ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support

Արման Կիրակոսյան

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐԵՎՄՏԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ


Բովանդակություն   Տիտղոսաթերթ   Առաջաբան
Գլուխ առաջին
   Գլուխ երկրորդ   Գլուխ երրորդ   Գլուխ չորրորդ   Գլուխ հինգերորդ
Ամփոփում   Գրականության ցանկ   Բովանդակություն (ըստ աղբյուրի)


[ էջ 14 ]

ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ 19-ՐԴ ԴԱՐԻ 30-70-ԱԿԱՆ ԹԹ.

1. ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

18-րդ դ. վերջին -19րդ դ. սկզբին Մեծ Բրիտանիան դարձավ աշխարհի առաջատար և հզոր արդյունաբերական ու առևտրական պետություններից մեկը: Նրա դիրքերն ամրապնդվեցին հատկապես նապոլեոնական Ֆրանսիայի պարտության արդյունքում, մասնավորապես, Վիեննայի վեհաժողովից հետո, երբ այն վերածվեց խոշորագույն գաղութատիրական տերության: 19-րդ դ. երկրորդ քառորդը բնութագրվում է բրիտանական գաղութատիրական քաղաքանության ակտիվացմամբ Հնդկաստանում, Չինաստանում, Աֆղանստանում, Նոր Զելանդիայում և Ավստրալիայում: Առաջ անցնելով մյուս տերություններից տնտեսական զարգացման մակարդակով, Մեծ Բրիտանիան ձգտում էր ամրապնդել իր առևտրաարդյունաբերական գերակշռությունը: Այդ նպատակի իրագործումն ուղեկցվում էր հարաբերությունների սրմամբ մյուս տերությունների և, մասնավորապես, Ֆրանսիայի հետ: Թեև վերջինս թուլացել էր, սակայն մնում էր Մեծ Բրիտանիայի հիմնական առևտրաարդյունաբերական և գաղութատիրական մրցակիցը, որին զսպելու խնդրում բրիտանական կառավարությունը փորձում էր համագործակցել Ավստրիայի և Պրուսիայի հետ, միաժամանակ ձգտելով հակադրել նրանց Ռուսաստանին: Խանդով վերաբերվելով մյուս տերությունների գաղութատիրական ծրագրերին, Մեծ Բրիտանիան կիրառում էր ուժերի հավասարակշռության պահպանման քաղաքականություն, որի հիմքում ընկած էր այնպիսի մի համակարգի ստեղծում, ուր եվրոպական պետությունները մշտապես զբաղված լինեին ուժերի վերախմբավորմամբ` իրենց սեփական միջավայրից ուժեղ մրցակից երևան չբերելու նպատակով1: Մեծ Բրիտանիան փորձում էր խուսափել որևէ եվրոպական տերության չափազանց

________________________
1 Bourne K. The Foreign Policy of Victorian England. 1830-1902. Oxford, 1970, p. 10; Temperley H.W.V. The Victorian Age in Politics, War and Diplomacy. Cambridge, 1928, p. 55.

[ էջ 15 ]

հզորացումից և համապատասխանաբար իրականացնում նրա հանդեպ մերձեցման կամ թշնամության, սատարելու կամ ճնշելու քաղաքականություն:2

19-րդ դ. 30-ական թթ. սկսած աստիճանաբար աճում է Մերձավոր Արևելքի և Բալկանյան թերակղզու նշանակությունը եվրոպական տերությունների քաղաքականության մեջ, սրվում նրանց մրցակցությունը Օսմանյան կայսրության նկատմամբ քաղաքական և տնտեսական ազդեցություն հաստատելու նպատակով: Օսմանյան կայսրությունը գտնվում էր կարևորագույն ռազմավարական և առևտրական ճանապարհների քառուղիներում, որոնց նկատմամբ հսկողություն հաստատած յուրաքանչյուր եվրոպական պետություն կարող էր դառնալ աշխարհի հզորագույն տերություններից մեկը: Նման աշխարհաքաղաքական իրավիճակի ձևավորման արդյունքում Օսմանյան կայսրությունը դարձավ ուժերի հավասարակշռության եվրոպական համակարգի վճռորոշ օղակներից մեկը:3

Եվրոպական տերությունների մերձավորարևելյան քաղաքականության մեջ որոշակիորեն ձևավորվում է երկու էապես իրար հակասող միտում: Առաջինը՝ Օսմանյան կայսրության տարածքային ամբողջականության պաշտպանությունն էր, նրա վերածումը տերությունների տնտեսահումքային կցորդի, ընդարձակ մի ծայրագավառի, որն ընկած էր եվրոպական մայր երկրների և նրանց աֆրոասիական գաղութների միջև: Երկրորդը՝ օսմանյան տարածքների բաժանումն էր կամ ազդեցության ոլորտների հաստատումը տերությունների միջև, նախքան նրանց անկախության ձեռք բերումը ազգային ազատագրական շարժումների արդյունքում: Այս երկու հակադիր ուղղությունների (հատկապես երկրորդի) իրագործումը պահանջում էր համագործակցություն բոլոր տերությունների միջև` հիմքում ունենալով եվրոպական հավասարակշռության պահպանման գաղափարը:4

Նապոլեոնի պարտությունից հետո Մեծ Բրիտանիան սկսում է դիտել Ռուսաստանը որպես Եվրոպայում ուժերի հավասարակշռության պահպանմանը պոտենցիալ վտանգ

__________________________
2 Beales D. From Castlereagh to Gladstone. 1815-1885. London, 1971, p. 159.
3 Фадеева И.Л. Османская империя и англо-турецкие отношения в середине Х1Х в. М., 1982, с. 29; Тодорова М.Н. Англия, Россия и Танзимат. М., 1983, с. 49.
4 Шеремет В.И. Османская империя и Западная Европа. Вторая треть Х1Х в. М., 1986, с. 260.

[ էջ 16 ]

ներկայացնող պետություն: Դեռևս 18-րդ դ. վերջին ռուս-թուրքական պատերազմների արդյունքում Ռուսաստանի տարածքային ձեռքբերումները սկսում են անհանգստացնել անգլիական իշխանություններին, վկայել Եվրոպայում նոր հզոր ուժի երևան գալու մասին: Սակայն երկու պետությունների ընդհանուր պայքարը Նապոլեոնի դեմ ժամանակավորապես ետին պլան մղեց ձևավորվող անգլո-ռուսական հակասություններն ինչպես Մերձավոր, այնպես էլ Միջին Արևելքում: Ռուսաստանի հաջողությունները 1826-1828 թթ. ռուս-պարսկական և հատկապես 1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմների ընթացքում էլ ավելի սրեցին Մեծ Բրիտանիայի մտահոգությունը Ռուսաստանի հզորացմամբ և նրա ազդեցության ընդլայնմամբ հարավում, ինչպես նաև Հնդկաստանի անվտանգությանը սպառնացող «ռուսական վտանգով»:5 Հակառուսական դիրքորոշման ձևավորման մեջ ոչ պակաս կարևոր դեր խաղաց նաև 1830 թ. լեհական ապստամբության ճնշումը: Սակայն Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականության հակառուսական դիրքորոշումը վերջնականապես ձևավորվեց 1831-1833 թթ. թուրք-եգիպտական բախումից և, հատկապես` 1833 թ. Ունքյար-Իսքելեսիյում ստորագրված ռուս-թուրքական պայմանագրի ստորագրումից հետո: Վերջինս համարվում է ռուսական դիվանագիտության մեծագույն հաղթանակը, քանի որ այն ձեռք բերվեց ոչ թե պատերազմի, այլ թուրք-եգիպտական բախման արդյունքում, Ռուսաստանի ակտիվ միջնորդության շնորհիվ: Ռուսաստանը և Թուրքիան պարտավորվում էին մշտապես խորհրդատվություններ անցկացնել «իրենց փոխադարձ անդորրին և անվտանգությանը» վերաբերող հարցերի շուրջ, ինչպես նաև օգնել միմյանց երրորդ տերության հարձակման դեպքում: Պայմանագրի գաղտնի հոդվածով նախատեսվում էր, որ ռուսական կառավարության պահանջով Թուրքիան պարտավորվում է փակել նեղուցների մուտքն այլ պետությունների ռազմանավերի համար:6

18-րդ դ. 90-ական և 19-րդ դ. 50-ական թթ. միջև ընկած ժամանակահատվածում ռուս-թուրքական հարաբերությունները` պատերազմների կամ ուղիղ բանակցությունների միջոցով պայմանավորվածության ձեռք բերումն առանց երրորդ պետության միջնորդության, հավասարակշռում էին միջազգային իրավիճակը Մերձավոր Արևելքում, Հարավ-Արևելյան Եվրոպայում, Փոքր Ասիայում և Անդրկովկասում: Դա վերաբերում էր

_______________________
5 Gleason J.H. The Genesis of Russophobia in Great Britain . London, 1950, p. 12.
6 История дипломатии. Т. 1, М., 1959, с. 555.

[ էջ 17 ]

երկու սևծովյան տերությունների ինչպես տնտեսական հարաբերություններին, այնպես էլ Բալկաններում ապստամբական շարժումների և Արևելյան Մերձսևծովյանի տարածքային խնդիրներին, Պաղեստինի քրիստոնեական սրբավայրերին:

Սակայն ռուս-թուրքական հարաբերությունները կազմում էին այդ տարածաշրջանում միջազգային հարաբերությունների զարգացման ընդհանուր պատկերի միայն մեկ մասը: Եվրոպայի առաջատար տերությունների այստեղ ամրապնդվելու ձգտումը, նրանց պայքարը Օսմանյան կայսրության նկատմամբ հսկողություն և ազդեցություն հաստատելու նպատակով առարկայորեն գործում էին վերջինիս և Ռուսաստանի մերձեցման դեմ: Նոր ռուս-թուրքական դաշինքի ուրվականը սկսել էր անհանգստացնել եվրոպական տերությունների և, առաջին հերթին, Մեծ Բրիտանիայի պետական գործիչներին:

Ամբողջ 18-րդ դ. ընթացքում Մեծ Բրիտանիան գրեթե հետաքրքրություն հանդես չէր բերում Օսմանյան կայսրության հանդեպ: Ավելին, 1768-1774 թթ. ռուս-թուրքական պատերազմի ընթացքում նա նույնիսկ աջակցում էր Ռուսաստանին` ռուս-անգլիական ավանդական առևտրական առնչությունների բերումով:

Օսմանյան կայսրության նկատմամբ բրիտանական նոր արտաքին քաղաքական գծի մշակումն ու ձևավորումը համընկավ այսպես կոչված «Փալմերսթոնի դարաշրջանի» հետ: Բավականին երկար ժամանակ լինելով արտաքին գործերի նախարար, իսկ այնուհետև` վարչապետ, Հենրի Ջոն Փալմերսթոնը7 փաստորեն ձևավորում էր Բրիտանական կայսրության արտաքին քաղաքականությունը: Հայտնի է Փալմերսթոնի հետևյալ արտահայտությունը, որը բնութագրում է Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականության հետագա ողջ ընթացքը. «Համարել, որ այս կամ այն երկիրը պետք է դիտվի որպես Անգլիայի հավերժ դաշնակից կամ մշտական թշնամի, նշանակում է վարել կարճատես քաղաքականություն: Մենք չունենք հավերժ դաշնակիցներ, ինչպես և չունենք մշտական թշնամիներ: Հավերժ ու մշտական են միայն մեր շահերը և մեր պարտքն է պաշտպանել դրանք»:8

___________________
7 Փալմերսթոն (Palmerston) Հենրի Ջոն (1784-1865) - բրիտանացի պետական գործիչ և դիվանագետ: 1809-1828 թթ.` ռազմական նախարար, 1830-1834, 1835-1841, 1846-1851 թթ.` արտաքին գործերի նախարար, 1852-1855 թթ.` ներքին գործերի նախարար, 1855-1858, 1859-1865 թթ.` վարչապետ, 1859 թ.` վիգերի ղեկավար:
8 Hansard Parliamentary Debates. 3-rd Series. Vol. 97, London, 1848, p. 123.

[ էջ 18 ]

Մերձավորարևելյան ուղղությունը Փալմերսթոնը համարում էր բրիտանական արտաքին քաղաքականության առաջնային և կարևորագույն խնդիրներից մեկը: Թեև հետագա տասնամյակների ընթացքում այդ քաղաքականության առաջնահերթ խնդիրներն ու մեթոդները փոխվում էին, սակայն մշտական էր մնում մի գործոն, որը սահմանում էր նրա ընդհանուր ուղղության կայունությունը: Սկսած 19-րդ դ. 30-ական թթ. Մեծ Բրիտանիան հանդես է գալիս Օսմանյան կայսրության տարածքային ամբողջականության պահպանման օգտին և մշտապես հայտարարում, որ դեմ է նրա բաժանման որևէ ծրագրի:9 1833 թ. հուլիսին, անմիջապես ռուս-թուրքական պայմանագրի ստորագրումից հետո, Փալմերսթոնը հանդես եկավ հայտարարությամբ, որը սահմանեց Մեծ Բրիտանիայի հետագա քաղաքականությունը Օսմանյան կայսրության հանդեպ. «Անգլիայի շահերի և Եվրոպայում խաղաղության պահպանման տեսանկյունից բացարձակ նշանակություն ունի Օսմանյան կայսրության տարածքներից ու գավառներից անկախ պետութունների կազմավորման հարցը: Էական չէ, թե այդ հսկա կայսրության բնակչությունը մահմեդական է կամ քրիստոնյա. այդ խնդիրը պետք է լուծել ելնելով քաղաքական և ոչ թե կրոնական նկատառումներից...: Օսմանյան կայսրության ամբողջականությունն ու անկախությունը անհրաժեշտ են Եվրոպայի մնացած մասում անդորր, ազատություն և ուժերի հավասարակշռություն պահպանելու համար»:10

1833-1839 թթ. Փալմերսթոնի թուրքական քաղաքականությունը հետապնդում էր հետևյալ հիմնական նպատակները. ա/ թույլ չտալ Ռուսաստանի նոր միջամտություն թուրքական գործերին և վերացնել Օսմանյան կայսրության հանդեպ հովանավորության նրա իրավունքը. բ/ ուժեղացնել Մեծ Բրիտանիայի քաղաքական և տնտեսական ազդեցությունն Օսմանյան կայսրության հանդեպ, ապահովել նրա կախվածությունը բրիտանական իշխանություններից. գ/ապահովել ռազմական, տնտեսական, իրավական

___________________
9 Ռուս ականավոր գիտնական-արևելագետ Պյոտր Չիխաչովի (1808-1890) արտահայտությամբ, «Թուրքիայի ամբողջականությունը, որն առաջ է քաշվում որպես եվրոպական հավասարակշռության պահպանման անհրաժեշտություն, դիվանագիտության ամենաբարբարոսական և ամենաանբարոյական հնարանքներից մեկն է» (Чихачев П.А. Великие державы и Восточныи вопрос. М., 1970, с. 173):
10 House of Commons, 1833, July 11. Opinions and Policy of Palmerston. London, 1852, p. 246.

[ էջ 19 ]

բնույթի, քրիստոնյա ժողովուրդների իրավունքներին վերաբերող բարենորոգումների իրագործումը կայսրությունում:

Հանդիսանալով Եվրոպայում սահմանադրականության հաստատման եռանդուն կողմնակից, Փալմերսթոնը ենթադրում էր, որ Օսմանյան կայսրությունում հարկավոր է անցկացնել այնպիսի բարենորոգումներ, որոնք իրագործվեին վերևից, սուլթանի իշխանության միջոցով: Նա հույս ուներ, որ բարենորոգումների իրագործման արդյունքում ավելի կարող ու կենսունակ դարձած Օսմանյան կայսրությունը կկարողոնա որոշակի դեր խաղալ Եվրոպայում ուժերի հավասարակշռության պահպանման գործում: Փալմերսթոնը մշակեց և գործադրեց Օսմանյան կայսրության §անկախության և ամբողջականության¦ պահպանման այնպիսի «համոզիչ և տոկուն» քաղաքականություն, որը գոյատևեց մինչև 1914 թ.:11

Սկսած 1834 թ. Մեծ Բրիտանիան նպատակադրվել էր ստորագրել այնպիսի համաձայնագիր սուլթանական կառավարության հետ, որը չեզոքացներ 1833 թ. ռուս-թուրքական պայմանագիրը և նպաստեր բարենորոգումների իրագործմանն Օսմանյան կայսրությունում` բրիտանական դիվանագիտության հսկողության ներքո: Կատարելով Փալմերսթոնի հանձնարարականը, Կոստանդնուպոլսում Մեծ Բրիտանիայի դեսպան Փոնսոնբին հաղորդում էր Բարձր Դռանը, որ բրիտանական կառավարությունը և անձամբ Անգլիայի թագավորը պաշտպանում են Օսմանյան կայսրությունում ներքին բարենորոգումների իրագործման գաղափարը: Դեսպանը խոստանում էր ապահովել օսմանյան կանոնավոր բանակը նոր տեսակի զենքով և անգլիացի հրահանգիչներով, թուրք սպաներ ընդունել բրիտանական ռազմական ակադեմիաներում, ամրացնել Բոսֆորի պաշտպանունակությունը: Նույն ուղղությամբ Փալմերսթոնն աշխատում էր Անգլիայում թուրքական դեսպանության և, հատկապես, 1836 թ. Լոնդոն ժամանած սուլթանի դեսպան Մուստաֆա Ռեշիդ փաշայի հետ:12

_______________________
11 Kedourie E. England and the Middle East. The Destruction of the Ottoman Empire. 1914-1921. London, 1956, p. 10.
12 Шеремет В.И. Նշվ. աշխ., էջ 87: Ռեշիդ փաշա Մուստաֆա (1800-1858) - թուրք պետական գործիչ և դիվանագետ, Թանզիմաթի առաջին շրջանի բարենորոգումների նախաձեռնող և իրագործող: 1836-1839 թթ.` Մեծ Բրիտանիայում Օսմանյան կայսրության դեսպան, 1839-1841, 1846-1852 թթ. (ընդմիջումներով)` մեծ վեզիր:

[ էջ 20 ]

Բրիտանական դիվանագիտության ջանքերն ապարդյուն չանցան: Թուրքական պետական գործիչները, սուլթանի ղեկավարությամբ, հիմնականում ընդունեցին այդ առաջարկները, ենթադրելով, որ դաշինքն աշխարհի հզորագույն տերության հետ և բարենորոգումների իրագործումն առաջին քայլն է կայսրության գոյության, պահպանման և եվրոպականացման ճանապարհին: Միաժամանակ Բարձր Դռանն անհանգստացնում էր Ռուսաստանի հնարավոր մերձեցումը Ֆրանսիայի հետ, որն աջակցում էր Եգիպտոսի փաշա Մոհամմեդ Ալիին:

1820 թ. կնքված անգլո-թուրքական առևտրական համաձայնագրի ժամկետը լրանալուց հետո սուլթանական կառավարությունը 1834 թ. դիմեց բրիտանական կառավարությանը` մաքսային ներմուծման սակացուցակը վերանայելու խնդրանքով: Փոխարենն առաջարկվում էր ընդլայնել Անգլիա արտահանվող թուրքական ապրանքատեսականու ցուցակը: Փալմերսթոնն ընդունեց թուրքական առաջարկները, սակայն հետզհետե սկսեց պայմանավորել այն քաղաքական բնույթի տարբեր պահանջներով: Օրինակ, նեղուցները բացել անգլիական ռազմանավերի համար, շոգեմեքենաներն ու բոլոր տեսակի զինամթերքը գնել Անգլիայից, անգլիական ռազմական մասնագետներ հրավիրել` օսմանյան բանակում աշխատելու համար, և այլն:13

Մուստաֆա Ռեշիդ փաշայի եռամյա գործունեությունը Եվրոպայում և, մասնավորապես, նրա ծառայությունը Լոնդոնում դեսպանի պաշտոնում, որոշակի ազդեցություն ունեցան նրա քաղաքական հայացքների, Օսմանյան կայսրությունում բարենորոգումների իրագործման անհրաժեշտության վերաբերյալ նրա դիրքորոշման ձևավորման վրա: Սուլթան Մահմուդ 2-րդին ուղղված զեկուցագրում նա ոչ միայն ուրվագծեց բարենորոգումների իրագործման հիմնական ուղղությունները համաձայն Փալմերսթոնի առաջարկների, այլև ներկայացրեց կոնկրետ միջոցառումների ծրագիր` կայսրության տնտեսության և, հատկապես, արդյունաբերության զարգացման ուղղությամբ: Այդ ծրագրի իրագործման նպատակով նա առաջարկում էր առաջին հերթին օգտագործել եվրոպական առաջատար պետությունների փորձը, ծառայության մեջ ընդգրկելով անգլիացի մասնագետների:14

_____________________
13 Նույն տեղում, էջ 89:
14 Նույն տեղում, էջ 39:

[ էջ 21 ]

1838 թ. օգոստոսին ստորագրվեց անգլո-թուրքական առևտրական պայմանագիր, որը նոր շրջանի սկիզբ նշանավորեց ինչպես բրիտանական արտաքին քաղաքականության, այնպես էլ թուրք բարենորոգիչների համար: Պայմանագիրը նախատեսում էր Օսմանյան կայսրության ողջ տարածքի վրա ազատ առևտրի և թուրքական տարածքային ջրերով ու սևծովյան նեղուցներով ապրանքի անմաքս փոխադրության իրավունք, մենաշնորհի համակարգի և հարկադրական գնումների վերացում և այլն: Բրիտանիան առաջին եվրոպական պետությունն էր, որը ստացավ գյուղատնտեսական արտադրանքի և օգտակար հանածոների արտահանման իրավունք:15

Եթե 18-րդ դ. վերջին - 19-րդ դ. սկզբին Օսմանյան կայսրության արտաքին առևտրի մեջ գլխավոր դերակատարը Ֆրանսիան էր, ապա 19-րդ դ. 20-ական և, հատկապես, 30-40-ական թթ., Բրիտանիան գրավեց առաջին տեղն ինչպես առևտրական շրջանառության, այնպես էլ ներմուծման ծավալի չափով:16 1856 թ. դրությամբ Բրիտանիան Օսմանյան կայսրություն էր ներմուծում 141,3 մլն. ֆրանկի, իսկ արտահանում 80,0 մլն. ֆրանկի ապրանք (Ֆրանսիան համապատասխանաբար` 91,9 և 131,5):17 1820-40-ական թթ. ընթացքում Բրիտանիան կարողացավ իր հսկողության տակ առնել Օսմանյան կայսրության ողջ ապրանքաշրջանառության 31%-ը: 1851-1856 թթ. ապրանքի ներմուծման ընդհանուր արժեքաչափով այն գերազանցում էր Ֆրանսիային` 1,5, Ավստրիային` 1,9, Ռուսաստանին` 6 անգամով:18

Փալմերսթոնին չհաջողվեց կանխել Օսմանյան կայսրության և Եգիպտոսի միջև ծագած 1840-1841 թթ. երկրորդ բախումը: Սակայն նրա ակտիվ մասնակցությունը հակամարտության դադարեցման գործում սուլթանական իշխանությունների օգտին հնարավորություն ստեղծեց վերացնելու Օսմանյան կայսրության նկատմամբ բացառապես ռուսական ազդեցության հաստատման վտանգը: Այդ քաղաքականության արդյունքում բրիտանական կառավարությանը հաջողվեց համոզել տերություններին և օսմանյան իշխանություններին 1840 թ. հուլիսին ստորագրել քառակողմ (Մեծ Բրիտանիա, Ավստրիա,

___________________
15 Внешнеэкономические связи Османскои империи в новое время (конец ХУ111 - начало ХХ в.). М., 1989, с. 44.
16 Фадеева И.Л. Նշվ. աշխ., էջ 37:
17 Шеремет В.И. Նշվ. աշխ., էջ 50:
18 Внешнеэкономические связи..., с. 65.

[ էջ 22 ]

Պրուսիա, Ռուսաստան), իսկ 1841 թ հուլիսին` հնգակողմ (Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Ֆրանսիա, Ավստրիա, Պրուսիա) կոնվենցիաները Օսմանյան կայսրության հետ` սևծովյան նեղուցների օգտագործման վերաբերյալ: Համաձայն վերջին կոնվենցիայի, ոչ պատերազմական շրջանի համար նեղուցները փակվում էին որևէ պետության ռազմանավերի համար: Այսպիսով, նեղուցների օգտագործման ռեժիմն այսուհետ կարգավորվում էր բազմակողմ պայմանագրով, այլ ոչ թե շահագրգռված կողմերի` Ռուսաստանի և Թուրքիայի համաձայնության միջոցով: Ռուսաստանը փաստորեն մյուս տերությունների հետ հավասար հիմքերի վրա մտավ միջազգային համաձայնությունների մեջ և զրկվեց Օսմանյան կայսրությանը հովանավորելու իր մենաշնորհ իրավունքից:19

1841-1846 թթ. Մելբուրն-Փալմերսթոն վիգերի կառավարությանը փոխարինեց տորիների կառավարությունը` Ռոբերտ Փիլի20 ղեկավարությամբ: Արտաքին գործերի նախարարությունը (Ֆորին Օֆիսը) գլխավորեց Ջորջ Աբերդինը21: Այդ տարիներին Մեծ Բրիտանիայի ռուսական և թուրքական քաղաքականությունը զգալի փոփոխություններ ապրեց, քանի որ Փիլը համարվում էր ռուսասեր, իսկ Աբերդինը` Թուրքիայի գլխավոր թշնամի: Ինչպես վարչապետը, այնպես էլ արտգործնախարարը համամիտ չէին Փալմերսթոնի Ռուսաստանի և Թուրքիայի հանդեպ վարած քաղաքականության հետ, հանդես գալով որպես Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու կողմնակիցներ:22

Այդ քաղաքականության արդյունքում 1844 թ. մայիսին տեղի ունեցավ Նիկոլայ 1-ին կայսրի այցելությունը Մեծ Բրիտանիա: Փիլի և Աբերդինի հետ տեղի ունեցած բանակցությունների հիմնական առարկան Օսմանյան կայսրության հանդեպ երկու տերությունների դիրքորոշումների հստակեցումն էր: Կողմերը համաձայնության եկան

_____________________
19 История дипломатии. Т. 1..., с. 560-561; Тодорова М.Н. Նշվ. աշխ. էջ 58:
20 Փիլ (Peel) Ռոբերտ (1788-1850) - բրիտանացի պետական գործիչ: 1822-1827, 1828-1830 թթ.` ներքին գործերի նախարար, 1834-1835, 1841-1846 թթ.` վարչապետ: Չափավոր տորիների` փիլիտների շարժման հիմնադիր:
21 Աբերդին (Aberdeen) Ջորջ (1784-1860) - բրիտանացի պետական գործիչ և դիվանագետ:1841-1846 թթ.` արտաքին գործերի նախարար, 1852-1855 թթ.` վարչապետ: Տորիների, իսկ հետագայում` փիլիտների ղեկավարներից մեկը:
22 Bourne K. Նշվ. աշխ., էջ 47:

[ էջ 23 ]

համատեղ գործողությունների մասին` Օսմանյան կայսրության փլուզման կամ երրորդ պետության կողմից նրա վրա հարձակման դեպքում: Միաժամանակ որոշվեց, որ Մեծ Բրիտանիան և Ռուսաստանն օգտագործելու են բոլոր հնարավոր միջոցները` Օսմանյան կայսրության տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար: Ռուսաստան ժամանելուն պես կայսրն արտգործնախարար Կարլ Նեսելրոդեի միջոցով հուշագիր ներկայացրեց բրիտանական կառավարությանը, որում շարադրված էր իր կարծիքը` Օսմանյան կայսրության հնարավոր բաժանման վերաբերյալ նախապես համաձայնագիր ստորագրելու մասին: Սակայն հետագայում բրիտանական կառավարությունը հրաժարվեց ընդունել ռուսական կայսրի առաջարկը, չցանկանալով կապել իր ձեռքերը որոշակի պարտավորություններով:23

1846 թ. հուլիսին Փիլի կառավարությունը հրաժարական տվեց և վիգերը Ջոն Ռասսելի (վարչապետ)24 և Փալմերսթոնի (արտգործնախարար) ղեկավարությամբ կրկին եկան իշխանության: Եթե 30-ական թթ. և 40-ական թթ. սկզբին Փալմերսթոնի քաղաքականությունն Օսմանյան կայսրության հանդեպ ենթարկվում էր որոշակի դիմադրության կառավարության անդամների կողմից, ապա Ղրիմի պատերազմին նախորդող տասնամյակի ընթացքում նրա վիճակն ավելի բարդացավ: Այն պահին, երբ Փալմերսթոնին թվում էր, թե ինքը կարողացել է ապահովել լիբերալ շրջանակների աջակցությունը, Անգլիայի արտաքին քաղաքականության ոլորտում ձևավորվեց այլընտրանքային լիբերալ ուղղություն, որն իր վառ արտահայտությունը գտավ Ռիչարդ Քոբդենի հայացքների և գործունեության մեջ: Դեռևս 1835 թ. իր «Անգլիան, Իռլանդիան և Ամերիկան» աշխատության մեջ նա փորձում էր ապացուցել, որ Անգլիան ամենևին էլ շահագրգռված չէ պաշտպանելու Օսմանյան կայսրությունը Ռուսաստանից: Իր «Ռուսաստանը» (1836) պամֆլետում Քոբդենը քննադատության էր ենթարկում Փալմերսթոնի ուժերի հավասարակշռության դոկտրինան` կառուցելով իր գաղափարները միջազգային իրավիճակի փոփոխության, ԱՄՆ քաղաքականության աճող նշանակության,

_______________________
23 История дипломатии. Т. 1..., с. 562-563; Тодорова М.Н. Նշվ. աշխ., էջ 59-60:
24 Ռասսել (Russel) Ջոն (1792-1878) - բրիտանացի պետական գործիչ և դիվանագետ: 1835-1839 թթ.` ներքին գործերի նախարար, 1839-1841 թթ.` գաղութների գործերի նախարար, 1852-1853, 1859-1865 թթ.` արտաքին գործերի նախարար, 1846-1852, 1865-1866 թթ. ` վարչապետ: Վիգերի ղեկավար:

[ էջ 24 ]

գաղութային համակարգի փլուզման և ազատ առևտրի սկզբունքի հաստատման վրա:25 Խորհրդարանական քննարկումների ընթացքում Քոբդենը ջախջախում էր թուրքական կայսրության անբողջականության գաղափարը, թուրքերին համարելով Եվրոպայի ժողովուրդների և ընդհանրապես քաղաքակրթության կողքին ապրելու իրավունք չունեցող «եկվոր ժողովուրդ»: Նա պահանջում էր բրիտանական իշխանություններից ուշադրություն դարձնել Օսմանյան կայսրության մեծաթիվ քրիստոնյա բնակչության վիճակի վրա և համապատասխանեցնել արտաքին քաղաքականությունը քրիստոնյաների շահերի հետ: Ըստ Քոբդենի, քաղաքակրթությունը միայն կշահի, եթե Կոստանդնուպոլիսն ընկնի ռուսների ձեռքը: Եթե պաշտոնական բրիտանական արտաքին քաղաքականության հիմնական խնդիրներն էին Մեծ Բրիտանիայի ազդեցության հաստատումը Օսմանյան կայսրության վրա, ամեն գնով թուրքական շուկայի գրավումը և բարենորոգումների ծրագրի իրականացման օժանդակումը, ապա Քոբդենը և նրա գաղափարակիցները բրիտանական քաղաքականության կարևորագույն խնդիր էին համարում առաջին հերթին եվրոպական մայրցամաքային և ռուսական շուկաներին տիրապետելը:26

Չնայած ընդդիմության գաղափարները բավականաչափ տարածում էին ստացել Բրիտանիայում, Փալմերսթոնի քաղաքականությունն Օսմանյան կայսրության հանդեպ տիրապետող էր 30-40-ական թթ. և դեռևս տասնամյակներ շարունակ մնաց այդպիսին:

Ռուսական բանակի մուտքը դանուբյան իշխանապետություններ 1848 թ. և ռուս-թուրքական կոնվենցիայի ստորագրումը Բալտա-Լիմանում (1849 թ. ապրիլ) էլ ավելի սրեցին ռուս-անգլիական հակասությունները: Կոնվենցիան, որը հնարավորություն էր տալիս սուլթանին նշանակելու իշխանապետությունների ղեկավարներին, համաձայնեցնելով իր որոշումը ռուս կայսրի հետ, ընդունվեց Բրիտանիայի և մյուս արևմտյան տերությունների կողմից որպես 1833 թ. ռուս-թուրքական դաշինքի շարունակություն: Բրիտանական իշխանություններին անհանգստացնում էր ռուսական զորքերի ներկայությունը Օսմանյան կայսրության տարածքում,

Ռուսաստանի միջամտությունը Բարձր Դռան ներքին գործերին, նրա կողմից սլավոնների և հույների ազատագրական շարժումների հնարավոր աջակցությունը: Եվ Փալմերսթոնն օգտագործեց բոլոր հնարավոր դիվանագիտական միջոցները` կանխելու դեպքերի նման

____________________
25 Dawson W.H. Richard Cobden and Foreign Policy. London, 1926, pp. 211-212.
26 Hansard Parliamentary Debates. B-rd Series. Vol. CXX1X. London, 1853, pp.1798-1810.

[ էջ 25 ]

զարգացումը: Որպես առիթ հանդիսացավ Նիկոլայ 1-ի պահանջը սուլթանական իշխանություններից` Օսմանյան կայսրությունում պատսպարված լեհ և հունգար հեղափոխականներին հաձնելու մասին: Փալմերսթոնը հայտարարեց, որ քաղաքական էմիգրանտների հանձնումը կնշանակի Թուրքիայի լիակատար ենթարկումը Ռուսաստանին: Դեպքերի նման զարգացումը կանխելու, Ռուսաստանի ազդեցությունն ու հեղինակությունը գցելու նպատակով Բրիտանիան և Ֆրանսիան կազմակերպեցին ռազմածովային ցույց նեղուցներում, ինչը 1841 թ. Լոնդոնի կոնվենցիայի կոպիտ խախտում էր:27 1849 թ. հոկտեմբերի 1-ին Բրիտանիայում Օսմանյան կայսրության հավատարմատար Քըբրըսլը Մեհմեդ փաշան ուղերձ հղեց Փալմերսթոնին, ուր հույս էր հայտնվում, որ Թուրքիայի բարեկամ պետություն Բրիտանիան բարոյական և նյութական օժանդակություն կցուցաբերի Բարձր Դռանը անկախ պետության պատվին և արժանապատվությանը վերաբերող հարցերում:28

Թեև ռուսական դեսպանի պահանջով Բրիտանիան դուրս բերեց իր նավատորմը նեղուցներից, իսկ Ռուսաստանը հրաժարվեց իր պահանջից` ժամանակավորապես կանխելով բախումը, ակնհայտորեն նշմարվեց անգլո-թուրքական հետագա ռազմաքաղաքական համագործակցության և դաշինքի միտումը:

2. ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՍԿԶԲՆԱՎՈՐՈՒՄԸ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՔՐԻՍՏՈՆՅԱ ՀՊԱՏԱԿՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ

Բազմազգ Օսմանյան կայսրության զարգացման կարևորագույն առանձնահատկություններից մեկն այն էր, որ 19-րդ դ. կեսերին երկրի տնտեսության մեջ սկսեցին առաջատար դեր խաղալ ոչ թուրք ազգերը: Կապիտալիստական հարաբերությունների կրողներն առաջին հերթին ճնշված ազգերի ներկայացուցիչներն էին, երբ քաղաքական առումով իշխող թուրքերն արգելակող գործոնի դեր էին կատարում կայսրության ընդհանուր զարգացման գործընթացում: Խորացող դասակարգային շերտավորումը, ինչպես նաև 1789, 1830 և 1848 թթ. հեղափոխությունների գաղափարնեհո

____________________
27 История дипломатии. Т. 1..., с. 588-589.
28 Шеремет В.И. Նշվ. աշխ., էջ 148:

[ էջ 26 ]

ձևավորեցին կայսրության ոչ թուրք ժողովուրդների ազգային ազատագրական գաղափարախոսության հիմքերը:29

Էթնիկական տեսանկյունից Օսմանյան կայսրությունն իրենից ներկայացնում էր սոցիալ-տնտեսական և քաղաքական տարբեր մակարդակների վրա գտնվող, մշակութային ու կրոնադավանական զանազան ընդհանրություններին պատկանող 60-ից ավելի ազգերի ու ցեղերի խառնարան: Քրիստոնյա ժողովուրդների տնտեսական դիրքերի ամրապնդումը, ազգային ինքնագիտակցության զարթոնքն ու եվրոպական տերությունների ճնշման ուժեղացումը անհնարին դարձրեցին սուլթանական իշխանությունների կողմից տարվող կայսրության համընդհանուր մահմեդականացման քաղաքականությունը:30

Գիտակցելով, թե ինչ ծանր բարդությունների առջև կարող է հայտնվել կայսրության ներքաղաքական կյանքը, սկսած 18-րդ դ. վերջից, օսմանյան վերնախավի որոշ ներկայացուցիչներ մշակում են նոր մոտեցումներ քրիստոնյա ժողովուրդների հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: Բարենորոգումների ընդհանուր ծրագիրը պետք է արդիականացներ կայսրության տնտեսությունը, ամրապնդեր պետության հիմքերը, կանխարգելեր ոչ միայն ազգային ազատագրական շարժումները, այլև եվրոպական տերությունների միջամտությունը` դավանակիցների իրավունքների պաշտպանության պատրվակով:

Բալկանյան ժողովուրդների ազգային ազատագրական շարժման զարթոնքը 19-րդ դ. 20-ական թթ. և հունական պետության ստեղծումը վճռորոշ ազդեցություն ունեցան կայսրության ամբողջականության պահպանման հանդեպ նոր մոտեցումների ձևավորման վրա: Առաջին փորձերն այդ ուղղությամբ իրագործեց սուլթան Մահմուդ 2-րդը 19-րդ դ. 20-30 թթ.: Հայտնի է նրա հայտարարությունն այն մասին, որ կայսրության բոլոր հպատակներն իր հարազատ զավակներն են, որոնց նա վերաբերվում է հավասարապես, տեսնելով նրանց միջև տարբերությունը միմիայն կրոնական հանգամանքի մեջ:31

______________________
29 Տես` Ինճիկյան Հ.Գ. Օսմանյան կայսրության անկումը: Երևան, 1984; Сафрастян Р.А. Доктрина османизма в политическои жизни Османскои империи (50-70 гг. Х1Х в.). Ереван, 1985, с. 18-19; Фадеева И.Л. Նշվ. աշխ., էջ 61; Шеремет В,И. Նշվ. աշխ., էջ 82-83:
30 Cафрастян Р.А. Նշվ. աշխ., էջ19-20:
31 Նույն տեղում էջ 26:

[ էջ 27 ]

Թանզիմաթի առաջին շրջանը (19-րդ դ. 30-50-ական թթ.) նշանավորվեց կայսրության քրիստոնյա հպատակների իրավիճակի հանդեպ նոր գաղափարների ծնունդով: Բարենորոգումների հեղինակ Ռեշիդ փաշան առաջ քաշեց կայսրության բոլոր հպատակների, առանց բացառության, կյանքի, ունեցվածքի և պատվի երաշխիքների ապահովման գաղափարը, որն արտահայտվեց 1839 թ. նոյեմբերի 3-ին հռչակված Գյուլհանեի Հաթթը Շերիֆում «Հավասար վերաբերմունքի» կզբունքն իր արտահայտությունը գտավ նաև 40-ական թթ. հռչակված մի շարք այլ օրենսդրական ակտերում: Սակայն Ռեշիդ փաշան դրանով չսահմանափակվեց: Մինչև Ղրիմի պատերազմի սկիզբը կայսրությունում տարածում ստացավ «սուլթանի բոլոր հպատակների միասնականության» գաղափարը, որը հետզհետե սկսեց օգտագործվել որպես կայսրության թշնամիների և, առաջին հերթին, Ռուսաստանի դեմ երկրի բնակչության համախմբված պայքարի միջոց:32 1848 թ. աշնանն Օսմանյան կայսրության արտգործնախարար Մեհմեդ Էմին Ալի փաշան Ռուսաստանի դեսպանորդ Վլադիմիր Տիտովին ասում էր, որ քրիստոնյաների վիճակի բարելավումը` հեղափոխությունից նրանց շեղելու լավագույն միջոցն է: Եվրոպական տերությունները ուժ են կիրառում հեղափոխությունները ճնշելու նպատակով, շարունակում էր իր միտքը նախարարը, «իսկ Օսմանյան կայսրության բոլոր հպատակները հավասար են, բոլորն ապրում են հավասար պայմաններում ու հավասարապես պատասխանատվություն են կրում ընդհանուր կայսրության առջև»33:

Օսմանյան կայսրության ամբողջականությունն ու անկախությունը հարգելու և պահպանելու քաղաքականությունը որդեգրած բրիտանական դիվանագիտությունը լիովին պաշտպանում էր և նպաստում օսմանյան պետական գործիչների բարենորոգչական ծրագրերի իրականացմանը, մասնավորապես ազգային հարցում: Բրիտանական դիվանագիտության մտահաղացմամբ, միայն բարենորոգումների իրագործման միջոցով կարելի էր կանխել ազգային ազատագրական շարժումների աճը, կայսրության քրիստոնյա հպատակների ձգտումը` թոթափել օսմանյան լուծը Ռուսաստանի օգնությամբ: Բրիտանական քաղաքականությունն Օսմանյան կայսրության քրիստոնյա բնակչության հանդեպ սկսեց ձևավորվել 1830-ական թթ. սկզբին: Առաջին անգամ այն իր արտահայտությունը գտավ 1833 թ. դեկտեմբերին Փոնսոնբիին հասցեագրած Փալմերսթոնի

_________________________
32 Նույն տեղում, էջ 26-30:
33 АВПР, ф. Канцелярия, 1848, д. 43, л. 166-173.

[ էջ 28 ]

նամակում: Փալմերսթոնի ծրագրի համաձայն, որպես Բալկաններում Ռուսաստանի ազդեցության հաստատման այլընտրանք կարող էր հանդիսանալ քրիստոնյա բնակչության ներգրավումը տեղական ինքնակառավարմանը, թուրքական իշխանությունների ընդհանուր հսկողության ներքո տարածքային զինված կազմավորումների (միլիցիայի) ստեղծումը, քրիստոնյաներին օսմանյան բանակում ծառայելու իրավունքի տրամադրումը:34

Այդ խնդիրների իրագործմանն էր նպատակաուղղված Բրիտանիայի դեսպաններ Փոնսոնբիի և, հատկապես, Ստրետֆորդ Կաննինգի (Ռեդկլիֆի) գործունեությունը Կոստանդնուպոլսում: Մշտապես վախեցնելով թուրքական կառավարական շրջանակներն Օսմանյան կայսրության տարածքային ամբողջականության դեմ ուղղված Ռուսաստանի մտադրություններով, Կաննինգը կոչ էր անում Բարձր Դռանը շուտափույտ իրագործել բարենորոգումները, որոնք կթեթեվացնեն պայքարն ապստամբական շարժումների դեմ Դանուբյան իշխանապետություններում, Բուլղարիայում, Լիբանանում, կայսրության արաբական շրջաններում: Եթե Բալկանների հանդեպ արհեստականորեն խթանվում էր ռուսական ցարի կողմից ղեկավարվող համասլավոնական ապստամբության վտանգը, ապա կայսրության արևելյան շրջանների նկատմամբ առաջ էր քաշվում մահմեդականների դեմ ուղղված Ռուսաստանի խաչակրաց արշավանքի գաղափարը: Միաժամանակ, ազատագրական շարժումների ճնշման ընթացքում բրիտանական դեսպաններն ու հյուպատոսները շատ դեպքերում պաշտպանում էին թուրքական իշխանությունների կողմից կիրառվող քարոզչական մեթոդները, որոնց իմաստը կայանում էր նրանում, որ Բուլղարիայի, Հերցեգովինայի, Բոսնիայի, Լիբանանի, Մոլդովայի, Վալախիայի, Ալբանիայի ապստամբները հայտարարվում էին կայսրության բոլոր հպատակների միասնականացմանն ու հավասարեցմանն ուղղված բարենորոգումների քաղաքականության դեմ պայքարող խռովարարներ:35

Բրիտանական դիվանագիտության քաղաքականությունն Օսմանյան կայսրության քրիստոնյա բնակչության հանդեպ վերջնականապես ձևավորվեց Աբերդինի իշխանության օրոք: 1841 թ. հոկտեմբերին Կաննինգին ուղղված իր նամակում Աբերդինը հիմնականում ամբողջությամբ հաստատում է Օսմանյան կայսրության նկատմամբ Փալմերսթոնի կողմից

_________________________
34 Webster C.K. The Foreign Policy of Palmerston: Britain, the Liberal Movement and the Eastern Question. Vol. 2, London, 1951, pp. 540-541.
35 Шеремет В.И. Նշվ. աշխ., էջ 142-143:

[ էջ 29 ]

մշակված քաղաքական գիծը: Կայսրության տնտեսության, բանակի, ոստիկանության վիճակի բարելավման, բարենորոգումների իրագործման անհրաժեշտության հետ կապված դեսպանին ուղղված հանձնարարականների շարքում հատուկ նշվում էր քրիստոնյա բնակչության հանդեպ Բարձր Դռան կողմից հանդուրժողական քաղաքականության մշակման և իրագործման, Սիրիայում քրիստոնյաների վիճակի բարելավման մասին:36

1842 թ. սկզբին Կաննինգը հատուկ հրահանգ է ստանում Աբերդինից` կայսրության քրիստոնյա բնակչության հանդեպ տարվելիք քաղաքական գծի վերաբերյալ: Դեսպանին հանձնարարվում էր աշխատել Գյուլհանեի Հաթթը Շերիֆում հռչակված քրիստոնյաների երաշխիքների իրագործման ուղղությամբ: Փաստաթղթում նշվում էր, որ քրիստոնյաները ներկայացնում են կայսրության բնակչության ամենագործունյա հատվածը, որի անտեսումը կամ ճնշման քաղաքականության կիրառումը կարող է վտանգել կայսրության տարածքային ամբողջականությունն ու ընդհանրապես նրա գոյությունը: Աբերդինը շեշտում է, որ բրիտանական կառավարությունը չի ցանկանում միջամտել տարբեր քրիստոնյա համայնքների միջև գոյություն ունեցող հակասություններին, հովանավորել այս կամ այն փոքրամասնությանը:37

Ի տարբերություն Ֆրանսիայի, որը 1740 թ. սկսած պաշտոնապես համարվում էր կայսրության կաթոլիկ հպատակների հովանավորը, և Ռուսաստանի, որը 1774 թ. ճանաչվեց որպես ուղղափառների պաշտպանը, Բրիտանիան չէր հովանավորում որևիցե քրիստոնյա փոքրամասնությանը, հենվելով հիմնականում տարբեր դավանանքներին պատկանող առևտրական շրջանակների վրա: Միայն 1840-ական թթ. բրիտանական դիվանագետները սկսեցին որոշակի նախընտրություն տալ բողոքականներին:38 Կաննինգի ջանքերի շնորհիվ Բրիտանիայի և Գերմանիայի հպատակները 1848 թ. սեպտեմբերին սուլթանական իշխանություններից իրավունք ստացան Երուսաղեմում կառուցելու բողոքական եկեղեցի:39 Բրիտանիայի դեսպանը շատ հարցերում աջակցել է հայ բողոքականներին40, իսկ 1850 թ.

___________________
36 Malcolm-Smith E.F. The Life of Stratford Canning. London, 1933, p. 167.
37 Тодорова М.Н. Նշվ. աշխ. էջ 77:
38 Шеремет В.И. Նշվ. աշխ. էջ 85-86:
39 Temperley H.W.V. England and the Near East. The Crimea. London, 1936, p. 229.
40 Նույն տեղում:

[ էջ 30 ]

հասնում է նրան, որ կայսրության բողոքականները ստանում են առանձին համայնք (միլեթ) ունենալու իրավունք:41

Դեսպանի պաշտոնում նշանակվելու առաջին իսկ պահից Կաննինգը փորձում էր համոզել սուլթանական իշխանություններին, որ քրիստոնյաները ներկայացված և ընդգրկված լինեն կայսրության հասարակական կյանքի բոլոր բնագավառներում` բարձրագույն պետական մարմիններում, հասարակական ծառայություններում, բանակում և ոստիկանությունում, ստանան դատարանի առջև ցուցմունք տալու հավասար իրավունք:42

Կաննինգը մեծ աշխատանք տարավ կրոնափոխության համար մահապատժի վերացման ուղղությամբ: Առիթը հանդիսացավ երիտասարդ մի հայի մահապատիժը, որն ընդունել էր մահմեդականություն և ապա կրկին դարձել քրիստոնյա: 1844 թ. հունվարին Աբերդինը հանձնարարում է Կաննինգին խստագույնս պահանջել սուլթանական կառավարությունից վերջնականապես արգելելու կայսրության տարածքում մահապատժի կիրառումը կրոնափոխության պատճառով: Եթե Թուրքիան համարում է Մեծ Բրիտանիան իր բարեկամ պետությունը, որը վտանգի և դժվարության պահին կարող է օգնության ձեռք մեկնել նրան, նշում էր Աբերդինը, ապա նա պետք է առանց երկդիմության հայտարարի նման կարգի վերացման մասին:43 Սուլթանական իշխանությունների հետ երկար ու դժվարին բանակցությունների արդյունքում, մարտի 23-ին, դեսպանը հաղորդում էր Աբերդինին, որ կրոնափոխության պատճառով մահապատժի վերացման խնդիրը Օսմանյան կայսրությունում հաջողությամբ և վերջնականապես լուծված է: Սուլթանը դեսպանին խոստացել էր, որ այսուհետ քրիստոնեությունն իր կայսրությունում չի հետապնդվելու, չի ենթարկվելու վիրավորանքի, քրիստոնյաներն այլևս հավատի համար պատիժ չեն կրելու: Բարձր Դռան կողմից մարտի 21-ին հռչակված պաշտոնական հայտարարության մեջ ասվում էր. «Բարձր Դուռը պարտավորվում է գործուն միջոցներ ձեռնարկել այսուհետ արգելելու քրիստոնյայի պատիժը և մահապատիժը

______________________
41 Cunningham A. Stratford Canning and the Tanzimat. Beginnings of Modernization in the Middle East. Chicago, 1968, p. 261.
42 Malcolm-Smith E.F. Նշվ. աշխ., էջ 185:
43 Eastern Papers. Part XV111. Correspondence respecting Christian Privileges in Turkey. London, 1856, p. 15.

[ էջ 31 ]

կրոնափոխության պատճառով»:44 Սակայն իրականում սուլթանը չի վերացնում մահմեդականությունից հրաժարվելու պատճառով մահապատժի ենթարկելու մասին օրենքը, որը հետագայում շարունակվում է կիրառվել օսմանյան իշխանությունների կողմից:

1846-1848 թթ. Կաննինգը գտնվում էր Լոնդոնում: Կոստանդնուպոլսից մեկնելուց առաջ նա սուլթանին ներկայացրեց հուշագիր, ուր թվարկում էր իր կողմից առաջարկվող այն միջոցառումները, որոնք անհրաժեշտ է իրագործել կայսրությունում: Դրանք են` հարկերի գանձման համակարգի բարելավումը, կրթական համակարգի ընդլայնումը, ինչպես նաև կայսրության մահմեդական և քրիստոնյա բնակչության հարաբերությունների կարգավորմանն ուղղված բարենորոգումների իրագործումը:45

1846 թ. հոկտեմբերին կրկին անգամ իշխանության գլուխ անցած Փալմերսթոնը կայսրության քրիստոնյա բնակչությանը վերաբերող հատուկ հեռագիր է ուղարկում բրիտանական դեսպանության քարտուղար, գործերի հավատարմատար Վերեսլիին: Նա նշում էր, որ սուլթանական իշխանությունների կողմից հատուկ բարենորոգումների իրագործման դեպքում էթնիկապես և կրոնապես բազմազան բնակչությունը կարող է երկիրը վերածել տնտեսապես հզոր տերության: Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է երաշխավորել անձի և ունեցվածքի անձեռնմխելիությունը, տարածել իրավունքներն ու արտոնությունները կայսրության բնակչության բոլոր դասերի վրա: Միաժամանակ Փալմերսթոնին անհանգստացնում էր այն հանգամանքը, որ նման քաղաքականությունը կարող է հակազդեցություն ստանալ մահմեդական հասարակական կարծիքի կողմից:46

Կոստանդնուպոլիս վերադառնալուց անմիջապես հետո Կաննինգը մշակում և Բարձր Դռանն է ներկայացնում կայսրության քրիստոնյա բնակչության իրավիճակի բարելավման հետ առնչվող իր հայտնի «Հինգ կետերը»: Սուլթանական իշխանություններին առաջարկվում էր` ա/ հատուկ ակտով հաստատել քրիստոնյաների իրավունքների պաշտպանությունը պաշտամունքի, եկեղեցիների կառուցման և կղերականների անձեռնմխելիության պահպանման հարցերում. բ/ տարածել քրիստոնյա բնակչության վրա սուլթանի մահմեդական հպատակների բոլոր իրավունքները և արտոնությունները. գ/ վերացնել ոչ մահմեդական երկրագործ բնակչությունից գանձվող հարկը` խարաջը. դ/

____________________
44 Նույն տեղում:
45 Malcolm-Smith E.F. Նշվ. աշխ., էջ 212:
46 Тодорова М.Н. Նշվ. աշխ., էջ 78:

[ էջ 32 ]

ընդգրկել քրիստոնյաներին զինվորական ծառայության մեջ` սպայական պաշտոններ զբաղեցնելու իրավունքով. ե/ ապահովել դատարանում մահմեդականի դեմ վկայություն տալու քրիստոնյայի իրավունքը:47 Կաննինգի «Հինգ կետերն» արտահայտում էին ոչ միայն Մեծ Բրիտանիայի, այլև մյուս արևմտյան տերությունների քաղաղաքականությունը, որը կայանում էր Օսմանյան կայսրության ճնշված քրիստոնյա բնակչության իրավունքների պաշտպանության նախաձեռնությունը Ռուսաստանի ձեռքից առնելու մեջ:

Բրիտանական դեսպանի առաջարկները քննարկելու նպատակով սուլթանական կառավարությունը ստեղծել էր հատուկ հանձնաժողով: Սակայն 1849 թ. վերջին Կաննինգը Փալմերսթոնին գրում էր, որ իրականում իր առաջարկները չեն իրագործվում, քանի որ բարենորոգումների կողմնակիցները փոքրամասնություն են կազմում հանձնաժողովում, իսկ մեծ վեզիր Ռեշիդ փաշան սահմանափակվում է միմիայն կայսրության շրջանների ղեկավարներին շրջաբերականների առաքումով:48 1850 թ. դեսպանը սուլթանին ներկայացրեց հուշագիր, ուր հերթական անգամ փորձում էր ապացուցել բարենորոգումների անցկացման անհրաժեշտությունը: Սակայն Ռեշիդ փաշայի և բարենորոգումների մյուս կողմնակիցների դիրքերն արդեն զգալիորեն թուլացած էին և Կաննինգի նոր առաջարկներն այլևս չէին քննարկվում:49

3. ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ԵՎ 1850-ԱԿԱՆ ԹԹ. ԱՐԵՎԵԼՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ

Ղրիմի պատերազմի նախօրյակին աննախադեպ սրվեց Արևելյան հարցը, որը դարձավ եվրոպական տերությունների մերձավորարևելյան քաղաքականության առանցքը: Դիվանագիտության պատմության մեջ «Արևելյան հարց» հասկացության տակ ընդունված է համարել «Օսմանյան կայսրության հետ եվրոպական տերությունների ու Ռուսաստանի հարաբերությունները, թուրքական տիրապետության դեմ ճնշված ժողովուրդների ազատագրական պայքարի օգտագործումը, այդ կայսրության հաշվին ռազմաքաղաքական

______________________
47 Шеремет В.И. Նշվ. աշխ., էջ 136:
48 Malcolm-Smith E.F. Նշվ. աշխ. էջ 222:
49 Նույն տեղում, էջ 223:

[ էջ 33 ]

և տնտեսական առավելությունների հասնելու նրանց մրցապայքարը...»50: Առաջին անգամ այդ հասկացությունն օգտագործվեց եվրոպական դիվանագետների կողմից 1822 թ. Վերոնայի վեհաժողովում` օսմանյան տիրապետության դեմ հույն ժողովրդի ազգային ազատագրական շարժման վերելքի, Բալկաններում ստեղծված իրավիճակի քննարկման ընթացքում:

1850-ական թթ. Արևելյան հարցը ձեռք բերեց շատ ավելի բարդ և բազմերանգ բնույթ, աննախադեպ սրվեցին եվրոպական տերությունների հակասությունները Մերձավոր Արևելքում: Իրենց յուրահատուկ շահերի հետ մեկտեղ Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային և Ավստրիային միավորում էր երկու հիմնական խնդիր` բարենորոգումների միջոցով ապահովել Օսմանյան կայսրության ռազմաքաղաքական և տնտեսական հզորացումը և կանխարգելել քրիստոնյա հպատակների ազատագրական շարժումները: Եվրոպական տերությունների այս երկու գերխնդիրները հիմնականում ուղղված էին Մերձավոր Արևելքում Ռուսաստանի քաղաքականության դեմ, նրա ազդեցության թուլացմանն ու սահմանափակմանը, ռուս-թուրքական հնարավոր բախման նախապատրաստմանը:

Մեծ տերությունների հակասություններն Օսմանյան կայսրությունում քողարկված էին հիմնականում կրոնական թաղանթով: Յուրաքանչյուր տերություն ձգտում էր իր հսկողությունը հաստատել կայսրության ուղղափառ, կաթոլիկ և բողոքական բնակչության վրա: Այսպես, 1850-ական թթ. սկզբին խիստ և պահանջկոտ բնույթ ընդունեց Ֆրանսիայի դիվանագիտության քաղաքականությունը սուլթանական իշխանությունների հանդեպ: 1851 թ. մայիսին Ֆրանսիայի արտակարգ և լիազոր ներկայացուցիչ Շարլ Լավալետը պահանջեց Բարձր Դռնից հրապարակել փաստաթուղթ, ուր հաստատված լինեին կայսրության կաթոլիկ կղերականների և հպատակների իրավունքներն ու արտոնությունները: Եվ միայն ֆրանսիական նավատորմը նեղուցներ և դեպի Սիրիայի ափերը ուղարկելու Լավալետի սպառնալիքի արդյունքում, 1852 թ. փետրվարի 8-ին, Բարձր Դուռը հրապարակեց հատուկ հռչակագիր` կաթոլիկ հպատակների իրավունքների և արտոնությունների, ինչպես նաև նրանց և ուղղափառների կողմից Երուսաղեմի սրբավայրերի օգտագործման մասին:51

_____________________________
50 Կիրակոսյան Ջ. Բուրրժուական դիվանագիտությունը և Հայաստանը (X1X դարի 70-ական թթ.): Երևան, 1978, էջ 9-10:
51 Восточный вопрос во внешней политике России. Конец ХУ111-начало ХХ в. М., 1978, с. 132-133.

[ էջ 34 ]

1850-1853 թթ. բրիտանական դիվանագիտությունը և սուլթանական իշխանությունները համագործակցում էին կայսրության ոչ թուրք հպատակների ազատագրական շարժումների ճնշման խնդրում: Ինչպես Կաննինգը, այդպես էլ 1852-1853 թթ. նրա պարտականությունները ժամանակավորապես կատարող գնդապետ Ռոուզը պահանջում էին Բարձր Դռնից պատժիչ գործողություններ կիրառել կայսրության այս կամ այն հատվածում ծագող հակաթուրքական ելույթները ճնշելու համար` Ռուսաստանի դիվանագիտական միջամտությունը կանխելու նպատակով: Շատ դեպքերում բրիտանական դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցիչներն իրենք էին կազմավորում պատժիչ ջոկատները, աջակցում և ուղղություն տալիս տեղական իշխանություններին: Նման փաստեր արձանագրվել են արաբների (1850 թ.), դրուզների, Չեռնոգորիայի, Հյուսիսային Ալբանիայի, Հերցեգովինայի (1852 թ.) բնակչության ելույթների ճնշման ընթացքում:52

Մեծ Բրիտանիայի մերձավորարևելյան քաղաքականության ակտիվացմանը համապատասխան աճում էր բրիտանական հյուպատոսների դերն Օսմանյան կայսրության գավառներում: Այդ պաշտոններին նշանակվում էին չափազանց գործունյա և կարող անձնավորություններ, որոնք շատ դեպքերում ձեռք էին բերում զգալի հեղինակություն և ազդեցություն` նպատակ ունենալով հսկել բարենորոգումների իրագործումը տեղերում:

1853 թ. սկզբին Ռուսաստանի և Բրիտանիայի միջև սկսվում է ակտիվ քաղաքական երկխոսություն` Օսմանյան կայսրության ապագայի և քրիստոնյա հպատակների իրավիճակի վերաբերյալ: Հունվարի 11-ին Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Սեյմուրը տեղեկացնում էր արտգործնախարար Ռասսելին ռուս կայսր Նիկոլայ 1-ի հետ կայացած իր հանդիպման մասին: Զրույցի ժամանակ կայսրն ասել էր, որ Թուրքիան գտնվում է չափազանց քայքայված վիճակում, կարծես երկիրը կանգնած լինի առանձին հատվածների բաժանման վտանգի առջև: Նիկոլայ 1-ի կարծիքով, կայսրության անկումը մեծ դժբախտություն կլինի և շատ կարևոր է, որ Մեծ Բրիտանիան և Ռուսաստանն ընդհանուր համաձայնության գան այդ խնդրի շուրջ և կողմերից ոչ մեկը վճռական քայլի չդիմի առանց տեղյակ պահելու մյուսին: «Մենք մեր ձեռքերում հիվանդ մարդ ունենք, - ասում էր կայսրը, - շատ հիվանդ մարդ: Եվ ես անկեղծորեն պետք է Ձեզ խոստովանեմ, որ մեծ դժբախտություն կլինի, եթե օրերից մի օր նա հեռանա մեզնից և մինչ այդ մենք

__________________________
52 Шеремет В.И. Նշվ. աշխ., էջ 158-159:

[ էջ 35 ]

անհրաժեշտ միջոցներ չձեռնարկենք»: Սեյմուրը պատասխանել էր, թե «մեծահոգի և ուժեղ մարդու պարտականությունն է զգուշորեն վերաբերվել հիվանդ և վատառողջ մարդու հետ»: Դեսպանն առաջարկել էր, որ Ռուսաստանը ոչ մի որոշում չընդունի Թուրքիայի վերաբերյալ, առանց այն համաձայնեցնելու բրիտանական կառավարության հետ: Ամփոփելով իր հանդիպման արդյունքները, դեսպանը նշում էր, որ Բրիտանիան ձգտելու է համաձայնության գալ Ռուսաստանի հետ, նպատակ ունենալով կանխել Թուրքիայի անկումը, իսկ Ռուսաստանը փորձելու է օգտագործել համաձայնությունը` կայսրության փլուզումն անխուսափելի դարձնելու նպատակով:53

Հունվարի 14-ին կայացած հերթական հանդիպման ընթացքում կայսրը նշում էր. «Իմ երկիրն այնքան ընդարձակ է, բոլոր ասպարեզներում այնպիսի բարգավաճ պայմաններում է գտնվում, որ անխոհեմություն կլիներ իմ կողմից դրսևորել ավել տարածքի կամ իշխանության ձգտում: Հակառակը, առաջինը Ձեզ պետք է խոստովանեմ, որ արդեն այսքան մեծ կայսրությանը սպառնացող մեծագույն և հնարավոր է միակ վտանգը նրա ընդարձակումն է: Թուրքիան մեզ մոտ է գտնվում և ներկայիս պայմաններում մեր շահերից է բխում նրանից պահանջ չունենալը: Ժամանակներն անցել են, երբ կարելի էր վախենալ թուրքերի մոլեռանդ ոգուց կամ ռազմական ձեռնարկումներից. երկիրը բավականաչափ ուժեղ է, որպեսզի պաշտպանի իր անկախությունը և ապահովի հարգալից վերաբերմունք այլ երկրների կողմից: Եվ այդ կայսրությունում ապրում են մի քանի միլիոն քրիստոնյաներ, որոնց շահերը ես կոչված եմ պաշտպանելու և այդ իրավունքը տրված է ինձ պայմանագրով: ...Մեր կրոնը, որը հաստատված է իմ երկրում, եկել է արևելքից և, ուրեմն, բացի պարտականություններից գոյություն ունեն նաև զգացմունքներ, որոնք հնարավոր չէ մի կողմ դնել»: Այնուհետև կայսրը նկատում է, որ հիվանդ մարդը կարող է մահանալ «մեր ձեռքերի վրա» և այդ դեպքում հնարավորություն չի լինի այլևս նրան վերակենդանացնել: Կայսրն առաջարկում էր բրիտանական կառավարությանը` խուսափել պատահականություններից, թույլ չտալ, որ կայսրությունը վերածվի քաոսի, եվրոպական պատերազմի թատերաբեմի, մշակել ծրագիր` վիճակը փրկելու ուղղությամբ: «Շատ կարևոր է. - շարունակում էր կայսրը. - որ մենք հասկանանք իրար և թույլ չտանք, որ

____________________
53 Eastern Papers. Part V. Communications respecting Turkey made to Her Majesty`s Government by the Emperor of Russia, with the Answers returned to them. January to April 1853. London, 1854, pp. 2-3.

[ էջ 36 ]

իրադարձությունները մեզ անակնկալի բերեն...», կարևորը, որ «Անգլիան և ես այս հարցում գանք ընդհանուր համաձայնության», «ինձ չի հետաքրքրում, թե ինչ են անում կամ մտածում մյուսները»: «Անկեղծորեն պետք է խոստովանեմ Ձեզ, - նշում էր կայսրը, - ես թույլ չեմ տա, որ օրերից մի օր Անգլիան մտածի Կոստանդնուպոլսում հաստատվելու մասին»: Դեսպանը գրում էր նախարարին. «Որպեսզի ռուսական բանակը չհայտնվի Թուրքիայի սահմանների մոտ, հարկավոր է զգուշանալ երկու հանգամանքից: Առաջինը` Ֆրանսիայի կողմից սարքված հնարավոր սադրանքն է, իսկ երկրորդը, որը շատ ավելի կարևոր է, քրիստոնյա բնակչության հեղափոխությունն է սուլթանի իշխանության դեմ»: Սեյմուրի կարծիքով, Թուրքիայի ճակատագրով ամենից շատ հետաքրքրվող պետությունները` Անգլիան և Ռուսաստանը, համաձայնության գալով, պետք է կանխեն Թուրքիայի փլուզումը:54

Փետրվարի 9-ին Ռասսելը Սեյմուրին գրում էր, որ բրիտանական կառավարությունը նմանապես պատրաստ է չստորագրել Թուրքիայի անակնկալ փլուզմանը վերաբերող պայմանագիր, առանց ռուսական կայսեր հետ նախապես պայմանավորվածություն ունենալու: Նախարարը նշում էր, որ Թուրքիայի նկատմամբ անհրաժեշտ է վարել չափազանց համբերատար քաղաքականություն, եվրոպական տերությունների կողմից յուրաքանչյուր պահանջ պետք է կատարվի ոչ թե «հրամայականի», այլ «բարեկամական բանակցությունների» միջոցով. պետք է ամեն կերպ խուսափել ռազմական կամ ծովային ցույցերից, յուրաքանչյուր քայլ Թուրքիայի հանդեպ պետք է համաձայնեցվի մեծ տերությունների կողմից: Ռասսելը գրում էր, որ շատ կարևոր է սուլթանին խորհուրդ տալ իր քրիստոնյա հպատակներին վերաբերվել հավասարության և կրոնական ազատության սկզբունքների հիման վրա: Եթե թուրքական կառավարությունը, - շարունակում էր նախարարը, - ղեկավարվի «արդարացի իրավունքի» և «հավասարության» սկզբունքներով, ապա Ռուսաստանի հնարավորությունները` միջամտելու քրիստոնյաների իրավունքների ապահովման հարցերին, գնալով կնվազեն:55

____________________________
54 Նույն տեղում, էջ 3-6:
55 Նույն տեղում, էջ 7-8:

[ էջ 37 ]

1853 թ. փետրվարին Բրիտանիայի նոր արտգործնախարար Ջորջ Կլարենդոնը56 հանձնարարում է դեսպան Կաննինգին` սուլթան Աբդուլ Մեջիդի ուշադրությունը հրավիրել քրիստոնյա բնակչության վիճակը բարելավող բարենորոգումների իրագործման անհրաժեշտության վրա: Քրիստոնյաների ոչ հավասար և վատթար վիճակը, շարունակում էր նախարարը, հանդիսանում է Օսմանյան կայսրության ներքին գործերին միջամտելու հիմնական պատճառը: Կլարենդոնի համոզմամբ, քրիստոնյաների վիճակի բարելավումն Օսմանյան կայսրության տնտեսական զարգացման և կայունության անհրաժեշտ երաշխիքն է: Դեսպանը հանձնարարություն է ստանում համագործակցել այդ հարցում Ֆրանսիայի ներկայացուցչի հետ: Այդ պետության հետ, - նշում է Կլարենդոնը, - Բրիտանիան ունի ընդհանուր շահեր և մոտեցումներ Արևելքում, այն է` թուրքական կայսրության անկախության և ամբողջականության պաշտպանությունը:57

Փետվարի 15-ին Կաննինգը գոհունակությամբ հաղորդում է Կլարենդոնին, որ իր չորս տարվա ջանքերի շնորհիվ սուլթանը վերջապես հռչակագիր ստորագրեց, համաձայն որի կայսրության քրիստոնյա հպատակների իրավունքները քրեական իրավունքի բնագավառում հավասարեցվում են մահմեդականների իրավունքներին, առանց բացառության: Դեսպանը նշում էր, որ երբ չորս տարի առաջ նման որոշում ընդունվեց Կահիրեի և Ալեքսանդրիայի համար, ինքը որոշեց հասնել դրան ողջ կայսրության համար: Մասնավորապես, մի քանի շաբաթ առաջ դեսպանը խիստ կերպով դիմել էր այդ հարցով Ռեշիդ փաշային:58

Կլարենդոնին ուղղված իր փետրվարի 24-ի նամակում Կաննինգը համոզված կերպով նշում է, որ նման «մեծ իրադարձությունն» իր տրամաբանական շարունակությունը կունենա, քանի որ առկա են սուլթանի «բարի մոտեցումը» և նրա մահմեդական ենթակաների շրջանում գերակշռող «առողջ ոգին»59: Պատասխան նամակում Կլարենդոնն իր գոհունակությունն էր արտահայտում կատարված բարեփոխության առիթով և հույս

______________________
56 Կլարենդոն (Clarendon) Ջորջ (1800-1870) – բրիտանացի պետական գործիչ և դիվանագետ: 1853-1858, 1865-1866, 1868-1870 թթ.` արտաքին գործերի նախարար:
57 Шеремет В.И. Նշվ. աշխ., էջ 164:
58 Correspondence respecting the Condition of Protestants in Turkey. 1853-1854 (In Continuation of Papers presented to both Houses of Parliament in 1851). London, 1854, p. 4.
59 Նույն տեղում, էջ 5:

[ էջ 38 ]

հայտնում, որ կայսրության քրիստոնյա բնակչությունը կհամոզվի սուլթանի «վճռականության մեջ` վերականգնելու իրենց իրավունքներն ու վերացնելու ապագայում իրենց դժգոհությունների բոլոր հիմքերը»:60

Փետրվարի 20-ին ռուսական կայսրի հետ տեղի ունեցած հերթական հանդիպման ժամանակ Սեյմուրը նշում էր, որ «հիվանդ մարդը» միանգամից մահանալ չի կարող, պատմությունը վկայում է, որ պետությունները միանգամից չեն փլուզվում: Նիկոլայ 1-ը պատասխանում է. «Եթե Ձեր կառավարությունը համոզված է, որ Թուրքիան պահպանում է գոյության որևէ հիմքեր, ապա Ձեր կառավարությունը ոչ ճշգրիտ տեղեկատվություն է ստանում: Ես կրկնում եմ Ձեզ համար, որ հիվանդ մարդը մահանում է և մենք ոչ մի դեպքում չենք կարող թույլ տալ, որ տեղի ունենա նման անակնկալ: Մենք պետք է որևէ համաձայնության գանք և դա մենք պետք է անենք...և ես չեմ խնդրում պայմանագիր կամ արձանագրություն ու ընդամենը ինչ ես պահանջում եմ, ընդհանուր համաձայնության գալն է... »:61 Կայսրի համոզմամբ, աղետը կարող է տեղի ունենալ ամեն վայրկյան, ինչպես արտաքին միջամտության կամ պատերազմի, թուրքական հին կամ նոր քաղաքական հոսանքների պայքարի, այնպես էլ մահմեդական իշխանության դեմ ուղղված քրիստոնյաների աճող ըմբոստության հետևանքով: «...Ես չեմ հանդուրժելու Կոստանդնուպոլսի պերմանենտ գրավում ռուսների կողմից. նշելով այս, ուզում եմ ասել, որ այն երբեք չի գրավվելու անգլիական, ֆրանսիական կամ էլ որևէ ուրիշ մեծ ազգի կողմից: Մեկ անգամ ևս. ես երբեք թույլ չեմ տա Բյուզանդական կայսրության վերականգնման որևէ փորձ, կամ էլ Հունաստանի տարածքի որևէ ընդարձակում, որը կարող է նրան ուժեղ պետություն դարձնել. ավելին, ես թույլ չեմ տա, որ Թուրքիան բաժանվի փոքրիկ հանրապետությունների, որոնք ապաստան դառնան Կոշուտների և Մազինիների, ինչպես նաև Եվրոպայի այլ հեղափոխականների համար. նման վիճակից զերծ մնալու համար ես կգնամ պատերազմի և դա կլինի այնքան ժամանակ, քանի դեռ ես ունեմ մարդ և մուշկետ...Թուրքիայում չկան գավառային կամ համայնական իշխանության նշաններ, կան քրիստոնյաների վրա հարձակում գործող թուրքեր, թուրքերի վրա հարձակվող քրիստոնյաներ, տարբեր աղանդների պատկանող քրիստոնյաների վեճեր. կարճ ասած, քաոս և անիշխանություն»: Սեյմուրը պատասխանում է. «...Մեր միջև եղած հիմնական

___________________________
60 Նույն տեղում, էջ 11:
61 Eastern Papers. Part V..., pp. 8-9.

[ էջ 39 ]

տարբերությունը կայանում է հետևյալում. դուք շարունակում եք պնդել Թուրքիայի փլուզման, ինչպես նաև փլուզումից առաջ և հետո անհրաժեշտ պատրաստությունների նախատեսման մասին, իսկ մենք, հակառակը, դիտում ենք Թուրքիան այնպես, ինչպես նա կա և ցանկանում անհրաժեշտ նախազգուշական միջոցներ կիրառել` կանխարգելելու նրա վիճակի վատթարացումը»:62

Փետրվարի 21-ին անգլիական կառավարությանն ուղղված իր հուշագրում Նիկոլայ 1-ը գրում է. «...Օսմանյան մոլեռանդության կողմից իրագործված սարսափներն այնտեղ (Չեռնոգորիա) և կարճ ժամանակամիջոցում նաև Բուլղարիայում, Բոսնիայում և Հերցեգովինայում պատճառ դարձան Դռան մյուս քրիստոնյա շրջաններին նախազգալու, որ արժանանալու են նույն ճակատագրին և մտածելու են թուրքական կայսրության գավազանի տակ ապրող քրիստոնյաների ընդհանուր ապստամբություն բարձրացնելու մասին, դրանով իսկ արագացնելով նրա կործանումը...»:63

Մարտի 23-ին Կլարենդոնը Սեյմուրին գրում էր. «...Ենթադրելով, որ անխուսափելի պատճառները կհանգեցնեն աղետի, Նորին Մեծության կառավարությունը ամբողջապես կիսում է կայսեր կարծիքն այն մասին, որ Կոստանդնուպոլսի գրավումը յուրաքանչյուր մեծ տերության կողմից անհամատեղելի է գոյություն ունեցող ուժերի հավասարակշռության և Եվրոպայում խաղաղության պահպանման հետ, ու մեկընդմիշտ պետք է դիտվի որպես անհնարին մի բան: Բյուզանդական կայսրության վերականգնման համար որևէ հիմք գոյություն չունի: Հունաստանի մշտապես վատ կառավարումը թույլ չի տալիս մեծացնելու նրա տարածքային գերիշխանությունը. և քանի որ հիմքեր չկան գավառային կամ համայնական կառավարության համար, Թուրքիայի շրջաններում տիրելու է անիշխանություն կամ հնարավորություն է ստեղծվելու առանձին հանրապետությունների ձևավորման համար»: Կլարենդոնը նշում էր, որ Անգլիան տարածքային ընդլայնման ոչ մի ցանկություն չունի և չի կարող կողմ դառնալ համաձայնության, որն իրեն նման օգուտ կարող է բերել: Անգլիան, - շարունակում էր Կլարենդոնը, - չի կարող մասնակից դառնալ մի համաձայնության, որը գաղտնի է պահվելու մյուս պետություններից: Բրիտանական կառավարությունը հավատացած է, որ ոչ մի նախապատրաստական միջոց չի կարող հսկողության տակ առնել իրադարձությունները և ոչ մի տեսակի համաձայնություն

_____________________
62 Նույն տեղում, էջ 9-10:
63 Նույն տեղում, էջ 16:

[ էջ 40 ]

հնարավոր չէ պահել գաղտնի: Բրիտանական կառավարության կարծիքով, նման գործողությունները կարող են առիթ հանդիսանալ տարբեր սադրանքների և Թուրքիայի քրիստոնյա բնակչության հեղափոխության համար: Խնդրի լուծման միակ հնարավոր միջոցը Կլարենդոնը համարում էր եվրոպական համաժողովը, այն էլ` որպես լրացուցիչ միջոց Թուրքիայի ներկայիս վիճակը պահպանելու համար: Բրիտանական կառավարության հիմնական խնդիրը եղել և մնում է «խաղաղության պահպանումը» և «Թուրքական կայսրության պաշտպանությունը», ելնելով այն համոզումից, որ ոչ մի մեծ հարց հնարավոր չէ բարձրացնել Արևելքում, առանց տարաձայնությունների և անհամաձայնության ստեղծման Արևմուտքում, ինչպես նաև` Արևմուտքում բարձրացվող մեծ հարցերը հեղափոխական բնույթ են ստանում և սոցիալական հասարակարգի փոփոխության առիթ ստեղծում Արևելքում:

Կլարենդոնի համոզմամբ, ոչ ոք չի կարող հաստատել, որ Թուրքիայի նեխման նշաններն այսօր ավելի ակնհայտ և արագ ընթացող են, քան առաջ. Թուրքիան իր մեջ մեծ ուժ և հարստություն ունի, գոյություն ունեցող կաշառակերությունը դեռևս չի վտանգում պետության գոյությունը, վերաբերմունքը քրիստոնյաների հանդեպ դաժան չէ և Բարձր Դռան հանդուրժողականությունն իր ենթակաների նկատմամբ կարող է օրինակ ծառայել որոշ կառավարությունների համար, որոնք Թուրքիան համարում են «բարբարոս պետություն»:64

Այսպիսով, բրիտանական կառավարությունը հրաժարվեց Ռուսաստանի առաջարկից` համաձայնության գալու Օսմանյան կայսրության հնարավոր փլուզման դեպքում: Միաժամանակ Բրիտանիան զգուշացրեց ռուսական կառավարությանը, որ չի հանդուրժելու սուլթանին հարկադրող խիստ հայտարարություն կամ ռազմածովային ցույց:65

Ապրիլի 21-ին բրիտանական կառավարությանը ներկայացված հուշագրում ռուսական կայսրը նշում էր, որ այդ կառավարության տեղեկատվությունը Թուրքիայի ներքին վիճակի մասին ամբողջապես տարբերվում է իր տեղեկություններից, որոնք վկայում են, որ թուրքական կառավարությունը անհրաժեշտ հանդուրժողականություն չի ցուցաբերում իր քրիստոնյա հպատակների նկատմամբ: Կայսրի համոզմամբ, տերությունների կողմից թուրքական կառավարությանն անընդհատ ներկայացվող, նրա

_____________________
64 Նույն տեղում, էջ 19-20:
65 Шеремет В.И. Նշվ. աշխ., էջ 163:

[ էջ 41 ]

անկախությունը և արժանապատվությունը ստորացնող հրամայական պահանջները չեն կարող լինել օգտակար: Կայսրը շեշտում էր, որ պատրաստ է համագործակցել Անգլիայի հետ Թուրքական կայսրության գոյությունը երկարաձգելու ուղղությամբ:66

Դեռևս մարտի 9-ին Կոստանդնուպոլիս ժամանած Ալեքսանդր Մենշիկովի առաքելության միջոցով Ռուսաստանը սուլթանական իշխանությունների առջև կրկին անգամ բարձրացնում է կայսրության ուղղափառ հպատակների իրավունքների պաշտպանության խնդիրը: Մայիսին Մենշիկովը պահանջեց Բարձր Դռնից հրապարակել փաստաթուղթ, ուր թուրքական կառավարությունը իր վրա պարտավորություն կվերցնի վերահաստատելու և ապահովելու կայսրության ուղղափառ հպատակներին նախկինում տրված իրավունքներն ու արտոնությունները, որոնցից օգտվում են մահմեդականներն ու մյուս կրոնական փոքրամասնությունները: Ի պատասխան ռուսական նախաձեռնությանը, ապրիլին Թուրքիա վերադարձած Կաննինգը (ճանապարհին բրիտանական դեսպանը բանակցություններ էր վարել և համաձայնության եկել Փարիզում ու Վիեննայում) կազմակերպեց Ֆրանսիայի, Ավստրիայի և Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքում որոշում ընդունվեց առաջարկել սուլթանական կառավարությանը` մերժել Ռուսաստանի կողմից ներկայացված պահանջը: Ռուսաստանի քայլը դատապարտվեց տերությունների կողմից և գնահատվեց որպես 1841 թ. Լոնդոնի կոնվենցիայի դրույթների կոպիտ խախտում: Միաժամանակ Բրիտանիայի և Ֆրանսիայի կառավարությունները որոշում ընդունեցին ռազմածովային ցույց կազմակերպել սևծովյան նեղուցների շրջանում:67

Ռազմական նախապատրաստություններին զուգահեռ Բրիտանիայի և Օսմանյան կայսրության կառավարությունները փորձում էին իրավական հիմքեր ստեղծել` կայսրության քրիստոնյա հպատակների պաշտպանության մենաշնորհի իրավունքը Ռուսաստանից վերցնելու համար: Հունիսի 12-ին Բարձր Դուռը հուշագիր ներկայացրեց Մեծ Բրիտանիայի դեսպանությանը, համաձայն որի սուլթանը ստորագրել է հույների, հայերի, կաթոլիկների, բողոքականների և հրեաների կրոնական արտոնությունները, ինչպես նաև նրանց եկեղեցիների ու իրենց պատկանող այլ վայրերի իրավունքներն ու արտոնությունները հաստատող հռչակագրեր: Դրանք հասցեագրված էին հույն, հայ և կաթոլիկ

___________________________
66 Eastern Papers. Part V..., p. 26.
67 Восточный вопрос..., с. 132-134.

[ էջ 42 ]

պատրիարքներին, բողոքականների ներկայացուցիչներին ու հրեաների գլխավոր քահանային: Ընդ որում, ընդունված որոշումը հուշագրում ներկայացվում էր որպես սուլթանի «բարեսրտության թարմ ապացույց»:68

Մեկ ամիս անց Բարձր Դուռը Ռուսաստանին և մյուս տերություններին ներկայացրեց հայտագիր, ուր կայսրության ուղղափառ հպատակների իրավունքների պաշտպանության կոնկրետ պարտականություններ էր վերցնում իր վրա: Միաժամանակ այն կոչ էր անում արևմտյան տերություններին երաշխավորել իր պարտականությունները ռուսական կառավարության առջև: Սակայն ռուսական կառավարությունը մերժեց թուրքական հայտագրի հիմնադրույթները:69

Փորձելով իրենց շահերին համապատասխան հաշտեցնել Ռուսաստանն ու Օսմանյան կայսրությունը, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ավստրիայի և Գերմանիայի ներկայացուցիչների կողմից Վիեննայում նախապատրաստվեց և հուլիսի 31-ին Բարձր Դռանը ներկայացվեց հայտագիր, որը հայտնի է «Վիեննայի հայտագիր» անվան տակ: Ձևականորեն ուղղված լինելով սուլթանական կառավարությանը, հայտագիրը փաստորեն հասցեագրված էր Ռուսաստանին: Այն պետք է հաստատեր Քուչուք-Քայնարջիի և Ադրիանապոլսի պայմանագրերի դրույթները` Ռուսաստանի կողմից Օսմանյան կայսրության ուղղափառ հպատակների պաշտպանության մասին, ինչպես նաև երաշխավորեր Բարձր Դռան կողմից ընդունված քրիստոնյաների իրավիճակին վերաբերող նոր որոշումների տարածումը նաև ուղղափառների վրա: Ընդ որում այդ պայմանագրերի կատարումը Բարձր Դռան կողմից դրվում էր արևմտյան տերությունների հսկողության ներքո: Չհամաձայնելով տերությունների միջնորդական առաջարկությանը և համարելով այն կայսրության 12 մլն. քրիստոնյա բնակչության վրա հովանավորություն հաստատելու փորձ, Բարձր Դուռը պատերազմ հայտարարեց Ռուսաստանին:70

Օսմանյան կայսրության պարտությունը Սինոպի ճակատամարտում մեծ անհանգստություն պատճառեց բրիտանական կառավարությանը: Այն առիթ հանդիսացավ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից միջնորդական նոր առաջարկներ մշակելու համար (1853 թ. դեկտեմբեր), որոնց հիմքում ընկած էին Օսմանյան կայսրության տարածքային

________________________
68Correspondence respecting the Condition of Protestants..., p. 2.
69 Восточный вопрос..., с. 135.
70 Նույն տեղում, էջ 135-136:

[ էջ 43 ]

ամբողջականության պահպանման և տերությունների ընդհանուր հսկողության տակ կայսրության քրիստոնյա բնակչության իրավիճակը բարելավող բարենորոգումների իրագործման անհրաժեշտության գաղափարները:71

Բրիտանական դեսպանությունը Կոստանդնուպոլսում շարունակում էր ակտիվորեն զբաղվել քրիստոնյա հպատակների դրությունը բարելավելու խնդիրներով: 1853 թ. դեկտեմբերի 6-ին Կաննինգը հաղորդում էր Կլարենդոնին, որ թեև իր պահանջով բողոքականների իրավունքները կրոնական մյուս փոքրամասնությունների իրավունքներին հավասարեցնող սուլթանի հռչակագիրը ստորագրվել էր կես տարի առաջ, ինքը մեծ ջանքեր գործադրեց պարզելու` արդյոք գավառների ղեկավարները համապատասխան ցուցումներ ստացել՞ են, թե¯ ոչ: Վերջապես դեսպանը տեղեկացել է, որ իր բազմաթիվ խնդրագրերի շնորհիվ բոլոր այն նահանգների ղեկավարները, որտեղ առկա են բողոքական համայնքներ, ստացել են պաշտոնական ցուցումներ որոշումն իրագործելու կապակցությամբ:72

Ղրիմի պատերազմի ամբողջ ընթացքում զարգանում և ընդլայնվում էր քրիստոնյա ժողովուրդների հակաթուրքական ազատագրական շարժումը կայսրության տարբեր շրջաններում: 1853 թ. վերջին - 1854 թ. սկզբին ուժեղացան ժողովրդական ելույթները Բուլղարիայում և Քրդստանում, հունվարից աննախադեպ բնույթ ստացան Էպիրոսի, Թեսսալիայի, Էգեյան կղզիների հույների հակաթուրքական շարժումները: Ապստամբներին հետապնդելու և հնարավոր խռովությունները կանխելու նպատակով Բրիտանիան դիտակետեր և կայազորեր տեղադրեց այդ շրջաններում, ինչպես նաև` Քիոս, Ռոդոս ու Սամոս կղզիներում: Անգլիացիները փորձում էին համոզել հույներին` միանալ դաշնակիցների բանակին ընդդեմ Ռուսաստանի:73 Դեռևս 1853 թ. հուլիսի 4-ին Կաննինգը Կլարենդոնին գրում էր, որ ոչ թե հզոր ռուսական բանակն, այլ համընդհանուր հակաթուրքական ազատագրական շարժումն է հանդիսանում Օսմանյան կայսրության փլուզման հիմնական վտանգը: Նա առաջարկում էր օգտագործել բոլոր հնարավոր միջոցները` նման իրավիճակից խուսափելու համար: ՙԿամ հսկայական Օսմանյան

_________________________
71 Նույն տեղում, էջ 137:
72 Correspondence respecting the Condition of Protestants..., p. 3.
73 Восточный вопрос..., с. 138.

[ էջ 44 ]

կայսրությունն իր բնական հարստություններով և անհամար հեռանկարներով կդառնա ռուսական, - խորհում էր դեսպանը, - կամ էլ այն կփրկվի Եվրոպայի համար՚:74

Բրիտանական դիվանագիտությունն ու հրամանատարությունը ծրագրում էին հատուկ միավորումներ ստեղծել, որոնք կազմված լինեին կայսրության քրիստոնյա հպատակներից, ինչպես նաև լեհ, հունգար և իտալացի էմիգրանտներից: Ավելին, Ռոտշիլդի բանկի ներկայացուցիչները առաջ էին քաշում կայսրության հրեա հպատակներից կազմված առանձին զորամիավորում ստեղծելու գաղափարը, որը համապատասխանում էր Բրիտանիայի հովանավորության ներքո հրեաների` Պաղեստինում բնակեցման ծրագրերին: Սակայն նման գաղափարների իրագործմանը հակադրվում էր սուլթանական կառավարությունը, անհանգստանալով, որ այդ զորամիավորումները կարող են դուրս գալ թուրքական իշխանությունների հսկողությունից և վերածվել հզոր զենքի Բրիտանիայի ձեռքում:75

Բրիտանական դիվանագիտության ճնշման տակ, անգլո-ֆրանսա-թուրքական ռազմական պայմանագրի ստորագրումից չորս օր առաջ, 1854 թ. մարտի 8-ին, Ռեշիդ փաշան Թուրքիայում հավատարմագրված մեծ տերությունների դեսպաններին հանձնեց հատուկ հուշագիր, ուր ներկայացված էր սուլթանի ծրագիրը` կայսրության քրիստոնյա հպատակների վիճակի բարելավման վերաբերյալ: Համաձայն այդ փաստաթղթի սուլթանը պարտավորվում էր. ա/ վերացնել ոչ մահմեդական հպատակներից գանձվող հարկի (հարաջ) բոլոր տեսակները և սահմանել նոր ընդհանուր հարկ կայսրության բոլոր հպատակների համար. բ/ վարչական և իրավական միջոցներով երաշխավորել կայսրության բոլոր հպատակների` առանց բացառության, լիարժեք քաղաքացիական հավասարությունը. գ/ քրիստոնյա հպատակներին շնորհել բարձր քաղաքացիական և զինվորական պաշտոններ զբաղեցնելու իրավունք. դ/ սեփականություն ձեռք բերելու իրավունք տրամադրել կայսրությունում բնակվող քրիստոնյաներին և օտարերկրյա հպատակներին. ե/ պաշտամունքային շինությունների կառուցման և պահպանման հնարավորություններ ապահովել կայսրության բոլոր համայքների համար:76 Ռազմական դաշինքի հիմնական նախապայման հանդիսացող այս փաստաթուղթը հնարավորություն ընձեռեց բրիտանական

______________________
74 Шеремет В.И. Նշվ. աշխ., էջ 173-174:
75 Նույն տեղում, էջ 220-221:
76 Նույն տեղում, էջ 205-206:

[ էջ 45 ]

դիվանագիտությանը` Ռուսաստանի մերձավորարևելյան քաղաքականության հետագա սահմանափակման, Օսմանյան կայսրության ներքին քաղաքական իրավիճակի վրա տերությունների կողմից ընդհանուր հսկողություն հաստատելու ճանապարհին:

Այդ քաղաքականության տրամաբանական շարունակությունն էր 1854 թ. ապրիլի 9-ին Ավստրիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ներկայացուցիչների կողմից Վիեննայում ստորագրված համաձայնագիրը: Համաձայն այդ փաստաթղթի, Օսմանյան կայսրության տարածքային ամբողջականության պահպանումը, ռուսական զորքերի դուրս բերումը Դանուբյան իշխանապետություններից և քրիստոնյաների հպատակների քաղաքացիական ու կրոնական իրավունքների պաշտպանությունը դառնում էին ստորագրող կողմերի քաղաքականության հիմնական սկզբունքները:77

Նույն հիմնադրույթները տերությունների ներկայացուցիչների կողմից հաստատվեցին Վիեննայում, մայիսի 23-ին ստորագրված 6-րդ արձանագրության 2-րդ կետում: Փաստաթղթում նշվում էր.«...Օսմանյան կայսրության ամբողջականությունը և նրա գրավված տարածքի մի մասից ռուսական զորքերի դուրս բերումը մնում են և շարունակելու են մնալ չորս տերությունների դաշինքի անփոփող և հաստատուն խնդիրը:78

1854 թ. դեկտեմբերի 28-ին Ավստրիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի լիազոր ներկայացուցիչները հուշագիր են ներկայացնում Ավստրիայում Ռուսաստանի դեսպանորդ Ալեքսանդր Գորչակովին` Ռուսաստանի հանդեպ տերությունների պահանջների վերաբերյալ: Առաջին կետով նրանք պահանջում էին ռուսական կառավարությունից հրաժարվել Մոլդովայի, Վալախիայի և Սերբիայի միակողմանի հովանավորությունից, հաստատելով բոլոր մեծ տերությունների հսկողությունն այդ տարածքների վրա: Երկրորդ կետը վերաբերվում էր Դանուբ գետով ազատ նավարկության խնդրին: Մյուս պահանջը վերաբերվում էր Օսմանյան կայսրությունը եվրոպական հավասարակշռության առարկա դարձնելուն և Սև ծովում Ռուսաստանին մենաշնորհի կարգավիճակից զրկելու խնդրին: Չորորդ կետում նշվում էր, որ, յուրովի մեկնաբանելով Քուչուք-Քայնարջիի ռուս-թուրքական պայմանագիրը, Ռուսաստանը պաշտոնապես իր վրա էր վերցրել Օսմանյան կայսրության

_________________________
77 Eastern Papers. Part V111. Protocol signed at Vienna on the 8th of April, 1854, by the Representatives of Austria, France, Great Britain and Prussia. London, 1854, p. 2.
78 Eastern Papers. Part 1X. Protocol signed at Vienna on the 23rd of May, 1854 by the Representatives of Austria, France, Great Britain and Prussia. London, 1854, p. 2.

[ էջ 46 ]

քրիստոնյա հպատակների հովանավորությունը, ինչը վտանգում է երկրի ինքնիշխանությանն ու ամբողջականությանը: Նշվում էր, որ մեծ տերությունների պահանջով սուլթանը համապատասխան միջոցառումներ է իրականացնում քրիստոնյաների կրոնական իրավունքները հարգելու և հավասարեցնելու ուղղությամբ:79

1855 թ. փետրվարի 22-ին Կլարենդոնը հրահանգ է իջեցնում Վիեննայում բրիտանական ներկայացուցիչ Ռասսելին, որում Եվրոպայի խաղաղությունն ապահովելու, Օսմանյան կայսրությունը եվրոպական հավասարակշռության առարկա դարձնելու, Դանուբյան վիլայեթներից ռուսական զորքերը դուրս բերելու, տերությունների նավատորմերը Սև ծովում ազատ նավարկելու, թուրքական բանակն ու նավատորմը ուժեղացնելու խնդիրներից բացի, անդրադառնում է կայսրության քրիստոնյա հպատակների իրավիճակի հարցին: Մասնավորապես նշվում էր, որ առաջնահերթ խնդիրներից մեկն է հակամարտող մահմեդականության և քրիստոնեության «հաշտեցումն ու ներդաշնակության» ապահովումը: Կայսրության քրիստոնյա հպատակների հարցով Բարձր Դռան հետ հարաբերվելիս քրիստոնյա տերություններից պահանջվում է զգուշություն, հրաժարում զգացմունքներից և ինքնահսկողություն: Նպատակ ունենալով ապա