ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Ջիվանի

ՋԻՎԱՆՈՒ ՔՆԱՐԸ

Նախորդ էջԲովանդակություն  | Հաջորդ էջ

[ էջ 3 ]

ՋԻՎԱՆԻ

«Անթև թռչնակ է աշուղը...»

1

Այո, աշուղն «անթև թռչնակ է», նա այնտեղ է, որտեղ սպասում է նրան ժողովուրդը։ Աշուղի ճշմարիտ խոսքը ոգեշնչում, սփոփում է նրան, մարգարեաբար են հնչում երգչի իմաստուն խոսքերը. «Դառն ցավերը մարդու վրա չեն մնա երկար», «ոչ ուժեղը թող պարծենա, ոչ տկարը տխրի», «բնականից աղքատություն չկա, չէ». «կանցնին այս օրերը, էլ ետ չեն դառնա, մեզի կժամանեն երջանիկ օրեր»։

Բայց ո՞ր աշուղն է այնքան սիրվել ժողովրդի կողմից, այնքան ըղձալի համարվել նրա համար, որքան Ջիվանին, ո՞վ է նրա չափ շրջել հայաբնակ քաղաքներն ու գյուղերը, ուր նրա երևալը մի տեսակ տոն ո* հանդես է համարվել։ Հյուրընկալ գյուղացու խրճիթում, արհեստավորի անշուք հարկի տակ, քաղաքների սրճարաններում զրնգացել է նրա ջութակը՝ թովիչ հնչյուններով։

Ջիվանու շուրջ կես դար ընդգրկող (1860—1909) ստեղծագործությունն անցել է հայ հասարակական կյանքի բարդ էտապներ՝ լի մեր ժողովրդի համար բախտորոշ անցքերով։

Զիվանին իր գրական քայլերն սկսեց այն ժամանակ, երբ դեռ չէին մոռացվել 1827—1828 թվականների ռուս-պարսկական և ապա ռուս-տաճկական պատերազմների արյունոտ նախճիրի սարսափները, երբ մայր երկիրն արյունով էր ներկված։ Իսկ ճակատագրի ողորմածությամբ մարդկային սպանդից մազապուրծ փախած բյուրավոր տարագիր ընտանիքների, այդ թվում և բանաստեղծի ծնողների շուրթերից դեռ լսվում էին իրենց կորցրած հայրենի օջախների անհույս կարոտի հառաչանքները։ Դրան հետևեցին 1860-ական թվականների հայկական դաժան ջարդերը՝ Արևմըտ-

[ էջ 4 ]

յան Հայաստանում, ապա թուրքական յաթաղանի՝ 1877—78 տարիների կոտորածը։

Մեր ժողովրդի գոյությանը հասցրած մահացու վերքերը դեռ չսպիացած՝ եկավ 1895թ. «կարմրագույն տարվա» զարհուրելի եղեռնը, որի ժամանակ ոչնչացավ իր պատվի ու գոյության համար մարտնչող ժողովրդի մեծ մասը։

Թուրք տիրողները բռնել էին երկուևկես միլիոն անզեն ու անօգնական ժողովրդի ֆիզիկական բնաջնջման ուղին և դրանով ջանում էին մեկընդմիշտ «լուծել» հայկական հարցը, ազատվել նրա հետ կապված բոլոր տեսակի «գլխացավանքներից»։

«Հիմա մեր և Անգլիո շահերը կպահանջեն,— ասում էր Թուրքիայի այդ ժամանակի խոշոր պետական գործիչներից մեկը՝ Քամիլ փաշան,— որ փոքր Ասիո (մենք և Անգլիա, Հայաստան բառը ոչ միայն չենք ճանաչեր, այլ այդ անունը հնչող կզակները պետք է ջախջախենք) մեր ունեցած երկրները ազատ մնան օտարին միջամտութենեն և միջամտության ամեն առիթներեն։ Ուստի այդ սուրբ նպատակն կպահանջեր, որ որևիցե կասկածելի տարրը անհետ ընենք, որպեսզի ապագան ապահովենք։ Ուրեմն այդ հայ ազգը վերցնելու, անհետ և անճետ ընելու ենք..., և եթե հայ ազգը բնաջինջ լինի և քրիստոնյա Եվրոպա կրոնակից մը փնտրե և չի գտնի տաճկական ասիո մեջ կթողա զմեզ հանգիստ»1:

Եթե այս ամենին ավելացնենք կապիտալիզմի զարգացման հետևանքով Անդրկովկասում դասակարգային շերտավորման խորացումն ու այդ պատճառով հասարակության ստորին խավերին հասնող զրկանքներն ու ստորացումը, 1905 թվականի ռուսական առաջին հեղափոխությունը, ցարական պրովակատորների դավադրությամբ Անդրկովկասի եղբայրական երկու ժողովրդների՝ թուրքերի և հայերի միջև սարքած կոտորածները, որ հետապնդում էին հեղափոխական շարժման հրդեհն Անդրկովկասում հանգցնելու նպատակ, այն ժամանակ պարզ կդառնա, թե որքան մեծ և աննախադեպ անցքերով հարուստ է Ջիվանու ապրած ժամանակաշրջանը։ Սակայն դժբախտաբար տաղանդավոր աշուղի կյանքի մասին քիչ տեղեկություններ են հասել մեզ։ Եղած նյութերն էլ պահպանվել են շնորհիվ աշուղի որդու՝ բազմավաստակ գիտնական Գարեգին Լևոնյանի ջանքերի։ Մինչդեռ Ջիվանու փոքրիշատե ամբողջական կենսագրությունը հնարավորություն կտար ընթերցողին և ուսումնաոիրողներին լրիվ ու ամբողջական պատկերացում ստանալ նրա հասարակական գործունեության ու ստեղծագործական կյանքի մասին։ Ավելի ճշգրիտ կհասկացվեր նրա երգերը, որոնք գրվել են քաղաքական աննպաստ հանգամանքներում, գրաքննական խստությունների պայմաններում։

19-րդ դարասկզբի երրորդ տասնամյակի վերջին տեղի ունեցած ռուս-պարսկական և ապա ռուս-թուրքական պատերազմների հետևանքով հայ-

----------------------------

1 «Փորձ» 1879 թիվ, նո. 7-8:

[ էջ 5 ]

կական շատ նահանգներ իրար հետևից սկսեցին դատարկվել։ Ֆիզիկական բնաջնջումից փրկվելու համար հարյուր հազարավոր սահմանն անցկացողների մեջ էր Բենկոյենց Գասպարի բազմանդամ ընտանիքը, որը մահվան սարսափի տակ թողել էր իր պապենական տունն ու տեղը, հայրենի Բասենը և հանգրվան գտել պատմական Հայաստանի Գուգարաց աշխարհի գավառներից մեկի՝ այժմյան Սովետական Վրաստանի Ախալքալաքի շրջանի Կարզախ գյուղում։ Այդ ընտանիքում 1846 թ. ծնվում է Բենկոյենց Ստեփանեի չորրորդ զավակը՝ փոքրիկ Սերովբեն, օրը մեր գրականության մեջ հայտնի դարձավ Ջիվանի անունով։

Դառն ու անուրախ է եղել փոքրիկ Սերովբեի մանկությունը, զուրկ այդ հասակին հատուկ անհոգ օրերից։ Բախտը նրան չի ժպտացել նաև երիտասարդության տարիներին և հետագա ամբողջ կյանքի ընթացքում: Վիշտն ու զրկանքը եղել են նրա անբաժան ուղեկիցները։

Բախտի քվեատափից վիճակ եմ հանել,
Դուրս է եկել ախն ու հառաչանքը ինձ...

Ծերովբեն ընդամենը վեց տարեկան էր, երբ պանդխտության մեջ մեռավ նրա հայրը՝ Ստեփանեն, կնոջն ու հինգ երեխաներին թողնելով եղբոր խնամքին։

Փոքրիկ Սերովբեն, որին հայրը Ջիվանիկ1 քնքշական անունով էր կոչում, և որը, ի պատիվ հոր, հետագայում աշուղական մականուն դարձրեց, հորից զրկվելով, մոր վրա է կենտրոնացնում իր մանկական հոգու սերն ու կարոտը։ Սակայն այդ միակ մխիթարությունն էլ երկար չտևեց։ Շուտով հորեղբայր Մարտիրոսը կարիքից ստիպված՝ ամուսնացնում է եղբոր այրուն և ուղարկում ուրիշ գյուղ։ Անտեր որբուկները լաց ու կականով ճանապարհ են գնում մորը մինչև դիմացի բլրակը, կանգնած սպասում, մինչև սիրելի գլխաշորը ծածկվում է բլրի հետևը։ Ու այնուհետև ամեն առավոտ կանուխ ոտաբոբիկ ու գլխաբաց մի մանուկ թաքուն վազ էր տալիս դեպի բլրալանջը, թաթիկը դնում ճակատին ու երկա՜ր, երկա՜ր նայում, թե արդյոք չի՞ երևում մոր գլխաշորը։ Բայց ճանապարհներն ամայի էին, հանդ ու արոտը խորթ, և միայն կաքավի թախծոտ կղկղոցն էր գալիս հեռվից։ Նա էլ էր մորը կորցրել... Տղան հեկեկալով տուն էր վերադառնում, ուր նրան սպասում էին հորեղբոր կնոջ անեծքն ու ծեծը:

Սերովբեի նկատմամբ հետզհետե ավելանում էին հորեղբոր «անգութ ու չար» կնոջ դաժանությունները, որը հաճախ ծեծում էր նրան, երբ մարդը տանը չէր ու իր ծանր ձեռքով շարունակ խփում էր երեխայի գլխին, բամ-

--------------------------------

1. Հ. Վ. Փափազյանի «Պատմություն Հայոց գրականության» մեջ և մի քանի այլ աղբյուրներում Ջիվանի անունը վերագրվում է հորեղբորը, որը ճիշտ չէ: Այս մասին Գ. Լևոնյանը Ջիվանու երկերի 1912թ. հրատարակության առաջաբանում գրում է,— ...Սերովբեի հայրը դեռ կենդանի ժամանակ որդուն Ջիվանիկ անունն է տալիս, և այդպիսով մինչև այսօր նրան Ջիվանի են ասում՝ կրճատելով «Կ» տառը:

[ էջ 6 ]

փելով պատճառ դառնում ապագայում նրա աչքերի կարճատեսությանը»,— ասում է աշուղի որդի՝ բազմավաստակ բանասեր Գ. Լևոնյանը։

Արդյոք կարոտն ու վի՞շտը չէին, որ մատաղ հոգում հետզհետե երգի էին փոխվում, և նա թախծոտ հնչյուններին էր հանձնում անմխիթար սրտի տառապանքը։ Վաղ մանկությունից Սերովբեն սկսեց տարվել երգով ու նվագով։ Այդ հակումը նրա մեջ է՛լ ավելի բորբոքվեց աշուղ Սիայու և ձմեռները գյուղ եկող ուրիշ աշուղների ազդեցությամբ։

Սիային նկատելով Սերովբեի արտակարգ ուշիմությունը, երգեր ու եղանակներ հորինելու ձիրքը, ցանկություն է հայտնում նրան իր մոտ աշակերտ վերցնելու։

Հենց աշակերտելու միջոցին Սերովբեն երբեմն գերազանցում էր ուսուցչին։ Նա անվանի վարպետների մոտ երգեր հորինողի, ջութակի վրա հաջող նվագողի, ուշիմ և սրամիտ աշուղի համբավ էր ձեռք բերել։ Ջիվանու համար Կարզախի գյուղական միջավայրն արդեն նեղ էր։ Նրա միտքը ձգտում էր դեպի հեռավոր հորիզոններ, սակայն տեղի ունեցավ նրա կյանքի համար ճակատագրական նշանակություն ունեցող մի անսպասելի դեպք։ Դա 1864 թվականին հորեղբոր հետ Թիֆլիս և այնտեղից էլ Ալեքսանդրոպոլ կատարած առաջին ճանապարհորդությունն էր։

Մինչև այդ նա երբեք ոտքը գյուղից դուրս չէր դրել։ Այդ ճանապարհորդության ընթացքում նրան շատ բան էր սպասում։

Բազմամարդ, բազմազգ և ուրախ Թիֆլիսը շշմեցնող տպավորություն է թողնում գյուղացի պատանու վրա։ Չէ՞ որ այդ ժամանակի Թիֆլիսը, ինչպես սրամիտ նկատել է մեր ազգային մեծ բանաստեղծ Հ. Թումանյանը,— «մի առանձին յուրահատուկ աշխարք էր, իր համ ու հոտով, լեզվով ու ադաթով, աղ ու հացով, նիստ ու կացով, մի հարսանքատուն, ուր հրավիրված էին Կովկասի բոլոր ազգերն ու ցեղերը քեֆ քաշելու»։

Ջիվանին Կարզախ այցելած թափառական աշուղներից շատ բան էր լսել նաև Ալեքսանդրոպոլի և նրա անվանի աշուղների մասին։ Թիֆլիսից հետո, իհարկե, Ալեքպոլը արդեն չէր կարող զարմացնել, բայց նրան ձգում էր այնտեղ ապրող հռչակավոր աշուղների համբավը։

Թիֆլիսից դուրս եկած սայլերի քարավանը վերջապես հանգիստ առավ Ալեքպոլում։ Եվ մինչ հորեղբայրն ու մյուս սայլապանները ապրանքներն ըստ պատկանելուն հանձնելու գործով էին զբաղված, Ջիվանին ծլկում է և հարցուփորձ անելով գտնում Կարապետ և Հովհաննես Տալյանների հայտնի սրճարանը, որտեղ մշտական ելույթներ էին ունենում այդ ժամանակ մեծ անուն հանած Ջամալին, Ֆիզային և ուրիշ վարպետ աշուղներ։

Պատանին խորին երկյուղածությամբ և հուզմունքով ներս է մտնում սրճարան։ Ահա թե ինչպես է նկարագրում Գ. Լևոնյանը։

«Մի 17—18 տարեկան, առողջ, բարձրահասակ գյուղացի, մեծ ոչխարի փափախը գլխին, սպիտակ շալե չերքեզկայով ու շալվարով, մեջքին կապած գույնզգույն մետաքսե գոտի, ոտքին տրեխ» և թևատակ դրած ջութակով իր վրա է հրավիրում սրճարանում գտնվողների ուշադրությունը։

[ էջ 7 ]

«Ծո որտեղացի՞ ես, անունդ ի՞նչ է, աշուղ ե՞ս, բան ման գի՞տես՝ երգել, չալել,— նման հարցերով նրան հրավիրում են մի բան երգելու»1։

Անակնկալի եկած նորեկը ենթարկվում է առաջին հրապարակային փորձության, որը և հանդիսացավ նրա անդրանիկ դեբյուտը հայ աշուղության մրցահանդեսում։

Իր հորինած առաջին երգի կատարման հաջողությամբ սրտապնդված Ջիվանին ներկաների խնդրանքով ջութակի նվագակցությամբ մի քանի ուրիշ երգեր էլ է կատարում, հիացմունք պատճառելով ունկնդիրներին։ Վարպետ աշուղները գնահատելով նրա երգն ու նվագը, հատկապես դուրեկան ձայնը, նրան առաջարկում են մշտապես մնալ Ալեքսանդրոպոլում, միանալ իրենց խմբին։

Բայց Ջիվանուն չէր վիճակվել արժանանալ այդպիսի բախտի։ Իրենց գործն ավարտելով սայլապանները վերադառնում են Կարզախ՝ իրենց հետ տանելով սիրտն ու միտքը Ալեքսանդրոպոլում թողած տղային։

Ճանապարհորդության ընթացքում ստացած իր տպավորությունների տակ էր նա, երբ աշնանային մի օր Կարզախ այցելեց իր աշուղական առաջին շրջագայությունը սկսած երիտասարդ Սազային։ Լսելով տեղական աշուղի համեստ համբավ ձեռք բերած Ջիվանու մասին, Սազային շտապեց հանդիպել և անձամբ ծանոթանալ նրա հետ։

Այդ ձմեռվա ընթացքում Կարզախում ձեռք բերած հաջողություններն այնքան են մտերմացնում նրանց, որ որոշում են այլևս չբաժանվել և համատեղ աշխատանքի համար տեղափոխվել Թիֆլիս։ Այդպես էլ լինում է։

Կյանքի ու աշխատանքի անհրաժեշտ կենսափորձ դեռ չունեցող աշուղներն ապաստանում են Կարապետ Սանոյանի մոտ և նրա սրճարանումն էլ սկսում են իրենց սկզբնական գործունեությունը։

Կարճ ժամանակից հետո ամեն տեղ տարածվում է Սանոյանի սրճարանում ջերմ ընդունելության արժանացած նորեկների հռչակը։

Անդրկովկասի այդ մտավոր կենտրոնը, որտեղ հավաքվել էր ժամանակի հայ մտավորականությունը, Ջիվանու հոգևոր ուժերի և ստեղծագործական կարողությունների աճման աղբյուր դարձավ։

Նրան հետզհետե սկսում են հետաքրքրել ժամանակի հրատապ հարցերը, նա սկսում է շփվել հասարակության բոլոր շերտերի հետ, մոտենալ Թիֆլիսում գործող հասարակական կուլտուրական ընկերություններին ու կազմակերպություններին, երգի ու բանաստեղծության նյութ դարձնել հասարակական միտքը զբաղեցնող օրվա և ժամանակի հրատապ հարցերը։ Հենց այդ ժամանակի ստեղծագործություններից էլ երևում է նոր հասարակական գործչի, դեմոկրատական խավերի բանաստեղծի նրա էությունը։

Որքան էլ Թիֆլիսը մեծ լիներ ու առինքող, այնուամենայնիվ, Ջիվանուն ձգում էր Ալեքպոլը, որտեղից նրա ստացած տպավորությունները հանգիստ չէին տալիս նրան։

------------------------------

1. «Աշըգ-Ջիվանու երգերը», առաջաբան, 1912 թ. Թիֆլիս:

[ էջ 8 ]

Գավառական Ալեքպոլը ժամանակի հայկական քաղաքներից ամենաուրախն ու ամենազվարճասերն էր, հայտնի իր արհեստավորական սրամիտ և սրախոս բնակչության նիստ ու կացով, «աղ ու հացով»։

Ալեքպոլում ապրած առաջին տարիներին Ջիվանին 1872 թվականին ամուսնանում է սրճարանատեր Հովհաննես Տալյանի աղջկա՝ Աշխենի հետ, և այդ օրվանից Ալեքպոլը դառնում է նրա երկրորդ ծննդավայրը։ Այդ ամուսնությունից նրանք ունենում են վեց երեխա, որոնց թվում մեր կուլտուրայի և արվեստի անխոնջ մշակ, արվեստի վաստակավոր գործիչ Գարեգին Լևոնյանը։

Ջիվանին Ալեքպոլում հանդես եկավ այն ժամանակ, երբ աշուղների մի ամբողջ համաստեղություն կար հրապարակի վրա։ Այստեղ էին գտնվում նշանավոր Ջամալին, Ֆիդային, Պայծառեն, Զահրին, Մահլուլը, Մավ-Ջիվանը, Էհրաթին և շատ ուրիշներ, սակայն այդ բոլորի մեջ որոշակի զատվում էին Ջիվանու հետզհետե հասունացող քնարի ուժեղ, թարմ հնչյունները։ Շատ շուտով նա իրեն շրջապատողների հոգին ու սիրտը դարձավ։ Եթե մինչև 1871թ. նա այս կամ այն խմբի մեջ էր երգում, ապա այդ թվականից կազմակերպում է իր խումբը և նրա անունն ու հռչակը սկսում է տարածվել Հայաստանում և նրանից դուրս։

Անհրաժեշտ նախապատրաստությունից հետո Ջիվանին ձեռնամուխ եղավ իր բազմաթիվ արհեստակիցներին մի կազմակերպության մեջ համախմբեմլու, նրանց աշխատանքում մի որոշ կարգուկանոն մտցնելու և գուսանական արվեստը որոշակի ուղղության վրա դնելու գործին։ Ստեղծվում է 25 աշուղներից կազմված միություն, ինչպես երևում է նրանց ստորագրություններով գաստատված վավերագրից — Ջիվանին միաձայն ընտրվում է վարպետների գլխավոր (Ուստաբաշի)։

Ջիվանին այժմ հնարավորություն ուներ ազատ և համարձակ կերպով գործելու։ Ինչի՞ց սկսել։

Անհրաժեշտ էր այդ նորաստեղծ կազմակերպությունը պայքարի հանել ժամանակի ամենացավոտ խնդրի լուծման համար։ Դա մինչև այդ իշխող սովորություն դարձած ֆարսերեն, թուրքերեն, արաբերեն լեզուներով երգեր հորինելուց, սիրավեպեր պատմելուց հրաժարվելն էր։ Հայերեն չգրել և չերգելը հին արմատներ ուներ ու պայմանավորված էր մեր կյանքի ու լեզվի վրա օտար նվաճողների թողած դարավոր ազդեցությամբ։ Նվաճողների լեզուն ժամանակի ընթացքում «այնքան էր ազդել մեր լեզվի վրա, որ այդ լեզվի համը ընկել է մեր ազգի բերանը, ու երգը, հեքիաթը, առակը տիրապետողների լեզվով էին կատարվում»։ Աբովյանը տակավին տասնամյակներ առաջ ստիպված էր ցավով գրել, «Ժամանակը այնպես ծռվել էր, որ մարդը իր գլուխը չէր կարում պահել, ուր մնաց լեզվի դարդը քաշի»։ Ժամանակները փոխվեցին, ժողովուրդը արդեն ազատվել էր պարսիկների լծից։ Մնում էր պայքար ծավալել մայրենի լեզվի իրավունքները լիովին վերա-

[ էջ 9 ]

կանգնելու, հայերեն լեզվով, ժողովրդական ոգով երգեր ստեղծելու համար: Իսկ դա այնքան էլ հեշտ խնդիր չէր։

Մեծ ջանքեր ու տաղանդ էր հարկավոր աշուղական նախորդ դպրոցների իշխող տրադիցիաները ժխտելու, հայ ազգային նոր դպրոց հիմնադրելու համար, մի դպրոց, որը ոչ միայն պետք է ստեղծագործեր ժողովրդին հասկանալի հայերեն լեզվով, այլև արձագանքեր ժամանակի հրատապ հարցերին, բորբոքեր ինքնապաշտպանության և ազգային արժանապատվության ոգին, մխրճվեր կյանքի հորձանուտի մեջ, սիրո երգերի հետ միասին հնչեցներ սոցիալական պայքարի և հայրենասիրական երգեր։

Միաժամանակ անհրաժեշտ էր պայքարել գրաբարի և բարբառի հախուռն օգտագործման դեմ, օգնել ստեղծելու գրական մաքուր լեզու։ Այսպիսով, Ջիվանին ներքևից գալիս է միանալու այն ճակատամարտին, որ այդ ժամանակ մղվում էր աշխարհաբարի հաղթանակի համար։

Ալեքպոլում և նրա շրջակա գյուղերում ապրող աշուղների համար, որոնց թիվը մի քանի տասնյակի էր հասնում, Ջիվանին կազմակերպեց առաջին դպրոցը, որն ի դեպ, մեր բանահյուսության, ինչպես և աշուղական արվեստի պատմության մեջ աննախադեպ մի ձեռնարկում էր։

Դպրոցը աշուղական արվեստի տեխնիկան ու մասնագիտական և երաժշտական այլ գիտելիքներ տալու հետ միասին սովորեցնում էր նաև երգերը հայերեն հորինելու, սիրավեպերը մայրենի լեզվով պատմելու և հայերեն երգելու հմտությունը։ Ջիվանին անձնական մեծ օրինակ էր ցույց տալիս՝ իր քնարական բանաստեղծություններն ու մյուս ստեղծագործությունները գրում ու կարդում էր հայերեն և նույնը սովորեցնում ու պահանջում էր իր ընկերներից։

«Ինքն էր, որ երգում էր առաջին անգամ, սովորելու էին գալիս մյուս նվագողները, և ահա նոր երգը արագ քայլերով գնում էր մտնելու ամենահետին գյուղերն իսկ» (Գ. Լևոնյան)։

Նա շատ բարձր էր գնահատում և իր երգերի հետ սիրով կատարում էր մեր դասական անմահ աշուղներ Սայաթ-Նովայի, Շիրինի ու իր ժամանակի մյուս վարպետների հայտնի երգերը։ Նրա ու իր հետևողների ելույթների երգացանկերում խոշոր տեղ էին գրավում՝ երգեր ու պատմություններ մեր անմահ կլասիկներից։ «Բացի իր երգերից,— գրում է Գ. Լևոնյանը,— Ջիվանին երգում էր նաև այլ վարպետ աշուղների երգերը, երգում էր նույնպես Խ. Աբովյանից, Մ. Նալբանդյանից, Րաֆֆուց, Գամառ-Քաթիպայից, Հովհ. Թումանյանից, Հովհ. Հովհաննիսյանից և Ավետիք Իսահակյանից: Նրա ռեպերտուարի մեջ մտնում էին նաև մի քանի կես աշուղական, կես ժողովրդական սիրված երգեր»։

Իսկ ինչպե՞ս վարվել արևելյան սիրավեպերի հետ։

Պատասխանը որոշակի է։ Անհրաժեշտ է ժողովրդի մեջ ընդունելության արժանացած արևելյան սիրավեպերն ու նրանցում եղած երգերը փոխադրել հայերեն։

Հենց այդ նպատակով Ջիվանին, որ շատ լավ գիտեր արևելյան մի քանի

[ էջ 10 ]

լեզու և բավական ծանոթ էր պարսկերենին ու որոշ չափով էլ արաբերենին, անմիջապես ձեռնամուխ եղավ «Ասլի-Քյարամ», «Աշուղ Ղարիբ», «Շահ Իսմայիլ» և «Լեյլի-Մեջնուն» հռչակավոր սիրավեպերի փոխադրությանը, տեղայնացնելով ու նրանց մեջ բազմաթիվ հայերեն ինքնուրույն երգեր ավելացնելով։ Փոխադրության ժամանակ առասպելներ, նախապաշարմունքներ պարունակող կտորները չափավորում, դուրս էր ձգում, դրանց փոխարեն մտցնում մարդասիրական, բարոյական խրատական բնույթի կտորներ ու շատ ինքնուրույն նոր գրված երգեր։ Ջիվանին թուրքերենից «Աշուղ-Ղարիբ»-ը թարգմանելով, նրա մեջ մտցրել է մի քանի ինքնուրույն երգեր, որոնցից մեկը «Եկա անցնելու քեզանից, Արաքս, ինձ մի ճանապարհ տուր» հանրահռչակ երգն է1։

Սիրավեպերի նկատմամբ ժողովրդի ունեցած սերն ու ձգտումը հաշվի առնելով, Ջիվանին փոխադրությունների հետ միաժամանակ մտահոգված էր զուտ հայկական ազգային ինքնուրույն սիրավեպ ու հերոսական պատումներ ստեղծելու հարցով։ Կարճ ժամկետում նա գրեց «Արշալույս և Լուսաբերիկ» ազգային հեքիաթը երգերով, որը, հորինվելուց անմիջապես հետո, ձեռագիր վիճակում ընդունելության արժանացավ և կատարվում էր ամենուրեք։

Այս փորձի հաջողություններով ոգևորված նա գրեց նաև երկրորդ ինքնուրույն սիրավեպը՝ «Հմայակ և Արուսյակ» անունով, որը թեև մեծ ճանաչում գտավ ժամանակին, բայց հեղինակի նյութական սուղ հնարավորությունների պատճառով անտիպ մնաց։

Ջիվանին միաժամանակ ջերմորեն պրոպագանդում էր ժողովրդական երգն ու խոսքը, նրանց եղանակներն ու մեղեդին։ Ժողովրդական ու աշուղական բանավոր երգերն ու եղանակները մոռացության կորստից փրկելու գործում նույնպես մեծ է նրա ծառայությունը։

Ամենակարճ ժամանակում Ջիվանին լայն ճանաչում գտավ և ազգային բանաստեղծ-երգչի հռչակ վաստակեց։ Նրան գիտեին ու նրա գործունեությամբ հետաքրքրվում էին Անդրկովկասում և նրա սահմաններից դուրս ապրող հայերը։ Ժամանակի անվանի գործիչներից շատերը Ջիվանու հեղինակությանը և նրա օգնությանն էին դիմում իրենց ձեռնարկումները հաջողությամբ պսակելու համար։

Ջիվանին եռանդուն հասարակական գործիչ էր։ Նա բոլոր ժողովրդական ծավալուն և խմբային լուրջ ձեռնարկումների ոգին էր, նրանց հաջողության գրավականը։

Արձակագիր Վրթ. Փափազյանը հաղորդում է Թիֆլիսում հասարակական-բարեգործական նպատակով կազմակերպվող մի ներկայացման կապակցությամբ տեղի ունեցած հետևյալ զրույցը.

— Թամամշևին տարա՞ր (խոսքը ներկայացման տոմսերը իրացնելու մասին է)։

— Տարա։ Նախ չուզեցին, իսկ երբ ասացի, որ աշուղ Ջիվանին իր խմբի հետ կերգի, առավ, բոլորն էլ առին։

-----------------------------

1. «Մշակ» նո.92, 1916 թ., Թիֆլիս:

[ էջ 11 ]

— Ինչ լավ արինք, որ աշուղ Ջիվանիին հրավիրեցինք։ Այդ ժողովրդական բանաստեղծին ամեն ոք սիրում է»1։

Ջիվանու աջակցությանն էին դիմում ոչ միայն հասարակական կազմակերպություններն ու ընկերությունները, այլև կուլտուր-կրթական հաստատությունները, անգամ դպրոցական վարչությունները, որոնք նրա մեջ տեսնում էին ժողովրդի իսկական երգչին, թշվառի ու հուսահատվածների օգնողին, նրանց հոգսերի ու կարիքների հոգացողին։ Վերջերս մեզ հաջողվեց հայտնաբերել մի նամակ, որի մեջ Գանձակի գրագիտական դպրոցի վարչությունը դիմում է «Պայծառահռչակ ժողովրդական երգիչ» Ջիվանուն՝ օգնելու կրիտիկական վիճակում գտնվող «մի հասարակական հիմնարկության, որի մեջ կրթվում են հարյուրավոր չքավոր ու որբ սանիկներ»։ Նամակի մեջ այդպես էլ գրված է. «... Հույսով ենք, որ ազգային երգիչը չի մերժիլ յուր աջակցությունը փրկելու աղքատ մանուկներին փողոց նետվելուց. այդ կլինի Ձեր կողմից այն մարդասիրական բարիքը, որ դուք զոհելով մեզ ձեր մի օրը, կազատեք դպրոցը դժբախտ կացությունից»։

Ջիվանին հեղինակություն է եղել ոչ միայն հասարակության ստորին և միջին շերտերի, այլև մտավորականության, արվեստի ու մշակույթի մյուս բնագավառների խավերի համար, որոնց մոտ նույն չափի ընդունված, սիրված և հարգուպատվի արժանացած ստեղծագործող էր նա։

Նա ջերմորեն պրոպագանդում էր ժողովրդական երգն ու խոսքը, նրանց եղանակներն ու մեղեդին։ Ժողովրդական և աշուղական բանավոր երգերն ու եղանակները մոռացության կորստից փրկել ջանացողներին գործնական օգնություն ցույց տալու մեջ նույնպես շատ մեծ է երգչի ծառայությունը։

«Ռամկական մրմունջներ»-ի հեղինակ արժանահիշատակ Արշակ Բրուտյանը, որը Ջիվանու խրախուսանքով ժողովրդական և աշուղական խաղեր հավաքելու ու հրապարակելու հետ միաժամանակ առաջին անգամ Ջիվանու կատարմամբ ձայնագրել է մի շարք երգեր և եղանակներ, Հայաստանի երաժշտագետների կոնֆերանսում ունեցած ելույթի մեջ ասում է. «Այդ ժամանակ (1884թ. Ա. Ս.) Ալեքսանդրոպոլում փայլում էր իր նոր հորինած երգերով մեր ժողովրդական հայտնի երգիչ Աշուղ Ջիվանին, որը խթան հանդիսացավ ձայնագրել տալու ինձ բոլոր աշուղական հին և նոր երգեր, ասելով ինձ հետևյալը՝ քանի ես կենդանի եմ, ձայնագրիր իմ երգածներով, որ ես սովորել եմ շատ հին հայտնի աշուղներից, իսկ իմ մահից հետո եղանակները... կկորչեն, կանհետանան»2։

Ջիվանուն սիրում ու հաճույքով ունկնդրում էին Անդրկովկասի մյուս ժողովրդները՝ վրացիներն ու ադրբեջանցիները։ Նա լավ ադրբեջաներեն է իմացել և այդ լեզվով գրել ու կատարել քառասունից ավելի արժեքավոր երգեր։

------------------------------

1. Վ. Փափազյան — Երկերի ժողովածու, Հատոր 2-րդ։

2. ՀՍՍՌ Գիտ. ակադեմիայի գրականութ. և արվեստի թանգարան, Գ. Լևոնյանի ֆոնդ:

[ էջ 12 ]

«Այդ հայ երգիչը հարգելի է Կովկասի ոչ միայն մերայնոց քով, այլև վրաց ալ-որք կհամակրեն անոր»1։

Ջիվանին արդեն համազգային բանաստեղծ-երգչի համբավ ուներ, երբ 1895 թ. ընտանիքով տեղափոխվեց Թիֆլիս վերջնականապես այնտեղ բնակվելու: Շատ բան էր փոխվել այնտեղ, և կերպարանափոխված Թիֆլիսն իր նոր սովորություններով, վարք ու բարքով Ջիվանու տեսածին քիչ էր նմանԼ Էլ չկար վաթսունական թվականների ուրախ ու զվարթ կյանքը:

Այս նոր պայմաններում մշտապես ուրիշներին օգնող և հույս ու մխիթարանք տվող Ջիվանին կարոտ մնաց օգնության և մխիթարանքի: Նրա նյութական դրությունը ոչնչով չփոխվեց, իսկ առողջությունը ավելի վատացավ։

Ժամանակից առաջ եմ ես ծերացել.
Մաշում են հոգսերու ու տառապանքը ինձ..»

Գանգատվում է դեռ 50-ի մեջ ոտք չդրած մեր երգիչը։

Ջիվանու դրությունը վատացավ նաև քաղաքական առումով։ Թիֆլիսում ավելի ուժեղացավ հալածանքը Ջիվանու դեմ` ցարական սատրապ, Կովկասի կառավարչապետ տխրահռչակ Գոլիցինի ոստիկանությունն ու նրա գործակալները լրտեսում, հալածում էին և մշտական սպառնալիքի ու ահաբեկման երկյուղի տակ էին պահում երգչին։ Կալանավորելու սպառնալիքի տակ հաճախ ձեռքից խլում կին ջութակը` նրա գոյության ու պայքարի միակ զենքը։

«1900-ական թվականներին,— գրում է Գ. Լևոնյանը — նա զգալի կերպով փոխվել էր, ծերությունը, հիվանդությունը, հոգսը նրան շատ էին մաշել, մանավանդ շատ հուսահատվում էր, երբ արգելում էին նվագելու և երգելու, գալիս ջութակը տանում էին»։

Ինչո՞ւ մարդու կյանքը չլիներ ազատ,
Որ մտածեր, խորհեր բարույն համեմատ։

Հուսահատ զարմանքով հարցնում է երգիչը։ Իշխանությունները արգելում էին աշուղին հասարակական ձեռնարկումների ժամանակ հանդես գալ ժողովրդի առաջ։

Ազատ ուրախ նվագելու չիք հրաման, հայոց երգիչ,
Ձայնդ խեղդված ու լեզուդ կարճ դու անբերան, հայոց երգիչ...

Նրա նկատմամբ խստությունները ավելի սաստկացան հատկապես 90-ական և 900-ական թվականներին։

Միապետական խավարամոլները ոչ միայն կասկածելի, այլ ուղղակի թշնամական էին համարում նրա գործունեությունը, որովհետև Ջիվանու խոսքի մեջ նրանք տեսնում էին իրենց մռայլ քաղաքականության անաչառ և արդար դատավճիռը։

--------------------------------

1. «Արևելք», 1891թ, նո. 131 Կ. Պոլիս:

[ էջ 13 ]

Բոլորովին էլ պատահական չէր բռնակալության այդպիսի անմարդկային վերաբերմունքը Ջիվանու հանդեպ։ Պրոֆ. Վ. Ա. Պարսամյանի «Հայ ազատագրական պայքարի պատմությունից» վերջերս հրատարակված արժեքավոր աշխատությունը միանգամայն նոր լույս է սփռում Ջիվանու Ալեքսանդրոպոլյան շրջանի գործունեության, նրա հասարակական միջավայրի ու այդ միջավայրի հետ ունեցած նրա կապերի ու հարաբերությունների բնույթի վրա։ Ալեքսանդրոպոլկը, որի միջոցով Կովկասահայությունը և ընդհանրապես Ռուսահայությունը կապվում էր Պարսկահայության, իսկ տվյալ պահին հատկապես Արևմտահայաստանի և Թուրքիայի հետ, այդ ժամանակ հանդիսանում էր Արևելահայերի սոցիալ-դասակարգային և ազգային ազատագրական պայքարի օջախներից մեկը, որտեղ գործում էր «բարենպատակ» ընկերությունը, որին ժամանակին միապետությունը որակեց որպես «գաղտնի ընկերություն», իսկ նրա գործունեությունը՝ պետական հանցագործություն և խիստ հետապնդում էր1:

Ի՞նչ ընկերություն էր դա, որից այնքան սարսափում էին ցարական ստրկամիտները ու խստագույն դաժանությամբ էին վարվում ինչպես ընկերության անդամների, այնպես էլ նրանց մոտիկ կանգնած մարդկանց հետ: «Բարենպատակ» ընկերությունը եղել է,— կարդում ենք պր. Պարսամյանի նույն աշխատության մեջ,— բուն Հայաստանի հողի վրա հիմնված առաջին քիչ թե շատ կազմակերպված գաղտնի ընկերությունը, որն իրեն նպատակ էր գրել համախմբել դեմոկրատական տարրերին, պայքարել ժողովրդի ազգային և սոցիալական ազատագրության համար»։

Ջիվանին շատ մոտ կապերի և սերտ հարաբերությունների մեջ է եղել այդ ընկերության նշանավոր անդամների հետ, և նրա ստեղծագործությունների հայրենասիրական-դեմոկրատական մոտիվները զգալապես այդ շրջապատի գաղափարական ազդեցության արդյունքն են: Հավանաբար «Կրիտյանը, (ընկերության հիմնադիր և ղեկավար Ա. Ս.), Հայկազունին, Մատինյանը և «բարենպատակ» ընկերության անդամներից շատերը,— գրում է պրոֆ. Պարսամյանը,— մոտիկ կապերի մեջ են գտնվել, տաղանդավոր բանաստեղծ Ջիվանու հետ։ Իր երիտասարդական տարիներին Ջիվանին անձնական և գաղափարական կապեր է ունեցել առանձնապես Հայկազունու հետ, Հայկազունին և Մատինյանը իր ժամանակին մեծ օգնություն են ցույց տվել Ջիվանուն, խրախուսել են նրան, օժանդակել նրա բանաստեղծությունների տպագրությանը և այլն»։ Իսկ ո՞վ էր Հայկազունին, որի հետ Ջիվանին «առանձնապես» մոտ անձնական և գաղափարական կապեր է ունեցել։ Պետրոս Հայկազունին «բարենպատակ» ընկերության հիմնադիրներից էր և վեց անգամ բանտ էր նստել իր «ըմբոստ և ազատասիրական գործունեության համար»։

Սակայն դաժանությունները, բանտ ու աքսորի սպառնալիքները չկարողացան լռեցնել ժողովրդի համար ապրող աշուղի ձայնը։

-------------------------------------

1 Պրոֆ. Վ. Ս. Պարսամյան — «Հայ ազատագրական պայքարի պատմությունից, 1950 թ. Երևան:

[ էջ 14 ]

Թե մտնիմ էլ վանդակ, ես պիտի երգեմ, չպիտի լռեմ:

Մոտ կես դար շարունակ իր ժողովրդին ոգևորող, նրա վիշտն ու ուրախությունը, նրա խոհերն ու երազանքները բանաստեղծության և երգի միջոցով հավերժացնող Ջիվանին մեռավ անօգնական, նյութական ու բարոյական ծանր կացության մեջ, երկարատև ու մաշող հիվանդությունից հետո, 1909 թվականի փետրվարի 24 -ին Թիֆլիսում։

Դեռ իր կենդանության ժամանակ հայ հասարակական գործիչի անապահովության հարցին անդրադառնալիս, Ջիվանին միշտ էլ դատապարտել է «գնա մեռի, արի սիրեմ» սովորությունը և միշտ էլ այն տեսակետն է պաշտպանել, թե անհրաժեշտ է անձնազոհ ու անկաշառ ժողովրդական գործիչներին հարգել, գնահատել և խրախուսել նրանց կենդանության օրոք, երբ նրանք ստեղծագործելու համար ջերմ ու հոգատար վերաբերմունքի և ոգևորության, խրախուսանքի կարիք ունեն։

Կենդանի մարդուն է արժան
Պատիվ հարգանք, շքանշան,
Մեռած մարդու համար արձան
Եղած-չեղած մեկ հաշիվ է:

Դառնությամբ տրտնջում է երգիչը։

Ջիվանու անապահով վիճակի մասին պատկերացում տալու համար բերենք նրա թաղման կապակցությամբ մամուլում հայ հասարակությանն ուղղված օգնության կոչից մի հատված. «...Հիվանդ ժամանակ զուրկ լինելով նյութական օգնությունից, այժմ որ մեռել է, նույնքան դժվար դրության մեջ է ընկնում նրա թաղման գործը... Պակասում է հայ գործիչին թաղելու միջոց... հրավիրում եմ... օգնության գալ և դիակը գոնե հողին հանձնելու տխուր գործին նպաստել»1։ Կարծես Հայ անապահով գործիչի կյանքի սովորական վախճանն է աչքի առաջ ունեցել Ջիվանին, երբ գրել է.

Փորդ քաղցած, հագուստդ հին, ազատախոս հեղինակ,
Քեզ կնիշեն, մի վախենա, երբ մեռնիս այն ժամանակ,

Եվ կամ.

Քանի ողջ ես, դառնությունն է բաժինդ,
Երբ մահացար՝ կքաղցրանաս Ջիվանի...

2

19-րդ դարի վերջերում Ռուսաստանում կապիտալիզմի արագ զարգացման զուգընթաց ուժեղացող հասարակության երկու ներհակ հատվածների դասակարգային պայքարն ավելի էր սրվում։ Համարձակորեն մտնելով այդ

-------------

1. «Մշակ», 1909թ., նո. 43

[ էջ 15 ]

պայքարի մեջ, Ջիվանին կանգնեց զրկվածների դիրքի վրա, դարձավ նրանց ընդվզման արտահայտիչը՝ ընդդեմ տիրող կարգերի, օտար և հայրենի շահագործողների ու ստրկացնողների։ Նա ամեն կերպ՝ ուղղակի թե այլաբանորեն, հեգնանքի ու սարկազմի զենքով անխնա խարանեց ժամանակի սոցիալական անարդար կարգերը, որտեղ «բռնակալները խեղաթյուրել, այլանդակել ու սպանել են ինչ որ մարդկային է ու բնական»։

Նրա ազնիվ սիրտը ճմլվում է, տեսնելով, որ աշխատողը քաղցած է, խեղճ, իսկ նրա աշխատանքի վաստակը խլողը՝ հարուստ և հզոր։

Դժողք է թշվառի համար
Եվ տարտարոս ամբողջ աշխարհ,
Ոսկի, արծաթ, հակինթ գոհար
Երջանիկներուն է տրված։

Սոցիալական նման անարդար իրականության պայմաններում, որտեղ միայն «գրքերի մեջ պիտի որոնել արդարություն ասած բանը», որտեղ «մարդը մարդուն գայլ» է, իհարկե, տուժողը հասարակության ստորին խավերն են, հասարակ, ունեզուրկ մարդիկ։

Զորքը մենք տանք, հարկը մենք տանք,
Հայրենիքը մենք պաշտպանենք,
Մենք տանք ջոջերուն հաց ու կյանք,
Երկիրը մենք վարենք, ցանենք,
Տքնենք, թափենք արյուն, քրտինք,
Սարսի դալա երկինք, գետինք,
Դաոն աշխատենք, դատարկ նստենք...

Ջիվանին մեղադրում է այդ անարդար ու կողմնապահ կարգերը հանդուրժող աշխարհին, որը խորթ մոր անգթությամբ է վարվում «հզորների» կողմից անիրավված թշվառների հետ։

Դրամատիրական աշխարհում փողի ուժին տիրացածների համար անկարելի բան չկա։ Դրամով կարելի է գտնել և՛ արդարություն, և՛ խիղճ, և ճշմարտություն։

— Հանցավոր հարուստը ուրախ խնդալով,
Մեղքից ազատվել է մեծ գումար տալով,
Խեղճ մարդը սխալմամբ մեկ հավ գողացավ
Բանտի մեջ է փտել, խելքի աշեցեք...

Ջիվանու հայացքից չի վրիպել զրկողության ու կեղեքման ամենածանր հետևանքներից մեկը՝ պանդխտությունը։

Երգիչն անարգանքով է խոսում գյուղական այն ցեցերի մասին, որոնք հոշոտում են իրենց զոհերին, քամում նրանց կենսական հյութերը, ապա խլում նրանից ապրուստի միակ աղբյուրը՝ հողը, և թշվառ ու պարտքերի տակ ընկած գյուղացուն դատապարտում տարագրության։

[ էջ 16 ]

«Մշակ» վերնագիրը կրող բանաստեղծությունը մի զայրալից բողոք է ստորին խավերին կորստյան մատնող բուրժուական հասարակության դեմ, որի զոհերը ամբողջ կյանքում տանջվում ու տրորվում են ծանր աշխատանքի մեջ և վերջը, ծայր աղքատությունից հարկադրված, թողնում հարազատ ծննդավայրը, հայրենի տունն ու տեղը և պանդխտության անհույս ուղին բռնում։

Ջիվանին «աշխարհալած» հզորներին հակադրում է նրանց զոհերի շահագործող աշխատավորության միավորման անհրաժեշտության գաղափարը։

Հարազատ տերերն իրենց հողերուն պահապան դառնան թող,
Տկարները մեծ ուժ կազմեն, իրարու հետ միանան թող։
Ուղիղ ճամփով դեպի առաջ շարունակեն ու գնան թող...

Այստեղ հստակ ու պարզորոշ արտահայտվում է ժողովրդական առողջ կենսազգացողությունը արդարության ու լավ ապագայի հաղթանակի նկատմամբ։ Մինչև անգամ այն գործերի մեջ, որոնք արձանագրում էին ժողովրդի կյանքի ամենամռայլ ու օրհասական էտապները, պահպանել է առույգ, կենսահաստատ լավատեսությունը, ժողովրդական անսպառ հույսի աղբյուրը։ Ժողովուրդն ու աշուղը ձուլվել են միմյանց մեջ, աշուղը դարձել է հարազատ թարգման իր ժողովրդի իղձերի, զգացողությունների, փիլիսոփայության։

Կյանքում հավիտենական ու անփոփոխ ոչինչ չկա։ Հարատև ու անփարատ խավար գոյություն չունի։ Թեև աշխարհը լիքն է ցավերով ու անարդարություններով, աղքատությունը ծովացած վշտեր է ծնում ամեն օր, թեև ժողովրդին պաշարել են մռայլ ու դժնդակ օրեր, բայց նրանք ժամանակավոր են, անցողիկ:

«Ձախորդ օրեր» երգի մեջ խտացած է հայ ժողովրդի հազարամյա փորձի գաղափարախոսությունը` բանաստեղծական անկրկնելի պատկերների և մանավանդ անզուգական մելոդիայի ներդաշնակության միջոցով։ Սա երգչի գլուխգործոցն է, բայց միաժամանակ մեր գրականության գլուխ-գործոցներից է, ժողովրդական առողջ ոգին է փայլատակում այնտեղ արվեստի շողշողուն ձևերով։

Այդ երգը մեր ժողովրդի ամենահավատարիմ ընկերն է եղել — երբեք չի լքել նրան իր օրհասական պահերին։ Հայը կյանքի ամենածանր օրերին շատ անգամ աղոթքի փոխարեն այդ երգն է մրմնջացել։

Արյունաներկ Տեր Զորի «մահվան քարավանից» դիպվածով փրկվածները պատմում են, «Երանի կուտայինք ասոնց, որոնք պիտի կռնային ողջունել... «Լուսաբացը»։ Եվ Հայրենիքի ազատության համար մարտնչող սերունդները,— «երազելով հայրենիքի գերության շղթաներու վաղ թե ուշ խորտակումը, միշտ երգած էին «Ագատ աստված այն օրից» և «Ձախորդ օրերը» Գր. Վ. Պալաքյան «Հայ գողգոթան»)։ Այդ երգերը չեն թողել, որ մարի լավ գալիքի հետ կապված մեր ժողովրդի հույսը։

[ էջ 17 ]

Չնայած իրականության մեջ իշխող անարդարությանը, Ջիվանին հավատում է լավագույն ապագային:

Կերթան այս օրերը, էլ ետ չեն դառնա,
Մեզի կժամանեն երջանիկ օրեր։

Աշուղը երազում է խաղաղ աշխատանքի տիրապետության, արդար վաստակի խորհրդանիշ հանդիսացող «արորի ու գութանի» տիրապետություն, որ իր հետ պիտի բերի լիակատար հավասարություն և ազատություն։

Ոշ տեր լիներ և ոչ ծառա աշխարհում,
Այսպես երջանիկ օր պիտի գա՞ արդյոք,
Լեռ, բլուր, դաշտ ու ձոր դառնան հավասար,
Հաղթող գութան, արոր պիտի գա՞ արդյոք:

Հարցական այս շեշտը կասկածի ու հուսահատության երանգ չունի։ Ընդհակառակը, նրա մեջ կա անբեկանելի հավատի զգացողություն։ Կգա նա, կանցնի այս տառապած աշխարհի վրայով, եղբայրության ու ազատության հունդեր կցանի, կվերացնի կյանքի այլանդակ հակասությունները և մարդկային հասարակության ու բնության օրենքների մեջ կմտցնի երազելի դաշնը։

Երանի ձեզ, հարյուր տարի հետո ծնվող սիրելիք,
Բոլորովին ձևափոխված դուք կտեսնեք աշխարհը:
Զուր տեղը արյուն թափելը, կռիվը կվերջանա,
Ամենայն մարդ անկարոտ իր պարենը կունենա,
Կդառնա բնության հետ համակարծիք աշխարհը։

Այստեղ մենք զգում ենք 1905 թվականի հեղափոխության որոշակի, ցայտուն արձագանքը։ Ժողովրդական իղձերի և հոգու հարազատ թարգմանը տարերայնորեն փարել է սոցիալիզմի գաղափարին։ Իհարկե, մեր աշուղի սոցիալիզմը ուտոպիական երանգ ունի, բայց այն բնավ չի իջեցնում նրա երգերի արժեքը և մեկ ավելորդ անդամ էլ հաստատում է այն հանրահայտ ճշմարտությունը, որ սոցիալիստական գաղափարների բուն ակունքը ժողովրդի մեջ է։

3

Ջիվանու քնարի ամենահնչեղ լարը հայրենասիրությունն է: Նա բոցաշունչ Աբովյանի խառնվածքի հայրենասեր է, որն իր գոյության իմաստը գտնում էր ոտնակոխ արված և ստրկացված հայրենիքին ծառայելու, ժողովրդի ծանր դրությունը թեթևացնելու, նրան օգտակար լինելու մեջ միայն: Երկուսի ապրած ժամանակներն էլ ծանր ու դաժան էին: Նրանց ստեղծագոր-

[ էջ 18 ]

ծությունների մեջ զգացվում են մեր ժողովրդի վիրավոր ու ցավատանջ սրտի տրոփյունները, նրա ընդվզումն իր կյանքի, իր կուլտուրայի, իր լուսավոր ապագայի համար:

Աբովյանի նման Ջիվանու էության ու հոգու մեջ մարդկային բոլոր զգացումներից ամենակատարյալը, ամենավեհն ու վսեմը դեպի հայրենիքն ունեցած անհուն սիրո զգացումն է։

Հանուն ժողովրդի, հանուն հայրենիքի անձնազոհության գաղափարը հատուկ է երկուսին էլ. նրանց միտքն ու հոգին նույն վիշտն է մաշում, երկուսի սիրտն էլ հրկիզվել է ոսոխի կողմից ոտնակոխ արված հայրենիքի սիրո կրակում, և նրանք իրենց այդ բոլոր անձնվեր սերն արտահայտող զգացումների պատկերավորման մեջ, թեև անհավասար, սակայն, միանման են:

«Շունչդ տուր, հոգիդ, բայց հայրենիքդ մի տուր թշնամյաց»,— բացականչում է կրակված Աբովյանը1։

Ջիվա՜ն, ազգիդ հավատարիմ ծառայե,
Տեղը եկավ, մինչև կյանքդ ընծայե,—

գրում է Ջիվանին։

Եթե գրականության խնդիրը եղեք է ու մնում է ժամանակակից կյանքի ճշմարտացի պատկերումը, այն հարցերի ու խնդիրների արտացոլումը, որ հուզում է ժողովրդին, տվյալ ժամանակաշրջանի մարդկանց, ապա այղ պահանջը լիովին գիտակցված է եղել Ջիվանու կողմից։ Նրանց երկերը մեկինը գերազանցապես արձակ, իսկ մյուսինը` չափածո ձևի մեջ արտահայտված՝ արտացոլում են դարաշրջանի ոգին, նրա շունչը և, որպես այդպիսին, նրանք ապրում են սերունդների հետ։

Պուշկինի պոեզիայի առթիվ խոսելիս, Վ. Գ. Բելինսկին նշել է, թե «...յուրաքանչյուր խելացի մարդ իրավունք ունի պահանջելու, որ բանաստեղծի պոեզիան կամ պատասխան տա իրեն՝ ժամանակի մասին, կամ գոնե համակված լինի այդ ծանր, անլուծելի հարցերի վշտով»2։

Ջիվանու հայրենասիրական պոեզիան համակված էր հայ ժողովրդի «ծանր, անլուծելի հարցերի վշտով» և անդրադարձնում էր այն բոլոր անցուդարձերը, որոնք կազմում են 19-րդ դարի կեսերին և 20-րդ դարի սկզբին մեր պատմության հիմնական էությունն ու առանցքը։

Ջիվանու հայրենիքին ու ժողովրդին նվիրված երգերի մեջ արտահայտված է այդ ժամանակահատվածի համար բոլորին հուզող մի կարևոր հարց`հայ ժողովրդի գոյության, նրա ֆիզիկական ոչնչացումից փրկվելու և ազգային ինքնուրույն կյանքով ապրելու հարցը։

Ազգային ազատագրության և ինքնուրույն հայրենիքի հարցի գնահատման մեջ Ջիվանին կանգնած էր ժամանակի պրոգրեսիվ-դեմոկրատական խավերի տեսակետի վրա։ Նրա հարցադրման մեջ երևում են մեր ժողովրդի

---------------------------

1 Խ. Աբովյան. Երկերի ժողովածու, հատ. 1:

2. Վ. Գ. Բելինսկի. Երկերի ժողովածու, էջ 347, Հայպետհրատ, 1948թ.:

[ էջ 19 ]

ազգային զարթոնքի ոգին ու շունչը։ Համընդհանուր ոգևորությանը նպաստում էր թուրքական արյունոտ բռնակալության դեմ ապստամբությամբ ազատություն նվաճած բուլղարների ու սերբերի օրինակը։

Բանաստեղծի կարծիքով դարերով երազած ազատությանը հայերը կարող են հասնել ռուսական զենքի հաղթանակի հետևանքով միայն, բայց «քաջ արծիվի ճուտերի» հետ զուգընթաց հայերը իրենք էլ զենքը ձեռքին պետք է մասնակցեն իրենց ազատագրության գործին, թե չէ դիմումներով, աղերսանքներով և գութ շարժող լացով ու արտասուքով հուսալի հետևանքի չի կարելի հասնել։

Նեղ օրերում մեկ դանակը հազար լացից առավել է:
...Երբ վառոդի ձայնից աշխարհը կթնդա, ինչո՞ւ լամ:

Քանի որ մարդկային խղճի արդարության և բանականության փոխարեն իշխում են «արարիչ թնդանոթ» և «մեծ փրկիչ» հրացանը, ուստի պետք է դիմել, ապավինել նրանց զորությանը՝ ոչ թե ուրիշին ստրկացնելու, կողոպտելու համար,— ինչպես անում են շահական Պարսկաստանի և սուլթանական Թուրքիայի արյունռուշտ զավթիչները, այլ սեփական հայրենիքը, իրենց պատիվն ու գոյությունը պաշտպանելու համար։ Ակտիվ ինքնապաշտպանությունը գոյության միակ հուսալի գրավականն է։ Երբ մեր ժողովրդի, նրա հայրենի օջախի ու հայրենիքի թշնամիների հարկադրանքով զենք վերցնելը անխուսափելի դարձավ, Ջիվանին հաշտվեց այն մտքի հետ.

...Հային տվեք վառոդ, փամփուշտ, հրացան,
Կարողանա դառնալ իր անձին պաշտպան...

Թեպետ արևելյան պատերազմն ավարտվեց ռուսական բանակի հաղթանակով — որի մեջ քիչ մասնակցություն չունեցան նաև հայերը, բայց իմպերիալիստական գիշատիչներ՝ Անգլիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի վարած նենգամիտ քաղաքականության հետևանքով հոդս ցնդեցին մեր ժողովրդի հույսերն ու երազները։ Բեռլինի տխրահռչակ վեհաժողովի որոշումից հայ ժողովուրդը հասկացավ, որ ինքը չարաչար խաբված է եվրոպական հզոր պետություններից։ Այս մեծագույն հիասթափությունը խոր արձագանք է գտել Ջիվանու մի շարք բանաստեղծությունների մեջ, որոնք արդարացիորեն խարազանում են «քրիստոնյա» ու «մարդասեր» Անգլիայի և Գերմանիայի ղեկավարներին ու դիվանագետներին, մերկացնում նրանց եղեռնագործությունները։ («Հայ ազգի երկդիմի բարեկամներին»մ «Հայաստանը», «Հին երգերից մեկը», «Իմ կարծիքը», «Ունեի, չունեմ»)։

Ժողովրդական երգիչը շուտով ճաշակեց եվրոպական պետությունների քստմնելի փարիսեցիության պտուղը, որի հետևանքով իզուր անցան բազմահազար անմեղ նահատակների թափած ջանքերն ու արյունը.

Մնաց մեր պահանջը արդար,
Մնաց թերի և անկատար,

[ էջ 20 ]

Շինեց հողերին հավասար
Եվրոպայի զրկանքը մեզ։

Բայց այս անգամ էլ ժողովրդի ապագայի հավատը նրան չի լքում: Շատ մրրիկներ են անցել հայ ժողովյւղի գլխով, շատ «բարեկամներ» են նրան դավաճանել, բայց կանգուն է մնացել «չորս հազար տարվա ծառը»:

Չորս հազար տարվա ծառ եմ,
Մարմինս պինդ, կայտառ եմ,
Թեև ուժս պակաս է,
Բայց անունով պայծառ եմ։

Կյանքի դառն փորձով զգաստացած հեղինակը, որը իր շատ ժամանակակիցների նման զերծ չի եղել Անգլիայի ազատագրական դերի հետ կապված պատրանքներից, ուղղակի զգուշացնում է՝ այլևս չհավատալ հայերի այդ խաբեբա «բարեկամին»։

Խորամանկ աղվեսին դու մի հավատալ,
Կուզե խլել բույնդ ու քեզի կուլ տալ։

Դիմելով մեր ժողովյւդի պատմության լուսաշող էջերին՝ երգիչը ժամանակակիցներին ոգեշնչում է օտարերկրյա նվաճողների դեմ մղված հերոսական պայքարի փառավոր օրինակներով, ձգտում է ազգային ինքնաճանաչողության ոգով դաստիարակել սերունդներին։

Հայրենասիրական այգ կարգի բանաստեղծությունների մեջ ազգային հերոսների՝ Արամի, Տիգրանի, Հայկի, Վարդանի անունների օգտագործումը նպատակ ունի համաժողովրդական պայքարի տվյալ պայմաններում մասսաներին մոբիլիզացնել, կազմակերպել ընդդեմ նրա բնաջնջող, ստրկացնող բռնավորների։

Նրա համար ատելի են ոչ միայն օտար ստրկացնողները, այլև թշնամու լուծը հանդուրժողները: Նրանց գործակից դավաճանները, ազգուրացները, փառասեր մորթապաշտները։

— Որոշակի հայրենիք ու մշտական բնակավայր չունեցող ժողովուրդները թափառական ցեղերի նման կուգան ու անհետ կանցնեն պատմության բեմից,— ասում է Ջիվանին,— անհայրենիք ազգերը անարմատ ծառ են, որ վաղ թե ուշ պետք է ընկնեն ու խորտակվեն խոլական հողմերի հարվածների տակ։

Ջիվանին երազում էր և հույս ուներ հայ ժողովրդին ազգային ու սոցիալական ճնշումից ազատ տեսնել, փոխված տեսնել իր հայրենիքի ոսոխների հագցրած «Կրակե շապիկը» նոր, արժանավայել «պատմուճանով»։

Նա հավատացած է ու հավատացնում է, որ հային պաշարված դժնդակ օրերը ինչպես եկել են, այնպես էլ կգնան.

Ազատ շունչ կքաշես, կգա ժամանակդ
Սպասե և հուսա, պատվական երկիր:

[ էջ 21 ]

Հայտնի է, որ Ջիվանու հայրենասիրական բանաստեղծություններից շատերի մեջ անդրադարձել է օսմանյան բռնակալության լծի տակ հեծող ժողովրդի դառնաղետ վիճակը։ Բայց դեպի օտարը և օտարինը ունեցած վերաբերմունքի հարցում, Ջիվանին որպես ժողովրդի բանաստեղծ,, կանգնած էր ժողովրդական ըմբռնման տեսակետի վրա, աշխատավոր ժողովրդին միանգամայն խորթ է նացիոնալիզմի գաղափարը։ Ստեղծագործելով մեր ժողովրդի ապրած ամենամռայլ պահերին, Ջիվանին կարողացավ իր քնարը հեռու պահել ազգային ատելության հուրը բորբոքելուց։ Թեև պետք է ասել, որ որոշ երգերում զայրույթով է խոսվում մեր հայրենիքը ոտնակոխ անողների մասին, նրանց անվանելով «բորենի», «թունավոր օձ», «արյունարբու գող, ավազակ», «գայլ» և այլն։

Բայց ո՞վքեր են այդ մեկը մեկից չար ու վատթար «մարդակեր գազաններն ու թունավոր սողունները»։ Դրանք հենց իրենց ազգի ու իրենց աշխատավոր ժողովուրդների համար էլ պատուհաս դարձած.

Բեկ ու փաշա հին ստահակ
Արյունարբու գող, ավազակ,

տարրերն են, որոնց ոճրագործ արարքից մնացել է

...Հայից թափուր Հայաստանը։

Մեծ հայրենասեր և ազգասեր բանաստեղծը նաև մեծ հումանիստ էր, որի համար «ողջ ազգերն էլ մի թաղարի ծաղիկ» էին և «պիտանի մեկ մեկու համար»։ Նա սովորեցնում էր «ոչ այլազգին անարգե», «ոչ քո ազգին ուրացիր»։

Պետք է սիրել հայրենիքը, «մերձավորին», բայց ոչ երբեք օտարին վատություն անելու, նրան վնաս պատճառելու գնով, եթե, իհարկե, նա չի ճնշում քեզ, չի սպառնում քո գոյությանը։

Ես սիրում եմ մերձավորիս, բայց ատիլ չեմ օտարին,
Օտարն էլ ինձ նման մարդ է։ Ցանկանում եմ իր բարին։
Թե օտարը ինձ չճնշի, մեկ վնաս չո պատճառի,
Չեմ կամենալ մինչև անգամ ոտքը հանդիպի քարին։

Ջիվանու իղձն է, որ «մերձավորի և օտարի» միջև ոչ միայն խտրություն չդրվի, այլև

«Ազգերը եղբայր լինեն մեկը մեկու»։

Նա խիստ դեմ է կրոնա-դավանաբանական նկատառումներով ազգերն իրար դեմ լարելու ու նրանց մեջ թշնամություն սերմանելու գաղափարին։ Նա պահանջում է ոչ միայն անհանդուրժող չլինել, այլ հարգել ուրիշի դավանանքը։

[ էջ 22 ]

Ամեն մի ազգ ունի իրեն մի հավատ,
Չի կարելի երբեք մեկին ասել վատ։

Եվ կամ՝

Մարդիկ քրիստոնյա թե մահմեդական,
Իրարու հետ սիրով վարվեն մշտական։

Նա անչափ գոհ էր, որ, հակառակ ցարական հայտնի դավադրություններին, վերջապես «...ողջ Կովկասում հայն ու թուրքը միասին խաղաղ սիրով են ապրում»։

«Իղձ» բանաստեղծության մեջ հեղինակը անցնում է ազգային սահմանները և բարձրանում համամարդկային եղբայրության ու համերաշխության բարձրագույն գաղափարին։

Այն անհատի հասարակական օգտավետության արժեքն է բարձր ու արարքը գովելի, որը խտրություն չի գնում իր և օտար ժողովուրդների շահերի մեջ և կարողանում է հավասարապես պետք գալ ու լուսավորություն տարածել, օգուտ տալ «և՛ օտարաց, և՛ հայոց...»։

Ժողովուրդների «խաղաղ ու երջանիկ» վիճակով ապրելու գաղափարի ջատագով հեղինակը թշնամի է ազգամիջյան բոլոր տեսակի պատերազմներին: Նա քննում է այդ պատերազմների պատճառները և գալիս այն եզրակացության, որ ժողովուրդների ու ազգերի իրար դեմ դուրս գալու և իրար ոչնչացնելու գործում ժողովուրդները չեն մեղավոր, այլ տիրապետող և շահագործող դասերը «աշխարհի հզորները» անկախ նրանց ազգային պատկանելությունից։

Տանն են մնում աղջիկները,
Բազմանում որբ մանկիկները,
Երկու կողմի ծաղիկները
Զուր կոտորում են իրար։

«Պատերազմ» բանաստեղծությունը ցասումնալից բողոք է պատերազմների ու նրանց հրձիգների դեմ և այսօր էլ իր ուժը չի կորցրել։

Այս և ուրիշ մի շարք բանաստեղծություններում հեղինակը, խորամուխ լինելով աշխարասասան պատերազմների պատճառների մեջ և հետևելով ժողովուրդների հարաբերությունների պատմության զարգացման ընթացքին, գալիս է այն եզրակացության, որ հեռու չէ այն օրը, երբ

Կկանգնեն ագգերը ուժեղ, կռվարար,
Եվ կապրեն խաղաղ, չեն ջարդիլ իրար։

Խաղաղության, համերաշխության և համակեցության ջատագով հեղինակի պահանջն է գալիքից՝

...Աշխատիր, որ խաղաղ պահես ողջ աշխարհ
Բոլոր մարդկությանը միահավասար:

[ էջ 23 ]

Ջիվանու համար հավասարապես ատելի են ժողովրդի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին թշնամիները։ Նա ծառացել է հայ ժողովրդի ամեն կարգի հարստահարիչների և՛ ազգային, և՛ սոցիալական ճնշման դեմ։ Նա պայքարել է ժողովրդի ազատագրության և ինքնուրույնության, նրա երջանիկ ապագայի համար, որպես այդպիսին նա չէր կարող որևէ կերպ կողմ լինել ուրիշ ազգերի ճնշման և չդատապարտեր առհասարակ ազգային ճնշումը ու չպաշտպաներ ազգերի իրավահավասարության և եղբայրության գաղափարը։

Ջիվանին իր կյանքի վերջին տարիներին ջերմորեն ողջունեց 1905-1907 թվականների ռուսական առաջին հեղափոխությունը, որի բարերար ներգործության շնորհիվ նա որոշ հարցերում հատկապես ժողովրդի ու հայրենիքի ազատագրության և ազգային անկախության հին պատկերացումների մեջ շրջադարձային բեկում ապրեց։

«Ճշգրիտ երազ», «Սառույց», «Ես մի քաղցր ձայն լսեցի», «Իմ կարծիքը», «Ժողովուրդ» և մի շարք ուրիշ բանաստեղծություններ անկեղծ ձոներ են նվիրված հեղափոխությանը, ժողովրդի անպարտելի ուժին ու նրա հաղթանակին։

Հեղափոխությունը ժողովրդական բանաստեղծին պատկերանում է իբրև մի «Նոր արեգակ», որից ծագում է հույսը։

Ջիվանի, հույս ծնավ նոր արեգակից,
Մարդիկ ազատվեցին դառն վիճակից,
Կայծակներ գոյացան լասո ապտակից,
Աղջամուղջը սարսեց, խավարը թնդաց։

«Պողպատ հալող զորեղ արփի» է հեղափոխությունը, որը պիտի վերջնականապես ոչնչացնի անկենդանության ու դաժանության խորհրդանիշ «ցրտածին սառույցը»՝ ռուսական բռնապետությունը.

Ինչ կերպ էլ դեմ դնես, տքնես,
Բնական է, դու կմեռնես»։

Հեղափոխության վայրէջքի տարիներին Ջիվանին չկորցրեց իր ժողովրդի լավագույն ապագայի նկատմամբ հեղափոխության հետ կապված հույսերը, չընկավ հոռետեսության ու հուսահատության ճահիճը, որի մեջ իրենց հանգիստն էին փնտրում հեղափոխության անհաջողություններից հուսալքված շատ մտավորականներ։ Ջիվանին մինչև վերջն էլ մնաց այն տեսակետին, որ հեղափոխություն կատարող ժողովուրդը կկարողանա վերջ դնել քաղաքական, ազգային, սոցիալական անարդարությանը և ստեղծել շահագործումից ու ազգային խտրականությունից զերծ աշխատանքի տիրապետություն։

[ էջ 24 ]

4

Ջիվանին ռուս-տաճկական պատերազմի օրերին Հայաստանի ազատագրումը և հայ ժողովրդի փրկությունը կապում էր ռուս ժողովրդի հետ։ Նա պաշտպանում էր այդ ժամանակ իշխող այն կարծիքը, որ Արևմտա-Հայաստանի ազատագրության օրը հասել է, և որ ռուսների ու Ռուսաստանի օգնությամբ հայ ժողովուրդը կարող է վերջնականապես փրկվել ֆիզիկական բնաջնջման վտանգից և ազատ կյանքի ու հայրենիքի տեր դառնալ։ Բոլորին համակած այդ ոգևորությունն իր գեղարվեստական պատկերումը գտավ երգիչ-բանաստեղծի ստեղծագործությունների մեջ («Մեծահոգի և մեծ եղբայր ռուսներ», «Քաջ արծվի ճուտեր», «Քու քրոջդ զավակներուն ցավի, խղճա մեծ քեռի» և այլն)։

Ժողովուրդը իր բախտը միայն «մեծահոգի ու մեծ եղբայր ռուսների» օգնության հետ կապելով կարող է ազատվել.

Քաջ արծվի ճուտեր մինև չօգնեն քեզ,
Դու ուրուրից ազատվիլ չես, սիրուն հավ...

Նա երախտագիտությամբ էր արտահայտվում «մեծ ազգի» ազատագրական միսիայի մասին, որի շնորհիվ տաճկական արյունոտ տիրապետությունից ազատվեցին հային բախտակից բուլղար, սերբ և մյուս ազգերը։ Նա հավատացնում էր, որ հայերի համար էլ պիտի հնչի այդ ժամը։ Եվ նրանք էլ կբախտավորվեն, ինչպես որ

Մարդասեր, աստվածասեր մեծ ազգի ազնիվ արյունով
Երջանկացան հայերին բախտակից շատ ազգերը...

Ջիվանին զգուշացնում ու խորհուրդ էր տալիս չհավատալ «տաճկահայերի կյանքի հետ» խաղ անող Եվրոպայի կեղծ «ցավակցական խոսքերին» և չվարանել, որովհետև՝

Հզոր արծվի ահեղ ձայնը մինչ չհնչի հյուսիսից,
Այդ անիրավ մարդասպանից չեն ազատվի հայերը։

Հետագա դեպքերը ցույց տվին, որ ցարիզմը պատերազմ սանձազերծելով Թուրքիայի դեմ՝ հետապնդում էր նվաճողական նպատակներ և բնավ մտահոգված չէր հայերի ազատագրության հարցով։

Հենց միայն 1885 թվականին փակվեցին ավելի քան 500 դպրոց։ Այդ քաղաքականությունը շարունակվեց և հետագա տարիներին (1896-1903): Դպրոցները փակելը զուգակցվում էր նրանց կայք ու գույքի, կալվածքների ու հողերի բռնագրավմամբ։

Հայկական դպրոցները փակելու առթիվ գրված «Մարտ ամիսը» այլաբանական բանաստեղծությունը ցարիզմի ազգահալած քաղաքականության դեմ ուղղված մի զայրագին բողոք էր։ 1885 թվականի մարտ ամիսը, որ

[ էջ 28 ]

տվյալ դեպքում վերցված է որպես միահեծանության անողոքության սիմվոլ, «Բոթաբեր», «Դաժան», «Գիշատիչ» և «Մանուկների թշնամի» է անվանված, թեև բանաստեղծության մեջ ոչ մի ուղղակի խոսք չկա դպրոցները փակելու մասին։

Կտրեցիր աղբյուրներս, մնացինք վառված, ծարավ,
Նոր բքաբեր հողմովդ, դու սառնասիրտ մարտ ամիս։

Այստեղ աղբյուրը նկատի է առնված որպես մտավոր ծարավը հագեցնող դպրոց, որի կարիքը այնքան մեծ էր ազգային զարթոնքի համար։ Գնալով պատկերներն ավելի են խտանում, դառնում շոշափելի ու որոշ.

Սառույցով վեր շարեցիր սուրբ դուռը մեր, մարտ ամիս,
Մանուկների թշնամի, թառամած ծեր, մարտ ամիս.

Մայրենի լեզուն, ազգային ինքնությունը և նրա կուլտուրան պաշտպանելու համար միապետական այդ ահավոր քաղաքականության դեմ հանդես եկած հայ ժողովրդի ամուր կամքը, կուլ գնալու վտանգի դեմ պայքարելու անխախտ վճռականությունը Ջիվանին պատկերել է «Խիստ է, խիստ», «Քաջ բազե», «Մինչև երբ», «Գնաց վրեժ առավ», «Քյոռ օղլի» բանաստեղծությունների մեջ։ Ոչ թե իշխողի ողորմածությանը դիմել, նրանից արցունքով ողորմություն աղերսել, այլ աննկուն կանգնել իր իրավունքների պաշտպանության դիրքերում։

Ցարական միահեծանությունը հետզհետե ավելի խստացրեց իր ագրեսիվ քաղաքականությունը փոքր ժողովուրդների դեմ, իրար դեմ լարելով ու նրանց մեջ ազգային ատելություն վառելով, արգելակում էր նրանց ազգային կուլտուրական զարգացմանը։

Ժողովուրդները իրար դեմ հանելու և ազգամիջյան ընդհարումներ կազմակերպելու արյունոտ քաղաքականության հետևանք էին հատկապես 1905 թվականի հայ-թուրքական կոտորածները Անդրկովկասում։

Սպանդանոց էր դառել Բաքվի հրապարակը,
Իրար մոտ ընկած էին հայի, թուրքի դիակը։

Դարավոր բարեկամությամբ ապրող երկու ժողովուրդների համար Բաքուն սպանդանոց դարձնող ցարիզմը «ձեռքերը արյունլվա» հեռուն կանգնած դիտում է քստմնելի արնահեղության տեսարանը։

Մեծ էր Ջիվանու ծառայությունը Անդրկովկասում 1905 թվականին բռնկված ազգամիջյան հրդեհը հանգցնելու գործում։ Այն ժամանակ, երբ ցարական պրովակացիայի ազդեցությանը ենթարկվածները` մի մասը ստեղծված դրությունից օգտվելու շահադիտական նկատառումներով, մյուս մասը անգիտակցաբար ու տարերայնորեն նրանց հետևելով, ջուր էր լցնում միապետության ջրաղացին, Ջիվանին անվախ ու համարձակ իր շիտակ խոսքով, ազգերի եղբայրության գովք անող իր երգով մահացու դատավճիռ կարդաց

[ էջ 26 ]

երկու մոտիկ ժողովրդներին արյան ջրապտույտը հրող միապետությանը: Նա դարավոր հարևան ժողովրդներին կոչ արեց սթափվել, զգաստանալ և դադարեցնել անմիտ արյունահեղությունը, վերջ դնել փոխադարձ թշնամությանը:

Ազատ, ուրախ, նվագելու, չիք հրաման, հայոց երգիչ,
Ձայնդ խեղդված ու լեզուդ կարճ, դուն անբերան հայոց երգիչ:

Երգչի ձայնը խեղդողները չեն կարող հաշտվել հայկական երգի հետ, վախենում են նրա համախմբող, մոբիլիզացնող ուժից։

Մի տեսակ սար փուշ է դարձել նախանձների աչքի համար,
Քու լեզվովդ երգ լսելը նրանց թվում է խիստ օտար...

5

Ջիվանին գրել է ջերմ զգացմունքներով լի սիրային երգեր։ Հաճախ անձնական սերը հանդես է բերված հայրենասիրության, սիրո ուժը` հույսի, լավատեսության գաղափարի հետ։

Այն ժամանակ, երբ «ժողովուրդը կյանք կուզե, ապրել կուզե, հույս տալ կուզե» կարոտ է օգնության, հանցանք է ապրել միմիայն նեղ, անձնական մանր վայելքի զգացմունքով։

Ջիվանին անձնական սիրո զգացումները միաձուլեց սոցիալ-քաղաքական և հայրենասիրության գաղափարներին։ Իսկ հատկապես «Հուր սիրուդ բոցերը», «Երբ դու գաս», «Ով սիրուն, սիրուն» և այլաբանորեն գրված մի շարք ուրիշ երգերում սիրուհու անվան տակ հանդես բերեց հայրենիքն ու Հայաստանը։

Ջիվանին թեև վաղ մանկությունից է բաժանվել մորից, զրկվել մայրական հոգատարությունից ու գուրգուրանքից, բայց նա իր ամբողջ կյանքում միշտ էլ ջերմ ու կաթոգին սիրով է հիշել և խորին երախտագիտությամբ խոսել մոր մասին։

Մոր նկաամամբ որդու ունեցած այդ զգացումն է, որ այնքան խոր, հուզաթաթավ և սրտառուչ կերպով արտահայտվել է «Մայրիկ» հռչակավոր բահաստեղծության մեջ։

Աշուղը գովերգում է ազատ, անշահախնդիր ու անդավաճան սերը, հավատարիմ ամուսնությունը։ Նա դատապարտում է անսեր ամուսնությունը, անարատ սիրո, անդավաճան ընտանիքի հասկացողության բնական կանոնների դեմ գնացողներին, բուրժուական եսամոլությունը, ուրիշների ընտանեկան երջանկությունը խորտակողներին։

Լինելով ժամանակի առաջադիմական հայացքների տեր մտավորականներից մեկը՝ նա չէր կարող անտարբեր անցնել բուրժուական հասարակարգի սոցիալական անարդարության զոհերից մեկի՝ հայ կնոջ, կողքով և չծառանալ

[ էջ 27 ]

նրա իրավազուրկ վիճակի ու նրան առուծախի առարկա դարձնելու երևույթների դեմ։

Ջիվանին յարին նվիրված իր երգերում պատկերում է փոխադարձ սիրո երջանկությունը և իրավահավասար սիրո գովքն է անում։

Ես պարզ ու պայծառ երկինք դառնայի,
Դու էլ մեծ արեգակ՝ ինձ մոտ լինեիր:

Ջիվանու խոսքն ավելի ազդեցիկ և ձայնը զայրալից է հնչում երգիծական բանաստեղծությունների մեջ։

Հեգնանքի ու սարկազմի զենքով նա խարանել է ազգի ցեցերին, վաշխառուներին, տգետ և անարժան «հզորներին»։

Վարպետորեն է գծված տգետ, մտավոր սահմանափակ կարողության տեր, բայց հավակնոտ մտավորականության դիմանկարը.

Խելքին զոռ տալով է հիմա ամեն բան,
Հիմարն էլ իմաստուն կարծում է իրան։

Հասարակության «ցեցերն ու թրթուռները» թյուրիմացությամբ գիտության ասպարեզը մտած, չարիք են սերմանում ամեն տեղ։

Սպառիչ որոշակիությամբ է տրված ազգի կեղծ բարերարների, ֆրազների «ասպետ» հայրենասերների բնութագիրը.

Ով որ իզուր տեղը շատ երդում կերավ,
Ստախոս անազնիվ, խաբեբա տեսա։

Խիստ բացասական նկարագիր ունի հայ հոգևորականությունը։ Կրոնավորների ստվար մեծամասնությունը շահամոլ է, փողապաշտ։

Ջիվա՛ն, պահանջում են մեծ պատիվ ու հարգ.
Անունները բարձր, իրենք վատավարք,
Քիչ աշխատող ու շատ ուտող դասակարգ
Սև ֆարաջա հագնող տերերն են հիմա։

Եկեղեցու հովանուն են ապավինում հասարակության համար անպետք, պորտաբույծ, քրեական հանցագործ տարրերը, որոնք ստոր և անվայել ճանապարհով են այդ դիրքին հասել։

Դատաստանի տակ ընկնողը հնար մտածելով,
Չորս ճեն տվել, քահանա է դարձել։

Ջիվանին մերկացնում է նաև բարձրաստիճան հոգևորականությանը, կաշառատվության անմաքուր ճանապարհով իրենց գործը գլուխ բերող անար-

[ էջ 28 ]

ժամ, տգետ և հանցապարտ տիպերին ընդառաջում են սուրբ հայրերը, որոնց համար գնահատելի են ոչ թե քահանայի արժանիքները, այլ նրա «նվեր» բերած ճենրի քանակը։

Դեմ լինելով ասիական հետամնաց, պահպանողական սովորություններին, ժողովրդի մտավոր առաջընթացն արգելակող նահապետական վարքուբարքին, Ջիվանին միաժամանակ շատ անողոք է եղել կեղծ եվրոպականության ջատագովների, երևույթի արտաքին փայլով շլացնողների, անհոգի և անբովանդակ ձևի սիրահարների հանդեպ։

Նա դատապարտում է կեղծ կրթությունն ու դաստիարակությունը, որ մակերեսորեն յուրացնում է կուլտուրայի միայն արտաքին փայլն ու ձևերը, իսկ իրականում մնում է ասիական հետամնացությամբ պարուրված:

Փող է ծախսել, ման է եկել Եվրոպա,
Հագել, կապել, ծածկել է թանկ շլյապա,
Գլխարկը մեծ, տակը մեծ գլուխ չկա,
Շատ կգտնվի այդ տեսակ մարդ անվանի...

Եվրոպականը չի թերագնահատվում, այլ խրախուսվում է, եթե գիտակցվածը, ընկալվածը ոչ սոսկ ձևն է, այլ իմաստը, բովանդակությանը:

Երգիչը ափսոսանքով նկատում է, որ «համբակները», անազնիվ, անիդեալ մարդուկներն են տեր դարձել կյանքին։

Մեծամեծ մարդիկ հեռու են կանգնած,
Ասպարեզը համբակներան են թողած...

Հատկապես խոհական, խրատական բնույթի երգերում, որոնց անսպառ աղբյուրը եղել է կենդանի կյանքը իր անընդգրկելի բազմազանությամբ, հասարակական ոչ մի նշանավոր ու դրական արժեք ունեցող երևույթ, մարդկային ոչ մի չարագործություն և արատ չի վրիպել նրա սուր աչքից ու զննող հայացքից։

7

Հիմնավոր կրթություն չունենալը չխանգարեց բանաստեղծին քրտնաջան աշխատասիրությամբ իր ժամանակի զարգացած մարդկանցից մեկը դառնալու։ Որպես բնական խելքի, լայն մտահորիզոնի, խոր տրամաբանության և նուրբ ընկալումների տեր երգիչ-բանաստեղծ, նա քաջածանաթ է եղել մեր ժողովրդի ավանդական և գրավոր պատմությանը, գրականությանը, մեր անցյալի կուլտուրային, լավ է իմացել հայկական ու հունական դիցաբանությունը, տեղյակ է եղել հունա-հռոմեական դասական գրականության անմահ հուշարձաններին, տիրապետել է գուսանա-բանաստեղծական չափծո խոսքի կառուցման ձևերին ու կանոններին, ազատորեն օգտվել է մեր հին գրաբար լեզվի հարուստ զինարանից և այդ բոլորը հմտորեն օգտագործել

[ էջ 29 ]

իր ստեղծագործությունների մեջ։ Ջիվանին քաջծանոթ է եղել և ստեղծագործել է աշուղական տաղաչափության արվեստի բոլոր օրենքներով ու չափերով։ Հայտնի է, որ աշուղներն ստեղծագործել են ոչ թե արտասանվելու, ընթերցվելու, այլ երգվելու համար, հետևաբար, տեքստի չափ և հաճախ նրանից էլ ավելի կարևոր նշանակություն ունի եղանակը.

Երգը առանց եղանակի ունայն է,
Եղանակը առանց երգի լոկ ձայն է,
Երգը եղանակով գործը կլայնե,
Եղանակն էլ պարտական է լավ երգին։

Եվ իսկապես, նրա երգերն ունեն համապատասխան եղանակներ ու մեղեդիներ, որպիսիք հյուսելիս հեղինակը օգտվել է հայկական ժողովրդական երգերի ու տաղերի հնչունական հարուստ շտեմարանից, մեր եկեղեցական երաժշտության ու մասամբ էլ արևելքի դասական երգերի եղանակների մեղեդիներից։ Ջիվանին ձայնի ընկալման նուրբ զգացողություն ուներ և նոր եղանակներ ստեղծելու մեջ աչքի էր ընկնում իր տաղանդով։ Կատարյալ նորարար է Ջիվանին այս բնագավառում։ Նրա ստեղծած եղանակները հուզականությամբ, ախորժալուր մեղեդիական հարստությամբ անմիջապես իրենց վրա էին գրավում ժամանակի նշանավոր երաժշտագետների ուշադրությունը։

Այդպիսի շատ երգեր ձայնագրել են Կարա-Մուրզան, Սպիրիդոն Մելիքյանը, Նիկողայոս Տիգրանյանը, Քուշնարյանը և նույնիսկ անմահ Կոմիտասը։ Իսկ որքա՞ն խորիմաստ և հուզաթաթավ եղանակներ կորած կլինեն` ժամանակին գրի չառնելու պատճառով։

Անդրադառնալով Ջիվանու կատարողական արվեստի բնութագրությանը, ինչպես և ժողովրդի վրա նրա խոսքի ու երգի թողած կախարդիչ ներգործությանը, Արփիարյանը գրում է.

«...Երգած պահուն առաջվան մարդը չէր, ինք-զինքեն դուրս կելներ, կվերանար, հոգեկան բան մը կդառնար, առանց ճիգի կսահեին երգերն յուր շրթունքներեն։ Ձայն ու նվագարանը քիչ կուգային կարծես իրեն սրտի բոլոր խանդը, հոգույն բոլոր իղձը արտահայտելու...»։ («Արևելք», 1891 N 13):

Մեծ հմտություն է ունեցել Ջիվանին հանպատրաստից ոտանավորներ, երգեր ու հատկապես չափածո հանելուկներ առաջադրելու և իրեն ուղղվածները անմիջապես վերլուծելու ասպարեզում։

Հանելուկի հանգույցները հնարավորին չափով կարճ ժամանակամիջոցում բաց անելը և վերածնելը լուրջ բանիմացության և մեծ կարողության տեր լինելու նշան է դիտվել աշուղների շրջանում։

Աշուղի որդին՝ բազմավաստակ բանասեր Գարեգին Լևոնյանը, հետևյալ նկարագրով է ներկայացնում հորը՝ Ջիվանուն.

«Բարձրահասակ, թիկնեղ, սպիտակամորթ, սևահեր, բայց խարտյաշ աչքերով, կարճատես... փողոցում ծանրաքայլ, քիչ կռացած... խոսակցու-»

[ էջ 30 ]

թյան մեջ ոչ ճարտար, այլ ծանր, բայց հատու և իր խոսքը առակներով ու սրամիտ ալեգորիաներով համեմված։ Ընտանեկան կյանքում խաղաղ և բարի հայր... Շրջապատի կողմից սիրված, խոշոր հեղինակություն վայելող, բայց չափազանց համեստ...»։

Ջիվանու պոեզիան խոր ապրումների, ազնիվ հույզերի ու խոհերի անմիջական ներշնչման ծնունդ է։

Ջիվանու չափածո ստեղծագործություններին հատուկ է լեզվական մաքրությունը և հստակությունը։ Ամբողջության մեջ վերցրած, նրանք փայլում են իրենց անպաճույճ, պարզ, բայց հստակ ու սահուն պատկերավոր ոճով։

Ջիվանու պոեզիայով հետաքրքրվել ու նրա արժանիքները բարձր են գնահատել ոչ միայն հայ, այլև ռուս ու օտար շատ ականավոր գրողներ, բանաստեղծներ ու գրականագետներ՝ Մ. Գորկին, Վ. Բրյուսովը, Ալ. Բլոկը և ուրիշներ։ Բանաստեղծի գաղափարական և գեղարվեստական անվիճելի արժեքներ ունեցող երգերի մի զգալի մասը, որ դեռ իր ժամանակին թարգմանվել ու տարածվել է ռուսերեն և եվրոպական լեզուներով, ջերմ ընդունելության է արժանացել օտար ընթերցողների կողմից։

Ժողովրդի երգիչ Ջիվանին անմահ է։ Հիսուն տարի է անցել այն ժամանակից, երբ Ջիվանին իր փառքին ոչ վայել պայմաններում վերջին հրաժեշտը տվեց աշխարհին։

Իղձերս կատարվեր, պարտքերս տայի,
Ոչ մի մարդու պարտական չմնայի,
Անհետ չկորչեի մահիցս հետո,
Վրաս նշան մեկ քար ես ունենայի։

Նրա անունն ու երգը ժողովրդի շուրթերից չեն իջնի։ Նա պարտական չմնաց իր ժողովրդին, իր հոգու գանձերը լիաբուռն տվեց նրան, դարձավ նրա անբաժան ընկերն ու ուղեկիցը ուրախության և վշտի պահերին, պայքարի ու հաղթանակի մեջ։ Եվ այժմ ավելի հպարտ է հնչում նրա մարգարեական քնարը, ավելի ուժգին է ջերմացնում նրա հուզաթաթավ մեղեդին, նրա իմաստուն խոսքը։ Նա դարձել է ժողովրդի «բարի, գեղեցիկ առաքինի ընկերը...»։

Իսկապես փուշ քաղեց բազմատանջ երգիչը, վարդը թողնելով երախտապարտ սերունդներին, որոնք վարդերից անթառամ պսակ են հյուսում իրենց երգչի հավերժ կենդանի, հավերժ երիտասարդ քնարին։

Աղասի Սահակյան

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր. Ջիվանու քնարը: [Ստեղծագործությունների ընտրանի] / Կազմ., առաջաբ., տեքստ. համեմատ., ծանոթագր. ՝ Ա. Սահակյան; Խմբ.՝ Միք. Հարությույան; Նկ.՝ Ան. Գասպարյան։ «Հայպետհրատ»։ Երևան 1959
Տրամադրեց. Միքայել Յալանուզյան

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice