Ոսկեփորիկ. նմուշներ հին և միջնադարյան արձակից
ՈՍԿԵՓՈՐԻԿ
[էջ 242]
Դ
ԲԺԻՇԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ
– Նիկողիասը մի բժշկի բախտավոր ու հաջողակ էր անվանում, ասելով. «Քո հաջողությունները տեսնում է արեգակը, իսկ սխալներն ու վնասը ծածկում է երկիրը»։
ԽՈՍՔԻ ՄԱՍԻՆ
– Խիկարն ասում է. «Մեղմ խոսքը ջուր է, հանգցնում– հանգստացնում է մարդու բորբոք, գազանաբարո միտքը»։
– Որդյակ, կերա դառնիճ և լեղի. ավելի դառն չէր, քան աղքատությունն ու պանդխտությունը։
– Ով ընկերոջ խոսքին չի հավատում, նրա համար հեշտ է սուտ խոսելը։
– Դեմոսթենեսն ասում է. «Մարդկային արատները չեն բուժվի ոչ գովելով և ոչ Էլ թաքցնելով, այլ պատմելով բժիշկներին»։
– Պլուտարքոսն ասում Է. «Ճանապարհորդները ձգտում են դեպի տուն ու հայրենիք, իսկ իմաստունները խելքի և իմաստության»։
ԿԱՆԱՆՑ ՄԱՍԻՆ
– Մենանդրոսն ասում Է. «Ճանաչիր կանանց և իմացիր նրանց չարությունը. Ագամեմնոն արքան, որին ամբողջ աշխարհը սիրում Էր, երբ պատերազմից վերադարձավ տուն, սպանվեց կնոջ ձեռքով»։
– Եթե տարագիրը կնոջ ձեռք Է ընկնում, կրկնակի Է կորչում. մեկ՝ պանդխտության, մեկ Էլ կնոջ պատճառով:
[էջ 243]
ԽԵԼՔԻ ԵՎ ԻՄԱՍՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
– Տեսնելով կորնթացների զորքերը, որ խելակորույս փախչում Էին, Սոկրատն ասաց.
— Մի՞թե այստեղ կանայք են բնակվել:
– Զորությունը, որ միտք և իմաստություն չունի, կկործանի իր տիրոջը։
– Ալեքսանդրին բարեկամներն համոզում Էին, որ գիշերով հարձակվի թշնամու վրա։ Եվ նա ասում Է.
— Թագավորներին վայել չէ հաղթություն գողանալը։
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
– Դեմոկրիտեսն ասում է. «Ավելի լավ է կյանքում լինել ցանկալի, քան թե ահեղ»։
– Ովքեր մտածում են իշխել ուրիշներին, պարտավոր են նախ իրենց վրա իշխել։
– Պլատոնն ասում է, «Ինքնիրեն հաղթելը ամեն հաղթությունից վեր է»։
– Պլուտարքոսն ասում է. «Ավելի լավ է անմիտների իշխանության տակ լինել, քան իշխել այդպիսիներին»։
– Իշխանը և դատավորը չպետք է ոչ արդարների համար խնդրեն և ոչ անիրավների համար բարեխոսեն։
– Դիոգենեսն ասում է. «Իշխանի նկատմամբ պետք է լինել ինչպես կրակի հետ. ոչ այնքան մոտիկ, որ այրի և ոչ այնքան հեռու, որ մրսես»։
– Իսկական իշխանն այն է, որ իրեն իշխան չի համարում:
– Ագաթոնն ասում Է, «Իշխանը պետք Է այս երեք բանը հիշի. նախ՝ որ մարդկանց Է իշխում, երկրորդ՝ որ օրինավոր իշխան Է, երրորդ՝ որ միշտ չի իշխելու։
– Եպասթիոն Թեզբացին տեսնելով բազում և գեղեցիկ զորքեր, որ առանց հրամանատարի Էին, ասում Է. «Այսպիսի գազան Է և գլուխ չունի»։
– Դիոգենեսն ասում Է. «Մեծ չար Է, եթե վատթարները
[էջ 244]
լավերին են իշխում, առավել չար է, որ անմիտներին են կարգում իմաստունների վրա»։
– Լակեդեմնացիների Կուտ թագավորին հարցրին, թե ում է թողնելու թագավորությունը, ասաց.
— Կարեցողին:
ԽՐԱՏԻ ԵՎ ԻՄԱՍՏՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋԸ
~ Սիմոնիդեսն ասում է. «Պետք է պիտանի մտքերը հավաքել և պահել գանձի նման և առավել, քան ունեցվածքը»։
~ Սոկրատեսին հարցրին, թե կենդանիներից ո՞րն է գեղեցիկ, պատասխանեց.
— Խրատով զարդարված մարդը։
~ Սոկրատեսը աշակերտներին խրատում էր ծնողներից ավելի հարգել ու մեծարել ուսուցիչներին, որովհետև առաջինները ապրելուն եղան պատճառ, իսկ սրանք գեղեցիկ ապրելուն։
~ Փիլիստոնն ասում է, «Իմաստությանն ավելի հոգ տարեք, քան ունեցվածքին, որովհետև նրանով է ձեռք բերվում ունեցվածքը, իսկ հարստությամբ իմաստաւթյուն ձեռք չի բերվում»։
ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԵԾԱՏՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
~ Սելևկոս քերթողը անիրավ օրենքները սարդի ոստայնի է նմանեցնում, որովհետև երբ ճանճ կամ մժեղ կամ ուրիշ տկարագույններ ընկնեն, բռնվում են, իսկ եթե պիծակ կամ մեղու կամ սրանց նմաններից ընկնեն, իսկույն կտրում են ոստայնը և թռչում։ Այսպես և օրենքները՝ երբ որևէ աղքատի են բռնում, համոզիչ կերպով ցույց են տալիս իրենց ուժը, իսկ երբ մեծամեծներ կամ զորավորներ են ընկնում, անմիջապես կտրում ու դուրս են գալիս։
~ Սոկրատեսն ասում է. «Օրենքները ցանկանում են բարելավել կյանքը, բայց չեն կարողանում, որովհետև ուժը գործադրում են միայն ստորադրյալի վյրա»։
~ Արիստոտելն ասում է. «Հարուստները և անկուշտնե–
[էջ 245]
րը ջրգողի են նման, որովհետև ինչպես սա ջրով լցվելով ծարավ է մնում, այնպես էլ նրանք հարստանալուց չեն հագենում»:
~ Սիմոնիդեսին մեկը հարցրել Է. «Հարստությունն Է լավ, թե իմաստությունը»։
Եվ նա ասում Է, «Չգիտեմ, միայն իմաստուններին տեսնում եմ մեծամեծների դռներին»։
ԱՄԵՆ ԻՆՉԻ ՄԱՍԻՆ
~ Իմաստուն խորհուրդն ավելի բարձր Է, քան հզորների ձեռքը։
~ Ալեքսանդրը, տեսնելով, որ իր մի անվանակիցը երկչոտ Էր պատերազմի դաշտում, ասում Է նրան. «Երիտասարդ, դու կամ անունդ փոխիր, կամ սիրտդ»։
~ Ալեքսանդրին բարեկամները համոզում Էին որդիներ ունենալ։ Եվ նա ասում Է, «Ինչու եք մտածում, չէ որ իմ գնալուց հետո ձեզ է մնալու և իմաստությունս, և արիությունս»։
~ Երբ դեռահաս Ալեքսանդրը պատրաստվում էր պատերազմի, Արիստոտելն ասում է նրան. «Համբերիր մինչև հասուն տարիք ունենաս»։
Եվ նա պատասխանում է. «Վախենում եմ, հանկարծ կորցնեմ երիտասարդական համարձակությունս»։
~ Մի փիլիսոփա երկու աշակերտ ուներ, որոնցից մեկը խելացի էր և ծույլ` ուսման մեջ, իսկ մյուսը՝ շատ անընդունակ էր ու ջանասեր։ Նրանք չեն սովորում, և ուսուցիչն ասում է, «Կորեք երկուսդ էլ, քանզի մեկդ կամենում է և չի կարող, մյուսդ կարող է և չի կամենում»:
~ Թե ազնիվ փեսայի հանդիպես, որդի ես գտնում, իսկ եթե ոչ` կորցնում ես դուստրդ։
~ Ինչպես հոգուց զրկված մարմինը մեռած է, այնպես էլ քաղաքը, ուր չկա օրենք, ավերակ է։
~ Դիոգենեսը մի ողբացողի, որ օտարության մեջ էր մահանում, ասում է. «Ինչո՞ւ, ես ողբում, ով դատարկամիտ, ամեն տեղից դժոխքի ճանապարհը նույնն է»։
[էջ 246]
~ Սոկրատեսին նախատեցին, թե աննշան ծնողներից ես: Նա պատասխանում է. «Դա իմ արժանիքն է որովհետև իմ ցեղն ինձնից է սկսվում»։
~ Բարի անունն ավելի լավ է, քան բարետեսությունը, որովհետև տեսքը մահվամբ ապականվում է, իսկ բարի անունը մնում է հավերժորեն։
~ Պարզերես մեռնելը ավելի լավ է, քան սևերես ապրելը:
~ Թե մարդ համբերություն չունի, ինչ գործ բռնի, կիսատ կմնա:
~ Որ ամբողջ աշխարհը քամի լինի, իմաստուն մարդու ճրագը չի կարող հանգցնել։
~ Եթե ամբողջ աշխարհը ծով ու ջուր լինի և լեռները՝ օճառ, անմիտ մարդու շապիկը լվանալ չեն կարող:
ԻՄԱՍՏԱՍԵՐՆԵՐԻ ԽՈՍՔԵՐԸ` ԽՐԱՏ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ
~ Որդյա՛կ, աստված գինին ստեղծեց ուրախության համար, բայց որոշ տեղեր ավելի լավ է թույն ըմպել, քան գինի, որովհետև լինում է ժամանակ, որ գինին փառավորում Է ադամորդուն, իսկ երբեմն ծաղրելի ու ամոթալի Է դարձնում։
~ Որդյա՛կ, լավ է կռվել զինավառ մարդու հետ, քան անզգամ, լեզվանի և ջղային կնոջ։
~ Որդյա՛կ, լեռները սառնության շտեմարան են, իսկ նենգավորի սիրտը չարիքի բնակատեղի Է:
~ Որդյա՛կ, նենգավորի լեզուն արագագիր դպրի գրչի նման խաղաղությունից է խոսում, բայց սիրտը չարիք է նյութում։
~ Որդյա՛կ, դատարկաբան և հարբեցող մարդը իր սուտ խոսքով մարդկանց մեջ հաճախ հարգանք Է նվաճում, բայց ինչ ասում Է, չի կատարվում։ Նա նման է փչած տկի` իրեն ցույց Է տալիս իբրև լիքը, իսկ երբ արձակում են կապը, նրանից ուրախություն չեն ստանում, նա ծաղրելի և այպանելի Է լինում:
~ Որդյա՛կ, մարտի ժամանակ ընկերակցիր քաջասիրտ
[էջ 247]
և զորավոր մարդուն, որովհետև երբ հաղթում է թշնամուն, դու նրա հետ կգովվես ու կփառաբանվես թագավորների առաջ, իսկ եթե ընկնես թշնամու ձեռքով, նա իր քաջությամբ քեզ կպաշտպանե։
~ Որդյա՛կ, անմիտ մարդը պատերազմից առաջ պարծենում, գովում Է ինքնիրեն և իր բազկի զորությունը, իսկ պատերազմի ժամանակ արժանանում Է ընկերների պարսավանքին։
~ Որդյա՛կ, երբ կհարբես, փակիր բերանդ և մի շատախոսիր, որովհետև քեզ զսպել չես կարող։ Ինչպես երկիրը բույսերի մայրն Է, նույնպես և հարբեցողությունը ամեն տեսակ չարիքների մայրն Է։
~ Որդյա՛կ, եթե տեղյակ ես իմաստությանը և չես կատարում` անմիտ ես։
~ Որդյա՛կ, առանց կարդալու և մտածելու օր չանցկացնես, որովհետև իմաստությունը փայլեցնում և ավելացնում Է հանճարը։
~ Որդյա՛կ, տգետի հետ ամենևին մի խոսիր, որ անխելքը քեզ չծաղրի։
~ Որդյա՛կ, ով խելքին փչածը ասում Է, մի խոսիր նրա հետ։
~ Որդյա՛կ, երբ քեզ տեսնում են թագավորների աչքում փառավոր ու սիրված, որքան Էլ շատ են թշնամիներդ, բոլորը իբրև սիրելիի քեզ մտերմություն են անում։
~ Որդյա՛կ, խոզամիտ մարդը սիրելի չի ունենում երբեք, որովհետև սիրում Է ինչքը և ոչ սիրելիին։
~ Որդյա՛կ, քո ընկերոջը չխոստանաս այն, որ չես կարող տալ, որպեսզի բարեկամությունը ատելության չվերածվի։
~ Որդյա՛կ, զվարթ և առատամիտ մարդը սիրելի է աստծուն և մարդկանց՝ պայծառացնում Է իր կյանքը իր զվարթությամբ։
~ Որդյա՛կ, եթե աշխարհի և մարդկանց իշխող ես, անձդ պահպանիր զեխությունից, որովհետև պարտավոր ես հոգալ երկրավորների և երկնավորների մասին։
~ Որդյա՛կ, ոչ թե գիտենալն Է իմաստություն, այլ ստեղծելն ու կատարելը։
[էջ 247]
ՕԳՏԱՎԵՏ ԽՐԱՏ ՄԱՐԴԿԱՆՑ, ՈՐ ԱՍԵԼ Է ԻՄԱՍՏՈՒՆ ԱՐԻՍՏՈՏԵԼԸ
~ Անմիտ, անզգամ մարդու հետ գինի խմելուց լավ է իմաստուն բարեկամի հետ քար կրելը։
~ Թագավորներին ու մեծամեծներին մոտ լինելուց լավ է հեռու մնալը։
~ Ուր որ ձեռքդ չի հասնում, մի՛ մեկնիր։
~ Մատնիչ լինելուց լավ է ծովն ընկնելը։
~ Սովածության պատճառով գողություն անելուց լավ է սոված մեռնելը։
~ Լավ է մուրալով հաց ուտել, քան հարբեցող ու զազրախոս մարդկանց ընկեր լինել։
~ Լավ է աղքատ պատանի, քան ծեր ու անմիտ թագավոր։
~ Վայ նրանց, որ բարուն չար և չարին բարի են ասում, քաղցրին՝ դառն, լույսին՝ խավար և խավարին լույս:
ՀԻՊՈԿՐԱՏԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Բժշկապետ Հիպոկրատը գնաց նվագել սովորեց և աշակերտները նրան մեղադրեցին, թե՝ բժշկության ուսուցիչ ես դու, և սա քեզ վայել զբաղմունք չէ, ինչու ես սովորում։ Եվ Հիպոկրատը նրանց պատասխանեց.
— Ուսումը լավ է անգիտությունից, գիտությունը լավ է, քան տգիտությունը։ Սա ևս մի արվեստ է, սովորելը լավ է, պատվաբեր և հարկավոր:
ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑՈՒ ԱՍՈՒՅԹՆԵՐԻՑ
~ Ով գարնանը հանգստանում է, ձմռանը սատկում Է սովից ու ցրտից։
~ Անգործ մեղուն ավելի լավ Է, քան ժրաջան պիծակը։
~ Եթե անարժանին ինչպես հարկն Է չես հանդիմանում, ուսուցիչ մի լինիր:
[էջ 249]
~ Ուսուցչին սուրբ վարքն Է քաջասիրտ դարձնում։
~ Մեղրը քաղցր Է, բայց ախտավոր մարմնին վնասում Է, խրատն ու կշտամբանքը օգտակար են, բայց անօգուտ են անխոհեմի համար:
ՆՈԻՇԻՐՎԱՆԻ ԽՐԱՏՆԵՐԻՑ
– Փորձածը մի անգամ ևս փորձեցեք։
– Նորքսակ մարդուց փոխ մի վերցրեք։
– Երիտասարդ օրերին ծերությունը հիշեցեք։
– Առատության ժամանակ սղությունը մտաբերեցեք:
– Ամենևին մի երդվիր. ոչ ճշմարիտ և ոչ սուտ։
– Ստախոս մարդկանցից զգույշ մնացեք։
– Ով խրատը ճանաչում և սիրում Է, նրան տվեք։
– Ով անամոթ և աներկյուղ Է, նրանից հեռու մնացեք։
– Անընկեր ճանապարհ մի երթաք։
– Անարժաններին մի խոնարհվիր։
– Այնտեղ, ուր համբերել Է պետք, մի շտապիր:
– Ճշմարտությունը ձեզ արհեստ դարձրեք։
– Ամեն բան, և կտավը, տասն անգամ չափեցեք և նոր կտրեցեք:
ԽՐԱՏՆԵՐ
~ Գիտնականներն իմացությամբ չորս կարգի են. նախ, որ գիտե, ու թեպետ գիտե, որ գիտե, ասում Է՝ չեմ կարող ասել, սա իմաստուն Է և հեզ, սովորիր սրանից, երկրորդ` գիտե, որ չգիտե և խոստովանում Է իր անտեղյակությունը, թե` չգիտեմ. սա ևս բարի Է, սովորիր այդ. երրորդ` չգիտե և անտեղյակ Է, թե չգիտե և խոսում Է տգիտաբար, սա հիմար Է և չգիտե իր պակասությունը, ինչպես չար հիվանդը, արթնացրու սրան. չորրորդ, չգիտե և գիտե, որ չգիտե, բայց դատարկամիտ հպարտությամբ ձևացնում Է, թե գիտե, այսպիսին ամբարտավան Է, խուսափիր նրանից:
[էջ 250]
~ Չորս բան են տապալում թագավորությունը՝ թացբերանությունը, չարակամներից չզգուշանալը, չարագործներին հանդուրժելը և սեփական ժողովրդին զրկելը։
~ Չորս պատճառ կա, որ կործանում է թագավորությունը, նախ՝ խելքի պակասություն և տգիտություն, երկրորդ՝ ագահություն և կաշառակերություն, երրորդ՝ անառակություն և ողջախոհություն, չորրորդ՝ կծծիություն. սա ամենից ավելի ատելի է ծառաների ու ռամիկների աչքում։
~ Չորս բան նշան է անբախտության, անառակներին սիրելը, քսու մարդկանց լսելը, անգետներին մտերմանալը և չարկամներից խորհուրդ հարցնելը։
~ Չորս տեսակ մարդուց պետք է հեռու մնալ, որ իր թերին չի տեսնում և ուրիշին է բամբասում, որ ուրիշների բարուն չարով է պատասխանում, որ չի վստահում ընկերոջը և, վերջապես, ստախոս է և մատնիչ։
~ Չորս բան կա, որ ցրում է տրտմությունը և աչքերի լույսը զորացնում, կանաչ տեսնելը, ջրի մոտ նստելը, երկնքի լույսը տեսնելը և լավ բանի հանդիպելը։
~ Չորս բան կա, որ պակասեցնում է աչքի լույսը. բոբիկ ճանապարհ գնալը, թշնամի տեսնելը, շատ լալը, բարակ բաների նայելը։
~ Չորս բան գիրացնում են մարմինը. բաղնիք մտնելը, ախորժելի կերակուրներ ուտելը, փափուկ շորեր հագնելը և հաճելի բաներ լսելը։
~ Չորս բան առողջացնում են հիվանդին. կանոնավոր սնվելը, անուշ բույրեր հոտոտելը, գուսանի ձայնն ու անուշ քամին։
~ Չորս բանից է լինում հանկարծամահությունը. մեծ ուրախությունից ու շատ տրտմությունից, ուժեղ բարկությունից և խիստ վախենալուց։
~ Չորս տեղ են փորձում մարդուն. պաշտոնի ու առևտրի մեջ, գինի խմելիս և ճանապարհին։
~ Չորս բանի, չի կարելի հավատալ. թշնամու սիրուն, ագահ մարդու երդմանը, անհավատի դաշինքին և անառակ կնոջ սիրուն։
~ Չորս տեսակ մարդիկ չեն կարող հարստանալ. առաջինն այն է, որ խոյ է կռվեցնում, երկրորդ այն, որ աղավ–
[էջ 251]
նի է պահում, երրորդը, որ խաղամոլ է, որ դրամով գումար է խաղում, չորրորդն այն է, որ փողոցներում առուծախ է անում։ Սրանք ամեն ինչով դժբախտ են։
~ Չորս բան կա մարդու օգտակար՝ թե հոգուն, թե մարմնին. քիչ ուտելն ու քիչ խմելը, քիչ խոսելն ու քիչ քնելը։ Քիչ ուտելն ու քիչ խմելը մարմնին օգուտ է. անձը թեթև է պահում և զգայությունները՝ հստակ ու մաքուր, մարմինը՝ առողջ։ Քիչ խոսելն ու քիչ քնելը հոգուն է օգուտ, որովհետև եթե շատ քնի՝ կկուրանա միտքը, կխափանվեն հանճարը և զգայությունները, իսկ շատ խոսելը չորացնում է ուղեղը և պատվազրկում մարդուն։ Եթե տասն բան գիտես, մեկն ասա և ինը պահիր. խոսքը գոհարի է նման. անտեղի մի խոսիր, որ չկորցնես, շտապով մի խոսիր, բարկությամբ ու լալկան դեմքով մի խոսիր, այլ, եթե ուզում ես, որ խոսքդ անցնի, մեղմորեն ու ժպտուն դեմքով խոսիր։
Լրացուցիչ տեղեկություններ |
Աղբյուր՝
Սովետական գրող հրատարակչություն, Երևան 1977 |
Տես նաև |