ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Մանվել Զուլալյան

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ XIII-XVIII ԴԱՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ ԸՍՏ ԵՎՐՈՊԱՑԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ

Previous | Բովանդակություն | Next

[էջ 6]

ԱՂԲՅՈՒՐԱԳԻՏԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

Եվրոպացի հեղինակները հայերի և Հայաստանի մասին թողել են ուղեգրություններ, դիվանագիտական զեկուցագրեր, արևելյան երկրների հետ եվրոպական երկրների կնքած առևտրական պայմանագրեր, ճիզվիտ միսիոներների զեկուցագրեր Հայաստանից, Թուրքիայից ու Իրանից, երկարամյա դիտողությունների, ուսումնասիրությունների արդյունք հանդիսացող պատմական երկեր և այլն։ Այդ հեղինակների մոտ կան խիստ շահեկան ու երբեմն էլ բացառիկ արժեք ունեցող նյութեր, որոնք վերաբերում են հայ ժողովրդի հասարակական-տնտեսական և քաղաքական պատմությանը, կաթոլիկ աշխարհի հետ նրա ունեցած քաղաքական առնչություններին, դավանաբանական վեճերին, մշակույթի հարցերին, աշխարհագրական միջավայրին և բազմաթիվ այլ բնագավառների ու խնդիրների։ Հենց սկզբից ընդգծենք, որ եվրոպական այս աղբյուրներին պետք է քննադատաբար մոտենալ։Գալով Արևելք, եվրոպացի հեղինակներից շատերն իրենց պետությունների որոշակի հանձնարարություններն են կատարել և որոշակի դիրքերից նկարագրել այս կամ այն երկրի կացությունը։ Եթե նա վաճառական է եղել, ապա առավել ուշադրություն է դարձրել տվյալ երկրի առևտրի հնարավորություններին և առևտրական ուղիներին։ Եթե նա դիվանագիտական ներկայացուցիչ է եղել, ապա նրան նախ և առաջ հետաքրքրել է երկրի քաղաքական ու ռազմական վիճակը։ Կաթոլիկ միսիոներների առաջ խնդիր էր դրված զբաղվել հոգեորսությամբ, այսինքն՝ «հերձվածող» արևելյան քրիստոնյաներին կաթոլիկադավան դարձնել կաթոլիկ աշխարհի հեռու գնացող քաղաքական ծրագրերն իրագործելու նպատակով։ Այս բոլորը սակայն, չեն նսեմացնում եվրոպական այս աղբյուրների գիտական ու պատմական նշանակությունը։

Հատուկ կուզենայինք ընդգծել, որ մեր շարադրած աղբյուրների այս տեսությունը սպառիչ տեղեկություն չի տալիս հայ ժողովրդի պատմության վերաբերյալ եվրոպական աղբյուրներում եղած նյութերի մասին։ Կասկածից վեր է, որ եվրոպական արխիվներում առ այսօր մեզ հետաքրքրող չհրապարակված շատ նյութեր կան, իսկ հրատարակվածներից էլ ոչ բոլորն են, որ այստեղ հիշատակվել են։

[էջ 7]

Ցավոք պետք է նշել, որ այս նյութերը հատուկ ուսումնասիրության առարկա չեն հանդիսացել հայ իրականության մեջ, եթե զանց առնենք Գ. Վ. Զարբհանալյանի1 և Կ. Կոստանյանցի2 երկու գրքույկները, որոնց մեջ առավել ուշադրություն է դարձված հայոց լեզվի և բանահյուսության ուսումնասիրությանը Եվրոպայում՝ XIII—XIX դարերում։ Այդ երկու գրքույկներն էլ ավելի արժեքավորվում են մատենագրական տվյալներով։

1932 թ. Երևանում լույս տեսավ Հովհ. Հակոբյանի «Ուղեգրություններ»3 վերնագրով երկասիրությունը, ուր ոչ միայն թարգմանական քաղվածքներ են բերված XIII—XVI դդ. եվրոպացի ուղեգիրներից, այլև դրանց կցված են ծանոթագրություններ և ուղեգիրների մասին որոշ կենսագրական տվյալներ։ Հովհ. Հակոբյանի գրքում, սակայն, ոչ միայն տեղ չեն գտել բոլոր ուղեգրությունների նյութերը Հայաստանի և հայերի մասին, այլև ժամանակագրական առումով ընդգրկված է միայն մինչև XVI դարն ընկնող ժամանակահատվածը։

Խորհրդային պատմագիտության մեջ երկու աշխատություններ անմիջական առնչություն ունեն խնդրո առարկա այս թեմայի հետ։ Մեկը ականավոր արևելագետ Վ. Վ. Բարտոլդի «Արևելքի ուսումնասիրության պատմությունը Եվրոպայում և Ռուսաստանում»4, իսկ մյուսը՝ Մ. Ա. Պոլիևկտովի «XIII—XVIII դարերի եվրոպական ուղեգիրները Կովկասում»5 աշխատություններն են։ Վերջինը տեղեկությունների ժողովածու է XIII—XVIII դդ. եվրոպացի հեղինակների կենսագրությունների վերաբերյալ, ինչպես նաև որոշ մատենագիտական նյութերի հաղորդում։ Ինչ վերաբերում է Վ. Վ. Բարտոլդի աշխատությանը, ապա դա համառոտ շարադրանք է եվրոպացի հեղինակների՝ Արևելք կատարած ուղեվորությունների պատմական շարժառիթների մասին։ Եվս երկու աշխատություններ աղերս ունեն սույն հարցի հետ։ Առաջինը Զ. Ի. Յամպոլսկու6, իսկ երկրորդը՝ Ն. Կ. Օռլովսկայայի «Վրաստանը XVII—XVIII դա-

_____________________________

1 Գ. Վ. Զարբհանալյան, Ուսումնասիրություններ հայ լեզվի և մատենագրության ի Արևմուտս, Վենետիկ, 1895։
2 Կ. Կոստանյանց, Հայագիտությունն Արևմտյան Եվրոպայում, Թիֆլիս, 1910։
3 Հովհ. Հակոբյան, Ուղեգրություններ, հ. Ա, Երևան, 1932։
4 В. В. Бартольд, История изучения Востока в Европе и России. Л., 1925.
5 М. А. Полиевктов, Европейские путешественники ХIII—XVIII вв. по Кавказу, Тифлис, 1935.
6 «Путешественники об Азербайджане», т. I., Составил 3. И. Ямпольский, Баку, 1961.

[էջ 8]

րերի Արևմտյան Եվրոպայի գրականության մեջ»7 վերնագրով գրքերն են։ Զ. Ի. Յամպոլսկու հրատարակած հատորում տեղ են գտել անցյալում տարբեր ժամանակ ռուսերեն թարգմանված XIII—XVIII դդ. եվրոպացի մի շարք ճանապարհորդների, որոնց թվում՝ Վիլհելմ Ռուբրուկի։ Մարկո Պոլոյի, Կլավիխոյի, Յոսաֆաթ Բարբարոյի, Ամբրոզիո Կոնտարինիի, Անտոնի Ջենկինսոնի, Ադամ Օլեարիուսի, Յա. Ստրեյսի ուղեգրությունները Ադրբեջանի մասին, ինչպես նաև առանձին քաղվածական հատվածներ ռուսերեն մի քանի հայտնի ուղեգրություններից։ Բերված նյութերի մի զգալի մասը վերաբերում է պատմական Հայաստանին։ Որոշ ծանոթագրություններ գրված են ոչ ճիշտ դիրքերից և ակնհայտ է պատմական իրականությունը կեղծելու միտումը Զ. Ի. 3ամպոլսկու կողմից։

Ինչ վերաբերում է Ն. Կ. Օռլովսկայայի վերոհիշյալ գրքին, ապա այնտեղ XIII—XVIII դդ. եվրոպական հեղինակներից Վրաստանի մասին բերված նյութերը խիստ համառոտ են։ Գրքում ավելի մեծ տեղ է տրված եվրոպական պատմագիտության մեջ վրացերեն լեզվի ու բանասիրության հարցերին։

Խորհրդահայ պատմագիտության մեջ եվրոպական հեղինակների աոանձին վկայություններ օգտագործել են Լեոն8, Հ. Ս. Անասյանը9, Աշ. Հովհաննիսյանը10, Մ. Կ. Զուլալյանը11, Վ. Ա. Բայբուրդյանը և այլք։ Այս առումով հատկապես պետք է առանձնացնել Աշ. Հովհաննիսյանին, որն իր մեծարժեք «Դրվագներում» գիտական շրջանառության մեջ է դրել բազմաթիվ նոր նյութեր՝ անելով համապատասխան գիտական եզրակացություններ։

Եվրոպացի հեղինակների աշխատությունները բազմաբովանդակ են։ Գ. Վ. Զարբհանալյանը դրանք բաժանում է երեք խմբի՝ «ա) դիվանագիտական, երբ արևմտյան ազգք և ժողովուրդք, ընդհանրապես արևելքի,և մասնավորաբար մեր աշխարհին հետ ունեցած հարաբերությանց պատճառաւ սկսան ծանոթանալ Հայաստանի, և անոր բնակչաց պատմությանը, աշխարհագրության և լեզվին։ բ) Երբ այն առիթով, և նախ

_____________________________

7 Н. К. Орловская, Грузия в литературах Западной Европы XVII—XVIII веков, Тбилиси, 1965.
8 Լեո, Հայոց պատմություն, հ. 3, Երևան, 1946։
9 Հ. Ս. Անասյան, 17-րդ դարի ազատագրական շարժումներն Արևմտյան Հայաստանում, Երևան, 1961։
10 Աշ. Հովհաննիսյան, Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության, հ. 2, Երևան, 1959։
11 Մ. Կ. Զուլալյան, Արևմտյան Հայաստանը XVI—XVIII դդ., Երևան, 1980։

[էջ 9]

և առաջ մեր թագավորաց ոմանց խնդրանք՝ (sic!) սկսան արևմտյան հոգևորականք մուտ գտնել ի մեր աշխարհ, և հմտանալով մեր լեզվին՝ աշխատիլ կրոնական և բանասիրական տեսակետով։ գ) Ուսումնականք»12։ Այստեղ հեղինակը նկատի ունի XVII—XIX դդ. եվրոպացի հայագետների գիտական հետազոտությունները։ Անշուշտ, մեզ առավել հետաքրքրող նյութերը դիվանագիտական ուսումնասիրություններն են։

***

Հանրահայտ է, որ Արևելքի հետ եվրոպական երկրների ունեցած քաղաքական-դիվանագիտական հարաբերությունները սկսեցին XI դ. վերջերից՝ կապված խաչակրաց արշավանքների հետ։ Խաչակիրները եվրոպացի ավատատերերի և առևտրականների առաջ բաց արեցին հեքիաթային Արևելքը, որն իր ստեղծած նյութական ու գրական մշակույթով ոչ միայն չէր զիջում, այլ որոշ առումով գերազանցում էր Արևմտյան Եվրոպայի երկրներին։ Խաչակիրները Արևելքում երևացին ոչ թե քրիստոնեական սուրբ վայրերը և արևելյան քրիստոնյաներին ազատագրելու, ինչպես միամտորեն այն ժամանակ կարծում էին հայ պատմիչներից ոմանք13, այլ երկրամասը կողոպտելու նպատակով։

Խաչակիրների քրիստոնյա քարոզչությունից խաբված Կիլիկիայի հայ իշխողները նրանց տրամադրեցին ընդարձակ կալվածքներ, այլևայլ արտոնագրեր առևտրի ու այլ բնագավառներում։ Աստիճանաբար ամրապնդելով իրենց դիրքերը Կիլիկիայում, խաչակիր արկածախնդիրները կանգ չառան նույնիսկ Կիլիկիայի հայոց իշխանների ամրոցների հափշտակման առաջ, իսկ հետագա դարերում արդեն կաթոլիկ աշխարհի ներկայացուցիչները Կիլիկիայում հայերից պահանջում էին ենթարկվել հռոմեական եկեղեցուն, հոգեպես ձուլվել նրանց հետ՝ հրաժարվելով նույնիսկ մայրենի լեզվից։ Արևելքում գտնվելու հարյուրամյակների

_____________________________

12 Գ. Վ. Զարբհանալյան, նշվ. աշխ., էջ 7։
13 «Իւրաքանչիւր զօրօքն գային օգնութիւն քրիստոնէից և առ փրկել յայլազգեաց զսուրբ քաղաքն Երուսաղէմ և ազատել ի Տաճկաց զսուրբ գերեզմանն աստուածընկալ, արք փառաւորք և թագաւորազունք, հաւատով և ամենայն աստուածապաշտութեամբ զարդարեալք և էին սնեալք ի գործս բարութեան, —գրում է առաջին խաչակիրների մասին Ս. Ուռհայեցին (տե՛ս Մ. Ուռհայեցի, ժամանակագրութիւն, Վաղարշապատ, 1888, էջ 254)։ Իր հերթին Ս. Անեցին էլ գրում է, թե «Հռոմեացիք էին ընդ թիրակ ի կողմանս Ասիացւոց խնդրել զքէն վրիժուց տառապանաց քրիստոնէից՝ ի Սկիւթացւոց և ի Պարսից հանդերձ Տաճկաստանու» (Սամվել Անեցի, Հաւաքմունք ի գրոց պատմագրաց, Վաղարշապատ, 1893, էջ 120)։

[էջ 10]

ընթացքում խաչակիր ասպետները ոչ միայն ոչնչով չնպաստեցին Կիլիկիայի հայկական պետության ամրապնդմանը, այլև ընդհակառակը ամեն կերպ նպաստեցին նրա թուլացմանն ու քաղաքական անկմանը։

Իսկ մինչև այդ կաթոլիկ Եվրոպայի երկրները, մասնավորապես Վենետիկն ու Ջենովան, Կիլիկիայի վրայով Արևելքի երկրների հետ ծավալեցին լայն առևտրական գործարքներ։ Դեռևս 1201 թ. նրանք հայոց թագավոր Լևոն 2-րդից (1198 —1219) կորզեցին առևտրական մի պայմանագիր, որն իրենց վաճառականներին ապահովում էր բացառիկ արտոնյալ վիճակ։ Ես իտալական վաճառականներին արտոնում եմ, գրում էր Լևոն 2-րդ-ը իր շնորհագրում, — որ նրանք իրենց գույքերով ու ապրանքներով իմ ամբողջ թագավորության մեջ, քաղաքներում թե գյուղերում, երկրի ողջ տարածքում երթևեկեն անվտանգ …գան ու վերադառնան, ազատ ու հանգիստ գնեն ու վաճառեն առանց որևէ մի հարկադրանքի, հարկերի, առևտրատուրքերի ու մաքսերի գանձման»14։ Այդ արտոնությունների շարանը գնալով աճեց և, փաստորեն, Ջենովայի ու Վենետիկի համայնքները դարձան մի տեսակ պետություն պետության մեջ։ Այս բոլորը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Կիլիկիայում հաստատվեց հայկական թագավորությունը։ Ճիշտ չէ, անշուշտ, Վ. Հեյդի այն ենթադրությունը, թե Վենետիկն ու Ջենովան կարող է առևտրական արտոնություններ ունեցած լինեին մինչև հայկական թագավորության հիմնադրումը Կիլիկիայում։ Վ. Հեյդի այս ենթադրությունը հիմնված է այն փաստի վրա, որ XII դարում Կիլիկիան անվանապես համարվում էր Բյուզանդիայի նահանգներից մեկը, իսկ վերջինս այս երկու քաղաքապետությունների հետ կնքել էր առևտրական պայմանագիր15։ Վ. Հեյդը հաշվի չի առնում, որ այդ ժամանակ (1132 թ.) Դաշտային Կիլիկիան (Ադանան, Տարսոնը, Մամեստիան) գտնվում էր սելջուկների գերիշխանության տակ։

Խաչակրաց առաջին իսկ արշավանքից հետո Բյուզանդիայի՝ որպես Եվրոպայի ու Արևելքի միջև միջնորդ պետության դերը խիստ նվազեց։ Այժմ արդեն առևտուրն Արևելքի հետ կատարվում էր սիրիական նավահանգիստների միջոցով։ Սելջուկների արշավանքներից հետո խիստ անկում էին ապրել այն առևտրական ուղիները, որոնք անցնում էին Սև ծովի ու Հայաստանի վաճառաշահ կենտրոնների (Տրապիզոն, Արծն, Կարս, Անի և այլն) միջով։ Առևտրական նոր ուղիներն անցնում էին Կիլիկիայով ու մտնում Փոքր Ասիայի այն տարածքը, որը զավթված

_____________________________

14 V. Langlois , Le trésor des chartes d'Arménie , Venise, 1863, p. 107 1
15 Այդ մասին ավելի մանրամասն տե՛ս W. Heyd. Histoire du commerce du Levant. т. I. Paris, 1965, р. 367—373.

[էջ 11]

էր սելջուկների կողմից։ Հենվելով Իբն Բիբայի ու այլ աղբյուրների վրա, Գ. Միքայելյանը ցույց է տվել, որ հաճախ սելջուկների ու Կիլիկյան հայկական պետության միջև ռազմական ընդհարումների գլխավոր պատճառը առևտրական ուղիների զավթման ձգտումն էր սելջուկների կողմից16։ «Մուսուլմանական, հունական և հայկական աղբյուրները արժեքավոր վկայություններ են հաղորդում Փոքր Ասիայում կարավանային ուղիների, առևտրական կենտրոնների ու նավահանգիստների զավթելու նպատակով Ռումի սուլթանների նվաճողական արշավանքների մասին»17,— կարդում ենք դարձյալ Գ. Միքայելյանի մոտ։

Այդ պատերազմների անմիջական արդյունքը եղավ այն, որ սելջուկները 1207 թ. գրավելով Ատտալիան, իսկ 1214 թ. Սինոպը, դուրս եկան Միջերկրական ու Սև ծովերը և դրանով իսկ սկսեցին իրենց ձեռքում պահել կարավանային առևտրի կարևորագույն ուղիների մի մասը։ Այսուհանդերձ, Արևելքի հետ Եվրոպայի առևտուրը հիմնականում XII ու հետագա դարերում կատարվում էր Կիլիկիայի տարածքի միջոցով։ «Առևտրի տեսանկյունից,—գրում Է Վ. Հեյդը,—Հայկական թագավորությունը գտնվում էր առանձնահատուկ նպաստավոր պայմաններում։ Նրա ամենամեծ տարածման ժամանակ, այսինքն Լևոն 2-րդի իշխանության օրերին, նա գրավում էր մի զգալի ծովափ, որն ընդգրկում էր արևելքում Ալեքսանդրեթի ծոցից մինչև Ատտալիայի ծովախորշին մի քանի մղոն չհասած տարածքը»18։ Կիլիկիայի վրայով դեպի Եվրոպա էին առաքվում հնդկական, չինական և պարսկական ընտիր գործվածքեղեն, Միջագետքի, Փոքր Ասիայի և Կիլիկյան Հայաստանի արհեստագործական նուրբ արտադրությունն ու գյուղատնտեսական մթերքները։ Հատկապես XIII դ. երկրորդ կեսից սկսած միջազգային առևտրում մեծ դեր սկսեց խաղալ Այաս նավահանգիստը։ Այն հանգամանքը, որ կաթոլիկ Եվրոպայի հետ Կիլիկիայի թագավորների կնքած առևտրական պայմանագրերում Այաս նավահանգստի անունը առաջին անգամ հիշատակվում է 1261 թ., Աշ. Հովհաննիսյանին թույլ է տվել եզրակացնելու, որ Այասը «խոշոր նշանակություն ստացավ ոչ թե խաչակիր թագավորությունների կամ լատինական իմպերիայի ժամանակ, այլ դրանց անկումից հետո»19։ Այստեղից էլ, բնականաբար, բխում է, որ անհիմն են եվրոպացի բուրժուական պատմաբանների այն պնդումները, թե Եվրոպայի հետ կիլիկյան հայոց թագավորների կնքած առևտրական

_____________________________

16 Նույն տեղում, էջ 369։
17 Г. Г. Микаелян, էջ 191։
18 W. Heyd 1, էջ 367։
19 Աշ. Հովհաննիսյան, Դրվագներ..., հ. 1, Երևան, 1957, էջ 59։

[էջ 12]

պայմանագրերը, գործարքները մեծապես նպաստել են տեղական առևտրին ու արդյունաբերությանը, քաղաքների զարգացմանը։

Եվրոպայի հետ Կիլիկիայի հայոց թագավորության ունեցած տնտեսական, քաղաքական և այլ բնույթի մի քանի հարյուրամյակ տևած այս առնչություններն արտացոլվել են եվրոպական աղբյուրներում։ Դրանք Կիլիկիայի հայոց պատմության մասնագետներից մեկը՝ Ս. Վ. Բոռնազյանը, բաժանում է մի քանի խմբերի։ «Առաջին խմբին են պատկանում, — գրում է նա, — արևմտաեվրոպական երկրների, Սիրիայի խաչակիր պետությունների, արաբական և բյուզանդական հեղինակների մատենագրական և իրավաբանական երկերը։ Երկրորդ խմբին են պատկանում՝ եվրոպական մի շարք երկրների պետական արխիվներում պահպանված արխիվային նյութերը, Կիլիկիայի հայկական պետության արքունիքի կամ նոտարական գրասենյակների կողմից բաց թողնված ակտերը, կամ թե պապի, արևմտաեվրոպական պետությունների, հարևան արաբական պետությունների և Կիլիկիայի հայկական թագավորության միջև եղած թղթակցությունները ... պետական ատյանի կողմից բաց թողնված առևտրական շնորհագրերի և պայմանագրերի, հողային նվիրատվությունների և հաշտության պայմանագրերի լատիներեն, ֆրանսերեն, արաբերեն և հայերեն լեզուներով գրված բնագրերն ու պատճենները»20։ Արխիվային նյութերի զգալի մասը պահպանվել է Ջենովայի, Վենետիկի, Միլանի, Տուրինի, Մալթայի, Բեռլինի, Փարիզի, Լոնդոնի, Նեապոլի, Վատիկանի և Մադրիդի պետական արխիվներում, որոնց ընդհանուր քանակն ըստ Վ. Լանգլուայի և Էդ. Դյուլորիեի հաղորդումների, հասնում է 351-ի։

Այս բոլոր նյութերի զգալի մասը, շնորհիվ Վ. Լանգլուայի21, Էդ. Դյուլորիեի22, Վ. Հեյդի23, Վ. Հ, Ռուդտ—Կոլլենբերգի24, Ռ. Գրուսսեի25,

_____________________________

20 Ս. Վ. Բոռնազյան, Սոցիալ-տնտեսական հարաբերությունները Կիլիկյան պետությունում, Երևան, 1973, էջ 23։
21 V. Langlois, Le trésor der chartes d'Arménie, Venise, 1863,Essai historique et critique sur la constitution sociale et politique de l'Arménie. St. Pétersbourg, 1860, Inscriptions grecques, romaines, byzantines et arméniennes de lа Cilicie.Paris, 1867 Voyage dans la Cilicie. Paris. 1861.
22 Еd Dulaurier, Etude sur l'organisation politique, religieuse et administrative du royaume de la petite Arménie,— Journal Asiatique, 1861, 5е serie, t.. XVII, XVIII.
23 W. Heyd. Histoire du commerce du Levant. T. I-II.
24 W. Н. Rudi-Сollenberg. The Rupenides, Hethumids and Lusignans. Раris, 1963.
25 R. Grousset. Histoire des croisades et du royaume frane de Jérusalem. Vol. I-III, Рагis, 1936.

[էջ 13]

Ֆ. Տուրնեբիզի26 ու այլոց աշխատությունների, մտել է գիտական շրջանառության մեջ։ Կիլիկիայի քաղաքական պաամության տեսանկյունից հիշարժան են խաչակրաց արշավանքներին նվիրված ժողովածուները27, ինչպես նաև Հովհան Դարդելի «Ժամանակագրությունը»28։ Վերջինս եղել է Լևոն 6-րդ թագավորի խորհրդականն ու խոստովանահայրը ու հավանաբար իր «Ժամանակագրությունը», որն ընդգրկում է Կիլիկիայի ավելի քան մի հիսնամյա քաղաքական պատմությունը, գրել է հենց թագավորի թելադրությամբ Կահիրեում, գերեվարության ընթացքում։ Վերջապես, որոշ հետաքրքրություն է ներկայացնում նաև 1211— 1212 թթ. Կիլիկիա այցելած Վիլլեբրանդ Օլդենբուրգցու՝ ավստրիական դքսի դեսպանի, «Ուղեգրությունը»29։

Եվրոպական երկրների ուշադրությունը դեպի Արևելք խիստ մեծացավ XIII դարում՝ կապված մոնղոլական արշավանքի հետ։ Եվրոպայում վաղուց էր տարածված մի խուլ լուր, որ իբր հեռավոր Ասիայում գոյություն ունի քրիստոնյա աստվածապետական մի պետություն ոմն Հովհաննես երեցի գլխավորությամբ, 1165 թ. նույնիսկ լատիներեն լեզվով հրապարակ հանվեց ձեռագիր մի գրքույկ, ուր Հովհաննես երեցի անունից Եվրոպայի քրիստոնյա պետություններին համագործակցելու կոչ էր արվում։ Հռոմի պապն ու ֆրանսիական թագավորներն Արևելք ուղարկեցին Պլանո Կարպինիին (1246 թ.), Լոնժյումեին (1240 թ.), Ռուբրուկին ու այլոց՝ Արևելքի քրիստոնյա այդ պետության մասին ստույգ տեղեկություններ հավաքելու նպատակով։ Իսկ ինչ էր իրականում այդ «քրիստոնյա պետությունը» Արևելքում։ Լոկ մի առասպել, որի հիմքում «...ընկած էր այն իրողությունը, որ հեռու Արևելքում միսիոներական եռանդուն աշխատանք էին կատարում սիրիացի նեստորականները, որոնց, ինչպես նշում են եվրոպական հետազոտողները, հաջողվել էր XI դարի առաջին կեսերին քրիստոնեության առաքյալ դարձնել Չինգիզ խանի նախորդներից մեկին՝ Ունչխանին։ Հովհան անունը Ունչխանի քրիստոնեական անունն էր»30։

_____________________________

26 F. Tournebize. Histoire politique et religieuse de l'Arménie,Paris.1900.
27 Recueil des historiens des croisades. T.I. Documents arméniens. T. II. Documents latins et francais relatifs à l'Arménie. T. III Recueil des historiens des croisades.Historiens occidentaux.Paris. 1906.
28 J. Dardel, Chronique d'Arménie,-Reցueil des historiens des croisades I. Paris, 1906. Տե՛ս նաև Հովհաննես Դարդելի հայերեն հրատարակութունը՝ ժամանակագրութիւն, Հայոց, ՍՊբ., 1891,
29 Willebrand d'Oldenbourg, Itinéraire, Hambourg, , 1959.
30 Աշ. Հովհաննիսյան, Դրվագներ..., գիրք աոաջին, էջ 317։

[էջ 14]

Եվրոպացիներին նաև հայտնի էր դարձել, որ մոնղոլները կատաղի ատելությամբ են լցված մուսուլմանական աշխարհի նկատմամբ ու հովանավորում են քրիստոնյաներին։ Նման լուրեր տարածողները հենց իրենք՝ մոնղոլներն էին, որոնք հետամուտ էին քաղաքական նպատակների։ Խոսելով մոնղոլների հետախուզական արշավանքների մասին, Կիրակոս Գանձակեցին գրում է, թե «համբավ ստութեան գայր գնոցանէ (ընդգծումը մերն է—Մ. Զ.), թե մոգք են և քրիստոնեայ հաւատով և նշանագործք, և եկեալ են ի վրէժխնդրութիւն քրիստոնէից որ ի բռնութեան Տաճկաց. և ասէին՝ թե ունին եկեղեցի վրանեայ և խաչ սքանչելագործ... և այսպիսի ստութեան համբաւոք լցաւ աշխարհս մեր»31։ Սա մի միջոց էր չեզոքացնելու Արևելքի քրիստոնյա պետություններին, հպատակեցնելու նրանց ու նրանց զինական օգնությամբ հարվածելու մուսուլմանական աշխարհին։

Պլանո Կարպինին, ֆրանցիսկյան այդ հոգևորականը, Արևելք ուղարկվեց 1246 թ. Լիոնի եկեղեցական ժողովի որոշմամբ, պապ Ւննոկենտիոս 4-րդի կողմից։ Նա թողել է «Մոնղոլների պատմություն» վերնագրված աշխատությունը32, որը հետաքրքիր տեղեկություններ է պարունակում մոնղոլների կենցաղի, սովորույթների, ռազմական արվեստի, ինչպես նաև XIII դարի 20— 40-ական թթ. Վրաստանի քաղաքական պատմության մի քանի հարցերի շուրջ։ Պլանո Կարպինին նկարագրածի անմիջական ականատեսն է. «...քանզի մենք եղանք նրանց մեջ,—գրում է նա, — և նրանց հետ (իմա՝ մոնղոլների — Մ. Զ.) ավելի քան մի տարի ու չորս ամիս... նրանց մասին մենք իմացանք նաև նրանց մոտ գերության մեջ գտնվող արժանահավատ քրիոտոնյաներից»33։

Մոնղոլների ու նրանց հպատակեցած երկրների մասին հավաստի ու հարուստ տեղեկություններ կան Վիլհելմ Ռուբրուկի34 (մոտ 1215-

_____________________________

31 Կիրակոս Գանձակեցի, Պատմութիւն Հայոց, Թիֆլիս, 1909, էջ 100 և հտ.։
32 Մենք օգտագործել ենք ֆրանսերեն վերջին թարգմանությունը,տե'ս Jean de Plan Carpin. Histoire des mongols, traduit et annoté par Dom Jean Becquet et par Louis Hambis. Paris, 1965.
33 Նույն տեղում, էջ 24։
34 Մենք օգտագործել ենք ինչպես Pierre Bergeron-ի, այնպես էլ 1877թ. Փարիզում լույս տեսած Լուի դե Բակերի հրատարակած տեքստերը, տե՛ս Voyages faits principalement en Asie dans les XII, XIII, XIV et XV siècles par Benjamin Tudel, Jean de Plan-Carpin, N. Ascelin, Guillaume de Rubruquis, Marc Paul vénitien, Haiton, Jean de Mandeville et Ambroise Contarini par Pierre Bergeron, T. I. Paris, 1735; Guillaume de Rubruquis, ambassadeur de Saint Louis en Orient. Récit de son voyage, traduit de l'origine latin et annoté par Louis Backer. Paris, 1877.

[էջ 15]

1270) գրվածքում: Նա ֆրանցիսկյան միաբան էր Ֆլանդրիայից. ծնվել է Ֆրանսիայի ծայր հյուսիսում գտնվող Ռուբրուկ գյուղում, այստեղից էլ նրա մականունը։ 1253—1255 թթ. ընթացքում նա Լյուդովիկոս 9-րդի կողմից ուղարկվեց մոնղոլական մեծ խան Մանգուի մոտ։ Ռուբրուկն իր ուղևորությունը սկսում է Կոստանդնուպոլսից, որտեղից հեռանում է 1253 թ. մայիսի 7-ին։ Ապա Սև ծովի վրայով ուղևորվելով դեպի Սոլդայա (Սուտակ, Ղրիմում), այնտեղից էլ Մատրիգայի (Ազովի մոտ), Տանայիսի (Դոնի), Իտիլի (Վոլգայի) վրայով շարժվում է Մեծ խանի նստավայր հանդիսացող Կարակորում, ուր հասնում է 1253 թ. դեկտեմբերի 27-ին ու այնտեղ մնում մինչև 1254 թ. հուլիսի 10-ը։ Մոնղոլիայից Ռուբրուկը վերադառնում է Դերբենդի, Շամախու, Մուղանի դաշտավայրի վրայով ու մտնում է Հայաստան։ Շարունակելով իր ուղևորությունը, նա Արաքսի երկայնքով հասնում է Անի, այնուհետև՝ Կարին և Երզնկա, ապա՝ Կիլիկիա, Կիպրոս, Անտիոք և Տրիպոլի, որտեղից էլ 1255 թ. օգոստոսի 15-ին Լյուդովիկոս 9-րդին հաշվետվություն է հղում ուղևորության ու իր վրա դրված հանձնարարության կատարման մասին։

Վ, Ռուբրուկը մեզ տվյալներ է հաղորդում Հյուսիսային Կովկասի և Անդրկովկասի ժողովուրդների վերաբերյալ, խոսում է Թավրիզի, Շամախու, Թիֆլիսի, Նախիջևանի, Կարինի մասին, հատուկ նշում, որ «Դաշանց թղթի» գաղափարը մեծապես տարածված էր հայերի միջավայրում։ Վ. Ռուբրուկի շնորհիվ մենք տեղեկանում ենք, որ մինչև Հեթում թագավորի Մոնղոլիա մեկնելը հայերն ասորիների հետ միասին վաղուց մոնղոլների մոտ միսիոներական գործունեություն էին ծավալել։

XIII դարում Արևելքում եվրոպացիների հետաքրքրության հիմնական թեման ոչ միայն քաղաքական էր (մոնղոլների հետ դաշինք կնքելու ձգտումը), այլև առևտրական, ինչպես նախորդ դարում։ Դրա փայլուն վկայություններից է Մարկո Պոլոյի ուղևորությունը Մոնղոլիա XIII դարի 60-ական թվականներին։ Երբ Պոլո եղբայրները ձեռնարկեցին իրենց առաջին ուղևորությունը Մոնղոլիա, Վենետիկը գտնվում էր ծաղկման գագաթնակետում և իր ձեռքում էր կենտրոնացրել Արևելքի հետ կատարվող առևտրի զգալի մասը։ Սակայն շուտով 1261 թ., երբ Պոլո եղբայրները գտնվում էին Վոլգայի ափին, Վենետիկի հավերժ ախոյան Ջենովայի օգնությամբ Անգելոս Պալեոլոգը տապալեց Լատինական կայսրությունն ու վերականգնեց բյուզանդականը։ Ջենովացիներն Արևելքում գրավեցին վենետիկցիների տեղը։ 1298 թ.Գուրզոլայի ճակատամարտում, որին մասնակցում էր նաև Մարկո Պոլոն, Վենետիկը

[էջ 16]

ծանր պարտություն կրեց Ջենովայից, որի շնորհիվ վերջինս Միջերկրականում հաստատեց իր գերիշխանությունը ընդհուպ մինչև 1380 թ., երբ վճռական հարված ստացավ Վենետիկից։ Այսուհանդերձ Մարկո Պոլոն հեռավոր արևելք կատարած ուղևորությամբ մեծագույն ծառայություն մատուցեց իր հայրենիք Վենետիկին և ողջ Արևմուտքին՝ եվրոպական առևտրականների առաջ բացելով Արևելքի առասպելական դռները։ «Մարկո Պոլոյի գիրքը, — գրում է Վ. Շկլովսկին,—գերազանցում է իր ժամանակի ողջ եվրոպական գրականությանը իր հստակությամբ, որոշակիությամբ, հզոր գրելաոճով և նյութերի առատությամբ։ Չմոռանանք, որ այս աշխատանքում փորձ է արված նկարագրել մի երկիր, որը տարածվում է Սառուցյալ օվկիանոսից մինչև հասարակած գոտին, Վենետիկից մինչև Յանցզիի գետաբերանը»35։

Մարկո Պոլոն (1245 — 1325 թթ.) ծնվել է Վենետիկի Ռիալտո կղզում։ Նիկոլա Պոլոյի որդի Մարկո Պոլոն Արևելք կատարած՝ երկրորդ ուղևորության ընթացքում միանում է իր առևտրական եղբայրներին, ծառայության մտնում մոնղոլական մեծ խան Խուբիլայի մոտ, շուրջ տասնյոթ տարի վարում բազմաթիվ պետական բարձր պաշտոններ, որից հետո վերադառնում է հայրենիք։

Վենետիկցիների ուղևորությունը սկսվում է Կիլիկիայի Այաս նավահանգստից և շարունակվում է Հայաստանի վրայով։ Մարկո Պոլոն իր «Ուղեգրության» մեջ մեզ հաղորդում է արժեքավոր վկայություններ՝ Կիլիկիայի, որին նա անվանում է Փոքր Հայք, Մեծ Հայքի, Թավրիզի և Հայաստանի հարակից այլ շրջանների վերաբերյալ։ Մարկո Պոլոն իբրև ջերմեռանդ կաթոլիկ ցավով արձանագրում է, որ Կիլիկիայում հայերը, չնայած քրիստոնյաներ են, բայց նրանց հավատը «այնպես չէ, ինչպես հռոմեացիների մոտ»։ Նա մնում է, նախ և առաջ, առևտրական և, որպես կանոն, խոսելով իր այցելած քաղաքների մասին, նշում է, որ «բնակիչները առևտրականներ են» և կամ թե «քիչ են ունակ առևտրին»։ Նրա աշխատության Հայաստանին վերաբերող նյութերը հիմնականում թարգմանված են Հովհ. Հակոբյանի կողմից36։

Մարկո Պոլոյից մի քանի տարի անց, մոտավորապես 1318 թ. Արևելք ու Մոնղոլիա ուղևորություն կատարեց Օդերիկ Ուդինացի հոգևորականը, իսկ 1332 թ.՝ Ժան դը Մանդևիլը։ Այս երկու հեղինակների թողած ուղեգրությունները հար և նման են իրար ու, հավանաբար, վերջինն իր նյութերի մեծ մասն արտագրել է նախորդից։ Երկուսի մոտ էլ

_____________________________

35 Victor Chklovski. La voyage de Marco Polo. Paris, 1948, p. 45.
36 Հովհ. Հակոբյան, Ուղեգրություններ, հ. Ա, էջ 37—64։

[էջ 17]

առասպելախառն ու անարժանահավատ տեղեկությունները զգալի տեղ են գրավում։ Ժան դը Մանդևիլի, ինչպես նաև հրեա Բենիամին դե Տյուդելի, Ն. Ասցելինի ուղեգրությունները հրատարակված են Պիեռ Բերժերոնի ժողովածուի37 մեջ։

1330 թ. դեպի Արևելք ու Մոնղոլիա ուղևորություն է կատարում նաև Վիլհելմ Բուլդեֆելը, որը Բենեդիկտոս 12-րդ պապին է բերում 1328 թ. մեծ խան Խուբիլայի բարյացակամ ոգով գրած նամակները։ Այս ուղեգրությունը հետաքրքիր է Մոնղոլիայի ու Արևմտյան Եվրոպայի քաղաքական պատմության առնչության տեսանկյունից։ Հայերի մասին տեղեկությունները համարյա բացակայում են (հեղինակը Մոնղոլիա է ուղևորվել Արաբիայի վրայով)38։ Ի դեպ Հռոմի պապերի հետ մոնղոլական խաների ունեցած գրավոր բանավարությունների մասին եղած վկայությունները դարձյալ բերված են Պիեռ Բերժերոնի39 մատնանշված աշխատության մեջ։

Մոնղոլական կայսրության ժամանակաշրջանի պատմության հարցերին է նվիրված հայ պատմիչ Հեթումի «Արևելքի երկրների պատմության ծաղկաքաղ» խորագրով աշխատությունը, որը, ուսումնասիրողների համընդհանուր կարծիքով, լավագույնն է մոնղոլներին նվիրված եվրոպական աղբյուրների մեջ։ «Նրա երկի կարևոր առանձնահատկությունն այն է,-գրում է Լ.Հ. Բաբայանը, որ այն հարցերի ավելի լայն շրջանակ է ընդգրկում, ավելի խորն է բացահայտում համաշխարհային թատերաբեմում մոնղոլ նվաճողների հանդես գալու նախադրյալները, քան այդ արել են Կարպինին, Ռուբրուկը, Ասցելինը և ուրիշներ»40։ Հեթում պատմիչի այս աշխատությունը, ինչպես ճիշտ նկատել է Աշ. Հովհաննիսյանը, «...խաչակրաց նոր արշավանքի ռազմաքաղաքական մի ծրագիր էր»41 և սոսկ մոնղոլների պատմությունը չէ, այլ կերպ ասած՝ հայոց Հեթում արքայի զարմիկ պատմիչը իր աշխատությունը գրելիս որոշակի քաղաքական նպատակներ է հետապնդել։ 1842 թ. Հեթում պատմիչի այս աշխատությունը լատիներենից հայերեն է թարգմանել Մ. Ավգերյանը և հրատարակել Վենետիկում42։

_____________________________

37 Pierre Bergeron, էջ 54,
38 Նույն տեղում։
39 Նույն տեղում, գլ. 10, էջ 61—65։
40 Լ. Հ. Բաբայան, Դրվագներ Հայաստանի զարգացած ֆեոդալիզմի դարաշրջանի պատմագրության (9—13-րդ դարեր), Երևան, 1981 էջ 341:
41 Աշ. Հովհաննիսյան, Դրվագներ..., հ. 1, էջ 175։
42 Հեթում պատմիչ թաթարաց, Վենետիկ, 1842։

[էջ 18]

XIV դարի վերջին և XV դարի սկզբին, Կիլիկիայի հայկական պետության անկումից քիչ անց Կիլիկիա ու նրա հարակից շրջաններն է այցելում Ֆրանսիայի Ֆիլիպ Բարի թագավորի խորհրդատու Բերտրանդոն դե լա Բրոկիերը43։ Իր ուղեգրության մեջ, որը վերնագրված է «Անդրծովյան ուղեգրություն», Բերտրանդոն դե լա Բրոկիերը արժեքավոր վկայություններ է հաղորդում Կիլիկիայի քաղաքական կացության ու նրա բնակչության իրավազուրկ վիճակի մասին։ Այնտեղ խոսվում է այն մասին, թե ինչպես Ռամազան-օղլու, Զուլքադար-օղլու և Կարաման-օղլու թուրքմենական ցեղերը տեր ու տնօրինություն էին անում Կիլիկիայի տարբեր մասերում ու նրա հարակից շրջաններում։ Գրավելով Կիլիկի՚այի մեծագույն մասը ու անվերջ պայքարելով Եգիպտոսի սուլթանների ոտնձգությունների դեմ, թուրքմեն տիրակալները կարողացան երկրամասն իրենց իշխանության տակ պահել ընդհուպ մինչև 1516 թ., երբ Կիլիկիան ընկավ օսմանյան տիրապետության ներքո։ Թուրքմեն տիրակալներն այդ ժամանակ իշխում էին նաև Մեծ Հայքում և եվրոպացի ուղեգիրները երկիրն անվանում էին «Թուրքոմանիա»։ Նույն բառով է Կիլիկիան կոչում նաև Բերտրանդոն դե լա Բրոկիերը։ «Երբ ես մեկնեցի Սիրիայից, — գրում է նա, — ես մուտք գործեցի թուրքմենների երկիրը, որին մենք անվանում ենք Հայաստան (խոսքը Կիլիկիայի մասին է — Մ. Զ.)»։ Ուղեգրի վկայություններից երևում է նաև, որ Կիլիկիան հայկական պետության անկումից հետո էլ քաղաքային կյանքն ու առևտուրը դեռևս լրիվ անկում չէին ապրել։ Այսպես, խոսելով Ադանայի մասին, նա գրում է. «Ադանան մի շատ լավ վաճառականական քաղաք է, որը ամուր պաշտպանված է պարիսպներով»44։

Հեթում պատմիչից հետո ընդհուպ մինչև XV դարի սկզբները, եվրոպական պատմության մեջ աչքի ընկնող գրական հուշարձան չի պահպանվել։ Միայն Լենկ-Թիմուրի ժամանակաշրջանն է, որ արտացոլվել է Ռույ Գոնսալես դի Կլավիխոյի «Ուղեգրության» մեջ։

Այսուհանդերձ, պատմական արժեքից զուրկ չեն գերմանացի Հանս Շիլդբերգերի45 հաղորդած վկայությունները Հայաստանի և հայերի մա-

_____________________________

43 La voyage d'outremer de Bertrandon de la Broquière, publié et annoté par Charles Schéfer. Paris, 1892.
44 Նույն տեղում, էջ 40։
45 Հ. Շիլդբերգերի ուղեգրությունը դեռևս XV դարում մի քանի անգամ հրատարակվել է Գերմանիայում։ 1852 թ. Մյունխենում Կ. Ֆ. Նոյմանը հրատարակում է քննական տեքստը՝ „Reisen in Europa, Asia und Africa von 1394 bis 1427" վերնագրով։ Ռուսերեն թարգմանությունը հրատարակել է Լ. Ֆ. Բրունը (Путешествие Ивана Шильдбергера по Европе, Азии и Африке с 1394 по 1427 гг..— 3aписки Новороссийского университета, Т. I, Oдecca, 1867); Կա անգլերեն թարգ-

[էջ 19]

սին։ 1394 թվականին ծառայության մեջ գտնվելով հունգարական Սիգիզմունդ թագավորի մոտ, նա Նիկոպոլիսի ճակատամարտում գերի է ընկնում թուրքերի ձեռքն ու սուլթան Բայազետ 1-ինի կարգադրությամբ ուղարկվում է Փոքր Ասիա։ 1402 թվականին Անկարայի ճակատամարտում գերի է ընկնում Թիմուրի ձեռքը և այնուհետև մասնակցում նրա արշավանքներին։ 1417 թվականին նա փախչում է գերությունից ու վերադառնում հայրենիք։ Լինելով անգրագետ, նա հետագայում թելադրել է իր տեսածն ու վերապրածը։ Նրա միամիտ նկարագրությունները պահանջում են խիստ քննադատական մոտեցում ունենալ և առասպելական ու հաճախ աղավաղված նյութերից քաղել ճշմարիտն ու պատմականը։

Որոշ հետաքրքրություն են ներկայացնում նաև իտալացի ֆրանցիսկյան Օդորիկոս Պորդենոնցու 1316 թ. " Կոստանդնուպոլիս և Տրապիզոնի վրայով Հայաստան կատարած ուղևորության մասին վկայությունները46։ XIX դարի վերջին Բալկաններում թուրքերի ունեցած ռազմական հաջողությունները մեծապես վնասել էին Եվրոպայի և Արևելքի միջև կատարվող առևտրին։ Եվրոպական երկրների պարբերաբար կազմակերպած «խաչակրաց» արշավանքներն անվերջ պարտություն էին կրում թուրքերից։ Բալկանյան երկրների դաշինքին հատկապես մեծ հարված հասցրեց սուլթան Բայազետ Յըլդըրըմը՝ 1396 թ. Դանուբի ափին կայացած Նիկոպոլիսի ճակատամարտում։ Ահա այս ժամանակ Արևելքում հանդես եկած նոր բռնակալ Թիմուրը, որը 1402 թ, Անկարայի ճակատամարտում գլխովին ջախջախել էր թուրքական բանակն ու գերի վերցրել Բայազետ սուլթանին, եվրոպացիների կողմից դիտվում էր որպես հնարավոր դաշնակից գլխավոր թշնամու՝ օսմանյան Թուրքիայի դեմ։ Ռույ Գոնսալես դի Կլավիխոն՝ կաստիլիացի այդ ազնվականը, ծնվել է Մադրիդում։ Ծննդյան ստույգ թվականը հայտնի չէ. մահացել է 1412 թ.։ 1403 թ. Կաստիլիայից երկրորդ դեսպանությունն ուղարկվեց Թիմուրի մոտ, որին մասնակցում էին Ալֆոնսո Պաեսա դե Սանկտա Մարիան, Կլավիխոն և Գոմես դե Սալասարը, որոնք և 1406 թ. վերադարձան Կաստիլիա։

Կլավիխոն թողել է այդ ճանապարհորդության օրագիրը47։ Ուղեգիրը 1403 թ. մայիսի 21-ին դուրս է գալիս Կադիսից և Միջերկրական ու

_____________________________

մանությունը (Buchan Telfer. The Bondage and Travels of John Shiltberger. London, 1878).
46 Odoric de Pordoenone. Les voyages en Asie au XIV siècle. Paris, 1891.
47 Օրագիրն առաջին անգամ լույս է տեսնում 1582 թ. Գոնսալես Արգոյեդի Մոլինայի ջանքերով, հետևյալ վերնագրով՝ „Vida y Hasanas de Grand Tamerlan... escrita por Ruy Gonzalez de Glavijo... con un itinerario de la succedito en le embajada. Sevilla. 1582. 1782 թ,այս գիրքը վերահրատարակվում է, որից և կա-

[էջ 20]

Սև ծովերի վրայով ուղևորվում է Կոստանդնուպոլիս, Սինոպ և Տրապիզոն։ Այստեղից նա շարունակում է իր ճանապարհը դեպի Երզնկա, Էրզրում (Arseron), Ալաշկերտ, Իգդիր, Բայազետ, Խոյ, Թավրիզ, Սուլթանիե, Թեհրան և 1404 թ, սեպտեմբերի 8-ին հասնում է Սամարղանդ, ուր հատուկ ընդունելության է արժանանում Թիմուրի կողմից ու այնտեղ մնում մինչև նոյեմբերի 21-ը։ Վերադարձին Կլավիխոն, անցնելով Իրանի վրայով, այցելում է Անի, Կարս, Սպեր, Տրապիզոն և այլ վայրեր ու քաղաքներ։

Հիշարժան են Մակվում պահպանված հայկական իշխանություններից մեկի մասին Կլավիխոյի հաղորդած վկայությունները։ «Կիրակի, հունիսի 1-ին (1404 թ.),— գրում է Կլավիխոն, — մենք հասանք մի բերդ, որ կոչվում էր Մակու, և այդ վայրը պատկանում էր մի իշխանի, որ հռովմեական կաթոլիկ քրիստոնյա էր, բայց անունը Նուրադդին էր, և այն զինվորները, որոնք պահպանում էին այս բերդը նույնպես պատկանում էին հռովմեական կաթոլիկ հավատքին։ Նրանք իրականում ազգությամբ հայ էին, խոսում էին հայերեն, բայց միևնույն ժամանակ հասկանում էին թուրքերեն և պարսկերեն։ Մակվում Դոմինիկյան միաբանության մի վանք կա»48։

1402 թվականին Անկարայի ճակատամարտը միայն ժամանակավորապես կանգնեցրեց թուրքերի հետագա առաջխաղացումը Բալկաններում ու հետաձգեց Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլսի անկումը։ XV դարի 40-ական թթ. օսմանցի թուրքերը վերսկսեցին իրենց զավթողական պատերազմները Եվրոպայի արևելքում։ 1444 թ. սուլթան Մուրադ 2-րդը Վառնայի մոտ ջախջախեց լեհական ու հունգարական բանակները և գրավեց բալկանյան երկրների զգալի մասը, իսկ 1448 թ. Կոսովոյի դաշտում պարտության մատնեց հունգարական վոյեվոդ Յանուշ Խունիատայի գլխավորությամբ արևելաեվրոպական երկրներից կազմված դաշնակից բանակը, որից հետո Մուրադ 2-րդի հաջորդ Մեհմեդ 2-րդին ոչինչ չէր մնում, քան առանց մեծ արգելքի 1453 թ. մայիսի 29-ին գրավել Կոստանդնուպոլիսը։ Այս բոլոր քաղաքական իրադարձու-

_____________________________

տարվել է ռուսերեն թարգմանությունը. Рюи Гонзалес до Клавихо, Дневник путешествия ко двору Тимура в Самарканд..., подлинный текст с переводом и примечаниями. Сборник отделения русского яз. и словесности AH, T. XXVIII, № 1, СПб., 1871.
Կա նաև անգլերեն թարգմանությունը (Clements Markhan. Narrative of embassy of... Ciavijo to the court of Timour. London, 1859. Hakluyt series, t. XXVI. Guy de Strange — Clavijo embassy to Tamerlan. London, 1928.
48 Հովհ. Հակոբյան, Ուղեգրություններ, հ. Ա. էջ 113:

[էջ 21]

թյունները հսկայական վնաս պատճառեցին Եվրոպայի լևանտյան առևտրին։ Ամենից շատ տուժեցին Վենետիկն ու Ջենովան։ Այս երկու քաղաք-հանրապետություններն առևտրական խոշոր կենտրոններ ունեին Կոստանդնուպոլսի Պերա ու Ղալաթիա թաղամասերում և այստեղից էին կատարում Արևելքի հետ ողջ առևտուրը։ Իտալիայի այս երկու հանրապետությունների համար կարևոր առևտրական կենտրոններ էին նաև Տրապիզոնն ու Կաֆան (Թեոդոսիան), որտեղից նրանք իրենց ապրանքները տեղափոխում էին Իրան, մասնավորապես Թավրիզ։ Այնտեղից էլ ստանում էին Հնդկաստանի ապրանքները Հորմուզի վրայով ու տեղափոխում Եվրոպա։ Սակայն շուտով թուրքերը գրավեցին սկզբում Տրապիզոնը (1461 թ.), իսկ այնուհետև՝ 1475 թ., Ղրիմի թերակղզին49 ու Եվրոպայի առաջ փակեցին Արևելքի առևտրական ուղիները։

Այս բոլորը մասնավորապես Վենետիկին ստիպեցին դաշնակիցներ փնտրել Արևելքում, և այդպիսի դաշնակից գտնվեց՝ հանձինս ակկոյունլու թուրքմենների ականավոր տիրակալ Ուզուն Հասանի (1453 —1477 թթ)։ Վերջինս ոչ միայն սիրալիր ընդունեց Վենետիկի հանրապետության դեսպաններին, այլև, իր հերթին, բարեկամական դեսպանություններ ուղարկեց Եվրոպա։ Ուզուն Հասանը Եվրոպայի հետ ունեցած իր բանավարություններում օգտագործում էր հայ դիվանագետներին, որոնցից մեկն էր Նախիջևանի շրջանից հայ խոջա Միրաքը՝ Ուզուն Հասանի «հավատարիմ ծառան ու ներկայացուցիչը»50։ Վենետիկի հանրապետության դեսպանները գրի են առել այն քաղաքական իրադարձությունները, որոնց ականատես են եղել իրենց ճանապարհորդությունների ընթացքում։ Այդ գրառումները պատմական որոշակի արժեք են ներկայացնում։ XV դարի 70-ական թթ., երբ ռազմական գործողություններ էին մղվում մի կողմից Ուզուն Հասանի զորքերի, մյուս կողմից՝ թուրքերի միջև, օսմանցիների բանակում էր գտնվում մի ուրիշ վենետիկցի՝ Ջիովաննի Մարիա Անջիոլելլոն, որի թողած պատմական վկայությունները նույնպես խիստ ուշագրավ են։

Կատերինո Զենոն ամուսնացած էր Կալոյոաննես կայսեր՝ Վիոլետա թոռան հետ, հետևաբար, Ուզուն Հասանի կնոջ՝ Դեսպինայի, մոտիկ ազգականն էր։ 1474 թ., վերադառնալով Վենետիկ, Զենոն սենատին է

_____________________________

49 Ղրիմի թերակղզում, ինչպես հայտնի է, XIII—XIV դդ. մեծ էր հայերի թիվը։ Ջենովացիների հետ նրանք գտնվում էին մշտական առևտրական և այլ առնչությունների մեջ։ Այդ տեսակետից որոշակի գիտական արժեք է ներկայացնում Վ. Ա. Միքայելյանի Հայ-իտալական առնչություններ, ջենովական փաստաթղթերը ղրիմահայերի մասին» գիրքը (Երևան, 1974 թ.)։
50 Ղ. Ալիշան, Հայ-Վենետ, Վենետիկ, 1896, էջ 186—187։

[էջ 22]

հանձնում Արևելք կատարած ուղևորության մասին իր զեկուցագիրը51։ Դրանից պարզվում է, որ իտալական դեսպանների հետ բանակցությունների ընթացքում Ուզուն Հասանի հետ կայացել էր զինական դաշնակցություն, և որ գործող դաշնակից զորքերը պետք է հանդիպեին Կարամանիայում։ Սակայն այդ դաշինքին վիճակված չէր կյանքում իրականանալ, քանի որ 1473 թ. օգոստոսին Դերջանի ճակատամարտը ավարտվել էր հօգուտ թուրքերի ու դրանով իսկ կանխորոշել այդ դաշինքի հետագա ճակատագիրը։

Ջոզեֆո Բարբարոն ծնվել է Վենետիկում XV դարի սկզբին ու մահացել 1493 թ.։ Իր առևտրական գործարքների համար 1436–1452 թթ., ապրել է Տանայում (Ազով) ու մոտիկից ծանոթացել արևելյան ժողովուրդներին։ 1471 թ. Ջ. Բարբարոն մեկնել է Իրան՝ Կիպրոսի, Կիլիկիայի, Եփրատի վրայով դեպի Թավրիզ, Սուլթանիե և Իսպահան։ Վերադառնալիս նա կրկին եղել է Թավրիզում, Շամախիում, Դերբենդում, իսկ այնուհետև մեկնել է Մոսկվա և Լեհաստանի ու Գերմանիայի վրայով հասել հայրենիք52։

Ջ. Բարբարոյի «Ուղեգրությունը» ներկայացնում է նրա «օրագրի» հետագա մշակումը։ Նա հանդես է գալիս մերթ որպես անմիջական ականատես, մերթ՝ որպես իր լսածների գրառող։ Բացի Կիլիկիայի մասին թողած հիշատակություններից, առավել արժեքավոր է Թավրիզից մինչև Դերբենդ ընկած տարածության նկարագրությունը։ Նա տալիս է աշխարհագրական միջավայրի, բնակչության թվական կազմի, սովորույթների ու բարքերի, քաղաքական պատմության վերաբերյալ ուշագրավ տեղեկություններ։ Գտնվելով Ուզուն Հասանի բանակում, նա մասնակցել է թուրքմենական տիրակալի՝ 1477 թ, Վրաստան կատարած արշավանքին և նկարագրել այն։

Ամբրոզիո Կոնտարինին Իրան ուղևորվեց Գերմանիայի, Լեհաստանի, Ղրիմի, Վրաստանի և Հայաստանի վրայով։ Բաթումից մինչև Թավրիզ, Կոնտարինիի ուղևորությունը տևում է 1474 թ. հունիսի 29-ից մինչև օգոստոսի 4-ը։ Իսպահանում Կոնտարինին հանդիպում է Ջ. Բարբարոյի հետ և նոյեմբերի 4-ին երկուսով արժանանում են Ուզուն Հասանի

_____________________________

51 Կատերինո Զենոյի զեկուցագիրը առաջին անգամ լույս է տեսել Վենետիկում 1558 թ. (տե՛ս Del commentari del viaggio in Persia Caterino Zeno)։ Կա նաև անգլերեն թարգմանությունը (տե՛ս Hakluyt series, № 11)։
52 Ջ. Բարբարոյի «Ուղեգրությունն» առաջին անգամ լույս է տեսնում Վենետիկում, 1453 թ., վերահրատարակվում է 1545 թ. հետևյալ վերնագրով. Viaggi fatti de Venetia alle Tana in Persia, India et della Porto del Gran Turco։ Հետագայում կատարվել է լատիներեն (1606 թ.) և ռուսերեն (1831 թ.) մասնակի թարգմանությունը (դեպի Տանա ուղևորության նկարագրությունը)։

[էջ 23]

ընդունելությանը։ Կոնտարինին նպատակադրվել էր հայրենիք վերադառնալ նույն ճանապարհով, որով մեկնել է Իրան, սակայն Բաթումի մոտերքում տեղեկանալով թուրքերի կողմից Ղրիմի գրավման մասին (1475 թ.), ստիպված է լինում վերադառնալ Թիֆլիս և Շամախու ու Դերբենդի վրայով շարժվել դեպի Աստրախան, այստեղից էլ Ռուսաստանի, Լեհաստանի, Գերմանիայի վրայով 1477 թ. ապրիլի 10-ին հասնում է Վենետիկ։

Ա. Կոնտարինիի «Ուղեգրությունը»53 հար և նման Ջ. Բարբարոյի նկարագրածին, սակայն և այնպես տարբերվում է նրանից։ Բարբարոյի «Ուղեգրությունը», — գրում է Մ. Ա. Պոլիևկտովը, — ավելի շուտ հանդիսանում է ճանապարհորդության ընթացքում իր հավաքած նյութերի, ինչպես նաև ուրիշ մարդկանցից ստացած տեղեկությունների մշակում, հետևաբար ամեն պարագայում հեշտ չէ առանձնացնել, թե որտեղ է Բարբարոն խոսում որպես ականատես և որտեղ՝ ուրիշի խոսքերով։ Կոնտարինիի «Ուղեգրությունը» իր ուղևորության օրագիրն է, ուր նա բերում է համարյա բացառապես իր անձնական տպավորությունները»54։

Ա. Կոնտարինին ընթերցողներին հետաքրքիր տեղեկություններ է հաղորդում իր այցելած վայրերի մասին։ Ուղեգիրը, որպես ջերմեռանդ հռոմեադավան, իդեալական գծերով է ներկայացնում Նախիջևանի շրջանի՝ կաթոլիկ հայերով բնակեցված տասնմեկ գյուղեր, որոնք, իր բառերով ասած՝ «ամենահաճելի ու ամենաարգավանդ վայրերն են ողջ Պարսկաստանում»55։ Ուղեգրության մեջ բերված են Հայաստանի քաղաքական պատմությանը վերաբերող տվյալներ։ Այսպես, Ուզուն Հասանը մի առիթով ասել է Ա. Կոնտարինիին. «Ասեք ձեր ղեկավարներին, որ ես շուտով ռազմական գործողությունները կտեղափոխեմ Օսմանյան կայսրության տարածքը, թող նրանք իրենց կողմից կատարեն իրենց (հանձն առած) պարտականությունը, ինչպես ես անում եմ իմը»56։

Գտնվելով Ուզուն Հասանի վրա արշավանք ձեռնարկած Մեհմեդ 2-րդի բանակում, Ջիովաննի Մարիա Անջիոլելլոն հետաքրքիր տեղեկություններ է հաղորդում թուրքական բանակի մարտունակության, կազմի, ռազմական տեխնիկայի մասին։

_____________________________

53 Ա. Կոնտարինիի «Ուղեգրությունը» առաջին անգամ է լույս տեսնում Վենետիկում 1487 թ. հետևյալ վերնագրով. Viaggio di Messer Ambrosio Conterini, ambasciadore di Venezia ad Uzun Cassan Re di Persia per Annibale Fosco. Venezia, 1487. Կա ֆրանսերեն թարգմանությունը Պ. Բերժերոնի կողմից, որից և մենք օգտվել ենք։
54 М. А. Полиевктов, с. 98.
55 Pierre Bergeron, III, էջ 21։
56 Նույն տեղում, էջ 30։

[էջ 24]

1475 թ. Դերջանի ճակատամարտի մասին արժեքավոր տվյալներ բերելուց հետո Անջիոլելլոն խոսում է Ուզուն Հասանի հետագա ճակատագրի, 1477 թ. նրա մահվան, ակկոյունլուների պետության մեջ ծայր առած գահակալական կռիվների մասին և այլն։ Ուղեգրությունը Սեֆյանների պետության հիմնադրման պատմության կարևոր աղբյուրների շարքին է դասվում։ Այնտեղ խոսվում է Սեֆյանների պետության հիմնադիր շահ Իսմայիլի՝ 1501–1510 թթ. ընթացքում Իրանում և Արևմտյան Հայաստանում ծավալած ռազմական գործողությունների մասին57։

Նշենք, որ շահ Իսմայիլի վարած ներքին ու արտաքին քաղաքականության վերաբերյալ ամենահետաքրքիր նյութերն ընդգրկում է Իրան մեկնած մի անանուն վաճառականի թողած «Ուղեգրությունը»։ Հեղինակը նշում է, որ Արևելքի ժողովուրդների կենցաղի, սովորույթների և այցելած քաղաքների մասին նյութերը հավաքել է ութ տարիների և ութ ամիսների ընթացքում։ Այդ նյութերը իրենց թարմությամբ մեծապես կարող են հետաքրքրել ընթերցողներին։ Նա գրում է նաև, որ ինքը մասնակցել է շահ Իսմայիլի մի շարք արշավանքներին58։

Անանուն վաճառականի դեպի Իրան կատարած ճանապարհորդությունն ընթացել է Հայկական լեռնաշխարհի հարավային շրջաններով (Դիարբեքիր, Մերդին), որոնց մասին նա թողել է տնտեսական ու դեմոգրաֆիկ բնույթի վկայություններ։ Նա խոսում է նաև Շահ Իսմայիլի զորավար Ուստաջլու խանի կողմից այդ շրջանների գրավման մասին։ Հատկապես գիտական մեծ հետաքրքրություն ունեն Բիթլիսին, Վանին, Ոստանին, Դատվանին, Արճեշին և հարավ-արևմտյան Հայաստանի այլ քաղաքներին ու գավառներին նվիրված վկայությունները, որոնք գերազանցապես վերաբերում են քուրդ բեկերի և շահ Իսմայիլի քաղաքական հարաբերություններին։ Ընդարձակ են հեղինակի թողած տեղեկությունները Մերձավոր արևելքի խոշորագույն առևտրական կենտրոններից մեկի՝ Թավրիզի մասին։ Դրանք որոշակի գիտական նշանակություն ունեն տվյալ ժամանակաշրջանի տնտեսական պատմության ուսումնասիրության համար։

Սեֆյան պետության հիմնադրման պատմությունը, Ակկոյունլու պետության վերջին տիրակալների, շիրվանշահերի և օսմանյան թուրքերի դեմ շահ Իսմայիլի պայքարի պատմությունն արտացոլվել է նաև վենետիկյան դիվանագետ Ռոտայի թողած հիշատակարանում, որը զե-

_____________________________

57 Հովհ. Հակոբյան, Ուղեգրություններ, հ. Ա, էջ 276—285։
58 Նույն տեղում, էջ 286—287։

[էջ 25]

տեղված է Ռ. Դյու Մանի «Պարսկաստանի վիճակը 1660 թ.» գրքի հավելվածում59։ Իր աշխատության սկզբնական մասում Ռոտան տալիս է Սեֆյան հարստության ծագումնաբանությունը, այնուհետև շարադրում իր՝ շահ Իսմայիլի, կենսագրությունը։ Իշխանության գլուխ անցնելուց հետո, շահ Իսմայիլը, վկայում Է Ռոտան, «...մեծ ատելություն է տածում դեպի թուրքերը»60։ Այնուհետև Ռոտան պատմում է շահ Իսմայիլի մղած պատերազմների ու նվաճած երկրների մասին։ Նա հատուկ ընդգծում է, որ շահ Իսմայիլի հեղինակությունը գյուղացիների ու սոցիալական այլ շերտերի նկատմամբ վարած խաբեպատիր քաղաքականության շնորհիվ երկրում մեծ էր. «Իր պալատականների ու իր ենթակաների կողմից նա (շահ Իսմայիլը–—Մ. Զ.) պաշտված է, և ինքը ավելի մեծ հեղինակություն ձեռք բերելու համար (մարդկանց մեջ) ներկայացնում է միայն դեմքը շղարշով քողարկված, ինչպես դա մի ժամանակ անում էր Մովսես (մարգարեն) Իսրայելի զավակների առաջ»61,— գրում է նա։ Ռոտան իր աշխատության վերջին գլուխը վերնագրել է այսպես. «Այն մեծ ատելությունը, որ տածում է իշխան Սոֆին դեպի հրեաները, թուրքերը և սարակինոսները (իմա արաբները — Մ. Զ.), և թե ինչպես է նա համակրում քրիստոնյաներին...», որտեղից պարզվում է, որ շահ Իսմայիլի թշնամանքն ուղղված էր սուննիների դեմ և քրիստոնյաներին «հովանավորելը» պայմանավորված էր եվրոպական պետությունների հետ թուրքերի դեմ ուղղված դաշինք կնքելու նպատակով։ «Քրիյյտոնյաներին, — կարդում ենք Ռոտայի մոտ,—նա (շահը — Մ. Զ.) ցույց է տալիս բարյացակամ (վերաբերմունք), որովհետև նա անձեռնմխելի էր թողնում նրանց բոլոր եկեղեցիներն ու մատուռները՝ առանց բռնություն գործադրելու։ Եվ տանում էր իր հետ հայոց պատրիարքին և մեր հավատին հետևող բազմաթիվ վանականների ու հոգևորականների, դրանով իսկ ակնհայտ դարձնելով մահմեդական օրենքը (իմա՝ սուննիզմը—Մ. Զ.) հիմնովին ոչնչացնելու նրա ցանկությունը»62։

XV դարի եվրոպական պատմագրության մասին մեր խոսքը ավարտելուց առաջ նշենք ևս մի երկու կարևոր բյուզանդական աղբյուրների մասին, որոնք XVII դարում հրատարակվել են Ֆրանսիայում՝ այլևայլ աղբյուրներից քաղված խիստ արժեքավոր լրացումներով։ Առաջինը բարոն դե Գիյեի կողմից հրատարակվածն է՝ «Մեհմեդ 2-րդի պատմու-

_____________________________

59 ,,Estat de la Perse en 1660" par le P. Raphael du Mans, publié avec notes et appendice par Charles Schéfer. Paris, 1890, Appendice, p. 259—276.
60 Նույն տեղում, էջ 264—265։
61 Նույն տեղում, էջ 274—275։
62 Նույն տեղում, էջ 274—275։

[էջ 26]

թյունը», վերնագրով63։ Հայ ժողովրդի քաղաքական պատմության համար հատկապես որոշակի հետաքրքրություն ունի երկրորդ հատորը, որը բացառապես նվիրված է Ուզուն Հասանի ու այլոց հետ Մեհմեդ 2-րդի գրագրություններին։ Նամակներից մեկում սուլթանը մանրամասն նկարագրում է Դերջանում իր տարած հաղթանակը Ուզուն Հասանի նկատմամբ։ Երկրորդ հատորի վերջում բերված են նաև աղբյուրներ, ուր խոսվում է Սեֆյանների ծագման մասին։

Երկրորդ աղբյուրը, որի մասին այստեղ ակնարկեցինք, Լառնիկոս Խալկոկոնդիլի կամ Խալկոնդիլի (ծննդյան և մահվան թվականները հայտնի չեն, ենթադրվում է, որ նա ծնվել է XV դ. 30-ական թթ. ու մահացել նույն հարյուրամյակի վերջում)՝ «Թուրքերի և Մեհմեդ 2-րդի ծագման ու գործունեության մասին» վերնագրով աշխատությունն է։ Այստեղ մանրամասն շարադրված է օսմանյան պետության քաղաքական պատմությունը 1298 — 1463 թթ., կարճ՝ տրվում է թուրքերի կատարած նվաճումների պատմությունը Փոքր Ասիայում և Բալկաններում64։ Կա Բլեզ դե Վիժեների կատարած ֆրանսերեն թարգմանությունը, որին կցված են Թովմաս Արթուսի և դե Մեզերեի կողմից կատարված ժամանակագրական լրացումներն ընդհուպ մինչև 1661 թ.։

XVI դարում, երբ Օսմանյան կայսրությունը հասնում էր իր հզորության գագաթնակետին, եվրոպական պետությունների մոտ առավել ուժեղացավ հետաքրքրությունը այդ պետության նկատմամբ, որի անմիջական արդյունքն էր պատմական մեծ ու փոքր աշխատությունների հրապարակումը Եվրոպայում։ Միայն XVI դարի առաջին կեսին եվրոպական հասարակությանը հայտնի դարձան 901 նման աշխատություններ, որոնց համառոտ նկարագրությունը տրված է գերմանացի արևելագետ Կարլ Գյոլների 1961 թ. Բեռլինում ու Բուխարեստում հրատարակված գրքում65։ Այս ժողովածուում մատնացույց արված աղբյուրների մեջ հայ ժողովրդի պատմության տեսակետից առավել կարևոր են 1535 թ. «Մեծ թուրքի (իմա՝ սուլթանի — Մ. Զ.) նկատմամբ Սոֆիի տարած հաղթանակի մասին Կոստանդնուպոլսից ուղարկված մի նամակի պատճենը»։ Իտալացի Ջիովիի (Պաոլո) 1538 թ. ֆրանսերեն թարգմանված ու Փարիզում հրատարակված հետևյալ վերնագրով աշ-

_____________________________

63 Histoire du règne de Mahomet II, empereur des Turcs par le sieur Guillet, T. I–II, Paris, 1684.
64 (Chalcondyle). Histoire générale des turcs, contenant l’histoire de Chalcondyle, trad. De Blaise de Vigenaire et continuée jusque en l’an 1612 par Thomas Artus et par le sieur Meseray jusque en l’an 1661. T. I–II, Paris, 1662.
65 Karl Gölner, Turcica, Die europäischen Türkendrucke des XVI Jahrhunderts. Band 1, Bucuresti–Berlin, 1961.

[էջ 27]

խատությունը. «Թուրքիայի կայսրերի պատմությունը վերջերս լատիներենից ֆրանսերեն թարգմանված»66 և 1547 թ. դարձյալ Փարիզում հրատարակված «Կոստանդնուպոլսից ուղարկված նամակների պատճենը, որը պարունակում է Պարսկաստանի թագավոր Սոֆիի մեծ թուրքին վերջերս հասցրած մեծ պարտությունը...» գիրքը67 Կարլ Գյոլների կողմից հրատարակված աղբյուրների ցանկից երևում է, որ Թուրքիայի մասին Եվրոպա ուղարկված նյութերի մեծ մասը գրված է լատիներեն։

Եվրոպական պետութունների հետ Օսմանյան կայսրության հարաբերությունները XVI դարում դարձան ավելի կայուն։ Միմյանց նկատմամբ թշնամական դիրք գրաված եվրոպական պետությունների տարբեր խմբավորումներ աստիճանաբար սկսեցին իրենց կողմը գրավել Թուրքիային։ Մյուս կողմից, թուրքական վտանգը Եվրոպայի կենտրոնից հեռացնելու նպատակով, եվրոպական պետությունները ձգտեցին կանոնավոր դեսպանություններ ուղարկել Կոստանդնուպոլիս։ Ավելի ու ավելի հաճախ տարբեր մասնագիտությունների տեր եվրոպացիներ սկսեցին ուղևորություններ կատարել Թուրքիայում։ Եվ ահա, դեսպանությունների զեկուցագրերը և առանձին ուղեգրությունները բավականին պատմական նյութեր են հաղորդում Օսմանյան կայսրության հասարակական-տնտեսական և քաղաքական պատմության մասին։ Այս նյութերից միայն մի մասն է առ այսօր հրապարակված, մյուսը, դժբախտաբար, դեռևս մնում է Եվրոպայի տարբեր երկրների արխիվներում։ Մասնակիորեն հրատարակված նյութերի շարքին կարելի է դասել 1839—1846 թթ. ընթացքում Ե. Ա. Ալբերիի կողմից լույս ընծայված «Սենատին հղված վենետիկյան դեսպանների զեկուցագրերը» վերնագրված փաստաթղթերի ժողովածուն68։ Այդ փաստաթղթերն արտացոլում են 1527 — 1577 թթ. Արևելքում Ֆրանսիայի վարած քաղաքականությունը։ Համանման փաստաթղթերի մի ժողովածու, որն ընդգրկում է 1515 —1580 թթ. ժամանակաշրջանը, պարունակում է նաև 1848 — 1853 թթ. Է. Շարիերի կողմից հրատարակված չորս հատորանոց գիրքը69։

_____________________________

66 Giovio (Paulo). L’histoire des empereurs de Turquie... Nouvellement traduit de latin en français. Paris, 1538.
67 La copie des lettres envoyées de Constantinople qui contiennent la grande deffaicte que nouvellement Sophy Roy de Perse a faict contre le grand Turc. Traduite de language italien en français, Paris, 1547.
68 E. Albéry, Relagìoni degli ambasciatori Veneti al Senato, T. III, Firenze, 1859—1863.
69 Ernest Charrière, Négociations de la France dans le Levant, ou correspondances, mémoires et actes diplomatiques des ambassadeurs de France à Constantinople, Vol. I–IV, Paris, 1848-1853.

[էջ 28]

XVI դարի 40-ական թթ. հայ ժողովրդի պատմության ուսումնասիրության համար որոշակի արժեք ունի ֆրանսիական թագավոր Հենրիխ 2-րդի դեսպան դ’Արամոնի ուղեգրությունը70։ Նա 1548—1549 թթ. մասնակցում էր սուլթան Սուլեյման Կանունիի (1520 —1566 թթ.) իրանական արշավանքին ու օրը-օրին նկարագրում է դրա ողջ ընթացքը։ Նա արժեքավոր տեղեկություններ է հաղորդում Ամասիայի, Թոխատի, Սեբաստիայի, Էրզրումի, Վանի, Մուշի, Բիթլիսի, Դիարբեքիրի և պատմական Հայաստանի մյուս քաղաքների մասին։ Դ’Արամոնի հաղորդած վկայություններից ևս մի անգամ պարզվում է այն իրողությունը, որ արշավող թուրքական բանակի սարսափից բնակչությունը ստիպված լքում էր հայրենի երկիրը։ Ֆրանսիական դեսպան դ’Արամոնի վկայությունները գրի է առել իր քարտուղար Ժան Շեզնոն։ Բնագիրը հրատարակել է ֆրանսիացի հայտնի արևելագետ-պատմաբան Շառլ Շեֆերը, որը գրքին կցել է առաջաբան, ծանոթագրություններ և ֆրանսիական արխիվային նյութեր, որոնց թվում սուլթան Սուլեյմանի 1549 թ. Հենրիխ 2-րդին հղած նամակը, ուր սուլթանը մասնավորապես նկարագրում է շահ Թահմասպի հետ հր պատերազմները և թուրքական բանակի հարձակումը դեպի Վրաստան։

XVI դարի 50 — 60-ական թթ. Թուրքիայի ներքին ու արտաքին քաղաքականության ուսումնասիրության տեսանկյունից մասնակի հետաքրքրություն են ներկայացնում նաև բելգիացի դիվանագետ Օժիե Դիսլեն վան-Բուսբեկի (1522—1592) թողած հուշագրությունները71։ Բուսբեկը որպես ավստրիական կայսր Ֆերդինանդ 2-րդի դիվանագիտական ներկայացուցիչ, 1553 թ. հաշտություն կնքելու նպատակով ուղարկվեց Թուրքիա, ուր մնաց մինչև 1562 թ.։ Թուրքիայի մասին իր տպավորությունները Բուսբեկը շարադրեց չորս ընդարձակ զեկուցագիր-նամակների ձևով, որոնք 1589 թ. առաջին անգամ լույս տեսան ֆրանսերենով։ Հետագայում այդ աշխատությունը հրատարակվում է նաև եվրոպական այլ լեզուներով։

Նույն դարի 70-ական թթ. մեզ հետաքրքրող աղբյուրների մեջ առանձնահատուկ տեղ է գրավում շահ Թահմասպի իշխանության վերջին տարիների Իրանի ներքին կացության վերաբերյալ Վենետիկի հան-

_____________________________

70 La voyage de Monsieur d’Aramon, ambassadeur pour le roy en Levant, escrit par le noble homme Jean Chesneau, l’un des secrétaires dudict seigneur ambassadeur. Publié et annoté par M. Ch. Schéfer. Paris, 1887.
71 Busbequis Augier-Guislain (Baron de Busbec). Lettres, traduites en français avec les notes historiques at géographiques par M. L’abbé de Froy. T. I–II, Paris, 1748.

[էջ 29]

րապետությանը իտալացի Վինչենցո դ’Ալեսանդրիի հղած ընդարձակ զեկուցագիրը72։ 1571 թ., երբ թուրքերը սպառնում էին Կիպրոսին, Վինչենցո դ’Ալեսանդրին Վենետիկի հանրապետության կողմից ուղարկվեց Իրան՝ շահ Թահմասպին հորդորելու համատեղ հանդես գալ Թուրքիայի դեմ։ Վինչենցո դ’Ալեսանդրիի Վենետիկ հղած վերոհիշյալ զեկուցագիրը հեղինակի՝ Իրանում երկար ժամանակ ապրելու ու շահական պալատի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ շփվելու անմիջական արդյունքն է։ Իրանի և Արևելյան Հայաստանի հասարակական-տնտեսական կյանքին վերաբերող արժեքավոր վկայություններից բացի, Վ. դ’Ալեսանդրիի մոտ տվյալներ կան XVI դարի 70-ական թթ. Բիթլիսի քուրդ կառավարիչ Էմիր Շարաֆի ապստամբության ու թուրքերի կողմն անցնելու և այս առթիվ՝ տեղեկություններ նաև Բիթլիսի, Վանի, Ոստանի, Բերկրիի, Արճեշի, Արծկեի և հարավային Հայաստանի այլ քաղաքների մասին73։

XVI դարի 70 — 80-ական թթ. անգլիական առևտրական կապիտալը ամենաեռանդուն ձևով սկսեց իր պայքարը Արևելքում եվրոպական մյուս պետությունների ներկայացուցիչների դեմ՝ առևտրի բնագավառում առանձնաշնորհումներ ձեռք բերելու նպատակով։ Մշտապես զարգացող անգլիական արդյունագործության համար առանձնակի հետաքրքրություն ուներ Իրանի հում մետաքսը՝ բոժոժը։ Ե՛վ հայկական բամբակը, և´ իրանական մետաքսը ներմուծման կարևորագույն ապրանքներն էին դառնալու Անգլիայի համար։ Անգլիացիներն առաջինն էին, որ Ջ. Բարբարոյից ու Ա. Կոնտարինիից հետո իրենց ուշադրությունը սևեռեցին Վոլգա-կասպիական առևտրական ուղու վրա։ XVI դարի կեսերին վոլգյան ուղին, ընդհուպ մինչև Աստրախանը ներառյալ, անցել էր Մոսկովյան պետության գերիշխանության ներքո։ Ուստի անգլիացիները շտապեցին ռուսների հետ առևտրական գործարքներ կնքել։ Այդ գործի առաջամարտիկը հանդիսացավ անգլիացի նավագնաց Անտոնի Ջենկինսոնը, որը 1557—1571 թթ. ընթացքում Վոլգա-կասպիական առևտրական ուղով ճանապարհորդություն կատարեց Բուխարա և Իրան։ Հետագայում Ա. Ջենկինսոնի ձեռնարկած գործը շարունակեցին անգլիական առևտրական կապիտալի մյուս ներկայացուցիչները, որոնց թվում Բերրոուն, Չափմանը, Էդվարդը, Ջոնսոնն ու այլք։ Անգլիացիներին հաջողվեց ոչ միայն ձեռք բերել, ինչպես նշվեց, Վոլգա-կասպյան առևտրի մենաշնորհը, այլև ազատ իրավունք՝ իրանական ապրանքներն առանց որևէ մաքսի Ռուսաստանի վրայով փոխադրելու Անգլիա։

_____________________________

72 Տե´ս Հովհ. Հակոբյան, Ուղեգրություններ, հ. Ա, էջ 331 — 354։
73 Նույն տեղում, էջ 338։

[էջ 30]

Վոլգա-կասպիական ուղիների յուրացմանը զուգընթաց, անգլիական առևտրական կապիտալը ձգտում էր իր համար տեղ ապահովել այսպես կոչված լևանտյան ավանդական ուղիներում։ Դեռևս 1553 թ. նույն ինքը՝ Ա. Ջենկինսոնը, սուլթան Սուլեյման Կանունիից ստացավ հատուկ առևտրական արտոնագիր, որով անգլիացիները դասվում էին «... առավել առանձնաշնորհյալ ազգերի» թվին74։ Այդ արտոնագիրը հետագայում՝ 80-ական թվականներին, դարձավ ապագա անգլիական կապիտուլյացիայի հիմքն ու լևանտյան ընկերության հիմնադրման սկիզբը75։ Այդ բոլորը իրավական ձևակերպում ստացավ անգլիական թագուհի Էլիզաբեթի և սուլթան Մուրադ 3-րդի միջև կնքված հատուկ պայմանագրով։ Երկու կողմերն էլ փորձեցին այդ առևտրական պայմանագրին տալ քաղաքական բնույթ76։ Անգլիական առևտրական կապիտալի համար բարենպաստ այս պայմաններում 1599 —1600 թթ. առաջինը Թուրքիա ուղևորվեց Թոմաս Դալլամը, որի ուղեգրությունը77 սույն թեմայի համար նույնպես որոշակի արժեք ունի։

Հայ ժողովրդի պատմության հարցերն ուսումնասիրողների համար առավել հետաքրքիր են Ա. Ջենկինսոնի ընդարձակ ուղեգրության այն էջերը, որոնք վերաբերում են Իրանի ներքին կացության նկարագրությանը և նրա առևտրական հնարավորություններին։ Չնայած Ա. Ջենկինսոնը հիշատակում է այն մասին, թե ինքը եղել է Հայաստանում, սակայն որևէ մասնավոր տեղեկություն չի հաղորդում։ Իրանի վերաբերյալ Ա. Ջենկինսոնի հաղորդած վկայություններն արժեքավոր են Արևելյան Հայաստանի ընդհանուր վիճակը հասկանալու առումով։ Այդ տեղեկություններն ամենից շատ արտացոլվել են 1561 —1563 թթ. ընթացքում Իրան կատարած նրա ուղևորության հուշագրություններում։ 1561 թ. հունիսի 1-ին դուրս գալով Աստրախանից, Ա. Ջենկինսոնը Դերբենդի, Շամախու, Թավրիզի վրայով նոյեմբերի 2-ին ժամանում է Ղազվին՝ շահ Թահմասպի նստավայրը։ Վերջինս, նկատի ունենալով թուրքերի հետ կնքված հաշտության պայմանագիրը, նպատակահարմար է համարում անգլիացիներին չտալ որևէ առևտրական առանձնաշնորհում։ Հետագայում, սակայն, ինչպես շահ Թահմասպը, այնպես էլ նրա հաջորդները, անգլիացիներին տալիս են նման առանձնաշնորհումներ։

_____________________________

74 Early voyages and travels in the Levant. London, 1893, Introduction, p. V.
75 Նույն տեղում։
76 Նույն տեղում։
77 Նույն տեղում, էջ 1—68։

[էջ 31]

Ա. Ջենկինսոնի հաղորդած վկայությունները հիմնականում վերաբերում են Իրանի տնտեսությանն ու առևտրին, սակայն կան նաև քաղաքական պատմությանը, մասնավորապես թուրք-իրանական պատերազմների վերաբերյալ նյութեր։ Այսպես. խոսելով Թավրիզի մասին, նա գրում է, որ Իրանի մեծագույն քաղաքը «...չունի այն առևտուրը կամ վաճառականությունը, ինչ որ նախապես ուներ, կամ ինչպես ուրիշ (քաղաքներն) են այս ժամանակ, թուրքական արշավանքների պատճառով, որոնք Սոֆիից գրավել են գրեթե մինչև հիշյալ Թավրիզ քաղաքը»78։

XVI դարի վերջի Իրանի տնտեսությանն ու քաղաքական պատմությանը վերաբերող նյութերի կարելի է հանդիպել նաև Ա. Ջենկինսոնի գործընկերներ Արթուր էդվարդսի, Լորենս Չափմանի, Ջոն Սպարքի, Թոմաս Բանիստրի ու այլոց իրանյան ուղեգրություններում, որոնք նույնպես թարգմանված են հայերեն՝ Հովհ. Հակոբյանի կողմից79։ Այս հեղինակների մոտ խոսվում է նաև Եվրոպայի ու մասնավորապես Վենետիկի հետ Ջուղայի հայ խոջաների ունեցած առևտրական հարաբերությունների մասին։ Ինչպես երևում է անգլիացի այս ուղեգիրների վկայություններից, անգլիական առևտրի ներկայացուցիչներն ուղիներ են փնտրել խանգարելու հայ խոջաների և Վենետիկի միջև ծավալված ապրանքափոխանակությանն ու տիրանալու Իրանի հում մետաքսի արտահանման մենաշնորհին։ Բայց և այնպես, նրանք խիստ վախեցել են Արևելքում առևտրական հարաբերությունների համար գոյություն ունեցող բազմաթիվ խոչընդոտներից և այն աստիճան, որ բացականչում են. «...ավելի լավ է ամբողջ կյանքում մշտապես մնալ մուրացկան Անգլիայում, քան լինել հարուստ վաճառական Իրանում»80։

Վերջապես, XVI դարի վերջին քառորդին է վերաբերում անգլիացի մի ուրիշ վաճառականի՝ Ջոն Նյուբերիի թողած ուղեգրությունը, ուր նույնպես հանդիպում ենք հայերի և Հայաստանի մասին ուշագրավ վկայությունների։ Ջոն Նյուբերին որևէ առնչություն չի ունեցել անգլիական-մոսկովյան ընկերության հետ։ Նա 1581 —1582 թթ. ընթացքում առևտրական նպատակներով ճանապարհորդել է Իրան և Հնդկաստան։ Վերադարձին՝ 1581 — 1582 թթ. ձմռան ամիսներին, եղել է Հա–

_____________________________

78 Հովհ. Հակոբյան, Ուղեգրություններ, հ. Ա, էջ 378։ Ընդհանրապես ներկա աշխատության մեջ օգտագործել ենք Հովհ. Հակոբյանի թարգմանությունը՝ Ա. Ջենկինսոնի Ռուսաստան և Իրան կատարած ուղևորության մասին, տե´ս նաև Early voyages and travels to Russia and Persia by Anthony Jenkinson and other Englishmen. Vol. I–II, Edited by E. Delwar Morgan and C. H. Coste, London, 1886.
79 Հովհ. Հակոբյան, Ուղեգրություններ, հ. Ա, 408 — 447։
80 Նույն տեղում, էջ 418։

[էջ 32]

յաստանում և ուղևորվել դեպի Թոխաթ։ Թավրիզից մինչև Թոխաթ ուղեգրության թարգմանությունը դարձյալ տրված է Հովհ. Հակոբյանի կողմից81։

Շահ Թահմասպի մահից հետո Իրանում ծայր առած գահակալական կռիվներն առժամանակ դադարեցրին դիվանագիտական այն բանակցությունները, որ վարում էին եվրոպական պետությունները Իրանի հետ՝ վերջինիս հակաթուրքական դաշինքի մեջ ներգրավելու նպատակով։ Դարավերջին, սակայն, երբ Իրանում իշխանության գլուխ է անցնում Շահ Աբասը, որի ժամանակ ոչ միայն վերջ է տրվում գահակալական կռիվներին, այլև սանձահարվում են կենտրոնախույս ուժերը, եվրոպական պետությունների հակաթուրքական դաշինք կնքելու նախաձեռնությամբ հանդես է գալիս Անգլիան, պայքարելու Վենետիկի դեմ՝ իրանական հում մետաքսի արտահանությունն իր մենաշնորհը դարձնելու նպատակով։ Անգլիան ձգտում էր ամեն կերպ վերացնել այն բոլոր խոչընդոտները, որ Թուրքիան հարուցում էր իրանական մետաքսի արտահանության առաջ։

1599 թ. Շահ Աբասի պալատում հայտնվեց անգլիացի սըր Անտոնի Շիրլեյը, որն առաջարկում էր իր զինվորական ծառայությունները։ Անգլիական կառավարության ներկայացուցիչների կողմից Անտոնի Շիրլեյը ուղարկվել էր Իրան՝ համոզելու Շահ Աբասին մտնել հակաթուրքական դաշինքի մեջ ու անգլիական հպատակներին որոշ առևտրական առանձնաշնորհումներ տալ։ 1598 թ. մայիսի 24-ին իր եղբոր Ռոբերտ Շիրլեյի ու այլոց հետ նա մեկնեց Վենետիկից և ուղևորվեց դեպի Իրան։ Այստեղ Շահ Աբասի զորավար Ալլահվերդի խանի միջնորդությամբ Շահ Աբասը տվեց հակաթուրքական դաշինք ստեղծելու մասին իր համաձայնությունը։ Նա Անտոնի Շիրլեյին լիազորեց իր անունից բանակցություններ վարելու գերմանական կայսր Ռուդոլֆի, Հռոմի պապի, Վենետիկյան հանրապետության և իսպանական թագավորի հետ։ Ապա Անտոնի Շիրլեյի հետ նա Եվրոպա ուղարկեց նաև իր ներկայացուցիչ Հյուսեին Ալի Բեկին։ Իրանում գտնվելը, ապա նաև եվրոպական երկրներում շահի անունից վարած բանակցությունները Անտոնի Շիրլեյը գրի է առել ուղեգրության ձևով82։

_____________________________

81 Նույն տեղում, էջ 448—459։
82 Տե՛ս Sir Anthony Shirley, His relation of his travels into Persia. London, 1613; A new and large discourse of the travels of sir Antony Shirley by sea and overland to the Persian empire, written by William Parry. London, 1601: Dépéches du Piedro Duedo, ambassadeur de la seigneurie de Venise, prés de la cour d’Allemagne, relatives à la mission de sir Anthony Shirley et de Hussein Aly bek. Estat de la Perse en 1660, p. 277—284.

[էջ 33]

Հռոմում Անտոնի Շիրլեյը կաթոլիկ եկեղեցու պետին հավաստիացնում էր, որ իրանաբնակ բոլոր «հերձվածողները», այսինքն հայերը, վրացիները և այլք, հպատակություն են հայտնելու իրեն, եթե պապը կազմակերպի եվրոպական պետությունների հակաթուրքական դաշինքը83։ Նման հավաստիացման հիմքում ընկած կարող է լինել Անտոնի Շիրլեյի տեղեկությունը հայերի, վրացիների կողմից եվրոպական պետություններին արված օգնության դիմումների մասին և Շահ Աբասի մտադրությունը օգտագործել հայ բանագնացներին Եվրոպայի հետ վարվելիք դիվանագիտական բանակցություններում։

Երբ Շահ Աբասի դիվանագիտական ներկայացուցիչ Հյուսեին Ալի Բեկը շրջագայում էր եվրոպական մայրաքաղաքներում, գերմանական կայսր Ռուդոլֆը Շահ Աբասի մոտ էր ուղարկել հատուկ պատվիրակություն տրանսիլվանացի իշխան Կակաշ դե Զալոնկեմենիի ղեկավարությամբ՝ Եվրոպայի հետ Շահ Աբասի ծրագրած դաշինքի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով։ Մյուս կողմից, Էտիեն Կակաշը կայսեր կողմից հանձնարարություն ուներ ռուսական ցարին ներգրավելու հակաթուրքական դաշինքի մեջ84։ Դեպի Իրան ուղեվորության ժամանակ Էտիեն Կակաշին ուղեկցում էր Գևորգ Թեկտանդեր ֆոն դեր Յաբելը։ 1603 թ. հոկտեմբերի 25-ին Լենքորանից ոչ հեռու գտնվող իրանական Լանցեն քաղաքում պատվիրակության ղեկավարը մահանում է, և Թեկտանդերը ստիպված է լինում ինքը կազմել կայսերը ներկայացվելիք զեկուցագիրն Իրան այցելելու մասին։ Մենք օգտագործել ենք Շառլ Շեֆերի հրատարակությունը85։

Թեկտանդերը գտնվել է Շահ Աբասի բանակում, որը թուրքերի դեմ պատերազմ էր վարում Արևելյան Հայաստանը նրանց ձեռքից հետ խլելու նպատակով։ Նա, որպես ականատես, նկարագրում է Թավրիզի, Մարանդի, Նախիջևանի, Երևանի գրավումը Սեֆյանների կողմից։ Շահի թույլտվությամբ նա եղել է նաև Էջմիածնում ու տեսակցություն ունեցել հայոց կաթողիկոսի հետ։ Թեկտանդերի հաղորդած վկայությունները համընկնում են հայկական աղբյուրների հաղորդած տվյալներին։

Իսպանիան դեռևս Ֆիլիպ 2-րդ թագավորի ժամանակ՝ XVI դարի 80-ական թթ., շահ Մուհամմեդ Խուդաբանդայի հետ բանակցություններ էր վարում մի կողմից առևտրի բնագավառում առանձնաշնորհումներ

_____________________________

83 Տե՛ս Estat de la Perse en 1660, էջ 9։
84 Նույն տեղում, էջ 11։
85 Iter Persicum ou description du voyage enterprise en 1602, Paris, 1887. Կա նաև 1609 թ. հրատարակությունը հետևյալ վերնագրով՝ Bréve, mais non moins détaillée et véridique description du voyage en Perse..., Altenbourg, 1609.

[էջ 34]

ստանալու, մյուս կողմից՝ Թուրքիայի դեմ միացյալ ճակատ կազմելու նպատակով։ Սակայն դիվանագիտական այդ փորձերը հաջողություն չէին ունեցել։ Ֆիլիպ 2-րդը ընթանալով իր հոր ծրագրած ուղիով, Իրանի հետ նոր դիվանագիտական շփման մեջ մտավ՝ 1601 թ. այդ երկիր ուղարկելով ևս մի պատվիրակություն՝ բաղկացած Հնդկաստանի իր ներկայացուցիչներից։ Այդ պատվիրակության մեջ էր նաև ավգուստինյան հոգևորական Անտոնիո դե Գուվեան, որը և դարձավ Շահ-Աբասի կյանքին ու քաղաքական գործունեությանը նվիրված մեծարժեք ու հավաստի գրքի հեղինակը86։ Իսպանական պատվիրակությունը 1602 թ. փետրվարի 15-ին դուրս է գալիս Գոայից և սեպտեմբերի 4-ին հասնում իրանական Մաշհադ քաղաքը՝ Շահ-Աբասի այն ժամանակվա նստավայրը։ Իսպանական պատվիրակությունն ընդունելության ժամանակ շահին հավաստիացնում է, որ Հնդկաստանի փոխարքան որևէ մտադրություն չունի ռազմական արշավանք կազմակերպելու Պարսից ծոցում։ Ապահով իր թիկունքից, ինչպես այդ մասին գրում է Անտոնիո դե Գուվեան, Շահ-Աբասը պատերազմ է հայտարարում Թուրքիային։ Անտոնիո դե Գուվեայի աշխատությունն ընդգրկում է Շահ-Աբասի կողմից Թուրքիայի դեմ ձեռնարկված պատերազմի սկզբից, այսինքն 1602 թ. աշնանից ընդհուպ մինչև 1608 թ. ընկած ժամանակաշրջանը։ Հաղորդված նյութերի առատությամբ ու խորությամբ, արված նուրբ դիտողություններով Անտոնիո դե Գուվեայի այս գիրքը հայ ժողովրդի պատմության ուսումնասիրության համար բացառիկ արժեք ունի։ Բերված վկայությունները հավաստի են և զերծ իրանական ու թուրքական աղբյուրների միակողմանի մեկնություններից։ Աշխատության մեջ հեղինակը մեծ համակրանքով ու ցավով է գրում թուրք-իրանական պատերազմների ընթացքում հայ ժողովրդի կրած անլուր տառապանքների մասին. երկասիրության երրորդ գրքում, որ վերնագրված է «Հայերի ստրկացման ու նրանց բռնագաղթի մասին», սրտաճմլիկ տողերով մանրամասն նկարագրվում է հայերի բռնագաղթի դժնդակ պատկերը87։

_____________________________

86 Այս աշխատությունը առաջին անգամ լույս է տեսնում Լիսաբոնում 1611 թ. հետևյալ վերնագրով՝ ,,Relacam en cuoe tratam as guerias et grandes victorias que alcancon o Grande Rey de Persia xa Abbas do Grea Turco Mahometto et seu filho Amethe".
Շուտով այդ աշխատությունը թարգմանվում ու հրատարակվում է հին ֆրանսերենով, որր և մենք օգտագործել ենք. տե՛ս Relation des grandes guerres et victoires obtenues par le roy de Perse Chan Abbas contre les empereurs de Turquie Mahomet et Achmet son fils. Par le P. Fr. Anthoine de Gouvea, traduit de l’original portugais. Rouen, 1646.
87 Anthoine de Gouvea, էջ 341 — 385։

[էջ 35]

Անտոնիո դե Գուվեայի գլխավորած պատվիրակությունից հետո Իսպանիան 1618 թ. Իրանի հետ անմիջական դիվանագիտական և առևտրական հարաբերություններ հաստատելու մի նոր փորձ կատարեց։ Այդ նպատակով Իրան ուղարկվեց Մադրիդի պալատի նոր պատվիրակությունը, որին գլխավորում էր Գարսիա դե Սիլվա Ֆիգուերան, որը և թողեց պատմական որոշակի արժեք ներկայացնող իր ուղեգրությունը88։ Ճիշտ է, Գարսիա դե Սիլվան բուն Հայաստանում չի եղել, այլ հասել է մինչև Թավրիզ, սակայն Նոր Ջուղայի հայերի մասին խոսելիս նա անդրադառնում է նաև ոչ հեռավոր անցյալում հայերի բռնագաղթի հետ կապված որոշ հարցերի, Եվրոպայի հետ հայ, մասնավորապես Նոր Ջուղայի խոջայության ունեցած առևտրական հարաբերություններին և այլն։

XVII դարի 20-ական թթ. Շահ-Աբասն Անգլիայի հետ դաշնակցած գրավեց Հորմուզը և վերջ տվեց Պարսից ծոցում պորտուգալացիների գերիշխանությանը։ Անգլիացիների այս օգնությունը Իրանին մեծապես ուժեղացրեց անգլիական Արևելահնդկական առևտրական ընկերության ազդեցությունը երկրում։ Նման պայմաններում Ֆրանսիան, հանձինս կարդինալ Ռիշելիեի, արեց առավելագույնը՝ Իրանի հետ իր տընտեսական ու քաղաքական հարաբերությունները բարելավելու նպատակով։ 1626 թ. դե Հեյի գլխավորությամբ Իրան ուղարկվեց ֆրանսիական հատուկ պատվիրակություն։ Սակայն թուրքական կառավարության պահանջով դե Հեյը ստիպված եղավ Կոստանդնուպոլսից վերադառնալ Ֆրանսիա։ Իրանի հետ դիվանագիտական բանակցություններ վարելու պաշտոնը դրվեց հայր Պասիֆիկի վրա։ Նորջուղայեցի խոջա Նազարի միջնորդությամբ Հայր Պասիֆիկը Ղազվինում ընդունվում է Շահ-Աբասի կողմից։ Ֆրանսիական պատվիրակությանը հաջողվում է դիվանագիտական և կրոնական կենտրոններ հիմնել Սպահանում և Բաղդադում՝ ուղղված, անշուշտ, անգլիական ազդեցության դեմ։ Հայր Պասիֆիկը թողել է Իրան կատարած իր այցելության հանգամանալից շարադրանքը, ուր հազվադեպ խոսվում է նաև իրանահայերի ու Հայաստանի մասին89: Հայր Պասիֆիկի աշխատությունը հետաքրքիր է մի

_____________________________

88 Մենք օգտագործել ենք Գարսիա դե Սիլվայի աշխատության ֆրանսերեն թարգմանությունը. տե՛ս L’ambassade de D. Garcias de Silva Figueroa en Perse, contenant la politique de ce grand empire, les moeurs du roy Schah Abbas et une relation exacte de tous les lieux de Perse, des Indes où cet ambassadeur a esté l’espace de huit années qu’il y a demeuré. Traduite de l’Espagnol par monsieur de Wicqueford Paris,1667.
89 Relation du voyage de Perse fait par le R. R. Pacifique. Paris, 1631.

[էջ 36]

շարք վավերագրերի հրատարակմամբ։ Դրանցից է սուլթան Մուրադ 4-րդի 1627 թ. ապրիլի ֆերմանը կապուչիններին Օսմանյան կայսրության պետական սահմաններում արտոնություններ շնորհելու մասին, Շահ-Աբասի համանման շնորհագիրը նույն կապուչիններին՝ Իրանում ազատ գործունեություն ծավալելու արտոնություն տալու մասին և, վերջապես, Շահ-Աբասի նամակը ֆրանսիական թագավոր Լյուդովիկոս 13-րդին։

Կարդինալ Ռիշելիեի ձեռնարկած գործը հետագայում շատ ավելի մեծ ընդգրկումով շարունակեցին Լյուդովիկոս 14-րդը և նրա հեռատես մինիստր Կոլբերը։ Նրանց հիմնական նպատակն էր թուլացնել Անգլիայի և Հոլանդիայի ազդեցությունն Իրանի վրա, Ֆրանսիայի համար Իրանում առևտրի բնագավառում մենաշնորհային իրավունք ապահովել։ Իրան ուղարկվեցին նորանոր պատվիրակություններ, որոնք հայերի մասին թողեցին արժեքավոր գրառումներ, սակայն մինչ այդ Հայաստանի և հայերի մասին կան այլ հեղինակների պատմական բնույթի աշխատություններ, որոնք ժամանակագրական կարգով նախորդում են վերը մատնանշվածներին։ Այսպես, իսպանացի Տեխեյրան, որին կարելի է դասել ուղեգիրների շարքը, թողել է Իրան կատարած իր այցելության նկարագրությունը90։ Նա Հայաստանում չի եղել, սակայն Իրանի հասարակական-տնտեսական և քաղաքական պատմության վերաբերյալ նրա հաղորդած որոշ վկայություններն անմիջական առնչություն ունեն հայ ժողովրդի պատմության հետ։ Բացի այդ, Տեխեյրան կատարել է XV դարի պարսիկ հայտնի պատմագիր Միրխոնդի «Ռօուզաթ— աս-սաֆա» («Մաքրության այգի») հայտնի աշխատության քաղվածական թարգմանությունը, որը մասնագետների հավաստիացումով թերություններ ունի91։ 1605 թ. Տեխեյրան Հորմուզի, Բասրայի ու Բաղդադի վրայով վերադառնում է հայրենիք։ Հաջորդ հեղինակը, որի ուղեգրությունը Արևելքի, ներառյալ նաև Հայաստանի պատմության ուսումնասիրության կարևոր աղբյուրներից է՝ Պիետրո դելլա Վալլեն է (1586– 1652 թթ.)։ Ուղեգիրը դեռևս երիտասարդ հասակում աչքի էր ընկել որպես բանաստեղծ ու գրականագետ և ստացել Ֆանտաստիկ մականու-

_____________________________

90 Relationes de Pedro Texeira descendemia y succession de los reyes de Persia y de Hormuz y de u viaje hecho pօr el mismo autor don de la India Oriental hasta Italia por terra. Ambres. Կոտոլենդին կատարում է սույն աշխատության թարգմանությունը ֆրանսերեն. տե՛ս Voyages de Texeira ou l’histoire des rois de Perse, traduite d’Espagnol en françois, Vol. I, II, Paris, 1681.
91 Միրխոնդի եվրոպական լեզուներով թարգմանությունների մասին տե՛ս A. E. Крымский, История Персии, её литературы и дервишской теософи, т. III, M., 1917.

[էջ 37]

նը։ 1614 թ. նեապոլցի բժիշկ–պրոֆեսոր Մարիո Սկիպանոյի խորհրդով Պիետրո դելլա Վալլեն ձեռնարկում է մի մեծ ճանապարհորդություն դեպի Արևելք։ Նույն թվականին նա ժամանում է Կոստանդնուպոլիս, ուր մնում է մի տարի և սովորում թուրքերեն։ Կոստանդնուպոլսից Պիետրո դելլա Վալլեն ուղևորվում է Կահիրե, ապա Երուսաղեմ, իսկ այնուհետև՝ Դամասկոս, Հալեպ և Բաղդադ։ Այստեղ նա ամուսնանում է ասորուհի Սիտտի Մաանիի հետ և ընտանիքով 1616 թ. մեկնում Իրան։ Ուղեգիրը սիրալիր ընդունելության է արժանանում Շահ-Աբասի կողմից՝ Ֆարրահաբադի պալատում և 1618 թ. մասնակցում է Արդեբիլի մոտ թուրքերին շահի տված ճակատամարտին ու մանրամասն նկարագրում այն։ 1621 թ. Պիետրո դելլա Վալլեն մեկնում է Սպահան, այնուհետև՝ Շիրազ, այցելում է Պերսեպոլիսի ավերակներն ու այդ բոլորը մանրամասն նկարագրում իր աշխատության մեջ։ Իրանում նա մնում է մինչև 1623 թ., այնուհետև ուղևորվում է Հնդկաստան։ Պիետրո դելլա Վալլեն հայրենիք է վերադառնում Մակվի, Բասրայի, Հալեպի և Կիպրոսի վրայով։ 1626 թ. մարտին Հռոմում նա արժանանում է Ուրբանոս 8-րդ պապի ընդունելությանը, որը նրան առաջարկում է բարձր պաշտոն պապական պալատում։

Պիետրո դելլա Վալլեի ուղեգրությունը92, ինչպես նաև Շահ-Աբասի մեծարմանը նվիրված նրա հատուկ աշխատությունը93 ժամանակի միջազգային սուր հարաբերությունների վերաբերյալ պարունակած ստուգապատում ու թարմ նյութերի շնորհիվ վաղուց են գրավել մասնագետների ուշադրությունը։ Ուղեգրի աշխատությունը կազմված է նամակների ձևով՝ ուղղված իր բարեկամ Մարիո Սկիպանիին։ Շահ-Աբասի պալատում եղած ժամանակ դելլա Վալլեն իրանական տիրակալին խորհուրդ էր տալիս դաշինք կնքել իր պալատը դեսպանություն ուղարկած ռուս կազակների հետ՝ ընդդեմ թուրքերի։ Ուղեգրին թվում էր, թե այդ ճանապարհով իրանցիները թուրքերին կվտարեն Սև ծովից ու կգրավեն Կոստանդնուպոլիսը։ Հայերի, Հայաստանի ու մասնավորապես իրանա-

_____________________________

92 Տե՛ս Pietro della Valle, Viaggi in lettere familiare al suo amico Mario Schipanno divisi in tre parti cioe la Turchia, la Persia et l’India, Roma 1650.
Շուտով աշխատությունը լույս է տեսնում նաև ֆրանսերեն Էտյեն Կարնոյի և Ֆրանսուա Լե Կոնտի թարգմանությամբ. տե՛ս Pietro della Vallé. Voyages de Pietro della Vallé, gentilhomme romain dans la Turquie, L’Egypte la Palestine, la Perse les Indes Orientales et autres lieux. Vol. I–IV, Paris. 1561–1663.
93 Pietro della Vallé, Delle conditioni di Abbas, re di Persia, Venetia, 1628. Տե՛ս նաև Ժ. Բոդուենի կատարած ֆրանսերեն թարգմանությունը՝ Histoire apologétique d’Abbas, roy de Perse, traduite de l’italien de messire Pierre de la Vallé. Paris, 1631.

[էջ 38]

հայերի մասին Պիետրո դելլա Վալլեի մոտ կան ընդարձակ տեղեկություններ։ Ուղեգրի նամակները, չնայած երբեմն ավելորդ մանրամասնություններին ու ձգձգվածությանը, կարդացվում են հափշտակությամբ։ Պիետրո ղելլա Վալլեի աշխատության շնորհիվ մենք հստակ պատկերացում ենք կազմում XVII դարի 20-ական թթ. Շահ-Աբասի վարած ներքին ու արտաքին քաղաքականության մասին։

1629 թ. առաքելական նկրտումներով Արևելք ուղարկվեց ֆրանսիական միսիոներների ևս մի փոքրաթիվ խումբ, որի մեջ էր նաև հայր Ֆիլիպը։ Նա 1649 թ. Լիոնում լատիներենով94 հրատարակում է Թուրքիա, Հայաստան և Իրան կատարած իր ուղևորության նկարագրությունը, որը մի քանի տարի անց լույս է տեսնում նաև ֆրանսերենով95։

XVII դարի սկզբում Եվրոպայի մայրաքաղաքներում սկսում են լույս տեսնել նաև աշխատություններ՝ նվիրված Թուրքիայի պատմությանը, որոնց մեջ արժանահիշատակ է 1609 թ. Լիոնում լույս տեսած Ժակ Էսպրինշարի «Օսմանցիների կամ թուրքերի կայսրերի պատմությունը մինչև Մեհմեդ 3-րդը»96։ Մինչև XV դարի վերջին քառորդն ընկած ժամանակաշրջանի պատմությունը մի քաղագրություն է Եվրոպայում լույս տեսած համանման աշխատություններից, ըստ որում պատմական անունները, տեղանունները և տերմինները խիստ աղավաղված են։ Հայ ժողովրդի պատմության տեսանկյունից հետաքրքրություն է ներկայացնում գրքի վերջում զետեղված գլուխը հետևյալ վերնագրով «1577 թ. սկսած պարսկական պատերազմի և այն բոլորի մասին, որ տեղի ունեցան մինչև 1588 թ.», ուր մանրամասն խոսվում է Անդրկովկասում թուրք-պարսկական պատերազմների և Իրանի կրած պարտության մասին։

Այս գրքի լույս ընծայումից մի քանի տարի առաջ նույն Լիոն քաղաքում 1606 թ. հրատարակվում է եվրոպական պետությունների ղե-

_____________________________

94 Itinerarium orientale, in quo varli itineraris successus, plures orientis regiones, earum montes, maria et flumina, series principum qui in eis dominati sunt, incolae tam christiani quam infideles, populi, animalia, arbores, plantae et fructus, religiosorum in Oriente missiones ae varii celebres aventus describuntur. Lyon. 1649.
95 Voyage d’Orient du R. P. Phlippe de la Très Saincte Trinité, carme déchaussé, ou il décrit les divers succez de son voyage, plusieurs régions d’Orient, leurs montagnes, mers et leurs fleuves, la chronologie des princes qui y ont dominé, leurs montagnes, habitans tant chrestiens qu’infidèles. Lyon, 1652, 1669.
96 Histoire des ottomans ou empereurs des Turcs jusque’ à Mahomet III. Revue et augmentée depuis la impression... Item un bref de la dernière guerre de Perse, par Jacques Esprinchard. Lyon, 1609.

[էջ 39]

կավարներին հասցեագրված մի ուղերձի լատիներենից կատարված ֆրանսերեն թարգմանությունը97։ Գրքի առաջին մասում խոսվում է թուրքական վայրագ կարգերի մասին, որոնք քրիստոնյա ժողովուրդներին բերեցին ստրկություն բառիս լայն իմաստով։ Ի դեպ, հենց առաջին մասում էլ նկարագրվում է այսպես կոչված «եսիր բազարներում» (ստրկաշուկաներ) քրիստոնյա գերեվարվածների վաճառքի ցնցող պատկերը։ Գրքի երկրորդ մասում շեշտվում է Եվրոպայում թուրքերի ունեցած ռազմական հաջողության գլխավոր պատճառը՝ եվրոպական պետությունների անմիաբանությունը։

XVII դարի սկզբի Թուրքիայի, ինչպես նաև Հայաստանի պատմությանը վերաբերող եվրոպական աղբյուրների մեջ առանձնահատուկ տեղ են գրավում 1605-ից մինչև 1610 թթ. Կոստանդնուպոլսում Ֆրանսիայի դեսպան բարոն դե Սալինյակի նամակները ֆրանսիական թագավորին98։ Նամակներում արծարծվում են Թուրքիայի այդ տարիների քաղաքական պատմոuթյան կարևորագույն հարցերը՝ ջալալիների շարժումը, թուրք-իրանական, թուրք–ավստրիական պատերազմները և այլն, և այլն։ Հաղորդված նյութերը միանգամայն ստույգ են։ Օսմանյան կայսրության վիճակը XVII դարի սկզբին այն աստիճան ծանր էր, որ բարոն դե Սալինյակին թվում էր, թե այդ պետության վերջնական կործանումը մոտ է։ Բարոն դե Սալինյակի նամակներին նվիրված ժողովածուում տեղ են գտել նաև Ֆրանսիայի թագավորի (1607 թ. մարտի 26-ի), ենիչերիների պետի (նույն թվականի սեպտեմբերի 10-ի)՝ դեսպանին ուղղված նամակները, որոնցում շոշափվում են ջալալիների շարժման հետ կապված հարցերը99։

XVII դարի 30–40-ական թթ. Թուրքիայի, Իրանի և Հայաստանի պատմության կարևորագույն եվրոպական աղբյուրների շարքին են դասվում գերմանացի արևելագետ Ադամ Օլեարիուսի100 և ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Բատիստ Տավերնիեի ուղեգրությունները101։ Վերջինս թողել է պատմական արժեք ներկայացնող ևս մի աշխատություն102, որը

_____________________________

97 Տե՛ս Discourse parénitique sur les choses turques. Lyon, 1606.
98 Ambassade en Turquie de Jean Goutand Biron, baron de Salignac 1605 à 1610, Paris, 1889.
99 Նույն տեղում, էջ 124—127։
100 Relation du voyage d’Adam Oléarius en Moscovie, Tartarie et Perse. Traduit de l’allemand par A. de Wicquefort. Paris, 1679.
101 Տե՛ս Les six voyages de Jean Baptiste Tavernier en Turquie, en Perse et aux Indes. T. I–IV, Paris. 1692.
102 J. B. Tavernier, Nouvelle relation de l’intérieur du sérail du Grand Seigneur. Paris, 1675.

[էջ 40]

նպաստում է լրացուցիչ տվյալներ քաղելու Օսմանյան կայսրության կառավարչաձևի, ավատական հարաբերությունների ու բազմաթիվ այլ հարակից հարցերի մասին։

Ադամ Օլեարիուսը (մոտ 1600–1671) գերմանացի արևելագետ էր, մաթեմատիկոս ու փիլիսոփա։ Ավարտել է Լայպցիգի համալսարանը։ Երիտասարդ հասակում նա ծառայության մեջ է մտնում Հոլշտայնի հերցոգ Ֆրիդրիխ 3-րդի մոտ։ Շուտով նա, որպես դեսպանության քարտուղար, իսկ հետագայում՝ խորհրդատու, մտնում է Ֆիլիպ Կրուզեի և Օտտո Բրուգեմանի՝ Մոսկվա ու Իրան մեկնող դեսպանության կազմի մեջ։ Այդ դեսպանության գլխավոր նպատակն էր իրանական բոժոժը Մոսկվայի վրայով Հոլշտայն տեղափոխելու համար վերոհիշյալ երկու երկրների հետ առևտրական պայմանագրերի կնքումը։ Դեսպանության կազմում Ադամ Օլեարիուսը երկու անգամ եղավ Մոսկովյան պետությունում, 1636–1639 թթ.՝ Անդրկովկասի մերձկասպյան շրջաններում (Շամախի, Դերբենդ և այլն) ու Իրանում։ Ուղևորության ընթացքում Ադամ Օլեարիուսը սովորում է ռուսերեն, պարսկերեն ու արևելյան այլ լեզուներ և հայրենիք վերադառնալուց հետո մշակում հավաքած հարուստ նյութերն ու հրատարակում իր ուղեգրությունը103։

Ադամ Օլեարիուսի աշխատության հիմնական մասը նվիրված է Իրանի վիճակի նկարագրությանը, այնտեղ մեծ տեղ է տրված նաև Սեֆյան հարստության քաղաքական պատմության հարցերին՝ սկսած նրա հիմնադիր շահ Իսմայիլից մինչև հեղինակի ժամանակ իրանական գահին բազմած Աբաս 2-րդի իշխանության առաջին տարիները, ավելի ճիշտ՝ մինչև 1643 թ.104։ Մեզ անհայտ են հեղինակի օգտագործած աղբյուրները, ինչ վերաբերում է XVII դարի 30–40-ական թթ., մասնավորապես շահ Սեֆիի ժամանակաշրջանի պատմության շարադրանքին, ապա դրանք մեծ մասամբ գրված են ականատեսի վկայությամբ։ Շամախիի հայերին ու մասնավորապես ջուղայահայերին նվիրված են ընդարձակ էջեր105։

Ժան Բատիստ Տավերնիեն ծնվել է Փարիզում 1605 թ. և իր մահկանացուն կնքել Մոսկվայում՝ 1689 թ.։ Հայրը՝ Գաբրիել Տավերնիեն, լինելով փորագրիչ և աշխարհագրական քարտեզների հրատարակիչ, որդու մեջ վաղ հասակից առաջացնում է սեր դեպի ճանապարհորդությունը։ Նրա երևակայությունն առանձնապես շոյել էր առասպելական Արևելքը։

_____________________________

103 Adam Oléarius, հ. I. էջ 172–174։
104 Նույն տեղում, էջ 612 – 637։
105 Նույն տեղում, էջ 386–390, 497–500, 581–633 և այլն։

[էջ 41]

1636 թ. Ժ. Բ. Տավերնիեին պատեհ առիթ է ներկայանում իրագործելու իր երազանքները։ Նա Կոստանդնուպոլսի վրայով անցնում է Փոքր Ասիա և Թոխաթ—Էրզրում—Երևան ճանապարհով մտնում է Իրան։ 1636-ից մինչև 1663 թ. ընկած ժամանակահատվածում նա Արևվելքում ձեռնարկում է վեց ճանապարհորդություն. Իրանում և մասնավորապես Հնդկաստանում նա զբաղվում է թանկարժեք քարերի առևտրով։ Ուղեգրությունների մեջ հայ ժողովրդի պատմության համար առավել հետաքրքրականն առաջին գիրքն է։ Ժ. Բ. Տավերնիեի երկասիրությունը գրված է կենդանի ու վառ լեզվով, թեև հաղորդված անձնանունների ու տեղանունների մի մասը աղավաղված են։ Հեղինակը փաստորեն չի տիրապետել արևելյան լեզուներից որևէ մեկին։ Իրանի մասին եղած հաղորդումների մեծ մասը վերցված են երկրում երկար տարիներ ապրած հայր Ռաֆայել դյու Մանից և հայր Գաբրիել Շինոնից։ Հիրավի, երբ մենք համեմատում ենք Ժ. Բ. Տավերնիեի և հայր Ռաֆայելի դյու Մանի «Պարսկաստանի վիճակը 1660 թվականին» աշխատությունը, ապա նկատում ենք, որ ուղեգրության ամբողջ հատվածներ պարզ փոխադրություններ են հայր Ռաֆայել դյու Մանի վերոհիշյալ աշխատությունից։ Մեր խոսքը, նախ և առաջ, վերաբերում է Նոր Ջուղայի հայերի, նրանց կենցաղի ու սովորությունների մասին հաղորդված տեղեկություններին, ինչպես նաև հայերի դավանանքին ու նորջուղայեցիների շրջանում եվրոպական միսիոներների ծավալած կաթոլիկական քարոզներին հատկացված էջերին106։

Ինչ վերաբերում է Ժ. Բ. Տավերնիեի մյուս աշխատությանը, ապա ինչպես խոստովանում է հեղինակը, դրա նյութը վերցված է թուրքական պալատում երկար տարիներ ծառայած երկու եվրոպացիներից։ Իմ գրքում, գրում է նա, ես ընթերցողներին ներկայացրի թուրքական պալատի հավաստի ու մանրամասն նկարագրությունը՝ հենվելով այն նյութերի վրա, որոնք «... ես նշմարեցի Կոստանդնուպոլիս կատարած իմ բազմաթիվ ճանապարհորդությունների ընթացքում և այն ամենի վրա, որ ես իմացա երկու իմաստուն մարդկանցից, որոնք բարձր պաշտոններով երկար տարիներ ծառայել էին Սերայում (թուրքական պալատում—Մ. Զ.)»107։ Գրքի առաջաբանում ֆրանսիական թագավորին հղած իր խոսքում Ժ. Բ. Տավերնիեն ուզում է հավաստիացնել, որ սուլթանական պալատի և առհասարակ Թուրքիայի մասին իր դիտողությունները լավագույնն են մինչ այդ Եվրոպա յում լույս տեսած նույնա-

_____________________________

106 Տե´ս J. B. Tavernier, Les six voyages..., I, էջ 459—470, 495—518։
107 J. B. Tavernier. Nouvelle relation de l’intérieur du sérail, préface, p. III.

[էջ 42]

տիպ աշխատությունների մեջ108։ Սակայն դա հեռու է իրականությունից։ Ժ. Բ. Տավերնիեից առաջ և նրանից հետո Օսմանյան կայսրության վերաբերյալ լույս տեսան մեծ քանակությամբ տրակտատներ՝ այսպես կոչված «էտաներ» (ֆրանսերեն «état» կացություն, վիճակի իմաստով), ուր ավելի խոր ու գիտականորեն են լուսաբանվում օսմանյան ռազմաավատատիրական կարգերի բազմաթիվ կողմերը։ Այդպիսի աշխատությունների թվին նախ և առաջ պետք է դասել անգլիական թագավոր Կարլոս 2-րդի դեսպան Ռիկոյի կամ Ռայկոտի հուշերը109 XVII դարի 60-ական թթ. Թուրքիայի մասին։ Նա 1661 թ. գալիս է Թուրքիա և այնտեղ մնում տասնութ տարի, ըստ որում տասներկու տարի՝ որպես անգլիական հյուպատոս Զմյուռնիայում։ Նա բազմաթիվ ճանապարհորդություններ է կատարում Օսմանյան կայսրության տարբեր նահանգներում ու հիմնավորապես տիրապետում էր թուրքերենին։ Ռիկոն այլևայլ ուղիներով ստույգ տեղեկություններ է ստանում Մեհմեդ 4-րդի ժամանակաշրջանի թուրքական բանակի, պետական ֆինանսների վիճակի, պալատական կյանքի մանրամասնությունների մասին և այլն, ու այդ բոլորը գրի է առնում, ինչպես նշվեց, «Օսմանյան կայսրության արդի վիճակի պատմությունը» խորագրով աշխատության մեջ, որը թարգմանված է եվրոպական մի շարք լեզուներով և վկայում է աշխատության խիստ արժեքավորության մասին։

Բացի այս երկասիրությունից, Ռիկոն ունի նաև 1628-ից մինչև 1677 թ. ընկած ժամանակաշրջանի օսմանյան գահակալների պատմությանը նվիրված առանձին ուսումնասիրություն110։ Աշխատության առավել հետաքրքիր մասերը նվիրված են հեղինակի ապրած ժամանակաշրջանի քաղաքական պատմության հարցերի լուսաբանմանը։ Ռիկոյի այս աշխատության շատ դրվագներ անմիջական առնչություն ունեն հայ ժողովրդի պատմության հետ։

Ռիկոյի հետ միաժամանակ թուրքական մայրաքաղաքում էր ֆրանսիական դեսպանության քարտուղար Ֆրանսուա Պետի Դելակրուան։ Նա Արևելք էր ուղարկվել դեռևս 1670 թ. և Պոլսում էր գտնվում 1676 —

_____________________________

108 Նույն տեղում։
109 Histoire de l’état présent de l’empire ottoman, contenant les maximes politiques des turcs, les principaux points de la religion mahométane, ses sectes, ses hérésiers et ses divers sectes de religieux, leur discipline militaire avec une supputation exacte de leur force par mer et par terre et du revenu de l’état. Traduit de l’anglois de monsieur Ricaut. Paris, 1670.
110 Histoire des trois derniers empereurs des Turcs, depuis 1623 jusq’à 1677. Traduite de l’anglais du steur Ricaut. T. I—IV, Paris, 1683.

[էջ 43]

1680 թթ.։ 1684 թ. նա Փարիզում հրատարակում է իր հուշերը111, որոնք հետաքրքիր ու արժեքավոր նյութեր են պարունակում թուրքական կառավարչաձևի, պետական պաշտոնների, բանակի, ֆինանսների, Պոլսի բնակչության և մասնավորապես հայերի մասին։

1672–1673 թթ., որպես ֆրանսիական դեսպան մարքիզ դե Նուանտելի անձնական քարտուղար, Պոլսում էր գտնվում արևելագետ-սեմագետ Անտուան Գալլանը։ Նա թողել է մեզ իր օրագիրը, որը հրատարակվում է 1881 թ, Փարիզում՝ Շառլ Շեֆերի կողմից112։ Այստեղ հեղինակը հիմնականում կանգ է առնում ֆրանս-թուրքական հարաբերությունների վրա, և դրա հետ մեկտեղ տեղեկություններ է հաղորդում Պոլսի բնակչության առօրյա կյանքի, կենցաղի ու սովորությունների մասին։ Օրագրում Ա. Գալլանը տալիս է իր ժամանակակից վեզիր Կարա Մուստանա փաշայի կենսագրությունը։ Քանի որ խոսք եղավ դեսպան մարկիզ դե Նուանտելի մասին, ապա նշենք, որ XIX դարի վերջի ֆրանսիացի հայտնի պատմաբան Ալբեր Վանդալը հրատարակեց նրա ուղեգրությունները113, ուր կան խիստ հետաքրքիր նյութեր՝ կապված Լյուղովիկոս 14-րդի արևելյան քաղաքականության հետ։ Այնտեղ խոսվում է Կրետեի կամ Կանդիայի պատերազմին (1645–1669 թթ.) Ֆրանսիայի մասնակցության, ֆրանս-թուրքական հարաբերությունների սրման և արևելյան քրիստոնյաների, ի թիվս որոնց հայերի՝ Ֆրանսիայից ակնկալած օգնության մասին և այլն։

XVII դարի 60–80-ական թթ. Եվրոպայի տարբեր երկրներում լույս են տեսնում տարբեր բնույթի տրակտատներ (էտաներ) և պատմական աշխատություններ Թուրքիայի մասին, առանց որոնց ուսումնասիրության հնարավոր չէր լինի ամբողջական պատկերացում կազմել Օսմանյան կայսրության հայ ժողովրդի իրավաքաղաքական վիճակի մասին։ Այդպիսի աշխատություններից Նիկոլոզ Մաքիյավելու114, Դյու Լուարի115, Ժակ դե Ժանտի116, Միշել Ֆեբուրի117, դե Շասե-

_____________________________

111 François Petit de la Croix. Mémoires du sieur de la Croix. Paris, 1684.
112 Journal d’Antoine Galland pendant son séjour à Constantinople (1672– 1673), publié et annoté par Charles Schéfer. T. I–II, Paris, 1881.
113 Les voyages de marquis de Nointel (1670—1680) par Albert Vandal. Paris, 1900.
114 Nic. Machiaveli, Political reflexions upon the government of the Turks. London, 1656.
115 Les voyages du sieur du Loir. Paris, 1654.
116 Jacques de Jant. L’histoire du prince Osman, fils du sultan Ibrahim. Paris, 1670.
117 Michel Febvre, L’état présent de la Turquie... Paris, 1675; Théâtre de la Turquie où sont représentées les choses les plus remarquables qui s 'y passent

[էջ 44]

պոյի118, Դյու Վինյոյի119, դե լա Մագդելենի120 ու այլոց տրակտատները։ Հատկապես պետք է առանձնացնել Միշել Ֆեբուրի պատմական աշխատությունները, որոնցում հայերի մասին հաղորդումները խիստ ընդարձակ են։

Միշել Ֆեբուրի Թուրքիայի մասին գրած ուսումնասիրությունը ոչ այլ ինչ է, քան մի կոչ՝ ուղղված «ամենաքրիստոնյա» արքային՝ Լյուդովիկոս 14-րդին, նվաճելու Մերձավոր արևելքը։ Հեղինակը թուրքական կայսրությունը ներկայացնում է մռայլ գույներով ու իրեն մի պահ թվում է, որ Լյուդովիկոս 14-րդը, հենվելով Արևելքում քրիստոնյա հպատաակների օգնության ու աջակցության վրա, Ֆրանսիայի դրոշը կպարզի Օսմանյան կայսրության փլատակների վրա։ «Դուք, Ձերդ Մեծություն,— Լյուդովիկոս 14-րդին դիմելով, գրում է Մ. Ֆեբուրը,— որ միշտ էլ համարվել եք թուրքական հողերի ապագա նվաճողը, Եվրոպայում Ձեր (վերջին) հաղթանակների համբավի ներքո հույսեր եք ներշնչում (քրիստոնյա հպատակների մեջ), որ Դուք ավելի քիչ խոչընդոտներով ու ավելի մեծ փառքով մի օր նվաճելու եք Արևելքը»121։

Միշել Ֆեբուրը Թուրքիայում ապրել է տասներկու տարի, սովորել է, համաձայն գրքի հրատարակչի հավաստիացման, թուրքերեն, արաբերեն, քրդերեն, մի հանգամանք, որը նրա ուսումնասիրությանը տալիս է արժանահավատություն։ Հավանաբար այդ է պատճառը, որ դեռևս հեղինակի կենդանության ժամանակ այդ գիրքն ունեցավ նաև իտալերեն ու գերմաներեն հրատարակություններ։

XVII դարի 60—80-ական թթ. Արևելքի պատմության ուսումնասիրության համար որոշակի արժեք ունեն եվրոպացի հեղինակների՝ գերազանցապես Իրան կատարած ուղևորությունների մասին հուշերը։ Դրանց թվին են պատկանում նախ և առաջ Լա Բուլլեյ լե Գուզի122,

_____________________________

aujourd'hui avec les moeurs, le goavernement, les coutumes et la religion des Turcs et des tռeize autres sortes de nations qui habitent dans l'empire ottoman. Traduit de l'italien par sieur Michel le Febvre. Paris, 1687.
118 De Chassepoe. Histoire des grands vizirs. Paris, 1676.
119 Du Vigneau. L'état présent de la puissance ottomane avec les cause; de son accroissement et celles de sa décadence. Paris, 1678.
120 De la Magdalaine. Le miroir de l'empire ottoman ou l'état présent la cour et de la milice du grand seigneur. Paris, 1681.
121 Michel Febvre, L'état présent.., I -II.
122 Les voyages et observations du Sieur de la Boullaye Le Gouz. Paris, 1653. Երկրորդ Հրատարակությունը՝ 1637 թ.։

[էջ 45]

ժ. Տեվենոյի123, Ժ. Շարդենի124, Պետրոս Պետիկի125, Յ. Ստրյույսի126, Ն. Սանսոնի127, երեք կաթոլիկ միսիոներների ու այլոց ուղեգրությունները։

Ֆրանսուա դե լա Բուլլեյ լե Գուզը ծնվել է Ֆրանսիայի Բոժե քաղաքում՝ 1610 թ., մահացել է Սպահանում՝ 1669 թ.։ Լե Գուզը, դեռևս երիտասարդ հասակում ճանապարհորդություն է ձեռնարկում դեպի Արևելք։ Նա Վենետիկից ուղևորվում է Կոստանդնուպոլիս և Փոքր Ասիայի ու Հայաստանի վրայով հասնում Սպահան։ Որոշ ժամանակ Իրանում ապրելուց հետո նա մեկնում է Հնդկաստան, իսկ այնուհետև վերադառնում հայրենիք։ Լա Բուլլեյ լե Գուզի ուղեգրությունը գրված է առանց որևէ մեթոդական սկզբունքի, վատ ոճով և Ամասիայի, էրզրումի, Հասան-Կալայի, էջմիածնի, Երևանի, Թավրիզի մասին նրա հաղորդած վկայությունները խիստ համառոտ են ու գիտական լուրջ արժեքից զերծ։

Իսկ դրան հակառակ, Ժան Տեվենոյի ուղեգրությունը XVII դարի ամենակարևորագույն աղբյուրների շարքն է դասվում թե՛ նյութերի առատության և թե´ հեղինակի կատարած նուրբ դիտողությունների առումով։ Ժան Տեվենոն ծնվել է Փարիզում (1633 թ. հունիսի 7-ին), մահացել Իրանական Ադրբեջանում (1667 թ. նոյեմբերի 28-ին)։ 1655 թ, նա մեկնում է Կոստանդնուպոլիս, այնտեղ մնում է մեկ տարի ու հաջորդ թվականի ապրիլին վերադառնում Փարիզ։ Յոթ տարի անց նա ձեռնարկում է իր երկրորդ ուղևորությունն Արևելք ու Բաղդադի վրայով

_____________________________

123 Jean Thévenot. Relation d'un voyage fait au Levant dans laquelle il est curieusement traité des Etats sujets au Grand Seigneur, des moeurs, religions, forces. gouvernements politiques, langues et coutumes de ce grand empire, Paris 1664. ժ. Տեվենոյի սույն աշխատությունն ունեցել է մի շարք հրատարակություններ։ 1889 թ. Ռուանում՝ հինգ հատորով, Ամստերդամում՝ 1705, 1725 և 1727 թ.։ XVII դարի վերջին լույս են տեսնում նաև անգլիական, հոլանդական և գերմանական հրատարակությունները։ Մեր ձեռքի տակ է Ամստերդամի 1727 թ. հրատարակությունը։
124 Jean Chardin. Voyages en Perse et autres lieux de l'Orient tome I—X. Paris, 1811. Idem. Récit du couronnement du roi de Perse Soliman III, Paris. 1671.
125 Bedros Bedik. Cehil Sutun. Viennae. 1678.
126 Առաջին անգամ Յան Ստրույսի աշխատությունը լույս է տեսնում հոլանդերեն 1677 թ., ապա թարգմանվում է ֆրանսերեն և լույս է տեսնում Ամստերդամում 1681 թ., Լիոնում՝ 1682 թ. և դարձյալ Ամստերդամում 1718 և 1720 թթ. ու վերնագրված է այսպես. ,,Les voyages de Jean Struys en Moscovie, en Tartarie, en Perse, aux Indes et en plusieurs autres pais étrangers’’.
127 Nicolas Sanson, Voyage ou relation de l'état présent du royaume de Perse, Paris, 1695.

[էջ 46]

գալիս է Իրան։ Սպահանում նա հինգ ամիս շարունակ լինում է հայր Ռաֆայել դյու Մանի հյուրը։ 1667 թ. Պերսեպոլիսի ավերակները ուսումնասիրելիս հանդիպում է Շարդենին և Տավերնիեին։ Այնուհետև նա որոշում է հայրենիք վերադառնալ Հյուսիսային Իրանի վրայով, ուր և կնքում է իր մահկանացուն։

Իրանի, իրանահայերի, Պոլսի և պոլսահայերի մասին Ժան Տեվենոյի տվյալները միանգամայն ստույգ են։ Հեղինակը բավականին սովորել էր թուրքերեն ու պարսկերեն և պատահական չէ, որ արևելյան անձնանունների, տեղանունների և տերմինների տառադարձությունը մեծ մասամբ ճիշտ է տվել։ Ուղեգրությունը գրված է կենդանի ու վառ լեզվով։ Իրանի մասին նա իր գիտելիքների մի զգալի մասը ստացել է հայր Ռաֆայել դյու Մանից։

Ինչ վերաբերում է Ժան Շարդենին, ապա մասնագետների համընդհանուր կարծիքով, Սեֆյան Իրանի վարչական, հասարակական- քաղաքական և այլ հարցերին նվիրված նրա բազմահատոր աշխատությունը դասականն ու լավագույնն է XVII―XVIII դդ. ողջ եվրոպական գրականության մեջ։ Կարելի է առանց չափազանցության ասել, որ Ժան Շարդենի ուղեգրություններում մասնագետ ընթերցողը կհանդիպի բազմակողմանի ու հարուստ տեղեկությունների։

Ժան Շարդենը ծնվել է Փարիզում (1643 թ. հունվարի 24-ին), դավանանքով բողոքական հարուստ ոսկերիչի ընտանիքում, մահացել է Լոնդոնում՝ 1713 թ.։ 1664 թ. Ժ. Շարդենը առևտրական նպատակներով հոր կողմից ուղարկվում է Սուրաթ, ուր ուղևորվում է Իրանի վրայով։ Այս ճանապարհորդությունը կարճ է տևում։ Վերադառնալով Փարիզ, նա այստեղ երկար չի մնում և 1665 թ. կրկին ուղղություն է վերցնում դեպի Իրան, ուր այս անգամ մնում է հինգ տարի և հիմնավոր սովորում պարսկերեն։ 1660 թ. Ժան Շարդենը շահ Աբաս 2-րդի կող֊մից ստանում է շահական վաճառականի կոչում։ 1670 թ,, վերադառնալով Փարիզ, նա հրատարակում է իր «Պարսկաստանի թագավոր Մոդեյման 3-րդի թագադրումը և թե ինչ հիշարժան դեպքեր տեղի ունեցան նրա իշխանության առաջին երկու տարիներին» խորագրով աշխատությունը։ 1671 թ. ժան Շարդենը դարձյալ մեկնում է Իրան, իր հետ տանելով մեծ քանակությամբ թանկարժեք քարեր և Իրանի համար հազվագյուտ իրեր։ Այս անգամ նա Իրանում մնում է շուրջ տասը տարի։ 1681 թ., գալով Անգլիա, Ժան Շարդենը անգլիական թագավոր Կարլոս 2-րդի կողմից նշանակվում է Արևելահնդկական ընկերության ներկայացուցիչը Հոլանդիայում։

[էջ 47]

Իր ուղեգրությունների առաջաբանում Ժան Շարդենը տալիս է հետևյալ ուշագրավ ինքնակենսագրական տվյալները. «Ես Փարիզից մեկնեցի առաջին ճանապարհորդության 1664 թ. և այնտեղ վերադարձա 1670 թ.՝ վեց ամբողջական տարիներ մնալով Արևելքում, սակայն մեծ մասամբ Պարսկաստանում, որտեղ իմ (առևտրական) գործերը ինձ առանձնապես կապում էին։ Ես այս ճանապարհորդությունից ունեմ ավելի շատ հուշեր, քան որևէ այլ մի ճանապարհորդ, որոնք ինձ նախորդել էին այս ուղու վրա և ես ավելի գիտեի պարսկերենը, քան մինչ այդ բոլոր նրանք, ովքեր տվել էին այս մեծ թագավորության մասնակի նկարագրությունը»128։ Երկրորդ ճանապարհորդության ընթացքում (1671 ― 1681 թթ.) գրում Է ժ. Շարդենը, ես ջանացի իմ ողջ ժամանակն «ինչքան դա ինձ հնարավոր եղավ, օգտագործել ուսումնասիրելու երկրի լեզուն, ավելի ստույգ իմանալու նրա ժողովուրդների կենցաղն ու սովորույթները։ Կանոնավոր կերպով հաճախելու պալատ և այստեղ զրուցելու. մեծամեծների և գիտնականների հետ, որպեսզի խնամքով ուսումնասիրեմ այն ամենը, ինչ կարող է արժանանալ Եվրոպայի հետաքրքրությանը»129։ Ժ. Շարդենը այն աստիճան է ուսումնասիրում Իրանը, որ գրում է, թե ինքը «...Սպահանը ավելի լավ գիտի, քան Լոնդոնը, չնայած այնտեղ ապրում է ահա քսանվեց տարուց ի վեր»130։

Ինչ վերաբերում է աշխատության բովանդակությանը, ապա Ժ. Շարդենը դարձյալ առաջաբանում տալիս է հետևյալ բացատրությունը. «Բաժանված է տասը հատորների, առաջին հատորը մի տեսակ օրագիր է այն ամենի մասին, թե ինչ պատահեց ինձ հետ կամ թե ինչ առավել ուշագրավ երևույթների հանդիպեցի իմ ճանապարհորդության ընթացքում Փարիզից մինչև Մինգրելիա։ Երկրորդը այս օրագրի շարունակությունն է Մինգրելիայից մինչև Թավրիզ, երրորդը՝ Թավրիզից մինչև Սպահան։ Այս երեք հատորները պարունակում են Փարիզից մինչև Սպահան կատարած ճանապարհորդության նոտագրման ողջ բովանդակությունը։ Չորրորդ հատորն ընդգրկում է Պարսկաստանի կայսրության, նրա կառավարության, օրենքների, բնակչության, կենցաղի ու սովորույթների համընդհանուր նկարագրությունը։ Հինգերորդը՝ պարսիկների գիտության ու արվեստների, նրանց արտադրության նկարագրությունն է. վեցերորդը՝ նրանց քաղաքական-ռազմական և քաղաքացիական կառավարության նկարագրությունն է, յոթերորդը՝ նրանց

_____________________________

128 Jean Chardin, I. préface, I—II.
129 Նույն տեղում, էջ 2—3։
130 Նույն տեղում:

[էջ 48]

կրոնի ու դավանանքի նկարագրությունն է. ութերորդը՝ Պարսկաստանի մայրաքաղաք Սպահանի հատուկ նկարագրությունն է...»131։ Վերջապես իններորդ և տասներորդ հատորներն ընդգրկում են 1674 թ. Սպահանից դեպի Բենդեր-Աբաս և Պերսեպոլիս հեղինակի կատարած ուղևորությունների նկարագրությունը։

Չնայած թույլ տված որոշ անճշտություններին ու թյուրիմացություններին, Ժան Շարդենի ուղեգրությունները շահեկան են ոչ միայն Սեֆյան Իրանի, այլև Հայաստանի պատմության ուսումնասիրության համար։

Պետրոս Պետիկը, ծագումով Կիլիկիայի Քիլիս քաղաքից, կաթոլիկական հայ ընտանիքի զավակ էր։ Փոքր հասակում նա զրկվում է հորից։ Կրթությունը ստանում է Հռոմում։ Ուսումն ավարտելուց հետո պապի ներկայացուցիչ Մատթեոս Ավանիացու հետ մեկնում է Իրան՝ պապի, ֆրանսիական թագավորի և Վենետիկի դուքսի նամակները շահին հանձնելու համար։ Եվրոպա վերադառնալով նա գրում է «Ջեհիլ սություն» («Քառասուն սյուն») կոչված աշխատությունը։ Այն արժանահավատ տեղեկություններ է պարունակում իրանահայ կյանքի, հայ խոջայության և հայ հասարակական շարժումների վերաբերյալ։ «Ծանոթանալով Պետիկի գրքին, ― գրում է Աշ. Հովհաննիսյանը, ― դժվար չէ համոզվել, որ քաղաքական և իդեական իր բովանդակությամբ, ընդհանուր առմամբ դա արժանահավատ մի փաստագրություն է և կարևոր մի աղբյուր՝ 1675―1678 թվականների հայ ազատագրական մտքի պատմության տեսակետից նշանակալից իրադարձությունների լուսաբանության համար»132։

Յանս Կանեցսոն՝ Ստրաուսը կամ Ստրույսը հոլանդացի նավաստի էր։ 1656 թ. Կանդիայի պատերազմի ժամանակ մասնակցել էր Դարդանելի ծովամարտին, ուր թուրքական ռազմական նավատորմը ոչնչացվեց։ 1668 թ. նա ընդունվում է ռուսական ծառայության, ուր այն ժամանակ հավաքագրում էին օտարերկրացի նավաստիներին՝ Կասպից ծովի առևտրական նավատորմի կառուցման համար, որպեսզի իրանական բոժոժը տեղափոխեն Ռուսաստան։ Այդ նպատակով, ինչպես հայտնի է, 1667 թ. Ռուսաստանն առևտրական պայմանագիր կնքեց Նոր Ջուղայի հայ առևտրական ընկերության հետ։ 1670 թ. ամռանը մի խումբ ընկերների հետ Ստրույսը Աստրախանից ուղևորվում է դեպի Կասպից ծով։ Տարկուում գերի է ընկնում տեղացի մի ֆեոդալի մոտ և ստրուկ վիճակում դեգերում է Երևանում, Դերբենդում, Շամա-

_____________________________

131 Նույն տեղում։
132 Աշ. Հովհաննիսյան, Դրվագներ..., հ. 2, էջ 199։

[էջ 49]

խիում և այլուր։ Փրկագնով ազատվելուց հետո Ստրույսը ծառայության է մտնում Իրանի լեհական դեսպանի մոտ, որի հետ ճանապարհորդում է Արդեբիլ―Ղազվիև ― Սպահան ուղիով ու մանրամասն նկարագրում Իրանի քազաքական-հասարակական կացությունը XVII դարի 70-ական թվականներին։

Յան Ստրույսի ուղեգրությունը լայն ճանաչում է գտնում Եվրոպայում ու թարգմանվում մի շարք եվրոպական լեզուներով։ Հայ ժողովրդի պատմության տեսակետից հետաքրքրական են Յան Ստրույսի ուղեգրության այն էջերը, որոնցում խոսվում է Անդրկովկասի հայաշատ քաղաքների ու հատկապես Նոր Ջուղայի հայության մասին։

Նիկ. Սանսոնը միսիոներական առաքելությամբ Իրան ժամանեց 1683 թ.։ Այստեղ նա սովորեց հայերեն, պարսկերեն և թուրքերեն, սակայն արևելյան լեզուներից նրա կատարած տառադարձությունից դատելով, կարելի է եզրակացնել, որ նա մատնանշված երեք լեզուներից ոչ մեկն էլ հիմնավոր չգիտեր։ Մյուս կողմից, Նիկ. Սանսոնի մոտ որևէ նոր վկայություն չկա Իրանի մասին, որը չլիներ, ասենք, Ժ. Բ. Տավերնիեի, Ժ. Շարդենի ու այլոց մոտ։ Այսուհանդերձ, այս աղբյուրը հաստատում է նախորդ հեղինակների հաղորդած տեղեկությունները։

Քանի որ խոսք եղավ կաթոլիկ միսիոներների մասին, անդրադառնանք Իրանում և հայերի միջավայրում երկար տարիներ ապրած, նրանցից մի քանիսի թողած պատմական երկասիրություններին, որոնք վաղուց արդեն գրավել են պատմաբան-մասնագետների ուշադրությունը։ Նկատի ունենք հայը Գաբրիել դե Շինոնի133 և հայր Ռաֆայել դյու Մանի134 ու այլոց աշխատությունները։

Հայր Գաբրիել դե Շինոնը շուրջ քսան տարի ապրել է Սպահանի կապուչինների վանքում ու եղել է հայր Ռաֆայել դյու Մանի մերձավորագույն գործընկերներից մեկը։ Նա սովորել է պարսկերեն, թուրքերեն և հայերեն։ Խոսելով հայերենի մասին, դե Շինոնը, ընկնելով չափազանցությունների մեջ, նշում է, որ իբր «...հայոց լեզուն Արևելքի, գուցե և աշխարհի ամենադժվար լեզուներից է»135։ Դե Շինոնը նոր Ջուղայի հայերի մեջ երկպառակություններ է սերմանել, որի հետեվանքով հայ համայնքի ներկայացուցիչների խիստ բողոքի հիման վրա կառավարության ներկայացուցիչները նրան տեղափոխել են Թավրիզ։

_____________________________

133 P. Gabriel de Chinon. Relations nouvelles du Levant ou traités de la religion, du gouvernement et des coutumes des Perses, des Arméniens et des Gaures. Lyon, 1671.
134 (Raphael du Mans). Estat de la Perse en 1660.
135 Gabriel de Chinon, էջ 239։

[էջ 50]

Շինոնը սուր հարձակումներ է գործում «հերձվածող» հայերի դեմ, որոնց միակ «մեղքը» եղել է այն, որ չեն ենթարկվել կաթոլիկական պրոպագանդային։ «Ես չեմ կարծում,— գրոււմ է նա,—թե աշխարհում գտնվի մի այլ ժողովուրդ, որը ավելի կապված լիներ իր ավանդույթներին, քան հայերը»136։

Հայր Ռաֆայելր (Ժակ Դյուտերտրը) ծնվել է Ֆրանսիայի Ման քաղաքում՝ 1613 թ, օգոստոսին։ Երիտասարդ հասակում ստացել է փայլուն կրթություն, հատկապես աչքի է ընկել մաթեմատիկայի բնագավառում։ Նա քառասուն տարի ապրել է Սպահանում, եղել է կապուչինների վերատեսուչը և վայելել է ինչպես ֆրանսիական արքունիքի, այնպես էլ Իրանի տիրակալների (սկսած Աբաս 2-րդից մինչև շահ Հյուսեինը) հովանավորությունը։ Ռաֆայել դյու Մանի մասին առաջին անգամ հիշատակում է Ժ. Բ. Տավերնիեն՝ 1644 թ. ուղևորության ժամանակ։

Իրանական արքունիքի հետ ամենասերտ կապեր ունենալով՝ դյու Մանը քաջատեղյակ էր XVII դարի երկրորդ կեսի թուրք-իրանական քաղաքական հարաբերություններին։ Ռաֆայել դյու Մանի «Պարսկաստանի վիճակը 1666 թվականին» աշխատությունը գրված էր հատուկ Կոլբերի համար, որը, ինչպես տեսանք, ձգտում էր ընդլայնել ֆրանսիական առևտուրը Արևելքում։

Ռաֆայել դյու Մանի գրքի վերջում կցված է խիստ արժեքավոր մի հավելված, ուր տեղ է գտել թուրքերի դեմ սեֆյան շահ Իսմայիլի տարած հաղթանակների՝ իտալացի Ռոտայի կողմից գրված պատմության ֆրանսերեն թարգմանությունը։ Այս թարգմանությունից հետո գրքի հրատարակիչ Շառլ Շեֆերը զետեղել է Իրանից ու Երևանից Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչներ դե Լալենի և դե լա Բուլլեյ դե Գուզի նամակները Լյուդովիկոս 14-րդին։ Վերջում տրվում է Իրանի առևտրի վերաբերյալ Ժ. Բ. Տավերնիեի հուշագիրը137։

Հայաստանում և իրանահայերի մեջ XVII դարի վերջին քառորդին միսիոներական գործունեության պատմության ուսումնասիրության համար կարևորագույն աղբյուր է 1694 թ. Փարիզում լույս տեսած «Հայաստանի ներկա վիճակը, ինչպես աշխարհիկ, այնպես էլ հոգևոր առումով» աշխատությունը138։ Հրատարակիչն է ճիզվիտների կենտրոնի ղեկավարներից Թոմա Շառլ Ֆլեորիոն։ Գրքի առաջաբանում ճիզվիտ

_____________________________

136 Նույն տեղում, էջ 271։
137 Raphael du Mans. Appendice, p. 259-356.
138 Estat présent de l'Arménie, tant pour le temporel que pour le spirituel. Avec une description du pays et des moeurs de ceux qui l'habitent par le Père Th. Ch. Fleuriau. Paris, 1694.

[էջ 51]

միսիոներների նամակներից քաղվածքներ են բերված՝ բնութագրելու համար հայ ժողովրդին։ «Աշխարհում քիչ ժողովուրդ կգտնվի, — ասվում է զեկուցագրում, — որ հայ ժողովրդի նման լավագույն բարեմասնություններ ունենա։ Ամենուր նշմարելի է, որ հայերը մեծ ողջամտություն և խոհականություն ունեն։ Նրանք քիչ են խոսում, շատ են խորհրդակցում ու իրենց ձեռնարկած բնագավառներում մեծ հաջողություններ ունեն։ Այդ նրանք են, որոնք անում են Արևելքի ողջ առևտուրը և մեծապես նպաստում են Եվրոպայի բազմաթիվ մեծ քաղաքների առևտրի բարգավաճմանը»139։

Առաջաբանում հատուկ ընդգծվում է նաև հայերի ընթերցասիրությունը, գիտության նկատմամբ նրանց ծարավն ու հյուրասիրությունը։ «Հայաստանի ներկա վիճակը..,» աշխատության շնորհիվ մասնագետ-պատմաբանները ոչ միայն որոշակի գաղափար կկազմեն Հայաստանում կաթոլիկ միսիոներների ծավալած քայքայիչ գործունեության մասին, այլև առանձին արժեքավոր տեղեկություններ կքաղեն Հայաստանի հասարակական-տնտեսական և քաղաքական պատմության հարցերի վերաբերյալ։

«Հայաստանի ներկա վիճակը...» աշխատության յուրահատուկ շարունակությունը կարելի է համարել 1730 թ, Փարիզում լույս տեսած «ճիզվիտական միաբանության մի միսիոների ճանապարհորդությունը Թուրքիայում, Պարսկաստանում, Հայաստանում, Արաբիայում և Բարբարիայում» գիրքը140, ուր դարձյալ որոշ մանրամասնություններով տրվում է նույն ճիզվիտ միսիոներների գործունեությունը Հայաստանում XVII դարի 80 — 90-֊ական թվականն երին։ Անանուն վերնագիր ունեցող այս աշխատության հեղինակը Վիլլոտն է, որն իր ժամանակին նույնպես միսիոներական նպատակներով եղել է Հայաստանում։ Վիլլոտի այս աշխատության համար ևս աղբյուր են ծառայել կաթոլիկ միսիոներների նամակները Հայաստանից։ Ուղեգրության մեջ տեղ են գտել նաև Իրանի XVIII դարի 20-ական թթ. քաղաքական պատմությանը վերաբերող նյութեր, հավանաբար ներկայացված ականատեսի վկայությամբ141։ Գրքի վերջին մասում խոսվում է ճիզվիտ միսիոներների կողմից Նախիջևանի հայ կաթոլիկ համայնք այցելության ընթացքում իրանական հարկահավաքների թույլ տված բռնությունների, կամայականությունների և հայ կանանց ընդվզումի մասին142։ Ուղեգրության

_____________________________

139 Նույն տեղում, էջ 6։
140 Voyages d'un missionnaire de la compagnie de Jésus en Turquie, en Perse, en Arménie et en Barbarie. Paris, 1730.
141 Նույն տեղում, էջ 67—80։
142 Նույն տեղում, էջ 248—258։

[էջ 52]

մեջ կարելի է հանդիպել նաև Հայաստանի հասարակական, տնտեսական և քաղաքական պատմությանը վերաբերող այլ բնույթի նյութերի։

Խոսելով Հայաստանում միսիոներական գործունեության մասին, չի կարելի զանց առնել ամենակարևորագույն աղբյուրներից մեկը թեատինյան կրոնավոր Կղեմես Գալանոսի «Միաբանութիւն հայոց սուրբ եկեղեցւոյն ընդ մեծի Սուրբ եկեղեցւոյն Հռոմայ» աշխատությունը, որը լույս տեսավ Հռոմում նաև լատիներեն143։ Կղեմես Գալանոսը Ուրբանոս 8-րդ պապի կողմից 1626 թ. Կովկաս էր ուղարկվել վրացիների և հայերի մեջ կաթոլիկություն տարածելու առաքելությամբ։ Այնուհետև նա 1640 թ, անցնում է Պոլիս, ուր և հիմնավորապես սովորում է հայոց լեզուն։ Կղեմես Գալանոսն իր բուռն բնավորությամբ և հայ եկեղեցու նկատմամբ ունեցած չքողարկված ատելությամբ առաջացրել է հայ հասարակայնության զայրույթը։ Կաթոլիկ պրոպագանդայի կողմից նա անվանվել է «աստծու խարազանը՝ Արևելքի հերձվածողների նկատմամբ»։ Նրա մոտ ի մի էին ձուլված կիրքն ու նենգությունը, ճարտարությունն ու խարդավանքը։ «Այս հոգևոր գործիչն արդեն բոլորովին մի ուրիշ երևույթ է ներկայացնում իր անսովոր խանդով և ընդունակություններով, — գրում է Լեոն, — բայց մանավանդ իր խառնվածքով։ Նա 1636 թ. ուղարկված էր Վրաստան, ուր քարոզչական պաշտոնը ծածկում էր բժշկի մասնագիտության տակ։ Վրացիների մեջ նա երկար չմնաց, այլ սովորելով հայերեն լեզուն, սկսեց հայերի մեջ «աստծու հունձ»-ը։ Մի եռանդով, որ միանգամայն պակասում էր Պիրոմալիին (իր նախորդին — Մ. Զ.) և մի ճարպկությամբ, որ միայն եզվիտներին կարող էր պատիվ բերել։ Իր հայրենագիտությունը նա ծառայեցրեց միսիոներական նպատակներին, հորինելով կրոնական վիճաբանությունների գրքերի»144։

XVII դարի վերջին քառորդին (1693 — 1698 թթ.) է վերաբերում իտալացի Կարլո Ջեմելի Կարերի ճանապարհորդությունն Արևելքում, ներառյալ նաև Հայաստանում։ Նա այցելել է Էրզրում, Ֆարս, Երևան, Նախիջևան և հայերի մասին հաղորդում է ուշագրավ տեղեկություններ145։

Եվս մի երկու աղբյուրներում խոսք է գնում հռոմեական եկեղեցու հետ հայերի դավանաբանական վեճերի, միսիոներների գործունեու-

_____________________________

143 Տե´ս Cl. Galanus, Consiliatio ecclesiae Armenae cum Romanae. Vol. I —III, Roma, 1650—165 Ունի նաև այլ լատիներեն աշխատություն նույն հարցի շուրջը՝ Historia armena ecclesiastica et politica. Coloniae, 1686.
144 Լեռ, Հայոց պատմություն, հ. Գ, Երևան, 1946, էջ 327։
145 C. Gemelli-Careri, Voyages autour du monde. Paris, 1719.

[էջ 53]

թյան և օսմանյան տիրապետության ներքո հայ եկեղեցու իրավական ստատուսի հետ կապված հարցերի մասին։ Դրանք Դելակրուայի146 և Լակրոզի147 աշխատություններն են։

XVII դարի վերջի և XVIII դարի սկզբի հայ ժողովրդի պատմությանը վերաբերող եվրոպական աղբյուրների մեջ կարևոր տեղ է գրավում Պիտտոն դե Տուրնեֆորի ուղեգրությունը148։ Պիտտոն դե Տուրնեֆորը (1656—1708) ազնվականական ծագում ունեցող ֆրանսիացի ականավոր բուսաբան էր և 1691 թ. սկսած Ֆրանսիայի ակադեմիայի իսկական անդամ։ 1700—1702 թթ. Տուրնեֆորը ֆրանսիական կառավարության առաջարկով կատարում է մեծ ճանապարհորդություն դեպի Փոքր Ասիա, Հայաստան և Անդրկովկաս, որտեղից նա Ֆրանսիա է բերում 1356 նոր տեսակի բույսեր ու դեղաբույսեր, որոնց մի զգալի մասը՝ պատմական Հայաստանի տարածքից (ուղեգրության մեջ բերված են դրանց նկարները՝ արված հեղինակի կողմից)։ Այս առումով նա մեծ ծառայություն է մատուցել հայ բուսաբանությանը։

Պիտտոն դե Տուրնեֆորի ուղեգրությունը ներկայացված է Ֆրանսիայի պետական քարտուղար կոմս Ժերոմ դե Պոնշարտրենին հղված նամակների ձևով, ուր մանրամասն տեղեկություններ են հաղորդվում Թուրքիայի վարչատնտեսական կյանքի և Հայաստանի իրավիճակի մասին, ինչպես նաև պատմական էքսկուրսներ են կատարվում դեպի Հայաստանի անցյալի պատմությունը՝ կապված աշխարհագրական միջավայրի այս կամ այն տեղանվան հետ։ Ուղեգրությանը կցված են պատմական Հայաստանի տարբեր քաղաքների հայերի տարազը պատկերող գծանկարներ։

Պիտտոն դե Տուրնեֆորը Փարիզից դուրս է գալիս 1700 թ, մարտի 9-ին, ժամանում Կոստանդնուպոլիս, ապա Սև ծովով մեկնում Տրապիզոն, այնուհետև Էզրումի (հունիսի 15), Կարսի (հուլիսի 12—16) և Թիֆլիսի վրայով գալիս հասնում է էջմիածին և Երևան (1701 թ. օգոստոս)։ Պիտտոն դե Տուրնեֆորը առաջին եվրոպացի ուղեգիրն էր, որ անհաջող փորձ կատարեց բարձրանալու Արարատ լեռան գագաթը149։ Ուղեգիրը նկարագրում է Արարատ լեռան բուսական ու կենդանական

_____________________________

146 La Croix, Etat Présent des nations et églises grecques, arméniennes et maronites en Turquie. Paris, 1695.
147 M. V. La Crose. Histoire du christianisme d'Ethiopie et d'Arménie. Paris. 1739.
148 Տե´ս Relation d’un voyage du Levant fait par ordre du roy, par M. Pitton de Tournefort. T. I—II. Paris, 1717.
149 Նույն տեղում, էջ 357—359։

[էջ 54]

աշխարհը և ի դեպ նշում է իրեն հանդիպած վագրերի մասին։ Նա Կարսի, Հասան Կալայի, Սեբաստիայի, Թոխատի, Ամասիայի վրայով վերադառնում է Զմյուռնիա, որտեղից մեկնում է Մարսել։

Պիտտոն դե Տուրնեֆորի ուղեգրությունն աչքի է ընկնում շոշափված նյութերի հարստությամբ, գիտականությամբ, հեղինակի նուրբ դիտողություններով և այլն։ Հիացած Արարատյան դաշտավայրի բերք ու բարիքով, նա այդ վայրը համարում էր «երկրային դրախտ»։ Նա ջերմ խոսքեր է գրել նաև հայերի մասին, նշելով, որ «հայերը աշխարհի լավագույն մարդիկ են»150։ Հայ ժողովրդի պատմությունն ուսումնասիրողների համար առանձնապես մեծ հետաքրքրություն ունեն հայ վաճառականության և, մասնավորապես, Արևելքի ու Արևմուտքի միջև առևտրի զարգացման բնագավառում Նոր Ջուղայի խոջայության կատարած դերի ու նշանակության մասին իր քսաներորդ նամակում Տուրնեֆորի արած դատողությունները 151։ Եվ առհասարակ պետք է նշել, որ նրա հաղորդած նյութերը բազմաբովանդակ են։

Պիտտոն դե Տուրնեֆորի Արևելքում գտնվելու տարիներին Փոքր Ասիայոսմ էր ճանապարհորդում հոլանդացի նկարիչ Կորնելիզ լե Բրույնը կամ լե Բրենը (1652—

1726)152։ 1701 — 1708 թթ. ընթացքում նա կատարեց իր երկրորդ ուղևորությունը դեպի Իրան և Հնդկաստան՝ (Ռուսաստանի տարածքով։ Նա Ռուսաստանից Իրան մեկնեց հայ վաճառականների ուղեկցությամբ և ճանապարհին այցելեց Շամախի, Թավրիզ ու Սպահան։ Անդրկովկասի ու Իրանի վերաբերյալ նրա հաղորդած նյութերի մեծ մասը վերաբերում է տեղական բնակչության կենցաղին, սովորույթներին, հավատալիքներին։ Նույնը կարելի է ասել նաև Թուրքիայի մասին նրա բերած տվյալների վերաբերյալ։ Սակայն, այսուհանդերձ, լե Բրենի մոտ էլ կան վկայություններ, որոնք լրացնում են մեր գիտելիքները Թուրքիայի և Իրանի հասարակական-տնտեսական ու քաղաքական կյանքի վերաբերյալ։

XVII դարի վերջի և XVIII դարի առաջին քառորդի Իրանի, ինչպես նաև իրանահայերի և Արևելյան Հայաստանի պատմության համար որոշակի արժեք են ներկայացնում Սպահանի կարմելիտների միաբանության նոթագրություններն ու ճիզվիտ միսիոներների զեկուցագրերը, նամակներն Իրանից153։

_____________________________

150 Նույն տեղում, էջ 369 — 396։
151 Տե´ս Voyages au Levant, c’est-à-dire dans les principaux endroits de l’Asie Mineure, dans les îles de Chio Rhodes, Cհypres etc... par Corneille le Brun. T. I-V, Paris, 1725.
152 A Chronicle of the Carmelites in Persia, T. I — II, London, 1939.
153 Choix des lettres édifiantes.... T. V; Missions du Levant, Paris, 1809.

[էջ 55]

Տվյալ ժամանակահատվածի պատմության համար եվրոպական պատմագիտության մեջ առանձնահատուկ տեղ են գրավում ևս երկու աշխատություն։ Առաջինը լեհ ճիզվիտ միսիոներ Յուդե Կրուշինսկու հուշերն են154, իսկ մյուսը՝ եվրոպացի հեղինակ Մամիյ-Կլերակի «Պարսկաստանի պատմությունն» է՝ գրված նույն Կրուշինսկու և եվրոպացի ու թուրք բարձրաստիճան պաշտոնյաների զեկուցագրերի հիման վրա155։

Յուդե Կրուշինսկու հուշերի հրատարակիչ Ժան Անթուան դյու Սերսոն գրքի առաջաբանում հեղինակի մասին տալիս է շատ կարևոր կենսագրական տվյալներ։ Գիրքը ամբողջովին հիմնված է ականատեսի վկայությունների վրա, «,,.քանզի ես այն կազմեցի, — գրում է նա, — բացառապես լեհ ճիզվիտ հայր Յուդե Կրուշինսկու հուշերի հիման վրա, որը քսան տարի Սպահանում ապրելուց հետո, այնտեղից դուրս եկավ (աֆղանների կողմից) քաղաքի պաշարման վերջում, և առիթից օգտվելով պիտի ասեմ, որ նա մասնավորապես իրադարձություններին ծանոթ էր խորությամբ»156։ Նա, որպես թարգմանիչ, մասնակցում է շահական արքունիքի հետ եվրոպական այն պետությունների պատվիրակության ներկայացուցիչների բանակցություններին, որոնք Հռոմի պապի, գերմանական կայսեր ու ֆրանսիական թագավորի անունից նամակներ էին բերել շահին։ Այդ բանակցությունների ընթացքում նա ճարպկորեն պետական բարձրաստիճան պաշտոնյաներից անհրաժեշտ տեղեկություններ է ձ֊եռք բերել Իրանի քաղաքական կացության և շահ Հուսեինի ժամանակ իրանական ավատատիրական հասարակության ճգնաժամի մասին157։ Իրանը աֆղանների կողմից գրավվելուց հետո հայր Կրուշինսկին կապեր է հաստատել նաև Իրանի նվաճողների հետ և իմացել վերին աստիճանի հետաքրքիր ու ստույգ տեղեկություններ158։ Նոր Ջուղայի պաշարման ու այնուհետև գրավման ժամանակ հայր Կրուշինսկին գտնվել է Նոր Ջուղայի ճիզվիտների տանը և դարձել հայերի գլխին պայթած աղետի անմիջական ականատեսը159։ Հայր Կրուշինսկին, լինելով բժիշկ, բուժում է աֆղանական բարձրաստիճան պաշտոնյային. դառնում է նրա բարեկամն ու նրանից կարևորագույն տե-

_____________________________

154 Histoire de la dernière révolution de Perse par le père Y. Krusinski. T. I — II. Paris, 1723.
155 Mamiye-Clairac, Histoire de Perse depuis le commencement de ce siècle. T. I-III, Paris, 1750.
156 P. Y. Krusinski, էջ 3.
157 Նույն տեղում, էջ 4։
158 Նույն տեղում, էջ 5։
159 Նույն տեղում, էջ 54 — 112։

[էջ 56]

ղեկություններ իմանում աֆղանական արշավանքի մասին։ Հայր Կրուշինսկու հուշերը ժամանակագրական առումով հասնում են մինչև 1725 թ.։ Հաջորդ տարիների Իրանի քաղաքական դեպքերը, ինչպես նաև 1727 թ. թուրքերի և Իրանի աֆղանական տիրակալ Աշրաֆի միջև կնքված պայմանագրի կետերը տրված են արժանահավատ աղբյուրների հիման վրա։ Ճիզվիտ միսիոների հուշերի սկզբում տրվում է Սեֆյան հարստության քաղաքական պատմությունը շահ Իսմայիլից մինչև շահ Հյուսեինի տիրապետությունն ընկած ժամանակաշրջանը։ Նա այդ գրել է Ադամ Օլեարիուսի, Տավերնիեի, Շարդենի և, չի բացառված, նաև պարսկական ժամանակագրությունների հիման վրա։ Այնուհետև մանրամասն ու գիտականորեն ստույգ պատմվում է շահ Հյուսեինի ժամանակ Իրանում ծայր առած ճգնաժամի աղետաբեր հետևանքների մասին, երկրի ու նրա աշխատավոր բնակչության համար։ Չափազանցություն չէր լինի ասել, որ Կրուշինսկու աշխատության այս հատվածը, Եսայի կաթողիկոս Հասան Ջալալյանի «Աղվանից պատմության» հետ, պատկանում է Իրանի այս ժամանակահատվածի պատմության լավագույն աղբյուրների թվին։

Ինչ վերաբերում է Մամիյ-Կլերակի «Պարսկաստանի պատմություն» եռահատոր աշխատությանը, ապա պետք է ասել, որ աֆղանական արշավանքի, ինչպես և նախորդ շրջանի Իրանի պատմության համար հիմնական աղբյուր դարձյալ ծառայել են Յ.Կրուշինսկու հուշերը։ Իսրայել Օրու իրանական դեսպանության մասին հաղորդված ընդարձակ վկայությունները160 նույնպես վերցված են Կրուշինսկուց։ 1725 թ. հաջորդող նյութերը, որոնք տեղ են գտել երկրորդ և երրորդ հատորներում, պատմական որոշակի արժեքով օժտված տարբեր բովանդակության զեկուցագրեր են։ Այդպիսիների շարքին են պատկանում՝ «Զեկույց Պարսկաստանում տեղի ունեցած տարբեր իրադարձությունների մասին, որը կազմված է 1730 թվականին Սպահան արշաված մեծ Վեզիրին ներկայացված հաշվետվությունների հիման վրա»161, «Մի թուրք էֆենդիի կողմից գրված ու Կոստանդնուպոլսի վերջին խռովությանը վերաբերող զեկուցագրի թարգմանությունը, որին կցված են այս իրադարձության տարբեր պարագաներին վերաբերող նյութեր, քաղված այլ հուշադրություններից»162։ Այստեղ պետք է նշել, որ երրորդ հատորի զգալի մասը նվիրված է 1730 թ. Կոստանդնուպոլսում Պատրոնա Խաշիլի ապստամբությանը և այդտեղ տեղեկություններ կան պոլսահայերի մասին։

_____________________________

160 Mamiye-Clairac, Histoire de Perse. T. 1, p. 47—57.
161 Նույն տեղում, հ. 3, էջ 90—105։
162 Նույն տեղում, էջ 119—250։

[էջ 57]

Հետաքրքրությունից զուրկ չեն, անշուշտ, այն էջերը, որոնք նվիրված են Թահմազկուլի խանի (հետագայում Նադիր շահի)՝ թուրքերի դեմ մղած պատերազմների պատմությանը163։

XVIII դարի սկզբին Օսմանյան կայսրության, հետևաբար նաև Արևմտյան Հայաստանի վիճակը, Թուրքիայի փոխհարաբերությունները եվրոպական պետությունների հետ լուսաբանված են Թուրքիայի ֆրանսիական, անգլիական և այլ եվրոպական պետությունների դեսպանների՝ իրենց կառավարություններին հղած զեկուցագրերում, նամակներում, հուշերում և այլն։ Այդ նյութերի մի մասը հրատարակված է։ Այս առումով հատկապես ուշագրավ են 1717 —1727 թթ. Պոլսում ֆրանսիական դեսպան բարոն դե Բոննակի164, իսկ այնուհետև նրան այդ պաշտոնում փոխարինած մարքիզ դե Վիլնյովի165 հուշերը, զեկուցագրերը։ Վերջինս Պոլսում մնաց մինչև 1741 թ.։ Այս երկու հեղինակների մոտ էլ կան նյութեր, որոնք անմիջապես առնչություն ունեն հայ ժողովրդի պատմության հետ։ Բացի այս բնույթի աղբյուրներից, տվալ ժամանակաշրջանի պատմության ուսումնասիրման համար կան Թուրքիայի քաղաքական պատմությանը նվիրված աշխատություններ, որոնցից կարելի է առանձնացնել մոլդավական իշխան Դիմիտրի Կանտեմիրի «Օսմանյան պատմությունը»166, ֆրանսիացի ճանապարհորդ Օբրի դե լա Մոտրեի (1674 — 1743) ուղեգրությունը167 և այլն։ Մատնանշված վերջին երկու հեղինակներից կարելի է քաղել լրացուցիչ պատմական նյութեր, որոնք դարձյալ այս կամ այն չափով աղերսվում են հայ ժողովրդի պատմության հետ։

Ֆրանսիական դեսպաններ դե Բոննակի և դե Վիլնյովի ուշադրության կենտրոնում են եղել Ֆրանսիայի համար կարևոր երկու հարց՝ «հերձվածողներին», այսինքն՝ Արևելքի քրիստոնյաներին կաթոլիկ դարձնելու և լևանտյան առևտրի հարցերը։ XVIII դարի առաջին քառորդին պոլսահայ համայնքի ներսում ծայր առած ներհամայնքային պայքարի մասին այս երկու հեղինակների մոտ կան ուշագրավ վկայություններ։ Հատկապես դե Վիլնյովը ամենաեռանդուն մասնակցություն

_____________________________

163 Նույն տեղում, էջ 250—354։
164 Mémoire historique sur l’ambassade de France à Constantinople par le marquis de Bonnac, publié avec un précis de ses négociations à la Porte ottomane, par M, Charles Schéfer, Paris, 1894.
165 Une ambassade française en Orient sous Louis XV. La mission du marquis de Villeneuve 1728—1741, par Albert Vandal, Paris, 1887.
166 Dimitri Cantémir. Histoire de l’empire ottoman. Paris, 1743.
167 Motraye de la. Voyages de la Motraye en Europe, Asie et l’Afrique. Vol. I—II, La Haye, 1727.

[էջ 58]

է ունեցել պոլսահայերի ներհամայնքային պայքարում։ Բացի այդ, օգտվելով կապիտուլյացիաների հետևանքով Թուրքիայի վրա Ֆրանսիայի ունեցած ազդեցությունից, այս երկու դեսպանները կարևոր դեր են խաղացել Թուրքիայի արտաքին քաղաքական պատմության մեջ։ Եթե դե Բոննակի միջնորդությամբ ստորագրվել է 1724 թ. հուլիսյան ռուս-թուրքական համաձայնագիրը, ապա դե Վիլնյովը վճռական դեր է կատարել 1739 թ. ռուս-թուրքական և ռուս-ավստրիական, բելգրադյան զույգ հաշտության պայմանագրերի կնքման հարցում։

XVIII դարի 30—40-ական թթ, թուրք- իրանական քաղաքական հարաբերությունների պատմությունը հնարավոր բոլոր մանրամասնություններով տրված է 1748 թ. Փարիզում լույս տեսած «Պարսկաստանի թագավոր Թահմազկուլիի պատմություն» ստվարածավալ հատորի մեջ168։ Այն ընդգրկում է 1730—1736 թթ. ժամանակաշրջանը։ Թահմազկուլիի կողմից Արևելյան Հայաստանի նվաճման առիթով Հայաստանի մասին հաղորդվում են անհրաժեշտ տեղեկություններ։ Աշխատությունը հիմնված է սկզբնաղբյուրների՝ օսմանյան և իրանական բարձրաստիճան պաշտոնյաների զեկուցագրերի վրա։ Չի բացառված, որ այստեղ օգտագործված լինեն նաև օսմանյան ժամանակագրությունները, ականատեսների վկայաթյունները և այլն։ Գրքում ուշագրավ տեղեկություններ կան նաև քրդերի ու Քրդստանի մասին169։ Ընդարձակ էջեր կան նաև ջուղահայերի և այն մասին, թե ինչպես էր Նադիր շահը ուզում վերականգնել Շահ-Աբասի ժամանակ ջուղահայերի ձեռք բերած առևտրական իրավունքներն ու արտոնությունները170։

1730 թ. Պատրոնա Խալիլի Պոլսում բարձրացրած խռովության, Ահմեդ 3-րդի տապալման և Մահմուդ 1-ի գահ բարձրացման, խռովության օրերին պոլսահայերի անցկացրած ահուսարսափի և այլ հարակից հարցերի մասին է պատմում «Զեկուցագիր 1730 և 1731 թվականների երկու ապստամբությունների մասին»171 վերնագրով 1737 թ. Հաագայում հրատարակված գիրքը, որը ավյալ ժամանակաշրջանի արժանահավատ աղբյուրներից է։ Այս նույն հարցերին է նվիրված նաև դե Գրուզենակի 1740 թ, Փարիզում լույս տեսած աշխատությունը172։

_____________________________

168 Histoire de Thamas Kouli-Kan, roi de Perse. Nouvelle édition. Paris, 1748.
169 Նույն տեղում, էջ 150—152։
170 Նույն տեղում, էջ 285—289։
171 Relation des deux rebellions arrivées à Constantinople en 1730 et 31 dans la déposition d’Achmet III et l’élévation au thrône de Mahomet V, composés sur des mémoires originaux reçus de Constantinople. La Haye, 1737.
172 Grouzenac de. Histoire de la dernière révolution arrivée dans l’empire ottoman le 28 septembre 1730. Paris, 1740.

[էջ 59]

Նադիր շահի ժամանակ թուրք-իրանական առնչությունների պատմության կարևոր աղբյուրներից է ֆրանսիական արքայական ակադեմիայի անդամ Մ. Օտտերի երկհատոր ուղեգրությունն արևելքում173։ Հեղինակը, ինչպես ինքն է գրում, Պոլսում գտնվելու ժամանակ վայելել է ֆրանսիական դեսպան դե Վիլնյովի հովանավորությունն ու աջակցությունը։ Իր ուղեգրության մեջ Մ. Օտտերը խոսում է 1736 թ. աշնանը իր այցելած Կիլիկիայի քաղաքներ Ադանայի, Տարսոնի, Սսի և այլ վայրերի մասին։ Ապա անցնելով Քրդստանով ու պատմական Հայաստանի՝ քրդերի ազդեցության ոլորտում գտնվող տարածքով, տեղեկություններ է տալիս Բիթլիսի ու նրա հարակից շրջանների մասին։ Մ. Օտտերի հաղորդած վկայություններից երևում է, որ նա Իրանում գտնվելու քսան ամիսների ընթացքում սովորել է պարսկերեն ու ծանոթացել Պարսկաստանի վիճակին174։ Մ. Օտտերի ուղեգրության առաջին հատորի զգալի մասը նվիրված է թուրքերի դեմ Նադիր շահի մղած պատերազմների պատմությանը175, գրված այլևայլ ստույգ աղբյուրների հիման վրա։ Այն սկսվում է աֆղանական արշավանքից ու հասցվում է մինչև 1739 թ. տեղի ունեցած իրադարձությունները։ Շարադրված քաղաքական պատմությունը չնայած համառոտ լինելուն պարունակում է տեղեկություններ, որոնք բացակայում են Թահմազկուլի խանի պատմությանը նվիրված, վերը մեր հիշատակած աշխատության մեջ։ Այսպես, Մ. Օտտերը վկայություններ ունի Սյունիքում և Թավրիզի մոտ թուրքական բանակին հայերի ցույց տված դիմադրության մասին176 և այլն։ Երկրորդ հատորը բացառապես նվիրված է 1739 թ. հեղինակի դեպի Պոլիս վերադարձի ուղևորության նկարագրությանը։ Ճանապարհը Դիարբեքիրի, Արղնիի, Խարբերդի վրայով ընթանում էր դեպի Սեբաստիայի նահանգ։ Հատկապես հետաքրքիր են այն էջերը, ուր խոսվում է Սեբաստիայի նահանգում լեվենդ ավազակախմբերի խժդժությունների, փաշայի բանակի կամայականությունների ու բռնությունների մասին։ Նա մի քանի անգամ գիշերել է հայկական տներում, ուր իրեն պատմել են հայ ժողովրդի կրած անլուր տառապանքների, զրկանքների մասին։

_____________________________

173 Voyages en Turquie et en Perse avec une relation des expéditions de Tahmas Kouli-Khan. par M. Otter de l’académie royale des inscriptions et belle-lettres. T. I—II, Paris, 1748.
174 Նույն տեղում, հ. II, էջ 1։
175 Նույն տեղում, հ. 1, էջ 254—358։
176 Նույն տեղում, էջ 281—282։

[էջ 60]

Արևելյան Հայաստանի 1720—1750-ական թթ. քաղաքական պատմության ուսումնասիրության համար որոշ արժեք ունի նաև ֆրանսիացի հեղինակ դե Պեյսոնելի «Պարսկաստանի և Վրաստանի արդի խառնակությունների մասին ուսումնասիրության փորձ»177 վերնագրով աշխատությունը։ Նրանում մանրամասն շարադրված են Վրաստանի քաղաքական պատմության կարևորագույն փուլերը՝ Վախթանգ 6-րդից մինչև Հերակլ 2-րդի ժամանակաշրջանը։ Վերջին գլուխը վերնագրված է այսպես. «Պարսկաստանի և Վրաստանի վիճակը ներկայիս 1753 թվականին»178, այլ կերպ ասած, հեղինակը դեպքերը ընթերցողներին է ներկայացնում որպես ականատես։

Նադիր շահի ժամանակաշրջանի Արևելքի պատմության հարցերը շոշափված են նաև ժամանակակից մի քանի այլ հեղինակների կողմից, որոնք գտնվելով Արևելքում, մոտիկից ծանոթ էին թուրք-իրանական քաղաքական առնչություններին։ Այդպիսիներից էին, օրինակ, Էտյեն Մինյոն179, դե Սագրեդոն180, Մ. Դելակրուան181 և այլք։ Այս հեղինակների մոտ շոշափվում են ոչ միայն քաղաքական, այլև երբեմն հասարակական-տնտեսական պատմության հարցերը։

XVIII դարի 50—60-ական թթ. Օսմանյան կայսրության պատմության ուսումնասիրության համար որոշակի արժեք ունեն Պոլսում Ֆրանսիայի դեսպան կոմս դե Սեն Պրիեստի182, անգլիական դեսպաններ Հենրի Գրենվիլի183 և Ջեյմս Պորտերի184 հուշերն ու աշխատություն-

_____________________________

177 Essai sur les troubles actuels de Perse et de Géorgie, par M. de P/eysonnl/. Paris, 1754 Այս հեղինակը հետաքրքրվում էր Վասաանի պատմությամբ՝ ֆրանսիական առևտուրը Անդրկովկասում և Իրանում զարգացնելու նպատակով։ Ինքն էլ՝ 1787 թ. Փարիզում լույս տեսած «Տրակտատ Սև ծովի առևտրի մասին» (Traité sur le commerce de la mer Noire, par M. Peyson/nel/, ancien général de France à Smyrne) գրքի հեղինակն է։
178 Նույն տեղում, էջ 151— 154։
179 Histoire de l’empire ottoman depuis son origine jusqu’à la paix de Belgrade en 1740, par M. Mignot. T. I—IV, Paris, 1741.
180 De Sagredo. Histoire de l'empire ottoman. T. I — VII, Paris. 1732.
181 M. de la Croix. Abrégé chronologique de l’histoire ottomane, T. I — III Paris, 1758.
182 M. le comte de Saint-Priest. Mémoires sur l’ambassade de France en Turquie et sur le commerce des français dans le Levant, Paris, 1877.
183 Henry Grenville. Observations sur l’état actuel de l’empire ottoman, edited by Andrew S. Ehrenkretz, The University of Michigan press, 1971.
184 Turkey, its history and progress. From the journals and correspondance of sir James Porter, continued to the present time with a memoir of sir James Porter by his grandson Gaorges Larpent. Vol. I—II, London, 18?4: Réflexion sur l’état critique actuel de la puissance ottomane. Paris, 1765.

[էջ 61]

ները։ Ֆրանսիայի և Անգլիայի դեսպաններն իրենց կառավարություններին հղած զեկուցագրերում մեծ տեղ են հատկացրել այդ երկու երկրների լևանտյան առևտրին։ Այդ զեկուցագրերում հաղորդվում են այնպիսի տեղեկություններ, որոնք բարձրացնում են դրանց գիտական նշանակությունը։ Ի դեպ, նույնպիսի խոշոր գիտական նշանակություն ունի նաև Հանվեյի աշխատությունը նույն ժամանակաշրջանի իրանյան առևտրի վերաբերյալ185։ Այս գրքում բազմաթիվ պատմական փաստեր կան, որոնք անմիջականորեն աղերսվում են հայ ժողովրդի պատմության հետ։

XVIII դարի 60—70-ական թթ. Թուրքիայի պատմության ուսումնասիրության համար շահեկան են նաև Ֆրանսուա դե Տոտտի186, բարոն դե Բոննեվալի187 հուշերը, Մարսիլյիի188՝ Թուրքիայի ռազմական պատմությանը նվիրված հանրահայտ աշխատությունները և այլն։

Հունգարական ծագում ունեցող բարոն դե Տոտտը երկար տարիներ աշխատում էր Պոլսի ֆրանսիական դեսպան Վերժենի մոտ։ Նա մի քանի տարի որպես ռազմական ինժեներ ծառայեց նաև թուրքական բանակում և առանձնապես մեծ գործունեություն ծավալեց 1768 —1774 թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ։ Մշտական շփման մեջ գտնվելով թուրքական ղեկավար շրջանների հետ, նա մոտիկից ծանոթացավ թուրքական վարչական համակարգի, ֆինանսական դրության, բանակի կացության հետ և այլն։

Վերը հիշատակված այս երեք հեղինակների մոտ էլ այս կամ այն առիթով խոսվում է Թուրքիայի հայերի, նրանց իրավական վիճակի մասին և այլն։

Այս ժամանակաշրջանի պատմության համար մասնագետների մոտ ամենալայն ճանաչում ունի ծագումով պոլսահայ Իգնատիոս Մուրաջեա դ’Օսսոնի յոթհատորանոց «Օսմանյան կայսրության ընդհանուր պատկերը»189 խորագիրը կրող աշխատությունը։ Նա զբաղվել է դիվանագիաական գործունեությամբ (եղել է Շվեդիայի դեսպանության աշխա-

_____________________________

185 Hanvey. An historical account of the British Trade over the Caspian sea, T. I—IV, London, 1753.
186 Tott, baron de. Mémoires sur les Turcs et les Tartares. Vol. I—III, Amsterdam, 1784.
187 Mémoires de comte de Bonneval... sous les empereurs Ahmet III et Mahomet 1. Nouvelle édition. Vol. II, Paris, 1806.
188 L’état militaire de l’empire ottoman, ses progrès et sa décadence par M. le comte de Marsigli. Amsterdam, 1732.
189 M. d’Ohsson. Tableau général de l’empire othoman. Vol. I—VII, Paris, 1778-1824.

[էջ 62]

տակիցը Պոլսում, հյուպատոս՝ Իզմիրում)։ Մ. դ’Օսսոնի աշխատությունը կատարյալ մի հանրագիտարան է Օսմանյան կայսրության ու նրա հպատակների կյանքի տարբեր կողմերի մասին։ Հիմնականում լինելով պատմական հետազոտություն, Մ, դ’Օսսոնի աշխատությունը միաժամանակ հեղինակի երկար տարիների ընթացքում կատարած անձնական դիտողությունների արդյունք է։ Աշխատության մի մասը թարգմանված է ռուսերեն190։

XVIII դարի վերջին քառորդի Արևելքի պատմության և կարևորագույն եվրոպական աղբյուրների շարքին են դասվում նաև ֆրանսիացի ճանապարհորդներ ու դիվանագիտական ներկայացուցիչներ կոմս դե Ֆերրիեր-Սովբեֆի191, Ֆ. Վոլնեյի192 և Գ. Ա. Օլիվիեի193 ուղեգրությունները։

Ֆերրիեր-Սովբեֆը (1750—1814) 1782 — 1789 թթ. ֆրանսիական թագավոր Լյուդովիկոս 16-րդի հանձնարարությամբ դիվանագիտական գործունեության է ուղարկվում Պոլիս և այստեղից երկու անգամ 1784 — 1785 և 1787 թթ, մեկնում է Իրան՝ Սպահան։ ճանապարհին նա այցելում է պատմական Հայաստանի քաղաքները՝ Էրզրում, Կարս, Բայազետ, Երևան, Էջմիածին, Նախիջևան, լինում է Անդրկովկասի հայաշատ քաղաքներում, որոնց թվում՝ Թբիլիսիում ու Շամախիում և այլն։ Գտնվելով Իրանում, Ֆերրիեր-Սովբեֆը իրանական կառավարությանը խորհուրդ էր տալիս հնարավորության սահմաններում թույլ չտալ Ռուստաստանի թափանցումը Անդրկովկաս։ Ի դեպ, հեղինակը տեղեկություններ է հաղորդում նաև Նադիր շահի մահից հետո Իրանի քաղաքական պատմության հարցերի մասին։ Այս առումով արժեքավոր են այն էջերը, որոնք նվիրված են հեղինակի ժամանակվա շահերին՝ Ալի Մուրադ խանին և Աղա Մուհամեդ խանին194։ Ուղեգրության մեջ մեծ տեղ է հատկացված ռուս-թուրքական 1787—1791 թթ. պատերազմ ի գլխա-

_____________________________

190 М. д'Оссон. Полная картина Оттоманской империи в двух частях. Перевод с французского. СПб., 1795.
191 Mémoires historiques, politiques et géographiques des voyages du comte de Ferrières-Sauveboeuf. faits en Turquie, en Perse et en Arabie, depuis 1782 jusqu’en 1789. T. I-II, Paris, 1790.
192 C. F. Volney, Voyage en Egypte et en Syrie pendant les années 1783, 1784 et 1785 suivi de considération sur la guerre des Russes. London, 1788.
193 Voyage dans l’empire othoman, l’Egypte et la Perse, fait par ordre d’un gouvernement pendant les six premières années de la république, par G. A. Olivier, Paris, an 9(1801).
194 Ferrières-Sauveboeuf, II, էջ 1—20։

[էջ 63]

վոր պատճառներին, պատերազմող կողմերի ռազմական հնարավորություններին և այլն։

Ֆրանսուա Վոլնեյի ուղեգրության մեջ հիմնականում խոսվում է թուրքական տիրապետության ներքո գտնվող Սիրիայի և Եգիպտոսի մասին, սակայն նրանում արծարծվում են Օսմանյան կայսրության հասարակական-տնտեսական պատմության այնպիսի հարցեր, որոնք վերաբերում են հպատակ բոլոր ժողովուրդներին։ Այստեղ բազմաթիվ փաստերի հիման վրա ցույց է տրված օսմանյան իրավակարգի գիշատիչ բնույթը։

Գ. Ա. Օլիվիեի ուղեգրությունն ուսանելի է շատ կողմերով։ Ուշադրություն է գրավում հեղինակի քաջատեղյակությունը Թուրքիայի և Իրանի ներքին վիճակին XVIII դարի 60-ական թթ.։ Թե՛ Թուրքիայի հողային հարաբերությունների և թե՛ նահանգներում փաշաների գործադրած բռնությունների ու կամայականությունների մասին խոսելիս անմիջապես երևում են հեղինակի խոր գիտելիքները։ Հեղինակի գրչի տակից ընթերցողների առաջ հառնում է արևելյան բռնատիրությունների քայքայման պրոցեսի և հպատակ ժողովուրդների, մասնավորապես քրիստոնյաների, անտանելի վիճակի վառ գույներով նկարագրված տխուր պատկերը։

Հայաստանի պատմական աշխարհագրության տեսակետից ուշագրավ է 1797 թ. Փարիզում լույս տեսած «Պատմական և աշխարհագրական հիշատակություններ Սև ու Կասպից ծովերի արանքով ընկած երկրների մասին» վերնագրով աշխատությունը195։

Մեզ մնում է մի քանի խոսք ասել XIX դարի սկզբի եվրոպական մի շարք ուղեգրությունների մասին ու դրանով իսկ ավարտել աղբյուրների մասին մեր այս համառոտ տեսությունը։ Այս ուղեգիրների մոտ ոչ միայն կան նյութեր, որոնք անհրաժեշտ են երկփեղկված Հայաստանի հասարակական-տնտեսական պատմությունը ուսումնասիրելու, այլև XVIII դարի վերջերից Օսմանյան կայսրության սահմաններում առաջացած դերեբեյությունների հետ կապված հարցերը ավելի լավ ըմբռնելու համար։

_____________________________

195 Mémoires historiques et géographiques sur les pays entre la mer Noire et la mer Caspienne Paris, 1797.

[էջ 64]

Այս հեղինակներից նախ և առաջ պետք է հիշատակել Ա. Ժոբերին196, Ա. Դյուպրեյին197, Գ. Դրուվիլին198, Զ. Մ. Կիննեյրին199, Մ,. դե Կոցեբյուին200 և այլոց։

Պիեր Ամեդե Ժոբերը (1779 —1847) ֆրանսիացի խոշորագույն արեվելագետներից մեկն էր, Փարիզի արևելյան կենդանի լեզուների թուրքերեն լեզվի պրոֆեսոր։ 1806 թվականին Պ. Ա. Ժոբերը Նապոլեոնի կողմից գաղտնի առաքելությամբ ուղարկվում է Իրան, Ֆաթհ-Ալի-Շահին Ֆրանսիայի կողմը թեքելու նպատակով։ Նույն տարվա ապրիլի 10-ին նա արդեն գտնվում է Պոլսում, ուր Սելիմ 3-րդի կողմից արժանանում է ջերմ ընդունելության։ Հունիսի 7-ին նա արդեն Տրապիզոնում էր, որտեղից ուղևորվեց Էրգրում, իսկ այնուհետև անցնելով Արաքսը, ենթարկվեց քրդերի հարձակումներին, և ի վերջո գերի ընկավ Բայազետի փաշա Մահմուդի ձեռքը։ Հրաշքով ազատվելով բանտային կապանքից, նա ուղևորվում է Իրան՝ իր առաքելությունը ավարտելու նպատակով։

Տրապիզոնից Էրզրում ուղևորվելիս Ժոբերը ճանապարհին հանդիպում է ապստամբ թայուրօղլուների կատարած ավերածություններին, երկրում տիրող անիշխանությանը և, հետևաբար, ճանապարհների անապահովությանը։ Նա ընդարձակ մի գլուխ նվիրել է քրդերին ու Քրդստանին201, խոսում է քրդաբնակ շրջաններում հայերի զինված լինելու մասին, առանձին վկայություններ է հաղորդում իր այցելած քաղաքներ Երզնկայի, Էրզրումի, Մանազկերտի, Վանի, Թավրիզի և այլ վայրերի մասին։

Ա. Դյուպրեն, որն իբրև Ֆրանսիայի ներկայացուցիչ երկար տարիներ դիվանագիտական պաշտոններ էր վարել Թուրքիայում, իր ուղեգրության առաջին գրքում խոսում է Ամասիայի, Թոխատի, Սեբաստիայի մասին և հատկապես հետաքրքիր տեղեկություններ է հաղորդում պղնձի արդյունահանության կենտրոն Արզնի—Մադենի մասին202։ Նրա հետագա ճանապարհն ընթանում է Դիարբեքիրի—Մերդինի — Մծբինի վրայոյվ

_____________________________

196 A. Jaubert. Voyage en Arménie et en Perse. Paris, 1821.
197 A. Dupré, Voyage en Perse, fait dans les années 1807, 1808 et 1809. T. I-II. Paris, 1819.
198 (G. Drouville). Voyage en Perse, fait en 1812 et 1813, par Gaspard Drouville. T. I-II, Paris, 1828.
199 John Macdonald Kinneir, Voyage en Turquie. Paris, 1819.
200 Maurice de Kotzebüe, Voyage en Perse à la suite de l’ambassade russe en 1817. trad. de l’allemand par M. Breton. Paris, 1819.
201 A. Jaubert, էջ 66-77, 108-120 և այլն։
202 A. Dupré, էջ 59-62։

[էջ 65]

դեպի Իրան։ Երկրորդ հատորում Ա. Դյուպրեն նկարագրում է Նոր Ջուղայի և ջուղահայերի վիճակը XIX դարի սկզբին203։ Այնուհետև տեղեկություններ է հաղորդում Թավրիզի ու նրա առևտրի մասին։ Հետդարձի ճանապարհին նա Խոյի, Նախիջևանի վրայով. ուղևորվում է Երևան ու Էջմիածին և խիստ արժեքավոր տեղեկություններ հաղորղում204։ Վերջում հեղինակը դիտողություններ է անում Եվրոպայի հետ Իրանի առևտրի վերաբերյալ205։

Գասպար Դրուվիլի ուղեգրության ամենահետաքրքիր էջերն են իրանական բեկլերբեկերի (խաների) մասին հաղորդումները206 և քրդերին նվիրված գլուխը207։ Հեղինակի հավաստիացմամբ ինքը երկար տարիներ ապրել է բրդերի մեջ, ծանոթացել նրանց կենցաղին ու սովորույթներին։

Հայ ժողովրդի հասարակական-տնտեսական պատմության նյութերի կարելի է հանդիպել նաև Ջոն Մակդոնալդ Կիննեյրի և Մորիս դե Կոցեբյուի մոտ։

_____________________________

203 Նույն տեղում, էջ 145—151։
204 Նույն տեղում, էջ 248 — 266։
205 Նուչն տեղում, էջ 372 — 387։
206 G. Drouville, էջ 17-23։
207 Նույն տեղում, էջ 187—207։

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Զուլալյան Մ., Հայ ժողովրդի XIII—XVIII դարերի պատմության հարցերը ըստ եվրոպացի հեղինակների.- Եր. ՀՀ ԳԱ հրատ., 1990.
Տրամադրել է՝ Միքայել Յալանուզյան
Սկան՝ Անի Քամալյան, Վահագն Մխոյան
OCR՝ Արշակ Ծառուկյան, Սոնա Ավագյան, Նելլի Հարությունյան, Գրիգոր Երիցյան, Անի Քամալյան, Հասմիկ Սողոմոնյան
Ուղղագրում՝ Լինա Քամալյան

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice