ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian
Ջիվանի

ՋԻՎԱՆՈՒ ՔՆԱՐԸ

Նախորդ էջԲովանդակություն  | Հաջորդ էջ

[ էջ 767 ]

[ էջ 768 ]

[ էջ 769 ]

Ջիվանին շատ արգասավոր ստեղծագործական ուղի է անցել և բեղմնավոր գործունեություն ունեցել` հատկապես գրականության ասպարեզում թողնելով հազարի մոտեցող երգ-բանաստեղծություններ, մեկ տասնյակից ավելի փոխադրված ու մշակված և ինքնուրույն գրած արևելյան դասական երգախառն սիրավեպեր, հայրենասիրական բնույթի հեքիաթներ ու զանազան այլ պատմություններ, որոնք ի մի հավաքելու դեպքում 4-5 ստվարածավալ հատոր կկազմեն: 1900 թվին լույս տեսած «Ջիվանու քնարը» լիակատար հավաքածուի առաջին հատորի նախաբանից իմանում ենք «ամբողջ հրատարակությունը նախատեսված է բաժանել տաս հատորի` ինը չափածո, իսկ տասներորդը` արձակ...», որը սակայն երկրորդ հատորի տպագրությունից հետո դադարեցվեց ու այնպես էլ մինչև իր կյանքի վերջը Ջիվանուն չվիճակվեց իրականացած տեսնել իր փայփայած երազը` ստեղծագործությունների ամբողջական հրատարակությունը: Այժմ, մահվան հիսունամյակին հրատարակվող այս մեկ հատորյակի նախատեսված շրջանակից դուրս չգալու նկատառումով կազմողը աշխատել է ջոկել և ընթերցողին ներկայացնել հեղինակի առավել հաջողված գործերը, դուրս թողնելով ոչ միայն գաղափարական ու գեղարվեստական նվազ կարևորություն ունեցողները, այլև բավականին կատարյալ բազմաթիվ երգեր. Այսպիսով.

1. Ժողովածուի նյութերի կեսից ավելին սովետական շրջանում առաջին անգամն է ներկայացվում ընթերցողին, իսկ մեկ քառորդից ավելին` բոլորովին նոր է տպագրության հանձնվում:

2. Թե՛ հին և թե՛ նոր լույս տեսնող նյութերը համեմատված են արխիվային և տարբեր հրատարակությունների ժամանակ, մամուլում, հանդեսներում ու զանազան երգարաններում լույս տեսած տարբերակների հետ և լրացված ու ընտրված են հավանականները:

3. Վերականգնված են ժամանակաշրջանի քաղաքական ու գրաքննական խստությունների պատճառով աղավաղումներով, կրճատումներով ու փոփոխություններով տպագրված երգերի իսկական վիճակը:

4. Ժողովածուն, թեև հեռու է ամբողջական ու անթերի լինելուց, բայց այնուամենայնիվ ընտրված նյութերի թե՛ քանակի և, որ գլխավորն է, թե՛ գաղափարական ու գեղարվեստական արժանիքների տեսակետից ամենահարուստ ու ամենակատարյալն է մինչև այժմ եղած հրատարակություններից:

[ էջ 770 ]

* * *

Ջիվանու երգերի ու բանաստեղծությունների մեծ մասը այլաբանական իմաստով հորինված գործեր են, որոնց մեջ գործադրված փոխաբերական հասկացողությունների տակ անց է կացված հեղինակի հասարակական միտումները: Մինչև Ջիվանին էլ, այլաբանական խոսքը, որպես մտածողություն, օգտագործվել է ժողովրդական երգիչների, աշուղների և բանաստեղծների կողմից, թե՛ բանահյուսության, և թե՛ գրավոր խոսքի մեջ: Սակայն ժամանակաշրջանի քաղաքական խստությունները հարկադրել են Ջիվանուն ավելի հաճախ դիմելու այդ միջոցին:

Այլաբանորեն գրված բոլոր երգ-բանաստեղծությունները միանգամայն հասկանալի են եղել ժամանակակիցների համար, որովհետև արծարծած դեպքերը, անցուդարձերը տեղի էին ունենում այդ ժամանակ: Հեղինակի ստեղծագործելուց անմիջապես հետո նրա մոտ սովորելու էին գալիս բոլոր աշուղներն ու ժողովրդական երգիչները, ապա ինքը` բանաստեղծը, և նրան շրջապատողները տանում էին նորաստեղծ երգը ու նրա բուն գաղափարները ժողովրդի մեջ տարածում:

Արդի ընթերցողին օգնելու նպատակով տալիս ենք այլաբանորեն գրված մի շարք երգ-բանաստեղծությունների ծանոթագրությունները, առանց այն սպառիչ դարձնելու հավակնության:

«Թող մնա» — ակնարկում է հայ ժողովրդին, որը որպես թմրած առյուծ ընկել է խաժամուժ կենդանիների մեջ: Նա, իհարկե, մեռած չէ, որ վեր չկենա, այլ գլորվել է միայն, կհնչի նրա զարթնելու ժամը:

«Մի աստղ» — Արևելքից ծնվող աստղը պետք է հասկանալ Հայաստանը, լուսինը` Թուրքիան, յոթ մեծ-մեծ աստղերի ժողովը` Բեռլինի 1878թ. վեհաժողովը. Արևը` Ռուսաստանն է. ազատված չորս աստղերը` Բալկանյան ազգերն են:

«Քեզ եմ սիրում» — երգի մեջ սիրելի պառավը` Հայաստանն է:

«Հո տառը» — այս ծածկագիր բանաստեղծության մեջ «հո տառը» Հայաստանն է, որը թեև պետականությունից զրկված, հպատակ է դառնում «թո-ին» (Թուրքիա), բազմատեսակ հալածանքի է ենթարկվում, կոպիտ «քեն» էլ (քրդերը) խիստ անհանգստացնում են նրան, սակայն նա չի զրկվում առնականությունից, հենված Թուրքիայի հետ պատերազմի մեջ մտած ու հաղթանակած «ռա»-ի (Ռուսաստան) բարյացական վերաբերմունքի վրա, հույս ունի մեծ «Կեն»-ի շնորհիվ (նկատի ունի Ռուսաստանը) «Սե»-ի (Սերբիա) ու «Բեն»-ի (Բուլղարիա) ազատագրվել ու «բառագրքում» տեղ գտնել ազատ:

«Ուրախ երգ» — ամենայն հավանականությամբ մատնանշում ռևոլյուցիոն շարժման վերելքը, որը 1890-ական թվականների վերջերին համակել էր ողջ Ռուսաստանն ու Արևմուտքում զգալ էր տալիս իրեն բան-

[ էջ 771 ]

վորական գործադուլների միջոցով: Մայիսմեկյան ցույցերն ու գործադուլները ճնշված ազգերին «Գարուն» էին ավետում: Դատելով նախանշաններից, Ջիվանին հույս է տածում, որ այն իր «տխուր» հայրենիքի համար էլ նոր ավետիք ու ցնծություն է բերելու:

«Երգ» — այս բանաստեղծության մեջ Ջիվանին «սաստիկ» ցուրտ ասելով նկատի ունի ցարական Ռուսաստանը, «կրակ»` Թուրքիան ու «ահագին ծով»` Անգլիան, որոնցից ամեն մեկը «մեկը մեկին հակառակ» Հայկական հարցի լուծման մեջ ուներ որոշակի շահագրգռվածություն:

«Բարձրացիր» — «Առավոտյան լուսաբեր աստղը» հայ ժողովրդի խորհրդանշանը համարելով` Ջիվանին կոչ է անում նրան բարձրանալ երկնքի վրա, քանի դեռ հեռու են ամպերը և ուղիղ է ճանապարհը: Լուսնթագի, զոհալի ու երևակի (Բալկանյան ազատագրված ժողովուրդների) նման պետք է բարձրանալ երկնակամարի վրա և իր դեմքը ցույց տալ, մյուս աստղերի մեջ իր տեղը գրավել, մտնել ազգերի «կարավանի» մեջ, ինքնորոշման իրավունք ստանալ. սա է աշուղի ցանկությունն այս բանաստեղծության մեջ:

«Սիրուն հավ» — Ջիվանին համոզված է, որ եթե քաջ արծիվը (Ռուսաստան) չօգնի սիրուն հավին (Հայաստան), ապա սա տաճկական ուրուրի բռնակալությունից չի կարող փրկվել: Չպետք է հավատալ խորամանկ աղվեսին (Անգլիա), որին գրավում է հայկական լեռնաշխարհի հարստությունը և ոչ ժողովրդի ճակատագիրը: Չպետք է ազատություն ստացած այլ ժողովուրդների նման պահել իրեն, նրանց նման պահանջներ ներկայացնել, քանի որ առանց «ասեղների», կամ այլ խոսքով ասած` առանց զինվելու, հնարավոր չէ ազատություն նվաճել:

Աշուղը հավատում է, որ ուրուրն (Տաճկաստան) ի վերջո կորչելու է, ազատագրված հայ ժողովուրդը կուլտուրապես ավելի է զարգանալու, բարգավաճելու է հայրենի երկիրը:

«Մեծ Քեռի» — հեղինակը «Եվրոպայից» հույսը կտրած` հայացքը հառում է դեպի «Ռուսական քեռին»` նրանից սպասելով հայ ժողովրդի փրկությունը:

Սրբուհի մորաքույրը (Սերբիա), Բուրգենը (Բուլղարիա), սիրուն Ելենան (Հերցոգովինան) ազատագրվեցին այդ «Քեռու» շնորհիվ, իսկ Հայկուհին (հայ ժողովուրդը) ու Մարիամը (Մակեդոնիան), որոնք դեռևս արյուն են լալիս, ռուս քեռու անունը շրթուքներին` հույսով սպասում են իրենց ազատագրմանը:

«Հարավի մրմունջը» — պատկերում է նախկինում բախտակից, այժմ ազատագրված քույրերի (Բուլղարիա, Սերբիա) մեջ Հայաստանի ունեցած ծանր վիճակն ու որևէ տեղից օգնություն ստանալու անհուսությունը, և դիմելով քաջ Հյուսիսին (Ռուսաստան), օգնություն է հայցում նրանից:

[ էջ 772 ]

«Վեցյակ» — առերևույթ կարծես քիչ բան ասող այս վերնագրի տակ «Ես մի քաղցր ձայն լսեցի» երգում աշուղը արձագանքում է ռուսական առաջին հեղափոխությանը: Նա զգում է, որ հյուսիսից «քաղցր և վերանորոգիչ ձայն է» լսվում և տեսնում է, որ «մարդիկ այլևս հների պես առաջվանը չեն, այլ նոր հոգի են ստացել»: Աշխարհը նոր երկունքով է բռնված ու երկունքից «գոռում է սարն ահագին»: Սակայն Ջիվանին կասկածելով հեղափոխության հաջողությանը` մաղթում է, որ ահագին սարը առյուծ ծնի և ոչ թե «մուկ չնչին»:

Նույն ժամանակաշրջանին և նյութին է պատկանում «Ես մի քաղցր ձայն լսեցի» երգը:

«Համբերություն» — երգիչը ցավերին տոկալ ու համբերել է քարոզում: Խորհուրդ է տալիս նմանվել պարսից դեմ ահեղ մարտերում նահատակված Վարդան Մամիկոնյանի քաջ եղբորը` Հմայակին, ապա հետևել Ղևոնդ Երեցին ու սուրբ Սահակին, որոնք հոժարակամ կրեցին պարսից բանտային կյանքի սարսափները:

Սարյակ — Սարյակը իր հայրենիքի սահմաններում ապրող հայ ժողովուրդն է, որին հեղինակը խորհուրդ է տալիս գալիք վտանգի առաջ զգաստ լինել, ժամանակավորապես մի ապահով տեղ գտնել, մինչև կանցնի հեղեղը:

«Քյոր-Օղլի» — ակնարկում է հայերի քրիստոնություն ընդունելու ժամանակ` 1-ին դարում Տիգրան թագավորի վրիժառությունը վայրաբարո Հռչե թագավորից: Այնուհետև պատմում է, թե ինչպես քաջ Վարազդատը թռել է «22 կանգուն» լայնություն ունեցող գետի վրայից, ինչպես պարսից զորքերը խորամանկորեն թակարդ է գցել ու կոտորել հայոց սպարապետ Գայլ Վահանը: Փառաբանում է Բագրատունի Սմբատ նախարարին, որն սպանեց հայոց թագավոր դառնալու մոլուցքով բռնված Մերուժան Արծրունուն` նրա գլխին որպես թագ` շիկացած օղակ անցկացնելով:

Հիշատակում է նաև հռոմայեցիների դեմ 2-րդ դարում մարտնչող Տիգրան 2-րդի կամակից Միհրդատ Պոնտացուն:

«Հայ աշխարհ» — հայ բազմաչարչար աշխարհի անօգնական վիճակն է ակնարկում, տխրահռչակ 61-րդ հոդվածը, մեծ պետությունների կողմից «բարենորոգումների» մեծադղորդ խոստումները, որ նկատելի հետք չթողեցին Հայաստանի փրկության գործում և Հայաստանը որպես նորից «ոչխար» մնաց պատառող գայլերի մեջ: Նշում է նաև Զեյթունի կիսանկախ վիճակը, որ նվաճվեց նրա հայտնի հերոս Պապիկի անձնուրաց կռվողների ջանքերով: Եվրոպայի ուշադրությունը «Հայկական հարցի» վրա գրավելու համար դիմելու քաղաքականությանը տուրք է տալիս նաև Ջիվանին:

[ էջ 773 ]

«Հայաստան» — նկատի ունի անլուր կոտորածների, զրկանքների թատերաբեմ դարձած հայոց «Բնիկ մայր երկիրը», որի որդիներից շատերը պանդխտության գավազանը ձեռքներին թափառում են աշխարհե աշխարհ, իսկ «հայից թափուր» Հայաստանը սևեր հագած լաց է լինում, դառնալով դիվանոց, այլոց սիրուհի` սրտի մեջ ցցված ունենալով երկսայրի սուրը:

Երկիրը օգնություն է կանչում իր որդիներին, իսկ «Կարմիր բորենին» (արյունոտ սուլթան) չի ուզում նրանց ճանապարհ տալ: Երկերեսանի Անգլիան էլ, Քրիստոսին թշնամիների ձեռքը տվող հրեից Պիղատոս թագավորի նման, հեռու կանգնած բնաջնջվող ժողովրդի հեծեծանքը:

Դրախտանման Հայաստան երկրի բոլոր ծայրերից ժայթքող կրակը խոցում է հայրենասեր հեղինակի սիրտը:

«Հին երգերից մեկը» — գրված է մեծ եղեռնի (1896թ.) ժամանակ, երբ տաճկահայաստանում հոսում էր հայ մարդու արյունը:

«Մի ագռավ» բանաստեղծության մեջ թունոտ ծաղր կա «Կովկաս սարի գլխին նստած ագռավի»` Կովկասի փոխարքայության պաշտոնական օրգան սևհարյուրակային` «Կովկազ» լրագրի խմբագիր ոմն Վիլիչկոյի հասցեին, որը կառավարչապետ իշխան Գոլիցինի ժամանակ ծայրահեղ հայահալած քաղաքականություն էր վարում և իր թերթի էջերում ծաղր ու ծանակի էր ենթարկում քաջ բազեի — հայ ժողովրդի ազգային հպարտությունն ու դարավոր կուլտուրան: Որքա՜ն լուտանքներ են տեղացել հայ ժողովրդի գլխին այդ սև մամուլի էջերից և որքա՜ն մարդիկ են տուժել դրանից:

«Պանդուխտ եղբայր» — պանդխտությունը համարում է չարիք և պատվազրկության աղբյուր: Մատնանշելով հայրենիքից աստանդական դարձած պանդուխտներին, հեղինակը ցույց է տալիս «տեղացոց» հետ մրցելու նրանց անկարողությունն ու տնտեսական պայքարի մեջ տոկալ չկարողանալու հետևանքով ստացած ծանր վիճակը: Ապա խորհուրդ է տալիս վերադառնալ հայրենիք, քանի որ բախտ որոնողը եթե հայրենի երկրում բիբլիական Սամսոնի ուժն էլ ունեցած լինի, կամ իմաստությամբ հիշեցնի Արիստոտելին ու Պլատոնին, ապա օտարության մեջ նա դառնում է ողորմելի ու չնչին, ետին մարդ: Արծիվն օտարության մեջ ճնճղուկ է դառնում, ասում է Ջիվանին:

«Իմ որդուն» — այս ոտանավորի մեջ աշուղը նախնյաց նվիրական սովորությունները վառ պահելու պատգամ է տալիս իր որդուն: Հանձնարարում է ուսումնասիրել հայրենի երկրի պատմական վայրերը: Սիրել իրեն սնող հայրենիքը և ոչ կուրորեն տարվել Հռոմի ու Ամերիկայի փքուռուցք անուններով:

«Երկուսը մեկ են» — որպես անձնուրաց հայրենասեր Ջիվանին յուրաքանչյուր բանաստեղծության մեջ, այս կամ այն կերպ, անդրադառնում է հայ ժողովրդի ապրած դառնագույն շրջանների պատկերմանը:

[ էջ 774 ]

«Երկուսը մեկ են» բանաստեղծությունը Ջիվանու մեջ արթնացնում է հուշեր իր ժողովրդի անցած ճանապարհի ու աղետավոր օրերի մասին:

Ի՞նչ իմաստ ունի կյանքն այն մարդու համար, որի լեզուն լուռ է, ձեռքն ու ոտքը կապած, գերեզմանն ու բանտը մեկ չեն, եթե մարդը պետք է մեռնի, ապա մեռնում է նա անկողնում գլուխը բարձի վրա դրած կամ կախաղանի վրա՝ երկուսը մեկ է: Ուստի երանի նրանց, որոնք ոչ թե հակում են իրենց գլուխը ճակատագրի հարվածների տակ, այլ ծառանում են զրկանքի ու բռնության դեմ:

Բանաստեղծությունն ամբողջովին վերցրած տոգորված է լավագույն կյանքի համար պայքարելու տրամադրությամբ:

«Իմ կարծիքը» — գրված է Ռուսական առաջին հեղափոխության անհաջող ելքի տրամադրության տակ. Հեղինակը գալիս է այն եզրակացության, որ «գործը դեռ հասունացած չէր, դեռ անժամանակ էր, քանի որ «խավարը դեռ շատ ուժեղ էր»:

«Սգավոր կույսին» — Ջիվանին գտնում է, որ Բալկանյան ժողովուրդների ազատագումը Թուրքիայի լծից՝ հայերի ազատագրման երաշխիքն է միաժամանակ: Նա կոչ է անում «Սգավոր կույսին» (Հայաստան) օգտագործել հարմար ժամանակը և իր երեսն «առանց երկյուղի ցույց տալ աշխարհին», ազատվել ստրկությունից, և եթե հովանավոր պիտի ընտրել, ապա այն ընտրել դավանակի ազգից միայն:

«Հարազատ զավակ» — ըստ աստվածաշնչի առասպելաբանության, Ասվերոսը, որ թագավորում էր Հնդկաստանից մինչև Եթովպիա ընկալ 127 գավառների վրա, իր թագավորության 3-րդ դարում, իր պալատում խնջույք է սարքում իշխանների և ծառաների, պարսից ումարաց մեծամեծների համար: Խնջույք է սարքում նաև թագուհի Վաշթին՝ պալատական կանանց համար: Գինով հարբած թագավորը, երբ կնոջը հրավիրում է իրենց մոտ, որ հյուրերը զմայլվեն նրա գեղեցկությամբ, Վաշթին չի գալիս: Թագավորը խիստ ջղայնանում է ու պալատականներից մեկի խորհրդով մունետիկներ է ուղարկում, որպեսզի նոր թագուհի բերվի իր հպատակ ազգերից, որը լինի գեղեցիկներից գեղեցիկը:

Ի թիվս բազմաթիվ կույս աղջիկների, պալատ է բերվում Մուրթքե անունով հրեայի հորեղբոր որբ աղջիկը՝ Եսթերը, որին խիստ հավանելով, թագավորը դարձնում է իր առաջին կինը — Վաշթիի փոխարեն:

Անցնում է որոշ ժամանակ և թագավորի կողմից բարձր պատվի արժանացած իշխան Համանը զայրացած իրեն խոնարհություն չանող Մուրքեի վրա, հրեաներին բնաջնջելու համար թագավորից հրաման է կորզում, սակայն Եսթերը խափանում է նրա չար դիտավորությունը՝ թագավորին ու Համանին խնջույքի հրավիրելով իր մոտ և պատճառ դառնալով, որ Համանը կախվի այն ձողից, որը պատրաստել էլ ինքը՝ Համանը, Մուրթքեին կախելու համար:

Եսթերի մասին ակնարկելով, Ջիվանին գտնում է, որ ազգությունն

[ էջ 775 ]

ունի իր ուրույն գույնը և այն պետք է բարձր դասել սեփական կյանքից. Եսթերի նման պետք է վարվի ազգի յուրաքանչյուր անդամը:

«Մուխամմազ» — խոսում է Հայկական հարցը սպեկուլյացիայի առարկա դարձրած եվրոպական ազգերի անհեթեթ վարմունքի մասին, որոնք հայ ժողովրդի անշարժությունը վերագրում են նրա թմրածությանը, շարժումը (իրենց դրդման հետևանքով) համարում են ավազակություն, կրած ջարդը՝ տեղին, իսկ հանուն հայրենիքի ընկածներին՝ էշի նահատակ: Նա գտնում է, որ մեծ ազգերը կեղծ սրտացավություն են երևան բերում հայերի նկատմամբ, ասելով, որ նա ինքնավարության աստիճանին դեռ չի հասել:

«Խնամին» — այս բանաստեղծությունը հեղինակը գրել է նկատի ունենալով այն դաժան իրականությունը, որ ստեղծվել էր 1877-78թթ. Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ ռուսական սահմաններին կից շրջանները ռուսական զորքի կողմից գրավելուց ու այն թողնելուց հետո:

«Խնամին»՝ ցարական Ռուսաստանը, երբ մտավ արևմտահայաստանի հայաշատ վայրերը, հայերը թևավորվեցին, համոզվելով, որ թուրքական դարավորարյունոտ լծից ազատվեցին վերջապես: Սակայն ռուսական զորքի նահանջից հետո, թուրքական կառավարությունը սկսեց հայերին անխնա հալածել, կոտորել ու բռնագաղթի ենթարկել: «Հեռատես», «Քաջ» ու «Մեծանուն», միաժամանակ իր «շահի մեջ գիտուն» խնամին՝ ցարական Ռուսաստանը, լքեց հայերին, թողնելով նրանց թուրքական բարբարոսների լծի տակ:

«Մարտ ամիս» — այս երգը հեղինակը գրել է 1887թ. Մարտին, երբ ռուս միապետական կառավարության հրամանով փակվեցին հայոց դպրոցները:

«Քաջ բազե» — բազեն Հայաստանն է, որը բազում դարեր բազմաթիվ թշնամիների ձեռքից մազապուրծ լինելով, պահպանեց իր քաջազնական ոգին: Սակայն սև օձը (Թուրքիան) Հայաստանը տիրապետելով՝ կաշկանդեց նրան իր բնում: Արծիվը (Ռուսաստան), արագիլը (հավանաբար Ֆրանսիա) ու ծովային մեծ բադը (Անգլիա) պիտի օգնեն Հայաստանին, նոր աշխարհի սագերը (հավանաբար հայ երիտասարդությունը) ոտքի են ելել, չնայած սև օձին օգնում կամ սկսված գոտեմարտում չեզոք դիրք են բռնում գեր կռունկը (Ամերիկան), ջայլամն (հավանաբար Գերմանիան) ու կարապը (հավանաբար Իտալիան):

Օտոմանյան վիշապի (Թուրքիա) նոր բարեկամ ջայլամը, առանց արյուն թափելու խլեց նրանից նրա թանկագին «երկու ծամը» (հավանաբար Բեռլին – Բաղդադ – Բասրա երկաթգծի շինարարության մոնոպոլիան), իսկ դրանից կատաղած՝ վիշապն իր բարկությունը թափեց բազեի՝ հայ ժողովրդի վրա: Ի վերջո, Ջիվանին թշնամու դեմ պայքարի ու կռվի փորձված մեթոդն է մատնանշում, որպես հայ ժողովրդի փրկության միակ ճանապարհը:

[ էջ 776 ]

«Գետակ» — նկատի ունենալով հայ ժողովրդի փառավոր անցյալն ու իր ինքնուրույնությունը պահպանելու համար նրա դարավոր մաքառումների պատմությունը, խորհուրդ է տալիս չպանդխտել, չհեռանալ Հայաստանից, «հոտած ու պղտոր» ջրերի մեջ չխառնվել, մի խոսքով, առաջին հերթին ձգտել լուսավորեցնելու և շենացնելու հայրենի երկիրը:

Երկու փոքր առուները՝ Հայաստանի արևելյան և արևմտյան հատվածները պետք է միանան, գետակ կազմեն, գտնելով, որ միասնության ու համախմբության մեջ է իրենց փրկությունը:

Ջիվանին սխալվում է անշուշտ, ենթադրելով, որ «Ջրաբաշխը» (իմա մեծ տերությունների խորհրդաժողովը) փրկության ձեռք պետք է մեկնի հայ ժողովրդին:

«Մինչև երբ» — ե՞րբ պիտի արդյոք գա այն օրն ու ժամը, երբ «նազելի կին» Հայաստանի համար բացվեն հուսո դռները, այն օրը, երբ «լեռնային բիրտ, վայրենի խենթի զավակ խենեշները» դադարեն հայի արյուն թափելուց, երբ նրա սրբազան հողի վրա բույն դրած օձերը, կարիճներն ու «անհյուրընկալ աշխարհի զավակները» դադարեն հայ քաջերին նահատակելուց:

Հայերի համար չկա «սրտացավ բժիշկ», նրա որբերին իրար մեջ են բաժանում մեծատուն մարդիկ, իսկ աղավնակերպ աղջիկներին տանում են անմաքուր «Վամպիրները»: Հեղինակը նախատինք է կարդում մեծ պետություններին՝ Անգլիային ու մյուսներին, որոնք բազմում են հայ ժողովրդի սեղանին ու գայլի (Թուրքիա) բարեկամ մյուս շների հետ միասին ուտելով նրա հացն ու լակելով ջուրը՝ միայն վնաս են պատճառում նրան:

Հայ ժողովուրդն անտերունչ է, ըստ հեղինակի, նրա տարաբախտ գլխի վրա կարկուտ է տեղում, նրան նշավակում են ծախու գրիչները: Այս աշխարհում թույլը կուլ է գնում ուժեղին ու նման պայմաններում, ժողովրդի ծայրահեղ վիճակի մեջ թե ե՞րբ պետք է փոփոխություն առաջանա, հայտնի չէ:

«Սառույց» — շատ հետաքրքրական է այս փոխաբերական երգը, որ գրված է 1907 թվին. Սառույցը միապետական-բռնակալական Ռուսաստանն է, որ սառույցի նման ճեղքվում է, հալվում իր խորքը մտած ջերմի տաքության ուժից և վաղ թե ուշ պիտի հալվի իր վրա ընկած արևի կիզիչ ջերմությունից և ոչնչանա:

«Ուժեղ հարևան» երգի մեջ հեղինակն աչքի առաջ է ունեցել ցարական Ռուսաստանը:

«Մանկական օրորոցի երգը» — 1877-78թթ. Ռուս-թուրքական պատերազմից հետո քաղաքական իրադարձությունների այնպիսի բարդ շրջանում, երբ մեծ տերությունների մեջ եղած հակասությունները շիկացրել էին քաղաքական մթնոլորտը, երբ Բալկաններում վառված ազատության խարույկը խանդավառել էր շատերին, գտնում էին, որ հայ ժողովրդի հա-

[ էջ 777 ]

մար էլ հնչել է ազատության ժամը, Ջիվանին վերլուծելով իրադրությունը, դեռ հասած չէր համարում սուլթանիզմի դեմ մղվելիք բացահայտ պայքարի ժամանակը: Այստեղ ու այնտեղ տեղի ունեցած ելույթների ցավալի վախճանը դառն հիասթափության ու մտորումների առիթ էր տալիս նրան: Զգում էր Ջիվանին, որ հայ ժողովրդին պայքարի դրդող «դրացու չար երեխաները» նրան «պատահարի» են մղում, որն անօգուտ զոհերի տեղիք միայն կարող էր տալ:

Մանկիկը ապագայում վերածնվող Հայաստանն է, որ մոր՝ հին Հայաստանի խորհրդով պետք է քներ, մեծանար և վեր կենար այն ժամանակ միայն, երբ հրաման տար ազնից քեռին՝ Ռուսաստանը, ահա այն ժամանակ մայրը նրա մեջքին թուր կկապի, հրացան կտա և կուղարկի ռազմի դաշտ:

Այս բանաստեղծության մեջ էլ Ջիվանին հայ ժողովրդի ազատագրումը թուրքական լծից՝ ռուսական զենքի հաջողության հետ է կապում:

«Լորերը» — Ջիվանին ինչպես իր մի շարք ստեղծագործությունների՝ այնպես էլ այս երգի մեջ նորից հայկական հարցը, ուրիշ խոսքով ասած, հայերի ազատագրման հարցն է արծարծում:

«Ոստիկանը» — Ռուսաստանի առաջին հեղափոխությունից հետո տիրող ռեակցիայի ժամանակ, Թիֆլիսում 6-րդ քաղաքամասի ոստիկանապետը շատ հաճախ մտնելով սրճարան խլում էր Ջիվանու ջութակը և տանում ոստիկանատուն, որպեսզի նա այլևս չերգեր, չնվագեր և «ժողովուրդը գլխին չհավաքեր»: Այդպիսի դեպքերում կամ սրճարանի կառավարիչը, կամ աշուղի որդիներից մեկը գնում էին ու խնդրելով ետ ստանում ջութակը, որը մի քանի օր աշուղի ձեռքում մնալուց հետո, նորից տեղափոխվում էր ոստիկանատուն:

«Աշխարհի բանը» — աշխարհը լցվում է խաբեբաներով, մարդկային ազնիվ գծերին փոխարինելու են գալիս խարդախությունն ու դաժանությունը, երբ նույնիսկ հավատարիմ բարեկամն է հեռանում բարեկամից, եղբայրը՝ եղբորից, իսկ որդին դադարում է պատվել հարազատ մորը:

«Անհակառակորդ առարկա չկա» — հեղինակը այս բանատեղծությունը գրել է 1896թ. հայկական կոտորածների ամենածանր տպավորությունների տակ: Սուլթան Համիդյան ենիչերիների սրից հայի արյունն էր ծորում և սակայն այն կտրելու համար հայ ժողովրդի ու մարդկության լավագույն զավակների ազնիվ ջանքերն անցնում էին ապարդյուն:

Երգը ցուցադրում է մռայլ իրականության հանդեպ հեղինակի այդ պահերին ունեցած հոռետեսությունը:

«Ժողովուրդ» — գրված է Ռուսաստանի առաջին հեղափոխության սկզբնական շրջանում. Աշուղը ժողովրդին անվանում է կրակ, որի հետ ժաղացող «միամիտ հսկան» կարող է այրվել ու ածուխ դառնալ: Աշուղը գուշակում է, որ ժողովուրդը պիտի իր «ոտքի տակ» առնի իր ուժը արհամարհողներին:

[ էջ 778 ]

«Ի՞նչ եղավ» — Պետերբուրգում իր ուսանող որդուց երկար ժամանակ լուր չունենալով, աշուղը անհանգստացած գրել է այս երգը:

«Իմ Գարեգին որդու մասին» — այս երգով հեղինակը իր զայրույթն է հայտնում ցարական կառավարության մատնիչ-գործակալներին, որոնք մտել են իր տունը, խուզարկել և բանտ տարել «քաղաքականապես անբարեհույս» իր որդիներից մեկին:

«Ո՞ւր է» — այս բանաստեղծության մեջ հեղինակը ողբում է իր ժամանակի դրությունը, որ վաշխառուն, գողը խլել են աղքատի հողը, որ «հարուստները ձեռք-ձեռքի տված, աղքատների դեմ հալածանք են սկսել, որ «ամեն տեղ գին ունի պարարտ ոչխարը», այսինքն՝ կաշառքը, ծախվածությունը, որ «չարյաց կեցարանը» կործանող և չարը խափանող չկա և ո՞ւր է մի նոր կարգ, որ ժողովրդին նոր հոգի և նոր կյանք տար:

«Կաս, չկաս՝ մեկ է» — Ջիվանին այս երգի մեջ մտրակում է նիհիլիզմն ու օտարամոլությունը:

«Քո փափագով վառվում եմ» — իբր սիրային երգի մեջ հեղինակը սիրական բառի տակ նկատի ունի Հայաստանը:

«Ով սիրուն, սիրուն» — այս բանաստեղծությունը Ջիվանին գրել է 1881 թվականին, երբ դեռ թարմ էր ռուս-թուրքական պատերազմի հետևանքով Բալկանյան ազգերի ազատության մասին եղած հիշողությունը:

Հեղինակը խոսք չէր գտնում դրվատելու իր «եդեմական ծաղիկ», «Հայրենի հողով սնված մանուշակին», իր պաշտելի «արուսյակին», իր սիրունին, որն ինքը Հայաստան աշխարհն է:

Փոքր ազգերի հոգուն մխիթարություն տվող «դեղատու կնոջ» (Ռուսաստանի) վրա էր միայն իր հույսը դնում Ջիվանին, գտնելով՝ որ միայն նրա լույսն էր ընդունակ ջերմացնելու հայ ժողովրդի տանջված հոգին:

«Հրդեհ գոյացավ» — ինչպես տուների սկզբնատառերից երևում է, աշուղը իր այս երգը նվիրել է Հեղին անունը կրող մի անձնավորության:

«Խելքի աշեցեք» — հայտնի երգիծական երգի մեջ հեղինակը փոխաբերաբար ծաղրում է ու մտրակում իր միջավայրի և ժամանակի ջոջերին, որ այդ մարդիկ իրենց տեղերում չեն, որ նրանք աթոռներին հասել են զարտուղի, խոտոր ճանապարհներով, անարժան կերպով:

«Դիմակավորներ» — այստեղ աշուղը դիմակազերծ է անում այն կուքերին, որոնք թեև մեծի համբավ ունեն, բայց իրոք սնամեջ են: Ամեն մի քառյակում Ջիվանին աչքի առաջ է ունեցել մի կոնկրետ անձնավորություն, իսկ վերջին տողերը վերաբերում են իրեն` հեղինակին:

«Աքլոր եղբայր» — Այս երգը գրված է 70-ական թվականներին Ալեքսանդրապոլում, Ավետիս ունունով մի փերեզակի դեմ, որը հասարակության համար ձանձրալի է եղել մշտապես փողոցներում իր փտած ապ-

[ էջ 779 ]

րանքները բարձր ձայնով գովաբանելով ու աշխատավոր մարդկանց խաբելով: Երգի տուների սկզբնատառերը կազմում են Ավետիս բառը:

«Իմ գիրք» — Թբիլիսիի «Մուրճ» ամսագրում քննադատել են հեղինակի նոր լույս տեսած մի երգարան` «բարձր արվեստի» տեսակետից. աշուղը, այդ քննադատությունից վրդովված, գտնում է, որ «ուսումնականները» բարձրամիտ են, աշուղի երգը չեն հավանում, բայց գոհ է, որ իր երգերը հասկանում և գնահատում է «հասարակ դաս» աշխատավորությունը:

«Ծով» — այս երգի մեջ հեղինակը ծով ասելով աչքի առաջ է ունեցել անգլիական իմպերիալիզմը:

«Հարուստ դրացի» ասելով հեղինակն աչքի առաջ է ունեցել ցարական Ռուսաստանը:

«Ղոշմա» — նախատինք է թափում բողոքական ու կաթոլիկ միսիոնարների գլխին, որոնք որպես «նեռի կարապետներ» ու «հոգվո ավազակներ» անմեղ սրտեր են գրավում դեպի պապական աթոռը, դեպի բողոքական դավանանքը: Այդ անխիղճ ու պատվազուրկ մարդիկ թեև իրենց համարում են գիտնականներ, սակայն նրանց որոգայթից պետք է խուսափեն, իհարկե, ուժեղ կամք ունեցողները:

«Կյանքի դասը» — գրականության լալկան ու հառաչական մի շարք երկերը կարդալով, ուժեղների դեմ խեղճանալն ու վիզը ծռելը, աղերսական կոչերով նրանց դիմելը լիովին արհամարհելով, դեմ է գնում քրիստոնեական բարոյագիտության ավանդական սովորության: Նա քարոզում է ըմբոստ լինել, կտրիճ լինել — աշխարհի մեջ ու գոյության կռվում կուլ չգնալ ուժեղ հակառակորդին:

«Պարապ մնալուց լավ է» — մի հայ քննադատ Ջիվանում երգերի մեջ նկատել էր ավելի հրապարակախոսություն, քան գեղարվեստ. այս գուցե և ճիշտ նկատողությունը մեր հեղինակին թվացել է վիրավորական և այդ առթիվ գրել է այս երգը, հեգնելով քննադատին:

«Ոչինչ» — այս երգի մեջ հեղինակը «դրացի» ասելով աչքի առաջ ունի մեր եղբայրական վրացի ժողովրդին:

«Հազարեն մեկը» — գովում է մարդկային առաքինություններով օժտված ու հայրենիքի համար մեծ ծառայություններ մատուցած և փառք ստեղծած աննկուն զորավարներին ու մտավորականներին, գտնելով, որ Հրեից թագավոր Դավիթ իմաստունի զավակ Սողոմոնները, Ադամյանները, Վարդան Մամիկոնյաններն ու Ալեքսանդր Մակեդոնացիները հազվադեպ են` թեև աշխարհում գոյություն ունեն նրանց անունները կրող բազմաթիվ մարդիկ:

Ոտանավորը նշված մարդկանց նմանվելու ակներև միտքն է բովանդակում.

[ էջ 780 ]

Կան միլիոնավոր Ջիվանիներ,
Երգող ու կանչող գուսաններ,
Կճարվեն լավ դերասաններ,
Իսկ Ադամյան` հազարից մեկ:

«Սասունասար» — ակնարկում է Թուրքիայի կողմից 1861թ. Զեյթունի նվաճման ձախողումը: Տեղացի մի բուռ կտրիճների` թուրքերի դեմ երկարամյա պայքարում ցուցաբերած փառքն ու խիզախությունը լուսատու «լապտեր» ու վառ «գարուն» է համարում հայ ժողովրդի ազատագրման ճանապարհին:

«Անհավասարություն» և «Աշխարհի բան» երգերում աշուղն արձանագրելով իր ժամանակակից կյանքում տիրող անհավասարությունը, շատ օրինակներով եզրակացնում է, թե հավասարություն չի լինի, սուտ է, որքան էլ որ մարդիկ աշխատեն դրա համար: Եվ նա չկարողանալով քննել անհավասարության պատճառները, ամեն ինչ վերագրում է բախտին:

«Առավոտ» — հեղինակը մարդկության համար արեգակի լույս է տենչում և ոչ աշխարհը մռայլ քողով ծածկող խավար: Նա ցանկանում է, որ մարդկությունը զարթնի քնից, հրճվի, գեղեցիկ կյանք վարի, որ հավասարություն լինի աշխարհում:

Լուսաբացի ուշացումը նշան է այն բանի, որ խավարը դեռ գոյություն ունի: Ջիվանու մարդասեր հոգին բոլոր ժողովուրդների համար ցանկանում է խաղաղություն, սեր ու բարեկամություն:

«Անսկզբունք մարդ» — հեղինակը խարազանում է անսկզբունք մարդկանց, որոնք իրենց եսը բարձրացնելու համար դիմում են ամեն ստոր միջոցի, չունենալով մի հաստատուն ճանապարհ, մի սեփական համոզմունք:

«Ճշգրիտ երազ» — գրված է 1906 թվի մայիսին ռուսական առաջին հեղափոխության վերելքին, երբ «հոծ բազմությունների ձայնից ու որոտումից թնդացել է» աշխարհը:

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր. Ջիվանու քնարը: [Ստեղծագործությունների ընտրանի] / Կազմ., առաջաբ., տեքստ. համեմատ., ծանոթագր. ՝ Ա. Սահակյան; Խմբ.՝ Միք. Հարությույան; Նկ.՝ Ան. Գասպարյան։ «Հայպետհրատ»։ Երևան 1959
Տրամադրեց. Միքայել Յալանուզյան

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice