ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian
Ջիվանի

ՋԻՎԱՆՈՒ ՔՆԱՐԸ

Նախորդ էջԲովանդակություն  | Հաջորդ էջ

[ էջ 245 ]

[ էջ 246 ]

 

[ էջ 247 ]

ՊԻՏԻ ԳԱ՞ ԱՐԴՅՈՔ

Ոչ տեր լիներ և ոչ ծառա աշխարհում,
Այսպես երջանիկ օր պիտի գա՞ արդյոք.
Բոլոր մարդիկ կանգնած մեկ ճանապարհում
Այն սուրբ հոգին հզոր պիտի գա՞ արդյոք։

Բոլոր մարդիկ սիրեն եղբոր պես իրար,
Մեծը փոքրին շահե, անկերծ, հայրաբար,
Լեռ, բլուր, դաշտ ու ձոր դառնան հավասար,
Հարթող գութան, արոր պիտի գա՞ արդյոք։

Ջիվանի, ոչ մի տեղ չըլինի կռիվ,
Ուղիղ սրտով պահեն մեկմեկու պատիվ.
Աշխարհի մեջ լինի մեկ հոտ, մեկ հովիվ,
Փրկիչը միամոր պիտի գա՞ արդյոք։

[ էջ 248 ]

ԻՄ ԴԱՏՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Դատարկ եկա, դատարկ կերթամ աշխարհից.
Բան չբերի, որ բան տանեմ իմ հետս,
Ես էլ կընթանամ այն ճանապարհից.
Որտեղ որ անց է կացել իմ գետս։

Կարծես իբրև ստվեր ես աշխարհ եկա.
Օրերս անցան ես մի բանի պետք չեկա.
Որսորդ եղա, որսի երես չտեսա,
Չդիպավ նշանին, խոտորվեց նետս։

Ջիվան, բան չտեսա բացի զրկանքից.
Ընկճվեցի մարդ ընկերի տանջանքից.
Ես ի՞նչ պիտի շահեմ անցավոր կյանքից,
Քանի որ չի շահվել իմ մեծ վարպետս։

1898

[ էջ 249 ]

ՀԻԱՍԹԱՓՈԻՄ

Որ սարին դիմեցի՝ վրան ձյուն եկավ,
Որ ծառը բռնեցի՝ պրծավ արմատից.
Որ մեծին խնդրեցի՝ ինձի տեր չեղավ,
Որին սուրբ կարծեցի՝ դարձա՛վ հավատից։

Լալով հզորների դուռը բախեցի,
Ւնձ տկարիս պաշտպանություն խնդրեցի.
Որ հարուստին խեղճությունս հայտնեցի,
Ասավ՝ վաղուց ձանձրացել ենք աղքատից։

Այլոց խաղաղ կյանքը զուր մի խանգարել,
Ուժեղը տկարին չի մխիթարել.
Ով ուժ չունի, նա չի կարող կյանք վարել,
Այս խոսքերը ես լսեցի շատ շատից։

Հավաքվեցի ես ուժերս ինձ վերա,
Կրկին ես ինձանով սփոփանք գտա,
Տեսա, որ օտարից բնավ հույս չկա,
Դարձյալ ե՛ս հանեցի փուշը իմ մատից։

Ջիվան, պապիդ տունը մնացած հնուց,
Նորոգված կտեսնիս այսօր կամ էգուց.
Արևը կծագե վիրավոր մարդուց,
Լույս կըծնի արյունլվա ճակատից։

[ էջ 250 ]

ՈՒՆԵԻ, ՉՈԻՆԻՄ

Մեկ մեծ հարստություն ունեի առաջ —
Մարդկանց վերա հավատ՝ էլ չունիմ հիմա.
Առաջվա վեհ սիրտս անվեհեր ու քաջ
Դարձել է հուսահատ, էլ չունիմ հիմա։

Օտարից հույս չկա, խոստումը սուտ է,
Նրա տված խոսքը ինձ անօգուտ է,
Երերուն ծառի պես հույսս խախուտ է,
Հաստատուն պինդ արմատ էլ չունիմ հիմա։

Խեղճ արորս պարարտ հողի մեջ չընկավ,
Բախտիցս հանդիպեց ավազ, քար ու կավ,
Ցանածը չբուսեց, սերմը զուր կորավ,
Չեմ ցանում կտավատ, էլ չունիմ հիմա։

Ջիվանս շատ տեսա սուտ, կեղծ երազներ,
Փոխան լուսո տվին սուր ու սլաքներ,
Հավատալու սխալմունք ու փափագներ
Առաջ ունեի շատ, էլ չունիմ հիմա։

1901

[ էջ 251 ]

ԱՇԽԱՐՀԸ

Հիանալի, սիրուն աշխարհ, եղա գործիդ վերահասու,
Հարուստներու համար դրախտ, չքավորին դժոխք ես դու.
Հազար տեսակ բարիքներ կան մեջդ, փարթամ սիրուն աշխարհ,
Լիառատ կաթի աղբյուր են սնունդ տվող ծծերդ քու։

Չգիտեմ ի՞նչ տեսակ մայր ես, միակերպ չես նայում մարդկանց,
Որին դարձնում ես Կրեսոս, որին խեղճ ու մոլոր գնչու.
Լրիվ կես դար եղավ կապրեմ հովանուդ տակը, ով անգութ,
Ոչ ինձ լավ երգահան արիր, ոչ էլ հաջող նվագածու։

Մեծամիտ, ինքնակոչ դատավորի ձեռքը տվել ես զենք
Դիմացը մարդ չկա ելնող, խենեշը դարձել է հուժկու։
Եթե շիտակը ասեմ քեզ, տկարներու բարեկամ չես,
Դուն էլ ուժեղներու կողմն ես, Զիվանս չի խոսիլ շինծու։

1898

[ էջ 252 ]

ՏԽՈՒՐ ՍՐՏԻ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆԸ

Լույսս նվազել է գիշերի նման,
Ցերեկ ժամանակս խավար եմ դարձել.
Դադարել է սրտիս ձայնը անխափան,
Անլար, կուրծքը կոտրած քնար եմ դարձել։

Ես սրտիս սփոփանք չեմ կարող ճարել,
Որքան աշխատում եմ ինձ մխիթարել,
Մահը գայլի նման գառնուկս է տարել,
Անլեզու բառաչող ոչխար եմ դարձել։

Ո՜հ, դու աներևույթ անզգա փորձանք,
Դու մահի առաջնորդ, դու անխղճմտանք,
Ինձ տվել ես սգավորի կերպարանք,
Ավերված, կեղծված նկար եմ դարձել։

Նեղյալ Ջիվանին եմ հեռու պաշտպանից,
Հեռու ընտանիքից և հարևանից.
Հոգս ու ցավը չեն հեռանում ինձանից,
Բքոտ, մշուշապատ մեկ սար եմ դարձել:

1891

[ էջ 253 ]

* * *

Տրտմության օթևան, սգո տուն աշխարհ,
Քո մեջդ ոչ մի մարդ անցավ չի մնա.
Լացով, հարցս նման ընկա ճանապարհ.
Ցավերդ գգվեցի, երբ մորից ծնա։

Քո փառքերդ չնչին, պարգևներդ սուտ։
Կրկին կպահանջես ստացողից շուտ.
Երբեք մի մարդ քեզնից չի քաղեր օգուտ,
Ցավով կծնանի, ցավով կգնա։

Փրկիչը խաչեցիր, ո՛վ անհարազատ,
Միթե մարդ քեզ նորեն կընծայե հավատ.
Ջիվանս քեզանից տրտմությունից զատ,
Թե իրավն ասեմ, ես ոչինչ սնա։

1874

[ էջ 254 ]

ՀԵՂԻՆԱԿԻՆ

Փորդ քաղցած, հալավդ հին, ազատախոս հեղինակ,
Մի վախենար, քեզ կհիշեն, երբ մեռնիս՝ այն ժամանակ.
Դու քեզ մաշե, որքան կուզես, միայն այս առ մտքի տակ,
Աշխարհի մեջ մեկ գին ունի՝ թե հաստ մանես, թե բարակ։

Կեղծավորը պատիվ ունի, ամենայն տեղ մշտական,
Որովհետև խոսելու մեջ ունի երկու հատ բերան.
Այստեղ մեկին կըբամբասե, մոտը կուտա գովասան,
Այնպես մարդուն կը անվանեն ուշիմ, խելոք, ընդունակ։

Ճշմարտախոս լինելովդ միշտ անարգանք կստանաս,
Գերդաստանդ խեղճ կմնա, քսակիդ տալով վնաս,
Քանզի, աշխարհն զյուրն սիրե, այլոց կուտա պատուհաս,–
Շատերն ինչպես որ կվարվին դու էլ եղիր նույնգունակ։

1879

[ էջ 255 ]

ԵՐԿԻՐ

Քու մեջդ ես մի քայլ հողի մաս չունիմ,
Ո՜վ դու լայնածավալ, ընդարձակ երկիր,
Ի՞նչ եմ արել ես քեզ, մեղքս ի՞նչ է իմ,
Չ՛ես տվել մեկ խրճիթ, մեկ տնակ, երկիր։

Պապս էլ համ չի առել քու սկզբունքից,
Թույն է ծորել քու բերանից, շրթունքից,
Զրկել ես մարդկային սուրբ իրավունքից,
Համարում ես դու ինձ խորթ զավակ, երկիր:

Վարվիր Ջիվանուս հետ մի քիչ մայրաբար,
Քեզնից ոչ դաշտ կուզեմ, ոչ հովիտ, ոչ սար,
Գոնե մի փոսիկ տուր աճյունիս համար,
Ծածկըվիմ պատվովս հողիդ տակ, երկիր։

1900

[ էջ 256 ]

ՏԽՈՒՐ ՕՐ

Էլի սև-սև ամպերն եկան պատեցին
Իմ մտքիս երկինքը, մտքիս աշխարհը.
Խեղճ սրտիս արևը լույսից զատեցինք
Հոգույս վերա տիրեց թանձր խավարը։

Խիղճը ձիավորված խթանը ձեռին
Անգթաբար չարչարում է իմ հոգին.
Սրտիս ծովը ալեկոծված դառնագին,
Օգնություն է հայցում խեղճ նավավարը։

Հույս է աղաղակում խեղճ նավապետը,
Խանգարվել է նավի փարոսը, գետը.
Թաթառ ու փոթորիկ, վատ հողմը հետը,
Միտքս կորուսել է յուր ճանապարհը։

1891

[ էջ 257 ]

ՈՍՏԻԿԱՆԸ

Ո՞ւր գնամ, որ չտեսնեմ ես
Անգութ ոստիկանի երես,
Անխղճմտանք և պռտկերես,
Լկտի ոստիկանի երես։

Սաստիկ սիրտս զզվել է իմ,
Դիմանալու էլ ուժ չունիմ,
Բարվոք է իմ մահս տեսնիմ,
Քան մի ոստիկանի երես։

Ջիվանս ճիշտ տեղեկացա.
Բնավ օձի լավը չկա,
Մինչև հիմա ես չտեսա,
Բարի ոստիկանի երես։

1907

[ էջ 258 ]

ԿՅԱՆՔԸ

Մարդ կա զարդարված ոսկով-արծաթով,
Մարդ կա՝ որ կաշվե քամար էլ չունի,
Մարդ կա ուրախություն կանի շաբաթով,
Մարդ կա որ մի ավուր պաշար էլ չունի...

Հավասարություն, բան, չի լինի, սուտ է,
Որքան որ աշխատեն զուր, անօգուտ է,
Մարդ կա իշխան ձուկը տապակած կուտի,
Մարդ կա, որ ավելուկ բանջար էլ չունի։

Ճիշտ է, որ ասում են աշխարհում բախտ կա,
Որին կհանդիպի, որին թույլ կուտա.
Մարդ կա հանգիստ նստած բաժինը կուգա,
Մարդ կա գիշեր-ցերեկ դադար էլ չունի:

Ջիվանի, անբախտի օրն է միշտ խավար,
Բախտավորն ունի հաջող ճանապարհ.
Մարդ կա, որ հոտերուն չկա թիվ, համար,
Մարդ կա, որ մեկ նիհար ոչխար էլ չունի:

1895

[ էջ 259 ]

ԵՐԳ

Դժնիկ փուշը վարդը խլեց սոխակից,
Տարաբախտ սոխակը տխրեց, լուռ մնաց.
Չի կարող ազատվիլ, դուրս գալ վանդակից,
Խեղճ թռչունին ոչ ելք և ոչ դուռ մնաց:

Թշվառ սիրահարը ձեռքերը ծոցում,
Տրտում-տխուր ման է գալիս փողոցում.
Լույսը փակեցին ապակյա ամրոցում,
Խղճալի թիթեռի վիզը ծուռ մնաց:

Ջիվանի, ցամաքեց գանձիս ծորակը,
Կտրավ հաջողության վտիտ առվակը,
Բախտիս դուռը փակեց նեղ ժամանակը,
Փականքը կարծրացավ, ամրակուռ մնաց:

1890

[ էջ 260 ]

ԱՇԽԱՐՀԻ ՔԱՂՑՐՈՒԹՅՈՒՆԸ

Այս աշխարհի քաղցրությունը
Մեծատուններուն է տրված,
Մութ խավարի թանձրությունը
Խեղճ ռամիկներուն է տրված։

Դժոխք է թշվառի համար,
Տարտարոս է բոլոր աշխարհ,
Ոսկի, արծաթ, հակինթ, գոհար
Երջանիկներուն է տրված։

Ջիվան, կույր բախտը առասպել,
Գույքը անպետքին է տվել,
Շատ աշխատել և քիչ ուտել,
Երգեցիկներուն է տրված։

[ էջ 261 ]

ԵՍ

Խեղճ հորից, խեղճ մորից գոյացա անբախտ,
Մի գյուղի անկյունում տղա եղա ես.
Սկսեց հարվածել բախտը ապերախտ,
Հայր ու մայրս մեռան, թշվառ ընկա ես։

Որբությունով մեծացրի հասակս,
Տխրության սև հոգին նստավ գավակս.
Օրըստօրե դառնացավ իմ վիճակս,
Երբ որ կյանքի ասպարեզը մտա ես։

Ոչ լավ բախտ ունեցա, ոչ հաջողություն,
Ոչ տաղանդ, ոչ ուսում, ոչ ուսողություն,
Ոչ միջակ կայք ունիմ, ոչ կարողություն,
Հապա ինչո՞լ համար աշխարհ եկա ես։

Ջիվանին եմ, սիրո ծարավ, փափագող,
Սիրո սեղանից փշրանքներ հավաքող,
Ոչ բարձր գրող եմ, ոչ լավ նվագող,
Հազիվ մի հասարակ աշուղ դարձա ես։

1893

[ էջ 262 ]

ԱՆՑԱԾ ՕՐԵՐ

Ավաղ ձեզ, իմ անցած օրեր,
Չգիտնալով զուր կորուսի.
Արիք, տեսնիմ, ո՞ւր եք կորեր,
Ձեզանով շատ լուր կորուսի։

Ցավս որի՞ն ասեմ, կամ ո՞ւմ,
Որ այժմուս եմ ես անուսում,
Մեկ օր ուրախ՝ հինգ օր տրտում.
Ողջ կյանքս տխուր կորուսի։

Ցավերս անթիվ նման դեզի,
Արմատացյալ մեջ պարտեզի,
Իմ մանկության օրեր, ձեզի,
Ոհ, չեմ գիտեր, ո՞ւր կորուսի։

Բոլոր սրտով հայցեմ ի քեն,
Խնայե Ջիվանուս արդեն,
Կորած օրերուս փոխարեն,
Տեր իմ, խնդրեմ, ո՞ւր կորուսի։

1875

[ էջ 263 ]

ԱՅՍՕՐ

Իմ սրտիս ու հոգուս նվագարանի
Լարերը ներդաշնակ չեն խոսում այսօր,
Հոգեկան թելերս հնչուն, պիտանի,
Ժանգոտել են, իստակ չեն խոսում այսօր։

Կոպիտ ձեռք է դիպել սրտիս քնարին,
Սարքելը դարձել է ինձ անհնարին,
Ձայնը խռպոտել է ամեն մի լարին,
Չի հանում աղաղակ, չի խոսում այսօր։

Ջիվանի հոգսերը մեծ ցավ են դարձել,
Կպել են իմ անձիս, հալավ են դարձել,
Քաղցրաձայն լարերս ագռավ են դարձել,
Որպես ճարտար սոխակ չեն խոսում այսօր։

1904

[ էջ 264 ]

ՄԱԶԵՐ

Գույներդ փոփոխվեց, եղաք ցրտահար,
Աշնան վարդի նման, սպիտակ մազեր.
Ձեր դուրս գալու տեղը իմ հոգիս դուրս գար,
Չընկնեի այս օրվան, սպիտակ մազեր։

Կանայք երես են դարձնում ձեզանից,
Ձեր պատճառով չեն ախորժում ինձանից,
Աշխույժ երիտասարդներու շրջանից
Զրկեցիք անպիտան, սպիտակ մազեր։

Ձնոտ ամպի նման չոքեցիք գլխիս,
Արևս բռնվեց, տխրեցավ հոգիս,
Այդքան շուտով չէիք գտնի անբախտիս,
Թե լինեիք լավ բան, սպիտակ մազեր։

Ջիվանու քնարին մեծ հարված տվիք,
Ձեզ տեսնելով ինձ չեն կանչում հարսանիք,
Իմ գործիս ահագին վնաս հասցրիք,
Ձախորդության նշան, սպիտակ մազեր։

1901

[ էջ 265 ]

ԻՄԱՍՏՈՒՆՆԵՐ

Կակուղ փուշը ձեռ չի ծակիլ, արյուն կառնե կամացուկ,
Խաղաղ ջուրը ձայն չի հանիլ, մարդ կխեղդե միշտ ծածուկ,
Հաչող շունը ձայն է տալիս, որ գալիս է քեզ վրա,
Դու ա՛յն գամբռից երկյուղ կրե՝ որ չի հանել ձայն ու ձու։

Առավոտուն թե ամպերը կարմրած չեն՝ վախ չկա,
Հորիզոնը սև էլ լինի, այն օրը անձրև չի գա.
Թե սագերը գրգռված չեն, կարկուտից մի վախենա,
Հազարավոր տարիներուց փորձըված բան է հատուկ։

Ստախոսը երդվել գիտե, գողը կեղծ արդարանալ,
Քամոտ ամպի բնությունն է, առանց անձրև որոտալ,
Լիք կարասը լուռ կը մնա, ամենևին ձայն չի տալ,
Զանգակի պես ղողանջում է, ուր որ կա դատարկ պուտուկ։

Երկու երեսանի մարդը, Ջիվանի, սրված քար է,
Երկու սեր մեկ սրտի մեջ պահելը անհնար է,
Երկու մեծ գործ մեկի ձեռքով կառավարել դժվար է.
Մի ձեռքում չի տեղավորվի երկու մեծկակ ձմերուկ։

1869

[ էջ 266 ]

ՄԱՐԴԻԿ

Ամեն արարածից բարձր, շքեղ արարած են մարդիկ,
Հազար ափսոս, բարոյապես չափազանց ընկած են մարդիկ.
Ոչ աշխույժ, ոչ եռանդ ու սեր, ոչ ուրախ ընկերության կա,
Չգիտեմ պատճառը ի՞նչ է, որ այսքան տխրած են մարդիկ:

Նրանցից է գոյանում վիշտը, ցավը, տառապանքը,
Ւրանք իզուր մաշում են և կարճում են եղած կյանքը,
Պատել է բոլորի մտքին սև ամպի պես մոլորանքը,
Չըգիտեն թե ինչ են անում, կարծես շվարած են մարդիկ։

Բոլոր կենդանյաց իշխող են և տիրող հսկա են նրանք,
Ամեն բանի տերը, պետը, համարյա արքա են նրանք,
Բազում օղակներից շինված մի հատիկ շղթա են նրանք,
Բաժանվել չեն կարող երբեք, իրարու կապված են մարդիկ:

Ջիվանի, մարդիկը մարդ են, կատարյալ մարդ դառած չեն դեռ,
Նրանց հոգու ճրագները խավար են, լավ վառած չեն դեռ,
Համարյա մանուկ են խելքով, հասակները առած չեն դեռ.
Երեխայի նման պառկած՝ օրոցքում քնած են մարդիկ։

1899

[ էջ 267 ]

ԽԵՂՃ ՄԱՐԴԸ

Եռանդը կսառի, սիրտը կըկոտրի,
Հոգսերով ճնշված աղքատ, խեղճ մարդուն,
Խոսքը անց չի կենալ, հոգին կըտրտմի,
Ուժը կընվազի հաստատ խեղճ մարդուն։

Աշխույժը հարուստի նման չի վառիլ,
Չի կարող նեղության դեմը մաքառիլ.
Սերը ամեն բանից կսկսե սառիլ,
Էլ չի մնալ հույս ու հավատ խեղճ մարդուն։

Մարդիկը կարծես թե չեն տեսնում նրան,
Կամ թե դիտմամբ տվել են մոռացության,
Ոչ նյութական ուժ կա, ոչ բարոյական,
Դուք կտեսնեք միշտ հուսահատ խեղճ մարդուն։

Ջիվան, խեղճի համար ի՞նչ խաղ ու խնդում,
Թեկուզ լինի բարեկենդան, կամ խթում.
Ճակատը ամպամած, երեսը տրտում.
Սիրտն է ավեր և անապատ խեղճ մարդուն։

[ էջ 268 ]

ԱԶԳԵՐԸ

Ողջ ազգերը մեկ թաղարի ծաղիկ են,
Տեսակ-տեսակ գույնով ներկել է աստված.
Հասակներով տարբեր մեծ ու փոքրիկ են,
Ջոկ-ջոկ հատկություններ տվել է աստված։

Կհոգնեն ազգերը ուժեղ, կռվարար.
Կապրին սիրով, խաղաղ չեն ջարդել իրար.
Ողջն էլ պիտանի են մեկմեկու համար,
Ստեղծել ու օրն էլ գովել է աստված։

Խոհեմ, բարի ազգաց տերն ամենակալ
Տվել է ուժ, երկիր, կյանք լայնածավալ.
Որոնք սկսել են ամբարտավանալ,
Այնպեսներուն փառքից զրկել է աստված։

Ջիվանի, անաշխատ ու ծույլ ազգերից
Բարիք մի հուսալ անհամբեր ազգերից.
Չըխրատվող աշխարհավեր ազգերից,
Յուր տված պարգևը խլել է աստված։

1898

[ էջ 269 ]

ԻՐԱՎՈՒՆՔ

Թող ես մշակ լինիմ, դու եղիր իշխան —
Պատվիս ու կրոնիս, հացիս մի դիպչի,
Թե կուզես հաշտ ապրինք, բարի հարևան,
Պատվիս ու կրոնիս, հացիս մի դիպչի։

Անհատական իրավունքս է ամեն ժամ,
Իմ պարտքն է աշխատեմ, ոչ ոքի չտամ.
Թե կուզես իրար հետ մնանք բարեկամ,
Պատվիս ու կրոնիս, հացիս մի դիպչի:

Անպատիվ մարդու մոտ չի լինի հավատ,
Պատիվ չեղած տեղը հաց չկա առատ,
Կը ցանկաս, որ չանեմ քեզանից գանգատ,
Պատվիս ու կրոնիս, հացիս մի դիպչի։

Բնավ չեմ նախանձի քո ճոխ սեղանին,
Քու ոսկուն, արծաթին և գանձարանին.
Այս երեքով կապրի աշըղ Ջիվանին,
Պատվիս ու կրոնիս, հացիս մի դիպչի։

1898

[ էջ 270 ]

ՏԻԵԶԵՐՔ

Բազում երեսանի գիրք ես, տիեզերք.
Քո ամեն երեսդ կարդալ չի լինի.
Փակված առեղծված ես, կամ խորիմաստ երգ,
Մութ խորհուրդդ լուծել, բանալ չի լինի:

Անառիկ ես դու և մտքիդ ամրոցը,
Մատչելի չես տհաս անգետ մարդոցը,
Վիհ ու խորխորատներ ունիս քո ծոցը,
Ով որ մտավ — նրան դուրս դալ չի լինի:

Ջիվան, ոչ գիտուն ես և ոչ մարգարե,
Մեծ գործեր քննել խելքիդ բանը չէ,
Աներևույթ բանին հավատալ պետք չէ,
Անմահ բնության հետ խաղալ չի լինի։

1904

[ էջ 271 ]

ԻՄ ԲԱԶԵՆ

Թռչնորս եղա ձեռքիս բազեն բաց թողի,
Կրկին ետ չդարձավ արգելվեց, մնաց.
Երևում է ետ գալը չի հաջողվի,
Ո՞վ գիտե ինչ եղավ, արգելվեց, մնաց։

Նայում եմ այն կողմից եկողներ չկան,
Որ թռչունիս մասին տեղեկություն տան,
Գուցե որսորդները բռնեցին նրան,
Որոգայթը ընկավ, արգելվեց, մնաց։

Ջիվան, կարծես ամուր բերդս առնվեց,
Ձեռքիս բազեն երբ գործի մեջ խառնվեց.
Կարելի է մի մեծ կռվի բռնվեց,
Կրակի մեջ մտավ, արգելվեց, մնաց։

1905

[ էջ 272 ]

ԵՐԳ

Մթնեց երկինքը, օդը վատացավ,
Սև-սև ամաները դուրս եկան հանդես,
Երկնից անձրևի գալը շատացավ,
Գետեր, առվակներ բացին ասպարեզ...

Հողմը կփչե սառն Հյուսիսից,
Հաստ կաղնի ծառեր կգցե գետին,
Որոտմունք, կայծակ ծերուկ Մասիսից
Զոհ են պահանջում կրկին ու կրկին:

Մարդ, թե անասուն, թռչուն, թե գազան,
Փախել՝ պահվել են իրենց խորշերում,
Երկակենցաղը անվախ, անսասան,
Երկդիմի մտքով միշտ խաղ է կանչում։

Երջանիկ գորտը անձրևոտ տարին
Անվնաս կապրի չորում թե ջրում,
Վայ գա միամիտ ձկների գլխին,
Ջրից դուրս ելան՝ մահ է սպառնում:

[ էջ 273 ]

ՀՈՎԻԿ

Առավոտյան քաղցր հովիկ,
Գնա դեպ երկիրն Ջավախ,
Ունիմ մեկ ծերունի մայրիկ,
Գնա տես ի գյուղն Կարծախ։

Այնտեղ է ազգս, երամս,
Քույր ու եղբայր, բարեկամս,
Այնտեղ մեռած պապ ու մամս,
Գերեզմանը մտած են վաղ։

Ինձանից շատ բարև արա,
Երբ դու մորս լինիս ներկա,
Գնա հատկապես Կիլերթա,
Նա է մեր գյուղի մեջ մեկ թաղ:

Այն թաղի մեջն մեր տունը,
Քերոբ է եղբորս անունը.
Ինձ համար կտրել է քունը
Մայրս տրտում ու անծիծաղ։

Հովի՛կ, Ջիվանուցս լուր տար,
Թե հարցնի ինձի համար՝
Ասա թե միշտ ձեռին քնար,
Ազգի համար կանչում է խաղ:

1874

[ էջ 274 ]

ՈՒՐԻՇ Է ՈՒՐԻՇ

Աշուղը բլբուլ է, երգում է միշտ վարդ,
Բայց յուր, սիրած վարդը ուրիշ է, ուրիշ.
Աշխարհը շա՛տ ունի զարդարանք և զարդ,
Սակայն նրա զարդը ուրիշ է, ուրիշ։

Բարձր, փշոտ ծառից չի քաղվիլ պտուղ,
Թե քաղվի էլ՝ մարդուն կնստի շատ սուղ,
Նախանձ, ժանգոտ մարդը չի սիրիլ աշուղ,
Աշուղ սիրող մարդը ուրիշ է, ուրիշ։

Ջիվան, նրա մեկ հատ ծամին չի հասնիլ,
Ոչ մի կին-մարդ Մարիամին չի հասնիլ,
Ամեն Նվարդ Շամիրամին չի հասնիլ,
Արայի Նվարդը ուրիշ է, ուրիշ։

1898

[ էջ 275 ]

ԱՌԱՎՈՏ

Առավոտ, մի բացվիր, աքլոր, մի խոսիր.
Երեխան քնած է, դեռ չի արթնացել.
Արև, որդուս ննջարանը մի մտնիր,
Լույսի կյանք լինելը նա չի հասկացել։

Լռե աքլոր, զուր տեղը մի ճղճղա.
Զավակս ննջում է, քեզ լսող չկա՛,
Թող, սիրելիս, թող ինքն իրան արթնանա,
Մանկիկս փոքրիկ է, դեռ չի մեծացել։

Սպասիր, առավոտ, մի քիչ ուշ արի,
Գառնուկս հիվանդ է, թող հանգիստ քնի,
Բժիշկը թող չի տալ՝ որ շուտով զարթնի,
Նորատունկիս մասին բան եմ իմացել։

Հարկավոր է զգաստ, արթուն մնալս,
Պագշոտ մանկամոլ է իմ ոխակալս,
Ոչ ոքի սրտով չէ ճետ ունենալս,
Ողջ աշխարհը ինձ վրա է բարկացել։

1901

[ էջ 276 ]

ՄԹՆԵՑ

Էլի մթնեց հաջողության երկինքը,
Սև խավար ամպերը եկան պատեցին,
Կորավ խեղճի թափած արյուն-քրտինքը.
Անգութ չար ամպերը եկան պատեցին:

Սկսեցին ահեղագոչ որոտալ,
Կայծակ գոյացնել ու կարկուտ տեղալ,
Երկրի հետ սարքեցին մի մեծ ղալմաղալ.
Անդադար ամպերը եկան պատեցին։

Երկիրն ասավ պիտի տանիմ, ի՞նչ արած,
Սկզբից այսպես է կամեցնել աստված,
Կապույտ հորիզոնը պարզ, լայնատարած,
Թուխ գումար ամպերը եկան պատեցին։

Տե՛ս, Ջիվանի, ձյունի փոխվեց անձրևը,
Դեռ չբացված վարդը՝ թոռմեց տերևը,
Խավարի մեջ կորավ պայծառ արևը,
Հավասար ամպերը եկան պատեցին։

1899

[ էջ 277 ]

ՓՈՔՐ ՆՄՈՒՇ ԻՄ ԿՅԱՆՔԻՑ

Բարեխառն կլիմայի որդի եմ,
Ցրտի ու տաքության մեջ տեղ է տունս,
Մեկ խոհեմ արարած, հեզահոգի եմ,
Ոչ տաք է և ոչ սառը, պաղ է արյունս։

Ունիմ երկու տեսակ անձիս հալածիչ,
Մեկը սառեցնող, մյուսը քանդիչ,
Ցուրտը շատ ուժ ունի, տաքությունը քիչ,
Առհասարակ ուշ է գալիս գարունս։

Ձմեռը ձորերուն ես հյուր կգնամ.
Ամառը սարերու վրա կմնամ,
Այսպես ցրտին, տաքին ես կդիմանամ,
Գյուղի ճուտ եմ, Ջիվանի է անունս։

1899

[ էջ 278 ]

ՍՐՏԻՍ ԹՌՉՆԻԿԸ

Սավառնում էր սրտիս սիրած թռչնիկը,
Հանկարծ թռչնորսներու ճիրանը ընկավ,
Ծալեցին, կապեցին ոտ ու թաթիկը,
Ազատ ման էր գալիս, դարանը ընկավ։

Կաշկանդված թռչնիկը դժվար կազատի.
Դժբախտություն ունիմ ես ի նկատի,
Բրդե թելը փոխվեց կարծր պողպատի,
Բանտից փոխադրվեց, զնդանը ընկավ։

Ջիվան, սրտիս աղավնյակը զուր կորավ,
Կապույտ հորիզոնից գլորվեց ընկավ,
Բանտից, թռչնորսներուց ազատվեց, պրծավ,
Վերջը եկավ կատվի բերանը ընկավ։

1904

[ էջ 279 ]

ԴԵՂՁԱՆԻԿ

Վանդակի միջին դեղձանիկը տխուր է երգում,
Տե՛ս, երկյուղիցը կուչ է եկել, տրտում է, տրտում,
Բռնի, ակամա տերը նրան տալիս է երգել,
Բարկությունիցը աչքերիցը կայծեր է ցայտում։

Ձագերն է հիշո՞ւմ, թե սիրուն ընկերը միայնակ,
Արդյոք նրա մտքիցը հիմա ի՞նչեր են անցնում,
Սարերու վերա, դաշտերու մեջ ապրել է անկախ,
Պարզ օդ է ծծել, ծլվլալով ճախրել է հանգում։

Թռչնորսը նրան որսացել է ծախելու համար,
Երբեք չգիտե խղճալին ո՞ւմ ճանկն է ընկնում,
Հույս մի ունենալ, Ջիվանի, թռչունի ազատման,
Կարոտ ձագերուն, վանդակի մեջ շուտով է մեռնում։

[ էջ 280 ]

ՁԱԽՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Երկար ժամանակ է ձախորդության հետ,
Ընկել ենք իրարու սաստիկ հակառակ.
Կանգնել ենք դեմ առ դեմ, արձակում ենք նետ,
Կռվում ենք, խփում ենք մեկմեկու դանակ։

Պիտի ապրեմ, հավատում եմ անպայման,
Գլուխը ջախջախեմ սև ձախորդության.
Կհասնեն որդիքս շուտով օգնության,
Հույս կա, որ ես տանեմ վերջը հաղթանակ։

Ջիվան, ձախորդության ձեռքը կոպիտ է.
Անհոգի, անսիրտ է, սաստիկ կրկիտ է,
Անիրավի ցավը քաշո՛ղը գիտե,
Նրան չի ճանաչե մարդը հաջողակ։

1902

[ էջ 281 ]

* * *

Անազնիվ, ստոր գործ չեմ կարող բռնել,
Կապել, կաշկանդել է խղճմտանքը ինձ,
Բախտի քվետուփից վիճակ եմ հանել,
Դուրս է եկել ահն ու հառաչանքը ինձ։

Նավից ընկած, ծովի հատակն եմ հասել,
Այս տեսակ օրերու չէի սպասել,
Գաղտնիքս ոչ ոքի չեմ կարող ասել,
Զսպել են պատիվ ու ամոթանքը ինձ։

Ջիվանս մնացի աշխարհից անտես,
Սև բախտը ինձանից դարձրուց երես,
Ժամանակից առաջ ծերացել եմ ես,
Մաշել են հոգսերն ու տառապանքը ինձ։

1898

[ էջ 282 ]

ԵՐՋԱՆԻԿ ՄԱՐԴԻԿ

Խաղաղ, առանց ցավի, երջանիկ մարդիկ
Գտնել կուզես, գերեզմանոցը գնա.
Մարդիկս թշվառ են, չկա երջանիկ,
Կուզես քաղաք, կուզես ամրոցը գնա:

Մարդիկ առհասարակ թշվառական են,
Լոկ ապրուստի համար ինչ ասես կանեն.
Մեկ ծայր հացի համար իրար կսպանեն,
Տանից դուրս ել դու մեկ՝ փողոցը գնա։

Ով, Ջիվանի, դու մի ամիս գարուն ես,
Զգա, շուտով կանցնիս, թե որ արթուն ես,
Կըհարգեն, կըպատվեն, քանի սիրուն ես,
Երբ ծերանաս, գրողի ծոցը գնա:

1886

[ էջ 283 ]

ԻՄ ՉԸԿԱՐԾԱԾԸ

Աշխարհումս ում օր բարեկամ գիտցա,
Նա փոխանակ՝ ինձի հակառակ դարձավ.
Ում որ հավատարիմ ուղիղ հասկացա,
Ինձի հակառակորդ և ներհակ դարձավ։

Ինձ չը օգնեց իմ սիրած լավ բարեկամս,
Մինչ ուրախ էր տխուր դարձավ իմ ժամս
Չհասկացա, զուր կորուցի դրամս,
Նժույգ ձի կարծածս ավանակ դարձավ։

Ջիվանին եմ, իզո՛ւր թառամեց վարդս,
Ավար գնաց կայքս, զգեստս, զարդս.
Արդար ու խելամուտ ճանաչած մարդս,
Տես՝ ընդհակառակը ավազակ դարձավ։

1874

[ էջ 284 ]

ՎԱՏ ԺԱՄԱՆԱԿ

Վա՛տ ժամանակ, ծիծաղելս, խնդալս դու կտրեցիր,
Ազատ, անվախ, ժիր, համարաձակ մանգալս դո՜ւ կտրեցիր,
Բռնեցիր իմ պարանոցես, սիրուն ձայնս խեղդեցիր,
Ահեղագոչ ամպի նման գռռալս դո՛ւ կտրեցիր։

Ամեն օր վատ լուր լսելը եղել է ինձ պարտադիր,
Շրջանը խիստ գարշացել է, կյանքը դարձել է զազիր,
Իմ ընթացիկ ճանապարհիս վրա մի մեծ քար դրիր,
Արագընթաց դեպի առաջ վազ տալս դո՛ւ կտրեցիր։

Վերջապես աշուղ Ջիվանուն շինեցիր այպ ու ծանակ,
Զուր տեղը կյանքս մաշեցիր, վարվեցար խիստ հակառակ,
Կասկածանքի տակ գցեցիր անձս, անգութ ժամանակ,
Հարազատ սիրելուս մոտը երթալս դո՛ւ կտրեցիր։

1907

[ էջ 285 ]

ԻՄ ԱՆՑԱԾ ՏԱՐԻՔԸ

Իմ անցած օրերս, անցած տարիքս
Այսօր իմ աչքերիս երազ կթվա,
Ոչինչ համարվելով բոլոր բարիքս՝
Նախանձ թշնամու մոտ տնազ կթվա։

Կորուսի օրերս թանկ ու աննման,
Իմ թշնամուս տալով պատիվ, գովասան.
Եթե տասը մատս մոմի պես լույս տան,
Դարձյալ անկամորդին նվազ կթվա։

Բավ է, անձ իմ, բավ է դու քեզի խաբես,
Ապերջանիկ ապրիս, խեղճ հոգիդ լափես,
Ջիվան, բերանիցդ մարգարիտ թափես՝
Քեզի ատողներուն ավազ կթվա։

[ էջ 286 ]

ԹՇՎԱՌԸ

Որսորդ եղա, իմ աղեղս լարեցի,
Կրծքիս վրա անթիվ վերքեր շարեցի.
Կյանք որոնած տեղս, ես ցավ ճարեցի,
Ինչ բժիշկ կանչեցի դեղ չարավ, գնաց,
Չառողջացա, սրտիս խորքում վերք մնաց։

Ավաղ, ընկերներս ինձ շուտ մոռացան,
Հիվանդ, վիրավորված թողին հեռացան.
Օրըստօրե իմ ցավերս սաստկացան,
Ինչ բժիշկ կանչեցի դեղ չարավ, գնաց,
Չառողջացա, սրտիս խորքում վերք մնաց։

Ով ինչ ասավ, սիրով նրան լսեցի,
Ինձ փրկություն, ցավիս մեկ ճար խնդրեցի,
Օգուտ չեղավ, հազար մարդու դիմեցի.
Ինչ բժիշկ կանչեցի դեղ չարավ, գնաց,
Չառողջացա, սրտիս խորքում վերք մնաց:

Ասիայից մինչև Եվրոպա հասա,
Ոչ մի տեղից ցավիս հնար չգտա,
Գյուղից-գյուղ, քաղաքից-քաղաք ման եկա,
Ինչ բժիշկ կանչեցի դեղ չարավ, գնաց,
Չառողջաց՛ա, սրտիս խորքում վերք մնաց։

1900

[ էջ 287 ]

ՏԽՈՒՐ ԵՐԳ

Ոչ մի օր, ՛ոչ մի ժամ և ոչ մի վայրկյան
Չպակասեց սրտմաշուկը ինձանից,
Ամպոտ, մշուշապատ լեռների նման,
Հեռանալ չեն ցուրտ ու բուքը ինձանից։

Սրտիս հորիզոնը խավար, մթագին
Ամպամած է, ոչ արև կա, ոչ լուսին.
Տխրությունը ինձի տիրեց գլխովին,
Հարկ են առնում լացն ու սուգը ինձանից։

Ո՛վ Ջիվանի, մինչև կյանքիդ ավարտը,
Կտևեն գոյության կռիվը, մարտը.
Ոռոգելու համար հոգսերու արտը
Պիտի հոսե արտասուքը ինձանից։

1902

[ էջ 288 ]

ԴԱՐՁՅԱԼ ՍՐՏԻՍ ՄԱՍԻՆ

Ամեն օր տխրամած, ավեր, ավերակ,
Ոչ մի անգամ, սիրտս, շեն չտեսա քեզ,
Ծնած օրես առար իրավունքիդ տակ,
Շղթայեցիր դու ինձ, գերի եղա քեզ։

Ո՛վ աղքատ ու հպարտ սիրտ իմ սիրական,
Քեզ համար առյուծ ես, գոռոզ ինքնիշխան,
Դու իմ տերս եղար հավիտենական,
Անվերջ, անժամանակ, մշակ մտա քեզ:

Քու նազըդ տանում եմ անխոս, լուռումունջ,
Մեղմիկ ձայնով մերթ-մերթ անում եմ մրմունջ,
Հրամանդ կատարում եմ անտրտունջ,
Հլու և հնազանդ ծառա դարձա քեզ։

1907

[ էջ 289 ]

ԲԱԽՏ

Քեզանից ո՞ւր գնամ, ո՞ւմ գանգատ անեմ,
Տվել ես մահացու ինձի ցավ, բախտս,
Քեզ ի՞նչ դիմով խոսիմ, ի՞նչ պատասխանեմ,
Իմ հոգիս արել ես քեզ գրավ, բախտս։

Իմ սրտիս համաձայն դուն չես բարեկամ,
Քո մտքեդ անցածը կանես ամեն ժամ,
Անձս բամբասվելով՝ օրը շատ անգամ
Կըմատնես թշնամուն, անիրավ բախտս։

Քո վերքերդ սրտիս մեջը ցանելով,
Կամաց-կամաց ճանապարհդ տանելով,
Անմահական աղբյուրներից հանելով,
Կըթողնես հավիտյան ինձ ծարավ, բախտս։

Թե ասեմ Ջիվանս քեզնից ազատ եմ,
Մուրհակս ձեռիդ է, ի՞նչ բան հաստատեմ,
Քեզի ի՞նչ քարոզեմ, կամ ի՞նչ խրատեմ,
Ոչ երիտասարդ ես, ոչ պառավ, բախտս։

[ էջ 290 ]

ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼԻ ԵՐԳԻՉՆԵՐԻ ՆԵՐԿԱ ԴՐՈԻԹՅՈՒՆԸ

Ո՞վ է տեսել այսպես տարի, այսպես բան,
Ոչ հարսնիք կա, ոչ փեսատես, ոչ նշան,
Թե որ գործը այսպես գնա մշտական,
Երգիչները դիփ կլինեն մուրացկան։

Ժողովուրդը խեղճ ու մոլոր շվարած,
Ճտերը ծուռ, կարծես, մխերն է մարած,
Արհեստներս է, պիտի տանինք, ի՞նչ արած,
Ինչ էլ որ կա, պիտի լինենք բավական։

Արհեստավոր դասի վերա ճար չկա,
Չի աշխատիր, որ ծախս անե անխնա,
Որտի՞ց ունի ավելի փող, որ մեզ տա,
Խեղճը հազիվ պահպանում է ինքն իրան։

Գյուղացոց հոգսերը ավելի բազում,
Աղքատ, հողերը քիչ՝ սրտերը տրտում,
Երբ չի լինի հանդես, խնճույք, կերուխում,
Էլ ո՞վ կմտածե, թե ունինք Ջիվան:

1885

[ էջ 291 ]

ԱՅՍՕՐ

Հոգսերով լի սրտիս նման
Երկինքն էլ է տխրել այսօր,
Պայծառ արեգակը ամռան
Ամպի տակ է մտել այսօր։

Միտքս մի տեղ չի առնում կանգ
Որոնում եմ մխիթարանք,
Ոչ մի ուրախություն, բերկրանք
Ինձ վրա չի ազդել այսօր։

Իմ կաթոգին աննմանիս
Սերը ցեց է եղել ջանիս,
Սրտով սիրած սիրականիս
Կերպը միտս է ընկել այսօր:

Ջիվան, շատ է ցավը սրտիս,
Չկա ընտրած լավը սրտիս,
Հոգսերով լի նավը սրտիս
Ծովումն է ընկղմել այսօր:

1900

[ էջ 292 ]

ՂՈՇՄԱ

Ով դու զբաղմունքի, ցավի թագավոր,
Հոգսը, տրտմությունը տվիր ինձի բաժ,
Շրջիմ միշտ երերուն, մտատանջ, մոլոր,
Չես գթալ ինձ վերա, սիրտդ է ապառաժ։

Կթափես խեղճերու արյունը անվախ,
Խոսքերդ մարդասպան, բնությունդ ձախ,
Մթնագույն ամպի պես միշտ հոնքերդ կախ,
Պատկերդ է թանձրամած, աչքերդ է խաժ։

Ջիվանն եմ, առայժմ դպիրը սրտիս,
Կուտամ, չես ընդուներ խնդիրը սրտիս,
Անդադար կխաղա երկիրը սրտիս,
Այդ քո որոտմունքից չի մնար անժաժ։

[ էջ 293 ]

ՔՆՆԱԴԱՏԻՍ

Թե աշուղ չես, ով քննադատ.
Մի դիպչիր քնարիս թելին.
Չես հասկանալ, խոսում ես վատ,
Կոտրում ես սրտիս հայելին։

Գլուխդ ցույց տալ կջանաս,
Իբր թե շատ բան կիմանաս,
Զգուշացիր վերք չբանաս,
Գրպանդ դիր սուր զմելին։

Ինքնակոչ մտքի կարապետ,
Զոիլոսից չես մնալ ետ.
Կապել ես լավն էլ վատի հետ,
Ուժ տալով քու ցախավելին։

Աղաչում է քեզ Ջիվանը
Մողոտե պարկիդ բերանը,
Թույլ տուր վարենք մեր գութանը ,
Մի խառնվիլ հորովելին։

1901

[ էջ 294 ]

ԱՌԱՋ ԵՎ ԱՅԺՄ

Կար ժամանակ երկու տող երգ գրողին,
Մարդիկ բանաստեղծ անուն կուտային,
Թանաք սպառողին, թուղթ մրոտողին
Գիտնական կասեին, կըզարմանային:

Առաջ ով որ գիտեր երկու այբուբեն,
Գիտնականի տեղ կըդներ ինքն իրեն,
Հիմիկվա մարդիկը հին մարդիկը չեն,
Թարս կնալեն դևին ու սատանային։

Մարդիկը կրթվել են, առել են ուսում.
Բնական խելքի հետ նաև զարգացում,
Հետին ռամիկն էլ լավ գիրք է ուզում,
Առաջ ա՛յլ Էր, ինչ լիներ կըկարդային։

Զուր մի բեռնավորիր հիվանդ ուղեղդ,
Բան գրելու կոչում չունի քու ցեղդ,
Վա՛ր դիր սազդ, ուրիշին տուր քու տեղդ,
Ջիվան, թե որ դու կայծ չունիս երկնային։

1900

[ էջ 295 ]

ՀԻՄԱ

Ճակատի քրտինքով, սուրբ ճանապարհով
Փող վաստակող մարդիկ քչերն են հիմա.
Փոքրերին դուրս են վռնդել ուժով,
Անվանի գողերը մեծերն են հիմա։

Խեղճ են արհեստավոր, կար կարողները,
Գեղջուկ մշակները, պատ շարողները.
Ձրի կերպով հանգիստ կյանք վարողները —
Գյուղի աղաները, բեկերն են հիմա։

Ջիվան, պահանջում են մեծ պատիվ ու հարգ,
Անունները բարձր, իրանք վատավարք —
Քիչ աշխատող և շատ ուտող դասակարգ՝
Սև ֆարաջա հագած տերերն են հիմա։

1902

[ էջ 296 ]

ՄՏՈՐՄՈՒՆՔ

Քիչ կճարվի երջանիկ մարդ, ամենայն ոք ցավ ունի,
Ամենը մի ջոկ տեսակ հոգի մաշող հալավ ունի,
Հոգս ու ցավը ամենինն է, միջազգային ծով է նա,
Ամեն անհատ բեռնավորված նույն ծովի մեջ նավ ունի։

Մարդիկ բոլորը թշվառ են, եթե խորունկ մտածես,
Ժպտում են կեղծ, խոսում են կեղծ ուշի-ուշով աչք ածես,
Դրացիդ մեռած գիտեցիր, թե դու հիվանդ պառկած ես,
Դու մի կարծիլ դիմացինդ իր վիճակը լավ ունի։

Բերդի դուռը բաց է անում մի հատ փոքրիկ բանալի,
Երբեմն կատու կդառնա առյուծը վեհ, սոսկալի։
Միայն դու չես, ով մեծամիտ, խելահաս շնորհալի,
Խելքին ու ուժին համեմատ, թզուկն էլ համբավ ունի։

Ով Ջիվանի, խելքիցդ վեր ուղիով մի ընթանալ,
Այն բանը, որ չես սովորել, լուռ եղիր, չես հասկանալ,
Տիեզերքի գործերը դժվար է հաստատ իմանալ,
Միլիոնավոր գաղտնի խորշեր, գաղտնի քարանձավ ունի։

[ էջ 297 ]

ԸՆԿԱԾ ՄԱՐԴԸ

Ընկած մարդը չունի հաստատ օգնական,
Կողմը պահողը քիչ՝ գանգատողը շատ.
Տառապելույն եթե կանչեն դատարան՝
Մեղքը ստողը քիչ, հաստատողը շատ։

Օհ, թշնամիս չը ընկնի չար լեզվի տակ,
Ամեն կողմից գլխին կմաղեն կրակ,
Ընկած մարդը թե լինի էլ հրեշտակ՝
Բարին խոսողը քիչ, նախատողը շատ։

Զգուշացիր չարախոսներուց, Ջիվան,
Մազի չափ սխալդ կշինեն գերան,
Ընկած մարդն է մոլոր՝ ոչխարի նման,
Հոգսը քաշողը քիչ, գիշատողը շատ։

188՞

[ էջ 298 ]

ԻՄ ԿՅԱՆՔԸ

Ունիմ, փառք աստուծո, մասնավոր ապրուստ,
Ես իմ վիճակից անբավական չեմ.
Կըհագնիմ միակերպ, հասարակ հագուստ,
Աստիճանս ցածր է, ես խոմ իշխան չեմ։

Չափավորությունը կըտեսնեմ արժան
Այն մարդոցը՝ որոնք են ինձ նման.
Թեև վարձով է իմս չէ ինձ սեփական,
Բայց ես նորեն գոհ եմ, անօթևան չեմ:

Դեռևս շատ բանի մեջ ես միամիտ եմ,
Ունիմ կարոտություն, ուսման կըդիտեմ,
Երգիչ եմ հայերեն, տաճկերեն գիտեմ.
Այս է գիտությունս, ուսումնական չեմ։

Ջիվանս հասկացա բանի հիմը նոր,
Ավա՜ղ, ժամանակս անցկացավ բոլոր.
Ուսում չգիտենալուս ես չեմ հանցավոր,
Հայրըս է պարտական, ես պարտական չեմ։

1871

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր. Ջիվանու քնարը: [Ստեղծագործությունների ընտրանի] / Կազմ., առաջաբ., տեքստ. համեմատ., ծանոթագր. ՝ Ա. Սահակյան; Խմբ.՝ Միք. Հարությույան; Նկ.՝ Ան. Գասպարյան։ «Հայպետհրատ»։ Երևան 1959
Տրամադրեց. Միքայել Յալանուզյան

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice