ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian
Ջիվանի

ՋԻՎԱՆՈՒ ՔՆԱՐԸ

Նախորդ էջԲովանդակություն  | Հաջորդ էջ

[ էջ 415 ]

[ էջ 416 ]

[ էջ 417 ]

ՊԱՂ ԱՂԲՅՈԻՐԻ ՄՈՏ

Պաղ աղբյուրի մոտը կանգնած մի աղջիկ,
Ձեռքին սափոր լցրած, ջուրն էր անուշիկ,
Աչք ու ունքը ղալամով քաշած, գեղեցիկ.
Մայրիկ, զարնվեցա, սիրում եմ նորան,
Մի փոքր ակնարկով արավ ինձ նշան։

Պաղ աղբյուրի մոտը, պարտիզում նստած,
Ունեին լավ գինի, գառի խորոված.
Երգում էին, պարում էին, բոլորած.
Մայրիկ, զարնվեցա, սիրում եմ նորան,
Մի փոքր ակնարկով արավ ինձ նշան։

Ման էր գալիս ընկերներով միասին.
Կարծես հրեդտակ էր, չէր նա հողածին.
Մազերը ոսկեգույն, ճակատը լուսին.
Մայրիկ, զարնվեցա, սիրում եմ նորան,
Մի փոքր ակնարկով արավ ինձ նշան։

Ցերեկը անդադար նորան եմ հիշում,
Գիշերն էլ երազիս մեջըն եմ տեսնում.
Տոչորված ման կուգամ խեղճ, մոլոր, տրտում.
Մայրիկ, զարնվեցա, սիրում եմ նորան,
Մի փոքր ակնարկով արավ ինձ նշան։

[ էջ 418 ]

Ա՜խ, երանի այն ավուր, շատ երանի,
Տեսությանը կրկին լինեմ արժանի.
Առանց նրան ես չեմ մնար կենդանի.
Մայրիկ, զարնվեցա, սիրում եմ նորան,
Մի փոքր ակնարկով արավ ինձ նշան:

1883

[ էջ 419 ]

ԱՌԱՆՑ ՔԵԶ

Երեսիդ լապտերը մի ծածկիլ, ով կույս,
Կըմթնանա ճանապարհս առանց քեզ.
Սուրբ սիրույդ կանթեղը եթե չըտա լույս,
Չի փայփլի գաղափարս առանց քեզ։

Դուն ես եռանդ տվող իմ եղանակիս,
Դուն ես ապավենը թշվառ վիճակիս.
Դուն ես կյանքն ու հոգին երգիս, ջութակիս,
Ձայն չի տալիս իմ քնարս առանց քեզ։

Ինչպես որ լուսինը արևով կապրի,
Նույնպես էլ ես քեզնով, ով իմ թագուհի.
Եթե որ ճակատիդ փայլը չըհասնի,
Շո՛ւտ կը հանգչի վառ ղամպարս առանց քեզ։

Ջիվանու քաջ քույրը, հոգով սիրուն ես,
Վարքով առաքինի, դեմքով փայլուն ես.
Խեղճ մտքիս ծովակի փարոսը դուն ես,
Տեղ չի գնալ նավավարս առանց քեզ։

1900

[ էջ 420 ]

ԵՐԳ

Գեղեցիկ, քնքուշիկ, քաղցրահամ տիկին,
Երանի շարունակ ինձ մոտ լինեիր,
Հրճվեինք մենք, կյանք վարեինք միասին,
Միշտ, ամեն ժամանակ ինձ մոտ լինեիր:

Վստահ ու համարձակ դեպի քեզ գայի,
Ինչ որ պահանջեիր ուզածդ տայի,
Կարոտակեզ քո բլբուլը դառնայի.
Դու վարդի նման ինձ մոտ լինեիր։

Միտքս խաղաղ լիներ, սիրտս անխռով,
Դառնայի քեզ համար հոգիագորով,
Փայփայեի, սիրեի քեզ սերտ սիրով,
Դու իբր աղավնյակ ինձ մոտ լինեիր։

Ջիվանին եմ, իզուր գնար ջանքս,
Խղճի գայիր, կատարեիր բաղձանքս,
Գուցե դու կնորոգեիր իմ կյանքս,
Ա՜խ, թե սիրուն խոսնակ, ինձ մոտ լինեիր։

1907

[ էջ 421 ]

ԻՆՉ ԼԱՎ Է

Ա՜խ, ինչ լա՛վ է առավոտ վաղ պարզ օդի մեջ ման գալ,
Լսել թռչնոց անուշ ձայնը, երգելը, ճտվտալը,
Նամանավանդ յուր կենակցի հետ թև-թևի տալը,
Աշխարհիս մեջ լավը դա է, ուրիշ տեսակ լավ չկա,
Ով որ ունի լավ կենակից, նրա համար ցավ չկա։

Սարդը լինի բարոյական, կենակիցը, նույնգունակ,
Այրը լինի քիչ տարիքով, բայց կինը փոքրահասակ,
Անկեղծ սիրով իրար սիրեն համակըրեն շարունակ,
Աշխարհիս մեջ լավը դա է, ուրիշ տեսակ լավ չկա,
Ով որ ունի լավ կենակից, նրա համար ցավ չկա։

Իրար սիրող տատրակները երբ ձագուկներ ունենան,
Դու կտեսնես, թե ի՛նչ տեսակ լավ կրթություն պիտի տան,
Իրանք համեստ երկու ամոլ, որդիքը՝ բարոյական,
Աշխարհիս մեջ լավը դա է, ուրիշ տեսակ լավ չկա,
Ով որ ունի լավ կենակից, նրա համար ցավ չկա։

Ինչ սիրուն է, վայելող է ընկերը բան իմացող,
Զարգացած և ուսում առած, գրքի լավ կարդացող,
Մարդը լինի կառավարիչ, կինը տնտես հասկացող,
Աշխարհիս մեջ լավը դա է, ուրիշ տեսակ լավ չկա,
Ով ունի լավ կենակից, նրա համար ցավ չկա։

1900

[ էջ 422 ]

ՍԻՐՈԻՆԻԿ

Մաքուր, նազելի կույս, տեսքդ վառվռուն
Ծաղիկներն են տվե՞լ, թե աստղերը քեզ,
Հայրըդ է պարգևե՞լ, թե մայրդ սիրուն
Այդ կրակոտ, փայլուն, սև աչքերը քեզ։

Կուրծքդ Էլբրուսի սպիտակ ձյուն է,
Արյունդ անարատ մաքուր արյուն է,
Դա մի չնաշխարհիկ հարստություն է,
Փառքի կըհասցնե քո պատկերը քեզ։

Դու Ջիվանու հարսնացուն ես, ով քույրիկ,
Մի՞թե պիտի դառնաս ուրիշին հարսիկ.
Մրցում են իրար հետ քու մասին, աղջիկ,
Աշխատում են տիրել ուրիշները քեզ։.

1902

[ էջ 423 ]

ՀԱՅ ԱՂՋԻԿ

Սև աչքերուդ, աղեղ ունքերուդ մատաղ,
Մեղրից ու շաքարից անուշ հայ աղջիկ.
Վարդագույն այտերդ միշտ գեղածիծաղ,
Քայլքդ կաքավի պես քնքույշ, հայ աղջիկ:

Ի՞նչն է պարանոցիդ ոսկեղեն զարդը,
Կարծես Անահտին է մասը, մակարդը,
Պատկերդ նկատող երիտասարդը,
Կլինի խելագար, ապուշ, հայ աղջիկ:

Գրավիչ խոսքերով, ով իմ հոգեհան,
Բռնի սիրել կուտաս մարդկանց, սիրական,
Պտույտ գալդ անմեղ աղավնվո նման,
Շարժմունքդ խոհեմ, զգույշ, հայ աղջիկ։

Վահանի պես ազնիվ, քեզ բարեկամ կա,
Ջիվանուս ինչ փույթն է, թե մեծ Բարշամ կա.
Քանի որ Տիգրան ու Վարդան, Արամ կա,
Օտարը կերևի քեզ փուշ, հայ աղջիկ։

1875

[ էջ 424 ]

ՀԱՅ ԱՂՋԿԱ ԲՈՂՈՔԸ

Ով որ ինձ չի սիրել, խնդրում եմ ասեք,
Ես նրան ո՞նց սիրեմ, կամ լինիմ ընկեր.
Չէ՞ որ ստիպելով մեզ կըվնասեք,
Շատ կըթշվառանա հետո կյանքը մեր:

Փեսան ինձ է պե՞տք թե քեզի, հայրիկ,
Քո հավանած մարդով ես չե՛մ երջանիկ.
Երբ սիրով կապված չեն տղա ու աղջիկ,
Նշանը անհիմն է, պսակն անվավեր։

Հայրիկ, քու բաղձանքդ բարի բաղձանք չէ,
Այդ քու տված կյանքդ ինձ համար կյանք չէ,
Աղջիկ սեռն էլ մարդ է, ծախու ապրանք չէ,
Փող շահելու առարկա չէ օգտաբեր։

Տուր ինձ այն փեսային, որին կսիրեմ,
Գնամ ուրախ սրտով կյանքս նվիրեմ.
Այնուհետև հաստատ ես պարտադիր եմ,
Քեզ համար աղոթել ցերեկ ու գիշեր։

Դու ինձ մի տուր վաշխառուի զավակին,
Չեմ կարող դիմանալ ես այդ կրակին.
Ո՞նց թողնեմ իմ սրտի ընտրած Հայկակին,
Ո՞վ ունի նրա պես գեղեցիկ պատկեր։

[ էջ 425 ]

Ես չեմ զատվիր իմ Հայկակից հավիտյան.
Ինձ համար մեռած է քու ընտրած փեսան.
Կըսպաննեմ ես ինձ, չեմ գնար նրան,
Ծնող ես, մի դառնար որդուդ գլխակեր։

Մի աղջկա բերնից լսել եմ հաստատ,
Այս խոսքերը հոր դեմ խոսում էր ազատ...
Թե տեղը չգտավ մի աղջիկարմատ,
Շուտով կըթառամի որպես վարդի թեր։

1884

[ էջ 426 ]

ՎԱՐԴ

Մինչև երբ չարչարես անբախտ սոխակին,
Ով դու ապերախտ վարդ, անխնամ ծաղիկ,
Մինչև երբ, ինձ ասա, այդ վառ կրակին
Մեջը պիտի այրես որպես թիթեռնիկ:

Մինչև երբ, ինձ ասա, խղճալին էրվի,
Չհասկանա, ունայն սիրով դեգերվի,
Ամեն անգամ սխալմունքդ չի ներվի,
Լավ է զգուշանաս, սիրուն, վարդենիկ:

Վարդուհի, Վարդուհի, անուշ սիրեկան,
Մի մաշիր խղճալու նոր կյանքը Ջիվան,
Տասնևմեկ ամսո մեջ գոնե մի վայրկյան,
Սոխակի մոտ բացվիր, արա՛ երջանիկ,

[ էջ 427 ]

ՍԻՐԱՀԱՐ

Սիրահար, թե սիրականիդ սիրում ես,
Նրա տված նեղությունը տար սիրով,
Թե որ կյանքդ նրան դու նվիրում ես,
Խփե գլխիդ փայտ ու երկաթ, քար սիրով:

Թե մեկին արել ես՝ սրտով սիրական,
Պետք է նրան սիրես ճիշտ հոգույդ նման,
Անկեղծ սիրույն համար առանց ձանձրության,
Ման արի դաշտ ու ձոր, սարե սար սիրով:

Ջիվա՛ն, նրա համբավը՝ քու էլ համբավդ է,
Սիրուհիդ քու աղունիկդ է, կաքավդ է,
Սիրականիդ ցավը թե որ քու ցավդ է,
Շուտով գտիր գրած վերքին, ճար սիրով։

[ էջ 428 ]

ԹԱՆԿԱԳԻՆ ԿՈՐՈՒՍՏ

Միք դիպչիլ իմ ցավոտ, սգավոր սրտիս,
Սիրտս մեկ թանկագին բան է կորցրել,
Չափազանց վրդովված տխուր է հոգիս,
Սրտով սիրած սիրական է կորցրել։

Ավերվել է սրտիս այգին իսկական.
Գռեհիկի ձեռք է դիպել անպիտան,
Ինչպես չհառաչե սոխակի նման
Անթառամ վարդ, պալասան է կորցրել։

Արարչի օթևան, սիգաճեմ սիրտս,
Սուրբ սիրո անձնվեր, մտերիմ սիրտս.
Մեր նախահոր Ադամի պես իմ սիրտս,
Դրախտ, եդեմ, բուրաստան է կորցրել։

1898

[ էջ 429 ]

ՍԻՐԵԼԻ

Արքայությունը առանց քեզ՝ տարտարոս է ինձ համար.
Բայց քու հետդ դժոխքումն էլ լինիմ, փառք է ինձ համար.
Երեսիցդ լույս կըկաթե, հոգիս, ամեն առավոտ,
Իսկուհի, ճերմակ ճակատդ արևելք է ինձ համար։

Իմ անուշիկ, առանց քեզի աշխարհը ավեր է ինձ,
Ուրիշի խոսքը, զրույցը, վերք բացող սուսեր է ինձ,
Երբ դու չը կաս աչքիս առաջ, ցերեկը գիշեր է ինձ,
Երկնային պայծառ արևը շուտ կըմթնե ինձ համար։

Քեզանով հոգի են առնում հարսանիքն ու նշանը,
Սոխակի պես ճտվտալով զարդարում ես սեղանը.
Քանի որ դու չես երևում, տխուր է խրախճանը,
Քաղցր երգ ու նվագարան վատ կըհնչե ինձ համար։

1901

[ էջ 430 ]

ԽՆԴԻՐ ԱՌ ՍԻՐԵԼԻՆ

Խղճա դրությանս, խղճա, ով անգութ,
Սիրուն, չէ՞ քո սիրահարդ եմ, ափսոսա,
Օրերս մի անցկացնի սև ու մութ,
Սրտակոտոր ցավագարդ եմ, ափսոսա։

Սուր նետերուդ ինձ մի անիլ նպատակ,
Մի քանդեր իմ հոգվույս տունը, հրե՛շտակ,
Ես եմ, մի չարչարեր ամեն ժամանակ,
Հին սիրելիդ, հավասարդ եմ, ափսոսա։

Մի՛թե Ջիվանիիս թշնամի դառար,
Ինձի կրակեցիր, դու ինքդ սառար,
Խելք ու միտքս գլխիցս չէ՞ որ դու առար,
Ափսոսա, քու խելագարդ եմ, ափսոսա։

[ էջ 431 ]

ԳԵՂԱՆԻ

Սիրել եմ, չեմ զղջար, ով իմ գեղանի,
Օտարք ինչ ասում են՝ թող ասեն, ցավ չէ,
Դու մի խաբվիր այլոց որպես պատանի,
Նորանց ամեն ասածները իրավ չէ:

Հողմը ժայռ քարիցը ի՞նչ պիտի տանի,
Որքան փչե՝ դատարկ, իզուր կանցանի,
Վայրախոսը այն հողմին կընմանի,
Թույլ ծառի պես միշտ շարժըվիլը լավ չէ։

Տոկուն սիրտ ունեցիր, լինելով արի,
Կարող ես հաղթել ամենայն չարի,
Խելոք, խոհեմ, համեստ լինելն է բարի,
Միայն գեղեցիկ լինելը քեզ բավ չէ։

Ջիվանին եմ, քեզի բարի ակնածող,
Բարին սիրող, չար բանը միշտ հալածող,
Եղիր դուն հեռատես, արթուն, մտածող,
Գիտցիր, սիրունի թշնամին սակավ չէ։

[ էջ 432 ]

ԳԱՆԳԱՏ

Կյանքիս թռչունը մազերդ կապեցին,
Գեղեցիկ, քեզանից ի՞նչպես ազատվիմ,
Կրակ աչքերդ իմ սիրտս լափեցին,
Հույս չթողիր, որ ցավերից փարատվիմ:

Այս ի՞նչ սեր էր, տվիր դու ինձ, սիրահար,
Սրտիս մեջը բորբոքվում է անդադար,
Առար խելք ու միտքս, արիր խելագար,
Արժան տեսար, որ այլոց մեջը նախատվիմ:

Խեղճ Ջիվանին հեռացրիր իր տանից,
Կախարդական գիր ելավ քո գրպանից,
Թող չարաչար տանջըվիմ ես քեզանից,
Թե պատահավ՝ կրկին անգամ խրատվիմ:

[ էջ 433 ]

ԳԵԱՖ

Լսիր, սիրելի, իմ աղաչանքս՝
Արժան համարե լուր պաղատանքս.
Կեղծ մի համարեր իմ գովասանքս,
Սրտով սիրում եմ քեզ, բարի կյանքս:

Աստված վկա է, քեզ սիրում եմ շատ
Եղիր միամիտ, ընծայե հավատ,
Լինիս երանի սուրբ ու անարատ,
Սա է հարաժամ ցանկալի ջանքս։

Ամեն առավոտ խնդրում եմ այսքան,
Սրտիդ համեմատ տերը տա արժան,
Առաձց քեզի ես եմ կիսակենդան,
Շատ է նազելի, միշտ գորովանքս:

Ափսոս, գեղեցիկ, չես նայում ինձի,
Տեսույդ նայիլը խնայում ինձի,
Իզուր մի մաշեր ներկայում ինձի,
Արդեն կա վաղուց իմ տոչորանքս:

Եղիր Ջիվանուս հաստատուն ընկեր,
Խավար մտացս լուսատու լապտեր,
Սպասելով՝ ինձ չմնաց համբեր,
Սաստիկ ավելացավ իմ մոլորանքս:

[ էջ 434 ]

ՍՐՏԱԿԻՑ

Ես մեկ լիճ լինեի, դուն էլ մեջը բադ,
Սրտա՛կից, շարունակ ինձ մոտ լինեիր.
Դու մեկ գետ լինեիր վազող, հորդառատ,
Կամ կարկաչող վտակ՝ ինձ մոտ լինեիր։

Դու բամբիշ լինեիր, ես դուռդ գայի,
Երկրպագեի, քեզ գլուխ տայի.
Ես մի պարզ ու պայծառ երկինք դառնայի,
Դուն էլ մեկ արեգակ, ինձ մոտ լինեիր։

Դու հակինթ լինեիր, կամ մեկ շափյուղա,
Ամենամեծ մարդը քեզ ինձ տար ընծա.
Կամ դու աչք լինեիր երեսիս վրա,
Լույս տայիր, իմ հոգյակ, ինձ մոտ լինեիր։

Դու մեկ ծառ լինեիր բարձրուղեշ կանգնած,
Ես մեկ ճանապարհորդ, շուքիդ տակ պառկած.
Ես ծարավ լինեի սիրովդ վառված,
Դու աղբյուր անապակ, ինձ մոտ լինեիր։

1901

[ էջ 435 ]

ԿՅԱՆՔԻ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆ

Թե քու աչք ու ունքդ սև են, ով չքնաղ,
Ես էլ դորանց դեմը բախտ ունիմ շատ սև.
Թերթիչներդ թե լույսիդ տան շամանդաղ,
Իմ արևս ամպամած է, հաստատ սև։

Եթե դու սիրում ես միշտ ուրախություն,
Ես էլ կուզեմ առանձնանալ մի անկյուն,
Թե որ դու կուրծք ունիս որպես ճերմակ ձյուն,
Իմ էլ մազերուս մեջ չըկա մեկ հատ սև։

Դուն փայլում ևս ոսկու, արծաթի նման,
Իմ էլ կյանքս է ժանգոտ երկաթի նման.
Թե դու մազեր ունիս սև սաթի նման,
Ես էլ օրեր ունիմ տեսնելու վատ, սև։

1886

[ էջ 436 ]

ՆԱՄԱԿ

Սուրբ պատկերդ կրծքիս վրա եմ պահում,
Իմ աննման, իմ հատընտիր հոգյակս.
Առանց քեզ օրերս տխուր են անցնում,
Խավար է՝ աշխարհ ու երկիր, հոգյակս:

Երբ քեզանից ստանում եմ մի նամակ,
Ծագում է սրտիս մեջ պայծառ արեգակ,
Օտար կանայք դև են քեզ մոտ, հրեշտակ,
Այս խոսքերիս լավ ականջ դիր, հոգյակս։

Քու Ջիվանի ընկերըն եմ վարքիդ սիրահար,
Սրտիս ընտրելին ես, թանկագին գոհար,
Դու ինձ համար ապրիր, ես քեզի համար,
Հարկավոր չէ մեզ այլ խնդիր, հոգյակս։

1902

[ էջ 437 ]

* * *

Նորահաս փարելի դուստրիկ,
Գեղածիծաղ նոր լուսին ես,
Շատ կա աշխարհում գեղեցիկ,
Բայց դու ողջի թագուհին ես։

Գեղահրաշ նոր արարած,
Երկնքից երկիրը ընկած,
Աստղերու աշխարհից եկած,
Արևահատ լուսածին ես։

Մի դանդաղիր, առաջ արի,
Անկեղծ սիրված գեղեցկուհի,
Ծոցդ, կուրծքդ աստղերով լի
Լուսաշաղաղ ծիրկաթին ես։

Ահ, թե Ջիվանուն նոր կյանք տաս,
Բժշկուհի, կույս Աթենաս,
Ե՞րբ պիտի ասպարեզ դուրս գաս,
Որ ավեր սրտերը շինես։

1907

[ էջ 438 ]

ՍԵՎԻԿ ԱՉԵՐ

Վրդովեցիր խաղաղ կյանքս, սիրական,
Անցուդարձիդ ինձ նայելով մշտական,
Չէի տեսել մեկ հոգեհան քեզ նման,
Սևիկ-մևիկ աչեր, դու իմ կյանքս մաշեցիր,
Կանգնար դեմս, ստեպ-ստեպ աշեցիր։

Ի՞նչպես մնամ ես առանց քեզ միայնակ,
Դուն ձգել ես սրտիս մեջը վառ կրակ,
Ակնարկելով գաղտնի ամեն ժամանակ,
Սևիկ-մևիկ աչեր, դու իմ կյանքս մաշեցիր,
Կանգնար դեմս, ստեպ-ստեպ աշեցիր։

Անուշ-անուշ խոսելովդ, սիրուն կույս.
Մաշված սրտիս նորից տվիր կյանք և հույս.
Առանց գինու արբեցուցիր խղճալույս.
Սևիկ-մևիկ աչեր, դու իմ կյանքս մաշեցիր,
Կանգնար դեմս, ստեպ-ստեպ աշեցիր։

Սիրույդ սուր-սուր նետերովը խոցվեցա,
Իբրև ծաղիկ դեռ չըբացված գոցվեցա,
Երբ քեզ տեսա, կրակովդ լցվեցա.
Սևիկ-մևիկ աչեր, դու իմ կյանքս մաշեցիր,
Կանգնար դեմս, ստեպ-ստեպ աշեցիր։

[ էջ 439 ]

Սիրույդ լարը պարանոցես տվիր կախ,
Օր ու արև չունիմ, գործս է ախ ու վախ,
Կրկին խոսե, գոնե լինիմ ես ուրախ.
Սևֆկ-մևիկ աչեր, դու իմ կյանքս մաշեցիր,
Կանգնար դեմս, ստեպ-ստեպ աշեցիր:

[ էջ 440 ]

ՄՈՏՍ ՄԱՆ ԱՐԻ

Սարի սիրուն եղնիկ, նորահաս ծաղիկ,
Գեղատեսիլ աղջիկ, մոտս ման արի.
Լեզուդ անուշ, քաղցրիկ, բերանդ մեղմիկ,
Պար գալով կաքավիկ, մոտս ման արի։

Բնությունդ համեղ, ինքդ ազնիվ ցեղ,
Սիրուն, վայելչագեղ, աչքերդ կանթեղ,
Թերթիչներդ ասեղ, ունքերդ աղեղ,
Մի գնալ ուրիշ տեղ, մոտս ման արի:

Պարկեշտ, բարեհասակ, դրախտաբնակ,
Դու անմեղ հրեշտակ, չունիս նմանակ.
Ով է քեզ հակառակ, ասա, իմ հոգյակ,
Միշտ ազատ համարձակ մոտս ման արի:

Խոստանում է գարուն կերպդ զվարթուն,
Ունիս պարկեշտ անուն համեստ, սիրասուն.
Զուգվել ես զարդարուն, աղավնյակ ես դուն,
Ձեռքես բռնե, սիրուն, մոտս ման արի:

Ջիվանուս տարփալին, սրտիս ըղձալին,
Իմ հոգուս անձկալին, մտքիս պանծալին,
Ծառերի պտղալին, անուշ խնկալին,
Կյանքիս զվարճալին, մոտս ման արի։

[ էջ 441 ]

ԹՈՓԽԱՆԱ ԴԻՎԱՆԻ

Քո փափագով վառվում եմ, արի, սիրական, ո՞ւր տեղ ես,
Երկնային ամպերու մեջ նստող ծիածան, ո՞ւր տեղ ես,
Ճանապարհդ նայելով աչքերումս լույս չըմնաց,
Եկ, երևույթ տեսանեմ, ազնիվ սիրական, ո՞ւր տեղ ես:

Ի՞նչ պատահավ, անուշիկ, որ դու հեռացար ինձանից,
Քաղցրախոս, անուշ լեզու, անվամբ գովական, ո՞ւր տեղ ես,
Քա՞նի մեկ, քա՞նի չարաչար տանջվիմ այլոց ձեռքով,
Ո՜վ վեհապանծ անվանի, կյանքիս պահապան, ո՞ւր տեղ ես:

Մեր սիրո վայելչական տեղերն ուրիշ մարդիկ առան,
Դու արի միասին գնանք դատարան, ո՞ւր տեղ ես.
Թող միայն ասեն, Զիվան, այսօր սիրականդ կուգա,
Թող տատանիմ քու սիրով մինչև հավիտյան, ո՞ւր տեղ ես:

1872

[ էջ 442 ]

ՂՈՇՄԱ

Աննման ծնունդ ես, ազնիվ գեղեցիկ,
Հայրըդ ընտիր, մայրդ ընտիր, դու ընտիր,
Մեկ ձեռքումդ գինի, մյուսը վարդ-ծաղիկ,
Վարդը կարմիր, գինին կարմիր, դու կարմիր:

Տիկինդ լիաձիր, քաղցրախոս թութակ,
Ամեն բարի գործերի մեջ ընդունակ,
Երգում եք միասին, համեղ, ներդաշնակ,
Այրըդ դպիր, որդիդ դպիր, դու դպիր:

Նմանդ չի ճարվի ամենայն մի տեղ,
Բարձր է գիտությունդ, անունդ շքեղ.
Վերքը բուժե Ջիվանիիս, արա դեղ,
Ազգդ դեղեդիր, ցեղդ գեղեդիր, դու դեղեդիր։

[ էջ 443 ]

ԻՂՁ

Մինչև ե՞րբ սպասեմ քո ճանապարհը,
Իմ կենացս մասը, գալո՞ւ ես, արի.
Առանց քեզ տխուր է հոգույս աշխարհը,
Մի տար այդ վնասը, գալո՞ւ ես, արի։

Բացի քեզ տեսնելը ես բաղձանք չոմնիմ,
Իղձս այս է, ուրիշ պաղատանք չունիմ,
Առանց քեզի արև չունիմ, կյանք չունիմ,
Մտքիս մեկենասը, գալո՞ւ ես, արի։

Արի Ջիվանիիդ վերքը փարատե,
Կրկին սիրույդ մեջը կրկին հաստատե,
Տելեմաքն եմ, Կալիփսեից ազատե,
Հոգույս Աթենասը, գալո՞ւ ես, արի:

[ էջ 444 ]

ԿՈՐՈՒՍՏ

Մի գեղեցիկ տեսա և կորուսի շուտ,
Սրտիս մեջը կրակ մնաց, ցավում եմ.
Մտքումս տպվեցավ կերպարանքը զուտ,
Մեկ քաղցր հիշատակ մնաց, ցավում եմ։

Թագուհի էր, տեսա՛ շարժումից, ձևից.
Կարծես լույս էր ծնունդ առած արևից,
Միտքս վազեց այն սիրունի ետևից,
Իբր սուզված նավակ մնաց, ցավում եմ։

Ջիվան, կըդալարի կյանքիս ծաղիկը,
Եթե մեկ էլ տեսնեմ այն գեղեցիկը.
Ծնունդ չառավ սակայն բախտիս աստղիկը,
Ամպի ստվերի տակ մնաց, ցավում եմ։

[ էջ 445 ]

ՆՈՐ ԵՐԳ

Յոթը տարի պաս պահեցի քու մասին,
Որ ես ու դու ընկեր լինենք միասին,
Ինձ խաբեցիր գտար ուրիշ ամուսին.
Գնա, գնա, անխղճմտանք անիրավ,
Ցավ չունեի, սրտիս վրա դրիր ցավ:

Ագռավին ի՞նչ պիտի սիրել աղավնյակ,
Խարդախ մարդը չգիտե սերն անապակ,
Քեզ չար դևիդ ես կարծեցի հրեշտակ.
Գնա, գնա, անխղճմտանք անիրավ,
Ցավ չունեի, սրտիս վրա դրիր ցավ։

Մինչ չըթողնես քու պատվի հետ խաղալդ,
Լոկ խոսքերով չի ուղղվի սխալդ,
Այնուհետև ուշ է քու ինձ սիրտ տալդ,
Գնա, գնա, անխղճմտանք անիրավ,
Ցավ չունեի, սրտիս վրա դրիր ցավ։

Սուր դանակ է քու երկսայրի բերանդ,
Գործդ նման չէ հռչակված անվանդ,
Ո՞րտեղ մնաց ինձ հետ արած պայմանդ,
Գնա, գնա, անխղճմտանք անիրավ,
Ցավ չունեի, սրտիս վրա դրիր ցավ։

1898

[ էջ 446 ]

ԳԵՂԵՑԿՈՒՀԻ

Արևից ես ծնե՞լ, թե լուսնյակից,
Որ այդքան չքնաղ ես, նազելի աղջիկ,
Վարդից ես հոտ առե՞լ, թե մանիշակից,
Կամ թե վարդի շաղ ես, նազելի աղջիկ։

Դիմացդ հավերժահարսներ պարում են,
Դափնյա պսակներով քեզ զարդարում են,
Արևն ու լուսինը մերթ խավարում են,
Դու անշամանդաղ ես, նազելի աղջիկ։

Ինչքան տխուր լինի քեզ տեսնող մարդը,
Հաջողակ կդառնա անհաջող մարդը,
Կուրախանա մոտդ հանդիպող մարդը,
Շատ գեղածիծաղ ես, նազելի աղջիկ։

Ջիվանին կյանք կառնե թուխ ունքերիցդ,
Նայելով չի հագենար պատկերիցդ,
Ամպած ժամանակդ բաց աչքերիցդ
Մարգարիտ կմաղես, նազելի աղջիկ։

1900

[ էջ 447 ]

ԳԵՂԵՑԿՈՒՀԻ

Գեղեցկուհի, չես հեռանում սրտիցս,
Փաթաթվել ես հոգուս բարակ լարի պես,
Սիրուդ քամին խելքս տարավ գլխիցս,
Ինձ գցեց սարեսար խելագարի պես։

Կատարելով անգետ սրտիս բաղձանքը,
Իզուր տեղը գիրկս առա փորձանքը,
Քու ուժի դեմ փշրվեցավ իմ կյանքը.
Ես փուխր ընկույզ եմ, դու՝ խիճքարի պես:

Երբ մեծացար, եղար անկախ, ինքնուրույն,
Փոփոխվեցավ կերպդ, դարձար թխագույն,
Քայքայեցիր կազմս, նորեն եղար թույն,
Առաջ երևացար պաղշաքարի պես։

1899

[ էջ 448 ]

ՉԵՔ ԿԱՐՈՂ

Յարս ինձ է սիրում, ես էլ իմ յարին,
Չար ոսոխներ, մեզ բաժանել չեք կարող.
Իզուր միք սպառնա ինձ սիրահարիս,
Մեր մեջ ատելություն ցանել չէք կարող։

Կռվեմ պիտի ձեր դեմ ճակատ առ ճակատ,
Եթե իմ պատվիս դեմ մի խոսք ասեք վատ.
Արյունս կթափեմ, կմեռնիմ հաստատ,
Սիրածս իմ ձեռքից հանել չեք կարող։

Դուք ջուլհակ եք, ոլորեցեք նոր մանած,
Մեզ հանդերձ չի լինի ձեր ասվին գործած,
Երեկ մեկ, դուք այսօր իբր մարդ դառած,
Ձեզնից, հին մարդուն այպ անել չեք կարող:

[ էջ 449 ]

ԱՌ ՆԱԶԵԼԻՆ

Նազելի, թագուհի՛ն չէ քեզ համեմատ,
Ծոցը հոտով ծաղիկ չունի քեզ նման,
Սև-սև աչեր, կամար ունքեր, լայն ճակատ,
Ամենայն գեղեցիկ չունի քեզ նման։

Դրախտի ծնունդ ես, գեղանի շուշան,
Ծոցումդ պահված կա հոտով պալասան,
Թեև սուլթանի մոտ սիրուններ շատ կան,
Նորանց մեջ մի հատիկ չունի քեզ նման։

Դու Ջիվանու ասածիցն էլ առավել,
Որքան գովասանք տան՝ է քեզի վայել,
Թեպետ Վրաստանի անունն է ելել,
Իսկապես, սիրունիկ չունի քեզ նման։

[ էջ 450 ]

ՂՈՇՄԱ

Սիրականի մոտ գնալը դյուրին է,
Բայց զատվիլը շատ դժվար է, սիրելի,
Սեր քաշողի խելք ու միտքը խորին է,
Մի ծածկված գաղափար է, սիրելի։

Աշխատողը գործից կքաղե արդյունք,
Քրտինքի փոխանակ թափելով արյուն,
Ճշմարիտ սիրո մեջ նախանձ, դառնություն
Չի պատահի, անհնար է սիրելի։

Ինչպես Սոսը Սոնդիպեին բարեկամ,
Այնպես սերը կավելանա ամեամ,
Եթե դու հեռանաս մի րոպե, մի ժամ,
Սիրահարդ ո՞ւմ նշմարե, սիրելի։

187՞

[ էջ 451 ]

ԳԵՂԵՑԻԿ

Ձայնդ հոգի կուտա, խոսքերդ նոր կյանք,
Երբ խոսում ես ճտվտալով, գեղեցիկ,
Երբեմն այցելես, ինձ տուր սփոփանք,
Կաքավի պես շորորալով, գեղեցիկ։

Հետևիր քույրիկիդ լավ օրինակին,
Մի զրկիր ուսումից խեղճի զավակին,
Բախտը ջախջախել է սրտիս ապակին,
Ապաքինե մեկ դեղ տալով, գեղեցիկ։

Քանի կենդանությանդ կրակը վառ է,
Քաղցր խոսիր, բարու մասին բարբառե.
Գոնե մեկ ժամ ուրախություն պատճառե,
Մի թողնիր Ջիվանուն լալով, գեղեցիկ։

1899

[ էջ 452 ]

ԱՆԳՈԻԹ ՍԻՐՈԻՆ

Անգութ սիրուն, ես քու ձեռքիդ տկար եմ,
Հարվածելով նորից տկար մի անիլ.
Ես ոչ բերդ եմ, ոչ էլ ապառաժ քար եմ,
Ամեն անգամ գնդակահար մի անիլ:

Արի, սիրուն, ինձ հետ սիրուն կյանք վարե,
Բայց այժմյան արարքդ շատ անհարմար է,
Քու մեկ տված ցավդ տանիլ դժվար է,
Իզուր տեղը ցավս հազար մի անիլ:

Թոքերուս մեջ մտավ լեզվիդ սլաքը,
Նսեմացավ մտքիս փայլուն ճրագը,
Ցավը կողոպտել է սրտիս ճրագը,
Մնացածն էլ ինքդ ավար մի անիլ:

Ջիվանս քա՜նի մի կոտրածդ շինեմ,
Ցաված զգացումով երգեր հորինեմ.
Մեկ օր բարկանալով կփոխարինեմ,
Ինձ էլ քեզի նման հիմար մի անիլ:

[ էջ 453 ]

ԳԵՂԵՑԿՈՒՀԻ

Աչք ու ունքերդ սև, ճակատդ լուսնակ,
Պռունկներդ որպես կեռաս, կաս-կարմիր,
Սիրուն քու թշներդ ալ ու սպիտակ,
Երկու խնձոր են նորահաս, կաս-կարմիր։

Մատներդ մեղրամոմ, ձեռքերդ բամբակ,
Կուրծքդ Էլբրուսի ձյուձի պես սպիտակ,
Նոճու ծառի նման դու բարձրահասակ,
Մաքուր բեհեզ հագուստդ խաս, կաս-կարմիր։

Ջիվանուն քույր, համեստափայլ հայ աղջիկ
Կարող եմ քեզ ասել հավերժահարսիկ,
Մեկ ձեռքդ առել ես ալ վարդի փնջիկ,
Մյուս ձեռքումդ գինու թաս կաս-կարմիր:

1907

[ էջ 454 ]

ԷՎԵԼ ԱԽԸՐ

Նոր բացված ծաղկի պես բացվեր ես, սիրուն,
Նայվածքդ Մրայոն կույսին է նման.
Նկատելով քեզի կանվանեմ գիտուն,
Նախատես աչքերդ ունելով նշան:

Նախանձում է արևն արդեն քեզ, տիկին,
Նա չունելով քո պես ազնիվ ամուսին,
Նարդոսը ծծերիդ տրվելով բաժին,
Նունուֆարը բացեց դատ և դատաստան։

[ էջ 455 ]

ՆՈՐ ՁԵՎԻ ԵՐԳ

Տեսել եմ, ով Եսթեր, երեսդ շքեղ,
Էրվել եմ բոցովդ, խփելով քեզ ձեռ.
Հզոր հորեդ, մորեդ սերվել քո զորեղ,
Ստեղծել է տերը քեզ խոհեմ, սեգ սեռ։

Տեղովդ լույս ես, կույս, մերթ տեսել եմ ես,
Հերմեսը բերել է քեզ հրե երես.
Է՞ր չէս եղել մեկ րոպե հոգետես,
Գերել ես սրտերը, խփել ես բևեռ։

— Սերովբը քո դեմըդ գրել է բողոք,
Հրդեհով խեղճերը չէ էրել ոչ ոք.
Սերըդ պեծ է, գոլ է, ծոցդ ձոր է շոգ,
Հոգ չէ, հողմը փչե թող բերե ձմեռ։

----------------------

Այս երգի մեջ չկան հեղինակի անունը կազմող Ջիվան տառերը:

[ էջ 456 ]

ԹԵՃՆԻՍ

Իմ տված հարգանքս, պատվելի ընկեր,
Անկեղծ, սիրելի պատիվ համարե,
Իմացիր, քո սերդ սրտումս է ընկեր,
Այրվելս քո տեսույդ, քեզի համար է:

Հագել, զարդարվել ես գեղեցիկ հալավ,
Ամեն մարդ քեզի կասե գեղեցիկ, հա, լավ,
Հոգիս կրակովդ, գեղեցիկ, հալավ,
Թե խիղճ ունիս, մեկ մտածե, հա մարե:

Զիվանիս վերքերն արիր քարանցավ,
Մարդ եմ ես, սիրելի, չեմ իսկ քար անցավ,
Քո մասին գլխիցս քանի՞ քար անցավ,
Լեր ցավակից, արի, թվե, համարե։

[ էջ 457 ]

ՂՈՇՄԱ

Թե կնեղանայիր քեզ սիրողներից՝
Թող գեղեցիկ չլինեիր, ով սիրուն,
Օրինակ առ, հոգիս, համբերողներից —
Բարկանալով՝ քեզի դու կանես նկուն։

Իշխանաց պարտեզից քաղված ծաղիկ ես,
Պարկեշտ մորից ծնված՝ բարի աղջիկ ես.
Փառք տուր քո արարչիդ, որ գեղեցիկ ես,
Տգեղներուն ո՞վ կը նայե, հիմար դուն։

Գեղեցիկը աշխարհիս մեջ հզոր է,
Թե ծնվել է պարկեշտ, գիտնական մորե,
Գեղեցկությանդ չափ շնորհք սովորե՝
Որ ունենաս ազնիվ, քաջ բարի անուն։/p>

[ էջ 458 ]

ԱՌ ՍԻՐՈՒՀԻՆ

Գթա, հոգյակ, այս է իղձս քեզանից,
Բաց, սիրուհի, երեսդ, ուրախանամ,
Տեսությունդ մի խնայիր ինձանից,
Բաց, սիրուհի, երեսըդ, ուրախանամ,
Քո ինձ հարազատ լինելդ իմանամ։

Լույս երեսիդ վերա ոսկի թելերը
Ամպի նման ծածկում են քո պատկերը,
Այդ բանը չեն ընդունիլ իմ աչքերը,
Բաց, սիրուհի, երեսդ, ուրախանամ,
Քո ինձ հարազատ լինելդ իմանամ։

Համեստ աղջիկ, ինձ մի տանջիր չարաչար,
Գիշեր, ցերեկ դադար չունիմ քեզ համար,
Ափսոս արի, ինձ մի ձգիլ քարեքար,
Բաց, սիրուհի, երեսդ, ուրախանամ,
Քո ինձ հարազատ լինելրդ իմանամ։

Գեղատեսիլ կերպարանքդ պահելով,
Վրդովում ես դու իմ սիրտը անխռով,
Մտերիմ եմ, լեր ինձանից ապահով,
Բաց, սիրուհի, երեսդ, ուրախանամ,
Քո ինձ հարազատ լինելդ իմանամ։

[ էջ 459 ]

Յար, քու էշխիդ կրակով էրվում եմ փարվանի պես,
Ինձ դու արել ես քեզ ավճի սարերի ջեյրանի պես,
Սպիտակ բիլոր բոխախդ տեսնողը հոգի կուտա,
Կարմիր, բարակ պռունգներդ յաղութի, մարջանի պես։

Քա՞նի կարողավոր մարդիկ, մեծ բեկ ու հարուն-զարուն,
Դռանդ ծառա են դարձել, եղել են խեղճ ու ջունուն,
Ի՞նչ ունես քոլ աչքերիդ մեջ, ի՞նչ զորություն կա թաքուն,
Դիմացդ գառի են փոխվում քաջերը ասլանի պես։

Առանց քեզ ապրել Ջիվանուն, գիտացիր անհնար է,
Երեխային մորը կաթից կտրելու չափ դժվար է,
Յար, քու տված հիշատակդ կյանքիս հետ հավասար է,
Սրտիս վրա պահում եմ միշտ ընտի՛ր արմաղանի պես։

1902

[ էջ 460 ]

ՊԱՌԱՎ ՅԱՐՍ

Հիսուն տարի ինձ հետ մեկտեղ
Լուծ է քաշել սիրով, համեղ.
Երգ ձոնեցեք, քաղաք ու գեղ.
Ելեք, պառավ յարս եկավ,
Փայլուն, անգին յարս եկավ։

Իսկ ընկեր է եղել ինձի,
Մարմնուս մեջ որպես հոգի,
Նվիրել է վեց հատ որդի.
Ելեք, պառավ յարս եկավ,
Ապավենս, սարս եկավ։

Գոհ եմ քեզանից, արարիչ,
Պարգևել ես մխիթարիչ,
Գերդաստանիս կառավարիչ,
Ելեք, պառավ յարս եկավ,
Ապավենս, սարս եկավ։

Բարեբարո և համեստ կին,
Աստված կամենա հայերին,
Խելքիս ու մտքիս հայելին
Ելեք, պառավ յարս եկավ,
Ապավենս, սարս եկավ։

[ էջ 461 ]

Ջիվանի, թունդ պահող պատվեր.
Միտքը ամփոփ, և խոսքին տեր.
Խելոք, համեստ և մարդասեր,
Ելեք, պառավ յարս եկավ,
Ամոթխած նուպարս եկավ։

1902

[ էջ 462 ]

ՉՏՎԻՐ

Սիրուն, վարդի ծառ եղար ինձ մի տերև չտվիր,
Չեկար հետս ման գալու, իմ թևին թև չտվիր,
Կուռ անց կացար մատիցս լոկ մի բարև չտվիր,
Սիրտս ու հոգիս մաշեցիր, օր ու արև չտվիր։

Կազմվածքս քանդեցիր դառն, ավերակ մնացի,
Եղա թշնամյաց մոտը այպ ու ծանակ մնացի,
Ես քո տեսուչդ, երեսիդ ծարավ, պապակ մնացի,
Ամպ եղար, երկինք թռար, այգուս անձրև չտվիր:

Մեկ օր ի՛նչպես պատահեց ճանապարհից սահեցիր,
Ակամա ինձ մոտ եկար, իբր սիրտս շահեցիր,
Սիրտ բաց անող, կյանք տվող, ճարտար լեզուդ պահեցիր,
Չար ու ցամաք խոսեցար, խոսքերուդ ձև չտվիր։

Երկար ատեն քու մասին ես կրեցի չարչարանք,
Դու ինձ վրա բարկացար, ես քեզ արի աղաչանք,
Ծոցիդ մեջի դրախտից զրկեցիր, անխղճմտանք,
Հյութալից նռներիցդ գոնե կեղև չտվիր։

Խեղճ Ջիվանս քեզ համար թողի ընկեր, բարեկամ,
Թողի սիրուն հայրենիք, դրացի, ազգ ու երամ,
Ծառայի պես դռնիցդ չհեռացա ոչ մի ժամ,
Ինձ չըվարձատրեցիր, չնչին պարգև չտվիր։

1900

[ էջ 463 ]

Ո՛Վ ՍԻՐՈԻՆ, ՍԻՐՈՒՆ

Աշխարհն ընդհանուր քո սիրույդ համար քաշում է փափագ, ո՛վ սիրուն, սիրուն,
Չի լինի քեզ պես ամենայն երկիր փայլուն արուսյակ. ո՛վ սիրուն, սիրուն,
Կստանաս համբավ, քիչ էլ սպասե, կուգա ժամանակ, ո՛վ սիրուն, սիրուն.
Փառք ու պատիվդ քեզի՛ կըհանձնեն քույրիդ նմանակ. ո՛վ սիրուն, սիրուն,
Եդեմյան ծաղիկ, հայրենի հողով սնված մանուշակ, ո՛վ սիրուն, սիրուն.
Հոգիդ անարատ, տեսքդ գերազանց, մեկ հատ օրինակ, ո՛վ սիրուն, սիրուն:

Սրտիս ու հոգույս մխիթարություն քեզանով է միշտ, ո՛վ դեղատու կին,
Հույսս դրած եմ ես բոլորովին սիրելույդ վրա, աշխարհատիկին։
Ազնիվ թագուհի, շնորհոք լեցուն, այցելությունդ է մեզ կաթոգին,
Զարգացած մտքով եվրոպացու պես, թեև ասում են քեզ ասիածին.
Ընտրում են քեզի շատ սիրահարներ աշխարհիս մեջը սրտով լալագին,

[ էջ 464 ]

Բացի քեզանից թե լույս էլ չինի, չէ մեզ ընդունակ, ո՛վ սիրուն, սիրուն:
Ի՞նչ կլինի արդյոք արժան համարես դեպի մեր կողմը գաս այցելության,
Փափագդ քաշող, տեսնո՞ւմ ես, շատ կան, պատկերդ ցույց տուր լինինք բավական.
Քեզ սիրողներուն դու մի չարչարիր, քիչ խնամք արա, անուշ սիրեկան,
Լո՛ւր պաղատանքս, ո՛վ իմ սիրուհի, վիրավոր սրտիս տուր դեղ ու դարման.
Ոչ դու մեզի պես կարող ես գտնել, և ոչ մենք քեզի մեկ համանման։

Ախ, պիտի տեսնի՞մ ես քու երեսդ, թե պիտի մեռնիմ թերի փափագով,
Այրում ես դու ինձ ամենայն միջոց անարատ սիրույդ անշեջ կրակով.
Գոնե ամիսը լուր տուր մի անգամ, տեղդ իմանանք փոքր նամակով,
Քեզի է կապված մի մեծ ընտանիք հաստատուն հույսով, բախտով, վիճակով,
Հասկացի միտքս թե ի՛նչ եմ ասում, քեզի խնդրում եմ ի՛նչ նպատակով.
Խոսքիս համեմատ շարժվիր, գեղեցիկ, գործե շարունակ, ո՛վ սիրուն, սիրուն:

Իշխանուհիներ աշխարհիս շատ կան` բայց մեզ անօգուտ, իմացիր հաստատ.
Նոքա ոտա՛ր են, չեն սիրեր սրտով, կեղծ ու պատիր են, արտաքին և վատ,
Ուրեմն մոտ եկ, դո՛ւ իմ սիրելի, իմ արենակից տիկին, հարազատ,
Քո սերդ սուրբ է, ո՛վ սիրուն անմեղ, բարքով ու վարքով, սրտով անարատ.

[ էջ 465 ]

Մաղթում եմ սրտով մնաս անխափան միշտ վեհ անունով անկախ ու ազատ,
Խղճալի երգիչ Ջիվանուս համար մնաս հաջողակ — ո՛վ սիրուն, սիրուն։

1881

[ էջ 466 ]

ՂԱԶԵԼ

Երբ դու գաս, ով անձկալի, բեհեզ կըհագնիմ այն օրը
Չափազանց կուրախանամ, վեր-վեր կըթռչիմ այն օրը,
Ե՞րբ պիտի լուսո նման ճակատըդ համբուրեմ, սիրուն,
Ծերացել եմ, վախում եմ, թե ես չըտեսնեմ այն օրը։

Թե գալու ես շտապե, տենչալի հոգյակ, շուտ արի,
Օդային ճանապարհով՝ եղիր աղավնյակ, շուտ արի,
Առավոտյան լուսաբեր, պայծառ արուսյակ, շուտ արի
Փարատե մտքիս խավարը, որ չը տրտմիմ այն օրը։

Ես, Ջիվանս, քեզ ծառա, դու լեր մեծափառ, տիկինս,
Անկարին կյանք պաբգևող սուրբ, անարատ մաքրածինս,
Դու միայն իմաց արա գալուդ օրը, իմ անգինս,
Եթե հիվանդ էլ լինիմ՝ տեղդ կըգտնիմ այն օրը։

1904

[ էջ 467 ]

ԳԵՂԵՑԻԿ

Մատներդ մեղրամոմ, թևերդ բամբակ,
Ծոցդ դրախտ եդեմական գեղեցիկ.
Սևաթույր ունքերդ լարված աղեղով,
Խարտյաշ աչքերդ կայծահան գեղեցիկ։

Բերանդ կաթնաղբյուր, պռունկներդ սեր,
Լեզվիցդ կբխեն քաղցրաձայն խոսքեր.
Երեսդ երկնային նկարած պատկեր,
Ատամներդ զուտ կարկեհան գեղեցիկ։

Վայելուչ հասակդ մի նոճի ծառ է,
Աստղդ արուսյակն է, բախտդ պայծառ է,
Քու սիրույդ կրակը աշխարհ կվառե,
Անհանգչելի հուր վառարան գեղեցիկ։

Թագուհի, Ջիվանուն ընդունիր ծառա,
Հանդերձդ սպիտակ ընտիր մետաքսյա,
Ոսկեթել հյուսքդ թիկունքիդ վրա,
Ման են գալիս շարան-շարան գեղեցիկ։

1902

[ էջ 468 ]

ԱՅՍ ԳԻՇԵՐ

Մատրվակ, բե՛ր ինձ գինի տուր այս գիշեր,
Մորմոքում եմ, սիրտս է տխուր այս գիշեր.
Ինձ մի բանով ուրախացուր այս գիշեր,
Գոնե չանցնեն ժամերս զուր այս գիշեր:

Շնորհք արա, մի ձանձրանար, գեղանի.
Լեր իմ ցավիս դու ցավակից, գովանի.
Բեր, մատրվակ, բեր գինին հին մառանի,
Վառ կրակիս սրսկե ջուր այս գիշեր:

Տուր թևդ ինձ, գեղեցիկս, սիրունս,
Անվանդ հետ պիտի կապեմ անունս.
Արդեն գիտե՞ս, որ չի տանիր իմ քունս,
Ել զբոսնենք, օդն է մաքուր այս գիշեր։

Հոգույս հատոր, բա՛վ է կրեմ քո ցավը,
Գերիդ դառնամ ու վառվիմ քու կամավը.
Ինձ սիրո՞ւմ ես, թե ոչ, ասա իրավը,
Տուր ինձ շուտով վճռական լուր այս գիշեր։

Լուր իմ խոսքս, խնդրում եմ խոնարհաբար,
Մի այլայլիր, ես չեմ խոսում անկատար.
Եթե լինելու ենք մեկմեկու համար,
Արի կապենք պայման ամուր այս գիշեր։

1882

[ էջ 469 ]

* * *

Մտա սիրելուս պարտեզը, ման եկա, խիստ դուր եկավ,
Դուր եկավ, շատ գեղեցիկ, գեղեցիկ պաղ ջուր եկավ.
Մեղմ ու քնքուշ զեփյուռը վաղ սկսեց յուր մեղեդին,
Մեղեդին լավ, լավ ու ազդու, ազդու ձայնը սուր եկավ։

Բացվել է ծաղկանց թագուհին, այգեպանը ողբում է,
Ողբում է խեղճ, խեղճ ու տխուր, տխրալի մեկ լուր եկավ.
Տարաբախտ երգչի սիրած առարկային կպավ մեղուն,
Մեղվի հետը, հետը խմբով, խմբով եղած թրթուր եկավ։

Վարդի թուփը չորացավ, սիրահարի աչքից հեռու,
Աչքից հեռու, հեռու տեղից, տեղիցը նա զուր եկավ.
Պատերազմեց վարդի համար թշնամու հետ բյուրավոր
Բյուլբյուլը քաջ, քաջի գլխին, գլխին սուր ու թուր եկավ։

1906

[ էջ 470 ]

ԳԵՂԵՑԿՈՒՀՈՒՆ

Շառագույն վարդ այտերդ խնձոր են դրախտային,
Համեստ վարքդ տեսնողը քեզ չի կարծիլ հողածին,
Նրան այնպես կըթվա հրեշտակ ես երկնային,
Ո՞վ կարող է չըսիրել քեզ նման գեղեցկուհուն։

Հիվանդը կառողջանա պատկերիդ մոտիկ տալով,
Ծաղկունք բարև կըբռնեն, երբ տեսնեն քեզ ման գալով.
Թռչունները դեմ կուգան, երգելով, պար խաղալով`
Ո՞վ կարող է չըսիրել քեզ նման գեղեցկուհուն։

Հոգեբուխ բերանիցդ կենդանություն կըբուրե,
Կյանք տվող, սնունդ տվող, կազդուրիչ կերակուր է,
Պռունկներիդ կաթիլը անմահության սուրբ ջուր է,
Ո՞վ կարող է չըսիրել քեզ նման գեղեցկուհուն։

Քեզ սիրում եմ սուրբ սիրով, պիտի սիրեմ, գեղեցիկ,
Ա՜խ թե դուն էլ ի՛նձ սիրես, ես կըլինեմ երջանիկ.
Ատամներդ մարգարիտ, շրթունքդ ալ-մեղեսիկ,
Ո՞վ կարող է չըսիրել քեզ նման գեղեցկուհուն։

Բոլոր մարդիկ եղբայր են քեզ համար, համեստ սիրուն
Դու խտրություն չգիտես, չես ջոկել ազգ ու անուն.
Սիրո վճիտ պարզ ջուրը և աղբյուրը դուն ես, դուն`
Ո՞վ կարող է չըսիրել քեզ նման գեղեցկուհուն։

1899

[ էջ 471 ]

ԳՈՎԵՍՏ ԳԵՂԵՑԻԿ ՄԱԶԵՐՈԻ

Տիրուհի, ակնարկող մարդկանց շրջակա,
Ցնծում կուտան ակնավայել մազերդ.
Լուսնյակի նման ճակատիդ վերա,
Կըփայլփըլին ոսկիաթել մազերդ։

Հոտով շահսպըրամ է քո բուրմունքդ,
Երկու արեգակ են երկու ակունքդ,
Տրված զորքի նման դեպի թիկունքդ,
Արշավում են միշտ անարգել մազերդ։

Եղիր Ջիվանիիս օգնող շուտահաս,
Ծպտյալ իշխանուհի, որպես Աթենաս,
Գեղեցկությանդ մեջ կազմելով մի մաս,
Նոր շուք կուտան ևս առավել մազերդ։

[ էջ 472 ]

ԳԱՆԳԱՏ

Քսան տարի քեզի համար երգ ասելով ձանձրացա,
Անգութ սիրուն, ես քու կողմից ոչ մի հարգանք չստացա,
Չարչարանքդ ես քաշեցի, վաստակդ օտարք կերան,
Անխիղճ, ապերախտ լինելդ, ափսոս, որ ուշ հասկացա։

Ինձի նման քանի՞ մարդիկ սիրույդ մասին զոհ եղան,
Եվ քանիսն էլ երկրե երկիր ընկած են թափառական.
Ամենևին քո հոգսդ չէ, անիրա՛վ թշվառական,
Մտածում էլ չես, թե վաղը գլխիդ ինչ փորձանք կուգա։

Ես հասկացա, դուն խավար ես, ինձ նման լուսի կարոտ,
Այսուհետև էլ քեզանից չեմ սպասում առավոտ,
Սուտդ ինձ հետ է եղել, ճիշտդ ուրիշների մոտ,
Վայ, հազար վայ իմ արևուն, որ հույս դրի քեզ վրա։

Խեղճ Ջիվանս քեզի համար ուժերս սպառեցի,
Կեղծ սիրովդ կրակվեցա, սիրտս ու հոգիս վառեցի.
Քու մասովդ մինչ համայնքին վիշտ ու ցավ պատճառեցի,
Բայց դու անգութ, անողորմած դուրս եկար կեղծ, խաբեբա։

[ էջ 473 ]

ՍՈԻՐԲ ՍԵՐԸ

Անբաժան է, մինչի մահ կաշկանդել է ինձ սուրբ սերը,
Իսկապես Անահիտը պարգևել է ինձ սուրբ սերը.
Երկաթե շղթա լիներ մեր կապը` հիմա կտրել էր,
Ոսկի շղթայից ամուր կապկապել է ինձ սուրբ սերը։

Ցոփության կղզիներում Աստղիկ, Կալիպսե տեսնելու
Չէ թողել, Մենտորի պես արգելել է ինձ սուրբ սերը.
Ափրոդիտյան բանակը երբ արշավել է ինձ վերա,
Միշտ ազդարար ու պահապան է եղել ինձ սուրբ սերը:

Ամեն մեկը երկնային աստղ ու լուսին է ինձ համար,
Վեց հատիկ ընտիր աղավնյակ տվել է ինձ սուրբ սերը.
Հոգեկան զվարճություն, բերկրանք տալով միշտ Ջիվանուն,
Ամեն անգամ, ամենայն ժամ ազդել է ինձ սուրբ սերը։

1895

[ էջ 474 ]

ՆԱ ԻՄՆ է, ԵՍ ՆՐԱՆՆ ԵՄ

Էլի միտքս վեր սլացավ, վառ սիրով տարվածի պես,
Հոգիս քնից նոր է զարթնել, աչքերը հարբածի պես.
Չկա ուրիշ մեկ գեղեցիկ իմ սրտիս սիրածի պես,
Նա իմս է, ես նրանն եմ, պիտի սիրենք մեկմեկու,
Ձեռք-ձեռքի տանք, կյանք վայելենք, սիրտ նվիրենք մեկմեկու։

Մտա սիրելիիս այգին, վարդ է բացվել վարդի մոտ,
Վառված երգում է սախակը, աշխույժով վաղ առավոտ.
Ես հոգյակիս եմ որոնում, նա էլ գիտեմ ինձ կարոտ.
Նա իմս է, ես նրանն եմ, պիտի սիրենք մեկմեկու,
Ձեռք-ձեռքի տանք, կյանք վայելենք, սիրտ նվիրենք մեկմեկու:

Երկհարկանի ապարանքի լուսամուտին եմ նայում,
Սիրտս տխուր սպասում եմ, նազելիս չի երևում,
Առանց նրան լույս ու արև ինձ համար չէ աշխարհում,
Նա իմս է, ես նրանն եմ, պիտի սիրենք մեկմեկու,
Ձեռք-ձեռքի տանք, կյանք վայելենք, սիրտ նվիրենք մեկմեկու։

1902

[ էջ 475 ]

ՄՈԻԽԵՄՄԵԶ

Այս բոլոր աշխարհի միջին չկա քեզ համար, սիրելի,
Աչքերդ ղամբար, սիրելի,
Ունքերդ կամար, սիրելի,
Բերանդ շաքար, սիրելի,
Լեզուդ մխիթար, սիրելի,
Իմաստուն ես և խելամուտ ամենաճարտար, սիրելի։

Շուշանի պես շատ գեղեցիկ զարդարվելուդ դարձա ապուշ,
Պռունկներդ մեղրից անուշ,
Այտերդ կարմիր ու քնքուշ,
Շուտ-շուտ արի, ոչ թե ուշ-ուշ,
Քաղցրությունդ է հատուկ նուշ,
Ինձ վառվռուն աչերովդ արիր սիրահար, սիրելի։

Խորհուրդդ ամեն մեկի մոտ մի բանալ՝ ասեմ, սիրական,
Մի գնար այլոց օթևան,
Խոսքեր մի լսեր զանազան,
Սանձ դիր լեզվիդ, մի բաց բերան,
Լավ անունը չունի վախճան,
Աշխատիր, որ քեզի չասեն տգետ, անկատար, սիրելի։

Էր քո նման մեկ գեղեցիկ, բայց՝ չպահեց իր անունը,
Քանդեց իր ձեռով իր տունը,
Ձմռան փոխարկվեց գարունը,

[ էջ 476 ]

Դեռ չլրացրած արբունը՝
Կտրվեց աչքերի քունը,
Կրակապաշտ թիթեռի պես եղավ շանթահար, սիրելի։

Նորա անունը լսեցի՞ր, հիմա քեզ լավ պահիր, աղջիկ,
Որ մնաս դու միշտ գեղեցիկ,
Լինիս թանկագին մեղեսիկ,
Մի լինիր անգետ ու ռամիկ,
Լեր ինչպես պալասան ծաղիկ
Ջիվանվույս լսես՝ կմնաս դու մշտադալար, սիրելի։

1873

[ էջ 477 ]

ԱՌ ՍԻՐԵԼԻՆ

Արի, սիրական, ինձ կառավարե,
Կյանքս, սիրելիս, քեզի համար է,
Սիրտս վիրավոր, անդեղ ու ճար է,
Հասիր, գովական, ինձ մխիթարե։

Գթա, սիրական, ինձ սիրահարիս,
Լեր մխիթարիչ անմխիթարիս,
Օգնյա գոնե պանդուխտ ջրատարիս,
Վաղուց՝ արևս, գիտցի, խավար է։

Եկ, եկ, սիրուհի, իմ անուշիկս,
Ւմ աննմանս, իմ աղունիկս,
Հաստատ իմացիր, ով գեղեցիկս,
Ջոկ սեր ունենալ՝ ինձ անհնար է։

Ես մնացի տխուր, հոգեհատոր,
Խղճա գոնե հույս տուր, հոգեհատոր,
Ինձ մորթել ես անսուր, հոգեհատոր,
Մի՞թե, գեղանի, սիրտդ հոժա՞ր է։

Ո՞ր աշխարհից ո՞ր աշխարհը ընկա,
Սիրույդ ձեռքիցը, ոչ թե ակամա,
Պանդուխտ, օտար եմ երկրի վրա,
Խղճա ինձ Ջիվանուս, կյանքս ավար է։

[ էջ 478 ]

ՕՐԻՈՐԴ

Երբ տեսնիմ պատկերդ, սիրուն օրիորդ,
Սիրտս կուրախանա, կստանամ ցնծում,
Եղջերու աչերդ՝ որպես մի որսորդ՝
Չտեսած վայրկյանս կըմնամ տրտում։

Մինչև ե՞րբ քեզանից հեռու մնամ ես,
Գթա ինձի, հոգյակ, մի անիլ անտես,
Կանգնիր, խոսիր դեմս երես առ երես,
Թե ես սխալված եմ՝ կխնդրեմ ներում։

Զիվանին եմ, երբ կլսեմ խոսալդ,
Կաքավի պես սիրուն, քնքուշ մանգալդ,
Քո աննշան մի շարժումդ, խնդալդ
Իմ սրտիս լարերուն կուտա ընդհարում։

[ էջ 479 ]

ՍԱԹՐԱՆՃ ՍԵՄԱՅԻ

Քսան տարվա հարազատս, անարատս, գառս արդար,
Հարազատս, անարատս, գառս արդար, հոգուս հարմար,
Անարատս, գառս արդար, հոգուս հարմար խելոք ճարտար,
Գառս արդար, հոգուս հարմար, խելոք ճարտար, սիրուն երկար։

Բնական է ունեցածդ, հատկության մեջ չկա շինծու,
Ունեցածդ հատկության մեջ չկա շինծու, հնարած քու,
Հատկությանդ մեջ չկա շինծու, հնարած քու, խելոք ես դու,
Չկա շինծու, հնարած քու, խելոք ես դու, ինքդ էլ ճարտար։

Գրավիչ կերպարանքդ տեսնողը կառնե հավատ ու հույս,
Կերպարանքդ տեսնողը կառնե հավատ ու հույս, աչքերդ լույս,
Տեսնողը կառնե հավատ ու հույս, աչքերդ լույս, իրանդ կույս,
Հավատ ու հույս, աչքերդ լույս, իրանդ կույս շքեղ մարմար։

Ջիվանի աշուղին նոր կյանք, հոգի կուտաս, սիրուն գառնուկ,
Աշուղին նոր կյանք, հոգի կուտաս սիրուն գառնուկ, խոսուն ճնճղուկ,
Հոգի կուտաս սիրուն գառնուկ, խոսուն ճնճղուկ, տեղդ կտրուկ,
Սիրուն գառնուկ, խոսուն ճնճղուկ, տեղդ կտրուկ, կենաց նեկտար։

1899

[ էջ 480 ]

ԳԱԼԵՆՏԱՐԻ

Հրդեհ գոյացավ աչքերիցդ, ո՛վ սիրուն աղջիկ,
Այրեց ու լափեց իմ իրանս, սիրասուն աղջիկ.
Համեստ ու բարի ծաղկափթիթ, սրբասուն աղջիկ,
Աշխույժ, գեղեցիկ, սիրտ գրավող, զգայուն աղջիկ։

Երանի նրան, ով քու դրախտիդ մեջը կապրի,
Ձմեռ թե գարուն՝ ոչ կըշոգի, ոչ էլ կըմրսի.
Խենթ ճգնավորը թող գնա սարերումը ճգնի,
Թող զրկվի քու տեսությունից, մեծանուն աղջիկ։

Ղրկե, օրիորդ, քու նկարդ մարդիկը տեսնեն,
Թող խնդրե ձեռդ աղաչելով հերոսի որդին,
Բովից, քուրայից, դուրս եկած ես, ոսկի ես անգին,
Շնորհքի առատ ընծաներով զարդարուն աղջիկ։

Իմաստուհի կույս, հոգեպարար տեսք ունիս հաստատ,
Սիրույդ կրակին չեն դիմանալ երկաթ ու պողպատ,
Հարուստը դեմդ դառնում է հեք, խղճալի աղքատ.
Այնքան ուժեղ ես բարոյապես, վառվռուն աղջիկ։

Նախնիք քեզ համար սրբությունը թողել են օժիտ,
Վատդ ուզողը վայրախոս է, անմիտ է, անմիտ,
Կույս անտառի մեջ հիանալի, տենչալի հովիտ,
Կանաչ, նորահաս, մատաղաշիթ, գալարուն աղջիկ։

[ էջ 481 ]

Է՞ր չես երևում, ո՞րտեղ ես դու, նազելի այծյամ,
Մերթ չես առաքում կամ մի նամակ, կամ սիրո պատգամ,
Երգիչ Ջիվանուն էլ չես հիշում, մոռցել ես անգամ,
Ձմեռ կենացս կյանք նվիրող նոր գարուն աղջիկ։

1902

[ էջ 482 ]

ՂԱԶԵԼ

Նազելույս ամպ է իջել արևի պես վառ երեսին,
Սգվորի պես սև շղարշ է ծածկել պայծառ երեսին.
Աչքերի և ունքերի սևությունը չէ՞ր բավական,
Որ նորից մութ քող է առել կույսը կայտառ երեսին։

Կաթնաբուխ բերանը փակ, աչքերն արդեն դալկացած,
Խավարը գիշերի պես պատել է պատկառ երեսին.
Մեկ տարի կա, չեմ գիտեր, հիվա՜նդ է, ինչ է տիրուհիս,
Կտրել է, վերացել է ժպիտը իսպառ երեսին։

Մարտը գարուն գիտնալով զգույշ չըպահեց ինքնիրան,
Գույնը որ թոթափել է, ցուրտն է պատճառ երեսին,
Տապալեց հույսդ օդապարիկի նման, Ջիվանի,
Հարավից հանկարծ փչեց ահռելի թարթառ երեսին։

1885

[ էջ 483 ]

ՍԻՐՈԻՀՈԻՆ

Բացի քեզնեն բաժին չունիմ աշխարհիս մեջ, ո՛վ սիրուհի,
Բայց ինչե՞ ն է, որ քու սերն է ինձանից հով, սիրուհի,
Ի՞նչ եմ արել որ կը մնաս խոսքիցս խռով, սիրուհի,
Իմ խղճալի կյանքիս համար դարձել ես մի բով, սիրուհի։

Այս ինչե՞ն է օտարներու համար լավ եմ, քեզի համար վատ,
Ինձանի՞ց է, թե քեզանից, արի պարզը խոսի ազատ.
Դեմդ կանգնած՝ աղաչում եմ որպես մի խղճալի աղքատ,
Ողորմանալ չես դու երբեք ինձի անգորով, սիրուհի։

Խնդրո՛ւմ եմ, լավ տեղեկացիր, ինձի մի նախատիր իզուր,
Քո այրված երիտասարդ երգչին մի թողնիր խեղճ, տխուր,
Բերանիցդ ելածներն սրտիս բանում են ինչպես սուր,
Քաղցր խոսալն քեզ համար դարձել է սով, սիրուհի։

Միշտ տոչորված ման եմ գալիս վիզս ծռած խղճուկի պես,
Սիրույդ նետերից ընկած եմ թևը կոտրած ճնճղուկի պես,
Լացով օրերս անցնում է որբ մնացած մանուկի պես,
Դառուցել ես իմ աչերուս արտասուքը ծով, սիրուհի։

Քեզի համար հավատարիմ մնում է աշըղ Ջիվանը,
Ով որ լինի մեզի ջոկող՝ աստված անե դատաստանը,
Բնականից կրակոտ է, գիտացիր, երգչի բերանը,
Վարվիր խոհեմ կերպով հետը, մի առներ նզով, սիրուհի։

1881

[ էջ 484 ]

ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ԵՐԳԸ

Ես քեզ տեսա մեջը այգուն,
Ճտվտալով ինչպես թռչուն.
Սրտիս սաստիկ դուր եկար դուն,
Ա՜խ, իմ սիրեկան, անուշ սիրեկան.
Կյանքիս հատորը դու ես աննման։
Վառա, վառա, ես վառա,
Կրակիդ ճարակ դառա,
Հանգստություն չունեցա,
Մինչ իմ կարոտս չառա։

Այն օրվանից չունիմ դադար,
Ինչ քեզ տեսա, գեղատիպար,
Իսկապես եղա սիրահար.
Ա՜խ, իմ սիրեկան, անուշ սիրեկան,
Կյանքիս հատորը դու ես աննման։
Վառա, վառա և այլն։

Աչքերիցդ մ ի կայծ թռավ,
Թռավ, սրտիս մեջը ընկավ,
Ինչ կանեմ չի հանգչիր բնավ.
Ա՜խ, իմ սիրեկան, անուշ սիրեկան,
Կյանքիս հատորը դու ես աննման։
Վառա, վառա և այլն։

[ էջ 485 ]

Փասիան ես ոսկեփետուր.
Աչքերիդ մեջը կըցոլա հուր,
Թագուհին ես թռչնոց հանուր,
Ա՜խ, իմ սիրեկան, անուշ սիրեկան,
Կյանքիս հատորը դու ես աննման։
Վառա, վառա, ես վառա,
Կրակիդ ճարակ դառա.
Հանգստություն չունեցա,
Մինչ իմ կարոտս չառա։

1884

[ էջ 486 ]

ԵՐԵԿՈՅԱՆ ԴԵՄ ԱՐԻ

Թե պիտի գաս, ո՛վ սիրելի, երեկոյան դեմ արի,
Շատ մի ուշանալ, նազելի, երեկոյան դեմ արի.
Ցերեկը փակվիր սենյակում, մի երևար ոչ ոքի,
Շատ շատերին չես հաճելի, երեկոյան դեմ արի։

Արևը նախանձելով այրել կուզե քո պատկերդ,
Զգուշացիր, երանելի, երեկոյան դեմ արի.
Ես ու դու, աստվա՛ծ միայն գիտնանք պիտի մեր գաղտնիքը,
Էլ չեմ ասում քեզ ավելի, երեկոյան դեմ արի:

Գիշերը հանգիստ, խաղաղ նստենք մի տեղ, զրույց անենք,
Իմ գեղեցիկ, իմ գովելի, երեկոյան դեմ արի.
Շոգերին դուրս է գալիս յուր բնիցը վատ սողունը,
Թունավոր օձը գարշելի, երեկոյան դեմ արի։

Թող օդը քիչ մեղմանա, քաղցր գեփյուռը թող փչե,
Բարձրապատիվ երևելի, երեկոյան դեմ արի,
Տարածե բազուկներդ եղբորդ՝ Ջիվանու վզով,
Սպիտակ շուշան փարելի երեկոյան դեմ արի։

1898

[ էջ 487 ]

ԱՉՔԵՐԴ

Խղճալի կին, ինձ ասա ի՞նչու կաչքեն աչքերդ,
Երևի մեկ սրտակից մարդու կաչքեն աչքերդ,
Ախ, գեղեցիկ, երանի թե գիտնայի ո՞ւմ կսպասես.
Դեպի հարավ, արևելք և հեռու կաչքեն աչքերդ։

Շարունակ հառաչում ես, տխրած անո՛ւմ ես ախ ՛ու վախ,
Մարգարիտ են վեր ածում աղբյուրներդ քնաթաթախ,
Ակնապիշ երկու ակունքդ սևեռում ես աջ ու ձախ.
Հո՞ր թե եղբոր, թե՞ սիրուն որդուդ կաչքեն աչքերդ։

Եկ Ջիվանուն քույր եղիր, իմացուր ինչ կա քեզանում,
Ի՞նչ ունես դուն Ճորայ Աղվանից հին աշխարհում,
Հասկացա, կենակիցդ գալու է, նրան ես սպասում.
Մեկ անարատ, աննման հոգու կաչքեն աչքերդ։

1902

[ էջ 488 ]

ԳԵՂԵՑԿՈՒՀՈՒՆ

Արիք, մարդիկ, տեսեք մեր հյուրանոցում,
Մեկ հատ գեղեցկության տիպար է իջել,
Անգին գոհար է իջել,
Մարգարիտ շար է իջել,
Երկու կարմիր այտերուն
Վարդ նունուֆար է իջել,
Լուսեղեն հագուստի վերա կապելու
Մեջքին արևային կամար է իջել։

Յուր նմանը ամեն տեղ չի գտնվի,
Այնքան թանկագին է, այնքան հարգելի.
Կենաց ծառ է, հոտով լի.
Դրախտի մեջ կբուսնի.
Սրա պես մեկ գեղեցիկ
Աշխարհի մեջ չի լինի.
Այդպես սիրուն, մարդուց դժվար թե ծնի,
Հրեշտակը երկնքից աշխարհ է իջել։

Ով որ հետը մի ժամ նստի միասին
Կյանք կառնե նորանից կրկին ու կրկին,
Չէ հասարակ հողածին,
Շնորհք ունի երկնային,
Գեղատեսիլ մի կույս է
Անապակ է գլխովին,
Արիք վաճառորդներ, արիք դրեք գին,
Մշտադալար ծառից նուպար է իջել։

1898

[ էջ 489 ]

ՍԻՐԱՀԱՐԱԿԱՆ

Լույս տուր մտացս լուսատեսիլ պատկերդ լուսնակ,
Ունքերդ աղեղնակ.
Դրախտի դուռը եկ մի պահեր խեղճի համար փակ,
Թող մտնի համարձակ.
Սերդ կրակ է, խոսքերըդ անգին քար են ազնիվ,
Սիրող ունիս անթիվ.
Երկնից նոր եկած լուսեղեն ես կամ թե հրեշտակ,
Մաքուր բան ես իստակ։
Վայելչահասակ, մեղրաբերան, այտերդ խնձոր,
Թարթիչներդ զինվոր.
Ընտիր իրանդ սպիտակ է, զերթ ձյուն ու բամբակ,
Մարմարիցը ճերմակ։
Տխուր օրերս քաղցրացնող, անարատ աղջիկ,
Լուսաճակատ աղջիկ.
Ծաղկանց թագուհի գեղատեսիլ վարդ ու մանիշակ,
Համասփյուռ, մեխակ։

1890

[ էջ 490 ]

ԳԱՆԳԱՏ

Խաղաղ, հանդարտ ուշք ու միտքս ցաք ու ցրիվ արիր, չքնաղ,
Տված վերքիդ դեղ ու դարման, պալասան չըդրիր, չքնաղ,
Տարաբախտ արկածյալ գլխի բազում փորձանք բերիր, չքնաղ,
Թե որ չըօգնեիր պիտի էլ ինչո՞ւ խոսք տվիր, չքնաղ:

Քեզ իմ տված սիրո պատվիս, գովասանքիս հազա՜ր ափսոս,
Նեղը ընկած ժամանակս դու ապաստան չեղար, ափսոս,
Միամիտ անմեղիս, անգութ, խաբեցիր չարաչար, ափսոս,
Թե որ չըօգնեիր պիտի էլ ինչո՞ւ խոսք տվիր, չքնաղ։

Քեզանից ես թե առնելով գնացի կրակը ընկա,
Ուժես վեր բան շալակվեցի, ծանր բեռի տակը ընկա,
Կրակից հազիվհազ պրծա խորունկ մութ ծովակը ընկա,
Թե որ չըօգնեիր պիտի էլ ինչո՞ւ խոսք տվիր, չքնաղ։

Կիսակենդան արիր ինձ դու, վրաս ճար չմնաց մեկ տե՛ս,
Հոգուս ջութակը խանգարվեց, մեկ հատ լար չմնաց, մեկ տ՛ես,
Հոյակապ շինությանս մեչ տարան, քար չմնաց մեկ տե՛ս,
Թե որ չըօգնեիր պիտի էլ ինչո՞ւ խոսք տվիր, չքնաղ։

Դադար, հանգիստ քնած էի, քունս խանգարեցիր, անգութ,
Համարյա լույսը չբացվեց, ճրագս մարեցիր, անգութ,
Թողիր Ջիվանուն անընկեր, ուրիշին տիրեցիր, անգութ,
Թե որ չըօգնեիր պիտի էլ ինչո՞ւ խոսք տվիր, չքնաղ։

1901

[ էջ 491 ]

Ո՞ՐՏԵՂ ԵՍ ԱՐԴՅՈՔ

Նախկին եղեցիկ նազելի դուն ո՞րտեղ ես արդյոք,
Թողիր տկարիս խեղճ երերուն , ո՞րտեղ ես արդյոք,
Չքնաղ, սիրատենչ, գեղանի, քու պատկերդ պայծառ,
Վարդից առավել, ո՛վ դու սիրուն, ո՞րտեղ ես արդյոք։

Անմեղ, անարատ աշխարհի մեղքից հեռու ես, կույս,
Դրախտի ծնունդ եդեմական, ցանկալի նոր բույս,
Հիանալի բժիշկ, տկարին ուժ, ցավագարին հույս,
Շտապիր, հասիր, ով բանիբուն, ո՞րտեղ ես արդյոք։

Խնդրում եմ, աղաչում եմ, նազելի, քիչ արի մոտիկ,
Լսել է ուզում Զիվանը քու երգելը մեղմիկ,
Մեր կողմը բուք է անտանելի, ձմեռ սաստիկ,
Բեր մեզի հետդ բարի գարուն, ո՞րտեղ ես արդյոք։

1906

[ էջ 492 ]

ՄԻ ՀԱՄԵՍՏ ՕՐԻՈՐԴԻ ՄԱՍԻՆ

Գեղեցիկ, աննման աղջիկ, քեզ շատ առանձին ես պահում,
Բայց դու ապրիս որ պատիվդ անբիծ, թանկագին ես պահում.
Շահասպրամ թուխ մազերուդ տակը նոր լուսին ես պահում,
Կարմիր կակաչ, ալ թշերդ արդյոք ո՞ւմ բաժին ես պահում։

Աստված գովել, ստեղծել է, արդեն գովական ես, սիրուն,
Գեղեցիկներու գլխավոր լինելու արժան ես, սիրուն,
Հրաշալի Սանդուխտ կուսին վարքովդ նման ես, սիրուն,
Նրա համեստ բնությունը և նրա հոգին ես պահում։

Կենդանության հոտ է բուրում, ծոցդ ծաղկալից հովիտ է,
Ոչ ոքի մի տերև չի տալ, այգեպանդ խիստ կրկիտ է,
Քու ունեցած գաղտնիքներդ միայն արարիչը գիտե,
Դժվար է բան իմանալը, խորհուրդդ մթին ես պահում։

Ո՞վ գիտե ինչպես մի կտրիճ՝ տեսությանդ ծարավ, պապակ,
Թափառում է տանդ շուրջը, վառվում թիթեռի նմանակ,
Մետաքսե թելերից գործված կերպասեղեն շորերիդ տակ,
Անշոշափելի սպիտակ, ձյունի պես մարմին ես պահում։

Դու Ջիվանուս մոտը երբեք տրտում, տխուր ման գալու չես,
Խնդալու համար ես ծնվել, ամենևին ողբալու չես,
Հարկավ մի ընկեր կունենաս, կուսակրոն դառնալու չես,
Մարդ տեսնի, թե դու ի՞նչ տեսակ, ինչ կերպ ամուսին ես պահում:

1907

[ էջ 493 ]

ՀԱՐՍ

«Հոգի ջան, բաց էլած վարդ, մանուշակ ես ինձ համար»

Շիրին

Նազելի, սիրե՛լի հարս, ոսկե կթխա ես ինձ համար,
Ֆարֆորից նոր դուրս եկած ընտիր սկա ես ինձ համար.
Երկնային պարգևատու տերից ընծա ես ինձ համար,
Թանկագին ակ մեղեսիկ, նոր շափյուղա ես ինձ համար,
Սամսոնի ուժը առնող մեկ Դալիլա ես ինձ համար,
Ես Ադամ՝ փառքից զրկված, դու մի Եվա ես ինձ համար։

Դու անգին մարգարիտ ես, քեզի թաղել են ավազում.
Հոգի ջան, այդ քու տեղդ ամենևին քեզ չի սազում.
Քեզ համար բարօրություն, երջանկություն եմ երազում,
Քնիցդ սթափվելու ինչո՞ւ արդյոք չես վռազում.
Կռվում եմ, ճիգ եմ թափում, պատիվդ փրկել եմ ուզում,
Թշնամու զորքով պատած Անարզաբա ես ինձ համար։

Ցերեկվա թափառողը, գիշերվա արթունը ես եմ.
Ցավերու տակ ճնշված, անհանգիստ անքունը ե՛ս եմ,
Բազեի ճանկից փախած վիրավոր թռչունը ե՛ս եմ.
Աշխարհում տեղ չունեցող անընկեր անտունը ե՛ս եմ.
Քու սիրուն կյանք նվիրող տարաբախտ Մեջնունը ես եմ,
Գեղանի, սիրատոչոր անգին Լեյլա ես ինձ համար։

[ էջ 494 ]

Քու սիրույդ, Ջիվանին եմ, հոգիս քեզ գրավ եմ ասել.
Պատանի ժամանակս խոստացել, իրավ եմ ասել.
Մանգալուդ, պտույտ տալուդ մեկ սիրուն կաքավ եմ ասել.
Ողջ գեղեցիկներու մեջ քեզ մեծահամբավ եմ ասել,
Սիրել եմ, պիտի սիրեմ, ես մի անգամ լավ եմ ասել,
Պարանոցես քաշ արած անգին շղթա ես ինձ համար։

1902

[ էջ 495 ]

ԵՐԳ

Դու ո՞ր վարդարանի վարգն ես, սիրահար սոխակդ ո՞վ է,
Ո՞րի տան ճրագի լույսն ես, ասա, թիթեռնիկդ ո՞վ է.
Ո՞րի ծոցումն է պահված քու գեղեցիկ նկարդ, չքնաղ,
Երանի ես գիտենայի թե քու հոգյակդ ո՞վ է։

Տեսած չեմ քեզ նման մեկը, տարազիդ տեսակը այլ է,
Դու ո՞ր խմբակի տիկինն ես, կենակից տատրակդ ո՞վ է.
Չըլինի՞ կույր սերը սիրտդ կապել է մի անարժանի հետ,
Դու որ այդքան տոչորում ես, քու այրող կրակդ ո՞վ է։

Ո՞րի ձեռքիցը խմեցիր դու սիրո նեկտարը հանկարծ,
Քեզ ո՞վ հարբեցրեց այդպես, խոսիր, մատրվակդ ո՞վ է.
Թե որ մի բան ուղիղ սրտով սիրում ես, Ջիվանի երգիչ,
Առանց սեր մարդ չկա երբեք, սիրե, խոտորնակդ ո՞վ է։

1901

[ էջ 496 ]

ՍՈԽԱԿ

Դուն էլ ինձի նման սիրահարված ես,
Միշտ կը լսեմ աղաղակդ, ով սոխակ,
Արդեն սիրույդ մեջը խելագարված ես,
Նորից վա՞րդն է նպատակդ, ով սոխակ։

Թիթեռից եռանդոտ, լավ չլինիս դու,
Քո սերդ նորա պես չէ իսկ ահարկու,
Դուն հպարտ, քո սիրականդ շատ քսու,
Էլ ի՞նչ լավ է օրինակդ, ով սոխակ։

Անհիմ սերը քաշելու է վերջը փուտ,
Անխիղճ սիրականս հոգի չունի զուտ,
Դուն էլ ինձ նման չես քաղեր օգուտ,
Զուր կանցընես ժամանակդ, ով սոխակ։

Վերջը Ջիվանուս նման կըմնաս տխուր,
Հազար կանչես` այնտից չես լսեր մեկ լուր,
Որքան երգես՝ աշխատանքդ կերթա զուր,
Անօգուտ է շարունակդ, ով սոխակ:

[ էջ 497 ]

ԱՍԻ-ԱՍԱՎ

Ասի, սիրուն, է՞ր ես տխուր,
Ասավ, սիրտս վիրավոր է,
Ասի նեկտար խմե մաքուր,
Ասավ՝ լավը չի, պղտոր է։

Ասի, սիրուն, քիչ կաքավե՛,
Ասավ՝ հերիք խոսիս, բա՛վ է,
Ասի, սիրուն, մարդդ լա՞վ է,
Ասավ՝ ծեր է, ալևոր է։

Ասի, սիրուն աղջիկ ես դու,
Ասավ, խելքից պակաս ես դու,
Ասի, սիրուն աստղիկ ես դու,
Ասավ՝ ոչ, նա լուսավոր է։

Ասի, սիրուն, եկ ինձ պաչե,
Ասավ, ամոթ է, ամաչե,
Ասի, Ջիվանուն ճանաչե,
Ասավ՝ ինձ ի՞նչ հարկավոր է:

1902

[ էջ 498 ]

ՆՎԵՐ

Իմ թոռ Լասիկին

Դրախտի տունկ, խնկի ծառ ես, Լուսա՛բեր,
Անուշահոտ մեկ բուրվառ ես, Լուսաբեր.
Ի՞նչ անեմ քեզ, ի՞նչ անուն տամ, հոգյակս,
Ոսկուց ձուլված գեղափայլ ես, Լուսաբեր։

Ծնողիդ նոր, անդրանիկը, նուպարը,
Նրանց անգին մարգարիտը, գոհարը,
Դու աստղերու աշխարհից ես վար իջել,
Նրա համա՛ր շատ պայծառ ես, Լուսաբեր։

Դու Գալուստյանց շառավիղ ես, մատաղ կույս,
Ստեփանյան բուրաստանից նորաբույս.
Արաքս գետի ալիքներից գոյացած,
Սիրո ծնունդ աշխույժ գառն ես, Լուսաբեր։

Ջիվանուց էլ մի մաս ունիս, անուշիկ,
Լևոնյանց տան արենակից շատ մոտիկ,
Սովորում ես մորըդ լեզուն խնդալով,
Թոթովելով կրբարբառես, Լուսաբեր։

1902

[ էջ 499 ]

ՄԻ ՊԱՏԿԵՐ

Սիրուն կնոջ՝ եթե չեղավ բարքը լավ,
Անշունչ պատկեր, գրչով քաշված նկար է.
Արտաքինը փայլուն, ներքին կողմը սյավ,
Կակաչ ծաղկին շատ նման ու հարմար է։

Գեղեցկությունը մի վաղանցուկ բան է,
Շքեղ, շուտ թարշամող վարդի նման է,
Անշնորհք սիրունը դատարկ աման է,
Նրան սիրող, սիրտ տվողն էլ հիմար է։

Ջիվան, ով որ ունի համեստ, բարի կին,
Աշխարհիս մեջը նա է մարդը առաջին.
Սիրուններից գոհ չես գտներր ամենին,
Երջանիկն հարյուր` թշվառն հազար է։

[ էջ 500 ]

ԹԵՐ ԵՎ ԴԵՄ

Ասի, սիրուն, է՞ր ես տխուր,
Ասավ, սիրտս վիրավոր է.
Ասի, ես բժիշկ եմ, թույլ տուր,
Ասավ, վերքս, վիրավոր է։

Ասի, սիրուն, եկ իմս լեր,
Ասավ, ներե, ունի՛մ ընկեր.
Ասի, վե՛ր կալ մեկ սիրո տեր,
Ասավ, այդ գործը ստոր է։

Ասի, մի համբույր նվիրես,
Ասավ, հետո ինձ կըտիրես.
Ասի, Ջիվանին կըսիրե՞ս,
Ասավ, ծեր է, ալևոր է։

1907

[ էջ 501 ]

ԳՈՎԵՍՏ ԱՐԱՔՍԻ ԴՍՏԵՐՍ

Այսուհետև ինձի լույս չէ հարկավոր,
Քանի որ քեզ ունիմ, ի՛մ ազնիվ հոգյակ, աչերդ արեգակ.
Թե ունիմ ցնծություն, քեզ եմ պարտավոր,
Դո՛ւ ես ինձ համար ամեն ժամանակ կենդանի ջութակ։

Րախ լինելուս պատճառը քեզ եմ համարում,
Որ տալիս ես սրտիս լարին ընդհարում.
Քիչ կըճարվի քեզի նման այս դարում,
Իմ սրտիս սիրելի դարձող հրեշտակ, սիրուն աղավնյակ։

Այտերդ անթառամ պարտեզի ծաղիկ,
Շրթունքներդ մեղրից, շաքարից անուշիկ.
Վերջապես ինձ համար, ով իմ գեղեցիկ,
Չկա ողջ աշխարհը քեզի նմանակ, դու ես միայնակ։

Քաղցրախոս թռչնիկներ անհամար, անթիվ,
Անուշ ձայնիդ համար քեզ կուտան պատիվ.
Պատկերդ գրավիչ, անունդ ազնիվ,
Դուն ես առավոտյան պայծառ արուսյակ, ուշիմ ընդունակ։

[ էջ 502 ]

Սերդ սուրբ է, միշտ անարատ ինձ համար.
Դուն համեստ ես, ավա՜ղ, ես եմ անկատար,
Քեզ կըսիրեմ բոլոր կյանքես հավասար,
Համոզմունքս է որպես մաքուր պարզ վտակ, վճիտ անապակ։

Ինչու տխրեմ, արդյոք, քանի որ դու կաս.
Քեզ ունեցող մարդը ի՞նչ ունի պակաս.
Հուսամ որ դու պիտի ապրիս անվնաս,
Ջիվանիիդ համար բախտով, հաջողակ, սիրելի տատրակ։

1880

[ էջ 503 ]

ԳԱԼԵՆՏԵՐԻ

Ո՛վ մարդ, հեռացիր խաբեբա, խարդախ սիրականից,
Օգուտ չի լինիր, խեղճ սիրահար, ձախ սիրականից,
Քեզ պես քանի անձինք խաբելով` զրկել է փառքից,
Փախիր ուրեմն, անամոթ, անվախ սիրականից։

Միշտ բամբասելով՝ քաղաքի մեջ խոսում է վատդ,
Ի՞նչ ես իմանում այդ քո մեծածախ սիրականից,
Ձեռքերը արյունլվա է տեսնում բոլոր աշխարհ,
Եկ, եկ, հեռացիր արենաշաղաղ սիրականից։

Մաքուր սերդ ափսոս չէ՞, հոգիս, որ նրան հանձնես,
Հեռու ման արի սև, մրաթաթախ սիրականից,
Անգութ սևամաղձի սուսերից քեզ նման, ով մարդ,
Շատին եղել է գլուխը ջախջախ սիրականից։

Անշուշտ Ջիվանս գիտում է, սիրույդ փոխարենը
Պիտի ճաշակես արյուն ու թարախ՝ սիրականից։

[ էջ 504 ]

Ո՞ՒՐ ԳՆԱՑ

Սարեր, խորունկ ձորեր խալեմ տվեք,
Իմ ըռընտիկ անուշ յարըս ո՞ւր գնաց,
Էս յարալի սրտիս մահլեմմ դրեք,
Թաժա ծաղիկ, անուշ յարըս ո՞ւր գնաց:

Մի խնձորի ծառ էր համով ու հոտով,
Ալ ճերմակ երեսով, շենքով, շնորհքով,
Շղվա սելվիի պես բոյով-բուսաթով.
Գեր, գնդլիկ անուշ յարըս ո՞ւր գնաց։

Սրափն եմ ավելցավ թալաշս, ցավս,
Չունքի ձեռնես թռավ ըռունտ կաքավս.
Ավճի եմ, փնտրեմ կըկորուցած ավրս,
Սարի եղնիկ, անուշ յարըս ո՞ւր գնաց։

1901

[ էջ 505 ]

ՅԱՐ

Տեյմոր ե՞փ, տեյմոր ե՞փ, ա՜խ, անիսաֆ յար,
Խոսք տաս՝ խաբես, հեռու ժուռ գաս դու ընձեն.
Էդպես որ հովցեր ես, ըսա, ի՞նչ խապար,
Գիտե՞ս, որ չես տեսեր վնաս դու ընձեն:

Չեմ տեսե քեզի պես թիթիզ թիրաքիմ,
Թաբիաթդ չես փոխե որ դու մեծ հեքիմ.
Իմ ամակս աչքդ բռնե բիլաքիմ.
Քի՞չ ես հոգել ատլաս ու խաս դու ընծեն:

Սրափն եմ, սրտիս մեջ բացեր ես յարա,
Քեզնեն սրտիս յարին չի էղնի յարա,
Էդպես, օր ինատիդ կայնիս կը վրա,
Շա՛տ կիմանաս էվել պակաս դու ընձեն:

[ էջ 506 ]

ՍԵԼՎԻՆԱԶ

Չինարի պես բոյդ բույսդ, Սելվինա՛զ,
Հագնիս-կապես դեմս իլվան կենես կը.
Սիրես կը խաղ ու տազ, քեմենչե ու սազ,
Կերթաս բախչաները սեյրան կենես կը:

Փենջերեցեն կանչես դավեթ կանես տուն,
Էշխիդ զարնվողին չես թողնի մազպուն.
Հազար երնեկ կուտամ են տղամարդուն,
Որ դու կուզես, ջանիդ ջանան կենես կը:

Երեսդ տեսնողին պետ չէ հաց ու միս.
Պաշարի ամբար ես, ամեն ինչ ունիս.
Ումրը կավելցնես ում հետ օր եղնիս,
Սրտով էխտիարին Ջիվան կենես կը։

1899

[ էջ 507 ]

ԲԱՌԱԽԱՂ

Հոնտիկ մոնտիկ, կոկիկ-մոկիկ յար,
Սևիկ-մևիկ վառ աչքերիդ կարոտ եմ.
Խորոտիկ-մորոտիկ մանրե՜–մնրիկ յար,
Շեկլիկ-մեկլիկ քու պատկերիդ կարոտ եմ։

Բերան-մերան երես-մերես կլորակ,
Գանգուր-մանգուր խոպոպներդ ոլորակ.
Գլուխ-մլուխ ճակատ-մակատ բոլորակ,
Կամար-մամար կեռ ունքերիդ կարոտ եմ։

Հալումաշ մի՛ անի, թութո՛ւշ– մումուշս,
Լեղկ ու մեղկ խոսքերով` անուշ–մանուշս.
Պստի-մստի կաքավ, պուպուշ-մումուշս,
Խաղիդ-մաղիդ, պարիդ-մարիդ կարոտ եմ:

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր. Ջիվանու քնարը: [Ստեղծագործությունների ընտրանի] / Կազմ., առաջաբ., տեքստ. համեմատ., ծանոթագր. ՝ Ա. Սահակյան; Խմբ.՝ Միք. Հարությույան; Նկ.՝ Ան. Գասպարյան։ «Հայպետհրատ»։ Երևան 1959
Տրամադրեց. Միքայել Յալանուզյան

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice