ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian
Ջիվանի

ՋԻՎԱՆՈՒ ՔՆԱՐԸ

Նախորդ էջԲովանդակություն  | Հաջորդ էջ

[ էջ 509 ]

[ էջ 510 ]

 

[ էջ 511 ]

ԽԵԼՔԻ ԱՇԵՑԵՔ

Նվեր ալեքսանդրապոլցի Պ. Հովհաննես Խոջայանցին

Անմիտ ճնճղուկը բազեի ճանկից
Ուզում է որս խլել, խելքի՛ աշեցեք.
Կարծես ձանձրացել է գլխից ու գանգից,
Պատերազմ է մտել, խելքի՛ աշեցեք։

Խելքին զոռ տալով է հիմա ամեն բան,
Հիմարն էլ իմաստուն կարծում է իրան,
Նիհար հավը պարարտ, մեծ սագի նման
Ուզում է ձու ածել, խելքի՛ աշեցեք։

Ազնիվ մարդը անարգվում է գեշի հետ,
Երիվարը լուծ է քաշում էշի հետ.
Երկու տարվա հորթը ցուլ-գոմեշի հետ
Բերել կամ են լծել, խելքի՛ աշեցեք։

Գայլը վրան ոչխարի մորթի առած,
Գառներուն պահապան հսկող է դառած.
Աքլորը քարոզչի վերարկու հագած
Ամբիոն է ելել, խելքի՛ աշեցեք։

Ուղտը մետաքսագործ, եզը նավավար,
Գայլը հովիվ դառած կարածե ոչխար.

[ էջ 512 ]

Աղվեսը հավնոցի դռանն հուշարար,
Ի՞նչ հսկող են գտել, խելքի՛ աշեցեք։

Երեխան ձեռն առած փտած, հին լարը,
Բռնել կամի դարձող ջաղացի քարը.
Գաճաճ մուկը շրջել կուզե մեծ սարը,
Կողքը դեմ է տվել, խելքի՛ աշեցեք։

Ուրացողը խիղճ չունի ամենևին,
Չըզգալով, սպիտա՛կ ասում է սևին,
Կույրը չտեսնելով լույսը արևին,
Աշխատում է ստել, խելքի՛ աշեցեք։

Ավել հոգսը վնաս կուտա յուր անձին,
Ուրիշի ցավերը առնելով վզին,
Գայլը հոշոտել է մարդացեց մեկին,
Խենթը սև է հագել, խելքի՛ աշեցեք։

Գորտը մեծ պարոնն է տաքուկ ջրհորին,
Դուրս ելավ, բաժինն է վիշապի փորին.
Ւրար հետ սուտ կռվել են ձին ու ջորին,
Էշը մեջ է ընկել, խելքի՛ աշեցեք.

Ժլատն աշխատելու է շատ ընդունակ,
Յուր հացը ուտելու չունի ախորժակ.
Խեղճ անձը զրկելով դիզել է ստակ,
Ուրիշն է վայելել, խելքի՛ աշեցեք։

Հանցավոր հարուստը ուրախ խնդալով,
Մեղքից ազատվել է մեծ գումար տալով.
Խեղճ մարդը սխալմամբ մի հավ գողնալով
Բանտի մեջ է փտել, խելքի՛ աշեցեք։

Մարդ կա գերդաստանը պահում է ցամաք,
Կերթա, դուրսը կուտե մեղր ու սեր, կարագ,

[ էջ 513 ]

Այլոց համար կանե ձայնով պատարագ,
Իրան ժամ չի անել, խելքի՛ աշեցեք։

Մի նոր քաղաք տեսա ժամի սիրահար
Բնակիչները հայ, մոտ քսան հազար.
Իրանք սնունդ չունին ապրելու համար,
Հինգ հատ վանք են շինել, խելքի՛ աշեցեք։

Ինչ կենդանի ուզե լինել շանսատակ,
Կերթա ու կըմտնի ծանր բեռի տակ.
Նապաստակը առյուծի դեմ համարձակ
Կռիվ է սկսել, խելքի՛ աշեցեք։

Ցորենը մի անգամ լինելով տկար,
Այնպես բույս չեն գտել, որ անեն նշխար.
Կորեկ հացը իրան կարծելով հարմար
Սեղան է բարձրացել, խելքի՛ աշեցեք։

Մեծամեծ մարդիկը հեռու են կանգնած,
Ասպարեզը համբակներուն են թողած.
Ջիվանն էլ կաղ իշով կարավան մտած
Բանաստեղծ է դարձել, խելքի՛ աշեցեք։

1883

[ էջ 514 ]

ԲԱՂԴԱՏՈՒԹՅՈՒՆ

Անգործ, պարապ ման եկողը
Անմիտ խելագար չէ՝ ինչ է,
Միշտ մոլության հետևողը,
Բնությամբ տկար չէ՝ ինչ է:

Օրենքներեն պատառվածը,
Իրան խոսքով համառվածը,
Անօթևան թափառվածը,
Բուին հավասար չէ՝ ինչ է։

Գլխին առնողը մութ քողը,
Չտեսնող բարեբեր ցողը,
Անկիրթ, անուսում մեծցողը
Անտաշ, կոպիտ քար չէ՝ ինչ է։

Իրան արդար մարդ դասողը,
Աստիճանի սպասողը,
Իսկ ճշմարտին սուտ ասողը
Միշտ հոգվո խավար չէ՝ ինչ է:

Բնական բարքից ելնողը,
Սրբազան վարքից ելնողը,
Մարդկության շարքից ելնողը
Անասուն, հիմար չէ՝ ինչ է:

[ էջ 515 ]

Չպահող յուր բերնի սանձը,
Ծուռ մտքով նայող կանանցը,
Միշտ պղծություն սիրող անձը
Գազանից վատթար չէ՝ ինչ է:

Կենդանության կաթն ու հոգին
Թողած՝ սիրե աննյութ շոգին,
Պատվիրանազանցի հոգին
Բելիարին ավար չէ` ինչ է:

Անունը թանկ չունեցողին,
Բարության ջանք չունեցողին,
Երջանիկ կյանք չունեցողին
Աշխարհը օտար չէ՝ ինչ է:

Գործը շատ ցրիվ է թույլին,
Հաստագլուխ մտքով գոյլին,
Տեղիցը չշարժվող ծույլին
Դյուրինը դժվար չէ՝ ինչ է:

Ում տա յուր ընծա նվերը,
Ումով ավելանա սերը,
Անզավակ դրամատերը
Իսկ անմխիթար չէ՝ ինչ է:

Չի սիրվիր թառամած վարդը,
Քամուն ճարակ կլինի հարդը,
Փտած ծառի նման մարդը
Կրակի պաշար չէ՝ ինչ է։

Սառել է սրտի եռանդը,
Չունի ողջության ավանդը,
Անբժշկելի հիվանդը
Մեռնելուն հոժար չէ՝ ինչ է:

[ էջ 516 ]

Հուսահատն է արմատախիլ,
Նորա բույսը չունի նոր ծիլ,
Անհուսալի բանը գտնիլ
Բերելը անկար չէ՝ ինչ է։

Բարկացող հուսահատներուն,
Վերքերը անփարատներուն,
Երկմիտ թերահավատներուն
Խելքերն անկատար չէ՝ ինչ է։

Չունեցող վարժապետ ազգը,
Սեր չունի իրա հետ ազգը,
Անօգնական անպետ ազգը
Անհովիվ ոչխար չէ՝ ինչ է։

Ջիվանի, հանճար չգիտցող,
Ապրելու հնար չգիտցող,
Պանդուխտ, ճանապարհ չգիտցող
Զինվորը շվար չէ՝ ինչ է։

1870

[ էջ 517 ]

ԿԵՂԾ ԸՆԿԵՐ

Լայն օրերուս ուրախացող, կեղծ ընկեր,
Այժմ նեղն եմ ընկել, արի, ո՞ւրտեղ ես,
Պատառներուս կտորներու շատակեր,
Մեծը քեզ եմ տվել, արի, ո՞ւրտեղ ես։

Երբ ունեի փայլուն մետաղ բավական,
Ինձ կասեիր, «չկա մարդ քեզի նման»,
Քու ձեռքովդ կազմում էիր ճոխ սեղան.
Ո՞ր անկյունն ե՛ս մտել, արի, ո՞ւրտեղ ես։

Քանի տունս հաց կար, չէիր պակասի,
Կուգայիր, կանչելու չէիր սպասի,
Ւմ ունեցած կարողությանս մասի
Շատը դու ես խլել, արի, ո՞ւրտեղ ես։

Ասում էիր, «մի վախենա փորձանքից,
Քեզ ավել կսիրեմ իմ բոլոր կյանքից...»,
Եթե հնարք ունես, փրկե վտանգից,
Վերջին օրս է հասել, արի, ո՞ւրտեղ ես։

Ջիվանը հասկացավ քո կեցությունը,
Հետազոտեց սրտիդ ամեն անկյունը,
Շողոքորթելով ծծում ես արյունը,
Արդյոք ո՞ւմ ես գտել, արի, ո՞ւրտեղ ես։

1888

[ էջ 518 ]

ԵՂԱԾ` ՉԵՂԱԾ ՄԵԿ ՀԱՇԻՎ Է

Ծույլ, անպիտան, անգործ մարդը
Եղած՝ չեղած — մեկ հաշիվ է.
Ինչպես անգույն, անհոտ վարդը,
Եղած՝ չեղած — մեկ հաշիվ է։

Ինչ պետք է թույլ գլխավորը,
Որ միակը ցնում է փորը,
Տգետ, մոլի կարգավորը,
Եղած՝ չեղած — մեկ հաշիվ է։

Լավ մարդու ոտացն է կացին,
Թե որ վատ է յուր դրացին,
Հորը համար անպետք որդին,
Եղած՝ չեղած — մեկ հաշիվ է։

Ինքն է յուր քսակի գողը,
Տանը վրա մաղող հողը.
Շռայլ մարդու համար փողը,
Եղած՝ չեղած — մեկ հաշիվ է:

Ներքինիին ինչ պետք է կին,
Շքեղ սեռից չունի բաժին.
Կույրի համար արև, լուսին,
Եղած՝ չեղած — մեկ հաշիվ է։

[ էջ 519 ]

Անասունին տուր գովասանք,
Նա ինչ գիտե այդպիսի կյանք.
Անզգամին պատիվ, հարգանք,
Եղած՝ չեղած — մեկ հաշիվ է։

Մոտ է այնպիսի կորուստը,
Չորս չափ կտավ և հագուստը.
Ժլատ, անօգուտ հարուստը,
Եղած՝ չեղած — մեկ հաշիվ է։

Կենդանի մարդուն է արժան,
Պատիվ, հարգանք, շքանշան.
Մեռած մարդու համար արձան,
Եղած՝ չեղած — մեկ հաշիվ է։

Խելոք, հմուտ գիտնականը,
Հիմքը ամուր կանե տանը.
Կիսատ-պռատ շինած բանը,
Եղած՝ չեղած — մեկ հաշիվ է:

Առողջ տղին տուր երիվար,
Որ թռչի երթա սարեսար.
Անոտ մարդուն հարթ ճանապարհ,
Եղած՝ չեղած - մեկ հաշիվ է։

Նրանք չունեն շնորհք ու շենք.
Գանգատվելն է նրանց օրենք.
Երկչոտներուն զրահ ու զենք,
Եղած՝ չեղած — մեկ հաշիվ է։

Կտրիճ ազգն է ինքնին հնոց,
Միշտ կարձակե կրակ ու բոց,
Փախչող զորքին բերդ ու ամրոց
Եղած՝ չեղած — մեկ հաշիվ է։

[ էջ 520 ]

Սկզբեն է հարկավոր ջանք,
Քանի որ հիվանդն ունի կյանք,
Հոգեվարքին դեղ ու դեղրանք,
Եղած՝ չեղած - մեկ հաշիվ է։

Խեղճին ինչ օգուտ իշխանը.
Որ չի հասնի նեղությանը.
Անտարբեր, պաղ ազգականը,
Եղած՝ չեղած — մեկ հաշիվ է։

Երբ որ տեղը գա ճշմարիտ,
Հարկավոր չէ լինել կրկիտ.
Զատկից հետո կարմիր հավկիթ,
Եղած՝ չեղած — մեկ հաշիվ է։

Ուրախության օրը հատուկ,
Կուրախանան ծեր ու մանուկ.
Հարասնիքից վերջը թմբուկ,
Եղած՝ չեղած — մեկ հաշիվ է։

Ջիվան, բարեսիրտն է հարմար
Լսել սիրով երգ ու քնար,
Չար ու դաժան մարդու համար,
Եղած՝ չեղած — մեկ հաշիվ է։

1880

[ էջ 521 ]

ԱԳԱՀ ՀԱՐՈՒՍՏ

Դուն այս աշխարհիցը ինչ պետք է տանիս,
Ագահ հարուստ, ժլատ հարուստ, չար հարուստ.
Որպես դաշտի ծաղիկ դու շուտով կանցանիս,
Վատ անունդ միշտ կմնա անկորուստ։

Թե այսպես Կրեսոս կար Հայաստան,
Ագահ, անկուշտ, նախանձ իժ օձի նման.
Ոչ աղքատ կսիրեր, ոչ ուսումնարան,
Ոչ տանը մեջ ուներ կատարյալ ապրուստ։

Թե խելք ունիս, արի խեղճերուն սիրե,
Առատասիրտ լինելը մեծ խնդիր է.
Ուսումնարաններուն գումար նվիրե,
Խեղճ սաներուն նույնպես մշտական հագուստ։

Այդ քո տված գանձդ ազգին որ կուտաս,
Կըաճի միշտ և կմնա անվնաս,
Ազգությունը քեզ կտոնե անպակաս,
Գովասանք կլսես անթիվ ամենուստ:

Թե Ջիվանուս լսես, ով մեծ ամիրա,
Շատ պատիվ կունենաս աշխարհի վրա,
Հոգիդ արքայության ժառանգ կդառնա,
Օրհնություններ դու կստանաս միշտ երկնուստ։

1880

[ էջ 522 ]

ԱՄԲՈԽԸ

Ամբոխի սուտ փայփայանքը,
Երես սևացնող մոծիր է.
Նրա տված գովասանքը,
Սառուցի վրայի գիր է։

Փսիաթը նուրբ կտավ է,
Վայրենի մարդկանց հալավ է,
Էշը նժույգ ձիուց լավ է,
Քանի որ իշու երկիր է։

Փայլողը հոմանի կինն է,
Ավազակը ամուսինն է,
Դարը լիրբ անամոթինն է,
Խեղճ մարդը հող ու մոխիր է։

Վաղանցուկ փառքը խաբեբա,
Շատի գլխին խաղ կըխաղա.
Արքան կուզե մեծ օգուտ տա,
Հռեսը վերջը գզիր է։

Ճաշակով մարդ ո՞ւր ամեն տեղ,
Որ ջոկե անհամ ու համեղ.
Երեխան կսիրե պղպեղ,
Քանի որ գույնը կարմիր է։

[ էջ 523 ]

ՆԿԱՏՈՂՈԻԹՅՈԻՆ

Բարոյական ճանապարհից շեղվողին,
Զրկող, տուն ավերող սրիկա տեսա,
Քննեցի յուր խղճիցը նեղվողին,
Պատժի ու վնասի ենթակա տեսա։

Նկատեցի անպարկեշտը անիրավ,
Խեղճ անձը ցոփության արել է գրավ,
Ով որ իզուր տեղը շատ երդում կերավ,
Ստախոս, անազնիվ, խաբեբա տեսա։

Ուշք դարձուցի անզգամի պատկերին,
Ոչ իրա համար է և ոչ ընկերին։
Օրերը անօգուտ անցուցած ծերին,
Նկատելով խելքը՝ երեխա տեսա։

Խենեշ ու պորտաբույծ երիտասարդը,
Զույգ ոտքով ընկել է մահվան թակարդը,
Ձեռնունա յն անարհեստ, խղճալի մարդը,
Հարուստներու դուռը միշտ ծառա տեսա:

Մեկը ելավ կեղծ մուրհակներ հնարեց,
Յուր դրացու դեմը որոգայթ լարեց,
Ով որ իրան իրավախոհ համարեց,
Հանցավորի պաշտպան՝ սուտ վկա տեսա:

[ էջ 524 ]

Ով իրան հռչակնց հասկացող արթուն,
Թմրած գտա նրան, ոչ թե զվարթուն,
Այլոց ձրի եղած զվարթուն մարդուն,
Ժլատ ու անողորմ հրեա տեսա։

Բախտավոր չի լինի ամեն երեխա
Ունենալ լավ ծնող, բարի ապագա,
Լավ կրթություն չառնողներուն համարյա
Մեծ մասը անպատկառ, անզգա տեսա։

Ինչ օգուտ ունենալ վիթխարի մարմին,
Հոգին պստիկ լինի, գործերը չնչին,
Մոլի, ուժեղ երիտասարդ կտրըճին,
Բանտը պառկած՝ ոտքերով, շղթա տեսա։

Երկինքը ամպամած, արևը խավար,
Մշուշով պատած է բլուր, դաշտ ու սար,
Գայլի ահից հոտը ընկած սար ու քար,
Բայց հովիվը քնած՝ բացակա տեսա։

Իզուր կփչանա տգետի ձիրքը,
Հոգու վրա տիրանալով չար կիրքը,
Խաժումուժ ամբոխի կարդալով գիրքը,
Անկապ, առանց մտքի՝ խորաթա տեսա։

Շռայլները իրանց անձը մատնել են
Իզուր տեղը քսակները հատնել են,
Խելառները ինչ աշխատել, վատնել են,
Խելացիների մոտ մամոնիա տեսա:

Ցուցամոլ, նմանող անձն է շատ ճկուն,
Ինչ տեսավ, կըհարի, կարծելով սիրուն,
Հագուստով ու ձևով մեր եվրոպացուն
Զարգացումով Միջին Ասիա տեսա։

[ էջ 525 ]

Դառն վիշտ է ճախարակի արածը,
Մանողի վրա է խոսում մանածը,
Սկզբեն մինչ այսօր չըտեսնվածը,
Իմ անբախտութենես ես հիմա տեսա։

Բախտը կարճատև է, թե քննես մոտիկ,
Խեղճ մարդուն կընծայե սիգաճեմ աղջիկ,
Արժանավորը՝ խեղճ, միշտ ապերջանիկ,
Անարժանը հարուստ ամիրա տեսա։

Մարդ կա ծառայում է օտարի շահին,
Քամիով յուր անձը տալիս է մահին,
Մաքրություն պահանջող առողջապահին,
Ամիսներով աղտոտ, անլվա տեսա։

Ջիվան, բարությունը կըհաղթե չարին,
Ինչպես լույսը հակառակ է խավարին,
Նա է տարել հաղթանակը աշխարհին,
Ում որ արիասիրտ, գործունյա տեսա։

1888

[ էջ 526 ]

ՀՊԱՐՏ ՀԱՐՈՒՍՏ

Պարոն հարուստ, ինչո՞ւ այդքան հպարտ ես,
Ունայն աշխարհի մեջ բաղձանքդ ի՞նչ է.
Վերջ ի վերջո դու էլ կյանքդ կավարտես,
Իզուր մտածմունքդ, տանջանքդ ի՞նչ է։

Փարթամացիր հին Դարեհին հավասար,
Օր կըգա չես գտնիր վերքիդ դեղ ու ճար.
Ոչ հոգուդ ես և ոչ մարմնուդ համար,
Ուրեմն, սիրելիս, զուր ջանքդ ի՞նչ է։

Թե մեղքի մեջ մեռար՝ մեծ ցավ է վերջը,
Գիտես, դատաստան կա, իրավ է, վերջը.
Երկուսիս էլ չորս չափ կտավ է վերջը,
Քու ինձանից ավել ապրանքդ ի՞նչ է։

Ջիվանս լավ գիտե, փառքդ մեկ ձև է,
Աշխարհումս շուտ անցավոր պարգև է.
Հարյուր տարի ապրիս մեծ մասը սև է,
Քու երջանիկ սեպած լավ կյանքդ ի՞նչ է:

1883

[ էջ 527 ]

ԱՆՀԱՎԱՆԸ

Անկիրթ մարդը յուր բանը չգիտնալով՝
Կատարյալի լավ վիճակին չի հավնի.
Իրան մեջը մեկ գիտության հուսալով՝
Վարժապետի օրինակին չի հավնի։

Կատվից կխնայի մեկ կտոր չոր հաց,
Ամեն օր ծեծ, կնոջ աչքերումը լաց.
Մեկ նոր հագուստ չունի՝ ողջ մարմինը բաց,
Մեծատանը ժամանակին չի հավնի։

Մեկ տուն ունի անլույս, խավար, կյանք մաշող,
Խնդությունից զրկող, ստամոքս խաշող,
Չորթանն ապուրի միշտ կարոտ քաշող՝
Արքայի մաքուր խորակին չի հավնի։

Բոլորովին թողած յուր գործը, բանը,
Փորն անոթի, բաց մնացած բերանը,
Հինգ հատ պղինձ դրամ չունի գրպանը,
Ոսկով լեցուն գանձանակին չի հավնի։

Ամեն մարդ երեսին կուտա արատը,
Չի մաքրվի, թե լողանա Եփրատը,
Արճճե մատանիք չունի յուր մատը՝
Սողոմոնի մատնու ակին չի հավնի։

[ էջ 528 ]

Երեսը՝ թարշամած վարդի տերև է,
Շրթունքներն անշնորհ, քիթը անձև է,
Գույնը գործելիից հինգպատիկ սև է,
Անշամանդաղ նոր լուսնակին չի հավնի:

Հարյուր կարկատանե վերարկուն ճերմակ,
Մկի նման որոնում է գաղտնի ծակ.
Գլխին խոտ կփաթաթե, չունի մեկ գդակ՝
Հին պապի արտախուրակին չի հավնի։

Վիզը ծուռ՝ կնայե ծեր ուղտի նման,
Իսկ Մարաց հովվի պես հանդերձն անարժան,
Ամեն մի ատամը մի մուրճ իսկական,
Մարգարիտ-բուստ-շարունակին չի հավնի։

Երկու հյուր շահելու մեկ սեղան չունի,
Թափառական մարդ է, օթևան չունի,
Կես կորեկ ցանելու անդաստան չունի,
Մեծ իշխանի ագարակին չի հավնի։

Որ տեսնի ստվերը, քարերից կգա,
Երկյուղից կլինի նա տակն ու վերա,
Հավի ագից տասը պտույտ կդառնա,
Նժույգ նստող շահատակին չի հավնի։

Կյանքը առողջ տարին բոլոր չի գտնի,
Հնության մեջ զբաղված՝ նոր չի գտնի՝
Հիվանդանա՝ թթու խնձոր չի գտնի,
Կայսերապատկան կամակին չի հավնի։

Մեկ ուղիղ խրատիչ բարեկամ չունի,
Միշտ օրերը տխուր, ուրախ ժամ չունի,
Իր տանը վառելու մարխ անգամ չունի,
Ուրիշների աշտանակին չի հավնի։

[ էջ 529 ]

Գլուխը ազատ չէ ցավից, վտանգից,
Ողջ մարմնո վերա հագած պատանքից՝
Նոր մեկ ոխալ բան է հաներ յուր հանգից,
Հազարամյա հիշատակին չի հավնի։

Չի գիտեր կրոնը քրիստոնության,
Չի գիտեր անուշիկ լեզուն հայկական,
Այլ և այլ չար ոսոխ թշնամյաց նման,
Հայկ և Արամ, Արմենակին չի հավնի։

Յուր տգիտությանը աշխարհն է վկա,
Կձևանա բարձր, մեծ փիլիսոփա,
Յուր փորիցը այբի կտոր դուրս չի գա,
«Մեղվին», «Փորձին» և «Մշակին» չի հավնի։

Թող չձանձրանա իմ քաջ բարեկամը,
Որ ես շատ հիշեցի այս անզգամը,
Վնաս չունի, թող քիչ վաճառե ժամը,
Ջիվան, ով քու նպատակին չի հավնի։

1869-77

[ էջ 530 ]

ԵՐԳ

Հայի մոտ հայ է, թուրքի մոտը թուրք,
Բախտախնդիր, քծնող, հացկատակ մարդը.
Ոչ մի հաստատության նա չի տալիս տուրք,
Ձրիակեր ցեց է այդ տեսակ մարդը։

Աչք կտնկե երկրագործի արորին,
Խլում է գեղջուկի եզը և ջորին.
Գռում, գռփում, կողոպտում է անզորին,
Ջոկ պարապմունք չունի ավազակ մարդը։

Ջիվան, միմոսի պես միշտ անում է խաղ.
Երկու երեսանի արուէգ ճիվաղ,
Ծնվածին օրորոց, մեռածին դագաղ
Պատրաստ է լինելու երկգունակ մարդը։

1904

[ էջ 531 ]

ԱՐԾԱԹ

Սխալ է այն մարդը որ քեզի կատե,
Շատ հարկավոր բան ես, գեղեցիկ արծաթ,
Բոլոր աշխարհի մեջ հարգողդ շատ է,
Իրավ հարգելի ես, խատուտիկ արծաթ։

Իմ ազգիս գրպանեն եղիր անպակաս,
Ներկա թե ապագա չես մեզի վնաս,
Թշվառին, տրտումին ցնծություն կուտաս,
Քեզանով կլինեն երջանիկ, արծաթ։

Շատերը քեզ համար չունին հանգիստ քուն,
Քո սիրույդ ման կուգան թողած տեղ ու տուն,
Ինչ մարդու սնդուկը լիքը եղար դուն,
Նա է մարդկանց միջին անդրանիկ, արծաթ։

Երեսդ շատ տաք է, հարգելի մետաղ,
Ախ, թե ունենայի քեզնից քանիմ մաղ
Մեծ բախտավորություն կստանայի վաղ,
Կտայի ամենին ավետիք, արծաթ։

Թեև անիրավ ես գիտեմ, մամոնա,
Բայց մարդ պետք է քեզի բարեկամ մնա,
Իմաստունն էլ թե քեզանից չունենա,
Չի կարող ձեռք բերել լոկ հացիկ, արծաթ։

[ էջ 532 ]

Համդ չառնողներուն լեղի ես, դառն ես,
Աղքատներու համար հեռի ես, սառն ես,
Առանց պատերազմի քաղաք, բերդ կառնես,
Որքան էլ որ լինի անառիկ, արծաթ։

Կա մարդ քեզ կսիրե յուր հոգու նման,
Սիրույդ զոհ լինելով կերթա գերեզման,
Շատերը քեզ համար կելլեն կախաղան,
Ոմանց էլ կբերես սև զատիկ, արծաթ։

Կռապաշտները քեզ դրին կարգը դից,
Եղար Արամազդին հատուկ ուխտակից,
Եբրայեցվոց ազգը, բոլոր ազգերից
Քեզ ավել կսիրե հինգապատիկ, արծաթ։

Հոգին ես, դու կյանքն ես ագահ ժլատին,
Օհ, թե թոռիդ թոռն էլ երթար աղքատին.
Երկու սեռն էլ քեզի համար կաշխատին,
Թե տղա է եղել, թե աղջիկ, արծաթ։

Հուդան քեզ սիրելով հետևավ չարին,
Արյան գինը դարձար սուրբ կենարարին.
Զինվորեն սկսած մինչ նախարարին,
Դուն ես մշտահասույթ և ռոճիկ, արծաթ։

Թե ճգնավոր լինի, թե սրբակյաց կույս,
Նրանց մեջն էլ քեզի դնող կլնի հույս,
Համրին լեզու կուտաս, կույրին աչքի լույս,
Զորությունդ շատ է, անուշիկ արծաթ։

Կեցցե քեզի գտնող այն հանճարեղը,
Սիրույդ կգրավվի ամենագեղը,
Բոլոր պարագայով մարդկային ցեղը՝
Եղել է դիմացդ խաղալիք, արծաթ։

[ էջ 533 ]

Նախ ասի, անպետք չես դու, պատվական ես,
Զորությունդ շատ ու քիչ կբաժանես,
Որին Անանյանց ու Միրզայանց կանես,
Որին էլ կթողնես փերեզիկ, արծաթ։

Այլոց մոտ անհամար, ինծի մոտ սակավ,
Երբեմն գլխաբաց, բոբիկ անհալավ,
Ահա երեսունը վեց տարիս չբացավ,
Չտեսա մի փոքր արկղիկ արծաթ։

Ունեցել եմ քեզ ճարելու նպատակ,
Շատ ցավերդ եմ քաշել պատվույդ փոխանակ,
Ջիվանն եմ, գովեստիս դեմը հակառակ,
Դու ինծի ատեցիր շատ սաստիկ, արծաթ։

[ էջ 534 ]

ՊԱՏԱՀՄՈՒՆՔ

Արջն անտառից խռով է,
Անտառի համար ոչինչ,
Ողջ աշխարհը փնովի,
Ցանցառի համար ոչինչ։

Խելացին լավ կմնա,
Բայց հիմարին չափ չկա,
Էշը անպայտ ման կուգա,
Պայտարի համար ոչինչ։

Այնպես մարդ կա, ասածը,
Չի հասկանում խոսածը,
Վատ օր տեսած-լսածը
Թշվառի համար ոչինչ։

Մարդիկ կան, որ գիրանան,
Կըցնդին եզի նման,
Իրանց գլխին հող կուտան,
Խելառի համար ոչինչ։

[ էջ 535 ]

* * *

Ունևոր ազգակից, քու սրտիդ նման,
Աղքատի սրտում էլ առյուծ կա պառկած.
Ի՞նչ արած, որ դու կազմում ես ճոխ սեղան,
Աղքատը ման կուգա տկլոր ու սոված։

Բախտն ու հանգամանքը քեզ շատ են օգնել,
Գանձիդ համա՛ր պատիվ կուտան առավել.
Աղքատն էլ քեզ նման մորից է ծնվել,
Երկուսիդ էլ մա՛րդ է ստեղծել աստված։

Դու իզուր ես փքվում, հարուստ բարեկամ,
Մի բան չկա հավերժ, կայուն, անթառամ,
Աշխարհ է, աղքատը կըդառնա փարթամ.
Դու կաղքատանաս, ունեցիր կասկած։

Շատերն են ունեցել փողի մեծ գումար,
Կորցրել են, մնացել են ապիկար,
Քու հարստությունդ չի տևիլ երկար,
Դու չես համեստ, բարի, երկյուղած։

1904

[ էջ 536 ]

ԺԱՄԱՆԱԿԻՑ ԲԱՐՔԵՐԻՑ

Մեր աշխարհի դրությունը ինչո՞ւ այսպես վատացավ
Անմաքրության գարշահոտ պտուղը խիստ առատացավ.
Բռնակալ, անմարդասեր անխիղճ ագահի ձեռքիցը
Առատասիրտ ողորմածը կզկըթավ, աղքատացավ։

Կարելի է թե փոխվել ենք, մենք կրում ենք ջոկ արյուն,
Արդարության շինության մեջ մեղքն է դրել հիմք ու սյուն.
Համեստությունը վերացավ, տեղը եկավ ցոփություն,
Նրա համար մարդկության մեջ հոգսն ու ցավը շատացավ։

Քաշվել են ետ, Ջիվանի, հսկա ուժեղ պարթևները,
Հիմա մեծ դեր են խաղում, թզուկները, թեթևները.
Աֆրոդիտյան թագուհին բաժանում է պարգևները,
Սրբության վեհանձնուհին նվեր չի տալ՝ ժլատացավ։

1897

[ էջ 537 ]

ԱՇԽԱՐՀ

Օհ, օհ, արարիչ, աշխարհը խաբեբա է դարձել,
Ուխտը ուրացող, տերը ատող՝ Հուդա է դարձել,
Կարծես վերացել է հողային գնդիցը ամբողջ,
Ճշմարտությունը կեղծ ստության ծառա է դարձել։

Ինչպես Սողոմոնը հիշել է իր առակի միջով,
Խղճուկ քաղաքիս դատավորը տղա է դարձել,
Լսել է գյուղի տանուտիրոջ վրայի լույսը,
Եվ հաստատել է յուր մշակը — վկա է դարձել։

Երեկ մյուս օրը սարերում անգործ թափառողը
Մարդկանց քարոզիչ, ծայրագույն աբեղա է դարձել,
Ով որ ժամագիրքը, սաղմոսր լավ բերան է արել
Չորս ճեբ1 տվել է, գյուղերում քահանա է դարձել։

Որդին թողել է հորն ու մորը խեղճ ու մոլորված,
Օտարի մոտը գնալով տնփեսա է դարձել,
Չէ, չէ, Ջիվանի, բավական է խաբվեցար այդքան,
Գիտցածդ հրեշտակն հիմա սատանա է դարձել։

1889

-----------------------------------

1. Չորս ճեն, այսինքն՝ չորս հարյուր ռուբլի (կաշառք)։

[ էջ 538 ]

ԴԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ

Հարուստը կերթա ման գալու,
Կառքը հասարակն է տանում.
Աղքատը բան չունի տալու,
Բայց ցավը միջակն է տանում:

Շենը տիրացել է բախտի,
Ոսկի, արծաթ, կալվածք ունի.
Աղքատն էլ մուրալով կապրի,
Մեծ բեռը մշակն է տանում։

Զորապետը ունի պաշտպան,
Այրուձի բազում զորական.
Գնդակը դիպչում է նրան,
Ով որ դրոշակն է տանում:

Նավապետինն է համբավը,
Նավաստին է վարում նավը.
Հորը բոլոր հոգս ու ցավը
Աշխատող զավակն է տանում

1902

[ էջ 539 ]

ԻՆՉ ՈՐ ՉՈԻՆԻՄ

Անզուգական տաղանդ և գերազանց խելք,
Բարձր ուսում, հանճար ես ունենայի.
Ով կարող էր դառնալ իմ գործին արգելք,
Քաղցր լեզու, ճարտար ես ունենայի։

Ավարտած դուրս գայի համալսարանից,
Մկրտված գիտության սուրբ ավազանից.
Գիտունները պատկառեին ինձանից,
Շատ վսեմ գաղափար ես ունենայի։

Սկսեի մեծ օգուտ տալ մարդկության,
Ընկածին, տկարին լինեի պաշտպան.
Դառնայի պերճախոս, հմուտ պատմաբան,
Գրվածներ շարե-շար ես ունենայի։

Չկամենար աստված շուտով կյանքիս մահ,
Ուսմանս պտուղը լիներ բազմաշահ.
Աշակերտներս դառնային մեկ-մեկ շահ,
Ամեն տեղ վառ դամբար ես ունենայի։

Բանայի գործարան բանուկ գերազանց,
Արհեստ, խրատ տայի պարապ խեղճ մարդկանց,
Ոսկին ու արծաթը գային ինքն իրանց,
Ամեն միջոց հնար ես ունենայի։

[ էջ 540 ]

Օրերս անցնեին անցավ, գեղեցիկ,
Պալատի պես տան մեջ ուրախ երջանիկ.
Յոթը արու զավակ, մեկ համեստ աղջիկ,
Պարկեշտ կին տնարար, ես ունենայի։

Բախտս նժույգի պես կայտռեր ու խաղար,
Բարեկամս հրճվեր, թշնամիս դողար,
Հարյուր նավս ծովերու մեջը լողար.
Մեկ խելոք նավավար ես ունենայի։

Բարեխառն կլիմայում իմ տեղը
Լիներ, որ բազմանար, ծաղկեր իմ ցեղը.
Ձմեռը քաղաքը, ամառը գեղը
Ապրելու ուժ ու ճար ես ունենայի։

Ձիերի ջոկատներ կերպ-կերպ բազմազան,
Կովերի նախիրներ, բոլորը կթան.
Շատ զույգ լծու եզներ, գոմեշ չորս գութան,
Վարելու դաշտ ու սար ես ունենայի։

Հովիվներս մեկ-մեկ կտրիճ աժդահակ,
Ուսերուն հրացան, ձեռքերուն մահակ.
Գույներովը կարմիր ու սև սպիտակ,
Հինգ-տասը հոտ ոչխար ես ունենայի։

Որդուս մեկը լիներ հմուտ պատմաբան,
Մեկը՝ գյուղատնտես, մեկը՝ բուսաբան.
Մեկն էլ բժիշկ դառնար, բանար դեղարան,
Գործիչներ ինքնահոժար ես ունենայի։

Շանս չորս բոլորը պարսպով պատած,
Պտղատու ծառերով, ծաղկով զարդարված,
Մեջտեղումն էլ մի լավ շատրվան շինած,
Ջրաբաշխ զովարար ես ունենայի։

[ էջ 541 ]

Յոթը որդոցս հետ, յոթն էլ նոր հարսունք,
Պարտեզում ման գային, տայի իրավունք.
Առավոտ, երեկո երգեին թռչունք,
Քաղցր երգ ու քնար ես ունենայի։

Անխտիր ողջ մարդկանց ցանկայի բարիք,
Ոչ մի անհատ ինձնից չտեսներ չարիք.
Ունեցածս վայելեի շատ տարիք,
Առանց ցավ կյանք երկար ես ունենայի։

Օգուտ տայի թե օտարաց, թե հայոց,
Սարքեի զանազան տեղեր որբանոց.
Ամեն մեկ գյուղի մեջը բանայի վարժոց,
Ուսուցիչներ հարմար ես ունենայի։

Քահանան զարգացած, պատվավոր հարգի,
Ժողովրդի մեջը քարոզեր ձրի.
Շինել տայի մի նոր, լավ եկեղեցի,
Մեկ փառավոր տաճար ես ունենայի։

Որդոցս հետ մեկտեղ սեղանի վրա,
Խայտայի, ցնծայի որպես մի արքա.
Կեր ու խումս առատ լիներ անխնա,
Անուշ գինի, նեկտար ես ունենայի։

Ւղձերս կատարվեր, պարտքերս տայի,
Ոչ մի մարդու պարտական չմնայի.
Երբ որ տերը կանչեր, երկինք գնայի,
Հարթըված ճանապարհ ես ունենայի։

Ջիվանս լինեի աստվածահաճո,
Հավատով ջերմեռանդ և հեզաբարո,
Անհետ չկորչեի մահիցս հետո,
Վրաս նշան մեկ քար ես ունենայի։

1900

[ էջ 542 ]

ՄԵԿԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հույս դրի կարողության,
Խենթը առա կնության,
Կարողությունը գնաց,
Խենթը մնաց անբաժան։

Դարձավ մեկ թունավոր իժ,
Ծոցս մտավ ինչպես գիժ,
Բերած օժիտը մաշվեց,
Ինքը մնաց ինձ պատիժ։

Փողը կարծեցի ես կյանք.
Ոչ թե կինը սփոփանք,
Կուրացա փողի համար,
Իմ գլխիս բերի փորձանք։

Իբր թե ես կին առա,
Ոչ թե կին՝ պատիժ գտա,
Մինչև ի մահ նրանից,
Երբեք ազատվել չըկա։

Ինքս եմ արել սա հաստատ,
Ոչ ոքից չունիմ գանգատ.
Ինձ տեսնելով քեզ խղճա,
Նոր կին ուզող, քեզ խրատ։

[ էջ 543 ]

Աչքդ բաց արա, որդի,
Մի հավատալ ոչ ոքի.
Փող մի ընտրիլ, կին ընտրե,
Որ քեզի տա նոր հոգի։

Թե չըլսես իմ խոսքիս,
Փողի ետևը ընկնիս,
Դժոխքի վառ կրակում,
Վերջդ ինձ պես կլինիս։

1897

[ էջ 544 ]

ՀԵԳՆՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ է ամեն ժամ տան համար կէրվիս,
Այլոց տոմսն էլ օթևան չէ՞ քեզի,
Ինչո՞ւ անբախտության մեջը դեգերվիս,
Դատարկ հույսն էլ մեկ ապաստան չէ՞ քեզի։

Հաշիվ չի՛ լինի ապրանքդ համարով,
Մտքեդ կանցնի հարյուրներով, հազարով,
Երևակայության բերած պաշարով,
Քամիով լի շտեմարան չէ՞ քեզի:

Կըաշխատիս, դեռ մանուկ ես, պատանի՛ ,
Շատ կա տվող ծնողացդ երանի,
Անունդ մեծ, ջեպդ դատարկ, Ջիվանի՛,
Ապրի՛ս ասելը բավական չէ՞ քեզի՛:

[ էջ 545 ]

ԴԻՄԱԿԱՎՈՐՆԵՐ

Դու առյուծ չես եղել, կատու ես եղել,
Մկների՛ սիրահար, քեզ էլ իմացանք.
Զուր տեղը ուժեղի պատիվ են տվել,
Տկարներուց տկար, քեզ էլ իմացանք։

Ծովի ալիքները քցել են լավ տեղ,
Շրջանն է դարձրել քու գույնդ շքեղ,
Դու չես կարող լինել ադամանդի ցեղ,
Կոկվա՛ծ ավազաքար, քեզ էլ իմացանք։

Դիմակդ վեր առան, երեսդ բացին,
Գիտունները ինչ լինելդ զգացին.
Գրվածքներդ քրքրեցին, կարդացին,
Խե՜ղճ միամիտ տխմար, քեզ էլ իմացանք։

Կաթիդ, բրդիդ համար տալիս են պատիվ,
Քաղցր միսդ վաճառում են անհաշիվ,
Դուն ապրում ես հովվի, գամբռի շնորհիվ,
Խղճո՛ւկ վախկոտ ոչխար, քեզ էլ իմացանք։

Հարստության կողմից հռչակվել ես ծով,
Միլիոններու տեր, փարթամ ապահով.
Կեղծ վարկդ եղել է ուրիշի հաշվով,
Խաբեբա բարեբար, քեզ էլ իմացանք։

[ էջ 546 ]

Հագել ես հանդերձյալ աշխարհի հալավ,
Ստացել ես մարգարեի մեծ համբավ,
Մեղքի մեծը քու տակիցը դուրս եկավ,
Կարծըված սուրբ արդար, քեզ էլ իմացանք:

Քու նավաստիներդ առել են երես,
Չեն լսում խոսքերդ, անում են անտես,
Սուրբ ես, շատ բարի ես, բայց կարգապահ չես,
Ծերունի նավավար, քեզ էլ իմացանք:

Ջիվան, ստացել ես բավական հռչակ,
Մտքերդ տհաս են, խոսքերդ շատ խակ
Անուսում, գռեհիկ, գյուղացու զավակ,
Անշնորհք ապիկար, քեզ էլ իմացանք։

[ էջ 546 ]

ԽՐԱՏ ԱԳՌԱՎԻՆ

Տգեղ ագռավ, նոր փետուրներ գտնելով
Իզուր մի աշխատիր, սոխակ չես դառնալ:
Իբր թռչնակ, երամի մեջ մտնելով
Չես փոփոխվիլ, նույնն ես, տատրակ չես դառնալ:

Հանդերձը խելք չի տար, դարձյալ դու խև ես,
Ձայնդ տաղտկալի է, կերպով տձև ես,
Նրա ոտքերն է սև, դու ամբո՛ղջ սև ես,
Սիրամարգին անգամ մշակ չես դառնալ:

Թե ուզում ես հագիր լուսեղեն հալավ,
Ձայնդ քեզ մատնելով, ասում են ագռավ,
Կաղ ի կաղ քայլերով չես լինիր կաքավ,
Քեզ կըծաղրեն, լավ օրինակ չես դառնալ:

Դու ձմռան խոսնակ ես, հագիր տաք մուշտակ,
Խռպոտ ձայնով բարձրացուր աղաղակ.
Հոգիդ խարդախ, արդարության հակառակ,
Դևի սեռ ես, դու հրեշտակ չես դառնալ:

Ջիվանուս հետ կասեն թռչուններն համայն,
Սոխակի շնորհի՛վ ապրում ես միայն,
Ոչ նվագել ունիս և ոչ քաղցր ձայն.
Մեռնիս, տրաքիս, որ երգակ չես դառնալ:

1884

[ էջ 548 ]

ԱԿՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Գեղեցկությանդ չափ շնորհք չունիս դու,
Սիրուն ես, բայց զարգացած չես, ի՞նչ անեմ,
Պատկերով, հասակով աղու ես, աղու,
Քո արժանիքդ հասկացած չես, ի՞նչ անեմ:

Պարապ անցած օրերուդ չես ափսոսում,
Աչքերես ջրի տեղ արյուն է հոսում,
Միայն գեղեցկությանդ վրա՛ ես խոսում,
Ուրիշ բաներ իմացած չես, ի՞նչ անեմ:

Լավ է լինել տգեղ, չը լինել ծանծաղ,
Իմացիր ի՛նչ կասեմ, ով գեղածիծաղ,
Ես սիրում եմ կարդալ, դու սիրում ես խաղ,
Ուսումնարան գնացած չես, ի՞նչ անեմ:

Եկ, ընթանանք Ջիվանուս հետ միասին,
Մի աշխատիր իմ անվանս վնասին,
Որտեղ որ գրված կա հատուկ ձեր մասին,
Դու այն կարդացած չես, ի՞նչ անեմ:

[ էջ 549 ]

ԱՆՓՈՐՁԸ

Միամիտ ու անփորձ երիտասարդը
Կանանց միջից հաշմ ծերուկին հավանեց,
Թողեց բալասանը, մեխակը, վարդը,
Ծաղկոց մտավ՝ իշկաթնուկին հավանեց։

Միամիտը խաբվեց օձն առավ ծոցը,
Թունավորվեց, կրծքում բացվեցավ խոցը.
Անճաշակը մտավ բանջարանոցը,
Աղճըպանքին, խրխնտուկին հավանեց։

Ջիվանի, հովիվը չտեսած երկիր,
Խնձոր կարծեց, կերավ պղպեղը կարմիր.
Երեխային ասին միրգ ջոկե ընտիր,
Հոտած, փխրած ձմերուկին հավանեց:

1888

[ էջ 550 ]

ՀՈԳԻ ՈՐՍԱՑՈՂՆԵՐ

Մարդու և կնոջ մեջ որոմ ցանողը
Երկնքից աքսորված Բելիարն է մոլոր,
Մարդ ունեցող կնոջ ճամփուց հանողը
Եվային հանդիպող օձն է թունավոր։

Սուրբ գրոց խոսքերով ամեն այր ու կին
Ասված է, որ պիտի լինեն մեկ մարմին,
Սրբազան միության մեջ մտնող անձին
Ինձ հարցանեն՝ կախաղան է հարկավոր։

Համայնքի ցեց է մարդն անբարոյական.
Պետք է ընտանիքից վանել դուրս նորան.
Գնդակով սպանել որպես մի գազան,
Եվ դիակը անել մինչ հազար կտոր։

Ջիվանի, վատ հոգին վատ է յուր ցեղից,
Մաքրություն չի դուրս գալ անասնամեղից
Այդպես մարդը պիտ վերնա մեջտեղից
Շատին կվարակե որպես կեղտոտ բոր։

[ էջ 551 ]

ՄԵԾԲԵՐԱՆ ՄԱՐԴԸ

Մի մեծ քար շալակե, դու մեծ մի խոսիր,
Արք ու պատիվ չունի մեծբերան մարդը,
Հայրենական այս առածը լավ լսիր,
Աստիճանից կընկնի մեծբերան մարդը։

Ինչպես վտանգավոր մի կծոտող շուն,
Ոչ ոք չի ցանկանում, որ նա մտնի տուն,
Շրջանի մեջ կժառանգե լիրբ անուն,
Կըհամարվի լկտի մեծբերան մարդը։

Անկիրթ, անզուսպ, ցած ընտանիքի սան է,
Տանը ինչ որ սովորել է, ա՛յն կանե,
Չնչին բանի համար աղմուկ կըհանե,
Կռվի կըբռնվի մեծբերան մարդը։

Ջիվան, ատելի կըդառնա ամենին,
Դուրս կուտա ինչ խոսք որ հանդիպի բերնին
Կամ քարով, կամ փայտով կըխփեն գլխին,
Զուր տեղը կըմեռնի մեծբերան մարդը։

1907

[ էջ 552 ]

Ի՞ՆՉ ՀԱՅՐ ԵՍ ԴՈՒ

Երբ որ զավակներուդ չես կարող կրթել,
Ինձ ասա, բարեկամ, էլ ի՞նչ հայր ես դու
Մարդավայել սնունդ, ուսում չես տվել,
Չես մտածել անգամ, էլ ի՞նչ հայր ես դու:

Զավակներդ իրանք իրանց մեծացել,
Մարդկության շարքի մեջ մտել, զարգացել,
Մեկ օր նրանց ցավերը չես իմացել,
Մեկ խոսիր իմանամ, էլ ի՞նչ հայր ես դու:

Կուտ կերածդ տանը նայել չես բնավ,
Հավկիթը ուրիշ տեղ կածես, անմիտ հավ,
Աղջիկդ ճամփել ես մերկ, առանց հալավ,
Անօժիտ, անքրթամ, էլ ի՞նչ հայր ես դու:

Եթե աղքատ լինիս, մեղադրել չենք.
Կասենք չքավոր է, լուռ կմնանք մենք,
Ունիս, բայց որդույդ չես տալ, քաջ գիտենք,
Անգութ, ժլատ փարթամ, էլ ի՞նչ հայր ես դու:

Արդյոք միտքդ կուգա՞ շուկայից բերել,
Զավակներուդ մեկին մի բան նվիրել,
Նրանց մի օր չե՜ս գուրգուրել, չե՛ս սիրել,
Չես տվել հոտ ու համ, էլ ի՞նչ հայր ես դու:

[ էջ 553 ]

Գժին էլ կնիկ տաս, զավակ կունենա,
Բանն այս է, զավակին լավ կրթություն տա,
Դրսևը ման կուգաս, քու տունդ չե՛ս գա,
Դանդաղ ու ծույլ, տարտամ, էլ ի՞նչ հայր ես դու:

Անհամեստ կյանքի ցեց, հիմարից հիմար,
Քեզ կտափնե այդ կենցաղդ անկատար.
Օտարներու մասին ձրի խելագար,
Տունդ առանց դրամ, էլ ի՞նչ հայր ես դու:

Ջիվան, ուրիշներուն միշտ խրատ կուտաս,
Լավ է այդ խրատից քեզ էլ հանես մաս,
Անտուն, անտեր թափառական ման կուգաս
Քեզանից քեզ հարց տամ, էլ ի՞նչ հայր ես դու:

1904

[ էջ 554 ]

ՄԱՐԴԸ

Մարդուց ագահ ու չար կենդանի չկա,
Բոլոր կենդանյաց մեջ եզական է նա.
Կըլափե ամեն բան, կուտե անխնա,
Անկուշտ պահանջը մեծ օվկիան է նա։

Կընեղե ընկերին իրենից տկար,
Բանավոր տզրուկ է, կընճիթը երկար.
Միայն կըմտածե յուր օգտի համար,
Կլանող, շարժական գերեզման է նա։

Դու կըտեսնես պարկեշտ վերարկուի տակ
Կեղծ բարեպաշտ, դիմակավոր ավազակ.
Խիղճը կըբթանա կռվի ժամանակ,
Ահռելի ժանտաժուտ, մարդ-գազան է նա։

Ջիվան, մարդը պատվի ինչո՞վ արժան է,
Երբ որ համեստության շապիկը հանե.
Չորքոտանուց ստոր նա բաներ կանե,
Ափսոս հոգի ունի, բնական է նա։

1899

[ էջ 555 ]

ԶՐՊԱՐՏԻՉԸ

Անդադար վատ-վատ լուրեր հնարում է զրպարտիչը,
Մշտական շատցնելով տարածում է լսած քիչը,
Լավ բանի համար ամենևին չի շարժիլ տեղիցը,
Երբ լսեց մի վատություն, ձեռք կառնե աղտոտ գրիչը։

Քանի որ օգուտ չունինք, վնասներուն ի՞նչ ենք տալիք,
Վերցնե թող մեր միջից այդպեսները տեր փրկիչը,
Ժողովուրդը քաջ գիտե լավն ու վատը, չարն ու բարին,
Հուդայի դասն է դասում նա նենգավոր գեշ մատնիչը։

Ծառի պես մեր որդերը մեր միջից են, ո՞ւմ ինչ ասենք,
Մեր տանից է դուրս եկել մեր կյանքի ցեցը-կերիչը,
Այդպիսյաց խրատ տալը քահանայից պարտքն է հատուկ,
Ի՞նչ կարող է բան շինել Ջիվանու պես խեղճ երգիչը։

[ էջ 556 ]

ԾԵՓԱԾ ՊԱՏ

Շատ մի ուռիլ, մեծամտիլ ծեփած պատ,
Կտորներդ քարհանքից են դուրս եկած,
Թե չլիներ հմուտ վարպետ քարահատ,
Կըմնայիր հողի տակը ծածկված։

Քու կշտիդ խրճիթն էլ քեզի պես մինն է,
Քեզ սիրունացնողը չափը, կարկինն է,
Շնորհքը վարպետի ճարտար գրչինն է,
Որ դու այժմ այդպես բարձըր ես կանգնած։

Կարո՞ղ ես դիմանալ ջրին, կրակին,
Օդի բարկությանը, ահեղ կայծակին,
Մի ծաղրիր հին ձևով շինած տնակին,
Նրա հիմքը քուկեդ ամուր է դրված։

Միջինդ ավազ է մի հատ կիր չկա,
Գաղտնիքդ ե՛ս գիտեմ, մի հպարտանա,
Ո՛վ գիտե շատ շուտով հետքդ չերևա,
Տեսնում ենք քո տեղդ ջոկ տուն է շինված։

1908

[ էջ 557 ]

ԱՇԽԱՐՀ

Անխիղճ աշխարհ, էլ ինձ պետք չէ գութդ քու
Ես արդեն եղել եմ ցավիդ ենթակա.
Ինձ կիսամեռ-կմախք անելուց հետո,
Թքել եմ քու տված պարգևիդ վրա։

Տար քու այդ պարգևդ, տար ժլատին տուր.
Ագահ, աշխարհավեր անհավատին տուր.
Ինչքան ցավ ու չոռ կա տար աղքատին տուր.
Թող նա տրտմի, տխրի, դու հրճվի, ցնծա։

Չքավորը քեզ հարազատ որդի չէ,
Խորթ աչքով ես նայում, քեզ մոտ հարգի չէ,
Աղքատ մարդու հոգին կարծես հոգի չէ,
Քեզնից չէ գոյացել, քեզ համար չկա։

Ծով, ցամաք, դաշտ ու ձոր, լեռներ ահագին
Բաշխել ես բախտավոր մարդկանց գլխովին.
Աղքատ մարդուն իսկի չկա մաս բաժին.
Ոչ տուն ու տեղ, ոչ լոկ ապրուստ առօրյա։

Ջիվանս քեզանից կուշտ եմ բնական,
Ինձ հետ լավ չես վարվել բնավ հավիտյան,
Ում որ ցանկանում ես դարձյալ տուր նրան.
Թող քո ոմնեցածդ քու մոտը մնա։

1900

[ էջ 558 ]

ՏԻԿԻՆ

Ով դու ամբարտավան, դու անգութ տիկին,
Մինչև ե՞րբ անտեղի մարդկանց բեռ բառնաս.
Այդ ուժդ տվողը ետ կառնի կրկին,
Թույլ չի տա, որ դու խեղճերուն սպառնաս։

Միշտ երազ կմնա տեսած երազդ
Միայն քե՛զ պետք կուգա ձևած տարազդ,
Վերևից ցած կիջնես, կհատնի գազդ,
Օդապարիկի պես որքան համբառնաս։

Զիվանի, ջրերը գիտեն ցածրանալ,
Նավը ծովում միշտ հաջող չի ընթանալ,
Կայծ լինելուդ մասին մի՛ հպարտանալ,
Բոցդ կսպառվի, մոխիր կդառնաս։

[ էջ 559 ]

ԿԵՂԾԱՎՈՐ ԲԱՐԵԿԱՄԻՍ ՄԱՍԻՆ

Ոչ մի բանով ինձ չես օգնում,
Դու ո՞ր օրվա բարեկամն ես.
Նեղության մեջ ձեռ չես մեկնում,
Դու ո՞ր օրվա բարեկամն ես։

Մեռնիմ՝ մեռնելիս դու չես լա,
Հարսանիքիս պար չես խաղա,
Անունդ կա, գործդ չկա,
Դու ո՞ր օրվա բարեկամն ես։

Չգիտես իմ տանս ճամփան,
Ոչ էլ թաղը իմ կեցած տան,
Մի օր չես գա այցելության,
Դու ո՞ր օրվա բարեկամն ես։

Երբ դու կսկսես երևալ,
Դեմ կվազեմ ափալ-թափալ,
Քովես կանցնես բարև չես տալ.
Դու ո՞ր օրվա բարեկամն ես։

Անխղճմտանք դու անաստված,
Փարիսեցի, կեղծ-ամոթխած,
Չգիտես ո՞ղջ եմ, թե մեռած,
Դու ո՞ր օրվա բարեկամն ես։

[ էջ 560 ]

Դու հարուստ, կապրիս երջանիկ
Ես ման կուգամ ոտաբոբիկ,
Ինձ չես թողնում տանդ մոտիկ,
Դու ո՞ր օրվա բարեկամն ես։

Ուրագ ես, քո կողմն ես տաշում,
Դու հավասար լուծ չես քաշում,
Իզուր Ջիվանուն ես մաշում,
Դու ի՞նչ տեսակ բարեկամ ես։

1904

[ էջ 561 ]

ԸՆԿԵՐԱՏՅԱՑ

Սրտիդ չարությունը երեսիդ վերա
Հոգեբանը միշտ կարգում է, ով նախանձ.
Ասածիս ապացույց գործե՛րդ ահա,
Կենացդ մեջ միշտ եղել ես մարդախանձ։

Կմախքով լի փայլուն մեկ գերեզման ես,
Անհոգի ման գալող մարդու արձան ես,
Ամեն մի վատություն՝ ցածություն կանես,
Աշխարհումս միայն թե՝ տան քեզի գանձ։

Արտաքին տեսքովդ որպես մի սուրբ մարդ,
Պղտոր ջրում ձուկ կըորսաս, ունիս կարթ,
Կեղծավոր, մանկանենգ, խորամանկ, կախարդ,
Լեզուդ երկսայրի սուր, կրքերդ անսանձ։

Ջիվանուս հայտնի ես դու վաղուցվանից,
Դուրս ես եկել սաթայելյան շրջանից,
Բազում մարդիկ ձանձրացել են քեզանից,
Անտեղի շարունակ միշտ ունիս թախանձ։

[ էջ 562 ]

ԱՔԼՈՐ ԵՂԲԱՅՐ

Աքլոր եղբայր, ձանձրացուցիր դու մեզի,
Անտեղի, ամեն օր միշտ ճվալով սուր.
Հիմա ժամացույց կա, կարոտ չենք քեզի,
Գնա այսուհետև ուրիշ տեղ ձայն տուր:

Վերայիդ գույները շատ այլանդակ են,
Մինչ՝ Նոյից մնացած հին օրինակ են,
Թևիդ բմբուլները մեկ-մեկ նիզակ են,
Ոչ մի թռչուն ունի քեզ նման փետուր։

Է՛հ, շատ անճոռնի է ձայնդ, աքլոր ջան.
Դու չես կարող լինել երգիչ, երգաբան,
Քեզի պետք է մի գեղեցիկ հավարան,
Պատրաստել մինչև ի մահ քեզի կուտ ու ջուր։

Տեսակդ շատ հին է, նման չունիս, ոչ,
Մտել ու ելել ես ամեն մի խոռոչ.
Ոչ մի թռչուն չունի պոչիդ նման պոչ,
Կատարիդ պես կարմիր փունջ հերագանգուր:

Իմացա, ուզում ես, որ լինիս կաքավ,
Քայլերդ կըշինեն քեզի սև ագռավ,
Դու մեր հին աքլորն ես, թե վատ, թեկուզ լավ.
Պահել պետք է քեզի, տալ հին կերակուր։

[ էջ 563 ]

Սանտր ունիս գւխիդ վերա ահագին,
Հովնան մարգարեի հնացած դելփին,
Ջիվանս քաջ գիտե, դու ես հավածին,
Երբեմն էլ կլինիս հավագող ուրուր։

[ էջ 564 ]

ԴՈՒՊԵԻՏ

Իմ սիրուն, հագած հալավդ
Գեղեցկությանդ հարմար չէ,
Տարածվել է քո համբավդ,
Ավաղ, որ քեզի համար չէ։

Կորուսիր թանկ ժամանակդ,
Չճանաչելով վիճակդ,
Իմանում եմ նպատակդ,
Գաղափարդ գաղափար չէ։

Մի ձգեր այլոց գլխին քող.
Որ տեսնելու չըլինին կարող.
Չկա քո լուսիդ կարոտող,
Հիմա դարը շատ խավար չէ:

Քանի չէ իմացվել լուրըդ,
Տեղը դիր դաշույնդ, սուրըդ,
Քո կերցրած կերակուրդ
Ախորժակի օգտակար չէ:

Հայտնի չէ գործած դարանըդ,
Ո՞վ չի գիտեր ծուռ է բանըդ,
Չի համոզվիր ստությանդ,
Հոգիս, Ջիվանը հիմար չէ։

[ էջ 565 ]

ԻՄ ԳԻՐՔՍ

Կռան ամսագրի կրիտիկոսը
Կուրծքդ կռանել է, սիրելի գիրքս.
Հոմերոսն էլ ունի իր Զոյիլոսը,
Բանի տեղ մի դնիլ, քաջ եղիր, գիրքս։

Շարունակե դու քու ճամփովդ գնալ.
Ավետարան չե՛ս, որ լինես անսխալ.
Պառաված աղջիկ չես, տունը չես մնալ,
Ունիս հազարավոր ունկնդիր, գիրքս։

Որը պոետ, որը մեծ փիլիսոփա,
Բարձրամիտ են, աշուղի գիրք չե՛ն կարդա.
Ուսումնականներուց քեզ օգուտ չկա,
Հասարակ դասի մեջ մտիր դու, գիրքս:

Ջիվանու չոր այգու երգող սոխակն ես,
Տգեղ ես թե սիրուն, սրտիս տատրակն ես,
Իմ խելքիս, իմ հոգուս, մտքիս զավակն ես,
Ինձ համար գեղեցիկ, իմ ընտիր գիրքս:

1901

[ էջ 566 ]

ՏԳԵՏ

Գիշերի պես կանցկացնե յուր տիվը,
Տգետ մարդը շատ զգայուն չի լինի,
Անզգամը չի գիտեր յուր պատիվը,
Նրա մոտը բարի անուն չի լինի։

Սարերում մեծացած բռի իշխանը
Չի հասկանա քաղաքական պայմանը.
Հարյուր տարի կրթես, անխելք անբանը,
Չըսպասես — նա իմաստուն չի լինի։

Ադամանդ չի լինի սև քարն անարժան,
Հազար գույն տաս՝ դարձյալ նա է անպիտան.
Գեղեցիկը գեղեցիկ է բնական,
Տգեղը հանդերձով սիրուն չի լինի։

Երբեք խորհուրդ մի տար մարդուն խաբեբա,
Միշտ որոնե ճշմարտորեն առարկա.
Ջիվան, հիմ մի ձգեր ավազի վրա,
Կասե տերը, թե այնտեղ տուն չի լինի։

1876

[ էջ 567 ]

ՂՈՇՄԱ

Գիտունը տգետի բանից չի ցավիր,
Խելագարի գործը հաշիվ չի լինիր.
Սիրահարը սիրականից չի ցավիր,
Սիրո ասպարեզը կռիվ չի լինիր։

Գիտության ճրագը հարաժամ վառ է,
Տգիտության վերջը մահ կպատճառե,
Ադամանդը հասկացողին վաճառե,
Տգետներու մոտը պատիվ չի լինիր։

Ամեն մարդ չի կարող լինել բախտավոր,
Թեկուզ լինի ճիշտ գահակալ թագավոր.
Պայազատը բնական է հարկավոր,
Հիմարը կարդալով՝ ազնիվ չի լինիր։

Ջիվան, զուր է ցուցամոլներու ջանքը,
Իրանց օգուտ չի տար զուր գովասանքը,
Մոտն է ձայնը, քայլքը, իր կերպարանքը,
Ագռավը գովվելով՝ արծիվ չի լինիր:

1870

[ էջ 568 ]

ԱՆՍԿԶԲՈՒՆՔ ՄԱՐԴԸ

Գետնառյուծին նմանություն շատ ունի
Անսկզբունք մարդը, դյուրահավանը,
Որովհետև հաստատ համոզմունք չունի,
Մարդ չի գիտեր, որն է աղոթարանը։

Անսկզբունք մարդը անապահով է,
Որովհետև ինքն իրանից խռով է,
Ում սայլին որ նստավ, նրան կգովե,
Ամենին գործիք է նրա բերանը։

Դյուրահավան մարդը, ինչպես երեխա,
Նրա սիրելին է, ով տվեց կակա,
Դեղ կերած ձկի պես ջրից դուրս կուգա,
Շուտով կընկնի յուր թշնամու ուռկանը:

Քանի որ ճանաչում չունի բնական,
Հաստատ գործի՝ խելքը չի պառկի նրան,
Հողմավար, անարմատ, չոր ցախի նման,
Կըչափչփե հողագնդի շրջանը։

Կատարած գործերն են թերի, ակամա,
Ինչու որ սրտումը հավատ, հույս չկա,
Հոմանու պես հազար մարդու խոսք կուտա,
Ոչ մեկին էլ չի լինի սիրեկանը։

[ էջ 569 ]

Խղճիցը տանջված ցավը շատ կապուտ,
Ստվերի պես կանցնին օրերն անօգուտ.
Շապկի պես փոխում է հավատը շուտ-շուտ,
Կորուցել է հոգու նշանարանը։

Ունի կեղծ ու պատիր շողոքորթ լեզու,
Խոսքերը անկապ են, չի խոսիլ ազդու,
Գրական օրենքը կարծելով շինծու,
Նրա հետ ջրում է և բնականը։

Այդպես մարդը գայթակղության քար է,
Բարություն չի զգա, խորհուրդը չար է,
Որովհետև չի հասկանա, հիմար է,
Յուր դեմ կգրգռե յուր հարևանը:

Մի բան կորցրածի նման անդադար,
Ման կգա աստ ու անդ, մոլոր ու շվար,
Յուր ունեցած վերքին չգտնելով ճար,
Քիչ կմնա բուկը ձգե պարանը։

Ուղիղ ճանապարհից շեղված, մոլորված,
Հոգին հիվանդ, տխուր, սիրտը մոլորված,
Խելքը քիչ կարճատես, մտքով պղտորված,
Մոռացել է նախնյաց չափը, սահմանը։

Այդպիսի մարդուն՝ մտքեն հանել է աստված
Պատվի աստիճանից գլորել է ցած.
Հարգված նավի պես ծովումն ընկղմած,
Խաղալիք է դարձել ալեկոծմանը։

Սուրբ գիրքը չի կարդալ, միտքն է անմաքուր,
Ղուռանից չի հուսար երբեք բարի լուր.
Փրկչի լույսից զրկված, հոգու աչքը կույր,
Ոչ բուդդան ճանաչե, ոչ բրահմանը1։

--------------------------------

1. Արևելքում նշանավոր կրոնների՝ բուդդայականության և բրահմայականության հիմնադիրներն են (ծան. հեղինակից):

[ էջ 570 ]

Վերևն ասինք, թե նա չունի սկզբունք,
Ով ինչ ասավ, նրան կուտա իրավունք,
Տարին նոր՝ կստանա մի նոր համոզմունք,
Սկսում է ստել անցյալ տարվանը։

Այսպես մարդոց թիվը շատացել է շատ,
Ոչ մի բանի, սրտով չեն կպչի հաստատ.
Փոփոխակի ծառ են, չեն ձգեր արմատ,
Ջուր տալով զզվել է խեղճ պարտիզպանը։

Ջիվան, ով էր տեսել այսպես ժամանակ,
Մարդիկ առանց գույնի և տարօրինակ,
Այնպեսներուն նա՛ կըվիժե անգիտակ,
Անհոգ, աներկյուղած ուսումնարանը։

1883

[ էջ 571 ]

ԱՊԵՐԱԽՏ

Չարասիրտ, նախանձոտ մարդը ընկերին
Չի ուզեր, որ լինի ապահով, խաղաղ,
Եթե տեսնի մի նոր զարդը ընկերին,
Ամբողջ տարով նա կմնա անծիծաղ։

Այսպես մարդը միշտ կըքաշե դեպ իրան,
Ւրա կողմն է տաշում ուրագի նման.
Եթե յուր ընկերին մի չնչին բան տան,
Ինչո՞ւ ինձ չտվին, կասե, շատ ավաղ։

Սա յուր վատ կրքերի դարձել է գերին,
Ոչ զավակ կսիրե և ոչ ամուսին,
Թեև մարդ է, սորան կասեն մարդածին,
Մի շան չափ էլ չի ճանաչել հաց ու աղ։

Ջիվան, բարի մարդկանց մոտ սա հետին է,
Անունով ստվեր է, գործով չնչին է,
Այսպես մարդը հոգի չունի, մարմին է,
Վաղուց խիղճը մեռած՝ մտած է դագաղ։

1878

[ էջ 572 ]

ՑԱՎ ՉԷ ԻՆՁ

Չարախնդաց, չար մարդիկը թող վերջանան, ցավ չէ ինձ,
Թող կորչին բոլորովին, անհետանան, ցավ չէ ինձ.
Աշխարհավեր, անիրավ, անխիղճները կերուկ ցավ են,
Սուրբ օրենքի զորությամբ մեռնին, չքանան, ցավ չէ ինձ։

Բռնակալ, արյուն քամող, տզրուկի պես հարուստները
Վաղահաս կործանումով աղքատ կըմնան, ցավ չէ ինձ,
Չըխրատվող, ծնողաց զայրացնող զավակները,
Տաժանակիր բանտերում աքսոր կգնան, ցավ չէ ինձ։

Ժողովուրդը բարության ճանապարհից շեղողները
Տարվա մեջ տասը հատը եթե մահանա, ցավ չէ ինձ,
Բարոյապես ընկնելու վրա են, ափսոս, հայերը,
Ինքն իրանց կորստյան ճամփան կբանան, ցավ չէ ինձ։

1887

[ էջ 573 ]

ԽԱՉԱՏՈԻՐ ԿՆՏԵՂՅԱՆՑԻ ՍԻՐԱԾ ԵՐԳԸ

Տգետ բամբասողները անծանոթ լուր կսպասեն,
Կամ ֆարմասոն, կամ լոթրան՝ պատրաստ են, որ քեզ ասեն,
Ողջ այնպիսի մարդիկը խելքերիցը պակաս են,
Իրանց փորը անոթի, ուրիշին կալ կըկասեն։

Կռիվ տեսնին կըցնծան, մատներն իրար կըքսեն,
Ուզում են այնտեղից էլ մի քանի լուրեր լսեն.
Ուրիշներին որկրամոլ, հավատից դառած կասեն,
Ողջ մարդկանց միսը կուտեն, գիտեն թե մաքուր պաս են:

Ճշմարիտ խոսողները նրանց գերի են դառել,
Ազգությունից հեռացած, կարծես վերի են դառել,
Հավատից գայթակղված, հատուկ թերի են դառել.
Վերոհիշյալ մարդիկը մեր ազգին շատ վնաս են։

Ջիվան, հառաջ մի խաղար, քար կըխփեն քո թևին,
Սրանք այնպես մարդիկ են, խավար կասեն արևին.
Արդարությունը ի՞նչ է, չեն գիտեր ամենևին,
Բարության միշտ հակառակ, չարության մակարդ-մաս են:

1870

[ էջ 574 ]

ԴԻՎԱՆԻ

Փոփոխամիտ–մարդու համար լացն ու խնդալը մեկ է,
Թերի է գործի գնում, գնալն ու մնալը մեկ է.
Ճշմարիտ, հաստատամիտ մարդը կըպահե խոսքը սուրբ
Դյուրահավանի փտած խոսք տալն ու զղջալը մեկ է։

Եթե երեսին էլ թքես պետքը չէ խայտառակին,
Ձայն չի հանում, ծիծաղում է, նայում է յուր վաստակին,
Ամենայն մի ցած միջոցով հասնում է նպատակին,
Պատվազուրկի աչքերուն անկալն ու ժուժկալը, մեկ է:

Առածը կարդարանա, երթ որ տեղը կուգա նրան,—
Ձրիակեր խևիկը շատ սիրահար է հարսնետան,
Քաղցած իշուն գարու հորը դրախտ է եդեմական
Հոգին այնտեղ տալ կուզե, ննջելն ու ժաժ գալը մեկ է:

Չըհավատաս, Ջիվանի, նրա տված խոսքը սուտ է,
Սնապարծի շինած տունը հիմք չունի, շատ խախուտ է,
Վազի էլ զուր, կանգնի էլ զուր, տիրոջը անօգուտ է,
Որս չը բռնող բարակի կաղալն ու խաղալը մեկ է:

1901

[ էջ 575 ]

ԾԱՂԻԿ

Գարունդ անցել է աշնան պտոււղ ես,
Բայց նոր ես երևում, դեռ լավ ես, ծաղիկ,
Միամիտն հենց գիտե գարնան պտուղ է,
Չէ հասկացել ներկած կտավ ես, ծաղիկ:

Պարտիզպանը միշտ մոտդ հարկավոր է,
Որ քեզ հսկե, բնությանդ սովոր է,
Թեև գույնդ լավ է, տերևդ չոր է,
Ձեռք դիպավ, կըփշրիս, պառավ ես, ծաղիկ:

Թարմությունդ վաճառել ես, սն երես,
Ի՞նչպես քեզի առնեմ, սրտով սիրեմ ես,
Ինձ ասում ես վարդն եմ, բայց դու վարդը չես,
Հոտ չունիս, առնողիդ մեծ ցավ ես, ծաղիկ։

[ էջ 576 ]

ՍԵՎ ՆԱԽԱՆՁ

Չկամ, մաղձոտ սրտից ծնած օձաձև,
Լույսին խավար ասել տվող, սև նախանձ,
Հոգիդ սև է և քու կերպարանքդ սև,
Բուստին ձավար ասել տվող, սև նախանձ:

Անգութ, անզգա ես, քու խիղճդ մեռած,
Անստվեր մարմին ես, անկյունում ընկած,
Լեզուդ թունավոր է, և սիրտդ նեխված,
Մարդուն տավար ասել տվող, սև նախանձ։

Ջիվան, նախանձ մարդը չի լինի ուրախ,
Նրա կերած հացն է արյուն ու թարախ,
Ազնիվ հանքաբանին դարձնող խարդախ,
Ոսկուն կապար ասել տվող, սև նախանձ։

1890

[ էջ 577 ]

ԴՐԱՑԻ

Այդ ի՞նչուց է, դու հարուստ ես, ես աղքատ,
Երկուսս էլ մեկ տեսակ մարդ ենք, դրացի,
Տեսնում եմ ինձանից դու խելք չունիս շատ,
Բռնանում ես, ինձ տալիս ես աքացի։

Ցանցեր պատրաստելու դերձան ես մանել,
Թռչունի պես կուզես մեզ բնից հանել.
Դու մեր մեջը ատելություն մի ցանել,
Մենք վաղուց եղբայր ենք հայ ու վրացի։

Հացս կդարձնես արյուն ու թարախ,
Թույլ չես տա որ ապրեմ իբրև մարդ անկախ,
Տարբերությունն այս է՝ ես պարզ, դու խարդախ.
Դու եվրոպացի ես, ես՝ ասիացի։

Ջիվանին զրո է քեզ մոտ գլխովին,
Մարդու տեղ չես դնիլ ինձ բոլորովին,
Մի կտրեր պտուկը կաթնատու կովին,
Գյուղն է քեզ կյանք տալիս, ով քաղաքացի։

1905

[ էջ 578 ]

ՄԻ ՄԱՐԴ

Ո՞ւմ ես խաբում, կեղծ քարոզիչ,
Ինչո՞ւ ես այլոց նախատում.
Այլոց լինում ես համոզիչ,
Քու խոսքիդ դու չես հավատում։

Սուտ զրույցներ հորինելդ,
Խարդախ կերպով բան շինելդ,
Խաբեբա ու կեղծ լինելդ
Բռնած գործերդ են հաստատում։

Երբ դու քեզի կըվնասես,
Այլոց համար պատուհաս ես.
Էլ ուրիշից ի՞նչ կսպասես,
Ինքդ քեզ չես գնահատում։

Ունիս ճարտար լեզու, բերան,
Խոսում ես կոկի՛կ բավական,
Ի՛նքդ գտիր ցավիդ դարման,
Օտարը ցավ չի փարատում։

Ջիվան, ընթացքդ վատ է,
Մտածիր, քեզ ու քեզ դատե,
Մեկը քե՛զ պետք է խրատե
Դուն ես ուրիշին խրատում։

1895

[ էջ 579 ]

ՍՏԱԽՈՍԸ

Ստախոսի ջրով փլավ եփողը
Փորը բան չի մտնիլ, քաղցած կմնա,
Նրա սուտ խոստումին հավատացողը
Բնավ չի բարձրանա, միշտ ցած կմնա։

Լուսնին հաչող շունը չի դառնալ որսկան,
Ոչ է՛լ քամի վռնդողը՝ դերասան,
Ստախոսը եթե լինի փաստաբան,
Պաշտպանվածը բանտում պառկած կմնա։

Ստախոսի տունը հրդեհ է ընկել,
Մարդ չի հավատացել, երբ լուր են տվել.
Ստախոսին ով որ ուզում է լսել,
Կըսխալվի, նա ետ ընկած կմնա:

Ջիվան, ստախոսն է ծով կրակողը,
Օդի հետ կռվողը, քամի թակողը,
Նրա տված հուսով մահ ճաշակողը
Հարություն չի առնի, մեռած կմնա:

1902

[ էջ 580 ]

ՊԱՏԻՎ ՎԱՍՏԱԿԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀ

Թե ուզում ես քեզ գիտնական անվանեն,
Եվրոպայի ձևով հալավ ունեցիր.
Թե կըցանկաս պատիվդ լավ պահպանեն,
Շինծու դիպլոմ, շինծու համբավ ունեցիր։

Ժողովրդի կամքը, բերանը շինե,
Չի հասկանալ, նորա համար այդ մին է,
Այն որ հիմա հաստ ու բարակ մի գին է,
Անվնաս է, խելք էլ սակավ ունեցիր։

Այնքա՛ն որ ունեցիր մի վկայական,
Կասեն, որ մտել ես դու համալսարան,
Վախենաս թե հազարներով քեզ չտա՞ն,
Հոգաբարձվաց հետը քեզ լավ ունեցիր։

1882

[ էջ 581 ]

ԱՇԽԱՐՀ

Կեղծավոր մայր ես դու, աշխարհ,
Մարդկանց չես նայում հավասար,
Որին կուտաս գանձ անհամար,
Որին չես տալ օրվա պաշար։

Աչառություն շատ ունիս դուն,
Երես չես տալ տկար մարդուն,
Որին կանես ճոխ մեծատուն,
Որին քաղցած աղքատ Ղազար:

Դու Ջիվանուն հակառակ կաս,
Գործին հասցնում ես վնաս.
Որոնց ինչ որ ուզեն՝ կուտաս,
Որոնց հետ վարվում ես վատթար։

1899

[ էջ 582 ]

ԾՈՎ

Ալիքներդ մեկ մեկ սար ես դարձրել,
Կատաղած ծով, արընկեր ծով, անգութ ծով.
Անխղճացել, սիրտդ քար ես դարձրել,
Կատաղած ծով, արընկեր ծով, անգութ ծով։

Հերիք չէ՞ լճերու ջրով արբենաս,
Գետեր ու աղբյուրներ խմես, գիրանաս.
Քիչ կմնա բոլոր ցամաքն էլ կուլ տաս,
Կատաղած ծով, արընկեր ծով, անգութ ծով։

Բաց ես արել մեծ բերանդ, որկորդ,
Ողջ աշխարհը կուզես լցնել քո փորդ,
Դարձյալ չեն կշտանալ Սոդոմ-Գոմորդ,
Կատաղած ծով, արընկեր ծով, անգութ ծով։

Դադարե գռփելուց, անկուշտ պռտկերես,
Տեղ կա՞, որ ինքդ մաս չունենաս, մեկ տես,
Հնար լինի երկնքին էլ կտիրես,
Կատաղած ծով, արընկեր ծով, անգութ ծով:

Հպարտ օվկիանոս, քեզ էլ վախճան կա,
Մի օր ոչ մի տեղից մեջդ ջուր չի գա,
Հանկարծ կցամաքես, այդ դու լավ զգա,
Կատաղած ծով, արընկեր ծով, անգութ ծով։

1900

[ էջ 583 ]

ՑԵՑԵՐ

Ցեցերը, թրթուրները չլինեյին պարտեզը,
Ծառերու արմատները չլիզեր հարալեզը,
Բախտախնդիր, հացկատակ, փոքրոգի մարդիկները
Երանի չմտնեին գիտության ասպարեզը։

Աղտեղի բնությունով մեղրի համը փոխելով,
Քանդում է մեղուի տունը՝ անպիտան մեկ բզեզը,
Խելոք թզուկը լավ է թեթևամիտ հսկայից,
Ինչո՞ւ է պետք անօգուտ բլուրը-մսադեզը։

Շատացել են գայլախեղդ, իշու նահատակները,
Հարգը կորսնցուցել է ճշմարիտ ողջակեզը,
Բարձրամիտ իմաստակը մի զրո էլ չէ այնտեղ,
Եթե գիտնա քննել նա գիտության քարտեզը։

Նոր հավերը մի տեսակ խատուտիկ հավկիթ կածեն,
Կարծես, ամեն մեկի մեջ բուն է դրել մողեսը,
Անհմուտ խոհարարի կերակուրը ուտելուց,
Ջիվան, լավ է ամեն ժամ վայելել վայրի սեզը։

1882

[ էջ 584 ]

ԱՆՄԻՏԸ

Սխալվեցա տեղիք տվի անմիտին,
Երես առավ, ելավ նստավ իմ ուսին.
Ես նրան իմ բարև տալս զղջացի,
Որովհետև շատ ու շատ ցավ զգացի.
Հետո դարձա ես ինձ ու ինձ ասացի —
Անմիտ մարդուն պատիվ զուր է գլխովին։

«Յուր չափը չճանաչողից հեռու կաց»,—
Ինձի ասավ մի պատվելի բանիմաց.
Անմիտ մարդը թե լինի էլ սրբակյաց,
Ի բա՛ց վանե դու քեզանից, միշտ ի բաց,
Նեղը ընկավ, մոտդ կանե լաց ու թաց,
Միտքը ա՛յլ է, մի խղճար ամենևին։

Անմիտ մեկին, եթե տվիր գովասան,
Մեծ մարդու տեղ նա կդնի ինքն իրան,
Կըսկըսե հպարտանալ բավական,
Ուռիլ՝ փքվիլ հնդու աքլորի նման,
Կեղծ գովեստը համարելով իսկական,
Կմոռանա դրությունը առաջին։

Նա սիրում է ակումբներում լինել շատ,
Այլոց գինին անչափ խմել, միշտ առատ.
Խոսելու մեջ չի՛ որոշել լավ ու վատ,

[ էջ 585 ]

Անմտածել վեր կըվարե անընդհատ.
Փեթակի մեջ, իշամեղվին համեմատ,
Կըվնասե բջիջները թանկագին։

Ջիվան, չմտածող մարդն է անզգա,
Կարծես մեջը ամոթ, պատկառանք չկա,
Թե որ մեկի տունը խնջույքի գնա,
Անպատճառ այն տանը մեկ վնաս կուտա,
Ով որ նրան հրավիրեց, կըզղջա,
Ուրտեղ մտավ, վեճ կըբանա ահագին։

1885

[ էջ 586 ]

ՆԱԽԱՆՁՈՏ ՍԻՐՏ

Կակաչի պես գույնդ կարմիր՝
Սիրտդ սև է նախանձոտ սիրտ.
Դրսից երևում ես ընտիր,
Հոգիդ դև է, նախանձոտ սիրտ:

Ներքուստ տգեղ, մութ, խավար ես,
Արտաքուստ քեզ կզարդարես,
Ցեխը կրով կըշպարես,
Դա էլ ձև է, նախանձոտ սիրտ։

Զարդարուն, ծեփած գերեզման,
Գիտե՛մ մեջըդ թե ինչեր կան,
Այժմ տեսնում եմ ամեն բան.
Լույս, արև է, նախանձոտ սիրտ:

Բերանդ մեղրի պուտուկ է,
Լեզուդ թունավոր մամուկ է,
Քեզ չիմացողը մանուկ է.
Կամ թե խև է, նախանձոտ սիրտ։

Ջիվանը գիտե դու գեշ բոր ես,
Խորամանկ ու նենգավոր ես,
Դու նրանից թունավոր ես,
Օձն անթև է, նախանձոտ սիրտ։

1898

[ էջ 587 ]

ՍԵՎ ՀՈԳԻ

Սև հորից, սև մորից ծնվել ես հաստատ,
Սիրտդ սև է, բախտդ սև է, գույնդ սև.
Վիշապազուն ես ծագումիդ հարազատ,
Փոփոխվելով ստացել ես հայի ձև։

Քու լեզուդ հայի է, սիրտդ օտարի,
Միամիտները քեզ կարծում են բարի.
Ինքդ գայլ ես, մորթիդ նման ոչխարի,
Քեզ չըճանաչողը կույր է, կամ թե խև։

Դու մինչև երբ մեր փարախի մեջ մնաս,
Մեր հոտը պառակտես, հասցնես վնաս,
Գայլի հետ կխնդաս, հովվի հետ կուլաս,
Գիշատիչ թռչուն ես խոսուն առանց թև։

Արամազդի սիրելին ես առաջին,
Պատիվդ կավելանա կրկին ու կրկին,
Քեզ չըդիպավ դաժան մահի գերանդին,
Մեր բախտից ունեցար շատ երկար արև։

Սև ես, էլ կըսևանաս դու դատաստանին,
Հոգիդ պիտի սատանաները տանին,
Ոչ խոսք, որ քու մասին ասաց Ջիվանին,
Սխալ չկա դու այնպես ես արդարև։

1885

[ էջ 588 ]

ՂՈՇՄԱ

Ով անզգա, անխիղճ, կեղտոտ իմաստակ,
Մինչ երբ վիրավորես անմեղ սրտերը,
Ով Նեռի կարապետ, հոգվո ավազակ,
Ինչու կպղտորես շքեղ սրտերը։

Հողմերից հալածված ամպերի նման
Թափառիս անդադար միշտ աստանդական,
Դարձյալ քեզի դու կանվանես գիտնական,
Միթե կհամոզվին ուժեղ սրտերը։

Ջիվան, թափիր աչքիդ մարգարիտները,
Աստված կուզե հոգվո ճշմարիտները,
Կպահե անվնաս միամիտները,
Չի թողներ անբժիշկ, անդեղ սրտերը։

1876—77

[ էջ 589 ]

ԽԵՆԹ ՈՉԽԱՐՆԵՐԸ

Մըրի միջից ելան, մրջուրը մտան—
Երջանկության հասան խենթ ոչխարները.
Բորենուց փախչելով, գայլի ճանկն ընկան —
Տեր ու պաշտպան գտան խենթ ոչխարները։

Տեղերը մնացին այծերը խիզախ,
Պոզերը սրեցին, կռվեցին անվախ.
Թողին գոմ ու արոտ և սիրուն փարախ,
Խրտնեցան ու փախան խենթ ոչխարները։

Իրանց տեղը կեմով էին կապկապած,
Այլ տեղ պողպատ շղթա վզերը անցած.
Խորովածի համար հարմար արարած,
Կաթ ու բուրդ էլ կուտան խենթ ոչխարները։

Իրանց հին հովիվը իրանցից խելառ,
Կոտորեց չափազանց մատաղահաս գառ
Այդ հարվածը եղավ նրանց բուն պատճառ,
Որ տարագիր եղան խենթ ոչխարները։

Հզոր հովվի հոտի հետը միացան,
Փրկըվելու էլ հույս չկա հավիտյան.
Իրանք իրանց պատրաստեցին գերեզման,
Հազիվ հանգստացան խենթ ոչխարներր։

1902

[ էջ 590 ]

ՊԱՐԱՊ ՄՆԱԼՈՒՑ ԼԱՎ է

Պիտի գովեմ մայր հողը, քամին, ջուրը, անձրևը,
Պիտի հիշեմ աստղերը, լուսնյակը, արևը.
Նկարագրեմ պիտի սարեր, ձորեր, դաշտ անկեղծ,
Որ իմ դատավորիս մոտ ներկայանամ բանաստեղծ։

Սև-սպիտակ ամպերը բամբակի քուլի նման,
Պիտի գզեմ անեղով, դուրս բերեմ թել ու դերձան,
Պիտի գործեմ լավ գուլպա, պաճիճներ խայտաբղետ,
Ինքնակոչ քննադատս որ ճանաչե ինձ պոետ։

Նազելի կույս աղջկան պիտի շատ գովաբանեմ,
Աչքերուն ու ունքերուն լույս ու կամար անվանեմ,
Անունս էլ պիտի փոխեմ ու դնեմ Նոր-Հոմերոս,
Որ տեսնի քննիչս, ճանաչե պըվետիկոս։

Միտք շատ պետք չէ երգերի մեջ, բառերը առատ լինին,
Դրվատել պետք է հատուկ սիրունը, սերը, գինին.
Խրատ, բարոյական երգ, համարվում է հին զգեստ,
Պարզ բառեր գործածողը չի համարվել գեղարվեստ։

1901

[ էջ 591 ]

ՓՈՒՇ

Վարդին սոխակից հեռացնողը, ո՛վ անիրավ փուշ,
Կյանքներու գրավ փուշ,
Հուսամ, կլինիս վառ կրակին մի օր գրավ փուշ.
Չես ճարի թաթավ փուշ,
Մինչև ե՞րբ, ասա, անմեղ ծաղիկներուն խաբես անցնիս.
Կայծով լափես անցնիս,
Ո՛վ անպիտան արմատ ի բընե, այտերդ սյավ փուշ,
Պատճառում ես դավ, փուշ.
Օհ, որպիսի անխիղճ թունալից խայթ կա քու մոտդ,
Չորանա արոտդ.
Որքա՞ն նորահաս սրտերուն ընծայում ես ցավ, փուշ,
Արյուն ու շարավ փուշ,
Թրթուրը, ճճին քեզանից խղճով են, ո՛վ անգութ,
Սակայն դու սև ու մութ.
Տարին քա՞նի հատ բերում ես սոխակ ու կաքավ, փուշ,
Զոհված, դուռդ խավ փուշ.
Վերջդ, Ջիվանս քաջ գիտե, որ չորանում ես շուտ,
Անվարձ ու անօգուտ.
Ներգործությունդ անց չի կենա էլ քու, պառավ փուշ,
Այրի դու ծարավ փուշ։

[ էջ 592 ]

ՍԵՄԱՅԻ

Համընթաց և կյանքիս հարմար, սիրելիս, ինձ մխիթար չես,
Հակառակ կերպով ես վարվում, դու ակումբի կառավար չես.
Գնա, ինձանից հեռացիր, անիրավ, ամբարիշտ, անգութ,
Գիտեմ անշուշտ, անտարբեր ես և որ ինձի դու հարմար չես:

Խենեշ կերպարանքդ, բարքդ գրեմ, տամ քեզի, դու կարդա,
Կիմանաս դու սխալմունքդ, գիտեմ այնքան էլ հիմար չես.
Նախանձոտ, վատասիրտ, օձի նման միշտ խայթում ես այլոց,
Որ ունիս այդպիսի արատ, քեզ կկարծես թե վատթար չես։

Ցերեկը մինչև երեկո բամբասելով կատես մարդկանց,
Գիշերը միամիտ պառկած տեղդ անգամ դու դադար չես.
Ջիվանի երգիչը ամեն մի կերպով քեզի լավ փորձեց,
Նկատեց քո վարք ու բարքդ, լավ տեսավ անկեղծ ու արդար չես:

1876

[ էջ 593 ]

ՄԻ ՄԱՐԴՈՒ ՀԱՄԱՐ

Այսուհետև, ո՛վ սևերես,
Կուզես արի, կուզես մի՛ գալ,
Էլ ինձ համար կարևոր չես,
Կուզես արի, կուզես մի գալ։

Ահա ասում եմ հիմիկուց,
Մե՛կ է խոսքս այսօր-էգուց,
Սերս սառեց, դարձավ սառուց,
Կուզես արի, կուզես մի գալ:

Մինչև դու հասցրիր աղը.
Արդեն վերջացավ մատաղը,
Լացի փոխվեց իմ ծիծաղը,
Կուզես արի, կուզես մի գալ:

Ինձ չմնաց օր ու արև,
Ստացել եմ չոր ծառի ձև,
Միևնույն է այսուհետև,
Կուզես արի, կուզես մի գալ:

Հոգ չէ էլ Ջիվանու համար,
Սրտիս սերը առավ դադար,
Հո՛ դու, հո՛ մի հասարակ քար,
Կուզես արի, կուզես մի գալ։

1902

[ էջ 594 ]

ԱՊՐԻԼԻ 1-ԻՆ

Հողի մեջը մի փտած սերմ թաղեցի,
Տասն և մեկ արտ ու կես՝ զուտ բամբակ եղավ
Բամբակն հասավ, հազար մարդով քաղեցի,
Բեռ կապեցի հինգ ճիշտ միլիոն հակ եղավ։

Հողագունդը գլխին առավ եղջերուն,
Հարյուր լիտր եկավ փոքրիկ ճանճի ձուն.
Հազար փիղ սպանեց քաջամարտիկ լուն,
Պատերազմի դաշտում նահատակ եղավ:

Մկի ձագը Վանա կատվին հալածեց,
Գայլը գառի խոտնոցի մեջ արածեց,
Մեկի հավը մի ամսում այնքան ձու ածեց,
Շարեցին՝ մեկ բարձր աշտարակ եղավ։

Ածուխի մոխիրը շինեցին օճառ,
Աշխարհի կեղտերը խորտակեց իսպառ.
Կակազը երեք ժամ խոսեցավ մեկ ճառ,
Կարգին զավեշտական բամբառակ եղավ:

Հողմավար թերթոնը տարածեց մի բան,
Սնապարծ գրչակը դարձավ յուր վկան.
Դեռ կաթ ուտող բուխշ գնացող երեխան
Շատ մարդիկ կողոպտեց, ավազակ եղավ:

[ էջ 595 ]

Ուղտի վրա դրին մի մեծ բարձր սար,
Դեռ թեթև էր, երկինք թռավ քաջաբար.
Ուռի ծառից բուսած խնձորի համար
Աշխարհք մրգավաճառ փերեզակ եղավ:

Ստախոսը ասաց,— տեսա մի երկիր
Ոսկեթել մանածով գործում են խսիր.
Մունջը թելադրեց, կույրը գրեց գիր,
Խեղճ անդամալույծը սուրհանդակ եղավ։

Այսօր մի բութ սղոց ձևեց վեց գերան,
Ասղի ծակից անցավ շատ մեծ կարավան.
Ծովի ջուրը չափեց մի մեծ գիտնական,
Լրիվ յոթը քթոց, վեց տոպրակ եղավ։

Խուլը շատ հեռվից լսեց մեղմ սուլոց,
Ոզնին օձի ձագին եղավ օրորոց.
Տնից բերդ շինեցին, սառուցից ամրոց,
Ճաճանչափայլ արփին դրոշակ եղավ։

Ոստայնը օդի մեջ փռեց մի կարպետ։
Վախեցած ամպերը փախան դեպի ետ.
Ներքինին փակվեց ամուլ կնոջ հետ,
Վեց աղջիկ, յոթը մանչ-զավակ եղավ։

Քնեած ապուշը զգաստին խաբեց,
Հաշմանդամը ոտքով սար ու ձոր չափեց,
Քարասիրտը այնքան արտասուք թափեց
Մեծացավ լճացավ, մեկ ծովակ եղավ։

Յուր բութ մախաթով մի տխմար քարհատ
Կարծր քարահանքի մեջ փորեց խորխորատ.
Ապառաժի վերա ցանեց կտավատ,
Աճեց, բուսավ, անչափ, անքանակ եղավ:

[ էջ 596 ]

Մասիս սարը տեղից շարժեց կախարդը,
Առյուծին պարանով կապկապեց սարդը.
Սև մորից, սև հորից ծնված սև մարդը
Լվացին, բամբակից սպիտակ եղավ։

Կաղ հետևակ, մերկ ու քաղցած անոթին,
Վազ տալով նա բռնեց փախչող նժույգին.
Ոլորակի մեջը դրին շան ագին,
Ինչպես դուսաղի ձող շիմ-շիտակ եղավ։

Հիվանդը առնելով քարե կացինը
Կտրեց շատ կաղնիներ չթողեց մինը,
Մժեղի աքացին շարժեց գետինը,
Բազում գեղ ու քաղաք ավերակ եղավ։

Հարսանիքում երգիչ եղավ Ջիվանը,
Գովեց գովաբանեց այդ սուրբ սեղանը,
Հարսանիքից հետո, հայտնվեց բանը,
Հարսը սուտ դուրս եկավ, կեղծ պսակ եղավ։

1900

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր. Ջիվանու քնարը: [Ստեղծագործությունների ընտրանի] / Կազմ., առաջաբ., տեքստ. համեմատ., ծանոթագր. ՝ Ա. Սահակյան; Խմբ.՝ Միք. Հարությույան; Նկ.՝ Ան. Գասպարյան։ «Հայպետհրատ»։ Երևան 1959
Տրամադրեց. Միքայել Յալանուզյան

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice