ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Մանվել Զուլալյան

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ XIII-XVIII ԴԱՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ ԸՍՏ ԵՎՐՈՊԱՑԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ

Previous | Բովանդակություն | Next

[էջ 276]

III

ԴՈԼԻԵ ԴԵԼԱՆԴԻ ՆԱՄԱԿԸ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԱՐՔՈԻՆԱԿԱՆ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԸՆԿԵՐՈԻԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐ Մ. ՌՈՎԻՆՅԻԻՆ

Սպահան, 15 փետրվար 1665 թ.

Իմ շատ սիրելի պարոն եղբայրս,

Ժամանել եմ այստեղ անցած տարվա դեկտեմբերի 14-ին, առողջությունս շատ լավ էր և ինձ ընկերակցում էր մի շատ համեստ մարդ, ադամանդի գործով զբաղվող մի ֆրանսիացի։ Թավրիզից մինչև այստեղ քսաներկու օր ճանապարհ ենք անցել։ Ինձանից տասներկու օր առաջ այստեղ էր եկել նաև պարոն Տավերնիեն։ Նա օթևանել էր ֆրանսիացի մի ոսկերչի մոտ և ինձ հասկացրեց, որ ես չեմ կարող նրա մոտ մնալ, ուստի և ստիպված էի գնալ պորտուգալացիների սուրբ Ավգուստինյան հայրերի վանքը։ Այստեղ ես ինձ շատ ավելի լավ եմ զգում, քան այլուր, քանի որ հարկադրված չեմ լինի ցոփությամբ զբաղվել, ինչպես անում են, օրինակ, ֆրանկները, որոնք բնակվում են Ջուլֆայում և այդպիսով նրանք մեզ հաճախ այցելելու հնարավորություն չունեն։ Մենք նրանցից հեռու ենք այնքան, որքան Մոնտուարը Գրանժեից։ Այս վանքը բավական գեղեցիկ է և լավ է պահպանվում։ Տան շուրջ բոլորը գեղեցիկ պարտեզ է, իսկ ինչ վերաբերում է եկեղեցուն, այն բավական մեծ է այդ երկրի համար և նույնիսկ կնսեմացներ Ֆրանսիայում գտնվող բավական մեծ թվով եկեղեցիների, որոնք, ի միջի այլոց, գեղեցիկ են համարվում։ Վերևից մինչև ներքև այն զարդարված է մահմեդական ոճով(moresques), ուր ոսկեզօծումը չի խնայված։ Եկեղեցու խորանի զարդեղենները բավական հարուստ են, իսկ հատակը ծածկող գորգերը նույնպես շատ գեղեցիկ են։ Վերջապես, այստեղ ակնհայտ է վեհությունը նախկին պորտուգալացիների, որոնցից այստեղ մնացել են միայն հիշողություններ, քանի որ հոլանդացիներն ամենուրեք դրանք ոչնչացրել են։ Այնուհանդերձ, այստեղ դրանցից մի հատ (գորգ) կա՝ հարուստ մի տան մեջ, որի տերը Պորտուգալիայի թագավորի ինտենդանտն (հավատարմատար) է Բանդար Կոնգում։ Նա մի շատ ազնիվ անձնավորություն է և ես նրա հետ բարեկամական կապերի մեջ եմ մտել։ Սա այստեղ հաստատված կրոնավորների առաջին տունն է։

Այստեղ երեք սուրբ հայրեր կան և մեկ եղբայր (ֆրանցիսկյաններ)։ Բոլորն էլ հոյակապ մարդիկ են, առատաձեռն և բարերար։ Քաղաքում կա նաև երկու վանք, որոնցից մեկը Բոկոտն Կարմելիտյան սուրբ հայրերին է պատկանում, իսկ մյուսը՝ Կապուցին (վեղարավոր)

[էջ 277]

սուրբ հայրերին, որտեղ էլ գտնվում է պարոն Թեվենոն։ Նա փարիզեցի ազնվական է, որն արդեն երեք ամիս է, ինչ գտնվում է այստեղ և մեզ հետ միասին անցնելու է Հնդկաստան) որի համար ես անչափ ուրախ եմ, քանի որ նա կաթոլիկ է, միաժամանակ՝ իմ բարեկամը։ Հիսուսյան (ճիզվիտ) սուրբ հայրերը քաղաքից հեռացել ու գնացել են բնակություն հաստատելու Ջուլֆայում, որտեղ, ինչպես ասացի, գտնվում են մեր ֆրանկները, թվով յոթ հոգի՝ երկու ժամագործ, մեկ ոսկերիչ և երեք ամուսնացած զինագործ։ Այստեղ է նաև պարոն լ'Էթուալը, որը հնագույններից է, իրեն շատ լավ է զգում և ապրում է իշխանական կյանքով։ Նա թագավորի ծառայության մեջ չէ։ Այդ յոթ ֆրանսիացիներից միայն երկուսն են կաթոլիկ։ Բոլորն էլ թագավորին վստահություն ներշնչած մարդիկ են։ Ինչ վերաբերում է քաղաքի նկարագրությանը, դուք դրա մասին մանրամասն կգտնեք պարոն Դելլա Վալլեի մոտ*, որն այն կատարել է բծախնդրորեն։ Աչքի ընկնող այլ շինություններ չկան, բացի մի կամուրջից՝ Շիրազի ճանապարհի վրա, որը նույնքան գեղեցիկ է, որքան Ջուլֆայինը և կառուցված է նույն ձևով։

Թագավորին տեսել եմ մեկ անգամ։ Նա լավ կազմվածք ունի և կլինի մոտավորապես երեսուն տարեկան։ Նա զբոսնելու էր գնում գետափ և հետն ուներ մոտ երկու հարյուր ձիավոր, որոնք անկազմակերպ առաջանում էին։ Նա միանձնյա իշխան է, բայց այն ձևով, ինչ ձևով այստեղ կառավարում են, մեր մոտի հետ համեմատած, կարելի է ասել ավելի շուտ դաժանություն է, քան իշխանություն։ Պարոն Տավերնիեն նրան հայելիներ և զարղեղեն է ծախել 4000 թուման գումարով։ Թումանը արժե տասնհինգ պիաստր, իսկ մեկ պիաստրը՝ երեք ու մեկ քառորդ աբասի։ Նա արժանացել է հազար շնորհակալության, ինչպես նաև մի շատ գեղեցիկ խալաթի։ Դա պարսկական ոճի մի ամբողջ հագուստ է։ Այդ գումարը նրան վճարվել է կանխիկ և դրա հետ մեկտեղ նրան է հանձնվել մի գեղեցիկ անձնագիր, որը նրան ու իր ցանկացած մարդկանց արտոնություն է տալիս ձրի շրջելու ողջ երկրով մեկ։ Իր վաճառականներից ես մեր հաշվի համար ոչինչ չեմ ստացել, որովհետև այնտեղ չեմ եղել։ Իր առևտրական ընկերն է եղել վեղարավոր (Կապուցին) հայր սուրբ Ռաֆայելը, որը նրան ծառայել է որպես թարգմանիչ։ Չնայած նա հեռու է ապրում, բայց դա ինձ չի խանգարում գնալու Ջուլֆա նրան այցելության։ Կարծում եմ, երբ իր գործերն ավարտի, յոթ-ութ օր հետո մենք կգնանք Բանդար դ'Հորմուզ, կամ միգուցե գնանք ուղիղ Սուրաթ կամ Բենգալ, որպեսզի վերջնակա-

_____________________________

* Նկատի ունի XVII դարի 20-ական թվականներին Իրանում Շահ Աբասի մոտ գտնվող իտալացի Պիետրո դելլա Վալլեի՝ Իրանի ու Մերձավոր արևելքի կացությանը վերաբերող բազմահատոր աշխատությունը։

[էջ 278]

նապես վաճառենք մեր ունեցածը, որովհետև ասում են, որ Շէաստաքանը կամ այն իշխանը, ում հետ առևտուր է արել պարոն Տավերնիեն, այնտեղ կառավարիչ է։ Եթե այնտեղ գնալու լինենք, մեր ճանապարհորդությունը կերկարի մոտ մեկ տարով։ Ես այստեղ ապրում եմ ինկոգնիտո (ծպտյալ), վախենալով ծախսերից, հատկապես հագուստեղենի, որը շատ թանկ է։ Պարսկաստանում երբեք այսպես չի եղել, այդ պատճառով էլ ներկայումս ես բավարարվում եմ հասարակ գյուղական մի հագուստով, առանց տոգայի և քազեբիի, որը մի բաճկոնակ է՝ մեջը գառնուկի գեղեցիկ մորթով ծածկված, բայց այս բոլորը թանկ հաճույք է և կարելի է եզրակացնել, որ այստեղ ՚հագուստեղենը ավելի թանկ է, քան Ֆրանսիայում և պատճառն էլ այն է, որ այս կողմերում բոլորն էլ այդ մորթեղեններից են հագնում։ Թավրիզից հետո մենք հանդիպել ենք միայն երկու գեղեցիկ քաղաքների, որոնք բավական մեծ են՝ Ղումը (Gom), որը հաճելի դիրք ունի, եթե չհաշվենք շոգը։ Այստեղ, Պարսկաստանում, կարելի է կլոր տարի առատորեն ճաշակել նուռ ու սեխ։ Այս քաղաքը նշանավոր է նաև նրանով, որ այստեղ է գտնվում Մուրթուզալիի կնոջ աղջկա՝ Ֆաթիմայի գերեզմանը։ (Երկրորդը) Քաշանը ավելի մեծ քաղաք է։ Այստեղ հիմնականում զբաղվում են մետաքսի առևտրով, որն ամենաորակովն է երկրում։ Թագավորի սեփականությունն են գեղեցիկ պարտեզները կամ ավելի ճիշտ, դրանք անտառներ են, որտեղ աճում են սոսի (չինար) կոչվող երկարաձիգ ծառերը։ Այդ ծառերի տերևները ձեռքի մեծություն ունեն, կտրտված են սխտորաձև և ձմռանը թափվում են։ Դաշտերում երբեք ծառերի չես հանդիպի։ Դրանք քաղաքներում ու գյուղերում են։ Բայց այդ բացը լրացվում է բազմազան ծաղիկներով, որոնք աճեցվում են ցանկապատերով շրջապատված տների պարտեզներում։ Հեռվից նայելիս այդ ցանկապատերը քաղաքին տալիս են խոշոր անտառների տպավորություն։ Քանի որ երկիրը խիստ չորային է և հազվադեպ է անձրև գալիս, նրանք ջրերը հավաքում են և ջրանցքների օգնությամբ տանում-հասցնում են հեռուները։ Այս երկրի բոլոր, շինությունները պատրաստված են արևի տակ չորացրած աղյուսներով։ Կան նաև մի քանի շինություններ, ինչպես, օրինակ, թագավորի պալատը և քարվանսարաները, որոնք կառուցված են թրծած աղյուսներից։ Եվ դա է պատճառը, որ ձմռանը, որն այստեղ չափազանց խիստ է, երբ շատ անձրևներ ու ձյուն է գալիս, և տանիքները ձյունից չեն մաքրվում, պատերը փչվում են։ Բոլոր սենյակները կամարաձև են, և այս գործում պարսիկները վարպետ են, քանի որ նրանք ոչ մի տեսակի գործիք չեն օգտագործում, ինչպես քրիստոնյաներիս մոտ է արվում։ Եթե տները արտաքինից գեղեցիկ տեսք չունեն, ներսից, սակայն, հակառակն է։

[էջ 279]

Դրանք, զարդարված են ոսկեզօծումներով և ճենապակիներով, սքանչելի, գորգերով, որոնց վրա նստում են ծալապատիկ, իսկ կռնակը հենում գեղեցիկ բարձերին։ Հարկավոր է, սակայն, կոշիկները հանել դռան առջև։ Սենյակները փոքր են, և բոլոր կողմերից դռներ կան, իսկ վերևի կողմից կան բազմաթիվ լուսամուտներ, որոնք ցանց հիշեցնող գեղեցիկ քանդակներ են։ Կան տներ, որոնց ցանցի տեսք ունեցող լուսամուտները գիպսից են՝ այստեղ քառակուսի անցքերին տեղադրում են գույնզգույն ապակիներ։ Այսպիսով, նրանց բոլոր սենյակները շատ լուսավոր են և լավ դասավորություն ունեն։ Թագավորի պալատի ներսը հնարավոր չէ տեսնել։ Ես այնտեղ նկատեցի միայն մի խոշոր բազմոց, հրաշալիորեն զարդարված երկրի սովորույթների համաձայն, նա այնտեղից էր դիտում ձիերի վարժանքները։ Ինչպես Թւրքիայում, բոլոր շինությունները հարթ տանիք ունեն։ Չի կարելի ասել որ մզկիթներն ամենագեղեցիկներից են։ Դրանք նման են Թուրքիայի մզկիթներին։ Նրանց գմբեթները ծածկված են գույնզգույն ճենապակիով և մեկ կամ երկհարկանի կլոր աշտարակներով, որոնք բավական– բարձր են և չափազանց փոքր։ Վերջապես, հայր Դելլա Վալլեն մանրամասնորեն գրել է այս երկրի մասին և շահ Աբբասի թագավորության օրոք, ինչպես այստեղ իմացա, բավականին մոտիկ է եղել նրան։ Մաանիի (Դելլա Վալլեի կինը) մասին, որի քույրը Շիրազում է բավական մեծ թվով պատմվածքներ ունի գրած։ Այն, ինչ նա գրել է պարսիկների քաղաքակրթության մասին, դա այնքան էլ ճիշտ չէ, քանի որ նրանք այդպիսին են հատկապես այն ժամանակ, երբ իրենց շահերն այդպես են պահանջում, որովհետև նրանց կրոնը լինելով ավելի սնոտիապաշտ, քան օսմանլուներինը, նրանց հրամայում է մեզ նայել որրպես պղծվածների, և դա է պատճառը, որ նրանք չեն ցանկանում, որ որևէ քրիստոնյա իրենց դիպչի այնպես որ, եթե նրանք մեզ հետ որևէ գործ չեն ունենում, կարելի է պատկերացնել նրանց վերաբերմունքը մեր նկատմամբ։ Այս քաղաքը բավական մեծ է իր պարտեզների շնորհիվ։ Այստեղ, մեյդանի շուրջը գեղեցիկ բազարներ կան և թագավորի կողմից կառուցված երկու երկհարկանի քարվանսարաներ։ Այս շինությունները համարյա նման են վանքի և այնտեղ կարող են բնակվել ավելի քան երկու հարյուր հոգի։ Գինին առատ է և համով։ Հացը նման է մեր կարկանդակներին, բայց շատ սպիտակ է։ Խաղողն ու սեխը կարելի է կլոր տարի ուտել։ Լավ տանձ ու խնձոր չկա, բայց կա հիանալի սերկևիլ։ –Քաղաքում որպես քրիստոնյաներ միայն կրոնավորներն են։ Ջուլֆայում մահմեդական գոյություն չունի։ Բոլորն էլ հայեր են և նրանք մեծ թիվ են կազմում ու նրանցից ոմանք հետևում են հռոմեական ծիսակատարությանը, որովհետև լուսավորվում են կրո-

[էջ 280]

նավորների կողմից։ Եթե աստված տա և ես վերադառնամ, մնացածի մասին Ձեզ կպատմեմ։ Այնուամենայնիվ, դուք կարող եք կարդալ Պիետրո դելլա Վալլեին, որից շատ գոհ կմնաք։ Անկասկած, Դուք մեծ հաճույքով եք ստանում իմ նամակները, բայց ինչպիսի գոհունակությամբ կկարդայի Ձեր նամակները, եթե դրանք ստանալու բախտավորությունն ունենայի։ Բայց, քանի որ շուտով մեկնելու ենք, ես, այնուամենայնիվ, պետք է համբերող լինեմ, որովհետև գոնե մի տարի հույս չունեմ նամակ ստանալու և բացի այդ նման հարմարություններ Հնդկաստանում չկան։ Աղոթեք և աստված թող նույնպես աղոթի ինձ համար։ Բարևներ եղբորս՝ Անտուանին, եղբորս՝ Դյուպարկին, քրոջս, զարմուհուս և մեր բոլոր ազգականներին։ Ես կցանկանայի նաև արժանանալ պարոն քահանայի աղոթքներին, ինչպես նաև պարոն Գյուարի, պարոն Էպիկարի և պարոն Մարդինի, ինչպես նաև մեր ամբողջ հարևանության, չմոռանալով հանդերձ պարոն դե Գրանլեի ընտանիքը, պարոն դե Բլանշֆոնտենին և պարոն Դյուգեին և պարոն Բյուսսոնին։ Մնաք բարով, ես կմնամ միշտ ձերը։

Դելանդ

Ավագ հինգշաբթի օրը մենք դարձյալ կանչված էինք թագավորի մոտ, որտեղ նույն թամաշան արեցինք ինչ որ առաջ։ Հ. Գ. Այս գրությունից հետո, Տեառնընդառաջի հաջորդ առավոտյան, թագավորի խելքին փչեց իր մոտ կանչել պարոն Տավերնիեին, նրա հետ նաև մի այլ հոլանդացի առևտրականի և երկու այլ երիտասարդ դարձյալ հոլանդացիներ, ինչպես նաև մեր զինագործի և մի ոսկերչի երկուսն էլ ֆրանսիացիներ, և վեղարավոր (Կապուցին) հայր Ռաֆայելին, որը թարգմանչի դեր էր կատարում։ Այս բոլորի պատճառը նրա հետ գինի, խմելու թագավորի փափագն էր։ Խնջույքը շատ ուրախ է անցել, և թագավորն այնքան լավ. տրամադրության, մեջ էր, որ ամբողջ օրն իրեն (թագավորին) գինի մատուցելու համար զինագործին տվեց կանխիկ 50 թումանի քսակ, որը մոտ 2000 ֆրանկ է։ Խնջույքն սկսվել էր առավոտյան ժամը իննին և քանի որ թագավորը նվագել տվեց մոսկովիտներից ստացած ինքնուրույնաբար նվազող երգեհոնները (օրգանը), պարոն Տավերնիեն, հայր Ռաֆայելի միջոցով, թագավորին հասկացնում է, որ ես կարող եմ փոքր կլավեսին (épinette) նվազել, և քանի որ այստեղ այդ գործիքից էլ մի հատ կար, թագավորը հրամայում է, որ ինձ անմիջապես բերեն իր մոտ։ Մի սոֆի եկավ իմ ետևից ու ձիու գավակին ինձ նստեցրած տարավ (նրա մոտ)։ .Թագավորի դռանը սպասել եմ մինչև ուշ գիշեր, իսկ դա ինձ համար հաճելի էր, քանի որ ես ազատ էի մնում բաժակներով գինի խմելուց, մի բան, որ

[էջ 281]

մնացածները պարտավոր էին անել։ Բացի այդ, այս խնջույքին թագավորը բերել էր տվել գործիքներով նվագող խումբը, ինչպես նաև տասնհինգ-տասնվեց աղջիկ, որոնք ժամանակ առ ժամանակ պարում էին համաձայն իրենց սովորության՝ դափի հնչյունների տակ։ Այստեղ էր նաև մի փոքրիկ վրացի (Gurgien), որը հիանալի նվագում էր տավիղի վրա։ Վերջապես ինձ հրավիրեցին ներս, ուր ինձ առաջնորդեց թագավորի ինտենդանտ (հավատարմատար) Նազերը։ Խորին խոնարհությամբ թագավորին ողջունելուց հետո, գնացի նստեցի պարոն Տավերնիեի մոտ՝ թագավորից երեք քայլ հեռավորության վրա, որից հետո, սկսեցին ձեռք տալ ինձ համար բերված փոքր կլավեսինին (épinette)։ Եվ քանի որ նրանք վատ էին տիրապետում այդ գործիքին, ես ավելի վստահորեն էի նվագում, իսկ թագավորը կարծում էր, որ դա հիանալի է։ Եվ վերջապես, տեսնելով, որ թագավորը մեզ լիակատար ազատություն է տալիս, սկսեցի երգել այդ խնջույքի համար մի երգ, որը հետևյալն է.

Ավագ հինգշաբթի օրվա զավակներ,
Ահա լավ հարբեցողների խնջույքը։

Երգում էի ես այս երգը և դա այնքան էր դուր դալիս թագավորին, որ երկու-երեք ժամ տևողությամբ ես անընդհատ երգեցի, մեկ առանձին, մեկ պարոն Տավերնիեի և ոսկերչի ընկերակցությամբ։ Իսկ այս վերջինս այնքան կապիկություններ էր անում, որ թագավորը ծիծաղից պայթում էր։ Այնուհանդերձ, ոսկե տասանոցը իր գործն անում էր. մենք երկու-երեք անգամ խմեցինք թագավորի սափորով։ Մեզ հանգստացնելու համար աղջիկները պարում էին, որոնց հետ մեկտեղ պարում էր նաև ոսկերիչը։ Այնուհետև, գործիքներով նվագողներն սկսեցին շատ հաճելի երաժշտություն նվագել։ Եվ վերջապես, հազար ու մի այլ կապիկություններ անելուց հետո, և որովհետև այստեղ ավելի երկար մնալը միտք չուներ՝ քանի որ պետք է շարունակեինք խմել, ուստի խնդրեցինք մեզ ազատ արձակել, և թագավորը դա թույլ տվեց։ Եվ այսպես, մոտ կեսգիշերին մենք այնտեղից հեռացանք։ Ահա թե ինչպես եղավ, որ ես տեսա թագավորին։

Հասցեն հետևյալն է. Պարոն Դոլիե

Արքունական արևմտյան ընկերության քարտուղար,

հարգող՝ Մ. Պարոն

Ռյուվինյի

P. Raphaël du Mans. Op. cit., pp. 292—297.

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Զուլալյան Մ., Հայ ժողովրդի XIII—XVIII դարերի պատմության հարցերը ըստ եվրոպացի հեղինակների.- Եր. ՀՀ ԳԱ հրատ., 1990.
Տրամադրել է՝ Միքայել Յալանուզյան
Սկան՝ Անի Քամալյան, Վահագն Մխոյան
OCR՝ Արշակ Ծառուկյան, Սոնա Ավագյան, Նելլի Հարությունյան, Գրիգոր Երիցյան, Անի Քամալյան, Հասմիկ Սողոմոնյան
Ուղղագրում՝ Լինա Քամալյան

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice