ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Մանվել Զուլալյան

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ XIII-XVIII ԴԱՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ ԸՍՏ ԵՎՐՈՊԱՑԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ

Previous | Բովանդակություն | Next

[էջ 293]

XI

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԹԱԳԱՎՈՐԻ ՆԱՄԱԿԸ. ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻ ՇԱՀԻՆ

23 հունիսի 1667 թ.

Ամենաբարձր, ամենասքանչելի, ամենահզոր, ամենավեհ և անպարտելի Իշխան, Պարսկաստանի կայսրին

Ամենաբարձր, ամենասքանչելի, ամենահզոր, ամենավեհ և անպարտելի իշխան, հայր Մաթյոն, սուրբ դոմինիկյան միաբանության վանահայրը Մեծ Հայքում՝, Նախիջևան գավառի հայ կաթոլիկների կողմից մեզ մոտ էր ուղարկվել որպես պատվիրակ, հիշեցնելու համար այն պաշտպանության մասին, որ Պարսկաստանի հիշարժան և փառք վայելող հանգուցյալ կայսեր կողմից նրանց խոստացվել էր իր կենդանության օրոք, և դա արվել էր մեր խնդրանքով։ Մենք, կարծում եմ, նեղություն չպատճառեցինք Ձերդ Բարձրությանը՝ հիշեցնելով այդ մասին։ Դուք երջանկություն ունեցաք հաջորդելու գահին և պետությանը և, անշուշտ, բոլորովին չէիք կասկածում, որ դրա հետ մեկտեղ պիտի նաև ժառանգեիք այդ մեծ իշխանի բոլոր առաքինություններն ու մտերիմ կապերը, քանզի նա ընդունում էր, որ կայսրությունները պահպանվում են հիմնականում արդարության միջոցով և դա իր կողմից իրագործվեց նաև վերոհիշյալ կաթոլիկների նկատմամբ, նրանց օգտին հրապարակելով մի հրովարտակ, որով նա թույլ էր տալիս նրանց եկեղեցու ծոցը վերադարձնել բոլոր նրանց, ովքեր ուրացել էին կաթոլիկական հավատը, և եթե որևէ մեկը համառում էր մնալ իր նախկին սխալ ուղու վրա, նա զրկվում էր այն իրավունքից, որից օգտվում էր առաջ (երբ կրոնափոխ էր եղել), վերցնելու և սեփականացնելու իր ընտանիքի ամբողջ ունեցվածքը։ Բացի այդ, այդ նույն հրովարտակով արգելում էր այդ կաթոլիկներից արտակարգ տուրքեր վերցնել, հիշեցնելով հարկահավաքներին, որ նրանք բավարարվեն այն չափով միայն, որքան վերցնում էին մինչև հրովարտակի հրապարակվելը և ոչ մի դեպքում դրանք չբարձրացնեն։

Նույն նկատառումները, որոնք մղեցին Պարսկաստանի հանգուցյալ կայսրին հրապարակելու տվյալ հրովարտակը, անշուշտ, բավական են, որպեսզի Ձերդ Բարձրությունը կյանքում իրագործի դա։ Չնայած վերոհիշյալ կաթոլիկները վստահ են Ձերդ Բարձրության արդարությանը, այնուամենայնիվ, մենք մտածեցինք, որ ավելի հարմար կլիներ նաև մեր կողմից հիշեցնել այդ մասին, ինչպես որ անում ենք ներկա գրությամբ, և մենք երախտապարտ կլինենք այն լավ վերաբերմունքի համար, որ կցուցաբերեք վերոհիշյալ կաթոլիկների նկատմամբ։ Այդ հույ-

[էջ 294]

սով էլ Մենք ուզեցինք Ձերդ Բարձրությանը իրազեկ դարձնել այն մասին, որ մենք իսկապես հետաքրքրվում ենք այդ կաթոլիկների արտոնություններով և մենք մեծ սիրով կպահպանենք այն բոլոր ողորմածությունների հիշատակը, որ նրանք կստանան Ձերդ Բարձրությունից, ինչպես նաև մեր երախտապարտ լինելու բոլոր նշանները ցույց կտանք, եթե նա ցանկանա նրանց նկատմամբ ցուցաբերել նույն հարգանքը, որ նախկինում իրագործում էր Պարսկաստանի հանգուցյալ կայսրը, որը վերոհիշյալ Նախիջևան գավառի կառավարումը վստահել էր միմիայն իրեն կամ իր Տան իշխաններից մեկին։ Եվ մենք կաղոթենք աստծուն, որ ամուր պահի Ձերդ Բարձրության գահը և որ նա ամենաբարձր, ամենասքանչելի, ամենահզոր, ամենավեհ և անպարտելի Իշխանիդ ավելացնի Մեծությունը երջանիկ ապագայով հանդերձ։

Գրված է Տուրնեի բանակատեղիում, հունիսի 23-րդ օրը, 1667 թ.

Ձեր շատ սիրելի և լավ բարեկամ

Լուդովիկոս:

P. Raphael du Mans. Op. cit., pp. 321-322.

XII

ՌԱՖԱՅԵԼ ԴՅՈԻ ՄԱՆԻ ՆԱՄԱԿԸ ԴԵ ԿՈԼԲԵՐԻՆ

20 օգոստոսի 1670 թ.

Ձերդ պայծառափայլություն,

Սուրբ հայր Օնորե դ´Օքսեռի 1670 հունվարի 18-ի նամակով ինձ տրված հրամանների հիման վրա ես Ձեզ գրում եմ իմ քսանչորս տարվա բնակավայրի՝ Պարսկաստանի ներկայիս վիճակի մասին, ինչպես նաև Հնդկաստանի մասին, այնքան, որքան որ հնարավոր է իմանալ և՛ ներկայի՝ ժամանակավորի, և´ հոգևորի մասին, և որպեսզի կարողանամ քիչ թե շատ Ձեզ գոհացնել, ես ստիպված եմ մի քիչ ավելի հեռվից սկսել։ Առաջին եվրոպացիները, որոնք շրջանցելով Հրվանդանը մուտք են գործել Հնդկաստան և ապա Պարսկաստան, եղել են պորտուգալացիները, որոնք աստծու փառապանծ ողորմածությամբ և կրոնի շնորհիվ կարողացել են ընդարձակել իրենց նվաճումները և առևտուրը Հնդկական օվկիանոսի ափերի երկարությամբ և այդ վայրերում հիմնել բազմաթիվ գաղութներ, որոնք որքան ժամանակ հաստատակամորեն հետևել են աստծու պաշտամունքին և իրենց կյանքում եղել են

[էջ 295]

բարեպաշտ ու բարեհոգի, նրանք ծաղկել են ժամանակավոր գերիշխանության ներքո։ Ներկայումս, արդեն ութսուն տարի է, ինչ Պ որտուգալիայի թագավորը այստեղ՝ Սպահանում հիմնադրել է Ավգուստինյանների տուն՝ իր հպատակների ծառայության և սպասարկման համար, նրանց համար, ովքեր առևտրով էին զբաղվում։ Մի քանի տարի անց Պարսկաստանն իրեն ճանաչել է տալիս օտարերկրացիների մոտ՝ շնորհիվ նրանց նկատմամբ Շահ Աբաս Առաջինի լավ վերաբերմունքի. նա ամեն գնով ուզում էր ֆրանկների հետ դաշնակցել, և դա էլ պատճառ եղավ, որպեսզի Պապի նամակներով իտալացի սուրբ Կարմելիտ հայրերը ժամանեն այստեղ՝ որպես միսիոներներ բնակվելու համար, այդ ձևով միանալով այստեղ գտնվող բոլոր՝ ֆրանսիացի, լեհ, գերմանացի, կրոնավորներին։ Երբեմն, նրանք բոլորն ապրում էին մի բնակարանի մեջ, բայց տարբեր ազգությունների էին և խոսում էին տարբեր լեզուներով։ Նրանց առաքինությունն ավելի բարձր մակարդակի էր, քան այն համակրանքը, որը, բնականաբար, առկա է տարբեր ազգությունների միջև՝ անկախ նրանից, որ նրանք նույն ձևի հագուստ են հագնում և նույն մասնագիտության տեր մարդիկ են։ Այնուհետև ֆրանսիացի կապուցինները, որոնք քառասուն տարուց ի վեր իրենց միսիաները տարածել են ամբողջ Թուրքիայով մեկ և հասել են մինչև Սպահան՝ մեր մեծ թագավորի անվան հեղինակության և նամակների շնորհիվ, իսկ իրենց տունն ու եկեղեցին կառուցեցին Շահ Սաֆիի օրոք, որը թույլ տվեց դա անել գեղեցիկ արտոնագրերի միջոցով, որոնք և մինչև օրս պահպանվում են մեզ մոտ։ Մոտ տասնվեց տարի առաջ, հանգուցյալ Շահ Աբաս թագավորի օրոք, Լեհաստանի թագուհու կողմից հովանավորվելով, իրենց բնակությունը հաստատեցին նաև Հեսուսյան (ճիզվիտ) սուրբ հայրերը, որոնք բնակության համար վայր ընտրեցին Սպահանի արվարձաններից մեկը՝ Ջուլֆան։ Սրանք, ինչպես նաև Կարմելիտ սուրբ հայրերը, փոխադարձաբար իրար օգնում էին իրենց միսիաների մեջ՝ անկախ իրենց ազգությունից, այնպես որ Սպահանի պատերի տակ գտնվում են երեք եկեղեցիներ՝ Ավգուստինյաններինը, Կարմելիտներինը և Վեղարավորներինը (Կապուչիններինը)։ Ժամանակի ընթացքում, երբ պորտուգալացիների ապրելակերպն աստիճանաբար սկսում է այլ բնույթ ստանալ, երբ բարեպաշտությանը, փութաջանությանը, ազնվությանը գալիս են փոխարինելու արատավոր երևույթները՝ զվարճություններ, կանայք, ամոթալի հեշտասիրություններ, թունավորումներ, ինչպես Եվրոպայում է՝ զեխություն, վրեժխնդրություններ, խանդ, սպանություններ, վերազարթնող ու մահացու թշնամանքներ՝ այս ազգի մեջ, որն արդեն կիսով չափ պատվաստվել է փչացած արյունով՝ մի մասը օրինական ամուսնություններով, մի մասն էլ անօրինական, ուստի երկնային արդարությունն։

[էջ 296]

այնպես արեց, որ հոլանդացիների ձեռքից բռնած տարավ և ցանկացավ հաշվեհարդար տեսնել այդ արհամարված ազգի նկատմամբ։ Եվ որպեսզի այդ ձեռքի հզորությունը յուրաքանչյուրի համար ավելի զգալի լինի, սկզբում նա այստեղ բերեց այնքան փոքրիկ ու աղքատիկ մի նավ, որ Սուրաթում նրա հրամանատարը, չկարողանալով ոչ մի տեսակի առևտրական կապերի մեջ մտնել, զզվանքից նրա (նավի) հետ վերջ տվեց իր կյանքին։ Հաջորդ տարի եկան արդեն երկու նավեր, և այսպես՝ շարունակաբար աստված նրանց (հոլանդացիների) ձեռքը հանձնեց բոլոր քաղաքները, բերդերն ու կղզիները, որոնք պորտուգալացիների տնօրինության տակ էին, ու սրանք, իբրև իրենց սեփականությունը, այստեղից տանում էին նպարեղեն, մարգարիտներ, համպար, ադամանդ, կերպասեղեն, ներկեր և այդ բոլորից մեծ օգուտ էին ստանում։ Աստված, չցանկանալով ամբողջովին ոչնչացնել ու վռնդել Հնդկաստանից, մի քանի քաղաքներ թողեց նրանց, սակայն դրանք պիտանի չէին առևտրի համար։ Այսպիսով, նա ցանկացավ նրանց թողնել մի քանի արմատ այն մեծ ծառից, որի ստվերի տակ ապրում էին լիակատար առատության մեջ, և ուզեց, որ նրանք բաց անեին իրենց աչքերն ու տեսնեին, թե ո՞րտեղից է գալիս կացնի այն մեծ հարվածը, որը ոչնչացրեց ծաղիկները և պտուղը։ Այն ձևը, որով հոլանդացիները պորտուգալացիներին դուրս շպրտեցին Հնդկաստանից, այնքան տարօրինակ ու ակնհայտ է աստծուն, որն անընդհատ խանգարում էր նրանց ծրագրերը և նրանց ստիպում հենց իրենց ձեռքերով օժանդակելու իրենց իսկ կործանմանը, որ հոլանդացիները ոչ մի ձևով չէին ուրախանում, ոչ էլ գլուխ գովում, թե այդ ռազմական արշավների խոշոր հարվածները միայն ու միայն իրենց ձեռքի գործն են։ Նրանք նույնիսկ տարբեր հավաքույթների ժամանակ խոստովանում էին, որ իրենց աղքատությունն ու թուլությունը նրանց թելադրում էր ավելի շուտ փախչել այդ տեղերից, քան թե նվաճումներ անել։ Պորտուգալացիների երկպառակությունն ու կուրությունը հաստատվում է նույնիսկ Սուրբ Գրքով՝ թե «մեկը փախուստի է մատնելու հազարին, իսկ երկուսը ճանապարհից դուրս են շպրտելու տաս հազարին»։ Սա արդյոք չի՞ նշանակում, որ աստված ծախել է նրանց և, ձեռքերն ու ոտքերը կապելով, հանձնել թշնամիների քմահաճույքին։ Իմ շարադրությունը բավական երկար կստացվեր, եթե մեկ առ մեկ պատմեի թե ինչպես նրանք կորցրեցին Ցեյլանը, Մալական, Շեյնանը և բազմաթիվ այլ խոշոր քաղաքներ, որոնցից վերջինը Կուշենն էր (Couchin) դեռ չհաշված այն առանձին հանդիպումները, երբ հոլանդական սովորական մի նավակ իրեն էր ենթարկում ծովային հսկա բերդերը՝ (իմա՝ նավ) պորտուգալական այդ մեծ նավերը (caraques), որոնց արկերը ինչպես ուղարկվում էին, այն-

[էջ 297]

պես էլ ետ էին վերադառնում։ Ես հաճախ լռել եմ այն հոլանդացիներից, որոնք ներկա են եղել նման հանդիպումներին։ Ես դեռ չեմ խոսում այն բազմաթիվ քաղաքների մասին, որոնք համարյա անառիկ են եղել և որոնք, սակայն, բռունցքներով են գրավվել ցամաքում ապրող կիսաբոբիկ մարդկանց կողմից, ինչպես, օրինակ, Մելաբուռն է (Melapour), Սուրբ Թոմասը (Տ. Thomé), Մասկատը (Masquati) և շատ ուրիշներ։ Մենք, որ այս երկրում ենք և անշահախնդիր աչքերով ենք նայում այս բոլորին, համարում ենք, որ այս գործում անպայման կա երկնային ուժի վրեժխնդրությունը։ Վերոհիշյալ պորտուգալացիներից ոմանք ասում են, որ այդ բոլորն իրենց մեղքերի հետևանքն է։ Ուրիշները համոզված են, որ դա վատ ղեկավարման արդյունք է։ Իսկ այլոք դա կապում են Քաստիյ-Իսպանիայի մտադրության հետ, որն այդ ժամանակներում տնօրինում էր Պորտուգալիայի իր գահին և ուզում էր վերջ տալ պորտուգալացիներին՝ թողնելով, որ նրանք օգնություն չստանալու հետևանքով ամբողջովին ուժասպառ լինեն և ոչնչանան Հնդկաստանում, միաժամանակ նրանց ստիպելով, որպեսզի խոստովանեն իրենց անկարողությունը ղեկավարելու Հնդկաստանը, որի կառավարումը վերցրել էին իրենց ձեռքը՝ իսպանացիներին անձնատուր լինելուց հետո։ Հոլանդացին տիրանալով պորտուգալացիների այդ գեղեցիկ ու հարուստ հողերին, սկսում է այնտեղից դեպի Եվրոպա, Թուրքիա և Պարսկաստան առաքել Հնդկաստանի հիմնական հարստություններից մեկը՝ համեմունքները, ինչպես նաև այլ մթերքներ, և իր առևտուրն այնքան լավ հիմքերի վրա է դնում, որ ոչ մի մասնավոր առևտրական իր համար նպաստավոր պայմաններ չէր կարող գտնել իր ապրանքները տեղափոխելու համար մի քաղաքից մյուսը, եթե այնտեղ հոլանդացի առևտրականը ոտք չէր դրել։ Այստեղ՝ Պարսկաստան են բերում մնացորդն այն բարձրորակ համեմունքների, որոնցով մատակարարում են Արևմուտքը և որպեսզի ազատվեն մաքսերից և այլ վճարումներից, Պարսկաստանի հետ պայմանագիր են կնքել՝ ամեն տարի թագավորից գնելու երեք հարյուր բեռ մետաքս, յուրաքանչյուրը քառասունութ թումանով, երբ այն առհասարակ երեսուն թուման արժե, փոխանակ այդ ավելորդով փոխհատուցեն այն տաս տոկոս մաքսերը, որ նրանցից կպահանջվեր նավահանգիստներում։ Իսկ ներկայումս, իրենց պարտավորված զգալով վերոհիշյալ պայմանագրով, նրանք Բատավիայից սպասում են մի արտակարգ գործակալի գալստյանը, որպեսզի իրենց թոթափեն ոչ ձեռնտու լծից ու կնքեն մի ուրիշը, որն իրենց համար ավելի նպաստավոր կլինի։ Եվ դա նրանց կհաջողվի անել, քանի որ ներկայումս իրենք են հանդիսանում նավարկության ու Հնդկական օվկիանոսի արքաները։ Հոլանդացիներից քիչ ժամանակ հետո, տեսնելով այդ հսկայական

[էջ 298]

օգուտները, անգլիացիներն իրենց հերթին առագաստ պարզեցին դեպի Հնդկաստան՝ ընկերության անվան տակ։ Սակայն սրանք հոլանդացիների նման չթաղվեցին բերդերի մեջ։ Իրենց ձեռքում նրանք պարզապես ունեին Մադրասը, Պալանը և արդեն ութ-տաս տարի է՝ նաև Բոմբեյը, որը Պորտուգալիայի թագավորը նրանց էր տվել իր քրոջ ամուսնության առթիվ։ Նրանք (անգլիացիները) թույլ տալով մասնավոր առևտուրը իրենց գործակալներին և ծառայողներին, այդուհանդերձ իրենց ընկերության շահերը չուզեցին հաստատել այն ձևով, ինչ ձևով հոլանդացիներն էին անում, այսինքն՝ բռնագրավելով, անմարդկայնորեն տանջելով իրենց ծառայողներին՝ եթե նրանց նկատեին իրենց սեփական շահերի համար առևտուր անելիս։ Վարվելակերպի այս ձևը, ընդհակառակը, ավելի հարստացրեց նրանց ընկերությունը։ Ինչքան էլ մեծ լինի գետը, այն առու կդառնա, եթե նրան տեղ-տեղ արնաքամ անես։ Ահա և երրորդ անգլիական ընկերությունը, որը թևեր է պարզում Հնդկաստանում։ Մասնավոր նավերն այստեղ են գալիս ընկերության դրոշի ներքո։ Մեծն Շահ Աբաս Առաջինին նրանք (անգլիացիները) տալիս են և´ մարդիկ և՛ նավեր՝ նրան օգնելով Հորմուզը պորտուգալացիներից վերցնելու միայն այն պայմանով, որ նա մաքսատուն տեղափոխի Փամմերոն, որը և ըստ այդմ կոչվեց Բենդեր Աբասի՝ Շահ Աբասի նավահանգիստ, և նա (Փամմերոնը) պետք է ստանա եկամտի (մաքսի) կեսը, որից մինչև օրս նա օգտվել էր, բայց այնպիսի նենգությամբ էին Վարվել նրա (Փեմմերոնի) հետ, որ փոխանակ նրան տալու իրեն բաժին ընկնող վեց կամ յոթ հազար թումանը, տվել էին վեց կամ յոթ հարյուր. և դեռ դրա մի մասը հարկավոր էր տալ պետական պաշտոնյաներին, որպեսզի մնացածը իրեն մնա։ Կորցնելով Հորմուզն ու Պարսից ծովում Բահրեյն կղզին՝ Բալսորայի մոտ, որտեղ որսում են Արևելքի ամենագեղեցիկ մարգարիտները, պորտուգալացիները Պարսկաստանի հետ պայմանագիր են կնքում, որպեսզի Կոնգոյում կառուցեն ծովային մի մեծ նավահանգիստ և այնտեղ ներքաշեն վաճառականներին ու ապրանքները՝ այն պայմանով, որ իրենց վերցնեն մաքսի կեսը, որից նույն ձևով և նույն պայմաններում օգտվել են անգլիացիները։ Իսկ այժմ արդեն երկու տարի է, ինչ իրենց զրկել են այդ իրավունքներից։ Ներկա պայմաններում մեր պորտուգալացիներն իրենց նեղված են զգում Մասկատի արաբների պատճառով, որոնք տարբեր ժամանակներում վերցնելով նրանց նավերը, սկսել են լավ զգալ և հզորանում են ծովերում։ Աստված տա՝ եթե կարողանան հաղթել այդ անհավատներին, հետագայում հնարավորություն կունենան իրենց թնդանոթներով անհանգստացնել Պարսկաստանին, քանի որ լեզվի ուժով այդ ազգի հետ ոչ մի քայլ առաջ չես գնա, հատկապես երբ ցամաքում ապրող մարդիկ այլևս ոչ

[էջ 299]

մի բանից չեն վախենում, քանի որ հնարավոր չի լինում ամեն տարի գալ այստեղ և իր բաժինը պահանջել, և որքան ես տեսնում եմ Պարսկաստանի վարվելակերպը, նա կարող է նույն ձևով վարվել նաև անգլիացիների հետ։ Ահա արդեն քսան տարի է, ինչ ասում են, որ հաջորդ տարի գալու են մեր ռազմական նավերը, որից հետո կվերցնենք այն ամբողջ գումարը, որ մեզ է պատկանում, նույնիսկ տոկոսներով հանդերձ։ Ահա երկու-երեք տարի է, ինչ ֆրանսիական ընկերության ոչ մի նավ չի հայտնվել Պարսկաստանի նավահանգիստներում (նրանց մեծ թվով նավերն ուղղություն են վերցնում դեպի Բալսորա)։ Նրանք իրենց ապրանքները փոխադրել են ուղիղ դեպի իրենց տուն և չեն անցել մաքսատնից՝ վճարելու համար համապատասխան գումարները։ Այս տարի մաքսատան աշխատողը (որն այս նավահանգիստները ինքն է վերցրել՝ տարեկան քսաներեք հազար թումանով, որովհետև մինչ այդ գումարների մի մասը ուտում էր այդ գործով զբաղվող պաշտոնյան, իսկ մյուս մասը տալիս էր թագավորին), ձանձրացած լինելով այն գեղեցիկ խոստումներից, թե ֆրանսիական նավատորմը գալու է Պարսկաստան, իր հետ բերելով նվերներ և մի դեսպանի, որը պետք է վերջիվերջո բանակցություններ վարի վճարումների իրավունքների շուրջ., հավատացրեց, որ իրեն հետաքրքրում է միմիայն կանխիկ դրամ ստանալը և ոչ թե գեղեցիկ խոսքերը, որոնք իր ծախսերը հոգալ չեն կարող։ Զգուշացվում էր, որ եթե այսուհետև էլ նույն իրավիճակը շարունակվի, եթե պարսիկներն առձեռն չստանան անցյալի ու ներկայի գումարները, քանի որ ապրում են այնպիսի մի դարում, երբ ամենակարևորը փողն է, ապա մեծ վեզիրը բոլոր միջոցները ձեռք կառնի, որպեսզի այդ դրամը մուտք գործի թագավորի գանձարան։ Ահա արդեն հինգ տարի է, որ ձեր պարոնայք պատվիրակները, որոնք ժամանել են այստեղ ցամաքային ճանապարհով, դրժել են հանգուցյալ թագավորին տված իրենց խոստումները, թե իրենց նավերը ժամանելու են Պարսից ծոց նույն տարվա հոկտեմբեր ամսին և իրենց հետ բերելու են շատ թանկարժեք նվերներ, և թե իրենք ականատես են եղել թագավորի մոտից այդ նվերը վերցնելուն։ Ես, որ թարգմանչի դեր էի կատարում (որովհետև թագավորը ուրիշին չի ուզում), ավելացնում էի, որ ծովերը ընդհանրապես չէին ենթարկվում նավավարներին և որ փոթորիկը նրանց իրենց կամքից անկախ կարող է տանել այլ ափեր, բայց Ֆրանսիայի կամքն այնպիսին է, ինչպիսին Դուք գրում էիք Ձեր նամակներում։ Ես նույնիսկ Ձեր պարոններին համոզել էի երեք տարվա արտոնություն խնդրել՝ ճանաչելու համար Պարսկաստանի ուժեղ ու թույլ կողմերը, որպեսզի հետագայում հնարավոր լիներ առավել գիտակցված ձևով համաձայնագիր կամ դաշինք կնքել։ Եվ այդ խնդրանքը հավանություն

[էջ 300]

գտավ թագավորի կողմից, որը միաժամանակ տվեց իր հավաստիացումները, որոնք ես վերածեցի ֆրանսերենի, իսկ պարոն դե Լալենը, որը այստեղ Ֆրանսիայի պատիվն է և արքունիքում նրա մասին շատ է խոսվում, դրանք ուղարկեց Ձերդ Մեծությանը։ Այստեղ վերադարձած Ձեր գործակալներն ու պատվիրակներն իրենց պահեցին համաձայն ներկա ժամանակի պահանջների, որոնք տարբերվում են անցյալից։ Այստեղ այլևս չեն գոհանում մի ծաղկով, հազվագյուտ ու հետաքրքիր մի իրով, մի որևէ գեղեցիկ աշխատանքով, որը վեր է և բնությունից և նյութից, այլ ներկայումս նրանց հարկավոր են ոսկի, արծաթ և այլ նման մետաղներ, որոնք մաս են կազմում իրենց կատարած ծախսերի։ Մենք ի սրտե սպասում ենք այդ ընկերության հիմնադրմանն ու ամրապնդմանը։ Մենք այստեղ ունենք բոլոր տեղեկությունները, թե այն (ընկերությունը) ինչպիսի մեծ հիմքերի վրա է դրվելու և թե ինչպիսի մեծ մասնագետներ են աշխատելու այն ոտքի կանգնեցնելու համար, և գլխավորը, անշուշտ, այն է, որ մեր մեծ արքայի եռանդը դրա առաջին շարժիչ ուժն է և դա ոչ թե հարստություն ձեռք բերելու իմաստով է, քանի որ նրա տերության գավառները լեցուն են հարուստ հանքավայրերով, այլ աստծու փառքն ու տիրությունը տարածելուց։ Քանի որ ըստ Ձեզ, հանուն Ֆրանսիայի առկա են բոլոր նպաստավոր պայմանները, ուստի այս գեղեցիկ ընկերությանը կարելի է ակնկալել հետագա մեծամեծ հաջողություններ։ Մենք այստեղ՝ Ասիայում գտնվողներս հանդիպում ենք Հնդկաստանում պորտուգալացիների կողմից կաթոլիկական տիրապետության մնացուկներին՝ ավերված եկեղեցիների, պղծված խորանների, գարշելիության վերածված պաշտամունքային վայրերի, պղծված սուրբ սկիհների, համարյա ամբողջությամբ ոչնչացած կաթոլիկությունը, ինչպես նաև աստծու կողմից ուղարկված հազար ու մի տանջանքների հետքերին։ Եթե ողորմածության ժամանակը հասել է, և երկնային արդարությունը լիովին բավարարված է, մենք հուսով ենք, որ Ֆրանսիայի՝ Ձեր ազնվական ընկերությունը կհանդիսանա աստծու կողմիդ առաջարկվածը, որպեսզի վերակառուցվեն իր տաճարն ու խորանները, և վերականգնվի իր պաշտամունքը Հնդկաստանում. և մենք այստեղ լսում ենք երկու ամիս մեզ համար աշխատած Ձեր հինգ պատվիրակների առարկությունները, վեճերն ու վճիռները, ինչպես նաև Սուրաթից մեզ հասած՝ Ձերոնց կողմից կատարված բոլոր անախորժությունների լուրերը։ Այդ բոլորի պատճառները պետք է փնտրել և ազգությունների ու կրոնականների տարբերության մեջ, և շահույթի մրցավազքի։ Եվ այս բոլոր միջադեպերը տանում են դեպի կործանում։ Բայց միևնույն է, դա մեզ չի խանգարում հուսալու, որ աստված իր նպատակների հաջողության համար ձեռք

[էջ 301]

կմեկնի մեր ֆրանսիական ազգին՝ ցույց տալու համար ապագա դարերին իր ամենահզոր ձեռքի ուժը, Հնդկաստանի առևտրի ղեկին կանգնեցնելով հրեղեն մի ազգի, որն ավելի ունակ է Մարսի ու Պալլասի թելադրանքները կատարելու, քան Մերկուրիինը։ Այնուամենայնիվ, մենք մեր աղոթքները շարունակում ենք հղել երկնային այն բարի ուժին, որպեսզի հարատևեն մեր անպարտելի արքայի և´ կյանքը, և´ հաղթանակները և, ինչպես իր (թագավորի) հանգուցյալ հայրն իր արդարությամբ եղավ հերետիկոսների տիրապետության առաջին բնաջնջող ուժը, թող ուրեմն իր Աստվածատուր զավակն այս երկրներում լինի բարեպաշտության հիմնադրողն ու պահպանողը։ Թող նրա ջանասիրությունը տարածվի այդ երկրների, ինչպես նաև Ֆրանսիայի այն երեք գավառների վրա, որտեղ վեղարավորներ (Կապուչիններ) կան և որոնք իրար մեջ են բաժանել Արևելքի միսիաները։ Մենք՝ տուրենդցիներս, մեզ համար բաժին ենք ունեցել Կիպրոսը, Սիրիան, Քաղդիքը, Պարսկաստանն ու Հնդկաստանը։ Մենք տեղավորված ենք բոլոր մեծ ճանապարհների վրա՝ Կիպրոսում՝ Նիկոզիա և Ռենեկա, Սիրիայում՝ Հալեպ և Դիարբեքիր, Ւրաքում՝ Մոսուլ և Բաղդադ, Պարսկաստանում՝ Թավրիզ և Սպահան, Հնդկաստանում՝ Սուրաթ և Մադրեսպատան, ինչպես նաև Եգիպտոսում՝ Մեծ Կահիրե։ Երբ Ձեր ազնվական ընկերության ճեպագրերն անցնում են մեր գրասենյակներով, համապատասխան դրանց կարևորությանը, մենք մեր հնարավորության սահմաններում ամեն ինչ անում ենք և միշտ էլ ամեն ինչ կանենք, որպեսզի դրանք ուղարկվեն մեզ համար վստահելի երկրների սուրհանդակով և հասցվեն Հալեպ կամ Զմյուռնիա, որտեղ էլ նրանք հանձնվում են Ֆրանսիայի հյուպատոսներին և նրանց միջոցով Փարիզում անցնում են Ձեր ձեռքը։ Իսկ երբեմն մեզ հանձնարարում են այդ նամակները դնել ծրարների մեջ, կնքել և ուղարկել Մարսելի, Լիոնի ու Փարիզի մեր նամակատարների միջոցով, որոնք բարի պատվիրակներ են և փորձառու՝ մեր նամակներն ուղարկելու, տեղ հասցնելու և ստանալու հարցերում։ Նրանք խստագույն ճշտապահությամբ մեզ տեղյակ են պահում այդ նամակների ուղարկման և հանձնման ամսաթվերի մասին։ Եվ որքան վեղարավորներ (կապուչիններ) կան այստեղ, բոլորն էլ պատրաստ են ծառայություն մատուցելու Ձեր պատվիրակներին և գործակալներին, ծառայողներին և առևտրական գրասենյակներին։ Երբ Ձեզ հաճո կլինի, Ձերդ պայծառափայլություն, ինչպես նաև պարոններ գլխավոր տնօրեններին՝ մեզ հանձնարարություն տալ, ինչպես Ֆրանսիայում, Դուք հանձին մեզ կունենաք իրենց ամենախոնարհ պարտականությունը, այն էլ ամենայն անկեղծությամբ, կատարող ծառաներ։ Մենք այս երկրներում ապրում ենք երկնային նախախնամության համար և բոլո-

[էջ 302]

րովին չենք մտածում նրան օգնել զարտուղի ճանապարհներով։ Նաև դա է պատճառը, որ մենք այդ աշխատանքները կատարում ենք անշահախնդրորեն։ Այն, ինչ վերաբերում է երկրի համեմունքի առևտրի վիճակին, ինչպես նաև արծաթի տեղափոխմանը և այլն, մենք այնքան ենք տեղյակ, որքան ընդհանրապես գիտեն մնացած մարդիկ։ Ձեր կողմից ուղարկված ծառայողներն այստեղ քիչ մնալով հանդերձ, կարող են իրենց լավ հիշողությամբ Ձեզ սպառիչ տեղեկություններ տալ, մի բան, որ մենք չենք կարող։ Իսկ ինչ վերաբերում է հավատի հարցին և աստծո փառքին, Մերձավոր Արևելքի, Թուրքիայի, Պարսկաստանի և Հնդկաստանի միսիաների կողմից կատարված աշխատանքին, ապա պետք է ասել, որ Արևելքի սխիզմատիկ (հերձվածող) և հերետիկոս քրիստոնյաների սիրտն էլ ավելի է ամրացել։ Այն լեցուն է համառությամբ, մոլորությամբ և հռոմեական եկեղեցու դեմ թշնամանքով։ Նրանց ամենաեռանդուն հոգևոր առաջնորդներից և եպիսկոպոսներից շատ-շատերը երբեմն անգիտակցաբար իրենց ժողովրդին այսպիսի քարոզներ են անում. «Ավելի լավ է մահմեդականներ լինեք, քան ֆրանկներ և հռոմեացիներ»։ Եվ եթե նրանք մահմեդականների նման այստեղ ձեռք բերեին ժամանակավոր տիրապետություն, այս երկրներում մեր ներկայությունը կրոնավորի հագուստի տակ անհնարին կդառնար. իսկ մի բան արդեն ակնհայտ է, որ այս ըմբոստ և մոլորված ժողովուրդների նկատմամբ աստվածային վրեժխնդրությունը դեռևս մոտալուտ չէ։ Նրա (աստծո) արդարության ժամանակը և սուրբ պատրիարքներ Ներսեսի և եկեղեցու բաժանումից առաջ առաջին դարերի լուսավորիչ Գրիգորի մարգարեությունները, կարծես շատ լավ հաստատվում են հույների և հայերի ներկա ստրկական վիճակով և դրանք (մարգարեությունները) պետք է իրականանան։ Նրանց (մարգարեությունների) էությունն այնպիսին է, որ տարիներ շարունակ նրանք ստրուկներ կմնան անհավատների հրեշավոր տիրապետության տակ՝ թագավորից և իսկական առաջնորդներից զուրկ, իսկ ազգը համարյա ոչնչացած կլինի. և դա մինչև այն ժամանակ, երբ ազատ մի իշխան (ֆրանսիացի) կկարողանա կործանել այդ հրեշավոր հսկա կայսրությունը, վերամիավորել եկեղեցին, վերակենդանացնել առաջին դարերի բարեպաշտությունը, ջանասիրությունը, անմեղությունն ու պարզությունը։ Եվ միայն այդ ժամանակ, վայելելով այդ երջանիկ պահերը, քրիստոնյաները կբացականչեն. Ամոթ, ամոթ մեր նախնիներին, որոնք իրենց սերունդներին գերության և մոլորության վիճակում են թողել։ Ավելի լավ տրամադրված պրելատները, հայրերն ու եպիսկոպոսներն իրենց գրքերում և ձեռագրերում մեզ տեղեկացնում են այդ մարգարեությունների և դեռ շատ ուրիշ բաների մասին, որոնք ժամանակի կողմից արդեն ստուգ-

[էջ 303]

ված են։ Ուրիշները թաքցնում են այդպիսի բաներն իրենց մոլորված ժողովուրդներից, որպեսզի նրանք տեսնելով իրենց հերետիկոսությունը, չթեքվեն դեպի իսկական եկեղեցու լույսը։ Իսկ ինչ վերաբերում է մահմեդականներին, նրանց զգացմունքային կյանքը կախված է իրենց հավատի տված այն ապահովությունից, որ ապրելով արյունարբու բռնակալների նման միևնույն է իրենք մեղք գործած չեն լինում։ Քրիստոնյաներին հալածելու իրավունքը և իրենց աղանդի աճի փաստը, այն ժամանակ, երբ մերը, ընդհակառակը՝ նվազում է, ինչպես նաև իրենց ժամանակավոր տիրապետության մասին գաղափարը, որը նման է կերպասի վրա ընկած մի կաթիլ յուղին, որը դրան կպած է և դուրս չի գալիս և, վերջապես, թույլատրելի բոլոր տեսակի ոճիրները, նրանց դիտում է որպես իսկական հավատացյալների և անպայմանորեն արժանացնում երկնքին և այլն։ Եվ այս բոլորը պատրվակներ են, որոնք նրանց պահում են այդ վիճակում, չկարողանալով և չուզենալով նրանց ներքաշել այն հավատներին, որոնք վեր են իրենց բանականությունից. և դեռ ավելին, ավելացնելով, որ աստված թունավոր օձերը պահպանում է, որպես թույն և հակաթույն։ Նրանց (մահմեդականներին) պահպանում են քրիստոնյաների կատարած մեղքերը. աստված նրանց հաղթանակ է տալիս ու տալու է մինչև այն ժամանակ, երբ մենք ինքներս լիովին կպատժվենք՝ անկախ այն բոլոր ապրանքային գումակներից, օգնությունից, բանակներից և օժանդակություններից, որ կտանք մեկս-մյուսին։ Այդուհանդերձ, ամբողջ Մերձավոր արևելքը լեցուն է Հիսուսյան (ճիզվիտ) միսիոներներով ու միսիաներով, Կարմելիտներով, վեղարավորներով (կապուչիններով) և ուրիշներով։ Եվ յուրաքանչյուրը ջանում է կատարել իր պարտականությունը։ Աստված բոլորին եռանդ, ուժ և հետևողականություն է տալիս, որպեսզի կյանքի գնով և առանց վախենալու ու կարմրելու պաշտպանեն Ավետարանը։ Զրուցում են, խորհրդակցում և այնքան հավատ ներշնչում, որքան յուրաքանչյուր ոք կարողություն ունի դա անելու, և նրան թույլ է տալիս լեզվի իմացությունը։ Նրանք աշխատում են սուրբ ավետարանը մտցնել այնտեղ, որտեղ այն չկա, աշխատում են այն լսելի դարձնել բացատրությունների միջոցով, առաքյալների մեզ հաղորդած ճշմարտություններով ու դրանց իմաստներով, ինչպես նաև կիրառելով բոլոր տեսակի միջոցները՝ վերադարձնելու համար մոլորված հոգիները մեկ ղեկավարի հովանավորության տակ, որը և է սուրբ Պետրոսի օրինական ժառանգորդը և երկրի վրա Հիսուս Քրիստոսի փոխանորդը, որ մեր սուրբ հայր Պապն է։ Նրանք ջանում են նաև արմատախիլ անել արատները, սխալները և այլն և այդ բոլորը փոխարինել կյանքի և բարքերի ամբողջականությամբ, հնարավորություն ստեղծել օգտագործելու ավե-

[էջ 304]

տարանի գեղեցիկ գրվածքները, քաղել այնտեղից օգտակար պտուղները և առաջադեմ խրատները։ Փարիզի մեր տպագրիչները հասարակությանը հաճախ տալիս են խոշոր և գեղեցիկ տառերով տպագրված հիշողություններ, ինչպես նաև նամակագրություններ, որ ես բոլորովին էլ չէի համարձակվի անել սովորական գրչով, որը գեղարվեստորեն հղկված չլինելու հետևանքով կարող է խզբզանք առաջացնել ու, այդպիսով, մեծ տարբերություն կլինի վերոհիշյալ այն տպագիր տառերի համեմատ, որոնցից օգտվում է ժողովուրդը։ Ինչ վերաբերում է մեզ՝ խեղճ վեղարավորներիս (կապուչիններս), ապա ամենայն հոժարությամբ ընդունում ենք, որ մենք անօգուտ ծառաներ ենք՝ լինի Արևելքում, լինի Արևմուտքում, սակայն մենք անում ենք մեր կարելին, որը իրականում շատ քիչ բան է կամ բոլորովին ոչինչ է այն բանի կողքին, որ ինքներս կցանկանայինք անել։ Մեր գտնված երկրների լեզուների իմանալն ու խոսելը, ավելացրած նաև եվրոպական գիտություններին որոշակի չափով տիրապետելը, մեզ, հավանական է, կբավարարեին թափանցելու ժողովուրդների մեջ, հետևաբար՝ կատարելու մեր առաքելությունը։ Այն ժամանակ, երբ կսկսի գործել աստծու ամենահզոր ձեռքը, այդ ժամանակ արդեն մենք հաղթանակ կգոչենք։ Ահա, Ձերդ պայծառափայլություն, Ասիայի ամենախուլ վայրի վիճակը՝ այն, ինչը վերաբերում է ժամանակավորին և ամբողջ Արևելքին։ Իսկ այն, ինչ վերաբերում է հոգևորին, հուսով ենք, որ ներկայումս կառավարող մեր մեծ արքայի ջանքերով և՛ մեկին (ժամանակավորին), և' մյուսին (հոգևորին) կտրվի նրանց նախկին փայլը և ինքը, կամ իր ժառանգորդներից որևէ մեկը կլինի այն արքան, որի մասին Ներսեսը տեսիլք, ինչպես նաև աստվածային հայտնություն է ունեցել։ Այդուհանդերձ, մենք, խեղճ վեղարավորներս (կապուչիններս)՝ Ձեր ամենախոնարհ հպատակները, այս երկրներում ենք գտնվում Ձեր արքայական հեղինակության և պաշտպանության ստվերի տակ, պատրաստ մեր մասնագիտությանը վերաբերող ամեն տեսակի ծառայության, որը կհրամայվի նորին Մեծության, Ձեր, Ձերդ պայծառափայլության և պարոններ գլխավոր տնօրենների կողմից։ Դուք, հանձին մեզ, այս երկրներում ունեք անկեղծ ու ճշտախոս մարդիկ, որոնք իրենց աղքատիկ ու խոնարհ պայմաններով հանդերձ, պատրաստ են սրտանց ծառայելու մարդկանց, որոնց հետ կամովին նրանք կապված են։ Այդուհանդերձ, աղոթում են

[էջ 305]

նախախնամությանը, որ պահպանի Ձեր անձը, Ձեր առողջությունը հանուն հասարակության ծառայության և բարօրության։ Դա

Ձերդ պայծառափայլության ամենախոնարհ ծառան է՝

Հայր Ռաֆայել դյու Ման

Սպահան, Պարսկաստանի մայրաքաղաք։

P. Raphael du Mans. Op. cit., pp. 322—331.

XIII

ՎԵՂԱՐԱՎՈՐ (ԿԱՊՈԻՉԻՆ) ԺՈԶԵՖ ՄԱՐԻ ԴԵ ԲՈԻՐԺԻ ՆԱՄԱԿԸ ԴԵ ԿՈԼԲԵՐԻՆ

Ձերդ պայծառափայլություն,

(Գրում եմ) սուրբ հայր Օնորե դ'Օքսեռի խորհրդի համաձայն, որը Փարիզի գավառներից մեկի վեղարավորն (Կապուչին) է և Մերձավոր արևելքի միսիաների գործակալը, և որն իր նամակներից մեկում մեզ գրում էր, որ Ձերդ Մեծությունը ցանկանում է տեղեկանալ, թե ինչո՞վ են զբաղված խեղճ միսիոներ հայր վեղարավորներն (կապուչիները) այս վայրերում՝ Մերձավոր արևելքում, որտեղ նրանք բնակելի տներ ունեն։ Եվ ահա, որպեսզի մասամբ կարողանամ ի կատար ածել իմ պարտականությունը Ձերդ Մեծության հանդեպ, անմիջապես գրիչը վերցրի և անկեղծ սրտով ինքս ինձ ասելուց հետո, որ աշխարհի որ ծայրում էլ գտնվելիս լինեմ, ես ցկյանս ֆրանսիացի եմ, որ պատրաստ եմ կյանքս տրամադրել իմ թագավորի ու արքայի ծառայությանը, ուստի և հիմա Ձերդ Մեծությանը կտեղեկացնեմ Մեդիայի մայրաքաղաք Թավրիզի վիճակի մասին, որը Պարսկաստանի թագավորի նստավայրն է և որտեղ մենք մի փոքրիկ տուն ունենք իր եկեղեցիով։ Այստեղ մենք պարսիկների և հայերի հետ միասին ապրում ենք այն աստիճանի ծայրահեղ աղքատության մեջ, որ նույնիսկ Ֆրանսիայի ամենաաղքատիկ վանքերում հնարավոր չէ հանդիպել։ Աստված վկա է, որ մենք, թուրքերի երկրում մեզ նվիրում ենք նրա (աստծու) ծառայությանը, որպեսզի դատաստանի օրը նրանց (թուրքերի) հանդեպ լինենք testimonium contra illos, իսկական կրոնը ընդունած չլինելու համար, որովհետև մենք ոչ մի ջանք չենք խնայում նրանց ասելու մեր աստվածային տիրոջ Հիսուս Քրիստոսի, ինչպես նաև Ավետարանի ճշմարտությունները։ Երբ պետք է նրանց բացատրել այս ճշմարտությունը, մենք բո-

[էջ 306]

լորովին էլ չենք ամաչում նրանց առաջ, ոչ էլ այն ժամանակ, երբ հարկ է լինում պատասխանել նրանց հարցերին։ Փառք տիրոջը, մենք քաջ գիտենք, թե ինչպես պետք է կրոնի հարցերում վարվել սուրբ Գրքի հետ, որի մասին իրենք նույնքան տեղյակ են, որքան և մենք, գիտենք նաև, որ այդ սուրբ Գիրքը մարդկանց տրված է աստծու կողմից՝ մարգարեների միջոցով, որ այնտեղ տրամաբանական բաներ են գրված։ Նրանք այդ բոլորի մասին գիտեն նաև համեմատելով իրենց Ալղուրանի հետ, որտեղ, լավ բացատրված հոդվածներում, նույնիսկ ընդունվում է Հիսուս Քրիստոսի աստվածությունը, նրա հիանալի կյանքը, նրա հրաշքները։ Հենց նրանք էլ նրան (Քրիստոսին) ընդունում են բոլոր մարգարեների մեջ որպես ամենայն սրբի, մաքուրի և անբասիրի, որ նա կենդանի է և գտնվում է երկնքում, որ նա դարձյալ կգա և դեռ այսպիսի շատ բաներ, որոնք ընդունելի են իրենց կողմից։ Ճիշտ է, որ Պարսկաստանում կրոնական հարցերի շուրջ վիճաբանությունների համար ավելի ազատություններ կան, քան Օսմանլուների մոտ, որոնք շատ ավելի խիստ են և պարսիկներին նայում են որպես հերետիկոսների, իսկ նրանք էլ իրենց հերթին նույն մեղադրանքն են անում նրանց նկատմամբ։ Համոզում ենք խեղճ քրիստոնյաներին, խրախուսում, որ ինչ չափի հալածանքներ ու հրեշավոր խստություններ էլ լինեն, իրենք չկորցնեն իրենց հավատը։ Նրանց համար մեր եկեղեցում պատարագի ժամանակ կարդում ենք քարոզներ, որոնց մասնակցում են ինչպես քաղաքի բնակիչները, այնպես էլ առևտրի հարցերով այստեղ ժամանած օտարերկրացին, քանի որ Թավրիզը մեծ առևտրական քաղաք է և նաև Պարսկաստանի խոշոր հանգուցային կենտրոն, որտեղից անցնում են և պարսկական հողեր մուտք գործում բազում ճանապարհներ։ Այստեղ գալիս են Կոստանդնուպոլսից, Զմյուռնիայից, Բուրսայից, Թոխաթից (Tocat), Էրզրումից (Arserom), Երևանից (Erivan), Նախիջևանից (Anaxivan), Հալեպից, Դիարբեքիրից, Մերդինից, Ուրֆայից (Օrfa), Բիթլիսից (Betlis), Վանից (Van), Չորսից (Chorsa), Ագուլիսից (Akoulis), Էգլիսից (Eglis) (՞), Վրաստանի մայրաքաղաք ամբողջ Գուրջիստանից ու Քրդստանից, Գանջայից (Gangea), Շամախուց (Chamaké), Գիլանից (Guilan), Արդեբիլից, մի խոսքով բոլոր հեռու ու մոտիկ տեղերից՝ որպես Սպահան գնալու համար տարանցիկ վայր։ Առևտրականներն այստեղից անցնում են գնալու համար նաև Շամախի, Գիլան Գանջա։ Սրանք այն երեք քաղաքներն են, որտեղ վաճառվում են պարսկական մետաքսները։ Ջուլֆայի (Julfa) հայ առևտրականներն այստեղ իրենց արհեստանոցներն ու խանութները ունեն Զմյուռնիայից ու Հալեպից ժամանող քարավանների համար, որոնք Պարսկաստան են բերում Լոնդոնի, Ֆրանսիայի և Վենետիկի կերպաս-

[էջ 307]

ները, մարջանը (Ie korail), դեղին սաթը, թուղթ, Վենետիկի հայելիներ, սպիտակ երկաթ և այլ՝ մահուդից ու կտորեղենից պատրաստված ապրանքներ, ինչպես նաև արդուզարդի իրեր, որոնք վաճառվում են Պարսկաստանում։ Թավրիզը Սպահան գնացող բոլոր ապրանքների առաջնեկն է։ Այդ ապրանքներն անցնում են Ղազվինով (Casbin), Զենջանով (Zengan), Ղումով (Kom), Քաշանով (Kascian), Սուլթանիեով (Sultanié), որոնք այստեղից Սպահան գնացող ճանապարհի վրա գտնվող խոշորագույն քաղաքներն են։ Արդեբիլը, որն այստեղից չորս օրվա հեռավորության վրա է, նշանավոր է Պարսկաստանի հին թագավորների այնտեղ գտնվող գերեզմաններով։ Ղումում Սպահան տանող ճանապարհի վրա, գտնվում են Մեծ Շահ Աբասի և վերջերս մահացած նրա որդի՝ Շահ Աբասի գերեզմանները։ Առանց չափազանցության կարող եմ ասել, որ Թավրիզ քաղաքը Փարիզի չափ տարածություն ունի։ Դա պարտեզներով լեցուն մի մեծ քաղաք է։ Քիչ են այն տները, որոնք իրենց մեծ կամ փոքր պարտեզը չունենան։ Շինությունները մեծ մասամբ պատրաստված են հողից՝ չթրծած սալեր են, որոնք ներսից սպիտակեցվում են գիպսով։ Աչքի ընկնող մարդիկ իրենց բնակարանների ներսը պատրաստում են թրծած սալերով ու գիպսով, ավելացնելով նաև յուղաներկով նկարված մի քանի նկարներ։ Պարսկաստանի բոլոր տները նման են սրանց։ Ըստ իս, Թավրիզը նախկին Էկբատանն է, որը կործանվել է պատերազմի ու երկրաշարժերի հետևանքով։ Ավերակները նրա հնության ապացույց են։ Ժամանակին այն շրջափակված է եղել պարիսպներով։ Դրանց հետքերը դեռ երևում են։ Սա Պարսկաստանի առաջին նահանգներից մեկն է, որի կառավարիչն է թագավորի բանակի գեներալը։ Եվ քանի որ ինքն անձամբ չի կարող բնակվել այստեղ, ուստի նա այստեղ է ուղարկել իր ավագ որդուն, որը կառավարում է արդեն երկու տարի։ Նա (որդին) վստահեցնում է, որ սիրում է ֆրանկներին, իսկ մեզ փաղաքշում են, նույնն են անում նաև սպաները։ Կա նաև գավառների գլխավոր վերակացուն, որից նրանք կախում ունեն և որին Ադրբեջանի (Aderbegian) վեզիր են անվանում։ Նա թագավորին հասանելիք փողերն է հավաքում։ Նա ունի իր անկախ արդարադատությունը, բայց մահավճիռ արձակելու իրավունք չունի։ Այդ իրավունքը կառավարչինն է։ Այս վեզիրն ու նրա որդիները մեզ հետ սիրով են և խոսում են որպես հարազատների։ Ես Ձերդ Մեծությանն անկեղծորեն պետք է ասեմ, որ վեղարավորների (կապուչինների) նպատակը ավելի շուտ գաղտնապահ լինելն է և ոչ թե գրքերի ու գրությունների միջոցով Մերձավոր արևելքում կատարած բարի գործերի հրատարակումը։ Առանց որևէ հպարտության պետք է ասեմ, որ թուրքերը մեզ հարգում են և բարի ցանկություններ ունեն մեր նկատ-

[էջ 308]

մամբ։ Նրանց մեջ մենք ճանաչում ենք շատ խելոք մարդկանց, և դա պիտի բացատրել մեր զբաղմունքի բնույթով և բոլորի հետ վարվելու ձևի իմացությամբ։ Լավ օրինակը, ազնիվ կյանքը, խելոք զրույցներն ու խոսակցությունները նրանց մոտ միտք են առաջացնում, որ մեր կրոնի մեջ ինչ-որ լավ բան կա։ Առայժմ մենք այստեղ ունենք երկու քարոզիչ հայրեր՝ սուրբ Ժյուեն Ժոզեֆ դե Նեվերն ու ես. մեր երրորդ ընկերը՝ հայր սուրբ Ֆրանսուա Մարի դե Շինոնը մահացավ ինն ամիս առաջ, սրբության մեջ։ Նա իսկապես որ շատ արժանիքներ ունեցող կրոնավոր էր և շատ էր սիրում իր աշխատանքը և փառավորում մեր բարի տեր Հիսուս Քրիստոսին։ Ջերմեռանդ էր seraphin-ի նման և անկասկած նա հիմա պսակադրված է երկնքում։ Շատ հայեր աստծու դատաստանի առաջ պատասխան կտան, եթե կյանքում չօգտագործեն այն ճշմարտությունները, որ քարոզել է իրենց ցույց տալու համար եկեղեցու միությունը մեկ հոգու ղեկավարության ներքո, որը և մեր տեր Հիսուս Քրիստոսին հաջորդողն է։ Մենք նույնպես նրանց ամեն օր նույն քարոզներն ենք անում, որովհետև դա մեր պարտականությունն է։ Ձերդ պայծառափայլություն, պարտավոր եմ նախ և առաջ իմ կյանքն ու արյունը տալու ավետարանի ճշմարտություններին, ինչպես նաև իմ պարտականությունն է ծառայել Ձերդ Մեծությանը, կատարելով այն բոլոր հրամանները, որ պատիվ կունենամ ստանալու իրենից։ Սա մի նշան է, որ Ձերդ Մեծությունը սիրում է խեղճ վեղարավորներին (կապուչիններին), քանի որ իրեն թույլ է տալիս դիմելու նրանց ծառայությանը Հնդկաստանի ընկերությանը վերաբերող հարցերում, որտեղ մենք ոչ մի այլ օգուտ չունենք, բացի աստծու համար հոգիները փրկելուց, ինչպես նաև ժողովուրդները՝ մեր արքայի համար, որին էլ ամեն օր նվիրում ենք մեր բարի մաղթանքներն ու աղոթքները։ Թող աստված նրան պահպանի հանուն քրիստոնեության փառավորման և ի բարօրություն ամենքի։ Թող նրա աստվածային մեծությունը Ձեզ պարգևի իր ողորմածությունները և Ձեզ համար ապահովի երկար և երջանիկ տարիների կյանք։ Այս աղոթքը ես անում եմ որպես

Ձերդ պայծառափայլության,

ամենախոնարհ և հարգող ծառա

Վանական եղբայր Ժոզեֆ Մարի դե Բուրժ,

Վեղար Կապուչին, գլխավոր միսիոներ:

P. Raphael du Mans. Op. cit., pp. 331-334

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Զուլալյան Մ., Հայ ժողովրդի XIII—XVIII դարերի պատմության հարցերը ըստ եվրոպացի հեղինակների. — Եր. ՀՀ ԳԱ հրատ., 1990.
Տրամադրել է՝ Միքայել Յալանուզյան
Սկան՝ Անի Քամալյան, Վահագն Մխոյան
OCR՝ Արշակ Ծառուկյան, Սոնա Ավագյան, Նելլի Հարությունյան, Գրիգոր Երիցյան, Անի Քամալյան, Հասմիկ Սողոմոնյան
Ուղղագրում՝ Լինա Քամալյան

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice