ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian
Ջիվանի

ՋԻՎԱՆՈՒ ՔՆԱՐԸ

Նախորդ էջԲովանդակություն  | Հաջորդ էջ

[ էջ 91 ]

ԵՐԳ

Տաճկահայի ազատություն,
Հազար ափսոս հիվանդ ծնար,
Հայի վերքին փարատություն
Չբերիր, լավ բժիշկ չեղար։

Խեղճ հայու երկնքի վրա,
Սև ու մռայլ ամպ կխաղա,
Հայաստանում արև չկա,
Նույն է՝ առաջվա պես խավար։

Փչեց ազատության փողը,
Դարձյալ վերքոտ հայի կողը,
Սահմանադրության շողը
Ծագեց միայն Պոլսի համար։

Գավառներում դեռ ոչինչ բան
Չէ փոփոխվել, կա անխափան,
Բռնություն առաջվա նման
Տկարները սարսափահար։

Բեկ ու փաշա հին ստահակ,
Սահմանադրությանը ներհակ,
Արյունարբու գող, ավազակ,
Մեկը մեկից չար ու վատթար։

[ էջ 92 ]

Առայժմ ի՞նչ պետք է, Ջիվան,
Սուր գերանդի հնձող մահվան,
Վատերուն մեկ-մեկ գերեզման,
Լավերուն՝ ազատ գաղափար։

1898

[ էջ 93 ]

ԱՆԻ

Հանդիպողը քեզի՝ տխրի, կմնա,
Տեսնելով վիճակդ թշվառ քո, Անի՛:
Անիրավը երբեք էլ մոտդ չի գա,
Բախտդ ուրացել է իսպառ քո, Անի՛։

Պալատներդ հողին եղած հավասար,
Կրկին նորոգվելու էլ չունիս հնար,
Վանքերդ կիսաքանդ առանց ժամարար
Ուր է դրությունդ պայծառ քո, Անի՛:

Ո՞ւր է Աշոտ Երկաթ, ո՞ւր Վահրամ Իշխան,
Ո՞ւր է Սմբատ մեծ շահընշահ ախոյան,
Վեստ Սարգսի ձեռոք կերավ Հունաստան,
Ո՞ւր է սեգ Գագիկդ կայտառ քո, Անի՛։

Չունիս շեն մնացած մի տուն, մի փողոց,
Դարձել ես բուերու ձագոց օրորոց,
Այգիներդ ողջն եղել են փշանոց,
Գոնե չէ երևում մեկ ծառ քո, Անի՛։

Կիսամեռ ես, չկան ձեռքերդ ուժեղ,
Արդեն քարակույտ ես, էլ չես փառահեղ,
Գտնվում են ամեն երկիր, ամեն տեղ,
Ժողովուրդդ պանդուխտ, չվառ քո, Անի՛։

[ էջ 94 ]

Անասնոց հոտերը զորքերուդ տեղակ,
Կոխկրտում են քեզի ազատ, համարձակ,
Օրավուր դառնում ես կրկին ավերակ,
Անտարբեր որդիքդ են պատճառ քո, Անի՛:

Նենգեր չլինեին, ով դու նախաթոռ,
Կապրեիր պապե-պապ մինչև թոռե-թոռ,
Վանքերուդ քարերը շինում են ախոռ,
Գյուղացիքդ տգետ, ցանցառ քո, Անի՛։

Էչ ոչ ավան ունիս, ոչ էլ ագարակ,
Չունիս աղոտ լուսով գոնե մեկ ճրագ,
Այրի աղքատ կնոջ նման, խեղճ քաղաք,
Հանդերձներդ պատառ-պատառ քո, Անի՛։

Նման ես ջախջախված ծովասույզ նավի,
Տեսնողը չի օգնիլ, միայն կցավի,
Դրությունդ նույնն է, չի փոխվել լավի,
Գարուն, ձմեռ, ամեն ամառ քո, Անի՛։

Քո մեջդ այնպիսի մարդիկ գտնվան,
Որ քեզի մատնեցին Հուդայի նման,
Պատճառը չար հոգի իշխաններն եղան,
Որ չմնաց ճրագդ վառ, քո Անի՛։

Անունդ, պատիվդ խփեցին քարին,
Ուրացան արարչին, հետևան չարին,
Թագավորդ վաճառեցին օտարին,
Քահանայքդ կերան կաշառ քո, Անի՛։

Չկա զանգակի ձայն, չկա ղողանջյուն,
Լռություն է տիրել ամեն մի անկյուն,
Տաճարներուդ միջից սաղմոսերգություն
Էլ չէ լսվում քաղցրաբարբառ քո, Անի՛։

[ էջ 95 ]

Նրան էլ է դիպել մահառիթ նետը,
Որ այդպես տխուր է, չի խոսվիլ հետը,
Արյուն, արտասուքով Ախուրյան գետը,
Մոտեդ կանցնի միշտ անսպառ քո, Անի՛։

Միջիդ շահասեր մարդիկ ոխակալ,
Քուկիններիդ կհանեին միշտ սխալ,
Գետը դարձուց, քեզ չկարաց օգուտ տալ՝
Կաթողիկոսդ վեհափառ քո, Անի՛։

Մի լար, մայր, ողբալի քաղաք, դուն մի լա,
Տաճարներուդ պաշտպան մեծ հայրապետ կա,
Մի՞թե չի մտածել նա քեզի վերա,
Արարատդ բնագավառ քո, Անի՛։

Երբ քեզի կործանեց գոռոզ թշնամին,
Հայության դրոշն էլ ընկավ միասին,
Տգետաբար քեզ այս ավուր հասցրին,
Չար որդիքդ տիրավաճառ քո, Անի՛։

Ջիվանի, սրտագետ էակը արդար
Բարուն բարի կուտա, չարին էլ միշտ չար.
Քեզ կործանող ազգը չապրեցուց երկար,
Արարիչդ սուրբ անաչառ քո, Անի՛։

[ էջ 96 ]

ԵՐԱՆԻ ԵՎ ՎԱՅ

Ձմեռն եկավ ճերմակ մորուք,
Հետը բերեց քամի ու բուք,
Երկինքն ամպոտ, երկիրն անշուք,
Վայ գա դուրսը մնացողին,
Օտար երկիր գնացողին։

Ով որ կրթել է ինքն իրան,
Քչով կլինի բավական.
Ձմեռ, գարուն մեկ է նրան,
Երանի պարզ խնդացողին`
Վայ գա ազատ մտածողին։

Անուշ լեզուն շաքարահամ,
Օձին կլինի բարեկամ,
Հոգին խաղաղ է ամեն ժամ.
Երանի մեղմ խոսացողին,
Վայ գա կրքոտ բարկացողին։

Անհոգ մարդը երջանիկ է,
Չի մտածել, թե բոբիկ է,
Խևին ամեն օր զատիկ է,
Երանի չըկարդացողին,
Վայ գա կիսատ հասկացողին։

[ էջ 97 ]

Ընկածին վատ խոսք չեն ասիլ,
Երբ ոչ ոքի չի վնասիլ.
Աղքատ մարդուն չեն բամբասիլ,
Երանի հաց մուրացողին.
Վայ գա հոգի որսացողին:

Խարդախ մարդը կեղտոտ գավ է,
Խաբեությունն էլ մեկ ցավ է.
Ժլատը ստլիկից լավ է,
Երանի չխոստացողին,
Վայ խոսքը չկատարողին։

Ջիվան, ամեն հասարակ քար
Չի լինի թանկագին գոհար.
Պաշտելի, սուրբ գործի համար,
Երանի քաջ մահացողին,
Վայ կենդանի ուրացողին։

1899

[ էջ 98 ]

* * *

Ես մի քաղցր ձայն լսեցի մարտի մեջը, մեծ պասին,
Օգտավետ ու դուրեկան էր նոր նվագը Կավկասին,
Արիք, եղբայրք կավկասեցիք, գնանք մեկտեղ լսելու,
Այդ վերանորոգիչ ձայնովը մենք նորոգվենք միասին։

Երբ փեսան գա տեսնի համերաշխության ջահը,
Հինգ հիմար կույսերի նման չը սիրենք նինջը, մահը,
Ձեռք-ձեռքի տանք, խոհեմ լինենք, հարգենք մեր երկրի շահը,
Մենք ինքներս առիթ չտանք նոր գալիք ջոկ վնասին։

Եկ Ջիվանուս հետ միասին մեկ խորհուրդով ընթանանք,
Բարեպատեհ ժամանակի պարգևից զուրկ չըմնանք,
Սիրենք անկեղծ սիրով իրար, միայն թե խելք ունենանք,
Մեր հոգսերը, մեր ցավերը ինքն իրանց կպակասին։

1905

[ էջ 99 ]

* * *

Հայկուհի, տունը մնացիր, փեսայիդ բանտը տարան,
Հարսանիքը վերջացավ, լռեց սրինգ, նվագարան,
Դրացոց աղջիկները ամեն մեկը ամուսնացան,
Ա՜խ, քու բախտդ, որբուհի, կարծես մտել է դամբարան:

Մորաքրոջդ տգեղ աղջիկը փեսային գտավ,
Մոտ օրերս հրճվելով, ցնծալով առագաստ մտավ,
Խղճալի կույս, քու փեսայիդ ազատության լուր չեկավ,
Արծաթի գույն ստացան հյուսակներդ շարան-շարան։

Վատ, չարակամ, անխղճմտանք, մարդատյաց խավարները
Մարեցին կյանքիդ լուսատու վառվռուն ղամպարները,
Ոսկի մանյակի փոխարեն անիրավ վատթարները
Քու վիզդ անցկացրին երկաթե, պողպատե պարան։

Հայտնի է ինձ, Ջիվանուս, սուրբ տունը ամրոց դարձրին,
Փոխեցին հին թոնիրը, դժողքի հնոց դարձրին,
Գռեհիկները եկան նրան փշանոց դարձրին,
Որ ուներ քու մայրիկդ դրախտի նման վարդարան։

1904

[ էջ 100 ]

ՀԱՄԲԵՐՈԻԹՅՈՒՆ

Ժուժյա՛, սի՛րտս, և համբերե ցավերուն,
Համբերելով ամեն մի գործ կատարի.
Աստված հասնի նախ ընկղմած նավերուն,
Հետո ինձ թշվառիս սուրբ տերն բարի։

Հիշե տերը, օրինակ ա՛ռ նորանից,
Չարչարվելով՝ օրհնանք կելլեր բերանից,
Շնորհակալ եղի՛ր դու այսքան բանից,
Սի՛րտ, դու այս ցավերը տա՛ր և հոժարի։

Կկրեմ անունը այն Հմայակին,
Որ է քաջ եղբայրը սուրբ Նահատակին,
Սիրտ, հիշե Ղևոնդին ու սուրբ Սահակին,
Բանտում չարչարվեցան քանի մեկ տարի։

[ էջ 101 ]

ՍԱՐՅԱԿ

Հեղեղն եկավ հարավից ու հյուսիսից,
Թռիր սարյակ, թռիր, կյանքդ ազատիր.
Ջուրը ելավ, բարձր կանգնեց Մասիսից,
Թռիր սարյակ, թռիր, կյանքդ ազատիր,
Գնա մի ուրիշ տեղ բույնդ հաստատիր։

Դու տեսնում ես նավ է շինում ուժեղը,
Որ հոսանքից ազատե նա յուր ցեղը.
Մի տեղ գտիր մինչև անցնի հեղեղը,
Թռիր սարյակ, թռիր կյանքդ ազատիր,
Գնա մի ուրիշ տեղ բույնդ հաստատիր։

Բարձր սարն էլ չի լինի պատսպարան,
Նա էլ ջրից սարսափում է մշտական.
Չկա Նոյը, որ գա շինի մեծ տապան,
Թռիր սարյակ, թռիր կյանքդ ազատիր,
Գնա մի ուրիշ տեղ բույնդ հաստատիր։

Փոքրիկ գիծդ դարձրել են մեծ ակոս,
Ծանծաղ բույնդ եղել է հոր, խորունկ փոս,
Բնակարանդ դարձել է տարտարոս,
Թռիր, սարյակ, թռիր, կյանքդ ազատիր,
Գնա մի ուրիշ տեղ բույնդ հաստատիր։

1900

[ էջ 102 ]

ԱՇԽԱՐՀԸ

Ես գիտեմ, այսպես չի մնա իմ հայրենիք աշխարհը,
Կանհետանա չարիքը, ցույց կուտա բարիք աշխարհը,
Երանի՛ ձեզ հարյուր տարի հետո ծնվող սիրելիք,
Բոլորովին վերափոխված դուք կտեսնիք, աշխարհը։

Զուր տեղը արյուն թափիլը, կռիվը կվերջանա,
Ամենայն մարդ անկարոտ իրան պարենը կունենա,
Բռնությունը իսպառ-սպուռ շրջանից կանհետանա,
Կդառնա բնության հետը համակարծիք աշխարհը։

Ամենայն տեղ հավասար լույս չի տալիս արեգակը,
Խավարը դեռ ուժովը պահում է իր ձեռքի տակը,
Անիվը սայթաքում է, վնասվել է ճախարակը,
Ծռվել է, շտկվելու կարիք ունի աշխարհը։

Խեղճ Ջիվանի, քա՞նի քեզ պես մարդոց կոտրել է թևը,
Ժողովրդին ակամա սիրիլ կուզե տալ իր ձևը,
Հակառակվել է մի անգամ, չի փոխում հին կեղևը,
Երևում է դեռ կտեսնի գլխի գալիք աշխարհը։

1909

[ էջ 103 ]

ՊԵՏՔ ՉԷ

Թող ինչպես ընկել եմ, այնպես վեր կենամ,
Դիմակավոր ընկեր, խրատդ պետք չէ,
Թող իմ հորս, պապիս ճամփովը գնամ,
Հավատ ունեմ, քու նոր հավատդ պետք չէ։

Այն գույնով կմեռնիմ, ինչով որ ծնա,
Ձեռք մի տար իմ վերքիս, թող այնպես մնա,
Մի կտրատիր ծառիս ճյուղերը, գնա,
Վնասատու, կոպիտ մկրատդ պետք չէ։

Միայն Ջիվանուն դու եղբայր անվանե,
Մյուս ծրագիրդ մտքիցդ հանե,
Իմ խղճուկ տնակս ինձ բավական է,
Քեզ լինի, բարեկամ, պալատդ պետք չէ։

1899

[ էջ 104 ]

ԹՐՔԱՀԱՅ ԳԱՂԹԱԿԱՆԻ ՏՐՏՈՒՆՋԸ

Երեք տարի պարապ-սարապ ման եկանք,
Ընկանք քաղքե-քաղաք, մի գործ չգտանք.
Մեղքը ո՞ւմն է, մենք որ լեզու չիմանանք,
Չէ, եղբայրս, չէ, մենք այստեղ չենք ապրի,
Ետ դառնանք մեր տեղը, ինչ կուզի լինի։

Էլի մեր երկիրը մեզի հաց կուտա,
Նա մեր մայրն է, նա կխղճա մեզ վրա,
Ինչ անենք, որ անխելք բարբարոս թուրք կա,
Չէ, եղբայրս, չէ, մենք այստեղ չենք ապրի,
Ետ դառնանք մեր տեղը, ինչ կուզի լինի։

Մենք շատ սխալվեցինք այս կողմը գալով,
Մնացինք դռները ողբալով, լալով.
Մի ճոթ հաց կճարենք այն մուրալով,
Չէ, եղբայրս, չէ, մենք այստեղ չենք ապրի,
Ետ դառնանք մեր տեղը, ինչ կուզե լինի։

Զուր տեղը գաղթեցինք, եղանք ցիրուցան,
Անտեր թողինք տուն-տեղ, հանդ ու անդաստան.
Դարձել ենք բնավեր թռչունի նման,
Չէ, եղբայրս, չէ, մենք այստեղ չենք ապրի,
Ետ դառնանք մեր տեղը, ինչ կուզե լինի։

[ էջ 105 ]

Գաղթականությունը սև, մրոտ գիծ է,
Անբուժելի վերք է, դառն կսկիծ է.
Ապագա սերունդը մեզի կանիծե,
Չէ, եղբայրս, չէ, մենք այստեղ չենք ապրի,
Ետ դառնանք մեր տեղը, ինչ կուզե լինի:

1898

[ էջ 106 ]

ԱՐԵՎ

Արև, դու արև, որ անաչառ ես,
Ինչո՞ւ ես թողնում մեզ նսեմ ու փակ.
Այլ երկըրներու վրա պայծառ ես,
Ձգել ես հայոց միշտ խավարի տակ։

Դու մեր երկըրեն նախ ծնունդ կառնես,
Արդյոք ինչուց է մեզ վրա սառն ես.
Այլոց հետ քաղցր, մեզի հետ դառն ես,
Ի՞նչ է պատճառը, սիրուն արեգակ։

Չես նայում դեմքին խղճալույն հեզի,
Շատ ժամանակ է չես հիշեր մեզի.
Չէ՝ մեր պապ\երը պաշտել են քեզի,
Դու մեզ պատժում ես պատվո փոխանակ։

Չէ, Չէ, մայր լուսո, մի անիր այդպես,
Ցույց տուր մեր ազգին արձակ ասպարեզ,
Թող մեր աշխարհն էլ ունենա հանդես,
Քեզանով մեկ օր գտնի ժամանակ։

Ով պայծառ արփի, լույսդ անխափան,
Աղաչում եմ քեզ, սփռե Հայաստան,
Մանավանդ դեպի խեղճ Վասպուրական
Աշխարհին գնա եղիր օժանդակ։

[ էջ 107 ]

Երբ որ դու կերթաս դեպի Եվրոպա,
Մտքիդ ունեցիր Փոքր-Ասիա.
Մեկ դու մոտ արի, Լուսինն էլ կուգա,
Աստղերն էլ քեզնից կառնեն օրինակ։

Արև, դու արև, արդար ու անմեղ
Ուղիիդ հանդեպ խավար կա ուժեղ,
Մեր հորիզոնից չեն գնալ այլ տեղ.
Սև–սև ամպերը կան միշտ հակառակ։

[ էջ 108 ]

ԱՇՈԻՂԻ ԵՐԳԸ

Ով որ իրան հայ է ասում, հայի համար կցավի,
Ես նրան հայ կճանաչեմ, հայ է կասեմ իրավի,
Համոզմունքի հետ գործ չունիմ, ոչ էլ դավանանքի հետ,
Հայ լեզուն է հարկավոր ինձ, որ կապ ունի կյանքի հետ:

Լավ էր, որ մի տեղ լինեինք, աղոթեինք միասին,
Մեր հարազատ մոր գրկի մեջ կազդուրեինք մեր հոգին,
Հանգամանքը մեզ բաժանեց, եղանք երեք մաս, հայեր,
Գոնե գիտնանք, որ եղբայր ենք, չմոռանանք ազգը մեր։

Բոլոր ազգաց մեջ լինում են ջոկ-ջոկ դավանանքի տեր,
Բայց ոչ մեզ պես իրար ատող, այլ խոհեմ, հայրենասեր,
Տուր ձեռքդ ինձ այլադավան, հայի զավակ, հայ տղա,
Սիրենք, օգնենք մեկզմեկու, դրանից լավը չկա։

Հանգիստ թողնենք, մեր հոգևոր հայրերուն չխանգարենք,
Իրանք գիտեն իրանց բանը, մենք մեր գործերը վարենք,
Զարգացնենք նոր սերունդը գիտությունով, ուսումով,
Խորթ ու մորին միջնձրիցս կվերանա շատ շուտով։

1901

[ էջ 109 ]

ՔՅՈՌ ՕՂԼԻ

Գնաց, վրեժ առավ Հռչե արքայից,
Հայոց արքա քաջ Տրդատը ո՞ւրտեղ է.
Քսաներկու կանգուն գետի վրայից
Մեկեն թռչող Վարազդատը ո՞ւրտեղ է։

Գայլ Վահանը պարսից զորքին կրակեց,
Հնարներ բանցրուց ու խայտառակեց.
Տաք շամբուրով Մերուժանին պսակեց–
Բագրատունի քաջ Սմբատը ո՞ւրտեղ է:

Նա այլոց զորքերից առնում է գրավ,
Այլոց զրանում էր, ինքն էր անզրավ,
Քանի՞ անգամ հոովմայեցոց դեմ դրավ,
Այն Տիգրանյան Միհրդատը ո՞ւրտեղ է:

[ էջ 110 ]

ՄՈՏՍ է ՀԱՐԿԱՎՈՐ

Էլի միտքս եկան հայոց քաջերը,
Այսօր քաջ Վարդանը մոտս է հարկավոր.
Ձեռքերն առած ուրախության խաչերը,
Հայոց խրախճանը մոտս է հարկավոր։

Արտաշեսն էր հայոց մեծ սարի նման,
Նա անմաշ սիրտ ուներ լեռ քարի նման.
Հերձող թշնամյաց ոչխարի նման,
Անվախ Գայլ Վահանը մոտս է հարկավոր։

Ջիվան, կանչե քաջ Վարդանը, Սմբատը,
Գովե նրանց անբիծ ու սուրբ հավատը.
Պարթև Արշակ և Վաղարշակ, Տրդատը,
Երվանդյան Տիգրանը մոտս է հարկավոր։

[ էջ 111 ]

ՕՏԱՐԱԿԱՆԻ ԵՐԳ

Օտարության մեջը զուր անցավ ջանքս.
Կարոտդ քաշելով մաշեցի կյանքս.
Կրկին դեպի քեզ է սիրտս, բաղձանքս.
Ախ իմ երկիր, անուշ երկիր հայրական,
Պապիս, մամիս, նախնիքներուս օթևան։

Ծննդավայր, երբ քեզանից հեռացա,
Կարծես դրախտիցը դժոխքը ընկա.
Համդ ու արժեքդ ես նոր իմացա.
Ախ իմ երկիր, անուշ երկիր հայրական,
Պապիս, մամիս, նախնիքներուս օթևան։

Տկարներուն թե չճնշե հզորը,
Կարելի՞ է որդին մոռանա հորը,
Մանավանդ քեզ նման հարազատ մորը.
Ախ իմ երկիր, անուշ երկիր հայրական.
Պապիս, մամիս, նախնիքներուս օթևան։

Օտարության հացը ասացին մեծկակ,
Բայց գնացի, տեսա փոքր նկանակ,
Դառնահամ, անաճուն, սպառող քսակ,
Ախ իմ երկիր, անուշ երկիր հայրական.
Պապիս, մամիս, նախնիքներուս օթևան։

1883

[ էջ 112 ]

ՀԱՅ ԱՇԽԱՐՀ

Պատկառելի հայ աշխարհ, խեղճ, ապիկար մնացիր,
Անօգնական, առանց տեր, անմխիթար մնացիր.
Սիրտդ վերքերով լեցուն, միշտ ցավագար մնացիր,
Չունենալով քաջ բժիշկ, անդեղուճար մնացիր.
Լրիվ հինգ հարյուր տարի բազմաչարչար մնացիր,
Չեղավ քեզ մի ազատիչ, անբարերար մնացիր։

Երբ Բեռլինում կայացավ դեսպանաց վեհաժոզով,
Բուլղարներն ունեցան իրանց հզոր ջատագով.
Տեր ունեցող ազգերը դարձան ուրախ, անխռով,
Ազատվեցան մահմեդի լծից, եղան ապահով.
Իբր քեզ էլ օգնեցին վաթսունումեկ հոդվածով,–
Մի մեծ օգուտ չտալով, նորեն տկար մնացիր։

Անգլիայի թագուհին, դառնալով երաշխավոր,
Խոստացավ քեզի տալու արտոնություն նորանոր.
Պայմանիդ ձեռք քաշեցին յոթը անկախ թագավոր,
Քո ամեն քաղաքներդ դնել հայից գլխավոր.
Վերջը մի բան դուրս չեկավ, նորեն դու թավագլոր,
Պատառող գայլերի մեջ, իբրև ոչխար մնացիր:

Երկու տարին լրացավ այն օրից, երբ խոստացան,
Բարենորոգումներու դեռ չէ երևում նշան,
Կիլիկիայի կողմերում, Զեյթունին տվավ մի բան,

[ էջ 113 ]

Նա էլ սրի ուժով էր, Պապիկին ես պարտական.
Համբերելով մաշվեցար, փնտրելով մի օգնական,
Վերջապես մինչև հիմա աննախարար մնացիր։

Ջիվանուս քաջ հայտնի է, թե դու որքան խնդրեցիր,
Ինքնավարության մեկ հրաման խնդրեցիր,
Հայերուդ կառավարիչ, բարի իշխան խնդրեցիր.
0րինաց արդարություն, սուրբ դատաստան խնդրեցիր.
Այլոց նման զենք չառար, գրավոր բան խնդրեցիր,
Կարծում եմ անիրավունք նրա համար մնացիր:

1880

[ էջ 114 ]

ՀԻՆ ԵՐԳԵՐԻՑՍ ՄԵԿԸ

Ոտքերուդ տակը ծով, գլխիդ վրա սուր,
Առաջ երթաս կրակ՝ արի դիմացիր.
Ետ դառնաս, սառույց է պողպատից ամուր,
Բուք, քամի շարունակ, արի դիմացիր։

Աջ կողմդ ամեհի առյուծն է պառկած,
Ձախդ՝ վիշապ բերանը մեծ բաց արած.
Սաստիկ կը որոտա երկինքն ամպամած,
Կը տեղա շանթ, կայծակ, արի դիմացիր։

Խեղճ մարդ, եղբայրներդ քեզի ատում են,
Այդ տանջանքը անձիդ արժան դատում են,
Փոխանակ ցավելու, դեռ նախատում են,
Կանեն այպ ու ծանակ, արի դիմացիր։

Մի խումբ լիրբ, անզգամ փարիսեցիներ,
Հավատավորս, մոլորիչ կեղծ րաբբիներ,
Հավատդ ծաղրում են որպես լկտիներ,
Թշվա՛ռ մարդու զավակ, արի դիմացիր։

Մի զորեղ մարդու շուն, ոռնալով վատ-վատ,
Սկսում է հաչել, հարձակվել վրադ,
Ո՛չ կարող ես խփել, ո՛չ անել գանգատ,
Հալածված նահատակ, արի դիմացիր։

[ էջ 115 ]

Հորեղբորդ որդին նախանձ, ոխակալ,
Ձրիակեր, պարապ սիրում է ման գալ.
Նա էլ է սկսել քեզ թշնամանալ,
Աշխատասեր մշակ, արի դիմացիր։

Գլուխդ քորեցիր, բորոտ կասեն քեզ.
Տանդ հանգիստ նստես անոտ կասեն քեզ,
Թե հանդարտ կմնաս երկչոտ կասեն քեզ,
Թե շարժվես՝ ստահակ, արի դիմացիր։

Խեղճ մարդ, բանդ շատ դժվար է, ճշմարիտ,
Հարուստ դրացիներ ունես, բայց կրկիտ,
Որդիքդ սպանված, թոռներդ վզիդ,
Տուն-տեղդ ավերակ, արի դիմացիր։

Կեղծ բարերարները քեզ հաց չեն տալու,
Նրանք ուղարկված են հավատ որսալու.
Կը ծեծեն, չեն թողնում ցավերդ լալու,
Ողբալու համարձակ, արի դիմացիր։

Խելքդ հափշտակեց զորահանդեսը,
Լավ ջարդվեցիր, քեզ չօգնեց Հերմեսը.
Քեզ այդ օրում գցող խարդախ աղվեսը
Գլխիդ կուտա ապտակ, արի դիմացիր։

Ջիվանի, չի երևում բարի ապագա,
Ցավդ սաստկանում է օր-օրի վրա.
Ձմեռը խիստ դաժան, գարնան հույս չկա,
Արևը ամպի տակ, արի դիմացիր։

1896

[ էջ 116 ]

ԳԱՂԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տաճկաստանի հայեր, ձեր հոգուն մատաղ,
Միք թողներ, հեռանար մայր Հայաստանը,
Գաղթականությունն է ձեզ մահվան դագաղ,
Կտանի ամենիդ խոր գերեզմանը:

Ահա գաղթողները ձեզի օրինակ,
Ի՞նչ փառք են ստացել, ի՞նչ բարի վիճակ,
Չէ՞ որ ձեր պապերը ունին մի առակ
Լավ է անփորձ մածնից փորձված թանը։

Քնած եք, արթնացեք ու խելք ճարեցեք,
Հանդարտ կեցեք, ձեր դաշտերը վարեցեք,
Օտարի դահլիճից լավ համարեցեք,
Ապագան հիշելով կացեք ձեր տանը։

Այսքան տարի չարչարվեցաք անդադար,
Գուցե թե փրկության շուտ լինի հնար,
Կցանկա երջանիկ օրեր ձեզ համար,
Ձեղի սրտով սիրող աշըգ Ջիվանը։

[ էջ 117 ]

ՀԱՅԱՍՏԱՆԸ

Սևեր հագած նստեր կուլա,
Տրտում, տխուր Հայաստանը,
Ասացեք ինչո՞ւ պետք կուգա
Հայից թափուր Հայաստանը։

Բնիկ մայր երկիրը հայոց
Ափսոս եղել է դիվանոց,
Դարձել է սիրուհի այլոց,
Սիրուն, մաքուր Հայաստանը։

Նրան մոռացել է աստված,
Վերևից քեզ չի նայում ցած,
Սրտի վրա ունի ցցված
Երկսայրի սուր Հայաստանը։

Նման է ջախջախված նավի,
Ենթարկվել է սաստիկ ցավի,
Փոխվել է կուչուրված հավի,
Ոսկեփետուր Հայաստանը։

Կարմիր բորենին բռնակալ
Ցանկանում ճանապարհ տալ
Որդիքը չես կարող գնալ,
Կանչում է զուր Հայաստանը։

[ էջ 118 ]

Երկերեսանի Անգլիան
Վարվեց Պիղատոսի նման,
Չլսեց, սպասեց այնքան
Մեկ բարի լուր Հայաստանը։

Ջիվանի, ժայթքում է կրակ,
Երկրից դրախտի տեսակ,
Դարձել է ավար ավերակ
Ծայրե ի ծայր Հայաստանը:

1907

[ էջ 119 ]

ՀՈՐԴՈՐ

Կաղաչեմ սիրելի, ազնիվ հայ եղբայր,
Մնանք միշտ իրարու օգնական, մնանք,
Ոչ թե ուզենք ձգել մեկս մեկու վար,
Այլև բարձրացուցիչ ապաստան մնանք։

Մինչև երբ ատելության չար լուծը տանենք,
Արիք, մենք այս չար զբաղմունքը վանենք,
Ատելության հոգին մեր միշից հանենք,
Սիրենք իրար հոգով, սիրական մնանք։

Ջիվանս պատրաստ եմ մինչև մահու սյուն,
Չպահանջել ոչինչ դառնությամբ արդյուն,
Ունենանք հայի սիրտ ու հայի արյուն,
Ազգին ու կրոնին միշտ պաշտպան մնանք։

[ էջ 120 ]

* * *

Մարդկությանը ի՞նչ վնաս է, որ հայ ապրենք, հայ մնանք
Մեր ինքնուրույն եկեղեցին ու մեր լեզուն ունենանք,
Աստված մեզի հայ ստեղծեց, մեր մորերից հայ ծնանք,
Դավաճան հուդա կլինենք, թե որ նրանց ուրանանք։

Խոտերից ու ծաղիկներից գոնե առնենք օրինակ,
Իրանց համար հոտ ունին և գույներ ջոկ-ջոկ տեսակ,
Մեզ կյանք տվող ծնողներուն եթե լինենք հակառակ,
Այլասերված կհամարվինք, ստոր անուն կստանանք։

Անհայրենիք, թափառական ազգի վերջը շատ վատ է,
Ոտքերու տակը հող չունի, շինածը անհաստատ է,
Մեր էլ այժմյան դրությունը եթե մարդ քննադատե,
Անմտածել, աչքերս խուփ դեպի անդունդը կգնանք։

[ էջ 121 ]

ԳԱՐՈՒՆ

Ով սիրուն, ազնիվ գարուն, եկար, մեզի ի՞նչ բան բերիր,
Մեզ մի նոր լուր կամ ավետիք տալու ի՞նչ նշան բերիր,
Ծառները մեր ծաղկելու, անձրև ու ջերմություն կուզեն,
Պարտեզից լավ հասկացող, ասա, նոր այգեպան բերի՞ր։

Այլազանց երկիրները հոգի առած զվարթացան.
Աշխարհին Արարատա ետ մնալո՞ւ պայման բերիր,
Մեր դրացի ազգերը խելքով չափեցին աշխարհը,
Մեկ քանի քայլ փոխելու մեզի էլ հրաման բերի՞ր։

Երբ եկար անցյալ տարի՝ մեզ խոստացար շատ մեծ բաներ,
Եկ ասա — բնությանը հարցրիր ու պատասխան բերի՞ր,
Ով գարուն, ինքդ ես հատուկ արքայության մեկ պատկերը,
Ցրտերը դժոխային սպառելու վախճան բերի՞ր։

Երգե թե ոչ սոխակը Հայաստանին թմրյալ հոգվով,
Պարտեզը մի նոր տեսակ վարդ ու սիրուն շուշան բերի՞ր.
Հովիվը հոտն առնելով ելավ գեղեցիկ դաշտերը,
Խղճալի հայ գյուղացվոց պաշտպան ու օգնական բերի՞ր։

Տաքությամբ ողջ աշխարհը ծաղկեցուցիր, ազնիվ գարուն,
Բախտիցը Ջիվանիիս ցրտերը Հայաստան բերիր։

[ էջ 122 ]

ՈՐՆ է ԼԱՎ

Հատուկ լինիս, քեզ նախանձեն լավ է թե,
Թե անարժան լինիս, չունենաս հարգանք.
Մի բան գրես, քննադատին լավ է թե,
Թե անպիտան լինիս, առնես քամահրանք։

Երկուսից ո՞րն է լավ, ասա, խելահաս,
Մեջտեղում կա հայտնի օգուտ ու վնաս,
Շնորհալի լինիս, ոսոխ ունենա՞ս,
Թե անշնորհք լինիս, վարես թերի կյանք։

Երկուսից ո՞ր մեկն է հարգի փառավոր,
Պատասխան տուր, որդի, մտածե դու խոր.
Վասակ լինիս, անդնդային թագավոր,
Թե սուրբ Վարդան լինիս երկնային ժառանգ։

Ջիվանի, բարության ծարավ պապակ ես,
Փառամոլ չար մարդուն արդեն ներհակ ես.
Սմբատ լինիս, նրան արքա պսակե՞ս,
Թե Մերուժան լինիս, գործես մեծ հանցանք։

1895

[ էջ 123 ]

ՄԱՆԿԱՆ ԹՈԹՈՎԱՆՔ

Իմ մեջս կյանք կա, իմ մեջս ուժ կա,
Ես կուզեմ ապրիլ, չեմ ուզեր մեռնիլ,
Բժիշկ, թմրության հեղանյութ մի տա,
Ես կուզեմ զարթնիլ, չեմ ուզեր քնիլ:

Զարթնել են մանկունք իմ հասակակից,
Գնացել են դաշտ, սիրուն ծաղկալից.
Մայրիկ, ինձ հանիր բալուլի միջից,
Ես կուզեմ կանգնիլ, չեմ ուզեր պառկիլ։

Ուզում եմ դառնալ օդաչու թռչնիկ,
Բազեի նման սեգ, քաջամարտիկ,
Դու իմ թևերս մի կապիր, մայրիկ,
Ես կուզեմ թռչիլ, չեմ ուզեր ընկնիլ:

Կենսատու բժիշկ, ինձ կենաց դեղ տուր,
Եվ եդեմական անմահական ջուր,
Թող չպղտորին արյունս մաքուր,
Ես կուզեմ հրճվիլ, չեմ ուզեր տխրիլ:

Ով դու, Արամազդ, լեր ինձ կարապետ,
Նեղությանս մեջ վերակացու դետ,
Փորձության դեպքի, ձախորդության հետ
Ես կուզեմ կռվիլ, չեմ ուվեր փախչիլ:

[ էջ 124 ]

ՏԽՈՒՐ ՆԵՐԿԱՆ

Հայաստանում հայ չմնաց, կոտորեցին թուրքերը,
Հայի արյունով ներկվան Հայաստանի դաշտերը,
Այսքան հայի միս ուտելով չկշտացավ Սուլթանը,
Հայի գլուխ թռցնելով բթացան սուր սրերը։

Ոչ Ալփասլան, ոչ Լինկթեմուր, որ Չինգիզխան, ոչ Բուղան
Չեն կատարել այս տմարդի գայլավայել գործերը,
Հզոր արծվի ահեղ ձայնը մինչ չհնչե Հյուսիսից
Այդ անիրավ մարդասպանից չեն ազատվիլ հայերը։

Տաճկահայերի կյանքի հետ խաղ է անում Եվրոպան,
Պիղատոսի վճիռ կուտա խփելով յուր աչքերը,
Տաճկահային գայլերուց փրկելու համար գործ է պետք,
Եթե ոչ կոպեկ չարժիլ ցավակցական խոսքերը։

Ինչ կպահանջեն հայերը, որ չի տալիս Թուրքիան,
Մարդավայել, կյանք վարել՝ այս է բոլորի իղձերը,
Մարդասեր, աստվածասեր մեծ ազգի ազնիվ արյունով
Երջանկացան հայերին բախտակից շատ ազգերը։

1896

[ էջ 125 ]

ԷԼ ԿԱ՞

Բախտը պակաս, աստղը անլույս հայի նման ցեղ կա՞ էլ,
Նրա կազմըվածքի վրա վերք չունեցած տեղ կա՞ էլ,
Խանձըված է մեր բնիկ աշխարհը անգութ հրդեհից,
Չը ավերված հայի քաղաք, անտեր հայի գեղ կա՞ էլ։

Ով մի ածելի վեր առավ, սափրիչ եղավ մեզ համար,
Մեր ցավերուն բժիշկ դարձավ ամեն անգետ ու հիմար,
Ով ինչ ասավ, հաստատեցինք` գուցե լինի մեզ մի ճար,
Դեղատունը մեր չտեսած, ձեռք չզարկած դեղ կա՞ էլ։

Կարծում էի հայու երջանկության մամը արդեն հասել է,
Խեղճի ձին արագ վազելով` շունչը քիչ պակասել է,
Չգիտեմ յուղն է սպառել, թե մուրը վնասել է,
Հայի ճրագը մռայլ է, մեջը արդյոք եղ կա՞ էլ։

Քու ծառը ծարավ կթողնես, այլոց ջուր կուտաս, Ջիվան,
Օտարին չի կարող սիրել, ով չի սիրել ինքն իրան,
Հայն էլ մարդ է կոսմոպոլիտ, հասիր նրան օգնության,
Սրանից անտանելի, վատ օր և նեղ տեղ կա՞ էլ։

[ էջ 126 ]

ԺԱՄԱՆԱԿ

Նորոգեցիր մեր հին կյանքը վերստին,
Եկար, վերա հասար ազնիվ ժամանակ,
Աշխարհը մեզ չէր հիշեր բոլորովին,
Դու բերիր մեր ազգին պատիվ, ժամանակ։

Դուն ես հույսը խղճուկ, տառապյալ հային,
Հարթե ճանապարհը մեր ապագային,
Մեր գործերը հասկացրու Եվրոպային,
Ինքդ տես մեզ համար հաշիվ, ժամանակ։

Բերիր դու մեր ազգին թանկագին հույս, սեր,
Տարածեցիր ամեն մի տեղ դու նվեր,
Ավաղ, որ մի քիչ ուշ հասար հզոր տեր,
Կսպասեինք քեզի վազիվ, ժամանակ։

Քեզնից մեր ազգը շատ բավական է,
Քո տված պտուղդ միշտ գովական է,
Հայերուս էլ թևերուդ տակ պահպանե,
Օգտավետ, սրատես արծիվ ժամանակ։

[ էջ 127 ]

ԿԱՐԵԼԻ Է

Արտաշես ու Տիգրան ծնած երկըրից,
Օր լինի, որ էլի Տիգրաններ դուրս գան.
Դրախտ կոչվող վայրի հողից ու ջրից,
Կարելի է ազնիվ իշխաններ դուրս գան։

Անհնար բան չըկա աստծո համար,
Քարից Աբրահամներ կըհանե արդար.
Գա այնպես ժամանակ, փոփոխվի աշխարհ,
Թզուկներու տեղակ տիտաններ դուրս գան։

Ջիվանի, կըճարե հայը սրտակից,
Կստանա լավ վիճակ, բարվոք, բարելից.
Արյունով ներկըված հայի դաշտերից,
Հուսալի է՝ հսկա Վարդաններ դուրս գան:

1895

[ էջ 128 ]

ԹՇՎԱՌ ՊԱՆԴՈՒԽՏ

Թշվառ պանդուխտ, հայրենիքիդ արա այց,
Օտարներու մոտը վերքիդ չկա դեղ,
Հայրենիքից հեռանալը ցավ չէ, բայց
Երախտավոր հայրեր, մայրեր կան այնտեղ։

Մայրենի երկիրը ծնող է հատուկ,
Առանց նորան մարդն է ինչպես որբ մանուկ,
Թեև կապրի իրավ, բայց իբրև թզուկ,
Մորից խլված գառը չի լինի ուժեղ։

Ջիվանի, քեզ նման տկար պանդուխտը
Անգործ ման է գալիս, շվար պանդուխտը,
Հայրենիքից հեռու օտար պանդուխտը,
Վիզը ծուռն է, ոտքերը կաղ, ձեռքը խեղ։

[ էջ 129 ]

ՀԱՅԸ

Ուղտի պոչ է բախտը հայոց.
Ոչ կավելնա, ոչ կպակսի.
Դնես հազար տեսակ հալոց.
Ոչ կավելնա, ոչ կպակսի։

Թե Թուրքիո մեջ տկարանա,
Ռուսիայում կզորանա,
Հայը կա և միշտ կմնա.
Ոչ կավելնա, ոչ կպակսի։

Թշնամու կարծիքը թյուր է—
«Ուր որ գնաց նա լավ հյուր է».
Հայ ազգը ճռիկ աղբյուր է,
Ոչ կավելնա, ոչ կպակսի։

Կյանք ունենա մարդավայել,
Գուցե թվով դառնա ավել.
Աստված այսպես է կամեցել,
Ոչ կավելնա, ոչ կպակսի։

Ջիվան, հայը ջոկ, յուր գլխին,
Երկիր չի ունենալ առանձին.
Նախանձները թող չտրտմին,
Ոչ կավելնա, ոչ կպակսի։

[ էջ 130 ]

ԻՄ ՀԱՎՍ

Դիմացկուն, համբերող, կչկչան հավիս
Աշխույժը չի կորել, խնդալը տեղն է.
Առատածին, պարարտ իմ ածան հավիս
Կշտեկուշտ վազելը, մանգալը տեղն է։

Ուրուրը ինչքան որ կուզե սպանե,
Հավը չի վերջանա, հավություն կանե.
Նորից հավկիթ կածե, ձագեր կըհանե
Թուխսը բնի մեջն է, բունկալը տեղն է:

Ջիվան, արեգակը քանի չէ ննջել,
Սև ամպերից դու մի վախել, երկնչել.
Լուսնյակը նորան չի կարող ջնջել,
Հավիս փայլուն աստղը, ղոհալը տեղն է։

1899

[ էջ 131 ]

ՊԱՆԴՈԻԽՏ ԵՂԲԱՅՐ

Պանդուխտ եղբայր, քաշվի՛ր, գնա՛ երկիրդ,
Քանի որ չես եղել անպատիվ այստեղ.
Լավ համարե գարի հացդ ու պանիրդ,
Այն էլ ձեռք չես բերիլ դու լրիվ այստեղ։

Պանդուխտները էլ դեր խաղալ չեն կարող,
Տեղացոց հետ մրցել, տոկալ չեն կարող,
Ընկել, մնացել են, դառնալ չեն կարող,
Լի են քեզի պեսներ շատ անթիվ այստեղ։

Դարձիր տունդ բախտը վերադ բարկացավ,
Սիրտդ մաշվեց, հոգիդ արդեն տաղտկացավ,
Օտար երկրում առուտուրդ վերջացավ,
Այլևս մի՛ փնտրիլ դու հաշիվ այստեղ։

Երկրիդ մեջ գուցե անհաղթ Սամփոսն ես,
Խելքով Արիստոտել կամ Պղատոն ես,
Ետին մարդն ես, եթե բախտ կորոնես,
Թեկուզ եղիր իշխան կամ ազնիվ այստեղ։

Տեսնում է Ջիվանը, բախտ չունիս բանուկ,
Օտարության մեջը աստղդ չէ կտրուկ,
Փոքրանալով շուտ կլինես ճնճղուկ,
Իսկապես էլ լինիս դու արծիվ այստեղ։

[ էջ 132 ]

ՂԱՐԻԲ ԿԱՐՆԵՑՎՈՑ ԵՐԳԸ

Ո՞վ ունիմ որ, կամ ո՞վ ցավի ինձ համար,
Խեղճ ու մենակ օտար աշխարհ ընկած եմ,
Հոգսերս առանց թիվ, ցավերս անհամար,
Չգիտեմ, թե որի մասին մտածեմ։

Խորին մտածմունքով ես ինձ կմաշեմ,
Տապարն առած կյանքիս ծառը կտաշեմ,
Ձեռքովս արել եմ, հոգովս քաշեմ,
Մարդ մեղք չունի, ես իմ խելքով գտած եմ։

Խղճալի ղարիպն եմ Կարին քաղաքեն,
Վախեմ թե զուրկ մնամ ես իմ փափագեն,
Թիթեռն ինչպես չի հեռանա ճրագեն,
Ես էլ այնպես մեկի սիրուն հարած եմ։

[ էջ 133 ]

ՊԱՆԴՈՒԽՏ ՀՈՐ ՄԱՍԻՆ

Մեկ տարի է սպասում են տանեցիք,
Տանտերը չի վերադառնալ հայրենիք,
Գերդաստանում զգացվում է մեծ կարիք,
Եկավ գնաց, անցկացավ սուրբ զատիկը,
Մանկունք կուլան, դեռ չէ եկել հայրիկը։

Ում հարցանեն, ումից մի բան իմանան,
Ում մոտ բացվին խեղճերն իրանց ցավը, լան,
Չունին մոտիկ արենակից ազգական,
Կապե մեջքը պանդխտության գոտիկը,
Գտնի բերե իրանց սիրած հայրիկը։

Լռություն է տիրել, խոսք անգամ չկա,
Մեծ հոր տեղը դարձյալ թափուր կմնա,
Ոչ ոքի հայտնի չէ՝ արդյոք երբ կգա։
Մարտն էլ անցավ, բացվեց գարնան ծաղիկը,
Հեռու երկրում դեռ մնում է հայրիկը։

Ամոլ կինը ծնավ բերեց մանչ զավակ,
Փըտած կոճը ծաղկեց որպես մանիշակ,
Մընջի լեզուն բացվեց, խոսավ համարձակ,
Թև սարքեց, թռավ խեղ կաղ հավիկը,
Գամ-գամու սարն եղավ, չեկավ հայրիկը։

[ էջ 134 ]

Շատ անցկացան առավոտ ու իրիկուն,
Հարսն սպասեց, անբախտ փեսան չեկավ տուն,
Սև քողի տակ թառամեց սուրբ հարսնացուն,
Մեծացավ, այր եղավ փոքր մանկիկը,
Սպասե, որ պիտի տեսնի հայրիկը։

[ էջ 135 ]

ՑՈԻՅՑ ԿՈԻՏԱ

Հարազատ փեսայիդ հավատարիմ հարս,
Շուք երեսդ` հոգիդ անմեղ ցույց կուտա,
Մայրախնամ կաթով սնուցիչ իմ հարս,
Քաղցր լեզուդ վերքերիս դեղ ցույց կուտա։

Կրակի նման շիկագույն հերդ,
Սիրտ կխոցե արենարբու սուսերդ,
Հայելվո մեջ արևադեմ պատկերդ,
Նուրբ կոկորդդ ոսկյա բյուրեղ ցույց կուտա։

Ջիվանիիս ծանոթ ազնվազուն ես,
Հոգիդ գարնան փափագ, մարմնով աշուն ես,
Բայց ինչ օգուտ՝ գեղեցիկ ես, սիրուն ես,
Հին հանդերձդ քեզի տգեղ ցույց կուտա։

[ էջ 136 ]

ՄԵՐ ՎԵՐՔԵՐԸ

Հայը Հային կվնասե,
Օտարք երբեք մեղավոր չեն,
Հայերու սերը պակաս է,
Ւրար սիրելու սովոր չեն։

Հայերը այս բանով վատ են,
Իրարու ծուռ կնկատեն.
Ու մեկմեկու այնպես կատեն,
Կարծես իրար հարկավոր չեն։

Օտարին կգովաբանեն,
Բայց իրար միշտ դավաճան են,
Պապերես մնացած բան են
Այս ցավերը մեզի նոր չեն։

Ջիվանս կասեմ անկասկած,
Մենք ենք տվել մեզի հարված,
Օտարին մեզի հասուցած
Բացված վերքերը շատ խոր չեն։

1884

[ էջ 137 ]

ՀԱՅԻ ԲԼԲՈՒԼԻՆ

Դարձիր, հայի բլբուլ, դարձիր Հայաստան,
Օտար երկրում քմքիդ հարմար վարդ չկա.
Ճերմակ վարդը քեզ չի դառնա սիրական,
Սրտիդ մոտիկ կարմիր–կատար վարդ չկա։

Գնա, հայի բլբուլ, քո տեղդ երգե,
Չեն հասկանալ երգդ, այստեղ հարգի չէ.
Փնտրածդ ծաղիկը դրախտում պտրե,
Ցուրտ աշխարհում մշտադալար վարդ չկա։

Սեպտեմբերը եկավ, աշունք է, աշունք,
Թոշնել թառամել են, տխրել են ծաղկունք.
Հարգանք պահանջելու չունիս իրավունք,
Որովհետև քեզ սիրահար վարդ չկա։

Ջիվան, հայի երգը հայի մոտ կանցնի,
Հայ բլբուլը օտար երկրում չի ապրի.
Անտեղի մաշվելով իզուր կմեռնի,
Այս կողմերը նորա համար վարդ չկա։

[ էջ 138 ]

ՄԻ ԱԳՌԱՎ

Կավկազ սարի գլխին նստած մի ագռավ,
Քաջ բազեին տանկ ու տնազ է անում.
Գտնելով մի պինդ ու ամուր քարանձավ,
Դեսից-դենից հավի ձագեր է որսում։

Անմաքուր փետուրը շինելով ղալամ,
Ճառեր ու հոդվածներ գրում է անհամ.
Բազեն շատ է տեսել ագռավի երամ,
Եկել, անց են կացել գունդագունդ բազում։

Երաժշտապետի հանդերձ է հագել,
Ուզում է սոխակից յուր տեղը խլել,
Խռպոտ ձայնով մարդկանց վրա չի ազդել,
Նրանք գիտեն երգի պատիվն ումն է, ում։

Նա կուզե որ մտնի այգի բուրաստան,
Քաղել վարդ, մանիշակ, մեխակ, բալասան.
Բայց պարտեզը ունի մի քաջ պահապան՝
Հրացանը ուսին միշտ արթուն հսկում։

Վայրենի սարյակն էլ յուր թառի վրա
Նվագելով՝ ագռավին անեծք կըկարդա.
Երբեմն էլ բազեին բռունցք ցույց կուտա,
Սագերին էլ նրա դեմն է գրգռում։

[ էջ 139 ]

Բազեն չըփոխելով բնական բարքը,
Կարհամարհե վախկոտներու արարքը.
Գիտե, որ ապուշներ ունի աշխարհը,
Ճանճերը ուղտերուն գրող են չափում։

Ջիվանի, վայրախոս մարդիկ բազմացան,
Իզուր հարվածում են սրան ու նրան.
Սրատես արծիվը գիտե ամեն բան.
Ագռավի, ղռռոցով գործը լի փոխվում:

[ էջ 140 ]

ԵՂԲԱՅՐ

Դու քեզ համար եղար, ես էլ ինձ համար,
Ոչ ես մի բան դառա, և ոչ դու, եղբայր,
Չաշխատեցինք մի տեղ, համերաշխաբար,
Ջլատվեց ուժերս ահարկու, եղբայր։

Քանի մեկտեղ էինք, մենք չունեինք ահ,
Մեզի ոսոխներուն կսպառնայինք մահ,
Արդյոք բաժանվելով ինչ ունեցանք շահ,
Արի, մեկ մտածենք, իմ աղու եղբայր։

Ախ, երբ մենք մեկ էինք որպես քաջ կորյուն,
Երկիր սարսեցներ մեր գոռուն–գոչյուն,
Ես մտա մի անկյուն, դուն էլ մի անկյուն,
Եղանք ամեն մեկս մի կատու, եղբայր։

Երբ միասին էինք սրտով սիրակեզ,
Մեր տունն էր զարդարված իբրև մեկ պարտեզ,
Ինչ ժամ մտնում էինք մեկտեղ ասպարեզ,
Պապանձում էր ամեն չար լեզու, եղբայր:

Նման մեր պապ Վարդան քաջ նահատակի,
Անվախ մտնում էինք մեջը կրակի,
Երբ որ տալիս էինք քամակ-քամակի,
Տապալվում էր փիղը այն հուժկու, եղբայր։

[ էջ 141 ]

Չլսեցինք խոսքը մեր բարեկամին,
Մենք մեզի հասցրինք այս թշվառ ժամին։
Ամեն մարդ խփում է մեզ յուր ատամին,
Դարձել ենք խաղալիք, ինչպես ձու, եղբայր։

Մենք մի հոր զավակ ենք, եղբայր հարազատ,
Ինչու համար չունենք մի ծես, մի հավատ,
Խորթ ու մորի չկա մեր մեջը հաստատ,
Ծնողներս մեկ է իմ ու քու, եղբայր։

Մի աղբյուրի ջուր ենք, բայց չենք իրար հետ,
Մեզի բաժանել է բանսարկուն վարպետ,
Միանալով կազմենք մի ահագին գետ,
Չմնանք անջատված իբր առու, եղբայր։

Մոռացանք իրարու, մոռացանք իսպառ,
Գրվանի տակ մնաց մեր ճրագը վառ,
Իմ այստեղ վիզըս ծուռ, դու այդտեղ թշվառ,
Ընկել ենք իրարուց շատ հեռու, եղբայր։

Մեր վաստակածները մեզ անօգուտ են,
Տներս անպարիսպ՝ հիմքից խախուտ են,
Մեղր կպատրաստենք՝ արջերը կուտեն,
Եղել ենք անպաշտպան խեղճ մեղու, եղբայր։

Եթե չհաշտվինք ու ատենք իրար,
Հավատացիր, կսխալվինք չարաչար,
Այս մեր արարմունքը թե տևեց երկար,
Վերք կուտա երկուսիս մահացու, եղբայր։

Կարծեմ բավական է մնացինք բաժան,
Արի, կրկին լինենք մենք մի գերդաստան,
Թող թշնամին ճաքի, մտնի գերեզման,
Դա է մեզի համար ձեռնտու, եղբայր։

[ էջ 142 ]

Ջիվանի եղբորդ մի՛ պատճառիր ցավ,
Մի՛ լինիր նախանձոտ, խև, վատահամբավ,
Ասածս լավ լսիր, համարե քեզ բավ,
Թեև չեն խոսքերս իմ ազդու, եղբայր։

[ էջ 143 ]

ԵՐԿՈՒՍԸ ՄԵԿ է

Երբ որ լեզուն լուռ է, ոտք ու ձեռք կապած՝
Հա բանդ, հա գերեզման—երկուսը մեկ է,
Այն, որ մարդուն վերջը մահ կա անկասկած,
Հա, բարձ, հա կախաղան—երկուսը մեկ է։

Անվախներուն բյուր ու հազար երանի,
Մարդ նրանք են մարդկության մեջ պիտանի,
Կենդանին էլ անշուշտ պիտի մեռանի՝
Հա մեռած, հա կենդանի—երկուսը մեկ է։

Խելացի էակ է մարդը բնական,
Աստված պարգևել է լեզու և բերան,
Բայց երբ ազատ խոսքի չկա հրաման,
Բանավոր թե անբան — երկուսը մեկ է։

Եթե քննինք, մեկ է կյանքը հիրավի,
Ամբար է հոգսերու և բուն է ցավի.
Որովհետև Ջիվանն էլ կպառավի,
Հա պառավ, հա Ջիվան — երկուսը մեկ է:

[ էջ 144 ]

ԻՄ ՈՐԴՈԻՆ

Մեր նախնյաց հոտն առնել կուզե՞ս, իմ որդյակ,
Էջմիածին, սուրբ Կարապետ ուխտ գնա,
Անին չմոռանաս, թեև ավերակ,
Կհամարվի նախնյաց փառքերուն վկա։

Քու հարազատ մայրն է սուրբ Էջմիածին,
Սիրե այդ սուրբ վայրը, սիրե կաթոգին,
Պապերուս հիմնարկած տունն է թանկագին,
Հայոց համար դրանից մեծ տուն չկա:

Անին հիշատակ է մեր վեհ հնության,
Արժե նրան տեսնել՝ թեև անկենդան.
Անցյալ կյանքից այնտեղ դեռ շատ հետքեր կան,
Պահել պետք է նրան որպես անթիկա։

Լավ է՝ այդ պատճառով Կարին էլ կերթաս,
Հետո Մուշը՝ սիրուն դաշտը կտեսնաս,
Տորոսի լեռներուն կծանոթանաս,
Սուրբ Կարապետ ուխտ գնալով, հայ տղա։

Ջիվան, մայր չի լինի քեզ օտար կինը,
Սիրե քու իսկ մայրդ, սիրե քո հինը.
Թողած հոգուդ մոտիկ Էջմիածինը,
Ի՞նչ գործ ունիս Հռոմ կամ Ամերիկա։

1894

[ էջ 145 ]

ԱՆՁԿԱԼԻ

Այսքան տարի դու ննջեցիր, բա՛վ է, բա՛վ
Տխրությունդ սիրողներուդ ցա՛վ է, ցա՛վ,
Արևն եկավ քո գլխիցդ անցկացավ,
Զարթիր, զարթիր, ի՛մ աննման անձկալի,
Տեսությունդ է ամենուս ցանկալի։

Գարունն եկավ, ձմռան դուռը գոցվեցավ,
Սպասելով մեր սրտերը խոցվեցավ,
Գիշերն անցավ, առավոտը բացվեցավ,
Զարթիր, զարթիր, ի՛մ աննման անձկալի,
Տեսությունդ է ամենուս ցանկալի։

Աղաչում եմ, խնդրում, մայրիկ, արթնացի՛ր,
Քու արարքիդ, դո՛ւ ամաչիր, դու երկիր,
Քույրերիցդ ողջիցը ետ մնացիր,
Զարթիր, զարթիր, ի՛մ աննման անձկալի,
Տեսությունդ է ամենուս ցանկալի։

[ էջ 146 ]

ԱՆՑՅԱԼ – ՆԵՐԿԱՆ

Քաղցր քնով ննջում էի օրորոցում միամիտ,
Ոչ մի բանից տեղյակ չէի, գառնուկ էի ճշմարիտ.
Իմ պահանջս հորս ու մորս լալով իմաց կանեի,
Դեռ իմ լեզուս չէր բաց արել աղբյուրակը պարզ, վճիտ:

Անմեղ հրեշտակի նման աշխարհից լուր չունեի,
Անվախ, ուժեղ իշխան էի, ձեռքումս սուր չունեի,
Իմ սնունդս մորս կաթն էր, ջոկ կերակուր չունեի,
Նոր էին սկսել դուրս գալ ատամներս մարգարիտ:

Ախ, փոփոխվեց իմ վիճակս, օրերս անցան, մեծացա,
Դրախտ երկնքից զրկվելով, դժոխք աշխարհը մտա,
Թունավոր օձի, վիշապի, դևերու ընկեր եղա,
Հոգս ու ցավը, լացը, կոծը ստացա պարգև—օժիտ։

Ազգ, հայրենիք չգիտեի մանկությանս ժամանակ,
Երբ մեծացա ճանաչեցի, եղավ սրտիս վառ կրակ,
Այդ կրակով այրվում եմ, տանջվում եմ շարունակ,
Երբ տեսնում եմ իմ եղբայրս տխուր տրտում, անժպիտ։

Ով Ջիվանի, պապիդ տունը ճամփի բերան է եղել,
Յուր հարազատ զավակներու համար զնդան է եղել,
Անհաշտ, տգետ ժողովրդի բնակարան է եղել,
Ուրիշ կերպարանք է առել մեծ աշխարհը հայախիտ։

1904

[ էջ 147 ]

ԱՌԱՎՈՏ

Բացվիր, առավոտ, գիշերը հերիք մնա երկար,
Թող գա թագուհի արեգակը անձկալի, արդար։
Թող զարթնի քնից, բան իմանա արարոց աշխարհ,
Հրճվի, գեղեցիկ կյանք վայելե մարդկության համար,
Ինչո՞ւ մեկը փարթամ լինի, մի ուրիշը անճար,
Կամ ուժեղը գայլ, տկարը ընդե՞ր լինի ոչխար։

Բարի առավոտ, արդարության բաց արա դռնակ,
Նոր կյանք ու հոգի պարգևե մեզ մաքուր ու իստակ,
Անգութ խավարը լույս չէ սիրում, կանգնում է ներհակ,
Նետիր նրա կույր աչքերու մեջ սուր նետ ու նիզակ,
Սփռե լուսո սուրբ շառավիղ պայծառ ու ճերմակ,
Թող փայլե հատուկ ցանկալի իմաստունը ճարտար։

Արի, գեղեցիկ պանծալի, նոր արփենի աստղիկ,
Հնչե դու զեփյուռ, առավոտյան կենսատու հողմիկ,
Կանչե աքաղաղ ավետաբեր, սիրելի հովիկ,
Թափ տուր թևերդ, ձայնդ հանե, զարթեցու մարդիկ,
Տաղտկալի ճապաղ գիշերը մեզ հանել է երդիկ,
Բացվիր, հուսահատ աղոթարան, հավատո ասպար։

Լույս տուր, առավոտ, բավական է ուշացար այդքան,
Շատերը, ուղին կորցնելով, փոսերը ընկան,
Մութ տեղը մոլորված մնացած խղճալի շա՛տ կան,

[ էջ 148 ]

Խավարը նրանց հյուծել է, արել կիսակենդան,
Էլ մեզ չմնաց համբերելու ուժ, չափ ու սահման,
Շուտով ժամանակ է, արփիական քաջարի ճամբար:

Լսիր Ջիվանուն, տեր կենարար, ափսոսա, խղճա,
Թող լինի բարի՛ մարդկությունը, ստանա ընծա,
Ցույց տուր լուսեղեն գեղատեսիլ պսակը դափնյա,
Երբ որ արևը ուշանում է, գիշերը դեռ կա,
Վառվիք գոնե դուք, լուսատու լապտեր, շահ ու ղամբար:

1904

[ էջ 149 ]

ԻՄ ԿԱՐԾԻՔԸ

Հղի կնոջ ժամանակը մինչև որ ճիշտ չհասնի,
Կըտըքտքա, ցավ կըքաշե, բայց դեռ զավակ չի ծնի.
Գաղափարն էլ նույն տեսակ է իրան ժամանակն ունի,
Գործը պետք է հասունանա, շտապ ոչինչ չի լինի.

Հղի կինը, թե տանջըվի, կվիժե իր երեխան.
Անժամանակ գաղափարն էլ տհաս մրգի է նման.
Ժողովուրդն էլ պետք է լինի գործին համապատասխան,
Կըպատռվի հին տկի մեջ, եթե ածես նոր գինի։

Աննպատակ խելառ քամին կյանքի ճրագ մարող է,
Շտապընթաց, անմտածող մարդը գործ խափանող է,
Տեսնում ես նա ոտքի վրա կանգնելու անկարող է,
Օրորոցից դուրս մի՛ հանիլ, թող երեխան դեռ քնի:

Դու, Ջիվանի, ինչ որ կանես, վերջի մասին մտածե,
Խավարը դեռ շատ ուժեղ է, արևին կհալածե.
Կամաց, դանդաղ գնացողը շատ կգնա՝ ասած է,—
Հիվանդություն կպատահի, զուր տեղը մի քրտընի։

1907

[ էջ 150 ]

ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ

Ես սիրում եմ մերձավորիս, բայց ատել չեմ օտարին,
Օտարն էլ ինձ նման մարդ է, ցանկանում եմ յուր բարին,
Թե օտարը ինձ չճնշե, մեկ վնաս չհասցնի,
Չեմ կամենալ մինչև անգամ ոտքը հանդիպի քարին:

Գայլի գլխին ավետարան կարդալով չի զսպվի,
Նրան պետք է բռունցք ցույց տալ, որ վախիցը ընկճվի,
Կան այս տեսակ օտար մարդիկ, նրանց հետ չի ապրվի,
Բարության միշտ հակառակ են, խելագարված են չարին:

Շատ սիրեցի և հարգեցի օտարին անձիս նման,
Իմ այս տեսակ ընթանալս համարվեց վախի նշան,
Որովհետև նա տգետ էր, բարբարոս էր իսկական,
Լավությունս չհասկացավ զավակը խենթ հիմարին։

Տես, Ջիվանի, կա այնպիսի երկիր, այնպես կլիմա,
Մերձավորի և օտարի մեջը խտրություն չկա,
Վերը սրբերն բնակվում, վարը` դև ու սատանա,
Երկիրը երկինք չի դառնա, գործը այլ է աշխարհին։

1906

[ էջ 151 ]

ՍԳԱՎՈՐ ԿՈՒՅՍԻՆ

Պատռե սև քողդ, պատկառելի կույս,
Բացվիր, քու բացվելու ժամանակն է հաս,
Աշխարհի չորս կողմից կուտան խրախույս,
Բացվիր, քու բացվելու ժամանակն է հաս։

Կիսամեռ է— կասեն համեստ խոնարհին.
Մի հետևիր մորդ հին ճանապարհին.
Աներկյուղ երեսդ ցույց տուր աշխարհին,
Բացվիր, քու բացվելու ժամանակն է հաս։

Պատրոնիդ քղանցքը քաշող կա հիմա,
Ազատ խոսիր ցավդ, երկյուղ մի զգա.
Սրանից էլ հարմար ժամանակ չըկա,
Բացվիր, քու բացվելու ժամանակն է հաս։

Թե պսակվիս, դարձիր իսկապես տիկին,
Ոչ թե մորդ նման՝ այլոց աղախին,
Ընտրիր քեզի դավանակից ամուսին,
Բացվիր, քու բացվելու ժամանակն է հաս։

Թող ծածկե երեսը տգեղը կոպիտ,
Որ փեսացու որսա անփորձ, միամիտ,
Դու արդեն սիրուն ես, քույր իմ Մարգարիտ,
Բացվիր, քու բացվելու ժամանակն է հաս։

[ էջ 152 ]

Արևելք, Արևմուտք, Հյուսիս և Հարավ,
Ցանկանում են քեզ տալ մի բարի համբավ.
Փոխիր հանդերձներդ, հագիր նոր հալավ,
Բացվիր, քու բացվելու, ժամանակն է հաս։

1895

[ էջ 153 ]

ՀԱՄՈԶՄՈՒՆՔ

Օտարի բնական գիտությունիցը
Իմ հայ պապի տված խրատը լավ է,
Փարիզու զարդարված քառանկյունիցը,
Ինձ համար Անիի մեկ պատը լավ է։

Ուրիշ տալիք չունիմ թարց կյանքիս մահից,
Ինձ ի՞նչ կուտան օտարք իրենց մեծ շահից,
Ինձ համար Փարիզու վեհ կայսեր գահից,
Աշոտի քանդված պալատը լավ է:

Ի՞նչ հասկանամ անհոտ բուրաստանիցը,
Ո՞վ է գոհ անաշխատ այգեպանիցը,
Անօգուտ, անողորմ մեծատանիցը
Ազգասեր, ողորմած աղքատը լավ է։

Ես՝ Ջիվանս, զատ չեմ հայ անունիցը,
Թե ունիմ քաջ Արամա արյունիցը,
Օտար ազգի կողմնապահությանիցը,
Հայ եղբորս տված գանգատը լավ։

[ էջ 154 ]

ՀԱՐԱԶԱՏ ԶԱՎԱԿ

Հարազատ զավակը, լավ կաթնակերը,
Ծնողների անունը չի մոռանալ,
Ասվերսի պալատի մեչ Եսթերը
Իրան ազգը և անունը չի մոռանալ:

Քաղաքը դուր չի գալ գյուղի զավակին,
Կուզե մեջը մնալ իրա վիճակին,
Ոսկե վանդակի մեջ պահես սոխակին,
Փշով պատած յուր բունը չի մոռանալ:

Ջիվան, ազգությունը ուրիշ համ ունի,
Ազգության մեջ մարդս բարեկամ ունի,
Ամեն մի կենդանի ջոկ երամ ունի,
Եվ ոչ մեկը իրանը չի մոռանալ:

[ էջ 155 ]

ԱՂՔԱՏ ՀՈՂԱԳՈՐԾ

Աղքատ հողագործ, մի՛ վհատիր, կալոցը մոտ է,
Արտերը հասել են, սիրելիս, քաղոցը մոտ է.
Հունձը առատ է, բանվոր ու մըշակ է պահանջում,
Սիրիր քու գերանդին, մանգաղը, խարտոցը մոտ է:

Արդար հողագործ, կանչում է քեզ սուրբ դատավորը,
Դրախտի դուռը բացվել է, տես, վարդոցը մոտ է,
Հանգիստ, ապահով կարող ես հասնել նպատակիդ,
Հղկած խճուղին, մարմարաշեն փողոցը մոտ է:

Գեղջուկ տառապյալ, վարձ պիտի տան, շուտ հասիր այնտեղ,
Սրբոց կայանը, մարտիրոսաց ամրոցը մոտ է,
Փրկիր Ջիվանուն, տար քու հետդ արգո նահատակ,
Անփուշ, հոտավետ, հրաշագեղ ծաղկոցը մոտ է:

1899

[ էջ 156 ]

* * *

Հետևողություն Շիրինի թուրքերենի երգին

Անարատ, անմեղ կույս, դու ինչո՞ւ կուլաս,
Մեղք գործելու համար աշխարհը թող լա.
Որ մարդկային ցեղին ցեց է ու վնաս,
Գոռոզ ամբարտավան հիմարը թող լա։

Դու մի՛ լա, անմեղ կույս, քեզ լալ չէ արժան,
Արտասուք մի՛ թափիլ մարգարտանման.
Ոչ գարնան հույս ունի, ոչ նորոգության,
Ձյունապատ տխրադեմ մեծ սարը թող լա։

Կանանց մեջ սուրբը և գովականը,
Ուրախ պահիր սրտիդ նվագարանը,
Սև հոգի մատնիչը, պիղծ դավաճանը,
Մարդկության զզվելի վատթարը թող լա։

Ջիվանին խնդրում է տերը քեզ գթա,
Սիրտդ մխիթարե, այցելություն տա,
Քու լալդ տեսնելով տխրի, գոռգոռա,
Մութ պատե երկնքին կամարը թող լա։

1904

[ էջ 157 ]

ՀԱԶԱՐ ԱՓՍՈՍ

Դրախտը դևերու ձեռքն է, հանող չկա, հազար ափսոս,
Դևերի խմբապետին մեկ վանող չկա, հազար ափսոս,
Լուսո որդիք խավարի ժառանգներուն գերի դարձան,
Նրանց նեղությանը մեկ ճար անող չկա, հազար ափսոս:

Թունավոր գլխակեր վիշապի փորը արյունով լիքն է,
Անիրավ, անկրոնին սպանող չկա, հազար ափսոս.
Մի հզոր կա հրեշին ջախջախում է, միշտ հզոր ապրի,
Նրա սուրբ գաղափարը հավանող չկա, հազար ափսոս։

Փչացավ Ադամա այգին անիծված գազանի ձեռքին,
Կերիչ, քանդիչ, արարքը խափանող չկա, հազար ափսոս,
Ջիվանի, քու ասածը դու կլսես, ուրիշը երբեք,
Քու այս երգիդ խորհրդին հավանող չկա, հազար ափսոս։

1897

[ էջ 158 ]

ԿՌՈՒՆԿ

Կռունկ, թե դու գնաս դեպ մեր երկիրը,
Աստված սիրես, իմ ծնողաց բարև, տար.
Պաշտելի են նրա հողն ու մոխիրը,
Նվիրական սուրբ հայրենյաց բարև տար։

Իմ հայրենյաց օդն ու ջուրը քաղցր են շատ,
Բարելից երկիր է, բերքերով առատ.
Շեն աշխարհ էր, այժմ դարձած անապատ,
Այն ողբալի ավերակաց բարև տար։

Պանդուխտ մարդը հանգիստ չունի մի վայրկյան,
Համարյա թե ոչ մեռած է, ոչ կենդան,
Կռունկ, երբ որ կերթաս դեպի Հայաստան,
Մի քանի օր դու այնտեղ կաց, բարև տար։

Ման արի չորս կողմը մեր ծովակներու,
Պատկերը տես հայոց ավերակներու,
Բոլոր թե հին, թե նոր նահատակներու,
Լուսահոգիներու շիրմաց բարև տար։

1900

[ էջ 159 ]

ՄՈԻԽԱՄՄԱԶ

Քանի կզկըթած ման եկա, ինձ մեռած դիակ է ասին,
Երբ որ մի քիչ շարժվեցա, գոզ է, ավազակ է ասին,
Իմ ստացած մեծ հարվածս արժանի ապտակ է ասին,
Պատվի համար մեռած որդուս իշու նահատակ է ասին։

Իրավացի, արդար դատս պաշտպանող մարդ չգտա ես.
Իմ խորհուրդս ում որ ասի, հավանող մարդ չգտա ես.
Ձեռքս բռնող, իմ ցավերուս դեղ անող մարդ չգըտա ես.
Բոլորը ինձ միտք պղտորող, անզուսպ ստահակ է ասին։

Քամի տալով ինձ թռցրին մի քանի տաքգլուխ մարդիկ,
Ոտքերու տակ տրորվեցա որպես անտեր, վայրի ծաղիկ,
Ընկա բորենու ճիրանը, քովս մի մարդ չեկավ մոտիկ,
Դրան օգնել` ժամանակի հոգուն հակառակ է՝ ասին։

Վերքըս մեծերուն ցույց տալու գործ դրի ես մեծ աշխատանք.
Իմ կրոնս և իմ լեզուս ինձանից ուզեցին փրկանք.
Դեռ ինքն իրան նա չի կարող կառավարել, եթե տեղ տանք.
Քաղաքագետ, խելոք պապիս, տգետ է, համբակ է ասին։

Հին հագուստի մեջ մնացի, չըճարեցի թաժա հալավ,
Սպասելով լավ օրերու, ճար չմնաց, բանս բուսավ,
Շատ երգեցի, բղավեցի, ոչ ոք ձայնս լսող չեղավ,
Վերջը անբախտ Ջիվանուս շատախոս թութակ է ասին։

1902

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր. Ջիվանու քնարը: [Ստեղծագործությունների ընտրանի] / Կազմ., առաջաբ., տեքստ. համեմատ., ծանոթագր. ՝ Ա. Սահակյան; Խմբ.՝ Միք. Հարությույան; Նկ.՝ Ան. Գասպարյան։ «Հայպետհրատ»։ Երևան 1959
Տրամադրեց. Միքայել Յալանուզյան

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice