ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Ոսկեփորիկ. նմուշներ հին և միջնադարյան արձակից

ՈՍԿԵՓՈՐԻԿ

Նախորդ էջԲովանդակություն  | Հաջորդ էջ

[էջ 81]

ՍԵԲԵՈՍ (VII Դ.)

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
(Հատված)

...Դեսպաններ եկան արքունական հրովարտակով և Սմբատին բռնելով ուրիշ յոթ այրերի հետ, տարան թագավորի առաջ։ Եվ բազմամարդ հրապարակում հարցաքննելով նրանց, վճիռ կայացվեց. մերկացնել նրանց և կրկես նետել։
Նա հաղթամարմին ու գեղեցիկ տղամարդ էր, բարձրահասակ ու թիկնեղ, ուժեղ և պիրկ մարմնով։ Այնքան հզոր էր ու քաջ, որ բազմաթիվ պատերազմներում, ցուցադրել էր իր արիությունն ու ուժը։ Այսպիսին է նրա զորությունը, սա անցնում էր խիտասաղարթ մայրիների ու հսկա ծառերի տակով, հաղթամարմին և հզոր երիվարը հեծած, և թռչելով բռնում էր ծառի ճյուղից և ազդրերը ուժգին կծկելով ու ոտքերով սեղմելով նժույգի մեջքը, նրան բարձրացնում էր գետնից, այնպես, որ ամբողջ զորքը տեսնելով ահաբեկվում էր զարմանքից։

Ինչևէ, մերկացնելով նրան և անդրավարտիք հագցնելով նետեցին կրկեսի ասպարեզ, որ կեր դառնա գազաններին։

Եվ նրա վրա արջ արձակեցին։ Երբ գազանը հարձակվեց Սմբատը բարձրաձայն գոչելով գնաց արջի վրա, բռունցքով հարվածեց ճակատին և տեղնուտեղը սպանեց նրան։

Երկրորդ անգամ նրա վրա ցուլ բաց թողեցին: Իսկ նա բռնեց ցլի եղջյուրներից, և ցուլը հոգնեց այդ կռվում, իսկ նա ոլորեց պարանոցը և պոկեց եղջյուրները գլխից. ցուլը թուլացած, ետ գնալով փախուստի դիմեց։ Իսկ նա հետա–

[էջ 82]

պնդելով բռնեց պոչը և մի ոտքի ազդրի կճղակը, և կճղակը պոկվելով մնաց նրա ձեռքում։ Եվ ցուլը գնաց փախստական, մի ոտքը բոբիկ։

Եվ երրորդ անգամ նրա վրա առյուծ թողեցին։ Երբ առյուծը հարձակվեց նրա վրա, աստուծով նրան հաջողվեց բռնել առյուծի ականջից ու նստել վրան։ Այնուհետև կոկորդից բռնելով խեղդամահ արեց առյուծին։

Այստեղ բազում հանդիսականների աղմուկը երկիրը լցրեց, թագավորից նրա համար ներումն էին խնդրում։

Եվ նա մարտից հոգնած նստեց անշունչ առյուծի վրա, որ մի փոքր հանգստանա։ Թագավորի կինը ևս ընկնելով ամուսնու ոտքերը, խնդրում էր ողորմել Սմբատին, որովհետև նախկինում այրն այն սիրելի էր թագավորին ու նրա կնոջը և նրան իրենց որդեգիրն էին համարել։ Եվ թագավորը զարմանալով Սմբատի զորության ու ամրության վրա և անսալով կնոջ և բոլոր պալատականների պաղատանքին` հրամայեց ներել նրան։

Այն ժամանակ նրան տարան բաղնիք՝ լողացնելու։ Լողացրին նրան և հագցրին և արքունի ընթրիքի հրավիրեցին, կերակրեցին: Քիչ ժամանակ անց, ոչ թե թագավորի չար կամքով, այլ նախանձորդների չարախոսությունից, հրամայում է (թագավորը) նրան նավ նստեցնել և հեռավոր կղզիներն աքսորել և այնտեղից էլ հրամայում է տանել Աֆրիկա և նրան նշանակել այնտեղ գտնվող զորքի հազարապետ։

 

Նախորդ էջԲովանդակություն  | Հաջորդ էջ
Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Սովետական գրող հրատարակչություն, Երևան 1977
Տրամադրել է՝ Միքայել Յալանուզյանը

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice