ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Ոսկեփորիկ. նմուշներ հին և միջնադարյան արձակից

ՈՍԿԵՓՈՐԻԿ

Նախորդ էջԲովանդակություն  | Հաջորդ էջ

[էջ 73]

ՂԱԶԱՐ ՓԱՐՊԵՑԻ (V Դ.)

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
(Հատվածներ)

Զ. Արշակունի թագավորության երկու մասի բաժանվելու ժամանակ, Հայոց աշխարհի արևմտյան կողմը ենթարկվեց հույների թագավորին և արևելյան կողմը խոնարհվեց պարսից թագավորին դառն և խիստ ծառայությամբ։ Այնուհետև պարսից թագավորի բաժնի հայոց նախարարները գնացին և խնդրեցին իրենց համար թագավոր Արշակունյաց ազգից՝ բուն կարգի համաձայն։ Պարսից Շապուհ թագավորը կատարելով նրանց խնդրանքը, Արշակունյաց ազգից Խոսրով անունով մեկին թագավոր նշանակեց նրանց։

Հայոց նախկին թագավոր Արշակը որովհետև միահեծան իշխան էր բովանդակ Հայոց աշխարհի վրա, երբ տեսավ, որ իրենց ազգի թագավորության մեծ իշխանությունը խախտվելով ու քայքայվելով մասնատվեց, սաստիկ տրտմությամբ ալեկոծված տարակուսեց իր սրտում. նախ տեսավ Հայոց աշխարհի՝ երկու թագավորների ծառայության լծի տակ ընկնելը և երկրորդ` Հայոց աշխարհի լավագույն, պիտանի և պտղաբեր մասը պարսից թագավորի իշխանության տակ. թեպետ ուրիշ շատ գավառներ բաժին էին ընկել հույների թագավորին, բայց այն համեմատում էին միայն Արարատյան գավառի հետ։

Արշակ թագավորն իր սիրելիների հետ խորհում և մտքում տակնուվրա էր լինում, ասելով, «Թեև մինչև այժմ երբեմն հակառակությամբ կամ սիրով եղել ենք իրար հետ, մենք պատերազմով հասկացրել ենք նրանց, թե ինչպես

[էջ 74]

մի մարդ պարտավոր է ճանաչել իրենից ավելի քաջի նախապատվությունը, թե խոնարհվելով սիրով հանդիպում էինք իրար, նրանց եղբայր էինք համարվում՝ փոքր մասի գահակցությամբ ու պատվով, և բոլորովին ծառայության անուն չստացանք ու չկրեցինք մեզ վրա: Իսկ այժմ մեր և մեր պապերի երկայնամիտ ու քաղցր աստծուն բարկացնելու պատճառով մատնվեցինք ստրկության, և անարգության հասած՝ անխնա բաժանվեցինք, այլև տեսանք, որ մեր հանգստության և բնակության գեղեցիկ երկիրը պարսից անաստված ու գոռոզ ազգն է ժառանգել։ Ուստի նախընտրելի է ինձ համար թողնել Այրարատի ցանկալի և ամենափափագելի երկիրը, իմ նախնյաց բնիկ ու սեփական տեղերը, գնալ աղքատության ետևից ու ապրել ցանկալի կարոտով, քան թե այս աշխարհի կյանքը սիրել, որ ակամա թողնելու ենք, և բնակություն ընտրել այն մասում, քան անարգությամբ բնակվել անօրենների մեջ, ու միշտ մտատանջությամբ մնալ այս երկար կամ կարճ անհայտ կյանքում և մեռնել անարգությամբ, ըստ որում ոչ արժանի թագավորական պատվի ու փառքի»։

Է. Արշակ թագավորն իր մտքում այս բոլորը խորհելով, թողեց իր պապերի բարի ու սեփական ժառանգությունը, փառավոր, անվանի, երևելի, ամենաբույս, ամենաբուխ, ամենալիառատ, մարդու կյանքի պետքերի, վայելչության, ուրախության, օգտի և դեղի համար ամեն ինչ ունեցող Այրարատ գավառը։ Մեծատարած և որսալից դաշտերը, շուրջը բազմած գեղեցկադիր և խոտավետ լեռները, որոնք կճղակավոր և որոճող և այլ շատ վայրի կենդանիներով լիքն են։ Նրանց գագաթներից առատ ջրեր են հոսում, դաշտերը ոռոգելով առատորեն, անպակաս մատակարարում են անթիվ տղամարդկանց ու կանանց բազմությամբ լցված թագավորական քաղաքին հաց և գինի, անուշահոտ, քաղցրահամ բանջարներ և զանազան յուղալի սերմեր։ Իսկ դեպի լանջակողմերն ու սարահարթ վայրերը, եթե մի նորեկ մարդ իր աչքերը դարձնի, հանդերձներ կկարծի և ոչ թե համասփյուռ ծաղիկների գույներ: Նրանց (լեռների) թանձր և առատ խոտերն արոտական, ընտանի անթիվ ավանակների ու վայրի կենդանիների խմբերին կշտացնելով՝ մորթերն են թանձ–

[էջ 75]

րացնում, գավակները գիրացնում, և պարարտությամբ ամբողջ մարմինը հարստացնում։ Իսկ անուշահոտ ծաղիկների առատ բույրը, նետավոր, որսասեր քաջ այրերին և գիշեր–ցերեկ հանդում ապրող հովիվներին առողջություն է պարգևում, մտքի սթափությունն է զորացնում ու թարմացնում է։ Այնտեղ կան նաև խելացի ու հմուտ բժիշկների ստուգագույն դեղերի օգտակարության համար անհրաժեշտ զանազան տեսակի բույսերի արմատներ և արագահաս ախտահալած սպեղանիներ, որոնք երկար ժամանակ ցավերի մեջ տառապողներին առողջություն են պարգևում։

Իսկ դաշտերի՝ ամեն կարգի բարիքներով չափազանց հարստությունը գրավում, կանչում է աշխատասեր մարդկանց: Ինչպես իշխանական հրամանով և իր բարիքներով լիացնելով նրանց, միանգամայն հրապուրում, որքան կարելի է շուտ դեպի իրենց դառնալ։

Նրանք իրենց օգտակարությունը ոչ թե միայն երևութապես են մատուցում մարդկանց, այլ՝ ավելի ջանասեր աշխատողներին երկրի տակ եղած գանձերն են ցույց տալիս, որ այս աշխարհի վայելչությունն ու օգուտը իրենց անձերին պատրաստեն։ Ոսկի, պղինձ, երկաթ ու պատվական քարեր վերցնելով արհեստավոր մարդիկ զարդարում են թագավորներին փառավոր զարդերով ու բանվածքներով. թագերի, խույրերի ու հանդերձների վրա շարելով` ոսկեհյուս միավորում են։ Այլև ջրերի հետ միախառնվելով բնական համեղություն են տալիս ամեն տեսակ կերակուրներին։ Արարատի ամենացանկալի դաշտը զուր չի բուսցնում իր վրա եղեգնատեսակ բույսերի արմատներ, նրանցից դուրս եկած կարմրագեղ զարդարանքի գույների որդերը օգտասերներին վաստակ ու գեղեցկություն են ընծայում։ Եվ մեծ ու փոքր գետերը նույնպես համով ու տեսքով զանազան, բազմատեսակ ձկներով ուրախացնելով մեծացնում են կարողության պատիվը, ժիր ու վստահ աշխատողների որովայնին հագուրդ տալով։

Երկիրը մաքուր ջրերով սնուցանում է իր մեջ շատ թռչուններ՝ որսասեր ազնվականների ուրախության ու զվարճանքի համար. կարկաչաձայն, քաղցրախոս, քարքարուտներ սիրող ու ժայռերի ծերպերում թաքնվող կաքավների ու

[էջ 76]

սալամբների երամներ, կամ եղեգնաբնակ, թփերում ու մացառներում ապաստանող պարարտամարմին, անուշահամ վայրի աքարներ. այլև ջրասույզ, մամռասեր, խոտակեր, մեծանձն ու մեծամարմին հավքեր, փորը, թանձրն ու սագը և ուրիշ բազմաթիվ ցամաքային ու ջրային թռչուններ։ Իսկ նախարարների գունդը ազատների զավակների հետ բարակներով ու թակարդներով որսի գնալով՝ ոմանք վայրի ցռերի ու այծյամների ետևից են վազում, հորդորական և միայն աղեղի վերաբերյալ խոսքեր խոսելով, մյուսները եղջերուների ու եղնիկների խմբերին ձիով հետապնդելով, քաջ նետարձակների գործ էին կատարում։ Կեսը` սրերով, մենամարտիկների նման, հաղթանդամ վարազներին էին տապալելով սպանում: Նախարարազուն փոքր տղաներից շատերը դաստիարակների ու ծառաների հետ բազեներով զանազան տեսակ թռչուններ որսալով, բերում էին ուրախության ընթրիքն առատացնելու համար: Եվ այսպես յուրաքանչյուր որսով գոհացած՝ գնում են ուրախությամբ։

Ջրերում աշխատող և որս փնտրող ձկնորսների մանուկները, նայելով նախարարներ տղաներին, դիմավորում են և իրենց բռնած ձկները, գետի կղզուց ձեռք բերած վայրի բազմատեսակ թռչունների ձագեր ու ձվեր ընծայաբերում են իշխաններին։ Նախարարները հոժարությամբ ընդունելով նրանց ընծայածների մի մասը, իրենք էլ ձկնորսների որդիներին իրենց ունեցածներից ընծայում են ավելի շատ։ Ամեն տեսակ բարիքներով բեռնված՝ իրենց պալատները հասնելով, կենդանի մնացած որսերը նվիրում են տանը մնացող աշխատավորներին, մանավանդ և օտարներին։ Պետք է տեսնել բոլորի ընթրիքում իրար վրա դարսված երեների բազմությունը և նրանց գլուխները իրենց առաջ կիտելը, դրանցով ուրախանում են ձկնակեր և մսակեր մարդիկ։

Ը. Այժմ այսպիսի ցանկալի, ամենախնամ արարիչ աստծու կամեցողությամբ՝ աննման Արարատյան գավառը, որ Հայոց աշխարհի գլուխն է, նույն ցանկալի համբավը վայելող, ամեն բարիքներով լի գավառը, որ իր վրա կրում է լիության օրինակ, սուրբ գրքի խոսքերի համաձայն եգիպտացոց երկրի և աստծու դրախտի նման, Արշակունյաց ազգի սեփական, բնիկ կալվածքը՝ Վաղարշապատ քաղաքը,

[էջ 77]

Արշակունի թագավորների մայրաքաղաքը, անհամար պալատների բարձր շինվածքները, լիառատ դաշտերի ուրախությունը, հրեշտակի ցույց տված աստծու սուրբ տունը, այսինքն՝ մեծ եկեղեցին և ճգնակյաց երանելի կույսերի վկայարանները, որոնց Արշակունյաց ազգը անարժան գտնվեց իր վատ գործերի պատճառով և սուրբ Ներսեսի խոսքի համաձայն աստծու երեսից մերժվեց ու հունաց և պարսից թագավորների միջև բաժանվեց։ Նրանք Հայոց մեծ աշխարհը բաժանելով՝ իրենց ձեռքի տակ առան։

Հայոց Արշակ թագավորն այդ պատճառով գերիի նման հեռացավ գնաց Արարատյան գավառից, նախընտրեց գնալ փոքր բաժնի երկիրը և հնազանդվել հունաց թագավորին, քան թե մնալ այսպիսի առատաբերք փառավոր գավառում և ամեն օր տեսնել հավատի ու սուրբ եկեղեցու անարգվելը, տեսնել այն նախատինքը, որ աստծու տան պաշտոնյաները կրելու էին անօրեններից և իր ազգի ու թագավորության խայտառակվելը պարսից գոռոզ իշխաններից։ Նա ավելի նախապատիվ համարեց այս աշխարհի կարճ կյանքը իբրև քրիստոնյա անցկացնել խաղաղության մեջ, քան թե սուտ փառքով, արհամարհվածի նման այստեղ ապրելով զրկվել հավիտենական կյանքից ու մատնվել հավերժ անմարելի կրակին։ Այս ամենը մտածելով տարակուսած, (հայոց Արշակ թագավորը) թողեց իր պապերի փառավոր ժառանգությունը և գնաց հունաց թագավորին ծառայելու։

* * *

Հայոց զորավար Վահան Մամիկոնյանը թշնամիներին կոտորելուց վերադառնալով գնաց և գիշերվա մնացած մասը, մինչև առավոտ, հանգստացավ Շտյա գյուղի գոմերում։ Երբ լույսը բացվեց նա գնաց բանակեց Շտյա գյուղում։
Վահան Մամիկոնյանի զորքերը ուզում էին փոքր-ինչ հանգստանալ գիշերվա ծանր չարչարանքից հետո, երբ աչքերը բարձրացնելով տեսան, որ իրենց վրա է հարձակվել պարսից զորագլուխ Շապուհը և զայրագնած սրտով մռմռում է գազանի նման։ Որովհետև բոլոր օրերից առավել այն

[էջ 78]

գիշերվա վնասներն էին չարաչար թվում նրան, և իրոք այդպես էլ էր։ Հայոց զորավար Վահան Մամիկոնյանը տեսնելով պարսից զորավար Շապուհի՝ զորքի ամբողջ բազմությամբ հանկարծահաս հարձակումը իր վրա, թեև գիտեր, որ իր գունդն անպատրաստ էր և նվազ` թշնամիների բազմաթիվ զորքերից, այնուամենայնիվ չվախեցավ բնավ, այլ հրամայեց և շտապ դասավորեց եղածներին և բարձրաձայն գոչում էր առյուծաբար, ասելով., «Մի մարդ, որ երկու բանից մեկին է հավատում, անհնար է, որ սխալվի: Երկուսին հանդիպելը պատվավոր է ու արժանի հարգանքի, սակայն երկուսից մեկը առավել մեծ է, բարձր և ցանկալի, քան մյուսը, և անմիտ ու անիմաստ չէ այդ հանդիպումը։ Դուք ցանկացաք ապրել համբերությամբ և մեռնել հուսով, իսկ ապրելն ու մեռնելը պարծանք է, սուրբ ուխտի համար մեռնելը` մարտիրոսություն։ Արդ, հաղթության բաժնով շատ անգամ աստված պայծառացրեց մեզ, և շնորհակալ ենք. իսկ այն, որ ամենից մեծ և ամենից բարձր է, այն ևս աստված պիտի շնորհե մեզ ու պսակե։ Բայց և այժմ թող ոչ մեկը երկնչելով չզարհուրի թերահավատությամբ, որովհետև սուրբ հոգին, որ ասաց, թե՝ «Ուր տերն աստված ջարդում է և իր սիրելիների ձեռքով ցույց տալիս, մեկը հազարին է հալածում, և երկուսը՝ բյուրերին շարժում»։ Ուրեմն, մենք ևս հայենք աստծուն, որ աստված նայի մեզ օգնելու համար։ Մենք սակավ ենք թվով, շատ-շատ հարյուր, գուցե ավել կամ պակաս։ Եվ թե աստված կամենա խոստումը կատարել, ուրեմն նրանց զորքերի բազմությունը երեք հազարի չափ պիտի լինի, աչքի չափով չորս հազարից ավելի չեն լինի»։

Հայոց զորավար Վահան Մամիկոնյանը այս ամենն ասելով բաժանեց մոտը եղած զորքը, տվեց զորապետերին՝ ում արժանի ու հարմար համարեց։ Եվ մինչ նա պատրաստվում էր հարձակման, պարսից զորքերը կարգով պատրաստված, սաստկապես գալիս էին գրոհի, նայեց և տեսավ, որ հայոց գնդի զինվորները երես դարձնելով Ավետարանի երդման ուխտից ու հայոց Վահան Մամիկոնյան զորավարից, բոլորը փախչում էին։ Մնաց ինքը և ուխտապահներից՝ Մուշեղը, Մամիկոնյան տոհմից, երեք Կամսարականները՝ երանելի Արշավիրի որդիները, իրենց երկու կամ երեք թիկնա–

[էջ 79]

պահներով, ուրիշ՝ մի քանի հոգի ազատներից և նույն Մամիկոնյան տոհմից, բոլորը՝ քառասունի չափ կամ ավելի քիչ։ Նրանք նույնպես տեսան ամբողջ հայոց գնդի փախուստը, և մեկը զարհուրելով ասաց հայոց զորավար Վահան Սամիկոնյանին թե՝ «Զգո՛ւյշ, տեր, զգուշացիր», այսինքն` հնար կա այս ժամին նահանջելու և մե՛զ ազատելու։ Հայոց զորավար Վահան Մամիկոնյանը խաչակնքելով, իրեն, բարձր ձայնով ասաց. «Ոչ մեկդ չզգուշացնի ինձ. աստված մի արասցե, որ ես մարդու վրա հույս դնեմ, կամ մի բանով պարծենամ, բացի մեր տեր Քրիստոսի խաչից»։

Եվ քաջաբար հարձակվեց պարսից բոլոր զորքերի վրա սակավաթիվ լավ, ուխտապահ մարդկանցով, որ մնացել էին իր հետ։

Եվ հայոց զորավար Վահանի ու նրա հետ եղած այնքան փոքրաթիվ մարդկանց այն սարսափելի ու աներկյուղ ուժի վրա ապշելով՝ պարսից Շապուհ զորապետը շտապով Սյունյաց Գդիհոն իշխանը մոտ մարդ ուղարկեց և ասաց. «Օգնի՛ր իմ կողմին, որովհետև մի անպատմելի բան կատարվեց. եթե իսկապես մի աներևույթ ուժ կա, որ օգնում է նրանց և մեզ չի երևում, այդ ես չգիտեմ, իսկ եթե անմտորեն ցանկանում են իրենց կործանել, ապա շրջապատելով՝ այսօր կալանավորենք նրանց»։

Սյունյաց Գդիհոն իշխանն ուրախությամբ լցվեց Շապուհի հրավերից և փութով այնտեղ արշավեց։

Հայոց զորավար Վահան Մամիկոնյանը իր սակավ միասիրտ մարդկանցով աստծու օգնությամբ հարձակվելով ճեղքեց պարսից բովանդակ բանակը, ինչպես ջրերի հորդահոս բազմությունը, որ պատռում է երկիրն ու անցնում։ Ինքն ու յուրայինները սպանեցին պարսից զորքերից բազմաթիվ հզոր պատերազմող մարդկանց, նիզակահարելով ծանր վիրավորեցին Սյունյաց Գդիհոն գոռոզ իշխանին՝ թևի տակից, և նրա զենքի չտեսնված ամրությունը, որի վրա անօրենը հույս էր դնում՝ վերից վար պատռելով, նիզակի տեգը մխրճեցին լյարդի մեջ: Գդիհոնը բարձրաղաղակ ձայներով, տանջվելով ու արտասվելով մի քանի օր, շունչը փչեց ու սատկեց առանց խոստովանելու։ Նա, որ ամբարտավանությամբ պարծենում էր ու ասում. «Ես Վահանի և մյուս հա–

[էջ 80]

յերի հետ ոչ թե նիզակով կկռվեմ, այլ նրա կոթով մի կողմ ձգելով, բոլորին կցրեմ այնտեղ ձորերում ու դաշտերում». նրա մեծախոսությունը իրեն կործանեց: Աստված մի երկու անգամ Սյունյաց Գդիհոն իշխանին մատնեց Վահան Մամիկոնյանի զորքի մարդկանց ձեռքը և վերստին ներողամիտ գտնվելով դեպի նա, իբրև մարդասեր, խնայելով ներեց, որ գուցե զղջալով դարձի գա և ապաշխարելու ժամանակ գտնի, ապրի։ Երբ ուշքի չեկավ, այլ բոլորովին արհամարհեց ճշմարտությունը, ստացավ իր ամոթի չարաչար կորուստը։

Պարսից զորքերը հայոց փախստականների ետևից գնացին և այն թուլացած վախկոտներից շատերին սպանեցին:

Բայց հայոց զորավար Վահան Մամիկոնյանն իր ընկերակիցների հետ, աստծու զորությամբ քաջության գործը վերջացնելով, անհոգ գնում էր, ինչպես պարսից զորքի թևակից։ Շապուհի զորագնդերը չէին համարձակվում նայել նրանց, որովհետև աստված այնպես էր ձգել Վահան Մամիկոնյանի ահն ու սարսափը պարսից զորքի վրա, որ կարծում էին, թե սոսկ նայելով Մամիկոնյանին և նրա ընկերներին՝ անվնաս չեն ազատվի։ Բայց հայոց Վահան զորավարի հետ հարձակվող ուխտապահ քաջ այրերից նահատակվեցին` Քոնթ Առավենյանը, երանելի Ներս Հովսեպյանը, երանելի Ատգեն սեպուհ Վանանդացին և երանելի Ղերպարգոսը, որ ազգով հույն էր։

 

Նախորդ էջԲովանդակություն  | Հաջորդ էջ
Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Սովետական գրող հրատարակչություն, Երևան 1977
Տրամադրել է՝ Միքայել Յալանուզյանը

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice