ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Ոսկեփորիկ. նմուշներ հին և միջնադարյան արձակից

ՈՍԿԵՓՈՐԻԿ

Նախորդ էջԲովանդակություն  | Հաջորդ էջ

[էջ 91]

ԱՆԱՆՈՒՆ ԱՐԾՐՈՒՆԻ (X Դ.)

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
(Հատված)

Եվ մեծանուն (Գրիգոր) իշխանը իր նախկին սովորությամբ ճանապարհ ընկավ Անձահի ձորով, եկավ իջավ Խերական կոչված դաշտը, և կամենում էր շտապ կերպով հասնել իր արքունի ձմեռանոցը՝ Ճուաշ գավառի Մառական ավանը։

Այդ ժամանակ (նրան) ընդառաջ եկավ մարդն (այն) անօրեն, նենգավոր սիրելին, կեղծավոր բարեկամը, ծնողը կորստյան պահակի, մահացու խորհուրդների չարամայր կաթնատուն, խավարի դայակը, արյունարբուների հենարանը, չարի արբանյակը, դժոխքի բանալին, ... խավարի տիղմը, որը ծովային լուսավոր մարգարիտը կորստյան խորխորատն ընկղմեց։ Սա խրատատուների հանձնարարությամբ աղաչում է Վասպուրականի մեծանուն իշխանին, որ հանուն մտերմության իր մոտ իջևանի, բայց այդ հանձն չառավ իշխանը իր գավառն շտապելու պատճառով։ Իսկ նա, հիշեցնելով մտերմության դաշինքը, ստիպում է իշխանին, որ գոնե թույլ տա (կրկին) արժանանալու նրա փառազարդ երեսի տեսությանը։ Եվ գտնելով մահառիթ հնարանքը, գալիս է հանդիպելու հզորին...

Իսկ այն պիղծ այլազգին, քանի որ անձամբ չէր կարող ընդդիմանալ հզորին, իր հետ վերցրել էր ծածուկ զինված ուժեղ ըմբշամարտիկ մարդկանց, նախապես խրատելով գործակիցներին, (թե ինչպես պիտի վարվեն)։ Մոտ է գալիս իշխանը, և (նա) գրկելով պարանոցը, իր հուդայական համբույրն է տալիս։ Զորքի մարդիկ բռնում են սանձը, իշ–

[էջ 92]

խանի երկու ձեռքերն ու պողպատե քաջահատ սուսերը, որպեսզի քաջը չկարողանա որևէ կողմ փախչել, և նիզակահար անելով, վերջ տալիս նրա կյանքին։ Քանի որ նրանից սերված տղաները` Ածոտը, Գագիկը և Գուրգենը, մանուկ էին ու դեռ՝ չէին՝ դարձել չափահաս, ուստի և ոչ–ոք չգտնվեց, որ վրեժխնդիր լիներ անարգապես թափած արյան համար...

Իսկ հզոր (իշխանի) կորստյան լուրը իբրև սաստիկ խավարով լի թանձրամած մի ամպ տարածվեց Հայաստանով մեկ, մանավանդ՝ իր սեփական Վասպուրականի նահանգում, ուր տիկնայք ու աղախինները, անտեսելով իրենց կանացի արժանապատվությունը, հրապարակներում ու փողոցներում բաց գլուխներով սկսեցին հողի վրա քարշ տալ իրենց մարմինները։ Անհնարին սգի դառնությունից մատղաշ մանուկներին սովորականի պես կուրծք տալը մոռացան և զբաղված էին լոկ ողբասացությամբ իրար ձայնակցելով։ Կրծաբախ հարվածների և բարձրաճիչ աղաղակների ձայնը հնչեց արփիագեղ տիկին Սոփիի պալատի դարպասի առջև։ Կանայք ողբալիս այսպես էին ասում.

— Վա՜յ, կորավ մեծանուն իշխանը, և անտեր մնաց աշխարհը Հայոց։

Իսկ տիկինը, վստահ լինելով հզոր (ամուսնու) անպարտելի ուժին, ասում է.

— Ի՞նչ եք ասում դուք, ով մարդիկ, և ինչպե՞ս եք հանդգնում այդպիսի բաներ ասել. ո՛չ մի տեղ թշնամիներ չկան, ո՛չ մի տեղից պատերազմ չի սպառնում։ Ո՞վ համարձակվեց այդպիսի բան անել, ո՞վ կարող էր իմ ոսկեփետուր, նախահարձակ, քաջազգի վարուժանին հավահար անել, կամ ծուղակը գցել, փոխանակ նրանից պատառ–պատառ մեռնելու, ո՞վ էր ձեռնհաս բարձրաթռիչ, քաջասիրտ և ահարկու ձայնով արծվին ցած սուզել, ո՞վ էր, որ անհաղթ վիշապին սանձելու համար մոտենար նրան, և ապրեր ինքը:

Իսկ երբ հանգամանքներն ստուգվեցին և կորստյան լուրը ճշտվեց, (տիկինն) այնուհետև երեսնիվայր գետնին ընկնելով, մոխիր է ցանում գլխին... Եվ հանելով մարգարտա–

[էջ 93]

հյուս զարդերով պատվական քողը, հագնելով սև զգեստներ և թուխ գլխաշոր գցելով իր գլխին, առաջ կանչելով աղջիկներին, ողբի սգահանդես է կազմակերպում...

Սենյակների դռներից հանեցին կամարաձև ոսկեհուռ երանգներով վարագույրները և նրանց փոխարեն կոշտ, սևագույն ու տխրալի գործվածքներ կախեցին։ Տիկնոջ հրամանով լալկան կանայք այս ու այն կողմ վազելով, ծածկեցին հրաշակերտ ապարանքի լուսառատ պատուհանները։

— Որպեսզի,— ասաց (նա),— արեգակը երկնքի անհաս բարձրության վրայից ճեմելիս, երբ ճառագայթները ցած գցի, չլուսավորի իմ խավարը և կամ լուսինը լրման հասած ժամանակ արուսյակի ու մյուս բոլոր աստղերի հետ չփարատի իմ մառախուղը, մինչև որ աստված իմ որդիներից մեկին իր հոր նման քաջասրտություն տա, և նա կենդանությանս օրոք կամ իմ մահից հետո գերեզմանիս ավետիս բերի, թե առել է հոր արյան վրեժը նրանցից, ովքեր ինձ այս խավարին հասցրեցին։

Նրանք, որոնք ականատես են եղել և որոնք գրկած են եղել (տիկնոջ) մանուկներին, հայտնեցին մեզ, թե այս խոսքերն ասելիս, տիկինը՝ չգիտեմ պատահաբար, թե մարգարեաբար, դրած է եղել իր ձեռքերը հրաշազարդ Գագիկ մանկան ուսերի վրա...

 

Նախորդ էջԲովանդակություն  | Հաջորդ էջ
Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Սովետական գրող հրատարակչություն, Երևան 1977
Տրամադրել է՝ Միքայել Յալանուզյանը

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice