ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Ոսկեփորիկ. նմուշներ հին և միջնադարյան արձակից

ՈՍԿԵՓՈՐԻԿ

Նախորդ էջԲովանդակություն  | Հաջորդ էջ

[էջ 94]

ՂՈՒԿԱՍ ՍԵԲԱՍՏԱՑԻ (XVIII Դ.)

ԴԱՎԻԹ ԲԵԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
(Հատվածներ)

Գլ. Ա. 12. Դավիթը բաժանվեց վրաց իշխանից և եկավ հասավ Սյունյաց աշխարհը՝ տիրոջ 1722թ. և հայոց թվականության 1171-ին ու բանակ դրեց Սիսական գավառի սահմաններում, գեղեցիկ դաշտավայրում, Երեքգագաթյան բլրի մոտ, որ օտարները կոչում են Ուչթեփե։

13. Դավիթն ինքը ազնվական էր, բարեպաշտ, արդարության պաշտպան, գրագետ, արիասիրտ, լայնախոհ, խոսքով ու գործով ուժեղ և վրեժխնդիր՝ մեր ազգի թշնամիների հանդեպ։ Իր նման էին և նրա բոլոր հետևորդները։ Երբ նա ելավ Վրաց երկրից, լսելով նրա մասին, շուրջը հավաքվեցին գավառի բոլոր կողմերից զինակիր տղամարդիկ, մոտ 400 մարդ, որոնք ճնշված ու տառապած էին օտարների ծառայության լծից, տղամարդիկ, որոնցից մեկը հալածում էր հարյուրների, իսկ երկուսը հազարների։

14. Նախ Դավիթը Ուչթեփեում հարվածեց ղարաչոռլու կոչված թուրքին, ապա այնտեղից գնաց և բանակեց Շինուհայր ամրոցում։

15. Եվ իր մոտ կանչելով Տաթևի առաջնորդին, պատմեց նրան, թե ինչ գործով, ինչ նպատակով է եկել, և ասում է՝ իսպառ ջնջելու ենք բոլոր օտարերկրացիներին այս հողից։

25. Եվ Դավթի՝ Դափան գալու երկրորդ տարում, սուրբ Լուսավորչի տոնի քառասնորդաց պահքի օրերին Չավնդուր երկրի վրա հարձակվեցին Ղափանի սուլթանը, Բարգուշատի Բաթալի սուլթանը և Սև լեռան խանը տասնութ հազարով։

[էջ 95]

26. Իսկ հայոց զորքերը, որ դարան էին մտած, Քրիստոսի սուրբ հարության տոնին, գիշերով, աստծուն օգնության կանչելով, հանկարծակի աղաղակ բարձրացրին, հարձակվեցին, հարվածեցին, կոտորեցին նրանցից շատերին և մյուսներին փախստյան մատնեցին:

34. Իր Ղափան գալու երրորդ տարում Դավիթը գնում պաշարում է մեծ ու անառիկ Որոտնա բերդը։ Ծաղկազարդի տոնին, որ բերդի պաշարման չորրորդ օրն է, սաստիկ հորդ անձրև եղավ (ո՜վ սքանչելիք) ու անձրևի սաստկությունից պարսպի մի կողմը ինքնիրեն քանդվեց։ Սրանք երբ այդ տեսան, ձայն տվեցին, խրախույս կարդալով հարձակվեցին և ներս մտնելով կոտորեցին բոլոր թուրքերին և գրավեցին բերդը։

35. Եվ այնպես պատահեց, որ այդ օրերին Դավիթն իր զորքերի մեծ մասը ուղարկեց Բարգուշատի թուրքերի վրա և ինքը քիչ մարդկանցով մնաց Սիսական գավառում։

36. Նրա դեմ եկավ նախիջևանի խանը` տասնչորս հազարով։ Երբ այդ լսեց, Դավիթը շտապ զորք հավաքեց Դարպասից և Սիսական տնից, գունդ կազմեց, եկավ հասավ նրան Նախիջևանի գետի վրա: Այնտեղ, երբ իրար բախվեցին, խանի զորքերը փախուստ տվեցին սրանցից, և սրանք հետամուտ էին նրանց օրվա տասնութերորդ ժամից մինչև քսաներորդ ժամը, հալածում էին և շատերին դիաթավալ վիրավոր դարձնում։

Գլ. Բ. 20. Այն օրերին Դավիթը տեղեկանում է, թե Բուխուրութի լեռան կողմերում զորք է հավաքում Ասլամազ ղուլին, ինքն էլ շտապ զորաժողով է անում, հարձակվում և նրանց բոլորին կոտորում է այնտեղ։

38. Երբ լուր հասավ Օրդուվար, թե Դավիթն անցել է Չավնդուր, ելան պատրաստվեցին Սափի ղուլին, որդին Ղազու և որդին Շահիսլամի, և իրենց հետ բազմաթիվ զորք վերցնելով, մոտ տասներկու հազարով, եկան հասան Կենավուզի կողմերը և անցնելով Ալանկեզի լեռներից, Կենավուզի բոլոր գյուղերը այրեցին:

39. Այս ամենի մասին լուրը հասավ Դավթին։ Եվ նա անմիջապես իր հետ վերցնելով մոտ չորս հազար հոգի, գալիս բանակում է Կալերում։ Առավոտյան ավազակ թուրքերի

[էջ 96]

վրա է հարձակվում և նրանց գտնում է Մեղրի գետի մյուս կողմում բանակած։ Իսկ նրանք երբ տեսան Դավթի զորքերը, բոլորը վրա հասան բռնեցին գետափը և թույլ չէին տալիս Դավթին գետն անցնել։ Ապա սրանք այստեղից և նրանք այնտեղից կռվեցին առավոտից երեկո։ Եվ երբ գիշերը վրա հասավ, Դավիթը խույս տվեց ու ելավ գնաց Հալիձոր։

40. Լուսաբացին, երբ թուրքաց զորքերն իմացան, որ Դավիթը գնացել հեռացել է իրենցից, և իրենց այլևս վտանգ չի սպառնում ոչ մի տեղից, համարձակ անցան գնացին Գուրհամի կողմերը և սկսեցին կոտորել ու ասպատակել գյուղերը, մինչև եկան ու պաշարեցին Մեղրին։

43. Այդտեղ մեղրեցիները սուրհանդակ ուղարկեցին Գուրհամի գավառը՝ Կալեր, ասելով՝ ահա թուրքերի զորքերը հասան, գրավեցին մեր փոքրիկ թաղը։ Եվ եթե հիմա մեզ օգնության չհասնեք երկու օրում, մենք նրանց բազմությանը դիմադրել չենք կարող։ Եվ երբ սուրհանդակը հասավ նրանց, անմիջապես գիշերով ելավ Ստեփաննոս Վարդանյանը, որ Շահումյան տնից էր և Եկդաստյան ավանից (որ և փոխանորդն ու տեղակալն էր Պապ զորապետի), գնաց Չավնդուր գավառը, Պայինտուր զորապետի մոտ, նրան տեղեկացրեց, որ մեղրեցիները անհամբեր են և վտանգի մեջ են։

44. Սա երբ այդ լսեց, մարդիկ ուղարկեց Չավնդուր, զորականների մոտ, որ արագ գան հավաքվեն այնտեղ։ Եվ եկան հասան նրա մոտ, համախմբվեցին երկու հազար քաջ սպառազեն այրեր Չավնդուրից ու Գուրհամից, և նրանցով Պայինտուր զորապետը ելավ գնաց բանակեց այն գիշեր Մազրրան ավանում, Ստեփաննոսն էլ նրա հետ։ Լուսադեմին պատրաստվեցին և Ափկիսի կողմերից անցնելով եկան մտան Մեղրի։

45. Իսկ թուրքերի զորքերը երբ իրենց բանակատեղից տեսան հայոց զորքերին, չէին հավատում, թե նրանց ուրիշ տեղից օգնության են եկել, այլ ասում էին՝ մեղրեցիներն իրենց կանանց տղամարդու շոր են հագցրել և զինել, նրանց ձեռքը տվել բազում սուտ դրոշակներ, մեզ վախեցնելու համար:

[էջ 97]

46. Սրանք դեռևս Մեղրի չէին հասել, որ քաջ ու արի մեղրեցիների զորքերը այն գիշեր սխրանքներ գործեցին։ Անցնելով գետի մյուս ափը, անսպասելիորեն թշնամու բանակի մեջ մտան և նրանցից շատերին սուր-սուսերով խորտակեցին, իսկ Շահիսլամի որդին երկու հազարով փախավ Օրդուվար քաղաքը։ Բայց որովհետև մեղրեցիները քիչ էին, չկարողացան իսպառ ջնջել և վերացնել նրանց այնտեղից, վերստին դարձան Մեղրի։

47. Իսկ հայոց օգնականները երբ եկան և Մեղրիի Մեծ թաղը հասան, մեղրեցիները շտապ նրանց համար կերակուր պատրաստվեցին։ Այնժամ Պայինտուրը, որ իշխան էր հ իր հետ եկած զորքի հրամանատարը, չթողեց նրանց, ասելով. «Մենք ոչինչ չենք ուտի, մինչև աստծու ողորմածությամբ մեր թշնամիներին չվռնդենք»։

48. Որովհետև նրա մտածմունքն ու ձգտումը պատերազմի գործը արագ վերջացնելն էր և որովհետև մեկ օր առաջ այլազգիները գրել էին թուրքերի զորականներին, որոնք Երասխ գետի մյուս կողմում էին, որ գան օգնության հասնեն իրենց, իսկ դրանք պատրաստ էին բազում գնդերով գալու, իրենց օգնության հասնելու։ Ուստի Պայինտուրը շտապ իր հետ եկած և ամրոցում եղած բոլոր զորքերի զորահանդես արեց և նրանց երեք գնդի բաժանեց, յուրաքանչյուր գունդը ութ հարյուր վաթսուն սպառազեն մարդով։

49. Ապա մի գունդն ընդառաջ ուղարկեց թուրքերի դեմ ճակատելու և մյուս երկու գնդերը ձայն տալով խրախույս կարդացին և վրա հասան թուրքական զորքերին աջից ու ձախից և օրվա տասնվեցերորդ ժամից մինչև քսաներորդ ժամը շրջապատեցին, իրենց մեջ առան անօրենների զորքերի բազմությունը և այն օրը նրանցից կոտորեցին ավելի քան տասնմեկ հազար մարդ, մյուսներին հալածեցին Օրդուվար, իսկ հաջի Շափիին, որ ամենից աչքի ընկնողն էր, ձերբակալեցին։

Գլ. Գ. 1. Տիրոջ 1726 և հայոց 1175 թվականին օսմանցիների սուլթան Ահմետը, որ բռնությամբ տիրում էր օվկիանոսի Պարսից ծոցից մինչև Եգիպտոս ու Լիբիա, այնտեղից մինչև Լյուրիկե ու մինչև Պոնտոսի ամբողջ ծովը և Հայաստանի մեծ մասը և այլ բազում ազգերի, թագավո–

[էջ 98]

րություններ, իշխանություններ ու նրանց երկրները, երբ լսեց պարսից արքայի վտարվելը հայրենի գահից, մտածեց ամեն գնով գրավել այն տերությունը։

2. Ուստի կարգադրեց զորքի հրամանատարին զորաժողով անել բոլոր երկրներից և գնալ հարձակվել Պարսկաստանի, վրա և զավթել նրանց քաղաքները։ Արքայի հրամանով նա անթիվ ու անհամար զորքով հասավ Մեծ Հայաստանի կողմերը, որ Պարսկաստանի ձեռքին էր։ Եվ որտեղ պատահեին, սրով ու սուսերով կոտորում էին իրենց դիմադրողներին և բոլոր զորքերը վերադառնում էին հարուստ ավարով, տարեցտարի, մինչև հղփացան, հարստացան և իրենց ամբողջ քաղաքներն ու գյուղերը լցրեցին ավարներով ու բազմաթիվ գերիներով՝ Հայաստանից ու Պարսկաստանից: Բայց ո՞վ կարող է պատմել մայրերի ու զավակների` անօրեն զավթիչներից կրած աղետները և նրանց հայրերի ու եղբայրների անողորմ կոտորածը։

3. Սրանք որ այսպես զորացան այն կողմերում, երկարատև պաշարումից հետո գրավեցին Երևան մայրաքաղաքը և ամբողջ բնակչությունը սրի մատնեցին։ Ապա տիրոջ 1726 և հայոց 1175 թվականին, անթիվ–անհամար զորքով Սյունյաց աշխարհը մտան և հասան, բոլոր կողմերից պաշարեցին Դավթի երկիրը՝ Ղափանի յոթնաբերդ գավառը։

4. Այնժամ գավառի բոլոր բնակիչներն առհասարակ խառնվեցին, խուճապի մատնվեցին, լքեցին Դավթին ու գնացին մտան օսմանցիների լծի տակ։ Իսկ Դավիթը մնաց մենակ տասնյոթ սպառազեն այրերով Հալիձորի մենաստանում, ուր կառուցել էր անառիկ բերդը: Նրա հետ էին Տաթևի երեք եպիսկոպոս և տասներկու քահանա, հետը գնացին նաև տեր-Ավետիսն ու մելիք Փարսադանը՝ սակավաթիվ մարդկանցով, որովհետև ամբողշ զորքը փախավ նրանցից:

9. Եվ Դավիթը իջավ ամրոցից ու բանակեց գյուղում, որ գետի այս կողմն էր` թշնամու բանակի դիմաց, և ուղարկեց մի զորագունդ, հարյուր վաթսուն հոգուց, գետանցները փակելու համար, և եկան փակեցին և երկու օր թույլ չէին տալիս նրանց գետն անցնելու։ Բայց երրորդ օրը հայոց հրացանավորները, որ օսմանցիների զորքերի հետ էին,

[էջ 99]

գետն անցան այլ տեղից և հարձակվեցին, գրավեցին գյուղի մի կողմը և մեկուսացրին Դավթի զորքերին։

10. Իսկ Դավիթն ու իր զորականները երեք հարյուր հիսուն հոգով մտան Անապատի բերդը և ամրացան այնտեղ։ Օսմանցիների ամբողջ բանակը գետն անցավ և մոտենալով, բերդի շուրջը պահպանություն կարգեցին և պատնեշեցին: Այնտեղից թնդանոթների ու հրացանների գնդակներ էին ներս թափում, և սրանք էլ ներսից դուրս նույնը նրանց էին անում։ Վեց օր միմյանց դեմ կռվում էին։ Հակառակորդի կողմից օրական հարյուր կամ երկու հարյուր, երբեմն էլ երեք կամ չորս հարյուրն ընկնում էին, իսկ սրանցից` դիրքի պաշտպանված լինելու շնորհիվ, հազիվ մեկ կամ երկու հոգի։

11. Բայց յոթերորդ օրը, առավոտյան, լուսադեմին, ամրոցը պաշարողները պատրաստվեցին և մոտեցան պարսպին, ոչ թե երեկվա ու նախորդ օրվա նման, այլ ահագին մեծ մեքենաներ (հսկայական սանդուղքների նման, թվով քսանվեց հատ), իրենց ուսերին բարձած բերում էին, մոտեցնում, հենում պարսպին։ Եվ խառնիճաղանջ բազմությունը երեք խմբի բաժանված և երեք կողմից գրոհ տալով մեքենաների վրայով բարձրանում էր պարիսպները։

12. Իսկ պարիսպների պահապանները վերևից նրանց խփելով` մեքենաներից ներքև էին թափում, և նրանց դիակների բազմությունը կարկտի սաստկությունից թափվող վաղահասուկ թզի նման ծածկում էր գետինը՝ մեքենաների տակ, և այդ բոլորը արհամարհելով, առավոտից մինչև օրվա ութերորդ ժամը մեծ աղմուկ–աղաղակով ու իրարանցումով դեպի պարիսպներն էին դիմում։

13. Տեսնելու բան էր կատաղի զորքի աղաղակի այդ ահավոր պատկերը, որովհետև երբ մեքենաները դրեցին, հարյուրավոր դրոշակակիրներն առաջ շարժվեցին, իսկ նրանց ետևից ամբողջ զորքը հորդահոս գետի նման ահագին գոչումով թափվում էր, կամ հողմերից փոթորկված ծովի ամեհի ալիքների նման հորձանքով գալիս էին, իրարից առաջ էին անցնում, և այն մեքենաներից դեպի պարիսպներն էին դիմում։ Եվ առհասարակ երկու կողմից փողի ու թմբուկի ձայները, զորքերի գոչյունները, հրալից

[էջ 100]

գնդակների շառաչյունը, հրազենների ճայթյունը ականջ էին խլացնում:

14. Իսկ ներսում եղածները, երբ ամրոցից տեսնում էին այդ ահեղ տեսարանը, բազմաթիվ թշնամի գնդերի ու դրոշների պատրաստությունը, ազդանշանների փողփողելը և զինվորների զենքերի փայլը, հնչեցնում էին զանգերը, եկեղեցու սեղանի բազմոցին դնում սուրբ Մինասի նշխարները, և բոլորն ընկնելով սուրբ սեղանի առաջ, աստծուն էին դիմում, եպիսկոպոսներն ու քահանաները և բոլոր աշխարհականներն ու կուսակրոնները (քանի որ այնտեղ նաև կուսակրոնների մենաստան էր, ուր բնակվում էին քառասուն կամ հիսուն կուսակրոն), բոլորը մահն աչքն էին առել։

15. Եվ օրվա ութերորդ ժամին, երբ տեսան, որ այնուհետև ապրելու հույս չի մնում, Մխիթար սպարապետն ո տեր–Ավետիսը խրախույս կարդացին և զենքի դիմեցին։ Այն ժամանակ ամբողջ զորքերը նրանց մոտ հավաքվեցին (բա ցի պարիսպների պահապաններից), զինվեցին, պատրաստվեցին, զենք կապեցին, բոլորը բորբոքվեցին թշնամիների դեմ։

16. Նրանց հետ սկսեցին խոսել Մխիթարն ու տեր–Ավետիսը և ասացին. «Արիացե՛ք, չերկնչեք, հետևեցեք մեզ, եթե հասնելու է մեր վախճանը, քաջաբար մեռնենք, որովհետև մեզ համար ավելի լավ է արիությամբ պարիսպներից դուրս մեռնել, քան այստեղ, մեր աչքերի առաջ տեսնել մեր ընտանիքների ու բարեկամների մահը և այլ դժնդակություններ»: Այս խոսքերն ասացին և իրենք ամենից առաջ շտապ դուրս եկան պարսպի գաղտնի դռնով։ Երեք հարյուր զինվորներ հետևեցին նրանց։

17. Ո՜վ սքանչելիք, ո՜վ աստծու մեծ բարեգթություն, ահա երեք հարյուր զինվածներ, օրվա ութերորդ ժամին, ձայնեցին, խրախույս տվին, հարձակվեցին միանգամից յոթանասուն հազարի վրա, նախ հանկարծակի գրոհեցին աջակողմյան գնդի վրա, աջ ու ձախ կոտորելով նրանց։

18. Իսկ նրանք երբ հանկարծակի տեսան իրենց վրա հասած այդ ահեղ հարձակումն ու կոտորածը, բոլորը գլուխ–

[էջ 101]

ները կորցրած խուճապի մատնվելով դիմեցին երկրորդ և երրորդ խմբերի մոտ, աղաղակելով, թե հարձակվեցի՜ն, կոտորեցի՜ն մեզ քրիստոնյաները, և այդ լսելով բոլորը զարմացան, ապշեցին, տկարացան, հուսալքվեցին, և աստծուց ահ ընկավ նրանց վրա, որովհետև մինչ հույս ունեին մեծ հաղթանակի, ամրոցն իրենց ձեռքը գցելու, հանկարծակի վրա հասավ այդ անողորմ կոտորածը։

19. Ուստի բոլորը զարհուրած ու վախեցած ասում էին իրար, թե ով ուզում է կյանքը փրկել, թող փախչի, որովհետև նրանցից շատերը բազմիցս տեսել էին Դավթի և նրա մարդկանց քաջությունները, և քանի որ նրանց բանակի սարսափը, աղաղակը, անասելի կոտորածը գնալով շատանում էր, ուստի այնուհետև ոչ ոք չի համարձակվում շրջվել ղափանցիների դեմ, այլ բոլորը շփոթված խուճապահար փախչում են։

20. Իսկ սրանք և բերդում մնացածները համարձակ վրա հասան, խփեցին, շատերին տեղնուտեղը սպանեցին, ուրիշներին խոցելով ու վիրավորելով հալածեցին այնտեղից, մինչև որ չթողեցին երկու հոգու իրար մոտ։ Եվ այդտեղ օսմանցիների բանակից ընկավ տասներկու հազար զինվոր, իսկ սրանցից՝ շատ քչերը։

33. Դրանից հետո որոշ ժամանակ անցավ, օսմանցիների ասպատակիչ փաշան զորքով եկավ ու բանակեց Բեխ կոչված գյուղում և մոտ մեկ շաբաթ օրնիբուն փնտրում էր զանազան հնարներ, Դավթին ու նրա զորականներին նենգությամբ որսալու և ոչինչ չկարողացավ անել: Իսկ Դավթի զինվորները մի գիշեր հարձակվեցին նրանց վրա, ջարդեցին, կոտորեցին նրանցից շատերին և փաշային հալածական դարձրին։

35. Ապա օսմանյան այլ զորքեր նույնպես եկան բանակեցին Մանլևի մոտ մի թուրքական գյուղում։ Սրանց ևս գիշերով հարձակվելով կոտորեցին և միայն նրանցից երկուսին կենդանի տարան Հալիձոր։

36. Քրիստոսի 1727 թվականին, որ Դավթի Ղափան գալու հինգերորդ տարին էր, երբ Դավիթ բեկը տեսավ, որ վերին խնամակալությամբ իր թշնամիներն ամենուրեք խորտակված են ու վտարված, պարսից շահ Թահմազին ուղար–

[էջ 102]

կեց սպանվածների չորս բեռ գլուխներ այն բազմաթիվ կոտորվածներից, որ օսմանցիների կողմից ընկան։

37. Վերջինս այդ տեսնելով շատ ուրախացավ իր թշնամիների մահով և միաժամանակ շատ զարմացավ Դավթի ու նրա զինվորների քաջագործությունների վրա: Ուստի ընծաներ տվեց և հրովարտակ գրեց նրան այսպիսի խոսքով։

38. «Շահ–Թահմազ պարսից արքայից քաջ Դավիթ բեկիդ և հայոց քաջ զորավարներին, որ քեզ հետ են` ողջույն։ Շատերից բազմիցս իմացել ենք քո քաջության մասին, բայց հիմա կարծես ականատես էլ եղանք ձեր մեծամեծ սխրանքներին, որ մեր թշնամիների դեմ գործեցիք։

Եվ ահա կարգեցի քեզ այսօր իշխան և գլուխ մեր բոլոր իշխանների, որ այդ կողմերում են ու Ղափանի երկրում՝ որ վերցրիր քաջությամբ, քեզ լինի: Բայց դու պիտի ելնես ու քո շուրջը համախմբես բոլոր զորքերը և այդ կողմերի խաներին, դուրս վտարես օսմանցիներին քո սահմաններից»։

39. Եվ նրան տվեց մի խաչվառ և մի պատվական նժույգ, նաև դրամ կտրելու իրավունք, իսկ նրա զորապետներից յուրաքանչյուրին մեկական պատմուճան ուղարկեց։ Եվ եկան Դավթին հնազանդվեցին բոլոր իշխաններն ու թուրքերի գավառապետները։

 

Նախորդ էջԲովանդակություն  | Հաջորդ էջ
Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Սովետական գրող հրատարակչություն, Երևան 1977
Տրամադրել է՝ Միքայել Յալանուզյանը

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice