ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Մանվել Զուլալյան

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ XIII-XVIII ԴԱՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ ԸՍՏ ԵՎՐՈՊԱՑԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ

Previous | Բովանդակություն | Next

[էջ 249]

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀԱՅ-ԱՐԵՎՄՏԱԵՎՐՈՊԱԿԱՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ XVI —XVIII ԴԴ.

(Փաստաթղթեր)

 

Թարգմանությունը և խմբագրությունը՝

Է. Խ. ԹԱՋԻՐՅԱՆԻ և Մ. Մ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ

 

[էջ 250]

 

[էջ 251]

ՎԵՆԵՏԻԿՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԵՏ ՌՈՏԱՅԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԸ

Վերը բերվում է Պարսկաստանի և Մեդիայի ու բազմաթիվ այլ հողերի և գավառների արքա, Սոֆի մականունը կրող Արդեբիլցի իշխան Շահ Իսմայիլի ժամանակակից պատմությունը

Հետևելով նախորդ երկի (traicté) հերթականությանը, այս մեկը կբաժանենք երեք փոքր մասի։ Առաջին մասում կլուսաբանվի իշխան Սոֆիի ծագումն ու տոհմաբանությունը, երկրորդում՝ նրա ապրելակերպն ու առաջին հաջողությունները, իսկ երրորդում՝ նրա ձեռք բերած փառահեղ առաջընթացն ու ռազմական հաջողությունները։

Իշխան Շահ Իսմայիլի կամ նույնն է թե Արդեբիլցի Սոֆիի, Ղզլբաշի (Ruselbas) և Նազերի հոր կողմից հնագույն ծագումնաբանության, նրա կողմից այդ մականունը ստանալու և մայրական կողմից նրա բարձրագույն ազնվականական ծագման մասին

Մուհամմեդը՝ կախարդն ու սուտ մարգարեն, ինչպես նաև մահմեդական օրենքի հիմնադիրը, ուներ Հալի (Haly) անունով մի եղբայր, որն իր հոր մահից հետո դեռ մի փոքրիկ երեխա էր, և սնվեց ու դաստիարակվեց Մուհամմեդի կողմից։ Վերջինս նրա նկատմամբ բարյացակամ գտնվեց և հնարավորին չափ բարձր պատվի արժանացրեց։ Այդ նույն Հալիից արական իսկական և ուղղակի գծով սերում է նա, ում այսօր գռեհկաբար Սոֆի անունն են տալիս։ Ինչպես բոլոր նրանք, ովքեր արական գծով Մուհամմեդից են սերում, կոչվում են Մուհամմեդի Շերիֆ (Seriphy), այնպես էլ Հալիից սերվածները Հալիի Շերիֆ են կոչվում։ Եվ նրանք պարսկական տերության մեջ ժողովուրդների կողմից նույն պատվին են արժանանում, ինչ մյուսները, և Հալին էլ նրանց կողմից հարգված է նույնքան, որքան Մուհամմեդը։

Ի միջի այլոց, Սոֆին նրա իսկական և ճիշտ անունը չէ, դա նրա կրոնի ու աղանդի անունն է, որը պահանջում և հրամայում է, որ գլուխը համեստորեն ծածկվի։ Բուրդն էլ դրա իրագործմանը ծառայող ամե-

[էջ 252]

նաթանկարժեք բանն է, իսկ բրդին արաբերենով Սոֆի են ասում և (ըստ այդմ) այդ աղանդի մարդկանց ևս Սոֆի են կոչում։ Նրանք պետք է աղքատ ապրեն, գինի և մսեղեն չօգտագործեն, մշտապես հսկողության և պահեցողության մեջ լինեն, բայց այսօր նրանցից շատերը վատ են հետևում այդ ամենին։

Նրա իսկական և ճիշտ անունը Շահ Իսմայիլ է, այսինքն Իսմայիլ մարգարե, որի նախնիները, նույնիսկ՝ հայրը, մշտապես Արդեբիլ (Ardval) կոչվող մի փոքր երկրամասի տերերն են եղել և այդ պատճառով էլ սոֆիները կոչվում են նաև Արդեբիլցիներ։

Մինչդեռ ուրիշները նրանց կոչում են Էթնազեր (Etnazer), որովհետև նրանք տասներկու շերտերի բաժանված փաթթոց (tocque) կրելու սովորություն ունեն։ Էթնազեր արաբերեն նշանակում է «տասներկու», և քանի որ այդ փաթթոցը կամ գլխարկը ամբողջովին կարմիր է, այդ պատճառով էլ կոչվում է Ղզլբաշ (Ruselbash), այսինքն՝ կարմրագլուխ։ Այս աղանդը տարբեր պատճառներով և ժամանակի բերումով տարբեր անուններ է ստացել։

Սոֆիի հայրը խոշոր գրագետ է եղել ինչպես իրենց օրենքի, աստվածաբանության, նույնպես և գիտության այլ բնագավառներում, հատկապես աստղագիտության ասպարեզում։ Նա ապրեց խեղճ ու համեստ կյանքով։ Սրանք էլ եղան այն պատճառները (որոնց շնորհիվ) նա սիրվեց ու հարգվեց Կազեմբեկ (Razembech) թագավորի կողմից, որին մենք Ուզուն Հասան (Usum Cassan) ենք անվանում։ Այդ սերը հասավ այնպիսի աստիճանի, որ վերջինս նույնիսկ իր աղջկան ամուսնացրեց նրա հետ, այս ամուսնությունից էլ ծնվեց այդ Շահ Իսմայիլը, որին Սոֆի ենք կոչում և որը մոր կողմից սերում է շատ ազնվական ու թագավորական տոհմից։

Արդեբիլցի, Էթնազերի, Ղզլբաշ տարբեր մականուններով կոչվող իշխան Շահ Իսմայիլի աոանձին հաջողությունները, թե ինչպես իր հոր մահից հետո նա աքսորվեց և հետո վերադարձավ իր կալվածքը, նրա բարքերի և ապրելակերպի մասին, նրա արտաքինի և մեծ ապստամբության մասին, ինչպես նաև թուրք ազգի նկատմամբ նրա անասելի ատելության մասին

Այնքան ժամանակ, քանի դեռ Շահ Իսմայիլի հայրը կենդանի էր, նա միշտ աշխատեց իր զավակին սովորեցնել ազնիվ սովորություններ և ապրելակերպ, ինչպես նաև լավ գրել և, նույնիսկ՝ իրենց օրենքի մասին տեղեկություններ տալ։ Ասում են, որ երբ որդին ծնվեց, աստղա-

[էջ 253]

գիտության ասպարեզում ունեցած իր իմացությունների շնորհիվ հայրը գուշակեց, որ նա հիանալի մարդ է լինելու։ Այնուամենայնիվ, խեղճ հորը թույլ չտվեցին երկար ժամանակ զբաղվել իր որդու դաստիարակությամբ, որովհետև կարճ ժամանակ անց մահացավ Կազեմբեկ Ուզուն Հասանը, ում մոտ Ֆիլիպ դը Բուրգոնյը ուղարկել էր իր դեսպաններին՝ նրան թուրքերի դեմ գրգռելու համար։ Ահա այսպես է, որ Ուզուն Հասան թագավորը մայրական կողմից լինում է ներկայիս Սոֆիի պապը։

Ուզուն Հասանից հետո պարսկական տերության գահին նստում է նրա որդի Յաղուբ բեկը (Jacobbech), որը մեծ ատելություն ուներ Սոֆիի հոր հանդեպ, որովհետև իրեն թվում էր, թե իր քրոջ հետ նրա ամուսնությունը պետք է համարել արկածախնդրություն, ինչպես նաև անազնիվ և միաժամանակ անարգ բան։ Ուստի տերության գլուխ անցնելուց հետո, նրան թողնելով (միայն) մի փոքրիկ երկիր, աննախադեպ հալածանքի ենթարկեց և, ի վերջո, սպանել տվեց։

Իսկ Շահ Իսմայիլն իր հոր մահվան ժամանակ չնայած ընդամենը ութ տարեկան էր, բայց զգաց, որ մահվանից խուսափելու համար հարկավոր է փախչել։ Նա գնաց շատ հեռու՝ մինչև Գիլանի (Geylan) գավառ, Կասպից ծովի մոտ, Թաթարստանի հարևանությամբ։ Նա կանգ առավ Լեզիան (Lezian) կոչվող քաղաքում, որտեղից Վենետիկ են ուղարկվում բազմաթիվ մետաքսյա կերպասներ և խավոտ գորգեր։

Այստեղ, Պիրքել (Pirkail) կոչվող մի պարոնի արքունիքում նա մնաց երկար ժամանակ, այդ ամբողջ ընթացքում, այսինքն ութ տարուց ավելի, որքան էլ նրան հորդորում էին, չուզեց ընդունել ոչ մի տեսակի արքունական մսեղեն (ուտեստ) ։ Նա ապրում էր միմիայն իրեն տրվող ողորմությամբ, իսկ իր ճաշի ավելցուկը, հանուն աստծու, բաժանում էր աղքատներին։ Ներկայումս նա պետք է որ լիներ քսանութ կամ երեսուն տարեկան։ Կազմվածքով փոքր էր, բայց մարմնեղ ու գեր, արտաքինով բավական գեղեցիկ էր, իր արդարադատությամբ այն աստիճան խիստ և անաչառ էր, որ եթե կառավարության կողմից քաղաքներում և գավառներում նշանակված պաշտոնյաները (cappitaines) յուրացնում էին հպատակների կամ մասնավոր անձանց ունեցվածքը, կամ որևէ այլ հանցանք էին գործում, նրանց բոլորին սպանել էր տալիս, իսկ պաշտոնները տալիս էր ուրիշներին։

Նա անչափ ազատամիտ էր և չէր վազում ոչ ոսկու և ոչ էլ հարստության հետևից, չէր էլ գնահատում դրանք և, դեռ ավելին, այնքան շատ էր տալիս ուրիշներին, որ մարդիկ զարմանում էին ու մտածում, որ նա տեղյակ է աշխարհում գոյություն ունեցող բոլոր թանգարանների մեջ եղած հարստություններին, նույնիսկ դրամական ասպարեզում կարող է տիրանալ ցանկացածդ պաշտոնին։ Նա գինի է խմում, բայց

[էջ 254]

գաղտնի, խոզի միս է ուտում։ Սրանք այնպիսի բաներ են, որոնք արգելվում են մահմեդական օրենքով։ Եվ քանի որ թուրք ազգի նկատմամբ մեծ ատելությամբ է լցված, ուստի իր տնտեսության մեջ նա պահում է մի խոշոր ու գեր խոզ։ Եվ որպեսզի զայրացնի ու նսեմացնի թուրքերի թագավորին, այդ խոզի անունը դրել էր Բայազիտ, որը ներկայումս իշխող թուրքի անունն է։ Նա հաճույք է ստանում ամեն տեսակի առաքինի բաներից, ինչպես, օրինակ, ձեռքի, նույնպես և մտավոր ու ուսումնական աշխատանքներից։ Եվ եթե որևէ մեկը արժեք ներկայացնող մի բան բերի իր մոտ, դրա համար նա վճարում է կրկնակի, նույնիսկ՝ իր արժեքից երեք անգամ ավելի և ամեն ոք նրա մոտից հեռանում է գոհ ու բավարարված։

Իր պալատի մարդիկ և հպատակները նրան պաշտում են որպես մարգարեի, իսկ ինքն ավելի մեծ հեղինակություն ձեռք բերելու համար իրեն չի ցուցադրում կամ, հակառակ դեպքում, հանդես է գալիս ծածկված, քողարկված դեմքով՝ ինչպես ժամանակին Մովսեսն էր վարվում Իսրայելի զավակների հետ։

Ինչ վերաբերում է շքեղությանը, նա բավական համեստ է և ապրում է երկրի սովորության ու օրենքի համաձայն։ Նա ստրուկ չի պահում, ոչ էլ կին, կապված չէ ամուսնական կապերով։ Այստեղ էլ մենք ավարտում ենք երկրորդ մասը։

Այս երկասիրության երրորդ մասը վերաբերում է Սոֆի մականունով իշխան Շահ Իսմայիլի մեծ նվաճումներին և ռազմական իրադարձություններին. նախ իր երկրին և Արդեբիլ կալվածքին վերստին տիրանալուն, ապա՝ թե ինչպես նա նվաճեց Սիմիաք (Simiacque) քաղաքը:

Իսկ այժմ մնում է երրորդ և վերջին մասը, որը Սոֆի մարգարեի պատերազմական հոյակապ քաջագործություններից է։ Ուրեմն, մենք գիտենք, որ նա իր երիտասարդական վաղ տարիներին փախստական էր և. աքսորված իր Արդեբիլ երկրից և ապրում էր, ինչպես վերևում ասվել է, Թաթարիային հարակից Կասպից ծովին մոտ՝ Լեզիան քաղաքում։ Այդ ժամանակամիջոցում մահացել էր նրա մորեղբայր, միաժամանակ և իր ոխերիմ թշնամի Յաղուբ բեկ թագավորը, որը, ինչպես վերևում ասվեց, սպանել էր տվել Սոֆիի հորը և զավթել նրա երկիրն ՛ու հողերը։ Վերոհիշյալ Յաղուբ բեկ թագավորի՝ Սոֆիի մորեղբոր մահվանից հետո ամբողջ պարսկական տերությունը զենք առավ իր ձեռքը և երկիրն այնպիսի պատերազմների ու խմբավորումների բեմ դարձավ, որ երկու տարուց էլ պակաս ժամանակամիջոցում թագավորական

[էջ 255]

այդ տերությունը առնվազն հինգ անգամ ցնցումներ ապրեց և ձեռքից ձեռք անցավ։ Ահա օգտվելով այս իրավիճակից, այսինքն՝ իր հիմնական թշնամու մահից և պարսկական տերության զինվորականների ու ազնվականության իրար դեմ վարած տևական կռիվներից, Շահ Իսմայիլը հեշտությամբ կարողացավ վերադառնալ իր երկիր, տեր դարձավ իր ժառանգությանն ու հոր ունեցվածքին, այսինքն՝ Արդեբիլի շրջանին, որտեղ նա անչափ սիրված ու հարգված էր իր հպատակների կողմից։

Իր հողերին խաղաղորեն տիրանալուց և որոշ ժամանակ անցնելուց հետո, նա հավաքեց մի փոքրիկ բանակ (եթե դա կարելի է բանակ անվանել), այսինքն՝ ընդամենը երեք հարյուր հոգի, և գնաց իր երկրից ոչ հեռու (գտնվող) Սիմիաք քաղաքը, ուր վենետիկցիները բերում են չմշակված մետաքս և այլ նույնանման ապրանքներ։ նա շատ արագ ու հանկարծակի վերցրեց Սիմիաք քաղաքը և այն ամբողջովին ամայացրեց, այսինքն սրի ու հրի մատնեց այն. և դա հրաշք էր, որ կատարվեց, քանի որ այդ սակավաթիվ մարդկանցով նա կարողացավ վերցնել այն քաղաքը, որտեղ կար երեք հազար հեծյալից ավելի մի հզոր բանակ։

Թե ինչպես են պարսիկները վերաբերվում իրենց օրենքով նախատեսված մարգարե՝ Սոֆի մականունը կրաղ Շահ Իսմայիլին, ինչպես նաև նրա նկատմամբ թուրքի ունեցած վախի մասին

Այս իրադարձության ավարտից հետո, Սոֆիի հռչակը մեծանում և այնքան է տարածվում, որ շատ տեղերից, ինչպես նաև հարևան երկրներից նրա մոտ են գալիս իր աղանդին ու օրենքին պատկանող մարդիկ։ Դրա պատճառն այն էր, որ համաձայն իրենց գրքերի, նրանք իրականացված էին համարում այն մարգարեությունը, որով նախատեսվում էր նոր մարգարեի գալուստը և իրենց իղձերի կատարումը, իսկ մնացած բոլորը պիտի ոտնակոխ արվեր, նսեմացվեր և ոչնչացվեր։ Հայտնի է, որ Մուհամմեդի հերձվածը բաժանված է LXXII հիմնական աղանդների, այսպես է գրված իրենց օրենքի հիմքը հանդիսացող Ալղուրանի մեջ։ Ստացվում է այնպես, որ այդ LXXII-ից միայն մեկն (հետնորդն) է դրախտին արժանանում, իսկ մնացածը՝ դժոխքի կրակին։ Իսկ եթե որոշակի ոչինչ չկա, ուրեմն մնում է այն, որը դրախտ է գնում։ Այստեղից էլ բխում է այն իրողությունը, որ ամեն մեկը համոզված է իր ճիշտ լինելու մեջ։ Այդ յոթանասուներկուսի փոխարեն Սոֆիի աղանդը մեկն է։ Հավատացյալը մտածում է, որ հենց այդ մեկն

[էջ 256]

էլ բավական է, որ մարդիկ դրախտ գնան, ապա ավելացնում է, որ Շահ Իսմայիլը աստծո կողմից է ուղարկված, որպեսզի այդ մեկ (աղանդը) հրապարակի և ծանուցի բոլորին, բարձրացնի այն ու փառաբանի և ամբողջովին ոչնչացնի մնացած յոթանասունմեկը՝ այն հաշվով, որ եթե հնարավոր է, դրանցից ոչ մեկը չմնա։

Եվ դրա համար էլ Շահ Իսմայիլի բանակը ծախսերի և դրամական գրավականների կարիքը չունի, ճիշտ այնպես, ինչպես մեզ մոտ արվում է խաչակիրների համար՝ անհավատների դեմ կռվելիս։ Եվ այդ նպատակի համար է, որ Ասիայի բոլոր անկյուններից, նրա աղանդի մարդիկ վազում են նրա մոտ, հետները բերելով իրենց ողջ ունեցվածքն ու ընտանիքը, եթե, իհարկե, նրանց արգելք չեն հանդիսանում պարոնները (սինյորները), ինչպես վեց-յոթ տարի առաջ արել էր թուրք թագավոր Բայազիտ Օթոմանը. սա իմանալով Շահ Իսմայիլի օրեցօր աճող հռչակը և միաժամանակ նրա բանակի ու երկրի հզորանալը, Անատոլիայից և Թուրքիայից հավաքեց բոլոր նրանց, ովքեր պատկանում էին նրա աղանդին, որոնց թիվը կազմում էր տասը հազար հոգի, և նրանց բոլորի երեսին խարան դնել տվեց, որպեսզի ճանաչվեն բոլորի կողմից, որից հետո նրանց տեղափոխեց Ռոմենիա (Ռոմելի), այսինքն՝ Հունաստանի մի քանի գավառներ։ Եվ որպեսզի նրանց թույլ չտա հեշտությամբ իրար մոտ գալ, նրանց բոլորին ցրեց տարբեր հեռավոր վայրեր, այսինքն Հունաստանի, Ալբանիայի, Բոսնիայի և Սերբիայի հեռավոր անկյունները։ Հավաստի տվյալների համաձայն, մարդիկ պատմում են, որ նրանց տեսել են Մորեայում՝ Մոդոնի մեջ և որ թուրքերը սրանից տասը տարի առաջ այն (Մորեան) թողել են վենետիկցիներին։ Ընթերցողներին ենք թողնում եզրակացնելու, թե որտե՞ղ է լսված, որ Թուրքիայի նման մի հզոր պետություն վախենար Շահ Իսմայիլից, և որ ամբողջ աշխարհով մեկ շրջող լուրերը պարզ կատակներ չէին։ Բայց ավելի լավ է վերադառնանք մեր պատմությանը։

Պարսկաստանում Թավրիզ մեծ քաղաքի նվաճումը և Ալվանդ թագավորի գահընկեցությունը, և թե ինչպես Սոֆին քանդել տվեց իր մորեղբոր գերեզմանը և իր իսկ ձեոքով սպանեց մորը

Սիմիաք քաղաքի գրավումից և հաղթանակելուց հետո Շահ Իսմայիլի բանակը աճում է՝ հասնելով մինչև հազար մարդու՝ հեծյալ և հետևակ։ Այդ բոլորից հետո նա համարձակություն է ունենում գալու մեծ ու հարուստ Թավրիզ քաղաքը, որը միաժամանակ պարսկական տերության աթոռանիստն էր, և քաջաբար հարձակում է գործում Ալվանդ թա-

[էջ 257]

գավորի վրա, որն այդ ժամանակ նաև այդ քաղաքի թագավորն էր։ Նրանց միջև տեղի ունեցած կռիվը պարտություն է բերում Ալվանդ թագավորին և իր բանակում գտնվող հինգ հազար հեծյալներին, չհաշված հետևակը։ Եվ այսպես, Շահ Իսմայիլը վերցնում է Թավրիզի պարոնությունը (սենյորությունը)։ Միաժամանակ վստահեցնում են, որ նա կատարյալ ջարդ ու դաժանություն է ցուցաբերում երկրի զինված մարդկանց ու զինվորների նկատմամբ, որոնք թյուրքմեններ են կոչվում, և այդ կոտորածը իրագործվեց ոչ միայն տղամարդկանց, այլ նաև կանանց ու Փոքր երեխաների նկատմամբ, նրանց տարբեր ձևերի մահ էր վիճակված։

Եվ քանի որ իր մորեղբոր մահվանից շատ ժամանակ էր անցել և նրա նկատմամբ վրեժխնդիր լինել չէր կարող իր հորը սպանելու և իր երկիրը զավթելու համար, նա գնում է մեծ իշխանի համար պատշաճ ձևով շինված շքեղ ու հոյակերտ գերեզմանը և այն հիմնահատակ քանդում ու վերածում ավերակի՝ այն աստիճան, որ այդ գերեզմանի հետքը նույնիսկ չի մնում։ Դեռ ավելին, ոսկորները հանել է տալիս գերեզմանից, վառում և մոխիրը քամուն տալիս։ Լսելով այդ, Շահ Իսմայիլի մայրը՝ Յաղուբ բեկ թագավորի քույրը, որդուն ընդառաջ է գալիս և հանուն այն բանի, որ նրան ինքը կրել է իր որովայնում՝, սկսում է նրան մեղադրել իր մորեղբոր գերեզմանի հետ այդքան դաժանությամբ ու անմարդկայնությամբ վարվելու համար։ Պարսավանքի արժանի մոր կատարած արարքն այնպիսի արհամարհանք է առաջացնում նրա նկատմամբ և այնքան է ազդում իր վրա, որ հանկարծ հրամայում է բռնել իր հարազատ մորը և սպանել։ Ոմանք էլ ասում են, որ ինքն անձամբ է սպանել նրան։

Թե ինչպես է իշխան Շահ Իսմայիլը կռվի ժամանակ սպանում իր հակաոակորդ Ալվանդ թագավորին,և թե դրա հետեվանքով որքան է հզորանում Շահ Իսմայիլի բանակը

Վերոհիշյալ պատճառներով Սոֆիի բանակն օրեցօր աճում էր ու մեծանում և՛ թվով, և՛ հզորությամբ, և թյուրքմեն զինվորների ու այլոց վրա իր գործադրած ահավոր խիստ վերաբերմունքի շնորհիվ, շատ էին վախենում Սոֆիի անունից։ Այս բոլորն իմանալով հանդերձ, Ալվանդ թագավորը չի հուսահատվում ու չնայած կռվի մեջ իր կրած պարտությանը և իր երկրից վտարվելուն, ինքը, լինելով բավական մեծ քաջության տեր, ինչպես նաև խելացի մարդ, ձեռնարկում է մի նոր՝ նախորդից էլ ավելի հզոր բանակ կազմելուն և, ազնվականների օգնությամբ ու հովանավորությամբ, ինչպես նաև երկրի զինված մարդկանց

[էջ 258]

ու զինվորների աջակցությամբ, գալիս է Պարսկաստանի մեծ քաղաք Թավրիզ, որը, ինչպես վերևում ասվեց, նվաճված էր Սոֆիի կողմից։ Եվ երբ արդեն մոտեցել էր քաղաքին, բաց դաշտում կռվի հրավեր է ուղարկում Սոֆիին։ Դա այդ երկրի ռազմական հին սովորույթներից էր՝ գյուղացիներին վնաս չպատճառելու համար նրանք երբեք հերկված դաշտերում չէին կռվում, կռիվը տեղի էր ունենում չմշակվող դաշտում և հաղթողը դառնում էր երկրի տերը։

Լսելով այդ լուրը, խեղճ Սոֆին հավաքում է իր բանակը, որը և´ զորությամբ, և´ մարդկանց քանակով Ալվանդ թագավորի բանակից երկու-երեք անգամ փոքր էր։ Այդ վիճակով էլ նա քաջաբար կռվեց նրա դեմ ու հաղթանակեց՝ փախուստի մատնելով նրա բանակի մեծ մասը։ Իր բանակն էլ քիչ զոհեր չտվեց։ Իսկ այդ հաղթանակն այնպես վախեցրեց ու հուսահատեցրեց թյուրքմեն զինվորներին (որոնք, ինչպես վերևում ասվեց, երկրի զինված ուժերն են և որոնց ձեռքում են գտնվում երկրի ռազմավարական արվեստն ու ռազմական գործողությունների ղեկավարությունը), որ նրանք սարսափահար փախուստի դիմեցին, չէին գտնում մի տեղ, ուր կարողանային իրենց քիչ թե շատ ապահով զգալ։ Եվ այսպես, Շահ Իսմայիլը հաղթականորեն մուտք գործեց Թավրիզ քաղաքը, և այնպիսի մեծ փառքով ու շուքով, որ այդ հաղթանակին հաջորդած մի քանի օրվա ընթացքում ավելի մեծ թվով մարդիկ եկան-միացան իր բանակին, որի մ արդկանց թիվը հասավ մինչև վեց հազար և դեռ ավելի հոգու։

Այն մասին, թե որքան զայրացավ Մուրադ խանը իշխան Շահ Իսմայիլի կամ Սոֆիի վրա

Այնպես ստացվեց, որ Մուրադ խանը (որը այդ կողմերում մեծ իշխան էր) իմացավ իր զարմիկ, իսկ ուրիշներն էլ ասում են՝ իր եղբորորդի Ալվանդ թագավորի մահվան լուրը, ում, ըստ իրենց միջև կայացած համաձայնության, տվել էր Թավրիզի պարոնությունը (սենյորությունը) և դրա դիմաց որպես պարգև ստացել Պարսից երկրի մի այլ, շատ փառահեղ քաղաք՝ Սիրաս անունով։ Այս քաղաքը շատ առատ էր նուրբ մետաքսից պատրաստված կերպասներով, որոնցից թե՛ մարդկանց, թե´ ձիերի համար պատրաստում են հանդերձ ու լծասարքեր, որոնց ով նույնիսկ ծանոթ է, միևնույն է՝ այնքան լավ չգիտե, որպեսզի կարողանա նկարագրել դրանք։ Ուրեմն, այդ Մուրադ խանը, լսելով Շահ Իսմայիլի կողմից թյուրքմեններին ու նրանց կանանց և երեխաներին հասցված կորուստն ու անպատվությունը, ինքը որպես ռազմական գործին բավական քաջատեղյակ մարդ՝ իմանալով, որ Սո–

[էջ 259]

ֆիի դեմ բանակ հանելու դեպքում իր ուժը գնալով կմեծանա, որոշեց իրագործել իր մտադրությունը, և այն էլ հնարավոր չափով շուտ, ու ոտքի հանեց շատ հզոր մի բանակ։ Նա իր բոլոր ուժերը հավաքեց, միացրեց իրար և ելնելով իր փորձվածությունից, մտածեց որ վերջնականապես Սոֆիին պարտության մատնելով, ինքն առանց որևէ արգելքի կդառնա ամբողջ Պարսկաստանի թագավորը, եթե, անշուշտ, ամեն ինչ իր համար բարեհաջող ավարտվի։

Եվ այսպես, կարճ ժամանակում Մուրադ խանը հավաքում է 12 հազար ձի ունեցող մի հզոր հեծելազոր՝ զինված զենք ու զրահով։ Նա իր հետ տանում էր նաև մեծ թվով հետևակ զորքեր, որոնք կոփված էին կռիվներում։ Այդ բանակով նա ճանապարհ ընկավ դեպի Թավրիզ մեծ քաղաքը՝ իր հետ տանելով նաև իր բոլոր կանանց ու երեխաներին։ Այդ լուրը Շահ Իսմայիլին հասնելուց անմիջապես հետո, նա դառնում է գազազած մի վիշապ կամ առյուծ և, ամբողջովին ոգևորված, քիչ ժամանակում հավաքում է այն մի բուռ մարդկանց, որոնք կազմում էին իր բանակը, որի հեծյալների ու հետևակի թիվը ութ հազարից չէր անցնում և որը Մուրադ խանի մարդկանց թվի հետ համեմատած համարյա ոչինչ էր։

Եվ թեև Սոֆիի այդ ոգևորությունը կռվի նկատմամբ շատ էր ուժեղ, բայց նա կարողացավ համբերել, որ թշնամին Թավրիզը պաշարելու մտադրությամբ մոտենա, իսկ ինքը քաջաբար գնաց դեպի Սիրաս՝ նրան դիմավորելու։ Այդ երկու քաղաքները իրարից քսան օրվա հեռավորության վրա են։ Եվ այսպես, նրանք իրար ընդառաջ գնացին և երբ համարյա ճանապարհի կեսին հանդիպեցին, Շահ Իսմայիլը, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ իր ուժը Մուրադ խանի ուժից ավելի փոքր է, նախահարձակ եղավ ու ներխուժեց թշնամու բանակի մեջ։ Բայց աոաջին ընդհարման ժամանակ Սոֆին կորուստներ ունեցավ, քանի որ իր մարդկանցից շատերը մահացան կամ վիրավորվեցին։ Այդուհանդերձ նրանք ձևացրին, թե փախուստի են դիմում։ նրանցից և ոչ մեկը մահից չէր վախենում, որովհետև միշտ հուսով էին, որ մահից հետո իրենք պետք է ապրեն հավերժական կյանքով։ Եվ այդ էր պատճառը, որ Սոֆիի մարդիկ այնպիսի կատաղությամբ էին կռվում, որ նույնիսկ քայլում էին իրենց վիրավոր ընկերների վրայով և ոչ մի վախ չունեին։ Նրանք կռվում էին այնպիսի ոգևորությամբ և եռանդով, որ Մուրադ խանի ամբողջ բանակը խուճապի մատնվեց։ Դա իսկապես կարելի էր համարել հրաշք, ավելի շուտ աստվածային, քան մարդկային բան։

Մահացածների թիվն անչափ շատ էր։ Այս անգամ գերիներ չեղան, բացի կանանցից, որոնց իշխան Սոֆին ամուսնացրեց իր մարդկանց հետ և վերցրեց ունեցվածքի մի մեծ ավար, ինչպես նաև բավական մեծ

[էջ 260]

քանակությամբ զենք ու զրահ։ Իսկ Մուրադ խանը փախավ Բաղդադ և, ինչքան ինձ հայտնի է, նրանից այլևս ոչ մի տեղեկություն չի ստացվել։

Իշխան Շահ Իսմայիլի այլ հաղթանակների ու նվաճումների մասին

Եվ այսպես, երջանիկ, բախտավոր ու քաջ Սոֆին շարունակում է իր հաղթարշավը, և իր բանակը ուղղություն է վերցնում դեպի Սիրաս, ուր և հասնում է մի քանի օր հետո։ Այսպիսով, առանց որևէ դիմադրության, նա տիրանում է պարոնական (սենյորական) այդ հողերին։ Եվ քանի որ այդ քաղաքում մեծ քանակությամբ զինամթերք կար մի ամբողջ բանակ զինելու համար, նա այդտեղ էլ մնում է բավական երկար ժամանակ։ Նա սկսում է իր մարդկանց ավելի կատարելագործել զինվորական ծառայության մեջ և նրանց քանակը հասցնում է մինչև հիսուն հազարի և նույնիսկ ավելի։ Եվ այսպես, մարդիկ, որոնք առաջ զինված էին պարզունակ զենք ու զրահով, սկսեցին կրել ավելի գեղեցիկ ու թանկարժեք զենքեր՝ այնպես որ նրանց տեսնողները հիացական գնահատականի խոսքեր էին ասում։

Այսուհետև, իշխան Սոֆին տեսավ, որ Պարսկաստանում այլևս մեծ հեղինակություն ունեցող որևէ պարոն չի մնացել, բացի մի պաշտոնյայից, որը առաջնորդն էր մի քաջ ազգի և տերն էր յոթ անառիկ դղյակների, որոնք իրենց անմատչելի դիրքի շնորհիվ նրան հնարավորություն էին տվել չենթարկվելու որևէ պարսիկ թագավորի, բացի Սոֆիի մայրական պապ Ուզուն Հասանից, ուստի Սոֆին որոշեց նրա դեմ դուրս գալ, որովհետև դա համարում էր ավելի շուտ պատվի գործ, բայց այդ ծրագիրը իրագործելն ամենևին հեշտ չեղավ, քանի որ երկու տարի շարունակ նա ստիպված եղավ պաշարել այդ յոթ բերդերը և պատերազմական գործողությունների մեջ լինել։ Այստեղ նա կորցրեց իր մարդկանցից շատերին, ինչպես նաև իր գլխավոր կապիտանին։ Եվ, ի վերջո, նա տիրացավ այդ յոթ բերդերին ու վերադարձավ հաղթանակով։ Դրանից հետո Մեդիայում և Պարսկաստանում նվաճեց էլի մեծ թվով խոշոր քաղաքներ, որոնցից ամենամեծն ու կարևորը Հերն էր, մնացածների անուններն ինձ անհայտ են։ Այնուհետև նա իր ճանապարհն ուղղեց դեպի Տրավա և Խորասան։ Ճանապարհին նա ջարդեց թուրքմենների ուժեղ դիմադրությունը, որոնք թալանում և Փախուստի էին մատնում այն բոլոր առևտրականներին, որոնք այնտեղից անցնելով գալիս էին Թավրիզ։ Այդ հաղթանակից հետո նա տիրացավ մի մեծ հարստության և մեծ քանակությամբ տարբեր տեսակների մետաքսից

[էջ 261]

պատրաստած կերպասների, որոնք թյուրքմենների պաշտոնյաների կողմից հափշտակվել էին տարբեր ազգերի վաճառականներից։

Բացի դրանից, նա նվաճում է նաև բազմաթիվ այլ երկրներ և տիրույթներ, որոնց անունները, սակայն, մեզ հայտնի չեն, բայց մյուս կողմից Պորտուգալիայի թագավոր Էմմանուելը դեպի Հնդկաստան տանող իր ճանապարհին նրանից վերցնում է ծովափի (Պարսից ծոցի) վրա գտնվող մի քանի բնակավայր։

Նա, ումից ես իտալերենից ֆրանսերեն թարգմանեցի պատմության այն մի հատվածը, որ գրվել էր Վենետիկի ներկայիս դքսին հազար հինգ հարյուր ութ թվականին, ասում է այն մասին, որ երբ ինքը Հալեպ քաղաքից գնում է Սիրիա, իշխան Սոֆին և իր բանակը գտնվում էին Թավրիզից ութ օրվա հեռավորության վրա և կանգնած էին այն միակ բերդի առաջ, որը դեռևս գտնվում էր թյուրքմենն երի ձեռքում։ Կարելի է վստահ լինել, որ նա նվաճած կլինի նաև դա, քանի որ իր բանակն անչափ հզոր էր և հաշվվում էր մոտավորապես չորս հարյուր հազար մարդ, որոնցից հարյուր հազարը լավ զինված էին զենք ու զրահով։ Այս տեղեկությունները քաղվել են այդ շրջաններից եկած առևտրականների բերանից, նրանք նաև տեղեկացրել են, որ նույն Սոֆին սուլթանից և թուրքերից իր նվաճած հողերն արդեն բաժանել էր իր բարոնների և սպաների միջև։

Այդ նույն վաճառականները նաև ավելացնում էին, որ Սոֆի թագավորը մտադիր էր այդ բերդաքաղաքի առումից հետո գնալ դեպի Բաղդադ, ապա դեպի Միջագետք, որտեղից կգար դեպի Բարձր Հայք և Ներքին Հայք, ուր նա ընդհանրապես մեծ դիմադրության չէր հանդիպի։ Եվ այս ծրագիրը իրագործելուց հետո նա սահմանակից կլիներ մի կողմից Սուդանի իշխան Ալադոլադին, իսկ մյուս կողմից՝ թուրք թագավորին. և այդպիսով կկարողանար հիմնել իր կայսրությունն այնպես, ինչպես ինքը կցանկանար, կամ էլ կարող էր որոշ ժամանակ մնալ այնտեղ, որտեղ ինքը ներկայումս գտնվում էր։

Այն մասին, թե ինչպիսի ատելություն է տածամ իշխան Սոֆին հրեաների և թուրքերի նկատմամբ և թե ինչպես է նա օժանդակում քրիստոնյաներին իր հաղթանակներից հետո, քրիստոնյա իշխաններին ուղարկելով դեսպանություններ և իր գործողությունների վերաբերյալ թարմ տեղեկություններ

Շահ Իսմայիլն այնքան խորն էր ատում հրեաներին, որ որտեղ էլ նրանց հանդիպեր, աչքերը հանել էր տալիս և ազատ արձակում։ Բայց նա է´լ ավելի հալածում էր թուրքերին և բոլոր նրանց, ովքեր ընկնում

[էջ 262]

են իր ձեռքը, չեն խուսափում վատթարագույն մահից։ նա նույնիսկ քանդել էր տալիս նրանց տաճարներն ու մզկիթները։ նա ասում է, որ իր թրի սուր ծայրը երբեք չի դադարի կտրելուց և ջարդելուց մինչև այն ժամանակ, երբ որ ինքը վերջ կտա բոլոր նրանց, ովքեր իրենց պաշտամունքը կատարում են կեսօրին՝ ինչպես թուրքերը և մահմեդականներն են անում, փոխանակ մեր՝ քրիստոնյաներիս պաշտամունքի, որը կատարվում է արևածագին։ Քրիստոնյաների նկատմամբ նա բարյացակամ է, որովհետև որևէ թշնամական վերաբերմունք չի ցուցաբերում նրանց եկեղեցիների և մատուռների նկատմամբ։ Իր հետ տանում է նաև հայ պատրիարքին և մեր դավանանքին պատկանող բազմաթիվ քահանաների ու կրոնավորների, դրանով ցանկանալով ցուցադրել մահմեդական օրենքը խորտակելու, տակնուվրա անելու և կործանելու իր ունեցած մեծ ցանկությունը։ Այդ նպատակով նա բազմիցս համոզում է քրիստոնյա իշխաններին, որպեսզի Եվրոպայի հետ համատեղ պատերազմ հայտարարեն Թուրքիային, իսկ ասիական կողմից իրեն օգնություն հարկավոր չէ։

Սոֆիի դեսպաններից մեկը, որն այդ հարցով Սոֆիի կողմից ուղարկված էր Հունգարիայի թագավորի մոտ, հայտնաբերվել և տարվել էր Կոստանդնուպոլիս, որտեղ թուրք ղեկավարության հրամանով կտոր-կտոր էր արվել։ Մնացածները, ովքեր դիմել էին քրիստոնյա այլ իշխաններին, ինչպես, օրինակ, կայսրին կամ թագավորին, կողոպտվեցին վենետիկցիների կողմից, որի համար նրանք զգուշացվեցին Վերսեյում ծնված մեսսիր Լոյս Հելիանի կողմից՝ իր հանդիսավոր ճառի մեջ, որ նա թագավորի անունից արեց Մաքսիմիլիան կայսրին։ Կարճ ասած, իշխան Սոֆին մեծ սիրով լծվում է Մուհամմեդի օրենքի կործանմանը, որը կաթոլիկական սուրբ հավատի հիացմունքին է արժանանում։ Եվ իսկապես, նա արդեն բավական մեծ վնաս է հասցրել թուրքին և մեկ օրվա մեջ կռվի ժամանակ սպանել է տասնինը հազար թուրքերի, որոնց առաջնորդն է եղել ներկայիս իշխող թուրք Բայազիտ Օթոմանի* զավակներից մեկը։ Այդ Սոֆի կոչեցյալը գրավում էր Արղիմին քաղաքը**, որը գտնվում է բուն թուրքական հողի վրա, և այստեղ ամրացել է Կարամանի մեծ պարոն (սենյոր) Ալադոլադ կոչվող մեծ իշխանի օգնությամբ, որը իրեն թույլ էր տվել անցնելու իր հողերի վրայով։

Թուրքը շատ է ցանկանում բանակցությունների մեջ մտնել Սոֆիի հետ՝ իրեն հանգիստ թողնելու խնդրով, դրա փոխարեն տալիս էր ամ-

_____________________________

* Խոսքը վերաբերում է Բայազետ II-ին (1481 — 1512 թթ.)։
** Նկատի ունի Կարինը (Էրզրումը)։

[էջ 263]

բողջ Տրապիզոնի կայսրությունը*, սրան ավելացրած նաև երկու միլիոն ոսկի, որպեսզի Սոֆին իր ամբողջ բանակով ետ գնա Պարսկաստան, բայց Սոֆին մերժեց այդ առաջարկոլթյունը, ասելով՝ ինչպես Ալեքսանդրը՝ Դարեհին, որ ինքը ուզում է ամբողջը ունենալ։

Իշխան Սոֆիի հռչակի մասին հասած առաջին տեղեկությունները հայտնի դարձան այն ժամանակ, երբ պայծառափայլ Ռավեստենի կոմս Ֆիլիպը հազար հինգ հարյուր մեկին գնում է Մաթըլեն կղզի՝ թուրքերի դեմ։ Իսկ վերջին լուրերը ստացվեցին Հռոդոսի պայծառափայլներից, որոնք դրա մասին նամակով հայտնում էին Քանդըլորին, որն այդ ժամանակ գտնվում էր Յասի կիրճում։ Այդ նամակի թվականն էր՝ քսաներկու օգոստոսի հազար հինգ հարյուր տաս, այնտեղ ծանուցվում էր, որ Սոֆին իրեն բանակատեղի է ընտրել Սիրիայի Հալեպ քաղաքի մոտակայքը, որը վերոհիշյալ Յասի կիրճից երեք օրվա հեռավորության վրա է գտնվում և Երուսաղեմից շատ հեռու չէ, և որ այդ Հալեպ քաղաքի բնակչությունն օգնություն է խնդրել Սուդանից, և որ այս վերջինս իր մահմեդականներով և մամլյուկներով շատ էր վախենում Սոֆիի հզորությունից, և որ պարզ էր մի բան, որ այդ Հալեպ քաղաքը հավանաբար երկար ժամանակ չէր կարող դիմադրել նրա հզորությանը։ Բացի այդ, Հալեպի պարոնը (սենյորը) Սոֆիի կողմից ուղարկված ոչ մի վենետիկցի դեսպանի չէր ընդունել և այդ դեսպանին ուղարկել էր մեծն Կահիրեում նստած Սուլթանին՝ Սոֆիի նամակներով, որոնց միջոցով նա Վենետիկի պարոնուհուն (սենյորիային) կոչ էր անում մի ուժեղ բանակ կազմել և ծովի վրայով այն (մի կողմից) հասցնել Բարյութի (Բեյրութի) ափերը և մյուս կողմից էլ դեպի Սուլթանի հողերը։ Այդ նույն Սոֆին քրիստոնյա իշխաններին ամեն գնով հորդորում էր բնաջնջելու անհավատներին, եթե, անշուշտ, Պապն էլ հավանություն տար այդ ծրագրին։

P. Raphaël du Mans. Estat de la Perse en 1660. Publié avec notes et appendice par Ch. Schefer. Paris, 1890, Appendice; pp. 259-276.

_____________________________

* Տրապիզոնի հունական Կոմենասների կայսրությունը (1204 —1461 ) հարատևեց մինչև 1461 թ., երբ նվաճվեց թուրքական սուլթան Մեհմեդ II-ի կողմից։

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Զուլալյան Մ., Հայ ժողովրդի XIII—XVIII դարերի պատմության հարցերը ըստ եվրոպացի հեղինակների.- Եր. ՀՀ ԳԱ հրատ., 1990.
Տրամադրել է՝ Միքայել Յալանուզյան
Սկան՝ Անի Քամալյան, Վահագն Մխոյան
OCR՝ Արշակ Ծառուկյան, Սոնա Ավագյան, Նելլի Հարությունյան, Գրիգոր Երիցյան, Անի Քամալյան, Հասմիկ Սողոմոնյան
Ուղղագրում՝ Լինա Քամալյան

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice