ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian
Ջիվանի

ՋԻՎԱՆՈՒ ՔՆԱՐԸ

Նախորդ էջԲովանդակություն  | Հաջորդ էջ

[ էջ 160 ]

ԽՆԱՄԻՆ

Ա՜խ, իմ պապիս տանիցը ինձ դուրս արավ թշնամին,
Եկավ տեսավ չըօգնեց իմ սիրելի խնամին,
Ո՛չ, հավատալ չի լինի հիմիկվա բարեկամին,—
Ինձ այսօրվան հասցրեց նրանից գալած քամին:

Խնամիս ինձ տեսնելու երբ եկավ իմ երկիրը,
Թշնամիս գրգռելով կռվի փոխեց խնդիրը,
Տուն ու տեղս քանդվեց, երկինք ելավ մոխիրը,
Խնամուս պատճառովը մատնվա անզգամին։

Թշնամիս հին էր թեպետ, բայց մարել էր կրակը,
Բարեկամիս գալովը վար առավ յուր դիմակը,
Այսպիսի վատ դրության հասցրեց իմ վիճակը,
Քիչ մնաց որ խնամիս ինձի ուղարկեր Ջամին։

Խնամիս քաջ, հեռատես, ինքը հարուստ մեծանուն,
Աշխույժ մարդիկ գրավող, իր շահի մեջը գիտուն,
Որդուցս մի քանիսը, թողնելով ողջ տեղ ու տուն,
Ետևն ընկան գնացին փափագելով դրամին։

Իմ թշնամիս դաժան է, — ես նրանից խռով եմ,
Ուր որ գնամ, ուր լինեմ, խեղճ եմ, անապահով եմ.
Թե ուզում եք իմանալ թշվառիս արդյո՞ք ով եմ,
Հայրենյաց զոհ գնացած որդին իմ քաջ Արամին։

[ էջ 161 ]

ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ

Ալեկոծված է մեծ ծովը,
Ջրհեղեղից շատ երկյուղ կա,
Փչում է քամին, ցուրտ հովը,
Ամեն տեղից շատ երկյուղ կա։

Մարդկանց պետք է զգույշ մնալ,
Անպատրաստ ճամփա չգնալ,
Օձին չի լինի հավատալ,
Սողուն ցեղից շատ երկյուղ կա։

Չար մոր որդին կլինի չար,
Անհեռատես տգետ հիմար,
Խելացին կմնա դադար,
Խենթ ուղեղից շատ երկյուղ կա։

Ահարկու է ձայնը, Ջիվան,
Վիրավոր է առյուծ հսկան,
Պետք է հանգիստ թողնել նրան,
Այն ուժեղից շատ երկյուղ կա։

[ էջ 162 ]

ԽԻՍՏ է, ԽԻՍՏ

Մեծանուն մարդ, խեղճ տկարին բարկանալդ խիստ է, խիստ
Ցուլի պես փնչատելդ, բարձր բոռալդ խիստ է, խիստ։
Կարկտի ամպի նման ահեղ գոռալդ խիստ է, խիստ,
Առյուծ ես դու, անտեղի ոխ ունենալդ խիստ է, խիստ,
Աքլորի թև թափ տալուց զուր նեղանալդ խիստ է, խիստ,
Հասարակ մարդու հետը անհաշտ մնալդ խիստ է, խիստ։

Մեղմացուր բարկությունդ, սիրտդ, հոգիդ դադար պահե,
Սիրտ մի կոտրիլ, աշխատիր բարի եղիր, սրտեր շահե,
Կործանում կա, աշխարհ է, փորձությունից սաստիկ շահե,
Ծաղիկ ենք, կթառամենք, ամեն մեկիս վերջը մահ է.
Մեծանուն մարդ, խեղճ տկարին բարկանալդ խիստ է խիստ,
Ցուլի պես փնչատելդ, բարձր բոռալդ խիստ է, խիստ:

Խաբել է քեզ աշխարհի ունայն սերը անհիմ, խախուտ,
Հրապուրել է հողիդ փառքը սնոտի սուտ ու մուտ,
Ունեցածդ ուրիշին պետք է մնա, քեզ ինչ օգուտ,
Բարի գործն է մնայուն, անմահ, հավիտյան անկապուտ,
Կարկտի ամպի նման ահեղ գռռալդ խիստ է, խիստ,
Առյուծ ես դու, անտեղի ոխ ունենալդ խիստ է, խիստ։

Աստուծո ծեծածներովս ինքդ էլ մի ծեծիլ, դեն գնա,
Փոքրերուն մի գրգռիլ, տաքանալու տեղիք մի տալ,

[ էջ 163 ]

Մի ականջիդ դուռը փակե և մի աչքդ մի բանա,
Խոսելուն զգույշ եղիր, թող փոթորիկը անց կենա,
Աքլորի թև տալուց զուր նեղանալդ խիստ է, խիստ,
Հասարակ մարդու հետը անհաշտ մնալդ խիստ է, խիստ:

1900

[ էջ 164 ]

ՄԱՐՏ ԱՄԻՍ

Այս տարի ինձ դուր չեկար, ով բոթաբեր մարտ ամիս,
Դարձուցիր մեր սրտերը ցրտից ավեր, մարտ ամիս,
Սառույցով վեր շարեցիր սուրբ դուռը մեր, մարտ ամիս,
Մանուկների թշնամի, թառամած, ծեր, մարտ ամիս,
Թեև գարնան մոտիկ ես, երբեմն ջերմ, մարտ ամիս,
Ունիս դաժան տաղտկալի ձմռան պատկեր, մարտ ամիս։

Յոթ ավուր գալած էիր, գնացիր ցուրտ որսալու,
Մատաղահաս գառները որ չըթողնես մանգալու.
Այն օրվանից երեխայք չըգնացին կարդալու,
Տոչորված ծնողները սկսեցին ողբալու,
Ցրտի, բուքի երկյուղից մանուկները խաղալու
Տանից դուրս չեն կարող գալ ցերեկ-գիշեր, մարտ ամիս։

Փոխանակ պարզ տաք օրեր, բերիր նոր ձյուն, ցուրտ ու բուք,
Ինչ ունեիր թափեցիր մեզի վրա զայրացուք,
Հորիզոնդ ամպամած, առանց արև, չարաշուք,
Լացուցիր ժողովուրդը, թափել տվիր արտասուք,
Գարնան էլ հույս չթողիր, քո երեսին լինի թուք,
Որ չներկայացնես այսպիսի դեր, մարտ ամիս։

Փետրվարը տիկ եղավ, խենթ, քեզի շինեց բերան,
Վատ անունը դու տարար, նա ետ քաշեց ինքն իրան,
Ես քու լավությանդ դեմ ի՞նչ անուն տամ ածական,

[ էջ 165 ]

Որ հովանա սիրտս իմ գեթ մի վայրկյան, ով դաժան.
Անտերունչ խեղճ գառները գիշատող գայլ իսկական,
Բոլոր ամիմներու մեջ չունիս ընկեր, մարտ ամիս։

Խնդրում եմ եկող տարի էլ չըգաս, ով անիրավ,
Թե պիտի հետդ բերես մեզի համար հոգս ու ցավ,
Քեզի գարուն գիտենալով՝ մենք չըհագանք տաք հալավ,
Ցրտիցը վերք ստացանք, սրտերիս կապեց շարավ,
Կտրեցիր աղբյուրներս, մնացինք վառված ծարավ,
Նոր բըքաբեր հողմովըդ, դու սառնասիրտ մարտ ամիս։

Այս տարի մեզ, խեղճերուս, սրտերուն դրիր դանակ,
Զատիկներս սև արիր, պասերըս անընդունակ,
Քսան չորս օր ունիս, կարճ է կյանքդ չար մշակ,
Ապրիլին, մեծ հույս ունիմ, որ լինի պարզ արեգակ.
Կուգա մայիս-հունիսը, հուլիսին կասեմ շիտակ,
Պիտի լսես, ամաչես մինչ սեպտեմբեր, մարտ ամիս։

1887

[ էջ 166 ]

ԿԱՐԾԻՔ

Երեք բան կա ազգին պահող հաստատուն,
Իմ կարծիքով, կրոն, լեզու, հայրենիք.
Այդ երեքով նա կլինի մնայուն,
Թեկուզ գլխեն անցնի լեռնաչափ ալիք,

Կրոնն է, որ ազգի իսկ հոգաբարձու,
Հայրենիքն է նրա տունը ահարկու.
Երբ որ ունի իրան սեփական լեզու,
նա չի դառնար օտար ազգաց խաղալիք։

Անհայրենիք ազգն է մոլորված թռչուն,
Որսորդից հալածված ման կուգա անբուն.
Թե որ չունի անկախ կրոն, իր լեզուն,
Շուտ կկորչի օտարաց մեջ անկարծիք։

Ջիվան, այդ երեքը մեզ օգնական են,
Ազգի գոյությունը միշտ կպահպանեն,
Հայրենիքը, լեզուն երևացող բան են,
Բայց կրոնն է աստվածային մի գաղտնիք:

[ էջ 167 ]

ՔԱՋ ԲԱԶԵ

Տեսակ-տեսակ կենդանյաց ճանկը ընկար, քաջ բազե.
Դու ոչ մեկի որկորին բաժին չեղար, քաջ բազե.
Թե խելքով, թե շնորհքով հնար գտար, քաջ բազե,
Մինչև հիմա ապրեցիր՝ ու չըմեռար, քաջ բազե.
Ով որ ուզեց քեզ ծամել, պողպատ դառար, քաջ բազե,
Ատամները չըկտրեց, ողջ դուրս եկար, քաջ բազե։

Կենդանյաց ատամները կողերդ ծակծկեցին,
Թեև չըտկարացար, արյունդ խառնակեցին.
Զանազան նոր ախտերը մարմինդ վարակեցին,
Բարեխառն հովերը մաքրեցին, իստակեցին.
Սև օձը քեզ կաշկանդեց, բնիդ մեջը փակեցին,
Փետուրներդ քաշեցին, էլ չթռար, քաջ բազե։

Արծիվը, արագիլը թև-թևի տված կուգան,
Ծովային մեծ բադի հետ պիտի հասնին օգնության։
Գեր կռունկը թող լռե, օձին լինի սիրեկան,
Ջայլամի, կարապի հետ թող նա մնա անբաժան,
Նոր աշխարհի սագերը բավական հույսեր կուտան,
Մեծ երամներ կկազմեն քեզի համար, քաջ բազե։

Օձանման վիշապի նոր ճարած բարեկամը
Կուզե հանել բերանից յուր առաջին ատամը.
Առանց արյուն թափելու խառնածին մեծ ջայլամը

[ էջ 168 ]

Խլեց նորա ձեռքիցը թանկագին երկու ծամը.
Վշշաց, սաստիկ փրփրեց, կատաղեց այս անգամը,
Վերջին հուժկու հարվածը դու ստացար, քաջ բազե:

Ահա երկու ճանապարհ — ցույց կուտա քեզ Ջիվանը.—
Այդպես ապրել կցանկաս՝ թե մտնիլ գերեզմանը.
Քեզի չի կարող վնասել օձերու պաղ իշխանը,
Նրա տված վերքերուն գիտես դեղ ու դարմանը,
Կոկորդիլոսը քեզի, թե առավ յուր բերանը
Էլ փրկության հույս չկա, բանից պրծար, քաջ բազե:

1895

[ էջ 169 ]

ՂԱՐԻՊ ԲԼԲՈԻԼԻԿ

Ես մի ղարիպ բլբուլիկ եմ, վարդարանից հեռացել եմ,
Դրախտի պես հոտով անուշ բուրաստանից հեռացել եմ,
Կոպիտ, անգութ, անհեռատես այգեպանից հեռացել եմ.
Տունս-տեղս անտեր թողած ամեն բանից հեռացել եմ։

Բուրաստանից զրկըվելով շամբի միջին բուն եմ շինել,
Դժվար է դրախտավայրը դժոխքի հետ փոխարինել,
Տեղին, կլիմային հարմար մի տխուր երգ եմ հորինել,
Էլ ինձ ուրախություն չկա, խրախճանից հեռացել եմ։

Ջիվանի, ձյունապատ սարերս, սիզավետ դաշտերս ո՞ւր են,
Ասիային կշտացնող հյութալից բերքերս ո՞ւր են.
Անուշահամ, սննդարար, բազմազան մրգերս ո՞ւր են,
Ընկել եմ ծմակ տեղերը, այգեստանից հեռացել եմ։

1902

[ էջ 170 ]

ՄՒՆՉԵՎ ԵՐԲ

Հուր սիրույդ վառ բոցերը աշխարհ կրակեն մինչև ե՞րբ,
Նազելի կին, աչքերդ սրտեր տապակեն մինչև ե՞րբ,
Ե՞րբ պիտի քեզ պսակեն սրտիդ սիրածի հետ, սիրուն,
Հաջողության դռները օձերը փակեն մինչև ե՞րբ։

Անփարախ, ինքնագլուխ լծից փախած գոմեշները,
Լեռնալիճ բիրտ, վայրենի, խենթի զավակ խենեշները,
Սատանի սեռի ծնունդ մոլեկրոն հրեշները,
Քու բարեկամ քաջերդ զուր նահատակեն մինչև ե՞րբ։

Հայտնապես օձն ու կարիճը շինել են բույն քո ծոցդ,
Սրտացավ բժիշկ չունիս, որ լավացնեն խոր խոցդ,
Անհյուրընկալ աշխարհի զավակները քու որդոցդ
Անգթաբար նախատեն ու պախարակեն մինչև ե՞րբ։

Ա՜խ, մնացին դռնե՛րը խեղճ ու մոլոր մանկիկներդ,
Իրարու մեջ բաժանեցին մեծ մարդիկ որբուկներդ,
Մաքրակենցաղ միամիտ աղավնակերպ աղջիկներդ
Անմաքուր վամպիրները ախտով վարակեն մինչև ե՞րբ:

Սեղանիդ գլուխը պինդ բազմողները թող ամաչեն,
Նեղությանդ ժամանակը ինչո՞ւ քեզ չըճանաչեն,
Ապերախտ գազանները հացդ ուտեն, վրադ հաչեն,
Գայլի բարեկամ շները ջուրդ լակեն մինչև ե՞րբ։

[ էջ 171 ]

Տեր չունիս, պաշտպան չունիս, այրի տիկին դու նիհար,
Տարաբախտ գլխիդ վերա կարկուտ կըտեղա անդադար,
Փողապաշտ, կաշառք ուտող գրիչները անխղճաբար
Անարատ, անբիծ անունդ նշավակեն մինչև ե՞րբ։

Աշխարհը յուր որդիքը առաջ կըտանի մշտական,
Թույլերը, տկարները ուժեղներուն կուլ կըգնան,
Երկյուղած արդար, բարի մարդիկը պարտված մնան,
Ամբարիշտ և զորեղները հաղթանակեն մինչև ե՞րբ:

Նեղվում է սիրտդ, Ջիվան, մարդ եղբորեդ նախատվելով,
Դիմում ես ծայրահեղության՝ վերջը հուսահատվելով.
Խեղճերը, տկարները ուժեղներից գանգատվելով,
Լաց լինելով, հառաչելով աղաղակեն մինչև ե՞րբ։

1909

[ էջ 172 ]

ԱՅԺՄՅԱՆ ԴԱՐԸ

Համ լավ է, համ շատ վատ է, իմ կարծիքով, այժմյան դարը,
Բարության հետ հավասար մրցում է անիրավ չարը.
Մեկը անշարժ կեցած է՝ ծանր ու մեծ իրան տեղը,
Մեկը շատ ծայրահեղ է, անցել է սահմանը — սարը։

Տեսնում եմ կռվի մեջ են նորն ու հինը հաստատապես,
Ամենը պաշտպանում է իր ունեցած գաղափարը.
Մեկը պաշտպան է կեցած յուր հավատո հիմունքներուն,
Մի ուրիշը թավալել կուզե նորա հիմնաքարը։

Մեկը լույս է քարոզում, յուր մտքովը, մեր աշխարհին,
Մեկն էլ ամուր գրկել է մառախուղը — մութ խավարը.
Թող վերայից անց կենան հազարավոր դարեր նորից,
Հաղթող է հանդիսանում ճշմարիտը և արդարը։

Դանդաղը ետ կմնա, արագը կերթա անխոտոր,
Պարզ բան է՝ ոտավորից միշտ առաջ է ձիավարը,
Այնպես էլ ստությունը պաշտպանողը կըհոգնի շուտ,
Ճշմարիտը, ով Ջիվան, կերթա իրան ճանապարհը։

1883

[ էջ 173 ]

ՍԵՐ

Ազգավ հայ–կաթոլիկ, բողոքականին
Լուսավորչյաններու ատելն իզուր է.
Հարազատ որդիք են Մայր–Հայաստանին,
Սրտերը պաղեցնել–զատելն իզուր է։

Ինչպես որ մենք հայ ենք, նրանք էլ հայ են,
Ազգավ, լեզվավ հայության կծառայեն.
Պետք է մերոնք ներող լինին, խնայեն,
Եղբայրն իր եղբորը դատելն իզուր է։

Ջիվան, նա կիմանա՝ ինչ մարդ որ նոր է,
Ամեն խիղճ յուր սրտի մեջ թագավոր է,
Սիրով եղած բանը օրինավոր է,
Աննպատակ դառն աշխատելն իզուր է։

1886

[ էջ 174 ]

ՉԿԱ

Ա՜խ, մեր խմած ջուրը, մեր կերած հացը,
Դառնացել են, նրանց մեջը համ չկա,
Մեզ բաժին է ընկել սուգն ու լացը,
Ուրախ շաբաթ, ուրախ օր ու ժամ չկա:

Ինչո՞ւ չեղանք արյունարբու ավազակ,
Գռոշ գռփող վրիժառու ելուզակ,
Ծով աշխարհում մնացել ենք միայնակ,
Մեզ համար սրտակից բարեկամ չկա։

Մարդ գիտենա ինչ ինք արել մարդկության,
Որ վարվում է մեզ հետ այսպես չար, դաժան,
Որ չի անում արդար դատ ու դատաստան`
Կամ քնել է մեր աստվածը, կամ չկա։

Ջիվան, մեր արևը մութ ամպի տակ է,
Այցելության դուռը մեզ համար փակ է,
Հայը առանձնացած թռչնոց խմբակ է,
Մոտիկ արնակից մեկ երամ չկա։

[ էջ 175 ]

ԱԶԳԻ ԽԵՂՃՈԻԹՅՈԻՆԸ

Անտանելի՜ խեղճություն, քանի՞ մեկ իշխես հայոց,
Քանի՞ մեկ մեզ մուրալ տաս, ձգես փողոցե–փողոց.
Ախ մինչև ե՞րբ կմնա մեր կույր բախտի դուռը գոց,
Որ բացում է սրտերուս մեջը հազար մի կերպ խոց.
Քանի քաջ երիտասարդք ձեռքեր տարած դեպ ի ծոց,
Կուրծքի վերա սեղմելով` սրտից հանել են հոգոց։

Քանի՜ տաղանդավոր մարդ ձեռքիցը աղքատության,
Սկսում է անկանիլ մեջը հուսահատության.
Երբ չի գտնի մի աղբյուր խեղճ հայը աշխատության՝
Կհետևե այնուհետ ամենայն մի վատության,
Կորցնելով պայմանը մարդկային հաստատության,
Իր արարմունքը իրան կդառնա կրակ ու բոց։

Երբ կհեռանա մարդոց բարության զգացումը՝
Կկորցնե նրա հետ գիտությունը, ուսումը,
Խեղճի համար միշտ պաս է խնջույքը, կեր ու խումը,
Ըստ որում կորուցել է անունը, համարումը,
Երբեք ուրախ օր չունի խեղճ ու թշվառ տրտումը,
Չքավոր հայի համար չկա ցնծության միջոց։

Զգայուն սրտի համար հոգս է ցավը ազգային,
Տեսնելով չարչարանքը ազգի վերա ահագին,
Օգնությունը մերազնյաց վերցել է բոլորովին,

[ էջ 176 ]

Մեր հույսը դու ես միայն, ով դու անմահ միածին,
Կոպիտ, անխիղճ քրդերը, Մշու, Վանա հայերին
Ծեծով, անասունի պես քշում են սպանդանոց։

Խեղճությունը խավարեց հայերիս արեգակը։
Որտի՞ց հասավ մեզ վերա այս թշվառ ժամանակը,
Գիտեք անտանելի է աղքատության կրակը,
Մեր ազգի նեղությանը անցավ չափը, քանակը,
Ով խեղճ եղել է՝ գիտե թշվառ մարդոց վիճակը.
Զիվան, հարուստն ի՞նչ գիտե ցավը այրիաց ու որբոց։

1875

[ էջ 177 ]

ՕՐՈՐՈՑԻ ԵՐԳ

Ննջե գառնուկ, սիրուն զավակ,
Ննջե օրորանին մեջը,
Ննջե, մի լար, իմ աղավնյակ,
Սիրուն օթևանին մեջը։

Քնիր, որ մեծանաս, հոգիս,
Հայկական հոգվով նորոգվիս,
Վարժապետիդ առջև չոքիս,
Հայ ուսումնարանին մեջը։

Քեզ զորացնե բարին աստված,
Միտք ունենաս լայնատարած,
Լինիս միշտ խավարահալած,
Լուսավորող բանին մեջը։

Օրոր ասեմ, սիրուն օրոր,
Զորանաս, որդի միամոր,
Սնուցանե անմահն հզոր,
Քեզ իր պատվիրանին մեջը։

Երբ մեծանաս՝ սիրուն մանկիկ,
Սորվե հայոց լեզուն քաղցրիկ,
Հարուստ, քնքուշ, ճոխ, գեղեցիկ,
Նայիր բառարանին մեջը։

[ էջ 178 ]

Հետո՝ սորվե լեզուն օտար,
Կազմե նրանից գաղափար,
Գիտուն եղիր ազգիդ համար,
Խոսե Հայաստանին մեջը։

Գարնան ծաղիկ նարդոս, շուշան,
Անթառամ վարդ ես հոգեհան,
Հոտով պալասանի նման,
Ծաղկիր բուրաստանին մեջը։

Զորացիր, հոգվույն իմ հատոր,
Եղիր հասուն կարմիր խնձոր,
Լեր անդամ ազգին հարկավոր,
Նստիր բազմականին մեջը։

Պատվե ծնողքդ, որդյակ,
Եղիր խոհեմ, ընտիր զավակ,
Լեր հորդ բարի հիշատակ,
Ւրա գերդաստանին մեջը։

Մի լինիր թույլ եբրայեցի,
Շուտ կկոտրիս ինչպես խեցի,
Սիրե հայոց եկեղեցի,
Կաց ժողովարանին մեջը։

Պարզ եղիր, մի լինիր խարդախ,
Միտդ պահե հանգիստ խաղաղ,
Խոսիր ճշմարտությունն անվախ,
Ժողովքին, ատյանին մեջը։

Երբ լինիս երեսուն ամաց,
Լեր հեռատես, շրջահայաց.
Գտիր մի աղջիկ բանիմաց,
Հասակով՝ քսանին մեջը:

[ էջ 179 ]

Կապվե հետը սիրով նրան,
Կանչելով տերը օգնական,
Կացիր հետը մինչ ցվախճան
Խաղաղ, սուրբ պայմանին մեջը։

Իմ Գարեգին մանուկ տղա,
Խոսքս ականջիդ օղ արա,
Մեծցիր այս խրատը կարդա
Հորդ երգարանին մեջը։

Աշըգ Ջիվանին եմ հատուկ,
Բավ է, վերջ տամ երգույս փափուկ,
Օրոր ասեմ, քնիր մանուկ,
Հանգիստ ննջարանին մեջը։

1874

[ էջ 180 ]

ՁՄԵՌ

Ձմեռն եկավ, ձյունը ծածկեց ամեն տեղ,
Խեղճ մարդկանցը պատսպարան չըմնաց.
Ցուրտն ու բուքը տարածվեցավ քաղաք, գեղ,
Աղքատներուն հուսո նշան չըմնաց։

Պանդուխտ աղքատները հազար ու հարյուր,
Ոչ տուն ունեն, ոչ էլ ապրուստի աղբյուր.
Այսուհետև դաշտը չի ընդունիլ հյուր.
Որովհետև բաց իջևան չըմնաց։

Ձմեռն որ կա՝ ձախորդության նշան է,
Ամեն մի գործ, առևտուր կխափանե.
Դուրսը ցուրտ, ներսը ցուրտ, խեղճը ի՞նչ անե,
Ի՞նչ վայ գլխին, անելու բան չըմնաց։

Վա՜յ այն մարդուն, որ գարունը չի բանի,
Ձմռան համար տունը պաշար չի տանի,
Ձմեռն եկավ՝ թող լա որպես պատանի,
Գործը կանգնեց, ոչինչ իրան չըմնաց։

Հարուստ երկրագործը ուրախ, հանդարտիկ,
Սիրտը ուրախ, կյանք կըվարե երջանիկ.
Հոտաղի, մաճկալի երգը անուշիկ
Էլ չէ լսվում, դաշտը գութան չըմնաց։

[ էջ 181 ]

Լռեց բնությունը չորս ամիսաչափ,
Պարտեզը ման գալող, տվող չկա ծափ,
Ծառեր ու ծաղիկներ եղած տերևաթափ`
Զբոսնելու մեկ բուրաստան չըմնաց։

Դուրսը շատ սաստիկ ցուրտ, ուրիշ ձայն չըկա,
Սար ու ձորը մշուշ, երկնից ձյուն կուգա.
Գետերը սառեցան, էլ չեն գոչգոչա,
Ձկնորսի ձեռքում էլ ուռկան չըմնաց։

Երթևեկությունը արգելեց ձյունը,
Ամեն մարդ քաշվեցավ յուր տան անկյունը.
Ծույլ մարդուց խելահաս, խոհեմ մրջյունը
Պաշար ճարեց, բնից բաժան չըմնաց։

Պարապ մարդոց սիրտը չի առնիլ դադար,
Փակված օդի մեջը նստում են երկար.
Արևը ամպի տակ, լուսինը խավար,
Երկնքումը, տե՛ս, ծիածան չըմնաց։

Անցան գարնանային օրերը, անցան,
Ողջ կենդանիք պատսպարվել ցանկացան.
Հանկարծ բոլոր պիտույքները թանկացան,
Ոչ մի բան հին գնին աժան չըմնաց։

Ո՞ւր է հովիվներու երջանիկ ժամը,
Ո՞ւր է հոտը, ոչխարներու երամը.
Մսից զրկվեցավ գայլի ատամը,
Դաշտերումն էլ ոչ մի կենդան չըմնաց։

Տխրեցավ սոխակը, մեռավ թիթեռը,
Խղճուկ հողագործի ծանրացավ բեռը,
Քանի գնաց երկարացավ ձմեռը,
Հացով լեցուն շտեմարան չըմնաց։

[ էջ 182 ]

Սար ու ձոր սպիտակ հագել են պատանք,
Բնությունը տխուր, չըկա ուրախ կյանք.
Թռչունները չեն սկսում նախերգանք,
Այգիներում նվագարան չըմնաց։

Ավազակաց խումբը առնում է դադար,
Նախագիծ է կազմում ջոկ, գարնան համար
Էլ չի կթվում կով ու մատակ, այծ, ոչխար,
Գյուղերում էլ մածուն ու թան չըմնաց։

Երանի հարուստի սիրտը ուրախ է,
Ցրտից ու մրսելուց հեռու՝ անվախ է.
Ջիվան, այս ձմեռ քո գործդ էլ ձախ է,
Կարծես թե քաղաքում խրախճան չըմնաց։

1883

[ էջ 183 ]

ՓԵՏՐՎԱՐԻՆ

Աչքիլույս աղքատներուն, ձմեռը քիչ մեղմացել է,
Անխղճաբար վարվելը, ինքն իրան հասկացել է,
Քամի ու բուք չի լինում, մարդիկ ազատ ման են գալիս,
Էր արած չարությունը, վնասները զգացել է։

Նա տեսավ, որ չէ լսում է՛լ ոչ ոքի ժամանակը,
Գնալով մոտենում է գարնան սիրուն եղանակը,
Սառնատնից դուրս է եկել կյանք տվող արեգակը,
Աղքատ ու որբ տղայոց սուգ ու լացը վերացել է։

Կարծում ես դադարել են աղբյուրները աղմուկ հանող,
Ծովերից խրատվելով միշտ եղել են կարգ պահպանող.
Ամռանից շատ ծեծ ուտող և ձմռանը ապաստանող,
Կատաղի ելման գետը էլ չի գոռալ, կակղացել է:

1897

[ էջ 184 ]

ԶԱՏԻԿ

Կերպդ դուր չի գալիս ինձի այս անգամ
Տրտում ու տխուր ես, անծիծաղ զատիկ.
Գարունդ եղկելի, արևդ անհամ,
Օրերդ ամպամած, ցուրտ ու պաղ, զատիկ։

Հայրդ հիվանդոտ էր, մայրդ նույնգունակ,
Հարկավ կծնեին քեզ նման զավակ,
Անդադար անում ես լաց ու աղաղակ,
Քուն ու հանգիստ չունեիս, անխաղաղ զատիկ:

Հիսուն օր ծոմ ու պաս պահեցին մարդիկ,
Որ քեզանով գոնե լինեն երջանիկ,
Ավելացավ հոգս ու ցավերն հինգպատիկ,
Ոչ խնդում ցույց տվիր և ոչ խաղ, զատիկ։

Քու շնորհքդ կարմիր ձուն է, այն էլ սուղ,
Հավ չկա, եղածն էլ մնաց անպտուղ.
Բարիքներից թափուր կարաս ու բղուղ,
Տուն կա, որ չունի հաց ու աղ, զատիկ։

Մթերքներդ խիստ թանկ, փողը սև-աղվես,
Աշխատանքի աղբյուր չկա մշտապես,
Խեղճը ինչով սարքե կերուխում, հանդես,
Փոխան գառի չունի աքաղաղ, զատիկ:

[ էջ 185 ]

Պապերդ ունևոր, հայրդ միշտ աղքատ,
Իսկ հորդ պատճենը, ճուտն ես հարազատ,
Տարիս քառասունվեց ապրում եմ լավ, վատ,
Չեմ տեսել քեզ նման խեղճ ու կաղ, զատիկ։

Կերթաս հրապարակ՝ ոչ մի բան չկա,
Պաշար բերող գյուղացիք են բացակա.
Իրանց համար ապրուստ չունին առօրյա,
Որտեղից ցույց տան մեզ լավ կենցաղ, զատիկ։

Երեսները թթված, աչքները՝ պղտոր.
Մարդիկ ման են գալիս, խեղճ, մտամոլոր.
Դու անբախտ ես, թե ամբոխն է չքավոր,
Այս տարի չեն անում շատ մատաղ, զատիկ։

Քեզնից կսպասեինք ծաղկյալ նոր գարուն,
Ցրտից ազատվեինք մարդ թե անասուն,
Հակառակը՝ ինքդ եղար ցրտի բուն,
Ոտքդ ու ձեռքդ սառած, ձյունաթաղ զատիկ։

Ոչ արևդ տաք է, ոչ օդդ պայծառ,
Ոչ ծաղկյալ դաշտ ունիս և ոչ կանաչ ծառ,
Գանգատվում է ամեն նպարավաճառ,
Այս տարի շատ ծույլ ես ու դանդաղ, զատիկ։

Ամեն ոք մի տեսակ ցավով կտքա,
Թե աղքատ, թե հարուստ ամենը կուլա,
Իսկապես ոչ մի մարդ ուրախ չտեսա,
Ման եկա տնե-տուն, թաղե-թաղ, զատիկ։

Այսօր քրիստոնյա աշխարհն ընդհանուր,
Իրար կհաղորդեն մեծ ավետալուր,
Մեր մեռած գործերուն կենդանություն տուր,
Որ մտել են վաղուց ի դագաղ, զատիկ։

[ էջ 186 ]

Մաղթենք և ցանկանանք խոսքերով բարի
Գյուղացոց դաշտերի ցանքսը դալարի,
Մեր Շիրակ գավառը խեղճ է այս տարի,
Շատ ունի տնանկ ու անսվաղ, զատիկ։

Ջիվանս կպահեմ մաքուր ծոմ ու պաս,
Որ չխոսես ինձ դեմ, չանես կամ ու կաս,
Խնդրում եմ քեզ մյուս անգամ խեղճ չգաս,
Գիտեմ, պիտի դառնաս ուշ թե վաղ, զատիկ։

1893

[ էջ 187 ]

ԳԵՏԱԿ

Ափերիցդ դուրս մի ելներ, կուցամաքիս, ո՜վ գետակ,
Ախատիր կուշտ ու կող արա, գուցե դառնաս մեկ ծովակ,
Ուրիշի արտը ջրում ես, քո արտերդ չոր թողած,
Հայրենի դաշտ ու ձորերդ մնում են ծարավ պապակ:

Կաթի ու մեղրի համ ունիս, եդեմական պզտի ջուր,
Ուր ես գնում այդպես արագ, խնդրվեմ ասա, դեպի ուր,
Իստակ, վճիտ աղբյուրներից գոյացել ես դու մաքուր,
Հոտած, պղտոր ջրերու մեջ մի խառնվիլ, պարզ վտակ։

Ձմեռը քեզ համ չի տալիս, սառչում ես, գետ պատվական,
Գլուխդ տաք պահպանում ես, ոտքերդ ցրտից կուլան,
Հարավային փափուկ հողը հույս կուտա կենդանության,
Շարժվում ես գոչգոչալով միշտ դու գարնան ժամանակ։

Վազե, հոսե դեպի հարավ տնանկ աղքատ շատ ունիս,
Ծորան ջրի կարիք շատ կա, գնա այնտեղ, իմ հոգիս,
Ծարավ վառած արտերում տուր զովության ավետիս,
Թող խմեն քաղցր բյուրակնյա վճիտ ջուրը անապակ։

Քու միջիցդ երկու փոքր առուներ են դուրս ելած,
Պահել են համ ու հոտերը դեռ ծովի մեջ չեն մտած,
Չէ մոռացել, քաջ գիտեն, որ քեզանից են գոյացած,
Ջրաբաշխը, մասերդ քեզ կուտա, կանե գոհունակ։

1904

[ էջ 188 ];

ՉԿԱ, Չէ

Ամեն տեղ բռնություն, ամեն տեղ ճնշում,
Երբեք խղճի ազատություն չկա, չէ.
Ամեն մարդ ընկճըված, ամեն մարդ տրտում,
Ցավոց բժիշկ, փարատություն չկա, չէ։

Բռնակալը կըհարվածե քամակից,
Ստիպված շեղվում է մարդ նպատակից.
Անվնաս պահելու ջրից, կրակից,
Ապահովված հաստատություն չկա, չէ։

Ով հզոր է, նա է հարուստ, գործավար,
Բայց խեղճ աղքատն է միշտ հողին հավասար.
Մարդիկ կըխեղճանան զրկելո՛վ իրար,
Բնականից աղքատություն չկա, չէ։

Հզորները խեղճերուն խորտակել են,
Ագահները ամեն մի դուռ փակել են,
Ով ազատ է խոսել, միշտ մտրակել են,
Ամենևին ազատություն չկա, չէ։

[ էջ 189 ]

ԵԿԱՆ ՈՒ ԱՆՑԱՆ
«Ձախորդ օրերի» եղանակով

Կարկուտ, ջրհեղեղ, շանթ ու կրակ եկան ու անցան,
Ժայռի վրայից աննպատակ եկան ու անցան.
Արդար ու տոկուն մարդը մնաց յուր տեղը անշարժ,
Անթիվ սրիկա, գող, ավազակ եկան ու անցան։

Թուխսը ձագերը, Հայրենիքը չըթողեց անտեր,
Բազում գույնի թռչնոց երամակ եկան ու անցան,
Ապրեց տկարը և չըմեռավ, ուժ տվեց աստված,
Ցավեր զանազան հաստ ու բարակ եկան ու անցան:

Քանդել ուզեցին որբի տունը՝ բայց մնաց հաստատ,
Ջոկ-ջոկ ցեղի բանվոր ու մշակ եկան ու անցան,
Զրկող, կեղեքող մարդիկը, տե՛ս, Ջիվանի երգիչ,
Մեռան ու կորան անհիշատակ, եկան ու անցան։

1905

[ էջ 190 ]

* * *

Զանազան գույներով զուգված, զարդարված,
Ո՞ւմ համար ես գալիս, հրաշալի՜ տոն,
Ո՞վ է դիմավորում քեզ մխիթարված,
Ո՞մ տունը հյուր կերթաս, զվարճալի՜ տոն:

Իհարկե, հարուստն է քո հյուրընկալդ,
Նրա զավակներու համար է գալըդ,
Աղքատի սրտով չէ քո երևալըդ,
Բեռ կըդառնաս նրան, անըղձալի տոն։

Սո՛ւրբ օր, դու տոներու երևելին ես,
Քրիստոնյա, ազգաց շատ սիրելին ես,
Երջանիկ փոքրերու վեհ թագուհին ես,
Թշվառ մարդկանց համար ոչ պանծալի տոն։

Տեսքդ ակնավայել, քու կերպդ սիրուն,
Բերում ես քո հետդ տենչալի գարուն,
Թշվառներու քմքին դուր չես եկել դուն,
Միշտ եղել ես անհամ և անալի տոն։

1905

[ էջ 191 ]

ՀՈԳՍ

Ժամանակը շռայլ է խիստ,
Պահանջը շատ, վաստակը քիչ.
Մարդկանց դեմքը մռայլ է խիստ,
Գրպաններում ստակը քիչ։

Մարդու գրպանում փո՛ղ չկա,
Կինը հալավ գուզե թազա,
Այս ջրով ջրաղաց չի դառնա,
Ճլճլում է առվակը քիչ։

Շվարել են խեղճ մարդ ու կին,
Իրանք աղքատ և բազմածին,
Ի՞նչ վայ տա մայրը յուր գլխին,
Որդիքը շատ, խորակը քիչ:

Քամին սառնություն է փչում,
Մարդիկ իրարու չեն օգնում,
Մեկ-մեկու ձեռքից են խլում,
Գլուխը շատ, գդակը քիչ։

Չափ չկա իրանց բաղձանքին,
Զոհ են գնում վատ հոսանքին,
Թե մտիկ տաս մարդկանց կյանքին,
Կեղտոտը շատ, իստակը քիչ։

[ էջ 192 ]

Անցավ նախկին ժամանակը,
Փոխվեցավ մարդկանց վիճակը,
Որ ասավ մեծ հեղինակը —
«Հունձը բազում, մշակը քիչ»։

Կապիկն էլ լավ պար կխաղա,
Բնավ երբեք մարդ չի դառնա.
Բազում երգիչներ կան հիմա,
Ագռավը շատ, սոխակը քիչ։

Ամեն մարդ էլ ունի մեկ ցավ,
Նրանով ապրում են սակավ.
Ջիվանուն՝ վատ, տերտերին՝ լավ,
Մեռելը՝ շատ, պսակը՝ քիչ։

1900

[ էջ 193 ]

ՃՇԳՐԻՏ ԵՐԱԶ

Կեղեքված մարդկության ահարկու ձայնից,
Ձորերը դող ելան, մեծ սարը թնդաց,
Ճչած ու սարսափեց, եղավ ձայնակից,
Կարծր ապառաժը, ժեռ քարը թնդաց։

Ամեհի առյուծը զգաց վիշտ ու ցավ,
Ահից ու երկյուղից իր որջը մտավ.
Մարդկանց կանչը, աղաղակը վեր ելավ,
Մինչև իսկ երկնային կամարը թնդաց։

Սաստկամռունչ հողմի նոր դղրդյունից
Հուր ու ծծումբ ժայթքեց ամեն անկյունից,
Երկրային շարժումից, գոռում-գոչումից,
Արամազդի բազմած տաճարը թնդաց։

Հուժկու աղմուկ հանեց ծովը կատաղած,
Խղճուկ նավավարը մնաց կարկամած.
Հոծ բազմության ձայնը դարձավ մի աստված,
Ահեղ որոտումից աշխարհը թնդաց։

Ջիվանի, հույս ծնավ նոր արեգակից,
Մարդիկ ազատվեցին դառն վիճակից,
Կայծակներ գոյացան լուսո ապտակից,
Աղջամուղջը սարսեց, խավարը թնդաց։

1906

[ էջ 194 ]

ՍԱՌՈԻՅՑ

Ջերմը հոգուդ խորքն է մտել,
Հալվում ես, ահագին սառուց.
Արդեն մեջդ ցեց է ընկել,
Ճեղճեղվել ես դու, հին սառուց։

Որքան էլ որ պահված մնաս,
Նկուղներում ամուր կենաս,
Անշուշտ վերջդ ջուր կդառնաս,
Համոզվիր, ցրտածին սառուց։

Պողպատ հալող արփին զորեղ,
Ջերմացրուց քաղաք ու գեղ,
Որոնե արև չեղած տեղ,
Գուցե ապրիս, մթին սառուց։

Ինչ կերպ էլ դեմ դնես, տքնիս,
Բնական է դու կըմեռնիս,
Արևի հետ պիտի կռվիս,
Զուր է բոլորովին, սառուց։

Հմուտ բժիշկները տեղյակ,
Դուրս բերին քեզ անընդունակ,
Մաքուր ջրից և նոր տեսակ,
Պատրաստեցին կրկին սառուց։

[ էջ 195 ]

Սիրտ չունիս, կարծր ես քարից,
Հեռու գնա Մասիս սարից,
Չքվիր, վերացիր աշխարհից,
Բռնակալ մարդկային, սառուց։

1907

[ էջ 196 ]

ՇԱՏ ՈԻՆԻՆՔ

Ձրիակեր, մարդ կողոպտող կեղծ հեղափոխական շատ ունինք,
Իզուր տեղը արյուն թափող անխիղճ մարդ-գազան շատ ունինք,
Գայլը գառան մորթի առած մտել է մարդկության մեջը,
Դիմակավոր շանտաժիստներ, ագահ խուլիգան շատ ունինք։

Դու բոլորին ուսում առած՝ խղճով, բարի մարդ մի կարծիլ,
Միամիտ գյուղացուն խաբող խարդախ փաստաբան շատ ունինք.
Կծողին բարեկամ լինենք, փայտը պահենք ձեռքներումս,
Մեր գոյության սպառնացող նախանձ հարևան շատ ունինք։

Ամեն մի գրիչ վերցնող չի կարող լինել հռետոր,
Իրան խոսքը չըճանաչող պատառած-բերան շատ ունինք.
Մինչև մարդիկ իրարու հետ եղբայրանան, շատ ջուր կանցնի,
Ջիվան, ագահներու ոհմակ, դեռ արան-տարան շատ ունինք։

1907

[ էջ 197 ]

ՈՒԺԵՂ ՀԱՐԵՎԱՆՍ

Ուժեղն ինձ ծեծում է, ապրանքս տանում,
Բերանս փակում է` լալու չի թողնում.
Կուզեմ ներկա լինել ես դատարանում,
Դատավորին գանգատ տալու չի թողնում:

Խնայում է ինձ աստըծու բարևը,
Անցկենալիս վրաս թափ կուտա թևը,
Քար է գցում ճանապարհիս առջևը,
Անխիղճ մարդը առաջ գալու չի թողնում։

Զուր է խփում նա երեսիս ապտակը,
Չար չի եղել բնավ իմ նպատակը.
Ծովն է գցել, կուզե սուզվիմ հատակը —
Ազատվելու և լողալու չի թողնում։

Շատ անխիղճ է վարվում քաջ հարևանս,
Լեզուս կտրում է, փակում է բերանս.
Սաստիկ կարոտցել եմ հայրական տանս,
Մինչև մոտիկ անցկենալու չի թողնում:

Ինձ Ջիվանուս վիրավորել, խոցել է,
Կյանքիս ծառը կտրել և սղոցել է.
Ուրախության բաց դռները գոցել է,
Զվարճանալ կամ խնդալու չի թողնում։

1907

[ էջ 198 ]

ՄԵՐ ԴԱՐԸ

Ինչ վատ ժամանակի հասանք, ով աստված,
Շատ վատ է երևում աշխարհի կյանքը.
Բազմացան անկամորդ ագահները ցած,
Խաբում, կլանում են այլոց ապրանքը։

Կեղծ քարոզիչները ելած են հանդես,
Խաբում են շատ մարդու երեխայի պես.
Ներքուստ գայլի նման հոտն անում են կես,
Արտաքուստ հովվի հետ, տես, քռքռանքը։

Կարծես չիլնիր այսպես շփոթված մի դար,
Երթալով կըշատնա անխիղճն անհամար,
Մարդկանց թույն են տալիս շատ արվեստաբար,
Կուտեն, չեն հասկանա գալած փորձանքը։

Մի խումբ մարդիկ կան, ողջ բաց բերան,
Ոչ աստված կհիշեն և ոչ դատաստան.
Ձեռքներն ընկածը ճիշտ սագի նման,
Կպլոկեն խեղճի ողջ զարդարանքը։

Կիսաուսում մարդու խոսած առակը,
Կմարե միամիտ մարդկանց կրակը.
Դես տալու փոխանակ` կհանե ակը,
Կավելացնե առողջ մարդու տանջանքը։

[ էջ 199 ]

Այս կերպ բժիշկները շատ են առաջել,
Տգետ, բան չգիտեն և չեն ամաչել.
Հազարից մեկ վարպետին չեն ճանաչել,
Շատ պակաս է իմաստունի հարգանքը։

Մի տեսակ հարուստ կա նման տզրուկի,
Կծծե արյունը աղքատ ծերուկի
Հաշիվ չի լինի ոսկե ճամուկի,
Կրկին աղքատներին կպչելն է ջանքը։

Արարչից է այս պատիժը մեզ համար,
Օրը մի նոր վատ բան կստանա աշխարհ
Դի ասելով կվազվզեն անդադար.
Բազմացել է գայլերի արշավանքը։

Սրիկայի համար խրատն է տնազ,
Նա մարդ ավարելու կհարի վռազ,
Աչքն է ապօրինի գործի հանապազ,
Անխիղճ մարդը բան չի սեպել զրկանքը:

Անամոթն աշխարհին շատ վնաս կուտա,
Ճշմարտություն, երկյուղ նորա մեջ չկա,
Որտեղ որ կտեսնի մի համեստ տղա,
Կսկսե հետևից նա հայհոյանքը։

Վատ ու չար գործերից հոգիս է տխուր,
Չոքել են սրտերիս ցավերն ընդհանուր.
Հիմա աղբյուրներից չեն վազեր պարզ ջուր.
Պղտոր է գետերու վճիտ հոսանքը։

Անգործ, պարապ մարդիկ հո չեն ուտեր հող,
Հարկավ դրանք վերջը պիտի լինին գող.
Հարյուր մարդու իննսունը հարբեցող
Քննող չկա, ո՞րտեղից է աշխատանքը։

[ էջ 200 ]

Թե որոնես հինգ անկյունը աշխարհին
Դեռ ուշ կշտկվի սյունը աշխարհին,
Սիրտ, մի կարդա պատմությունը աշխարհին,
Հավիտյան չեն հայտնի ցավոց գրյանքը։

Լռել է, չի խոսիլ մեծ իմաստունը,
Զզվելով աշխարհից՝ փակվել է տունը,
Դառն ժամանակի անդուր անունը,
Փակել է զգայուն մարդկանց բերկրանքը։

Ուրեմն այսպես է Ջիվանի երգիչ,
Շատ դատե, շատ լսե, ինքդ խոսիր քիչ,
Ամեն բան կուղղվի, կանչե արարիչ,
Քեզանից հեռացուր զուր բամբասանքը։

1876

[ էջ 201 ]

ԹՈԻՐՔԸ ԵՎ ՀԱՅԸ
(Շեքի)

Մի կայսեր հպատակ, մի երկրի զավակ,
Ու մեկ օրենքի տակ թուրքը և հայը,
Կանգնել են հակառակ մեկմեկու ներհակ,
Արձակում են գնդակ, թուրքը և հայը։

Մեջտեղը կա մեկ չար, խորամանկ ճարտար,
Չար գործին ղեկավար, ինքը մութ, խավար,
Դարձել են խելագար, արյան սիրահար,
Կոտորում են իրար թուրքը և հայը։

Իրարու գնդակող, սաստիկ ապտակող,
Տները խորտակող, քանդող, կրակող,
Անուն պախարակող և նշավակող,
Կովկասում բնակվող թուրքը և հայը։

Կռվեցուց չար ոգին թուրքին ու հային,
Ծափ տվեց առանձին, հրճվեց սրտագին,
Եթե չհաշտվեն, երկուսն էլ կընկնին,
Գետին կտապալվեն թուրքը և հայը։

Ինչ կա մեջը, Ջիվա՛ն, երկու ազգության,
Հայտնի չեղավ մեկ բան, քննեցին այսքան,
Անվայել գործ տեսան երկու հարևան,
Ինչո՞ւ թշնամացան թուրքը և հայը։

1903

[ էջ 202 ]

ՉԵՆ ԹՈՂՆՈԻՄ

Մի պատառ ցամաք հաց, մի քիչ էլ պանիր,
Կուզեմ, որ ունենամ, էն էլ չեն թողնում,
Փափուկ գորգի փոխան մի հատ չոր խսիր,
Օձերը չարակամ՝ էն էլ չեն թողնում։

Սաստիկ դառն է կյանքը մեր այս ուղղության,
Համարձակ երգելու չկա հրաման,
Պահակները սրճարանը ներս կուգան,
Կարգելեն շատ անգամ, էն էլ չեն թողնում։

Տկարն ինչու համար ծնվել է, Ջիվան,
Որ ուժեղի ոտքին լինի պատվանդան,
Հյութալից կերակուր ով կուտա նրան,
Թթու դրած շաղգամ, էն էլ չեն թողնում։

1907

[ էջ 203 ]

ՁՄՌԱՆ ՎԵՐՋԵՐԻՆ

Թշվառ, եղկելի մարդ, գլխիդ ճարը տես,
Ձյունը գորշ է կապել, մեծ հեղեղ կուգա,
Մի պարփակիլ ջրի ճանապարհը, տես,
Լեռներ կտապալե, շատ զորեղ կուգա։

Ջուրը բարձրացել է, ալեկոծվել խիստ,
Համատարած ծով է դարձել լայնանիստ,
Քամին տակն է մտել, չի տալիս հանգիստ,
Ծավալվել է արդեն, ամեն տեղ, կուգա։

Զգալի է շոգենավի կարիքը,
Շատ մեծ դեր է խաղում օդապարիկը,
Հալվել, ջուր է կտրվել սառնամանիքը,
Ընթացք է ստացել, շատ ուժեղ կուգա։

Քեզ համար բարիք կցանկա Ջիվանը,
Վտանգից ազատե քու գերդաստանը,
Նոյի նման փախիր մտիր տապանը,
Հեղեղը չափազանց ծալրահեղ կուգա։

1905

[ էջ 204 ]

ԱՇԽԱՐՀԻ ԲԱՆԸ

Խաբեբա աշխարհը, թե լավ նկատես,
Քիչ կճարվի հավատարիմ բարեկամ,
Որքան մարդու հետ պինդ սեր հաստատես.
Նա չի մնա քեզ հետ սիրով հարաժամ։

Թե դառն չլինի աշխարհի բանը,
Մարդիկ ինչու կհակվին դեպ դաժանը,
Թող դու արենակից, մերձ ազգականը,
Եղբայրն յուր եղբորը չի սիրիլ անգամ։

Միթե պատվիրած չէ անմահ հզորը,
Որ պատվել չի որդին յուր ծնող մորը,
Ատելության ոգին ծագեց այն օրը,
Կայենն ու Աբելը երբ ծնավ Ադամ։

Տես, Ջիվան, մեղրի տեղ ծախելով լեղին
Խարդախը կխաբե խղճուկ անմեղին,
Նախանձը շատնալով մարդկային ցեղին,
Ափսոս, սերը պակասում է ամե-ամ։

[ էջ 205 ]

ԳԱԼԵՆՏԵՐԻ ՄՈԻԽԵՄՄԱԶ

Վարդ, վարդ ասելով կյանքը գնացել է սոխակին,
Մեկ օր, մի ժամանակ չէ հասել յուր նպատակին,
Ափսոս, հազա'ր ափսոս նորա սիրելի փափագին,
Որ չէ խնայում խղճալու պատանի հասակին.
Դարձյալ ավաղ ասեմ նրա երգին, եղանակին,
Ունայն սիրո ծաղրատեղ է դառել թութակին։

Տասն և մի ամիս համբերելով հույս է նկատում,
Խավար միգախառն գավառից լույս է նկատում.
Անմարդ, անապատ տեսքից խրախույս է նկատում,
Արմատը փտած ծառից նորահույս է նկատում,
Վարդին սոխակը սրտով սուրբ կույս է նկատում,
Կարծում է համեմատ իրավ արդար արեգակին։

Սոխակը ոչնչացրել է մարմինը փափուկ,
Ո՛հ, ո'հ ասելով վարդի սիրույն դարձել է ծերուկ,
Զուր սիրո մասին մահը տարել է քա՛նի մանուկ,
Ինչպես սոխակը ճանաչել է յուր սերը հատուկ,
Բայց չէ իմացել թե կսիրե միշտ փուշը ծածուկ,
Սև ագռավն էլ նկատում է մեկ ժամանակին։

Այս սիրույն հավանող բանական մարդը անօգուտ,
Այն մարդու ձեռաց սուսերը, գեղարդը անօգուտ,
Անդաստանը, ցանած ցորենը, հարգը անօգուտ,

[ էջ 206 ]

Ինչպես սոխակի հանդիսանաց զարդը անօգուտ,
Թողած պալասանդ կսիրե վարդը անօգուտ,
Կամ չի իմացել համբավը կապույտ մանիշակին։

Իզուր սիրո վերջը, Ջիվանի, մարդ կճարե ցավ,
Օգուտ չի քաղիլ, վնաս է, հոգին կուտա գրավ,
Սիրո ծովի վերա չի կարող շուռ գալ ամեն նավ,
Ձեռնտու չէ մեզ աննպատակ սերը, չէ իրավ,
Թիթեռի սերը ճշմարիտ է, միշտ սոխակից լավ,
Ամբողջ կենոք յուր անձը նվիրում է կրակին։

1870

[ էջ 207 ]

* * *

Մեծ գործի հե՞տ ես, թե քնել ես, աստված,
Որ չես տեսնում, չես իմանում մեր ցավը.
Ուրուրները գրոհ կուտան զենք առած,
Ո՞ր մեկի հետ կռվի խղճալի հավը։

Ուշքը գրավել է վեհապանծ արծվին,
Արևելքում գոյացել է մի նոր ցին,
Ժամանակ գտնելով գորտերը չնչին,
Կուզեն որ ջախջախեն, խորտակեն նավը։

Մեծանուն քաջ սարը դեռ թարմ է հոգով,
Փչել են քամիներ գլխին տաք ու հով,
Նրա գործը անաջողակ տեսնելով
Հրճվում է գիշակեր տգեղ ագռավը։

Թե ուզում է գտնել նախկին պատիվը.
Պետք է կշտացնի իր հավն ու ճիվը,
Տասնապատիկ ուժ կստանա արծիվը,
Եթե որ նա փոխե իր հին հալավը։

1905

[ էջ 208 ]

ՄԱՅՐԱԿԱՆ ՕՐՈՐՈՑԻ ԵՐԳ

Դեռ գիշեր է, առավոտ չէ, հանգիստ քնիր, ի՛մ զավակ,
Ահա ծիծս առ բերանդ՝ եթե ունես դու փափագ.
Թեև դրսից քո ականջիդ դիպչում է սուր աղաղակ,
Քնիր, քնիր, սիրուն մանկիկ, ժամանակ չէ զարթնելու,
Մի հավատար, որ խաբում են, ոչինչ չունին քեզ տալու։

Դու քույրերիդ մի մտիկ տալ, նրանք մեծ են, գառնուկս,
Օրոր ասեմ՝ դեռ դու քնիր, որ մեծանաս, մանուկս,
Ահա դրի գլխիդ տակը բարձի տեղակ բազուկս,
Հանգիստ քնիր, սիրուն մանկիկ, ժամանակ չէ զարթնելու,
Մի հավատար, որ խաբում են, ոչինչ չունին քեզ տալու։

Դրացու չար երեխայքը քեզ գոչում են՝ դուրս արի,
Բայց չեմ թողալ, որ դու գնաս հանդիպես պատահարի,
Ոչ ոտք ունիս և ոչ լեզու պառկիր տեղդ, դադարի,
Անհոգ քնիր, սիրուն մանկիկ, ժամանակ չէ զարթնելու,
Մի հավատար, որ խաբում են, ոչինչ չունին քեզ տալու:

Օրոցքիդ մեջ քեզ պինդ կապեմ, չլինի թե գլորիս,
Կամ թե ընկնիս գետնի վերա, քեզ վնասես, մոլորիս,
Մտիր Մորփեոսի գիրկը մինչև լեզու սովորիս,
Այժմ շուտ է, սիրուն մանկիկ, ժամանակ չէ զարթնելու:
Մի հավատար, որ խաբում են, ոչինչ չունին քեզ տալու:

[ էջ 209 ]

Բացի կաթը դու չես կարող ջոկ բան ուտել, քաջ տղա,
Բերանումդ ատամ չկա, երեխա ես, երեխա,
Ինքս կասեմ քեզի զարթնիր, երբ բարով ատենը գա,
Դեռ հիմա լույսը չի բացվել, ժամանակ չէ զարթնելու,
Մի հավատար, որ խաբում են, ոչինչ չունին քեզ տալու։

Օրոցքիդ ձի կնստես, երբ մեծանաս, պատվական,
Սիրուն մեջքիդ թուր կըկապեմ, ուսիդ կառնես հրացանք
Մեծ եղբայրս՝ ազնիվ քեռիդ, երբ որ կուտա հրաման,
Ինքս կասեմ վեր կաց, մանուկ ժամանակ է զարթնելու,
Կարելի է մի բան հուսալ ուրիշներից քեզ տալու։

[ էջ 210 ]

ԼՈՐԵՐԸ

Ինչ թռչուն որ թռավ՝ ծափահարեցին,
Մեծատուն, մեծազարմ իշխան հավքերը,
Լորի թև առնելը վատ համարեցին,
Չըտեսան թռչելու արժան հավքերը։

Ասին, որ լորերը չունին քաջություն,
Կչկչում են, հանում խեղճ հավի հնչյուն,
Իրանց պատվի համար չեն թափել արյուն,
Այդպես վախկոտներուն ի՞նչ տան հավքերը։

Չերկարացավ լորի պոչը, կարճ մնաց,
Խնդրեց արամազդին, արավ լաց ու թաց,
Արժան չդատեցին տալ մի կտոր հաց,
Չկամ, նախանձ և անհավան հավքերը։

Լորերու շատերը կռվի մեջ ընկան,
Օգնող չեղավ, ոչ մի բանի տեր չեղան,
Համերգ տվին կարգին, գովեստ ստացան,
Երաժիշտներ դարձան անբան հավքերը։

Ջիվանի, լորերին կարծելով տհաս,
Թողին կղզիացած, անհաղորդ, անմաս,
Նրանք էլ իրարու տալիս են վնաս,
Նախանձոտ են մարդու նման հավքերը։

1904

[ էջ 211 ]

ՀԱՅԻ ԵՐԳԻՉ

Ման ես գալիս խեղճ ու մոլոր, թափառական, հայի երգիչ,
Ամենայն տեղ կհալածվես վատի նման, հայի երգիչ,
Հոգսն ու ցավը միշտ քեզանից են անպակաս, հայի երգիչ,
Թափառում ես երկրե-երկիր, անօթևան, հայի երգիչ,
Ազատ ուրախ նվազելու չիք հրաման, հայի երգիչ,
Ձայնդ խեղդված և լեզուդ կարճ, դու անբերան, հայի երգիչ։

Ամեն մի ցած, մատնիչ հուդա, սև դավաճան իշխող է քեզ,
Ամեն մի քաղցած թաղապետ իբր իշխան իշխող է քեզ,
Թե անպաշտոն մեկ սրիկա — թե ոստիկան իշխող է քեզ,
Ում որ ձեռքը մեկ ճիպոտ կա կամ գավազան իշխող է քեզ,
Ամեն մի քաղաքապահակ կամ դռնապան իշխող է քեզ,
Ախ, դու կոպիտ ուժից ճնշված, կյանքդ դաժան հայի երգիչ։

Հայ երգիչն հալածանքի, նեղության վաղուց է սովոր,
Վիզը ծռած, ծանր բեռը տանում է լուռ, արտասովոր,
Գիշերը հանգիստ չի տալիս պաղ լուսինը կիսաբոլոր,
Ցերեկն էլ արևն է տանջում իր կրակով մարդակոտոր,
Փարիսեցի և խորամանկ, կարգապահները կեղծավոր,
Երգդ թնդանոթ կկարծեն, կամ հրացան հայի երգիչ:

Մի տեսակ սուր փուշ է դարձել նախանձներու աչքի համար,
Քո լեզվովդ երգ լսելը նրանց թվում է խիստ օտար,
Այսպիսի վատ դրությունը թե մարդ ես դու, արի ու տար,

[ էջ 212 ]

Շրջապատողներդ անգութ, անմարդասեր, մտքով խավար
Տեր ու պաշտպան չունիս, խեղճ մարդ, գործդ խափան ինքդ՝ տկար,
Անսվաղ քար պիտի կրծես, ով անկայան հայի երգիչ։

Ինչո՞ւ թողիր սիրուն գյուղդ, շալակիցդ քու քթոցդ,
Եկար քաղաք, ցավով լցվեց շտեմարանդ, գզրոցդ,
Եղել ես վաթսուն տարեկան, դատարկ, անփող ջիբ ու ծոցդ,
Թշնամիք մարել կցանկան հին մնացած վառ հնոցդ,
Թե չերգես, ինչով ապրես, ով հաց կտա քո որդոցդ,
Մտածե, թող հոգիդ դուրս գա, անբախտ Զիվան, հայի երգիչ,

[ էջ 213 ]

ԳԱԶԵԼ ԴԻՎԱՆԻ

Շատ քնեցար, սիրելի, լույսը կտուրից անցկացավ,
Մայր մտավ լուսինը, դեմի բլուրից անցկացավ.
Քթոցը այսուհետև էլ չի կարող պատսպարել,
Մի ահագին այծ դառավ, ուլը մսուրից անցկացավ։

Այրի, անբուն, խեղճ հավի ծագերը մեկ-մեկ որսալով,
Կեղծավոր նենգ աղվեսը հաստատ ուրուրից անցկացավ,
Դեպի ծովը հասնելու շտապով արագ վազելով,
Մայր Արաքսը խենթացավ, ահռելի Քուռից անցկացավ։

Լուսավոր ժամանակ է, փոքրը մեծին չի հավանում,
Տես, Ջիվան, զարգացումով հարսը կեսուրին անցկացավ։

1888

[ էջ 214 ]

ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՋՈՒՐԸ

Վերքիս դեղ ու սպեղանին,
Ա՛խ, իմ հայրենիքիս ջուրը,
Քաղցր ես, քան նռան գինին,
Ախ, իմ հայրենիքիս ջուրը։

Խմողը շատ ուշ կմեռնի,
Քիչը՝ հարյուր տարի կապրի,
Ամեն երկիր չի գտնվի,
Ա~խ, իմ հայրենիքիս ջուրը։

Բյուրակնյան սարից կըտեղա,
Կոհակներու մեջ հոգի կա,
Դրախտի միջից դուրս կուգա,
Ա~խ, իմ հայրենիքիս ջուրը։

Անմահական աղբրից է,
Եդեմի սուրբ երկրից է,
Ադամա խմած ջրից է,
Ա~խ, իմ հայրենիքիս ջուրը։

Հայկ պապս նրանից խմեց,
Զորեղացավ, Բելին հաղթեց,
Սրբում տանում է ցավ ու ցեց,
Ա~խ, իմ հայրենիքիս ջուրը։

[ էջ 215 ]

Վարդան, Վահաններ է տվել,
Դշխո Շուշանիկ է ծնել,
Սանդուխտ կույս է առաջ բերել,
Ախ, իմ հայրենիքիս ջուրը։

Հիշե, պանդուխտ Հայկազունի,
Միտ բեր օջախդ հայրենի,
Կաթի ու մեղրի համ ունի,
Ա՛խ, իմ հայրենիքիս ջուրը։

Դառն են ջրեր օտար երկրին,
Աղի լեղի են, համ չունին,
Արդյոք պիտի խմե՞մ կրկին,
Ա՛խ, իմ հայրենիքիս ջուրը։

Մեր երկիրը մթնել է,
Կարծես մեր աստղը ընկել է,
Ալ արյունով ներկվել է,
Ա՛խ, իմ հայրենիքիս ջուրը:

Ջիվան, հրեշներ են եկել,
Բնիկներին դուրս են վանել,
Օձերն ու գորտերն են խմել
Ա՛խ, իմ հայրենիքիս ջուրը:

1902

[ էջ 216 ]

ԻՄ ՀՈՐԹԸ

Մեծ մեծ եզներ եղան այլոց հորթերը,
Իմ խեղճ հորթս մոզի չեղավ, հորթ մնաց,
Ցուլերուն հարազատ դարձան խորթերը,
Իմ հորթուկս նախիրից դուրս, խորթ մնաց։

Կոտոշ չունենալու համար խեղճ եղավ,
Գայլերու երկյուղից գոմից դուրս չեկավ,
Լուծ քաշելու, բեռ կրելու պետք չեղավ,
Եղջուրավորներումն հետևորդ մնաց։

Մեկ օր փորձի համար մտավ ասպարեզ,
Հավաքվեցին գլխին, օձ, կարիճ, խլեզ,
Յուր փարախի սիրուն եղավ ողջակեզ,
Հազար վերք ստացավ, կիսամորթ մնաց։

Ծովային ահարկու մեկ կով կար սրտոտ,
Ուզեց օգնել նրան արավ ձեռ ու ոտ,
Ցուլերը չը թողին, եղան խոչընդոտ,
Խեղճ հորթուկիս բանը միշտ ձախորդ մնաց։

Կարմիր ու վայրենի անխելք մի եզ կա,
Հորթս նրա ձեռքից միշտ այրուն կուլա,
Երկար ժամանակից կա մինչև հիմա,
Նրա փարախի մեջ ավելորդ մնաց։

[ էջ 217 ]

Մի սպիտակ առույգ երիտասարդ ցուլ,
Դարձրուց վայրենի եզին փոքրիկ ուլ,
Խրոխտաց ու լռեց կովը ձկնկուլ,
Նորից գայլը հորթիս պահնորդ մնաց։

Գեր գոմեշը եղավ նրա պատճառը,
Որ չը փրկեց հորթիս, սիրած գավառը.
Խելագարված հարավային արջառը,
Անկոտոշ հորթերուն առաջնորդ մնաց։

Հինգ ահարկու հզոր ցուլերու քովը
Երաշխավոր եղավ ծովային կովը,
Ոչինչ չարավ հորթիս նա յուր ձեռքովը.
Լոկ անունով դատարկ մեկ միջնորդ մնաց։

Անպատիժ մնացին անգութ չարերը.
Մինչև անգամ բղավեցին քարերը,
Հորթս եղնիկ դարձավ, փախավ սարերը,
Նրա հալածողն էլ գող որսորդ մնաց։

Ապերախտ արջ-կատուն իմ մերձավորս.
Մկներուս կերակուր շինեց խմորս,
Բղավեց, ճղավեց արթուն աքլորս.
Գլուխը կտրեցին, անկոկորդ մնաց։

Որոտաց երկինքը, դղրդաց աշխարհ.
Հորթերը խրտնեցին ընկան սար ու քար,
Հեղեղը խափանեց ամեն ճանապարհ,
Ոչ գնացող գալող, ոչ անցորդ մնաց։

Սոխակի փոխարեն այգին, ծաղկոցը.
Ագռավն էր տարածում իր ղռղռոցը,
Ազատ մտնի կելլե մեր հորթանոցը,
Գայլը իր ձագերով հաճախորդ մնաց։

[ էջ 218 ]

Սկզբից հորթերուս բանը փսորվեց,
Որը քարից ընկավ, որը աքսորվեց.
Որը ջուրը տարավ, որը կոտորվեց.
Երեսուն երորդից մեկ երորդ մնաց։

Դրացու հորթերը պահե տեր Աստված.
Իմ մեկ հորթս էլ նրանց մեջն է խառնված.
Հորթ ուտող սուտ ճգնավորը հորթարած
Վեհանձն առյուծին փոխանորդ մնաց։

Վերջապես ինչ հալով հորթս մեծացավ.
Հազար չարչարանքով մեկ մոզի դարձավ,
Այն էլ եկավ խլեց եղբայրս տարավ,
Սայլին լծեց և ինքն էլ սայլորդ մնաց։

Ջիվանի, ետ ընկա, շատ մնացի ետ.
Տունս ոչ գույք մնաց, ոչ գորգ, ոչ կարպետ,
Ւսկի չըհաշտվեց բախտը ինձի հետ.
Հակառակ էր և հակառակորդ մնաց։

1898

[ էջ 219 ]

ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՐՏՈՒՆՋ

Երանի դադարի մահաշունչ քամին,
Հեզասյուք զեփյուռը գա տեղը բռնե,
Անհետանա խաղաղության թշնամին,
Քաղցրաձայն հովիկը ազատ կյանք երգե։

Աշխարհից վերացած հաշտության հոգին,
Հիվանդոտ մարդկության հյուր գա վերստին.
Կոտրի դիոսի մահառիթ գերանդին,
Դեռահաս նորատունկ կյանքեր չհնձե։

Կբացվի բարության սուրբ ճանապարհը,
Առանց վնաս տեղ կըհասնի արդարը,
Իրար հետ հաշտ ապրին գայլն ու ոչխարը,
Այդ լավ ժամանակը մոտ է, հեռու չէ։

Ջիվանի, հայության դուռը դեռ փակ է,
Մեր բախտի լուսարփին մութ ամպի տակ է,
Այժմյան մարդկությունը տարօրինակ է,
Կուզես խնդա, կուզես լաց ու արտասվե։

1904

[ էջ 220 ]

ՍԱՍՈԻՆՑԻՔ

Հայաստանի քաջ, անդրանիկ զավակներ,
Ողջ հայերուն փառք ու պարծանք, Սասունցիք,
Ձեր ոտքերուն մատաղ սուրբ նահատակներ,
Մեր հույս ու ապավեն, մեր հույս Սասունցիք։

Դեմ դրիք թշնամուն անվախ, քաջաբար
Չորս ամիս շարունակ կռվելով երկար,
Զոհեցիք ձեր կյանքը հայության համար,
Տվիք հայրենիքին փրկանք, Սասունցիք:

Ամեն մեկդ մեկ-մեկ խութեցի Հովնան,
Առյուծի կորյուններ, հայրենյաց պաշտպան,
Կամ կմեռնենք, կամ կմեռցնենք նրան,
Ով որ ձեզ տա վիրավորանք, Սասունցիք:

Երանի քիչ մտքով լինեք սատանա,
Որ երբեմն ձեր գործը չվատանա,
Ձեր նման ծռերու թիվը շատանա,
Կռվի դաշտում առյուծասիրտ Սասունցիք։

Անհովիվ արածել, անփարախ պառկել,
Այծամի հոտի պես անվախ անարգել,
Ազատ մեծացել եք և ազատ ապրել,
Դուք չգիտեք բանտ ու կապանք, Սասունցիք:

[ էջ 221 ]

Չորս կողմը փշեր, դուք միայնակ վարդ,
Զերթ հազար գայլի մեջ ընկած մի կենտ մարդ
Մեկ ջարդել եք, մեկ դուք ստացել եք ջարդ,
Տեսել եք շատ դառն փորձանք, Սասունցիք:

Կռիվը ձեզ համար դարձել է մեկ խաղ,
Քրդերու սրտերում շատ եք դրել դաղ
Արաբացիք ձեր պապերից, ձեզանից վաղ
Կերել են ջարդ և հալածանք, Սասունցիք։

Սի՛րել եք թափած արյունը մաքուր,
Մի բանի տեղ բռնի, անց չկենա զուր,
Զորանաք, երկիրը չթողնեք թափուր,
Վարել եք մեծ պատիվ, հարգանք, Սասունցիք։

Սուրբ Վարդանը նահատակաց բանակով
Ձեզ է դիմավորում իրենց պսակով,
Լուսավորիչ սուրբ Ներսեսով, Սահակով
Ձեզ տալիս են մխիթարանք, Սասունցիք։

Զերթ ձագերուն սիրող և պաշտող թռչուն
Բարձր ժայռի գլխին հաստատում եք բուն,
Երբ լսում եք մատնիչ, վատ հայի անուն,
Զգում եք ձեր մեջը զզվանք, Սասունցիք։

Սպասեցե ք, ձեր առուն էլ ջուր կուգա,
Փոքր առուն մեկ օր մեծ գետ կդառնա,
Ինչքան համբերել եք դուք մինչև հիմա
Դեռ ունեցեք քիչ համբերանք, Սասունցիք։

Ձեր մի փոքր լուցկին կվառի աշխարհ,
Հրդեհներ կգոյացնի անհամար,
Մեկը հարյուր կըլնի, հարյուրը հազար,
Պետք է քամի ու պետք է ջանք, Սասունցիք։

[ էջ 222 ]

Դեռ երկունքի մեջ է սուրբ գործը արդար,
Բերածը արու է կծնի դժվար,
Մի թողնեք ձեր շինած գործը անկատար,
Աշխատեք չգործեք հանցանք, Սասունցիք։

1895

[ էջ 223 ]

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԲԱՐԵԿԱՄԻՍ

Ուժ չունինք, որ մեր ուժովը ազատություն ձեռք բերենք,
Ուժեղները մեզ չեն օգնում, էլի լավ է համբերենք.
Դուն ասում ես — համբերելով ոչ մի օգուտ չունեցանք,
Լավ է կռվենք կամ փրկվենք կամ թե մեռնենք վերջանանք։

Չէ, եղբայրս, այդ խոսքերը վատ են ազդում ինձ վրա,
Անմտածել գործող ազգին, բնավ փրկություն չկա.
Բուլղարիան թուրքի լծից չէր ազատվի հավիտյան,
Թե չըօգներ հզոր ազգը,– ազնիվ ցեղը Սլավյան։

Ով կա օգնող տկար հային, նորա բարին ցանկացող,
Հազար թշնամիներ ունինք մեր վնասին խնդացող,
Զուր մեռնելով բան չի լինիլ, մեջը չկա նպատակ,
Դրան կասեն գայլի պատառ, կամ թե իշի նահատակ։

Հանգամանքը թե չըօգնեց, զուր կըդառնա ջանքը մեր,
Օրըստօրե կըվատանա կըդառնանա կյանքը մեր,
Չհավատաս, որ դու ունիս կեղծ բարեկամ ծովապետ,
Նա իր մի արշին մահուդը չի փոխիլ ողջ հայոց հետ։

1904

[ էջ 223 ]

ՀԱՅԻ ՄԵԾ ԹՇՆԱՄԻՆ

Մենք հայերս մի մեծ թշնամի ունենք,
Նա է մեզ կործանել, դեռ կկործանե,
Ե՞րբ պիտի խելքի գանք՝ պիտի պրծնենք,
Որ այդ գազանը մեզ ճամփուց չհանե։

Գաղթականությունն է մեր մեծ թշամին
Ու չենք կարող հաղթել այդ անզգամին,
Մտել է պնչերս օտարի քամին
Մեզի յուր շահերին խաղալիք կանե։

Մինչ ե՞րբ հայրենիքի հարգը չիմանանք,
Անդառնալի կորուստ գնանք ու գնանք,
Թե քաղցած էլ լինեք, մեր տեղը մնանք,
Էլի մեր երկիրը մեզ կպաշտպանե։

Աշխարհի երեսին ո՞ւր կուզես գնա,
Կտեսնես այնտեղ էլ մի քանի հայ կա,
Անհայ մնացել էր միայն Ամերիկա,
Որ նա էլ հիմա ողբալու արժան է։

Ջիվան, պատմությունը դու չես քրքրել,
Այդ մեծ ցավի վրա շատերն են գրել,
Հային նա է թշվառության հասցրել
Գաղթականությունը՝ աստված խափանե։

[ էջ 225 ]

ՍԻՐԵԼԻՍ

Սիրելիս, գնում եմ դեպի Եվրոպա,
Չորս կողմս նայում եմ, դու այնտեղ չկաս,
Աշխարք հավաքվել է, տոն ու հանդես կա,
Պտրում եմ, պտրում եմ դու այնտեղ չկաս։

Վիզս ծուռ, այլայլված, տխուր ու տրտում
Տոչորված շրջում եմ մարդկային ծովում,
Կենտ-կենտ քո լեզվով էլ խոսքեր եմ լսում,
Շատ մարդիկ տեսնում եմ, դու այնտեղ չկաս։

Ազգերը իրար մոտ կուշտ կշտի տված,
Ցույց են տալիս ծրարները բաց արած,
Միայն քեզ է զրկել այդ բանից աստված,
Ափսոսում, ցավում եմ, դու այնտեղ չկաս։

Պատճառն ինչ է, հոգիս, այնտեղ չես եկել,
Կարելի է որ քեզ տոմսակ չեն տվել,
Ամեն ազդ համարձակ կանե մուտք ու ել,
Սաստիկ զարմանում եմ, դու այնտեղ չկաս։

Ես այստեղ ջրում եմ ուրիշի ծառը,
Անցնում, գլորվում են օրերս դառը,
Սիրուններ շատ, բոլորն էլ լավ, բայց սառը,
Միայնակ նեղվում եմ, դու այնտեղ չկաս։

[ էջ 226 ]

Ջիվանս առանց քեզ չունեմ կյանք ու ճար.
Պայծառ արփին աչքիս թվում է խավար,
Պատահողին հարց եմ տալիս քեզ համար,
Ամեն դուռ բախում եմ, դու այնտեղ չկաս։

1900

[ էջ 227 ]

ՀԱՅԵՐ

Սուրբ ավետարանը ծալեցեք, հայեր,
Ինքնապաշտպանության գրքեր կարդացեք,
Ժամանակը փոխվեց, վեր առիք զենքեր
Տկարներուն պաշտպանելու գնացեք։

Ձեր դրացիք հարձակվում են ձեզ վրա,
Կոտորում են, կողոպտում են անխնա,
Աչքերդ բաց արեք, անգետ մի՛ք մնա,
Մեր թշնամին, բարեկամը հասկացե՛ք։

Վնասներ է տալիս գետը վարարած,
Անմիտ է, անգութ է և վատ արարած,
Այժմ թողեք հեռուն մնա դատարած,
Մոտիկ վտանգավոր մեծ ցավը լացեք։

Ջիվանս շատ վաղուց ունեի կասկած
Պիտի պայթեր մութ երկինքը ամպամած,
Չար սատանայի դրդմամբ զոհ եղած
Իզուր տեղը մեռածներուն ողբացեք։

[ էջ 228 ]

ԻՄ ՀԱՄՈԶՄՈՒՆՔԸ

Քաղցած, ծարավ հայ կմնամ ճշմարիտ,
Փառամոլ, ազգուրաց իշխան չեմ լինի,
Եթե ինձ խոստանան գահիսոն և գահ,
Չեմ ընդունիլ, ազգակործան չեմ լինի։

Հայի պատը խիստ ամուր է հորինված,
Շատ ազգեր է ճամփել սպառազինված,
Ես չեմ քանդի տունը հայրենի շինած,
Անապատի օձին արժան չեմ լինի:

Թեև շատ բանի մեջ խեղճ եմ, տկար եմ,
Բայց այս համոզմունքիս մեջը հաստատ եմ
Ւմ ազգիս մեջ ժամկոչության հոժար եմ,
Ուրիշ ազգի քարոզաբան չեմ լինի։

Ջիվան, կմնամ ժրաջան, արի,
Չարակամ եղբորս ցանկալով բարի,
Սևանում կմնամ քառասուն տարի,
Չիք Խաչատուր Պապախանյան չեմ լինի։

1883

[ էջ 229 ]

Ի՞ՆՉ ՕԳՈԻՏ

Կրոնդ հայի է, լեզուդ էլ հայի,
Բայց որ գործդ թշնամու է, ի՞նչ օգուտ.
Քո մանուկդ քաղցած կուգա՛, կնայի,
Կուրծքդ այլոց ստնտու է, ի՞նչ օգուտ։

Վատ եղբորից լավ է բարեկամ հյուրը,
Կեցած տանը վրա չի խոսվիլ թյուրը,
Օրինակ Կազբեկի սառն աղբյուրը,
Որ Թիֆլիսից շատ հեռու է, ի՞նչ օգուտ։

Ցանկանում է Ջիվանիիս կլանել,
Պապիս կայքը եղբոր վրա բաժանել,
Ոչ օգնել է ուզում, և ոչ պաշտպանել,
Ազնիվ քեռիս ահարկու է, ի՞նչ օգուտ:

[ էջ 230 ]

* * *

Էլի միտս եկան հայոց քաջերը,
Այսօր քաջ Վարդանը մոտս է հարկավոր,
Ձեռքներն առած ուրախության խաչերը՝
Հայոց խրախճանը մոտս է հարկավոր։

Արտաշեսն է հայոց մեծ սարի նման։
Նա անմաշ սիրտ ուներ լեռ քարի նման,
Հերծողը թշնամուն ոչխարի նման
Անվախ գայլ Վահանը մոտս է հարկավոր։

Ջիվան, կանչե քաջ Վարդանը, Սմբատը,
Գովե նրանց անբիծ և սուրբ հավատը,
Պարթև, Արշակ և Վաղարշակ, Տրդատը,
Երևանդյան Տիգրանը մոտս է հարկավոր։

[ էջ 231 ]

«ՀԱՅԸ»

Հայը դեռ կենդանի է, ապրել կուզե, բաղձանք ունի,
Անպիտան չէ, ընդունակ է, պատիվ և հարգանք ունի,
Ինչ արած, որ արտաքուստ ճնշված է, տանջանք ունի,
Նա վհատիլ չի գիտեր, առաջ գնալու ջանք ունի,
Լուսավոր ազգեր լսեցեք ձեզի աղաչանք ունի,
Ապրելու միջոց տվեք, մեռնել չի ուզիլ կյանք ունի։

(Կրկն.)

Այլև այլ ազգաց նման չի գիտեցել միշտ լավ հայը,
Հուսալով ապագային, սովորել է տոկալ հայը,
Մարդասերներ, օգնեցեք, պաշտպանեցեք լքյալ հայը,
Ձեր արած լավությունը երբեք չի մոռանա հայը։

(Կրկն.)

Հայ սերունդը յուր տիրողին միշտ եղել է անձնվեր,
Յուր կրոնի ազդեցությամբ ճանաչվել է մարդասեր,
Բավ է նրան չարչարեն անգութ մարերը վատ շվեր,
Ձեր շնորհիվ նա էլ թող դառնա մի կտոր հացի տեր։

(կրկն.)

Քանի որ աստվածը հային կյանք է տվել դեռ ապրելու,
Դուք ևս կյանք ցանկացեք, ցավ միք կամենալ մահացու,
Պահեցեք իբր հիշատակ այդ ծառը, հին, պտղատու,
Բաց արեք ձեր աչքերը, եղեք բանին վերահասու։

(կրկն.)

[ էջ 232 ]

Ողջ հողային գնդի մեջը միթե չկա հային համար
Մի կտոր հող, որ նրա որդիքը անեն ցանք ու վար,
Վերը աստված, վարը դուք եք որբերուն տեր բարերար,
Վաթսուն ու մեկ հոդված բավ է պահեցիք անկատար

(կրկն.)

1896

[ էջ 233 ]

ԵՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ

Մեկ ժամանակ կփայլեիք
Ինչպես արև, լուսնյակ, հայեր,
Բազում, մասամբ այլ չէիք
Տեղ-տեղ ցրված բանակ, հայեր։

Գնաց ձեռքե ցամաք ու ծով,
Փչեց գարնան ձմռան վատ հով,
Մեկմեկու սեր չունենալով
Ունեցաք դառ վիճակ, հայեր։

Ձմեռ դառավ ձեր գարունը,
Կորուցիք Հայկա անունը,
Այլոց տվիք ձեր վեհ տունը,
Մնացիք անբնակ, հայեր։

Առանց հովիվ թափառող հոտ,
Չունեք ճարակ դալար արոտ,
Օրեկան ապրուստի կարոտ,
Պարապ ու անվաստակ, հայեր։

Որըդ գիտուն, որըդ հիմար,
Տեղ-տեղ ցրված գումար-գումար,
Ջերմեռանդ ձեր հավատի համար,
Զոհվեցաք անդանակ, հայեր։

[ էջ 234 ]

Չունեք մի ոք ձեզի ցավող,
Օրը մի սար, մի ձոր չվող,
Այլոց մեծ օգուտներ տվող,
Ձերոնց անընդունակ, հայեր։

Չունեք հաստատ ուսումնարան,
Ոչ վարժապետ և ոչ իշխան,
Օտարք ուսումով մեծացած
Դեռ դուք եք պատանյակ, հայեր։

Ծնվել էի վասն ողբալու,
Դուք կաշխատեք այլոց տալու,
Գիտության ծովը ման գալու
Չունիք մեկ հատ նավակ, հայեր։

Ցավերդ տուն ու թաղ ձեզի,
Պատրաստել է դագաղ ձեզի.
Ավա՜ղ, հազար ավաղ ձեզի,
Որ եղաք օրինակ, հայեր։

Թարշամեց ձեր վարդի տերև,
Չունիք մեկ իշխանից պարգև,
Առանց լույս ու առանց արև,
Ամպի ստվերի տակ, հայեր։

Ո՞ւր է ձեր պետը պատվական,
Ո՞ւր Է Վարդան, Մուշեղ, Վահան,
Էժանացաք հողի նման,
Հազվագյուտ թանկագին ակ, հայեր։

Խնդրեք անմահ վեհ իշխանին,
Այց անե ողջ Հայաստանին,
Կհասնեք ձեր աստիճանին
Կըգա մեկ ժամանակ, հայեր։

[ էջ 235 ]

Ջիվանին ձեզանից չէ դուրս,
Մեզ այց անե անմահն Հիսուս,
Ավել պակաս խոսածներուս
Ներեցեք, իմ հոգյակ հայեր։

[ էջ 236 ]

ԶԵՅԹՈՒՆՑԻՔ

Ազատ ծնված առյուծներ ենք,
Դժվար կուգա կապանքը մեզ,
Երբ մեր տան մեջը ազատ չենք
Ինչո՞ւ է պետք այս կյանքը մեզ։

Մնաց մեր պահանջը արդար,
Մնաց թերի ու անկատար,
Շինեց հողերին հավասար
Եվրոպայի զրկանքը մեզ։

Զեյթունցի ենք, մեր ընկերը
Փանփուշտներն են մեր զենքերը,
Օր կուգա բոլոր ազգերը
Կուտան փառք ու պարծանքը մեզ։

1896

[ էջ 237 ]

ԳԱՐՈՒՆ

Էգուց էլ օր կբացվի նոր գարունը,
Սասունը կդառնա դրախտ երկնային.
Կկոչե յուր ցրված որդուց անունը,
Կհավաքվեն այնտեղ քաջերը մին-մին:

Մակար, ինչ կխորհես ասա ինձ, խնդրեմ,
Չպիտի՞ մասնակցես սուրբ գործին վսեմ
Քու այստեղ մնալուդ ես հավատալ չեմ,
Կդառնաս հայրենյաց գիրկը դու կրկին։

Այնտե՛ղ պիտի ծագի արև հայերուն,
Այնտեղ պետք է տրվի պարգև հայերուն,
Գնա եղիր թիկունք ու թև հայերուն,
Տար քու եղբայրներիդ հետդ միասին։

Եկ Ջիվանուս լսի, հետևիր մտքիս,
Դարձիր քու երկիրը, դարձիր իմ հոգիս,
Ինչ որ կորցրել ես այստեղ կգտնիս,
Մի մոռանար սուրբ Սասունը թանկագին։

1895

[ էջ 238 ]

* * *

Անբախտ տատրակի պես խղճալի երգիչ,
Օրերդ անօգուտ, իզուր անցուցիր.
Միշտ ցավերդ բազում, ցնծություն՝ քիչ,
Համարյա կես կյանքդ խավար անցուցիր։

Կյանքդ ծնած օրիդ չտեսավ գարուն,
Բախտով ապերջանիկ էիր, երերուն,
Միշտ ցավով ճնշված, հոգսերով լեցուն,
Ասա, ո՞ր րոպեդ մաքուր անցուցիր։

Որ մեկ նեղությունդ պատմեմ բառ առ բառ,
Մեկ օր քո երեսդ չտեսա պայծառ.
Երբեմն օտարության լծի տակ թշվառ
Շատ օրդ առանց հաց, անջուր անցուցիր։

Հազար ութը հարյուր յոթանասունհինգ
Թվույն դու ստացար դառ մահվան քրտինք.
Ապրիլ ամսոց հոգիդ համբարձավ երկինք,
Հիսունչորս տարի կցկտուր անցուցիր։

[ էջ 239 ]

ՄԵՐ ԱԶԳԸ

Ջուրը ընկած մարդու նման մեր ազգը,
Քեզ է կանչում, տեր օգնության մեր ազգը,
Չունի գթոտ, բարի իշխան մեր ազգը,
Քեզի զիտե միշտ պահապան մեր ազգը։

Դուն ես որբոց և աղքատաց պահպանող,
Դուն ես ընկածների համար հոգ տանող,
Տեր իմ, եղիր ներկայիս էլ պաշտպանող,
Բավ է շրջի թափառական մեր ազգը։

Չէ՞ որ, տեր իմ, քո ծառայդ էր սուրբ Աբգար,
Քեզ հավատաց, երբ աշխարհն էր դեռ խավար,
Քո կամքովդ պարսից հաղթելու համար,
Ծնավ Ղևոնդ, ծնավ Վարդան մեր ազգը։

Ամեն գաղտնիք քեզ հայտնի է, ով աստված,
Ամեն մի սիրտ դու կտեսնես անկասկած,
Աղոթելով խնդրում է բազկատարած,
Փափագ ունի հանգստության մեր ազգը։

Մարդու որդին, անկամորդ է, ագահ է,
Երկրավորին խնդրվածքը անշահ է,
Տեր, տաճիկին էլ խրատե, այնպես պահե,
Երջանիկ է միշտ Ռուսասատան մեր ազգը։

[ էջ 240 ]

ՊԱՐԱՊ ՄՆԱԼՈՒՑ, ՊԱՐԱՊ ԱՇԽԱՏԵԼԸ ԼԱՎ է
(Ժողովրդական առած)

Արի, լեզվիս նեցուկը, մտքիս թարգման գրիչս,
Կամացուկ թելադրեմ գրիր մի բան, գրիչս,
Թող լավ գրչի տեր մարդը լավ տողեր շարադրե,
Թող շնորհք ունեցողը շնորհալի բան գրե,
Բայց դու արի ինձ խեղճիս եղիր բերան, գրիչս։

Հայ կանանց ենք պարտական, թե որ հայ ենք մնացել,
Եթե ոչ կորել էինք, անդունդ էինք գնացել,
Մեր հավատը, մեր լեզուն նրանցով է զարգացնել.
Հայ կնոջ սրբությունը ողջ ազգերն են իմացել.
Տվել են անկեղծ սրտով մեծ գովասանք, գրիչս։

Կիսահանգած խարույկը հրհրողը և կրակող,
Ջիվանին եմ իմ ազգիս լավությանը պապակող,
Նրա թերի, կողմերը թույլ խոսքերով մտրակող,
Նրա ջրովը խաշվող, նրա վիշտը շալակող,
Ես ինքս էլ եմ պատկանում հայ ազգության, գրիչս։

1902

[ էջ 241 ]

ՄԵՐ ՀԱՎԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ

Մեծահոգի և մեծ եղբայր ռուսներ,
Ձեր փոքր եղբայրն է, հիշեցեք հային,
Հույներ, վրացիներ, զարգացած լեհեր,
Ձայն տվեք, օգնեցեք, հասեք միասին։

Հայը քիչ է, միայնակ է, տկար է,
Գայլի, բորենու հետ նա կյանք կվարե,
Թույլ միք տա, որ նրան տանջե, չարչարե
Սուտ, կեղծ մարգարեի և Նեռի որդին։

Հային տվեք վառոդ, փամփուշտ, հրացան,
Նա կարող է դառնալ յուր անձին պաշտպան,
Երբ կանգնել է նրա դեմը հանդիման
Թշնամին սարսելով փռվել է գետին։

Ջիվա՛ն, դժբախտ հայի վիճակը նեղ է,
Փշոտ ու տատասկոտ տեղը վատ տեղ է,
Հայը երախտագետ կամեցող ցեղ է,
Բարեկամի համար զոհ կտա հոգին։

1872

[ էջ 242 ]

ՔՅՈՌ-ՕՂԼԻ

Միթե չես ճանաչեր, քաջդ դյուցազուն,
Հայրենյացս հավատարիմ մշակն եմ,
Քո ձեռքից փախած՝ եղած երերուն
Աստծո չմարած՝ վառած կրակն եմ։

Բաց աչքերդ, եղիր պատկերիս նայող
Էի մեկ ժամանակ քեզի ծառայող,
Հայրենյացս արյուն չխնայող
Այն մեծն Վարդանա իսկ հիշատակն եմ:

Մոռացել ես ինձի դու բոլորովին,
Իմ ցեղս քեզանից չէ , իսկ առանձին
Ես եմ ընտիր Արսեն իշխանի որդին,
Թե կամիս սպանի՛ր, ես Հմայակն եմ։

[ էջ 243 ]

ՂՈՇՄԱ

Ո՜հ, ինչքա՞ն անբախտ եմ և ինչքա՞ն վատ եմ
Մինչ իմ ազգականս էլ չի սիրում ինձի,
Լսեցեք անբախտությունս հաստատեմ,
Հոգով սիրականս էլ չի սիրում ինձի։

Այլոց մոտ պիտանի, զիմյուս՝ անպիտան,
Միայնակ ե՛ս եմ, թե էլ կա ինձ նման
Հանկարծ մահը եթե տա կյանքիս վախճան,
Գիտեմ, գերեզմանս էլ չի սիրում ինձի։

Խեղճ Ջիվանս եղե ցավոց ստրուկ՝
Ազատության կարոտ, ինչպես մի մանուկ,
Հանցանքիս փոխանակ պատժում է հատուկ,
Բարձրագույն իշխանս էլ չի սիրում ինձի։

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր. Ջիվանու քնարը: [Ստեղծագործությունների ընտրանի] / Կազմ., առաջաբ., տեքստ. համեմատ., ծանոթագր. ՝ Ա. Սահակյան; Խմբ.՝ Միք. Հարությույան; Նկ.՝ Ան. Գասպարյան։ «Հայպետհրատ»։ Երևան 1959
Տրամադրեց. Միքայել Յալանուզյան

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice