| Նահապետ
Քուչակ
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Նահապետ Քուչակ, Նահապետ վարպետ աշըղ Քուչակ, Չիչակ, վանեցի կամ
Վանլի Քոչակ [XV դ. վերջ կամ XVI դ. սկիզբ, հավանաբար գ. Խառակոնիս
(Վանի նահանգում) — 1592, թաղվել է Խառակոնիսի Ս. Թեոդորոս եկեղեցու
գերեզմանատանը], հայ առաջին աշուղ-երգիչներից: Նրա մասին եղած ժող.
զրույցները և «Նահապետ վարպետ» կոչումը վկայում են, որ եղել է սիրված
երգիչ և աշուղ: Ն. Ք-ի անունով գրավոր և բանավոր ավանդությամբ պահպանվել
և առայժմ հայտնի են շուրջ մեկ տասնյակ կրոնական, բարոյախրատական և
սիրային բովանդակությամբ աշուղական երգեր՝ հայերենով ու թուրքերենով,
որոնցից յոթը՝ հայատառ թուրքերենով: 1880-ական թվականներից թյուրիմացաբար
Ն. Ք-ին են վերագրվել նաև միջնադարյան հայրենները:
Այդ վերագրումն սկսվել է բանասեր Ա. Տևկանցի «Հայերգ» գրքից (1882)
և հետագայում դարձել է գրական ավանդույթ, որին հետևել են նաև ուրիշ
բանասեր-գրականագետներ: Թեև 1920-ական թթ. Մ. Աբեղյանը ապացուցեց այդ
վերագրման անհիմն լինելը, բայց հետագայում ևս Ն. Ք. համարվել է միջնադարյան
հայրենների հեղինակ, նրա անունով են հրատարակվել և բազմաթիվ լեզուներով
թարգմանվել այդ երգերը: Այս իմաստով Ն. Ք. դարձել է պայմանական և հավաքական
անուն, որով լայն շրջաններում հայտնի է հայ միշնադարյան քնարերգության
այդ մեծ և հարուստ ժառանգությունը:
Երկ. Հայրենի կարգավ (նախաբանը և ծանոթ. Ավ. Ղուկասյանի),
Ե., 1957: Песни любви, пер. А. Амбарцумяна, СПБ, 1904; Стихотворения,
пер. Ал. Степана, предисл. М. Мкряна, Е., 1941; Сто и один айрен,
предисл., составл., подстроч. пер. Л. Мкртчяна, Е., 1976.
Գրկ. Տևկանց Ա., Հայերգ, մեղեդիք, տաղք և եդգք, Թ., 1882:
Չոպանյան Ա., Նահապետ Քուչակի դիվանը, Փարիզ, 1902: Նույնի, Հայրեններու
բուրաստանը, Փարիզ, 1940: Մնացականյան Ա., Հայրենների և Նահապետ Քուչակի
մասին, «ՊԲՀ», 1958, N 2: Եգանյան Օ., Նահապետ Քուչակի հայատառ թուրքերեն
տաղերը, «ԲՄ», N 5. 1960: Աբեղյան Մ., Երկ., հ. 2, Ե., 1967: Tchobanian
A., La roseraie d'Armenie, t. 2, P., 1923, p. 179-194.
Ս. Հարությունյան
|