ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Ոսկեփորիկ. նմուշներ հին և միջնադարյան արձակից

ՈՍԿԵՓՈՐԻԿ

Նախորդ էջԲովանդակություն  | Հաջորդ էջ

[էջ 269]

ՄԽԻԹԱՐ ԳՈՇ

ԽՈՍՐՈՎ ԳԱՆՁԱԿԵՑԻ

Եդեմացիների բռնակալության ժամանակ, որից շատ առաջ իսպառ վերացել էր հայոց թագավորությունը, և իշխանների մնացորդները շրջում էին անտերունչ՝ ցրված ամբողջ աշխարհում, չհնազանդվելով միմյանց, մանավանդ նրանք, որ բնակվում էին Արցախ ամուր աշխարհում, ավազակի նման մնալով լեռներում ու անմատչելի տեղերում և ճանապարհներին, ամեն ազգից, ում կարող էին հաղթել, առ ու ավար էին վերցնում և ոչ պակաս նեղություն էին պատճառում քրիստոնյաներին՝ հարկ գանձելով։ Կարծես մեզ համար է ասված՝ «Այժմ չունենք ոչ իշխան, ոչ առաջնորդ, որ մեզ հովվեն»։

Մարգարեն ձայնակցում է ողբիս. «Երանի թե գլուխս ջուր, աչքերս աղբյուր լինեին, որ ցերեկ-գիշեր լայի իմ ժողովրդի թշվառության, սպանվածների համար, և ողբայի բոլոր ազգերի մեջ ցրվելն ու կորսվելը մեր՝ մրրկահույզ ծովի ալիքների նման տատանված և նավահանգիստ չհասած։ Քանի որ մերոնք նախընտրում էին ստրուկ լինել ամեն ազգի ձեռքին, քան հնազանդել միմյանց և ապրել ազատության մեջ։

Այս պատճառով նեղվեցին ու տառապեցին անօրեն և ամբարիշտ ազգերից, Քետուրի ու Իսմայելի որդիներից ու եդեմացիներից, որոնց լուծը քրիստոնյաների վրա ավելի ծանր էր, քան երկաթե անուրը, մանավանդ պոնտացոց աշխարհում, ուր ծանր հարկերից ստիպված վաճառում էին որդիներին և իրենց փրկագին վճարում։ Եվ ամենուր, բո–

[էջ 270]

լոր վայրերում բազում էր ամպրոպը խռովության։ Որովհետև աստվածաշեն եկեղեցիները, որ մեզ տրվեցին դրախտի փոխարեն, տապալում էին, հիմնահատակ քանդում վանքերը, վկաների մատուռները անասունների տեղ էին դարձնում, պատվական մարդկանց անարգում էին և իմաստուններին արհամարհում, քրիստոնյաներից շատերի հավատը թուլանում էր, ինչպես կանխագուշակել է Պողոսը, թե՝ «Հետին ժամանակներում քանդվելու է մարդկանց հավատը, նրանք լսելու են մոլորության դևերին»։

Որովհետև հայրապետները արծաթով էին ձեռնադրություն անում, նույնպես և քահանայապետներն ու քահանաները, ինչպես ասել է Եսային. քահանան և մարգարեն խենթացան և այնպիսի հանդգնության հասան, որ աշխարհական մարդիկ, որոնք քահանայական օծում չունեին, նույնիսկ նրանց կանայք, վերատեսուչ էին լինում եկեղեցիներին, և ամեն մարդ համարձակ չարիքներ էր գործում և ոչ մի երկյուղ ու հանդիմանություն։

Այսպիսի մի ժամանակ հանկարծակի իբրև մեծապայծառ աստղ ծագեց Քրիստոսի նոր վկա Խոսրովը։ Նրա պատմությունն այս է։

Սուրբ Խոսրովը քրիստոնյա էր, քրիստոնյա ծնողների զավակ, Առան աշխարհում՝ Գանձակ կոչվող քաղաքին մոտ, տակավին մանուկ` ուշիմ ու հանդարտ, ապրում էր զգուշավոր կյանքով։ Իսկ բարեմերժ սատանան, որ Ադամի հետ կռվեց կնոջ միջոցով, պատանու դեմ այսպիսի պատերազմ հարուցեց։

Փոքր ու աննշան մի պարսիկ ապրում էր Առան գավառում, Գանձակ մեծ քաղաքին մերձ, Արխանաշեն գյուղում։ Բնակիչների կեսը քրիստոնյա էին, կեսը՝ հեթանոս, լինելով իրար սիրելի բարեկամներ։ Հիշյալ պարսիկն ուներ աղջիկներ ու տղաներ՝ այլևայլ կանանցից ծնված։ Նրա որդիներից մեկը սիրահարվել էր իր քրոջը, որ համամայր չէր։ Սա բռնացավ աղջկա վրա։ Եվ աղջիկը հղանալուց շատ վախեցավ, որ հանկարծ իմանան ծնողներն ու սպանեն։

Բայց աղջիկը սիրահարված էր պատանի Խոսրովին, որ տեսքով ամենից գեղեցիկ էր, խարտիշահեր, կարմիր և սպիտակ դեմքով։ Նրանք հարևաններ էին, և միշտ մտնել-ելնե-

[էջ 271]

լիս տեսնում էր, երբեմն հանդիպում էր պատանուն առանձին, փաղաքշելով պատիր բաներ էր ասում նրան՝ միգուցե կարենա խաբել, որ չբացահայտվեն իրենց չար գործերը և իրենք սպանվեն։ Եվ սա անում էր բազում անգամ։ Իսկ սրբասեր ու ողջախոհ պատանին չէր խոտորում աղջկա խոսքերից, այլ ընդդիմանում էր չարին, ինչպես այն Հովսեփը հնում, կամ ավելի վեհ, եթե հանդգնություն չէ ասելը։ Որովհետև նա այն առաքինությունից հետո օրինավոր ամուսնություն ունեցավ և ծնեց երեխաներ՝ Եփրեմին ու Մանասեին. իսկ սա մեր օրերում արիությամբ մտավ ասպարեզ, նվաճելով հաղթության դափնին։

Եվ երբ աղջկա հայրը տեղեկացավ, թե իր դուստրը հղի է, խոշտանգում էր նրան ու հարցնում. «Ո՜վ բռնադատեց քեզ, ասա՛»։

Իսկ սատանայի դուստրը և զենքը, որ բոլոր ժամանակներում բազում չարիքների պատճառ է եղել, զրպարտեց պատանի Խոսրովին, մտածելով, որ նրա միջոցով կազատվի, և իր կամքը կկատարվի՝ ստիպողաբար նա կուրանա (իր հավատը) և իրեն կնության կառնի։

Սրա համար Քրիստոսի բարեհաղթ վկան հանձնվեց դատարանին։ Դատավորը հրամայեց բանտ նետել նրան։ Մի ամիս մնաց բանտում սակավապետություն ցուցաբերելով։ Այնուհետև դատավորը հրամայեց հանել նրան բանտից։ Ու որբի ծնողներն եկան, հիշեցրին նրան իրենց ալեհեր ու ծեր լինելը, հոգեխառն սնունդը, որով սնել են։ Եվ մայրն անում է. «Խղճա թշվառացյալ մորդ և մի մատնիր արյունարբու գազանների ձեռքը»։ Հայրը ևս աղիողորմ արտասուքով ու հառաչանքով ասում էր. «Հա՛նձն առ, որդյակ, ատյանի առաջ և ազատվիր տանջանքներից ու մահից։ Եվ քեզ կտանենք Վրաց աշխարհը, այնտեղ աներկյուղ պաշտիր Քրիստոսին»։

Իսկ նա շրջելով երեսը, չէր ընդունում նրանց ասածը։ Եվ երբ տեսան, որ պատանու միտքը հաստատուն ու անհողդողդ է, լալով հեռացան։ Այս լսելով դատավորն ասում է.

— Սրան մի քանի օրով թողնենք, միգուցե խրատվելով ուղղվի։

[էջ 272]

ու հրամայեց վերստին բանտ տանել, մտածելով, թե ինչ անի սրբին։ Բանտում մնաց ևս ութ օր, այդ ընթացքում ոչ կերավ, ոչ խմեց։ Երբ այդ օրերը վերջացան, տարան դատավորի մոտ։

Խոսել սկսեց դատավորն ու ասում է.

— Խոսրով, մի մոլորվիր իզուր, համաձայնիր, և քեզ շատ ոսկի կտանք և այն աղջիկը՝ կնության, նաև այլ պատիվներ։ Իսկ եթե չկամենաս ինձ լսել, բազում ծանր չարչարանքների կենթարկվես։

Սուրբն ասում է.

— Քո պարգևները քեզ լինեն, ես դավանում եմ իմ թագավորին, որն ստեղծել է երկինքն ու երկիրը, ծովը և այն ամենը, որ կա նրանց մեջ։

— Խնայիր քո կանաչ կյանքը,— ասում է դատավորը,— արա իմ ասածը, մեզ հետ եղիր, կոչվիր իմ որդին և ապրիր, թե չէ՝ կապական եմ քո վայելուչ գեղեցկությունը։

Խոսրովը պատասխանում է.

— Քեզ ասացի և վերստին կրկնում եմ, որ չեմ անսա ձեր ստապատիր խաբեություններին, որովհետև վաղ թե ուշ մեռնելու եմ։

— Քեզ հրով կայրեն,— ասում է դատավորը,— եթե չհրաժարվես այդ համառությունից։

— Չես կարող պատրաստել այնպիսի հուր, ինչ պատրաստել է Քրիստոսը մեղավորների և նրանց համար, ովքեր ձեզ նման ամբարիշտ են,— պատասխանում է Խոսրովը:

Դատավորն ասում է.

— Գոնե ընդունիր Մահմետին, որ այստեղ աշխարհս տվեց մեզ, այնտեղ դրախտը։

— Ստիպում ես ինձ ուրանալ կենդանիին և երկրպագել մահկանացուներին, որ իրենք մոլորվեցին ու ձեզ էլ հանեցին ուղիղ ճանապարհից,— ասում է սուրբը։

Դատավորը բարկանալով` երկու զինվորի հրամայեց կապել երանելիի ձեռքերը ետևում և երկաթի շղթա դնել պարանոցին ու շրջեցնել քաղաքում ժողովրդին ի տես։ Եվ հեթանոսներից շատերը զարմանում էին սրբի համարձակության ու անհողդողդ մտքի վրա և` թե ինչպես է սնոտի

[էջ 273]

հուսով մեռնում։ Դրանից հետո դատավորը վճիռ արձակեց, որ քարկոծեն։ Եվ ամբոխը, վերցնելով նրան քաղաքից դուրս հանեց հյուսիսային կողմը մի քարքարոտ տեղ, ցամաքած գետի ափին մոտ։ Քրիստոնյաները ևս, որ քաղաքում էին, թաքուն գնում գալիս էին, որ տեսնեն վկայի նահատակությունը։ Եվ երբ երանելիին բերին տեղ հասցրին, ասացին նրան. «Մի՛ համառիր երեխայի նման, այլ լսիր մեզ և կատարիր դատավորի կամքը, և մենք կխնդրենք, որ քեզ ներում շնորհվի։ Միայն ընդունիր մեր հավատը»։

Խոսրովն ասում է.

— Ո՞ւմ եք ուզում երկրպագել տալ, կախարդի՞ն, սատկած շա՞նը։

Եվ իբրև վայրենի գազաններ մռռալով ու ատամները կրճտելով նրա վրա՝ գանահարում էին անխնա, կապելով մի թթենու։ Բայց նախքան կապելը ծնրադիր աղոթում էր նա ու ասում.

— Քրիստոս, փառք եմ տալիս քեզ՝ Հորով և ամենասուրբ Հոգովդ հանդերձ։

Եվ բարբարոսները գրգռելով միմյանց՝ քարկոծում էին սրբին։ Երանելին կարծես գառ էր՝ գայլերի մեջ, չկար մեկը, որ կարեկցեր, կամ մեկը, որ հասներ օգնության, այլ բոլորը՝ եկվոր ու բնիկ պարսիկները, շների նման կատաղած նրա վրա հանդիմանության նետեր էին արձակում։

Եվ քարերի բազմությունից, որ տեղատարափ թափում էին Խոսրովի վրա, բոլոր ոսկորները ջախջախվեցին, հոդերն անջատվեցին իրարից և մարմնի կտորտանքները գետին էին ընկնում։ Եվ նա հոգին ավանդեց ի փառս աստծո, ինչպես գրված է՝ «Արդարների ոգիները աստծու ձեռքում են»։

Այնուհետև բռնավորը հրամայեց, և կապեցին երանելիի պարանոցից, քարշ տվեցին քաղաքից դուրս, քրիստոնյաների փողոցներում, այն համարելով մեծ հաղթանակ։ Սրանից հետո սատանան մտավ բռնավորների սիրտը, որ հրով այրեն երանելիի մարմինը, բայց նա ընկնելով կրակը՝ չվառվեց։

Այն գիշեր եկան վկայի ծնողները, վերցրին նշխարները

[էջ 274]

ու թաղեցին քրիստոնյաների գյուղի հասարակաց գերեզմանոցում, հաշվի չառնելով նրա արժանիքները, միաժամանակ երկնչելով բռնավորներից։

Երկու տարի անց նշխարները փոխադրվեցին նույն տեղի գերեզմանոցի մատուռը և նրա փոխվելուն ականատես եղանք, տեսանք, որ ձեռքերի կապանքը չէր այրվել և գլխից ոչ մի մազ չէր պակասել, և վկայի նշխարները երկու տեղում էլ բազում բժշկություններ էին անում։

Բայց եկեք լսեցեք լույսի սքանչելի տեսիլը, որ երևաց վկայի նշխարներրի վրա։ Երևաց ոչ միայն հավատացյալներին, այլև անվավատներին, ոչ թե մեկ, այլ երկու անգամ։ Եվ առաջինն այսպես եղավ։

Գյուղի պարսիկները սովոր էին իրենց պահքի օրերին աղոթակոչ բերել, որ գիշերը ձայն տա, զարթնեցնի իրենց աղոթելու համար, ինչպես և ցերեկը հավաքի։ Եվ անօրինության մշակը, անապատի գայլը, եկավ այն գյուղը, ուր Խոսրովի հանգստարանն էր և մի գիշեր ելնելով, կամեցավ ուրացության բարբառը հնչեցնել։ Ելնում է մի բարձր տեղ և վկայի գերեզմանի վրա տեսնում սքանչելի նշան՝ սաստիկ լույս, որ լուսավորությամբ գերազանցում էր արեգակին։ Սարսափից բռնված աղոթակոչը չէր կարողանում խոսել և կիսամեռ ընկավ, մնաց մինչև առավոտ։ Հաջորդ օրը եկան գտան նրան, որ անշունչ էր մեռածի նման։ Ապա նրան հարցնում էին պարսիկները.

— Ւնչո՞ւ այս գիշեր չարթնացար ու մեզ էլ չհանեցիր. ախր քեզ հրավիրել ենք, որ աղոթք անես ու մեզ էլ հորդորես։

Իսկ նա հազիվ ուշքի գալով պատմեց գիշերվա տեսիլը, և նրանք շատ զարմացան ու գնացին պատմեցին դատավորին։ Դատավորը սաստեց նրանց, որ չպատմեն սքանչելի տեսիլը, որ տեսան։ Եվ ուղարկում է իր ծառաներից մեկին, թաքուն պատվիրելով, որ ոչ ոք չիմանա։

Ծառան դատավորի հրամանի համաձայն ամբողջ գիշերը հսկում էր և գիշերի մեջ տեսնում համապայծառ լույս, որ երկնքից փայլում էր վկայի հանգստարանի վրա։ Եվ ահուդողի մեջ ընկավ, չէր կարողանում նայել լույսի ճա–

[էջ 275]

ռագայթներին, որ երևացին։ Առավոտյան ահով ու երկյուղով գնալով քաղաք, պատմեց մեծասքանչ ու զարմանալի տեսիլը։ Իսկ պիղծ ու անօրեն դատավորը կամեցավ զլանալ սքանչելի մեծությունը, որ լսեց ծառայից, իսկ ավելի առաջ ուրիշներից։

 

ՍԱՐԳԻՍ ԳՐԻՉԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԸ

Արդ, հայկազյան ժամանակաշար չափով ՉԿԳ (1314), աստծու բանի՝ առ մեզ հայտնվելուց ՌՅԺԶ (1316) և նախաստեղծների վայելչական վայրից (դրախտից) ելնելոց մինչև այժմ ՑՉ և ԼԹ (6739) տարի է, որը ողորմած աստծո շնորհներով ու պարգևաբաշխությամբ, վհատ և տառապյալ հոգու ձեռքով, գրվեց Գործք առաքելականը և աստվածական հրամանները, ի վայելումն և ի պայծառություն սուրբ եկեղեցու։

Սա գրվեց ընտիր և ստույգ օրինակից. Թեոդոպոլիս կոչվող քաղաքում, սուրբ Ստեփաննոս Նախավկայի և այլ սրբերի հովանու ներքո, ի ձեռն անարժան և մեղապարտ Սարգիս գրչի, որ ունայն է ամեն բարիքից, խորհրդից ու գործերից։

Արդ, աղաչում եմ բոլորին, ով կարդա կամ օրինակի, հիշեցեք ի տեր բարեմիտ և առաքինագործ ընտրյալ կարգավոր, կուսազարո կրոնավորին ու նրա ծնողներին, և նրա բոլոր ազգականներին, առավել ևս` Մխիթար աբեղային՝ նրա հոգևոր եղբորը, որ փոխվեց ի Քրիստոս (մահացավ) այս տարի, և պատվական մարգարիտ Ստեփաննոս քահանային, և Հովհաննեսին, և նրա հորը, իրենց՝ ճշմարիտ հոգու ձեռքով նկարած և ընտրյալ ուսուցիչներին, որ զարդարված էին ամեն տեսակ առաքինություններով և նմանված առաջին սրբերին, որովհետև այս ամենքը ձեր աղաչանքներն ու բարերար աստծո ողորմությունն են ակնկալում:

Դարձյալ, կրկին աղաչում եմ երեսասող մաղթանքով քրիստոսասեր ընթերցողներիցդ՝ հիշել ի տեր իմ պանծալի հայր Եղբայրիկին և իմ մայր Շնոֆոր տիկնոջը, և սրանց համար ևս խնդրեցեք հոգու և մարմնի թողություն։

Եվս առավել հիշեցեք ընտրյալ քահանա Գրիգորին՝ իմ պանծայի եղբորը, և հոգևոր եղբայրներիս՝ Ծերին և Կարապետին, բազմաշնորհ սարկավագներին։

Սա գրվեց հայոց Օշինի թագավորության և իսմայելացոց ազգի Խարապանդայի կենդանության օրոք, նեղ ու դառն

[էջ 277]

ժամանակներում, որ հայոց ազգս ընկավ հարկերի լծի տակ և չկա հույս ապավենի և ոչ էլ տեղ ապաստանի։ Եվ ամբողջ աշխարհը տառապանքի ու հարկապահանջության տակ էր, և իսպառ նվազել էր ազգս հայոց։ Եվ այս քաղաքում քանդեցին բազում եկեղեցիներ, և ոմանք թողնելով քրիստոսական հավատը գնացին անօրեն իսմայելացիների հետ, ուրիշները փախան այլևայլ վայրեր, ոչ մի տեղ չգտնելով ապավեն, այլ բազում վշտեր ու տառապանքներ, որ կային աշխարհիս վրա մեր մեղքերի պատճառով։

Ահա այս տարի սաստիկ մորեխ եկավ երկրի վրա. մեր օրերում ոչ ոք չէր տեսել, և ոչ էլ հնում այսքան խիստ բան պատմեցին. տասն օրվան ճանապարհը մեկ օրում էր անցնում, և քառասունմեկ օրում այնպես խստորեն անցավ, որ լեզուն չի կարող պատմել և ոչ ոք չի կարող գրի առնել մորեխի անթիվ բազմությունը։ Ինչպես բազում հեծյալներ, որ գնում են ցերեկը և ամբողջ գիշերը հանգստանում, այդպես գալիս էր մինչև երեկո և առավոտյան, երբ շողում էր արևը, ելնում էր, և երբ ելնում էր, նրա տեսքն այնպես էր, կարծես սաստիկ ձյուն կամ անձրև լիներ։ Գնում և բարձրանում էր, որ ոչ ոք չէր կարող տեսնել նրա բարձրությունը, և նրա խստությունից փոխվում էր արևի գույնը։ Աղմկում էր գետի նման, անցնում իբրև քամի, և արար աշխարհը տարակուսանքի մեջ էր, լալիս էին դառնապես, ողբում, կոծում, մոխիրը գլխներին լցնում, ծեծում իրենց երեսները, և ոչ մի տեղից փրկություն չեղավ, ինչպես մարգարեն է ասել, աղաղակում, էին, և ոչ ոք չկար, որ փրկեր նրանց, դիմում էին աստծուն, և չլսեց նրանց, որովհետև այս ամենը մեր գլխին եկավ մեր մեղքերի պատճառով։ Ահա, տեսեք, թե որչափ դառնություն ու ցասում եկավ մեզ վրա մեր գործերին համապատասխան. մերթ երաշտ, մերթ սաստիկ և ավերիչ անձրև, մերթ դիվական հողմեր և սաստիկ օդ, և ձյուն, և արհավիրքներ տեսակ-տեսակ, և մենք` անմիտ, ինչպես անասուն, չգիտենք մեր կորուստը, այլ հույս ենք դրել Հիսուս Նազովրեցու վրա, որ կոչվում է որդի Դավթի։

[էջ 278]

Այս անցավոր կյանքը կանցնի,
Համբերողին է երանի,
Աղաչում եմ արտասվալի՝
Հիշման արեք ինձ արժանի,
Որ ինձ և ձեզ տերն ողորմի
Եվ մեր մեղաց դիրը ջնջի: Ամեն»

 

ԳՐԻՉ ՀԱԿՈԲԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԸ

... Ես՝ ծանրամեղ ոգի Հակոբս պիտակ անվամբ կրոնավոր, որ քահանայական կարգը լոկ անունով ունեմ և գործով անչափ հեռու եմ սրանից, ինչպես արևելքն արևմուտքից, կիսակենդան եմ՝ հոգով մեռյալ և մարմնով կենդանի, ինչպես մի դիակ երկրի վրա, սա գրեցի և ավարտեցի Հիսուսի օգնությամբ, տհաս մատներով ու հողդողդ ձեռքերով, որքան իմ կարողությունն էր։ (Գրեցի) ի սփոփանք ինձ և ի դարձ ու զղջումն անձիս՝ աստծո շնորհիվ և սրբերի օգնությամբ։ Եվ աշխարհից հեռանալուց հետո սա կթողնեմ եկեղեցու մանուկներին հուրախություն և ի պայծառություն։ Արդ աղաչում եմ ձեզ, ո՜վ բարեսեր հոգիներ, սա կարդալով կամ օրինակելով, կամ տեսնելով, կամ որպես սեփականություն ժառանգելով՝ հիշեցեք սրտի կամոք մի տեր-ողորմյայով ողորմելի Հակոբին՝ սրա գրողին, որ հոգուս աչքով ձեր աղոթքն եմ ակնկալում։

Նաև մեր մարմնավոր ծնողներին ու նախնիներին՝ Գրիգորեսին և Թումային, Դուռմելիքին և Ավաքտիկինին, քաջահավատ որդիներին՝ Ատոմին և Ղբելին, մեր մարմնավոր ծնողներին և իմ հորեղբորը՝ Հովհաննես կրոնավորին, որոնք գնացին առ Քրիստոս, այլև ողջերին, որ այժմ կան, հարազատ եղբորս՝ Վարոսին, և քույրերիս՝ Գոհարմելիքին և Շաքարին և նրանց կյանքի ընկերներին՝ Խութլուշային ու Ատոմին և մեր մյուս արյունակիցներին՝ ձեր սուրբ աղոթքներում հիշեցեք։ Դարձյալ և մեր հոգևոր երախտավորներին ու լուսավորիչներին՝ Ըռոշտյան գավառի արի և առաքինի Սիմեոն վարդապետին, նրա լծակից և համանման երկու արեգակներին, մարմնային եղբայրներին՝ Ստեփանոսին և Հովհաննեսին, որ նուրբ փիլիսոփաներ են, և մեր

[էջ 279]

հոգևոր վերակացու Սիմեոնին։ Դուք, որ այս անունները լսում եք, աստված–ողորմին կրկնեցեք կամովին, որ դուք ևս գտնեք, որովհետև (նրանք) մեծ հոժարությամբ ցավեցին մեզ և շատերի համար՝ երաժշտական երգերով ու հոգևորական խոսքով։ Առավել ևս քրիստոսակիր անձին, որ ստեղծում է և ուսուցանում, իմ ուսուցիչ Մխիթարին, որ շատ հոգատար է իմ և շատերի նկատմամբ, զի բոլորը, որ եկան սրա մոտ, բարձրանում են հավատով և պայծառանում վարքով, ուստի Հիսուսից հայցում եմ ես, բոլոր հավատացյալների հետ, թող սա մնա իմանալի դրախտում և բազում տարիներ ապրի՝ հօգուտ և ի շահ ամեն հասակի (մանուկների)։ Հիշեցեք նաև մեր հոգևոր եղբայրներին՝ այս սուրբ գիրքը կազմող Հովհաննեսին, ծաղկող Կարապետին, որ ձրի ծաղկեց, առավել ևս օրհնյալ արմատի բարի շառավիղներին՝ երիտասարդ Կարապետ կրոնավորին և սրա եղբայր Մկրտիչ դպրին, որ մեր աշակերտներն են, մեզ հետ շատ ջանադիր աշխատեցին, այս սուրբ գրքի բոլոր թղթերը սրանք կոկեցին ու տողեցին, սրանց ծնողները ևս մեր մարմնավոր ծնողներից ավելի աջակցեցին և հարկավոր պիտույքներ մատակարարեցին մեզ, մեկի հազարապատիկը պարգևատուն աստված թող հատուցի այս կյանքում և հանդերձյալում, և սրանց ցանկալի զավակներ Կարապետին ու Մկրտիչին պահե տիրական անարատ խնամքը...

Աստվածային սույն մատյանը գրվեց հայոց ՊԼԵ (1386) թվականին, դառն և լալաբեր ժամանակներում, երբ բոլորը՝ մեծից փոքրը, ձանձրացել են կյանքից, համաձայն Քրիստոսի խոսքին, թե գալու է ժամանակ, որ ասեն բլուրներին՝ ընկեք մեզ վրա և լեռներին՝ ծածկեցեք մեզ, մի բան, որ տեսանք մեր աչքով։

Իսկ մենք գրում և կարդում էինք Հայաստանի սուրբ և տիեզերահամբավ և երանաշնորհ րաբունապետ և վերադիտող տեր Հովհան Որոտնեցու համալսարանում: Այս անձուկ ու խավարյալ ժամանակներում աշխարհի վրա արեգակի նման փայլում էր սրա անունը, որովհետև բոլոր կարգի խոցերը բուժում էր և բավարարում կարիքները իշխանի ու ազատի, կաթողիկոսի ու իմաստասերի, և ազգս

[էջ 280]

Հայոց սրանով մեծ պարծանք ուներ բոլոր ազգերի հանդեպ: Որովհետև հավաքում էր հեռավորներին ու մերձավորներին, որբերին ու տանընտիրներին, տանջվում և ուսուցանում էր, և բարձրացնում փառավոր աստիճանի, ոմանց՝ րաբունի և քահանա, ոմանց՝ երաժիշտ և փիլիսոփա, ուրիշների՝ ծաղկող և քարտուղար։ Արհամարհում էր ծույլերին ու հետամնացներին, փառավորում արիներին, ամենքին տալիս կերակուր և հագուստ, գիրք և մեկնություն, անխռով խաղաղություն, այս ամենը՝ աստծո սիրու և իր հոգևոր շահի համար։

Եվ մինչդեռ անասելի ցնծությամբ և բերկրալից ուրախությամբ էինք լցված, րաբունին վաթսուն աշակերտով, իր հայրենի Որոտան գավառում, կարդում ու գրում էինք սուրբ մատյանս, իմ ծովացած մեղքը անօրենների գունդը հանեց քրիստոնյաների, մանավանդ Բուրդելի տան վրա։ Եկան և գրավեցին Որոտան բերդը և հայրենազուրկ արեցին Նանիկի որդի պարոն Սմբատին։ Ցանկանում էին ձերբակալել մեր սուրբ րաբունուն՝ իր հայրենի ժառանգության պատճառով։ Եվ սա աստծո կամքով ազատվեց նրանցից և երկու օր զանազան տեղեր էր շրջում աշակերտների հետ` կարդալով և ուսուցանելով։ Եվ ես ծանրաբեռնված, թուղթն ու բնօրինակը, գրիչն ու թանաքը ուսիս բարձած, հետները գնում էի, կարդում, և ինչքան հասցնում էի՝ գրում էի այս սուրբ մատյանը, բազում նեղությամբ և չարչարանքով, որովհետև որտեղ սկսեցի, այնտեղ չեղավ ավարտը։

Աստված անօրենների կամքը քաղցրացրեց սուրբ վարդապետիս հանդեպ, և նա եկավ անխռով խաղաղությամբ իր վանքերը, Երնջակի գավառը, շինեց և հաստատեց սուրբ եկեղեցիները շքեղ և փառավոր՝ անօրեն իշխանների և բերդավագների մեջ, և ցնծալից և ուրախ էինք ավելի, քան առաջ։

 

ԳՐԻԳՈՐ ԵՐԵՎԱՆՑՈԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԻՑ

... Մեր ՌՃԻԸ (1679) թվականի հունիս ամսի չորսին, չորեքշաբթի օրը, տիրոջ համբարձումից հետո և ժամը չորսին մոտ հանկարծակի դղրդալով շարժվեց Արարատյան երկիրը, և այնպես սաստիկ, կարծես նավը ծովի վրա ուժ-

[էջ 281]

գին հողմից ալեկոծվում է։ Երկրաշարժի սաստկությունից փլվեց Երևան քաղաքը՝ բերդով ու պարսպով, կործանվեցին տներն ու գեղեցկաշեն ապարանքները, քանդվեցին եկեղեցիներն ու վանքերը, ցամաքեցին աղբյուրները և որոշ տեղերից սև ջրեր հոսեցին, պատռվեցին ժայռերն ու լեռները, և ժայռերի ճեղքվելուց՝ ծիրանագույն բոց էր ելնում: Մառախուղը բարձրացավ և պատեց երկիրը Գառնիի գավառից մինչև Արագած լեռը, դաշտերով ու լեռներով հանդերձ, մինչև իսկ ծածկելով արևի ճառագայթները։ Եվ թվում էր, թե աշխարհի վերջն եկել է։ Իսկ մահացածներին թիվ չկար: Տեսնելու էր մեծ տագնապի հուրը և մնացողների անհույս վարանման անպատմելի աղետները։ Տեսնել էր պետք ծնողների ու զավակների կոծն ու կսկիծը, սիրելիների ու բարեկամների վայն ու եղուկը։ Գոչում ու հառաչում էին, և չկար մեկը, որ օգներ նրանց։ Դառնում ձեռքերով փորփրում էին այստեղ-այնտեղ, և նրանց սրտերը չէին դիմանում։ Եվ կսկիծներից վերստին զորանալով, ձեռքով պեղում էին հողերն ու քարերը։ Հանում էին իրենց որդիներին գրկած մայրերին, եղբորը եղբայրը, քույրը՝ քրոջը փաթաթված։ Եվ բազում կանայք հաց եփելիս ընկել էին թոնիր ու խորովվել։ Եվ ոտքերը հանում էին, շարքով իրար մոտ էին դնում և նրանց շուրջը պարում էին գլխաբաց և ողբում կսկծալի։ Եվ մի գերեզման փորելով, չորս-հինգ հոգու միասին թաղում էին իրենց շորերով, առանց ծեսի ու քահանայի։ Ուրիշ գավառներից նրանց օգնության էին գալիս, և օրեր շարունակ պեղում էին, հետո գնում, փոս փորում ու թաղում։ Եվ դարձյալ շարժվում էր երկիրը գիշեր ու ցերեկ, մինչև ինն օր։ Եվ իններորդ օրը, հինգշաբթի, ժամը հինգի կողմերը, առաջին երկրաշարժի նման կրկին շարժվեց երկիրը։ Եվ ինչ որ խախուտ էր մնացել առաջին երկրաշարժից, իսպառ տապալեց սա ու կործանեց։ Եվ դարձյալ երկիրը շարժվում էր գիշեր-ցերեկ։ Եվ սեպտեմբերի ութին Կոզեռն կոչված սուրբ Հովհաննես վարդապետի դամբարանի մոտ էինք, Հրաստան գետի ափին, ուր Երևան քաղաքի ննջեցյալների հանգստարանն է. երրորդ ժամն էր, հանկարծակի դղրդալով շարժվեց երկիրը։ Եվ երկրաշարժի ուժգնությունից գերեզմանի վիմատաշ քարերը իրար բախվելով ճռնչում էին։

 

Նախորդ էջԲովանդակություն  | Հաջորդ էջ
Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Սովետական գրող հրատարակչություն, Երևան 1977
Տրամադրել է՝ Միքայել Յալանուզյանը

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice