ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Ոսկեփորիկ. նմուշներ հին և միջնադարյան արձակից

ՈՍԿԵՓՈՐԻԿ

Նախորդ էջԲովանդակություն  | Հաջորդ էջ

[էջ 83]

ԱՆԱՆՈՒՆ ԶՐՈՒՑԱԳԻՐ (X Դ.)

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
(Հատված)

Եվ Աշոտն ունեցավ երեք որդի և ավագին կոչեց Գրիգոր Դերեն, մյուսին՝ Գագիկ, երրորդին՝ Համազասպ։ Եվ Վասպուրական երկիրը երեք եղբայրները բաժանեցին, Վանը, որ Տոսպի գավառում է, բաժին ընկավ Գրիգոր Դերենին, իսկ Կայան և Տոտոր ամրոցները և Ճվաշի գավառը՝ մյուս եղբորը, Գագիկին, Հաղբակի տունը՝ Համազասպին, կրտսերին։

Գրիգոր Դերենը առատաձեռն էր ու զվարթ, նրա նման մարդ չկար աշխարհում, ոչ մեծերի, ոչ փոքրերի մեջ: Նա Գնունյաց տնից մի ծառա ուներ, որի անունը Գորգ Զաֆրան էր: Դերենը Վանի արքունիքից ճաշի ժամին իշնում էր հրապարակը և այնտեղ սեղան նստում ու անցնող ճանապարհորդներին ու տեղացիներին կանչել էր տալիս, նստեցնում, ուտում–ըմպում նրանց հետ։ Մարդիկ սովոր էին գալ, սեղան նստել, և ուտել-խմելուն չափ չկար։

Եվ նա սկսեց աղքատանալ, իսկ եղբայրները ծաղրում էին, որ պակասեց նրա ունեցվածքը, որ հայրերն էին հավաքել, նույնպես և նախիրներն ու հոտերը։ Այնուհետև սկսեց ունեցած հողերը վաճառել իր եղբայրներին, բերդերի և ամրոցների գինն առնել և շռայլել։ Նա իր սովորույթը չթողեց, և հերթը հասավ իր քաղաքին, որ կոչվում էր Վան։
Ու մի օր եկավ նրա Գագիկ եղբայրը, գանձեր ու պայծառ հանդերձներ, ձիեր, ջորիներ տվեց և գնեց Վան քաղաքը և նրա ապարանքներից մեկն էլ չթողեց, որ բնակվեր այնտեղ Դերենը։

Երբ բացվում էր առավոտը, սովորականի նման գալիս

[էջ 84]

էին փողհարներն ու քնարահարները, տավղահարներն ու պարողները, կաքավում էին նրա առաջ։ Նա իր նախնիների նման ավագության ձգտում չուներ, միայն խրախճանք էր սիրում։

Ապա նրան լքեցին իր ազատների գնդերը և գնացին մի մասը Գագիկի, մյուսները՝ Համազասպի մոտ և ամենուր ծաղրում էին նրան։ Նրա զորքերից ու ազատներից ոչ ոք չմնաց մոտը, բացի Զաֆրան ծառայից, որ Գնունյաց տնից էր։

Դերենը ունեզրկվեց, և ոչինչ չմնաց նրան, բացի երկու ձիուց. մեկը իր, մյուսը Զաֆրան՝ ծառայինը։

Եվ մի կիրակի օր Դերենը Գորգ Զաֆրանին ասում է.

— Այսօր ոչինչ չունենք վայելելու, ինչ պիտի անենք: Ի՞նչ անենք։

Եվ նա պատասխանում է.

— Առ այսօր իմ ձին, հանդերձանքս, զրահս ու սաղավարտս և վաճառիր, թող չպակասի քո սովորական սեղանը, իսկ վաղը, աստված ինչ հրամայի, այն կանենք։

Այն օրը ևս ճաշ տվեցին իրենց սովորության համաձայն և ուրախացան մինչև իրիկուն, և ամեն մարդ իր տունը գնաց, մնացին Դերենն ու Զաֆրան ծառան։

Եվ Դերենն ու նրա Զաֆրան ծառան նստած մտածում էին, թե մյուս օրը Դերենի ձին ու հագուստները կվաճառեն, վաղվա խրախճանքի համար։ Մինչդեռ նրանք այդ մասին էին մտածում, ճանապարհից մի մարդ է գալիս, տեսնելով մոմի լույսերը, գալիս նստում է վրանի դռանը. Դերենը նրան ասում է.

— Ո՞վ ես և ինչու ես եկել։

Եվ նա չէր կարողանում խոսել, որովհետև արաբ էր։

Զաֆրանը գնաց բռնեց ու բերեց նրան Դերենի վրանը։ Եվ Դերենը խոսեց նրա հետ արաբերեն, որովհետև սովորել էր այդ լեզուն, և ասաց.

— Որտեղի՞ց ես գալիս։

Պատասխանում է.

— Գալիս եմ Ասորեստանից և չեմ կարող խոսել, քանի որ շատ տեղերից խոցված եմ, եթե ճար կա՝ սպեղանի դրեք խոցերիս։

[էջ 85]

Այնժամ Դերենը բացեց նրա գլխի վերքն ու ձեռքը և դեղ դրեց խոցերին, հմուտ լինելով բժշկական արվեստին, և այլևս հարցուփորձ չարեց հյուրին։

Նրա առաջ սեղան բացեց և հույժ մեծարեց։ Սա զարմացավ նրա բարեմտության վրա, որովհետև բաժակը նրան տալով, Դերենը քնարը ձեռքն, առավ և սկսեց ուրախացնել նրան։.Եվ նա անչափ սիրեց Դերենին իբրև զվարթ, սիրունատես, բարեխոհ, հմայիչ մարդու։

Երբ առավոտը բացվեց, վեր կենալով օտարականն ասաց.

— Ո՛վ բարի մարդ, դու այնքան բարեխոհ ես, որ չեմ տեսեղ մեկ ուրիշին մարդկանց մեշ։ Դու չհարցրիր, թե որտեղից եմ գալիս, ուր եմ գնում։ Ես,— ասում է, — բաբելացոց արքան եմ։ Մեր Բաղդադ քաղաքը արևմուտքից եկան այլազգիները, և ես պատերազմի ելա նրանց դեմ, իմ զորքերն ինձ դավաճանեցին ու նենգեցին, և ես այստեղ եկա հալածական, որովհետև հնար չունեի գնալու Բաղդադ։ Որոշեցի գնալ Խորասան աշխարհը։ Քույրս Խորասանի Գնդաց աշխարհի արքա Ապուհուրիշա թագավորի կինն է: Ճանապարհին իմ ծառաներն ինձ լքեցին և ես դիմեցի Դերեն իշխանի մոտ. ասում են նա է այս քաղաքի տերը։ Երբ ես իմ քաղաքում էի, պատմում էին ծառաներս նրա առատաձեռնության մասին, ուստի ես նրա մոտ եկա, միգուցե ինձ ձի և մարդիկ տա և ճանապարհի արևելք, որ գնամ իմ փեսայի մոտ, նրանից զորք ու գանձեր վերցնեմ, երթամ պատերազմեմ թշնամիներիս դեմ, ազատեմ իմ Բաղդադ քաղաքը: Եվ քեզ աղաչում եմ, ո՛վ բարի մարդ, տար ինձ Դերենի առաջ, որ հոգա իմ ճանապարհի համար։ Թող քեզ բարի հայացքով նայի աստվածը, որին պաշտում ես։

Դերենը նայում էր Զաֆրանին ու ծիծաղում: Եվ նա տրտմելով ասաց.

— Մի՛ ծիծաղիր, խնդրում եմ քեզ, տար ինձ նրա մոտ։

Այնժամ Դերենն ասաց.

— Այստեղ չէ Դերենը, ես կհոգամ քո ճանապարհի համար։

Եվ նա ասում է.

— Մի՛ խաբիր, լսել եմ, որ այստեղ է:

[էջ 86]

— Այստեղ չէ,— ասում է Դերենը։

Այնժամ օտարականը բռնելով նրա ձեռքը համբուրեց նրան և ասաց.

— Երդվիր, որ այստեղ չէ Դերենը։

Եվ նա ասում է.

— Ինչո՞ւ երդվեմ, ես եմ Դերենը, որին փնտրում ես։

Նա զարմացավ և ասաց.

— Ապա ինչո՞ւ ես նստել քաղաքի դարպասի մոտ, եթե այս քաղաքը քոնն է, այստեղ ի՞նչ ես անում։

Ու Դերենը պատմեց նրան այն ամենը, որ արել էր։ Նա զարմացավ։ Եվ Դերենն ասաց.

— Ո՛վ մեծ արքա բաբելացոց, երեկ իմ ծառայի ձին վաճառեցինք ու վայելեցինք, իսկ այսօր կամենում էինք իմը վաճառել։ Արի դու նստիր իմ ձին, հագիր հանդերձս և վերցրու սուրս։

Եվ կանչեց մի մարդու, որ գիտեր Պարսկաստանի ճանապարհը և դրամով վարձատրելով, նրա հետ ուղարկեց մինչև Խորասան։

Երբ նա գնաց, Դերենն ասաց Զաֆրանին.

— Մենք չպիտի մնանք այս քաղաքում, որովհետև ծիծաղում են մեզ վրա ու ծաղրում։ Արի գնանք Ասորեստան, որ լինենք անծանոթ վայրում, կարողանանք ծառայել մեկին ու ապրել:

Նախ ելան գնացին Մոսլ քաղաքը։ Երեք հոգի նստել էին քաղաքի դարբասի մոտ, հարբած էին ու դարձյալ ըմպում էին։ Իրիկնանում էր, և Դերենը հոգնել էր ճանապարհին։ Ինքն ու Զաֆրանը եկան նստեցին նրանց մոտ։ Նրանցից մեկը հարցնում է, ասելով.

— Որտեղի ց եք գալիս։

Նրանք պատասխանեցին.

— Հեռավոր Հայոց աշխարհից, Վանից։

Եվ երբ լսեցին, ասում են.

— Ինչպե՞ս է բարիանուն իշխանը, որին Դերեն են անվանում։

— Լավ,— պատասխանում է նա։

Եվ երդվեցնելով նրանց, հարցնում են.

— Ճի՞շտ է, ինչ որ ասում են նրա մասին։

[էջ 87]

— Ի՞նչ են ասում։

Եվ մոսլեցիներն ասում են.

— Մեր վաճառականները գալիս, ասում են, թե ա յդ Դերենը մի սովորություն ունի, իր վրանը խփել է ճանապարհի վրա, որ քաղաքի պողոտան է, այնտեղ իր սեղանը բանալով առավոտից նստեցնում է բոլոր անցորդներին լավ ու վատ, քաղաքի բնակիչներին, ամեն օր, և բազմաթիվ երգիչներ ու գուսաններ հնչեցնում են իրենց նվագը մինչև երեկո։ Ոչ մեկին չի թողնում տուն գնալու, այսպես է նրա սովորությունը։

— Ճիշտ է, ինչ որ ասում են այդ մարդու մասին,— հաստատում է Դերենը։

— Ամեն օ՞ր է անում,— հարցնում են նրանք։

Եվ նա պատասխանում է,

— Այո՛, ճշմարիտ է, որ ասում են։

Զարմացան նրանք և ասացին.

— Ինչպե՞ս է հասցնում այդքան։

Զաֆրանն ասաց.

— Սա է Դերենը։

Եվ նրան վերցնելով տարան այն տունը, ուր նրանց ճաշն էր այն օրը։ Նրանք երեք պատվական ու արժանավոր մարդիկ էին։ Նրանք սովորություն ունեին, մի օր երեքով մեկի տանն էին լինում ճաշի, հաջորդ օրը մյուսի, և ում տանը լինում էին, իր կարողության չափով ընծաներ էր տալիս նրանց։ Այսպես էր նրանց ամենօրյա սովորույթը։

...Եվ նա (Զաֆրանի հետ) գնաց Բաղդադ քաղաքը։ Երբ հասան Բաղդադ, մտան ներս, գնացին քաղաքի հրապարակը։ Իսկ Բաղդադի արքան, որ եկել էր Վան, այնտեղից գնացել Խորասան և բազում զորքեր վերցնելով եկել, կոտորել իր թշնամիներին, տիրացել Բաղղադ քաղաքին, ձի հեծած շրջում էր քաղաքի հրապարակում, ուրիշներն էլ պարում էին նրա առջև։

Եվ արքան տեսավ Դերենին ու Զաֆրանին, ճանաչեց, կանչեց իր ծառաներից մեկին ու ասաց.

— Այն երկուսին տեսնո՞ւմ ես, գնա նրանց մոտ և տար արքունի բաղնիքը։

[էջ 88]

Եվ ինքը գնաց իր ապարանքը և տունը հարդարել տվեց և կանչեց իր մեծամեծներին և զարդարեց իր բարձրագույն գահը։ Եվ Դերենին ուղարկեց ոսկեհյուս պատվական հագուստներ և ձի՝ սարքով։ Եվ իր մեծամեծներից խնդիրք առաքեց Դերենին։ Ու երբ բերին նրան արքունիք, ելավ ինքը արքան ընդառաջ, եկավ գրկեց ու համբուրեց նրան։ Եվ ասաց իր բոլոր մեծամեծներին.

— Երկրպագեցեք սրան։

Ապա բռնեց նրա ձեռքից, բարձրացրեց, իր գահի վրա նստեցրեց և ինքը նստեց նրա առջև ու չասաց նրան, թե ով է ինքը։ Դերենն էլ չճանաչեց նրան։ Եվ ութ օր այսպես արեց և ամեն օր պատվական հանդերձներ, ձիեր, ջորիներ ու բազում գանձեր, մարգարիտներ ու ակնեղեն էր տալիս։

Ութ օր անց հավաքեց բոլոր քաղաքացիներին, բոլորին՝ մեծամեծներից մինչև փոքրերը կանչեց։ Երբ նստեցին արքունիքում, ոմանք էլ կանգնած մնացին, արքան վեր կացավ, բաժակը ձեռքն առավ ու ասաց.

— Լսեցեք Բաղդադ քաղաքի այրեր, իմ իշխաններ ու մեծավորներ, գիտեմ, որ զարմացած եք այս մարդու համար, որ բազմել է իմ գահին։ Ամենքդ մտածում էիք, թե ինչ կարիք կա այդպես մեծարելու մի օտարական մարդու։ Ինքը ևս խիստ զարմացած էր, որովհետև Դերենը չէր ճանաչել, թե ես ով եմ։

Եվ երբ այս ասաց, հարցրեց Դերենին.

— Ես ո՞վ եմ։

Դերենն ասաց.

— Դու բաբելացոց արքան ես, բայց անունդ չգիտեմ։ Արքան նրա առջև ոտքի էր կանգնած իսկ նրան չէր թողնում վեր կենալ։ Եվ բաբելացիների արքան ասաց.

— Երդվեցնում եմ քեզ Վարագա խաչով, ասա, ինձ չե՞ս ճանաչել։

Դերենն ասում է.

— Աստված գիտե ու իմ սուրբ նշանը, որ չեմ ճանաչել, թե դու ով ես։

— Դու Դերենն ես, որ Վան էիր նստում,՝— ասում է արքան,— իսկ սա քո ծառա Զաֆրանն է։

[էջ 89]

Դերենն ասում է.

— Աղաչում եմ քեզ, արքա, ասա՝ որտեղ ես ինձ տեսել:

— Ես այն եմ, որ եկա քեզ մոտ, վրանդ, և դու այնպես ընդունեցիր ինձ, որ մարդկանցից ոչ ոք չէր կարող։ Եվ զամացած են բոլորը Բաղդադում և ասում են, թե քեզ մեծարեցի, բայց լսեցեք, իմ մեծամեծներ ու փոքրեր. չեմ կարող հատուցել սրա երախտիքի դիմաց։ Ու եթե իմ արյունը հեղեմ կամ մեռնեմ նրա համար, դարձյալ չեմ կարող հատուցել։

Եվ պատմեց այն ամենը, որ արել էր Դերենը, ու ասաց.

— Ժամանակին եթե սա չլիներ, չէի կարող ապրել. նա ինձ սատարեց, և նրա շնորհիվ ես տիրացա Բաղդադին ու համայն Բաբելոնին։ Եվ քեզ ասում եմ, Դերեն, այս բաբելացիների աշխարհս և քաղաքս Բաղդադ՝ քեզ ծառա, և իմ բոլոր գանձերը, ձիերը, ջորիները և բոլոր ուղտերամակները նույնպես։

Ապա արքան ասում է իր մեծամեծներին ու վաճառականներին.

— Բոլորդ նրան նվերներ տվեք։

Սկսեցին բերել, ամեն մեկն իր կարողության համաձայն, ոսկի–արծաթ գանձեր և պատվական հանդերձներ: Թագավորն էլ նրան տվեց բազում գանձեր և մեծարեց նրան, ասելով.

— Գնա և առ քո աշխարհը, և սիրտդ իմ գավառներից որը կուզի` գրիր ինձ և ես քեզ կտամ։

Եվ նրան ճամփու դրեց մեծ պատվով։ Եվ ծառաներ տվեց, որ նրա ճանապարհի համար հոգան, մինչև Վասպուրական հասնելը։ Երբ հասան Արզուն, որ Միջագետքում է, Դերենի եղբայրներին լուր հասավ նրա այդ մեծարանքի մասին, որ արեց Բաբելոնի արքան, և շատ վախեցան։ Եվ ամրացրին Շամիրամի ամրոցները Վանում և մյուս բոլոր բերդերն ու ամրոցները։ Երկու եղբայրը՝ Գագիկն ու Համազասպը, միաբանեցին, հավաքեցին իրենց զորքերը և ուզում էին պատերազմել Դերենի դեմ։

Դերենն էլ ուղարկեց, հավաքել տվեց Ասորեստանի ու Միջագետքի բոլոր զորքերը, մոտ երեք հարյուր հազար մարդ, որովհետև լսեց, որ իր եղբայրներին օգնում են Հե–

[էջ 90]

րի, Մարանդի ու Սալմաստի պարսիկները, որ Գագիկի ու Համազասպի հետ եկան բանակեցին Էդիս կոչված դաշտում։ Դերենը իր զորքի բազմությամբ գալիս հասնում է Դատվանի դաշտը և կամենում անցնել Թխաջուրը։ Գագիկն ու Համազասպը նրան ընդառաջ ուղարկեցին երեք եպիսկոպոսի, խնդրելու որ Հայոց աշխարհի վրա չբերի այլազգի զորքերի բազմությունը։ Սրանք եկան աղաչեցին Դերենին, և նա լսեց նրանց։ Եվ երդում տալով, իր մոտ կանչեց նա իր եղբայրներին, և նրանք վստահելով եկան Դերենի մոտ և տեսան իրենց եղբորը՝ մեծարված ամբողջ երկրից ու արքայից Բաբելոնի։

Եվ Դերենն ասաց եղբայրներին.

— Նստեցեք այստեղ, մինչև կտաք ինձ բոլոր բերդերը՝ իմը և ձերը, ապա, եթե իմ սրտին հաճո լինի, ձեզ կտամ որը կամենամ, իսկ եթե նենգություն գտնեմ ձեր մեջ` իմ ձեռքից չեք ազատվի։

Նա ուղարկեց իր հնազանդ ծառա Զաֆրանին.

— Գնա,— ասաց,— դու և տեր կանգնիր իմ բերդերին ու Վանին և քո որդուն նստեցրու Վարդեվանում և ինձ տեղեկացրու, այն ժամանակ ես այս զորքերի բազմությունը կվերադարձնեմ Ասորեստան։

Գնաց Զաֆրանը և մտավ Վան, առավ բերդերը և տվեց իր որդի Վարդանին, Սևանի բերդը նույն կերպ առավ և տվեց իր քեռորդուն, Նկան ամրոցը՝ իր հորեղբորը, Մարանդակը՝ իր փեսային, Շիմավոնի ու Խոտորի ձորերը, որ Անձախում են՝ քեռուն։ Այս ամենն այսպես արեց և ապա տեղեկացրեց իր պարոնին՝ Դերենին։

Դերենն ընտրեց քառասուն հազար զինակիր իսկ մնացած բոլորին մեծարեց ու վերադարձրեց Ասորեստան։ Ինքն եկավ մտավ Վան, ապա այս քաջ զորքով հարձակվեց պարսիկների վրա, մեծամեծ ավար առավ ու դարձավ Ճահուկ: Այստեղ եկավ մի մարդ, Ամատունի, անունը՝ Սարի, որ Ճահուկի բերդի տերն էր, եկավ և բերդը հանձնեց Դերենին։ Դերենն ուրախացավ, գանձ, ձիեր, ջորիներ, հանդերձներ տվեց և շատ մեծարեց նրան։ Երբ լսեցին այս՝ մյուս բերդերի տերերը, բոլոր ամրոցները տվեցին նրա առատաձեռնության ու զվարթամտության համար։

 

Նախորդ էջԲովանդակություն  | Հաջորդ էջ
Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Սովետական գրող հրատարակչություն, Երևան 1977
Տրամադրել է՝ Միքայել Յալանուզյանը

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice