում է նրանց բույնը։ Մի քանի անգամ գիշերով եկել-թաքնվել է իրենց բուխարիկի մեջ և կինը բուխարիկի բերանը ծածկել է սալաքարով։ Իբրև թե այնքան երկար մորուք ունի, որ մի անգամ բուխարիկի բերանը ծածկելիս, մորուքի կեսը մնացել է սալաքարի տակ։ Եթե Մորուք Կարոն նա է, որ մենք երեկ տեսանք, ապա նա բոլորովին էլ մորուք չունի։ Չէ, ես նրա մեղքի տակ չեմ մտնի, Ռաշիդ, — վճռաբար հայտարարեց միլպետ Վաչագանը։Այդ գյուղացին ինձ դուր եկավ և իմ խղճին դեմ է նրան բռնելը։ Հա, մի բան հիշեցի. ձեռքին գերանդի կա՞ր։

— Կար։

— Հենց նա է, որ կա։ Մեզ հայտնեցին, — շարունակեց միլպետը, — որ Աշտարակի և Թալինի լեռնային մի քանի գյուղերում հնձվորները նկատել են մի տարօրինակ երևույթ. ինչ–որ մեկը գիշերով գալիս և իրենց կիսատ թողած գործը ավարտելով լուսադեմին հեռանում է։ Եթե խոտհարք է՝ խոտը քաղված, եթե արտ է՝ լրիվ հնձված, երբեմն էլ խրձերը կապած և թողած դաշտում։ Ենթադրում են, որ դա Մորուք Կարոն կարող է լինել։ Այդ ամբողջ ժամանակ միայն մի գերանդի է անհայտացել սարից։ Դե եկ, և այդպիսի մարդուն բռնիր. ի՞նչ իրավունքով։ Վերջերս ինչ–որ բան է նկատվում մեզ մոտ, Ռաշիդ, որ իմ սրտովը չէ և, իմ կարծիքով, հակառակ է ընկեր Լենինի պատգամներին։

— Նրան ներում էր շնորհվել։ Կառավարությունը անգամ թույլ էր տվել, որ վերադառնա գյուղ և զբաղվի իր վարուցանքով, — հաստատեց նախագահը։

— Տեսնու՞մ ես։ Իսկ որոշ մարդիկ կարգադրել են նրան բռնել։ Որ Մորուքին կբռնեն, դա անկասկած է, բայց թող մեր ձեռքով չլինի։ Նա գիշերով եկավ քեզ մոտ, այնպես չէ՞, — հարցրեց միլպետը։

— Այո, մութով եկավ և մութով գնաց։

— Ուրեմն՝ որոշեցինք. դու կասես, որ քո տանը այդպիսի մարդ չի եղել։ Ռուսերեն դրան ասում են «սուխոյ ատկազ»։ Կնոջդ էլ զգուշացրու, որ բերանը փակ պահի։ Ծանր օրեր են, Ռաշիդ, մի բուռ ժողովուրդ ենք մնացել, պահենք մեր լավերին։ Լսեցի՞ր ինչ ասաց. կարասին հարց տվին. ինչի՞ց է վախենում, ասաց փոքրիկ ամաններից։

Այս ասելով միլպետ Վաչագանը նախագահի հետ ելավ գյուղամեջ, ձևականության համար հարցաքննեց մի քանի բնակիչների և մեկնեց շրջկենտրոն։

ԲԱՑՃԱԿԱՏ ԱՊՐԻՐ, ԻՇԽՆԶՈՐՑԻ

Այդ օրը երկար թափառեց Մորուք Կարոն։

Մեծ Շարիարը մտքից չէր գնում։ Շատ փորձություններ էին անցել իր գլխով, բայց այդպիսի արկածի հանդիպած չկար։ Իսկապես, ինչ անզգուշություն էր իր կողմից գնալ և պառկել իրեն որոնող միլպետի ծոցում։ Ոչ, նա այլևս Մեծ Շարիար չի գնա։ Արդեն պարզ էր, որ իրեն խստորեն հետապնդում են և գավառամասի միլպետը այդ նպատակով էր եկել գյուղ։

Հիշեց առաջին տարիներին Ոսկեթասի ջրաղացի հետ կապված դեպքը, որի համար նա նույնիսկ ծեծեց կնոջը։ Ոչ, ոչ, նա այլևս այդքան անզգույշ չի լինի և այլևս չի իջնի դաշւոի գյուղերը։ Լեռնային գյուղերում վտանգի պահին հընարավոր է որևէ կիրճի կամ սարի ետևում թաքնվել, ապավինել քարափներին ու ծերպերին, իսկ հարթավայրում ինչպե՞ս և ու՞ր թաքնվել։

Նա գերանդին դրեց այն բլրի կողին, որտեղից վերցրել էր և ձին քշեց դեպի իրենց սարերը։ Կասկածելի ուղևորներ երևացին։ Աջ թևի վրա մի հին գերեզմանոց կար։ Գլխահակ մոտեցավ շիրիմներից մեկին և սանձը բռնած տխուր նստեց մի տապանաքարի, իբրև թե սգում է վաղամեռիկ հարազատին։

Սպասեց այդտեղ մինչև մութն ընկավ։ Հեծավ ձին ու նորից քշեց։ Արտենասարի տակ երևաց իրենց գյուղը։ կիսամութի մեջ երևացին Մոսե Իմոյի, Տեր Քաջի Ադամի, իր եղբայր Օհանի, Գաբոյի, Փափագի, Պողոսի և մյուս սասունցիների տները։

Իր տանիքն էլ երևաց։

Լուսնի տակ ցոլաց բարակ սայլուղին, որով նա առաջին անգամ Լենինական գնաց, երբ նոր էր եկել Հայաստան։ Գնաց ներկայացավ Գավգործկոմի երիտասարդ նախագահին։

Նախագահը հարցրեց.

— Ո՞վ ես, քեզ չեմ ճանաչում։

— Էն Մորուք Կարոն, որ ասում են, ես եմ։

— Սասունցիների պոլկի՞ց։

— Այո։

— Ինչու՞ եկար։

— Եկա, որովհետև ղարիբության մեջ էի։ Մուհամեդն ասել է՝ ես ղարիբությունը կարգելեի, եթե վերադարձի քաղցրությանը չլիներ,

— Մոռացիր Մուհամեդին և Քրիստոսին և վայելիր այդ քաղցրությունը։ Ես քո կնոջն էլ որոշել էի ուղարկել քեզ մոտ, բայց որ եկել ես՝ գնա գյուղ և հանգիստ զբաղվիր քո վարուցանքով։

Շնորհակալություն հայտնեց ու դուրս եկավ։

Հանգի՞ստ։

Իսկ ինչու՞ է ինքը այդպես անհանգիստ թափառում սարերի վրա և թաքնվելով իր ձիու փորատակին և անձավների մեջ, կռանում օտար շիրմաքարերին։ Ինչու է սպասում, որ մութն ավելի թանձրանա։

Մորուք Կարոն գիշերով հասավ իրենց գյուղի խոտնոցը։ Կանգնեց Խոտնոցի մեծ քարի տակ։ Նորից կտրեց առվի ջուրը և նորից ծերունի Ֆադեն եկավ թիակը ուսին։

Ու պատվիրեց Կարոն.

— Գնա իմ ախպեր Օհանին կանչիր։

Ու ծերունի Ֆադեն մութով քայլեց եկավ Օհանի դուռ։

— Օհա՛ն, վեր կաց, խոտնոց գնա, մարդ է կանչում։

Ու գիշերով դեպի խոտնոցի ձորը գնաց Մուրո տան Օհանը մենակ։

Մենակ էր ու մի աչքը կապած։ Եվ Մորուքն ասաց.

— Օհա՛ն, ես ճամփորդ մարդ եմ, ընտանիքս քեզ ամանաթ։ Կյանքը Սխտոր–քարի պես բան է. չշվարես և չշփոթվես էդ քարի վրա։ Մի բան իմացիր, աշխարհում մեր գտածը քիչ եղավ, մեր կորուստը՝ շատ։

Օհանը գնաց, Մարթան եկավ։

Եկավ ու կանգնեց Խոտնոցի մեծ քարի տակ, Օհանի կանգնած տեղը։

— Իշխնձորցի, քար ու հողը մաշվեց իմ կրունկից, — ասաց Կարոն։ — Ես Սալոնիկից եկա, որ ազատ վարուցանքս անեմ, բայց չար մարդիկ ինձ հանգիստ չեն տալիս գյուղում։ Հոգնեցի բուխարիկների, գոմերի ու հավքերի բներում ապրելով, մաղարայից մաղարա անցնելով։ Իմ ձին էլ հոգնեց։ Որոշել եմ՝ կերթամ։ Կերթամ, որ ոչ ոքի մեղքի տակ չընկնեմ։ Դու էլ ինձնից հետո ոչ մեկի մեղքը գլուխդ չառնես։ Բացճակատ ապրիր, իշխնձորցի, ինչպես ապրել ես մինչև հիմա։ Կար ժամանակ, որ Սասնա քար ու հողը կդղրդար քո պատճառով ու ես քեզ մեջքիս կապած մեն–մենակ կկռվեի չար աշխարհի դեմ։ Քո սիրո համար ես մազրեցու աղջկան քո անունից խոստովան արի, որ էդ դղրդոցը հանգստանար։

Ասաց ու լռեց։

Լռեց ու նորից ասաց.

— Մինչև հիմա լեն ճամփի վրա իրար կողք-կողքի գնացինք, նեղ կածան հանդիպեց՝ գնացինք իրար ետևից, ես՝ առջևից, դու՝ ետևից, միշտ միասին ու իրարից անբաժան։ Հիմա պիտի բաժանվենք։ Քո էն գիշերվա տագնապը ճիշտ էր, իշխնձորցի։ Մեր սողնակը հավիտյան փակվեց։ Էս դուռը մեր բախտին թարս կապողը դժվար թե նորից բաց անի։ Աստված մեզ երեք աղջիկ զավակ տվեց, բայց տղա ժառանգ չունենք։ Օհանը երկուսն ունի։ Քեզ ամանաթ Օհանի մեծ արդեն, կբերես մեր տուն և ձեռքը գիրք կտաս։

Ասաց ու գնաց։

Միայն Ահագչի գյուղը կանգնած մնաց ու մնաց Արտենի սարը իր տեղում՝ լուսն յակը ճակատին։

ԵՍ ԻՄ ՄԱՍԻՍԻ ԾԽԻՆ ԿՀԱՎԱՏԱՄ

Մաղդան բարձրիկ գյուղ է Արագածի լանջին։ Ձին քշեց Կարոն, հասավ Մաղդա։

Այդտեղ էր ապրում Զնգլիկ Պետոն։ Կանգնեց գյուղից դուրս աղբյուրի մոտ ու կանչեց նրան։

Ու եկավ Պետոն։

Զնգլիկ Պետոն տարիքով փոքր էր Մորուքից, բայց ավելի կշռադատ ու շրջահայաց։ Եղել էր սասունցոց գնդի քաջ մարտիկներից մեկը։ Մորուքի հետ մասնակցել էր Թալինի բերդի գրավմանը և գնացել–հասել մինչև Գորիս։ Ի վըրեժ Փեթարա Մանուկի և Ախոյի սպանության, նա 175 ձիավորով Մասիսի կողմից գրոհել էր Կողբի վրա և գրավել Հայաստանի աղահանքերը։

Իսկ այժմ թե Մասիսը և թե Կողբը գտնվում էին սահմանից այն կողմ։

Ճշտվել էր Շեյխ Զիլանի քուրդ առաջնորդների միացյալ զին յալ ապստամբությունը։ Շեյխ Զիլանր մեծաքանակ ապըստամբների գլուխ անցած շարժվում էր Վան քաղաքի վրա։

Եվ նրանք որոշեցին սահմանն անցնել։ Կգնան կմիանան քրդական ապստամբներին և կկռվեն բռնության դեմ։ Եթե չկարողանան իրենց ծննդավայրն ազատագրել, գոնե կռված կլինեն հարևան փոքր ժողովուրդների ազատության համար։

Բայց ո՞ր կողմով մոտենալ Արաքսին։

Կարոն բացատրեց, որ ինքը եղել է Աղմաղանի կողմերում և իր կարծիքով ամենահարմարը Կոշի քարափների տակով դեպի Սև ջուր իջնելն է։

Մազդեցին համաձայն եղավ։

— Ես քեզ մոտ կգամ շաբաթ օրը, կես գիշերից առաջ, — ասաց Կարոն։ — Հասա թե չէ՝ ճանապարհ ենք ընկնելու։

— Տանը պատրաստ կսպասեմ։

— Ես տուն չեմ մտնի։ Հիմա էլ տուն չեմ գա, — զգուշացրեց Մորուքը, — իրար կհանդիպենք այս աղբյուրի մոտ։

Զնգլիկ Պետոն ուտելիք բերեց։ Կարոն իջավ ձիուց և ատրճանակը քաշելով պարպեց բացօթյա սեղանի առաջ։ Մի ձեռքով հաց էր ուտում, մյուսով ձիու սանձը և ատրճանակը պահում։

— Ատրճանակը տեղը դիր և հացդ կեր, — նեղացավ Զընգլիկ Պետոն։ — Մենք եղբայրներ ենք։

— Իմ եղբայրը իմ զենքն է, — ասաց Կարոն և վերջին պատառը արագ ծամելով թռավ ձիու մեջքին։

Երեկոյան Պետոն կնոջը առանձին կանչելով պատվիրեց շտապ երկու զույգ գուլպա գործել։

Կինը ուզեց իմանալ, թե երկրորդ զույգը ու՞մ համար է։

— Քո գործը չէ։ Կգործես սև թելից։ Շաբաթ օրը պատրաստ լինի, — ապսպրեց Զնգլիկ Պետոն։

Հինգ օր շարունակ Արևիկը գուլպա գործեց։ Ցերեկները կանգնում էր գյուղից դուրս և սև բրդից թել էր մանում, իսկ գիշերները դրանից գուլպա էր գործում թախտին նստած։

Մորուքը եկավ ճիշտ ժամանակին, շաբաթ օրը, կեսօրից առաջ։ Եկել էր ոտքով։ Ձին տարել էր սար և թողել իր ծանոթ եզդիներից մեկի մոտ։

Պետոն նրան դիմավորեց պայմանավորված վայրում, աղբյուրի մոտ։ Պետոն հետը վերցրել էր մի կապոց ուտելիք և երկու ձեռք տաք գուլպա, մեկը իր համար, մյուսը՝ Մորուքի։

Կռացան խմեցին աղբյուրի ջրից և ձեռնափայտերը վերցնելով պատրաստվեցին մեկնել։

Լուսնի բացակայությունից օգտվելով լուսաստղը պայծառ շողշողում էր իրենց գլխավերևում։ Արևիկը ձեոները ծալած, տխուր մոտեցավ նրանց, չհամարձակվելով առաջինը խոսել։

— Դե, կին, քեզ քաջի պես պահիր, ինչպես վայել է ֆիդայու կնոջը, — ասաց Զնգլիկ Պետոն ձեռնափայտը թևատակից գետնին իջեցնելով։ — Մեր գնալու մասին ոչ ոք չըգիտի քեզանից բացի։

— Գոնե ձեր պայմանն ասեք, որ իմանամ ո՞ղջ եք, թե մեռած, — հարցրեց Արևիկը։

— Մեր պայմանը երեք օր է։ էսօր շաբաթ է, վաղը՝ կիրակի։ Մյուս օրը՝ երկուշաբթի։ Էս երեք օրվա մեջ ամեն երեկո, երբ արևը մայր կմտնի, կգաս կկանգնես էս մեր կանգնած տեղը և կնայես դեպի Մեծ Մասիս։ Եթե Մասիսի ստորոտում Ակոռի գյուղի մոտ կամ ս. Հակոբա աղբյուրի տակ կրակ երևաց, ուրեմն իմացիր, որ մենք անփորձանք անցել ենք Արաքսը, թե չերևաց, կնշանակի բռնված ենք, կամ զարկված։ Մեր ազգ ու տոհմին ու հարևաններին մեր գնալու մասին կհայտնես միայն այն ժամանակ, երբ Մասիսի վրա ծուխ տեսնես։

Արևիկը աղբյուրի մոտ կանգնած երկար նայեց նրանց ետևից, մինչև որ երկու հայդուկները անհետացան մոտակա քարափների թիկունքում։ Նա վերադարձավ տուն այն երջանիկ անհանգստությամբ, ասես թե իր ամուսինը հերթական ճակատամարտի էր գնում և շուտով կվերադառնա Մորուք Կարոյի հետ, կամ թե կսպանվի մարտի դաշտում։

Հայդուկները գիշերով իջան դեպի Մեծամոր լիճը և մոտենալով Արաքս գետին, զգուշությամբ շարժվեցին դեպի Մարգարայի կամուրջը։

Արարատյան դաշտավայրի այդ մասը ծանոթ էր իրենց։ 1918 թվականի մայիսին Իգդիրից իջնելով նրանք Մարգարայի կամուրջով շարժվել էին դեպի Մեծամոր և Արաքսի սարահարթը բարձրանալով գրոհել էին Թալինի բերդի վրա։

Իսկ ինչ էր Մարգարայի կամուրջը իր աշնանային կիսացամաք գետով այն հորդացած գետերի համեմատությամբ, որ նրանք բազմիցս կտրել-անցել էին իրենց երիտասարդ տարիներին։

Մորուք Կարոն և Զնգլիկ Պետոն մի ամբողջ օր անցկացրին Արաքսի ձախափնյա եղեգնուտներում, մոտիկից զննելով գետի ծանծաղուտները։ Կարոն ասաց, որ այդ տեղերով տարիներ առաջ անցել են իրենք և ծանոթ են ամեն մի թըփին։

Երկրորդ օրը նրանք կամուրջի կողքով մտան գետը և հաջողությամբ հասան մյուս ափը։ Նստեցին ափին և եղեգների հետևում թաքնվելով փոխեցին իրենց թրջված գուլպաները։ Արևիկի գործած գուլպաներից մի զույգը Մորուք Կարոն հագավ, մյուսը՝ Զնգլիկ Պետոն։ Ապա հաց կերան և իրենց ձեռնափայտերն առնելով ելան ճամփա։ Ետևում Արաքսն էր, իսկ առջևում՝ Մասիս սարը։ Երբ բավական հեռացել էին գետաբերանից, գլուխները հանեցին ու ետ դառնալով թափահարեցին դեպի Արագած։

Երկրորդ օրվա իրիկնադեմին Արևիկը եկավ նշանակված վայրը և նայեց դեպի Մասիս։ Ուղիղ Մեծ Մասիսի ոտքերի մոտ նա մի բարակ ծուխ նկատեց։ Կարծես մշուշ լիներ։ Աչքերին չհավատաց։ Աղբյուրից հեռանալով կանգնեց մի քարաժայռի և աչքերը տրորելով նորից նայեց։ Գնալով այդ ծուխը մեծացավ և խարույկի քարերը լիգելով տարածվեց լեռան լանջն ի վեր։ Ծխի միջից կարմիր բոցեր երևացին։

— Անցել են, — ուրախացած մրմնջաց Արևիկը երեսը խաչակնքելով։ Ինքն էլ չնկատեց, թե ինչպես իր շուրջը մարդիկ հավաքվեցին։ Բոլորի աչքը Մեծ սարի վրա էր։

— Անցել են, — այս անգամ բարձրաձայն գոչեց Արևիկը, ցույց տալով Մեծ Մասիսի ստորոտում երևացող կարմիր ծուխը։

— Ա՜յ, ա՜յ, նստած են կրակի մոտ և իրենց գուլպաներն են չորացնում։ Տեսե՜ք, մեկը կանգնեց և դեպի մեզ է նայում, — ոգևորված շարունակեց Արևիկը առանց աչքը Մասիսներից հեռացնելու։

— Ովքե՞ր են, — հարցրեց մի գյուղացի։

— Մորուք Կարոն և Զնգլիկ Պետոն։

— Ես չեմ տեսնում։ — Ես էլ չեմ տեսնում, — հնչեց մի երկրորդ ձայն։

— էստեղից էնտեղ մարդ չի տեսնվի, Արևիկ, — նկատեց մի հովիվ աղբյուրին մոտենալով»

— Իսկ ծուխը տեսնու՞մ եք։

— Ծուխը տեսնում ենք, — հաստատեցին բոլորը։

— Բա էն Կարոն չի՞ կրակի մոտ նստած։ Էն կանգնածն էլ Զնգլիկ Պետոն չի՞։

Ու բոլորը լարված հետաքրքրությամբ շարունակում էին նայել դեպի Մասիսները։ Ամենից ակնապիշ նայողը Արևիկն էր։ Այնպես էր կլանված, որ նրան թվում էր, թե ինքը իս՛կապես երկու մարդ է տեսնում Մասիսի ստորոտում։ Մեկը կրակի մոտ մի քարի նստած իր գուլպաներն է չորացնում, իսկ մյուսը կանգնած նայում է դեպի իրենց գյուղի կողմը։

— Տեսե՜ք, Պետոն կրակի մոտից շարժվեց դեպի ս. Հակոբա աղբյուրը, — բացականչեց մաղդեցի կինը։ — Մորուքն էլ տեղից ելավ։

— Աղջի, ո՞րն է Պետոն, — հարցրեց բարակ ձայնով մի կին։

— Չե՞ս տեսնում, — գրեթե ինքնամոռաց գոչեց Արևիկը, —

Ա՜յ, տես, չոքեց աղբյուրին և ջուր է խմում։

— Ֆիդայու համար աշխարհը նեղ է, — բացատրեց մի ծեր սասունցի։ — Նրանք գնացին իրենց աստծո ետևից։

Շուտով ամբողջ գյուղում տարածվեց, որ Զնգլիկ Պետոն և Մորուք Կարապետը Մարգարայի կարմուրջի մոտով փախել են դեպի Պարսկաստան՝ Զելիմ խանի ապստամբներին միանալու։

Այդ նույն միջոցին նորակազմ կոլտնտեսության գրասենյակում ծայր էր առնում տագնապալի մի լուր, որ Մորուք Կարոն և Զնգլիկ Պետոն Արաքսին մոտենալիս խփվել են սահմանապահների կողմից և նրանց դիակները սայլերին դրած շուտով բերելու են Թալին և ցուցադրելու են ժողովրդի առաջ իբրև դավաճանների։

— Չեն սպանվել, գետն անցնելիս խեղդվել են, — ուղղեց գյուղի փոստատարը գրասենյակ մտնելով։

Մեկ–երկու տարեց սասունցի անկարելի համարեցին խեղդվելը, պատճառաբանելով, թե Արաքսի ջուրը էգ է։ Մի քանիսն էլ պնդեցին, թե որձ է, որովհետև Բինգյոլի սարերից է գալիս, հնարավոր է, որ խեղդված լինեն։

Երբ Արևիկն իմացավ այդ լուրը, հանգիստ պատասխանեց.

— Թող նրանք էդպես խոսեն, ես իմ Մասիսի ծխին կհավատամ։

Եվ իսկապես, եթե որևէ ճանապարհորդ այդ պահին անցնելիս լիներ Մասիսի լանջերով, նա անպայման կնկատեր, թե ինչպես երկու ուղևոր մի մեծ կրակի մոտից ելնելով, այդ լեռան ստորոտով շարժվում էին դեպի Պարսկաստան։

Եվ Արևիկն իրավունք ուներ Մասիսի ծխին հավատալու։

ԻՍՐՈ ԵՎ ԱԴԱՄ

«Եկանք ու գնացինք... »

Մորուք Կարոյի և Պետոյի փախուստից հետո Փեթարա Իսրոյի վիճակը ծանրացավ։

Իսրոն ապրում էր Թալինի գավառամասի Կաթնաղբյուր գյուղում։ Արագածի ցածրադիր լանջին շինված այդ ավանը իր դիրքով բավական հիշեցնում էր իր հայրենի Փեթար գյուղը և Իսրոն այդ վայրն էր ընտրել նոր բնակության համար։ Նա այդ գյուղն եկավ մազե սև արան հաղին, հնամաշ խուրջինը ձիու թամբին կապած։

Զին ծախեց ու երկու լուծ եզ գնեց վերադիր վճարով։ Քանդեց իր գոտին ու մի քանի այծ ու ոչխար առավ։ Հրացանն էլ հանձնեց Թալինի հեղկոմին։

Ռանչպար էր Իսրոն ու նորից կպավ իր լուծ ու մաճին։ Սկսեց հայրենի հողը հերկել և որքան հերկեց, այնքան հողը քաղցրացավ։

Համատարածի շրջանում կուլակները կատաղի պայքար ծավալեցին կոլտնտեսային շարժման դեմ, ձախողում էին պետական մթերումների գործը, հրդեհում, ոչնչացնում էին հանրային նորաստեղծ տնտեսությունների ունեցվածքը, կոտորում էին անասուններին։ Պահանջվեց կուլակությունը վերացնել որպես դասակարգ։

Ինչպես ամբողջ երկրում, այնպես էլ Թալինի գավառամասում նրանց կուլակաթափ էին անում և արտաքսում գյուղերից։ Դիմադրողները խստորեն պատժվում էին։ Գյուղում պակասեց հացը, արոտավայրերում նվազեցին ոչխարն ու այծը ու ծայր առավ ամեն տեսակ հերյուրանք սոցիալիզմի դեմ։

— Վա՜յթե ժամանակ գա, որ գյուղը այծ մտնի, ժողովուրդը թողնի փախչի, չիմանալով, թե դա ինչ կենդանի է, կանխատեսում էին մարդիկ գյուղի ապագան, իրենց դրության ներկա վիճակից ելնելով։ Ոմանք նույնիսկ սով էին գուշակում ոչ միայն Թալինի, այլև ամբողջ աշխարհի համար։

Ի՜նչ սարսափելի բան է, իսկապես։ Անցել են շատ տարիներ և սարից մի այծ է երևացել գյուղի մեջ, և մարդիկ խուճապահար փախչում են տներից, չճանաչելով իրենց դարավոր բարեկամին, կարծելով, թե գազան է։

Իսկ սո՜վը։

Կուլակները տարածեցին, թե Կամե Գասպարը իրենց տանիքի վրա կորեկ է ցանել, իսկ դեղնած ականջներով Շմոն կերել իր մոտ պահած ուրարտական ցորենի վերջին սերմացուն։

Որ Կուրավա Շմոն իսկապես կերել էր այդ սերմացուն, այդ փաստ էր։ Հուսահատվելով, որ արդարության աքաղաղը չի երևալու աշխարհի տանիքին, որ այլևս ինքը Մշո դաշտ չի գնալու և տանն էլ հաց չկա, գիշերով խաշել էր և տվել երեխաներին։

Ու լուրը գավառամասում բերնե–բերան էր անցել. — Կուրավա Շմոն հուսահատությունից կերել է Սասունից բերած ուրարտական սերմացուն, որը եթե ցանվեր ու բազմանար, Սովետական Հայաստանը կլցվեր հացով։ Տարածել էին նաև, որ Աշտարակի շրջանում էլ անհետացել է Եղվարդի հռչակավոր ցորենը։ Ասում էին, թե այդ գյուղի կոլխոզի նախագահն է կերել։ Ու վերջ։

— Սարերում այծ ու ուլ չի մնացել, Շմոն էլ կերել է վերջին սերմացուն, էլ ինչո՞վ պիտի ապրենք։

Ու այդ տխուր հեռանկարից վախեցած՝ եղան մարդիկ, որ մտածեցին Արաքսի կամուրջն անցնել։ Որտեղ Մորուք Կարոն և Պետոն են, այնտեղ էլ իրենք կլինեն։ Մի՞թե իրենք չեն կարող նրանց նման մի մեծ խարույկ վառել Մասյաց լանջերին կամ... չվառել, ինչ կա որ, և կամ գնալ միանալ Շեյխ Զիլանի ապստամբներին, գոնե առմիշտ վերջ կտրվի իրենց տագնապալի կացությանը։

Բոլորովին այլ կերպ էր դատում Փեթարա Իսրոն։ նա մեկն էր սասունցի այն շինականներից, որ ամուր կպած էր իր նոր հողակտորին, և թեև դեմ էր բռնի միջոցներով գյուղի կոլեկտիվացմանը, սակայն ամենևին չէր մտածում փախչելու մասին։ Ինչպես կարելի է հայրենի հողը լքել, Հայաստանը դատարկել իր հողագործներից։ Թեկուզ մի հատիկ ուլ մնա բովանդակ գավառամասում, Փեթարա Իսրոն ձեռք չի բարձրացնի հայրենիքի վրա։ Այն մարդը, որ սար ու ձոր ընկած խուրջիններով մանուկներ էր հավաքում ամայացած երկիրը վերակենդանացնելու, ինչպե՞ս կարող էր դեմ չլինել այդ ազգադավ մտածումներին։ Հարկավոր է մնալ այս հողի վրա, աճել, բազմանալ ու Հայաստանը լցնել։ Հին հայդուկ Իսրոն խանդավառված էր Սովետական Հայաստանի գոյությամբ և հավատով էր նայում նրա ապագային։ Եվ նա գյուղից-գյուղ անցնելով քարոզում էր, որ ոչ մի սասունցի և մշեցի հողագործ չհետևի Մորուք Կարոյի և Արծիվ Պետոյի օրինակին։

Այդ գործում նրան մեծապես օգնում էին Տեր–Քաջի Ադամը, ծերունի Մոսե Իմոն, Կուրավա Բարսեղը, Առղա Զորիկը, Չոլոն, Սեմալցի Քոթան Գալուստը իր չորս ռանչպար եղբայրներով և բազմաթիվ ուրիշ լեռնցի հողագործներ։ Սակայն դժվար էր այդ ամենն անելը։

Կոլտնտեսության շարժման առաջին հաջողություններով արբեցած մի շարք շրջանային ղեկավարներ տեղերում թույլ էին տվել կոպիտ խախտումներ։ Հայաստանի լեռնային որոշ շրջաններում կոլտնտեսություններ կազմակերպելիս խախտվել էր կամավորական լենինյան սկզբունքը։ Կուլակ էին համարվել նաև շատ միջակ գյուղացիներ։ Այդ սխալներն ու Հեղումները օգտագործելով, դասակարգային թշնամին մի քանի գավառներում զինված պայքարի էր ելել Սովետական իշխանության դեմ։

Կուսակցության գլխավոր գծի դեմ հանդես էին եկել նաև «աջ» օպորտունիստները։ Նրանք մերժում էին կուլակների դեմ մղվող պայքարը, հովանավորում էին կուլակային ուռճացած տնտեսություններին և ձգտում էին համաձայնության գալ։ «Աջերը» թերագնահատում էին կուլակային վըտանգը և դեմ էին կոլտնտեսությունների և սովխոզների կազմակերպմանը։

Փեթարա Իսրոն և Տեր–Քաջի Ադամը բողոքել էին կամավորական սկզբունքի խախտման դեմ և հրաժարվել էին կոլխոզ մտնելուց։ Այդ բավական էր, որ նրանք համարվեին համատարածի թշնամի «աջերի» և կուլակության համախոհ։

Այդ օրերին մեծ փոթորիկ էր պայթել Էջմիածնի միլպետ իգդիրցի Վաչագանի գլխին։ նրան վտարել էին կուսակցությունից և դատի տվել դասակարգային թշնամու նկատմամբ անհոգություն ցուցաբերելու մեղադրանքով։ Ինչ–ինչ ճանապարհով իմացել էին, որ Մորուք Կարոն նախքան Պարսկաստան փախչելը, մի ամբողջ գիշեր թաքնված է եղել նրա ծոցում։ Հետազոտել էին Կարոյի ապրած բոլոր քարայրները և այն ճանապարհները, որոնցով անցել էր նա։ Հայտնի էր դարձել, որ ջրվոր Ֆադեն, փոխանակ Մորուքին բռնելու, գիշերով եկել էր գյուղ և սար էր տարել նրա հագուստն ու զենքը, որ Մորուքը սարում հանդիպում է ունեցել մի կասկածելի կնոջ և ծերունու հետ, որոնք իրենց մեջքի գոտին քանդելով, սանձ էին շինել նրա ձիու համար և հետևյալ օրը գնացել և ավարտել էին նրա հունձքը։ Այդ կապակցությամբ կասկածի տակ էին առնվել Փեթարա Իսրոն և Տեր Քաջի Ադամը։ Շշուկներ էին շրջում, թե նրանք նույնպես փորձ են արել արտասահման անցնելու և քրդական ապստամբներին միանալու. որ իբրև թե Ադամին և Փեթարա Իսրոյին տեսել են Մորուքի և Զնգլիկ Պետոյի հետ Մարգարայի կամուրջի ուղղությամբ։ Վերջին երկուսին հաջողվել է սահմանն անցնել, իսկ Փեթարա Իսրոն և Տեր Քաջի Ադամը իբրև թե կես ճանապարհից զինված վերադարձել են իրենց տեղերը և ծածուկ պատրաստություն են տեսնում մեծ խմբով Պարսկաստան անցնելու։

Նույնիսկ իրենց գավառամասում համատարածի օրերին զգացվող հացի թանկության և կաթնամթերքի պակասի ամբողջ մեղքը բարդեցին այդ երկուսի վրա։ Տարածեցին, որ իբրև թե նրանք են խորհուրդ տվել Կուրավա Շմոյին՝ թե կե՛ր, Շմո, քո պահած ազնվական ցորենի սերմը, որ Սասունից դժվարությամբ բերված այդ սերմացուն չընկնի կոլխոզի ձեռքը։ Եվ, իբրև թե, ուրարտական ցորենի այդ ընտիր տեսակը, որից ընդամենը կես պարկ էր մնացել, աշխարհում ընդմիշտ կորավ այդ երկու հայդուկների պատճառով։ Այնքան հետապնդեցին, որ այդ անգրագետ մենատնտես շինականները լքեցին իրենց տունն ու տեղը և դարձան փախստական։ Մի–մի զենք գտան ինքնապաշտպանության համար և մտան Չաթին–Դաղի ձորը։ Եվ, քանի որ այդ տարիներին Արագածի վրա բանդիտներ էին երևացել, սրանց էլ համարեցին բանդիտ և գավառամասի ակտիվին մոբիլիզացնելով շարժվեցին սրանց վրա։

Դավթաշեն գյուղի մոտ, ձորի մեջ մի հսկա քարաժայռ կար։ Սեպտեմբերյան վաղ մի առավոտ Տեր Քաջի Աղամը կիսահարբած քնած էր քարայրում, իսկ Փեթարա Իսրոն ժայռին նստած հսկում էր Չաթին–Դաղին։

Ձորի մեջ գլուխները երևացին։ Առջևից, կուզեկուզ գալիս էին երեք հոգի։ Մեկը Եզնիկ գյուղի նախագահն էր։

— Ադամ, վեր կաց, պաշարված ենք, — գոչեց Փեթարա Իսրոն՝ արագորեն դիրք բռնելով ժայռի ետևում։

— Բանդիտ սրիկա, այդ դու՞ էիր պատրաստվում մեծ խմբով Շեյխ Զիլանի մոտ փախչելու, — ասաց Եզնիկ գյուղի նախագահը։ Ընկեր պետ, — շուռ եկավ նա դեպի կողքի կապտերիզ գլխարկով և դեզին ճարմանդներով տղամարդը, — սրանք են պատճառը, որ մեր գավառամասում հացն ու կաթնամթերքը պակասել է։ Սրանք են քարոզում, որ շուտով սով է լինելու աշխարհում, — շարունակեց նա, առաջինը կրակի ազդանշան տալով։

Իսրոն կրակում էր օդի մեջ, չկամենալով որևէ մեկին սպանել, որովհետև բոլորն էլ հայեր էին, ոմանք միգուցե իր փրկածներից։ Կրակոցները արթնացրին Տեր Քաջի Ադամին և նա թաքստոցից դուրս նետվելով, դիրք բռնեց Իսրոյի կողքին։

— Գրոհ բանդիտների վրա, մահ կոլտնտեսային կարգի թշնամիներին, — հրամայեց գավառամասի լիազորը և ձեռքով արեց, որ միահամուռ համազարկ տրվի։

Ժայռը փշուր-փշուր եղավ։ Փեթարա Իսրոն փորձեց մի ուրիշ հարմար դիրք գրավել, բայց գլխից խոցված մեջքի վրա տապալվեց գետնին։ Եզնիկի նախագահը առաջինը վազելով ցատկեց նրա մարմնի մոտ…

Այդպես մեռավ հողագործ Իսրոն։

Ադամը նույնպես սպանվեց։

Փեթարա Իսրոյի և Ադամի դիակները հարազատները գիշերով ամփոփեցին Դավթաշեն գյուղի հեռավոր ձորալանջին, մի սիզավետ բարձունքի վրա։

Երկու հայդուկների գերեզմանին հետևյալ օրը երևաց մի խորհրդավոր գրություն. «Եկանք ու գնացինք…»։

ԿԻՆԸ ՉՀԱՍՑՐԵՑ ՏԱՔԴԵՂ ԲԵՐԵԼ

Չոլոն Ոսկեթաս գյուղի մի անշուք խրճիթում նստած իր խուրջինն էր կարում։ Կարում էր հաստ մախաթով։ Ավարտելուց հետո խուրջինը թափ տվեց և մի քանի իրեր փաթաթելով դրեց մեջը։ Ապա շինեց մի գլանակ և թամբաձև աթոռը առաջ քաշելով, նստեց և սկսեց հանգիստ ծխել։

Նա արդեն նորոգել էր իր ոտնամանը և, չնայած որ ամառ էր, բրդյա տաք գուլպաներ էր հագել։ Խուրջինի մեջ դրել էր նաև մի նախշուն ելեկ, մի քանի կոճի թել, մի հերոն, երկու–երեք կտոր օճառ, ծխախոտ և թիթեղյա մի բաժակ։ Հացն էր պակաս, այն էլ շուտով պատրաստ կլիներ։ Կնոջն ուղարկել էր ալյուրի ետևից։

Չոլոն ճանապարհներին մեծացած մարդ էր, ուստի կարևոր համարեց ստուգել նաև իր ձեռնափայտը։ Ելավ տեղից, անկյունից վերցրեց ճոկանը, մի քանի անգամ դրեց անրակի տակ և ամբողջ մարմնով ընկավ վրան, շուռումուռ տվեց և երբ համոզվեց, որ դիմացկուն է, դրեց խուրջինի վրա, պատի տակ։ Այնուհետև կարգի բերեց իր գլխարկը, մեջքի գոտին։

Հագին բամբակյա մի հին տաքնոց կար. ստուգեց կոճակները։ Ամեն ինչ տեղն էր։

Ներս մտավ Յադիգամը, Չոլոյի կինը, մի ծածկված տաշտակ թևի տակ։

— Դե, շուտ արա հացը թխիր, — դիմեց նա կնոջը այնպիսի եղանակով, որով սովորաբար դիմում են երկար ճանապարհ գնացողները։ — Ինչքա՞ն ալյուր տվին։

— Կոլխոզը ալյուր չունի։ Բարսեղի տնից բերեցի։

— Դե, թոնիրը վառիր։ Մի քանի հատ էլ ձու կխաշես։

— Ին՞չ է եղել, Չոլո, էս ի՞նչ պատրաստություն է, — ասաց Յադիգամը տաշտակով ալյուրը իջեցնելով խուրջինի կողքին։

Յադիգամը մշեցի աղջիկ էր, որի հետ Չոլոն ամուսնացել էր Թալինի բերդը գրավելուց հետո։

1926–ին Չոլոն հինգ տարով ուղարկվել էր Տաշքենդ։ Այնտեղ նա զբաղվել էր կոշկակարությամբ, մի քանի ամիս էլ վարսավիր էր եղել։ Վերադարձից հետո դարձել էր հնակարկատ և գյուղացիների կոշիկներն էր նորոգում։

1934–ին ընդունվեց կոլտնտեսության մեջ։ Երրորդ տարին էր, որ նրա խնամքին էր հանձնված անասունը։ Ամեն առավոտ Չոլոն եզներին քշում էր արոտ, արոտից կալ, կալից դարձյալ արոտ։ Ժամանակին կերակրում, ջրում էր եզներին, մաքրում էր նրանց ախոռը և ուշ գիշերով վերադառնում էր տուն։ Չոլոն արդու հարվածային եզնարածի անուն էր վաստակել և համարվում էր շրջանի լավագույն անասնապահներից մեկը։ Այնքան նվիրված աշխատող էր, որ երբեմն լուսացնում էր եզների կողքին»

Բայց ահա դրանից մի օր առաջ Չոլոյին ազատել էին աշխատանքից։ Կինը չէր իմանում այդ մասին։ Պատճառաբանել էին, թե Չոլոն կոլխոզի եզներին ծեծում է։ Կանչել էին գրասենյակ և ուղղակի ասել. «Վաղվանից էլ եզնարած չես», ու գործը հանձնել էին մեկ ուրիշի։

Չոլոն կյանքի անցուդարձը հասկացող մարդ էր և գիտեր, թե ինչը ինչոց է։ Մորուք Կարոն և Զնգլիկ Պետոն անցել էին Պարսկաստան։ Փեթարա Իսրոն և Տեր Քաջի Ադամը հանգչում էին Դավթաշեն գյուղի ձորալանջին։ Մորուք Կարոյի կնոջը և երեխաներին արտաքսել էին գյուղբից։ Օհանի որդիներից մեկին, որին Մարթան բերել էր իրենց տուն որպես տղա ժառանգ, Մորուքի պատճառով հանել էին դպրոցից և նա գյուղից անհայտանալով, սկսել էր ապրել ուրիշ անվան տակ։

Տագնապի մեջ էին նաև հին ֆիդայիներ ձիապան Բարսեղը և Առղա Զորիկը։

Չոլոն զգում էր, որ իրեն կձերբակալեն, և կձերբակալեն հենց այդ գիշերը։ Ահա թե ինչու նախապես կարգի էր բերել խուրջինը և ամեն րոպե սպասում էր, թե ուր որ է կգան իր ետևից։

Գաղտնապահ մարդ էր Չոլոն։ Ֆիդայական կյանքը նրան վարժեցրել էր ծածկամտության։ Այդ էր պատճառը, որ նա չէր ուզում կնոջը բան ասել, սակայն կինը զգում էր, որ Չոլոն մի կարևոր ճամփորդություն ունի կատարելու։

Մի բան մխիթարական էր, որ Չոլոն արդեն պսակել էր իր աղջկան։ Մնացել էին ինքը, Յադիգամը և փոքրիկ Սարհատը՝ որդին։

Թեպետ ուշ էր, բայց Յադիգամը թոնիրը վառեց։ Իրիկնադեմին հացը պատրաստ Էր։ Կինը ամուսնու համար թխել Էր նաև մի քանի գաթա։

— Գաթաները դիր խուրջինը, իսկ ձվերը փաթաթիր լավաշի մեջ։ Աղը չմոռանաս։ — Յադիգամը լռելյայն կատարեց ամուսնու պատվերը։ «Ուրեմն բարի ճամփա Է գնալու» — մտածեց կինը և մի ուրախ շող անցավ նրա տխրամած դեմքով։

— Տանը սխտոր կա՞, — հանկարծ հարցրեց Չոլոն։

— Կճարվի, — ասաց կինը։

— Մի քանի պճեղ սխտոր դիր, մի քիչ Էլ տաքդեղ։

— Սխտորն ի՞նչի համար է, — մռայլվեց կինը։

— Քեզ ասում եմ՝ դի՛ր։

Յադիգամը բերեց սխտորը և շտապեց տաքդեղի ետևից։ Չոլոն սխտորը թղթի մեջ փաթաթելով կոխեց տաքնոցի գրպանը։ Նա նորից վերցրեց ձեռնափայտը և շուռ ու մուռ տվեց։ Ծայրը քիչ մաշված Էր։ Մի անգամ Էլ հենվեց վրան ամբողջ մարմնով կամենալով փորձել ամրությունը, երբ դուռը բացվեց և միագամից ներս մտան հինգ զինված տղամարդ։

Չոլոն խուրջինը շալակած դուրս եկավ։

Կինը չհասցրեց տաքդեղ բերել։

Ճանապարհին իմանալով պատահածի մասին, Յադիգամը լալահառաչ վազեց գյուղսովետի և կոլխոզի գրասենյակ հայտնելու, թե եկել են Չոլոյին տանելու՝ օգնության հասնեն։ Գրասենյակից հուսահատ դուրս եկավ և վազեց ձիապան Բարսեղի տուն։ Այս հին հայդուկը Չոլոյի մերձավոր բարեկամն Էր։ Այդ օրվա մի տաշտակ ալյուրը Յադիգամը փոխարինաբար վերցրել Էր Բարսեղի տնից։ Այդ տանն Էր գտնվում նաև Չոլոյի մանուկ Սարհատը։

Մինչ Յադիգամը կվերադառնար Բարսեղի և իր որդու հետ, իրենց դռան վրա մի սև ծանր կողպեք Էր դրված՝ կնիքը վըրան։

— Վա՜յ, անխիղճնե՛ր, Չոլոյիս տարան։ Գոնե թողնեին վերջին անգամ իր որդի Սարհատին տեսներ, — ծղրտած Յադիգամը՝ անզորությամբ կախվելով երկաթե փականից։

ՉՈԼՈՅԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ

Չոլոյին գիշերով ուղիղ Վերին Թալին տարան։ Շրջկենտրոնի գրեթե բոլոր ղեկավար աշխատողները ճանաչում Էին նրան, ոմանք ի պաշտոնե, իսկ ոմանք Էլ պարզապես լսել Էին, որ այդպիսի մի հին ֆիդայի Է ապրում իրենց գավառամասում։

Երբ Չոլոն ներս մտավ, գավառամասի լիազորը զգաստ կանգնած Էր իր գրասեղանի առաջ, ձախ բռունցքը գրասեղանի անկյունին սեղմած, աջ ձեռքի մատները խրած գորշ կանաչավուն վերնաշապիկի տակ, մազոտ բթամատը վերևից խաղացնելով պղնձյա դեղին ճարմանդների հետ։ Մաուզերի կոթը ուռուցիկ գալիֆեի վրայով կախվել Էր մինչև ճտավոր սապոգի ծայրը։ Հայացքը խիստ Էր և հոնքերի թուխպը շատ։ Կապտերիզ գլխարկը, պսպղուն ուսադիրները և կաշվե լայնեզր գոտու վրայով կրծքի և մեջքի կողմից թեքությամբ իջնող փոկերը ավելի դաժան երևույթ Էին տալիս նրա պաշտոնական կեցվածքին։

— Խեր լինի, էս գիշերով ինչու՞ էիր էդքան զորք ուղարկել իմ ետևից, Հեռախոսով կանչեիր՝ կգայի, բրաո, — ասաց Չոլոն մտերմական շեշտ տալով իր խոսքին և խուրջինը ձեռնափայտի հետ շալակից իջեցնելով։

— Երևի գործ կա, որ քո կարիքը գիշերով զգացի։ Կանչել եմ, որ քեզ մկրտեմ։

— Անունդ Մկրտիչ է, իրավունք ունես։ Է՜, մկրտիր տեսնենք։ Ես արդեն մի անգամ մկրտվել եմ Տաշքենդի ավազներում։ Մեկ անգամ էլ թող քո ձեռքով մտնեմ Հորդանան։

— Բայց էս մկրտությունը ծանր է լինելու, իմացիր։

— Մկրտիչ, ղուրբան, — դարձյալ նույն մտերմական շեշտով շարունակեց Չոլոն, — ես գիտեմ, որ դու չես ուզում ինձ կալանավորեր Մի ասա տեսնենք, թե ես ի՞նչ մեղք եմ գործել հայի կամ ուռուսի դեմ։

— Հայի կամ ռուսի դեմ մեղք չես գործել, բայց կոմունիզմի դեմ գործել ես։

— Զորօրինակ ի՞նչ եմ արել, — ասաց Չոլոն նստելով մի խարխլված աթոռի և խուրջինը կողքին քաշելով։

— Դու ծեծել ես կոլխոզի եզներին։

— Իմ միտ չի գա, էդ ես ե՞րբ դարձա եզ ծեծող։ Կամ ո՞վ է տեսել, որ ծեծել եմ։ Չէ որ ես գյուղացի եմ, իսկ լծկանը գյուղացու ախպերն է։

— Դու գյուղացի չես։ Դու ժողովրդի թշնամի ես։

— Ես քառասուն տարի ժողովրդի համար եմ կռվել, հիմա ես դարձա ժողովրդի թշնամի, դուք՝ բարեկա՞մ։ Մեր կռիվը ու՞մ դեմ էր, ղուրբան, բեկերի ու աղաների դեմ։ Խենչալը զարկել էին Հայաստանի մեջքին, ուզում էիք» որ մենք ձեռքներս ծալած նստե՞ինք։ — Չոլոն աթոռը ավելի մոտ քաշեց, արմ ունկները դնելով ուղղակի պետի գրասեղանին։ — Բա Փեթարա Իսրոն ժողովրդի թշնամի՞ էր։ Խեղճը խուրջինը մեջքը գցած որբ երեխաներ էր հավաքում ավերակներից, որ շիթիլ աներ Հայաստանի համար։ Վերջին որբին խաղ ասելով էր առել մի քրդի ձեռքից։ Բա Մորուք Կարոն ժողովրդի թշնամի՞ էր, որ խեղճին ուզեցիք բռնել, թողեց փախավ Շեյխ Զիլանի ապստամբների մոտ։ Ոչ էլ Արծիվ Պետոն էր թշնամի։ Հիմա էլ ընկել եք իմ ետևից։ Ես արդեն, մի քանի անգամ ջուրն եմ ընկել և ձեր հեղեղից վախեցողը չեմ, բրաո։ Չոլոն կոլխոզի եզներին է ծեծել։ Ո՞վ կհավատա էդ պոչավոր ստին, — ցավալի շեշտով բացականչեց սասունցին և խնդրեց, որ իրեն թույլ տրվի մի գլանակ փաթաթել։

— Մի հատի իրավունք կտամ։ Ուրեմն ժխտու՞մ ես քո հանցանքը։

— Իմ պահած լծկանը միշտ կուշտ է եղել, բրաո։ Եվ եթե մեկ–երկու թեթև հարված եմ տվել, չի նշանակում, թե եզապահ Չոլոն լծկան ծեծող է։ Եզներին ծեծելը մահանա է, ղուրբան։ Ձեր միտքը ինձ բռնելն էր ու բռնեցիք։

— Ավելորդ մի խոսիր, բաց արա խուրջինդ, — հրամայեց պետը։

Չոլոն ուսապարկը կողքից վերցնելով դրեց պետի առաջ։

— Մեջը զենք չկա՞։

— Մի հերոն կար՝ արդեն հանեցին։

— Իսկ էս ի՞նչ բան է, բոլորովին նման չէ մեր երկրի ապրանքին, — ասաց Սև–Մկրտիչը շորերի կապոցից դուրս քաշելով արծաթյա կոճակներով մի ելեկ, որ բավական մաշված էր։

— Ի՞նչ անեմ, ախպեր, քուրդն ասում է՝ սոխը ինչքան կճպես, էնքան կճեպ կտա։ Սա Ջեմիլի նվերն է։

— Ջեմիլն ո՞վ է,

— Խութա քուրդ ցեղապետի կինն էր։

— Վրան սիրահարվա՞ծ ես եղել։

— Նա էր մեզ վրա սիրահարված, բայց մենք կյանքը մոռացած տարվեցինք ազգի ու հայրենիքի փրկության գործով։ Մոռացանք թե՛ սեր, թե՛ ընտանիք և թե՝ ուրախություն։ Ամեն բան տվինք ազգին ու հիմա տակը ի՞նչ մնաց. մի բուռ խաշած ձավար։

Չոլոն ելեկը դրեց խուրջինը և զգաց, որ իրեն վերադարձ չկա դեպի գյուղ։

Սև–Մկրտիչը սեղմեց ինչ–որ կոճակ։ ներս մտան երկու աշխատակից։

— Շտապ հասցրեք քաղաք։ Չոլոն խուրջինը շալակեց.

— Ես կերթամ, բայց աշխարհը էսպես չի՛ մնա, ղուրբան, — ասաց նա շեմքից ետ դառնալով և խոսքը ուղղելով պետին, — կգան ավելի խելոք մարդիկ և ձեզ բոլորիդ կդատեն աշխատավոր մարդու հետ էսպես անխղճաբար վարվելու համար։ Արդար կարգ կլինի աշխարհում։ Բայց էդ ժամանակ ոչ ես կլինեմ, ոչ դուք։

Չոլոյին Երևան տարան փակ ավտոյով, հետը դնելով երեք զինված հսկիչ։ Ճանապարհի խորդուբորդից ու պտույտներից Չոլոն զգում էր, թե որտեղ հասան։

Անցան Կաթնաղբյուրը։ Ահա և ավտոն թեքվելով իջավ Դավթաշենի ձորը։ Այդ ձորից վերևը մի մենավոր գերեզման կար։ Չոլոն նստած տեղը ախ քաշեց։

— Ինչու՞ ախ քաշեցիր, — սաստեց հսկիչներից մեկը, անցքից ներս նայելով։

— Իմ ախ քաշելը ձեզ դա՞րդ եղավ, դուք կարող եք ծիծաղել, — նկատեց Չոլոն և հուզմունքից բեղի ծայրը այնպես բարակ ոլորեց, որ կարող էր անցնել ասեղի ծակով։

Ներքևում մնաց Աշնակը, վերևում՝ Ներքին Բազմաբերդը։ Չոլոն հսկիչների խոսակցությունից զգաց, որ Թալինը մոտ է, որովհետև նրանք սկսեցին խոսել Թալինի վանքը քանդելու մասին։ Երկուսը պնդում էին, թե պետք է քանդել, իսկ երրորդը խոհեմաբար դիմադրում էր։

Դեռևս պատանի հասակում շատ սասունցի տղաների և աղջիկների նման Չոլոն էլ պահոցի վերջին օրվա փոխինձի ճաշից մի պատառ տարել ու դրել էր իրենց տանիքին և հեռվից հսկել, թե թռչունը այն կտցելիս ո՛ր կողմի վրա է թռչելու։ Ո՛ր ուղղությամբ թռչեր՝ իր բախտն էլ այդ ուղղությամբ կերթար։ Եկավ մի հավք և Չոլոյի փոխինձը տանիքից կտցելով թռավ դեպի հարավակողմ։ Եվ Չոլոն ամբողջ ժամանակ հավատացած էր, թե իր բախտը հարավից պիտի գար։

Խե՜ղճ Չոլո. թռչունը կտցեց ու թռավ, տարիները գնացին ու տակը մի փլված մատուռ մնաց…

Ձախ թևի ուղղությամբ մնացին Կաքավաձորը և Պարտիզակը, իսկ նրանից վերև, սարալանջին՝ Լեռնարոտը, Պետոյի գյուղը։

Պարտիզակը Չոլոյին ՛հիշեցրեց Գեղաշենի ռես Ավեին, որովհետև այդ գյուղում էր ապրում կոլխոզնիկ Վարդանը։ Դա այն մանուկն էր, որ պատանցքի մեջ թաքնվելով և ոտքից հարված ստանալով, հրաշքով ազատվել էր ռես Ավեի բովանդակ տոհմից։ Վարդանը աջ ոտքից կաղում էր, և բոլորը Թալինում գիտեին, որ դա Գևորգ Չաուշի ցասումնալից հարվածից մնացած դառնագին հիշատակն էր։

Քաղաքին մոտենալիս Չոլոն ձեռքը տարավ բամբակե տաքնոցի տակ և մի պճեղ սխտոր ծոցից հանելով՝ կուլ տվեց։ Հսկիչները վախեցան, թե կալանավորը թույն է ընդունում և շատ ցավեցին, որ լավ չէին խուզարկել նրա կապոցը և տաքնոցի գրպանները։ Բայց Չոլոն իսկույն հանգստացրեց նրանց ասելով, թե իր կուլ տվածը մի պճեղ սխտոր է։ Բացատրեց, որ մեծ քաղաքի մոտենալիս սովորություն ունի սխտոր և կարմիր տաքդեղ կուլ տալու՝ իբրև հականեխիչ վատ օդի դեմ։ Այդպես է պատվիրել հայրը, երբ առաջին անգամ Սասունից Հալեպ է տարել իրեն։

Բովանդակություն   Նախաբան   Խոսք հեղինակի
Մաս I-1   Մաս I-2   Մաս I-3   Մաս I-4   Մաս I-5   Մաս I-6   Մաս I-7   Մաս I-8
Մաս II-1   Մաս II-2   Մաս II-3   Մաս III-1   Մաս III-2

 

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Խաչիկ Դաշտենց «Ռանչպարների կանչը»: Երևան:

Տրամադրել է՝ Արևիկ Գառամովա
Scanned: Արևիկ Գառամովա
OCR: Անդրեյ Մ.
Ուղղագրում՝ Անդրեյ Մ.

Տես նաև

«Ռանչպարների կանչը» ռուսերեն / ”Зов пахарей” на русском

Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice