ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian
Ջիվանի

ՋԻՎԱՆՈՒ ՔՆԱՐԸ

Նախորդ էջԲովանդակություն  | Հաջորդ էջ

[ էջ 353 ]

ՀԻՄԱՐԻՆ ԼՌԵԼՆ է ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ, ԻՄԱՍՏՈՒՆԻՆ՝ ԽՈՍԵԼԸ

Մարդ կա, որ միշտ խոսում է սուտ,
Խոսելուց՝ չխոսելն է լավ.
Մարդ կա, խոսի՝ ունի օգուտ.
Չխոսելուց՝ խոսելն է լավ։

Մարդ կա, խոսելու ժամանակ
Կարծես սրտիդ խփե դանակ.
Այնպես մարդը, կուզես շիտակ
Խոսելուց՝ չխոսելն է լավ։

Մարդ կա խելոք, սրամիտ է,
Լեզվով գործով ճշմարիտ է,
Խոսքը անգին մարգարիտ է,
Չխոսելուց խոսելն է լավ։

Մարդ կա խոսում է ակամա,
Մեջը խոսելու ձիրք չկա,
Երբ որ խոսի, գանըդ կուգա,
Խոսելուց՝ չխոսելն է լավ։

Մարդ կա կրթյալ-քաղաքավար,
Շտեմարանը՝ լի գոհար,

[ էջ 354 ]

Խոսքը՝ վսեմ, լեզուն ճարտար,
Չխոսելուց՝ խոսելն է լավ։

Մարդ կա, գաղափարը խառն է,
Բարքը կոպիտ, ինքը սառն է,
Լեզուն դիպչող, խոսքը դառն է,
Խոսելուց՝ չխոսելն է լավ։

Մարդ կա, տեղովը հոգի է.
Լավ քարոզիչ՝ քաջ րաբբի է,
Խոսքը գին ունի, հարգի է,
Չխոսելուց՝ խոսելն է լավ։

Մարդ կա, նենգ է, օձափոր է,
Սիրտը խարդախ, կպրի հոր է,
Խոսեց՝ կռիվ կըհորդորե,
Խոսելուց՝ չխոսելն է լավ:

Մարդ կա, ծագումովը բարի,
Լավանում է տարեցտարի,
Խրատող է շատ հազարի,
Չխոսելուց՝ խոսելն է լավ։

Մարդ կա, բնությունը ժանտ է,
Սիրտը խեռ, անհնազանդ է,
Ե՛րբ որ խոսի, գործ կըքանդե,
Խոսելուց չխոսելն է լավ։

Մարդ կա, բարի, երկյուղած է,
Կարծես երկնուց ընտրված է,
Խոսելիս միշտ կըմտածե,
Չխոսելուց՝ խոսելն է լավ։

Մարդ կա, կարծես խելքից թեթև
Վեր կըվարե խոսքը խև-խև,

[ էջ 355 ]

Լավ խոսելու չի՛ գիտեր ձև,
Խոսելուց՝ չխոսելն է լավ։

Մարդ կա, որ խոսքը կրթիչ է,
Ինքը խոհեմ ուսուցիչ է,
Դեպի բարին համոզիչ է,
Չխոսելուց՝ խոսելն է լավ։

Ջիվան, խևին մի տեղիք տալ,
Նրանից քեզ օգուտ չի գալ,
Պիտի դուրս տա սուտ ու սխալ,
Խոսելուց՝ չխոսելն է լավ։

[ էջ 356 ]

ՄԱՆ ԿՈԻԳԱ

Ընկերից անջատվող, տարագիր մարդը
Կարմրի տեղ սևեր հագած՝ ման կուգա.
Հոգսերով ծանրացած, ցավակիր մարդը
Ծովի նման ալեկոծված ման կուգա։

Մարդատյաց բուն սիրում է ավերակը,
Թիթեռն էլ պաշտում է անշեջ կրակը,
Էրված ու խորովված անբախտ սոխակը
Վարդի շուրջը խեղճ, տխրամած ման կուգա։

Ով սիրել է ու եղել է սիրահար,
Մնացել է անբախտ և անմխիթար,
Ուղղախոսը արդար խոսելու համար,
Անձը տկլոր, ինքը սոված ման կուգա։

1904

[ էջ 357 ]

ՍՐՏԵՐ

Եթե մի սիրտ՝ սրտի չի սիրեր հոգով՝
Այնպիսիք իրար հետ ապրել կարող չեն.
Նոքա միշտ կմնան իրար հետ խռով,
Ատող են մեկմեկու, գործ կատարող չեն։

Իրար ատող սրտերը թող խափանվին,
Եթե չհեռանան իզուր կսպանվին,
Միատեղ մնալուց՝ լավ է բաժանվին,
Ըստ որում՝ միմյանց ճիշտ հարմարող չեն։

Այսպես ընկերության վերջն է շատ թշվառ,
Կրակի պաշար են սոքա որպես ծառ,
Մեկի կյանք ասածը՝ մյուսին թվի գառ,
Սորանք իրարու սիրտ մխիթարող չեն։

Վախճանն ի՞նչ է այսպես բանին, ով Ջիվան,
Դեռահաս կտանի մարդուն գերեզման,
Թե ապրին էլ՝ կարծիր միշտ կիսակենդան,
Ստվեր են, աշխարհի մեջ կյանք վարող չեն:

187 ՞

[ էջ 358 ]

ԿԱՐԾԻՔ

Երկրագնդի տերը՝ երրորդությունը,
Ուժն է, խելքն է, հետո հարստությունը.
Աշխարհը պինդ պահող հոյակապ սյունը,
Խելքն է, ուժն է, հետո հարստությունը։

Հին աստվածը գրքերու մեջն է հիմա,
Կամ երկինքն է, մեզնից հեռու բացակա,
Երկրագնդի վրա ջոկ աստված չկա,
Խելքն է, ուժն է, հետո հարստությունը:

Որտեղ մի լավ գյուտ կա՝ խելոքն է գտել.
Անառիկ բերդի մեջ ուժեղն է մտել,
Նոր երրորդությունը չես կարող ստել՝
Խելքն է, ուժն է, հետո հարստությունը։

1906

[ էջ 359 ]

ԼԱՎ է

Լավ է բոլորովին տգետ հիմարը,
Քանց կիսաուսում խակ իմաստունը,
Լսածը չդատած թերուս հանճարը,
Խոսելով կքանդե շատերի տունը։

Գիտությունը գնահատել չէ կարող,
Լույսը խավարից զատել չէ կարող.
Լսած բանը ուղիղ դատել չէ կարող,
Վերան կառնե բնագետի անունը։

Ջիվան, կան խելացի մարդիկ բնական,
Նոքա չեն համարվի ճիշտ ուսումնական,
Հազիվ ուսումնասեր կանվանե իրան
Ամեն բանից տեղյակ մտքով հասունը:

[ էջ 360 ]

ՓՈՐՁ

Փորձը մարդուն կդարձնե կատարյալ,
Գործի մեջը չի ունենար շատ սխալ,
Կըսկսի ոսկու նման երևալ
Մաքուր, զտված, փայլուն որպես մի գոհար:

Փորձը խելոք մարդուն շատ բան ցույց կուտա,
Փորձով մարդիկ դառնում են փիլիսոփա,
Հանքաբանը, հնագետը քեզ վկա,
Փորձով նրանք կսկսին առաջ երթալ։

Փորձը որ կա՝ մարդկանց եփող մի հուր է,
Լավ դուրս կուգա, ով որ ազնիվ, մաքուր է,
Անխելք մարդը որքան փորձըվի՝ զուր է,
Վատությունից նա չի կարող լավ դառնալ։

Անփորձ մարդու խոսած խոսքն է թերի, հում,
Թեև նա ունի բավական ուսում,
Չի ստանա նա փորձվածի համարում,
Ժողովրդի մեջը չունի երթ ու գալ։

Փորձը խելքի բովն է, կշիռն է, Ջիվան,
Ծանր, թեթև, նա ցույց կուտա ամեն բան,
Փորձո՛վ մարդու լավն ու վատը կիմանան,
Անհիշաչար լինի, թեկուզ ոխակալ։

[ էջ 361 ]

ՕՁԻ ՁԱԳԸ

Օձի ձագը ընտանանալ չի գիտե,
Հարյուր տարի կրթես նա ձուկ չի դառնալ.
Երբեք բնությունը թող տալ չի գիտե.
Ժառանգաբար ոխակալ է, ոխակալ։

Քանի սառն է, փոքր է, խեղճ է երևում.
Երբ տաքացավ, մեծացավ, անում է ցնցում.
Հանկարծ տեսար մի վերք բացեց քո սրտում,
Սկսեց կրծքիցդ արյունը շռռալ։

Օձին մի հավատար, միամիտ արդար,
Գլուխը ջախջախե որտեղ որ տեսար.
Անպիտան սողունը թող չապրի երկար,
Քանի որ դաժան է, գիտե վնաս տալ։

Ջիվան, չլնի՛ օձին լավություն անես,
Սառած տեսնես, տունդ տանես, պահպանես,
Թունավոր ատամը մինչև չհանես,
Նա այնպես ցեղ է, որ չի ստրկանալ։

1892

[ էջ 362 ]

ՕՏԱՐԱԿԱՆԻ ԶԳԱՑՄՈՒՆՔԸ

Զավակի և գերդաստանի տեր մարդը
Օտար երկրում բարեկենցաղ չի չինի.
Երբ որ կհեռանա որդեսեր մարդը,
Կըտխրի, երեսում ծիծաղ չի լինի:

Պանդուխտ, աղքատ մարդուն կոտրած է թևը,
Կարծես թառամել է կանաչ տերևը,
Ամպի տակից դուրս չի գալիս արևը,
Խեղճի լույսը անշամանդաղ չի լինի:

Ավելորդ է գերդաստանի տեր մարդուն
Հեռու տեղ գնալը, թողած տեղ ու տուն,
Ցերեկը անհանգիստ, գիշեր առանց քուն,
Ամենևին մի օր խաղաղ չի լինի։

Ջիվան, պանդուխտ մարդն է ալեկոծված ծով.
Բախտ է, թե որ մի օր մնա անխռով,
Չնչին առարկայից կառնվի շուտով,
Երբեք նորա սրտի հետ խաղալ չի լինի:

[ էջ 363 ]

ԱՅՍՕՐ

Ի՞նչ ես քիթդ կախել ու տրտմել, երկինք,
Իմ սիրտը քեզանից ամպոտ է այսօր.
Դու ձյուն-անձրև ես թափում, ես արյուն-քրտինք,
Իմ դեմքս քու դեմքից մթոտ է այսօր։

Քու արևդ է ամպերու տակ տառապում,
Իմ էլ հոգիս հոգսերու մեջ ճնշըվում.
Քու կայծահան ամպերդ չեն որոտում,
Իմ էլ գործս կաղ է անոտ է այսօր։

Դուն մայիսն ես հիշում, գարնան սիրահար.
Ես էլ մտածում եմ հայրենյացս համար.
Եթե քու սրտումդ արևդ է խավար,
Իմ էլ հոգիս տխուր, ժանգոտ է այսօր։

Եթե դու աստղերու համար կըհոգաս,
Ես էլ որդիք ունիմ վեց հատ նորահաս.
Եթե դու ցուրտ ձմռան ձեռքիցը կուլաս,
Ջիվանին էլ նույնպես խոցոտ է այսօր։

1900

[ էջ 364 ]

ՎԱ՜Յ ԳԼԽԻԴ

Հեղեղն եկել տունդ, տեղդ կտանի,
Դեպքից իսկի դու տեղյակ չես, վա՜յ գլխիդ,
Պարապ ման ես գալիս, գործդ չի բանի,
Որոշ գործի ընդունակ չես, վա՜յ գլխիդ։

Ով չգիտե խոսել ու խուփ-բերան է,
Նրա օրը օր չէ, կյանքը դաժան է
Խլոց-խլոցի է տարան-տարան է,
Բայց դու քաջ ու համարձակ չես, վա՜յ գլխիդ:

Ջիվան, բախտդ ծածկված է սև քողով,
Ապահովված չես դու կալվածքով, հողով.
Ոչ արհեստով, ոչ ուսումով, ոչ փողով,
Ոչ մի բանով հաջողակ չես, վա՜յ գլխիդ։

1899

[ էջ 365 ]

ԱՎԵԼԻ ԼԱՎ ԷՐ

Հեղինակ լինելու տեղը, բանիմաց,
Ուրիշ բան լինեիր՝ ավելի լավ էր.
Գուցե թե ճարեիր մի կտոր չոր հաց,
Ջաղացպան լինեիր՝ ավելի լավ էր։

Գրախանութի տեղ պիտի ջանայիր,
Կամ գինետուն, կամ սրճարան բանայիր,
Ա՛յն որ պիտի վերջը ետ-ետ գնայիր,
Դու մազման լինեիր՝ ավելի լավ էր։

Ջիվան ի՞նչ շահեցար դու քաղաք տեղը,
Վաղ ծերացար, հալվեց քո սրտի եղը.
Հազար երանի թե մնայիր գեղը,
Մեկ չոբան լինեիր՝ ավելի լավ էր։

1899

[ էջ 366 ]

ԳԵՂԱՐՎԵՍՏ

Երեսունևհինգ տարի է այրըվում եմ քեզ համար,
Տասնևութ ամաց էի երբ եղա քեզ սիրահար.
Երևացար իմ աչքերուն դու ինչպես կույս աննման,
Սիրեցի քեզ, ով իմ արվեստ, դեռ սիրում եմ անդադար։

Գեղեցիկ ես, քաղցրաձայն ես, գրավիչ ես, անձկա՛լի,
Միշտ քեզանով նորոգվում են հին սրտերը խղճալի.
Խեղճ ու անվարժ կոպիտ ձեռքում երևում ես ձանձրալի,
Լսողներդ բամբասում են, կազմում են վատ գաղափար:

Ախ՜, դու սիրուն, փափուկ վարդ ես, փափուկ ձեռի արժանի,
Կոպիտ ձեռքը թող չը հպի սուրբ իրանիդ գեղանի,
Գեղեցիկներուն դասակից մարդկության մեջ անվանի,
Գնահատողներուդ մոտը փայլուն, թանկագին գոհար:

1900

[ էջ 367 ]

ԲԱՐԵՎ ՏԱՐ

Նամակ, գնա հասիր Թիֆլիս քաղաքը,
Տար, իմ բոլոր գերդաստանիս բարև տար,
Կատարե իմ իղձս, սրտիս փափագը,
Բարեացկամ սիրականիս բարև տար:

Գնա, նամակ, գնա նրանց գուրգուրե,
Իմ փոխարեն զավակներուս համբուրե,
Սպիտակահեր կենակցիս կազդուրե,
Հոգու ընկեր պատվականիս բարև տար:

Տես, հո չեն մոռացել իրանց Ջիվանը,
Հարցուր, փնտրե ամեն մեկի բերանը.
Մտիր մեր Պետրոսի դու սրճարանը,
Համակարծիք իմ շրջանիս բարև տար:

1901

[ էջ 368 ]

ՊԱՆԴԽՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Ախ, մի ժամ, մի րոպե թռչուն լինեի,
Թռչեի գնայի գերդաստանիս մոտ.
Սավառնեի օդում, թևեր շինեի,
Վաղօրոք հասնեի սիրականիս մոտ:

Մերոնք չիմանային, երբ ես գնայի,
Հանկարծ ներս մտնելով բարևս տայի.
Լեզուս բացվեր, ճարտար սոխակ դառնայի,
Երգեի իմ սիրած պատուհանիս մոտ:

Ալեկոծյալ սիրտս վաղ առներ դադար,
Վրդովված կենացս խաղաղություն տար.
Ուրախ, զվարթ զավակներս շար ի շար,
Ժպտալով տեսնեի ննջարանիս մոտ:

1895

[ էջ 369 ]

ՆԱՄԱԿ

Գնա արքայանիստ մայրաքաղաքը,
Չքնաղ հարազատիս հասիր, ով նամակ,
Այնտեղ է իմ հոգուս, կյանքիս ճրագը,
Փնտրե նորան, շուտով գտիր, ով նամակ:

Գնա պանդուխտ որդուս սիրտը գուրգուրե,
Ճմլված ու ճնշված հոգին կազդուրե,
Ճակատը, երեսը, կուրծքը համբուրե,
Անդրանիկիս ծոցը մտիր, ով նամակ:

Օտարության մեջ շատ վիշտ է կրել,
Այս տողերը նրան լացով եմ գրել,
Ծոցիդ մեջ մի փոքրիկ ծրար եմ դրել.
Աղաչում եմ որդուս հանձնիր, ով նամակ:

Ջիվանուց շատ բարև տար, հոգու ընկեր,
Գալստյանը սպասում եմ անհամբեր,
Գնա իմ որդուցս տեղեկություն բեր,
Շտապիր, շուտ վերադարձիր, ով նամակ:

1902

[ էջ 370 ]

Ի՞ՆՉ ԵՂԱՎ

Հյուսիսային կողմից եկած ամպիկներ,
Խնդրեմ ասեք, աղունիկս ի՞նչ եղավ.
Հողմեր, գորշ մշուշներ և մըրրիկներ,
Ինձ ասացեք, աղունիկս ի՞նչ եղավ:

Վազող կառախումբեր և սուրհանդակներ —
Արագ տանող բերող թղթեր, նամակներ.
Ծովեր, մեծ-մեծ գետեր սառըն առվակներ,
Ինձ ասացեք, աղունիկս ի՞նչ եղավ:

Լուսաբեր արուսյակ, աստղերու տիկին,
Անշեջ ճրագներ, կաճառ ծիրկաթին,
Ողջ աշխարհը դիտող արև ու լուսին,
Ինձ ասացեք, աղունիկս ի՞նչ եղավ:

Գեղջուկ սայլապաններ, անմեղ սայլորդիներ,
Սարերու, ձորերու, դաշտի անցորդներ,
Ինձ մի լուր տվեք, բարի ճամփորդներ,
Ինձ ասացեք, աղունիկս ի՞նչ եղավ:

Ով դու մռայլ գիշեր, ով լուսավոր տիվ,
Պատրաստե սրինգդ, սրբակյաց հովիվ.
Մեծամեծ թռչուններ, կռունկ, սագ, արծիվ,
Ինձ ասացեք, աղունիկս, ի՞նչ եղավ:

[ էջ 371 ]

Լեզու առեք, խոսեք դուք ծառ ու ծաղիկ,
Քաղցր ձայնդ հանե, սիրուն բլբուլիկ.
Որսորդից հալածված այծյամ ու եղնիկ,
Ինձ ասացեք, աղունիկս ի՞նչ եղավ:

Ջիվանուս բարեկամ աշխույժ երգիչներ,
Տաղանդավոր, շնորհալի գրիչներ.
Ծանոթ ուսանողներ և ուսուցիչներ,
Խնդրեմ ասացեք, աղունիկս ի՞նչ եղավ:

1902

[ էջ 372 ]

ՆՎԵՐ ՊԱՐՈՒՅՐ ՈՐԴՈՒՍ

Որդի, ձայնդ քաղցր է, երգել կցանկաս,
Ի՞նչ ուզում ես դարձիր, աշուղ մի դառնա,
Վերջը ինձ պես խեղճ ու մոլոր կմնաս
Ջրկիր, մշակ եղիր, աշուղ մի դառնա։

Անցավ աշուղության շրջանը, անցավ,
Ժամանակը նոր կյանք, նոր մարդիկ ծնավ,
Այս արվեստի հարգ ու պատիվը ընկավ,
Քո անձիդ խնայիր, աշուղ մի դառնա։

Ճիշտ քառասուն տարի աշխարհ ման եկա,
Վրան նոր, փորը կուշտ աշուղ չտեսա,
Խախուտ է այս գործը, չունի ապագա,
Խելք ճարե, գործ գտիր, աշուղ մի դառնա։

Համարյա կես դար է կաշխատեմ հոգով.
Շորերս հին, վիճակս անապահով,
Արտիստ լինելուդ է՛լ հոժար չեմ սրտով,
Մի ուրիշ բան ընտրիր, աշուղ մի դառնա։

1903

[ էջ 373 ]

ԱՐՀԵՍՏ

Ինչպես մեր հներն ասել են, ոսկի ապարանջան ես, արհեստ,
Ամեն առարկայից գլուխ՝ դու գերաստիճան ես, արհեստ,
Բոլոր աշխարհին պիտանի, սիրուն, պատվական ես, արհեստ,
Ճանաչողը քեզ կհարգե, իսկ հարգելի բան ես, արհեստ,
Ինձի համար շքանշաններից գովական ես, արհեստ,
Դու երկնային թագավորից պարգևած նշան ես, արհեստ։

Եվրոպայի հարստության, լավության պատճառը դուն ես,
Ծով գիտության ճյուղերու մեջ ամենից պայծառը դուն ես,
Կյանքի մեջ միշտ սնունդ տվող, գլխավոր պատառը դուն ես,
Ամեն մարդու բաժին հանող, ակով լի տակառը դուն ես,
Անգլիայի տունը շինող հաստատ ոսկու ծառը դուն ես,
Նորա համար անհատնելի, անցեց գանձարան ես, արհեստ։

Ինչ ազգ քեղի աչքեն հանեց, այն ազգն էլ ընկածի պես է,
Լոկ անունով կենդանի է, բայց գործով մեռածի պես է,
Մեռելային անշարժության մեջտեղը կանգնածի պես է,
Պարապ ձեռքերը ծոցում, մտքով մոլորվածի պես է,
Բայց թե նորից քեզի դիմեց՝ հարություն առածի պես է,
Գործոց կենդանություն տվող, իսկ հոգվո նման ես,արհեստ:

Առանց քեզի մարդկությունը կհասնի մինչև վայրենության,
Կարգուկանոն կխանգարի, գործերը կլինեն խափան,
Քարանձավները, որջերը, մարդիկ կանեն պատսպարան,

[ էջ 374 ]

Առանց քեզի հաստատություն չի լինի բնավ հավիտյան
Ոչ կշինվի լավ գործիքներ, ոչ տուն ու տեղ, ոչ օթևան
Թե քեզ աշխարհաշեն ասենք, հիրավի արժան ես, արհեստ:

Ինչ ազգի մեջ, որ դու չկաս, գողը, արբեցողը շատ է,
Այդպես ազգի կյանքը կարճ է, հիմքը խախուտ, անհաստատ է
Առանց արհեստ ժողովուրդը խեղճ է, դրությունը վատ է,
Երկրե-երկիր կթափառի պարկը ուսին, միշտ աղքատ է,
Բայց ով որ լավ արհեստ ունի՝ կյանքը առողջ, անարատ է,
Քեզանից մարդ չի ձանձրանա,այնքան սիրաջան ես, արհեստ,

Ջիվանս քեզանից գոհ եմ, ինծի տվիր երգ ու ջութակ,
Այս ջութակով իմ ապրուստս ճարում եմ ամեն ժամանակ.
Ինչպես վերն ասենք, թե ծառ ես, պտուղ կուտաս դու շարունակ,
Եթե մարդ քեզանից օգուտ քաղելու լինի ընդունակ,
Ամենը իր սրտին համար կարող է ընտրել մի տեսակ,
Բազում մասերու բաժանված, կերպ-կերպ, զանազան եմ, արհեստ։

[ էջ 375 ]

ԻՄ ԳՈԻՐԳԵՆ ՈՐԴՈԻ ՄԱՍԻՆ

Խլեցիք ձեռքիցս, ինձ թողիք տխուր,
Բորենիներ, իմ զավակս ո՞ւր տարաք,
Ձեր անամոթ երեսներին թուք ու մուր,
Քաղցած գայլեր, հրեշտակս ո՞ւր տարաք։

Նորահաս, գեղեցիկ, հոտով ծաղիկ ես,
Ուրախություն բերող, իմ գեղեցիկս,
Օձեր, ի՞նչ էր արել անմեղ թռչնիկս,
Ոսկեփետուր աղավնյակս ո՞ւր տարաք։

Անբախտ Ջիվանին եմ, չտեսա լավ բան,
Կյանքս գնաց ճնշված, խեղճ գերու նման,
Ո՞ր վանդակի մեջը դրիք դուք նրան,
Ճարտարախոս, ժիր խոսնակս ո՞ւր տարաք։

1907

[ էջ 376 ]

ԼԵՎՈՆԻԿԻՍ

Ցավդ տանին քամերը, Լևոնիկ, դու ողջ մնաս,
Մշտադալար ծառի պես երբեք չը հիվանդանաս.
Ազնիվ, բարի մարդ լինես, առողջ հոգով մեծանաս.
Թույլերին վնաս չտաս և գործը չը խանգարես.
Հուսահատված տկարին սիրտ տաս ու մխիթարես.
Նախանձելի, փառավոր մարդավայել կյանք վարես,
Ջանքովդ, շնորհքովդ մեծ պատվի արժանանաս։

Մայրիկիդ, եղբայրներուդ, քույրերուդ նեցուկ լինիս.
Շնորհաց շտեմարան, գիտության սնդուկ լինիս,
Խոհեմ՝ համեստաբարո, խոսքի մեջ փափուկ լինիս,
Զուր տեղը չը բռնկվիս, մարդու վրա բարկանաս։

Քու ծագումդ, քո լեզուդ, կրոնդ լավ պահպանես
Այլոց վրա չխնդաս և այպ ու ծանակ չանես,
Մարդկության վնաս բերող չարությունը խափանես
Աստված քեզ ուժ պարգևե, կամք ու եռանդ ունենաս։

Մայրիկիդ տաշտաքերը, նրա վերջին զավակը,
Ուրախություն պատճառող մեր տան խոսուն թռչնակը։
Սրտիդ մեջը վառ պահես միշտ հորդ հիշատակը,
Այս երգեր շարադրող Ջիվանուն չմոռանաս։

1899

[ էջ 377 ]

ՈՒՍՈՒՄ

Բնական ձիրքերը մարդկանց անուսում,
Կմնան ծածկված մետաղի նման,
Նրանց միտքը զարգացած չէ, ըստ որում,
Չեն ճանաչեր լուսո ճաճանչը ուսման։

Մարդը՝ անասունից ջոկողն ուսումն է,
Ծառը՝ արմատիցը պոկողն ուսումն է,
Նրան գործիք շինող, կոկողն ուսումն է.
Առանց ուսման՝ նա կըմնար անպիտան։

Գիտությունից մարդ չէ տեսեր վնասը,
Բայց՝ շատ վնասվել է խելքից պակասը.
Աշխատիր, սովրե գոնե քիչ մասը,
Դո՛ւ ինքդ էլ անուսում, տգետ ես Ջիվան:

1873

[ էջ 378 ]

ԱՆԳՈՐԾԸ

Մարմընով ողջ, գործով մեռած
Մարդը ինչո՞ւ է հարկավոր.
Շարունակ մտքի տակ ընկած,
Ման է գալիս ոլոր մոլոր։

Ով գործ չունի, շատ տխուր է,
Երեսը պաղ և անդուր է,
Անգործ մարդը ժանգոտ թուր է,
Ետ ընկած երկաթի կտոր։

Ունի եռանդ և ունի ջանք,
Անբախտ է, չունի աշխատանք,
Ուտել, հագնել կուզեն նրանք,
Որդիք ունի մանր, խոշոր։

Ո՞ւր դիմե, ի՞նչ անե խեղճը,
Որ տունը պահպանե խեղճը,
Վերջն իրան կսպանե խեղճը,
Գետին կընկնի թավագլոր:

Ջիվան, կյանք է գործը որ կա,
Մարդուն նորից հոգի կուտա,
Թշնամիս անգործ չմնա,
Անգործ մարդն է դատարկ սափոր:

1904

[ էջ 379 ]

ՊԵՏՔ Է ԳԻՏԵՆԱԼ

Խելա՛ցի մարդ, փոքրիկ ճնճղուկի բունը
Իրան համար արքայական պալատ է.
Մի քանդիր ոչ ոքի հիմնական տունը,
Հաշվելով թե տերը խեղճ է, աղքատ է։

Չքավորն էլ կարիք ունի բնատուր,
Ստամոքսը պահանջում է կերակուր.
Ամեն մարդ էլ կուզե սնունդ, հաց ու ջուր,
Որկոր ունի, ապրելու մեջ ազատ է:

Գռող, գռփող մարդը ժանտ է, դաժան է,
Հայտնի արնկեր է և մարդասպան է,
Որբի ձեռքից հաց խլողը գազան է,
Անաստված է, գազանից էլ շատ վատ է:

Խեղճ Ջիվանի, ննջե, ապրե երազով,
Բերնիդ ձյութը կգողանան մեկ մազով,
Ներքուստ գայլ, արտաքուստ գառի տարազով,
Կեղծ բարերարներու թիվը շատ շատ է։

1899

[ էջ 380 ]

ՈՐԲԻ ԱՍՏՂԸ

Որբին բնական լուսատու չէ, խավար է աստղը,
Աստղերի միջին ամենախեղճ տկար է աստղը.
Ցերեկը արևից է վախում, գիշերը լուսնից,
Որբ արարածին մոլոր է համ շվար է աստղը։

Լույս չունի բնավ արուսյակը խղճալի որբին.
Պատրույգը հատած, յուղ չունեցող ղամպար է աստղը.
Բախտը պակաս է, հիրավի, անտեր երեխային,
Աշխույժը նվազ, դանդաղաշարժ, դատարկ է աստղը:

Պաշտպան ունեցող որբերուն աստղերը հպարտ են,
Թշվառ մանուկին հեզ ու բարի խոնարհ է աստղը.
Երկնքի եղած լուսատու մարմիններու միջին,
Ճիշտ որ, Ջիվանի, յուր տիրոջը հարմար է աստղը։

1897

[ էջ 381 ]

ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔԸ

Աշխարհը ի՞նչ կա շատ — վիշտ ու չարչարանք,
Ջուր կլցնեն կյանքի վառած կրակին.
Կկրե հազար կերպ գառն հալածանք,
Մինչև որ մարդը կհասնի յուր նպատակին։

Ինչո՞ւ մարդու կյանքը չլիներ ազատ,
Որ մտածեր խոհեր բարուն համեմատ.
Աշխարհի խոչընդոտ ճանապարհը վատ
Համ չի տար մտավոր սայլի անվակին։

Ջիվանի, մի քիչ որ մտածենք խորը՝
Դեռ այնքան հառաջ չէ գնացել նորը,
Որովհետև ամպեր ունի բոլորը,
Լույսը կըխափանեն պարզ արեգակին։

1878

[ էջ 382 ]

ԼԱՑՆ ՈՒ ԾԻԾԱՂԸ

Լարող սրտի քնարի նուրբ թելերը—
Ճիշտ նվագածու են լացն ու ծիծաղը,
Իրարու հետ ներդաշնակ չեն երգերը,
Մեկմեկուց հեռու են լացն ու ծիծաղը։

Լացը սգի, մահի օրվան երգիչ է,
Բայց ծիծաղը ուրախության դրդիչ է,
Մեկի երգը մյուսին կործանիչ է,
Այնքան որ ազդու են լացն ու ծիծաղը։

Լացի գործը դառնություն է, կսկիծ է,
Ծիծաղը հրճվելու նոր նախագիծ է,
Մեկը ցնծություն է, մյուսը թախիծ է,
Քաղցր ու դառն են լացն ու ծիծաղը։

Ծիծաղողը տեսար, նստել է կուլա,
Լացողը հակառակը այլ տեղ կխնդա.
Լացը՝ ծիծաղ, ծիծաղը լաց կդառնա,
Կարծես թե շինծու են լացն ու ծիծաղը։

Համ ծիծաղել, համ էլ լացել ես, Ջիվան,
Ծիծաղը կյանք սիրող, լացը՝ գերեզման.
Աշխարհի սկզբից եղել են և կան,
Շատ հին են ու զառամ լացն ու ծիծաղը։

1899

[ էջ 383 ]

ՊԱՏԵՐԱԶՄԸ

Փորձություն է պատերազմը,
Տներն ավերում է մարդկանց.
Քանդում է պետության կազմը,
Հարվածը մեծ է չափազանց։

Տանն են մնում աղջիկները,
Բազմանում որբ մանկիկները,
Երկու կողմի ծաղիկները
Զուր կոտորում են միմյանց։

Հաշիվ չկա ծախսած փողին,
Հապա ցա՜վը կորած հողին,
Վայ հաղթողին թե հաղթվողին,
Ուշ ետ կուգա ուժը նրանց:

Ոտաբոբիկ, մերկ ու քաղցած,
Աղքատի պես դռներն ընկած,
Մարդիկը կռվի մեջ մեռած,
Թիվը շատ է այրի կանանց...

1909

[ էջ 384 ]

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆ

Երախտագետ լավ դրացին,
Ապերախտ եղբորից լավ է,
Բարի, համեստ քաղաքացին,
Բարբարոս վատ հորից լավ է։

Զավակ կունենա ամեն կին,
Բայց չի կարող կրթել որդին,
Սանի համար քաջ վարժուհին
Խենթ ու խենեշ մորից լավ է։

Քնեածությունը, այո,
Միշտ կթողնե գործը հետո,
Ռազմական ձայնը փողո
Քուն բերող օրորից լավ է։

Ի՞նչ է շատ ապրելը, Ջիվան,
Երբ որ կյանքը կանցնի դաժան,
Օր կա որ չարժե մի վայրկյան,
Կա վայրկյան, մի օրից լավ է։

1907

[ էջ 385 ]

ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Երբ որ կորցնում է ազդեցությունը,
Մեծը խաղալիք կդառնա տանը մեջ,
Կխախտվի դիրքը և կեցությունը,
Որովհետև հարգանք չկա տանը մեջ։

Զավակները անզուսպ և կինը լկտի,
Դառն է դրությունը հայր կոչվող մեծի,
Երբ որ կծերանա, կամ գործից կընկնի,
Էլ ազդեցիկ դեր չի խաղա տանը մեջ։

Ջիվան, կթուլանա մեծի հավատը,
Յուր փոքրերը կարհամարհեն խրատը,
Էլ իմացող չկա ցավը, գանգատը,
Իբրև անպետք ի՛ր կմնա տանը մեջ։

1904

[ էջ 386 ]

ՀԱՑԻ ՀԱՄԱՐ

Ձգտում է ամենայն մարդ, աշխատում է հացի համար,
Գյուղե-գյուղ, քաղքե-քաղաք թափառում է հացի համար.
Ուրիշի հողին տիրանալ՝ մարդուն կարիքն է ստիպում,
Տերությռւնը տերության հետ կռվում է հացի համար։

Ուրանում է ազգ ու ազինք, թողնում է հայրենիքը,
Սոված մարդը իր կրոնը փոխում է հացի համար.
Անտեր ու անտիրական ողորմելի աղքատ կինը
Դառնում է անբարոյական, ընկնում է հացի համար։

Եթե հարկը չըստիպե ոչ ոք անազնիվ չի լինի.
Մարդը մարդուն համոզում է, խաբում է հացի համար.
Տեսնում է ինքը չունի, հարևանը ունի չի տալ,
Նա դրացու տան վրա հարձակվում է հացի համար։

Ծերունի խեղճ ծնողքը քաղցից շարունակ նեղվելով,
Ո՜հ, յուր հարազատ զավակը ծախում է հացի համար.
Ով Ջիվանի, երգիչն էլ ունի ստամոքս, հացի պահանջ,
Ման է գալիս, նվագում է, երգում է հացի համար։

1902

[ էջ 387 ]

ՀԱՐՑԵՐ

Ի՞նչ բան է երկնքից կիջնի երկիրը,
Նոցավ կկշտանա աշխարհն ընդհանուր,
Ինչո՞վ է մարդկային ամբողջ խնդիրը,
Ի՞նչն է, որ կդառնա անանիվ, անլուր։

Աշխարհի չորն է շատ թե, ասա, ջուրը,
Ո՞ւմ էր թոռնիկ դառավ իրա կեսուրը,
Ի՞նչ թռչուն է, որ աբեթ է փետուրը,
Որ կթռչի թևերից կթափի հուր։

Ո՞վ է, ինծի պատմե, ամենաբարի,
Ի՞նչն է համառության միշտ կհոժարի,
Ո՞վ էր մեռավ, հարյավ, ապրավ շատ տարի,
Երեսը անծիծաղ, սիրտը միշտ տխուր։

[ էջ 388 ]

ՂԱԶԵԼ ԴԻՎԱՆԻ

Անպակաս շողշողում է սրտիս վերա սուր ամեն օր,
Լսում են ականջներս բոթալի վատ լուր ամեն օր,
Օր չեղավ, որ ննջեի հանգիստ, խաղաղ, առանց ցավի,
Տվչական է ինձ մնալ տրտում ու տխուր ամեն օր։

Կարճամիտ, նախանձահույզ, չար մարդիկը գրգռելով՝
Խոսում են ուղղությանս հակառակ իզուր ամեն օր,
Ախ, պիտի ես շա՞տ մնամ այսպիսի վատ շրջանի մեջ,
Պարզությանս պատճառով՝ կրեմ թուք ու մուր ամեն օր:

Հազար ու մի որոգայթ, հազար տեսակ մեքենաներ
Լարում են թշնամիքս երկաթից ամուր ամեն օր,
Պաշտպանող արարիչը պաշտպանում է յուր Ջիվանին
Պարզերես դուրս կըբերե անմեղը մաքուր ամեն օր։

1870

[ էջ 389 ]

ԿԱՍ ՉԿԱՍ՝ ՄԵԿ Է

Ում համար կմաշվիս, անբախտ հեղինակ,
Դու քու ազգիդ համար կաս, չկաս՝ մեկ է.
Իրենը սիրելու նա չէ ընդունակ,
Կուզես եղիր հանճար, կաս, չկաս՝ մեկ է։

Հայի համար այլոց սարյակը սագ է,
Յուր սագը յուր աչքին մեկ հավի ձագ է,
Հայ երաժիշտ, ինչ կամենաս նվագե,
Նա կուզե սազանդար, կաս, չկաս՝ մեկ է։

Ջիվան, օտար լինեիր սիրուն հագնըված.
Հայ ազգը չէ հրում հային երգասաց.
Հայ աշուղ ես, պիտի մեռնիս դու քաղցած,
Իբրև աղքատ հազար կաս, չըկաս՝ մեկ է։

1871

[ էջ 390 ]

ԵՐԳԻՉԸ

Սայաթ-Նովի ասածի պես ազգի մշակ է երգիչը,
Հազար ցավով մարտիրոսված ճիշտ նահատակ է երգիչը.
Սառը մարդկանց տաքացնող հատուկ կրակ է երգիչը.
Ով ուզում է թող սովորի, տեղով առակ է երգիչը.
Արդարության և բարության ծարավ, պապակ է երգիչը,
Որովհետև անխարդախ է, սրտով իստակ է երգիչը։

Ով երգիչ լինել է ուզում պետք է խոնարհ լինի հատուկ,
Ինքը համեստ, խորհրդապահ, տեսած բանը պահի ծածուկ,
Այո-ն այո, և ոչ-ն ոչ, բնությունով խոհեմ, փափուկ,
Պետք է ընտիր խոսքեր խոսի, ինչպես հակինթ, ոսկի, կնդրուկ,
Չըպետք է խաբեբա լինի, կամ կախարդող թովիչ վհուկ.
Ձայնը քաղցր, լեզուն անուշ, քանզի սոխակ է երգիչը։

Նրա համար ամեն մի տուն սուրբ է ինչպես թե մի տաճար,
Երգիչ մարդը ամենևին չի ունենալ վատ գաղափար,
Կըպատահի բացառություն, ես չեմ ասում թե չըկա չար,
Այնպիսիները երգիչներու վարկը կոտրող են և հիմար,
Թմրյալներր կըսթափվին երբ առնում է ձեռին քնար,
Քնածներին արթնացնող մի կերպ զանգակ է երգիչը...

Երգիչը ինչ ազգի մեջ ծնված լինի՝ հարազատ է,
Իր կոչումին հավատարիմ, իր խոսքի մեջը հաստատ է,

[ էջ 390 ]

Քսու, մատնիչ լինելուցը հեռու, անմեղ,անարատ է,
Օգնությունը նրան մահ է, երգելու մեջը նա ազատ է,
Բարին սիրող, բարին հարգող, չարությունը սրտով կատե,
Զգացումները միշտ լարված, մտքով բարակ է երգիչը։

Իմ տեսածս երգիչներու մեջը հարուստ մարդ չը տեսա.
Օրական ապրուստ ճարող ոչ մեկի մոտը դրամ չըկա,
Երգիչներին գնահատող մեր երկիրը չէ եվրոպա,
Բայց նոքա չեն հուսահատվում տեսնելով բարի ապագա,
Սգո և տրտմության տունը ամենևին չեն էլ գնա,
Ջիվան, մարդկանց ցնծում տվող բարի խոսնակ է երգիչը։

1885

[ էջ 392 ]

ՁԱԽՈՐԴՈԻԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Կսկսե տան կատուն պատառհլ իրան,
Մարդուն կշինե մուկ ձախորդությունը.
Ջրիցը դուրս գալով ընկնում է ուռկան,
Դարձնում է խև ձուկ՝ ձախորդությունը։

Բախտից զրկվողը չի հագնվում կոկ,
Գծուծ հանդերձներով ընկերները ջոկ,
Երբ կպչում է մարդուն, էլ չի գալիս պոկ,
Իբր անմիտ տզրուկ՝ ձախորդությունը։

Անհաջողությունը սև պառավ կին է,
Պատկերը զզվելի, հագուստը հին է,
Հիմար անասունի բաժին կշինե,
Զերդ չորացած բազուկ՝ ձախորդությունը։

Ջիվան, ձախորդության պտուղը սով է,
Նորա շունչը դաժան, խորշակահով է,
Անծին, առանց կաթի ճիշտ ամոլ կով է,
Չունի ուր ու պտուկ՝ ձախորդությունը։

[ էջ 393 ]

ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀՐԵՇՏԱԿ

Հաշտության և սիրո բարի հրեշտակ,
Խռոված աշխարհին խաղաղությոմն բեր.
Արագ թռիր արի, Նոյան աղավնյակ,
Գալստյանդ սպասում ենք անհամբեր։

Կամար կապե աղեղնակը լուսատու,
Պայծառ աստղը, արուսյակը լուսատու,
Թող մեզ իշխե արեգակը լուսատու,
Չենք ուզում, որ լինի մութ, խավար գիշեր։

Գթա և ողորմյա երկնավոր իշխան,
Հաշտության հոգի տուր բոլոր մարդկության,
Ինչու համար մեկը մեկին վնաս տան,
Մարդը մարդուն համ եղբայր է, համ ընկեր։

Թող բացվին քու աղբյուրներդ լուսո ծով,
Ապրին բոլոր մարդիկ հանգիստ, ապահով,
Մնա պատկառելի, խաղաղ անխռով,
Լայնածավալ, հզոր, մեծ աշխարհը մեր։

Իրար հարգեն, սիրեն թե ծեր, թե Ջիվան,
Ուղիղ սրտով հասնին իրար օգնության,
Խռովության ամպերը թող չքանան,
Արդարության հոգին միշտ բարձրանա վեր։

1905

[ էջ 394 ]

ԵՐԵՔ ՁԱՅՆ

Երեք ձայն կա, շատ է սիրում ականջս,
Ոսկիի ձայն, սիրունի ձայն, ջրի ձայն,
Այդ երեքն են մշտական իմ պահանջս,
Ոսկիի ձայն, սիրունի ձայն, ջրի ձայն։

Ջուրը կյանք է, ոսկին զորավոր, հաղթող,
Սիրունից կլսես կենսատու ներբող,
Արդյոք մարդ կա այդ երեքին չսիրող,
Ոսկիի ձայն, սիրունի ձայն, ջրի ձայն։

Գրպանդ ունենաս ոսկով լի քսակ,
Մոտդ մի չքնաղ կույս, դիմացդ գետակ,
Երեքին էլ լսես գիշեր ժամանակ,
Ոսկիի ձայն, սիրունի ձայն, ջրի ձայն:

1898

[ էջ 395 ]

ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ

Նեղություն քաշելս, այլոց նեղություն տալուցս ծագեց.
Չափազանց իմ խոնարհվելս, հպարտ մանգալուցս ծագեց.
Գիտես թե իսկապես մեկը փոխեց սիրուն օրերս լավ,
Հիմիկվա իմ լաց ու սուգը, առաջվան խնդալուցս ծագեց։

Առանց մտածելու նրա խորությունը՝ մտա ջուրը,
Խորասույզ լինելս ծովում, հիմար լողալուցս ծագեց.
Տկար խեղանդամի դիմացը կանգնելով տնազ արի,
Այժմ հաստատ կաղալս, կեղծ ոտով կաղալուցս ծագեց։

Չէր անցնում մտքիցս անգամ, թե աշխարհը նեղություն կա,
Լռելս, խեղճանալս, մեծ, գոռոզ խոսալուցս ծագեց.
Ջիվանի, անուսում մարդու խավար է մտքի աշխարհը,
Հետադիմությունս կարծեմ տգետ մնալուցս ծագեց:

1897

[ էջ 396 ]

ՍԻՐՈՒՆ ԲԱԽՏ

Դեռ ինքս չծերացած՝ դո՛ւն ծերացար, սիրուն բախտ,
Ձախորդ մարդկանց բախտի հետ ընկերացար, սիրո՛ւն բախտ,
Մի քանի տարի առաջ գոհ էր երկիր քեզանից,
Հաջողության թագուհին օգնում էր գանձարանից.
Բոլոր բարեկամներս հեռացրիր ինձանից,
Իբր տգեղ պառավ կի՛ն պատկերացար, սիրուն բախտ։

Պատկերդ գրավիչ էր, ինքդ համեստ ու շքեղ.
Բայց շուտով թառամեցավ կերպարանքդ փառահեղ.
Դասակիցներուդ մեջը էիր ամենաուժեղ,
Վիճակդ նախանձելի, բնությունդ շատ համեղ.
Մեկ ժամանակ իբր լույս, փայլում էիր ամեն տեղ,
Այժմ խավարի նման ստվերացար, սիրուն բախտ։

Երբ դու ինքդ հեռացար, ինձի թողիր խիստ տխուր,
Քո ծերության պատճառով մնացի հուսակտուր,
Ո՞ւր են քո հանդերձներդ, քո ձևերդ պարզ, մաքուր,
Աննման տատրակ էիր, գեղեցիկ ոսկեփետուր.
Մի փոքրիկ տաքությունը քեզի հալեց, արավ ջուր,
Դու մարտ ամսի ձյան նման շուտ վերացար, սիրուն բախտ:

Ինչո՞ւ ինձի խաբեցիր, ով երկդիմի անիրավ,
Երևացար մանկամարդ, հետո դուրս եկար պառավ։

[ էջ 397 ]

Հազիվ մի տասը տարի քո երեսդ տեսա լավ,
Այնուհետև քու դեմքիդ դու քաշեցիր սև կտավ։
Արևդ մայրը մտավ, ցերեկդ անհետացավ,
Աղջամուղջը քեզ պատեց, գիշերացար, սիրուն բախտ:

[ էջ 398 ]

ՋՈՒԹԱԿՍ

Ախ, իմ ցավս դու կիմանաս, մտերիմ ընկեր, ջութակս,
Ուժից ընկած քնած բախտս բարձրացրու վեր, շութակս,
Աղաչում եմ ձայնդ հանե
Տխրությունը քեզնից վանե,
Խոսիր իմ ցավերուս մասին,
Մարդու նման արտասանե,
Մի ժամու չափ եղիր սոխակ,
Նվագե ազդու եղանակ,
Եղանակիդ քաղցրությունով հաջողություն բեր, ջութակս:

— Ո՞ւր է քու առաջվա ձայնդ, անուշ գեղգեղանքդ ո՞ւր է,
Կարմիր խնձորի պես փայլող սիրուն կերպարանքդ ո՞ւր է,
Թառամել ես, քա՛ջ օգնական,
Ինձ սիրելի, սիրտ սիրական.
Տխուր լարերուդ հնչյունից
Դուրս է գալիս լաց ու կական։
Սյունդ ծռվել է մեկ կողմի,
Կուրծք կոտրվել է հոգի։
Խղճուկ, դու էլ իմ սրտիս պես դարձել ես ավեր, ջութակս:

— Կրծքիդ վրա դեղ կքսեմ, կոտրած սիրտդ շինել կուտամ
Կլինիս նախկին ջութակը, մի վհատիր, հին բարեկամ։
Հնչե, կչկչա, նվագե, ժողովուրդը քեզ փափագ է,

[ էջ 399 ]

Աշխատիր ինձ ամոթով չանես
Ինձ այստեղ, օտար քաղաք է,
Տունը հաց կուզեն մեզանից,
Գործը կախված է քեզանից.
Զավակներս սպասում են ինձ անհամբեր, ջութակս։

— Տասնևյոթ տարի եղավ, որ դու ինձ մոտ ես գտնվում
Քու պատճառով ես տեսել եմ շատ հարսանիք, խաղ ու խնդում,
Ութանասունուչորս թվին
Քեզ ինձ համար ընծա տվին,
Բարձրապատիվ Դիլդարյանցի
Սամուելի հարսանիքին.
Բաքվի մեջ գտանք իրար,
Ապրինք մեկս մեկու համար,
Հաջողակ դառնա աղեղդ սպիտակահեր, ջութակս:

— Արի, Ջիվանուս նեցուկը, արի, կրկին ձեռքս առնեմ,
Մի երգ ասեմ օտար երկրում, ձայնս քաղցր ձայնիդ խառնեմ,
Քանի չէ մոտեցել մահը,
Վառ պահենք ցնծության ջահը,
Ժողովրդին մխիթարենք,
Այս է պահանջում մեր շահը,
Փոփոխվում է եղանակը,
Երկուսս էլ հին ենք համարվում թե ես, թե դու, ծեր ջութակս։

1901

[ էջ 400 ]

ԶՂՋՈԻՄ

Ծերության հասակումս չարչարվելս ի՞նչ բան է ինձ.
Ո՞վ պիտի հոգսը քաշե, ողջագուրե, պաշտպանե ինձ,
Շուտ հասիր, ով փաստաբան, տարակուսանքից հանե ինձ,
Մարդատյաց աշխարհի լեզուն չգիտեմ, թարգմանե ինձ,
Նեղվիլս, տանջվիլս արթնանալու խթան է ինձ,
Կրածս մեղքիս պատիժն է, թող կրեմ, արժա՛ն է ինձ։

Արևն երդիկից անցավ, ես քնեցի, նո՛ր արթնացա,
Թանկագին ժամանակի արժեքը շատ ո՛ւշ հասկացա,
Վաստակածս ցրվեցի, չպահեցի, տնանկացա,
Գինովի, ապուշի պես վերջին բաները չիմացա,
Նեղվիլս, տանջվիլս, արթնանալու խթան է ինձ,
Կրածս մեղքիս պատիժն է, թող կրեմ, արժան է ինձ։

Կորուսի ոսկի օրերս, ցավում եմ, զուր անօգուտ,
Իմ գարունս անցկացավ ամիսն եկա՛վ աշնանամուտ,
Ոտքերուս տակ հող չունեմ, երերուն եմ, դիրքս խախուտ,
Հոգսերս բազմազան են, վերքս խորունկ, ցավս կապուտ,
Նեղվիլս, տանջվիլս, արթնանալու խթան է ինձ,
Կրածս մեղքիս պատիժն է, թող կրեմ, արժան է ինձ։

Ուրիշին խրատեցի բայց ինքս ինձ ոչինչ չարի,
Ունեցած-չունեցածս անմտածել քամուն տվի,
Երբ ջուրը հորից պակասեց, համն ու հոտը չըզգացի,

[ էջ 401 ]

Սև, տգեղ աղքատության գարշելուհին մոտս բերին,
Նեղվիլս, տանջվիլս արթնանալու խթան է ինձ,
Կրածս մեղքիս պատիժն է, թող կրեմ, արժան է ինձ։

Ընկել եմ դռնեիդուռ, քաղքե-քաղաք ես ման կուգամ
Մի պատառ հացի համար տառապելով կյանքս կուտամ,
Ճուտերս սնունդ կուզեն, սպասում են ժամեիժամ,
Ընկել եմ տանջարանը անբախտ Ջիվանս ինքնակամ,
Նեղվիլս, տանջվիլս արթնանալու խթան է ինձ,
Կրածս մեղքիս պատիժն է, թող կրեմ, արժան է ինձ։

1902

[ էջ 402 ]

ՇՈԻՏ ԵԿ

Առաջվան հին բարեկամս, հաջող հրեշտակս, շուտ եկ,
Տխուր սրտիս մխիթարող հոգիս, աղավնյակս, շուտ եկ,
Հոգուս տանը մեջը խոսող, սիրելի տատրակս, շուտ եկ,
Չըթոշնած կենացս վարդը, սիրահար սոխակս, շուտ եկ,
Լսե ախ ու հառաչանքս, լսե աղաղակս շուտ եկ,
Մի թողնի հանգչելու, խնդրեմ, սիրո վառ կրակս, շուտ եկ։

Ծանր բեռ տանելը հեշտ չէ, ուժս քիչ է, տկար եմ ես,
Տուկատ, բրդե թելից կախված կշեռքի կենտ մի քար եմ ես,
Օտար երկիր, օտար մարդիկ, նրանց մեջը օտար եմ ես,
Եթե դու ինձ չկարեկցես մուխս, ծուխս կըմարեմ ես,
Առաջվան հին բարեկամս, հաջող հրեշտակս, շուտ եկ,
Տխուր սրտիս մխիթարող հոգիս, աղավնյակս, շուտ եկ։

Ճանապարհից խոտորվել եմ, արի ճանապարհս ցույց տուր,
Գնացել ընկել եմ անմարդ, ցամաք անապատը անջուր,
Հասիր, ով երկնային զինվոր, հասիր, հսկա քաջագանգուր,
Հետդ բեր մեկ ուրախալի, հոգի ցնծող գեղեցիկ լուր,
Առաջվան հին բարեկամս, հաջող հրեշտակս, շուտ եկ.
Տխուր սրտիս մխիթարող, հոգիս, աղավնյակս, շուտ եկ։

Հրեղեն կամ քամու-ձիու վրա նստիր հասիր, ընկեր,
Խավար կյանքիս տանը մեջը քաշ արա նոր վառած լապտեր,
Գալու ճանապարհիդ վրա չոքած կսպասեմ անհամբեր,

[ էջ 403 ]

Վաղուց, բախտիս դուռը փակ է, արի մեկ բաց, բանալին բեր,
Առաջվա հին բարեկամս, հաջող հրեշտակս, շուտ եկ,
Տխուր սրտիս մխիթարող, հոգիս, աղավնյակս, շուտ եկ.

Խնայիր մի՛ օգնությունդ ինձանից, բարեկամս դու,
Վերստին տուր խմեմ, հրճվեմ սիրո կենաց գինին ազդու,
Հերիք թողնես տխուր-տրտում անձս ինձ խղճալի գնչու,
Չէ՞ որ մեղք է, ցավալի է, պատիվ ունի Ջիվանին քու,
Առաջվան հին բարեկամս, հաջող հրեշտակս, շուտ եկ.
Տխուր սրտես մխիթարող, հոգիս, աղավնյակս, շուտ եկ:

1902

[ էջ 404 ]

ՄՈԻԽԵՄՄԵԶ

Սեր ու կարագ բաժանեցին, ես մի կաթիլ թան չտեսա,
Ոչ թե տապակած կերակուր, ավելուկ-աղցան չտեսա.
Մորըս բազում մանածներից մի կաճար դերձան չտեսա,
Հազարավոր տներու մեջ մեկ հատ կեցարան չտեսա,
Թողած չինական ֆարֆորը, կավե ճենաման չտեսա,
Օտարք ինձանից շահվեցան, ես ինձանից բան չտեսա։

Խճուղիով տեղ գնացի, սայլս հանդիպեցավ քարի,
Իմ մի ավուր ճանապարհս համարյա տևեց մի տարի,
Արտի մեջ ցորեն ցանեցի, իմ բախտիցս բուսավ գարի,
Բարուն որոնածս տեղում պատահեցա անգութ չարի,
Մի օր դիմացս չժպտաց, կույր բախտի օրը խավարի,
Նրանցից մի փոքր պատվի, հարգանքի նշան չտեսա։

Հիսուներեք տարեկան եմ, ծերության շեմքին մոտիկ եմ,
Գլխիս մազերըն ճերմակ են, չմշկած վայրի ծաղիկ եմ,
Կյանքիս ծովը ալեկոծող հուզված քամի մրրիկ եմ,
Որսկանի ձեռքից հալածված, սուրից փախած եղջուրիկ եմ,
Օդի մեջ գազը պակասած խղճալի օդապարիկ եմ,
Թաթառ ճախրականից փրկող, օգնող ու պաշտպան չտեսա:

Ջիվանի, մարդիկը ծառ են, ասել է մի մեծ հեղինակ,
Օդը, կլիման վախելով խամրում են շուտ, անժամանակ,

[ էջ 405 ]

Կարկուտը, զորավոր քամին մրգերը թափում են խակ-խակ,
Երիտասարդներ մեռնում են ժանտախտի, կռվի ժամանակ,
Հասարակ մահանում են մարդիկը շատ դեռահասակ,
Հարյուր տարեկան մեռածի հայտնի գերեզման չտեսա:

1900

[ էջ 406 ]

ՄՈԻՍՏԵԶԵՏ

Տրտ՛ում ու տխո՜ւր շրջագայող անդադար եմ ես,
Օհ, ապիկար եմ ես.
Տատրակի նման անընկեր, անմխիթար եմ ես,
Բախտից օտար եմ ես։
Աշխարհի ալյացն չի դիմանար նավը սրտիս,
Է շատ ցավը սրտիս,
Հուսով ու հավատով ու սիրով անկատար եմ ես,
Մտքով տկար եմ ես։
Ավաղ, երիտասարդության անցած ժամանակիս՝
Իզուր նպատակիս,
Վասնզի բարի գործքերու անօգտակար եմ ես,
Քանզի խավար եմ ես։
Փոքր ինչ նկատում եմ դեպի ինձ մեղքերս անթիվ,
Ցավս չունի հաշիվ.
Դարձ գամ կարելի է, թե՞ նորեն ապաշխարեմ ես,
Անձքս նկարեմ ես:
Զբաղվելով ունայն սիրո հեղինակի հետն,
Սրտիս հարի նետն.
Այնինչ խոցերեն փրկըվելու ի՞նչ հնարեմ ես,
Անդեղ ու ճար եմ ես:
Ում որ բարեկամ անվանում եմ ճշմարիտ, անբիծ,
Ցույց տալիս է կսկիծ.
Ոչ ոք չկա ասող, Ջիվանուն բարերար եմ ես,
Ընկեր համարեմ ես:

[ էջ 407 ]

ԹԱԽԻԾ

Թախիծը ինձանից մեկ ժամ չհեռացավ, մնաց ընկած,
Ա՜վաղ, ինձ տեսնում են մարդիկ վիզս ծուռ, տխուր ու տրտմած,
Ուրախ ու շեն ապատ սիրտս ավերակ մատուռ է դարձել,
Օ՜հ, իմ անբախտ հոգուս տաղավարից հեռացել է աստված։

Թե գիշեր, թե ցերեկ զազրելի դեմքը աչքիս առջևն է,
Շարունակ թախծալի կնոջ տգեղ, սև ուրուն է կանգնած,
Նայում եմ աջ ու ահյակ, չկա մի տեղ ցնծություն, բերկրանք,
Բոլոր մարդիկ գանահարված, ուժասպառ, սրտերը խամրած:

Անճարները հուսահատ կռվում են, հա՛ց են աղաղակում,
Ուժեցները պար են բռնել, խաղում են արյունով հարբած.
Ջիվանի, ե՞րբ պիտի կրկին փչե արդարության հողմը,
Վերստին բարձրանա բոցը, բռնկի հնոցը հանգած։

[ էջ 408 ]

ՄՈԻԽԵՄՄԵԶ

Իմ բնությանս համեմատ մեկ հատ բարեկամ չգտա,
Անցուցած օրերուս մեջ երբեք ուրախ ժամ չգտա,
Չգտա իմ սիրտս ուրախ, մինչև մի անգամ չգտա,
Ամենևին ուրախ օրեր, ուրախ ամիս, ամ չգտա։

Այս դավաճան, գոռոզ սրտից չի մնար իմ միտքս մաքուր,
Մաշում է անուշ կյանքս տառապանքներով դատարկ իզուր,
Մինչև անգամ երակներուս միջի արյունն էլ է տխուր,
Կազմվածքիս մեջը ուրախ փնտրեցի անդամ չգտա։

Ամենևին բան չիմացա, կորան պատվական օրերս,
Ներկա չի հիշվի անցյալը, եղան աննշան օրերս,
Մի ազատ կյանք էլ չունեցա, սև ու մութ անցան օրերս,
Վերջապես աշխարհիս մեջ քմքիս հաճո համ չգտա։

Ինձ թռչունի պես բռնելու համար թակարդներ լարեցին,
Իմ ունեցած բոլոր կայքս ինձ խաբելով, ավարտեցին,
Իմ իսկական բարությանս դեմ չարություն հնարեցին,
Ոչ հորե, ոչ եղբորե, ոչ մեկեն խնամ չգտա։

Խեղճ Ջիվանս ես եմպեցի դառն օղիով գավը բոլոր,
Չնչին, ունայն բան է եղեր աշխարհի համբավը բոլոր,
Քննեցի ու իմացա ընկերներուս ցավը բոլոր,
Ինձի նման կյանքը մեկին թառամ ու թարշամ չգտա։

[ էջ 409 ]

ԷԼ ՉՈԻՆԻՄ

Վաղ հոգեկան մխիթարանք ես ունեի, էլ չունիմ,
Կայծ ու աշխույժ, եռանդ ու ջանք ես ունեի, էլ չունիմ.
Հոգսերս ինձ ժանգի, ցեցի պես մաշեցին սիրտս, հոգիս,
Ոսկու նման սիրելի կյանք ես ունեի, էլ չունիմ։

Վարք ու բարքս առաքինի, արդարոց համեմատ էր,
Մարդ էի՝ թե սխալվեի, սիրտս ինձ կընախատեր,
Մեկ ժամանակ շատ լավ էի, հավատս անարատ էր,
Սուրբ ու մաքուր վառ խղճմտանք ես ունեի, էլ չունիմ։

1902

[ էջ 410 ]

ԻՄ ԵՐԳԸ

Պանդխտության մեջ լրացավ իմ երեսանամյակըս,
Ինձանից դեռ չի հեռացել հավատարիմ ջութակս,
Քառասունևիննի մեջը մտավ արդեն հասակս,
Գնում եմ դեպի ծերություն, դառնանում է վիճակս,
Հետզհետե մազերուս մեջն շատանում է ճերմակս,
Սկսում է նսեմանալ լուսատու աշտանակս։

Քննում եմ իմ անցյալս, տեսնում եմ ես անկատար,
Իմ թողած հետքս վաղանցուկ, ծաղկի պես թույլ ու տկար,
Մանկությունից մինչև այսօր բռնել եմ մեկ ճանապարհ,
Հետևել եմ իմ արվեստին, նվագել եմ ես քնար,
Նշանավոր, օգտավետ գործ չեմ թողել ազգիս համար,
Մի քանի հատ չոր ու ցամաք երգեր է հիշատակս։

Թանկագին և անդառնալի թարմությունս շուտ գնաց,
Ոչ մի օգուտ ես չունեցա, խոստովանեմ բացեբաց.
Հանգամանքից չօգտվեցի, չեղա ես շրջահայաց.
Առավոտյան բացվիլը բութ աքլորս չարավ իմաց.
Իմ մտավոր աշխարհի մեծ բաժինը խավար մնաց,
Մթամած սև ամպի տակից դուրս չեկավ արեգակս։

Բնության գաղանիքը մութ է, ծովի անդունդից խոր է,
Ընկնողը դուրս չի գալիս, վիհ է, անատակ հոր է.
Աշխարհը անփոփոխ է, լուսնյակը հին ու նոր է,

[ էջ 411 ]

Մեկը անբախտացել է նոր, մյուսը բախտավոր է,
Չէի կարծում և մտածում՝ ամենը անցավոր է,
Ժանգոտած պղինձ կդառնա, ոսկի է ժամանակը։

Ես, Ջիվանս, ամենին աղաչել եմ, պաղատել եմ,
Որ լինին սիրով, միաբան, մեջս այսպես դատել եմ.
Ինչ տեղում ատելության հոգու ծնունդ նկատել եմ,
Պատճառին առանց վախի՝ հանդիմանել, նախատվել եմ,
Ինչքան իմ ուժս պատել է, այնքանով աշխատել եմ,
Ժողովրդին մի օգուտ տալ՝ եղել է նպատակս։

1895

[ էջ 412 ]

ԻՄ ՋՈՒԹԱԿԸ

Առանց քեզ կյանք չունիմ, սիրելի ջութակ,
Դուն ես սրտիս մխիթարիչ, սփոփանք,
Քեզանո՛վ եմ բարձրացնում աղաղակ,
Դո՛ւն ես ամեն միջոց, ինձի համար կյանք։

Տրտմյալ երեսներուն դու կուտաս ծիծաղ,
Քեզանով օրերս անցնում են խաղաղ.
Քաղցրանվագ երգող լարերիդ մատաղ,
Դեպի քեզ ամեն սիրտ կընծայե բաղձանք:

Որփյան հիշատակն ես, ո՜վ մեծահանճար,
Կամ թե Ապողոնն է տվել ք՛եզի լար,
Այնքան ազդեցություն ունիս, ով քնար։
Օր քեզանով կարթնանա սիրտ ու խղճմտանք։

Քեզ չսիրող մարդն է նախանձ, ժանտաժուտ,
Կյանքի պայմաններին երբեք չէ հմուտ.
Հիվանդն անգամ քեզնից կըքաշե օգուտ,
Մեղմ ձայնդ լսելով՝ չի զգա տանջանք։

Ուրախության փայչիչ, ով սիրուն Հերմես,
Քեզանով է ամեն ցնծություն, կրկես,
Առանց քեզ չի լինի հարսանիք, հանդես,
Ւնքդ ես զվարճության ուսում, հրահանգ։

1872

[ էջ 413 ]

ԻՄ ԲԱԺԻՆԸ

Շնորհաց կենսատու ծառի հովանու տակ հայ մուսան
Կենաց գինի, հաց էր տալիս կազմելով մի ճոխ սեղան.
Երաժիշտներ ու երգիչներ բանաստեղծներ բազմազան,
Շրջապատած սուրբ սեղանը կերգեին երգ օրհնության,
Դա մի երկնային հանդես էր, հիասքանչ տեսարան,
Գեղարվեստի սիրահարներ համախմբված միաբան։

Գեղեցիկներից գեղեցիկ հայոց մուսան երկնածին,
Յուր տաղանդից բաժին հանեց և նվիրեց ամենին.
Հավերժահարսները բերին անմահական սուրբ գինին,
Ով որ խմեց ստացավ կյանք, փոփոխվեց բոլորովին.
Որը ոսկե քնար առավ, որը գրիչ թանկագին,
Որը հայտնի երգիչ եղավ, որը ճարտար վիպասան։

Ես Ջիվանս չըլսեցի, հանդեսին շատ ուշ հասա,
Մարդիկ ողջը ցրվել էին, ոչ մի ծանոթ չըգտա,
Սուրբ ծառի հովանու տակը սեղանի մոտ կանգ առա,
Գուցե մի բան կընվիրեր, հայ մուսային չտեսա,
Նույն սեղանի վրայիցը փշրանքներից քիչ կերա,
Նրա համար խեղճ մնացի, բան չունեցա հիմնական։

1900

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր. Ջիվանու քնարը: [Ստեղծագործությունների ընտրանի] / Կազմ., առաջաբ., տեքստ. համեմատ., ծանոթագր. ՝ Ա. Սահակյան; Խմբ.՝ Միք. Հարությույան; Նկ.՝ Ան. Գասպարյան։ «Հայպետհրատ»։ Երևան 1959
Տրամադրեց. Միքայել Յալանուզյան

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice