ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian
Հովհաննես Թումանյան

ԼԵՌՆԵՐԻ ՀՈՎԻՎԸ

Լեռնե՜ր... բարձր ու կանաչ լեռներ, դուք հայրենիքն ու գահը զով զեփյուռների, անուշաբույր ծաղիկների, սուրբ ցողերի ու շաղերի, անմահական սառն աղբյուրների, սև-սև ամպերի, հրեղեն կայծակների, ջրեղեն տարափների... Դո՜ւք — մոտիկ աստծուն, աստղերին, լուսնին, երկնային շնորհքներին ու գաղտնիքներին, վեհ ու վեհապանծ լեռներ...

Եվ ո՞վ է հողեղեններից այնքան ձեզ նման հպարտ, հզոր, վեհանձն ու մաքուր, որքան ձեր հարազատ որդեգիրը, ձեր մրրիկների ու զեփյուռների, ծաղիկների ու կայծակների ծնունդը, ձեր պահած ու փայփայած հովիվը:

Լեռների հովի՜վը. անծանոթ ու, խորթ կյանքի սրտամաշ հառաչանքներին, գետնաքարշ արարքներին, հացկատակ խաղերին ու տաղերին, հպարտ ու զվարթ, որպես այդ ձեր վայրենի ծաղիկները:

Բայց ձեր վայրենի ծաղիկներն էլ իրանց բույրով հրապույրով ընկնում են ծանր ու կոպիտ ոտների տակ և ապականվում, ցեխ դառնում:

Քաղաքում, բարձրահարկ տան բակում` յուր սրինգն ածում ու պար էր գալիս մի բարձրահասակ, թիկնավետ երիտասարդ: Նրա հագին բազմատարազ շորերի ցնցոտիներ էին, գլխին` ծանր քրդի քոլոզ:

Զվարթ էր նրա հովվական սրնգի ձայնը, ուրախ էր պարի եղանակը, աշխույժ էր և պարը, միայն տխուր էին թուխ, կրակոտ աչքերը, որ երբեմնակի նայում էին վերև: Նրանք երբեմնակի նայում էին վերև, երևի տեսնելու, թե օքմի՞ն կա պատշգամբներում, թե չէ. նայում էին, սակայն չէին աղերսում...

Տխուր էր և նրա առնական դեմքը յուր շիկասև նորածիլ շրջանակի մեջ, ուր նշանավոր էին արծվի քիթն և ուռած շրթունքները: Եվ նա ինքն ամբողջ մի մարմնացած վայրենի վիշտ էր, բայց յուր սրինգն ածում ու պար էր գալիս:

Նրա հնամաշ շորերի ձորձերը թռչկոտելով դիպչում էին բարձր ազդրերին ու բաց սրունքներին, հորինելով մի ծիծաղաշարժ տեսարան, որ սաստիկ վիրավորում էր նրա հզոր կերպարանքն ու դառն տխրությունը:

— Քո՛ւրդը, քո՛ւրդը...— աղաղակեցին երեխաները, և տանըցիք նոր ճաշերն ավարտած, թմփթմփալով սրնգի ձայնին դուրս եկան պատշգամբը, նայելու աղքատ քուրդին:

Ավելի ոգևորված՝ քուրդը կրկնապատկեց եռանդը, աշխատում էր ցույց տալ յուր բոլոր շնորհքը զանազան ծամածռություններ ու խեղկատակություններ անելով... Եվ նա հասնում էր յուր նպատակին, վերևից հրճվում, ուրախ կրկչում էին:

Բայց նբանցից ոչ ոք չէր մտածում, թե ինչու ինքը՝ պարողը չի ուրախանում, ինչու մենակ նա է տխուր...

Եվ ի՞նչ կավելանար աղքատ քրդին, եթե մեկն այդ հարցներ: Նրան մի քանի կոպեկ սև փող էր հարկավոր, առավ դուրս եկավ:

Մտավ ուրիշ բակ:

Պատրաստվում էր դարձյալ յուր պարն սկսելու, երբ մեկր հարցրեց.

— Ո՞րտեղացի ես, տղա՛:

— Սասունիցն, աղա:

— Հապա ո՞ւր ես եկել:

— Ես չոբան էի, աղա. թուրքեր մեր գեղ քանդեցին... իմ ոչխար լե թալլեցին...

Նա բաց արավ կռան տակը, որտեղ երևում էր խանչալի տված լայն վերքի սպին, քոլոզը վերցրեց, ցույց տվեց գկխի պատռվածը, երևի դրանով ուզում էր ասել, թե հեշտ չի տեղի տվել թշնամուն, և դարձյալ ծածկելով` սկսեց յուր սրինգն ածել ու պարել:

— Где это Сасун, папа?,— հորը փարելով հարցրեց օրիորդը:

— Это там,... далеко, — ձեռը թափ տալով, իբրև պատասխանեց հայրը և շարունակեց «ղնջռտալով» նայել աղքատ սրնգահարին, որ, զանազան ոստումներ ու ծամածռություններ անելով, պար էր գալիս ներքև` բակում:

Զվարթ էր նրա սրնգի ձայնը, պարի եղանակը, աշխույժ էր և պարը, միայն տխուր էին նրա թուխ, կրակոտ աչքերը, որ երբեմնակի նայում էին վերև...

Եվ այսպես պար էր գալիս հայրենիքից հալածված, ոչխարը խլած Սասունի լեռների հովիվը: Նրա հնամաշ շորերի ձերձերը թռչկոտելով դիպչում էին բարձր ազդրերին ու բաց սրունքներին, հորինելով մի ցավալի տեսարան:

1894


Աղքատի պատիվը | Լեռների հովիվը | Գիքորը | Արջաորս
Գաբո բիձու շերամապահությունը | Երկու հայր

 

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Հովհաննես Թումանյան - Ընտիր երկեր, 2 հատորով:
«Սովետական գրող», Երևան, 1985թ.

Տրամադրել է՝ Մ. Յալանուզյան

Տես նաև

Թումանյանի ստեղծագործությունները հայերեն և ռուսերեն։
English translations of Tumanyan's poetry by Alice Stone Blackwell.

Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice