ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐԵՎՄՏԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ
Բովանդակություն
Տիտղոսաթերթ
Առաջաբան
Գլուխ առաջին Գլուխ
երկրորդ Գլուխ երրորդ Գլուխ
չորրորդ Գլուխ
հինգերորդ
Ամփոփում
Գրականության ցանկ
Բովանդակություն (ըստ
աղբյուրի)
[ էջ 132 ]
ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵՆՈՐՈԳՈՒՄՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ ԵՎ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 1878-1892 ԹԹ.
1. ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑՈՒՄ 1878-1880 ԹԹ.
Բեռլինի վեհաժողովի որոշումները մեծ տեղաշարժեր արձանագրեցին Եվրոպայի քաղաքական կյանքում, կարևորագույն նշանակություն ունեցան օսմանյան լծից բալկանյան ժողովուրդների ազատագրման գործում: Անկախություն ձեռք բերեցին Սերբիան, Չեռնոգորիան և Ռումինիան, ինքնավարություն ստացան Բուլղարիան և Արևելյան Ռումելիան, Ռուսաստանին անցան Բեսարաբիան, Կարսը, Արդահանն ու Բաթումը, Ավստրո-Հունգարիան գրավեց Բոսնիան: Սակայն տարածքային այդ փոփոխությունները չլուծեցին Արևելյան հարցը, չթուլացրին միջազգային հարաբերությունների լարվածությունը: Ճգնաժամը և Բեռլինի վեհաժողովն ավելի սրեցին եվրոպական տերությունների միջև գոյություն ունեցող հակասությունները: Ավստրո-գերմանական միության ստեղծման (7 հոկտեմբերի 1879 թ.) արդյունքում ամրապնդվեցին ռուս-ֆրանսիական հարաբերությունները, հիմք հանդիսանալով տերությունների ռազմական խմբավորումների ձևավորման համար, որոնք բախվեցին միմյանց հետ առաջին համաշխարհային պատերազմում:
Թեև վեհաժողովի ավարտից անմիջապես հետո սկսվեցին ռուս-բրիտանական բանակցությունները նեղուցներից բրիտանական նավատորմի և Կոստանդնուպոլսի մերձակայքից ռուսական զորքերի միաժամանակ ետքաշման կապակցությամբ, հարաբերությունները երկու պետությունների միջև մնում էին լարված: Օգտվելով հետպատերազմյան Ռուսաստանի ռազմական և տնտեսական ծանր վիճակից, բրիտանական կառավարությունը հաջողությամբ շարունակում էր Մերձավոր Արևելքում իր դիրքերի ամրապնդման քաղաքականությունը:
Բեռլինի պայմանագրի 61-րդ հոդվածի իրագործումը` սուլթանական կառավարությունից հայերի օգտին բարենորոգումներ պահանջելը, դարձել էր Դիզրայելիի
[ էջ 133 ]
կառավարության առաջնահերթ խնդիրը: Արևմտյան Հայաստանի մի շարք քաղաքներում նշանակվեցին բրիտանական հյուպատոսներ, որոնց հաղորդագրություններն ու զեկուցագրերը հայ բնակչության վիճակի և տեղական իշխանությունների գործելակերպի մասին Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից օգտագարծվում էին Բարձր Դռանը մշտական լարվածության մեջ պահելու համար` նրանից նոր զիջումներ կորզելու նպատակով: Բրիտանական հյուպատոսներն ու փոխհյուպատոսները հիմնականում ռազմական հետախույզներ կամ ինժեներներ էին, որոնց հանձնարարված էր մանրամասնորեն ուսումնասիրել երկրի տեղագրությունն ու աշխարհագրությունը, բնակչության թվակազմն ու սովորույթները: Բրիտանական դիվանագիտության առջև խնդիր էր դրված կանխել Ռուսաստանի ազդեցության տարածումը Մերձավոր Արևելքում, ինչպես նաև` օգտագործելով Հայկական հարցը, խաղաղ ճանապարհով անջատել Եգիպտոսն Օսմանյան կայսրությունից:
Վեհաժողովի փակման անմիջապես հաջորդ օրը Լեյարդը հաղորդում էր Սոլսբերիին, որ Ռուսաստանը շարունակում է իրեն հատուկ բանսարկություններ կազմակերպել Ասիական Թուրքիայի հայերի շրջանում: Ըստ դեսպանի, ռուսական գործակալներն ուղարկվում են հայաբնակ շրջաններ` սուլթանական իշխանության նկատմամբ դժգոհություն սերմանելու նպատակով, իսկ մայրաքաղաքի հայերի շրջանում արդեն գործում է ռուսամետ կազմակերպություն, ուր ընդգրկված են հայ համայնքի ազդեցիկ ղեկավար անդամներ: Մեկ շաբաթ առաջ պատրիարք Ներսեսը հայտարարել էր դեսպանին, որ երկար չի կարողանալու ղեկավարել պատրիարքարանը, եթե վեհաժողովը ոչինչ չանի հայերի համար, իսկ Բրիտանիան չստանձնի հայերի հովանավորությունը: Պատրիարքը պատրաստվում էր կոչ անել իր ժողովրդին ուշադրություն չդարձնել Ռուսաստանի բանսարկություններին և հավատարիմ մնալ սուլթանին: Լեյարդի համոզմամբ, ներկայիս պատրիարքի գործունեության շնորհիվ պատերազմի ընթացքում հայերը չապստամբեցին սուլթանի դեմ, սակայն համայնքի ռուսամետ ուժերն այսօր նրան մեղադրում են, թե սլավոններն ու կայսրության մյուս քրիստոնյաները կանգնեցին Ռուսաստանի կողքին և շուտով անկախություն կամ ինքնավարություն են ստանալու: Զրույցի ընթացքում Լեյարդը պատրիարքին բացատրել էր Կիպրոսի պայմանագրի դրույթները, համոզելով նրան, որ հայերի համար բարենորոգումների իրագործումը երաշխավորված է:1
__________________________________
1 FO 424 / 72, No 211, pp. 160-161.
[ էջ 134 ]
Դեսպանը նախարարին հաղորդում էր, որ հավաստի աղբյուրների տեղեկատվության համաձայն, Ռուսաստանն իրապես պատրաստվում է կայսրության հայերի շրջանում ստեղծել ռուսամետ կուսակցություն2, ինչպես նաև վերականգնել և Հայաստանի նոր մայրաքաղաք դարձնել Բեռլինի պայմանագրով իրեն անցած Անին: Ռուսական կառավարությունը պատրաստվում է բնակեցնել այստեղ շուրջ 10 հազ. հայերի և այդ նպատակով նրա գործակալներն արդեն իսկ սկսել են քարոզել թուրքահայերին հեռանալ երկրից և տեղափոխվել Ռուսաստան:3
Օգոստոսի 8-ին Սոլսբերին հանձնարարում է Լեյարդին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել, որպեսզի Բարձր Դուռը, Բեռլինի պայմանագրի 61-րդ հոդվածի և Կիպրոսի պայմանագրի դրույթների համաձայն, անմիջապես սկսի բարենորոգումների իրագործման գործընթացն Ասիական Թուրքիայում: Արտգործնախարարը գրում էր, որ այս հարցում չի կարելի ժամանակ կորցնել, քանի որ մահմեդականներն այդ շրջաններում մեծամասնություն են կազմում, իսկ քրիստոնյաները ցրված են: Ուստի բարենորոգումների իրագործումը կարող է բացասական հետևանքներ ունենալ: Սոլսբերին անհրաժեշտ է համարում. 1/ կայսրության ասիական շրջաններում ստեղծել գործուն ժանդարմերիա, որը պետք է ղեկավարվի եվրոպացի սպաների կողմից. 2/ Ասիական Թուրքիայի հիմնական քաղաքներում` Իզմիրում, Էրզրումում, Դիարբեքիրում, Հալեպում, Դամասկոսում և Բաղդադում, հիմնել կենտրոնական դատարաններ, որոնց ենթակայության տակ լինեն շրջանային դատարանները: Յուրաքանչյուր կենտրոնական դատարանում պետք է աշխատի եվրոպացի իրավաբան, որի համաձայնությունը պարտադիր պետք է լինի յուրաքանչյուր գործի համար: Ըստ նախարարի, նման համակարգը դրական արդյունքներ ունեցավ Հնդկաստանում. 3/ բոլոր վիլայեթներում նշանակել եվրոպացի հարկահավաքներ, որոնք պատասխանատու լինեն շրջանի եկամուտների համար և իրավունք ստանան վերացնելու տասնորդը: Սոլսբերիի կարծիքով, ինչպես վալին, այնպես էլ դատավորը և հարկահավաքը պաշտոնի պետք է նշանակվեն սահմանափակ ժամկետով:4
__________________________________
2 Նույն տեղում, էջ 161:
3 FO 424 / 73, No 394, p. 247.
4 Turkey, No 51(1878). Correspondence Respecting Reforms in Asiatic
Turkey. London, 1878, pp. 1-4.
[ էջ 135 ]
Օգոստոսի 21-ին Լեյարդը նախարարին տեղեկացնում էր, որ բարենորոգումների իրագործման անհրաժեշտության վերաբերյալ հայտագիր է ներկայացրել Բարձր Դռանը և մեծ վեզիր Սավֆետ փաշայի հետ քննարկել է բրիտանական կառավարության առաջարկները: Վերջինս խոստացել էր առաջարկներն անմիջապես ներկայացնել սուլթանին ու նախարարների խորհրդին և պատասխանել դեսպանին: Զրույցի ընթացքում Սավֆետ փաշան կարծիք է հայտնում, որ եվրոպացի սպաների ղեկավարությամբ ոստիկանություն ստեղծելու առաջարկը վստահաբար չի ընդունվելու: Երկրորդ առաջարկի մասին վեզիրն ասում է, որ նշված քաղաքներում դատարաններ արդեն գոյություն ունեն, խնդիրը միմիայն վստահելի և բանիմաց մասնագետներ նշանակելն է: Ինչ վերաբերվում է եվրոպացիներին, ապա նրանք անպայմանորեն պետք է խոսեն թուրքերեն, քանի որ ժողովուրդը բացասաբար կընդունի օտարերկրյա պաշտոնյաների նշանակումը և կհամարի այն որպես միջամտություն երկրի ներքին գործերին: Սավֆետ փաշայի կարծիքով, տասնորդի համակարգի վերացումը նույնպես չի ընդունվի, քանի որ բնակչությանը ձեռնտու է հարկը վճարել ապրանքով, քան դրամով: Պաշտոնյաների նշանակման ժամկետներ սահմանափակելու մասին նա առարկություն չուներ, սակայն նշեց, որ դժվարությունը կայանում է մասնագետների պակասի մեջ: Լեյարդի կարծիքով, առարկությունների պատճառը նախարարների խորհրդի դիրքորոշումն է, որն ընդհանրապես դեմ է բարենորոգումներ անցկացնելու գաղափարին, համարելով այն կայսրության նկատմամբ եվրոպական տերությունների ազդեցության ամրապնդման միջոց: Ինչ վերաբերում է Սավֆետ փաշային, ապա դեսպանը նրան համարում է առաջադեմ, լիբերալ գաղափարների տեր անձնավորություն:5
Մի քանի օր անց Լեյարդը ներկայացնում է բրիտանական կառավարության առաջարկները սուլթան Աբդուլ Համիդին: Վերջինս դեսպանին խնդրում է իր երախտագիտության հավաստիքները փոխանցել Մեծ Բրիտանիայի կառավարությանը` իր երկրի հանդեպ ցուցաբերվող մտահոգության համար: Նա դեսպանին տեղյակ է պահում, որ շուտով հրովարտակ է ստորագրելու իրավաբանական դպրոց հիմնելու վերաբերյալ` բարենորոգումների իրագործման գործընթացը համապատասխան մասնագետներով ապահովելու նպատակով: Զրույցի վերջում սուլթանը խնդրում է, որ բրիտանական
__________________________________
5 Նույն տեղում, էջ 4-5:
[ էջ 136 ]
կառավարությունը վարկ տրամադրի Օսմանյան կայսրությանը, ինչպես նաև շնորհակալություն է հայտնում Մեծ Բրիտանիայի վարչապետին և արտգործնախարարին` վերջին ելույթներում իր հասցեին արտահայտած բարի խոսքերի համար: Աբդուլ Համիդը գտնում է, որ Մեծ Բրիտանիան Թուրքիայի իրական դաշնակիցն է:6
Սեպտեմբերի 14-ին Լեյարդը հաղորդում է Սոլսբերիին, որ համաձայն փոխհյուպատոս Ալֆրեդ Բիլիոտտիից ստացված տեղեկատվության, Էրզրումի վիլայեթի հայությունը խուճապահար վիճակում է ռուսական զորքերի դուրսբերումից հետո հայկական ջարդերի կազմակերպման վերաբերյալ տարածված լուրերի պատճառով:7 Մինչ այդ, սեպտեմբերի 10-ին, հյուպատոս Լայալը Թիֆլիսից հաղորդել էր արտգործնախարարին, որ մի քանի հազար հայեր Ալաշկերտից և Ղարաքիլիսայից անցել են սահմանը և ներկայումս գտնվում են Երևանի շրջակայքում:8 Դեսպանն անմիջապես հանդիպում է ունենում սուլթանի հետ և զգուշացնում նրան Հայաստանից ռուսական զորքերի դուրսբերումից հետո քրիստոնյա բնակչության հնարավոր ջարդի սպառնալիքի կապակցությամբ: Ըստ դեսպանի, հայերի շրջանում մեծ խուճապ կա, շատերը ցանկություն են հայտնում ռուսական զորքերի հետ անցնել սահմանը: Լեյարդը սուլթանից պահանջում էր անհապաղ միջոցներ ձեռնարկել հայերի պաշտպանության համար, ինչպես նաև հայազգի նշանակել վալիի պաշտոնում: Աբդուլ Համիդը Լեյարդին խոստանում է համապատասխան միջոցներ ձեռնարկել և նրա ներկայությամբ հանձնարարություն է տալիս Սավֆետ փաշային: Սուլթանը միայն չի ընդունում վալիի պաշտոնում հայազգի նշանակելու գաղափարը, նշելով, որ ներկայիս պաշտոնյան հեղինակավոր քուրդ է, որը մեծ ազդեցություն ունի քրդական բնակչության շրջանում:9
Երկու օր անց Լեյարդը հաղորդում էր Սոլսբերիին, որ սպասվող հայկական ջարդերի լուրերը չափազանցված են և տարածվում են ռուսական գործակալների կողմից: Սակայն,
__________________________________
6 FO 424 / 73, No 453, p. 273.
7 Turkey, No 53 (1878). Further Correspondence Respecting the Affairs
of Turkey. London, 1878, p. 165.
8 Turkey, No 54 (1878). Further Correspondence Respecting the Affairs
of Turkey. London, 1878, p. 49.
9 FO 424 / 74, No 281, p. 175.
[ էջ 137 ]
ըստ դեսպանի, ամեն դեպքում հարկավոր է ժամանակ չկորցնել և ստիպել սուլթանական կառավարությանը անմիջապես սկսել բարենորոգումների իրագործումը, քանի որ, հակառակ պարագայում, Եվրոպայի հասարակական կարծիքը կրկին կարող է ընդունել հակաթուրքական դիրք: Լեյարդը համոզված էր, որ եվրոպական հասարակական կարծիքի ճնշման տակ Բարձր Դուռը կարող է զրկվել բրիտանական կառավարության աջակցությունից: Այս ամենը բրիտանական դեսպանը փորձել էր բացատրել Սավֆետ փաշային: Վերջինս պատասխանել էր, թե Բարձր Դուռը չափազանց մտահոգված է ստեղծված իրավիճակով և ձգտում է ամեն ինչ անել հնարավոր բարդություններից խուսափելու համար: Լեյարդը Սոլսբերիին առաջարկում է կրկին Հայաստան գործուղել հյուպատոս Զոհրապին, որը միշտ կարողացել է լեզու գտնել տեղական իշխանությունների հետ:10
Սեպտեմբերի 19-ին Լեյարդը տեղեկացնում էր Սոլսբերիին, որ իր հետ ունեցած վերջին զրույցից անմիջապես հետո սուլթանը վալի Իսմաիլ Հաքքի փաշային հանձնարարել էր միջոցներ ձեռնարկել հայ բնակչության անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Վալին պատասխանել էր, որ հայերի սպասվող ջարդերի մասին տարածվող լուրերը չափազանցված են և որ ինքն անձամբ պատասխանատվություն է կրում նրանց ապահովության համար: Դեսպանն իր համոզմունքն էր հայտնում նախարարին, որ ռուսներն ամեն ինչ անում են Հայկական հարցում Եվրոպայի դերը նսեմացնելու, հայերին թուրքական իշխանությունների դեմ պայքարի հանելու, խուճապային իրավիճակ ստեղծելու համար:11
Նույն օրը Լեյարդը հանդիպում է պատրիարք Ներսեսի հետ և տեղյակ պահում նրան սուլթանական կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումների մասին: Վերջինս իր անվստահությունն է հայտնում Բարձր Դռան խոստումների հանդեպ, նշելով, որ միակ իրական միջոցը` դա հայազգի վալիի նշանակումն է Հայաստանում: Բրիտանական դեսպանը պատասխանում է, թե դրա ժամանակը դեռևս հասունացած չէ: Իր կարծիքով, ներկայիս առաջնահերթ խնդիրը Փոքր Ասիայում կարգ ու կանոնի վերականգնումն է` քրդական ցեղերը զինաթափելու և հսկողության տակ պահելու միջոցով:12
__________________________________
10 Turkey, No 53 (1878)..., pp. 201-202.
11 FO 424 / 74, No 388, p. 246.
12 FO 424 / 74, No 503, p. 322.
[ էջ 138 ]
Սեպտեմբերի 25-ին Սոլսբերին տեղեկանում է Ռուսաստանում բրիտանական դեսպանությունից, որ ռուսական կառավարությունը քայլեր է ձեռնարկում արևմտահայերի գաղթն Արևելյան Հայաստան կանխելու ուղղությամբ: Որպես օրինակ էր բերվում սեպտեմբերի 11-ին «Սանկտ-Պետերբուրգ» ամսագրում տպագրված գեներալ Լազարևի արևմտահայերին ուղղված դիմումը, որտեղ նա կոչ է անում չլքել հայրենի տները և համոզված լինել, որ Բեռլինի պայմանագիրը ստորագրած Ռուսաստանն ու մյուս տերություններն ամեն ինչ անելու են հայերին աջակցելու համար:13
Բեռլինի պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո պարզ դարձավ, որ տերությունները ոչ միայն չեն կարողանալու կյանքի կոչել 61-րդ հոդվածը, այլև` ապահովել արևմտահայության անվտանգությունը, կանխել նրա արտագաղթը: Բիլիոտտին Սոլսբերիին հաղորդում էր, որ սեպտեմբերի 15-ին 65 հոգուց կազմված մահմեդականների մի հրոսակախումբ թալանել և հրկիզել է Սպեր նահանգի Խոտըրջուր գյուղը: Փոխհյուպատոսի տվյալներով, հրկիզվել է գյուղի 800 տներից 150-ը և եկեղեցին, սրի է քաշվել հայ բնակչության մի մասը:14 Այդ առիթով Բիլիոտտին հանդիպում էր ունեցել Տրապիզոնի վալի Յուսուֆ փաշայի հետ, պահանջել դատել և պատժել մեղավորներին:15 Այս և այլ դեպքերի կապակցությամբ բրիտանական հյուպատոսարան հայերի ներկայացրած բողոքագրերը Բիլիոտտին մշտապես ուղարկում էր արտաքին գործերի նախարարություն:16
Հոկտեմբերի 12-ին Լեյարդը Սոլսբերիին տեղեկացնում էր, որ Խոտորջրի հայերի կոտորածի կապակցությամբ զրույց է ունեցել Սավֆետ փաշայի հետ: Վերջինս շնորհակալություն էր հայտնել դեսպանին տեղեկատվության համար և խնդրել, որպեսզի Բիլիոտտին շարունակի իր «ամբողջական զեկույցները բոլոր նման դեպքերի վերաբերյալ», խոստանալով անմիջապես ձերբակալել մեղավորներին և պատժելու մասին հրամաններ իջեցնել տեղական իշխանություններին:17
__________________________________
13 Turkey, No 53 (1878)..., p. 222.
14 Turkey, No 54 (1878)..., p. 45.
15 Նույն տեղում, էջ 124:
16 Նույն տեղում, էջ 187-188:
17 Նույն տեղում, էջ 88:
[ էջ 139 ]
Հոկտեմբերի 11-ին հյուպատոս Հենդերսոնը Հալեպից հաղորդում էր Լեյարդին այնտեղ կատարված հայերի համատարած սպանությունների մասին (70-ից ավելի), նշելով, որ իշխանությունները միջոցներ չեն ձեռնարկում հանցագործներին բանտարկելու և պատժելու ուղղությամբ:18 Իր հաջորդ զեկուցագրում հյուպատոսը տեղեկացնում էր Հալեպի վալի Քյամիլ փաշայի Զեյթուն կատարած այցելության մասին, որի ժամանակ նա ձերբակալել և իր հետ Հալեպ էր տարել 19-ը հայ կին և երեխա, ինչն առաջացրել էր տեղի ոչ միայն քրիստոնյա, այլև արաբ բնակչության զայրույթը:19
Չնայած Օսմանյան կայսրությունից ստացվող տագնապալից տեղեկություններին, Սոլսբերին, թաքցնելով ճշմարտությունը նույնիսկ Ռուսաստանում դեսպան Լոֆտուսից, հոկտեմբերի 16-ին գրում էր նրան, որ ռուսական զորքերի դուրսբերման ընթացքում տեղի ունեցող քրիստոնյաների ջարդերի փաստերը ստուգելու նպատակով արևելյան շրջաններ գործուղված բրիտանական սպաների զեկուցագրերի համաձայն, թուրքական իշխանությունների կողմից ձեռնարկված «արդյունավետ» միջոցառումների շնորհիվ երկիրը գտնվում է խաղաղ վիճակում: Արտգործնախարարը դեսպանին հանձնարարում է պահանջել ռուսական կառավարությունից վերսկսել զորքերի դուրսբերման գործընթացը, քանի որ այլևս այն հետաձգելու պատճառ չկա:20
Հոկտեմբերին Էրզրումում Մեծ Բրիտանիայի նոր հյուպատոս է նշանակվում կապիտան Հենրի Տրոտտերը, որին հետզհետե սկսում են անվանել Քրդստանի հյուպատոս: Նա փորձված հետախույզ էր, ծառայել էր բրիտանական գաղութային զորքերի կազմում Բոմբեյում և Բենգալիայում, ծանոթ էր Արևմտյան Հայաստանին, ուսումնասիրել էր երկրի կացությունը: Լեյարդը նրան հրահանգում էր (22 հոկտեմբերի), որ իր գործունեության հիմնական խնդիրն է վիլայեթում տիրող իրավիճակի, Ռուսաստանի կողմից Բեռլինի պայմանագրի պարտավորությունների կատարման, ռուսական զորքերի դուրսբերումից հետո հայ բնակչության դրության մասին դեսպանությանն ու կառավարությանն ամբողջական տեղեկատվություն տրամադրելը: Հայ բնակչության անվտանգությանը սպառնալիք
__________________________________
18 Turkey, No 1 (1880). Correspondence Respecting the Comission
sent by the Porte to Inqure into the Condition of the Vilajet of Aleppo. London,
1880, p. 1.
19 Նույն տեղում, էջ 4:
20 Turkey, No 54 (1878)..., p. 68.
[ էջ 140 ]
ստեղծվելու դեպքում Տրոտտերն անմիջապես պետք է տեղեկացներ դեսպանությանը և տեղական իշխանությունների հետ համագործակցելով ջարդը կանխելու և անկարգությունների կազմակերպիչներին պատժելու միջոցներ ձեռնարկեր:21
Սոլսբերիին ուղղված հոկտեմբերի 24-ի և 30-ի զեկուցագրերում Լեյարդը ներկայացնում և վերլուծում է Սավֆետ փաշայի պատասխանը բարենորոգումների իրագործմանը վերաբերող բրիտանական առաջարկներին: Ընդհանուր առմամբ անբավարար գնահատելով Բարձր Դռան պատասխանը, դեսպանը համարում էր, որ երկրում տիրող ներքաղաքական պայմաններում այն իր մեջ պարունակում է նաև դրական կողմեր: Ըստ Լեյարդի, ինչպես նախարարների խորհրդի մեծամասնությունը, այնպես էլ երկրում զգալի ազդեցություն ունեցող շատ պաշտոնյաներ դեմ են օտարերկրյա պետության միջամտությանը կայսրության ներքին գործերին և գնահատում են բրիտանական առաջարկները որպես ոտնձգություն սուլթանի ինքնիշխան իրավունքների և պետության անկախության դեմ, ինչպես նաև` առաջին քայլ` Բրիտանիայի կողմից Ասիական Թուրքիայի տարածքների նկատմամբ «հսկողություն և ուղիղ պրոտեկտորատ» հաստատելու, իսկ հետագայում «անեքսիայի» ենթարկելու ուղղությամբ:
Իր պատասխանում Բարձր Դուռը համաձայնում է ժանդարմերիայի ստեղծման գաղափարին, սակայն համարում է, որ եվրոպացիները կարող են աջակցել նրա կազմակերպմանն, այլ ոչ ղեկավարման գործին: Հիմնականում ընդունելով դատարանների բարեփոխման առաջարկը, սուլթանական կառավարությունը մերժեց եվրոպացի դատավորներ նշանակելու գաղափարը, հիմնավորելով, որ նրանք չգիտեն լեզուն, սովորույթները և օրենքները: Փոխարենը պատրաստակամություն էր հայտնվում օգտագործել եվրոպացիներին հրահանգիչների պաշտոններում, որոնք պետք է հսկեին դատարանների գործունեությունը բոլոր վիլայեթներում: Բարձր Դուռը դրականորեն էր արձագանքել հարկային համակարգի բարեփոխության առաջարկին, նշելով սակայն, որ այն պետք է նախ փորձարկում անցնի մեկ կամ երկու շրջանում: Լեյարդը դրական էր գնահատում կառավարության պատասխանը վերջին առաջարկի մասին, որը վերաբերվում էր բարձր
__________________________________
21 FO 424 / 76, No 20, pp. 28-29.
[ էջ 141 ]
պաշտոնյաների պաշտոնավարման ժամկետների սահմանափակմանը: Սուլթանն անձամբ ինքն էր առաջարկել սահմանել հինգ տարվա ժամկետ:22
Նոյեմբերի 8-ին Բիլիոտտին արտգործնախարարին հաղորդում էր, որ հայ բնակչությանն այստեղ հուզում է Էրզրումում ծագումով հայ վալի նշանակելու հարցը: Փոխհյուպատոսը ցանկալի չէր համարում նման նշանակումը, ինչպես նաև ընդհանրապես ինքնավար Հայաստանի ստեղծումը, քանի որ հայերն Անատոլիայում բնակչության փոքրամասնություն են կազմում: Նման հարցադրումները, Բիլիոտտիի կարծիքով, Ռուսաստանի բանսարկությունների հետևանքներն են: Նա համոզված էր, որ բարենորոգումները կարող են իրագործվել միմիայն Բրիտանիայի ուժեղ ճնշման ներքո, մասնավորապես, Հայաստանում բրիտանական զորքերի ներկայության պայմաններում. «բրիտանական սպաների կողմից ղեկավարվող շրջանն այնպիսի առավելություններ կունենա, որ այստեղ կհավաքվեն ոչ միայն Օսմանյան կայսրության ուրիշ շրջանների, այլև Ռուսաստանի ու Պարսկաստանի հայերը» Փոխհյուպատոսը գրում էր, որ միայն այդ պայմաններում հայերը կկարողանան կազմել բնակչության մեծամասնությունը:23
Էրզրում հասնելուն պես Տրոտտերը գրում էր Սոլսբերիին (13 նոյեմբերի), որ անցյալ տարվա համեմատ քաղաքում զգալի փոփոխություններ են տեղի ունեցել` վերականգնվել են պատերազմի ընթացքում քանդված տները, հայերի շնորհիվ ծաղկում է ապրում առևտուրը: Միաժամանակ, նշում էր հյուպատոսը, քուրդ ավազակները շարունակում են թալանել ու սպանել գյուղերի բնակիչներին` տեղական իշխանությունների թողտվության և անկարողության պայմաններում: Ըստ Տրոտտերի, ռուսական զորքի հետ միասին Ալաշկերտի հովտից հեռացել է 2-ից 3 հազ. հայ ընտանիք, սակայն նրանցից 250-ը կրկին վերադարձել են հայրենիք: Հյուպատոսի տեղեկությունների համաձայն, ռուսական օկուպացիայի ժամանակ ռուս բանակի հայազգի գեներալ Լազարևը Կարսում, մայոր Կամսարականը Էրզրումում (զինվորական նահանգապետի տեղակալ), լեյտենանտ Նիկողոսովը և Ալաշկերտի նահանգապետ Առաքելովը մեծ հեղինակություն էին վայելում հայ բնակչության շրջանում:24
__________________________________
22 Turkey, No 51 (1878)..., pp. 7-8, 12-16.
23 FO 424 / 76, No 554, pp. 405-407.
24 Turkey, No 10 (1879). Correspondence Respecting the Condition
of the Population in Asia Minor and Syria. London, 1879, pp. 1-3.
[ էջ 142 ]
Դեկտեմբերի 2-ին Լեյարդը Սոլսբերիին հաղորդում էր, որ իր նախաձեռնության արդյունքում Սավֆետ փաշան հրահանգ է իջեցրել` համապատասխամ միջոցներ ձեռնարկել Քըղի շրջանի հայ բնակչության պաշտպանության համար: Որպես լիազոր ներկայացուցիչ շրջան էր ուղարկվել Օսման էֆենդին, որը պետք է պատժեր տեղի քուրդ բեյերին հայերին ճնշելու համար: Սակայն շրջանում աշխատող ամերիկյան միսիոներից ստացված տեղեկության համաձայն, հասնելուն պես նա կաշառվել էր բեյերի կողմից, իսկ քրիստոնյաների վիճակն այդպես էլ չէր փոխվել: Դեսպանի ստացած մի այլ հավաստի աղբյուրի համաձայն, շրջանի մեծահասակ մահմեդական Սուլեյման աղան, որը միշտ պայքարել էր հայերի իրավունքների համար, ձերբակալվել և ուղարկվել էր Երզնկա, ուր և մահացել էր: Այդ բոլոր փաստերը Լեյարդը ներկայացրել էր Սավֆետ փաշային, հայտարարելով, որ գործերի նման զարգացման դեպքում Բարձր Դուռը կհայտնվի բավականին ծանր կացության մեջ` բրիտանական կառավարության և հասարակական կարծիքի դիրքորոշման փոփոխության հետևանքով:25
Դեսպանի հրահանգի համաձայն, հյուպատոսները մշտապես տեղեկություններ էին հաղորդում տարբեր շրջաններում հայ բնակչության վիճակի մասին: Հենդերսոնը գրում էր (2 դեկտեմբերի) Այնթապից, որ քաղաքի բնակչությունը հասնում է մինչև 40 հազ., որից 15 հազ. քրիստոնյաներ են, նրանցից 5 հազ.` բողոքական: Հյուպատոսը տեղեկացնում էր ամերիկյան միսիոներների կողմից այստեղ կառուցված քոլեջի, հոգևոր սեմինարիայի և օրիորդաց դպրոցի, նրանց ակտիվ գործունեության մասին: Քաղաքում գործող յոթ բողոքական եկեղեցիներից մեկը անգլիկան էր, մյուսները` պրեսբիտերական: Հենդերսոնը նկարագրում էր Այնթապի հայության բարեկեցիկ վիճակը, որոնք հիմնականում զբաղված են բամբակի, օճառի, գինու, թութունի առևտրով:26 Տրոտտերը հաղորդում էր (21 դեկտեմբերի) Դիարբեքիրից հայ բնակչության ծանր վիճակի, քրդերի կողմից կազմակերպվող մշտական թալանի և սպանությունների մասին: Հյուպատոսն առաջարկում էր փոխհյուպատոսներ նշանակել Դիարբեքիրում, Էրզրումում, Խարբերդում, Վանում, Բիթլիսում կամ Մուշում:27
__________________________________
25 FO 424 / 77, No 249, pp. 210-211.
26 Turkey, No 1 (1880)..., pp. 6-7.
27 FO 424 / 79, No 546 / 1, pp. 474-476.
[ էջ 143 ]
Դեկտեմբերի 21-ին Լեյարդը հանդիպում է ունենում Աբդուլ Համիդի հետ, որի ժամանակ քննարկում է բրիտանական կառավարության կողմից առաջարկված բարենորոգումների իրագործման խնդիրը, նշելով, որ դա անհրաժեշտ է առաջին հերթին Մեծ Բրիտանիայի հասարակական կարծիքը հանգստացնելու համար: Համաձայնելով դեսպանի հետ, սուլթանը խնդրում էր, որ բրիտանական կառավարությունը վարկ տրամադրի Բարձր Դռանը` բարենորոգումներն իրագործելու նպատակով: Դեսպանը պատասխանում է, որ Բրիտանիայի կառավարությունն ու ժողովուրդը կաջակցեն սուլթանին այդ հարցում, եթե համոզվեն բարենորոգումների իրականացման Բարձր Դռան անկեղծ ցանկության մեջ, ինչն այդքան կարևոր է երկրում կարգ ու կանոն հաստատելու համար: Աբդուլ Համիդը պատվի խոսք է տալիս Լեյարդին, որ ջանք չի խնայի այդ ուղղությամբ:28
Սակայն ոչ բրիտանական դիվանագիտության ակտիվության, ոչ էլ սուլթանի և Բարձր Դռան խոստումների արդյունքում այդպես էլ էական փոփոխություններ տեղի չունեցան: 1879 թ. ընթացքում արևմտահայության վիճակն ավելի վատթարացավ: Հունվարի 5-ին Տրոտտերը Սոլսբերիին զեկուցում էր Դիարբեքիրի շրջակայքի գյուղերը կատարած իր ճամբորդության մասին: Հյուպատոսի վկայությամբ, արդեն երկու տարի է, ինչ ամբողջ վիլայեթում անօրինականություն է տիրում, իսպառ բացակայում են կյանքի և ունեցվածքի պաշտպանվածության տարրական նորմերը: Նա նկարագրում է Թիմար (50 ծուխ) և Դհեր (400 ծուխ) հայկական գյուղերի կիսաքանդ վիճակը Հուսսեյն բեյի կողմից ղեկավարած քրդական հրոսակախմբի հարձակումներից և թալանից հետո:29
Հենդերսոնը գրում էր (6 հունվարի) դեսպանին Հալեպից, որ Մարաշի և Զեյթունի հայ բնակչության վիճակը չափազանց վատթարացել է` հիմնականում առանց պատճառի Մարաշում (բնակչության 30 %-ը` այսինքն 10 հազարը հայ են) բանտարկված են 200-ից ավելի հայեր, այրված է հայերի 300 տուն: Ըստ Հենդերսոնի, ոչ մի ռուսական բանսարկության հետք այստեղ գոյություն չունի30, թեև վալի Քյամիլ փաշան հունվարի 19-ին իրեն այցելած բրիտանական դեսպանության առաջին քարտուղար Էդուարդ Մալլետին ասում էր, որ հայերը պատժվել են, քանի որ քաղաքական նկատառումներով
__________________________________
28 FO 424 / 79, No 48, pp. 45-47.
29 Turkey, No 10 (1879)..., pp. 15-17.
30 Turkey, No 1 (1880)..., p. 11.
[ էջ 144 ]
ապստամբություն էին կազմակերպել սուլթանի իշխանության դեմ:31 Զեյթունում և Մարաշում տեղի ունեցած դեպքերի առիթով Լեյարդը խիստ նամակներ է գրում (4,20,22 հունվարի) արտգործնախարար Կարաթեոդորի փաշային, ուր նշում է. «...Դժվար է պատկերացնել թուրքական իշխանության ներկայացուցիչների, բարձր կարգի պաշտոնյայի և նրա ենթակաների կողմից իրագործվող դաժանության, հալածանքի և մոլեռանդության ավելի խայտառակ օրինակներ...»: Դեսպանը պահանջում է անհապաղ միջոցներ ձեռնարկել պատժելու Քյամիլ փաշային և նրա ենթականերին:32 Հունվարի 23-ին Լեյարդին հասցեագրված նամակում Սոլսբերին կառավարության գոհունակությունն էր հայտնում Բարձր Դռանը ներկայացված գրության բովանդակության կապակցությամբ, հանձնարարելով նրան շարունակել պատիժ պահանջել այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք ճնշման քաղաքականություն են վարում քրիստոնյաների հանդեպ:33
Փետրվարի 3-ին Լեյարդը տեղեկացնում էր Սոլսբերիին, որ Բարձր Դուռը որոշում է ընդունել երկու հանձնաժողով ուղարկել Փոքր Ասիայի արևելյան շրջանները` քրիստոնյա բնակչության վիճակն ուսումնասիրելու և տեղի ունեցած դեպքերի հետաքննություն կատարելու նպատակով: Հանձնաժողովները բաղկացած են լինելու թուրք և հայ պաշտոնյաներից, որոնցից մեկը այցելելու է Էրզրում և Վան, մյուսը` Դիարբեքիր և Հալեպ: Դեսպանը դիմել էր մեծ վեզիր Հայրեդդին փաշային և Կարաթեոդորի փաշային բրիտանական հյուպատոսներին նույնպես հանձնաժողովների կազմում ընդգրկելու խնդրանքով, սակայն մերժվել էր այն պատճառաբանությամբ, որ այդ պարագայում նման անցանկալի պահանջով կդիմեն նաև մյուս տերությունները: Արտգործնախարարը տեղեկացնում էր Լեյարդին, որ Ռուսաստանը պատրաստվում է Բուլղարիայի օրինակով բարձրացնել Հայկական հարցը, դեսպան Ալեքսեյ Լոբանով-Ռոստովսկին34 արդեն դիմել է
__________________________________
31 Նույն տեղում, էջ 19-20:
32 Նույն տեղում, էջ 9-10, 20-21:
33 Նույն տեղում, էջ 10:
34 Լոբանով-Ռոստովսկի Ալեքսեյ Բորիսովիչ (1824-1896) - իշխան, ռուս
դիվանագետ: 1856-1859 թթ.` Թուրքիայում Ռուսաստանի դեսպանության խորհրդական,
1859-1863 թթ.` հավատարմատար Թուրքիայում, 1867-1878 թթ.` ներքին գործերի նախարարի
օգնական, 1878-1879 թթ.` դեսպան Թուրքիայում, 1879-1882 թթ.` դեսպան Մեծ Բրիտանիայում,
1882-
[ էջ 145 ]
Բարձր Դռանը 61-րդ հոդվածի կատարման կապակցությամբ դեսպանությանը տեղեկատվություն տրամադրելու պահանջով:35
Հենդերսոնը (23 փետրվարի) և Մարաշում ԱՄՆ փոխհյուպատոս Հենրի Մարդինը (22 փետրվարի) բրիտանական դեսպանությանն ուղղված իրենց հաղորդագրություններում Զեյթունի դրությունը բնութագրում էին որպես ՙողբալի՚: Շրջապատված լինելով թշնամաբար տրամադրված մահմեդական գյուղերով, Զեյթունի 10 հազ. քրիստոնյա բնակչությունը գտնվում է անապահով վիճակում, թալանի և ջարդի նպատակով մշտական հարձակման վտանգի առջև: Վալին դիտավորյալ ուշացնում է նոր կայմակամի նշանակումը, համարելով, որ նրա կյանքն այնտեղ վտանգված կլինի: Ըստ Հենդերսոնի, Քյամիլ փաշան որոշել է ՙկառավարության հեղինակությունը վերականգնելու՚ պատրվակով զորք մտցնել Զեյթուն: Հենդերսոնը վախենում էր, որ ոչինչ չի կարողանալու անել հայ բանտարկյալների վիճակը բարելավելու ուղղությամբ, քանի որ վալին հայտարարել էր, որ նա ամեն ինչ անելու է հայերին բանտում պահելու համար և արդեն իսկ հարցը լուծել է մեծ վեզիրի, արդարադատության և ներքին գործերի նախարարների հետ: Վալին մեղադրում էր Կոստանդնուպոլսի հայ պատրիարքին Զեյթունի հայությանն ապստամբության կոչ անելու մեջ:36
Մարտի սկզբին Բարձր Դուռը ժամանակավոր հավատարմատար Մալլետի միջոցով բրիտանական կառավարությանը խոստանում է պաշտոնից ազատել Հալեպի վալիին, եթե հանձնաժողովը հաստատի Զեյթունի հայ բնակչության հանդեպ նրա կողմից կատարված բռնությունների փաստերը: Մալլետը դիմում է մեծ վեզիրին Մարաշի և Հալեպի բանտերում գտնվող անմեղ հայերին ազատ արձակելու խնդրանքով: Վերջինս պատասխանում է, որ նրանք մեղադրվում են թուրք պաշտոնյաների սպանության մեջ, որի փաստը պետք է քննության առնվի հանձնաժողովի կողմից: Զրույցի վերջում Մալլետն առաջարկում է
__________________________________
1895 թթ.` դեսպան Ավստրիայում, 1895 թ.` դեսպան Գերմանիայում, 1895-1896 թթ,`
արտաքին գործերի նախարար:
35 FO 424 / 80, No 317, pp. 265-266.
36 Turkey, No 1 (1880)..., pp. 32-34.
[ էջ 146 ]
տարանջատել Զեյթունի դեպքերը Հայաստանում իրագործվելիք հիմնական բարենորոգումներից:37
Մարտի 18 և 27-ին Մալլետին հասցեագրված նամակում պատրիարք Ներսեսը խնդրում էր օգնել հայ ժողովրդին, ապահովել Բեռլինի պայմանագրով նախատեսված բարենորոգումների իրագործումը, հույս հայտնելով, որ Եվրոպայի քրիստոնյա տերությունները օժանդակելու են Թուրքիայի քրիստոնյա բնակչությանը:38 Պատասխան նամակում Մալլետը հավաստիացնում էր պատրիարքին, թե բրիտանական կառավարությունը «չի հրաժարվում ոչ Բեռլինի պայմանագրով և հունիսի 4-ի կոնվենցիայով նախատեսված, ոչ էլ մարդկության առաջ ունեցած իր պարտավորություններից, որոնք հանդիսանում են քրիստոնյա կառավարության պարտականությունը»:39
Մարտի 19-ին Մալլետը հաղորդում էր Սոլսբերիին, որ վերջապես Բարձր Դուռը ազատեց Քյամիլ փաշային Հալեպի վալիի պաշտոնից և պաշտոնակատար նշանակեց քաղաքի պարետ Օմեր փաշային:40 Ըստ Հենդերսոնի, շրջանի ողջ հայությունը շնորհակալություն է հայտնում բրիտանական կառավարությանը` աջակցության համար:41 Պատասխան հեռագրում Սոլսբերին հանձնարարում էր շարունակել աշխատանքը Զեյթունում տեղի ունեցած դեպքերի հետաքննությունն արագացնելու ուղղությամբ:42
Ապրիլի 3-ին Մալլետը տեղեկացնում էր Սոլսբերիին, որ Հալեպի նոր նշանակված վալի Ղալիբ փաշան, Զեյթունի դեպքերի հետաքննության հանձնաժողովի անդամներ Մահզար փաշան և Նուրյան էֆենդին ֆրանսիական փոստատար շոգենավով վերջապես մեկնեցին Ալեքսանդրետ` Հալեպ հասնելու նպատակով: Դեսպան Լեյարդի հանձնարարությամբ, հանձնաժողովն ուղեկցում էր բրիտանացի սպա լեյտենանտ Չերմսայդը:43
__________________________________
37 Նույն տեղում, էջ 28-29:
38 FO 424 / 82, No 36 / 1, p. 29; Turkey, No 10 (1879)..., pp.
69-70.
39 FO 424 / 82, No 36 / 2, p. 30.
40 FO 424 / 81, No 520, p. 375.
41 Turkey, No 1 (1880)..., p. 48.
42 Նույն տեղում, էջ 30:
43 Նույն տեղում, էջ 42:
[ էջ 147 ]
Ապրիլի վերջին բրիտանական կառավարությունը գնդապետ Վիլսոնին նշանակում է Մեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոս Անատոլիայում: Ապրիլի 24-ին նրան հասցեագրված նամակում Սոլսբերին գրում էր, որ Կիպրոսի կոնվենցիան մեծ հնարավորություն է տվել Օսմանյան կայսրությանը բարեկարգելու երկրի վարչական կառույցը և բարելավելու Ասիական Թուրքիայի ժողովուրդների դրությունը: Նախարարը հանձնարարում էր հյուպատոսին ուսումնասիրել բնակչության բոլոր շերտերի վիճակը, օժանդակել տեղի թուրք իշխանություններին, մշտապես տեղյակ պահել բրիտանական կառավարությանը և դեսպանությանը հայերով բնակեցված շրջաններում կարգ ու կանոն հաստատելու և բարենորոգումներ իրագործելու իշխանությունների միջոցառումների մասին:44
Մայիսի 3-ին Բարձր Դռանը հասցեագրված հայտագրում բրիտանական դեսպանությունն իր գոհունակությունն էր հայտնում Զեյթունում և Մարաշում օրինականություն հաստատելու ուղղությամբ իշխանությունների ձեռնարկած միջոցառումների կապակցությամբ: Նշվում էր, որ Քյամիլ փաշային պաշտոնից ազատելը, Ղալիբ փաշայի նշանակումը և հանձնաժողովի անկողմնակալ հետաքննությունը վերականգնել են քրիստոնյա բնակչության վստահությունը իշխանությունների հանդեպ և կանխել անկարգությունների շարունակման վտանգը: Հետաքննության արդյունքում պարզվել էր, որ Զեյթունի դեպքերը Քյամիլ փաշայի վարչակարգի անօրինականության և կաշառակերության հետևանքն էին:45
Մայիսի 6-ին Աբդուլ Համիդը հրավիրում է Լեյարդին ճաշի, որի ժամանակ տեղեկացնում դեսպանին, որ բարենորոգումների ծրագիրն արդեն պատրաստ է և շուտով ներկայացվելու է նախարարների խորհրդի քննարկմանը, նշելով միաժամանակ իրագործման դժվարությունների, հիմնականում իր նախարարների բացասական վերաբերմունքի մասին:46 Մեկ շաբաթ անց Բարձր Դուռը հատուկ հանձնաժողով է կազմում Էրզրումի վիլայեթի և հարևան շրջանների հայ բնակչության վիճակն ուսումնասիրելու նպատակով, ուր ընդգրկված էին Յուսուֆ փաշան և Սարգիս էֆենդին: Բրիտանական կառավարությունն ուղեկցող է նշանակում Տրոտտերին: Մայիսի 12-ին վերջինիս ուղղված նամակում Լեյարդը
__________________________________
44 Turkey, No 10 (1879)..., p. 63.
45 Turkey, No 1 (1880)..., pp. 56-57.
46 FO 424 / 83, No 399 / 1, pp. 283-284.
[ էջ 148 ]
տեղեկացնում էր, որ այդ որոշումն ընդունվել է սուլթանական կառավարությունից համաձայնություն ստանալուց հետո: Դեսպանը հյուպատոսին հրահանգում էր ստուգման արդյունքներն ազատորեն քննարկել հանձնաժողովի անդամների հետ, ուսումնասիրել տեղի քրիատոնյա բնակչության վիճակը, ուշադրությամբ լսել և արձանագրել քրիստոնյաների բողոքները: Քանի որ հանձնաժողովի հիմնական խնդիրը կայանում է բարենորոգումների իրագործման ծրագիր մշակելու մեջ, նշում էր Լեյարդը, Տրոտտերը պետք է օգտագործի իր ազդեցությունն ու բոլոր հնարավորություններն այդ շրջանների կյանքի բոլոր կողմերն ընդգրկող և բոլոր ազգությունների շահերն արտահայտող փաստաթուղթ պատրաստելու հարցում: Դեսպանը ցուցում է տալիս հյուպատոսին մշտապես հիշել այն մասին, որ բրիտանական կառավարության քաղաքականությունը կայանում է սուլթանի իշխանության ներքո կայսրության բոլոր հատվածների միավորման, բոլոր ժողովուրդների բնականոն, արդար և հավասար կյանքի ապահովման մեջ:47
Բրիտանական կառավարության դիրքորոշումը հստակորեն սահմանված է այդ օրերին (21 մայիսի) Լեյարդին ուղղված Սոլսբերիի նամակում. ՙՄեծ Բրիտանիան դիվանագիտական ջանք չի խնայելու Ասիական Թուրքիայի ժողովուրդների համար լավ կառավարում ապահովելու գործում՚:48
Անատոլիայում գլխավոր հյուպատոսի իր պարտականություններին անցնելուց անմիջապես հետո Վիլսոնն առաջարկ է ներկայացնում նոր հյուպատոսների թեկնածությունների վերաբերյալ. Կոնյա` 11-րդ հուսարական գնդի կապիտան Սթյուարտ, Կեսարիա և Ադանա` 47-րդ գնդի կապիտան Հարրի Կուպեր, Կաստամունի` գրենադերական գվարդիայի գնդապետ Ուիլլիերս, Բրուսա` թագավորական ինժեներային զորքերի լեյտենանտ Չերմսայդ:49
Մայիսի 31-ին Լեյարդը նամակ է ստանում պատրիարք Ներսեսից, ուր վերջինս խնդրում է բրիտանական կառավարության միջամտությունը բարենորոգումների շուտափույթ
__________________________________
47 FO 424 / 83, No 527 / 1, p. 390.
48 FO 424 / 83, No 660, p. 498.
49 Turkey, No 10 (1879)..., p. 63.
[ էջ 149 ]
իրականացման գործում: Նրա կարծիքով, Մեծ Բրիտանիան պետք է պնդի ինքնավար հայկական մարզ կազմավորելու հարցում, Արևելյան Ռումելիայի կարգավիճակի օրինակով:50
Հունիսի 5-ին, Սոլսբերիի հանձնարարության համաձայն,51 բրիտանական դեսպանությունը հայտագիր է ներկայացնում Բարձր Դռանը, ուր նշվում էր, որ, չնայած առաջին դրական տպավորություններին, Զեյթունի իրադարձությունները հետաքննող հանձնաժողովը վերադարձավ Հալեպ առանց վիճակը բարելավող որևէ իրական քայլ կատարելու: Հակառակը, հանձնաժողովի գործողություններն իրականում ամրապնդեցին քրիստոնյաների վախը և ուժեղացրին մահմեդականների ատելությունը նրանց նկատմամբ: Հանձնաժողովը որոշում ընդունեց Զեյթունում կառուցել մեծ զորանոց: Դեսպանությունն իր բողոքն էր արտահայտում այդ կապակցությամբ և հույս հայտնում, որ Բարձր Դուռն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի քրիստոնյաների վիճակը բարելավելու ուղղությամբ:52
Սոլսբերիին ուղղված գաղտնի զեկուցագրում (12 հունիսի) Լեյարդը գրում էր, որ համաձայն բրիտանական հյուպատոսներից և հայ պատրիարքից ստացված հավաստի տեղեկատվության, Ասիական Թուրքիայի արևելյան վիլայեթներում վիճակը մնում է անփոփոխ` անիշխանություն, կյանքի և ունեցվածքի անպաշտպանվածություն, վատ վերաբերմունք քրիստոնյաների հանդեպ: Ավելին, Բարձր Դռան կողմից ստեղծված հանձնաժողովների գործունեությունն ավելի վատթարացրեց իրավիճակը: Դեսպանի համոզմամբ, Բուլղարական հարցի օրինակով, Օսմանյան կայսրությունում հետզհետե ձևավորվում է Հայկական հարցը. ՙՆերկայումս Փոքր Ասիայում սկսում են դրսևորվել նույնանման բանսարկություններ, որոնց նպատակն է հայկական ազգության ձևավորումը (՞) և այնպիսի մի վիճակի ստեղծումը, որին կհետևի քրիստոնեական բողոքն ու եվրոպական միջամտությունը: Ես կրկին և կրկին անգամ զգուշացրել եմ թուրք նախարարներին, որ եթե նրանք չշտապեն Բեռլինի պայմանագրի և հունիսի 4-ի կոնվենցիայի հայերին վերաբերող պայմանների կատարման, ինչպես նաև քրիստոնյաների պաշտպանության և Թուրքիայի ասիական նահանգների բարելավված ղեկավարման ուղղությամբ անհրաժեշտ
__________________________________
50 Նույն տեղում, էջ 91-93:
51 Turkey, No 1 (1880)..., p. 65.
52 FO 424 / 84, No 216 / 1, pp. 282-283.
[ էջ 150 ]
միջոցառումների իրականացման հարցում, ապա...սուլթանը կհայտնվի որոշ տարածքների կորստի վտանգի առջև»:53
Հունիսի 20-ին Լեյարդը հանդիպում է պատրիարք Ներսեսի հետ և հավաստիացնում նրան, որ պատրաստ է, իր հնարավորությունների սահմաններում, անել ամեն ինչ` հայերի և կայսրության մյուս քրիստոնյաների իրավունքները պաշտպանելու և նրանց համար արժանի կառավարում ապահովելու հարցում: Միաժամանակ դեսպանը հայտարարում է պատրիարքին, որ չի մասնակցելու կայսրության քաղաքական իրավիճակը ապակայունացնող որևէ խաղերի մեջ և թույլ չի տալու գցել սուլթանի հեղինակությունը: Նա նախազգուշացնում էր, որ նման բանսարկությունները կարող են միմիայն վատթարացնել հայերի վիճակը և խորհուրդ է տալիս համայնքի կյանքի պայմանները բարելավելու նպատակով դիմել բացառապես օրինավոր բոլոր միջոցներին: Տեղեկացնելով Սոլսբերիին իր հանդիպման մասին, դեսպանը համոզված կերպով նշում էր, որ կան ազդեցիկ մարդիկ, որոնք փորձում են պատրիարքին ներքաշել հայերի արդար իրավունքներին վնասող բանսարկությունների մեջ:54
Հունիսին-հուլիսին Հայկական հարցը քննարկման առարկա էր դարձել բրիտանական խորհրդարանի լորդերի պալատում: Հունիսի 27-ի իր ելույթում լորդ Կարնարվոնը քննադատում է Դիզրայելիի քաղաքականությունը Հայկական հարցում, նշելով, որ Բարձր Դուռը խաբում է բրիտանական կառավարությանը, 61-րդ հոդվածը չի կատարվում, իսկ հայաշատ վայրերն ուղարկված հանձնաժողովները թաքցնում են իրերի իրական վիճակը, տեղական իշխանությունների և քրդերի ճնշումն ու բռնությունները: Պատասխանելով նրան, Սոլսբերին ասում է. «Ես բաժանում եմ այն կարեկցանքը, որ լորդ Կարնարվոնը ցուցաբերում է հայ ժողովրդի նկատմամբ, բայց և բոլորովին մերժում եմ այն պատասխանատվությունը, որ նա գցում է կառավարության վրա»: Նա խոստանում էր շարունակել սուլթանական կառավարությունից բարենորոգումներ պահանջել հայերի համար:55
__________________________________
53 FO 424 / 84, No 287, p. 241.
54 FO 424 / 84, No 486, pp. 387-388.
55 Կիրակոսյան Ջ. Բուրժուական դիվանագիտությունը և Հայաստանը (19-րդ
դարի 80-ական թթ.): Երևան, 1980, էջ 103:
[ էջ 151 ]
Հուլիսի 1-ին Սոլսբերիին ուղղված հերթական զեկուցագրում Լեյարդը տեղեկացնում էր պատրիարք Ներսեսից ստացված նոր նամակի մասին, ուր վերջինս իր դժգոհությունն էր հայտնում, որ բրիտանական կառավարությունը ձևակերպել է Տրոտտերին որպես Մեծ Բրիտանիայի հյուպատոս ոչ թե Հայաստանում, այլ Քրդստանում: Դեսպանը գրում էր. ՙԵս մի քանի անգամ արդեն հրավիրել եմ Ձեր ուշադրությունն այն փորձերի վրա, որոնք սկսում են ձեռնարկվել այսօր Ասիական Թուրքիայում ինչ-որ «Հայաստան» ստեղծելու ուղղությամբ, որը Եվրոպան կամ Ռուսաստանը պետք է վերածեն ինքնավար շրջանի և, ի վերջո, անկախ պետության: Սակայն դա չի նշանակում, որ Դուռը չի կարող չխանգարել նման փորձերին այն բանից հետո, ինչ տեղի ունեցավ իր հետ Եվրոպական Թուրքիայում: Նա չի ճանաչելու «Հայաստան» անվանման տակ ոչ այդպիսի շրջան, ոչ էլ վիլայեթ, այդ անունը նրան հայտնի չէ և նա, իհարկե, էկզեկվատուրա (կառավարության թույլտվություն հյուպատոսի համար) չի տա հյուպատոսին պատրիարքի կողմից պահանջված անվան տակ: Նմանապես մենք կարող էինք էկզեկվատուրա խնդրել «Հրեաստանի» համար: Ինչևէ, ես բազմիցս նախազգուշացրել եմ Դռանը, որ եթե նա անմիջապես չիրագործի իր կողմից խոստացված բարենորոգումները սուլթանի ասիական տիրույթներում, չապահովի այդ ժողովուրդների պաշտպանությունը, ինչպես նաև արդար և իրավահավասար կառավարումը, հայ և մյուս ազգությունների հարցերը շարունակելու են թուլացնել Նորին Մեծության հեղինակությունը և պակասեցնել նրա տարածքները՚:56
Հուլիսի 7-ի առավոտյան Լեյարդը զրույց է ունենում Կարաթեոդորի փաշայի հետ, որի ժամանակ առաջարկում է պայմանականորեն ազատ արձակել բանտարկված զեյթունցիներին և բանակցություններ սկսել ապստամբների ղեկավար, իշխան Պապիկ Ենիտունյանի հետ` Զեյթունի քրիստոնյաներին բավարարելու և մահմեդական բնակչության ավազակային հարձակումներից նրանց զերծ պահելու համար: Հակառակ դեպքում, նշում էր դեսպանը, արյուն է թափվելու, ինչը, Բուլղարիայի օրինակով, առաջացնելու է համապատասխան վերաբերմունք Եվրոպայի հասարակական կարծիքի շրջանում և ստեղծելու լուրջ բարդություններ Թուրքիայի համար: Լեյարդը Կարաթեոդորի փաշայի ուշադրությունն է հրավիրում բրիտանական խորհրդարանի լորդերի պալատում լորդ Կարնարվոնի կողմից սկսված Հայկական հարցի քննարկումների վրա, որոնք վկայում են
__________________________________
56 Turkey, No 10 (1879)..., p. 105.
[ էջ 152 ]
հայերի հանդեպ տարվող քաղաքականության նկատմամբ երկրում ձևավորվող մեծ հետաքրքրության մասին: Ելնելով այդ հանգամանքից, դեսպանը կրկին անգամ շեշտում է անհապաղ բարենորոգումների իրագործման անհրաժեշտությունը: Արտգործնախարարը պատասխանում է, թե Բարձր Դուռը լրջորեն քննարկում է բարենորոգումների ծրագիրը, որն այնուհետև կհաստատվի սուլթանի կողմից և կիրագործվի:57
Երկու օր անց, հայերի ծանր վիճակին վերաբերող նոր տեղեկություններ ստանալով իր հյուպատոսներից, Լեյարդը խիստ հայտագիր է ներկայացնում Բարձր Դռանը: Բրիտանական կառավարությունը Դռան հատուկ ուշադրությունն էր հրավիրում սուլթանի հայազգի հպատակների«անտանելի հալածանքների» վրա և հույս հայտնում, որ նա կատարելու է իր խոստումները կայսրության բոլոր հպատակների, անկախ նրանց ազգային ծագումից և դավանանքից, խաղաղ կյանքի և պաշտպանվածության ապահովման մասին: Փաստաթղթում նշվում էր, որ կայսրության արևելյան շրջաններում հեղինակություն են վայելում միմիայն քուրդ աղաներն ու բեյերը, որոնք հիմնականում զբաղված են թալանով և քրիստոնյա բնակչության հալածանքով:58
Դեսպանին ուղղված հուլիսի 10-ի նամակում Սոլսբերին նշում էր, որ Օսմանյան կայսրության արևելյան նահանգների բարենորոգումների իրագործման հետաձգումը մեծապես անհանգստացնում է բրիտանական կառավարությանը: Արտգործնախարարը դրականորեն է գնահատում Լեյարդի կողմից տարվող աշխատանքն այդ ուղղությամբ, հանձնարարելով նրան շարունակել ճնշում գործադրել սուլթանի նախարարների վրա:59 Պատասխան նամակում դեսպանը գրում էր. «Ես հավատացած եմ, որ Դուռն այժմ համոզվել է հայերի համար ինչ-որ բան անելու բացարձակ անհրաժեշտության մեջ և վստահ եմ, որ մենք հասնելու ենք մեր նպատակին` բարենորոգումների իրագործմանը: Ես ինձնից կախված ամեն ինչ անում եմ գործն ավարտին հասցնելու համար»:60
Այդ ընթացքում բրիտանական հյուպատոսները շարունակում էին զեկուցել դեսպանին և արտգործնախարարին Բարձր Դռան կողմից Էրզրում և Զեյթուն ուղարկված
__________________________________
57 FO 424 / 85, No 210, p. 116.
58 Turkey, No 10 (1879)..., pp. 106-107.
59 Նույն տեղում, էջ 103:
60 FO 424 / 85, No 172, p. 95.
[ էջ 153 ]
հանձնաժողովների գործունեության մասին: Հուլիսի 7-ին Տրոտտերը գրում էր, որ Էրզրում հասնելուն պես հանձնաժողովի անդամները, վիլայեթի բնակչության համամասնական թվից ելնելով (ըստ պաշտոնական տվյալների, վիլայեթի տղամարդկանց թիվը կազմում էր 252 811, որոնցից 197 768-ը` մահմեդական, 55 043-ը` քրիստոնյա) ընտրեցին 38 հոգուց բաղկացած խորհրդատվական հանձնաժողով, որոնցից 10-ը` քրիստոնյա (7 հայ լուսավորչական, 1 հայ կաթոլիկ, 1 հույն), 28-ը` մահմեդական: Համաձայն Տրոտտերի, բարենորոգումները պետք է իրագործվեն կառավարության կողմից մշակված վիլայեթի նոր կանոնադրության և բնակչության կարծիքների ու առաջարկների հիման վրա, վալիի աջակցությամբ: Այն բարենորոգումները, որոնք կհակասեն վիլայեթի կանոնադրությանը, պետք է ներկայացվեն կառավարության քննարկմանը: Տրոտտերը տեղեկացնում էր հանձնաժողովի հանդիպման մասին տեղի հայ համայնքի պատվիրակության հետ, որը ներկայացնում է իր առաջարկը բարենորոգումների վերաբերյալ: Այն նախատեսում էր մահմեդականների և քրիստոնյաների հավասար ներկայացուցչություն վարչական մարմիններում, նոր ստեղծվող ժանդարմերիայի եվրոպացի ղեկավարի և պաշտոնյաների նշանակում, հայերենի պաշտոնական օգտագործում, տասանորդի վերացում:61
Հուլիսի 17-ին բրիտանական դեսպանությունը հերթական հայտագիրն է ներկայացնում Բարձր Դռանը բարենորոգումների իրագործման կապակցությամբ, այս անգամ Էրզրումի վիլայեթում ստեղծվելիք ժանդարմերիայի կազմում եվրոպացիների ընգրկման առիթով: Փաստաթղթում նշվում էր, որ արդյունավետ ժանդարմերիայի կազմակերպումն Էրզրումի վիլայեթում բրիտանական կառավարությունը համարում է «մասնավորապես ցանկալի»` շրջանի անբավարար վիճակի և տեղի մահմեդական ցեղապետերի կողմից իրագործվող քրիստոնյա բնակչության հալածանքի պատճառով: Դեսպանությունը հույս է հայտնում, որ Բարձր Դուռը, համաձայն իր տված խոստումի, կօգտագործի եվրոպացի սպաների փորձը ժանդարմերիայի կազմակերպման գործում:62
Իր հաջորդ զեկուցագրում (25 հուլիսի) Տրոտտերը նշում էր, որ ինչքան շատ է ինքը խորանում հանձնաժողովի գործունեության մեջ, այնքան պակաս հույս է իրեն ներշնչում
__________________________________
61 Turkey, No 4 (1880). Correspondence respecting the Condition
of the Populations in Asia Minor and Syria. London, 1880, pp. 1-2.
62 Turkey, No 10 (1879)..., p. 118.
[ էջ 154 ]
ժամանակին և կատարյալ բարենորոգումների իրագործումը: Հյուպատոսը հաստատում էր իր կարծիքը հետևյալ փաստարկներով. 1/ հանձնաժողովի անդամներին լիազորություն էր տրված նոր քրեական և քաղաքացիական դատարանների փոխնախագահների և անդամների թեկնածություններ ընտրել, սակայն վալին, նույնիսկ առանց խորհրդակցելու, ինքը կատարեց այդ փոփոխությունները. 2/ հանձնաժողովի անդամները հրահանգ էին ստացել ազատել պաշտոններից վիլայեթի վարչական խորհրդի հին անդամներին և, նոր կանոնակարգի համաձայն, անցկացնել նոր ընտրություններ, սակայն շուտով այդ կարգադրությունը չեղյալ համարվեց և ընտրությունների վերահսկման իրավունքը կրկին անցավ վալիին, ինչը նշանակում էր, որ նախկին կաշառակեր անդամները նորից ստանձնելու էին իրենց պաշտոնները. 3/ հանձնաժողովի անդամները լիազորություն էին ստացել պաշտոններից ազատել վիլայեթի ոչ իրազեկ և կաշառակեր պաշտոնյաներին, սակայն վերջերս վալին, առանց խորհրդակցելու հանձնաժողովի հետ, մի քանի կայմակամ է ազատել աշխատանքից, փոխարինելով նրանց իր սեփական թեկնածուներով. 4/ հանձնաժողովին իրավունք էր վերապահվել ուսումնասիրել հարկահավաքի համակարգն ու նրա կիրառման ձևերը և, գործող օրենքների սահմաններում, կատարել համապատասխան բարելավումներ, սակայն վալին վերջերս հրահանգ է ստանում Բարձր Դռնից` հարկահավաքը նախկին ձևով կատարելու վերաբերյալ: Տրոտտերի կարծիքով, Կոստանդնուպոլսից ստացված վերջին հրահանգները հատուկ նպատակաուղղված են հանձնաժողովի անդամների իշխանության նվազեցմանը, այսինքն, ստատուս քվոյի պահպանմանը վիլայեթում:63
Միաժամանակ Հենդերսոնն ու Չերմսայդը Հալեպից հաղորդում էին Լեյարդին (12 հուլիսի) Զեյթունի իրադարձությունները հետաքննող հանձնաժողովի անդամ Մազհար փաշայի սխալ գործելակերպի մասին, որը շարունակ գրգռում էր մահմեդական բնակչությանը քրիստոնյաների դեմ և, փաստորեն արտահայտելով Կոստանդնուպոլսի մոլեռանդ խավի շահերը, ծայր աստիճան սրում իրավիճակը շրջանում:64 Այդ առիթով դեսպանն անմիջապես մեծ վեզիրի մոտ է ուղարկում դիվանագետ Ալֆրեդ Սենդիսոնին: Լսելով դեսպանության բողոքը, նա պատասխանում է, թե Բարձր Դուռը մշտապես հայտնվում է դժվարին կացության մեջ, քանի որ բրիտանական դիվանագետների բողոքների պատճառով ոչ մի թուրք
__________________________________
63 Turkey, No 4, (1880)..., pp. 3-4.
64 FO 424 / 85, No 365 / 1, pp. 206-207.
[ էջ 155 ]
պաշտոնատար անձ չի կարողանում անվտանգ և հանգիստ կատարել իր պարտականությունները: Նա նույնպես հայտարարում է, որ թուրք պաշտոնատար անձի հասցեին արված մեղադրանքն առաջին հերթին պետք է ստուգվի, քանի որ շատ դժվար է այս տարածության վրա հաստատել նրա հանցավորությունը: Սակայն խորհրդակցելով արտգործնախարարի հետ, մեծ վեզիրը որոշում է անմիջապես նախարարների խորհրդի նիստ հրավիրել և քննարկել Զեյթունի հարցին լուծում տալու նպատակով արտակարգ լիազորություններով օժտված բարձրագույն կոմիսար նշանակելու խնդիրը: Վերջինիս պետք է իրավունք վերապահվի պատժելու Մազհար փաշային կամ այլ թուրք պաշտոնյաների, որոնք իրենց սխալ են դրսևորել Զեյթունի հարցում:65
Սոլսբերիին ուղղված հուլիսի 15-ի զեկուցագրում Տրոտտերը գրում էր, որ իր պաշտոնը` «Քրդստանի հյուպատոս», բացասական հակազդեցություն է առաջացնում մասնավորապես հայ բնակչության շրջանում, որպես ապացույց բերելով Կոստանդնուպոլսի մամուլում լույս տեսած հոդվածները: Նրա կարծիքով, այդ հարցում անհրաժեշտ է հաշվի առնել հայերի շահերը և, ավելին, բարենորոգումների իրագործման խնդրում բրիտանական կառավարությունը պետք է համագործակցի նրանց հետ: Թուրքական պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն, Էրզրումի շրջանի մահմեդական տղամարդկանց թիվը կազմում էր 197 768, ոչ մահմեդականներինը` 55 043, իսկ Վանի շրջանում` համապատասխանաբար 126 208 և 97 555: Տրոտտերը համոզված էր, որ քրիստոնյաների թիվը հատուկ նվազեցված է շուրջ 40 %-ով: Բրիտանական հյուպատոս Թեյլորի հաշվարկների համաձայն, Էրզրումի և Վանի շրջաններում բնակվում են 442 500 թուրքեր, 848 000 քրդեր, 200 500 ղըզըլբաշներ, 649 000 քրիստոնյաներ: Նկատի առնելով վերոհիշյալը, ինչպես նաև այն հանգամանքը, որ հայերն իրենց ակտիվ մասնակցությունն են բերում շրջանների հասարակական կյանքում, Տրոտտերն առաջարկում էր հյուպատոսությունն անվանել Թուրքահայաստանի և Քրդստանի, իսկ եթե դա անընդունելի է` Ասիական Թուրքիայի արևելյան շրջանների կամ բաժանել հյուպատոսական տարածքն Արևելյան ու Արևմտյան Անատոլիայի շրջանների և համագործակցել հայ բնակչության հետ բարենորոգումների իրականացման գործում:66 Հետաքրքիրն այն է, որ մինչ այդ Տրոտտերը
__________________________________
65 FO 424 / 85, No 365 / 4, pp. 208-209.
66 Turkey, No 10 (1879)..., p. 123.
[ էջ 156 ]
ստորագրում էր իր զեկուցագրերը որպես Քրդստանի հյուպատոս, իսկ այս անգամ դրված էր միայն իր ստորագրությունը:
Տրոտտերի առաջարկի կապակցությամբ Լեյարդը Սոլսբերիին գրում էր (1 օգոստոսի), որ «Հայաստան» անվան տակ Բարձր Դռնից բրիտանական հյուպատոսի համար էկզեկվատուրա խնդրելն անցանկալի է, քանի որ նման շրջան Թուրքիայի քաղաքական բաժանման մեջ գոյություն չունի: Պարզ է, շարունակում էր դեսպանը, որ Հայկական հարցի հրահրման ուղղությամբ սկսված բանսարկությունները նպատակ ունեն ստիպել Եվրոպային ինքնավարություն պահանջել հայերի համար: Լեյարդն անհրաժեշտ էր համարում ամեն կերպ խանգարել նման միտումի զարգացմանը: Նա նշում էր, որ եթե «Քրդստանի հյուպատոս»անվանումը վիրավորական է հայերի համար, ապա, անկասկած, կարելի է այլ անվանում գտնել, սակայն թեև «Քրդստան» արտահայտությունն օգտագործվում է քրդերով բնակեցված երկրի համար, դա չի նշանակում, որ Դուռը պետք է արտոնյալ շրջան ստեղծի նրանց համար: «Իմ կարծիքով, - գրում էր Լեյարդը, - նման հանգամանքներում որևէ փոփոխություն կատարելու կարիք չկա»:67
Վանում փոխհյուպատոս Քլեյթոնին ուղղված հուլիսի 24-ի նամակում Տրոտտերը նշում էր տեղի բնակչության` քոչվոր և նստակյաց քրդերի ու հայերի թվաքանակի վերաբերյալ ճշգրիտ վիճակագրական տվյալներ ձեռքբերելու անհրաժեշտության մասին, ինչը շատ կարևոր է բարենորոգումների իրագործման համար: Իր համոզմամբ,«թուրքական պաշտոնական տվյալները շատ տկար են և հավատ չեն ներշնչում»: Օրինակ, ըստ պաշտոնական տվյալների, Մուշի շրջանի հայ տղամարդկանց թիվը կազմում էր 48 հազ., իսկ հայ եպիսկոպոսի համաձայն` 120 հազ.: Տրոտտերը հանձնարարում էր Քլեյթոնին թվական տվյալների ճշգրտման և բարենորոգումների իրագործման հարցերում համագործակցել Վանում Ռուսաստանի փոխհյուպատոս Կամսարականի հետ:68
Հուլիսի 29-ին Լեյարդը երեք ժամ տևողությամբ զրույց է ունենում Աբդուլ Համիդի հետ: Նա հայտարարում է սուլթանին, որ արդեն մեկ տարի է անցել Կիպրոսի համաձայնագրի ստորագրման օրվանից, սակայն սուլթանական կառավարության կողմից ոչինչ չի արված նրա պայմանների կատարման ուղղությամբ: Բրիտանական կառավարությունը զարմացած է,
__________________________________
67 FO 424 / 86, No 198, pp. 147-148.
68 Turkey, No 10 (1879)..., pp. 124-125.
[ էջ 157 ]
նշում էր դեսպանը, որ 1878 թ. հունիսին Բարձր Դռան տված «որոշակի հավաստիացումները» դեռևս կատարված չեն: Սուլթանը կրկին անգամ խոստանում է Լեյարդին շուտով իրագործել բարենորոգումները, նշելով միաժամանակ, որ պատերազմի արդյունքում առաջացած տնտեսական և ֆինանսական դժվարությունները, ինչպես նաև լուրջ միջազգային խնդիրները թույլ չեն տալիս իրեն ընդհուպ զբաղվելու բարենորոգումների իրագործմամբ: Նա պատվի խոսք է տալիս Լեյարդին, որ իր կողմից բրիտանական կառավարությանը խոստացված բարենորոգումները շուտով կիրագործվեն, ավելացնելով, որ այդ ուղղությամբ «պարտադիր ցուցումներ է» տվել իր նախարարներին: Միակ դժվարությունը նա տեսնում է տասանորդի վերացման մեջ, նկատելով, որ բրիտանական կառավարությունը նույնպես չի կիրառել այդ միջոցը Կիպրոսում:
Հաջորդ օրը Լեյարդը նույն խնդրի շուրջ զրույց է ունենում մեծ վեզիրի հետ: Վերջինս տեղեկացնում է դեսպանին, որ սուլթանն արդեն իրեն համապատասխան ցուցումներ է տվել, և հավաստիացնում, որ շուտով անհապաղ միջոցներ են ձեռնարկվելու բարենորոգումների իրականացման ուղղությամբ:69
Համոզվելով, որ սուլթանի խոստումներն անհիմն են և նման դիվանագիտական քայլերով այլևս անհնար է հասնել նպատակի, Լեյարդը ցուցում է տալիս ծովակալ Հորնբիին Միջերկրականի բրիտանական նավատորմը դուրս բերել Մալթայից և ուղևորվել դեպի Լեմնոս կղզի, ուր և սպասել հետագա ցուցումների: Հուլիսի 31-ին Սոլսբերիին ուղղված գաղտնի հեռագրում դեսպանն առաջարկում էր, որ իրեն իրավունք վերապահվի հանձնարարել ծովակալին նավատորմը մտցնել Կոստանդնուպոլիս, եթե սուլթանը չկատարի իր խոստումները:70 Պատասխան հեռագրում Սոլսբերին իր համաձայնությունն էր տալիս դեսպանի առաջարկին:71
Դեռևս հունիսի 27-ին բրիտանական խորհրդարանի լորդերի պալատում Սոլսբերին հայտարարել էր. «Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա ներկայումս Թուրքական կայսրության...պետական գործիչներից... բաղկացած հանձնաժողով է աշխատում, որը պետք է քննարկի և զեկուցի Փոքր Ասիայում իրագործվելիք բարենորոգումների վերաբերյալ»: Այդ
__________________________________
69 FO 424 / 86, No 197, pp. 144-147.
70 FO 424 / 86, No 2, p. 1.
71 FO 424 / 86, No 11, p. 3.
[ էջ 158 ]
կապակցությամբ օգոստոսի 1-ին Էրզրումից Սոլսբերիին գրած նամակում Տրոտտերը նշում էր, որ հնարավոր է և հանձնաժողովի անդամները նույնիսկ ամենից անկեղծ ու ազնիվ և լավագույն մտադրություններով օժտված գործիչներ են, սակայն համոզված է, որ նրանց զեկուցագիրը բարենորոգումների հարցում իրական առաջընթաց չի արձանագրելու` Դռան կողմից տրված սահմանափակող հրահանգների պատճառով: Հյուպատոսը անիրականանալի է համարում կառավարության կողմից բարենորոգումների իրագործումն այս երկրում, «առանց որակյալ և ազնիվ եվրոպացի պաշտոնյաների ներկայության»: «Ինչքան շատ թուրք պաշտոնյա եմ ես ճանաչում և որքան ավելի լավ եմ ծանոթանում երկրի վիճակին ու բարենորոգումների իրագործման ճանապարհին հանդիպող խոչընդոտներին, - գրում էր Տրոտտերն արտգործնախարարին, - այնքան ավելի եմ համոզվում, որ այլ իրական լուծում լինել չի կարող»:72
Տրոտտերի կարծիքը մեկ անգամ ևս հաստատվեց օգոստոսի 2-ին Մուշից ստացված փոխհյուպատոս Քլեյթոնի զեկուցագրով: Վերջինս նկարագրում էր Մուշի շրջանի հայկական գյուղերի ծանր վիճակը, ոչ միայն քրդերի, այլև թուրք պաշտոնյաների, կանոնավոր բանակի սպաների և զինվորների կողմից կատարվող մշտական հարձակումները, թալանը, ջարդն ու սպանությունները: Քլեյթոնը նշում էր. «Ես չեմ տեսնում արտասահմանյան բանսարկության ախտանիշներ, սակայն թվում է, թե հայերը վերջերս ավելի քաջատեղյակ են դարձել եվրոպական ժողովուրդների վիճակին, ազատության և հավասարության գաղափարներին, և պարզ է, որ իրենց ներկայիս կացությունը անտանելի պետք է համարեն»:73
Սոլսբերիին հասցեագրված օգոստոսի 8-ի զեկուցագրում Տրոտտերը գրում էր, որ համաձայն հանձնաժողովին ներկայացված բարենորոգումների ծրագրի հայկական նախագծին, հայերը պետք է ստանան վիլայեթի պաշտոնների ճիշտ կեսը, քանի որ քոչվոր քրդերը չեն կարող ներկայացված լինել տեղական իշխանության մարմիններում: Ըստ հյուպատոսի, հայերի պահանջները հիմնված են պաշտոնական տվյալներից զգալի կերպով տարբերվող բնակչության թվի հաշվարկի վրա, համաձայն որի վիլայեթի քրիստոնյա տղամարդկանց թիվը կազմում է 195 500, թուրքերինը` 185 000, նստակյած և քոչվոր քրդերինը` 112 500, եզդիներինը` 3 000: Ըստ Տրոտտերի, չբավարարվելով բարենորոգումների նախագծի
__________________________________
72 Turkey, No 4 (1880)..., p. 8.
73 Նույն տեղում, էջ 28:
[ էջ 159 ]
քննարկումների արդյունքներով, հայերը որոշել են այլևս չմասնակցել հանձնաժողովի աշխատանքներին:74
Օգոստոսի 10-ին Լեյարդը հերթական հայտագիրն է ներկայացնում Բարձր Դռանը` Էրզրում և Վան ուղարկված հանձնաժողովի աշխատանքի վերաբերյալ: Փաստաթղթում նշվում էր, որ բավականին եռանդուն և օրինավոր սկսելով իրենց աշխատանքը, հանձնաժողովի անդամները, հանդիպելով տեղական իշխանությունների դիմադրությանը, օժտված լինելով սահմանափակ լիազորություններով ու իշխանությամբ, և, չունենալով Կոստանդնուպոլսի լիարժեք աջակցությունը, ներկայումս «վհատության» մեջ են և նման պայմաններում չեն կարող իրագործել սուլթանի«բարի մտադրությունները` քրիստոնյա հպատակների դրության բարելավման ուղղությամբ»:75
Հուլիսի 31-ին Քլեյթոնը հաղորդում էր Մուշից, որ տեղի հայ բնակչությունն իր դժգոհությունն է հայտնում շրջանում Կարսից և Բաթումից գաղթած 3-ից 4 հազ. մահմեդականներ վերաբնակեցնելու տեղական իշխանությունների որոշման վերաբերյալ: Ընդ որում, հայերը դեմ էին նրանց վերաբնակեցմանը ոչ թե քաղաքում, այլ գյուղերում, ինչն, ըստ իրենց, կարող էր մեծ վնաս հասցնել գյուղացիությանը:76
Սեպտեմբերի 10-ին Բայազետի հայ բնակչությունը խնդրագիր է ներկայացնում հանձնաժողովի անդամներին, ուր նկարագրում է հայերի վիճակը պատերազմից առաջ և հետո: Նշվում էր, որ պատերազմից առաջ Բայազետի բնակչությունը բաղկացած էր 200 քրիստոնյա և 400 կամ 500 մահմեդական ծխերից, հայերն ու մահմեդականներն ապրում էին խաղաղ և ունևոր կյանքով: Պատերազմի ժամանակ, երբ ռուսական բանակը հեռու չէր սահմանից, հայերն ու թուրքերը ստեղծեցին համատեղ խորհուրդ, ուր որոշվեց, որ անհրաժեշտության դեպքում նրանք փոխադարձաբար պաշտպանելու են իրար: Երբ ռուսական բանակը մտավ Բայազետ, բոլոր մահմեդականներն ապաստանեցին հայերի տներում, սակայն զգալով ռուսների խաղաղ մտադրությունները, վերադարձան իրենց տները և շարունակեցին բնականոն աշխատանքը: Ռուսական բանակի հեռանալուց հետո տեղի թուրք և քուրդ բնակչության կողմից սկսվեց հայերի ունեցվածքի թալանն ու ջարդը, որի
__________________________________
74 Նույն տեղում, էջ 15-16:
75 Նույն տեղում, էջ 15:
76 Նույն տեղում, էջ 27:
[ էջ 160 ]
արդյունքում սպանվել և վիրավորվել է 800 մարդ, հայերի մեծամասնությունը գաղթել է Պարսկաստան: Խնդրագրում ասվում էր, որ «եթե նման իրավիճակը շարունակվի, ապա մեր ազգի համընդհանուր բնաջնջումը շատ էլ հեռու չէ մեզանից» Հայերը դիմում էին սուլթանին` «...խղճահարությամբ մոտենալ մեր վիճակին և բարելավել մեր չքավոր ու դժբախտ կացությունը»:77
Տրոտտերին հասցեագրված հերթական զեկուցագրում (10 սեպտեմբերի) Քլեյթոնը Վանից գրում էր, որ վերջերս հանդիպում է ունեցել Թիֆլիսից ժամանած երկու ռուսահայի հետ, որոնք մտադիր են հիմնել ուսուցիչների պատրաստման և գյուղատնտեսական դպրոցներ: Նրանց վկայությամբ, սահմանամերձ շրջանների հայ գյուղացիությունը հույսով է նայում Ռուսաստանին, որն, ինչպես դա տեղի ունեցավ բուլղարների պարագայում, փրկելու է հայերին ներկայիս տառապալից վիճակից: Ըստ Քլեյթոնի, ռուսահայերը հասկանում են, որ Ռուսաստանից այլևս աջակցություն ստանալու հույս չկա, իսկ տեղի կրթված հայերը ներկայումս չեն ձգտում ինքնավարության, մտածելով միմիայն արևմտահայության անվտանգության` թալանից և ջարդից խուսափելու, մահմեդականներին հավասար իրավունքներ ունենալու մասին: Նրա կարծիքով, «Թուրքիայում հայերն ունեն մտավոր և բարոյական ազատություն, սակայն ճնշված են ֆիզիկապես. Ռուսաստանում նրանք ունեն նյութական բարեկեցություն, սակայն ստրուկ են բարոյապես և մտավորապես»:78
Սեպտեմբերի 23-ին Հաճընի հայությունը բողոքագիր է ներկայացնում հանձնաժողովին, որը բաղկացած էր հետևյալ կետերից. 1/ վերջին չորս տարվա ընթացքում քաղաքում սպանված է 10-ից ավելի և վիրավորված 55 հայ, գողացված է 6 հազ. թուրքական լիրայի արժողությամբ անասուն և ապրանք. 2/ քաղաք տանող ճանապարհների անվտանգությունն ապահովված չէ. 3/ թուրք պաշտոնյաները վիրավորում են քրիստոնյաներին, նրանց կոչում «գյաուր», քրիստոնյայի վկայությունը չի ընդունվում դատարանների կողմից. 4/ թեև Հաճըն քաղաքի 8 հազ. 500 բնակիչներից 8 հազ. հայ են (հավանաբար միայն տղամարդկանց թիվը, քանի որ 1915 թ. տվյալներով Հաճընն ունեցել է 35 հազ. բնակիչ, որոնցից 25-30 հազ.` հայեր - Ա.Կ.), կառավարական պաշտոնյաներից միայն գանձապահն է հայ. 5/ քանի որ քաղաքի մեծամասնությունը քրիստոնյաներ են, կայմակամը
__________________________________
77 Նույն տեղում, էջ 107-109:
78 Նույն տեղում, էջ 78-79:
[ էջ 161 ]
պետք է քրիստոնյա լինի. 6/ կառավարությունը բռնագրավել է հայերին պատկանող ջրաղացը և երեք խանութ, որոնց եկամուտով նախկինում հայերը հոգում էին եկեղեցու և դպրոցի կարիքները. 7/ քաղաքի բնակչությունը կարիք ունի բժշկի, փոստի և հեռագրատան. 8/ հաշվի առնելով շրջանի հողի քարոտ և անբերրի որակը, նվազեցնել հարկերի չափը:79
Խարբերդի հայերն իրենց հերթին նամակ էին ներկայացրել (26 սեպտեմբերի) հանձնաժողովին, ուր նկարագրվում էր շրջանի վատթար վիճակը: Սակայն հանձնաժողովի նախագահ Աբեդին փաշան նամակն ընկալել էր որպես իր հասցեին արված քննադատություն և մերժել էր այն ընդունել:80
Չնայած բրիտանական հյուպատոսների և փոխհյուպատոսների հաղորդագրություններին հայ բնակչության վատթարացող վիճակի, տեղական իշխանությունների, զինվորականների և քրդական հրոսակախմբերի կողմից կազմակերպվող կեղեքումների, թալանի և սպանությունների մասին, սեպտեմբերի 29-ին, իր հյուպատոսներին ուղղված գաղտնի նամակում Սոլսբերին գրում էր, որ Թուրքիայի հայերի շրջանում նկատվում է հայկական ինքնավարության ստեղծման գաղտնի շարժում: Նա հանձնարարում էր մանրակրկիտ ուսումնասիրել խնդիրը և մշտապես տեղյակ պահել իրեն հայ բնակչության տրամադրությունների, ինչպես նաև Ռուսաստանի հանդեպ նրա դիրքորոշման մասին:81
Հոկտեմբերի 1-ին Տրոտտերը գրում էր Սոլսբերիին, որ իշխանությունները բարենորոգումների շարժումն օգտագործում են անհնազանդ քուրդ ցեղապետերից ազատվելու նպատակով: Ըստ հյուպատոսի, կառավարության որոշման համաձայն, նրանք պետք է աքսորվեն Ալբանիա, սակայն ներկայումս հաջողությամբ բանակցում են Բարձր Դռան հետ` տեղում մնալու համար: Տրոտտերը նշում էր, որ իր տեղեկությունների համաձայն, քրդերը սպառնում են ոչնչացնել հայերին, որոնք հանդիսանում են իրենց ղեկավարների հանդեպ իշխանությունների դժգոհության պատճառը: Միաժամանակ հյուպատոսը հաղորդում էր, որ Բալուից և Խարբերդից ստացված տեղեկությունների համաձայն, հայերն
__________________________________
79 Նույն տեղում, էջ 100:
80 Նույն տեղում, էջ 97:
81 FO 424 / 87, No 393, p. 337.
[ էջ 162 ]
այստեղ անպաշտպան վիճակում են, տեղական իշխանությունները բացարձակապես ոչինչ չեն անում թալանից և սպանություններից նրանց ապահովելու հարցում:82
Սոլսբերիին ուղղված իր հաջորդ զեկուցագրում (7 հոկտեմբերի) Տրոտտերը տեղեկացնում էր, որ Կարսի, Արդահանի և Կաղզվանի շրջանների շուրջ 10 հազ. մահմեդական ընտանիքներ ցանկություն են հայտնել տեղափոխվել Թուրքիա: Ռուսական կառավարությունն, ըստ հյուպատոսի, նպատակ ունի առաջին հերթին փոխարինել նրանց ռուսներով և կազակներով, խոչընդոտելով հայերի վերաբնակեցմանն այդ տարածքներում: Միաժամանակ նշվում էր, որ 1828-1829 թթ. այս տարածքում բնակեցված շուրջ 2 հազ. հայ ընտանիքներ նույնպես ցանկանում են վերադառնալ Ալաշկերտի դաշտավայրում իրենց լքած տները, սակայն ռուսական կառավարությունն այդ թույլտվությունը նրանց չի տալիս:83
Սեպտեմբերին Տրոտտերը հանձնարարում է կապիտան Էվերետին այցելել Ալաշկերտ, Ղարաքիլիսա, Դիադին և Բայազետ` հայ բնակչության վիճակն ուսումնասիրելու նպատակով: Հոկտեմբերի 7-ին վերջինս զեկուցում էր հյուպատոսին, որ պատերազմի ընթացքում շրջանը հինգ անգամ գրավվել է թուրքական և ռուսական բանակների կողմից, որոնց ժամանակ բնակչությունից վերցվել է մեծ քանակությամբ մթերք: Միաժամանակ, ինչպես հայ, այնպես էլ թուրք բնակչությունը թալանի, կողոպուտի և սպանությունների է ենթարկվել քրդական ոչ կանոնավոր հեծելազորի և հրոսակախմբերի, ինչպես նաև տեղի իշխանությունների կողմից: Ներկայումս, ըստ Էվերետի, շրջանը գտնվում է ավազակների և ավարառուների ձեռքին, որոնք անպատիժ կերպով շարունակում են կեղեքել տեղի հայ բնակչությանը: Էվերետը համոզված էր, որ առանց եվրոպացի պաշտոնյաների ներկայության և մասնակցության շրջանում անհնարին է իրագործել որևէ բարեփոխում, քանի որ փոփոխության յուրաքանչյուր փորձ կարող է պատճառ դառնալ ճնշումների նոր դրսևորման համար:84 Հիմնվելով Էվերետի տեղեկությունների վրա, հոկտեմբերի 25-ին բրիտանական դեսպանությունը հերթական հայտագիրն է ներկայացնում Բարձր Դռանը, ուր նշվում էր, որ թուրք պաշտոնյաների և քրդերի վերաբերմունքը հայերի հանդեպ այլևս անընդունելի է:
__________________________________
82 Turkey, No 4 (1880) ..., p. 85.
83 Նույն տեղում, էջ 90-91:
84 Նույն տեղում, էջ 105-107:
[ էջ 163 ]
Զարմանք էր հայտնվում, թե ինչպես է Բարձր Դուռը հանդուրժում իր սեփական շահերի և մարդկության դեմ կատարվող արարքները:85
Հոկտեմբերի 23-ին Լեյարդը պաշտոնական այցելություն է տալիս նոր նշանակված վարչապետ Սաիդ փաշային: Նշելով, որ վերջինս «պաշտոնի է կոչվել չափազանց ճգնաժամային պահին», դեսպանն իր համոզվածությունն է հայտնում, որ եթե լուրջ և արագ միջոցներ չձեռնարկվեն կայսրության բոլոր հատվածներում տիրող անիշխանության վիճակը շտկելու, Եվրոպային խոստացված բարենորոգումներն իրագործելու, հայ հպատակների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ, ապա կառավարությունը, սուլթանի գահը և ընդհանրապես Թուրքական կայսրությունը կարող են հայտնվել մեծ վտանգի առջև: Լեյարդը զգուշացնում է Սաիդ փաշային, որ բրիտանական կառավարությունն այլևս չի կարող հանդուրժել Ասիական Թուրքիայի քրիստոնյա բնակչության ճնշումն ու կեղեքումը, Անգլիայի և Թուրքիայի միջև ստորագրված պայմանագրի պայմանների խախտումը: Այնուհետև դեսպանն այցելում է նույնպես նոր նշանակված արտաքին գործերի նախարար Սավաս փաշային և կրկին անգամ ներկայացնում բրիտանական կառավարության դիրքորոշումը: Երկուսն էլ վստահեցնում են Լեյարդին, որ անպայմանորեն կատարելու են բրիտանական կառավարությանը տրված խոստումները:86
Հանդիպումների հաջորդ օրը Լեյարդը նոր հայտագիր է ներկայացնում Բարձր Դռանը: Փաստաթղթում նշվում էր, որ դեսպանությունը պարբերաբար տեղեկատվություն է ստանում բրիտանական հյուպատոսներից քրդերի և տեղական իշխանությունների կողմից Հայաստանի և Քրդստանի հայերի հանդեպ իրագործվող դաժանությունների մասին, ինչը բացասական անդրադարձ կարող է ունենալ բրիտանական կառավարության, խորհրդարանի և հասարակական կարծիքի Բարձր Դռան նկատմամբ գոյություն ունեցող վերաբերմունքի վրա: Հույս էր հայտնվում, որ Բարձր Դուռը, քանի դեռ ուշ չէ, գործուն միջոցներ կձեռնարկի վիճակը շտկելու, քրիստոնյաների անվտանգությունն ապահովելու, նրանց և մահմեդական հպատակների իրավունքները հավասարեցնելու ուղղությամբ:87
__________________________________
85 Նույն տեղում, էջ 170:
86 Նույն տեղում, էջ 118-119:
87 Նույն տեղում, էջ 118:
[ էջ 164 ]
Հաջորդ որը Լեյարդը հանդիպում է ներքին գործերի նախարար Նեդիմ փաշայի հետ և կրկին ներկայացնում բրիտանական կառավարության պահանջը` բարենորոգումների շուտափույթ իրագործման անհրաժեշտության մասին: Սակայն այս անգամ դեսպանը խստագույնս պահանջում էր Հայաստանում Գերագույն Կոմիսար նշանակել անգլիացի Բեքիր փաշային, հակառակ պարագայում սպառնալով ցուցում տալ բրիտանական նավատորմին` մոտենալ Կոստանդնուպոլսին: Իրականում Լեյարդն արդեն կարգադրել էր ծովակալ Հորնբիին` դուրս բերել նավատորմը Մալթայից նոյեմբերի 5-ին: Այս վերջին հանգամանքով մտահոգված թուրք նախարարը խոստացավ օգտագործել իր ողջ ազդեցությունը սուլթանի վրա, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար:88 Աբդուլ Համիդն անմիջապես դեսպանի մոտ է ուղարկում Մյունիր բեյին, որը սուլթանի անունից խնդրում է չեղյալ հայտարարել բրիտանական կառավարության որոշումը: Իր բանագնացի միջոցով սուլթանը հաղորդում էր Լեյարդին, որ, ստորագրելով Կիպրոսի կոնվենցիան, համոզված էր, որ իր ինքնիշխան իրավունքները հարգվելու են, սակայն երբ բրիտանական կառավարությունը որոշում է կայացրել ստիպողաբար Գերագույն Կոմիսար նշանակել Բեքիր փաշային, իրավունք է վերապահում միջոցներ ձեռնարկել իր կայսրությունը պաշտպանելու նպատակով:89 Նոյեմբերի 1-ին Լեյարդը Սոլսբերիին առաջարկում էր ժամանակ տալ Աբդուլ Համիդին բարենորոգումների իրագործման ուղղությամբ որոշակի քայլեր կատարելու համար և հետաձգել նավատորմի դուրս բերումը Մալթայից ևս 15-20 օրով:90
Նոյեմբերի 4-ին Սոլսբերիին այցելում է Մեծ Բրիտանիայում Օսմանյան կայսրության դեսպան Մուսուրուս փաշան: Նա խոստանում է, որ կայսրության քաղաքականության մեջ որևէ փոփոխություն տեղի չի ունենա, բարենորոգումները կիրագործվեն առանց հապաղման, իսկ Բեքիր փաշան կնշանակվի ժանդարմերիայի անկախ հրամանատար Քրդստանում` պայմանով, եթե բրիտանական նավատորմը մուտք չգործի թուրքական ջրերը: Սոլսբերին ընդունում է դեսպանի հավաստիացումները և խոստանում, որ սուլթանի կողմից իր խոստումները կատարելու դեպքում բրիտանական նավատորմը կմնա Մալթայում:91 Նույն օրը
__________________________________
88 FO 424 / 88, No 340, p. 253.
89 FO 424 / 88, No 427, p. 314.
90 FO 424 / 89, No 17, p. 13.
91 FO 424 / 89, No 60, p. 56.
[ էջ 165 ]
Լեյարդը տեղեկացնում էր Սոլսբերիին, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի դեսպանները այցելել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարին և խորհուրդ տվել, որ Բարձր Դուռն առանձնակի նշանակություն չտա Բրիտանիայի կողմից ուժի ցուցադրությանը: Նրանք նշել են, թե պատմությունը վկայում է, որ եթե որևէ եվրոպական տերություն ցանկանում է ինչ որ մի բան ստանալ Թուրքիայից, ռազմանավեր է ուղարկում թուրքական ջրերը:92
Սոլսբերին գրում էր Լեյարդին (6 նոյեմբերի), որ բրիտանական կառավարության կարծիքով, եվրոպացի սպայի նշանակումը որպես Փոքր Ասիայում ժանդարմերիայի անկախ հրամանատար հանդիսանում է բարեփոխումների իրագործման կարևորագույն պայման և հանձնարարում գործուն կերպով աշխատել այդ ուղղությամբ: