ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian
Հովհաննես Թումանյան

ԵՐԿՈՒ ՀԱՅՐ

1896-ի կոտորածի ձմեռն էր: Մի խումբ փախստականներ Սասունի կողմերից հասան Էջմիածին: Նրանց մեջն էր և Ա. գյուղի ծերունի տեր Սարգիսր:

— Հայրիկի աջը կուզեմ համբուրել,— խնդրեց նա վեհարանում, ու ներս թողին:

— Բարով, տեր հայր,— աջը մեկնեց Հայրիկը. քահանան համբուրեց ու ետ եկավ, կանգնեց դահլիճի մեջտեղը հոգնած, խորտակված:

— Որտեղի՞ց կուգաս:

— Սասունի կողմերեն. ես Ա.-ի տեր Սարգիսն եմ...

— Ա.-ի տեր Սարգի՞սը...

— Այո, Հայրիկ:

— Է՞...

— Ես քսան հոգուց գերդաստան ունեի, Հայրիկ. տղաներս կոտորեցին, հարսներս տարան, թոռներս կորան, տունս թալանեցին, վառեցին, մնացի այսպես...

— Է հիմի...

— Ես ոչինչ չեմ ուզում, Հայրիկ, ես... այնպես, եկել եմ... եկել եմ... Հայրիկին ասեմ... էլ ոչինչ չեմ ուզում...

Ու Հայրիկի առջև կանգնած էր մարդը, որ ամեն ինչ կորցրել էր ու ոչինչ չէր ուզում: Երկուսն էլ լուռ էին:

— Քանի՞ որդի կորցրիր, տեր Սարգիս,— գլուխը վեր քաշեց կաթողիկոսը:

— Ամենքը միասին քսան, Հայրիկ:

— Դու քսան որդի ես կորցրել, իսկ ես քսան հազար,— պատասխանեց Հայրիկը,— այդ էլ քսան` եղավ քսան հազար ու քսան... Ո՞ւմն է շատ, տեր Սարգիս...

Քահանան ցնցվեց ու լուռ կանգնած էր:

— Ո՞ւմ վիշտն է մեծ, տեր Սարգիս:

— Հայրիկինը...

— Դե ե՛կ, տեր Սարգիս, մոտ եկ, աջդ դիր գլխիս, աղոթիր, օրհնիր, որ այս վշտին դիմանամ:

Ասավ ու գլուխը խոնարհեց:

Քահանան շտապեց առաջ, աջը գրավ իր Հայրապետի գլխին, սկսավ աղոթք մրմնջալ ու աչքերը լցվեցին արտասուքով...

Նա օրհնում էր հայոց կաթողիկոսին...

Նրա առջև խոնարհած էր հայոց Հայրիկը...

1907


Աղքատի պատիվը | Լեռների հովիվը | Գիքորը | Արջաորս
Գաբո բիձու շերամապահությունը | Երկու հայր

 

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Հովհաննես Թումանյան - Ընտիր երկեր, 2 հատորով:
«Սովետական գրող», Երևան, 1985թ.

Տրամադրել է՝ Մ. Յալանուզյան

Տես նաև

Թումանյանի ստեղծագործությունները հայերեն և ռուսերեն։
English translations of Tumanyan's poetry by Alice Stone Blackwell.

Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice