ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
Ջիվանի

Ջիվանի

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ջիվանի [Լևոնյան Սերոբ Ստեփանի, 1846, գ. Կարծախ (այժմ՝ Ախալքալաքի շրջանում) – 20.2(5.3).1909, Թիֆլիս] հայ աշուղ, ժող. երգիչ։ Ծնվել է հողագործի ընտանիքում։ Ութ տարեկանում մնացել է հորեղբոր խնամքին։ Վաղ մանկությունից, համբավավոր աշուղ Ղարա–Ղազարի (Սիայի) մոտ Ջիվանին յուրացրել է աշուղական երգի հանրահայտ կանոնները, սովորել նվագել քյաման և ջութակ, հորինել է թուրքերենով ու հայերենով երգեր։ 1866-ին Կարծախ է եկել երիտասարդ աշուղ Սազային (Աղաջան)։ Նրա հետ ընկերանալով՝ Ջիվանին 1867-ի գարնանը մեկնել է Թիֆլիս։ 1868–95-ին ապրել է Ալեքսանդրապոլում, այնուհետև՝ Թիֆլիսում։ Ալեքսանդրապոլում մեծահամբավ աշուղներ Ջամալին, Զահրին, Մալուլը, Ղեյրաթին, Ֆիզային հոգատարությամբ են շրջապատել նրան։ Շուտով Ջիվանին ընտրվել է «ուստաբաշի» (գլխավոր վարպետ)։ Մինչն 1880-ական թթ. նրա երգերը տպագրվել են տարբեր պարբերականներում և «Սոխակ Հայաստանի» երգարանի հատորներում։

1870–90-ական թթ. հասարակական մտքի և ազգային-ագատագրական շարժման վերելքի տարիներին Ջիվանու սիրային, քնարական երգերին փոխարինելու են գալիս բողոքի և ըմբոստության երգերը։ Նա համոզված էր, որ արևմտահայության ազատագրման հարցը լուծել կարող է միայն Ռուսաստանը («Մեծ քեռի», «Ով սիրուն, սիրուն»)։ Նույնիսկ 1905-ի հեղափոխությանը հաջորդած ռեակցիայի տարիներին Ջիվանին չի հուսահատվել, նա հավատացել է, որ հայ ժողովրդի ազատության արեգակը ծագելու է «հյուսիսից»։

Ջիվանու ստեղծագործությունն իր դարաշրջանի հայ իրականության հայելին է։ Նա ոչ միայն նկատել ու արձանագրել է ժամանակի հոռի հարցերը՝ անարդարությունն ու բռնությունը, այլև բողոքել է դրանց դեմ։ Իշխող անարդարությունը բացատրել է շահագործումով, հարստահարությամբ։ Ջիվանին խարազանել է աշխատավոր ժողովրդի իրավունքը ոտնահարողներին (Կովկասի փոխարքա իշխան Գոլիցինին անվանել է «Գայլածին»)։ Նրա բոլոր երգերում առկա է դեմոկրատական շունչը, շատ գաղափարներ աշուղն արտահայտել է այլաբանորեն («Այծյամ», «Սիրուն հավ», «Ես մի ծառ եմ ծիրանի», «Հո տառը», «Քաջ բազե» և այլն)։ Ջիվանին քարոզել է հետևել լուսավորության ու գիտության, սիրել հայրենիքն ու ընտանիքը, աշխատանքով վաստակել հանապազօրյա հացը, երբեք չհուսահատվել, քանի որ «ձախորդ օրերը կուգան ու կերթան»։ Նրա համար խորթ են ազգային և կրոնական խտրությունները։

Նա երգել է համերաշխություն, եղբայրություն, երգել է հայրենիքը, ինչպես նաև մաքուր ու անաղարտ սերը, այդ երգերից շատերն այժմ էլ երգվում են («Պաղ աղբյուրի մոտ», «Նազելույս ամպ է իջել» և այլն)։

Ջիվանին հրապարակախոս է, փիլիսոփա, բարոյագետ. նրա իմաստուն խրատներն ու խորհուրդները բերնեբերան տարածվել են ժողովրդի մեջ և գործածվում են որպես աֆորիզմներ։

Ջիվանին XIX դ. ամենամեծ աշուղն է հայ իրականության մեջ. նա աշուղական արվեստը բարձրացրել է մի նոր աստիճանի, ստեղծել իր դպրոցը, որը հայ բանագիտության մեջ իրավամբ կոչվում է ազգային դպրոց։

Ջիվանին աշուղական երգը մաքրել է արլ. ճոռոմաբանությունից, օտար բառերից, ստեղծել բանաստեղծական պարզ ու անպաճույճ լեզու։ Մեծապես նպաստել է գրական աշխարհաբարի զարգացմանը։ Մեզ է հասել Ջիվանի շուրջ 800 երգ, որից մոտ 550-ը տպագրված է։ Թուրքերենից փոխադրել է «Աշըղ-Ղարիբի հեքիաթը» (1887), «Քյարամի և Ասլիի հեքիաթը» (1888), «Մելիք-Շահի հեքիաթը» (1898)։ Երգչի ստեղծագործությունը բարձր են գնահատել հայ և ռուս արվեստագետներ, գիտնականներ (Հ. Թումանյան, Մ. Գորկի, Ն. Մառ, Վ. Բրյուսով, Վ. Կիրպոտին և այլք)։

Կ. Դուրգարյան


* * *

Առանձին կարևորություն ունի Ջիվանու երաժշտական արվեստը, իր ոտանավորների զգալի մասը նա հորինել է երգելու համար։ Աշուղը սովորաբար հանդես է եկել երեք կամ չորս հոգուց կազմված խմբով, նվագել ծնկին դրվող ջութակ (նաև՝ քաման), երգել զորավոր ու զգայուն ձայնով։ Ջ. շարունակել և խորացրել է Նաղաշ Հովնաթանից սկիզբ առած ու Սայաթ-Նովայի զարգացրած ավանդույթը՝ որևէ երգի համար հորինել նրան հատուկ եղանակ («Քո փափագով», «Ընկերը», «Այծյամ», «Ձախորդ օրերը» ևն)։ Օգտվել է նաև ավանդական աշուղական եղանակներից, դրանք շարադրել յուրովի։ Ջ. հայ աշուղական երգի ելևէջային ոճը հարստացրել է բուն ժող. (գեղջկական) երաժշտության տարրերով և ստեղծել իր անհատական գրելաձևը։ Առավել բնորոշ երգերում խոսքային և վոկալ ինտոնացիաները միաձուլված են, և զգացմունքի խորությունը զուգորդվում է արտահայտման վիպականության հետ («Ձախորդ օրերը», «Փորձը մարդուն», «Սարի եղնիկը», «Սպիտակ մազեր», «Ազգ իմ», «Ավարայրի դաշտը» ևն)։ Եղանակները կենսահաստատ են, լավատեսական, դրանց ձայնակարգային հիմքը հարուստ է, ռիթմը՝ բազմազան։ Ջ. ասերգի խոշոր վարպետ է («Խելքի աշեցեք» ևն)։ Վիպականորեն հանդարտ ու ծավալուն «պատմողականությամբ» միջնադարյան տաղերին է հարում նրա «Առավոտյան քաղցր հովիկը», քաղաքային ժող. ոճի օգտագործման նմուշ է «Քույրերիս մեջ» երգը, որի եղանակը սերում է նույնպես մի հին, միջնադարյան նախօրինակից (օգտագործված նաև Պաղտասար Դպիրի և Սայաթ–Նովայի երգերում)։ Ջ. կատարել է նաև այլ հեղինակների գործեր, դրանց համար հարմարեցրել կամ հորինել եղանակներ («Անի քաղաք»)։ Ջ-ու երգերը դեռևս հեղինակի թելադրումից գրի են առել Ք. Կարա-Մուրզան, Մ. Եկմալյանը, Կոմիտասը, առավել հիմնովին՝ Ա. Բրուտյանը, հետագայում (այլ աշուղների երգածից)՝ Ս. Դեմուրյանը, Ռ. Մելիքյանը և ուրիշներ։ Գրառումների մի մասը պահպանված այլ նմուշների հետ զետեղված են Մ. Աղայանի և Շ. Տալյանի կազմած ու խմբագրած ժողովածուում (Ե., 1955)։ Ջ-ու երգերի կատարման ոճը հարազատորեն պահպանել են Շ. Տալյանը, ապա՝ Վ. Սահակյանը։ Աշուղի երգերը երգչախմբի համար մշակել են Ք. Կարա-Մուրզան և Մ. Եկմալյանը, դաշնամուրի համար՝ Ն. Տիգրանյանը, սիմֆոնիկ նվագախմբի համար՝ Գ. Կազաչենկոն, ձայնի և դաշնամուրի (նաև փողային նվագախմբի) համար՝ սովետահայ շատ կոմպոզիտորներ։ «Քո փափագով» երգի եղանակը Կոմիտասն օգտագործել է իր «Անուշ» անավարտ օպերայում։ «Անի քաղաքի» եղանակը (բացի Կարա-Մուրզայի երգչախմբային մշակումից) օգտագործել են Ա. Տեր-Ղևոնդյանը, մասամբ՝ Կոմիտասը և Ա. Խաչատրյանը։

Ջ-ու երաժշտ. ստեղծագործությունը հայ աշուղական արվեստը բարձրացրել է նոր մակարդակի, բարերար ազդեցություն գործել հայ աշուղների հետագա սերունդների վրա։

Ռ.Աթայան

Երկ. Երգեր, Ալեքսանդրապոլ, 1882։ Ջիվանու քնարը, հ. 1—2, Թ.—Վաղ-պատ, 1900—04։ Երգերի ժող., Ե., 1936։ Ջիվանու քնարը (առաջաբանը՝ Ա. Սահակյանի), Ե., 1959։

Գրկ. Լևոնյան Գ., Հայկական այժմյան քնարերգական բանահյուսությունը և աշուղ Ջիվանին, տես նրա Երկ., Ե., 1963։

 

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Հայկական սովետական հանրագիտարան, Երևան, 1983թ.

Տրամադրել է՝ Սվետլանա Ավագյան
Scanned: Աննա Վրթանեսյան
OCR: Աննա Վրթանեսյան
Ուղղագրում՝ Աննա Վրթանեսյան

Տես նաև

Ջիվանու քնարը
Djivan's Poems (translated by Alice Stone Blackwell )

ArmenianHouse.org in ArmenianArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice