Սիպիլ
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՍԻՊԻԼ (Զաբել Հովհաննեսի Խանջյան), Ջապել Ասատուր, Տոնելյան
(21.10.1863, Կ.Պոլիս - 19.7.1934, Կ. Պոլիս), հայ գրող, մանկավարժ,
հասարակական գործիչ։ 1879-ին ավարտել է Կ. Պոլսի Սկյուտարի ճեմարանը,
նույն թվին հիմնել Ազգանվեր հայուհյաց ընկերությունը։ Դասավանդել է
նախ գավառներում, ապա՝ Կ. Պոլսի վարժարաններում։ Գրական-հասարակական
գործունեությունը շարունակել է նաև համիդյան ռեակցիայի տարիներին.
1898-ին Գ. Զոհրապի և Հ. Ասատուրի (ամուսնու) հետ վերահրատարակել է
«Մասիս» հանդեսը, որի էջերում տպագրել է «Կիսադեմեր քողին ետևեն» դիմանկարների
շարքը` նվիրված արևմտահայ նշանավոր գործիչներ Ե. Տեմիրճիպաշյանին,
Ռ. Պերպերյանին և այլոց։ Այդ շարքը հետագայում զետեղվել է Հ. Ասատուրի
և Սիպիլի կազմած «Դիմաստվերներ»–ում (1921)։
Գրական շրջանակներին նա հայտնի է դարձել 1880-ական թթ. վերջերին՝
«Մասիս» և «Հայրենիք» պարբերականներում հրապարակած չափածո և արձակ
գործերով։ 1891-ին տպագրվել է նրա «Աղջկան մը սիրտը» վեպը, իսկ 1902-ին՝
բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Ցոլքեր»–ը։ Սիպիլը երգել
է սեր, հայրենիք, ընդհանրապես՝ մարդկային նուրբ զգացմունքներ։ Նա շարունակել
է արևմտահայ ռոմանտիկական քնարերգության ավանդույթները, որոնք ներհյուսվել
են նոր ժամանակների ռեալիստական մտածողության հետ։ Այս հիման վրա էլ
նրա ստեղծագործությունը գրականության պատմության մեջ բնութագրվել է
որպես անցման շրջանի երևույթ։ Սիպիլի ստեղծագործությունների համար
հատկանշական են քնարական ու էպիկական տարրերի ներդաշնակ զուգադրությունը,
կանացիական նրբությունը, մշակված լեզուն։ Նա գրել է նաև մանկավարժական-մեթոդական
հոդվածներ, մանկական բանաստեղծություններ, կազմել «Գործնական քերականություն
արդի աշխարհաբարի» (1879) դասագիրքը, որը Հ. Ասատուրի աշխատակցությամբ
բարեփոխվել և բազմիցս վերահրատարակվել է «Թանգարան հատընտիր հատվածներու»
ընթերցարանների հետ։
Երկեր. Քերթվածներ, Ե., 1935։ Երկեր, Ե., 1965։
Գրկանություն. Մինասյան Ա.Մ., Սիպիլ։ Զապել Ասատուր (կյանքը
և գրական գործունեությունը), Ե., 1980:
Վ. Կիրակոսյան |