ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian
Մեհրուժան եղբայր Բաբաջանյան

ԽԱՉԱՊԱՏՈՒՄ


Ներածություններ  1.Պատմական վկայություններ  2.Հայոց վերածնունդ
3.Տիեզերալույս հայրերը Սուրբ Խաչի մասին  4.Սուրբ Խաչի տոները
5.Ժամանակակից վկայություններ

[page 4 ]

Ի հիշատակ Քրիստոսի զինվորյալ հայորդիների,
որոնք 1700 տարի հավատարմաբար կրեցին իրենց Խաչը
ու փառավորեցին մեր Խաչյալ Տիրոջը, որ օրհնյալ է
հավիտյանս հավիտենից. ամեն:


Մեհրուժան Վազգենի Բաբաջանյան
«ԽԱՉԱՊԱՏՈՒՄ»
Երևան 2001

Ընթերցողին ենք ներկայացնում մի գիրք, որը հայոց ազգի Գողգոթան է՝ Խաչի նեղ ու դժվարին մի ճանապարհ, որի վախճանը լույս է և հավիտենական կյանք:

Նյութերը ընտրված են սկսած աշխարհի արարումի պատմությունից մինչև մեր ապրած օրերը, որպեսզի ընթերցողը ինքը իր մտքի կարողությամբ սավառնի անցած դարերի վրայով, ու անձամբ համոզվելով հաստատվի Քրիստոսի Խաչի մեծության անքննելի խորհուրդներում: Այդ մասին են պատմում ընթերցվելիք բոլոր վկայությունները, թե՛ քրիստոնեության ընձյուղման առաջին դարերում, թե՛ այս չար ժամանակներում, և հաստատում մեկ բան՝ ինչպես Հիսուս Քրիստոսն է նույնը, երեկ, այսօր և հավիտյան, այդպես էլ Նրա Խաչի զորությունն է անփոփոխ:

Մեզ մնում է ծանոթանալ Խաչի հավատարիմ զինվորների` հավատքի հերոսների կյանքի վկայությունների հետ, ու նույն արիությամբ քայլել Խաչի ճանապարհով՝ դեպի Կյանք, դեպի փրկություն:

«Ճրագ»

[page 5 ]

ՈՎ ՍՈՒՐԲ ԽԱՉ. քառաթև պաշտելի ու երկրպագելի, որ Արարչի ձեռքի գործիքն էիր, երբ Աստված քեզանով գծագրում էր երկրագնդի հորիզոնները, ստեղծում բույսերը, կենդանիները, երկնքի լուսատու զարդերը, ու ձեռակերտում մարդուն, սուրբ նշանդ դրոշմելով Իր բովանդակ արարչության վրա։ Բայց երբ Աստծո պատկերով ու նմանությամբ ստեղծված մարդը, չճանաչելով իր պատիվը անհնազանդությամբ մեղանչեց, Աստված, որ մարդասեր ու գթառատ էր, մեր փրկության համար չխնայեց իր Միածին Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, մատնելով Խաչի մահվան: Նա Իր անմահ Աստվածությամբ գամվելով Խաչին մեռավ, որպեսզի նույն Խաչի միջոցով մարդուն կրկին վերակոչի հավիտենական կյանքի, վճարելով ադամորդիներիս մեղքի պարտքը, Խաչի վրա թափված Իր սուրբ Արյամբ:

Ետ նայենք ու կտեսնենք, որ մեր հայրերը իրենց կյանքի ողջ իմաստը Խաչի մեջ են տեսել, քանի որ Քրիստոս ամեն պահ Խաչի վրա է, էացած դրա հետ, ու երբեք չի զատվում Խաչից, որը Իր գավազանն ու զենքն հաղթության։ Եվ հայոց ազգը այն միակը եղավ, որ մինչև վերջ հավատարիմ մնաց Քրիստոսի Խաչին, քաջ գիտակցելով, որ հրաժարվել Խաչից, նշանակում է հոգեպես մերկանալ ու բարոյազրկվել: Խաչի խորհուրդը ոչ այլ ինչ է, եթե ոչ հավատքը նախ Քրիստոսի, ապա մեր սրբազան եկեղեցու ու նրա ավանդույթների նկատմամբ։ Խաչը մեզ համար միակ երկրպագելի զորությունն է եղել՝ մեր բոլոր հաղթանակների կնիքը։ Ու եթե այսօր մենք ցավեր ու դժբախտություններ, ներքին խռովք ու տագնապներ ունենք, նշանակում է Խաչից հեռացել ու Նրա խորհուրդն ենք ուրացել։

Դառնա՛նք դեպի Քրիստոսի սուրբ Խաչը, նախ մեր սրտերում սրբությամբ կրելով, ապա նոր մեր կրծքերին, որ ամենամեծ մեղքը չգործենք՝ դիտելով Խաչը լոկ որպես զարդանշան։ Ապավինենք Խաչին և այն պիտի զորացնի մեզ, պահպանի ամեն տեսակի փորձություններից ու Աստծո խաղաղությունը պիտի պարգևի։

Սիրելի հայորդիներ, դարձե՛ք, հեռացե՛ք ձեզ մոլորեցնող հոգեսպան բոլոր աղանդներից, որոնք ուրացել են Տիրոջ Խաչը, որովհետև մերժելով Խաչը՝ դրանով իսկ մերժել են իրենց համար պատրաստված հավիտենական կյանքը:

Տեր Հարություն.
քահանա սուրբ Գայանե վանքի

23 սեպտեմբերի 200թ.
Սբ. Էջմիածին

[page 6 ]

ՆԱԽԱՇԱՎԻՂ

Տարիներ շարունակ, երբ “ոսկոր ու միս” էր ստանում այս գիրքը, բնական էր, որ դրան զուգընթաց հոգս արվեր նաև վայելուչ անվան համար։ Երկար ժամանակ մտքիս առաջնորդությունը շահում էր «Սուրբ Խաչ», «Խաչի զորություն», կամ պարզապես «Խաչ» անունը, բայց ծանոթ լինելով «Ազգապատում», «Համապատում», «Հազարապատում», «Ավանդապատում», և այլ “պատումների”, կարդացած ու լսած փաստերի համադրումից հետո, հետզհետէ Տիրոջ փրկարար փայտի տիեզերական խորհուրդը այնքան վեհացավ իմ սրտում, որ ի վերջո համոզվեցի, որ Խաչը դա Աստծո արարչական կնիքն է, սկիզբն ու վախճանը համայն ստեղծվածների, այդ պատճառով որոշեցի գիրքը անվանել «ԽԱՉԱՊԱՏՈՒՄ», քանզի ամեն ինչ դրանով է հաստատվել, ինչ որ եղել է, ու դրանով էլ պիտի ավարտվի ինչ որ պիտի լինի։ Եվ թող ոչ ոք չզարմանա, որ այս գրքում Խաչ բառը միշտ մեծատառով գրված հանդիպի, քանզի արժանի է այդպես հատուցել մեր բոլորի հոգիների փրկության կենաց Փայտին:

Իսկ որ դա իսկապես այդպես է, թող ընթերցողը ինքը կարդա՛ և համոզվի։

Երուսաղեմի սբ. Հակոբյանց վարժարանի կրոնի ուսուցիչ՝
ՄԵՀՐՈՒԺԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

[page 7 ]

ՄՈՒՏՔ

Խաչը, որ մահվան գործիք է, այդ մասին շատերս գիտենք, բայց որ այն մեր փրկության Կենաց ծառն է, դրան քչերս ենք հավատում։ Եվ հենց դա էլ ադամորդիներիս խոցելի գարշապարն է, որից օգտվելով այս աշխարհի օդի իշխանը՝ սատանան, բազում մարդկանց է կործանման տանում։

Եվ որ բոլորիս մահն է սպասում, այդ նույնպես հաստատ գիտենք, բայց այնպիսի անհոգությամբ ենք ապրում, կարծես դեռ առջևում էլի մի հազար տարի կա։ Սա էլ է մարդկության հոգու գարշապարը, և սատանան լա՜վ է կարողանում օգտագործել այդ, մեղմ ասած, մեր անմտությունը։ Ո՜վ-ո՜վ, բայց գոնե նա մեզանից ավելի լավ գիտի, որ մարդը իր մարմնավոր վրանից դուրս գալուց հետո չի “կորում, գնում”, ինչպես շատերն են կարծում, այլ բոլոր կատարած արարքների հատուցման ժամանակն է գալիս, որ կոչվում է Արդար Դատաստան։ Իսկ եթե արդար, ուրեմն Դատավորն էլ պետք է արդար լինի, բայց մենք լավ գիտենք, որ արդար ոչ ոք չկա, քանզի բոլորս

[page 8 ]

մեղքին ծախված արարածներ ենք, ուրեմն այդ Դատավորը պետք է լինի Ինքը՝ Արդարության Արեգակը՝ Հիսուս Քրիստոս Տերը, Որի լույսի տակ ո՛չ մի մեղք, ո՛չ մի հանցանք չի ծածկվելու, այլ ամեն գաղտնի խոսք, ամեն թաքուն արարք, ամեն սրտի ծածուկ խորհուրդ՝ թե՛ չար, թե՛ բարի, ի հայտ է գալու, և միակ Արդարի կողմից հատուցվելու է ըստ արժանվույն։

Այս, ինչ որ կարդաց ընթերցողը, հերթական քարոզ չէ, այլ Խաչի և Խաչյալի տիեզերական, համամարդկային խորհուրդը նկարագրելու նախաբան, քանզի Տիրոջ Խաչի խորհուրդը վերջին ժամանակներում ապրող սերունդների մեջ շատ է նսեմացել, չափազանց շա՜տ: Եվ ցավոք հիմա մենք այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ նույնիսկ բազում հայորդիների համար Տիրոջ Խաչը դարձել է անարգանքի, կամ ատելության առարկա, ու շատ իրեն քրիստոնյա համարողներ հաճախ խորշում են թե՛ Խաչի նշանից, և թե՛ խաչակնքվելուց։ Իսկ բազմաթիվ օտարակրոն քարոզիչներ չարի որոմները սերմանալով մեր ազգը հասցրին այն աստիճան, որ շատերի համար Խաչը այժմ դարձել է գայթակղության, իսկ երբեմն էլ թշնամանքի առարկա:

Սա նախ մեր խավարած մտքի տգիտությունից և հոգու ամլությունից է, հետո՝ Աստծո երկյուղի խիստ պակասից, որը ի վերջո մարդուն թշնամացնում է Աստծո հետ ու հավիտենական կործանման տանում այդ անձին։

Իսկ սուրբ Խաչի ամենահաղթ զորության ապացույցն է թե՛ Աստծո խոսքի կատարված իրողությունները, և թե՛ Քրիստոսի եկեղեցու 2000-ամյա պատմությունը։ Եվ թե ինչպես է այդ եղել, այժմ մեզ կօգնեն հասկանալու Խաչի զորությամբ հավատի բարի պատերազմում հաղթող զինվորների կյանքն ու վկայությունները։

Սկսենք Պողոս սրբազան առաքյալի խոսքով. «Քավ լիցի, որ ես մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչից զատ մի այլ բանով պարծենամ» (Գաղ. 6:14)։ Լա՜վ խորհենք այս խոսքերի իմաստը, ու նախ իմանանք, ով է այդ ասողը. Ավետարանի ամենաեռանդուն, ամենաբեղմնավոր և ընտիր ծառան, որի քարոզություններով բազում հեթանոս ազգեր ճշմարիտ Աստծուն դարձան։ Նա հրեա փարիսեցի լինելով հանդերձ՝ իր դաստիարակությունը

[page 9 ]

բուն հրեության մեջ էր ստացել, մի ազգի, որն արդեն քսան դար ի վեր մնում է Խաչի և Խաչյալի առաջին թշնամին, ինչպես որ ինքը՝ Սավուղն էր մի ժամանակ հալածում Աստծո ժողովրդին, մինչև որ Քրիստոսին հանդիպեց Դամասկոսի ճանապարհին։

Ուրեմն, եթե Խաչյալը նրա կյանքը կարողացել է այնքան կտրուկ փոխել, որ հարյուր տոկոսանոց հրեան, ի լուր աշխարհի, Խաչը որպես իր համար միակ պարծանքի արժանի խորհըրդանիշ է համարում, նշանակում է, իսկապես Քրիստոսի Խաչի մեջ թաքնված զորություն կա, որը, ավա՜ղ, այս դարի շատ ու շատ մարդկանց համար դարձել է անարգանքի, կամ գայթակղության նշան։ Եվ ինչպես նույն առաքյալն է ասում. «Խաչի քարոզությունը կորսվածների համար հիմարություն է, իսկ մեզ՝ փրկվածներիս համար, Աստծո զորությունը» (Ա. Կորնթ. 1։18)։ Իսկ մի ուրիշ տեղում ավելացնում է. «Իսկ այժմ, Հիսուս Քրիստոսի միջոցով, դուք, որ մի ժամանակ հեռացած էիք, մերձավորներ եղաք Քրիստոսի արյամբ, որովհետև Նա է մեր խաղաղությունը, որ երկուսը մեկ դարձրեց. քանդեց իր մարմնի մեջ միջնորմը՝ թշնամությունը, որպեսզի մեզ հաշտեցնի Աստծո հետ իր Խաչով. քանի որ նրանով սպանեց թշնամությունը» (Եփես. 2։13-16)։

Այսինքն՝ մեղավոր մարդկությունը, որ մի ժամանակ թշնամացած էր Աստծո հետ, հաշտություն է գտել Քրիստոսի Խաչի միջոցով։ Իսկ թե ի՞նչ է տալիս այդ հաշտությունը մարդուն, կարդանք նույն առաքյալի ուղերձը հռոմեացիներին. «Աստված մեր հանդեպ Իր սերը հայտնեց նրանով, որ երբ տակավին մեր մեղքերի մեջ էինք՝ Քրիստոս մեզ համար մեռավ։ Եվ հիմա, որ Իր արյունով արդարացել ենք, որքա՜ն առավել վստահությամբ կարող ենք ասել, թե Քրիստոսով պիտի փրկվենք Աստծո բարկությունից։ Որովհետև, եթե Աստված Իր Որդու մահով մեզ հաշտեցրեց Իր հետ, դեռ այն ժամանակ, երբ տակավին թշնամի էինք Իրեն, հիմա, որ արդեն հաշտվել ենք, ինչքա՜ն առավել վստահությամբ կարող ենք ասել, թե պիտի փրկվենք Քրիստոսի կյանքով» (Հռոմ. 5: 8-10)։

Այսինքն՝ մարդը Խաչի վրա թափված Քրիստոսի արյունով իր մեղքերին քավություն և թողություն գտավ ու, դրանով իսկ

[page 10 ]

հաշտվելով սուրբ Աստծո հետ, հավիտենական կյանքի խոստումը ստացավ և Տիրոջ գալիք ահեղ դատաստանի բարկությունից պիտի փրկվի։ Իսկ որ դատաստանը ահեղ ու անաչառ պիտի լինի, դրանում թող ոչ ոք չկասկածի, քանզի գրված է. «Սարսափելի բան է կենդանի Աստծո ձեռքը ընկնելը» (Եբր. 10:31), և դարձյալ. «Եթե արդարը դժվարությամբ փրկվի, ապա ամբարիշտն ու մեղավորը էլ ո՞ւր պիտի մնան» (Ա. Պետ. 4:18):

Ուրեմն, հավատքով ընդունելով Խաչը՝ ընդունում ենք Խաչյալին, ընդունելով Խաչյալին՝ ստանում ենք թե՛ խոստացված հավիտենական կյանքը, թե՛ ազատվում Աստծո ահեղ Դատաստանից։ Ահա թե ինչու առաքյալը համարձակաբար գրում և հորդորում է. «Այս նորոգությունը Աստծուց է, որ Քրիստոսի միջոցով մեզ իրեն հետ հաշտեցրեց ու նաև պաշտոն տվեց մեզ՝ ուրիշներին էլ հաշտություն բերելու։ Այսինքն, Աստված Ինքն էր, որ Քրիստոսի միջոցով աշխարհը հաշտեցրեց Իրեն հետ, անհիշաչար գտնվելով մարդկանց մեղքերի հանդեպ և մեզ պաշտոն տվեց, որ հաշտությունը պատգամենք բոլոր մարդկանց։ Ահա թե ինչու մենք Քրիստոսի կողմից պատգամավորություն ենք անում, այնպես, որ կարծես Աստված Ինքը մեր միջոցով է խոսում ձեզ. և Քրիստոսի կողմից աղաչում ենք՝ հաշտվեցե՛ք Աստծո հետ» (Բ. Կորնթ. 5: 18-20)։

Այսքանից հետո, եթե մարդը մերժում, կամ անարգում է փրկության Խաչը, ինչպե՞ս կարող է հաշտվել Աստծո հետ. չէ՞ որ ասացինք Քրիստոսի Խաչը դա մեր նման ընկած և մեղավոր մարդուն մեկնած՝ Աստծո հաշտության բազուկն է և ոչ միայն այդքանը, այլև Խաչով. «Աստված ներեց մեր բոլոր հանցանքները և Իր իշխանությամբ ջնջեց մեղքի օրինազանցության պատճառով մեր դեմ եղած մահվան դատապարտության վճիռը, այն գամելով Խաչափայտին» (Կող. 2։14)։

Ուրեմն հաստատ իմանանք, որ մերժելով Խաչը՝ մեր հանցանքների համար արված մահվան դատապարտության վճիռը մնում է ուժի մեջ, և վաղ թե ուշ այն պետք է իրագործվի, որովհետև դրանով իսկ մերժել ենք Խաչյալին, քանզի այդ Խաչով էր, որ Ինքը՝ Քրիստոս, փառավորվեց, ինչպես որ գրված է. «Նա, (Քրիստոս) մեկ զոհ մատուցելով մեղքերի համար, մշտընջենավորապես Աստծո աջ կողմը նստեց։ Եվ սրանից հետո

[page 11 ]

սպասում է մինչև Իր թշնամիները Իր ոտքերի տակ պատվանդան դրվեն» (Եբր. 10։ 1213)։ Եվ այդ զոհը ոչ այլ ինչ էր, եթե ոչ հենց Ինքը՝ Աստծո անարատ Գառը, Միածին Որդին, որի համար վկայեց Հովհաննես Մկրտիչը՝ ասելով. «Ահա Աստծո Գառը, որ աշխարհի մեղքը կվերցնի» (Հովհ. 1:29)։

Այժմ մեր ընտրությունից է կախված. որպես Խաչի թշնամիներ Քրիստոսի ոտքի տակ պիտի լինենք, թե՞ Նրա հետ ու Նրա կողմից խոստացված հավիտենական կյանքը վայելենք։

Իսկ եթե ձեզանից ոմանք հարցնեն, թե ինչպես հաշտվենք Աստծո հետ, նրան պատասխանենք Հովհաննես առաքյալի խոսքերով. «Եթե ասենք, թե մենք ոչ մի մեղք չունենք, ինքներս մեզ ենք խաբում, ու մեր մեջ ճշմարտություն չկա, իսկ եթե խոստովանենք մեր մեղքերը. հավատարիմ ու արդար է Աստված՝ մեր մեղքերին թողություն տալու և մեզ բոլոր անիրավություններից փրկելու, որովհետև Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի արյունը մեզ ամեն մեղքերից սրբում է» (Ա. Հովհ. 1:7-9)։

Այսինքն, Հովհաննես առաքյալը մեզ՝ մահկանացու մարդկանց հայրաբար խրատում է, որ բոլորս ենք մեղավոր, բայց այդ մեղքերի գիտակցությունը, զղջումով խոստովանությունն ու հավատը Աստծո Որդու քավչարար ու սրբարար արյան հանդեպ, բավարար պայման է, որ մեր գործած բոլոր մեղքերին թողություն ստանանք և դրանով իսկ հաշտված կլինենք մեր Տեր Աստծո հետ։

Եվ մի՞թե առօրյա կյանքի դեպքերը այդ չեն ապացուցում։ Օրինակ, երբ զավակը մեղանչում է ծնողի հանդեպ, նրանց միջև կարծես մեղքը անտեսանելի պատնեշ է գոյացնում, խոչնդոտելով ծնող-զավակ ճիշտ հարաբերությանը։ Եվ ծնողը չնայած իր ներման պատրաստակամությանը, չի կարողանում իր ողջ ծնողական սերն ու գուրգուրանքը արտահայտել, որովհետև որդու կատարած մեղքը սառցե պատնեշի նման արգելք է հանդիսանում, ու նա ամեն օր սպասում է, որ իր որդին գա ու կատարած արարքի համար խոստովանելով ներում խնդրի, և ծնողը պատրաստ է ուրախությամբ ներում շնորհել։ Ինչո՞ւ. որովհետև ծնողը չնայած ատում է կատարված մեղքը, բայց սիրում է իր որդուն։ Եվ Հիսուսի պատմած ավետարանական անառակ որդու օրինակը (Ղուկ. 15։11) մեզ հենց այդ է սովորեցնում, որ մեր բոլորի երկնավոր Հայրը նույն-

[page 12 ]

պես ամեն օր Իր մոլորված ու մեղավոր որդիների դարձին է սպասում, որպեսզի մեզ ներելով ու Իր հետ հաշտեցնելով՝ նորից մեր կորսված որդիական իրավունքը վերականգնի։ Ինչպես և հաստատում է Հովհաննես ավետարանիչը. «Տեսեք ինչպիսի՜ սեր շնորհեց մեզ Հայրը, որպեսզի մենք կոչվենք Աստծո որդիներ» (Ա. Հովհ. 3։1)։ Իսկապես որ ԱՍՏՎԱԾ ՍԵ՛Ր է, և այդ երկնային սերը երկրի վրա ապացուցվեց Քրիստոսի խաչելությամբ։

Այդ է պատճառը, որ մարդկության թշնամին՝ սատանան, սարսափում է նույնիսկ պարզ Խաչի նշանից, որովհետև երեխան անգամ դրանով կարող է հալածել նրան, եթե հավատով դիմի Խաչին։ Այդ պատճառով մեր ոսոխը՝ սատանան, ամեն բան արել է (և անում է), որ մարդիկ մոռանան, կամ գոնե անգիտանան Խաչի խորհրդի զորության մասին, որպեսզի իրեն դյուրին լինի պատերազմել մարդոց որդիների դեմ։

Բյուր վկայություններ կան, երբ մարդու վրա, երազի մեջ կամ հայտնապես, դիվական ճնշում, կամ հարձակում է գործադրվել, և այդ անձը ցանկացել է խաչակնքվել, բայց չար ուժերը արգելելով կաշկանդել են նրան, ու մարդը մտովի է Խաչ հանել, որը բավական է եղել իսկույն ազատվելու մարդկային հոգիները կործանող այդ թշնամիներից։

Այժմ նվաստիս միջոցով գրված այս աշխատության նպատակը Հիսուսի Խաչի զորության հոգևոր նկարագրի վերականգնելն է մեր սրտերում, որպեսզի Խաչի որդիները առավել հաստատվեն, իսկ Խաչի զորությանն ու խորհուրդին դեռևս անհաղորդները՝ ճանաչեն իրենց հոգիների փրկության միակ և վերջին միջոցը։

Որպես թարմ օրինակ, հիշենք աթեիզմի եռքով շնչող մոլորված կոմունիստներին։ Ի՞նչ էին անում նրանք խավարի տարիներին. (կոմունիստներին համակրողները կասեն՝ խավարի ժամանակը հիմա է, երբ ո՛չ կարգին աշխատանք ունենք, ո՛չ էլ ուտելիք), համաձայն եմ, բայց ես խոսում եմ հոգու խավարի մասին, երբ մեր սրտերից հանեցին Ճշմարիտ Լույսի հավատը՝ տեղը սրսկելով կոմունիզմի փուչ գաղափարները, որի իրականացմանը նույնիսկ իրենք էին կասկածում. (ու ճիշտ էին անում)։ Ահա այդ՝ մեր հոգիների համար դժնդակ տարիներին, նրանց առաջին գործը եղավ Աստծո եկեղեցիները անարգել՝ դրանք խաչընկեց անելով, որը Հիսուսի հաղթությունը հիշեցնող

[page13 ]

նշանն է, ու տեղը կարմիր դրոշ տնկել, կամ էլ հնգաթև աստղ՝ որը սատանայապաշտներին բնորոշող սիմվոլն է։

Սրանք հեռավոր արձագանքներն են այն կատարված դեպքի, որ տեղի է ունեցել 2000 տարի առաջ, երբ Գողգոթայի Խաչի վրա ջնջվեց մեր մեղքերի պարտամուրհակը, գամվեց Խաչին և մահվան իշխանությունը խլվեց սատանայի ձեռքից։ Հիմա ո՞վ կարող է մեզ դատապարտել մեր մեղքերի համար. սատանա՞ն, բայց նա էլ է սարսափելով սարսափում Խաչից, որի վրա իր գլուխն է ջախջախվել, ու մահացու հարված ստացել, և որտեղ առաջին անգամ մարդկության պատմության մեջ, Մեկը կարողացավ աղաղակել. «Քաջացե՛ք, որովհետև Ես հաղթեցի աշխարհին» (Հովհ. 17։33), այսինքն այս աշխարհի իշխանին, որը մեզ՝ ադամորդիներիս, մահվան գավազանով հովվում էր ի մահ: Իսկ որ այս աշխարհի իշխանը՝ սատանան է, նույնիսկ շատերը չգիտեն, որի մասին Պողոս առաքյալը գրում է. «Օդում տիրողի իշխանի այն ոգին, որ այժմ ներգործում է ապստամբող մարդկանց մեջ» (Եփես. 2։2): Բայց, ավա՜ղ, շատերն էլ իմանալով այդ, կամովին, կամ վախից, նրա կամքն են կատարում։ Մինչդեռ սուրբ Անտոն Մեծը, որ առավել քան մենք, տեղյակ էր սատանայի խորամանկություններին, ասել է. «Դևերը չեն կարող արտաբերել Փրկչի անունը, ինչպես և չեն կարող խաչակնքվել, և հատկապես վախենում են Տիրոջ խաչելության տեսարանից», իսկ սուրբ Աթանաս Մեծը լրացնում է. «Խաչից և Հիսուսի անունից դևերը փախչում են, մոգություններն ու կախարդությունները դադարում, վերանում է թունավորումը, և մարդիկ խուսափում են մոլորությունից»։

Եվ իսկապես, Ավետարանի խոսքին տեղյակ մարդիկ, ոչ մի տեղ չեն կարող հիշել, որ պիղծ ոգիները առանց սարսափի արտաբերեին Հիսուսի անունը, ու ոչ մի տեղ Նրան Տե՛ր չդավանեցին։ Այդ չէ՞ արդյոք պատճառը, երբ ժամանակակից մոլորված աղանդավորներին՝ ռասըլականներին (Եհովայի վկաներին) հարցնում ես, թե Հիսուսին Տե՛ր, այսինքն՝ Աստված ընդունո՞ւմ ես արդյոք, ու պատասխանը միշտ լինում է՝ «ո՛չ», կամ էլ լսում ես ծամածուռ մեկնաբանություններ։ Այդ դեպքում ինչո՞վ են նրանք տարբերվում Ավետարանում նկարագրված դիվային զորություններից, որոնք Հիսուսին նույնպես ընդունում էին որ-

[page 14 ]

պես Բարձրյալ Աստծո Որդի, բայց որպես Տեր չէին դավանում։ Ուրեմն թող ոչ ոք չխաբի մեզ, եթե այդ երկուսի պտուղները նույնն են, ուրեմն արմատն էլ է մեկ։

Դավիթ մարգարեն իր սաղմոսներում գրեց. «Տե՛ր, Քեզանից վախեցողներին Դու նշան տվեցիր…» (Սղմ. 59:6): Խաչը հաղթության հենց այդ նշանն է՝ մեղքի, մահվան ու սատանայի դեմ։ Այդ դեպքում ի՞նչն է պատճառը, որ շատ հայորդիներ, որոնք իրենց քրիստոնյա են համարում, և ամեն օր ընթերցում են Ավետարանի խոսքը, բայց գայթակղվում են Խաչից, մի՞թե իրենց մեղքերի համար ուրիշ մի տեղ է թափվել մեր Տիրոջ արյունը, մի՞թե Խաչը այն զոհասեղանը չէ, որտեղ պատարագվեց Զատկական Գառը, Որի արյունով մենք փրկվեցինք մահաբեր Եգիպտոսից, որը այս կործանման գնացող աշխարհի խորհրդապատկերն է։

Ուրեմն, սիրելի՛ հայորդի, իմացիր, որ Խաչն ու Խաչյալը մեր հայոց սրբերի և մեր ժողովրդի համար դարերով նույնացել է, նրանք տեսել են Խաչը, երկրպագել այն՝ իսկ սրտներում Քրիստոս Խաչյալին ունենալով։

Երբ քո նախնիները անտաշ քարերը մարգարտանախշ վարպետությամբ ասեղնագործել են, մի՞թե այնտեղ Խաչյալի հանդեպ նրանց հոգու սերը չես տեսնում: Իսկ երբ եկեղեցիների գլուխները զարդարել են երկնասլաց խաչերով, նրանք կատարել են Ավետարանի հետևալ խոսքը. «Քրիստոսը եկեղեցու գլուխն է» (Եփես. 5։23)։

Ուրեմն ամենից վերը պետք է լինի Նա, ով վերից է եկել և Ամենավերինն է ու Նրանից վեր այլևս ոչինչ չկա, ինչպես որ Տիրոջ խոսքն է հաստատում. «Հիսուս Քրիստոսը Աստծո կերպարանքը ունենալով, հափշտակության բան չհամարեց, այլ Իր անձը ունայնացրեց՝ ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով և մարդու կերպարանքով խոնարհեցրեց Ինքը Իրեն՝ հնազանդ լինելով մինչև մահ և այն էլ Խաչի մահվան: Դրա համար էլ Աստված Նրան առավել բարձրացրեց և Նրան շնորհեց մի անուն, որ վեր է բոլոր անուններից, որպեսզի Հիսուս Քրիստոսի անվանը խոնարհվի ամեն ծունկ՝ լինի թե երկնավորների, թե երկրավորների, թե` սանդարամետականների. և ամեն լեզու խոստովանի, թե Հիսուս

[page 15 ]

Քրիստոսը Տե՛ր է՝ ի փառս Հայր Աստծո» (Փիլ. 2:5-11):

Այդ պատճառով մեր նախնիները եկեղեցիները կառուցել են իրենց բնակավայրերի ամենաբարձր տեղերում, իսկ նրանից ավելի բարձր ուրիշ ոչ մի շինություն չի եղել։ Այդ հիմա է, որ եկեղեցիների շուրջը միտումնավոր այնպիսի շենքեր են կառուցել, որ մարդիկ տարիներով շուրջը պտտվեն, Աստծո տան տեղը չիմանան։ Այո՛, այս աշխարհի իշխանը գիտի իր մոլորյալ ծառաների միջոցով Աստծո գործերը նսեմացնել, ծածկել ու քողարկել, բայց մի՞թե հնարավոր է կրակի շիկացած խանձողները ծոցում պահել, կամ էլ լույսը խավարի մեջ թաքցնել. եթե ո՛չ, ուրեմն Ճշմարիտ Լույսը առավել ևս։ Իսկ Տիրոջ խոսքը դրանց նմանների համար այսպես է ասում. «Արդարև Աստծո բարկությունը երկնքից հայտնվելու է մարդկանց ողջ անհավատության և անիրավության վրա, քանի որ նրանք ճշմարտությունը անիրավությամբ են բռնած պահում» (Հռմ. 1:18):

Քրիստոնեական աշխարհում կաթոլիկներին համարում են արձանապաշտ, ուղղափառներին՝ պատկերապաշտ, իսկ հին արևելքի եկեղեցիներին, որոնց թվում և մենք ենք՝ կոչում են խաչապաշտներ։ Իսկ Հայաստան աշխարհով մեկ սփռված Խաչերն ու խաչքարերը մի՞թե մեր ազգի Քրիստոս Աստծուն պատկանելության ուխտի նշանները չեն, որը բոլոր վայրենաբարո, հեթանոս, բարբարոս, այլակրոն ու կոմունիստ ազգերի համար ատելության, բայց մեզ համար փրկության նշան դարձավ։ Նրանք իրենց ուժով տիրեցին մեր հողին և մարմնին, բայց Քրիստոսին Խաչով դավանող հայի հոգին մնաց անպարտելի։ Եվ դրա ապացույցը այն է, որ մեզ տիրող շատ ազգեր աշխարհի համար մնացին լոկ որպես հուշ՝ երկրի վրա չթողնելով և ոչ մի հետք, այլ միայն պատմական քարտեզների վրա: Ասե՛ք, տեսնենք, ո՞ւր են հիմա Քաղդեացիները, Պարթևները, Կապադովկացիները, երբեմնի աշխարհասասան Ասորեստանը, Միդիան, Բաբելոնը, կամ հայոց նախարարներ կոտորող Տիզբոնը, այս կյանքի ճանապարհի ո՞ր խաչմերուկում ընկան մնացին, ու փոշի դարձան: Իսկ ահա Խաչին դավանող ազգս հայոց կա,՝ թե՛ իր նախնիների հողում ազատ ապրող, թե՛ իր սուրբ Էջմիածին հոգու և սրտի հավատքի դավանանքով, թե՛ իր լեզվով, և թե՛ իր բազմադարյա մշակույթով. ու ոչ միայն կա՛,

[page 16 ]

այլև կմնա՛ մինչև մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի երկրորդ ու ահեղ գալուստը. «Զի Աստուած ընդ մեզ է»։

Այս ընդարձակ նախաբանի վերջում մի քանի տողով ուզում եմ իր ազգն ու հայրենիքը սիրող հայորդիների սրտի լարերին դիպչել. հիշո՞ւմ ես այն տարիների օրհասական օրերը, երբ քո լավագույն ու քաջ զավակները արյուն էին թափում Արցախի հողում, հիշո՞ւմ ես այն հերոսական դրվագները, երբ այդ զավակներդ իրենց քրտինք կապած մեջքերին ու բազուկներին սպիտակ գույնով պատկերված Խաչն էին կրում որպես հաղթության նշան կիսալուսնի դեմ, հիշո՞ւմ ես այն տանկերի մուտքը դեպի Շուշի, երբ նրանց պողպատե կողերին Խաչի հաղթական նշանն էր գնում կիսալուսնի դեմ։ Իսկ ի՞նչ նշան պիտի դնեիր դո՛ւ, եթե չլիներ հայ ազգի հոգին, էությունը խորհրդանշող այդ անմահության կնիքը։ Եթե ուրիշ նշան գիտես քո ազգին խորհրդանշող, ասա՛, մենք էլ իմանանք։ Լա՜վ գիտես, որ չկա։ Ուրեմն ով հայորդի, հաստատի՛ր սասանված հավատդ Քրիստոսի փրկարար Խաչի հանդեպ, որը հաղթող է մնացել բոլոր դարերում, բոլոր ցեղերի ու ազգերի մեջ, որի զորությամբ կա՛նք ու կլինե՛նք մինչև նորից կգա Խաչյալը ու կզատի Խաչի որդիներին՝ Խաչի թշնամիներից։

Հիմա դիմենք անաչառ պատմությանը, քննենք ներկան, ու կհամոզվենք, որ Խաչի խորհուրդը հավիտենական է, քանզի Խաչյալն է հավիտենական: Եվ ի հաստատումն վերը գրվածների այժմ կարդանք բազմաթիվ վկայություններ հին դարերից մինչև մեր օրերը. հավաստագրված թե՛ մեր պատմիչների ու սրբերի, և թե՛ Քրիստոսի պարզ հավատը կրող Աստծո զավակների կողմից։

Ներածություններ  1.Պատմական վկայություններ  2.Հայոց վերածնունդ
3.Տիեզերալույս հայրերը Սուրբ Խաչի մասին  4.Սուրբ Խաչի տոները
5.Ժամանակակից վկայություններ

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Մեհրուժան Վազգենի Բաբաջանյան «ԽԱՉԱՊԱՏՈՒՄ»
Երևան 2001 «Ճրագ» հրատարակչություն, «Ստամպա» ՍՊԸ տպագրատուն

Տրամադրել է՝ Մեհրուժան եղբայր Բաբաջանյան։
Հեղինակային իրավունքները՝ Մեհրուժան եղբայր Բաբաջանյան։
Հրատարակված է հեղինակի թույլտվությամբ։ Առանց հեղինակի թույլտվության հեղինակի աշխատանքների արտատպումը կամ ցանկացած այլ օգտագործումը արգելվում է։

Տես նաև

Մեհրուժան Բաբաջանյանի այլ գործերը

Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice