ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian
Թադևոս Հակոբյան

ԵՐԵՎԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ (1500–1800 ԹԹ.)

Previous | Բովանդակություն | Next


[էջ 171]

V. ՔԱՂԱՔԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ-ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ XVI—XVIII ԴԴ.

Եթե քաղաքական առումով մեզ հետաքրքրող ժամանակաշրջանը կարելի է բաժանել երկու ենթաշրջանների (1500 —1747 թթ. և 1747 —1800 թթ.), ապա հասարակական հարաբերությունների առումով այդ երեք դարերը մի միասնական ժամանակաշրջան է, որը փաստորեն իր մեջ ընդգրկում է նաև XIX դարի առաջին տասնամյակները՝ մինչև Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին։

Երևանի խանությունը սեֆևյան (կամ սեֆյան) Պարսկաստանի կազմում կարևոր նշանակություն ուներ ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական առումով։ Սարդենի վկայության համաձայն, Երևանի խանությունն ամբողջ պարսից պետության մեջ համարվում էր ամենաեկամտաբեր և ամենաանշանավոր կուսակալությունը1։ Նա գրում է, որ Երևանի խանությունը տարեկան «բերում է երեսուներկու հազար թուման եկամուտ, որը կազմում է... հինգ հարյուր հազար էքյու, չհաշված հարկադիր տուրքերը, նվերները և կողմնակի ճանապարհներով ձեռք բերված հարստությունները, որոնք կլոր թվով բերում են ևս երկու հարյուր հազար էքյու»2։ Այդ պատճառով էլ ֆրանսիացի վաճառական-ճանապարհորդը Երևան այցելած իր ժամանակվա խանին՝ Սեֆի-Ղուլիին համարում է «Պարսկաստանի ամենահարուստ և ամենաերջանիկ ազնվատոհմ իշխանը»3։ Այլ կերպ ասած, Սեֆի-Ղուլիի ժամանակներում (XVII դ. 70-ական թվականներ) խանի տարեկան եկամուտներն ամենահամեստ հաշիվներով կազմում էր 46 հազար թուման կամ ավելի քան 466000 արծաթ ռուբլի (յուրաքանչյուր թումանը հաշվելով 10 ռուբլի 12 և կես կոպեկով)։

__________

1 Путешествие Шардена по Закавказью, էջ 256։
2 Նույն տեղում։
3 Նույն տեղում։

[էջ 172]

Ճիշտ է, Երևանի խանությունն ուներ բարեբեր ընդարձակ հողատարածություններ, իսկ նրա խանը զանազան եղանակներով ստանում էր հսկայական եկամուտներ, բայց դրանք դեռևս չափանիշ չէին կարող լինել երկրի տնտեսական վիճակի համար։ Սոցիալ-տնտեսական և քաղաքական համապատասխան պայմաններ էին անհրաժեշտ, որպեսզի բնականից արգավանդ Երևանի խանությունը տնտեսապես բարգավաճեր։ Իսկ այդպիսի պայմաններ չկային։ Պարսկաստանն ու Թուրքիան հետամնաց ֆեոդալական երկրներ էին։ Նրանց ծանր տիրապետության տակ գտնվող երկրները, որոնց թվում և Հայաստանը, տնտեսապես գտնվում էին աննպաստ դրության մեջ։ Կողոպտիչ հարկային քաղաքականությունը, հետամնաց ֆեոդալական հարաբերությունները, կամայականություններն ու կաշառակերությունը, պարսկական խաների ու թուրքական փաշաների ընչաքաղցությունը մեծ հարված էին հասցնում երկրի և նրա կենտրոն Երևան քաղաքի տնտեսական կյանքին։ Սակայն դրանցով չեն սահմանափակվում երկրի տնտեսական առաջխաղացումն արգելակող ազդակները։ Երկրի տնտեսական կյանքը կործանիչ հարվածներ էր ստանում թուրք-պարսկական երկարատև ու ավերում բերող պատերազմների, խաների և փաշաների միջև մղվող ֆեոդալական կռիվների, լեզգիների ու ջալալիների ասպատակությունների և կիսանկախ խաների տիրապետության շրջանում Հերակլ թագավորի արշավանքների հետևանքով։ Երևանի խանությունն ու նրա կենտրոնը քաղաքական այդ մղձավանջային ժամանակաշրջանում բազմիցս ավերվել են հակառակորդ բանակների արշավանքների և գերեվարության ու զանգվածային բռնագաղթի պատճառով։ Մենք տեսանք, թե սկզբնաղբյուրները ինչպիսի կսկիծով են նկարագրել երկրի ամայացումը, բնակչության գերեվարումը և կոտորածները։ Տասնյակ գրիչներ իրենց թողած հիշատակություններում նկարագրելով թուրք-պարսկական պատերազմների արհավիրքները՝ գրում են, որ իրենք ապրել են այդ «նեղ և դառն» ժամանակներում։ Առանձնապես ուշագրավ է Հակոբ Կարնեցու մի ընդարձակ հիշատակությունը, ուր հեղինակը նկարագրելով թուրք-պարսկական պատերազմների ընթացքում երկրի կրած տառապանքներն ու ավերումը գրում է. «ամենայն աւուր և ամենայն տարի, բազում զօրօք (թուրքերը — Թ. Հ.) ասպատակէին ևս գնացեալ երկիրն Երէւանայ, Լօռու, Չօրսայ և Բամպակայձորու առհասարակ ասպատակէին, մանկունսն գերի վարէին և զծերսն սրոյ ճարակէին և զտեղիսն հրով կիզուին, նոյնպէս և Պարսիկքն քան զսոսայն անողորմքն չար և բարբարոսք են,

[էջ 173]

ատելիք Աստուծոյ և մարդկան, ամենայն կողմանց ելանէին գաղտագողի ասպատակեալ քանդէին և աւերէին առհասարակ... զի այնպէս անապատ արարին այս սահրաթ երկրներս, որ Արզրումայ հետ մինչև Էրէվան միայն բերթորեայքն ի շէն մնացին»4։

Հ. Կարնեցու այս վկայությունից երևում է, որ 1639 թվականի հաշտությանը նախորդած կռիվների ժամանակ կանգուն են մնացել միայն բերդերը, որոնց թվում պետք է հասկանալ նաև Երևանի բերդը։ Երևանը, Էջմիածինը և մի քանի գյուղեր համեմատաբար քիչ են տուժել նաև XVIII դ. 70 — 80-ական թվականների և Աղա-Մամադ խանի արշավանքների ժամանակ։ Դրանք, ինչպես նկատում է Վ. Գրիգորյանը, միայն առանձին «օազիսներ» էին «ավերումների» լայնատարած «անապատում»5։

Սակայն Երևանի համար այդ բացառություն էր։ Թուրք-պարսկական պատերազմների կիզակետը Երևանն էր և այն պարբերաբար ենթարկվում էր ավերման։ Երևանի համար առանձնապես ծանր էր Շահ-Աբաս I-ի արշավանքը և նրա կազմակերպած զանգվածային բռնագաղթը։ Պարսից այդ բռնակալի արշավանքի հետևանքով ամբողջ երկրի, Հին Ջուղայի և ուրիշ քաղաքների հետ միասին ամ ա յացվեց նաև Երևանը6։

Սակայն մեր ստեղծագործ ու աշխատասեր ժողովուրդը յուրաքանչյուր պատեհ առիթ, կարճատև խաղաղության շրջան օգտագործում էր տնտեսությունը վերականգնելու, գյուղերն ու քաղաքները վերականգնելու ու վերաշինելու, իր մշակույթը զարգացնելու համար։ Երկրի տնտեսական կյանքի համար կարևոր նշանակություն է ունեցել սուլթանական Թուրքիայի և սեֆևյան Պարսկաստանի միջև կնքված 1639 թվականի խաղաղության դաշինքը, որի հետևանքով մինչև հաջորդ դարի առաջին քառորդի վերջերը երկրում ընդհանուր առմամբ խաղաղություն էր տիրում, առժամանակ ընդհատվել էին թուրք-պարսկական երկարատև պատերազմները և որոշ չափով նպաստավոր պայմաններ էին ստեղծվել տնտեսական կյանքի աշխուժացման համար։ Համընդհանուր ավերում բերող երկարատև պատերազմներից հետո հաստատված խաղաղությունը բնական է, որ մեր հեղինակների կողմից պետք է ներկայացվեր և

__________

4 Հակոբ Կարնեցի, Տեղագիր Վերին Հայոց (Վ. Հակոբյան, Մանր ժամանակագրություններ, հ. II, էջ 565— 566)։
5 Վ. Ռ. Գրիգորյան, Երևանի խանությունը 18-րդ գարի վերջում, էջ 40։
6 Տե´ս Петрос ди Саркис Гиланенц, Дневник осады Исфагани, афганцами, веденный Петросом ди Саркис Гиляненц в 1722 и 1723 гг., СПб, 1870. (Ք. Պատկանովի առաջաբանը, էջ XIV)։

[էջ 174]

իրոք ներկայացվում է որպես բարենպաստ պայման մեր ժողովրդի համար ազատ շունչ քաշելու և իր տնտեսոuթյունը որոշ չափով զարգացնելու։ Զաքարիա Սարկավագը հետևյալ կերպ է գնահատում 1639 թվականի հաշտության դաշինքը. «Սուլթան Մուրատ թագաւորն Տաճկաց գնացեալ էառ զԲաղդատ ի ձեռաց Պարսից. է մինչ էր ի Բաղդատ, անդուստ առաքեաց դեսպան առ թագաւորն Պարսից Շահ-Սաֆի, զի արասցեն խաղաղութիւն ի մէջ իւրեանց։ Եւ Շահն ևս առաքեաց դեսպանս առ խոնթկարն՝ այր մի՝ որ ասէին Ջաղաթա-Քօթուկ-Մահմատ խան. և արարին հաշտութիւն և խաղաղութիւն. եդին պայման ամս է (30) մնալ խաղաղութեամբ։ Եւ իսկոյն մեռան երկոքին թագաւորքն։ Յետ սուլթան Մուրատին՝ թագաւորեաց եղբայր իւր Իպրահիմ։ Եւ ետ նորա որդին Մահմատ։ Եւ յետ նորա որդին Խրան։ Եւ ետ նորա զեղբայր նորա Մուստաֆայ, որ կայ այժմ, և վարէ զթագաւորութիւնն։ Յետ Շահ-Սաֆուն՝ թագաւորեաց որդին իւր Աբաս։ Ել յետ նորա Սաֆի։ Եւ յետ նորայ Սուլեյման։ Եւ յետ նորա Հիւսէին։ Սոցին պատմութիւնս յետոյ ասասցուք։ Այսքան թագաւորացս ժամանակ խաղաղութիւն է ի մէջ Պարսից և Տաճկաց։ Զի է ՌՁԸ (1639) թուէն մինչ ի ՌՃԽԷ (1798) թիւս՝ յորում էմք այժմ, է հաշտութիւն և խաղաղութիւն։ Զի ի Կոստանդնուպօլսէ մինչ ի Ասպահան երթևեկութիւն է առանց երկիւղի ահու»7։

Ինչպես տեսնում ենք, պատմագիրը մեծ նշանակություն է տալիս 1639 թ. հաշտությամբ հաստատված խաղաղությանը և նշում, որ դրանից հետո ապահով պայմաններ են ստեղծվել Թուրքիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլսից մինչև Պարսկաստանի մայրաքաղաք Սպահան աներկյուղ երթևեկության համար։ Այդ խաղաղությունն ընդհանուր առմամբ շարունակվում է նաև XVIII դ. առաջին երկու տասնամյակներում։ 1639 թ. հաշտությամբ առժամանակ հաստատված խաղաղության մասին նույն կերպ են արտահայտվում նաև մեր մյուս պատմագիրներն ու հիշատակագիրները։ Հակոբ Կարնեցու արտահայտությամբ այդ պայմանագրով կողմերը պարտավորվել էին՝ «միմիանց թուր չըքաշեն, վաճառականք և շինականք աներկուղ գայցեն և գնայցեն. հոտք սոցա և նոցայ այժմ խառնին ընդ միմիանս...։ Զի խաղաղութիւնն Աստուծոյ նախախնամութեամբն եղե, և այսպէս, որ ազատեցալ ազգս Հայոց իր երկուց կողմանց, զի այն կողմի բնակիչք երկրին ամենայնք Հայք էին և են \\ և յայս կողմըս ամենայն Հայոց ազգէն էին, Յոյնք և Տաճիկ

__________

7 Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. II, էջ 25 — 26։

[էջ 175]

բազում, զի Մուստաֆայ վէզիրն այն ողորմութեամբն Աստուծոյ և խաղաղացոյց ընդ միմիանս և բարի անուն ժառանգեաց»8։

Իրավացի է ժամանակագիրը։ Պարսկա-թուրքական երկարատև պատերազմների ընդհատումը և կողմերի միջև 1639 թվականին կնքված դաշնադրությունը մի տեսակ «աստվածային նախախնամություն» էր հատկապես մեր ժողովրդի համար, որովհետև այդ պատերազմների հիմնական ու մշտական ոլորտը մեր երկիրն էր և դրանց հետևանքով ամենից շատ այն էր ավերվում։

Խաղաղ տարիներ եղել են նաև ուրիշ ժամանակներում՝ 1555, 1612 և այլ թվականներին կնքված պայմանագրերի ժամանակամիջոցներում, սակայն դրանք շատ կարճատև են եղել և շուտով նոր ուժով բռնկվել են ստեղծածը կործանող պատերազմները։ XVIII դ. 20-ական թվականներին նորից բռնկվեցին թուրք-պարսկական պատերազմները, իսկ սրանց հաջորդեցին լեզգիների ավերիչ ասպատակությունները, վրաց Հերակլ թագավորի կրկնակի հարձակումները և ապա դարավերջին Աղա-Մամադ խանի ավերիչ արշավանքը, որոնց հետևանքով նույնպես երկիրը ենթարկվում է ավերման ու կողոպտման և գերեվարվում են բնակչության զգալի զանգվածներ։

Այնպես որ XVI—XVIII դարերում Հայաստանում տնտեսական զարգացման համար ընդհանուր առմամբ չկային բարենպաստ պայմաններ։ Մերթ ընդ մերթ կարճ ժամանակով խաղաղություն հաստատված տարիներին ժողովուրդը հազիվ էր հասցնում վերականգնել երկրի տնտեսական նախկին վիճակը, երբ նորից էին բռնկվում պատերազմները։ Մեծ չէր առաջադիմությունը նաև 1639 թվականին հաջորդած մոտ 80 տարվա խաղաղության շրջանում, որովհետև տնտեսապես հետամնաց Պարսկաստանում և Թուրքիայում անհնար էր ու պայմաններ չկային այդպիսի առաջադիմության համար։ Այդ վերաբերում էր ոչ միայն Երևանի խանությանն ու Երևան քաղաքին, այլ նաև ամբողջ Արևելյան Հայաստանին և Արևմտյան Հայաստանին։

Այնուամենայնիվ առանձին խաների օրոք Երևանի խանությունն ու Երևան քաղաքը ապրել են տնտեսական կյանքի որոշ աշխուժացում։ Այդպիսի մասնակի զարգացում է եղել, օրինակ, Ամիրդունա-խանի օրոք (1604 — 1625)։ Զաքարիա Սարկավագի հիշատակության համաձայն, նրա ժամանակ վերականգնվել են ավերված քաղաքներն ու գյուղերը, վերակառուցվել է Երևանի բերդը,

__________

8 Հակոբ Կարնեցի, Տեղագիր Վերին Հայոց (Վ. Հակոբյան, Մանր ժամանակագրություններ, հ. II, էջ 565)։

[էջ 176]

այնտեղ կառուցվել են hոյակապ ապարանքներ, տնկվել են այգիներ, բուրաստաններ ու պարտեզներ, hանվել են ոռոգման առուներ, որոշ չափով թեթևացվել է գյուղացիությունից գանձվող հարկը և այլն9։ Խանը դեպի Կարին և Վան ու Մուշ կատարած երկու արշավանքների ընթացքում բազմաթիվ գերիներ է բերել և բնակեցրել Երևանի խանության տարբեր շրջաններում ու շենացրել Արարատյան աշխարհը10։ Տնտեսական առումով Երևան քաղաքն ու Համանուն խանությունը որոշ առաջադիմություն են կատարել նաև Խոսրով-խանի, Զալ-խանի և մի քանի այլ խաների ժամանակ։ Պարսից տիրապետության ամբողջ ժամանակաշրջանում, սակայն, քաղաքը և Երևանի խանությունը համեմատաբար բարձր զարգացում են ունեցել վերջին խանի՝ Հուսեին-Ղուլիի ժամանակներում XIX դ. առաջին տասնամյակների ընթացքում, որի մասին ամենայն մանրամասնությամբ խոսվում է մեր սույն աշխատության 1801—1879 թվականներն ընդգրկող գրքում11։

Չնայած աննպաստ պայմաններին, այնուամենայնիվ XVII— XVIII դդ. Հայաստանում գոյություն ունեին մի ամբողջ շարք քաղաքներ, որոնք արհեստագործության շատ թե քիչ նշանակալից կենտրոններ էին։ Արևմտյան Հայաստանում ու դրան հարակից հայաշատ շրջաններում այդ դարերում հայտնի էին Կարինը (Էրզրում), Երզնկան, Վանը, Կարսը, Մուշը, Բիթլիսը, Խարբերդը, Սեբաստիան, Մալաթիան և ուրիշ ավելի փոքր կենտրոններ։ Դրանցում գործում էին տասնյակների հասնող արհեստներ՝ մետաղագործություն, ջուլհակություն, մանածագործություն, զինագործություն, ոսկերչություն և այլն, և այլն։ Երկրի ներսում և նրանից դուրս հայտնի էին հայ արհեստավորների արտադրած կտավները, մահուդները, մետաքսյա գործվածքները, գորգերը, կապերտները և ուրիշ արտադրանքներ։ Քանի դեռ Թուրքիան զբաղված էր արտաքին երկրներում զավթողական պատերազմներ մղելով՝ Արևմտյան Հայաստանի քաղաքները տնտեսապես բավական բարձրանում էին՝ թուրքական բանակներին Հանդերձանք, պարեն և որոշ սպառազինության մատակարարելով։ Արևմտյան Հայաստանի մի շարք քաղաքներ այդ դարերում դարձել էին առևտրի խոշոր կենտրոններ։ Դրանք կարևոր դեր էին խաղում ոչ միայն տարանցիկ և արտա-

__________

9 Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. I, էջ 45—46։
10 Նույն տեղում, էջ 46։
11 Տե՛ս Թ. Խ. Հակոբյան, Երևանի պատմությունը (1801 — 1879 թթ.), էջ 32 — 183։

[էջ 177]

քին առևտրի, այլ նաև ներքին առևտրի մեջ։ Առևտրով առանձնապես հայտնի էին Կարինը և Վանը։

XVI—XVIII դարերում մի ամբողջ շարք քաղաքներ գոյություն ունեին նաև Արևելյան Հայաստանում և Անդրկովկասում։ Այստեղ առևտրի ու արհեստագործության կենտրոններ էին Հին Ջուղան, Շամախին, Նուխին, Գանձակը (Գյանջա), Թիֆլիսը, Նախիջևանը և այլն։ Դրանք արհեստագործության, արտաքին ու տարանցիկ առևտրի նշանակալի կենտրոններ էին և բանուկ ճանապարհներով կապված էին իրար ու հարևան երկրների հետ։ Առևտրական առումով նշանակություն էին ձեռք բերել նաև մի շարք խոշոր բնակավայրեր՝ Կարբի, Գավառ, Ագուլիս, Գառնի և այլն, որոնցից շատերը հիշատակվում են որպես մեծ ավաններ կամ գյուղաքաղաքներ։

Արևելյան Հայաստանի առավել խոշոր կենտրոնը Երևանն էր՝ Երևանի ընդարձակ խանության կենտրոնը։ XVI—XVIII դարերում Երևանը տասնյակների հասնող արհեստների, ծավալուն տարանցիկ ու արտաքին առևտրի կենտրոն էր, որն ուներ ներքին աշխույժ առևտուր և բավական զարգացած գյուղատնտեսություն՝ այգեգործություն, խաղողագործություն, բանջարաբուծություն և անասնապահություն։

Ա) ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

Արհեսաների զարգացման խափանող ազդակները։ Արհեստների տեսակները։ Արհեստների զարգացման աստիճանը։ Աշխատանքի բաժանումը արհեստի ներսում։ Արհեստների տեղաբաշխումը քաղաքում։ Համքարությունները։ Արհեստավորներից գանձվող հարկերը

Ժողովրդական տնտեսության մյուս ճյուղերի նման, քաղաքային արհեստագործոլթյունը նույնպես XVII—XVIII դարերում չուներ զարգացման նպաստավոր պայմաններ։ Արտաքին նվաճողները՝ սկսած Լենկ-Թեմուրի ժամանակներից երկիրն ամայացնելու հետ միասին գերեվարում և իրենց պետությունների խորքերն էին քշում տասնյակ հազարավոր գերիներ, որոնց թվում նաև արհեստավորներ։ Հայտնի է, որ Լենկ-Թեմուրը իր աշխարհավեր արշավանքների ընթացքում Հայաստանում, Վրաստանում, Ասորիքում և այլուր գերեվարած բազմահազար արհեստավորների քշեց դեպի

[էջ 178]

իր մայրաքաղաք Ա ամարղանդ և պետության կենտրոնական շըր֊ ջանները։ Այդ նույն կերպ էին վարվում նաև հետագա թուրքմեն, պարսիկ և թուրք նվաճողները։ Արևելյան Հայաստանի արհեստագործության կենտրոնները՝ Երևանը, Հին Ջուղան և մյուս քաղաքներն ու ավաններն առանձնապես մեծ հարված ստացան պարսից Շահ-Աբաս I-ի 1604 թվականի արշավանքի ժամանակ։ Նրա հրամանով Պարսկաստանի խորքերը քշված տասնյակ հազարավոր բնակիչների մեջ մեծ թիվ էին կազմում նաև արհեստավորները, որոնց մի զգալի մասը գաղթեցվել էր Երևանից։ Միանգամայն ճիշտ է նկատում Վ. Աբրահամյանը, Շահ-Աբասի այդ արշավանքի հետևանքով քայքայվեց «Երևանի և Հին Ջուղայի առևտրա-արհեստավորական դասը»12։ Քաղաքային զբաղմունքներին՝ արհեստագործությանը և առևտրին պակաս հարված չեն հասցրել նաև Շահ-Աբասի արշավանքին նախորդած թուրքական հարձակումները և թուրք-պարսկական հետագա պատերազմները։ Սակայն, եթե նույնիսկ խաղաղ պայմաններ էլ լինեին, այնուամենայնիվ ֆեոդալական հետամնաց Պարսկաստանում ու Թուրքիայում արհեստագործության բուռն զարգացման համար չկային սոցիալ-տնտեսական բարենպաստ պայմաններ։ Այդ է պատճառը, որ հակառակ եվրոպական պետությունների քաղաքային արհեստագործության, որն այդ դարերում նախ թևակոխեց արդյունաբերության զարգացման մանուֆակտուրային, իսկ XVIII դարի վերջերից՝ մեքենայական արդյունաբերության շրջանը, Պարսկաստանի, Թուրքիայի ու դրանց ենթակա երկրների քաղաքներում քաղաքային արտադրությունը մնաց արհեստի համեստ մակարդակի վրա։ Այդպիսի վիճակ ուներ նաև Երևանի արհեստագործությունը և այդպիսին էլ մնաց գրեթե մինչև XIX դ. 80 — 90-ական թվականները։

Երևանում քաղաքային տնտեսության՝ արհեստագործության և առևտրի համար շատ թե քիչ նորմալ պայմաններ են ստեղծվում միայն 1639 թ. թուրք-պարսկական հաշտությունից հետո, երբ Հայաստանից բռնի կերպով Պարսկաստան քշված բնակչության մի մասը, դրանց թվում նաև արհեստավորներ, վերադարձան ու տեղում մնացածների հետ միասին նպաստեցին քաղաքի արհեստագործության աշխուժացման գործին։ Սկզբնաղբյուրների վկայություններից երևում է, որ Երևանում արհեստագործությունը բավական զարգացել էր XVII դ. երկրորդ կեսին և հաջորդ դարի սկզբներին։ Երևանի ամբողջ տնտեսական կյանքի հետ միասին քաղաքա-

__________

12 Վ. Ա. Աբրահամյան, Արհեստները Հայաստանում XIV—XVIII դդ., Երևվան, 1956, էջ 37։

[էջ 179]

յին արհեստագործությունն էլ պարսից տիրապետության շրջանում իր զարգացման բարձր կետին հասավ վերջին խանի՝ Հուսեին-Ղուլի սարդարի օրոք՝ XIX դ. առաջին քառորդում13։

Սկզբնաղբյուրների մանրազնին ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ XVI—XVIII դարերում Երևանում կային մի քանի տասնյակ արտադրական արհեստներ։ Տարբեր առիթներով հիշատակված են քարտաշներ, հյուսներ, ոսկերիչներ, պղնձագործներ, արծաթագործներ, դերձակներ, գլխարկ կարողներ, բրուտներ, ժամագործներ, դրամահատներ, որմնադիրներ և այլ «ուստա»-ներ14։ Այլ կերպ ասած, XIX դ. սկզբներին քաղաքում եղած ավելի քան 40 արտադրական և ոչ արտադրական արհեստների15 մեծագույն մասը գոյություն ուներ նաև նախորդ ժամանակներում և չնայած քաղաքի բնակչությունն ուներ ազգային խառը կազմ, բայց արհեստավորները գրեթե բացառապես հայերից էին։ Հիշատակություններից երևում է, որ Երևանի նշված շրջանի արհեստավորները միջնադարյան մյուս քաղաքների արհեստավորների նման իրենց արհեստը ժառանգել են որդիներին։ Ուշադրության արժանի է, որ որոշ խաներ հետաքրքրվել են քաղաքի արհեստագործության զարգացմամբ կամ տեղի կարիքները հոգալու համար հրավիրել նոր արհեստավորների։ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի մի ձեռագրից երևում է, որ XVIII դ. վերջին քառորդում քաղաքում կենցաղի մեջ էր մտել ժամացույցը և կարիք էր զգացվում ժամագործի։ Սակայն, քանի որ քաղաքում ժամագործ վարպետ չի եղել, ուստի սկզբում հրավիրել են Ախալցխայից։ Ժամանակավորապես Երևան եկած ախալցխացի ժամագործին աշակերտում է ոմն Գևորգ, որը ոսկերիչ Իսրայելի եղբոր որդին էր։ Որպեսզի վերջինս կատարյալ տիրապետի այդ արհեստին և կարողանա ինքնուրույն կերպով վերանորոգել ու սարքի բերել քաղաքի բնակիչների ժամացույցները՝ խանը խնդրում է Ղուկաս Կարնեցի կաթողիկոսին (1780 —1799) Գևորգին հատուկ հանձնարարական նամակով ուղարկել Կարին՝ ժամագործ վարպետների մոտ այդ արհեստում լավ մասնագիտանալու համար։ 1787 թ. Կարինի մեծամեծերին ուղղած իր նամակում կաթողիկոսը գրում է. «Մանաւանդ

__________

13 Տե՛ս Թ. Խ. Հակոբյան, Երևանի պատմությունը (1801 — 1879 թթ.), էջ 33— 89։
14 Տե՛ս Մ. Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռագիր № 4501, էջ 205 բ, նույն տեղում, ֆ. կաթողիկոսական դիվան, թղթ. 1 բ, վավ. 209, թղթ. 5, վավ. 13, Սիմեոն Երևանցի, Ջամբռ, էջ 182, 207, «Վաղարշապատեցի Յարութիւն Արարատեանի կյանքը», էջ 57, 150 և այլ տեղերում։
15 Տե՛ս Թ. Խ. Հակոբյան, Երևանի պատմությունը (1801 — 1879 թթ.), էջ 38։

[էջ 180]

սրբոյ Տանս և մեզ ևս օգուտ է, որ յերկրոջս սահաթ սարքող գտանիցի։ Քանզի մեծամեծ տաճկաց շատոցն՝ մինչև սահաթքն սախաթին, առ մեզ ձգեն և ի մէնջ զնորն խնդրեն, բայց թէ սահաթսազ գտանիցի, փոքր մի սակաւք լինելոց են խնդրակքն»16։ Իսկ այդ նամակից դժվար չէ եզրակացնել, որ ժամացույցը Երևանի կենցաղում թեև դեռ նոր էր մտել, բայց բավական տարածված էր։

Երևանում կային նաև մեծ թվով դինգեր և ջրաղացներ։ XIX դ. առաջին քառորդում քաղաքում եղած մի քանի տասնյակ ջրաղացների մեծագույն մասը գոյություն ուներ նաև մեզ հետաքրքրող նախորդ շրջանում։ Հաքստհաուզենի հիշատակության համաձայն քաղաքի մոտ հանված միայն երկու առուների վրա կային 38 ջրաղացներ17։ Երևանի այդ ժամանակների ջրաղացների մասին արժեքավոր հիշատակություններ ունի հատկապես Աբրահամ Երևանցին՝ Երևանի 1724 թվականի հերոսական պաշտպանության ականատես պատմագիրը։

Երևանում տարածված արհեստներից մեկը կավագործությունն էր։ Տեղում եղած հումքը՝ կավը և գինեգործությունը, որն այնքան մեծ դեր էր խաղում քաղաքի բնակչության զբաղմունքի մեջ, խթանում էին կավագործության զարգացումը։ Այդ արհեստով գրեթե բացառապես զբաղվում էին ոչ թե բուն քաղաքացիները, այլ նորքի բնակիչները18։ Նորքը չնայած առանձին գյուղ էր, բայց բոլոր թելերով կապված էր Երևանի հետ և իրականում կազմում էր նրա թաղերից մեկը։ Հիշատակություններից և անուղղակի տվյալներից երևում է, որ բրուտությամբ զբաղվողների թիվը հասնում էր հարյուրավոր մարդու։ Ըստ երևույթին XVII—XVIII դդ. Երևանի արհեստավորների մեջ ամենաբազմամարդը հենց Նորքի (Չոլմաքչի = «կավագործ», «բրուտ») բրուտներն էին։

Երևանի արհեստավորների արտադրած ապրանքները հիմնականում սպառվում էին տեղում։ Դրանցից այլ վայրեր ու քաղաքներ գրեթե չէին արտահանվում, եթե բացառելու լինենք գինին, օղին և մի քանի այլ ապրանքներ, որոնք ամբողջապես չէին կարող սպառվել տեղում և դրանց համար մեծ պահանջարկ կար հարևան ու հեռավոր շրջաններում։

Մեզ հասած կցկտուր տեղեկություններից երևում է, որ XVII—

__________

16 Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռ. № 4501, էջ 205 բ։ Հմմտ. Վ. Ռ. Գրիգորյան, Երևանի խանությունը 18-րդ դարի վերջում, էջ 45։
17 Барон Август фон-Гакстгаузен, Закавказкий край, ч. I, С.-Петербург, 1857, էջ 168։
18 Տե՛ս «Վաղարշապատեցի Յարութիւն Արարատեանի կեանքը», էջ 150։

[էջ 181]

XVIII դարերի Երևանում արհեստներն իրենց զարգացման աստիճանով բավական բարձր էին կանգնած։ Արհեստավորներն ընդհանուր առմամբ լավ էին տիրապետում իրենց արհեստներին և տալիս էին համեմատաբար բարձրորակ արտադրանք։ Իրերի բերումով Վաղարշապատցի Հարություն Արարատյանը ուղղակի վկայություն ունի հատկապես Նորքի կավագործների մասին։ Նա գբում է, որ Նորքում եղել են «շատ հմուտ բրուտագործներ»19։ Ամբողջ Երևանի խանությունում գինու ամենարնտիր կարասներն ու կավե այլ անոթներ տալիս էին Նորքի կավագործները։ Այդ տեսակետից նորքերի բրուտներին զիջում էին խանության մյուս բնակավայրերի՝ Յուվայի (այժմ Շահումյան ) և այլ տեղերի կավագործ վարպետները։ Նույն Հարություն Արարատյանի մի այլ վկայությունից իմանում ենք, որ Երևանում XVIII դ. վերջերին կային նաև իրենց արհեստը շատ լավ տիրապետող պղնձագործներ և արծաթագործներ։ Նա վկայում է, օրինակ, որ Կոնդում ապրող ոմն Ռևազ, որը համարվում էր Էջմիածնի հավատարմատարը, լինելով շատ լավ պղնձագործ, տիրապետում էր նաև այլ արհեստների20։ Իրենց արհեստներին լավ էին տիրապետում նաև քարտաշները, որմնադիրները, զինագործները, դրամահատները, մանածագործներն ու ջուլհակները, մաշկակարները, գդակ կարողները և այլք։ Արհեստավորների համեմատաբար բարձր վարպետության մասին է վկայում նաև ժամագործ Գևորգի վերաբերյալ վերը բերված փաստը։ Չնայած նա Ախալցխայից եկած ժամագործի մոտ բավական սովորել ու մասնագիտացել էր այդ գործում, այնուամենայնիվ, խանի խնդրանքով, Ղուկաս Կարնեցի կաթողիկոսը հանձնարարական նամակով նրան ուղարկում է Կարին (Էրզրում) ավելի կատարելագործվելու և վարպետանալու։

Հարություն Արարատյանի նշված վկայությունից երևում է, որ արհեստի ներսում աշխատանքի բաժանումը թույլ էր արտահայտված։ Նույն արհեստավորը կատարում էր աշխատանքային բոլոր պրոցեսները՝ հումքի նախնական վերամշակումից մինչև պատրաստի արտադրանք տալը ներառյալ։ Ավելին, նրա այդ հիշատակությունը գալիս է ասելու, որ միևնույն անձնավորությունը կարող էր տիրապետել և զբաղվել մի քանի արհեստներով, ինչպես նրա հիշատակած Ռևազն էր, որը լավ տիրապետում էր ոչ միայն պղնձագործությանն ու արծաթագործությանը, այլև գիտեր նաև ու-

__________

19 Տե՛ս «Վաղարշապատեցի Յարութիւն Արարատեանի կեանքը», էջ 150։
20 Жизнь Артемия Араратского..., ч. I, էջ 87:

[էջ 182]

րիչ արհեստներ21։ Չնայած դաժան պայմաններին, հայ ժողովուրդը չէր կորցրել իր հմտությունը արհեստների բնագավառում։ Այդ ժամանակներում իրենք գործին գերազանց տիրապետող բազմաթիվ հայ վարպետներ կային նաև Թիֆլիսում, Բաքվում, Շամախիում, Նուխիում, Ախալցխայում և Արևմտյան Հայաստանի տասնյակ մեծ ու փոքր քաղաքներում22։ Այնպես որ Հայկական մարզի արհեստների մասին Ի. Շոպենի այն արտահայտությունը, թե «արհեստներն այստեղ, դեռևս կիսավայրենի երկրում, ամեն քայլափոխում հիշեցնում են այն ժամանակները, երբ մարդը հենց նոր էր... թողել իր անտառներն ու քարանձավները (ընդգծումները մերն են— Թ. Հ.)»23,— պատմական իրականության խեղաթյուրում ու գռեհկացում է։ Ինչ խոսք, որ պարսկա-թուրքական երկարատև տիրապետությունը ողբալի հետևանքներ է ունեցել հայ ժողովրդի համար։ Սակայն ցարական աստիճանավորի խոսքը վերաբերում է ոչ թե դրան, այլ մի հին, քաղաքակրթված ժողովրդի ունակություններին, ժողովուրդ, որն օտարի ծանր լծի տակ երկար ժամանակ հեծել է, բայց չի կորցրել իր վարպետությունն արհեստների մեջ։ Անժխտելի է, որ պարսկական տիրապետության շրջանում որոշ արհեստներ հետադիմել են, մի քանիսը՝ դադարել գոյություն ունենալուց, իսկ որոշ արհեստներ էլ բավական ետ են մնացել ժամանակաշրջանի ընդհանուր մակարդակից, բայց և այնպես շատ արհեստներ սովորույթի անհաղթահարելի ուժով և համքարությունների առկայության պայմաններում մնում էին բարձր մակարդակի վրա24։ Ընդ որում չպետք է շփոթել գործիքների կատարելագործման աստիճանը, աշխատանքի բաժանման խորությունն ու արտադրողականության մակարդակը արհեստավորների անձնական հմտությունների հետ։ Արհեստավորական գործիքները անհամեմատ հասարակ էին, անմրցակից իշխում էր ձեռքի աշխատանքը, արհեստի ներսում աշխատանքի բաժանումը թույլ էր արտահայտված կամ իսպառ բացակայում էր, աշխատանքի արտադրողականությունը շատ ցածր էր, սակայն վարպետները բազմագործունյա էին, լավ տիրապետում էին իրենց արհեստին, և նրանց ձեռքի աշխատանքը ուներ համեմատաբար բարձր որակ25։ Անդրկովկասի արհեստների պատ-

__________

21 Жизнь Артемия Араратского..., ч. I, էջ 87։
22 Տե՛ս Թ. Խ. Հակոբյան, Երևանի պատմությունը (1801 — 1879 թթ.), էջ 54։
23 И. Шопен, Исторический памятник Армянской области..., էջ 842։
24 Տե՛ս Թ. Խ. Հակոբյան, Երևանի պատմությունը (1801 — 1879 թթ.), էջ 54:
25 Նույն տեղում, էջ 54— 55։

[էջ 183]

մության լավագույն մասնագետ Ս. Ա. Եղիազարովը փաստական հարուստ նյութերի հիման վրա ցույց է տվել, որ XIX դ. և դրան նախորդած շրջանում անդրկովկասյան քաղաքների (որոնց թվում նաև Երևանի) արհեստները գտնվում էին «զարգացման շատ թե քիչ բարձր աստիճանի վրա»26։ Նույնն են հաստատում նաև Ի. Շոպենի հաղորդած տեղեկությունները, թեպետ նա մոռանալով դրանց մասին հայտնել է վերը նշված պատմական իրականության հակառակ կարծիքը, որը հետագայում տարածվեց ու ընդունելություն գտավ ցարական պաշտոնական շրջաններում։ Մեր միտքը հաստատելու համար մեջ բերենք նույն Շոպենի մի կարևոր վկայությունը Հայկական մարզի ատաղձագործների բարձր վարպետության, աշխատանքային մեծ հմտության և նրանց արտադրած ապրանքների որակի մասին։ Ահա նրա խոսքերը. «Այստեղի բոլոր արհեստավորների մեջ առանձնապես ուշագրավ է ատաղձագործը. նրա ոտքերը վարժված են աշխատել գրեթե այնպիսի վարպետությամբ, ինչպես և ձեռքերը, և, նայելով նրան, թե ինչպես նա գետնին նստած ոտքերով պահում է՝ ձեռքերով պատրաստվող իրը, կարելի է նրան անվանել քառաձեռ մարդ։

Երևանի ատաղձագործների արվեստը ասիական մեծ պատուհաններ պատրաստելու մեջ հաղթանակում է։ Այդ պատուհանները, որոնք բաղկացած են ամենատարբեր և գեղեցիկ նախշերով հավաքված ձողիկներից, գույնզգույն ապակիներ դնելու համար ունեն մանր եզրանախշեր, որոնք կազմում են հիանալի պատկերներ, ճիշտ այնպիսիները, ինչպիսիք ներկայացնում են կալեյդոսկոպները»27։

Նույնպիսի վարպետություն ունեին նաև մյուս շատ արհեստների ներկայացուցիչներ։ Ս. Ա. Եղիազարովը գրում է, որ, օրինակ, արծաթագործները (զարգարներ) ու ոսկերիչները իրենց արհեստներով հաջողությամբ զբաղվելու համար պետք է գիտակ լինեին նրանց տեխնիկական բոլոր մանրամասնություններին, որ ոսկերիչն ու արծաթագործը կատարում էին «ոսկերչության» և «արծաթագործության» բարդ արհեստների մեջ մտնող ամենազանազանակերպ աշխատանքները սկսած իրերի ձևերի պատրաստումից մինչև թանկարժեք քարերի ընտրություն կատարելն ու

__________

26 С. А. Егиазаров, Исследование по истории учреждений в Закавказье, ч. II, Казань, 1891, էջ 82:
27 И. Шопен, Исторический памятник Армянской области, էջ 850:

[էջ 184]

հարգի (проба) որոշելը28։ Նույնպիսի բարդ արհեստ էր և զինագործությունը։ Անդրկովկասի զինագործ հայ արհեստավորը պատրաստում էր հրացանի ու ատրճանակի բոլոր մասերը և ամեն տիպի սառը զենքեր։ Ս. Եղիազարովի ասելով, տեղացի-արհեստավոր զինագործները XIX դարում իրենց արհեստն այնքան էին կատարելագործել, որ նույնիսկ «այնպիսի ոչ մեծ գավառական քաղաքում, ինչպիսին Նախիջևանն էր, զինագործները պատրաստում էին նորագույն սիստեմի զենքեր...»29։

Արհեստանոցները հիմնականում գտնվում էին շուկա-հրապարտկում, նրա շուրջը կազմելով մանր կրպակ-արհեստանոցների գոտի։ Այստեղ առանձին շարքեր կամ մասեր էին զբաղեցնում միևնույն արհեստով զբաղվողները։ Հին Երևանի գլխավոր շուկա-հրապարակի արհեստավորական աշխատանքային եռուզեռը բավական տպավորիչ է նկարագրել Միքայել Մանվելյանն իր «Երևան» վեպում30։

Նախկինում էլ մեծ ու փոքր բոլոր արհեստանոցները հիմնականում գտնվում էին շուկայի (Ղանթարի) շուրջը։ Իսկ կաշեգործական արհեստանոցներն (դաբաղխանաներ) և ջրաղացները գտնվում էին Հրազդանի և Գետառի ափերին։

Արհեստավորները, առևտրականները և քաղաքային այլ զբաղմունքների տեր մարդիկ մտնում էին առանձին համքարությունների մեջ։ Վերջնականապես հաստատված կարելի է համարել, որ մեզ մոտ՝ Հայաստանի քաղաքներում, համքարությունները ծագել են X—XI դարերում31։ Սակայն հետագայում, երկրի ելևէջներով լեցուն քաղաքական պատմության հետևանքով համքարություններն էլ անցել են անհամաչափ զարգացման ուղի։ Երբեմն երկրի այս կամ այն քաղաքում դրանք առաջադիմել, երբեմն երկրի մեծագույն մասում զգալիորեն հետադիմել են, իսկ երբեմն էլ ամբողջական համքարություններ վերացել են ասպարեզից։ Ամենայն հավանականությամբ Երևանի համքարությունների մեծ մասը առժամանակ վերացել էր Շահ-Աբաս I-ի կատարած զանգվածային բռնագաղթի ժամանակ։ Սակայն 1639 թվականի հաշտությունից հետո քաղաքի տնտեսական կյանքի որոշ կայունացմամբ նորից բավական բազմամարդ են դառնում արհեստավորնե-

__________

28 С. А. Егиазаров, Исследование по истории учреждений в Закавказье, ч. II, городские цехи, էջ 81:
29 Նույն տեղում, էջ 81— 82։
30 Միք. Մանվելյան, Երևան (հատված համանուն վեպից), Հին Երևանը («Խորհրդային գրականություն» ամսագիր, 1938, № 6—7, էջ 99)։
31 Տե՛ս Վ. Աբրահամյան, Արհեստները Հայաստանում, էջ 250։

[էջ 185]

րը, առևտրականները՝ նորից կյանքի կոչելով իրենց եղբայրություններին՝ համքարություններին։ Դժվար է որոշել, թե Երևանում հատկապես երբ են ծնունդ առել համքարությունները, որովհետև այստեղի համքարությունների վաղ ժամանակների մասին չեն պահպանվել գրավոր տեղեկություններ և դրանք չեն ունեցել իրենց գրավոր կանոնադրությունը, ինչպիսին ունեին Էրզրումի դարբինների էսնաֆությունը և Ախլցխայի մի քանի համքարություններ32։

Ս. Ա. Եղիաղարովի կարծիքով Էրզրումի դարբինների համքարությունն այդ տեսակետից բացառություն չէր կազմում։ Նա ենթադրում է, որ նույնպիսի կանոնադրություն-սահմանադրություններ ունեին նաև այլ քաղաքների ուրիշ համքարություններ33։ Սակայն այդ նույնը չի կարելի պնդել Երևանի համքարությունների համար։ Աղբյուրների մանրազնին ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Երևանի համքարությունները կառավարվում էին ոչ թե գրավոր կանոնադրության հիման վրա, այլ սովորույթով (ադաթով), որը մշակվել և սերնդից սերունդ էր հաղորդվում ավանդաբար։

Մեր հավաքած տեղեկությունների համաձայն, XIX դ. սկզբներին Երևանում կային ավելի քան 30 արհեստավորական, առևտրական և այլ կարգի համքարություններ34։ Դրանց մեծ մասը գոյություն ուներ նաև նախորդ ժամանակներում, հատկապես XVII—XVIII դարերում։ Առանձին համքարություններ էին կազմում ատաղձագործները, մաշկակարները, կաշեգործները, դարբիններ, ներկարարները, քարտաշները, ճոները, դերձակները, վարսավիրները, բազազները, ջուլհակները, թամբագործները, պղնձագործները, բախկալները, որմնադիրները և այլն35։

Համքարությունները կազմված էին ըստ զբաղմունքների, և նրանց մեջ սովորաբար մտնում էին միևնույն զբաղմունքն ունեցող անձինք։ Դրանք արհեստավորների, առևտրականների և նույնիսկ բանվորների եղբայրություններ էին, որոնք ղեկավարվում էին համքարության անդամների կողմից ընտրվող գլխավոր վարպետի (ուստաբաշու) կողմից36։ Համքարության անդամները

__________

32 С. А. Егиазаров, Исследование по истории учреждений в Закавказье, ч. II, городские цехи, էջ 381—390:
33 Նույնը, Исследование по истории Армянского права. Публичного и частичного, вып. I, Киев, 1919, էջ 25:
34 Տե՛ս Թ. Խ. Հակոբյան, Երևանի պատմությունը (1801 — 1879 թթ.), էջ 82։
35 Նույն տեղում։
36 Ю. Ф. Ахвердов, Тифлисские амкары, Тифлис, 1883, էջ 1:

[էջ 186]

կաշկանդված չէին միշտ միևնույն համքարության մեջ մնալու պարտավորությամբ։ Նրանք ազատ կերպով կարող էին թողնել իրենց հին զբաղմունքը և ընտրել նոր զբաղմունք՝ մտնելով այդ նոր մասնագիտությանը համապատասխան համքարության մեջ37։ Մենաշնորհի ենթարկելը խորթ էր համքարությունների համար։ Համքարությունները արհեստավորների և առևտրականների համար ծառայել են միջոց մրցակցության դեմ պայքարելու։ Այդ նպատակով նրանք կիրառում էին մի քանի կանոններ՝ նյութի հավասարաչափ բաշխումը համքարության անդամների միջև, առանց ուստաբաշու գիտության ու համաձայնության մասնավոր գործարքների խստիվ արգելումը, արտադրության որակի կանոնավորումը, մրցակցության դատապարտումը և այլն38։

Համքարություններում օրվա աշխատանքի որոշակի ժամանակամիջոց չէր սահմանված։ Աշխատանքը սովորաբար սկսում էին արևածագին և դադարեցնում մայրամուտին։

Երևանի համքարություններն՝ ըստ իրենց արհեստի և զբաղմունքի, շուկաներում և «չարսուներում» ունեին իրենց խանութաշարքերը։ Բացառություն էին կազմում միայն կապույտ ներկողները, կաշեգործները և կարմիր ներկողները։ Դրանցից առաջին երկուսի արհեստանոցները՝ բոյախանաներն ու դաբախանաները, շատ ջուր պահանջելու պատճառով, կենտրոնացել էին Զանգվի ափին, իսկ շիլաչիների ներկատները գտնվում էին քաղաքի Շիլաչի մահլայում39։

Միջնադարյան Եվրոպայի ցեխերի նման՝ համքարություններն էլ ենթարկվում էին քաղաքային իշխանություններին, իսկ ներքին կյանքում նրանք ունեին նշանակալի ինքնուրույնություն40։ Համքարություններն օգնում էին իրենց հիվանդ, անդամալույծ, աշխատանքի համար անընդունակ դարձած ընկերներին, համքարի մահվան դեպքում իրենց ուժերի ներածին չափով նյութապես ապահովում էին նրա ընտանիքը՝ այն փրկելով սովից ու մուրացկանությունից։ Նրանք օգնում և հոգ էին տանում քաղաքի բարեկարգման ու պաշտպանության մասին41։ Նշված բարեգործությունները կատարելու և զանազան կարգի օգնություն ցույց տալու հա-

__________

37 П. Шаншиев, Два слова об амкаре, Тифлис, 1857, էջ 31:
38 Ю. Ф. Ахвердов, Тифлисские амкары, էջ 1—8, П. Шаншиев, Два слова об амкаре. էջ 31:
39 Տե´ս Երվանդ Շահազիզ, Հին Երևանը, էջ 81։
40 С. А. Егиазаров, Исследование по истории учреждений в Закавказье ч. II, էջ 11:
41 Ю. Ф. Ахвердов, Тифлисские амкары, էջ 8—10:

[էջ 187]

մար համքարություններն ունեին իրենց դրամական միջոցները, որոնք ստեղծվում էին վարպետներից վերցվող անդամավճարներից, տուգանքներից և այլ աղբյուրներից։

Համքարությունների ներքին ու արտաքին ամբողջ կյանքը գլխավորում էին համքարական օրգանները։ Համքարական ղեկավար կազմը բաղկացած էր ուստաբաշուց (գլխավոր վարպետի նրա մեկ կամ երկու օգնականից, որը կոչվում էր աղսախկալ, գանձապահից (խազնադար) և սուրհանդակից (իգիթբաշի )42, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր որոշակի իրավունքներն ու պարտականությունները։

Համքարության գերագույն օրգանը համարվում էր ընդհանուր ժողովը, որին մասնակցում էին և այնտեղ ձայն ունեին բոլոր լիիրավ անդամները։ Ընդհանուր ժողովի պարտականությունների մեջ էին մտնում համքարության պաշտոնյաների հաշվետվությունները լսելը, նրանց ընտրությունները, համքարության մեջ ընդունվելու կամ դրանից հեռացնելու հարցերը, հարկերի ու տուրքերի բաշխումն ըստ անդամների, վարպետացուների ստուգողական աշխատանքների վերջնական քննարկումն ու գնահատումը, համքարական պաշտամունքի հետ կապված զանազան խնդիրներ և այլն43։

Երևանում տարբեր համքարություններ ընդհանուր ժողովի են հավաքվել տարբեր տեղերում։ Կաշեգործներն իրենց ժողովներն անց էին կացնում Զանգվի ափին՝ տարվա տաք ու արևոտ եղանակներին44, մյուս համքարությունների ժողովատեղիներն էին գերեզմանոցները, եկեղեցիների բակերը և այլն։

Յուրաքանչյուր համքարություն ուներ իր դատարանը («դատաստան»), որի կազմի մեջ մտնում էին գլխավոր վարպետն ու նրա օգնականները (աղսախկալները)։ Համքարական դատարանի իրավասությանը ենթակա գործերը բազմազան էին։ Դրանցից էին՝ վարպետների և նրանց վարպետացուների ու աշակերտների միջև ծագած վեճերը, համքարության վարպետների միջև եղած գործերն ու հարաբերությունները, ընտանեկան վեճերը, համքարության անգամների դեմ կողմնակի անձանց հարուցած գործերը և

__________

42 Տե՛ս «Մշակ», 1889 թ. №№ 134 և 136, 1890 թ., № 108, 1891 թ., №№ 6 և 65 — 68։
43 Տե՛ս Երվանդ Շահազիզ, Հին Երևանը, էջ 81։
44 Гакстгаузен, Закавказский край, ч. I, СПб, 1857, էջ 106—107, Ю. Ф. Ахвердов, Тифлисские амкары, էջ 15, 20—22, 29—30։

[էջ 188]

այլն45։ Համքարական կարգը ժամանակի ընթացքում ստեղծել էր տարբեր բնույթի ու չափի պատիժների մի ամբողջական սիստեմ, որը բխում էր համքարության տնտեսական ու իրավական շահերից և սերնդե-սերունդ անցնում էր բանավոր կարգով, ժամանակի ընթացքում ենթարկվելով որոշ փոփոխությունների։ Պատիժների մեջ էին մտնում դրամական և բնամթերային տուգանքները, հանցավորի արհեստանոցի ժամանակավորապես փակելը, արհեստի գործիքները խլելը, բանադրանքը, համքարությունից վտարելը և այլն46։

Համքարություն ընդունվելու հիմնական նախապայմանն արհեստին տիրապետելն էր։ Վարպետացուի՝ արհեստին տիրապետելու և ինքնուրույն գործունեության համար պիտանի լինելու առաշին վկայությունը տալիս է նրան սովորեցնող վարպետը՝ երդման միջոցով, ցույց տալով վարպետացուի կատարած ինքնուրույն աշխատանքի նմուշը։ Վարպետացուի ստուգողական աշխատանքի քննարկման և գնահատման վերջին աստիճանը համքարության ընդհանուր ժողովն էր, որտեղ գնահատման հետ միասին վճռվում էր վարպետացուին համքարության մեջ իբրև ինքնուրույն վարպետ ընդունվելու կամ չընդունվելու հարցրը47։ Համքարություն ընդունվելու համար բավարար չափով գիտելիքների ու գործիմացության պահանջն Անդրկովկասի քաղաքներում, այդ թվում և Երևանում, ելնում էր համքարության տնտեսական շահերից և նպաստում էր արհեստների կատարելագործմանը, նրանց պատշաճ բարձրության վրա պահելուն։ Իսկ այդ հանգամանքը գալիս է ասելու, որ XIX դ. սկզբներին և դրանից առաջ Երևանում արհեստներն այնպիսի հասարակ վիճակում չէին, ինչպես Ի. Շոպենը փորձում է ներկայացնել։ Համքարություն ընդունվելու համար որևէ նշանակություն չունեին տնտեսական դրությունը, գույքային ցենզը, ազգային պատկանելությունը, նստակյացությունը և այլն։

Համքարության կազմը միատարր չէր։ Նա իր մեջ ընդգրկում էր տարբեր աստիճանի վրա գտնվող և տարբեր իրավական վիճակ ունեցող մարդկանց։ Լայն առումով համքարության կազմի մեջ մտնում էին ոչ միայն ինքնուրույն վարպետներն ու առևտրական-

__________

45 Л. Загурский, Поездка в Ахалцихский уезд, էջ 25—27, Ю. Ф. Ахвердов, Тифлисские амкары, էջ 12—21 և այլն։
46 Ю. Ф. Ахвердов, Тифлисские амкары, էջ 38—44, «Մշակ», 1890, № 108, 1891 №№ 6 և 65—68:
47 Л. Загурский, Поездка в Ахалцихский уезд, էջ 25—27, Ю. Ф. Ахвердов, Тифлисские амкары, էջ 12—21 և այլն։

[էջ 189]

ները, այլև նրանց աշակերտները, վարպետացուները, գործակատարները, վարպետների ու առևտրականների ընտանիքների անդամները։ Սակայն ավելի նեղ առումով համքարությունը կազմված էր միայն ինքնուրույն վարպետներից և առևտրականներից, որոնք և համարվում էին համքարության լիիրավ անդամներ48։ Համքարության ընդգրկած կամ որևէ չափով նրան հարող ամբողջ անձնակազմը տնտեսական և իրավական առումով բաժանվում էր իրարից խիստ կերպով տարբերվող երկու խմբի՝ ինքնուրույն վարպետների և աշակերտների, աշխատողների ու վարպետացուների։ Ինքնուրույն վարպետներն ու առևտրականներն ունեին իրենց արհեստանոցներն ու կրպակները, համարվում էին համքարության լիիրավ անդամներ և մասնակցում էին համքարության բոլոր գործերին։ Աշակերտները, աշխատողներն ու վարպետացուները համքարության գործերում իրավազուրկ էին և ամբողջապես ենթարկվում էին վարպետների ու առևտրականների իշխանությանը։ Նշվածներից բացի, համքարության աշխատանքներին (հատկապես մանածագործության և ջուլհակության գծով) մասնակցում էին նաև կանայք, որոնք, սակայն, համքարության ներքին գործերին ոչ մի մասնակցություն չունեին49։

Հսկայական էր համքարությունների դերը արտադրության և արտադրանքի վաճառահանման գործում։ Ինչպես մյուս բնագավառներում, այնպես էլ արտադրության կազմակերպման մեջ համքարությունը հանդես էր գալիս իբրև միասնական մի կազմակերպություն։ Համքարության համերաշխությունը հետևանք էր նրա տնտեսական, վարչա-ֆինանսական-հարկային, հասարակական շահերի միասնության50։

Համքարություններն իրենց անդամների անխափան աշխատանքն ու դրանից կախված ապրուստն ապահովելու համար միջամտում և կանոնավորում էին նույն համքարության անդամների, տարբեր համքարությունների ու նրանց անդամների և համքարության անդամների ու մեծածախ առևտրականների միջև եղած տնտեսական հարաբերություններն ու առևտրական գործարքները։ Այնպես որ, համքարությունների մեջ խիստ կերպով զարգացած էին համագործակցությունը, շահերի փոխադարձ պաշտպանու-

__________

48 С. А. Егиазаров, Исследование по истории учреждений в Закавказье, ч. II, էջ 72։
49 Նույն տեղում, էջ 183։
50 Տե´ս Ю. Ф. Ахвердов, Тифлисские амкары, էջ 9, С. А. Егиазаров, Исследование по истории учреждений в Закавказье, ч. II, էջ 238—239:

[էջ 190]

թյունը և միասնական պայքարը համքարության ու նրա առանձին անդամների նկատմամբ կատարվող հարձակումների և անարդարությունների դեմ։ Այդ պայքարում հանդես էին գալիս ոչ թե համքարության անդամներն առանձին-առանձին, յուրաքանչյուրը միայն իր անձնական շահի համար, այլ համքարությունն ամբռղջությամբ վերցրած՝ հանուն և´ յուրաքանչյուր անդամի, և՛ ամբողջ համքարության շահերի։ Սակայն, ինչպես նշում է համքարության պատմության մեծ գիտակ Ս. Ա. Եղիազարովը, միշտ չէ, որ ներքին պայքարը խորթ էր համքարությունների համար։ Համքարությունների ներքին պայքարը տեղի էր ունենում շուկայական գների առնչությամբ. դրանով նրանք չէին հետապնդում ինչ-որ մենաշնորհ դիրք ձեռք բերելու, այլ նպատակ ունեին կանոնավորելու շուկայական գները։ Այդպիսի պայքար տեղի էր ունենում գլխավոր վարպետների և շուկայի պետի միջև51։

Իրենք նշանակությամբ և ազդեցությամբ բոլոր համքարությունները հավասար մակարդակի վրա չէին։ Վաճառականական համքարություններն առհասարակ ունեին ավելի մեծ ազդեցություն։ Պարսկաստանի տիրապետության տակ գտնվող Անդրկովկասի քաղաքներում բարձրաստիճան վաճառականությունը՝ սովդաքյարները, որոնք գրեթե բացառապես զբաղված էին արտաքին առետրով, հավասարեցված էին ազնվականոլթյանը և, բացի դրանից, ազատված էին ամեն տեսակի հարկերից, տուրքերից և հարկադրական աշխատանքներից52։

Երևանում ամենաազդեցիկը բազազների համքարությունն էր, որն այդպիսին մնաց նաև հետագայում՝ մանավանդ XIX դ. 60— 70-ական թվականներին53։ Հիշատակություններից պարզ երևում է, որ բազազները հիմնականում զբաղվում էին մեծածախ արտաքին առևտրով և նրանց հսկողությանն էր ենթակա մաքսային գործր։ XVI—XVIII դարերին վերաբերող մեր ձեռքի տակ եղած տվյալները ցույց են տալիս, որ բազազները, որպես մի համքարության անդամներ, Երևանի տնտեսական կյանքում սկսել են կարևոր դեր խաղալ ոչ թե XIX դ. 60-ական թվականներից, ինչպես մենք ենթադրել էինք սույն աշխատության 1801 —1879 թվականներն ընդգրկող գրքում54, այլ XVII—XVIII դարերից։

__________

51 С. А. Егиазаров, Исследование по истории учреждений в Закавказье, ч. II, городские цехи, էջ 244—246։
52 Նույն տեղում, էջ 8 — 9։
53 «Кавказский календарь на 1874 г.», отд. III, էջ 172։
54 Տե՛ս Թ. Խ. Հակոբյան, Երևանի պատմությունը (1801 — 1879 թթ.), էջ 83— 84։

[էջ 191]

Իրենց տնտեսական վիճակով, քաղաքի ներքին կյանքում խաղացած դերով և տնտեսության մեջ գրաված տեղով զգալի տարբերություններ կային նաև արհեստավորական համքարությունների միջև։ Տնտեսական ապահովվածությամբ ավելի բարձր էին կանգնած արծաթագործների, կաշեգործների և մի քանի այլ համքարություններ55։

Սակայն ոչ բոլոր արհեստավորներն էին ընդգրկված համքարություններում։ Բավական մեծ թվով վարպետներ ու առևտրականներ համքարություններից դուրս էին և գործում էին առանձին-առանձին56։ Սրանց և համքարությունների միջև ընդհուպ մինչև XIX դարի 40-ական թվականները մրցակցության և պայքարի տենդենց քիչ էր նկատվում, իսկ Երևանում այդ դրությունը շարունակվել է մինչև նույն դարի 60-ական թվականները։ Այդ բացատրվում է նրանով, որ ազատ արհեստավորներն ու առևտրականները վճարում էին նույնքան հարկ ու տուրք, որքան համքարությունների մեջ ընդգրկվածները, կատարում էին նույն հարկադրական աշխատանքները, ինչ որ վերջիններս էին կատարում։ Սակայն այդ նրանց միջև պայքարի թույլ լինելու միակ պատճառը չէր։ Երևանում (ինչպես և Անդրկովկասի մյուս քաղաքներում) արհեստավորների և առևտրականների համար արհեստն ու առևտուրը միակ զբաղմունքները չէին, դրանք տակավին չէին կլանել մյուս զբաղմունքները՝ այգեգործությունը, բանջարաբուծությունը և, նույնիսկ, հացահատիկների մշակությունն ու անասնապահությունը։ Արհեստավորի և առևտրականի ապրուստն ամբողջովին չէր կախված քաղաքային զբաղմունքից, այլ այն մեծ չափով դեռ կախված էր գյուղական բնույթի նշված զբաղմունքներից։ «Մաքուր արդյունաբերական գործունեությունը համքարություններին վտանգ չէր սպառնում», համքարություններն իրենց նյութական գոյության համար ազատ աշխատանքի ներկայացուցիչներին չհանդուրժելու, նրանց դեմ պայքարելու կարիք քիչ ունեին57, երկու այդ հատվածների, եթե այդ-

__________

55 С. А. Егиазаров, Исследование по истории учреждений в Закавказье, ч. II, городские цехи, էջ 9:
56 Տե´ս «Сборник статистических данных и Закавказье, т. I, отд. III, էջ 30—60:
57 С. А. Егиазаров, Исследование по истории учреждений в Закавказье, ч. II, город. цехи, էջ 19—20 և 23:

[էջ 192]

պես կարելի է ասել, միջև եղած մրցակցությունը համքարությունների համար ճակատագրական վախճան չէր կարող ունենալ58։

XVI—XVIII դարերի Երևանի քաղաքային արտադրությունը չէր սահմանափակվում միայն մի քանի տասնյակի հասնող արհեստներով։ Այստեղ գոյություն ունեին նաև տնայնագործական տիպի այնպիսի ձեռնարկություններ, որոնք որոշ չափով տարբերվում էին հասարակ արհեստանոցներից։ Տնայնագործական տիպի այդ ձեռնարկություններից էին՝ կաշեգործական արհեստանոցները, ներկատները և այլն։ Դրանք ամբողջապես ձեռքի աշխատանքի վրա խարսխված հասարակ ձեռնարկություններ էին, որոնք գոյություն ունեին նախորդ ժամանակներից և առանց էական փոփոխության շարունակեցին իրենց գոյությունը նաև XIX դարում։

XVII—XVIII դարերում պարսկական տիրապետության տակ գտնվող քաղաքների արհեստավորներն ու առևտրականները ենթակա էին ծանր հարկադրման։ Եսայի Հասան-Ջալալյանի հիշատակության համաձայն գյուղացիներին համահավասար հարկադրվում էին նաև առևտրականներն ու արհեստավորները։ Հարկերը նշանակելու նպատակով ամեն տարի կատարում էին աշխարհագիրներ՝ գլխահարկը որոշելու համար։ Բացի դրանից, պարսից իշխանությունների կողմից սահմանվում էին նաև երեք կարգի հարկեր, որոնք կոչվում էին ապիքուրան, շահզադի ախրաջաթ և շեշտինար59։

Պարսից տիրապետության շրջանում արհեստավորներից ու առևտրականներից վերցվող ուղղակի և անուղղակի հարկերի ու տուրքերի բավական լրիվ ցուցակը, սակայն, հաղորդում է Ի. Շոպենը, որն օգտվել է վերջին խանի արխիվից, և որի հաղորդած տեղեկությունները համեմատաբար վստահելի են։ Օգտվելով նրա հաղորդած տեղեկություններից, Երևանի հարկատու բնակիչներից վերցվող ուղղակի և անուղղակի հարկերի համար կարելի է ներկայացնել հետևյալ աղյուսակը։

__________

58 Համքարությունների մասին մանրամասն տե՛ս Թ. Խ. Հակոբյան, Երևանի պատմությունը (1801 — 1879 թթ.), էջ 55 — 84, Երևանի պատմությունը (1879 — 1917 թթ.), Երևան, 1963, էջ 91—94։
59 Եսայի կաթողիկոս Հասան–Ջալալյան, Պատմութիւն համառոտ Աղուանից երկրի, Երուսաղեմ, 1868, էջ 15 —16։

[էջ 193]

Պարսկական տիրապետության վերջին շրջանում Երևանի բնակիչներից վերցվող ուղղակի և անուղղակի հարկերը60։

Ուղղակի և անուղղակի հարկերի տեսակներն ու եկամտի այլ աղբյուրները
Արտահայտված պարսկական դրամական միավորներով
Արտահայտված ռուսական դրամական միավորներով
թուման
մինալթուն
ռուբլի
կոպեկ
1
2
3
4
5

Ուղղակի հարկերը
       
ա) Քաղաքի բնակչությունից վերցվող ընդհանուր հարկը
1724
5
6898
բ) Պարտադիր նվերներ (փեշքեշներ)
100
400
գ) Միրաբի վարձ
145
580
դ) Ջուվարների վարձ
330
1320
ե) Քաղաքի պահապանների վարձ
72
288

Ընդամենը ուղղակի հարկեր

2371
5
9486
 
Անուղղակի հարկերն ու եկամտի այլ և այլ աղբյուրները
ա) Մաքս
2500
10000
բ) Պետական կրպակներից ու խանութներից
1300
5200
գ) Քաղաքի հրապարակներից
195
780
դ) Ներկատներից
300
1200
ե) Օճառագործությունից և քաղաքի մեծ ու փոքր սպանդանոցներից
1208
5
4834
զ) Պետական այգիներից
835
3340
է) Պետական ջրաղացներից
540
2160
ը) Մեծ ու փոքր կշեռքներից
715
2860
թ) Քարվանատներից
700
2800
ժ) Բաղնիքներից
390
1560
ժա) Շուկա-հրապարակներից
348
1392
ժբ) Դրամահատությունից
300
1200
ժգ) Ակցիզ՝ գինու ու օղու վաճառքից
80
320
ժդ) Ակցիզ՝ ծխախոտի վաճառքից
72
288
ժե) Կաշիները դրոշմանշելուց
50
200
ժզ) Սավզի-երիի կապալից
20
80
ժէ) ոստիկանապետի համար վերցվող գումարներ
819
3276

Ընդամենը անուղղակի հարկեր

10363
5
41490
         

Ուղղակի և անուղղակի հարկերը միասին վերցրած ընդամենը կազմում էին

12734
10
50976

__________

60 Աղյուսակի տվյալները վերցված են Ի. Շոպենի “Исторический памятник Армянской области” գրքից էջ (1054 —1058):

[էջ 194]

Ինչպես տեսնում ենք, հարկատու քաղաքացիներից՝ արհեստավորներից, առևտրականներից և հողագործներից գանձվող հար֊ կերն ու տուրքերը երկար ցուցակ կին կազմում։ Հիմնականում դրանք էին այն եկամուտները, որ սարդարն ստանում էր Երևանի բնակիչներից՝ ուղղակի և անուղղակի դրամական հարկերի ու տուրքերի ձևով։ Սակայն այդ թվերը նույնիսկ մոտավոր չափով չեն կարող արտահայտել այն ծանր հարկերն ու տուրքերը, որոնք ընկած էին քաղաքային բնակիչների վրա։ Համապատասխան աղբյուրների բացակայության պատճառով նրանց մեջ չեն մտել. ա) շուկաների, ջրաղացների, այգիների և այլ կարգի դրամական աղբյուրների կապալագնից ավելի բարձր գանձվող այն միջոցները, որոնք մնում էին մենավարձողներին, իսկ այդ միջոցները հավանաբար կապալավարձից պակաս չէին, բ) ոստիկանապետի և պետական այլ պաշտոնյաների կողմից չարաշահման ճանապարհով բնակչությունից խլվող դրամական միջոցներն ու անօրինական փեշքեշները, գ) սարդարի, նրա ընտանիքի, հարեմի և պալատի կողմից օգտագործելու համար մենավարձով տրված պետական այգիներից ու բանջարանոցներից վերցվող մրգեղենն ու բանջարեղենը, որոնք հասնում էին մեծ չափերի, դ) կաշառքները, սարդարին տարեկան տրվող 60 գլուխ շաքարը, ե) խանական բարձրաստիճան մյուս ծառայողների, ինչպես և բարձրադիր ազնվականների կողմից անօրինական ճանապարհներով խլվող միջոցները, զ) եկեղեցիներին ու մզկիթներին տրվող հարկերն ու պարտադիր աշխատանքները, որոնց մասին խոսք կլինի իր տեղում։ Սակայն նշված հանրագումարային թվերի մեջ մտել են և այնպիսի գումարներ, որոնք բռնագանձվում էին ոչ միայն Երևանի բնակիչներից, այլև խանության մահալներից և հարևան շրջաններից ու երկրներից եկող վաճառականներից։ Այսպես, օրինակ՝ Երևանում ստացված մաքսը միայն Երևանի վաճառականներից չէր վերցվում, դրա մի մասը տալիս էին այլ տեղերից եկող ու գնացող վաճառականները։ Նույնպիսի բնույթ ունեին նաև մյուս անուղղակի հարկերը, որոնց մի մասը նույնպես ստացվում էր ոչ քաղաքաբնակներից61։

Բացառություն էին կազմում միայն ուղղակի հարկերը։ Սրանք ամբողջապես գանձվում էին քաղաքի հարկատու բնակչությունից։ Մեր ձեռքի տակ եղած տվյալները, սակայն, ցույց են տալիս, որ հաշվարկի մեջ մտած գումարներն անհամեմատ ավելի մեծ թիվ են կազմում, քան այն գումարները, որոնք ստացվում էին ոչ երե-

__________

61 Տե՛ս Թ. Խ. Հակոբյան, Երևանի պատմությունը (1801 — 1879 թթ.), էջ 206։

[էջ 195]

վանաբնակ բնակիչներից, որոնք սակայն հաշվված են սրա անուղղակի հարկերի մեջ։ Եթե նույնիսկ այդ երկու կարգի գումարները համարենք իրար հավասար և ընդունենք, որ Երևանի բնակչությունից զանազան եղանակներով բռնագանձվող հարկերի գումարը ( առանց հարկադիր աշխատանքների ու եկեղեցուն և մզկիթներին տրվող հարկերի) հավասար էր միայն 12734 թումանի (50976 ռուբլի), ապա խիստ մոտավոր ու կոպիտ հաշիվներով ստացվում է, որ Երևանի յուրաքանչյուր հարկատու մարդուց, սևագործ բանվորի աշխատավարձով հաշված, պետությունը տարեկան վերցնում էր 3 — 4 ամսվա աշխատավարձ, իսկ դա գալիս է ասելու, որ քաղաքային բնակչության հարկերի ծանրությունը գյուղական բնակչության հարկերից շատ չնչին տարբերություն ուներ։ Ս. Ա. Եղիազարովը գրում է, թե քանի որ այդ ժամանակ Պարսկաստանում և Անդրկովկասում քաղաքի ու գյուղի միջև գոյություն չուներ խիստ տարբերություն, ապա քաղաքային բնակչությունը էապես կրում էր այնպիսի հարկեր ու պարհակներ, ինչպիսիք գյուղականը։ Տարբերությունը, եթե այդպիսին էլ գոյություն ուներ, վերաբերում էր տուրքադրման օբյեկտներին. հարկային ծանրության տեսակետից այն սկզբունքային տարբերություն չուներ62։

Եվ իրոք, չնայած Երևանի բնակչությունն ազատված էր բնատուրքային հարկերից, սակայն դրամական տուրքերն այնքան մեծ էին, որ քաղաքացու տուրքերն ընդհանուր առմամբ շատ քիչ էին տարբերվում գյուղական բնակչությունից գանձվող հարկերից ու տուրքերից։ Այդ շատ պարզորեն երևում է հետևյալ թվերից։ Այսպես, եթե ամբողջ Երևանի խանությունից գանձվող պետական դրամական ուղղակի և անուղղակի հարկերը կազմում էին 39.709 թուման63 2 մինալթուն 12 1/2 շահի (ռուսական դրամով 158.837 ռուբլի)64, ապա դրանից միայն Երևանին բաժին էր ընկնում 12.734 թուման (ռուսական դրամով՝ 49.656 ռուբլի65, չհաշված քաղաքի 11 ջուվարներին իբրև վարձատրություն տրվող 330 թումանը։ Այդ այն դեպքում, երբ ամբողջ Երևանի խանության հարկատու

__________

62 С. А. Егиазаров, Исследование по истории учреждений в Закавказье, ч. II, городские цехи, էջ 247։
63 Ներսես Աշտարակեցու տվյալներով Երևանի սարդարի գանձած դրամական և բնամթերային բոլոր տուրքերը միասին, արտահայտված Երևանի թումանով, կազմում էին 114633 թուման (ռուսական արծաթ դրամով՝ 458.532 ռ.) (տե՛ս ՀՍՍՀ ՊԿՊԱ, ֆ. 133, գ. 1, թ. 80), իսկ ըստ Շոպենի տվյալների՝ 653150 ռուբլի ("Исторический памятник Армянской области", էջ 1135—1136)։
64 И. Шопен, Исторический памятник Армянской области, էջ 986։
65 Նույն տեղում, էջ 477, 1135 — 1136։

[էջ 196]

բնակիչների թիվը XIX դ. առաջին քառորդում հասնում էր մոտավորապես 80.000-ի, իսկ Երևան քաղաքի հարկատու բնակչության թիվը մոտավորապես 10.000 մարդ էր։ Այլ կերպ ասած, Երևանի հարկատու բնակչությունը կազմում էր ամբողջ խանության հարկատու բնակչության մոտ 1/8 մասը, սակայն տալիս էր պետական դրամական հարկերի ու տուրքերի ավելի քան 31,3 տոկոսը66։ Այսպիսով, եթե Երևանի բնակչությունն ազատված էր բնամթերային տուրքերից, ապա այդ ամենևին էլ չէր նշանակում, թե նրանցից գանձվող պետական հարկերը ավելի քիչ էին, քան գյուղական բնակչությունից գանձվող հարկերը։ Երևանի բնակչությունից գանձվող դրամական հարկերն ու տուրքերը այնքան շատ էին, որ դրանք հարաբերականորեն, վերջին հաշվով, գրեթե հավասարվում էին բնակիչներից գանձվող դրամական ու բնամթերային հարկերին ու տուրքերին։

Պետական տուրքերի մեջ նշանակալի տեղ էին գրավում աշխատավճարայինը, այսինքն՝ պարտադիր պարհակները։ Երևան քաղաքի հարկատու բնակիչների վրա շատ ծանր էին նստում պարհակները, մանավանդ այն պատճառով, որ դրանք կատարվում էին այգեգործական ու գյուղատնտեսական այլ աշխատանքների եռուն պահերին։ Երևանի բնակչությունը քաղաքի շրջակայքի գյուղերի բնակչության հետ միասին, հավանաբար հարկադիր աշխատանքներ էր կատարում սարդարի համար։ Նրանք մշակում էին սարդարի այգիները, անց էին կացնում ոռոգման առուներ, կառուցում ամբարտակներ, կամուրջներ և այլն67։ Ի. Շոպենի վկայության համաձայն, սարդարապատկան միայն Սավզի-երիի բանջարանոցը մշակելու համար քաղաքը պարտավոր էր տարեկան տալ մինչև 400 մարդ68, իսկ պետական այգիների մշակումը պահանջում էր ավելի մեծ թվով բանվորական ձեռքեր, որոնց մի զգալի մասը հարկադիր եղանակով տալիս էր քաղաքային բնակչությունը69։

Հարկադրման և պարհակների ենթակա էին քաղաքի ռանչ-

__________

66 Թ. Խ. Հակոբյան, Երևանի պատմությունը (1801 — 1879 թթ.), էջ 208։
67 Նույն տեղում։
68 И. Шопен, Исторический памятник Арм. области, էջ 984։
69 Ըստ Ջեմս Մորիերի հիշատակության Երևանի խանության ամբողջ բնակչությունը XIX դ. երկրորդ տասնամյակում հասնում էր 100 հազար մարդու (տե´ս Հովհ. Հակոբյան, Ուղեգրություններ, հ. Զ, էջ 324), իսկ ըստ 1829 — 32 թթ. կամերալ ցուցակագրման՝ 17 հազար ընտանիքի (տե՛ս И. Шопен, Ист. пам. Арм. области, էջ 542) կամ մոտ 85 հազար մարդու, յուրաքանչյուր ընտանիքը միջին թվով հաշվելով 5 անձից բաղկացած։

[էջ 197]

պարները, այգետերերը, առևտրականները և արհեստավորները։ Հարկերից և պարհակներից ազատ էին միայն թարխաններն ու ոչ մեծ թվով հարուստ վաճառականները՝ սովդաքյարները70։

Հարկերի նշանակումն ու գանձումը Երևանում ուներ այնպիսի կարգ, ինչպիսին գոյություն ուներ ամբողջ Պարսկաստանում։ Արևելյան պետություններում, դրանց թվում և Պարսկաստանում, և՛ գյուղական, և՛ քաղաքային բնակչության հարկերն ու տուրքերը իրենց մեջ համեմատաբար ճիշտ բաշխելու և դրանով իսկ այն որոշ չափով տանելի դարձնելու նպատակով՝ համայնքների ներսում խմբավորվել էին ավելի փոքր միավորներ, որոնք ձգտում էին նույնպես թեթևացնել ու տանելի դարձնել հարկերն ու տուրքերը։ Քաղաքում համեմատաբար մեծ համայնքների ներսում այդպիսի փոքր խմբավորումներ կազմվելու հիմքը արհեստը կամ այլ կարգի զբաղմունքն էր։ Քաղաքներում, որոնց թվում և Երևանում, արհեստավորների ու առևտրականների այդպիսի մանր խմբավորումները, որոնք կոչվում էին համքարություններ և գոյություն ունեին վաղուց, ծառայում էին իբրև հարկային միավորներ։ Պարսկական պետությունը, որոշակի գումարի հարկ նշանակելով քաղաքի մեծ համայնքներին, դրանց ավագներից (մելիքներից, բեկերից) էլ գումարով պահանջում էր այն, առանց խառնվելու համայնքի ներսում հարկերի ու տուրքերի բաշխման ու հավաքման գործին71։ Երևանի սարդարները պետական հարկերը նշանակում էին ըստ քաղաքի չորս համայնքների, որոնցից երկուսը կազմում էին մահմեդականները, իսկ երկուսը՝ հայերը72, չհաշված Կոնդի հայ բոշաներին, որոնք հարկային առումով, ըստ երևույթին, ենթարկվում էին հայկական այդ երկու համայնքներից որևէ մեկի մելիքին։ Մելիքներն ու բեկերը իրենց տնօրինության ներքո գտնվող համայնքների հարկերը համքարությունների գլխավոր վարպետների մասնակցությամբ բաշխում էին ըստ համքարությունների։ Իսկ վերջինիս ներսում համքարության վրա դրված հարկը նրա անդամների վրա բաշխելու համար գլխավոր վարպետի ղեկավարությամբ գումարվում էր համքարության ընդհանուր ժողով։ Ընդհանուր ժողովն ամբողջ հարկը բաշխում էր ըստ համքարության անդամների, որոնք տարեկան երկու նվագով իրենց

__________

70 С. А. Егиазаров, Исследование по истории учрежд. в Закавказье, ч. II, город. цехи, էջ 251—252։
71 И. Шопен, Ист. пам. Арм. области, էջ 268, С. А. Егиазаров, Исследование по истории учрежд. в Закавказье, ч. II, էջ 238։
72 Երվանդ Շահազիզ, Հին Երևանը, էջ 60։

[էջ 198]

հարկերը տալիս էին համքարության գլխավոր վարպետին, սա էլ ամբողջը գումարելով, հանձնում էր մելիքին կամ բեկին, վերջինս էլ` այդ եղանակով ամբողջ համայնքի հարկը հավաքելուց հետո հանձնում էր պետական գանձարանին։ Բացառված չէին նաև այն դեպքերը, երբ խանական պաշտոնյաները հարկերի ու տուրքերի գծով անմիջական գործ ունեին ոչ թե մելիքի կամ բեկի հետ, այլ համքարական ընկերությունների ղեկավարների։ Երկու դեպքում էլ կարգն ըստ էության նույնն էր. սարդարը և նրա պաշտոնյաները, առանց «նեղության ու գլխացավանքի», արտադրական կամ առևտրական այդ մանը խմբերի ղեկավարների միջոցով, առանց գումարներ ծախսելու և հատուկ պաշտոնյաներ պահելու, բռնագանձում էին պետական հարկերը։ Իբրև հարկային միավոր հանդես էր գալիս համքարությունը, որը «կանգնած էր պետության ու անձի միջև..., համքարական վարպետը ճանաչում էր իր համքարության գլխավորին, վաճառականը՝ վաճառականության գլխավորին և այլն»73։ Հարկերի թեթևացման, կարգի փոփոխման, պարհակների և այլ հարցերով կառավարությանը դիմում էին ոչ թե անհատ հարկատուները, այլ համքարությունները74։

Դրամական հարկերի նշանակման և գանձման նման պարհակները նույնպես բաշխվում էին ըստ համայնքների և համքարությունների։ Յուրաքանչյուր անհատի կատարելիք հարկադիր աշխատանքի չափը և հերթը դարձյալ որոշվում էր համքարության ընդհանուր ժողովներում75։

Անուղղակի հարկերի գանձումը միանգամայն այլ ձևով էր կատարվում։ Դրանք բոլորը տրվում էին կապալով։ Կապալառուն պետական ունեցվածքից, առևտրից և այլ բնագավառներից սահմանված գումարներն ինքն էր հավաքում և հանձնում սարդարական գանձարկղին։ Չնայած անուղղակի հարկերի ու այլ մուծումների համար սահմանված էին որոշ նորմաներ (մաքսի, քարավանատներից, շուկա-հրապարակներից, պետական խանութներից օգտվելու, օճառագործությամբ զբաղվելու և այլն), սակայն կապալային ձևը շատ հաճախ անտեսում էր այդ նորմաները։ Կապալառուն աշխատում էր որքան կարելի է շատ բռնագանձել, որպեսզի կապալագինը վճարելուց հետո ավելի մեծ գումարներ մնան իրեն։ Այս եղանակով անուղղակի հարկերը մինչև անմիջական գանձողներին

__________

73 С. А. Егиазаров, Исследование по истории учрежд. в Закавказье,ч. II, էջ 252—253։
74 Նույն տեղում, էջ 253։
75 Ю. Ф. Ахвердов, Тифлисские амкары, էջ 9։

[էջ 199]

հասնելը մեծապես ավելանում էին76։ Այնպես որ, սահմանված հարկադրույքները միայն կողմնորոշիչ նշանակություն ունեին և խախտվում էին ամենուրեք։

Պետական հարկերով ու պարհակներով չէին սահմանափակվում բնակչության վրա բարդված պարտականությունները։ Բնակչությունից ուղղակի և անուղղակի եղանակներով հսկայական միջոցներ և աշխատանք էր կլանում նաև քրիստոնեական ու մահմեդական հոգևորականությունը։ Շոպենի հաղորդած տվյալներով, պարսկական տիրապետության վերջին շրջանում հայ լուսավորչական բնակչությունից Էջմիածնի բռնագանձած դրամական տուրքը որոշակի չափ չուներ77, հոգևոր տերերը բնակչությունից հավաքում էին այնքան, ինչքան հնարավոր էր։ Բայց և այնպես, դրամական տուրքն ամեն մի ընտանիքին բաժին էր ընկնում 1 1/2 թուման (ռուսական դրամով՝ 6 ռուբլի)78։ Դրանից բացի, գյուղական բնակչությունը պարտավոր էր վանքին տալ իր ստացած բերքի մի մասը, որոշ վարձատրությամբ աշխատավոր ձեռքեր տրամադրել և անվճար սայլեր տալ՝ հացահատիկը, խոտն ու այլ արդյունքներ վանքապատկան դաշտերից տեղափոխելու համար։ Հնձի ժամանակ յուրաքանչյուր գյուղական ընտանիք պարտավոր էր փորհացի կարգով՝ մեկական հնձվոր տրամադրել վանքի բերքը հավաքելու համար79։

Նշվածներից Երևան քաղաքի բնակիչները տալիս էին միայն իրենց բաժին ընկնող դրամական տուրքը։ Ըստ երևույթին, քաղաքի բնակիչները վանքին բնամթերային տուրքեր չէին տալիս, նրա համար հարկադիր աշխատանք չէին կատարում։ Դրամական տուրքը բաշխված էր ըստ քաղաքի հայաբնակ երկու թաղամասերի (Շահար և Կոնդ) և քաղաքին կից գտնվող Նորք գյուղի80։ Սակայն քաղաքային բնակչությունը վանքերից չէր փրկվում միայն դրամական ուղղակի հարկը վճարելով։ Քաղաքի հայակագմ բոլոր համքարությունները զանազան նվերներ էին տալիս եկեղեցիներին, կատարում էին զոհաբերություններ, նվիրատվություններ, քաղաքում զանազան եղանակներով Էջմիածնին և այլ վանքերին էին անցնում այգիներ, բանջարանոցներ, ջրաղացներ և այլն։ Եկեղեցիները բա-

__________

76 X. Г. Гуланян, Очерки истории экономической мысли XIX века, էջ 9:
77 И. Шопен, Ист. пам. Армянской области, էջ 681:
78 Նույն տեղում։
79 Նույն տեղում, էջ 681 — 682։
80 Տե՛ս Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ֆ. կաթ. դիվան, թղթ. 52, վավ. 336, թ. 3 — 4։

[էջ 200]

վական եկամուտներ էին ստանում նաև պսակադրումից, թաղումից, համքարություններում վարպետներ օծելուց և այլ արարողություններից։

Ուղղակի և անուղղակի զանազան հարկեր էին բարդված նաև մահմեդական բնակչության վրա մահմեդական հոգևորականության կողմից։ Մահմեդական հոգևորականության եկամտի հիմնական աղբյուրներն էին մզկիթապատկան (վակիֆ), անժառանգ մնացած և նրանց կտակված ունեցվածքներից ստացվող միջոցները, ամուսնության, թլպատման, թաղման, ապահարզանի համար տրվող գումարները, թալիսմանների, վկայագրերի և փաստաթղթերի համար կատարվող մուծումները, ինչպես և տասանորդ կոչվող տուրքը, որը վերջին ժամանակներում ոչ թե հավաքվել է մի տեղ և բաշխվել հոգևորականների միջև, ինչպես անում էին ավելի վաղ ժամանակներում, այլ յուրաքանչյուր հարկատու իր այդ տուրքը տալիս էր այն մոլլային կամ ախունդին, որը «նրան ավելի շատ է հարգանք ներշնչում»81։ Երևան քաղաքի մահմեդական բնակչությունը պարտավոր էր տալ այդ բոլոր հարկերն ու տուրքերը։ Ըստ երևույթին, նրանք ազատված են եղել միայն տասանորդից։ Քրիստոնեական եկեղեցիների ու վանքերի նման մզկիթներն էլ նշվածներից բացի, ունեցել են եկամտի այլ և այլ աղբյուրներ։ Մահմեդական հոգևորականության և աշխարհականների միջև այնպիսի սահման չի եղել, ինչպիսին կար քրիստոնեական հոգևորականության և աշխարհականների միջև։ Նրանցից ոմանք՝ հատկապես սեիդիները, Երևանում մասնակցում էին առևտրին, արհեստագործությանը, իսկ մահալներում նույնիսկ զբաղվում էին երկրագործությամբ82։

Մահմեդական հոգևորականությունը քրիստոնեականից ավելի արտոնյալ վիճակում էր գտնվում։ Նա ազատված էր պետական բոլոր կարգի հարկերից ու տուրքերից, նրա առանձին ներկայացուցիչները, որոնք մեծ ազդեցություն ունեին հասարակության մեջ, պետության կողմից վարձատրվում էին դրամով կամ ստանում որևէ գյուղ՝ մուլքի կամ թիուլի իրավունքներով83։

Այսպիսով, շատ դառն է եղել Երևանի աշխատավոր բնակչության վիճակը պարսկական տիրապետության շրջանում։ Սարդարն իր ծանր հարկային քաղաքականությամբ ու առևտրի մեջ

__________

81 И. Шопен, Ист. памятник Армянской области, էջ 697—698:
82 И. Шопен, Ист. памятник Армянской области, էջ 698—699, АКАК, I, VII, էջ 432, № 373:
83 И. Шопен, Ист. нам. Арм. обл., էջ 697:

[էջ 201]

անսահման իրավունքներով84, խանական պաշտոնյաներն իրենց կամայականություններով ու օրինազանցություններով, մահմեդական և քրիստոնեական հոգևորականությունն իրենց պահանջներով կատարյալ պատուհաս էին դարձել քաղաքի աշխատավոր բնակչության համար և նրան հասցրել էին աղքատության դուռը։ Երևանի արհեստավորը, մանր առևտրականը, այգեգործը տնտեսապես անապահով վիճակում էին, նրանց պահանջները սահմանափակ էին, շատ դեպքերում կարիքն ուղղակի հալումաշ էր անում նրանց։ Քաղաքում դեռևս իր գոյությունը պահպանած նահապետական կյանքի պայմանները և դրանց հետևանքը հանդիսացող ժողովրդի պահանջների սահմանափակությունը միայն հիմք դարձնելով՝ պնդել, թե պարսկական տիրապետության շրջանի Երևանում «դառն չքավորություն չի եղել»85, ինչսլես արել է Երվանդ Շահազիզը, չի համապատասխանում պատմական իրականությանը։

Երևանի բնակչությունից բռնագանձվող հարկերի ու տուրքերի չափից և երկար ցուցակից, հարկադիր աշխատանքների բնույթից ու քանակից, հոգևորականությանը տրվող հարկերից երևում է, որ պարսկական տիրապետության շրջանի Երևանի քաղաքացիներն իրենց նյութական դրությամբ և նույնիսկ իրավական վիճակով շատ քիչ էին տարբերվում գյուղացիությունից, իսկ վերջինիս դրությունը ողորմելի էր բառիս իսկական իմաստով։

Այնպես որ, վերջին սարդար Հուսեին-Ղուլի խանի սպառնալիքը, թե ինքը գյուղացիությանը կհասցնի «այնպիսի դրության, երբ յուրաքանչյուր յոթ ընտանիք կուտեն մեկ և այն էլ ծակ ամանից»86, գրեթե լիովին վերաբերում է նաև Երևանի աշխատավոր հայ և մահմեդական բնակչությանը։

Բ) ԱՌԵՎՏՈԻՐ

Երևանի առևտրի նշանակության բարձրացումը։ Ներքին առևտրի բնույթը և կազմակերպումը քաղաքում։ Ապրանքների տեսակներն ու գները։ Դրամահատությունը և դրամի միավորները։ Արտաքին առևտրի բնույթը։ 1639 թ. հաշտությունը և նրա ազդեցությունն

__________

84 АКАК, т. VII, էջ 493, № 446:
85 Տե'ս Ե. Շահազիզ, Հին Երևանը, էջ 52։
86 И. Шопен, Исторический пам. Арм. области, էջ 13:

[էջ 202]

արտաքին առևտրի զարգացման վրա։ Պետական մյուս պայմանագրերում առևտրին նվիրված հոդվածների բնույթը։ Ճանապարհները։ Հաղորդակցության միջոցները։ Ճանապարհների վտանգավորությունը։ Արտաքին քարավանային առևտուրը։ Մաքս։ Չափ ու կշռի միավորները։ Առևտրականների ու վաճառականների խմբերը։ Կապիտալի համակենտրոնացման աստինանը

Ֆեոդալական Պարսկաստանում և նրա կազմի մեջ մտնող Երևանի խանությունում տիրապետող էր փակ բնատնտեսությունը։ Առևտրի լայն զարգացման համար չկային համապատասխան սոցիալ-տնտեսական պայմաններ, նրա ծավալմանը խանգարում էր նաև ֆեոդալական մաքսային սիստեմը, ճանապարհների անբարեկարգությունն ու վտանգավորությունը, չափ ու կշռի անորոշությունն ու բազմազանությունը, բնակչության ցածր գնողունակությունը և մանավանդ պատերազմները, որ մղվում էին Թուրքիայի ու Պարսկաստանի միջև։ Երևանի խաներն իրենց կողոպտիչ քաղաքականությամբ գյուղացիությանը հասցրել էին ծայր աղքատության։ Գյուղացին շուկա դուրս բերելու համար չուներ ավելցուկ մթերքներ, այն աննշան քանակությամբ մթերքներն էլ, որ նա էր դուրս բերում վաճառքի, անում էր հարկադրաբար՝ դրամական որոշ տուրքեր տալու և իր տնտեսության մեջ պակասող իրեր ձեռք բերելու համար։ Բայց այդ նույնը չի կարելի ասել խանության կենտրոն Երևանի առևտրի վերաբերյալ։ Երևանում պայմանները որոշ չափով այլ էին։ Այստեղ առկա էին որոշ ազդակներ, որոնք նպաստում էին ներքին առևտրի ծավալմանը։ Արարատյան աշխարհը, Զաքարիա Սարկավագի խոսքերով ասած, «պարարտ է և առատ յամենայն իրաց՝ և թեթևագին», որի պատճառով «յամենայն կողմանց գան յԵրևան, և գնեն զոր ինչ և կամին, և դառնան ´ի տեղիս իւրեանց»87։ Ճիշտ է նկատում Յու. Յարալովը, չնայած Երևանը XVI—XVIII դարերում մի շարք անգամ անցել է ձեռքից ձեռք և ենթարկվել ավերման, բայց այդ ժամանակներում նա կարևոր դեր էր խաղում ոչ միայն որպես սահմանային բերդ, այլ նաև կարևոր կետ էր դարձել եվրոպական ապրանքները Տրապիզոնի վրայով դեպի արևելք և Հնդկաստանից եկող ապրանքները դեպի արևմուտք առաքելու ճանապարհի վրա88։ Հակառակ գյուղական վայրերի, որտեղ գյուղացիության ծայրաստիճան աղքատության պատճառով նրա գնողունակությունն աննշան էր, իսկ ինքն էլ ա-

__________

87 Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. II, էջ 54։
88 Ю. Яралов, Ереван, Москва, 1948, էջ 8:

[էջ 203]

վելցուկ մթերքներ չուներ կամ շատ քիչ ուներ շուկա դուրս բերելու համար, Երևանում, իբրև խանության կենտրոն, առկա էր բարձր պահանջներ ունեցող սպառողների մի բազմամարդ խումբ։ Դրա մեջ մտնում էին՝ սարդարը, նրա պալատի ծառայողները և սպասարկողները, հարեմը, կայազորը, խաներ, միրզաներ, բեկեր, տարբեր կարգի հոգևորականներ ու աստիճանավորներ, որոնք իրենց հսկայական եկամուտների մի մասը ծախսում էին Երևանի շուկայում՝ իրենց շռայլ կյանքի պահանջմունքները բավարարելու համար։ Ի. Շոպենի վկայությամբ, XIX դ. սկզբներին Երևանում ապրող 10 խաներից յուրաքանչյուրը միջին հաշվով տարեկան Երևանի շուկայում ծախսում էր 3 000 թուման89, իսկ սարդարի և նրա բարձրաստիճան պաշտոնյաների ծախսումներն, անշուշտ, ավելի մեծ մասշտաբներ են ունեցել։ Բազմաթիվ միրզաները, բեկերն ու մյուս աստիճանավորները ևս բավական միջոցներ են ծախսել Երևանի շուկայից իրենց աղայական ապրուստին համապատասխան ապրանքները գնելու համար։ Ինքը՝ սարդարը ևս զբաղվել է առևտրով, մասնակցել է խոշոր վաճառականների գործարքներին։ Սարդարի օրինակին հետևել են մյուս խաները, որոնք իրենց շահերից ելնելով, դրամ են մատակարարել վաճառականներին և նրանց վերցրել իրենց հովանավորության ներքո90։

Միշտ չէ, որ սարդարի քաղաքականությունը նպաստել է Երևանի առևտրի զարգացմանը։ Եթե նա իր բազմամարդ պալատով և զորքով եղել է քաղաքի մեծագույն սպառողը, խոշոր վաճառականների հովանավորն ու նրանց առևտրի ակտիվ մասնակիցը, ապա որոշ ապրանքների համար սարդարական մենաշնորհ սահմանելով՝ դրանով իսկ անուղղակի կերպով արգելակել ու խափանել է ներքին առևտրի զարգացումը։ XIX դ. սկզբներին սարդարի մենաշնորհումին ենթակա էին բամբակն ու չալթուկը։ Ամբողջ խանության ավելցուկ բամբակն ու չալթուկը սարդարի հրամանի համաձայն պարտավոր էին որոշված ցածր գներով վաճառել իրեն, որը, դրանց միացնելով հարկերի ու տուրքերի ձևով ստացվածները, վաճառականների միջոցով ուղարկում էր Վրաստանի, Պարսկաստանի կամ Թուրքիայի շուկաները91։ Անուղղակի մի քանի վկայություններ գալիս են ասելու, որ բացի բամբակի ու չալթուկի առևտուրն իր մենաշնորհը հայտարարելուց, և նրա խախտման դեպքեր թույլ չտալու համար խիստ հսկողություն սահմանելուց, սար-

__________

89 И. Шопен, Ист. памятник Армянской области, էջ 873։
90 Նույն տեղում։
91 Նույն տեղում, էջ 872 — 874։ Տե՛ս նաև "Обозрение российских владений за Кавказом", т. IV, СПб, 1836, էջ 280—281։

[էջ 204]

դարը խանական պահեստներում հավաքված մյուս տեսակի ապրանքները ժամանակին և բարձր գներով վաճառելու համար նույնատեսակ ապրանքների վաճառքը կամ միանգամից արգելում էր, կամ զանազան պատրվակներով խափանում։ Երևանի «վաճառականները... սպասում են, մինչև որ» սարդարը «կարողանա յուր բաժինը վաճառել..., նա նեղում է ոչ միայն ներքին առևտուրը, այլև արտաքինը, ուշադրության չառնելով դաշնագրերը, ինչպես Ադամ Սմիթի սիստեմը, որոնք նրա օրով և նրա համար գրված բաներ չեն»92։ Նույնպիսի քաղաքականություն էին վարում նաև XVII—XVIII դարերի խաները։

Այնուամենայնիվ, Երևանի առևտուրը կրում էր աշխույժ բնույթ։ Նրա շուկաներում ու կրպակներում վաճառվում և գնվում էին գյուղատնտեսական ապրանքներ, արհեստավորական արտադրանքներ, ինչպես և ներմուծված ապրանքներ։ Դրամով կատարվող առևտրի հետ միասին տարածված էր նաև ապրանքափոխանակությունը։

Երևանի ներքին առևտուրը հիմնականում մանրածախ բնույթ ուներ։ Այդ առևտուրը կենտրոնացած էր քաղաքի գլխավոր շուկա-հրապարակում՝ Ղանթարում, որը գտնվում էր այժմյան Ս. Մ. Կիրովի անվան մանկական այգու տեղում և բոլոր կողմերից շրջապատված էր մեծ ու փոքր խանութներով, կրպակներով, քարավանատներով և պահեստներով։ Գլխավոր շուկա-հրապարակից բացի, կային նաև այլ, ավելի մանր շուկաներ։ Երևանի շուկա-հրապարակների թիվը XVII—XVIII դարերում հասնում էր հինգի։ Դրանք էին՝ Հուսեին-Ալի խանի կամ Մզկիթի, Խանբաղի, Զալխանի, Ֆահլա-բազարի և Գլխավոր կամ Մեծ կոչված հրապարակները93։ XIX դ. սկզբներին Խանբաղի շուկան դուրս է գալիս շարքից. Թուրքմենչայի պայմանագրով ներգաղթողները այն ամբողջապես վեր ածեցին բնակելի տարածության։ Հիմնականում գլխավոր շուկա-հրապարակում (կամ ուղղակի՝ Մեյդան) էր կատարվում մրգեղենի և սննդամթերքների վաճառքը, իրենց ապրանքներն այստեղ էին բերում Երևանի շրջակայքի մահլաների ու գյուղերի բնակիչները։ Մեծ հրապարակում էին գտնվում սարդարական կշեռքները՝ զանթարը (մեծ կշեռքը) և միրզանը (փոքր կշեռքը)94։ Քաղաքի գլխավոր շուկայից (բազար) և մյուս շուկա-

__________

92 А. С. Грибоедов, Полное собрание сочинений, т. I, С.-Петербург, 1889, էջ 42:
93 И. Шопен, Ист. памятник Арм. области, էջ 877:
94 Տե՛ս Ե. Շահազիզ, Հին Երևանը, էջ 44։

[էջ 205]

հրապարակներից բացի, մի ոչ մեծ շուկա էլ գտնվում էր բերդում։ Վերջինս շրջապատված էր վատ կառուցված փոքրիկ կրպակներով95։ Կշեռքների վրա սարդարի կողմից նշանակված էր հատուկ հսկիչ, որը կոչվում՝ էր ղանթար-բաշի։ Բոլոր շուկա-հրապարակները և կշեռքները տրված էին մենավարձով։

Առևտրի կազմակերպման համար առանձնահատուկ նշանակություն ունեին քարավանատները, որոնք հիմնականում սպասարկել են երթևեկ վաճառականներին։ Բոլոր քարավանատները գտնվում էին գլխավոր շուկայում։ Ի. Շոպենի վկայությամբ, Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելու ժամանակներում (XIX դ. առաջին քառորդի վերջերին) Երևանում պահպանվել էին 7 քարավանատներ, որոնք գոյություն ունեին XVII—XVIII դարերից։ Այդ քարավանատներն էին՝ Գյուրջի (վրացական)՝ 62 խանութներով ու կրպակներով, բացի դրա մոտ գտնվող խանութաշարքը՝ չարսուն՝ իր 24 կրպակներով, Ջուղայի՝ 38 կրպակներով, Զառաբի՝ դարձյալ 38 կրպակներով, Թաղիր, Սուլի, Սուսըզ, երեքը միասին ունենալով 74 խանութ ու կրպակ, և Հաջի-Ալիի քարտվանատունը՝ 40 խանութներով96։ Վերջինս XIX դ. 30-ական թվականներին արդեն խարխըլվել էր և գրեթե շարքից դուրս եկել։ Պետական-սարդարապատկան քարավանատները տրված էին մենավարձով և կապալառուն հավաքում էր հատուկ հարկեր։

Երևանում խանութների ու կրպակների թիվը բավական մեծ է եղել։ XIX դ. 20-ական թվականների վերջերին Երևանում եղել է ավելի քան 850 խանութ ու կրպակ, որոնք հիմնականում տեղադրված էին քարավանատներում, առևտրաշարքերում (չարսունեբում) և հրապարակներում։ Աղբյուրների հաղորդած տեղեկությունների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Երևանի խանութների ու կրպակների թիվը հարյուրների էր հասնում նաև XVII—XVIII դարերում։ Առաջին հայացքից թվում է, թե Երևանի համար խանութների ու կրպակների այդպիսի մեծ թիվը անհավանական է։ Սակայն, պետք է նկատի ունենալ առնվազն երեք հանգամանք՝ ա) դրանք եղել են շատ փոքր։ Այն կրպակը, որի համար Թիֆլիսում XIX դ. սկզբներին կարող էր մուծել 600 արծաթ ռուբլի, Երևանում, առևտրի սահմանափակության և կրպակների փոքրության պատճառով, բերում էր տարեկան 25 — 30 ռուբլուց ոչ ավելի

__________

95 Записки декабриста Е. Лагинова об Армении (տե´ս М. Нерсисян, Из истории русско-армянских отношений, кн. I, Документы, էջ 359):
96 Մանրամասն տե՛ս Թ. Խ. Հակոբյան, Երևանի պատմությունը (1801 — 1879 թթ.), էջ 97—99։

[էջ 206]

եկամուտ97, բ) պետք է հաշվի առնել, որ խանութներն ու կրպակները ոչ բոլորն էին իբրև խանութներ ծառայում բառիս իսկական իմաստով. դրանց մեծ մասը փաստորեն ոչ թե խանութներ, այլ արհեստանոցներ էին, գ) պատերազմների պատճառով խանութների և կրպակների մի զգալի մասը գտնվում էր լքված կամ բոլորովին ավերված վիճակում, և դրանցում առևտուր չէր կատարվում։ Ի. Շոպենը ուղղակի նշում է, որ իր ապրած ժամանակներում Երևանի շատ կրպակներ ու խանութներ դատարկ ու ամայի են եղել98։

Սովորաբար բոլոր կրպակներն ու խանութները համարվել են պետական-սարդարապատկան և վարձով տրվել են արհեստավորներին ու առևտրականներին։ Վարձակալողները պարտավոր էին լրիվ վճարել կրպակների ու խանութների վարձը, անկախ այն բանից՝ առևտուր կատարում են, թե ոչ։ Սակայն հետագայում խանութների ու կրպակների մի մասը ժամանակի ընթացքում դարձել են առևտրականների և արհեստավորների սեփականությունը։ Այժմ արդեն սեփական կրպակներում առևտուր կատարելու համար կրպակատերերը սարդարական դրամարկղն էին մուծում ոչ թե հաստատուն կերպով սահմանված գումար, այլ կատարված առևտրի չափին համապատասխան, իսկ քանի որ Երևանում առևտուրն ուներ փոքր մասշտաբներ, հետևապես և կրպակներից ստացվող սարդարական եկամուտները XIX դ. առաջին քառորդում բավական նվազել էին99։

Կրպակների և խանութների կենտրոնացումն իրար մոտ գտնվող քարավանատներում ու առևտրաշարքերում բխում էր տիրողների (սարդարների և խաների) վարչա-ֆինանսական շահերից և առևտրի կազմակերպման պայմաններից։ Առևտրից և արհեստներից պահանջվող տուրքերը նշանակելու, հավաքելու և դրանց վրա հսկելու համար սարդարին շատ ձեռնտու և անհրաժեշտ էր խանութներն ու կրպակները մի տեղում կենտրոնացնել, որպեսզի դրանք միշտ լինեին վերակացուների և հարկահանների աչքի առաջ, ամենօրյա հսկողության տակ100։ Կենտրոնացում ր ձեռնտու էր նաև համքարությունների և առանձին առևտրականների ու արհեստավորների համար՝ հումքը գնելու, պատրաստի ապրանքները

__________

97 И. Шопен, Исторический пам. Арм. области, էջ 469 և 882։
98 Նույն տեղում, էջ 882։
99 Տե՛ս նույն տեղում։
100 С. А. Егиазаров, Исследование по истории учрежд. в Закавказье, ч. II, էջ 18։

[էջ 207]

վաճառելու, համքարությունները ղեկավարելու առումով և մի շարք այլ պատճառներով։

Սակայն բացառված չէր նաև խանութների ու կրպակների գոյությունը քաղաքի բնակելի թաղամասերում և արվարձաններում։ Աղբյուրների անուղղակի վկայություններից երևում է, որ խանութներ ու կրպակներ կային նաև քաղաքի զանազան մասերում։

Հին Երևանի խանութները ոչ միայն փոքր էին, այլև անհարմար ու անշուք։ Այն ժամանակվա մյուս քաղաքների շուկաների նման Երևանում ևս արագ փչացող ապրանքների համար չկային պահելու հարմարություններ։ Այդ պատճառով էլ արագ փչացող ապրանքների գները առավոտյան ժամերի համեմատությամբ կեսօրից հետո խիստ կերպով իջնում էին, իսկ որոշ ապրանքներ (օրինակ՝ թարմ ձուկը) ամառվա ամիսներին կեսօրից հետո իբրև փչացած ապրանքներ թափում էին Հրազդանի մեջ։ Երևանում հիշատակվող միակ «սառնատուն»-ը100ա ոչ թե ծառայում էր մթերքներ պահելու համար, այլ գետնափոր այդ նկուղում զանազան նպատակների համար ձմռանը կուտակում էին սառույց և գործադրում տարվա տաք եղանակներին։

Հին Երևանի շուկան և այդտեղ կատարվող մանրածախ առևտուրը դիպուկ ու վառ գույներով է նկարագրել քաղաքի ներքին կյանքին քաջատեղյակ Միքայել Մանվելյանը101։

Ճիշտ է, մեծ դերասանի և գրողի խոսքը վերաբերում է XIX դ. վերջերի և XX դ. սկզբների Երևանին, բայց վերջնիս շուկայի այդ տասնամյակների կյանքը ոչնչով չէր տարբերվում նախորդ ժամանակներից։ Մի այլ տեղում նա նկարագրում է Սիմեոն Թավրիզյանի խանութը և Գյուրջի քարավանատունը102, որոնք իրենց բնույթով ու բովանդակած ապրանքներով նման էին խանական շրջանի վերջին տասնամյակների խանութներին և քարավանատներին103։ Հիմնականում այդպիսի բնույթ ու նկարագիր ուներ հին Երևանի ներքին մանրածախ առևտուրը դարեր շարունակ, ընդհուպ մինչև նորագույն ժամանակները։

Ինչպե ս ասվեց, Երևանի ներքին առևտրի ապրանքները կազ-

__________

100ա Տե՛ս Սիմեոն Երևանցի, Ջամբռ, էջ 181։
101 Տե՛ս Միք. Մանվելյան, Երևան (Հատված համանուն վեպից), Հին Երևանը («Խորհրդային գրականություն» ամսագիր, 1938, № 6—7, էջ 98):
102 Նույն տեղում, էջ 100։
103 Նույն տեղում, էջ 98—99:

[էջ 208]

մում էին գյուղատնտեսական մթերքները, արհեստավորական արտադրանքները և ներմուծովի ապրանքները։ Գյուղատնտեսական մթերքներից և հումքից Երևանում վաճառվում և գնվում էին՝ հացահատիկներ (ցորեն, գարի, բրինձ, տարեկան, կորեկ և այլն), թարմ և չոր մրգեր (խաղող, դեղձ, ծիրան, խնձոր, տանձ, բալ, կեռաս, նուռ, սերկևիլ, սալորներ, չամիչ, քիշմիշ, չիր և այլն), բամբակ, քնջութ, խմիչքներ (գինի և օղի), բանջարեղեն (կանաչիներ, վարունգ, բադրիջան, սեխ, ձմերուկ, կաղամբ և այլն), խոշոր և մանր եղջերավոր անասուններ, ձիեր, ջորիներ, էշեր, թռչուններ, կաթնամթերքներ, միս, բուսական յուղ, մետաքս և այլն, և այլն։ Արհեստավորական արտադրանքներից Երևանում վաճառքի էին հանվում գյուղատնտեսական և արհեստավորական գործիքներ (բահեր, բրիչներ, մուրճեր, աքցաններ, կացիններ և այլն), տնային գործածության իրեր (ճրագ, վառարան, թավա, շամփուր, ամանեղեն, գործվածքներ և այլն)։ Բավական բազմազան էին նաև ներմուծված ապրանքները՝ սկսած համեմունքներից ու ընտիր գործվածքներից և վերջացրած զենքերով։ Դրամով կատարվող առևտրի հետ միասին տարածված էր նաև ապրանքափոխանակությանը104: Ընդ որում, արհեստավորական ապրանքները գերազանցապես վաճառվում էին հենց արհեստանոցներում, դրանք դուրս չէին բերվում շուկա, որովհետև արհեստավորները հիմնականում աշխատում էին պատվիրատուների համար։ Այդ է պատճառը, որ Երևանի մասին խոսելիս ժամանակակից հեղինակները գրեթե ոչինչ չեն հաղորդում արհեստավորական արտադրանքների կազմի և դրանց գների վերաբերյալ։ Երևանում արտադրվող ապրանքների մեջ բանջարեղենը համեմատաբար քիչ է դուրս բերվել շուկա, որովհետև քաղաքում գրեթե բոլորն ունեին իրենց բանջարանոցները՝ սկսած սարդարից մինչև արհեստավորն ու առևտրականը։ Պետք է նկատի ունենալ նաև այն, որ բանջարեղենն այն ժամանակվա տրանսպորտային վատթար պայմաններում հնարավոր չէր երկար տարածությունների վրա տեղափոխել, այլ վայրերից ու քաղաքներից ոչ ոք Երևանում բանջարեղեն չէր գնում։ Սակայն այդ նույնը չի կարելի ասել գյուղատնտեսական մյուս՝ փչացման քիչ ենթակա մթերքների՝ հացահատիկների, կաշվի, բուսական և կենդանական յուղի, կաթնամթերքների, բամբակի ու մետաքսի և այլ ապրանքների մասին։ Զաքարիա Սարկավագը վկայում է, որ տարբեր քաղաքներից Երևան եկող վաճառականները այստեղից գնում և իրենց քաղաքն էին տանում զանազան ապրանքներ։ Նա մասնավո-

__________

104 Տե՛ս Թ. Խ. Հակոբյան, Երևանի պատմությունը (1801 — 1879 թթ.), էջ 92։

[էջ 209]

րապես հիշատակում է Թավրիզից եկող առևտրական բազմաթիվ քարավանների մասին. «նոյնպէս եկին և ՛ի Թաւրիզոյ բազում կարաւան, և գնեցին բրինձ, բամբակ, իւղ, պանիր, ճրագու, ձէթ, կաշի, մորթ, և այլ զոր ինչ կամեցան՝ առին և ի գիշերի գնացին ճանապարհն վասն հովոյն...»105։

Երևանում բամբակի, բրդի և այլ հումքերի հետ միասին վաճառվում էր նաև մեծ քանակությամբ մետաքս, որը քաղաքի շուկա էր բերվում Երևանի խանության մահալներից և հարևան շրջաններից։ Երևանի շուկայում մետաքսի վաճառքի և գնի վերաբերյալ կարևոր հիշատակություն ունի անգլիացի վաճառական-ճանապարհորդ Ջոն Նյուրերին, որը դեպի արևելք իր ճանապարհորդությունը կատարել է 1578—1582 թվականներին և Երևանում եղել է Թավրիզից Թոքատ գալիս՝ 1581 թ. դեկտեմբերի 9—12-ը106։ Ահա նրա հիշատակությունը, «Իններորդ օրը [դեկտեմբերի 9-ին] Կամբելլելլայից [մեկնեցինք] և նույն օրը [հասանք] Երևան (Errewan), այստեղ մետաքսի յուրաքանչյուր բեռը (hemel) վճարվում է հինգ չեկին (chekins)»107:

Զաքարիա Ագուլեցոլ մի վկայությունից երևում է, որ հում մետաքսը Երևանի շուկա էր բերվում և այստեղից արտահանվում դեպի արևմուտք, հիմնականում Ագուլիսի և Նախիջևանի կողմերից։ Երևանի խանության մահալներում շերամապահությամբ համեմատաբար քիչ էին զբաղվում։ Ահա թե ինչ է գրում Զաքարիա Ագուլեցին իր հայրենի գյուղից՝ Երևանի վրայով Իզմիր տարվող և այնտեղ վաճառվող մետաքսի առևտրի մի մասնավոր դեպքի մասին, որը կապված էր իր հետ. «Թվին ՌՂԶ(1647 ) մարտի Եումն Աքուլիս, որ ես Աքուլեցի Քուրդունց Աղամիրի որդի Զաքարէս, որ ես Զաքարէս էի ԺԷ ամանց, նախ և առաջի ի ճանապարհ գնալն այս է, որ մին բէռն խամ ապրիշմով, իմ հօր, մօր, իմ եղպայր Շմաւոնի, սոցայ կամով ինձ դրին իմ հօր եխպօր որդի պարոն Նիկողոսին յետ, գնացի Իզմիր»108։

Հայաստանում և Վրաստանում արտադրվող մետաքսի քանակության մասին հիշատակություն ունի Ադամ Օլեարին, որը Պարսկաստանում ճանապարհորդել է XVII դ. 30-ական թվական-

__________

105 Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. II, էջ 54։
106 Հովհ. Հակոբյան, Աղբյուրներ Հայաստանի և Անդրկովկասի պատմության, Ուղեգրություններ, հ. Ա, ԺԳ—ԺԶ դար (1252 — 1582), Երևան, 1932, էջ 450։
107 Նույն տեղում, էջ 454։
108 Զաքարիա Ագուլեցի, Օրագրություն, Երևան, 1938, էջ 159։

[էջ 210]

ներին։ Նա գրում է, որ Հայաստանն ու Վրաստանը տարեկան արտադրել են 5000 հակ մետաքս109։

Մետաքսը բացառություն չէր կազմում։ Երևանի շուկայում վաճառվող ապրանքների մեծ մասը գալիս էր դրսից, բերվում էր խանության զանազան մահալներից և ներմուծման ճանապարհով։ Այսպես, օրինակ՝ Երևանի շուկա վառելափայտ ու փայտածուխ էին բերում Դարաչիչակի (Ծաղկաձոր) մահալի բնակիչները, բուսական բորակ (սոդա) էին բերում Արարատյան դաշտի տարբեր մասերից, հացահատիկներ՝ դաշտային և նախալեռնային մահալներից, անասուններ, բուրդ, կաթնամթերքներ՝ լեռնային շրջաններից, աղ՝ Կողբից և մասամբ Նախիջևանից, ձուկ՝ Սևանի կողմերից և այլն։ Այնպես որ, Երևանի շուկայում վաճառվող ապրանքների միայն մի փոքր մասն էր քաղաքային արտադրանք։ Դրանց մեջ էին մտնում արհեստավորական շինվածքներ ու իրեր, խմիչքներ, մրգեր, խաղող, կանաչիներ, բանջարեղեն։

Ինչպես երևում է, Երևանում գյուղատնտեսական մթերքների գները հարևան խանությունների և շրջանների շուկաների գների համեմատությամբ ցածր են եղել։ Զաքարիա Սարկավագը վկայում է, որ. «Երկիրն Արարատեան պարարտ է և առատ ամենայն իրաց՝ և թեթևագին։ Վասնորոյ յամենայն կողմանց գան յԵրևան, և գնեն զոր ինչ կամին, և դառնան ՛ի տեղիս իւրեանց»110։

1677 թվականին վերաբերող իր մի վկայության մեջ Զաքարիա Ագուլեցին նույնպես խոսում է անհրաժեշտ մի քանի ապրանքների՝ ալյուրի, բրնձի և գինու էժանության մասին111։ Բայց նրա ասածներից պարզ երևում է, որ այդ ապրանքներն էժան են եղեք միայն 1677 թվականին, որը եղել է անձրևոտ և բերքառատ տարի112։

Չհաշված Շահ-Աբաս I-ի 1604 թվականի արշավանքին հաջորդած ահռելի սովը, որը բռնկվել էր հսկայական տերիտորիայի վրա և խլել բազմաթիվ զոհեր, մեզ հետաքրքրող ժամանակներում հացահատիկների և առաջին անհրաժեշտության մի քանի այլ ապրանքների գները պարբերաբար բարձրանում էին, որոշ դեպքերում տեղիք տալով սովի։ Թուրք պատմագիր Նայիմայի վկայության համաձայն, 1636 թվականն անբերրի տարի է եղել։

__________

109 Адам Олеари, Путешествие, էջ 185։ Հմմտ. Ե. Շահազիզ, Հին Երևանը, էջ 90։
110 Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. II, էջ 54։
111 Զաքարիա Ագուլեցի, Օրագրություն, էջ 133։
112 Տե՛ս նույն տեղում։

[էջ 211]

Նրա ասելով, այդ թվականին ձմռանը խիստ սառնամանիքներ են եղել, բոլոր ճանապարհները փակվել են և այդ պատճառով էլ ուժեղացել է սովը։ Նա գրում է, որ «մի սոմար գարին 5 դուռուշով և 20 դիրհեմ հացը մի ակչեով (այդ ժամանակ 10 —12 ակչեն հավասար էր 1 արծաթ դիրհեմի — Թ. Հ.) էր ծախսվում»113։ Իսկ Զաքարիա Ագուլեցին վկայում է, որ հացի սղություն է եղել 1681 թվականին և վերջ ի վերջո բռնկվել է սով։ Նա գրում է, «1130 ումն (1681 թ.) Երևան սով ընկաւ, որ ցորենի սօմարն դարցաւ ՌԲՃ (1200) դիան։ Գարին քանց ցորենն թանկ էր, որ սօմարն ԺԲ լիդր Թավրիզի այ, որ է լիդրն ԺԸ խստիլ։ Բրինձն մինչև ԲՃ (200) դիան դարձաւ։ Շատ մարդ, աղքատներն պաս չի պահեցին, մածունով, պանիրով անց կացուցին։ Շատ աղքատ, թէ թուրք, թէ հայ, խոտով, կանանչով ապրեցան։ Հացն թուրքով, յասավուլով կուտին մարդի։ Ոչ թէ միայն Երևան էր այսպէս, ապա Ղափլանթու մինչև Թողաթ այսպէս սղութիւն էր։ Ամայ Երևանայ նման ոչ էր սղութիւն։ Ապայ հացի անուն էր հաց. վայ մեզ, որ հող էր, աթար էր»114։

Ականատես պատմիչի այս վկայությունից հայտնի է դառնում, որ 1681 թվականին անբերրիության պատճառով Երևանում և մասամբ Անդրկովկասի մյուս խանություններում ու Արևմտյան Հայաստանի վիլայեթներում բռնկվել է սով, որ սովամահությունից փրկվելու համար աղքատ բնակչությունը սնվել է կանաչով ու խոտով, որ շուկայում վաճառվող հացի մեջ կային զանազան խառնուրդներ, և ընդհանրապես հացը հազվադեպ էր պատահում։

Երևանում և հարևան խանություններում մի շարք անբերրի տարիներ են եղել նաև հաջորդ՝ XVIII դարում։ Նախիջևանի Վանանդ գյուղի մզկիթի վրա եղած ընդարձակ արձանագրություններից երևում է, որ 1732 — 1733 թվականներին Երևանի հարևան Նախիջևանի խանությունում և այլ շրջաններում անբերրիության պատճառով խիստ կերպով բարձրացել էին ցորենի, բրնձի, յուղի, մեղրի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների գները։ Ըստ այդ արձանագրության, նշված թվականներին ցորենի մեկ մանր կամ բաթմանը (Նախիջևանի բաթմանը հավասար էր 13 կգ-ի, իսկ Թավրիզինը՝ 3 կգ-ի) արժեր 400 դինար, բրնձինը՝ 800 դինար, յուղինը՝ 2800 դինար, մեղրինը՝ 3200 դինար, դոշաբինը՝ 2400 դինար, պանրինը՝ 1600 դինար, չամչինը՝ 2400 դինար, գարունը՝ 350

__________

113 «Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի և Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին», հ. Ա, էջ 108։
114 Զաքարիա Ագուլեցի, Օրագրություն, էջ 155։

[էջ 212]

դինար, բամբակինը՝ 400 դինար և այլն115։ Այնուհետև արձանագրության մեջ նշվում է, որ երկիրը սովի հետևանքով դարձել էր իսկական դժոխք116։

Աբրահամ Կրետացու վկայության համաձայն, մեծ թանկություն է եղել 1736—1737 թվականներին։ Նա գրում է, որ 1736 թվականին ցորենի և գարու գները ամենուրեք խիստ բարձրացել էին։ Թավրիզում մեկ բաթման (հավասար է 3 կգ) հացահատիկը վաճառվում էր 900 դինարով117։ Այնուհետև 1737 թ. վերաբերող իր հիշատակության մեջ կաթողիկոսը գրում է, որ՝ «Եւ ոչ եթէ միայն ´ի Մուղան էր նուազութիւն հացի, այլ յամենայն տեղիս Թավրիզու՝ և այսր՝ և´ ի Տուզախ, ՛ի Կէնճէ, ՛ի Ղազախ, ՛ի Լօռի, ´ի Վրաստան, ´ի Գեղամայ Ծովի եզերայքն, ՛ի Ծաղկաձորն, ՛ի Ղափան, ՛ի Նախիջևան, և յԵրևան. այս գրեալ նահանգներն օսման օխասին՝ Ա. Ա. շահի ցորեանն էր, և այն ևս ոչ գտանիւր. որ և մենք ՛ի Մուղան ´ի պակասիլ հացին և ալիւրն՝ զոր բերեալ էաք ՛ի սուրբ Էջմիածնայ շաբաթ մի և այլ աւելի՝ խաշեալ և խանծեալ ցորեն կերանք»118։ Ինչպես տեսնում ենք, հացի թանկությունն ու սղությունը 1736 —1737 թվականներին զգացվում էր գրեթե ամբողջ Անդրկովկասում և Ատրպատականում՝ Թավրիզում, Մուղանում, Գանջայամ, Ղազախում, Լոռիում, Վրաստանում, Մեծ Ղափանում, Նախիջևանում, Երևանում և այլուր։ Հացն ու ալյուրն այնքան սուղ ու թանկ են եղել, որ Նադիր-Շահի թագադրմանը մասնակցելու համար Մուղան գնացած Աբրահամ Կրետացին ու Երևանի խանության մեծամեծներն իրենց հետ վերցրել էին հացի ու ալյուրի մի քանի օրվա պաշար, որը վերջանալուց հետո հարկադրված են լինում մի կերպ յոլա գնալ աղանձով («խանծեալ ցորեան»)։ Այդ նույն պատճառով հարկադրված են լինում առանձին խմբերի բաժանել ազատված գերիներին և ուղարկել տարբեր շրջանների119։ Դրությունն այնքան ծանր է եղել, որ նոր թագավորող գոռոզ Նադիրը ի

__________

115 Տե´ս И. П. Петрушевский, Очерки по истории феодальных отношений в Азербайджане и Армении в XVI—начале XIX вв., էջ 301:
116 Նույն տեղում։
117 Աբրահամ Կրետացի, Պատմութիւն անցիցն իւրոց և Նատր-Շահին Պարսից, էջ 64։
118 Նույն տեղում, էջ 65։
119 Նույն տեղում։

[էջ 213]

վիճակի չի եղել հացով բավարարել իր թագադրության արարողություններին մասնակցելու համար հրավիրվածներին։

Սակայն թանկության պատճառը միայն անբերրիությունները չէին։ Եթե հացի, հացահատիկների և առաջին անհրաժեշտության գյուղատնտեսական մյուս մթերքների թանկությունը կամ էժանությունը հիմնականում կապված էին բնական պայմանների և երկրի քաղաքական ընղհանուր վիճակի հետ, ապա ներմուծվող ապրանքների գները կարող էին բարձրանալ առանց հիմնավոր պատճառների։ Հազվադեպ չէին նաև այն դեպքերը, երբ վաճառականներն ուրիշ երկրներում չնչին գներով առնելով կեղծ ապրանքներ, դրանք բերում և տեղում շատ բարձր գներով վաճառում էին ոչ կեղծ ապրանքների անվան տակ։ Այսպես, օրինակ՝ եվրոպացի մի ականատես հեղինակի վկայությամբ Զուղայի վաճառականներից մէկը Վենետիկում 3 ֆրանկով երկու շարան կեղծ գոհար գնելով, երկրում վաճառում էր 30 — 40 ֆրանկով120։

Այդ հանգամանքների շնորհիվ հնարավոր չէ Երևանի շուկայում XVI—XVIII դարերում վաճառվող ապրանքների շատ թե քիչ կայուն գներ նշել։ Սակայն սկզբնաղբյուրների հաղորդած տեղեկությունների գիտական համադրմամբ հայտնի է դառնում, որ այդ դարերում առաջին անհրաժեշտության ապրանքների՝ հատկապես հացահատիկների գները անշեղորեն աճել են, իսկ առանձին ժամանակներում, ինչպես ասվեց, երկրում ուղղակի տիրել են հացի խիստ սղություն ու սով։

Երևանի շուկայում վաճառվող տեղական ապրանքների և դրանց գների վերաբերյալ շատ թե քիչ ամբողջական ու համեմատաբար արժանահավատ տեղեկությունները վերաբերում են միայն XIX դ. 20-ական թվականների վերջերին, երթ Ւ. Շոպենի գլխավորությամբ 1829 — 1832 թթ. Հայկական մարզում անցկացվեց կամերալ ցուցակագրում՝ աշխարհագիր։ Այդ աշխարհագրի արդյունքներն ամփոփված են "Исторический памятник Армянской области" վերնագիրը կրող գրքի մեջ, որի տվյալների համաձայն Երևանի շուկայում վաճառվող աոաջին անհրաժեշտության մի քանի ապրանքների գների մասին մասնագետի և ընթերցողի ուշադրությանը կարելի է հանձնել հետևլալ աղյուսակը.

__________

120 Տե՛ս Du Mans, Estat de la Perse, en 1660, Paris 1860, էջ 47։ Հմմտ. Լեո, Հայոց պատմություն, հ. III, էջ 157։

[էջ 214]

Երևանի շուկայում վաճառվող մի քանի կարևոր ապրանքները և դրանց գները

Ապրանքների տեսակները
Վաճառման գինը ռուսական արծաթե դրամով արտահայտված
բարձր որակի
ցածր որակի
ռ.
կ.
ռ.
կ.
Ցորեն (1 խալվար)
12
6
Գարի (—»—)
7
3
Կորեկ (—»—)
6
3
Չալթուկ (—»—)
12
8
Բրինձ (—»—)
25
16
Կտավհատ (—»—)
25
16
Քնջութ (—»—)
24
15
Բամբակ (—»—)
205
120
Յուղ (1 բարմանը)
1
1
60
Բուրդ (—»—)
60
1
Պանիր (—»—)
30
60
Մեղր (—»—)
1
20
2
Քնջութի ձեթ (—»—)
1
60
2
40
Խաղող և այլ մրգեր (—»—)
20121

Նայելով աղյուսակում բերված առաջին անհրաժեշտության ապրանքների գներին, առաջին հայացքից թվում է, թե դրանք էժան են։ Սակայն դա միայն առաջին հայացքից։ Իրականում փակ բնատնտեսության պայմաններում, երբ դրամական հարաբերությունները թույլ էին զարգացած, երբ շրջանառության մեջ գտնվող դրամի քանակը չնչին էր, երբ արհեստավորների, օրավարձով աշխատողների և մյուսների աշխատավարձը չնչին կոպեկներ էին, ապա այդ գներն էլ համեմատաբար շատ բարձր էին, էլ չենք խոսում այն մասին, որ ոչ գյուղատնտեսական լայն գործածության ապրանքների գները (գործվածքների, մետաքսյա ապրանքների, օճառի և այլն) շատ բարձր էին։ Դրանցից շատերն իրենց թանկության պատճառով (օրինակ՝ օճառը) միանգամայն անմատչելի էին աշխատավոր բնակչությանը։ Դրա հետ միասին պետք է նկատի ունենալ, որ Ւ. Շոպենի հաղորդած տեղեկություններն զգալի մասով չէին արտահայտում իրական դրությունը։ Չափ ու կշռի բազմազանության ու անորոշության, բերքատվության մեծ տատանումների (երաշտի, մորեխի, ցրտահարությունների հետևանքով) և ուրիշ պայմանների պատճառով, ցանկության դեպքում էլ նա ի վի-

__________

121 Տե՛ս И. Шопен, Исторический пам. Арм. области, էջ 471, 752, 764, 794—796, 809, 853—854, 862, 1119—1120, Հմմտ. Թ. Խ. Հակոբյան, Երևանի պատմությունը (1801—1879 թթ.), էջ 93։

[էջ 215]

ճակի չէր ապրանքների գները հաղորդել անգամ մոտավոր ճշտությամբ։ Ինքը՝ Շոպենը զգալով այդ, որոշ վերապահություն է արել ցորենի, գարու, կորեկի, չալթուկի, բրնձի գները հաղորդելուց առաջ։ Ահա թե ինչ է գրում նա. «Բոլոր այս արտադրանքների (ցորենի, գարու և այլն — Թ. Հ.) միջին գները կախված են պահանջից և բերքից», ավելացնելով, որ՝ «դրանք (գները — Թ. Հ.) հազվադեպ են դուրս գալիս» իր հաղորդած չափերի սահմաններից122, իսկ նրա հաղորդած նվազագույն և առավելագույն գներն իրարից տարբերվում են մեկ և կեսից երկու անգամ՝ ավելի անորոշ դարձնելով շատ ապրանքների մոտավոր գները։

Երևանի խանության տնտեսական պատմության մասնագետ Բ. Մ. Հարությունյանը, ուսումնասիրելով Էջմիածնի վանական տնտեսության մոտ 80 տարվա (1740 — 1820 թթ.) նյութերը, եկել է այն եզրակացության, որ այդ ժամանակաշրջանում առաջին անհրաժեշտության ապրանքների՝ գարու, ցորենի, մսի, կտավի և այլ ապրանքների գներն անշեղորեն ու կտրուկ բարձրացել են։ Նրա հաշիվներով, գարու գինն այդ նույն 1740 —1820 թթ. ընթացքում բարձրացել էր 7,5 անգամ, ցորենինը՝ մոտ 6 անգամ, մսինը 5 անգամ, կտավինը՝ 4 անգամ և այլն123։ Բ. Հարությունյանը նշում է, որ «գներն առանձնապես շեշտակի բարձրացել են XIX դ. առաջին երկու տասնամյակների ընթացքում և հետևանք էին «առաջին հերթին... շրջանառության մեջ գտնվող դրամի կուրսի անկման, ազնիվ մետաղի՝ ոսկու, արծաթի քանակի իջեցման...»124,— եզրակացնում է նա։ Միայն 40 տարվա ընթացքում՝ 1789 —1829 թվականների ընթացքում մի քանի առաջին անհրաժեշտության մթերքների՝ ցորենի, գարու, չալթուկի և կտավհատի գները բարձրացել են 2 — 2,5 անգամ և ավելի։

Դրանց գները նշված տասնամյակներին հետևյալ պատկերն էին ներկայացնում.

__________

122 Տե՛ս И. Шопен, Ист. памятник Армянской области, էջ 745։
123 Բ. Մ. Հարությունյան, Վարձու աշխատանքը Երևանի խանության մեջ XVIII դարում XIX դարի առաջին քառորդում («Պատմա-բանասիրական հանդես», Երևան, 1959, № 1, էջ 95։
124 Նույն տեղում, էջ 96։

[էջ 216]

Մթերքների տեսակը
Գինը
1789 թ.
1829 թ.
Ցորեն 1 լիտրը (12 ֆունտ)
80 դիան
175 դիան
Գարի » »
60 »
120 »
Չալթուկ » »
100 »
200 »
Կտավհատ » »
100 »
450 »

Գների այդպիսի արագ բարձրացման հիմնական պատճառներից մեկը Բ. Հարությունյանը համարում է պարսկական դրամի կուրսի անկումը այդ ժամանակներում125։

Պարսկական պետության մի քանի քաղաքներում հատում էին արծաթե, պղնձե և ոսկե դրամներ։ Նախորդ ժամանակներից դրամահատություն կար նաև Երևանում։ XVIII դարի ճանապարհորդ Ջեմելիի վկայության համաձայն, Երևանում հատում էին արծաթե և պղնձե դրամներ126։ Դրամահատարանը կամ «փողերանոցը», ինչպես սովորաբար այն կոչում են մեր հեղինակները, պարսկերեն կոչվում էր «զառաբ-խանա»։ Երևանի զառաբ-խանան գտնվում էր Գյոյ-ջամիի մոտ, այժմյան Լենինի պողոտայի հարավային ծայրում։ Պարսից պետության կողմից մի շարք քաղաքների, որոնց թվում նաև Երևանին դրամ հատելու իրավունք տալը արդյունք էր ոչ թե ծայրամասերին ֆինանսական որոշ ինքնուրույնություն տալու ձգտումի, այլ երկրում զանազան պետությունների դրամական տարբեր միավորների շրջանառության մեջ գտնվելու, որի հետևանքով տեղերում առաջանում էր մեծ շփոթություն։ Չնայած մյուս շատ քաղաքների նման Երևանում ևս կային մի քանի տասնյակի հասնող լումայափոխներ («զառաֆներ»), որոնք որոշ տոկոս շահույթ վերցնելով զբաղվել են տարբեր երկրների դրամների փոխանակմամբ, այնուամենայնիվ տեղի բնակիչների համար օտար դրամական շատ միավորներ անծանոթ էին, և այդ պատճառով առևտրի ու փոխանակման մեջ տիրում էր մեծ շփոթություն։ Որոշ քաղաքների դրամ հատանելու իրավունք տալը դրանից խուսափելու և շրջանառության մեջ գտնվող տարբեր երկրների դրամները տեղացիների համար հասկանալի դարձնելու միջոցներից մեկն էր։ Բացի դրանից, դրամ հատանելու իրավունքով անձնապես շահագրգռված էին նաև խաները, որոնք այդ գործից ստանում էին շոշափելի եկամուտներ127։

__________

125 Տե´ս «Պատմա-բանասիրական հանդես», 1959, № 1, էջ 96։
126 Տե՛ս Ղ. Ալիշան, Այրարատ, էջ 311։
127 Զաքարիա Ագուլեցի, Օրագրություն, էջ 80— 81։

[էջ 217]

Դրամ հատելու իրավունքը տալիս էր շահը։ Այդ պարզ կերպով երևում է Զաքարիա Ագուլեցու և Աբրահամ Կրետացու հետևյալ վկայություններից։ Զաքարիան՝ խոսելով իր եղբոր՝ Շմավոնի Երևանում դրամահատության գործը մենավարձով իր ձեռքը վերցնելու մասին, գրում է. «Այս ամէն իմ եղպայր Շմաւոնի հրամանաւ արարի, զերայ Շմաւոն Երևան Սեֆիղուլի խանի կշտին էր, համ Երևանայ զառավխանէն Շմաւոնի ձեռացն էր, շահի հօրմով»128։ Նույն եզրակացության կարելի է հանգել նաև Աբրահամ Կրետացու հետևյալ վկայությունից, «Յետ այսորիկ (Նադիր-Շահը թագադրվելուց հետո — Թ. Հ.) մտածեցի վասն երկրին ազատութեան և տառապանաց. զի փողն կտրի յոյժ նուազեցաւ և քարշեցաւ, և գրեթէ իսպառ հատաւ։ Վասնորոյ խնդրեցի ՛ի մեծազօր Խանեն (Նադիր– Շահից — Թ. Հ.)՝ տալ հրաման վասն զառապխանային բանալոյ յԵրևան. և արզ արարի վասն Մելիք Յակոբջանին. որ և վաղվաղակի շնորհեաց...»129։ Ընդ որում, Կրետացու այս վկայությունից երևվում է նաև, որ դրամահատությունը Երևանում երբեմն ընդհատվել է կամ նվազել։ Նրա ասելով, օրինակ, XVIII դարի 30-ական թվականներին Երևանում և համանուն խանությունում դրամը գրեթե իսպառ հատել էր, անհրաժեշտ էր շահի հրամանը Երևանի զառաբխանան նորից գործի դնելու մասին, որի համար և ինքը նրան խնդրում է։

Սակայն շահի իրավունքն այդ հարցում չէր սահմանափակվում միայն զառաբխանա բաց անելու մասին հրաման տալով։ Ելնելով պետության ընդհանուր ֆինանսական դրությունից և շրջանառության մեջ գտնվող օտար երկրների դրամների քանակից ու միավորի մեջ մետաղների պարունակությունից՝ շահը հատուկ հրաման էր տալիս հատել միայն իր կողմից սահմանվող դրամական միավորները։ Պարսից շահի այդ կարգի երկու հրամանների վերաբերյալ վկայություններ ունի Զաքարիա Ագուլեցին։ Ահա դրանք. ա) «Թվին ՌՃԺԱ-ումն (1662 թ.), որ Շահաբաս իւր օլքին հրաման տվաւ, որ ամէն զառավխանէն աբասին բ մսխալ կտրեն, որ ե շահանոց է, զերայ առաջ դ շահանոց էր»130։ բ) «Թվին ՌՃԺԶ (1667 թ.) Երևանայ զառավխանէն Ըսպահան շահին մին աղայ, ոմն Աղայ-Վելի անուն, դուս եկաւ, իջարաք արաւ։ Այս աղէս

__________

128 Նույն տեղում, էջ 71։
129 Աբրահամ Կրետացի, Պատմութիւն..., էջ 26։
130 Զաքարիա Ագուլեցի, Օրագրություն, էջ 60։

[էջ 218]

Շահ-Սէֆուանէ հօքմ արաւ, որ աբասին դ շահանոց կտրեցին. ե շահանոցն վարթարաւ ելաւ»131։

Մեջբերված վկայություններից դժվար չէ կռահել, որ երկրի տնտեսական-ֆինանսական դրությունից ելնելով՝ միևնույն դրամական միավորը շահի հրամանով կարող էր կտրվել տարբեր քաշով ու մեծությամբ։ Ակնհայտ է դառնում նաև այն, որ Երևանում հատվող հիմնական դրամամիավորը աբասին էր, որը մինչև Շահ-Աբաս II-ի թագավորության շրջանը բաղկացած էր 4 շահուց, 1662 թվականի հրամանով դարձվեց 5 շահի, իսկ Շահ-Սեֆիի 1667 թվականի հրամանով նորից վերականգնվեց հինը՝ 4 շահանոց աբասին։ Ընդ որում 5 շահանոց աբասին բովանդակում էր 2 մսխալ արծաթ, իսկ 4 շահանոցը՝ 1,6 մսխալ։

Երևանում աբասուց բացի, կտրում էին նաև ավելի մանր զանազան սև դրամներ («կարա փուլի»)։ Սակայն դրանով չէր սահմանափակվում Երևանի զառաբխանայի «գործունեությունը»։ Չնայած զառափխանայի մենավարձողը պարտավոր էր դրամ կտրել սահմանված որոշ հարգից (проба) ոչ պակաս արժեքով, բայց նա մեծ օգուտներ է ստացել օտարերկրյա դրամները վերահալելու միջոցով Երևանի դրամի վերածելուց132։ Մենավարձողը նույն կերպ էր վարվում նաև հայտնաբերված հին դրամների հետ, որի պատճառով, ինչպես նկատում է Երվանդ Շահազիզը, հին դրամների մեծագույն մասը ոչնչացվել է, չի հասել մեզ133։

Զառաբխանեն մենավարձով տալու իրավունքն ամբողջապես վերապահված էր Երևանի խանին։ Վերջինս զառաբխանան համարում էր իր եկամտի հուսալի աղբյուրներից մեկը և աշխատում էր դրա կապալագինը ինչքան կարելի է բարձր սահմանել։ Երևանի վերջին խաների օրոք՝ XIX դարի առաջին քառորդում զառաբխանայի մենավարձի գինը մոտավորապես տարին կազմում էր 300 թուման (ռուսական 1200 ռուբլի)134։ Նախորդ ժամանակներում ըստ երևույթին զառաբխանայի կապալագինն ավելի բարձր է եղել։ Օրինակ, Զաքարիա Ագուլեցու մի հիշատակության համաձայն 1663 թվականին Աբաս-Ղուլի խանը զառաբխանան մեկ տարի մենավարձով տալով անապատցի Սարգսին և երևանցի

__________

131 Նույն տեղում, էջ 71։
132 Երվանդ Շահազիզ, Հին Երևանը, էջ 91։
133 Նույն տեղում։
134 Տե´ս Թ. Խ. Հակոբյան, Երևանի պատմությունը (1801 — 1879 թթ.), էջ 205։

[էջ 219]

Սարգսին, նրանցից ստացել է 1500 թուման. «Այս բ Սարգիսս խանիցն մին Ռ ԵՃ (1500) թուման իջարայ արին, զառաֆխանէն վեր կալան մինչի մէկ տարի», — գրում է նա135։

Երևանի կապալառու-զառաբ-բաշիները սովորաբար լինում էին պարսիկ վաճառականներից։ Սակայն XVII դարի կեսերից բավական երկար ժամանակով այդ գործն իրենց ձեռքը են վերցնում հայ վաճառականները՝ խոջաները։ Երևանի առաջին հայ զառաբբաշին եղել է ագուլեցի Քրդունց Աղամիրի որդի Շմավոնը (կամ Սիմավոն), հայտնի ժամանակագիր Զաքարիա Ագուլեցու եղբայրը։ Վերջինիս հիշատակության համաձայն, Շմավոնը զառաբբաշի է կարգվել Նաջաֆ-Ղուլի խանի կողմից 1658 թվականին։ «Թվին ՌՃԷ-ումն (1658 թ.) Երևան որ Նաջաֆղուլի խանն Աքուլեցի Քրդունց Աղամիրի որդի Շմաւոն Երևան զառաբ դրեց, մինչի սայ Երևան հայ զառաֆբաշի չէր նստած», — հաղորդում է Զաքարիա Ագուլեցին136։ Շմավոնը իբրև կապալառու-զառաբ–բաշի, մեկ-երկու տարի ընգհատումով, ծառայում է երեք խաների՝ Նաջաֆ-Ղուլիի, Աբաս-Ղուլիի և Սեֆի-Ղուլիի օրոք137։ Նրա եղբոր հավաստի ու ընդարձակ վկայություններից երևում է, որ Շմավոնը, զառաբ-խանայից բացի, մենավարձով իր ձեռքն էր վերցրել նաև Երևանի խանության մաքսապետությունը, որ դրանցից նա ստանում էր հսկայական եկամուտներ, և որ այդ միջոցով նա դարձել էր ամենահարուստ վաճառականներից մեկը՝ կրելով պարոն տիտղոսը։ Պատմագիր եղբայրը հաղորդում է, որ Շմավոնը 1669 թվականին ձեռնարկել է Խորվիրապի հորի և դրա վրայի եկեղեցու շինարարությունը։ Այդ բոլորի մասին Զաքարիա Ագուլեցին հետևյալ կերպ է պատմում (բերում ենք համառոտագրելով). «Թվին ՌՃԺԸ (1669 թ.) մարտի մէկումն Երևան որ ես Զաքարիայ, իմ եղպայր պարոն Շմաւոն այսօր ըսկսբն արար Լուսավորիչի Խոր Վիրաբի հորն և հորի վերայ եկեղեցին շինելոյ։ Այս Շմաւոնս որ է Ագուլեցի Քուրդունց մղդսի Աղամիրի որդի, որ այս ԺԸ ամ է, որ Երևան այ, որ գ խանի ղուլուղ արաւ, որ է այս՝ Նաջաֆղուլի խանին, Աբասղուլի խանին, Սէֆիղուլի խանին։ ...Դարցեալ քանզի այս խաներիս ղուլուղումն այս էր գործն. համ զառաբխանէն, համ ըռահտարխանէն (մաքսատունը) սորայ ձեռացն էր. շատ շատ շահավէտ էր վաճառականի որ առուտուրի։ Այս պատճառէս խաներն սայ ձեռաց տալ էին։ Այս Շմաւոնս շուտուց ցանկայր Խոր Վիրաբն շինելոյ, քանզի

__________

135 Զաքարիա Ագուլեցի, Օրագրություն, էջ 124։
136 Նույն տեղում, էջ 123։
137 Նույն տեղում, էջ 80 — 81։

[էջ 220]

յին ժամանակաց հորն լցված էր, վերայ եկեղեցին խախթված էր, այս Վիրաբս ավերեալ էր, այլոց, թուրքի ձեռաց էր, անբնակ»138։

Սակայն ագուլեցի մահտեսի Աղամիրի որդի պարոն Շմավոնի փառքը երկար չի տևում։ Զաքարիա Ագուլեցու մի քանի վկայություններից երևում է, որ նա ևս ենթարկվել է վաճառականների համար սովորական դարձած ճակատագրին՝ սնանկացման։ Պատմագիր եղբոր վկայությամբ Շմավոնը թաղվել է պարտքերի տակ և իբր նրան ներկայացնում էին նաև անօրինական պահանջներ։ Նա մահացել է Սպահանում, 1670 թվականի դեկտեմբերի սկզբներին139։

Պարոն Շմավոնով սկսվում է հայ զառաբի-բաշիների գործունեության շրջանը։ Զաքարիա Ագուլեցին վկայում է, որ Ամիրգունա խանի որդի Աբաս-Ղուլի խանի օրոք, երբ Շմավոնը գնացել էր Շամախի այնտեղ կարգված նախկին Երևանի խան Նաջաֆ-Ղուլիի հետ իր հաշիվները սլարգելու, 1663 թվականին, մեկ տարի ժամանակով Երևանի զառաբխանի մենավարձողներ են կարգվում անապատցի խոջա Սարգիսը և Երևանի Ձորաշեն թաղից մի այլ խոջա Սարգիս։ Շմավոնը Շամախիից վերադառնալուց հետո նորից ստանձնում է իր հին գործը մինչև 1670 թվականը, երբ նրան կանչեցին Սպահան և այլևս չվերադարձավ այնտեղից։ Այդ ժամանակվա Սեֆի-Ղուլի խանը զառաբ-բաշի է նշանակում ճահուկցի խոջա Աղաբեկին, որը մահանում է 1673 թվականին և 1674 թվականին նրան փոխարինում է Երևանի Ձորագյուղ թաղամասցի՝ վերը նշված խոջա Սարգիսը՝ այդ պաշտոնում մնալով մինչև 1679 թվականը՝ մինչև Երևանում Զալ-խանի նշանակումը։ Վերջինս խոջա Սարգսին հեռացնելով՝ նրա փոխարեն Երևանի զառաբ-բաշի է նշանակում ագուլեցի վաճառական Մասեին, որը մինչև այդ ապրում էր Էրզրումում (Կարին)140։

Հետագա ժամանակների հայ զառաբ-բաշիների մասին տեղեկություններ քիչ կան։ Բայց և այնպես պարզվում է, որ Երևանի դրամահատության գործում հայ վաճառականները շարունակում էին կարևոր դեր խաղալ նաև XVIII դարում։

Ինչպես ասվեց, Երևանում շրջանառության մեջ էին տարբեր երկրների՝ առաջին հերթին հարևան պետությունների դրամները։ Մեզ հասած աղբյուրներից, սակայն, երևում է, որ այստեղ ամենից տարածվածը թավրիզյան դրամն էր։ Արխիվներում պահպանված

__________

138 Նույն տեղում։
139 Նույն տեղում, էջ 81։
140 Նույն տեղում, էջ 123—124 և 146

[էջ 221]

XVII—XVIII դարերի կալվածագրերի, ակտերի, առևտրական զանազան գործարքներին վերաբերող փաստաթղթերում ամենուրեք հաշիվները կատարված են դրամի թավրիզյան միամորով՝ թավրիզյան դինարով։ Այս պատճառով էլ Երևանի այդ տարիների տնտեսական կյանքի թվական ցուցանիշների մասին դժվար է գաղափար կազմել, առանց թավրիզյան դրամի արժեքային արտահայտությունն իմանալու։

Երևանում այնքան շատ տարածված թավրիզյան մեկ թումանը հավասար էր թավրիզյան 10000 դինարի (կամ դիան)141։ Սակայն թումանի արժեքը ժամանակի ընթացքում հսկայական փոփոխության է ենթարկվել։ Եթե XVIII դարի սկզբներին պարսկական մեկ թումանը հավասար էր ռուսական 10 ռուբլու, ապա XIX դարի առաջին քառորդի վերջերին նրա արժեքը իջել էր 60 տոկոսով և մեկ թումանն այդ ժամանակ հավասար էր միայն 4 ռուբլու142։ Ւ. Պ. Պետրուշևսկին, վկայակոչելով զանազան աղբյուրներ, գրում է, որ թումանի կուրսը XVIII դ. առաջին քառորդի վերջերին XVII դարի սկզբների համեմատությամբ իջել էր առնվազն 4 — 5 անգամ143։

Թումանից բացի, մեզ հետաքրքրող ժամանակաշրջանի Երևանում լայն շրջանառության մեջ էին նաև դրա մասերը կազմող դարձյալ իրանական մինալթունը, աբասին, շահին, դիանը, թուրքական ղուրուշը և դրամական այլ միավորներ, որոնց մասին խոսվում է սույն աշխատության 1801—1879 թվականներն ընդգրկող գրքում144։

Առանձնահատուկ հետաքրքրություն կարող է ներկայացնել տարբեր երկրների ոսկու դրամական տարբեր միավորների կուրսը մեզ հետաքրքրող ժամանակաշրջանում։ Օգտվելով պատմական աղբյուրների և գիտական գրականության տվյալներից՝ Բ. Հարությունյանը կազմել է Երևանի խանության մեջ XVIII դարի վերջում շրջանառության մեջ գտնվող ոսկեդրամների աղյուսակը՝ նշելով դրանց արժեքը՝ արտահայտված այդ ժամանակվա թուրքական և ռուսական ոսկեդրամների կուրսով։ Երևանի խանության և Երևան քաղաքի տնտեսական պատմության համար խիստ անհրաժեշտ ենք համարում այստեղ զետեղել շրջանառության մեջ գըտ-

։

__________

141 Տե՛ս Մ. Մաշտոցի անվան Մատենադարան, ֆ. կաթողիկոսական դիվան, թղթ. 248, վավ. 205, Սիմեոն Երևանցի, Ջամբռ, էջ 148 և այլուր
142 Տե՛ս «Տեղեկագիր» Արմֆանի, 1940, № 3, էջ 74։
143 Տե՛ս И. П. Петрушевский, Очерки по истории феодальных отношений в Азер. и Арм. в XVI—нач. XIX вв., էջ 199։
144 Տե՛ս Թ. Խ. Հակոբյան, Երևանի պատմությունը (1801 — 1879 թթ.), էջ 129 — 131։

[էջ 222]

նվող ոսկեդրամների անունները և դրանց կուրսն այն ժամանակվա ռուսական ոսկեդրամներով արտահայտված։

Զանազան երկրների ոսկեդրամների կուրսը Երևանի խանության մեջ XVIII դարի վերջին քառորդում145։

№№
Ոսկեդրամի անունը
Կուրսը ժամանակի ռուսական դրամներով արտահայտված
ռուբլի
կոպեկ
1 Ոսկի (տեղական) (1797-1798 թթ.)
1
67
2 «Մաճարու» ոսկի (1797 — 1798 թթ.)
2
78
3 «Պոլսոյ» ոսկի (1797—1798 թթ.)
1
67
4 «Եալտուզ» ոսկի (1790— 1791 թթ.)
3
33
5 «Ուռուսի» ոսկի (իմպերիալ, եփրալ) (1790 — 1791 թթ.)
10
6 «Մսրու» ոսկի (1797—1793 թթ.)
1
67
7 «Ֆնդըխ» ոսկի (1790— 1791 թթ.)
2
78
8 «Նատրի սահիպ դռան» ոսկի (1790-1791 թթ.)
8
33
9 Թունուսի մեծ ոսկի (1789 թ.)
2
22
10 Զարմահպուպ ոսկի (1789 թ.)
1
67
11 «Պաճախլու» ոսկի (1790—1791 թթ.)
2
78
12 «Մանեթ» (1789 թ.)
83
13 «Ալիբեկի» ոսկի (1789 թ.)
1
67
14 Ղռուշ (1790—1791 թթ.)
52,7
15 «Ռեալ» [սաղ ռեալ] (1798 թ.)
79
16 «Խոյի» ոսկի (1797—1798 թթ.)
2
04
17 «Ճանճիրլու» (1783—1791 թթ.)
1
58
18 «Զոլաթայ» (1783—1791 թթ.)
39,3
19 Թիֆլիզի աբասի (1798 թ.)
19,6

Բերված աղյուսակը կարող է միայն ուղեցույց ծառայել։ Դրանում տեղ գտած թվերը խիստ մոտավոր են և ճշգրիտ հաշիվների համար անհրաժեշտ է յուրաքանչյուր դեպքում ստուգել դրանք այլ աղբյուրների միջոցով։ Ընդ որում «Խոյի», «Ճանճիրլու», «Զոլաթայ», «Ռեալ» ոսկիների և Թիֆլիզի աբասու կուրսը ռուսական դրամի վեր ենք ածել մենք, հիմք ընդունելով դրանց կուրսը թուրքական ոսկե դրամներով արտահայտված՝ թուրքական ղռուշը համարելով մոտավորապես հավասար ռուսական 52,7 կոպեկի, իսկ փարան՝ 1,31 կոպեկի146։ Ոսկու կուրսը ենթակա էր արագ փոփոխման։ Բացառված չէին այն դեպքերը, երբ ամեն տարի փոփոխվում էր դրա կուրսը։ Այդ պատճառով էլ հարմար ենք համարել յուրա-

__________

145 Տե՛ս ԽՍՀՄ ԳԱ Հայկական ֆիլիալի «Տեղեկագիր», 1940 թ., № 3, էջ 73։
146 Մեկ թումանը հավասար էր 75 ղռուշի, իսկ 1 ղռուշը հավասար էր 40 փարայի։

[էջ 223]

քանչյուր ոսկեդրամի միավորը թվարկելուց հետո նշել, թե դրա որ թվականի կուրսին է վերաբերում մեր խոսքը։

Եթե տարբեր երկրների դրամների ազատ շրշանառությունը մի կողմից նպաստել է առևտրի զարգացմանը, ապա մյուս կողմից դրանց բազմազանությունը, կուրսի արագ փոփոխությունը և անորոշությունը մեծապես հարվածել են ապրանքաշրջանառությանն ու առևտրին, պատճառ դառնալով նաև սովորական դարձած չարաշահումների։

Տեղական բնակչոլթյանը թավրիզյան և տեղական դրամամիմիավորներից բացի (որ այնքան շատ էին տարածված և լավ հայտնի էին նրանց), ըստ երևույթին համեմատաբար հայտնի էին «Պոլսի», «Մսրու», «Ալիբեկի» և մի քանի այլ դրամներ։ Դրամներից շատերի որպիսությունն ու կուրսը նրանց քիչ էր հայտնի և, օգտվելով դրանից, դրամ մանրողները (սեղանավորներ, լումայափոխներ, սառաֆներ) չարաշահությամբ տեր էին դառնում հսկայական հարստության։

Երևանը, որպես սահմանային ընդարձակ խանության կենտրոն, առևտրա-տնտեսական առումով XVII—XVIII դարերում ձեռք էր բերել կարևոր նշանակություն։ Նա տարանցիկ քաղաք էր Թուրքիայի և Պարսկաստանի միջև։ Բացի դրանից, լինելով ներքին իրավունքներով օժտված կուսակալության կենտրոն, Երևանում զետեղված էր խանական վարչական բազմամարդ ապարատը և բերդապաշտպան կայազորը, որոնք իրենց առօրյա պահանջմունքներով նպաստում էին առևտրի զարգացմանը։

Ըստ նշանակության և ծավալի Երևանի մեզ հետաքրքրող ժամանակաշրջանի առևտրի մեջ առաջին տեղը գրավում էր արտաքին ու տարանցիկ առևտուրը։

Արտաքին և տարանցիկ առևտրի զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծվեցին Թուրքիայի և Պարսկաստանի միջև կնքված 1639 թվականի հաշտությամբ։ Դրանով բավական երկար ժամանակ հաստատվեց խաղաղություն, որն ընդհատվում էր միայն կարճատև ժամանակով։ Երկու բռնակալական պետությունների միջև հաստատված խաղաղության նշանակությունը առևտրա-տնտեսական առումով շատ լավ հասկացել է ժամանակի պատմագիր Զաքարիա Սարկավագը, որի վկայության համաձայն 1639 թվականին կնքված հաշտությունից հետո երկու պետությունների միջև երկար ժամանակ տիրում էր խաղաղություն և «Կոստանդնուպօլսէ մինչ ի Ասպահան» երթևեկում էին «առանց երկիւ-

[էջ 224]

ղի և ահու»147։ Նույն կերպ է գնահատում 1639 թվականի հաշտությունը նաև XVII դարի մատենագիր Հակոբ Կարնեցին148։

XVIII դարում Ռուսաստանն առևտրական մի շարք պայմանագրեր է կնքում (1711, 1723, 1739, 1774, 1783, 1791 թթ.) Թուրքիայի հետ, որոնցով նախատեսվում էին երկու երկրների միջև կատարվող առևտրի համար ստեղծել նպաստավոր պայմաններ և բոլոր միջոցներով խթանել առևտրի զարգացմանը՝149։ Սակայն Թուրքիայի հետ կնքված առևտրական պայմանագրերը որևէ չափով Երևանի հետ չէին առնչվում։ Այդ երկու երկրների միջև առևտուրը հիմնականում կատարվում էր Սև ծովի վրայով և նշված պայմանագրերը մեծամասամբ այդտեղով կատարվող առևտրին էին վերաբերում։

Երևանի արտաքին առևտրի համար կարևոր նշանակություն ունեին Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքված պայմանագրերը, թեպետև դրանց մեծ մասը վերաբերում էր Անդրկովկասի արևելյան շրջաններին ու Կասպից ծովի վրայով Պարսկաստանի և Հնդկաստանի հետ կատարվող առևտրին, որում մեծ դեր էին խաղում հայ վաճառականները։ Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքված՝ մեզ հետաքրքրող ժամանակաշրջանի առևտրական պայմանագրերից առանձնապես ուշադրության արժանի է Ռեշտի 1729 թվականի փետրվարի 13-ի պայմանագիրը։ Այդ պայմանագրով նախատեսվում է սովորական մաքսի վճարումով թույլատրել երկու կողմերի քաղաքացիներին ու վաճառականներին ազատ առևտուր կատարել պայմանադիր կողմերի ցանկացած շրջանում ու քաղաքում։ Կողմերը դրանով պայմանավորվում են ապահովել եկվոր վաճառականների ունեցվածքը, խանութներն ու կրպակները, տները, պահեստներն ու քարավանատները։ Այդ բոլորի հետ միասին, պարսկական կողմը պարտավորվում էր պայմաններ ստեղծել և ազատ թույլատրել ռուսահպատակ վաճառականներին Պարսկաստանի վրայով Հնդկաստանի հետ առևտուր կատարելու համար150։ Միանգամայն հասկանալի է, որ երկու երկրների միջև ծավալված այդ առևտուրն իր ոլորտի մեջ էր առնում նաև Երևանի խանությունն ու նրա կենտրոնը։

Երևանի արտաքին ու տարանցիկ առևտրի զարգացման հա-

__________

147 Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. II, էջ 25—26։
148 Տե՛ս Վ. Հակոբյան, Մանր ժամանակագրություններ, հ. II, էջ 565։
149 Տե´ս Договоры России с Востоком, политические и торговые, собрал и издал Т. Юзефович, С.-Петербург, 1869, էջ 12, 20—21, 24—41, 42— 43, 187, 122—123:
150 Տե´ս Договоры России с Востоком, էջ 193:

[էջ 225]

մար կարևոր նշանակություն ունեին քաղաքից դեպի տարբեր կողմեր ձգվող ճանապարհները։ Այդ ճանապարհներից քաղաքի համար ամենակարևորը Թավրիզ — Ջուղա — Երևան — Էջմիածին—Կարս — Էրզրում ճանապարհն էր, որն Էրզրումից շարունակվում էր դեպի արևմուտք և հասնում Միջերկրական ծովի ափերը, իսկ արևելքում Թավրիզից ձգվում էր դեպի Պարսկաստանի խորքերը և հասնում Հնդկաստան ու Միջին Ասիա։ Պատմական աղբյուրների վկայություններից ակնհայտ է դառնում, որ այդ ճանապարհն ամենից բարեկարգն էր և բանուկը։ Այս ճանապարհի միայն Ջուղայից մինչև Կարս ընկած հատվածում XVII—XVIII դարերում, չհաշված Ջուղայի հայտնի կամուրջը, կառուցել էին մոտ 8 կամուրջներ, որոնք ձգվում էին Նախիջևանի, Արփայի, Վեդիի, Ազատի, Հրազդանի, Քասախի և այլ գետերի վրայով։ Դրանցից մեզ համար առանձին հետաքրքրություն են ներկայացնում Հրազդանի և Քասախի կամուրջները։ Հրազդանի վրա եղել են մի քանի կամուրջներ, որոնք փլվել են 1679 թվականի կործանիչ երկրաշարժի հետևանքով։ Փլվել է նաև բերդի հյուսիս-արևմտյան անկյունում գտնվող մեծ կամուրջը, որը գտնվում էր վերը նշված հիմնական ճանապարհի վրա և քաղաքը կապում էր Էջմիածնի, Աշտարակի ու այլ վայրերի հետ։ Այս կամուրջը երկրաշարժից հետո շուտափույթ վերականգնվում է և շարք մտնում։ Մի քանի վերանորոգումներից հետո մինչև օրս կանգուն մնացած քառակամար այդ կամուրջը հին երևանցիները կոչել են Կարմիր կամուրջ կամ Խոջափլավի կամուրջ151։ Հրազդանի այս կամուրջը մասնագետները համարում են նախահեղափոխական Հայաստանի ամենամեծ կամուրջներից մեկը։ Նրա ընդհանուր երկարությունն ավելի քան 80 մետր է, բարձրությունը՝ 11 մետր, իսկ լայնությունը՝ 8 մետր152։

Քասախի վրա կամուրջներ են եղել նույնպես նախորդ ժամանակներում։ Հայտնի է, օրինակ՝ Քասախի XIII դարի կամուրջը, որի ավերակները գտնվում են Աշտարակում։ Առաքել Դավրիժեցու վկայության համաձայն այդ կամուրջը XVII դարի 60-ական թվականների սկզբներին կիսակործան վիճակում էր գտնվում և անհնար էր դրա վրայով երթևեկություն կատարել։ Բայց քանի որ այն գտնվում էր բանուկ ճանապարհի վրա, ուստի անհրաժեշտ էր շուտափույթ վերականգնել կամ կառուցել նորը։ Այդ գործին ձեռնա-

__________

151 Տե՛ս Թ. Խ. Հակոբյան, Երևանի պատմությունը (1801 — 1879 թթ.), էջ 227—229։
152 Վ. Մ. Հարությունյան, Միջնադարյան Հայաստանի քարավանատներն ու կամուրջները, Երևան, 1960, էջ 73 և 123։

[էջ 226]

մուխ է լինում երևանցի խոջա Գրիգորը՝ հին կամրջի մոտ իր միջոցներով քար ու կրով կառուցելով մի նոր կամուրջ (1664 թ,)153, որը պահպանվել է մինչև մեր օրերը։

Թուրքիայի, Հայաստանի և Պարսկաստանի վրայով դեպի Հնդկաստան ու Միջին Ասիա ձգվող այդ գլխավոր ճանապարհի Երևան — Էրզրում և Երևան — Ագուլիս հատվածների մասին բավական որոշակի և մանրամասն տեղեկություններ է հաղորդում այդ ճանապարհով բազմաթիվ անգամ երթևեկած ու քաջատեղյակ Զաքարիա Ագուլեցին։ Զանազան ուրիշ տեղեկությունների հետ միասին Զաքարիա Ագուլեցին հիշատակում է նաև նշված ճանապարհահատվածների վրա եղած կայաններն ու դրանց միջև եղած հեռավորությունները։ Երևանից մինչև Էրզրում նա հիշատակում է հետևյալ կայարանները.

«Երևանայ գնաս Ղարսու վերայ, որ գնայ Առզռում, այս է։ Յառաջ Երևանայ գնայ մինչի Եղվարթ՝ աղաջ դ։

Աստի մինչի Բաշ-Ապարան, աղաջ դ։

Աստի մինչի Ալանգազի սարի կուշտն՝ աղաջ գ։

Աստի մինչի մեծ գետին վերայ Ղարսու՝ աղաջ դ։

Աստի մինչի Ղարսու բերթն՝ աղաջ գ։

Աստի մինչի Գումբէթն՝ աղաջ գ։

Աստի մինչի Դօշ-ղայէն՝ աղաջ գ։

Աստի մինչի Քօրօղլու բերթի կուշտն՝ աղաջ դ։

Աստի մինչի Խարաբա գեղին կուշտն գետին վրայ՝ աղաջ դ։

Աստի մինչի Ժաքաբադ կամ Հասան-ղալեն՝ աղաջ դ։

Աստի մինչի Չօգան-դարէն կամ Բուլամաջն՝ աղաջ գ։

Աստի մինչի Առզռում՝ աղաջ գ»154։

Իսկ Ագուլիս — Երևան — Էջմիածին ճանապարհահատվածում նշում է հետևյալ կայարանները.

«...առաջի մանձիլն այս է. Ագուլաց մինչի Խանաղու կարմունջն՝ մին աղաճ։ Խանաղու մինչի Ազատու Դէռ՝ մին աղաջ։ Աստի մինչի Էջիքն՝ մին աղաճ։ Որ էլաւ Գ աղաճ, մանձիլ 1։

2. Աստի մինչի Լէհրամ՝ դ աղաճ, թէ բարցր գնա Ղառղաբազարն՝ а աղաճ։

3. Աստի մինչի Նախջիվան՝ գ աղաճ։

4. Աստի մինչի Ղարաբաղն՝ դ աղաճ։

5. Աստի մինչի Շարուր մէծ գետն անց կենայ, դ աղաճ։

6. Աստի մինչի Սադարաք՝ գ աղաճ։

__________

153 Առաքել Դավրիժեցի, Պատմութիւն, էջ 352—353։
154 Զաքարիա Ագուլեցի, Օրագրություն, էջ 21։

[էջ 227]

7. Աստի մինչի Վէտի՝ գ աղաճ։

8. Աստի մինչի Գառնու գէտն անց կենայ գ աղաճ։

9. Աստի մինչի Երևան բերդն՝ բ աղաճ։

10. Աստի մինչի սուրբ Էջմիածին՝ գ աղաճ...»155։

Բերված վկայություններից երևում է, որ՝ ա) երկու կայարանների միջև ընկած ճանապարհահատվածը կոչվել է մեկ մանձիլ, բ) Երևանից մինչև Էրզրում հաշվվել է 42 աղաջ, գ) Երևանից Ագուլիս՝ 29 աղաջ և դ) յուրաքանչյուր մանձիլ սովորաբար հավասար է եղել 3 կամ 4 ազաջի, բացառությամբ Գառնի (Ազատ) գետի ձախ ափից մինչև Երևանի բերդը, որ հավասար է եղել միայն 2 աղաջի։

Սակայն պատմիչը չի բավականանում միայն կայարանների ու դրանց միջև եղած հեռավորությունների հիշատակմամբ։ Նա հատուկ պայմանական նշաններով նշում է նաև մաքսատներն ու բերդ կամ քաղաք-կայարանները։ Նրա հիշատակությունից երևում է, որ Ագուլիսից մինչև Էջմիածին քաղաք էին համարվում միայն Նախիջևանն ու Երևանը և մաքսատներ կային այդ երկու քաղաք-կայարաններից բացի, նաև Էջմիածնում156։

Զաքարիա Ագուլեցու բերված վկայությունների հիման վրա հաշիվներ կատարելիս մեկընդմիշտ պետք է նկատի ունենալ, որ նա ճանապարհի հեռավորությունները տվել է մոտավոր կերպով, որոշ դեպքերում միայն աչքաչափով։ Նա ուղղակի գրում է. «Դարցեալ, այս մանձիլնէրս որ գրած եմ, ոմն սհաթ է գրած, ոմն աղաճ։ Մին աղաճ ճանապարհն ուղտն բ սհաթ գնայ, բ ահաթէն ճանապարհն ուղտով՝ մին աղաճ ճանապարհ է։ Սէսխանէն մին աղաճ ճանապարհն մին սհաթէն կոլ գնայ։ Թէ ուղտ, թէ ձի այս գրածէս ոչ թէ կամաց գնայ կամ վռազ. ղարարով։ Այսպէս իմացայ. զերայ սհաթ էր մօտս. ինչ տեղ որ սհաթ չկէր, աղաճ եմ գրած այս ղարարովս, կամ մին մանձիլն մին սհաթ յետ կամ առաջ, կամ մին աղաճ յետ կամ առաջ...»157:

Այստեղից միանգամայն ակնհայտ է դառնում, որ ճանապարհների երկարության մասին Զաքարիա Ագուլեցու հաղորդած տվյալները խիստ մոտավոր են։ Նրա ասելով ուղտի կամ ձիու սովորական արագությամբ երկու ժամ անցած ճանապարհը հավասար է մեկ աղաջի։ Եթե ընդունելու լինենք, որ ուղտը կամ ձին սովորական արագությամբ ժամը անցնում են 4 — 5 կմ, ապա դուրս է գալիս, որ մեկ աղաջը միջին հաշվով հավասար է 8 —10 կմ-ի։ Սա-

__________

155 Նույն տեղում, էջ 7։
156 Նույն տեղում։
157 Նույն տեղում, էջ 6:

[էջ 228]

կայն պատմագիրը անում է նաև մի ուրիշ վերապահություն։ Նա գրում է, որ իր հաղորդած թվերի մի մասը արտահայտված են ժամով, իսկ մյուս մասը՝ աղագներով։ Վերջինիս նա դիմել է միայն այն ժամանակ, երբ մոտը ժամացույց չի եղել։ Այնուհետև պատմագիրը հիշեցնում է, որ իր հաղորդած տեղեկությունները յուրաքանչյուր մանձիլում կարող են տատանվել մեկ ժամի կամ մեկ աղաջի սահմաններում։ Եվ քանի որ Արաքսի ափով այն ժամանակներում ձգվող քարավանային առևտրի ճանապարհը Արփա, Վեգի, Գառնի (Ազատ) և այլ գետերի հովիտներում բավական շեղվում էին այժմյան Երևան — Նախիջևան խճուղու ուղղության նկատմամբ, ապա հնարավոր չէ դրա իրական երկարության որոշումը նաև վերջինիս միջոցով։ Մնում է ընդունել Զաքարիա Ագուլեցու հաղորդած տեղեկությունները՝ նշված վերապահություններով հանդերձ։ Այսպես, ըստ նրա Թավրիզից մինչև Ջուղա 19 աղաջ էր, Ջուղայից մինչև Երևան՝ 21 աղաջ, Գառնի (Ազատ) գետից մինչև Երևան՝ 21/2 աղաջ158, Երևանից Էրզրում՝ 41 աղաջ և այլն։

Քարավանային այդ գլխավոր ճանապարհի Երևան — Էրզրում հատվածի մասին վերը մեջբերված վկայությունից երևում է, որ դրա՝ այժմյան Սովետական Հայաստանի տերիտորիայով ձգվող մասն ավելի մեծ չափով է տատանվում այժմյան Երևան — Աշտարակ— Թալին — Լենինական պետական խճուղուց։ Նախկին այդ քարավանային ճանապարհը Երևանից դուրս գալով՝ անցնում էր Եղվարդի, Բաշ-Ապարանի (Ապարան ) վրայով, Ալագյազի (Արագած) արևմտյան ստորոտներով և հասնում Կարս գետի ստորին հոսանքը, իսկ այնտեղից էլ՝ Կարսով, Գումբեթով, Հասան-կալայով ու այլ կայարանների վրայով հասնում Էրզրում159։

Երևանի վրայով անցնող Զմյուռնիա — Էրզրում—Երևան — Ջուլֆա — Թավրիզ և դեպի Հնդկաստան ու Միջին Ասիա տանող այս ճանապարհը մեծ նշանակություն ուներ նաև մեզ հետաքրքրող ժամանակաշրջանում՝ XVIII դարի վերջերին։ 1785 թվականին վերաբերող ֆրանսիական մի քարտեզում կարևոր այլ ճանապարհների հետ միասին ամենայն մանրամասնությամբ նշանակված է նաև Երևանի վրայով անցնող քարավանային ճանապարհը160։

Էրզրում—Երևան — Ջուլֆա — Թավրիզ ճանապարհը Երևանի համար գլխավոր, բայց միակ քարավանային ճանապարհը չէր։ Երևանր հին ժամանակներից ի վեր Աշտարակով, Ապարանով, ու

__________

158 Զաքարիա Ագուլեցի, Օրագրություն, էջ 23։
159 Նույն տեղում, էջ 21։
160 Տե´ս ЦГВИА, Коллекция ВУА, ф. 446, д. 56:

[էջ 229]

Փամբակի ձորով և Հրազդանի հովտով անցնող ճանապարհներով կապված էր Թիֆլիսի, իսկ Իգդիրով անցնող ճանապարհով՝ Բայազետի հետ։ Այս երեք ճանապարհների վրա մինչև օրս կարելի է տեսնել քարավանատների ավերակներ, որոնք ընդհանրապես գտնվում են բարձրադիր լեռնանցքներում կամ դրանց մոտակայքում։ Հրազդանի հովտով և Աշտարակով ու Ապարանով ձգվող ճանապարհների ուղղության մասին մենք բավական մանրամասնությամբ խոսում ենք սույն աշխատության առաջին և երրորդ գրքերում161 և հարկ չկա նորից անդրադառնալ, մանավանդ որ դրանց ուղղությունը նախկինի համեմատությամբ մեզ հետաքրքրող շրջանում որևէ փոփոխություն չի կրել։

Ավելի հին էր Իգդիրով դեպի Բայազետ, իսկ այստեղից էլ դեպի Արածանիի հովիտ տանող ճանապարհը։ Հին ժամանակներում Արտաշատ — Տիգրանակերտ ճանապարհի (այդ ճանապարհը մեր մատենագրության մեջ հայտնի է եղել «Հայկական արքայական պողոտա» անունով)՝ Արաքսի հովտից մինչև Արածանիի ակունքների շրջանը ձգվող հատվածի ուղղությունը մոտավորապես նույնն էր մնացել նաև մեզ հետաքրքրող ժամանակներում։ Այդ ճանապարհն անցնում էր Մեծ Մասիսից արևմուտք գտնվող լեռնանցքներով, որտեղ պահպանվել են տարբեր ժամանակների քարավանատների ավերակներ։ Առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում մանավանդ Զորի (Ձորի) քարավանատան ավերակները։ 65 մ երկարություն և 20 մ լայնություն ունեցող այդ քարավանատունը162, որը մասնագետների կարծիքով պետք է կառուցված լինի XIII—XIV դարերում163, Հայաստանի ամենամեծ քարավանատներից մեկն էր և գտնվում էր Զորի (Ձորի) լեռնանցքի մոտ, նրա հյուսիսային կողմում, այժմյան քրդական Զոր փոքրիկ գյուղից 18 — 20 կմ հեռավորության վրա։ Հավանաբար XVI— XVIII դարերում Զորի քարավանատունը չէր կորցրել իր նախկին նշանակությունը և Երևան — Իգդիր—Բայազետ ճանապարհի նշանավոր քարավանատներից մեկն էր։

Քարավանային ճանապարհներով հիմնականում երթևեկում էին ուղտերով ու ձիերով։ Հիմնական փոխադրամիջոցները մանա-

__________

161 Տե՛ս Թ. Խ. Հակոբյան, Երևանի պատմությունը (հնագույն ժամանակներից մինչև 1500 թվականը), էջ 243 — 244, նույնի Երևանի պատմությունը (1801 — 1879 թթ.), էջ 123 — 128։
162 Տե՛ս «Христианский Восток», т. III, вып. I, Петроград, 1915, էջ 101—102:
163 Վ. Մ. Հարությունյան, Միջնադարյան Հայաստանի քարավանատներն ու կամուրջները, Երևան, 1960, էջ 63։

[էջ 230]

վանդ Էրզրում—Երևան — Ջուլֆա—Թավրիզ ճանապարհում դրանք էին։ Պատահական չէ, որ Զաքարիա Ագուլեցին ճանապարհի հեռավորության համար միավոր է ընդունել ուղտի (կամ ձիու) մեկ ժամվա անցած ճանապարհը։ Եվ միանգամայն հասկանալի է, որ ուղտով կամ ձիով երթևեկելը կապված էր մեծ դժվարությունների ու անհարմարությունների հետ։ Թավրիզից մինչև Երևան, որ ընդամենը 40 աղաջ էր, բարձած ուղտերով կամ ձիերով հասնում էին 12 օրվա ընթացքում164։ Բնական է, որ ուղտով կամ ձիով հնարավոր չէր մեծ զանգվածներով կամ շուտ փչացող ապրանքներ տեղափոխել։ Այդ պատճառով էլ արտաքին ու տարանցիկ առևտրում շրջանառության մեջ էին թանկարժեք և երկար ժամանակ չփչացող ապրանքները։ Ճանապարհները շատ տեղերում անբարեկարգ էին։ Գարնանային հեղեղների ժամանակ դրանց որոշ հատվածները երբեմն ընդմիշտ դուրս էին գալիս շարքից և քարավանները հարկադրված էին իրենց համար «բանալ» նոր ճանապարհներ։ Ձմռանն առատ ձյան և խիստ սառնամանիքների պատճառով շատ դժվար էր լեռնային շրջաններով երթևեկելը, լեռնանցքներից շատերը մի քանի ամսով փակվում էին, դառնում անանցանելի։ Սակայն այդ բոլորը դեռ ոչինչ, մի կերպ կարելի էր հաղթահարել, եթե ճանապարհները վտանգված չլինեին գողերի ու ավազակների կողմից։ Քարավանների վրա կատարվող ավազակային հարձակումները և կողոպուտն ու բռնությունները սովորական էին, չնայած դրանցից խուսափելու համար քարավանները կազմվում էին ավելի մեծ թվով վաճառականներից և սովորաբար պաշտպանվում էին ուղեկցող զինված ջոկատների կողմից։ Բացառված չէին այն դեպքերը, երբ խաներն ու բարձրաստիճան մյուս պաշտոնյաները իրենք էին գաղտնի կերպով կազմակերպում ավազակային հարձակումներ՝ «չափուներ», ինչպես դրանք կոչված են սկզբնաղբյուրներում165։

Զաքարիա Սարկավագը, խոսելով Երևանի ժամանակավոր խաներից մեկի մասին և նրան բնութագրելով որպես հովանավոր անառակության, գողության, ավարառության, որպես բոլոր ստոր միջոցներով քրիստոնեաներին հալածող գարշելի մի բռնակալ, մասնավորապես նշում է, որ նրա օրոք... «բազմացան աւացակք ի ճանապարհի, և գողք ի շէնս. վասն այս պատճառի ո´չ ոք կարէր

__________

164 Տե՛ս Աբրահամ Երևանցի, Պատմութիւն պատերազմացն 1721— 1736 թթ., էջ 57։
165 Տե՛ս Թ. Խ. Հակոբյան, Երևանի պատմությունը (1801 — 1879 թթ.), էջ 113—114։

[էջ 231]

գնալ ի ճանապարհ, զի կողոպտէին։ Եւ ի բազում եկեղեցիս մտին գողք և աւար առին»166։

Վիճակն էապես չէր տարբերվում նաև մյուս խաների ժամանակներում։ Հարություն Արարատյանի վկայությամբ XVIII դարի վերջերին նույնպես Երևանի խանությունում տարածված էր ավազակությունն ու գողությունը, որ այնքան մեծ վնաս էին հասցնում մանավանդ առևտրին։ «Ես պատրաստ էի ենթարկուիլ ամեն տեսակ վտանգների, — գրում է Հարություն Արարատյանը, — միայն թէ աչքով կարողանայի տեսնել այն տեղերը (Մասիսի լանջերին — Թ. Հ.), բայց եղբայրս ոչինչ բանով չը համաձայնեց գնալ՝ աւազակների չը հանդիպելու երկիւղից։

Եւ արդարև, մեր երկրումն անվտանգ ճանապարհորդելու համար՝ միշտ հաւաքւում են 10, 15 և աւելի մարդ, կարաւան են կազմում և այնպէս են ճանապարհ գնում»167։

Դրանք, ինչպես նաև քաղաքական աննպաստ իրադարձություններն ու երկրի փակ բնատնտեսությունը մեծապես արգելակում էին արտաքին առևտրի զարգացմանն ու ծավալմանը։ Սակայն դրանք ավելի շուտ ազդում էին ներքին առևտրի վրա, քան արտաքին ու տարանցիկ առևտրի։ Մեզ հասած մատենագրական ու արխիվային նյութերը ցույց են տալիս, որ Թուրքիայի ու Պարսկաստանի և Պարսկաստանի ու Ռուսաստանի միջև կատարվում էր աշխույժ առևտուր։ Այդ առևտրում կարևոր դեր էին խաղում հայ վաճառականները։ Սկզբնաղբյուրների հաղորդած տեղեկություններից ակնհայտ է դառնում, որ Երևանի վաճառականները հաճախ լինում էին Թուրքիայի մայրաքաղաք Ստամբուլում, որտեղից մեծ թվով վաճառականներ էին գալիս Երևան և Անդրկովկասի մյուս քաղաքները։

XVIII դարի թուրք պատմագիր Սուլեյման-Ւզզի վկայության համաձայն, Էրզրումի և Կարսի կողմերում երթևեկող վաճառականներն իրազեկ էին Նադիր-Շահի պետության ներքին դրությանը և իրերի վիճակի մասին հաղորդում էին պետության մայրաքաղաք Ստամբուլ168։ Այստեղից պարզ երևում է, որ այդ վաճառականները երթևեկում էին նաև Երևանի ու նրա հարևան խանություններում։ Այդ նույն ժամանակներում, ըստ Աբրահամ Կրետացու վկայության, Երևանի արևմտյան հարևան փաշայությունների

__________

166 Զաքարիա Սարկավագ, Պատմադրութիւն, հ, II, էջ 89։
167 «Վաղարշապատեցի Յարութիւն Արարատեանի կեանքը», էջ 156։
168 Տե՛ս «Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի և Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին», հ. Ա, էջ 199։

[էջ 232]

ոu վիլայեթների հետ առևտուր կատարելու համար մեծ հետաքրքրություն էին ցուցաբերում հատկապես պարսիկները։ Նադիր-Շահը ընդունելով Աբրահամ Կրետացի կաթողիկոսին, առաջին հերթին հետաքրքրվում է երթևեկ վաճառականներով, Կարսի, Բայազետի և մյուս շրջանների հետ ունեցած հարաբերություններով ու առևտրով։ Պատմագիր կաթողիկոսը գրում է. «Եւ ՛ի նոյն օրն երեկոյեան ժամու, ոմն ՛ի սպասաւորաց իւրոց առաքեաց և կոչեաց զիս. որ և ես առեալ ղՔալանթարն փութացայ առ մեծազօր խանն... և ծանուցին նմա վասն իմ։ Որ և իսկոյն կոչեաց զիս առջևսն. և իմ առեալ զՔալանթարն (Երևանի–—Թ. Հ.) կացի առաջի իւր. որ և սկսաւ հարցանել վասն Երևանայ կողմանցն, և վասն Ղարսայ, և կարաւանից երթևեկողաց, և վասն Պայազիտու և Քրտստանա կողմանց. որ և ըստ պատշաճին տուր զպատասխանին... այլ և ըստ հրամանի քում՝ զոր պատուերեցիր ՛ի Թիֆլիզ՝ ինձ և Խանին՝ գրել ամենայն ուրեք վասն երթևեկողացն՝ գրեցաք. այլ և Ղարսայ փաշային, և զԱրզրումայ Սէասքէրին Ահմէտ փաշային գրեցի. արզաներ վասն վաճառականաց. և ահա սկսան գալ կարաւանք և վաճառականք՝ թէ մեր ազգէ, և թէ յՕսմանցւոց։ Այլ և մեծամեծ կարաւանք կան՝ որ մօտ օրերս գալոց են»169։

Պատմիչի վկայությունից պարզ երևում է, որ Ղարսի, Էրզրումի և մյուս շրջանների հետ Երևանն ուներ մշտական առևտուր և որ այդ առևտրին մասնակցում էին հայերն ու թուրքերը։

Երևանի վաճառականներից մեզ հետաքրքրող շրջաններում այցելում էին Արևմտյան Եվրոպայի երկրներ, Լեհաստան, Ռուսաստան և ուրիշ տեղեր։

Հայկական տպագրության մեծ երախտավոր Ոսկան Երևանցու եղբայր Ավետիսը XVII դարի 60-ական թվականներին Երևանից Հոլանդիա էր գնացել վաճառականական նպատակներով, որտեղ Մատթևոս Ծարեցու հետ միասին հիմնել է հայկական տպարան170։ Ավետիսն ու Մատթևոսը բացառություն չէին կազմում։ Երևանից և Հայաստանի այլ քաղաքներից Հոլանդիա ու Արևմտյան Եվրոպայի ուրիշ երկրներ այցելում էին հայ շատ վաճառականներ։ Վաճառական Ստեփան Թոփչիևի գործակատար Գասպար Այվազովը և խոջա Գրիգորը վաճառականական նպատակներով նույնպես եղել են Եվրոպայում՝ Լեհաստանում։ Խոջա Գրիգորը Լեհաստանում եղել է 20 տարի շարունակ։ Նա իր հայրենի քաղաք Երևանից դուրս

__________

169 Աբրահամ Կրետացի, Պատմութիւն անցիցն..., էջ 33— 34։
170 Տե՛ց Մ. Չամչյան, Հայոց պատմութիւն, հ. Գ, էջ 658, Մ. Օրմանյան, Ազգապատում, էջ 2511։

[էջ 233]

է եկել ընդամենը 16 տարեկան հասակում և նորից այնտեղ է վերադարձել 36—37 տարեկանում։ Հայսմավուրքի վերջում պահպանված է 1652 թվականի մի ընդարձակ հիշատակարան, որտեղ տեղեկություններ են հաղորդված նրա տոհմական ծագման, առևտրական գործունեության և Լեհաստանից վերադառնալուց հետո իր հայրենի քաղաքում կատարած մշակութային ու շինարարական աշխատանքների մասին։ Հիշատակարանում ասված է. «Արդ երես անկեալ աղաչեմ... յիշեցեք... զԽօջայ Գրիգորն զստացող յայսմաւուրիս։ Զի էր սա ի յԱրարատեան, ի գիւղաքաղաքէն Երեւանայ, որդի Արզումբէկի, որդւոյ Սիմէոնի, որ մականուն Մոծակ կոչի։ Եւ յաւուր միում մտաւ ածեալ զգործ վաճառականութեան յուսացեալ ւԱստուած ել յաջողութիւն նորա եւ գնաց։ Եւ ի գնալն նորին էր հասակն իւր ամաց վեշտասանից... ել յերկրէ եւ զազգէ իւրմէ վաճառական պատճառաւ գնաց ի յերկիրն Իլախաց, որ է Լեհ. Զոր բազում նեղութիւն եւ անձկութիւն կրեաց ընդ ծով եւ ընդ ցամաք շրջագայութեամբքն իւրով ամս Ի։ Եւ յետոյ ի միտ էած զաւանդութիւն նախնեացն եւ զանազանութիւն տիրախնամ, աստուածաշէն երկիրն իւրոյ Արարատեան եւ զիջումն միածնին ի նմին եւ զայլ բազումս սրբոցն որք անդ կան կառուցեալ եւ զպայծառութիւն բարձրաբերձ եկեղեցեաց, որք շինեալ կան ի թագաւորաց եւ իշխանացն Հայոց ի բազում ժամանակաց։ Զայս ամենայն ի միտ բերեալ աստուածասէր այրս խօջա Գրիգորն եւ մեծաւ փափագմամբ յուղի անկեալ եկն եհաս ի բնիկ յերկիրն իւր Այրարատ»171։

Հիշատակարանից դժվար չէ կռահել, որ խոջա Գրիգորը 16 տարեկան հասակում գնալով Լեհաստան՝ բազմաթիվ տարիներ զբաղվում է վաճառականությամբ՝ կուտակելով մեծ հարստություն, որի մի մասը հայրենիք վերադառնալուց հետո օգտագործում է բարեգործական նպատակներով։ Կարելի է ենթադրել, որ երիտասարդ, վաճառականի գործարքները չէին սահմանափակվում միայն Լեհաստանով։ Նա վաճառականական նպատակներով 20 տարի շրջագայել է ծովով ու ցամաքով՝ կրելով բազմաթիվ դժվարություններ ու նեղություններ։

Ստեփան Թոփչիևի գործակից Գասպար Այվազովը Լեհաստանում եղել է ավելի ուշ, XVII դարի 90-ական թվականներին։ Մոսկվայի հին ակտերի կենտրոնական պետական արխիվում տեղեկություններ են պահպանվել Գասպար Այվազովի, ջուլֆեցի խոշոր վաճառական Ստեփան Թոփչիևի և նրա որդու վաճառականական

__________

171 Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, Մեսրոպ Մագիստրոս, Յառմաւուրք (ժողովածու հիշատակարաններով հանդերձ), գործ № 221, էջ 104։

[էջ 234]

գործունեության մասին, որը հիմնականում կապված էր Ռուսաստանի և մասամբ Լեհաստանի հետ172։ Ստեփան Թոփչիևը Ջուլֆայից էր, իսկ Գասպար Այվազովր նրա գործակատարներից մեկն էր և ապրում էր Երևանում։ Պետրոս Առաջինին ուղղված իր խնդրագրում Գասպար Այվազովը հաղորդում է, որ ինքը Ստեփան Թոփչիևի կարգադրությամբ Երևանից նախ գնացել է Թուրքիայի մայրաքաղաք Ցարգրադ (Ստամբուլ), ապա՝ Լեհաստան։ Այնուհետև հաղորդում է, որ ինքը Լեհաստանից Մոսկվա է եկել որոշ ապրանքներով և, մաքս վճարելով, խնդրում է տալ թույլտվություն Աստրախան գնալ՝ այնտեղից եկած իր ազգակից վաճառականների հետ միասին173։ Նա ստանում է այդ թույլտվությունը և Աստրախանով ու Կասպից ծովով վերադառնում իր հայրենի քաղաքը։

Արևելյան Հայաստանից Արևմտյան Եվրոպայի երկրներ ու Լեհաստան գացող վաճառականներն, այնուամենայնիվ, առանձին անհատներ էին, որոնք իրենց գործունեությամբ հաճախ թույլ են կապված եղել իրենց հայրենի Երևան քաղաքի հետ։ Երևանի և Արևելյան Հայաստանի մյուս քաղաքների արտաքին առևտրի մեծագույն մասը բաժին էր ընկնում Պարսկաստանին, Ռուսաստանին, Վրաստանին և Թուրքիային։ Երևան այցելող վաճառականները բազմաթիվ էին։ Այստեղ իրենց ապրանքներով գալիս էին Արևմտյան Հայաստանից, Պարսկաստանից, Թիֆլիսից, Ստամբուլից, Զմյուռնիայից, Աստրախանից և ուրիշ շատ տեղերից, Վրաստանի և Պարսկաստանի միջև կատարվող առևտուրը հիմնականում տեղի էր ունենում Երևանի վրայով։ Ականատես հեղինակների վկայությամբ, թիֆլիսեցի վաճառականները, որ գրեթե բոլորը հայեր էին, մեծ քարավաններ էին կազմում և զինված էին։ Նրանք պարսկական և արևելյան այլ ծագումի ապրանքները գնելով Պարսկաստանում՝ Թավրիզի ու Երևանի վրայով տանում էին Թիֆլիս174։

Երևանը նույնպիսի դեր էր խաղում նաև Պարսկաստանի ու Թուրքիայի միջև կատարվող առևտրի բնագավառում։

Ռուսաստանի հետ կատարվող պարսկական առևտրի մեջ գրեթե մենաշնորհ դեր ունեին հայերը։ Պարսկահայերն իրենց ձեռքն էին վերցրել ռուս-պարսկական առևտուրը։ Այդ առևտրի հիմ-

__________

172 Տե՛ս ЦГАДА, ф. Сношения России с Арменией, 1960, д. № 1, лл. 3—6: Հմմտ. «Армено-русские отношения в XVII веке, сборник документов», т. I, Ереван, 1953, էջ 201—204:
173 Նույն տեղում։
174 Տե՛ս «Վաղարշապատեցի Յարութիւն Արարատեանի կեանքը» էջ 172։

[էջ 235]

նական հանգույցը Ռուսաստանում Աստրախանն էր՝ Վոլգա գետի մայրուղու սկզբնակետում, իսկ պարսկական պետությունում՝ Շամախին։ Մոսկվայի հին ակտերի կենտրոնական պատմական արխիվում պահպանվել են այդ առևտրին վերաբերող բազմաթիվ գործեր ու փաստեր175, որոնց միջոցով հնարավոր է մոտավոր ճշտությամբ վերականգնել ռուս-պարսկական առևտրի բնույթը, ծավալը, առևտրի ապրանքները, հայ առևտրականների ու վաճառականների խաղացած դերը, մաքսային սիստեմի առանձնահատկությունները, այդ առևտուրը խթանող ու խափանող ազդակները և այլն։ Ռուս-պարսկական առևտրին մասնակցում էին նաև Երևանի վաճառականները, որոնք ծագումով մեծամասամբ Ագուլիսից և Ջուղայից էին։

Առևտրական շրջանառությունը շատ դանդաղ էր կատարվում։ Դրա հիմնական պատճառներից մեկը փոխադրական միջոցներն էին։ Քարավանային և արտաքին առևտուրը բացառապես կատարվում էր ուղտերով և ձիերով, որոնք շատ դանդաղաշարժ էին։ Օրինակ՝ Թավրիզից մինչև Երևան քարավանները գնում էին 12 օրում176։ Դեռ այս ճանապարհն ամենաբարեկարգ և համեմատաբար անվտանգ ճանապարհներից էր։ Ուրիշ ճանապարհներում քարավանների արագությունն ավելի փոքր էր։

Երթևեկ վաճառականներին սպասարկելու համար Երևանում XVIII դարում կար 7 քարավանատուն, որոնց կից կառուցված էին ախոռներ, պահեստներ, գիշերելու համար սենյակներ և բազմաթիվ կրպակներ։ Քարավանատներում կրպակները պետական էին և տրվում էին մենավարձով177։

Հայտնի է, որ բոլոր ժամանակներում արտաքին առևտրի վիճակը մեծապես կախված է եղել նաև մաքսային հարկադրույքից։ Ինչքան բարձր է եղել հարկադրույքը և շատ են եղել մաքսատները, այնքան արտաքին առևտուրը նեղվել է։ Զաքարիա Ագուլեցու վկայության համաձայն, XVII դարում Երևանի խանությունում կար երկու մաքսատուն՝ մեկը Երևանում, իսկ մյուսը՝ Էջմիած-

__________

175 Տե՛ս ЦГАДА, ֆ. 77 (Ռուսաստանի հարաբերությունները Պարսկաստանի հետ), ֆ. 100 (Ռուսաստանի հարաբերությունները հայերի հետ)։ Տե´ս նաև Г. А. Эзов, Сношения Петра Великого с армянским народом, Санкт-Петербург, 1898, էջ XVII և ալյուր։
176 Տե՛ս Աբրահամ Երևանցի, Պատմութիւն պատերազմացն 1721 — 1736 թթ., էշ 57։
177 Մանրամասն տե՛ս Թ. Խ. Հակոբյան, Երևանի պատմությունը (1801 — 1879 թթ.), էջ 98 — 102։

[էջ 236]

նում178։ Սակայն ինչպես երևում է Սիմեոն կաթողիկոսի հաղորդած տեղեկություններից, Էջմիածնի մաքսատունը տեղական նշանակություն ուներ և հսկում էր ու մաքսադրում միայն Էմիածին մտնող ապրանքները այն էլ միայն խաների հատուկ թույլտվությամբ։ Նա գրում է. Սոյն Խալիլ-խանն զզիր մի ևս տայ սրբոյ Աթոռոյս վասն մեր քարավանսարային թէ՝ որպէս ի բնէ կարգն է, վաճառականաց բեռն բացուի և կապուի, Երևան նստող բազազքն մի խօսեցին»179։ Դժվար չէ տեսնել, որ Երևանի խանություն մտնող վաճառականների ապրանքներն իրավունք ունեին բացել և նորից կապել Երևանի բազազները։ Ւբրև արտոնություն, բացառության կարգով խաների կողմից այդպիսի իրավունք էր տրված նաև էջմիածնի քարավանատանը, որը սակայն իրավունք ուներ բացելու ու փակելու միայն Էջմիածին մտնող ապրանքների հակերը։

Մաքսատները համարվում էին պետական և տրվում էին մենավարձով։ Սովորաբար զառաբ-խանան ու մաքսատունը տրվում էր միևնույն անձնավորությանը։ Զաքարիա Ագուլեցին վկայում է, որ, օրինակ՝ երկար ժամանակ զառաբ-խանայի հետ միասին Երևանի մաքսատունը ևս մենավարձով տրվել էր իր եղբորը՝ Շմավոնին180։

Երևանի խաներից շատերը վարում էին առևտուրը հովանավորող քաղաքականություն։ Նրանք առևտուրը դիտում էին որպես խանական գանձարանի հարստացման հիմնական ու հուսալի աղբյուրներից մեկը և ձգտում էին հնարավորին չափով ընդլայնել այն։ Օրինակ՝ Խոսրով խանը (1648 —1654) արտաքին ու տարանցիկ առևտուրը զարգացնելու համար վերացրել էր ճանապարհային մաքսը181, իսկ վերջին խանի կին Ֆաթմա խանումը 1805 թվականին կարգադրել էր Էջմիածին ուխտի եկողներից ընդհանրապես մաքսային գանձումներ չկատարել182։ Սակայն եղել են և այնպիսի խաներ, որոնք դաժան ու ծանր հարկային քաղաքականության հետ միասին բարձրացրել են նաև մաքսային դրույքները՝ անուղղակիորեն հարվածելով արտաքին ու տարանցիկ առևտրին։ Այդ կարգի ընչաքաղց խաներից էր Խոսրով խանին փոխարինած

__________

178 Զաքարիա Ագուլնցի, Օրագրություն, էջ 7։
179 Սիմեոն Երևանցի, Ջամբռ, էջ 213։
180 Տե՛ս Զաքարիա Ագուլեցի, Օրագրություն, էջ 80 — 81, 107 և այլուր։
181 Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. II, էջ 44—45։
182 Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ֆ. կաթ. դիվան, թղթ. 1 դ, վավ. 577։

[էջ 237]

Լալա-բեկը։ Զաքարիա Սարկավագը գրում է, որ վերջինս, «քայքայեաց զամենայն ուղղութիւնս՝ զոր եդեալ էր Խոսրով խանն։ Վասնզի ծանրացոյց զհարկն. և հաստատեաց զմաքսն ճանապարհաց, և զոր ինչ վաճառիւր ծանրագնի թէ՛ ցորեան և թէ՛ այլ ինչ»183։

«Զմաքսն ճանապարհաց» ասելով չպետք է հասկանալ մաքսն ընդհանրապես։ Ներմուծվող ապրանքներից վերցվող մաքսը երբեք և ոչ մի խանի օրոք չի վերացվել։ Խոսքն այստեղ վերաբերում է ճանապարհների, կամուրջների համար վերցվող մաքսին, որն Արևելքի երկրներում ընդհանրապես չի եղել։ Այս կամ այն բռնակալն ու խանը այդպիսի մաքս մտցնում էր հատուկ հրամանով, որը, սակայն, ժամանակի ընթացքում նորից վերացվում էր։ Տվյալ դեպքում Զաքարիա Սարկավագի խոսքը վերաբերում է նրան, որ Խոսրով խանը վերացրել էր ճանապարհների մաքսը, իսկ նրան փոխարինած Լալա-բեկը նորից այն վերականգնել էր։

Վերցվող մաքսի չափի մասին հավաստի տվյալներ չեն պահպանվել։ Միայն հայտնի է, որ յուրաքանչյուր մաքսատուն ներմուծվող ապրանքներից գանձել է որոշ քանակությամբ մաքս։ Շատ թե քիչ արժանահավատ տվյալները վերաբերում են վերջին սարդարի՝ Հուսեին-Ղուլի խանի ժամանակներին։ Սակայն դրանով ևս հնարավոր չէ ճիշտ գաղափար կազմել արտաքին ու տարանցիկ առևտրի վերաբերյալ, որովհետև վերջին սարդարի վեզիր Միրզա Ւսմայելի՝ հարկերի ու տուրքերի մասին թողած ամփոփագրի մեջ տրված է ոչ թե բուն մաքսը, այլ դրա կապալագինը, որ մտնում էր սարդարական գանձատունը որպես եկամուտ։ Ըստ նրա, Հուսեին խանի իշխանության վերջին տարում սարդարական գանձարանը մաքսատունը մենավարձով տալուց ստացել էր 2.500 թուման (10.000 ռուբլի) եկամուտ184, իսկ ըստ Ջեմս Մորիերի վկայության սարդարական այդ եկամուտը 1815 թվականին կազմել էր 12.000 թուման (48 հագար ռուբլի)185։

Միանգամայն հասկանալի է, որ սարդարական գանձարանը մուծված գումարն իր չափերով չէր կարող համեմատվել մենավարձողի կողմից վերցվող ընդհանուր մաքսի հետ։ Չհաշված չարաշահումները, անօրինական մածումները և ուղղակի թալանը, որ հազվադեպ չէին պարսկական և թուրքական հետամնաց պետությունների կյանքում, գանձվող մաքսի ընդհանուր քանակը մի

__________

183 Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. II, էջ 44։
184 Տե՛ս И. Шопен, Исторический памятник Армянской обл., էջ 1055— 1058։
185 Նույն տեղում, էջ 1138։

[էջ 238]

քանի անգամ գերազանցում էր սարդարին վճարվող մենավարձի չափից։

Արտաքին ու ներքին առևտրի զարգացմանը մեծապես խանգարում էր դրամական միավորների և չափի ու կշռի բազմազանությունը։ Մենք արդեն տեսանք, որ Երևանում շրջանառության մեջ էին գտնվում զանազան երկրների տարբեր կարգի դրամական միավորներ, որոնք իրենց պարունակած ոսկու կամ արծաթի քանակությամբ միշտ չէ, որ համապատասխանում էին սահմանված չափին և շատ դեպքերում բավական անորոշ էին։ Սակայն դրամական միավորների բազմազանությունն ու անորոշությունը, չափ ու կշիռների միավորների բազմազանության ու անորոշության հետ համեմատած, շատ չնչին էր։ Երևանի խանությունում և Երևան քաղաքում գործածության մեջ էին պարսկական, թուրքական, տեղական չափ ու կշիռների բազմատեսակ միավորներ, որոնք շատ դեպքերում չունեին իրենց որոշակի սահմանը186 և դրանով իսկ խոչնդոտում էին արտաքին ու ներքին առևտրի զարգացմանը՝ միաժամանակ պատճառ դառնալով մեծ չարաշահումների։ Այսպես, օրինակ՝ Երևանում գործածության մեջ գտնվող կշռի հիմնական միավորներից մեկը՝ լիտրը, բուն Պարսկաստանում հավասար էր 6,95 կգ-ի, Թիֆլիսում՝ 3,5 կգ-ի, Լոռիոլմ՝ 2,4, Շիրակի գյուղերում՝ 8, իսկ Երևանում՝ 4,8 կգ-ի։

Առևտրով զբաղվում էին շատ-շատերը՝ արհեստավորներից ու մանր առևտրականներից սկսած մինչև հարուստ վաճառականներն ու ինքը՝ սարգարը։ Հայտնի է, որ մեզ հետաքրքրող ժամանակաշրջանի պարսկական ու թուրքական պետություններում պրոֆեսիոնալ վաճառականությունն՝ ըստ իր կապիտալի մեծության կատարած առևտրի ծավալի և երկրի կյանքում խաղացած դերի, բաժանվում էր չորս խմբի՝ սովդաքյարների, բինախտ արն երի, բազազների և չարչիների։ Սովդաքյարները ամենահարուստ, բարձր դիրք ունեցող վաճառականներն էին, նրանք զբաղվում էին մեծածախ առևտրով, մաքսից բացի, ազատված էին բոլոր կարգի հարկերից և պատկանում էին հասարակության բարձր խավին։ Բինախտարներն իրենց հարստությամբ ու իրավունքներով զիջում էին սովդաքյարներին, բայց նրանք ևս հիմնականում զբաղվում էին մեծածախ առևտրով։ Իսկ բազազներն ու չարչիները (փերեզակներ) զբաղվում էին մանրածախ առևտրով։ Դրանցից բազազները, որ կազմում էին Երևանի ամենաուժեղ համքարություններից մեկը, ունեին բավա-

__________

186 Մանրամասն տե՛ս Թ. Խ. Հակոբյան, Երևանի պատմությունը (1801 — 1879 թթ.), էջ 133—137։

[էջ 239]

կան արտոնություններ, բայց, թե՛ նրանք և թե՛ չարչիները համարվում էին հարկատու187։

Արտաքին առևտրի բնագավառում սովդաքյարները գրեթե ունեին մենաշնորհ դիրք։ Աբրահամ Կրետացին, խոսելով Նադիր-Շահի ժամանակներում հաստատված ժամանակավոր խաղաղության շնորհիվ երկու երկրների՝ Պարսկաստանի և Թուրքիայի միջև կատարվող առևտրի համար նպաստավոր պայմաններ ստեղծվելու և այդ առևտրում սովդաքյարների խաղացած դերի մասին, դրում է, «Եւ ըստ պտուիրելոյ մեծի Խանին (Նադիր շահի — Թ. Հ.), ես և Երևանայ Խանն գրեցաք ՛ի Ղարս, յԱրզրում, և յայլ տեղիս, ես իմ ազգին, և նա ևս յատուկ Ղարսայ Փաշային, եթէ հրաման եղև մեզ ի մեծ Խանէն ծանուցեալ յերկրին, և արզ առնել մեծի տէրութեան ձերում. որովհետև խաղաղութիւն և հաշտութիւն եղև, յայսմհետէ անկասկած գայցեն սևտակարքն, և ամենայն ոք անկասկած և աներկիւղ վաճառեսցեն, և գնեսցեն, զոր ինչ կամեսցին և արեսցեն։ Եւ այնպէս Կոնդակս ծանուցի ՛ի Ղարս, յԱրզրում, ի Թօխաթ, ՛ի Պայազիտ, ՛ի Վան և ՛ի Բաղէշ»188։

Այս առիթով տեղին է նկատել, որ տարբեր պետությունների կազմում գտնվող Արևելյան Հայաստանն ու Արևմտյան Հայաստանը խաղաղ պայմաններում իրար հետ ունեին տնտեսական սերտ հարաբերություններ։ Նադիր-Շահի ժամանակներում հաստատված ժամանակավոր խաղաղության առիթից օգտվելով՝ շահի խորհրդով Երևանի խանը և Հայոց կաթողիկոսը, առաջինը Կարսի փաշային ուղղված դիմումով, իսկ երկրորդը՝ արևմտահայությանը դրած կոնդակով կոչ են անում առևտուրը զարգացնելու, երթևեկ վաճառականների համար խոստանալով ստեղծել միանգամայն անվտանգ պայմաններ։

Ինչպես ասվեց, Երևանում բավական ուժեղ էին բազազները։ Նրանց էր վերապահված Երևան ներմուծվող ապրանքների հակերը բաց անելու և ստուգելու իրավունքը։ Նրանք թեպետև զբաղվում էին մանրածախ առևտրով, բայց բազմամարդ էին և իրենց կազմած համքարությամբ մեծ դեր էին խաղում քաղաքի ներքին տնտեսական կյանքում։

Աղբյուրներում սովորաբար բոլոր կարգի վաճառականները

__________

187 Մանրամասն տե՛ս Թ. Խ. Հակոբյան, Երևանի պատմությունը (1801 — 1879 թթ.), էջ 95 — 96։
188 Աբրահամ Կրետացի, Պատմութիւն անցիցն իւրոյ և Նատր-Շահին Պարսից, էջ 27։

[էջ 240]

հիշատակվում էին մի ընդհանուր՝ խոջա անվան տակ189։ Երևանում մեզ հետաքրքրող ժամանակներում հիշատակվում են բազմաթիվ խոջաներ՝ Հովսեփ, Հակոբ, Գրիգոր, Իսահակ, Սեթ, Յաղուբ, Սահակ, Աբրահամ, Թորոս, Մանուկ, Թադևոս, Մատթեոս և շատ ուրիշներ190։ Այդ բոլոր խոջաներն առևտրի ու վաճառականության հետ միասին զբաղվում էին նաև տնտեսական այլ գործարքներով՝ կապալառությամբ, վաշխառությամբ, կալվածքների առ ու վաճառքով և այլն191։

Վաճառականների կապիտալների մեծության վերաբերյալ շատ թե քիչ արժանահավատ տվյալներ չեն հասել մեզ։ Անուղղակի փաստերը ցույց են տալիս, որ պարսկական տիրապետության վերջին շրջանում Երևանում հարուստ վաճառական կամ առևտրական են համարվել նրանք, ովքեր ունեցեք են մինչև 6 հազար ոուբլու (արծաթ դրամով հաշված) կապիտալ, և այդպիսի առևտրականների ու վաճառականների թիվը եղել է շատ փոքր։ Տասը հազար ռուբլի և ավելի կապիտալ ունեցող վաճառականներ ու առևտրականներ գրեթե չկային ո՛չ հայերից և ո՛չ էլ պարսիկներից, թաթարներից կամ թուրքերից։ Մի քանի վաճառականներ ու առևտրականներ չնայած կատարում էին 10— 20 հազար ռուբլու առևտուր, սակայն նրանց մոտ շրջանառության մեջ գտնվող փողը պատկանում էր ոչ թե մեկ, այլ բազմաթիվ մարդկանց192։

Նախորդ շրջանի վաճառականների կապիտալների մեծության մասին այնուամենայնիվ պահպանվել են մի շարք անուղղակի փաստեր, որոնք կարող են որոշ գաղափար տալ նրանց դիրքի ու առևտրա-տնտեսական գործունեության վերաբերյալ։ Պատմական աղբյուրների վկայությունները ցույց են տալիս, որ մեզ հետաքրքրող շրջանի ամենահարուստ և հայտնի վաճառական-կապալառուներից մեկը Շմավոնն էր, պատմագիր Զաքարիա Ագուլեցու եղբայրը։ Վերջինս նրա կիտած անբավ հարստությունների մասին գրում է. «Շատ փող, ըռզակ կիտեց, որ համբաւն Հընդստան և

__________

189 Տե՛ս Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ֆ. կաթ. դիվան, թղթ. 1բ, վավ. 108, 116, 117, 118, Մատենադարանի պարսկերեն վավերագրերը, I, հրովարտակներ, պրակ երկրորդ (1601 — 1650 թթ.), կազմեց Հ. Դ. Փափազյան, Երևան, 1959, էջ 130 — 133, Սիմեոն Երևանցի, Ջամբռ, էջ 181 — 182, 184, 188—189 և այլուր։
190 Տե՛ս նույն տեղերում։
191 Նույն տեղերում։
192 Տե՛ս Թ. Խ. Հակոբյան, Երևանի պատմությունը (1801 — 1979 թթ.) էջ 95։

[էջ 241]

Ֆռանգստան հասաւ»193։ Զառաբխանայից և մաքսատնից ստացված նրա եկամուտները մեծ գումարների են հասնում։ Շատ ուրիշ վաճառականների նման Շմավոնը ևս կատարել է որոշ բարեգործական աշխատանքներ։ Նա իր միջոցներով վերանորոգել է տվել Խորվիրապը և կառուցել տվել փոսի վրայի փոքր եկեդեցին194։ Սակայն ուրիշ շատ վաճառականների նման Շմավոնը ևս սնանկանում է։ Նա մահանում է Սպահանում աղքատության մեջ և պարտքերի տակ ընկած195։

Շմավոնից ավելի հարուստ և ավելի մեծ կապիտալներ ուներ վերը նշված խոջա Գրիգորը՝ Սիմեոնի որդին։ Մեծ կապիտալներով վերադառնալով իր հայրենի քաղաք Երևան՝ Գրիգորը կատարում է «բարեպաշտական» աշխատանքներ՝ կառուցում է կաթողիկե եկեղեցու ժամատունը՝ եկեղեցուն նվիրելով թանկարժեք զանազան ձեռագրեր, ապրանքներ, Աշտարակի մոտ կառուցել է տալիս մի կամուրջ, Գետառից (Կըրխբուլաղ) քահրեզով ջուր բերում մինչև Կաթողիկեի բակը (այժմյան ԳԱ պատմության ու լեզվի ինստիտուտների շենքի մոտ), Երևան քաղաքին ազատում մուլք վճարելուց և այլն։ Հայսմավուրքի հիշատակարանում խոջա Գրիգորի այդ «բարեպաշտության» մասին հետևյալն է ասվում. «Եւ յԵրեւանու քաղաքիս մուլքն ազատեալ վախմ արար, յիշատակ իւրն եւ ծնողաց իւրոց։ Եւ շինեաց զԿաթողիկէ եկեղեցւոյ ժամատունն ի հիմանց բազում ծախիւք. եւ ետ ընծայս եկեղեցւոյ մէկ Յասմաւուր, մէկ Ճաշոց, մէկ ոսկետուփ մագաղաթ աւետարան, մէկ ատենի Սաղմոսարան, մէկ զառբաբ շուրջառ իւր զգեստովն, մէկ արծաթէ բուրվառ, մէկ ջահ, չորս թուջի կանթեղ, մէկ թիքմայ վակաս մարգարտաշար, մի թիքմայ աղաւարտ մարգարտաշար, երկու բասմայ ծածկոց, մէկ թուջի բուրվառ, երեք շապիկք, մի ջուխտ ծնծղայ, երկու զանգակ, մի ջուխտ արծաթե քղոց, մի խաչվառի խաչ, Ճ (100) մարղլի իւր խաչվառովն, մեկ վարագոյր նորոգեաց իւր խարճովն, մէկ կամուրջ շինեաց Փարաքարայ ջրին վերայ, մէկ քահրեզով ջուր երեր ի Գրխբուլաղի ջրէն Կաթողիկէի շրջապատի միջովն, հասոյց ի մէջ քաղաքին կամարաձեւ կերպիւ, որ եւ Աստուած վարձահատոյց լիցի»196:

Դրամի վերածելով կտեսնենք, որ Մոծակ մականվանված խոջա

__________

193 Զաքարիա Ագուլեցի, Օրագրություն, էջ 95։
194 Նույն տեղում, էջ 81—82։
195 Նույն տեղում, էջ 70 — 71, 81, 95։
196 Տե՛ս Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, Մեսրոպ Մագիստրոս, Ձեռնագրաց ցուցակ հիշատակարաններով հանդերձ, գործ № 221, էջ 104։

[էջ 242]

Գրիգորը միայն «բարեպաշտական» նպատակներով ծախսել է տասնյակ Հազար թուման և ակնհայտ է դառնում, որ նրա կապիտալները հասնում էին մեծ չափերի։

Հայ վաճառականներն արտաքին առևտրից ունեին մեծ շահույթ և կարող էին արագ հարստանալ ու բարձրանալ։ Եվրոպական ապրանքները նրանք համեմատաբար էժան գնելով տեղում երբեմն վաճառում էին տասնապատիկ ավելի գներով և ստանում էին մեծ շահույթ։ Եվրոպացի ականատեսներից մեկը վկայում է, որ ջուղայեցի վաճառականը տասնապատիկ շահույթ էր ստանում Վենետիկից բերած կեղծ գոհարների վաճառքից։ Նա այնուհետև նշում է, որ երևանցի մի մսագործ Ջուղայում վաճառականություն անելով կուտակում է մոտ մեկ միլիոն ֆրանկի հասնող հարստություն 197:

Բերված փաստերը ցույց են տալիս, որ մեզ հետաքրքրող ժամանակներում XVII—XVIII դարերում հայ վաճառականները, որոնց թվում նաև մասամբ Երևանի վաճառականները իրենց ձեռքում կենտրոնացրել էին հսկայական հարստություններ՝ տասնյակ հազարների հասնող կապիտալներ։

Պատմական աղբյուրների վկայություններից երևում է, որ Ջուղայի և առևտրական այլ կենտրոնների վաճառականության նման Երևանում ևս առաջացել էին վաճառականական տներ, որոնց համար աոևտուրը դարձել էր մի տեսակ ժառանգական զբաղմունք198։ Այդպիսի ընտանիքներում որդին հորից ժառանգելով պատկառելի քանակությամբ կապիտալ, շարունակում է այն մեծացնել և կապիտալի համակենտրոնացումն այդ եղանակով հասնում է բավական մեծ չափերի։ Սակայն բացառված չէր նաև վաճառականների «աղքատացումը»՝ սնանկացումը, որի հետևանքով նրանք ոչ միայն կորցնում էին իրենց կուտակած ամբողջ հարստությունը, այլև ընկնում էին ծանր պարտքերի տակ։ Մենք տեսանք, որ այդպիսի վաճառական է եղել Զաքարիա Ագուլեցու եղբայրը՝ Շմավոնը։ Պարտքերի համար նրա մահից հետո Սպահանում բանտարկեցին Զաքարիային, որը նույնպես վաճառական էր, առևտրական նպատակներով ճանապարհորդել էր Պարսկաստանում, Թուրքիայում, Իտալիայում, Գերմանիայում, Հոլանդիայում և այդ ընթացքում կազմել էր օրագիր-հիշատակարանը, որն այնքան

__________

197 Տե՛ս Լեո, Հայոց պատմություն, հ. III, էջ 157։
198 Տե՛ս Սիմեոն Երևանցի, Ջամբռ, էջ 180 — 182, Հ. Դ. Փափազյան, Մատենադարանի պարսկերեն վավերագրերը, Հրովարտակներ, պրակ II, էջ 129 —133 և այլուր։

[էջ 243]

կարևոր տեղեկություններ է պարունակում ժամանակի տնտեսական ու առևտրական կյանքի վերաբերյալ։

գ) ՀՈՂԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐԸ

Հողատիրության ձևերը։ Հողի առ ու վահառքը, նվիրատվությունը և ժառանգման կարգը։ Վաշխառություն։ Այգու և հողի չափման միավորները։ Ոռոգումը։ Քաղաքի գյուղատնտեսության կարևոր ճյուղերը՝ այգեգործությունը և բանջարաբուծությունը։ Տնայնագործական գինեգործություն։ Հողից վերցվող հարկերը։ Բնական աղետները և դրանց հետևանքով քաղաքի գյուղատնտեսական ճյուղերի կրած վնասները

Ի. Պ. Պետրուշևսկին մուսուլմանական իրավունքի հիման վրա գրում է, որ Հայաստանում ու Ադրբեջանում XVI դարում գոյություն ունեին հողատիրության հինգ տեսակներ՝ պետական կամ դիվանին պատկանող հողեր, շահի ընտանիքի սեփական հողեր, քրիստոնեական ու մահմեդական կրոնական հիմնարկներին կտակված հողեր, որ կոչվում էին վակֆ կամ վակիֆ, մասնատիրական հողեր, որ կոչվում էին մուլք կամ արբաբի, և գյուղական համայնքների սեփականությունը կազմող հողեր199։ Անդրկովկասի խանություններում, որոնց թվում և Երևանի խանությունում պետական հողերը ենթակա էին խանի իրավասությանը, թեպետ և ձևականորեն ամբողջ երկրի հողերի գերագույն սեփականատերը համարվում էր շահը։ Մեզ հետաքրքրող ժամանակների Երևանում եղել է երեք կարգի հողային սեփականություն՝ խանական (սարդարական) կամ պետական, վանքապատկան և մասնավոր անձանց պատկանող հողեր։

Երևանի քաղաքապատկան հողերի զգալի մասը գտնվում էր սարդարի ձեռքին200։ Սարդարապատկան հողերը հիմնականում տարածվում էին բերդի մոտ գտնվող «Սավզի-երի» կոչված ջրառատ տեղում և Հրազդանի աջ ափին, որտեղ Երևանի վերջին խանի ժամանակ ստեղծվեց Դալմայի հայտնի այգին։ Երևանում վերջին խանի ժամանակներում սարդարապատկան այգիների թիվը հասնում էր 14-ի՝ Դալմա, Դել-ղուշի, Միրզա-Ռաբի, Յուզբաշի-Քյագիմ, Գյուլլի-բաղ, Ղոշա-բաղ և այլն201։ Սարդարապատկան այգի-

__________

199 И. П. Петрушевский, Очерки по истории феодальных отношений в Азерб. и Армении в XVI—нач. XIX вв., էջ 79:
200 И. Шопен, Исторический памятник Арм. обл., էջ 470:
201 Նույն տեղում, էջ 959։

[էջ 244]

ները սովորաբար տրվում էին մենավարձով, այգեթաղը, այգիների բացման ու էտման աշխատանքները կոռի կարգով կատարում էին շրջակայքի գյուղերի և մասամբ Երևանի բնակիչները202։ Այդ աշխատանքների համար վերջին սարդարի օրոք յուրաքանչյուր տարի գործադրվում էր 6.000 բանվորական օր կոռային աշխատանք203։ Հողային տարածություններից բացի, պետական-խանական սեփականություն էին կազմում նաև ջրաղացներ, շուկա-հրապարակները, իջևանատները և այլն։ Ոռոգման առուները նույնպես համարվում էին պետական սեփականություն և դրանցից օգտվելու համար հողատերերը պարտավոր էին վճարել որոշ քանակի տուրք։

Պետական այգիների ոչ միայն մշակումը, այլև դրանց տնկելը կատարվում էր կոռային աշխատանքով։ Ի. Շոպենը հաղորդում է, որ «այդ այգիների տնկման ժամանակ հատուկ պայմաններ չեն եղել, սակայն ըստ ընդհանուր սովորության, որ գոյություն ուներ գրեթե ամբողջ Անդրկովկասյան երկրում, ուրիշի հողի և ջրի վրա այգի գցողը պարտավոր էր տիրոջը տալ ամբողջ եկամտի կեսը, կամ հենց այգին բաժանվում էր երկու մասի»204։ Միանգամայն պարզ է, որ Երևանի պետական այգիները նույնպես գցվել են հարկադիր աշխատանքի միջոցով։ Հողն ու ջուրը ամբողջովին ենթակա էր սարդարի տնօրինությանը։ Նա իր տրամադրության տակ եղած հողից բաժանել էր բնակիչների վրա, որոնք այգիներ են գցել այդ հողերում, դրա դիմաց այգիներ տնկելով նաև սարդարի համար։ Հարկադիր աշխատանքով պետական այգիներ գցելու տիպիկ օրինակ կարող է ծառայել Դալմայի այգիների գցելը 1815 թվականին, երբ Հուսեին-խանը Դալմայի առուն հանելուց հետո Հրազդանի աջ ափի հողերը տալիս էր իր մերձավորներին ու քաղաքի բնակիչներին՝ այգիներ գցելու համար։ Շուտով այդտեղ գցվում է 149 այգի205, որոնց թվում և սարդարապատ կան Դալմայի նշանավոր այգին։

Երևանի խանությունում և Երևան քաղաքում ընդարձակ կալվածքներ ունեին վանքերը, եկեղեցիները ու մասամբ մահմեդական մզկիթները։ Եթե նախորդ ժամանակներում եկեղեցիներին ու վանքերին նվիրվող զանազան կալվածքների՝ այգիների, բանջարանոցների, հողաանդակների, ջրաղացների, դինգերի, խանութների և այլնի մասին եկեղեցիների ու տաճարների պատերին

__________

202 И. Шопен, Исторический памятник Арм. обл., էջ 959։
203 Նույն տեղում, էջ 960։
204 Նույն տեղում։
205 Նույն տեղում, էջ 874։

[էջ 245]

թողնում էին վիմագիր արձանագրություններ, ապա մեզ հետաքրքրող շրջանում՝ XVI—XVIII դարերում դրանց վերաբերյալ ամենայն մանրամասնությամբ հիշատակվում է ժամանակագրություններում, Էջմիածնի կաթողիկոսական արխիվի ֆոնդերում, թուրքական սուլթանների ու փաշաների և պարսկական շահերի ու խաների հրովարտակներում, հայ ու օտար հեղինակների երկերում։ Եկեղեցական կալվածքների մասին ամբողջական և հարուստի տվյալներ կան առանձնապես Աիմեոն Երևանցի կաթողիկոսի «Ջամբռ» աշխատության մեջ։

Եկեղեցու տրվող կալվածքների քանակի և որպիսության մասին արձանագրվում ու հաստատվում էր բարձրադիր իշխանությունների կողմից։ Աիմեոն Երևանցին նշում է, որ մի այդպիսի յուրահատուկ աշխարհագիր է կատարվել պարսից Շաh-Սուլեյմանի և հայոց Եղիազար կաթողիկոսի օրոք։ Նրա ասելով՝ արքունիքի կողմից ուղարկված մարդիկ, գալով մեր երկիրը՝ արձանագրում ու կնիքներով հաստատում են Էջմիածնին և մյուս վանքերին պատկանող բոլոր կալվածքները. «Եկեալ դիւանագիրք արքունուստ յերկիրս յայս, գրեն զթուղթ մի և կնքեն, թէ այսքան մուլք Էջմիածնի և վանօրէից նորին մաղաֆք են», — գրում է նա206։

Վանքապատկան կալվածքների մասին հատուկ հրովարտակներ են արձակել Շահ-Աբասը I-ի (XVII դ. սկզբներին) և Շահ-Աբաս II-ը (նույն դարի 60-ական թվականների սկզբներին)։ Սիմեոն Երևանցին վկայում է, որ չնայած այդ երկու հրովարտակները գրվել են մեկը մյուսից 32 տարվա տարբերությամբ, բայց ունեն միևնույն բովանդակությունը, որը հանգում է հետևյալին. «գրեն յանուանէ և յատուկ զհողս, և զանդս վերոյիշեցեալս. և կնքեն և վկայեն թէ՝ այսոքիկ անդքս ստուգիլ Էջմիածնի են լեալք ի բնէ անտի. և ապա թագաւորքն ի վերայ այսոցիկ թղթոցս՝ մին ի նոյն երեսն, և միւսն ի միւս երեսն՝ զազմ գրեն և հրամայեն թէ՝ մենք ևս հրամայեցաք, զի հողքդ այդոքիկ Էջմիածնի Աթոռոյն լիցին միշտ և ոչ ոք ունի իշխանութիւն ձեռնամխել ի դոսա»207։

Էջմիածնի կալվածատիրական իրավունքները հատուկ հրովարտակներով վավերական էին համարում նաև սուլթանները թուրքական տիրապետության ժամանակներում։ Արևելյան Հայաստանում Մշեցի Աբրահամ կաթողիկոսի ժամանակ Էջմիածնի կալվածքների անձեռնմխելիության մասին այդպիսի մի հրո-

__________

206 Սիմեոն Երևանցի, Ջամբռ, էջ 140։
207 Նույն տեղում, էջ 154։

[էջ 246]

վարտակ (ֆերման, ֆարման) է տվել սուլթան Մահմուդը208։ Առանձին վիճելի դեպքերի առնչությամբ կաթողիկոսների խնդրանքով այդ մասին հրամաններ էին արձակում շահերը, փաշաները և խաները209։

Օրենքի ուժ էր ստացել անժառանգ մնացած մարդկանց գույքն ու հողատարածությունները հոգևորականության սեփականություն համարելը։ Ելնելով շարիաթի դատարանի այդ օրենքից, Շահ-Աբաս II-ը 1658 թվականին արձակած իր հրովարտակով Երևանի բեգլերբեգին հանձնարարում էր վիճելի բոլոր հարցերն ու բողոքները լուծել այդ օրենքի հիման վրա210։ Անժառանգ մնացած գույքն ու կալվածքները եկեղեցուն կամ մզկիթներին էին հանձնվում տեղական մեծամեծների միջոցով։ Մատենադարանի կաթողիկոսական դիվանի ֆոնդում պահպանվել են այդ կարգի գործարքների մասին մի շարք վավերագրեր։ Դրանցից մեկում, որ վերաբերում է 1747 թվականին, ասված է, որ երևանցիներ Գրիգորն ու նրա կինը մահանում են անզավակ և նորագեղում գտնվող նրանց այգին Երևանի քեթխուդաների, քալանթարի ու մյուս մեծամեծների ստորագրությամբ նվիրվում է սրբ. Գրիգոր եկեղեցուն211։

Սակայն նվիրատվության միակ աղբյուրը անժառանգ մնացած կալվածքները չէին։ Վանքերին ու եկեղեցուն տարբեր կարգի կալվածքներ էին նվիրում վաճառականները, ազնվականները, հարուստ քաղաքացիները և այլք։ Մատենադարանի կաթողիկոսական դիվանի վավերագրերում և Սիմեոն Երևանցու «Զամբռ» աշխատության մեջ արձանագրված են Էջմիածնի, Գեղարդի, Ամենափրկիչ վանքերին և Երևանի եկեղեցիներին նվիրված հողաանդակների, ջրաղացների ու դինգերի, տների և այլ կալվածքների ու անշարժ գույքի նվիրատվության մասին212։ Ինչպես ասվեց, վանքերին, եկեղեցիներին ու մահմեդական մզկիթներին նվիրված կալվածքները կոչվում էին վակիֆ և համարվում էին նրանց ժառանգական սեփականությունը։

__________

208 Տե´ս Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ֆ, կաթ. դիվան, թղթ. 1ա, վավ. 86, թղթ. 1 բ, վավ. 109 և այլ տեղերում։
209 ՍիմեոՏ Երևանցի, Ջամբռ, էջ 232—233, 249 — 252 և այլն։
210 Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ֆ. կաթ, դիվան, թղթ. 1բ, վավ. 109։
211 Նույն տեղում, թղթ. 242, վավ. 36։
212 Նույն տեղում, թղթ. 1 գ, վավ. 241, Սիմեոն Երևանցի, Ջամբռ, էջ 121 — 122, 267 — 268, 282 և այլ տեղերում։

[էջ 247]

Եկեղեցիներն ու վանքերը չէին բավարարվում նվիրատվությամբ ձեռք բերված կալվածքներով։ Նրանք իրենց տրամադրության տակ ունեցած դրամական միջոցներով գնում էին հողատարածություններ, այգիներ, ջրաղացներ, դինգեր, խանութներ և այլ կալվածքներ։ Հայոց կաթողիկոսներն ընդարձակ կալվածքներ էին գնել նաև բուն Երևան քաղաքում ու նրա շրջակայքի գյուղերում ՝ Նորքում, Ձորագյուղում, Նորագավիթում, Նորագյուղում213։ Գնված կալվածքները նույնպես դառնում էին վանքերի ու եկեղեցիների ժառանգական սեփականությունը։

Էջմիածինը, մյուս վանքերն ու եկեղեցիները նվիրված և գնված կալվածքների առիթով մշտապես գտնվում էին վեճի մեջ։ Նվիրատուների ժառանգները և բարեկամները, «անժառանգ» համարված և եկեղեցուն նվիրված կալվածքների «ժառանգորդները», ինչպես նաև եկեղեցուն վաճառված կալվածքների սեփականատիրական հավակնություն ունեցողները բոլոր միջոցներով ձգտում էին վերադարձնել իրենց «օրինական» կալվածքները կամ դրանց համար վանքերից ու եկեղեցիներից ստանալ փոխհատուցում։ Իսկ վանքերն ու եկեղեցիները իրենց հերթին գործադրում էին բոլոր հնարավոր միջոցները նվեր ստացած կամ գնված կալվածքները իրենց ձեռքում պահելու համար։ Հոգևորականությանն այս հարցում հովանավորում էին ու պաշտպանում Երևանի խաները, փաշաները, ինչպես նաև սուլթաններն ու շահերը։ Եկեղեցական կալվածքների շուրջը ծագած բազմաթիվ վեճեր են արձանագրված Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող կաթողիկոսական դիվանի վավերագրերում։ Բերենք դրանցից մի քանի օրինակ։ 1701 թվականին վերաբերող մի փաստաթղթում ասված է այն մասին, որ երևանցի ոմն Էմինի որդիներ գլխարկ կարող Քյոզահը և Զեյնալ Աբդնը շարիաթի դատարանին ներկայացնում են մի կալվածագիր, ըստ որի Քիրաջլու գյուղը որպես մայրական ժառանգություն ամբողջապես պատկանում է իրենց։ Իսկ Նահապետ կաթողիկոսը ցույց է տալիս եկեղեցու սեփականատիրական իրավունքների մասին այլ փաստաթղթեր։ Վեճը հարթվում է «բարի մարդկանց» միջնորդությամբ։ Քիրաջլու գյուղը համարվում է՝ էջմիածնին պատկանող, իսկ հայցվորները բավարարվում են երկուս ու կես թուման ստանալով214։ Մի այլ վավերագրի համաձայն, 1759 թվականին Ձորագյուղում (Դարաքյանդ) գտնվող մի

__________

213 Տե՛ս Սիմեոն Երևանցի, Ջամբռ, էջ 122 — 123, 267—268 և այլուր։
214 Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ֆ. կաթ. դիվան, թղթ. 1բ, վավ. 209։

[էջ 248]

այգու շուրջը վեճ է ծագում Երևանի ս. Սարգիս եկեղեցու վարդապետ Ղազարի և այդ այգու նախկին տիրոջ՝ մահմեդականություն ընդունած դստեր ու նրա ամուսնու՝ ոմն Ախանգի միջև։ Վարդապետ Ղազարը իր դիմումով Հուսեին-Ալի խանի միջոցով կարողանում է վեճը լուծել հօգուտ եկեղեցու և վերականգնել վերջինիս սեփականատիրական «անխախտ» իրավունքը նշված այգու նկատմամբ215։ Նույն Ղազար վարդապետր 1760 թվականին Երևանի բեյլերբեյին ներկայացնում է մի այլ բողոքագիր։ Նա Երևանի խանին հայտնում է, որ ոմն Հակոբի կողմից սրբ. Սարգիս եկեղեցուն նվիրված այգին անօրինական կերպով սեփականացրել է նախկին Շեյխ-Իսլամի որդի Մուստաֆա բեկը և երեք անձանց վկա բերելով, խնդրում է վեճը լուծել հօգուտ եկեղեցու։ Երևանի խանը Ղազար վարդապետի բողոքը համարում է հիմնավորված ու օրինական և վեճը լուծում հօգուտ սբ. Սարգիս եկեղեցու216։

Եկեղեցական կալվածքների շուրջը ծագած բազմաթիվ վեճերի մասին հաղորդվում է նաև «Ջամբռ»-ում։ Այդ վեճերի մի մասը ծագել է նախորդ ժամանակներում, իսկ մյուս մասը՝ «Զամբռ»-ի հեղինակի՝ Սիմեոն Երևանցի կաթողիկոսի օրոք։ Բերենք այդ բազմաթիվ դեպքերից միայն մեկի մասին։ Սիմեոն Երևանցին հաղորդում է, որ Գետարգելի (կամ Ձագավանք) վանքը Երևանում ուներ երկու այգի «մին ի ձորն ի ներքոյ Նորք գեղջն ի վերայ Ղրխբուլաղոլ գետոյն, որ ի բնէ վախմ է սոյն վանքիս, որ այժմ սերմանելի արտ է. զոր Հաճի-Ահմատ խանն զաւթեալ էր, մենք յետս առաք, և է ի ձեռս մեր։ Երկրորդ ի յԵրևան ի կողմն Դամիրբուլաղու, ի ներքոյ Նորքայ ճանապարհին, որ ի ձեռքս մեր...»217։ Ինչպես տեսնում ենք, կաթողիկոսը կարողացել էր համապատասխան վկայությունների ու փաստաթղթերի միջոցով նախորդ ժամանակներում Ձագավանքին նվիրված այգին, որ անօրինական կերպով զավթել էր Հաջի-Ահմատ խանը, նորից վերադարձնել վանքին որպես նրա սեփականությունը։

Վանքերին ու եկեղեցիներին նվիրված վակիֆ (կամ վակֆ) կոչված հողերը սովորաբար ազատված էին հարկերից։ Այդպիսի կալվածքներից վերցվող հարկերը չեղյալ հայտարարելու կամ դրանք կաթողիկոսներին նվիրելու մասին Երևանի բեյլերբեյներն

__________

215 Նույն տեղում, թղթ. 1 գ, վավ. 427։
216 Նույն տեղում, թղթ, 1 դ, վավ. 434։
217 Սիմեոն Երևանցի, Ջամբո, էջ 282։

[էջ 249]

ու փաշաները տալիս էին հատուկ հրովարտակներ218։ Պատահում էին նաև դեպքեր, երբ պարսից շահերի հատուկ հրամաններով հարկերից ազատվում էին առանձին քաղաքներ։ Այսպես, օրինակ՝ Թահմազ առաջին շահը արհեստավորների և քաղաքի աղքատների 1573 թվականի ապստամբությունից վախեցած՝ Թավրիզ քաղաքին տրված զանազան արտոնությունների հետ միասին վերացրել էր այգիներից ու ցանքերից վերցվող հարկերը, Շահ-Աբաս I-ը 1606 թվականին Օրդուբադ ու Նախիջևան քաղաքներն ազատել էր հարկերից և այլն219։ Սակայն դրանք համընդհանուր երևույթ չէին և այս կամ այն քաղաքը հարկերից ազատվում էր արտակարգ դեպքերում միայն։ Մինչդեռ վանքերին ու եկեղեցիներին նվիրված կալվածքները հազվադեպ էին ենթարկվում հարկադրման։

Ինչպես ասվեց, հողային տարածություններից՝ այգիներից ու դաշտերից բացի, վանքերն ու եկեղեցիներն ունեին նաև ջրաղացներ, դինգեր, ձիթհանքեր և այլ ունեցվածք։ Էջմիածինը և ուրիշ վանքեր Երևան քաղաքում և նրա մոտ գտնվող Ձորագյուղում, Նորագավթում ունեին մի քանի ջրաղացներ ու դինգեր220, որոնց մի մասը նվիրաբերել էին զանազան անձնավորություններ, իսկ մյուսները՝ գնվել էին դրամով։

Ջրաղացները, դինգերը և անշարժ մյուս ունեցվածքներն իրենց բերած եկամուտներով ու նշանակությամբ մեծապես զիջում էին այգիներին, բանջարանոցներին ու դաշտերին։ Երևան քաղաքում Էջմիածնի, Ամենափրկիչ, Գեղարդա, Գետարգելի վանքերը և քաղաքի եկեղեցիներն ունեին բավական ընդարձակ այգիներ, բանջարանոցներ ու դաշտեր։ Վանքերին ու եկեղեցիներին պատկանող հողատարածությունները տարբեր ժամանակներում ունեցել են տարբեր մեծություն ու կազմ։ Դրանք շարժուն են եղել։ Սակայն, ընդհանուր առմամբ, դրանք ժամանակի ընթացքում աստիճանաբար ընդարձակվել են գնման, նվիրատվությունների, անժառանգ մնացած կալվածքներին տեր դառնա;ու և վաշխառուական գործունեության շնորհիվ։

Սկզբնաղբյուրների ուսումնասիրությունից ակնհայտ է դառ-

__________

218 Տե՛ս Աիմեոն Երևանցի, Ջամբռ, էջ 249—252, Հ. Դ. Փափազյան, Մատենադարանի պարսկերեն վավերագրերը, I, Հրովարտակներ, պրակ II, էջ 135 — 136 և այլուր։
219 И. П. Петрушевский, Очерки по истории феодальных отношений в Азерб. и Арм..., էջ 180—181:
220 Սիմեոն Երևանցի, Ջամբռ, էջ 188 —189, Հովհ. Շահխաթունյանց, Ստորագրութիւն կաթուզիկէ Էջմիածնի և հինգ գաւառացն Արարատայ, հ. I, Էջմիածին, 1842, էջ 137։

[էջ 250]

նում, որ XVII—XVIII դարերում Երևանում ու նրա շրջակայքի գյուղերում (Նորք, Ձորագյուղ, Նորագյուղ, Նորագավիթ և այլն) այգիներ, վարելահողեր, ջրաղացներ, հնձաններ, դինգեր ու այլ ունեցվածքներ ունեին Էջմիածնի, Գեղարդա, Խորվիրապի, Գետարգելի, Բջնու, Սևանա, Տեղերի, Ամենափրկիչ (Հավուց թառ), Աղջոց վանքերը և Երևանի սբ. Անանիա ու սբ. Գրիգոր եկեղեցիները221 Եկեղեցիներին ու վանքերին պատկանող կալվածքների մասին շահերը, խաները, սուլթաններն ու փաշաները հայոց կաթողիկոսների միջնորդությամբ տալիս էին հրովարտակներ, որոնք ունեին օրենքի ուժ։ Վանքապատկան և եկեղեցապատկան կալվածքները այդ հրովարտակներում համարվում էին մաղաֆ (մուաֆ), այսինքն՝ դրանք ազատված էին սովորական հարկերից։ Էջմիածինն իր ընդարձակ կալվածքների և հսկայական անշարժ ունեցվածքի համար իբրև հարկ տալիս էր միայն մի չնչին գումար222։ Սակայն հարկերից ազատված՝ մաղաֆ կոչված կալվածքներից բացի, վանքերը՝ հատկապես Էջմիածինն ուներ նաև հարկադրման ենթակա այլ հողատարածություններ և անշարժ այլ ունեցվածք։ Սիմեոն Երևանցու հաղորդած տեղեկությունների համաձայն, XVIII դարի սկզբներին՝ Շահ-Հուսեինի և Աստվածատուր կաթողիկոսի ժամանակ, ըստ արքունի դիվանի գրանցման, եկեղեցիներին ու վանքերին պատկանող 34 այգի, 39 ջրաղաց, 20 ձիթհանք համարված էին մաղաֆ։ Ընդ որում դրանցից Էջմիածնի մայր աթոռին պատկանում էին 11 այգի, 11 ջրաղաց և 5 ձիթհանք, իսկ մյուսները պատկանում էին Երևանի խանության մյուս վանքերին 223։ Հետագայում մաղաֆ համարված այգիների, մյուս հողատարածությունների, ջրաղացների, դինգերի, ձիթհանքերի և այլ ունեցվածքների թիվը բավական մեծանում է։ Կաթողիկոս պատմագիրը վկայում է, որ իր ապրած ժամանակներում (XVIII դարի երկրորդ կես) ըստ արքունի դիվանագրքի Երևանի խանությունում մաղաֆ էին համարված 61 այգի (որից 31-ը պատկանում էր Էջ-

__________

221 Տե՛ս Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ֆ.կաթ. դիվան, թղթ. 1գ վավ. 241, 427, թղթ. 242, վավ. 36, 181, Սիմեոն Երևանցի, Ջամբռ, էջ 139— 151, 252, 268, Հովհ. Շահխաթունյանց, Ստորագրութիւն կաթուղիկէ Էջմիածնի և հինգ գաւառացն Արարատայ, հ. 1, էջ 137, Հ. Դ. Փափազյան, Մատենադարանի պարսկերեն վավերագրերը, I, Հրովարտակներ, պր. II, էջ 135—136, Հար. Աբրահամյան, Կալվածագրեր և տնտեսական այլ գործարքների վերաբերյալ արխիվային վավերագրեր, պրակ I, էջ 92 և ուրիշ տեգերում։
222 Տե՛ս Սիմեոն Երևանցի, Ջամբռ, էջ 141 — 143։
223 Նույն տեղում, էջ 140։

[էջ 251]

միածնին, իսկ 30-ը մյուս վանքերին), 49 ջրաղաց (14-ը Էջմիածնինն էր, 35-ը մյուս վանքերինը), 12 դինգ (4-ը Էջմիածնինն էր, 8-ը մւուս վանքերին) և 7 ձիթհանք (6-ը Էջմիածնինն էր, իսկ մեկը պատկանում էր այլ վանքի)224։ Այդ կալվածքների մի զգալի մասը, ինչպես ասվեց գտնվում էր Երևան քաղաքում և նրա շրջակայքի գյուղերում225։

Մաղաֆ համարված կալվածքները սովորական հարկերից ազատված էին։ Բայց դրանցից, այնուամենայնիվ, վերցնում էին որոշ քանակի հարկ, իսկ մաղաֆ չհամարված վանքապատկան-եկեղեցապատկան կալվածքները հարկադրվում էին ըստ երկրում գոյություն ունեցող ոչ արտոնյալ սովորական հարկադրույքներով226։

Հողատիրության երրորդ ձևը մասնատիրականն էր։ Մասնատիրական հողատիրությունը Երևանում ամենատարածվածն էր, քաղաքի հողերի մեծագույն մասը պատկանում էր մասնավոր անձանց։ Սոցիալական ու տնտեսական տեսակետից մասնավոր հողատերերը պատկանում էին հասարակության տարբեր խավերին։ Այստեղ կային հասարակության հարկատու խմբին պատկանող մանր հողատերեր և արտոնյալ ու հարկերից ազատված շահագործողական դասերին պատկանող խոշոր հողատերեր։ Դրանցից առաջինները փոքր այգիներ, բանջարանոցներ կամ դաշտեր ունեին միայն քաղաքում, գերազանցապես իրենց տան բակերում։ Իսկ խոշոր հողատերերի կալվածքների մեծ մասը քաղաքային գծից դուրս էր գտնվում։ Խոշոր հողատերերի՝ Երևանի խանության տարբեր գյուղերում ունեցած կալվածքների մասին պահպանվել են բազմաթիվ հիշատակություններ և վավերագրական փաստաթղթեր։ Վկայակոչենք դրանցից միայն մի քանիսը։ Սեֆևյան Շահ-Արաս Բ-ի 1648 թվականին արձակած մի հրովարտակի համաձայն երևանցի խոջա Հակոբը մուլքադարական-սեփականատիրական իրավունքներով տեր էր դարձել Երևանի խանության Յայջի, Նորագեղ և Գյուլքյանդ գյուղերին227։ Նա Յայջի և Գյուլքյանդ գյուղերը 1636 թվականին գնել էր առաջինը՝ թավրիզեցի զառաբ Իբրահիմ-բեկից (իսկ վերջինս էլ իր հերթին այն գնել էր Ամիրգունա խանի թոռ ամիր Աբդուլ-Քյարիմից), երկրորդը՝ ոմն Աղուրլու-

__________

224 Նույն տեղում, էջ 140—141։
225 Նույն տեղում, էջ 139—145։
226 Նույն տեղում, էջ 145։
227 Տե՛ս Հ. Դ. Փափագյան, Մատենադարանի պարսկերեն վավերագրերը, I, Հրովարտակներ, պրակ II, էջ 129 —131։

[էջ 252]

բեկից։ Իսկ Երևանի մոտ գտնվող Նորագեղ գյուղը խոջա Հակոբը գնել էր դարձյալ նույն թվականին՝ Նադր-Գունա-բեկ Կաջարի ժառանգներից՝ Յուսիֆ-աղա յից 15 թուման հինգ հազար դինարով (15.500 դինարով)228։ Խոջա Հակոբը, այսպիսով, XVII դարի Երևանի ամենախոշոր հողատերերից մեկն էր։ Սակայն Սիմեոն Երևանցու վկայությունից երևում է, որ այդ դարում երևանցի խոշորագույն հողատերը խոջա Սեթն էր, որը գնելով իր մուլքադարական սեփականությունն էր դարձրել նաև խոջա Հակոբի Նորագեղում, Յայջիում, Գյուլքյանդում ունեցած կալվածքները։ Սիմեոն Երևանցին նրա ընդարձակ կալվածքների մասին գրում է. «Այս Սէթս ունեցեալ է յերկրոջս (Արարատյան երկրում—Թ. Լ.) զվեց դանկ մուլքս Նորագեղու գեղջն, Նորք գեղջն, զչորս դանկ և կես Եղուարդ գեղջն, զվեց դանկ մուլքն Եայճի գեղջն, որ է ի Ծաղկունեաց ձորն, զվեց դանկ Գեօլքեանդ գեղջն, և զչորս դանկ և կէս մուլք Ամիրի գեղջն, որ է ի Գեօղարքունի։ Եւ զայլս այսպիսիս շատ այգիս, ջրաղացս, տինկս, տունս և զայլս մուլքս»229։

Ինչպես տեսնում ենք, մուլքադարական-սեփականատիրական իրավունքով խոջա Սեթին էին պատկանում Նորագեղը, Նորքը, Յայջին, Գյոլքյանդը ամբողջությամբ և Եղվարդ ու Ամիրի գյուղերի մեծ մասը։ Դրանցից բացի, նա ուներ շատ այգիներ, ջրաղացներ, դինգեր, տներ և կալվածքներ, որոնց մի մասը գտնվում էր Երևան քաղաքում ու նրա շրջակայքում230։ Հետագայում, խոջա Սեթի որդիների ու թոռների օրոք այդ կալվածքների մեծ մասն անցնում է Էջմիածնին։ Վերջինս Սեթի կալվածքներին տեր է դառնում մասամբ գնելով, մասամբ էլ նվիրատվությամբ։ Սիմեոն Երևանցու ասելով Սեթի կալվածքների «զշատն Աթոռս (Էջմիածինը — Թ. Լ.) առեալ է ի յորդւոց և ի թոռանց սորին, զորն գնով և զորն յիշատակ»231։

Հիշատակությունների համաձայն, XVIII դարի վերջերին Ջրվեժ գյուղը պատկանում էր Երևան քաղաքի կառավարիչ (դարուղա) Ջաֆարին232։ Քաղաքից դուրս ընդարձակ կալվածքներ ունեին քաղաքի նաև մյուս պաշտոնյաներն ու «նշանավոր» քաղաքացիները։

Պետական ու խոշոր մասնատիրական հողերը մշակվում էին

__________

228 Նույն տեղում։
229 Սիմեոն Երևանցի, Ջամբռ, էջ 121։
230 Նույն տեղում, էջ 124:
231 Նույն տեղում, էջ 121:
232 И. Шопен, Исторический памятник Арм. области, էջ 960:

[էջ 253]

գյուղացիների միջոցով։ Սարդարն իրեն համարելով արքունական հողերի և այլ կալվածքների տերը՝ դրանց մշակման համար գյուղական համայնքներից պարտադիր պարհակի էր քշում հազարավոր գյուղացիների։ Ի. Շոպենի տվյալներով, XIX դ. առաջին քառորդում գյուղական համայնքները պարտավոր էին տարեկան սարդարին տալու 6.000 մշակ։ Պետական հողերի մյուս մասը գյուղացիությանն էր տրվում յարիքերային կարգով (բերքը կիսելու պայմանով) մշակելու233։

Կիսրարային աշխատանքը լայնորեն կիրառվում էր նաև մասնատիրական ու վանքապատկան խոշոր կալվածքներում, մանավանդ այնպիսիներում, որոնք բերքատու դարձնելու համար պահանջվում էին մեծ աշխատանքներ։ Այդպիսի դեպքերում սովորաբար հողատիրոջ և մշակի միջև կնքվում էր կիսրարության հատուկ համաձայնագիր, որի պայմանները պարտադիր էին երկու կողմերի համար։ Անհրաժեշտ ենք համարում համառոտագրելով վկայակոչել մի այդպիսի պայմանագիր, որը կնքվել է 1771 թվականին Խորվիրապ վանքի վարդապետ Ավետիքի և նորքեցի Մարկոսի միջև.

«Կամաւն Աստծոյ և հրամանաւ Տեառն... ես սրբոյ Խորվիրապու վանից առաջնորդ Աւետիք վարդապետս, մեր չարեքանց կոչեցեալ այգւոյ տեղն, որ ի գեօղն Նորք, ետու Նորգեցի Ղազարի որդի Մարկոսին այսու պայմանաւ, որ իւր բոլոր խարճովն և մասրաֆովն նորապես այգի և ծառ տնկեսցե ի նմա. յորժամ պտուղն հասանիցի և այգի շինեսցէ, այգւոյ կէսն Սրբոյ Խորվիրապու վանիցն լինիցի և կէսն վերոյ յիշեալ Մարկոսին եղիցի, որքան այգին շէն մնացէ և պտուղ բերէ. և ի միասին ըստ օրինի հարակաշի զխարճն հոգասցուք և զպտուղն կիսեսցոք։ Իսկ եթէ չկարիցէ թամամ և կատարեալ այգի շինել, վերստին բոլոր այգետեղն Սրբոյ հորվիրապու վանիցն է և եղիցի...։ Վասն որոյ զայս թուղթս ի հաստատութիւն պայմանադրութեանս մերոյ կնքեցի և այլոց ևս կնքեցուցի և ետու վերոյ յիշեալ Նորգեցի Ղազարի որդի Մարկոսին, որով լինիցի միամիտ և զայգին տնկեսցէ։ Այս է այգետեղւոյ չորս կողմունսն. վերի գլուխն՝ Սուրբ Աստուածածինն, մէկ կողմն՝ Մարտիրոսին այգին, մէկ կողմն՝ քուչէն և մէկ կողմն՝ դուրկար Սարգսի այգին։

Գրեցաւ պայմանագիրս ի ՌՄԻ (1771) թուին ի մարտի ժԶ (16)։

__________

233 «Պատմա-բանասիրական հանդես», 1959, № 1, էջ 82:

[էջ 254]

Այս եղև իմ՝ Աւետիք վարդապետիս իրղարն վասն որոյ ես կնքեցի և այլոց ևս կնքեցուցի ղապուլ է (կնիք).

Ես՝ Մելիք Աբրահամս այս բանիս վկայ եմ (կնիք). Ես՝ Տեղապահ Մկրտիչ վարդապետս վկայ եմ (կնիք). Ես՝ լուսարար Գրիգոր վարդապետս վկայ եմ (կնիք). (կնիք-Պողոս վարդապետ). (կնիք-Ավետիք վարդապետ)»234.

Ինչպես տեսնում ենք, մշակի և հողատիրոջ միջև կնքվող պայմանագրում նշվում են հողատարածության տեսակը (այգետեղ, դաշտ և այլն), մեծությունը, տեղը, սահմանները։ Պայմանագիրը հաստատվում էր մի շարք անձնավորությունների վկայությամբ։ Այնուհետև, պայմանագրի բնագրից պարզ է դառնում, որ մեզ հետաքրքրող ժամանակներում կիսրար հարակաշությունը շատ տարածված երևույթ էր։ Իսկ ինչ վերաբերում է Խորվիրապի վանքի առաջնորդ Ավետիք վարդապետի և նորքեցի Մարկոսի միջև կնքված համաձայնագրի պայմաններին, ապա դրանք մշակող կողմի համար ավելի խիստ են. Մարկոսը մշակելու էր ոչ թե պատրաստի այգի, այլ մինչ այդ նա պարտավոր էր նոր այգի տնկել և այն դարձնել բերքատու։ Մշակողի համար կիսրարության այդպիսի անհավասար և ծանր պայմանների հանդիպում ենք նաև ուրիշ շատ պայմանագրերում։

Մեզ հետաքրքրող ժամանակներում Հայաստանում մեծ տարածում էին ստացել ֆեոդալական հողատիրության երկու ձևեր՝ մուլքադարությունն ու թիուլդարությունր։ Երևանի խանությունում առանձնապես շատ էր տարածված մուլքադարական հողատիրությունը։ Երկրում նախկին իշխանական ու նախարարական հողատիրությանը փոխարինել էր մուլքադարական հողատիրությունը, որը դարձյալ ֆեոդալական խոշոր հողատիրություն էր235, չնայած շարիաթի օրենքի համաձայն պարսկական պետության բոլոր հողերի գերագույն տերը համարվում էր շահը և նրա անունից էին իշխում մեծ ու փոքր ֆեոդալները իրենց կալվածքների վրա236։ Երևանցի խոշոր հողատերերը՝ բեկերը, աղաները, խաները, մելիքներըր, խոջաները մուլքադարական իրավունքով ըն-

__________

234 Տե՛ս Հար. Աբրահամյան, Կալվածագրեր և տնտեսական այլ գործարքների վերաբերյալ արխիվային վավերագրեր, պրակ I, էջ 92։
235 А. А. Есаян, Мулькадарское право в Армении, Ереван, 1948, էջ 3:
236 Մուլքադարական հողատիրության մասին մանրամասն տե´ս Ի. Պ. Պետրուշևսկու Очерки по истории феодальных отношений в Азерб. и Армении в XVI—нач. XIX вв." աշխատության մեջ, էջ 222—223, 229—232, 237, 241 և այլուր։

[էջ 255]

դարձակ կալվածքներ ունեին Երևանի խանության բազմաթիվ գյուղերում՝ Ձորագյուղում, Նորագյուղում, Նորքում, Նորագավթում, Առինջում, Գյոլքենդում, Ամիրում և այլուր։ Հենց այդ տեսակետից էլ մուլքադարական իրավունքը, որն իր ուժը պահպանեց մինչև Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելը, մեզ համար նույնպես հատուկ հետաքրքրություն է ներկայացնում։ Մենք այդ հարցի վրա բավական մանրամասնությամբ կանգ ենք առել սույն աշխատության 1801—1879 թվականներն ընդգրկող գրքում237 և անհրաժեշտ չենք համարում դրան նորից անդրադառնալ։

Ֆեոդալական խոշոր հողատիրության մյուս տեսակը թիուլդարությունն էր։ Սկզբնաղբյուրների հաղորդած տվյալներից երևվում է, որ Երևանի պաշտոնական անձինք՝ գլխավորապես բարձրաստիճան զինվորականները խանության գյուղերում թիուլական իրավունքով ունեին զանազան մեծության կալվածքներ։ Թիուլն իր բնույթով պայմանական կալվածատիրություն էր։ Երևանի խանությունում այն պարզապես իբրև վարձատրության ձև էր, որի իմաստը կայանում էր հետևյալում։ Պետական կամ զինվորական ծառայություն կատարելու դիմաց, այս կամ այն զինվորականին կամ աստիճանավորին որոշ ժամանակով կամ ցմահ իրավունք էր տրվում իր օգտին գանձելու որևէ գյուղի պետական հարկը՝ բահրան։ Ընդ որում թիուլը տարբեր խանություններում ու տարբեր ժամանակներում ունեցել է իր առանձնահատկությունները238։

Երևանում և պարսկական պետության մյուս քաղաքներում թիուլդարական հողատիրություն չկար։ Այստեղի պետական հողերը հիմնականում մշակվում էին շրջակա գյուղերի բնակիչների հարկադիր աշխատանքով և յարիքեության (կիսրարության) կարգով։ Հիմնականում կիսրարության կարգով էին մշակվում նաև հոգևոր հիմնարկություններին պատկանող հողատարածությունները։

Իրենց տարածությամբ քաղաքում առաջին տեղը գրավում էին բնակիչներին պատկանող հողերը։ Դրանց մեջ մտնում էին քաղաքի բնակիչների այգիները, բանջարանոցները և տնատեղե-

__________

237 Տե՛ս Թ. Խ. Հակոբյան, Երևանի պատմությունը (1801 — 1879 թթ.), էջ 139 — 183։
238 Թիուլդարական իրավունքի մասին տե՛ս И. П. Петрушевский, Очерки по истории феодальных отнош. в Азерб. и Армении..., էջ 185—189, 190— 193, 198—199, 207—208։

[էջ 256]

րը239։ Հողատիրության այս ձևի մեջ կարող էին մտնել և´ քաղաքի հարկատու բնակիչների փոքրիկ այգիներն ու բանջարանոցները, և´ խաների ու բեկերի ընդարձակ այգիներն ու հողային այլ տարածությունները, որոնք ընկած էին քաղաքի ու նրա արվարձանների շրջանում։ Վերջին կարգի հողատիրությունն ավելի արտոնյալ վիճակում էր գտնվում։

Քաղաքացիներն իրավունք ունեին իրենց պատկանած հողերը տնօրինել ցանկացած ձևով։ Ի. Շոպենը գրում է, որ նրանք իրավունք ունեին իրենց այգիները, բաղ ու բախչան և տները «վաճառել, գրավ դնել, օտարացնել»240: Երևանի քաղաքացիներն իրենց սլատկանող հողերի նկատմամբ նույնպիսի իրավունքներ ունեին նաև նախորդ ժամանակներում՝ XVI—XVIII դարերում։ Կաթողիկոսական դիվանի հայերեն և պարսկերեն բազմաթիվ վավերագրեր վերաբերում են Երևան քաղաքում ու Երևանի խանության գյուղերում կատարված այգիների, բանջարանոցների, մուլքադարական ամբողջական գյուղերի, տների, ջրաղացների, դաշտերի, դինգերի, ձիթհանքերի և անշարժ այլ ունեցվածքների առ ու վաճառքին, փոխանակությանը, նվիրատվությանը, ժառանգելուն241։ Այդ բոլոր գործարքները ձևակերպվում էին գրավոր համաձայնագիր-կալվածագրով, որի մեջ նշվում էին հողատարածության տեսակը (այգի, բանջարանոց, դաշտ), տարածությունը, հաճախ ոռոգման պայմանները, տեղը, սահմանները, սեփականատիրական կարգը, ինչ եղանակով է ձեռք բերված՝ գնմամբ, ժառանգական կարգով, նվիրատվությամբ, թե ուրիշ ճանապարհներով և այլն։ Համաձայնագիր-կալվածագիրը հաստատվում էր համապատասխան օրգանների կողմից՝ մի շարք անձանց վկայությամբ։ Մեջ բերենք այդ կարգի մի կալվածագիր, որը վերաբերում է այգիների փոխանակությանը և գրվել է 1772 թվականի հուլիսի 25-ին։ Այն ունի հետևյալ տեքստը. «Զորութիւն գրոյս այս է, որ

__________

239 И. Шопен, Исторический памятник Арм. области, էջ 943:
240 Նույն տեղում։
241 Տե՛ ս Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ֆ. կաթ. դիվան, թղթ. 1ա, վավ. 38, 46, 54, 55, 61ա, բ, գ և դ, 73, 74ա, բ և գ, 85ա և բ, 92, 97, 100, 102, թղթ. 1 բ, վավ. 107, 109, 116, 117, 125, 166, 187, 221, թղթ. 1 գ, վավ. 284, 315, 324, 329, 382, 994, 404, թղթ. 1 դ, վավ. 507, 508, 516, 535, 542, 549, թղթ. 1զ, վավ. 922, 937, 938, 945, 952, 955, 960, 962, 963, 964, 965, 968, թղթ. 242, վավ. 205, Սիմեոն Երևանցի, Ջամբռ, էջ 121 — 122, 123, 124, 164—186, 204 — 207, 268—269, 272 — 275, 278, Հար. Աբրահամյան, Կալվածագրեր և տնտեսական այլ գործարքների վերաբերյալ արխիվային վավերագրեր, պր. I, էջ 92, 93, 149 — 150 և այլուր։

[էջ 257]

ես Երևանցի. Թասլուի որդի Յարութիւնս, իմ հալալ մուլք այգին, որ է Երևան քաղաքօջն,. որոյ երկու կողմունքն իմ այգիքն են և միւս երկու կողմունքն՝ մինն էլչու տղայ Ովաննէսի այգին է և մինն՝ քուչէն է, փոխեցի իմ կամաւ և յօժարութեամբ ընդ Սրբոյ Էջմիածնայ այգոյն որ սա ևս է ի նոյն Երևան քազաքօջն, որ յառաջագոյն Գետարգելու վանիցն է եղեալ, որ և Անտոնէնց այգի կոչի և այս այգւոյս կողմունքն են. — առաջինն ջուրն, երկրորդն՝ ղռըն. երրորդն՝ Գէորքի այգին և չորրորդն՝ հէքիմ Հայրապետի այգին։ Եւ այս եղև գիտութեամբ և հաճութեամբ սրբազան Սիմեօն կաթուղիկոսին այսու պայմանաւ, որ եթէ իմ այգոյն ժամանակաւ դաւի առնող լինիցի, պատասխանին ես Յարութիւնս ետ։ Եղև այս ի ՌՄԻԱ, (1772) թուին յուլիս ամսոյ ի ԻԵ (25)-ին. գրեցաւ թուղթըս ի յԵրևան քաղաքօջս»243։ Դրան հետևում են այգին փոխող Հարությունի, Մելիք Աբրահամի և 12 այլ վկաների կնիք-ստորագրությունները։

Փոխանակվող, վաճառվող կամ ժառանգվող հողատարածությունների մասին կալվածագրերում նշվող պայմաններից բացի, մեջ բերված վավերագրից պարզ երևում է, որ մուլք ասելով լայն առումով հասկացվում էր սեփական անշարժ ունեցվածք, որի տերը այն կարող էր տնօրինել իր ցանկացած ձևով՝ վաճառել, փոխել, նվիրել, ժառանգել։ Այդ պատճառով էլ մուլք են կոչվել նաև քաղաքացիների անձնական սեփականությունը կազմող հողերն ու ունեցվածքը։

Սակայն կաթողիկոսական դիվանում և հիմնականում այդ տեղի նյութերով գրված Սիմեոն Երևանցու «Զամբռ» աշխատության մեջ պարունակած տեղեկությունները գրեթե բացառապես վերաբերում են եկեղեցական հողատիրությանը՝ վանքերին և եկեղեցիներին նվիրված վակֆ (վակիֆ) կոչված կալվածքներին, անժառանգ մահացած ծնողների հողերին, և հոգևոր հիմնարկների կողմից կատարվող հողերի ու այլ ունեցվածքների առ ու վաճառքին, որ այնքան լայն տարածում էր գտել հատկապես մեզ հետաքրքրող ժամանակներում244։ Ընդ որում, ինչպես ասվեց, եկեղեցիներին նվիր-

__________

243 Տե´ս Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, .ֆ. կաթ. դիվան, թղթ. 242, վավ. 42։ Հմմտ. Հար. Աբրահամյան, Կալվածագրեր և տնտեսական այլ գործերի վերաբերյալ արխիվային վավերագրեր, պր. I, էջ 93։
244 Տե´ս Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ֆ. կաթ. դիվան, թղթ. 1 ա, վավ. 71, 72, թղթ. 1 բ, վավ. 108, 118, 151, թղթ. 1 գ, վավ. 241, թղթ. 1զ, վավ. 877, 965, 967, 969, թղթ. 242, վավ. 75, Սիմեոն Երևանցի, Ջամբռ, էջ 122 — 123, 188 — 189, 207, 279 — 280 և այլն։

[էջ 258]

վող և նրանց անցնող անժառանգ մնացած կալվածքները կոչվում էին վակիֆ (կամ վախմ, ինչպես սովորաբար գործ են ածում հայկական սկզբնաղբյուրները), իսկ գնվածները՝ մուլք։ Դրանցից առաջինները ավելի արտոնյալ կալվածքներ էին և ազատված էին սովորական հարկերից, իսկ մուլք կոչված եկեղեցական կալվածքները հարկադրվում էին այդ նույն կարգի մասնատիրական կալվածքների հարկադրույքներով։ Կալվածքների առ ու վաճառքի մասին առիթ է եղել բավական խոսելու նաև այս աշխատության մյուս գրքերում։ Ուստի հարկ ենք համարում մեջ բերել եկեղեցիներին նվիրվող և անժառանգ մահացած մարդկանց հողերն ու ունեցվածքը նրանց անցնելու համար կնքված բազմաթիվ պայմանագրերից մեկական օրինակ։

«Պատճառս գրոյս այս է. որ եղև թուականիս Հայոց ՌՃՂԲ (1743). Զի և մենք Երևանցի Մարգարի որդիք, այսինքն՝ Յովակիմս, Ղազարս և Զաքարէս, որ գնեալ էինք և առեալ ի Նորագաւիթ ի հետ միմեանց Սուրբ Գեղարդի Առաջնորդին Աստուածաբանութեան Պետրոս Վարդապետին, այս ինքն. Բ. ճաղաց և Ա. դինկ, որ սոցին կէսն մեր էր և կէսն Աստուածամուխ Սուրբ Գեղարդին։ Զի և մենք Մարգարէի որդիքս՝ Յովակիմս, Ղազարս և Զաքարէս... մեր կամաւ և յօժարութեամբն, ջերմեռանդ սիրով և պնդագոյն հաւատով, զվերոգրեալ մեր Բ. ճաղացի և Ա. դինկի, որ գնեալ էինք Նորագաւիթ, Սուրբ Գեղարդա առաջնորդ Աստուածաբնութեան Պետրոս Վարդապետին հետ, և սոցին կէս բաժինն, որ մեր էր, այլ ևս տուաք Աստուածաբնակ և Աստուածամուխ Սուրբ Գեղարդին. ընծայ և նուէր վախմ և յիշատակ հոգոց մերոց, և ի հոգոյ ծնողացն մերոց...»։

Այլ մի ոք իշխեսցէ մերձենալ զնոսա, թէ որդւոց մերոց. և թէ ազգականաց և ընտանեաց մերոց, ոչ մերոց և ոչ օտարաց...»245։

Երևանցի ոմն Մարգարի որդիների՝ Հովակիմի, Ղազարի և Զաքարիայի կողմից Գեղարդա վանքին մեկ ջրաղաց ու կես դինգ նվիրելու մասին վկայակոչված այս վավերագիրը միայն մեկն է նույնատիպ այն բազմաթիվ փաստաթղթերից, որոնցում արձանագրված են եկեղեցիներին նվիրվող հողաանդակները, այգիները, բանջարանոցները, խանութները, տները և այլն։ Իրար հաբ ու նման նվիրագրերում նշվում են նվիրատուների անունները, նվիրատվության հանգամանքներն եւ շարժառիթները, որ վանքին կամ եկե-

__________

245 Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ֆ. կաթ, դիվան, թղթ. 242, վավ. 75։ Հմմտ. «Կալվածագրեր և տնտ. այլ գործարքների վերաբերյալ արխիվային վավերագրերն», պր. I, էջ 143—144։

[էջ 259]

ղեցուն է նվիրվում (նշելով հոգևոր առաջնորդի անունը), նվիրվող ունեցվածքի կամ կալվածքի տեսակը, թիվը, մեծությունը, տեղը, եթե հողատարածություն է, ապա նաև՝ ճշգրիտ սահմանները։ Վերջում նվիրատուները նշում են այն մասին, որ ոչ ոք՝ ոչ ազգականներից և ոչ էլ ընտանիքի անդամներից կամ ժառանգներից որևէ մեկը իրավունք չունի տիրանալու եկեղեցուն իրենց նվիրած ունեցվածքին։

Նույնպիսի բնույթ ունեն նաև անժառանգ մնացած ունեցվածքները եկեղեցուն նվիրելու մասին կազմված փաստաթղթերը։ Ահա դրանցից մի օրինակ.

«Ի թվին ՌՃՂԶ (1747) սեպտեմբերի ԻԱ (26)-ին. պատճառս գրոյս այս է. որ էրամի չրախ Մաթէոսն վախճանեալ էր և Մաթէոսի կինն Որդանանի որդի Գրիգորն առեալ էր, յետոյ կինն ևս վախճանեցաւ և Գրիգորն վախճանեցաւ, մնացին անյիշատակ և մենք Երևանայ Գ. եկեղեցու եղեալ ժողովուրդս Սաթէոսի Նորագեղու յայգին իւրեանց հոգէբաժին և յիշատակ տվինք Սուրբ Ամենափրկչին ի ձեռն Սուրբ Ուխտի յառաջնորդ Ովանէս վարդապետի. որ թէ այս բանիս յետ ու առաջ տվող լինի կամ դաւի անօղ լինի, Գ. ժողովի սուրբ հայրապետացն նզօվեալ եղիցի, ընդ Յուդայի և ընդ խաչահանողացն մասնակից լինի և Սուրբ Ամենափրկչէն կապած լինի։ Եւ այգու չարհատն այս է. մէկ կողմն՝ Աւետն, մէկ կողմն՝ Սալմանն, մեկ կողմն քուչէն։

Ել ես՝ տանուտէր Գրիգորս (կնիք). Ես՝ Յարութիւնի որդի Թասալուս (կնիք). Ես՝ Շահնի որդի Սարգիսս (կնիք)...։

Մենք՝ Երևանու Գ. եկեղեցոց վերոյ գրեալ քէտխուտէքս մեծս և փոքրս վերոյ գրեալ Մաթէոսի նորագեղու այգին մեր հասպար ղապալովն (ընդհանուր համաձայնությամբ) վախմ (նվեր՝ տրված հոգևոր հաստատություններին) և ամենայն ննջեցելոցն հոգէբաժին տվինք Սուրբ Ամենափրկչի վանիցն որ էլ ուրիշի իլախայ (առնչություն) և դաւի չունենայ...

Եւ ես՝ Տէր Եսայիս զայս վերոյ գրեալ քէտխուդոնց հրամանաւն գրեցի վկայ...»246։

Վկայակոչված վավերագրի վերաբերյալ առանձին մեկնությունների անհրաժեշտություն չկա։ Այն իր բովանդակությամբ և բնույթով գրեթե ոչնչով չի տարբերվում նվիրատվությունների և առուվաճառքի մասին եղած մյուս բազմաթիվ կալվածագրերից։ Տարբերությունը միայն այն է, որ վերջիններիս տակ, բացի վկա-

__________

246 Տե՛ս «Կալվածագրեր և տնտեսական այլ գործարքների վերաբերյալ արխիվային վավերագրեր», պր. I, էջ 85— 86։

[էջ 260]

ներից, ստորագրում էին նվիրատուները կամ վաճառողներն ու գնողները, ապա անժառանգ մնացած կալվածքները եկեղեցուն էր նվիրվում պաշտոնական անձանց, հոգևորական ներկայացուցիչների և այլոց վկայությամբ ու անձնական ստորագրություններով։

Հողի առուվաճառքին զուգընթաց բավական մեծ չափերի էր հասել խոջաների ու վանքերի վաշխառուական գործունեությունը։ Քաղաքի և գյուղերի աղքատ բնակիչները հարկադրված էին հաճախ իրենց հողերն ու այգիները գրավ դնելով խոջաների ու մյուս հարուստների մոտ՝ իրենց այս կամ այն կարիքը բավարարելու համար նրանցից վերցնել դրամ։ Բացառված չէին այն դեպքերը, երբ հողային տարածություններ և ուրիշ անշարժ կալվածքներ գրավ էին դնում ոչ թե անհատ մարդիկ, այլ գյուղի ամբողջ բնակչությունը։ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի կաթողիկոսական դիվանի ֆոնդի վավերագրերում արձանագրված են այդպիսի մի շարք դեպքեր։ Օրինակ՝ դրանցից մեկի համաձայն 1714 թվականին Օշական գյուղի բնակիչներն իրենց պատկանող 8 այգին ու 12 քար ջրաղացը 9 ամիս ժամանակով հանձնել էին խոջա Փանոսի որդի խոջա Մովսեսին և նրանից պարտք վերցրել 150 թուման։ Ըստ պարտավորագրի, գյուղի բնակիչները պարտավոր էին այդ 9 ամսվա ընթացքում վճարել 150 թուման պարտքը, հակառակ դեպքում խոջա Մովսեսին իրավունք էր վերապահվում յուրացնելու հիշյալ կալվածքները247։ Վաշխառուական գործունեության մեջ Էջմիածինը ետ չէր մնում խոջաներից։ Հայոց Մայր տաճարի ձեռքում կենտրոնացված հսկայական գումարների հասնող դրամի մի մասը հոգևոր հայրերը մեծ շահավետությամբ պարտք էին տալիս կարիքավորներին, և իբրև գրավական նրանցից ժամանակավորապես վերցնում այգիներ, դաշտեր, ջրաղացներ, դինգեր և այլ կալվածքներ248։ Շատ դեպքերում պարտապաններն ի վիճակի չէին լինում վանքին կամ խոջաներին վերադարձնելու վերցրած պարտքերը և գրավ դրված կալվածքներն ու ունեցվածքները անցնում էին վերջիններիս։ Ուրիշ կերպ ասած, մեզ հետաքրքրող ժամանակներում վաշխառությունը դարձել էր ժողովրդին կեղեքելու տարածում գտած մ իջոցներից մեկը։

Սկզբնաղբյուրներում որպես հողի տարածության միավորներ սովորաբար հիշատակվում են կամ մեկ սոմար և կամ մեկ խալ-

__________

247 Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ֆ. կաթ. դիվան, թղթ. 1գ, վավ. 275։
248 Տե՛ս նույն տեղում, թղթ. 1ա, վավ. 76, թղթ. 242, վավ. 84, Զաքարիա Ագուլեցի, Օրագրություն, էջ 35 և այլն։

[էջ 261]

վար հացահատիկի սերմացուի գրաված տարածությունը։ Հողատարածության այդ միավորների մասին արժանահավատ շատ վկայություններ ունի Սիմեոն Երևանցին։ նա իր «Ջամբռ» աշխատության մեջ խոսելով Էջմիածնի ու մյուս վանքերի կալվածքների վերաբերյալ՝ սովորաբար դրանց մեծություններն արտահայտել է նշված քանակի սերմացուի բռնած տարածությամբ։ Ահա նրա հիշատակություններից մի քանիսը. «Ամենայն տեսակ սերմանելաց հատից զոր ցանեն, որ ջինս ասի, մաղաֆութիւն է վաթսուն և վեց խալվարի, որ է վեց հազար և վեց հարիւր լիտր Երևանու...» «Այս ծովակիս (Էջմիածնի լճակի — Թ. Հ.) մէջն՝ և կտոր մի ևս մօտն՝ ի հարաւկոյս, կտոր մի ևս ի գլուխն յարևմտեան կողմն, և մեծ հող մի ևս ի յոտն (որ Հին Եօնջալուղ ասի) յարևելակողմն, որք են հարիւր ութսուն սօմարի տեղ։ Որ ի մէջ ռազամիցն (պարսից շահերի կողմից հաստատված հիմնամատյանում—Թ. Հ.) քսան խալուարի տեղ գրին», «Նախապէս Շորաքեաթ կոչեցեալ տեղիքն միանգամայն որք են ի ներքոյ Քալարայու ճանապարհին, և ի մէջ գեօղիս և Շորլու կոչեցեալ գեղն, որք են երկու հարիւր յիսուն սօմարի տեղ», «Զհող մի ևս ունի ի սոյն գեօղս (Նորագավիթը — Թ. Հ.) երեսուն սօմարէն տեղ...», «Զհող մի ևս ունի Գ (3) սօմարէն տեղ...», (Զհող մի ևս ի Քանաքեռու հանդին տակն՝ քառասուն սօմարէն տեղ...»249։

Վանքապատկան կալվածքների մեծությանն ու վիճակին քաջատեղյակ պատմագրի վկայակոչված հիշատակություններից պարզ երևում է, որ ըստ նրա հաշիվների մեկ խալվար սերմացուի բռնած տարածությունը հավասար էր ութ սոմարի բռնած տարածության, իսկ լիտրով արտահայտված մեկ խալվարը հավասար էր Երևանի 100 լիտրի։ Դրանցից բացի, իբրև տարածության միավոր հիշատակվում է նաև բաթմանը։ Սակայն հողատարածության հիմնական միավորը պարսից տիրապետության վերջին շրջանում համարվում էր խալվարը, որի՝ իբրև տարածության միավորի մասին մենք բավական մանրամասնությամբ խոսել ենք սույն աշխատության երրորդ գրքում250։ Մեր ձեռքի տակ եղած տվյալների հիման վրա մենք այնտեղ ցույց ենք տվել, որ մեկ խալվար սերմացուի բռնած տարածությունը Երևանում ու նրա շրջակայքում հավասար էր 2— 2,5 դեսյատինի251։ Հետևապես մեկ սոմար հա-

__________

249 Սիմեոն Երևանցի, Ջամբռ, էջ 145, 152, 154, 273։
250 Թ. Խ. Հակոբյան, Երևանի պատմությունը (1801 — 1879 թթ.), էջ 141— 144։
251 Նույն տեղում, էջ 143։

[էջ 262]

ցահատիկի սերմացուի բռնած տարածությունն էլ հավասար էր 0,25—0,31 դեսյատինի։ Նշված միավորներից բացի, իբրև հողի տարածության միավոր հիշատակվում է նաև օրավարը, որն Արարատյան դաշտում ու Երևանի շրջանում մոտավորապես հավասար էր 0,5— 0,6 դեսյատինի252։

Այդ թվերը մոտավոր են և Երևանի խանության տարբեր մասերում խալվարը, սոմարն ու բաթմանը որպես կշռի ու տարածության չափի միավորներ ունեին տարբեր մեծություն։ Այնուամենայնիվ, այգիների ու բանջարանոցների գրաված տարածությունների համեմատությամբ մշակելի հողերի մեծության մասին մեզ հայտնի տեղեկություններն ավելի որոշակի են։ Սկզբնաղբյուրներում եթե մշակման համար պիտանի հողերի վերաբերյալ խոսելիս սովորաբար նշվում է դրանց գրաված տարածությունը արտահայտված խալվարով, սոմարով, լիտրով, բաթմանով կամ օրավարով, ապա իբրև կանոն այգիներն ու բանջարանոցները հիշատակվում են «հատով», «կտորով», «տախտակով» և մեծության առումով անորոշ այլ արտահայտությունների զուգորդությամբ253։ Դրանց մեծությունը որոշակի չի դառնում նաև վաճառքի, նվիրատվության կամ ժառանգման առթիվ կազմված կալվածագրերից, թեև մանրամասն նկարագրվում էին դրանց տեղն ու սահմանները։

Երևանը գտնվում է կիսաանապատային բնական գոտում։ Այստեղ մարդու գյուղատնտեսական գործունեությունն անհնար է պատկերացնել առանց արհեստական ոռոգման։ Հայաստանի շատ շրջանների հետ միասին մեր նախնիները Էջմիածնի, Երևանի գրաված տերիտորիայում նույնպես անցկացրել էին մի քանի ջրանցքներ, որոնցով ոռոգվում էին հնագույն Երևանի այգիները, պարտեզներն ու բանջարանոցները, հացահատիկի ցանքատարածությունները։ Երևանի շրջանում վերջին տասնամյակների ընթացքում կատարված պեղումների շնորհիվ պարզվեցին նրա հնագույն ոռոգման համակարգի հետ կապված շատ հարցեր։ Հայտնի դարձավ, որ նրա ջրանցքների մի մասը գոյություն ուներ ուրարտական (և, նույնիսկ, նախաուրարտական) ժամանակներից, իսկ մյուս մասն ստեղծվել է միջին դարերում ու հետագայում։ Երևանի բնակլիմայական պայմաններից ելնելով և հաշվի առնելով գոյու-

__________

252 Նույն տեղում։
253 Տե՛ս Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ֆ. կաթ. դիվան, թղթ. 1ա, վավ. 97, թղթ. 1բ, վավ. 108, 151, 221, թղթ. 1 դ, վավ. 507 և այլ տեղերում։

[էջ 263]

թյուն ունեցող ջրանցքների կառուցվածքային առանձնահատկությունները՝ ենթադրաբար գրեթե նույնպիսի կարծիք են արտահայտել անցյալ դարի հեղինակները՝ Հ. Շահխաթունյանցը, Ա. Հաքստհաուզենը, Ղ. Ալիշանը և ուրիշներ254։ Դրանցից օրինակ՝ Հաքստհաուզենը, որ այնքան լավատեղյակ է հին Երևանի ոռոգման համակարգին, հետևյալն է գրում, «Պատմությունը դրանց (Երևանի ջրանցքների — Թ. Հ.) կառուցման ժամանակի մասին լռում է։ Եթե հաշվի առնենք, որ այս երկիրը, բացառյալ առանձին հազվագյուտ կետերի, առանց այդ ոռոգումների չի կարող կերակրել մարդկանց և, մյուս կողմից այն, որ 2 կամ 300 տարվա պատմության ընթացքում այստեղ եղել է ծաղկած երկիր և մեծաթիվ բնակչություն... հետևապես ջրանցքներն այն ժամանակ արդեն գոյություն ունեին և որ համոզվում ենք նաև այն բանում, որ դրանց, ինչպես ընդհանրապես Ասիայի ջրանցքների կառուցումը վերաբերում է մարդկության հնագույն պատմությանը»255։

Միանգամայն ընդունելի է գերմանացի ճանապարհորդի կարծիքը։ Նորագույն ժամանակի հնագիտական ու պատմական ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ, իրոք, Երևանի գրաված շրջանում արհեստական ոռոգման բավական խիտ ցանց էր ստեղծվել տակավին ուրարտական ժամանակաշրջանում, և այդ ժամանակներում կառուցված մի քանի ջրանցքներ հետագայում պահպանել են իրենց գոյությունը ընդհուպ մինչև մեր օրերը։

Երևանի ջրանցքներին և մանր առուներին բավական մանրամասնությամբ անդրադարձել ենք մեր այս աշխատության առաջին և երրորդ գրքերում256։ XVII—XVIII դարերում որոշ ընդհատումներով Երևանի ջրանցքներից գործում էին Մամռին, Աբուհայաթը և Դալման։ Պատմական աղբյուրների վկայություններից երևում է, որ դրանք վրաց Հերակլ թագավորի արշավանքների հետևանքով XVIII դարի վերջին քառորդում զգալի չափով ավերվել էին և գործում էին մեծ խափանումներով։ Երևանի ջրանցքները կարգի են բերվում միայն վերջին սարդարի՝ Հուսեին-խանի ժամանակ, XIX դարի առաջին քառորդում։

Մեզ հետաքրքրող ժամանակներում Երևանի ոռոգման ցանցի

__________

254 Հովհ. Շահխաթունյանց, Ստորագրութիւն կաթողիկէ Էշմիածնի և հինգ գաւառացն Արարատայ, հ. II, էջ 153 — 154, Барон Август фон-Гакстгаузен Закавказский край, ч. I, էջ 166—168, Ղ– Ալիշան, Այրարտ, էջ 316։
255 Барон Август фон-Гакстгаузен, Закавказский край, ч. I, էջ 166։
256 Տե՛ս Թ. Խ. Հակոբյան, Երևանի պատմությունը (1801—1879 թթ.), էջ 156—168, Երևանի պատմությունը (հնագույն ժամանակներից մինչև 1500 թ.), Երևան, 1969, էջ 152 — 154 և այլն։

[էջ 264]

կանոնավորման բնագավառում զգալի տեղաշարժեր են նկատվում XVII դարի սկզբներին, Ամիրգունա-խանի ժամանակ, երբ պարսիկները Շահ-Աբաս I-ի արշավանքից հետո հասկացել էին, որ թուրքերի առաջխաղացման դեմն առնելու համար անհրաժեշտ է սահմանային երկրները ոչ թե ամայացնել, այլ տնտեսապես ամրացնել և մարդաշատ դարձնել։ Բազմաթիվ վկայություններ կան այն մասին, որ Շահ-Աբաս I-ի կողմից Երևանի կուսակալ կարգված Ամիրգունա-խանը վարում էր այդպիսի քաղաքականություն։ Նրա խանության օրոք վերականգնվել էին Երևանի հին առուները և անցկացվել էին մի քանի նոր, երկրորդական առուներ, որոնք սկիզբ էին առնում կամ մայր առուներից և կամ Հրազդանից ու Գետառից։

1679 թվականի աղետաբեր երկրաշարժի հետևանքով քանդվում, խափանվում են նաև քաղաքի մեծ ջրանցքներն ու մանր առուների մեծ մասը։ Սակայն բերդի, կամուրջների, մզկիթների, եկեղեցիների ու քաղաքի փլված մյուս կառույցների հետ միասին վերականգնվում ու կանոնավորվում են նաև ոռոգման ջրանցքներն ու առուները։ Հայտնի է, որ հիշյալ երկրաշարժի հետևանքների վերացման համար մեծ եռանդ է ցուցաբերել Երևանի այդ ժամանակվա սարդարը՝ Զալ-խանը, որը բերդի վերականգնման հետ միասին հոգ է տարել ջրանցքների և ոռոգողական մյուս կառույցների կանոնավորման համար։

Ջրանցքներից, առուներից, աղբյուրներից և մասամբ ջրհորներից բացի, ոռոգման նպատակով օգտագործվել է նաև Թոխմախգյոլի (այժմ Կոմսոմոլի լիճ) ջուրը։ Մենք որոշ փաստերի հիման վրա ցույց ենք տվել, որ այս արհեստական լճակը հավանաբար գոյություն ուներ ուրարտական ժամանակներից և նրա ջրերով ոռոգում էին Էրեբունի — Երևանի ցանքերի ու այգիների մի զգալի մասը257։ Հետագայում, երբ քաղաքը մի փոքր «գաղթ» կատարեց դեպի հյուսիս-արևմուտք՝ դեպի Գետառի ափերը՝ հնագույն Էրեբունիի ջրմուղի խափանման հետ միասին չորանում ու վերանում է նաև Թոխմախ-լիճը։ Աղբյուրների բացակայության պատճառով անհնար է դրա հետագա վիճակի մասին որևէ բան ասել։ Միայն մեզ հայտնի է, որ այդ լիճը վերականգնվել է (ըստ պարսկական ավանդախառն վկայությունների՝ կառուցվել է) Թոխմախ խանի ժամանակ։ XVIII դարի վերջերին այն դարձյալ շարքից դուրս էր

__________

257 Թ. Խ. Հակոբյան, Երևանի պատմությունը (հնագույն ժամանակներից մինչև 1500 թ.), էջ 65 և 131։

[էջ 265]

եկել ե նորից վերականգնվել է Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելու նախօրյակին։

Հողից բացի, ջուրն էլ համարվում էր խանի սեփականությունը։ Սակայն, ի տարբերություն հողի, որը նա բաժանում էր առանձին տիրողների վրա, ջուրը, որպես կանոն, ամբողջությամբ պահում էր իր անմիջական իրավասության ներքո։ Եվ որպեսզի մշտական հսկողություն ունենա ու ապահովի ոռոգման ջրերից ստացվող իր եկամուտները, խանը դրա համար սահմանել էր հատուկ պաշտոնեություն, որի մասին մանրամասնությամբ ասված է մեր այս աշխատության երրորդ գրքում258։ Սակայն չպետք է կարծել, որ ոռոգման բոլոր ջրանցքները համարվում էին խանի սեփականությունը։ Այն ջրանցքները, որոնք կառուցել էին գյուղական համայնքները, վանքերը կամ անհատ մարդիկ, համարվում էին ոչ, թե խանի, այլ կառուցողների սեփականությունը, իսկ XVIII դարում, ինչպես նկատում է Ի. Պ. Պետրուշևսկին, այդպիսի մասնավոր ջրանցքները հազվադեպ չէին259։ Այսպես, եթե Երևանի Դալմայի ջրանցքը վերականգնել էր ավել վերջին խանը (1815 թ.) և համարվում էր նրա սեփականությունը, ապա Էջմիածնի Դալման, ինչպես երևում է պատմական աղբյուրների վկայություններից, XVII դարի վերջերին պատկանում էր Բուրջ-Ալի Ղաջարի որդիներին։ Ե՛վ խանին, և՛ մասնավոր մարդկանց, վանքերին ու համայնքներին պատկանող ջրանցքները կարող էին դառնալ առուվաճառքի առարկա։ Մատենադարանի կաթողիկոսական դիվանի ֆոնդում պահպանված մի վավերագրի համաձայն, Էջմիածնի Դալմայի ջրանցքի սեփականատերեր Բուրջ-Ալի Ղաջարի երեք տղաները, դուստրը և կինը այդ առուն 1699 թվականին 50 թումանով վաճառել են Նահապետ կաթողիկոսին260։ Դրանից հետո Էջմիածնի Դալման դառնում է վանքի սեփականությունը և առանց վերջինիս համաձայնության ոչ ոք իրավունք չուներ օգտվելու դրա ջրերից։ Ջրանցքի նախկին տերերը հետագայում սեխի բոստան գցելով նրա ընթացքի վրա, վարձել են այն ոռոգել Դալմայի ջրերով, բայց Աստվածատուր կաթողիկոսը 1717 թվականին

__________

258 Տե՛ս Թ. Խ. Հակոբյան, Երևանի պատմությունը (1801 — 1879 թթ.), էջ 162 — 166։
259 И. П. Петрушевский, Очерки по истории феодальных отношений в Азерб. и Арм. в XVI—начале XIX вв., էջ 239։
260 Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ֆ, կաթ. դիվան, թղթ. 1 զ, վավ. 1016։

[էջ 266]

իր խնդրագիր-բողոքով կարողանում է շարիաթի օրենքի հիման վրա արգելել նրանց՝ Դալմայի առվից օգտվելու261։

Երևանի բոլոր մեծ ջրանցքները համարվում էին խանի սեփականությունը։ Խանը սեփական ջրանցքներ ուներ նաև խանության մի քանի մահալներում։ Խանական ջրանցքներից կարող էին օգտվել միայն խանի թույլտվությամբ՝ հատուկ հարկ վճարելու պայմանով։ Խանական ջրանցքներից այդ եղանակով օգտվում էին ոչ միայն մասնավոր մարդիկ, այլև երբեմն նույնիսկ Էջմիածնի վանքը, որը վանքապատկան հողերը ոռոգելու համար սովորաբար անցկացնում էր հատուկ ջրանցքներ։ Մի վավերագրի համաձայն վերջին սարդար Հուսեին-խանի օրոք ջրի պակասության պատճառով Դավիթ կաթողիկոսը դիմում է նրան՝ խնդրելով թույլ տալ խանական ջրանցքների (հավանաբար Երևանի Դալմայի) ջրերով Էջմիածնի ցանքերը ոռոգելու համար։ Խանը կաթողիկոսի պահանջը բավարարում է 262։

Հաջորդ ժամանակաշրջանի նման XVI—XVIII դարերում նույնպես Երևանը այգեգործական մեծ բնակավայր էր։ Նրա տնտեսական կյանքին վերաբերող վկայություններից երևում է, որ այստեղ կային մրգատու և խաղողի բազմաթիվ այգիներ, որոնց գրաված տարածությունը հասնում էր հարյուրավոր հեկտարների։ Այդ նույն վկայություններից նաև հայտնի է դառնում, որ քաղաքի բնակչության մեծ մասն ուներ իր այգիները։ Այստեղ մեծ կամ փոքր այգիներ ունեին և´ խաներն ու մելիքները, և՛ արհեստավորներն ու առևտրականները, և´ հիմնականում արվարձաններում ապրող ու գյուղատնտեսությամբ զբաղվողները։ Քաղաքի այգեգործությունն ու խաղողագործությունն զգալի առաջադիմություն էր կատարել հատկապես XVII դարի սկզբներին՝ Ամիրգունա-խանի իշխանության տարիներին և նույն դարի վերջերին՝ մեծ ու աղետալի երկրաշարժից հետո, Զա-֊խանի օրոք։ Մասամբ այդ է պատճառը, որ մեր պատմագիրները Ամիրգունային և Զալ-խանին ներկայացնում են որպես շինարար և երկրի տնտեսությանը զարկ տվող խաներ։ Բերենք միայն մի վկայություն։ Զաքարիա Սարկավագը, խոսելով Ամիրգունա-խանի կատարած գործերի մասին, գրում է. «Եւ յորժամ էառ Շահն զԵրևան, կարգեաց անդ իշխան Ամիրգունա-խանն, և պատուիերաց նմա նորոգել զբերդն, և տըն-

__________

261 Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ֆ. կաթ, դիվ. թղթ. 1 զ, վավ. 1017։
262 Նույն տեղում, թղթ. 1 դ, վավ. 576։

[էջ 267]

կել զայգիսն, և փոյթ լինիլ շինութեան։ Վասնորոյ ամենեքեան սկսան շինել և տնեկ զայգիս»263։

Բուն քաղաքից բացի, ընդարձակ այգիներ կային նաև նրա շրջակայքի գյուղերում՝ Ձորագյուղում, Նորքում և այլուր, որոնք տնտեսապես այնքան ձուլված էին քաղաքին և փաստորեն նրա արվարձաններն էին։ Իր այգեգործությամբ դրանց մեջ առանձնապես աչքի էր ընկնում Նորքը, որի բրուտների և այգիների մասին ժամանակակից հեղինակներից մեկը հետևյալն է գրում. «Գիշերը մենք մնացինք Նորգ գիւղումը, ուր շատ հմուտ բրուտներ և պատուական այգիք կան»264։

Իր նշանակությամբ և գրաված տարածությամբ առաջնակարգ տեղը գրավում էր խաղողագործությունը։ Հաջորդ ժամանակաշրջանին վերաբերող վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ Երևանի այգիների ընդհանուր տարածության կեսը գրավում էին միայն խաղողի այգիները, իսկ մնացած կեսը բաժին էր ընկնում ծիրանենուն, դեղձենուն, խնձորենուն, տանձենուն, կեռասենուն, բալենուն, թզենուն, ընկուզենուն, սալորենուն, փշատենուն և այլ պտղատուների՝ միասին վերցրած265, թեպետև վերջիններս սովորաբար մշակվում էին խաղողի որթի հետ կողք-կողքի։

Այգեգործության ու խաղողագործության հետ սերտորեն առնչված էր բանջարաբուծությունը։ Չհաշված խանին ու մի քանի այլ մեծամեծներին պատկանող ընդարձակ բանջարանոցները և տների բակերում եղած մանր-մունը պարտեզ-բանջարանոցները, բանջարա-բոստանային կուլտուրաները հիմնականում մշակվում էին խաղողի և մրգատու այգիների ազատ տարածություններում266։ Բանջարա-բոստանային կուլտուրաներից Երևանում տարածված էին՝ վարունգը, սեխը, կանաչիները և այլն։

Ստացված խաղողի բերքի մի մասը թարմ վիճակում վաճառվում էր Երևանի ու շրջակայքի մահալների շուկաներում, մի մասը չորացվում ու դարձվում էր չամիչ, մի մասն օգտագործվում էր սուճուխի ու դոշաբի համար, իսկ մի զգալի մասը վերամշակելով ստանում էին գինի։ Անուղղակի վկայություններից երևում է, որ գինեգործությունը բնակչության համար բավական շահավետ էր։

__________

263 Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. I, էջ 58։
264 «Վաղարշապատեցի Յարութիւն Արարատեանի կեանքը», էջ 150։
265 Տե՛ս Թ. Խ. Հակոբյան, Երևանի պատմությունը (1801 — 1879 թթ.), էջ 168 — 170։
266 Տե՛ս Զաքարիա Սարկավագի, Պատմագրութիւն, հ. I, էջ 59, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ֆ. կաթ. դիվ., թղթ. 242, վավ. 83 և այլուր։

[էջ 268]

Գինեգործությամբ բացառապես զբաղվում էին հայերը։ Քաղաքի մահմեդական բնակչությունը, ղուռանի դոգմաներից ելնելով, գինեգործությամբ չէր զբաղվում։ Նրանց ստացած խաղողի մի մասը հայերը Երևանի շուկայում գնելով՝ նույնպես օգտագործում էին գինի ստանալու համար։ Միանգամայն հասկանալի էր, որ բնակչությանը կողոպտելու ու թալանելու միջոցների մեջ խտրություն չդնող շահերն ու խաները պետք է օգտվեին նաև այդ առիթից։ Եվ իրոք, Զաքարիա Սարկավագի, Զաքարիա Ագուլեցու և Եսայի կաթողիկոսի վկայություններից երևում է, որ քրիստոնյա բնակչությունից սովորական, բայց առանց այն էլ ծանր հարկերից բացի, նոր միջոցներ հափշտակելու նպատակով Երևանի խաները պարսից շահերի թողտվությամբ կամ ուղղակի նրանց հրամանով պարբերաբար արգելքներ էին դրել գինեգործության վրա և այդ եղանակով հսկայական միջոցներ քամել գինեգործությամբ զբաղվող քաղաքացիներից ու գյուղացիներից։ Զաքարիա Ագուլեցին վկայում է, որ գինի պատրաստելն արգելելու մասին շահի կողմից մի այդպիսի հրաման է եղել 1654 թվականին, երբ Երևվանում խան էր կարգված Լալա-բեկի որդի Սահմադ-Ղուլին։ Վերջինս, ի կատարումն շահական հրամանի, 6— 7 ամիս արգելում է գինու վաճառքն ու գործածությունը և ոմն Հիմաթբեկի միջոցով բռնագանձում է հատուկ հարկ։ Ժամանակագիրն այդ մասին հետևյալ կերպ է հաղորդում. «Յամի ՌՃԲ յուլիս ԻԶ-ումն Երևանայ խան էր Լալայբէկի տղայ Մահմադ-Ղուլի խանն, թագաւորի հրամանաւ գինին ղադաղայ ելաւ. այսօր խանիցն դարուղայ ելաւ Հիմաթբէկն, գինուն մուչուլգայ առեց։ Ապա Զ, է ամիս քաշաւ վարթարաւ (փչացնել — Թ. Հ.) ելաւ Աստուծով»267։

Իր դաժանությամբ գինեգործությանն ավելի մեծ հարված է հասցրել Մուրթուղա-Ղուլի խանը (XVII դարի վերջեր)։ Այլ առիթով մենք տեսանք, որ չափ ու սահման չճանաչող այս փոքրիկ բռնակալը Հուսեին շահի ժամանակ (1694 —1722), հավանաբար նրա համաձայնությամբ, ժողովրդին կողոպտելու համար կարգադրում է արգելել գիննգործությունը և հատուկ մարդկանց միջոցով կնքել է տալիս ոչ միայն գինու բոլոր կարասները, այլև գինեգործության հետ ոչ մի կապ չունեցող լեռնային շրջանների բնակչության մածնի և թանի պուտուկները։ Քաղաքի և գյուղի բնակչությանը կրկին թույլատրվում է գինեգործությամբ զբաղ-

__________

267 «Զաքարիա Ագուլեցու օրագրությունը», էջ 41—42։

[էջ 269]

վելու միայն հատուկ հարկեր հավաքելուց և մեծ գումարների հասնող կաշառք վերցնելուց հետո268։

Ի դեպ պետք է նշել, որ անսովոր հարկերի նշանակումը գինեգործությունից բացի, հաճախ տարածվում էր նաև այլ զբաղմունքների վրա։ Հայտնի է, որ նույն Հուսեին շահի ժամանակ, 1698 թվականին, հարկերը բարձրացնելու համար պարսկական պետության մեջ կատարվում է ընդհանուր աշխարհագիր, որին Արևելյան Հայաստանում ու Ադրբեջանում մասնակցում էին տարբեր կարգի ու դիրքի 1100 աստիճանավորներ։ Իսկ պարսկական աշխարհագիրներին ընդհանրապես ուղեկցում էին կաշառակերությունը, բռնությունները, կամայականությունն ու թալանը269։

Միանգամայն հասկանալի է, որ այդպիսի պայմաններում քաղաքի տնտեսության մյուս ճյուղերի համեմատությամբ ավելի աննպաստ վիճակում էր գտնվում գինեգործությունը։ Մինչդեռ խաղողաշատ Երևանում տանելի պայմանների առկայության դեպքում գինեգործությունը նույնիսկ պարզունակ տնայնագործական եղանակով կարող էր հասնել զարգացման նշանակալի աստիճանի։

Սեֆևյան Պարսկաստանի հարկային սիստեմը հասարակության խմբերին համապատասխան խիստ շերտավորված էր։ Բնակչության ճնշող զանգվածները կազմող գյուղացիությունը ծանրաբեռնված էր ուղղակի ու անուղղակի բազմապիսի ծանր հարկերով և հարկադիր աշխատանքներով ու կոռով։ Մինչդեռ բնակչության վերնախավը կազմող խաները, բեկերը, աղալարները, բարձրաստիճան զինվորականությունը և հոգևոր հիմնարկներն ունեին արտոնյալ վիճակ ու համարվում էին ոչ հարկատու։ Դրանց տրամադրության տակ գտնվող հողերից, որպես օրենք, պետական հարկեր չէին վերցնում, իսկ վերցնելու դեպքում էլ դրանք շատ թեթև էին և կազմում էին եկամուտների կամ բերքի միայն չնչին մասը։ Քաղաքների, որոնց թվում նաև Երևանի աշխատավոր բնակչության տնտեսական ընդհանուր վիճակը շատ քիչ բանով էր տարբերվում ճորտական դրության մեջ գտնվող գյուղացիությունից։ Վերջինիս նման քաղաքի աշխատավոր բնակչությունը նույնպես ծանրաբեռնված էր զանազան հարկերով ու հարկադիր աշխատանքներով, որոնց մասին բավական մանրամաս-

__________

268 Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. II, էջ 134։
269 Տե´ս И. П. Петрушевский, Очерки по истории феодальных отношений в Азерб. и Арм..., էջ 296—298:

[էջ 270]

նությամբ ասված է նույն այս աշխատության հաջորդ գրքում270: Տարբերությունը գյուղական ու քաղաքային բնակչությունից գանձվող հարկերի միջև հիմնականում այն էր, որ եթե Երևանի խանության մահալնեբում դրամական ու աշխատավճարային տուրքերի հետ միասին գոյություն ունեին և շատ մեծ գումարներ էին կազմում բնամթերային տուրքերը, ապա այդ բացառված էր Երևան քաղաքի քաղաքացիներից վերցվող հարկերում ու տուրքերում։ Դրանով, անշուշտ, շպետք է ենթադրել, թե Երևանի քաղաքացիների դրությունը գյուղացիների դրությունից շատ էր տարբերվում։ Երևանի քաղաքացիները նույնպես ծանրաբեռնված են եղել բազմատեսակ դրամական տուրքերով և հարկադիր աշխատանքներով, որոնք այն ժամանակվա պայմաններում նրանցից խլել են հսկայական միջոցներ, ժամանակ և աշխատանք271։

Մուաֆի կամ մաղաֆի իրավունք էր տրվում նաև որոշ անձանց, համայնքներին և հոգևոր հաստատություններին՝ նրանց ազատելով պետական հարկերից։ Մատենադարանի կաթողիկոսական դիվանի վավերագրերում այդպիսի բազմաթիվ դեպքեր կան նկարագրված։ Դրանցից մեկում, օրինակ, պահպանված է Երևանի մելիքներ Հակոբջանի և Մկրտումի 1738 թ. դիմումը Նադիր-Շահին ու վերջինիս հրովարտակը նրանց մուաֆության իրավունքները վերահաստատելու և նրանց կալվածքները պետական հարկերից ազատելու մասին272։

«Մուաֆ»-ը (կամ մաղաֆ) հայտնի է դեռևս XI դարից273։ XVI–—XVIII դարերում Երևանի խանությունում խաներից, բեկերից, աղալարներից և մելիքներից բացի, մաղաֆության մշտական իրավունքներ ունեին նաև Էջմիածնի Մայր աթոռը և մյուս վանքերը։ Սակայն Էջմիածնի ոչ բոլոր կալվածքներն էին ազատված հարկերից։ Սիմեոն Երևանցու վկայության համաձայն, XVIII դարի երրորդ տասնամյակի սկզբներին թուրքական փաշաների արտոնագրերով Էջմիածնի բոլոր կալվածքներն ազատված էին պետական հարկերից և վանքը այդ բոլորի դիմաց տարեկան պետական գանձարան էր մուծում միայն 350 ղուռուշ274։ Հետագայում,

__________

270 Տե՛ս Թ. Խ. Հակոբյան, Երևանի պատմությունը (1801—1879 թթ.), էջ 195 — 201։
271 Նույն տեղում, էջ 195։
272 Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ֆ. կաթ. դիվ., թղթ. 1զ, վավ. 1032։
273 Տե՛ս И. П. Петрушевский, Очерки по истории феодальных отношений в Азерб. и Арм., էջ 180։
274 Տե՛ս Սիմեոն Երևանցի, Ջամբռ, էջ 143 — 144։

[էջ 271]

նույն դարի 300-ական թվականներին, թուրք-պարսկական պատերազմների ժամանակ, ըստ երևույթին, որոշ չափով խախտվել էր այդ կարգը և հարկ է եղել Նադիր-Շահի թագավորության առաջին տարիներին համապատասխան փաստաթղթերով ապացուցելու Էջմիածնի մաղաֆության իրավունքները ու դրանց վերահաստատման համար ձեռք բերելու շահի համապատասխան հրովարտակը։ Կաթողիկոս պատմագիրը հաղորդում է, որ Էջմիածնի և մյուս վանքերի ու հոգևորականների մաղաֆությունը պարզելու համար Նադիր-Շահի հրամանով Միրզա Քյազումը և այլ գործակալներ, գալով Էջմիածին, Աբրահամ Կրետացի կաթողիկոսի հետ երկար վիճելուց ու հանգամանքներին ծանոթանալուց հետո շահին ներկայացնում են հետևյալ զեկուցագիրը.

«...քո ծայառք միրզա. Քեազումս և միւս միրզա. Քեազումս վերահասու եղաք Էջմիածնի, Օհանավանից և միւս վանօրէից, և նոցին սևագլխոց մաղաֆութեան, որ ահա արզ առնեմք մեծութեանդ, Էջմիածնի՝ սևագլխաց՝և նորին մարդկանց մաղաֆութիւնն ի նախնեաց հետէ այսպէս է ճշմարիտն՝ որ գրեմք։ Ամենայն տեսակ սերմանելեաց հատից զոր ցանեն, որ ջինս ասի, մաղաֆութիւն է վաթսուն և վեց խալվարի, որ է վեց հազար և վեց հարիւր լիտր Երևանու.. և նաղտ մաղաֆութիւն է այսքան. տասն այգի, երեքն յայս Էջմիածնի ի գեօղս, երեքն յՕշական, երեքն յԵրևան, և մին ի Փարաքար, որք ընդ ամենն լինին մեկ հարիւր յիսուն... և... մէկ հարիւր դինաով լինի մէկ, թուման և հինգ հազար դիան։ Տասն ջրաղաց, եօթն ի յայս գեօղս, Գ-ն յԵրևան, Գ. ձիթհանք, Բ-ն յԱթոռոս և մէկն յՕշական, Բ. դինկ և Բ. քրքրայ ի Քալարոլմն. ևս մէկ դինկ և Ա. քրքրայ ի Կաւակերտ, որք ընդ ամենն՝ ջրաղաց, ձիթհանք, դինկ և քրքրայ լինին տասն և ինն հատ. որոց մինն՝ հազար վեց հարիւր յիսուն դիանով, լինին ընդ ամենն երեք թուման Ա. հազար ԶՃ (600) դիան։ Ութսուն և ինն հատ դուքեան ի քարուանսարայս մեր, որք մէկ մէկ ապասիով՝ լինի ընդ ամէնն Ա. թուման ԷՌԸՃ (7800) դիան. Ա. Համամ՝ երեք թուման։ Ոչխարհինգ հարիւր որոց մինն կէս շահիով՝ լինի ընդ ամէնն մէկ թուման ԲՌԵՃ (2500) դիան։ Արդ վերոգրելոց այգեաց, ձիթիհանքից, ջրաղացից, դնկից, և քրքրայից, դուքանից, ոչխարաց և համամի խարձից ջումն (գումար), որ է մեր նախնից մաղաֆութիւն, և ընդ ամէնն՝ տասն թուման վեց հազար վեց հարիւր յիսուն դիան»275։

__________

275 Սիմեոն Երևանցի, Ջամբռ, էջ 144 — 145։

[էջ 272]

Այսպիսով Նադր-Շահի հրամանով ուղարկված գործակալներն Էջմիածնի փաստաթղթերի հիման վրա պարզում են, որ նախկինում վանքը մաղաֆության իրավունք է ունեցել 66 խալվար ցանքատարածության, 10 այգու, որոնցից 3-ը գտնվում էր Երևանում, 10 ջրաղացի, որոնցից 3-ը՝ դարձյալ Երևանում, 3 ձիթհանքի, 3 քրքրայի, 89 խանութների ու կրպակների և 500 ոչխարի համար։ Այդ նույն ձևով Էջմիածնի մաղաֆությունը վերահաստատվում է նաև Նադիր-Շահի հատուկ հրովարտակով, ըստ որի հայոց Մայր աթոռը մաղաֆության իրավունք ուներ 66 խալվար ցանքատարածության ու մյուս բոլոր ունեցվածքներից վերցվող 10 թուման և 6650 դիան հարկի համար276։ Շահի գործակալների կողմից արձանագրված վերը նշված այդ կալվածքներից ու ունեցվածքներից բացի, եթե վանքն ուներ այլ ունեցվածք կամ հողային տարածություն, ապա դրանց համար հարկադրվում էր պետության մեջ գործող հարկադրույքներով և չէր օգտվում որևէ արտոնությունից. «Որ եթէ քան զայս գրեցեալսս աւելի ունիցի զմուլքս, և կամ աւելի սերմանիցէ, զհարկն տալոց է ըստ կարգին՝ որպես տայ երկիրն»277, — վկայում է Սիմեոն Երևանցին։

Ինչպես տեսանք, Էջմիածնից բացի, Երևանում այգիներ և այլ կալվածքներ ու ունեցվածք ունեին նաև Երևանի խանության ուրիշ վանքեր՝ Գեղարդը, Սևանը, Խորվիրապը և այլն։ Այդ պատճառով էլ մեզ հետաքրքրում է նաև վերջիններիս ունեցած արտոնությունները, և նրանց կողմից տրվող պետական հարկերի բնույթն ու չափը։ Էջմիածնի համեմատությամբ դրանց մաղաֆությունը սահմանափակ էր։ Նադիր-Շահի գործակալները Երևանի խանության 12 վանքերի ու նրանց սպասարկող հոգևորականների մաղաֆության և հարկատվության մասին հետևյալն են արձանագրել.

«Արդ վերոյ ասացեալ ԺԴ վանօրէից աղագաւ գրեն թէ՝ այս վանօրայքս և իւրեանց միաբանքն ի ջաղիայից և յայլոց հարկաց մաղաֆք են, բայց սովորութիւն ունին որ ի նախնեաց հետէ ի տարին միանգամայն տասն և եօթն թուման և հինգ հարիւր դիան Խալֆայի (կաթողիկոսի — Թ. Հ.) ձեռօքն տան յարքունիս։ Իսկ ցանքն՝ զորքան ցանեն, և ջրաղաց, այգի, և այլք այսպիսիք՝ զորքան ունիցին, զհարկս նոցա տան ըստ կարգին...»278։

Մեջբերված պարբերությունից պարզ երևում է, որ Երևանի

__________

276 Նույն տեղում, էջ 145։
277 Նույն տեղում։
278 Նույն տեղում։

[էջ 273]

խանության վանքերը (բացառյալ Էջմիածինը) ու նրանց հոգևորականները, չնայած նույնպես ունեին մաղաֆության իրավունք, բայց «ըստ սովորության» պարտավոր էին կաթողիկոսի միջոցով պետական գանձարկղ մուծել տարեկան 17 թուման և 500 դիան, իսկ դրանց ցանքսերը, այգիները, ջրաղացներն ու մյուս ունեցվածքը հարկադրվում էր սովորական հարկադրույթներով՝ առանց որևէ արտոնության։

Հետագայում Էջմիածնից և Երևանի խանության մյուս վանքերից գանձվող հարկերը բավական ավելանում են, իսկ մաղաֆության իրավունքները՝ նեղանում279, բայց դարձյալ մնալով արտոնյալ վիճակում։

Հաճախակի կրկնվող պատերազմներից, ներքին կռիվներից, հարկային ծանր քաղաքականությունից և այլ պատճառներից բացի, երկրի ու քաղաքի գյուղատնտեսության ճյուղերի զարգացումը մեծապես խափանում էին նաև բնական աղետները՝ մորեխը, երկրաշարժերը, կարկուտը, անբերրիությունները, որոնց հետևանքով պարբերաբար կրկնվում էր մեծ թվով մարդկային կյանքեր խլող սովը։

Մեզ հայտնի տեղեկությունների համաձայն՝ XVII—XVIII դարերում Երևանում մորեխը հայտնվել է երեք անգամ՝ 1642, 1692 և 1713 թվականներին։ Մորեխային այդ արշավանքների մասին համառոտ տեղեկություններ են հաղորդվում ժամանակագրություններում ու հիշատակարաններում։ 1642 թվականի արշավանքի վերաբերյալ Սամվել Անեցու ժամանակագրության շարունակողներից մեկը հետևյալն է հաղորդում. «ՌՂԱ (1642 թ.)։ Մեռաւ Շահսեֆից. և նստաւ որդին երկրորդ Շահաբասն։ Երակ մարախ յերկիրն Երևան»280։ Թեպետ այդ հիշատակությունը շատ համառոտ ու անորոշ է, բայց դժվար չէ կռահել, որ 1642 թվականին Երևանի խանությունում հայտնված մորեխը զգալի վնաս չի հասցրել ո´չ երկրին և ո՛չ էլ նրա կենտրոն Երևան քաղաքին։

Ավելի որոշակի է 1692 թվականի մորեխային արշավանքի մասին մեզ հասած գրիչ Տեր-Սիմոնի հակիրճ վկայությունը. «Ես Տէր Սիմոնս գրեցի, «թ. ՌՃԽԱ ( = 1692) որ ժամ եկն մորեխն Երեւանայ երկինքն. փառք Աստուծոյ վնաս ոչ եղեւ»»281։

__________

279 Սիմեոն Երևանցի, Ջամբռ, էջ 145 — 151։
280 Սամվել Անեցի, Հաւաքումք ի գրոց պատմագրաց..., Վաղարշապատ, 1893, Շարունակութիւն ԺԳ օրինակէն, էջ 179։
281 Տե՛ս Հ. Տաշյան. Ցուցակ հայերեն ձեռագրաց Մատենադարանին Մխիթարեանց ի Վիեննա, էջ 553—554։

[էջ 274]

Հիշատակարանից կարելի է ենթադրել, որ Երևան քաղաքն ու Երևանի խանությունն անվնաս են մնացել, որովհետև այստեղ հայտնված մորեխը առանց նստելու շարունակել է իր ճանապարհը դեպի այլ շրջաններ ու երկրներ։

Երևան քաղաքին հսկայական վնասներ է պատճառել 1713 թվականին մեր երկիրը ներխուժած մորեխը։ Մորեխային այդ ահռելի ու ավերիչ արշավանքի մասին տաղասաց Սարգիս Գեղամեցին գրել է հետևյալ չափածո ողբը, որը մեջ ենք բերում համառոտագրությամբ, բայց նույնությամբ պահպանելով բնագրի ուղղագրությունը.

«Ի թիվ հազար վասթուն երկոյ
աւելի նետ ի նոյն.
Եկաւ մարախ բազում անհուն ի քաղաքն Էրիվանոյն։
Ծածկեալ եղեւ երեսս աւզոյն. էհեղ յերկրից իբրեւ զձիւն։
Թռաւ իջեալ մէջ յարտերոյն. ըսկսան ուտել իբրեւ զշուն։
Զարմանք եղեւ ամեհեցոյն. աղաղակեն դէմըս աստուածոյն.
Ինչ պատոյհաս է մեր գլխոյն. չէինք տեսած բնաւ ի նոյն։
Մանն եկաւ ի նոյն տարոյն. հաւասարեց ամէն տեղւոյն.
Խիստ կոտօրեց մանտրոյ մեծոյն. փառըս տացուք ի աստուածոյն։
Յաշխարհըս ամէն ցաւն պատեց. մեր մեղացեն զմեզ յատեց...
Սովն եկաւ ի նոյն։ տարին խանն։ շահի եղաւ։ զարին.
Սովաց ճարդեց դաշտոյ սարին. աստուած փրկէ եկօղ տարին։
Մուկն եկաւ ի նոյն տարին. հայոց դարման յախիր արին.
Խոտ չի մնաց բնաւ սարին. էլ չի տեսնենք այսպէս տարին...
Ես տէր Սարգըս Գեղամեցի, ուտ (ան) աւորքս գրեցի.
Առ տէր Յիսուս աղաչեցի, աշխարհս ոչինչ իմացի»282։

Ինչքան էլ գույները խտացված լինեն, այնուամենայնիվ մեջբերված ողբի բովանդակությունից դժվար չէ եզրակացնել, որ 1713 թվականի մորեխային արշավանքի ժամանակ ոչնչացել են քաղաքի ու շրջակայքի ցանքերը և մեծ տարածությամբ խոտհարքներ, որ մորեխի ավերմանը հաջորդել է սովը՝ պատճառելով բազմաթիվ մարդկային զոհեր։

Երևանի համար մեծ պատուհաս է եղել հատկապես 1679 թվականի երկրաշարժը, որի մասին առիթ է եղել խոսելու սույն աշխատության առաջին և այս գրքի տարբեր տեղերում։ Երկրաշարժի հետևանքով մեծապես տուժել էին նաև քաղաքի այգեգործությունը, բանջարաբուծությունն ու դաշտավարությունը, որովհետև, մեզ հասած աղբյուրների վկայության համաձայն, խա-

__________

282 Տե՛ս «Հանդէս ամսօրեայ», ամսագիր, 1934, № 5—7, էջ 337—338։

[էջ 275]

փանվել են ոռոգման ջրանցքները և առուները ու մինչև քաղաքի ոռոգման համակարգի լիակատար վերականգնումը տնտեսության այդ ճյուղերը չէին հասել նախկին՝ առանց այն էլ ցածր մակար֊ դակին։

Ինչպես ասացինք, բնական աղետների, անբերրիությունների և թշնամական հարձակումների հետևանքով մեզ հետաքրքրող դարերում երկրում ու Երևան քաղաքում պարբերաբար կրկնվել է սովը, որի հետևանքով զոհվել են բազմաթիվ բնակիչներ։ Մեր երկրում տարբեր ժամանակներում բռնկված սովի պատմությամբ քիչ են զբաղվել։ Հասարակության համար միջին դարերի պայմաններում այդ մեծ չարիքի մասին նոր ու նորագույն շրջանի հայագետ-պատմաբանները բավարարվել են միայն ընդհանուր դիտողություններով, առանց ուսումնասիրության հիմնական հարց դարձնելու։ Մինչդեռ պատմագիտության (հատկապես ժողովրդական տնտեսության պատմության ) համար այդ հարցը հույժ կարևոր է, և ուրիշ երկրներում այն բավական լայն ուսումնասիրված է։

Մեզ հետաքրքրող ժամանակներում Արևելյան Հայաստանում և Երևան քաղաքում ամենահամեստ հաշիվներով բռնկվել է 4 սով՝ 1580 — 1581, 1605 — 1609, 1681 և 1713 թվականներին։ Դրանցից բացի, բազմաթիվ անգամ եղել են անբերրիություններ, հացի սղություն, պատերազմների հետևանքով համատարած ավերումներ, որոնք նույնպես պատճառ են դարձել մեծաթիվ զոհերի։

1580 —1581 թվականի սովը հիմնականում հետևանք է եղել թուրք-պարսկական ավերիչ պատերազմների։ 1580 թվականին գրած իր հիշատակարանում Գասպար դպիրը դրա մասին հետևյալն է ասում. «Գրեալ ի Շէնգուժ (չընքուշ) գիւղաքաղաք ի թվին Ռ. Ի. Թ. ի դառն եւ նեղ ժամանակի... տիրեալ էր աշխարհիս հայոց սով, սուր և գերութիւն... յիշեցէք Գասպար դպրիս...»283։ Նույն այս սովի մասին հիշատակարաններ են թողել նաև Ներսես Արծկեցի, Մելքիսեթ և Մինաս գրիչները։ Ներսես Արծկեցու վկայության համաձայն թուրքական Լալա-փաշա զորավարի արշավանքից հետո (երբ 4000 գերի վերցվել էր միայն Երևանի վրա հարձակման ժամանակ) մեր երկրում տիրում էին մահը, սուրը և սովը. «Զի երեք դիմաց պատուհասն պատեալ էր զաշխարհս վասնմեղաց իմոց. մահն, սուրն և սովն, մինչզի շատ ոք ի Տիփխիս քաղաքի շուն և կատու կերան, և թագաւորն կարմիր գլխաց փա-

__________

283 Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ֆ. Մեսրոպ Մագիստրոսի արխիվ, գործ №222, թղթ. 75, էջ 81։

[էջ 276]

խըստական լինէր զի ոչ կարէր ընդդիմանալ սոցա (թուրքերին — Թ. Հ.)»284:

Նույն բովանդակությունն ունի նաև գրիչ Մելքիսեթ քահանայի հիշատակարանը. «Արդ զվերջին ստացաւղ սուրբ աւետարանիս Մէլքիսեթ քահանայն որ ստացա զսա խիստ դառն և դժար ժամանակի, որ աւսմանլու երեկ ղզըլպաշն ի բաց վարէց տարաւ ի հասուց ի Խորասան։ Թարվէղ քաղաքն և Նախչուան Էրևան առաւ խիստ սով ելաւ և աւետարանս գերի ընկաւ ի ձեռն ղզըլպաշի... և ես Մէլքիսեթ քահանայն գնացի Արջէշ գտա Խ. ֆլօրի տվի առի վերըստին նորոգել ետու և յիշատակս գրել վասն հոգոյ իմոյ և յիշատակ ինձ և ծնաւղացն իմոյ»285։

Սովի պատճառների և ժամանակի մասին ավելի որոշակի ու հստակ վկայությունը գրիչ Մինասինն է, որի հիշատակարանում կարդում ենք (մեջ ենք բերում համառոտագրելով).

«...Բայց գրեցաւ սայ ի թըւին Հայոց Ռ եւ աւելորդի է, փետրվարի ԺԴ...։ Եւ ունի տարիս զկենդանակերպ զառիւծն. ի դառն եւ ի նեղութեան ժամանակիս, ի թագաւրութեան տաճկաց, զի եղեւ սով եւ սասանութիւն վասն ծովացեալ մեղաց մերոց. յոր յայսմ ամի եկեալ Վեզիր փաշայն բազում եւ անթիւ զաւրաւք և գնաց դէպի յարեւելս ի Շահաստան, եւ յոյժ պեղեցին և չարչարեցին զքրիստոնեայսն ի հարկապահանջութիւն. եւ հանին զբազում՝ արուեստաւորս վասն շինութեան Ղարսայ բերդին։ Եւ անտի ելեալ գերեցին զԵրեւան գաւառն եւ քրիստոնեայս բազումս ի սուր եւ ի գերութիւն վարեցին, եւ ոմանց փախստական լեալ ի լերինս եւ ի քարածերպս վիմանց, յուսալով ի խնամս մարդասիրին Աստուծոյ։ Արդ աղաչե՞մ զդասս լուսերամիցդ, որք աւգտիք ի սմանէ կարդալով կամ աւրինակելով, յիշեցէք յաղաւթս, ձեր անարժան Մինաս գծողս եւ զուսուցանողս իմ, զՄարտիրոս քահանայն, որ բազում աշխատանք կրեց զհետ իմ եւ ուսուց ինձ զգիրս և զծաղիկս»286։

Բերված վկայություններից դժվար չէ տեսնել, որ 1580—1581 թվականների սովը հետևանք էր ո՛չ թե բնական աղետների կարկտի, երաշտի, մորեխի կամ երկրաշարժի, այլ՝ թուրք-պարսկական պատերազմի, թուրքական ավարառու և նվաճող բանակի կատարած ավերումների ու գերեվարումների։ Թուրքական ծանր հար-

__________

284 Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ֆ. Մեսրոպ Մագիստրոսի արխիվ, գործ № 222, թղթ. 18, էջ 169 — 170։
285 Նույն տեղում, ձեռագիր № 279, էջ 337ա։
286 Տե՛ս Թորգոմ արք. Գուշակեան, Ցուցակ հայերէն ձեռագրաց ս. Նշանի վանուց ի Սեբաստիա, Վիեննա, 1981, էջ 84։

[էջ 277]

կապահանջությունը և Կարսի բերդի համար բազմաթիվ աշխատավորների հարկադիր աշխատանքի քշելը էլ ավելի է խստացրել սովը, թուրքական բռնություններից ու գերեվարումներից մի կերպ փրկված բնակիչները ապաստանել էին լեռնային շրջաններում ու ժայռերի ծերպերում՝ պայմաններ ու հնարավորություններ չունենալով պատերազմի հետևանքով ավերված երկրի տնտեսությունը վերականգնելու և իրենց դաշտերը մշակելու։

Աղբյուրների վկայություններից երևում է, որ մեզ հետաքրքրող ժամանակներում ամենասոսկալի սովը բռնկվել է Շահ-Աբաս I-ի 1604 թվականի արշավանքից հետո և տևել է 4 — 5 տարի (1605 —1609 թվականների): Այս ահռելի սովը նույնպես հետևանք էր ոչ թե բնական աղետների, այլ թշնամական հարձակման։ Այլ առիթով մենք տեսանք, որ թուրքական բանակի առաջխաղացումы խափանելու նպատակով, Շահ-Աբաս I-ը նշված արշավանքի ժամանակ ավերել էր գրեթե ամբողջ Արևելյան Հայաստանը և նրա գյուղերի ու քաղաքների բազմահազար բնակիչներին քշել դեպի Պարսկաստանի խորքերը։ Երկիրը մարդաթափ էր եղել, ցանող ու մշակող չկար, իրենց կյանքը մի կերպ փրկած բնակիչները թագնվել էին անմատույց վայրերում և բռնակալի բռնի տեղահանությունից սարսափած՝ առայժմ չէին համարձակվում վերադառնալ ու մշակել իրենց դաշտն ու հանդը։ Հայաստանում և հարևան երկրներում բռնկված այդ մահասփյուռ սովի պատկերը ամենայն մանրամասնությամբ տվել է Առաքել Դավրիժեցին, որի արժանահավատ հիշատակությունները վկայակոչված են Շահ-Աբասի արշավանքի առիթով։ Ըստ վկայությունների, տասնյակ հազարավոր մարդկային կյանքեր խլած այդ սովը սկսվել է 1605 թվականին, հաջորդ երկու տարում՝ 1606 —1607 թվականներին այն սաստկանալով ահավոր բնույթ է ստացել, իսկ 1609 թվականին աստիճանաբար թուլանալով՝ 1610 թվականին արդեն վերացել է։ «Պատերազմները, տեղահանությունները, ջալալիները և այլ ժողովրդական պատուհասներ սպանեցին երկրագործությունը։ Հողի մշակը կամ մեռավ փչացավ, կամ փախավ, իր գլուխն ազատեց քարերի ծերպերի մեջ։ Վարուցանք ամեն տեղ բավարար չափով չեղավ, մորեխն էլ եկավ պակասը լրացնելու, և ահա 1605 թ. սով սկսվեց...»287, — գրում է Լեոն հենվելով Առաքել Դավրիժեցու վկայությունների վրա, որը այդ ժամանակների հիմնական, բայց ոչ միակ աղբյուրն է։ 1605—1609 թվականների սովի մասին վկա-

__________

287 Լեո, Հայոց պատմություն, հ. III, էջ 263։

[էջ 278]

յություններ կան նաև այլ հեղինակների մոտ։ Գրանցից մեկը՝ XVII դարի մի գրիչ իր հիշատակարանում նկարագրում է ջալալիների կողմից Կ. Պոլսից մինչև Դամուր Ղափու (Դերբենդ) ընկած տերիտորիաների կատարյալ ավերումը, Շահ-Աբասի կողմից Պարսկաստան քշված բազմահազար հայերի անմխիթար վիճակը և վերը նշված սաստիկ սովը։ Առաքել Դավրիժեցու նման հիշատակագիրը ևս այդ սովի ընդգրկած տերիտորիայի սահմանները համարում է Կ. Պոլսից մինչև Թավրիզ և Բաղդադից մինչև Դամուր-Ղափու288։ Այնուհետև նա նկարագրում է սովի հետևանքով Օշականում, Բջնիում, Էրզրումում և այլ վայրերում տարածված մարդակերությունը, իր հիշատակարանն ավարտելով հետևյալ պարբերությամբ, որ մեջ ենք բերում համառոտագրելով.

«Եւ եղեւ սովս այս ի մէջ երկուց մեծաց ծովուցն ի մերձակայ գաւառացն Կ. Պօլսոյ մինչեւ ի գաւառսն Թաւրիզու ի Բաղդատայ միչնել ի Դամուր Ղափուն. այսքան եզերեաց մէջն եղեւ սովն եւ սաստկացաւ... եւ ի մտնել ՌԾԸ (1609 թ.) թուլացաւ ի ՌՃԹ (1610 թ.) բարձաւ բնաւին...»289։

Իր բովանդակությամբ մեջ բերված հիշատակարանից էապես չի տարբերվում նաև Սամվել Անեցու ժամանակագրության շարունակողներից մեկի հետևյալ վկայությունը. «ՌԾԵ (1606 թ.): ... Այլև եղև այլ ևս սաստիկ սով ի Ստամպօլու մինչև Թավրէզ և ի Պաղտատ. մինչ ի Տամուր Ղափուն. և կերին զշուն և զկատու և զկենդանի և զմեռեալ մարդ։ Գայլք զօրացան և զմարդիկ ուտէին, որք անուանեցան մարդագայլք»290։

Իսկ մեջբերված վկայություններից և Առաքել Դավրիժեցու ընդարձակ տեղեկություններից պարզվում է, որ 1605 —1609 թվականների սովը խլել է մարդկային բազմաթիվ կյանքեր և պատճառ դարձել երկրի տնտեսական կյանքի անկմանն ընդհանրապես։ Դա պատմության մեջ մեզ հայտնի ամենաերկարատև սովերից մեկն է, որը բռնկվել է Առաջավոր Ասիայի երկրներում։

Իր դաժանությամբ, տևողությամբ, ընդգրկած տերիտորիայով և հասցրած վնասներով Երևանի խանությունում ու նրա շրջակայքում 1681 թվականին տիրող սովը զիջում էր վերոգրյալ

__________

288 Տե՛ս Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, Մեսրոպ Մագիստրոսի արխիվ, Ճառընտիր (16—17-րդ դդ.), էջ 98— 99։
289 Նույն տեղում, էջ 99։
290 Տե՛ս Սամուել Անեցի, Հաւաքումք ի գրոց պատմագրաց..., Շարունակութիւն ԺԳ օրինակէն, էջ 177։

[էջ 279]

1605 —1609 թվականների սովին, բայց այդ էլ պակաս վնասներ չի պատճառել։ Մասամբ 1679 թվականի աղետալի երկրաշարժի և մասամբ էլ անբերրիության հետևանքով առաջացած այդ սովը ուժեղ է արտահայտվել մանավանդ Երևան քաղաքում, որտեղ տակավին չէին վերացրել կործանիչ երկրաշարժի հետքերը։ Առևտրի մասին խոսելիս մենք տեսանք, որ Զաքարիա Ագուլեցու հիշատակությունների համաձայն 1681 թվականին բռնկված սովին ուղեկցել են ցորենի, գարու և բրնձի չտեսնված սղությունը և անհավատալի բարձր գները։ Նույն ժամանակագրի ասելով բնակչության մեծագույն մասն իր կյանքը մի կերպ փրկելու համար սնվել է խոտով ու կանաչով291։

Հաջորդ սովը, որը դարձյալ մեծ վնասներ է հասցրել բնակչությանը, վրա է հասել 1713 թվականին։ Մեկ-երկու տարի տևած այդ սովի մասին արդեն ասվեց վերևում և հարկ չկա կրկնել։ Սակայն պետք է նկատել, որ նշվածներով չեն սպառվում մեզ հետաքրքրող ժամանակներում Երևանում և Երևանի խանությունում եղած անբերրիությունները, հացահատիկների խիստ պակասը և սովը։ Թուրք-պարսկական երկարատև պատերազմներին սովորաբար հաջորդել են անբերրիությունն ու սովը։ Երևանի խանությունում բազմաթիվ նեղ տարիներ են եղել նաև XVIII դարի երկրորդ կեսում՝ վրաց Հերակլ թագավորի արշավանքների ժամանակներում։

Դ) ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈԻԹՅՈԻՆՆԵՐԻ ԲՆՈԻՅԹԸ

Դասակարգային հասարակության ոգին կազմող այս ընդարձակ թեմայից մենք համառոտակի կանգ ենք առնելու միայն մի քանի հարցերի վրա նկատի ունենալով, որ դրա մեջ ընդգրկվող շատ հարցեր ու իրողություններ բավական մանրամասնությամբ լուսաբանված են աշխատության երրորդ գրքում292 և սույն գրքի տնտեսական վիճակին վերաբերող գլուխներում։ Ահա այն հարցերը, որոնք քննարկվելու են «Սոցիալ-տնտեսական հարաբերությունների բնույթը» վերնագիրը կրող գլխում։

Հասարակության խմբերը։ Հասարակության արտոնյալ դասի դիրքն ու արտոնությունները։ Աշխատավոր բնակչության խմբերն ըստ

__________

291 Տե՛ս Զաքարիա Ագուլեցի, Օրագրութիւն, էջ 128։

[էջ 280]

զբաղմունքի։ Հարկերն ու հարկադիր աշխատանքները և աշխատավոր բնակչության ծանր դրությունը։ Վարձու աշխատողները և նրանց իրավական ու տնտեսական դրությունը

Մեզ հետաքրքրող դարերում ամբողջ երկրի հետ միասին Երևանը նույնպես գտնվում էր ֆեոդալիզմի ժամանակաշրջանում։ Իր ընդհանուր բնույթով այն կազմում էր նախորդ ժամանակաշրջանի շարունակությունը և դրանից տարբերվում էր միայն որոշ առանձնահատկություններով ու զարգացման ուղղությամբ։ Ինչ խոսք, որ օտարների՝ մոնղոլների, թեմուրյանների, կարա-կոյունլուների, ակ-կոյունլուների, սեֆևյանների ու թուրքերի երկարատև տիրապետությունն իր ազդեցությունն էր թողել Հայաստանի և Ադրբեջանի ֆեոդալական հարաբերությունների վրա, ինչպես նկատում է Ի. Պ. Պետրուշևսկին293։ Սակայն անընդունելի է վերջինիս այն թեզը, թե իբր օտարի երկարատև տիրապետության ընթացքում Ադրբեջանում և Արևելյան Հայաստանում առաջացել էին ֆեոդալական գրեթե նույնատիպ հարաբերություններ294։ Մեր ձեռքի տակ կան բազմաթիվ փաստեր նշված ժամանակաշրջանում Արևելյան Հայաստանի և Ադրբեջանի ֆեոդալական հարաբերությունների տարբերությունների ու առանձնահատկությունների մասին։ Սակայն նեղ առումով Երևանի պատմության հետ այդ հարցը քիչ է առնչվում և հազիվ թե անհրաժեշտություն զգացվի այստեղ դրա քննարկումը։

Երկրի ֆեոդալական հասարակարգին համապատասխան թե´ գյուղական և թե՛ քաղաքային բնակչությունը մասնատված էր տնտեսական ու իրավական տարբեր դիրք ու վիճակ ունեցող խմբերի՝ շահագործողների (խաներ, բեկեր, աղալարներ, մելիքներ, բարձրաստիճան հոգևորականներ, խոշոր վաճառականներ) և շահագործվողների (գյուղացիներ, արհեստավորներ, մանր առևտրականներ, վարձու աշխատողներ): Իրենց տնտեսական ու իրավական վիճակով իրարից տարբերվում էին ոչ միայն հասարակության այդ մեծ խմբերы՝ շահագործողներն ու շահագործվողները, այլ նաև դրանցից յուրաքանչյուրի մեջ մտնող ենթախմբերը՝ ար-

__________

292 Տե՛ս Թ. Խ. Հակոբյան, Երևանի պատմությունը (1801 — 1879 թթ.), էջ 214 — 218 և այլուր:
293 Տե՛ս И. П. Петрушевский, Очерки по истории феодальных отношений в Азерб. и Армении..., էջ 64։
294 Նույն տեղում, էջ 64— 65։

[էջ 281]

հեստավորները, առևտրականները, գյուղացիները և այլն։ Իր սոցիալ-տնտեսական վիճակով ամենացածր աստիճանի վրա գտնվում էր հասարակության ամենաբազմամարդ դասակարգը՝ գյուղացիությունը, որն իր հերթին նույնպես ենթարկված էր շերտավորման։

Մի քանի խոսք երկրի հասարակության տարբեր շերտերի մասին՝ կապված Երևան քաղաքի հասարակության հետ։

Երևանում և Երևանի խանության մեջ պարսից տիրապետության շրջանում արտոնյալ խավի աստիճանավորության բարձրագույն կետում գտնվում էր սարդարը295։ Նրան էին ենթակա հայ, ադրբեջանցի, թուրք և պարսիկ մյուս բոլոր մեծամեծները՝ ժառանգական ու անձնական բոլոր ազնվականները՝ խաները, մելիքները, աղալարները, պարոնները, բեկերը և այլք։ Այդ է եղել պատճառը, որ Երևանի խանը սարդար տիտղոսից բացի (այդ տիտղոսը նա կրում էր Անդրկովկասի խանությունների մեծ մասի պարսից զորքերի զորահրամանատարը լինելու համար) սովորաբար կոչվում էր նաև բեյլերբեյ (բեկերի բեկ)։ Երևանի խանը մեծ իշխանություն ունենալուց բացի, խանության ամենահարուստ անձնավորությունն էր՝ խոշոր կալվածատեր ու վաճառական։ Բացի այդ, ինչպես տեսանք, նա մոտ կես միլիոն ռուբլու եկամուտ էր ստանում խանության ուղղակի և անուղղակի հարկերից։ Խանության մյուս բոլոր մեծամեծները ենթակա էին բեյլերբեյին, պարտավոր էին կատարել վերջինիս բոլոր կարգադրությունները։

Ազնվականությունը հիշատակվում է տարբեր հորջորջումներով։ Մահմեդական ազնվականները սովորաբար կոչվում էին խան, աղա, բեկ, իսկ հայ ազնվականությունը՝ մելիք և պարոն296։ Երևան քաղաքի հայ հասարակությունը ենթակա էր հայ մելիքներին, իսկ ադրբեջանցիները՝ ադրբեջանական ավադին։ Սակայն մելիք տիտղոս կրողները իրավական և տնտեսական առումով համասեռ զանգված չէին կազմում, դրանք բաժանված էին տարբեր դիրք ու տնտեսական տարբեր վիճակ ունեցող խավերից։ Գոյություն ունեին երեք կարգի մելիքներ, ինչպես իր ժամանակին գրել է

__________

295 Տե՛ս Барон Август фон-Гакстгаузен, Закавказский край, ч. I, էջ 181 — 184։
296 Աբրահամ Կրետացի, Պատմութիւն անցիցն իւրոց և Նատր-Շահին Պարսից, էջ 27 — 28, Հակոբ Կարնեցի, Տեղագիր Վերին Հայոց (Վ. Ա. Հակոբյան, Մանր ժամանակագրություններ, հ. III, էջ 565 — 566)։

[էջ 282]

Լեոն297։ Դրանց մեջ բոլորից բարձր դիրք ու արտոնություններ ունեցողները Ղարաբաղում, Սևանա լճի ավազանում և այլ տեղերում պահպանված հայկական մանր իշխանությունների՝ մելիքությունների իշխանավորներն էին, որոնք օժտված էին ներքին ինքնուրույնությամբ և ունեին լայն իրավունքներ։ Երկրորդ կարգին պատկանում էին խանությունների, որոնց թվում և Երևանի խանության հայաբնակ գավառների (մահալների ) կառավարիչները, որոնք նույնպես կրում էին մելիք տիտղոսը, ենթակա էին բեյլերբեյին և սովորաբար մտնում էին արտոնյալ խավի մեջ։ Մելիքների ցածրագույն խավին պատկանողները վարում էին գյուղական տանուտերերի պաշտոնները։ Դրանք այդ պաշտոնում ընտրվում էին գյուղական համայնքների կողմից, որը հաստատում էր Երևանի խանը։ Գյուղական տանուտեր-մելիքները չունեին առանձնաշնորհումներ։ Այդ կարգի մելիքներ էին համարվում նաև Երևանի թաղային վերակացուները, որոնք ենթակա էին հայ համայնքի ընդհանուր կառավարիչին՝ քալանթարին։ Վերջինիս դիրքը բավական բարձր էր և հեշտությամբ կարող էր անցնել ազնվականության շարքերը298։ XVIII դարի առաջին կեսում Երևանում կային 9 թաղ և յուրաքանչյուր թաղն ուներ իր մելիք-կառավարիչը։ Թաղային մելիք-կառավարիչները ենթակա էին քալանթարին և հլու հնազանդ էին վերջինիս։ Բացառված չէին այն դեպքերը, երբ քաղաքի թաղային մելիքները իրերի բերումով նույնպես կարող էին անցնել ազնվական արտոնյալ խավի շարքերը։ Այսպես, օրինակ՝ սկզբնական շրջանում Երևանի Մելիք-Աղամալյանների տոհմի ներկայացուցիչները թաղային հասարակ կառավարիչներ էին, բայց հետագայում կարողացան գրավել շատ ազդեցիկ դիրք, անցնել ազնվականության շարքերը և ձեռք բերել հսկայական կալվածքներ ու դառնալ հայտնի հողատերերից մեկը299։

XVIII դարի երկրորդ կեսում և XIX դարի սկզբներին պարսից իշխանությունները Մելիք-Աղամալյաններին փաստորեն ճանաչում էին որպես ամբողջ հայ համայնքի ներկայացուցիչներ300։ Հաքստհաուզենը, խոսելով հայ մելիքների իրավունքների և գրաված դիրքի մասին, գրում է» «Հայ մելիքը ուներ մեծ իշխանու-

__________

297 Լեո. Հայոց պատմություն, հ. III, էջ 147։
298 Տե՛ս Աբրահամ Կրետացի, Պատմութիւն անցիցն իւրոց և Նատր-Շահին Պարսից, էջ 61, Վ. Հակոբյան, Մանր ժամանակագրություններ, հ. III, էջ 565— 566 և այլն։
299 А. Гакстгаузен, Закавказский край, ч. I, էջ 181։
300 Լեո, Հայոց պատմություն, հ. III, էջ 147։

[էջ 283]

թյուն և վայելում էր մեծ հարգանք ոչ միայն հայ ժողովրդի, այլև պարսիկների մոտ... Դատավճռից դժգոհ լինելու դեպքում նրան էին գանգատվում և բոլոր կարևոր, հատկապես դատական գործերով ուղղակի դիմում էին նրան, նա իրավունք ուներ կալանավորել, պահել բանտում և, ընդհանրապես, պատժել, բայց առանց մահվան դատապարտելու, որը կարող էր անել միայն պարսկական փոխարքան՝ սարդարը»301։

Այնուհետև նա նշում է, որ նախկինում այդքան լայն արտոնություններ ունեցող հայ մելիքների իրավունքների մի մասը (հատկապես դատական գծով) պարսկական տիրապետության վերջին շրջանում սարդարները խլել էին և հանձնել գավառական դատարաններին302։

Պարսից շահերն ընդհանուր առմամբ սիրաշահում էին հայ մելիքներին, նրանց տալով զանազան իրավունքներ ու արտոնություններ։ Պարսից պետության քաղաքական շահերից ելնելով՝ մելիքների նկատմամբ սիրաշահող քաղաքականություն էր վարում հատկապես Նադիր-Շահը։ 1736 թվականին Մուղանում կատարված թագադրության վերջին արարողության ժամանակ նա Երևանի սարդարին հանձնարարում է հաշտ ու խաղաղ լինել հայոց կաթողիկոսի, Երևանի մելիքների (Մելիք Մկրտումի և Մելիք Հակոբջանի), քալանթարի և աղաների հետ, նշելով նրանց հավատարիմ ծառայությունները Պարսկաստանի նկատմամբ։ Ահա թե ինչ է գրում այդ մասին նշված անձնավորությունների հետ միասին Նադիրի թագադրությանը մասնակցած Աբրահամ Կրետացի կաթողիկոսը.

«Եւ ապա դարձեալ ի կողմն խանին, և ասաց. «Փիր Սահմատ խան. պու քիշիլարու գորուսան, պունլար մանում տուր, պու Ղալֆանի չօք եախշի քիշի տուր, Ուչքիլիսայ պիր եախշի եէր տուր. ինտի սանայ թափշուրիամ. կէրէք նէտէսայ գուլաք ասասան, նախշի մեհրապանլուխ էլասան, խաթրըն սախլյեասան. պիր եհտիպարլու քիշի տուր օլ քեաեայ րահաթայ. վէ դիւանայ մուղիաթ օլուք տուր։ Պու Քալանթար տա եախշի ղուլուղ էյլէիպ տուր. պու Երևանըն աղզընայ կէնտուր, եախշի եօլայ գէտուփ տուր։ Եւ վասն Մէլիք Մկրտումին ասաց. պու Մելիք տա օ աղալքի քօհնայ մէլիքին ղարտաշի տուր. պու տա եախշի ղուլուխ էյլէիպ տուր։ ԵԼ վասն Մէլիք Յակոբջանին ասաց. պու Մէլիք տա ղալայ տա իտի օսմանլու իչինտայ, օնըն տայ ղուլուխի մանա եէթմիշ տուր. Իմտի

__________

301 А. Гакстгаузен, Закавказский край, ч. I, էջ 183—184։
302 Նույն տեղում, էջ 184։

[էջ 284]

պուլարի սանայ թափշիրմիշամ մանում տուր լար. կէրէկ պանլարուն սօզինտան չըխմայասան, հէր զադի մասլահաթ Ղալիֆայ իլան, մունլար իլան էյլեասնըն. Ղզլպաշլարայ, Երևան աղալարընայ Էհտիպար էյլէմէյէսըն. էհտիպարուն մունլարայ օլսուն. սըզի Երևանուն աղալարըն ուղարինայ աղայ էթթմիշամ։ Վիլայէիթ ռահաթի օզունուզտան պիլիրամ»303։

Հավանական է համարվում, որ բարձր դիրք ունեցող գավառատեր մելիքները սերած էին հայկական հին իշխանական տներից։ Իսկ մյուսները, որոնց թվում նաև Երևանի մելիքները համալրվում էին հասարակության մյուս խավերից, որոնք պետության համար կատարած աչքի ընկնող ծառայությունների համար նույնպես կարող էին հասնել բարձր դիրքի ու պաշտոնի։ Երևանի մելիքական տոհմերի մեջ, ինչպես ասվեց, ամենահայտնին Մելիք-Աղամալյանների տոհմն էր, որը հիշատակվում է XVII—XVIII դարերից։ XVIII դարի սկզբներին վերաբերող մի ավետարանի հիշատակարանում այդ տոհմի հին սերնդի երկու հայտնի ներկայացուցիչների՝ Մելիք Ծատուրի, նրա որդի Մելիք Աղամալի և վերջինիս որդիների ու թոռների մասին հետևյալն է ասված.

«Զփրկագործ եւ զարմանահրաշ կենսաբուխ սուրբ աւետարանս ըստացեալ եղեւ ի յումեմէ բարեպաշտ եւ երկիւղած հոգիընկալ քրիստոնէի, Մելիք Աղամալ կոչեցեալ, որդւոյ Մելիք Ծատուրի, սեռին գոլով ի մայրաքաղաքէն Երեւանու, զի եռափափագ եւ ըղձաչոր սիրոյ սրտի իւրոյ գնեաց...

Յիշեցեք... զպարոն Մելիք Աղամալն եւ զորղիքն իւր զհանգուցեալ աղայ Մելիքնաշն եւ Ծատուր և նորաբողբոջ զպարոն Սահակն... նաեւ զԱղավելին և Մկրտուն եւ Յովհաննէս... Մելիք Աղամալն եւ կենակիցքն իւր զՓարիխանն եւ զԽանիկին... եւ զթոռունքըն իւր զԱկոբջանն ել Աղաջանն եւ Մաթէոսն... ի թուաբերութեան արամեան տոհմի ՌՃԿԳ (1714 թ.)...»304:

Մելիք-Աղամալյան մելիքական տոհմին վերաբերող այս հիշատակարանում, ինչպես տեսնում ենք, թվարկված են Մելիք Ծատուրը, նրա որդի Մելիք Աղամալը, վերջինիս որդիներ Մելիքնաշն ու Ծատուրը, Սահակը, Աղավելը, Մկրտունը, Հովհաննեսը և թոռները՝ Ակոբջանն ու Մաթեոսը։ Հետագայում Մելիք-Աղամալյանների տոհմի նշանավոր ներկայացուցիչների մասին արդեն բա-

__________

303 Աբրահամ Կրետացի, Պատմութիւն անցիցն իւրոց և Նատիր-Շահին Պարսից, էջ 56։
304 Տե՛ս Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ֆ. Մեսրոպ Մագիստրոսի արխիվ, Ավետարանք, 1385, 1691 թվական, էջ 292։

[էջ 285]

վական տեղեկություններ են հաղորդում պատմագիրներն ու հիշատակագիրները։

Երևանի մելիքական մյուս հայտնի ընտանիքը Գեղամյաններն էին, որը հայկական հին իշխանական տներ շառավիղներից էր305։ Մինչև Շահ-Աբաս I-ի կազմակերպած 1604 թվականի բռնագաղթը հայտնի էր նաև Մանուչարյան ազնվական ընտանիքը։ Մանուչարյանները բուն երևանցի էին և սերում էին հայկական իշխանական ընտանիքից։ Իբրև ազնվականներ դրանց մասին հիշատակություններ կան նաև վրաց թագավորների մոտ։ Սակայն, ինչպես նշում է Ղուկաս կաթողիկոսը, մյուս հազարավոր տարագիրների հետ միասին 1604 թվականի բռնագաղթով Պարսկաստան քշվեցին նաև Մանուչարյանները։ Ըստ երևույթին հետագայում դրանցից մի քանիսը վերադարձել էին և բնակություն հաստատել տարբեր տեղերում։ Ռուսական թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Հովսեփ Արղությանի վկայությամբ նույն ազնվական ընտանիքից էին նաև XVIII դարի երկրորդ կեսում Սանկտ. Պետերբուրգում ապրող Մանուչարյանները306։

Արտոնյալ, շահագործող խավին պատկանողները, ինչպես ասվել է հողային հարաբերությունների մասին խոսելիս, ազատված էին պետական հարկերից։ Սակայն պետք է ասել, որ մահմեդական բարձր խավայինները հայերի համեմատությամբ գտնվում էին ավելի արտոնյալ վիճակի մեջ։ Նրանք ամենուրեք վայելում էրն պարսից պետության և Երևանի բեյլերբեյերի վստահությունն ու համակրանքը։ Նրանց նշանավոր ներկայացուցիչները՝ խաներն ու բեգերը ունեին ընդարձակ կալվածքներ և տեր էին դարձել հսկայական հարստոլթյունների։

Արտաքին ու տարանցիկ առևտրի ծավալման հիմքի վրա, հասարակության դասակարգային տրոհվածության խորացման հետևանքով մեզ հետաքրքրող ժամանակաշրջանում գոյություն ուներ նաև վաճառականության և պրոֆեսիոնալ խոշոր առևտրականների խումբը, որը ճիշտ է, զանգվածորեն չէր մտնում արտոնյալ դասակարգի մեջ, բայց ուներ բավական լայն իրավունքներ։ Նրանք առևտրի, վաշխառուական գործունեության, հողի առուվաճառքի և այլ գործարքների միջոցով կուտակել էին մեծ հարստություններ ու հասարակության մեջ ձեռք էին բերել բարձր դիրք։

__________

305 Տե՛ս Թ. Խ. Հակոբյան, Երևանի պատմությունը (1801 — 1879 թթ.), էջ 213—215։
306 Տե՛ս Գյուտ Աղանյանց, Դիւան Հայոց պատմութեան, գիրք Դ, Թիֆլիս, 1899, էջ 516 — 517։

[էջ 286]

Պատմական աղբյուրների վկայություններից երևում է, որ առանձին հարուստ ու ազդեցիկ խոջաներ կարող էին անցնել ազնվականության շարքերը։ Իբրև արտաքին ու տարանցիկ առևտրի կարևոր հանգրվան՝ Երևանում XVII—XVIII դարերում կային մեծ թվով վաճառականներ ու խոշոր առևտրականներ։ Եթե դրանց մի մասը շարունակում էր հարստանալ և մեծ գումարների հասնող ունեցվածքների տեր դառնալ, ապա այդ խմբի առանձին ներկայացուցիչներ սնանկանալով իսպառ կորցնում էին իրենց դիրքն ու հարստությունը։ Զաքարիա Ագուլեցու հիշատակություններից ելնելով, Լեոն գրում է, որ սնանկացած վաճառականները բավական թիվ էին կազմում հայ վաճառականության մեջ307։

Իրենց թվով ազնվականությունը, բարձրաստիճան հոդևորականությունը և վաճառականներն ու խոշոր առևտրականները միասին վերցրած, այնուամենայնիվ, կազմում էին հասարակության փոքր տոկոսը։ Հասարակության մեծագույն մասը բաղկացած էր տնտեսական ու իրավական առումով տարբեր աստիճանների վրա գտնվող աշխատավոր և շահագործվող բնակչությունից՝ գյուղացիությունից, արհեստավորությունից և մանր առևտրականներից։ Դրանց վրա էր ծանրացած պարսից ու թուրքական կառավարությունների հարկային ծանր լուծը, որի մասին անհրաժեշտ ենք համարում ասել մի քանի խոսք։

Պարսկական տիրապետության տակ գտնվող Արևելյան Հայաստանում և Ադրբեջանում XVI—XVIII դարերում հարկատու բնակչությունից գանձվող հարկերի ու տուրքերի և զանազան տեսակի հարկադիր աշխատանքների ընդհանուր թիվը հասնում էր մի քանի տասնյակի։ Օգտվելով տարբեր աղբյուրների վկայություններից, Ի. Պ. Պետրուշևսկին կազմել է այդ ժամանակվա հարկերի, տուրքերի ու հարկադիր աշխատանքների ցուցակը, ըստ որի դրանց թիվը հասնում է 35-ի308։ Ընդ որում այդ բոլորը նա բաժանում է 5 խմբի՝ հողային ու եկամտահարկերի (11 տեսակ), զորքերը և վարչական ապարատի տարբեր օղակները պահպանելու համար սահմանված տուրքերի ու բնահարկերի (14 տեսակ), աստիճանավորներին ու ֆեոդալներին տրվող զանազան «ընծաների» (3 տեսակ), գլխահարկի ու ծխահարկի (3 տեսակ) և պետության ու ֆեոդալների օգտին կատարվող պարտադիր աշխատանքների

__________

307 Լեո, Հայոց պատմություն, հ. III, էջ 157։
308 И. П. Петрушевский, Очерки по истории феодальных отн. в Азерб.и Арм..., էջ 265։

[էջ 287]

և զինվորական ծառայության (3 տեսակ)309։ Դրանց մեծագույն մասը գոյություն ուներ նաև Երևանի խանությունում, որի XIX դ. առաջին քառորդի հարկերի, տուրքերի և հարկադիր աշխատանքների մասին բավական մանրամասնությամբ խոսված է աշխատության երրորդ գրքում։ Անցանկալի կրկնություններից խուսափելու համար այստեղ գերազանցապես միայն քննարկելու ենք մեզ հետաքրքրող ժամանակաշրջանի հարկային սիստեմի վերաբերյալ սկզբնաղբյուրների հաղորդած տեղեկությունները՝ հարկերի ու հարկադիր աշխատանքների բնույթի, դրանց նշանակման ու գանձման, չարաշահումների, բռնությունների, կոռային աշխատանքի, պատերազմների ժամանակ սահմանված արտակարգ պարտադիր աշխատանքների մասին։

Հարկադրման ենթակա օբյեկտները թե´ գյուղերում և թե՜ քաղաքում հարկադրվում էին միևնույն կարգով ու չափով։ Այլ կերպ ասած, Երևանի խանության հարկային սիստեմը, որը լիովին համապատասխանում էր պարսից պետության մեջ գործող օրենքին, առանց էական տարբերության տարածվում էր նաև Երևան քաղաքի վրա։ Այնպես որ խանության տարբեր մահալների ու բնակավայրերի հարկերի մասին մեզ հասած սկզբնաղբյուրների վկայությունները լիովին կարող ենք վերագրել նաև Երևանին, մանավանդ այն պատճառով, որ վերջինիս բնակչության զբաղմունքների մեջ գյուղատնտեսությունը համարվում էր կարևորներից մեկը։ Խանության ֆինանսական աշխատողները պարբերաբար կատարում էին աշխարհագիրներ՝ հարկերը նշանակելու համար։ Նրանք հաշվառման էին ենթարկում հարկադրման ենթակա բոլոր կարգի օբյեկտներն ու մարդկանց՝ տները, այգիները, ցանքերը, անասունները, գլխահարկի ենթակա մարդկանց և այլն, և այլն։ Այդ բոլորը նրանք գրանցում էին հատուկ մատյաններում (դաֆտարներ), նշելով յուրաքանչյուրից վերցվող հարկի քանակությունը310։ Հարկահանության համար կատարվող այդ հաշվառումներն ու գրանցումները մեր աղբյուրներում սովորաբար կոչված են աշխարհագիրներ։ Մեզ հետաքրքրող ժամանակներում կատարվել են մի շարք ընդհանուր (երբ հաշվի էին առնվում հարկատու բոլոր օբյեկտները) և մասնակի (երբ հարկ նշանակելու համար հաշվառում էին հարկադրման ենթակա ոչ բոլոր օբյեկտները) աշխարհագիրներ։ Հայտնի է, օրինակ՝ Հուսեին շահի ժամանակ

__________

309 Նույն տեղում, էջ 266։
310 Տե՛ս Լեո, Հայոց պատմություն, հ. III, էջ 122, И. П. Петрушевский, Очерки по истории феодальных отношений в Азерб. и Армении..., էջ 120:

[էջ 288]

(1694 —1722) կատարված ընդհանուր աշխարհագիրը։ Շահի հրամանով կատարված այդ աշխարհագրին մասնակցել են բազմաթիվ աստիճանավորներ։ Աշխարհագիրը կատարվել է հարկերն ավելի բարձրացնելու նպատակով և ինչպես մյուս, այնպես էլ այս աշխարհագրի ժամանակ պարսկական աստիճանավորները կատարում էին անասելի անօրինականություններ և գործադրում բռնություններ311։

Քանաքեռցի Զաքարիա Սարկավագ պատմագիրը շատ մանրամասնություններ է հաղորդել պարսկական տիրապետության շրջանի ծանր հարկերի նշանակման ու գանձման մասին, որոնք վաղուց արդեն գրավել են հայագետների ուշադրությունը։ Այնուամենայնիվ անհրաժեշտ ենք համարում վկայակոչել նրա մի ընդարձակ հիշատակությունը Ամիրգունայի հաջորդի՝ Թահմազ-Ղու֊ լիի ժամանակ, թուրք Ասլան-փաշայի ղեկավարությամբ կատարված ընդհանուր աշխարհագրի մասին։ Պատմիչը գրում է. «Եւ յետ Ամիրգունայ խանին նստաւ Թահմազ-ղուլի բէկն։ Եւ սա ևս սիրեաց զնոսա, և արար Մուրատ բէկն (Ասլան աղայի եղբայրը— Թ. Հ.)՝ երկրորդ իւր, և Ասլան աղայն՝ վերակացու հարկացն։ Այս Ասլան աղայն առաքեաց յերկիրն, զի գրեսցէ գլուխս արանց և ամենայն իրացն։ Եւ եկն նախ ի Քանաքեռ յաւուրս ձմերայնոյ. և կոչեալ առաջի իւր զգեղականս՝ ցուցանել զգլուխն իւրեանց, եկն նախ Մելիք Դաւիթ՝ և եբեր Ը (8) որդին իւր, և զորդի դստերն, և եցոյց, Գային ամենեքեան որդւոք իւրեանց՝ և մտանէին ի գիրն։ Իսկ հայր իմ Մկրտիչ շալակեաց զիս զԶաքարիայս, և զեղբայրն իմ զԽաչատուր առաջի արկեալ՝ գնաց. և իբրև ետես զմեզ փոքր և կազ՝ և թիւր ոտամբ, բարկացաւ՝ և ասէ, զառողջ որդիւն քո պահեալ ես, և զանդամալոյծքդ բերեալ ես. և հրամայեաց արկանել յերկիր ի վերայ երեսացն. և բերեալ ջուր թափեցին ի վերայ անձինն, յոտաց մինչև ցգլուխն՝ ջրողող արարին. և նստոյց այր մի ի վերայ գլխոյն և այր մի ի վերայ ոտիցն. և հրամայեաց չորից զինուորաց՝ Բ կողմամբ հարկանել. և այնքան հարին, մինչզի մորթն ի մարմնոյն ի բաց ուտեաւ, և ինքն անշնչացաւ...։ Եւ այր մի Բարսեղ անուն, և այր մի Ղազար անուն՝ հանին զԻ եղնգունսն. և այլ ոմն Մարուգե անուն Երևակի կախեցին զմիոյ ձեռանէն, և այնքան հարին, մինչև յօդուածքն ամենայն խախտեցան։ Եւ այսպէս ահ նորա տիրեաց ի վերայ ամենեցուն՝ մեծաւ սաստիւ։ Վասնորոյ ոչ մնաց ստնդեայ մանուկ՝ զոր ոչ ցուցին։ ...Եւ այսպէս՝ գբեաց զա-

__________

311 И. П. Петрушевский, Очерки по истории феодальных отн. в Азерб. и Армении..., էջ 296—298:

[էջ 289]

զմարդ, զկով, զձի, զջորի, զէշ, զոչխար, զջրաղաց, զձիթաղաց, զարուեստս, զբրնձաղաց, զայգիս, զպարտեզս, և այլ որ ինչ գտաւ՝ գրեաց ի ներքոյ հարկի արար։ Եւ էարկ ի դիւան արքունի զամենայն գրեալսն»312։

Ականատես պատմագրի վկայությունը ստույգ ու որոշակի է։ Այն երկար ծանոթագրությունների կարիքը չունի։ Դրանից մենք իմանում ենք, որ պարսկական աշխարհագիրներին ուղեկցում էին բռնությունները, ծեծը, ֆիզիկական ճնշումները, ահն ու սարսափը։ Ժողովրդի ցասումից վախենալով հարկային վերակացուները հարկ սահմանելու նպատակով հարկատու բոլոր օբյեկտների՝ այգիների, պարտեզների, անասունների, ձիթհանքերի ու ջրաղացների, արհեստների և այլնի հաշվեառման համար երկրում շրջում էին զինվորական ջոկատների ուղեկցությամբ։ Զաքարիայի նկարագրություններից երևում է, որ հարկային վերակացուները ավելի դաժան և տմարդի էին վերաբերվում մանավանդ գլխահարկի ենթականերին գրանցելիս՝ անաշխատունակները (մանուկներին ու ծերերին) որոշելու ժամանակ313։ Նույն կարգով հարկման ենթակա էին նաև Երևանի այգիները, բանջարանոցները, ցանքերը, անասունները, արհեստները, ջրաղացներն ու դինդերը, աշխատավոր բնակիչները։

Բռնությունները, կաշառքը և անօրինականությունները մեծ չափերի էին հասնում, մանավանդ հարկերի հավաքման ժամանակ։ Զաքարիա Սարկավագը վկայում է, որ կաշառքով Երևանի քալանթար դարձած պարսիկ Ղարա-Ղուպաթը, որ տնօրինում էր հարկերի հավաքման գործը՝ միանգամայն կամայական կերպով այս կամ այն գյուղին հարկադրում էր այնպիսի ապրանքներով, որ տվյալ տեղին չէր համապատասխանում, այդպիսին տվյալ գյուղում չէր ճարվում։ Օրինակ՝ Էջմիածնից պահանջում էր ածուխ, Ապարանից՝ եղեգ, Քանաքեռից փայտի գերաններ և այլն՝ այդ եղանակով մեծ տառապանքներ պատճառելով աշխատավոր բնակչությանը՝ ռամիկներին։ Ահա թե ինչ է գրում Զաքարիան խանական այդ լկտի աստիճանավորի մասին. «Ղարայ-Ղուպաթս այս էր ազգաւ Պարսիկ ի տոհմէ մելիք Սալահենց։ Եւ մինչ էր Շահ-Սաֆին ի վերայ բերդին Երեւանայ, Ղուպաթս այս շրջէր ի դրունս իշխանացն, և բազում կաշառօք էառ զքալանթարութիւն երկրին Երևանայ, որ ասի Պարսկերէն՝ Շահրիարի, և հայերէն ոչ գիտեմ զինչ ասի. սակայն ինչ և իցէ՝ հաստատեցաւ ի վերայ գործոյն։

__________

312 Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. I, էջ 65— 67։
313 Նույն տեղում, էջ 66։

[էջ 290]

Եւ էր գործ նորա այս. զի զոր ինչ հարկ տան իշխանին, սա գրէ գաւառապետացն, և գաւառապետքն գրեն զգեզօրէիցն. և ժողովեալ ձեռամբ ոստիկանաց՝ և տանին իշխանին (խանին — Թ. Հ.)։ Իսկ Քալանթարն Ղարայ-Ղուպաթ՝ զոր ինչ փոքր հարկն էր՝ գրէր գաւառապետացն, և զոր ինչ մեծ լինէր՝ ինքն գրէր ներհակ և հակառակ. զի գրէր յԷջմիածին՝ ածուղ, և յԱպարան՝ եղեգ, ի Քանաքեռ՝ գերան մարեաց, և ի Ծազկունեաց ձոր՝ ազոխ։ Եւ այսպիսի վտանգոք տառապեցուցանէր զռամիկսն»314։

Հարկերը հավաքում էին աստիճանավորները մեծ խմբերով, որոնց ուղեկցում էին ոստիկանների ջոկատները։ Հարկային վերակացուն բազմաթիվ աստիճանավորների հետ միասին հարկերը հավաքելու պատրվակի տակ ամիսներ շարունակ կարող էր մնալ միևնույն գյուղում և հարկատուների հաշվին ապրել արևելյան ճոխությամբ։ Այդ մասին հակիրճ, բայց պարսկական հարկային քաղաքականության լուսաբանման համար բավական արժեքավոր մի հուշ է թողել Խաչատուր Աբովյանն իր երիտասարդ հասակում։

«Ես այստեղ կբերեմ Աբովյանի երիտասարդությունից մի հիշողություն (գրում է Հաքստհաուզենը—Թ. Հ.). «Ամեն տարի ամռանը մեր գյուղն (Քանաքեռ) էր գալիս սարկիսարը (վերակացուն— Թ. Հ.), պետական հացահատիկի մասը հավաքելու համար։ Այդ հասարակ խնդրի համար, որը պահանջում էր փոքր ժամանակ, նա գյուղում ապրում էր երեք կամ չորս ամիս։ Այդ ժամանակաընթացքում նրան տրամադրում էին գյուղի ամենալավ սենյակը, նա պահանջում էր ամենահոգատար սպասարկում և լավ ուտելիք ծառայողների ու ձիերի համար, ամեն օր նրա տունը տանում էին մթերքներ, հավեր, ձու, յուղ, միս և այլն, անգամ գինի, որովհետև ոչ բոլորն էին խուսափում այդ խմիչքից»315։

Ինչպես տեսնում ենք, պարսկական հարկահանները պատուհաս էին դարձել մեր ժողովրդի գլխին։ Եթե միայն հացահատիկի պետական հարկը հավաքելու համար մեծ խմբով գյուղում գյուղացիների հաշվին ապրում էին 3— 4 ամիս, ապա պարզ է, թե նրանք հարկատու բնակչության վրա ինչքան թանկ էին նստում նաև մյուս հարկերն ու տուրքերը հավաքելիս, որոնք մի երկար շարք էին կազմում։

Այդ բազմաթիվ հարկերի մեջ աշխատավոր բնակչության վրա առանձնապես ծանր են նստել բահրան՝ պետական հարկը։ Բահրան ամբողջովին գանձվում էր խանի օգտին, եթե հարկադրման

__________

314 Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. II, էջ 39 — 40։
315 Տե´ս А. Гакстгаузен, Закавказский край, ч. I, էջ 185—186:

[էջ 291]

ենթակա հողամասը կալվածատիրական՝ մուլքադարական կամ թիուլդարական չէր։ Կալվածատիրական լինելու դեպքում տվյալ հողից ստացվող բերքի 1/10— 2/15 մասը՝ մյուլքը՝ պատկանում էր մուլքադարին, իսկ 1/5-ը՝ բահրան խանին (բեյլերբեյին )։ Եթե խանը որպես առանձնաշնորհում իր բաժինը ևս տալիս էր մյուլքադարին որպես թիուլ, ապա վերջինիս էր անցնում հողային ամբողջ ռենտան317։

Պակաս ծանր չէր նաև գլխահարկը՝ բաշ-փուլին, որը գանձվում էր խանության աշխատունակ հարկատու բոլոր տղամարդկանցից318։ Հարություն Արարատյանի վկայության համաձայն XVIII դարի վերջերին ռուսական դրամով հաշված ամուսնացածներից իբրև գլխահարկ վերցնում էին 4 ռուբլի, իսկ ամուրիներից՝ 319։

Քրիստոնյա և մահմեդական ամբողջ հարկատու բնակչությունից գանձվող բնամթերային ու դրամական բազմապիսի հարկերից բացի, հայերը վճարում էին նաև հավատի «ջիզիա» («կամ ջաղիա») կոչված հարկը320։Վ. Ռ. Գրիգորյանը, վկայակոչելով մատենադարանի կաթողիկոսական դիվանում պահպանված Հայկական մարզի կառավարիչ Ա. Ճավճավաձեի 1828 թ. մարտի 22-ին թվագրված պաշտոնական գրությունը, ենթադրում է, որ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելու ժամանակներում հավատքի հարկ գոյություն չուներ։ Նա կարծում է, որ 1736 թվականին Նադիր-Շահի կողմից հավատքի հարկը վերացնելուց հետո320ա այն այլևս չի վերականգնվել321։

Բնակչության վրա ծանր են նստել նաև մյուս հարկերը։ Այդ պարզ կերպով երևում է նրանից, որ հարկերից ստացվող Երևանի խաների եկամուտներն այն ժամանակվա պայմաններում հասնում էին հսկայական գումարների։ Այսպես, XVII դարի 30-ական թվականներին Պարսկաստանում ճանապարհորդած Ադամ Օլեարիի վկայությամբ Երևանի խանությունը շահին տալիս էր տարեկան մեկ միլիոն դուկատի հասնող եկամուտ322, իսկ նույն դարի

__________

317 Տե՛ս И. П. Петрушевский, Очерки по истории феодальных отношений в Азерб. и Арм..., էջ 267։
318 Նույն տեղում, էջ 283։
319 Վաղարշապատեցի Յարութիւն Արարատեանի կեանքը, էջ 113։
320 Տե´ս Աբրահամ Կրետացի, Պատմութիւն անցիցն իւրաց եւ Նատր-Շահին Պարսից, էջ 24։
320ա Վ. Ռ. Գրիգորյան, Երևանի խանությունը 18-րդ դարի վերջում, էջ 53— 54։
321 Նույն տեղում։
322 Տե´ս А. Гакстгаузен, Закавказский край, ч. I, էջ 213:

[էջ 292]

70-ական թվականներին, ինչսլես Ժան Շարդենն է հաղորդում, Երևանի խանը տարեկան ուներ 32 հազար թումանի (ֆրանսիական դրամով մինչև կես միլիոն էքյու) եկամուտ, չհաշված հարկադրանքներից, «փեշքեշ»-ներից և անուղղակի այլ ճանապարհներով եկող եկամուտները, որոնք նույնպես կազմում էին մեծ զումարներ323։

Ճիշտ է նկատում Ի. Պ. Պետրուշևսկին, XVII դարի երկրորդ կեսից սկսած հարկերն աստիճանաբար ավելանում են՝ 324 հասնելով անհավատալի չափերի։ Սակայն Երևանի խանությունում այդ պրոցեսն սկսվում է ավելի վաղ։ Մի անանուն գրիչ 1630 թվականին գրած իր հիշատակարանում ողբում է հայոց ծանր վիճակը, որ հետևանք էր գլխավորապես ծանր հարկապահանջության. «Փառք... ի թվ. հայոց ՌՀԹ (1630 թ.) ամին. ի դառն եւ ի նեղ ժամանակիս, յորում նեղիմք ի հարկապահանջութենէ անօրինաց»,—– գրում է նա325։ Դրանից մոտ 50 տարի առաջ Մինաս, գրիչը մի գանձարանի հիշատակարանում նույնպես տրտնջում է թուրքերի կողմից ծանր հարկահանության համար։ Նա գրում է, որ 1581 թվականին «եկեալ Վեզիր փաշայն բազում և անթիւ զաւրաւք եւ գնաց դէպի յարեւելս ի Շահաստան, եւ յոյժ պեղեցին եւ չարչարեցին զքրիստոնեայսն ի հարկապահանջութիւն»326։

Երևանի խանության հարկերը XVII դարի 50-ական թվականներին կտրուկ կերպով ավելացնում է Մահմադ-Ղուլի խանը, որը փոխարինել էր տանելի հարկային քաղաքականություն վարող Խոսրով խանին։ Զաքարիա Սարկավագը տեղեկացնում է, որ Մահմադ-Ղուլի խանը «գոռոզ էր և ինքնահաւան և ագահ։ Վասնորոյ և քայքայեաց զամենայն ուղղութիւնս՝ զոր եղեալ էր՝ Խոսրով խանն։ Վասնզի ծանրացոյց զհարկն. և հաստատեաց զմաքսն ճանապարհաց, և զոր ինչ վաճառիւր ծանրագնի թէ ցորեան և թէ այլ ինչ։ Այլ և յամենայն ամի առաքէր քննիչս արտորէից գրել, և զհնգորդն ամ յամէ յաւելուին։ Նոյնպէս զթուօղս խաշանց, զչափօղս այգեաց և զգլխագիրս. և այսպէս ի ներքոյ հարկի էր զամենայն, և զոր ինչ Խոսրովն թեթևացուցեալ էր, սա ծանրացոյց և մեծագին արար»327։

__________

323 Путешествие Шардена по Закавказью в 1672—1673 гг., էջ 186:
324 И. П. Петрушевский, Очерки по истории феодальных отношений в Азерб. и Армении..., էջ 296:
325 Տե՛ս «Ցուցակ հայերէն ձեռագրաց ս. Նշանի վանուց ի Սեբաստիա», կազմեց Թորգոմ արք. Գուշակեան, Վիեննա, 1961, էջ 84։
326 Նույն տեղում, էջ 85։
327 Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. II, էջ 44— 45։

[էջ 293]

Պատմիչը վկայում է, որ Խոսրով խանի ժամանակ հարկերը որոշ չափով թեթևացնելու շնորհիվ երկրի տնտեսության ճյուղերը բավական առաջադիմել էին, ճանապարհային մաքսի վերացման հետևանքով աշխուժացել էր մանավանդ առևտուրը, որի հիմնական կենտրոնը Երևանն էր։ Սակայն Մահմադ-Ղուլին նորից է վերականգնում մաքսը և մեծապես ծանրացնում հարկերը։ Պատմիչի ասելով նա ամեն տարի հատուկ վերակացուների միջոցով կատարում էր հարկման ենթակա բոլոր օբյեկտների՝ ցանքատարածությունների, ոչխարի գլխաքանակի, այգիների, գլխահարկի ենթակա մարդկանց և այլնի աշխարհագիր՝ պետական բահրան (հնգորդ կոչված) ու մյուս հարկերը ծանրացնելու համար։ Մահմադ-Ղուլիի հարկային այդպիսի դաժան քաղաքականությունը քայքայում է երկրի տնտեսական կյանքը և տեղի տալիս ցասումնալից բողոքների328։

Ինչպես տեսանք, հարկերի ծանրացում կատարվել են նաև XVII դարի վերջերին և XVIII դ. սկզբներին, ինչպես և XVIII դարի 40-ական թվականներին՝ Նադիր-Շահի թագավորության վերջին տարիներին։ Սարդիս գրիչը Հայսմավուրքի վերջում թողած իր հիշատակարանում (1747 թ.) Նադիր-Շահի վարած հարկային ծանր քաղաքականությունը հետևյալ կերպ է ներկայացնում, «Եղեւ ստացումն սորին (հայսմավուրքի ձեռագրի — Թ Հ.) ի թուահաշուեն՝ Հայոց329 ՌՃՂՁ (1747 թ.) ամսեանն. ապրիլի ԺԱ ին. որ էր ի ժամանակս պարսից անագորուն եւ անորա. նադրշահին. զոր յոյժ ղեղուի ունէին պարսից իշխանուե ենթ ժողովուրդքն. թող զանիրաւ հարկապահանջուին զոր առաւել էր քան զառաջինսն. յայել ( = յաւել) եւս չար ի վր չարեաց եւ վէրք ի վր վիրաց. զոր նախջեւանայ երկրին վերայ ձըգել էին լե Ռ (թումն, եւ երեւանու երկիրն խռ (թումն. որ բազումք հանդերձ տամբք մեծաւ տառապանօք ելեալ ի տանց եւ ի հայրենեաց փախեան յերկիրն օսմանցոց, եւ այլ մնացելոցն, բազում վիշտս եւ ոճիրս հասուցին. ոմանց զինչսն ասպատակեալ վաճառեցին եւ այլոցն ներքոյ փայտի մահացուցին, եւ այլոց զկին և զորդիս եւ զղուստրս վաճառել տային եւ զայլ անթիւ անըմերելի (=անըմբերելի) նեղուիս գոյր. զորս ոչ կրեցաք զոր պետն բարեաց զինքն բաուսիս արասցէ նոցին ամէն...»330։

__________

328 Տե´ս նույն տեղում, էջ 45 — 47։
329 Մեջբերումը կատարված է նույնությամբ՝ պահպանելով ձեռագրի հապավումներն ու ուղղագրությունը։
330 Տե՛ս Հ. Աճառյան, Ցուցակ հայերէն ձեռագրաց Նոր-Բայազետի, Բ ցուցակ ձեռագրաց ս. Կարապետ եկեղեցւոյն, Վիեննա, 1924, էջ 47։

[էջ 294]

Ականատես գրիչի վկայությունից ակնհայտ է դառնում, որ պարսից բռնակալն իր վարած պատերազմների մեծ ծախսերը քամում էր ենթակա ժողովուրդներից, որոնց թվում էին և հայերից։ Նա գրում է, որ Նադիր-Շահի սահմանած հարկերը նախորդներից շատ ծանր էին, որ Նախիջևանի խանության վրա դրել էին 35 հազար թուման հարկ, իսկ Երևան խանության վրա՝ 40.000 թուման, որ հարկատուները միջոցներ չունենալու դեպքում հափշտակելով վաճառում էին նրանց ունեցվածքը, կանանց ու որդիներին և որ նրանք ենթակա էին բռնությունների ու մահվան։ Այնուհետև սրտի կսկիծով գրիչը գրում է, որ շահի ծանր հարկերից խուսափելու համար շատերը նույնիսկ փախել են թուրքական տիրապետության տակ գտնվող շրջանները։

Պարսկական հարկային ծանր քաղաքականությունն ընդհանուր գծերով շարունակվում էր նաև Նադիր-Շահից հետո՝ կիսանկախ խաների տիրապետության ժամանակներում։

Ճիշտ է, եղել են դեպքեր, երբ որոշ խաներ (Ամիրգունա, Խոսրով-խան և ուրիշներ) երկրի տնտեսական վիճակը մի փոքր բարելավելու և խանական եկամուտները հետագայում ավելացնելու նպատակով զգալի չափով թեթևացրել են մի քանի տեսակի հարկեր, բայց դրանք խիստ ժամանակավոր երևույթներ էին և էապես չէին խախտում շահական-խանական կողոպտիչ հարկային քաղաքականության ընդհանուր բնույթը։

Գյուղական բնակչության վրա ծանրացած էր նաև կոռը։ Աղբյուրների վկայություններից երևում է, որ կոռը հասել է մեծ չափերի։ Ի տարբերություն մյուս հարկադիր աշխատանքների, կոռը սովորաբար կոչվել է սուխրա։ Կոռային աշխատանքն առանձնապես մեծ է եղել դարի սկզբներին՝ Ամիրգունա խանի օրոք։ Պարսկական այս փոքրիկ բռնակալը պատերազմների ժամանակ ավերված երկիրը վերականգնելու, ջրանցքներ անցկացնելու, գյուղերը շենացնելու, այգիներ տնկելու հիմնական միջոցը տեսնում էր կոռային աշխատանքի մեջ։ Զաքարիա Սարկավագի վկայություններից երևում է, որ Ամիրգունան ոչ թե հարկերն ընդհանրապես թեթևացրել է, ինչպես ընդունված է ասել շատերի կողմից, այլ բնատուրքային և դրամական որոշ հարկերի փոխարեն մեծացրել է աշխատավճարայինը՝ կոռը331։ «Սա (Ամիրգունա խանը) ի տիրելն իւրում Երևանայ, իսկոյն ձեռն էարկ շինութեան և մարդաշատութեան։ Նա սկսաւ շինել բերդն, և ապա ապարանս, և զայգիս,

__________

331 Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. I, էջ 45—46, հ. II, էջ 38 և այլուր։

[էջ 295]

և զբուրաստանս, և զպարտեզս, և հանել զառուս, և առաւելուլ զջուրսն։ Այլ և ի տեղիս տեղիս թեթևացոյց զհարկն, և եբարձ զծանր լուծ ի պարանոցէ ռամկաց։ Բայց զի բազմացոյց զսուխրայն՝ այսինքն կոռն. քանզի որպէս ասացուք՝ թէ՝ շինուածս առնէր, վասն այնորիկ բազմացոյց զկոռն»,— գրում է Զաքարիա Սարկավագը332։ Այդ պատճառով, պատմիչի ասելով Ամիրգունայի ժամանակներում ժողովուրդն ստեղծել էր առասպել այն մասին, թե կնոջը հղի թողնելով մարդուն տանում էին կոռի և նրան չէին ազատում մինչև որ որդին չծնվեր, չմեծանար ու չգար իրեն փոխարինելու. «Վասնորոյ առասպելեցին, թէ՝ կին յղի գոլով՝ այր նորա տանէին կոռ, և ո´չ թողուին գնալ ի տուն իւր. և կինն ծնանէր որդի և զարգանայր, և առաքէին զնա՝ կոռն, զի հայրն երթիցէ ի տուն։ Զայս առասպելս վասն բազմութեան կոռին ասացին», — վկայում է նա։

Սակայն կոռով չէին սահմանափակվում հարկադիր աշխատանքներն առհասարակ։ Պատերազմների և բնական աղետների ժամանակ պարսից խաներն ու թուրքական փաշաները գյուղի և քաղաքի աշխատավոր բնակչությանը քշում էին պարտադիր աշխատանքի՝ իրենց նստավայր-բերդը վերաշինելու, ճանապարհներ անցկացնելու, պատերազմական պաշարներ տեղափոխելու, ջրանցքներ անցկացնելու և այլնի համար։ Պատերազմներն ու ավերումները այնքան էին հաճախակի կրկնվում, որ հարկադիր աշխատանքները դարձել էին սովորական, գրեթե ամենամյա «պարտականություն»։ Բերենք միայն մի քանի օրինակ։ Գրիչ Մինասը 1581 թվականին վերաբերող իր հիշատակարանում գրում է, որ թուրքերը «հանին բազում արուեստաւորս վասն շինութեան Ղարսայ բերդին»333։ Նրա ընդարձակ հիշատակարանից երևում է, որ այդ արհեստավորները Կարսի բերդի կառուցման համար հարկադիր աշխատանքի էին քշվել հիմնականում Արևելյան Հայաստանի քաղաքներից։ «Արտակարգ» հարկադիր աշխատանքների մասին մի շարք վկայություններ ունի Զաքարիա Ագուլեցին։ Նա հաղորդում է, որ շահի հրամանով 1672—1674 թվականների ընթացքում Ագուլիս և Դաշտ գյուղերից բավական երկար ժամանակով տասնյակ մարդկանց ուղարկում են Երևանի բերդի կիսատ մնացած շինարարությունն ավարտելու։ Ժամանակագիրը վկայում է, որ նշված երկու բնակավայրերը Երևանի բերդի և դրա պարսպի շինարարության համար պետք է տային ավելի քան 1000 բանվորական

__________

332 Նույն տեղում, հ. I, էջ 45 — 46։
333 Տե´ս «Ցուցակ հայերէն ձեռագրաց ս. Նշանի վանուց ի Սեբաստիա», էջ 84։

[էջ 296]

օր 334։ Հարկադիր աշխատանքի բազմաթիվ օրինակներ են հայտնի նաև հետագա ժամանակներում՝ Նադիր-Շահի և կիսանկախ խաների տիրապետության շրջանում։ Հարություն Արարատյանը վկայում է, որ Երևանի խանը՝ Մահմեդ-Ղուլին, լուր առնելով Աղա-Մամադ շահի արշավանքի մասին՝ հրաման է արձակում՝ ամբողջ խանությունից հարկադիր աշխատանքի քշել բազմաթիվ մարդկանց իր աթոռանիստ Երևանի բերդը ամրացնելու և անհրաժեշտ քանակությամբ մթերապաշարներ կուտակելու համար։ Միայն Աշտարակ գյուղն այդ նպատակի համար պարտավոր էր տալ 40 մարդ իրենց բեռնակիր ձիերով հանդերձ։ Նրանք պետք է Շարուրից հացահատիկ տեղափոխեին Երևանի բերդը335։

Հարկադիր աշխատանքները կատարվում էին կամ միանգամայն անվճար, կամ նվազագույն աշխատավարձով։ Աշխատավարձը տրվում էր պետական գանձարկղից։ Սակայն սովորական էին դարձել այն դեպքերը, երբ պետությունը տալիս էր առանց այն էլ այնքան քիչ աշխատավարձի միայն մի մասը, մյուս մասը թողնելով, որպեսզի համայնքները վճարեն։ Զաքարիա Ագուլեցու հիշատակության համաձայն Ագուլիսից և Դաշտից Երևանի բերդի կառուցման վրա աշխատողների աշխատավարձի մի մասը, օրինակ՝ տվել են այդ գյուղերի բնակիչները336։

Նշվածներով չեն վերջանում աշխատավոր բնակչությունից գանձվող հարկերը, կոռն ու մյուս հարկադիր աշխատանքները։ Հարկատու բնակչության հաշվին էին ապրում նաև մահմեդական ու քրիստոնյա հոգևորականությունը։ Այսպես, օրինակ, Էջմիածնին ենթակա բոլոր թեմերի բոլոր հայերը հօգուտ Մայր աթոռի ենթարկված էին հատուկ տուրքերի՝ «նվիրական», «գանձանակի», «հոգեբաժինք»337, «պտղի» և այլն։ Եկեղեցական հարկերն ու տուրքերը հավաքվում էին ըստ թեմերի, որոնցից մեկն էլ Երևանի թեմն էր։ Էջմիածնի մայր աթոռի կողմից նշանակված հոգևորական-հարկահավաքները (նվիրակները) շրջելով իրենց հանձնարարված թեմերում, հավաքում և Էջմիածին էին ուղարկում նշված հարկերը338։ 1652 թվականին Երևանում գրված մի հիշատակարանի համաձայն, երևանցի խոջա Գրիգորը ի հիշատակ իր և իր ծնողների «յԵրևանու քաղա-

__________

334 Տե՛ս Զաքարիա Ագուլեցու օրագրությունը, էջ 109, 119։
335 Տե՛ս Жизнь Артемия Араратского..., էջ 194—195։
336 Զաքարիա Ագուլեցու օրագրությունը, էջ 109, 112 — 113, 119։
337 Լեո, Հայոց պատմություն, հ. III, էջ 133։
338 Նույն տեղում, էջ 133։

[էջ 297]

քին մուլքն ազատեալ վախմ» էր արեր339։ Էջմիածինը դրանով հնարավորություն էր ստանում վերը նշված հարկերից բացի, Երևանից ստանալ լրացուցիչ մեծ եկամուտներ։ Իսկ Երևանի շրջակայքի գյուզերը, որոնք սերտորեն կապված էին քաղաքի հետ և դրանցից մի քանիսը փաստորեն նրա արվարձաններն էին, Էջմիածնին տալիս էին նաև «պտղի» բնահարկը։ Օրինակ, Նորք գյուղը, ըստ արխիվային նյութերի, XIX դարի սկզբներին Էջմիածնին իբրև «պտուղ» տարեկան տալիս էր մի քանի խալվար ցորեն340։

Մեզ հետաքրքրող ժամանակների Հայաստանի քաղաքներում բավական տարածում էր գտել վարձու աշխատանքը։ Երևանում մասամբ վարձու աշխատանքով էին կատարվում խանական, կաթողիկոսական և տերունական այլ այգիների բացումը, էտը, բերդի և նրա պարսիպների կառուցումներն ու վերակառուցումները և այլն։ Բ. Մ. Հարությունյանը, ուսումնասիրելով վարձու աշխատանքի բնույթն ու ծավալը Երևանի խանության մեջ XVIII դարում և XIX դարի առաջին քառորդում՝ հանգում է այն եզրակացության, որ այդ ժամանակներում վարձու աշխատանքի համար կային բավական նպաստավոր պայմաններ ու աղբյուրներ341։ Վարձու աշխատանքը սովորաբար Երևանում սեզոնային բնույթ էր կրում, և վարձու աշխատողները հասարակության մեջ դեռևս առանձին խումբ չէին կազմում, դրանք բացառապես կազմված էին սեզոնային աշխատանքի համար քաղաք եկած գյուղացիներից և քաղաքի հասարակության հարկատու բնակչության տարբեր խմբերի ներկայացուցիչներից։

Արխիվային և այլ կարգի աղբյուրների հաղորդած տեղեկությունների հիման վրա Բ. Հարությունյանը գրում է, որ վարձու աշխատողների տնտեսական վիճակը աննախանձելի էր։ Նրանք ամռանն օրական աշխատում էին 14—15 ժամ342 և ստանում էին չնչին վարձ (երբեմն միայն մի «փոր հացով»)։ XVIII դարի երկրորդ կեսին և հաջորդ դարի առաջին քառորդում անվանական աշխատավարձի նկատելի բարձրացումը ոչնչով չէր փոխում օրավարձով աշխատողների տնտեսական ծանր դրությունը, որովհետև կարևոր սննդամթերքների (ցորեն, գարի, բրինձ, միս, յուղ և այլն) և լայն սպառման մյուս ապրանքների (գործվածքներ, ոտ-

__________

339 Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ֆ. Մեսրոպ Մագիստրոսի արխիվ, գ. № 221, էջ 104։
340 Տե՛ս նույն տեղում, ֆ. կաթ. դիվան, թղթ. 12, վավ. 164։
341 Տե՛ս «Պատմա-բանասիրական հանդես», 1969, № 1, էջ 87։
342 Նույն տեղում, էջ 89։

[էջ 298]

նաման և այլն) գները նույնպես արագորեն բարձրանում էին343։ Նրանց ռեալ աշխատավարձը մնում էր աննախանձելի ցածր և նույնիսկ չէր բավարարում օրվա աղքատիկ ապրուստի համար։

Այդպիսին էին Երևան քաղաքի և Երևանի խանության հասարակության խմբերն ու դրանց սոցիալ-տնտեսական հարաթերությունները։ Իսկ դրանից հետևում է, որ անընդունելի է Երևանի պատմության հայտնի երախտավոր Երվանդ Շահազիզի այն թեզը, թե հին Երևանում «դառն չքավորություն չի եղել», թե նահապետական կյանքի ու սահմանափակ պահանջների հետևանքով, իբր, «քաղաքի ժողովուրդը կարողացել է բավարարել յուր համեստ պահանշները»344 և այլն։ Պատմագիտական տեսակետից քննադատության չի կարող դիմանալ հատկապես նրա այն հետևությունը, թե քաղաքի աշխատավոր բնակչությունը «հլու-հնազանդ է եղել տիրող կարգ ու կանոնին և անտրտունջ կատարելով իշխանավորների պահանջը, համակերպվելով նրանց կամայականության և ժամանակի ընթացքում մշակելով յուր համար մի կյանքի եղանակ..., որ հնարավորություն է տվել նրան ապրելու, ինչպես ասվում է, աչքն յուր դրանը»345։

Սոցիալական ու ազատագրական շարժումների մասին խոսելիս մենք տեսանք, որ մեր ժողովուրդն ու նրա մի հատվածը կազմող երևանցիները երբեք էլ «հլու-հնազանդ» չեն տարել օտար բռնակալների և սեփական իշխանավորների ծանր լուծը։ Ժամանակի պայմաններին համապատասխան նրանք զանազան եղանակներով պայքարել են օտարի լուծը թոթափելու և իրենց կյանքի պայմանները բարելավելու համար։

__________

343 Նույն տեղում, էջ 91 և 97։
344 Երվանդ Շահազիզ, Հին Երևանը, էջ 52։
345 Նույն տեղում, էջ 51—52։

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Հակոբյան Թ., Երևանի պատմությունը (1500—1800 թթ.). – Եր., Երևանի համալսարանի հրատարակչություն, 1971։
Scanned: Վահագն Մխոյան
OCR: Դիանա Ազատյան
Ուղղագրում՝ Լինա Քամալյան

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice