ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ XIII-XVIII ԴԱՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ ԸՍՏ ԵՎՐՈՊԱՑԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ
[էջ 108]
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ XVI-XVII ԴԱՐԵՐՈՒՄ
Մենք արդեն նշեցինք, թե ինչպես շիա դավանանքը տարածվում էր Փոքր Ասիայում և թե ինչպես էին օսմանյան տիրակալներն ահաբեկված այդ հանգամանքից։ Մերթ ընդ մերթ սոցիալական բուռն ընդվըզումները դրսևորվում էին շիիզմի շղարշով։ Դեռ Մեհմեդ Ֆաթիհի ժամանակ օսմանյան հասարակությունը ցնցվեց դերվիշ Թորլակ Հուքեմալինի և շեյխ Բեդրեդդեն Սիմավիի հզոր գյուղացիական ելույթներից։ Ուստի Սելիմ Յավուզը, անցնելով իշխանության գլուխ, որոշեց հաշվեհարդար տեսնել շիիզմի հետնորդների հետ։ Շիա դավանանքին պատկանող քառասուն հազար անձինք ձերբակալվեցին ու մահապատժի ենթարկվեցին։ Ի պատասխան դրան, շահ Իսմայիլը մեծ բանակով շարժվեց դեպի օսմանյան տարածքը, մի կողմից իր դավանակիցների վրեժն առնելու, իսկ մյուս կողմից՝ իր մոտ ապաստանած Սելիմի եղբորորդի Մուրադի հավակնություններին սատար կանգնելու նպատակով։ Սելիմը պատերազմ հայտարարեց կզլբաշներին և Իսմայիլին հղած նամակում շահին մեղադրում էր «իսլամի դոգմաների անաղարտությունը պղծելու», «սուննիների սրբավայրերը քանդելու և այլ բազմաթիվ «չարագործությունների» մեջ և հայտարարում էր, որ ուլեմաները և շարիաթի մեկնաբանները նրա դեմ մահվան դատավճիռ են կայացրել» և որ, ինչքան էլ դա տարօրինակ հնչի, ինքը՝ Սելիմը, իր հզոր բանակով գալիս է «...ազատագրելու այն երկրներն ու ժողովուրդները, որոնք տնքում են քո (Իսմայիլի) լծի տակ»1 և «...որ մենք պահանջում ենք քեզանից անհապաղ հեռանալ մեզանից բռնությամբ խլված երկրից «իմա՝ Հայաստանից — Մ. Զ.), որի նկատմամբ դու ունես ապօրինի հավակնություններ»2։
Արշավանքի ընթացքում սուլթանը Կարամանիայի տիրակալ Ալաուդ-Դեվլեից պահանջեց օգնել օսմանյան բանակին, սակայն զուլքադարի իշխանը պատրվակ բռնելով իր առաջացած տարիքր ոչ միայն
_____________________________
1 J.Hammer, IV,էջ 180։
2 Նույն տեղում, էջ 182։
[էջ 109]
չարձագանքեց Սելիմին, այլև, ինչպես վկայում են աղբյուրները, համարձակվեց նույնիսկ անհանգստացնել արշավող օսմանյան բանակը3։ Հայաստանի տարածքով Սելիմի ռազմական այս արշավանքի նկարագրությունը տրված է եվրոպացի հեղինակների կողմից, որոնք հանդես են գալիս մերթ որպես ականատեսներ և մերթ էլ, որպես ականջալուրներ։ Հատկապես արժեքավոր են իտալացի Պաոլո Ջիովիի վկայությունները, որոնք մեջ են բերված Խալկոնդիլեսի ժամանակագրության շարունակողի կողմից։
Թուրքական բանակի արշավանքի ընթացքում իտալացի հեղինակի պատմելով, «...Հայերը մի կողմից թուրքերի գալստի վախից, իսկ մյուս կողմից՝ Իսմայիլի տված հրահանգից լքել էին թուրքական բանակի անցման հնարավոր ուղիների բոլոր վայրերը»4 և որ «իրենց հետ միասին վերցրել էին անասուններն ու անասնակերը և հեռանալով հայրենի տներից այրել էին ամեն ինչ, որը կենսական նշանակություն ուներ», և որ երկիրը «...պարզապես վերածվել էր անապատի»5։ Նման պայմաններում թուրքերը «...չէին հանդիպում ոչ մարդու և ոչ էլ ձիու որևէ մի հետքի և կասկածում էին, որ իրենց ուղեկցող հայերը դիմել են դավաճանության»6։
Թուրքական բանակը մեծ դժվարությամբ անցնում է Արաքս գետը, տալով բազմաթիվ զոհեր։ Բուն իրանական տարածքը մտնելուց հետո էլ, շահ Իսմայիլի բանակը չէր երևում ու խուսափում էր ճակատամարտել օսմանցիների հետ։ Պաոլո Ջիովիի հաղորդմամբ, ռազմական նման տակտիկա առաջարկել էր նրա աջ թևը հանդիսացող Ուստաջլու խանը։ «Ուստաջլու խանը այն կարծիքին էր, ...որ անհրաժեշտ է, ինչքան դա հնարավոր է, հետաձգել ճակատամարտը, որպեսզի թուրքական այս մեծ բանակը ինքնաբերաբար ոչնչանա»7։
Չհանդիպելով թշնամուն, գազազած Սելիմը շահ Ւսմայիլին հղած նոր նամակում ասում է. «եթե վախենում ես, կանչիր բժշկին, որ քեզ բուժի», իսկ եթե տղամարդ չես, հագիր կանացի հագուստ8։ Մի քանի անգամ ենիչերիները բարձրաձայն բողոքեցին սուլթանին և պահանջեցին հետ վերադառնալ9։ Սուլթանը, սակայն, անհողդողդ էր։ Ի վերջո, 1514 թ. օգոստոսի 23-ին Խոյից ոչ հեռու Չալդըրանի դաշտում տեղի
_____________________________
3 Նույն տեղում, էջ 184։
4 Chalcondyles, XIII, էջ 361։
5 Նույն տեղում։
6 Նույն տեղում։
7 Նույն տեղում, էջ 365։
8 J. Hammer, IV, էջ 189—190։
9 Նույն տեղում, էջ 191:
[էջ 110]
ունեցավ մեծ ճակատամարտ, որն ավարտվեց թուրքերի հաղթանակով։ Ճակատամարտում վճռական դեր խաղաց թուրքական հրետանին, որից դեռևս զուրկ էին կզլբաշները։ Գրավելով Թավրիզը, Սելիմը այն ենթարկեց սարսափելի կողոպուտի։
Սելիմը նպատակադրվել էր շարունակել պատերազմը և նվաճել Իրանը, սակայն հանդիպեց ենիչերիների կատաղի դիմադրությանը։ Նա ստիպված եղավ հետ նահանջել։ Հեռանալով Թավրիզից, ինչպես վկայում են իտալացի հեղինակները, «իր հետ վերցրեց Թավրիզի լավագույն արհեստավորներին՝ թվով շուրջ երեք հազար ընտանիք, Կ, Պոլիս տանելու համար, քանզի բոլոր տեսակի կառույցները, ճարտարապետական հուշարձանները իրենց ստեղծագործությունները չեն։ Թուրքերը կոպիտ են ու անտաշ, ու հետևաբար, հեռու հոգևոր կյանքից»10։ Այդ արհեստավորների մեջ, ինչպես նշում է Մ. Չամչյանը, կային շատ հայեր11։
Պաոլո Ջիովիոն Սելիմի նահանջի պատճառը տեսնում է ոչ միայն ենիչերիների ըմբոստության, այլև շահ Իսմայիլի հետ երկրորդ ընդհարման հնարավորության հետ։ «Լուր տարածվեց այն մասին, — հաղորդում է նա,–—որ Իսմայիլը հավաքել էր իր զորքի մնացորդներին, վրացի, ալբանացի, ադրբեջանցի—պարթև (պարսիկ) ձիավորներին, և գալիս է նրան (Սելիմին) գտնելու, և (սուլթանը) մտաբերելով, թե ինչ անհանգստություն պատճառեց իրեն այս վերջին ճակատամարտը, վախեցավ երկրորդ ցնցումից»12։
1514 թ, սեպտեմբերի 22-ին Սելիմի բանակը գտնվում էր Երևանի և Էջմիածնի շրջակայքում։ Հոկտեմբերի 28-ին սուլթանին ներկայացան մի խումբ, հավանաբար, հայ գյուղացիներ՝ բողոքելով իր զինվորների կատարած խժդժությունների դեմ13։ Գալով Կարսի մոտակայքը, սուլթանը նպատակադրվել էր հարձակվել Վրաստանի վրա, պատրվակ բրռնելով այն, որ իրանական արշավանքի ժամանակ նրանք չէին օգնել թուրքական բանակին։ «Սելիմը մեծ ցանկություն ուներ, — կարդում ենք Խալկոնդիլեսի շարունակողի մոտ, — հարձակվել վրացիների վրա, չնայած մոտավորապես գիտեր, որ յուրայինները դեմ են լինելու ար-
_____________________________
10 Chalcondyles, XIII, էջ 371:
11 Մ. Չամչյան, հ. Գ, էջ 511, «Եւ ժողովեալ զամենայն արուեստագետս
քաղաքին՝ առաքեաց ի Կոստանդինուպօլիս, չորս բազումք էին յազգէ Հաչոց»։ «Սելիմը
քիչ մնաց Թավրիզում,— կարդում ենք Ժ. Շարդենի մոտ — բայց իր հետ վերցրեց հարուստ
ավար և երեք հազար ընտանիք արհեստագործներ, մեծամասամբ հայերից, որոնց տեղավորեց
Կոստանդնուպոլսում (J.Chardin, II, էջ 340)։
12 Chalcondyles, XIII, էջ 371։
13 J. Hammer, IV, էջ 206։
[էջ 111]
շավանքին։ Նա նրանց (վրացիներին) մեծապես սպառնաց, թե անպայման, ինչ գնով էլ լինի, կկատարի այդ հարձակումը»14։ Սակայն այստեղ սուլթանը նույնպես տեղի է տալիս ենիչերիների ընդվզումին, նամանավանդ, շուտով վրացիները թուրքական բանակի ճամբարն են ուղարկում «հսկայական քանակությամբ սննդամթերքի պաշար»15։
Սելիմը այնուհետև մուտք գործեց «Հայաստանի քաղաք՝ Ամասիա և հենց գարնան սկզբին16 դուրս գալով Ամասիայից՝ եկավ և պաշարեց Փոքր Հայքում գտնվող Կամախը, որը պատկանում էր Իսմայիլին»17։ Սելիմը գրավեց քաղաքը և այն ամենը, ինչ գտնվում էր այնտեղ, և իր զայրույթը թափելով այս խեղճ քաղաքի բնակչության վրա սրի անցկացրեց նրանց մինչև վերջին մարդը18։
1515 թ. հունիսին զուլքադարյան տիրակալ Ալա-ուդ-Դեվլեյի անհնազանդությունը պատմելու նպատակով Սելիմի բանակները ներխուժեցին Կարամանիա ու Կիլիկիա և հունիսի 12-ին Գյոկսույի դաշտում տեղի ունեցած ճակատամարտում նրան մատնեցին պարտության։ Ռազմի դաշտում սպանվեց նաև ինքը՝ Ալա-ուդ-Դեվլեն, և ողջ երկրամասն ընկավ օսմանյան տիրապետության տակ19։ Զուլքադարյան երկիրը գրավելուց հետո, ինչպես վկայում է Խալկոնդիլեսի շարունակողը, թուրքերը երկրում անցկացնում են աշխարհագիր, «որպեսզի թուրքերն իմանան, թե ինչ եկամուտներ կարող էր տալ այս նահանգը»20։
Այս բոլորից հետո Սելիմն իր ողջ ուշադրությունը սևեռեց Քրդստանի նվաճման վրա։ Այս հարցում նրան մեծ օգնություն ցույց տվեց բիթլիսեցի մոլլա Ւդրիսը, որը քրդական ցեղերի առաջնորդների մոտ մեծ համբավ էր վայելում; Նրա կոչով շահ Իսմայիլի գերիշխանությունը թոթափելու նպատակով Քրդստանի տարբեր մասերում բռնկվեցին ապստամբություններ։ Սուլթանը քուրդ բեգերին խոստացել էր ավատներ ու բազմապիսի առանձնաշնորհումներ։ Եվ այդ բոլորը տվեց իր արդյունքը։ Քրդստանի ծայրագույն արևելքից՝ Ուրմիո լճից մինչև Մա-
_____________________________
14 Chalcondyles, XIII, էջ 372։
15 J. Hammer, IX, էջ 205։
16 Թուրքական աղբյուրների վկայությամբ մայիսի 5-ին (տե՛ս. J.Hammer,IV,
էջ 212)։
17.Chalcondyles, էջ 373։
18 Նույն տեղում, էջ 375։ 1515 թ. արտագրված հայերեն մի ձեռագրում
Մարտիրոս գրիչը այս դեպքերի մասին հայտնում է, որ Սելիմն «…էառ զբերդն Կամախայ
և զբազումն կատարեաց ի քրիստոնէից և անհաւատից» (Մատենադարան, ձեո. N 4515, էջ
259)։
19 J.Hammer IV, էջ 212—213։
20 Chalcondyles, XIII, էջ 375։
[էջ 112]
լաթիա ընկած տարածքի վրա գտնվող քուրդ բեգերի զգալի մասը շուտով մեկը-մյուսի հետևից իրենց հավատարմությունը հայտնեցին թուրքական սուլթանին21։ Ի պատասխան դրան, շահ Իսմայիլը Կարախանի գլխավորությամբ Արևմտյան Հայաստանի վրայով Արծկե, Արճեշ (Ճապաղզուրի), Քրդստան ուղարկեց կզլբաշների մի բանակ, որի առաջ խնդիր Էր դրված վերանվաճել Աղձնիքը։ Կզլբաշների և թուրքերի միջև պատերազմն ընթանում Էր փոփոխակի հաջողությամբ։ Ւ վերջո հաղթեցին թուրքերը և Քրդստանի տարածքի զգալի մասն ընդգրկվեց օսմանյան պետության սահմանների մեջ։
Մոլլա Իդրիսը Օսմանյան կայսրության մատուցած հատուկ ծառայության համար Սելիմից ստացավ ոչ միայն եկամտաբեր ավատներ> այլև երկու հազար վենետիկյան ոսկի դուկատ22։
Քրդստանի միացումը օսմանյան պետությանը խիստ բացասական հետևանք ունեցավ հայ ժողովրդի հետագա ճակատագրի վրա։Արևմտյան Հայաստանում զորեղացավ քրդական տարրը, և հայ ժողովուրդն ընկավ կրկնակի՝ թուրք ու քուրդ ավատատերերի լծի տակ։
* * *
Չալդըրանի ճակատամարտից հետո՝ չնայած Օսմանյան կայսրության և Սեֆյան Իրանի միջև լուրջ ռազմական ընդհարումներ տեղի չունեցան, երկու երկրների միջև լարվածությունն ու թշնամությունը երբեք չդադարեցին։ Այդ մասին է խոսում այն նամակը, որ սուլթան Սուլեյման Կանունին (1520 —1566 թթ.) ուղղեց Իրանի նոր տիրակալ՝ Թահմասպ 1-ինը (1524 —1576 թթ.), որի մեջ, իմիջիայլոց, հայտնում էր, թե «ես որոշել եմ զենքերը փոխադրել Թավրիզ և Ադրբեջան, և իմ վրանը խփել Իրանում»23։
Ի պատասխան սուլթանի սպառնալիքներին, շահ Թահմասպը, ինչպես դա արել էր մի ժամանակ շահ Իսմայիլը, հատուկ պատվիրակություն ուղարկեց Եվրոպա՝ Հունգարական թագավորի և գերմանական կայսր Կարլ 5-րդի մոտ, պաշտպանական և հարձակողական դաշինք կնքելու նպատակով24։
_____________________________
21 J.Hamer, IV, էջ 222-224։
22 Նույն տեղում, էջ 258։
23 Նույն տեղում, էջ 64։
24 Նույն տեղում, էջ 65։
[էջ 113]
1529 թ, հսկայական բանակի գլուխ անցած Սուլեյմանը ասպատակում էր Հունգարիան, նույնիսկ պաշարեց Վիեննան։ Ուստի նա առ ժամանակ հետաձգեց Իրանի վրա արշավելու իր նախնական ծրագիրը։ 1527 — 1529 թվականների ընթացքում Կիլիկիայի և Կարամանիայի հայությունը կրկին ալեկոծության մեջ էր։ Թուրքմենները նորից բարձրացրել էին ապստամբության դրոշը, որին առիթ էին ծառայել ընդհանուր աշխարհագիր անցկացնելու ժամանակ բնակչության նկատմամբ թույլ տրված ծայրահեղ անարդարություններն ու խժդժությունները25։ Մի քանի անգամ կանոնավոր օսմանյան զորքերը պարտություններ էին կրել ապստամբներից, որոնք, ոգևորված հաջողություններից, պաշարել էին Թոխաթը26։ 1527 թ. սեպտեմբերի 16-ին Թոխաթից ոչ հեռու՝ Հեյուկլու կոչված վայրում տեղի ունեցած ճակատամարտում օսմանյան բանակը կրում է նոր պարտություն27։ Շուտով ապստամբում են նաև Ադանայի և Տարսոնի թուքմենները28։ Ապստամբությունը կառավարության համար այնպիսի վտանգավոր ընթացք է ստանում, որ մեծ վեզիր Իբրահիմ փաշան ստիպված է լինում անձամբ ղեկավարել պատերազմական գործողություններն ապստամբների դեմ29։ Մեծ վեզիրին հաջողվում է խաբեությամբ, հրի ու սրի միջոցով ճնշել թուրքմենական ցեղերի ապստամբությունը և հաշվեհարդար տեսնել նրանց հետ30։ Սակայն 1528 թ. Կիլիկիայի թուրքմենները նորից են ապստամբում թուրքական տիրապետության դեմ և Ադանան, Սիսը, Այասը դառնում են ռազմական ընդհարումների հիմնական թատերաբեմ31։ Ի վերջո այս ապստամբությունը նույնպես դաժանորեն ճնշվում է32։
Շուտով բռնկվում է նաև պատերազմ Իրանի հետ, որի ծագման համար անմիջական առիթ ծառայել էր հետևյալը, 1530-ական թվականներին Բիթլիսի քուրդ Էմիր Շարաֆ խանը, դժգոհ թուրքական կառավարությունից, ապստամբեց ու անցավ շահ Թահմասպի կողմը. միաժամանակ Ադրբեջանի կառավարիչ Ուլամեն, դավաճանելով շահին, ապաստան գտավ թուրքերի մոտ։ Սուլթանական կառավարությունը սիրով ընդունեց Ուլամեին և նրան նշանակեց Բիթլիսի ու նրա շրջակայքի կառավարիչ՝ Շարաֆ խանի փոխարեն, տարեկան երկու միլիոն
_____________________________
25 Նույն տեղում, V. էջ 93։
26 Նույն տեղում, էջ 94։
27 Նույն տեղում։
28 Նույն տեղում։
29 Նույն տեղում էջ 93։
30 Նւյն տեղում, էջ 95։
31 Նույն տեղում, էջ 100—101։
32 Նույն տեղում։
[էջ 114]
ակչե (չորս հարյուր հազար ոսկի դուկատ) եկամուտով33։Ուլամեն թուրքական հիսուն հազար հեծյալների գլուխ անցած գալիս պաշարում է Բիթլիսը, սակայն Շարաֆ խանը նրան ուժեղ դիմադրություն է ցույց տալիս, ու միաժամանակ դիմում շահին՝ հայցելով օգնություն։Այս իրադարձությունները հետևյալ կերպ են նկարագրվում ժամանակակից իտալացի հեղինակների մոտ։ «Ուլամեն կռվում էր Սուլեյմանի, իսկ Շարաֆ (խանը) Սոֆիի հովանու ներքո, յուրաքանչյուրը իր օգնությունն էր ցույց տալիս իր կողմնակցին, քանզի պատերազմը, իմիջիայլոց, ծագեց այս երկուսի միջև, բայց ի վերջո՝ Ուլամեն սպանեց Շարաֆ (խանին) և գլուխն ուղարկեց Սուլեյմանին...։Այս դեպքերը տեղի ունեցան հազար հինգ հարյուր երեսուն երեքին...Ուլամեն ամեն օր ավելի ու ավելի ոգևորում էր Սուլեյմանին սկսել պատերազմը (Իրանի դեմ)»34։
1533 թ. գարնանը մեծ վեզիր Իբրահիմ փաշան Հալեպի վրայով շարժվեց դեպի Վան, Արծկե և Խլաթ35։ Այս քաղաքները, ինչպես և Ավնիկի ամրոցը, շուտով հանձնվեց մեծ Վեզիրին։ Թուրքական բանակը Խոյի և Սալմաստի վրայով 1534 թ, հուլիսի 14-ին մուտք գործեց Թավրիզ4։ Շուտով անձամբ ղեկավարելով մի մեծ բանակ, դեպի Թավրիզ շարժվեց նաև ինքը՝ սուլթան Սուլեյմանը։ Սուլթանի արշավանքը նույնպես ընթանամ էր Հայաստանի վրայով (Էրզրում-Կարս-Թավրիզ)36։ Թուրքական բանակը Թավրիզ է մտնում սեպտեմբերի 27-ին, սակայն այստեղ երկար չի մնում, սուլթանը այնտեղ թողնում է մեծ կայազոր (Ուլամեի, Յադիգյար բեգի ու այլոց ղեկավարությամբ) և շարժվում դեպի Բաղդադ37։
Օգտվելով դրանից, շահ Թահմասպր տասը հազարանոց բանակով գալիս է Թավրիզ, ջարդում թուրքական կայազորը և մուտք գործում մայրաքաղաք38։ Ուլամեն փախչում է Վան, իսկ կզլբաշները հետապնդում են նրան, որի հետևանքով ամբողջ Վասպուրականը ենթարկվում է մի մեծ փորձության, և պատահական չէ, որ այդ դեպքերը հայ ժողովրդի պատմության մեջ են մտել «Վանի աղետ» ընդհանուր անունով։ Դրանք մանրամասն նկարագրված են այդ տարիների ձեռագրերի հիշատակարաններում և Հովհաննես Արճիշեցու տարեգրու-
_____________________________
33 Նույն տեղում, էջ 204։
Chalcondyles, XIV, էջ 527։
34 Նույն տեղում, էջ 205։
35 Նույն տեղում, էջ 209։
36 Նույն տեղում, էջ 211—212։
37 Նույն տեղում, էջ 528։
38 Նույն տեղում։
[էջ 115]
թյան մեջ39։ Այսպես, ձեռագրի մի հիշատակարանում կարդում ենք հետևյալը, «ի սոյն ամի, յորում էր թիւն և ՋՁԳ (= 1534) սօլթան Սուլեյմանն եկաւ ի վերայ կարմիր գդակին և նա ոչ կաբաց զդեմ առնել՝ փախաւ յարևելս, իսկ նորա հետամուտ եղեալ և Էառ զբազում քաղաքս, ընդ նմին և զՎան քաղաք, զամուրն շռայլին Շամիրամայ և գնաց մինչ ի Սո(լ)թանիա, դարձեալ ի յետ գնաց ի Բաղդատ, և զձմեռն անց եկաց և կարմիր գդակն դարձալ ի վերայ Վանայ և դ(4) ամիս խսարեաց, աւաղ և վայ է զիս հազար բերան, թե որքան անձինս կորեան, հաւատացեալ և անհաւատ, զի կարծես էր, թե քան զԺԶԴ (16,000 անձիս մեռան, աւելի և ոչ պակաս»40։
1535 թ. ապրիլին սուլթան Սուլեյմանը իր բանակը Քրդստանի և Մարաղայի վրայով նորից շարժեց դեպի Թավրիզ։ Սա անակնկալի է բերում Թահմասպին։ «Թահմասպը կարծելով, որ թուրքերը կբավարարվեն իրեն հասցված վնասներով և բազմիցս համոզված լինելով, որ (թշնամի) մի մեծ բանակ չի կարող երկար մնալ Պարսկաստանում, այլ աստիճանաբար կոչնչանա, գտնվում էր այն ժամանակ Թավրիզ քաղաքում»41։ Շահը Թավրիզ էր եկել, անշուշտ, թողնելով Վանի պաշարումը, «սակայն լսելով իր թշնամիների գալուստը,—այնուհետև կարդում ենք Խալկոնդիլեսի շարունակողի մոտ, — անհապաղ դուրս եկավ այնտեղից ու դիմեց փախուստի և որպեսզի խափանի թշնամու հետապնդման բոլոր հնարավորությունները, նա համընդհանուր ավերածության ենթարկեց այն վայրերը, որտեղից որ անցնում էր՝ իր հետ տանելով տեղի բնակչությանը ու հետևը թողնելով ամայի ու անմարդաբնակ մի անապատ»42։ «Թուրքական կայսրը, — այնուհետև գրում է ժամանակագիրը, — տեսնելով, որ ինքը չի կարող հասնել պարսիկներին (les Azémites), և այսպես երկարաձգվող պատերազմը ի հաճույք թշնամիների կոչնչացներ իր բանակը, որոշեց հետ նահանջել»43։ Նա այդ կատարեց քաղաքը չլսված ավարի ու ավերի ենթարկելուց հետո44։ Դարձյալ Հայաստանի վրայով նահանջի ճանապարհ «հրկիզեցին դաշտերն ու բնակելի վայրերը…Եվ այս բոլոր դժբախտություններին որպես լրացում՝ իրենց հետ միասին արհեստի որոշ ճյուղերի մարդ-
_____________________________
39 Մանրամասն տե՛ս Մ. Կ. Զուլալյան. Արևմտյան Հայաստանը XVI—XVIII
դդ., էջ 36—38։
40 Ցուցակ հայերեն ձեոագրաց Մատենադարանի Մխիթարեանց ի Վիեննա, կազմեց
Ն. Յակովպոս Տաշեան, Վիեննա, 1895, էջ 434։
41 Chalcondyles, էջ 530։
42 Նույն տեղում։
43 Նույն տեղում։
44 Նույն տեղում։
[էջ 116]
կանց ցմահ ծառայության մատնելու նպատակով տարան Կ. Պոլիս ամբողջ ընտանիքներով։ Ի վերջո, Կ. Պոլիս ուղարկեցին նաև ծաղկուն հասակ առած այս ժողովրդի երկսեռ գեղեցկադեմ երիտասարդներին, դարձնելով նրանց հաղթողի զոհերը»45։
Վերադառնալով Թավրիզ և մայրաքաղաքն ու նրա շրջակայքը տեսնելով ավերված ու կողոպտված վիճակում շահը «երդվեց վրեժ առնել»46։ Կզլբաշների բանակը նորից ներխուժում է Արևմտյան Հայաստան և, «օգտագործելով երկրի բնակչության ատելությունը թուրքերի նկատմամբ»47, ասպատակություն է սփռում երկրում։ Նահանջող թուրքական բանակի նկատմամբ կզլբաշները կիրառում են պարտիզանական կռիվներ ու մեծ վնաս պատճառում նրանց48։
Այս բոլորը նշանակում է, որ 1531—1535 թվականների պատերազմների ընթացքում թուրքերին չհաջողվեց կզլբաշներին շոշափելի հարված հասցնել։ Բացառությամբ Բարձր Հայքի (Դերջան, Էրզրում, Կարս և այլն), ամբողջ Արևմտյան Հայաստանը փաստորեն շարունակում էր մնալ Սեֆյանների ձեռքում։ Երկու պետությունների միջև եղած լարվածոլթյունն է´լ ավելի էր մեծանում։
***
1547 թ. շահ Թահմասպի եղբայր Ալխաս Միրզան ապստամբեց նրա դեմ և Շիրվանն ու Վրաստանը ասպատակելուց հետո Սև ծովի վրայով մեկնեց Ստամբուլ ու ապավինեց սուլթան Սուլեյմանին, արժանանալով պատշաճ մեծարանքի։ Ալխաս Միրզան շահական գահին տիրանալու ձգտումով սուլթան Սուլեյմանին դրդում էր Իրանի դեմ սկսել պատերազմ:
1548 թ, մարտի 28-ին հսկայական բանակի գլուխ անցած սուլթան Սուլեյմանը Կոնիա — Սեբաստիա—Ամասիա — Էրզրում—Արծկե ճանապարհով շարժվեց դեպի Թավրիզ49։ Թուրքական բանակի արշավանքին ուղեկցող ֆրանսիական թագավորի դեսպան դ’Արամոնի վկայությամբ, թուրքական բանակը կազմված էր «300 հազար զինվորներից և 300 թնդանոթից», ի դեպ՝ դ’Արամոնը սուլթանի ռազմական խորհրդատուն էր և մեծապես շահագրգռված էր իրանական այս արշավանքի շուտա-
_____________________________
45 Նույն տեղում, էջ 531։
46 Նույն տեղում։
47 Նույն տեղում։
48 Նույն տեղում։
49 J.Hammer, V, էջ 10–11։
[էջ 117]
փույթ ավարտման մեջ, որպեսզի Ֆրանսիան հնարավորություն ունենար օգտագործելու օսմանյան ռազմական ուժերը Եվրոպայում, իր գլխավոր թշնամու՝ Հաբսբուրգների դեմ։ Ֆրանսիայի և Օսմանյան կայսրության միջև դաշնակցային կապերը, որոնք հաստատվել էին 1535 թվականին, իրենց ազդեցությունն են թողել դ’Արամոնի՝ թուրքական արշավանքի նկարագրությանը նվիրված աշխատության վրա։ Իրական փաստերի մասին դ’Արամոնը գիտակցաբար լռում է և փորձում է սուլթանին վերագրել «հոգատարություն» քրիստոնյա հպատակների նկատմամբ։
Ողջ Արարատյան դաշտավայրի և Իրանական Քրդստանի մի մասը նվաճելուց, հետո սուլթան Սուլեյմանը գալիս, պաշարում ու գրավում է Թավրիզը և մի քանի օր հետո շարժվում է դեպի Վան ու 1548 թ. օգոստոսին գալիս միանում է Վանը պաշարած թուրքական զորքերին։ Ամբողջ մի շաբաթ Վանը ռմբակոծվելուց հետո գրավվում է թուրքական բանակի կողմից50։ Այդ առթիվ ֆրանսիական թագավոր Հենրիխ 2-րդին հղած նամակում սուլթանը հանդես է գալիս հպատակ քրիստոնյա բնակչության (հայերի) հովանավորողի դիրքերից և բացատրում իրանյան այս արշավանքի դրդապատճառները։ Ավելորդ չենք համարում այստեղ բերել այդ նամակի կարևորագույն հատվածները։ «Հայտնի է, — գրում է Սուլեյմանը, — որ վերջին ժամանակներս պարսիկ ժողովուրդը կուրացած իր աղանդով՝ ըմբոստացավ կրոնով նախատեսված պարտականությունների և ավանդույթների դեմ և փարվեց շիիզմի արգահատելի վարդապետությանը։
Դիվային ոգի ունեցող Ալխասը՝ Թահմասպի եղբայրը, այս ժողովրդի ներկայիս առաջնորդը, վերջերս եկավ խնդրելու մեր հովանավորությունը և մեր կողմից գտավ պատշաճ ընդունելություն։ Մենք լսեցինք նրա բողոքները և իր հորդորանքների վրա մեր հաղթական դրոշը բարձրացրեցինք և մեր զենքի հզորությամբ աշխատեցինք փարատել կրոնին հասցված վնասն ու անարգությունը։ Մենք շարժվեցինք դեպի Արևելք և երբ մեր դրոշները ծածանվեցին Ադրբեջանում և մեր զորքերը մուտք գործեցին Թավրիզ, պարսիկները դիմեցին փախուստի և հեռացան այս նահանգից ու նրա ենթակա շրջաններից։ Նրանք ցույց չտվեցին ո՛չ քաջություն և ո՛չ էլ իրենց իշխանի հանդեպ հավատարմություն։ Մեր զորքերի համբավը ստիպեց նրանց մրջյունների նման հողի տակ թաքնվել, այս երկրամասի բոլոր բնակիչները հոգատարությամբ շրջապատվեցին։ Նրանք ոչ միայն զերծ մնացին խժդժություններից, կողոպուտից, այլև արժանացան մեր հատուկ համակրանքին և մեր կայսերական հովանավորությանը։
_____________________________
50 Նույն տեղում, VI, էջ 12։
[էջ 118]
Մեր արշավանքի հիմնական նպատակն էր Ադրբեջանի նվաճումը ու նրա կցումը կայսրությանը։ Այս ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ է նախ և առաջ, Պարսկաստանի ամենանշանավոր և ամենաանառիկ ամրոցին՝ Վանին, տիրանալը «Մենք հաջողությամբ հասանք այս վայրը 955 թվականի ռեջեբ ամսի առաջին օրերը (1548 օգոստոս)։ ...Ես հարձակման ազդանշանը տվի, իմ մոտն ունենալով իմ հռչակավոր մեծ վեզիր Ռուստամ փաշային, մյուս վեզիրներին, սանջակբեգերին, բեկլեյբեգերին, նազիներին և իմ հաղթական զինվորներին։ Նախախնամությունը մեզ նախատեսել էր այս վայրի նվաճումը, որը կարճ ժամանակամիջոցում ընկավ մեր ձեռքը իր բոլոր շրջակայքով հանդերձ։ Ես այնտեղ թողեցի պահակազոր և կարգուկանոնի պահպանման համար ոստիկանների մի ջոկատ»51։
Թե ինչ ապահովություն էր բերում սուլթանը հայերին, երևում է Ներսես Վարագեցու 1548 թ. հետևյալ հաղորդագրությունից. «...քակեցին առհասարակ զգիւղս և զքաղաքս՝ զծառս և զտունկս առ ի յայրել զփայտս ի խանութ և յայլ ինչ պետս իւրեանց»52։ Եվ, վերջապես, հակառակ թուրքերի նկատմամբ իր տածած համակրանքին, դ’Արամոնը ստիպված է խոստովանել, որ ճանապարհին արշավող բանակի հնարավոր վտանգներից խուսափելու համար Հայաստանի շատ վայրերում բնակչությունը ստիպված է եղել լքել հայրենի վայրերը ու ապաստան փնտրել սարերում ու քարայրներում։ Այսպես խոսելով Արճեշի մասին, նա գրում է. «հուլիսի 6-ին և 7-ին (1548) մոտենալով քիչ թե շատ մի բերքառատ երկիր, մտանք Սոֆիի փոքրիկ մի քաղաք՝ Արճեշը, որը լքված էր բնակչությունից և ուր և ոչ մի մարդ չէր ապրում»53։ Այնուհետև խոսելով Խոյի մասին, նա շարունակում է, «Այս վատ ճանապարհներից (մինչ այդ թուրքական բանակը շարժվել էր ամայի ու քարքարոտ վայրերից — Մ. Զ.) մենք հասանք Խոյ կոչվող մեծ ու գեղեցիկ գյուղին, որը լավագույնն էր մինչ այդ մեր տեսածների մեջ, սակայն բոլոր բնակիչները դիմել էին փախուստի»54։ Սուլթանական բանակի նահանջից անմիջապես հետո, շահ Թահմասպը իր ուժերը մտցրեց Արևմտյան Հայաստանի տարածքը, մեծ ավերածություններ գործելով Վանի, Մուշի, Բիթլիսի, Արծկեի և Խլաթի շրջաններում։ Հայկական և արևելյան աղբյուրներում այդ մասին պահպանվել են ընդարձակ տե-
_____________________________
51 Le voyage de Monsieur d’Aranon, appendice, p. 262-263.
52 Մատ., ձեռ. № 6273, էջ 438։
53 D’Armon, էջ 78-79։
54 Նույն տեղում, էջ 80—81։
[էջ 119]
ղեկություններ55։ Երբ սուլթանը գտնվում էր Սեբաստիայում, կարդում ենք դ’Արամոնի մոտ, «...լուր ստացվեց, որ նրա (շահ Թահմասպի — Մ. Զ.) զորքերը մտել էին իր երկրի խորքերը և կողոպտել էին գավառներն ու գյուղերը»56։
Պաշարված Խլաթը համառ դիմադրել էր շահ Թահմասպին։ Խաբված Իրանի տիրակալի կեղծ խոստումներից։ պաշարվածները բաց արեցին քաղաքի դռները և կզլբաշները անասելի կոտորած կազմակերպեցին57։ Խլաթից շահի որդի Իսմայիլ Միրզան շարժվեց դեպի Էրզրում և պարտության մատնեց տեղի թուրքական կայազորը58։ Իսմայիլ Միրզան, համաձայն հայերեն մի ձեռագրի հիշատակարանի, ասպատակում է նաև Վանն ու իր շրջակայքը. «Զի յաւուրս ձմեռայնոյ՝ ի տօնի սուրբ Յակոբին ելաւ որդին շահ Դահմանին Իսմայիլ Միրզեն բազում հեծելօք (ի վերայ երկրին Վանայ) երեք մասունս արարեալ (զզօրս իւր) զմին մասն ի յԱմուկ ուղարկեալ, և զմին մասն ի Հայաձորն և ինքն մնաց ի Խօշապն և զօրքն սփռեցաւ առհասարակ, զոմանս սպանանելով, զայլսն թալանելով՝ բայց գերի ոչ արարին և դարձան բազում ավարավ ի տեղիս իւրեանց»59։
Արևմտյան Հայաստանում կզլբաշների այս նոր ասպատակությունները թուրքերի առաջ հրամայական պահանջ էին դնում ևս մեկ անգամ հարձակվելու Սեֆյան Իրանի վրա։ Իրանական նոր արշավանքի համար սերասքեր նշանակվեց մեծ վեզիր Ռուստամ փաշան60։ Միաժամանակ սուլթանը Փոքր Ասիայի բոլոր կառավարիչներին հայտնում էր, որ ինքը շուտով անձամբ ղեկավարելու է կզլբաշների դեմ ուղղված նոր արշավանքը։
1553 թ. ամռանը սուլթան Սուլեյմանը ձեռնարկեց իր նոր արշավանքը դեպի Իրան, որն այս անգամ իրագործվեց Էրզրումի, Կարսի, Շորագյալի վյրայով դեպի Երևան և Նախիջևան։ Էրզրումից թուրքական սուլթանը շահ Թահմասպին հղեց, ինչպես մի ժամանակ իր հայրը շահ Իսմայիլին, սպառնալիքներով և հայհոյանքներով լի մի նամակ։ Սպառնալիքներին շուտով հաջորդեցին Շորագյալի (Շիրակի), Երևանի, Նախիջևանի ու Ղարաբաղի աննկարագրելի ավերումն ու կողոպուտը։ Այդ
_____________________________
55 Տե՛ս Մ. Կ. Զուլալյան, Արևմտյան Հայաստանը XVI––XVIII դդ., էջ
41—42։
56 D’Aramon, էջ 94։
57 J.Hammer VI, էջ 54։
58 Նույն տեղում։
59 Մատ., ձեռ. № 6273, էջ 452 — 453։
60 J.Hammer, VI, էջ 55։
[էջ 120]
մասին են գրում հենց իրենք՝ թուրք պատմիչները և, մասնավորապես, Ի. Փեչեվին61։
Դեռևս 1549 թ., երբ թուրքական բանակը Էրզրումում էր, սուլթանը զորամասեր ուղարկեց Վրաստան՝ երկիրը նվաճելու նպատակով։ Հենրիխ 2-րդին հղած նամակում սուլթանը հետևյալ կերպ է բացատրում Վրաստանի վրա հարձակվելու շարժառիթները. «Նենգ ցեղին պատկանող վրացիները սահմանակից են մեր կայսրությանը, մերթ ընդունում են մեր հովանավորությունը, մերթ էլ անցնում են մեր թշնամիներ պարսիկների կողմը։ Նրանց ապօրինություններն ու քստմնելի վարվելաձևը մեզ ստիպեցին նրանց նկատմամբ ձեռնարկել խիստ միջոցներ»62։ Այնուհետև սուլթանը մանրամասն թվարկում է Վրաստանի այն ամրոցները (Սերլիգան, Թորթում, Էմրիտ, Ակչեկալե և այլն), որոնք նվաճվեցին թուրքերի կողմից և ավելացնում՝ «կարճ՝ թշնամուց վերցված երեսունհինգ ամրոցներից տասնչորսը հողին հավասարեցվեցին, իսկ քսանմեկում նշանակվեցին պահակազորեր և ռազմական կառավարիչ։ Երկիրը վերածվեց (օսմանյան) բեգլերբեգության և բաժանվեց չորս սանջակների և ամբողջությամբ միացվեց կայսրությանը»63։ Խոսքը վերաբերում է Արևմտյան Վրաստանին, որը հետ այսու կոչվելու էր «Վիլայեթ-ի Գյուրջիստան»։ Սակայն Սուլեյմանի 1553—1554 թթ. արշավանքի ժամանակ Վրաստանի հասցեին արված նոր սպառնալիքները վկայում են, որ թուրքերը այս հարցում հպարտանալու քիչ տեղ ունեին։
Գրավելով Արևելյան Հայաստանի մի զգալի մասը, թուրքերը ստիպված եղան դադարեցնել բանակի հետագա առաջխաղացումն ու հետ նահանջել։ Երկյուղ կրելով, որ հաջորդ՝ 1555 թ, թուրքերը նորից կհարձակվեն Իրանի վրա, շահ Թահմասպը հատուկ պատվիրակություն ուղարկեց Ամասիա՝ սուլթանի հանգստավայրը, օսմանյան տիրակալից հայցելով հաշտություն։
Երկար բանակցություններից հետո64 1555 թ, մայիսի 26-ին Ամասիայում արևելյան երկու պետությունները հաշտություն կնքեցին, համաձայն որի հարավարևմտյան Հայաստանը (Վան, Մուշ, Բիթլիս և այլն) անցավ Օսմանյան կայսրությանը, իսկ Արևելյան Հայաստանը, Արևելյան Վրաստանն ու ամբողջ Ադրբեջանը մնացին Սեֆյանների տիրապետության տակ։ Պայմանագրով նախատեսված էր երկու պետու-
_____________________________
61 Տե՛ս Մ. Զալալյան, Արևմտյան Հայաստանը XVI—XVIII դդ., էջ 44—45։
62 D’Aramon, appendice, էջ 264։
63 Նույն տեղում, էջ 265։
64 Մանրամասն տե´ս J. Hammer, VI. էջ 65—70։
[էջ 121]
թյունների սահմանագծում գտնվող Կարս քաղաքը դարձնել ամայի ու անմարդաբնակ։
* * *
1555 թ. մայիսի 26-ին Ամասիայում կնքված հաշտության պայմանագիրը, ըստ էության, ժամանակավոր զինադադար էր, քանզի արևելյան երկու պետությունների միջև տնտեսական և քաղաքական բնագավառում գոյություն ունեցող սուր հակասությունները շարունակում էին լարված վիճակում պահել նրանց փոխհարաբերությունները։ Ողջ Անդրկովկասի նկատմամբ թուրքերն առաջվա նման տածում էին ագրեսիվ նկրտումներ։ Նրանց հիմնական ստրատեգիան էր անմիջական շփման մեջ մտնել միջինասիական թուրքերի հետ ու համատեղ ոչնչացնել «կրոնի ու պետտւթյան թշնամի» Սեֆյան Իրանը։ 1609 թ. Լիոնում հրատարակված ու Օսմանյան կայսրության պատմությանը նվիրված աշխատության մեջ հատուկ նշվում է, որ «Իրանի հետ պատերազմի պատճառը ոչ թե կրոնական հին հակասություններն են, այլ Մուրադ 3-րդի կայսրության սահմաններն ընդարձակելու գոռոզ ձգտումները»64 ա։
1576 թ. մահացավ շահ Թահմասպը, մի տիրակալ, որն ինչպես և իր հայրը պաշտվում էր իրանական հասարակության կողմից, որպես աստված, չնայած նա իր ողջ ներքին հակաժողովրդական քաղաքականությամբ արժանի էր արգահատանքի։ «Ժողովրդի հարգանքն ու սերը տիրակալի հանդեպ, — կարդում ենք Վինչենցո դ’Ալեսանդրիի մոտ, — հակառակ վերև հիշված բաների (իմա՝ դաժան ներքին քաղաքականության— Մ. Զ.), որ խորհել է տալիս, թե նա պետք է որ ատվեր, — անհավատալի է, որովհետև նրանք պաշտում են նրան ոչ իբրև թագավորի, այլ որպես աստուծո»65։
Շահ Թահմասպը Մերձավոր արևելքի երկրների նկատմամբ ոչ պակաս զավթողական նպատակներ ուներ, քան թուրքերը։ Այդ մասին է խոսում իր զեկուցագրի մեջ նույն Վինչենցո դ’Ալեսանդրին։ «Այս թագավորը,— գրում է նա, — հավակնություն և պահանջ ունի այն երկրների հանդեպ, որ օսմանյան կայսրերը առել են նրանցից մի կողմից Եփրատ գետից մինչև Բաբելոն (Babelonia —Բաղդադ), արևմուտքում Բենբեքի (Դիարբեքիր) երկրները և Փոքր Հայաստան, որ պարունակում է Ուրֆա (Urfa), Մերդին (Merdin), Բիր (Bira), Ադիլջևազ (Adiligus), Բիթլիս (Bitis), Վան, Ոստան (Vastan), Խիզան (Cassan), Ալաշկերտ
_____________________________
64 ա Histoire des ottomans ou empereurs des Turcs, p. 306.
65 Հովհ. Հակոբյան, Ուղեգրություններ, հ. Ա, էջ 346։
[էջ 122]
(Calasci), Հալիջան (Haligan),Բայբուրդ (Baiiburd), Բաբերի և ուրիշ վայրեր»66։ Այս քաղաքականությունից չէին կարող հրաժարվել նաև նրա հաջորդները:
Սակայն շահ Թահմասպի մահից հետո քաղաքական իրադրությունն Իրանում այլ էր։ Կառավարման ղեկը, իր իշխանության վերջին տարիներին, ծերունի Թահմասպը պահում էր միայն անվանապես։ Երկրի փաստական տերը թյուրքական ցեղերի ավագանիներն էին։ Թահմասպի մահից հետո այդ ուժերն արդեն դարձան երկրի լիիրավ տեր ու տնօրենը։ Տարբեր հոսանքների պատկանող ավագանիների խմբերը ձգտում էին իրենց թեկնածուին բազմեցնել իրանական գահի վրա։ Գահակալական այդ ներքին երկպառակությունները մեծապես թուլացրել էին Իրանը։ Սահմանում գտնվող Վանի թուրքական կառավարիչ Խոսրով փաշան, որն ուշի-ուշով հետևում էր Իրանի ներքին խառնակ վիճակին, իր կառավարությանը հղած անվերջ զեկուցագրերում հորդորում էր օսմանյան ղեկավար շրջաններին՝ անհապաղ օգտվել Իրանի թուլացումից ու հարձակվել նրա վրա67։ Եվ ահա այսպես է, որ ծագեց հերթական թուրք-իրանական պատերազմը, որի հիմնական թատերաբեմն այս անգամ էլ դարձան Հայաստանն ու ողջ Անդրկովկասը։
Դեռևս պատերազմը բացահայտ բնույթ չստացած, ինչպես վկայում են աղբյուրները, սահմանային ընդհարումները երկու պետությունների միջև ընդունել էին հանապազօրյա բնույթ։ Երկու կողմերն էլ իրար հասցնում էին շոշափելի վնասներ։ Իսկ երբ 1578 թ, գարնանը հսկայական բանակի գլուխ անցած թուրքական զորքերի գերագույն հրամանատար (սերասքեր) Մուստաֆա փաշան շարժվեց դեպի Հայաստան, ապա Երևանի կառավարիչ Թոքմաք խանը երեսուն հազար սեֆյաններով ասպատակեց սահմանագծում գտնվող Արդահանն ու Չլդըրը68։ Իր հերթին Վանի կառավարիչը Վասպուրականից ներխուժեց Սեֆյան Իրանի սահմանները, պարտության մատնելով նրանց առաջապահ ուժերը69։
_____________________________
66 Նույն տեղում, էջ 352։
67 J.Hammer, VII, էջ 75։ Վանի Խոսրով փաշան, կարդում ենք եվրոպական
մի զեկուցագրում, սուլթանին սպառիչ տեղեկություններ էր հաղորդում Պարսկաստանի
վիճակի մասին և ոգեկոչում նրան սկսել պատերազմը, ասելով, «որ նա իր դեմ գտնելու
է», ոչ թե «...Եվրոպայի լավ պաշտպանված ամրոցների, թնդանոթների ու զենքերի, այլ
թուր ու նիզակների, Ասիայի անպաշտպան ու բաց քաղաքների» (Histoire des ottomans…,
էջ 308)։
68 J.Hammer , VII, էջ 80։
69 Նույն տեղում, էջ 81։
[էջ 123]
1578 թ. օգոստոսի 9-ին Արդահանից շարժվելով, սերասքեր Մուստաֆայի զորքերը կանգ առան Չլդըրի մոտ, ուր և հաջորդ օրը թշնամի երկու կողմերի միջև տեղի ունեցավ մեծ ու արյունալի ճակատամարտ։ Մեծ կորուստների գնով թուրքերը վճռեցին այն իրենց օգտին70։
Պատերազմական գործողություններն աղետալի հետևանքներ ունեցան հայ ժողովրդի համար և արտացոլվեցին այդ տարիներին արտագրված հայերեն ձեռագրերի հիշատակարաններում։ Մի հիշատակարանում մասնավորապես ասված է, որ թուրքերը «...զբազում քաղաքս և զգեղս և զգաւառս աւերեալ քանդեցին, զարսն սրով սպանին, և զկանայսն և զտղայսն գերի վարեցին»71։
Դեռևս մինչև Չլդըրի ճակատամարտը սերասքեր Մուստաֆան Վրասաանի ղեկավարներին ուղղված հատուկ նամակով պահանջեց ամեն տեսակի կապերը խզել Սեֆյան Իրանի հետ և թեքվել օսմանցիների կողմը։ Այդ նամակին արձագանքեց միայն Արևմտյան Վրաստանում իշխող Մանուչարը, իսկ դրան հակառակ Թիֆլիսում թագավորող Դավիթը, որն ազգակցական կապեր ուներ Սեֆյան պալատի հետ, անպատասխան թողեց Մուստաֆայի առաջարկը։ Ուստի վերջինս Չլդըրի ճակատամարտից հետո ներխուժեց Վրաստան և, գրավելով Թումեք (Թմուկ), Ախալքալաք բերդերը, մտավ Թիֆլիս։ Նա քաղաքի երկու եկեղեցիները վերածեց մզկիթների72։
Թիֆլիսի վրայով օսմանյան բանակը շարժվում է դեպի Շիրվան։ Սեֆյան բանակը դիմում է պարտիզանական կռիվների հնարներին։ 1578 թ. օգոստոսի 29-ին Կուրի վտակներից Կանակ գետն անցնելիս օսմանյան բանակը տալիս է ծանր կորուստներ։ Թուրքական բանակին հետապնդող Թոքմաք խանի, Էմիր խանի և Իմանկուլի խանի զորքերը նրան կորուստներ են պատճառում՝ թակարդի մեջ գցելով թշնամուն73։
_____________________________
70 Histoire des ottomans..., էջ 311։
71 Մատ., ձեո. № 8273, էջ 510 — 511։ Հայերեն ձեռագրերի հիշատակարանները
խոսում են հայերի զանգվածային գերեվարության երևույթների մասին։ 1578 թ. մի ձեռագրում
նշված է. «ի թվին ՌԻԵ (1578) Հոռոմեցին (թուրքը— Մ. Զ.) սաֆար արավ ի Սոֆուն
(ձեռագրում ի Սովուն) վրայ և երեֆանայ ԿՌ (60.000) գերի առին հայ ազգ, թող կոտորածն»։
Բարսեղ Վարագեցու տարեգրության մեջ նշվում է, որ «երևանայ աշխարհի քաղաքն և երկիրն,
և ամենայն շուրջագայ գաւառքն և ամենայն աշխարհս քրիստոնէից ի յանօրէն ազգացն
պարսից և իսմայելացւոց սրբաջինջ եղև» (Մանր ժամանակագրություններ, հ. I, երևան,
1951, էջ 172)։ 1579 թ. Նախիջևանից և այլ գավառներից գերեվարության ենթարկված
հայերի թիվը նշված է ավելի քան «զքառասուն հազարն» (Ղ. Ալիշան, Այրարատ, Վենետիկ,
1890, էջ 300 և հետ)։
72 J.Hammer, VII, էջ 66։
73 Նույն տեղու.մ, էջ 87։ Histoire des ottomans, էջ 312 — 313։
[էջ 124]
Այսուհանդերձ, պատերազմի հենց առաջին տարում՝ 1578 թ., թուրքերին հաջողվեց զավթել Վրաստանի ու Շիրվանի մի մասը։ Դեռևս այս երկու երկրների նվաճումը չավարտած, սերասքեր Մուստաֆան այս երկրամասերը վերածելով սովորական օսմանյան նահանգների, դրանք բաժանեց առանձին բեգլերբեգությունների74։ Միայն Շիրվանը, որի կառավարիչը նշանակվել էր թուրքական առաջապահ զորքերի մի այլ հրամանատար՝ Ուլդեմիր Օսման փաշան75, զավթիչներին տարեկան քսանհինգ միլիոն երկու հարյուր հազար ոսկու եկամուտ էր բերելու76։
1578 թ. ձմռանը թուրքական բանակը վերադառնում է Էրզրում՝ հանգստանալու։ «Եվ որովհետև ձմեռը բավականին խորացել էր, և (դեպի Էրզրում) վերադարձի ճանապարհը չափազանց երկար էր, ուստի նա (Մուստաֆան— Մ. Զ.) որոշեց հետ քաշվել Էրզրում, և նախքան մեկնելը Օսման փաշային նշանակեց Շիրվանի նահանգի կառավարիչ, հրահանգելով նրան զավթել Շամախին և Դերբենդը, միանալ թաթարական զորքերին, որոնք ըստ հասած տեղեկությունների արդեն հասել էին Դերբենդ քաղաքի մոտակայքը»77։
Օգտվելով այն հանգամանքից, որ օսմանյան հիմնական բանակը նահանջել էր դեպի Էրզրում, 1578 թվականի դեկտեմբերին սեֆյան զորքերն անցան համընդհանուր հարձակման մի շարք ուղղություններով՝ Արարատյան դաշտավայրով դեպի Կարս և էրզրում, Շիրվան և Բաղդադ78։ Շիրվանում և Ղարաբաղում միայն ԱԴիլ-Գիրայի Ղրիմի թաթարական զորքերի օգնությամբ Ուզդեմիր Օսման փաշային հաջողվեց ոչ միայն ետ շպրտել իրանյան բանակը, այլև նրան հասցնել շոշափելի պարտություն79։ Սակայն շուտով պարտություն կրած սեֆյան բա-
_____________________________
74 J. Hammer, VII էջ 88-89։
75 Այս Ուզդեմիր փաշան մինչև իրանական արշավանքը, համաձայն հայերեն
ձեռագրի մի հիշատակարանի, իր բանակով գտնվելիս է եղել Էրզրումում ու խժդժություններ
է կատարել հայ բնակչության նկատմամբ։ Օսման փաշան, կարդում ենք հիշատակարանում
«...եկեալ բազմութեամբ զօրօք ի Թեոդապօլիս՝ որ է Առզրում և զչարիսն զոր արար
ով կարէ պատմել կամ գրով արկանել կացեալ անդ աւուրս բազում, որ և զայր մարդիկ
ի դուրս յգէին և կանայս և զկոյս աղջկանս և զտղայս խայտառակեին, այսպիսի պիղծ
գործավք էին անօրենքն ազգն մահմեդի» (Մատ., ձեո, № 4515, էջ 319)։
76 J. Hammer, VII, էջ 90։
77 Histoire des ottomans, էջ 314։
78 J. Hammer, VII, էջ 93։
79 Նույն տեղում, էջ 94։ Օսման Ուզդեմիրի Շիրվան և Ղարաբաղ կատարած
այս արշավանքի մասին ահա թե ինչ է հաղորդում Իսրայել գրիչը «...երեկ Աւսման փաշէն
Հոռոմացոց (թուրքերի—Մ. Զ.) Դամուր զապուն էառ ի աշխարհն, Շիրվանայ և կո-
[էջ 125]
նակին օգնության է հասնում տաղանդավոր զորավար, թագաժառանգ Համզա Միրզան և Արեշի մոտ խուճապի մատնում թշնամուն, սարքում մեծ կոտորած ու գերի վերցնում Ադիլ-Գիրային80։
1579 թ. գարնանը, տեսնելով Արևելքում թուրքերի կատարած նվաճումների հեղհեղուկ վիճակը, սուլթան Մուրադ 3-րդը կարգադրեց իր սերասքերին, հակառակ Ամասիայի հաշտության պայմանագրի, վերակառուցել Կարս քաղաքում ամրոցը։ Կարսի ամրոցի վերակառուցումը կատարվել է տեղական բնակչության (հայ) բռնի աշխատանքի լծելու պայմաններում։ Մի հիշատակարանում կարդում ենք, որ սերասքեր Մուստաֆան «...եկեալ և բնակեցաւ ի դաշտն Բասենու և հրաման էլ յաշխարհս, և ժողովեցան բազում ճարտարք և քարագործք, և ձեռնարկեալ շինեցին զբերդն և զքաղաքն առ ի հակառակութիւն կարմիր գլխուն»։
Վինչենցո դ’Ալեքսանդրիի վկայությունից երևում է, որ XVI դարի կեսերից ամայացված էր ոչ միայն Կարսը, այլև թուրք-իրանական սահմանամերձ շրջանները. «թագավորի (իմա՝ շահ Թահմասպի— Մ. Զ.) ուժը այն է, որ նա երկիրը ավերակ է դարձրել թուրքական սահմանների վրա՝ ամեն կողմ վեց օրվա ճանապարհ հեռավորությամբ, և շրջանում քանդած է բոլոր ամրոցները, որպեսզի զորացնե իր դիրքերը և թուրքերը հակում չունենան գրավելու և պահելու այն»81։
Իտալացի դիվանագետ Մարիանին նույնպես նշում է Կարս բերդ-ամրոցի ավերակ լինելու և Օսմանյան կայսրության պաշտպանության համար ունեցած մեծ նշանակության մասին82։ «Ղազվինում,— գրված է եվրոպական մի զեկուցագրի մեջ,— չգիտեին, թե որն էր թուրքերի և Մուրադի նպատակը վերակառուցելով Կարսի ամրոցը, սակայն ենթադրում էին, որ նա կարող էր ծառայել Թիֆլիսի պաշտպանության գործին։ Պարսկաստանի թագավորը որոշեց Վրաստան ուղարկել Սիմոն բեկին, որն իրենց մոտ գտնվում էր գերության մեջ և Ալիկուլի խանին, որը պարսից զորքի գերագույն հրամանատարն էր՝ մի քանի հազար զինվորներով և մեծ թվով թնդանոթներով՝ Կարսի ամրոցի վերակառուցումը խանգարելու նպատակով։ Մուստաֆան գալով Կարս (մեծ) վեզիր
_____________________________
տորեաց ազգս զիզիլպաշին, բազում խանս և սուլթանս և արար փախստական։ Երեկ ազգ
մի կայր զայտաղ կու ասեն և գերեաց բազում տեղիս Ղարայպաղն, Ղարաղաջն, Խաչեն,
Վարանդայ մինչև Տիզակ» (Մատ., ձեռ. № 173, էջ 95ա)։
80 Historie des ottomans, էջ 315—316։
81 Հովհ. Հակոբյան, Ուղեգրություններ, հ. Ա, էջ 352։
82 Fernard Braudel. Le Méditerrannée et le monde méditerranéen
a l'epoque de Philippe II, Paris, 1949, p. 1013.
[էջ 126]
Մեհմեդի (իմա՝ Սոկոլլիի— Մ. Զ.) որդի Հասան փաշային քսան հազար զինվորներով, ամեն տեսակի զենքի ու զինամթերքի, դրամի և պարենի հետ ուղարկեց Թիֆլիս (թուրքական կայազորին) օգնելու։
Հասանը գնաց օգնելու այս վայրին, սակայն անցնելով Դմանիսի կիրճը, անսպասելիորեն հարձակման ենթարկվեց Ալիկուլիի և Սիմոնի կողմից, որոնք թաքնվել էին մոտակա անտառներում։ Նրանք մեծ կորուստներ պատճառեցին Հասանին։ Սակայն տեսնելով որ իրենք պաշարված են մեծ թվով զինվորներով, փախուստի դիմեցին։ Արիասիրտ չհանդիսացող Ալիկուլին գերի ընկավ։ Այնուհետև Հասանը մտավ Թիֆլիս և ոգևորեց զինվորներին պերճախոսությամբ, դրամով, զենքով ու զինամթերքով ու հետ վերադարձավ»։ Այնուհետև զեկուցագրում պատմվում է, որ վրաց թագավոր Սիմոնը բազում թնդանոթներով սպասում էր Թիֆլիսից վերադարձող Հասանին մի կիրճի բերանում։ Սակայն լրտեսների միջոցով Հասանը տեղեկանում է Սիմոն Լուարսաբի ձեռնարկմանը և վերադարձը շարունակում է այլ ճանապարհով։ Սիմոնին մնում էր միայն հետապնդել թշնամուն և հարվածներ հասցնել նրան83։
Այսպիսով, թուրքերին հաջողվում է սովի ճիրաններին մատնված թուրքական կայազորին ցույց տալ ժամանակավոր օգնություն։ Սակայն իրենց համար տխուր իրավիճակը թուրքերն անզոր էին փրկել։ Եվրոպական մի այլ զեկուցագրի մեջ այդ մասին ասված է. «Չնայած թուրքերին հաջողվեց գրավել մի շարք շրջաններ, սակայն ինչպես Վրաստանում, այնպես էլ Շիրվանում նրանք ունեցան մարդկային մեծ կորուստներ։ Բացի այդ թուրքերի գրաված շրջանների մի կարևոր մասը վերանվաճվեց պարսիկների կողմից։ Ավելին՝ համաճարակը և ավելի հաճախ սովը թուրքական բանակի մեծ մասի անբաժան ուղեկիցն էր և որոշ տեղեկությունների համաձայն մահացել էին ավելի քան յոթանասուն հազար թուրքեր, ոմանք սրից, մյուսները՝ համաճարակից և սովից»84։ Մարիանիի մի այլ տեղեկությունից իմանում ենք, որ 1579 թ. ամռանը իրանցիները «...նպատակահարմար գտան մնալ պաշտպանական դիրքերում՝ թուրքերի բանակում համաճարակի տարածման պատճառով»85։
Կարսի ամրոցի վերակառուցման աշխատանքներին զուգընթաց օսմանյան բանակը Ջաֆեր փաշայի ղեկավարությամբ ասպատակում է Երևանի շրջակայքը և գերեվարում մեծ թվով հայեր և թյուրքեր։ Թուրք պատմագիր Ի. Փեչեվիի ասելով, գերիները հարց հարուցեցին, թե ար-
_____________________________
83 Histoire des ottomans, էջ 319—320։
84 Chalcondyles, XVI, էջ 768։
85 Fernand Braudel, էջ 1014։
[էջ 127]
դյո՞ք խաղաղ բնակչության գերեվարումը օրինակա՞ն է։ Մուֆտի Քեմալ-փաշա զադեն իր ֆեթմաներով (մեկնություններով) հաստատեց դրա «օրինականությունը»։ Մուֆտին մինչև իսկ գտավ, որ «շարիաթով թույլատրվում է կանանց հետ միասին գերի վերցնել նաև նրանց փոքրահասակ երեխաներին»86։
Նկատի ունենալով թուրքերի կրած ծանր կորուստներն Արևելքում, սուլթան Մուրադ 3-րդը շուտով Մուստաֆային մանզուլ (պաշտոնազուրկ) է անում և նրա փոխարեն սերասքեր նշանակում Սինան փաշային87։ Հասնելով Սեբաստիա, նոր սերասքերը նկատելով, որ թուրքական բանակը գտնվում է անմխիթար վիճակում, նամակ է հղում սուլթանին, պահանջելով եվրոպական մասում գտնվող թուրքական բանակի մի մասը անհապաղ տեղափոխել Փոքր Ասիա88։
Շահ Խուդաբանդան (1578 —1585), օգտվելով Սինան փաշայի սերասքեր նշանակվելու առիթից, փորձեց հաշտության եզրեր գտնել վերջինիս հետ։ Այդ նպատակով նա Մաքսուդ խանի գլխավորությամբ Սինան փաշայի մոտ ուղարկեց հատուկ դիվանագիտական պատվիրակություն՝ թուրքերին առաջարկելով Թիֆլիսն ու Կարսը հանձնել նրանց89։ Բանակցությունները վերջանում են ապարդյուն90։
Այս բոլորից հետո Սինան փաշան որոշում է իր առաջին հարվածն ուղղել Վրաստանի դեմ, նպատակ ունենալով, մի կողմից օգնության հասնել աղետալի վիճակում գտնվող Թիֆլիսի թուրքական կայազորին, մյուս կողմից, չեզոքացնել պրոիրանական ուժերին։ Սեֆյաններն, իրենց հերթին, անում են ամեն ինչ, խափանելու թուրքերի մտադրությունները։ Ահա թե ինչ ենք կարդում այդ մասին եվրոպական զեկուցագրերից մեկում։ «Այս ժամանակ Պարսկաստանի թագավորը քաշվել էր Շիրվանի և Թավրիզի արանքում գտնվող ու անհրաժեշտ ամեն ինչով առատ, Ղարաղաջ կոչեցյալ վայրը և այնտեղ հավաքելով երեսուն հազարանոց մի բանակ սպասում էր Սինանին, քանզի կարծում էր, որ նա շարժվելու է դեպի Թավրիզ կամ Շիրվան և գերազանցելու է Մուստաֆայի փառքը, և համոզված լինելով, որ անհրաժեշտ է Վրաստանի Թիֆլիս քա-
_____________________________
86 Որ գերյալների մեծ մասը հայեր էին, երևում է նաև XVI դարի անգլիացի
վաճառական ճանապարհորդ Ջոն Նյուբերիի հետևյալ վկայությունից. «Պարսկաստանի վերջին
պատերազմներում (1578 —1584 թթ. — Մ. Զ.) շատ քրիստոնյա գերիներ էին վերցրել
Երևանում և ուրիշ տեղերում», (Հովհ. Հակոբյան, Ուղեգրություններ, հ. Ա, էջ 544)։
87 Histoire des ottomans, էջ 420։ Chalcondyles, XVI, էջ 768։
88 Chalcondyles, նույն տեղում, էջ 769։
89 Նույն տեղում, Histoire des ottomans, էջ 320։
90 Նույն տեղում։
[էջ 128]
ղաքին օգնության (հասնել) կարգադրեց իր երկու գլխավոր զորավարներին՝ Թոքմաք խանին և Ւմանկուլի խանին, իրենց զորքերով միանալ Սիմոնին և հարվածել թուրքերին, քանի դեռ նրանք այդ բանը չեն արել (մեզ)։ Սինանը գալով Էրզրում և հավաքելով իր հիմնական բանակը և զինամթերքը շարժվեց դեպի Կարս և Կարսից էլ անձամբ Վրաստան՝ Թիֆլիս, նպատակադրվելով Դմանիսի կիրճի մատույցում կառուցել մի ամրոց։ Գալով Դմանիս, բանակը մնաց ութ օր և ութ գիշեր տեղացող հորդառատ անձրևի տակ, նա ստիպված եղավ թողնել Դմանիսը և շարժվել դեպի Թիֆլիս, որին (կայազորին) նա պիտի օգներ նյութապես և զինամթերքով, սակայն հասնելով Տրիալի, նա տեղեկացավ, որ Պարսկաստանի թագավորը մեծ բանակով գալիս է իր դեմ»91։ Սինան փաշան շարժվում է դեպի Արդահան և Չլդըր92։ Սերասքերի այս քայլը, համաձայն զեկուցագրի, ոչ այլ ինչ էր, քան մի փորձ՝ ահաբեկելու շահական զորքերին, քանզի, ինչպես ասված է վավերագրում, Սինանը ձգտում էր խաղաղության, համոզված լինելով, որ «...Պարսկաստանի հետ պատերազմն ամբողջությամբ ոչնչացնելու էր թուրքերին»93։
Շահ Խուդաբանդան թուրքական ճամբար ուղարկեց նոր պատվիրակություն՝ Իբրահիմ խանի գլխավորությամբ94։ Հաշտության բանակցությունները, սակայն, այս անգամ ևս շոշափելի արդյունք չտվեցին։ Ուստի Սինան փաշան նորից շարժվեց դեպի Թիֆլիս և քաղաքի ղեկավարությանը հանձնեց մուսուլմանություն ընդունած Լուարսաբի որդի Գորգինին, որը հետ այսու կոչվելու էր Յուսուֆ փաշա։ Փառասիրական նպատակներով իսլամին փարվեց նաև Մանուչարը, ընդունելով Մուստաֆա անունը։ Սակայն վաթսուն հազարանոց բանակի գլուխ անցած շահի դեպի Վրաստան կատարած արշավանքի լուրը սերասքերին ստիպեց դիմել նահանջի ու մեկնել մայրաքաղաք։ Առաջվա նման Վրաստանը չէր ենթարկվում սուլթանի կամքին ու նման էր ժայթքող հրաբխի։ 1582 թ. օգոստոսին թուրքական բանակն Էրզրումից նորից շարժվեց դեպի Կարս և Ախալքալաք95։ Վերջին վայրում Մուստաֆան (Մանուչարը) միացավ թուրքական բանակին։ Գորիի մոտ տեղի ունեցած ճակատամարտում թուրքերը պարտություն կրեցին վրացական և իրանական ուժերից։ Գորիի մոտ կրած պարտությունը, եվրոպական աղբյուրների վկայությամբ, զայրացրեց սուլթան Մուրադ 3-րդին և նրա
_____________________________
91 Chalcondyles, XVI, էջ 769։
92 Նույն տեղում, Histoire des ottomans, էջ 324։
93 Chalcondyles, XVI, էջ 770։
94 Նույն տեղում։
95 J. Hammer,VII, էջ 106։
[էջ 129]
մեծ վեզիրին ուղղած այն հարցին, թե ինչ պետք է լինի այսպես կոչված «պարսկական արշավանքի» հետագա ճակատագիրը, վերջինս պատասխանեց. «Անհրաժեշտ չէ շատ մեծ ծախսերի հետ կապված պատերազմի շարունակությունը այդքան ամրոցներով ու պաշտպանական շինություններով պատված թշնամու երկրում սպառել պետական միջոցները և ժողովրդին հասցնել ծայրահեղ աղքատության, այլ ավելի ճիշտ կլիներ, որ նորին մեծությունը անձամբ մեկնելով Կարաամիդ, Հալեպ կամ թեկուզև Ամասիա գլխավորեր պարսկական արշավանքը»96։
Սուլթանը պաշտոնազրկում է մեծ վեզիրին և իրանյան արշավանքի նոր սերասքեր է նշանակվում Ֆերհադ փաշան (1582 թ. դեկտեմբերի 5), որը և վաթսուն հազարանոց բանակով շարժվում է դեպի Երևան և ձեռնամուխ լինում նրա նոր բերդի կառուցմանը։ «Ֆերհադը,—կարդում ենք եվրոպական զեկուցագրի մեջ,—իր բանակը հավաքելով Ամասիայի ու Էրզրումի ճանապարհով եկավ Կարս ու դիմավորվեց տեղում եղած բանակի կողմից, այնտեղից անցավ Ակչեկալե և, տեղում թողնելով հինգ հարյուր հոգուց բաղկացած կայազոր և որոշ քանակությամբ հրետանի, շարժվեց դեպի Թոքմաք խանի նստավայր հանդիսացող Երևան»97։ Երևանի այս նոր բերդի (Կալա-ի ջեդիդ) կառուցման առթիվ Յոզ. Համմերը, հենվելով թուրքական աղբյուրների վկայության վրա, նշում է, որ Երևանի «բեգլերբեգի, դաֆթարդարի (ֆինանսների վերակացուի) տարեկան եկամուտները... կազմում էին քսանվեց միլիոն ակչե»98։ 1583 թ. գարնանը Ֆերհադ փաշան իր բանակը շարժեց դեպի Նախիջևան, ուր լուր ստացվեց այն մասին, որ Խուդաբանդա շահը մի մեծ բանակի գլուխ անցած նույնպես մտադրվել է գալ Նախիջևան և ճակատամարտել99 Ֆերհադ փաշայի հետ։ Սակայն Թիֆլիսում գտնվող թուրքական կայազորի աղետալի վիճակը Ֆերհադին ստիպում է նորից բանակն ուղղել դեպի Վրաստան, ուր և հանդիպում է լուրջ անհաջողության։ Սիմոն խանի (այդպես է նշված աղբյուրում) և քրիստոնեության
_____________________________
96 Chalcondyles, XXI, էջ 773։
97 Նույն տեղում, էջ 774։
98 J. Hammer, VII, էջ 109։ Երևանի բերդի կառուցումը ծանր է անդրադառնում
հայ բնակչության համար և այլ իմաստով։ Ծառ գյուղում արտագրված մի ձեռագրի հիշատակարանում
գրիչը տեղեկացնում է մեզ, թե Երևանի բերդը կառուցելու համար, «բազում եկեղեցիք,
խաչ և տապանք քակեցին և քարն ի բերդն տարան, քրիստոնէից ազգս ամէն թալանուեցաւ,
որ առաջ քան հասունել փաշային ի քաղաքն Երևան, թաջալ ազգն արձակեց ի վերայ քրիստոնէից
ազգիս, որպէս գայք ի վերայ ոչխարաց՝ քշեցին տարան մինչև Գանճայ ի հետ իւրեանց
և անդ թալանեցին, բազումս սպանին և բազումս գերեցին։ Եւ ես անարժան գծողս անդ
թալանած, փախստական եկի և գրեցի սուրբ աւետարանս» («Էջմիածին», 1950, XI-XII,
էջ 87)։
99 Chalcondyles, XVI, էջ 775։
[էջ 130]
գիրկը վերադարձված Մանուչարի զորքերը Սեֆյանների հետ համատեղ լուրջ հարվածներ են հասցնում թուրքերին100։ Շուտով Ֆերհադ փաշայի դեմ ըմբոստանում է նաև թուրքական բանակը, և սերասքերին ոչինչ չի մնում անել, քան նահանջել դեպի Էրզրում՝ արդյունքում ստանալով պաշտոնազրկման մասին սուլթանի հրամանը101։ Նրա փոխարեն «պարսկական արշավանքի» սերասքեր է նշանակվում Ուզդեմիր Օսման փաշան102, որն աչքի էր ընկել Դաղստանում և Շիրվանում կատարած վայրագ ասպատակություններով103։
1584 թ. օգոստոսին գալով Էրզրում, Ուզդեմիր Օսման փաշան Կարսի և Չլդըրի վրայով շարժվում է դեպի Չալդըրան, այնուհետև՝ Խոյը, Մարանդը և Սոֆյանն անցնելով հայտնվում է Թավրիզի առաջ։ «Օսմանը գալով Էրզրում և իր բանակի կարիքների համար հավաքելով մարդիկ ու պարենամթերք, — կարդում ենք եվրոպական մի զեկուցագրում,— օգոստոսի սկզբին մեկնեց (քաղաքից) աղմուկ հանելով, թե ինքը գնում է Նախիջևան և անցնելով Կարսի և Չլդըրի ճանապարհներով, հասավ Չալդըրանի դաշտը... և սուր կրող հարյուր հիսուն հազար զինվորներով, չհաշված ծառայող անձնակազմը և արհեստավորները, անցնելով Խոյը, Մարանդը ու Սոֆյանը, հայտնվեց Թավրիզի առաջ»104։ Շահ Խուդաբանդայի զորքերը «...այնքան հզոր չէին, որպեսզի կարողանային դիմել բաց ճակատամարտի, ուստի որոշեցին մղել մանր մարտեր, թուլացնել թշնամուն ու նրան ստիպել հետ նահանջել»105։ Հիրավի, այդ նույն աղբյուրներում մանրամասն նկարագրվում են պարտիզանական այն կռիվները, որ մղում էին Սեֆյանները դեպի Թավրիզ շարժվող թուրքական բանակի դեմ՝ նրան հասցնելով շոշափելի հարվածներ106։ Այսուհանդերձ, 1584 թ. սեպտեմբերի 21 -ին թուրքերը մտնում են Սեֆյանների մայրաքաղաքը՝ անասելի կողոպուտի և կոտորածի ենթարկելով նրա բնակչությանը107։
Սակայն շուտով օգտվելով սերասքեր Օսման Ուզդեմիրի հիվանդության պատճառով թուրքական բանակում տիրող անորոշությունից, Սեֆյանները նորից անցնում են հակահարձակման և Թավրիզի մոտակայքում տանում են «կատարյալ մի հաղթանակ... սպանելով շուրջ երե-
_____________________________
100 Նույն տեղում, էջ 776։
101 Նույն տեղում։
102 Նույն տեղում։
103 Մանրամասն տե´ս J. Hammer, VII, էջ 116—120։
104 Chalcondyles, XVI, էջ 777։
105 Նույն տեղում։
106 Նույն տեղում։
107 Նույն տեղում։
[էջ 131]
սուն հազար թուրքերի»108։ Սպանվում է նաև Օսման Ուզղեմիրը, և թուրքերը ստիպված են լինում նահանջել դեպի Վասպուրական՝ ասպատակելով Վանն ու իր շրջակայքը, ինչպես մեզ այդ մասին տեղեկացնում է Արճեշում արտագրված մի ձեռագրի հիշատակարանում Կարապետ եպիսկոպոսը, որտեղ մասնավորապես գրված է. «..Եւ ելեալ ի յստմպօլայ Վեզիր փաշայ մի Աւսման անուն ի վերայ Արզռումայ գնաց երելով ու աւերելով, և զհայոց ազգս կողոպտելով՝ գնաց ի Շահաստան ի Թաւրէզ և ի տեղն բերդ պատրաստեաց և ինքն (անդ) սատակեցաւ և հեծելազօրքն անգլուխ ի յետ դարձան, և եկեալ զծովու բոլորս (Վանայ) երելով և աւերելով՝ և զհայոց ազգս կողոպտելով և զորն բռնէին իսկանջէին (տանջէին) և զօրապահաց թէ թագուցած կեր, թե ի հացէ, թե ի փարթալէ (ի շորեղենէ) թե ինչ որ գումանք (կասկած) ունէին զամէն ի ձեռներն տային, դեռ չէին ազատեր, և զորն ֆար ու ֆասադ (զրպարտանք) անէին և զհայոց ազգս խիստ դառն ու դիժար նեղէին. միթե Աստուած զվերջն բարի առնէ և զհայոց ազգս ազատէ»109։
Սուլթան Մուրադ 3-րդն այս բոլորին տեղեկանալով երկրորդ անգամ սերասքեր է նշանակում Ֆերհադ փաշային և 1585 թ. գարնանը նրան ուղարկում «պարսկական արշավանքի», որը նույնպես անզոր է գտնվում բեկում մտցնել պատերազմական գործողությունների մեջ։ Եվրոպական աղբյուրի վկայությամբ «պարսիկների բոլոր հաջողությունները ամենևին չընկճեցին Մուրադի սիրտը, քանզի նա, հարելով Ֆերհադ փաշային և Օսման փաշայի մահից հետո նրան տալով բարձրագույն աստիճանի պաշտոնի կնիքը, մի նոր բանակով ուղարկեց նրան Պարսկաստան, և ի պատասխան դրան Պարսկաստանի թագավորը դեպի Վան առաքեց 24.000-անոց պարսկական մի բանակ Վելի Սուլթանի և Ւմանկուլի խանի ղեկավարությամբ, քանզի Ամասիայի վրայով նրա (Ֆերհադ փաշայի) զորքերը հասել էին արդեն այս շրջանները» 110։ Այս անգամ թուրքական բանակը խուսափում է Սեֆյանների հետ ռազմական ընդհարումներից։ Եվրոպական աղբյուրում այս իրողությունը բացատրվում է թուրքերի ունեցած ֆինանսական և այլ կարգի դժվարություններով։ Ռազմական գործողությունների ժամանակ, ասվում է այնտեղ, «բանակը յուրաքանչյուր տարի հավաքում էր մեծ քանակությամբ հացահատիկ՝ ժողովրդին պատճառելով մեծ չարիք՝ հուսահատության տրամադրություններ առաջացնելով նրա մոտ։ Գտնում եմ, որ այս հանգամանքներն են (մի քիչ վերևում նշված է, որ միայն Հալեպի վաճա-
_____________________________
108 Նույն տեղում, էջ 778։
109 Մատ., ձեռ. № 8939, էջ 274ա, 274բ, ձեռ. № 6273, էջ 517, 518։
110 Chalcondyles, XVI, էջ 780։
[էջ 132]
ռականները պատերազմական կարիքների համար պիտի տրամադրեին մինչև 60.000դուկատ գումար — Մ. Զ.), ահա, որ պատճառ հանդիսացան այն բանի, որ այս բանակը թողնելով ամեն ինչ վերադարձավ Կոստանդնուպոլիս»111։
Հիրավի՝ երկարատև պատերազմներն Իրանի հետ հյուծել էին պետական գանձարանը: Եվ երբ օսմանյան բանակը վերադառնում է Կոստանդնուպոլիս, սուլթանը, ի վիճակի չլինելով վճարել նրա ռոճիկները, «...ցանկացավ ժողովրդի վզին փաթաթել նոր արտակարգ հարկեր, որին Մուֆթին կտրականապես ընդդիմացավ»112։
1585 թ. շահ Խուդաբանդայի մահից հետո Իրանում ծայր առան նոր գահակալական կռիվներ, որից և օգտվեցին թուրքերը ու երեք տարվա ընթացքում՝ մինչև 1588 թ., ամբողջ Անդրկովկասը Հարավային Ադրբեջանի հետ միասին իրենց ենթարկեցին։
1587 թ. Բաղդադի մոտ՝ «Կռունկների հովիտ» անվանված վայրում, Ֆերհադ փաշան, որն իր բանակը համալրել էր քրդական զորաջոկատներով, ծանր պարտության է մատնում իրանցիներին։ Հունիսին Սեֆյան Իրանի գահին բազմեց երիտասարդ ու հեռատես քաղաքագետ շահ Աբասը (1587—1629), որը հաշվի առնելով երկրում առաջացած ծայր աստիճան ճգնաժամային վիճակը (ամբողջ Իրանում թյուրքախոս ցեղերի կենտրոնախույս ավագանիները գլուխ էին բարձրացրել) հաշտության առաջարկով դիմեց թուրքական կողմին, որը և, ի վերջո, կնքվեց Կոստանդնուպոլսում 1590 թ. մարտի 21-ին։ Դրա համաձայն օսմանյան նվաճողների արյունոտ տիրապետության տակ անցան ողջ Անդրկովկասը և Հարավային Ադրբեջանը՝ Թավրիզի հետ միասին։ Երկու պետությունների սահմանները, որոնք որոշվեցին թուրքերի պատվիրակ Հըզըր փաշայի և Սեֆեվիների ներկայացուցիչների կողմից, հետևյալն էին՝ Թավրիզի նահանգն Իրանից սահմանաբաժանվում էր Մարաղայի մոտով՝ Դելիկլիտաշ կոչված կիրճով, Արաքսի և Կուրի հոսանքներով113։
***
1590 թ. մարտին կնքված Կոստանդնուպոլիսի պայմանագրով Թուրքիային հաջողվեց իրականացնել իր տնտեսական ու քաղաքական ծրա-
_____________________________
111 Նույն տեղում, էջ 780։
112 Նույն տեղում, էջ 781։
113 Bekir Kütükoĝlu. Les relations entre l'empire ottoman et l'Iran
dans la seconde moitié du XVIe siècle, — „Turcica", Revue d'études turques.
T. VI, Paris—Strasbourg, 1975, p. 143.
[էջ 133]
գրի մի մասը՝ զավթելով Անդրկովկասի ու Հյուսիսային Իրանի կարևորագույն առևտրական ուղիները։ Ագրարային երկիր հանդիսացող ու ֆեոդալական մասնատվածությունից ուժասպառ եղած Իրանին հասցվեց շոշափելի հարված։ Նվաճված երկրամասում օսմանցի ֆեոդալները սկսեցին անողոք շահագործման ենթարկել տեղի բնական ու մարդկային հարստությունները։ Հողերը ենթարկվեցին վերաբաժանման, որի հետևանքով Անդրկովկասի շատ ֆեոդալներ զրկվեցին իրենց տիրույթներից։ Հարկերը եռապատկվեցին։ Բնակչությունը ենթարկվեց թուրքերի կողմից կիրառվող կրոնական անհանդուրժողականության քաղաքականությանը։ Եվ, բնականաբար, այս բոլորը երկրում առաջացրեց համընդհանուր դժգոհություն թուրք զավթիչների նկատմամբ։ Խույս տալով թուրքերի քրիստոնեահալած քաղաքականությունից, հայ ավատական ավագանու և բնակչության մի մասը օսմանյան տիրապետության տարիներին ապավեն էին փնտրում Վրաստանում ու այլուր։
Մղձավանջային իրադրությունը վրաց Սիմեոն թագավորին ստիպում է նամակով օգնության հայցով դիմել Իսպանիայի Ֆիլիպ 2-րդ (1555—1598) թագավորին։ 1596 թ. օգոստոսի 14 թվակիր գրված աշխարհաբար այդ նամակում մասնավորապես կարդում ենք. «Այսքան ժամանակ թուրքի հետն ի մէջ նեղութեան կայեաք, այս ժամանակիս կու հայեաք թէ քրիստոնէից ի թագավորութիւն ի ոտք ելանէ և շարժի, հիմի մեծ գոհութիւն և փառք անմահ թագաւորին Յիսուսի Քրիստոսի, որ ետ զորութիւն և հզոր կարողութիւն քոյին մեծ թագաւորութեան իշխանութեանդ և քոյին սիրելի մայեսդադ չեղար ինփեռատուրին որ զմեզ մեծարեց և ուղարկեց մեզ թուղթ ու գիր սիրոյ միաբանութեան, վասն յամենայն հաւատացելոց ի Քրիստոս, որ զայս այլազգի և թշնամի հաւատոց զթուրք ազգս ի միջոյ վերացելոյ, նայ ես, Սիմէոն խանս Կուրճիստանու, Ալեքսանդր խան Լուանդինոյ (Լևանի որդի)։ շահ Աբաս Փերսիանին, երեքանքս միաբանեցաք, և խորհուրդ և թատպիր արարք, որ մենք այլ հիմակուց ի վեր առաջ գանք և զթուրքին գլուխն կոտրեմք և զսուրբ յԵրուսաղէմ և զքրիստոնեայքն ի թուրքի ձեռաց ազատենք»114։
Եվրոպական պետություններից և ոչ մեկն այդ ժամանակ ի զորու չէր հայերին և վրացիներին իրական օգնություն ցույց տալ։ Թուրքիայի դեմ պայքարում նրանք, ինչպես դա առաջներում էր, ձգտում էին Սեֆյան Իրանի հետ դաշինքի։ XVI դարի վերջին Իրանին Թուրքիայի դեմ պատերազմի հրահրողների առաջին շարքերում մենք տեսնում ենք
_____________________________
114 Տե՛ս Աշ. Հովհաննիսյան, Դրվագներ..., հ. 2, էջ 75։
[էջ 134]
անգլիացիներին։ Իրան ժամանած Անտոն և Ռոբերտ Շերլի եղբայրների հրահանգով շահ Աբասը վերակառուցում էր իր բանակը։ Նախքան թուրքերի դեմ պատերազմ ձեռնարկելը, իր հերթին, կենսականորեն շահագրգռված լինելով Եվրոպայի հետ զինակցության, շահ Աբասը, ինչպես տեսանք, դեսպանություններ ուղարկեց Եվրոպա՝ Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա և, մասնավորապես, Հռոմի պապի մոտ։
Այս պայմաններում, շատ բնական է, որ հայ ու վրաց ավագանին օգնության հայցով դիմեր անմիջապես իրեն՝ Իրանի տիրակալին։ Չէր բացառված այն, ինչպես այդ մասին նշում է Աշ. Հովհաննիսյանը, որ Իրանին ապավինած հայ խոջայության ներկայացուցիչներն իրազեկ լինեին Եվրոպայի հետ շահ Աբասի վարած բանակցություններին115։
Դիմելով շահ Աբասի օգնությանը, Անդրկովկասի ավատատերերն Իրանի երիտասարդ տիրակալին դիտում էին որպես հույսի ու փրկության ապավենի, որպես «չարյաց փոքրագույնի» անտանելի թուրքական տիրապետության պայմաններում։ «Բազումք ոմանք, — գրում է Առ.Դավրիժեցին,—յաշխարհէս Ատրպատականի իշխանք և կողմնակալք մահմետականք և քրիստոնեայք, գնացեալ էին առ թագաւորն Պարսից, վասն զի յոյժ չարաչար նեղութեամբ նեղէին զնոսա ազգն ouմանցւոց ծանր հարկապահանջութեամբ, և կեղեքմամբ զրկէին և կողոպտէին, և հաւատոց կուռէճութիւն (խստութիւն) առնէին, և այլ բազում տառապանօք չարչարէին ոչ միայն զազգս հայոց, այլև զազգս վրաց և զՄահմետականաց (ադրբեջանցիներ) և վասն այնր նեղութեան գնացին առ թագաւորն պարսից, զի թերևս նովաւ դիւրութիւն գտցեն զեղծեալք ի ծառայութենէն օսմանցւոց»116։
Կոստանդնուպոլսի հաշտության կնքումից հետո ընկած կարճ ժամանակամիջոցում շահ Աբասին հաջողվել էր ընկճել Իրանում կենտրոնախույս թյուրքախոս ավագանու դիմադրությունը, ստեղծել կենտրոնացված ուժեղ պետական ապարատ և, ինչպես տեսանք, Եվրոպայի օրինակով, վերակառուցել իրանական բանակը։ Այս նույն ժամանակ Թուրքիան անկման հայտանիշեր էր ցույց տալիս՝ ընկնելով ճգնաժամային վիճակի մեջ։ Դրանից դուրս գալու ելքն օսմանյան ղեկավար շրջանները փնտրում էին պատերազմական արկածախնդրությունների մեջ։ Մինչև 1606 թ. ընկած ժամանակաշրջանը Թուրքիան ռազմական ընդհարման մեջ էր Ավստրիայի հետ, որը բերում էր միայն անհաջողություններ։ Ամեն օր նորանոր լուրեր էին հասնում մայրաքաղաք՝
_____________________________
115 Նույն տեղում, էջ 80։
116 «Պատմութիւն Առաքել վարդապետի Դաւրիժեցւոյ...», Վաղարշապատ, 1896,
էջ 15 (հետ այսու՝ Առ. Դավրիժեցի):
[էջ 135]
թուրքերի կրած ծանր պարտությունների մասին։ 1593 թ., որը թուրքական տարեգրություններում հայտնի է որպես «կազմալուծման կամ պարտության տարի» («Возздип senesi») Բոսնիայում ամբողջությամբ ոչնչացվեց Հասան փաշայի զորքը։ Եթե ավստրիական ճակատում թուրքերը լրիվ չջախջախվեցին, ապա դրա պատճառը Գերմանիայում ծայր առած կրոնական ներքին վեճերն էին։ Այս հանգամանքը թույլ տվեց օսմանցիների դեմ ընդհանուր հարձակում կազմակերպել։ «Ամեն առումով այս պետության գործերը անկում են ապրում, — զեկուցում է իր կառավարությանը Կոստանդնուպոլսի ֆրանսիական դեսպան Բարոն դե Սալինյակը, —և բավական է մի փոքր հարված, որ նա կործանվի» 117։ Իսկ 1607 թ. մարտի 13-ին գրած նամակում ֆրանսիական դեսպանը հետևյալ կերպ է զարգացնում իր այս միտքը։ «Այս մեծ կայսրության գործերը միանգամայն վատ ընթացք ունեն։ Երկիրը կառավարում են ապիկար մարդիկ, պակասում է դրամը։ Եվ այդ պակասը լրացնելու համար, նրանք (կառավարողները — Մ. Զ.) անում են հազար ու մի անարդարություններ։ Եթե Հունգարիայի պատերազմը շարունակվի, հավանական է, որ ամեն ինչ ինքնիրեն խորտակվի»118։
Սալինյակի այս եզրահանգումները հիմնված էին այն փաստի վրա, որ XVI դարի վերջում Թուրքիայում ծայր առած ջալալիների119 հակապետական շարժումները փաստորեն կաթվածահար էին դարձրել սուլթանական պետությունը և մեծ հարված հասցրել նրա ռազմական ու քաղաքական հզորությանը։ Շահ Աբասը, որն ուշի-ուշով հետևում էր Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների ընթացքին, չհապաղեց օգտագործել բարենպաստ պայմանները պատերազմ սկսելով թուրքերի դեմ, հանուն իր ժառանգական «Հայրենի աշխարհի» հետ նվաճման։ Ահա թե ինչ ենք կարդում այդ մասին Անտոնիո դե Գուվեայի մոտ։ Շահ Աբասը, գրում է նա, «բոլոր քրիստոնյա իշխանությունների մոտ դեսպանություններ ուղարկեց նրանց միացնելու ու թուրքերի դեմ համատեղ պատերազմ սանձահարելու համար այն հաշվով, որ վերջինները զբաղված լինեն երկու կողմից՝ Եվրոպայից ու Ասիայից այդ միջոցով նա կարողանա վրեժ լուծել իրենց հասցված վիրավորանքների համար և վերանվաճել այն քաղաքներն ու ամրոցները, որոնք կորցրել էին իրենց նախնիները»120։ Հետագայում, անդրադառ-
_____________________________
117 Baron de Salignac, էջ 56։
118 Նույն տեղում, էջ 124։
119 Այդ մասին տե՛ս Մ. Զուլալյան, Ջալալիների շարժումը և հայ ժողովրդի
վիճակը Օսմանյան կայսրության մեջ, Երևան 1966։
120 Antonio de Gouvea, էջ 104։
[էջ 136]
նալով եվրոպական պետությունների հետ շահ Աբասի դաշնակցելու հարցին, Ժ. Շարդենը գրում է հետևյալը. «Մեծն Աբասը, որն ուներ լայն ծրագրեր, և որ առանց դաշնակիցներ ունենալու և որևէ մի տեղից օգնություն, մեծ պատերազմների մեջ էր մտել թուրքերի հետ՝ չափազանց լավ ընդունելություն էր ցույց տալիս բոլոր նրանց, ովքեր փնտրում էին իր բարեկամությունը, մասնավորապես եվրոպացիների, որոնց համարում էր իր մեծ թշնամու՝ թուրքի թշնամիները։ Եվ, իմիջիայլոց, պապին նա դիտում էր իբրև մի մարդու, որն առավել շահագրգռված էր օսմանյան այդ հզոր պետության կործանումով կամ գեթ նրա ընդարձակմանը խոչընդոտելով։ Այդ էր պատճառը, որ նա սիրալիր ընդունում էր նրա դեսպաններին։ Համաձայն երկրի սովորության, նա նրանց պահում ու կերակրում էր բազմաթիվ տարիներ, իր ամբողջ կյանքի ընթացքում նա նրանց օգտագործում էր որպես դեսպաններ քրիստոնյա իշխանների մոտ, կոչ անելով վերջիններին (համատեղ) պատերազմել թուրքերի դեմ, ինչպես որ նրանք շարունակ խոստանում էին»121։
Շահին մնում էր միայն մի պատրվակ՝ սկսելու պատերազմը թուրքերի դեմ։ Եվ այն շուտով ներկայացավ։ Դժգոհ օսմանցիների տիրապետությունից՝ Սալմաստի բեկ քուրդ Ղազին ապստամբում է և շահի օգնությանը դիմում՝ նրան հորդորելով շարժվել դեպի Թավրիզ։ Քուրդ բեկերը, որոնք թուրքերի և Սեֆյանների միջև ծագած պատերազմների սկզբից ի վեր սովորել էին թեքվել դեպի հզոր կողմը, տեսնելով, ըստ երևույթին, Թուրքիայի ներքին խառնակ վիճակը սկսեցին կասկածանքի տակ վերցնել հետագայում էլ օսմանյան տիրապետության տակ մնալու նպատակահարմարությունը։ Այս առումով, անշուշտ, քուրդ Ղազիի ապստամբությունը եզակի երևույթ չէր։
1603 թ, օգոստոսի 3-ին վեց հարյուր հեծյալ զինվորներով շահ Աբասն Իսպահանից շարժվեց դեպի Թավրիզ։ Ճանապարհին նրան միացան Արդեբիլի կառավարիչ Զուլֆիգար խանի զորքերը։ Եթե հավատանք Գևորգ Տեկտանդերի վկայությանը, ապա նրա բանակի թիվը շուտով հասնում է հարյուր քսան հազարի, որը մեզ թվում է կասկածելի, որովհետև նա խոսում է հետին թվով։ «Թագավորը, — գրում է նա, — Թավրիզ շարժվեց հարյուր քսան հազար մարդկանցով, և արդեն յոթ օրվա ընթացքում տեր դարձավ քաղաքին։ Ես այնտեղ հասա դեկտեմբերի 15-ին»122, իսկ շահի զորքերը Թավրիզ մտան հոկտեմբերի
_____________________________
121 Jean Chardin, VII, էջ 434—435։
122 Iter Persicum, էջ 47։
[էջ 137]
21-ին123։ Թավրիզի գրավմանը նախորդել էր 1603 թ, սեպտեմբերի 25-ի Սոֆյանի ճակատամարտը124։
Թավրիզի գրավումն ականատեսների վկայությամբ ցնծություն էր առաջացրել նրա բնակչության շրջանում։ «Քաղաքի բնակիչները, — կարդում ենք դե Գուվեայի մոտ, — ուրախացան թոթափելով թուրքական լուծը և իրենց բնական տիրոջը ենթարկվելով, սակայն վախենալով, որ Ալի փաշան (Թավրիզի կայազորի պետը — Մ, Զ.) կարող է հաղթանակել, գտնվեցին զուսպ, սակայն հենց որ իմացան նրա պարտությունը և ամրոցի դատարկվելը զինվորներից, մեծ ցնծությամբ դուրս եկան թագավորին ընդառաջ և կերակրեցին նրա զինվորներին ու ձիերին, և չբավարարվելով այս բարյացակամ ելույթներից, որպես հավատարիմ հպատակության նշան, նրանցից շատերը թագավորին բերեցին իրենց փեսաների կամ աներձագերի գլուխները... և որ ամենազարմանալին է, մայրերը սպանեցին թուրքերից ծնած իրենց հարազատ զավակներին, ասելով, թե անհրաժեշտություն չկա, որ այս չար ժողովրդից որևէ հիշողություն մնա։ Ահա այս աստիճան մեծ էր թուրքերի նկատմամբ նրանց տածած ատելությունը»125։
Թավրիզի գրավումը մի տեսակ ազդանշան հանդիսացավ Ադրբեջանում և Հայաստանում հաստատված քուրդ բեկերի համար։ Նրանք բոլորը իրենց հայտարարելով շահիսեվեններ (շահը սիրողներ) անցան Սեֆյանների կողմը, ավելի ևս ծանր կացության մեջ թողնելով այստեղ հաստատված թուրքական կայազորներին։
Դեպի Երևան շահ Աբասի բանակի արշավանքին ականատես Տեկտանդերի վկայությամբ, հայերը և տեղացի մահմեդականները նույնպես դիմավորում էին ոգևորությամբ։ «Բոլոր քաղաքներն ու գյուղերը, որ մենք հանդիպում ենք մեր ճանապարհին, — գրում է նա, — շտապում էին ընդունել պարսիկների գերիշխանությունը։ Ես անձամբ ականատես եղա Մեդիայում (Ադրբեջանում )՝ Մարանդի, Հայաստանում՝ Նախիջևանի և Ջուլֆայի ու այլ բազմաթիվ քաղաքների հպատակությանը, որոնք հանձնվեցին առանց դիմադրության։ Երբ թագավորն անցնում էր մի որևէ քաղաքից կամ գյուղից, ապա բոլոր կողմերից խառնիճաղանջ բնակչությունը վազում էր՝ տղամարդիկ, կանայք, երեխաները ձեռք-ձեռքի բռնած շուրջպար էին կազմում և իրենց սովորության համաձայն երգում ու պարում… Ժողովրդական այս ելույթը նպատակ ուներ հաճոյանալ թագավորին և նրա գալուստը նշել ուրախությամբ ու եր-
_____________________________
123 J. Hammer, VIII, էջ 40։
124 Նույն տեղում, էջ 39։
125 Antonio de Gouvea, էջ 220—221։
[էջ 138]
գերով։ Հայաստան մեր ժամանումից հետո դեպքերը զարգանում էին նույն հաջողությամբ, թագավորը ոչ մի դիմադրության չհանդիպեց։ Ջուլֆայում, որը բազմամարդ էր և բացառապես բնակեցված հայերով, սրտագին ընդունելություն տեղի ունեցավ։ Թագավորին մեծարելու համար ջահեր վառեցին, այստեղի տները, որոնք կտուրներ չունեն և զարդարված են պատշգամբներով, պճնվեցին ավելի քան հիսուն հազար ջահերով, որոնք վառվեցին ամբողջ գիշերվա ընթացքում»126։
Այս դեպքերը մի քիչ այլ նրբերանգներով հետևյալ կերպ է նկարագրում Անտոնիո դե Գուվեան։ Նախիջևանը, ասում է նա, «...Հեշտությամբ ենթարկվեց թագավորին, որը ողջ բնակչության կողմից դիմավորվեց ցնծությամբ։ Այնտեղից թագավորը իր ամբողջ բանակի հետ շարժվեց դեպի Օրդուբադ քաղաքը, որը նրան հանձնվեց առանց: որևէ դիմադրության։ Այս (քաղաքը) ունի յոթից ութ հազար բնակիչ, մեծ մասամբ հայեր, որոնք ենթարկվում են Երևանի փաշային: Տեղի կայազորի այստեղ գտնվող թուրքերը պարփակվեցին ամրոցի մեջ։ Թագավորը չուզեց կանգ առնել այստեղ և պաշարել այն։ Ճիշտ կռահելով, որ այս բոլոր փոքր վայրերի նվաճումը կախված կլինի մայրաքաղաքի Երևանի, գրավումով։ Օրդուբադից հետո թագավորն ուղիղ շարժվեց հայերով բնակեցված Ագուլիս (Iglis) քաղաքը, որը հանձնվեց նույնպիսի դյուրությամբ, ինչպես և նախորդը։
Ագուլիսից շարժվեց դեպի Ջուլֆա, որը բնակեցված է երկրամասի ամենահարուստ հայ վաճառականներով և այդ պատճառով տարանցիկ առևտրի հանգուցակետ է և Մեծ Տիրակալը (սուլթանը) այն հանձնել էր իր մորը՝ եկամուտն ըստ հայեցողության ծախսելու, և ահա երեք տարի է, ինչ եկամուտը նա (մայրը) առանձնացրել էր իր կողմից նախատեսված ծախսերի համար։ Ջուլֆայի բնակիչները միշտ էլ արժա՛նացել էին թագավորի բարեհաճ վերաբերմունքին, քանզի նրանցից շատերն իրենց սովորական առևտուրն էին անում (Իրանում) և արդեն ծանոթ էին թագավորին ու հովանավորվում էին նրա կողմից։ Ուստի որպեսզի ցույց տան, որ իրենք ավելի են ոգեշնչված, քան ուրիշները շահի գալուստով, վերջինիս քաղաքին մոտենալու լուրը ստանալով հարձակվեցին մոտավորապես հարյուր հոգուց բաղկացած թուրքական կայազորի վրա, բոլորին սպանեցին և վերցնելով Մեծ Տիրակալի մոր՝ պահեստում դրված դրամը, վերոգրյալ թուրքերի գլուխների և բանակի կարիքների համար սննդամթերքների հետ գնացին թագավորին ընդառաջ և այս բոլորը քաղաքի բանալու հետ միասին հանձնեցին թագա-
_____________________________
126 Iter Persicum, էջ 52։
[էջ 139]
վորին։ Նա ընդունեց նվերը և իր նկատմամբ ցուցաբերված բարի կամքի համար նրանց խոստացավ ըստ արժանվույն հովանավորել։
Ջուլֆայում թագավորը մնաց երեք օր, որի ընթացքում փայփայվեց ժողովրդի կողմից, որից հետո նա այնտեղից շարժվեց դեպի Ջուլֆայից հինգ մղոն հեռավորության վրա գտնվող Նախիջևան քաղաքը, որը համարյա նույնպես ամբողջությամբ բնակեցված էր հայերով»127։
Նախիջևանից հետո շահական բանակը շարժվեց ուղիղ դեպի Երևան և պաշարեց այն։ Քաղաքի ամրոցում գտնվում էր 12.000-ոց թուրքական կայազորը Շերիֆ փաշայի գլխավորությամբ։
Երևանն այդ ժամանակվա ռազմական տեխնիկայի համար բավականին ամրացված քաղաք էր։ Ուներ երկու ամրոցներ։ Մեկը՝ Հին բերդը (Կալա-ի ատիկ) և նորը (Կալա-ի ջեդիդ), որը կառուցվել էր, ինչպես տեսանք, 1583 թվականին, Ֆերհադ փաշայի կողմից։ Ուստի բերդի պաշարումը տևեց շուրջ մեկ տարի, չնայած Գ. Տեկտանդերի մոտ ասվում է, որ այն գրավվեց մի քանի շաբաթվա ընթացքում։ Ավստրիական կայսեր ներկայացուցիչը, հավանաբար, նկատի ունի քաղաքի, և ոչ թե ամրոցի գրավումը։ Նա գրում է. «Քաղաքը դիմադրեց հինգ, շաբաթ, մինչև որ պարենի պակասը ստիպեց նրան անձնատուր լինել պարսիկներին, որոնք կոտորեցին բնակչության զգալի մասը»128։
Ավելի ընդարձակ ու ավելի ստույգ են Երևանի գրավման առթիվ Անտոնիո դե Գուվեայի հաղորդած վկայությունները։ Շահը, ասում է նա, հրամայեց վերցնել Երևանը, «որն ամբողջովին բնակեցված է հայերով, քաղաքի հողը մշակելի ու բերրի է և հարուստ ամեն տեսակի մթերքներով։ Ամենահիշարժանն այն է այստեղ, թե ինչպիսի դյուրությամբ թագավորը նվաճեց այդքան մեծ քաղաքներ, էլ չենք խոսում նրանց կցված ավանների ու գյուղերի մասին, քանզի նրա Թավրիզ մուտքից մինչև Երևանի պաշարումը նա հասցրեց կատարել երկու ամսից էլ պակաս ժամանակում»129։ Հետևաբար, Երևանի պաշարումը պետք է սկսված լինի 1603 թ. դեկտեմբերի սկզբներին։
Այնուհետև Անտոնիո դե Գուվեան շարունակում է. «Երևան քաղաքը հանդիսանում է ամբողջ Մեծ Հայքի կարևորագույն քաղաքը ու մայրաքաղաքը, ուր թուրքերը մեծ նշանակություն ունեցող մի ամրոց էին կառուցել տվել, ինչպես նրանք այդ բանն անում են նվաճված մյուս բոլոր նահանգներում, նրանց կարծիքով, որպես երկրամասի պաշտպանության լավագույն միջոց։ Այսպես (Ուզդեմիր) Օսման փա-
_____________________________
127 Antonio de Gouvea, էջ 223—224։
128 Iter Persicum, էջ 62:
129 Antonio de Gouvea, էջ 225։
[էջ 140]
շան, նվաճելով Մեդիան (Ատրպատականը), կառուցել տվեց փաշայի նստավայր Թավրիզի ամրոցը։ Դրանից ևս մի քանի տարի առաջ, նախքան թուրքերի գրավումը, Խորաբանդա շահի և Մեծ Տիրակալ Մուրադ 3-րդի ժամանակ, Ֆերհադ (Cadet) փաշան, նվաճելով Մեծ Հայքը, Երևանում կառուցել տվեց մի ամրոց, որը, իր կարծիքով, ի զորու էր ամբողջ նահանգը պաշտպանել։ Երբ թագավորը եկավ այնտեղ, տեղի կայազորի պետն էր Շերիֆ փաշան՝ տասներկու հազար թուրք զինվորներով, որը քաշվեց ու պատսպարվեց ամրոցում։ Այնտեղ ապստամբվեց նաև քաղաքի ու նրա շրջակայքի բնակչության մի մասը։ Ամրոցից դուրս մնացին միայն ամենաաղքատներն ու թշվառները...
Թագավորն իր այստեղ ժամանումից հետո անմիջապես չուզեց մտնել քաղաք, այլ տեղավորվեց մեկ մղոն հեռու գտնվող վայրում և հետախուզական նպատակով հեծյալ գունդ ուղարկեց իմանալու ընդհանուր վիճակի և նոր բերդի տեղակայման հարցերի շուրջ։ Հետախույզները նրան հաղորդեցին, որ քաղաքը խաղաղ էր և չնկատեցին որևէ մեկին, որ զենք կրած լիներ, և որ ամրոցը գտնվում էր պաշտպանական առումով բարվոք վիճակում ու նպատակադրվել է պաշտպանվել։ Եվ այդ բոլորը ստույգ էր... թագավորը... նկատի ունենալով այդ բոլորը, եկավ այն եզրակացության, որ (Երևանի) ամրոցը հնարավոր է վերցնել միայն երկարատև պաշարումից հետո»130։
Սկսելով պաշարումը, շահական զորքերը բոլոր կողմերից կրակ են տեղում Երևանի ամրոցների վրա։ «Ամրոցը, — գրում է դե Գուվեան,— այնպես էր պաշարված, որ բացառված էր որևէ մեկի ելքն ու մուտքը... Եվ պաշարվածների համար ամենամեծ դժվարությունը ջրի հարցն էր, որը չէր կարող երկար բավարարել ամրոցի ներսի մարդկանց պահանջները»131։ Իր հերթին, «թագավորը կանգնած էր երկու մեծ դժվարությունների առաջ, մեկը ձմեռնամուտն էր, քանզի այն երկրում ձմեռը խստաշունչ է և առատ ձյուն է տեղում։ Երկրորդն այն էր, որ եթե թողներ պաշարումը, ապա ամրոցում պաշարվածներին հնարավորություն ու ժամանակ կտար Կոստանդնուպոլսից ուղարկված մի փաշայի միջոցով օգնություն ստանալ, ինչպես այդ մասին լուրեր էին տարածվում»132։ Սակայն շուտով Սեֆյանների ձեռքն ընկած մի թուրք հետա-
_____________________________
130 Antonio de Gouvea, էջ 227—228։
131 Նույն տեղում, էջ 230։
132 Նույն տեղում, էջ 230—231։
[էջ 141]
խույզից իմանում են, որ «...Մեծ Տիրակալը ծանր հիվանդ է և որ ոչ Կnuտանդնուպոլսում և ոչ էլ այլուր այլևս խոսք չկա իր (շահի) դեմ բանակ ուղարկելու մասին»133։ Հիրավի «1012 թ. (ըստ մահմեդական տոմարի) և մեր տոմարի 1603 թ. դեկտեմբերի 15ին թագավորը տեղեկացավ Կոստանդնուպոլսում թուրքերի կայսր Մեհմեդ 3-րդի մահանալու մասին, որին առանց որևէ միջադեպի հաջորդել էր, չնայած երիտասարդ տարիքին, Ահմեդը։ Նրա մահը ցավով ընդունվեց իր պետության մեծամեծների կողմից։ Թագավորը նույնպես վշտացածի տեսք ընդունեց, իսկ երբ ոմանք հարցրին իրեն դրա պատճառը, նա պատասխանեց, թե իրեն զայրացնում է այն, որ նա (սուլթանը) մահացել է, առանց սեփական աչքերով տեսնելու (Սեֆյան Իրանի) վրեժը»134։
Երևանի պաշարման ժամանակ ռազմական կարիքներից դրդված, շահը դաժան թշնամու կրակոցի ներքո կոռվորության է լծել Երևանի հայ բնակչությանը։ «Ամենից շատ տուժողները,— կարդում ենք դե Գուվեայի մոտ, — այս խեղճ ու դժբախտ հայերն էին, որոնք ձմեռվա այս դաժան իրականության պայմաններում լծվել էին կոռվորությանը»135։ Անշուշտ, միայն պատերազմի արհավիրքից կամ կոռվորությունից չէ, որ հայ զանգվածները տուժում էին։ Շահական զորքերը չէին եկել հայ ժողովրդին փրկելու ստրկական կապանքներից, այլ հաստատելու թուրքական լծից քիչ տարբերվող իրենց իշխանությունը։ Ամրոցի պաշարման ժամանակ, ինչպես վկայում են հայ աղբյուրները, Արարատյան դաշտավայրի ու մերձակա շրջանների գյուղերն անխնա կողոպտվում էին, բնակչությունը գերեվարվում, իսկ աղջիկներին վերցնում էին զավթիչների հեշտանքին ծառայեցնելու համար։ Նախավկայի վանքում արտադրված մի ձեռագրի հիշատակարանում ասված է, որ «...որդի Խուտապանտային (շահ Աբաս—Մ. Զ.) երեկ ի Սպահանա... գերեաց զազգն քրիստոնէից և խիզանն հայկական ազգին որպէս գառինս վաճառէին միմիանց և... անմեղ մարդիկ կոտորեցին և շատ անմեղ տղայք ի գրկից մաւրն խլէին... և զազգն հայոց վաճառէին»136։
Երևանի պաշարման ժամանակ շահի մոտ ժամանեցին վրաց պատվիրակությունները՝ հպատակություն հայտնելու, նրանց մեջ էին
_____________________________
133 Նույն տեղում, էջ 234։
134 Նույն տեղում, էջ 237։
135 Նույն տեղում, էջ 238։
136 Ս. Տեր-Ավետիսյան, Ցուցակ ձեռագրաց Նախավկայի, Հայկ. ԽՍՀ պատմության
ինստիտուտի արխիվ, ձեռ. էջ 36, հմմտ. Աշ. Հովհաննիսյան, Դրվագներ... հ. 2, էջ
83։
[էջ 142]
Կախեթի իշխան Ալեքսանդրը, Սիմոնի որդի Գեորգին137։ Այս իշխաններն իրենց պատրաստակամությունը հայտնեցին Սեֆյանների հետ համատեղ հանդես գալու թուրքերի դեմ։ Հետաքրքիր է այստեղ նշել այն, որ շահի մոտ մեկնելիս «Վրաստանի թագավորը», որի անունը չի հիշատակվում, ճանապարհին հանդիպում է Ավստրիա վերադարձող Գ. Տեկտանդերին և թարգմանչի միջոցով նրան տալիս է հետևյալ հարցը, «...Ինչու նորին կայսերական մեծությունը իրեն՝ քրիստոնյային, նույնպես դեսպանություն չի ուղարկում, այն ժամանակ, երբ Պարսկաստանի թագավորը մի հերետիկոս է, և իր կողմից ավելացրեց, որ ինքը կուզենար լավ հարաբերություններ հաստատել նորին մեծության հետ»138։ Սրանից դժվար չէ կռահել, որ վրաց տիրակալն ակամա է մեկնում շահի մոտ ծառայության։
Երևանը դեռ պաշարված էր, երբ շահ Աբասն իր զորավարներից մեկին՝ Հոսեյն խան Զիյադօղլու Կաջարին, ուղարկեց Շիրվանն ու Ղարաբաղը ասպատակելու։ Հոսեյն խանն ասպատակության ժամանակ «...սկսեց այրել գյուղերը, հնձել բերքը և ավերել ամեն ինչ, որ գտնվում էր Գյանջայի շրջակայքում ու այս միջոցով ստիպել ամրոցում ապաստանած փաշային բռնվել մարտի»։ Թուրքերի դեմ տարած հաղթանակից հետո «...սպանվեցին չորս հազար թուրքեր... և շրջակա գյուղերի ու ավանների ավարի հետ ներկայացան թագավորին՝ նրան նվիրելով բազմաթիվ այլ իրերի հետ տասներկու հազար ստրուկ կանայք, մեծ մասամբ աղջիկներ»139։
Գանձակի անկումը Շերիֆ փաշային ստիպում է դիմելու շահին՝ հաշտության բանակցությունների առաջարկով։ Երբ թուրքական կայազորի պետը, գրում է դե Գուվեան, «...իմացավ Գյանջայի պարտու-
_____________________________
137 Antonio de Gouvea, էջ 239240։ Շահի ծառայությունն ընդունած
պատվիրակությունների մասին ահա թե ինչ է գրում Անտոնիո դե Գուվեան. «Իբերիա երկիրը,
որը մենք այսօր Գյուրջիստան ենք անվանում, բաժանված է չորս փոքրիկ թագավորների
միջև, որոնցից մեկը և ամենագլխավորը Սիմոն խանն (Saman han) է, որը դեոևս կենդանի
է ու գտնվում է Կոստանդնուպոլսում գերության մեջ։ Վերջին պատերազմներում պարսիկների
կողմն անցնելով թուրքերի դեմ կռվելու համար, իր հոր բացակայության ժամանակ նրա
ավագ որդի Գեորգի խանը (Gorgin han) կառավարում էր պետությունը։ Այս իշխանը,
որի երկիրն այնքան մոտ է Մեծ Հայքին, տեղեկանալով հարևան թագավորի հաղթանակների
մասին հարևան մի երկրում նրա մոտ ուղարկեց դեսպանություններ և մեծ քանակությամբ
սննդամթերք, պատրաստակամություն հայտնելով ծառայել նրան այս պատերազմում և կատարել
նրա ցանկացած հրամանները։ Այս նույն երկրի մի այլ թագավոր՝ Ալեքսանդր խանը, որի
որդին երկար տարիներ ի վեր ընդունել էր մահմեդականություն և գտնվում էր թագավորի
կողքին, արեց նույնը»։
138 Iter Persicum, էջ 64—65։
139 Antonio de Gouvea, էջ 246։
[էջ 143]
թյան լուրը, որոշեց նետվել նրա (շահի) գիրկը և իր ներկայացուցիչների միջոցով ներում հայցել»140։
Մտնելով Երևան, շահն «ամրոցում գտավ մեծ հարստություններ՝ ոսկի, արծաթ, մետաքս և այլ ապրանքներ, և բացի այդ՝ 400 թնդանոթ, որից 25-ը ահռելի մեծության էին»141։
Երևանը գրավելուց հետո շահը 1604 թ. ամռան սկզբին մեկնում է Սևան՝ հանգստանալու142, միաժամանակ Ղարաբաղ ուղարկելով 15 հազարանոց մի բանակ՝ Ալլահկուլի բեկ Կաջարի գլխավորությամբ, որը համաձայն շահից ստացած հրահանգի, երեք օր շարունակ հրի ու սրի է մատնում երկիրը ու մեծ ավարով վերադառնում շահի մոտ։
Դեռ մինչև Երևանի բերդի անկումը, 1603 — 1604 թվականների ձմեռվա ցուրտ պայմաններում իր գլխավոր զորավարներից մեկին՝ ծագումով հայ143 Ալլահվերդի խանին շահը հրամայում է ասպատակել Արևմտյան Հայաստանի գավառները և բնակչությանը բռնի տեղափոխել Արարատյան դաշտավայր։ Ալլահվերդի խանն «ասպատակեց ու ավերեց երկրամասը (Արծկեն և Արճեշը)»144։ Ալլահվերդի խանի՝ արևմտյան գավառները կատարած արշավանքի ու այնտեղ ստեղծված աղետալի վիճակի մասին մանրամասն տեղեկություններ են հաղորդում հայկական աղբյուրները։ Այսպես Առ. Դավրիժեցու մոտ կարդում ենք. «Իսկ շահն միշտ նստեալ ի վերա բերդին Երևանու պատերազմէր, ոչ դադարէր (յաւերելոյ զաշխարհս, և գերելոյ զազգս Հայոց, քանզի առաքեաց զորագլուխս բազում զօրօք ի կողման Արզրումայ, որք գնացեալ աւերեցին զերկիրն Բասենու, և զԽնուսայ՝ և զդաշտն Արզրումայ՝ և զայլս, ուր և կարացին հասանիլ, քանդեալ՝ աւերեալ, այրեալ՝ և ապականեալ զերկիրն և զշէնսն, զինչս և զստացուածս կողոպտեալ, և զարս սպանեալ, և զկանայս և զմանկունս գերեցուցեալ բերին յԵրևան ի բանակն իւրեանց։
Սոյնպես և յերկիրն Արճիշու առաքեաց զօրս՝ որք գնացեալ արարին ըստ վերոյասեցելումդ աւար և գերութիւն և ապականութիւն ազգին հայոց ի ժամանակս ձմերայնոյ»145։ Իսկ մի քիչ ներքև պատմագրի մոտ կարդում ենք հետևյալ մանրամասնությունները. «...և յարձակեցաւ (խանն) ի վերայ
_____________________________
140 Նույն տեղում, էջ 247։
141 Նույն տեղում, էջ 248։
142 Նույն տեղում։
143 Նույն տեղում, էջ 69։ Դե Գուվեայի վկայությամբ շահ Աբասը սիրել
է ասել որ «Ամբողջ Պարսկաստանը ենթարկվում է ինձ, իսկ ես՝ Ալլահվերդի խանին»։
Ալլահվերդի խանի հայկական ծագման մասին խոսում են եվրոպական և այլ աղբյուրներ։
144 Antonio de Gouvea, էջ 253։
145 Առ. Դավրիժեցի, էջ 30։
[էջ 144]
գաւառաց աշխարհին, և զամենայն երկիրն Արծկէոյ հաւասար աւերեաց, և հրդեհ արկեալ այրաց, և զամենայն արս կոտորեաց՝ և զինչս, և զստացուածս՝ զուստերս և զդստերս և զկանայս յաւար և ի գերութիւն առեալ։ Եւ եղեալ անտի եկն յԱրճէշ՝ և ի Բերկրի, և ի Վան, և յամենայն գաւառս նոցա արար այնպէս ... և ժողովեալ ամենայն գերեալսն, և հօրանս անդեոց, և ջոկս ոչխարաց, և երեմակս ձիոց, իբրև մեծ և յորդեալ հեղեղ զամենեսեան վարեալ ածեալ բերեալ հասուցին, յԵրևան ի լիութիւն բանակին Պարսից»146։ Արևմտյան Հայաստանից Արարատյան դաշտ քշված բնակչության թիվը մի հիշատակարանում հաշվում է 60.000 մարդ, առանց սպանվածների ու մահացածների147։ Միայն Արճեշից, Բերկրիից ու Վանից Ալլահվերդի խանը տեղահան արեց 23.000 հայերի148։ 1604 թ. ապրիլին շահի հրամանով սեֆյան մի այլ բանակ՝ Համադանի կառավարիչ Հյուսեյն խանի և ծագումով հայ Կարչխա խանի գլխավորությամբ ասպատակում է Կարսն ու իր շրջակայքը, որին շուտով միացավ նաև ինքը՝ շահը։ «Այդ նույն ժամանակ, — կարդում ենք դարձյալ դե Գուվեայի մոտ,—թագավորը Երևանից հինգօրվա ճանապարհին գտնվող Կարս քաղաքի մոտակայքն ուղարկեց հեծյալ մի բանակ Համադանի կառավարիչ Հյուսեյն խանի և Կարչխա սուլթանի գլխավորությամբ։ Փաշան, որը գտնվում էր (Կարսի ամրոցի) ներսում, չէր ուզում դուրս գալ այնտեղից։ Պարսիկները ասպատակության ընթացքում այրեցին հացահատիկը, ավերեցին ու քարուքանդ արեցին երկիրը, ինչքան որ կարողացան։ Հասցված վնասը շատ մեծ էր... Այս բոլորից հետո բանակը հետ վերադարձավ։ Թագավորը կանգ առավ Կարսից յոթ մղոն հեռավորության վրա գտնվող Շորագյալի ամրոցի մոտ և Շահկուլի խանին հրամայեց Իսպահանի զորքով հարձակվել (Կարսի ամրոցի վրա), որը և կատարվեց հաջողությամբ»149։
Այս բոլոր իրադարձությունների ժամանակ ջալալիների շարժումներից կաթվածահար եղած Թուրքիան պարզապես դիտողի դերում էր։ Այս հանգամանքը հատուկ շեշտում է դեպքերին մոտիկից հետևող դե Գուվեան։ Նա գրում է. «Արդեն մեկ տարուց ավել էր, ինչ թագավորը տիրացել էր Թավրիզին և բազմաթիվ այլ քաղաքների, որոնք չունենալով հանդերձ այն մեծ նշանակությունը, ինչ ուներ առաջինը, այնուամենայնիվ կորուստն այնքան մեծ էր, որ թուրքին զգալ պետք էր տալ,
_____________________________
146 Նույն տեղում, էջ 32—33։
147 Մատ., ձեռ. № 5315, էջ 208ա—208բ։
148 Առ. Դավրիժեցի, էջ 33 («...գերեցան այսքան անձինք քրիստոնէից
զորոց թիւն ԻԴՌ (23.000), ասեն գոլ՝ թող զսպանեալսն» ).
149 Antonio de Gouvea, էջ 254։
[էջ 145]
սակայն (սուլթանի կողմից) չուղարկվեց և ոչ մի օգնություն և ոչ մի զորավար, որը կարողանար ի չիք դարձնել Օսմանյան կայսրության կրած հանապազօրյա կորուստներն ամբողջ Ասիայում։ Եթե մեկն ուզենա դրա պատճառն իմանալ, ապա պետք է նշել, որ դա ոչ թե Մեծ Տիրակալի կամ նրա զորավարների անհոգության հետևանքով էր, այլ ինչպես այդ մասին միաձայն վկայում էին այս պատերազմի ժամանակ գերի ընկած (թուրք) սպաները, ուներ բազմաթիվ պատճառներ։ Առաջինն ու գլխավորն այն էր, որ բոլոր քրիստոնյա պետություններին Պարսկաստանի թագավորի ուղարկած դեսպանությունները Մեծ Տիրակալին պահում էին խռովահույզ վիճակում։ Այդ դեսպանություններին ցուցաբերված լավ ընդունելությունը Մեծ Տիրակալին պատկերացում էր տալիս, թե ինչ էր նշանակելու նրանց միջև կայանալիք դաշինքը, երբ Եվրոպայի վրայով կատարվելիք հարձակումը սպառնալու էր նրա եվրոպական տիրույթներին կամ գեթ նրա մեծ մասին... նախ՝ նրա վիճակը խառնաշփոթ էր և թուլացած քաղաքացիական պատերազմներից այնպես, որ բանակը բաժանելով առանձին փոքրիկ մասերի (սուլթանը) դրանց ուղարկում էր տարբեր անկյուններ։ Եվ այս ժամանակ Մեծ Տիրակալը ծանր հիվանդացավ այնպես, որ իր վեզիրներն ու բարձրաստիճան պաշտոնյաները չէին հանդգնում նրան հաղորդել Կոստանդնուպոլիս հասնող՝ Պարսկաստանի թագավորի տարած յուրաքանչյուր հաղթանակի ու քաղաքների գրավման մասին վատ լուրերը։ Այսուհանդերձ, երբ իմացան Մեծ Հայքի մայրաքաղաք Երևանի պաշարման ու օգնության կարիքի մասին, որոշեցին այդ մասին հայտնել Մեծ Տիրակալին, որը ասիական ճակատի համար գերագույն հրամանատար նշանակեց Սինան փաշային, որին թուրքերն անվանում են Ջղալեի որդի, և որը զորավարների մեջ ամենատեղյակն էր (պարսկական գործերին), հետևաբար՝ ամենակարողը այս հարցում։ Օսման փաշայի (Ուզդեմիր) հետ գտնվելով Թավրիզում ու Ֆերհադ փաշայի հետ Երևանում՝ պարսկական գործերին քաջատեղյակ էր, կուտակել էր ռազմական փորձ»150։
Մեհմեդ 3-րդի մահից հետո սուլթանական գահին բազմած Ահ մեդ 1-ինը Ջղալազադեին Թողնում է իր պաշտոնում151։
1604 թ. նոյեմբերի 8-ին Ջղալազադեի զորքերն արդեն հասել էին Կարսի մատույցները152։ Շահին թվում էր, թե սերասքյարը կարող է իր դեմ ռազմական գործողություններ ծավալել միայն հաջորդ տարվա
_____________________________
150 « Antonio de Gouvea, էջ 260-261։
151 J. Hammer, VII, էջ 57։
152 Նույն տեղում, էջ 61։
[էջ 146]
գարնանը, սակայն նրա ենթադրություններն ի դերև ելան։ Ուստի նրան մնում էր ամենակարճ ժամանակամիջոցում կազմակերպել նահանջը, երկիրը ամայացնել, բնակչությանը տեղահան անել այնպես, որ. թուրքական բանակն այլևս ցանկություն չունենա շարունակելու արշավանքը դեպի Իրանի խորքերը։ Շահի հրեշային այս հրամանը ամենայն դաժանությամբ ի կատար ածվեց։ Ամբողջ երկրամասը Կարսից մինչև Արաքս գետը ամայի ու անմարդաբնակ դարձավ։ Տեսնելով այս վիճակը, Սինան փաշան որոշեց մեկնել Շիրվան՝ իր որդու մոտ և գարնանը վերսկսել պատերազմական գործողությունները շահի դեմ։ Սակայն ենիչերիներն ապստամբեցին ու սերասքյարին ստիպեցին նահանջել դեպի Վան153։ Նահանջը կատարվում էր Արաքսի ու Մակվի վրայով, ցրտաշունչ ձմեռվա պայմաններում։ «Առանց հանդիպելու թշնամուն,— գրում է դե Գուվեան,— նրանք (թուրքերը) ծանր կորուստներ ունեցան։ Շատերը մահացան ցրտից ու գետահեղձ եղան, եղանակը կոտորում էր նրանց։ Վերջապես նրանք խուճապի մատնված Վանի ամրոցը հասան կիսամեռ վիճակում»154։
Այս խժդժություններից ամենից շատ, անշուշտ, տուժեցին բռնագաղթի կամ, ինչպես ընդունված է ասել, «Մեծ սուրգունի» ենթարկված հարյուր հազարավոր հայեր։ Տեղահանման էր ենթարկվում գերազանցապես Արարատյան դաշտավայրի հայ և մահմեդական բնակչությունը, իսկ Արևմտյան Հայաստանի տարբեր մասերից՝ Վանից, Մուշից, Արճեշից, Բերկրիից, Արծկեից. Երզնկայից, Դերջանից, Բաբերդից, Սպերից, Էրզրումից, Ալաշկերտից, Շիրակից, ինչպես նաև Մակվից, Խոյից, Սալմաստից, Ուրմիայից, բռնագաղթվածները, ինչպես այդ մասին նշում է Առ. Դավրիժեցին, բացառապես հայեր էին155։
Այդ բռնագաղթին, որպես ականատես, տասնյակ էջեր է նվիրել դե Գուվեան156։ Որպես ականջալուրներ, բռնագաղթի մասին սրտաճմլիկ տողեր են թողել նաև այդ դեպքից մի տասը-տասներկու տարի հետո Իրանում գտնվող իտալացի Պիետրո դելլա Վալլեն և իսպանացի Գարսիա դե Սիլվան, ինչպես և ուրիշ հեղինակներ։ Վերջիններս իրենց տեղեկությունները հիմնականում քաղել են բռնագաղթված հայերից։
Անտոնիո դե Գուվեային ընթերցելիս մի պահ թվում է, թե ինքդ էլ մասնակից ես այդ աներևակայելի տառապանքներին, այն աստիճան վառ են նկարագրությունները։ Սակայն դե Գուվեայի՝ բռնագաղթի մա-
_____________________________
153 Նույն տեղում, էջ 82—63։
154 Antonio de Gouvea էջ 266։
155 Առ. Դավրիժեցի, էջ 450—451։
156 Antonio de Gouvea, էջ 342—343։
[էջ 147]
սին թողած պատմվածքը հիշարժան է նաև հայ ժողովրդի ազգային ճակատագրի շուրջը հեղինակի դատողություններով։ Ավելորդ չենք համարում քաղվածաբար բերել այդ հատվածները։
Շահի հրամանն այնպիսին էր, որ հայերին տեղահանության ենթարկվելու համար տրված էր ընդամենը երկու օր։ «Եթե մենք փնտրելու լինենք մի ժողովրդի՝ խլված իր սեփական երկրից և հին բնակավայրից, ապա մենք նրան կգտնենք հայերի մեջ։ Նրանք բռնությամբ ու ուժով հանված են պարսից թագավորի հրամաններով և նրանք, ովքեր ի կատար են ածել այդ հրամանները, այնպիսի քմահաճույք ու կատաղություն էին դրսևորել, որ հայերը երկու սովորական օրվանից ավել ժամանակ չունեցան թողնել այն ծննդավայրերը, ուր մեծացել էին, եկեղեցիները, ուր նրանց հայրերն ու մայրերը թաղված էին, տները որ իրենք կառուցել էին, այգիները, որ տնկել էին, ժառանգությունը, որստացել էին, կարճ՝ այն ամենը, ինչ մարդուն գոհացում կարող է պատճառել և հաճելի հիշողություններ արթնացնել»156։
Դե Գովեան եվրոպացի ընթերցողին է ներկայացնում հայ ժողովրդի դառը վիճակն իր բիբլիական հայրենիքում՝ թուրք ու պարսիկ տիրապետողների կրնկի տակ, «եթե մենք (աշխարհում) փնտրենք հարստահարված ու ոտնակոխ արված մի ժողովուրդ, ապա ահավասիկ քեզ այս ժողովուրդը, երբ նրանք թուրքերի հպատակներն էին, հարկերի հետ միասին տալիս էին իրենց ամենաընտիր զավակներին զինվորականության համար (ինչպես դա թուրքերի սովորությունն է), վտանգ, որից ապահովված չեն նաև Պարսկաստանի թագավորի գերիշխանության տակ, եթե Աստուած մի ճար չանի։ Այս խեղճ ժողովուրդն այնպես է շրջապատված անագորույն ազգերով, ինչպիսիք են մի կողմից՝ թուրքերը, մյուս կողմից՝ պարսիկները, այլ կողմերից նրանց հարևաններ են թաթարներն ու արաբները, որոնց ասպատակություններին և ավազակություններին ենթակա են ամեն օր»157։
Թուրք-իրանական այս պատերազմում, կարդում ենք դե Գուվեայի մոտ, «պատերազմի հիմնական թատերաբեմը Մեծ Հայքն է»։ Ուստի Սեֆյանները Հայոց հինավուրց երկրի վրա հարձակվելիս և նահանջելիս «ավերեցին և ամայի դարձրին ողջ երկիրը, այնպես որ քսանից ավելի հարուստ ու մարդաշատ քաղաքներ անգութ ու տմարդի եղանակով ավարի ենթարկվեցին, առանց հաշվի առնելու ավաններն ու գյուղերը, որոնք բազմաթիվ են և այնքան բազմամարդ, որ միայն Երևանի գավառում հազար հինգ հարյուրից ավել են, որոնցից մի քանիսը
_____________________________
157 Նույն տեղում, էջ 343։
[էջ 148]
չորս հարյուրից մինչև հինգ հարյուր բնակիչ ունեն։ Գլխավոր քաղաքներն են Երևանը, Նախիջևանը, Շարուրը և Գիլսը (Ագուլիսը)»158։
Երբ ընթանում էր պատերազմը ու քաղաքները պաշարված էին, ասում է պորթուգալացի դիվանագետը, «մոտավորապես հարյուր հոգուց բաղկացած պարսից զորագնդերը մտնում էին գյուղերը և այնպիսի ավերածություններ էին գործում, որ անհնարին է պատկերացնել»159։ Այնուհետև, շարունակում է նա, «ամեն ինչ կողոպտելուց հետո նրանք սկսեցին գերեվարել երկսեռ երեխաներին իրենց ծառայեցնելու կամ վաճառելու համար, ապա սկսեցին գերեվարել կանանց և աղջիկներին ու իրենց զգայական ստոր ցանկություններին հագուրդ տալուց հետո վաճառել կամ տեղավորել հասարակաց տներում, որպեսզի նրանք իրենց համար դրամ վաստակեն։ Այս ճանապարհով գերեվարված ու տարբեր տեղեր ուղարկված կանանց և աղջիկների թիվն անհավատալի չափով մեծ է և ավել է, քան հարյուր հազար հոգի և բոլորովին ստույգ է, քանզի եթե նրանք յուրաքանչյուր տեղից վերցրած լինեին տասը հոգի (դա նվազագույնն է, որ նրանք կարող էին վերցնել), այս թիվը հեշտությամբ կմեծանար, եթե նկատի ունենանք այս երկրում նրանց ավերված քաղաքների, ավանների և գյուղերի թիվը։ Ողորմելի մի տեսարան էր այս, որ կարող էր փափկացնել ամենակարծր սիրտն անգամ»160:
Երբ սերասքեր Սինան փաշան մոտեցավ Կարսին, այնուհետև կարդում ենք դե Գուվեայի մոտ, «հրամայեց ամբողջովին անմարդաբնակ դարձնել երկիրը, որտեղից պիտի անցնեին թուրքերը, որպեսզի նրանք չկարողանային գտնել և ոչ մի ապաստարան և ոչ էլ ուտելիք իրենց և իրենց ձիերի համար։ նա (շահը) զորագնդեր ուղարկեց գլխավոր քաղաքներն ու գյուղերը և ամենայն խստությամբ պատվիրեց կատարել բնակիչներին (տեղահան անելու) իր հրամանը։ Նրանք այնպես կատարեցին (շահական) հրամանը, որ ինչպիսի ցավ էլ պատճառած լիներ այս թշվառականներից յուրաքանչյուրի համար հինավուրց հայրենիքի սերը և ինչպիսի դժվարություններ էլ ներկայացներ այս տեղահանումը, այսուհանդերձ, որոշեցին ճամփա ընկնել, քանզի նրանց հրամայում էին ոչ միայն խոսքերով ու սպառնալիքներով, այլև (պարսիկ զինվորները) սուրը ձեռներին իրենց մոտ էին բերում յուրաքանչյուր բնակավայրի ավագներին և շահի անունից երդվելով սպառնում, որ
_____________________________
158 Նույն տեղում, էջ 347—348։
159 Նույն տեղում, էջ 348—349։
160 Նույն տեղում, էջ 349։
[էջ 149]
եթե որոշակի ժամերին նրանք ճանապարհ չընկնեն և չդատարկեն քաղաքներն ու գյուղերը, ինչպես իրենց հրամայված էր, ապա կկտրեն և նրանց, նրանց կանանց և երեխաների գլոլխները, կայրեն քաղաքները ու կոչնչացնեն նրանց...
Այս խեղճ հալածվածների տարակուսանքը, ողբն ու կոծն այնպիսին էր և այնքան մեծ, որ կարող էր շարժել անգամ ամենաանգութ մարդկանց սիրտը, քանզի ոչ ոքի մնալն անհնարին էր ու նրանք զուրկ էին դրա ճարը տեսնելու որևէ մարդկային հնարից... նրանց ողբերը սիրտ էին շարժում. անհրաժեշտ էր տեսնել, թե ինչ էին անում նրանք քաղաքների դռների առաջ, ոմանք գետին էին ընկնում և բազմիցս գրկում ու համբուրում էին հողը, ուրիշները հրաժեշտ էին տալիս իրենց հայրենիքին և բնակարաններին այնպիսի սրտամորմոք բառերով, կարծեք թե պատերը զգացում ունեին»161։
Դե Գուվեան 60 հազար ընտանիքից ավելի է հաշվում Արարատյան դաշտավայրից բռնագաղթածների թիվը։ Մեծ սուրգունից զերծ են մնացել միայն այն գյուղերը, որոնք հեռու են գտնվել թուրքական բանակի արշավանքի երթուղուց162։
Հազարավոր զոհերի գնով բռնագաղթվածների զանգվածն անցավ Արաքս գետը։ Նրանց կրած անլուր տառապանքների, սովի ու դրա հետևանքով առաջացած մարդակերության, կամայականությունների, սեֆյան հրամանատարների կատարած վայրագությունների, ջրահեղձման դժնդակ պատկերների մասին պատմում են դե Գուվեան, եվրոպացի մյուս հեղինակները, հայկական ձեռագրերի հիշատակարանները163, Առ. Դավրիժեցին, Գր. Դարանաղցին, հայ կաթոլիկ քահանա Ավգուստինոս Բաջեցին164 և այլք։ «Ինչպիսի դժբախտությունների տեղի տվեց այդ ողբերգական տեղահանումը,— բացականչում է դելլա Վալլեն,— ինչպիսի սպանությունների, ինչքան մարդիկ մահացան սովից, ինչպիսի հափշտակումներ, աղջիկների ու կանանց բռնաբարումներ, ինչքան երեխաներ հուսահատության պատճառով խեղդվեցին կամ ջրա-
_____________________________
161 Նույն տեղում, էջ 354—364։
162 Նույն տեղում, էջ 355։ ,,Օո compte plus de soixante mil mesnages".
163 Պահպանվել են բռնի տեղահանումը նկարագրող զգալի քանակությամբ
հիշատակարաններ, որոնցից ամենաընդարձակն, ըստ երևույթին, Ն. Ակինյանի հրատարակածն
է (տե՛ս Ն. Ակինյան, Բաղեշի դպրոցը» (1500—1704 թթ.), Վիեննա, 1952, էջ 185 —
187)։ Մյուս հիշատակարաններից տե՛ս Մատ., ձեռ.№ 5345, էջ 206բ—207բ, № 4692,
էջ 613բ, № 6093, էջ 3556, № 3843, էջ 189բ, № 5057, էջ 293ա, № 4721, էջ 655
բ — 656բ, № 4525, էջ 363, 364—365, 369, 373—374 և այլն։
164 Itinéraire du três révérend frére Augustin Badjétsi, traduit
par M. Brosset, Journal Asiatique, Paris, 1837.
[էջ 150]
հեղձ արվեցին իրենց հարազատ հայրերի աչքի առաք, այլք սպանվեցին պարսիկ ղեկավարների կողմից կամ խլվեցին իրենց մոր գրկից ու նետվեցին փողոցներն ու ճամփաները՝ դառնալու համար կենդանիների սնունդ, կամ տրորվեցին բանակի ձիերի և ուղտերի ոտքերի տակ մի ամբողջ օր։ Հայրերի՝ իրենց երեխաներից, ամուսինների՝ իրենց կանանցից, եղբայրների՝ իրենց քույրերից ինչպիսի դժոխային բաժանում, որոնք ուղարկվեցին Պարսկաստանի հեռավոր նահանգները՝ հույս չունենալով այլևս իրար գտնելու։ Կազմվեցին տղամարդկանց ու կանանց ճամբարներ, որոնց զգալի մասն էժան գնով վաճառվեցին, ինչպես անասուններ»165։
Նման վկայությունների շարանը մեծ է, սակայն բավարարվենք այսքանով։ Նշենք ևս մի անգամ, որ տեղահանման գլխավոր ստրա֊ տեգիական պատճառը երկրի այն մասերի ամայացումն էր, որտեղից պիտի անցներ օսմանյան բանակը և, որ ամենագլխավորն էր, բռնի տեղահանվող բնակչությունն ամեն կերպ պիտի նպաստեր Իրանի տնտեսության ու առևտրի զարգացմանը։ Առ. Դավրիժեցին միանգամայն ճիշտ բացատրություն է տալիս շահի դիվային այդ հրամանի հետամտած նպատակներին. «Զի եկեալ օսմանցւոցն,— գրում է նա,— անբնակ գտանիցեն զերկիրն ի մարդկանէ։ Եւ ոչ գտցի կերակուր և ռոճիկ և այդ ինչ պիտոյք նոցա՝ և անասնոց նոցա, և առ ի չգոյէ հարկաւորաց վտանգեսցեն զօրքն օսմանցւոց։ Նաև ժողովուրդքն լինիցին նմա անզերծանելի հարկատու ծառայք, և հողագործք մինչև զյաւիտեան» (ընդգծումը մերն է—Մ. Զ.)166։ Ժան Շարդենն իր հերթին անդրադառնալով այս նույն հարցին, գրում է հետևյալը, «Աբաս Մեծն էր, որ ավերեց Ջուլֆան և այն ամեն ամրությունները, ինչ ռազմարվեստը այստեղ ստեղծել էր. նույն այդ պատճառով նա ավերեց Նախիջևանը և Հայաստանի նույն գծի վրա գտնվող այլ վայրերը, որպեսզի թուրքական բանակին զրկեր պարենից։ Այս նուրբ քաղաքական գործիչն ու մեծ զորավարը, տեսնելով իր ուժերի թուլությունը թշնամու նկատմամբ, և մտածելով, թե ինչ միջոցներով է հնարավոր խոչընդոտել յուրաքանչյուր տարի թուրքական զորքերի մուտքը Պարսկաստան, նվաճումներ կատարել այնտեղ ու իր գերիշխանության տակ պահել, որոշեց ամայացնել Էրզրումի և Թավրիզի արանքում ընկած Երևանի ու Նախիջևանի ուղղությամբ ձգված երկիրը, որ թուրքերի արշավանքի սովորական ուղին էր և նրա բանակի պարենավորման վայրը։ Նա այնտեղից տեղափոխեց բնակչությունն ու անասնահոտերը, ավերեց ամեն
_____________________________
165 Pietro della Vallé, էջ 338։
166 Առ. Դավրիժեցի, էջ 38։
[էջ 151]
տեսակի շինությունները, hրկիզեց դաշտերն ու այգիները և թունավորեց նույնիսկ ջրի աղբյուրները»167։
Վերադառնանք թուրք-իրանական ռազմական ընդհարումների պատմությանը։ 1605 թ, գարնանը շահ Աբասը թուրքերին լարված վիճակում պահելու նպատակով Շիրվան ուղարկեց սեֆյան մի բանակ վրաց Ալեքսանդր թագավորի որդի Կոստանդինի գլխավորությամբ, վերջինին նվաճումից հետո նշանակելով երկրի կառավարիչ։
Այդ նույն ժամանակ շահը Վանում գտնվող Սինան փաշայի դեմ ուղարկեց երեսուն հազարանոց ընտրյալ հեծելազոր Ալավերդի խանի գլխավորությամբ, մեծ նշանակություն տալով ապագա ճակատամարտի ելքին, որը որոշելու էր իր՝ շահի, հետագա ճակատագիրը։ Նա դե Գուվեայի հավաստիացումով Ալլահվերդի խանին հայտնեց որ «...այս հանձնարարությունը լինելու է մինչ այդ տվածների մեջ ամենակարեվորագույնը, որից կախված է լինելու իր բոլոր նվաճած երկրների հարցը՝ կորուստը կամ պահպանումը»168։ 1606 թ. մայիսի 21-ին Ալլահվերդի խանը երևում է Վանի պատերի տակ169։ Տեղի է ունենում մեծ ճակատամարտ, որը վերջանում է սեֆյանների հաղթանակով։ «Թվական առումով պարսիկները, — գրում է դե Գուվեան,— գերազանցում էին: թուրքերին և ավելի լավ էին զինված»170։ Այդ ճակատամարտում թուրքերը ռազմի դաշտում թողնում են հինգ հազար սպանված. թշնամու ձեռքն է անցնում մեծ քանակությամբ զենք ու զինամթերք, որոնց, թվում 150 հրանոթ171։
Նա չի ընկճում սերասքեր Սինան փաշային, որը նահանջում է Արճեշ։ Նա շտապ կարգով ձեռնամուխ է լինում նոր բանակի ստեղծմանը, «ենթադրելով, որ եթե պարսիկների դեմ հաղթանակ տանի, ապա դա մեծապես մոռացնել կտա անցյալը»172։ Կարճ ժամանակամիջոցում Սինան փաշային հաջողվում է ստեղծել հարյուր հազարանոց մի բանակ, որը սկզբում որոշ երկյուղ է առաջացնում շահի մոտ։
1605 թ. աշնանը թուրքական բանակը Վասպուրականից շարժվում է դեպի Իրանական Ադրբեջան։ Շահը, իր հերթին, բանակով շարժվում Է դեպի Խոյ։ Նրա նպատակն էր թվական առումով գերազանցող թուրքական բանակի նկատմամբ վարել պարտիզանական կռիվներ։ Սա-
_____________________________
167 Jean Chardin, II, էջ 304—305։
168 Antonio de Gouvea, էջ 269։
169 Նույն տեղում։
170 Նույն տեղում, էջ 270։
171 Նույն տեղում, էջ 274
172 Նույն տեղում, էջ 284։
[էջ 152]
կայն Սոֆիանի մոտ տեղի տալով Ալլահվերդի խանի խորհուրդներին, որոշում է վճռական ճակատամարտ տալ թուրքերին։ Ճակատամարտն ավարտվում է թուրքական բանակի լիակատար ջախջախումով։ Օրվա հերոսն Ալլահվերդի խանն էր։ Թուրքերը ռազմի դաշտում թողեցին ավելի քան 20 հազար սպանված։ Սինան փաշան նահանջում է Վան որտեղ նրան է ներկայանում քրդական մի զորաբանակ՝ Հուսեյն Ջանփոլադի գլխավորությամբ։ Պատրվակ բռնելով, որ վերջինս ժամանակին օգնության չի եկել, Սինան փաշան անհապաղ գլխատել է տալիս քուրդ ցեղապետին, որը և Հուսեյն Ջանփոլադի եղբայր Ալի Ջանփոլադին առիթ է տալիս բարձրացնելու ապստամբության դրոշ, մի ապստամբություն, որը ալեկոծության մեջ պահեց Արևմտյան :Հայաստանի մի զգալի հատվածը։
Օսմանցիների պարտությունն այն աստիճան ազդեց Սինան փաշայի վրա, որ նա Դիարբեքիրում , ուր նահանջել էր, ինքնասպանությամբ վերջ տվեց իր կյանքին։ Բարոն դե Սալինյակը 1606 թ, մարտի 29-ին թագավորին գրած նամակում նրա մահը բացատրում է Որպես հետևանք այն ծանր հոգեկան ապրումների, որ նա ունեցավ Սոֆիանում կրած պարտությունից հետո։ «Ասում են,— գրում է ֆրանսիացի դեսպանը,—որ նա մահացավ ծայրահեղորեն վշտացած այն դժբախտություններից, որ պատահեցին իր հետ»173։
1607—1608 թթ. ջալալիների նոր հուժկու ապստամբությունները օսմանցիներին հնարավորություն չտվեցին պատերազմական գործողություններ ձեռնարկել Սեֆյանների դեմ։ Իսկ այդ նույն ժամանակամիջոցում օգտվելով այս բարենպաստ քաղաքական իրավիճակից, Սեֆյանները շարունակում էին իրենց նվաճումները Անդրկովկասում, թուրքական կայազորները դուրս վտարելով Շիրվանից ու Վրաստանից։ Այդ ռազմական գործողությունների ընթացքում շահը կարգադրում է, ինչպես վկայում է դե Գուվեան, վերակառուցել Երևանի բերդը և քաղաքում թյուրքական ցեղերին վերաբնակեցնել։ «Երբ Թուրքիա փախած Երևանի բնակիչները տեսան, որ թագավորը վերակառուցել էր տվել ամրոցը — կարդում ենք դե Գուվեայի մոտ, —«...մարդիկ ուղարկեցին թագավորի մոտ թույլտվություն խնդրելով վերադառնալու իրենց գյուղերն ու տները, որը և թագավորն արեց ընդհանրապես բոլորի նկատմամբ, այնպես որ, կարճ ժամանակվա ընթացքում քաղաքը վերաշինվեց ու վերաբնակվեց մահմեդականներով և ոչ քրիստոնյա հայերով, որոնց թագավորը աքսորել էր Պարսկաստանի խորքերը»174։
_____________________________
173 Baron de Salignac, էջ 30։
174 Antonio de Gouvea, էջ 312։
[էջ 153]
Ի դեպ, Իրան տեղափոխված հայերի մասին բավականին ընդարձակ վկայություններ են թողել ժամանակակից ականատեսներից Պիետրո Դելլա Վալլեն, Գարսիա դի Սիլվա Ֆիգուերան և ուրիշներ։ Ավելորդ չենք համարում այստեղ անդրադառնալ այդ հարցերին։ Գիլան ու Մազանդարան տեղափոխված հայերին շահը նպատակադրվել էր օգտագործել որպես այգեգործներ, շերամապահներ, կառուցող վարպետներ և այլն։ Իրանի այս նահանգների ճահճուտներն արտաքսված մոտ 50 հազար հայ ընտանիք, չդիմանալով կլիմայական ծանր վիճակին, մահացավ։ Մի մասն էլ ընդունեց իսլամը և ենթարկվեց էթնիկական դիմահեղման։
Հայ բնակչության մի զգալի մասը տեղավորվեց նոր կառուցված Մազանդարանի Ֆարրահաբադ քաղաքում ու նրա շրջակայքում։ Ֆարրահաբադ քաղաքը, Մազանդարանում կառուցելու շահի որոշումն ըստ Դելլա-Վալլեի պայմանավորված էր այն հանգամանքով, որ թուրքերն ի վիճակի չէին գրավելու այդ երկրամասը, նկատի ունենալով նրա բնական կտրվածությունը և հեռավորությունը175։ Մազանդարան բռնի տեղափոխվածների միջից «...Նրանց ովքեր զբաղվում էին այգեգործությամբ, օրինակ հայերին... թագավորը... հատկացրեց հողամասեր։ Քրիստոնյա վրացիներն ու հրեաները, որոնք նախկինում ևս շերամապահներ էին, շարունակեցին իրենց մասնագիտությունը»176։ Շահն իր նոր քաղաքացիներին հատկացնում էր ոչ միայն առանձին հողակտորներ, այլև վարկ՝ համոզված լինելով, որ նրանք ի վիճակի՝ չեն լինելու վճարելու իրենց պարտքը, և ի վերջո, ինչպես նշում է Դելլա Վալլեն, իսլամանալու են։ Հիրավի, ի վիճակի չլինելով վճարել իրենց պարտքերը, հայ գյուղացիներն ընկնում են ծանր կացության մեջ։ Իսկ երբ առիթից ուզում են օգտվել եվրոպացի միսիոներները և նրանց պարտքերի վճարման դիմաց կաթոլիկացնել, շահը, Դելլա Վալլեյի ասելով, հայտարարեց, «փոխանակ ֆրանկներ, այսինքն լատինականներ դառնալու, ինքը շատ կուզենար, որ նրանք (հայերը — Մ. Զ.) ընդունեին իր հավատքը և դառնային մահմեդականներ»177։
Իրան բռնագաղթված հայերի վիճակը Դելլա Վալլեն համեմատում է Բաբելոնում հրեաների բիբլիական ստրկության հետ և նշում, որ նրանք այնտեղ գտնվում են «...բարբարոսների անտանելի լծի տակ, մի դաժան ստրկության պայմաններում»178։ Այս իրավիճակում, ան-
_____________________________
175 Piétro della Vallé. III, էջ 222։
176 Նույն տեղում, III, էջ 225։
177 Նույն տեղում, էջ 227։
178 Նույն տեղում, էջ 230։
[էջ 154]
շուշտ, գտնվում էին նախ և առաջ ժողովրդական զանգվածները։ Տանելի վիճակ ու քիչ թե շատ բարենպաստ պայմաններ ստեղծվեցին հայ խոջայության ներկայացուցիչների համար։ Կասկածից վեր է, որ հենց այդ խավի ներկայացուցիչներին նկատի ունի Դելլա Վալլեն, երբ գրում է, թե նրանց շահը «...տալիս է ոչ միայն հողակտորներ ու անասուններ, այլև դրամ»179։ Թե ինչ հետևանքներ ունեցավ այդ վարկի բացթողումը, վերևում ասվեց։ Հայերի նկատմամբ շահ Աբասի ցուցաբերած «սերը» թելադրված էր, նախ և առաջ, Իրանի գերագույն պետական շահերով։ Եվ բոլորովին պատահական չէ, որ Դելլա Վալլեն գրում է, թե ջուղայեցիները պարսից թագավորի նկատմամբ հավատարիմ են մինչև վերջ և նրանք շահ Աբասի համար այն են, ինչ ջենովացիներն իսպանական թագավորի համար։ Երկու դեպքում էլ առևտրական թագավորները կապված են առևտրական բուրժուազիայի հետ։
Արդ, նորից վերադառնանք թուրք-իրանական պատերազմների հետագա ընթացքի նկարագրությանը։ Շահ Աբասը քաջ գիտեր, որ թուրքերի դեմ իր տարած հաղթանակների համար պարտական է նախ և առաջ ոչ այնքան իրանական զենքի հզորությանը, որքան Փոքր Ասիայում շարունակվող ջալալիների ապստամբությանը180։ Հենց օսմանյան ներքին խառնակ վիճակն էր թուրքերին ստիպել 1606 թ. Սիտվորոտոկում հաշտություն կնքել Ավստրիայի հետ՝ վերջինի համար բարենպաստ պայմաններով։ Ֆրանսիական թագավորին այդ մասին է գրում դե Սալինյակն իր 1606 թ, մարտի 14-ի նամակում181։ Սինան փաշայի մահից հետո ջալալիների շարժումն էլ ավելի ծավալվեց և արդեն ընդգրկում էր Փոքր Ասիայի ողջ տարածքը՝ Իրանի և Սիրիայի սահմաններից մինչև Բոսֆորի ափերը։ Կալենդար օղլին և Ջանփոլադն ասպատակում էին երկրի կենտրոնական ու հարավարևմտյան, իսկ այնուհետև հարավարևելյան մասերը, Կարա Սաիդը՝ Այդընի և Սարուխանի շրջանները, Կընալըն՝ Բուրսայի շրջակայքը, Ջեմշիդը՝ Ադանայի, Թավիլ Ահմեդ Սաչլըն՝ Կարամանիայի ու հարակից շրջանները։ Շուտով ապստամբական շրջանների մեջ ներգրավվեցին նաև քրդական շրջանները։ Կարճ ասած՝ Օսմանյան կայսրությունում տիրում էր կատարյալ քաոսային մի վիճակ, որից շարունակում էր օգտվել շահ Աբասը։ Վերջինս 1606 —
_____________________________
179 Նույն տեղում, էջ 225։
180 Ջալալիների շարժումների մասին տե՛ս Մ. Զուլալյան, Ջալալիների
շարժումը և հայ ժողովրդի վիճակն Օսմանյան կայսրության մեջ 16—17-րդ դդ., Նույնի՝
«Արևմտյան Հայաստանը XVI—XVIII դդ.», էջ 135 —175։
181 Baron de Salignac, էջ 24։
[էջ 155]
1607 թթ. ընթացքում շարունակում էր իր նվաճումները Շիրվանում, Վրաստանում և Դաղստանում182։
1606 թ. թուրքերն իրանական կողմին հաշտության առաջարկներ արեցին 1590 թ. կոստանդնուպոլսյան պայմանագրի հիման վրա, որը մերժվեց շահ Աբասի կողմից, քանզի վերջինս «...պահանջում էր նվաճված բոլոր հողերը ճանաչել որպես իր տիրույթը»183։
1607 թ. գարնանը սուլթան Ահմեդը մեծ վեզիր Կույուջի (հոր փորող) կոչված Մուրադ փաշային նշանակելով սերասքերի պաշտոնում, ուղարկեց Արևելք՝ Իրանի դեմ պատերազմելու։ 1607—1608 թթ. ընթացքում մեծ վեզիրը զենքի ու դիվանագիտության միջոցով մեկը մյուսի հետևից հաշվեհարդար է տեսնում ջալալի ապստամբ ղեկավարների հետ ու արժանանում «կայսրության սուրը» և «սուլթանաթի վերականգնող» տիտղոսներին184։ Յոզեֆ Համմերի հաշիվներով կառավարական զորքերի հետ ընդհարվելիս ոչնչանում են ավելի քան հարյուր հազար ապստամբներ185։ Ապստամբների հետ վերջին ճակատամարտը տեղի է ունենում Էրզրումի մոտակայքում, որից հետո պարտություն կրած ջալալիների բեկորները, թվով 15 հազար մարդ, անցնում են Իրանի սահմանը, գալիս Երևան՝ Ամիրգունա խանի մոտ, իրենց հայտարարում շահիսեվեններ և իրենց ծառայությունն են առաջարկում շահ Աբասին։
1609 թ. սերասքեր Կույուջի Մուրադի իրանական արշավանքը ձախողվեց ենիչերիների ցուցաբերած կատաղի դիմադրության պատճառով, որոնք վախենում էին արշավանքի ընթացքում ընկնել սովի ճիրանների մեջ։ «Ինչպես է հնարավոր պարեն գտնել Էրզրումում, երբ այնտեղ սով է ու մեկ կիլոգրամ գարին արժե հինգ դուկատ և պաքսիմատի կիլոն մեկ ղուրուշ»186,— ասում էին նրանք։
Եվ, այսուհանդերձ, 1610 թ. գարնանը սերասքեր Կույուջի Մուրադի բանակն Էրզրում-Չալդրան-Խոյ-Սալմաստ ճանապարհով շարժվեց դեպի Թավրիզ։ Շուտով Կույուջի Մուրադը մահանում է և նրան փոխարինում է Նասուհ փաշան, որի սերասքերության ժամանակ էլ՝ 1612 թ, նոյեմբերի 20-ին, արևելյան երկու պետությունների միջև կնքվում է հաշտության պայմանագիր, համաձայն որի վերականգնվում են 1555 թ. Ամասիայի հաշտության պայմանագրի կետերը, այսինքն՝
_____________________________
182 Այդ մասին որպես դեպքերի ժամանակակից և ականատես մանրամասն պատմում
է դե Գուվեան: Antonio de Gouvea, էջ 304 — 336։
183 Նույն տեղում, էջ 314։
184 J. Hammer, VIII, էջ 134։
185 Նույն տեղում, էջ 141։
186 Նույն տեղում, էջ 158։
[էջ 156]
ամբողջ Ադրբեջանը, Արևելյան Հայաստանն ու Արևելյան Վրաստանը մնում են Սեֆյան Իրանի տիրապետության ներքո։ Իրանը պարտավորվում էր տարեկան 200 բեռ մետաքս հանձնել Թուրքիային, որպես հարկ, սակայն, շուտով, նաև դրանից հրաժարվեց։ Ըստ էության Թուրքիան այդ պատերազմում պարտություն կրեց։ Որպես պարտության փոխհատուցում, Թուրքիան հաշտության պայմանագրում Իրանին ստիպում էր Ռուսաստանի դեմ որևէ հնարավոր գործողությունների ընթացքում խոչընդոտ չհարուցել, այլ, ընդհակառակը, օգնել։ Ինչպես նշում է թուրք պատմագիր Նաիման, Դաղստանի ու Դերբենդի շրջանում ռուսական զորքերի երևալը խափանելու և «ռուսի այս կողմերում երևալը կանխելու համար նրա կողմից կառուցված Թերեք ամրոցի խորտակման գործում... շահի զինվորներից ու ոչ մեկը արգելք չպիտի հանդիսանա»187։Սա, հիրավի, Իրանի կողմից զիջում էր Թուրքիային։ Հավանաբար և՛ Իրանը, և´ Թուրքիան ահաբեկված էին Ռուսաստանի հզորացումից։
1612 թ. հաշտությունը լոկ զինադադար էր։ Երկու պետությունների միջև լարվածությունը շարունակվում էր։ Թուրքիան չէր ուզում հաշտվել Անդրկովկասը կորցնելու գաղափարի հետ, իսկ Իրանը՝ մետաքսահարկն իր համար համարում էր ստոորացուցիչ։ Ուստի և 1612 թ. հաշտությունից հետո էլ թուրք-իրանական սահմանում հաճախ տեղի էին ունենում ռազմական ընդհարումներ, և երբեմն էլ թշնամի կողմերը խորանում էին հակառակորդ կողմի երկրի խորքերը՝ հուր ու ավերածություն սփռելով երկրում, գերեվարելով բնակչությանը։ 1614 թ. արտագրված մի ճառընտիրի հիշատակարանում գրիչը հայտնում է, որ «...վասն մեղաք իմոց ի նոյն ամն (1614 թ.) եկն ազգն պարսից ի վերայ Տարօնոյ բազում արիւն հեղին և գերի վարեցին»188։ Պիետրո Դելլա Վալլեն, իր 1617 թ. դեկտեմ բերի 8-ի նամակում որպես ականջալուր տեղեկացնում է, որ «...Նախիջևանի կուսակալը (սուլթանը) հաղորդել էր թագավորին, թե այստեղի սահմանների մոտ բնակվող ու թուրքերի դաշնակիցները հանդիսացող քրդերը ներխուժել էին Պարսկաստան՝ Արաքսի հովիտը ու զբաղվում էին հայերի մի քանի քաղաքների կողոպուտով։ Ավելի թույլ զինվորական ուժ ունեցող կուսակալը, ինչպես նաև այստեղի զորքերի գերագույն հրամանատար, Պարսկաստանի նորագույն պատմության մեջ հռչակավոր, ներկայումս ծերունազարդ Երե-
_____________________________
186 Նույն տեղում, էջ 158։
187 „Tarih-i Nâima", II, Istanbul, 1260 (1863), էջ 113—114։
188 «Մայր ցուցակ հայերեն ձեռագրաց Մատենադարանի Մխիթարիանց ի Վենետիկ,
հ. 1, Վենետիկ, 1914, էջ 476։
[էջ 157]
վանի Ամիրգունա խանը դիմադրություն չէր կազմակերպել։ Թագավորը տեղեկանալով թշնամու ասպատակությունների հետևանքով հասցված մեծ վնասների մասին կարգադրել էր նախապատրաստվել հակահարձակման»189։
Տեղական բնույթի այս առանձին ընդհարումներին հաջորդեցին հայկական հողում մեծ ընդգրկումով նոր պատերազմական գործողությունները։ Ուշագրավ է պատերազմի ծագման այն պատճառաբանությունը, որ տալիս է Դելլա Վալլեն. «Ես կարծում եմ, — գրում է նա,— որ թուրքերի կողմից պատերազմի հայտարարման այլ պատրվակ չկա, քան այն, որ Աբաս թագավորը երկար ժամանակ է, ինչ հրաժարվել է յուրաքանչյուր տարի, որպես նվիրատվություն, (Թուրքիա) ուղարկել հարյուր հիսուն կամ երկու հարյուր բեռ մետաքս։ Եվ չնայած թագավորը պատերազմի դեպքում շատ ավելի ծախսեր է անում, քան եթե ուղարկեր նվիրատվությունը, այնուամենայնիվ, պատվասիրությունից դրդված, նա ցարդ նախընտրում է պատերազմը, քան մետաքսի առաքումը, քանզի թուրքերը, որոնց առաջարկված էր հաշտությունը, երբեք էլ չհամաձայնվեցին տարեկան այս հարկատվության միջոցով հաշտվել թագավորի կողմից զավթած հողերի կորստի գաղափարի հետ»190։
Դեռևս մինչև թուրքերի հետ ռազմական գործողություններ ծավալելը, շահ Աբասը, պատրվակ բռնելով վրաց թագավոր Թեյմուրազի անհնազանդությունը , ասպատակում էր Վրաստանում ու գերեվարում բնակչությանը։ «Թեյմուրազը, — գրում է Դելլա Վալլեն,— կորցնում է իր տիրույթները և Աբբաս թագավորը դրանք հիմնովին ավերեց ու բնակչության զգալի մասը, ինչպես ես այլ առիթով ասացի, աքսորեց Պարսկաստանի տարբեր մասերը, նրանց մատնելով ողորմելի ստրկության»191։ Գարսիա դե Սիլվա Ֆիգուերան, իր հերթին, նշում է, որ շահ Աբասր «...ամբողջ իր (Թեյմուրազի—Մ. Զ.) երկիրը կողոպտելուց ու ավերելուց հետո իր հետ տարավ «...ավելի քան ութսուն հազար գերիներ»192։
Ուստի և նոր պատերազմի նախօրեին, ինչպես նշում է իսպանացի այս նույն հեղինակը, վրացիները, ինչպես և քրդերը նպատակադրվել էին ապստամբել Իրանի դեմ։ «Իման Կուլի խանը, — գրում է նա,— ուղարկված էր Հայաստան,— որպեսզի մոտիկից վերահսկողություն
_____________________________
189 Piétro della Vallé, III, էջ 290։
190 Նույն տեղում, էջ 330։
191 Piétro della Vallé, III, էջ 354։
192 Garcia Sylva de Figuera, էջ 133։
[էջ 158]
սահմաներ քրդերի և վրացիների գործողությունների վրա, որոնք թուրքերի կողմից սպասում էին մի օգնական ուժ՝ ապստամբելու համար»193։
Համոզված լինելով, որ պատերազմը թուրքերի դեմ անխուսափելի է, շահ Աբասը որոշեց անակնկալի բերել թուրքական բանակին։ Նա իր զորքերն ուղարկեց Վան և Էրզրում կարգադրելով ևս մի անգամ ավերածություն տարածել ողջ շրջակայքում։ Այս պարտականությունը դրվեց ծագումով հայ Կարչխա խանի վրա, որը նշանակվեց սիպահսալար՝ գերագույն հրամանատար։ Շուտով իրանյան բանակը պաշարեց Էրզրումը, սակայն քաղաքը գրավել չհաջողվեց։ Ուստի նա երկրամասը հրի ու սրի ենթարկելով շարժվեց դեպի Վան, որը պաշտպանում էր Թեքելու փաշան։ Վերջինս, իմանալով Էրզրումի Կարչխա խանի կողմից պաշարվելու մասին, որոշեց իր 12 հազար հեծյալ բանակով ասպատակել Թավրիզի շրջակայքը։ Սակայն տեղեկանալով Վանը Կարչխա խանի կողմից պաշարվելու մասին, ստիպված եղավ նահանջել դեպի Վան։ Թեքելու փաշան Կարչխա խանից կրում է ծանր պարտություն և ընդհարման ժամանակ ինքն էլ սպանվում է։ Այլևս չհանդիպելով որևէ դիմադրության Կարչխա խանն անպատիժ ավերում ու կողոպտում է Վանն ու Վասպուրականը և վերադառնում Թավրիզ շահին զեկուցելու։ Իրանյան բանակի կողմից Արևմտյան Հայաստանի գավառների ասպատակումը հայերեն մի ձեռագրի հիշատակարանում վերագրվում է Ամիրգունա խանին. «Ի թուին հա(յ)ոց ՌԿԶ (1617) յամսին մարգաց,— կարդում ենք հիշատակարանում, — գումարեցաւ զաւրն պարսից՝ ԽՌ (40...) թիւ զաւրքին, և զաւարագլուխ—Ամիրգունին, ելաւ գնաց յաշխարհ Հոռոմին, վայ և եղուկ հայոց ազգին և մեղաւոր Ղազար իրիցս որ տեսայ»194։
Սուլթան Ահմեդի մահը և խելակորույս Մուստաֆայի իշխանության գլուխ անցնելը կաթվածահար էին դարձրել թուրքերին, որոնք ստիպված էին ժամանակավորապես հաշտվել իրանական զորքերի ասպատակությունների փաստերի հետ։ 1618 թ. փետրվարի 26-ին սուլթան Մուստաֆան գահընկեց է արվում և սուլթան է դառնում Ահմեդ 1-ինի որդի Օսման 2-րդը։ Շահն ամբողջ երկրով մեկ հայտարարում է ընդհանուր զորահավաք։ Սակայն շուտով թուրքերի կողմից ստացվում են հաշտության առաջարկներ։ Բայց տեղի ունեցած բանակցությունները չեն հասցնում դրական արդյունքի195։ Պատերազմական գործողությունները
_____________________________
193 Նույն տեղում, էջ 136։
194 Մատ., ձեռ. № 2775, պահպանակ Բ։
195 Հաշտության բանակցությունների ընթացքի մասին մանրամասն տեղեկացնում
է Պիետրո Դելլա Վալեն իր 1619 թ. հոկտեմբերի 21-ի թվակիր նամակում (Piétrօ della
Vallé, IV, էջ 10, 15)։
[էջ 159]
երկու պետությունների միջև վերսկսում են։ Թուրքերը Թեյմուրազի տրամադրության տակ են թողնում «...մի մեծ բանակ, բաղկացած թաթարներից»196, որոնք ասպատակում են հայաբնակ շրջանները։
Թուրքերի թվական գերակշռության առաջ սեֆյան բանակը, ինչպես միշտ, ստիպված էր նահանջել դեպի Թավրիզ։ Այսուհանդերձ, Կարչխա խանը թաթարների բանակին հասցնում է ծանր պարտության, գլխատել է տալիս հինգ հարյուր գերիների և գլուխներն ուղարկում շահին։ Ի դեպ, պետք է նշել, որ Պիետրո դելլա Վալլեն, անդրադառնալով թուրք-իրանական այս նոր պատերազմին, բերում է հոգեցունց մի փաստ այն մասին, որ շահին հաճոյանալու համար, իրանական որոշ զորավարներ շահին են ուղարկել կոտորածի ենթարկված հայ խաղաղ բնակիչների սրի քաշված գլուխները, որպես թշնամու բանակից գերեվարյալների։Նկարագրված փաստը եզակի երևույթ չի եղել։ «Այս չարագուշակ սովորույթը, — կարդում ենք Դելլա Վալլեյի մոտ, — հաճախ շատ մեծ դժբախտությունների պատճառ է դառնում, քանզի խոստացված վարձատրության դիմաց զինվորները երբեմն ոտնձգություններ են կատարում իրենց իսկ հայրենակիցների կյանքի նկատմամբ և կտրում թշվառ անմեղների գլուխները՝ հոգ չէ, թե թշնամիներ չեն... Ինձ հավաստիորեն պատմեցին, թե ինչպես մի ոմն չար ու նենգ խան, նպատակադրվելով թագավորին ինչքան հնարավոր է շատ սրի քաշված գլուխներ ուղարկել, սպանել է իր հպատակ քրիստոնյա հայերին, որոնք իրենց երկար մորուսներով նմանվել են թուրքերին ու գերեվարյալների գլուխներ անվան տակ ներկայացրել թագավորին»197։ Ասպատակությունների ժամանակ, այնուհետև շարունակում է իտալացի հեղինակը, միշտ էլ վտանգավոր է արշավող բանակի աչքին երևալը198։
Գրավելով Թավրիզը, թուրքական բանակը շարժվեց դեպի Իրանի խորքերը։ Ինչպես վկայում են եվրոպացի հեղինակները199, բնակչությունը մատնված էր ահ ու սարսափի։ Դրությունը փրկում է Կարչխա խանը, որը «Փուչ-ի շիկեստե» կոչված վայրում և Թավրիզի մոտակայքում պարտության է մատնում թուրքական, թաթարական և Թեյմուրազի վրացական բանակը200։ Կարչխա խանի այս հաղթանակը մեծ վեզիր Խալիլ փաշային ստիպեց նորից դիմելու բանակցությունների։ Հաշտությունը կնքվում է 1618 թ. սեպտեմբերի 26-ին Սերավում, հա-
_____________________________
196 Նույն տեղում, III, էջ 356։
197 Piétro della Vallé, III, էջ 177։
198 Նույն տեղում, էջ 178։
199 Մանրամասն տե՛ս նույն տեղում, էջ 155—168։
200 Garcia de Sylva, de Figuera, էջ 260-270։
[էջ 160]
մաձայն որի իրանական կողմն այս անգամ պարտավորվում է թուրքերին տարեկան ուղարկել ոչ թե 200 բեռ մետաքս, ինչպես դա 1612 թ. հաշտության պայմանագրով էր նախատեսված, այլ 100։ Սա, անշուշտ, նշանակում էր իրանական կողմի հաղթանակը։
***
1618 թ. աշնանը կնքված հաշտությունը այս անգամ ևս երկար չտևեց։ Վերսկսված պատերազմական գործողությունների հիմնական թատերաբեմ դարձավ Միջագետքը։ Օգտագործելով Բաղդադի թուրքական կայազորի հրամանատարի դավաճանությունը, շահ Աբասը գրավեց քաղաքը։
Սուլթան Օսմանի մահը պատրվակ բռնելով, կենտրոնական կառավարության դեմ ապստամբություն բարձրացրած Աբազա փաշայի201 նոր բուռն ելույթները (1623 —1627 թթ.), Եգիպտոսում ծայր առած ընդվզումները, Միջագետքում սեֆյան բանակի առաջխաղացումը Թուրքիային կաշկանդում էին ձեռնարկելու պատերազմական գործողություններ Իրանի դեմ՝ Անդրկովկասին տիրելու համար։
Թուրքերի համար միանգամայն անբարենպաստ այս հանգամանքները հետևյալ ձևով է ներկայացնում անգլիական դեսպան Ռիկոն «Պարսկաստանի հետ պատերազմը բավականին անհանգստացնում էր (թուրք) կառավարողներին։ Աբազայի ապստամբությունը գնալով դառնում էր ավելի ու ավելի վտանգավոր, քան ենթադրում էին։ Բաբելոնի (Բաղդադի) կառավարիչ Բեշիր փաշայի դաշինքը ապստամբների հետ (վերջիններին) թույլ էր տալիս դիմելու ամեն տեսակի ելույթների, և նրանք արդեն ճամբար էին դրել Կոստանդնուպոլսից ընդամենը հինգ օրվա հեռավորության վրա։ Միաժամանակ, զորքերի ընդհանուր հրամանատար Հաֆիզ փաշան, որը գտնվում էր Բաղդադի նահանգում, տեղեկացրեց արքունիքին, որ Պարսկաստանի թագավորը մի մեծ բանակի գլուխ անցած մտել է Թուրքիա։ Այս լուրր կառավարողներին նե֊ ւտեց սարսափելի ահազանգման մեջ։ Եվ նրանց անհրաժեշտ էր արի ոգի և խոհեմություն՝ ելք գտնելու բոլոր կողմերից հարձակման ենթարկված պետությունը փրկելու»202։
_____________________________
201 Աբազա փաշայի ապստամբության մասին մանրամասն տե՛ս Մ. Կ. Զուլալյան,
Ջալալիների շարժումը..., էջ 191—220, նույնի՝ «Արևմտյան Հայաստանը XVI— IVIII
դդ.», էջ 160—173։
202 Histoire drs trois derniéres empereurs des Turcs", էջ
17։
[էջ 161]
Հաշվի առնելով իրանական ասպատակությունների նոր վտանգը, թուրքական կառավարող շրջանների մեջ գտնվեցին մարդիկ, որոնք կողմնակից էին Աբազա փաշային որոշ զիջումներ անել և նրան սիրաշահելով համատեղ հանդես գալ Իրանի դեմ։ «Այսուհանդերձ ամենախոհեմները,— գրում է Ռիկոն, — գտնում էին, որ ավելի լավ է Աբազայի բոլոր պահանջները բավարարելով զինաթափ անել նրան և նրա ռազմական ուժն օգտագործել պետության թշնամիների դեմ։ Սակայն ենիչերիներին հնարավոր չեղավ համոզել բանակցել մի մարդու հետ, որի նկատմամբ ունեին անսքող ատելություն, և որը, իր հերթին, ատում էր նրանց (ենիչերիներին) ոչ պակաս, քան իրենք՝ պարսիկները»203։
Երբ թուրքական ղեկավար շրջաններն արծարծում էին Աբազայի հետ բանակցելու հարցը, 1626 — 27 թվականների թուրքերի գործերը թե Միջագետքում և թե Արևմտյան Հայաստանում գնալով ավելի ու ավելի էին վատանում։ «Աբազան ասպատակում էր Փոքր Ասիան։ Պարսկաստանի թագավորը տեր էր դառնում կարևոր նշանակություն ունեցող Բաբելոնին և համանուն նահանգին, թուրքերից խլում իրենց ամենաաչքի ընկնող զորավարներից մեկին՝ Քյոր Հասան փաշային, զավթում էր Մոսուլն ու Լեսկան ... և որևէ դիմադրության չհանդիպելով իր բանակը բաժանում էր չորս մասի։ Առաջինը, որը անձամբ ղեկավարում էր թագավորը, շարժվում էր դեպի Միջագետք։ Երկրորդը ներխուժելու էր Սրբազան հողերը (Երուսաղեմը)։ Երրորդն ասպատակում էր Սև ծովի ափերը։ Չորրորդը շարժվում էր դեպի Մեկկա։ Այս ամենի նպատակն էր անդամահատել օսմանցիների կայսրությունը և նրա արևելյան մասերը միացնել պարսկական գահին»204, — կարդում ենք Ռիկոյի մոտ։
«Գործերի վատ վիճակն ի վերջո իշխանություններին ստիպեց,— այնուհետև հանդիպում ենք Ռիկոյի մոտ,—չեզոքացնել Աբազային, նրան տալով այն ամենը, ինչ նա կարող էր պահանջել։ Սակայն միանգամայն անհնարին եղավ համոզել ապստամբներին Դիվանի (կառավարության) բարի կամքի մասին ... Մյուս կողմից օրը օրին ավելի բացահայտ էին դառնում նրա (Աբազայի) կապերը Պարսկաստանի205 հետ, որտեղից նա ստանում էր մեծ օգնություն։ նա նկատելիորեն ամրացրել էր
_____________________________
203 Նույն տեղում։
204 Նույն տեղում, էջ 18։
205 Աբազա փաշան իրանական կողմի հետ՛ հարաբերությունների մեջ է մտնում
միայն այն ժամանակ, երբ զգում է, որ իր պարտությունն անխուսափելի է. նա երբեք
էլ ապստամբության չի դիմել Իրանի կողմից դրդված, նրա նպատակը երբեք էլ չի եղել
տապալել օսմանյան գահը։ Ավելի մանրամասն տե՛ս Մ. Կ. Զուլալյան, Ջալալիների շարժումը...
էջ 197—199։
[էջ 162]
Էրզրում քաղաքը և այնտեղ տեղակայել մի մեծ կայազոր։ Սակայն դա ենիչերիներին չխանգարեց, որ ցանկանան հարձակվել նրա վրա։ Վեզիրը206 ստիպված եղավ բավարարել նրանց։ Քաղաքը պաշարվեց։ Ամենաքաջերը նետվեցին առաջ ու փորձության ենթարկեցին կայազորի զինվորների ռազմական ոգին, որոնք պաշտպանվում էին արիաբար ու թույլ չէին տալիս որևէ մեկի առաջխաղացումը, քանզի նրանք գիտեին, որ ամոթալի մի մահ է սպասում բոլոր նրանց, ովքեր կընկնեին պաշարողների ձեռքը, ուստի գերադասում էին պատվով ընկնել ռազմի դաշտում, քան թե արժանանալ տանջալի մահվան ... Մյուս կողմից քաղաքն այն աստիճան լավ էր ամրացված ու ապահովված մեծ քանակի ռազմամթերքով, որ որևէ մի հույս չկար այն վերցնելու, եթե զանց առնենք սովի վտանգը։ Սակայն այդ հույսն էլ ի դերև ելավ ապստամբների հոգատարության պատճառով, որոնք տեղում մեծ քանակությամբ սննդամթերք էին պահեստավորել։ Անհաջողության մատնված թուրքերը մեծ խուճապով թողեցին պաշարումը, հետևում թողնելով իրենց հրետանու մի մասը։ Կայազորը հետապնդեց նրանց ու սպանեց մեծ թվով զինվորների։ Այս անհաջողության լուրը մեծ հուսախաբություն առաջացրեց Կոստանդնուպոլսում»։
Թուրքական ղեկավար շրջանների համար գնալով ավելի ու ավելի պարզ է դառնում, որ առանց Աբազայի ապստամբության հարցը լուծելու անհնարին է Իրանի դեմ հաջող ռազմական գործողություններ ծավալել։ Այդ մասին է նշում դեպքերի ժամանակակից Ռիկոն։ «Դիվանի կարևորագույն խնդիրն էր,— գրում է նա,— Վերջ տալ Աբազայի ապստամբության հետևանքներին ու փառքով ավարտել պարսիկների դեմ մղվող պատերազմը»։
Մեծ վեզիր Մերխոշ փաշան207 1628 թ.– սկզբներին ղեկավարում էր բանակը։ Նրա ճամբարը գտնվում էր այսօր Կոնիա կոչվող Իկոնիայում։ Շարժվելով դեպի Աբազայի զավթած վայրը՝ Կեսարիա, ենիչերիները միահամուռ ցանկություն հայտնեցին հարձակվել նրա վրա։ Մեծ վեզիրը որը հրաման ուներ հարցը լուծել խաղաղ ճանապարհով, առանց դիմելու բախտի քմահաճույքին խուսափեց, ինչքան դա իրեն հաջողվեց տեղի տալ իր զորքերի մտադրություններին։ Այս ձգձգումից կատաղած ենիչերիները, որոնք անտեղյակ էին բուն պատճառներին, ըմբոստացած, կտրեցին մեծ վեզիրի վրանի պարանները, քարկոծեցին նրան ու վիրավորեցին նրա գլուխը։ Այս բռնությունը մեծ վեզիրին
_____________________________
206 Հավանաբար, հեղինակը նկատի ունի մեծ վեզիր Խալիլ փաշային։
207 Ռիկոյի ողջ շարադրանքներից երևում է, որ խոսքը գնում է մեծ վեզիր
Խոսրով փաշայի մասին։ Տե´ս Ա. Կ. Զուլալյան, Ջալալիների շարժումը..., էջ 208—214։
[էջ 163]
ստիպեց նրանց ծանոթացնել իր ստացած հրամանների հետ։ Հավաքված ենիչերիների և սիփահիների սպաներին նա ասաց, որ սուլթանը մտադիր է ներքին պատերազմին վերջ տալու, պարսիկների դեմ հաջող պատերազմներ մղելու և կորցրածը ետ վերադարձնելու նպատակով՝ նրա հետ բանակցել, ու ցանկանում ներքին պատերազմին վերջ տալ խաղաղ ճանապարհով։ Ռազմական խորհուրդն իրավացի համարեց մեծ վեզիրին, գտնելով, որ նա առաջնորդվում է սուլթանի հրամաններով։ «Սակայն դժվար էր փափկացնել այն մարդկանց սիրտը, ովքեր միայն վրեժ էին տենչում և ղեկավարվում էին միայն սեփական կրքով։ Այսուհանդերձ սպաները այն աստիճան մշակեցին զինվորների միտքը, որ նրանք հարկադրվեցին լսել բանա-
կանությանը։ Ենիչերիները հասկացան, թե ինչքան էր այս պատերազմն իրենցից պահանջում անհանգստություն, հոգնություն ու արյուն և համաձայնվեցին, որ բանակցեն Աբազայի հետ ու նրան դարձնեն իրենց զինակիցը։ Ապստամբները սկզբում խուսափեցին թուրք զորահրամանատարի հետ բանակցելուց, վախենալով, որ հարցի խաղաղ լուծման անվան տակ նրանք կարող էին իրենց համար թակարդ լարել։ Սակայն մեծ վեզիրը ցրեց նրանց մտավախությունները՝ իրենց մոտ պատանդ թողնելով իր եղբայր Կարամանիայի բեկլերբեկին և Փոքր Ասիայի փաշային։ Համաձայնություն կայացավ բանակցությունների տեղի և օրվա մասին, որի ընթացքում ստորագրվեց հետևյալ պայմանագիրը՝ Էրզրումի կառավարումը թողնվում է Աբազային, Բասրայինը՝ իր որդուն, իսկ Մարաշինը՝ իր Քեդխուդային՝ թիկնապահին, ընդհանուր ներում է շնորհվելու ինչպես իրեն՝ Աբազային, այնպես էլ իր կողմնակիցներին... Մեծ տիրակալը՝ (սուլթանը) հավանություն տվեց իր մեծ վեզիրի այս համաձայնագրին և ստորագրեց այն։ Էրզրում քաղաքը նորից հանձնվեց իր նախկին տիրոջը և Աբազայի բանակն օգտագործվեց պարսիկների դեմ»208։
Կոստանդնուպոլսում սուլթան Մուրադ 4-րդը Աբազային ընդունում է արքայավել դրանով ընդգծելով վերջինիս վաստակն օսմանյան գահին, «սակայն վախենալով, որ այդքան շքեղ մեծարանքների արժանացնելը կարող է զայրացնել ենիչերիներին և Աբազայի հակառակորդներին, որոշվեց, որ նա մասնավորապես հեռու պահվի Մեծ Տիրակալից»209։
Իրանի դեմ պատերազմը և Աբազա փաշայի ապստամբությունը ճնշելու համար կատարված արտակարգ ծախսերը փակելու համար Ռի-
_____________________________
208 Ricaut, էջ 39։
209 Նույն տեղում, էջ 41։
[էջ 164]
կոյի հաղորդմամբ «...Մեծ վեզիրը քրիստոնյաներին և հրեաներին ծանր հարկատվության ենթարկեց»210։ Այս նույն հեղինակի վկայությամբ դա էլ չօգնեց գործին և Օսմանյան կայսրության ներքին վիճակը գնալով ավելի ու ավելի էր վատանում։ «Ի վերջո բոլոր գործերն այնպիսի վիճակում էին, որ մի պահ թվում էր, թե պետությունը պետք է կործանվի։ Միակ բանը, որը կարող էր շտկել դրությունը, Պարսկաստանի դեմ որոշ հաղթանակներ տանելն էր»211։
Եվ ահա, օգտվելով շահ Աբասի մահից (1629 թ.), 1630 թ. սկզբին թուրքերը Միջագետքից Համադան ձեռնարկեցին մի շարք ասպատակիչ ու ավերիչ արշավանքներ։ Դեպքերին ականատես հայր Ֆիլիպ Ավրիլը այդ մասին գրում է. «Այս ժամանակ Մեծ տիրակալը ցանկանալով ետ նվաճել Բաբելոնի թագավորությունը, ուղարկեց մի մեծ բանակ, որն ինչպես ասում էին, բաղկացած երեք հարյուր հազար մարդուց, և որը պիտի ասպատակեր ու ավերեր ողջ Պարսկաստանը։ Հենց որ այստեղի անտանելի շոգերն անցան, բանակը մտավ Խալդեա (Միջագետք) ... Եվ հիրավի, թուրքերի այս բանակը այն աստիճան խորացավ (դեպի Պարսկաստան), որ եկավ ու ավերեց Իսպահանից վեց օրվա հեռավորության վրա գտնվող Համադան քաղաքը»212։ Համադանում թուրքերի բարբարոսությունը սահման չուներ։ Սերասեքեր Խոսրով փաշայի հրամանով, որ ստացել էր «Անգութ Խոսրեվ» մականունը, թուրքերը հրի մատնեցին քաղաքը, քանդեցին տները, իսկ բնակչությանը զանգվածորեն կոտորեցին։ «...3այսմ ամի (1630),— ասված է հայերեն մի ձեռագրի հիշատակարանում,— ազգս հայոց ի մեծ վտանգի է, զի այլազգիքն զօրացեալ են ի վերայ քրիստոնէից ... զի էլ ոզիրն Ըստըմբօլայ բազում զօրօք և գնաց ի Բաբելոն, որ այժմ այսի Բաղդատ, և հասեալ գետն Տիգրիս, որ պատէ զԱսորեստան, և այլ ճանապարհաւ գնաց ի յարևելս մինչև ի դուռն պարսից, և բազում ոճիր գործեաց զԱմատուն և զՔառքու և Շարազուի զամէն քանդեաց և աւերեաց զայն, (այնպէս) արարին, որ մարդ ոչ կարէ մեկնել կամ (ընդ) գրով արկանել զարհաւիրքն և զպատերազմն, որ անդ եղև»213։
Այս նույն ժամանակ թուրքական մի այլ բանակ ասպատակում էր Նախիջևանն ու նրա շրջակայքը։ Ղ. Փիրղալեմյանի հրատարակած վերոհիշյալ հիշատակարանում այնուհետև կարդում ենք հետևյալ տեղեկությունները։ «Եւ Ալի փաշան Վանայի ելեալ բազում հեծելօք և գնաց ի
_____________________________
210 Նույն տեղում։
211 Նույն տեղում, էջ 52։
212 Voyage d'Orient du R. P. Philippe, էջ 39:
213 Ղ. Փիրղալեմյան, Նշխարք..., հ. Ա., № 733, էջ 204բ—205ա։
[էջ 165]
վերայ Նախչուանայ և շատ աւեր ետուր և բազում արիւնահեղութիւն արար, և բազում առ և աւար և գերին բերեալ ի Վան։ Ոհ թէ զինչ տեսաք աչօք մերովք՝ զդառն կսկիծ և զաղիողորմ արտասուքն քրիստոնէից գերելոցն, զլալումն, զողբումն և զհառաչումն նոցա ոչ կարեմք հայել»214։ Մեծատուն հայ վաճառականները փրկագնով ազատում են հայ գերիներին215։ Ի պատասխան թուրքերի այս արշավանքի, Սեֆյանները ևս մի քանի անգամ ասպատակում են Արևմտյան Հայաստանի գավառները. «Ես յետոյ ազգն պարսիցն զօրացն,— կարգում ենք այդ նույն հիշատակարանում,— և եկին ի վերայ Արճիշու և յերկիրն Արճիշու բազում աւերս արարին զառ և զալար, և զզերին քան զնախչուանայն երկու աւելի տարան, և այլ ոչ երևացան»216։ Հետագա տարիներին թշնամի կողմերը շարունակում էին ասպատակությունները թուրք-իրանական սահմանի տարբեր մասերում։ Գրիչ Մարութան խոսելով իրանական ոմն՝ Ռուստամ խանի դեպի Վան կատարած արշավանքի մասին հայտնում է հետևյալը. «Եւ դարձեալ եկն անտի (Ռուստամ խանն) և գնաց ի վերայ Վանայ և դ(4) ամիս պաշարեաց, և նստաւ ի վերայ նորա, և ոչ կարաց առնուլ զնա և շատ աւերութիւն արար։ Եւ դարձեալ, յետս գնաց ի Թավրէզ առ թագաւորն իւր շահ Սեֆին, և անդ նստաւ, այլ ոչ գիտեմք վերջն զինչ է լինելոյ...»։
Հենվելով թուրքական ժամանակագրությունների վրա, Կանտեմիրը Ռուստամ խանի դեպի Վան կատարած արշավանքի մասին գրում է հետևյալը. «Պարսիկների զորավար Ռուստամ խանը ասպատակություն սփռեց (Օսմանյան) կայսրության տարածքում և Վանի շրջակայքն ավերելուց հետո պաշարեց այս քաղաքը։ Ասիայում չկար մի բանակ, որ ի զորու լիներ դիմադրելու պարսիկներին։ Եվ քաղաքն այն աստիճան պաշարված էր, որ չէր կարող երկար դիմանալ։ Եվ ահա այս ժամանակ Ռումելիի Բեկլերբեկը իր Եվրոպայում տեղակայված զորքերով եկավ ու ստիպեց պարսիկներին հեռանալ Վանից, որն արդեն գտնվում էր հանձնվելու շեմին»217։ Այս նույն դեպքերի մասին Գրիգոր Երեցը Վանից, որպես ակնատես, չափածո պատմում է հետևյալը.
_____________________________
214 Նույն տեղում։
215 Նույն տեղում։ Նախիջևանի շրջակայքի ավերման ու ավարման, բնակչության
գերեվարման մասին վկայում է նաև Հովսեփ Թացուեցի գրիչը. «Յանկարծ շարժեցաւ Օսմանլուն
ի Վանայ, գնաց ի նախշուանայ երկիր,— գրում է նա,— քանդեցին, աւերեցին, զառ ու
գերին բերին ի Վան, ի Մահմըտունք, ի Բերկրի ի յԱրճէշ, ի Պաղէշ ԴՌ (4000) ԵՌ (5000)
հարիւր գերի բերին, թող ոչխար և տաւար։ Սուղ Փարթալ աւաղ զհայոց ազգս ի բերել
Տաճկաց։ Ով կարէ պատմել կամ ընդ գրով արկանել զաղիողորմ հայոց ազգիս» (Լ. Ղ.
Փիրղալեմյան, Նշխարք..., հ. Բ, էջ 413 — 415)։
216 Նույն տեղում։
217 Cantémir, Histoire ottomane, էջ 84։
[էջ 166]
«Ի յայսմ դառն և նեղ ժամանակիս
Յիսար ընկաւ Վան քաղաքիս,
Կարմրագդակն պատեց, նստաւ վերայ քաղաքիս,
Շատ նեղութիւն հասոյց ի մեզ,
Ծզ (56) օր պաշարեց զմեզ,
Ի թվականութիւնս հայոց ազգիս
ՌՁ և երեքիս (1634)
Ըստամբօլայ հասաւ ի մեզ,
Ազգին տաճկաց ՃՌ (100.000)-իս
Ժողովեցան Քառափոսիս (Գյուղ Վանի մոտ)
Խմբեցան մեծ պատերազմիս,
Փախուցին կարմրագդակն,
Աւարն առին հասին ի մեզ,
Աւետիս մատուցին մեզ,
Կարմրագդակն փախեաւ ի յետս»218։
1635 թ. կրկին պատերազմական գործողությունների հիմնական թատերաբեմը դարձավ Հայկական լեռնաշխարհը։ Նույն տարվա գարնանը հսկայական օսմանյան բանակի գլուխ անցած սուլթան Մուրադ 4-րդը երևաց Էրզրումում։ Այդ առթիվ Ռիկոն հայտնում է հետաքրքիր մանրամասնություններ։ Նա գրում է. «Այս ժամանակ (1635 թ.) Մեծ Տիրակալը եկել էր Պարսկւսստանի սահմանում գտնվող Էրզրում քաղաքը։ Արդարության առաջին գործը, որ նա այստեղ կատարեց, հանդիսացավ քաղաքի կառավարիչ փաշայի գլխատումը (ժողովրդի նկատմամբ) թույլ տված չարաշահումների և թալանի պատճառով։ Այնուհետև տեսնելով, որ պատերազմի արհավիրքները հատկապես տարածվել էին Վերին ու Ստորին Հայքերում ու այս երկու նահանգներն ամբողջությւսմբ ամայացված էին, նա հրամայեց (երկիրը լքած) բոլոր բնակիչներին վերադառնալ իրենց բնակավայրերը։ Այդ բանն անելու համար նրանց տրվեց ընդամենը քսան օր ժամանակ։ Սակայն քանի որ նրանցից ոմանք իրենց գաղթած նահանգներում գնել էին տներ ու հողեր, ուստի հնարավոր չեղավ նրանց նկատմամբ կիրառել հրամանն իր ամբողջ խստությամբ։ Սակայն տեղում մնացողներն ստիպված եղան պետական գանձարանին վճարել որոշակի գումար ու ստանալ անդորագիր։
Հուլիսի սկզբներին Մուրադը Էրզրումի շրջակայքում անցկացրեց զորահանդես։ Միացյալ բանակը... բաղկացած էր խիստ կարգապահ
_____________________________
218 Մատ., ձեռ. № 5397, էջ 103բ։
[էջ 167]
շուրջ երեք հարյուր հազար մարտիկներից»219։ Էրզրումից թուրքական բանակը Կարսի, Գյոկ-Կյումբեթի (Գեղանիստ) վրայով եկավ ու պաշարեց Երևանը։ Ամբողջ մի շաբաթ պաշարողների հրետանին կրակ էր տեղում պաշարված քաղաքի վրա, քանդելով նրա կավե պարիսպները։ Երևանի հողե պարիսպները, Ժ. Բ. Տավերնիեի սրամիտ արտահայտությամբ, ավելի շուտ կարող էին քանդվել անձրևից, քան թե թնդանոթից220։
Երևանի պաշարումն ու գրավումն ահա թե ինչպես է ներկայացնում իր ընթերցողներին Ռիկոն։ Սուլթանը, ասում է նա, իր ենթականերին «...ծանոթացրեց իր նպատակադրումները, այն է՝ պաշարել Երևանը։ Նա ավելացրեց, որ եթե տասն օրվա ընթացքում քաղաքը չգրավվի, ապա քառասուն հազար մարդկան ց թողնելով պաշարման գծում, ինքը իր բանակի մնացորդով ներխուժելու է Պարսկաստան։ Բանակը բաժանելու է երեք մասերի և ուղարկելու է տարբեր երեք ուղղություններով։ Անմիջապես վրանները դրվեցին, ռազմական ճամբարը կազմվեց, թմբուկները զարնվեցին, խրամատները փորվեցին, պաշարումը սկսեց։ Ամիրգունայի հրամանատարության ներքո գտնվող (Երևանի) կայազորը բաղկացած էր տասնհինգ հազար մարդուց։ Ամրոցը ապահովված էր ամեն տեսակի զինամթերքով, այնտեղ չէին պակասում ոչ սննդամթերքը և ոչ էլ արիասիրտ պաշտպանները։ Այսուհանդերձ նա հանձնվեց իններորդ օրվա վերջին՝ պայմանով, որ զինվորները ու քաղաքաբնակիչները կենդանի կմնան և իրենց ինչքերը կմնան անձեռնամխելի։ Այս կամավոր անձնատվությունը, որը կատարվեց Պարսկաստանի ամենանշանավոր երևելիների մեկի կողմից, առաջացրեց սուլթանի բարեհաճ վերաբերմունքը (Երևանի) կուսակալի նկատմամբ, վերջինն էլ, իր հերթին, սկսեց ավելի ու ավելի կուրորեն հաճոյանալ նրան։ Այսպես նա մասնավորապես նրան հաճոյանում էր այդքան նշանակալի հաջողություններից հետո Մեծ Տիրակալի տված խնջույքների ժամանակ։ Կոստանդնուպոլիս ուղարկվեց Երևանի գրավման լուրը ... Դոնալման (հանդիսությունները) նշվեց փառահեղ շքեղությամբ։ Նույնիսկ քրիստոնյա դիվանագետներին ստիպեցին մասնակցել հանդիսություններին այն պատրվակով, որ եթե իրենք հանդիսանում են սուլթանի բարեկամները, ապա պարտավոր են երևալ և ցուցաբերել իրենց ուրախությունը նորին մեծության հաջողությունների նկատմամբ»221։
_____________________________
219 „...Ces murailles n'estant que de terre la pluye y feroit
plus de ma que le canon" (J. B. Tavernier, I, էջ 38)։
220 Նույն տեղում։
221 Ricaut, էջ 105։
[էջ 168]
Ռիկոյի այն հայտարարությունը, թե քաղաքի հարստությունները» իբր չպիտի հափշտակվեին թուրք զավթիչների կողմից, չի համապատասխանում իրականությանը։ Հակառակն են վկայում նույնիսկ թուրք պատմագրության ներկայացուցիչները։ Այսպես, պատմագիր Նաիման այդ մասին գրում է, որ սուլթանական դաֆթարդարները (ֆինանսական հաշվառուները) «...Ներսի ու դրսի բոլոր գույքերը, ինչպես և առկա ու պահված բոլոր հարստությունները հաշվառման ենթարկեցին ու վերցրեցին։ Նրանք հափշտակեցին իրենց համար անսպասելի այն գանձերն ու անհաշիվ հարստությունները, որ երեսուն տարվա ընթացքում կուտակել էին Երևանի տիրակալն ու նրա հայր Ամիրգունա խանը։ Մտնելով խազինան (պետական գանձարանը) ու պահեստները (դաֆթարդարները) այնտեղ այնքան հարստություն ու մթերք հայտնաբերեցին, որ բանակին երկու տարի կբավարարեր»222։
1657 թ. Քյոլնում հրատարակված ու Թուրքիայի պատմությանը վերաբերող մի աշխատության մեջ ասված է, որ «թուրքերը ոչ միայն չբավարարվեցին քաղաքի բնակչության կոտորածով, այլև ամենավայրագ ձևով կենդանի կանանց մորթազերծ արեցին»223։ Թուրքական բանակը Երևանից Մարանդի վրայով շարժվեց դեպի Թավրիզ և սեպտեմբերի 12-ին մտավ և հրկիզեց քաղաքը՝ կողոպտելով ու կոտորելով բնակչությանը։ Հայաստանի վրայով արշավող թուրքական բանակի կատարած գազանությունների մասին ընդարձակ տեղեկություններ դարձյալ պահպանված են Ռիկոյի մոտ։ Ավելորդ չենք համարում բերել այդ վկայությունները։ «Պարսկաստան արշավելիս,— գրում է նա,— թուրքերն անզգուշորեն ընկան ծուղակի մեջ և հենց տեղում կորցրեցին յուրայիններից տասներկու հազար։ Սակայն այս անհաջողությունը չընկճեց նրանց կամքը և զորաբանակի մնացորդներով շարունակեցին առաջխաղացումը՝ ահռելի ավերածություններ սփռելով ամենուր, որտեղից որ անցնում էին։ Ահազանգված ու ահաբեկված գյուղական բնակչությունը ժամանակ էր գտնում փախչելու իր հետ տանելով ամենաթեթև անհրաժեշտ իրերը, մնացածը թողնելով թշնամու տնօրինմանը։Այսուհանդերձ, թուրքերը կանգնեցին չնախատեսված մեծ դժվարությունների առաջ։ Սրի օգտագործմանն ու հեծելավարժությանը հմուտ պարսկական հեծելազորը անվերջ հարվածներ էր հասցնում նրանց, մաս առ մաս ոչնչացնելով արյունալի ընդհարումներից
_____________________________
222 „Tarih-i Nâima", I, էջ 264:
223 Vincent Stochow, L'Ottoman ou l'abrégé des vies des empereurs
turcs depuis Ottoman I jusques à Mahomet IV à présent régnant, Cologne, 1657.
p. 106.
[էջ 169]
հետո ...Աշխարհի ամենաարգավանդ այս շրջաններում բնակչությունը դրանից հետո զրկվեց սննդամթերքից»224։ Թուրքական բանակն ընկնում է սովի ճիրանների մեջ։ Մյուս կողմից, մոտալուտ ձմեռը սուլթանին ստիպում է անհապաղ նահանջել դեպի Դիարբեքիր, այնտեղից էլ մայրաքաղաք։ «Մուրադի հեռանալը,— այնուհետև կարդում ենք Ռիկոյի մոտ,— սրտապնդեց պարսիկներին։ Հազիվ էին թուրքերը դիմել նահանջի, երբ նրանք վերսկսեցին ռազմական գործողությունները և վերանվաճեցին կորցրած երկիրը»225։ Շահ Սեֆիի կողմից շուտով պաշարվում է Երևանը և գրավվում։ Հայերեն մի ձեռագրի հիշատակարանում Երևանի պաշարումը շահ Սեֆիի կողմից թվագրված է 1635-ի դեկտեմբերի 15-ով, իսկ գրավումը՝ 1636 թ. մարտի 15-ով. «Ի թուին ՌՁԵ (1636) ի դառն և դիժար ժամանակիս,— կարդում ենք հիշատակարանում,— որ սուլթան Մուրատ թագաւորն ելաւ ի Բիւզանդիայ քաղաքէն եկաւ ի վերայ Արարատեան գաւառին յԵրևան քաղաքն էառ, գնաց ի Թավրէզ աւերեաց, յուլիսի ամսոյ ելն քաղաքն էառ և դարձաւ։ Զաշխարհս վրդովեաց որ Վանայ երկիրն գարին ամառն ԺԵ (15) ղուռուշ եղև։ Դարձեալ պարսից շահն եկաւ անչափ հեծելուք ի վերայ Երևանայ քաղաքին, դեկտեմբերի ամսոյ ԺԵ (15) քաղաքն ծեծեց մինչև ի մարտի ամսոյն ԺԵ (15) առաւ զքաղաքն»226։ Ադամ Օլեարիուսի ու այլոց վկայությամբ, շահ Սեֆին Երևանը նվաճում է մեծ կորուստների գնով։ «Թագավորը տեսնելով, որ չորս ամիս պաշարումից հետո ոչինչ առաջ չէր գնում,— գրում է եվրոպացի հեղինակը,— անհամբերությունն ու հուսահատությունը մղեցին նրան անձամբ գլխավորելու քաղաքի պաշարումը, ասելով, որ ավելի լավ է այստեղ մեռնել, քան թե ամոթալի նահանջի դիմել մի վայրից, որը սրանից առաջ թուրքերը գրավել էին երեք օրվա ընթացքում։ Նա արդեն հագել էր իր մի ծառայի հագուստը, որպեսզի չճանաչվեր ամբոխի մեջ և հարձակման հրաման էր արձակել, երբ իշխանները չհանդգնելով հանդերձ նրան հակաճառել, նրա իշխանուհի մորը աղաչեցին հասկացնել նրան, որ անհնարին էր ամրոցի գրավումը առանց ճեղքվածք բաց անելու, և որ պատահականությունը կարող էր նրա մահվան և ամբողջ բանակի ամոթալի կորստյան պատճառ հանդիսանալ։
Նա (մայրը) որպես պատասխան ստացավ վիրավորանք։ Եվ թագավորը մուրճը վերցրած ուզեց ուղիղ նետվել հարձակման։ Սակայն մեծամեծ իշխանները նետվեցին նրա ոտքը և աղաչեցին, որ իրենց
_____________________________
224 Ricaut, էջ 106։
225 Նույն տեղում, էջ 107։
226 Ղ. Փիրղալեմյան, Նշխարք... հ. Ա, էջ 209ա—209բ։
[էջ 170]
տրվի ևս մի օր, որի ընթացքում նրանք վերջին ճիգերը կթափեին ամրոցը գրավելու համար։ Ամբողջ բանակը գործի դրվեց ու գրոհով գրավեց քաղաքը, բայց և տեղում կորցրեց ավելի քան հիսուն հազար մարդ (ընդգծումը մերն է —Մ. Զ.)»227։ Բացի այդ Երևանը գրավելու համար նույն Ադամ Օլեարիուսի վկայությամբ, սեֆյան զինվորները նետերի միջոցով ամրոց են նետել հեղձուցիչ թունավոր նյութեր, «...սրանք այն աստիճան վարակեցին օդը, որ ամբողջ կայազորը շարքից դուրս եկավ և ի վիճակի չեղավ պաշտպանել քաղաքը»228։ Սա, հավանաբար, տեղի է ունեցել պաշարման վերջին օրերին, այլապես դիմադրությունը թուրքերի կողմից չէր կարող չորս ամիս տևել։ Թե ինչքանով են հավաստի Ադամ Օլեարիուսի այս հաղորդած վկայությունները, որոնք, անշուշտ, քաղված էին իրանական աղբյուրներից, դժվար է ասել։ Մի քիչ այլ կերպ է նկարագրված շահ Սեֆիի կողմից Երևանի գրավումը Ժ. Բ. Տավերնիեի մոտ։ «Մուրադը Երևանում թողեց,— գրում է նա,—քսաներկու հազարանոց մի կայազոր... Սակայն շուտով Պարսկաստանի թագավոր շահ Սեֆին մի մեծ բանակի հետ եկավ և ամրանալով քաղաքի վրա իշխող բլուրներից մեկի վրա, ութ թնդանոթների միջոցով կրակի տակ վերցրեց։ Թնդանոթները տեղակայված էին շատ կարճ ժամանակվա ընթացքում կառուցված մի փոքրիկ ամրոցի վրա։ Չորրորդ օրվանից սկսած նա ճեղք առաջացրեց և այս իշխանը, որն առաջներում չէր վայելում քաջի համբավը, առաջինը նետվեց հարձակման ու վերցրեց քաղաքր»229։
Արևելյան Հայաստանն ու Արևելյան Վրաստանը վերանվաճելուց հետո, Ադամ Օլեարիուսի վկայությամբ, շահ Սեֆին Իրան բռնագաղթված հայերի և վրացիների մի մասին թույլ է տվել վերադառնալ հայրենիք։ «Միակ լավ արարքը, որ նա (շահ Սեֆին՝) կատարեց իր իշխանության ժամանակ,— գրում է նա,— այն էր, որ թույլ տվեց այս թշվառ մարդկանց, որոնց շահ Աբասը քշել էր Երևանից, Նախիջևանից, Շիրվանից և Վրաստանից, թվով՝ յոթ հազարից ավել մարդիկ, որոնց տեղավորել էր Ֆարրահաբադում, ուր նրանք աշխատում էին խոշոր կառույցների վրա և ապրում էին ողորմելի ստրկության մեջ, վերադառնալ իրենց տուն։ Եվ սակայն միայն երեք հարյուր հոգի կարողացան օգտվել այս առանձնաշնորհումից, քանզի մնացածները մահացել էին քաղցից ու թշվառությունից»230։
_____________________________
227 Adam Oléarius, էջ 646։
228 Նույն տեղում, էջ 650։
229 J. B. Tavernier, էջ 40—41։
230 Adam Oléarius, էջ 646։
[էջ 171]
Երևանի գրավումից հետո շահական զորքերը նորից ասպատակում են Արևմտյան Հայաստանի գավառները։ «Երբ թուրքական բանակը նահանջելուց հետո գտնվում էր Էրզրումում, — գրում է Ռիկոն,—լուր ստացվեց, որ պարսիկները պաշարել են Դիարբեքիրի կամ Հին Միջագետքի սահմանում գտնվող ու անմատչելի մի ժայռի վրա կառուցված, կարևորագույն քաղաք հանդիսացող Վանը։ Քաղաքը պաշտպանվեց համառորեն, և պարսիկները չկարողացան տիրել նրան ոչ ուժով, ոչ էլ սովի միջոցով։ Սակայն պաշարումը նրանց թույլ տվեց ասպատակելու ամբողջ երկրամասը և այն աստիճան այն ավերելու, որ թուրքերը չկարողացան ոչ ձմեռել այստեղ և ոչ էլ սննդամթերք ձեռք բերել։ Այս անհաջողությանը հաջորդեց մի ուրիշը, որը (սուլթանի համար) նույնպես զայրացուցիչ էր, քանզի Մեծ Տիրակալը կորցրեց ևս տասնհինգ հազար մարդ։ Ոմն մի քուրդ պատճառաբանելով, որ ինքը Պ արսկաստանի թագավորի կողմից հալածանքի է ենթարկվել, հանձնվեց թուրքերին։ Սկզբում նա նրանց բավականին օգտակար եղավ, առաջնորդելով նրանց (թուրքերին) վտանգավոր ու անծանոթ կածաններով։ Աննշան ծառայություններով նա այնպիսի հավատ վաստակեց, որ նրան համարում էին վստահելի անձնավորություն, որին կարելի էր հաղորդակից դարձնել կարևորագույն հարցերի։ Կուրացած այդ հավատով, թուրքերը առաջնորդվելով (քրդի կողմից) շարժվեցին դեպի թշնամու ճամբարը։ Նոր էին մտել մի լեռնանցք, ընկան ծուղակի մեջ, իսկ նա միացավ պարսիկներին։ Այս դավաճանությունը պատճառ հանդիսացավ տասնհինգ հազար թուրքերի կորստին»231։
Այս ռազմական գործողություններից առավել տուժողը, անշուշտ, հայ խաղաղ բնակչությունն էր։ «Եւ ի շարժմանէ այս երկուց ինքնակալ թագաւորաց,— գրում է Առ. Դավրիժեցին,— աւերեալ ապականեցան աշխարհք՝ արևելք և արևմուտք և մանաւանդ աշխարհն Արարատա իւր շրջակայ գաւառոքն»232։
1637—1638 թթ. պատերազմական գործողությունների թատերաբեմը կրկին տեղափոխվեց Միջագետք։ Ի վերջո՝ Բաղդադն ընկավ թուրքերի ձեռքը (15 դեկտեմբերի 1638 թ.)։
Բաղդադի պաշարման ընթացքում սուլթանի հրամանով Էրզրումի կառավարիչ Քենան փաշայի զորքերն օգնական թաթարական զորքերի հետ միասին ասպատակեցին Արարատյան նահանգը։ «Դարձյալ յայսմ և թուին ՌՁԷ (1638),— գրում է Գր. Դարանաղցին,— կրկին զԵրևան և զշրջակայ գաւառին գերեցոյց տաթարն, այլ յորժամ թագաւորն գը-
_____________________________
231 Ricaut, էջ 115։
232 Առ. Դավրիժեցի, էջ 317։
[էջ 172]
նաց անհուն զօրօք դեպի կողմն Պաղտատու, հրաման արար տաթար խանին ամենայն զօրօք գնալ ի յԱրզրումն, իսկ տէր Արզրումին Քենան փաշան զօրագլուխ լիցի ամենայն զօրաց անդ հաւաքելոցն, զի միաբանութեամբ գնասցեն ի վերայ Երևանա գաւառացն և գերեսցեն առհասարակ զամենայն հայք և զտաճկահաւատսն, և զամենայն անասունք զորս գտցեն՝ յաւարի առցեն, որպէս և արարին իսկ»233։ Քենան փաշայի դեպի Երևան կատարած ասպատակության մասին խոսում է նաև Ռիկոն234։
Բաղդադը գրավելուց հետո սուլթան Մուրադ 4-րդը նպատակադրվել էր նորից հարձակվել Իրանի վրա, սակայն հրաժարվում է այդ մտքից, նկատի ունենալով մարդկային ու նյութական այն մեծ կորուստները, որ թուրքական բանակը ունեցավ Բաղդադի արշավանքի ժամանակ։ Բաղդադի գրավումից հետո, գրում է Ռիկոն, «...բանակի ընդհանուր ստուգումից հետո, նա (սուլթանը) նկատեց, որ այն նվազել է հարյուր հազար մարդով, որից երկու երրորդը սպանվել, իսկ մնացած մասը մահացել է համաճարակից և ճամբարում տարածված այլ հիվանդություններից»235։ Ուստի և սուլթանը, այս անգամ ստիպված է լինում ունկն դնել թշնամու կողմից առաջ քաշված հաշտության առաջարկներին։ «Պարսիկներն ու թուրքերը հավասարապես ձգտում էին խաղաղության։ Առաջինները հոգնել էին մի պատերազմից, որը նրանց կործանում էր։ Մյուսները, այդքան կորուստներից հետո, երբ ի վերջո հասել էին հաջողության, չէին ուզում իրենց կայսրության փառքը դնել բախտի քմահաճույքին»236։
1639 թ. մայիսի 17-ին Կասր-ե Շիրին կոչված վայրում երկու պետությունների միջև կնքվում է հաշտության պայմանագիր, որի համաձայն վերականգնվում են 1555 թ. մայիսի 26-ի Ամասիայի հաշտության պայմանները։ Թուրքերին չի հաջողվում իրենց ձեռքում պահել Երևանը։ Բանակցությունների ընթացքում նրանք համառորեն պահանջել են իրենց թողնել Արևելքում ստրատեգիական կարևորագույն նշանակություն ունեցող այդ վայրը։ «Գոյություն ուներ մի խոչընդոտ, դա էլ այն հարցն էր, թե ում է պատկանելու Երևանը,— գրում է դարձյալ Ռիկոն,— որին հավակնում էին ինչպես մեկ, այնպես էլ մյուս կողմը։ Սակայն այդ խոչընդոտը հանվեց (թուրք) վեզիրի կողմից ... և Երեվանը մնաց պարսիկներին, իսկ Բաբելոնը (Բաղդադը) թուրքերին»237։
_____________________________
233 Գր. Դարանաղցի, էջ 579։
234 Ricaut, էջ 143:
235 Նույն տեղում, էջ 153:
236 Նույն տեղում։
237 Նույն տեղում, էջ 154:
[էջ 173]
Պատերազմից չարաչար տուժած հայ ժողովուրդը, բնականաբար, ուրախությամբ ընդունեց հաշտության լուրը։ «Փառք իւր առատ բարերարութեան,— գրում է գրիչ Մարտիրոսը,— 1639 թ.,— իւր առատ գթութեամբն գթութիւն ձգեալ ի սիրտս թագաւորաց վասն ողորմեալ հայոց ազգիս և արարեալ սահման ի խաղաղութիւն և բարիշութիւն։ Եւ ետուր թագաւորն արևել(ե)ան Բաբելոնի բերդն ի ձեռն արևմտյան թագաւորին և եղև բարիշութիւն հայոց ՌՁԸ (1639)»238։ Պետք է ուրախանային, անշուշտ, հայերը, քանզի, ինչպես կարդում ենք Ժ. Շարդենի մոտ, «Աշխարհում չկա մի այլ երկիր, ուր տեղի ունեցած լինեին այդքան շատ արյունալի ճակատամարտեր ... Նա հանդիսացավ ռազմական գործողությունների թատերաբեմը թուրքերի և պարսիկների մղած վերջին պատերազմներում։ Թուրքերը կռվում էին ամբողջ Հայաստանը նվաճելու համար, սակայն բավարարվեցին այն բաժանելով պարսիկների հետ, այդուհանդերձ նրանք տիրեցին նրա մեծագույն մասին»239։
***
Հաշտության կնքումից հետո, եթե Արևելյան Հայաստանում ստեղծվում են քիչ թե շատ խաղաղ պայմաններ և երկիրը, որոշ առումով, բռնում է վերելքի ուղին, ապա արևմտահայ բնակչության քաղաքական անդորրը հաճախակի խանգարվում էր փաշաների հակակառավարական ապստամբություններով, ինչպես նաև Էրզրումի, Վանի փաշաների ու քուրդ ցեղապետերի ընդհարումներով, վերջիններիս թալանչիական արշավանքներով դեպի հայկական գավառներն ու, երբեմն, վանքերը և այլն։
1646 թ. Աբազա անունով մի ապստամբ, որն իրեն ներկայացնում էր որպես Էրզրումի նախկին կուսակալ, բարձրացրեց խռովության ալիքը և պատճառ հանդիսացավ արյունալի ընդհարումների240։
Նույն թվականին սուլթանական կառավարության դեմ խռովություն է բարձրացնում Կարսի կառավարիչը։ Մեծ վեզիր Ահմեդ փաշան Էրզրումի կուսակալ Մուհամմեդ փաշային կարգադրում է ճնշել ապստամբությունը, սակայն վերջինս վախենալով, որ դա իր դեմ ուղղված թակարդ է, ապստամբում է և գալով Սեբաստիա՝ միանում է մեծ հռչակ ու հեղինակություն ձեռք բերած Զարդար Ալի փաշայի հակակառավարական զորքերին241։ Վերջինիս ապստամբության շարժառիթների մա-
_____________________________
238 Մատ., ձեռ. № 7087, էջ 367բ:
239 Jean Chardin, II, էջ 158։
240 J. Hammer, X, էջ 129—130։
241 Նույն տեղում, էջ 145—146։
[էջ 174]
սին Յոզ. Համմերի մոտ կարդում ենք հետևյալը. «Շիտակ անձնավորություն հանդիսացող ու անկախությունը սիրող Ալի փաշան որոշեց իր ենթականերին ոտքի հանել օսմանյան բռնակալության անտանելի լծի դեմ։ Այլևս չկարողանալով հանդուրժել հարեմի կանանց գերիշխանությունը, կառավարիչների անվերջ փոփոխության պատճառով անիշխանությունը, որ տիրում էր կայսրության մեջ, նա մի շարք կառավարիչների հետ համատեղ դիմեց (սուլթան) Իբրահիմին, որ նա հրովարտակ հրապարակի այն մասին, որ հետ այսու քաղաքացիական և վարչական բարձրագույն պաշտոնյաները փոփոխվելու են յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ242։
Կառավարությունը, դրան ի պատասխան, նենգության միջոցով սեպ խրեց ապստամբների շարքերում և դաժանորեն ճնշեց ապստամբությունը։
Հազիվ էր սուլթանը ճնշում մի ապստամբությունը, երբ այն սկսվում էր մի այլ վայրում, գերազանցապես հայաբնակ շրջաններում։ Պատճառը միշտ և բոլոր դեպքերում միևնույնն էր՝ սուլթանական կառավարության բռնակալությունները և առանձին ֆեոդալների նկատմամբ վարած հալածանքի քաղաքականությունը։ «Հարեմական բռնակալությունը, սուլթանի անիմաստ պճնանքն ու մեծ վեզիրի բռնակալությունն աճում էին օրավուր»243, գրում է Յոզ. Համմերը։ «Վաճառքի հանելով պետական պաշտոնները,— այնուհետև շարունակում է նա,— մեծ վեզիրը կառավարչության մեջ ստեղծել էր ավազակության մի համակարգ, որը և ծնունդ էր տալիս ամեն տեսակի չարաշահումների ու գազանությունների»244։
Նույն այդ՝ 1646 թվականին Ակշեհիրի շրջանում ապստամբություն բարձրացրած Հայդար օղլին և Կաթըրջի օղլին իրենց խռովության շրջանակը ծավալեցին մինչև Ապարտա։ Ապստամբները, ինչպես վկայում է Երեմիա Չելեբի Քյոմյուրճյանը, սպառնում էին նույնիսկ մայրաքաղաքին։
Ընդ աւուրս ոմն Հայտար օղլի
զզօրաայս ընդ իւր ժողովեալ.
Եւ բազում անգամ փաշայք
վերայ երթան, զորս աւերեալ։
_____________________________
242 Նույն տեղում, էջ 139—140։
243 J Hammer, X, էջ 156։
244 Նույն տեղում, էջ 162։
[էջ 175]
... Ղաթըրճի օղլին խրոխտայր,
ուր հանդիպէրւ՝ զվնաս բերեալ,
Մուրատ փաշան պատգամ յըղէ,
որոյ բանիցն ոչ յաւանեալ։
Մուրատն ասեր. «Ցըրուես՝ ըղզօրսդ,
մանսուպ (պաշտոն) տացուք, լիցիս նըստեալ,
Եւ նա գայր մինչ յՈւսկիւտար
ընդ վեզիրին պատերազմ տալ245։
Այս Կաթըրջի օղլին շուտով իր ապստամբ զորքերը միացնում է Նեբի Գյուրջի անվանված մի այլ ապստամբի զորբաների հետ, որոնք Փոքր Ասիայի տարբեր մասերում կողոպտում էին գյուղերը, ավանները ու առևտրական կարավանները246։ 1649 թ. ամռանն ապստամբ զորքերը մի քանի անգամ ծանր պարտության մատնեցին կառավարական զորքերին, սակայն, ի վերջո, ստիպված եղան զենքերը վար դնել։
1651 թ, հակակառավարական այս ապստամբություններից առանձնապես տուժեցին Վանն ու Վասպուրականը, որի մասին մանրամասն տեղեկություններ են հաղորդում Առ. Դավրիժեցին և այլ հայկական աղբյուրներ։ Այդ տարին, կարդում ենք Մ. Չամչյանի մոտ, «...գրգռեալ էր խռովութիւն ի կողմանս Վասպուրականի ի մէջ երկուց տաճիկ իշխանաց, որոց մին էր հրամանատար Վանայ երկրին՝ Հիւսեյին անուն, և միւսն իշխան Խոշաբայ բերդին՝ Սիւլեյման անուն, առ որ յարեցաւ և իշխան ոմն Չոմար անուն՝ անկեաի բդեշխութենէ՝ և ապստամբեալ ի թագաւորէն օսմանցւոց՝ այր անյաղթ և անգութ։ Երկոքին սոքա Սիւլեյման և Չոմար յարձակեալ զօրօք իւրեանց ի գիւղօրէս և յաւանս Հիւսեյին իշխանին՝ յաւարի առին զամենայն»247։
Ապստամբ զորքերը, ինչպես դա արդեն սովորույթ էր, զբաղվում էին առևտրական կարավանների կողոպուտով։ Նրանցից մեկի՝ Սուլեյման-բեկի մասին Առ. Դավրիժեցին գրում է. «...Եղև երբեմն զի զճանապարհորդ կարաւանս, որ ի Վանայ գնային ի Թարվէզ և ի Թարվիզու ի Վան, սա (Սուլեյման բեկը) զկարանաւանաց բեռինսն բռնութեամբ բանայր և որ ինչ իրաց և հաւանէր, սուղ ինչ գին ձգէր ի վերայ տիրոջն և կորզեալ ի տիրոջէն յինքն առնոյր զինչսն, և պատճառէր թէ գնով գնեցի»248։
_____________________________
245 Երեմիա Քյոմյուրճյան, Պատմութիւն..., էջ 241։
246 J. Hammer, X, էջ 212—213։
247 Մ. Չամչյան, Գ, էջ 643։
248 Առ. Դավրիժեցի, էջ 494։
[էջ 176]
Այս Սուլեյման բեկն ու վերոհիշյալ Չոմարը համատեղ հարձակվում են Վարագա վանքի վրա ու կողոպտում նրա հարստությունները։ Ի վերջո, մի քանի տարի տևած այս ապստամբությունները ճնշվում են։ Վանքի կողոպտված հարստությունը Վանի մեծահարուստ հայ խոջաները, և նախ և .առաջ, Մարխաս Չելեբին, այդ «...այր երևելի և փարթամ»-ը քսակի ուժով գնում ու վերադարձնում են Վարագա վանքին։
1654 թ. ծանր ու մղձավանջային օրեր են ապրում նաև Բաղեշի ու նրա շրջակայքի հայ բնակիչները՝ Վանի կուսակալ Մելիք փաշայի և Բաղեշի ցեղապատ Աբդալ խանի զինված ընդհարումների ժամանակ։ Այդ մասին մանրամասն տեղեկություններ են պահպանված Վարդան Բաղիշեցու մոտ249։ Ընդհարման համար գլխավոր պատճառն էր ջիզիե հարկի գումարի զավթումը քուրդ ցեղապետի կողմից250։ Զինված ընդհարումն ավարտվում է Աբդալ խանի պարտությամբ։ Մելիք Փաշայի զորքերը մտնում են Բաղեշ և կողոպտում քաղաքը. «...իսկ զօրք փաշային ... մտին ի քաղաքն և յաւարի առին, և կողոպտեցին զքրիստոնեայս, և աստ էր տեսանել զաղաղակ և զողբն մեր, զի զբազումս սպանին, այսինքն քառասուն այր քրիստոնեայ սպանին»251։
Այս դեպքերը հետևյալ արտահայտությունն են գտել Երեմիա Քյոմյուրճյանի օսմանյան պատմությանը նվիրված աշխատության մեջ։
«Ի Պիթլիս քաղաք Մարաց
այն, որ Բաղեշն է կոչեցեալ,
Ապտալ խան ոմն անդ նստեր,
Ի վաղ ամաց մեծ օճաղ լեալ։
Օսմանցոց արքայք ոչ ոքն
զՆոսա նեղէ և կամ սպանեալ,
Վանայ ինչ սուղ պատճառաւ
ի մէջ զօրաց դաւ ինչ ցուցեալ։
Վանայ փաշայն կարծես էառ,
Վընասապարտ զնա գերացեալ,
Յանկարծ կոխէ զյար Ապտալին
և Իստամպօլ ըզնա յըշեալ»252։
XVII դարի 50-ական թվականների վերջերին Փոքր Ասիայի և Հայաստանի տարածքի տարբեր մ ասերում առանձին ֆեոդալների հակա-
_____________________________
249 «Մանր ժամանակագրություններ», հ. II, Երևան, 1956, էջ 395—397։
250 Նույն տեղում, էջ 396։
251 Նույն տեղում, էջ 397։
252 Երեմիա Քյոմյուրճյան, էջ 275—276։
[էջ 177]
կառավարական ելույթները նոր թափ ու նոր երանգ ստացան։ Դա կապված էր մեծ վեզիր Մեհմեդ Քյոփրյուլյուի հետամտած կենտրոնացված պետություն ստեղծելու քաղաքականության հետ։ Նա անխնա ոչնչացնում էր ամեն տեսակի կենտրոնախույս ուժերին, հաճախ ռազմական ընդհարումների թատերաբեմ դարձնելով Փոքր Ասիայի մերթ այս, մերթ այն մասը։
1657 թ. քաղաքական դեպքերին անդրադառնալիս, Մ. Չամչյանը գրում է. «Ի նոյն աւուրն հրաման յղեաց Եպարքոսն (Մ. Քյոփրյուլյուն) առ այլևայլ Բդեշխօ կողմանց ... գալ ժողովել զօրօք առ ինքն՝ ի պատրաստութիւն պատերազմի ընդդեմ մաճառաց, և յանսաստ գտանիլ նոցա՝ իբրև սկսաւ փոխել զոմանս ի նոցանէ, ապստամբեցան բազումք թուով ութ և տասն, և եղեն ելուզակք, այսինքն՝ ճելալիք»253։
Ելնելով աղբյուրների հաղորդած կցկտուր տեղեկություններից, կարելի է եզրակացնել, որ թուրք-իրանական սահմանը հաճախակի խախտվել է նաև 1639 թ. հաշտությունից հետո։ Հաճախ նման խախտումներն արդարացվել են ավազակախմբերին հետապնդելու իրավունքի պատրվակով։ Հայաստանում ճիզվիտ միսիոներների գործունեությանը նվիրված աշխատությունից իմանում ենք, որ թուրք-իրանական ընդհարումների պատճառով միսիոներներից ոմանք չեն կարողացել Երևան մեկնել Բայազետի վրայով։ «Երբ նրանք (միսիոներները) գտնվում էին Բայազետի մերձակայքում, նրանց տեղեկացրին, որ Երևանի խանը Բայազետի բեգի կամ իշխանի հետ պատերազմի մեջ է և որ նրանց վտանգ էր սպառնում գերեվարվել և կողոպտվել պատերազմող կողմերի որևէ մեկի կողմից»254։
1699 թ., Կարլովիցի հաշտության պայմանագրի կնքումից հետո, երբ Օսմանյան կայսրությունը Եվրոպայում մեծ տարածքային կորուստներ ունեցավ ու էապես թուլացավ, կենտրոնախույս խռովարար տարրերը Փոքր Ասիայի տարբեր մասերում նորից գլուխ բարձրացրին՝ ստեղծելով վերին աստիճանի ծանր իրավիճակ։ Հատկապես հաճախակի դարձան քուրդ բեգերի ապստամբությունները Քրդստանում և քրդական ազդեցության ոլորտի տակ ընկած արևմտահայ գավառներում։ 1702 թ. մայիսին խոշոր ապստամբություն բարձրացրեց Շեհրիզորի քրդերի առաջնորդ Բեբե Սուլեյմանը։ Մեծ վեզիր փաշային միայն մեծ զոհողությունների գնով հաջողվեց ճնշել ապստամբությունն ու հաշվեհարդար տեսնել ապստամբների հետ255։ Շուտով ապստամբություններ
_____________________________
253 Մ. Չամչյան, Գ, էջ 668։
254 „Estat présent de l'Arménie", էջ 257։
255 J. Hammer, XIII, էջ 59։
[էջ 178]
բռնկվեցին նաև Ուրֆայում, Մալաթիայում և այլուր, որոնք երկար ժամանակ լարված վիճակում պահեցին կառավարությանը։
Համաձայն հայկական աղբյուրների վկայությունների, նույն 1702 թ. քրդական ապստամբական ելույթներ են տեղի ունեցել Վանում ու Վասպուրականի տարբեր վայրերում՝ Արճեշում, Արծկեյում, Բերկրիում, Բաղեշում և այլուր256։ Քրդական բեգերի ապստամբություններ Վանում-Վասպուրականում արձանագրված են նաև 1711 և 1715 թվականներին257։
1703 թ. ենիչերիները գահընկեց արեցին Մուստաֆա 2-րդին։ Սուլթան հռչակվեց Ահմեդ 3-րդը (1703 —1730), որը դաժանորեն հաշվեհարդար տեսավ իրեն գահ բարձրացրած «խռովարարների» հետ։ Լա Մոտրեյի վկայությամբ, մի քանի տարվա ընթացքում սուլթանի հրամանով սպանվեց ավելի քան 30 հազար մարդ։ Անընդհատ փոփոխվում էին մեծ վեզիրները։ Քաղաքական կյանքը երկրի ներսում շարունակում էր մնալ անկայուն և խռովահույզ։
Սուլթան Ահմեդի օրոք ռուս-թուրքական հարաբերությունները ծայր աստիճան սրվեցին։ Պալատական վերնախավի հետադիմական թևը ձգտում էր ամեն գնով ետ վերադարձնել Կարլովիցի հաշտության պայմանագրով կորցրած տարածքը, այլ կերպ ասած՝ ծարավ էր պատերազմի։
Սուլթանական պալատի հետադիմական ուժերին ոգեշնչում էին օսմանյան մայրաքաղաքում Անգլիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները։ Նրանք Ռուսաստանին մեղադրում էին Թուրքիայի կողմից ստրկացված քրիստոնյաներին հովանավորելու մեջ։
Ռուսաստանի միջազգային հեղինակությունը XVIII դարի սկզբներին խիստ մեծացել էր։ 1696 թ. Ազովը գրավելուց հետո Ռուսաստանն արդեն աստիճանաբար մոտենում էր Կովկասին ու Անդրկովկասին և, բնականաբար, Թուրքիայի և Իրանի կողմից ստրկացված Անդրկովկասի ժողովուրդները, նախ և առաջ քրիստոնյաները, Հյուսիսի այդ նոր հսկային դիտելով որպես իրենց ամենահուսալի հովանավորն ու դաշնակիցը, օգնություն ու հովանավորություն էին հայցում նրանից։
1701—1703 թվականներին թուրքական տիրապետության տակ գտնվող Վրաստանում, Բոսնիայում, Չերնոգորիայում և Բալկանյան թերակղզու այլ վայրերում անվերջ ապստամբություններ էին տեղի ունենում ։
_____________________________
256 «Մանր ժամանակագրություններ», հ, I, էջ 362։
257 Նույն տեղում, էջ 363։
[էջ 179]
1711 թ. բռնկված ռուս-թուրքական պատերազմը նոր ոգևորություն առաջացրեց թուրքերի կողմից ստրկացված քրիստոնյա ժողովուրդների մոտ, սակայն Պրուտ գետի ափին ռուսական զորքերի կրած անհաջողությունը նրանց ստիպեց առժամանակ հետաձգել իրենց փայփայած երազանքների իրականացումը։ Այնուամենայնիվ, առաջվա նման հայերն ու վրացիները շարունակում էին փրկություն սպասել Ռուսաստանից, որը մնում էր Օսմանյան կայսրության քրիստոնյա հպատակների միակ հովանավորն ու հետևողական պաշտպանը։
Լրացուցիչ տեղեկություններ |
Աղբյուր՝ Զուլալյան Մ., Հայ ժողովրդի XIII—XVIII դարերի պատմության հարցերը
ըստ եվրոպացի հեղինակների.- Եր. ՀՀ ԳԱ հրատ., 1990. |
Տես նաև |
|