ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Մանվել Զուլալյան

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ XIII-XVIII ԴԱՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ ԸՍՏ ԵՎՐՈՊԱՑԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ

Previous | Բովանդակություն | Next

[էջ 312]

XVI

ԿԵՍԱՐՈԻՊՈԼՍԻ ՖՐԱՆՍՈԻԱ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՆԱՄԱԿԸ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԹԱԳԱՎՈՐԻՆ

Սպահան, հունվարի 20, 1683 թ.

Տեր իմ,

Ես ինձ պարտավոր եմ զգում Ձերդ մեծությանը տեղյակ պահելու այն բոլոր անցքերի համար, որ տեղի են ունենում այն նամակի կա֊ պակցությամբ, որ Դուք հոժարեցիք գրելու Պարսկաստանի թագավորին՝ Նախիջևան գավառի խեղճ հայ կաթոլիկ-քրիստոնյաների մասին և Ձերդ Մեծությունն ինձ հանձնարարեց զբաղվել այդ հարցով։ Ուստի, գալով այս քաղաքը, Շահի (այստեղ այսպես են ասում թագավորին) մինիստրներից մեկին ես տեղյակ պահեցի, որ նամակ ունեմ հանձնելու իմ տիրոջ՝ կայսրի կողմից։ Այդ լուրը բոլոր կարգուկանոններին համապատասխան նախ հասցվեց Էտեմադդոուլեթին՝ պրեմիեր մինիստրին և ապա Շահին։ Նախ ինձ հատկացրին մի բնակարան և աշխարհով մեկ Ձերդ մեծության անչափ շատ պաշտված անունով ինձ լիացրին չտեսնված հարգանքներով։ Բայց քանի որ այստեղ էր գտնվում թաթարների թագավորներից մեկը՝ Ուզբեկ (Yusbegs) անունով, որի մայրաքաղաքը ներկայումս Բուխարան (Bokara) է և ինքը մեծ Թամերլանին հաջորդողն է, ուստի ինձ հասկացրին, որ հարկավոր է սպասել մինչև նրա Մեքքա գնալը։ Բայց դարձյալ հետաձգումներ եղան, որոնց պատճառով դեսպանների ընդունհլությունը տեղափոխվեց մինչև հոկտեմբերի երեքը։ Եթե ես հոգնակի՝ դեսպաններ եմ ասում, դրա պատճառն այն է, որ այստեղ սովորություն է ընդունելության ժամանակ լսել բոլոր դեսպաններին միաժամանակ և այդպես էլ արվեց այս պարագային։ Այստեղ էին Լեհաստանի, Սիամի, մի այլ թաթար թագավորի, որի մայրաքաղաքն է Բալխը, և արաբների դեսպանները։ Լեհաստանի դեսպանը, կամ ավելի ճիշտ՝ Լեհաստանի թագավորի պատվիրակը, առաջինը հրաժեշտ տվեց, քանի որ նրան բավականին շուտ էին ընդունել և ըստ տեղի սովորույթի՝ նվերներն արդեն հանձնված էին։ Սիամի դեսպանը այնքան շատ բաներ նվիրեց, որ այդ բոլորը պատմելու համար մի խոշոր ցուցակի կարիքը կզգացվի։ Թաթարներն ու արաբները ձիեր և ջորիներ տվեցին։ Իսկ ես, քանի որ տալու ոչինչ չունեի և այդ մասին նախօրոք հայտարարել էի, առաջացա մինչև Շահի մոտ ու նրան հանձնեցի Ձերդ Մեծության նամակը, որը շատ ավելի թանկարժեք էր, քան մնացած բոլոր նվերները միասին վերցրած։ Արտասանեցի իմ ճառը։ Նա բարի եղավ ինձ լսելու՝ բարի ու ուրախ դեմ-

[էջ 313]

քով, և դա այնքան ժամանակ, որքան ժամանակ ես արտասանում էի «Ֆրանսիայի կայսրը» բառերը։ Նա ինձ հարցուփորձ արեց Ձերդ արքայական Մեծության մասին, Ձեր մղած պատերազմների, Ձեր նվաճումների և դաշնակիցների մասին։ Ես աշխատում էի պատասխանել նրա բոլոր հարցերին հանուն իմ պարտականության, հանուն արդարության և ճշմարտության։ Նա շատ գոհ մնաց և մեծապես գնահատեց Ձեր Մեծությանը, երբ նրան պատմեցի Ձեր մի քանի գործերի և Ձեր վերջին հաղթանակների մասին։ Շիոյի գործը, որի մասին ես պատմեցի նրան, մեծ գոհունակություն պատճառեց, ինչպես նաև բոլորովին վերջերս իմ ստացած տեղեկությունները՝ Ալժիրի դեմ Ձեր կատարած արշավանքի պատմությունը։ Երկար և անչափ յուրահատուկ զրույցը զարմանք էր պատճառել պալատականներին, ինչպես նաև դեսպաններին, որոնք իրենց հանդիսավոր ճառի դիմաց, ըստ սովորության պատասխան էին ստանում ընդամենը մեկ բառ. «բարով եք եկել» և երբեմն էլ նա (թագավորը) բավարարվում էր գլխի պարզ մի շարժումով։ Անմիջապես հետո բազմաթիվ սեղաններ պատրաստվեցին, ավելի ճիշտ սփռոցներ առանց սեղանների, քանի որ բոլորն էլ ծալապատիկ նստած էին գեղեցիկ գորգերի վրա։ Շահը կերավ նույն դիրքում, բայց մյուսներից երկու աստիճանով բարձր էր նստած։ Ճաշկերույթը երկար չտևեց։ Ըստ սովորության, երաժշտությունն ու գործիքները չէին պակասում։ Որից հետո հրաժեշտ տվեցինք և յուրաքանչյուր ոք հեռացավ։ Ահա, տեր իմ, այն, ինչ կարող եմ պատմել Ձերդ Մեծությանը այս առաջին հանդիպման մասին, որտեղ գործերի մասին խոսք իսկ չեղավ։ Ինձ հասկացրին, որ երկրորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ միմիայն Զերդ մեծության նվերներր ստանալուց հետո։ Իսկ մինչ այդ, փոխհանդիպումներ տեղի կունենան պարզաբանելու համար այն հարցերը, որոնց շուրջ հետագայում բանակցություններ են վարվելու։ Ես պատասխանեցի, որ այդ նվերները սպասում եմ Ընկերության այն առաջին նավով, որ մոտենալու է Բանդար Աբասին։ Ըստ երևույթին, մոտակա օրերին այն հայտնվելու է, և հուսով եմ, որ այդ երջանիկ լուրը ես կստանամ։ Ես իմ կարողացածը կանեմ, որ գլուխ բերվի այս գործը, ինչպես նաև բոլոր այլ պարագաներում ես միշտ պատրաստ կլինեմ Ձերդ մեծության հրամանները կատարելու ու դրսևորելու իմ խո-

[էջ 314]

նարհ ծառայությունը Ձեր հանդեպ, քանի որ պարտավոր եմ իմ ամբողջ կյանքի ընթացքում լինել.

Տեր իմ,

Ձերդ Մեծության,

Ամենախոնարհ, ամենահնազանդ և ամենահավատարիմ հպատակն ու ծառան,

Ֆրանսուա, Կեսարուպոլսի եպիսկոպոս,

Առաքելական առաջնորդական տեղապահ:

P. Raphael du Mans. Op. cit., pp. 339—340; G. Goyau, Un précurseur: Francois Picquet. Consul de Louis XIV en Alep et évêque de Babylone. Paris, 19 2, pp. 292—294.

XVII

ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻ ՇԱՀԻ ՆԱՄԱԿԸ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԹԱԳԱՎՈՐԻՆ

5 նոյեմբերի 1685

«Աստծուն է տրված գերագույն փառքը»

Լուդովիկոս, կայսր, որ Ձերդ Մեծությամբ պատիվ եք բերում թագավորներին, ինչպես նաև Ձեր փառքով և այն երջանկությամբ, որ Դուք ունեք Ձեր մեջ Ձեր արքունիքով, որը նույնքան բարձը է, որքան Ամփիրեի տասներկու տները, Դուք, որ կռիվներում առյուծի առույգություն ունեք և այնքան հանգիստ խիղճ, որը փայլ է տալիս Ձերդ Մեծության կայսերական գահին, որի վրա նստելու արժանի եք Դուք, ինչպես նաև արժանի եք կրելու այն պսակը, որը ծածկում է Ձեր գլուխը, որովհետև Դուք քաջ եք և արդար։ Դուք քրիստոնյա թագավորների և կայսրերի մեջ ամենամեծն եք, ամենավեհը, ամենաազատամիտը և ամենասքանչելին, ինչպես նաև ֆրանսիական տերությունների ամենահզոր արքան։

Ձերդ բարձր Մեծությանը տեղակացնում ենք, որ Կեսարուպոլսի եպիսկոպոսի միջոցով ստացել ենք Ձեր գեղեցիկ նամակը, որտեղ արտահայտվում են Ձեր անկեղծությունը և այն մտադրությունը, որ Դուք ունեք ամրապնդելու այն կապը, որ ձեռք է բերվել Ձերդ կայսերական Մեծության հայրերի և նախնիների, ինչպես նաև մեր շնորհաշատ և վսեմափայլ ընտանիքի միջև։ Այսպիսով, այս նամակը մեր սրտում վերանորոգեց սերը, ինչպես նաև հին ու նոր բարեկամությունը և քանի որ Դուք երաշխավորում եք Նախիջևան գավառի քրիստոնյա հայերին, և դա այնպիսի արտահայտություններով, որ հնարավոր

[էջ 315]

չէ մերժել, ուստի ես Ձեզ պետք է ասեմ, որ, իսկապես, երբեմն, այն էլ երբ Նախիջևանի կառավարիչները փոխվում են, նոր եկողները տեղյակ չեն լինում Ձեր ամենահիասքանչ Մեծության երաշխավորությանը, ոչ էլ այդ երաշխավորության կապակցությամբ մեր կողմից տրված հրամանին, ուստի սրանք թերանում են հայերին պաշտպանելու իրենց պարտականության մեջ։ Իսկ այն, ինչ վերաբերում է այն խնդրանքին, որ մեզ հղել եք, դա իրենից ներկայացնում է արտակարգ և շատ ուժեղ մի հանձնարարական, որն ուղղված է ի պաշտպանություն Կեսարուպոլսի եպիսկոպոսի և եվրոպական հռոմեական կաթոլիկ քրիստոնյաների, հատկապես սևազգեստ հայրերի (նրանք ճիզվիտ հայրեր են), ես այդ մասին Ձեզ կպատասխանեմ, որ մեր բանականությունը, որը նման է ամենուր թափանցող արևին, լիովին տեղյակ է այդ բոլոր գործերին և մինչև Ձերդ բարձր և կայսերական մեծության բարեկամական գիրն ուղարկելը՝ ի պաշտպանություն և´ մեկի, և՛ մյուսների, մեր կողմից արդեն մի փոքրիկ հրաման էր արձակվել (որի շնորհիվ ամենայն խստությամբ ենթարկվում է մեզ ազնվականությունը) ի պաշտպանություն նրանց, ինչպես այլ առիթով այդ մասին մենք մեր բարեկամական նամակի մեջ Ձեզ գրել էինք։ Այդ հրամանը իր լիակատար ուժի մեջ է և ներկայումս նոր կառավարիչների կողմից այն կետ առ կետ իրագործվում է։ Այդ հարցի շուրջ ուրիշ նոր փոփոխություններ չկան։

Եթե Ձերդ մեծությունը այս երկրներում որևէ գործ ունի, իմաց տվեք մեզ այդ մասին և մենք մեր կողմից կարձակենք մեր հրամանները...

P. Raphael du Mans. Op. cit., pp. 340-342; G. Goyau. Op. cit., pp. 307—308.

XVIII

Պապական պատվիրակը և. նորին կայսերական մեծության արտակարգ դեսպան՝ Անկյուրիայի արքեպիսկոպոսի ճանապարհորդության մասին դեպի Պարսկաստանի մեծ Սոֆին
Մենք այստեղ ականատես կլինենք, թե ինչպես սուրբ Աթոռի այս պատվիրակը ընդունվեց Պարսկաստան երկիրը և թե ինչպես նա մուտք գործեց Պարսկաստանի մայրաքաղաք Սպահան

Պարսկաստանի և Մեծ Մոգոլի միսիաների համար, Մոսկովիայից դեպի այս երկիրն է ուղևորվում առաքելական եկեղեցու պատվիրակը՝

[էջ 316]

Անկյուրիայի (Ancyre) արքեպիսկոպոսը։ Մեծ Սոֆին նրան ընդառաջ է ուղարկում մեհմանդարին (Mamandar)՝ նրան սահմանի մոտ դիմավորելու, ինչպես նաև նրան ազատելու համար բոլոր տեսակի հարկերից և ճանապարհորդության ժամանակ սպասարկելու, հրաման ունենալով նաև հայթայթելու երեսուն ձի՝ ինչպես իր, այնպես և իրեն ուղեկցողների համար։ Սահմանամերձ առաջին քաղաքը հանդիսացող Շամախիում (Camak) նրա կառավարիչն ըստ Սոֆիի հրամանի նրան դիմավորեց իրեն վայել բոլոր հարգանքներով։ Նա մարտի 8-ին ընդունելություն կազմակերպեց ի պատիվ պատվիրակի, որը նրան նվերներ հանձնեց. բարձր լեռների և դժվարանցանելի ճանապարհների պատճառով հոգնեցուցիչ ճանապարհորդությունից հետո, մայիսի տասնմեկին նա հասնում է Ղազվին (Casbin)՝ Պարսկաստանի թագավորների երբեմնի նստավայրը, ուր և կանգ է առնում երեք օր։ Ամսի 22-ին նա գալիս է Հազեն (Hazen)։ Հաջորդ օրը ճանապարհին հանդիպում է մի թուրք դեսպանի, որն իր ութհարյուր ուղեկիցների հետ վերադառնում էր Կոստանդնուպոլիս։ Իր վերջնական երթուղուց օրվա հեռավորության վրա նրան դիմավորում և հարգալից վերաբերմունք է ցույց տալիս Սպահանի հռոմեական հոգևորականությունը, և (նա) կանգ է առնում Գեստում (Gest), որն այնտեղից մոտ երեք մղոն հեռավորության վրա գտնվող մի փոքր քաղաք է։ Տեղի մեհմանդար բաշուն (Mamandar Bassy) տեղյակ է պահվում նրա ժամանման մասին, բայց մինչ այդ նա Գեստ էր ուղարկել իր քարտուղարին, ու մի քանի ծառաների՝ հարգանքներ մատուցելու Շվեդիայի թագավորի դեսպանին և Անգլիայի ու Հոլանդիայի հյուպատոսներին, որոնք այստեղ էին եկել պատվիրակի ժամանման կապակցությամբ՝ այդ առթիվ իրենց վեհապետներից նախօրոք ստացած հանձնարարական նամակների հիման վրա։ 11-ին, լեգատը հարգալից ընդունելության արժանացավ մեհմանդար բաշու կողմից, որը և միաժամանակ նրան՝ 14-ին, տեղեկացրեց, որ հաջորդ օրը Սոֆին նրա համար նշանակել է պաշտոնական ընդունելություն և որ Ջուլֆա (Sulfa) կոչվող արվարձանի հայերը, որոնք պատկանում են հռոմեական եկեղեցուն, պատիվ կունենան նրան հանդիսանալու որպես առաջնորդներ։ Սպահանի եպիսկոպոս՝ Կարմելիտների միաբանության անդամ հայր Եղիան (Pere Elie), ծնյալ Monts en Heinault-ում, պատվիրակի հետ միասին կարգադրում է իր (պատվիրակի) հետագա անելիքների հերթականությունը։ 15-ին Մոսկովայի պատգամավորը ուղարկում է իր փողերն ու թմբուկները՝ միախառնվելու համար պատվիրակի փողերին ու թմբուկներին, նրա մուտքը այդպիսով ավելի հանդիսավոր դարձնելու նպատակով։ Հետկեսօրյա ժամը երեքին սկսվում է երթը։ Առջևից գնում են քսանչորս

[էջ 317]

զինվորներ։ Նրանց հետևում են փողերն ու թմբուկները, որոնց հետևից գալիս են մեհմանդար բաշին՝ իրեն ուղեկցող սպաների ու տասներկու դրանիկների հետ։ Ապա գալիս է պատվիրակը՝ Սպահանի եպիսկոպոսի ընկերակցությամբ, ու նրանցից անմիջապես հետո գալիս են Անգլիայի և Հոլանդիայի հյուպատոսները, որոնց հաջորդում են զանազան միաբանությունների միսիոներ հայրերը՝ վեղարավորներ (կապուչիններ), հիսուսյաններ (ճիզվիտներ), ավգուստինյաններ և դոմինիկյաններ, բոլորն էլ ձի նստած և երկուական մարդ կողք-կողքի, ապա գալիս են հասարակ հոգևորականությունը և Ջուլֆայի արվարձանի հայերը՝ թվով հարյուր ութսուն հոգի։ Ութսուն ձիերի վրա բարձած բեռները եզրափակում են այս խառնախումբը, որն անցնելով քաղաքի գլխավոր փողոցներով, գնում է մինչև պատվիրակին հատկացված պալատը, որր և 17-ին հանդիսավոր պատարագ է մատուցում, ի փառս աստծո, բարեհաջող գալստյան համար։ 18-ին և հաջորդ օրերին նրան այցելում են կղերականությունը, միսիոներները, մեծ թվով առևտրականներ ու այլ մարդիկ։ Քսանին մեհմանդար բաշին հետաքրքրվում է այն նվերներով, որ պատվիրակը պետք է հանձնի Սոֆիին։ Եվ հուլիսի վեցերորդ օրը նրան տեղեկացնում է, որ Սոֆին ընդունելության օր է նշանակել 9-ը։ Այդ օրը առավոտյան ժամը յոթին մեհմանդարը սքանչելի մի շքախմբով նրան ուղեկցում է դեպի Արքայական պալատ։ Դռան առաջ կանգնած են Սոֆիի ախոռին պատկանող երեք փիղ և տասներկու ձի՝ ոսկե սանձերով, անթիվ քարերով զարդարված թամբերով ու ծածկոցներով։ Դահլիճները լեփ-լեցուն են հիանալի հագնված մեծ թվով պարսիկ պարոններով։ Սոֆին նստած է իր գահի վրա։ Առաջ գալով, պատվիրակն արտասանում է իր ճառը և թագավորին հանձնում իր հավատարմագրերը, որից հետո նրան ուղեկցում են մի այլ դահլիճ, որտեղ Սոֆին նրան տեղեկացնում է, որ հրավիրում է իր սեղանը՝ ճաշելու համար և նա կարող է իր հետ բերել երեք հոգի, որոնք հետևյալներն էին՝ Միսիայի հայր-քարտուղարը, հայր էօստաժ դե Բարին և Սպահանի եպիսկոպոսը, երեքն էլ կարմելիտներ։ Նրանք հիացած էին այդ վեհասքանչ խնջույքից, որտեղ յոթ հարյուրի հասնող ամանեղեններն ու բաժակները բոլորն էլ ձուլածո ոսկուց էին։ Սոֆին երկու անգամ խմեց պատվիրակի և երեք հարյուր հայրերի պատվին։ Ճաշից հետո նրանց ուղեկցեցին իրենց պալատը, որտեղ պատվիրակն ամեն օր ընդունեց երկրի գլխավորների այցելությունները։

Նրանք, ովքեր Պարսկաստան երկրի ներկայիս վիճակի մասին գաղափար ունեն, չեն կարող չզարմանալ խնջույքի այն շքեղությունից, որին ներկա գտնվեց Անկյուրիայի արքեպիսկոպոսը, և նույն օրն այդ հոգևորականը ներկա գտնվեց նաև ընդհանուր (հասարակական) ընդու-

[էջ 318]

նելությանը։ Սոֆին միշտ էլ ընդհանուր (հասարակական) խնջույքների ժամանակ է, որ զբաղվում էր երկրի հարցերով և ընդունելություն կազմակերպում օտար երկրների իշխանների համար։ Սովորաբար նման խնջույքներր հոյակապ են լինում և շատ սքանչելի, որովհետև այսպիսի առիթների դեպքում է, որ մեջտեղ են բերվում ամբողջ այն թանկարժեք իրերը, որ կան արքունական տան մեջ։ Գորգերը, որոնց վրա նայում են, ամենագեղեցիկներից են, և փռված ծածկոցները նախշուն դիպակից են։ Թագավորը սպասարկվում է երեք ոտք տրամագիծ ունեցող ոսկե ափսեով, որի կափարիչն ու կողպեքը, որի մեջ պահվում է արքայի բաժինը, նույն նյութից են պատրաստված, իսկ այդ ափսեն բերում են որոշակի ծիսակատարությամբ, ինչ-որ մի պատգարակաձև բանի վրա դրված ու զարդարված ոսկե թերթիկներով։ Ազնվականը բաց է անում կողպեքը նորին մեծության աչքերի առաջ, նախ ինքն է փորձում, ապա ծունկի գալով նրա առաջ, մշտապես իր մոտ պահած ոսկե խոշոր գդալով ու պատառաքաղով ուտեստեղենը լցնում է բազմաթիվ ափսեների մեջ։ Երբ Սոֆին խմում է, գինին նրան մատակարարվում է փակ շշերով, որոնք բացվում են նրա աչքերի առաջ և փորձվում մինչև նրան տալը։ Այնուհետև, Սոֆիին սպասարկելուց հետո, սպասարկվում են հյուրերը՝ ավելի քան հարյուր հիսուն ոսկյա ափսեների մեջ, որոնք ծածկված են երկու այդ ափսեների չափ քաշ ունեցող կափարիչներով։ Յուրաքանչյուր ափսեի տրամագիծը մեկուկես ոտքից պակաս չէ, իսկ խորտիկների ափսեները դարձյալ ոսկուց են։ Մինչև ոսկե ափսեներով սպասարկելը, արդեն կոնֆիտյուրի սպասարկումը կատարվել էր արծաթե և ճենապակե պնակներով։ Կոնֆիտյուրի և քաղցրավենիքի հյուրասիրությունը միշտ ճաշից առաջ է կատարվում։ Դրանք հյուրերին հրամցվում են թագավորի կողմից ընդունելություն կազմակերպելիս, և հենց այդ ժամանակ է, որ այդ իշխանն իր արքունիքի իշխաններին հյուրասիրում է գինով, իսկ դա կատարվում է ոչ պակաս շուքով, քան մնացած ամեն ինչը։ Հյուրասիրության համար նախատեսված շշերն ու թասերը էմալապատ ոսկուց են և դասավորված են խնջույքների դահլիճի մեջտեղում գտնվող խոշոր ավազանի եզրին, իսկ նույն այդ ավազանի անկյունում տեղավորված են լինում չորս ոսկե և չորս արծաթե տակառիկներ, որոնցից յուրաքանչյուրի քաշը հավասար է մեկ մարդու քաշի։ Այս տակառիկները, շշերը, թասերը, գավաթներն ու ծաղկամանները, որոնք բոլորն էլ ոսկուց են, դասավորված են հերթականությամբ՝ այնպես որ, ինչպես կարելի էր պատկերացնել, այդ ամբողջությունը հաճելի համաչափության տպավորություն է թողնում։ Այդ նույն խնջույքների դահլիճում շքերթի են դուրս եկել բազմաթիվ փղեր, առյուծներ, վագրեր, ընձառյուծներ և տնտե-

[էջ 319]

սությունում եղած բոլոր հազվագյուտ անասունները։ Նրանց պահող շղթաներն ու գամերը դարձյալ ոսկուց են պատրաստված, և այդ կենդանիներից յուրաքանչյուրն իր առաջ ունի երկու ոսկե խորունկ ճաշաման, որոնցից մեկի մեջ դրված է նրա խմելիքը, իսկ մյուսի մեջ՝ ուտելիքը։ Բայց ինչ խոսք, ոչ մի բան չի կարող գերազանցել այս դահլիճում ցուցադրված այն տասնութ ձիերին, որոնցից յուրաքանչյուրը մի գանձի չափ արժեք ունի, ասպանդակները ոսկուց են, սանձերը, թամբերի առջևի և ետևի մասերը թանկարժեք քարերով զարդարված էմալապատ ոսկուց են, ինչպես նաև ծածկոցները, որոնք բավականին հարուստ են։ Դրանցից մեկի թամբը զարդարված է ադամանդներով, մյուսինը՝ զմրուխտով, սուտակով, շափյուղայով, շատ խոշոր մարգարիտներով և ամեն տեսակի թանկարժեք իրերով՝ աչք շոյող մեծությամբ ու գեղեցկությամբ։ Յուրաքանչյուր ձի, ինչպես մյուս կենդանիները, իր առջև նույնպես ունի երկու խորը ճաշաման, որի մասին խոսեցի։

Ահա քեզ մի աննկարագրելի շքեղություն։ Երբեմն այդ ձիերի արանքներում տեղավորվում են վայրի էշեր։ Իսպանիայից մի միսիոներ գալով այս արքունիքը՝ Լեհաստանի թագավորի կողմից Սոֆիին նամակ հանձնելու համար, տեսնելով էշերին այնքան լավ և հարուստ ձևով ծածկված, մնում է զարմացած և կորցնելով իր լրջությունն ու չկարողանալով իրեն զսպել, սկսում է ծիծաղել։ Դրա վրա արքունիքի սպաներից մեկը մոտենում է նրան ու քաղաքավարի ձևով հարցնում է ծիծաղելու դրդապատճառը։ Նա պատասխանում է, որ իր մոտ ծիծաղ առաջացավ՝ տեսնելով այն մեծ հարգանքը, որին արժանացել էին այն կենդանիները, որոնք իրենց մոտ՝ Իսպանիայում արժանանում էին մեծագույն արհամարհանքի։ Այդժամ սպան նրան հումորով պատասխանում է, այդ նրանից է, որ էշերը ձեր երկրում մեծ թիվ են կազմում, իսկ մեզ մոտ դրանց նկատմամբ առանձին մոտեցում ունենք, որովհետև դրանք թվով քիչ են։

1699 թ. օգոստոսի 6-ի՝ Համադանից ուղարկված նամակները վկայում են, որ Պարսկաստանի թագավորը հիանալի ընդունելություն կազմակերպեց ի պատիվ Անկյուրիայի արքեպիսկոպոսի, առաքելական (պապական) սուրբ Աթոռի պատվիրակի (պապական դեսպանի) նորին կայսերական մեծության դեսպանի։ Այս պրելատը սուրբ Պետրոսի օրը հանդիսավոր պատարագ մատուցեց ճիզվիտների եկեղեցում՝ այնպիսի հոծ բազմության ներկայությամբ, որ նույնիսկ ծնկի գալու հնարավորություն չկար։ Այս արքեպիսկոպոսը դրսում միշտ երկու փողի ընկերակցությամբ է գնում, իրենից առաջ տանելով երկու դրոշ, մեկը՝ պապինը, իսկ մյուսը՝ նորին կայսերական մեծությանը, ինչպես նաև բարձր պահած խաչով։ Սոֆին պատվիրակին պատվում է երեք տար-

[էջ 320]

բեր տեղերում, մեկը՝ ցերեկով, իսկ մյուս երկուսը՝ գիշեր ժամանակ։ Այդ տոնակատարություններից մեկը հանդիսավորությամբ կատարվեց Սոֆիի հանգստավայրերից մեկում, լուսարձակումներով ու հրավառություններով։ Իսկ վերջին ընդունելության ժամանակ, պատվիրակը մեկուկես ժամվա գաղտնի տեսակցություն ունեցավ թագավորի հետ։

P. Raphael du Mans. Op. cit., pp. 373 — 876.

XIX

ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՀԱՅ ԿԱԹՈԼԻԿՆԵՐԻ ԴԻՄՈԻՄԸ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐԻՆ

Ապարաներ.

1 սեպտեմբերի, 1682 թ.

Փառապանծ, վեհ և միշտ հաղթական, բարերարության տաճար, թագադրված Հիսուս Քրիստոսի կողմից, Մեծ Լուդովիկոս, անունով տասնչորսերորդ, Ֆրանսիայի թագավոր, մեր բարձրագույն տերն ու մեր հույսը, ողջույն Հիսուս Քրիստոսի կողմից։ Մենք, Մեծ Հայքի Նախիջևան քաղաքի կաթոլիկ հայերս, Պարսկաստանի թագավորի հարկատուներս, բոլոր նրանց նման, ովքեր ապրում են Ձերդ Մեծության փառավոր պաշտպանության ներքո, Հիսուս Քրիստոսին և նրա առաքյալներին միացած իսկական կաթոլիկներս, ինչպես մեր նախնիները, որոնք ապրել են Ձերդ Մեծության փառավոր պաշտպանության ներքո։

Մենք երբեք այլ արդար, ավելի մեծ ու ավելի ուժեղ առիթ չենք ունեցել, որպեսզի ողորմածությամբ ծունկի գանք Ձերդ Մեծության ոտքերի առաջ ու նրան ճանաչենք իբրև մեր տերը։

Ահա արդեն երեք հարյուր հիսուներեք տարի է, ինչ մենք գտնվում ենք անհավատների լծի տակ և երբեք չենք հեռացել մեր հավատից։ Մեզ վրա դրված հարկերն ու աղի տուրքերը միշտ էլ եղել են շատ բարձր, բայց մենք այս խեղճ գավառում՝ Հիսուս Քրիստոսի տանը, նախընտրել ենք տանել այդ դժվարություններն ու հոժար լինել մեր փոքր եկամուտներին, քան հրաժարվել մեր տեր Հիսուս Քրիստոսի հավատից։ Մենք միշտ զրկված ենք եղել հովանավորությունից և միշտ էլ եղել ենք անընդհատ վշտի մեջ, այն միակ հույսով, որ օրերից մի օր քրիստոնյա և կաթոլիկ մի որևէ մեծ արքա մեզ կվերցնի իր հովանավորության տակ։ Ապրելով այդ քաղցր հույսով (կարելի է ասել հրաշք էր դա) մենք ականատես եղանք օրհնված աստծու կողմից մի հրեշտակի գալստյանը, որը մի արքեպիսկոպոս էր Ֆրանսիայից, օժտված աստծու ողորմածությամբ ու աստվածային առաքինություններով, որն աստծու կողմից մեզ ուղարկվել էր որպես մի նոր առաքյալ

[էջ 321]

ե Ձերդ Մեծության կողմից որպես մեզ խեղճ քրիստոնյա կաթոլիկներիս՝ ազատագրող։ Նրանք (կաթոլիկները) այդ նոր առաքյալի ժամանումից հետո երբեք չեն դադարել աղոթելու Ձերդ Մեծության առողջության համար, ինչպես նաև նրա համար, որ Ձերդ Մեծությունը ավելի շատ հնարավորություն ունենա մխիթարելու խեղճ հավատացյալներիս և որ այդ նպատակով, Ձերդ Մեծությունը հանդուրժեց այդ նույն արքեպիսկոպոսի միջոցով մեր օգտի համար Պարսկաստանի թագավորին նվերներ մատուցել։ Ու այդ նույն Պարսկաստանի թագավորը նվերներն ստանալուց և մեր նկատմամբ Ձեր զգացմունքներն իմանալուց հետո, անմիջապես փոխեց իր վերաբերմունքը մեր հանդեպ, իսկ պարսիկները, որոնք մինչ այդ կատաղած գայլեր էին, ամբողջովին սարսափած, գառնուկներ դարձան։ Դրա համար բավական էր Ձերդ Մեծության փառավորված անունը։

Մեծագույն գոհունակությամբ իմացանք, որ անցած ժամանակներում մահմեդականները դողում էին՝ լսելով Ձերդ Մեծության շատ հզոր անունը։ Լսեցինք նաև, որ նույն մահմեդականները ճնշված են եղել Ձեր փառավոր զենքերի շնորհիվ։ Այս բոլորի հետևանքը եղավ այն, որ երթևեկությունն արդեն ազատ է բոլոր վաճառականների համար, որոնք և պարտավոր են աղոթելու աստծուն Ձերդ Մեծության առողջության համար։ Մենք իմացանք նաև, որ Ձերդ Մեծության՝ աստվածային օրհնանքներով լեցուն դրոշը միշտ տարել է փառահեղ հաղթանակներ և հավատալով, որ մեր տեր աստվածն ավելի շատ կծաղկեցնի Հիսուս Քրիստոսի այս խեղճ գավառը՝ Ձեր հովանավորության տակ վերցված լինելու շնորհիվ և ցանկանալով Ձեզ ասել, որ երբ Ձերդ Մեծությունը նվաճում էր Ֆլանդրիան, մենք երբեք չդադարեցինք մեր տիրոջն աղոթելուց, որպեսզի հաղթանակով դուրս գա Ձերդ Մեծությունը, և մենք երբեք չենք զլանա նրան աղոթելուց՝ մինչև դատաստանի օրը։ Հայաստանում Ձերդ Մեծության ամենահզոր անունն այնքան փառաբանված է, որ շատ հոգիներ շարունակաբար աղոթում են աստվածային սրբազնության առաջ՝ Ձերդ Մեծության փրկության համար։ Ու նրանք երբեք չեն մոռանա Ձեր փառավոր անունը, որը պահպանված կլինի նաև երկնքում։ Այս ամբողջ խեղճ քրիստոնյա և կաթոլիկ ժողովուրդը ներկայանում է աստծուն, աղոթում նրա առաջ, որպեսզի նա պահպանի Ձերդ Մեծությանը, ինչպես նաև տիկին թագուհուն և Ձեր միակ ժառանգ-պայծառափայլ թագաժառանգին, նույնպես նաև ամբողջ արքունական ընտանիքին։ Այն բոլոր ողորմածություններով հանդերձ, որ Ձերդ Մեծությունն արել է մեզ համար, չկա ավելի մեծը, քան ներկայումս խնդրում ենք իրենից, որը և լինելու է վերջինը՝ և դա մենք խնդրում ենք անհագ ծարավով ու մեծ ցանկու-

[էջ 322]

թյամբ։ Մեր խնդրանքն այն է, և թող Ձերդ Մեծությունը ներողամիտ լինի մեր հանդեպ, արտահայտվելու այն պարզության համար, որ մենք ներկայումս հանդգնում ենք անել, որպեսզի Ձերդ մեծությունը չմերժի լսելու այն մեծ դժբախտության մասին, որ եկել է մեր գլխին երկրաշարժերի հետևանքով, որոնք և պատճառ են դարձել մեր Ապարաներ (Paranere) քաղաքի եկեղեցու հիմնահատակ քանդվելուն։ Մենք այլևս այն վերականգնելու հույսեր չունենք։ Երկնքում՝ երկնային գթասրտությամբ, իսկ երկրում այն ողորմածություններով, որ հույս ունենք ստանալու Ձերդ Մեծությունից, և շնորհիվ այն բարեպաշտության, որ Ձերդ Մեծությունը միշտ ունեցել է հանդեպ Հիսուս Քրիստոսի սուրբ կույսի, որը միշտ պատրաստ է ծննդաբերելու և նա (կույսը) հույս ունի, որ Դուք կլինեք նրա կնքահայրը, որպեսզի վերականգնվի այդ սուրբ եկեղեցին իր ամբողջ վեհությամբ, և որ հետո Ձերդ Մեծությունը կարողանա երկնքում ստանալ այդ՝ մարդու ձեռքերով, բայց իրականության մեջ աստծու ձեռքերով կառուցված եկեղեցին. և մենք բոլորովին չենք կասկածում, որ Ձերդ Մեծությունը այդ խեղճ եկեղեցու համար կբարեխոսի նաև Պարսկաստանի թագավորի մոտ։ Այստեղ ապրում են դոմինիկյան հայրերը, սուրբ Դոմինիկի զավակները, որոնք այդ նույն եկեղեցուն ամեն օր պատարագ են մատուցում և միշտ իրենց աղոթքներում աղոթում են Ձերդ Մեծության փրկության համար։ Գրված է Ապարաներում, 1-ը սեպտեմբերի 1682 թ.։

Վանական եղբայր Ազարիա՝ քարոզիչ և մեծավոր. շատ ողորմած կաթոլիկ քրիստոնյաներ ներկայումս աղոթում են Ձերդ Մեծության համար։

Վանական եղբայր Պաուլո՝ Ապարաների, Թավրիզի (՞) և Նախիջևանի հյուպատոսի մեծավոր։

G. Goyau. Op. cit., pp. 280—282.

XX

ԱԿՆԱՐԿ ՊԱՐՍԿԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՎՐԱՍՏԱՆՈԻՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՀՈԻԶՈԻՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլուխ չորրորդ

Ադրբեջանում աֆղանների տեղավորման մասին՝ բախտիարների խռովությունը, 1750 թ. Իսմայիլ-շահի գահին տիրանալու մասին։ Աֆղանները պարտվում են Հերակլի կողմից։ Նրանք նվաճում են Երևանի և Նախիջևանի գավառները։ Շահ-Ռուխին կուրացնում են։

[էջ 323]

Շահ Նադիրի մահից հետո յուրաքանչյուր տարի նշանավորվում է որևէ արտակարգ իրադարձությամբ։ Այն, ինչ կատարվեց 1750 թ., պակաս ուշադրության արժանի չէ, քան նախորդներն էին։

Պարսկաստանը փոխեց իր դեմքն ու .սկսեց անդամահատվել։ Երկրի ներսում գտնվող խաներն իրենց նահանգներում իրենց անկախ ճանաչեցին։ Վրաստանի իշխանները՝ Թեյմուրազն ու Հերակլը նվաճեցին Երևանն ու Նախիջևանը, հասան մինչև Թավրիզ և իրենց կողմը ներգրավեցին աֆղաններին։ Այս ժողովուրդների ծագումը հայտնի է։ Ես կբավարարվեմ ընթերցողին ծանոթացնելով միսիաների կողմից թողնված հիշողությունների հետ և, հատկապես, պարոն Հանվեյի նկարագրություններին՝ Պարսկաստանի հեղափոխությունների շուրջ։ Սակայն, ես պետք է ասեմ, որ այն աֆղաններին, որոնց մասին այսօր խոսում ենք, պետք չէ շփոթել Կանդահարի աֆղանների հետ։ Այն աֆղանները, որոնց մասին ես պետք է խոսեմ, դրանք Շահ Նադիրի թիկնապահների մնացորդներն են, որոնք այս իշխանի մահից հետո, այլևս չհամարձակվելով այդքան երկրների միջով վերադառնալ իրենց հայրենիքը, քաջ գիտակցելով, որ վատ ընդունելության կարժանանան, սկսեցին Երևանի և Նախիջևանի նահանգներում զբաղվել ավարառությամբ, միաժամանակ մտածելով վերջնականապես մի վայրում տեղավորվելու մասին։ Նրանք սուննիներ են, բայց ճշմարտության առաջ չմեղանչելու համար պետք է ասել, որ նրանք ոչ կրոն ունեն, ոչ էլ սովորույթներ։ Վրացիները նրանց ուղևորեցին դեպի Ադրբեջան։ Նրանք վստահեցին իշխան Թեյմուրազին, որը իր հայեցողությամբ նրանց վրա նշանակեց մի պետ, որով նա ապահովում էր նրանց հնազանդությունը, միաժամանակ և լուծում էր ղեկավարման հարցը։

Հարավում՝ Պարսկաստանում գլուխ է բարձրացնում մի նոր աղետ, ուստի և մի նոր հակառակորդ՝ Շահ-Ռուխը։ Ապստամբում են բախտիարները։ Սրանք Լուրիստանի նահանգի քրդերն են։ Նրանք ապրում են ցեղերով, համարյա թուրքմենների նման, որոնք տարածված են Փոքր Ասիայում։ Այս ըմբոստ մարդիկ իրենց առաջնորդ նշանակեցին ութսունամյա ծեր գեներալ Ալի-Մերդան խանին։ Այս վերջինս բարեխոսեց ինչ-որ իշխան Իսմայիլի մասին, որը իբր Սեֆյանների ցեղից էր սերում և օրինական իրավունք ուներ գահի նկատմամբ։ Այդ պահին վրա հասած սովը Շահ-Ռուխին ստիպում էր մնալ Մեշհեդում, և միաժամանակ հարկ է լինում զսպել Խորասանի ապստամբներին։ Նա վախենում էր, որ կթալանեն դեռևս Քալաթի ապարանքի քարանձավում պահված իր նախնու՝ Շահ Նադիրի գանձերի մնացուկները։ Այսպիսին էր վիճակը Պարսկաստանում 1750 թ. սկզբին։

[էջ 324]

Աֆղանները, որպես սյուննիներ, բնականաբար թշնամի են ղզլբաշներին, որոնք Ալիի աղանդին պատկանող պարսիկներ են։ Չնայած կրոնով տարբեր են, բայց ավարառությամբ ու գողություններով ապրելու նրանց ընդհանուր շահագրգռվածությունը համախմբում է նրանց, և նրանց հետ գալիս են միանալու նաև Ադրբեջանի ղզլբաշները։ Սկզբնական շրջանում նրանց թիվը տաս հազարից չէր անցնում, բայց գնալով նրանց բազմությունը մեծ չափերի է հասնում ի հաշիվ այլ ավազակների, որոնք միանում են այդ խմբերին։ Բայց ի վերջո, ձանձրանալով Վրաստանի իշխանին տված հնազանդության ու կախվածության իրենց խոստումից, վռնդում են Թեյմուրազի կողմից իրենց վրա նշանակված գեներալին և առաջնորդ են նշանակում Քասում-խանին։ Նրանց սանձարձակություններն այլևս ոչ մի արգելք չէին ճանաչում, որով և դարձյալ սկսվեցին ավերածություններն ամբողջ երկրով մեկ։ Բախտիարները, ոչ մի արգելքի չհանդիպելով, շարունակում են իրենց արշավանքը դեպի Սպահան։ Ալի-Մերդան խանը գրավում է մայրաքաղաքը և գահի վրա նստեցնում իր կողմից հովանավորվող իշխան Իսմայիլին։ Իր գահը ամրացնելու համար նոր թագավորը դրամի կարիք է զգում, որը և նրան ստիպում է դիմելու բռնությունների՝ Սպահանի ժողովրդի նկատմամբ։ Նա անասելի չափերի տուրքեր է վերցնում, մահվան է դատապարտում հարուստ վաճառականներին՝ նրանց ունեցվածքին տիրանալու համար։ Նրանց մեջ էր գտնվում նաև նշանավոր հայ միլիոնատերեր Շահրիմանյան (Sheriman) եղբայրներից մեկը, որոնց ընտանիքը, դեռ Շահ Նադիրի իշխանության օրոք արդեն ենթարկվել էր ամեն տեսակ դաժանությունների։

1751 թ. սկզբին Թեյմուրազ և Հերակլ իշխանները, աֆղանների ապստամբությունից անհանգստացած, ճանապարհ են ընկնում՝ նրանց դարձյալ վերադարձնելու այն լծի տակ, որը նրանք կարողացել էին թոթափել։ Հայերն էլ իրենց հերթին միանում են վրացիներին։ Այս բանակի մեջ մտնող բոլոր զինվորներն իրենց հագուստների և դրոշակների վրա խաչեր էին կրում։ Խաչակիրներին նմանվող այդ մարդիկ գնում են աֆղանների դեմ և հանդիպելով նրանց Օրդուար (Odouar) քաղաքի մոտակայքում, պարտության են մատնում նրանց և շատերին կտոր-կտոր անում։ Այս մարտում Հերակլը իրեն այնպես դրսևորեց, որ այդ իրադարձությունը կարելի է համեմատել հին ժամանակների ամենահերոսական իրադարձությունների հետ։ Աֆղան առաջնորդներից մեկը հպարտանալով ասել էր, որ ինքն իր հետ կբերի Հերակլին՝ ողջ կամ մեռած։ Մի վրացի, որը գտնվում էր թշնամի գեներալի զորքում, կարողանալով այնտեղից խույս տալ, գալիս ու իշխանին պատմում է այդ մասին։ Հերակլը նպատակադրված սպասում է նրան։ Հազիվ կռի-

[էջ 325]

վը սկսվում է, այդ համարձակ առաջնորդը դուրս է գալիս ու բարձրաձայն հարցնում Հերակլի մասին։ Ահա նա, — հպարտությամբ ասում է իշխանը և առաջանում դեպի նա։ Աֆղանը, նիզակը պարզած, ամբողջ արագությամբ նետվում է դեպի իշխանը։ Հերակլը ոտքերը դնում է գետնին, ճարպկորեն խուսափում է իր թշնամու հարվածից ու ատրճանակի մի հարվածով ձիու վրայից նրան գետին տապալում։ Դժվար չէ պատկերացնել, թե առաջնորդի նման վարմունքը ինչպիսի տպավորություն թողեց զինվորների վրա։ Հաճախ, նույնիսկ սրանից առավել ցածր խիզախությունների դեպքում, վճռվել է որևէ կռվի ելքը և ապահովվել հաղթանակը։

Թուրքերը անհանգստությամբ տեսնում էին վահանների հսկայածավալ քանակը և կարծում, թե նրանք խաչակիրներն էին, որոնք և համաձայնության էին եկել մոսկովիտների հետ։ Սրանք Աստրախանից հետախուզական խմբեր էին բերել այս վայրերը։ Դա հաստատում էր այդ հարցի հանդեպ Դռան ունեցած կարծիքը։ Ես այդ ժամանակ գտնվում էի Զմյուռնիայում (Smirne), երբ այնտեղից անցնում էր մեծ վեզիր Քյոռ Ահմեդ (Kior Achmet) փաշան և ուղևորվում էր Ադանայի իր փաշալիկը։ Ես այստեղ մի խոսակցության ընթացքում տեղեկացա, որ այս պարոնը համոզված էր, որ Ռուսաստանից եկած և Կnuտանդնուպոլսում ապրող պարոն Նեպլյուևը (Neplewf) դեռևս կենդանի էր և որ նրա կաթվածահարության ու թաղման լուրը պարզապես մի կատակերգություն էր նրա փախուստը հեշտացնելու համար։ Վախենում էին այն բանից, որ նրա (Նեպլյուևի) արքունիքի հարաբերությունների խզումը Դռան հետ կվտանգեր նրա ազատությանը։ Նրան կբանտարկեին յոթնաշտարականի ապարանքի մեջ, ինչպես սովորաբար դա իրագործվում էր Օսմանյան արքունիքի կողմից։ Փաշայի այս կարծիքը գալիս է ապացուցելու (Բարձրագույն) Դռան տեսակետը այն մասին, որ կամ մոսկովիտները ուզում են օգտվել Պարսկաստանում տեղի ունեցող հուզումներից՝ այս երկրի դեմ որևէ բան ձեռնարկելու համար, կամ էլ հենց ինքը (Դուռը) մտածում է օգտվել այդ անկայուն իրադրությունից։ Եվ, իրոք, փաշայի Զմյուռնիայից մեկնելուց հետո, բոլորը համոզվել էին, որ իրեն ուղարկում են սահմանների մոտ որպես սերասկեր (Serasker), ինչպես դա եղել է նաև անցյալում։

Աֆղաններին պարտության մատնելուց հետո Հերակլը առաջացավ մինչև Թավրիզ և տիրացավ այդ վայրին։ Բայց նա բոլորովին էլ չբավարարվեց այդ հաջողություններով։ Նա գնաց Լեզգիների (Lesguis) և Գյանջայի (Guendjé) ու Ուրմիայի (Ouroumi) խաների դեմ, որոնք իրենց օգնությունն ու հովանավորությունն էին բերել աֆղաններին։ Նրանց նկատմամբ նա կատարյալ հաղթանակ ձեռք բերեց և հայտարա-

[էջ 326]

րեց, որ ինքը տվյալ պարագայում գործում է որպես Dewlet-Scheriki կամ, այսպես ասած, որպես կայսրության բարեկամի։ Ենթադրեցին, որ հենց ինքը՝ Հերակլն էր համարձակվել իրեն տալ նման որակավորում, հիմնվելով մի պայմանագրի վրա, որը իբր ինքը կապել էր Շահ-Ռուխի հետ՝ տերությունը բաժանելու համար։ Բայց անձամբ ես չէի համարձակվի այս տեսակետը ընդունել որպես հավաստի։

Հերակլի ձեռնարկած այս արշավանքը այնքան նպաստավոր ելք չունեցավ, ինչպես ինքն էր կարծում ։ Աֆղանները, իրենց դաշնակից ունենալով լեզգիներին, հարձակում գործեցին Նախիջևանի վրա։ Հնարավոր չէ նկարագրել նրանց կողմից այնտեղ իրագործված վայրագությունները։ Այս մարզի բնակիչներն իրենց վրա զգացին այն ամբողջ սարսափը, որ կարող է ի հայտ բերել ամենաահավոր պատերազմը։ Այդ սանձարձակ հորդաները նախ պահանջեցին չորս հազար թուման ռազմատուգանք, որը մեր փողով կազմում է մոտավորապես հարյուր քսան հազար էկյու և վեց հազար բեռ ցորեն։ Նախորդ բազմաթիվ պատերազմներից հալումաշ եղած ժողովուրդը ի վիճակի չէր նման ահավոր բարձր պահանջները բավարարելու։ Արդյունքը եղավ այն, որ նա ենթարկվեց այդ բռնակալների ագահություններին ու բարբարոսությանը։ Հալածողների ագահությունը գոհացնելու համար հայրերն ստիպված եղան չտեսնված փոքր գումարներով վաճառել իրենց զավակներին։ Այդ կատաղածներն իրենց անասնական կիրքը կանանց վրա հագեցնելուց հետո, շիկացած երկաթներով վառում էին նրանց ստինքները, ինչպես նաև մարմնի բոլոր մասերը՝ խոստովանեցնելու համար իրենց կողմից պահած դրամների տեղերը։ Եվ երբ տեսնում էին, որ այլևս ոչինչ չունեն ստանալու, մորթում էին նրանց։ Հրդեհեց բոլոր գյուղերը նրանց վայրագությունը հասավ այն աստիճանի, որ վառեցին նաև ամբողջ բերքըև ավերեցին բոլոր դաշտերը։ Սովն էլ իր հերթին եկավ ամբողջացնելու այն պակասը, որ չէր ենթարկվել թշնամու կատաղությանը։ Նրանք, ում մոտ դեռևս մի քիչ ուժ էր մնացել, փախել էին լեռները, բայց այստեղ ևս ուտելու որևէ բան՝ սնվելու համար նույնիսկ խոտ կամ տերևներ չգտնելով, մահանում էին ճանապարհներին։ Կաթոլիկ գյուղերը, որոնք բավական շատ են այս կողմերում, ամբողջովին ամայացել էին։ Տներն այրվել էին, իսկ վանքերը կողոպտվել։ Հայր Հովսեփ Վարդիկը՝ (Joseph Vartik) Ջահուկի (Chiaouk) դոմինիկյանների ավագերեցը և, միաժամանակ, այդ գավառի առաջնորդական տեղապահը, եկեղեցու և ապաստարանի բոլոր սկահակները, զարդերն ու արծաթեղենը տալուց հետո, ձերբակալվեց աֆղանների կողմից, որոնք նրան երկար ժամանակ բանտում պահելուց հետո, մի մեծ խարույկ վառեցին, որպեսզի նրան տանջանքների ենթարկելով

[էջ 327]

կարողանան մի բան ևս պոկել նրանից։ Սարսափելի տանջանքից մի կերպ փրկվելու համար նա ստիպված եղավ նրանց խոստանալ, որ ինքը կգրի, որպեսզի իր փրկության համար փող ուղարկեն։ Ես տեղյակ չեմ, թե ինչպես եղավ այդ կրոնավորի ճակատագիրը։ Մի խոսքով, ես ավելի արտահայտիչ խոսքեր չեմ գտնում բացատրելու համար այն ողբալի վիճակը, որում գտնվում է այս երկիրը և նա դեռ շարունակում է մնալ պատերազմական մի թատերաբեմ։

Աֆղաններն իրենց արշավանքները շարունակեցին մինչև Ագուլիս (Agulis)։ Վրացիները նրանց համառ դիմադրություն ցույց տվեցին, բայց չկարողացան խանգարել նրանց մուտքը այս քաղաք, որն իր հերթին խեղդվեց արյան ու կրակի մեջ։ Սպանվեցին երկու հազար քրիստոնյաներ, իսկ հազար հինգ հարյուրը գերի վերցվեցին։ Այդ ողբը հասավ մինչև Երևան։ Նրանց դաշնակից լեզգիները գնացել էին դեպի Շիրվան և պարտության էին մատնել վրացիներին։ Զիջելով այս անկոտրում հեղեղին, Հերակլը ստիպված եղավ հեռանալ իր մայրաքաղաքը։

Այդ պատերազմը չխանգարեց սակայն առևտրի ազատ գործունեությանը։ Բավական հեշտ էր քարավաններին Գիլանից անցնել Էրզրում, բայց ճանապարհները Թավրիզից Ղազվին (Casbin) ամբողջովին անօգտագործելի էին դարձել։ Դրանք վտանգված էին Ուրմիայի (Ouroumi) նահանգի քրդերի և այլ չարագործների հարձակումներից։ Սպահանից Բասրա (BASSORA) տանող ճանապարհը բոլորովին արգելված էր։ Մնում էր կապի միայն մի քանի միջոց՝ այդ մայրաքաղաքից մինչև Բաղդադ, որտեղից պարսիկները գնում էին ձեռք բերելու իրենց համար անհրաժեշտ ապրանքները։

Այս միջադեպերի ընթացքում Շահ-Ռուխը մնացել էր Խորասանում։ Սովը ոչնչացրել էր նրա զորքերի լավագույն մասը։ Նրա անգործությունը նվազեցրել էր իր ունեցած հեղինակությունը և սկսում էին նրա նկատմամբ ատելություն տածել։ Նրա՝ սուննի լինելու մասին առաջացած կասկածները պարսիկների մոտ վերջնականապես նողկանք առաջացրին նրա նկատմամբ և այլևս չուզեցին նրա մասին նույնիսկ խոսել։ Նրանք բացեիբաց պահանջում էին իրենց գլխին ունենալ Ալիի աղանդից մի իշխանի։ Իմամ Ռիզա մութավելին (Mutevelly Imam-Riza), օգտվելով ժողովուրդների մոտ առաջացած այդ անբարյացակամ վերաբերմունքից, մեքենայությունների միջոցով հաջողացրեց նրա (Շահ-Ռուխի) աչքերը հանել տալ։ Բայց շարժվեց նրա (Շահ-Ռուխի) հպատակների խիղճը, որը վերացել էր ֆանատիզմից դրդված։ Նրա զինվորները, զգացվելով իր գլխին եկած դժբախտությունից, նրան

[էջ 328]

դարձյալ ճանաչեցին որպես թագավոր։ Վստահեցնում են, որ նա դեռևս կա, բայց նրա մասին ստույգ տվյալներ անձամբ ես չունեմ։

Գլուխ հինգերորդ

Դաշնակիցների նախագիծը թագավորի ընտրության հարցում։ Թեյմուրազը այդ ծրագիրն իրականացնելիս մատնվում է։ Լեզգիները կազմալուծում են Հերակլի բանակը։ Նրանք, իրենց հերթին, պարտվում են և փախուստի մատնվում այս իշխանի կողմից։ Աֆղանների կողմից խաղաղության դաշինքի կնքում Հերակլի հետ։

1751 թ. վերջին վրացիները հեռանում են դեպի Թիֆլիս՝ նոր ուժեր հավաքագրելու ու վերականգնելու արշավանքների պատճառած կորուստները, որոնք, ի դեպ, սկսվել էին իրենց օգտին, բայց վերջացել էին ի վնաս իրենց։ Աֆղանները, սակայն, օրեցօր դառնում էին ավելի անտանելի։ Նրանց գեներալը՝ Ազատը տիրացել էր Ուրմիայի ամրոցին՝ այնտեղ իր համար մի պատսպարան պատրաստելու համար։ Նա 1752 թ, հունվար ամսին տիրում է նաև Թավրիզին։ Նույնիսկ հավատացնում են, թե նա Ադրբեջանի թագավորի կոչում է ստանում՝ օրինակ վերցնելով Էմիր-Արսլան խանից, որը իրենից առաջ նույն ձևով էր վարվել։ Այդ սրիկաների կողմից իրագործված բոլոր հրեշավորություններն այն բոլոր երկրներում, որտեղ տարածում էին իրենց տիրապետությունը, ատելություն առաջացրեց նաև Թավրիզում։ Նույն զգացմունքն էր տիրում նաև մնացած բոլոր տեղերում։ Նրանց ձեռք բերած նոր նվաճումներն նրանց առավել ևս անցանկալի դարձրին հարևանների մոտ, որոնք տեսնելով երբեմնի թափառաշրջիկ ու աստանդական այդ ժողովուրդներին՝ տերության ամենախոշոր քաղաքներին՝ կայուն ու ամուր հիմքեր նախապատրաստելու նպատակով, որոշեցին միանալ նրանց ոչնչացնելու միտումով, եթե անշուշտ դա հնարավոր էր իրագործել։ Ղարաբաղի (Carabag), Գյանջայի (Guendjé) և Շամախու (Schamaké) խաներր Թեյմոլրազի հետ դաշնակցության մեջ մտան։ Թավրիզի բնակիչները, որոնք այլևս չէին կարողանում դիմանալ աֆղանների պատճառած կեղեքումներին, իրենց հերթին, այս իշխանի մոտ ուղարկեցին քսան հոգուց բաղկացած երևելի անձնավորություններ, նկարագրելու համար այն ծանր ու դաժան կացությունը, որի մեջ գտնվում էին իրենք և նրանից խնդրելու, որպեսզի իր օգնությունը բերի իրենց։ Դաշնակիցների պլանը նրանում էր, որ բոլորով միասին շարժվեն դեպի Թավրիզ, ամբողջովին ոչնչացնեն աֆղաններին, այդտեղից ուղևորվեն դեպի մայրաքաղաք՝ վերջ դնելու համար այն բոլոր դժբախտություններին, որոնք ծանրորեն նստած էին կայսրության ուսե-

[էջ 329]

րին, որից հետո իրենց մնում էր ընտրել մի թագավոր, որը պետք է լիներ Սեֆյանների ցեղից։ Այդ նպատակով դաշնակիցներն ասպարեզ հանեցին մի նոր իշխանի, որը մոսկովիտների կողմից դրվել էր վրացիների ձեռքերի մեջ։ Ես չգիտեմ նրա անունը, ոչ էլ նրա ծագումը և չեմ համարձակվում որևէ բան ասել նրա մասին։ Որոշում կայացվեց, որ իրենց հանդիպման վայրը պետք է լինի Թավրիզը, որտեղ էլ կքննարկվեն վերոհիշյալ իշխանի իրավունքները, ինչպես նաև Շահ Իսմայիլի իրավունքները, որը Բախտիարների կողմից ներկայացված էր որպես գահի տերը։ Եվ եթե ոչ մի արդյունք չարձանագրվեր ընտրությունների միջոցով, ապա ուժի դիրքից ելնելով, կորոշվեր թե երկուսից ո՞ր մեկը պետք է իշխանության գլուխ կանգնի։ Տվյալ հանգամանքներում պիտի անտեսվեր Շահ-Ռուխը, քանի որ կորցրած լինելով իր տեսողությունը, նա այլևս ի վիճակի չէր իր ձեռքում պահել կառավարության սանձերը։

Այս դաշնակցությունն, անշուշտ, հաջողություն կունենար այն դեպքում, եթե նրա կազմում ընդգրկված խաներն իրենց մեջ ունենային նույն բարի կամեցողությունն ու բարյացակամությունը, ինչ կար Թեյմուրազի մոտ։ Իսկական աֆղանների թիվը նվազել էր և չէր անցնում չորս-հինգ հազարից և դա շնորհիվ Հերակլի Օրդուարում (Odouar) նրանց նկատմամբ կատարած սպանդի, ինչպես նաև բազմաթիվ այլ փոքր բախումների։ Մնացած թափառաշրջիկները, որոնք եկել և ուռճացրել էին նրանց քանակը, այն վերածելով ահավոր հսկա մի բանակի, չունենալով ապրուստի այլ միջոց, քան կողոպուտները, զանգվածորեն դասալքում էին բանակը և դա կատարվում էր այն ժամանակ, երբ աֆղաններն արդեն դադարեցրել էին իրենց ասպատակությունները և տեղավորվելով քաղաքներում, պարզ զգացվում էր, որ նրանք ուզում են ապրել նստակյաց կյանքով։ Նրանց ամբողջովին ոչնչացնելը թվում էր հեշտ բան է, բայց խաները հեռու մնալով ծրագրված պլանից, դավաճանեցին Թեյմուրազին և նույնիսկ խանգարեցին նրան իրականացնելու իր ծրագիրը։

Թեյմուրազը գաղտնաբար զգուշացվեց այդ դավաճանության մասին, սակայն դա ամենևին չխանգարեց իր նպատակը իրականացնելուն։ Բայց մինչև Թավրիզի վրա գնալը, նա որոշեց գրավել Գյանջան։ Հերակլը ճանապարհ ընկավ տասներկու հազար մարդուց բաղկացած մի բանակով։ Այն բաղկացած էր Թիֆլիսի, Կախեթի (Caket), Փազեսի (d'Oases), Ղազախի (Kazakes) և Բորչալուի (Borcialous) բնակիչներից։ Նրանք մշտապես ապրում են վրանների տակ, ամառը՝ լեռներում, իսկ ձմեռը՝ դաշտավայրերում։ Նրանք քաջ են և պատերազմելուց բացի այլ զբաղմունք չունեն։ Այս բանակը մեծանում է լեզգիների հաշվին,

[էջ 330]

որոնք անցել էին վրացիների կողմը՝ կռվելու համար իրենց իսկ հայրենակիցների դեմ։ Այն (բանակը) իր վրանները դնում է Գյանջայի առաջ։ Բայց քանի որ Հերակլը դանդաղ էր առաջ շարժվում, դեմ-հանդիման դուրս եկավ աֆղաններին դաշնակից լեզգիների հրամանատարին, որը նույնպես առաջանում էր նույն ուղղությամբ՝ տասներկու հազար մարդկանցով։ Նա օգնության էր կանչվել Գյանջայի խանի կողմից, որը դաշնակցության գլխավոր հեղինակներից մեկը լինելով հանդերձ, տվյալ պարագայում դավաճանում էր Թեյմուրազին։ Լեզգիներն սպասում էին քաղաքին ավելի մոտ մի վայրում (Պարսկաստանի կողմից), իսկ Հերակլը ավելի հեռու էր գտնվում, թիկունքում ունենալով Վրաստանը։ Բանակներն այսպես մի քանի օր մնացին իրար դեմ-դիմաց, առանց հարձակում գործելու։ Վերջապես ղազախները, բորչալուները և վրացիների հետ դաշնակից լեզգիները, կազմելով չորս հազար մարդուց բաղկացած մի մեծ կորպուս, հարձակվեցին թշնամու վրա։ Բայց նրանք հանդիպեցին մի այնպիսի դիմադրության, որին իրենք բոլորովին չէին սպասում։ Անկախ իրենց կողմից ցուցաբերված հուժկու հարձակմանը, նրանք ստիպված եղան նահանջելու ու միանալու Հերակլի բանակին։ Այս պարտությունը խուճապ առաջացրեց և բանակը ստիպված եղավ անկազմակերպ նահանջել դեպի Թիֆլիս։ Ղազախները, բորչալուները և բարեկամ լեզգիները, վիրավորված այն բանից, որ իրենք մարտի են ուղարկվել, բայց իրենց ոչ ոք թիկունք չի կանգնել, խռովություն բարձրացրին և Հերակլի բանակում ավելի շատ ավերածություն գործեցին, քան կաներ թշնամին։ Իշխանը ստիպված եղավ նահանջել և գոհ մնաց, որ երեք-չորս հազար զոհ տալուց հետո կարողացավ հասնել մինչև իր մայրաքաղաքը։

Թշնամի լեզգիները, այլևս ոչ մի խոչընդոտ չունենալով, մտան Գյանջա և իրենց բարբարոսություններով գերազանցեցին նույնիսկ իրենց դաշնակից աֆղաններին։ Տեղի բնակիչները ենթարկվեցին նույնանման վայրագ վերաբերմունքի, ինչ այս վերջիններս իրագործել էին Նախիջևանում մեկ տարի առաջ։ Այս խեղճերի սպանդը ահավոր չափերի էր հասել, իսկ նրանցից շատերը ստրկացվել էին։ Թուրինի վեղարավոր (Կապուչին) հայր Ֆիդելը սպանվեց մենաստանի դռան շեմին, իսկ հայր Ռոդոլֆ Բրեսցին, հավանաբար, նույնպես այդ բարբարոսների զոհը դարձավ։ Հավանաբար, քանի որ այդ վայրերից նրա հեռանալուց հետո այլևս իր մասին ոչ մի տեղեկություն չի ստացվել։ Իսկ Գյանջայի միսիան այդպես էլ թափուր մնաց, քանի որ կրոնավորների անվտանգությունն այնտեղ ապահովված չէր։

Ես կուզենայի այստեղ պատմել մի անեկդոտ, որը որոշակի գաղափար է տալիս իշխան Հերակլի արդարամտության ու ազնվության

[էջ 331]

մասին։ Մի քանի տարի առաջ Թիֆլիսի կաթոլիկները մի հոյակապ եկեղեցի կառուցեցին, որը զայրույթ առաջացրեց երկրում մեծամասնություն կազմող հավատացյալների մոտ։ Կաթողիկոսը, որը սրտի կսկիծով էր նայում այդ սքանչելի շինությանը, Հերակլին հորդորեց, որպեսզի Սիոնի տաճարը փոխանակվի նրանց եկեղեցու հետ։ Զբաղված լինելով ավելի լուրջ հարցերով, քան կղերականների միջև ծագած բանավեճերը, այս իշխանը, ցանկանալով օձիքն ազատել նրանցից, խոստացավ, որ առաջիկա արշավանքից վերադառնալուց հետո ինքն անպայման կբավարարի այդ խնդրանքը։ Բայց, ինչպես մենք տեսանք, պարտություն կրելով լեզգիներից, նա այդ պարտությունը ընդունեց որպես պատիժ այն անարդարության դիմաց, որ ինքը գործել էր։ Եվ Թիֆլիս վերադառնալով, նա կաթողիկոսին ծանր նախատինքներ տվեց իրենից անարդար խոստում կորզած լինելու համար և որի համար էլ աստված իրեն պատժել էր։ Այնուհետև նա ոտաբոբիկ գնաց բոլոր եկեղեցիները, աստծուց ողորմություն խնդրելու իրեն հասցրած վիրավորանքի համար։ Նա կաթոլիկներին թողեց իրենց եկեղեցին, և նույնիսկ այն հարստացրեց իր տված նվերներով։

Վրացիների վերջին պարտությունն անչափ թուլացրել էր նրանց ուժերը և ամբողջովին զրկել նոր արշավանք ձեռնարկելու մտադրությունից։ Նրանց օգնություն էր պետք, ժամանակը շտապեցնում էր, տարվա եղանակն արդեն առաջացել էր։ Հերակլն անձամբ գնում է չերքեզների մոտ, նրանցից օգնություն խնդրելու և այդ ծանր վիճակից դուրս գալու համար։ Սկզբում այդ ժողովուրդները դժվարացան կողմնորոշվել նրան օգնելու հարցում, քանի որ վախենում էին ընկնել նրա կողմից լարված թակարդի մեջ և պատժվել նրա կողմից, քանի որ վերջերս նրանք ուզեցել էին ներխուժել Վրաստան։ Բայց Հերակլը կարողացավ այդ բանակցություններն այնպիսի վարպետությամբ ու զգոնությամբ վարել (խոստանալով նրանց համար ևս ապահովել բարենպաստ պայմաններ), որ կարողացավ նրանցից ստանալ չորս հազար մարդ և այդ օգնության շնորհիվ համարյա վերականգնեց այն կորուստը, որ ունեցել էր նախորդ արշավանքի ժամանակ։ Իր զինվորներից յուրաքանչյուրին պարգևատրեց տաս թումանով, իսկ չերքեզներին, որպես պատանդ, տվեց իր առաջին կնոջից ունեցած զավակին։ Նա երկրորդ ամուսնությունը կնքել էր Մինգրելիայից Դադիանի աղջկա հետ։

Հերակլի բացակայությունը լեզգիներին ազատություն ու ժամանակ տվեց, որպեսզի նրանք շարունակեն իրենց ավերումները և նույնիսկ ասպատակությունները Վրաստանից ներս։ Նրանք ոչ մի արգելքի չէին հանդիպում։ նրանցից ոմանք կարողացան նույնիսկ շրջել երկրով մեկ,

[էջ 332]

վիշտ պատճառելով իրենց ճանապարհի վրա ընկած գյուղերի բնակիչներին։ Նրանք հասան նույնիսկ մինչև Ախալցիխե (Akalsiké)՝ իրենց ստրուկներին Մեծ Պարոնի հողատարածությունների վրա վաճառելու համար փաշայից արտոնություն ստանալու նպատակով։ Փաշան իր համաձայնությունը չտվեց, ասելով, որ Դռնից խիստ հրաման է ստացել այդ գործին չմասնակցելու համար։ Զայրացած այդ բացասական պատասխանից, նրանք թալանեցին թրքական տարածքի վրա գտնվող գյուղերն ու քաղաքները և որոշեցին ստրուկներին տանել Դաղստան՝ իրենց հայրենիքը։

Այդ ժամանակամիջոցում Հերակլը չերքեզների օգնությամբ մի նոր բանակ էր կազմել և շարժվում էր դեպի Գորի, որտեղ իր առաջին հաղթանակով նրան մարտակոչ էր անում լեզգիների առաջնորդ Հաճի-Չելեբին։ Նրա հայրը՝ Թեյմուրազը ուզեց ընկերակցել իրեն։ Օգոստոսի 31-ին Թիֆլիսի և Բորչալու երկրի միջև այդ երկու իշխանները հանդիպեցին լեզգիների ջոկատին, որոնք ստրուկներին տանում էին դեպի Դաղստան։ Հարձակվելով նրանց վրա սպանեցին մեծ թվով լեզգիների։ Նրանք, ովքեր խուսափեցին այդ ջարդից, գնացին մի ուրիշ ճանապարհով և միացան իրենց հայրենակիցների բանակային կորպուսին։ Իսկ իշխաններն իրենց ճանապարհը շարունակեցին մինչև բորչալուների երկիրը, որտեղ իրենց սպասում էր թշնամին։

Ղազախներն ու բորչալուները, որոնք լարված էին Հերակլի դեմ Գյանջայի հարցի կապակցությամբ, ինչպես նաև այն խոշոր հարկի համար, որ նա դրել էր իրենց վրա մինչև արշավանքն սկսելը ապստամբեցին ու անցան լեզգիների կողմը։

Հասնելով թշնամուն, Հերակլը տեսավ, որ թշնամին թվով իրեն գերազանցում է։ Երկու դասալիք ցեղերը, որքանով որ թուլացրել էին իրենց ուժերը, նույնքանով հզորացրել էին թշնամուն։ Հերակլին մնում էր ընդամենը յոթից-ութ հազար մարդ, ներառյալ նաև չերքեզների կողմից իրեն տված օգնությունը։ Երեսնիվայր ծնկի գալով, նա օգնություն խնդրեց բանակների աստծուց և բավական երկար աղոթելուց հետո, նա ոգևորեց իր զորքին, բացատրեց հաղթանակի հասնելու անհրաժեշտությունը և հիշեցրեց իրենց ձեռք բերած առաջին հաջողությունները։ Նա դեռ չէր վերջացրել իր խոսքը, երբ ոգևորված զինվորները բոլորը միասին աղաղակեցին, հասկացնելով, որ իրենք պատրաստ են հարձակվելու և զոհվելու համար։ Նա իր բանակը բաժանեց երեք մասի, և բոլորը միատեղ հարձակվեցին թշնամու վրա։ Նրանք մխրճվեցին թշնամու զինվորների շարքերի մեջ, իսկ սրանք սկզբում ձևացրին, թե փախուստի են դիմում։ Բայց դա պարզապես Հերակլին ուղևորում էր դեպի այնպիսի մի վայր, ուր համախմբված էր մեծա-

[էջ 333]

քանակ մի բանակ, որը վրացիներին մի այնպիսի ուժգնությամբ ետ մղեց ու խուճապի մատնեց, որ դա կարող էր վերածվել համատարած խուճապի։ Սակայն Հերակլը չվհատվեց։ Նա կարողացավ նրանց միավորել ու դարձյալ հարձակման անցնել։ Հետևելով իշխանի օրինակին, ոգևորված զինվորները երկրորդ անգամ լինելով, այնպիսի հարձակում գործեցին լեզգիների վրա, որ այս վերջիններս չկարողացան դիմադրել այդ հարվածին։ Կռվի թեժ պահին Հերակլը մարտնչեց Հաճի-Չելեբու որդու հետ և նրան ծանր վիրավորեց։ Վրացիները դարձան կռվի դաշտի, ինչպես նաև թշնամու ամբողջ ունեցվածքի տերը։ Ազատություն գտան հազար հինգ հարյուր ստրուկները։ Այս կռվում լեզգիները կորցրին յոթից-ութ հազար մարդ, հինգ հարյուր վրան, հազար հինգ հարյուր ջորի, ինչպես նաև իրենց ողջ շարժական գույքը։ Հաղթողները բաժանվեցին երկու մասի՝ մեկը հետապնդեց փախստականներին և նրանցից շատերին սպանեց, իսկ մյուս մասը գնաց ավերելու ղազախների ու բորչալուների գավառները՝ նրանց պատժելու՝ ապստամբած լինելու համար։ Կռվի ժամանակ չերքեզները կորցրին իրենց հրամանատարներից մեկին, բայց իրենք էլ իրենց հերթին գերեվարեցին լեզգի առաջնորդներից մեկին։ Այս վերջիններս շատ ջանքեր թափեցին նրան (առաջնորդին) ետ վերցնելու համար և դրա դիմաց մեծ գումար առաջարկեցին։ Չերքեզները մնացին անկոտրում։ Այդ թշվառականին տարան իրենց հրամանատարի դիակի մոտ ու զոհաբերեցին ի հիշատակ նրա նախնիների։ Պարտական լինելով չերքեզներին հաղթանակի ձեռքբերման համար, նա (Հերակլը) իր երախտագիտությունը հայտնեց՝ նրանց թողնելով թշնամուց ձեռք բերած ամբողջ ավարը։ Նման առատաձեռնությունը նրա կողմից թելադրվում էր քաղաքական իմաստով։ Նա մտածում էր գոհացնել այդ ժողովուրդներին, որոնցից, ըստ երևույթին, նա մտածում էր խոշոր չափերի օգնություններ ստանալ։ Եվ իսկապես, նրանք այնքան զգացվեցին այդ սրտաբուխ վարմունքից, որ անվերապահորեն խոստացան կարիքի դեպքում նրան օգնել մինչև քսան հազար մարդով։ Կասկած չկա, որ օրերից մի օր նրանք իրենց բարյացակամությունը գործի կվերածեն։

Այդ հաղթական գործունեությունից հետո Հերակլը իր հոր հետ վերադառնում է Թիֆլիս։ Մոտենալով քաղաքին, նրանք ոտք են դնում գետնի վրա և բոբիկ ոտներով ուղևորվում են դեպի Սիոնի տաճարը, որտեղ ներկա են լինում մի հանդիսավոր պատարագի՝ ի պատիվ ձեռք բերած հաղթանակի։ Ամբողջ խմբերով եկել էին նրանց տեսնելու, և ծափահարությունների ու ուրախ ճիչերի ներքո իշխաններն ուղևորվեցին դեպի իրենց պալատները։ Մի քանի օր Թիֆլիսում մնալուց հետո, Հերակլը ճանապարհ դրեց չերքեզներին՝ նրանց խոստացած վճարումը

[էջ 334]

տալուց հետո։ Եվ նրանք տեղ հասնելով, չդադարեցին այդ առատաձեռն իշխանին գովաբանելուց։ Այնտեղից Հերակլը ուղևորվեց Կախեթ՝ իր ընտանիքի մոտ։ Նա Թիֆլիս է վերադառնում նոյեմբեր ամսին։ Լեզգիների առաջնորդը, պարտությունից հետո վերադառնալով իր երկիր, սկսում է հավաքել յոթ-ութ հազար մարդուց բաղկացած մի բանակ ու գալիս, վրաններ է խփում այն լեռների ստորոտին, որոնք Դաղստանի գավառը բաժանում են Կախեթի երկրամասից, Նա դարձյալ մարտահրավերի է կանչում Հերակլին։ Բայց իշխանը, նկատի ունենալով տարվա եղանակի առաջացած լինելը, չուզեց վտանգի ենթարկվել և մի նոր կռիվ սկսել։ Նա նախընտրեց սպասել գարնանը։

Լեզգիների պարտությունը, ինչպես նաև իրենց դաշնակից այլ ավազակների դասալքությունը, անասելի չափերով թուլացրին աֆղանների շարքերը։ Նկատի ունենալով այս հանգամանքը, նրանք նախընտրեցին խաղաղության դաշն կնքել Հերակլի հետ։ Նրանց առաջնորդ Ազատը իմաց տվեց, որ ինքը գտնվում է նրա տրամադրության տակ և պատրաստ է ընդունելու այն բոլոր պայմանները, որ իրեն կթելադրի իշխանը։ Հերակլը լսեց գործարքի առաջարկություններն ու բավարարեց նրա խնդրանքը խաղաղության մասին՝ սակայն այն պայմանով, որ նրանք այլևս չէին անցնելու Արաքսից այն կողմ, ոչ էլ վնասներ հասցնեին Երևանի նահանգին։ Նրանք պետք է հանգիստ ապրեն այդ գետից այն կողմ՝ Ուրմիայի գավառում։ Այս խաղաղությունը որոշակի ազատություն տվեց առևտրին։ Որոշ թվով քարավաններ ճանապարհ ընկան, իրենց հետ տանելով Գյանջայի մոտակայքից վերցրած Շիրվանի մետաքսը։ Նույնիսկ Թուրքիայի սահմաններից ներս երևաց Գիլանի մետաքսեղենը, որը ահա արդեն տարիներ շարունակ գնում էր այլ ճանապարհով՝ Կասպից ծովի վրայով։

M. de P|evsonnell|. Essai sur les troubles actuels de Perse et de Géorgie Paris, 1754, pp. 119-150.

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Զուլալյան Մ., Հայ ժողովրդի XIII—XVIII դարերի պատմության հարցերը ըստ եվրոպացի հեղինակների.- Եր. ՀՀ ԳԱ հրատ., 1990.
Տրամադրել է՝ Միքայել Յալանուզյան
Սկան՝ Անի Քամալյան, Վահագն Մխոյան
OCR՝ Արշակ Ծառուկյան, Սոնա Ավագյան, Նելլի Հարությունյան, Գրիգոր Երիցյան, Անի Քամալյան, Հասմիկ Սողոմոնյան
Ուղղագրում՝ Լինա Քամալյան

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice