ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Խաչիկ Դաշտենց

ՌԱՆՉՊԱՐՆԵՐԻ ԿԱՆՉԸ


Բովանդակություն   Նախաբան   Խոսք հեղինակի
Մաս I-1   Մաս I-2   Մաս I-3   Մաս I-4   Մաս I-5   Մաս I-6   Մաս I-7   Մաս I-8
Մաս II-1   Մաս II-2   Մաս II-3   Մաս III-1   Մաս III-2


«ՂԱՐԻԲ ՄՇԵՑԻ»

Զորավար Մախլուտոն Պարսկաստանի վրայով Ամերիկա հասավ ձեռքին մի գավազան, հագին զինվորական վերարկու, ուսին՝ խուրջին։

Շատ հարուստ հայեր և հյուրանոցատերեր իրենց դռները բաց արին նրա առաջ, բայց նա մերժեց թե հարուստ տները, և թե՛ շքեղ ապարանքները։ Լսել էր, որ Ֆրեզնո քաղաքի հեռավոր արվարձաններից մեկում, մի անշուք ճանապարհի վրա տարոնցի իր հայրենակիցներից մեկը փոքրիկ պանդոկ ունի շինած անտուն և անտիրական ճամփորդների համար։

Այդ պանդոկը կոչվում էր «Ղարիբ Մշեցի»։ «Ղարիբ Մշեցի»— փուլ եկավ Մախլուտոյի սիրտը այդ անունը հնչելիս։ Եվ որովհետև մութ էր և վայրը անծանոթ, ուստի շփոթված կանգ առավ խավարում անհետացող արահետի եզրին։ Նա գետնին պարզեց իր զինվորական վերարկուն, տոպրակը դրեց գլխատակին և ուզեց մի քիչ ննջել։

«Թող լռեն սոխակները, էլ չծլվլան,
Սլացեք կռունկներ դեպի Հայաստան,
Լուր տարածեցեք հանուր հայության,
Հայոց պաշտպան Քեռին իջավ գերեզման»։

Վերջին բառերը շատ որոշակի լսեց։ Գլուխը բարձրացրեց* թվաց, թե երազ է։ Քեռի՞ն։ Ինչ ծանոթ անուն է։ Քեռի՜ն։ Դա այն նշանավոր հայդուկն էր, էրզրումցի Քաֆթառ Արշակը, որին ինքը տեսել էր Ղարսի արհեստանոցում, մաշված ձիաթամբը նորոգելիս։ Քեռին սպանվել էր Ռևանդուզի կռվին։ Իսկ սա օտար աշխարհ է։ Անկարելի բան է, որ իր լսածը իրողություն լինի։ Ի՞նչ գործ ունի Քեռին այս անհունորեն հեռու աշխարհում։ Ոչ, իր մտքի պատրանքն է դա, մոռացված մի հին երգի խաբուսիկ արձագանքը իր ծերացած ականջների մեջ։

Պատրաստվում էր գլուխը նորից դնել ուսապարկին, երբ մի տղամարդ ճրագը ձեռքին ետևից մոտենալով կռացավ իր վրա։

— Եթե ղարիբ ես, գնանք մեր պանդոկը։ «Ղարիբ Մշեցին» անտուն և անքուն ուղևորների համար է։

Սա արդեն պատրանք չէր։ — Իսկ որտե՞ղ է «Ղարիբ Մշեցին»։

— Այստեղից շատ հեռու չէ, — հնչեց օտարականի ձայնը։ — Ես ձեզ կտանեմ։ Իմ պաշտոնն է գիշերները շրջել ճանապարհներին և անօթևան ուղևորներին առաջնորդել այնտեղ։ Պանդուխտ հայերի համար պանդոկը մեկ շաբաթով ձրի է, իսկ օտարականների համար՝ կես վճարով։ Թույլ կտա՞ք օգնեմ։

— Իմ բեռը շատ թեթև է, — ասաց Մախլուտոն՝ հագնելով վերարկուն և խուրջինը առնելով ուսին։

Ճրագով մարդը ընթացավ առջևից, իսկ Մախլուտոն հետևեց նրան լուռ ու գլխահակ։ Ճանապարհը մութ էր, ավազոտ, և Մախլուտոն շարժվում էր առաջ աչքը պահած առջևից գնացող տղամարդու ոտքերին, որոնք զարմանալի խոշոր էին երևում ճրագի արձակած լույսից։

Հեռվում առկայծեց մի ավելի պայծառ լույս և թնդաց հայդուկային կորովի մի երգ թմբուկի և սրնգի նվագակցությամբ.

Գնդակ որոտաց նոյեմբեր ամսուն, Պաշարված ենք մենք, իմ սիրուն Սոսե։ Հասիր, Անդրանիկ, հասիր օգնության, Սերոբ Փաշեն. կզոհվե ի սեր ազգության։

Մախլուտոն անշարժացավ տեղում։

Որքան որ անակնկալ չէր «Ղարիբ Մշեցի» պանդոկի գոյությունը, անակնկալ էր այդ երգը օտարության մեջ, այդ ուշ գիշերով։ Դրան հաջորդեց Սուլուխի նշանավոր կռվի երգը, որի մեջ հիշատակվեց նաև իր անունը։ Ուրեմն իր սերունդը դարձել է պատմություն, դարձել է երգ ու վիպասանություն, հասնելով մինչև նոր աշխարհի ափերը։ Ո՞վ բերեց այդ երգը այդտեղ։ Որտե՞ղ է գտնվում ինքը։ Ուրեմն Քեռու երգը նույնպես իրողություն էր և ոչ թե պատրանք, ինչպես ենթադրել էր քիչ առաջ։ Ու հպարտության հետ մեկտեղ նրա վրա իջավ մի ծանր թախիծ։ Առանց այդ էլ տրտում էր նա իր մեծ կորցրածի և աստանդական թափառիկ բախտի համար և ահա այդ երգը գալիս էր բոլորովին տակնուվրա անելու իր խռովահույզ հոգին։ Ի՜նչ լավ է, որ մութ է, և ոչ ոք չի կարող նկատել իր արցունքները. ոչ ճրագը բռնած տղամարդը, որ առջևից էր գնում, ոչ աստղերն աղոտ և ոչ էլ այդ գիշերվա ուշացած լուսինը։

Վերջապես պանդոկը երևաց։

Դարձյալ մի քանի քայլ և նրանք պարտեզի միջով կանգ առան երկհարկանի մի շինության առաջ։ Դա արևելյան ոճով շինված մի փոքրիկ հյուրանոց էր ճամփորդների համար։ . Մուտքի ճակատին նկարված էր մշեցի մի հոգնատանջ ճանապարհորդ խուրջինը ուսին, գդակը թևի տակ, որ գավազանի կեռ ծայրով կիսամութի մեջ բախում էր իջևանի դուռը՝ մի տեղ ունենալու ակնկալությամբ։ Տակը կենդանագիր մեծ տառերով գրված էր. «Ղարիբ Մշեցի»։

Ինչպիսի՜ հարազատություն կյանքին։ Որքա՜ն նման է իր վիճակը ցուցանակում պատկերված ուղևորի վիճակին։ Գիշեր էր և ինքն էլ եկել էր բախելու այդ անծանոթ իջևանի դուռը՝ մի տեղ ունենալու ակնկալությամբ։ Ինքն էլ մշեցի էր, և իր ուսին էլ կար ճամփորդական մի խուրջին։.

Թավ, ոլորուն բեղերով մի տղամարդ ներսից բացեց դուռը և ձեռքով ցույց տվեց դեպի աջ։ Նախ մտավ Մախլուտոն, ապա իր առաջնորդը ճրագը ձեռքին, որը նա մարեց շեմքին, հենց որ խավարը վերջացավ։

Միջանցքում երևաց պանդոկի տնօրենը, կոկիկ հագնված շիկահեր մի այր, բարի, արտահայտիչ աչքերով։ Հոնքերը և երկար թարթիչները այնքան երկար էին, որ հիշեցնում էին մետաքսաթելի նրբին հյուսվածք։

— էլ ուրիշ ճամփորդ չմնա՞ց դրսում, — հարցրեց նա մտահոգությամբ դիմելով իր սպասավորին։

— Էս մեկն էր, պարոն Լևոն, ուրիշ ճամփորդ չգտա։

— Կթուն մայրիկի մեղքը քո վիզը, — ասաց տնօրենը և արագ շարժվեց դեպի անծանոթ եկվորը։

— Լևո՛ն։

— Մամիկո՛ն, — միաժամանակ բացականչեցին նորեկն ու պանդոկի տնօրենը և փարվեցին իրար։ Երկար ժամանակ այդպես գրկված մնացին։ Ուրիշ ի՞նչ կերպ կարող են զգալ երկու դասընկեր իրար հանդիպելիս երեսուն տարվա բաժանումից հետո։

Լևոնը Կոփա աղբյուր շինող Աղաջանի տղան էր, որ ս. Մարինեի վարժարանում նստում էր Մախլուտոյի կողքին, վերջին նստարանի վրա։ Սակայն մի օր նա կիսատ թողեց ուսումը և անհետացավ քաղաքից։ Հետագայում տեղեկություն ստացվեց, որ գնացել է Ամերիկա։ Այդ փախուստը կատարվել էր պատմության ուսուցիչ պարոն Սենեքերիմի ապտակից հետո։

— Շան լակոտ, դու ինչու՞ օսմաներեն ավելի լավ ես կարդում, քան հայերեն, — ասել էր պարոն Սենեքերիմը և մի ապտակ դրոշմել նրա ականջներին։ Այդ ապտակից հետո կոփեցի Լևոնը այլևս չերևաց Մուշ քաղաքում։

— Ես Ամերիկա հասա 1892 թվականի աշնանը, — ասաց կոփեցի Լևոնը՝ Մախլուտոյին վերև տանելով և նստեցնելով իր դիմաց, ծաղկավոր բազմոցին։ — Ոտքս բոբիկ էր և ձեռքս դատարկ։

Առաջին հայը, որ գաղթել էր Ամերիկա 1618–ին, եղել էր Ջոն Մարտին անունով մի զինվորական։ Նա հրավիրվել էր մի ամերիկացու կողմից իրենց երկրում ծխախոտագործություն զարգացնելու։ Մի քիչ ավելի ուշ, 1653–ին Վիրջինիա նահանգի կառավար չի հրամանով Ամերիկա էին գնացել երկու պոլսահայ շերամապահներ, տնկելով առաջին թթենիները այդ նահանգում և պատրաստելով առաջին մետաքսը։ Այդ մետաքսից նրանք մի դրոշակ էին հյուսել և նվեր ուղարկել Էջմիածին։ Ավելի ուշ մի հայ գյուտարար (Խաչատուր Սերոբյան) ստեղծել էր դոլարի տպագրության կանաչ ներկը, ընդ՛միշտ վերջ տալով ամերիկյան թղթադրամի կեղծումներին։ Բայց ես ոչ ծխախոտագործ էի, ոչ մետաքս մշակող և ոչ էլ կանաչ ներկի գյուտարար։ Ուժեղ ձեռքերով մի տղա էի, որ կարող էր միայն սևագործությամբ զբաղվել։ Առաջին տարին մշակություն արի սրա նրա մոտ։ Հետևյալ գարնանը վարձվեցի Կալիֆոռնիայի այգիներից մեկում, որտեղ շատ բանվորներ էին աշխատում։ Վերակացուն մի հարուստ տեղաբնակ էր։ Հենց երկրորդ օրն էլ ընդհարվեցի նրա հետ և դուրս եկա աշխատանքից։ Այդ վերակացուն սովորություն էր դարձրել նախատել իր գործավորներին և գոռալ նրանց վրա։ Բոլորովին ականջներիս չհավատացի, երբ հաջորդ օրը նա իմ ներկայությամբ հայհոյեց մի հայ բանվորի և ձեռք թափ տվեց նրա վրա։ Հայհոյում էր անգլերենով, երբեմն էլ հետը խառնելով հայերեն որոշ բառեր և կարճակոթ ծխամորճը բե՛րանի անկյունում անհանգիստ խաղացնելով։

— Շուն հայ, — մի քանի անգամ կրկնեց նա, վրան կուտակելով նորանոր արտահայտություններ իմ մայրենի լեզվով։

Ես թողեցի գործը և մոտենալով վերակացուին ասացի.

— Մյուս անգամ չլսեմ այդ խոսքը։

— Իսկ ի՞նչ կլինի, եթե լսես, — հոխորտաց նա ծխամորճի ծուխը փչելով իմ երեսին։

— Ահա թե ինչ կլինի։ Մենք ձեզ սովորեցրինք ծխախոտ մշակել, թթի ծառեր տնկել և խաղող ուտել և անխարդախ ներկով փրկել ձեր թղթադրամը և դու՛, քո պապերի անարժան որդի, համարձակվում ես այդ ձևով վարվել մեզ հետ, — ասացի ես և մոտենալով կռուփի մի ուժեղ հարված իջեցրի կալվածատիրոջ կզակին։ Նա թավագլոր ընկավ իր կանգնած տեղից մի քանի քայլ այն կողմ։

Գործավորները անմիջապես դադարեցրին աշխատանքը, սպասելով պայթելիք փորձանքին։

Վերակացուն ոտքի ելավ, թափ տվեց շորերը, ծխամորճը դրեց բերանին և լուռ կանգնեց։ Բոլորի կարծիքն այն էր, որ պիտի սկսվի ահեղ կռվամարտ իմ և նրա միջև։ Վերակացուն, սակայն, մոտեցավ ինձ և ձեռքը բարեկամաբար երկարելով՝ ասաց, «Օլ ռայթ, կշնորհավորեմ։ Վարմունքդ թեպետ կոպիտ էր, բայց քեզի պես հայերը կհարգեմ։ Այլևս չպիտի նախատեմ ազգդ, որովհետև տեսա, որ հայությունը պաշտպան ունի։ Կգովեմ ազգային արժանապատվության զգացումդ և կմեծարեմ քեզ։ Օլ ռայթ, — կրկնեց ամերիկացին և վերստին սեղմեց իմ ձեռքը։ Ապա դառնալով բանվորներին՝ ավելացրեց. — Այսուհետև մի արտոնեք, որ վիրավորեն ձեր արժանապատվությունը։ Քաջ իմացեք, որ օտարականի աչքին միշտ հարգանքի արժանի է ա՛յն մարդը, որ պաշտպան է իր ազգին։ Նա, ով կհանդուրժի, որ իր ներկայության հայհոյեն ու ծաղրեն իր ազգությունը և լեզուն, նա ստրուկ է, իսկ ստրուկի հանդեպ չի կարող հարգանք լինել»։

Հետևյալ օրը ես մի հայ մամիկ գտա Ֆրեզնո քաղաքում։ Անունը Կթուն էր։ Կարսեցի կին էր, իր ամուսնու հետ երկար տարիներ ապրած Նորվեգիայում և 1890–ին տեղափոխված Ամերիկա։ Ամուսնու մահից հետո խեղճ կինը մնացել էր անօգնական։ Մի օր ինձ ասաց. «Լևոն, տղաս, օտարության մեջ մենակ ապրելը դժվար է։ Ես քեզ մայր, դու ինձ որդի, եկ ձեռք-ձեռքի տանք ու միասին հոգանք մեր ապրուստը։ Էս քաղաքում մարդիկ չգիտեն, թե ինչ բան է մածունը։ Ես մածուն կմերեմ, իսկ դու տար ծախիր»։ Մամիկի ասածը նստեց խելքիս։ Առաջին օրը Կթուն մայրիկը երկու կճուճ մածուն մերեց։ Մի կճուճը կերանք, իսկ մյուսը տարա շուկա։ Իսկույն վաճառվեց։ Երկրորդ օրը երկու կճուճ մածուն տարա։ Կթուն մայրիկը նաև հիանալի լավաշ թխող էր։ Մի տարի հետո հավաքած փողով թոնիր շինեցինք, ալյուր առանք և սկսեցինք լավաշ թխել։ Առաջին հացը բաժանեցինք անցորդներին։ Մայրիկը թխում էր, իսկ ես լավաշը տաք-տաք տանում էի վաճառքի։ Ու էսպես մածուն մերելով ու լավաշ թըխելով մի քանի տարվա մեջ բավական գումար վաստակեցինք։

Այդ տարիներին Կալիֆորնիայի շատ քաղաքներում երեվացել էին բազմաթիվ հայեր, Արևմտյան Հայաստանի գավառներից եկած։ Ֆրեզնո քաղաքի ճանապարհներին հաճախ կարելի էր հանդիպել պանդուխտ հայերի, որոնք աշխատանք էին որոնում։ Դրանց զգալի մասը օթևան չունենալու պատճառով քնում էր դրսում։ Իսկ հյուրանոցները թանկ էին։ Խարբերդցի մի հայ, Գրիգորյան ազգանունով, երկար ժամանակ օթևան և աշխատանք էր որոնում իր չորս զավակների ապրուստի և ուսման համար։ Մի օր գիշերով տուն գալիս տեսա նրա երկու տղաները քնել էին մեր հարևան ամերիկացու սանդուղներին, գլուխները մի ընդհանուր գլխարկի դրած։ Արթնացրի և տուն տարա։ Եվ նույն առավոտյան էլ ես և Կթուն մայրիկը որոշեցինք մի փոքրիկ պանդոկ շինել Ֆրեզնո քաղաքում մեր հայրենակիցների համար։ Քաղաքի կենտրոնում մեզ տեղ չտվին։ Փող էլ չունեինք այդպիսի հողամաս գնելու համար։ Պանդոկը մենք շինեցինք մի խուլ ու հեռավոր ճանապարհի վրա, որտեղով միշտ ուշացած ճամփորդներ էին անցնում։

Հյուրանոցի անունը դրեցինք «Ղարիբ Մշեցի» և պայմանավորվեցինք, որ իմ և Կթուն մայրիկի հայրենակիցները մեկ շաբաթ անվճար օգտվեն դրանից, իսկ մյուսները՝ կես վճարով։ Մեր հյուրանոցում ամեն երեկո հայկական երգ ու երաժշտություն կա։ Արդեն քսան տարի է, որ «Ղարիբ Մշեցին» կանգնած է այս ճանապարհի վրա, և բոլոր հոգնած ուղևորներն ու ղարիբ հայրենակիցները իրենց առաջին հանգիստը այստեղ են առնում։

— Կթուն մայրիկն էր եփում պանդոկի ճաշը և թխում հաց, — շարունակեց կոփեցի Լևոնը։ — Նրա շնորհիվ Կալիֆոռնիայում տարածվեց լավաշի և հայկական կերակուրների գործածությունը։ Կարելի է ասել՝ առաջին թոնիրը նա է շինել Ամերիկայում և առաջին մածունը նա է մերել այս հողի վրա։ Կարսեցի մայրիկը մեռավ սրանից հինգ տարի առաջ խոր ծերության հասակում, իր վերջին շնչում պարտավորություն դնելով մեզ վրա ճրագով որոնել անտուն և անտեր ճամփորդներին և օթևան տալ նրանց։ «Ղարիբ Մշեցին» խոնարհ խավերի համար է։ Հարուստ դասակարգի մարդիկ այստեղ տեղ չունեն։ Կթուն մամիկը այս պանդոկի ոգին էր և ես այս իջևանը նրա հիշատակով և բարի անունով եմ կառավարում։ ներքևում նվագախումբը թնդաց.

«Իբրև արծիվ սավառնում ես լեռ ու ժայռ,
Թնդացնում ես երկինք–գետինք տենչավառ,
Սուրբ անունդ պիտի հիշվի դարեդար,
Հսկա լերինք քեզ ապաստան, Անդրանիկ»։

— Երթա՛նք, զորավարը եկել է, — ասաց պարոն Լևոնը և Մախլուտոյին առաջնորդեց պանդոկի ճաշարանը։

ԿԱՐՈՏ

Ընդհարվելով Արարատյան հանրապետության վարիչների հետ և հեռանալով Հայաստանից, Շապինանդը բնակություն էր հաստատել Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքում։ Նա իր տան ներքնահարկը վերածել էր հյուրանոցի։ Պատին կախված էին իր սուրը, մոսինի հրացանը և զինվորական վերարկուն։

Այնտեղ էր պահում նաև իր ձին, որ Ամերիկա էր բերել շոգենավ դրած։

Այդ զենքերը, զինվորական վերարկուն, մոխրագույն փափախը, սև սապոգները և մի ասլան նժույգ — այս եղավ նրա անձնական ողջ հարստությունը ամբողջ կյանքի ընթացքում։

Այլևս իր գործը զենքի հետ չէր։ Պարապ ժամերին Շապինանդը իր հյուրանոցում փոքրիկ աթոռներ էր շինում և շատ մարդիկ ամերիկյան ոճավոր բազկաթոռները մերժելով, նրա շինած թամբաձև հասարակ քուրսիներն էին տանում տները, ոմանք գործածության, ոմանք էլ պարզապես հիշատակի համար։

— Ո՞վ է շինել։

— Զորավար Անդրանիկը։

— Հատ մ ալ ես վերցնեմ։

Ասում էին իրար և շտապում դեպի Շապինանդի արհեստանոցը։

Այդ աթոռներից մի քանիսը հասել էին մինչև նոր Զելանդիա և Ավստրալիա։

Մի օր բոլորովին անսպասելի վայրէջք կատարեց Խարզո անունով մի երևելի հայ գորգագործ։ Մելքոն վարժապետի աշակերտ «Յա Մարաթուկն» էր, Սասնո Բսանաց գավառակի Ջրտնիք գյուղից։ Լսել էր զորավարի աթոռների մասին և Մանչեստերից ինքնաթիռով շտապել էր Ֆրեզնո։

«Յա Մարաթուկ» Խարզոն Մշո ս. Մարինե դպրոցն ավարտելուց հետո միառժամանակ ապրել էր Հալեպում իր հորեղբոր մոտ։ Այնուհետև առևտրական հատուկ կրթություն ստանալով Ֆրանսիայում, մոտ երկու տասնյակ տարի գործել էր Աֆրիկայի խորքերում, այնտեղ հիմնելով առևտրական մի խոշոր տուն և գրասենյակ, իր հիմնական բնակավայրը դարձնելով Անգլիայի Մանչեստեր քաղաքը։ Այդ երիտասարդ սասունցին զորավարի թամբաձև աթոռներից մեկը ինքնաթիռով հասցրել էր Գանայի Ակրա քաղաքը, իսկ այնտեղից՝ Մանչեստեր։ Օտարության մեջ «Յա Մարաթուկը» իր կնոջ հետ «Գորանի» և «Յարխուշտա» էր պարում և հաղթական բազմելով թամբաձև աթոռին ոգևորությամբ երգում էր «Տալվորիկի զավակն եմ քաշ» երգը։

Մոլի ծխող էր Շապինանդը։ Բարկօղին, սև սուրճը և ծըխախոտը նրա միակ սփոփանքն էր օտարության մեջ։ Սիրում էր այն ծխախոտը, որ ուղարկում էին իր զինվորները Հայաստանից։ Հատկապես սիրում էր Մշո թութունը։ Իսկ այդպիսի թութուն կար Ուջան գյուղում և նա գնացող–եկողների միջոցով կապված էր այդ գյուղի հետ։

Աթոռներ շինելիս Անդրանիկը կարոտով հիշում էր Մառնիկի անտառի կաղնեփայտը։ Հատակին թափվող օղակաձև սպիտակ տաշեղները նրա միտքը ուղղում էին դեպի ս. Կարասւետի պուրակները։ Վերհիշում էր Սասունը, Մուշը, Առաքելոց վանքի նշանավոր կռիվը։ Հայրենիքի կարոտն էր տանջում նրան, իր կորցրած հեռավոր ծննդավայրի մորմոքը։ Վաղուց լսել էր, որ Սև Բեքիրի զորքերը ետ էին շպրտվել Ալեքսանդրոպոլից։ Ախուրյանից դեպի արևելք կազմավորվել էր մի նոր Հայաստան՝ մուրճն ու մանգաղը ճակատին՝ մի փոքրիկ, սակայն ապահով անկյուն, ուր պետք է ապրեին և հավաքվեին աշխարհի բոլոր հայերը։ Այդ փոքրիկ երկրի՝ Սովետական Հայաստանի գոյությունը սփոփում էր նրա վըշտացած հոգին։

Նա շատ բան չէր իմանում այդ երկրի մասին։ Քար առ քար շինվում, բարգավաճում էր նոր Հայաստանը։ Ոռոգվում էին նրա անջրդի դաշտերը, ամենուրեք լսվում էր մուրճի զնգոցը, և նա հաճախ մենության մեջ կամ խմբական հավաքույթներում այդ աշխատավորական երկրի կենացն էր խմում, խանդավառված նրա զարգացման և վերելքի պայծառ հեռանկարներով։

Այդ հեռաստանից նա ուշի–ուշով հետևում էր նաև Մասիսի թիկունքում ծավալվող ապստամբական շարժումներին, որոնց առաջնորդը Զելիմ խան անունով մի հին հայդուկ էր։

Ով գալիս էր իր արհեստանոցը, նստացնում էր մոտը և երկար պատմում էր Սասունի կռիվներից։ Ու՞ր են սրբազան նպատակի համար կռված իր զենքի ընկերները։ Ու՞ր է Մախլուտոն։ Որքա՜ն կուզենար նա աչդ պահին տեսնել իր զինվորներից մեկն ու մեկին։

Զորավարը հաճախ էր այցելում «Ղարիբ Մշեցի» պանդոկը; Ոչ միայն պանդոկի տնօրենը, այլև պանդոկի դռնապահը և վարսավիրը մշեցի էին, եկող–գնացողները մեծ մասամբ ռանչպար մարդիկ, իսկ նա խորին սեր ուներ հատկապես դեպի հաչ գյուղացին։ Հենց որ Անդրանիկը մոտենում էր պանդոկին, հաստաբեղ մշեցին լայնորեն բաց անելով դուռը և հարգալիր խոնարհվելով՝ գոչում էր. «Համեցեք, զորավար», իսկ Վանի Ալյուր գյուղացի գլխավոր խոհարարը հապճեպով խորովածի շամփուրներն էր դասավորում կրակին։

Ու թնդում էր նվագը ղարաբաղցիների, և երգում էր խընուսցի Սաֆարը, և պանդոկը վերստին աշխուժանում էր քաջահաղթ երգերից։

Զորավարը քաշվում էր ճաշարանի մի անկյունը, ուր պատից կախված էր Կթուն մայրիկի մեծ նկարը։ Միշտ այդտեղ էր նստում, այդ նկարի տակ։ Այդ պահերին նա ավելի շատ իր մտքերի հետ էր, քան շրջապատի։ Ծխում էր և գլուխը բարձրացնելով նայում էր պատից կախված նկարին։ Այդպիսի հազարավոր հայ մամիկներ կային Արևմտյան Հայաստանում։ Դրանցից միայն մեկը տարիներ առաջ հրաշքով ընկել էր Ամերիկա և չէր ընկճվել այդ ամենակուլ միջավայրում, չէր ձուլվել օտարին, դիմադրել էր ճնշմանը և կրկնապատկելով իր բազուկների ուժը և հոգու կորովը պահպանել էր իր օջախի տաք հացը և նույնքան տաք մայրենի լեզուն։

Այդ մտքերը նրան տանում էին դեպի Կարս։ Մինչև Սասուն գնալը Անդրանիկը երկար տարիներ չափչփել էր Սարիղամիշի և Կարսի ճանապարհները։ Ու այժմ էլ նստած է նա պանդոկի ճաշարանի նույն անկյունում։ Հենց նոր ներս մտավ։ Խմեց մի քանի գավաթ բարկօղի։ Մեկը մյուսի ետևից ծխիկներ վառեց և թաղվեց մտքերի մեջ։ Կապտագույն ծուխը վերստին պարուրեց նրա դեմքը։ Դեպի լայն ճակատը ձգվող զույգ կնճիռները դարձան խոր ակոսներ։ Վառվռուն, ժպտուն աչքերը և գորշ ընչանցքներից անջատված երկու խիտ, սպիտակած մազափունջը, որ օղակներ էին կազմել այտերի վրա, կորան երազաչին մշուշում։

Գլուխը ճերմակած էր։

Հիշեց, թե ինչպես առաջին անգամ Պոլիս գնալիս ճանապարհին կուլ տվեց վտանգավոր թուղթը։ Հրշեջ է Պոլսում։ Որտեղ ծուխ, կրակ, իրարանցում ու աղետ կա՝ այնտեղ է ինքը։ Ահա վազում է հրշեջների ետևից։ Հասավ հրդեհի վայրը, համարձակ նետվեց ծուխ ու բոցի մեջ։ Տունը փուլ եկավ, ինքը մնաց տակը և գրեթե կիսամեռ իրեն դուրս նետեց բոցերի միջից։ Բեռնակիր դարձավ։ Սեբաստացի Մուրադի հետ բեռներ է կրում։ Դոլմաբախչայում կառուցվող զինապահեստները հիշեց, ուր ինքը ծառայության մտավ որպես ատաղձագործ, և թե ինչպես ցախավելը պահակի աչքը կոխելով և նրա զենքը վերցնելով՝ փախավ Կարսի բանտից։ Սերոբ Աղբյուրը 1895–ին Սարիղամիշում տրեխներ կարեց իր համար և հագցրեց իր ոտքը, որ միասին Սասուն գնան։

Ու գնացին։

Այն ժամանակ ինքը դեռ բոլորովին երիտասարդ Էր։ Ճանապարհին արտերի միջից իր դեմ մի աղվես ելավ։ Սերոբն ասաց՝ «Լավ նշան չէ»։

Հիշեց Գելի գյուղը ձորի մեջ Անդոկ լեռան ստորոտում և Տեր Քաջի տունը։ Մտքերը նրան տարան Ղարիբշան, Տաղվըրնիկ, ուր ինքը հրացանի կոթեր Էր նորոգում, գոմի մութ անկյունում նստած։ Մեկառմեկ հիշեց այն բոլոր ձորերը, որոնց տաք ավազներին ինքը պառկել Էր անօգնական, մենակ։

Հիշեց իր գիշերային զրույցները իմաստուն ծերունի Գյալշո Մանուկի հետ։

Հիշեց, թե ինչպես ալիանցիք և շենիքցիները իրեն զինաթափեցին և ինքը իր յոթ հայդուկների հետ փախավ Սեմալ։

Պայթող Աղբյուրի փոթորկալի ժողովը հիշեց և տալվորիկցիների գրոհը իր վրա։ Ինքը դիտավորությամբ գրգռեց նըրանց, որ որոշի իր հենարանը Սասունում։ Գևորգ Չաուշի հետ նստած Է Մոսե Ւմոյի պատի տակ, և Հլողինքի ռեսը իր տոհմիկ խրթին բարբառով հարց է տալիս իրեն կոթանի և սև օձի մասին.,, «... Դուք իմա՞լ պիտի սպանեք վիշապ օձին, որ ոչ կոթանին վնաս էղնի, ոչ ձագերին»։ Այդ տարիներին ինքը խնդում էր ռեսի վրա, բայց ինչպե՜ս կյանքը ապագայում ճշգրտեց այդ պարզամիտ շինականի խոսքը։ Իրենք զարկեցին սև օձին և մեջտեղ կոթանը գնաց իր ձագերով։ Այդ ձագերից մեկը եղավ արիասիրտ Քարայրը, որ առաջինը զոհ գնաց Ծովասարի և Անդոկի կռիվներին։ Ահա նրա մերկ դիակը ձյուների մեջ ընկած, խոցոտված զենքերից ու փամփուշտներից։

Հանկարծ մշուշի պես եկավ և իր աչքերի առաք կանգնեց Խաչենի գումանը, Ձեռքը տարավ դեպի ճակատը և այդ շամանդաղը ցնդեց։ «Ափսոս, այդ հին ֆիդային կենդանի չըմնաց, որ մեզ ղեկավարեր կամավորական շարժումների ընթացքին», — հառաչեց նա։

Հիշեց Դիլմանի կիրճը, Խլաթ, Դատվան, Բաղեշ։ Մարցի անտառը հիշեց։ Իր հրամանով զորքը վրան զարկեց հաստաբուն կաղնիների տակ։ Բոլորովին անսպասելի իր դիմաց կանգնեց Դրոն։ Կարծես Մարցի անտառից ելավ։ Հիշեց, թե ինչպես նրա հետ ընդհարվելով, իր զորամասով մտավ Էջմիածին և Մայր տաճարի պատերի տակ ավարտվեց իր ռազմական ուղին։ Այդտեղ վերջացան իր պատերազմները։ Այդտեղից իր հեծյալները ցրվեցին ամեն մեկը մի ուղղությամբ։ Որտե՞ղ են այժմ Պայթող Աղբյուրի այդ հրեղեն ռազմիկները։

Մի կումով դատարկեց բարկօղու գավաթը և նորից գլուխը ծանրորեն իջավ ձեռքերի վրա, ձեռքերը՝ սեղանին։ Ի՞նչ եղան իսկապես իր հայդուկ զինվորները։ նրանցից մի քանիսը իր հետ հասան մինչև Ամերիկա։ Մեկը խոհարար դարձավ պանդոկում, երկրորդը նպարեղենի խանութ բաց արեց Ֆրեզնոյում։ Ոմանք էլ մեռան։ Մանազկերտի իր կամավորներից մեկը տուն դրեց Վաշինգտոնում՝ Սևանի կճաշեն գյուղից բերած գեղեցկուհի Վարդանուշի հետ։

Իսկ ի՞նչ եղան այն զինվորները, որոնք մնացին Հայաստանում։ Առաջին տարիներին մեկ–երկուսը նրանցից երբեմն ծխախոտ էին ուղարկում իրեն Կալիֆոռնիա եկողների հետ։ Վերջում այդ կապն էլ խզվեց։ Ի՞նչ եղավ, օրինակ, խոտորջուրցի հիսնապետ Թորգոմը, որի ձիու պայտը կորավ Տաթևի կիրճում։ Հարությու՞նն ինչ եղավ, որին ինքը Էջմիածնի հիվանդանոցում հրաժեշտ տվեց։

Լսել էր, որ Հայաստանում մնացած իր զինվորներից մեկը խելագարվել էր։ Դա ցից բեղերով հռչակավոր Կայծակ Անդրեասն էր, մեկը իր այն յոթ զինվորներից, որ իր հետ Շենիքից փախել էին դեպի Սեմալ։ Անդրեասին նա Լոռվա սարերից սուրհանդակ էր ուղարկել Թալին, շտապ վերադարձի պայմանով, և այնուհետև այլևս չտեսավ նրան։

Շապինանդի միակ մխիթարությունը իր փոքրիկ արհեստանոցն էր և իր տան պարտեզը։ Չլիներ այդ զբաղմունքը և չլիներ «Ղարիբ Մշեցի» պանդոկը, նա էլ կարող էր խելագարվել իր զինվորի նման։ Եվ խելագարվելու պատճառները շատ էին։ Այդքան արյուն թափել, այդքան հայ և ռուս զինվոր ու Դոնի կազակ պառկեցնել Արևմտյան Հայաստանի դաշտերում, և հաղթանակի արշալույսին այդ ամբողջ երկիրը նորից տեսնել թշնամու կրունկի տակ և այն էլ վերադիր վճարով. այդ վշտից ոչ թե մի մարդ, այլ մի ամբողջ ժողովուրդ կարող է խելագարվել։

Որքա՜ն ճիգ գործադրեց ինքը այդ տարիներին հայ գործիչներին համոզելու՝ հավատ չընծայել երիտասարդ թուրքերին, մանավանդ օսմանյան սահմանադրությունից հետո։ «Դրանցից ոչ մեկուն չեմ կրնար հավատալ, եթե անիկա երկինքեն իսկ իջած ըլլա», — ասում էր բոլորին։ «Շունին լավը չըլլար, կխածնե օր մը»։ Չլսեցին իրեն։ Ոչ միայն չլսեցին, այլև միտք հղացան իրեն տանել Պոլիս և ընտրել Օսմանյան Պառլամենտի անգամ։

— Դուք հաշտվեցեք անոնց հետ, — կրկնում էր շարունակ, — բայց ինձ թույլ տվեք անհաշտ մնալու։ Ես ձեզ մի գուշակություն պիտի անեմ և կուզեմ, որ լսեք. եթե այս հեղափոխական կոչված երիտասարդ թուրքերը ձեզ չկախեցին մի օր, ես մարդ չեմ։ Օր պիտի գա, որ նրանք ալ պիտի դառնան սուլթան Համիդի պես մի գազան և բոլորիդ պիտ հոշոտեն։

Եվ հոշոտեցին։

Ինչ լավ է, որ «Ղարիբ Մշեցի» պանդոկի այցելուների թվին ավելացավ զորավար Մախլուտոն, իր զենքի և գաղափարի մարտական ընկերը։

Այժմ ինքը բոլորովին մենակ չէ։

Անդրանիկը սթափվեց իր մտքերից և երկու հայդուկապետներ իրար գրկած գավաթ բարձրացրին, խմելով հեռավոր Հայաստանի կենացը։

Նրանց գլխավերևում կանգնած էր պարոն Լևոնը, իսկ ավելի վերևում՝ պատի վրա, կթուն մայրիկի լուսանկարն էր։

ԽԱՉՔԱՐԻ ԱՌԱՋ

կեսգիշերին սանդուղքներով վեր ելնելիս Մախլուտոն նկատեց մի տղամարդու, որ մի փոքրիկ խաչքարի առաջ ծունկի իջած, ձեռքերը կրծքին աղոթում էր ճրագի աղոտ լույսի տակ։

Դիմագծերը կարծես գերմանացու լինեին։ Երեսին սպի կար։

Մեհմեդ էֆենդին էր։

Աստված իմ, ինչպիսի՜ ահավոր կերպարանափոխությունների է ենթարկվում մարդ էակը այս կարճատև երազային կյանքում։ Դա այն միևնույն տղամարդն էր, որ ճըրագը ձեռքին առաջնորդել էր իրեն դեպի «Ղարիբ Մշեցի» պան դոկը ։ Մթության մեջ չէր կարողացել նրա դիմագծերը որսալ։

Ւսկ ձայնը փոխված էր։

Մեհմեդ էֆենդին խաչքարի առաջ և այն էլ որտե՞ղ, հեռավոր Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքում։ Նույնիսկ հագուստն էր փոխված։

Նա այժմ հագած էր իր գիշերային սև զգեստը և կարծես ձուլվել էր այդ սևացած փոքրիկ խաչքարին։ Դեպի վեր ուղղված անմեղ նայվածքը և ձեռքերի խոնարհ ծալվածքը կըրծքի վրա այնպիսի արտահայտություն ունեին, կարծես Քրիստոսն էր աղոթում մ հնության մեջ։ Միայն այդ ծնկաչոք վիճակը բավական էր իր բոլոր մեղքերը քավելու, եթե արդարև մեղք ուներ գործած։ նա բոլորովին նման չէր այն մարդուն, որ Բաղեշի արգելանոցի թախտին ծալապատիկ նստած հավատափոխության գիմում էր գրում սուլթանին։ Այժմ նա մոլեգին ճիգով քանդում, ջնջում էր շատ տարիներ առաջ գործած հանցանքը, եռանդով աշխատում էր մոտենալ այն լուսավոր կետին, որից հեռացել էր։ Ճգնում էր վերագտնել իր խախտված հավատքի սյուները։

Շատ փոթորիկներ էին անցել Մեհմեդ էֆենդու գլխով։ նրա վզից անհետացել էր սպիտակ սավանը, այտերից՝ կարմրությունը։ Դիմագծերը ավելի նուրբ էին ու բարի։ Առաջվա պես, սակայն, թիկնեղ էր, կուրծքը դուրս ցցված և գլուխը բարձր։ Եվ խոնարհվել էր այդ հսկա մարդը վերասլաց կոթողի տեսք ունեցող մի խաչքարի առաջ ու եռանդագին աղոթում էր գիշերային լռության մեջ։

Ինչե՜ր չէր արել նա ի սեր իր ժողովրդի։ Ուրացել էր իր հավատքը և իբրև քողարկված ֆիդայի թափանցել էր սուլթանի բերդը։ Համոզված էր, որ եթե ինքը այդ բերդի դուռը ներսից բաց չանի, հեղեղն անգամ անզոր կլինի դրսից քանդել այդ անիծյալ ուժը։ Անկեղծորեն օգնել էր ֆիդայիներին, կանգ չառնելով ոչ մի միջոցի առաջ։ նույնիսկ վանքի կռվին ներկայանալով իբրև սուլթանի բանագնաց, նա իր ատրճանակը թողել էր «պետքարանում», որ Գևորգ Չաուշը զինվի նրանով։

Սահմանադրությունից հետո Մեհմեդ էֆենդին բոլորովին հիասթափվեց։ Հուրիաթը, ըստ նրա, եկել էր դժողք դարձնելու ժողովուրդների կյանքը։ նա գտնում էր, որ Հուրիաթի հռչակած ազատության, հավասարության և եղբայրության կոչերը կեղծ էին, և այն պատվանշանները, որ ինքը մինչև սահմանադրությունը հպարտությամբ կրում էր իր վրա, սահմանադրությունից հետո փուշ էին դարձել իր համար։ Հին և նոր կարգերի տարբերությունը այն էր, ասում էր Մեհմեդ էֆենդին, որ հին կարգերի ժամանակ հայ ֆիդայիները խիստ աչալուրջ էին և զինված կռվում էին սուլթանի բռնակալության դեմ, իսկ նորի ժամանակ նրանք զենքերը վայր դրեցին և հարբած քնած են։

Մեհմեդ էֆենդին մեկն էր նրանցից, որ գաղտնաբար խորհուրդ էր տալիս հայդուկներին զենքերը վայր չդնել, չզինաթափվել։ Քարոզում էր, որ արթուն մնան, վերջնականապես համոզվելով, որ Հուրիաթը մի միջոց էր մոլորեցնելու և ազգովին գլխատելու հայ ժողովրդին։

Սահմանադրության շրջանում Մեհմեդ Խալըթը մի քանի տարի պաշտոնավարեց Վանում։ Ամուսնացավ Անգին անունով մի հայ կնոջ հետ, որից անեցավ յոթ զավակ։ Այդ երեխաները մեծացան և սկսեցին հարցնել իրենց հորը, թե իրենք ինչ ազգի ծնունդ են։ Հայրը անհարմար կացության մեջ ընկնելով նրանց ուղարկում էր իրենց մոր մոտ իմանալու այդ հարցի պատասխանը։ Հետզհետե գիտակցելով, որ իրենք հայ են, բայց թուրքական դպրոց են գնում և իրենցից ոմանք օտար անուններ են կրում, խմբովին ըմբոստացան հավատափոխ հոր դեմ։ Նրանք փշրեցին իրենց դռան օտարագիր ցուցանակը և տեղը հայերենը դրեցին։ Տանը խոսակցական լեզուն հայտարարեցին հայերենը։ Իրենց ֆեսերն ու հագուստը դեն շպրտելով, հագան հայկական տարազ։ Միայն հայրն էր դիմադրում տակավին իր գլխի վրա պահելով կարմիր ֆեսը։

Մի օր Մեհմեդի որդիներից մեկը՝ Ալին, կարդացել էր անգլիական պաշտոնական մի տեղեկագիր,

— Նրանք, — ասված էր այդ տեղեկագրում, — միայն առաջին համաշխարհային պատերազմի տարիներին սպանել են երկու միլիոն հայ, կործանել են կես միլիոն տուն ու ապարանք և պատմական հուշարձան, երկու հարյուր երեք վանք ու ճեմարան և երկու հազար հիսուն եկեղեցի, իսպառ անապատ դարձնելով երեք հազարամյա շեն մի երկիր…։

— Եվ այդքանից հետո դու դեռ համարձակվում ես ծառայե՞լ այդ բարբարոսներին և կարմիր ֆե՞ս կրել գլխիդ, — զայրացած գոչել էր Ալին հարձակվելով հոր վրա։

Իզուր փորձեց հայրը որդիներին համոզել, որ ինքը այդ ծառայությունը հանձն է առել հայերին օգնելու նպատակով, որ ինքը եղել է ծպտված ֆիդայի։

Մեհմեդ էֆենդին իր զավակներից վախենալով որոշեց փախչել արտասահման։ Բայց խիղճը տանջում էր իրեն։ Ինչպե՞ս ազատվել նրանց հետապնդումից, ինչպե՞ս դուրս գալ այդ անելանելի վիճակից։ Այդ մտմտուքի և հոգեկան խռովքի ժամանակ նրա պաշտոնը բարձրացրին և Վանից տեղափոխեցին Հալեպ, ապա Դամասկոս։

Առաջին աշխարհամարտի վերջում իր ավագ որդին կանչվեց բանակ և անգլիացիների դեմ կռվելով սպանվեց Եգիպտոսի ճակատում։ Հայ տարագիրներին ցույց տված օժանդակության համար Մեհմեդ էֆենդին երիտասարդ թուրքերի իշխանավորների կողմից կասկածի տակ առնվեց և իբրև դաշնակից տերությունների աջակից, անգլիացիների օգնությամբ տեղափոխվեց Պոլիս։ Պոլսում Մեհմեդ էֆենդին հայոց առաջնորդ Զավեն պատրիարքի միջոցով մկրտել տվեց իր զավակներին։ Իր աղջիկներից մեկին, որ ամուսնացած էր թուրք սպայի հետ, ապահարզանով բաժանել տվեց և մի հայ գործավորի հետ ամուսնացնելով, և ապա մնացած բոլորին էլ Պոլսից հանելով ուղարկեց ոմանց Պարսկաստան, ոմանց էլ՝ Ֆրանսիա։

Շուտով Մեհմեդ էֆենդու կինը մեռավ Պոլսում, իսկ ինքը բոլորովին լքված ու միայնակ մնալով, մի քանի տարի անց Պոլսից ընդմիշտ տեղափոխվեց Ամերիկա և աշխատանքի մըտավ «Ղարիբ Մշեցի» պանդոկի տնօրեն պարոն Լևոնի մոտ։ Միառժամանակ նա գրեթե ծպտված էր ապրում Ֆրեզնոյում, իբրև պարոն Ավետիս։ Սակայն պարոն Լևոնը տեղեկանալով Մեհմեդ էֆենդու պատմությանը և հոգեկան տառապանքներին, նրան մի առանձին սենյակ հատկացրեց պանդոկի մեջ, ականատես դառնալով իր ծերացած հայրենակցի վերածնության տենդագին ճիգերին։

Իրեն հատկացված այդ խուցի մեջ, որ գտնվում էր սանդուղների տակ, Մեհմեդ էֆենդին հաստատել էր մի հին խաչքար։ Ո՞ր քարգործ վարպետի կերտածն էր և որտեղի՞ց էր բերված՝ հայտնի չէր։ Ձեռք էր բերել նաև մի աղոթագիրք։ Հավատացնում էր, որ դա Կարմիր իրիցու տան տոհմական ավետարանն էր, որի վրա հայդուկներ էին երդվել։ Մեջտեղի թերթերից մեկի ճակատին գրված էր՝ «Բարով արժանանաք կարմիր գնդակի հրեղեն համբույրին»։ Ինքը, պանդոկի տնօրեն պարոն Լևոնը չէր հավատում ոչ աստծո գոյությանը և ոչ էլ խաչի ու ավետարանի զորությանը, բայց չէր խանգարում, եթե մեկը հավատքով փարված էր դրանց և անկեղծ ապաշխարանքով ուզում էր շտկել իր խոշտանգված հոգին։

Մեհմեդը իսպառ քաշվել էր քաղաքականությունից և զբաղված էր միայն դրանով։ Ամեն երեկո, քնելուց առաջ նա ծունկի իջնելով պատի մեջ ագուցված խաչքարի առաջ և ավետարանը բաց անելով, սկսում էր աղոթել։ «Ես աշխարհի ամենադժբախտ մարդն եմ, — ասում էր Մեհմեդ էֆենդին, — որովհետև ես կորցրի ամեն ինչ. և առողջություն, և զավակներ, և՛ կին, և՛ մնացի բոլորովին մենակ։ Ես վանքից ելած եմ և մեջիտի մեջ էլ տեղ չունեմ։ Բայց ես միաժամանակ ամենաազատ մարդն եմ, բոլորովին ազատ, քանի որ իմ տե՛րը ոչ այլ ոք է, քան իմ ներքին մարդը։ Ինձ ուժը հարկադրեց դուրս ելնել շիտակ ճանապարհից։ Թեև գիտեմ, օգուտ չունի նորից այդ ճանապարհին դառնալը, որովհետև շատ ուշ է, բայց կուզեմ մխիթարել իմ ներքին մարդը և նվազեցնել ատելությունը իմ անձի հանդեպ»։ Եվ ամեն անգամ իր աղոթքն ավարտում էր այսպես. «Դառնամ աղոթարան սուրբ էջմիածին, աստված, երկինք, գետինք ես հայ եմ»։

Ավետարանի և խաչքարի կողքին էր դրված այն կանթեղը, որով նա գրեթե ամեն երեկո գնում էր հոգնած, մոլորված հայ տարագիրներ որոնելու պանդոկի շրջակայքի ամայի տարածություններում։

Ոչ ոք չէր այցելում Մեհմեդ էֆենդու այդ առանձնարանը, որ ներքուստ մի փոքրիկ մատուռի տպավորություն էր թողնում։ Այդտեղ էր քնում, պատի երկայնքով դրված ցածլիկ թախտի վրա։ Այդտեղ էր ճաշում, այդտեղ էր խմում իր սուրճը։ Այդտեղ էր աղոթում ու ապաշխարհում, հեռու աշխարհի աղմկալի առօրյայից։ նորանոր սուլթաններ ու թագավորներ հերթով ելնում ու իջնում էին իրենց գահերից։ Մի բռնապետ հաջորդում էր մյուսին, իսկ նա անհաղորդ այդ ամենին շարունակում էր վառել դեղին մոմերը խաչքարի առաջ։

Մի հին սևացած խաչքար։ Կառչել էր դրան ու պոկ չէր գալիս։ Այդ էր դարձել այժմ իր հավատքի և հույսի միակ հենարանը։ Երազի պես իր աչքերի առջևով գալիս անցնում էին Մանազկերտի Իկնա գյուղի պատկերները, իր ծննդավայրի ոսկեղեն օրերի թովիչ տեսարանները, երբ ինքը երիտասարդ վարժապետ էր պարոն Ավետիս անունով։

Հիշում էր և ուշագնաց ընկնում խորանին, իր արցունքով հանգցնելով մաշված խաչքարի առաջ առկայծող դեղնամոմերը։

ԲՐԱԲԻՈՆ ԾԱՂԻԿԸ

Հետևելով Անդրանիկի օրինակին, Մախլուտոն նույնպես որոշեց զբաղվել արհեստով։ Նա Ֆրեզնոյում բաց արեց սոլկարի արհեստանոց։ Առաջին անգամ նա այդ արհեստը բանեցրել էր Սասունում, նորոգելով Շապինանդի ոտնամանները։ Այնուհետև դեպքից–դեպք օգնել էր հայդուկներին՝ նրանց ոտնամանները կարկատելով։ Կոշկակարությունը միառժամանակ օգտակար եղավ նրա համար։ Ապա կարճ ժամանակով Մախլուտոն մի սրճարան բացեց Լոս–Անջելոսում։ Սակայն շուտով հայրենակցական մի միություն, որ հիմնադրվել էր 1917 թվականին, Ֆրեզնոյի իր մասնաճյուղի միջոցով Մախլուտոյին նշանակեց միության կենտրոնական վարչության նախագահ։ Այդ միության նպատակն էր օգնել գաղթաշխարհի կարիքավոր տարոնցիներին և զարկ տալ նրանց կրթական ու տընտեսական վերելքին։

1926 թվականի նոյեմբերին, Մախլուտոն Անդրանիկին անակնկալի բերելով, մեծ հանդիսավորությամբ նշեց Վանքի կռվի 25–ամյակը։ Իր պատասխան խոսքում Անդրանիկը մանրամասն նկարագրեց այդ պատմական կռիվը և այդ կռվում զոհված իր ֆիդայիներին հիշելով՝ դառնորեն լաց եղավ։

Խոսքն ու զրույցը վանքի դեպքերի վրայով հասավ Հայաստանի հանրապետության հետ ունեցած վեճին։

— Ես, — ասաց զորավարը, — հեռացա Արարատյան հանրապետությունից, որպեսզի մասնակից չլինեմ այն անմիտ և անպատվաբեր գործունեությանը, որին նվիրվեցին նրա վարիչները առաջին իսկ օրից։ Մի շենք շինելու համար հմուտ ճարտարապետներ են պետք։ Դաշնակ հանրապետությունը վիժեցավ, որովհետև անոր ղեկավարները այդ շենքի հիմքը դրին օդի մեջ, փոխանակ հաստատուն գետնի վրա դնելու։

Մի գիշեր Մախլուտոն շտապ կանչվեց ծովափ։ Կալիֆոռնիայի Չիքո կոչվող ջերմուկներից մեկում մեռնում էր Անդրանիկը։

— Եկա՞ր, Մախլուտո, — ասաց զորավարը նրա գլուխը գրկելով։ — Ես իմ ամբողջ կյանքում Բրաբիոն ծաղիկը փընտրեցի աշխարհում։ Ես էլ, դու էլ այդ ծաղկի ետևից գնացինք։

Խենթ էինք և խենթի երազ ունեինք։ Ոչ ոք դեռ չի գտել այդ ծաղիկը։ Ասում են այդպիսի ծաղիկ չկա։ Բայց եղան մարդիկ, որ մեզնից շուտ գտան դեպի այդ ծաղիկը տանող շիտակ ճամփան։ Մենք սխալ կողմից փնտրտուքի ելանք և մոլորվեցինք քերծերում։

Ի՜նչ ծանր էր այն օրը, երբ ինքը իր զինվորներով գնդապետ Գիբոնի հետ ոտք դրեց բրիտանական փոխադրանավի վրա։

Այդ լուսաբացին երկու բարձրագոչ սուլիչ հնչեց։ Մեկը գոռաց դեպի Եվրոպա, այդ իրենց ռազմանավն էր, որ շարժվում էր արևմուտք, իսկ մյուսը Բաթումից դեպի արևելք մեկնող շոգեկառքն էր, որ իր զինվորներին ու սպաներին տանում էր դեպի հարավ, դեպի Հայաստան։ Ինքը ռազմանավի տախտակամածից ձեռքերը կրծքին ծալած երկար-երկար նայեց դեպի Հայաստան սլացող այդ շոգեկառքի ետևից, որի մեջ էր նաև իր հին հայդուկ Հաջի Գևոն՝ սուլոցը շուրթերին։ Դեռ երբեք նա այդքան տխուր չէր սուլել իր հռչակավոր լոլոն։

Եվրոպա մեկնող փոխադրանավը լիքն էր Պարսկաստանից հայրենիք վերադարձող անգլիացի զինվորներով։ Նավի տախտակամածի մի անկյունում օտար համազգեստներով և անծանոթ ու օտար լեզվով խոսող զինվորականների մի խումբ կար։ Այդ իրենք էին՝ հայերը։ Հաղթել էին դաշնակիցները և անգլիացի զինվորները տուն էին դառնում տոնական տրամադրությամբ։ Գոհ էր և դաշնակից հրամանատարության ներկայացուցիչ գնդապետ Գիբոնը։

Այդ այն երջանիկ օրն էր, որ անգլիացի զինվորները երազել էին օտար երկնքների տակ մղած կռիվների միջոցին։ Նըրանց համար հաղթության ու խաղաղության տոնախմբությունները իմաստ ունեին։ Իսկ հայերի խմբի համար դա վերադարձ չէր դեպի հայրենիք։ Հայերը նրանց համեմատությամբ աքսորյալներ էին, որոնց տեսողության առաջ կար սրախողխող մի երկիր։ Իրենք այդ մարդկանց հետ կողք-կողքի քաջաբար կռվել էին թշնամու դեմ, բայց այժմ օտարականներ էին նրանց միջավայրում։ Դաշնակիցներից հուսախաբ, լքված օտարականներ։

Անդրանիկը ակամա հիշեց իր հայ կամավորներից մեկին, որին նա իր համար ընդմիշտ կորած էր համարում։ Բոլոր հերոսական դեմքերը չքացան իր տեսադաշտից, իսկ այդ մեկը վերջին պահին եկավ և համառորեն կանգնեց իր աչքերի առաջ։

Գլուխը վիրակապված էր, ձեռքը վիրակապով վզից կախ։ Թավրիզեցի էր, անունը Հայկ։ Ձմեռ էր ու ձյուն։ Դութա՞ղն էր, Մու՞շն էր արդյոք, չկարողացավ ստույգ որոշել։ Գուցե Բաղեշն էր կամ Ռահվե–Դուրանը։ Բասենն էր գուցե։ Հայկ Բժշկյանը մի անգամ եկավ իր մոտ և զայրացած ասաց. «Խաբված ենք, մեծ հայդուկ, դառնորեն, անխղճորեն խաբված ենք։ Բոլորս միասին ազգովին խաբված ենք»։ Ասաց ու ծանր քայլերով հեռացավ։ Երկար ժամանակ ձյուների վրա լսվում էր նրա ոտնաձայնը, երևում էր խռոված կամավորի բեկբեկուն ստվերը։

Անդրանիկը այլևս չտեսավ նրան։

Բժշկյանը ատելությամբ լցված ցարական կարգերի հանդեպ, այդ օրվանից կտրուկ շրջադարձ կատարեց դեպի հեղափոխություն, կամավորական մարտիկի իր տոկուն կամքը կոփելով ռուսական հեղափոխության կարմիր հրդեհի մեջ, այդ հրդեհի բոցերի մեջ տեսնելով Հայաստանի և ամբողջ աշխարհի ազատագրության արշալույսը։ Բժշկյանը կազմակերպեց իր Երկաթե դիվիզիան, պայքարի ելնելով հեղափոխության թշնամիների դեմ, դոփելով լայնածավալ Ռուսաստանի մի ծայրից մյուսը։ Նա դարձավ հեղափոխական բանակի հրամանատար, իսկ այնուհետև նշանակվեց Սովետական Հայաստանի ռազմական կոմիսար։ Նրա ետևից գնացին Սարդարապատի և Բաշ–Ապարանի ճակատամարտին մասնակցած շատ հայ մարտիկներ և Հայաստանում աճող զինվորական նոր սերունդը։ Իսկ ի՞նքը։ Ինքը մնաց իր հայդուկների, իր կամավորական և երկրապահ գնդերի, իր հայկական առանձին հարվածող զորամասի հետ, վերջին պահին հարկադրական բնակավայր ընտրելով հեռավոր Կալիֆոռնիան։

Թավրիզեցի խիզախ կամավորը այդ ժամանակ մի հասարակ դասալիք թվաց իրեն, ապազգայնացած մի զինվոր։ Այդպես թվացին բոլոր նրանք, որ նեցուկ չեղան իրեն։ Այդ նույն զինվորն այժմ կանգնած էր իր առաջ գեղադեմ ու բարձրահասակ, ճակատով հստակ և ընթացքով հաստատ։ Այո, գուցե այդ էր իսկապես ուրիշ ճանապարհը։ Այդ էր դեպի Բրաբիոն ծաղիկը տանող միակ վստահելի ուղին։

— Մախլուտո, մի փոքրիկ գեղեցիկ երկիր է փթթում Արաքսի ափին։ Իմ դժվարագյուտ ծաղիկը այդ է և նրան են վերջին պահին իմ աչքերն ուղղված, — ասաց մահամերձը։ — Կուզեմ, որ այդ կարմիր ծաղիկը բարգավաճի ու զորանա։ Պետք է ուժ տալ ներկա Հայաստանին։ Նա է մեր ապագա հույսերի խարիսխը։

— Իմ կյանքի ամենաուրախ պահը այն է եղել, — շարունակեց Շապինանդը, — երբ Առաքելոց վանքի մեջ մի բուռ հայդուկներով կռվում էինք սուլթան Համիդի կանոնավոր զորքի դեմ, մեկ էլ այն, երբ ֆիդայի քահանան զենքը ձեռքին կանգնած էր Գևորգ Չաուշի և իմ կողքին, և մշեցի հայ կանայք մեզ համար դիրքեր էին փորում վանքի պարիսպների մոտ։ Իմ ամենատխուր պահը այն էր, երբ Գևորգի մահվան բոթը առա։ Իմ երկրորդ սև օրը այն էր, երբ հայրենիքից հեռու, Բերդաքաղաքի անկման լուրը բերին ինձ։ Բոլորին ասել եմ ու դարձյալ կկրկնեմ. երբ իրիկունը գլուխներդ բարձին կդնեք, որ քնանաք, մի քիչ մտածեք ձեր ազգի մասին, այնուհետև մտածեք ձեր հարևանի մասին հայ լինի նա, թուրք լինի, վրացի լինի, ով կուզի լինի, և բարի մտածեք։

Փոքր–ինչ շունչ առնելով ավելացրեց,

— Երկու բան սիրեցի աշխարհում— որբ մանուկն ու թըշվառները։ Եթե իմ ժողովուրդը կուզի իմ ՛մահից հետո պատիվ անել ինձ, ես իմ արձանը չեմ ուզեր, փառավոր թաղում չեմ ուզեր, թող հայ ժողովուրդը կանգնեցնի ավերակ դարձած Առաքելոց վանքը և այնտեղ հիմնի մի ուսումնարան հայ մանուկների համար։

Վերջին խոսքը եղավ՝ մահս չեմ հոգար, այլ գործս, որ կիսատ մնաց։

Լուսադեմին Շապինանդը չկար։

Նրա մարմինը զմրսեցին և մահից ութ օր վերջը փոխադրեցին հայոց եկեղեցին։ Հաջորդ օրը տարան թաղելու։ Դագաղի առջևից ընթանում էր մի նժույգ՝ թամբին զինվորի համազգեստ և հրացան։ Երբ թափորը հասավ «Արարատյան գերեզմանատուն», հայ երիտասարդները վերևից ինքնաթիռով վարդեր շաղ տվին նրա դագաղին։ Բայց դագաղը հողը չդրին, այլ վերցրին ու կրկին եկեղեցի տարան։

Չորս ամիս հետո, Ֆրեզնոյի հայերը Սան–ֆրանցիսկոյի ֆրանսիական հյուպատոսի միջոցով բախեցին Փարիզի դուռը։ Անդրանիկը «Պատվո լեգիոն» շքանշանով պարգևատրված էր ֆրանսիական կառավարության կողմից և Փարիզը նրան տեղ տվեց իր հերոսների պանթեոնում՝ Կոմունարների պատի մոտ։

Ու 1928 թվականի հունվարի 8-ին հայերը Ֆրեզնոյից ճամփա ելան դեպի Փարիզ իրենց հետ տանելով ազգային հերոսի դին։

Դրեցին հյուսված դամ բանի մեջ ու տարան։ Աշխարհի բոլոր ծագերից հազարավոր հայեր Էին շտապել Փարիզ հուղարկավորությանը մասնակցելու։ ներկա Էին նաև եվրոպական դաշնակից պետությունների զինվորական պատվիրակությունները։ Դիակառքի մոտով գլխահակ քայլում Էր զորավար Մախլուտոն զինակից հայդուկների խմբով։ Մախլուտոյից անբաժան ընթանում Էր Ղարիբը— Սոսե մայրիկի ձիու առջևից գնացող զինվորը։ Ետևից համընթաց քայլում Էին բարձրաստիճան հայ և օտարազգի զինվորականներ, ֆըրանսիացի զորավարներ, հայ և բուլղար զինվորներ, Մարսելում, Լիոնում և Փարիզում ապրող հին կամավորներ։

Աֆրիկայից եկել Էր «Յա Մարաթուկ» հարգոն, որ Անդրանիկի շինած աթոռներից մեկը Ամերիկայից հասցրել Էր Գանայի Ակրա քաղաքը։

Գիբոնն Էլ այնտեղ Էր, Զանգեզուրի լեռներում սառած անգլիացի գնդապետը։ Մոռանալով Անդրանիկի պատիժը, ծերունի զինվորականը բրիտանական իր դղյակից հասել Էր Փարիզ, իր հետ բերելով «Սպիտակ ձիավոր» գիրքը, որի մեջ նկարագրել Էր զորավար Անդրանիկի և նրա բանակի հաղթական երթը Գորիսից մինչև Էջմիածին։ «Այդ մարդը բոլորովին տարբեր Էր մինչև այն ատեն Կովկասի մեջ իմ տեսած բոլոր մարդկանցից, — գրել էր նա իր գրքում։ — Անդրանիկի մեջ մի տեսակ մագնիսականություն կար, որ ամեն բան դեպի իրեն կքաշեր, ու ես առաջին իսկ հանդիպումից նրա ցանցերի մեջ բռնված Էի։ Նրա զորքերը առաջին իրական զորքերն Էին, որ ես երբևիցե տեսած կամ։ Չափազանցություն չպիտի լինի երբեք ասել, թե առաջին աշխարհամարտը ավելի Հերոսական, ավելի դրամատիկ և ավելի Հատկանշական մի անձնավորություն է ատադրած, քան այս Հայոց զորավարը»։

Հուղարկավորներից բոլորովին առանձին և գլուխը կախ մի մարդ էր քայլում, որ այս տխուր առիթով եկել էր Ֆրանսիա։ Դա Մեհմեդ էֆենդին էր։ Մի քանի անգամ նա փորձ արեց մոտենալ դագաղակիրներին, բայց ձեռքը մնաց օդի մեջ։ Դադաղը նրա մատն երին քսվելով բարձրացավ վեր, ավելի վեր. կարծես թռչում էր երկինք։ Նույնիսկ մահվան գրկում Շապինանդը անհասանելի բարձրության մեջ էր։ Նա ծնվել էր արծվային թռիչքների համար և հանգչում էր իբրև արծիվ բարձրության վրա։

Դագաղը ուսամբարձ Հասավ Պեր Լաշեզ և Մախլուտոյի դամբանականի և ֆիդայիների պատվո Համազարկի տակ իջավ գերեզման։

Ֆրանսիան նույնպես պատվո Համազարկ տվեց։ Անդրանիկի մահից հետո Մախլուտոն առմիշտ թողեց Լոս–Անջելոսն ու «Ղարիբ Մշեցի» պանդոկը և հաստատվեց Փարիզում։ Եվ այնուհետև նա երկար տարիներ չբաժանվեց ոչ Ֆրանսիայից, ոչ էլ իր սիրած հայդուկապետի գերեզմանից։ Շատ մեծանուն քաջերի միջով անցավ, բայց Անդրանիկի պես քաջի և հայրենասերի այլևս չհանդիպեց։ Շատ վայրեր թափառեց, շատ քաղաքներ տեսավ, բայց մի քաղաք մնաց նրա սրտում և նրա աչքերի առաջ — Մ ուշը։

Տեսավ շատ գեղեցիկ դաշտեր, ծաղկավետ Հովիտներ, բայց մի դաշտ մնաց նրա Հայացքի տակ՝ Մշո դաշտը և մեն-մի ծաղիկ՝ դժվարագյուտ ու անհասանելի՝ Երկիր Հայաստան։ Ու կարոտելով կարոտեց նա այդ բրաբիոն ծաղիկը և ծերանալով մաշվեց նրա կարոտից։

ԿԱՊՈՒՅՏ ՆԺՈՒՅԳԻ ՎԱԽՃԱՆԸ

«Ղարիբ Մշեցի» պանդոկի տնօրեն պարոն Լևոնը գրեթե մենակ մնաց Ֆրեզնոյում։ Հայեր շատ կային այնտեղ։ ՛Նրանք դարձյալ Հավաքվում էին իր պանդոկը։ նվագախումբը առաջվա պես թնդում էր և Մեհմեդ էֆենդին դարձյալ լուսարձակը ձեռքին գնում էր հայ պանդուխտներին և անտուն ուղևորներին պանդոկի ճանապարհը ցույց տալու։ Ծերացել էր Մեհմեդ էֆենդին։

Երկրորդ ամիսն էր, որ նրան մի ուրիշ պարտականություն էլ էր հանձնված։ Զորավարը մահից առաջ իր սուրը ուղարկել էր Սովետական Հայաստանի պատմական թանգարանը, իսկ ձին նվիրել էր պարոն Լևոնին։ Պանդոկի տնօրենը Ասլանի խնամքը դրել էր Մեհմեդ էֆենդու վրա։ Ամեն առավոտ ծերունի Մեհմեդը քերիչով և սառը ջրով լվանում էր Ասլանին, թիմարում էր և կերակրում։ Եվ շատ զբոսաշրջիկներ պարոն Լևոնի պանդոկն էին գալիս այղ առասպելական նըժույգին տեսնելու։ Պատմում էին, որ այդ ձիու թամբի տակ նշմարվում էին Մոսե Իմոյի աջ ձեռքի Հետքերը։ Բայց Մոսե Ւմոն փոխանակ ձեռքը երեք անգամ զարկելու Ասլանի մեջքին, ինչպես թելադրել էր Պայթող Աղբյուրի Հրեղեն ձին, սխալմամբ երկու անգամ էր դրոշմ ել և Ասլանը այդ սխալից իբրև թե ենթակա էր շուտափույթ մահվան։ Առանց այղ էլ նա սովորական ձիերից երկար էր ապրել։

Առաջին տարիներին այնքան փոթորկային էր դարձել ասորի ցեղապետի մտրուկը, որ Կայծակ Անդրեասը ՌահվեԴուրանում հազիվ էր կարողացել զսպել նրան երկու սանձ դնելով բերանին։ նույնիսկ այդ վիճակում ձին շատ ուժեղ էր խածել նրա թևը։ Անդրեասը Դիլմանի և Բաղեշի ճակատամարտի ժամանակ ցավալիորեն նկատել էր, որ իսկապես մի ինչ-որ ճակատագրական սխալմունք էր կատարված այդ նժույգի հետ, որը և արագացնելու էր նրա անկումը։ Հին հայդուկը մտածում էր, որ եթե Մոսե Ւմոն իր ձեռքը երեք անգամ դաճած լիներ ձիու կողամեջքին, Ասլանը կարող էր բոլորովին անմատչելի դառնալ մարդ արարածի Համար, խորտակելով բոլոր սանձերը և թռչելով դեպի երկինք։

Ֆրանսիայից մի երևելի քանդակագործ էր եկել Ամերիկա։ նա խնդրել էր, որ զորավարի ձին բերվի ծովափ՝ Հայդուկ ձիավորի քանդակը կերտելու Համար։ Այդ քարե Հեծյալը դրվելու էր Պեր Լաշեզում Շապինանդի դամբարանին։ Պարոն Լևոնը Մեհմեդ էֆենդուն կարգադրեց զորավարի ձին երկու օրով ծովափ տանել։

Ծովափը Լոս–Անջելոսի մոտ էր։

Ֆրանսիացին Ասլանին թեքությամբ կանգնեցրեց մի հսկա ապառաժի՝ գլուխը դեպի ծովը, և ոգևորությամբ գործի անցավ։ Օվկիանոսի մուգ նարնջագույն ալիքները շառաչյունով գալիս զարկվում էին ժայռերին և սպիտակ փրփուրների վերածվելով, աղմկալի ետ դառնալով փլվում էին ետևից եկող կապույտ ալիքների վրա։

Իրիկնադեմին, երբ ֆրանսիացին ավարտել էր ձիու քանդակը քարե հեծյալով, Ասլանը հանկարծ քարաժայռից թռիչք գործեց դեպի օվկիանոսի ամեհի ջրերը։ Ձին գնալով հեռացավ եզերքից։ Մեհմեդ էֆենդին անթարթափ վախեցած աչքերով նայեց նրա ետևից։ «Հիմա ետ կգա», — անցավ նրա մտքով։ Բայց նժույգը մաքառելով ալիքների հետ լողում էր դեպի օվկիանի մթնած ջրերը, մանրասմբակ սրունքները գետնից կտրած և պոչը ցցած դեպի վեր։

«Այդ ձին այլևս ետ չի գա», — մտածեց Մեհմեդ էֆենդին և մի սարսուռ անցավ նրա մարմնով։ Վրայի շորերը արագությամբ հանելով շպրտեց ժայռերին և իրեն նետեց ջուրը։

Զին բավական հեռացել էր ափից։ Միայն նրա սպիտակ բաշն էր երևում ալիքներից վեր և զոլավոր ցցված պոչը։ Լողաց Մեհմեդ էֆենդին։ Ճեղքում էր ահռելի ջրերը, որ հասնի նրա ետևից։ Թևերը հոգնեցին։ Աստված իմ, ու՞ր է գնում Ասլանը։ — Ասլա՛ն, ետ դարձիր։ Ու՞ր ես գնում, Ասլան, — կանչում էր ծերունի լողորդը բազուկները անհուսորեն ալիքներին բախելով։ Բայց նժույգը ձուլվել էր օվկիանին և անարգել գնում էր դեպի նրա ջրերի խորքը։ Փոքրիկ, գեղեցիկ գլուխը ալիքներից վեր բարձր պահած ու ռունգերը լայն բացած, նա կարծես ոչ թե լողում, այլ սրարշավ վազում էր կապույտ բլուրների վրայով։ Քանի–քանի անգամ կուրծքը այդպես հողմերին տված նա Տավրոսի ձյուները ճեղքելով իր հեծյալին Սասնա լեռներից թռցրել էր դեպի առեղծվածային Սմբատաբերդը։

Բոլորովին հոգնեց ծերունի Մեհմեդը։ նրա բազուկները սաստիկ տկարացան։ Եվ ի՞նչ էր ուզում այդ թշվառ մարդը* օվկիանոսի երախից փրկել մի խորտակվող նժույգ։ Ծովափին հավաքված մարդիկ տեսնում էին, թե ինչպես այդ հանդուգն ծառայապետը մաքառում էր ու չէր հասնում նպատակին, չէր կարողանում բռնել ձիու բաշը։ Ավա՜ղ, նա այլևս ոչ կարող էր Ասլանին հասնել, ոչ ավազոտ եզերքին։ Ինչպե՞ս կարող էր Մեհմեդ էֆենդին սանձել մի հողմաթռիչ երիվարի։ Ինչպե՞ս կարող էր հասնել մի անհասելի բարձրության։ Անհունորեն տարբեր էին նրանք իրարից։ Օ՜, ի՜նչ ճակատագրական սխալ կատարեց «Ղարիբ Մշեցի» պանդոկի տնօրենը։ Քիչ հետո Ասլանը այլևս չերևաց։

Նա անհետացավ ջրերի մեջ, ալիքների և ամպերի սահմանագծում։ Ասորի ցեղապետի ձին, որին ոչ Ռահվե–Դուրանի մոլեգին ձնաբուքը հաղթեց, ոչ Զանգեզուրյան լեռների ահեղաշունչ քամին, ընկղմվեց օտար օվկիանոսի ալիքների ու ամպերի տակ։ նրանից բավական հեռավորության վրա անհետացավ Մեհմեդ էֆենդին։ Մեկը ջրերից էր ծնվել և գնաց ջրերի խորքը, միացավ իր տարերքին, մյուսը կուլ գնաց այդ տարերքին։ Մեկը նժույգն էր հայդուկապետի, իսկ մյուսը մի հավատափոխ մանազկերտցի վարժապետ։

Քարաժայռին նետված բաճկոնի ծոցագրպանում գտան մի թրջված թուղթ, որ չորացնելով դժվարությամբ վերծանենեցին. «Կուգա՞ս հետս քեզի տանեմ մեր երկիր, տես իմա՜լ անուշ երկիր է, իմա՜լ ժողովուրդ ունինք։ Արժի, որ մեռնենք էնոր համար»։

Գևորգ Չաուշն էր գրել, բայց հայտնի չէր, թե ում, երբ և ինչ առիթով։

Տակը ավելացված էր. «Ես այդ անուշ երկրին ու ժողովըրդին ծառայելու համար հայությունից իսլամ դարձա։ Մեղա քեզ աստված։ Մեհմեդ էֆենդի»։

ՎԵՐԱԴԱՐՁ

1947 թվականի սեպտեմբերին Ֆրանսիայից Հայաստան եկավ մի ծերունի զինվորական։ Նա շոգենավ նստեց Մարսելում հայրենիք ներգաղթող ֆրանսահայերի առաջին խմբի հետ։

Մի օր առաջ նա Փարիզում էր։ Այդ օրը գուցե նա միակ մարդն էր ամբողջ քաղաքում, որ վաղ արթնանալով գնացել էր Պեր Լաշեզ։ Գնացել էր բարով մնաս ասելու քարե հեծյալին, որ մոլեգին նժույգը սանձած Եվրոպայի դաժան մըշուշների միջից նայում էր դեպի Հայաստան։

Երկրորդ աշխարհամարտի տարիներին ծերունի զինվորականը օգնել էր ֆրանսիական պարտիզաններին ընդդեմ հիտլերյան զավթիչների։ Նրան իր մի քանի հայրենակիցներ խորհուրդ չէին տվել Ֆրանսիայից հեռանալ։ Բայց նա նավ էր մտել նրանցից գաղտնի։ Ուղղակի կառչել էր շոգենավից խնդրելով, որ իրեն Հայաստան տանեն։ Ու մի առավոտ հայտնվեց Երևանում։

Գեղադեմ, բարձրահասակ մի զինվորական էր, հին ֆիդայի, որին ամենքը զորավար էին ասում։ Ձեռքին զենք չկար։

Զենքի Փոխարեն հիմա նա ձեռնափայտ էր կրում, որին հենվում էր կանգնած ժամանակ։ Քաղաքը գրեթե անծանոթ էր իրեն։ Սերունդը փոխված էր։ Իր տեսած առաջվա մարդիկ չկային։ Քչերն էին մնացել։ Բայց ու՞ր էին այդ քչերը։ Նկատեց, թե ինչպես մեկ–երկուսը մտերմորեն շշնջացին իրար՝ «Զորավար Մախլուտոն է, Ֆրանսիայից է եկել», զարմացած նայեցին իրեն և արագ հեռացան։

Բոլորովին այլ նայվածք և քայլք ունեին իր սերնդի մարդիկ, իսկ այս նորերինը՝ զարմանալի տարբեր թվացին։ Նրանք սաստիկ փութաքայլ էին, ուղղաձիգ և աչքերը անցյալից կըտրված, կարծես ամբողջապես մխրճված էին ներկայի և ապագայի մեջ։ Տարբեր էր անգամ նրանց խոսքը։ Այդ խոսքը թեև հայերեն էր, բայց ուրիշ շեշտ և առոգանություն ուներ, իր համար նույնիսկ փոքր–ինչ անհասկանալի։

Դանդաղ քայլում էր նա և նրա գլխում ոչինչ չէր լսվում, բացի անցյալի ոտնաձայներից։ Ամբողջ Մշո դաշտը իր գլխի մեջ էր, տուն առ տուն, տոհմ առ տոհմ։ Գիտեր, թե ում դուռը ում բակի վրա էր բացվում, ում երգիկից ինչ գույնի ծուխ էր ելնում և օրվա որ պահին։ Սասունն էր իր գըլխում։ Լայն, խոշոր տրեխներով նրա ուղեղի վրայով անցավ Սպաղանաց Մակարը։ Գալեի ոտնաձայնը լսվեց։

Հենվեց ձեռնափայտին։ Ծանր տեսարան է, երբ ծեր զինվորականը ապավինում է «երրորդ ոտքին»։ Հանեց կապույտ մեծ թաշկինակը և ճակատը սրբեց։

Քիչ մնաց ընկներ։ Նա, որ գրեթե պարտված չկար ոչ մի ճակատամարտում, քիչ մնաց սայթաքեր ողորկ մայթի վրա։ Բայց այս ո՞վ է հևիհև շտապում դեպի իր կողմը։ Լսեց մի ծանոթ բացականչություն — «Զորավա՜ր», և տեսավ, թե ինչպես մի տղամարդ դիմացից գալով իր գլուխը առավ զորեղ բազուկների մեջ։

— Էդ դու՞ ես, Բարսեղ։ — Եվ Մախլուտոն կրծքին սեղմեց իր ձիապանի, իր հին մարտական գինվորի ճերմակած գլուխը։

— Լսեցի, որ եկել ես։ Վազեցի տուն, մի տոպրակ թութուն առա ու եկա։

— Գյուղի՞ց ես գալիս։

— Թալինի Ոսկեթաս գյուղից։ Զորավարը լռեց, հետո,

— Ի՞նչ եղավ Փեթարա Իսրոն։

— Նա վաղուց չկա։

— Տեր Քաջի Ադա մը։

— Նա նմանապես։ Մախլուտոն փղձկաց։

— Մորուք Կարոյի մասին չեմ հարցնում, — ասաց նա գլխարկը ծածկելով, — որովհետև նրա վերջաբանը ինձ հայտնի է։ Նրա և Զնգլիկ Պետոյի մասնակցությունը քրդական շարժումներին շատ կարճատև եղավ։ Հազիվ Պարսկաստան հասած՝ ապստամբությունն արդեն ճնշված էր և ապստամբության առաջնորդ Սալիմ բեկը (վերջերս Շեյխ Զիլանը այդ անունով էր կոչվում) խաբված և տարված անհայտ ուղղությամբ։ Իսկ գիտե՞ս, թե ով էր Շեյխ Զիլանը։ Դա մեր հին հայդուկ «Բրինդարն» էր Խնուսի Հարամիկ գյուղից, որ Մառնիկի անտառում ծառերի չոր եզրերը կեղևելով, անծուխ կրակ էր շինում իր ազգի համաշխարհային վեճը լուծելու համար, երագելով այն օրը, որ Գևորգ Չաուշը իրեն մի հրացան արտոնի՝ որևէ ճակատամարտում իր քաջությունը ցուցաբերելու։

Շեյխ Զիլանի ապստամբությունը աշխարհը ցնցեց։ Ահա թե ինչ բան է ազատասեր հայ ֆիդային։ Շեյխ Զիլանի հետ եղել են քուրդ Հասանոն և ասորի Աբդելոն։ Վերջում Մասիսի լանջերին հայտնվել է Քոլոզ անունով մի քուրդ իր կնոջ հետ։ Քոլոզը՝ դա Ամինոն էր, որի հարսանիքին մենք ներկա եղանք Ալի բեկին ահաբեկելով, և որը հետո իր նորահարսի հետ Ֆարխինի կողմերը փախչելով, ծծումբ ու վառոդ էր ուղարկում մեզ սուլթանի դեմ կռվելու համար։ Այդ երեքն էլ՝ քուրդ Հասանոն, ասորի Աբդելոն և Քոլոզը իր կնոջ հետ, սպանվել են Օրգովի տակ, Շեյխ Զիլանի առաջնորդությամբ Վանի վրա շարժվելու ճանապարհին։ Անգլիացիների մատը խառն էր Սալիմ բեկի ապստամբությանը, և հակառակորդը շատ նեղն էր ընկած։ Նա դիմեց օգնության։ Ռիզա շահը փոքր Մասիսը հանձնեց թուրքերին և դրանով հարցը փակվեց։

— Հայտնի չէ՞, թե ինչ ուղղությամբ են տարել Սալիմ բեկին։

— Նա մոտավորապես գտնվել է այն վայրում, որտեղ իր վերջին օրերն է անցկացրել Դժոխք Չոլոն։

— Իսկ Մորուքը և Պետոն ո՞ղջ են։

— Նրանք Պարսկաստանից անցել էին Բաղդադ, Բաղդադից՝ Լիբանան։ Մորուքը ծպտված էր ապրում, որովհետև Պարսկաստանում եղած ժամանակ նա սպանել էր մի անգլիացի սպայի, որը իր ներկայությամբ պարծեցել էր, թե ինչպես Անդրկասպյան ավազներում մասնակցել էր Ստեփան Շահումյանի և իր ընկերների գնդակահարությանը։ Պետոն միառժամանակ ապրել է Գամըշլիում և Հալեպում։ Վերջին կայանը Բեյրութն էր։ Բեյրութումն էին ապրում նաև Ցրոնաց Սուշիկը և «սասունցիների պոլկի» շատ երևելի զինվորներ։ Վերջին տարիներին Զնգլիկ Պետոն Անթիլիասի վանքում մեղվապահ դարձավ։ Նա ամեն տարի Լիբանանի սարերով կոխում էր սահմանագլուխը, Տիգրանակերտի դաշտով հասնում էր Սասուն, կռանում խմում էր Անդոկի աղբյուրից և մի սափոր ջուր վերցնելով Մորուք Կարոյի համար, նորից սահմանը կոխելով վերադառնում էր Բեյրութ։ Ո՞վ է իր ծննդավայրը այդպես սիրել։

— Եվ մեռա՞ն։

— Երկուսն էլ։ Մորուքը՝ Պարսկաստանի Համ ադան քաղաքում, իսկ Պետոն՝ Բեյրութում։ Երկուսն էլ մեռան հայրենիքի կարոտը իրենց սրտում։ Միգուցե մենք շատ բաներում սխալ ենք գործել, Բարսեղ։ Հնարավոր է, որ մեր պայքարի ուղին ճիշտ չի եղել, բայց մեր սերնդի միտքը ազնիվ էր և մեր դատը արդար։ Ապիկար կլինեն այն մարդիկ, որոնք այժմ կամ ապագայում կփորձեն մեղադրել մեզ առանց խորամուխ լինելու մեր ապրած ժամանակի և պայմանների մեջ։ Մենք այն ենք, ինչպես եղանք — մի քանի տասնյակ, գուցե և հարյուրավոր դաշտեցի և սարեցի ռանչպար գյուղացիներ, որ կռվում էին մեր ժողովրդի պատվի և ազատության համար, և այժմ բաց ճակատով ու խոցոտված սրտով կանգնած ենք պատմության դատաստանին։ — Չքայլե՞նք մի քիչ — առաջարկեց Մախլուտոն։ — Ուղում եմ անվերջ շրջել։ Տեսնելիք շատ բան կա։ Հա, ասացիր, որ ինձ ծխախոտ ես բերեր Շատ շնորհակալ եմ։ Այս կապոցը մի քանի ամիս կբավե ինձ։ Ֆըրանսիական գլանակներ ունեմ մոտս։ Վերցրու քաշիր, տես կհավանե՞ս։ Ինձ դուր չեն գալիս, փաթեթը սիրուն է, բայց մեջը համ չկա։ Երևանում մեր երկրացիներից շա՞տ կան, — հարցրեց Մախլուտոն կանգ առնելով և նորից հենվելով գավազանին։

— Շատ կան, զորավար։ Մոտ հարյուր հիսուն հազար մըշեցի կա Հայաստանում։ նույնքան էլ սասունցի, հին և նոր սերունդը միասին հաշված։

— Ի՜նչ ուրախալի բան ասացիր։ Իսկ ի՞նչ գիտես հին հայգուկ Հաջի Գևոյի մասին։

— Իմ լսելով Հաջի Գևոն հսկիչ էր Թոխմախան լճի կարմիր քարհանքերի վրա։ Դարձյալ չերքեզկան հագին էր, երկար չիբուխը բռի մեջ և Մանաղկերտի «լոլոն» շրթունքներին։ Վերջին տարիներին ապրում էր Բաթումում ։ Այնտեղ էլ մեռել է, իսկ հարսը և թոռները կան։ Դու քո մասին պատմիր, զորավար, որտե՞ղ ես իջել։

— Ղարիբի մոտ։ Հիշու՞մ ես Սոսե մայրիկի ձիու առջևից գնացող ձիավորին։ նրա մոտ եմ իջել։ Ղարիբը Ֆրանսիայից Հայաստան է ներգաղթել տաս տարի առաջ։Ապրում է Ֆիրդուսու փողոցի վրա։ Հարևանները պատմել էին, որ Անդրանիկը 1916-ին փոխարքայի մոտից Բաղեշ վերադարձին իր ձին մի քանի ժամով կապել է այդ տան ներքնահարկում։ Եվ Ղարիբը այդ տունն է ընտրել բնակության համար։ Երևան հասա թե չէ, Ղարիբը դիմավորեց ինձ կայարանում և ժամանակավորապես տարավ իր մոտ։

նրանք զրուցելով հասան Ֆիրդուսու փողոցը և բաժանվեցին։ Բարսեղը վերադարձավ գյուղ, խոստանալով նորից, հանդիպել։

ԶԲՈՍԱՅԳՈԻ ՎԵՐԱԿԱՑՈՒՆ

Լենինյան շրջկոմի երիտասարդ քարտուղարը նոր էր մտել իր աշխատասենյակը, երբ քարտուղարուհին ծանուցեց, թե Ֆրանսիայից եկած մի հայրենադարձ է ուզում իրեն տեսնել։

— Հրավիրիր ներս։.

Ձեռնափայտը բռնած ծանր քայլերով ներս մտավ ծերունի զինվորականը։ Քարտուղարը նրան դիմավորեց մուտքի մոտ։

— Տղա, դու մշեցի՞ ես, — մտերմիկ շեշտով նրան դիմեց զորավարը։

— Մշեցի եմ, քեռի։ Իսկ դու՞ ով ես։

— Ես Մախլուտոն եմ։

— Զորավար Մախլուտո՞ն։

— Այո, Մուշ քաղաքից։

Անխառն մշեցին անդիմադրելի է զորեղ զգացմունքի առաջ, մանավանդ, երբ իր դեմ երկրացի է կանգնած։ Շըրջկոմի քարտուղարը զորավարին բարի գալուստ մաղթելով, տարավ նստեցրեց բազմոցին։

Մախլուտոն ձեռնափայտը դրեց կողքը և թաշկինակը հանելով ճակատը սրբեց։

— Կարելի՞ է ծխել։

— Ինչու՞ չէ, խնդրեմ։

Զորավարը փաթաթեց մի գլանակ և սկսեց հանգիստ ծըխել, թեև սաստիկ հուզված էր երևում։ — Դե, հիմա ասա տեսնենք, թե դու Դաշտի ո՞ր գյուղիցն ես։

— Խասգյուղ։

— Խասգյուղն ուներ չորս թաղ. Տունջո թաղ, Մարաղբյուր, Խաժուռիք և Վերին կամ Գավռցոց։ Այդ չորսից ո՞րն էր ձեր թաղը։

— Թաղը չեմ հիշում։ Ես խութեցի Երանոսի տղան եմ։

— Ջորեպան Երանոսի՞։ Այ տղա, ձեր տունը Գավռցոց թաղումն էր, Արջ կոյի ջաղացներից վերև, Մարտո տների դիմաց։ Ձեր թոնիրը շաբաթը մեկ անգամ էր վառվում և ծուխը մի քիչ սև էր, որովհետև թաց փայտ էիք վառում։

— Դու իմ հորը տեսա՞ծ կաս, զորավար։

— Ես նրա հետ Բիթլիսից մինչև Սասուն եմ գնացել և ճանապարհին կոտրել եմ նրա խոլինջը։ Երանոսը մեր սուրհանդակն էր և փորը մախաթով կարած։ — Մախաթո՞վ, — զարմացավ շրջկոմի քարտուղարը։

— Բռնաշենի հովիվները կտրեցին։ Քո հայրը վերջին տարիներին վանքի փայտահատն էր և ապրում էր այն խուցի մեջ, ուր Արաբոյի հայրն էր ապրել ժամանակին։ Խեղճը ծառից ընկել էր և աղիքները դուրս թափել։ Շտապ հասցրինք

Բռնաշենի սարը։ Արինոքցի հովիվ Խոդեդանը բռնեց ոտքերից, իսկ դաշտադեմցի Տոնեն մախաթը տաքացնելով այծի սև մազաթելով նրա փորը կարեց։

— Իսկ աղիքնե՞րը։

— Աղիքները հարկավ մեջը գրեց։

— Քո պատմածը հրաշք է, զորավար։

— Հրաշք չէ։ Հրաշքը դու ես, որ խուրջինից ելած երկիր ես կառավարում։

— Ի՞նչ խուրջին։

— Քո անունը Զուլում չէ՞։

— Զուլում Հայկազյան։

— Դու Փեթարա Իսրոյի շիթիլներից ես։ Իսրոն խուրջինը մեջքին սարուձոր ընկած հայ երեխաներ էր հավաքում ավերակներից։ Մի երեխան մի ոսկի էր։ Իսրոյի մոտ մնացել էր ընդամենը կես ոսկի։ Քեզ բերող քուրդը Իսրոյից մի լրիվ ոսկի պահանջեց, թե չէ ուզում էր մեջտեղից ճվտել։ Ինձ մոտ փող չկար, Անդրանիկ փաշի գրպանն էլ դատարկ էր։ Մեր երգիչ Ալադին Միսակը քրդական մի երգ ասաց։ Երգը դուր եկավ քրդին և նա քեզ առանց վճարի դրեց Իսրոյի խուրջինի մեջ։ Եթե Միսակի երգը չլիներ, ոչ դու հիմա այստեղ կլինեիր, ոչ էլ ես քո կողքին նստած։

— Ուրեմն ինձ Փեթարա Իսրո՞ն է ազատել։

— Դու նրա հազարավոր շիթիլներից մեկն ես։ Հայկազյանը շտապեց իմանալ, թե հայրենադարձ զորավարը տուն ունի"։

— Ի՞նչ տուն։ Հայդուկը ե՞րբ է տուն ունեցել։

— Իսկ աշխատա՞նք։

— Աշխատանք էլ չունեմ։

— Որևէ արհե՞ստ։.

— Սոլկար եմ։ Կարող եմ նաև փուքս փչել, կլայեկ զարկել...

— Մենք քեզ տուն էլ կտանք, աշխատանք էլ, — ասաց շրջկոմի քարտուղարը։ — Հիմա դու քո հայրենիքում ես։

— Ես ուրիշ հայրենիք չունեմ։ Զինվորական մի հին վերարկու ունեմ մոտս, կպարզեմ բաց երկնքի տակ, գլուխս կդնեմ մի ժայռի ու կքնեմ։ Կարծում եմ ինձ դրա համար չեն բանտարկի։

— Ո՞վ իրավունք ունի քեզ բանտարկելու, զորավար, — խոժոռեց քարտուղարը։

— Հակառակորդներս ինձ Մարսելում ասացին. «Հենց որ հասնես Երևան, քեզ կբանտարկեն»։ Երկրորդ օրն է այստեղ եմ և մոտեցող չկա։

— Եվ չի էլ լինի։ Բայց դու շատ ես ծխում, զորավար, — նկատեց Հայկազյանը։

— Իմը ծխելն է։ Առաջին ծուխս գնաց Նեմրութի վրա։ Ֆրանսիայում էլ շատ էի ծխում։ Էն օրվանից, որ Անդրա՛նիկը մեռավ, իմ ուտելը պակսեց, իմ ծուխը շատացավ։ Ամեն վայրկյան մտքերիս հետ եմ։ Հիացած եմ իմ տեսածով։ Այսքան շեն Հայաստան իմ սերունդը հազիվ թե կարողանար պատկերացնել։ Երկիրը շատ է ծաղկել, շատ է գեղեցիկ։ Էսպես որ գնա, երկու–երեք տարի չանցած մենք Մուշ ենք։ Ես ձեզ կտանեմ, մեկ առ մեկ ցույց կտամ ձեր տների տեղերը ու դրանից հետո մեռնելը դյուրին կլինի։ — Մախլուտոն նորից փաթաթեց մի գլանակ։ — Ինչ անուշ թութուն է։ Երեկ իմ ձիապան Բարսեղը բերեց Ոսկեթասից։

Շուտով ամեն բան կարգավորվեց։ Հայրենադարձ զորավարին հատկացվեց բնակարան Նաիրի փողոցի վրա։ նրան նշանակեցին կենսաթոշակ և կարգեցին ընդհանուր վերակացու Կոմիտասի զբոսայգում։

Մենակ էր ապրում Մախլուտոն։ Առավոտները գնում էր զբոսայգի, կարգադրություններ էր անում գործավորներին, և բահը վերցնելով սկսում էր աշխատել։ Կոմիտաս զբոսայգին շինված էր Երևանի հին գերեզմանատան տարածքի վրա և նոր էր կազմավորվում։ Զբոսայգին իր երևույթով չափազանց խորհրդանշում էր Սովետական Հայաստանը, որ նույնպես ծաղկել էր ավերականոցի և շիրմաքարերի վրա։ Աշխատանքից հետո Մախլուտոն հսկում էր զբոսայգու գլխավոր մուտքի մեծ նստարանին, ծանր գլուխը ֆրանսիական թեթև գավազանին դրած։ Դիմացը, զբոսայգու պատի տակ ուրիշ մի հայդուկ էր թաղված։ Աչքը այդ հին հայդուկի գերեզմանից սահեցնելով, նա լուռ նայում էր անցուդարձ անող մարդկանց, երիտասարդ զույգերին։ Մանավանդ սաստիկ հուզվում էր, երբ զբոսայգու մանկապարտեզի երեխաները սպիտակ գոգնոցներ կապած դաստիարակչուհիների ուղեկցությամբ շարքով անցնում էին իր առջևից։ նրա ձեռնափայտի գլուխը երբեմն աննկատելի թրջվում էր և նա հախուռն ծըխելով դանդաղորեն գնում էր տուն։

Վանեցի մի կին շաբաթը մեկ–երկու անգամ գալիս մաքրում էր նրա սենյակը և գնում։

Զորավարին տեսության էին գալիս հին զինվորներ, ծանոթներ, բարեկամներ։

Մշտական այցելուն և զրուցակիցը Սմբուլ Արշակն էր, կամավորական հեծյալ գնդի հարյուրապետը, որ առաջինն էր մտել Խաչմանուկյանների ապարանքը Բաղեշում և գեղեցկուհի Շուշանին իր բեռներով ուղևորել դեպի Երևան։ Իսկ Շուշանը չկար։ Զբոսայգին տարածված էր Հրազդան գետի եզերքին, որտեղից երևում էր Երևանի հին բերդը, բայց ոչ բերդի զինվորական հիվանդանոցն էր երևում և ոչ էլ գթության քույր Շուշանը։

Մյուս անբաժան այցելուն Ղարիբն էր։ Իր ազատ ժամերին սա միշտ զորավարի կողքին էր նստած, տանը կամ զբոսայգում։ Երկուսն էլ մտքով երբեմն տեղափոխվում էին Ֆրանսիա։ Մինչև արտասահման գնալը Ղարիրը շարունակ եղել էր Սոսս մայրիկի հետ իբրև նրա ձիու առջևից գնացող զինվոր, և ամեն հանդիպմանը որևէ հետաքրքրական դրվագ էր պատմում այդ կամավորուհի կնոջ կյանքից։ Ինչպես Աղբյուր Սոսեն Հաջի Գևոյի և արևմտահայ գաղթականության հետ Ալեքսանդրոպոլից հասավ մինչև Գորիս։ Եղավ այն զինվորների մեջ, որ Անդրանիկին Բաթումից ուղևորեցին դեպի արտասահման, և վերջում մեկնեց Պոլիս։ Իսկ Մախլուտոն ավելի հեռուն էր գնում։ նա մտքով շրջում էր Ֆրեզնոյի և ԼոսԱնջելոսի փողոցներով և Ատլանտ յան օվկիանոսը կտրելով գալիս կանգնում էր Քարե հեծյալի կողքին։

Երրորդ այցելուն ձիապան Բարսեղն էր։ Սա Ոսկեթասից էր գալիս, հևտը երբեմն որևէ հին հայդուկ կամ կամավոր բերելով Թալինի և Աշտարակի գյուղերից։

Մայրաքաղաքի այն թաղամասը, ուր Մախլուտոն էր ապրում, խիստ աղմկոտ էր։ Իրար ետևից ավտոբուսներ էին անցնում, անթիվ-անհամար ինքնաշարժեր։

Մի անգամ մի մենավոր ձի անցավ փողոցավ՝ վրան մի հեծյալ։ Կանգ առավ և ձեռնափայտին հենված երկար նայեց ձիու ետևից։ Ինքնաշարժերը քսվելով անցնում էին նրա մոտով։ Ու հանկարծ այդ բոլոր ինքնաշարժերը դարձան ձիեր։ Փողոցը լցվեց նժույգներով, կոշտ խճուղին դղրդաց նրանց սմբակների տակ։ Թվաց նրան, թե այդ բոլորը Պայթող Աղբյուրի նժույգներն են, Սասնո առասպելական աղբյուրից բարձրացած հրեղեն ձիավորները։ Անվերջ ելնում են ու վերջ չկա։ Ահա նրանք անցան Հաղթանակի կամուրջով։ Բոլորից առաջ ընթանում էին Քարե հեծյալը և մենավոր ձին, որի թամբին ինքն է նստած։ Գնացին, գնացին, սմբակները դեմ տվին Սըմբատաբերդին ու սկսեցին հարվածել։

Մախլուտոն ձեռքը տարավ դեպի ճակատը և հրեղեն ձիերն ու ձիավորները չքացան, Սմբատաբերդը աներևույթացավ։

Տեսիլք էր՝ ցնդեց։

Այդ բովանդակ տեսարանից իր աչքերի առաջ մնաց մեն-մի պատանի Սողգոմ գյուղի կանաչ դաշտի մեջ կանգնած, այնտեղ, ուր Մշո գետակը թափվում է Մեղրագետի մեջ։

Ինքն էր։ Կարմիր Ծառի Զանգակ սարից իջած շարժվում էր դեպի արևելք, հայացքը հառած Խլաթա լեռներին և փոքրիկ դադարի կանգնած նայում էր, թե ինչպես հայրենի գետակը սպառում էր իր կյանքը, խառնվելով ավելի մեծին ու անծանոթին։

Իր կյանքի աղմկալի գետակն էլ ճիշտ այդպես իր ակունքից հեռանալով գնաց թափվեց ավելի մեծի ու անհունի մեջ։ հետո նա արդեն տանն էր։

ԵՍ ԷՆ ՃՐԱԳ ՓՉՈՂՆ ԵՄ

Դռան փոստարկղում մի հաստ ծրար գտավ։ Հալեպի հայ ծերանոցից էր։

Իր հին զինվորներից մեկն էր գրողը։

«Պաշտելի զորավար, լսեցի, որ Մարսելից Հայաստան ես գնացել։ Երանի աչքերիդ։ Բախտը ինձ Բերդակի անտառից քշեց ղարիբության, իսկ ծերությունը ինձ տարավ անկելանոց։

Անգրագետ եմ ու մեկ ուրիշի գրել տվեցի այս նամակը։ Կհիշե՞ս ինձ։ Ես Սերոբ փաշի մոտ գյոււլեքի սերտն ու փուչը ջոկող Թադեն եմ, զորավար։

Վերջերս Ալեքսանդրիա քաղաքի մեջ մեռավ Աղբյուր Սոսեն։ Պոլիսից էր եկել։ Ուխտի էր գնացել Երուսաղեմ և օժտված էր սուրճի բաժակ նայելու շնորհքով։ Անկեղծորեն հավատում էր, որ Սերոբ փաշի մեկ որդին ողջ է և գտնվում է Մարտենի քրդերի մեջ։ Սոսեն ճամփա էր ելել իր կորուսյալը փնտրելու։ Հասել էր Ջեզիրե և ձեռնունայն ետ դարձել, սակայն ոչ հուսախաբ։

Հիշու՞մ ես քաջակորով այդ հայդուկ կնոջը և առաջին հայ կամավորուհուն, ոտքերին ռուսական մույկեր, Աստրախանի փափախը գլխին և մաուզերը կրծքին։

Եվ մեռավ նմանապես մի ուրիշ հայդուկ կին էլ ՖրանկՆորշեն գյուղից՝ անունը Կաքավ։ Ֆրանկ-Մոսոյի կինն էր, որ շալակով հաց էր տանում ֆիդայիներին։ Կաքավն էլ բարի խաբրիկների էր սպասում։ Ունեցել է մի աղջիկ և չորս տղա։ Աղջիկը տարված է Մուշ և ասում են, թե մինչև հիմա հոն է։ ՄԻ տղան կորել է, մյուս երեք տղաները Հայաստանի մեջ են՝ Պետրոս, Սամվել և Բաղդասար։ Վերջին տարիներին խեղճ կինը միշտ ասելիս է եղել. «Ես նման եմ էն հավքին, որ կորցրել է իր ձագերին և չի իմանում, թե ո՛րի ետևից գնա, ո՛ր թփի տակ փնտրի նրանց»։

Մեկ ամիս առաջ մի պոլսահայ պարոն եկավ մեր ծե՛րանոց։ Տեսավ ինձ, իմ նկարը քաշեց և իմ մասին բան գրեց «Հայ ծերանոցի» մեջ, որից մեկ օրինակը նամակիս հետ ուղարկում եմ քեզ։

Զորավարը բաց արեց «Հայ ծերանոցը» և կարդաց.

«Մուշ գավառի Փեթար գյուղեն է Թադո քեռին, ինչպես կկոչեն զինք ծերանոցի մեջ։ Խնամված փալաբեղ մը, փալաբեղին տակ ժպիտ մը և ժպիտին տակ զայրույթն ու հավատքը միասին կընթանան ու կարտահայտվեն զարմանալի կերպով։

— Քանի՞ տարեկան ես, Թադո քեռի, — կհարցնեմ։

— Իննիսուն, հարյուր՝ չեմ գիտեր, աստուծմով կապրիմ իշտե։ Ես բնավ դպրոց չեմ գացած, հաշիվ չեմ գիտեր, լեռնային եղած եմ — հողագործ հովիվ և… ֆիդայի։ Միայն այսչափը գիտեմ, որ վաղ հասակեն լեռները կֆռռայի հորս չագմակլիով (հոս Թադո քեռին պահ մը կբացատրե չագմակլիին ինչ ըլլալը և այն օրերու զենքերուն տեսակները)։ Շատ արագաշարժ էի։ Քեռին կըսեր, որ կամաց քալեմ, որ չհոգնիմ։ Ես կըսեի իրեն. «Եկուր, ես քեզ ալ կշալկեմ, քու զենքդ ալ»։

Ապա հանկարծ, արցունքոտ աչքերով կբացականչե. «Ա՜խ, Մուրադ, Մուրա՜դ»։ Ապա բարձր ձայնով կգոչե. «Ես տասնչորս տարի ծառայած եմ Անդրանիկին, Քեռիին, Սմբատին և Սեբաստացի Մուրադին բանակներուն մեջ, իսկ ավելի առաջ զինվոր եղած եմ Աղբյուր Սերոբին և Գևորգ Չաուշին։ Բիթլիս, Մուշ, Նեմրութ, Ալագյազ… ա՜խ, ա՜խ…»։ Եվ զայրույթեն կդողա, աչքերը արցունքով կէեցվին և պահ մը չի կրնար խոսիլ…

— Քեռի Թադո, Անդրանիկը ի՞նչ տեսակ մարդ էր, — կըհարցնեմ։

— Անդրանիկի պես զորավար մարդ չէ եղած։ Անոր բըմբլե բարձը Սասունի լեռները եղան, անոր պես մարդ կըլլա ։ Միայն երբ ջղայնանար, թուրքերեն կհայհոյեր և բուլղարերեն «նապրեդ» կըսեր։ Երբ փամփուշտ գար մեզի, կըսեր, որ գետին պառկենք, և ինքը միայն ոտքի կկենար և կտեղացներ փամփուշտները։ Ան շարունակ մեզի հետ ճաշի կնստեր և իր կերակուրը մեզի կբաժներ։

— Ամուսնացած ե՞ս, քեռի Թադո։

— Ա՜խ, Զոզան, Զոզան, — կբացականչե Թադոն ակնարկելով իր կնոջը։ — Երկու զավակ ունեցանք, պատերազմի ատեն ինչպես աշխարհ եկան և ինչպես աշխարհեն գացին՝ մենք ալ չգիտցանք։ — Հոս Թադո քեռին դարձյալ կհուզվի, կարտասվի և չի կրնար շարունակել։

— Ուրիշ զավակներ և թոռնիկներ ալ ունի՞ս։

— Շողիկս Հայաստան է, բայց ճիշտ ո՞ր քաղաքը, հիմա չեմ հիշեր։ Հայկանոլշը Հոկտեմբերյան է, չորս կամ հինգ զավակներ ունի։ Զաբելն ալ Էջմիածին է, ան ալ չորս–հինգ զավակներ ունի։

— Նամակ կգրե՞ն քեզի։

— Ամա՜ն, միշտ, միշտ կգրեն։ Կգրեն «Էկո՛ւ, էկո՛ւ, հայրիկ, մենք հարուստ ենք»։

— Է, կուզե՞ս Հայաստան երթալ։

— Աման, ադ ալ խո՞սք է, վաղն ալ ըլլա՝ կերթա մ։ Օգնեցեք ինձի, որ երթամ։ Սա վերջին օրերս գոնե մեյմը հայրենիքս, զավակներս և թոռնիկներս տեսնեմ ու անանկ մեռնիմ։

— Ծ երանոցեն գո՞հ ես, քեռի։

— Պապամ, լավ է։ Մաքուր է։ Ջուրը, լույսը տեղն Է, փառք աստուծո։ Բայց վերջապես անունը ծերանոց է։

Երբ կպատրաստվիմ էրթալու, Թադո քեռին կրկին կպաղատի, — Տղա՜ս, չմոռանաս, ազգը զիս Հայաստան թող ղրկե։

— Ա՜խ, եթե կյանքս գրեի, ասանկ գիրք մը կըլլար, — հառաչեց քեռի Թադոն և ավելացրեց.

— Խոդեդանի հեղինակին ըսեք, թող իմ անուն՛ն ալ դնե գրքի մեջ։ Կըրնա պատահի, որ ես Հալեպի ծերանոցի մեջ մեռնիմ ու Հայաստանը չտեսնամ, մի հիշատակ ալ ինձանից թող մնա։

Եվ թող ուղղե նմանապես Մուսաբեկի մահվան հանգամանքները, տեղը և թվականը։

Յոթ Թամբերու տան Մուսաբեկը (Ղասմբեկի եղբայր) մեռել է 1929–ին Ջեզիրե եղած ժամանակ։ Սա իր տղայի՝ Մատանի պեի հետ 1925-ին կմիանա Սասնա Քոռ Հյուսեին փաշային, որպեսզի երթան քուրդերը ոտքի հանեն թուրքերի դեմ, օգնելով Շեյխ Զիլանի ապստամբներին։ Գործը կվերջանա խարդախությամբ։ Մուսա պեյը Ջեզիրե եղած ժամանակ կմեռնի։ Որդին՝ Մատանի պեյը, Հյուսեին փաշայի հետ ճամփան կշարունակե և գիշեր մը, քնացած տեղը կսպանե Հյուսեին փաշային և կանցնի թուրքերու կողմ (սրանք միշտ քնացած տեղը մարդ կսպանեն)։ Այսօր Մատանի պեյը Մշո դաշտ կբնակի և իր դավաճանության արդյունքովը կապրի։

Բեկ ալ կա, բեկ ալ։ Մոկս գավառի իշխան Մուռթլա բեկն ալ քուրդ էր, բայց երբ կանչվեց Վան, որ հայերին կոտորելու գաղտնի հրահանգ ստանա, ժողովը կիսատ թողեց, գիշերով հեծավ իր ձին և ամբողջ թափով սլացավ դեպի Մոկս։ Իր ձիու սպիտակ փրփուրից խավարը ճերմակել էր։ Մուռթլան ոզմեցի Լաթոյի հետ Մոկաց լեռները պաշարեց և Շատախի և Մոկսի հայերին ազատեց կոտորածից։ Ջեվդետն ուզեց նրան բռնել և կախաղան բարձրացնել Վանում, բայց նա փախավ Քրդստան։ Գնալուց առաջ իր ձին հանձնեց ոզմեցի Լաթոյին իբրև բարեկամության նշան։

Հիմա ցեղասպան ռոմիները գլխարկները փոխած Յոթ Թամբերու տան ժառանգների հետ, մեր հողերի վրա ման կուգան իրենք զիրենք քաղաքակիրթ համարելով։ Բայց քաղաքակրթությունը միայն գլխարկ փոխելով չըլլաը, այլ պետք է գլխարկի տակինը փոխել։ Մեկ–մեկ կփորփրեն մեր հայրենի հողը և երբ գետնի տակ հայի կամ ուռումի ձեռքով շինած մի հին քաղաքի ավերակ կամ քանդված կամուրջ կըգտնեն, կուրախանան ըսելով, թե օսման թուրքն է շինել Քրիստոսից առաջ։ Իմ աչքի առաջ աշխարհի մակարդը փչացավ։ Դավաճանին ու ցեզասպանին մնաց մի ամբողջ երկիր, իսկ ազատատենչ հայդուկին՝ մի նեղ ծերանոց Հալեպի մեջ։ Վա՜յ աշխարհ։ Ես քո արդարությունը…

Սասունցի Թադո քեռին վերստին աղաչական շեշտով մը նայեց ինձ և վերջին խոսքը այսպես ավարտեց, «Կյանքը շատ դաժան եղավ մեզի հանդեպ և մեզի ցրիվ տվավ աշխարհի վրա։ Սերոբ փաշի անունը տվեցի, բայց շատ տարիներ են անցել մեր բաժանումեն ու, թերևս, զորավար Մախլուտոն դըժվարանա հիշել, թե ես ով եմ։ Դու իմ անունից իրեն գրե. «Կհիշե՞ս, զորավար, Բերդակի և Մառնիկի անտառը, և թե ինչպես հինգ ընկերով գնացինք քրդական հարսանիք և ես սպիտակ քոլոզը գլխիս կանգնած էի Մորուք Կարոյի ետև իբրև ճրագ փչող։

Ես էն ճրագ փչողն եմ»։

— Ճրագը, մի՞թե ճրագը մարեց։ Իսկ ի՞նչ եղավ Մշեցի Տիգրանը, — կցկտուր բացականչեց Մախլուտոն և նամակը ձեռքի մեջ դանդաղաքայլ մոտեցավ լուսամուտին։

«ԽԵՆԹԻ» ԿՈՂՔԻՆ

Զարմանալի հանդարտ լուսանում էր Երևանի գարնանային առավոտը։ Ոչ քամի կար, ոչ զեփյուռ էր փչում Քանաքեռի և Նորքի բարձունքներից։

Աբովյան փողոցի ձախակողմյան մայթով փութկոտ քայլերով դեպի վեր է ելնում քաղաքի անքուն բնակիչներից մեկը։

Հայկազյանը սաստիկ զարմացավ հայրենադարձ Ղարիբին իր շեմքի վրա տեսնելով այդ տարաժամ պահին։

— Զորավարը մեռավ, — ասաց Ղարիբը անաղմուկ ներս մտնելով։

— Ե՞րբ։

— Այս գիշեր։ Սմբուլ Արշակն ասաց, որ երեկոյան մի աման Մշո կլուլիկ է կերել, երկար ծխել է և պառկել է քընելու։

— Ուրեմն անկողնու՞մ մեռավ, տարաբախտ մարդ, — բացականչեց Հայկազյանը։ — Իսկ մոտը ո՞վ է եղել վերջին ժամին։

— Ոչ ոք։ Նույնիսկ վանեցի հավաքարարուհին բացակա է եղել։ Մենակ էր ապրում և մենության մեջ էլ մեռավ։

Ղարիբը շտապեց մյուս հայրենակիցներին կոչնակելու, իսկ Հայկազյանը արագ հագնվելով նրա ետևից դուրս եկավ տնից։

Անատոմիկումը մոտ էր իր բնակարանին։ Նույն անտարբերությամբ Մասիսն ընդունում էր իր կրծքին արևի անդրանիկ ճառագայթները, առանց զգալու, թե ով է գալիս և ով է գնում աշխարհից։ Հայկազյանը դանդաղորեն իջավ ցուրտ աստիճաններով և կամաց հրեց նկուղահարկի կիսա՛բաց դուռը…

Նախասենյակի աջակողմյան պատի տակ, դիասեղանի վրա պառկած էր հաղթամարմին մի ննջեցյալ՝ սպիտակ սավանով ծածկված։ Խորքի սենյակում աշխույժ մի տղամարդ եռանդով ետ ու առաջ էր քաշում դատարկ դեասեղանները։

— Ներեցեք, ընկեր հսկիչ, երրորդ մասից այս գիշեր ննջեցյալ բերվա՞ծ է ձեզ մոտ։

— Մեզ մոտ գրեթե ամեն օր ննջեցյալ են բերում, — անփութությամբ պատասխանեց գործավարը առանց իր աշխաւոանքը ընդհատելու։

— Ես ձեզ հարցնում եմ այսօրվա բերածի մասին։

— Անու՞նը։

— Մախլուտո։

— Չէ, այդպիսի ննջեցյալ չկա մեզ մոտ։ Պաշտո՞նը։

— Վերակացու էր Կոմիտասի զբոսայգում։ Խոսքը մի հին զորավարի մասին է։

— Հա՜, այդպիսի մի զորավար կա պառկած այստեղ։ Գուցե սա է, — ասաց պահակը և մոտենալով նախամուտքի սեղանին, ետ քաշեց սպիտակ ծածկոցը։

Նա էր, զորավար Մ ախ լուսան։ Ոչ պսակ կար վրան, ոչ զարդ։ Անշուք, անաղմուկ պառկած էր նա պաղ ներքնահարկում, պաղ սեղանի վրա, պաղ լռության մեջ։

Հաջորդ օրը մարտի 20–ին Հայկազյանը վարորդին կանչեց և կարգադրեց իրեն Էջմիածին տանել։

…Հուղարկավորների մեծ թափորը Երևանից հասել էր Էջմիածին և դագաղը ձեռքերի վրա պահած թեքվում էր դեպի Գայանեի վանքի գավիթը։ Որտե՞ղից և ինչպե՞ս հավաքվեց այդքան ստվար բազմոկթյուն։

Թափորը գնալով ստվարացավ, իր մեջ առնելով էջմիածնի և շրջակա գյուղերի ու ավանների շատ բնակիչների։ Ղադազին գրեթե կպած քայլում էին հարյուրապետ Սմբուլ Արշակը, ձիապան Բարսեղը, հայրենադարձ կարիբը, Հոնկա պապի թոռ Սիմոնը, հանգուցյալի մի քանի ազգականները, ծերացած զինվորներ, հին ֆիդայիներ, հայրենակիցներ։

Ընդհանուր կարգադրիչը երբեմնի հարյուրապետ Սմբուլ Արշակն էր։

Վանքի պատի տակ մի քանի տեղացի հուղարկավորներ էին նստել։ Դրանց կողքին կանգնած էր մազոտ երեսով մի տղամարդ, մեջքը պատին հենած և հեռվից ակնապիշ նայում էր ահռելի փոսին։ Դա այն սևադեմ երիտասարդն էր, որ 1919 թվականին պատրաստվել էր մահափորձ կատարելու Անդրանիկի վրա Էջմիածնում։ նրա դեմքին ցավալի մի արտահայտություն կար։ Խղճի խայթ էր զգում և եկել էր Անդբանիկի մերձավորագույն զինակցի թաղմանը իր մեղքը քավելու համար։

Երբ դագաղը դրվեց թարմ հողաթմբին, առաջին մարդը, որ հայտնվեց նրա գլխավերևում, պատի տակ կանգնած սևադեմ մարդն էր։ Նա կռացավ համբուրեց Մախլուտոյի ճակատը և բազմությունը ճեղքելով հեռացավ։ Ու գլուխը վանքի պատին հենելով դառնորեն արտասվեց, շիթ առ շիթ մաքրելով իր խիղճը, իր հոգու վրայից քերելով տարիների անդարմանելի կոշտուկները։

Վեհափառ հայրապետը բացակա էր, ուստի առաջինը խոսեց նրա տեղապահ Սահակ արքեպիսկոպոսը։ Նա դրվատեց զորավար Մախլուտոյին իբրև մեծ հայրենասերի և զորավար Անդրանիկի մարտական զինակցի։ Հիշատակեց նաև Արաբոյի, Աղբյուր Սերոբի և Գևորգ Չաուշի անունները։

— Հանգուցյալը միայն մի անգամ եկավ ս. Էջմիածին, — ասաց նա, — և այդ մի ամիս առաջ էր։ նա եկավ նորին սուրբ օծության Վեհափառի մոտ և նրան հանձնեց մի փոքրիկ ծրար։ Ապա ծոցից հանելով մի հին գդակ, նվիրեց վանքիս թանգարանին։ — Սա Մշո սուրբ Կարապետի վանահայր Հեսու վարդապետի գդակն է, — ասաց նա և պատմեց այդ գդակի հետ կապված ամբողջ պատմությունը։

Գուցե կհարցնեք թե ինչ էր գրված վեհափառին ուղղված նամակում, ընդամենը երկու խոսք՝ «Հավատքիս համար ինձ կթաղեք ս. էջմիածնում, իսկ քաջությանս համար «Խենթի» կողքին։ Եթե հարմար կդատեք։ Սախլուտո»։

Հավատքի համար Էջմիածինը պատրաստ էր նրան ընդունելու իր ծոցում, իսկ քաջության համար ստացվեց հայրենի կառավարության համաձայնությունը, որին նույնպես նա դիմում էր արել մահից առաջ։

Ապա ֆրանսահայերի կողմից խոսեց հայրենադարձ Ղարիբը։

— Այս մարդը, որ այժմ հանգչում է դագաղում և քիչ հետո պիտի իջնի գերեզման, մեր ժողովրդի քաջարի զավակներից մեկն է, — ասաց նա։ — Դուք ծանոթ եք նրա ֆիդայական անցյալին, բայց չգիտեք, թե ով է եղել նա Ֆրանսիայում երկրորդ աշխարհամարտի տարիներին։ նա մեծ հայրենասեր Միսակ Մանուշյանի մերձավոր բարեկամն էր և Ֆրանսիայի մեր ընդհատակյա հակաֆաշիստ կազմակերպության ազգային կենտրոնի անդամը։ Երբ 1943 թվականի ապրիլին հայ ազգային խորհուրդը և հիտլերյան ռազմական բաժանմունքը նրան հրավիրեցին Բեռլին, առաջարկելով հայ գերիներից և գաղութներից հայկական լեգիոն կազմել և արշավել Սովե՛տական Միության վրա, Մախլուտոն վճռաբար հրաժարվեց այդ գործարքից, հայտարարելով, որ ինքը Ռուսաստանի վրա երբեք զենք չի բարձրացնի։

Զորավար Մախլուտոն հակաֆաշիստ ընդհատակի հետ պայքարեց հիտլերյան Գերմանիայի դեմ, օգնեց նրա շախջախմանը և 1947-ին հայրենադարձների առաջին քարավանով եկավ Հայաստան։ Գնաս բարով, Տարոն աշխարհի քաջակորով հայդուկ և աննման հայրենասեր։ Քո պատմությունը դեռ նոր պիտի գրվի։ Մենք քո և քո սերնդի մոլորությունները կհանձնենք Մասյաց հողմերին, իսկ բռնակալության դեմ մղած ձեր ազատատենչ կորովը և անհողդողդ կամքը՝ դարերին՛. Եվ գուցե այս բրոնզադեմ մանուկը շարադրի քո պատմությունը, որ գլուխը ձեռքերի մեջ առած մտախոհ կանգ Է առել քո տխուր վերջաբանին։

Երբ բոլորը հեռացան և Սմբուլ Արշակն ու ձիապան Բարսեղը վերջինը լքեցին նոր ծածկված շիրիմը, իրենց հետ տանելով խելագար Անդրեասին, բրոնզադեմ մանուկը հանեց ծոցատետրը և ծնկանը դնելով հուշագրեց, «Զորավար Մախլուտոն գերեզման իջավ 1956 թվականի մարտ ամսի 20–ին, երեքշաբթի, երեկոյան Ժամը 6-ին։ Նա թաղվեց «Խենթի» քարից յոթ թիզ դեպի աջ։ Փառք քաջ նախնիների հիշատակին»։

Հաջորդ առավոտյան երրորդ քաղմասի թաղային լիազորը հետը վերցնելով շրջանային սովետի նոտարին և գըլխավոր հաշվապահին, շտապեց դեպի Նաիրի փողոցի այն տունը, որտեղ իր վերջին օրերն էր անցկացրել ծերունի զինվորականը։

Կնիքը քանդեցին և ներս մտան։

Տունը դատարկ Էր։ Թախտի վրա, բարձի տակ հայտնաբերեցին հնամաշ մի պայուսակ և մի նույնքան հնամաշ զինվորական վերարկու։ Նոտարական բաժնում պայուսակը բաց անելիս մեջը գտան պատմական Հայաստանի քարտեզը, պարսկական մի մաշված ձիու սանձ դեզին ծոպերով, Գեորգիևյան երկու ոսկի խաչ, Աղբյուր Սերոբի, Գևորգ Չաուշի և Անդրանիկի լուսանկարները, կամավորական մի խմբանկար՝ Հայկ Բժշկյանը Անդրանիկի և իր կողքին նստած, Մուշ քաղաքի տեսարանը՝ Սիմ լեռը ետևում, դաշտային մի հեռադիտակ, երեք արշին ճերմակ կտավ և մի սևացած փոքրիկ տուփ։ Վերջինը Արաբոյի ծխատուփն էր։ Այնտեղ գտան նաև Բդեի Միսակի «Հիշատակարանի» վերջին գլուխը և մի քանի հաստ տետրեր վրան գրած՝ «Ֆիդայի Մախլուտոյի թղթերը»։

Այդ ամենը նույն օրը հատուկ արձանագրությամբ հանձնըվեց Հայաստանի Պատմական թանգարանին։

*

Երկու տարի անց Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքից մի ամերիկահայ զբոսաշրջիկ եկավ Երևան։ Դեմքը շիկավուն Էր, աչքերը՝ թաց կապույտ.

— Ես եմ, Մախլուտո։ Ես եմ, քո դասընկեր կոփեցի Լեվոնը, — ասաց նա նետվելով իր հայրենակցի անշուք գերեզմանին։ — Մենք իրարից բաժանվեցինք սրանից վաթսուն տարի առաջ, երբ Մելքոն վարժապետը մեզ սովորեցնում էր անգիր անել «Ռանչպարների կանչը»։ Իմ հայրը կամուրջ շինող Էր Բուլանուխի Կոփ գյուղում, իսկ քո հայրը՝ որմնադիր։ Ինձ բախտը շպրտեց հեռավոր Կալիֆոռնիա, իսկ դու նետվեցիր ֆիդայական շարժումների մեջ, ուխտելով ծառայել Հայաստանի ազատագրության դատին։ Ես մի փոքրիկ պանդոկ շինեցի Ֆրեզնո քաղաքում անտուն և անտեր պանդուխտների համար, իսկ դու քո կյանքը կամուրջ շինեցիր, որ հայ ժողովուրդը անցնի նրա վրայով։ Դու մի խենթ Էիր և եկար թաղվեցիր «Խենթի» կողքին։

Եվ արցունքները թափվում թրջում էին գերեզմանը մեծանուն հայրեն ասերի, որ հանգչում էր Գայանեի վանքի բակում իր պես անհանգիստ ու մեծահամբավ մի ուրիշ քաջի կողքին։

Շուտով Մախլուտոյի հողաթմբին բարձրացավ գրանիտե մի հուշարձան, որի վրա երկաթագիր տառերով դրոշմված էր.

«Տարոնի հայդուկ Մախլոլտոյի (Սմբատ Բորոչան) հիշատակին։ 1872 — 1956 թ.։ Իր դասընկեր Լևոնից, Մշո Կոփ գյուղացի»։

ՎԵՐՋԻՆ ԺԱՅՌԱԳՆԱՑԸ

1962 թվականի վաղ աշնանը Մակու քաղաքի կողմից դեպի Արարատի գագաթն Էր մագլցում մի հանդուգն ժայռագնաց։

Լեռան արևելյան լանջը խիստ ապառաժոտ Էր։ Աշխարհի ոչ մի ճանապարհորդ դեռ փորձ չէր արել այդ կողմով վե՛րելքն սկսել։ Բայց այդ խիզախ լեռնագնացը որոշել էր Մեծ Մասիսը նվաճել հարավից բարձրանալով։

Մենակ էր ու մի ուսապարկ շալակին, ձեռքին ալպինիստի գավազան։

Ու՞ր էր գնում և ի՞նչ էր որոնում այդ խենթ ուղևորը։ Փա ոք։ Այդ հասակու՞մ։

Երկար մաքառելուց հետո կեսօրից առաջ հասավ ձյունի սահմանին։ նայեց դեպի աջ — Փոքր Մասիսը իրենից ցածր էր կանգնած։

Ակոռին չէր երևում, ոշ էլ ս. Հակոբի աղբյուրը։ Թուխ, կապույտ երկինքը կախված էր գլխի վրա։ Հոգնած էր։ Նըստեց մի ցից ժայռի հանգստանալու, ապա սկսեց վերելքը։ Հսկա մի սառցաշերտ պոկվեց իր ոտքի տակից և դղրդոցով ներքև գլորվեց։ Փշրվեց մի երկրորդն էլ, երրորդն էլ։ Որքան վեր էր ելնում, տեսարանը դառնում էր վեհատեսիլ, իսկ վերելքը՝ դժվարին։ Նա կպած էր մի ձյունեղեն բարձունքի, որի ետևից մի ավելի մեծ ու բարձր գագաթ էր երևում։

Գիշերը քնեց այդ բարձունքին կպած։ Լուսադեմին Արցախի կապույտ լեռների և Փոքր Մասիսի թիկունքից բարձրացավ արևը։ Բայց շուտով փոթորիկ սկսեց և ձյուն տեղաց կարկաախառն։ Քամին հռնդյունով հարվածեց նրա մեջքին, կամենալով անդունդ գլորեր Մի ճայթյուն լսվեց փոթորիկի մեջ։ Կայծակն էր, որ օձապտույտ անցավ իր մոտով։ Քամին հանդարտվեց և թանձր մառախուղը ծածկեց հյուսիսային գագաթը։

Դարձավ ետ նայեց։ Դիմացի խոր ձորի մեջ երևաց Թադեի վանքը։ Նրանից դեպի արևմուտք տարածված էր գեղանի մի ծով, իսկ ծովից այնկողմ իր ծննդավայրն էր։

Մի քանի օր առաջ նա անցավ Մշո դաշտով։ Եղավ նաև Սասունի կողմերը։ Մի անծանոթ հայ կնոջ հետքերով էր գնում։ Լուր էր առել, որ այդ կնոջը քրդերը գերի են տարել, բայց թե որտեղ հայտնի չէր։

Հարցուփորձով հասավ Բաղեշ։ Բաղեշի դռանը օտարական մի հայի տեսավ, որ հեռվից երեք անգամ բարձրաձայն «Բիթլիս, Բիթլիս, Բիթլիս» գոչեց։ Մի տարեց բիթլիսցի նրան ցույց տվեց երկհարկանի քարաշեն կիսավեր մի տուն «Ավելի մեյդան» թաղամասում, բարձունքի վրա։ — Սրանք ձեր սենյակներն են, — ասաց ծերունին։ Գրագետը կանգուն մնացած պատի լուսամուտը ձեռքով մաքրեց։ Հետո գետնից քարեր առավ շոյեց, ծաղիկներ քաղեց և, ելնելով իր հորենական տան փլատակներին, ասաց. «Ապրելու համար շատ գեղեցիկ տեղ է։ Հիսունհինգ տարի այս վայրկյանը ապրեցի, այլևս փույթ չէ, եթե մեռնեմ»։

Երեք անգամ «Բիթլիս» աղաղակող հայը Ամերիկայում էր ծնված։

Իսկ ի՞նքը։ Ինքը, որ ծնվել էր Մշո դաշտում, ի՞նչ աներ ինքը։ Քանի" անգամ գռռար «Մուշ»։

Որոնեց, բայց չգտավ կնոջը։ Վաղեմի մի իղձ էր մնացել անկատար, մի սրբազան ուխտ, և նա վճռեց վերադարձից առաջ իրականացնել այն։

Չորս անտեսանելի ուժեղ բազուկներ ետևից հրում էին նրան դեպի Մասիսի հավերժական ձյուները։

Հյուսիսային գագաթի մառախուղը գլորվեց դեպի արևմըտյան լանջերը։ Մի քանի պալան ս. Հակոբի կիրճով իջան Մեծ Մասիսի ստորոտը, լիզելով այն խանձված քարերը, որտեղ Մորուք Կարոն և Զնգլիկ Պետռն մեծ խարույկ էին վառել տարիներ առաջ։

Քիչ առաջվա քամին ավլել էր արևելյան լանջերի ձյունը։ Բարձրում պսպղում էր մի հսկայական սառցագագաթ՝ արևի ճաճանչներով ողողված։ Նա դեպի արևոտ գագաթն էր ձըգտում, աչքերը հառած ցնորական բարձունքին։

Ստիպված էր սառույցի վրա աստիճաններ փորել։ Ուսապարկը ամրացրեց մեջքին և գավազանի բրիչով սկսեց սառույցը ջարդել, որ ոտքի համար հենարան շինի։ Կոտրեց ու մագլցեց վեր։ Միշտ դեպի վեր։ Լայնորեն տեսնելու համար պետք է բարձրանալ։

Արևը մոտենում էր մուտքին, իսկ գագաթը թվում էր անհունապես հեռու։

Նորից կոտրեց սառույցը և նորից մագլցեց վեր։ Կոտրեց ու բարձրացավ։ Մութ է, այլևս չի տեսնում։ Շեկ Ղավիթին հիշեց, քրդական տարազ հագած խնուսցի այն հմուտ ուղեցույցին, որ միշտ գիշերով էր շրջագայում, և որի աչքերը խավարին վարժված լինելով ազատորեն կողմնորոշվում էին մթության մեջ։

Հիշեց Տավրոսի բուքը և աջ ոտքը զգուշությամբ սառցե հենակին դնելով, բրիչը վերջին անգամ բարձրացրեց հարվածի համար։

Ահա և գագաթը։ Այլևս տեղ չկա բարձրանալու։ Վերևում երկինքն է և ինքը՝ կանգնած մեծ լեռան վրա։ Նայեց ետև։ Ե՞րբ նվաճեց այս ահռելի բարձունքը։ Սեպ զառիթափով այնքան էր առաջ անցել կյանքը վտանգի տալով, որ գրեթե հասել էր գագաթի կենտրոնին։

Գագաթը քիչ ուռուցիկ շրջանաձև հրապարակի էր նման։

Հենց այդտեղ էլ նա մի կետ ընտրեց։ Բրիչով փոս պատրաստեց սառցի մեջ և ծոցից ինչ–որ բան հանելով, ամրացրեց այնտեղ։

Մինչև այդ բարձրացողները խաչ էին տնկել լեռան գագաթին, իսկ իր տնկածը խաչ չէր, այլ մի գունագեղ պաստառ, վրան երեք գիր միայն՝ Ս. Մ. Տ., այսինքն Սրապ, Մախլուտո և Տիգրան։ Առաջին երկուսը վաղուց չկային։ Նրանցից մեկը հանգչում էր Բասենի դաշտում Ալեքսանդրոպոլցի Պոգվալի Վաղոյի հետ անանուն մի քարակույտի տակ, իսկ մյուսը՝ Գայանեի վանքի զավթում ։ «Մեր երեքի կողմից» երկյուղածությամբ շշնջաց նա պաստառի ճոթը համբուրելով։

Ու կանգնած էր նա երկնահաս լեռան գագաթին, ամպերից ու աշխարհից բարձր, անհասելի բարձր։ Մենակ էր, ուսապարկը մեջքին և ցրտից ու քամուց այրված դեմքին բերկրանքի արցունքներ։

Բայց այս ի՞նչ բան է. պաստառը շառագունեց։ Մատների ծայրերը կարմրեցին։ Գավազանը նույնպես։ Դեմքի վրա շողերի փայլ զգաց։ Բրդյա գլխարկը կարծես տաքացավ։ Արշալու՞յս է։ Ա՞րևն է ծագում։ Այս ի՞նչ լույս է ցոլանում դեպի երկինք՝ պատռելով գիշերային խավարը։ Հրաշք էր։ Սարսափած ետ–ետ գնաց։ Ապա նորից մոտեցավ և շոշափեց պաստառը։ Պաստառը իր տեղումն էր, բայց կարծես բոցերով բռնկված։

Որտեղի՞ց է այդ հրացոլքը։

Ամբողջ հասակով կանգնեց խավարի մեջ և նայեց դեպի լեռան հակառակ կողմը։ Լույսը այնտեղից էր բխում։ Վազեց դեպի լույսը։ Նա ներքևում տեսավ մի նոր աշխարհ և հրճվանքից գոռալով ուշաթափ ընկավ Արարատի գագաթին։ — Այդ քո լույսերն են, Երևան։ Մի՞թե դու ապրում ես։ Կա՛։ Հայաստանը կա՛։ Հայաստանը ապրում է։ Հզոր, լուսավոր, մեծավոր Հայաստանը։ Եվ ողողված էր նրա դեմքը իր նոր հայրենիքի — Սովետական Հայաստանի լույսերով։

*

Այս անսովոր վերելքի հաջորդ օրը արտասահմանյան լըրագրերում երևաց այսպիսի մի հաղորդագրություն, «Հին հայդուկապետ Գևորգ Չաուշի զինվորներից մեկը, որ հայդուկապետի մահից հետո նրա կնոջը և երեխային փախցրել էր դեպի Վան և Պարսկաստան և երկար տարիներ ապրել էր Ավստրալիայում, Մշեցի Տիգրան անունով, վերջերս մի անօրինակ վերելք է կատարել դեպի Արարատի գագաթը։

Իր հայդուկապետի առասպելական կնոջ հետքերով գնալով, նպատակ ունենալով նրան գտնել Արևմտյան Հայաստանի լեռնաբնակ քրդերի մեջ, նա իր ծննդավայրն է եկել աշխարհահռչակ գրագետ Վիլյամ Սարոյանի վերջերս դեպի Բիթլիս կատարած հայտնի ուղևորության օրերին և անցնելով Սուլուխի նշանավոր կամուրջը, Մակու քաղաքի վրայով մոտեցել է աստվածաշունչ լեռանը։

Հավատավոր լեռնագնացը և ուխտյալ զինվորը իր երեք հայդուկ ընկերների անունից գիշերով մի պաստառ է տնկել Արարատի գագաթին։ Այդտեղից նա տեսել է վերածնված Հա՛յաստանի լույսերը և ուրախությունից անդունդ գահավիժե՛լով անհայտացել է բիբլիական լեռան սառույցն երի մեջ։

Վերջին խելահեղ ժայռագնացն էր նա իր հանդուգն սերընդի։

ԻՄ ԱՂՈԻՆՆ ԻՋԱՎ

Ահագչի գյուղի Խոտնոցի մեծ քարը լայն ստվեր էր նետել ձորի մեջ։

Այդ քարի մոտով թիակը ուսին և ոտքերը քշտած լեռնի՛վեր էր շտապում մի կայտառ ծերունի։ Ետևից վազում էին մի խումբ մանուկներ, աղջիկ և տղա, մեկը մյուսից առաջ անցնելով և գրեթե կախվելով ծերունու թևերից։

— Ֆադե պապի, էն հեքիաթը պատմիր։

— Ո՞ր հեքիաթը։

— Մոսե Իմոյի հեքիաթը։

— էն, որ հրեղեն ձիեր է տեսել Պայթող աղբյուրի մեջ։

— Պայթող աղբյուրի և Շապինանդի հեքիաթը։

— Աշխարհի հեքիա՜թը։

— Աշխարհը ջրաղաց է, — դեպի մանուկների կողմը կըտրուկ շուռ գալով և թիակին հենվելով ասադ Ֆադեն։ — Դու ջրաղաց մտնողի գալը մի հարցրու, նրա գնալը հարցրու։ Մեկի բերածը կորեկ է, մեկինը ցորեն, մյուսինը՝ գլգըլ։ Բոլոր մտնողները իրենց բերածը աղալու հերթի կսպասեն։ Ջըրաղացպանն էլ, ասենք թե աստվածն է։ Առաջին եկողին ասում է. «Պարկիդ տակը թոթվիր, խնամ Կիրակոս, քո աղունն իջավ»։ Հերթը մյուսինն է։ Քիչ հետո ջրաղացպանը կրիչակին նայելով գոռում է. «Խնամ Համբարձում, պարկիդ տակը թոթվիր, քո աղունն իջավ»։ Սա էլ է գնում։ «Քավոր Գրիգոր, թեռդ առաջ քաշիր, հերթը քոնն է»։ Մի հանգ հետո դառնում է մյուսին, «Խնամ Մարկոս, քավորից հետո հերթը քոնն է, պատրաստվիր»։ Ջրաղացպանի ալրոտ աչքը հանկարծ ընկնում է ռես Օնեին, որ նոր է ներս մտել և կանգնած է շեմքի մոտ։

— Ռես Օնե, դու ինչու՞ ես շեմքին կանգնել, անցիր իմ մոտ, էս բարձր թեռան վրա նստիր, մինչև քո աղունը իջնի։ Իմա՞լ եք, քոչ–քուլֆաթ իմա՞լ է։ Ճժեր, մալեր, սաղ–սալամա՞թ են։

— Փառք աստծո, ամենքն էլ սաղ–սալամաթ են։ ներս է մտնում մեկ ուրիշը։

— Բարով, խնամ Աբրո, թեռդ իջեցրի՞ր։

— Հա, իջեցրի։

— Բերածդ ի՞նչ է։

— Գլգըլ։

— Քո հալն ինչպե՞ս է, խնամ Աբրո։ Լսեցի, որ աղջկադ մարդու ես տվել ու հորքուր Շաքրոն շատ լաց եղավ։ Հալբաթ, աշխարհք է։ Էսօր մեկը քո աղջկադ կտանի, դու կիլաս, վաղը դու կերթաս ուրիշի աղջկան կբերես քու տուն, էս անգամ դուք կխնդաք, էնոնք կիլան։ Մենք ամենքս էլ մանրած թութուն ենք աստծո ծխատուփի մեջ։ Կհանի իր գոտու տակից, կլցնի իր ղեյլանի մեջ ու կվառի։ Կրակ կեղնենք, ծուխ կեղնենք ու կերթանք։ Աղունդ պատրաստ է, քավոր Գրիգոր։ Հիմա քո հերթն է, ռես Օնե։ Խնամ Մարկոս, դու թեռդ քաշիր առաջ և քիչ սպասիր մինչև ես ռես Օնեի աղունն աղամ։

— Առանց հերթի՞։

— Ռեսին ի՞նչ հերթ։

Ու էսպես ամեն մարդ կմտնի ջրաղաց ու իր աղունն աղալով կերթա դուրս։ Բայց եթե աղացքի ջուրը կտրվի, ի՞նչ պիտի անի ջրաղացպանը։ Նա պետք է վերցնի իր թիակը և գնա ջուրը կապելու։ Ուրեմն, աստծո մոտ էլ, երեխաներ, ամենազորավոր գործիքը դարձյալ թիակն է։ Էս է աշխարհքի հեքիաթը, — ասաց Ֆադեն և ետ դառնալով բահը ուսին դրած շարունակեց ճամփան։

— Մոլուք Կալոյի հեքիաթը պատմիր, — ծղրտաց երեխաներից ամենափոքրը, որ պորտը բաց տոտիկ–տոտիկ անելով ճիգ էր անում մյուսներին հասնել։

— Գալե, դու փոքր ես, գոլ գնա տուն։ Աղջի Կաքավ, չե՞ս տեսնում, ախպորդ պորտը քիչ մնա վազելուց պատռի, տուն տար, — բարկացավ խմբի ավագը, որի անունը Գևորգ էր։

— Մոլուքի հեքիա՜թը, — նորից ծղրտաց Գալեն, Կաքավի գրկից փախչելով։

— Դե, լավ, սպասեք ջուրը կապեմ ու ետ գամ ձեզ Մորուք Կարոյի հեքիաթը պատմեմ, — ասաց ծերունին առանց դադարեցնելու քայլերը։

— Խտանա Կածի հեքիաթը, քեռի Ֆադե, թե ինչպես դու ելար նստեցիր աստծո չոքերի տակ ու քո թիակը մոռացար երկնքում, — առաջարկեց կարմրաթուշ մի աղջիկ՝ մասրենու փուշը ծնկներից հեռացնելով։

— Էդ թիակն է եղել, չէ՞, պապի։

— Հա, էս թիակն էր, բայց պոչը փոխել եմ։

— Ու էդ տարի շատ ձյուն էր եկել Խտանա Կածին։

— Էնքան ձյուն էր եկել, ճնճուղը որ պառկեր մեջքի վրա ու ոտներն էլ տնկեր, կհասներ աստծուն։

— Ու դու ելար նստեցիր էդ ձյուների՞ վրա։

— Ելա նստեցի ու ձեռքս թալեցի աստծո չոքերին։

— Էդ էս՞ արան է եղել, որ գցել ես Մորուքի վրա, — հարցրեց Կաքավը, Գալեին շալակած ետևից հասնելով։

— Հա՜, Կարոն էս ճանապարհով փախավ Ղարաչի։ Խեղճը տկլոր էր. արաս գցեցի վրան ու գնացի իր շորերի ետեվից։ Իշխնձորցին գլխաշորը թափ տվեց ձիու քթին ու Սոսեն թռավ դեպի Ղալաչի։ Գնացեք նստեք Խոտնոցի հովին, ես էս մեծ առվի ջուրը կոլխոզի արտին կապեմ ու ետ գամ ձեզ Մոսե Իմոյի, Շապինանդի և Մորուք Կարոյի հեքիաթը պատ՛մեմ։

— Ու թե ինչպես քո թիակը մոռացար Խտանա Կածի ձյու՛ներին։

— Քեռի Ֆադե, դու հրեղեն ձի տեսա՞ծ կաս։

— Էս աշխարհում հրեղեն ձի միայն Մոսե Իմոն է տեսել։ Հետն էլ խոսել է։ Թե ուրիշը կասի՝ տեսել եմ, չհա՛վատաք։

— Իսկ ու՞ր է Մոսե Իմոն։

— էն քարափի գլխին կարմիր քարեր կան, տակը ձորն Է։ էգ քարերից մեկի տակ Մոսե Իմոն է պառկած։

— Ո՞ր քարի։

— Էն բարձրադիր կարմրաքարը տեսնու՞մ եք, որի վրա մի ձեռքի քանդակ կա՝ մաճը բռնած. տակը դրած է «Որդուդ մահը քեզ մահ պատճառեց»։ Դրա կողքին մի անգիր մաշված քար կա, — դեպի Խոտնոցի դիմացի քարափը շուռ գալով մատնացույց արեց Ֆադեն. — դա Մոսե Իմոյի գերեզմանն է։ Էս թիակով եմ փորել։

— Դե, պատմիր, պապի, Մոսե Իմոյի հեքիաթը պատմիր։ Ճի՞շտ է, որ նա Լոնդոնից մինչև Սասուն մի օրորոց է շալակով բերել ու մեջը մի հրեղեն աղջիկ է եղել։

— Բոլորը ճիշտ է։ Էն կարմիր գլխաշորով պառավին տեսնում եք, ձորի պռնկին նստած։ Էդ էն հրեղեն աղջիկն է։

— Մորքուր Վիտոն, — զարմանքով բացականչեցին երեխաները։

— Հա, մորքուր Վիտոն, — համոզիչ շեշտով հարեց Ֆադեն։ — Գնացեք մոտը, նա ձեզ շատ բան կպատմի Մոսե Իմոյի և նրա բերած օրորոցի մասին։

— Իսկ ճի՞շտ է, որ Մոսե Իմոն օձեր է կախարդել նրանց աչքերի մեջ նայելով։

— Էդ էլ ճիշտ է։ Վերջին տարիներին նա մեր գյուղում օձերի հմայությամբ էր զբաղված։ Վիտոյի մոտ գնացեք, Վիտոն ձեզ ամեն ինչ կպատմի։

— Չէ, դու պատմիր Մոսե Իմոյի ու Շապինանդի հեքիաթը։

— Եվ Շապինանդի հրեղեն ձիու հեքիաթը։

— Քաջ է եղել, չէ՞, պապի, Շապինանդը։

— Շատ քաջ, երեխաներ, ես Էլ նրա պես քաջ եմ, տեսեք ինչպե՜ս եմ վազում։ Բռնեք ինձ, թե կարող եք։

Եվ ջրտուքվար Ֆադեն թիակը ուսին, ոտքերը քշտած շարժվեց լեռնիվեր։

Մանուկները վազում Էին, որ ետևից հասնեն, վազում Էին ու կանչում։

— Պայթող աղբյուրի հեքիաթը պատմիր… Կապտաջուր լիքը առուն աղմկալի գալարվում Էր բարձրադիր լանջով։

Ծերունին հասավ ու թիակի թաթը ամուր հարվածեց մայր առվի մեջքին։ Զարկեց ու վայր թեքվեց հանկարծ։ Շեղբի վրայով խուժեց ջուրը բախվելով նրա ծնկներին։ Կարծես հանգստանում Էր թամբին նստած, գլուխը թեթևակի հակած կրծքի վրա, ձեռքով թիակը պահած։

— Երեխեք, իմ աղունն իջավ…

Մանուկներից մեկը առաջինը մոտենալով բերանը դրեց նրա ականջին։

— Շապինանդի հեքիա՜թը պատմիր, պապի…

— Չե՞ս տեսնում, որ մեռած է, — բղավեց Գևորգը հեռվից՝ կռահելով, թե ինչ պատահեց։

Մանուկները իսկույն հավաքվեցին շուրջը, խոշոր աչքերով կայտառ երեխաներ, այտերը մուգ կարմիր ինչպես աշնան մասուր։

Էլի էն էր, նույն ջրտուքվար Ֆադեն, կարճ բեղերով, սև արան ծալած ուսին, ոտքերը մինչև ծնկները քշտած, նեղ-թաթ թիակը ձեռքի մեջ։ Էն երկրագործ տալվորիկցին, որ լսել էր ջրաղացքարերի գոռոցը ձորերի մեջ և Սասնա գահավեժ ջրերի որոտը բարձր լեռներում, որ գիտեր, թե ինչ է կատարվում լեռնային արծվի հետ, եթե ջախջախված թեվերով վայր է ընկնում երկնքից։

— Իր աբան քաշենք վրան և գյուղից մարդ կանչենք։

— Ոտքերը կմրսեն, շուտ ծածկենք մի բանով։

— Սերո՛բ, դու վազիր գյուղ և կոլխոզի նախագահին ասա՝ Ֆադե պապին մեռավ, թիակը մնաց, — կարդա դրեց Գևորգը մի խաժաչք տղայի։

Սերոբը վազեց։

Մանուկները ծերունու աբան ուսից առնելով պարզեցին մեռածի ծնկների վրա, մինչև գյուղից մարդ կգար։

Լեռնային կապույտ պաղ ջուրը զնգալով գլորվում էր դեպի Խոտնոցի մեծ քարը, և աշխարհը կար։

— էս էլ հեքիաթ է, — ասաց Գևորգը և ձեռքը Ֆադե պապի թիակին դրեց։

ՎԵՐՋ

Բովանդակություն   Նախաբան   Խոսք հեղինակի
Մաս I-1   Մաս I-2   Մաս I-3   Մաս I-4   Մաս I-5   Մաս I-6   Մաս I-7   Մաս I-8
Մաս II-1   Մաս II-2   Մաս II-3   Մաս III-1   Մաս III-2

 

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Խաչիկ Դաշտենց «Ռանչպարների կանչը»: Երևան:

Տրամադրել է՝ Արևիկ Գառամովա
Scanned: Արևիկ Գառամովա
OCR: Անդրեյ Մ.
Ուղղագրում՝ Անդրեյ Մ.

Տես նաև

«Ռանչպարների կանչը» ռուսերեն / ”Зов пахарей” на русском

Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice