ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Ոսկեփորիկ. նմուշներ հին և միջնադարյան արձակից

ՈՍԿԵՓՈՐԻԿ

Նախորդ էջԲովանդակություն  | Հաջորդ էջ

[էջ 252]

ԴԻԶԱՓԱՅՏ

Այսօր սրբերի սպանությունն է, որոնք Դիզափայտում էին։ Հայոց աստվածահաճո և մեծ վարդապետ Մեսրոպը, աստծուց ստացած շնորհքով ստեղծեց երեք ազգի՝ հայոց, վրաց և աղվանից գրերը և Կովկասյան լեռների բնակիչներից բազում բարբարոսների քրիստոնյա դարձրեց։ Իսկ ինքը վերադարձավ Հայաստան, սուրբ Սահակից հետո նստեց հայրապետության աթոռին և վեց ամիս անց ինքն էլ մահացավ։ Նրա աշակերտները, որ Աղվանից կողմերում Էին, որբ մնալով սուրբ հորից, գնացին Երուսաղեմ և վերադարձան Աղվանք, բնակություն հաստատեցին մի տեղում, որ կոչվում Է Աստղաբլուր՝ Արցախ գավառին մերձ, որ Է Խաչենքը։

Այդ ժամանակները հոնաց հյուսիսային արքան եկավ խազբերի ու հոների անթիվ բազմությամբ և բանակեց Քուռ գետի ափին, ասպատակեց երեք ուղղությամբ` Հայաստան, Վրաստան, Աղվանք։

Իշխան զորագլուխներից մեկը 477 թվականին գնաց Արցախի կողմերը, այնտեղից շատ գերիներ ու ավար վերցրեց և օթևանեց Աստղաբլուրում, ուր Մեսրոպի աշակերտներն Էին։ Նրանցից ոմանց բռնեցին և սպանեցին։ Եվ Աթանաս քահանային, որ նրանց հետ եկել Էր Երուսաղեմից, երկու այլ քահանայի հետ սպանեցին, իսկ մյուսներին չարչարելով թողեցին:

[էջ 253]

Գերվածների մեջ տեսան մի մեծատոհմիկ կնոջ՝ Թագուհի անունով, շատ գեղեցիկ։ Զորագլուխը հրամայեց նրան պահել, որ իրեն կին դարձնի։ Բայց կինը չհնազանդվեց նրան, այլ անարգեց։ Դրա համար նրան խիստ գանահարեցին, գետնի վրա քարշ տվեցին, մինչև մարմինը կտրատվեց, պատառ-պատառ ցրվեց դաշտով մեկ։ Եվ նա այսպիսով մահացավ։

Երբ երեկոն իջավ, մեծ լույս ծագեց սրբի մարմնի վրա, աստղի նման ցոլալով։ Այդ տեսնելով, անօրեններն ահաբեկվեցին և կանչելով գերի երեցներին՝ հարցնում Էին, թե ի՞նչ բան է դա։ Սրանք քարոզելով՝ նրանց հավատի բերեցին, մինչև որ զորապետը նույնպես իր երկու որդիներով և ամբողջ զորքով հավատաց Քրիստոսին, և մկրտվեցին քահանաների ձեռքով: Զորապետը վերակոչվեց Թեոփիլոս, որ նշանակում է աստվածասեր, իսկ որդիները վերանվանվեցին՝ Մովսես և Երանողիս։ Հավաքելով սուրբ Թագուհու նշխարները, ամփոփեցին մի տեղ բլրակի վրա և անվանվեցին այն Աստղաբլուր։ Այս տեղի ունեցավ սուրբ զատկի ավագ շաբաթ օրը, զորապետի հավատափոխության հետ մեկտեղ տոնեցին սուրբ հարության զատկի տոնը։ Եվ ի պատիվ Քրիստոսի հարության ազատեցին բոլոր գերիներին։ Իսկ երբ իմացավ հոների արքան, թե այն զորավարը իր զորքով քրիստոնյա է դարձել, կանչեց իր մոտ զորապետին 7000 պատվավոր մարդկանցով և խոսեց նրանց հետ սիրալիր ու սպառնալիքով, որպեսզի ետ կանգնեն քրիստոնեական հավատից։ Եվ երբ սրանք չհամաձայնեցին, սրով սպանեցին նրանց, որոնք այսպես մեռան բարի հավատով։ Իսկ զորավարի որդիները՝ Մովսեսն ու Երանողիսը, և մնացած հավատացյալ զորքը փախան դեպի Դիզափայտ կոչվող լեռը։ Անօրենները գնալով նրանց ետևից՝ կոտորեցին բոլորին մի տեղում և վառեցին հրով ու լեռն անվանեցին Դիզափայտ, որովհետև փայտի նման դիզեցին սրբերին իրար վրա և ապա այրեցին: Եվ սրանք այդպես մահացան արեգ ամսի 21-ին։

 

Նախորդ էջԲովանդակություն  | Հաջորդ էջ
Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Սովետական գրող հրատարակչություն, Երևան 1977
Տրամադրել է՝ Միքայել Յալանուզյանը

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice