ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian
Ջիվանի

ՋԻՎԱՆՈՒ ՔՆԱՐԸ

Նախորդ էջԲովանդակություն  | Հաջորդ էջ

[ էջ 299 ]

ԺԱՄԱՆԱԿԻՆ ՀԱՐՄԱՐ ԵՐԳ

Հո գժերն ու ցավերը տիրել են վաղուց,
Սրտիս մեջը ուրախության տեղ չկա.
Վշտերը չեն թողել իսկի դատարկ խուց,
Զվարճության համար, արժան տեղ չկա։

Արգո բժիշկ, ես հիվանդ չեմ, ճար մի տա,
Անդորրություն, հանգիստ կուզեմ, հավատա,
Խղճուկ հոգիս խաղաղություն կցանկանա,
Չի ընդունիլ դեղ ու դարման, տեղ չկա։

Որ կողմը կը դառնաս թախիծ, նեղություն,
Ջրի պես հոսում է մարդկային արյուն,
Ուղղախոսը չունի խաղաղ կեցություն.
Թեկուզ լինի ոսկեբերան, տեղ չկա։

Երջանիկ Թիֆլիսը դրախտի նման
Դարձել Է մարդակեր դժոխք իսկական,
Կույր բախտի մոտ հազարավոր տներ կան,
Քեզ համար, խղճալի Ջիվան, տեղ չկա։

1907

[ էջ 300 ]

ԴԵՂՁԱՆԻԿԸ ԵՎ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ

Երկուքս էլ միակերպ դրություն ունինք,
Ցավերս մեկ տեսակ, սիրուն դեղձանիկ,
Բանտի չոր քարերը եղան ինձ կողինք,
Քեզ վիճակվեց վանդակ, սիրուն դեղձանիկ։

Մենք երկուսս էլ գեղգեղում ենք անդադար,
Չարչարվում ենք ազատ լինելու համար,
Մենք ժայռի սերունդ ենք լեռան սիրահար,
Քարանձավի զավակ, սիրուն դեղձանիկ։

Բախտակից ընկերս, հավատարիմս,
Դու սրտիս սիրելին, դու մտերիմս,
Եթե համեմատենք քո կյանքդ, իմս,
Քո գործն է աջողակ, սիրուն դեղձանիկ։

Դժոխք է վանդակդ, հանգչել չես կարող,
Աշխատում ես սակայն փախչել չես կարող,
Թևերդ ուժ չունեն, թռչել չես կարող,
Դու էլ չես ընդունակ, սիրուն դեղձանիկ։

Ջիվանի, ջահերի նման վառվռում ես,
Դիպչում ես պատեպատ, շատ չարչարվում ես,
Դու քո ընկերովդ մխիթարվում ես,
Ես անընկեր տատրակ, սիրուն դեղձանիկ։

[ էջ 301 ]

ՀԱՄ ԿՈՒԼԱՄ, ՀԱՄ ԿԽՆԴԱՄ

Ուզում եմ ինձ ուրախ ցույց տալ,
Ես կխնդամ, սի՛րտս կուլա,
Աշխատում եմ զվարթ ման գալ,
Ես կխնդամ՝ սի՛րտս կուլա։

Գոնե մի օր չի գալ միտս,
Չը տխրեմ, չը ծռեմ ճիտս,
Համարյա կեղծ է ժպիտս,
Ես կխնդամ՝ սի՛րտս կուլա:

Կուզեմ բանի տեղ չդնել,
Հին ցավերս չքննել,
Մորիցս այսպես եմ ծնվել,
Ես կխնդամ՝ սի՛րտս կուլա։

Սև բախտս ծռել է սյունս,
Պղտորել է պարզ արյունս,
Շինծու է իմ ցնծությունս,
Ես կխնդամ՝ սիրտս կուլա։

Բերանս երգում է հրճվանք,
Հոգիս նեղություն, տառապանք,
Այնպես ժամանակի հասանք,
Ես կխնդամ՝ սիրտս կուլա։

[ էջ 302 ]

Արտաքուստ որախ, զվարթ եմ,
Ներքուստ՝ հոգս ու ցավ կբարդեմ,
Այլ կերպ, ուրիշ տեսակ մարդ եմ,
Ես կխնդամ՝ սի՛րտս կուլա։

Ջիվան, ոչ ոք խեղճ չը մնա,
Նրան կարեկցող մարդ չկա.
Աշխարհքի ընթացքի վրա
Ես կխնդամ՝ սիրտս կուլա։

1907

[ էջ 300 ]

ՄԵԿ Է

Ո՞վ է հարցնողը, ո՞վ է քննողը,
Մեղավորն էլ մեկ է, արդարն էլ մեկ է.
Ո՞վ է հասկացողը, ո՞վ է զննողը,
Իմաստունն էլ մեկ է, հիմարն էլ մեկ է:

Գիտունը սակավ է, անգետը բազում,
Ծառերու վրայի պտուղները հում.
Աշխարհից անտեղյակ ամբոխի աչքում
Գետի քարն էլ մեկ է, գոհարն էլ մեկ է:

Անաչք մարդուն պետք չեն ճրագ ու լապտեր,
Նրանց մասին նա մնում է անտարբեր.
Հավասար են նրան ցերեկ ու գիշեր,
Առավոտն էլ մեկ է, խավարն էլ մեկ է:

Ջիվան, իբրե սոխա՛կ կերգե ագռավը,
Կերպասի տե՛ղ կերթա ճերմակ կտավը.
Մեկ գնի են ծախվում վատը և լավը.
Զուտ արծաթն էլ մեկ է, կապարն էլ մեկ է։

1902

[ էջ 304 ]

ԳԻՏՈՒՆՆ ՈՒ ՏԳԵՏԸ

Գիտունի հետ քար քաշելը հեշտ է խիստ,
Տգետի հետ մեղր ուտելը դժվար է.
Գիտունը կճարե վերջն իրան հանգիստ,
Բայց տգետը նորեն էլի հիմար է։

Ո՞վ կասե բնական իմաստուն ծնա,
Ուսում չգիտցողը անկիրթ կմնա,
Խոզը ցեխը տեսավ անշուշտ կգնա,
Թեկուզ վիզը հարյուր մարգարիտ շարե։

Գիտությունը մեկ արև է անխավար,
Ծովից ոտով կերթա առանց նավավար,
Բայց տգետը չունի ուղիղ գաղափար,
Որովհետև հոգու աչքը խավար է։

Ջիվան, մարդկության մեջ խեղճ է հիմարը,
Առաջադեմ է լեզվագետ ճարտարը,
Թե կուզես որոնե ամբողջ աշխարհը,
Իմաստունի մոտ տգետը տկար է։

[ էջ 305 ]

ԼԵԶՈՒ

Այս ցավերը քո երեսից գտա ես,
Անզգույշ, անխոհեմ, անզգամ լեզու,
Նրանց մոտը ինձի արիր սև երես,
Որտեղ որ ունեի բարեկամ՝ լեզու։

Քեզ չվերաբեբյալ խոսքերու վերա
Մեջ մտար, խոսեցար որպես երեխա,
Քո պատճառով ոմանց աչքերից ընկա,
Անարգանք լսեցի շատ անգամ՝ լեզու։

Եկ, Ջիվանուս լսե, ուղղե քո կարգդ,
Իցցե թե շիտկըվի քո ծռված բարքդ.
Շուտ կիմանաս, որ սխալ է արարքդ,
Թե մտածել գիտնաս գեթ մի ժամ՝ լեզու։

[ էջ 306 ]

ԻՆՁ ՀԱՄԱՐ ԼԱՎ Է

Անձնվեր, պիտանի, ազնիվ դրացին
Անպետք ազգականից ինձ համար լավ է.
Հյուրասեր, բարեսիրտ, խեղճ քաղաքացին
Ժլատ մեծատանից ինձ համար լավ է։

Ցավ ու վերք չի փրկել անտեղի լացը,
Ուրիշին դիմողը կմնա բացը.
Տանս մեջ գտնված գըլգլ չոր հացը
Այլոց ճոխ սեղանից ինձ համար լավ է։

Անգին է անապակ աղբյուրի ակը,
Դառնահամ է խիստ՝ լեղի է ծովակը.
Աշխատասեր, առատասիրտ մշակը
Անողորմ իշխանից ինձ համար լավ է։

Ամեն տեղ գովված է ժրաջան մեղուն,
Ատելի է նախանձ, փորապաշտ կատուն.
Հասարակ գործունյա, խելոք տիրացուն
Անգործ սրբազանից ինձ համար լավ է։

Քաղցր է գալիս քիմքիս մեր այգու նուռը,
Ավելորդ է գնալ ուրիշի դուռը,
Հայրենիքիս մեկ աննշան մատուռը
Պարսկաց խորասանից ինձ համար լավ է:

[ էջ 307 ]

Չենք պատվիլ ում հարկն է մենք ժամանակին,
Մեռավ, խունկ կծխենք յուր հիշատակին.
Անկարոտ ապրուստ տալ հայ հեղինակին
Ոսկեձույլ արձանից ինձհամար լավ է։

Յուր երկրի մեջ խեղճ, ետ ընկած գյուղացին,
Մեկ օր առաջ կուգա, կանգնած գյուղացին
Հայրենիքում ապրող քաղցած գյուղացին
Փարթամ գաղթականից ինձ համար լավ է։

Ջիվան, խեղճ չի մնալ կարկատող կինը,
Տունը մաքուր, իստակ գարդարող կինը.
Քրտինքի աղբյուրով հաց ճարող կինը
Հարուստ ծույլ կնկանից ինձ համար լավ է։

1902

[ էջ 308 ]

ԽԵՂՃ ՄԱՐԴԸ

Խղճալի մարդկանց համար աշխարհը նեղ է հարաժամ,
Ըստ որում նրանք չունին օգնող, ցավակից բարեկամ,
Ծեծվում են, զրկվում են իրանց բոլոր կայանքներից,
Վազում են դատարանը՝ դարձյալ չկա տանող խնամ։

Խեղճերը ցերեկ գիշեր ինչո՞վ հազիվ մի բան ճարեն,
Բայց անզգամները միշտ կապրին առանց ինչ, անդրամ,
Պարզ ճշմարիտ եղող մարդիկ կարող են ապրել անկարոտ
Խաբեբա անձինք նրանց չեն տա շնորհքով գործի համ։

Վերջապես ճշմարտություն սիրող չկա ամեն մի տեղ,
Բոլորը կախարդներ են, խելք հմայող՝ մոգյան երամ,
Քեզ նման խեղճ պարզամիտ լինողները, աշըգ Ջիվան,
Ամեն անգամ խաբվում են Բելիարին ինչպես Ադամ։

1872

[ էջ 309 ]

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԽՈՍՔԵՐ

Անհարազատ ընկերից հավատարիմ շունն է լավ,
Խռովահույզ պալատից խաղաղ գեղջուկ տունն է լավ,
Սողոմոն իմաստունը գիտնալով է ասել —
«Հազարավոր գանձերից մեկ բարի անունն է լավ»։

Նենգավոր նախանձոտը բարի համոզմունք չունի,
Նրա սրտից, բերանից խայթող օձի բունն է լավ.
Քանիպատիկ անխաղաղ, ապերջանիկ ապրելուց,
Հանգիստ, հավիտենական, քաղցր անուշ քունն է լավ։

Երկրագործ դասի համար վեց ամիս է ձմեռվանից,
Հով, բացօթյա դաշտի մեջ մեկ ամիս գարունն է լավ.
Գիտությունն է աշխարհի կամարակապ մեծ սյունը,
Տասը հազար հիմարից մեկ հատ իմաստունն է լավ:

Ասում են գետնի տակը չը մշակված գանձ կա շատ.
Ներկայիս գործածական երևցող փայլունն է լավ.
Կարծիքովս գեղեցիկ դեմքի մեջ լավ հոգի կա,
Օժիտավոր տգեղից անօժիտ սիրունն է լավ։

Ոսկի ապարանջը ուրիշին քեզ ի՞նչ օգուտ,
Քեզ համար քո սեփական հասարակ հլունն է լավ.
Օտարի քաղցրեղենով քո փորը լի կշտանալ,
Ամենօրյա գտնված քո տանդ մածունն է լավ։

[ էջ 310 ]

Թեթև ցավից ընկճվող, վհատողը հում է դեռ,
Աշխարհի փորձաձքներուն դիմացող տոկոնն է լավ.
Ջիվան, ինչպես արևը աստղերի թագուհին է,
Այնպես էլ տգետներից փորձըված գիտունն է լավ:

1883

[ էջ 311 ]

ԻՄ ԿՅԱՆՔԸ

Լրիվ քառասուն տարի է շրջում եմ աշխարհը ես,
Բախտի հետևից հասնելու չեմ գտնում հնարը ես.
Ցանկանում եմ հաջողության տեղը գտնել, չի լինի,
Կարելի է կորցրել եմ ուղիղ ճանապարհը ես։

Ինձպեսին հարգող չի լինի, որտեղ չկա կերուխում,
Աշուղը լուրջ ակամբի մեջ չի ունենալ համարում,
Առատասիրտ, երգ սիրողները գտնվում են այլ տեղում,
Ճարս կտրած ուխտ եմ գնում Բագոսի տաճարը ես։

Ես, Ջիվանս, արդեն եղա հիսունվեց տարեկան,
Ոչ հող, ոչ տուն և ոչ դրամ, ոչինչ չունեմ սեփական,
Թողի սիրուն հողագործի պարապմունքը պատվական,
Երգիչ եղա, սովորեցի տասնաղի քնարը ես:

1902

[ էջ 312 ]

ՄԱՅՐԻԿ

Ջուխտակ շամամներդ դրախտ ծոցիդ մեջ,
Կաթնաղբյուր են եղել ինձ համար, մայրիկ,
Տատրակի պես շատ եմ արել ելևէջ,
Կրծքիդ վրա մաքուր՝ սուրբ տաճար, մայրիկ։

Ինձ համար հոյակապ կազմդ ես մաշել.
Հրճվել ուրախացել, վրաս ես աշել,
Մինչև մեծանալս ինչե՞ր ես քաշել,
Մնացել ես անքուն, անդադար, մայրիկ։

Փոխարենը ես քեզ ոչինչ չեմ արել.
Մոտդ չեմ մնացել, չեմ մխիթարել,
Քու սուրբ պատվերներդ ճիշտ չեմ կատարել,
Թողել եմ իղձերդ անկատար, մայրիկ։

Ջիվանին եմ, սխալմունքս զգում եմ,
Ես քու հոգուդ համար միշտ աղոթում եմ,
Ներիր քո մեղավոր որդուդ, խնդրում եմ,
Եղիր երկնքումը ինձ սատար, մայրիկ։

[ էջ 313 ]

ՉՈՒՆԵՆԱԼԸ

Սիրամարգին տգեղ ոտներն են մաշում,
Հպարտ տղամարդին փող չունենալը.
Գիտնականին խորին մտքերն են մաշում,
Խղճուկ երկրագործին՝ հող չունենալը։

Հարուստը քուն չունի, փողն է համարում,
Աղքատն էլ ապրուստի նոր միջոց փնտրում.
Ջարդողին մութ, խոնավ բանտն է չարչարում,
Ջարդվողին՝ կուշտ ու կող չունենալը։

Ընկած այծից դահիճ մահն է նահանջում,
Մորթողը նրանից յուղ է պահանջում.
Խեղճ վաճառականին ապրանքն է տանջում,
Նավավարին՝ նավի լող չունենալը։

Ագահին մահ կուտա անչափ ուտեստը,
Քաղցածը փոխում է հացով զգեստը.
Որսորդին կըվնասե յուր վատ արհեստը,
Վեհ առյուծին՝ ահ ու դող չունենալը։

Ուռկանի, մեջ լիճն է երազում ձուկը,
Խոհարարը պատրաստում է պուտուկը,
Վարժապետին չարչարանք է մանուկը,
Մանուկին՝ տետրակի տող չունենալը։

1899

[ էջ 314 ]

ԵՐԳԻՉ

Օտարք քեզնով կուրախանան
Դու ինչո՞ւ, ես տխուր երգիչ,
Քո հոգսերդ կբազմանան
Մաշվում ես օր-ավուր, երգիչ։

Ցավերդ քեզ տրորում են,
Ոտքերուդ տակը փորում են,
Պիղծ գորտերը պղտորում են
Քո աղբյուրը մաքուր, երգիչ։

Կրում ես դուն զրկանքը,
Անտանելի տառապանքը,
Բռնությունը, հալածանքը,
Ո՞ւր կտանի քիզ, ո՞ւր, երգիչ։

Խավարը յուր գոռ բանակով,
Երկյուղ է տալիս գնդակով,
Դու կռվում ես լոկ ջութակով,
Առանց զենք, առանց սուր, երգիչ:

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

[ էջ 315 ]

ԲԱԽՏ

Հե՛րիք է անիրավ բախտ, հերիք է ինձ չարչարես,
Հերիք է թշնամու պես հալածես, դուռս քարես,
Հերիք է, քեզ խնդրեցի, հարվածդ դադարեցուր,
Կուրծքս ամրոց կարծելով հերիք է նետահարես։

Ասա՛, քեզ ի՞նչ եմ արել, ի՞նչ վնաս եմ հասցրել,
Իմ ունեցած գործերս մինչև երբ դու խանգարես.
Տարին մի մարդու դուռը ուրախ սրինգ ածելով,
Հոմանի կնոջ նման շատի համար կպարես։

Արժանավոր տիկինը ապերջանիկ թողնելով,
Անարաժանի ճակատին մինչ ե՞րբ ոսկի շարես,
Դուն է՞լ երկերեսանի — հզորի կողմն ես տաշում,
Ստոր կավատի նման ցած դերեր կկատարես:

Կթողնես խեղճ ու մոլոր առանց սատար ինձ նման,
Վա՜յ կուտաս նրա գլխին՝ հիմա ինչ մարդ որ ճարես,
Հուսով եմ գիտությունը քու քողդ կպատառե,
Աշխարհը կկործանվի, թե միշտ դու կառավարես:

Հավատ, խեղճ ու խղճմտանք չունիս, որ քեզ բան ասեմ,
Մեկի տունը, թե շինես, մեկ ուրիշին կավարես,
Լավն ու վատը չես ջոկում, այդ Ջիվանը քաջ գիտե,
Հազար մարդ կողոպտելով մի հատ եզ կզարդարես։

1897

[ էջ 316 ]

ՂՈՄՇԱ

Ամեն մարդ մի բանով մխիթարվում է,
Պանդուխտ, անմխիթար մենակ ե՛ս եմ, ե՛ս,
Ամեն երգիչ բանիմ սիրահարվում է,
Առանց վարդի երգող սոխակ ե՛ս եմ, ե՛ս։

Չունիմ մեկ սիրուհի ինձի մեծարող,
Միայնակ, խղճալի ես եմ շվարող,
Ոչ փյունիկը, ոչ թիթեռը չէ կարող,
Միշտ այրվող առանց կրակ ե՛ս եմ, ե՛ս։

Ջիվանին եմ, շատերն ինձի ատում են,
Շատերն էլ գիտնական անձ հաստատում են,
Շատերն էլ մուսային համեմատում են,
Անխոս երգիչ, անլար ջութակ ե՛ս եմ, ե՛ս։

1869

[ էջ 317 ]

ԴՅՈԻՊԵԻՏ

Գործս կաղ էր, գրիչս կաղ,
Լեզուս էլ կաղել սկսեց.
Հանկարծ դարձա ծույլ ու դանդաղ,
Եռանդս պաղել սկսեց։

Ջախջախվեց իմ բախտիս նավը,
Վատը եկավ, գնաց լավը,
Կամաց-կամաց հոգսն ու ցավը
Վերևից մաղել սկսեց։

Ժամանեց իմ կեղծ խնամին,
Հետը բերեց խորշակ քամին,
Նախանձ, ցածհոգի թշնամին
Վրաս ծիծաղել սկսեց։

Ջիվան, եկավ խղճի խայթոց,
Ձեռքը ուներ սրած կտրոց.
Սրտիս մեջը բաց արավ խոց.
Իսկ հետո աղել սկսեց։

1904

[ էջ 318 ]

ԻՄ ԱՅԺՄՅԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Մի քանի ամիս է դարբին եմ դարձել,
Իմ ծառս կտրվելու սղոց կշինեմ,
Ոտքեր շղթայելու մարդիկ եմ վարձել,
Երկաթ տաքացնող հնոց կշինեմ։

Ստին կհավատամ, շատ միամիտ եմ.
Չափազանց պարզ սրտով՝ ջրից վճիտ եմ,
Մոլորված եմ, արածներս չգիտեմ,
Իմ ձեռքով իմ կյանքին խարտոց կշինեմ։

Հայրս տունը հիվանդ պառկած՝ չեմ տեսնում,
Ազգականս թշվառ ընկած՝ չեմ տեսնում,
Եղբայրս իմ մոտս քաղցած՝ չեմ տեսնում,
Հեռու տեղ օդի մեջ ամրոց կշինեմ:

Թողել եմ տնային գործս խափանած,
Քամու դեմ բամբակից կոլորեմ մանած,
Սաստիկ կպարծենամ մի մուկ չսպանած,
Իզուր ինձ օտարաց ծամոց կշինեմ։

Սկսվել է միտքս իմ խանգարվելու,
Սգո տոմևը կերթամ մխիթարվելու,
Ւնձ համար տուն չունիմ պատսպարվելու,
Պատերազմի դաշտում մարտկոց կշինեմ:

[ էջ 319 ]

Իզուր կվրդովեմ օրերս խաղաղ,
Սկսել եմ առյուծի հետ անել խաղ,
Կոտրատելով ծառիս տունկերը մատաղ,
Գետից ջուր կրելու քթոց կշինեմ։

Ջիվան, թե չփոխվի այս ժամանակը,
Շատ կդառնանա իմ բախտիս վիճակը.
Ոսկեթելով բանված նուրբ թաշկինակը
Կեղտոտելով՝ վերջը ջնջոց կշինեմ։

[ էջ 320 ]

ԵՐԳ

Գառնուկս, մահիկի նման ճակատդ
Ինչո՞ւ ես քողարկում մազերուդ ներքո,
Ճարե, ընկերացիր քո համեմատդ,
Կանցնի ժամանակդ, կզղջաս հետո։

Քանի որ սիրուն ես, նազըդ կտարվի,
Տված վերքիդ սպեղանի չի ճարվի,
Մեկ օր բարձր գլուխդ կխոնարհվի
Աղեղ ունքերուդ պես կծռվիս, այո՛։

Աշխույժդ վառ պահիր, դրախտի զավակ,
Քանի որ մեջդ կա եռանդ ու կրակ.
Կանցնեն լավ օրերդ, սիրուն աղավնյակ,
Կդառնաս ջոջ պառավ, անպետք ի վերջո։

Ջիվանու խրատը լսել չես ցանկալ,
Դու անփորձ ես համոզմունքդ շատ սխալ.
Հողեղենդ կուզես հրեղեն դառնալ,
Բնությանդ ես ծանոթ եմ ի մոտո։

1904

[ էջ 321 ]

ՄԱՐԴՆ է ՄԱՐԴՈԻՆ ՎՆԱՍՈԻՄ

Ինձ նման մարդուց կվախենամ սաստիկ,
Վտանգավոր գազանից չեմ վախենալ.
Մինչև անգամ վիշապը թե գա մոտիկ,
Հնար գիտեմ, նրանից չեմ վախենալ։

Մարդուն կվնասե անիծած մարդը,
Ագահ ու բռնակալ, անաստված մարդը,
Գազանից վատթար է կատաղած մարդը.
Նա հաց գիտե, ես շանից չեմ վախենալ։

Մարդն է ինձ հասցրել այս դրությանը,
Այն անգութն է փորել իմ գերեզմանը,
Ինձ հարված է տալիս միշտ բանականը,
Անասունից, անբանից չեմ վախենալ։

Ավարառու, ավազակից վախ չունիմ,
Հրացանից, սև գնդակից վախ չունիմ
Երևցող մարդ հրեշտակի՛ց վախ ունիմ,
Աներևույթ սատանայից չեմ վախենալ:

Ջիվանի, ամբոխից քեզ վնաս չի գա,
Ջրի պես ուր կապես, այնպես կգնա.
Խոր մտածող լուրջ անձերի՛ց երկյուղ կա,
Անզարգացած շրջանից չեմ վախենալ։

[ էջ 322 ]

ԻՄ ՄԱՍԻՆ

Չքավորությունը սև օձի նման
Եկավ ու փաթաթվեց իմ պարանոցով.
Չի ուզում անջատվիլ բնավ հավիտյան,
Կտոր-կտոր անես նրան սղոցով։

Պատիվս այս բանին հոժար չէ երբեք,
Թեև տրտնջալը արդար չէ երբեք,
Հագուստս անվանս հարմար չէ երբեք,
Ամաչում եմ անցկենալիս փողոցով։

Ջիվանի, աշխարհն է փակած լի գզրոց,
Իսկ անբախտի համար ցավի օրորոց,
Մարդ կա, որ չի տեսնիլ մեկ հարյուրանոց,
Մարդ կա՝ դարսած ունի հազար կապոցով։

1896

[ էջ 323 ]

ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀՐԵՇՏԱԿ

Ե՞րտեղ ես, ով հաջողության հրեշտակ,
Աղաչում եմ, կրկին դարձիր դեպի ինձ.
Շինած տունդ դու մի՛ անիլ ավերակ,
Բարեկամն ես իմ հին, դարձիր դեպի ինձ։

Դարձիր, հոգիս, բավ է անճար մնալս,
Առաջ ուժեղ, հիմա տկար մնալս,
Կարծեմ քեզի ցավ է խավար մնալս,
Անարատ լուսածին, դարձիր դեպի ինձ։

Տվիր դու Ջիվանուս մասնավոր տաղանդ,
Մի թողնիլ, որ լինեմ հոգեպես հիվանդ,
Վերանորոգե ինձ, տուր սեր ու եռանդ,
Ուժեղ ոգի ուժգին, դարձիր դեպի ինձ.

1885

[ էջ 324 ]

ԱՄՊԵՐ

Տխրատեսիլ, սևաթույր, խավար ամպեր, հեռացեք,
Մտքիս արևի համար խնդրեմ ճանապարհ բացեք.
Իմ հոգուս հորիզոնը թողեք, հեռու գնացեք,
Հիմա էլ մեկ ուրիշի բախտի վրա սգացեք։

Ես արդեն սգավոր եմ, չունիմ ուրախ օր ու ժամ,
Դրախտից զրկվել եմ, խաբվել եմ ինչպես Ադամ.
Բավ է կարկտահարեք արտս անտեր, անխնամ,
Գնացեք մի ուրիշ տեղ, բարկացեք, գոռգոռացեք։

Իմ գլուխս չէ Մասիս և ոչ Էլբրուս սարը,
Որ հարթել եք դեպի ինձ ձեր ուղին, ճանապարհը,
Անցկացրի ձեր անջուր հովանու տակ կես դարը,
Էլ ուժ չունիմ տանելու, ափսոսացեք, խղճացեք։

1901

[ էջ 325 ]

ՔԻՉ-ՔԻՉ

Կաղաչեմ, ով սիրտս, մի մնալ համառ,
Ճամանակի հոգույն հարմարիր քիչ–քիչ,
Եթե ո՛չ կցամաքիս, կլինիս չոր ծառ,
Ժողովրդի իղձը կատարիր քիչ-քիչ:

Հին փողոցում ծախիր հնացածներդ,
Պահիր քեզի համար իմացածներդ,
Դիր սնդուկը փակիր, քո գիտցածներդ
Նոր տեսակ ապրանքներ դու ճարիր քիչ-քիչ։

Մի վհատիլ, քանի որ կաս կենդանի,
Ունիս երեխաներ, ունիս ընտանի,
Աշըղության բանը բուսավ, Ջիվանի,
Քեզ համար մի նոր բան հնարիր քիչ-քիչ:

[ էջ 326 ]

ԽԵԼՔԻ ԱՐԻ

Բավ է այլոց եղար գործիք,
Անմիտ գլուխ, խեքի արի,
Անշահ գործին լինիս հերիք,
Դու ձեռնամուխ, խելքի արի։

Ում որ օգնեցիր ստակով,
Փոխարինեց նա ապտակով,
Այրվար այլոց կրակով,
Դարձար ածոխ, խելքի արի:

Զավակներդ անհաց թողիր,
Կնոջդ աչքը թաց թողիր,
Այնքան քեզի դու բաց թողիր,
Գտար հարբուխ, խելքի արի։

Երեսիդ քեզ կասեն արդար,
Ետևիցդ անգետ հիմար,
Սպիտակեց այլոց համար
Մազերդ թուխ, խելքի արի։

Ջիվանի, մարդն է ապերախտ,
Չի կենար խոստումին անխախտ,
Մտածես կճարես թոքախտ,
Կեր անանուխ, խելքի արի:

[ էջ 327 ]

ՐՈԻՊԱՅԻ ԴԻՎԱՆԻ

Իսկ արարչից ամեն մարդու մեկ բնություն տրված է,
Որը ազատ, որը գերի ցավերու մեջ խրված է,
Ճշմարիտ խոսողներու գագաթները ծակ պետք է միշտ,
Որովհետև ստի ձեռքից կեղծավորաց մրված է։

Ճշմարիտ քաջ զինվորը, տես, կռվում է, սուսեր չունի,
Աղքատի մեծ գիտունը յուր տանը մեկ լապտեր չունի,
Քաղցրը արդյոք ինչու իրան համեմատ ընկեր չունի,
Կարելի է լավը վատին բնականից գրված է:

Կեղծավորը աշխատում է միամըտին խանգարե,
Հետևում է պարզախոսի ունեցածը ավարե,
Ուզում է ճշմարտության հանդեպ կռիվներ հանճարե,
Ստախոսի աղեղը լարված՝ սուսերը սրված է:

Տես, Ջիվան, ուղղախոսին երթալու ճանապարհ չկա,
Սուտ լուրերը չորս բոլորը փաթաթել են, համար չկա,
Հիմա նորեն երկընուց ձայնե հրեշտակ, ճար չկա,
Երբ մի մարդու անունը վատ աշխարհի մեջ ցրված է:

[ էջ 328 ]

ԵՐԳ

«Ամեն վնաս մեկ խրատ է» ասել են,
Ոչ խրատն է հատնում և ոչ վնասը,
Ամեն մարդու էլ հարվածներ հասել են,
Դարձյալ չեն խրատվել, առնելով դասը։

Յուր վիճակից գոհ չէ ագահը անկուշտ,
Միշտ ուրիշի վերա կարձակե փամփուշտ,
«Ջրի ճանապարհում կկոտրի անշուշտ»,
Առածը ասում է «ջրի կարասը»։

Առանց ուսում միտքդ խավար, Ջիվանի,
Նյութեր չունիս դարին հարմար, Ջիվանի,
Որքան կուզե ապրիս երկար, Ջիվանի,
Թերի է, չի լրանալ քո պակասը։

[ էջ 329 ]

ԱՇՈԻՂՆԵՐԸ

Աշուղներից ի՞նչ կսպասեք, գիտուններ,
Անգրագետ և անուսում մարդիկ են.
Նրանց դուք միք ծաղրիլ, մեծ իմաստուններ,
Նրանք էլ ջոկ տեսակ գույնի ծաղիկ են։

Աշուղի լապտերը բնական վառ է,
Նա շատ բան կտեսնի, մտքով պայծառ է,
Ինչ ժողովուրդ աշուղ չունի՝ թշվառ է.
Աշուղները ցնծության մունետիկ են։

Ուսման ծարավի են, գիտության կարոտ,
Շատի համար մութն է ցերեկը, աղոտ,
Բարձր, տաղանդավոր գրողներու մոտ
Աշուղները աշակերտ են, փոքրիկ են։

Ջիվան, աշուղները ամենայն տեղ են,
Շատերու վերքերուն ու ցավին դեղ են,
Ռամիկ դասի մեջ մեկ-մեկ կանթեղ են,
Սիրելի են նրա սրտին, մոտիկ են։

1900

[ էջ 330 ]

ՋԻՎԱՆԻ

Մազերդ ճերմական, կուզդ դուրս եկավ,
Օրերդ անցան, պառավեցիր, Ջիվանի.
Հոգսերու իշխանը քեզի հյուր եղավ,
Էլ չը գնաց, գրավեցիր, Ջիվանի։

Հիշյալ պետը կյանքիդ, հոգուտ դառավ ցեց,
Ցավդ մեկ էր, այժմ եղավ հինգ ու վեց.
Այնքան դառը հարված, այնքան վիշտ տվեց,
Պտույտ գալով կաքավեցիր, Ջիվանի։

Հարգեցիր ճշմարիտ անվանի մարդուն,
Սիրեցիր մարդկության պիտանի մարդուն.
Գովեցիր գովելի արժանի մարդուն,
Պարսավելուն պարսավեցիր, Ջիվանի։

Երեսուն տարի շարունակ փափագով
Գործիդ ծառայեցիր լավ նպատակով,
Դու քո կարճ խելքովդ, երգով, ջութակով
Բղավեցիր, ճղավեցիր, Ջիվանի։

1898

[ էջ 331]

ՍՐՏԻՍ

Ամպերով պատած է մտքիս երկինքը,
Խավար է երևում լուսնյակ սիրտս,
Նախանձող թշնամու սև նախատինքը
Մրոտեց պարզ, մաքուր և իստակ սիրտս։

Հոգիս, խղճիս մոտը ղրկեցի գանգատ,
Վերք ստացավ անբուժելի, անփարատ.
Անտեղի խոսքերից ստացավ արատ,
Զգայուն ու փափուկ, անապակ սիրտս։

Ջիվանին եմ, մինչև ցվախճան, շարունակ
Օրենքներիդ ծառա, հլու հպատակ.
Բացի քեզնից, ով հարգելի հեղինակ,
Ո՞վ պիտի նորոգե ավերակ սիրտս։

[ էջ 332 ]

ԶՈՒՐ ՋԱՆՔ

Որ նավը ծովն ընկըղմի,
Խղճուկ նավավարն ի՞նչ անե,
Կույրը միշտ վազում է տղմի,
Նրան լույս ղամբարն ի՞նչ անե։

Խլին թե՛ լավ ասես, թե վատ.
Կըկարծե իրան համեմատ,
Սևին սապոն, խևին խրատ,
Ծռին գաղափարն ի՞նչ անե։

Թանը լավ է միշտ սովորին,
Քանց բաժակը թագավորին,
Շքից վախեցող զինվորին
Հրացան, ասպարն ի՞նչ անե։

Նեղ տեղից չի գնալ լայնը,
Բանը չը հասկացող ունայնը,
Երբ մի մարդ չի լսեր ձայնը,
Խեղճ քնարահարն ի՞նչ անե։

Զուր է ջանքը, աշըգ Ջիվան,
Բույսը այնպես է բնական՝
Փայտին-ոստոտ և անպիտան՝
Հյուսնի սուր տապարն ի՞նչ անե:

1896

[ էջ 333 ]

ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆ

Մարմինդ մերկ, երեսդ պաղ, խեղճ պառավ աղքատություն,
Ման ես գալիս աշխարհի մեջ անհալավ, աղքատություն,
Հայր Ադամը երբ դրախտից զրկվեցավ, դու ծնար,
Խելացիները կոչեցին քեզի ցավ, աղքատություն։

Մայրդ մեռներ երկունքի մեջ, քեզ չծներ երանի,
Կյանքի ցեց, կյանքի կերիչ, ժանտ, մարդադավ աղքատություն.
Շատ շատերին քաղցած ու մերկ ղրկում ես այն աշխարհը,
Շատերին էլ դու թաղում ես անկտավ, աղքատություն։

Ամենաազնիվ, բարի մարդիկ քո ձեռքիցը, գարշելի,
Դառնում են ստոր և ընկած, անիրավ աղքատության.
Մարդիկ խորշում են քեզանից, պատիվ չունիս ոչ մի տեղ,
Ես քո ո՞ր արարքդ գովեմ, ի՞նչդ է լավ, աղքատություն։

Հայրդ չիքն է, մայրդ սովը, մեծ պապդ ծուլությունը,
Ձախորդության տաք սիրահար դու ծարավ, աղքատություն.
Վերջապես Ջիվանուն էլ աշխատեցար առար մեջդ,
Խորասուզված անառագաստ, կոտրած նավ, աղքատություն։

1890

[ էջ 334 ]

ԱՂՔԱՏ ՄԱՐԴԸ

Խեղճությունը մարդու ամեն բան կանե,
Ցածություն, մատնություն ո՛ղջն անել կուտա,
Ասելով՝ այսպիսի մարդուն արժան է,
Թշնամիք յուր վերա այպանել կուտա։

Խեղճ ու ողորմելուն օթևան չկա,
Պարզ, ազատ խոսելուն հրաման չկա,
Աղքատության նման թշվառ բան չկա,
Դեռահաս շատ մարդու սպանել կուտա։

Ջիվանի, խեղճ մարդու օրն է տարաժամ,
Դեպի թշվառ մահին կերթա ինքնակամ,
Խեղճությունը արդար մարդոցը անգամ,
Մտքով ամեն բանի վարանել կուտա:

1893

[ էջ 335 ]

ԱՆՀԱԿԱՌԱԿՈՐԴ ԱՌԱՐԿԱ ՉԿԱ

Ամեն Հոմերոս մեկ Զոիլոս ունի,
Ամեն Մովսես՝ մեկ հատ փարավոն ուժեղ.
Ամեն կոկորդիլոս մեկ հիլոս ունի,
Ամեն գեղեցկուհի՝ մեկ կոպիտ տգեղ։

Ամեն երգող Դավիթ մեկ Սավուղ ունի,
Ամեն ծառ էլ դառն, խակ պտուղ ունի.
Ամեն հոյակապ տուն մեկ հատ խուղ ունի,
Ամեն բարոյախոս՝ մեկ ափեղցփեղ։

Արեգակի դեմ էլ սև-մութ ամպեր կան,
Սոխակն էլ ագռավին ունի ախոյան.
Օձն էլ ոզնու ձեռքից միշտ լաց ու կական
Անելով մեռնում է, անճար ու անդեղ։

Նավ չկա, որ թարթառից չվախենա,
Ծով չկա՛, որ կոհակ՝ ալիք չունենա.
Բարձր սարի գլխին միշտ ձյուն կըտեղա,
Մեծ մարդկա՛նց կըդիպչի հարվածը զորեղ։

Ամեն Ջիվան ունի մեկ ծեր դիմադիր,
Առանց երկրաշարժի չկա մի երկիր.
Սև ունի յուր դեմը ամենայն կարմիր,
Փոխան ուրախության սուգն է բռնում տեղ։

1896

[ էջ 336 ]

ՉԻ ԼԻՆԻ

Եթե մեղավորը մնա անպատիժ,
Աշխարհը կեցություն չի լինի երբեք,
Մարդիկը կըդառնան իրար խայթող իժ,
Բարի հայեցություն չի լինի երբեք։

Թե չը լինի օրենք, կրթություն, ուսում,
Ուժեղը անուժին կուլ կուտա հում-հում.
Նեռ, հարստահարիչ գռփողի սրտում
Խղճի ազատություն չի լինի երբեք։

Ջիվան, մարդիկ ցոփ ցել են առհասարակ,
Շռայլությամբ ողջ ընկել են պարտքի տակ.
Աշխարհը քիչ կուղղվի՛ այն ժամանակ,
Երբ որ արբեցողություն չի լինի երբեք։

1890

[ էջ 337 ]

ԾԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽԵՂՃՈՒԹՅՈՒՆ

Առյուծ մարդուն փոքրի՛կ կատու կշինեն,
Ծերության հետ՝ խեղղճությունը միասին.
Վեհանձը մուրացկան, գնչու կշինեն,
Ծերության հետ՝ խեղճությունը միասին։

Մեկը ցավ կծնի, մյուսը՝ տանջանք,
Մարդ նրանց տեսնելիս զգում է զզվանք,
Անհաղթ գոտեմարտին հաղթո՛ւմ են նրանք,
Ծերության հետ՝ խեղճությունը միասին:

Մահվան կառքն են և օրհաս են երկուսն էլ,
Կյանքի ցեց են և վնաս են երկուսն էլ.
Փորձություն են, պատուհաս են երկուսն էլ,
Ծերության հետ՝ խեղճությունը միասին։

1901

[ էջ 338 ]

ԺՈՂՈՎՈՒՐԴ

Ժողովուրդը ահռելի ջրհեղեղ է,
Առաջը առնելը շատ դժվար բան է.
Թե գրգռվեց, կատաղի է, ահեղ է,
Քարափներ կըքանդե, ամեն ինչ կանե։

Սև ածուխ կըդառնաս, մեծամի՛տ հսկա,
Թե խելք ունիս, կրակի հետ մի խաղա,
Թե նրա փեթակին հպի, վնաս տա,
Մեղուն խմբով մեծ վիշապին կսպանե:

Արտաքուստ կարծվում է խմորի գնդակ,
Բայց մեջը պահված կա զորեղ ուժանակ,
Ժողովրդի հետը չի լինի կատակ,
Թե միացավ, սարը տեղից կհանե:

Շատ ուժեղ է ժողովրդի ապտակը,
Ում որ դիպավ կըջախջախի կզակը,
Մի օր պիտի առնե ոտքերի տակը,
Ով որ նրան հող ու մոխիր կանվանե:

1905

[ էջ 339 ]

ՀՈՒՍԱՀԱՏ ԳՅՈՒՂԱՑՈՒ ՏՐՏՈՒՆՋԸ

Զորքը մենք տանք, հարկը մե՛նք տանք,
Հայրենիքը մե՛նք պաշտպանենք,
Մե՛նք տանք ջոջերուն հաց ու կյանք,
Երկիրը մե՛նք վարենք-ցանենք։

Տքնենք, թափենք արյուն, քրտինք,
Սարսի, դողա երկինք-գետինք,
Ագահները խլեն տանին,
Դառն աշխատինք, դատարկ նստինք:

Լինինք ագահներու համար
Խուզվող, կթվող կով ու ոչխար,
Ո՞ր գրքի կողին է գրված
Այսպես վճիռ, ծուռ, անարդար։

Փակ է ուղին ազատության,
Կյանք ենք վարում ըստրկական.
Մենք չենք կարողանում ապրել
Մարդավայել, մարդու նման:

Լսիր մեր ձայնը, խուլ աստված,
Եղիր մի վայրկյան ողորմած,
Այսպես է անցնում մեր կյանքը,
Կենտ մի օր կուշտ, տասն օր քաղցած։

[ էջ 340 ]

Մաշվել, հյուծվել ենք տանջանքից,
Անտանելի տառապանքից.
Հազար երնեկ մեռածներուն,
Մեռան, պրծան դառն կյանքից։

1906

[ էջ 341 ]

ԱՇԽԱՐՀԻ ԲԱՆԸ

Մեկը յուր մեռելը կուլա,
Մեկը պսակվի կը խնդա.
Մի ուրիշը պար կը խաղա–
Այսպես է աշխարհի բանը։

Մեկը ուտելուց կը ճաքի,
Մեկը անոթի կը մեռնի.
Մեկը հուսով նոր կը ծնի–
Այսպես է աշխարհի բանը։

Մեկը բարձրանում է վերև
Մեկը գլորվում է ներքև.
Մեկը խելոք, մյուսը խև—
Այսպես է աշխարհի բանը։

Բոլոր մարդիկ հիմարաբար,
Հոր փորեն մեկմեկու համար.
Որը գայլ է, որը ոչխար–
Այսպես է աշխարհի բանը։

Այսօրվա մարդը ունևոր,
Վաղը կըդառնա չքավոր.
Անբախտը հանկարծ բախտավոր —
Այսպես է աշխարհի բանը։

[ էջ 342 ]

Ջիվան, ամեն մարդ կը տեսնի,
Աշխարհը սանդուխտ է բախտի.
Որը կելնե, որը կիջնի —
Այսպես է աշխարհի բանը։

1901

[ էջ 343 ]

ՎԵՑՅԱԿ

Ոչ մութ է, ոչ առավոտ, խառն են իրար մութն ու լուսը,
Կռվում են իրարու հետ խիստ քաջաբար մութն ու լուսը.
Հայտնի չէ ո՞րն է ուժեղ, ո՞րն է տկար մութն ու լուսը,
Ո՞րն է չար, ո՞րն է բարի խռովարար մութն ու լուսը.
Դարձել են կռվածաղիկ մարդու համար մութն ու լուսը,
Մրցում են գիշեր ցերեկ միշտ անդադար մութն ու լուսը:

Գողերը, մութն են սիրում, արդարները լույս արեգակ,
Գայլերի համար լավ է խավար գիշերը շարունակ։
Լույսը կյանք է, խավարը մահ, ասել է մեկ հեղինակ,
Մթության զավակները արբեցող են և անառակ,
Կան ու կան լույսն ու խավարը, և իրարու են հակառակ,
Հալածում են մեկը մեկին միշտ չարաչար մութն ու լուսը:

Մթության մեջ է գոյանում շատ խելացի, գիտնական,
Մեծանում, լույս է քարոզում խավարի դեմ հանդիման,
Խավարի ծնողները լույս են տարածում մշտական,
Լուսո որդիքն էլ խավարին դառնում են սերտ սիրական,
Երբ կուգա մեծ արևը, պայծառ լույսը գերբնական,
Կանհետանան աշխարհից ինքնահոժար մութն ու լուսը:

1902

[ էջ 344 ]

ՏԽՈԻՐ ՓԱՍՏԵՐ

Աշխարհի մեջ բախտ ունի արյուն թափող մարդասպանը,
Տարածում է խեղճերի վրա ահեղ հրամանը.
Գիշատիչ գայլերու ձեռքին է ոչխարաց դատաստանը,
Ամեն օր հազարներով լցնում են սպանդարանը.
Տասը հազար գիրք կարժե մեկ պիպոտի հրացանը,
Աշխարհը մենք իմացանք, հանդերձյալին մնաց բանը։

Կոպիտ ուժն է տիրողը, արդար օրենքը թույլ է շատ.
Քանի որ գործադրող չկա օրենքը, դա է վատ.
Բախտազուրկ են խելացի մարդիկը ազնիվ, անարատ.
Աշխարհին դուր չեն գալիս ճշմարիտ են, խոսող ազատ։
Տասը հազար գիրք կարժե մեկ պիպոտի հրացանը,
Աշխարհը մենք իմացանք, հանդերձյալին մնաց բանը։

Թե ունես գանձ բավական, աշխարհի զվարթը դուն ես.
Քեզ կըպաշտեն կուռքի պես, զուգած-սիրուն զարդը դուն ես,
Ամենին դուր եկողը, կարմիր, հոտով վարդը դուն ես,
Փող ունիս, զենք էլ ունիս, ճի՛շտ առաջին մարդը դուն ես
Տասը հազար գիրք կարժե մեկ պիպոտի հրացանը.
Աշխարհը մենք իմացանք, հանդերձյալն մնաց բանը։

Գրքերու մե՛ջ պիտ որոնել արդարություն ասած բանը.
Մարդկության մեջ շատ քիջ է, ընդունում են նրան սառը,
Քամու պես կանցնի իզուր իմաստունի խոսած ճառը,

[ էջ 345 ]

Տեսնում ես սարեր կը քանդե մեկ վառոդի տակառը.
Տասը հազար գիրք կարժե մեկ պիպոտի հրացանը.
Աշխարհը մենք իմացանք, հանդերձյալին մնաց բանը:

Հողային գնդի վրա եղածը տարօրինակ է,
Սուտը առաջընթաց Է, ճշմարտության դուռը փակ է,
Անզորը քաղցած ու մերկ ուժեղներին նշավակ է,
Այն մյուս աշխարհն է՞լ արդյոք տկարը ոտքի տակ է.
Տասը հազար գիրք կարժե մեկ պիպոտի հրացանը.
Աշխարհը մենք իմացանք, հանդերձյալին մնաց բանը։

1896

[ էջ 346 ]

* * *

Տխուր սրտից բխած երգը ուրախ մարդկանց տառապանք է.
Ուրախ մարդուն՝ սգավորին տեսնելը միայն զզվանք է,
Նա այնպես է կարծում, թե ինքն հավիտյան ուրախ կապրի,
Նրան տխրիլ ու ցավ զգալ համարյա մեծ ամոթանք է։

Ուրախ մարդուն խաղալ, խնդալ, զվարճանալ է սահմանված,
Տխուր մարդուն ամենօրյա բան ու գործը հեծեծանք է,
Մեկը առողջ և ուրախ է գրպանը արծաթով, ոսկով,
Մեկը աղքատ հիվանդ պառկած, քաշածը ցավ ու տանջան ք է։

1902

[ էջ 347 ]

ԴԱՌՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թնդանոթն է արարիչ,
Հրացանը մեծ փրկիչ,
Փոքրիկ վեցհարվածյանը,
Աչք բացող լուսավորիչ։

Կուզես լաց, կուզես ցավե,
Անզեն ազգը խեղճ հավ է,
Նեղ օրում մեկ դաշույնը
Հաստափոր գրքից լավ է։

Քաջ զինվորը անահ է,
Աներկյուղ է, վստահ է,
Մեկ զինվորված հովիվը
Հազար ոչխար կպահե։

[ էջ 348 ]

Ո՞ՒՐ Է

Հիմա քիչ կը ճարվի բարուն հետևող,
Բարին սիրող, չարը խափանող ո՞ւր է.
Մի բանա վերքերդ, սրտիդ մեջը թող,
Խղճով բժիշկ, ցավդ դարմանող ո՞ւր է։

Անզգա վաշխառուն և ճարպիկ գողը,
Խլել են աղքատի ձեռքից յուր հողը.
Քանդվող տանը սյուն կխփե հասնողը
Չարյաց կեցարանը կործանող ո՞ւր է։

Ընկերներին օգնելը առասպել է հին,
Դարձել են մարդիկը անհոգի մարմին.
Ընկածը տեր չունի, կոխ կուտան կանցնին,
Ձեռքերից բռնողը, վեր հանող ո՞ւր է։

Հարուստները մեկը մեկին ձեռք տված,
Եղել են բռնակալ, աղքատահալած.
Թշնամիս չլինի խղճուկ արարած,
Տկարին սիրտ տվող, պաշտպանող ո՞ւր է։

Անբախտ մարդը տանջըվում է չարաչար,
Արած գործը միշտ կմնա անկատար,
Ամեն ոք կաշխատի յուր օգտի համար.
Խեղճ դրացու մասին հոգ տանող ո՞ւր է։

[ էջ 349 ]

Օրը նոր ծնում է մի նոր հեծեծանք,
Տեսնում ես լաց ու կոծ, դժոխքի տանջանք.
Որ տա ժողովրդին նոր հոգի, նոր կյանք,
Մի նոր կարգ ու կանոն սահմանող ո՞ւր է։

Խիղճը բթացել է, էլ չէ սուր խարտոց,
Սիրտ չի ծակիլ և չի բանա վերք ու խոց.
Հոգու զգացումը փտած է մարդոց
Աստըծուց վախեցող, սասանող ո՞ւր է:

Բացվել է մրցության լայն ճանապարհը,
Ետ է ընկել անուսումը, տկարը,
Ամեն տեղ գին ունի պարարտ ոչխարը,
Կորած, մոլորածին հարցնող ո՞ւր է։

Երկու ամոլ չեն հարմարվում միմյանց,
Մարդը չարքաշ, կինը շռայլ չափազանց,
Այժմյան կանայք բեռ են դարձել այր մարդկանց,
Կարող, գուլպա գործող, թել մանող ո՞ւր է:

Ուր է թե զարթնեին Ադամ ու Եվա,
Տեսնեին աշխարհի մեջը ինչեր կա
Նոր սերունդը այլասեռված կթվա,
Համեստ ծնողացը նմանող ո՞ւր է։

Այսպես մարդը արևի պես պայծառ է,
Ով որ նորից մարած ճրագը վառե,
Անցյալը ձեռք չի գալ, ներկան թշվառ է,
Ապագան գուշակող, տեսնող ո՞ւր է։

Կարծես մեր երկիրը շուկա է դարձել,
Մարդորսներուն Հռոմկլա է դարձել,
Կրոնքը փոխելը մոդա է դարձել,
Հայրենի ավանդը պահպանող ո՞ւր է:

[ էջ 350 ]

Կարեկցություն ասած բանը լավ բան է,
Ով կգթա խեղճին, օգնություն կանե,
Ով որ ում կհաղթե ծեծե, կսպանե,
Մեջ մտնող, մեկ մեկուց բաժանող ո՞ւր է։

Անցան մեր երջանիկ օրերը խաղաղ,
Ժամանեցին հոգս ու ցավերը ավաղ,
Գիտունը մեծամիտ, համբակը ծանծաղ,
Զիվանի, մտքերիդ հավանող ո՞ւր է:

[ էջ 351 ]

ԱՂՔԱՏԻ ՈՐԴԻՆ

Ոչ կարող է կրթել և ոչ ուսում տալ,
Պիտի դուրս գա աղքատ, աղքատի որդին.
Քանի օր չգիտե գրել ու կարդալ,
Է մտավոր թշվառ աղքատի որդին:

Սնանկ մարդը իզուր առնում է կնիկ,
Ընտրում է իրան պես չքավոր աղջիկ.
Գոյանում է նիհար, հիվանդոտ մանկիկ,
Լինում է խիստ գունատ աղքատի որդին։

Ունևորի որդին դպրատուն կերթա,
Անհոգ, ուրախ, զվարթ խնդա, կցնծա.
Ոչ ոք չի կարեկցի, ոչ ոք չի գթա,
Ման կուգա հուսահատ աղքատի որդին։

Ջիվանի, աշխարհը զորավորինն է,
Վայելչություն, պատիվ րախտավորինն է,
Ամեն երջանկություն ունոևորինն է,
Դիպչում է պատեպատ աղքատի որդին։

[ էջ 352 ]

ՂՈՇՄԱ

Որ մի մարդ բնական լինում է տխուր,
Աշխարք բժիշկ դառնա՝ չի երթա ցավը,
Խորասույզ կլինի դեռ չտեսած ջուր,
Վասն զի խղճալույն կոտրած է նավը։

Ւ ծնե տխուրը, ինչպես որբ տղա,
Ուրախություն չունի, սուգ է հարակա,
Կուզես օրը տասնևութը ջուր լվա
Սպիտակ չի լինի բնական սյավը։

Ջիվան, նա կմնա միշտ սպասելով,
Իրան տխուրների շարքը դասելով.
Պիտի շունչը հատնի միշտ ձյուն ասելով,
Գարնանից անտեղակ անմեղ ագռավը։

187 (՞)

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր. Ջիվանու քնարը: [Ստեղծագործությունների ընտրանի] / Կազմ., առաջաբ., տեքստ. համեմատ., ծանոթագր. ՝ Ա. Սահակյան; Խմբ.՝ Միք. Հարությույան; Նկ.՝ Ան. Գասպարյան։ «Հայպետհրատ»։ Երևան 1959
Տրամադրեց. Միքայել Յալանուզյան

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice