ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian
Թադևոս Հակոբյան

ԵՐԵՎԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ (1500–1800 ԹԹ.)

Previous | Բովանդակություն | Next

[էջ 137]

IV. ԵՐԵՎԱՆԻ ԽԱՆՈԻԹՅԱՆ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՐԳԸ XVI-XVIII ԴԱՐԵՐՈՒՄ

Քաղաքական դեպքերի թողած ազդեցությունը Երևանի խանության և Երևան քաղաքի վարչական վիճակի վրա։ Երևանի խանության (կուսակալության) մյուս անունները։ Խանության սահմանները և գրաված տերիտորիան։ Մահալաբաժանումը։ Մահալների կառավարչական սիստեմը։ Երևանի խանության մահալները XIX դ. սկզբներին։ Երևանը համանուն խանության կենտրոն։ Երևանի բերդը և նրա կայազորը։ Խանական զորքի սպառազինությունը։ Երևանի խանությունը որպես ներքին իրավունքերով օժտված ֆեոդալական իշխանություն։ Խաների (բեյլերբեյերի) նշանակման կարգը, իրավունքները, եկամուտները։ Երևանի խանի (բեյլերբեյի) հարաբերությունները հարևան խանությունների ու փաշայությունների հետ։ Երևանի թուրք փաշաները։ Երևանի խաները ժամանակակից հեղինակների բնութագրմամբ։ Երևանի խանության վարչական ապարատը և պաշտոնները։ Երևան քաղաքի վարչական վիճակը և կառավարման կարգը

Մենք տեսանք, որ Երևանի խանությունն ու նրա կենտրոն Երևան քաղաքը XVI-XVIII դարերում ունեցել են քաղաքական շատ անկայուն վիճակ։ Թուրք-պարսկական պատերազմները, խաների միջև տեղի ունեցած կռիվները, վրաց թագավորների արշավանքները և հարևան խանությունների կամ փաշայությունների հարձակումները իրենց ազդեցությունն են թողել Երևան քաղաքի և համանուն խանության վրա։ Պատերազմական վիճակի հետևանքով հաճախ հարկ է եղել փոփոխության ենթարկել խանության և նրա կենտրոնի վարչական ապարատը, ուժեղացնել ու ավելի մարդաշատ դարձնել խանի ռազմական ուժերը, լայնացնել խանի

[էջ 138]

իրավունքները, փոփոխության ենթարկել հարկասիստեմը և դրա հետ կապված վերափոխել նաև հարկերի նշանակմամբ ու հավաքմամբ զբաղվողների կազմը, փոփոխության են ենթարկվել խանության սահմանները, մահալաբաժանումը, խաների՝ մեկը մյուսին հաջորդելու կարգը, շահից, սուլթանից կամ վրաց թագավորից նրանց ունեցած կախվածության աստիճանը և այլն, և այլն։ Այլ կերպ ասած, անկայուն քաղաքական վիճակի հետևանքով XVI— XVIII դարերում բավական անկայուն է եղել նաև Երևան քաղաքի ու համանուն խանության վարչակարգը։ Սակայն վարչակարգի կրած փոփոխություններն այդ երեքհարյուրամյա ժամանակաշրջանում արմատական չեն եղել։ Այնպես որ Երևան քաղաքի ու համանուն խանության ներքին վարչակարգը պարսկական, թուրքական և կիսանկախ խաների տիրապետության շրջանում հիմնականում մնացել են նույնը, որը և իր կրած մասնակի փոփոխություններով հանդերձ փորձենք պատմական աղբյուրների հիման վրա ներկայացնել ընթերցողների ուշադրությանը։

Երևանի կուսակալոլթյունը (վիլայեթ, խանություն, փաշայություն, բեյլերբեյություն, սարդարություն) ձևավորվել է XIV դարի վերջերին, կարա-կոյունլու թուրքմենական ցեղերի տիրապետության շրջանում։ Թուրքմենական մի քանի ցեղեր XIV գարի վերջերին արդեն միավորված էին ոմն Ամիր-Սաադի իշխանության ներքո, և դրանք իրենց ցեղապետի անունով հետագայում կոչվեցին սաադլուներ1։ Նրա անունով են կոչվել նաև այդ ցեղերի բնակության շրջանները՝ հին Արշարունիք կամ Երասխաձոր (այժմ Կաղզվան), Ճակատք (Սուրմալու) ու մասամբ Մասյացոտն գավառները և հարակից մի քանի շրջաններ։ Դրանք բոլորը միասին կազմեցին մի կուսակալություն, որը Ամիր-Սաադի անունով օտարները կոչեցին Չուխուր-Սաադ կամ Չուգուր-Սաադ2, իսկ հայերը՝ Սաաթի փոս կամ Սահաթափոս (Սաադի փոս)։ Հ. Փափազյանը, վկայակոչելով Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի արխիվային ֆոնդերից մի կալվածագիր (ֆ. կաթողիկոսական դիվանդ, թղթապանակ 1 զ, վավ. 1004), գրում է, որ «Չուխուր-Սաադ» անվան առաջին հիշատակությունը, ինչքանով մինչև այժմ է հայտնի, վերաբերում է 1428 թվականին, միաժամանակ նշելով, որ այդ ա-

__________

1 Տե՛ս Հ. Դ. Փափազյան, Օտար տիրապետությունը Արարատյան երկրում, «Տեղեկագիր» ՀՍՍՀ ԳԱ (հաս. գիտութ.), 1960, № 7—8, էջ 25։
2 Հ. Ղ. Ինճիճյան, Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի մասն առաջին, հ. Ա, Վենետիկ, 1806, էջ 255։ Ղ. Ալիշան, Այրարատ, էջ 284։ Տե՛ս նաև «Տեղեկագիր» ՀՍՍՀ ԳԱ (հաս. գիտութ.), 1960, № 7—8, էջ 25։

[էջ 139]

նունը պետք է տրված լիներ Ամիր-Սաադի կենդանության օրոք՝ XIV դ. վերջերին3։

Մեզ հետաքրքրող ժամանակների պարսկական մատենագրության մեջ «Չուխուր-Սաադը» թարգմանվել է «Երջանիկ փոս» կամ «Երջանիկ հովիտ» իմաստով4։ Այդ կուսակալության Չուգուր-Սաադ անունը գործածական է եղել պարսկական ու թուրքական մատենագրության մեջ։ Մեր աղբյուրները, ինչպես ասվեց, Չուգուր– Սաադ վիլայեթը սովորաբար կոչել են Սահաթափոս։ Օտարածին այդ անունների հետ միասին գործածության մեջ էին մնացել նաև հին հայկական վարչա-տերիտորիալ միավորների՝ Արարատյան երկրի, Կոտայք գավառի և այլոց անունները, որոնք չնայած տերիտորիալ իմաստով լիովիս չէին համընկնում նշվածների հետ։ Սակայն մեզ հետաքրքրող ժամանակներում՝ XVI—XVIII դարերում վարչական առումով այդ բոլոր անունները՝ Չուգուր-Սաադը, Սահաթափոսը, Արարատյան երկիրը և մյուսները գործածությունից դուրս էին եկել, դրանցից միայն առաջինը շարունակվում է որոշ չափով գործածական մնալ թուրքական ու պարսկական աղբյուրներում՝ ընդհուպ մինչև Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելը։ XVI—XVIII դարերում վարչա-տերիտորիալ այդ միավորը սովորաբար կոչվում էր կենտրոնի՝ Երևանի անունով։ Տարբեր աղբյուրներում ու տարբեր ժամանակներում Երևանի կամ Արարատյան կուսակալությունը տարբեր կերպ է կոչվել։ Այն, նայած իր բնույթին, երբեմն հիշատակվում է իբրև վիլայեթ կամ փաշայություն, երբեմն՝ բեյլերբեյություն կամ սարդարություն։ Իրականում այն խանություն էր (իսկ թուրքական տիրապետության ժամանակներում՝ փաշայություն), բայց լինելով սահմանային, նրա խանը օժտված էր ավելի մեծ իրավունքներով և հաճախ ստանում էր բեյլերբեյ տիտղոսը ու ստանձնում մի քանի խանությունների զորքերի ընդհանուր հրամանատարի՝ սարդարի ( = զորահրամանտար) պարտականությունները։

Երևանի խանությունը բոլոր ժամանակներում միևնույն տերիտորիան չի ունեցել։ Երբեմն նրա տերիտորիայի սահմանները ընդարձակվել են, իսկ երբեմն էլ՝ կրճատվել, նայած քաղաքական պայմաններին և այս կամ այն շահի, սուլթանի վարած վարչական քաղաքականությանը։ Պատմական աղբյուրների վկայությունները Երևանի խանության մեծության ու սահմանների մասին կցկտուր են և շատ դեպքերում անորոշ։ Այնուամենայնիվ դրանց համա-

__________

3 Տե՛ս «Տեղեկագիր» ՀՍՍՀ ԳԱ (հաս. գիտութ.), 1960, № 7—8, էջ 25։
4 Նույն տեղում։

[էջ 140]

դրումից կարելի է որոշ գաղափար կազմել նրա մեծության մասին։ Ճիշտ է նկատում Հ. Փափազյանը, սկզբնական շրջանում, երբ նոր էր կազմավորվում Սահաթափոս կամ Չուխուր-Սաադ կուսակալությունը (վիլայեթ), նրա տերիտորիան բավական փոքր է եղել։ XIV դարի վերջերին այն իր մեջ դեռևս ընդգրկում էր Արարատյան աշխարհի մի փոքր մասը՝ նախկին Երասխաձոր, Ճակատք գավառներն ու դրանց մերձակա մի քանի շրջանները5։ Հետագայում Երևանի կուսակալության սահմանները աստիճանաբար ընդարձակվում են։ XVI դարում այն արդեն իր մեջ ընդգրկում էր նախկին Այրարատյան աշխարհի մեծագույն մասը։ Էլ ավելի ընդարձակ էր նրա տերիտորիան XVII դարում, երբ այն ոչ թե սովորական խանություն էր, այլ՝ բեյլերբեյություն, որին ռազմական առումով ենթարկվում էր Անդրկովկասի պարսկական տիրապետությունների մեծագույն մասը. Ադամ Օլեարիի վկայության համաձայն իր ուղևորությունների ժամանակ (XVII դ. ) Երևանի բեյլերբեյությանը ենթակա էին՝ Ղափանը, Ջուղան, Սիսիանը, Քաշաթաղը, Երևանը, Կըրխ-Բուլաղը, Աղստաֆան, Ապարանը, Դմանիսը, Ալգետը, Չըլդըրը և այլ շրջաններ6, որոնցից շատերն ըստ երևույթին վարչա-քաղաքական առումով առանձին միավորներ էին ներկայացնում, սակայն ռազմական առումով ենթակա էին Երևանի բեյլերբեյին (կամ սարդար)։ Երևանի բեյլերբեյության այդ ժամանակներում ունեցած տերիտորիայի մեծության մասին մենք ավելի որոշակի գաղափար կարող ենք կազմել դրա մեջ մտնող քաղաքների միջոցով, որոնք դարձյալ թվարկել է Ադամ Օլեարին։ Նա Երևանի բեյլերբեյության նշանավոր քաղաքներից ու բերդերից է համարում Բարդան (Թարթառ գետի ստորին հոսանքում ), Բելագան (Դաշտային Ղարաբաղում ), Շամքորը, Երևանը, «Ղարաբաղը» (ըստ երևույթին Շուշին է այդպես կոչել), Գանձակը, Բարկուշատը, Նախիջևանը, Օրդուբադը, Բայազետը, Մակուն, Մաղսաբերդը, Չըլդըրը և այլն7, իսկ դրանց թվարկությունից երևում է, որ տերիտորիալ առումով Երևանի խանությունն ու բեյլերբեյությունը տարբեր հասկացություններ էին։ Առաջինն իր մեջ ընդգրկում էր նախկին Արարատյան աշխարհի կենտրոնական հիմնական մասը և վարչա-քաղաքական տերիտորիալ միավոր էր պարսկական տիրապետության կազ-

__________

5 Տե՛ս Հ. Դ. Փափազյան, Օտար տիրապետությունը Արարատյան երկրում, «Տեղեկագիր» ՀՍՍՀ ԳԱ (հաս. գիտութ.), 1960, № 7 — 8, էջ 25։
6 Adam Olearus, Les Voyages en Moscovie, Tartarie et Perse, Amsterdam, 1727, էջ 22. Հմմտ. Լեո, Հայոց պատմություն, հ. III, էջ 54։
7 Տե՛ս նույն տեղերում։

[էջ 141]

մում, իսկ երկրորդը սոսկ ռազմական շրջան էր, որի պարսկական զորքերի հրամանատարը համարվում էր Երևանի խանը։ Այդ պատճառով էլ վերջինս կրում էր նաև բեյլերբեյ կամ սարդար տիտղոսը։

Բուն Երևանի խանության XVII դարի սահմանների ու մեծության մասին եղած վկայություններն անորոշ են։ Օրինակ, այդ դարի երկրորդ կեսի հայտնի հեղինակներից մեկը՝ Շարդենը, որ այնքան հավաստի ու բազմակողմանի տեղեկություններ է հաղորդել երկրի տնտեսական-քաղաքական վիճակի մասին, Երևանի խանության մեծության վերաբերյալ բավարարվում է միայն հետևյալ անորոշ արտահայտությամբ. «Երևանի կուսակալությունը (խանությունը— Թ. Հ.) տարածվում է Երևանի շուրջը ավելի քան 20 մղոն։ Այդ տարածության մեջ կան 23 մենաստան (վանք) և 5 կուսանոց»8։ Ինչպես տեսնում ենք, ժամանակակից ճանապարհորդի վկայությունը բանալի չի տալիս որևէ չափով պարզաբանելու Երևանի խանության գրաված տարածության մեծությունն ու սահմանները։ Նույն կարգի թերություններ ունեն նաև մեր ժամանակագիրների և վրաց աղբյուրների վկայությունները։ Այսպես, օրինակ՝ XVII դարի հեղինակ Հակոբ Կարնեցին Երևանի խանության սահմանների մասին միայն գրում է, որ նրա իշխանը՝ խանը «մեծ պարոն (է) և բազում զօրաց տէր. և ունի սինօռ մինչ ի շրջապատն Մասիսոյ, երկիրն Երէվանայ և միուս կողմն մինչ ի Արտազ, որ է Մակու և Յապաղան»9։ Այս վկայություններից միայն հայտնի է դառնում, որ Երևանի խանության սահմանները հարավ-արևելքում ձգվում էին մինչև Մակուի մոտերքը և իր մեջ ընդգրկում էր Արաքսի միջին հոսանքի ավազանը՝ Մասիսի շրջակայքն ու Երևանի երկիրը, որի տակ պետք է հասկանալ Արարատյան դաշտն իր շրջակայքով։ Նույն հեղինակի մի այլ վկայությունից հայտնի է դառնում Երևանի խանության նաև արևմտյան սահմանը։ Նա խոսելով թուրքական տիրապետությունների արևելյան սահմանների մասին, գրում է. «Եւ ի յարևելից կողմն Ախլցըխոյ և Չլտրոյ երկիրն և Շիրակավանս երկիրն, Յանի քաղաքն իւր թէմովն մինչ ի դուռն։ Էրէւանայ...»10։ Դժվար չէ կռահել, որ Երևանի խանության սահմանը XVII դարի սկզբներին առաջվա պես (1555 թ. հաշտությամբ սահմանված) կազմում էր Ախուրյան գետը, որն ինչպես նշվեց

__________

8 Путешествие Шардена по Закавказью в 1672 — 1673 гг., Тифлис, 1902, էջ 248։
9 Վ. Հակոբյան, Մանր ժամանակագրություններ, հ. II, էջ 557։
10 Նույն տեղում, էջ 562։

[էջ 142]

իր տեղում, պետական սահման դարձավ հետագայում՝ 1639 թվականի թուրք-պարսկական հաշտությամբ։

Որոշ չափով ճշտվում է նաև խանության հյուսիսային սահմանր։ Պարզվում է, որ XVII դարում հյուսիսում Երևանի խանության սահմանը հասնում էր Փամբակ, Լոռի և Ղազախ։ Այդ մասին բավական որոշակի վկայություն ունի վրաց XVIII դարի անանուն հեղինակներից մեկը։ Ահա այդ հիշատակությունը, «...Իսկ Կոստանդնի որդի Դավիթ թագավորը տիրում էր... Կարսի (Կարի) երկրի հայսկույս [գտնվող մասին] մինչև Երևանի (Երևունի) սահմանը, որ տարածվում է մինչ Բամբակ, և Լոռի [և] մինչև Ղազախի սահմանը»11։

Այսպիսով բոլորովին անորոշ է մնում Երևանի խանության միայն արևելյան սահմանը։ Սակայն հայտնի, է, որ Երևանի խանությունն այդ կողմում շփվում էր Նախիջևանի խանության հետ և դրանց միջև սահմանը սովորաբար անցնում էր Աղմաղանի (Գեղամա) լեռների հարավային վերջավորություններով։ Հետևապես առանց սխալ կատարելու կարելի է պնդել, որ XVII դարում Երևանի խանությունը ձգվում էր Արևմտյան Արփաչայից (Ախուրյան) մինչև Աղմաղանի (Գեղամա) լեռները և Հայկական Պար լեռնաշղթայից (որը 1555 թվականից կազմում էր թոլրք-պարսկական սահմանը և այդպիսին էլ մնաց, հետագա դարերում ) մինչև Փամբակի լեռնաշղթան ու Արագածի հյուսիսային ստորոտները, այսինքն՝ մոտավորապես այն տերիտորիան, ինչ որ ուներ XVIII դ. վերջին և XIX դ. սկզբներին։

Կիսանկախ խաների տիրապետության շրջանի Երևանի խանության տերիտորիայի մասին տեղեկություններն ավելի անմիջական են ու ավելի որոշակի։ Նշված տերիտորիայից բացի, Հուսեին-Ալի խանի օրոք (1762 —1783) Երևանի խանության մեջ էր մտնում նաև Շիրակը (Շորագյալը )12։ Սակայն վրաց թագավոր Հերակլ II-ը 1779 թվականին կատարած արշավանքի ժամանակ Շորագյալի սուլթանությունը նվաճում և դարձնում է իր անմիջական ենթական13։ Դրանից հետո Երևանի խաները մի քանի անգամ փորձել են այն նորից միացնել իրենց խանությանը, և այդ ըստ երևույթին հաջողվել է միայն։ Աղա-Մամեդ խանի 1795 թվա-

__________

11 Տե՛ս Լ. Մելիքսեթ-Բեկ, Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, հ. Բ, էջ 144։
12 АКАК, т. I, Тифлис, 1866, էջ 158։
13 Տե՛ս Լ. Մելիքսեթ-Բեկ, Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, հ. Գ, էջ 178։

[էջ 143]

կանի արշավանքից հետո։ Սակայն, ինչպես տեսանք, Աղա-Մամեդ խանը դրանով չէր բավականացել։ Վրացական պետությունը թուլացնելու նպատակով նա նրանից անջատեց մի շարք ուրիշ շրջաններ։ Իր տեղում նշվեց, որ Թիֆլիսը գրավելուց և ավերելուց հետո Աղա-Մամեդ խանը հատուկ հրովարտակով Փամբակի, Ղազախի և Բորչալուի շրջանները համարել էր Երևանի Մամադ խանի ենթակա տերիտորիաներ ու տեղական բնակիչներին կարգադրել էր ենթարկվել վերջինիս։ Բայց 1796 թվականի ռուսական արշավանքն սկսվելու և պարսից շահի՝ դեպի իր երկրի խորքերը քաշվելու հետևանքով նշված շրջանները մնում են Երևանի խանության շրջանակներից դուրս։ Հաջորդ տարում՝ 1796 թվականին, երբ ռուսական զորքերն Անդրկովկասից նահանջել էին և դադարեցվել էր կիսատ մնացած ռուսական հաղթական արշավանքը, Աղա-Մամեդ խանը նորից էր պահանջել Հերակլից Փամբակը և Բորչալուն հանձնել Երևանի խանին, իսկ Շամշադինն ու Ղազախը՝ Գանձակի խանությանը14։ Սակայն իրերի ընթացքը ցույց է տալիս, որ շահի այս կարգադրությունը ևս չի իրագործվել։ Երևանի Մամադ խանր, որին Աղա-Մամեդ խանի ժամանակ պաշտոնազուրկ էին արել, բայց Բաբա-խանի օրոք վերականգնվեց իր պաշտոնում, գալով Երևան կարողանում է 1801 թվականին վրաց Գեորգի 12-րդ թագավորից զենքի ուժով ետ գրավել միայն Շորագյալը։ Շահական հրամանագրով նրան տրված Փամբակն ու Բորչալուն մնում են վրաց պետության կազմում և վերջինիս հետ էլ 1801 թվականին միացվեցին Ռուսաստանին։ Մի փոքր ուշ՝ 1805 թվականին ռուսական զորքերը գեներալ Նեսվետաևի հրամանատարությամբ նաև Շորագյալն են գրավում Երևանի խանությունից և միացնում Ռուսաստանին։ Դրանից հետո, մինչև ընդհուպ Երևանի ու Նախիջևանի խանությունների ազատագրումը պարսկական լծից և դրանց միացնելը Ռուսաստանին՝ Երևանի խանության սահմանները ձգվում էին Արևմտյան Արփաչայից (Ախուրյան) մինչև Շահ-Դաղի (Սևանի) լեռները և Արագածի հյուսիսային լանջերից մինչև Հայկական Պար լեռնաշղթան։ Խանության սահմանն արևմուտքում անցնում էր Ախուրյան գետով՝ մինչև նրա ստորին հոսանքի վրա գտնվող Հաջիբայրամլու գյուղը, որտեղից թեքվում էր դեպի արևմուտք և Արաքսի ձախ ափից մոտ 15—17 կմ երկարությամբ մի նեղ շերտ իր մեջ ընդգրկելուց հետո կտրում էր Արաքսը և ուղղվում նախ

__________

14 Н. Дубровин, История войны и владычества русских на Кавказе, т. III, էջ 207։ Հմմտ. Վ. Ռ. Գրիգորյան, Երևանի խանությունը 18 րդ դարի վերջում, էջ 32 — 33։

[էջ 144]

դեպի հարավ-արևմուտք, ապա՝ հարավ-արևելք և հասնում Հայկական Պարի Սինակ գագաթը (Գայլատոu կամ Բալրդ-գյոլ լճակից հյուսիս-արևմուտք)։ Սինակից մինչև Մեծ ու Փոքր Մասիսները Երևանի խանության սահմանն անցնում էր Հայկական Պարի ջրբաժան բարձրություններով, ապա Փոքր Մասիսից դեպի արևելք շարունակվելով, հասնում էր Արաքս։ Արևելքում Երևանի խանության սահմանն անցնում էր նախ այն լեռնաշղթայով, որը Շարուրի դաշտը բաժանում էր Նախիջևանի դաշտից, ապա՝ Գյոզալդարայի (Վարդենիսի) լեռնաշղթայով և Զանգեզուրի լեռների հյուսիսային հատվածով ու Սևանա լեռներով, իսկ հյուսիսային կողմում նրա սահմանն անցնում էր Փամբակի լեռներով և Արագածի հյուսիսային լանջերը Ախուրյան գետի հետ միացնող գծով, ընդ որում, Արագածից մինչև Ախուրյան սահմանային գիծն ուներ հյուսիս-արևելքից հարավ-արևմուտք ուղղություն15։

Մյուս խանությունների նման Երևանի խանությունը նույնպես մասնատված էր մահալների (շրջանների), որոնք վարչա-տերիտորիալ միավորներ էին։ Խանության մահալաբաժանության հիմքում ընկած էին ոռոգմաւն սիստեմները։ Յուրաքանչյուր մահալ (կամ նահիե) ոռոգվում էր այս կամ այն գետով կամ գետակով։ Մահալի կառավարիչները կոչվում էին մելիքներ, միրբոլուկներ, նայիբներ կամ մին-բաշիներ։ Դրանք սովորաբար նշանակվում էին ժառանգական բեկերից, մելիքներից և սուլթաններից։ Իբրև կանոն, մահալների կառավարիչները նշանակում էր խանը։ Սակայն ժամանակի ընթացքում նրանք երկրի քաղաքական խառը դրությունից կամ խաների թուլությունից օգտվելով կարողանում էին մահալների կառավարչությունը դարձնել իրենց ժառանգական սեփականությունը16։

Երևանի խանության XVI—XVII. դարերի մահալաբաժանության մասին ամբողջական տեղեկություններ չունենք։ Երկրում տեղի ունեցած քաղաքական դեպքերի նկարագրությունների հետ կապված մեր և օտար հեղինակները միայն հիշատակում են այս կավ այն շրքանը, քաղաքը, գյուղը։ Այդ տեսակետից բացառություն չի կազմում նաև Ադամ Օլեարին, որն իր ճանապարհորդադական նոթերում աշխատել է թվարկել Անդրկովկասի վարչաքաղաքական բոլոր միավորները։ Մենք տեսանք, որ նա հիշա-

__________

15 Տե՛ս Թ. Խ. Հակոբյան, Հայաստանի պատմական աշխարհագրություն, Երևվան, 1968, էջ 381։
16 С. А. Егиазаров, Исследование по истории учреждений в Закавказье, ч. I, Тифлис, 1887. էջ 81:

[էջ 145]

տակել է ռազմական առումով Երևանի բեյլերբեյին ենթակա բոլոր խանություններն ու վարչա-քաղաքական մյուս միավորները։ Սակայն թե այդ խանություններն ինչպիսի վարչա-տերիտորիալ միավորների էին մասնատված, այդ մասին նրա գրքում գրեթե ոչինչ չի ասվում։

XVIII դարի աղբյուրներում արդեն որոշակի վկայություններ կան Երևանի խանության մահալների մասին։ Աբրահամ Կրետացի կաթողիկոսի հիշատակության համաձայն այդ դարի 30-ական թվականներին Երևանի խանությունը մասնատված էր 9 մահալի։ Դրանք էին. «Կարբու և Ղրխպուլախու, Շոռակալու, Իկտիրու, Գառնու, Ծաղկնաձորու, Գեղարքունոյ, Ապարանու և Շիրակաւանու»17։ Պատմագիր կաթողիկոսի այդ հիշատակությունը միակ ամբողջական վկայությունն է XVIII դ. առաջին կեսի Երևանի խանության մահալաբաժանման մասին։ Նա նշված մահալները թվարկելուց առաջ ուղղակի գրում է. «զի յԵրևան Թ մահալ գոլով՝ Թ. մէլիք կան», որոնք ենթարկվում են քալանթարին18։ 1779 թվականի արշավանքով Հերակլ II-ը Շորագյալը բռնագրավում և դարձնում է իր ենթական։ Երևանի խանության կազմում նախկին 9 մահալներից այսպիսով մնում են 8-ը։ Սակայն դրանք XVIII դարի վերջերին մասնատվել էին տերիտորիալ ավելի փոքր միավորների և այդ ժամանակներում առանց Շորագյալի Երևանի խանությունում հիշատակվում է 12 մահալ։

Հետագա մասնատման շնորհիվ 1805 —1828 թվականներին Երևանի խանությունը բաղկացած էր 15 վարչա-տերիտորիալ միավորներից։ Դրանք էին՝ Կըրխբուլաղ, Զանգիբասար, Գառնիբասար, Վեդիբասար, Շարուր, Սուրմալու, Դարաքենդ-Փարչեն, Սաոթլի, Թալին, Սեիդլի-Ախսախլի, Սարդարաբադ, Կարբիբասար, Ապարան, Դարաշիչակ և Գյոգչա, որոնց բնույթի, դիրքի և գրաված տարածությունների մասին խոսվում է մեր այս աշխատության երրորդ գրքում19։ Սակայն անհրաժեշտ ենք համարում անել երկու փոքրիկ դիտողություն։ Առաջին. թվարկված մահալների անուններից երևում է, որ մեր կողմից արդեն հիշատակված թուրքմենական ցեղապետ Ամիր Սաադի անունը պահպանվել էր Սաոթլի մահալանունի մեջ։ Վերջինս Երևանի խանության ամենափոքր մահալներից էր և ընկած էր Ախուրյան ու Արաքս գետերի կազմած անկյունում՝

__________

17 Տե՛ս Աբրահամ Կրետացի, Պատմութիւն անցիցն իւրոց և Նատր-Շահին Պարսից Վաղարշապատ, 1870, էջ 61—62։
18 Նույն տեղում, էջ 61։
19 Տե՛ս Թ. Խ. Հակոբյան, Երևանի պատմությունը (1801— 1879 թթ.), Երևան, 1959, էջ 11 — 14։

[էջ 146]

սահմանակցվելով Սարդարաբադին և Թալինին։ Սաոթլին համապատասխանում է Սաադլու թուրքմենական ցեղի գրաված տերիտորիայի կենտրոնական շրջանին։ Երկրորդ. նախկին ոչ բոլոր մահալներն էին, որ մասնատվել էին նոր միավորների։ XVIII դ. 30-ական թվականներին վերաբերող Աբրահամ Կրետացու և XIX դ. առաջին քառորդին վերաբերող Ի. Շոպենի թվարկած մահալների ցանկը20 իրար հետ համադրելով ակնհայտ է դառնում, որ՝ ա) նախկին Իգդիրի մահալը XIX դ. առաջին քառորդում մասնատված էր չորս մահալի (Սուրմալու, Դարաքենդ-Փարչեն, Սաոթլի և Սեիդլի-Ախսախլի), Կըրխ-բուլաղը՝ նույնպես 4-ի (Կըրխ-Բուլաղ, Զանգիբասար, Գառնիբասար, Վեդիբասար), իսկ նախկին Շորագյալն ու Շիրակավանը, որոնք միացված էին իրար հետ և միասին կոչվում էր Շորագյալի մահալ, Երևանի խանությունից դուրս էր գտնվում։ Երևանի խանության կենտրոնը Երևան քաղաքն էր։ Սկզբնական շրջանում, երբ Ամիր Աաադը և նրա թուրքմենական ցեղը դեռևս հաստատվել էին Արարատյան աշխարհի մի փոքրիկ մասում, Երևանը հավանաբար վարչական կենտրոն չէր։ Այն վարչական կենտրոն դարձավ միայն այն ժամանակ, երբ XIV դարի վերջերին կամ XV դարի սկզբներին Ամիր Սաադն իր տիրապետությունն ընդարձակեց Արաքսի ձախ կողմում ընկած շրջանների հաշվին և իր իշխանության մեջ վերցրեց Երևանն ու նրա շրջակայքը21։ Հետագայում Պարսկաստանում հաստատված Սեֆևյանները գրավեցին թուրքմենական ցեղերի իշխանությունները, որոնց թվում նաև Երևանի կուսակալությունը և վարչական առումով առանց էական փոփոխության ենթարկելու այն պահպանեցին իբրև իրենց խոշոր պետության վարչա-քաղաքական միավորներից մեկը։ Վարչականորեն խանության կենտրոն Երևանը առանձին միավոր էր և չէր մտնում որևէ մահալի մեջ։ Երևանը վարչական այդպիսի վիճակ ուներ ոչ միայն խանության վերջին շրջանում, որի վերաբերյալ պահպանվել են բազմաթիվ արխիվային նյութեր և ժամանակակից հեղինակների ու ճանապարհորդների վկայություններ, այլև նախորդ ժամանակներում։ Աբրահամ Կրետացու մի վկայությունից պարզ երևում է, որ, օրինակ, Երևանն առանձին վարչական միավոր էր նաև XVIII դարի առաջին կեսում22։ Այդ թույլ է տալիս կռահելու,

__________

20 Տե՛ս И. Шопен, Исторический памятник Армянской области, էջ 441—446։
21 Տե՛ս Հ. Դ. Փափազյան, Օտար տիրապետությունը Արարատյան երկրում, «Տեղեկագիր», ՀՍՍՀ ԳԱ (հաս. գիտութ.), 1960, № 7—8, էջ 24։
22 Տե՛ս Աբրահամ Կրետացի, Պատմութիւն անցիցն իւրոց և Նատր-Շահին Պարսից, էջ 61։

[էջ 147]

որ Երևանն իբրև խանության կենտրոն սկզբից ևեթ նույնպես առանձին վարչական միավոր է եղել՝ իր առանձին պաշտոնեությամբ։ Սակայն Երևանը սովորական քաղաք չէր։ Այն բերդաքաղաք էր և իր բերդով մի քանի դար Արևելքում հռչակված էր որպես անառիկ քաղաք։ Ճակատագրի բերումով Երևանի տեղում բերդ է եղել քաղաքի հիմնադրման ժամանակներից էլ առաջ՝ քարե-պղնձի (էնեոլիթ) կուլտուրայի ժամանակներից, երբ այստեղ՝ Շենգավիթ ավանի տեղում գոյություն է ունեցել յուրատեսակ բնակավայրամրոց։ Հետագայում, ուրարտական ժամանակաշրջանում հիմնադրվում են Էրեբունի և Թեյշեբաինի բերդ-քաղաքները, որոնց փոխարինել է արաբական արշավանքների առնչությամբ հիշատակված՝ հայկական հին բերդը23։ Աղբյուրների հաղորդած տեղեկություններից երևում է, որ միջին դարերում Երևանը դարձյալ ուներ իր բերդը։ Ոմանք այդ բերդը նույնիսկ նույնացնում են պարսկա-թուրքական տիրապետության շրջանից մինչև մեր դարի սկզբները հասած բերդի հետ24, որը գտնվում էր այժմյան «Արարատ» տրեստի Երևանի գինու գործարանի տեղում։

Թուրք-պարսկական տիրապետության ամբողջ շրջանում Երևվանի բերդը պարսկական խաների և թուրքական փաշաների նստավայրն էր։ Այստեղ էին տեղավորված խանի ապարանքները, զինանոցները, զորանոցները, մթերային պահեստներ, մզկիթներ, բաղնիքներ, խանի հարեմը, բնակելի բազմաթիվ տներ։ Թուրք-պարսկական իշխանավորները արտաքին հարձակումների դեպքում իրենց կայազորներով սովորաբար փակվում էին Երևանի բերդում և հույսները կապում դրա անմատչելիության հետ։ Այս է եղել պատճառը, որ խաներն ու փաշաները Երևանի բերդը պարբերաբար վերանորոգել, վերակառուցել և ամրացրել են՝ հարմարեցնելով ժամանակի պահանջներին ու պայմաններին։

Մենք տարբեր առիթներով տեսանք, որ այդպիսի վերակառուցումներ են եղել XVI դարի սկզբին՝ Երևանի անունով Ռևանխան կոչված կուսակալի օրոք, 1581—1583 թվականների սահմանում՝ թուրքական Ֆահրադ փաշայի ժամանակ, XVII դարի սկզբին, Շահ-Աբաս I-ի 1603 —1604 թթ. արշավանքից առաջ՝ թուրք փաշայի կողմից և այլն25։ Գրեթե բոլոր պատերազմների ժամանակ

__________

23 Տե՛ս Թ. Խ. Հակոբյան, Երևանի պատմությունը (հնագույն ժամանակներից մինչև 1500 թ.), Երևան, 1969, էջ 188 — 201։
24 Տե՛ս Հովհ. Շահխաթունյանց, Ստորագրութիւն կաթուղիկէ Էջմիածնի և հինգ գաւառացն Արարատայ, հ. II, Էջմիածին, 1842, էջ 153։
25 Տե՛ս Ղ. Ալիշան, Այրարատ, էջ 300, Մեսրովբ արքեպիսկոպոս Սմբատյանց Նախիջևանցի, Տեղեկագիր Գեղարքունի ծովազարդ գաւառի, որ այժմ Նոր-

[էջ 148]

Երևանի բերդը վերանորոգվել ու վերակառուցվել է։ Սակայն մեզ հետաքրքրող ժամանակներում հավանաբար ամենաարմատական վերակառուցումները կատարվել են XVI դարի սկզբին՝ Ռևան-խանի կարգադրությամբ և 1581—1583 թվականներին՝ Ֆահրադ փաշայի օրոք։ Այդ է պատճառը, որ Երևանի մեզ հայտնի բերդի կառուցումը թե´ մեր և թե´ օտար աղբյուրները սովորաբար վերագրում են կամ Ռևան-խանին և կամ Ֆահրադ փաշային։ Մինչդեռ ամենայն հավանականությամբ դրանք փաստորեն միայն վերակառուցել են նախորդ ժամանակներից գոյություն ունեցած բերդը։

Երևանի բերդը XVII դ. 70-ական թվականների դրությամբ ամենայն մանրամասնությամբ նկարագրել է ֆրանսիական վաճառական և ճանապարհորդ Ժ. Շարդենը։ «Երևանում գտնվող բերդը ինքնին կարող է մի փոքրիկ քաղաք համարվել, — գրում է նա, — այն ձվաձև է, չորս հազար ոտնաչափ շրջագծով և իր մեջ ընդգրկում է 800 տուն»27։ Այնուհետև ականատես հեղինակը վկայում է, որ Երևանի բերդում ապրում էին միայն պարսիկները։ Հայերն այդտեղ ունեին խանութներ ու արհեստանոցներ, որոնցում նրանք ցերեկն աշխատում կամ առևտուր էին անում, բայց գիշերները փակում և գնում էին քաղաք՝ իրենց տները28։

Շարդենի ասելով Երևանի բերդը պատած է եղել երեք շարք կազմող ատամնաձև պարիսպներով, որոնք շարված էին չթրծած աղյուսից կամ հասարակ հողից։ Պարիսպներն ունեին աշտարակներ և անկանոն ձևի պատնեշ։ Հրազդանի կիրճի կողմում բերդը պարիսպներ և պատնեշներ չի ունեցել, դրանց կարիքը չի զգավել, որովհետև այդ կողմից բերդը միանգամայն անմատչելի է եղել։ Բերդի այդ մասում լցված էր միայն հող, որի վրա դասավորված էին բերդապաշապան հրանոթները։ Բերդի յուրաքանչյուր պարիսպ ունեցել է իր դարպասը երկաթե ամուր դռներով ու փականքներով։ Բերդում գտնվող խանի պալատը տեղադրված է եղել Հրազդանի կիրճի պռնկին։ Խանի պալատը մեծ էր ու գեղեցիկ29։ Շարդենը վկայում է, որ այն լավ տպավորություն է թողել հատկապես ամ-

__________

Բայազիտ գաւառ, Վաղարշապատ, 1895, էջ 18—19, «Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի և Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին», հ. Ա, էջ 51, Հովհ. Շահխաթունյանց, Ստորագրութիւն կաթուղիկէ Էջմիածնի և հինգ գաւառացն Արարատայ, հ. II, էջ 151 և 153, «Հանդէս ամսօրեայ», 1934, № 5—7, էջ 330—331 և այլուր։
27 Путешествие Шардена по Закавказью в 1672—1673 гг., Тифлис, 1902, էջ 242։
28 Նույն տեղում։
29 Նույն տեղում։

[էջ 149]

ռանը, երբ շրջակայքը թաղված էր ծառերի ու կանաչի մեջ30։ Բերդի մոտ, հազիվ հազար ոտնաչափ հեռավորության վրա գտնվում էր նրա վրա իշխող դիրք ունեցող մի բլուր, որն ամրացված է եղել կրկնակի պարիսպներով և ուներ բավական ուժեղ հրետանի։ Այս փոքրիկ ամրոցում, ըստ Շարդենի, կարող էր տեղավորվել մինչև 200 հոգի և կոչվում էր Գեչի-կալա (այծաբերդ)31։

Շարդենի այդ վկայություններն ու նկարագրությունները մեծ կարևորություն ունեն հատկապես նաև այն պատճառով, որ նրա նկարագրած բերդի կառուցվածքները 1679 թվականի երկրաշարժով գրեթե իսպառ ավերվել ու կործանվել են։ Երկրաշարժից հետո հարկ է եղել նորից կառուցել նրա պարիսպները, խանի պալատը և ռազմական ու քաղաքացիական մյուս շինությունները։ Այնպես որ Երևանի բերդի մեր ժամանակները հասած ավերակները նշված երկրաշարժից հետո նորից կառուցված բերդի մնացորդներն են և քիչ են կապված նախկին բերդի շինությունների հետ։ Շարդենի կատարած նկարագրություններից և նրա գրքում զետեղված բերդի համայնապատկերի նկարից հայտնի է դառնում, որ նախաերկրաշարժյան ժամանակների Երևանի բերդը երկրաշարժից հետո կառուցվածից անհամեմատ ավելի գեղեցիկ է եղել։

Սակայն այս կամ այն բերդի հայտնի և ամուր լինելը միայն կապված չէր նրա գեղեցիկ դիրքի, արտաքինի և պաշտպանական կառույցների՝ պարիսպների, աշտարակների և բնական ամրությունների հետ։ Բերդի ամրությունը մեծապես կախված էր նաև նրա մշտական կայազորից և պատերազմների ժամանակ այնտեղ լրացուցիչ զորքեր դասավորելու հարմարություններից։ Երևանի բերդապաշտպան կայազորը, որը միաժամանակ խանության ամբողջ զորքն էր համարվում (խանության այլ վայրերում մշտական զորքեր չէին լինում), տարբեր ժամանակներում ունեցել է տարբեր կազմ ու քանակություն։ Սկզբնաղբյուրների վկայություններից երևում է, որ XVII—XVIII դարերում Երևանի բերդի մշտական կայազորը բաղկացած էր մոտավորապես 2000 հոգուց32։ Սակայն հիշատակություններ կան և այն մասին, որ Երևանի խանը կարող էր դուրս բերել ավելի մեծ թվով զորք։ Ռուսական գնդապետ Բուռնաշևը, որ բավական լավ տեղեկություն ու-

__________

30 Նույն տեղում։
31 Նույն տեղում։
32 Путешествие Шардена по Закавказью в 1672—1673 гг., էջ 242, Լ. Մելիքսեթ-Բեկ, Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, հ. Գ, էջ 153 և այլ տեղերում։

[էջ 150]

ներ Երևանի խանության ներքին կյանքի և ռազմական գործի դրվածքի մասին, վկայում է, որ խանը ի վիճակի էր դուրս բերել 5000 մարդուց բաղկացած զորք։ Նրա ասելով խանն այդ զորքի մի մասը հավաքում էր հայերից33։ Դրանք հիմնականում հրացանավորներ ( «թուանքչի» ), հրետանավորներ և հեծյալներ էին։ Պատերազմների ժամանակ, հատկապես այն դեպքերում, երբ բերդը ենթարկվում էր պաշարման և վերածվում մարտադաշտի, մեծապես ավելացնում էին նրա զորքի քանակը։ Քաղաքական իրադարձությունների մասին խոսելիս մենք նշեցինք այդպիսի մի դեպքի մասին, երբ բերդի պաշտպանությունը ուժեղացնելու համար խանի կարգադրությամբ այնտեղ կենտրոնացնում են 3000 հայ և 4000 մահմեդական զինվորներ։ Իսկ այդ եզակի երևույթ չէր։ Ի. Պ. Պետրուշևսկին աղբյուրների մանրազնին ուսումնասիրության հիման վրա եկել է այն եզրակացության, որ ամբողջ սեֆևյան Պարսկաստանի աշխարհազորի (ֆեոդալական զորքերի) մոտավորապես 50 տոկոսը տալիս էին Հայաստանն ու Ադրբեջանը։ Նրա հաշիվներով ամբողջ պետության աշխարհազորի քանակը հասնում էր 59566 հոգու, որից Հայաստանին և Ադրբեջանին բաժին էր ընկնում 27566 մարդ34։ Եվ այդ զարմանալի չէ։ Լինելով օսմանյան Թուրքիայի, իսկ հետագայում նաև ռուսական պետության սահմանագլխին՝ Հայաստանի և Ադրբեջանի պարսկական խանությունները պահում էին բավական մեծ թվով զորքեր։ Երևանի, Ղարաբաղի, Շիրվանի և մյուս խանություններում եղած այդ մշտական զորքերի հրամանատարները համարվում էին բեյլերբեյերը (խաները)35։

Խանի զորքերը մշտական էին և վարձով։ Աբրահամ Կրետացու հիշատակության համաձայն, զինվորական ծառայողներին պարսիկները սովորաբար կոչում էին նոքար36, որ նշանակում է ծառայող, «մշակ»։ Ժամանակի ընթացքում նրանց վարժեցնում էին ռազմական արվեստի մեջ, և նրանք տիրապետում էին ժամանակի զենքերի գործածությանը37։ Պատմական մյուս աղբյուրների վկայություններն այդ տեսակետից ժխտում են XVIII դարի վրաց մի անանուն աշխարհագրի այն պնդումը, թե Երևանի խանի զորքերը,

__________

33 С. Бурнашев, Описание областей Азербажанских и Персии и их политического состояния, Курск, 1793, էջ 17:
34 И. П. Петрушевский, Очерки по истории феодальных отношений в Азербайджане и Армении..., Л., 1949, էջ 144:
35 Տե՛ս նույն տեղում, էջ 118։
36 Տե՛ս Աբրահամ Կրետացի, Պատմութիւն անցիցն իւրոց և Նատր-Շահին Պարսից, էջ 62։
37 Նույն տեղում։

[էջ 151]

որոնց թիվը հասնում է 2000-ի, իբր «պատերազմում և մարտերում վախկոտ են, անզեն են և մանավանդ անփորձ»38։ Պարսից ռազմական գործի դրվածքին լավատեղյակ Աբրահամ Կրետացու վկայությունները հակառակն են ասում39։ Եվ իրոք, թուրք-պարսկական երկարատև պատերազմների ընթացքում տեղի ունեցած մեծաթիվ մարտերում երկու կողմերի զորքերը ձեռք էին բերում հմտություն և տիրապետում իրենց զենքին։ Մենք տեսանք, որ Երևանի խանի զորքը հիմնականում լավ էր զինված։ Աբրահամ Կրետացին նշում է, որ պարսկական զինվորների մեծագույն մասը հեծյալ էր, նրանք ունեին զրահներ, թուր, ռումբ, մեջքի դանակներ, վահան, նետ ու աղեղ, հրացաններ և այլ բազմատեսակ սպառազինություն։ Ահա նրա խոսքերը. «և վասն պատերազմական զօրացն՝ որ նօքար անուանեն, զի են տօնլուխով, պատուիրեր Միրզան վասն վարձուց նոցին, և վասն դալսի ձիավարժութեան և պատերազմավարժութեան. նոյնպէս և նոցա զձիանս իւրեանց՝ լավ պահելոյ, և զանօթս պատերազմի՝ որ է զրէհն, թուրն, ռումբն, մեջքի դանակն, վահանն, թէրքէշն, որ է նետ ու աղեղն, թուֆանկս, և զայլ սոյնպիսի պատրաստի անել և զլաւն ստանալ, և զայլ սոյնպիսիք բազում բանս պատշաճաւորս վասն երկրին պահպանութեան և ամենայն իրաց»40:

Խանական զորքերն ունեին նաև մի քանի տեսակի հրանոթներ, հրասանդներ և այլ զենքեր։

Երևանի բերդը մի շարք անգամ անառիկ է մնացել մեծ պաշարումների ժամանակ։ Այդ մասամբ պայմանավորված էր նաև նրանով, որ բերդում զենքի, սպառազինության, հանդերձանքի և այլ պարագաների հետ միասին կուտակում էին նաև սննդամթերքի մեծ պաշարներ։ Պատմական աղբյուրների հաղորդած տեղեկությունների համաձայն, պատերազմի կամ պաշարման վտանգի մասին լուրն առնելով՝ խաներն իրենց աթոռանիստը ամրացնելու հետ միասին հոգ էին տանում այնտեղ համապատասխան սննդամթերքներ կուտակելու համար։ Հարություն Արարատյանը գրում է, օրինակ, որ Աղա-Մամեդ խանի արշավանքի մասին լուրն առնելով, Երևանի խանը կարգադրում է շտապ կարգով յոթ տարվա ուտելիքի պաշարներ կուտակել Երևանի բերդում։ Նրա հրամանով Շարուրից և խանության մյուս մահալներից այդ նպատակով հըս-

__________

38 Լ. Աելիքսեթ-Բեկ, վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, հ. Գ, էջ 153։
39 Աբրահամ Կրետացի, Պատմութիւն անցիցն իւրոց և Նատր-Շահին Պարսից, էջ 62։
40 Նույն տեղում։

[էջ 152]

կայական քանակությամբ ցորեն է տեղափոխվում բերդ, որի պատի մեջ նախօրոք պատրաստված էին հսկայական շտեմարաններ41։ Շարուրի դաշտից Երևան ցորեն փոխադրողներից մեկն էլ եղել է հենց ինքը՝ վաղարշապատցի Հարություն Արարատյանը42։ Եվ այդ XVI— XVIII դարերում եզակի երևույթ չէր Երևանի կյանքում։

XVI — XVIII դարերի պարսից պետությունը ֆեոդալական ապակենտրոնացած պետություն էր։ Առանձին շահեր փորձում էին վերացնել երկրի ֆեոդալական մասնատվածությունը և միավորել միաձույլ պետության մեջ։ Շահի իշխանությունն ուժեղացնելու և ֆեոդալական մասնատվածությունը վերացնելու եռանդագին փորձեր կատարեց մանավանդ Շահ-Աբաս I-ը։ Սակայն շահերից ոչ մեկին այնուամենայնիվ չհաջողվեց վերացնել ֆեոդալական մասնատվածությունը։ Ավելին, հակառակ շահերի գործադրած ջանքերին, արևելյան այդ բռնակալությունը գնալով ավելի էր մասնատվում ներքին մեծ իրավունքներով օժտված խանությունների, որոնք օգտվելով շահի իշխանության թուլացումից, գահակալական կռիվներից և երկրի ներքին խառնակ դրությունից, հաճախ իրենց համարում էին միանգամայն ինքնուրույն քաղաքական միավոր։ Ի. Պ. Պետրուշևսկին գրում է, որ Հայաստանում և Ադրբեջանում ֆեոդալական մասնատվածությունը գոյության ուներ կիսանկախ խանություններից շատ առաջ43։ Իրավական առումով Շահ-Աբաս I-ի ժամանակներից շահական իշխանությունը ժառանգական վասալ խաների գոյությունը չէր ճանաչում և ձգտում էր դրանց դիտել որպես շահի կողմիդ նշանակված սոսկ աստիճանավորներ՝ նրանց կոչելով «հաքիմ»-ներ (իշխանավոր)։ «Հաքիմ»-ները իրենց պաշտոնի մեջ հաստատվում էին շահի կողմից։ Բայց շատ դեպքերում դա ձևական էր և որևէ չափով չէր խախտում տեղական իշխանավորների ժառանգական կարգը44։ Տարբեր աղբյուրների հաղորդած տեղեկությունների հիման վրա Ի. Պ. Պետրուշևսկին գալիս է այն եզրակացության, որ XVII դարի առաջին կեսում Հայաստանում (Արևելյան Հայաստանում) և Ադրբեջանում գոյություն ունեին ժառանգական բազմաթիվ տիրապետություններ՝ «ուլկա»-ներ, ինչպես դրանք կոչվում են սկզբնաղբյուրներում։ Այդ ժամանակնե-

__________

41 Տե՛ս «Վաղարշապատեցի Յարութիւն Արարատեանի կեանքը», թարգմ. ռուսերենից Պ. Պ., Թիֆլիս, 1892, էջ 129։
42 Նույն տեղում։
43 И. П. Петрушевский, Очерки по истории феодальных отношений в Азербайджане и Армении, էջ 126—127:
44 Տե՛ս նույն տեղում։

[էջ 153]

բում «ուլկա»-ների թիվն Արևելյան Հայաստանում և Ադրբեջանում հասնում էր 35-ի45, որոնց թվումն էին նաև Ղարաբաղի հայկական մելիքությունները։ Սակայն դրանցով չէին սահմանափակվում ժառանգական մանր իշխանությունները։ Դրանցից բացի, երկրի տարբեր մասերում գոյություն ունեին տասնյակներով ուրիշ մանր տիրապետություններ, որոնք առանձին-առանձին վերցրած վարչաքաղաքական առումով զգալի ուժ չէին ներկայացնում46։

Երևանի (Սահաթափոս, Չուխուր-Սաադ) կուսակալությունը սեֆևյանների պետության կողմից գրավվելուց հետո նրա տերիտորիայի մեծ մասը հայտարարվեց պետական և անմիջականորեն գտնվում էր տեղական բեյլերթեյի տնօրինության ներքո47։ Այդ վիճակն ընդհանուր առմամբ շարունակվում է մինչև XVIII դարի աոաջին կեսի վերջերը՝ մինչև Նադիր-շահի մահը, որից հետո Երևանի խաները փաստորեն կիսանկախ էին և դարձել էին իրենց խանության լիիրավ տերն ու տնօրենը, ամենազոր իշխանավորը, որի խոսքն օրենք էր բոլորի համար։ Այնուամենայնիվ Երևանի խանության տարթեր մասերում և հարակից շրջաններում՝ Ալաշկերտում, Բայազետում և Լոռիում, որոնք նույնպես երբեմն մտել են նրա մեջ, գոյություն ունեին մի քանի հայկական մանր մելիքություններ և օտարազգի «ուլկա»-ներ։ Վերջիններս առաջացել էին այն տերիտորիաներում, որտեղ XVI դ. հաստատվել էին կզըլ-բաշական և քրդական ցեղեր48, տեղաբնիկ հայերին դուրս մղելով իրենց բնակության շրջաններից։

Ժառանգական մանր տիրապետությունների՝ մելիքությունների և «ուլկա»-ների իշխանավորները ենթակա էին Երևանի խանին, որն այդ պատճառով էլ կոչվել է բեյլերբեյ կամ բեգլերբեգ (=բեգերի բեգ, իշխանաց իշխան)։ Ժ. Շարդենը գրում է, որ պարսից պետության մեջ բեյլերբեյ էին կոչվում միայն մեծ նահանգների կուսակալները, իսկ համեմատաբար փոքր վարչա-տերիտորիալ միավորների կառավարիչները կոչվում էին խաներ։ «Կուսակալին (Երևանի խանին — Թ. Հ.) կոչում են բեգլերբեգ, — գրում է նա, — որ նշանակում է իշխանաց իշխան։ Այստեղ այդպես են կոչվում մեծ

__________

45 Նույն տեղում, էջ 127 — 142։
46 Տե՛ս Սողոմոն Եղիազարյան, Մի համառոտ նկարագրութիւն հայերի տեղական ինքնավարութեան պատմութեան մասին, «Մշակ» լրագիր, Թիֆլիս, 1917, № 217։
47 И. П. Петрушевский, Очерки по истории феодальных отношений в Азербайджане и Армении, էջ141:
48 Նույն տեղում, էջ 141 — 142։

[էջ 154]

նահանգների կուսակալները, ի տարբերություն մյուսների, որոնք... կոչվում են խաներ»49։

Երևանի խաներն ավելի մեծ իրավունքներ ունեին հատկապես կիսանկախության շրջանում, որը տևել է մոտ 50 տարի (1747 —1795)։ Այդ կեսդարյա ժամանակաշրջանում նրանց կախվածությունը վրացական պետությունից արտահայտվում էր միայն նրանով, որ պարտավոր էր վերջինիս որոշ քանակությամբ հարկ տալ, իսկ դրա փոխարեն վրացական պետությունն էլ իր հերթին պարտավոր էր պատերազմների ժամանակ Երևանի խանին օգնել զորքով։ Ըստ էության այդ ոչ թե սուվերենի և ենթակայի հարաբերություններ էին, այլ՝ դաշնակիցների։ Ձևական բնույթ էր կրում նաև Երևանի նոր խաների հաստատումը վրաց թագավորների կողմից, որովհետև խաներն այդ ժամանակ իրար հաջորդում էին ժառանգական կարգով և ոչ մի թագավոր ի վիճակի չէր փոխել այդ ավատական կարգը։ Ճիշտ է նկատում Վ. Ռ. Գրիգորյանը, Երևանի XVIII դարի երկրորդ կեսի կիսանկախ խաները «համարյա թագավորական իրավունքներ ունեին», իրենց լիակատար իրավասությանն էին ենթարկել նախկին արքունական բոլոր հողերը և դրանցից ստացվող եկամուտները կարող էին տնօրինել ցանկացած ձևով50։ Աղա-Մամեդ խանի արշավանքների հետևանքով վերացվեց Երևանի խաների կիսանկախ վիճակը, Ղաջարյան դինաստիայի հիմնադիրն առժամանակ կարողացավ շահական իշխանությանը ենթարկել Անդրկովկասի կիսանկախ խաներին։ Սակայն պատմական տեսակետից այդ միայն մի պահ էր։ XIX դ. սկզբներից Անդրկովկասի երկրները մեկը մյուսի ետևից միացվում են Ռուսաստանին և պարսից շահերը հարկադրված էին մեծ արտոնություններ տալ դեռևս Ռուսաստանին չմիացված խանություններին։ Այնպես որ Երևանի խանը XIX դ. առաջին քառորդում, մինչև Երևանի ու Նախիջևանի խանությունները Ռուսաստանին միացնելը, դարձյալ մեծ իրավունքներով օժտված տեղական իշխանավոր էր, մի փոքրիկ բռնակալ իր խանության սահմաններում, և նրա խանությունն ազատված էր պարսից արքունիքին հարկ տալուց51։

Ըստ գոյություն ունեցող կարգի, մինչև Նադիր շահի մահը մյուս կուսակալությունների նման Երևանում ևս բեյլերբեյ նշա-

__________

49 Путешествие Шардена по Закавказью в 1672—1673 гг., էջ 256։
50 Տե՛ս Վ. Ռ. Գրիգորյան, Երևանի խանությունը 18-րդ դարի վերջում, էջ 64։
51 Տե՛ս Թ. Խ. Հակոբյան, Երևանի պատմութիւնը (1801 — 1879 թթ.), Երևան, 1959, էջ 16—17։

[էջ 155]

նակվում էր շահի կողմից և ենթակա էր վերջինիս գերագույն իշխանությանը։ Ռազմական և քաղաքացիական պաշտոնները ժառանգաբար գրավելը թեպետև օրենքի ուժ չէր ստացել, բայց բավական ամուր կերպով արմատավորվել էր սովորույթի ուժով52։ XVII դարում Երևանի կուսակալությունում մշտապես բեյլերբեյեր էին նշանակվում ուստաջլու կզըլ-բաշական ցեղի էմիրներից, իսկ այդ ցեղը ժամանակի ընթացքում Երևանի խանությունում ձեռք էր բերել մուլքադարական և թիուլական լայն իրավունքներ53։ Պատմագրական հիշատակություններից պարզ երևում է, որ այդ դարում Երևանում սովորաբար բեյլերբեյեր էին կարգվում Շահ-Աբաս I-ի օրոք Երևանում կուսակալ հաստատված Ամիրգունա-խանի (1604 —1625) ժառանգներից։ Սարու-Ասլան Ամիրգունա-խանը կաջարական աղջա-կոյունլու ցեղից էր, իսկ կաջարական ցեղի այդ ճյուղը մինչև Շահ-Իսմայիլ I-ի ժամանակները մտնում էր թուրքմենական ակ-կոյունլու ցեղի մեջ։ 1502 թվականին, Շահ-Իսմայիլ I-ի կողմից ակ-կոյունլուների պետության ջախջախումից հետո, այդ ցեղն արդեն մտավ կզըլ– բաշների կազմի մեջ54։ Ամիրգունա-խանի մահից հետո (1625 թ.) շահի կողմից Երևանի բեյլերբեյ է նշանակվում Ամիրգունա-խանի որդի Թահմազ-Ղուլի խանը, որին նույնպես պատմական աղբյուրները ներկայացնում են մի շարք արժանիքներով օժտված անձնավորություն։ Ամիրգունա-խանի ժառանգորդներին չի հաջողվում ժառանգական կարգով անընդմեջ իրար հաջորդել Երևանի բեյլերբեյի պաշտոնում։ XVII դ. 40-ական թվականներից այդ պաշտոնում մերթ հիշատակվում են Ամիրգունա-խանի ժառանգորդները, մերթ էլ շահի համար մեծ ծառայություն մատուցած այլ թեկնածուներ55։

Ինչպես ասվեց, Երևանի կուսակալությունը լինելով սահմանային վարչա-քաղաքական միավոր, ուներ բավական քանակությամբ զորքեր։ Բեյլերբեյը կուսակալության գերագույն կառավաբիչը լինելով հանդերձ, միաժամանակ համարվում էր այնտեղ կենտրոնացված զորքերի գլխավոր հրամանատարը56։

Բեյլերբեյի իշխանությունը շատ մեծ էր։ Նա ուներ լայնատարած կալվածքներ և հսկայական միջոցներ։ Այդ ժամանակաշրջանի

__________

52 И. П. Петрушевский, Очерки по истории феодальных отношений в Азербайджане и Армении, էջ 120—121:
53 Նույն տեղում, էջ 121։
54 Տե՛ս նույն տեղում, էջ 125։
55 Նույն տեղում, էջ 125 —126։
56 Նույն տեղում, էջ 118։

[էջ 156]

պարսից պետության վարչական վիճակին քաջատեղյակ եվրոպական հեղինակ Ռ. Դյոu Մանը գրում է, որ՝ «Բեգլարբեգները, խաները, սուլթանները..., որոնք այստեղ հանդիսանում են կառավարողներ..., ուտում են նահանգները, քանի որ դա այդ լեզվում ընդունված սովորական բառ է, ավելին, փոխանակ հարցնելու, թե ով է կառավարում այսինչ նահանգը..., այստեղ հարցնում են՝ ...«ով է նա, որն ուտում է այսինչ նահանգը»»57։ Եվ իսկապես, բեյլերբեյներն ընդհանրապես, իսկ Երևանի բեյլերբեյը մասնավորապես քամում էր այդ բարեբեր երկրի հյութերը։ Նա ուներ հսկայական եկամուտներ, որոնք ստացվում էին հարկերից ու տուրքերից, կենցաղ դարձած կաշառքից, պարտադիր դարձած «նվիրատվությունից» (փեշքեշ), ռոճիկից, կալվածքներից և այլ աղբյուրնեբից58։

Բեյլերբեյը շահական արքունիքի օրինակով ուներ իր պալատը՝ բազմաթիվ ծառայողներով ու սպասարկու կազմով59։ Բռնապետական արքունիքների նման Երևանի բեյլերբեյի պալատում ևս անպակաս էին բանսարկությունները, դավաճանությունները, բեյլերբեյի աթոռին տիրանալու համար մշտապես մղվող պայքարը։ Այդ հողի վրա դավադրաբար սպանվել են շատ խաներ, շատերն էլ շահի կողմից հեռացվել սլաշտոնից։

Երևանի պարսիկ բեյլերբեյերի իրավունքներն այնքան լայն էին, որ նրանք կարող էին տնտեսական և նույնիսկ քաղաքական հարաբերություններ ունենալ թուրքական հարևան փաշայութհունների հետ, իսկ կիսանկախ խաներն այդ հարցերում միանգամայն ինքնուրույն էին և իրենց խանության բոլոր գործերը տնօրինում էին իրենց հայեցողությամբ։ Նրանց հարաբերությունները հարևան փաշայությունների, Վրաստանի վալիության և պարսկական, մյուս խանությունների հետ երբեմն սուր բնույթ են ստացել և վերածվել ռազմական ընդհարումների60։

Հայտնի է, որ XVI — XVIII դարերում Երևանը մերթ ընդ մերթ

__________

57 Նույն տեղում, էջ 118 — 119։ Հայ մատենագրության մեղ նույնպես կան այդպիսի հիշատակություններ։ Օրինակ Հակոբ Կարնեցին այդպիսի գավառներն ու երկրները կոչել է «կերվածք» (տե՛ս Վ. Հակոբյան, Մանր ժամանակագրություններ, հ. 2, էջ 559)։
58 Տե՛ս Թ. Խ. Հակոբյան, Երևանի պատմությունը (1801—1879 թթ.), էջ 17— 18։
59 И. П. Петрушевский, Очерки по истории феодальных отношений в Азербайджане и Армении, էջ 119:
60 Տե՛ս Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. I, էջ 30, հ. II, էջ 39— 41 և այլուր։

[էջ 157]

ընկել է նաև օսմանյան Թուրքիայի տիրապետության տակ։ Պարսկաստանի համեմատությամբ թուրքական տիրապետությունը շատ կարճատև է եղել։ Թուրքական տիրապետության տարիներն ընդամենը մի քանի տասնյակի են հասնում։ Սակայն, անկախ տևողությունից, թուրքերը գրավելով Երևանի խանությունն ու Երևան քաղաքը, այնտեղ մտցրել են իրենց վարչակարգը։ Երևանի կուսակալությունում նշանակված թուրքական գերագույն կառավարիչները փաշաներն էին, որոնք բացառապես պատկանում էին զինվորական վերնախավին և հայտնի էին իրենց ծառայություններով61։ Պարսկական բեյլերբեյ-խաների համեմատությամբ Երևանում նշանակված թուրքական փաշաները ավելի քիչ իրավունքներ ունեին, զրկված էին ներքին ինքնուրույնությունից և ամբողջապես ենթակա էին սուլթանի իշխանությանը։

Սակայն բնակչության նկատմամբ նրանց գործադրած իշխանությունը բոլոր դեպքերում բռնակալական էր։ Թե՛ բեյլերբեյ-խաները և թե՛ փաշաները գրեթե անսահման իրավունքներով օժտված բռնակալներ էին, վարչական բարձր պաշտոնյաներ, խանության զորքերի գլխավոր հրամանատարներ, մեծ կալվածատերեր։

Մեր մատենագիրները՝ հատկապես Առաքել Դավրիժեցին և Զաքարիա Սարկավագը կարևոր տեղեկություններ են հաղորդում Երևանի բեյլերբեյ-խաների բռնակալական իրավունքների, գործադրած բռնությունների, չարաշահումների, կաշառակերությունների, կամայականությունների, բանսարկությունների, հափշտակումների վերաբերյալ, տալով նրանց կերպարի դիպուկ բնութագիրը։ Խոսելով Երևանի խաներից մեկի՝ Մահմադ֊-Ղուլի խանի մասին, որն իշխել է XVII գ. կեսերին, Առաքել Դավրիժեցին գրում է. «Մահմադղուլի խանս էր այր գոռոզ և բռնագլուխ»62։ Պատմիչի ասելով Մահմադ-Ղուլի խանի չարամտություններն ու անօրինականությունները այն աստիճանի են հասնում, որ տեղական իշխանավորները նրանից բողոքում են շահին և վերջինս հարկադրված է լինում Մահմեդ-Ղուլիին զրկել պաշտոնից ու կալանավորելով տանել Սպահան, նրա փոխարեն խան կարգելով Նաջաֆ-Ղուլի խանին63։

__________

61 Տե՛ս Առաքել Դավրիժեցի, Պատմութիւն, էջ 611, Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. I, էջ 13, Աբրահամ Կրետացի, Պատմութիւն անցիցն իւրոց և Նատր-Շահին Պարսից, էջ 7 — 10, «Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի և Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին», հ. Ա, էջ 46 — 47 և այլ տեղերում։
62 Առաքել Դավրիժեցի, Պատմութիւն, էջ 340։
63 Նույն տեղում, էջ 340 — 341։

[էջ 158]

Զաքարիա Սարկավագը նույն դարի Երևանի մի ուրիշ խանի՝ լազգի Սաֆի-Ղուլի խանի մասին ասում է, որ անչափ աչքածակ էր և բոլոր միջոցները գործադրում էր նույնիսկ Էջմիածնի լիճն ու նրա շրջակայքի այգիները զավթելու։ Դրան հասնելու համար խանը գործի է դրել և իր զորքը, Հակոբ կաթողիկոսին կալանավորել է, աթոռից կորզել մեծ գումարներ64։

Սակայն իր դաժանությամբ և ստորությամբ Սաֆի-Ղուլիին գերազանցում է Թավրիզի Ռոստոմ խանի որդին՝ Սեֆի-Ղուլի խանը, որը Երևանում խան է կարգվել 1670 թվականին և նախորդել է հայտնի Զալ-խանին։

Ահա թե ինչ է գրում Սեֆի-Ղուլիի մասին Զաքարիա Սարկավագը. «Յետ կարծանման Լազկի Սաֆի խանին՝ ապա առաքեցաւ յԵրևան տեղապահ՝ ոմն Սարուխան բեկ անուն՝ ամս Բ. և Սաֆի-Ղուլի խանն, որ էր որդի Ռոստամ խանին Թաւրիզու։ Սա եկեալ նստաւ յԵրևան, և սկսաւ նորաբոյս չարիս գործել։ Առաքեաց ի Թաւրէղ, և ետ բերել անտի բոզ կանայս, որ ո´չ էլ բնաւ սովորութիւն մերս աշխարհի՝ պահել բոզս. սա այժմ հաստատեաց զայն ևս։ Եհան հրաման՝ թէ յաւուր անձրևու քրիստոնեայք արտաքս մի եղիցեն ի տանց, զի հոտ գարշ ելանէ ի նոցանէ, և զտաճիկսն ապականէ։ Այլև պնդապահս արար, այսինքն ղատաղայ, թէ ո´վ ոք ի մեծատանց կամ յօտարականց մեռանի՝ թարց հրամանաց իմոց ոչ թաղել՝ ոչ քրիստոնեայ և ոչ տաճիկ։ Այլ և բազմացան աւազակք ի ճանապարհի, և գողք ի շէնս. վասն այս պատճառի ո´չ ոք կարէր գնալ ի ճանապարհ, զի կողոպտէին։ Եւ ի բազում եկեղեցիս մտին գողք, և աւար առնէին։ Եւ այսպէս կայր երկիրս ամենայն ի մէջ բազում տառապանաց»65։

Ինչպես տեսնում ենք, Սաֆի-Ղուլիի կամայականություններն ու չարագործություններն արտառոց էին։ Առանց խանի թույլտվության մեռելների թաղման արգելումը, անձրևի ժամանակ քրիստոնյաներին փողոց դուրս գալն արգելելը, խանությունում անբարոյականության, գողության ու ավազակության տարածումը մեծ անբավականություն են առաջացնում քաղաքի քրիստոնյա և մահմեդական բնակչության մեջ, որոնք իրենց միահամուռ բողոքներով կարողանում են հարկադրել շահին՝ ետ կանչել «նորաբույս չարիս» կատարող անառակ խանին66։

Նույն կարգի կառավարիչներից էր նաև Զալ-խանին փոխա-

__________

64 Տե՛ս Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. II, էջ 76—78։
65 Նույն տեղում, էջ 89։
66 Նույն տեզում, էջ 89 — 90։

[էջ 159]

րինած ժամանակավոր տեղապահը՝ Մուրթուզա-Ղուլի խանը (XVII դ. վերջեր)։ Զաքարիա Սարկավագի վկայությամբ, նա գալով Երևան սկզբում թեթևացնում է հարկերը, սիրաշահում տեղական իշխանավորներին և կաշառելով արքունիքի մեծամեծներին ակնկալում էր մշտապես մնալ Երևանում ու այնտեղ կարգվել ավագ իշխան՝ խան։ Սակայն տեսնելով որ ջանքերն իզուր են անցնում, և ինքը խան չի կարգվելու, այժմ արդեն գործադրում է բոլոր միջոցները բնակչությանը կողոպտելու և հարստանալու համար. «Եւ ո´չ եղև՝ զոր ինչ կամէին, վասնորոյ կամեցաւ հնարիւք իմն կողոպտել զերկիրն,— գրում է Զաքարիա Սարկավագը, — և պատճառ իմն եգիտ, թէ հրաման է թագաւորին՝ զի գինի ոչ երևեսցի յաշխարհին Երևանայ. և առաքեաց զարս յամենայն գաւառսն՝ կնքել զամենայն կարասս և գուբս գինւոյ։ Եւ եկեալ շրջեցան և կնքեցին զամենայն կարասս և զգուբս (խեցեղեն կարաս—Թ. Հ.): Այլև գնացին ի լեռնային գաւառսն, ուր բնաւ ոչ գտանի գինի, և կնքեցին զպուտկունս մածնի և թանի։ Եւ այսպէս տառապեցոյց զերկիրն, մինչև ժողովեցան գաւառապետք և տանուտերք, և գրեցին մուրհակս բազում դրամոց, և ետուն նմա, և առին հրաման վասն գինւոյն։ Եւ գավառապետքն գեղորէիցն. և ժողովեցին զդրամն՝ և ետուն նմա։ Եւ ապա եկին կնքօղք պուտկացն և կարասուցն, և առին և նոքա կաշառս, և ապա քակեցին զինքն»67։

Պատմիչի վկայությունից դժվար չէ կռահել, որ դաժան ու ագահ տեղապահի կողոպտիչ հրամանը առաջին հերթին ուղղված էր հայերի դեմ, որովհետև գինեգործությամբ գրեթե բացառապես նրանք էին զբաղվում։ Սակայն, ինչպես պատմիչն է ասում, դրամ շորթելու համար նույն հրամանի համաձայն կնքել էին նաև լեռնային շրջանների բնակիչների «մածնի և թանի» պուտուկները։ Հատուկ գումարներ և կաշառք տալուց հետո միայն բնակչությանը թույլատրվում է զբաղվել գինեգործությամբ։ Ահա թե ինչ աստիճանի են հասել պարսկական իշխանավորների կամայականությունները և ընչաքաղցոլթյունը։

Զաքարիա Սարկավագի վկայությամբ էլ ավելի կողոպտիչ, գռփող, կաշառակեր և անիրավ էր Ամիրգունա-խանի թոռներից մեկը՝ Ֆարզալին, որը Երևանում խան էր կարգված XVII դարի վերջին։ Պատմիչը նրա մասին գրում է. «...առաքեցաւ ի թադաւրէն իշխան Երևանայ Ֆարզալի ոմն, որ էր ի թոռանց Ամիրգունայ-խանին, այր ագահ և ռիշտ, կողոպտող և գերփող, և կաշառօղ, անիրաւ ի դատաստանի, և կաշառօք թիւրէր զդատաստանն. յորժամ ոք

__________

67 Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. II, էջ 134։

[էջ 160]

գանգատէր յումեքէ, առանք քննութեան առնոյր տուգանս, որք ի ի փողոյ տեղիք էին, նա ի փող առնոյր. այսպէս իմա զամենայն Բազմացան և գողք ի շէնս և աւազակք ի ճանապարհս և յանտաստանս։ Քանզի աւազակք համարձակ մտանէին ի գոմս, և զանասունս հանեալ տանէին աներկիւղ։ Եւ թէ ըմբռնէին զգողսն՝ և տանէին առ իշխանն, և նա առնոյր տուգանս, և արձակէր առանց պատժոց, և նոքա գնային, և դարձեալ առնէին գողութիւն։ Եւ էր տագնապ մեծ յաշխարհին Արարատեան»68։

Ինչպես տեսնում ենք, Ֆարզալի խանը ամեն ինչ օգտագործում էր հարստություն կուտակելու համար։ Փոխանակ իր կառավարած խանությունում տանելի պայմաններ ստեղծելու, իր կաշառակերությամբ և ընչաքաղցությամբ անուղղակի կերպով խրախուսում էր գողությունը, ավազակությունը և կողոպուտը։ Նա կաշառք վերցնելով ազատ էր արձակում գողերին ու ավազակներին, որոնք ըստ պատմիչի խոսքերի, ազատ գործում էին ամբողջ երկրռւմ։

Պարսկական խաներից ետ չէին մնում թուոքական տիրապետության ժամանակներում Երևանում նշանակված փաշաները։ Նրանց նման թուրքական փաշաները նույնպես իրենց ենթակա Երևանի կուսակալությունում հանգես էին գալիս որպես կատարյալ բռնակալներ և իրենց կամայականություններով, ագահաթյամբ, բռնություններով ու կաշառակերությամբ բնակչությանը հասցնում էին ծայրահեղ դրության։

Այսպիսով, թուրք–պարսկական տիրապետության ամբողջ ժամանակաշրջանում լայն տարածում էին գտել կամայականությունը, կաշառակերությունը, բռնությունները, ընչաքաղցությունը, կրոնական խտրականությունը, գողոլթյունը, որոնք այնքան հատուկ էին սուլթանական Թուրքիային ու շահական Պարսկաստանին։ Այդ պատճառով էլ միանգամայն հասկանալի է ժամանակակից հեղինակների կողմից համեմատաբար տանելի վերաբերմունք ունեցող խաներին տրված դրական գնահատականները։ Չի կարելի չհամաձայնել Երվանդ Շահազիզի հետ՝ որ խաները «ամենքն էլ բռնի աղջիկներ են հավաքել իրենց հարեմի համար, ամենքն էլ սիրել են նվերներ ստանալ...»69, ամենքն էլ գործադրել են բռնություններ հպատակների նկատմամբ, ունեցել կամայական վերաբերմունք, թալանել նրանց։ Միանգամայն իրավացի է նա, երբ գրում է. «Եղել են, իհարկե, լավ ու վատ խաներ», սակայն «լավի

__________

68 Ջաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. II, էջ 135։
69 Երվանդ Շահազիզ, Հին Երևանը, էջ 97։

[էջ 161]

ու վատի տարբերությունը նրանց ընդհանուր կառավարչության և գործունեության սիստեմի փոփոխության մեջ չի եղել, այլ իրենց հպատակների վերաբերմամբ ունեցած վերաբերմունքի, նրանց բարի ու չար լինելու հատկության, նրանց վարած անգործ ու գործունյա կյանքի եղանակի մեջ»70, — եզրակացնում է Երվանդ Շահազիզը։ Իրոք որ մեր պատմագիրները Ամիրգունա-խանին, Խոսրով-Խանին, Զալ-խանին, Երևանի վերջին խանին՝ Հուսեին-խանին և մի քանի այլ խաների ներկայացնում են որպես «գործունյա», «քաջ», հպատակների նկատմամբ «արդարամիտ» խաների։

Բերենք մի քանի օրինակ։ Ամիրգունա-խանին Առաքել Դավրիժեցին անվանում է մեծ և հզոր իշխան. «Յորում ժամանակի տէր և իշխան էր Երևան քաղաքի և Արարատեան աշխարհին մեծ և հզոր իշխանն՝ Ամիրգունայ խանն», — գրում է նա71։ Նրան ավելի մեծ բարեմասնություններով օժտված է ներկայացրել Զաքարիա Սարկավագը։ Հայ պատմագիրն Ամիրգունա-խանին համարել է քաջ, անվախ, շինարար և իր քրիստոնյա հպատակներին սիրող խան, որը, ըստ պատմիչի խոսքերի, «ի տեղիս տեղիս թեթևացոյց զհարկն և եբարձ զծանր լուծ ի պարանոցէ ռամկաց»72։ Սակայն պատմիչը վկայում է միաժամանակ, որ նույն Ամիրգունա-խանը մեծապես ավելացրել է կոռի չափը։ Կոռային աշխատանքը նրա օրոք այնքան տարածված երևույթ է եղել և այնքան ծանր, որ ժողովուրդն ստեղծել է հետևյալ առասպելախառն պատմությունը. «Կին յղի գոլով՝ այր նորա տանէին «կոռ», և ոչ թողուին գնալ ի տուն իւր. և կինն ծնանէր որդի և զարգանայր, և առաքէին զնա ի կոռն, զի հայրն երթիցէ ի տուն»73։ Ամիրգունան դեպի հարևան փաշայությունները կատարած արշավանքների ընթացքում բազմահազար գերիներ վերցնելով բերել է և բնակեցրել Արարատյան աշխարհում, որը մարդաթափ էր եղել Շահ-Աբասի կատարած բռնագաղթի հետևանքով, վերականգնել է տվել թուրք-պարսկական հերթական պատերազմների ժամանակ ավերված գյուղերն ու վանքերը, կառուցել է տվել ոռոգիչ ջրանցքներ, վերականգնել է Երևանի ավերված բերդը և այլն։ Դրանք են այն դրդապատճառները, որ հարկապահանջությամբ ու խստությամբ մյուս խաներին ոչնչով չզիջող Ամիրգունա-խանը մեր աղբյուրներում այնուամենայնիվ ներկայացված է որպես քաջ ու շինարար կառավարիչ։

__________

70 Նույն տեղում։
71 Առաքել Դավրիժեցի, Պատմութիւն, էջ 294։
72 Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ, II, էջ 59։
73 Նույն տեղում, հ. I, էջ 61։

[էջ 162]

Խոսելով Ամիրգունա-խանի մահվան պատճառների մասին, Զաքարիա Սարկավագը նորից է հիշեցնում նրա քաշության մասին. «Թէ այսպէս և թէ այնպէս՝ բարձաւ ՛ի կենաց քաջն և արին Ամիրգունա-խան խարտիաշ առիւծն»74։

Տեղին է նկատել, որ մեր պատմիչներն արգահատել են այն բեյլերբեյ-խաներին, որոնք անգործունյա ու վախկոտ են եղել։ Թուրք-պարսկական պատերազմների ժամանակ այն խաները, որոնք կազմակերպել են երկրի ու Երևան քաղաքի պաշտպանության գործը, նրանք գովասանքի են արժանացել մեր պատմագիրների և մյուս հեղինակների կողմից, իսկ այն խաներին, որոնք դիմել են փախուստի, պարտություն կրել թուրքական համեմատաբար փոքր ուժերից կամ իրենց մեծամեծների հետ պատսպարվել բերդում՝ խանությունը թողնելով բախտի քմահաճույքին, անվանել են վախկոտներ, անարի, անարժան ու նվաստ։ Այդպիսիներից մեկն էլ Նաջաֆն էր, որը Երևանում կառավարել է XVII դ. 50-ական թվականների վերջերին և 60-ական թվականների սկզբին։ Նրա վախկոտության մասին ստեղծվել է մի պատմություն, տարածվել է երկրում և պահպանվել հետագա ժամանակներում։ Հայ պատմագիրը գրում է. «Եւ էր խանս այս անարի և երկչոտ. քանզի գնայր սա յամառն եղանակին ի գաւառն Կոտէս ի յակունս բազմութեանց աղբեբացն՝ որ ասէին Խըռխ-Պուլաղ, որ է Խ աղբիւր։ Եւ անդ գովեցին զակունս Քասաղ գետոյն՝ և զբարութիւն գաւառին Նգայ։ Եւ հրամայեաց տանել զինքն անդ բանակօքն,. զի անդ անցուսցէ ամառն. և մնային անդ աւուրս ինչ։ Եւ լուաւ, թէ ահա Օսմանցիքն՝ որք են ՛ի Կարս՝ ժողովեալ են, զի յանկարծակի անկցին ի վերայ քո։ Եւ իբրև լուաւ զայս՝ և հաւատաց ճշմարիտ լինել՝ վասնորոյ երկեաւ, և հրամայեաց զի փախիցեն ուր և կամին. և ինքն հեծեալ ի ձի՝ և փախեաւ ի Կարբի. և բազումք թողին զամբարս իւրեանց և զկարասի՝ և փախեան ընդ խանին։ Իսկ խոհարարքն եդեալ էին կաթսայ ի վերայ հրոյ՝ և եփէին կերակուր վասն խանին. և իբրև տեսին՝ թէ փախեաւ խանն նոքա թափեցին զկիսեփեաց կերակուրն, և առին զկաթսայսն՝ և փախեան։ Եւ լուեալ զայս Օսմանցիքն՝ ծիծաղեցան, և անուանեցին զնա Փլավ-թօքեան-խան, և ասի մինչև ցայսօր։ Իսկ Օսմանցւոց ժողովումն այս էր։ Զի լուան նոքա՝ թէ խանն եկեալ է մերձ ի սահմանս իւրեանց, երկեան թէ ստութեամբ է անդ նստել, մի´ գուցէ ի յեղակարծումն ժամու եկեսցէ

__________

74 Նույն տեղում, էջ 63:

[էջ 163]

յերկիրս մեր և աւար առցէ։ Նոքա այս կասկածս ունէին. և սա ի նոցանէ երկուցեալ փախեաւ. և եղև ծաղր և առակ»75։

Պատմագրի ասելով, շահն իմանալով այդ մասին սկզբում մտադրվում է Փլավ-Թյոքան վախկոտ խանին խիստ պատժել, բայց իբրև իր հավատարիմ մարդու խնայում է ու քանի որ Երևանը սահմանային էր և վախկոտ խանի տեղ չէր, ուստի Փլավ-Թյոքան Նաջաֆին խան է կարգում Շամախիում, իսկ նրա փոխարեն նշանակում ուրիշի76։ Զաքարիա Սարկավագը շահի բերանով հետևյալ կես հեգնական խոսքերն է ուղղում վախկոտ խանի հասցեին. «Եւ ասաց (շահը—Թ. Հ.), թէ Երևան շատ մերձ է Օսմանցւոց երկրին. վասն այն երկեաւ Նաջաֆխանն թէ մի՛ գուցէ Օսմանցիքն գերեն զինքն։ Արդ առաքեցից զնա ի մէջ երկրատեղիս, զի Օսմանցիքն ոչ կարասցեն գերել զնա»77։

Զաքարիա Սարկավագն իր պատմագրական երկում առանձին գլխի տակ ներկայացնում է Երևանի հայտնի խաներից մեկին՝ ծագումով վրացի, բայց մահմեդականություն ընդունած Զալ-խանին, որբ Երևանում իշխել է XVII դ. վերջին քառորդում։ Պատմագիրք բարձր գնահատական է տալիս Զալ-խանին։ Նրա ասելով վերջինս քաջատեղյակ էր Երևանի ներքին գործերին, լավ ճանաչում էր տեղի մարդկանց՝ նրանց լավ ու վատ կողմերը, վերացրել է որոշ մաքսեր, թեթևացրել հարկերը և այլն։ Նա գրում է. «Սա վարէր ամենայն գործն իշխանութեան. որ և հմուտ և տեղեակ էր ամենայն իրացն Երևանայ, և գիտէր և ճանաչեր զամենայն արսն Երևանայ, թէ ով ոք էին վնասակարգ և աւերիչք Երևանայ... Վասն այս խանին ոչ կարեմ ասել վատ ինչ. վասնզի ծնունդ քրիստոնէից էր, գթար ի քրիստոնեայս։ Յառաջին ամի սորա եղև ահագին շարժն Արարատեան երկիրն. զոր յառաջիկայս պատմելոց եմ։ Սա հրամայեաց շինել զամենայն աւերեալ եկեղեցիւն. զոր և շինեցին բազում եկեղեցի՝ ի բազում տեղիս...»78։

Նույն պատմագիրը պակաս գովեստով չի խոսում նաև 1625 թվականին Ամիրգունա-խանին փոխարինած նրա որդու՝ Թահմազ-Ղուլի խանի մասին։ Եթէ Ամիրգունային նա գովում է գլխավորապես նրա քաջության համար, ապա որդուն ներկայացնում է որպես «ուղղադատ», «ճշմարտասեր», «անաչառ» և «քրիստոնյաներին սիրող» խան։ Զաքարիա Սարկավագի ասելով՝ «Էր նա գեղեցիկ

__________

75 Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. II, էջ 58—59։
76 Նույն տեղում, էջ 59։
77 Նույն տեղում։
78 Նույն տեղում, էջ 102—103։

[էջ 164]

պատկերօք, մեծակն, յունակից, լայնաճակատ, թիկնեղ, փոքրաբերան և մանրատամն, քաղցրազրոյց, և համեղախօսք։ Իրաւարար և ուղղադատ, ճշմարտասէր և անաչառ, սիրող քրիստոնէից։ Զի միշտ գնայր ի տունս նոցա՝ ուտէր և ըմպեր...»79։

Այդ տեսակետից Երևանի խաների մեջ ժամանակակիցների և հետագա շրջանի հեղինակների կողմից ամենաբարձր գնահատականը տրվել է վերջին խանին՝ Հուսեին-Ղուլիին, որն իշխել է 1805— 1827 թվականներին։ XIX դարի ճանապարհորդներից և պատմագիրներից շատերը սարդար Հուսեին-Ղոչիին, նրա կատարած դաժանությունների հետ միասին, ներկայացնում են իբրև «շինարար», «ոռոգման ցանցի համար հոգացող» կառավարիչ80։ Անժխտելի է, որ նրա օրոք Երևանի խանությունը տնտեսական առումով զգալի առաջադիմություն է կատարել՝ կանոնավորվել են ոռոգման հին ջրանցքները, անց են կացրել նոր ջրանցքներ, զարգացել են առևտուրն ու արհեստները և այլն։ Սակայն Հուսեին-Ղուլին ու մյուս «գովված» խաները՝ Ամիրգունան, Թահմազը, Խոսրովը, Զալ-խանը և ուրիշներ, իրենց ընդհանուր քաղաքականությամբ ոչնչով չէին տարբերվում «դաժան» ու «ագահ» խաներից։ Խաների վարած ընդհանուր քաղաքականությունը նույնն էր՝ հափշտակություն, բռնություն, կամայականություն, կրոնական խտրականություն, աղջկահավաք, բռնակալական իրավունքներ։ Դրանք էին բնորոշը բոլոր խաների համար։ Այնպես որ այս կամ այն խանի անհատական առանձին բարեմասնությունները, որ պատճառ են դարձել պատմիչների ու այլ հեղինակների կողմից նրանց գովաբանելու, մազաչափ անգամ չեն փոխել պարսից ու թուրքական ծանր տիրապետության բնույթը։ Այդ պարզ կերպով երևում է հենց Հուսեին-Ղուլի խանի օրինակով, որին հեղինակները ներկայացրել են իբրև «շինարար» և «հոգացող» խան։ Բայց չէ՞ որ Հուսեին-Ղուլի խանը միջոցների մեջ խտրականություն չդնելով, Երևանի խանությունից տարեկան կողոպտում էր ավելի քան 650 հազար ռուբլի, նա, չնայած իր զառամյալ հասակին, պահում էր 60 հարճերից բաղկացած հարեմ, իր հաճույքի համար խանական պալատի լուսամուտից գնդակոծում էր իրենց օրվա հացը վաստակելու համար Երևան եկող ու գնացող գյուղացիների ավանակներին, իր կամայական հրամաններով մահապատժի են ենթարկում բազմաթիվ անմեղների81 Հուսեին-Ղուլի խանի օրոք, նրա

__________

79 Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն,, հ. I, էջ 67։
80 Տե՛ս Թ. Խ. Հակոբյան, Երևանի պատմությունը (1801—1879 թթ.), էջ 22։
81 Նույն տեղում։

[էջ 165]

գիտությամբ ու հովանավորությամբ անասելի բռնություններ ու չարիքներ էր գործում նրա եղբայրը՝ Հասան-խանը, որը կառավարում էր Երևանի խանության ռազմական գործը։ Նա «ագահ», «անգութ» և «ահարկու» մի մարդ է82, ժողովրդի համար կատարյալ մի պատուհաս։ Խաչատուր Աբովյանը գրում է, որ Հուսեին սարդարի փոքր եղբայր Հասան-խանը «հազար անմեղ գլուխ» է «կերել», «հազար տուն քանդել, քաղաք, գեղ ավերել»83։ Նա պատմում է, որ ռռւս-պարսկական պատերազմի նախօրեին ով Երևան մտներ «հենց կիմանար՝ թե ջրհեղեղը նոր ա եկել աշխարհս քանդել։ Ապարան դառել էր ղասաբխանա։ Օր չէր ըլում՝ որ սարից, չոլից մարդ չբռնեն ու Հասան-խանի առաջը չբերեն։ Ամեն գլուխ բերող նրա աջու ձեռն էր դառնում, փեշքեշի տուտը Ղարս էր հասել։ Առանց մարդ սպանելու մեկ օր աչքը չէր կպցնում։ Տեղիցը վեր կենալիս՝ նամազը պրծածին պես՝ առաջին գործն էն էր, որ ջրատար մոլորած եսրների՝ որ էստեղ էնտեղ ճանկում, բերում էին՝ կամ աչքները հանի, քիթ ու պռունկը կտրի կամ ոտն ու ձեռները կտրել տա, կամ կտրտած ձեռները դաղած եղի պղնձի մեջը կոխել տա, որ արինը կտրվի կամ նրանց սաղ-սաղ խառչամիշ անի»84։

Այդպիսին էին բոլոր խաները։ Այս կամ այն խանի «գործունյա» կամ «անբան», «չար» ու «բարի», «քաջ» ու «վախկոտ» լինելը և բնակչության նկատմամբ նրանց անհատական վերաբերմունքի այդ բնույթը ամենևին չէին փոխում պարսից բռնապետության և նրա պատճենը կազմող Երևանի խանության դաժան կարզերը, նրա խաների բռնակալական իրավունքները։

Բեյլերբե-֊խանը համարվում էր Երևանի խանության գերագույն կառավարիչր, որին ենթակա էին մյուս բազմաթիվ պաշտոնյաները, այդ թվում նաև մահալների կառավարիչները, որոնց մասին ասվեց խանության վարչա-տերիտորիալ բաժանման առիթով։

Կ. Մարքսը ցույց է տվել, որ արևելյան բռնապետությունների պետական ապարատը «միշտ ունեին միայն երեք գերատեսչություններ՝ ֆինանսական (կողոպուտ երկրի ներսում), պատերազմ (կողոպուտ երկրի ներսում և ուրիշ երկրների ) և համայնական աշխատանքներ (հոգատարություն վերարտադրության մասին)»85։ Երևանի խանությունն էլ, լինելով արևելյան տիպի մի փոքրիկ պե-

__________

82 Տե՛ս Երվանդ Շահազիզ, Հին Երևանը, էջ 97։
83 Խ. Աբովյան, Երկերի լիակատար ժող. ութ հատորով, հ. III, Երևան, 1948, էջ 89։
84 Նոււն տեղում։
85 К. Маркс и Ф. Энгельс, Письма о «Капитале», М., 1948, էջ 43:

[էջ 166]

տություն պարսկական բռնապետության մեջ, ուներ վերջինիս կառուցվածքը։ XVI—XVII դարերի Հայաստանի և Ադրբեջանի ֆեոդալական հարաբերությունների պատմության ճանաչված մասնագետ Ի. Պ. Պետրուշևսկին գրում է, որ՝ «Սեֆևյան կառավարությունը մասնավորապես Ադրբեջանում և Հայաստանում ըստ էության ճանաչում էր միայն այդ երեք պարտականությունները — միջոցների կորզում տիրապետության տակ գտնվող բնակչությունից, դիմադրության ճնշում ռազմական ուժերի և ոստիկանական ապարատի օգնությամբ», իսկ դատարանը գտնվում էր շիա մահմեդական հոգևորականների ձեռքին86։ Սեֆևյան Պարսկաստանի մյուս խանությունների նման Երևանում ևս ոռոգման ջրանցքների, դրանց կառուցման, պահպանման և օգտագործման կարգի վրա հիմնականում հսկում էին ոչ թե պետական պաշտոնյաները, այլ երկրագործներy կամ գյուղական համայնքները։ Այդ կապակցությամբ ժամանակի ընթացքում Երևան քաղաքում և նրա խանության մահալներում առաջացել են ոռոգիչ ջրանցքների վրա հսկող պաշտոններ՝ միրաբներ, ջուվարներ և կարաջուվարներ, որոնք վարձատրվում էին համայնքների կողմից ու պարտավոր էին հսկել ոռոգման առուները կարգին վիճակում պահելու և ջուրն ըստ հողատերերի բաշխելու վրա87։ Միրաբը (= պարսկ. ջրի տեր) համարվում էր տվյալ մահալի ոռոգման ջրերի գերագույն կառավարիչը։ Նա ուներ վարչական ու դատական իշխանություն և ղեկավարում էր ամբողջ մահալի ոռոգողական տնտեսությունը։ Նա էր ջուրը բաժանում ըստ ընդհանուր և մասնավոր առուների, որոնք պատկանում էին առանձին գյուղերի և համայնքների, նա էր սահմանում տարբեր գյուղերի հողերի ոռոգման կարգը և հսկում, որ չխախտվի այն, և միշտ կանոնավոր վիճակում գտնվեն ու անխափան գործեն առուները, խափանումների դեպքում նա էր հոգ տանում շահագրգռված համայնքների հարկադիր աշխատանքով տվյալ առուն սարքելու մասին։ Ոռոգման առուներից օգտվելու շուրջն առաջացած բոլոր վեճերը լուծվում էին միրաբի միջոցով88։ Միրաբը նշանակվում էր սարդարի կողմից, նրա հայեցողությամբ։ Ամբողջապես նրա իշխանությանն էին ենթարկված ոստիկանական, պար-

__________

86 И. П. Петрушевский, Очерки по истории феодальных отношений в Азерб. и Арм., էջ 120:
87 Թ. Խ. Հակոբյան, Երևանի պատմութիւնը (1801 — 1879 թթ.), էջ 162— 165։
88 Նույն տեղում, էջ 162—163։

[էջ 167]

տականություններ կատարող ջուվարները և նրանց օգնականները՝ կարաջուվարները89։

Անդրկովկասի յուրաքանչյուր մեծ քաղաք ուներ իր միրաբը՝ քաղաքների ոռոգման բարդ ցանցը, առուների շատությունը, բնակչության և համայնքների մեծ թիվը թույլ չէին տալիս դրանց ոռոգման գծով մտցնելու որևէ մահալի մեջ, դրանք ոռոգման գծով կազմում էին առանձին մահալներ։ Առանձին միրաբներ ունեին Երևանը, Գանձակը և այլ քաղաքներ։ Երևանի միրաբի տրամադրության տակ XIX դ. առաջին քառորդում կային 11 ջուվարներ, որոնք, Հաքստհաուզենի վկայությամբ, ընտրվում էին բնակիչների կողմից90։

Ոռոգման գործի ամբողջ պատասխանատվությամբ հանձնելով համայնքներին, պարսկական իշխանությունները դրանով իսկ ազատվում էին այդ բնագավառում ծախսեր կատարելուց՝ կենսական նշանակություն ունեցող և մեծ միջոցներ պահանջող այդ բնագավառի ամբողջ հոգսը գցելով բնակչության վրա։

Սակայն ոռոգման ջրի վրա հսկողները՝ կարաջուվարներից մինչև միրաբը ներառյալ չէին մտնում խանական վարչական ապարատի մեջ։

Ճանապարհորդների, պատմագիրների և այլ հեղինակների վկայություններից երևում է, որ XVI–––XVIII դարերի Երևանի խանության վարչական ապարատը բավական բազմամարդ է եղել։

Զաքարիա Սարկավագը, Աբրահամ Կրետացին և ուրիշ պատմիչներ տարբեր առիթներով հիշատակում են Երևանի խանության տասնյակ պաշտոնյաներ՝ քալանթարներ (քաղաքագլուխ), դեֆդերդաներ (մատենակալ), գեխեաններ (վերակացու), մաֆաղաներ («պահարան պահող»), մելիքներ, քեդխուդաներ, զանազան պաշտոն ունեցող աղաներ, յուզբաշիներ, միրզաներ, տեղապահներ, թարղաներ (բերդի և քաղաքային ներքին գործերի ավագ կառավարիչ) և այլն, և այլն91։

Բեյլերբեյը շահի արքունիքի օրինակով ուներ իր պալատը բազմաթիվ ծառայողներով հանդերձ։ Այստեղ կային նաև այսպես կոչված մաքուր պալատական պաշտոններ՝ սուֆրաջի-բաշի (սեղանապետ), շերեբեթչի-բաշի (օշարակապետ), շարաբջի-բաշի

__________

89 Նույն տեղում, էջ 163։
90 Гакстгаузен, Закавказский край, ч. I, СПб, 1857, էջ 168:
91 Տե՛ս Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. II, էջ 39 — 41, 134— 135, Աբրահամ Կրետացփ, Պատմութիւն անցիցն..., էջ 7—10, 30 — 31, 59, 61— 62, Վաղարշապատից Յարութիւն Արարատեանի կեանքը, էջ 129 —130, «Մշակ» լրագիր, Թիֆլիս, 1917, № 217, և այլուր։

[էջ 168]

(տակառապետ, գինեպետ), հալվաջի-բաշի (քաղցրավենիքների տնօրինող), միր-ախուր (ախոռապետ), ղուշ9ի-բաշի (բազեկիր) և բազմաթիվ այլ պաշտոններ92։ Սակայն բեյլերբեյի պալատի տարբեր կարգի այդ սպասարկուները կազմում էին խանական բյուրոկրատիայի միայն մի փոքր մասը և իրենց պաշտոններով ցածր էին գտնվում խանության վարչական բարձր պաշտոնյաներից։ Պարսկական պետության յուրաքանչյուր վարչա-քաղաքական միավոր՛ բեյլերբեյություն ուներ հետևյալ բարձր պաշտոնները։ Բեյլերբեյության ամենաբարձր պաշտոններից մեկը շեյխ ուլ-իսլամն էր (կամ շեյխալ-իսլամ), որը բեյլերբեյության շիա հոգևորականների գլխավորն էր և դատավորը93։ Նա էր նախագահում դատարանում, որին անդամակցում էին մի քանի ախունդներ և մոլլաներ։ Դատարանում հարցերը լուծվել են շարիաթի հիման վրա, որն իրենից ներկայացնում էր ղուրանի և ավանդության հիման վրա կազմված քաղաքացիական ու կրոնական օրենքների ժողովածու։ Այդ հոգևոր դատարանը զբաղվել է ամենաբազմազան հայցերի դատով։ Նրա իրավասությանն էին ենթակա ամեն տեսակի պայմանագրերի կնքման, կատարման և խախտման բոլոր գործերը, ամուսնության, խնամակալության և ամեն կարգի ունեցվածքների վերաբերյալ եղած բոլոր հայցերը։ Օրենքում ուժի մեջ էր մնում արյան վրիժառությունը, ծեծը, ֆիզիկական խեղումը։ Հոգևոր դատարանից բացի, հայցեր էր ընղունում և ինքը՝ սարդարը, որին տրված էր մահապատժի իրավունք94։ Բարձր պաշտոն էր համարվում նաև սադրի պաշտոնը։ Սադրը կառավարում էր մզկիթապատկան կալվածքները՝ վակֆ կոչված հողատարածությունները95, որոնք մահմեդական հոգևորականությանն էին անցել ամենազանազան եղանակներով։ Բեյլերբեյության (խանության) սադրը ենթակա էր համապետական բարձր սադրին, որն ուներ իր դիվանը և դրա միջոցով հսկում էր խանական սադրների գործունեության վրա։ Բեյլերբեյության բարձր պաշտոններից մեկն էլ բեյլերբեյի տեղակալի պաշտոնն էր, որը կոչվում էր ջանիշին96։ Մեր պատմա-

__________

92 И. П. Петрушевский, Очерки по истории феодальных отношений в Азербайджане и Армении, էջ 119։
93 Նույն տեղում։
94 Տե՛ս Թ. Խ. Հակոբյան, Երևանի պատմությունը (1801 — 1879 թթ.), էջ 25 — 28։
95 И. П. Петрушевский, Очерки по истории феодальных отношений в Азерб. и Армении, էջ 119։
96 Նույն տեղում։

[էջ 169]

գիրների հիշատակություններից երևում է, որ ջանիշինի պաշտոնը մշտական չի եղել։ Որոշ խաների օրոք այդպիսի պաշտոնյաներ հիշատակվում են, իսկ մյուսների ժամանակներում դրանք բացակայում էին։ Եվ այդ միանգամայն հասկանալի է։ Խանի տեղակալը հետևում էր նրա գործունեությանը և դրա մասին հաղորդում շահի արքունիքին։ Հետևապես բեյլերբեյի համար տեղակալ (ջանիշին) են նշանակվել միայն այն ժամանակ, երբ պետության մայրաքաղաքում տվյալ բեյլերբեյի նկատմամբ կասկածանքներ են ունեցել։

Բեյլերբեյության ֆինանսական և հարկային գործը ամբողջապես կենտրոնացած էր բեյլերբեյության (խանության) վեզիրի ձեռքին, որն իր հերթին ենթարկվում էր պարսից պետության մեծ վեզիրին97։

Քաղաքներում և մեծ բնակավայրերում կային կազիներ, որոնք համարվում էին տեղական շիա հոգևորականների գլխավորները։ Քաղաքներում նշանակված էին ավագներ՝ քալանթարներ։ Քալանթարը նշանակվում էր շահի կողմից՝ տեղական ազնվական դասի ներկայացուցիչներից կամ վաճառականական խավից98։ Երևանի քալանթարները սովորաբար նշանակվում էին այստեղի հայ մելիքներից։

Բեյլերբեյության պաշտոնյաները՝ սադրը, շեյխ ուլ-իսլամը, վեզիրը, ջանիշինը և քաղաքային քալանթարները բեյլերբեյի անմիջական ստորադրյալները չէին, նրանք ենթարկվում էին ըստ բնագավառների համապետական գերատեսչություններին։

Խանի պալատական և բեյլերբեյության նշված պաշտոնյաներով չի ավարտվում պարսից տիրապետության շրջանի Երևանի խանության և Երևան քաղաքի վարչական ապարատը։ Դրանցից բացի, կային նաև տասնյակների հասնող այլևայլ պաշտոնյաներ՝ խազնա-աղասի (գանձապետ), սանդուխտար-աղասի (ծախսարար), սերաֆյուլ-բեկ (զորապետ), մուհասիլ (խանական և դատաստանական հրամանները կատարող) և այլն։ Սովորաբար բոլոր բարձր պաշտոնները տրվում էին խաներին, բեկերին, միրզաներին, «պատվավոր» մարդկանց99։

Երևան քաղաքը որպես բեյլերբեյության (խանության) կենտրոն, ինչպես ասվեց, առանձին վարչական միավոր էր համարվում և չէր մտնում որևէ մահալի մեջ։ Քաղաքը փաստորեն կառավարում

__________

97 И. П. Петрушевский, Очерки по истории феодальных отношений в Азерб. и Армении, էջ 119։
98 Նույն տեղում։
99 И. Шопен, Исторический памятник Армянской области, էջ 459։

[էջ 170]

էր դարուղան ( ոստիկանապետը ), որը նշանակվում էր բեյլերբեյի կողմից և պարտավոր էր զբաղվելու քաղաքի կարգ ու կանոնով, հսկելու, որպեսզի հարկերն ու տուրքերը ժամանակին հավաքեն և այլն։ Դարուղան իր իշխանությունը գործադրում էր յուզբաշիների (հազարապետների) և չաուշների ( տասնապետների ) միջոցով։ Քաղաքի կառավարմանը մասնակցում էին թաղային ավագները՝ մելիքները, որոնցից յուրաքանչյուրը պատասխանատու էր իր թաղի կարգ ու կանոնի պահպանման և հարկերի բաշխման ու հավաքման համար։ Դրանցից բացի, քաղաքի վարչական պաշտոնեությանն էին պատկանում նաև՝ բազարբաշին (շուկայի պետը), միզանդարը (կշռապետը), միրաբը, որի մասին ասվեց վերևում, հասաս–բաշին (շուկայի պահակապետը) և այլն։ Քաղաքի ներքին կյանքում կարևոր դեր էին խաղում համքարությունները, որոնք, հանձինս իրենց ավագների, նույնպես մասնակցություն ունեին քաղաքի ներքին վարչական և հասարակական գործերին100։

__________

100 Տե՛ս Թ. Խ. Հակոբյան, Երևանի պատմությունը (1801 — 1879 թթ.), էջ 31։

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Հակոբյան Թ., Երևանի պատմությունը (1500—1800 թթ.). – Եր., Երևանի համալսարանի հրատարակչություն, 1971։
Scanned: Վահագն Մխոյան
OCR: Դիանա Ազատյան
Ուղղագրում՝ Լինա Քամալյան

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice