ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian
Թադևոս Հակոբյան

ԵՐԵՎԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ (1500–1800 ԹԹ.)

Previous | Բովանդակություն | Next

[էջ 422]

ԵԶՐԱՓԱԿՈՒՄ

XV դարի վերջերին և XVI դարի սկզբներին Մերձավոր Արևելքի քաղաքական ասպարեզում սկսում են կարևոր դեր խաղալ նոր կազմավորված սեֆևյան Պարսկաստանն ու սուլթանական Թուրքիան։ Սեֆևյան պետության հիմնադիր Շահ-Իսմայիլ I-ը (1502 — 1524) ակ-կոյունլու թուրքմենական ցեղերի դեմ հաղթանակ տանելով՝ XVI դարի սկզբներին տեր է դառնում մի հսկայական երկրի։ Նրա հիմնած աշխարհակալ պետության մեջ մտան Պարսկաստանը, Միջագետքը, Ատրպատականը, Վրաստանը և Հայաստանը։ Այդ նույն ժամանակներում հզորանում էր նաև սուլթանական Թուրքիան, որը XVI դարի վերջերին արևելքում իր սահմանը հասցրեց Եփրատ գետը՝ Հայաստանի արևմտյան սահմանագիծը։ Սկսած այդ ժամանակներից Հայաստանը մոտ 225 տարի դառնում է թուրք-պարսկական պատերազմների թատերաբեմը, պատերազմներ, որոնք հիմնականում մղվում էին Հայաստանք և նրա հարևան շրջանները գրավելու համար։ Փոփոխակի հաջողություններով և երկար կամ կարճ ընդհատումներով մղված այդ պատերազմների կիզակետերից մեկը Երևան քաղաքն էր, Արևելյան Հայաստանի ամենանշանավոր կենտրոնն ու բերդաքաղաքը։ Մոտ երկուս ու մեկ քառորդ դար տևած թուրք-պարսկական պատերազմների ընթացքում Երևանը բազմաթիվ անգամ ենթարկվել է պաշարման, ավերվել ու անցել է ձեռքից-ձեռք։ Երևանի համար առանձնապես կատարյալ արհավիրք են եղել սուլթան Սելիմի (1514 թ.), սուլթան Սուլեյմանի (1584 թ.), սուլթան Մուրադ Գ-ի (1579 — 1583 թթ.), սուլթան Մուրադ Դ-ի (1635), սուլթան Ահմեղի, Շահ-Աբաս I-ի (1604) և մյուս շահերի արշավանքները։ Այդ արշավանքների ընթացքում Երևանը մի շարք անգամ վերածվել է ավերակների կույտի, նրա բնակչության հսկայական զանգվածները ոչնչացել կամ հարկադրված են եղել թողնել իրենց հայրենի քաղաքը և դիմել փախուստի՝ թշնա-

[էջ 423]

մուց համեմատաբար զերծ մնացած վայրերում ապաստան գտնելու համար։

Սկսած XVI դարի սկզբներից մինչև ընդհուպ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելը Երևանի քաղաքական պատմությունը (որը լայն առումով գրեթե լիովին համընկնում է ամբողջ Արևելյան Հայաստանի քաղաքական պատմության հետ, ավերում, սով, կոտորած բերող թուրք-պարսկական պատերազմների մի մռայլ ժամանակագրություն է։ Այդ ամբողջ ժամանակաշրջանում սուլթաններն ու շահերը մշտապես պայքարում էին Երևանը գրավելու համար, և այդ պայքարի ընթացքում թուրքերն ու պարսիկները բազմիցս պաշարել և իրար ձեռքից խլել են Երևանը։ Պատմագիրները, գրիչները, ժամանակագիրներն ու ճանապարհորդները բազմաթիվ հիշատակություններ ունեն մեր ժողովրդի պատմության այդ ամենամռայլ ժամանակաշրջանի մասին և սրտի կսկիծով են նկարագրում թուրք-պարսկական պատերազմների կատարած ավերումներն ու գերեվարումները։

Թուրք-պարսկական երկարատև պատերազմներն ավարտվում են 1639 թվականի հաշտության պայմանագրով, որը կնքվել էր 30 տարով։ Պայմանագրի համաձայն երկու պետությունների սահմանը Հայաստանում անցնում էր Ախուրյան (Արևմտյան Արփաչայ) գետով և Հայկական Պար ու Կոտուր-Զագրոշյան լեռնաշղթաների ջրբաժան բարձրություններով։ Թեպետև հաշտության պայմանագիրը կնքված էր 30 տարով, բայց երկու պետությունների միջև ընդհանուր առմամբ ավելի քան 80 տարի խաղաղություն էր տիրում։ Ըստ դրա, Երևան քաղաքն ու Երևանի խանությունն ամբողջությամբ մտնում էին պարսից բաժնի մեջ։ Ավերում բերող երկարատև պատերազմներին հաջորդած 1639 թվականի պայմանագրի նշանակությունը շատ բարձր է գնահատված մեր պատմագիրների կողմից։ Դրա մասին առանձնապես մեծ գովեստով է խոսում Հակոբ Կարնեցին։ Նշելով, որ ըստ պայմանի շահը 3 կամ 4 տարին մեկ անգամ սուլթանի համար պետք է Կ. Պոլիս ուղարկեր զանազան նվերներ՝ հայրենասեր ժամանակագիրը հաշտության դաշինքը համարում է աստվածային նախախնամություն հատկապես հայերի համար, որոնք ռազմական արշավանքներին ենթակա երկրամասերում՝ թե՛ Թուրքիայի և թե՛ Պարսկաստանի կողմում կազմում էին ճնշող մեծամասնություն։

Թուրքական ու պարսկական բանակներն ազգային տեսակետից միատարր չէին։ Թուրքերից և պարսիկներից բացի, դրանց բանակում ծառայում էին նաև քրդեր, եգիպտացիներ, արաբներ

[էջ 424]

և այլք։ Միատարը չէր նաև Երևանի խանական զորքը։ Պարզվում է, որ Երևանի խանի զորքը սովորական սպառազինությունից բացի, զինված էր նաև հրացաններով։ Հրացանաձիգները կոչվում էին «թվանքչի»–ներ, և դրանք կարող էին լինել հայեր, որոնք ժամանակավոր էին և խանի հրամանով ծառայության էին կանչվում միայն այս կամ այն ռազմական գործողությանր մասնակցելու համար։

XVIII դարի առաջին քառորդի վերջերին սկսվում է թուրք-պարսկական պատերազմների մի նոր շրջան։ Պատերազմն սկսվում է 1722 թվականին, Թուրքիայի կողմից։ Այս պատերազմում օսմանյան Թուրքիայի նվաճողական բանակների դեմ կռվում էին հիմնականում Անդրկովկասի հայ, վրացի և ադրբեջանական ազատագրական ուժերը, որոնք զինված պայքարի էին ելել թուրք-պարսկական լուծը թոթափելու համար։ Այդ ընդհանուր պայքարին ակտիվ մասնակցություն է ունեցել նաև Երևանի ու նրա շրջակայքի գյուղերի բնակչությունը։

Երևանի, Սյունիքի ու Ղարաբաղի ազատագրական շարժումները ճնշելուց և պարսիկներին պարտության մատնելուց հետո, XVIII դարի 20-ական թվականի վերջերին թուրքերը գրավել էին ամբողջ Անդրկովկասը և պարսիկներին հարկադրել հաշտություն կնքել՝ երկու պետությունների միջև սահման համարելով Արաքս գետը։ Սակայն 30-ական թվականներին դրությունը փոխվում է հօգուտ պարսիկների։ Թահմազ-Ղուլի խանին (Նադիր-շահ) հաջողվում է ճնշել երկրում ծագած ապստամբությունը և թուրքերի դեմ կռիվները վերսկսել Անդրկովկասում։ Այստեղ նրան ամենուրեք ուղեկցում էին հաղթանակները։ Թահմազ-Ղուլի խանը կարողանում է կարճ ժամանակամիջոցում գրավել Թիֆլիսը, Գանձակը, Շիրվանը։ Նա ջարդում է Դաղստանից Անդրկովկաս ներխուժած Դավուդ-բեկի հրոսակներին և ետ շպրտում Կովկասյան լեռնաշղթայից այն կողմ։ Նրան հաջողվում է դիվանագիտական ճանապարհով ետ ստանալ ռուսների կողքից գրավված Դերբենդն ու Բաքուն՝ թուրքերի դեմ դաշնակցած կռվելու պայմանով։

Թահմազ-Ղուլի խանի վերջնական հաղթանակը թուրքերի դեմ կապված է Երևանի գրավման հետ։ 1735 թվականի հուլիսի 8-ին Եղվարդի սարահարթում թուրքական մեծաթիվ բանակի դեմ Թահմազ-Ղուլի խանը տանում է փայլուն հաղթանակ և նրան մատնում փախուստի։ Ամառային շոգից ազատվելու համար, իր զորքերով որոշ ժամանակ հովասուն լեռներում մնալուց հետո Թահմազ-Ղուլի խանը արշավում է դեպի արևմուտք և պաշարում Կարսի

[էջ 425]

բերդը։ Նեղն ընկած թուրքերը Էրզրումից հատուկ պատվիրակություն են ուղարկում Կարս, որը կարճատև բանակցություններից հետո համաձայնության է գալիս խանի հետ՝ Երևանը նրան հանձնելու, Կարսի պաշարումը վերացնելու և պարսկական զորքի հետագա հարձակումը դադարեցնելու պայմանով։

1735 թվականի սեպտեմբերի 22-ին պարսիկների կողմից Երևանի գրավումն ու դրա հետ կապված անցքերը նկարագրել են Աբրահամ Կրետացին, Հակոբ Շամախեցին և ուրիշ հեղինակներ։ Իրանից հետո Երևանը, ընդհուպ մինչև Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելը մնաց պարսիկների տիրապետության տակ։ 1735 թվականի դեպքերով ավարտվում են նաև թուրք-պարսկական պատերազմները։

Թուրք-պարսկական պատերաւլմների ժամանակ հայերն ընդհանրապես ձգտել են չեզոքություն պահպանել, որովհետև դրանք մասնակցելը վնասակար էր իրենց համար։ Սակայն նրանք քաջ գիտակցում էին, որ յուրաքանչյուր նոր հարձակում ու ասպատակություն միայն նոր ավերում էր բերում մեր երկրին։ Իսկ այդպիսի պայմաններում նրանք չէին կարող անտարբեր մնալ արհավիրք բերող պատերազմների նկատմամբ, անկախ նրանից, թե այդ պատերազմն սկսել էր Թուրքիան, թե Պարսկաստանը։ Նայած ուժերին և հանգամանքներին, մեր ժողովուրդը միշտ էլ պայքարել է արտաքին նվաճողների դեմ։ Այդ պայքարը մերթ արտահայտվել է դիվանագիտությամբ, մերթ անբավականությամբ ու դժգոհությամբ, մերթ համեմատաբար փոքր թվով անհատների գործունեությամբ, մերթ ժամանակավորապես մեկ թշնամու հետ միասին մյուս, ավելի գիշատիչ թշնամու դեմ մաքառելով, մերթ էլ ազատագրական պատերազմով։ Այդ ընդհանուր ազատագրական պայքարի բաղկացուցիչ մասն է կազմել նաև Երևանի բնակչության մղած պայքարն արտաքին նվաճողների դեմ։ Ավելին, անկախ նրանից, թե ազատագրական պայքարի կենտրոնը որտեղ է գտնվում՝ Էջմիածնում, Սյունիքում, Մադրասում, թե Պետերբուրգում կամ Թիֆլիսում, միևնույն է, ամբողջ երկրի ազատագրության հանգուցակետը համարվել է Երևանը, Արևելյան Հայաստանի հիմնական կենտրոնը, «մայրաքաղաքը», ինչպես մեր հեղինակներն են այն կոչում, թեպետև Երևանն այդ ժամանակներում սոսկ խանության կենտրոն էր և Հայաստանը չուներ իր պետականությունը։

Երևանամ սակայն ազատագրական բացահայտ շարժումներն սկսվում են XVIII դարի առաջին քառորդից և շարունակվում մինչև

[էջ 426]

Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելը, որից հետո Հայաստանի այդ մասում ազատագրական շարժումը՝ մանավանդ XIX դարի վերջերից ռուսական պրոլետարիատի հեղափոխական պայքարի ազդեցության տակ ընդունում է ավելի լայն բովանդակություն և վերջիվերջո պսակվում հաղթանակով՝ Արևելյան Հայաստանում սովետական կարգերի Հաստատմամբ։

Երևանի ու նրա շրջակայքի գյուղերի բնակիչներն օսմանյան զավթիչների դեմ ազատագրական պայքարի են դուրս եկել 1724 թվականին, 1722 թվականին սկսված թուրք-պարսկական պատերազմի ժամանակ։ Հայ ազատագրական շարժումը XVII դարի վերջերին և XVIII դարի սկզբներին թևակոխել է մի նոր ժամանակաշրջան։ Մինչ այդ, եթե Հայաստանի ազատագրությունը, ներքին ուժերից բացի, կապում էին արևմտաեվրոպական պետությունների օգնության հետ, ապա այդ ժամանակ ստեղծված նոր պայմանները հայ առաջավոր ներկայացուցիչներին թելադրում էին արտաքին օգնության հարցում վերանայել իրենց նախկին կողմնորոշումը և արևմտաեվրոպական պետությունների փոխարեն երկրի ազատագրության համար դիմել Ռուսաստանին։ Այդ նոր կողմնորոշման պիոները Իսրայել Օրին էր, որն իր բազմամյա ու անխոնջ գործունեության շնորհիվ եկել էր այն համոզման, որ միակ ուժը, որին կարելի է այդ հարցով դիմել, Ռուսաստանն է։ Իրոք որ XVII դարի վերջերին և XVIII դարի սկզբներին Ռուսաստանը շահագրգռված էր Անդրկովկասում ամրանալու հարցով, նա ոտք էր դրել այնտեղ և խոշոր դեր էր խաղում վերջինիս արտաքին քաղաքական կյանքում։ Այդ միանգամայն ռեալ պայմաններից ելնելով մեր ժողովրդի ազատագրության համար նրա առաջավոր ներկայացուցիչները՝ Իսրայել Օրին ու նրան փոխարինած Մինաս վարդապետը, Պետրոս դի Սարդիս Գիլանենցը, եկեղեցական գործիչներ, մելիքներ ու այլ կարգի ներկայացուցիչներ ամենատարբեր միջոցներով դիմում էին Ռուսաստանին և խնդրում նրանից օգնությունը, խոստանալով իրենք իրենց հերթին կատարել հնարավոր ամեն ինչ ռուսական զորքի հաղթանակի համար։ 1722 թվականին սկսվում է Պետրոս I-ի պարսկական արշավանքը և ռուսական զօրքերը մեկը մյուսի ետևից գրավում են Դերբենդը, Բաքուն ու Ռեշտը։ 1722 թվականին աֆղանները գրավել էին Պարսկաստանի Սպահան մայրաքաղաքը և երկրում բռնկվել էին քաղաքական երկպառակություններ։ Պարսկաստանն առայժմ ոչ մի հնարավորություն չուներ ռուսական զորքերին էական դիմադրություն ցույց տալու։ Անդրկովկասի ազատագրական շարժման չորս հիմնական կենտրոններում՝

[էջ 427]

Քարթլիում, Ղարաբաղի Մեծ ու Փոքր սղնախներում և Սյունիքում (Ղափան) մեծ եռուզեռ էր սկսված։ Բոլորը հավատացած էին, որ Պետրոս I-ի զորքերը մերձկասպյան շրջանները գրավելուց հետո գալու են իրենց օգնության։ Սակայն ոգևորությունը վաղ էր։ Առայժմ Ռուսաստանի քաղաքական պայմանները չէին նպաստում Անդրկովկասի գրավմանը։ Այդպես էլ չիրականացավ Պետրոս I-ի խոստացած օգնությունը։ Ազատագրական շարժման ուժերը մենակ մնացին Պարսկաստանի դեմ։ Սակայն թշնամին և տիրողը միայն Պարսկաստանը չէր։ Ռուսական զորքերի շարժման լուրն առնելով Անդրկովկաս ներխուժեցին թուրքերը, որոնց թիկունքում կանգնած էին եվրոպական մի քանի պետություններ։ Այժմ արդեն չորս օջախներում կենտրոնացած ազատագրական ջոկատները մեն-մենակ պետք է կռվեին նաև թուրքական մեծաթիվ բանակի դեմ։ Թուրքիան պատերազմի պատրաստվելով նպատակ ուներ գրավել Պարսկաստանի տիրապետության տակ գտնվող ամբողջ Անդրկովկասը և արյան մեջ խեղդել հայերի, վրացիների ու ադրբեջանցիների ազատագրական շարժումները։

Այդպիսի պայմաններում Անդրկովկասի ժողովուրդների ազատագրական շարժումը վերաճեց ազատագրական արյունահեղ պատերազմի, որն ուղղված էր Թուրքիայի ու Պարսկաստանի դեմ։ Իսկ այդ ազատագրական պատերազմի գագաթնակետը Դավիթ-Բեկի և նրա հաջորդ Մխիթար սպարապետի Մեծ Ղափանի՝ մոտավորապես ութ տարի տևած (1722—1730 թթ.) հերոսական կռիվներն էին։

Անդրկովկասում ծավալված ազատագրական պատերազմների փայլուն օղակներից մեկը Երևանի 1724 թվականի հերոսական պաշպանությունն էր թուրքական զավթիչներից։

1722 թվականին Թուրքիայի հարձակման հետևանքով մեր երկիրը նորից վերածվեց թուրքական հրոսակների ավազակային պատերազմների ոլորտի։ Բայց այս անգամ մեր ժողովուրդն անտարբեր չէր այդ պատերազմների նկատմամբ, այլ զենքը ձեռքին դուրս եկավ իր հայրենիքն ազատագրելու և թուրք-պարսկական դարավոր լուծը թոթափելու։ Այդ արյունահեղ մարտերում իր բաժինն ուներ նաև Երևանի ու նրա շրջակայքի բնակչությունը։ 1724 թվականի սկզբին Էրզրումում գումարվում է մի բանակ Երևանի վրա արշավելու համար։ Նույն թվականի մարտին 75 հազարից բաղկացած այդ բանակը Քյոփրուլու-Աբդուլա փաշայի հրամանատարությամբ արդեն գտնվում էր Ախուրյան գետի ափին։ Երևանի խանության բազմաթիվ գյուղերն ավերելուց և մոտ 20 հա-

[էջ 428]

զար երկսեռ բնակիչներ գերի վերցնելուց հետո՝ թուրքական փաշան Յալղուզ Հասանի և Ղոչ Ալիի հրամանատարությամբ 1800 հոգուս բաղկացած մի ջոկատ է ուղարկում դեպի Երևանի կողմերը։ Թուրքական ջոկատն առանց լուրջ դիմադրության հասնում է Եղվարդի դաշտը և այստեղ խայտառակ պարտության մատնում Երևանի Միհրալի խանի 12 հազարանոց բանակին։ Իր զորքի չնչին մնացորդներով մի կերպ ճողոպրած Միհրալի խանը փախչում է Երևանի բերդը և այնտեղ մնում թուրքական ամբողջ հարձակման ընթացքում։ Դրան հակառակ, Կարբի գյուղաքաղաքի բնակիչները հերոսաբար դիմադրում են նշված ջոկատին և հարկադրված են լինում հանձնվել միայն թուրքական հիմնական ուժերը գալուց հետո՝ իրենց գյուղաքաղաքն ավերումից զերծ պահելու պայմանով։ Իր գործերը Կարբիում վերջացնելուց և այնտեղ մի փոքրիկ ջոկատ թողնելուց հետո՝ Աբղուլա-փաշան հիմնական զորքի գլուխ անցած արշավում է դեպի Երևան և գալիս կանգ է առնում բերդի դիմաց, Հրազդան գետի աջ ափին։ Նա նախ և առաջ փորձում է բերդը գրավել առանց մարտի, բանակցությունների միջոցով, բայց այդ նրան չի հաջողվում։ Այն ժամանակ իր մեծաթիվ բանակով պաշարում է քաղաքը և սկսում ռազմական գործողությունները։ Իրենց հայրենի քաղաքի պաշտպանության համար ոտքի են կանգնում հայերը։ Պարսիկները նրանց դավաճանելով լքում են ու փախչում բերդ։ Հայերը մեն-մենակ երկու ամիս շարունակ հերոսաբար կռվում են մի քանի անգամ մեծ համալրումներ ստացած օսմանյան բանակի դեմ՝ թույլ չտալով նրան մուտք գործել քաղաք։ Թուրքական բանակը թվով մոտ 8—10 անգամ գերազանցում էր քաղաքի հայ պաշտպաններից և զինված էր ժամանակակից զենքերով, իր կազմում ունենալով նաև բավական ուժեղ հրետանի։ Քաղաքի հերոս պաշտպաններն իրենց կազմում ունեին միայն մոտ 9.500 կռվողներ, որոնք հավաքվել էին քաղաքից և շրջակա գյուղերից։ Հերոսամարտի հերոս ղեկավարները՝ Հունդի-բեկյան Հովհաննեսը, պարոն Փերիգուլը, պարոն Արզումբեկը, պարոն Թադևոսը, պարոն Մղունը, Կոնդի հայ բոշաների ղեկավարները՝ Ղազարոս Բաբուրյանը, պարոն Կլդուզը, պարոն Դավիթը և մյուսներն իրենց անձնական օրինակով վարակում էին բոլորին, իսկ ս. Սարգիս եկեղեցու վարդապետ Գրիգորն իր հորդորներով խրախուսում էր նրանց և համախմբում կռվելու համար պիտանի բոլոր ուժերը։ Ունենալով բարձր դիրք և գտնվելով դժվարամատույց տեղանքում՝ հայերը կարողանում էին իրենց չնչին ուժերով մեծ վնասներ հասցնել թշնամու բանակին և նրան թույլ չտալ

[էջ 429]

մտնել քաղաք կամ նույնիսկ անցնել Հրազդան գետի ձախ ափը։ Մարտերը մղվում էին գլխավորապես քաղաքի Ձորագյուղ թաղամասում, բերդի մոտակայքում, բայց պարսկական խանը փակվելով իր աթոռանիստում՝ ոչ մի օգնություն չէր ցույց տալիս քաղաքի պաշտպաններին։ Մի նոր՝ 38 հազարանոց բանակ համալրում ստանալուց հետո միայն թուրքական զորքի գլխավոր հրամանատարը վճռում է գրոհել քաղաքի վրա չորս ջոկատի բաժանված։ 1724 թվականի հունիսի 7-ին, ուրբաթ օրն առավոտյան սկսվում է վերջին ահեղ ճակատամարտը։ Ձ֊եռնամարտի վերածված այդ մարտը տևում է ամբողջ օրը՝ մինչև ուշ երեկո։ Երկու կողմերը տալիս են մեծ զոհեր։ Զոհերի գնով այնուամենայնիվ թուրքերին հաջողվում է կոտրել պաշտպանների դիմադրությունը և մտնել քաղաք։ Երևանի և նրա շրջակայքի գյուղերի բնակիչների մղած այդ հերոսամարտերը կազմում են մեր ժողովրդի պատմության ամենափայլուն էջերից։ Դրանց նշանակությունը չի սահմանափակվում միայն քաղաքի մասշտաբով։ Դեպի արևելք արշավող թուրքական հսկայական բանակին ամիսներ շարունակ Երևանի տակ գամելու, մի շարք ճակատամարտերում նրան պարտության մատնելու և մեծ զոհեր խլելու շնորհիվ քաղաքի հերոս պաշտպանները անուղղակիորեն օգնեցին Ղափանում և Ղարաբաղում ծավալված ազատագրական շարժմանը՝ ժամանակ շահելու, ուժերը վերախմբավորելու և թշնամուն ավելի պատրաստ դիմավորելու համար։

Բերդում փակվածները կաթողիկոսի միջոցով բանակցություններ են վարում Աբդուլա փաշայի հետ և իրենց կյանքը փրկելու պայմանով բերդը հանձնում նրան։ Իսկ վերջինս Երևանում թողնում է թուրքական կայազոր և ինքը գլխավոր ուժերի գլուխ անցած արշավում դեպի արևելք։

Թուրքական նվաճումների հետևանքով երկրում և Երևան քաղաքում տիրում էին անտանելի ծանր պայմաններ, որոնք նկարագրված են մեր պատմագիրների ու ժամանակագիրների՝ Աբրահամ Երևանցու, Հովհաննես դպիրի, Ստեփանոս Շահումյանի և մյուսների երկերում։

Թուրք-պարսկական տիրապետության մռայլ ժամանակշրջանում արտաքին վտանգը դամոկլյան սրի նման միշտ կախված էր մեր երկրի ու ժողովրդի գլխին։ Հարատև ամբողջական շրջանների ավերումներով, զանգվածային կոտորածներով ու գերեվարումներով ուղեկցվող նվաճողների միջև մղվող այդ պատերազմները միշտ սարսափի մեջ էին պահում ժողովրդին։ Բնական է,

[էջ 430]

որ այդպիսի պայմաններում հասարակության սոցիալական խմորումներն ու տարբեր շերտերի միջև եղած պայքարը համեմատաբար թույլ են արտահայտվում։ Ժողովրդի ֆիզիկական գոյությանը սպառնացող վտանգը առժամանակ հասարակության բոլոր խավերի ուշադրությունը գամում էր արտաքին թշնամիների դեմ, զգալի չափով միավորում էր հասարակության տարբեր դասակարգերի ուժերը՝ արտաքին թշնամուն հակահարված տալու համար։ Սակայն արտաքին քաղաքական պայմաններն ինչպիսին էլ ուզում են լինել, միևնույն է, դրանք երբեք չեն կարող թեկուզ ժամանակավորապես իսպառ վերացնել հասարակության տարբեր խավերի միջև եղած հակասություններն ու դասակարգային պայքարի արտահայտումները։ Արևելյան Հայաստանի XVI դարի սկզբների պայմանները նպաստավոր էին դրանց համար։ Շահ-Աբաս I-ի կատարած բռնագաղթը և երկրի ամայացումը, նրա արշավանքին հաջորդած սոսկալի սովը, թուրքական արշավանքներն ու ջալալիների ասպատակություններն աշխատավոր բնակչությանը հասցրել էին ծայրահեղ աղքատության և անապահովության դուռը։ Այդ բոլորով հանդերձ, բավական արտոնյալ վիճակում էր գտնվում հայկական եկեղեցին։ Թե՛ օսմանյան Թուրքիան և թե´ Պարսկաստանը Էջմիածնի նկատմամբ ընդհանուր առմամբ մեղմ էին ու նրան տալիս էին ֆեոդալական զանազան արտոնություններ։ Էջմիածինն ու մյուս վանքերը տեր էին դարձել հսկայական կալվածքների և շարժական ու անշարժ ունեցվածքի։ Բարձրաստիճան հոգևորականությունը՝ վանահայրերը, վարդապետները և մյուսները անսահմանափակ օգտվում էին դրանց բարիքներից և գտնվում էին արտոնյալ վիճակի մեջ։ Ավելի մեծ արտոնություններով էին օժտված մահմեդական հոգևորականները, որոնք մշտապես հովանավորվում էին պետության կողմից։ Մզկիթներից շատերը հսկայական կալվածքների տեր էին, շահագործող մեծ ապարատներ։

Սեզ հետաքրքրող ժամանակներում սոցիալական շարժումներից համեմատաբար հայտնին Մեխլուի ղեկավարած շարժումն է, որը տարածված էր որոշ գավառներում և առնչվել է նաև Երևան քաղաքի ու նրա շրջակա գյուղերի՝ հատկապես Քանաքեռի ու Նորքի հետ։ Մեխլուի անվան հետ կապված այդ շարժումը (որը ոմանք չեն համարում սոցիալական լուրջ շարժում) տեղի է ունեցել Շահ-Աբաս I-ի նշանակած Ամիրգունա խանի ժամանակներում (1604 — 1625)։ Դրա մասին հիշատակություններ ունեն Զաքարիա Սարկավագը և Գրիգոր Դարանաղցին, որոնք լինելով քրիստոնեական

[էջ 431]

եկեղեցու սպասարկուներ, գույների որոշակի խտությամբ են նկարագրել այդ շարժումը և նրա ղեկավարին ներկայացրել են մի խումբ «թոփուզավորների» գլուխ անցած բախտախնդիր գուշակ ու կախարդ։ Բայց և այնպես հայտնի է դառնում, որ Մեխլուն ուտիացի հայ վարդապետ էր, Գանձակ քաղաքից և քարոզում էր մի աղանդ, որն ուղղված էր եկեղեցական հիերարխիայի դեմ։ Նա Ուտիքում, Գեղամա երկրում, Կոտայք գավառում և այլ կողմերում ուներ հարյուրավոր կողմնակիցներ, որոնցից 500 հոգի անմիջապես գտնվում էին նրա հետ և մասնակցում էին նրա քարոզչական թափառումներին։ Մեխլուի հետևորդների թվում կային և՛ հայեր, և՛ ադրբեջանցիներ։ Նրա գլխավորած շարժման շատ կողմերն աղբյուրների բացակայության պատճառով դեռևս չեն լուսաբանված և դրա հետևանքով հայագիտության մեջ դրանց մասին արտահայտվել են իրարամերժ շատ կարծիքներ։

Չնայած իր փայլուն հաղթանակներին և վարչական վերափոխություններին, Նադիր-շահին այնուամենայնիվ չհաջողվեց ստեղծել միասնական, կայուն պետություն։ Նրա պետությունը ենթակա էր ֆեոդալական մասնատման և հղի կենտրոնախույս ուժերով։ Իրոք որ նրա մահից հետո XVIII դարի երկրորդ կեսում Անդրկովկասի պարսկական տիրապետության մասում և Ատրպատականում եղած խանությունների միջև տարբեր ժամանակներում ու տարբեր խմբավորմամբ մղվում է երկարատև պայքար գերիշխանության և ֆեոդալական անկախության համար։ Այդ ժամանակներում խանությունների և նրանց ու Պարսկաստանի շահական իշխանության միջև մղվող պայքարը հաճախ վեր էր ածվում արյունահեղ կռիվների, որոնց հետևանքով ավերվում էին երկրի բազմաթիվ շրջաններ ու ոչնչանում, գերավարվում կամ արտագաղթի դիմում բազմահազար բնակիչներ։ Դրանց վրա գումարվում էին նաև լեզգիների հաճախակի կրկնվող ավերիչ ասպատակությունները։ Երևանի խանությունը և նրա կենտրոն Երևան քաղաքն այդ բոլորից բացի, մի քանի անգամ ավերվել է վրացական թագավորների արշավանքների հետևանքով։ Անդրկովկասը մեծագույն հարված է ստացել XVIII դարի վերջին՝ Աղա-Մամեդ խանի 1795 թվականի արշավանքով։ Այնպես որ XVIII դարի երկրորդ կեսը դարձյալ մռայլ ժամանակաշրջան էր մեր երկրի ու նրա մայրաքաղաքի համար, ներքին արյունահեղ երկպառակությունների և պարբերաբար կրկնվող պատերազմների մի ժամանակաշրջան, որի քաղաքական անցքերի կիզակետում էր նաև Երևանը։ Նադիր-շահի մահից հետո կիսանկախ դիրք ձեռք բերած Երևանի խաները ճիշտ

[էջ 432]

է, ձգտում էին վերականգնել 15 տարի տևած թուրք-պարսկական պատերազմների հետևանքները, սակայն խանությունների միջև մղվող պատերաղմները և լեզգիների արշավանքները ոչ միայն խոչընդոտում էին երկրի տնտեսական առաջադիմությունը, այլև սպառնում էին Երևանի խանության անկախությանը։ Երևանի խաներն այս վտանգի առաջն առնելու միակ ելքը որոշ ժամանակ համարեցին վրաց թագավորի հետ դաշնակցելը՝ վերջինիս հարկատու դառնալու պայմանով։ Սակայն նպաստավոր պայմաններ ստեղծվելու դեպքում նրանք դադարեցնում էին Վրաստանին հարկ տալը և ձգտում էին միանգամայն անկախանալ։ Այդ հողի վրա վրաց Հերակլ թագավորը մի քանի պատիժ արշավանքներ է ձեռնարկել դեպի Երևան, ավերելով բազմաթիվ շրջաններ և գերեվարելով մեծ թվով բնակիչների։ 80-ական թվականի սկզբներին այնուամենայնիվ կանոնավորվում են Երևանի խաների և վրաց թագավորների հարաբերությունները։ Աղա-Մամեդ խանի արշավանքի նախօրյակին Երևանի խանը փաստորեն փոխադարձ օգնության դաշինք ուներ վրացական թագավորության հետ և արտաքին լուրջ հարձակման դեպքում վերջինից ակնկալում էր էական օգնություն։ Սակայն արևելա-վրացական թագավորությունը ինքն էր կարիք զգում մեծ օգնության՝ ընդդեմ Պարսկաստանում հաստատված Ղաջարյան հարստության ահավոր բռնակալի՝ Աղա-Մամեդ խանի, որն իր ավերիչ արշավանքներով կարողացավ գեթ կարճ ժամանակով վերականգնել Պարսկաստանի երբեմնի կենտրոնաձիգ բռնապետությունը և դաժան դատաստան տեսնել անկախության ձգտող վրացական թագավորության ու խանությունների հետ։ Աղա-Մամեդ խանի կողմից Երևանում նշանակված Ալի-Ղուլին ամենալկտի ու դաժան խաներից էր։ Նրա ընչաքաղցությունը և գործադրած բռնությունները ծայրաստիճան գրգռել էին բնակչությանը։ Աղա-Մամեդ խանի սպանությունից հետո (1797 թ.) շահ դարձած Բաբա-խանը, որը թագադրվել էր Ֆաթ-Ալի շահ անունով, որոշ չափով կանոնավորում է Երևանի խանության վարչակարգն ու ներքին կյանքը, բայց այդ երկար չի տևում և նորից է բռնկվում խաների միջև մղվող պայքարը։

Քաղաքական անկայուն պատմության հետևանքով XVI— XVIII դարերում բավական անկայուն է եղել նաև Երևան քաղաքի ու համանուն խանության վարչակարգը։ Պատերազմական վիճակի պատճառով հաճախ հարկ է եղել փոփոխության ենթարկել խանության և նրա կենտրոնի վարչական ապարատը, ուժեղացնել ու ավելի մարդաշատ դարձնել խանի ռազմական ուժերը, լայնացնել

[էջ 433]

խանի իրավունքները, փոփոխության ենթարկել հարկասիստեմը և դրա հետ կապված վերափոխել նաև հարկերի նշանակմամբ ու հավաքմամբ զբաղվողների կազմը։ Փոփոխության են ենթարկվել խանության սահմանները, մահալաբաժանումը, խաների՝ մեկը մյուսին հաջորդելու կարգը, շահից, սուլթանից կամ վրաց թագավորից նրանց ունեցած կախվածության աստիճանը և այլն, և այլն։ Սակայն խանության վարչակարգի կրած փոփոխություններն այդ երեքհարյուրամյա ժամանակաշրջանում արմատական չէին։ Այնպես որ Երևան քաղաքի ու համանուն խանության ներքին վարչակարգը պարսկական, թուրքական և կիսանկախ խաների տիրապետության շրջանում հիմնականում մնացել էր նույնը։

Երևանի կուսակալությունը (վիլայեթ, խանություն, փաշայություն, բեյլերբեյություն, սարդարություն) ձևավորվել է XIV դարի վերջերին, կարա-կոյունլու թուրքմենական ցեղերի տիրապետության շրջանում։ Նրա տերիտորիան տարբեր ժամանակներում ունեցել է տարբեր մեծություն։ Նրա սահմանները երբեմն ընդարձակվել են, երբեմն էլ՝ կրճատվել, նայած քաղաքական պայմաններին և այս կամ այն շահի, սուլթանի վարած վարչական քաղաքականությանը։ Սկզբնական շրջանում, երբ նոր էր ձևավորվում Երևանի կուսակալությունը (կամ վիլայեթը, որ օտարները կոչում էին ՉուխուրՍաադ=Սաադի փոս) նրա տերիտորիան բավական փոքր էր։ XIV դարի վերջերին այն իր մեջ ընդգրկում էր Այրարատյան աշխարհի մի փոքր մասը միայն՝ նախկին Երասխաձոր ու Ճակատք գավառները և դրանց մերձակա մի քանի շրջանները։ Հետագայում Երևանի կուսակալության սահմանները բավական ընդարձակվում են։ XVI դարում այն արդեն իր մեջ ընդգրկում էր նախկին Այրարատյան աշխարհի մեծագույն մասը։ Էլ ավելի ընդարձակ էր նրա տերիտորիան XVII դարում, երբ այն ոչ թե սովորական խանություն էր, այլ բեյլերբեյություն, որին ռազմական առումով ենթարկվում էր Անդրկովկասի պարսկական տիրապետությունների մեծագույն մասը։ Այդ ժամանակ նրա բուն տերիտորիայի սահմանները հարավ-արևելքում ձգվում էին մինչև Մակուի մոտերքը, արևմուտքում նրա սահմանը կազմում էր Ախուրյան գետը, հյուսիսում՝ Փամբակի լեռնաշղթան, արևելքում՝ Գեղամա (Աղմաղանի) լեռների. հարավային վերջավորությունները, իսկ հարավում՝ Հայկական Պար լեռնաշղթան։ Կիսանկախ խաների տիրապետության շրջանի (XVIII դարի երկրորդ կես) Երևանի խանության տերիտորիայի մեծության մասին կան ավելի շատ ու ամբողջական տեղեկություններ։ Նշված տերիտորիալից բացի, այդ ժա-

[էջ 434]

մանակներում մերթ ընդ մերթ նրա մեջ էր մտնում նաև Շիրակը (Շորագյալը)։

Խանությունները, որոնց թվում նաև Երևանի խանությունը մասնատված էին մահալների (շրջանների)։ Խանության մահալաբաժանման հիմքում ընկած էին ոռոգման սիստեմները։ Յուրաքանչյուր մահալ ոռոգվում էր այս կամ այն գետով կամ գետակով։ Մահալը վարչա-տերիտորիալ միավոր էր։ Նրա կառավարիչները կոչվում էին մելիքներ, միրբոլուկներ, նայիբներ կամ մին-բաշիներ, որոնք նշանակում էր խանը՝ ժառանգական բեկերից, մելիքներից և սուլթաններից։ XVIII դարի առաջին կեսում Երևանի խանությունը մասնատված էր 9 մահալի, իսկ հետագա մասնատման հետևանքով նրա մահալների թիվը XIX դարի սկզբներին հասնում է 15-ի։ Դրանք էին՝ Կըրխ-բուլաղ, Զանգիբասար, Գառնիբասար, Վեդիբասար, Շարուր, Սուրմալու, Դարաքենդ-Փարչեն, Սաոթլի, Թալինի, Սեիդլի-Ախսախլի, Սարդարապատ, Կարբիբասար, Ապարան, Դարաչիչակ և Գյոկչա։

Երևանի խանության կենտրոնը Երևան քաղաքն էր։ Սկզբնական շրջանում Երևանը վարչական այդպիսի կենտրոն էր դարձել հավանաբար XIV դարի վերջերին կամ XV դարի սկզբներին։ Իբրև խանության կենտրոն, Երևանը վարչական առումով առանձին միավոր էր և չէր մտնում որևէ մահալի մեջ։ Երևանը միաժամանակ բերդաքաղաք էր։ Նրա բերդը մի քանի դար շարունակ Արևելքում հռչակված էր որպես անառիկ։ Թուրք–պարսկական տիրապետության ամբողջ ժամանակաշրջանում Երևանի բերդը պարսկական խաների և թուրքական փաշաների նստավայրն էր։ Այստեղ էին գտնվում խանի ապրանքները, զինանոցները, զորանոցները, մթերային պահեստները, կային նաև մզկիթներ, բաղնիքներ, խանի հարեմը և բնակելի բազմաթիվ տներ։ Երևանի խաներն ու փաշաները Երևանի բերդը պարբերաբար վերանորոգել, վերակառուցել ու ամրացրել են։ Այդ բերդը XVII դարի 70-ական թվականների դրությամբ բավական մանրամասն նկարագրել է ֆրանսիական վաճառական ու ճանապարհորդ Ժ. Շարդենը, ըստ որի բերդը ձվաձև էր, չորս հազար ոտնաչափ արտաքին շրջագծով, ուներ եռաշարք աշտարակավոր պարիսպներ, մինչև 800 տուն, բերդապաշտպան հրետանի, բավական մարդաշատ կայազոր, որը բաղկացած էր մշտական վարձու զինվորներից։ Խանը սովորաբար հաստատվում էր (իսկ երբեմն ուղղակի նշանակվում էր) շահի կողմից, բայց դա ըստ էության ձևականություն էր և նա օժտված էր ներ-

[էջ 435]

քին լայն իրավունքներով ու հարմար պահերին իրեն համարում էր միանգամայն անկախ իշխող։

Երևանի խաները կիսանկախ դարձան XVIII դարի առաջին կեսի վերջերից՝ Նադիր-շահի մահից հետո։ Խանության տերիտորիայում եղած ժառանգական մանր տիրապետությունների՝ մելիքությունների և «ուլկա»-ների իշխանավորները ենթակա էին Երևանի խանին, որն այդ պատճառով էլ կոչվել է «բեյլերբեյ» (= բեգերի բեգ, իշխանաց իշխան)։ Բեյլերբեյը խանության (կուսակալության) գերագույն կառավարիչն էր և զորքերի գլխավոր հրամանատարը։ Նա ուներ լայնատարած կալվածքներ և հարկերից ու տուրքերից, կենցաղ դարձած կաշառքից ու «նվիրատվություններից» (փեշքեշներից) ստանում էր հսկայական եկամուտներ։ Խաներն օժտված էին բռնակալական բոլոր իրավունքներով։ Կամայականությունը, դաժանությունը, բռնությունները, թալանը, կաշառքը, ծեծը և մարդկանց ֆիզիկապես պատուհասելը խաների համար դարձել էին սովորույթ։ Այս կամ այն խանի «գործունյա» կամ «անբան», «չար» կամ «բարի», «քաջ» կամ «վախկոտ» լինելը և բնակչության նկատմամբ նրանց անհատական վերաբերմունքի բնույթը ամենևին չէրն փոխում պարսից բռնապետության և նրա փոքրիկ կրկնօրինակը կազմող Երևանի խանության դաժան կարգերը, նրա խաների բռնակալական իրավունքները։ Խանի գերագույն իշխանությանն էին ենթակա մյուս բոլոր պաշտոնյաները՝ մահալների կառավարիչները, քալանթարները, պալատական ծառայողները, միրաբները և մյուսները։

Եթե քաղաքական առումով մեզ հետաքրքրող ժամանակաշրջանը կարելի է բաժանել երկու ենթաշրջանների (1500 —1747 թթ. և 1747–—1800 թթ.), ապա սոցիալական-տնտեսական առումով այդ երեք դարերը մի միասնական ժամանակաշրջան են, որ փաստորեն իր մեջ ընդգրկում է նաև XIX դարի առաջին տասնամյակները՝ մինչև Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելը։

Երևանի խանությունը սեֆևյան Պարսկաստանի կազմում կարևոր նշանակություն ուներ ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական առումով. այն պարսից պետության մեջ համարվում էր ամենաեկամտաբեր կուսակալությունը։ Ժ. Շարդենը այդ պատճառով Երևանի խանին համարում է «Պարսկաստանի ամենահարուստ և ամենաերջանիկ ազնվատոհմ իշխանը», որի տարեկան եկամուտներն ամենահամեստ հաշիվներով կազմում էին 46 հազար թուման կամ ավելի քան 466.000 արծաթ ռուբլի։ Սակայն ո՛չ ընդարձակ արգավանդ հողատարածությունները և ո´չ էլ զանազան եղանակ-

[էջ 436]

ներով խանի ստացած հսկայական եկամուտները չէին կարող չափանիշ լինել երկրի տնտեսական վիճակի համար։ Պարսկական ու թուրքական ֆեոդալական հետամնաց բռնապետությունների ծանր տիրապետության տակ գտնվող երկրները, որոնց թվում և Երևանի խանությունն ու ամբողջ Հայաստանը, տնտեսապես գտնվում էին ամենաանպաստ պայմաններում և հնարավորություն չունեին որևէ չափով բարգավաճելու։ Ֆեոդալական հետամնաց հարաբերությունների; կողոպտիչ հարկային քաղաքականության, կամայականությունների ու կաշառակերության, խաների ու փաշաների ընչաքաղցության, պարբերաբար մղվող թուրք-պարսկական պատերազմների, ֆեոդալական երկպառակությունների հետևանքով Երևանի խանությունն ու նրա կենտրոնը բազմիցս ենթարկվել են ավերման և զրկվել իրենց բուն բնակիչների զգալի մասից։ Սակայն մեր աշխատասեր ժողովուրդը յուրաքանչյուր պատեհ առիթ, կարճատև խաղաղության շրջան, օգտագործում էր իր տնտեսությանը, վերականգնելու, գյուղերն ու քաղաքները վերաշինելու, մշակույթը զարգացնելու։ Երկրի տնտեսական կյանքի համար կարևոր նշանակություն է ունեցել 1639 թվականի հաշտությամբ ստեղծված համեմատաբար խաղաղ շրջանը, որը տևել է ավելի քան 80 տարի։ Որոշ խաղաղ տարիներ հաջորդել են նաև ուրիշ ժամանակներում՝ 1555, 1612 և այլ թվականներին կնքված պայմանագրերին, սակայն դրանք շատ կարճատև են եղել և շուտով նոր ուժով բռնկվել են պատերազմներն ու կործանել այդ տարիներին ստեղծվածը։ XVIII դարի 20-ական թվականներին նորից բորբոքվեցին թուրք-պարսկական պատերազմները, որոնց հաջորդեցին լեզգիների ավերիչ ասպատակությունները, վրաց Հերակլ թագավորի կրկնակի հարձակումները և Աղա-Մամեդ խանի ավերիչ արշավանքները, որոնց հետևանքով նույնպես երկիրը ենթարկվեց ավերման։ Այնպես որ մերթ ընդ մերթ կարճ ժամանակով հաստատված խաղաղության տարիներին ժողովուրդը հազիվ էր հասցնում վերականգնել երկրի տնտեսական նախկին վիճակը, երբ նորից էին բռնկվում պատերազմները։ Այնուամենայնիվ, առանձին խաների օրոք Երևանի խանությունն ու Երևան քաղաքն ապրել են տնտեսական կյանքի որոշ աշխուժացում։ Այդպիսի մասնակի զարգացում է եղել, օրինակ, Ամիրգունա խանի (1604 — 1625), Խոսրով-խանի, Զալ- խանի և մի քանի այլ խաների օրոք։ Երևանի տնտեսական կյանքում կարևոր դեր էին խաղում արհեստները, որոնք սակայն պատերազմների ու գերեվարումների հետևանքով չէին կարող զարգանալ իրենց բնական ընթացքով։

[էջ 437]

Սկզբնաղբյուրների վկայություններից երևում է, որ Երևանում արհեստագործությունը բավական զարգացել էր XVII դարի երկրորդ կեսին և հաջորդ դարի սկզբներին։ XVI—XVIII դարերում Երևանում կային մի քանի տասնյակ արտադրական արհեստներ՝ քարտաշություն, հյուսնություն, ոսկերչություն, պղնձագործություն, արծաթագործություն, դերձակություն, գդակագործություն, բրուտագործություն, ժամագործություն, դրամահատություն, որմնադրություն և այլն։ Քաղաքի արհեստավորները գրեթե բացառապես հայերն էին, որոնք իրենց արհեստները միջնադարյան մյուս քաղաքների արհեստավորների նման ժառանգում էին իրենց որդիներին։ Քաղաքի արհեստավորների արտադրած ապրանքները հիմնականում սպառվում էին տեղում, եթե բացառելու լինենք գինին, օղին և մի քանի ուրիշ ապրանքներ, որոնք ամբողջությամբ չէին կարող սպառվել տեղում և դրանց համար մեծ պահանջարկ կար հարևան ու հեռավոր շրջաններում։ Արհեստավորները բավական լավ էին տիրապետում իրենց արհեստներին և տալիս էին համեմատաբար բարձրորակ արտադրանք։ Միևնույն արհեստավորը կարող էր տիրապետել մի քանի արհեստների։ Արհեստի ներսում աշխատանքի բաժանումը թույլ էր արտահայտված՝ հումքի նախնական վերամշակումից մինչև պատրաստի արտադրանք տալը կարող էր կատարել միևնույն արհեստավորը։ Արհեստավորներն ըստ զբաղմունքի կազմում էին համքարություններ, որոնք այնքան խոշոր դեր էին խաղում արհեստավորական արտադրության և արտադրված ապրանքների վաճառման ասպարեզում։ Սակայն արհեստավորների մի զգալի մասը չէր ընդգրկված համքարություններում։

XVI—XVIII դարերի երևանի քաղաքային արտադրությունը չէր սահմանափակվում միայն արհեստներով։ Այստեղ գոյություն ունեին շատ տնայնագործական տիպի ձեռնարկություններ՝ ջրաղացներ, դինգեր, կաշեգործական ձեռնարկություններ, ներկատներ և այլն։

Արհեստավորները ենթակա էին ծանր հարկադրման։ Հարկերը նշանակելու համար ամեն տարի կատարում էին աշխարհագիր։ Արհեստավորներից ու առևտրականներից գանձվող ուղղակի և անուղղակի հարկերի տեսակները հասնում էին ավելի քան 20-ի։ Այնպես որ, չնայած Երևանի բնակչությունն ազատված էր բնատուրքային հարկերից, սակայն դրամական տուրքերն այնքան մեծ էին, որ քաղաքացու տուրքերն ընդհանուր առմամբ շատ քիչ էին տարբերվում գյուղական բնակչությունից գանձվող հարկերից

[էջ 438]

ու տուրքերից։ Պետական տուրքերի մեջ նշանակալի տեղ էին գրավում պարհակները։ Քաղաքի բնակչությունը շրջակայքի գյուղերի բնակչության հետ միասին հավասար հարկադիր աշխատանքներ էր կատարում սարդարի համար։

Պետական հարկերով ու պարհակներով չէին սահմանափակվում բնակչության վրա բարդված պարտականությունները։ Բնակչությունից ուղղակի և անուղղակի եղանակներով հսկայական միջոցներ էր կլանում նաև քրիստոնեական ու մահմեդական հոգևորականությունը։

Ֆեոդալական Պարսկաստանում և նրա կազմի մեջ մտնող Երևանի խանությունում տիրապետող էր փակ բնատնտեսությունը։ Առևտրի լայն զարգացման համար չկային համապատասխան սոցիալ-տնտեսական պայմաններ, նրա ծավալմանը խանգարում էին ֆեոդալական մաքսային սիստեմը, ճանապարհների անբարեկարգությունն ու վտանգավորությունը, չափ ու կշիռների անորոշությունն ու բազմազանությունը, բնակչության ցածր գնողունակու֊ թյունր և, մանավանդ, պատերազմները։ Երևանի խաներն իրենց կողոպտիչ հարկային քաղաքականությամբ գյուղացիությանը հասցրել էին ծայր աղքատության։ Գյուղացին շուկա դուրս բերելու համար չուներ ավելցուկ մթերքներ, այն աննշան քանակությամբ մթերքներն էլ որ նա հանում էր վաճառքի, անում էր հարկադրաբար՝ դրամական որոշ հարկեր տալու և իր տնտեսության մեջ պակասող իրեր ձեռք բերելու համար։ Մի փոքր այլ էին պայմանները Երևանում։ Երևանը տարանցիկ առևտրի կարևոր կետ էր։ Նրա վրայով եվրոպական ապրանքները առաքում էին դեպի Արևելք, իսկ Հնդկաստանից եկողները՝ Արևմուտք։ Իբրև խանության կենտրոն Երևանում կար մեծ պահանջներ ունեցող սպառողների մի բազմամարդ խումբ, որի մեջ մտնում էին՝ սարդարը, նրա պալատականներն ու սպասարկուները, հարեմը, կայազորը, խաներ, միրզաներ, բեկեր, մելիքներ, տարբեր կարգի հոգևորականներ ու ա ս տ իճան ա վո րն ե ր ։ Ինքր՝ սարդարը նույնպես մասնակցել է խոշոր վաճառականների գործարքներին։ Նրա օրինակին հետևել են մյուս խաները, որոնք իրենց շահերից ելնելով, դրամ են մատակարարել վաճառականներին և նրանց վերցրել իրենց հովանավորության տակ։ Մյուս կողմից սարդարը որոշ ապրանքներով կատարվող առևտուրը համարելով իր մենաշնորհ իրավունքը, դրանով իսկ խանգարել է առևտրի ազատ զարգացմանը։

Այնուամենայնիվ, Երևանի առևտարը կրում էր աշխույժ բնույթ։ Նրա շուկաներում ու խանութներում վաճառվում ու գըն-

[էջ 439]

վում էին գյուղատնտեսական ապրանքներ, արհեստավորական արտադրանքներ, ինչպես և ներմուծված ապրանքներ։ Նրա ներքին առևտուրը գերազանցապես մանրածախ բնույթ ուներ և կենտրոնացած էր հիմնականում գլխավոր շուկա-հրապարակում՝ Ղանթարում։ Առևտրի կազմակերպման համար առանձնահատուկ նշանակություն էին ձեռք բերել նաև երթևեկ վաճառականներին սպասարկող քարավանատները, որոնք XVIII դարի վերջերին թվով 7 էին և ունեին տասնյակներով մանր խանութներ։

Ինչպես երևում է, Երևանում գյուղատնտեսական մթերքների գները հարևան խանությունների և շրջանների շուկաների գների համեմատությամբ ցածր են եղել։ Այդ են ապացուցում Զաքարիա Սարկավագի, Զաքարիա Ագուլեցու, Աբրահամ Կրետացու և մյուսների վկա յությունները։ Բայց անբերրիությունների, սովի և պատերազմների ժամանակ Երևանի շուկայում ապրանքների գները բարձրացել են անհավատալի չափերով։ Բացի դրանից, առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների՝ գարու, ցորենի, կտավի և այլ ապրանքների գներն ընդհանրապես անշեղորեն բարձրացել են։ Այսպես, օրինակ, 1740 —1820 թվականների ընթացքում գարու գինը բարձրացել է 7,5 անգամ, ցորենինը՝ մոտ 6 անգամ, մսինը՝ 5 անգամ, կտավինը՝ 4 անգամ և այլն։

Մեզ հետաքրքրող ժամանակներում Երևանում շրջանառության մեջ էին գտնվում տարբեր երկրների դրամները։ Բայց Երևանն ուներ նաև իր դրամահատարանը՝ զառաբխանան, որը գոյություն ուներ տակավին նախորդ շրջանից։ Դրամ հատելու և հատանելիք դրամական միավորների տեսակները ու մետաղի պարունակության չափը սահմանում էր ինքը՝ շահը, ելնելով պետության ընդհանուր ֆինանսական դրությունից և երկրում շրջանառության մեջ գտնվող օտարերկրյա դրամների քանակից ու նրանց պարունակությունից։ Երևանի զառաբխանան տրվում էր կապալով։ Մինչև XVII դարի կեսերը կապալառուները պարսիկ վաճառականներից էին, իսկ այնուհետև հայ վաճառականներից՝ խոջաներից։

Ըստ նշանակության և ծավալի մեզ հետաքրքրող ժամանակներում Երևանի առևտրի մեջ առաջին տեղը գրավում էր արտաքին և տարանցիկ առևտուրը։ Դրա համար նպաստավոր պայմաններ ստեղծվեցին Թուրքիայի և Պարսկաստանի միջև կնքված 1639 թվականի հաշտությամբ։ Երևանի արտաքին առևտրի համար կարևոր նշանակություն ունեին Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքված պայմանագրերը։ Դրանցից առանձնապես ուշադրության

[էջ 440]

արժանի է 1729 թվականի փետրվարի 13-ին կնքվածը, ըստ որի սովորական մաքսի վճարումով թույլատրվում էր երկու կողմերի քաղաքացիներին ու վաճառականներին ազատ առևտուր կատարել պայմանադիր կողմերի ցանկացած շրջանում ու քաղաքում։

Երևանից դուրս էին գալիս դեպի տարբեր երկրներ գնացող մի քանի ճանապարհներ։ Դրանցից քաղաքի համար ամենակարևորը Թավրիզ—Ջուղա—Երևան — Էջմիածին—Կարս—Էրզրում ճանապարհն էր, որն Էրզրումից շարունակվելով ավելի արևմուտք, հասնում էր Միջերկրական ծովի ափերը, իսկ արևելքում Թավրիզից դիմում էր դեպի Պարսկաստանի խորքերը և ապա Հնդկաստան ու Միջին Ասիա։ Այս ճանապարհի միայն Ջուղայից մինչև Կարս ընկած հատվածում XVII—XVIII դարերում կառուցված էին 9 կամուրջներ, որոնց թվում էր և Ջուղայի հայտնի կամուրջը (Արաքս գետի վրա)։ Մեր պատմագիրների մոտ մի շարք վկայություններ կան այդ կամուրջների և նշված ճանապարհի կայանների մասին։ Քարավանային ճանապարհներով հիմնականում երթևեկում էին ուղտերով ու ձիերով։ Թավրիզից մինչև Երևան բարձած ուղտերով կամ ձիերով հասնում էին 12 օրվա ընթացքում։ Տարանցիկ առևտրի ապրանքները բնական է, որ մեծ զանգվածներ չունեին և դրանք բաղկացած էին բացառապես չփչացող ապրանքներից։ Ճանապարհներն անբարեկարգ էին և անապահով. ավազակային բանդաները միշտ ահ ու սարսափի մեջ էին պահում քարավանները։ Երևանի վաճառականներն առևտրական գործերով լինում էին Արևմտյան Եվրոպայի երկրներում, Լեհաստանում, Ռուսաստանում, Թուրքիայում և այլուր։

Առևտրով զբաղվում էին շատ-շատերը՝ արհեստավորներից ու մանր առևտրականներից սկսած մինչև հարուստ վաճառականներն ու ինքը՝ սարդարը։ Պրոֆեսիոնալ վաճառականությունն ըստ իր կապիտալի մեծության, կատարած առևտրի ծավալի և երկրի կյանքում խաղացած դերի, բաժանվում էր չորս խմբի՝ սովդաքյարների, բինախտարների, բազազների և չարչիների։ Սովդաքյարներն ամենահարուստ, բարձր գիրք ունեցող վաճառականներն էին։ Նրանք զբաղվում էին մեծածախ առևտրով, և մաքսից բացի, ազատված էին բոլոր կարգի հարկերից։ Իրենց հարստությամբ և իրավունքներով սովդաքյարներից հետո գալիս էին բինախտարները, որոնք նույնպես զբաղվում էին մեծածախ առևտրով, իսկ բազազներն ու չարչիները զբաղվում էին մանրածախ առևտրով։ Երևանում բազազները կազմում էին ամենաուժեղ համքարությունը և քաղաքի առևտրի մեջ արտակարգ մեծ դեր էին խաղում։ Աղ-

[էջ 441]

բյուրներում սովորաբար բոլոր կարգի խոշոր վաճառականները հիշատակվում են մի ընդհանուր՝ խոջա անվան տակ։ Երևանում մեզ հետաքրքրող ժամանակներում մեծահարուստ խոջաների համբավ ունեին Զաքարիա Ագուլեցու եղբայր Շմավոնը, որը վերջում սնանկացավ, խոջա Գրիգորը, որը առևտրական գործերով քսան տարի մնացել էր Լեհաստանամ և մեծ կապիտալներ կուտակել, և ուրիշներ։

Հայաստանում և Ադրբեջանում մեզ հետաքրքրող ժամանակներում գոյություն ունեին հողատիրության հինգ տեսակներ՝ պետական կամ դիվանին պատկանող հողեր, շահի ընտանիքի սեփական հողեր, քրիստոնեական և մահմեդական կրոնական հիմնարկներին կտակված հողեր (վակիֆ), մասնատիրական հողեր (մուլք կամ արբաբի) և գյուղական համայնքներին պատկանող հողեր։ Անդրկովկասի խանություններում, որոնց թվում նաև Երևանի խանությունում պետական հողերն իրական ում ենթակա էին խանի իրավասությանը։ Երևան քաղաքում կար երեք կարգի հողատիրություն խանական (սարդարական) կամ պետական, վանքապատկան և մասնատիրական։ Երևան քաղաքում այգիներ, բանջարանոցներ, հողանդակներ, ջրաղացներ, դինգեր, խանութներ ունեին Էջմիածինն և այլ վանքեր ու եկեղեցիներ։ Վանքերն ու եկեղեցիներն իրենց կալվածքներն ընդարձակում էին անժառանգ մնացած ունեցվածքներին ու կալվածքներին տեր դառնալով, նվիրատվությամբ և դրամով գնելու միջոցով։ Սակայն Երևանում ամենատարածված հողատիրության ձևը մասնատիրականն էր. քաղաքի հողերի մեծագույն մասը պատկանում էր մասնավոր անձանց, որոնք սոցիալական ու տնտեսական տեսակետից պատկանում էին հասարակության տարբեր խավերի։ Երևանի մասնավոր խոշոր հողատերերը ընդարձակ կալվածքներ ունեին նաև քաղաքից դուրս՝ Երևանի խանության գյուղերում։ Ֆեոդալական հողատիրությունր հիմնականում ուներ երկու ձև՝ մուքադարություն և թիուլդարություն։ Մեծ տարածում էր ստացել հողի առ ու վաճառքը։ Իբր հողատարածության չափի հիմնական միավորներ հիշատակվում են խալվարը, սոմարը, լիտրը, բաթմանը, օրավարը և այլն։

Մեզ հետաքրքրող ժամանակներում Երևանի ոռոգման ջրանցքներից որոշ ընդհատումներով գործում էին Մամռին, Աբուհայաթը և Դալման։ Դրանցից բացի, ոռոգման համար օգտագործում էին քաղաքում եղած ընդգետնյա և Գետառի ջրերը։ Պատերազմների և 1679 թվականի կործանիչ երկրաշարժի հետևանքով մի քանի

[էջ 442]

անգամ խափանվել են քաղաքի ջրանցքները, բայց դրանք նորից վերականգնվել են։ Քաղաքի մեծ ջրանցքները համարվում էին խանի սեփականությունը, որը դրա վրա հսկելու համար սահմանել էր հատուկ պաշտոնեություն։

Նախորդ ժամանակների նման XVI—XVIII դարերում Երևանը դարձյալ այգեգործական մեծ բնակավայր էր։ Այստեղ կային մրգատու և խաղողի բազմաթիվ այգիներ, որոնց գրաված տարածությունը հասնում էր ավելի քան 2.000 հեկտարի։ Բնակիչների մեծ մասն ուներ իր այգիները։ Քաղաքի այգեգործությունն ու խաղողագործությունը զգալի առաջադիմություն են կատարել հատկապես XVII դարի սկզբներին՝ Ամիրգունա-խանի իշխանության տարիներին և նույն դարի վերջերին՝ Զալ-խանի օրոք։ Բուն քաղաքից բացի, ընդարձակ այգիներ կային նաև նրա շրջակայքի գյուղերում՝ Ձորագյուղում, Նորագյուղում, Նորքում և այլուր, որոնք տնտեսապես այնքան ձուլված էին քաղաքի հետ, որ փաստորեն վեր էին ածվել նրա արվարձանների։

Հաճախակի կրկնվող պատերազմներից, ներքին կռիվներից, հարկային ծանր քաղաքականությունից և այլ պատճառներից բացի, երկրի ու քաղաքի գյուղատնտեսության ճյուղերի զարգացումը մեծապես խափանում էին նաև բնական աղետները՝ մորեխը, երկրաշարժները, կարկուտը, անբերրիությանը, որոնց հետևանքով պարբերաբար կրկնվում էր մեծ թվով մարդկային կյանքեր խլող սովը։

Մեզ հետաքրքրող ժամանակներում ամբողջ երկրի հետ միասին Երևանը նույնպես գտնվում էր ֆեոդալիզմի ժամանակաշրջանում։ Ինչ խոսք, որ օտարների՝ մոնղոլների, թեմուրյանների, կարա-կոյունլուների, ակ-կոյունլուների, սեֆևյանների ու թուրքերի երկարատև տիրապետությունն իր ազդեցությունն է թողել Հայաստանի ու Ադրբեջանի ֆեոդալական հարաբերությունների վրա։ Սակայն անընդունելի է Ի. Պ. Պետրուշևսկու այն թեզը, թե իբր օտարի երկարատև տիրապետության ընթացքում Ադրբեջանում և Արևելյան Հայաստանում առաջացել էին ֆեոդալական գրեթե նույնատիպ հարաբերություններ։ Փաստերը ցույց են տալիս, որ նշված ժամանակաշրջանում Արևելյան Հայաստանի ու Ադրբեջանի ֆեոդալական հարաբերություններն իրարից զգալի չափով տարբերվում էին։

Երկրի ֆեոդալական հասարակարգի համապատասխան թե´ գյուղական և թե՛ քաղաքային բնակչությունը մասնատված էր տնտեսական ու իրավական տարբեր դիրք ու վիճակ ունեցող

[էջ 443]

խմբերի՝ շահագործողների (խաներ, բեկեր, աղալարներ, մելիքներ, բարձրաստիճան հոգևորականներ, խոշոր վաճառականներ) և շահագործվողների (կախյալ վիճակի մեջ գտնվող գյուղացիներ, արհեստավորներ, մանր առևտրականներ, վարձու աշխատողներ)։ Իրենց տնտեսական ու իրավական վիճակով իրարից տարբերվում էին ոչ միայն հասարակության այդ մեծ խմբերը՝ շահագործողներն ու շահագործվողները, այլև դրանցից յուրաքանչյուրի մեջ մտնող ենթախմբերը՝ արհեստավորները, առևտրականները, գյուղացիները և այլն։ Իր սոցիալ-տնտեսական վիճակով ամենացածր աստիճանի վրա գտնվում էր հասարակության ամենաբազմամարդ դասակարգը՝ գյուղացիությունը, որն իր հերթին նույնպես ենթարկված էր շերտավորման։

Երևանում և Երևանի խանության մեջ արտոնյալ խավի աստիճանավորության բարձրագույն կետում գտնվում էր սարդարը։ Նրան էին ենթակա հայ, ադրբեջանցի, թուրք և պարսիկ մյուս բոլոր մեծամեծները՝ ժառանգական ու անձնական բոլոր ազնվականները, խաները, մելիքները, աղալարները, պարոնները, բեկերը և այլք։ Այդ էր եղել պատճառը, որ Երևանի խանը սարդար (զորագլուխ) տիտղոսից բացի, սովորաբար կոչվում էր նաև բեյլերբեյ (բեգերի բեգ)։ Երևանի խանը մեծ իշխանություն ունենալուց բացի, խանության ամենահարուստ անձնավորությունն էր՝ խոշոր կալվածատեր և վաճառական։ Նա տարեկան մոտ կես միլիոն ռուբլոլ եկամուտ էր ստանում խանության ուղղակի և անուղղակի հարկերից։

Արտաքին և տարանցիկ առևտրի ծավալման հիմքի վրա, հասարակության դասակարգային տրոհվածության խորացման հետևանքով մեզ հետաքրքրող ժամանակներում գոյություն ուներ նաև վաճառականության և պրոֆեսիոնալ խոշոր առևտրականների խումբը, որը, ճիշտ է, զանգվածորեն չէր մտնում արտոնյալ դասակարգի մեջ, բայց ուներ բավական լայն արտոնություններ։

Պարսկական տիրապետության տակ գտնվող Արևելյան Հայաստանում և Ադրբեջանում XVI—XVIII դարերում հարկատու բնակչությունից գանձվող հարկերի ու տուրքերի և զանազան տեսակի հարկադիր աշխատանքների ընդհանուր թիվը հասնում էր 35-ի։ Ընդ որում այդ բոլորը Ի. Պ. Պետրուշևսկին բաժանում է 5 խմրի՝ հողային ու եկամտահարկերի (11 տեսակ), զորքերը և վարչական ապարատի տարբեր օղակները պահպանելու համար սահմանված տուրքերի ու բնահարկերի (14 տեսակ), աստիճանավորներին և ֆեոդալներին տրվող զանազան «ընծաների» (3 տե-

[էջ 444]

սակ), գլխահարկի և ծխահարկի (3 տեսակ) և պետության ու ֆեոդալների օգտին կատարվող պարտադիր աշխատանքների ու զինվորական ծառայության (3 տեսակ)։ Դրանց մեծագույն մասը գոյություն ուներ նաև Երևանի խանությունում։

Խանության ֆինանսական աշխատողները պարբերաբար կատարում էին աշխարհագիր՝ հարկերը նշանակելու համար։ նրանք ստուգում ու գրանցում էին հարկադրման ենթակա բոլոր կարգի օբյեկտներն ու մարդկանց՝ տները, այգիները, ցանքերը, անասունները, գլխահարկի ենթակա մարդկանց և այլն։ Քանաքեռցի Զաքարիա Սարկավագ պատմագիրը մանրամասնությամբ նկարագրել է պարսկական տիրապետության շրջանի ծանր հարկերի նշանակումն ու գանձումը։ Նրա վկայության համաձայն, պարսկական աշխարհագիրներին ուղեկցում էին բռնությունները, ծեծը, ֆիզիկական խեղումները, ահն ու սարսափը։ Ժողովրդի ցասումից ահաբեկված՝ հարկային վերակացուները երկրում շրշում էին զինվորական ջոկատների ուղեկցությամբ՝ հարկադրելով հնարավոր բոլոր օբյեկտները այգիները, պարտեզները, ցանքերը, անասունները, ձիթհանքերը, ջրաղացները, արհեստները, մարդկանց և այլն։ Բռնությունները, կաշառքը և անօրինականությունը մեծ չափերի էին հասնում մանավանդ հարկերի հավաքման ժամանակ։ Հարկերը հավաքում էին աստիճանավորները մեծ խմբեր կազմած։ Նրանք հարկերը գանձելու պատրվակի տակ ամիսներ շարունակ կարող էին մնալ միևնույն գյուղում և հարկատուների հաշվին ապրել արևելյան ճոխությամբ։ Բազմաթիվ հարկերի մեջ իրենց ծանրությամբ ժողովրդի համար առանձնապես անտանելի էին բահրան (պետական՝ եկամտային հարկը), գլխահարկը և հավատքի համար հայերից բռնագանձվող «ջիզիա» կամ «ջաղիա» կոչված հարկը։

Թուրք-պարսկական պատերազմների, խաների ու փաշաների միջև տեղի ունեցող կռիվների և կիսանկախ խաների ժամանակ վրաց Հերակլ թագավորի կրկնակի արշավանքների հետևանքով Երևանի բնիկ բնակչության զգալի զանգվածները գերեվարվել ու քշվել են օտար երկրներ՝ Պարսկաստան, Թուրքիա, ինչպես նաև Արևմտյան Հայաստան ու Վրաստան։ Առաջին մեծ գերեվարությունը կատարվել է 1579 թվականին, թուրքական նվաճման հետևանքով։ Սակայն գերեվարության և բռնի տեղահանությունների մեջ ահավոր չափեր է ունեցել Շահ-Աբաս I-ի հրամանով 1604 թվականի ամառը կատարված տեղահանությունը։ Բռնագաղթի ենթարկվեց նաև Երևանի բնակչության զգալի մասը։ Տեղահան ար-

[էջ 445]

ված և Պարսկաստանի խորքերը քշված երևանցիները նախ, բնակեցվում են Սպահանի ծայրամասում, իսկ 50 տարի անց՝ 1655 թվականին Նոր Ջուղայի մոտակայքում, որտեղ նրանք կառուցեցին իրենց Նոր Երևան թաղամասը։

Հայերին իրենց բուն երկրից ու հայրենի քաղաքներից արտաքսելու քաղաքականությունը շարունակվում էր նաև XVIII դարում Նադիր-շահի և կիսանկախ խաների տիրապետության ժամանակներում։ Նադիր-շահի հրամանով Երևանի խանությունից հարյուրավոր հայ ընտանիքներ են քշվել Խորասան։ Այդպիսի բռնագաղթ է եղել նաև Հուսեին-Ալի-խանի ժամանակ, ինչպես նաև մեծ թվով հայ գերիներ տարվեցին Վրաստան՝ Հերակլ թագավորի արշավանքների ժամանակ։ Բռնագաղթերից բացի, Երևան քաղաքից գաղթ է եղել նաև «կամովին» օտարի տիրապետության ծանր պայմանների հետևանքով, ինչպես նաև վաճառականական ու այլ նպատակներով Երևանից դուրս են եկել և ուրիշ երկրներում բնակվել հարյուրավոր երևանցիներ։

Զանազան եղանակներով տեղի ունեցած քաղաքի բնակչության արտահոսքի համեմատությամբ ներհոսքն ավելի թույլ է եղել։ Բայց և այնպես Հայաստանի ուրիշ շրջաններից ու քաղաքներից մի քանի անգամ զգալի թվով բնակիչներ են եկել ու բնակվել Երևանում։ Դրանց մի մասը բերվել է Ամիրգունայի և Հասան-Ալի խանի՝ դեպի Արևմտյան Հայաստան կատարված արշավանքների ընթացքում, իսկ մյուս մասն իրենք են կամովին գաղթել ու բնակություն հաստատել Երևանում։

Մինչև 1604 թվականի մեծ բռնագաղթը քաղաքի բնակչության բացարձակ մեծամասնությունը կազմում էին հայերը։ Հետագայում դրանց թիվը բավականաչափ նվազում է, բայց և այնպես նրանք մյուս ազգությունների նկատմամբ իրենց թվով դարձյալ գրավում էին առաջին տեղը։ Քաղաքի բնակչության մյուս մասը կազմված էր թաթարներից (ադրբեջանցիներ), օսմանական թուրքերից և պարսիկներից։ Չնայած փոքրամասնությանը՝ թուրքերն ու պարսիկները որպես իշխողներ ունեին մի շարք արտոնություններ։ Առանձնապես ծանր էին հայերի պայմանները։ Նրանք ամենուրեք ենթակա էին հալածանքների ու բռնությունների։ Տիրողները բոլոր միջոցներով ձգտում էին նրանց հավատափոխ անել և ձուլեր Մահմեդական իշխանավորներից բացի, մեծ վտանգ էին սպառնում նաև ճիզվիտ քարոզիչները, որոնք օգտվելով մեր ժողովրդի ծանր կացությունից՝ նույնպես ամեն կերպ ձգտում էին վերացնել հայկական եկեղեցու ինքնուրույնությունը և այն ենթար-

[էջ 446]

կել Հռոմի պապի իշխանությանը՝ կաթոլիկական եկեղեցուն։

Մեզ հետաքրքրող ժամանակների Երևանի բնակչության ընդհանուր թվի վերաբերյալ տեղեկություններ չկան։ Միայն անառարկելի է, որ XVI—XVIII դարերում Երևանը չուներ աճելու և բազմամարդ քաղաք դառնալու հնարավորություններ։ Ամենայն հավանականությամբ այդ դարերում Երևանն ուներ 10000 —12500 բնակիչ։

Պարսկաստանի, Անդրկովկասի և Արևելյան Հայաստանի մյուս քաղաքների նման Երևանը ևս չուներ բուժական որևէ ձեռնարկություն։ Նրա բնակչության առողջապահական պայմանները վատթարագույն էին։ Հայկական բժշկության բավական զարգացած շրջանում՝ XVIII դարում Երևանում հիշատակվում են միայն երկու ոչ հայտնի բժիշկ՝ Հարութիսը (Հարություն) և Թաթուլը, որոնցից վերջինը Երևանում սկսել է աշխատել 1803 թվականից։ Գործնական բժշկությունը մեծամասամբ գտնվում էր բժշկական տարրական գիտելիքներից զուրկ հեքիմների ձեռքին։ Քաղաքում ամռանը մեծ տարածում ուներ դողերոցքը, պարբերաբար բռնկվում էին մահասփյուռ հիվանդություններ։ Տնտեսական ծանր պայմանները, պատերազմներն ու անբերրիությունները, կոմունալ տարրական պայմանների բացակայությունը, դաժան շոգերը, փոշին, կեղտը, լավորակ ջրի բացակայությունը՝ այդ բոլորը Պարսկաստանի, Անդրկովկասի և Առաջավոր Ասիայի մյուս շատ քաղաքների նման Երևանը դարձնում էին վարակի բույն։ Դրանց վրա գումարվում էին տիրողների գործադրած հալածանքներն ու բռնությունները, որոնք ընդհանուր գծերով նկարագրել է Նաղաշ Հովնաթանն իր «Գովասանութիւն Երևանայ քաղաքին» երգիծական բանաստեղծության մեջ։

Երևանին բախտ չէր վիճակված բնականոն ընթացքով զարգանալու։ Այն բազմաթիվ անգամ ավերվել է ու ձեռքից-ձեռք անցել։ Յուրաքանչյուր այդպիսի ավերումից հետո հարկ է եղել ավերակների կույտից քաղաքը նորից վերաշինել ու տեսքի բերել։ Պատերազմներից բացի, Երևանը շատ էր տուժում նաև բնական աղետներից՝ երկրաշարժներից ու Գետառի սելավներից։ 1679 թվականի հունիսի 4-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Երևանը վեր է ածվել ավերակների կույտի և մի քանի տասնյակ տարվա ընթացքում հազիվ են վերացրել դրա հետևանքները։ Ընդհանուր առմամբ, Երևանում մեզ հետաքրքրոդ ժամանակներում շինարարական զգալի աշխատանքներ են կատարվել Ամիրգունա-խանի, Զալ-խանի, Խոսրով-խանի, Հուսեին-Ալի խանի և

[էջ 447]

մի քանի ուրիշ խաների օրոք։ Սակայն Երևանը մնում էր որպես ասիական հետամնաց քաղաք, առանց որևէ հատակագծման, խառնիխուռն կավակերտ տներով, կեղտոտ ու ծուռումուռ փողոցներով մի տգեղ քաղաք, որի ընդհանուր գորշ ֆոնի վրա նշմարելի էին բերդի աշտարակները, եկեղեցիների գմբեթները և մզկիթների մինարեները։ Քաղաքը որոշ չափով գեղեցիկ տպավորություն էր թողնում միայն ամռանը, երբ այն թաղվում էր այգիների ու բանջարանոցների կանաչ ծովի մեջ։ Քաղաքը բաժանված էր մի քանի թաղամասերի։ Նրա շրջակայքի գյուղերից մի քանիսը՝ Նորքը, Ձորագյուղը, Նորագյուղը նույնպես աստիճանաբար ձուլվել են քաղաքի հետ՝ կազմելով առանձին թաղամասեր։

Քաղաքի գլխավոր կառավարիչը՝ քաղաքագլուխը, քալանթարն էր, որին ստորագրված էին քաղաքային մյուս բոլոր պաշտոնյաները՝ մելիքները, դարուղան (ոստիկանապետը) և մյուսները։ Իրականում քալանթարն ու մելիքները իրենց ձեռքում պահում էին դատավորի ու կառավարիչի իրավունքները, իսկ քաղաքի կառավարման մյուս կարևոր օղակները գտնվում էին դարուղայի, շուկայապետի (բազարբաշի), կշռապետի (միզանդար) և ուրիշ ցածրադիր պաշտոնյաների ձեռքին։ Դարուղան իր իշխանությունն իրագործում էր հարյուրապետների (յուզբաշի) և տասնապետների (չաուշ) միջոցով։ Համաքաղաքայինից բացի, կար նաև գիշերային պահպանության ոստիկանություն, որի գլուխ կանգնած էր գիշերային ոստիկանության պետը՝ հասաս-բաշին, իսկ շուկան ուներ իր առանձին հասասները։ Ոստիկանական և պահպանության այդ բոլոր ծառայողները պահվում էին ժողովրդի հաշվին։ Դրանք փոքրից մինչև մեծը կատարում էին անօրինականություններ և չարաշահումներ։ Եթե այդ բոլորի փոխարեն քաղաքային ոստիկանությունը գտնվեր իր բարձրության վրա և թեկուզ նվազագույն չափով ապահովեր քաղաքի և շուկայի խաղաղ առօրյան, բնակիչների կյանքն ու գույքը, դեռ ոչինչ, մի կերպ կարելի էր քաղաքի ներքին կյանքը համարել բնականոն և տանելի։ Այնինչ պարսկական տիրապետության շրջանի Երևանի ներքին կյանքը միանգամայն անապահով էր, հասարակության ապադասակարգային տարրերը, ոստիկանական ծառայողների թողտվությամբ, խուլիգանական բանդաներ կազմած՝ գիշերվա պահին ցրվում էին քաղաքով մեկ և մինչև լույս ահ ու սարսափի մեջ պահում քաղաքացիներին։

Արևելյան շատ քաղաքների նման Երևանը ևս հատուկ զբոսայգիներ չի ունեցել։ Բնակիչները սովորաբար զբոսնել են կամ

[էջ 448]

իրենց հանգիստն անցկացրել եկեղեցիների և մզկիթների ստվերախիտ բակերում։ Քաղաքի կենտրոնական մասում գտնվում էր մեծ հրապարակը՝ մեծ մեյդանը, որը շրջապատված էր ծառերով և որը նույնպես որոշ չափով ծառայում էր որպես զբոսավայր։ Իրան կից գտնվում էր քաղաքի շուկան՝ առևտրի և բոլոր տեսակի տնտեսական գործարքների կենտրոնը։

Քաղաքում կային մի շարք բաղնիքներ (համամներ) և քարավանատներ, որոնք գտնվում էին անմխիթար վիճակում։ Բացառություն էր կազմում միայն սարդարի հարեմին պատկանող մարմարապատ բաղնիքը, որը գտնվում էր բերդում։

Հնագույն ժամանակներից ի վեր Երևանի բնակիչները միշտ անհանգստացել են խմելու լավորակ ջուր ունենալու հարցով։ Քաղաքի բնակչությանը խմելու ջրով ապահովելու համար առանձին անհատներ կոնկրետ քայլեր են կատարել նաև մեզ հետաքրքրող ժամանակներում։ Երևանցի խոջա Գրիգորը, որ կրում էր Մոծակ մականունը, 1652—1653 թվականներին Գետառից խմելու ջուր է բերել Կաթողիկե եկեղեցու բակը և քաղաքի այդ եկեղեցուն հարող թաղերը։ 1793 թվականին Տեր-Գրիգորյան եղբայրները նույն Գետառից ագուգաներով ջուր են բերում Կոնդի ս. Հովհաննես եկեղեցու բակը և այդտեղից բաշխում քաղաքի այդ մասի թաղերի միջև։ Սակայն դրանցով, այնուամենայնիվ, արմատապես չէր լուծվում Երևանի խմելու ջրի հարցը։ Մեծ միջոցներ և հսկայական աշխատանք պահանջող այդ հարցը լուծվել է միայն XX դարի սկզբներին։

Երևանի XVI—XVIII դարերի ճարտարապետական կոթողները սահմանափակվում էին եկեղեցիներով, մզկիթներով, Հրազդանի ու Գետառի կամուրջներով, խանի բերդով ու պալատով և հնից իր գոյությունը մինչև 1679 թ. երկրաշարժը պահապկած մի աշտարակով, որը նկարագրել է Շարդենը։

Առաջին հայացքից թվում է, թե XVI—XVIII դարերում Երևանում մշակութային առումով հիշատակության արժանի ոչինչ չպետք է ստեղծվեր։ Անվերջ ու ավերաբեր պատերազմները, պարբերաբար կրկնվող բնական աղետները, ֆեոդալական հետամնաց Թուրքիայի ու Պարսկաստանի ծանր լուծը, խաների ու փաշաների սահման չունեցող կամայականությունները՝ այդ բոլորը խափանում էին նաև Երևանի մշակութային կյանքի զարգացումը։ Այդ դարերում բազմաթիվ անգամ ավերվել են հնից եկող նրա ճարտարապետական կոթողները՝ եկեղեցիները, կամուրջները, ոռոգման առուները, ավարի են ենթարկվել տասնյակներով ձեռագրեր, խա-

[էջ 449]

փանվել են եկեղեցիներին կից եղած դպրոցները, գերեվարվել կամ ոչնչացել են հազարավոր մարդիկ։ Այնուամենայնիվ, XVI— XVIII դարերում ևս Երևանում մշակութային կյանքը չէր ընդհատվել։ Նույնիսկ այդպիսի դաժան պայմաններում Երևանում ստեղծվել են հիշատակության արժանի գործեր և գիտության ու մշակույթի տարբեր բնագավառներում հանդես են եկել ականավոր շատ ներկայացուցիչներ։ Երևանի մշակութային կյանքի վրա իր բարերար ազդեցությունն էր թողնում Էջմիածինը։ Քաղաքի մշակութային կյանքի զարգացմանը մեծապես նպաստել է XVII դարի 20-ական թվականներին Մովսես Սյունեցու կողմից հիմնված ս. Անանիա անապատի դպրոցը, որն իր բնույթով և կարգ ու կանոնով նման էր Սյունիքի հռչակավոր Մեծ Անապատի դպրոցին։

Մեզ հետաքրքրող ժամանակներում Երևանի եկեղեցիներին և մի քանի մզկիթներին կից գործում էին հոգևորական դպրոցներ։ Եկեղեցական դպրոցների մեջ ամենահայտնին ս. Անանիա անապատի դպրոցն էր, իսկ մզկիթներին կից եղած դպրոցների մեջ համեմատաբար մշտական ու կանոնավոր գործողը Գյոյ-ջամիի դպրոցն էր։ Ս. Անանիա անապատի սաներից շատերը՝ Մելքիսեթ վարդապետը, Ոսկան Երևանցին և շատ ուրիշներ դարձան այն ժամանակվա հայկական մշակույթի հայտնի գործիչներ։

Երևանի և նրա շրջակայքի գյուղերի եկեղեցիներում XVI— XVIII դարերում կուտակվել էին տասնյակներով ձեռագրեր, դրանցում տարբեր գրիչների կողմից ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագրեր, որոնց մի մասը հասել է մինչև մեր օրերը։ Բացառելով անանուն և XIX դարի գրիչներին (որոնց ձեռագրերից շատերը պահպանվում են, բայց մեծ արժեք չեն ներկայացնում) մեզ հետաքրքրող ժամանակների երևանցի և Երևանում գործունեություն ունեցած, բայց ուրիշ տեղից եկած գրիչների թիվը անցնում է մեկ և կես տասնյակից։ Դրանցից էին Հակոբ Երևանցին (XVI դ.) Պողոսը, Զաքարիան, Եսայի սարկավագը, Մինաս գրիչը, Մկրտիչը, Ավետիս երեցը և ուրիշներ։

Սակայն միայն գրչությամբ չի սահմանափակվում նշված ժամանակաշրջանի Երևանի գրի ու գրականության արվեստը։ Այդ նույն ժամանակներում է տարիներ շարունակ Երևանում ապրել ու ստեղծագործել միջնադարյան Հայաստանի մշակույթի մեջ այնքան մեծ դեր խաղացած Հովնաթանյանների հայտնի ընտանիքի նշանավոր ներկայացուցիչներից մեկը՝ Նաղաշ Հովնաթանը, տաղասաց Սաֆարօղլին, այդ նույն ժամանակներում Երևանում գրվել են գրականության պատմության առումով ուշադրության արժանի

[էջ 450]

չափածո արձանագրություններ և հիշատակարաններ, ստեղծվել վկայաբանություններ, զրույցներ և այլն։ Մեր պատմագիրների և եվրոպական ճանապարհորդների վկայություններից երևում է, որ XVI—XVIII դարերում Երևանում պարբերաբար փողոցային ներկայացումներ էին տալիս միմոսներն ու կատակերգակները։ Դրանց ներկայացումները, աշուղների ու լարախաղացների ելույթները մեծ բավականություն են պատճառել բնակիչներին։ Դրանք օպերայի, ասմունքի ու կրկեսի նախասկզբնական ձևերն են, որոնք մեր քաղաքում հարատևել են բավական երկար ժամանակ։

Արվեստի ճյուղերի մեջ Երևանում իր տեղն ուներ նկարչությունը։ Դրա ականավոր ներկայացուցիչը Նաղաշ Հովնաթանյանն է, որը ըստ մասնագետների կարծիքի, իր նկարներով զարդարել է Երևանի եկեղեցիների՝ Պողոս-Պետրոսի, Կաթողիկեի և մյուսների ներքին պատերը։ Անկասկած է, որ այդ ժամանակներում Երևանում կային նաև տեղացի մանրանկարիչներ, որոնք զարդարել են տասնյակների հասնող ընդօրինակված ձեռագրերը։ Դրանցից մեզ հայտնի է երևանցի Խաչատուր Ծաղկողը, որը նկարազարդել է մեզ հասած ձեռագրերից մեկը։

XVI—XVIII դարերում հայտնի են ծագումով երևանցի կամ Երևանում ապրած մի շարք հայտնի գործիչներ՝ պատմագիրներ, գիտնականներ, կաթողիկոսներ, մշակույթի գործիչներ։ Երևանցի էր Մարգար Զաքարիա Խոճենցը (XVIII դարի երկրորդ կես), որի գրչին պատկանում են մի հեքիաթ-պատմվածք («Վարդ և սոխակ» վերնագրով) և մի կտակագիր, Ստեփանոս Րաբունին (Պռոշյան տոհմից), որը զոհվել է Երևանում 1679 թվականի երկրաշարժի ժամանակ, հայ տպագրության գործի ռահվիրա Ոսկան Երևանցին, տոմարագիտական, քերականական, փիլիսոփայական հարցերի մեծ գիտակ Մելքիսեթ վարդապետը, որը Երևանում երկար ժամանակ ապրելու պատճառով կոչվել է Երևանցի, պատմագիր Աբրահամ Երևանցին, որն այնքան մանրամասնությամբ նկարագրել է 1724 թվականի Երևանի հերոսական պաշտպանությունը թուրքական զավթիչներից, Սիմեոն Երևանցի հայտնի կաթողիկոսը, որը հեղինակ է մի շարք աշխատությունների (որոնց թվում է նաև «Ջամբռ»-ը), Եփրեմ կաթողիկոսը։ Երևանում տարիներ շարունակ ապրել ու գործել է Մովսես Սյունեցի մեծ ուսուցչապետը, որը հիմնադիրն է Երևանի ս. Անանիա անապատի բարձր տիպի դպրոցի և հեղինակ ու դասախոս։

[էջ 451]

1604 թվականի մեծ բռնագաղթով Պարսկաստան քշված երևանցիներն իրենց նոր բնակավայրում՝ Նոր Երևան թաղում նույնպես ստեղծում են հիշատակության արժանի մշակութային գործեր, դրանով իսկ նպաստելով հայկական մշակույթի ընդհանուր առաջադիմությանը։

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Հակոբյան Թ., Երևանի պատմությունը (1500—1800 թթ.). – Եր., Երևանի համալսարանի հրատարակչություն, 1971։
Scanned: Վահագն Մխոյան
OCR: Դիանա Ազատյան
Ուղղագրում՝ Լինա Քամալյան

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice