ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Ոսկեփորիկ. նմուշներ հին և միջնադարյան արձակից

ՈՍԿԵՓՈՐԻԿ

Նախորդ էջԲովանդակություն  | Հաջորդ էջ

[էջ 54]

ԵՂԻՇԵ (V Դ.)

ՎԱՐԴԱՆԻ ԵՎ ՀԱՅՈՑ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ
(Հատվածներ)

Երբ Արշակունյաց ցեղը վերացավ, Հայոց աշխարհին տիրեց պարսից Սասանի ցեղը, որ իր իշխանությունը վարում էր մոգերի կրոնի համաձայն և շատ անգամ կռիվ էր մղում նրանց հետ, ովքեր չէին ընդունում նույն կրոնը, սկսելով Տիրանի որդի Արշակ թագավորի օրերից կռվում էր մինչև Վռամշապուհի որդի հայոց Արտաշես արքայի վեցերորդ տարին։ Եվ երբ սրան էլ զրկեց թագավորությունից, իշխանությունն անցավ հայոց նախարարներին, որովհետև թեպետև հարկը պարսից արքունիքն էր գնում, սակայն հայոց հեծելազորն ամբողջապես նախարարներն էին առաջնորդում պատերազմի ժամանակ։ ...Վռամի որդի արքայից արքա Հազկերտին սատանան իրեն գործակից գտավ և հավաքված ամբողջ թույնը դուրս թափեց և լցրեց նրան ինչպես թունավորված նետերով լի կապարճ։ Եվ սկսեց նա հոխորտալ անօրենությամբ, գոռոզանում էր և աղմկելով քամի էր բարձրացնում աշխարհի չորս կողմերը, և մեզ, Քրիստոսի հավատացյալներիս, իրեն թշնամի և հակառակորդ էր ներկայացնում և նեղվում ու տագնապում էր անխաղաղասեր կյանքով։

Որովհետև նրան շատ սիրելի էր խռովությունն ու արյունահեղությունը, այդ պատճառով էլ ինքն իր մեջ ալեկոծվում էր, թե ո՞ւմ վրա թափեմ դառն թույներս կամ ո՞ւր արձակեմ բազմաթիվ նետերս։ Եվ սաստիկ հիմարության պատճառով ինչպես կատաղի գազան հարձակվեց հունաց երկրի վրա, հարվածեց մինչև Մծբին քաղաքը և ասպատակ

[էջ 55]

սփռելով ավերեց հոռոմների շատ գավառներ և հրդեհեց բոլոր եկեղեցիները, ավար ու գերի հավաքեց և ահաբեկեց երկրի ամբողջ զորքը։

Իսկ (հունաց) երանելի Թեոդոս կայսրը, որովհետև խաղաղասեր քրիստոնյա մարդ էր, չկամեցավ նրա դեմ պատերազմի դուրս գալ, այլ Անատոլ անունով մի մարդու, որ Արևելքի նրա սպարապետն էր, շատ գանձերով նրա մոտ ուղարկեց։ ...Եվ այն ամենը, ինչ որ ասաց (Հազկերտը) ժամանակին, (Թեոդոսը) կատարեց նրա կամքի համաձայն և իջեցրեց նրա մեծ բարկությունը և այսպիսով նա վերադարձավ իր քաղաքը՝ Տիզբոն։

Երբ անօրեն իշխանը տեսավ, որ իր չարությունը հաջողվեց, սկսեց մի այլ խորհուրդ էլ մտածել, ինչպես մի մարդ, որ բորբոքված կրակի մեջ շատ վառելափայտ է ավելացնում։ Որովհետև որտեղից մի քիչ կասկած ուներ, այնտեղից լիովին ապահովվեց, այդ պատճառով էլ քրիստոնյաների ուխտից շատերին խախտեց՝ մեկին սպառնալի խոսքերով, մյուսին շղթաներով ու տանջանքներով, երրորդին չարաչար մահով սպանելով։ Հափշտակում էր նրանց ստացվածքն ու կալվածքները և մեծ անարգանքով տանջում էր բոլորին։

...Օրհասական արջերն էլ շնչները վատնելիս ավելի ուժգին են կռվում, և իմաստունները, խույս տալով, փախչում են նրանցից։ Այսպիսի մի վախճան է եկել–հասել այդ տերությանը, երբ նրանց խփում են՝ չեն զգում, և երբ իրենք են խփում՝ չեն հասկանում, իսկ երբ արտաքին թշնամի չի գտնվում, իրենք իրենց հետ են կռիվ սկսում, մարտնչում...

Արդ, ի՞նչ ես ծեծկվում, ի՞նչ ես կռիվ տալիս, ի՞նչ ես այրվում, ի՞նչ ես բորբոքվում,... ի՞նչ ես խորհրդի կանչում նրանց, ովքեր ձեր հոգիները ձեզնից խլել՝ ձեր անապականը ապականություն են դարձրել, իսկ ձեր ապականացու մարմինը զազրելի դիակի նման քարշ են տվել ու դեն գցել։ Չէ՞ որ այդ ես կամենում, որ ամբարիշտ խորհուրդդ ծածկվի, կտեսնես՝ երբ կհայտնվի, հետո կիմանաս դրա վերջը:

[էջ 56]

Մոգերն ասում են.

— Քա՛ջ թագավոր, աստվածները տվին քեզ այս տերությունը և հաղթություն, նրանք ամենևին մարմնավոր հարստության կարոտ չեն, միայն թե մի կրոնի դարձնես քո տերության մեջ գտնված բոլոր ազգերին ու ժողովուրդներին։ Այն ժամանակ հույների երկիրն էլ հնազանդվելով՝ կենթարկվի քո իշխանությանը։ Արդ, մեր մի խոսքը շուտով կատարի՛ր, արքա՛, զորք հավաքի՛ր և գունդ կազմիր, վեր կաց գնա քուշանների երկիրը և բոլոր ազգերին ժողովիր և անցկացրու Պահ դռնից ներս, և այնտեղ շինիր քո բնակությունը։ Երբ բոլորին արգելես ու պահես հեռավոր օտարության մեջ, քո կամքն ու խորհուրդները կկատարվեն և, ինչպես երևում ես մեր գուշակությունների մեջ, դու կտիրես նաև քուշանների երկրին, և մինչև անգամ հույները քո իշխանության դեմ դուրս չեն դա։ Միայն թե քրիստոնյաների կրոնը մեջտեղից վերացրու։

Այս խորհուրդը հաճելի եղավ թագավորին ու իրեն համամիտ մեծամեծներին։ Հրովարտակներ գրեց, արագագնաց սուրհանդակներ ուղարկեց իր տերության բոլոր կողմերը։ Եվ այս է հրովարտակի պատճենը.

«Իմ տերության բոլոր ազգերին, արիներին և անարիներին, թող բազմանա մեր մարդասեր ողջույնը ձեզ. դուք ողջ եղեք, մենք էլ արդեն ողջ ենք աստվածների օգնությամբ։

Առանց ձեզ որևէ նեղություն տալու ելանք–գնացինք հույների երկիրը, և առանց պատերազմի սիրով ու մարդասիրությամբ նվաճեցինք ամբողջ երկիրը մեզ ծառայելու: Դուք բարին մտածեցեք և անսպառ ուրախության մեջ մնացեք, բայց շուտով կատարեցեք այս բանը, որ ասում եմ։

Մենք մտքներումս դրել ենք անպատճառ վերկենալ-գնալ Արևելքի աշխարհը, աստվածների օգնությամբ մեզ ենթարկել քուշանների տերությունը. դուք հենց որ այս հրովարտակը տեսնեք, շուտով առանց ուշացնելու այրուձի ժողովեցեք՝ ինձանից առաջ, ներկայացեք ինձ Ապար աշխարհում»։

...Եվ անմեղությամբ չիմանալով թագավորի խարդախ միտքը` յուրաքանչյուրը իր երկրից զվարթությամբ և տիրասեր խորհրդով ելան–գնացին, աներկբա հավատով կատարելու (իրենց) զինվորական ծառայությունը։ Իրենց հետ

[էջ 57]

վերցրին նաև աստվածային սուրբ կտակարանները շատ պաշտոնյաներով ու քահանաներով։ Բայց հրաման տվին իրենց աշխարհում, որ կյանքի ակնկալություն չունենան, այլ իրենց վախճանին (սպասեն), հանձնարարելով միմյանց իրենց հոգիներն ու մարմինները։ Որովհետև թեպետև թագավորի մտադրությունը նրանց հայտնի չէր, բայց բոլորի սրտում էլ կասկած կար, մանավանդ երբ հույների զորությունն էլ ընկճված տեսան նրա առաջ, շատ խիստ խոցվեցին իրենց մտքերում։

Բայց որովհետև աստծու սուրբ կտակարանների պատվիրանները պահող մարդիկ էին, շարունակ հիշում էին Պողոսի պատվերները, թե՝ «Ծառանե՛ր, հնազանդ եղեք ձեր մարմնավոր տերերին, ո՛չ թե կեղծավորությամբ և աչառությամբ, այլ սրտանց ծառայեցեք ինչպես աստծուն և ոչ ինչպես մարդկանց...»:

Այս ամբողջ բարեմտությամբ, ուղևորվելով (իրենց) աշխարհից և... հրամանը շուտով կատարելով, ներկայացանք ամեն ինչ անելով նրա կամքի համաձայն։ Թագավորը շատ ուրախացավ՝ այն մտքով, թե իր կամքը կատարվեց, և ահա նրանց հետ վարվում է այնպես, ինչպես խրատել էին իր ամբարիշտ պաշտոնյաները։

Ապա, երբ թագավորը տեսավ հպատակ ազգերի գնդի ամբողջ պատրաստությունն ու բազմությունը, որոնք հոժարակամ եկել էին արքունի ծառայության, ավելի ևս ուրախանում էր իր մեծամեծների և զորքերի ամբողջ բազմության առաջ։ Արտաքուստ թաքցնում էր իր մտադրությունները և ակամա առատ-առատ պարգևներ էր տալիս նրանց: Ելավ-գնաց Հոնաց աշխարհի տերության վրա, որին Քուշանք են անվանում, և երկու տարու չափ կռվելով` նրանց ոչ մի վնաս հասցնել չկարողացավ։ Հետո զինվորներին ուղարկեց յուրաքանչյուրին իր տեղը և նրանց փոխարեն իր մոտ ուրիշներին կանչեց նույն պատրաստությամբ։ Եվ այսպես տարեցտարի սովորություն սահմանեց, և այնտեղ իր համար բնակության քաղաք շինեց, իր թագավորության չորրորդ տարվանից սկսած մինչև իր իշխանության տասնմեկերորդ տարին:

Եվ երբ տեսավ, որ հոռոմները հաստատ մնացին իրենց

[էջ 58]

դաշինքին, և իր երկիրն ամեն կողմից խաղաղության մեջ է ապրում, և դեռ Հոների թագավորին էլ նեղն է լծել, որովհետև ավերեց նրա շատ գավառները, և իր թագավորությունը հաջող դրության մեջ է, ավետավորներ ուղարկեց իր երկրի բոլոր ատրուշանները, սպիտակ ցուլերով և գիսավոր նոխազներով առատացրեց կրակի զոհերը, և միանգամայն անընդհատ դարձրեց իր պիղծ պաշտամունքը... Նաև հրաման տվեց հափշտակել Պարսից աշխարհում գտնվող քրիստոնյաների ինչքն ու գույքը։

Եվ այսպես հպարտացավ, գոռոզացավ իր մտքում, սանձարձակորեն հոխորտում էր մարդկային բնությունից էլ վեր, ո՛չ միայն մարմնական պատերազմների գործերի մեջ, այլ ինքն իրեն հայրենի կարգի բնությունից մեծ մի բան էր կարծում. այդ պատճառով նա կեղծավորությամբ ինքն իրեն իր կարծիքով թաքցնում էր, բայց ինչպես նկատում էին իմաստունները, ինքն իրեն կարծես անմահների կարգն էր դասում...

* * *

Ում հոգիները թուլացած են երկնավոր առաքինությունից, սաստիկ երկյուղի մեջ է ընկած (նրանց) մարմնի բնությունը. ամեն հողմից շարժվում է և ամեն խոսքից վրդովվում և ամեն բանից դողում. այսպիսի մարդը երազական բաներով է անցկացնում իր կյանքը, իսկ մահվան ժամանակ էլ անդառնալի կորստյան է մատնվում։ Ինչպես որ հնում մեկն ասել է չհասկացված մահը մահ է, հասկացված մահը՝ անմահություն: Ով որ չգիտե, թե ինչ է մահը, վախենում է մահից. իսկ ով գիտե մահը, նրանից չի վախենում։

Եվ բոլոր չարիքները մարդու միտքն են մտնում անուսումնությունից։ Կույրը զրկվում է արեգակի ճառագայթներից, իսկ տգիտությունը զրկվում է կատարյալ կյանքից։ Լավ է աչքով կույր (լինել), քան մտքով կույր: Ինչպես որ հոգին մեծ է մարմնից, այնպես էլ մտքի տեսողությունը մեծ է մարմնի տեսողությունից։

[էջ 59]

Եթե մեկը շատ ճոխացած լինի աշխարհական մեծությամբ, իսկ մտքով ավելի աղքատ լինի, այնպիսին ողորմելի է շատերից. ինչպես որ տեսնում էլ ենք ոչ միայն հասարակ մարդկանց մեջ, այլև նրա, որ ամենից մեծն է։ Եթե թագավորը իմաստությունն իրեն աթոռակից չանի, չի կարող իր վիճակի մեջ վայելուչ լինել։ Իսկ եթե մարմնավոր բաների վերաբերմամբ այսպես է, որքա՜ն ավելի ևս հոգևոր բաների վերաբերմամբ է։
Ամբողջ մարմնի կենդանությունը հոգին է, իսկ մարմինն ու հոգին կառավարողը միտքն է, և ինչպես որ մի մարդու, այնպես էլ ամբողջ աշխարհի վերաբերմամբ։ Թագավորը միայն իր համար չէ պատասխանատու, այլ նաև նրանց համար, որոնց կորստյան պատճառ է եղել։

Բայց մենք թեպետև թույլտվություն չունենք բամբասելու իշխաններին, բայց չենք էլ կարող գովաբանել մի մարդու, որ աստծու դեմ է կռվում։ Այլ կպատմեմ անցքերն ու դեպքերը, որ նրա ձեռքով անցան սուրբ եկեղեցիների գլխով, և չեմ դանդաղի. գործերի ընթացքը ո՛չ թե բամբասասեր մտքով, այլ ճշմարտությամբ պատմելուց չեմ դադարի։ Ո՛չ կարծիքներով եմ վեր թռել և ո՛չ էլ լուրերից արթնացել, այլ ես ինքս անձամբ նույն տեղում պատահեցի և տեսա ու լսեցի հանդգնաբար խոսելու ձայնը։ Ինչպես սաստիկ քամին ալեկոծում է մեծ ծովը, այնպես էր շարժում ու տարուբերում իր զորքերի ամբողջ բազմությունը։ Եվ բոլոր ուսմունքների հանդիսավոր քննություն էր կատարում, կշռադատում էր մոգությունն ու քավդեությունը և իր աշխարհի բոլոր ուսմունքները։

Կեղծավորությամբ մեջ էր բերում նաև քրիստոնեությունը և ասում էր զայրացած.

— Հարցրե՛ք, քննեցե՛ք, տեսեք, որը լավն է` թող այն ընտրենք ու պահենք։

Եվ ջանք էր գործ դնում, որ իր մտադրությունը շուտով կատարի:

Իսկ զորքի մեջ եղած զանազան կողմերից եկածները հասկացան այն կրակը, որ ծածուկ վառվում, բորբոքվում էր և ուզում լեռնեին ու դաշտերն առհասարակ հրդեհել։ Նրանք էլ կրակ կտրեցին անմարելի հրով և սաստկապես պատրաստվեցին գաղտնի որոգայթների փորձության դեմ։

[էջ 60]

... Իսկ անօրեն իշխանը, երբ իմացավ, թե հայտնվեց (իր) խորամանկ մտադրությունը, և պատրաստված հուրը դեռ ոչ–ոք նրա վրա չփչած՝ նրա վառվելը հայտնի դարձավ, սկսեց ծածուկ նետերով խոցոտել իր չար միտքը և անբուժելի վերքեր էր պատրաստում հոգիների և մարմինների համար։

Մերթ շանթում, գալարվում էր ինչպես մի թունավոր օձ, մերթ ձգվում, մռնչում էր ինչպես զայրացած առյուծ, ճմլվում ու թապլտկվում էր խարդախ մտադրությամբ և կամենում էր իր կամքը կատարել։

...Եվ երբ տեսավ, որ ծածուկ հնարագիտությունը բանի տեղ չանցավ, այլ դիմացիններն ավելի շատ էին գործում, որովհետև տեսնում էր, որ քրիստոնեությունն օրեցօր աճում–տարածվում էր հեռավոր ճանապարհի այն բոլոր կողմերը, որով ինքն անցնում էր, սկսեց հալումաշ լինել և հառաչելով հոգոց հանել։ Ակամա հայտնեց գաղտնի մտադրությունները, բարձրաձայն հրաման տվեց և ասաց.

— Իմ իշխանության ներքո գտնված բոլոր ազգերն ու ժողովուրդները թող բոլորը ձեռք քաշեն (իրենց) մոլար կրոններից և գան երկրպագություն անեն միմիայն արեգակին, զոհեր մատուցելով և աստված անվանելով (նրան) և սպասավորելով կրակին. բացի այս ամենից՝ մոգության օրենքներն էլ կատարեն, առանց որևէ բան պակաս թողնելու...

* * *

Բացի այս ամենից՝ մի այլ չարություն էլ նյութեց։ Իր հավատարիմ ծառաներից մեկին, որի անունը Դենշապուհ էր, գործով ուղարկեց Հայոց երկիրը։ Սա եկավ, տեղ հասավ արքունի հրամանով, բերեց մեծ թագավորի ողջույնը և խաղաղասեր կեղծավորությամբ ամբողջ Հայոց երկիրը աշխարհագիր արեց՝ իբր թե հարկերը ներելու և այրուձիու ծանրությունը թեթևացնելու նպատակով։ Թեպետև երեսանց կեղծավորություն էր անում, բայց ներքուստ երևում էին չարագույն դիտավորությունները։

[էջ 61]

Առաջին` եկեղեցու ազատությունը ծառայության տակ դրեց, երկրորդ` վանքերում բնակված միայնակյացներին նույն աշխարհագրի տակ գցեց, երրորդ` երկրի հարկն ավելի ծանրացրեց, չորրորդ՝ նախարարներին բանսարկությամբ թշնամացրեց միմյանց հետ և ամեն տան մեջ խռովություն գցեց։

...Բայց ամենից վատթարը հինգերորդն էր. որովհետև նա, որ երկրի հազարապետն էր, համարվում էր աշխարհականների վերակացու հայրը, սրա դեմ գրգռելով, ամբաստանություն հարուցեց և նրան գործից հանելով՝ նրա փոխարեն մի պարսիկ բերեց (մեր) աշխարհը և մի մոգպետի էլ աշխարհին դատավոր (կարգեց), որպեսզի եկեղեցու փառքը նսեմացնի։

Սակայն թեպետև այս բոլոր գործերը դժնդակ էին, բայց դեռ ոչ–ոք հայտնի կերպով ձեռք չէր տվել եկեղեցուն, այդ պատճառով էլ ոչ–ոք նրան չընդդիմացավ, թեև հարկերը ծանր էին։ Որովհետև որտեղից պետք էր հարյուր դահեկան առնել, կրկնապատիկն էին առնում. այսպես էլ (հարկի տակ) դրին եպիսկոպոսներին և երեցներին, ոչ միայն շեն, այլև ավերակ տեղերը։ ...Առնում էին ոչ թե ինչպես վայել է պետական արժանապատվությանը, այլ ավազակաբար հափշտակելով, այն աստիճան, որ իրենք էլ մեծապես զարմանում էին, թե մի տեղից, որ այսքան գանձ է դուրս գալիս, էլ ինչպե՞ս է շեն մնում այդ աշխարհը...

* * *

...Եվ թագավորն անմիջապես ներս կանչելով դպրապետին հրամայեց հրովարտակ գրել, բայց այլևս ոչ թե սովորության համաձայն, այլ զայրագին խոսքերոտվ ինչպես ատելի և անպիտան անձերի, ամենևին չհիշելով տիրասեր մարդկանց մեծամեծ ծառայությունները, այլ միայն անուն–անուն կանչելու հրաման տալով այն մարդկանց, որոնց ինքը ճանաչում էր...

Եվ յուրաքանչյուրն իր տեղից ելավ-գնաց արքունի դուռը։

[էջ 62]

Առաջվա ժամանակներում կարգն այն էր, որ երբ Հայաստանից որևէ պատվավոր զորավարի առաջնորդությամբ հեծելազոր էր գնում Դուռը, (թագավորը) մարդ էր ուղարկում ընդառաջ և հարցնում էր Հայոց աշխարհի ողջությունն ու խաղաղությունը. և երկու–երեք անգամ նույնն էր անում. զորահանդեսն էլ (թագավորն) ինքն էր անում և պատերազմ սկսելուց առաջ նրանց իր մոտ գալ, տեղ հասնելն անգամ մեծ շնորհակալության արժանի էր համարում և իր աթոռակիցների ու բոլոր մեծամեծների առաջ գովասանք էր տալիս ամենքին, հիշում էր նրանց նախնիների ծառայությունները և պատմում էր նրանց յուրաքանչյուրի քաջությունը։

Իսկ այն օրը սրանցից և ոչ մեկն էլ չհիշեց, այլ ինչպես մի չար դև, չէր դադարում ձմեռվա բուքը հուզելուց և շարժելուց. ինչպես որ հենց նմանվում էլ էր վրդովված ալեկոծ ծովի, որը ոչ թե երեսանց է մի քիչ (հուզվում), այլ նույնիսկ անդունդից էր բարձրանում փրփրած ու իրար վրա դիզված, վիշապաձայն որոտալով, գազանի նման մռնչալով, ընդհանրապես սարսափեցնում էր իր տիեզերական իշխանությունը, կարծես թե փուլ գալով պիտի տարածվեր ամեն կողմ լեռների, անդունդների և ձորերի վրա՝ լայնարձակ ու գեղեցիկ դաշտերը միանգամից փչացնելու համար:

Մռնչալով ձայն արձակեց և ասաց.

— Երդվել եմ մեծ աստված արեգակով, որ իր ճառագայթներով լուսավորում է ամբողջ տիեզերքը և իր ջերմությամբ կենդանացնում է բոլոր արարածներին, որ եթե վաղն առավոտյան, սքանչելու ծագելուն պես, բոլորդ ինձ հետ միասին ծունր չդնեք նրա առաջ նրան աստված դավանելով, ձեզ ամենևին զիջողություն չեմ անի, ամեն տեսակ նեղություն ու չարչարանք կթափեմ ձեզ վրա, մինչև որ ակամա կատարեք իմ կամքն ու հրամանը։

Իսկ հավատացյալները... ոչ ձմեռածին սառնամանիքից էին մրսում և ոչ խորշակի տոթից տաքանում, ոչ ահագին ձայնից էին սարսափում և ոչ էլ տանջանքների սպառնալիքից վախենում, այլ վերև նայելով և զվարթ դեմքերով ու համեստ խոսքերով առաջ անցնելով` թագավորին պատասխան տվին.

— Խնդրում ենք քեզանից, քա՛ջ թագավոր, ականջ դիր

[էջ 63]

մեր մի քանի խոսքին և քաղցրությամբ լսի՛ր, ինչ որ ասելու ենք։ Քեզ հիշեցնում ենք արքայից արքա Շապուհի ժամանակները, որ քո պապ Հազկերտի հայրն էր, և աստված նրան Հայոց երկիրը հպատակեցրեց հենց այս կրոնով, որով և մենք ենք կառավարվում այժմ։ Եվ մեր հայրերն ու մեր հայրերի պապերը նրա ծառայության մեջ մնացին և սիրով կատարում էին նրա բոլոր հրամանները, և շատ անգամ էլ նրանից մեծամեծ պարգևներ էին ստանում։ Եվ այն ժամանակներից մինչև քո հայրենի աթոռը նստելը մենք էլ նույն կերպով ծառայեցինք և, թերևս, քեզ ավելի լավ, քան (քո) նախորդներին։

Այս ասելով, ցույց էին տալիս, որ զինվորության կարգի մեջ իրենց քաջություններն ավելի էին, քան թե առաջիններինը։ Իսկ տուրքեր և աշխարհի ուրիշ ինչ տեսակ հարկեր որ կային, ավելի շատ էին մտնում արքունի (գանձարան), քան նրա հոր ժամանակ։

— Նույնիսկ սուրբ եկեղեցին, որ մեր նախնիների կարգի համաձայն սկզբից ևեթ ազատ էր, դու հարկի տակ դրիր, և մենք քո տերությանը սիրո համար ամենևին չընդդիմացանք։ Արդ, ի՞նչի համար է այս ցասումը հարուցված մեզ վրա, դու մեզ ասա մեր հանցանքն ու մեղքը. մի՞թե մեր կրոնն է պատճառ, որ մենք անվաստակ ենք դուրս եկել քո առաջ։

Իսկ չար դևը, ամեն նենգությամբ լցված, երեսը մի կողմ դարձրեց և ասաց.

— Վնաս եմ համարում արքունի գանձարանն ընդունել ձեր աշխարհի հարկը, և ձեր արիությունն ու քաջությունն էլ անօգուտ, որովհետև տգիտությամբ մոլորվել եք մեր ճշմարիտ կրոնից, աստվածներին անարգում եք, կրակն սպանում, ջրերը պղծում և մեռելներին հողի մեջ թաղելով երկիրն ապականում... Եվ դևերը մեծապես ուրախանում են, երբ չեք խրատվում և չեք պահում մոգերի բոլոր կարգերը։ Տեսնում եմ ձեզ ինչպես անապատի մեջ ցրված ու մոլորված խաշներ, և ես շատ վախենում եմ չլինի թե աստվածները ձեր պատճառով բարկանան ու վրեժը մեզանից առնեն։ Իսկ դուք եթե կամենում եք ապրել և ձեր անձերը փրկել, և

[էջ 64]

մեծարանքներով ետ ուղարկվել, ինչ որ ասացի, վաղը շուտ կատարեցեք։

Այն ժամանակ երանելի նախարարներն առհասարակ բարձրացրին իրենց ձայնը և ասացին բոլորի առաջ.

— Մի՛, թագավոր, այլևս մի՛ ասա մեզ այդ բանը... Ինչ ձևով ուզում ես վարվել՝ վարվիր, բոլորս պատրաստ ենք այն ամեն հարվածների ու տանջանքների համար, որ սպառնացիր, ո՛չ միայն չարչարվելու, այլև մեռնելու։ Եվ եթե դարձյալ նույն բանը հարցնես, ամեն մեկիցս ավելի (կտրուկ) պատասխան կլսես։

Այն ժամանակ թագավորը՝ լեղուց ավելի դառնացած փորի մեջ կուտակված կամավոր մաղձի ծովը փուլ է ածում, նրա քթից ու բերանից առհասարակ ջերմախառն գոլորշի է դուրս գալիս, ինչպես սաստիկ հնոցից թանձր ծուխը։ Եվ սիրտը չհամբերելու պատճառով, կոտրում է իր մարմնի ու կամքի զորությունը, ծակոտում մտադրությունների բազմամթեր ամանը և ցրում-տարածում է (իր) բոլոր նենգավոր մտածմունքները...

Երեք-չորս անգամ կրկնում է իր անսուտ երդումը արեգակի անունով և ասում է այսպես.

— Չեք կարող խախտել իմ հաստատուն որոշումները, և թույլ չեմ տա, որ դուք հասնեք ձեր ուզածին, այլ ձեզ բոլորիդ և ովքեր այստեղ զորքի մեջ են, չարաչար կապանքներով վտարել կտամ անճանապարհ տեղերով, այնպես որ ձեզանից շատերը գնալու ժամակակ խորշակից կսատկեն, իսկ մնացածները կգցվեն ամուր բերդերը և անելանելի բանտերը։ Ձեր աշխարհն էլ անթիվ զորք կուղարկեմ փղերի հետ միասին, և ձեր կանանց ու որդիներին Խուժաստան քշել կտամ, և ձեր եկեղեցիները և ինչ որ վկայարան եք կոչում, կքանդեմ, կավերեմ և կփչացնեմ, և եթե էլի մեկը ընդդեմ դուրս եկած լինի, գազանների ոտների տակ գցելով՝ անողորմ մահով կմեռնի: Այս ամեն ասածներս կանեմ և կկատարեմ (ձեր) աշխարհում մնացածների վերաբերմամբ։

Եվ անմիջապես հրամայեց պատվական նախարարներին մեծ անարգանքներով հեռացնել իր աչքի առաջից...

Թագավորի ներքին խորհրդականներից մեկը գաղտնի կապված էր Քրիստոսի անքակ սիրով, նույնիսկ մկրտված

[էջ 65]

էր կենդանի ավազանի մեջ, և մեծապես հոգ էր տանում վշտացածների կյանքը փրկելու։ Եվ երբ հաստատապես ստուգեց, որ թագավորն իր սպառնացած բազմաթիվ չարիքները բոլորն ուզում է կատարել Հայոց աշխարհի գլխին, թեպետև նրանցից ոչ բոլորին, բայց մի քանիսին խրատ տվեց և սովորեցրեց, թե ինչ հնարք գործ դնեն, որ առժամանակ իրենց փրկեն այն նեղ դրությունից։

...Եվ ամենքն անքակտելի ուխտ դնելով, որ հաստատ մնան իրենց նախկին մտադրության վրա, իրենց միևնույն խրատատուին պատգամավոր ուղարկեցին ներս, իբր թե կատարվելու է նրա անօրեն կամքը։

Երբ այս լսեց թագավորը՝ չափազանց ցնծաց և ուրախացավ, կարծելով, թե աստվածներն իրեն օգնության են հասել, և ահա երկրպագություն են մատուցանում արեգակին, պատվելով նրան զոհերով և մոգության բոլոր օրենքներով։ ...Եվ ճշմարիտ հայտնությունից զրկված՝ նա ամենևին չհասկացավ այն պատրանքն ու խաբեությունը, որով սխալեցրին նրան։

* * *

Սպարապետը նախարարների միաբանությամբ սկսեց խոսել զորքի հետ և ասաց.

— Շատ պատերազմներ եմ մղել ես, և դուք էլ ինձ հետ. տեղ կար, որ քաջաբար հաղթեցինք թշնամիներին, տեղ էլ կար, որ նրանք հաղթեցին մեզ։ Բայց ավելի շատն այն է, որ հաղթող ենք դուրս եկել և ոչ թե հաղթված։ Բայց այդ բոլորը մարմնավոր պարծանք էր, որովհետև անցավոր թագավորի հրամանով էինք մարտնչում։ Ով փախչում էր, վատանուն էր երևում աշխարհում և նրանից անողորմ մահ էր ստանում, իսկ ով քաջությամբ առաջ էր ընկնում, քաջ անուն էր ժառանգում և մեծամեծ պարգևներ էր ստանում անցավոր ու մահկանացու թագավորից։ Եվ մեզնից ամեն մեկս էլ ահավասիկ շատ վերքեր ու սպիներ ունենք մեր մարմինների վրա, և ուրիշ շատ քաջություններ էլ են եղել, որոնց համար և մեծամեծ պարգևներ են ստացվել: Անարգ

[էջ 66]

և անօգուտ եմ համարում այդ քաջությունները և ոչինչ բաներ՝ այդ բազմաթիվ պարգևները, որովհետև բոլորն էլ ոչնչանալու են:

Իսկ արդ՝ եթե մահկանացու հրամանատուի համար քաջ գործեր էինք կատարում, ինչքան ավելի ևս (պետք է կատարենք) մեր անմահ թագավորի համար, որ տերն է կենդանիների ու մեռելների և բոլոր մարդկանց դատելու է իրենց գործերի համեմատ։ Չէ՞ որ եթե խիստ շատ ապրելով ծերանամ, միևնույն է՝ այս մարմնից պետք է բաժանվենք, որպեսզի մտնենք կենդանի աստծու մոտ, որից այլևս չպետք է բաժանվենք։

Արդ, աղաչում եմ ձեզ, ո՛վ իմ քաջ նիզակակիցներ. մանավանդ որ ձեզանից շատերը քաջությամբ ինձնից ավելի լավ եք և հայրենական գահի պատվով` ավելի բարձր. բայց երբ ձեր հոժար կամքով ինձ կարգեցիք ձեզ առաջնորդ և զորագլուխ, թող իմ խոսքերը ախորժալուր և բաղձալի թվան մեծերիդ ու փոքրերիդ ականջներին։ Չերկնչենք ու չվախենանք հեթանոսների բազմությունից և ո՛չ էլ մահկանացու մարդու ահռելի սրի դեմ թիկունքներս դարձնենք, որպեսզի եթե տերը հաղթությունը մեր ձեռքը տա, ոչնչացնենք նրանց զորությունը, որպեսզի բարձրանա ճշմարտության կողմը, իսկ եթե հասել է ժամանակը մեր կյանքը սուրբ մահով ավարտելու այս պատերազմում, ընդունենք ուրախ սրտով, միայն թե արիության ու քաջության մեջ վախկոտություն չխառնենք։

... Իսկ արդ՝ երկու և երեք կռիվների մեջ ինքը տերը մեծ զորությամբ օգնեց մեզ, այնպես որ քաջության անուն ժառանգեցինք և արքունի զորքը չարաչար ջարդեցինք, մոգերին էլ անողորմ կերպով կոտորեցինք և կռապաշտության պղծությունը մի քանի տեղերից սրբեցինք, թագավորի անօրեն հրամանը ջնջեցինք, ոչնչացրինք, ծռվի խռովությունն իջեցրինք, լեռնացած ալիքները դաշտացան, բարձրադեզ փրփուրն սպառվեց, գազանացած զայրույթը դադարեց։ Նա, որ ամպերի վրայից էր որոտում, ընկճված՝ իր սովորական բնությունից էլ ցած իջավ՝ մեզ հետ խոսելով։ նա, որ խոսքով ու հրամանով էր ուզում կատարել իր չարությունը, այժմ աղեղով ու նիզակով ու սրով է կռվում...

[էջ 67]

Եվ ահա եկել–հասել է ժամանակը, որ ամեն մի կեղտ կոչված բան հեռացնենք մեզանից։ ...Վախը թերահավատության նշան է, թերահավտությունը մենք վաղուց ենք մերժել մեզանից, նրա հետ թող վախն էլ փախչի մեր մտքերից ու խորհուրդներից։

* * *

Իսկ քաջ Վարդանը առաջ գալով՝ հարցուփորձ արեց մեծամեծներին և բոլորի տված խորհրդի համաձայն զորագլուխներ նշանակեց։

Առաջին զորամասը հանձնեց Արծրունյաց իշխանին և նրան նիզակակից կարգեց Մոկաց մեծ իշխանին. և ուրիշ բազմաթիվ նախարարների այս երկուսին նիզակակից նշանակեց և զորամասի ամբողջ բազմությունը այս ու այն կողմից օգնական տվեց նրանց։

Երկրորդ զորամասը հանձնեց Խորեն Խորխոռունուն, և նրան նիզակակից կարգեց (Արսեն) Ընծայացուն և Ներսեհ Քաջբերունուն։

Երրորդ զորամասը հանձնեց Թաթուլ Վանանդացուն և նրան նիզակակից կարգեց Տաճատ Գնթունուն և շատ քաջ մարդիկ էլ այս ու այն կողմից օգնական տվեց նրանց։
Ինքը վերցրեց չորրորդ զորամասը և իրեն նիզակակից՝ քաջ Արշավրին և իր հարազատ եղբայր Համազասպյանին։

Այսպես կարգավորեց ու ճակատ կազմեց՝ զորքը սփռելով դաշտի ամբողջ երեսին, արյաց զորքի դեմուդեմը՝ Տղմուտ գետի ափին։

Եվ երբ այս այսպես պատրաստվեց, երկու կողմերն էլ սրտմտությամբ և մեծ բարկությամբ զայրացան և գազանացած զորությամբ միմյանց վրա հարձակվեցին, երկու կողմերի աղմուկն ու աղաղակը ճայթում էր ինչպես (կայծակը) իրար խառնված ամպերի միջից, և ձայների դղրդյունը շարժում էր լեռների քարանձավները։ Բազմաթիվ սաղավարտներն ու զրահապատված զորականների զենքերը փայլում էին ինչպես արևի ճառագայթների շողեր: Նաև բազմաթիվ սուսերների շողալուց և բազմախուռն նիզակնե–

[էջ 68]

րի ճոճվելուց կարծես ահագին կրակ էր թափվում երկնքից։ Արովհետև ո՞վ կարող է պատմել ահավոր ձայների մեծ իրարանցումը, և թե ինչպես վահանավորների թնդյունն ու աղեղների լարերի ճայթյունը առհասարակ խլացնում էին բոլորի ականջները։

Այնտեղ պետք էր տեսնել, թե ինչ մեծ տագնապ և անչափ իրարանցման սրտնեղություն կար երկու կողմերում էլ, երբ հանդուգն հարձակումով իրար էին բախվում, որովհետև թանձրամիտները հիմարանում էին, վախկոտները վհատվում, քաջերը խիզախում էին, և անվեհեր կտրիճներն աղաղակում: Եվ ամբողջ բազմությունը իրար գլխի խմբվելով` գետն ամեն կողմից փակեցին, և գետի դժվարությունից վախեցած՝ պարսից զորքն սկսեց իր տեղում վխտալ։ Իսկ հայոց զորքն անցավ գետը և ձի նստած մեծ զորությամբ հարձակվեց։ Ուժգին թափով իրար զարկվելով՝ երկու կողմից էլ բազմաթիվ վիրավորներ գետին ընկած թպրտում էին։

Այս մեծ տագնապի մեջ դեպի վեր նայեց քաջ Վարդանը և տեսավ, որ պարսից զորքի ընտիր–ընտիր քաջ զորականները հայոց զորքի ձախ կողմն ընկճեցին։ Նա մեծ ուժով հարձակվեց այն տեղը և պարսից զորքի աջ թևը ջարդելով քշեց գազանների կողմը և, շուրջը պատելով, կոտորեց մինչև նույն տեղը։ Եվ այնպիսի տագնապ ու իրարանցում գցեց նրանց մեջ, որ մինչև անգամ Մատյան գնդի հաստատուն կազմակերպությունը քայքայվեց-ցրիվ եկավ, և նա դեռևս պարտություն չկրած փախուստ տվեց։

Ապա աչքերը վեր բարձրացրեց Մուշկան Նիսալավուրտը և տեսավ, որ հայոց զորքից ոմանք բաժանվել և ետ են ընկել լեռների հովիտներում։ Ուստի և աղաղակ բարձրացրեց, քաջալերեց իր շուրջը գտնված արյաց զորքին, որոնք կանգնած էին Վարդանի գնդի հանդեպ։ Այնտեղ երկու կողմերն էլ իրենց պարտված էին զգում, և ընկած դիակների թիվն այնքան մեծ էր, որ նմանվում էր խորդուբորդ քարակույտերի:

Երբ այս բանը տեսավ Մուշկան Նիսալավուրտը, սպասում էր Արտաշրի գազաններին, որը նրանց վրա նստած էր բարձր դիտանոցում, ինչպես միջնաբերդում, և գալարա–

[էջ 69]

փողերի բարձր ձայնով շտապեցրեց իր գնդերին և առաջամարտիկ զորքերով շրջապատեց նրան։

Իսկ կորովի Վարդանն իր քաջ նիզակակիցներով մեծ կոտորած արեց այնտեղ, ուր և հենց ինքն էլ արժանի եղավ ստանալու կատարյալ նահատակության պսակը։

Եվ պատերազմի գործը երկարելով՝ օրը տարաժամեց և երեկոյան դեմ դադարեց, շատերն իրենց մահվան օրհասը գտան, մանավանդ որ ընկածների դիակներն այնպես խիտ էին ու իրար մոտ թափված, ինչպես անտառի կտրատված փայտերը։

Այնտեղ պետք էր տեսնել նիզակների կոտրատումն ու աղեղների խորտակումը, ուստի և չէին կարողանում ստույգ որոշել երանելիների մարմինները, և սաստիկ խուճապ ու իրարանցում էր երկու կողմերի ընկածների համար: Ւսկ ովքեր (կենդանի) էին մնացել, ցիրուցան եղան ամուր ձորերի լեռնադաշտերում. և երբ պատահում էին միմյանց, դարձյալ սպանում էին մեկմեկու։ Եվ այսպես դաժան գործը շարունակվեց մինչև արևի մայր մտնելը։

Եվ որովհետև ժամանակը գարնանային էր, ծաղկալից դաշտերը լցվեցին հորդահոս արյունով։ Մանավանդ, երբ մեկը տեսնում էր ընկած բազմաթիվ դիակների կույտերը՝ սիրտը կտրատվում էր, և աղիքները՝ գալարվում, լսելով խոցվածների մրմռոցը և ջարդվածների մռնչյունը, վիրավորների թավալգլոր սողալն ու շարժվելը, վախկոտների փախուստը, վհատվածների թաք կենալը, անարի մարդկանց սրտաբեկությունը, թուլասիրտների ճիչերը, սիրելիների ողբը, մերձավորների սուգը, բարեկամների վայնասունը: Որովհետև ոչ թե մի կողմը հաղթեց, և մյուս կողմը պարտվեց, այլ քաջերը քաջերի դեմ դուրս գալով՝ երկու կողմերն էլ պարտություն կրեցին։

Բայց որովհետև հայոց զորավարն ընկել էր մեծ պատերազմում, այնուհետև էլ ոչ ոք գլխավոր չկար մեջտեղում, որին հենված ժողովեին մնացած զորքերը: Թեպետև ողջ մնացածներն ավելի շատ էին, քան մեռնողները, սակայն նրանք ցանուցիր եղան և քաշվեցին երկրի զանազան ամուր տեղերը և ուժով տիրեցին շատ գավառների ու բերդերի, որոնք ոչ ոք մինչև իսկ առնել չէր կարողանում:

[էջ 70]

Եվ սրանք են այն քաջ նահատակների անունները, որոնք այդ նույն տեղում վախճանվեցին.

Մամիկոնյանց ցեղից Քաջ Վարդանը՝ հարյուր երեսուն և երեք մարդով,
Խորխոռունյաց ցեղից Կորովի Խորենը՝ տասնինը մարդով.
Պալունյաց ցեղից Արի Արտակը՝ հիսուն և յոթ մարդով.
Գնթունյաց ցեղից Զարմանալի Տաճատը՝ տասնինը մարդով.
Դիմաքսյանց ցեղից Իմաստուն Հմայակը՝ քսանևերկու մարդով.
Քաջբերունյաց ցեղից Հրաշակերտ Ներսեհը՝ յոթը մարդով.
Գնունյաց ցեղից Մանուկ Վահանը՝ երեք մարդով.
Ընծայնոց ցեղից Արդար Արսենը՝ յոթ մարդով,
Սրվանձտյան ցեղից Հառաջադեմ Գարեգինը՝ երկու հարազատներով և տասնութը մարդով։

Այս երկու հարյուր ութսունյոթ նահատակները՝ ինը մեծամեծ նախարարների հետ՝ հենց այնտեղ վախճանվեցին։ Եվ թագավորական տնից և Արծրյունյաց տնից և մյուս նախարարների տնից, բացի այս երկու հարյուր ութսունյոթ հոգուց, (դարձյալ ընկան) էլի յոթ հարյուր քառասուն հոգի։ Եվ այս բոլորը միասին լինում է հազար երեսունվեց մարդ։ Իսկ պարսիկների կողմից այն օրը ընկան երեք հազար հինգ հարյուր քառասունչորս մարդ։ ...Շատ խոր վշտացավ Մուշկան Նիսալավուրտը, երբ տեսավ, որ իր զորքի ստացած սաստիկ հարվածները երեք անգամ ավելի մեծ էին, քան հայերինը...

* * *

Իսկ երանելի առաքինիների և կապվածների ու պատերազմում ընկածների կանանց ամբողջ Հայոց աշխարհում ես հաշվել չեմ կարող, որովհետև չիմացածներս ավելի շատ են, քան՝ իմացածներս։ Հինգ հարյուրի չափ անուն–անուն ճանաչում եմ, ոչ միայն նրանցից, ովքեր ավազագույններից էին, այլև շատերին կրտսերագույններից։

Բոլորը միահամուռ երկնավոր նախանձով լցված ամե–

[էջ 71]

նևին պակաս չմնացին նրանցից, ովքեր աշխարհ չէին մտել: Որովհետև թե՛ ավագագույնները և թե՛ մանկագույնները հավատի միևնույն առաքինությամբ զգեստավորվեցին: Ամենևին չհիշեցին մայրենի ազատության փափկության անունը, այլ իբրև այնպիսի մարդիկ, որոնք հենց սկզբից նեղությունների են համբերել շինական սովորությունների օրինակով և տանջվելով են անցկացրել իրենց կյանքը, նրանցից էլ ավելի մեծ վշտերի համբերել հանձն առան։

...Չկային նրանց համար առանձին անուշահամ կերակուրներ պատրաստող խոհարարներ և ոչ էլ ջոկ հացարարներ` ազատների սովորության համաձայն նրանց սպասավորելու համար, այլ (այդ ամենը) ընդհանուր էր։ Շաբաթամուտն (անց էին կացնում) անապատում բնակվող միայնակյացների կարգով։ Ոչ ոք մյուսի ձեռին ջուր չէր լցնում, և ոչ էլ կրտսերները ավագներին սրբիչ էին մատուցանում։ Փափկասուն կանանց ձեռքը օճառ չընկավ, և յուղ չառաջարկվեց ուրախության հանդեսների համար: Նրանց առջև մաքուր սկուտեղներ չդրվեցին և ոչ էլ բաժակակալներ տրվեցին ուրախության համար...

Փոշոտվեցին ու ծխոտվեցին նորահարսների սրահակներն ու առագաստները, և սարդի ոստայններ ձգվեցին նրանց հարսնարաններում. կործանվեցին նրանց դահլիճների բարձր գահերը, և խանգարվեցին նրանց սեղանների պարագաները, ընկան-կործանվեցին նրանց ապարանքները, և տապալվեցին ու ավերվեցին նրանց ապաստան ծառայող ամրոցները։ Զորացան–ճռզեցին նրանց ծաղկանոցների բուրաստանները, և արմատախիլ եղան նրանց գինեբեր այգիների տունկերը։

Հայոց աշխարհի փափկասուն տիկինները, որոնք փափուկ կյանքով ու քնքուշ մեծացել էին բազմոցների ու գահավորակների մեջ, շարունակ բոբիկ, ոտքով էին գնում աղոթատները, առանց ձանձրանալու ուխտելով և խնդրելով, որ կարողանան դիմանալ այն մեծ նեղությանը: Ովքեր իրենց մանկությունից հորթերի ուղեղներով և էրեների փափուկ մսով էին սնվել, մեծ ուրախությամբ խոտեղեն կերակուր էին ընդունում վայրենիների նման և ամենևին չէին հիշում իրենց սովորական փափուկ կյանքը: Նրանց մար–

[էջ 72]

մինների մորթը սև գույն ստացավ, որովհետև ցերեկն արևակեզ էին լինում և ամբողջ գիշերներն էլ գետնի վրա էին քնում:

Մոռացան իրենց կանացի տկարությունը և առաքինի տղամարդիկ դարձան հոգևոր պատերազմի մեջ, կռիվ բաց արին ու մարտնչեցին ծայրագույն մեղքերի դեմ, կտրեցին և դեն գցեցին նրա մահաբեր արմատները։ Միամտությամբ հաղթեցին խորամանկությանը և սուրբ սիրով լվացին նախանձի կապտագույն ներկվածքը, կտրեցին ագահության արմատները և չորացրին նրանց ոստերի մահաբեր պտուղները։ Խոնարհությամբ հաղթահարեցին ամբարտավանությունը և միևնույն խոնարհությամբ հասան երկնավոր բարձրությանը...

Շատ ձմեռների սառույցներ հալվեցին, գարուն հասավ, և նոր ծիծեռներ եկան, կենցաղասեր մարդիկ տեսան և ուրախացան, բայց նրանք երբեք չկարողացան տեսնել իրենց անձկալիներին։ Գարնանային ծաղիկները նրանց միտն էին բերում իրենց հավատարիմ ամուսիններին, բայց նրանց աչքերը կարոտ մնացին նրանց երեսների ցանկալի գեղեցկությունը տեսնելու։ Որսի բարակները վերջացան, և բոլորովին դադարեցին որսորդների արշավանքները։ Նրանք հիշվեցին միայն գրված հիշատակարաններով, և ոչ մի տարեկան տոն նրանց հեռու օտարությունից տուն չբերեց, նրանց ճաշատեղերին նայեցին ու արտասվեցին և բոլոր ատյաններում հիշեցին նրանց անունները։ Շատ արձաններ էին կանգնեցրած նրանց անվանը, և ամեն մեկի անունը նշանակված էր նրանց վրա։

Եվ մինչդեռ այսպես ամեն կողմից ալեկոծվում էին նրանց մտքերը, նրանք ամենևին չթուլացան երկնավոր առաքինությունից։ Դրսից նայողներին երևում էին որպես սգավոր և չարչարված այրիներ, իսկ իրենց սրտերում զարդարված ու մխիթարված էին երկնավոր սիրով։

Այլևս սովորություն չարին հեռու երկրից եկած մեկին հարցնելու, թե ե՞րբ կլինի, որ տեսնենք մեր սիրելիներին...

 

Նախորդ էջԲովանդակություն  | Հաջորդ էջ
Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Սովետական գրող հրատարակչություն, Երևան 1977
Տրամադրել է՝ Միքայել Յալանուզյանը

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice