ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian
Թադևոս Հակոբյան

ԵՐԵՎԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ (1500–1800 ԹԹ.)

Previous | Բովանդակություն | Next

[էջ 101]

III. ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈԻՅՆ ԱՆՑՔԵՐԸ XVIII Դ. ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍՈԻՄ

Դրությունը Նադիր շահից հետո։ Ժամանակաշրջանի քաղաքական կարևորագույն անցքերը։ Երևանի կիսանկախ խանությունը. Երևանի խանության անկախացումը, Մահմադ և Ազատ խաների արշավանքներն ու դրանց ետ մղումը վրացական զորքերի օգնությամբ, Երևանի խանը վրացական թաղավորների հարկատու։ Լեզգիների 1753—1754 թթ. արշավանքները և երկրի ավերումը։ Հերակլ II-ի 1765 ու 1769 թվականների արշավանքները և Երևանի խանի հարկատվության վերականգնումը։ Հերակլ II-ի 1779 թվականի ավերիչ արշավանքը և դրա հետևանքները։ 1781 —1794 թվականների դեպքերից։ Աղա-Մամեդ խանի ավերիչ արշավանքը և Երևանի խանության ենթարկումը շահական իշխանությանը։ 1796—1800 թվականների դեպքերը և Երևանը։ Ազատագրական շարժման ուժեղացումը դարի վերտերին

Մենք տեսանք, որ Նադիր ջահը մի շարք հաղթական պատերազմներից հետո 1736 թվականին օսմանյան Թուրքիային հարկադրել էր հրաժարվել Անդրկովկասում կատարած իր նվաճումներից և հաշտություն խնդրել։ Այդ հաշտության համաձայն Երևանը համանուն խանության հետ միասին նույնպես մնում էր Պարսկաստանի տիրապետության տակ։ Սակայն չնայած իր կատարած վարչական վերափոխություններին և պետության ծայրամասերում հուսալի հենարան ստեղծելու համար տեղական ազնվականությանն ու հասարակության բարձր խավին պատկանող մյուս ներկայացուցիչներին տված բավական լայն արտոնություններին, այնուամենայնիվ նրա պետությունը ենթակա էր ֆեոդալական մասնատման և հղի կենտրոնախույս ուժերով։ Պարսից պատմությանն այնքան քաջատեղյակ Խաչատուր Ջուղայեցին գրում է,

[էջ 102]

որ դեռևս նրա կենդանութեան օրով արդեն նկատելի էին ներքին խռովություններն ու շփոթությունները1։ Այնուհետև պատմագիրը նշում է, որ Նադիրը նախազգալով մոտեցող մեծ վտանդը և երկրի անդորրության խախտման նախանշանները, 1746 թ. շտապում է հարատև հաշտության դաշինք կնքել օսմանցիների հետ։ «Արդ՝ սատանօր յորժամ տեսանէ Նատըր,— գրում է Խաչատուր Ջուղայեցին,—թէ վտանգ մեծ անձին իւրոյ պատահեսցի ի շփոթեալ խռովութեանց երկրին իւրոյ, եթէ ո՛չ դարձնի յետս յերկիր իւր. վասն որոյ խօսի զխաղաղութիւն ընդ տաճկաց, և մշտնջենաւոր դաշամբ զհաշտութիւն առ նոսա հաստատէ ի 1195 յամի արամազեանս տարի»2։

Հետագա դեպքերը ցույց տվեցին, որ Նադիր շահի կողմից ստեղծված արտաքնապես համեմատաբար ամուր, կենտրոնաձիգ թվացող իշխանությունը հարմար առիթի դեպքում նորից էր մասնատվելու կիսանկախ իշխանությունների՝ խանությունների, որոնցից յուրաքանչյուրն իր ուժերի չափով ձգտելու էր անկախության և տիրապետությունների լայնացման։ Անդրկովկասի պարսկական տիրապետության մասում և Ատրպատականում ձևավորված Երևանի, Նախիջևանի, Ղարաբաղի, Խոյի, Մակուի, Ղարադաղի, Ուրմիայի, Գանձակի, Ղուբայի, Բաքվի, Շիրվանի, Շաքիի, Թալիշի, Արդաբիչի, Մարաղայի, Սովուջ-Բուլաղի խանությունների3 միջև տարբեր ժամանակներում տարբեր խմբավորմամբ մղվում էր երկարատև պայքար գերիշխանության և ֆեոդալական անկախության համար։ XVIII դարի երկրորդ կեսում այդ խանությունների և նրանց ու Պարսկաստանի շահական իշխանության միջև մղվող պայքարք հաճախ վեր էր ածվում արյունահեղ կռիվների, որոնց հետևանքով ավերվում էին երկրի բազմաթիվ շրջանները և ոչնչանում, գերեվարվում կամ արտագաղթի դիմում բազմահազար բնակիչներ։ Դրանց վրա գումարվում էին նաև լեզգիների հաճախակի կրկնվող ավերիչ ասպատակությունները։ Երևանի խանությունը և նրա կենտրոն Երևան քաղաքը այդ բոլորից բացի, մի քանի անգամ ավերվել է վրացական թագավորների արշավանքների հետևանքով։ Անդրկովկասը մեծագույն հարված է ստանում դարի վերջին՝ Աղա-Մամեդ խանի 1795 թվականի արշավանքով։ Այնպես

__________

1 Խաչատուր Ջուղայեցի, Պատմութիւն Պարսից, Վաղարշապատ, 1905, էջ 287։
2 Նույն տեղում։
3 И. Л. Петрушевский, Очерки по истории феодальных отношений в Азербайджане и Армении XVI–начале XIX вв., Л., 1949, էջ 29։

[էջ 103]

որ XVIII դարի երկրորդ կեսը դարձյալ մռայլ ժամանակաշրջան էր մեր երկրի ու նրա մայրաքաղաքի համար, ներքին արյունահեղ երկպառակությունների և պարբերաբար կրկնվող պատերազմների մի ժամանակաշրջան, որի քաղաքական անցքերի կիզակետում էր գտնվում նաև Երևանը։

Նադիր շահի մահից անմիջապես հետո վերը նշված խանություններից շատերի նման անկախանում է նաև Երևանի խանությունը։ Այժմ արդեն այդ խանությունները փաստորեն մեկ-մեկ ֆեոդալական «թագավորություններ» էին, որոնք օժտված էին ներքին լայն իրավունքներով և նույնիսկ իրավասու էին քաղաքական հարաբերությունների մեջ մտնելու հարևան թուրքական փաշայությունների հետ։ Նադիր շահը Երևանի խանությունը տվել էր Հասան-Ալի խանին, որը Ղաջարներից էր և մեծ գործեր էր կատարել շահի մղած պատերազմների ժամանակ։ Փոքր ընդհատումներով ավելի քան 15 տարի տևած թուրք֊պարսկական վերջին պատերազմների ընթացքում երկիրը վեր էր ածվել ավերակների կույտի, ամայացել էին շատ շրջաններ, զրկվել բնակչության մեծ մասից։ Տեղում հենարան ստեղծելու և օսմանյան Թուրքիայի հետագա հարձակումների առաջն առնելու միջոցներից մեկը նադիր շահը համարում էր երկրի տնտեսության վերականգնումը, ամայացած շրջանների բնակեցումը, ավերված բնակավայրերի վերաշինումը, որոնց հետևանքով հսկայական չափով կավելանար նաև արքունական եկամուտները։ Հասան-Ալի խանը այդ ուղղությամբ զգալի ջանքեր է գործադրում։ Սակայն գերիշխանության համար խանությունների միջև բռնկվող պատերազմներն ու լեզգիների հարձակումները ոչ միայն խոչընդոտում էին երկրի տնտեսական դրության առաջադիմությունը, այլև սպառնում էին Երևանի խանության անկախությանը։ Երևանի խաները, որոնք Նադիր շահից հետո դարձել էին ժառանգաբար իրար հաջորդող, պետք է ձգտեին պահպանել իրենց անկախությունը։ Շրջակա «թագավորությունների» մեջ միակը, որին Երևանի խաները կարող էին դիմել իրենց կիսանկախ վիճակը թշնամական խաների դեմ պաշտպանելու համար, Արևելյան Վրաստանի թագավորներն էին՝ Թեյմուրազն ու նրա որդի Հերակլ II-ը։ Նրանք իբրև Արևելյան Վրաստանի կառավարիչներ նշանակվել էին Նադիր շահի ժամանակ՝ 1744 թվականին և կոչվում էին վալիներ, որովհետև իրենց իշխանության տակ գտնվող երկրները՝ Քարթլին և Կախեթը համարվում էին Պարսկաստանին ենթակա վարչա-քաղաքական միավորներ՝ վալիություններ։ Բայց վրաց վալիները, որ սերած էին վրացական Բագրատունինե-

[էջ 104]

րից, իրենց կոչում էին «թագավորներ» և Անդրկովկասի խաների համեմատությամբ ավելի ինքնուրույն էին, Պարսկաստանի կենտրոնական իշխանությանը նրանք միայն ենթակա էին այնքանով, որքանով պարտավոր էին տարեկան որոշ քանակությամբ հարկ մուծել արքունական գանձարանը, իսկ Նադիր շահի մահից հետո վրաց թադավորները արդեն ձեռք են բերում անկախություն4։ Ավելին, վրաց թադավորները շարունակում են օգտվել Պարսկաստանի ներքին խառնակ դրությունից և Անդրկովկասի խաների միջև բորբոքված պայքարից Երևանի ու Գանձակի խանություններն իրենց հարկատու դարձնելու։ Այս պատճառով էի, երբ Երևանի ու Գանձակի խաները դիմում են Թեյմուրազ թագավորին իրենց թշնամու դեմ օգնություն ցույց տալու համար, ապա վերջինս առանց վարանելու համաձայնում է՝ փոխարենը որոշ քանակությամբ հարկ վճարելու պայմանով5։

Երևանի խանը վրաց թագավորների հարկատուն դարձավ հետևյալ պայմաններում։

1749 թվականին սպանում են Պարսկաստանի Իբրահիմ շահին (1747 —1749) և երկրում ծայր են առնում ներքին կռիվները։ Սիմեոն Երևանցի կաթողիկոսը հաղորդում է, որ 1747 թ. Նադիր շահի սպանությունից հետո երկրում վերացավ միապետական կարգը, յուրաքանչյուր քաղաքի խան դարձավ ինքնագլուխ, խաներն սկսեցին հարձակվել իրար վրա և ամայացնել երկիրը։ Այդ եղանակով Պարսկաստանն ու Հայաստանն ամբողջովին ավերվեցին, խափանվեց հաղորդակցությունը հարևան երկրների միջև, հարևան շրջանների ժողովուրդները դարձան իրար թշնամի։ Նա գրում է, «Իսկ ի բառնիլ և սոցին տերութեանն իսպառ, որ յԱսպահան նստիլր Շահ անուանիւր, ի ՌՃՂԷ (1748) թուոջն մերում, տե´ս այսուհետև և զթշուառութիւն ընդ տէրութեամբ սոցա եղելոյն։

Քանի բարձաւ միապետական թագաւորութիւնն սոցա, և իւրաքանչիւր քաղաքի խանք եղեն ինքնագլուխք և աներկիւղք յումեքէ, որք ևս սկսան ի վերայ միմեանց յառնել և զերկիր իրարեաց քակել և ալերել որք և գրեթէ ամայացուցին զբոլոր երկիրս Պարսից և Հայոց, մինչ զի երկիր և յայլ նահանգ՝ որում այլ խան իշխէ, ոչ կարէ ոք գնալ, և կամ կարի դժուարաւ։ Ուստի իւրաքանչիւր խանից (ընդ) իշխանութեամբ ելեաքն ի խանս իւրեանց յե-

__________

4 Տե՛ս Գյուտ Աղանյանց, Դիւան Հայոց պատմութեան, գ. Դ, Թիֆլիս, 1899, էջ 728 — 729։
5 Бутков, Материалы по новой истории Кавказ, т. I, էջ 237 — 238։

[էջ 105]

ցետլք թէ Տաճիկք և թէ Հայք ի միմեանց օտարացեալք և թշնամիք իսկ եղեն իրեարց ըստ ախորժակաց խանին իւրեանց»6։

Այդ ժամանակներում Նախիջևանի և Օրդուբադի կողմերում բավական հզորացել էր Ղաջարյան տոհմին պատկանող ոմն Մահմադ խանը, որն Ատրպատականի Ազատ խանի վասալն էր և Նադիր շահի սպանողներից մեկը7։ Նա բավական մեծ բանակի գլուխ անցած շարժվում է Երևանի վրա։ Աղբյուրների հաղորդած տեղեկությունների համաձայն նրա զորքի մեծագույն մասը բաղկացած էր ավազակաբարո ցեղերից, որոնք ակնկալում էին տեր դառնալ մեծ ավարի։ Թուրք պատմագիր Սյուլեյման-Իզզի վկայության համաձայն Երևանի խանը իր զորքերով արշավող թշնամու դեմ ճակատամարտ է տալիս Ուլուխանլուում, բայց պարտվելով վերադառնում ու ամրանում է Երևանի բերդում։ Հաղթողները գալիս ու պաշարում են բերդը8։ Զորքի մի մասը շարունակում է ասպատակությունները խանության շրջաններում և փաստորեն տեր էր դառնում ամբողջ երկրին։ Այդ եղանակով նա հույս ուներ, որ Երևանի խանը կհանձնվի և իր առաջ բաց կանի բերդի դռները։ Խանի դրությունը հուսահատական էր։ Այդ վիճակից դուրս գալու միակ ելքը համարվեց հարկատու դառնալու պայմանով վրաց Թեյմուրազ և Հերակլ թագավորներին օգնության կանչելը։ Հուսեին խանի պատվիրակը Վրաստան հասնելուց շատ չանցած Թեյ– մուրազն ու նրա կորովի որդի Հերակլը զորքով շտապում են օգնության։ Երևանի մոտ տեղի է ունենում արյունահեղ ճակատամարտ։ Երևանի խանի և վրաց թագավորների զորքերը ջարդում և երկրի սահմաններից դուրս են շպրտում Մահմադ խանին։ Այնուհետև, առանց ժամանակ կորցնելու, երիտասարդ Հերակլը իր ջոկատով հարձակվում է Մահմադ խանի բերդի վրա, գրավում այն։ Թշնամուն հետապնդում էր նաև Հերակլի հայրը՝ Թեյմուրագը9։ Մահմադ խանի բերդերն ու գավառները գրավելուց հետո վրաց թագավորները մեծ ավարով վերադառնում են Երևան։ Բնորոշն այն է, որ վրաց թագավորներին չի թույլատրվում մտնել Երևանի բերդը։ Վրաց պատմագիր Օման Խերխեուլիձեի հիշատակության

__________

6 Սիմեոն կաթողիկոս Երևանցի, Ջամբռ, Վաղարշապատ, 1873, էջ 57։
7 Տե՛ս Լ. Սելիքսեթ–Բեկ, Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, հ. Գ, էջ 172 և 187։
8 Տե՛ս «Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի և Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին», հ. Ա, էջ 202—203։
9 Տե՛ս Լ. Մելիքսեթ–Բեկ, Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, հ. Գ, էջ 127—128 և 172 — 173, «Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի և Անդրկովկասի մյուս մողովուրդների մասին», հ. Ա, էջ 203։

[էջ 106]

համաձայն, այդ փայլուն հաղթանակից հետո Երևանի խանն ու երևանցիներն իրենք են գալիս վրաց թագավորների մոտ և հայտարարում, որ ըստ պայմանի իրենք իրենց համարում են վրաց թագավորի հարկատուն և պարտավորվում են ծառայել նրան։ Այնուհետև նա վկայում է, որ Թեյմուրազն ու Հերակլը իրենց մարդուն նստեցրին Երևանում, իսկ իրենք ուղևորվեցին դեպի Վրաստան, և այդ օրվանից Երևանն մնում է վրաց թագավորների հարկատու մինչև Աղա-Մամեդ խանի (1794 —1797) արշավանքը, «թեև սա էլ» «բոլորովին ձվերացրեց Երևանի հարկատվությունը (ծառայությունը) Վրաստանին»10։ Սակայն նույն դեպքերի մասին մի փոքր այլ ձևով է հիշատակում թուրք պատմագիր ՍյուլեյմանԻզզին։ Նա գրում է. «Այսպիսով, Երևանը այդ վւորձանքից թեև ազատվում է, սակայն հիշյալ Թեյմուրազ խանը փորձում է մտնել Երևանի բերդը։ Երևանի Հուսեին խանը և Երևանի պահապան Աբդուլլահ խանը շտապում են հայտնել, որ առանց Իրանի շահի՝ Շահրուխ խանի հրամանի չի կարելի Երևան մտնել։ Այս կտրուկ մերժողական պատասխանը ստանալով, Թեյմուրազ խանը կանգ է առնում Երևանի և Ուչ-Քիլիսեի միջև Բարդակչի կոչված վայրում և Բեզդեվարի և Արփա-Չայի շրջակայքում Իրեմլու և Թաշենլեր աշիրեթների ժողովրդին կողոպտում ու թալանում է։ Աշիրեթների տերերը՝ Հաքվերդի և Նաշաֆ-Ալի խաները դիմադրություն ցույց չտալով՝ փախչում և թագնվում են։ Թեյմուրազ խանը այդ շրջաններում տեր ու տիրական է դառնում, սկսում է Երևանից իբրև սալյանե՝ գանձել նախապես իրեն խոստացված 100 հազար ղուրուշը»11։ Սյուլեյման-Իզզի այդ վկայությունից կարելի է ենթադրել, որ վրաց թագավորները ձգտել են օգտվել եղած դրությունից և Երևանի խանությունն ամբողջապես ենթարկել իրենց գերիշխանությանը, բայց այդ նրանց չի հաջողվել։ Երևանի խանը կտրուկ մերժել է նրանց այդ պահանջը և արգելել բերդ մտնել, պատճառաբանելով, որ առանց Պարսկաստանի շահի թույլտվության ոչ ոք իրավունք չունի այդ քայլը կատարել։ Պարսկաստանի շահի գերագույն իրավունքի վկայակոչումը գործի միայն ձևական կողմն էր։ Երևանի խանը միանգամայն անկախ էր և մտադրություն չուներ կորցնել իր այդ իրավունքը։ Նա, ըստ պայմանի, օգնության համար վրաց թագավորներին վարձա-

__________

10 Տե´ս Լ. Մելիքսեթ–Բեկ, Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, հ. Գ, էջ 173։
11 Տե´ս «Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի և Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին», հ. Ա, էջ 203։

[էջ 107]

հատույց է լինում միայն հարկատու դառնալով։ Երևանի խանի համար այդ էլ, անշուշտ, անցանկալի էր, բայց ստեղծված դրությունից դուրս գալու այլ ելք չկար։ Հետագայում, նայած երկրի ներքին և քաղաքական դրությանը, Երևանի խաները մի քանի անգամ դադարել են Վրաստանին հարկ վճարելուց, բայց վրաց թագավոր Հերակլը դեպի Երևան կատարած իր արշավանքներով խանին ստիպել է, մինչև Աղա-Մամեդ խանի արշավանքը։ ընդհանուր առմամբ, մնալ Վրաստանի հարկատուն։

Պատմական աղբյուրների վկայություններից երևում է, որ Երևանի խանությունից Վրաստանին տրվող հարկը (որը բացառապես դրամական էր) մեծ գումար չի կազմել։ Սակայն այդ հարկի չափի մասին տարբեր աղբյուրներ տարբեր կերպ են հաղորդում։ Վերը նշված թուրք պատմագիրը, ինչպես տեսանք, վկայում է, որ Երևանի խանը խոստացել էր տարեկան վճարել 100 հազար ղուրուշ։ Մի քանի աղբյուրների համաձայն Երևանի խանը տարեկան տալիս էր 40 հազար թուման12, իսկ մյուս աղբյուրները այդ հարկի քանակի մասին կոնկրետ թվեր չեն հաղորդում և բավականանում են նշելով, որ Երևանի խանը խոստացել էր հարկ տալ վրաց թագավորներին13։ Վկայակոչելով Կովկասի նոր պատմության վերաբերող աղբյուրները՝ Լեոն գրում է, որ սկզբում Երևվանի խանը Վրաստանին տարեկան վճարում էր 5000 ռուբլի, իսկ հետագայում այդ հարկը բարձրացավ մինչև 40000 ռուբլու14։ Սակայն մի շարք սկզբնաղբյուրների հաղորդած տեղեկությունները չեն համապատասխանում մեծ պատմաբանի տված այդ թվերին։ Վրացական աղբյուրներում, օրինակ, մի տեղ նշվում է, որ Հերակլը 1779 թվականի իր արշավանքով Երևանի խանին հարկադրեց տարեկան վճարել 6000 թուման հարկ15, մի այլ տեղում ասվում է, որ նա Երևանի խանի վրա դրեց տարեկան 4000 թուման հարկ16։ Կան հայկական ժամանակակից աղբյուրներ, որոնց համաձայն Վրաստանի թագավորին տրվող հարկը կազմում էր ըն-

__________

12 Տե՛ս Մ. Չամչյան, Պատմութիւն Հայոց, հ. Գ, էջ 854, И. Шопен, Исторический памятник Армянской области, էջ 162 և այլուր։
13 АК АК. т. I, Тифлис, 1866, էջ 118-119։ Լ. Մելիյքսեթ-Բեկ, Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, հ. Գ, էջ 173 և 187։
14 Бутков, Материалы по новой истории Кавказа, т. I, էջ 237—238։ Հմմտ. Լեո, Հայոց պատմություն, հ. III, էջ 766—767։
15 Տե՛ս Լ. Մելիքսեթ–Բեկ, Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, հ. Գ, էջ 227։
16 Նույն տեղում, էջ 179։

[էջ 108]

դամենը 1000 թուման (որը հավասար է 30 քիսայի)17, այլ աղբյուրներ հաղորդում են, որ այն տարեկան հասնում էր 3000 թումանի18, իսկ ըստ մյուսների՝ 40.000 թումանի19։ Մեր կարծիքով, թվերի այդպիսի աղաղակող տարբերություններն արդյունք են ոչ թե դրանց հեղինակների անգիտության, այլ այն բանի, որ տարբեր ժամանակներում Երևանի խանությունից վրաց թագավորին տրվող հարկը տարբեր գումար էր կազմում։ Խանի և վրաց թագավորների միջև ծագած յուրաքանչյուր անհամաձայնությունից և հակասությունից հետո, ըստ երկու կողմերի համաձայնության սահմանվում էր մի նոր հարկադրույք, որն իր չափով կարող էր տարբերվել նախորդ, և՛ հաջորդ տարիների հարկաչափից։ Բոլոր դեպքերում այդ հարկը ծանր չէր և Երևանի խանության բնակչությունից գանձվող հարկի մեծագույն մասը մնում էր երկրի ներսում ու ենթակա էր կիսանկախ խաների լիակատար իրավասությանը։

Սակայն Ազատ-խանի զորքերի դեմ տարած հաղթանակը չապահովեց Երևանի խանության անվտանգությունը։ Ատրպատականում հաստատված և ընդարձակ տերիտորիաների տեր դարձած Ազատ-խանր չէր հաշտվել Երևանի խանության անկախության և նրա՝ Վրաստանին հարկատու լինելու մտքի հետ։ Նա ձգտում էր ինչ կերպ էլ ուզում է լինի Երևանի խանությունը ենթարկել իր իշխանությանը։ Նրա այդ ձգտումը հայտնի դարձավ դեռևս 1749 թվականին, Մահմադ-խանի արշավանքի ժամանակ։ Թուրք պատմագիր Սուլեյման-Իզզի վկայության համաձայն Ազատ-խանը իր զորքերի պարտության և Երևանի խանությունը վրաց թագավորներին հարկատու դառնալու լուրն առնելով, Թավրիզից հատուկ գրությամբ սպառնում է Թեյմուրազին և նրան մեղադրում ինքնագլուխ գործողությունների համար։ Պատմագիրը գրում է՝ «Այդ ժամանակ Թավրիզի խանը Թեյմուրազին գրություն է ուղարկում և հայտնում՝ «Դու ինչպե՞ս ես համարձակվում այդպիսի վերաբերմունք ցու֊յց տալ, մի՞թե Շահի կողմից ես նշանակված»20։

1752 թվականի հունիսին Ազատ-խանը 40000 զորքի գլուխ անցած արշավում է Երևանի վրա և սկսում ավերել ու թալանել երկիրը։ Պայմանի համաձայն Երևանի խանը օգնության համար դի-

__________

17 Տե՛ս Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռ. № 4481, էջ 137 բ։
18 Տե՛ս «Արարատ» ամսագիր 1901, մարտ, էջ 184։
19 Տե՛ս И. Шопен, Исторический памятник Армянской области, էջ 162:
20 Տե՛ս «Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի և Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին», հ. Ա, էջ 203։

[էջ 109]

մում է վրաց թագավորներին։ Հերակլ II-ը զորքով շտապում է Երևան։ Քանաքեռից ոչ հեռու, Կըրխ-բուլաղում 1752 թ. հուլիսի 25-ին տեղի է ունենում ճակատամարտ։ Ճակատամարտը փոփոխական հաջողությամբ տևում է բավական երկար։ Սկզբում հաջողությունը ժպտում է վրացիներին, բայց դրությունը շուտով փոխվում է հօգուտ Ազատ-խանի։ Այնուամենայնիվ վերադասավորելով իր ուժերը՝ Հերակլը կարողանում է վերջնական պարտության մատնել Ազատ-խանին և դուրս շպրտել Երևանի խանության սահմաններից։ Մարտերից վերադառնալով Երևան՝ Հերակլն իր հոր՝ Թեյմուրազ թագավորի համաձայնությամբ բեյլերբեյ (խան) է նշանակում Աբդուլա-խանին, իսկ ինքը վրացական զորքի գլուխ անցած վերադառնում Թփխիս։ Պատմական աղբյուրները հաղորդում են, որ Հերակլի զորքը Ազատ-խանի բանակի համեմատությամբ չնչին էր՝ ընդամենը 3000 հեծյալներից էր բաղկացած, բայց հանկարծակի ու կայծակնային արագությամբ հարձակվելու շնորհիվ նրան հաջողվել էր ամոթաբեր փախուստի մատնել Ատրպատականի տիրոջը21։

Ազատ-խանի այդ արշավանքի մասին մանրամասն հիշատակություն ունի նաև թուրք պատմագիր Այուլեյման-Իզզին։ Չնայած նրա վկայությունները մի փոքր տարբերվում են հայկական ու վրացական աղբյուրների հաղորդած տեղեկություններից, բայց տարբերությունն էական չէ և կոնկրետ փաստերով լրացնում է Երևանի պատմության համար բավական նշանակալի այդ դեպքերի իրական ընթացքը։ Սյուլեյման-Իզզին իբրև վրաց զորքերի հրամանատար հիշատակում է ոչ թե Հերակլին, ինչպես կար, այլ նրա հորը՝ Թեյմուրազին, որն այդ արշավանքին չի մասնակցել։ Բայց և այնպես քաջատեղյակ հեղինակը նկարագրում է վրաց զորավարի կիրառած ճկուն ու խորամանկ մարտավարությունը և թշնամուն հանկարծակիի բերելով նրա նկատմամբ տարած փայլուն հաղթանակը։ Նա նշում է, որ Ազատ-խանը դիմել է փախուստի, իսկ վրաց զորքը հետապնդելով որոշ տարածություն, «նրա գինվորների մեծ մասին սրի են անցկացնում, մնացածներին բռնում և շղթայում են»22։ Ըստ Սյուլեյման-Իզզիի, Ազատ-խանի բանակը

__________

21 Տե՛ս Լ. Մելիքսեթ-Բեկ, Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, հ. Գ, էջ 107, 137—138, 174 — 175, «Կռունկ Հայոց աշխարհին», ամսագիր, 1863, № 4, էջ 278, И. Шопен, Исторический памятник Армянской области, էջ 162—163։
22 Տե՛ս «Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի և Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին» հ. Ա, էջ 206։

[էջ 110]

բաղկացած էր ոչ թե 40 հազարից, ինչպես հաղորդում են վերը նշված աղբյուրները, այլ՝ 12 հազարից, որից միայն 4000 հոգու է հաջողվում մի կերպ փրկվել վրացական զորքի հետապնդումից և հասնել Ուրմիայի բերդը23։

Հետագա դեպքերը, սակայն, ցույց տվեցին, որ Ազատ-խանը դարձյալ չի հրաժարվել Երևանի խանին իր ենթական դարձնելու մտադրությունից։ Վրաց պատմագիր Պապունա Օրբելիանին վկայում է, որ վերը նշված պարտությունից հետո Ազատ-խանը այնուամենայնիվ իր մոտ է կանչում Հերակլ II-ի կողմից Երևանում նշանակված Աբդուլլա-խանին, զրկում խանությունից և, իր մոտ պահելով, նրա փոխարեն նորից խան կարգում Հասան-Ալի խանին։ Վերջինս զորքով եկել և ամրացել էր Երևանի բերդում։ Փոխադարձ բանակցությունների շնորհիվ վրաց թագավորները համաձայնում են Ազատ-խանի նշանակած Հասան-Ալի խանին թողնել իր պաշտոնում, պայմանով, որ նա մնա Վրաստանին հարկատու24։

Դրությունը չի խաղաղվում։ Հյուսիսային Կովկասի լեզգիները, օգտվելով Անդրկովկասում շարունակվող խառնակ դրությունից հատկապես Ազատ-խանի և վրաց թագավորների միջև Երևանի ու այլ խանությունների վրա գերիշխանություն ձեռք բերելու համար ծագած կռիվներից, Ազատ-խանի դրդմամբ, արշավում են դեպի Վրաստան ու Արևելյան Հայաստան և ասպատակում բազմաթիվ շրջաններ։ Լեզգիների այդ ավերիչ ասպատակությունները տեղի են ունեցել 1753—1754 թվականների ընթացքում։ Վրաց պատմագիր Պապունա Օրբելիանին, պատմում է, որ լեզգիները «բազմաթիվ զորքով իջան Դաղստանից, հասան Բամբակի (Փամբակի— Թ. Հ. ) ձորը, ավերեցին բերղերը, գերեցին, բնաջինջ արին. անթիվ գերի ու ավար տարան. հարձակվեցին Ղարսի երկրների վրա, շատ տեղեր վնասեցին, ոչ մի տեղ ընդդիմադրության չհանդիպեցին, գնացին Գյոքչա, գրավեցին բերդը և այնտեղի բոլոր բնակավայրերն ավերեցին։ Հարձակվեցին Երևանի վրա, սկսեցին ավերել Տփխիս քաղաքի շրջակայքը»25։ Այնուհետև նա վկայում է, որ լեզգիների զորքը ջոկատների բաժանված արշավում էին Երևանի, Քարթլիի և Սոմխեթի (Հայաստանի) վրա։ Երևան արշավող զորքերն ավերեցին շատ շրջաններ և մեծ կոտորածներ սարքեցին։ Այդ նույն ջո-

__________

23 Նույն տեղում։
24 Տե՛ս Լ. Մելիքսեթ-Բեկ, Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, հ. Գ, էջ 142։
25 Նույն տեղում, էջ 143։

[էջ 111]

կատը Երևանի խանությունն ասպատակելուց հետո հսկայական ավարով ու մեծ թվով գերիներով անցնում է Ղազախով և վերադառնում Դաղստան։ Լեզգիներին միացել էին նաև Ղազախի զորքերը26, որոնք նույնպես կովի էին դուրս եկել Ազատ-խանի հորդորանքով։ Լեզգիների և նրանց միացած Ղազախի զորքերն այդ ավազակային հարձակումների ժամանակ ավերել են Լոռին, Երևանի խանությունը, Արևելյան Վրաստանի մեծագույն մասը, Գանձակի խանությունը և այլ շրջաններ։

Դրանից հետո մոտ տասը տարի Երևանում և համանուն խանությունում դրությունն ընդհանուր առմամբ խաղաղ էր, եթե նկատի չունենանք լեզգիների 1783 —1766 թվականներին կատարած նոր արշավանքները, որոնք երկրին ըստ երևույթին մեծ վնասներ չեն հասցրեք27։

Երևանի խաները հրապարակի վրա այլևս չտեսնելով իրենց խանությանն սպառնացող ահեղ թշնամի, ձգտում են ձեռք բերել կատարյալ անկախություն և. դադարել Վրաստանին հարկ վճարելուց։ Օգտվելով Վրաստանում առաջ եկած անհամաձայնություններից ու խռովություններից, Հասան-Ալի խանին հաջորդած նրա եղբայր Հուսեին-Ալի խանը մի քանի անգամ փորձում է իսպառ խզել իր կապերը Վրաստանի հետ և դադարեցնում է հարկի վճարումը։ Այդ հողի վրա Հերակլ II-ը երեք արշավանք է կատարում դեպի Երևան և խանին հարկադրում վերականգնել նախկին վիճակը։ Հերակլի այդ արշավանքները կատարվել են 1765, 1769 և 1779 թվականներին, որոնց մասին հավաստի ու մանրամասն տեղեկություններ է հաղորդում դեպքերին ականատես և իր ակտիվ զործունեությամբ խանի ու արքայի միջև հարաբերությունները կանոնավորող Սիմեոն Երևանցի կաթողիկոսը։ Հերակլի 1765 և 1769 թվականների արշավանքները արյունալի հետևանքներ չեն ունենում։ Սիմեոն կաթողիկոսի միջնորդությամբ երկու դեպքում էլ առանց մարտերի Հերակլը համաձայնում է վերականգնել Երևանի խանության նախկին հարկատու վիճակը և մի ներկայացուցիչ թողնելով Երևանում, ինքն իր բանակով վերադառնում է Տըփխիս։ Այդ երկու արշավանքների մասին «Ջամբռ»-ում հետևյալն է ասված, «Եւ այս ևս ոչ է զանց առնելի, զի Հերակլ արքայն Վրաց երկիցս անգամ բազօմք զօրօք եկն ի վերայ Երևանու, և Երևանցի Հիւսէին-Ալի խանն ինքն իւրայնօքն՝ բերդափակ եղեալ ամրացաւ,

__________

26 Նույն տեղում, էջ 143 — 145։
27 Տե՛ս Գյուտ Աղանյանց, Դիւան Հայոց պատմութեան, գիրք Գ, էջ 8 և 510 Լեո, Հայոց պատմություն, հ. III, էջ 792։

[էջ 112]

և զերկրայինսն բոլոր քոչեցուցեալ 1) յԵրևան՝ ելից զխանդակ 2) բերդին, և ապա ինքն իւրովք մեծամեծօքն գրեալ աղաչանօք Հայրապետիս մերոյ՝ զի միջնորդեսցէ ի խաղաղութիւն։ Եւ Հայրապետս մեր գնացեալ առ Հերակլ արքայն, յորմէ և սիրով ընդունեցեալ մեծարի, և հրաւիրէ զնա յաթոռս ի յուխտ և ի պատիւ. և ապա համոզեալ զնա ի սէր և ի խաղաղութիւն ընդ Երևանցւոց...։ Քանզի կարի սիրով էին միմեանս Հայրապետն մեր և Հերակլ արքայն։

Լինին այս եղելութիւնք ի ՌՄԺԴ (1765) և ի ՌՄԺԸ (1769) թիւս մեր»28։

Սիմեոն Երևանցին այդ արշավանքների մասին ավելի մանրամասն և համակրանքով խոսում է իր հիշատակարանում։ Դրանում նա հանգամանորեն պատմում է Երևանի խանի կողմից հարկի վճարումը դադարեցնելու, Հերակլի սպառնալիքի, խանի և արքայի միջև վարված բանակցությունների, իր ակտիվ միջնորդության ու վերջնական համաձայնության մասին29։ Մեր աղբյուրների հիշատակություններում Հերակլ II-ը, մինչև նրա 1779 թվականի ասպատակային արշավանքը, բնութագրվում է որպես «բարերար», «փրկիչ», «քրիստոնեաների հովանավոր»։ Իրոք որ վրաց թագավորը այդ ժամանակներում հավատակից հայերի նկատմամբ վարում էր հովանավորող քաղաքականություն։ Նա մեծ բարեկամ էր Սիմեոն կաթողիկոսին, որը նրա միջոցով ձգտում էր էջմիածնի հեղինակությունը բարձրացնելու հետ միասին գեթ Հայաստանի մի մասում ստեղծել տանելի դրություն։ Սակայն սխալ կլիներ Հերակլի այդ քաղաքականությունը բացատրել լոկ նրա անձնական հատկություններով կամ հավատակից լինելով։ Նրա համար քաղաքական շահերը գերադասելի էին բոլոր մյուս հանգամանք ներից և ամեն ինչ ենթարկվում էին այդ շահերին։ Երևանի խանության նկատմամբ Հերակլի ժամանակավոր, համեմատաբար մեղմ քաղաքականությունը հետևանք էր այն բանի, որ Վրաստանի ներքին դրությունն առայժմ անկայուն էր, և Հերակլը իրեն բավական ուժեղ չէր զգում։ Իսկ Երևանի խանն էլ իր հերթին ձգտում էր օգտվել հենց այդ առիթից և իսպառ խզել կապերը Վրաստասից, թեպետև նրա կախումը վերջինից ավելի շուտ ձևական էր և որոշ առումով նույնիսկ հավասար չափով ձեռնտու էր երկու կողմերին, որովհետև Երևանից գանձվող հարկը, ինչպես նշվեց, մեծ գումար չէր կազմում, իսկ դրա փոխարեն վրաց թադավորը պար-

__________

28 Սիմեոն կաթողիկոս Երևանցի, Ջամբռ, Վաղարշապատ, 1873, էջ 43։
29 Տե՛ս Գյուտ Աղանյանց, Դիւան Հայոց պատմութեան, գ. Գ, Թիֆլիս, 1894, Սիմեոն կաթողիկոսի հիշատակարանը, էջ 203 — 216 և այլուր։

[էջ 113]

տավոր էր արտաքին հարձակման դեպքում խանին օգնել զորքով։

1770-ական թվականների վերջերին, երբ Վրաստանի ներքին դրությունը դարձյալ խառն էր Երևանի Հ.ուսեին-Ալի խանը կտրականապես մերժում է Հերակլ II-ի առաջարկը և հրաժարվում է պայմանով նախատեսված հարկը տալուց։ Նրան ըստ երեկույթին հայտնի էր, որ այս անգամ վրաց թագավորը պետք է ամեն միջոց ձեռնարկի իր դեմ՝ հնազանդեցնելու համար։ Ուստի խանը լրացուցիչ կառույցներով ամրացնում է Երևանի բերդը, այնտեղ հավաքում սննդամթերքի բավարար պաշարներ, իսկ հայկական մի քանի գյուղերի բնակիչներին խորհուրդ է տալիս թողնել իրենց տուն ու տեղը և փախչել Բայազետի կողմերը։ Շուտով Հերակլն սկսում է իր արշավանքը։ Նրա բանակն ուներ խառը կազմ և բաղկացած էր վրացիներից, հայերից, Բորչալուի, Դամուրչիի, Հասանլուի և այլ տեղերի թուրքերից, քրդերից, ինչպես նաև վարձկաններից՝ թուշերից, ղարադալխաններից, չերքեզներից, աբխազներից և ուրիշներից։ Որոշ աղբյուրների համաձայն Հերակլի բանակը բաղկացած էր 40000-ից, իսկ որոշ աղբյուրներ էլ ուղղակի նշում են, որ նա Երև֊ անի վրա է հարձակվել անթիվ զորքով և մեծ քանակությամբ հրանոթներով։ Հերակլի արշավանքը հիշատակել ու նկարագրել են շատ հեղինակներ՝ Սիմեոն Երևանցի կաթողիկոսը, վաղարշապատցի Հարություն Արարատյանը, վրացական և թուրքական պատմագիրներ, հայ գրիչներ, ժամանակագիրներ և այլ կարգի հեղինակներ։ Դրանք բոլորը վկայում են, որ 1779 թվականի ամռանն սկսված Հերակլ II-ի արշավանքի հետևանքով ավերակների կույտի են վերածվել Երևանի խանության շրջանները եղել են բազմաթիվ զոհեր, բնակչության մի զգալի մասը քելով իր հայրենի գյուղերն և ծննդավայրը ապաստանել է լեռներում ու հարևան երկրներում, վրաց զորքը կողոպտել ու թալանել է բնակավայրերն ու վանքերը և իր հետ մեծ թվով գերիներ տարել Վրաստան30։ Անհրա-

__________

30 Հերակլ II-ի 1779 թ. արշավանքի մասին տե՛ս «Կռունկ Հայոց աշխարհին», 1862, № 4, էջ 278 — 281, «Արարատ» ամսագիր, 1901, մարտ, էջ 184 — 188, "Жизнь Артемия Араратского, уроженца селения Вагаршапат близ горы Арарат", ч. первая, СПб, 1813 էջ 51— 56, Գյուտ Աղանյանց, Դիւան Հայոց պատմութեան, գիրք Դ, Թիֆլիս, 1899, էջ 728—729, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, Մեսրոպ Մագիստրոսի արխիվ, ժամագիրք, թղթապանակ 48, էջ 36, ձեռագիր 507, էջ 324 բ, Е. Хубов, Описание достопамятных происшествий в Армении, С.—Петербург, 1811, էջ 3—5, Վ. Հակոբյան, Մանր ժամանակագրություններ, հ. I, էջ 379, հ. II, էջ 494, Լ. Մելիքսեթ-Բեկ, Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, հ. Գ, էջ 177—179, 200, 201, 226—227, И. Шопен, Исторический памятник Армян-

[էջ 114]

ժեշտ ենք համարում համառոտագրությամբ մեջբերել դրանցից մեկը, որը մեր կարծիքով ավելի համակողմանի և ավելի լավ գաղափար է տալիս Հերակլ II-ի նշված արշավանքի մասին։ Ահա այդ վկայությունը. «Արդ՝ իշխողն Վրաց (արքայն Հերակլէս) քանի ամաց ի վեր զտուրս և զհարկս ինչ՝ առնոյր ի յիշխողէն երկրիս մերոյ, և որպէս թէ՝ ընդ իշխանութեամբ և ենթ հրամանի իւր ունէր, ո՛չ բռնութեամբ, այլ սիրով և բարեկամական պայմանաւ... և հարկատարքն կարի զզուեցուցանէին զսոսա, և ինքեանք ևս գոլով տաճիկք, ներքին մտօք իւրեանց ծանր յանցանաք և ամօթ մեծ համարէին կալ ենթ հարկի և ծառայութեան քրիստոնէից... վասն որոյ սկսան ապստամբիլ և զհարկ սակին ո՛չ տալ, և զպէս պէս կարկատուն պատճառս յառաջ բերել, զսրտառու բանս գրելով և խոսելով. և զի նմանէ առաքեցեալ պատուաւոր իշխանս ոմանս անպատիւ առնել, և ամօթալի յետս յղել. և այս դաւ և վէճ մնաց քանի մի միջոց։ Իսկ իշխօղն Վրաց՝ որ էր ի վաղուց հետէ անտի մեծ երախտաւոր երկրիս, որ քանիցս անգամ սաստիկ պատերազմաւ ի յօտար թշնամեաց զերծուցեալ էր զերկիրս և. յատկապէս զիշխօղսն սորին իսկ. և որպէս թէ զիւրն համարելով, քաղցր ակամբք հայէր. իսկ ի լինիլ այսպիսի խռովութեանց և ապստամբութեանց, զքաղցրութիւն իւր դառնութիւն փոխելով, և զսերն ի յատելութիւն, սաստիկ բարկութեամբ սկսաւ յայլ և յայլ տեսակ և բարբարոս ազգաց լեռնականաց զանթիւ զօրս ժողովել... հանդերձ բոլոր զօրօքն իւրուք, որք էին Վիրք, Սումխէթ հայազունք, և ի տաճկաց անտի ընդ իշխանութեամբ իւրոյ եղելոյ. Ղազա՜խ, Բօրչալո՜ւ, Բայտա՜ր և Դամուրչի, Հասանլու, մինչ զի՝ եզիտք ևս գոյին, և միահամուռ ամենայն զօրքն և անթիւք և անհամարք..., թօփիւք և թօփխանայիւք հանդերձ, սոսկալի և ահաւոր տեսելեամբ։ Եւ յարուցեալ ի Տփխիզոյ իբրև զկարկտաբեր և զորոտալի ամբ և զգարնանազայր գետ, ի ՌՄԻԸ (1779) թուին, և յօգոստոսի 2 հանդերձ փողովք և թմպկօք... եմուտ ի յերկիրս մեր»31։

Ինչպես տեսնում ենք, հեղինակը Հերակլ II-ի 1779 թվականի արշավանքը բացատրում է նրանով, որ Երևանի խանը դրժել էր իր խոստումը և մերժել էր հարկ վճարել, որ Երևանի խանի հետ միասին Վրաստանի հարկատու մյուս խանությունները ևս հարմար առիթի էին սպասում նրա հետ կապերը խզելու։ Դեպքե-

__________

ской области, էջ 163, Ղ. Ալիշան, Այրարատ, էջ 306, Լեո, Հայոց պատմություն, հ. III, էջ 819—820, Երվանդ Շահազիզ, Հին Երևանը, էջ 109 — 110 և այլուր։

31 Տե՛ս «Արարատ» ամսագիր, 1901, մարտ, էջ 184 —185։

[էջ 115]

րի նկարագրություններից պարզ երևում է, որ Երևանի խանը իրեն ազատ էր զգացել ու հարկի վճարումը դադարեցրել էր ոչ թե 1779 թվականին, այլ դրանից մի քանի տարի առաջ։ Վրաց թագավորը ըմբոստ խանի վրա հարձակվելու համար պարզապես սպասում էր հարմար պահի։

Վաղօրոք իրազեկ լինելով նախապատրաստվող արշավանքի մասին, Երևանի խանը որոշում է ամայացնել ու մարդաթափ անել խանության մահալները, որպեսզի վրաց թագավորի զորքերին զրկի սննդամթերքներից և տեղական բնակիչների՝ հատկապես հայերի օգնությունից։ Իսկ վերջիններս, մինչև վրաց զորքի ու թագավորի կատարած ավերումները տակավին համակրանքով էին տրամադրված նրանց նկատմամբ և նույնիսկ համարում էին ազատարարներ. «Եւ երկրականքս յառաջագոյն իրազեկ լեալ գալստեան և պատրաստութեան նորա զօրու ծանու սրտադողութեամբ և երկիւղիւ մեծաւ սկսան զերկիրս մեր ի բնակչաց դատարկել զերկրական տաճիկսն, որ հեռաւորք էին, տանեք ի դղեակն Երևանու առ ինքեանս, և ամենայն պատրաստութեամբ զբերթն և զշրջակայս նորին ամրացուցանել. իսկ զմերազնեայ Հայսն ի Բայազիտ անցուցանել. և զերկիրն և յամենայնութեան թողալ՝ որ էր ի ժամանակս կալոտւոյ, զորայն և զցորեանն շեղջակուտեալ յամենայն գեօղարայս...», — ասված է մի հիշատակարանում*։

Ակնհայտ է, որ Երևանի խանը հետևում էր իր նախորդների քաղաքականությանը։ Հակառակորդի շարժումը դժվարացնելու և տեղում նրան միջոցներից ու որևէ օգնությունից զրկելու համար նա էլ ելքը տեսնում էր երկրի ամայացման, բնակիչներին տեղական անելու և բնակավայրերը մարդաթափ անելու մեջ։ Ընդ որում հայերին համարելով իր համար վտանգավոր տարր, նրանց քշեց հարևան՝ Բայազետի փաշայություն, իսկ մահմեդականներին՝ հանելով իրենց բնակավայրերից, ապաստան է տալիս բերդում ու դրա շրջակայքում։

Ըստ մի ականատես հեղինակի անստորագիր հիշատակարանի32 Հերակլի՝ զգալի մասով Հյուսիսային Կովկասի ավազակաբարո լեռնականներից բաղկացած մեծաթիվ բանակը 1779 թվականի սեպտեմբերի սկզբներին արդեն գտնվում էր Արագածոտն գավառի Աշ-

__________

* Այդ հիշատակարանը զետեղված է «Կռունկ Հայոց աշխարհին» ամսագրի 1862 թվականի ապրիլի (№ 4) համարում և կրում է հետևյալ վերնագիրը՝ «Յիշատակարան ազգային արտեան պատմութեան համար. Յաղագս դիմելոյ Հերակլայի ի պատերազմ յԵրևան, եւ արտասահման առնելոյ զքանի գեղօրեայսն Հայոց յԱրարատ»։
32 Տե՛ս «Կռունկ հայոց աշխարհին», 1862, էջ 278։

[էջ 116]

տարակ գյուղում։ Երկրի վրա կախված էր իսկական վտանգ։ Երևանի խանի զորքն, ի վիճակի չլինելով դիմադրել Հերակլի մեծաթիվ բանակին, նահանջելով գալիս ամրանում է բերդում։ Իր զորքով, յուրայիններով և խանության մահմեդական բնակչության մի մասով խանը փակվելով բերդում՝ խանության մահալները թողնում է բախտի քմահաճույքին։

Խանը կարծում էր, որ ինչպես նախորդ ժամանակներում, այնպես էլ այս անգամ, Սիմեոն Երևանցի կաթողիկոսի միջոցով կարելի կլինի լեզու գտնել Հերակլի հետ և ամեն ինչ կարգավորել խաղաղությամբ։ Նա համոզված էր, որ Սիմեոն կաթողիկոսը երկիրը ավերումից փրկելու գործով շատ է շահագրգռված, և որ Հերակլը մեծ հարգանքով է վերաբերվում նրա հետ։ Սակայն կաթողիկոսի կրկնակի հանդիպումները (մեկը Աշտարակում, իսկ մյուսը՝ Փարաքարում) Հերակլի հետ ոչ մի արդյունք չեն տալիս։ Վրաց թագավորը կտրականապես մերժում է հայոց կաթողիկոսի միջոցով խանի արած առաջարկությունը՝ հարկն ըստ տարիների մուծելու և պայմանը չդրժելու մասին։ Պատվիրակ կաթողիկոսին մերժելով՝ «հրամայէ Հերակլ մերձեցուցանել զերկոսին զռմբագործիւ առ բերդն ի հարաւային կողմանէ ի բլրոյն և ի կատարէ նորա հարկանել զամրոցն», — ասված է հիշատակարանում33։ Հերակլի զորքի մի մասը մի քանի ամիս Երևանի բերդը պահում է պաշարված դրության մեջ և ճիգ ու ջանք է գործադրում այն գրավելու։ Սակայն պաշարվածները եռանդագին պաշտպանվում էին, Հերակլի հրետանին անզոր էր էական վնաս հասցնել ամրացված բերդին34։ Եթե նրա զորքի այդ հատվածը ապարդյուն ջանքեր էր գործադրում բերդը գրավելու, ապա մյուս՝ մեծ մասը ջոկատների բաժանված ասպատակային արշավանքներ էր կատարում երկրում և ամայացնում, կողոպտում ու թալանում նրա գյուղերն ու շրջանները, գործադրում բռնություններ, գերեվարում մեծ թվով բնակիչների։ Երևանի խանությունում Հերակլի զորքի կատարած ասպատակությունները ժամանակակից հեղինակները համեմատում են Շահ-Աբաս I-ի, Մուրադ IV-ի և արևելյան մյուս բռնապետների ավազակաբարո զորքերի նվաճումների ու բռնությունների հետ։ Աղբյուրների վկայություններից պարզ երևում է, որ Հերակլը սկսելով արշավանքը՝ նպատակ էր դրել ոչ միայն Երևանի խանությունը նորից իր հարկատուն դարձնել, այլև ավերելով երկիրը և գերեվարելով մեծ թվով

__________

33 Տե՛ս «Կռունկ Հայոց աշխարհին», 1862, № 4, էջ 279։
34 Նույն տեղում։

[էջ 117]

բնակիչների՝ թուլացնել երկիրը, որպեսզի այն միշտ մնա իր հովանավորության ներքո։ Դրան էր հետապնդում Հերակլը, երբ նախքան իր գալը լեզգիների ու թուրքերի ջոկատների միջոցով ավերման էր ենթարկում երկիրը. «Եւ ետ երկուց աւուրց ինքն արքայն հանդերձ Բ. որդովքն և անթիվ զօրօք եկն ի սահմանս Երևանու. և ոկսաւ զՂազախու տաճիկսն և զլեզկիս և զայլ բարբարոսս, որք ծարաւիք էին արեան քրիստոնէից՝ յառաջագոյն ասպատակ սփռել առ ի քակել և աւերել, թալանել և կողոպտել և վերջապէս հրդեհել զդիւղորայսն նախ քան զիւր հասանելն...»35։ Նույն բովանդակությամբ հիշատակություններ ունեն նաև ուրիշ մի շարք աղբյուրներ36։

Սակայն դրանով էլ չի բավարարվում։ Նրան անհրաժեշտ էր ավերումից, ամայացումից և կողոպուտից ու թալանից բացի, տեղահան անել նաև բնակչության հոծ զանգվածներ, որպեսզի դրանով իսկ Երևանի խանությունը թուլանա և այլևս ի վիճակի չլինի ըմբոստանալ իր դեմ։ Վերը նշված հիշատակագրի վկայության համաձայն, Երևանի բերդի դեմ մի քանի ամիս կռվելուց հետո Հերակլը, տեսնելով, որ էական հաջողություն չի ունենում, և բերդը մնում է անմատույց, իր հավատարիմների՝ մելիք Շաքրոյի, Միրզա Ռապիի, Բլուր գյուղից տեր Հովհաննեսի, ինչպես նաև Հայոց կաթողիկոս Սիմեոն Երևանցոլ միջոցով համոզում է Բայազետի կողմերը փախած հայերին՝ վերադառնալ իրենց հայրենի գյուղերը, ձևացնելով, թե ինքը եկել է ոչ թե նրանց պատժելու, կոտորելու կամ նեղություն պատճառելու, այլ պարսկական ծանր լծից ազատագրելու։ Սիմեոն Երևանցին Հերակլի ազնվության վրա ամենևին չէր կասկածում և իր նամակով համոզում է փախստականներին վերադառնալ իրենց հայրենի գյուղերը՝ վստահ լինելով, որ վրաց թագավորը նրանց կընդունի բարեկամաբար։ Ահա ժամանակագրի խոսքերը, «Եւ մտախոհ լեալ տեսանէր (Հերակլը — Թ. Հ.)՝ զի զկնի քանի ամսոց ինքն ունայնաձեռն ելանելոց է յաշխարհէն, վասնորոյ առաքե զոմանս ի հաւատարմաց իւրոց՝ զմելիք Շաքրօ, զՄիրզայ Ռապի և զտեր Յօհաննէս Հայոց ի Բլուր գիւղէ առ Հայս փախու-

__________

35 Տե՛ս «Արարատ» ամսագիր 1901, մարտ, էջ 186։
36 Տե՛ս Լ. Մելիքսեթ-Բեկ, Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, հ. Գ, էջ 178—179, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռագիր № 507, էջ 324 բ, նույն տեղում, Մեսրոպ Մագիստրոսի արխիվ, ժամագիրք, թղթ. № 48, էջ 36, Е. Хубов, Описание достопамятных происшествий в Армении, էջ 4—5, Գյուտ Աղանյանց, Դիւան Հայոց պատմութեան, գիրք Դ, Թիֆլիս 1899, էջ 729, Վ. Հակոբյան, Մանր ժամանակագրություններ, հ. I, էջ 379, հ. II, էջ 494 և այլն։

[էջ 118]

ցեալս ի Բայազիտ, խօսիլ ընդ նոսա զխաղաղութիւն թէ՝ ընդ էր իբր յօտարրէ ընդօսեալ խուսափէք զձեզ յանկիւնս աշխարհաց Քրդաց, ոչ ապաքէն վասն ձեր առի զզէն փրկել զձեզ ի ձեռաց Պարսիցն ձերոց նեղչաց. և արդ աւասիք ես կամ ի գործ պատերազմիս և ոչ թողից զսա մինչև տապալեցից զամրոցս և յինէն կարգեցից իշխօղ աշխարհիս. և զզրկանս ձեր տույեցից ի Պարսից եօթնապատիկ. և այլն։

Երդուի և Սիմէօն Կաթուղիկոսն Հայոց թէ միամտեցո զփախստեայսն ի Բայազիտ, զի վասն դոցա փրկութեան առի զզէն, որ և նա ևս գրէ զի դարձցին միամտութեամբ։ Գրէ առ փաշայն Բայազիտու խրոխտանս դարձուցանել զառ ինքն գաղթեալ զՀայս անդրէն յետս յԱրարատ. վասնորոյ և Հայք պատրեալք ի շողոմութենէ դեսպանացն Հերակլայ, և ի նամակաց Կաթուղիկոսին, և ի հարկեցմանէ փաշային Բայազիտու դառնան իւրաքանչիւր ի գեօղ և յագարակ իւր»37։

Շուտով պարզվեց, որ Հերակլը նենգաբար խաբել էր Բայազետից վերադարձած հայերին։ Դեռ իրենց գյուղերում լրիվ չտեղավորված և ճանապարհի փոշին չմաքրած՝ Հերակլի ամենաավազակաբարո զորքերը հարձակվում են նրանց վրա և ավարի ենթարկում նրանց ու Արարատյան աշխարհի մյուս գյուղերը, ոչնչացնելով և թալանելով նրանց ունեցվածքը, հրկիզելով տները, զավթելով բերքը. «Այլ խաժամուժն ամբողից զօրացն Հերակլայ սփռեալ ընդ աշխարհին տւար հարկանէր և ապականէր զգեօղս և զգաւառս Արարատայ, և ուտելով զբերս այգեաց և սեղխենեաց՝ ապականել լինէին և ինքեանք ախտիւք թանջից, մինչև կարի իսկ պակասիլ նոցա», — գրում է հիշատակագիրը38։

Նույն հիշատակագիրը վկայում է, որ Երևանի պաշարումը տևում է երեք ամիս։ Հերակլի զորքերին ոչ մի կերպ չի հաջողվում գրավել բերդը։ Նրա հրետանին չնայած երկար ժամանակ ռմբակոծում էր, բայց ապարդյուն։ Երևանի բերդը մնում է կանգուն։ Մոտենում է ձմեռը, ցրտերը վրա են հասնում, Հերակլի զորքի մեջ տարածվում է մահաբեր հիվանդություն։ Բացի դրանից, Վրաստանի ներքին դրությունը խաղաղ չէր, Հերակլի երկարատև բացակայությունը կարող էր երկրում պատճառ դառնալ անցանկալի բարդությունների։ Ուստի վրաց թաղավորը վճռում է թողնել Երևանի բերդի պաշարումը և իր զորքով վերադառնալ Թփխիս։ Բայց միաժամանակ հիմնական նպատակին հասնելու համար նա Արա-

__________

37 Տե՛ս «Կռունկ Հայոց աշխարհին», 1862, № 4, էջ 279։
38 Նույն տեղում, էջ 279 — 280։

[էջ 119]

րատյան աշխարհն ավերելուց բացի, որոշում է իր զորքի հետ միասին Վրաստան քշել հազարավոր հայ գերիների, որպեսզի դրանով ըմբոստ խանին հարկադրի նորից դառնալու իր հովանավորյալը։ Հատուկ ջոկատներ ուղարկելով հայկական գյուղերը՝ Հերակլը գերեվարում է բազմաթիվ բնակիչների, հատկապես Բայազետից վերա դարձածներին և իր զորքի հետ միասին քշում դեպի Վրաստան։ Հայոց գերիների թվումն էին Հախվերիս, Ալեթլու, Էվջիլար, Բլուր, Քյալակարխ, Շահրիար, Ղրդուղուլի և Աշտարակի բնակիչներն իրենց մելիքներով ու քեթխուդաներով հանդերձ, կողոպտելով նաև Արագածի հարավային լանջերին գտնվող բոլոր վանքերը։ Ժամանակակից հիշատակագիրը դառն կսկիծով է նկարագրում Հերակլի ձեռնարկած այդ շահաբասյան բռնագաղթը։ Նա գրում է. «Իսկ անցանիլ ամսոց երից մերձանայր ձմեռն, և զօրանայր հիւանդութիւն զօրուն՝ վասնորոյ խորհէր Հերակլն դառնալ յետս. որոյ վասն առաքէ զզօրս վարիչս այնց Հայոց զորս խափկանօք դարձոյց ի գաղթութենէ իւրեանց. զբանկիչս Հախուես գեօղի Բալասան մէլիքաւ նոցա. զբնակիչս Բլուր գեօղի Մինաս մէլիքաւնոցա. զԱլէթլու և զէւճիլար գիւղից բնակիչս քեաթխուդայիւք նոցա։ Այս Դ. գեօղք են յայնկոյս Երասխայ գետոյն, իսկ ի յայսկուսէ գետոյն Քեալակարխու բնակիչք և Սարգիսջան մէլիք նոցա. Շահրիարու բնակիչք և Յօհան քեաթխուդայ նոցա. Ղուրդուղուլու բնակիչք և խրտնած Յարութիւն քեաթխուդայ նոցա. Աշտարակ գեօղի բնակիչք և Գէորգ իշխան նոցա. զայս ութ գեօղի բոլոր բնակիչս, վարէ և խառնէ ընդ զօրս իւր, և չուեալ դառնայ ի Տփխիս»39։

Ականատես հեղինակ Հարություն Արարատյանը վկայում է, որ գերեվարված և Հերակլի զորքի հետ Վրաստան տարվող բնակչությունը գտնվում էր ամենաողորմելի վիճակում ամբողջ ունեցվածքից զրկված, ցնցոտիների մեջ, բոկոտն և սոված։ Նրանց զգալի մասը ցրտից ու սովից զոհվում է ճանապարհին, ոմանք կարողանում են փախչել և փրկել իրենց կյանքը, իսկ մյուսները Թիֆլիս են հասնում օրհասական վիճակում40։

Ժամանակակից հեղինակներից մեկը՝ Մարտիրոս Խալիֆան վկայում է, որ Հերակլը Երևանի վրա հարձակվել էր 40 հազար զորքով և երկիրն ավերելուց հետո իր զորքի հետ Տփխիս քշեց 150 գյուղերի 30 հազար բնակիչներ և մեծ քանակությամբ անասուններ. «Ի սոյն թուին (1779 — Թ. Հ.) յուլիս 6-ին արքան Վրաց

__________

39 Տե՛ս «Կռունկ Հայոց աշխարհին», 1862, № 4, էջ 280։
40 «Жизнь Артемия Араратского», ч. I, էջ 54—55։

[էջ 120]

Հերակլ եկն ի վերայ Երևանայ քաղաքին քառասուն հազար զօրօք և շատ աւերութիւն արար՝ երկիրն բոլոր քանդեաց և այրեաց, վերջ հարիւր յիսուն գեօղ քշեալ տարաւ, երեսուն հազար ոգիս և հարիւր հազար տավարս համարելով, որ տասանորդն իւր էր՝ տասն հաղար տավար. և ինքն յանկարծ ի մարդկանէ վերացեալ գնաց Թիֆլիզ» 41: Նույնն է ասված նաև Անանուն Վանեցու տարեգրության մեջ42:

Վրաստանում հայ գերիները չճորտացվեցին, բայց նրանց վիճակն աննախանձելի էր։ Ծանր հարկադիր աշխատանքներ կատարել տալուց հետո նրանց բնակեցրին գյուղերում և մասամբ Թիֆլիսի Հավլաբար թաղամասում։ Հետագայում դրանց մի մասին իրավունք տրվեց վերադառնալու իր ծննդավայրը, իսկ մյուսներն ընդմիշտ մնացին իրենց նոր բնակավայրերում։

Սակայն հարվածը միայն մեկ կողմից չէր։ Երևանի Հուսեին-Ալի խանը Հերակլի արշավանքի պատճառը համարում էր հայերին։ Նա առանց որևէ հիմքի պնդում էր, որ իբր Հերակլին նրանք էին հրավիրել և խոստացել ամեն ինչով օգնել նրան խանական իշխանոլթյունը տապալելու և Երևանի բերդը գրավելու համար։ Խանը հայերի վրա կասկածում էր դեռևս մինչև Հերակլի զորքերի կողմից Երևանի պաշարումը։ Ուստի այդ մտացածին դավադրությունը կանխելու համար կասկածամիտ խանը մի շարք հայ մեծամեծների որպես յուրահատուկ «պատանդներ» նախօրոք բերել է տալիս բերդը և այնտեղ պահում մինչև վրացական զորքի հեռանալը։ Հայ մեծամեծները դրանով չեն փրկվում։ Խանը նրանց ենթարկում է անմարդկային տանջանքների ու տուգանում մեծ գումարներով։ Նա ի սարսափ մյուսների՝ հայ մեծերից մեկին դատապարտում է մահվան43։ Խանի և պարսից մյուս մեծամեծների հորդորմամբ ծաղր ու ծանակի է ենթարկվում նաև Սիմեոն կաթողիկոսը, որին նույնպես կասկածում էին Հերակլի հետ գործակցելու մեջ։

Ավերումից, բռնություններից ու մասամբ թալանից փրկվեցին միայն Էջմիածնի վանքը և Վաղարշապատն ու շրջակայքի մի քանի գյուղերը։ Սիմեոն կաթողիկոսին այնուամենայնիվ հաջողվում է դրանց բնակիչներին հավաքել Էջմիածին, որը բավական ամրացված էր, և մի կերպ լեզու գտնելով Հերակլի հետ նրանց փրկել թալանից, գերեվարումից ու կոտորածից։ Բայց վրաց թագավորը դրա դիմաց իբրև տուգանք կաթողիկոսից վերցնում է բավական պատ-

__________

41 Տե՛ս Վ. Հակոբյան, Մանր ժամանակագրություններ, հ. II, էջ 494։
42 Նույն տեղում, հ. I, էջ 379։
43 Տե՛ս Գյուտ Աղանյանց, Դիւան Հայոց պատմութեան, գիրք Դ, էջ 729։

[էջ 121]

կառելի մի գումար44։ Սիմեոն Երևանցու բարեկամ ու կրտսեր ժամանակակից Ե. Խուբովը գրում է, որ մեր ժողովրդին հասած այդ ողբերգոլթյունը եղավ կաթողիկոսի մահվան հիմնական պատճառը45։

Վրաց թագավորության և Երևանի խանության միջև հարաբերությունները կարգավորվում են մի քանի տարի հետո միայն, Ղուկաս կաթողիկոսի օրոք, հավանաբար 1781 թվականի երկրորդ կեսին։ Հուսեին-Ալի խանը Հերակլի արշավանքից հետո երկրում ստեղծված ծանր դրությունը մի կերպ փոխելու միջոցը տեսնում է Վրաստան քշված բնակչության վերադարձի և ամայացած գյուղերը նորից բնակեցնելու մեջ։ Ըստ պատմական աղբյուրների, նա իր մեծ որդուն ընծաներով ու մինչև խռովությունը տրվելիք հարկով ուղարկում է Հերակլի մոտ և վերջինիս խնդրում թույլատրել գերեվարված բնակիչներից ցանկացողներին վերադառնալ իրենց տեղերը՝ նախկինի նման վրաց թագավորին հարկատու մնալու պայմանով. «Այլ զկնի երից ամաց և քանի ամսոց մնալու ժողովրդեան ի վրացտուն՝ Հուսեին-Ալի խանն երևանու առաքէ զմեծ որդի իւր զՂալում-Ալի իբր պատանդ առ Հերակլ և ընդ նմա ընծայ և զմասնաւոր զհարկն զոր տայր ամ յամէ նախ քան զխռովութիւնն, և խնդրէ ի նմանէ դարձուցանել յետս զտարագրեալսն յԵրևանու, հազիւ հազ յանձնառեալ նմա, հրամայէ զի որք կամիցին գնասցեն», — գրում է ժամանակագիրը46։ Սակայն տեսնելով, որ գերված բնակչության մեծագույն մասը ցանկություն ունի վերադառնալու, սահմանափակում է վերադարձողների թիվը։ Այնպես որ նորից իրենց տեղերն են վերադառնում գերեվարված բնակչության միայն մոտ մեկ երրորդ մասը, իսկ Քյալակարխի, Ղուրդուղուլու և Գյոքքիլիսայի բնակիչներին ընդհանրապես արգելվեց վերադառնալ47։

Ինչպես երևում է, Վրաստան գաղթեցրած բնակչությունը հանգիստ չի ունեցել նաև այնտեղ, իր նոր բնակավայրում։ Սկզբում թագավորը հրամայել է նրանց բնակեցնել Ղարայազում, ապա նրա կարգադրությամբ հաջորդաբար բնակեցնում են Լիլո-

__________

44 Е. Хубов, Описание достопамятных происшествий в Армении..., էջ 3—4։
45 Նույն տեղում, էջ 4 — 5։ Սիմեոն Երևանցին մահացել է 1780 թ. հունիսի 26-ին, Հերակլի արշավանքից 8 ամիս անց։ Նրան փոխարինել է Ղուկասը (տե՛ս նույն տեղում, էջ 5)։
46 «Կռունկ Հայոց աշխարհին», 1862, № 4, էջ 280 — 281։
47 Նույն տեղում, էջ 281։

[էջ 122]

վում, Թիֆլիսում, նորից Ղարայազում և, վերջապես, Թելավում48: Դրանով չի ավարտվում գերեվարված բնակչության թափառումները։ Հերակլը կարգադրում է նրանց բնակություն հաստատել Թոփղարաղաջում, որն իր բնակլիմայական պայմաններով անհրապույր մի շրջան է, մշտապես ենթակա լեզգիների և լեռնական այլ ցեղերի ասպատակություններին։ Սակայն հայ քեթխուդաներն իրենց խնդրանքով ըստ երևույթին կարողացել են Հերակլի գութը շարժել և իրավունք ստանալ Թելավում մնալու49։ Բայց բնակչության մի մասը Թելավից ցրվել է այլևայլ շրջաններ, իսկ մի հատվածը, որը բնակվել էր Լավլաբարում, այստեղ էլ ընդմիշտ մնաց։ Հավլաբարում բնակվածները հիմնականում Երևան քաղաքից էին։

Հերակլ II-ի 1779 թվականի արշավանքն իր դաժանությամբ եզակի դեպք է հայ-վրացական հարաբերությունների պատմության մեջ։ Այդ անսպասելի էր նաև ժամանակակիցների համար, որոնք այնքան գովեստով են խոսել Հերակլի քաջության, արդարամտության, հայերի և ընդհանրապես քրիստոնեաների նկատմամբ ունեցած սիրո, Էջմիածնի Մայր աթոռի և նրա նշանավոր ներկայացուցիչ Սիմեոն Երևանցու հանդեպ ունեցած պատկառանքի մասին։ Հերակլի համար քաղաքական նպատակները բարձր էին ամեն ինչից։ Երևանի խանությունը, թեկուզ և անվանապես, իր ենթական դարձնելու համար նա պատրաստ էր զոհելու ամեն ինչ, նույնիսկ իր լավագույն բարեկամներին։

Դրանից հետո, ընդհուպ մինչև Աղա-Մամեդ խանի արշավանքը, Երևանի խանությունը դարձյալ մնում է Հերակլի հարկատուն, բայց ժամանակ առ ժամանակ խախտվում էր այդ կարգը և Երևանի խանը որոշ ժամանակով դադարեցնում էր հարկի վճարումը։ 1783 թվականին մահանում է Հուսեին-Ալի խանը և հաջորդում է մեծ որդին՝ Ղուլամ-Ալի խանը, որ հաստատվում է նաև Հերակլ II-ի կողմից50, բայց շուտով նրան սպանում են և դարձյալ Հերակլի համաձայնությամբ խան է կարգվում Ղուլամ-Ալիի կրտսեր եղբայրը Մահմադ-խանը51։

Ւնչպես երևում է, Վրաստանի ու Երևանի խանության միջև հաշտությունը ձեռք էր բերվել բավական դժվարությամբ և մի քանի անգամ բանակցություններ վարելուց հետո։ Վերը նշված Հու-

__________

48 Նույն տեղում, էջ 280։
49 Նույն տեղում։
50 Գյուտ Աղանյանց, Դիւան Հայոց պատմութեան, գիրք Ա — Բ, 1780—1834, Թիֆլիս, 1893, էջ 8։
51 Տե՛ս Լ. Մելիքսեթ-Բեկ, Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, հ. Գ, էջ 201։

[էջ 123]

սեին-Ալի խանի որդի Ղուլամ-Ալիի պատվիրակությունը թվով չորրորդն էր, որ բանակցություններ վարեց Հերակլի հետ հաշտություն կնքելու համար։ 1781 թ. վերջերին կնքված այդ հաշտության համաձայն էր, որ Վրաստան տարված գյուղացիների մի մասը վերադարձավ իր տեղը։ Թիֆլիսում նախնական համաձայնության գալուց հետո Ղուլամ-Ալի խանը և Հերակլի ներկայացուցիչ Իվանե Մուխրանիան բեկը գալիս են Երևան՝ բանակցությունները շարունակելու և վերջնական համաձայնության գալու համար։ Բանակցություններին ակտիվ մասնակցություն է ցույց տվել նաև Իվանեի մոտ ծառայության մեջ գտնվող Հովհաննես անունով մի հայ։ Բանակցություններն ավարտվում են հաջողությամբ։ 1782 թվականի սկզբներին կողմերը վերջնական համաձայնության են գալիս, ըստ որի Երևանի խանը հանձն է առնում մնալ Հերակլ II-ի հարկատուն, անհրաժեշտության դեպքում զորքով օգնել վրաց թագավորին և ժառանգաբար իրար հաջորդելու համար ստանալ թագավորի համաձայնությունը, իսկ վրաց թագավորը պարտավորվել էր օգնել Երևանի խանությանը՝ պաշտպանվելու արտաքին ու ներքին թշնամիներից52։

Սկսած այդ ժամանակներից մինչև Աղա-Մամեդ խանի ավերիչ արշավանքը Անդրկովկասի քաղաքական կյանքում էական փոփոխություններ տեղի չեն ունեցել, և խանությունների մի մասը, այդ թվում և Երևանի խանությունը փոքր ընդհատումներով շարունակում էր մնալ Վրաստանի հարկատուն։ Այդ ընդհատումներից ամենաերկարատևը, որն ըստ երևույթին 2— 3 տարի է տևել, եղել է 90-ական թվականների սկզբներին՝ Մամադ-Ալի խանի օրոք, երբ Պարսկաստանի ներքին դրությունը դեռևս անկայան ու խառն էր, իսկ Անդրկովկասում Երևանի խանությանը վտանգ սպառնացող ուժեր չկային։ Օգտվելով ստեղծված այդպիսի պայմաններից, մանավանդ որ Վրաստանն 80-ական թվականների երկրորդ կեսին մի քանի անգամ ենթարկվել էր լեզգիների ավերիչ արշավանքներին և հնարավորություն չուներ միջամտելու Երևանի խանի ներքին գործերին, վերջինս դադարեցնում է հարկի վճարումը։ Լսելով Երևանի խանի և վրաց թագավորի միջև ստեղծված այդ հակադրության ու անջատման մասին՝ հարևան խանություններն շտապում են օգտվել հանգամանքից։ Ղուկաս կաթողիկոսի վկայության համաձայն 1794 թվականին Սուլեյման կոչված զո-

__________

52 Տե՛ս Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռագիր № 4481, էջ 132 ա — 132 բ և 137 ա, Հմմտ. Վ. Ռ. Գրիգորյան, Երևանի խանությունը 18-րդ դարի վերջում, Երևան, 1958, էջ 72—73։

[էջ 124]

րավարն ու Խոյի խանը նորից հարձակվում են Երևանի խանության վրա և ավերում այն՝ բնակիչներին հասցնելով աղետալի դրության։ Կաթողիկոսի միջնորդությամբ վրաց թագավորը խառնվում է գործին և խանին նորից իր հարկատուն դարձնելու պայմանով` խաղաղություն է հաստատում երկրում։ Այդ մասին Ղուկաս կաթողիկոսը հետևյալն է հաղորդում. «Այլ մինչ Սուլէման սարդարն ընդ Խօյու խանին կրկին դիմեցին ի վերայ երկրին, որով անհնարին աղէտք հասին բնակչացն, և յետոյ օրհնեալ Արքայն զյուսադրութեան թուղթ գրեաց առ խանն, յայնժամ խոնարհեցաւ սա ի յամառութենէն. և մենք մինչ յԵրևան էկաք գնացեալ ի տեսութիւն նորա խօսեցաք զբանն օգտաւորս՝ վերստին հնազանդել մեծի Արքային և ծառայել ըստ վարեցման հօրն իւրոյ և շինութեան պահել զերկիրս. և սա հաւանութիւն եցոյց, և խայտացաւ ծառայել և տալ զհարկն»53։

Այսպիսով, Աղա-Մամեդ խանի արշավանքի նախօրյակին Երևանի խանը փաստորեն փոխադարձ օգնության դաշինք ուներ վրացական թագավորության հետ և արտաքին լուրջ հարձակման դեպքում վերջինից ակնկալում էր էական օգնություն։ Սակայն ինչպես կտեսնենք, արևելա-վրացական թագավորությունը ինքն էր կարիք զգում մեծ օգնության ընդդեմ Պարսկաստանում հաստատված Ղաջարյան դինաստիայի ահավոր բռնակալի՝ Աղա-Մամեդ խանի, որն իր ավերիչ արշավանքներով կարողացավ գեթ կարճ ժամանակով վերականգնել Պարսկաստանի երբեմնի կենտրոնաձիգ բռնապետությունը և դաժան դատաստան տեսնել անկախության ձգտող խանությունների հետ։

Սկզբնական շրջանում Ղաջարները փորձում էին Պարսկաստանում կենտրոնական իշխանությունն ուժեղացնել և. պետությունից անջատված խանություններն իրենց ենթարկել խաղաղ միջոցներով։ Սակայն փորձը ցույց տվեց, որ կիսանկախ կամ անկախ դարձած խաները մտադրություն չունեին կորցնել իրեն տիրակալական (փաստորեն բռնակալական) իրավունքները և դառնալ համապարսկական բռնակալի հլու ծառան։ Ղաջարյան հարստության հիմնադիր Աղա-Մամեդ խանը տեսնելով, որ խաղաղ միջոցները չօգնեցին իր նպատակին հասնելու՝ դիմեց զենքի ուժին։ Նա իր ավերիչ արշավանքներով կարողացավ Պարսկաստանի գերիշխանությանը ենթարկել նրանից անջատված գրեթե բոլոր երկրները, այդ թվում նաև Երևանի խանությունը, որը Նադիր-շահից հետո փաստորեն վարում էր ինքնուրույն քաղաքականություն

__________

53 Տե՛ս Գյուտ Աղանյանց, Դիւան Հաչոց պատմութեան, գիրք Դ, էջ 641։

[էջ 125]

և կառավարվում էր դարձյալ Ղաջարական տոհմին պատկանող ժառանգական խաների կողմից։

Դեռևս մինչև Աղա-Մամեդ խանի արշավանքը, նրա եղբայր Ալի-Ղուլի խանը Երևանի խանին ահաբեկելու և կենտրոնական իշխանությանը ենթարկելու համար Ղուկաս կաթողիկոսին հայտնում է, որ Երևանի խանի ապստամբությունը շահական կառավարության դեմ շուտով կճնշվի և իբր կառավարական զորքերն արդեն գտնվում են Նախիջևանի մոտ և շուտով կմտնեն նրա խանության սահմանները54։ Այդ դեռևս 1794 թվականն էր, Աղա-Մամեդ խանի արշավանքից մեկ տարի առաջ, երբ Ալի-Ղուլին փորձում էր հանձինս Ղուկաս կաթողիկոսի տեղում ունենալ հենարան ու վստահելի խորհրդատու։

1794 թվականին Երևանի խանությունում դեռևս որոշակի հայտնի չէր շահի արշավանքի բնույթի, ծավալի և ուղղության մասին։ Բայց Երևանի խանի համար այդ ժամանակ արդեն գաղտնիք չէր, որ Ղաջարյան դինաստիայի ներքինի հիմնադիրը ամեն կերպ ձգտելու է Երևանի խանությունը նույնպես ենթարկել իր գերագույն իշխանությանը։ Իսկ Երևանի խանն ամենևին մտադիր չէր հեշտությամբ հրաժարվել իր ներքին ինքնուրույնությունից։ Ուստի, երբ լուր է ստանում, որ շահն իր զորքերով դուրս է եկել Թեհրանից մեծ արշավանքի, նա էլ իր հերթին սկսում է նախապատրաստվել ահեղ թշնամու զորքերին դիմադրելու՝ իր խանության կիսանկախ վիճակը պահպանելու համար։ Ստացված լուրերի համաձայն, Աղա-Մամեդ շահն իր առաջին հարվածը ուղղելու էր Երևանի դեմ։ Դեպքերին ժամանակակից և ականատես Հարություն Արարատյանր գրում է, որ շահի արշավանքի մասին Երևանում լուրն ստացվեց 1795 թվականի օգոստոսին, երբ սկսել էին խաղողի և մրգի բերքահավաքը։ Խանն առանց ժամանակ կորցնելու հրամայում է խանության բոլոր մահալներից ցորենի պաշարներ կուտակել Երևանի բերդում՝ երկարատև պաշարման դեպքում զինվորներին և բերդում ապաստանած քաղաքացիներին սննդամթերքով ապահովելու համար55։ Հարություն Արարատյանի ասելով, «Խանը կամենում էր յոթը տարվա պաշար պատրաստ ունենալ»։ Մթերվող ցորենի մի զգալի մասը պետք է ստացվեր Շարուրի արգավանդ դաշտից։ Խանի հրամանով միայն Աշտարակ գյուղից պահանջում են 40 ձի իրենց ուղեկիցներով՝ Շարուրից

__________

54 Տե՛ս Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, Ֆ. կաթողիկոսական դիվան, թղթապանակ 1 դ, վավերագիր 521։
55 Տե´ս Жизнь Артемия Араратского, Ч. I, էջ 194—195։

[էջ 126]

Երևանի բերդը ցորեն բերելու համար։ Դրանց թվումն էր նաև Հարություն Արարատյանը56։ Մթերապաշարներ կուտակելու հետ միասին խանը կարգադրում է բերդի մշտական բնակիչներից բացի, այնտեղ լրացուցիչ տեղավորել նաև 7000 հոգի, որոնցից 4000 հոդին պարսիկ, իսկ 3000-ը՝ հաչ։ Խանը ցուցում է տալիս, որ բերդում ապաստանած յուրաքանչյուր կռվող տղամարդ իր հետ պետք է բերի միայն կնոջը, իսկ երեխաները մնալու են ազգականների ու բարեկամների մոտ՝ պատճառաբանելով, որ երեխաները բերելու դեպքում բերդում նեղվածք կլինի և մթերապաշարները չեն բավականացնի։

Իր արշավանքից առաջ Աղա-Մամեդ շահը նորից էր փորձ կատարել ահաբեկմամբ Երևանի Մամադ խանին հնազանդեցնելու, բայց անօգուտ։ Խանը նրան պատասխանել էր, որ իր խանությունը ենթարկվում է Վրաստանին և շահին կենթարկվի միայն այն դեպքում, եթե նա պարտության մատնի Վրաստանի տիրոջը՝ Հերակլին57։ Խանի այդ կտրուկ պատասխանը համարվեց մերժում և Աղա-Մամեդ խանը պետք է ամեն ինչ աներ ըմբոստ խանին պատժելու համար։

Երևանի խանը սեփական ուժերից բացի, հույս ուներ օգնություն ստանալ նաև Հերակլ II-ից։ Աղա-Մամեդ շահի արշավանքը սկսելուց մոտ մեկ տարի առաջ Երևանի և Ղարաբաղի խաները հատուկ համաձայնության էին եկել նրան դրամով օգնելու, իսկ Հերակլն էլ իր հերթին պարտավորվել էր նրանց օգնել որոշակի քանակությամբ զորքով58։ Սակայն Հերակլ II-ը ոչ միայն չէր կարող նրանց զորքով օգնել, այլև այնքան թույլ էր, որ ինքն էր օգնության կարիք զգում59։

Այսպիսով, Երևանի Մամադ խանն իր հույսը պետք է դներ միայն խանության ներքին ուժերի վրա։ Դրսից օգնություն չէր սպասվում։ Ուստի Երևանի բերդն ամրացնելուց, այնտեղ բավական սննդամթերքներ և կռվող ուժեր կենտրոնացնելուց բացի, խանության բնակիչների մի զգալի մասին ուղարկում է ապահով ու անմատչելի վայրեր. «Եւ Մահմատ խան զայն լուեալ, — ասում է ժամանակակիցը, — ամրացուցանէ զբերդն և զմասն բնակչացն

__________

56 Նույն տեղում, էջ 195 — 196։
57 Նույն տեղում։
58 Տե՛ս АКАК, т. I, часть II, Тифлис, 1866, էջ 118—119։
59 Նույն տեղում, էջ 119։

[էջ 127]

երկրին առնու ՛ի ներս անդր, և զայլսն ամենայն այսր անդր ցրուել յապահով տեղիս՝ ամրացուցանէ զերկիրն բովանդակ»60։

1795 թ. ամռանն Անդրկովկասի բոլոր երկրներում տարածվում է Աղա-Մամեդ խանի արշավանքի չարագուշակ լուրը։ Ղարաբաղի, Նախիջևանի, Երևանի խանություններից և այլ տեղերից ահաբեկված բնակչությունը փախչում է դեպի հյուսիս՝ դեպի Վրաստանի լեռնային ավելի ապահով շրջանները61։ Պարսից շահի արշավող բանակը, որն ըստ լուրերի բաղկացած էր 60 հազարից, իսկ իրականում 50 հազարանոց էր, դեպի Անդրկովկաս է շարժվում երեք խոշոր ջոկատներով։ Աջ թևի ջոկատը անցնելով Մուղանով՝ արշավում է դեպի Շիրվան ու Դաղստան, ձախ թևի ջոկատն ուղղություն է վերցնում դեպի Երևանի խանությունը, իսկ միջինը, անձամբ Աղա-Մամեդ խանի հրամանատարությամբ շարժվում է դեպի Շուշի, դեպի Ղարաբաղի գլխավոր բերդը62։ Աջ թևի զորքին հրամայված էր շահական իշխանությանը ենթարկել Թալիշի, Շիրվանի և Շաքիի խաներին ու Գանջայում միանալ իր զորքին՝ Վրաստան արշավելու համար։ Ձախ թևի ջոկատը շահի եղբայրներ Ջաֆար-Ղուլի խանի և Ալի-Ղուլի խանի հրամանատարությամբ, առանց դիմադրության առաջ է շարժվում մինչև Երևան։ Իսկ ինքը՝ Աղա-Մամեդ խանը իր բանակով 1795 թվականի օգոստոսի վերջերին արդեն պաշարում է Շուշիի բերդը։ Շուշիի պաշարման և Ջաֆար-Ղուլի խանի ու Ալի-Ղուլի խանի կողմից հայոց կաթողիկոսին իրենց ձեռքը վերցնելու լուրը տագնապ է առաջացնում Վրաստանում։ Ծերունի Հերակլը շուտափույթ միջոցներ է ձեռնարկում իր թագավորությունը պաշտպանելու համար63։

Աղա-Մամեդ խանը Ղարաբաղում կատարյալ անհաջողության է մատնվում։ Շուշիի բերդում փակված Ւբրահիմ-խանը կատաղի դիմադրություն է ցույց տալիս, իսկ շահի զորքերը գրեթե բացառապես բաղկացած լինելով հեծյալներից՝ անզոր էին նման տիպի բերդերը պաշարմամբ գրավել։ Աղա-Մամեդ խանի ահավոր թշ-

__________

60 Գյուտ Աղանյանց, Դիւան Հայոց պատմութեան, գ. Ա—Բ, 1780—1834, Թիֆլիս, 1894, էջ 27։
61 Н. Дубровин, История войны и владычества русских на Кавказе, т. III, С.-Петербург, 1866, էջ 26—27, Լեո, Հայոց պատմություն, հ. III, էջ 877։
62 Жизнеописание Ага-Мамет-хана Каджара, Санкт-Петербург, 1835, էջ 20:
63 «Письма Ираклия II князю Чавчавадзе. 29-го августа 1795 г.». (Տե´ս Н. Дубровин, История войны и владычества русских на Кавказе, т. III, էջ 30):

[էջ 128]

նամին, սակայն, անվեհեր ղարաբաղցիներն էին, որոնք հանկարծակի հարձակումներով արյունաքամ էին անում իրենց երկիրը ներխուժած ավազակաբարո անկոչներին։ Տեսնելով, որ Շուշին հեշտությամբ ու կարճ ժամանակամիջոցում անհնար է գրավել, ներքինի շահը վճռում է շրջանցել Շուշին և մյուս թևերի ջոկատների հիմնական ուժերը միացնելով իր բանակին՝ արշավել դեպի Վրաստան64, որին համարում էր իր ամենավտանգավոր թշնամին։ Այդ հանկարծակի որոշման մասին Աղա-Մամեդ խանը Երևանի տակ գտնվող իր Ջաֆար-Ղուլի խան եղբորը գրում է, որ չնայած ղարաբաղցիները թուլացել են, բայց մտադիր չէ Շուշին գրավել գրոհով և որոշել է Սուլեյման-խանի հրամանատարությամբ որոշ քանակությամբ զորք թողնել բերդը պաշարված վիճակում պահելու համար, իսկ ինքը 20 հազար զորքով շարժվել դեպի Վրաստան65։ Այնուհետև նույն նամակով կարգադրում է եղբորը Երևանի տակ թողնել Ալի-Ղուլիի հրամանատարությամբ 4000 զորք, իսկ ինքը մյուս զորքերի հետ միասին գալ միանալ դեպի Վրաստան շարժվող զորքերին, հիշեցնելով եղբորը, որ եթե «Երևանի խանը պատանդ կտա իր կնոջն ու տղային, ապա Երևանը կարող» են «թողնել հանգիստ»66:

Եղբայրներին ուղղած այդ նամակը ընկնում է Հերակլի ձեռքը, որը նա ուղարկում է Գուդովիչին և խնդրում օգնություն ցույց տալ իրեն։ Սակայն վերջինս նրան օգնության փոխարեն միայն հուսադրում է։ Նա Հերակլին փորձում է հավատացնել, թե Մամեդ խանը մինչև Վրաստան մտնելը շատ խոչընդոտներ պետք է հաղթահարի, որ իբր Հերակլի ու Իմերեթիայի միացյալ ուժերը բավական շատ են և անհանգստանալու լուրջ հիմքեր չկան, և այլն67։

Աջ և ձախ թևերի ջոկատներից եկած ուժերի շնորհիվ բազմամարդ դարձած Աղա-Մամեդով խանի բանակը Գանջայի վրայով արշավում է դեպի Հերակլ II-ի մայրաքաղաք Թիֆլիս։ Ըստ պատմական աղբյուրների, Թիֆլիս արշավող շահի բանակի թիվը հասնում էր 70 հազարի68։

Գրավելով Թիֆլիսը՝ պարսկական բանակը կողոպտեց ու թա-

__________

64 Н. Дубровин, История войны и владычества русских на Кавказе, Т. III, էջ 34։
65 Նույն տեղում։
66 Նույն տեղում, էջ 34 — 35։
67 Նույն տեղում, էջ 35 — 37։
68 Նույն տեղում, էջ 37 — 39։

[էջ 129]

լանեց այն, գերեվարեց ավելի քան 10 հազար մարդ, այրի մնացին մինչև 7000 կանայք։ Քաղաքի 61 հազար բնակիչներից հազիվ մնացել էր 35 հազար մարդ։ Քաղաքը վերածվեց ավերակների կույտի, ամբողջովին հրի մատնվեց Հավլաբար թաղամասը, ավերվեցին Կուրի վրայի կամուրջները69։

Այժմ տեսնենք ինչ բախտ էր վիճակված Երևանին։ Երևանը Աղա-Մամեդ խանի եղբայրների 20 հազարանոց ջոկատի կողմից պաշարման էր ենթարկվել 1795 թվականի հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին70։ Թեպետև բերդում պաշարվածները Ջաֆար-Ղուլիի և Ալի-Ղուլիի զորքերի համեմատությամբ փոքր թիվ էին կազմում ու դրսից օգնության ոչ մի հույս չկար, այնուամենայնիվ իրենց շահ եղբոր կարգադրությամբ բանակցություններ են սկսում Արարատյան երկրի լեռնային շրջաններում ապրող քրդերի հետ և նրա անունից քրդերի առաջնորդին տալիս մեծ խոստումներ՝ իրենց կողմը գրավելու համար71։ Շահն այդ նախազգուշական միջոցները ձեռնարկել էր նկատի ունենալով, որ քրդերը չեն ուզում հնազանդվել շահին և կարող էին հարձակումներ կատարել Երևանի խանությունում գործող պարսկական զորքերի վրա։

Երևանի պաշարումը տևում է հինգ շաբաթ72։ Նախորդ ժամանակների նման այս անգամ ևս շահի զորքի մի մասը պաշարված դրությամբ պահում է բերդը, իսկ մյուս մասը բանդաներ կազմած ավերում ու թալանում է Արարատյան երկիրը։ Այդ ժամանակ ԱղաՄամեդ խանը դեռևս չէր արշավել դեպի Թիֆլիս և երևանցիներն այնուամենայնիվ հույս ունեին Հերակլի օգնության վրա։ Նրանք կատաղի դիմադրություն են ցույց տալիս շահի եղբայրներին և հսկայական վնասներ պատճառում նրանց բանակին։ Պարսկական բանակն անկարող է լինում գրավել Երևանի բերդը։ Ջաֆար-Ղուլի և Ալի-Ղուլի խաներն իրենց շահ եղբորը հայտնում են ստեղծված ծանր կացության մասին։ Նրանք Աղա-Մամեդ խանին տեղեկացնում են, որ Երևանում լուրեր են տարածվել Հերակլի գալու մասին, և որ խանը ձգձգում է շահի անունից իրեն արած առաջարկների կատարումը։ Աղա-Մամեդ խանը նրանց կարգադրում է շարունակել Երևանի պաշարումը, և եթե Հերակլը զորքով գա Մամեդ խանին օգնության, ապա խուսափել նրա հետ կռվի բռնվելուց, մինչև ինքն անձամբ կգա Երևան։ Այնուհետև, Աղա-

__________

69 Նույն տեղում, էջ 42։
70 Տե՛ս «Կռունկ Հայոց աշխարհին», 1862, № 4, էջ 284։
71 «Грамоты и другие исторические документы XVIII столетия, относящиеся до Грузии», т. I, вып. II, СПб, 1902, էջ 92:
72 Տե՛ս Գյուտ Աղանյանց, Դիւան Հայոց պատմութեան, գիրք Ա — Բ, էջ 27։

[էջ 130]

Մամեդ խանը նամակով հայտնում է եղբայրներին, որ իր կարգադրությամբ նրանց տարբեր տեղերիս օգնության կգան 1300 հոգի73։ Բացի դրանից, շահը իբրև օգնություն, Երևանը պաշարած զորքերին ուղարկում է փորձված հրետանավոր, հրասանդներ և որոշ քանակությամբ կապար՝ բերդը ռմբակոծելու համար74։

Այդ ժամանակ Աղա-Մամեդ խանը դեռևս շարունակում էր Շուշին պահել պաշարման մեջ՝ ավերելով շրջակայքի բնակավայրերը։ Ավելի քան մեկ ամիս Շուշին պաշարելուց հետո միայն, շահը որոշեց այն շրջանցել և արագ երթով նախ գրավել Թիֆլիսը, ապա հաշվեհարդար տեսնել Շուշիի և ըմբոստ ղարաբաղցիների հետ։ Հենց այդ ժամանակ է գրել վերը նշված այն նամակը, որով կարգադրել է իր եղբայրներին՝ Երևանի տակ թողնել 4000 զինվոր՝ բերդը պաշարված պահելու համար, մյուս զորքերով գայ ու միանալ իրեն՝ դեպի Թիֆլիս արշավելու։ Այդ նամակը, ինչպես նշվեց, ընկել էր Հերակլ II-ի ձեռքը։

Բանակցությունները Երևանի Մամադ խանի հետ շարունակվում են Աղա-Մամեդ խանի կողմն անցած Գանձակի Ջավադ խանի ներկայացուցիչ Յաղուբ խանի միջոցով։ Վերջինս, որ հատուկ այդ նպատակի համար Գանձակից ուղարկված էր Երևան, երկու կողմերին հորդորում է համաձայնության գալ75։ Մամեդ խանը այլ ելք չուներ, քան պաշարողների հետ համաձայնության գալը։ Նա ոչ միայն դրսից որևէ օգնության հույս չուներ, այլև վախենում էր, որ Աղա-Մամեդ խանը կարոդ է իր ուժերը կենտրոնացնել Երևանի դեմ, և այն ժամանակ ինքն ու իր հետ եղած մեծամեծները ողբերգական վախճան կունենային։ 1795 թ. օգոստոսի վերջին կնքվում է հաշտություն շահի եղբայրների և Երևանի Մամադ խանի միջև։ Ըստ դրա Երևանի խանը դարձավ Աղա-Մամեդ խանի հպատակը և պարտավորվեց տալ հարկ ու անհրաժեշտության դեպքում շահին օգնել զորքով։ Պայմանի համաձայն,. իբրև հաշտության երաշխիք, խանը իր կնոջն ու որդուն պատանդ է ուղարկում շահի մոտ76։

Այժմ արդեն Երևանի խանից զգուշանալու առիթ չկար և

__________

73 «Грамоты и другие исторические документы XVIII столетия..., т. II, вып. II, էջ 95—95։
74 Նույն տեղում։
75 Տե՛ս Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռագիր № 4481, էջ 352 ա, Լեո, Հայոց պատմություն, հ. III, էջ 881։
76 Նույն տեղում։ Ըստ մի այլ աղբյուրի, Մամադ խանը պատանդ էր ուղարկել ոչ միայն իր կնոջն ու նորածին երեխային, այլ նաև եղբորը (տե՛ս Հրաչեայ Յ. Աճառյան, Ցուցակ հայերէն ձեռագրաց Թաւրիզի, Վիեննա., 1910,. էջ 25)։

[էջ 131]

Աղա-Մամեդ խանի եղբայրներն իրենց զորքերը վերցնելով շտապում են միանալ նրա բանակին՝ Թիֆլիս արշավելու համար, իսկ Երևանի խանությունում առժամանակ հաստատվում է խաղաղություն և վերջ է տրվում մոտ 50 տարի տևած նրա կիսանկախ գոյությանը։ Աղա-Մամեդ խանի 1795 թվականի արշավանքով Երևանի խանությունը դադարեց Վրաստանի հարկատուն լինելուց և կրկին ենթարկվեց Պարսկաստանի կենտրոնական իշխանությանը։ Թիֆլիսը գրավելուց և Արևելյան Վրաստանն ավերելուց հետո Աղա-Մամեդ խանը Գանձակն ու Երևանը ոչ միայն հանում է Հերակլից ունեցած կախվածությունից, այլն վերջինիս ենթակա մի քանի շրջաններ՝ Փամբակը, Ղազախը և Բորչալուն հայտարարում է Երևանի խանին ենթակա տերիտորիաներ։ Երևանի խանն էլ, առանց ժամանակ կորցնելու, իրեն տրված գավառների բնակիչներից պահանջում է ենթարկվել իր իշխանությանը77։

Արևելյան Վրաստանում գործերը վերջացնելուց հետո Աղա-Մամեդ խանը հարվածը նորից է ուղղում Շուշու դեմ։ Իբրահիմ– խանը շարունակում է դիմադրել, իսկ շահը համապատասխան հրետանի չունենալու հետևանքով առայժմ չի կարողանում գրավել Շուշիի բերդը և դրա փոխարեն ավերում ու կողոպտում է շրջակայքի բոլոր գյուղերը78։

Աղա-Մամեդ խանի նվաճումներն Անդրկովկասում չէին կարող չանհանգստացնել ռուսական իշխանություններին, որոնք նույնպես էական շահեր ունեին այստեղ և դրանք վտանգի տակ էին դրվում այդ գրավումներով։ Անդրկովկասի ժողովուրդները, ինչպես նաև առանձին գործիչներ, վրաց թագավորներ և Պարսկաստանին ենթակա խաներ, յուրաքանչյուրն իր շահերին համապատասխան, ձգտում էր ազատվել պարսկական լծից։ Նրանք կապեր էին ստեղծել ռուսական իշխանությունների հետ և նրանց խնդրում էին արշավել Անդրկովկաս՝ խոստանալով ռուսական զորքերին օգնել ու օժանդակել հնարավորության առավելագույն չափով։ Դրանց թվումն էր նաև Երևանի Մամադ խանը, որը չնայած 1795 թ. իր հպատակությունն էր հայտնել Աղա-Մամեդ խանին, բայց հույսը չէր կտրել՝ նորից Պարսկաստանից անկախանալ ռուսական զորքերի օգնությամբ։ Նա տարբեր եղանակներով նամակագրական կապեր էր հաստատել ռուսական իշխանությունների հետ և պատրաստակամություն հայտնել կամովին անցնել Ռու-

__________

77 Н. Дубровин, История войны и владычества русских на Кавказе, т. III, էջ 65:
78 «Жизнеописание Ага-Мамет хана», էջ 23:

[էջ 132]

սաստանի հովանավորության ներքո, եթե ցարի զորքերը գան օգնության։ Պարսկաստանից անկախանալու համար Մամադ խանը միակ իրական ուժը այսպիսով համարում էր Ռուսաստանը և ձգտում էր ստանալ նրա օգնությունը79։ Աղա-Մամեդ խանի արշավանքը ցույց տվեց, որ Արևելյան Վրաստանն այլևս ի վիճակի չէր ոչ միայն ուրիշին օգնելու, այլև՝ առանց դրսի օգնության իր ներքին ինքնուրույնությունը պաշտպանելու։ Հետևապես միանգամայն իրավացի է Վ֊. Գրիգորյանը՝ փաստական նյութերով հիմնովին ժխտելով վրաց պատմության ("История Грузии", т. I, Тбилиси, 1950, էջ 444) և ՍՍՀՄ պատմության ուրվագծերում ("Очерки истории ССР, XVIII в., вторая половина", էջ 735) արտահայտված այն կարծիքը, ըստ որի 1796 թվականի դեկտեմբերին Ջավաղ խանը Գանձակը ռուսներին հանձնելուց հետո, իբր Երևանը նորից է դարձել Հերակլի հարկատուն80:

Աղա-Մամեդ խանը Երևանի Մամադ խանի նկատմամբ միշտ կասկածանքով է վերաբերվել, չնայած վերջինս, ինչպես ասվեց, վստահության համար պատանդներ էր ուղարկել շահին։ Շահն իր հավատարիմ Թավաքյալի խանին մի ջոկատով բերդապահ նշանակելով Երևանում, փաստորեն հսկողության տակ էր առել Մամադ խանին։ Սակայն չբավականանալով դրանով, մինչև կոմս Զուբովի ռուսական կորպուսը Մուղան մտնելը, Աղա-Մամեդ խանը Երևան է ուղարկում իր եղբայր Ալի-Ղուլի խանին, հանձնարար ելով նրան ճնշել խռովարարներին և պաշտպանել բերդը։ Փաստորեն Մամադ խանն ընկել էր ծուղակի մեջ, բայց ռուսական օգնությունից դեռևս հույսը չէր կորցրել։ Նա գաղանաբար պատվիրակներ էր ուղարկում կոմս Զուբովի մոտ և հորդորում նրան օր առաջ հասնել Երևանի սահմաններին։ Սակայն պատվիրակների բերած լուրերը չարագուշակ էին։ Գանձակի գրավումից հետո ռուսական զորքերին նահանջի հրաման է տրվում։ 1796 թվականի նոյեմբերի 6-ին մահացել էր Եկատերինա II-ը և նրան փոխարինած Պավել առաջինը դադարեցնում է պատերազմը Պարսկաստանի հետ, դրանով իսկ մեծագույն վտանգի մեջ ձգելով Անդրկովկասի ժողովուրդներին, որոնք Աղա-Մամեդ խանի և ընդհանրապես պարսկական ծանր լծի տապալման գործը հիմնականում կապում էին Ռուսաստանի հետ։

Այժմ արդեն Աղա-Մամեդ խանը կարող էր աներկյուղ դա-

__________

79 Е. Хубов, Описание достопамятных происшествий в Армении, էջ 7։
80 Տե՛ս Վ. Ռ. Գրիգորյան, Երևանի խանութչունը 18-րդ դարի վերջում, էջ 175 –176։

[էջ 133]

տաստան տեսնել խռովարար խաների հետ։ Նա Երևանում տեր ու տիրական նշանակելով իր եղբայր Ալի-Ղուլի խանին՝ Մամադ խանին կանչում է իր մոտ, խլում նրա ունեցվածքը և բանտարկում Թեհրանում։ Շահն ավելի դաժան է վարվում իր մոտ կանչված Նախիջևանի Քյալբ-Ալի խանի և Նուխու Հասան խանի հետ՝ կուրացնելով նրանց81։ Դեպքերին լավատեղյակ Ե. Խուբովը գրում է, որ ներքինի շահը ցանկանում էր սրի մատնել ամբողջ հայությանը82։ Բայց ուրբաթը շաբաթից ավելի շուտ եկավ։ Դաժանությամբ չափ ու սահման չունեցող Աղա-Մամեդ խանը 1797 թ., 63 տարեկան հասակում սպանվում է իր ծառաների ձեռքով։

Աղա-Մամեդ խանի կողմից Երևանում նշանակված Ալի–Ղուլին ամենալկտի ու դաժան խաներից մեկն էր։ Նրա ընչաքաղցությունը և գործադրած բռնությունները ծայր աստիճանի գրգռել էին բնակչությանը։ Նա այնքան էր լկտիացել, որ բացեիբաց հրաման էր արձակել ամբողջ խանությունից իր համար գեղեցիկ հայ օրիորդներ հավաքել։ Ղուկաս Կարնեցի կաթողիկոսր խանի այդ հրեշավոր հրամանի կատարումն ի չիք դարձնելու համար կարգադրում է 8 տարեկանից մեծ բոլոր աղջիկներին ամուսնացնել խախտելով գոյություն ունեցող եկեղեցական կարգն ու սովորույթները83։

Սակայն երկար չի տևում Ալի-Ղուլի խանի իշխանությունը։ Երևանում երբ լսվում է նրա շահ եղբոր սպանության մասին, բնակչությունն ըմբոստանում է նրա դեմ և քաղաքից հալածում։ Փաստորեն արդեն իշխանազրկված խանը դիմում է դեպի Թեհրան՝ ակնկալելով գրավել սպանված եղբոր գահը։ Սակայն բախտն այդտեղ էլ նրան հալածում է։ Թեհրանում ժամանակավորապես իշխանությունն իր ձեռքը վերցրած Միրզա-Մահմադ խանը արգելում է Ալի-Ղուլիի մուտքը Թեհրան և սպասում Շիրազից զորավար Բաբա-խանի գալստյանը։ Վերջինս, գալով Թեհրան, հաստատվում է գահի վրա և Ալի-Ղուլիին կանչելով իր մոտ, հանել է տալիս նրա աչքերը84։

Բաբա-խանը, որ թագադրվել է Ֆաթ-Ալի շահ անունով, կալանքից ազատում է Երևանի Մամադ-խանին և Խոյի Ջաֆար-

__________

81 Գյուտ Աղանյանց, Դիւան Հայոց պատմութեան, գ. Ա — Բ, էջ 31, Е. Хубов, Описание достопамятных происшествий в Армении, էջ 10—11։
82 «Жизнеописание Ага-Мамет хана», էջ 35—36։
83 Տե՛ս Մ. Մսերյանց, Պատմութիւն կաթողիկոսաց Էջմիածնի ի Սիմէօնէ մինչ յՅովհաննէս, Մոսկուա, 1876, էջ 9։
84 Գյուտ Աղանյանց, Դիւան Հայոց պատմութեան, գ. Ա — Բ, էջ 34— 36։

[էջ 134]

Ղուլի խանին՝ վերականգնելով նրանք իշխանությունները։ Պարսկաստանում, երբ այդ դեպքերն էին տեղի ունենում, Երևանից Ալի-Ղուլի խանի հեռանալուց հետո, ոմն Հասան-խան, որը Մակուի սուլթանի որդին էր և Երևանում կառավարիչ (շահվեքիլ) էր նշանակված Աղա-Մամեդ խանի կողմից, գալով Երևան պահանջում է թույլ տալ մտնել բերդ։ Երևանցիները մերժում են Հասանխանի այդ ապօրինի պահանջը, և նա գնալով Նախիջևան կրկին վերադառնում է զորքով ու այրումլոլ կոչված քրդերի ջոկատով։ Տեղի ունեցած մարտում երևանցիները պարտվում են և քաղաքն ավերումից փրկելու համար կամովին հանձնում են բերդը։ Այդ եղանակով Հասան-խանը հաստատվում է Երևանում։ Նա Երևանում իշխում է ընդամենը մեկ ամիս, բայց այդ չի խանգարում բնակչությունից հավաքելու ապօրինի ծանր հարկեր և նրան հասցնել ծայր աղքատության դուռր։ Շուտով հայտնի է դառնում, որ Երևանի նախկին խանը՝ Մամադը շահի կողմից վերականգնված է իր պաշտոնում և վերադառնում է Երևան։ Հասան-խանը ոչնչով չէր կարող արգելակել Մամադ-խանի մուտքը Երևան և 1797 թ. սեպտեմբերի 19-ին իր յուրայիններով թողնում է ու հեռանում Մակու։ Հաջորդ ամսվա սկզբներին Մամադ-խանը գալիս է Երևան և հաստատվում իր խանական աթոռին։

Ե. Խուբովի վկայության համաձայն, Ֆաթ-Ալի շահը, վերականգնելով Մամադ-խանի իրավունքները, նրան հարկադրել էր, որ իր խանությունից տարեկան 80 հազար ռուբլու չափով մի գումար մուծեր արքունական գանձարանը85։ Հավանաբար նկատի ունենալով անցյալի դեպքերը և որոշ անվստահություն ունենալով Մամադ-խանի նկատմամբ՝ շահը նրան տալիս է երկու օգնականներ, որոնք իրականում հետևում էին նրա գործունեությանը և այդ մասին տեղեկություններ հաղորդում պարսից արքունիք։ Իրոք որ Մամադ-խանը Երևան վերադառնալուց հետո շահի առաջ շուտով համարվեց ինքնագլուխ իշխանավոր։ Խանի օգնականները նրա շուրջը հյուսել էին լրտեսական ցանց և գաղտնի հետևում էին նրան։ Նրանք խանին շահի առաջ ներկայացնում էին որպես ամենաստոր դավաճան86։

Մամադ-խանի հետ միևնույն պայմաններով ազատված Նախիջևանի Քյալբ-Ալի խանը չէր կարողանում մոռանալ իր նկատմամբ կիրառված դիվային պատիժը։ Նա ընդհանրապես չէր ճանաչել Բաբախանի շահությունը և հրաժարվել էր նրան հարկ վճա-

__________

85 Е. Хубов, Описание достопамятных происшествий в Армении, էջ 13։
86 Նույն տեղում։

[էջ 135]

րել։ Գործը հասնում է նրան, որ շահը մտադրվում է նրան բռնությամբ իր մոտ բերել տալ։ Իմանալով այդ մասին, Քյալբ-Ալի խանը փախչում է իր դաշնակից ու բարեկամ Երևանի Մամադ-խանի մոտ87։ Նրանք երկուսը միասին բավական զորք են հավաքում, որպեսզի շահի բանակի հարձակման դեպքում կարողանան պաշտպանվել։ Բայց երկար չի տևում նրանց խաղաղ կյանքը։ Չորս տարի անց շահի տղան մեծ բանակով դուրս է գալիս Երևանի դեմ88։ 1800 թվականի գարնանը մոտ 12 հազար հոգուց բաղկացած պարսկական բանակն անցնելով Արաքս գետը՝ պաշարում է Երևանը89։ Անդրկովկասի ըմբոստ խաների և վրացական թագավորների դեմ հանդես է գալիս թագաժառանգ Աբբաս-Միրզան, որը տեղում դաշնակիցներ էր որոնում նաև ռուսական առաջխաղացման դեմն առնելու համար։ Բայց այդ արդեն ուշ էր։ XIX դ. աոաջին տասնամյակներում ռուսական զորքերի հաղթանակների և տեղական ժողովուրդների ակտիվ մասնակցության շնորհիվ Անդրկովկասն ընդմիշտ ազատագրվում է պարսկական լծից և միացվում Ռուսաստանին։

Հայերի ռուսական կողմնորոշումը նորություն չէր։ Արևմտյան Եվրոպայում տարիներ շարունակ դեգերելուց և մի շարք պետությունների դիմելուց հետո մեր երկիրն արևելյան բռնապետությունների լծից ազատագրելու միակ իրական ուժը համարվում էր Ռուսաստանը տակավին Իսրայել օրու ժամանակներից սկսած։ Այդ կողմն որոշումը ցայտուն կերպով դրսևորվեց մանավանդ XVIII դարի առաջին քառորդի և նույն դարի 80-ական թվականների ազատագրական շարժումների ընթացքում։ Մենք տեսանք, որ իրենց ազատագրության համար XVIII դարի առաջին քառորդի վերջերին զենք բարձրացնելով թուրք-պարսկական բռնակալությունների դեմ՝ հայերը մեծ հույսեր ունեին Ռուսաստանի օգնությունն ստանալու, և նրանք իրենց գործիչների միջոցով սերտ կապեր էին ստեղծել ռուսական իշխանությունների հետ։ Նույնպիսի դրություն էր տիրում նաև նույն զարի 80-ական թվականներին՝ հայ ազատագրական շարժման նոր վերելքի տարիներին, երբ հրապարակի վրա էին դրվել նաև Ռուսաստանի օգնությամբ ազատագրվելուց հետո Հայաստանում հաստատվելիք քաղաքական իշխանության բնույթի մասին հատուկ նախագծեր։ 80-

__________

87 Նույն տեղում, էջ 13 — 14։
88 Նույն տեղում, էջ 14 — 15։
89 Տե՛ս Լեո, Հայոց պատմություն, հ. III, էջ 912։ Տե՛ս նաև Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ֆ, կաթ. դիվան, թղթապանակ 1 դ, վավ. 548։

[էջ 136]

ական թվականներին Երևանը դարձել էր հայ ազատագրական շարժման հիմնական կենտրոններից մեկը։ Քաղաքի աշխատվոր բնակչությունը, բարձր խավն ու նրա առանձին ներկայացուցիչները, բարձրաստիճան մի քանի հոգևորականներ, Ռուսաստանի քաղաքներում վերաբնակված գործիչները գտնում էին, որ հասել է ամենահարմար պահը Ռուսաստանի օգնությամբ Հայաստանը պարսկական լծից ազատագրելու համար։ Նրանք իրենց խնդրագրերով, նամակներով, դիմումներով Ռուսաստանից հայցում էին այդ օգնությունը՝ համապատասխան տեղեկություններ հաղորդելով հակառակորդ պետության ներքին կյանքի, ռազմական վիճակի և արտաքին հարաբերությունների մասին։ Նրանք իրենց ազատագրության նպատակով պատրաստակամություն էին հայտնում, որ արշավող զորքի համար կհայթայթեն պարեն, թշնամու մասին կհաղորդեն անհրաժեշտ տեղեկություններ, իրենց զինված ջոկատներով կմասնակցեն մարտերին և այլն։ Հայտնի է հատկապես Երևանի հայերի 1784 թվականի նամակը ուղղված Եկատերինա II-ին։

Աղա-Մամեդ շահի արշավանքով մի փոքր թուլանալուց հետո հայ ազատագրական շարժումը XIX դ. առաջին քառորդում ապրում է վերելքի շրջան։ Հենց այդ ժամանակ էլ նպաստավոր պայմաններ են ստեղծվում Արևելյան Հայաստանը պարսկական լծից ազատագրելու։ XVIII դարի 80-ական թվականների և XIX դարի սկզբների հայ ազատագրական շարժմանն ականավոր գործիչներ և հերոսներ է տվել նաև Երևանը՝ Արևելյան Հայաստանի հիմնական կենտրոնը90։

__________

90 XVIII դարի 80-ական թվականների հայ ազատագրական շարժման մասին տե´ս Е. Хубов, Описание достопамятных происшествий в Армении с 1749—1809 г., СПб,1811, «Վաղարշապատեցի Յարութիւն Արարատեանի կեանքը», АКАК, т. I, Тифлис, 1866. էջ 119, Գյուտ Աղանյանց, Դիւան Հայոց պատմութեան, գիրք Թ, Յոսէփ կաթողիկոս Արղութեան, մասն առաջին, 1778—1800, Թիֆլիս, 1911, էջ 24, 281, Н. Дубровин, История войны и владычества русских на Кавказе, т. III, С. Петербург, 1886, Լեո, Հայոց պատմություն, հ. III, էջ 831—845, А. Р. Иоаннисян, Россия и армянское освободительное движение в 80 годах XVIII столетия, Ереван, 1947, М. Нерсисян, А. В. Суворов и русско-армянские отношения в 1770 — 1790 годах. Из истории русско-армянских отношений, кн. первая, Ереван, 1956, էջ 9—100, Վ. Ռ. Գրիգորյան. Երևանի խանությունը 18-րդ դարի վերջում, էջ 165– 176 և այլ տեղերում։

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Հակոբյան Թ., Երևանի պատմությունը (1500—1800 թթ.). – Եր., Երևանի համալսարանի հրատարակչություն, 1971։
Scanned: Վահագն Մխոյան
OCR: Դիանա Ազատյան
Ուղղագրում՝ Լինա Քամալյան

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice