ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Մանվել Զուլալյան

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ XIII-XVIII ԴԱՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ ԸՍՏ ԵՎՐՈՊԱՑԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ

Previous | Բովանդակություն | Next

[էջ 282]

IV

ԴԵ ԼԱԼԵՆԻ ԵՎ ԴԵ ԼԱ ԲՈԻԼԵ ԼԵ ԳՈԻԶԻ ՆԱՄԱԿՆԵՐԸ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԹԱԳԱՎՈՐԻՆ

Երևան, 20 մայիսի 1665 թ.

Տեր իմ,

Երևանում մեծ հաճույքով մենք հանդիպեցինք մի քարավանի, որը գնում էր Զմյուռնիա, և ուրախ ենք, որ մեզ հանկարծակի առիթ ներկայացավ Ձերդ պայծառափայլությանը տեղեկացնելու, որ մենք մտել ենք պարսից թագավորի տիրույթների մեջ։ Էրզրումով անցումը քիչ դժվարություններ չպատճառեց մեզ, քանի որ փաշան (Bassa) բավական կասկածներ ունեցավ հինգ ֆրանսիացիների Պարսկաստան անցնելու առթիվ՝ հատկապես այնպիսի մի ժամանակ, երբ հայտնի են Մեծ Պարոնի (Սուլթանի) և քրիստոնյաների փոխհարաբերությունների վիճակը և այդ պատճառով էլ իր մարդիկ և մաքսատան աշխատողները բավական շատ հարցուփորձ արեցին պարզելու համար, թե մենք իրականում ովքեր ենք։ Եվ վերջապես ամեն ինչ բարեհաջող ավարտվեց այն ժամանակ, երբ մաքսատան աշխատողը, որը մեծ հեղինակություն է վայելում երկրում, նրան (փաշային) հավաստիացրեց, որ նա քարավանբաշուց և կարևոր առևտրականներից իմացել էր, որ մեր նպատակը միայն ու միայն հետաքրքրասիրությունն է. նա համոզվել էր հատկապես այն ժամանակ, երբ ինքը նրա (փաշայի) մոտ էր տարել Կոստանդնուպոլսում մերոնցից մեկի ձեռք բերած այն անձնագիրը, որով նա ու իր ցանկացած մարդիկ, անկախ նրանց քանակից, իրավունք ունեն ազատ շրջելու Մեծ Պարոնի ամբողջ տերության մեջ։ Եվ այսպես, այս գլխացավանքը տևեց երկու օր, և Ֆրանսիայից մեզ հետ բերած որոշ ուշագրավ իրեր բավական եղան փաշայի գլխավոր սպաների ու մաքսատան աշխատողի սրտերը շահելու՝ երբ նրանք խուզարկում էին մեր ճամպրուկները, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր հարցաքննվում էին մեր մասին տեղեկություններ ստանալու համար։ Նրանք, ավելի քան Սեն-Ժերմենի տոնավաճառում (է լինում), շտապում էին գալ ու տեսնել օպտիկական մի ապակի, մի կիզիչ հայելի, մի գլան և այլ չնչին բաներ, որոնցից անպայման նրանց հարկավոր էր տալ մի քանի հատ, որովհետև բացի ամեն ինչ վերցնելու իրենց ունեցած սովորությունից, նրանց համար այդ առարկաների նորություն լինելն ավելի մեծ տպավորություն էր թողնում։ Բայց մեզ մոտ եղածները տեսնելուց չէ, որ նրանք ավելի շատ էին զարմացած մնացել։

[էջ 283]

Նրանք մեր ճամպրուկների մեջ գտել էին Ձերդ Մեծության համար Նանտիոյում պատրաստված վերջին էստամպները և նկատելով Ձեր վեհ կեցվածքն ու դեմքի վսեմ արտահայտությունը, նրանք այնքան հաճելի տպավորություն էին ստացել, որ մի ակնթարթ մոռացել էին նկարներին նայելու Ալղորանի արգելքը։ Նրանց մեջ գտնվեցին նաև մարդիկ, որոնք եկել էին մյուսների հետ և կարծես լավ մարդիկ էին երևում։ Նրանք ցանկանում էին բոլոր (էստամպները) վերցնել և նույնիսկ ուզում էին մեկն էլ տանել տալ փաշային։ Էրզրումում մեր մնաու հինգ օրվա ընթացքում բավական մեծ թվով այցելուներ ունեցանք և բարեհաջող կարողացանք նրանց ձեռքից ազատվել։ Նույնիսկ մաքսատան աշխատողը պատրաստակամ ություն հայտնեց վճարելու իր վերցրած առարկաների դիմաց, որին մենք պատասխանեցինք ասելով, որ Ֆրանսիայում այդպիսի սովորություն չկա, և նույնիսկ Նազիրը, որը փաշայից իր հասանելիքն է վերցնում, այսինքն՝ տեղափոխվող դրամի հազարից ութը, չուզեց որևէ բան վերցնել մեր հայտնած բոլոր իրերից, ոչ էլ նույնիսկ այն վեց պիաստրը, որը վերցվում է յուրաքանչյուր ապրանքատար ձիու դիմաց։ Նույն հաջողությամբ մենք կարողացանք անցկացնել մեզ մոտ եղած զենքերը՝ դրանք հայերին բաժանելով, որովհետև եթե մուտքի և ելքի բոլոր կետերում դրանք մեր ձեռքին տեսնեին, կասկածանքի առիթ կտայինք՝ մանավանդ որ այդ զենքերը բավական գեղեցիկ էին։ Եվ, ի վերջո, կցանկանայինք ասել Ձերդ մեծությանը, որ այդ սահման կոչեցյալից ավելի վատ բան չկա։ Էրզրումը, որը միակ տեղն է պարսիկներին դիմադրելու համար, գտնվում է մի դաշտավայրի արևելյան մասում, շրջապատված է լեռներով, որոնք նրան ձվաձև տեսք են տալիս և որոնք տարածվում են արևմուտքից արևելք։ Այդ ձվաձև դաշտավայրը շատ մոտ է լեռներին և հյուսիսից անցնող Եփրատից մոտավորապես կես մղոն հեռավորության վրա է, իսկ որպես ամրություն նա ունի հին ձևով շինված կրկնակի պարիսպ, տեղ-տեղ՝ աշտարակներ, որոնք, սակայն, շատ փոքր են և անկարող այնտեղ պահեստավորելու այն ամենը, ինչ հարկավոր է դրանք պաշտ¬պանելու համար։ Դրանց վրա մենք տեսանք տաս-տասներկու թնդա¬նոթ, որոնցից ամենամեծը ութ լիվրից ավելի չէր։ Դրանից ավելի մենք ուրիշ որևէ բան չտեսանք, չնայած մեզ համոզելու համար ասված այն խոսքերին, թե այնտեղ ավելի քան հարյուր ծանր հրանոթ կա՝ մի բան, որին մենք ամենևին չենք հավատում։ Քաղաքի մեջ, մի փոքր բար¬ձունքի վրա, կա նույն ձևով ամրացված մի բերդ, բայց դա այնքան անկարևոր բան է, որ փաշան դրա մեջ չի ապրում։ Նա ապրում է մի այնպիսի տան մեջ, որը (բերդից) բավական հեռու է գտնվում և միշտ էլ բնակեցվել է նույն պաշտոնում իրեն նախորդած մարդկանց կողմից։

[էջ 284]

Կայազորը բաղկացած է մոտավորապես հազար մարդուց, բացի այն չորս կամ հինգ հարյուրից, որոնք ցրված են մոտակա գյուղերում։

Էրզրումից մոտ մեկ օրվա հեռավորության վրա է գտնվում Հասան-Ղալան, որը մի փոքրիկ քաղաք է իր բերդով և գտնվում է նույնպիսի բարձունքի վրա և պաշտպանված է երեք հարյուր հոգուց բաղկացած կայազորով։ Բայց այստեղից այն կողմ, մինչև պարսկական հողերը, որոնք քարավանով գնալու դեպքում յոթ օրվա ճանապարհի վրա են, կարելի է հանդիպել միմիայն անապատների և մի փոքր ավելի մեծ մի քաղաքի, որը բնակեցված է հայերով։ Դա Կաղզվանն (Casüan) է, ուր կա ամբողջովին փլատակ դարձած մի բերդ, որն ավելի շատ ոչ թե պաշտպանվում է, այլ բնակեցված է հարյուր հիսուն թուրքերի կողմից։ Այս երկիրն ամբողջովին ավերված է Շահ Աբասի կողմից, որը այրել ու անմարդաբնակ է դարձրել բոլոր գյուղերը՝ բնակիչներին իր երկիրը տեղափոխելու նպատակով, իսկ մնացած սակավաթիվ մարդիկ, ինչպես նաև բոլոր գաղթեցվածները քրիստոնյաներ են։ Մենք այդ թշվառների երկրից դուրս եկանք և նույն ամսվա 13-ին մտանք Պարսկաստան։ Ամսի 14-ին Արաքսն անցանք ծանծաղ տեղով, և դա մեզանից շատ ջանքեր ու ժամանակ խլեց ոչ այնքան նրա լայնության պատճառով, այն մոտավորապես Լուարի լայնությունն ունի, որքան նրա արագընթաց հոսանքի և ջրի առատության պատճառով։ Ամսի 15-ին մուտք գործեցինք լավ մշակված դաշտերը և գնացինք գիշերելու Ուչքիլիսայում, որը հայերի պատրիարքի բնակավայրն է, իսկ ամսի 16-ին հասանք Երևան, որը մի մեծ և վատ կառուցված գյուղաքաղաք է։ Այստեղ պարիսպներ չկան, Բայց հաճելի են նրանց լեփլեցուն այգիներն ու պարտեզները։ Քաղաքի արևմտյան մասում կա մեծ տարածություն զբաղեցնող մի բերդ, որը քաղաքին է միանում երկարաձիգ մի պողոտայով, որի երկու կողմերում դասավորված են խանութներ ու ծառեր։ Այդ բերդը կառուցված է բավական բարձր մի տարածքի վրա, որի տակով անցնում է մի փոքր գետակ, որը նրա համար ծառայում է որպես խանդակ, իսկ այդ գետակի մյուս ափին գտնվում է մի փոքրիկ բարձունք։ Բայց քանի որ այն (բարձունքը) բավական հեռու է և նրա հակադիր կողմում գտնվող պատերը գտնվում են բավական թեք մի ժայռաբեկորի վրա, որը և գետակի համար ծառայում է որպես գետափ, ուստի և այդ մասում դղյակին վտանգ սպառնալ չի կարող։ Մնացած բոլոր կողմերից այն շրջափակված է երեք-չորս ոտք հաստություն ունեցող կրկնակի պարսպով, բազմաթիվ բավական մեծ աշտարակներով, բայց դրանց վրա ոչ մի տեսակի ավելորդ աշխատանք չի կատարված, որպեսզի կարողանայինք քիչ թե շատ նմանեցնել մեր ժամանակակից ամրություններին։ Ահա սա է վիճակը

[էջ 285]

այն ամենակարևոր և, նույնիսկ, կարելի է ասել այն միակ տեղի, որ Պարսկաստանի թագավորն ունի իր սահմանների մոտ։ Նրա հրամանատարն է Աբասկուլի խանը, որի հայրը ժամանակին եղել է նրա կառավարիչը, իսկ հոր մահից հետո այն տրվել է նրա ավագ որդուն, իսկ այս վերջինս՝ վերջին պատերազմների ժամանակ, սրանից երեսուն տարի առաջ, երկչոտաբար վերադարձրել է Սուլթան Ամուրադին*։ Ընդամենը երկու տարի է, ինչ Աբասկուլի խանը նստած է այստեղ, և նրանից գոհ են և իր տերը, և ժողովուրդը։ Պատերազմի ժամանակ այստեղ լինում է տասներկու հազար մարդ, իսկ խաղաղ ժամանակ ընդամենը երեք հազար։ Բայց այն այնքան ամրացված է, որ կարիք չկա այդքան մեծ թվով մարդ պահելու։ Մարդկանցից շատերն ապրում են դաշտերում, վրանների տակ՝ համարյա կլոր տարի և ապրում են իրենց ստացած աշխատավարձով կամ էլ մանր գործերից ստացած եկամուտով, և նրանք ոչ գյուղերում, և ոչ էլ ճանապարհների վրա թեկուզ և մեկ սոլ արժողությամբ որևէ բան չեն կարող ձեռք բերել առանց դրա դիմաց վճարելու, և մի գուցե դա է պատճառը, որ ամենուրեք կարելի է գնալ առանց որևէ վտանգի ենթարկվելու։ Ինչպես բերդում, նույնպես և քաղաքում մեծ քանակությամբ հայեր կան, որոնք, ինչպես Թուրքիայում, տնքում են օսմանյան հրեշավոր լծի տակ, ամեն օր սպասելով Ձերդ Մեծության հաղթական զենքին, որը կարող է վերջ դնել իրենց թշվառություններին։ Նրանք քաջ տեղյակ են Ձերդ Մեծության հզորությանը, և հատուկ պաշտամունք ունեն Ձեր առաքինությունների ու արժանիքների հանդեպ, քանի որ ժողովրդի մեջ տարածված է Ձեր հռչակի լուրը, և նրանք մտածում են, որ արդեն մոտեցել է իրենց մարգարեությունների կատարման ժամանակը, նրանք դրանում այնքան համոզված են, որ Ձեր մասին խոսում են որպես ազատությունը վերականգնողի և իրենց եկեղեցիների ու հավատի պաշտպանի։ Մշտապես մաղթանքներ են հղում, որպեսզի իրենց. հույսերը իրականանան և չկա մի այլ հեռավոր երկիր, որտեղ չկարողանա հասնել Ձերդ Մեծության բանակների ուժը, ինչպես նաև Ձեր փառավոր անունը։ Մենք նույնպես ամենայն սիրով Ձեզ ենք հղում մեր լավա–

* Խոսքը վերաբերում է Մուրադ IV-ին (1623—1640 թթ.)։

[էջ 286]

գույն մաղթանքները և կշարունակենք նույնն անել մեր ողջ կյանքի ընթացքում, և պատիվ ունենք լինելու,

Տեր իմ,

Ձերդ մեծության

Ամենախոնարհ, ամենահնազանդ և ամենահավատարիմ հպատակները։

Դե Լալեն, Դե Լա Բուլե Լե Գուզ:

P. Raphael du Mans. Op. cit., pp. 299—302.

V

ԴԵ ԼԱԼԵՆԻ ԵՎ ԴԵ ԲՈՒԼԵ ԳՈԻԶԻ ՆԱՄԱԿԸ ԴԵ ԼԻՈՆԻՆ

Երևան, 20 մայիսի 1665 թ.

Ձերդ պայծառափայլություն,

Պատիվ ունենք թագավորին տեղեկացնելու մեր Պարսկաստան ժամանելու և այն փոքրիկ անհանգստության մասին, որ ունեցանք Էրզրումում՝ Մեծ Պարոնի հողերից դուրս գալու ժամանակ։ Ձեզ տեղյակ ենք պահում նաև այն մասին, թե ինչ վիճակում են երկու կայսրությունների սահմանները և, միաժամանակ, հայերի այն հույսի մասին, որ նրանք ունեն իրենց մարգարեությունների ի կատար ածվելու համար։ Մենք այս բոլորի մասին մի քիչ ավելի մանրամասն ենք գրում, զանց առնելով, անշուշտ, շատ ուրիշ բաներ, որոնք համարում ենք պակաս կարևոր, մտածելով, որ մեր նամակը կամ շատ երկար կստացվի կամ էլ չափից դուրս կարճ։ Այս հանգամանքը մեզ ստիպում է ամենայն խոնարհությամբ Ձեզ աղաչելու, որ մեր գրածներն անդուր չլինեն Ձերդ Մեծությանը, ու մեզ պատիվ անեք Ձեր պաշտպանությամբ և մեզ ազատություն ընձեռեք հավերժորեն հարգանք տածելու Ձեր նկատմամբ,

Ձերդ Մեծության

Ամենախոնարհ և ամենահնազանդ ծառաները,

Դե Լալեն, Դե Լա Բուլե Լե Գուզ։

P. Raphael du Mans. Op. cit., pp. 302—303.

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Զուլալյան Մ., Հայ ժողովրդի XIII—XVIII դարերի պատմության հարցերը ըստ եվրոպացի հեղինակների.- Եր. ՀՀ ԳԱ հրատ., 1990.
Տրամադրել է՝ Միքայել Յալանուզյան
Սկան՝ Անի Քամալյան, Վահագն Մխոյան
OCR՝ Արշակ Ծառուկյան, Սոնա Ավագյան, Նելլի Հարությունյան, Գրիգոր Երիցյան, Անի Քամալյան, Հասմիկ Սողոմոնյան
Ուղղագրում՝ Լինա Քամալյան

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice