ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ XIII-XVIII ԴԱՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ ԸՍՏ ԵՎՐՈՊԱՑԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ
[էջ 66]
ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ XIII–XV ԴԱՐԵՐՈՒՄ
Հռոմեական կայսրության անկումից ընդհուպ մինչև խաչակրաց արշավանքները, Եվրոպան, փաստորեն, դադարեցրել էր Արևելքի հետ ունեցած քաղաքական և տնտեսական ամեն տեսակի կապերը։ Խաչակրաց արշավանքները որոշ առումով վերականգնեցին նախկին վիճակը։ Կողոպտելով Արևելքի առասպելական հարստությունները, կաթոլիկ աշխարհի որոշ երկրներ, և մասնավորապես Վենետիկն ու Ջենովան, զարկ տվեցին իրենց սեփական քաղաքային տնտեսությանը։ «Քրիստոնյա ենիչերիները», երևալով Արևելքում, մասնավորապես Հայկական Կիլիկիայում, անկախ իրենց հետապնդած թալանչիական նպատակներից, որոշ առումով նպաստեցին Կիլիկյան հայկական պետության դիրքերի ամրապնդմանը։ Սակայն Կիլիկիայում հայկական պետության հիմնադրումը բացառապես պայմանավորված չէր խաչակրաց արշավանքներով, ինչպես այդ ուզում են իրենց ընթերցողներին հավաստիացնել անցյալի ու ներկայի բուրժուական որոշ պատմաբաններ։ Կիլիկյան հայկական պետությունը ստեղծվել էր դեռևս մինչև խաչակրաց արշավանքները։ Միակ դրականը հայկական պետության դիրքերի ամրապնդման համար այն էր, որ խաչակրաց առաջին արշավանքի հետևանքով սելջուկյան հորդաները ստիպված եղան նահանջել Միջերկրականի ափերից և որ թուլացավ փոքրասիական սելջուկյան Իկոնիայի սուլթանությունը։
Այսուհանդերձ անհրաժեշտ է հատուկ ընդգծել, որ XII դարում Կիլիկյան հայկական պետության ռազմաքաղաքական հզորացման գլխավոր պատճառը ոչ թե խաչակիրների մուտքն էր Կիլիկյան հայկական հողի վրա, այլ արդեն այս ժամանակ հոծ ու կազմակերպված հայ բնակչության առկայությունը։
Խաչակիրների ժամանակավոր օգնությունը Կիլիկյան հայկական պետականությանը հետագայում պարզապես վերածվեց չարիքի։ Հուսախաբված կաթոլիկ ասպետներից, դեպքերի ժամանակակից Մ. Ուռհայե-
[էջ 67]
ցին գրում էր, թե՝ «փառաւոր իշխանքն և գլխաւորքն նոցա հատան, և իշխանութիւն նոցա յանարժանսն և յաչոքսն անկաւ և վասն այնորիկ յարուցին հալածանս և չարչարանս ի վերայ հաւատացելոցն Քրիստոսի ի ձեռն սաստիկ արծաթասիրութեան իւրեանց»1։ Մի այլ տեղ նա նշում է, թե «Ւ գրկանս և ի յանիրաւութիւնս և յաւերս անողորմապէս վարեցան ի վերայ քրիստոնէից»2 և ,որ «...փոխանակ փրկութեան անցումն արարքն հաւատացելոցն»3 և որ «Զի հանապազ վասն գանձի առնելոյ անիրաւաբար չարչարանօք յաւեր և յապականութիւն դարձուցին զերկիր և յամենայն ժամ պարապեալ կային և այլ ոչինչ առնէին, բայց միայն նստեալ խորհէին զչարութիւն, զհիլա և զամենան ճանապարհս չարեաց սիրէին, բարեաց և ամենայն երախտեաց մոռացողք»4։
Չնայած այս իրավիճակին, 1198 թ. մինչև անկախության վերջնական կորուստը (1375), Կիլիկիայի հայ գործիչները, ինչպես ցույց են տալիս հայ և օտար աղբյուրները, ձգտում էին ընդհանուր լեզու գտնել կաթոլիկ աշխարհի հետ, որպեսզի կարողանային դիմագրավել իրենց հարևան մուսուլմանական երկրների և Բյուզանդիայի ոտնձգություններին։ Հենց այդ նպատակով է, որ սկսած Լևոն Մեծագործի ժամանակվանից, Կիլիկիայի հայոց թագավորները այլևայլ տնտեսական և քաղաքական արտոնություններ էին շնորհում Մերձավոր արևելքում հաստատված խաչակիր պետությունների, Վենետիկի և Ջենովայի հանրապետությունների ներկայացուցիչներին։ Անցնելով հակահարձակման, Եգիպտոսի էյուբյան տիրակալները մեկը մյուսի հետևից Մերձավոր արևելքի քաղաքական քարտեզից ջնջեցին խաչակիր պետությունները և Կիլիկիան Վիկտոր Լանգլուայի խոսքերով ասած «հարկադրված եղավ ընկնել այն հորձանուտի մեջ, որ Արևմուտքից եկած խաչակիրներին դուրս էր քշում Ասիայից»5։
Կրելով պարտություն Մերձավոր արևելքի արաբական երկրներում, կաթոլիկ աշխարհն առավել ուշադրություն դարձրեց Կիլիկիային, մանավանդ Քյոսա-դաղի ճակատամարտից (1243) հետո, երբ Իկոնիայի սուլթանությունն այլևս խոչընդոտ չէր կարող հանդիսանալ Արևմուտք-Արևելք ծավալվող առևտրին։ Մերձավոր արևելքի երկնակամարում մոնղոլների երևալը նոր հույսեր առաջացրեց պապական ճամբարում
_____________________________
1 Մ. Ուռհայեցի էջ 303 և հետ։
2 Նույն տեղում, էջ 284 և հետ։
3 Նույն տեղում, էջ 315 և հետ։
4 Նույն տեղում, էջ 309 և հետ։
5 V. Langlois, Le trésor des chartes d’Arménie, էջ 84։
[էջ 68]
այն հարցում, թե հնարավոր չէ արդյո՞ք մոնղոլների զինական դաշնակցությամբ հարվածել գլխավոր թշնամուն՝ իսլամական աշխարհին։
Դեռևս XIII դարի 30-ական թվականներին պապական Սինոդը ուշիուշով հետևելով Ռուսաստան և Արևելյան Եվրոպա մոնղոլների կատարած արշավանքներին, նրանց կատարած ավերածություններին՝ հետախուզական նպատակներով հարավ-ռուսական տափաստաններ էր ուղարկել դոմինիկյան օրդենից հունգարացի Յուլիանին6։ Այնուհետև ինքը՝ Իննոկենտիոս 4-րդ պապը, ժամանելով Լիոն՝ այնտեղ հրավիրեց տիեզերաժողով, որը որոշում ընդունեց մոնղոլների մոտ հատուկ պատվիրակություն ուղարկել Ջովաննի Պլանո Կարպինիի գլխավորությամբ։ Նրան հանձնարարվեց «թաթարների թագավորին», որի անունը չգիտեին, հանձնել սիրաշահողական մի նամակ, ուր մոնղոլներին կոչ էր արվում դադարեցնել Արևելյան Եվրոպայի երկրների ասպատակումն ու ընդունել «ճշմարիտ հավատ», այսինքն՝ կաթոլիկություն։ Պապի ուղերձը փաստորեն ուղղված էր Բաթու խանին, քանզի մեծ խան Ուգեդեյն այն ժամանակ մահացել էր, և դեռևս չէր որոշված նրա փոխանորդը։ Բաթու խանն ընղունելով Պլանո Կարպինիին, նրան ուղարկում է Կարակորում, որտեղ պապի պատվիրակը 1246 թ. ականատես է լինում նոր մեծ խանի՝ Գույուկի ընտրության արարողություններին։ Հռոմի պապի այս առաջին դիվանագիտական քայլն անգամ անհանգստություն է առաջացնում մուսուլմանական արաբական աշխարհում7։
Պլանո Կարպինիի դիվանագիտական այս առաքելությունը հաջողություն չունեցավ։ Գույուկ խանն անուշադրության մատնելով պապի ուղերձը՝ պապից ու կաթոլիկ աշխարհի մյուս ներկայացուցիչներից պահանջեց անվերապահ իրեն ենթարկվել8։ Այսուհանդերձ Պլանո Կարպինիի դիվանագիտական այս առաքելությունը մեծ նշանակություն ունեցավ մոնղոլների մասին գիտական ու ստուգապատում տեղեկություններ հաղորդելու իմաստով։ Պլանո Կարպինիի «Historia Mongolarum» («Մոնղոլների պատմություն») աշխատության մեջ մանրամասն խոսվում է մոնղոլական կայսրության պետական կառուցվածքի, մոնղոլների կենցաղի ու սովորությունների, նրանց ռազմարվեստի, նվաճված երկրներում մտցրած վարչական համակարգի մասին և այլն, և այլն։ Պլանո Կարպինին իր տեղեկությունները մոնղոլների մասին հաղորդում է կամ իբրև անմիջական ականատես, կամ էլ ականջալուր։ «Եվ այսպես այն բոլորը, ինչ մենք խոհեմաբար գրում ենք Ձեզ պիտանի
_____________________________
6 А. Свет, После Марко Поло, М., 1964, с. 12.
7 Նույն տեղում, էջ 13
8 P. Pelliot, Les mongols et la papauté, T. I, Paris, 1913, էջ
10— 21։
[էջ 69]
լինելու համար դուք պետք է դրանց հավատ ընծայեք, նամանավանդ, որ այս բոլորը (ինչ նկարագրում ենք) կամ մենք դրանց տեսանք սեփական աչքերով, քանի որ մենք նրանց (մոնղոլների — Մ, Զ.) մեջ շրջագայեցինք մեկ տարի և չորս ամիս և ամենին ականատես եղանք, և կամ թե ոչ որոշ տեղեկություններ մենք քաղեցինք մոնղոլներին գերեվարված ու արժանահավատ քրիստոնյաներից»9։
Պլանո Կարպինին խոսում է մոնղոլների կողմից Հայաստանի ու Վրաստանի նվաճման և բնակչությանը ծանր հարկատվության ենթարկելու մասին։ «Այդպիսի վիճակում գտնվում են և ներկայումս»10,— գրում է Պլանո Կարպինին։ Այնուհետև նա խոսում է փոքրասիական սելջուկյան սուլթանության ջախջախման մասին։ Մոնղոլները, գրում է նա, «...շարժվեցին Ուռումի սուլթանի երկիրը, որը բավականին ազդեցիկ էր ու հզոր։ Նրանք մարտնչեցին նրանց հետ ու հաղթեցին։ Եվ շարունակեցին իրենց հաղթական արշավանքը մինչև Հալեպի սուլթանի երկիրը»11։
Պլանո Կարպինին գրում է մոնղոլների արծաթասիրության և հպատակված եըկրները կողոպտելու պրակտիկայի մասին։ «Իմիջիայլոց առանց որևէ մի խոչընդոտի նրանք (հպատակներից) խլում են ոսկին ու արծաթը և այն ամենը ինչ և ինչքան որ իրենք ցանկանում են»12։ Պլանո Կարպինին նկատել է, որ մոնղոլ խաներն իրենց ենթարկված քրիստոնյա իշխաններից պահանջում են բացահայտ հնազանդություն ու սիրում են, երբ նրանք գալիս են իրենց ոտները այս կամ այն հարցը լուծելու13։ Եվ ի դեպ, մանրամասն խոսում է վրաց արքայազուններ Ուլու Դավիթի և Դավիթ Նարինի միջև գահակալական վեճերի ու մոնղոլական արքունիքի համապատասխան վերաբերմունքի մասին։
Պլանո Կարպինիի դիվանագիտական առաքելությանն առընթեր, Իննոկենտիոս 4-րդ պապը նույն այդ՝ 1245 թվականին մոնղոլներին ենթակա Անդրկովկաս և Իրան ուղարկեց մի այլ պատվիրակություն Անդրե դե Լոնժյումենի և Ասցելինի գլխավորությամբ։ Լոնժյումենի ուղևորությունն ընթացավ Սիրիայի ու Միջագետքի վրայով դեպի Թավրիզ։ Այնտեղ նա հանդիպում ունեցավ նեստորական եկեղեցական գործիչ Սիմեոն Ռաբան Աթայի հետ, որն ամենալայն կապեր էր հաստատել
_____________________________
9 Jean de Plan Carpin. Histoire des mongols, traduit et annoté
par Dom Jean Becquet et par Louis Hambis, p. 24.
10 Նույն տեղում, էջ 70։
11 Նույն տեղում, էջ 72։
12 Նույն տեղում, էջ 86։
13 Նույն տեղում, էջ 87։
[էջ 70]
Կարակորումի և Իրանի ու Անդրկովկասի մոնղոլ կառավարիչ Բայջունոյոնի հետ։ Ռաբան Աթան 1235 թ. գտնվում էր Հայաստան արշավող Չարմաղանի բանակում, և ինչպես հայտնում է Կիրակոս Գանձակեցին, հանդես է եկել հայ բնակչության հովանավորի դերով14։ Ասորի այս քաղաքական գործիչը կողմնակից է եղել մոնղոլների և Փոքր Ասիայի քրիստոնյա երկրների (Հայաստանի, Վրաստանի) քաղաքական դաշինքի գաղափարին15։ Հայ-վրացական զորքերը գործուն մասնակցություն են ունենում մոնղոլների մեծ ու փոքր արշավանքներին։ Մոնղոլական բանակներում հատկապես մեծ դեր էին կատարում հայ և վրաց այրուձին։ «Նրանք, — մոնղոլների մասին գրում է կաթոլիկ Մատթեյ (Մատթեոս) Պարիսենսիսը, — կողմնակիցներ են հավաքագրում պարտվածների միջից և ենթարկում նրանց իրենց՝ դաշինք կնքելով նրանց հետ» և որ «նրանց բանակում կան շատ կոմաններ և վատթար քրիստոնյաներ» («Pessimi christiani»)16։ Հիրավի, Քյոսա դաղի ճակատամարտի ժամանակ Իկոնիայի սուլթանի դեմ մարտնչում էին Ավագ ու Շահնշահ Զաքարյանները, Գագի Վահրամը, Խաչենի Հասան-Ջալալը, Ծ արի Աղբուղա և Գրիգոր Դոփյանները։ 1258 թ. Բաղդադի գրավման ժամանակ Հուլավու խանի բանակում էական դեր կատարեցին Վայոց ձորի Պռոշ իշխանը և իր որդիները։ Հետագայում հայ իշխանական զորամասերը մասնակցում էին նաև եգիպտական մամլյուկների դեմ մոնղոլների ապագա պատերազմներին17։ Ստեփաննոս Օրբելյանի վկայությամբ, Տարսայիճ Օրբելյան իշխանը մասնակից էր եղել մոնղոլական պատերազմներին՝ «...ի Խորասան, ի Շամ, Ի Հոռոմս, ի Համս և ի Համայ ընդ Մսրացւոյն և ի Դարբանդ՝ ինն անգամ վանեալ անձամբ զպատերազմ և մղեալ մարտս»18։ 1292 թ. մի հի-
_____________________________
14 Կիրակոս Գանձակեցի, էջ 261—262։ «Նախախնամողն Աստուած, որ զամենայն
Կեալն Կամի, նա՝ մարդասիրութեամբն իարավ երևեցոյց ի մէջ նոցա այր մի երկիւղած
և աստուածապաշտ, Ասորի ազգաւ, որ հայր անուանեալ իր արքային նոցա, զոր խազանն
կոչէին, անուն նորա Սիմեօն, զոր ռաբան Աթա կոչէին։ Իբրև լուաւ զանխնայ կոտորումն
քրիստոնեից՝ որ ի զօրաց թաթարին, մատուցեալ առ խազանն՝ խնդրեաց ի նմանէ թուղթ
առ զօրան իւր, զի մի այնպէս առհասարակ կոտորեսցեն զանմեղ մարդիկ, որի ոչ պատերազմին
ընդ նոսա, այլ թողուլ զնոսա, զի ծառայեսցեն նմա։ Իսկ նա զնոյն ինքն առաքեաց մեծ
և արևելի շքով, գրեալ հրովարտակ առ զօրագլուխս իւր, զի ամենեքեան անսայեցեն հրամանի
նորա։ Եվ նա եկեալ, բազում ինչ նպաստ եղև քրիստոնէից, թափելով ի մահուանէ և ի
գերութենէ...»։
15 P. Pelliot, I, էջ 58–59։
16 Տե՛ս Աշ. Հովհաննիսյան, Դրվագներ... հ..1, էջ 168 — 169։
17 Նույն տեղում, էջ 169։
18 «Պատմութիւն նահանգին Սիսական արարեալ Ստեփանանի Օրբելէան արքեպիսկոպոսի
Սիւնեաց, Թիֆլիս, 1910, էջ 423 — 424։
[էջ 71]
շատակարանում Պռոշյան իշխաններից Ամիր Հասանի մասին ասված է, թե սիրված էր Հուլավու և Աբաղա խաների կողմից, վասն արիական քաջութեան և խոհեմութեան իւրոյ, մինչև զինակիր և հառաջադէմ լեալ յամենայն գործս արքունի։ Եւ յանձնէ իւրեանց բազում անգամ զարդարեցին ոսկեհուռ դիպակաւք և կամար ոսկեղէն ընդելուզեալ ակամբ և մարգարտօք կապեալ ի մէջս նորա և այնպես շքեղութեամբ ճոխացուցանէին զնա։ Եւ նա յառաջանային օրըստօրէ ի գործ քաջութեան և յամենայն պատերազմունս անուանք լեալ ի համադասսն, մինչև լուր համբաւոյ նորա տարածեցան ընդ յաշխարհին հռոմեացւոցն և Յունաց» (ընդգծումը մերն է—Մ. Զ.)։
Ասցելինի ճանապարհորդությունն ընթանում էր Կիլիկիայի, Իկոնիայի, Սեբաստիայի, Կարսի և Թիֆլիսի վրայով դեպի Բայջու (Բաջու)՝ խանի պալատը։ Ասցելինի բանակցությունները մոնղոլների հետ ունեցան մասնակի հաջողություն։ Առաջին անգամ մոնղոլները ռազմական դաշինք կնքելու նպատակով կաթոլիկ աշխարհ են ուղարկում հատուկ պատվիրակություն՝ Այբեգի և նեստորական Սարգիսի գլխավորությամբ։ Չնայած բանակցությունների արդյունքները հայտնի չեն, ֆրանսիացի հայտնի արևելագետ Պ. Պելիոն գրում է, թե Բայջուի գահանիստ վայրն առաքված Ասցելինին հաջողվեց «...ամրապնդել մուսուլմանների դեմ պայքարում ֆրանկների և մոնղոլների համագործակցության գաղափարը»19։
Արևմուտքի մոնղոլների հետ դիվանագիտական կապեր հաստատելու հարցում մեծ դեր կատարեցին Կիլիկյան Հայաստանի քաղաքական գործիչները, որոնք քաջատեղյակ էին մոնղոլների հետ Մեծ Հայքի որոշ իշխանների համագործակցությանը։ Կիլիկիայի պետական գործիչները համոզված էին, որ կաթոլիկ աշխարհն ի զորու չէ ապահովելու իրենց պետական անվտանգությունը հարևան հզոր մուսուլմանական աշխարհի ոտնձգությունների դեմ։ Ուստի, XIII դարի 40-ական թվականներին և, մասնավորապես, Քյոսա դաղի ճակատամարտից հետո, Կիլիկիայի հայոց Հեթում 1-ին (1226—1270) թագավորն ու նրա համախոհները փորձեցին զինական համագործակցության մեջ մտնել մոնղոլների հետ։
1243 թ. Իկոնիայի սուլթանության դեմ տարած հաղթանակից հետո, Բայջու խանի հետ Կիլիկիան բարեկամական հարաբերություններ հաստատեց։ Մոնղոլների հետ հետագա բանակցություններ վարելու նպատակով Հեթում 1-ին թագավորը մեծ խան Գոյուկի մոտ՝ Կարակորում ուղարկեց նշանավոր ռազմական գործիչ ու մատենագիր Սըմ–
_____________________________
19 P. Pelliot., I, էջ 112։
[էջ 72]
բատ սպարապետին, իսկ այնուհետև` մեծ խանի պահանջով Կարակորում մեկնեց նաև ինքը։ Դրանով Մանգու խանը ձգտում էր, նկատի ունենալով Կիլիկիայի ռազմաստրատեգիական խոշոր նշանակությունը, երկիրը կախյալ վիճակում պահել։ Սակայն մոնղոլական կայսրությունից այդ կախումը շատ հարցերում, մասնավորապես ներքին կյանքում մնում էր լոկ ձևական։ Ակնարկելով այդ մասին, Լյուդովիկոս 9-րդի հատուկ պատգամավոր Վ. Ռուբրուկը նշում էր, որ Մանգու խանը հայոց թագավորին «...շնորհեց այն առավելությունը, որ ոչ մի դեսպան չպիտի մտներ իր երկիրը», այսինքն՝ մոնղոլ կառավարիչներ չպիտի լինեն այնտեղ, և որ Մանգու խանը մեծապես զիջել է տուրքը20։
Մոնղոլների հետ բարեկամական հարաբերությունների ստեղծումը բնավ էլ չէր նշանակում, որ Կիլիկյան հայկական պետությունը որդեգրել էր արևելյան՝ մոնղոլական կողմնորոշում, ինչպես կարծում են որոշ պատմաբաններ, այլ այդ քայլով Փոքր Հայքի Հայոց պետությունն է/լ ավելի էր ամրապնդում իր պետական անվտանգությունը։ Դա չէր նշանակում միաժամանակ, որ Կիլիկիայի Հայոց թագավորը բարեկամանալով մոնղոլների հետ, ծառայում էր կաթոլիկ աշխարհի դիվանագիտական նկրտումներին։ Իրականում նա առաջնորդվում էր լոկ սեփական պետության գերագույն շահերով։ Մյուս կողմից, Հեթումը, իրոք, ձգտում էր Արևելքում ստեղծել հակաիսլամական դաշինք։ Հենց իրենց՝ մոնղոլների, քաղաքականությունը ձևավորվում էր այն իրավիճակից, որ կաթոլիկ Արևմուտքն ու հեթանոս մոնղոլները Մերձավոր արևելքում հետամտում են միևնույն նպատակները։
Եվ ահա այդ էր պատճառը, որ ֆրանսիական թագավոր Լյուդովիկոս 9-րդը, 1253 թվականին Վիլհելմ (Գիյոմ) Ռուբրուկի գլխավորությամբ մոնղոլների մոտ առաքեց նոր պատվիրակություն՝ մուսուլմանների դեմ համատեղ գործելու առաջարկով։ Վ. Ռուբրուկի առաքելությունը մասնակի հաջողություն ունեցավ։ Մեծ խան Մուկեն Կարակորումում Վ. Ռուբրուկին հանձնեց Լյուդովիկոս 9-րդին հղված պատասխան նամակը և արդեն 1254 թ. նախապատրաստական աշխատանքներ ձեռնարկեց Եգիպտոսի դեմ կատարվելիք արշավանքի համար։ Վերադարձին Վ, Ռուբրուկի ճանապարհն անցավ նաև Հայաստանի վրայով և, ինչպես արդեն նշվեց, իր «Ուղեգրություն դեպի Արևելյան երկրները» վերնագրված խիստ շահեկան գրքում թողեց կարևոր վկայություններ Հայաստանի մասին։ Չիմանալով տեղական լեզուները, Վ. Ռուբրուկը բացառիկ դիտողականության շնորհիվ կարողացել է տալ
_____________________________
20 Հովհ. Հակոբյան, Ուղեգրություններ, հ. Ա, էջ 26։
[էջ 73]
մոնղոլական հասարակական կառուցվածքի կարևորագույն առանձնահատկությունները։
Գալով հայ իրականության հետ առնչված հարցերին, Վ. Ռուբրուկը նախ նշում է, որ մոնղոլական մայրաքաղաքում վխտում էին այլևայլ երկրների դիվանագիտական ներկայացուցիչները, որոնց թվում հայերը, որոնք հետամտում էին մուսուլմանների դեմ մոնղոլների հետ դաշինք կնքելու գաղափարը։ Վ, Ռուբրուկը քաջ գիտեր, որ Հեթում 1-ինը ծրագրել էր այցելել մեծ խանին և որ նա անհամբեր մայրաքաղաքում սպասել է հայոց թագավորի գալստյանը։ Վերադարձի ճանապահին Վ, Ռուբրուկը տեղեկանում է, թե Հեթում 1-ինը արդեն մեկնել է Կարակորում։ Վ. Ռուբրուկը նկատել է, որ օտար, և, մասնավորապես, մուսուլմանական տիրապետության հետևանքով Հայաստանը վայրէջք է ապրել։ Այսպես, խոսելով Նախիջևանի մասին, նա նշում է. «Բաչուն տարած էր ինձ մի քաղաք, որ կոչվում էր Նախուա (Նախիջևան), որ ժամանակով մի մեծ թագավորության մայրաքաղաք և ընդարձակ ու գեղեցիկ մի քաղաք էր։ Այնտեղ կար ժամանակ, որ ութսուն եկեղեցիներ կային, բայց հիմա մնացել են երկու փոքրիկ եկեղեցիներ միայն, որովհետև սարակինոսները (մուսուլմանները—Մ. Զ.) ոչնչացրել են»21։ Դրությունը մխիթարական չէր նաև մոնղոլների տիրապետության ժամանակ։ Այսպես է նկարագրում Վ. Ռուբրուկը հայոց իշխան Շահնշահ Զաքարյանի իշխանության քաղաքական կացությունը. «Մենք այս քաղաքից (Նախիջևանից) հեռացանք հունվարի 13-ին, որովհետև ձյան պատճառով մենք ստիպված էինք մնալ այնտեղ։ Չորս օրից եկանք Սահենսահի (Շահինշահ) երկիրը, երբեմնի ամենազորավոր վրացի իշխանը, բայց հիմա հարկատու թաթարներին, որոնք կործանած են իր բոլոր ամրոցները»22։ XIV դարի 20-ական թվականներին ֆրանցիսկյան միսիոներ Օդորիկո Պորդենոնն այցելելով Էրզրում, քաղաքը տեսնում է ավերված վիճակում։ «Թողնելով Տրապիզոնը,—գրում է նա, — ես ուղևորվեցի Մեծ Հայքի քաղաք, որին անվանում են Արզիրոն (Էրզրում), որը մի ժամանակ եղել է շատ գեղեցիկ, հարուստ։ Եվ այդպես էլ նա կմնար, եթե նրան պարբերաբար չավերեին թաթարներն ու սարակինոսները»23։
Բնականաբար, այս իրավիճակն էր պատճառը հայերի մոտ ազատագրական պայքարի նոր ձգտումների, դրսևորումների, որոնք ար-
_____________________________
21 Նույն տեղում, էջ 16։
22 Նույն տեղում, էջ 18։
23 А. Свет, էջ 171։
[էջ 74]
տահայտվում էին «մարգարեությունների» ձևով24։ Նախիջևանի մոտ նա տեղեկանում է երկու «հայ» մարգարեների մասին, որոնք գուշակել են իրենց ժողովրդի ապագան։ «Այդ մարգարեներից մեկը, — պատմում է Ռուբրուկը, — Մեթոդիոսն է, հայ մի նահատակ, որը ամենայն պարզությամբ նախատեսել էր իսմայելացիների ներխուժումը։ Մյուսը կոչվում է Ակակրոն (var. Ակարոն) մի մարդ, որը մահվան անկողնում, գուշակել է նետողների հյուսիսից խուժելու մասին։ Սրանք, ասել է նա, նվաճելու են ամբողջ Արևելքը, բայց խնայողաբար են վարվելու, որպեսզի նվաճեն նաև Արևմուտքը։ Սակայն, ինչպես ասել է նա, մեր եղբայր կաթոլիկ ֆրանկները չեն ենթարկվելու նրանց։ Նետողները գրավելու են բոլոր երկրները, հյուսիսից մինչև հարավ, մինչև Կ. Պոլիսը, որպեսզի իրենց տիրապետության տակ առնեն այստեղ նրա նավահանգիստը։ Նրանց գլխավորներից խելահաս մեկը մկրտություն է ընդունելու այդտեղ և ցույց է տալու ֆրանկներին թաթարների պետին սպանելու և նրանց շփոթության մեջ գցելու հնարը։ Այս խորհրդին հետևելու են աշխարհի կենտրոնում (ասել է՝ Երուսաղեմում) գտնվող ֆրանկները։ Նրանք հարձակվելու են նաև իրենց հարևան թաթարների վրա, ապա մեր ժողովրդի (այսինքն հայերի) օգնությամբ ետ են քշելու նրանց ավելի հեռու։ Այսպիսով, ֆրանկների թագավորը առաջ է գնալու մինչև Թավրիզ քաղաքը և հիմնելու այդտեղ իր գահը։ Ապա նրանք քրիստոնեության են դարձնելու ամբողջ Արևելքը ու բոլոր անօրեններին, հաստատելով երկրի վրա այնպիսի մի խաղաղություն, որ վերապրողներն ավաղելու են մեռածներին, որոնց չէր վիճակված տեսնելու նոր դարաշրջանի երանությունը»25։
Վ. Ռուբրուկը խոսում է Հայաստանում այս «մարգարեությունների» լայն ժողովրդականության մասին։ «Այս մարգարեությունը ես կարդացել էի Կ. Պոլսում, այնտեղ բերված տեղացի հայերի կողմից, բայց մասնավոր ուշադրություն չէի դարձրել նրան, սակայն, երբ այս խոսակցությունն ունեցա եպիսկոպոսի հետ, արթնացավ իմ հիշողության մեջ, և ամբողջ Հայաստանում պատմում էին այս մարգարեությունը, այնքան վստահ, որքան ավետարանի մասին։ Նրանք ինձ ասում էին նաև «ինչպես հոգիները իրենց քավարանում սպասում են Քրիստոսի գալստյան իրենց փրկության համար, այնպես էլ մենք սպասում ենք
_____________________________
24 Աշ. Հովհաննիսյան, Դրվագներ..., հ. 1, էջ 83 — 84։
25 Այս հատվածը բերված է Աշ. Հովհաննիսյանի «Դրվագների...» 1-ին հատորից։
Այն թարգմանվել է լատիներեն բնագրից (նույն տեղում, էջ 83—84)։
[էջ 75]
ձեր գալստյան՝ փրկելու համար մեզ այն կապանքից, որի մեջ գտնվում ենք երկար ժամանակից ի վեր»26։
Եվ շատ բնական է, որ Զաքարյան տան անդամները պիտի ատեին մոնղոլական լուծը և գերադասեին հեռանալ երկրից։ «Ես ճաշեցի մի անգամ այս Շահնշահի հետ, — այնուհետև կարդում ենք Վ. Ռուբրուկի մոտ, — և նա շատ մեծ քաղաքավարություն ցույց տվեց իմ հանդեպ, ինչպես նաև իր կինը և զավակը՝ Զաքարիա անունով մի շատ գեղեցիկ ու իմաստուն երիտասարդ, որ հարցրեց ինձ, — եթե ձեզ մոտ գամ՝ դուք կպահեք ինձ, որովհետև նա արքան ծանր է զգում թաթարների տիրապետությունը, որ թեև նա ամեն բան առատորեն ունի, սակայն նախընտրում է թափառել օտար երկրներ, քան կրել նրանց տիրապետությունը։ Այսուհանդերձ, նրանք ինձ ասացին, թե իրենք հոովմեական եկեղեցու զավակներ են, և եթե պապը մի քիչ օգնություն ուղարկի իրենց նրանք դրացի բոլոր երկրները պիտի ենթարկեն եկեղեցուն27։
Վ. Ռուբրուկի կարծիքով, մոնղոլները պետք է պայքարեն միայն մուսուլմանների դեմ։ Քրիստոնյաների դեմ մղված ամեն մի պատերազմ անարդարացի է և անբարոյական։ Արևելքի քրիստոնյան, ըստ նրա, «անմեղ է և արդար» և որ «երբեք չեն ոչնչացնի անմեղին և արդարին»։ Իսկ ո՞վքեր են լինելու արևելյան քրիստոնյաների փրկարարները, եթե ոչ «ֆրանկները», որոնց, ինչպես ճիշտ նկատել է Աշ. Հովհաննիսյանը, մեր հեղինակը հայրենասիրությունից դրդված, նույնացնում է ֆրանսիացիների հետ։ «Առաջին հեղինակն է Ռուբրուքկ, կարդում ենք Աշ. Հովհաննիսյանի «Դրվագներում», որի մոտ նկատում ենք հետագա միսիոներներին տարբերանշող տենդենցը շահավետել հայ ազատագրական լեգենդը հօգուտ այն պետության կամ ի նպաստ այն երկրի, որին ինքն է պատկանում կամ որի շահախնդրությունն ինքն է բորբաքում»28։
Ուշագրավ է Վ. Ռուբրուկի այն վկայությունը, թե հայերը «թուրքերի երկրում», այսինքն՝ Իկոնիայի պետության սահմաններում կազմում են բնակչության ճնշող մեծամասնությունը։ «Դուք պետք է գիտենաք թուրքերի մասին, որ նրանց (երկրում) տասը մարդուց մեկը սարակինոս է, գրեթե ամբողջությամբ հայեր են և հույներ»29։ Մի այլ տեղ, խոսելով Երզնկայի մասին, Վ. Ռուբրուկը գրում է. «Այդ քաղա-
_____________________________
26 Հովհ. Հակոբյան, Ուղեգրություններ, հ. Ա, էջ 19։
27 Նույն տեղում, էջ 20։
28 Աշ. Հովհաննիսյան, Դրվագներ..., հ. 1, էջ 86։
29 Հովհ. Հակոբյան, Ուղեգրություններ, հ. Ա, էջ 30։
[էջ 76]
քից (Նախիջևան) տասնհինգ օր հետո մենք մտանք Թուրքիայի սուլթանի երկիրը փետրվար 15-ին, և առաջին քաղաքը, որ մենք հասանք, Մարզենկանն (Երզնկա) էր։ Ավանի բոլոր բնակիչները քրիստոնյաներ են՝ հայեր, վրացիներ և հույներ»30։ Ինչպես կտեսնենք հետագա շարադրանքի ընթացքում, եվրոպացի հեղինակները միաբերան վկայում են այն մասին, որ Մեծ ու Փոքր Հայքերի հիմնական բնակչությունը քաղաքական անկախության վերացումից հետո էլ շարունակում էին մնալ հայերը։ Նշենք միայն, որ Վ. Ռուբրուկից շուրջ քսան տարի հետո Հայաստան այցելած Մարկո Պոլոն նույնպես նշում է, որ Հայաստանի հիմնական բնակչությունը հայերն են։ Մեծ Հայքը, ասում է Մ. Պոլոն, «...Մի մեծ երկիր է։ Սկսվում է մի քաղաքից, որը կոչվում է Արզինգա (Էրզընկա), ուր հյուսում են աշխարհի լավագույն բեհեզները (buckram)... երկրի ժողովուրդը հայեր են, որոնք հպատակվում են թաթարին»։ Մարկո Պոլոն, մի այլ տեղ նշում է, որ սելջուկ-թյուրքերն ու թուրքմենները հիմնականում ապրում են լեռներում ու զբաղվում անասնապահությամբ։ Թուրքմենները, այնուհետև կարդում ենք Մ. Պոլոյի մոտ, «բնակվում են լեռներում և սարահարթերում, ուր որ գտնում են լավ արոտավայրեր, որովհետև նրանց զբաղումը խաշնարածությունն է... Մյուս երկու դասակարգերն են հայերն ու հույները, որոնք աոաջինների հետ խառն ապրում են քաղաքներում և գյուղերում, զբաղվելով առևտրով և արհեստներով։ Նրանք հյուսում են աշխարհի ամենանուրբ և ամենագեղեցիկ գորգերը, և նույնպես մեծ քանակությամբ մետաքս, որդան կարմիր և ուրիշ գույներով և առատությամբ ուրիշ կտորեղեններ»31։ Այս բոլորից հետո, ցավալի է նշել, որ արդի թուրք պատմագիտության ներկայացուցիչները կեղծելով պատմությունը, իրենց խաշնարած նախնիներին են վերագրում գորգարվեստի և այլ արվեստների բնագավառում Փոքր Ասիայի և Հայաստանի տարածքում ստեղծված արվեստի, նախ և առաջ, գորգարվեստի նմուշները։ Որ Հայաստանի տարածքը ընդարձակ է եղել, վկայում է նաև XIV դարի 20-ական թվականներին Հայաստան այցելած ֆրանսիացի միսիոներ Ժուրդեն դե Սեվերակը։ «Այս Հայաստանը, — գրում է նա, — երկարությամբ ձգվում է Սեբաստիայից մինչև Օրոգանի (Մուլղանի) դաշտավայրը, իսկ լայնությամբ՝ Պարխար լեռներից մինչև Թավրիզ»32։
Մարկո Պոլոյի հաղորդած մյուս արժեքավոր վկայությունների մեծ մասը վերաբերում են Հայաստանի հասարակական-տնտեսական պատ-
_____________________________
30 Նույն տեղում, էջ 20։
31 Նայն տեղում, էջ 46։
32 А. Свет, էջ 138։
[էջ 77]
մությանը, որոնք քննվելու են սույն աշխատության երկրորդ մասում։ Նշենք միայն, որ վենետիկցի ճանապարհորդ դիվանագետը չափազանցրած գույներով ներկայացնում է XIII դարի 60-ական թվականներին Կիլիկիայում հայ ռազմիկների մոտ մարտունակության անկումը, որը հետևանք էր, ինչպես այդ մասին նշում է Կիլիկյան Հայաստանի պատմության հմուտ մասնագետ Գ. Միքայելյանը, Կիլիկիայի հասարակական կյանքում տեղի ունեցած որոշակի փոփոխությունների։ Կիլիկյան հայերի մոտ ռազմական ոգու անկումը նկատել է նաև Սմբատ Գունդստապլը33։ Անցյալում,—նշում է Մ. Պոլոն, — Կիլիկիայի «...ազնվականները քաջարի զինվորականներ էին և կատարում էին հերոսական գործեր, բայց ներկայումս ողորմելի արարածներ են և ոչ մի բանի շնորհք չունեն։ Հարբենալու մեջ նշանավոր են»34։
XIII դարի 50—80-ական թվականների հայ-մոնղոլական քաղաքական կապերի, մոնղոլների վարած արտաքին քաղաքականության հարցերը և ոչ մի պատմական աշխատության մեջ այնքան խոր ու բազմակողմանի չեն լուսաբանված, ինչպես դա արված է Հեթում պատմիչի հին ֆրանսերենով գրված «Ծաղկաքաղում»35։ Ուստի այստեղ հարկ ենք համարում Պիեռ Բերժերոնի հրատարակած բնագրի36 հիման վրա անդրադառնալ այդ հարցերին։ Այնտեղ պատմական դեպքերի շարադրանքն սկսվում է Ալփ-Արսլանի արշավանքներով։
Հեթում պատմիչը նույնպես նշում է, որ սելջուկյան նվաճումներից հետո Փոքր Ասիայի տարածքի հիմնական բնակչությունը կազմել են քրիստոնյաները։ Փոքր Ասիայի տարածքում, գրում է նա, «...ապրում են չորս տարբեր ազգեր՝ հույներ, հայեր, հակոբիկներ (ասորիներ), որոնք զբաղվում են առևտրով և գյուղատնտեսությամբ, և թուրքերը, որոնք մուսուլմաններ են և որոնք հույներից խլել են այս կայսրությունը»37։
Հեթում պատմիչը Արևմուտք-մոնղոլներ դաշինքի ջերմ պաշտպանն է։ Ըստ նրա, գլխավոր թշնամուն՝ մուսուլմանական աշխարհին, հարվածը պետք է հասցնել միաժամանակ՝ խաչակրաց արշավանքների
_____________________________
33 Г. Г. Микаелян, էջ 341-342։
34 Հովհ. Հակոբյան, Ուղեգրություններ, հ. Ա, էջ 44։
35 Հեթում պատմիչի աշխատությունը բազմիցս տպվել է Արևմտյան Եվրոպայի
երկրներում։ Նրա մասին տե´ս Ս. Մ. Միրնու աշխատությունը՝ С. М. Мирный, La flor
des estoires de la Terre d'Orient Гайтона как историко-географический источник
по Востоку и по истории монголов,- «Советское востоковедение», 1956, № 5.
36 P. Bergeron, XXXVIII, էջ 11-84։
37 Նույն տեղում, էջ 17։
[էջ 78]
և մոնղոլների և համընդհանուր հարձակման միջոցով։ Նա 1307 թ. Կղեմես պապին ներկայացրած զեկուցագրում նորից առաջ էր քաշում խաչակրաց նոր արշավանքի գաղափարը և ընկնելով ուղղակի պատրանքների մեջ, մոնղոլ խաներին ներկայացնում է քրիստոնեական մկրտության ընդունելուն պատրաստակամություն։ Այնուհետև անդրադառնալով Հեթում թագավորի Կարակորումում վարած բանակցությունների պատմությանը, Հեթում պատմիչը գրում է, «Թագավորը յոթ պահանջներ ներկայացրեց նրան (Մանգու խանին— Մ. Զ.)։ Առաջինը՝ խնդրում էր կայսեր իր ողջ ժողովրդի հետ քրիստոնյա դառնալ և հրաժարվելով ամեն տեսակի պաշտամունքներից, ընդունել մկրտությունը։ Երկրորդ պահանջն էր, որ մշտական բարեկամություն ու խաղաղություն լինի քրիստոնյաների և թաթարների միջև։ Երրորդ (պահանջն) էր՝ բոլոր քրիստոնեական եկեղեցիները լինեն ազատ, աշխարհիկ ու հոգևորական քրիստոնյաները ստրկության չմատնվեն և լինեն ապահարկ։ Չորրորդը՝ սարակինոսներից (մուսուլմաններից) (Մեծ խանը) հետ խլի սուրբ երկիրը ու մեր տիրոջ գերեզմանը ևս այն հանձնի քրիստոնյաներին։ Հինգերորդ՝ որ նա պատերազմ հայտարարի Բաղդադի խալիֆին...։ Վեցերորդը՝ որ իրեն՝ (հայոց թագավորին) տրվի հատուկ առանձնաշնորհում կարիքի դեպքում օգնության դիմել թաթարներին, հատկապես նրանց, ովքեր Հայաստանի թագավորության հարևաններն են և այդ օգնությունը կատարվի անհապաղ և վերջապես յոթերորդ՝ նա պահանջում է Հայաստանի թագավորությանը պատկանող այն բոլոր հողերը, որոնց մուսուլմանները զավթել էին և (այժմ) գտնվում են թաթարների գերիշխանության տակ վերադարձվեն նրան՝ (հայոց թագավորին)»38։
Հայոց թագավորի այս պահանջներին Մանգու խանը, իբր, պատասխանել է հետևյալ կերպ. «Մենք հայտարարում ենք, ով Հայոց թագավոր, որ հաճույքով ընդունում ենք Ձեր առաջարկները և դրանք աստուծո օգնությամբ կիրագործենք։ Նախ՝ ես թաթարների տիրակալս՝ կմկրտվեմ ու կդառնամ քրիստոնյա և հետո կանեմ այնպես, որ իմ հպատակները անեն նույնը, չնայած ես ոչ ոքի իմ կամքը չեմ թելադրում։ Ինչ վերաբերում է Ձեր երկրորդ պահանջին, պատասխանում ենք, որ մեր նպատակադրումն է՝ հավիտենական խաղաղություն և բարեկամություն հաստատել թաթարների և քրիստոնյաների միջև»39։ Համաձայնվելով Հայոց թագավորի մյուս պահանջներին, Արղուն խանը, իբր, հատուկ նշել է, «Երբ պատշաճ գտնվի, մենք հանուն Հիսուս Քրիս-
_____________________________
38 Նույն տեղում, էջ 88։
39 Նույն տեղում, էջ 37։
[էջ 79]
տոսի նկատմամբ տածած հարգանքի անձամբ կգնանք սուրբ երկրի ազատագրմանը։ Եվ քանի որ այստեղ մենք խիստ զբաղված ենք, ապա մեր եղբայր Հուլավուին կհանձնարարենք ձեռնարկել այդ միջոցառումը»40։
Հեթում պատմիչի այս վկայությունները մասնագետների կողմից, իրավամբ, կասկածի տակ են առնվել, քանի որ հեղինակի հետամտած քաղաքական միտումը խիստ ակնբախ է։ Ի վերջո, Հեթում պատմիչի փայփայած երազանքը կատարվում է. կնքվում է հայ-մոնղոլական զինակցությունը և հայերը մոնղոլների հետ լծվում են եգիպտական սուլթանների դեմ ծավալված ռազմականա պայքարին։ «Այս ժամանակներում,— կարդում ենք Հեթում պատմիչի մոտ,—Հայաստանի թագավորությունը այն աստիճան ծաղկուն վիճակում էր, որ կարող էր տրամադրել տասներկու հազար այրուձի և քառասուն հազար հետևակ»41։
Հուլավու խանի գլխավորությամբ Եգիպտոսի դեմ ձեռնարկված արշավանքը, որին մասնակցում էին ոչ միայն Կիլիկիայի հայոց թագավորը, այլև Մեծ Հայքի իշխանները, սկզբնական շրջանում ունեցավ որոշ հաջողություն, սակայն այն բանից հետո, երբ Հուլավուն սուրհանդակի միջոցով իմացավ իր եղբոր՝ Մեծ խանի մահը, շտապեց Կարակորում։ Օգտվելով առիթից, Եգիպտոսի սուլթանը անցնում է հակահարձակման և պարտության մատնում մոնղոլա-֊քրիստոնեական բանակը։ Շուտով հիվանդանում ու մահանում է նաև Հուլավուն42։
Հուլավուի հաջորդը՝ Աբաղա խանը, պատերազմի մեջ գտնվելով իրենց ցեղակից ուլուսներ Ջուջիների և Չաղաթայների հետ, չէր կարող օգնել Կիլիկիայի թագավորությանը, որի հետևանքով եգիպտական սուլթան Բեյբարսը 1268 թ.. Սիրիան գրավելուց ու Անտիոքի խաչակիր իշխանությունը ոչնչացնելուց հետո մուտք գործեց Կիլիկիա, ավերեց երկիրը, գերեվարեց բնակչությանը։ և Կիլիկիայի Հայոց թագավորը ստիպված եղավ հաշտություն խնդրել եգիպտական սուլթանից։ Հեթում պատմիչը խոսում է կնքված այդ պայմանագրի ծանր պայմանների մասին43։
1282 թ. մոնղոլներն ու դաշնակից քրիստոնյա զորքերը նոր ծանր պարտություն են կրում եգիպտացիներից։ Հեթում պատմիչի խոսքերով ասած՝ «Հայոց թագավորի բանակի մեծ մասը և ապայական կազմի մի ստվար հատվածը ոչնչացվեցին»44։
_____________________________
40 Նույն տեղում, էջ 38 — 39։
41 Նույն տեղում, էջ 42։
42 Նույն տեղում, էջ 45։
43 Նույն տեղում, էջ 47։
44 Նույն տհղամ, էջ 51
[էջ 80]
Աբաղա խանին հաջորդած Թոգուտար խանն ընդունելով իսլամը, ստանում է Ահմեդ խան անունը և սկսում անողոք հալածել քրիստոնյաներին։ «Սատանայի որդի այս Ահմեդը,— գրում է Հեթում պատմիչը,— խորտակել տվեց բոլոր քրիստոնեական եկեղեցիները..., նա խորտակել տվեց Թավրիզի բոլոր քրիստոնեական եկեղեցիները։ Նա իր դեսպաններին Եգիպտոսի սուլթանի մոտ ուղարկեց, նրա հետ դաշինք կնքեց և խոստացավ սարակինոսներին ուղարկել իր հպատակության տակ գտնվող քրիստոնյաներին և ովքեր որ կհրաժարվեին մեկնել գլխատել էր տալու»45։ Սակայն, երկու տարի իշխելուց հետո, Ահմեդ խանը տապալվում է հնամենի ավանդություններին հավատարիմ մոնղոլական ավագանու կողմից և իշխանությունն անցնում է Արղուն խանին (1284—1291)։ Ահմեդ խանի սպանության առթիվ Հեթում պատմիչը բացականչում է. «Եվ այսպես սատկեց քրիստոնեական հավատքի թշնամի կատաղի շուն՝ Ահմեդը»46։
Արղուն խանի ժամանակաշրջանը բնորոշվում է Եվրոպայի հետ վարվող ամուլ բանավարություններով47։ 1291 թ. փետրվարի համար ծրագրված Արղուն խանի և ֆրանսիական թագավոր՝ Ֆիլիպ 4-րդի համատեղ ռազմական գործողությունները եգիպտական սուլթանի դեմ այնպես էլ չիրականացան։ 1292 թ. մամլյուկները դարձյալ ասպատակեցին Կիլիկիան և հուսախաբ եղած Հեթում 2-րդը ստիպված եղավ եգիպտական սուլթանին հանձնել Կիլիկիայի մի քանի բերդեր և ամրոցներ, որոնց թվում Մարաշը։
Շուտով Կիլիկիային ռազմական աջակցություն ցույց տվեց ոչ թե կաթոլիկ աշխարհը, այլ իսլամին փարված Ղազան խանը (1295— 1304), որին հետևյալ կերպ է բնութագրում Հեթում պատմիչը. «իր իշխանության սկզբում նա չէր համարձակվում նեղել մահմեդական հանդիսացող մարդկանց, որոնք նրան կայսրության ղեկին էին բերել և. չկատարել նրանց տրված խոստումները։ Այդ էր պատճառը, որ սկըզբում, նա շատ դաժան գտնվեց քրիստոնյաների նկատմամբ, բայց երբ ամրապնդեց իր կայսերական գահը, նա սկսեց նրանց (իմա՝ քրիստոնյաներին— Մ. Զ.) սիրել ու հարգել։ Նա իր կյանքի ընթացքում շատ բաներ արեց նրանց օգտին... նա սկսեց պատժել այն մեծամեծ իշխանավորներին, որոնք իրեն ձգտում էին համոզել հովանավորել իսլամը և հալածել քրիստոնյաներին։ Այնուհետև նա հրամայեց իր կայսրության բոլոր թաթարներին ռազմական պատրաստություններ տեսնել որով֊
_____________________________
45 Նույն տեղում, էջ 52։
46 Նույն տեղում, էջ 54։
47 Г. Г. Микаелян, էջ 418—492։
[էջ 81]
հետև նա ծրագրել էր արշավելու եգիպտական թագավորության դեմ, և եթե հնարավոր լինի, ոչնչացնել սուլթանին։ Իր ծրագրի մասին նա հայտնեց հայոց և վրաց թագավորներին և Արևելքի մյուս բոլոր քրիստոնյաներին»48։
Դժվար է հավատալ, որ Հեթում պատմիչը այսպես բնութագրեր մի մարդու, որը իլխանների պատմության մեջ հռչակվել էր որպես իսլամի մոլեռանդ պաշտպանի։ Ըստ երևույթին, պատմիչը Կիլիկիայի գլխավոր թշնամի համարելով Եգիպտոսը, իդեալականացնում է իր երկրին օգնության հասած մոնղոլական այդ քաղաքական գործչին։
Ղազան խանը եգիպտական սուլթանի դեմ կազմակերպում է երեք արշավանքներ (1299, 1300, 1303 թվերին), որոնց անձամբ մասնակցում էր նաև Հեթում 2-րդը49։ Չնայած ունեցած մասնակի հաջողություններին, Ղազան խանը գնալով ավելի ու ավելի էր համոզվում, որ առանց եվրոպական երկրների հետ համատեղ ռազմական գործողությունների հնարավոր չէ հաղթել եգիպտական ֆաթիմյաններին։ Երրորդ արշավանքի ժամանակ, Ղազան խանը պարտություն էր կրել եգիպտական սուլթանից։ Դամասկոսի մոտ տեղի ունեցած ճակատամարտում, ինչպես պատմում է Հեթում պատմիչը, որպես դեպքերի անմիջական ականատես50, «...բազմաթիվ հայեր, ինչպես և թաթարներն ու վրացիները, իրենց ձիերով հանդերձ, ոչնչացվեցին»51։ Ճակատամարտից հետո, Հեթում պատմիչի հավաստիացմամբ, Հեթում 2-րդը մեկնում է Իրան՝ Ղազան խանի մոտ, որը Հեթում պատմիչի վկայությամբ, «...ի նկատի ունենալով նրա կորուստները, նրան առանձնահատուկ շնորհ արեց և նրան տրամադրեց իր սեփական ռոճիկով պահվող հազար թաթարների, որոնք պիտի հսկեին հայոց թագավորությունը»52։ Ղ. Ալիշանի հավաստիացմամբ, Ղազան խանը տվեց Հայոց թագավորին «ազատութիւն և´ հարկապահանջութիւնս յիւր երկրէն յամենայն ամի» և խոստացավ անձամբ վրեժ լուծել «ի տաճկաստանեացն»։ Այս խոստման կատարմանը, Հեթում պատմիչի ասելով, խանգարեց Ղազան խանի մահը53։ Եգիպտական զորքերը նորից են ներխուժում Կիլիկիա
_____________________________
48 P. Bergeron, XLI, էջ 56։
49 Նույն տեղում, XLII–XLIII, էջ 53—62։
50 «Ես՝ Հայտոն եղբայրս,—կարդում ենք Հեթում պատմիչի մոտ,—որ գրեցի
այս պատմությունը, բոլոր իրադարձություններին անձամբ ներկա էի»։ Տե´ս P. Bergeron,
XIV, էջ 65)։
51 Նույն տեղում։ 52 Նույն տեղում։
53 Ղ. Ալիշան, Հայապատում, Վենետիկ, 1901, էջ 524։
[էջ 82]
(1305 թ.) «...Եվ մինչև Տարսոն ամեն ինչ կողոպուտի ու ասպատակության ենթարկելով... հետ են վերադառնում հսկայական վնասներ պատճառելուց հետո»54։
Ղազան խանի մահից հետո իլխան է դառնում Խարբանդան (Խուդաբանդան), որն ընդունելով իսլամը, դառնում է Օլջեյթու խան (1304— 1316), որի ժամանակ վատանում է ինչպես Մեծ Հայքի, այնպես էլ Կիլիկիայի վիճակը։ XIV դարի մի ձեռագրի հիշատակարանում Օլջեյթու խանին գրիչը սրամտորեն դարձնելով խարբանդա («իշու ծառա») գրում է «...զօրէնս Քրիստոսի ոչ ծանեաւ և բազմիմաց հնարիւք գերծեաց զազգս մեր յամենայն կարասեաց, զի պահանջեաց հարկս ի յազազաց և յաւտարաց»55։Օլթեյջու խանի օրվանից, փաստորեն, Կիլիկիայի փոխհարաբերությունները մոնղոլների հետ խզվոմ են, և Կիլիկյան հայոց թագավորները՝ և´ Հեթումյանները, և՛ նրանց հաջորդած Լուսինյանները գնալով ավելի ու ավելի թեքվում են դեպի կաթոլիկ աշխարհը, որը միայն ուժեղացնում էր եգիպտական սուլթանների թշնամանքը և արագացնում Կիլիկյան հայկական թագավորության վերացումը։
Սկսած 1321 թվականից եգիպտական մամլյուկների և Փոքր Ասիայի տարածքի վրա հաստատված թուրքմենների ներխուժումը Կիլիկիա կատարվում էր պարբերաբար՝ յուրաքանչյուր հինգ-տասը տարին մեկ անգամ մինչև նրա վերջնական կործանումը (1375 թ.)։ Եվրոպան տալիս էր միայն խոստումներ, և դրանց իրականացումը կապում կիլիկյան հայերի հավատափոխության հետ։ Բոլոր կողմերից շրջապատված ու հոգեվարքի մեջ գտնվող Կիլիկյան հայկական պետությունը դադարեց գոյություն ունենալուց։ Ահա այսպես պատկերավոր ձևով է ներկայացնում Կիլիկյան Հայաստանը շրջապատած թշնամիներին, որոնց մեջ էին նաև կաթոլիկ աշխարհի ներկայացուցիչները՝ Վենետիկը և Ջենովան, վենետիկցի Սանուտոն։ «Հայկական թագավորությունը, — գրում է նա, — ժանիքներով հոշոտում են չորս գազաններ, մի կողմից՝ առյուծը, այսինքն՝ թաթարները, որոնց հայոց թագավորը մեծ տուրք է վճարում, մյուս կողմից՝ հովազը, այսինքն՝ (եգիպտական) սուլթանը, որը յուրաքանչյուր տարի ավերում է երկիրը և ոչնչացնում քրիստոնյաներին, երրորդ կողմից՝ գայլը, այսինքն՝ (սելջուկ) թյուրքերը, որոնք ավերում են տնտեսությունը և թագավորությունը, չորրորդ կողմից՝ օձը, այսինքն մեր
_____________________________
54 P. Bergeron, XLV, էջ 62:
55 Աշ, Հսվհաննիսյան, Դրվագներ..., հ. 1, էջ 402։
[էջ 83]
ծովի ծովահենները ( վենետիկցիները և ջենովացիները), որոնք յուրաքանչյուր օր ջարդում են Հայաստանի քրիստոնյաների ոսկորները»56։
* * *
Կիլիկիայում հայկական պետության վերացումից հետո երկրում փաստական տիրություն էին անում թուրքմենական ռամազան օղլուները, որոնց դեմ պայքարում էին Լարենդայում հաստատված կարամանօղլու թուրքմենները։ Թուրքմենական առանձին ցեղեր կիլիկյան հողի վրա հաստատվել էին դեռևս հայոց թագավորության գոյության ժամանակ։ 1228 թ. Իկոնիայի սուլթան Ալաէդդինը հայերից զավթելով էրմենեկը, երկրի պաշտպանության համար այնտեղ տեղավորեց թուրքմենական ցեղերին՝ ածխագործ Նուրե Սոֆիի գլխավորությամբ, որը Համմերի վկայությամբ ունեցել է հայկական ծագում57։
Այդ ածխագործի անունով էլ, իբր, հետագայում այդ թուրքմենական ցեղը անվանվել է Կարաման58։ Այս ցեղերը զբաղվում են ավազակությամբ՝ ահ ու սարսափի մեջ պահելով շրջակա բնակչությանը։ Իկոնիայի սուլթանության թուլությունից օգտվելով, նրանք հետագայում, ինչպես վկայում են հայկական աղբյուրները, խիստ ընդարձակում են իրենց զբաղեցրած տարածքը։ «...3արեան ոմն ի խորանաբնակ իսմայելացոցն ցեղէն, Խարաման անուն, և եկեալ յարեցան ի նա ի նույն ցեղէն՝ բազումք, որ և ետ կոչել նոցա զինքն՝ սուլտան, և այնչափ զօրացաւ նա՝ մինչև սուլտանն Հոռոմաց (իմա՝ Իկոնիայի–—Մ. Զ.) ըռուգնատտին՝ յահի եղեալ ի նմանէ՝ ոչ իշխէր ընդդիմախոսել նմա, և բազում տեղիս հանդերձ ամրոցօք ընդ ձեռամբ իւրով բռնակալեաց, և բազում նեղութիւն էած կողմանն Սավրիոյ և Սելևկիոյ՝ գերելով զնոսա. երկիցս անգամ կոտորեաց ի զօրաց արքային Հեթմոյ՝ զոր կացուծեալ էր անդ կողմնապահս»59։ 1318 և 1336 թվականներին կարամանյան թուրքմենները, հաճախ դաշնակցած եգիպտական սուլթանների հետ հարձակվում են Կիլիկյան հայկական պետության վրա60։
Կիլիկիայի Հայկական պետության վերացումից հետո, XV դարի սկզբին, ինչպես արդեն ասվեց, Կիլիկիա և նրա հյուսիս-արևելքում ստեղծված Կարամանյան թուրքմենական իշխանություն է այցելում ֆրանսիացի Բերտրանդոն դե լա Բրոկիերը։ Եվ բոլորավին էլ զարմա–
_____________________________
56 M. Sanutus. Liber secretorum fidelium crucis. Hanoviae, 1611,
p. 32.
57 Տե´ս J. Hammer, I, էջ 262։
58 Ղ. Ալիշան, Սիսուան, Վենետիկ, 1885, էջ 293։
59 Նույն տեղում։
60 Նույն տեղում, էջ 295։
[էջ 84]
նալի չէ, երբ նա երկիրը տեսնում է քոչվոր թուրքմենական ցեղերով այն աստիճան ողողված, որ նա երկիրն անվանում է Թուրքոմանիա, թեպետ նշում է, որ դա նախկին Փոքր Հայքն է։ Սկսելով իր ճանապարհորդությունը Ալեքսանդրեթի ծոցից դեպի Կիլիկիայի խորքերը, ֆրանսիացի դիվանագետը գրում է. «Ինձ անհրաժեշտ եղավ երկու օր, որպեսզի կարողանամ շրջագայել ծոցի շուրջ ձգված երկիրը։ (Երկիրը) շատ գեղեցիկ է և ժամանակին ունեցել է քրիստոնյաներին պատկանող բազմաթիվ ամրոցներ, որոնք այժմ ավերված են»61։ Այս երկրամասից դեպի արևելք ընկած տարածության վրա, հեղինակի ասելով «...բնակվում են միայն թուրքմենները ...նրանք ապրում են բաց դաշտում, և ենթարկվում են իրենց առաջնորդին, սակայն հաճախ փոխում են բնակավայրը՝ ընտանյոք հանդերձ։ Այս պարագայում նրանց սովորույթն է ենթարկվել այն իշխանին, որի հողում նրանք կանգ են առնում, և պատերազմի դեպքում զենքով ծառայել նրան»62։
Լա Բրոկիերի հաղորդած վկայություններից չի կարելի հանգել այն եզրակացության, թե Կիլիկիայամ արդեն հայերը կազմում էին բնակչության փոքրամասնությունը։ Ե՛վ քաղաքներում, և՛ լեռնային գյուղերում ֆրանսիացի ճանապարհորդը հանդիպել է հայերի։ Ֆրանսիացուն ուղեկցած հայը նրան ցույց է տվել լեռան վրա գտնվող մի դղյակ, որի բնակիչները «...բացառապես իր ազգից են»63։ Խոսելով Սսի մասին, մեր հեղինակը նշում է, որ լինելով «կարևոր մի քաղաք»՝ պատկանել է հայերին։ «Այնտեղ մինչև այժմ կարելի է տեսնել կիսավեր բազմաթիվ եկեղեցիներ»64։
Թուրքմենների տիրապետության ներքո ապահովություն գոյություն չունի։ Երբ Լա Բրոկիերը կիպրացի երկու վաճառականների հայտնել է իր նպատակը՝ ցամաքով վերադառնալ Ֆրանսիա, ապա նրա զրուցակիցներն զգուշացրել են նրան, ասելով, որ «...դա անհնարին է, և որ, եթե ես հազար կյանք ունենայի, բոլորն էլ կկորցնեի»65։
Բերտրանդոն Դե Լա Բրոկիերի կողմից Լարենդայում Կարամանի իշխան Փիր-Բուդաղի և նրա պալատի նկարագրությունը ցույց է տալիս, որ մենք գործ ունենք ինքնուրույն մի պետության ներկայացուցչի արքայական տան հետ66։
_____________________________
61 Bertrandon de la Broquirè, էջ 525։
62 Նայն տեղում:
63 Նույն տեղում, էջ 526։
64 Նույն տեղում։
65 Նայն տեղում, էջ 534։
66 Նույն տեղում, էջ 537։
[էջ 85]
Այսպիսի վիճակն էր, որ առաջ էր բերել նորաստեղծ օսմանյան պետության ղեկավարների
նախանձն ու ատելությունը։ Առաջին անգամ կարամանի թուրքմեններն ու օսմանցիները
ընդհարվեցին սուլթան Մուրադ 1-ինի (1359 —1389 ) ժամանակ67։ Նրա հաջորդ
Բայազետ Յըլդըրըմը (1384 —1402), շարունակելով իր հոր քաղաքականությունը, ևս
մեկ անգամ փորձեց վերացնել Կարամանի իշխանոլթյունը։ 1390 թ. Բայազետը հարձակվեց
Կարամանի վրա, որի իշխանը՝ Ալաէդդինը, փախչելով Լեռնային Կիլիկիա, հաշտություն
խնդրեց թուրքական տիրակալից։ նույն տարում տարածքային զիջումների գնով երկու
կողմերի միջև կնքվեց հաշտություն, որը կարճ տևեց։ Ալաէդդինը նորից հարձակվեց
օսմանցիների դիրքերի վրա։ Բայազետն անհապաղ Եվրոպայից անցնելով Փոքր Ասիա, ռազմական
գործողություններ սկսեց Ալաէդդինի դեմ։ Ակչայի մոտ տեղի ունեցած ճակատամարտում
կարամանյան իշխանը պարտություն կրեց ու գերի ընկավ Բայազետի ձեռքը։ Մեծ փրկագնով
և տարածքային նոր կորուստներով Կարամանի իշխանին հաջողվեց այս անգամ էլ գործն
ավարտել հաշտությամբ
* * *
XIV դարի վերջերին Մեծ ու Փոքր Հայքերը ենթարկվեցին նոր անասելի աղետների, կոտորածի, ավարի ու թալանի Թիմուրի թյուրք-չաղաթայական հորդաների կողմից։
Քաղաքական այդ տակնուվրայությունների վերաբերյալ ստուգապատում տեղեկություններ են հաղորդում ինչպես հայ, այնպես էլ օտար աղբյուրները։ Վերջիններիս մեջ հատկապես ուշագրավ են իսպանացի Ռույ Գոնսալես դի Կլավիխոյի, բավարացի Շիլդբերգերի և հույն Խալկոնդիլեսի հաղորդածները։ Թիմուրի բանակներն ավերում ու քանդում էին քաղաքներն ու գյուղերը, բերդերն ու ամրոցները, եկեղեցիներն ու ապարանքները՝ ամայի ու անմարդաբնակ դարձնելով ամբողջ երկրամասեր։
1386 թ. Թիմուրի զորքերն Իրանը նվաճելուց հետո մուտք գործեցին Անդրկովկաս և անցնելով Արաքս գետը, երևացին Կարսի մա-
_____________________________
67 J. Hammer 1, էջ 266:
68 Նույն տեղում, էջ 307—308։
[էջ 86]
տույցում։ Այնուհետև, Թիմուրն իրեն ենթարկեց Վրաստանը69։ 1387 թ. Այրարատյան նահանգը գրավելիս Թիմուրր Սուրմալիում հայերի կողմից համառ դիմադրության հանդիպեց. «իսկ բարեպաշտ տանուտէր մի Մարտիրոս անուն, — կարգում ենք Թովմա Մեծոփեցու մոտ,—յոյժ զօրեղ զօրական, ողորմած և աղքատասէր ի գեղջէն Կողբայ եղեալ ի լեառն բարդող, որ կոչի յայլով ազգաց Բակալթու, յոյժ արի և քաջ մանկամբք գեղջն ապրեցոյց զամենայն հաւատացեալսն մեծաւ պատերազմաւ և սրտապինդ զօրութեամբ օգնութեամբ հզօրին Աստուծո Յիսուսի Քրիստոսի փրկչին մերո։ Եւ թեպետ բազում անգամ պատերազմեալ՝ ոչ կարացին առնուլ զլեառն զայն»70։
Հայերի կողմից թիմուրյան հորդաների դեմ ընդհարումներ տեղի ունեցան Հայաստանի և այլ մասերում։ Հայերի հանդգնության պատասխանը Թիմուրի կողմից միշտ միևնույնն էր՝ անմարդկային դաժան հաշվեհարդարը։ Նույն 1387 թ. Շահապանում արտագրված մի ձեռագրի հիշատակարանում, նշելուց հետո, որ Հայոց աշխարհը ոտնատակ եղավ, գրիչը վկայում է, «Ոմանք ի գերութիւն վարեալք՝ արք և կանայք, և կէսք առաթուր դիաթաւալ արախողխող գալարեալ, առհասարակ քահանայք և աշխարհականք գէշ անկեալ դիակամբ անթաղ ընկեցեալք և այլք ի բազմազան տանջարանս մաղեալք։ Ոմանք հրով կիսայրեացք տոչորեալք և այլք ի սովոյ գազանաբեկ վտանգեալք, կէսք խստամբեր կրիւք չարչարեալք և այլք երկիւղիւս պաշարեալք»71։
Երբ առաջին անգամ Թիմուրը երևաց Փոքր Ասիայի տարածքի վրա, Փոքր Հայքը կառավարվում էր թյուրքական ցեղերից մեկի առաջնորդ Թահերթենի կողմից, որը Երզնկան դարձրել էր իր մայրաքաղաքը։ Հարվածելով Կարամանին, Բայազետը նպատակադրվել էր իրեն ենթարկել նաև Փոքր Հայքը, նախ և առաջ Սեբաստիան, որի տիրակալը դարձյալ թյուրքական ցեղերից մեկի ղեկավար Կազի-Բուրհանեդդինն էր։ Իր դաշնակից ակկոյունլուների դինաստիայի հիմնադիր Կարաձուլուկի օգնությամբ 1392թ. Բայազետը զավթում է Սեբաստիան72։
_____________________________
69 J. Hammer, II, էջ 18 — 19։ Հաջորդ՝ 1387 թ. Թիմուրի հորդաները
երևացին արդեն Էրզրումի մոտ։ Այդ նույն թվականին Երզնկայում արտադրված մի ձեռագրի
հիշատակարանում Գևորգ գրիչը հայտնում է. «Յայսմ ժամանակի,— գրում է նա,—յորում
էր թուական հայոց ՊԼԶ (1387), ելաւ ազգն Խուժադուժ յարևելից, ի կողմանց հիւսիսոյ,
որ կոչեր Լանկ-թամուր, և եկն մինչև յԱրզրում, և բազում ոճիրս գործեաց... զոր
յետս դարձույց Աստուած»։ (Լ. Խաչիկյան, ԺԴ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ,
էջ 570)։
70 Թովմա Մեծոփեցի, Պատմութիւն Լանկ Թամուրայ և յաջորդոց իւրոց, Փարիզ,
1860, էջ 18։
71 Տե՛ս Մ. Չամչյան, Հայոց պատմություն, հ. Գ. Վենետիկ, 1786, էջ
421։
72 J. Hammer, I, էջ 308-309։
[էջ 87]
Սա այն ժամանակ, երբ հարևան Երզնկայի տիրակալ վերոհիշյալ Թահերթենն արդեն ճանաչել էր Թիմուրի սուվերեն իրավունքներն իր իշխանության նկատմամբ։ Բայազետը Սեբաստիան զավթելուց հետո անվերջ ոտնձգություններ էր կատարում Թահերթենի նկատմամբ, ինչը Կլավիխոյի ասելով, սրել էր Թիմուրի և Բայազետի հարաբերություննրը։ Սակայն խոսքը տանք Կլավիխոյին. «Արզինջան քաղաքի իշխանն այդ ժամանակում, ինչպես արդեն բացատրված է, իշխան Թահարթենն էր, և իր սահմանները կից էին թուրքի (սահմաններին)։ Սուլթանը վերջերս շատ ագահ էր դարձել և ուզում էր տիրանալ այդ երկրամասին, և հատկապես Կամախի այդ զորավոր բերդին, որը Թահարթեն շատ նախանձախնդիր էր պահելու։ Դրա վրա սուլթան Բայազետը մի պատգամ էր ուղարկել Թահարթենենին՝ պահանջելով, որ հարկ վճարի իրեն, ինչպես նաև իրեն հանձնի այդ Կամախի բերդը»73։ Հույս չունենալով սեփական ռազմական ուժերի վրա, ինչպես այնուհետև վկայում է Կլավիխոն, Թահարթենը դիմում է Թիմուրի օգնությանը74։
Թիմուրի այն պահանջին, որ Բայազետը հանգիստ թողնի Թահերթենին, թուրքական սուլթանը պատասխանել է, թե «.,.Թիմուրի պես հիմար մի մարդ, ինչպես է համարձակվում իրեն՝ սուլթանին ուղարկել այդպիսի մի պատգամ, երբ ինքը՝ սուլթանը, կարող է Թահերթենի հետ վարվել այնպես, ինչպես որ կամենա»75։
Թիմուրը, անավարտ թողնելով Վրաստանի վերջնական նվաճումը, առժամանակ հետաձգել էր Բայազետի հետ առճակատումը։ Շուտով, սակայն, նա նոր արշավանք կազմակերպեց դեպի Վրաստան, իսկ մինչ այդ Մեծ Հայքի նվաճումը նա վաղուց էր ավարտել։ Թիմուրը Կարակոյունլու թուրքմեններից զավթել էր Խլաթը, Արծկեն, Մուշի հովիտը, Վան-Վասպուրականը։ Վանը Թիմուրին հերոսական դիմադրություն էր ցույց տվել, ուստի քսանօրյա պաշարումից հետո, երբ քաղաքն ու ամրոցը գրավվեցին, Թիմուրի կարգադրությամբ քաղաքի պաշտպանները ձեռքերը կռնակին կապված ամրոցից ցած նետվեցին76։
_____________________________
73 Հովհ. Հակոբյան,Ուղեգրություններ, հ. Ա, էջ 97։
74 Նույն տեղում, էջ 98։
75 Նույն տեղում։
76 J. Hammer, II, էջ 20-21. Մ. Չամչյանը նշում է, որ պաշարումը տևել
է ոչ թե քսան, այլ քառասուն օր (տե՛ս Մ. Չամչյան, հ. Գ, էջ 425)։ Թ. Մեծոփեցու
վկայությամբ, սպանվածների թիվը այնքան մեծ էր, որ դժոխային պատկեր էր ներկայացնում։
«Եւ այնքան բարձրացավ, — գրում է նա, —դեզ մեռելոցն առ պարսպաւ, մինչ զի որք
ի վերջոյ անկանեին ոչ մեռանէին զոր և տեսաք ասէ աչօք, և լուաք ականջօք, յարքեպիսկոպոսէն
Զաքեոսէ և ի Պողոս վարդապետէ, որք յայնժամ գերի վարեալ ազատեցան» (նույն տեղում)։
[էջ 88]
Եվ ահա, երբ Թիմուրը արշավել էր Վրաստան, լուր ստացվեց, որ Ոսկե Հորդայի խան Թոխթամիշը Դերբենդի վրայով մուտք էր գործել Շիրվան։ Թոխթամիշի կողմից նման մի արշավանք Շիրվան և Հայաստան կատարվել է նաև 1386 թ,՝ Թիմուրի առաջին արշավանքից մի տարի առաջ։ Այդ մասին են պատմել Սուրմալիի հայերը, երբ Կլավիխոն այցելել է իրենց քաղաքը։ Անշուշտ, այդ արշավանքից տուժել է ոչ միայն Սուրմալին, այլև ողջ Արարատյան նահանգը։ Ավելորդ չենք համարում այստեղ բերել Կլավիխոյի այդ վկայությունը։ «Այստեղի (Սուրմալիի—Մ. Զ.) մարդիկ մեզ պատմեցին, թե սրանից (տասն)ութը տարի առաջ թաթար խանը՝ Թոխթամիշը պաշարել էր իրենց քաղաքը, երկու ամբողջ օր ռմբակոծելով։ Հետո, երրորդ օրը համաձայնության էին եկել նրա հետ, պայմանով, որ հանգիստ թողնվի իրենց քաղաքը, ոչ ինքը և ոչ էլ իր մարդիկը պետք էր որ չմտնեին քաղաքը, բայց իրենք, որպես տուրք պիտի վճարեին սահմանված մի գումար։ Այս պայմանները Թոխթամիշը խոսք տվավ հարգել, բայց նա ավելացրեց պահանջելով, որ քաղաքի զինված մարդուց կեսը դուրս գա միանալու իր ուժերին, և իր հետ միասին երթալու վրացիների դեմ, մտադրված լինելով պատերազմել այդ ազգի թագավորի դեմ, որի անունը Գևորգ էր։ Սակայն և այնպես հազիվ թե իրենց պատերազմիկները քաղաքից դուրս էին եկել, Թոխթամիշը հրաման տվավ իր մարդկանց քայլելու քաղաքի դեմ, ուր նրանք ներս մտան հարձակումով, և կողոպտեցին, և այնտեղ գտնված բոլոր հարստությունները տարին, որպես ավար։ Այս թաթարները ապա այրեցին տները, շատ տեղերից խորտակելով քաղաքի պարիսպները և սպանելով մեծ թվով քաղաքացիների։ Սուրմալիի բնակչության ստվար մեծամասնությունը նախապես եղել են հայեր, որովհետև Հայաստանի քաղաքներից մինն է, բայց վերջին տարիներին շատ քրիստոնյաներ տեղահանվել են այս տեղից և իսլամներ են եկել ու հաստատվել նրանց տեղը»77։ Թիմուրը շուռ տվեց իր զենքերը Թոխթամիշի դեմ և Թերեք գետի մոտ տված վճռական ճակատամարտում որոշեց վերջինիս ճակատագիրն ու Ոսկե Հորդան ենթարկվեց Թիմուրին (1395 թ, ապրիլ)78։
Երբ Թիմուրը զբաղված էր իր գլխավոր հակառակորդներից մեկի՝ Թոխթամիշի հետ պատերազմելով, Բայազետ Յըլդըրըմը, օգտվելով հարմար առիթից, հարձակվեց Փոքր Հայքի վրա ու զավթեց այն։ Այդ մասին դեպքերի ականատես Շիլդբերգերի մոտ կարդում ենք. «Դեռ չէր հաջողեցրել Թամերլանը (Հյուսիսային Կովկասից) վերադառնալ իր
_____________________________
77 Հովհ. Հակոբյան, Ուղեգրություններ, հ. Ա, էջ 109։
78 J. Hammer, II, էջ 40։
[էջ 89]
երկրամասը, երբ Բայազետը 300 հազարանոց զորքով հարձակվեց Թամերլանին պատկանող Փոքր Հայքի վրա, զավթեց նրա գլխավոր քաղաք Երզնկան և գերեվարեց այդ քաղաքի տիրակալ Մույախարտին (պետք է լինի Թահարթենին — Մ. Զ.)»79: Այս նույն դեպքերը Կլավիխոյի մոտ նկարագրված են հետևյալ կերպ. «Բայազետը հարձակում գործեց Արզինջան քաղաքի վրա, մղվելով այն կատաղությունից ու ցասումից, որ նա սնուցանում էր իշխան Թահարթենի հանդեպ»80։ Բնականաբար, Թիմուրի և Բայազետի փոխհարաբերությունները ծայրահեղորեն սրվում են։
Ահա այս ժամանակ է, որ, ինչպես այդ մասին դարձյալ վկայում է Կլավիխոն, Կ. Պոլսի բյուզանդական կայսրը և ջենովացիները Թիմուրին առաջարկում են համատեղ ռազմական գործողություւններ ձեռնարկել թուրքերի դեմ, խոստանալով նույնիսկ դրամական օգնություն։ «Այս շրջանում էր, — կարդում ենք Կլավիխոյի մոտ, — որ Կ. Պոլսի (Մանվել) կայսրը և Ջենովայի ազնվականները, որոնք հաստատված էին Պերայում, պատգամավոր ուղարկեցին Թիմուրին՝ ասելով եթե նա պիտի կռվեր թուրքին (սուլթանի) դեմ, նրանք պիտի օգնեին, իրեն տալով զինվորներ և նավեր... Ավելին, հույները Թիմուրին (մարդ) ուղարկեցին և խոստացան դրամական օժանդակություն»։
1400 թվականին Թիմուրը Երզնկայի գրավումից ու Թահերթենին իշխանության գլուխ բերելուց հետո հսկայական բանակով81 եկավ ու պաշարեց Սեբաստիան։ Փոքր Հայքի այս քաղաքը Փոքր Ասիայի ամենախոշորներից էր, և Խալկ Կոնդիլեսի վկայությամբ ուներ մինչև հարյուր քսան հազար բնակչություն, գերազանցապես՝ հայ82։ Տասնութօրյա պաշարումից հետո քաղաքի բնակիչները դիմեցին հաղթողի ողորմածությանը, խնայվեցին հիմնականում մուսուլմանները, իսկ հայերը անողոք սրի մատնվեցին։ Յոզեֆ Համմերը, հենվելով «Շարաֆնամե»-ի վրա, այդ մասին գրում է. «Քրիստոնյաները, և մասնավորապես չորս հազար հոգուց կազմված հայկական հեծելազորը, որը պաշարող բանակին ցույց էր տվել ամենահերոսական դիմադրություն՝ ըստ կնքված հաշտության պիտի գերեվարվեր։ Սակայն հակառակ Ձորանի վրա
_____________________________
79 Иоган Шильдбергер, Путешествие по Европе, Азии и Африке с 1394
по 1427. Перевод Ф. К. Брука, Изд. З. А. Буниятова, Баку, 1984, стр. 23.
80 Հովհ. Հակոբյան, Ուղեգրություններ, հ. Ա, էջ 101։
81 Շիլդբերգերը մեկ միլիոն է հաշվում նրա բանակի թիվը, որն, անշուշտ,
չափազանցություն է (И. Шильдбергер, էջ 23)։
82 Chalcondyles, I, էջ 56։
[էջ 90]
երդվելուն, Բարբարոսը (իմա՝ Թիմուրը— Մ. Զ.) հայերին հանձնեց իր զինվորներին՝ կարգադրելով կենդանի թաղել նրանց»83։
Խալկ Կոնդիլեսը այսպես է նկարագրում Սեբաստիայի աղետը։ Համաձայն Թիմուրի տված հրամանի «...առաջին հերթին սրի քաշվեցին բոլոր տղամարդիկ, այնուհետև հավաքելով կանանց ու երեխաներին մի մեծ հրապարակի վրա (Թիմուրը) նրանց վրա բաց թողեց իր հեծելազորը, որը մի անողորմ կոտորած սարքեց սպանելով մինչև վերջին մարդը։ Ահա այս տարաբախտ քաղաքի վախճանը, քանզի և ոչ մի կենդանի էակ չճողոպրեց սրից»84։ Ձիերի սմբակների տակ կոխկրտված այդ հողերը, ինչպես գրում է Մ. Չամչյանը, հետ այսու կոչվեցին սև հողեր85։
Թիմուրի զորքերը շուտով վերադարձան Ղարաբաղ, իսկ Բայազետը չհապաղեց վերագրավել Սեբաստիան և Երզնկան։ 1402 թ. հուլիսին Անկարայի մոտ տեղի ունեցած վճռական ճակատամարտում Բայազետը ոչ միայն պարտություն կրեց Թիմուրից, այլև գերի ընկավ նրա ձեռքը։ Այժմ արդեն ողջ Փոքր Ասիան ենթարկվում էր Թիմուրի աշխարհակալությանը։
Թոխթամիշի ու Թիմուրի արշավանքները, ինչպես նշեցինք, աղետաբեր եղան հայ բնակչության համար։ Կլավիխոյին ընթերցելիս այն տպավորությունն է ստացվում, որ Հայաստանի շատ վայրեր, որտեղից անցել է իսպանացի դիվանագետը, դարձել էին ամայի ու անմարդաբնակ։ Այսպես՝ Իգդիրի մոտից Կլավիխոյի ճանապարհը անցնում էր լեռան շուրջը։ «Անցանք շատ ավերակ վայրեր, ուր տեսանք տների հիմքերը՝ շինված մեծ չափի քարերով», — գրում է նա։ Այնուհետև՝ «Տասնըմեկ տարի առաջ էր (?), որ թաթարների խան Թոխթամիշը իշխանության գլուխն անցնելով և բազմաթիվ ձիավոր հետևորդներ ունենալով (Ղփչաղից) արշավեց գրավելու համար Պարսկաստանը։ Նա հասավ (Ատրպատականի) նահանգը և գրավեց Թավրիզը ու վերին Հայաստանի բոլոր շրջանները։ Շատ քաղաքներ կողոպտվեցին, շատ բերդեր ավերվեցին և իր բանակները քար ու քանդ արին գյուղերը, ինչպես մենք դեսպաններս տեսանք այս մասերում ճանապարհորդելիս»86։ Եվ այնուհետև, անցնում էինք մենք, գրում է նա, «Բոլորովին ամայի երկրից… Հայաստանի այս մասում (Խոյից մինչև Ալաշկերտ) բնակչության բացակայության պատճառն այն է, որ քրիստոնյաները կորցրել են
_____________________________
83 J. Hammer, II, էջ 61։
84 Chalcondyles, I, էջ 56։
85 Մ. Չամչյան, հ. Գ, էջ 429 («...սրոյ վասն և տեղին կոչեցաւ և կոչի
սև հողեր»)։
86 Հովհ. Հակոբյան, Ուղեգրություններ, հ. Ա, էջ 124։
[էջ 91]
իրենց իշխանությունն ամբողջ Մեծ Հայաստանում»87, որի հետևանքով Կլավիխոյի ասելով մուսուլմանները զավթել էին նրանց հողերը, տիրել քաղաքներին, սպանել տեղաբնակ հայ բնակչությանն ու տեղավորվել երկրում88։
Կլավիխոյի այս վկայությունները, գուցե և մասամբ կարելի է ճիշտ համարել Արարատյան նահանգի և Հայաստանի հարավային ու հարավարևմտյան մասերի համար, որտեղից անցել է իսպանացին։ Դրանք XV դարում զբաղեցված էին կարակոյունլու և ակկոյունլու՝ մեկը մյուսի նկատմամբ ախոյան թուրքմենական ցեղերով։ Նման պայմաններում, հայ ժողովրդական զանգվածները կոտորածներից խուսափելու համար գերադասել էին բնակվելու գյուղավայրերում։ Շիլդբերգերն էլ նույնն է վկայում ասելով, թե գյուղերի բնակիչները հայեր են, իսկ քաղաքներում բնակվողները՝ «անօրենները»։ XVI—XVIII դարերի եվրոպացի հեղինակների հաղորդած վկայություններից երևում է, որ Մեծ ու Փոքր Հայքերի բնակչությունը, չնայած քաղաքական տակնուվրայություններին, մեծամասամբ տեղաբնիկ հայերն էին։
Ուշագրավ է Կլավիխոյի մոտ Հայաստանի սահմանների բնորոշումը։ Նա Խոյ քաղաքը, որի «...բնակչության մեծ մասը հայ ցեղից է»89, մի քանի անգամ շեշտելով համարում է Հայաստանի սահմանը։ «Խոյ քաղաքում Պարսից երկիրը վերջանում է, Մեծ Հայաստանը՝ սկսում»90։ Եվ ահա այս Խոյի ու Սալմաստի արանքում ընկած տարածքում, մասնավորապես Մակվում Կլավիխոն իջևանում է Նուրեդդին կոչված հայ իշխանի մոտ, որր «...մեծ մխիթարություն էր զգում այն իրողությունից, որ մենք քրիստոնյա էինք» և որ նա «...մեզ ցույց տվավ մեծ հյուրասիրություն»91։ Կլավիխոն պատմում է, որ Մակվի հայ իշխանն իրեն այնքան հզոր է զգացել, որ չի ենթարկվել Թիմուրի մերձավորագույն ավագանիներից մեկին՝ Ջհան շահ Միրզային92։ Զարմացած իսպանացին բացականչում է. «Հիրավի, զարմանալի է, թե ի՞նչպես Մակվի այս քրիստոնյաները կարող են պահել իրենց, շրջապատված մահմեդական ժողովրդով և այսքան կտրված բոլոր քրիստոնյաների օգնությունից, փաստապես նրանք պատկանում են հայ ազգին, բայց հռովմեական կաթոլիկ հավատքին»93։
_____________________________
87 Նույն տեղում, էջ 138։
88 Նույն տեղում, էջ 139։
89 Նույն տեղում, էջ 117։
90 Նույն տեղում, էջ 136։
91 Նույն տեղում, էջ 115։
92 Նույն տեղում։
93 Նույն տեղում, էջ 116։
[էջ 92]
Թիմուրի կարճ ժամանակում ստեղծած ընդարձակածավալ կայսրությունը, որը պահպանվում էր միայն բռնի ուժով, շուտով տրոհվեց առանձին մասերի։ Հայկական լեռնաշխարհում Թիմուրյանների թուլացումից առաջինը օգտվեցին կարակոյունլու թուրքմենները, որոնք Թիմուրին ուժեղ դիմադրություն էին ցույց տվել և ճզմվել ջաղաթայական բռնակալի կողմից, Եգիպտոս փախուստ տված կարակոյուլուների առաջնորդ Կարա-Յուսուֆը շուտով եկավ նորից նվաճեց Հայկական լեռնաշխարհի զգալի մասը և Թավրիզում իրեն հռչակեց նոր պետության հիմնադիրը։ Կարա-Յուսուֆի հաջորդների մեջ ամենակարկառուն դեմքը Ջհան շահն (1437-1467) էր, որի պետության սահմանները հասնում էին մինչև Հերատ։
Հայկական լեռնաշխարհում և Արևմտյան Իրանում գերիշխանություն հաստատելու համար կարակոյունլուների դեմ դաժան պայքար էին ծավալել նաև պատմական Աղձնիք նահանգում հաստատված ակկոյունլու թուրքմենները որոնք, ի տարբերություն շիա կարակոյունլուների, պատկանում էին սուննի դավանանքին94 և, հետևաբար, մասնակի ատելություն էին տածում առաջինների նկատմամբ։ Իբրև սուննիներ ակկոյունլուները հանդես էին գալիս որպես Թիմուրի ու նրա հաջորդների զորեղ դաշնակիցներ։ 1449—50 թվականներին կարակոյունլուներն ասպատակում են Հայաստանի արևմտյան մասերը և, մասնավորապես Կամախն ու Երզնկան, ավերելով երկրամասը, հրի ու սրի մատնելով նրա բնակչությանը, որր գերազանցապես բաղկացած էր հայերից։ 1450թ. արտագրված մի ձեռագրի հիշատակարանում կարդում ենք «ելեալ սուլթանն Թաւրիզու Ջհանշահ անուն՝ բազում և անթիւ զօրոք՝ վաթսուն հազարաւ, եկեալ էառ զեղնգայն, յազգէ թուրքմանաց (ակկոյունլուներից), որ իր ազգաւ Պայընտուր և կալեալ զիշխանն Երզնկայ քաղաքին և 40 անուանի ամիրայ զհետ նորա, և տարեալ յարևելու կորուսին, և զկամխայ աստուածաշէն երկիրն ևս հասարակ գերեաց, իբրև անձինս ԺԻՀ (10.000) ընդ այր և ընդ կին, թող զայն որ մաշեցան և զներքին Դերջանն և զվերին Դերջանն, զԲաբերդ, զԿեղի, զԿոճակն և զԳայլգետն, զՇեռեան, զՍատաղ, առհասարակ գերեաց»95։
Կարակոյունլու Ջհանշահի և ակկոյունլու Ուզուն Հասանի միջև հակամարտությունը տևեց երկար, և ի վերջո՝ 1467 թ. նոյեմբերի 11-ին
_____________________________
94 V. Minorsky, La Perse au XVème siècle entre la Turquie et Venise.
Paris, 1923, p.4
95 Տե´ս Ղ. Ալիշան, Այրարատ, Վենետիկ, 1890, էջ 327։
[էջ 93]
Մուշի մոտ տեղի ունեցած ճակատամարտում կարակոյունլուները ծանր պարտություն կրեցին, սպանվեց ինքը՝ Ջհանշահը։ Գրավելով Թավրիզը, Ուզան Հասանը (1453 —1477) իրեն հռչակեց կարակոյունլուներին փոխարինելու եկած ակկոյունլուների հզոր պետության տիրակալ։
Ահա նորաստեղծ այս պետության օգնությանն առաջինը դիմեց չորս կողմերից թուրքերով պաշարված, փոքրիկ ու անկման եզրին գտնվող հունական Տրապիզոնի կայսրությունը։ Մինչ այդ իր մահացու թշնամուն՝ օսմանցիներին, հարվածելու նպատակով դեռևս Հռոմի Կալիքստոս պապը (1455—1458) հատուկ պատվիրակություն էր ուղարկել Արևելք՝ Մինորիտ Լյուդովիկոս Բոլոնացու գլխավորությամբ։ Վերջինս 1459 — 1460 թվականների ընթացքում կապվեց Տրապիզոնի կայսր Դավիթի, Աբխազիայի ու Վրաստանի թագավորների, վրաց և մահմեդական մի շարք իշխանությունների հետ, որոնց թվում հիշատակվում են նաև Կարամանիայի սուլթանը և ակկոյունլուների առաջնորդ Ուզուն Հասանը։ Հռոմի պապի ներկայացուցչի և թվարկված այս իշխանությունների միջև կնքված համաձայնությամբ որոշվել էր ազատագրել Կ. Պոլիսը և վերջ տալ օսմանյան պետության գոյությանը96։
Չնայած այն հանգամանքին, որ նշված համաձայնագիրը ոչ մի հետևանք չունեցավ և մնաց թղթի վրա, հետագայում եվրոպական մի շարք երկրների և Ուզուն Հասանի միջև կայանալիք դաշնակցության հիմք ծառայեց։ Տրապիզոնի կայսրության և ակկոյունլուների պետության միջև քաղաքական հարաբերություններն էլ ավելի ամրապնդվեցին, երբ Ուզուն Հասանն ամուսնացավ Դավիթ կայսեր մերձավորագույն ազգակցուհի Կիրա Կատերինայի՝ Եվրոպայում Դեսպինա անունով հռչակված իշխանուհու հետ։
Համոզված լինելով, որ ինքն ի զորու չէ պայքարելու հզոր օսմանյան պետության դեմ, Ուզուն Հասանը ինքը հանդես եկավ Վենետիկի հետ դաշն կնքելու գաղափարով։ Այդ նպատակով, ինչպես վկայում է Կատերինո Զենոն, հատուկ պատվիրակություն ուղարկեց Վենետիկյան հանրապետություն՝ հայազգի մեծահարուստ վաճառական Մուրատի, կամ ինչպես ենթադրում է Ղ. Ալիշանը, Միրաքի գլխավորությամբ97։
Իր հերթին Վենետիկն Ուզուն Հասանի պատվիրակության հետ իր դեսպանությունն ուղարկեց ակկոյունլու տիրակալի մոտ, զինական օգնության և համատեղ ռազմական գործողություններ առաջարկելով ընդ-
_____________________________
96 Տե՛ս Աշ. Հովհաննիսյան, Դրվագներ, հ. 2, էջ 9։
97 Ղ. Ալիշան, Հայ-Վենետ., էջ 187։ Միրաքը համարվել է Ուզուն Հասանի
«հավատարիմ սպասավորը (...,,fidel servidor nostro‘‘):
[էջ 94]
դեմ թուրքերի (ծովից ու ցամաքից)98։ Պատվիրակության հիմնական խնդիրն էր Ուզուն Հասանին համոզել, որ «բոլոր քրիստոնյաների կատաղի թշնամին հանդիսացող» Թուրքիան միաժամանակ, «թշնամի է նրան (իմա՝ Ուզուն Հասանին — Մ. Զ.) և նրա ցեղին»99։
1453 թ. Կ. Պոլիս գրավելով և այն վերածելով օսմանյան պետության նոր մայրաքաղաքի, սուլթան Մեհմեդ Ֆաթիհը նորանոր նվաճումներ կատարեց Արևմուտքում։ 1461 թ. նա հարձակվեց Տրապիզոնի կայսրության վրա։ Տրապիզոնի վրա հարձակումը կատարվում էր ծովով՝ Սինոպի վրայով և ցամաքով՝ Էրզրումի ճանապարհով։ Սուլթանի Հրամանով՝ Ռումելիի բեգլերբեգ Համզաբեգը ասպատակեց Էրզրումի շրջակայքը «...իր հետևում թողնելով միայն ավերակներ և հուսահատության մատնված մի ժողովուրդ»100։ Իսկ երբ Համզաբեգի բանակին միացավ նաև ինքը՝ սուլթանը, ապա վախեցած Ուզուն Հասանը Ֆաթիհի մոտ ուղարկեց Սառա անունով իր մորը, խնդրելով հաշտություն։ Սուլթանը համաձայնվեց հաշտություն կնքելու Ուզուն Հասանի հետ միայն այն դեպքում, եթե վերջինս խզեր իր դաշինքը Տրապիզոնի կայսրության հետ101։ Հաշտության առաջարկն ընդունվեց և սուլթանին ոչինչ չէր խանգարում հոշոտել հունական այդ փոքրիկ կայսրությունը։
Տրապիզոնի կայսրության անկմանը հաջորդեց հռոմեական պապ Պիոս 2-րդի 1464 թ. օգոստոսի 16-ի՝ թուրքերի դեմ ուղղվելիք նոր խաչակրաց արշավանքի կոչը։ Սակայն այդ արշավանքը եվրոպական պետությունների միջև գոյություն ունեցող տարաձայնությունների պատճառով այնպես էլ չկայացավ102։
Թվում էր, որ Ուզուն Հասանի հեղինակությունն Արևելքում սասանված էր, սակայն երկու իրադարձություններ նորից քաղաքական առաջին պլանի մղեցին նրան և ակկոյունլուների պետությունը միջազգային հասարակական աչքում դարձավ մեծ ու հզոր։ Առաջինը, ինչպես արդեն տեսանք, 1467 թ. Մեհմեդ Ֆաթիհի դաշնակից համարվող Ջհանշահի պարտությունն էր օսմանցիներից, և երկրորդը՝ իր վասալ Ջհանշահի վրեժն առնելու նպատակով Թիմուրի հաջորդներից Աբու Սայիդի 1469 թ. փետրվարի 11 -ին Մուղանի դաշտավայրում կրած ծանր պարտությունն Ուզուն Հասանից։ Այս բոլորից հետո, Ուզուն Հասանն ար-
_____________________________
98 Հովհ. Հակոբյան, Ուղեգրություններ, հ. Ա, էջ 158։
99 Նույն տեղում, էջ 161։
100 J . Hammer, III. էջ 4։
101 Նույն տեղում, էջ 75։
102 Նույն տեղում,, էջ 114։
[էջ 95]
դեն տեր էր դարձել ոչ միայն Հայաստանին ու Քրդստանին, այլև ողջ Իրանին և Իրաքին ՝ Բաղդադը ներառյալ։
Այս էր պատճառը, որ երբ 1463 թ. իշխան Իբրահիմի որդիների միջև Կարամանիայում գահակալական պայքար բռնկվեց, ապա նրանցից մեկը՝ Իսահակ բեկը, գահը զավթելու նպատակով դիմեց Ուզուն Հասանի օգնությանը։ Վերջինս մի մեծ բանակի գլուխ անցած Երզնկայից շարժվեց դեպի Սեբաստիա՝ ավերելով ու կողոպտելով երկիրը103։ Ակկոյունլու տիրակալի այս քայլը հավասազոր էր թուրքերի դեմ պատերազմի հայտարարության։ Ի պատասխան դրա, Մեհմեդ 2-րդը Կարամանիա ուղարկեց նորանոր բանակներ, որոնց առաջ խնդիր էր դրված օսմանյան պետության սահմաններին միացնել Փոքր Ասիայի տարածքում դեռևս իր գոյությունը պահպանած և հարյուր հիսուն տարի շարունակ օսմանցիների վտանգավոր ախոյանը հանդիսացող Կարամանի իշխանությունը։ Կարամանիան ընդգրկում էր Իկոնիայից հարավ մինչև Միջերկրական ծովն ընկած տարածքը։ Դրա շնորհիվ կարամանցիներն ազատ հաղորդակցության մեջ էին Արևմտյան Եվրոպայի և մասնավորասպես Վենետիկի հետ, որի գերիշխանության ներքո էր գտնվում Կիպրոս կղզին։ Հետևաբար, Մեհմեդ Ֆաթիհի, Ուզուն Հասանի Կարամանյան իշխանների և Եվրոպայի երկրների դաշինքի վտանգը նկատի ունենալով իր ողջ ուժերով ձգտեց վերացնել այդ իշխանությունը։ Մինչև XV դարի 70-ական թվականներն ընկած ժամանակաշրջանում թուրքական հորդաներն ասպատակում էին Կարամանիան և նրա սահմանների մեջ մտնող Կիլիկիան, անողոք հրի ու սրի մ ատնելով երկիրը104։
Ուզուն Հասանը Կարամանիային պաշտպանելու հարցում վճռական էր, ուստի 1471 թ. իր բանակին հրամայեց շարժվել դեպի Թոխատ։ «Այս բոլոր գազանությունները, որը պատմությունը վերագրում է Թիմուրին Թոխատի գրավման առթիվ,—գրում է Յոզ. Համմերը, — կրկնվեցին Ուզուն Հասանի պարսիկների (իմա՝ թուրքմենների—Մ. Զ.) կողմից։ Այս քաղաքը բոցերի ճարակ դարձավ և նրա բնակիչները տանջամահ արվեցին»105։ Թոխատից հետո թուրքմենական զորքերը մտան Կարամանիա և Իկոնիայի վրայով ասպատակեցին Կիլիկիան։ Սկզբնական շրջանում Ուզուն Հասանի զորքերը որոշ հաջողություններ ունեցան, և Մեհմեդ 2-րդի որդին Մուստաֆան, խուճապահար փախուստի դիմեց, սակայն, շուտով վերադասավորելով իր ուժերը՝ Իկոնիայի մոտ
_____________________________
103 Նույն տեղում, էջ 117։
104 Ավելի մանրամասն տե՛ս նույն տեղում, էջ 142—151։
105 Նույն տեղում, էջ 143։
[էջ 96]
պարտության մատնեց Ուզուն Հասանի զորքերին և իրեն ենթարկեց Կարամանիայի ու Կիլիկիայի զգալի մասը։ Ուզուն Հասանի զորքերը անհաջողության մատնվեցին նաև Եփրատի ափին՝ Բիրաջիկի մոտ եգիպտական սուլթանի զորքերի հետ ընդհարվելիս։
Այսպիսով, դաշնակիցները կորցրեցին ռազմաստրատեգիական կարևորագույն հանգույց հանդիսացող Կարամանիան ու Կիլիկիան և զրկվեցին փոխադարձ հաղորդակցման գլխավոր մայրուղուց։
Պատմագիտական գրականության մեջ պահպանվել են Արևելքի երկու տիրակալների՝ Մեհմեդ Ֆաթիհի և Ուզուն Հասանի նամակագրությունները 1473 թ. Դերջանի վճռորոշ ճակատամարտից առաջ։ Այդ նամակները լույս են սփռում երկու պետությունների քաղաքական նպատակադրումների՝ եվրոպական երկրների հետ Ուզուն Հասանի կնքած դաշինքի խախուտ լինելու մասին և այլն։ Այսպես, 1472 թ, հոկտեմբերի 19-ի Ուզուն Հասանին ուղղած նամակում թուրքական սուլթանը թուրքմենական տիրակալին զգուշացնում է չապավինել եվրոպական պետություններին. «Կարո՞ղ ես հերքել այն հանգամանքը, որ դաշնակիցների միջև եղած համերաշխությունն անընդհատ խախտվում է նրանց ունեցած հակոտնյա շահերի պատճառով։ Այդ մասին ես կարող եմ անվերջ օրինակներ բերել։ Վենետիկցիները համերաշխ չեն իրար մեջ, և ես Էվրեոս կղզու գրավման համար պարտական եմ իրենց զորավարներից մեկի դավաճանությանը»106։ Այնուհետև սուլթանը հիշեցնում է Ուզուն Հասանին, որ Կ. Պոլսի գրավման մեջ եվրոպացիների դավաճանությունը նույնպես կատարել է իր դերը։ «Քո շահերն անկեղծորեն չեն կարող պաշտպանվել քեզ համար այնքան անծանոթ միջավայրում։ Նրանք քեզանից այնքան հեռու են, որ քեզ լքելու դեպքում ամենևին էլ չեն վախենա քո վրիժառությունից»107։ Իսկ նույն թվականի նոյեմբերի 3-ի թվակիր պատասխան նամակում Ուզուն Հասանը հանդես է գալիս թուրքերի կողմից ստրկացված եվրոպական քրիստոնյա ժողովուրդների պաշտպանության դիրքերից։ «Ես հուզված եմ,— գրում է Ուզուն Հասանը Մեհմեդ Ֆաթիհին,— այն դժբախտություններից, որ կրում են այս ժողովուրդները։ Չնայած նրանք աստուծուն աղոթում են այլ կերպ, քան մենք, սակայն որպես մարդկային արարածներ պատկանում ենք միևնույն հոր զավակներին»108։
_____________________________
106 Տե´ս Histoire de Méhémet II, empereur ottoman, enrichie de
lettres traduites du grec et de l’arabe, seconde partie, p. 22—23.
107 Նույն տեղում, էջ 24։
108 Նույն տեղում, էջ 30։
[էջ 97]
1472 թ. դեկտեմբերի 4-ի սուլթանին ուղղված նամակում Ուզուն Հասանը բացահայտում է եվրոպական պետությունների հետ դաշինք կնքելու իրական դրդապատճառները, որոնք թելադրված էին սեփական երկրի անվտանգության ապահովության մտահոգությունից։ «Իշխանությունը քո ձեռքը վերցնելու օրվանից քո անսահման ամբարտավանությունը դրդում է քեզ անխտիր հարձակվել քո բոլոր հարևանների վրա։ Եվ այս հանգամանքը ստիպեց ինձ դաշինք կնքել (քրիստոնյա) իշխանների հետ»109։
Այդուհանդերձ Եվրոպայի պետությունների հետ Ուզուն Հասանի դաշինքն անդրադառնում էր նրա ներքին քաղաքականության վրա։ Նա, աղբյուրների վկայությամբ, բարեհաճ վերաբերմունք ուներ իր հպատակ քրիստոնյա հայերի նկատմամբ։ Նրա հավանական հովանավորության ներքո Սյունիքում և Արցախում որոշ հայ իշխանական տոհմերի մնացորդները կենդանության նշաններ են ցույց տալիս։ Խոսքը, նախ և առաջ, վերաբերում է Դոփյաններին, Պռոշյաններին և այլն110։
Ուզուն Հասանն աչքաթող անելով Մեհմեդ Ֆաթիհի ամեն տեսակի նախազգուշացումները, սպառնալիքները, ապաստան էր տալիս օսմանցիների կողմից իրենց իշխանությունից վտարվածներին, խոստանալով՝ վերականգնել նրանց իրավունքները։
1473 թ. գարնանը հարյուր հազարանոց բանակի գլուխ անցած Մեհմեդ Ֆաթիհը դուրս եկավ Ուզուն Հասանի դեմ։ Արշավող թուրքական բանակի շարքերում էր գտնվում իտալացի Ջիովաննի Մարիա Անջիոլելլոն, որը, որպես ականատես, հաղորդում է չափազանց հետաքրքիր տեղեկություններ։ Արշավող բանակի առաջապահ ուժն էին այսպես կոչված ակընջիները111, որոնց առաջ խնդիր էր դրված ավերել ու ամայեցնել երկիրը։ Ակընջիները, ասում է իտալացի հեղինակը, ռոճիկ չստանալու պատճառով իրենց եկամուտներն ապահովում են ասպատակությունների ընթացքում կողոպտելով բնակչությանը ու ավերելով նրանց երկիրը112։
Թուրքական բանակի արշավանքների ժամանակ, ինչպես դա երևվում է Անջիոլելլոյի վկայությունից, ժողովրդից բռնությամբ ու անվճար հավաքել են պարենամթերք։ Հավաքման պարտականությունը դրված է եղել հատուկ պաշտոնյաների՝ արփաէմինների վրա։ «Երբ պատահի, որ բանակը սահմաններն անցնի և մտնի թշնամու երկիրը,
_____________________________
109 Նույն տեղում, էջ 37։
110 Հ. Մանանդյան, Երկեր, հ. Գ., Երևան, 1952, էջ 411։
111 Ակընջի—թուրքերեն բառացի նշանակում է ասպատակող։
112 Հովհ. Հակոբյան, Ուղեգրություններ, հ. Ա, էջ 259։
[էջ 98]
և պարենի պետք լինի, — կարդում ենք Անջիոլելլոյի մոտ, — արփաէմինները (arpaemiler) պարտականություն ունեն լուր ուղարկելու իրենց վեհապետի երկրի այն տեղերը, ուր նրանք գիտեն թե առատ ցորեն կա, և հրամայելու, որ յուրաքանչյուր քաղաքը ուղարկի այսքան քանակությամբ ցորեն ու գարի։ Քաղաքները իրենց շրջակայքով պարտավորված են հնազանդելու և իրենց վերահսկիչներին հայթայթելու այն քանակությամբ ցորեն ու գարի, որքան իրենց վրա (պարտք) է դրված։ Բացի այս, նրանք պարտավոր են տալ բավականաչափ մթերք այն մարդկանց և կենդանիների համար, որոնք պետք է կրեն բեռները, հակառակ պարագային համայնքները ենթակա են պատժի ու կորուստի»113։ Այստեղից էլ դժվար չէ պատկերացնել գյուղական բնակչության ողբերգական վիճակը։
Թուրքական բանակի արշավանքը, ըստ Անջիոլելլոյի, ուղեկցվում էր հրով ու սրով, բնակչությունը ենթարկվում էր անլուր տառապանքների։ Ակընջիները, գրում է նա, ասպատակությունների ժամանակ գերեվարում էին տեղացիներին, հարցուփորձի միջոցով նրանցից քաղում անհրաժեշտ տեղեկություններ տեղանքի և թշնամու առաջապահ ուժերի մասին114, իսկ այնուհետև՝ այնպիսի մի ավերածություն սարքում, որ բնակչությունը ստիպված է լինում «իրենց տավարով ու ինչքերով ապաստանել լեռներում և այլ ապահով վայրերում»115։ Ասպատակության ժամանակ, «Երզնկայի ողջ բնակչությունը դիմել էր փախուստի» Եփրատ գետի մյուս կողմը։ Այնուամենայնիվ, «...քչերը մնացել էին, որոնց մեջ կար աքընջիների ժամանման միջոցին մի ծերունի հայ մի եկեղեցում, շրջապատված շատ գրքերով, և թեև նրանք որ գտան նրան շատ անգամ կանչեցին, բայց նա չպատասխանեց, այլ շարունակեց ամենայն ուշադրությամբ կարդալ իր առջևի գրքերը, և զինվորները բարկանալով, սպանեցին նրան և այրեցին գրքերը»116։
1473 թ. հուլիսի 26-ին Դերջանից ոչ հեռու գտնվող մի վայրում՝ արևելյան երկու բռնակալների միջև տեղի ունեցավ մեծ ու վճռական ճակատամարտ, որն ավարտվեց թուրքերի հաղթանակով։ Այս ճակատամարտը վերջնականապես վճռեց Փոքր Ասիայի ճակատագիրը, այդ երկրամասը վերածելով Թուրքիայի։
_____________________________
113 Նույն տեղում, էջ 262։
114 Նույն տեղում, էջ 263։
115 Նույն տեղում, էջ 264։
116 Նույն տեղում, էջ 264—265։
[էջ 99]
Այս հաղթանակից հետո սուլթանը իր հետ մայրաքաղաք տարավ գերեվարված մեծ թվով արհեստավորների և գիտնականների, գերազանցապես հայերից։
Չնայած բարոյական ծանր հարվածին, Ուզուն Հասանը չէր ընկճվել և Վենետիկին ուղղած իր նամակում հայտնում էր, որ նա կրկին հարձակվելու է օսմանցիների վրա՝ նրանց ոտնատակ է անելու ձիերի սմբակների տակ117։
Անտեղյակ Ուզուն Հասանի կրած պարտությունից, Վենետիկի նավատորմը ռմբակոծում է Կիլիկիայի առափնյա շրջանները, մասնավորապես Ատտալիան, որից հետո իտալացիները կատարում են ափհանում118, սակայն Ուզուն Հասանի նկատմամբ օսմանցիների հաղթանակի լուրը նրանց ստիպում է հետ քաշվել դեպի Կիպրոս։
1477 թ.. պատրվակ բռնելով, որ թուրքերի դեմ մղված պատերազմի ժամանակ վրացիներն իրեն չէին օգնել Ուզուն Հասանը պատերազմ սկսեց Վրաստանի դեմ։ Այդ մասին դարձյալ, որպես ականատեսներ, վկայում են Բարբարոն և Անջիոլելլոն119։ Ուզուն Հասանը ցանկանում էր, գրում է Անջիոլելլոն. «կողոպտել Վրաստանը, որովհետև վրացիները օգնած չէին իրեն թուրքի (սուլթանի) դեմ մղված պատերազմում։ Ւրենց սովորության համաձայն, նախ նա ուղարկեց իր թեթև հեծելազորը, մոտավորապես հինգ հագար հոգի, որոնք իրենց առաջխաղացման ընթացքում կտրտեցին ու այրեցին անտառները, որովհետև նրանք պետք էր որ անցնեին լեռներից ու ընդարձակ անտառներից։ Երկու օրվա ճանապարհորդությունից հետո մենք հասանք՝ մի բերդ Թիֆլիս անունով, որ լքված էր, և մենք գրավեցինք առանց դիմադրության։ Եվ առաջանալով Գորի (Gori) և շրջակա այլ տեղերը, նա կողոպտեց և նույնպես ոտնակոխ արեց շրջակա երկրի մեծ մասը»120։ Ստանալով ռազմատուգանք և իրեն պահելով Թիֆլիսը, Ուզուն Հասանը հաշտություն է կնքում վրաց ղեկավարների հետ ու վերադառնում Թավրիզ121։
1478 թ. հունվարի 6-ին Ուզուն Հասանը մահանում է և երկրում նրա ժառանգների միջև բռնկվում են ներքին երկպառակություններ ու համառ մարտեր։ Ի վերջո՝ Կարակոյունլուների գահն է բարձրանում սուլթան Յաղուբը (1478—1490)։
Գահակալական կռիվների ժամանակ Թավրիզում Մեհմեդ Ֆաթիհի դեսպան Ռուստամ բեգը իր 1478 թ. հոկտեմբերի 5 թվակիր նամա-
_____________________________
117 V. Minorsky, էջ 15։
118 J, Hammer, III, էջ 175, 179։
119 Հովհ. Հակոբյան, Ուղեգրություններ, հ. Ա, էջ 204—205, 267—268։
120 Նույն տեղում, էջ 267—268։
121 Նույն տեղում, էջ 268։
[էջ 100]
կում իր տիրակալին հորդորում էր հարձակվել ակկոյունլուների պետության վրա և ոչնչացնել այն։ «Ձերդ մեծության համար ամենաբարենպաստ պահն է մի մեծ բանակի գլուխ անցած արշավանք ձեռնարկել մի երկրի վրա, որը բզկտված է ներքին կռիվներով»122։ 20 հոկտեմբեր թվակիր պատասխան նամակում, Մեհմեդ Ֆաթիհը նպատակահարմար էր գտնում հետաձգել արշավանքը մինչև որ «...խաղաղություն հաստատվի իմ (նվաճած) երկրներում»123։
Յաղուբի գահակալության տարիներին գնալով ուժեղանում են Արդեբիլում հաստատված ու շիա դավանանքին պատկանող Սեֆյան տոհմի ներկայացուցիչները։ Այս ժամանակներում տոհմի ավագանին էր շեյխ Հայդարը՝ Ուզուն Հասանի փեսան, որը մի մեծ բանակի գլուխ անցած արշավում է Շիրվան, գրավում Շամախին և քաղաքը մատնում հրի ու սրի։ Սակայն շուտով Յաղուբի օգնական զորքով Շիրվանշահ Ֆարրուխ Յասարը հարձակվում է Հայդարի վրա, պարտության մատնում նրան և Սեֆյանների ներկայացուցիչը ճակատամարտում սպանվում է։ Այս դեպքերի մասին հայերեն ձեռագրերի հիշատակարաններից մեկում ասված է. «...Որ և ժողովեաց յայսմ ամի (մեծ սօֆի Արտաւել քաղաքին) արն իբրև ԽՌ (40.000), և գնացեալ խաբեութեամբ եմուտ ի Շամախի) և զամենեսեան որ ի ձեռն էած ի քրիստոնէից և ի տաճկաց զարս և զկանայս սրով կոտորեաց, և զքաղաքն ամենայն հրով այրեաց կումաշօքն և որ ինչ էր ի նմա... Զոր գոյժ արկեալ տէրն Շամախու ի Թաւրէզ առ Փատիշահ փեսայն իւր Աղաւալ (Աղուպ) և ծանոյց նմա, և նա յուղարկեաց զիշխանն մեծ Սուլեման՝ բազում զօրօք, որ գնացեալ ջանիւ մեծաւ մարտեան և յաղթեալ կոտորեցին առ հասարակ զամենեսեան, և յինքեանց ևս շատք մեռան»124։
Ակկոյունլուների գահին բազմած Յաղուբ բեգի մահանալուց հետո երկրում ծայր են առնում նոր գահակալական երկպառակություններ ու կռիվներ, որոնք տևում են երեք տարի։ Գահն անցնում է Ուզուն Հասանի թոռ Ռուստամի (1493 —1496) ձեռքը, որի ժամանակ ակկոյունլուների պետությունը գնում է դեպի վերջնական անկում։ 1496 թ. բռնկվում են նոր գահակալական կռիվներ։ 1499 թ. Թավրիզում իշխանությունն անցնում է Ալվանդի ձեռքը։ սակայն գահին հավակնում էր նաև Իրանի հարավային մասում և Իրաքում հաստատված Մուրադը։ Այս խառնակ իրավիճակից օգտվեցին Արդեբիլի Սեֆյանները, որոնք հենվելով Իրանում հաստատված շամլու, ռումլու, ուսթաջլու, թեքելու, աֆ–
_____________________________
122 Histoire de Méhémet II, sec. partie, էջ 116։
123 Նույն տեղում, էջ 121։
124 Ղ. Ալիշան, Հայապատում, էջ 586—587։
[էջ 101]
շար, կաջար, զուլքադար թյուրքախոս ցեղերի վրա, կարողացան Իրանում հաստատել իրենց նոր՝ Սեֆյան հարստությունը։ Այս քաղաքական իրադարձությունների մասին եվրոպացի հեղինակների, մասնավորապես իտալացի հեղինակների (Ջիովաննի Անջիոլելլո, Անանուն իտալացի վաճառական, Ռոտա և այլն) մոտ կան հետաքրքիր վկայություններ։ Առավել ուշագրավ են Ռոտայի հաղորդածները։ Համաձայն Ջ. Անջիոլելլոյի125, ինչպես և մի քանի այլ աղբյուրների, Սեֆյան պետության հիմնադիր Իսմայիլին Թավրիզի տիրակալ Ռուստամի հալածանքներից պատսպարել են Աղթամար կղզում, սակայն այս վկայությունը չի հաստատվում արևելյան աղբյուրներով։ Այլ վկայություն է հաղորդում նաև քաջատեղյակ Ռոտան։ Սակայն լսենք Ջ. Անջիոլելլոյին։ «Ռուստանը (պետք է լինի Ռուստամը —Մ. Զ.) թշնամու պարտության լուրը առնելով անմիջապես մարդ ուղարկեց Արդաբիլ բռնելու նրա կնոջը և երեք որդիներին, և ցանկանում էր նրանց մահվան դատապարտել, բայց մի քանի իշխանների հաճելի լինելու համար, ազատեցին նրանց, սակայն պահեցին նրանց Աղթամարի (Astumar) լճի մի կղզում, ուր բնակվում են հայ քրիստոնյաներ»126։ Ռուստամը մարդիկ է ուղարկում Աղթամար և պահանջում է Իսմայիլին իրեն հանձնել, սակայն հայ քահանաները նրան Ղարաբաղ են փախցնում և այնտեղ Իսմայիլը մնում է հինգ տարի և նրա մասին «ոչ ոք ոչինչ չլսեց»127։ Կատերինա Զենոն մի քիչ այլ կերպ է ներկայացնում այս դեպքերը։ Նա ակկոյունլու տիրակալին անվանում է ոչ թե Ռուստամ, այլ Ալամուր։ Շեյխ Հայդարի որդիները, գրում է նա, իրենց անձի ապահովության համար դիմեցին փախուստի, մեկը Անատոլիա, մյուսը՝ Հալեպ, երրորդը հայ քրիստոնյաներով բնակեցված Աղթամար կղզին, այստեղ մնալով չորս տարի։ Այդ մասին Պարսկաստանում ոչինչ չգիտեին։ Հայ քահանաների մոտ պատսպարված պատանին, որը տասներեք տարեկան էր՝ կոչվում էր Իսմայիլ, որը, հիրավի, ուներ արքայական կեցվածք։ Տասնութ տարեկան հասակում, Իսմայիլը Աղթամարից սկզբում մեկնեց Ղարաբաղ, այնուհետև Գիլան՝ իր հոր բարեկամներից մեկի տունը128։
Ռոտայի տեղեկությունները համընկնում են արևելյան աղբյուրների հաղորդածներին, ուր մասնավորապես ասված է, որ Իսմայիլը
_____________________________
125 Հովհ. Հակոբյան, Ուղեգրություններ, հ. Ա, էջ 271։
126 Նույն տեղում։
127 Նույն տեղում, էջ 272։
128 Նույն տեղում, էջ 273։
[էջ 102]
«...փախստական էր ու աքսորված իր Արդեբիլ քաղաքից ու գտնվում էր Լահիջան (Գիլանի նահանգ) քաղաքում Կասպից ծովի մոտ»129։
1500 թվականին Իսմայիլը հարձակվեց Շիրվանշահի պետության վրա, իր հոր՝ Հայդարի, վրեժը տեղի տիրակալ՝ Ֆառուխ Յասարից առնելու նպատակով։ Շամախու մոտ տեղի ունեցած ճակատամարտում Ֆառուխ Յասարը պարտություն է կրում և գերի ընկնում Իսմայիլի ձեռքը, որը «...խնայեց նրա կյանքը և գրավելով քաղաքը, մեծ նվերներ տվավ իր զինվորներին»130։ Իսմայիլն առատաձեռնության միջոցով շուտով իր կողմն է գրավում մեծ թվով համախոհներ։ «Նրա առատաձեռնությունը իր մարդկանց հանդեպ, դարձրել էր նրանց անձնվեր իր վերաբերմամբ և գրեթե անհավատալի թվով մարդիկ միացան նրան, և այսպես մոտ քառասուն հազար մարդ ունենալով իր հրամանի տակ, նա վճռեց շարժվել Թավրիզի վրա»131։ Նրա առատաձեռնության մասին է խոսում նաև անանուն վաճառականը։ Գրավելով Գիլանում գտնվող Մահմուդաղար կոչեցյալ ամրոցը, գրում է նա, «Իսմայիլը անսահման գանձ գտավ քաղաքում, որը բաժանեց իր մարդկանց մեջ, ոչինչ չպահելով իր համար։ Եվ այսպես նրա համբավը տարածվեց ամեն կողմ, թե Շեյխ Հայդարի որդի Իսմայիլը գրավել է այս գեղեցիկ բերդը, և ինչ որ գտել է այնտեղ բաժանել է իր ընկերակիցներին»132։ «Նա այնքան շատ ազատամիտ է, — կարդում ենք Ռոտայի մոտ, — որ եթե կարելի է այդպես ասել, չի հավաքում ոչ ոսկի և ոչ էլ հարստություն և արժեք չի տալիս դրանց, այլ բաժանում է դրանք այնպես, որ բոլոր մարդիկ մնում են զարմացած և կան անձինք, որոնք մտածում են, որ նա (Իսմայիլը) տեղյակ է հողի տակ թաքնված գանձերին»133։
Ինչպես արդեն նշվեց, այդ էր պատճառը, որ նա դեռ երիտասարդական հասակում, Ռոտայի վկայությամբ, իր պալատականների և հպատակների կողմից պաշտվում է, որպես մարգարե134։ «Ժողովրդի հարգանքն ու սերը թագավորի հանդեպ... անհավատալի է, որովհետև նրանք պաշտում են նրան ոչ իբրև թագավորի, այլ որպես աստու-
_____________________________
129 Raphael du Mans. .appendice. p, 265. Ադամ Օլեարիուսը, հենվելով
արևելյան աղբյուրների վկայության վրա, նույնպես նշում է, որ շահ Իսմայիլը «...թաքնված
էր Գիլանի նահանգի իշխաններից մեկի մոտ („ Voyages d’Adam Oléarius‘‘, 1 էջ 613-614)։
130 Հովհ, Հակոբյան, Ուղեգրություններ, հ. Ա, էջ 275։
131 Նույն տեղում։
132 Նույն տեղում, էջ 318։
133 Raphael du Mans. appendice, էջ 264։
134 Նույն տեղում, էջ 264 — 265։
[էջ 103]
ծո»135,— գրում է իտալացի Վինչենցս դ’Ալեսանդրին։ Ժ. Շարդենը գրում է, որ կզլբաշները հավատում էին, թե «հենց ինքը Աստվածն է խոսում նրա բերանով»136։ Եվ վերջապես, ինքը՝ շահ Իսմայիլը, մի բանաստեղծության մեջ իր մասին գրում էր, որ «ինքն է բացարձակ Առաքյալը... և սեժտան (աստուծուն ուղղված աղոթքը) իրեն են պարտական»137։ Մի այլ բանաստեղծության մեջ, շահ Իսմայիլն իրեն պարզապես համարում է «Ալի»։ «Ես իրականության աստվածն եմ, ես աստուծուց եմ գալիս, ես տասներկու իմամներից մեկն եմ, ես կնվաճեմ աշխարհի չորս ծագերը, ես Ալիի հզորության խտացված արտահայտությունն եմ»138։
1501 թ. աստվածացված Իսմայիլն իր զենքն ուղղեց ակկոյունլուների պետության ներկայացուցիչ Ալվանդի դեմ և Նախիջևանի մոտ գտնվող Շարուրում վճռական ճակատամարտում պարտության մատնեց նրան, գրավեց Թավրիզը և իրեն հռչակեց շահնշահ։ Հաջորդ տարին նա հարվածեց նաև Իրանի հարավում և Իրաքում հաստատված Յաղուբ սուլթանի որդի Մուրադին, դառնալով ընդարձակածավալ երկրի տիրակալը։ Այս իրադարձությունների մասին եվրոպացի հեղինակների մոտ կան ընդարձակ վկայություններ։
1502—1507 թվականների ընթացքում շահ Իսմայիլը գրավում է պատմական Հայաստանի մեծագույն մասը՝ հարևան դառնալով օսմանյան պետությանը և եգիպտական սուլթանի տիրույթներին։ Կոտրելով քուրդ բեգերի, մասնավորապես Բիթլիսի Շարաֆ խանի դիմադրությունը, շահ Իսմայիլն իրեն է ենթարկում նաև ողջ Քրդստանը։ Քրդերի համառ դիմադրությունը շահ Իսմայիլին բացատրվում է նրանով, որ քրդերի մեծագույն մասը սուննիներ էին, «բոլոր քուրդերը ավելի ճշմարիտ մահմեդական են, — կարդում ենք անանուն վաճառականի մոտ, — քան Պարսկաստանի մյուս բնակիչները, քանի որ պարսիկներն ընդունել են սեֆևվի վարդապետությունը, մինչ քուրդերը ընդունած չեն այդ, և թեև նրանք կրում են կարմիր գլխաշոր (caftan), սակայն իրենց սրտում մահացու ատելություն ունեն նրանց հանդեպ»139։
_____________________________
135 Հովհ. Հակոբյան, Ուղեգրություններ, հ. Ա, էջ 346։
136 J. Chardin, V, էջ 233։
137 V. Minorsky, The middle East in western polities in the 13th,
14th and 15th centuries. — Journal of the Royal asiatic society of Great Britain
and Ireland. London, օct., 1940, t. XVII, p. 450.
138 Irène Mélikoff. Le problème kizilbas. — „Turcica‘‘ Revue des
études turques, t. VI, Paris-Strasbourg, 1975, p. 58.
139 Հովհ. Հակոբյան, Ուղեգրություններ, հ. Ա, էջ 298։
[էջ 104]
Շահ Իսմայիլն այնքան է հզորանում, որ Ռոտայի բառերով ասած, «...այնպիսի մի հզոր պետություն, ինչպիսին թուրք (սուլթանինն) է, վախենում է շահ Իսմայիլից»140: Հիրավի, թուրքական սուլթանը վախենում էր ոչ միայն Սեֆյան Իրանի ռազմական հզորացումից, այլև Փոքր Ասիայում շիա վարդապետության տարածումը լուրջ վտանգ էր սպառնում Օսմանյան պետությանը։ «Հռչակավոր Սոֆին, — կարդում ենք դարձյալ Ռոտայի մոտ, — այն աստիճան հզորացավ ու ընդարձակեց իր տարածքը, որ նրան շրջապատող հարևան շատ երկրներից ու վայրերից իր շուրջն էին համախմբվում մեծ թվով ներկայացուցիչներ իր հավատակիցներից։ Եվ դրա պատճառն այն էր, որ իրենց (սրբազան) գրքերում ասված էր, գալու էր իրենց հավատից մի նոր մարգարե, որը պիտի հզորանար ու բարձրանար, մինչդեռ ուրիշները պիտի ոտնատակ լինեին, թուլանային և կործանվեին»141։
Շահ Իսմայիլի հեղինակությունն Իրանում ու Փոքր Ասիայի տարածքի շիաների մոտ այնքան մեծ էր, այնուհետև կարդում ենք Ռոտայի մոտ, որ նրա բանակը կազմված է կամավորներից, որոնք ծառայում էին առանց ռոճիկի և պատրաստ են պայքարելու «անհավատների», այսինքն սյուննիների դեմ142։ «Եվ այս պատճառով, — գրում է իտալացի հեղինակը,—Ասիայի բոլոր անկյուններից նրա մոտ են շտապում ամեն տեսակի մարդիկ իրենց ունեցվածքով և ընտանիքով, եթե, իհարկե, նրանք չեն ձերբակալվում ու հետ վերադարձվում իրենց իշխանների կողմից, ինչպես դա արեց սրանից վեց-յոթ տարի առաջ Թուրքիայի թագավոր Բայազետը, որը լսելով շահ Իսմայիլի օրավուր աճող հռչակի տարածումը, նրա ռազմական հզորության մեծացումը Անատոլիայից ու Թուրքիայից թվով տասը հազար նրա կողմնակիցներին ձերբակալել տվեց ու խարանեց դեմքը, որպեսզի նրանցից յուրաքանչյուրը անմիջապես ճանաչվի և նրանց աքսորեց Ռումելի»143։
Նպատակ ունենալով, ինչպես դա անում էր մի ժամանակ Ուզուն Հասանը, դաշինք կնքել եվրոպական պետությունների հետ, ինչպես այդ մասին վկայում է դարձյալ Ռոտան, նա Արևմուտք ուղարկեց հա-
_____________________________
140 Raphael du Mans, appendice, էջ 269։ Ռոտան, նշելով, որ «Շահ
Իսմայիլը այնպիսի խորությամբ է ատում հրեաներին. որ ամենուր, ուր հանդիպում է
նրանց, փորել է տալիս նրանց աչքերը ու բաց թողնում», շարունակում է. «Սակայն
նա առավել հալածում է թուրքերին, քանզի բոլոր նրանց, ովքեր ընկնում են նրա ձեռքը
առանց բացառության տանջամահ է անում, և խորտակել է տալիս նրանց տաճարներն ու
մզկիթները» (նույն տեղում, էջ 274)։
141 Նույն տեղում, էջ 267։
142 Նույն տեղում։
143 Նույն տեղում։
[էջ 105]
տուկ պատվիրակություն։ Մյուս կողմից Թուրքիայի դեմ պայքարում նա հպատակ հայերին սիրաշահելու համար, ինչպես արդեն տեսանք,բարյացակամ վերաբերմունք է ունեցել նրանց նկատմամբ։ Ռոտայի վկայությունները հայերի նկատմամբ Իսմայիլի բարյացակամ վերաբերմունքի մասին հաստատվում են հայկական աղբյուրներով։ 1506թ. գրված մի հիշատակարանում Թադեոս գրիչը Խիզանից հաղորդում է հետևյալ ուշագրավ վկայությունները. «...Շահ Սմայիլ ելաւ ի մահմեդական յազգէն և եղև քակտումն թուրքաց ազգին (սուննիներին— Մ.Զ) և պղտորումն եղև յարևելից մինչև ի շամբատունն։ ԵԼ զԹաւրէզ քաղաքն քակեաց և զվաղուց փտեալ ոսկերս պարոնացն՝ եհան և այրեաց հրով, և զմսկիթն ամենայն արար փութկայս և զմընարէքն քակեաց մինչև յատակս... եւ եկաւ ի Խոյ և շինեաց նոր թաղթ և կոչեաց առ ինքն զկաթողիկոսն և ասաց, լսել եմ թէ յԵրուսաղեմ լոյս ելանէ ասէ այո, ասէ շահն աղօթս արարէք՝ որ ես երթամ տեսնամ, և վերացոյց քահանայիցն զգլխադրամն զորոյ զվճարն Աստուած գիտէ»144։ 1514 թ. մի այլ հիշատակարանում Մարտիրոս գրիչը հայտնում է, որ շահ Իսմայիլը պաշտպանում էր քրիստոնյաներին ու հանդես էր գալիս սուննիների դեմ145։
Շահ Իսմայիլի հզորության առաջ ունեցած վախից դրդված, սուլթան Բայազետը թույլ տվեց շահ Ւսմայիլին 1507 թ. Կարամանիայի տիրակալ Ալաուդդեվլեյի դեմ արշավանքի ժամանակ անցնել օսմանյան տարածքով։ Ալաուդդեվլեն եվրոպական բոլոր աղբյուրներում անվանվում է հայերի, Հայաստանի թագավոր։ Դա, գուցեև, բացատրվում է այն հանգամանքով, որ Կարամանիայում և նրա սահմանների մեջ մտնող Կիլիկիայում հայերն առաջվա նման կազմել են բնակչության զգալի մասը։
Բայազետ 2-րդի սուլթանության տարիներին օսմանյան պետության և Եգիպտոսի մամլյուկների միջև ծայրահեղորեն սրվել էին հարաբերությունները Կիլիկիայում և Կարամանիայում գերիշխանություն հաստատելու նպատակով146։ Դեռ 1486 թ. թուրքական զորքերը պարտություն կրելով եգիպտացիներից, վերջիններիս հանձնեցին Ադանան
_____________________________
144 Շահ Իսմայիլի Հունգարիա ուղարկած պատվիրակությունը Կ. Պոլսում
ձերբակալվում ու սպանվում է։ Կզլբաշների առաջնորդը մտադրվել էր դիմել նաև եվրոպական
մյուս պետությունների ներկայացուցիչներին, սակայն հանդիպել է անհաջողության (տե՛ս
նույն տեղում, էջ 275)։
145 Մատենադարան,ձեռ.№ 4515, էջ 259։
146 Այդ մասին մանրամասն տ ե՛ս Fischer Տ. W, The foreign relations
of Turkey 1481-1512. Urbana, 1948.
[էջ 106]
և Տարսոնը147։ Կատաղած Բայազետը Կարամանիա ուղարկեց նոր բանակ՝ մեծ վեզիր Դաուդ փաշայի գլխավորությամբ։ Երբ մեծ վեզիրի զորքերը մոտեցան Կարամանիային, ապա այստեղի տիրակալ Ալաուդդեվլեն նրան խորհուրդ տվեց հարձակվել եգիպտացիների հենարանը հանդիսացող վարսակ ցեղերի դեմ, որը և կատարվեց։ Մեծ վեզիրը հրով ու սրով իրեն ենթարկեց այդ ցեղերի զբաղեցրած տարածքը148։ Հաջորդ տարիներին թուրքերի և եգիպտացիների միջև Կիլիկիայի և Կարամանիայի համար պատերազմն ընթացավ փոփոխակի հաջողություններով։ Եթե զուլքադարյան թուրքմենական ցեղին պատկանող Ալաուդդեվլեյին պաշտպանում էր թուրքական սուլթանը, ապա նրա եղբորը՝ Բուդակին, որը նույնպես հավակնում էր գահին, Եգիպտոսը։ Սակայն, նկատի ունենալով Կիլիկիայի և Կարամանիայի ռազմաստրատեգիական նշանակությունը, իր քաղաքական հզորության գագաթնակետին հասած Սեֆյան Իրանը 1507 թ, նույնպես ներկայացրեց իր հավակնությունը։ Ջ.Անջիոլելլոն հետևյալ կերպ է ներկայացնում շահ Իսմայիլի դեպի Կարամանիա արշավելու դրդապատճառները. «Սոֆին (Իսմայիլը) իր իշխանության ներքո ուներ Դիարբեքերի երկիրը, այսինքն Ուրֆա(Orfa), Մերդին(Maredin) և Հիսնքեյֆ (Arsunchief) և ուրիշ տեղերը, և լսելով, որ Աբնադուլաթ (Abnuduleit) (Ալլա-եդ-Դուլե) շարունակաբար ավերում ու կողոպտում էր այդ երկրամասը և գրավել է Խարբերդ (Cartieberd) քաղաքը և իր որդիներից մեկին դրել այնտեղ, որոշեց մի արշավանք կատարել այս Ալլա-Էդ-Դուլեյի դեմ, քանի որ այս վայրերը միշտ եղել են Պարսկաստանի իշխանության տակ, մինչև որ այս Ալլա-էդ-Դուլեն Յաղուբի (Jacob) մահից հետո, գրավել էր այս տեղերը, այն միջոցին, երբ Պարսկաստանը անիշխանական վիճակումն էր։ Հետո, հավաքելով յոթանասուն հազար հոգի, նա առաջացավ դեպի Երզնկա (Arsingan) մի գեղեցիկ քաղաք Տրապիզոնի և Անատոլիայի (Natolia) սահմանի վրա»149: Այնուհետև Ջ.Անջիոլելլոն ընթերցողներին է պատմում շահ Իսմայիլի դեպի Կարամանիա կատարած արշավանքի ընթացքը։ Երզնկայից, ասում է նա, շահ Իսմայիլը գնաց «...Կեսարիա, մի քաղաք, որ պատկանում է օսմանյան պետությանը... Այս քաղաքում նա մնաց չորս օր, և ապա առաջացավ դեպի Ալբիստան (Alboustan), զետեղված մի գետի (Ջիհան) վրա և գեղեցիկ դաշտում, որ պատկանում է Ալիդոլիին։ Այստեղից Մարաշ (Maras)
_____________________________
147 J. Hammer, IV, էջ 19։
148 Նույն տեղում, էջ 20—24։
149 Հովհ. Հակոբյան, Ուղեգրություններ, հ. Ա, էջ 279։
[էջ 107]
երկու օրվա ճանապարհ է և Ալբիստանի երկիրը այցելելուց հետո, առաջացավ Մարաշ։ Բայց Ալիդոլին անհետացել էր, և քաշվել էր լեռների ամրոցները... Իսմայիլն ավերեց ու կողոպտեց երկիրը և կոտորեց բազմաթիվ զինվորների, որոնք երբեմն-երբեմն լեռներից իջնում էին հարձակվելու համար սեֆեվիների վրա, բայց որոնք հայտնաբերվում էին նրա պահակների և երկրի ժողովրդի կողմից։ 1507 թ. հուլիս ամսումն էր, որ Իսմայիլ մտավ Ալիդոլիի երկիրը և այնտեղ մնաց մինչև նոյեմբերի կեսերը։ Հետո, ձյունի ու ցուրտի պատճառով, որոշեց վերադառնալ Պարսկաստան»150։
_____________________________
150 Նույն տեղում, էջ 280։
Լրացուցիչ տեղեկություններ |
Աղբյուր՝ Զուլալյան Մ., Հայ ժողովրդի XIII—XVIII դարերի պատմության հարցերը
ըստ եվրոպացի հեղինակների.- Եր. ՀՀ ԳԱ հրատ., 1990. |
Տես նաև |
|