ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Ոսկեփորիկ. նմուշներ հին և միջնադարյան արձակից

ՈՍԿԵՓՈՐԻԿ

Նախորդ էջԲովանդակություն  | Հաջորդ էջ

[էջ 254]

ԱՐՏԱՎԱԶԴ (VIII Դ.)

ՈՂԲ 703 ԹՎԱԿԱՆԻՆ ԻՍՄԱՅԵԼԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱԶԳԻՑ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻՆ ՀԱՍԱԾ ՉԱՐԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԵՎ ՎԿԱՅԱԲԱՆՈԻԹՅՈԻՆԸ ՍՈԻՐԲ ՎԱՀԱՆԻ, ՈՐ ՈՐԴԻՆ ԷՐ ԳՈՂԹՆԻ ՏԵՐ ԽՈՍՐՈՎԻ

Ա. Ահա մերկացավ սուրը պատյանից։ Արյան ծարավի սուրը մեզ վրա է հանել Իսմայելի ազգը, աշխարհի չորս կողմերում գոչելով առյուծի պես, չորս հողմով հուզելով ծովը՝ արար աշխարհը։ Իսրայելին վերաբերող մարգարեությունը մեզ ևս հարմարվում է. Երուսաղեմը քանդված էր հիմնիվեր. մեր ամբողջ երկիրն էլ ավերակվեց։ Երկրիս բարիքները օտարները վայելեցին, և, նախարարների ազատությունը, տերությունը, իշխանությունը անարգաբար գետին տապալվեց։ Այնտեղ մանուկները զարնվեցին քարի, իսկ մեր բոլոր ծնողներն ու զավակները գերեվարվեցին։ Այն, որ Երեմիան ողբում էր մայրերին, այժմ մեզ պատահեց։

Այժմ, այն ժամանակվա նման սգում են մեզ Սիոնի ճանապարհները, որովհետև ապականվելով` սուրբ սպասների պայծառազարդության լույսը վերացավ, վերացան հոգեզարդ տոների ուրախությունը և քահանաների ու պաշտոնյաների, աստվածային հոգևոր երգերի ցնծությունը և միաժամանակ՝ առհասարակ աշխարհիս վայելչությունը։ Որովհետև տխրաբեր հարավային օդով շնչող մրրիկը վերացրեց փափկության առագաստը, ոչնչացրեց լուսազարդ ծածկոցի պատվականությունը, որ դրախտի փոխարեն շնորհվեց մեզ Քրիստոսի խաչի կենաց փայտից, և ի հայտ եկավ կտավի թանձրության թուխ գույնը։ 0՜ խավարչուտ թանձրություն անսահման սևության, գո՜ւյն, որ բռնելու էր ամբողջ Հայաստան աշխարհը։ Ինչպես նախապես երևացել էր տեսիլը աստծու երանելի ու մարգարեաշնորհ այր սուրբ

[էջ 255]

Սահակին՝ բանավոր հոտի հավետ հոգատար հովվին և հայոց աշխարհի վերադիտողին, կամ ինչպես ավելի առաջ տեսել էր սքանչելի լուսավորումով նրա նախնին՝ առաքելանման այր, երիցս երջանիկ սուրբ Գրիգորը։

Բ. Տաճիկների բռնակալության շրջանում, երբ Մահմեդ Առաջինի մահից հետո, նրանց ութսունհինգ թվականին, Մրվանի որդի Աբդլմելիքի վերակացության ժամանակ, մեզ կրակը գցեցին, երբ սատանան բարկացրեց նրանց, անարդար բան մտածեցին մեր դեմ, չարության մահաբեր թույնով, բազում չարիքներից հետո, որովհետև զորքերն ու զորագլուխներին, պետերին ու իշխաններին, ազնվականներին ու նախարարներին բնաջնջում էին սրափողոտ խողխողելով։

Ապա շտապ դեսպաններ ուղարկեցին տարբեր կողմեր՝ ստահամբավ փութով, դավադրաբար համոզող խոսքով ու խոստումով, բոլորին մի տեղ հավաքելով, արքունիքից բազմաթիվ նվերներ ու պարգևներ շնորհեցին, առատաձեռնորեն նրանց դահեկաններ, նաև տարվա պարտքերը բաշխեցին։ Նենգապատիր խաբեությամբ զենքերը նրանցից վերցրին, իբր թե նրանց զենքի երկյուղից իրենց ապահովելու համար, ասելով՝ «Դուք մեզ նման հաստատուն չեք երդման մեջ»։ Եվ նրանց տարան մի վայր, պահեցին ոմանց Նախճավան քաղաքում, մյուսներին՝ Հրամի ավանում։ Եվ իրենց չարագործներից մի վերակացուի, Կասմ անունով, Մամհեդին հավատարիմ, Աբդլմելիքը հայոց հրամանատար էր կարգել։

Հավաքելով երկրիս նախարարներին նախատեսված տեղում, լցնում էին սուրբ եկեղեցիները, դռներն ամուր փակում և ասում, «Ոչ ոք թող այստեղից դուրս չելնի»։ Եվ իրենք ծածուկ զինվեցին, դուրս եկան և աղյուսով շարեցին ելքերը։ Իսկ նախարարները ձայնելով օրհնեցին հնոցի միջի սուրբ մանուկներին, և հետո երգելով փառաբանում էին հովիվներին ու վերին հրեշտակներին։ Նրանք քանդելով առաստաղը, վառեցին եկեղեցին, և բոցը բարձրացավ Բաբելոնից ավելի վեր։ Այնտեղ թագավորի բռնության երկյուղն էր, իսկ այստեղ դևերի լեգեոնը մարդկանց մեջ մտած՝ կատաղեցնելով սուսերներն էին ճոճում։ Այնտեղ գութն այ-

[էջ 256]

րում էր ծնողների աղիքները, իսկ վերևից` ձեղունից ընկնում էր կրակը, և մանուկներին հանդերձների մեջ վառում էր հուրը։ Հայրերն ինքնասպան էին լինում, որովհետև զավակների ողորմելի մահը իրենց տառապանքը մոռանալ տվեց։ Եվ բոլորը միասին այրվում էին։

Արդ, ողբա մեզ, ո՛վ աստծու սուրբ, որ ասում էիր. «Մի՛ ուղարկիր ինձ ժողովրդիս մոտ», քանի որ քոնը գերեզմանով փակվեց, և աչքերդ աղբյուր են դառնում մեզ համար։ Բա՛ց բերանդ բարեխոսության համար, չէ՞ որ քո մահը ավելի պատվական է, քան մեր կենդանությունը։ Սգա, երկի՛ր, ողբա, երկինք, բոլորդ հոգոց հանեցեք ու ճչացեք մարգարեի հետ, որովհետև մեգն ու մառախուղը տարածվեցին ձեզ վրա։ Բազմարտասուք մի՛ տանջվիր դու, Երեմիա՛, որ աղբյուր աչքեր էիր ցանկանում. հենց մեր աշխարհում ծովացավ աղբյուրն արտասուքի։

Այս ամենի համաձայն բազմավտանգ հուրն այն, որ բորբոքել էին մարդիկ, փայտակերտ առաստաղը հրդեհակեզ այրեց. այրվածքի մուրը ներքև հոսեց մխախառն հրով հանդերձ, հեղձամղձուկ դառն պատուհասով մահ բերելով նրանց բոլորին, ծածկեց այն անօգնական բազմությանը։ Եվ նրանց անդադար գոհաբանությունը դադարեց սպառած հոգիների հետ։ Եվ դահիճները ապահովվեցին սակավ, բայց քաջամարտիկ ու պատվական նախարարների այն երկյուղից, որ բազմիցս անհանգստացրել էր նրանցից շատերին։ Նույն կերպ բոլոր երևելի զորամարտիկները սրով գլխատված կախվեցին փայտից, գործն այդպես ավարտվեց։

Գ. Հետո ոխակալ այլազգիները ցրվեցին մեր աշխարհում՝ խուզարկելու սպանվածների տները և մեր ամբողջ երկրի բոլոր գանձերը կողոպտելով, տիրանալով հեծյալների տներին ու ընտանիքներին, գերեվարեցին դեպի Նախճավան։ Այս ամենի համբավը ցնցեց մարդկանց ու սրտերից ողբի հառաչանքներ հանեց։ Իսկ անօրենները անողորմությամբ հռչակվեցին ոչ միայն մեր մեջ, այլև ամբողջ աշխարհում։

Այս չարագործությունը տեղի ունեցավ Աբդլմելիքի իշխանության տասնվեցերորդ տարում։ Սա ավերում էր Հա-

[էջ 257]

յոց աշխարհը մինչև իր մահվան օրը։ Նրա հրամանով չորս անգամ կատարվեց այդ բանը։ Նրա մահից հետո, նրա Վլթի որդու իշխանության առաջին տարում, որ հայոց 152 (703) թվականն էր, զատկի տոնի օրերին, գերի բազմությունը տարան Դվին մայրաքաղաքը և տապ օրերին բոլորին պահեցին բանտում։ Ինձ թվում է, ավելի շատ էին մահացածները, քան՝ կենդանիները։ Եվ աշնանը հանեցին նրանց բանտերից, պարանոցները կապեցին և համարով ու ցուցակով տարան ասորեստանցիների երկիրը։ Հասնելով Դամասկոս ազատներին տարան արքունի ծառայության, նրանց երեխաներին արհեստի տվեցին, մնացյալները բաժանվեցին իբրև գերիներ։ Իսկ ճանապարհին զոհվածները, չգիտեմ, գերեզման ունեցա՞ն և կամ ինչպե՛ս մահացան։

Դ. Այնտեղ հավաքվածների մեջ կար մի մանուկ Գողթն գավառից։ Նրա անունը Վահան էր, Գողթնի տեր Խոսրովի որդին էր, մոտ չորս տարեկան, շնորհալի և աչքի ընկնող։ Արքունիքից հրամայեցին` նրան մեր մեծախորհուրդ ճշմարտությունից դարձնել ստության կողմը։ Երբ այդ արեցին, նրան անվանեցին Վահապ։ Նա գնալով իմաստնանում էր և բարձրանում իր խորհրդակիցներից, դառնում ուսուցանող իր հասակակիցներին և արքունի դիվանադպիր։ Աբդլմելիքի, նրա որդու՝ Վլթի, եղբոր՝ Սուլիմանի մահից հետո արաբների մեջ տարածվեց խոսակցություն, թե հայերիս նկատմամբ անարդար են վարվել։

Եվ երբ արաբների գլխավոր դարձավ Ոմառը, աստված նրան հիշել տվեց հայերի նկատմամբ կատարված անիրավությունները։ Սա հրամայեց հավաքել գերիներին և արձակեց բոլորին։ Եկավ և այն Վահանը, որ վերակոչվել էր Վահապ և նրանց ուսման ու գիտության քաջատեղյակ էր, խոսքով ևս հմուտ էր ու կորովի, և հայտնեց իր տառապանքները: Եվ նրա խոսքերը ծանր տպավորություն գործեցին Ոմառի վրա, որովհետև տեսնում էր, որ ոչ ոք իմաստությամբ հավասար չէր նրան։ Վկաներ ուզեց, բայց ոչ ոք նրա մասին վկայել չէր կամենում։ Իսկ հայերից եկող վկաներին չընդունեց։ Այս անում էր Վահանի պիտանիության

[էջ 258]

պատճառով, բայց իր հրամանը հաստատուն էր պահում և չէր փոփոխում՝ իր բարոյական բնության համաձայն։

Այնուհետև հեծյալ դեսպաններ առաքեց Միջագետք՝ ստուգելու։ Այնտեղ գտնվեցին տասնհինգ հոգի, արաբներ, որ լավ տեղյակ էին ու ծանոթ երանելի պատանուն։ Նրանց վկայությունները հասցրին Ոմառին։ Սա չկամեցավ բռնանալ նրա կամքին, այլ քաղցր խոսքերով ուզեց համոզել պատանուն, ասելով.

— Մի թողնիր մեզ, որդյակ։ Եթե որևէ բանի պակասություն ունես, քեզ կդարձնեմ իմ թագավորության երևելիներից, փառավոր՝ իշխանությամբ ու գանձով։

Իսկ նա, որ աստվածային հոգի ուներ ու խորատես էր, բարձր՝ մարմնական ցանկություններից, իմաստնանում էր պատասխանելիս.

— Իմ հայրերը, որ Պարսից իշխանության մեջ էին, նիզակի ու աղեղի մարդիկ, ավելի շատ մեծարվեցին գանձով, քան մեր երկրի բազում ազատներ։ Եթե ամեն ինչ ինձ կրկնապատիկ տրվի իմ գերության դիմաց, դա ևս ինձ չի կարող պահել։ Արդ, քանի որ աստված քաղցրացրեց ձեր գութն իմ հանդեպ, արձակեցեք, որ տեսնեմ իմ հայրենի երկրի ավերածությունների որչափությունը և ձեր հրամանով գործակալ նշանակելով, վերադառնամ ձեզ մոտ։

Ե. Իմաստուն խոսքերից հետո թույլ տվեցին, գրելով հաստատուն և անփոփոխելի հրաման։ Նա հասավ իր գավառը՝ Գողթն, վերակացուների հարցը կարգավորեց ըստ հրամանի։ Շուտով նրան լուր հասավ, որ Ոմառը մահացել է։ Եվ նա չկամեցավ վերադառնալ, չնայած պայմանավորվել էին և իրեն մեծ պատիվներ էին սպասում արաբների երկրում։ Ողբում էր մանուկ հասակում կատարած ուրացությանը, վերստին արտասուքը ծով էր դառնում, և նա սրտի խորքում այսպես էր մտածում. «Սուրբ հայր, դու, որ քո բարձրությամբ դարձյալ խոնարհներիցս հեռու չես և քո Միածինը մեզ պարգևեցիր խաչի սեղանով և քո սուրբ հոգին՝ հավատացյալներիդ առաջնորդելու, նայիր ի՛նձ, սրտով բեկվածիս։ Միայն դու ես տեր, և քո գթությունը անսահման է, իսկ բարերարությունդ չափ չունի»։

[էջ 259]

Եվ երբ տեսան այդ ամենը, աներկրասեր մտքի բարքերը, կամեցան նրան աշխարհի սիրով կապել, ստիպում էին ամուսնանալ, որ ազգատոհմը չնվազի, և իրենց ցանկությունը կատարեցին, բարեկամություն հաստատելով Սյունյաց տիրոջ հետ։ Բայց նա չհրապուրվեց աշխարհիս մեծություններով։ Եվ ծածուկ շարունակում էր աստվածապաշտությունը, հայտնապես դավանում Քրիստոսին և ոչ թե վախենում ուրացողի նման։ Այնուհետև, մտածելով հանցավոր կենցաղավարության վրա, թողեց իր ամբողջ կարողությունը, հետը պաշար վերցնելով և քսան հեծյալ, դիմեց դեպի Հունաց աշխարհը։ Եվ երբ գնաց Վայոց ձոր, նրա գաղտնիքը հայտնի դարձավ աներոջը, որի խրատի կարիքն զգում էր։ Այնտեղ տխրաշարժ կանայք արտասվելով ողբում էին, ասելով, «Իրավամբ տիրելով հայրենիքիդ, մեզ ևս մեծ հույս էիր։ Այժմ, տեսնելով մտադրությունդ, երես ենք դարձնում քեզանից, և դու մեզ համար ոչ կենդանի ես, ոչ մեռած»։ Շուրջը նստած, արտասուքով ասում էին. «Նայիր մեր ծանր կյանքին. գուցե քեզ խլում են մեզնից, քեզ հետ կգանք ապրելու և մեռնելու օտար երկրում»։

Այդ լսելով, երանելին, հոգու զենքով վառված, շտապ հասնում է Վրաց երկիրը, որպեսզի այնտեղ եղած իր ազատ մերձավորների միջոցով կազմակերպի ծրագրված ճանապարհորդությունը։ Եվ մոտ մեկ տարի այնտեղ անցկացնելով, վերադարձավ Հայաստան, Արագածոտն։ Օգնական հեծյալներից ձանձրանալով, արձակել էր նրանց։ Այնտեղ, Իշխանաց գավառում մերձավոր ազատները խորհրդակցեցին, որոշելով ուղարկել նրան թագավորանիստ քաղաքը: Բայց չբավարարվեցին այդքանով և իշխանին ու կաթողիկոսին ևս խորհրդակից դարձրին։ Իմ կարծիքով, այն դևը, որ ամեն ինչում քաջավաստակ էր, չարամիտ գաղափարով շտապ հասավ, վախեցնելով զորապետներին ու քրիստոնյաների վերակացուին, որոնք ասացին. «Գնում է՝ թող գնա, թե չէ մեզ էլ, իրեն էլ կկործանի»։

Սրանով ավելի էին զայրացնում Վահանին։ Նա հրաժարվեց պաշարից ու օգնականներից, բացի մեկից, որ իր սիրելիներից էր։ Բայց նա ևս չվրիպեց դևի աչքից, ու ասում էր. «Ես գնում եմ ընկերներիս հետ, տուր ինձ երի-

[էջ 260]

վարդ, և քեզ չհմ մատնի թշնամիներիդ ձեռքը»: Նա տեսնելով սրա խորամանկությունը տվեց ու սիրով ուղարկեց: Իր մոտ մնաց մի քիչ պաշար, որ տվել էր կինը իր հոր տունն ուղարկելիս, և ուրիչ ոչինչ չուներ։ Գնաց, հասավ Վաղարշապատ քաղաքը, հանդիպեց կաթողիկոսին, որն ասաց.

— Գնա որևէ մենաստան, որ ուրիշներին չվնասես։

Եվ ոչ ոք նրան չէր ուզում ճանաչել։ Գնում էր մեծ տառապանքից ուժասպառ և ընկնում գետին։ Անմիջապես մի մարդ հասավ գրաստով։ Նայեց (Վահանը) և ոչինչ չգտավ, բացի մատանուց, որ իր կնիքն էր, հանեց տվեց մարղուն, որ իրեն տանի որևէ անապատ։

Մեծ զատկի օրերը մոտ էին։ Եվ սա, մտնելով կրոնական միջավայր, մնաց վեց ամիս։ Եվ արտասուքի ծով կապեց, և մտքերը աստվածախոս արբեցրին նրան վերին իմաստությամբ։ Բայց չարասեր դևը, որ սովոր է մարդկանց խաբել, երկյուղ է գցում կրոնավորների սրտերը։ Մերձակայքի իշխանի կինը մարդ է ուղարկում անապատ ասելու. «Թող նա հեռանա ձեզնից, որպեսզի իրեն և ձեզ կորստյան պատճառ չլինի»։ Իսկ նա գոհություն հայտնելով աստծուն, ասում էր. «Երբ չարը պատերազմ է հրահրում, իմ հույսը դու ես։ Ես չեմ վախենում մահվան ստվերոտ տեղերից։ Եվ քո խաչի ցուպն ու գավազանը մի հեռացնիր ինձնից։ Խոցված եմ, ահա, գայլի ժանիքներով, ինչպես նա, որ Երիքովում ընկավ ավազակների ձեռքը։ Ինձ կիսամահ չթողնես, ես պատանքի և ձեթի ողորմության կարիքն եմ զգում»։

Եկավ հասավ անծանոթ ու սակավամարդ մի անապատ, տարին վերջանում էր, աշուն էր։ Միավերարկու, անթուլանալի սրտով, ինչպես շատ ծարավկոտ եղջերուները աղրյուրին, նա կարոտել էր աստծու սիրուն։

Գնաց հասավ այնտեղ, ուր տաճկաց իշխանն էր, և իր հավատի համար թույլտվություն խնդրեց, մանավանդ որ ծանոթ էր սուրբ գրքին և քաջահմուտ իսմայելական առասպելաբանության։ Եվ ոչ թե հանդգնորեն դեպի մահ էր գնում, այլ՝ իր ճշմարիտ հավատին հաստատություն և նրանց ստությունից հրաժարվել էր ցանկանում։

— Քանի որ ես դեռահաս էի, երբ նրանց հավատն ըն-

[էջ 261]

դունեցի֊,— ասում էր նա։— Քրիստոսն ինձ համար մեռավ, իսկ այժմ ես նրա սիրու համար տասնապատիկը կընդունեմ. թշնամանքի դեմ՝ թշնամանք, հալածանքի դեմ՝ հալածանք, կապանքների դեմ՝ կապանքներ, ատյանի դեմ՝ դատաստան, սուտ վկաների դեմ՝ արդար վկաներ։

Եվ ոմանք արգելում էին նրան, բայց նա չէր հետևում այդ խրատներին, այլ եղբայրների հորդորները լսելիքը մտած քաջալերում էին նրան մշտապես։ Երբ գնալու ժամն եկավ՝ իմացավ մի կրոնավոր, որ Սովի վանքի վանահայրն էր` Հովհաննես անունով, նրա համար գրաստ և հագուստ էր պատրաստում։ Եվ կրտսերագույն եղբայրներից մեկին հորդորեց գնալ իբրև Վահանի սպասավոր։ Եվ այն չորս տարում, որ նրանք շրջեցին միասին, երեք սքանչելիք երևաց, որ անկարող եմ պատմել, ինչպես Տարսոնացին էլ իր տեսածն էր պատմում, լույս տեսնելով և ձայն չլսելով։

Սուրբ խաչի տոնին բազում զղջանքներով մտնում էր աստծո տաճարը։ Եվ մի մարդ Մաքենաց վանքից, Սողոմոն անունով, նրան տալիս էր գիր քաջալերության և հանդերձանք՝ իբրև վարձատրություն։ Իսկ երանելին այս բազում արտասուքներով ընկավ անդառնալի ճանապարհ. ինչպես տիեզերաքարոզը՝ Հռոմ. եկավ հասավ նա Բզնունյաց գավառ, գյուղը, որի անունն էր Արծկե։ Գնաց անապատը, որ կոչվում է Երաշխավոր, Մասսի ստորոտում, որի առաջնորդը Արտավազդ անունով մեկն էր։ Սա Աբրահամի նման սիրով հյուրընկալեց նրան երեք օր և մեկնելու ժամանակ ճանապարհի պաշար պատրաստեց:

Երբ հասավ Ուռհա մայրաքաղաքը, երկրպագեց փրկչի պատկերին, թողություն խնդրելով մանկամիտ անմեղության համար։ Այնտեղից Կաղանեկոս գալով՝ անցան Եփրատ գետը։ Ճանապարհը մեծ դժվարությամբ ավարտելով, գալիս հասնում էր Ռուծափ, ուր բնակվում էր տաճիկների Շամի իշխանը։ Դրանից հետո՝ արձակեց այն պատանուն, որ իր հետ էր, և ինքը քաղաքից դուրս հանգստացավ մի քանի օր:

Զ. Բայց ինձ թվում է, թե դևն էլ էր այնտեղից անցել. նա իր խորհրդակիցներին ասում էր. «Կհեռացնեմ այս մար-

[էջ 262]

դուն Քրիստոսից և կմոտեցնեմ դժոխքին, բայց դուք ինձ պիտի օգնեք»։

Եվ արքունի խորհրդակիցների բազմությունը նրան ասում էր.

— Հեշտ կյանքը թողած, մոլորվելով, մի հետևիր դժվարին, մի հրաժարվիր քո փառավոր կյանքից, ընդունիր մեր պատգամավորին, որ այստեղ մեզ տվեց աշխարհիս մեծությունը և այնտեղ դրախտի փափկությունը մեզ համար է պահում։

Վահանը սուրբ հոգով զորացած՝ ասում էր.

— Ձեզնով ինձ հետ խոսում են դևերը, դրանք գերգեսացոց երկրում խնդրեցին լինել խոզերի իշխան և ծովում խեղդվեցին։ Ձեզ հետ կմահանան և ձեր խոսքերն ու չար խրատները։

Եվ պարտվելով նրանից, իրենց հավատի մեջ թուլացան։

Իսկ նա, աստծուց խրախուսված, գնաց դպրապետի մոտ, որ անցյալում եղել էր իր ուսուցիչը, ու նրան հայտնեց իր խորհուրդը։

— Ճշմարիտ հուսով աներկյուղ եմ,— ասաց,— խնդրում եմ, պատմիր իմ մասին ամիրապետին։

Դպրապետը տեսնելով Վահանի համարձակությունը և իրենց հավատի նկատմամբ ունեցած արհամարհանքը, սաստեց նրան խստագույն սպառնալիքներով։ Բայց նրա սրտի ուրախությունը պայծառացնում էր երեսի գույնը։

Եվ երբ այդ տեսավ դպրապետը, խղճի գալով արքունական պարգևներ խոստացավ և իշխանություն, միայն թե համաձայնի։ Տվեց նրան երեսուն դրամ, որը վերցնելով դպրապետի ներկայությամբ աղքատներին բաժանեց։ Իսկ ինքը անօթևան էր ցրտաշունչ ձմեռով, սակավահանդերձ և անսնունդ։

Ապա գնաց մի իշխանի մոտ, որ ելևմտից պետն էր։ Սա սարսափից հրաժարվեց օգնել, ասելով.

— Վտանգավոր է այդ խոսքդ, ինձ՝ հոգս, իսկ քեզ մահ կբերի, ու խորհուրդ տվեց նրան գնալ հեռանալ։ Իսկ նա խրատը ոչ աստվածահաճո նկատեց, ինքը վատաբար փախչի՞ պատերազմից։ Երբ չէր գտնում ելք իր ցանկությունը

[էջ 263]

իրագործելու, ընկավ աստծո առջև աղերսանքով։ Գտանք նրա գրավոր աղոթքը, ուր ասվում է.

«Միածին որդի աստծո, որ մոլորյալ ոչխարին հովիվ կոչվեցիր և գտնելով նրան, ուսով բարձրացրիր և բազուկներդ տարածելով տիեզերքը շուրջդ ժողովեցիր, ինձ անօգնական չթողնես, լվա իմ հանցանքը քո արյամբ ու կենդանարար մարմնով, դու, որ մանանա ես անմահությանց` երկնքից իջար և մեզ հաց պարգևեցիր, աշխարհի փրկաբեր և կենաց ճանապարհի առաջնորդ, մենք հավատում ենք երրորդությանդ և մի աստվածության, մի դեմք և երեք անձնավորություն, բոլորից հեռու և մոտ բոլորին»:

Գոհության աղոթքից հետո գնաց մի դահճապետի մոտ, որի անունն էր Քաբշ և հիմացիների իշխանն էր։ Սա ցանկացավ լսել նրա պատմելիքը։ Եվ նրան տարան բռնակալի մոտ։ Նա երբ կարդաց Վահանի գիրը, զարմացավ նրա գրի վայելչության և ճշմարտացիության վրա, հրամայեց բերել իր մոտ ու նրան նայելով հաճոյախոսեց.

— Վահապ,— ասաց նա,— ինչու աղքատահանդերձ ես երևում, հայոց երկի՞րը քեզ իջեցրեց քո փառավորությունից։

Պատասխանելով, սուրբն ասում է.

— Իմ տերը ինքն իրեն ունայնացրեց, ծառայի կերպարանքով աղքատության իջնելով հանուն մեզ ու մահվան ենթարկվեց խաչի վրա։ Եթե նա ինձ համար համբերում էր, ինչու ես խուսափեմ դրանից։

— Հայոց սառցապատ լեռների չար դևերը քեզ խաբելով խենթացրին, որ այդպես խոսես,— ասում է բռնավորը։

Վկան պատասխանում է.

— Այն, որ առաջ կային իմ մեջ ձեր օրենքները վտարեցի իմ միջից։

— Ձեր մոլոր օրենքի իմաստուններն ասում են, որ դևերն ընկան և ուրիշները չարք դարձան, ճշմարիտ է, ձեզ նեղում են այստեղ և՝ ուր որ հույս ունեք գնալու։ Ով բարեմերժ այր, մոլեկաններին նմանվելով, քեզ զրկում ես փառավորությունից։

Ու հրամայեց գանձապետներին ոսկի և արծաթ բերել և մետաքսե գույնզգույն հանդերձանք, ասելով նրան.

— Թշվառական և չարասեր, առ այս ամենը, նաև՝ ծա-

[էջ 264]

ռաներ ու աղախիններ, ձիեր, ջորիներ, ուղտեր և իշխանություն՝ կուզես այստեղ, չէ՝ Գողթնում։ Մտածիր մեր պատգամավորի մասին, որ տվել է մեզ այս մեծ իշխանությունը և այնտեղ դրախտի փափկությունն է պահել մեզ համար։

Իսկ սուրբը պատասխանում է։

— Ես առաջ էլ եմ լսել քո խորամանկ ու բազմահնար ճարտարախոսությունը, շատերին ես որսացել այդ ճարտարությամբ ու կորստյան վիհը նետել, քեզ դժոխակից դարձնելով։ Ոմանց ստիպել ես ահարկու ձայնով, ուրիշներին՝ շողոքորթությամբ. ոմանց սնոտիապատիր գույքով ու այլ կաշառքներով, ոմանց անցավոր իշխանությամբ ու պատվով զարդարելով. շատերին սուտ հուսով խաբելով։ Ջանացիր ամեն կերպ քո բազմահնար իմաստությամբ կայուն մարդկանց շեղել այն ճանապարհից ու նետեցիր կորստյան խորխորատ։ Այդ բոլորի համար պատասխան ես տալու՝ այրվելով գեհենի հավիտենական տանջանքներով։ Բայց քո չարահնար մեքենայով չես կարող հաղթել ինձ, որ պարսպված եմ աստվածային երկյուղով ու գիտությամբ։ Որովհետև ձեր պետը, որին մարգարե եք անվանում, մեռած է և նրա ոսկորներն ու գերեզմանը ձեզ մոտ են, իսկ դու նրան մոտեցնում ես աստծուն և կոչում դրախտապետ, և նա ձեր մոլորության տեսանողը կամ բանբերն է լինելու։ Դու իմ նկատմամբ բարի եղիր և իրավունք տուր համարձակ իմ կարգավորության ավանդությունն ունենալ։ Ինձ հարկավոր չէ քո առաջարկած անցավոր մեծությունը, և եթե կամենում ես, իմ գավառն էլ խլիր ինձնից, միևնույն է, թողնելու եմ բոլորի նման։ Ո՞ւր է քո հոր տիեզերական իշխանությունը. կամ քո եղբայրների բռնապետությունը. ստվեր չե՞ն դարձել։ Դու ևս քիչ ժամանակ ունես. շուտով հող ես դառնալու։

Այնժամ բռնավորը բարկացավ, հրամայեց նրան դուրս տանել ու բանտարկել, ոտքերը կապել կոճղին։ Եվ երբ նրան տարան կապարան, խնդրեց, որ երկու ոտքն էլ դնեն կոճղի մեջ։ Ու նրանք զարմացան սրա հոժարակամության վրա, կատարելով խնդրանքը։

Եվ (ամիրապետը) շտապ դեսպաններ ուղարկեց Մրվանի մոտ, որ այն ժամանակ Միջագետքում էր, որպեսզի նրա-

[էջ 265]

նից ստուգապես տեղեկանա սուրբ աչքի մասին։ Իսկ նա գտավ քաջատեղյակ մարդիկ, արագ ուղարկեց ամիրապետի մոտ։

Վահանը բանտում մնաց ութ օր, մարմնի հանգստությունը մոռացած, անքուն աչքով, աննինջ արտևանունքով։ Իսկ բռնավորն այս օրերին նրա մոտ էր ուղարկում իրենց կրոնի քարոզիչներ՝ վիճելու, որ նրանից պարտվելով վերադառնում էին իշխանի մոտ, ասելով.

— Ոչ մեկից այդպիսի բան լսած չկանք. նրա խոսքը մերկ սրի է նման։

Եվ բռնապետը պատվիրում էր նրանց ուրիշների մոտ այս խոսքը չկրկնել։

Եկավ ողոգոմյան կոչված տոնը։ Վահանն ասում է բանտապետին.

— Աշխարհից հեռանալով, խաղաղությամբ կթողնեմ քեզ, քանի որ իմ նկատմամբ բարյացակամ եղար։ Իսկ բանտապետը զարմացած ասում է.

— Ինչ ես ասում, ես քո հանգստին չնպաստեցի, քանի որ դու այդպիսի բաներից հրաժարվեցիր։ Իսկ ես այլ բաներ չէի կարող անել, աշխատում էի օգնել իրերով ու շորերով։ Բայց դու ամենևին չէիր մտածում մարմնի մխիթարության մասին, որովհետև շնորհները զարդարում էին քեզ ոչ միայն ցերեկը, այլև գիշերը։ Հիմա դու հրաժեշտի խոսքեր ես ասում։

Նրանից գոհ՝ Վահանն ասում է.

— Երախտիքների հատուցողը հեռու չէ. և ահա այս անցավոր բաները գնում են իմ ձեռքից։

Է. Շուտով այստեղ հյուսիսային կողմերի իշխանից ձիավորներ եկան, պատմելու նրա մասին, թե իմաստությունը նրան խորթ չէ և վատ կրթություն չի ստացել։

Իշխանը հրամայեց բերել երանելիին և հարցրեց.

— Քո մոլորությունից հանգեցի՞ր ճշմարտությանը, որ սովորեցիր մեզանում մանկությունից, թե՞ նույնն ես պնդում համառորեն։

[էջ 266]

— Ճշմարտությանն այլ անուն տալ չի կարելի, ոչ էլ լույսին՝ խավար կամ խավարին լույս ասել։ Ինչ ուզում ես ինձ արա,— պատասխանեց նա։

— Վերին աստիճանի ուշադիր քննելով՝ քո և քո ազգակիցների մեջ կեղծիք չենք նկատել, նրանք իմաստուն են եղել։ Եվ եթե այլադավան ժողովուրդների մեջ են գործել` չեն հրաժարվել իրենց սովորույթից,— ասում է նրան իշխանը։— Բայց դու չար օրինակ եղար մեզ. քեզ նայելով` ուրիշներն էլ կընկնեն այդ փորձանքի մեջ։ Ուստի քո նկատմամբ բարի լինել չարժե, քանի որ դու բոլորին լսելի դարձրիր քո խոսքը, մերը սուտ հռչակելով։ Դու այդ շնորհները մեր հավատից էիր ստացել, իսկ հանդգնությունդ իմ ներողամտությունից էր։

Բոլորն սկսեցին աղաղակել, որ նրան անմիջապես սպանեն, չար դևը իր շունչը տվեց բոլորին։ Եվ ամիրապետը հրամայեց հանել նրան դուրս և սպանել։ Իսկ նա գնում էր հեզորեն, անտրտում դեմքով, սաղմոսում էր, ասելով, «Դեպի քեզ է բարձրանում հոգուս աչքը, տեր, ինչպես ծառայի ձեռքը տերերի ձեռքին, նույնպես էլ իմ մտքի տեսողությունը քեզ է նայում»։ Ասաց և հաջորդ սաղմոսները, մինչև հասավ սպանության տեղը։

Կանչելով Շամի դահճապետին, ամիրապետն ասում է.

— Գնա, տար նրան քաղաքից դուրս, համոզիր, թերևս դառնա մեր հավատին: Հակառակ դեպքում ահաբեկիր սուսերով։

Եվ նրանց ետևից գնում էր քրիստոնյաների բազմությունը, որոնց խանդաղտալից ողբերը աղբյուրանում էին արտասուքով։ Հասնելով սպանման վայրը, Վահանը ուրախ` ձեռքերը երկինք պարզած, ասում է՝

— Շնորհակալ եմ քեզնից, որ լսեցիր իմ հառաչանքները և կատարեցիր փափագս, ինձ արժանացնում ես քո սուրբ վկաների բախտին և քո մեծ անվան համար մեռնելու փառքին։

Այնժամ դահճապետը ցասումով դիմում է նրան.

— Իմ խոսքին լսել չցանկացար, այժմ կկատարեմ հրամանը։

Եվ սուրբը պատասխանում է.

[էջ 267]

— Եթե ձեր վերակացուի հրամանը արհամարհելը ձեր սովորությունն է, ինձ համար անհնար է իմ երկնավոր թագավորի պատվիրանը չկատարել։

Դահճապետը հանեց սուսերը և մի քանի անգամ թույլ հարվածեց նրան ինչպես հրամայված էր։ Ցայտող արյունը տեսնելով, նա չէր զարհուրում:

— Ի՞նչ կցանկանայիր,— վերստին հարցնում է դահիճը:

— Արա՝ ինչ կամենում ես,— պատասխանում է Վահանն ու այլևս չի խոսում։

— Ա՜յ տառապյալ, — ասում է սպանողը,— եկել հասել է քո դառնության օրը, ինչո՞ւ չես նախընտրում ապրելը։

— Այսպիսի մահը անցավոր կյանքից լավ է,— ասում է Վահանը։

Այնուհետև սպանողն ասաց, որ պարանոցն առաջ պահի և բարձրացնելով սուսերը կտրեց գլուխը։

Երանելի և մեծ Վահանը մահացավ մարտ ամսի տասնյոթին և մարերի ամսի քսանյոթին, ժամը իննին։

Ը. Այնտեղ պալատականներ կային, որ լսում էին ու տեսնում այս ամենը, երբ խոստովանողի արյունը հավաքվում էր մի տեղ։ Եվ ականատեսները պատմում էին, որ սքանչելի պայծառությամբ փայլում էր նրա դեմքը։ Իսկ քրիստոնյաները, որ սպասում էին նրանից նշխար վերցնելու, չէին համարձակվում մոտենալ։ Եվ սուրբ մարմինն ընկավ այնտեղ, ուր մահապարտներին էին գցում։ Եվ շները սովորել էին այնտեղ հավաքվել: Մութն ընկելուն պես եկան, շրջապատեցին ու կանգնեցին, հանկարծ իրար ծակոտեցին ժանիքներով ու փախան։

Մյուս գիշերը, չգիտեմ գիշերային տեսիլք էր, թե ուրիշ արհավիրք եղավ, ներքինապետը դուրս գալով արքունիքից ձայն տվեց.

— Այստեղ քրիստոնյա չկա՞, թող վերցնի մարմինը տանի, իրենց սովորության համաձայն վարվի։

Քրիստոնյաները երկյուղածորեն առաջ եկան: Եվ նա ասաց.

— Ոչ մի խարդախ բան չկա, վերցրեք խաղաղությամբ:

[էջ 268]

Եվ երբ լուրը տարածվեց, քրիստոնյաները հավաքվեցին, թաղեցին։ Նրանց մեջ կային հոռոմներ, հակովբիկներ, նեստորականներ` կանայք և տղամարդիկ:

Թ. Սա կատարվեց Շամի էմիրությունում, Եփրատից այն կողմ, Ռուծափ քաղաքում։

Յոթ տարի հետո Աբրահամ կրոնահայրը, որ և Արտավազդ է կոչվում, մի քանի եղբայրների հետ գնաց Ասորեստան, Կաղանիկոս քաղաքը, օթևանեց Դերման Զաքե կոչված մենաստանում, ուր մեզ սիրով ընդունեցին և խորհուրդ տվեցին զգուշորեն գնալ այնտեղ, որ թշնամիները չբռնեն ու պատժեն։ Եղբայրներին ու գրաստը այնտեղ թողնելով իր հետ վերցրեց մեկին ու մեծ դժվարություններով հաջորդ առավոտյան հասավ։ Մտնելով վկայարան, երկրպագություն ու գոհություն մատուցեց։ Եվ Թեոփիլեն, որ նաև Աբու Ստեփանե է կոչվում, սիրով ու հիացմամբ ընդունեց մեզ։ Ապա կանչեց բոլոր իրազեկ մարդկանց, որ երևելի պալատականներ էին։ Նրանք պատմեցին քաջ նահատակի վկայությունը և տվեցին այն գրված հունարենով։

Սիրով հրաժեշտ տալով եպիսկոպոսին և մյուսներին, աղոթելով սուրբ Վահանի վկայարանում, վերստին անցանք Եփրատ գետը, եկանք Ուռհա քաղաքը և գիրքը հայերեն թարգմանեցինք։ Վերադառնալով, սկսեցի պատմագրել՝ որտեղից արժանի էր։

Ժ. Արդ, Հայոց աշխարհը՝ պատուհասի բաժակն ըմպելուց հետո հայոց հարյուր հիսուներկու (=703) թվականին կատարվեց սա, և երեսունչորս տարի գերության մեջ մնացին, մինչև հարյուր ութսունվեց (=737) թվականը, երբ կատարվեց սուրբ Վահանի վկայությունը։

 

Նախորդ էջԲովանդակություն  | Հաջորդ էջ
Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Սովետական գրող հրատարակչություն, Երևան 1977
Տրամադրել է՝ Միքայել Յալանուզյանը

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice