ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Արման Կիրակոսյան

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐԵՎՄՏԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ


Բովանդակություն   Տիտղոսաթերթ   Առաջաբան
Գլուխ առաջին
   Գլուխ երկրորդ   Գլուխ երրորդ   Գլուխ չորրորդ   Գլուխ հինգերորդ
Ամփոփում   Գրականության ցանկ   Բովանդակություն (ըստ աղբյուրի)


[ էջ 256 ]

ԳԼՈՒԽ ՉՈՐՐՈՐԴ

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 1890-ԱԿԱՆ ԹԹ. ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՆԱԽՕՐՅԱԿԻՆ ԵՎ ԸՆԹԱՑՔՈՒՄ

1. ԳԼԱԴՍՏՈՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ 1892-1894 թթ.

Մեծ Բրիտանիայի և եվրոպական պետությունների հասարակայնության լիբերալ շրջանակները, իսկ հետագայում նաև բրիտանական պատմագրությունը համարում էին Գլադստոնին մեծ պետական գործիչ, որն իր գործունեության ընթացքում մշտապես պաշտպանել է փոքր ժողովուրդների իրավունքները, կարեկցանքով վերաբերվել նրանց տառապանքներին: Իրականում նա մարդասիրության դիմակ էր հագնում միայն այն ժամանակ, երբ գտնվում էր ընդդիմության մեջ: 1890 թ. ունեցած իր ելույթներում նա պահանջում էր, որպեսզի կառավարությունը խստորեն նախազգուշացնի Բարձր Դռանը, որ անգլո-թուրքական կոնվենցիայի պարտավորությունների անտեսումը կարող է ստեղծել «արտակարգ լրջության իրավիճակ և հետևանքներ»:1 Հայտնի գիտնական և հասարակական գործիչ Էմիլ Դիլլոնը2 նույնիսկ նշում էր, որ, ելնելով Ռուսաստանի աշխարհագրական դիրքից, «բարյացակամ տրամադրություններից», «քաղաքակրթական առաքելությունից»,

__________________________________
1 A Vanishing Treaty..., p. 172.
2 Դիլլոն (Dillon) Էմիլ (1854-1933) – իռլանդացի գիտնական ու լրագրող, արևելյան լեզուների և համեմատական լեզվաբանության մասնագետ: 1880-ական թթ. աշխատել է Պետերբուրգի, Խարկովի համալսարաններում, Վենետիկի Մխիթարյան միաբանությունում, ուսումնասիրել է հայոց լեզուն և գրականությունը: Գրել է հայոց լեզվին նվիրված մի շարք աշխատություններ, թարգմանել հայկական սկզբնաղբյուրներ: 1895 թ., որպես Լոնդոնի «Դեյլի Տելեգրաֆ» թերթի թղթակից, եղել է Օսմանյան կայսրությունում, այցելել Արևմտյան Հայաստան: Հավաքել է մեծ քանակությամբ տեղեկություններ, հրատարակել է Հայկական հարցին վերաբերող հոդվածաշար:

[ էջ 257 ]

ինչպես նաև «...քրիստոնեության, բարոյականության, մարդասիրության շահերից, ...լիբերալ կուսակցության հռչակավոր ղեկավարը Հայկական հարցի լուծման հնարավորությունը պահանջում էր տալ ռուսական կառավարությանը»3: Իր ելույթներում Գլադստոնը բազմիցս մեջբերում էր Փարիզի պայմանագիրը, համաձայն որի տերությունները երաշխավորում էին Օսմանյան կայսրության ամբողջականությունը, միաժամանակ պատասխանատվություն կրելով նրա ներքին խնդիրների համար: Գլադստոնի կենսագիր Փոլ Քնեպլենդի վկայությամբ, 1890-ական թթ. սկզբին նա բավականին անհանգստացած էր Հայաստանի դրությամբ, համարելով, որ ներկայումս միմիայն եվրոպական տերությունների համատեղ գործողություններով կարելի կլինի բարելավել հայերի կյանքի պայմանները: Գլադստոնի տեսակետը Թուրքիայում բարենորոգումների վերաբերյալ սահմանափակվում էր տեղական ինքնավարության ստեղծումով և «ազնիվ ու խելացի» նահանգապետների նշանակումով:4

Գլադստոնի իշխանության շրջանը համընկավ սուլթանական կառավարության կողմից հայ բնակչության կոտորածներ կազմակերպելու նախապատրաստման փուլի հետ: 1892 թ. Բարձր Դուռը պաշտոնապես արգելեց իր կողմից չհաստատված դպրոցների գործունեությունը: Այլ որոշման համաձայն, պետական ծառայության կարող էին անցնել միմիայն կայսրության այն հպատակները, որոնք ավարտել էին պետական, այսինքն մահմեդական ուսումնական հաստատություններ: Քրիստոնյաների դպրոցներին պատերազմ հայտարարելուց հետո սուլթանական կառավարությունն անցնում է ոչ մահմեդական գրականության «ոչնչացմանն ու բնաջնջմանը»: Արգելվեցին անգլիական գրականության այնպիսի դասականներ, ինչպիսիք են Շեքսպիրը, Բայրոնը, Միլթոնը, Սքոթը, ինչպես նաև Աստվածաշնչի այն գլուխները, ուր հանդիպում են «հալածանք», «խիզախություն», «ազատություն», «իրավունք», «միություն», «հավասարություն», «զենք», «հերոս», «կոտորած», «բռնապետություն» և այլ նման բառեր ու բառակապակցություններ: Համապատասխանաբար 1886 և 1892 թթ. Կոստանդնուպոլսում հրատարակվեցին «Պաշտպանություն» և «Համիդիե պարագլուխները» գրքերը, որոնք ուղղված էին քրիստոնեության և կայսրության քրիստոնյա ժողովուրդների դեմ: Այդ և նման մեծ տարածում ստացած ընդգծված հակաքրիստոնեական բնույթ կրող հրատարակությունները,

__________________________________
3 Lanin E.B. Armenia and the Armenian People. - The Fortnightly Reviw, 1890, vol. 54, p. 270.
4 Knaplund Paul. Gladstone`s Foreign Policy. New York, London, 1935, p. 159.

[ էջ 258 ]

ինչպես նաև մայրաքաղաքի թուրքական մամուլում հրապարակված բազմաթիվ հոդվածները, հատուկ դեր պետք է խաղային մահմեդական մոլեռանդությունը բորբոքելու և հայ բնակչության կոտորածները կազմակերպելու գործում:5

Այսպիսով, ակնհայտ էր դառնում, որ թեև հայ բնակչության ծանր վիճակի հիմքում ընկած էին խորը քաղաքական, սոցիալ-տնտեսական և ազգային հիմքեր, սուլթանական կառավարությունը նպատակադրվել էր իր առջև ծառացած խնդիրները լուծել երկրի մահմեդական բնակչության կրոնական մոլեռանդությունը բորբոքելու, այն հայերի դեմ ուղղելու միջոցով:

Հունիսի 22-ին Էրզրումում Մեծ Բրիտանիայի նոր հյուպատոս Գռեյվզը դեսպան Ֆորդին հաղորդում էր 4-րդ բանակի հրամանատար, գեներալ Զեքքի-փաշայի մասնակցությամբ քաղաքում կայացած շրջանի համիդիե քրդական հեծելազորի իսկական զինվորական ծառայության անցնելու պաշտոնական արարողության մասին: Ըստ հյուպատոսի, սուլթան Աբդուլ Համիդի հատուկ հրովարտակի ընթերցումից հետո տեղի ունեցավ զինվորական շքերթ, որին, կանոնավոր զորամասերի շարքին, մասնակցեցին շուրջ 1500 քուրդ հեծյալներ, որոնք զինված էին Մարտինի և Բերդան տեսակի հրացաններով: Մինչ այդ, հունիսի 10-ին, Զեքքի փաշան նման շքերթ էր ընդունել նաև Վանում: Իր ելույթում նա նշում էր, որ կառավարությունն արդեն կազմավորել է 20 հազ. հեծյալից բաղկացած քրդական 40 զորագունդ, որոնց հրամանատարությունը պետք է իրականացնեն կանոնավոր բանակից ընտրված 40 գնդապետներ և 150 կապիտաններ:6

Գլադստոնի կառավարությունը շարունակեց պահպանողականների որդեգրած գիծը Հայկական հարցում, անուշադրության մատնելով Օսմանյան կայսրությունում տեղի ունեցող արմատական փոփոխությունները, սուլթանական իշխանությունների հետզհետե սաստկացող հակահայկական քաղաքականությունը: Պատասխանելով արտաքին գործերի նախարար Ռոզբերիին ուղղված Մինաս Չերազի նամակին (17 հոկտեմբերի),

__________________________________
5 Maccoll Malcolm. The Constantinople Massacre and its Lesson. - The Contemporary Review, 1895, vol. 68, pp. 750-752.
6 Turkey, No 3 (1896) ..., pp. 33-34.

[ էջ 259 ]

փոխնախարար Ֆիլիպ Քարրին7 գրում էր, որ ներկայումս Ռոզբերին անհրաժեշտություն չի տեսնում Բեռլինի պայմանագիրը ստորագրած տերությունների համատեղ քայլեր ձեռնարկելու մեջ: Ըստ Քարրիի, բրիտանական դեսպանությանն ու դեսպանին հանձնարարություն է տրված տեղական իշխանությունների կողմից հայերի հանդեպ տեղի ունեցած հալածանքի կամ անարդարության յուրաքանչյուր դեպքի առնչությամբ անհապաղ միջամտություն պահանջել Բարձր Դռնից: Ռոզբերիի կարծիքով, ներկայիս պայմաններում նման քաղաքականությունը շատ ավելի արդյունավետ է, քան ձևական բնույթ կրող պաշտոնական ներկայացումները:8

Նոյեմբերի 11-ին Աբդուլ Համիդն իր մոտ է հրավիրում դեսպան Ֆորդին և հայտարարում, որ շուտով պատրաստվում է իրականացնել կայսրության ասիական շրջանների բարենորոգումների ծրագիրը: Նա դեսպանին տեղեկացնում էր, որ դեռևս մեկ տարի առաջ վստահելի պաշտոնյաներ էր ուղարկել հայերով բնակեցված շրջանները, որոնք մանրամասնորեն ուսումնասիրել են երկրի վիճակը և ներկայացրել իրեն ամբողջական զեկուցագիր, որի հիման վրա էլ պետք է իրագործվեն բարենորոգումները: Սուլթանը մտադրված էր գարնանը հատուկ լիազորություններով հանձնաժողով ուղարկել ասիական շրջանները` ժանդարմերիայի ու դատարանների գործունեությունը բարեկարգելու և ընդհանրապես անարդարության իրավական բոլոր խոչընդոտները վերացնելու նպատակով: Աբդուլ Համիդը Ֆորդին հավաստիացնում էր, որ անկեղծորեն ցանկանում է ապահովել իր բոլոր հպատակների «բարեկեցությունն ու երջանկությունը» և ձերբազատվել իր ներքին քաղաքականության «արտասահմանյան քննադատներից»:9 Նոյեմբերի 16-ին Ռոզբերին Ֆորդին հանձնարարում էր փոխանցել սուլթանին բրիտանական կառավարության շնորհավորանքները բարենորոգումների իրագործման կապակցությամբ որոշում ընդունելու

__________________________________
7 Քարրի (Currie) Ֆիլիպ - բրիտանացի դիվանագետ: 1888-1893 թթ. ` արտաքին գործերի նախարարի մշտական տեղակալ, 1893-1898 թթ. ` դեսպան Թուրքիայում, 1898-1903 թթ. ` դեսպան Իտալիայում:
8 FO 424/172, No. 98, pp. 75-76.
9 FO 424/172, No. 103, pp. 77-78.

[ էջ 260 ]

համար, ինչը նպաստելու է «կայսրության հզորացմանն ու բոլոր հպատակների երջանկության ապահովմանը»:10

Սակայն Աբդուլ Համիդը ոչ միայն չկատարեց բրիտանական կառավարությանը տված իր հերթական խոստումը, այլև օգտագործեց 1893 թ. սկսված իրադարձություններն իր հակահայկական ծրագիրն իրագործելու համար: 1893 թ. հունվարի 19-ին կայսրության մի շարք խոշոր քաղաքներում` Ամասիայում, Մարզվանում, Չորումում, Թոխաթում, Յոզղատում, Անգորայում, Դիարբեքիրում և Սեբաստիայում, կենտրոնական շինությունների պատերին և հասարակական վայրերում միաժամանակ փակցվեցին և տարածվեցին հակասուլթանական բովանդակություն պարունակող թռուցիկներ: Պարսավագրում մասնավորապես նշվում էր, որ սուլթան Աբդուլ Համիդն այլևս անկարող է ղեկավարել կայսրությունը, լուծել երկրի առջև ծառացած խնդիրները, նրանից պահանջվում էր հրաժարվել գահից: Այդ իրադարձությունն անմիջապես օգտագործվեց իշխանությունների կողմից հայ բնակչության դեմ: Նշված համարյա բոլոր քաղաքներում սկսվեցին հայերի տների խուզարկություններ և համատարած ձերբակալություններ: Ըստ Տրապիզոնում բրիտանական հյուպատոս Լոնգուորթի տեղեկատվության, մեկ օրվա ընթացքում միայն Ամասիայում քաղաքի իշխանությունները ձերբակալել էին շուրջ 300 հայերի:11

Նույնիսկ այն ժամանակ արդեն ակնհայտ էր, որ այդ դեպքերը կազմակերպվել և իրագործվել էին կառավարության գործակալների կողմից` մահմեդական բնակչության շրջանում հակահայկական տրամադրություններ ստեղծելու և քրիստոնյաների համար արդարություն պահանջող եվրոպական տերությունների մոտ հայերի վարկը նսեմացնելու, նրանց դավադրության մեջ մեղադրելու նպատակով:12

Փետրվարի 26-ին Ֆորդը Ռոզբերիին հաղորդում էր, որ Սեբաստիայի վալին թռուցիկների տպագրման մեջ էր մեղադրել Մարզվանի ամերիկյան քոլեջի տնօրինությանը,

__________________________________
10 Turkey No. 3 (1896)..., pp. 42-43.
11 Նույն տեղում, էջ 63:
12 Bliss E.M. Turkey and Armenian Atrocities. Philadelphia, 1896, pp. 337-342; Gabrielian M.S. Armenia: A Martyr Nation. A Historical Sketch of the Armenian People from Tradition Times to the Present Tragic Days. New York, 1918, pp. 225-230.

[ էջ 261 ]

ձերբակալել հայազգի ուսուցիչներ Թումայանին ու Գայայանին13 և բանտարկել ընդհանուր առմամբ շուրջ 2 հազ. հայերի: Մի քանի օր անց հրդեհվել էր քոլեջի օրիորդաց վարժարանի մասնաշենքը:14 Հյուպատոս Լոնգուորթի տեղեկության համաձայն, հրդեհն իրագործել էր Սեբաստիայի վիլայեթի ժանդարմերիայի փոխհրամանատարը:15

Նույն օրերին Անգորայում բրիտանական փոխհյուպատոս Նյուտոնը հաղորդում էր գլխավոր հյուպատոսի պաշտոնակատար Վռենչին քաղաքում տեղի ունեցած խուզարկությունների արդյունքում 50-60 հայերի ձերբակալության,16 իսկ Էրզրումում հյուպատոսի պաշտոնակատար Ֆիցմորիսը` Երզնկայի իշխանությունների կողմից ազգությամբ իտալացի Ջոզեֆ Գոլիտիի բանտարկության փաստերի մասին: Վերջինս մեղադրվում էր հայ հեղափոխականների հետ ունեցած իր կապերի մեջ: Ըստ Էրզրումի վալիի կողմից տրված բացատրության, Կոստանդնուպոլսի իշխանությունները հրահանգել էին ձերբակալության ենթարկել յուրաքանչյուր արտասահմանցու, որը կարող էր որևէ առնչություն ունենալ հայկական շարժման հետ: Ֆիցմորիսի կարծիքով, թուրքական իշխանությունների նման վարքագիծը լրջորեն ոտնահարում է արտասահմանցիների իրավունքները, որոնք երաշխավորված են համապատասխան պայմանագրերով:17

__________________________________
13 Թումայանը և Գայայանը հանդիսանում էին 1885 թ. Մարզվանի «Անատոլիա» քոլեջի ուսանողների կողմից ստեղծված «Փոքր Հայքի կազմակերպության» գաղափարական ղեկավարները: Կազմակերպության հիմնական նպատակներն էին պատմական Փոքր Հայքի, Կիլիկիայի և Սև ծովի ափամերձ հայաբնակ վայրերում ազատագրական գաղափարների տարածումը, ժողովրդի ազգային ինքնագիտակցության արթնացումը, ինքնապաշտպանության նախապատրաստումը: Կազմակերպությունը մասնաճյուղեր ուներ Եվդոկիայում, Մալաթիայում և Կեսարիայում: Մարզվանի մասնաճյուղը ստեղծել էր մի քանի զինված խմբեր, որոնք պայքար էին մղում թուրք և քուրդ ավազակախմբերի դեմ` անկախ ազգությունից պաշտպանելով աշխատավոր ժողովրդի շահերը:
14 Turkey No. 3 (1896)..., pp. 63-64.
15 Նույն տեղում, էջ 64-65:
16 Նույն տեղում, էջ 73-74:
17 Նույն տեղում, էջ 72-73:

[ էջ 262 ]

Մարտի 26-ին Ֆորդը զրույց է ունենում արտաքին գործերի նախարար Սաիդ փաշայի հետ, որի ընթացքում վերջինիս ուշադրությունն է հրավիրում կայսրության հայերով բնակեցված շրջաններում տիրող «անբավարար» վիճակի վրա: Դեսպանը նշում էր, որ տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն, «Փոքր Ասիայի քրիստոնյա համայնքների հանդեպ շատ դեպքերում կիրառվում է դաժան, անարդար և ճնշման քաղաքականություն»: Նա խստորեն նախազգուշացնում էր նախարարին այն մասին, որ թուրքական կառավարությունը կարող է հայտնվել վտանգի առջև, եթե համապատասխան միջոցներ չձեռնարկի ճնշման քաղաքականությանը վերջ դնելու ուղղությամբ: Ֆորդը տեղեկացնում էր Սաիդ փաշային հայտնի դեպքերի առնչությամբ Անգլիայում ստեղծված «ճնշող տպավորությունների», խորհրդարանի անդամների կողմից պարբերաբար ներկայացվող հարցապնդումների մասին:

Սաիդ փաշան պատասխանում է, որ բրիտանական թերթերում տպագրված փաստերը մեծապես չափազանցված են և շատ դեպքերում ճշմարտությանը չեն համապատասխանում: Միաժամանակ նա չի մերժում հայերի շրջանում կատարված ձերբակալությունները, նշելով, որ կառավարության կողմից իրագործված արագ միջոցառումները դրական արդյունք ունեցան դեպքերի զարգացման վրա: Նախարարը դեսպանին խոստանում է տրամադրել այդ դեպքերի կապակցությամբ Անգորայի վալիի կողմից կառավարությանը ներկայացված ամբողջական զեկուցագրի անգլերեն թարգմանությունը:

Այնուհետև դեսպանը դիմում է նախարարին դեսպանության ռազմական կցորդ, երկրի իրավիճակին քաջատեղյակ և թուրքերենին տիրապետող գնդապետ Չերմսայդին արևելյան շրջաններ գործուղելու խնդրանքով: Ըստ Ֆորդի, Չերմսայդի անկողմնակալ զեկույցը արևելյան շրջաններում տիրող իրավիճակի վերաբերյալ կարող է օգտակար լինել նաև սուլթանական կառավարության համար: Սաիդ փաշան խոստանում է քննարկել հարցը մեծ վեզիրի հետ և պատասխանել Ֆորդին, միաժամանակ մտահոգություն հայտնելով, որ Չերմսայդի առաքելությունը կարող է նոր հույսեր տալ հայերին օտարերկրյա աջակցության վերաբերյալ և լրացուցիչ լիցք հաղորդել հայկական «ապստամբական շարժմանը»: Դեսպանը նշում է, որ չի կարող համաձայնել նախարարի նման կարծիքի հետ, քանի որ կցորդի առաքելության հիմնական նպատակը կայանալու է միմիայն դեպքերի և իրավիճակի քննություն կազմակերպելու մեջ, ինչը որևէ առնչություն ունենալ չի կարող «հայերի կարգավիճակին վերաբերող խնդրի լուծման» հետ:

[ էջ 263 ]

Հանդիպման վերջում բրիտանական դեսպանը հիշեցնում է նախարարին սուլթանի կողմից մի քանի ամիս առաջ բրիտանական կառավարությանը տված խոստումի` արևելան շրջաններ բարենորոգումներն իրագործող հանձնաժողով գործուղելու կապակցությամբ:

Հաղորդելով Ռոզբերիին Սաիդ փաշայի հետ ունեցած իր զրույցի մանրամասները, Ֆորդը եզրակացնում էր, որ թուրքական կառավարությունը մի կողմից` հասկանում է հայերի վիճակի կապակցությամբ ստեղծված դրության ողջ լրջությունը, իսկ մյուս կողմից` փորձում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` «իրապես գոյություն ունեցող հեղափոխական շարժման հետագա զարգացումը կանխելու նպատակով»:18

Մարտի 31-ին Ֆորդը Ռոզբերիին հաղորդում էր, որ դատավարություն բացելու նպատակով թուրքական իշխանությունները Մարզվանի ամերիկյան քոլեջի ուսուցիչներ Թումայանին ու Գայայանին, ինչպես նաև սուլթանական կառավարության դեմ դավադրություն կազմակերպելու մեջ մեղադրվող շուրջ 800 հայերի տեղափոխել են Անգորա: Մի քանի օր անց Սաիդ փաշան տեղեկացնում էր Ֆորդին, որ սուլթանը ներում է շնորհել Կեսարիայի, Յոզղատի և Մարզվանի մեծ թվով հայերի, սակայն դավադրության հիմնական մասնակիցները կանգնելու են դատարանի առջև:19

Մեծ հետաքրքրություն է ներկայացնում Ֆորդի կողմից ապրիլի 7-ին Ռոզբերիին ուղղված գաղտնի զեկուցագիրը: Փաստաթուղթը հերթական անգամ վկայում է այն մասին, որ սուլթան Աբդուլ Համիդը բարենորոգումների իրագործման որևէ ցանկություն չուներ և մտադրված էր խնդիրը լուծել բռնի միջոցներով, հաշվի չառնելով նույնիսկ տերությունների հնարավոր միջամտությունը: Դեսպանը գրում էր, որ գաղտնի և վստահելի տեղեկատուի տվյալների համաձայն, ապրիլի 5-ին Աբդուլ Համիդն իր մոտ է հրավիրում և երկարատև զրույց ունենում փոխարտգործնախարար, հայազգի Արթին փաշայի հետ: Սուլթանը մեղադրում էր Կոստանդնուպոլսի նշանավոր հայերին և, մասնավորապես, պաշտոնյաներին «անկարգություններ բորբոքելու և արտասահմանում գործող հայկական կոմիտեների հետ համատեղ բրիտանական խորհրդարանում հարցեր հրահրելու մեջ»: Արթին փաշան կտրականապես մերժում է մայրաքաղաքի հայ համայնքի հանցավորությունն ու պատասխանատվությունը, նշելով, որ խնդրի լուծման միակ դեղամիջոցը հանդիսանում է

__________________________________
18 Նույն տեղում, էջ 70-71:
19 Նույն տեղում, էջ 74-75:

[ էջ 264 ]

սուլթանի կողմից խառը հանձնաժողով կազմավորելը և արևելյան շրջաններ գործուղելը` իրավիճակն ուսումնասիրելու և անհրաժեշտ բարենորոգումներ իրագործելու համար: Սուլթանը պատասխանում է, որ նույնիսկ չնչին մտադրություն չունի նման հանձնաժողով ուղարկելու, քանի որ այն ավելի կբարդացնի իրավիճակը և առիթ կստեղծի տերությունների կառավարությունների համար` հարցին միջամտելու նպատակով: Աբդուլ Համիդն ավելացնում է, որ մտադիր է ինքնուրույն կառավարել իր երկիրը և բարդությունների առաջացման, նույնիսկ համընդհանուր կոտորածի դեպքում, նա չի հանդուրժի նրանցից նույնիսկ մեկի միջամտությունը: Նա հանձնարարում է Արթին փաշային զգուշացնել Կոստանդնուպոլսի նշանավոր հայերին, որ խնդրի բարդացման ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է իրենց վրա: Արթին փաշան, նկատելով, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ մոլեռանդության արտահայտությունները, աղերսում է սուլթանի առջև գթասրտություն հանդես բերել իր քրիստոնյա հպատակների նկատմամբ:20

Ապրիլի 10-ին Ֆորդն առաջարկում էր Ռոզբերիին հետաձգել Չերմսայդի գործուղումը, քանի որ այդ նախաձեռնությունն իր դրական արդյունքն ունեցավ սուլթանի կողմից Մարզվանի դեպքերի առնչությամբ ձերբակալված հայերին ներում շնորհելու հարցում: Միաժամանակ դեսպանն առաջարկում էր հանձնարարել Կոստանդնուպոլսում գտնվող հյուպատոս Գռեյվզին Էրզրում վերադառնալու ճանապարհին այցելել Անգորա, Յոզգատ, Կեսարիա, Սեբաստիա, Խարբերդ ու Դիարբեքիր և մանրամասն զեկուցագիր ներկայացնել «հայկական շարժման և ճնշման թուրքական մեթոդների» մասին:21

Մարզվանի քոլեջի մասնաշենքի հրկիզման և ուսուցիչների ձերբակալության հարցում բրիտանական դեսպանությունը համագործակցում և խորհրդակցում էր ԱՄՆ դիվանագիտական ներկայացուվչության հետ: ԱՄՆ քաղաքական շրջանակները մեծ նշանակություն էին տալիս Հայկական հարցին, օգտագործելով այն որպես սուլթանի վրա ճնշում գործադրելու, ինչպես նաև կայսրության քրիստոնյա բնակչության նկատմամբ ամերիկյան ազդեցության հաստատման միջոց: Այդ ընթացքում Սպիտակ տանն ու սենատում ավելի հաճախ էին քննարկում Հայկական, քան Վենեսուէլայի հարցը:22 Թեև 19-

__________________________________
20 FO 424/175, No. 32, p. 32.
21 Turkey No. 3 (1896)..., p. 80.
22 Godkin E.L. The Armenian Resolutions. - The Nation, 1896, vol. 62, January 30, p. 93.

[ էջ 265 ]

րդ դ. վերջում Մերձավոր Արևելքը չէր հանդիսանում ամերիկյան քաղաքական ազդեցության ոլորտ, ԱՄՆ կառավարությունն իր միսիոներների միջոցով23 հետզհետե հող էր նախապատրաստում ապագայի համար: Ամերիկյան միսիոներները հովանավորում էին քրիստոնյա փոքրամասնություններին, համապատասխան աշխատանք տանում նրանց ավետարանչական դարձնելու ուղղությամբ, տպագրում և տարածում գրականություն, հիմնում եկեղեցիներ, դպրոցներ24 և հիվանդանոցներ, բնութագրելով իրենց հարաբերությունները կայսրության քրիստոնյա հպատակների հետ որպես մշակութային, բարեգործական և առևտրական: Կայսրության քրիստոնյաների համար Ամերիկան մեծ երկիր էր, որն իրենց ուղարկում էր բարեգործներ, ուսուցիչներ և բժիշկներ: Ամերիկյան միսիոներության գործուն աշխատանքի հետևանքով 1891-1898 թթ. շուրջ 12 հազ. 500 հայեր գաղթեցին ԱՄՆ:25

Սուլթանական կառավարությունը մեծ կասկածանքով էր վերաբերվում ամերիկյան միսիոներների գործունեությանը, միաժամանակ համարելով ԱՄՆ-ն որպես երկրի տնտեսական զարգացմանն օժանդակող կարևոր գործոն: ԱՄՆ-ն վաճառում էր Թուրքիային

__________________________________
23 Ամերիկյան միսիոներության շարժումը դեպի Մերձավոր Արևելք սկսվեց 1819 թ., Ջեյմս Մոնրոյի նախագահության օրոք, երբ արտասահմանյան միսիաների ամերիկյան վարչությունը Օսմանյան կայսրություն գործուղեց քահանաներ Պլինի Ֆիսկին և Լևի Պարսոնզին` գործունեության հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով: Սկզբնական շրջանում միսիոներության գլխավոր նպատակն էր մահմեդականների կրոնափոխությունը, սակայն երբ շուտով հայտնի դարձան այդ նպատակին արագ հասնելու դժվարությունները, միսիոներներն ուղղեցին իրենց ջանքերը տեղի քրիստոնյա համայնքների` հայերի, հույների, ղպտիների և այլոց ՙհոգևոր վերանորոգմանը՚ (De Novo J. American Interests and Policies in the Middle East. 1900-1939. Mineapolis, 1963, pp. 8, 11-12) :
24 1900 թ. տվյալներով, Օսմանյան կայսրությունում աշխատում էր 162 ամերիկյան միսիոներ` 900 տեղացի օգնականների աջակցությամբ: Ավելի քան 40 գիշերօթիկ դպրոցներում և 7 քոլեջներում ուսանում էջն 2 հազ. 700 տղա և աղջիկ, 15 հազ. երեխա` բազմաթիվ նախակրթարաններում (De Novo J. Op. cit., p. 9):
25 Mirak R. Armenian Emigration to the United States to 1915. - Journal of Armenian Studies, 1975, Autumn, vol. 1, pp. 33-34.

[ էջ 266 ]

արդյունաբերական և գյուղատնտեսական մեքենաներ, հեծանիվներ և այլն: Տարեկան երկիր էր ներմուծվում ավելի քան 2 հազ. գութան:26 1900 թ. Թուրքիայից ԱՄՆ էր արտածվում 7 մլն. ամ. դոլարի ապրանք (մորթի, կաշի, գորգեր, միրգ, մատուտակի արմատ, ափիոն և այլն )27:

1893 թ. կոնգրեսին ներկայացված հերթական ուղերձում ԱՄՆ նախագահ Ստիվեն Քլիվլենդն անդրադարձավ թուրք-ամերիկյան հարաբերություններին` Մարզվանի քոլեջի հրկիզման կապակցությամբ: Նա մեղադրեց սուլթանական կառավարությունը մեղսակցության և «արտասավոր անտարբերության» մեջ, պահանջելով պատժել հանցավորներին և փոխհատուցել քոլեջին հասցված վնասը: Նախագահը տեղյակ պահեց նաև կոնգրեսին այն մասին, որ հանձնարարել է Թուրքիայում իր դեսպանին` պահանջել Բարձր Դռնից այսուհետ հարգանքով վերաբերվել հայազգի ԱՄՆ քաղաքացիներին:28

Ապրիլ ամսվա ընթացքում բրիտանական դեսպանությունը պարբերաբար տեղեկացնում էր նախարարությանը ԱՄՆ դեսպանության և սուլթանական կառավարության միջև ընթացող բանակցությունների մասին` Մարզվանի ամերիկյան քոլեջի մասնաշենքի հրկիզման կապակցությամբ: Ի վերջո կառավարությունը համաձայնում է փոխհատուցել վնասը և ապահովել քոլեջի գործունեության անվտանգությունը: Բարձր Դուռը խոստացավ նաև պատասխանատվության ենթարկել մեղավորներին:29 Ինչ վերաբերում է քոլեջի հայազգի բանտարկված ուսուցիչներին, ապա, ըստ դեսպան Ռուստեմ փաշայի կողմից Ռոզբերիին տրված բացատրության համաձայն, քննությունը պարզել է, որ Թումայանը հանդիսանում է հեղափոխական թռուցիկների հիմնական հեղինակներից մեկը և պետք է կանգնի դատարանի առջև: Ըստ դեսպանի, նրա հանցանքն ընդունվել է նաև ԱՄՆ դեսպանության և քոլեջի ղեկավարության կողմից:30 Մայիսի 6-ին փոխհյուպատոս Նյուտոնը հաղորդում էր Ֆորդին Անգորայից, որ դատավարության համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը բերվել են այստեղ Մարզվանից` շուտով սկսվող դատավարությանը

__________________________________
26 Гутор М.Д. Новейшая история Турции и Персии. Ч. 1, Тифлис, 1913, с. 67-68.
27 De Novo J. Op. cit., p. 16.
28 Հայք, 1893, 15 դեկտեմբերի, էջ 357:
29 FO 424/176, No. 53, p. 57.
30 FO 424/175, No. 51, p. 55.

[ էջ 267 ]

ներկայացնելու համար: Ըստ Նյուտոնի, քննությունը պարզել էր, որ Թումայանը զբաղված էր հեղափոխական գորխունեությամբ, հայտնի իրադարձություններից անմիջապես առաջ քարոզչական նպատակներով այցելել էր շրջանի 15 գյուղեր:31 Դատարանի առջև, որը կազմված է լինելու երկու թուրքից, հայ լուսավորչականից և հայ կաթոլիկից, կանգնելու էին, բացի Թումայանից և Գայայանից, ևս 51 հայեր, որոնք մեղադրվում էին կառավարության դեմ կատարած դավադրության փորձի մեջ: Նյուտոնը Ֆորդին հաղորդում էր, որ վալին պաշտոնապես հրավիրել է իրեն մասնակցելու դատավարությանը և հետևելու նրա ընթացքին: Նշելով, որ բավականին ջերմ հարաբերություններ է հաստատել վալիի հետ, Նյուտոնը տեղեկացնում էր նրա մասնակցությամբ հայկական շարժման ձերբակալված ղեկավարներից մեկի հետ տեղի ունեցած իր զրույցի մասին: Պատասխանելով փոխհյուպատոսի հարցերին, բանտարկյալը, առանց խուսափելու պատմել էր, որ ընկերվար է և ընկերվարական գաղափարները կայսրությունում տարածելու նպատակով Աթենքից ժամանել է Մերսին, իսկ այնուհետև Կեսարիա, որտեղ և ձերբակալվել է թուրք իշխանությունների կողմից: Նա հաստատեց, որ չի ճանաչում ոչ այս երկրի կառավարությունը, ոչ էլ նրա օրենքները: Ըստ Նյուտոնի, զրույցի ընթացքում բանտարկյալն իրեն պահեց համարձակ և անշփոթ, չթաքցնելով իր ընկերվարական գաղափարները, որոնք կիսում է բանտարկվածների մեծամասնությունը: Բրիտանական փոխհյուպատոսի կարծիքով, ազատ մնալու դեպքում նման մարդիկ կարող են մեծ վտանգ ներկայացնել երկրի համար:32

Մայիսի սկզբին, Անգորա ժամանելուն պես, հյուպատոս Գռեյվզը հանդիպում է վալի Աբեդդին փաշային և մանրամասն զեկուցագիր ներկայացնում դեսպան Ֆորդին: Կասկած չկա, գրում էր նա, որ հայերի շրջանում գոհություն ունի «դժգոհության լայնատարած շարժում», որի կենտրոնն է Մարզվանը: Ձերբակալված հայերի ցուցմունքների համաձայն, շարժումը ֆինանսավորվում և ղեկավարվում է Աթենքում, Ժնևում, Մարսելում և Լոնդոնում գործող հայկական կոմիտեների կողմից, որոնք որոշակի քանակությամբ վճարված ագիտատորներ են ուղարկել Կենտրոնական Անատոլիայում գործելու նպատակով: Վերջիններիս հաջողվել էր հավաքագրել մեծ թվով երիտասարդ և տաքարյուն հետևորդներ

__________________________________
31 Turkey No. 3 (1896)..., p. 107.
32 Նույն տեղում, էջ 104:

[ էջ 268 ]

ցածր դասակարգից: «Ինչպես սովորաբար պատահում է հայկական բանսարկության դեպքերում, - շարունակում էր Գռեյվզը, - շուտով հայտնվում են տեղեկատուներ և կառավարական իշխանություններին հայտնի են դառնում մեղավորների անունների մեծամասնությունը»: Ըստ վալիի տեղեկությունների, մի շարք հանցագործություններ կատարելուց հետո, ինչպիսիք էին զինված հարձակումները հեռագրատների վրա, հայազգի տեղեկատուների սպանությունները և այլն, թռուցիկների տարածման կապակցությամբ իշխանությունները որոշեցին «մաքրել գործը», ձերբակալելով շարժման գործուն մասնակիցներին: Հնարավոր է, գրում էր հյուպատոսը, որ բանտարկվել են նաև շատ անմեղ մարդիկ, սակայն սուլթանի ներման շնորհիվ ներկայումս նրանք բոլորն ազատված են: Ըստ Գռեյվզի, Աբեդդին փաշան չէր չափազանցնում շարժման նշանակությունը և դեմ էր արտահայտվում «ճնշման ոչ անհրաժեշտ դաժան միջոցներին», սակայն միաժամանակ նշում, որ այս դասը շատ կարևոր էր ապագայի համար: Վալին ծիծաղում էր այդ «մի խումբ դպրոցականների նման հեղափոխություն խաղացող տգետ թշվառների» վրա, որոնց պատրաստած ղեկավարները, գտնվելով արտասահմանում, ապահովել են իրենց անվտանգությունը:

Այնուհետև Գռեյվզը զրույց է ունենում Հնչակյան կուսակցության անդամ, բանտարկյալ Անտոն Ռշտունու հետ, որը հայտարարում է, որ իրենց նպատակն էր այնպիսի անկարգություններ ստեղծել երկրում, որոնք պետք է գրավեին աշխարհի ուշադրությունն ու հարկադրեին տերությունների միջամտությունը: Իսկ Թումայանն ասում էր հյուպատոսին, որ իշխանությունները շփոթել են իրեն, պատահաբար կամ դիտավորյալ, իր ազգական Արթին Թումայանի հետ, որը հանդիսանում է գաղտնի ընկերության ղեկավար:

Գռեյվզը բրիտանական կառավարության անունից դիմում էր Աբեդդին փաշային անաչառ արդարություն հանդես բերել մեղադրյալների հանդեպ, քանի որ Բրիտանիայի և եվրոպական մյուս տերությունների հասարակական կարծիքն ուշադրությամբ հետևում է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցող իրադարձություններին:33

Մայիսի 24-ին Գռեյվզը Ֆորդին հաղորդում էր Սեբաստիայի վալի Խալիլ բեյի հետ ունեցած զրույցի մասին: Ըստ վալիի, հայկական խռովարար շարժում իրականում գոյություն ունի, սակայն պետության համար այն լուրջ վտանգ չի ներկայացնում, բացառությամբ այն

__________________________________
33 Նույն տեղում, էջ 105-106:

[ էջ 269 ]

հանգամանքի, որ հետագայում այն կարող է դժվարությամբ կանխվող թշնամության մթնոլորտ ստեղծել երկրում: Վալիի կարծիքով, հայկական խռովության հիմնական տուժողները լինելու են հայերը, թեև Թուրքիայի թշնամիներն օգտագործելու են այդ փաստը կառավարության դեմ: Շարժման ղեկավարները, շարունակում էր թուրք պաշտոնյան, պետք է պատժվեն ավելի խիստ, քան իրենց մոլորված հետևորդները: Վալին նկատի ուներ գլխավորապես ամերիկյան քոլեջի ուսուցիչներ,«շարժման ղեկավար» Թումայանին և «նրա օգնական» Գայանանին, որոնք, չնայած տերությունների հնարավոր ճնշմանը, պատժվելու են ամենայն խստությամբ: Գռեյվզը պատասխանում էր, որ բրիտանական կառավարությունն այդ հարցում ճնշման որևէ նպատակ չի հետապնդում, այլ ցանկանում է, որպեսզի դատավարությունը տեղի ունենա արդար և բաց պայմաններում: Վալին դժգոհություն հայտնեց Սեբաստիայում ԱՄՆ հյուպատոս Ջյուեթի դիրքորոշման կապակցությամբ, որը թշնամական վերաբերմունք է ցուցաբերում և չի ցանկանում համագործակցել իշխանությունների հետ:

Զեկուցագրի վերջում հյուպատոսը նշում էր, որ Սեբաստիայի հայերի շրջանում իշխում է վտանգի զգացում, իսկ իշխանություններն իրականում չեն կարողանում հսկել իրավիճակն ու պայքարել «ուժեղ և լավ կազմակերպված գաղտնի ընկերության» հետ: Ըստ Գռեյվզի, այդ մասին են վկայում վերջերս տեղի ունեցած իշխանություններին ծառայող հայազգի տեղեկատուների սպանությունները: Հյուպատոսի կարծիքով, հայ հեղափոխականների գործողություններն «ավելի նիհիլիստական և կործանարար, քան ազգային և հայրենասիրական միտում ունեն»:34

Հունիսի 16-ին դեսպանին ժամանակավորապես փոխարինած Արթուր Նիկոլսոնը35 տեղեկացնում էր Ռոզբերիին, որ Անգորայում բրիտանական փոխհյուպատոսի հաղորդագրության համաձայն, դատարանը դատապարտել էր Թումայանին, Գայայանին և 13 այլ հայ բանտարկյակների մահապատժի, 29 հոգու` ազատազրկման 2-ից 15 տարի ժամկետով, իսկ մնացածն ազատ էին արձակվել: Հավատարմատարը ցուցում էր ակնկալում

__________________________________
34 Նույն տեղում, էջ 127-128:
35 Նիլոլսոն (Nicolson) Արթուր (1849-1928) - բրիտանական դիվանագետ: 1893-1894 թթ. ` դեսպանորդ Թուրքիայում, 1895-1904 թթ. ` հավատարմատար Մարոկկոյում, 1906-1910` դեսպան Ռուսաստանում, 1910-1916` մշտական փոխարտգործնախարար:

[ էջ 270 ]

կառավարությունից` դատապարտվածների ներման խնդրով զբաղվելու համար: Նույն օրը Ռոզբերին հեռագրում էր Նիկոլսոնին, որ բրիտանական կառավարությունը «խորապես մտահոգված է այդ նորություններով, որոնք ճնշող տպավորություն են առաջացրել այստեղ»: Նախարարն առաջարկում էր մինչև Բարձր Դռանը ներման մասին դիմումի ներկայացումը, մանրամասն ուսումնասիրել դատարանի որոշման արդյունքներն ու համապատասխան իրավական ընթացակարգը: Անմիջապես մյուս օրը հավատարմատարը պատասխանում էր, որ մահապատժի մասին տեղական դատարանների որոշումները սովորաբար հաստատվում են Կոստանդնուպոլսի վճռաբեկ ատյանի կողմից, սակայն քանի որ Անգորայի դատավարությունը համարվում էր հատուկ դեպք, այն հնարավոր է սովորական ընթացակարգ չանցնի: «Մենք հասկանում ենք, - գրում էր Ռոզբերին, - որ Անգորայում դատված հայերի դեմ ուղղված ցուցմունքները բոլորովին չեն համապատասխանում դատավճռին: Եթե ուսումնասիրելով այն, մենք գանք նույն եզրակացության, մեր պարտավորությունը պետք է լինի խստորեն պահանջել ազատ արձակել բանտարկյալներին: Դուք պետք է հաղորդեք Դռանը, որ դատավարության արդյունքներն առաջացրել են այստեղ ուժեղ տպավորություն և դուք հավատացած եք, որ դատավճիռը վերանայվելու է վճռաբեկ ատյանի կողմից»:36

Հունիսի 20-ին Նիկոլսոնը հանդիպում է ունենում մեծ վեզիրի հետ` դատավարության որոշման մասին բրիտանական կառավարության դիրքորոշումը ներկայացնելու և մեղադրյալների համար ներում խնդրելու նպատակով: Նա նշում էր, որ դատավճիռը մեծ աղմուկ է բարձրացրել Անգլիայում, եվրոպական երկրներում ու ԱՄՆ-ում և եթե սուլթանը չփոխի այդ որոշումը, հակաթուրքական զգացմունքներն ավելի են խորանալու: Մեծ վեզիրը պատասխանում է, որ վերջնական որոշում դեռևս ընդունված չէ, քանի որ հարցը պետք է նայվի Կոստանդնուպոլսի վճռաբեկ ատյանում: Իր բավարարվածությունը հայտնելով այդ կապակցությամբ հավատարմատարը հույս էր հայտնում, որ վճռաբեկ ատյանը ներում կշնորհի ամերիկյան քոլեջի ուսուցիչներին, ինչը բխում է Թուրքիայի շահերից:

Այնուհետև Նիկոլսոնը տեսակցում է արտգործնախարար Սաիդ փաշայի հետ և նրան նույնպես ներկայացնում բրիտանական կառավարության տեսակետները: Թուրք նախարարը խոստանում է, իր հնարավորությունների սահմաններում, ամեն ինչ անել`

__________________________________
36 Նույն տեղում, էջ 129-130:

[ էջ 271 ]

Անգլիայի հետ իր պետության «լավագույն հարաբերությունները» պահպանելու համար, քանի որ իր պարտականությունն է` ներկայացնել սուլթանին դատավարության կապակցությամբ տարբեր երկրների հակազդեցությունը: Նա նշում էր, որ եթե նույնիսկ վճռաբեկ ատյանը հաստատի Անգորայի դատարանի որոշումը, սուլթանը կարող է այն կասեցնել կայսերական հրովարտակով:

Հաշվի առնելով այդ վերջին հանգամանքը, հավատարմատարը նպատակահարմար չէր գտնում, մինչև վճռաբեկ ատյանի քննարկումը, Բարձր Դռանը ներկայացնել որևէ գրավոր փաստաթուղթ այդ կապակցությամբ:37

Նույն օրը Նիկոլսոնը հանդիպում է Արթին փաշայի հետ, որը շատ ավելի բաց էր արտահայտվում Անգորայի դատավարության կապակցությամբ, քան մեծ վեզիրն ու արտգործնախարարը: Նա չէր թաքցնում իր դժգոհությունը դատավճռի կապակցությամբ, նշելով, որ սուլթանի շրջապատից ոմանք զգալի ազդեցություն են գործադրում նրա վրա` մահապատիժն իրագործելու և տերությունների ներկայացուցիչների ճնշումներին չենթարկվելու նպատակով: Արթին փաշան վստահ էր, որ սուլթանը ներում է շնորհելու ուսուցիչներին, սակայն կողմնակից էր այն բանի, որպեսզի նա որոշում ընդունի իր նախաձեռնությամբ, այլ ոչ թե ճնշման տակ: Նիկոլսոնը խնդրում էր համոզել սուլթանին կասեցնել մահապատիժը, նշելով, որ այդ հարցում Անգլիայի բոլոր քաղաքական կուսակցությունները կարելի է համարել միավորված:38

Ծանոթանալով Նյուտոնի ներկայացրած Անգորայի դատավարության նյութերին, հունիսի 27-ին Ռոզբերին Նիկոլսոնին գրում էր, որ քանի որ դատավարության ընթացքում Թումայանի և Գայայանի դեմ որևէ վկայություն փաստորեն չի հաստատվել, բրիտանական կառավարությունը պահանջելու է սուլթանից անհապաղ ներում շնորհել նրանց: Բրիտանական կառավարությունը, շարունակում էր արտգործնախարարը, «չի կարող թաքցնել իր հիասթափությունը դատավարության ընթացքով և նրա արդյունքներով, ոչ էլ փորձելու է հսկողություն սահմանել դրա հետևանքով երկրում առաջացած վրդովմունքի նկատմամբ»:39 Երկու օր անց Ռոզբերին կրկնում է իր տեսակետը Ռուստեմ փաշային,

__________________________________
37 Նույն տեղում, էջ 135-136:
38 FO 424/175, No. 97, p. 108.
39 Turkey No. 3 (1896)..., p. 136.

[ էջ 272 ]

պահանջելով ժամանակ չկորցնել և անհապաղ ներում շնորհել ու ազատ արձակել քոլեջի ուսուցիչներին:40

Հունիսի 29-ին Նիկոլսոնը հանդիպում է արտգործնախարարի և մեծ վեզիրին հետ ու կրկին անգամ փոխանցում բրիտանական կառավարության խիստ դիրքորոշումը Անգորայի դատավարության կապակցությամբ: Արտգործնախարարը պատասխանում է, որ դատավարության փաստաթղթերը նոր են ժամանել Կոստանդնուպոլիս և պահանջվում է մի քանի օր, որպեսզի նրանք քննության առնվեն վճռաբեկ ատյանի կողմից: Միաժամանակ նա իր մտահոգությունն է հայտնում դատավարության շուրջ Անգլիայում ստեղծված կրոնական մոլեռանդության մթնոլորտի կապակցությամբ: Պատասխանելով, որ Անգլիայում տիրող մոլեռանդությունը վերաբերում է միմիայն արդարադատությանը, Նիկոլսոնը խորհուրդ է տալիս շուտափույտ միջոցներ ձեռնարկել իրավիճակը խաղաղեցնելու նպատակով:

Մեծ վեզիրի այն հարցին, թե ինչու՞ է բրիտանական հասարակայնությունը միջամտում Թուրքիայի ներքին գործերին, դիվանագետը պատասխանում է, որ այն բացատրվում է քրիստոնյա հպատակներին վերաբերող Բեռլինի պայմանագրի պարտավորություններով: Մեծ վեզիրի մյուս հարցին, թե ինչ՞ կլինի, եթե վճռաբեկ ատյանը հաստատի Անգորայի դատարանի որոշումը, Նիկոլսոնը պատասխանում է, որ այդ դեպքում սուլթանն ինքը պետք է ներում շնորհի մեղադրյալներին, քանի որ դատավարությունն արդար չէր և մեղադրանքները չեն ապացուցվել: Մեծ վեզիրը ասում է, որ հնարավոր է և դժվար չէ մեղմացնել դատավճիռը, սակայն ազատ արձակել մեղադրյալներին անհնարին է: Հավատարմատարը խստորեն պատասխանում է, որ դատավճռի մեղմացումը անբավարար է համարվելու և չի ընդունվելու բրիտանական կառավարության և իր երկրի կողմից:41

Հունիսի 30-ին Ռոզբերիին հասցեագրված գաղտնի զեկուցագրում Նիկոլսոնը տեղեկացնում էր, որ արտգործնախարար Սաիդ փաշան բարեկամաբար խնդրում էր, որպեսզի բրիտանական կառավարությունը փորձի դադարեցնել հակաթուրքական քարոզչությունն իր երկրում, քանի որ սուլթանը մտադրված է ներում շնորհել բանտարկյալներին, սակայն պետք չէ, որ այն տեղի ունենա արտաքին ճնշման տակ:42 Մի

__________________________________
40 Նույն տեղում, էջ 137:
41 Նույն տեղում, էջ 145-146:
42 FO 424/175, No. 122, p. 123.

[ էջ 273 ]

քանի օր անց մեծ վեզիրն ու արտգործնախարարը հայտնում են, որ թեև վճռաբեկ ատյանը հաստատել է Անգորայի դատարանի որոշումը, սուլթանը ներում է շնորհելու և արտաքսելու է Թումայանին և Գայայանին Օսմանյան կայսրությունից: Նիկոլսոնն իր բավարարվածությունն էր հայտնում այդ կապակցությամբ Ռոզբերիին, հույս հայտնելով, որ Բարձր Դուռը մեղմացնելու է նաև մյուս բանտարկյալների վճիռները:43

Բրիտանական դեսպանության ճնշման տակ սուլթանական կառավարությունը մեղմացնում է շատ բանտարկյալների դատավճիռները, սակայն այն հնարավոր չի լինում իրականացնել սպանությունների մեղադրանքով դատապարտված հինգ բանտարկյալի համար, որոնք օգոստոսի 1-ի առավոտյան կախաղան բարձրացվեցին Անգորայում:44

Օգոստոսի 2-ին բրիտանական խորհրդարանի համայնքների պալատը սկսում է քննարկել Օսմանյան կայսրության հայ բնակչության նկատմամբ թուրքական իշխանությունների կողմից իրագործվող հանցագործ քաղաքականության հարցը: Պալատի մի քանի անդամներ տեղեկատվություն պահանջեցին Ֆորին Օֆիսից հայ բանտարկյալների վիճակի մասին: Պատասխանելով հարցումին, փոխարտգործնախարար Էդուարդ Գրեյը45 նշում էր, որ չնայած բրիտանական դեսպանի կողմից օգտագործված իր ողջ ազդեցությանն ու ջանքերին, հինգ մեղադյալներ ենթարկվեցին մահապատժի, իսկ մնացած բանտարկյալների վիճակը, համաձայն բրիտանական հյուպատոսների տեղեկատվության, կարելի է համարել բավարար:46

Սեպտեմբերի 5-ին Նիկոլսոնի և մեծ վեզիրի միջև կայացած հանդիպման ընթացքում վերջինս իր անհանգստությունն էր հայտնում Թուրքիայի հանդեպ Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած դիրքորոշման փոփոխության մասին, նշելով հասարակայնության և մամուլի կողմից սուլթանական կառավարության դեմ կատարվող հարձակումները: Նրա կարծիքով, դժվար է հասկանալ, թե ինչ շահ ունի բրիտանական հասարակայնությունը, երբ միջամտում է

__________________________________
43 Turkey, No 3 (1896)..., p. 149.
44 Նույն տեղում, էջ 166:
45 Գրեյ (Grey) Էդուարդ (1862-1933) - բրիտանացի քաղաքական գործիչ և դիվանագետ, լիբերալ կուսակցության անդամ: 1892-1895 թթ.` փոխարտգործնախարար, 1905-1916 թթ.` արտաքին գործերի նախարար:
46 Gabrielian M.S. Armenia. A Martyr Nation..., pp. 23-231.

[ էջ 274 ]

Թուրքիայի ներքին գործերին: Նկատել տալով, որ ներկայումս նման մոտեցում են հանդես բերում Մեծ Բրիտանիայի բոլոր քաղաքական ուժերը, Նիկոլսոնը նշում էր, որ այս ամենի դեղամիջոցը գտնվում է սուլթանական կառավարության ձեռքում: Եթե վերջինս իրական և լուրջ բարենորոգումներ իրագործեր շրջաններում և «մաքրեր» տեղական իշխանություններն իրենց չարդարացրած շատ պաշտոնյաներից, վիճակն այսպիսին չէր լինելու: Բրիտանիայում համոզված են, շարունակում էր Նիկոլսոնը, որ Թուրքիայի քրիստոնյաները գտնվում են ծանր վիճակում, օրենքի առջև որևէ հավասարություն գոյություն չունի:

Մեծ վեզիրը պատասխանում էր, որ Քրդստանն անկասկած որոշ չափով կարելի է անկառավարելի համարել, սակայն բարենորոգումները մեկ օրվա մեջ չեն իրագործվում: Իր կարծիքով, վերջին երեսուն տարիների ընթացքում զգալի առաջադիմություն է տեղի ունեցել երկրում և արդարացի չէ, երբ քաղաքակրթված արևմտյան ազգերը դատում են արևելյան ազգությունների մասին իրենց չափանիշներով և պահանջում արագորեն հասնել իրենց մակարդակին:

Համաձայնելով մեծ վեզիրի հետ, Նիկոլսոնը սակայն նշում էր, որ Անգլիայի ժողովրդին զայրացնում է այն հանգամանքը, որ երբ քրդերը կամ թուրքերը հարձակումներ են գործում, թալանում և սպանում հայերին, նրանք երբևիցե չեն պատժվում, բայց երբ հայ երիտասարդը «տաքարյուն» բառ է օգտագործում կամ մի խումբ հայեր հավաքվում են բարենորոգումների ծրագիր քննարկելու նպատակով, նրանք պատժվում են օրենքի ամբողջ խստությամբ: Նշելով, որ հայերի շարժումն «երեխայական և աննշան» է, Նիկոլսոնն առաջարկում էր, որ սուլթանական կառավարությունն ազատ արձակի և երկրից արտաքսի նաև մյուս բանտարկյալներին:47

Կոստանդնուպոլիս վերադառնալուն պես Ֆորդը զրույց է ունենում Աբդուլ Համիդի հետ (13 հոկտեմբերի), որը հիմնականում նվիրված էր Հայկական հարցին: Սուլթանը մեղադրում էր բրիտանական կառավարությունը անգլո-հայկական ընկերության գործունեության աջակցության մեջ: Բացառելով ընկերության գործունեության քաջալերումը կառավարության կողմից, դեսպանը նշում էր, որ բոլոր անգլիացիները ներկայումս մտահոգ են Օսմանյան կայսրության քրիստոնյաների վիճակով, որոնց հանդեպ վերաբերմունքը միշտ չէ, որ կարելի է համարել «պատշաճ և արդար»: Նա անհեթեթ համարեց այն տարածված

__________________________________
47 Turkey, No. 3 (1896)..., pp. 184-185.

[ էջ 275 ]

կարծիքը, թե իբր բրիտանական կառավարությունը փորձում է կյանքի բացառիկ պայմաններ ստեղծել Փոքր Ասիայի 13 մլն. մահմեդականների կողքին ապրող 1 մլն. քրիստոնյաների համար: Հայկական հարցի լուծումը, շարունակում էր դեսպանը, կայանում է «լավ կառավարման և թուրքերի ու քրիստոնյաների միջև հավասար արդարադատության» ապահովման մեջ:

Սուլթանը պատասխանում է, որ հայերի վիճակը կայսրությունում այդքան էլ ծանր չէ, ինչպես ներկայացվում է, քանի որ շատ հայեր միայն Կոստանդնուպոլսում ապրում են բարեկեցիկ կյանքով և զբաղեցնում կարևոր պաշտոններ: Իր համոզմամբ, «հայկական դժգոհության կրակը հիմնականում բորբոքում են օտար երկրներ գաղթած նրանց անբավարարված մասը»:

Ֆորդը նախազգուշացնում էր Աբդուլ Համիդին, որ եթե նա շուտափույթ կերպով հաջող նահանգապետներ չնշանակի տարբեր շրջաններում, ինչպիսին է, օրինակ, Անգորայի վալի Աբեդդին փաշան, ապա հնարավոր է տեղի ունենան նոր անկարգություններ: Ըստ դեսպանի, այդ խոսքերը զգալի տպավորություն թողեցին սուլթանի վրա, որը խոստացավ համագործակցել և խորհրդակցել բրիտանական կառավարության հետ Հայկական հարցում միայն այն դեպքում, եթե վերջինս չքաջալերի հայ քաղաքական գործակալներին, որոնք վարկաբեկում են իրեն և իր կառավարությունը:48

1893 թ. նոյեմբեր - 1894 թ. փետրվար ամիսների ընթացքում Անգորայում հյուպատոս Քամբերբատչը հաղորդում էր դեսպանությանը «հայկական շարժման» հետևանքով շրջանում տեղի ունեցող անկարգությունների մասին: Հյուպատոսի հաղորդագրությունները հիմնված էին գլխավորապես տեղական իշխանությունների տեղեկատվության վրա և չէին պարունակում որևէ լուրջ փաստարկ իբր շրջանում տեղի ունեցող հայ բնակչության ապստամբության վերաբերյալ: Քամբերբատչն ինքն էր զարմանք հայտնում այդ կապակցությամբ, քանի որ թուրք և հայ բնակչության հարաբերակցությունը շրջանում կազմում էր համապատասխանաբար տասը մեկի: Հիմնականում խոսքը գնում էր տարբեր բնակավայրերում տեղի ունեցող ընդհարումների և առանձին սպանությունների, ինչպես նաև տարածվող հակասուլթանական բովանդակության թռուցիկների մասին: Հետաքրքրական է, որ այդ կոչերում նշվում էր, որ «հայկական շարժումն» ուղղված է ոչ թե մահմեդականների,

__________________________________
48 Նույն տեղում, էջ 201-202:

[ էջ 276 ]

այլ իշխանությունների դեմ, որոնք հավասարապես կեղեքում են ինչպես քրիստոնյա, այնպես էլ մահմեդական բնակչությանը: Հյուպատոսի զեկուցագրերում տեղ գտած ամենից լուրջ իրադարձությունները տեղի էին ունեցել դեկտեմբերին և փետրվարին Յոզղաթում, երբ, առաջին դեպքում` հայկական եկեղեցու շուրջ կայացած հավաքի ժամանակ, իսկ երկրորդ դեպքում` հայի տուն ներխուժած թուրք ոստիկանի սպանությունից հետո տեղի էին ունեցել ընդհարումներ իշխանությունների հետ: Ի վերջո, «հայկական ապստամբության» պատրվակի ներքո փետրվարի սկզբին կառավարությունը ռազմական դրություն էր մտցրել Յոզղաթի սանջակում և նշանակել կառավարական հանձնաժողով` իրադարձությունների հետաքննություն կատարելու նպատակով:49

1894 թ. փետրվարի 14-ին Կոստանդնուպոլիս ժամանած նոր դեսպան Ֆիլիպ Քարրին Հայկական հարցի քննարկման նպատակով հանդիպում է Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Նելիդովի50 հետ: Վերջինս «շատ լուրջ» է որակում այդ խնդիրը, նկատի առնելով իր երկրում բնակվող հայ բնակչության հանգամանքը: Ըստ Նելիդովի, շարժումը կարելի է բաժանել երկու մասի` առաջինը վերաբերվում է բարենորոգումներին, որոնց իրագործման պահանջով դեսպանությունը վերջերս կրկին դիմել է Բարձր Դռանը, իսկ երկրորդի նպատակը` հեղափոխությունն է, որի հանդեպ ռուսական կառավարությունը որևէ համակրանք չի տածում: Քարրին նշում էր, որ վերջին շրջանում իր դեսպանությունը նույնպես բազմաթիվ ոչ պաշտոնական դիմումներ է կատարել բարենորոգումների իրագործման կապակցությամբ, նույնիսկ, հաշվի առնելով գոյություն ունեցող դժվարությունները, համաձայն էր միայն «լավ նահանգապետերի» նշանակման կետի կատարմանը: Նելիդովը համաձայնում է համագործակցել սուլթանական կառավարության հետ այդ ուղղությամբ:51

Մարտի 7-ին Քարրին երկարատև և, ըստ իրեն, բարեկամական մթնոլորտում անցած զրույց է ունենում մեծ վեզիրի հետ: Դեսպանը նշում էր, որ բավականին երկար ժամանակ Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի հարաբերությունները կրել են մտերիմ և բարեկամական

__________________________________
49 FO 424/175, No. 227/1, p. 231; No. 229, p. 232; No. 250, p. 250; No. 252/1, p. 251; 424/178, No. 17/2, pp. 16-17; No. 17/3, pp. 17-18; No. 17/4, pp. 18-21; No. 34/1, p. 35.
50 Նելիդով Ալեքսանդր - ռուս դիվանագետ: 1883-1897 թթ.` դեսպան Թուրքիայում, 1897-1903 թթ.` Իտալիայում, 1903-1910 թթ.` Ֆրանսիայում:
51 Turkey, No. 6 (1896)..., p. 36.

[ էջ 277 ]

բնույթ, սակայն վերջերս իրավիճակը փոխվել է և առաջացած անվստահության զգացումը գնալով ավելի է խորանում: Քարրին հավատացած էր, որ դրությունը կարելի է շտկել անկեղծ կարծիքների փոխանակման միջոցով: Ըստ դեսպանի, հնարավոր է երկու կողմերն էլ թույլ են տվել սխալներ, սակայն բրիտանական կառավարության քաղաքականությունն ու գործելակերպը վերջերս պարբերաբար խեղաթյուրվում և սխալ է ընկալվում Բարձր Դռան կողմից, որի հետևանքով այլ տերությունների ազդեցությունն ու շահերը դարձել են շատ ավելի նախընտրելի:

Բավարար համարելով Մեծ Բրիտանիայի և Օսմանյան կայսրության համագործակցությունը առևտրատնտեսական բնագավառում, մեծ վեզիրն անդրադառնում է սուլթանական կառավարությանը մտահոգող երեք հիմնական խնդիրներին` Եգիպտական հարցին, անգլիական մամուլի դիրքորոշմանն ու Հայկական հարցին:

Ինչ վերաբերում է առաջին խնդրին, ապա Քարրին նշում էր, որ Բրիտանիայի կողմից Եգիպտոսի գրավումը պարունակում է իր մեջ նաև դրական կողմ և նշանակություն Օսմանյան կայսրության համար, քանի որ արաբական շարժումն այդ երկրում կրում է հակաթուրքական և անջատողական բնույթ: Եթե բրիտանական կառավարությունը դուրս բերի իր զորքերը, շարունակում էր դեսպանը, Եգիպտոսի անջատումն Օսմանյան կայսրությունից դառնալու է անխուսափելի: Մեծ վեզիրը ընդունում է, որ այդ տեսակետն ունի իր որոշակի տրամաբանությունը:

Երկրորդ խնդրի կապակցությամբ Քարրին ասում էր, որ բրիտանական կառավարությունն անկարող է իր հսկողությունը սահմանել մամուլի նկատմամբ: Ուստի նա առաջարկում էր սուլթանական կառավարությանն իրականացնել այնպիսի միջոցառումներ, որոնք դրական ազդեցություն կգործեն անգլիական մամուլի դիրքորոշման վրա:

Անդրադառնալով Հայկական հարցին, մեծ վեզիրը շեշտում էր, որ Անգլիայի հասարակայնության որոշակի շրջանակներ բացասական ազդեցություն են գործում հայկական շարժման վրա, անկասկած քաջալերելով այն և բավականին վշտացուցիչ տպավորություն» ստեղծելով սուլթանական կառավարության մոտ:

[ էջ 278 ]

Հանդիպման ավարտին մեծ վեզիրը հույս է հայտնում, որ այդ խնդիրների լուծումը պահպանելու է և էլ ավելի ամրապնդելու թուրք-բրիտանական բարեկամությունը, որն ունի մեծ նշանակություն Թուրքիայի համար:52

Այդ նույն օրերին 85-ամյա Գլադստոնը հրաժարվեց ինչպես վարչապետի պաշտոնից, այնպես էլ լիբերալ կուսակցության ղեկավարությունից, իր տեղը զիջելով ավելի երիտասարդ Ռոզբերիին: Ինչպես ցայտուն կերպով վկայում է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության դիվանագիտական նամակագրությունը, երկու տարվա իր իշխանության ընթացքում Գլադստոնի կառավարությունն էական ոչ մի փորձ չկատարեց բարենորոգումների իրագործման և հայ բնակչության իրավիճակի բարելավման հարցում` Բարձր Դռան նկատմամբ ճնշում գործադրելու ուղղությամբ, եթե հաշվի չառնենք բրիտանական դիվանագիտության ակտիվությունը Մարզվանի դեպքերի ժամանակ, որը հիմնականում կարելի է համարել որպես Մեծ Բրիտանիայի հասարակական կարծիքի ազդեցության և այդ ընթացքում ԱՄՆ գործուն քաղաքականության արդյունք:

2. ՌՈԶԲԵՐԻԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 1894 Թ. ՍԱՍՈՒՆԻ ԴԵՊՔԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵՎ 1895 Թ. ԲԱՐԵՆՈՐՈԳՈՒՄՆԵՐԻ ՄԱՅԻՍՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ

1894 թ. մարտի 5-ից 1895 թ. հունիսի 21-ը Մեծ Բրիտանիայի կառավարության և լիբերալ կուսակցության ղեկին էր գտնվում լիբերալ-իմպերիալիստ Արչիբալդ Ռոզբերին, հայտնի միլիոնատեր, բանկիր Նաթանիել Ռոթշիլդի փեսան: Ռոզբերիին դասում էին բրիտանական կապիտալիստների հարավաֆրիկյան խմբին, նա համարվում էր Աֆրիկայի նվաճման մոլի կողմնակից: Ժամանակակիցները վկայում էին, որ արդեն այն ժամանակ Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականության վրա մեծ ազդեցություն էին գործում

__________________________________
52 Նույն տեղում, էջ 47-48:

[ էջ 279 ]

բրիտանական իմպերիալիստների խմբավորումները, որոնց հետաքրքրությունները կենտրոնացած էին մերձավորարևելյան և հարավաֆրիկյան ոլորտներում:

Սակայն չնայած նման հզոր աջակցության, քաղաքական իրադրությունն Անգլիայում գտնվում էր բավականին անկայուն վիճակում: Այդ օրերին թագուհուն ուղղված նամակում նոր վարչապետը տեղեկացնում էր, որ լիբերալ կառավարությունը կարողանում է գոյատևել խորհրդարանի անկայուն մեծամասնության շնորհիվ, որի արդյունքում իրավիճակն ամեն վարկյան կարող է ենթարկվել փոփոխության: Եվրոպական տերություններն ու Օսմանյան կայսրությունն իրենց հերթին ամեն պահ բրիտանական կառավարության և բնականաբար արտաքին քաղաքականության փոփոխության էին սպասում և օգտագործում ստեղծված իրավիճակն իրենց շահերին համապատասխան:53

Իրենց պարտականությունները նոր ստանձնած Ռոզբերին և արտաքին գործերի նախարար Ջոն Քիմբերլին54 Օսմանյան կայսրության նկատմամբ քաղաքականության հստակ ծրագիր չունեին, իսկ դեսպան Քարրին նոր էր նշանակված և դեռևս բավականաչափ վստահ չէր կողմնորոշվում Կոստանդնուպոլսի քաղաքական իրավիճակում: Հետևաբար Ռոզբերիի կառավարությունը շարունակեց իր նախորդների քաղաքական գիծն Օսմանյան կայսրության և, մասնավորապես, Հայկական հարցի հանդեպ. այն էր` ճգնաժամային իրավիճակի ստեղծման դեպքում դիմել միմիայն եվրոպական տերությունների հետ համատեղ գործողությունների քաղաքականությանը:55

Այդ ընթացքում Օսմանյան կայսրությունում բրիտանական դեսպանությունն ու հյուպատոսական ներկայացուցչությունները շարունակում էին ուսումնասիրել «հայկական շարժումն» ու թուրքական իշխանությունների գործելակերպը, ապահովում նախարարությունը մանրամասն տեղեկատվությամբ: Քարրիին ուղղված հյուպատոս Գռեյվզի մարտի 23-ի զեկուցագրում նկարագրվում էր Երզնկայի շրջանի գյուղերից մեկում

__________________________________
53 Douglas R. Britain and the Armenian Question. 1894-97. - The Historical Journal, 1976, No. 19, p. 115.
54 Քիմբերլի (Kimberley) Ջոն Վուդհաուզ - բրիտանացի քաղաքական գործիչ: 1880-1882, 1892-1894 թթ.` գաղութների նախարար, 1882-1885, 1886 թթ.` Հնդկաստանի գործերի նախարար, 1894-1895 թթ.` արտաքին գործերի նախարար:
55 Dillon E.J. The Fiasco in Armenia. - The Fortnightly Review, 1896, vol. 65, March 1, p. 348.

[ էջ 280 ]

տեղի ունեցած դեպքերը, երբ իշխանությունները մեղադրել էին տեղի հայ բնակչությանը ապստամբության մեջ, ձերբակալել և Երզնկայի բանտ նետել 35 հայերի: Թեև, ըստ հյուպատոսի, գրեթե անհնարին էր, որ զգալի փոքրամասնություն կազմող գյուղի հայերը ապստամբեին կառավարության դեմ, նրանք մեղադրվում էին զենք կրելու և հեղափոխական քարոզիչների հետ կապեր ունենալու մեջ: Գռեյվզն այն կարծիքին էր, որ հայկական քարոզչության ողջ իմաստը կայանում է խռովարար շարժման տպավորություն ստեղծելու միջոցով թուրքական բռնություններ հրահրելու մեջ` Եվրոպայի ուշադրությունը արևմտահայերի տանջանքներին ուղղելու նպատակով:56

Մարտի 28-ին Քարրին ներկայացնում է Քիմբերլիին դեսպանության գաղտնի տեղեկանքը «հայկական շարժման» մասին: Փաստաթղթում նշվում էր, որ շարժումը տեղական ծնունդ չէ, նրա բոլոր գործուն ղեկավարները ռուսահայեր են, որոնք Թուրքիա են թափանցել 1892 թ.` Կարսում կայացած հավաքում ընդունված որոշման արդյունքում: Թուրքիայում շարժման մեջ են ընգրկվում բնակչության տարբեր շերտերի և մտավոր կարողությունների ներկայացուցիչներ, որոնց մեծամասնությունը նույնիսկ չի ճանաչում հանձնարարականներ տվող իր ղեկավարներին: Ըստ տեղեկանքի, հայ հպատակների ճնշող մեծամասնությունը անտարբեր է շարժման հանդեպ, շատերը չեն ցանկանում մասնակցել այդ գործին, դատապարտում են հեղափոխականների մեթոդներն ու անհույս համարում նրանց նպատակները: Շարժմանը գործուն աջակցություն են ցուցաբերում հիմնականում անտեղյակ կամ էլ նախնական կրթություն ստացած անհատներ: Այս վերջին փաստը թուրքական իշխանությունների մոտ այն համոզումն է առաջացնում, որ ամերիկյան միսիոներները ուղղակի կամ անուղղակի կերպով պատասխանատվություն են կրում շարժման տարածման համար: Կառավարական շրջանակների կարծիքով, արևմտյան կրթության ՙանխոհեմ տարածումը՚ բացասական ազդեցություն է թողնում արևելյան ժողովուրդների գիտակցության վրա:

Տեղեկանքի համաձայն, ներկայիս իրավիճակի վտանգավոր միտումը կայանում է նրանում, որ հայ բնակչության պահպանողական մեծամասնությունը կարող է հեշտությամբ անցնել քաղաքական ընդդիմության և «ապստամբական դավադրության» սահմանագիծը: Այդ միտումը բացատրվում էր հետևյալ հանգամանքներով. ա/ թուրքական իշխանությունը

__________________________________
56 Turkey, No. 6 (1896)..., p. 56.

[ էջ 281 ]

վերահսկում է երկրի ներքին իրավիճակը մահմեդական չափանիշներով. բ/ պաշտոնյաները անկարող են տարբերակել «անվնաս քննադատությունը գործուն խռովությունից». գ/ իշխանությունները կիրառում են զանգվածային բանտարկությունների և խոշտանգումների քաղաքականություն առանց խտրության` որևէ բան հայտնաբերելու և ձերբակալություններն արդարացնելու նպատակով. դ/ օգտագործվում են տեղեկատուներ վարձելու և հայ կրոնական համայնքներին թշնամացնելու վտանգավոր միջոցներ, ինչպես դա տեղի ունեցավ Մարզվանում, երբ տեղի բողոքական հայերը ստորագրել էին տեղական իշխանությունների հետ համագործակցության փաստաթուղթ:57

Ծանոթանալով դեսպանության տեղեկանքին և ստանալով Քարրիի հաղորդագրությունը Յոզղաթում ձերբակալված 15 հայերին մահապատժի ենթարկելու սուլթանական կառավարության մտադրության մասին, Քիմբերլին գրում էր դեսպանին, որ բրիտանական կառավարությունը մեծապես մտահոգված է նման երևույթներով: Նա հանձնարարում էր սուլթանի ուշադրությունը հրավիրել «անտեղի խստություններից և առանց խտրության պատիժներից» խուսափելու անհրաժեշտության վրա:58

Ապրիլի 4-ին և 18-ին Ռուստեմ փաշայի հետ ունեցած հանդիպումների ժամանակ Քիմբերլին, փաստեր բերելով տեղական իշխանությունների կողմից բազմաթիվ անմեղ հայերի ձերբակալությունների մասին, պահանջում է սուլթանական կառավարությունից պատժել մեղավորներին օրենքի սահմաններում, խուսափել համատարած պատժամիջոցներից և ընդհանրապես արդարացի վերաբերմունք հանդես բերել հայ հպատակների հանդեպ: Դեսպանը պատասխանում է, որ հայկական շարժումն իրապես ունի խռովարար բնույթ, միաժամանակ բացառելով կրոնական հողի վրա հայերին հետապնդելու որևէ միտումները:59 Ապրիլի 29-ին մեծ վեզիրի հետ կայացած զրույցի ժամանակ Քարրին նշում էր, որ մահապատժի կիրառումը Յոզղաթի բանտարկյալների նկատմամբ մեծ աղմուկ է բարձրացնելու Անգլիայում: Օսմանյան կայսրության իրական շահերը պահանջում են,

__________________________________
57 Նույն տեղում, էջ 57-58:
58 Նույն տեղում, էջ 64:
59 Նույն տեղում, էջ 53, 65:

[ էջ 282 ]

շարունակում էր դեսպանը, որպեսզի սուլթանական կառավարությունը «հաշտեցման քաղաքականություն» որդեգրի Հայկական հարցում:60

Հունիսի 21-ին Քարրին Քիմբերլիին տեղեկացնում էր, որ «հայ հեղափոխական կոմիտեն» (խոսքը գնում է հնչակյանների մասին - Ա.Կ.) նամակներ է հղել Կոստանդնուպոլսի բոլոր հայկական եկեղեցիներին` սպառնալով ընդհուպ մինչև մահապատժի ենթարկել այն եկեղեցականներին, որոնք կշարունակեն ծառայությունների ընթացքում հիշատակել պատրիարք Աշըգյանի անունը: Բանը նրանում է, բացատրում էր դեսպանը նախարարին, որ պատրիարքի հրաժարականն արդեն ընդունվել էր, սակայն նոր առաջնորդի թեկնածության բացակայության պատճառով որոշումը դեռևս հրապարակված չէր: Ըստ դեսպանի, ոստիկանությունը խոստացել է պաշտպանել եկեղեցականներին հնարավոր հարձակումներից և ուշադրություն չդարձնել սպառնալիքներին:61 Օգտագործելով այդ առիթը, իշխանությունները մեծ թվով հայեր ձերբակալեցին մայրաքաղաքում: Այդ կապակցությամբ Կոստանդնուպոլսի Հնչակյան հեղափոխական կոմիտեի նախագահ Արամյանը նամակ է հղում Քարրիին, ուր խնդրում դեսպանին պահանջել սուլթանական կառավարությունից ազատ արձակել անմեղ մարդկանց, քանի որ նամակները պատրաստվել էին հնչակյանների կողմից: Մեծ վեզիրին և բրիտանական դեսպանին ուղղված նամակում հնչակյանների ներկայացուցիչը նշում էր, որ միմիայն օրինավոր գործելակերպի և հայ ժողովրդի արդար պահանջների բավարարման միջոցով սուլթանական իշխանությունները կկարողանան կանխել հեղափոխությունը, որը սպառնում է բռնկվել կայսրության ողջ տարածքում:62

Հուլիսի 10-ին սուլթանի գլխավոր քարտուղարը ներկայացնում է բրիտանական դեսպանության թարգման Բլոկին Եգիպտական, Բալկանյան և Հայկական խնդիրներին, ինչպես նաև թուրք-պարսկական հարաբերություններին վերաբերող հարցեր, որոնց մասին սուլթանը ցանկանում էր պարզել բրիտանական կառավարության դիրքորոշումը: Մասնավորապես, Հայկական խնդրին վերաբերող հարցապնդումը ձևակերպված էր հետևյալ կերպ. «Հայերը փորձում են համոզել Եվրոպային, որ Թուրքիան գտնվում է բարբարոս

__________________________________
60 Նույն տեղում, էջ 75-76:
61 Նույն տեղում, էջ 98:
62 Նույն տեղում, էջ 107; FO 424/178, No 170/1, p. 167:

[ էջ 283 ]

իրավիճակում. ժամանակի ընթացքում նրանք դարձել են ավելի լկտի. նրանք վիրավորում են մահմեդական կրոնը, հուզում ժողովրդին և գոյություն չունի մեղադրանք, որը նրանք զրպարտաբար չուղղեն կառավարության դեմ. իրենց վերջնական նպատակներին հասնելու համար նրանք օգտագործում են նաև եվրոպական մամուլը: Նման իրավիճակին վերջ դնելու և Թուրքիայի շահերից ելնելու նպատակով արդյոք կարելի չէ՞ տեսակետներ փոխանակել այս հարցի շուրջ»:63

Սա սուլթանական իշխանությունների փաստորեն վերջին նախազգուշացումն էր բրիտանական կառավարությանը` հայ բնակչության համատարած կոտորածների կազմակերպման քաղաքականությանն անցնելուց առաջ: Սուլթանի հարցապնդումից պարզ երևում է, որ հանցագործների շարքին են դասվում ոչ թե առանձին հեղափոխական կազմակերպություններ կամ անհատներ, այլ հայերն ընդհանրապես: Այսինքն, հնարավոր պատիժը կրելու են «նրանք», հայերը, որոնք «վիրավորում են մահմեդական կրոնն» ու «հուզում ժողովրդին»:

Հինգ օր անց Քիմբերլին ներկայացնում էր Քարրիին բրիտանական կառավարության պատասխանները սուլթանի հարցապնդումներին: Եգիպտական հարցի կապակցությամբ բրիտանական կառավարությունը լիազորում էր դեսպանին քննարկել Բարձր Դռան հետ յուրաքանչյուր առաջարկ, որը կարող է հանգեցնել խնդրի վերջնական լուծմանը: Բալկանյան խնդիրներին վերաբերող պատասխանում նշվում էր, որ բրիտանական կառավարությունը մտադիր է շարունակել իր բարեկամական հարաբերությունները Թուրքիայի հետ, պաշտպանել սուլթանի դիրքորոշումն իր տիրույթների անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելու ուղղությամբ: Թուրք-պարսկական առնչությունների կապակցությամբ ասվում էր, որ բրիտանական կառավարությունը պատրաստակամություն էր հայտնում միջնորդելու Թուրքիայի և Պարսկաստանի միջև լավագույն հարաբերությունների հաստատման, ինչպես նաև սահմանային դժվարությունների լուծման խնդիրներում:

«Ինչ վերաբերում է Ասիական Թուրքիայում վերջերս տեղի ունեցած հուզումներին, - նշվում էր նախարարի նամակում, - ապա Նորին Մեծության կառավարությունը հավատացած է, որ դրանց հետ (հուզումների - Ա.Կ.) պայքարելու միակ անվտանգ և հաջող

__________________________________
63 Turkey, No 6 (1896)..., p. 104.

[ էջ 284 ]

միջոցը կայանում է սուլթանի հայ հպատակների նկատմամբ արդար և հաշտարար վերաբերմունք դրսևորելու մեջ. մեր համակրանքն ու համագործակցությունը միշտ կընդարձակվի, եթե թուրքական կառավարությունը հետևի այդ գծին, որը, մենք հավատում ենք, համապատասխանում է անձամբ սուլթանի զգացմունքներին. նա կարող է հավատացած լինել, որ խռովարար շարժման քաջալերումն իր իշխանության դեմ հեռու է մեր մտադրություններից»:64

Ստանալով բրիտանական կառավարության հավաստիացումն այն մասին, որ հայկական շարժումը չի հովանավորվում և քաջալերվում Բրիտանիայի կողմից, համոզված լինելով, որ հայերն ընդհանրապես սկսում են հետզհետե սպառնալիք դառնալ կայսրության անվտանգության և տարածքային ամբողջականության համար, ինչպես նաև, օգտվելով հարմար միջազգային իրադրությունից, սուլթանական իշխանություններն անցնում են հայ բնակչության համատարած կոտորածների կազմակերպմանը:

Օգոստոսի 12-ից մինչև սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում իշխանությունները կազմակերպում են Բիթլիսի վիլայեթի Սասունի շրջանի հայ բնակչության ջարդը: Դեռևս 1893 թ. հունիսին Սասունի հայերի վրա հարձակում էր գործել քուրդ ցեղապետ Հուսսեյնի ջոկատը: Այն ժամանակ իշխանությունները ձերբակալեցին Հուսսեյնին և ուղարկեցին Էրզրում, սակայն շատ շուտով ազատ արձակեցին և հրավիրեցին Կոստանդնուպոլիս, ուր սուլթանի կողմից նրան հանձնվեց շքանշան, շնորհվեց փաշայի տիտղոս և գեներալի կոչում:65

Այս անգամ տեղական իշխանությունները միտումնավոր կերպով լրացուցիչ տուրքեր դրեցին Սասունի հայության վրա, սակայն վերջիններս հրաժարվեցին վճարելուց, պատճառաբանելով իրենց որոշումը քրդական ջոկատների մշտական հարձակումներով: Գնահատելով հայերի դիրքորոշումը որպես ապստամբություն, թուրք զինվորները, ոստիկաններն ու քրդական հեծելազորը Բիթլիսի վալի Թահսին փաշայի գլխավորությամբ շրջապատեցին Սասունը, սակայն բոլոր հարձակումները ետ մղվեցին սասունցիների կողմից:

__________________________________
64 Նույն տեղում, էջ 105:
65 Turkey, No 1 (1895). Correspondence Relative to the Armenian Question and Reports from Her Majesty`s Concular Officers in Asiatic Turkey. London, 1896, Part 1, p. 2.

[ էջ 285 ]

Ստանալով վալիի հաղորդագրությունը հայերի ապստամբության մասին, զայրացած սուլթանը հրամայեց դաժանորեն ճնշել այն:66

Սեպտեմբերի 3-ին Քարրին Քիմբերլիին հաղորդում էր, որ մեծ վեզիրը հրամայել է 4-րդ բանակի հրամանատար Զեքքի փաշային67 շարժվել Երզնկայից դեպի Սասուն` «կարգ ու կանոնը վերականգնելու» նպատակով: Գռեյվզից ստացված տեղեկության համաձայն, Մուշում 4-րդ բանակին պետք է միանան նաև քրդական հեծելազորի երեք գնդեր` Հուսսեյն փաշայի գլխավորությամբ:68 Այդ կապակցությամբ Քարրին նամակ է գրում մեծ վբեզիրին, ուր բողոքում է ապստամբության ճնշման նպատակով քրդական ոչ կանոնավոր ջոկատներ օգտագործելու համար: Նա հիշեցնում էր մեծ վեզիրին, թե ինչ աղմուկ բարձրացրին Եվրոպայում և «այդքան մեծ անհաջողությունների» պատճառ հանդիսացան Թուրքիայի համար ոչ կանոնավոր զորքի գործողությունները Բուլղարիայում: Դեսպանը խնդրում էր մեծ վեզիրին «կանխել նման երևույթների կրկնումը» և թույլ չտալ Հուսսեյն փաշային մասնակցելու Սասունում տեղի ունեցող գործողություններին:69

Անմիջապես մյուս օրը մեծ վեզիրը պատասխանում է, որ քրդական ջոկատները տեղակայվելու են Մուշում` քաղաքի կայազորն ուժեղացնելու նպատակով, քանի որ հայերը

__________________________________
66 Նույն տեղում, էջ 10; Shahid Bey S. Islam, Turkey and Armenia and How They Happened. St, Louis, 1898, pp. 198-199; Bliss E.M. Op. cit., pp. 368-373; Douglas R. Op. cit., p. 116; Лазарев Я.Д. Указ. соч., с. 34-35; Тароян К.З. Народные движения в Сасуне и других районах Западной Армении в 90-х годах Х1Х в.: Автореф. дис... канд. ист. наук. - Ереван, 1966.
67 Դեռևս 1891 թ. հայերի կողմից պատրաստվող ապստամբության և Ռուսաստանից սպասվող վտանգի վերաբերյալ Զեքքի փաշայի կեղծ զեկույցի հիման վրա Բարձր Դուռն Աբդուլ Համիդի հաստատմանը ներկայացրեց 4-րդ բանակի յուրաքանչյուր 64 գումարտակների զինվորների թիվն ավելացնել մինչև պատերազմական շրջանի քանակի, այսինքն` 800 մարդու: Սուլթանի որոշման համաձայն, շատ կարճ ժամանակահատվածում, 4-րդ բանակի զինվորների թիվը լրացվեց 2-րդ և 5-րդ բանակների հաշվին (ЦГВИА, ф. ВУА, д. 366, л. 23-24):
68 Turkey, No 1 (1895). Part 1..., p. 2.
69 Նույն տեղում, էջ 3-4:

[ էջ 286 ]

փորձելու են տարածել շարժումը նաև մյուս շրջաններում: Միաժամանակ նա հավաստիացնում էր Քարրիին, որ համիդիե գնդերը ամենևին էլ անկազմակերպ չեն և ղեկավարվում են թուրք սպաների կողմից, Ռուսաստանի կազակների օրինակով: Մեծ վեզիրը տեղեկացնում էր նաև, որ Զեքքի փաշան հրաման է ստացել «անկարգություններ թույլ չտալու» վերաբերյալ:70

Սուլթանական կառավարությունը երկար ժամանակ կարողացավ թաքցնել տեղեկատվությունը Սասունում տեղի ունեցած դեպքերի մասին և ծածկել հանցագործության հետքերը, ամբողջությամբ մեկուսացնելով շրջանն արտաքին աշխարհից: Սակայն արդեն հոկտեմբերի սկզբին Վանում փոխհյուպատոս Հոլվորդը ոչ պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկությունների հիման վրա հաղորդում էր Սասունի շրջանում տեղի ունեցած ջարդի մասին:71 Քիմբերլին անմիջապես հանձնարարում է Քարրիին պահանջել իշխանություններից գործուղել Հոլվորդին Սասուն` դեպքերի իսկությունը պարզելու նպատակով:72 Հոկտեմբերի 9-ին Քարրին փոխանցում է բրիտանական կառավարության պահանջը մեծ վեզիրին, սակայն վերջինս, կասկածի տակ առնելով Հոլվորդի տեղեկատվության իսկությունը, մերժում է առաջարկը, պատճառաբանելով, որ բրիտանական հյուպատոսի ներկայությունը խռովարար շրջանում կդիտվի որպես Անգլիայի միջամտություն և պատճառ կհանդիսանա ապստամբության վերսկսման համար, որը ներկայումս ճնշված է: Նա խոստանում է դեսպանին թույլ տալ Հոլվորդին մեկնել Սասուն երկու ամսվա ընթացքում: Քարրին զգուշացնում էր մեծ վեզիրին, որ բրիտանական առաջարկի մերժումը զրկում է իր կառավարությանը նույնիսկ ամենաչնչին հնարավորությունից` որևէ կերպ հակազդելու իրադարձությունների մասին չափազանցված տեղեկությունների տարածմանն Անգլիայում: Մերժելով կոտորածի մասին վարկածը, մեծ վեզիրը պատասխանում է, որ Զեքքի փաշայի զեկուցագիրն արդեն իսկ ուղարկվել է դեսպան Ռուստեմ փաշային, համաձայն որի, գործողությունների ընթացքում կանայք և երեխաները դուրս են բերվել շրջանից: Ըստ մեծ վեզիրի, անասունների հոտերն ու տնային ունեցվածքը մնալու է իշխանությունների ձեռքին` մինչև նրանց տերերի վերադարձը: Մնացած մասը

__________________________________
70 Նույն տեղում, էջ 3:
71 Նույն տեղում, էջ 8:
72 Նույն տեղում, էջ 7:

[ էջ 287 ]

(այսինքն կոտորվածների սեփականությունը - Ա.Կ.) վաճառվելու է, իսկ հասույթը բաժանվելու է որպես օգնություն:73

Հոկտեմբերի 15-ին Քարրին Քիմբերլիին հաղորդում էր, որ Հոլվորդից ստացված նոր տեղեկությունների համաձայն, Բիթլիսի վիլայեթում տեղի ունեցած ՙվերջին հուզումները ճնշվել են թուրքական կառավարության կողմից մեծ դաժանությամբ: Կարծես թե կասկած չկա, որ սպանվել է մեծ թվով բնակիչ, շատերը փախել են, թողնելով իրենց հոտերն ու ունեցվածքը և շրջանն ամբողջությամբ զրկված է բնակչությունից՚: Ըստ Հոլվորդի, խոլերայի համաճարակի պատճառաբանությամբ իշխանությունները մեկուսացրել են շրջանը` Սասուն մեկնելու համար պետք էր անցնել հատուկ կարանտին:74

Նոյեմբերի 2-ին Քարրին հուշագիր է ներկայացնում սուլթանին, ուր Հոլվորդից ստացված տեղեկատվության հիման վրա ներկայացնում է Սասունի հայ բնակչության կոտորածի մանրամասները:75 Դեսպանը չէր կասկածում, որ ներկայացված փաստերը վիճարկվելու են և նույնիսկ հնարավոր է մերժվեն իշխանությունների կողմից, սակայն

__________________________________
73 Նույն տեղում, էջ 7-8:
74 Նույն տեղում, էջ 10:
75 Զեքքի փաշայի կողմից Բարձր Դռանն ուղղված զեկուցագրի համաձայն, գործողությունների ընթացքում Սասունում սպանվել էր շուրջ հազար հայ (Davey R. Turkey and Armenia. - The Fortnightly Review, 1895, vol. 63, p. 205), ըստ այլ անկողմնակալ աղբյուրների` 5-12 հազ. (Peterson T. Turkey and Armenian Crisis. - The Catholic World, 1895, vol. 61, p. 667; Douglas R. Op. cit., p. 116; Shahid Bey S. Op. cit., p. 199): Իր զեկուցագրում Զեքքի փաշան գրում էր. «...Մենք այնպես մաքրեցինք երկիրը, որ ապագայում նրանք (հուզումները - Ա.Կ.)...այլևս տեղի ունենալ չեն կարող» (The Evil of the Turk. - The Outlook, 1895, vol. 52, August 24, p. 301):

Ամերիկացի հրապարակախոս Թեոդոր Պետերսոնն ընդգրկում էր Սասունի ջարդը 19-րդ դարի ընթացքում թուրք իշխանությունների կողմից իր հպատակների հանդեպ իրագործած կոտորածների ցանկում. 1822 թ.` 50 հազ. հույներ Էգեյան ծովի կղզիներում, 1850 թ.` 10 հազ. հայեր Մոսուլում, 1860 թ.` 11 հազ. սիրիացիներ Լիբանանում, 1876 թ.` 14 հազ. բուլղարացիներ Բուլղարիայում, 1877 թ.` 2 հազ. եզդիներ Մոսուլում, 1894 թ.` 12 հազ. հայեր Սասունում (Peterson T. Op. cit., p. 667):

[ էջ 288 ]

անհրաժեշտ էր համարում կազմակերպել համապատասխան հետաքննություն: Ըստ Քարրիի, ամբողջ պատասխանատվությունը կատարվածի համար ընկնում է Թահսին փաշայի, զորքի հրամանատար, գնդապետ Իսմաիլ բեյի և Մուշի գումարտակի հրամանատար, մայոր Սալիհի վրա: Դեսպանը հավատացած էր, որ հայերի ապստամբության մասին պնդումներն իրականությանը չեն համապատասխանում և կրկին պահանջում սուլթանական կառավարությունից անցկացնել դեպքերի անկախ հետաքննություն:76

Քարրիին ուղղված Աբդուլ Համիդի պատասխանում վերջինս մերժում էր Հոլվորդի տեղեկատվությունը Սասունի դեպքերի մասին, համարելով այն ոչ հավաստի: Սուլթանն իր զարմանքն էր հայտնում այն փաստի կապակցությամբ, որ Բրիտանիայի պաշտոնյաները քաջալերում են հայ «նիհիլիստների, սոցիալիստների ու անարխիստների» կառավարության դեմ ուղղված գործողությունները: Ըստ սուլթանի, ներկայումս մի քանի անգլիացի ճանապարհորդներ են գտնվում այդ շրջաններում, որոնք հրահրում են հայերին: Նա նմանեցնում էր տեղի ունեցող դեպքերը Բուլղարիայի իրադարձություններին, երբ բուլղարացիները «նույն պատմություններն էին հորինում» կառավարության մասին և պաշտպանություն հայցում բրիտանական կառավարությունից, որի հետևանքով Բուլղարիան այսօր ՙառանձին մարզ է՚: Սուլթանի համոզմամբ, նման բան տեղի ունենալ չի կարող հայերի պարագայում, քանի որ հայ բնակչությունը ցրված է և որևէ տեղ մեծամասնություն չի կազմում: Այսպիսով, շարունակում էր Աբդուլ Համիդը, նրանց սպասումներն իրականանալ չեն կարող, իսկ նրանց բոլոր չափազանցված և եվրոպական համակրանքի վրա հիմնված պատմությունները կեղեքումների և հալածանքների մասին նույնպես անօգուտ են: Ըստ սուլթանի, դժբախտաբար այս կեղծ տեղեկատվությունը տրվում է ընթերցողին հիմնականում բրիտանական մամուլի կողմից: Բնականաբար, նշում էր նա, որ օսմանյան կառավարությունը խիստ միջոցների է դիմում խռովարարների դեմ, որոնք դիմում են զենքի և դիմադրում իշխանություններին: Աբդուլ Համիդը որպես օրինակ է բերում բրիտանական իշխանությունների կողմից որդեգրած խստագույն միջոցները Հնդկաստանի և Եգիպտոսի խռովարար շարժումների դեմ:

__________________________________
76 Turkey, No 1 (1895). Part 1..., pp. 19-20.

[ էջ 289 ]

Նամակի վերջում, սակայն, սուլթանը տեղեկացնում էր, որ այնուամենայնիվ հանձնարարել է ներքին գործերի նախարարին կազմակերպել դեպքերի հետաքննություն և եթե բրիտանական դեսպանի տեղեկություններն իրոք համապատասխանեն իրականությանը, Բիթլիսի վալին կրելու է ողջ պատասխանատվությունը կատարվածի համար:77

Նոյեմբերի 7-ին Քիմբերլիի հետ ունեցած հանդիպման ընթացքում Ռուստեմ փաշան մեղադրում է բրիտանական կառավարությանը «դժգոհ հայերին» քաջալերելու մեջ: Հերքելով դեսպանի մեղադրանքը, նախարարը պատասխանում է, որ թուրքական կառավարությանը սպառնացող վտանգը գալիս է ոչ թե «ագիտատորներից», այլ«կաշառակեր և անբարոյական վարչակազմից»: Քիմբերլին հավատացած էր, որ սուլթանն անկեղծորեն ցանկանում է, որպեսզի հայերը հավասարապես արդար վերաբերմունքի արժանանան կառավարության կողմից, սակայն շատ դեպքերում տեղի իշխանությունները գործում են ճիշտ հակառակ, որի արդյունքում առաջանում է դժգոհություն և հարմար պայմաններ «ագիտատորների» գործունեության համար:78

Ռոզբերիի կառավարությունն ամեն կերպ փորձեց խոչընդոտել Սասունի ջարդի մասին լուրերի տարածմանը երկրում և երկար ժամանակ խուսափեց տպագրել Արևմտյան Հայաստանում տիրող ծանր վիճակը նկարագրող բրիտանական հյուպատոսների տագնապալի հաղորդագրությունները: Սակայն նոյեմբերի սկզբին անգլիական մամուլ թափանցած լուրերը Սասունի իրադարձությունների մասին բողոքի ալիք բարձրացրին երկրում: Լոնդոնում տեղի ունեցող հանրահավաքների մասնակիցները մեղադրում էին բրիտանական կառավարությունն անտարբերության և գործակցության մեջ: Այն ժամանակ, գրում էր Դիլլոնը, երբ բրիտանական հյուպատոսների «սպառիչ տեղեկությունները» և մամուլում հրապարակված փաստերը վկայում էին Արևմտյան Հայաստանում տեղի ունեցող «անվերջ, զազրելի և գարշելի» սպանությունների մասին, Ռոզբերիի կառավարությունն անտարբերությամբ վերաբերվեց այդ փաստերին, բնութագրելով դրանք որպես «կոպիտ չափազանցություններ»:79 Ինչպես նշում էր այդ օրերին «Spectator» քաղաքական

__________________________________
77 Նույն տեղում, էջ 21:
78 Նույն տեղում, էջ 16:
79 Dillon E.J. Armenia: An Appeal. - The Contemporary Review, 1896, vol. 69, p. 5.

[ էջ 290 ]

շաբաթաթերթը, կառավարությունը չհրապարակեց Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած «ողբերգական» իրադարձություններին վերաբերող հյուպատոսների հաղորդագրությունները միմիայն «...Անգլիայում հասարակական կարծիքը ծայրաստիճան գրգռելու վախից»:80 Անգլիական հասարակայնությունը, գրում էր հասարակական քաղաքական «Contemporary Review» ամսագիրը, «...տեղեկատվություն ստանալու համար պարտավոր է միմիայն մամուլի ձեռներեցությանը, քանի որ կառավարությունը համառորեն թաքցնում էր այն»:81

Այդ օրերին Անգլիայի հասարակայնությունն այն կարծիքին էր, որ թեև Օսմանյան կայսրության հայ բնակչության վիճակի համար մեղքը կիսում են Բեռլինի պայմանագիրը ստորագրած բոլոր եվրոպական տերությունները, բրիտանական կառավարության պատասխանատվությունն ամենից մեծն է, քանի որ այն ամենից ակտիվն էր Բարձր Դռնից բարենորոգումներ պահանջելու հարցում: Բացի այդ, անգլո-թուրքական կոնվենցիայի պայմանների համաձայն, սուլթանական կառավարությունը պարտավորվել էր կենսագործել Թուրքիայի հայ բնակչության կյանքի պայմանները բարելավող բարենորոգումներ` երկրի ամբողջականությունը Ռուսաստանից սպառնացող վտանգից պաշտպանելու փոխարեն: Այդ առումով Հայկական հարցի սրումը նոր բարդությունների առջև կանգնեցրեց Ռոզբերիի կառավարությանը, թեև վարչապետը միամտորեն ենթադրում էր, որ խնդիրը հարթվելու է ինքն իրեն: Ինչպես վկայում էր նախկին արտգործնախարար Դերբին, պարզ էր նաև, որ կառավարությունը երբեք միայնակ չի միջամտելու սուլթանական իշխանությունների ներքին գործերին և ամեն կերպ փորձելու է թաքցնել նրա չարագործությունները, նպատակ ունենալով չսրել Արևելյան հարցը:82

Նոյեմբերին բրիտանական կառավարությունը պաշտոնապես հանդես եկավ Հայկական հարցում եվրոպական տերությունների համատեղ գործողությունների քաղաքականության օգտին: Ռոզբերին դրսևորեց իրեն որպես Հայկական հարցում Մեծ Բրիտանիայի առանձին գործողությունների համոզված հակառակորդ, համարելով

__________________________________
80 Mr. Gladston on Armenia. - The Spectator, 1895, vol. 75, August 10, p. 164.
81 Armenia and the Powers: From Behind the Scenes. - The Contemporary Review, 1896, vol. 69, pp. 628-643.
82 Maccoll M. The Constantinople Massacre and its Lesson..., p.257.

[ էջ 291 ]

տերությունների համատեղ միջամտությունը որպես «միակ հուսալի և անվտանգ միջոց»: Նա կտրուկ կերպով դատապարտում էր այլ հնարավոր միջոցները, համարելով դրանք «անօգուտ» և «վտանգավոր»:83

Նոյեմբերի 9-ին Լոնդոնի սիտիի ավանդական ճաշկերույթի ժամանակ արտասանած ելույթում վարչապետը հանդես եկավ Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման օգտին` Եգիպտական և Հայկական հարցերում համաձայնության հասնելու միջոցով: Նա փաստորեն իրավունք էր վերապահում Ռուսաստանին Արևմտյան Հայաստանի գրավման հարցում, թեև ցարական կառավարությունն այդ ժամանակ առանձնակի հետաքրքրություն խնդրի նկատմամբ հանդես չէր բերում:84 Ի պատասխան, ռուսական կառավարությունն իր կողմից պետք է ճնշում գործադրեր Ֆրանսիայի վրա, որպեսզի վերջինս հրաժարվի Եգիպտոսում բրիտանական քաղաքականությանը դիմագրավելու գծից: Սակայն ցարական կառավարութունը կտրականապես հրաժարվեց այդ առաջարկից:85 Նիկոլայ 2-րդի թագադրության արարողության ժամանակ արտաքին գործերի նախարար Լոբանով-Ռոստովսկին հայտարարել էր, որ Ռուսաստանի դիրքորոշումը Հայկական հարցում պայմանավորված է 1878 թ. անգլո-թուրքական կոնվենցիայով: «Ինչպես կարող ենք մենք, ռուսներս, - ասում էր նա, - անտեսել Կիպրոսի կոնվենցիայի նշանակությունն ու կարևորությունը, որը պարտավորել է Անգլիային խանգարել Ռուսաստանին` Թուրքիայի ամբողջականությանը սպառնացող լուրջ վտանգի դեպքում»: Երբ իրեն առարկում են, թե իբր բրիտանական կառավարությունը փոխել է իր դիրքորոշումը

__________________________________
83 Lord Rosebery`s Deliverance. - The Spectator, 1896, vol. 77, October 17, p. 504.
84 Ակադեմիկոս Ֆյոդոր Ռոտշտեյնի կարծիքով, բրիտանական կառավարությունը հետապնդում էր միանգամայն այլ նպատակ: «...Առաջարկելով Ռուսաստանին ընդհուպ զբաղվել Հայկական հարցով և հեռանկարում ակնարկելով նույնիսկ Թուրքական Հայաստանի գրավումը , անգլիական դիվանագիտությունը նկատի ուներ կանխել ռուսների զինված ելույթը Հեռավոր Արևելքում...» (Ротштейн Ф.А. Международные отношения в конце Х1Х века..., с. 273):
85 Восточный вопрос во внешней политике России (конец ХУ111 - начало ХХ века) /В.А. Георгиев, Н.С.Киняпина, М.Т.Панченкова и др. М., 1978, с. 264-265.

[ էջ 292 ]

կոնվենցիյի նկատմամբ և ձգտում է մերձենալ Ռուսաստանի հետ, Լոբանով-Ռոստովսկին պատասխանում է, որ համաձայնագիրն այնուամենայնիվ գոյություն ունի և նույնիսկ եթե Անգլիան չեղյալ համարի իր պարտավորությունները, Ռուսաստանը չի պատրաստվում անմիջապես փոփոխության ենթարկել իր արտաքին քաղաքական գիծը:86 Այդ առիթով «Contemporary Review»-ն «ճակատագրական սխալ էր» համարում Ռոզբերիի ձգտումը ձևավորել ֆրանկո-ռուսական դաշինքն առանց ռուսական կառավարությանը անգլիական բարեկամության լուրջ երաշխիքներ տրամադրելու:87

Այսպիսով, հիմնվելով ռուսական կառավարության հայտարարությունների վրա, Ռոզբերին որդեգրեց Օսմանյան կայսրության գործերին չմիջամտելու քաղաքականություն` զգուշանալով բրիտանական շահերի դեմ իբր գոյություն ունեցող տերությունների դաշինքից: Հետագայում, 1896 թ. Էդինբուրգի իր ելույթներից մեկում նա ասում էր. «Ես համոզված եմ, որ Եվրոպայի մեծ տերությունների միջև գոյություն ունի անդրդվելի համաձայնություն` ...Արևելքի գործերում Անգլիայի յուրաքանչյուր առանձին միջամտությանն ուժով հակազդելու մասին»:88

Վարչապետի որոշումը, սակայն, քննադատության ենթարկվեց որոշ քաղաքական և հասարակական գործիչների կողմից: Այսպես, Լիվերփուլի իր ելույթում Գլադստոնը որպես «ցնորք» բնութագրեց լիբերալների ղեկավարի համոզվածությունը,89 իսկ Մալքոլմ Մակքոլն90 իր հրապարակումներում անհիմն էր համարում Ռոզբերիի պնդումներն այն մասին, թե իբր

__________________________________
86 Stead W.T. The Eastern Ogre; or St. George to Rescue. - The Review of Reviews, 1896, vol. 14, p. 578.
87 Armenia and the Powers..., p. 636.
88 Maccoll M. The Sultan and the Powers..., pp. 208-209.
89 Mr. Gladstone on Armenia..., p. 164.

90 Մակքոլ (Maccoll) Մալքոլմ - բրիտանացի հասարակական և կրոնական գործիչ, կանոնիկոս: Եղել է անգլո-հայկական «Գրովենոր Հաուզ» միության ակտիվ անդամներից, կազմակերպել է հանրահավաքներ արևմտահայերի օգտին, Հայկական հարցին վերաբերող գրքերի և հոդվածների հեղինակ է:

[ էջ 293 ]

Մեծ Բրիտանիայի անջատ միջամտությունը կհանգեցնի տերությունների հակազդեցությանն ու նույնիսկ կստեղծի պատերազմի վտանգ:91

Նոյեմբերի սկզբին բրիտանական դեսպանի և Բարձր Դռան միջև տեղի ունեցավ բավականին սուր բախում: Վերջինս մեղադրեց փոխհյուպատոս Հոլվորդին Սասունի դեպքերի մասին թյուր տեղեկատվություն տարածելու, ինչպես նաև Մուշի և Բիթլիսի հայ բնակչությանը կառավարության դեմ հրահրելու մեջ և պահանջեց բրիտանական կառավարությունից ետ կանչել նրան: Նոյեմբերի 9-ին Քարրին այդ կապակցությամբ բողոք հայտնեց արտգործնախարար Սաիդ փաշային, տեղեկացնելով նրան իր որոշման մասին` Սասունի դեպքերի և Հոլվորդի դեմ ուղղված մեղադրանքների հետաքննության նպատակով դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Չերմսայդին Բիթլիս գործուղելու վերաբերյալ:92 Երկու օր անց դեսպանությունը բավականին խիստ հուշագիր է ներկայացնում Բարձր Դռանն այդ կապակցությամբ, պահանջելով թույլ տալ Չերմսայդին մեկնել Բիթլիս:93

Նոյեմբերի 15-ին Սաիդ փաշան փոխանցում է Քարրիին Աբդուլ Համիդի որոշումը` Բիթլիսի վալիին պաշտոնից ազատելու, Սասունի դեպքերը հետաքննելու նպատակով հատուկ հանձնաժողով կազմավորելու, ինչպես նաև Հոլվորդի դեմ մեղադրանքները հանելու վերաբերյալ: Անմիջապես մյուս օրը Քիմբերլին իր գոհունակությունն էր հայտնում դեսպանին սուլթանի որոշման կապակցությամբ և հանձնարարում հետաձգել Չերմսայդի գործուղումը:94

Սաիդ փաշային ուղղված նոյեմբերի 18-ի իր նամակում Քարրին պահանջում էր սուլթանական կառավարությունից շուտափույթ կերպով կազմավորել և Բիթլիս գործուղել հատուկ հանձնաժողով` Սասունի իրադարձությունները հետաքննելու նպատակով: Նա նշում էր, որ նման հետաքննության իրականացումը ներկայումս դարձել է անհետաձգելի անհրաժեշտություն, քանի որ եվրոպական մամուլը սկսել է տեղեկատվություն հրապարակել Սասունի դեպքերի մասին, մեղադրելով սուլթանական իշխանություններին հայ բնակչության

__________________________________
91 Maccoll M. The Sultan and the Powers..., pp. 208-209.
92 Turkey, No. 1 (1895). Part 1..., pp. 17-18.
93 Նույն տեղում, էջ 24:
94 Նույն տեղում, էջ 22:

[ էջ 294 ]

ջարդի կազմակերպման մեջ, որի հետևանքով սուլթանն ու իր կառավարությունը կարող են, Բուլղարիայի օրինակով, հայտնվել ոչ բարենպաստ իրավիճակում:95

Բրիտանական դեսպանության ճնշման տակ նոյեմբերի 21-ին սուլթանական կառավարությունը հայտարարում է հանձնաժողովի ստեղծման մասին, որի կազմում ընգրկված էին սուլթանի համհարզներ, բրիգադային գեներալ Մեհմեդ Ալի փաշան (հետագայում վերջինիս փոխարինեց գլխավոր սպայակույտի բրիգադային գեներալ Հաֆըզ Թևֆիկ փաշան - Ա.Կ.) և դիվիզիայի գեներալ Աբդալլա փաշան, ներքին գործերի նախարարության թղթակցության տնօրեն Մեջիդ էֆենդին և Կոստանդնուպոլսի խնայբանկի տնօրեն Էյմեր բեյը:96 Սակայն միաժամանակ Բարձր Դուռը պաշտոնապես հայտարարեց մամուլում, որ հանձնաժողովը հանձնարարություն է ստացել հետաքննելու «հայ ավազակների հանցագործ վարքը» և բացարձակապես հերքեց ջարդի իրողությունը: Եվրոպական երկրներում հավատարմագրված թուրք դեսպաններին ուղարկվեց հատուկ շրջաբերական, ուր ասվում էր, որ կանոնավոր զորամասերն ուղարկվել են Սասուն`«հայ խռովարարների» հանցագործություններին վերջ դնելու և կարգ ու կանոն հաստատելու նպատակով, սակայն «դժբախտաբար եվրոպական մամուլի որոշ միջոցներ թույլ են տալիս իրենց ղեկավարվելու ոչ բարեկամական տրամադրություններով, հրապարակում են ճշմարտությանը չհամապատասխանող երևակայական տեղեկություններ»:97

Բարձր Դռան նման վարքագիծը բավականին զայրացրեց բրիտանական կառավարությանը: Քիմբերլին իր «զարմանքն ու ցավն» էր հայտնում Քարրիին Բարձր Դռան հայտարարությունների կապակցությամբ, նշելով, որ որոշակի ցուցում կտա դեսպանին այդ առիթով` տերությունների արտգործնախարարների հետ խորհրդակցելուց անմիջապես հետո:98 Նոյեմբերի 26-ին նա բրիտանական կառավարության բողոքը հայտնեց Ռուստեմ փաշային, զգուշացնելով նրան, որ սուլթանական կառավարության գործելակերպը շուտով քննարկվելու է կառավարության խորհրդի կողմից: Շատ հավանական է, շարունակում էր արտգործնախարարը, որ դեպքերի նման ընթացքը կարող է դառնալ

__________________________________
95 Նույն տեղում, էջ 32:
96 Նույն տեղում, էջ 26:
97 Նույն տեղում, էջ 29:
98 Նույն տեղում, էջ 27:

[ էջ 295 ]

տերությունների քննարկման առարկա, «եվրոպական հարց»:99 Կոստանդնուպոլսում Ռուսաստանի դեսպանությունը տեղեկացնում էր իր կառավարությանը, որ Ռուստեմ փաշայի հաղորդագրությունը Քիմբերլիի հայտարարության մասին բավականին անհանգստացրել էր սուլթանին:100

Նոյեմբերի 26-ին Սաիդ փաշայի հետ ունեցած հանդիպման ընթացքում Քարրին նշում էր, որ ստեղծված իրավիճակում սուլթանական կառավարության «միակ անվտանգ վարքագիծը» կայանում է հանձնաժողովի «ազնիվ և անկողմնակալ» հետաքննության կազմակերպման և դրա արդյունքում մեղավորներին պատասխանատվության ենթարկելու մեջ: Եվ եթե բրիտանական կառավարությունը, շարունակում էր դեսպանը, չբավարարվի հանձնաժողովի աշխատանքի արդյունքներով, այն անհրաժեշտ է համարելու, Բեռլինի պայմանագրի 61-րդ հոդվածով տրված իրավունքներով, հետաքննության նպատակով Սասուն գործուղել Չերմսայդին, ինչպես նաև հրապարակել բրիտանական հյուպատոսների հաղորդագրությունները: Սաիդ փաշան խոստանում է փոխանցել բրիտանական կառավարության դիրքորոշումը սուլթանին, հավաստիացնելով դեսպանին, որ Բարձր Դուռը կապահովի հանձնաժողովի աշխատանքի անկողմնակալությունն ու կպատժի մեղավորներին:

Փոխանցելով իր զրույցի մանրամասները Քիմբերլիին, Քարրին գրում էր, որ եթե բրիտանական կառավարությունը մտադրվել է լրջորեն զբաղվել Հայկական հարցով և հասնել նկատելի հաջողության, այն պետք է ղեկավարվի միմիայն Բեռլինի պայմանագրի 61-րդ հոդվածի դրույթներով և ապահովի այդ խնդրում պայմանագիրը ստորագրած տերությունների աջակցությունը, քանի որ, ինչպես վկայում է 70-80-ական թթ. ձախողված փորձը, Անգլիան հնարավորություն չունի միայնակ լուծելու «Հայաստանի վարչակազմի» բարելավման խնդիրը: Ըստ դեսպանի, իր ռուս և ֆրանսիացի պաշտոնակիցները պատրաստակամություն են ցուցաբերում Հայկական հարցում համագործակցելու խնդրում, ինչը չի կարելի ասել Գերմանիայի, Ավստրիայի և Իտալիայի դեսպանների մասին: Քարրիի կարծիքով, եթե այս անգամ էլ հաջողություն չարձանագրվի այդ հարցում, հայերի վիճակն

__________________________________
99 Նույն տեղում, էջ 29-30:
100 АВПР, ф. Политический архив, д. 3435, л. 97-98.

[ էջ 296 ]

ավելի կվատթարանա, իսկ նախաձեռնություն հանդես բերած տերությունը կարող է կորցնել իր ազդեցությունն ու հեղինակությունն Արևելքում:101

Նոյեմբերի 27-ին բրիտանական կառավարությունը որոշում է կայացնում գործուն քայլերի դիմել Հայկական հարցում և առաջարկել Ռուսաստանին և Ֆրանսիային մասնակցել Սասունի դեպքերի հետաքննությանը:102 Այդ առիթով Կոստանդնուպոլսում ռուսական դեսպանին ուղղված Ռուսաստանի արտգործնախարարության գաղտնի հրահանգում հանձնարարվում էր պահանջել Սասունի դեպքերի մանրազնին հետաքննության ու գլխավոր մեղավորներին պատժի ենթարկելու վրա և այդ ուղղությամբ համագործակցել բրիտանական կողմի հետ:103

Ի պատասխան թուրքական թերթերում տպագրված սուլթանական կառավարության հայտարարությանը, որը նույնությամբ կրկնում էր Բարձր Դռան նախորդ հայտարարությունները հանձնաժողովի նպատակների վերաբերյալ, Քիմբերլին հանձնարարում էր Քարրիին պաշտոնապես բողոք ներկայացնել նման մոտեցման կապակցությամբ և պահանջել տերությունների ներկայացուցիչների մասնակցությունը հետաքննության գործում, նշելով, որ առկա պայմաններում Բեռլինի պայմանագրի 61-րդ հոդվածը ՙգործողությունների ազատություն է վերապահում՚ եվրոպական տերություններին Հայկական հարցում:104

Դեկտեմբերի 5-ին Քարրին հանդիպում է Կոստանդնուպոլսում Ֆրանսիայի դեսպան Փոլ Կամբոնի105 և Ռուսաստանի հավատարմատար Ժադովսկու հետ և բրիտանական կառավարության անունից առաջարկում նրանց, որպեսզի Էրզրումում Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հյուպատոսները անցկացնեն Բիթլիսի վիլայեթում տեղի ունեցած իրադարձությունների անկախ հետաքննություն: Հավանություն տալով

__________________________________
101 Turkey, No. 1 (1895). Part 1..., p. 41.
102 Douglas R. Op. cit., p. 117.
103 АВПР, ф. Политический архив, д. 3435.
104 Turkey, No. 1 (1895). Part 1..., pp, 39-40.
105 Կամբոն Փոլ - ֆրանսիացի դիվանագետ: 1886-1891 թթ.` դեսպան Իսպանիայում, 1891-1898 թթ.` Թուրքիայում, 1898-1920 թթ.` Մեծ Բրիտանիայում:

[ էջ 297 ]

բրիտանական առաջարկին, տերությունների ներկայացուցիչները խոստանում են անմիջապես փոխանցել այն իրենց կառավարություններին:106

Ձգտելով սեպ խրել եվրոպական տերությունների համատեղ գործողությունների մեջ Հայկական հարցում, սուլթանական կառավարությունն առաջարկում է ամերիկյան դեսպանին իր մասնակցությունը բերել Սասունի դեպքերի հետաքննության գործում: Դեկտեմբերի 3-ին ԱՄՆ սենատը կայացնում է հատուկ որոշում, համաձայն որի ամերիկյան կառավարությունն իր պատրաստակամությունն էր հայտնում եվրոպական տերությունների հետ համատեղ մասնակցել թուրքական հետաքննչական հանձնաժողովի աշխատանքներին:107 Ամերիկյան միսիոներ Էդվին Բլիսը հպարտությամբ գրում էր, որ երբ սուլթանական կառավարությունը հրավիրեց ամերիկյան ներկայացուցչին մասնակցել Սասունի դեպքերի հետաքննության աշխատանքներին, իբր ԱՄՆ նախագահն անձամբ ինքն էր ցանկություն հայտնել մեկնել Թուրքիա:108

ԱՄՆ կառավարության մտադրությունները մեծ դժգոհություն առաջացրին Մեծ Բրիտանիայի կառավարող շրջաններում: Այդ առիթով Քարրիի մեղմ կեցվածքը ենթարկվեց բավականին ուժեղ քննադատության ոչ միայն խորհրդարանի համայնքների պալատի նախագահի, այլև նույնիսկ Քիմբերլիի կողմից, որը նշում էր, որ «դեսպանը միշտ պատրաստ է թեթևացնելու Դռան հոգսերը»:109 Սակայն շատ շուտով եվրոպական տերությունների կառավարությունները մերժեցին Բարձր Դռան առաջարկը: Մասնավորապես, ռուս դեսպանին ուղղված Ռուսաստանի արտգործնախարարության հրահանգում ասվում էր. «Քանի որ մենք...համաձայնել ենք Էրզրումում հյուպատոսներ ունեցող տերությունների պատվիրակների (հանձնաժողովում - Ա.Կ.) մասնակցության Անգլիայի նախնական առաջարկության օգտին, մենք հրաժարվեցինք պաշտպանել հյուսիսամերիկյան կառավարության...դիմումը` հանձնաժողովի կազմում իր պատվիրակներին նշանակելու վերաբերյալ»:110

__________________________________
106 Turkey, No. 1 (1895). Part 1..., p. 42.
107 Gordon L.J. American Relations with Turkey (1830-1930). Philadelphia, 1932, p. 26.
108 Bliss E.M. Op. cit., pp. 384-385.
109 Douglas R. Op. cit., p. 119.
110 АВПР, ф. Политический архив, д. 3435, л. 10-11.

[ էջ 298 ]

Դեկտեմբերի 7-ին Սաիդ փաշան Քարրիին տեղեկացնում էր, որ Բարձր Դուռն իր համաձայնությունն է տվել, որպեսզի Էրզրումում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի հյուպատոսները մասնակցեն հանձնաժողովի աշխատանքներին:111 Հետաքննության հետ կապված խնդիրները Բրիտանիայի դեսպանի նստավայրում քննարկելու ընթացքում (13 դեկտեմբերի) Ռուսաստանի և Ֆրանսիայի դեսպաններն առաջարկում և պնդում են, որպեսզի հյուպատոսներն անձամբ չմասնակցեն հանձնաժողովի աշխատանքներին, այլ գործուղեն այնտեղ իրենց ներկայացուցիչներին:112 Ձգտելով խուսափել միջոցառման ձախողումից, Ֆորին Օֆիսը համաձայնում է այդ առաջարկի հետ և նշանակում որպես կառավարական պատվիրակ փոխհյուպատոս Շիպլիին, թեև Քիմբերլին այն կարծիքին էր, որ տերությունների մասնակցությունը պետք է ապահովված լինի հյուպատոսների մակարդակով:113 Սուլթանական կառավարության հետ համաձայնություն էր ձեռք բերվում, որ տերությունների ներկայացուցիչները իրավունք են ստանում մասնակցել հանձնաժողովի բոլոր միջոցառումներին, ծանոթանալ անհրաժեշտ նյութերի հետ, նախագահի թույլտվությամբ հարցաքննել ականատեսներին և վկաներին, առաջարկություններ ներկայացնել այցելությունների ու քննության ընթացակարգի վերաբերյալ, մշտապես զեկուցել և փաստաթղթեր ուղարկել Էրզրումում իրենց հյուպատոսներին, համատեղ զեկուցագիր ներկայացնել հանձնաժողովի գործունեության ու արդյունքների մասին:114

Դեկտեմբերի 29-ին Հավարդենի դղյակում տեղի ունեցավ Գլադստոնի հանդիպումն իր 85-ամյակը շնորհավորելու կապակցությամբ Փարիզից ժամանած հայկական պատվիրակության հետ: Իր ելույթում լիբերալ կուսակցության նախկին ղեկավարն իրեն հատուկ ոճով ներկայացրեց Օսմանյան կայսրության բացասական դերը մարդկության և քաղաքակրթության ճակատագրում, խստագույնս արտահայտվեց թուրքերին Եվրոպայից վտարելու և եվրոպական տերությունների համատեղ միջամտության անհրաժեշտության

__________________________________
111 Turkey, No. 1 (1895). Part 1..., p. 44.
112 Նույն տեղում, էջ 49-50:
113 Նույն տեղում, էջ 51-52:
114 Նույն տեղում, էջ 64:

[ էջ 299 ]

մասին:115 Նշենք, որ լիբերալ կուսակցության Գլադստոնի կողմնակիցները թուրքահայերի ազատագրման գաղափարն առաջ էին քաշել որպես հանրամատչելի նշանաբան առաջիկա խորհրդարանական ընտրությունների ընթացքում և նրա համար հնարավորություն էր ընձեռնվել վերսկսելու իր քաղաքական գործունեությունը որպես լիբերալ կուսակցության ղեկավար: Սակայն նա որոշեց գործել կուսակցությունից անկախ, իր վրա չվերցնելով կուսակցության անմիջական ղեկավարությունն ու պատասխանատվությունն իր գործողությունների համար: Իռլանդացիների և ԱՄՆ քաղաքացիների հետ կայացած իր հանդիպման ժամանակ նա հայտարարեց, որ Անգլիայի և Թուրքիայի մերձեցումը բացարձակ անօգուտ մի գաղափար է, որը երբևիցե չի կարող իրականանալ վերջինիս վարքագծի պատճառով:116

Շատ խիստ անհանգստանալով և զայրանալով Գլադստոնի ելույթների առիթով, Աբդուլ Համիդը պաշտոնապես բացատրություններ պահանջեց բրիտանական կառավարությունից:117 1895 թ. հունվարի 8-ին Քիմբերլին Քարրիին հանձնարարում է պատասխանել սուլթանին, որ բրիտանական կառավարությունը «ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ պ-ն Գլադստոնի արտահայտությունների նկատմամբ և որևէ պատասխանատվություն կրել դրա համար չի կարող»: Նա որևէ նախարարության ներկայացուցիչ չէ, շարունակում էր նախարարը, ոչ էլ ղեկավարում է պետական հիմնարկություն, սակայն բրիտանական կառավարությունը չի թաքցնում, որ Գլադստոնը ներկայացնում է այս երկրի հասարակական կարծիքը, որը բավարարված կլինի միմիայն այն ժամանակ, երբ սուլթանական իշխանությունները կանցկացնեն արդար հետաքննություն և դրա արդյունքում կպատժեն մեղավորներին:118 Մյուս օրը Քիմբերլին ներկայացնում է իր պատասխանը Ռուստեմ փաշային: Չբավարարվելով նախարարի բացատրություններով, դեսպանը հայտարարում է, որ բրիտանական կառավարության մերժումը սուլթանի գոհացումն ապահովելու հարցում կարող է «կործանարար հետևանքներ» ունենալ երկու պետությունների հարաբերությունների համար: Քիմբերլին կրկին անգամ ընդգծում է, որ

__________________________________
115 Magnus P. Gladstone. A Biography. London, 1954, p. 430.
116 Новое время, 1895, 9 января; Кавказ, 1895, 6 января.
117 FO 424/181, No. 2, p. 1.
118 FO 424/181, No. 18, p. 12.

[ էջ 300 ]

բրիտանական կառավարությունը պատասխանատվություն կրել չի կարող մասնավոր անձանց արտահայտությունների համար և չի կարող բավարարել օտար պետությունների պահանջն այդ ուղղությամբ:119

Քիմբերլիին ուղղված հունվարի 14-ի նամակում Լոնդոնի Ազգային մահմեդական ընկերությունը, Մեծ Բրիտանիայում և, մասնավորապես, Հնդկաստանում բնակվող մահմեդականների անունից բրիտանական կառավարության ուշադրությունն էր հրավիրում երկրում սկսված Օսմանյան կայսրության դեմ ուղղված «վտանգավոր բնույթի քարոզչության» առնչությամբ, որը վիրավորում է մահմեդական կրոնն ընդհանրապես և առաջացնում նրա հետևորդների խորը վրդովմունքը: Փաստաթղթում նշվում էր, որ հետաքննությունից առաջ հնչող Հայաստանում կոտորածների կազմակերպման «մեծապես չափազանցված և թյուր» մեղադրանքները «դաժան անարդարության» դրսևորումներ են Թուրքիայի միապետի նկատմամբ, որը հանդիսանում է իսլամի խալիֆը և Բրիտանական կայսրության «հին և հավատարիմ դաշնակիցը»: Ընդգծելով, որ Մեծ Բրիտանիայի 60 մլն. մահմեդական հպատակների և միլիոնավոր այլ մահմեդականների շահերը սերտորեն շաղկապված են Բրիտանական կայսրության շահերի հետ, նամակի հեղինակները գրում էին, որ նման անհանդուրժողականությունը աղետալի թշնամություն կարող է առաջացնել մահմեդականության և քրիստոնեության միջև: Հիշեցնելով նախարարին Օսմանյան կայսրության դեմ ուղղված Ռուսաստանի վերջին հարձակումը և դրա արդյունքում մահնեդականների տառապանքները, ինչպես նաև Բալկաններում տեղի ունեցած կոտորածները, ընկերության ներկայացուցիչները բողոքում էին յուրաքանչյուր այն քայլի դեմ, որը կարող է քաջալերել թուրքական տարածքի զավթումը Ռուսաստանի կողմից:120

Պատասխան նամակում (17 հունվարի) Ֆորին Օֆիսը գրում էր, որ բրիտանական կառավարությունը պատասխանատվություն չի կրում մասնավոր անձանց արտահայտությունների և տեսակետների համար: Նշվում էր, որ Մեծ Բրիտանիայի ջանքերն ուղղված են առաջին հերթին Սասունի դեպքերի անկողմնակալ հետաքննության

__________________________________
119 FO 424/181, No. 25, pp. 16-17.
120 FO 424/181, No. 50, pp. 37-38.

[ էջ 301 ]

կազմակերպմանը, ինչը բխում է ինչպես թուրքական կառավարության, այնպես էլ կայսրության մահմեդական և քրիստոնյա հպատակների շահերից:121

Հանձնաժողովի մոտալուտ ժամանման առիթով իշխանությունները սկսեցին արագորեն վերացնել Սասունի ջարդի հետևանքները, ինչպես նաև հապճեպորեն բնակեցնել Արևմտյան Հայաստանի շրջանները թուրքերով և քրդերով` հայ բնակչությունն ամենուրեք որպես փոքրամասնություն ներկայացնելու և տերությունների հնարավոր պահանջը բարենորոգումների իրագործման կամ էլ ինքնավարության վերաբերյալ կանխելու նպատակով: Բացի այդ, ինչպես Քարրիին ուղղված հունվարի 10-ի զեկուցագրում վկայում էր Անգորայում հյուպատոս Քամբերբատչը, իշխանություններն ամենուրեք ստեղծում էին «Թուրքական գաղտնի պաշտպանության կոմիտեներ», որոնք հիմնականում կազմված էին կառավարական պաշտոնյաներից: Ըստ հյուպատոսի կողմից ստացված հավաստի տվյալների, այդ կազմակերպությունների նպատակն էր հրահրել հայ բնակչությունն իշխանությունների դեմ և ստեղծել հուզումներ` ողջ պատասխանատվությունը հայերի վրա բարդելու նպատակով: Քամբերբատչի կարծիքով, իշխանություններին հաջողվել էր հասնել դրված նպատակին, քանի որ թուրք բնակչությունն ամենուրեք համոզված էր հայերի կողմից նախապատրաստվող շարժման գոյության մեջ և արդեն իսկ պատրաստ էր դիմագրավելու այն:122

Հունվարի 16-ին Քարրին հաղորդում էր, որ երեք օր առաջ Սասունի հանձնաժողովը և Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի ներկայացուցիչներ` փոխհյուպատոսներ Շիպլին, Պրժևալսկին ու Վիլբերը Էրզրումից ուղեվորվեցին դեպի Մուշ:123 Նույն օրը նոր պատրիարք Իզմիրլյանն ասում էր բրիտանական դեսպանին, որ հայերը չեն համարձակվելու ցուցմունքներ տալ, ուստի հանձնաժողովի աշխատանքն արդյունավետ լինել չի կարող: Պատրիարքը տեղեկացնում էր դեսպանին, որ զրկված է որևէ տեղեկատվությունից, քանի որ իշխանությունները ամբողջությամբ դադարեցրել են նամակագրական կապը շրջաններից և բանտարկել հոգևորականների մեծ մասին:124 Քարրին խորհուրդ էր տալիս պատրիարքին,

__________________________________
121 FO 424/181, No. 59, pp. 40-41.
122 Turkey, No. 6 (1896)..., p. 199.
123 Turkey, No. 1 (1895). Part 1..., p. 79.
124 FO 424/181, No. 54, p. 39.

[ էջ 302 ]

մինչև հանձնաժողովի աշխատանքի ավարտը, խուսափել Դռանն ուղղված գրգռիչ բնույթ ունեցող նամակներից:125 Դեսպանը հաղորդում էր Քիմբերլիին, որ սուլթանի կողմից նոր պատրիարքի պատվին տրված պաշտոնական ընդունելության ժամանակ, երբ Իզմիրլյանը սկսում է խոսել հայերի տանջանքների մասին, սուլթանն ընդհատում է նրան և հայտարարում, որ առաջնորդի պարտականությունն է «հանդիմանել հայրենակիցների խռովարար և հանդուգն վարքագծին»: Ըստ Քարրիի, ընդունելությունը չի տևում նույնիսկ երկու րոպե, քանի որ պատրիարքին հրավիրում են մի այլ սրահ, ուր, ընդունված կարգի համաձայն, նա պետք է սուրճ խմեր, և հայտնում, որ նրա ներկայությունը սուլթանի համար այլևս ցանկալի չէ:126

Հունվարի 19-ին Քարրին ներկայացնում է Քիմբերլիին հայկական շրջանների համար բարենորոգումների ծրագրի մի նոր տարբերակ, որի հիմքում ընկած էր ժամանակին Վիլսոնի կողմից նախապատրաստված նախագիծը: Բարենորոգումների ծրագիրը, որը վերամշակել էր Չերմսայդը, բաղկացած էր հետևյալ կետերից. 1/ վալին նշանակվում է տերությունների համաձայնությամբ` հինգ տարի ժամկետով. 2/ վիլայեթի գլխավոր խորհուրդը, որը վերահսկում է նաև ֆինանսական գործունեությունը, կազմվում է սանջակներից ուղարկված պատգամավորներից, համայնքները ներկայացված են խորհրդում իրենց թվին համապատասխան. 3/ վիլայեթը բաժանվում է սանջակների, մյութեսարիֆները կարող են լինել մահմեդական և քրիստոնյա, հաշվի առնելով համայնքների թվի համամասնական հարաբերակցությունը. 4/ սանջակները բաժանվում են կազաների, կայմակամներն ընտրվում են նույն սկզբունքով. 5/ կազաները բաժանվում են նահիեների, մյուդիրներն ընտրվում են նույն սկզբունքով. 6/ կազաներն ունենալու են համայնքները ներկայացնող վարչական խորհուրդներ. 7/ վեքիլներն ընտրվում են համայնքների ղեկավարների կողմից և ներկայացնում համայնքի շահերը վիլայեթի գլխավոր քաղաքում. 8/ վիլայեթի դատարանը կազմվում է երկու քրիստոնյայից և երկու մահմեդականից, որոնք հաստատված ժամկետներում այցելում են տարբեր վայրեր, տեսչություն անցկացնում բանտերում, վերանայում դատավճիռները, լսում բողոքարկումները. 9/ ստեղծվում է խառը ժանդարմերիա,

__________________________________
125 FO 424/181, No. 57, p. 40.
126 FO 424/181, No. 60, p. 41.

[ էջ 303 ]

ուր մահմեդականներն ու քրիստոնյաները ներկայացված են իրենց թվին համապատասխան. 10/ հատուկ միջոցներ են ձեռնարկվում հայերին քրդերից պաշտպանելու նպատակով:127

Քարրին ներկայացնում է դեսպանության նախագիծը հայ պատրիարքին, ինչպես նաև ծանոթացնում նրա հիմնական դրույթների հետ ռուս դեսպանին: Ընդհանուր առմամբ իր գոհունակությունը հայտնելով ծրագրի կապակցությամբ, Իզմիրլյանը ներկայացնում է իր դիտողությունները: Նա գտնում էր, որ. ա/ տերությունները պետք է գործուն կերպով մասնակցեն վալիի ընտրությանը և ամեն ինչ անեն, որպեսզի այդ պաշտոնում նշանակվի քրիստոնյա կամ լավագույն պարագայում հայ. բ/ ծրագրում անպայմանորեն պետք է նշվի տեղական կարիքների համար թողնվող ֆինանսական միջոցների տոկոսաչափը. գ/ մյութեսարիֆները, կայմակամները, մյուդիրներն ու դատավորները պետք է նշանակվեն վալիի, այլ ոչ թե Բարձր Դռան կողմից. դ/ վիլայեթի քրիստոնյա և մահմեդական բնակչության համաչափությունը հաշվարկելիս հարկավոր է նկատի չառնել քոչվոր քուրդ բնակչության հանգամանքը. ե/ պետք է ուժեղացնել նախագծի վերջին կետը, քանի որ 1880 թ. համեմատությամբ իրավիճակը զգալի կերպով փոխվել է` իշխանությունները զինել են հայերի հիմնական հարստահարողներին` քրդերին:

Ռուս դեսպանն իր գոհունակությունն էր հայտնում քրիստոնյա պաշտոնյաների նշանակման գաղափարի ներկայացման կապակցությամբ, հիմնական գործնական դժվարությունը տեսնում էր տերությունների կողմից վալիի նշանակման համաձայնեցման մեջ, առաջարկում պարտադիր կերպով իրականացնել համիդիե գնդերի կարգապահությունը բարձրացնող և վերահսկողությունը սահմանող միջոցառումներ:128

Չնայած այն հանգամանքին, որ տեղական իշխանությունները նախորոք հանձնաժողովի անդամների հետ հանդիպումը դժվարեցնող համապատասխան միջոցներ էին ձեռնարկել, այնուամենայնիվ, սասունցիները խնդրագիր են ներկայացնում, ուր մանրամասն նկարագրում են Սասունում տեղի ունեցած դաժանությունները: Սակայն մի քանի օրից քննությունը դադարեցվում է, քանի որ իշխանությունները մեծ թվով հայեր են ձերբակալում Բիթլիսում և Մուշում: Եվրոպական պատվիրակները բողոք են ներկայացնում Բարձր Դռանը, որից հետո Թահսին փաշան հեռացվում է պաշտոնից, նրան փոխարինում է

__________________________________
127 FO 424/181, No 88/1, p. 57.
128 FO 424/181, No. 93, pp. 65-66.

[ էջ 304 ]

հանձնաժողովի անդամ Էյմեր բեյը: Տերությունների փոխհյուպատոսների համոզմամբ, հանձնաժողովի թուրք անդամները խուսափում էին վկաների ցուցմունքները լսելուց, գլխավորապես որպես հիմք ընդունելով պաշտոնական փաստաթղթերն ու պաշտոնյաների վկայությունները:129 Փետրվարի 8-ին Շիպլին հաղորդում էր Քարրիին, որ թեև հանձնաժողովն այս ընթացքում կատարել է գործի 12 լսում, այն հանդիպել է ընդամենը մեկ հայ վկայի հետ: Ըստ փոխհյուպատոսի, հանձնաժողովի թուրք անդամները հանձնարարություն են ստացել ապացուցելու, որ ա/ «հայերի շրջանում գոյություն է ունեցել բաց ապստամբության իրավիճակ». բ/«բոլոր դեպքերում ագրեսորները հայերն էին, այլ ոչ թե քրդերը». գ/ «հայերն իրագործել են ապստամբական բարբարոս գործողություններ մահմեդականների դեմ»: Դրան հակառակ եվրոպական պատվիրակները այցելում էին հայկական բնակավայրեր և հաստատություններ, լսում բազմաթիվ հայերի վկայություններ, ինչն առաջացնում էր սուլթանական իշխանությունների դժգոհությունը:130

Մարտի 13-ին Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ֆռենկ Լասսելզը հաղորդում էր Լոբանով-Ռոստովսկու հետ կայացած հանդիպման մասին, որի ժամանակ վերջինս նշում էր, որ երբևիցե «գոհացուցիչ արդյունք» չի ակնկալել հանձնաժողովի աշխատանքից և համոզված է, որ Սասունի ջարդի իրական կազմակերպիչները պատասխանատվության չեն ենթարկվելու: Նա առաջարկում էր բրիտանական կառավարությանը մտածել, թե ինչ է՞ հարկավոր անել հանձնաժողովի աշխատանքի ավարտից հետո, միաժամանակ իր գոհունակությունը հայտնելով Հայկական հարցում երկու պետությունների դեսպանների համագործակցության կապակցությամբ:131

Բրիտանական դեսպանության և հյուպատոսությունների տեղեկությունների համաձայն, նույնիսկ Սասունի դեպքերի հետաքննության ընթացքում սուլթանական իշխանությունները շարունակում էին հետապնդել հայ բնակչությանը, անհիմն խուզարկությունների և անժամկետ բանտարկությունների ենթարկում մեծ թվով հայերի, որոնք մեղադրվում էին հեղափոխական գործունեության մեջ: Մարտի 16-ին Քիմբերլին գրում էր Քարրիին, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանն ու հասարակական կարծիքը

__________________________________
129 Turkey, No. 1 (1895). Part 1..., pp. 74-75, 82; Кавказ, 1895, 24, 29 января.
130 Turkey, No. 1 (1895). Part 1..., pp. 76-78.
131 Նույն տեղում, էջ 92-93:

[ էջ 305 ]

կառավարության ուշադրությունն էին հրավիրում բազմաթիվ նման փաստերի վրա: Մասնավորապես, հիշատակվում էր 80 հայերի բանտարկության փաստը Կոստանդնուպոլսում, որոնց հանցանքը կայանում էր նրանում, որ նրանք օգնություն էին փորձում հավաքել Սասունի դեպքերի ընթացքում տուժված իր հայրենակիցների համար: Նշվում էր նաև թուրքական բանտերում տիրող սարսափելի վիճակի և, մասնավորապես, հայերի հանդեպ կիրառվող տանջանքների մասին:

Քիմբերլին գրում էր, որ այս բոլոր փաստերը հակասում են սուլթանի և իր կառավարության կողմից տրված խոստումներին և Բեռլինի պայմանագրի 61-րդ հոդվածով ստանձնած պարտավորություններին` քրիստոնյա հպատակների կյանքի բարելավման մասին: Արտգործնախարարը հանձնարարում էր դեսպանին Բարձր Դռան ուշադրությունը հրավիրել նշված փաստերի վրա, պահանջել ազատ արձակել անհիմն մեղադրանքներով ձերբակալված հայերին և իրավունք վերապահել օտարերկրյա հյուպատոսներին` մասնակցել քրիստոնյաների դատավարություններին, ինչպես նաև առաջարկում էր խորհրդատվություններ անցկացնել տերությունների ներկայացուցիչների հետ:132

Մարտի 19-ին Քարրին Քիմբերլիին հաղորդում էր, որ խորհրդատվությունների արդյունքում պարզվել է, որ Ռուսաստանն ու Ֆրանսիան կողմնակից են առանձին ներկայացումներ կատարել Բարձր Դռանը բանտարկյալների հարցում և առայժմ խուսափել համատեղ գործողությունից, մինչև որ չհասունանա ընդհանուր ներում շնորհելու կամ բարենորոգումների ծրագիր առաջարկելու անհրաժեշտությունը: Ըստ դեսպանի, Գերմանիան և Իտալիան համաձայնել են մասնակցել տերությունների համատեղ միջոցառումներին, սակայն Ավստրիան դեռևս վերապահ է:133

Մարտի 21-ին մեծ վեզիրը Քարրիին հայտնում է, որ Աբդուլ Համիդը որոշում է կայացրել քննել դատապարտված բոլոր հայ հոգևորականների գործերը մայրաքաղաքում և ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր չեն մեղադրվում սպանության կամ այլ ծանր հանցանքի մեջ: Միաժամանակ Բարձր Դուռը պահանջելու է, շարունակում էր մեծ վեզիրը, որպեսզի այդ հոգևորականներն այլևս չզբաղեցնեն կարևոր պաշտոններ: Նա խոստանում է դեսպանին իր

__________________________________
132 Turkey, No. 1 (1896). Correspondence Relative to the Armenian Question and Reports from Her Majesty`s Consular Officers in Asiatic Turkey. London, 1896, pp. 9-10.
133 Նույն տեղում, էջ 10:

[ էջ 306 ]

ողջ հեղինակությունն օգտագործել սուլթանի առջև` մյուս քաղաքական բանտարկյալների համար նույնպես նման որոշում ընդունելու հարցում: Քարրին պահանջում է նաև համապատասխան հրահանգ իջեցնել տեղական իշխանություններին` հայերի անհիմն ձերբակալություններն ու հալածանքները դադարեցնելու նպատակով:134

Մարտի 21-ին Աբդուլ Համիդը հրավիրում է Քարրիին Յըլդիզ Քիոշք «իֆթարի» (երեկոյան ճաշ Ռամադանի ընթացքում - Ա.Կ.), ուր երկար զրույց է ունենում բրիտանական դեսպանի հետ Հայկական հարցի շուրջ: Սուլթանն իր զարմանքն էր հայտնում Քարրիի այն տեղեկատվության կապակցությամբ, որի համաձայն կայսրության տարբեր շրջանների բանտերում գտնվում է շուրջ 700 հայ քաղբանտարկյալ: Ըստ սուլթանի տեղեկությունների, ներկայումս ընդամենը 30 հայ քաղբանտարկյալ կա, որոնք ձերբակալվել են Յոզղատում, Կեսարիայում և Թոքաթում տեղի ունեցած քաղաքական հուզումների հետևանքով: Դեսպանը նշում էր, որ ներկայումս այնպիսի բանտ չկա կայսրությունում, որը հայերով լեցուն չլինի: Աբդուլ Համիդը պատասխանում է, որ չի կարող նույնիսկ պատկերացնել ու հավատալ, որ տեղական իշխանությունները հայերին բանտերում են պահում առանց քննության և դատի: Քարրին հաստատում է իր ասածը գրեթե ամեն օր հյուպատոսներից ստացվող զանազան օրինակներով և ընդգծում կրկին, որ շատ դեպքերում նրանց ձերբակալում են ոչ քաղաքական և չհիմնավորված հանցանքների համար և պահում բանտերում միմիայն այն բանի համար, որ նրանք հայեր են:

Սուլթանը փորձում էր հավաստիացնել դեսպանին, որ ինչպես ինքը, այնպես էլ իր նախնիները միշտ «գթասրտությամբ և արդարությամբ» են վերաբերվել հայերին, սակայն վերջին տարիներին նրանք իրենց «լավ չեն պահում» և տարածում են «թյուր և չափազանցված» տեղեկություններ, որոնք «լիովին վստահությամբ» են ընդունվում Անգլիայում: Այդ կապակցությամբ նա զգուշացնում է դեսպանին, որ ներկայիս իրավիճակը կարող է ճակատագրական դառնալ երկու երկրների բարյացակամ հարաբերությունների համար, քանի որ իր մահմեդական հպատակները անտարբեր չեն կարող մնալ հայերի կողմից իրենց հասցվող վիրավորանքների հետևանքով, որոնք «քաջալերվում և պաշտպանվում» են Անգլիայի կողմից:

__________________________________
134 Նույն տեղում, էջ 11:

[ էջ 307 ]

Դեսպանը պատասխանում էր, որ բրիտանական հասարակայնության վրդովմունքն առաջացել է հիմնականում հայերի շարունակվող քաղաքական բանտարկությունների պատճառով և նշում, որ սուլթանի որոշումը բանտարկված հայ հոգևորականներին ազատ արձակելու մասին մեծ ազդեցություն կարող է ունենալ հասարակական կարծիքի վերաբերմունքի վրա: Նա խնդրում էր սուլթանին նման որոշում կայացնել նաև մյուս հայ բանտարկյալների համար: Վերջին տարիներին Անգլիայում առաջացած վրդովմունքը, շարունակում էր Քարրին, «ուժեղ է և անկեղծ», ժողովուրդն այլևս չի կարողանում կիսել պատասխանատվությունը գործերի նման ընթացքի համար: Ուստի բրիտանական կառավարությունը ստիպված է լինելու պահանջել վարչական բարենորոգումների իրագործում և երաշխիքներ` հայերին քրդերից պաշտպանելու նպատակով:

Աբդուլ Համիդը պատասխանում է, որ իր նախորդների կողմից ընդունված օրենքները, ճիշտ կիրառելու դեպքում, ամբողջությամբ հնարավորություն են տալիս ապահովելու լավ կառավարում: Իրավիճակը բարելավելու համար, ըստ սուլթանի, հարկավոր է միայն ավելացնել ոստիկանների և զինվորների թիվն այն շրջաններում, ուր լարվածություն գոյություն ունի քրդերի ու հայերի միջև, դատավորների պաշտոններում նշանակել լավագույն մարդկանց, ինչպես նաև պետական ծառայության մեջ ընդգրկել որոշակի թվով հայերի: Աբդուլ Համիդի կարծիքով, նման բարելավումներ իրականացնելու դեպքում բարենորոգումների պահանջն ընդհանրապես կորցնում է իր իմաստը:

Պնդելով այն հանգամանքի վրա, որ գոյություն ունեցող օրենքներն ու սուլթանի ցանկությունները չեն համապատասխանում այն իրականությանը, որը գոյություն ունի կայսրության հեռավոր շրջաններում, Քարրին հասնում է նրան, որ Աբդուլ Համիդը խոստանում է Բայրամի տոնից անմիջապես հետո կազմել հանձնաժողով, որը կուսումնասիրի հայերի դժգոհության փաստերը և կառաջարկի անհրաժեշտ բարենորոգումների ծրագիր:135

Մարտի 28-ին Քիմբերլին քննարկում է Հայկական հարցը Ռուստեմ փաշայի հետ: Զրույցի ընթացքում վերջինս փորձում էր համոզել նախարարին, որ հայերի հետ կապված բոլոր բարդությունները ստեղծված են հեղափոխական գործակալների և կազմակերպությունների գործունեության մեղքով: Քիմբերլին չի մերժում

__________________________________
135 Նույն տեղում, էջ 12-15:

[ էջ 308 ]

հեղափոխականների առկայության փաստը, սակայն համոզված կերպով նշում է, որ պատճառները շատ ավելի խորն են և բխում են Թուրքիայում ստեղծված անառողջ վարչական կացությունից:

Այնուհետև դեսպանը քննադատում է բրիտանական կառավարությանը Սասունի դեպքերի մասին Բարձր Դռանը չափազանցված և անհիմն մեղադրանքներ ներկայացնելու մեջ, երբ հանձնաժողովը դեռևս չի ավարտել իր աշխատանքը: Քիմբերլին պատասխանում է, որ բրիտանական կառավարության տրամադրության տակ գտնվող և իրականությանը համապատասխանող տեղեկություններն ու փաստերը վկայում են այն մասին, որ Սասունում տեղի են ունեցել «անօգնական և անզեն» հայերի «սարսափելի կոտորածներ»: Բրիտանական կառավարությունը պատրաստվում է, շարունակում էր նախարարը, հանձնաժողովի աշխատանքների ավարտից անմիջապես հետո պահանջել սուլթանական իշխանություններից վարչական բարենորոգումների իրագործում: Դեսպանի այն հարցին, թե ինչի՞ հիման վրա է պատրաստվում Մեծ Բրիտանիան միջամտել Թուրքիայի ներքին գործերին, Քիմբերլին, չթաքցնելով իր զարմանքը, հիշեցնում է նրան Բեռլինի պայմանագրով և Կիպրոսի կոնվենցիայով նախատեսված սուլթանական կառավարության պարտավորությունները, ինչպես նաև բրիտանական կառավարության և մյուս տերությունների իրավունքները: Ֆորին Օֆիսի ղեկավարի համոզմամբ, իրավիճակը Փոքր Ասիայում գնալով ավելի է շիկանում, մահմեդականների և քրիստոնյաների միջև տեղի ունեցող բախումները կարող են հանգեցնել «լուրջ իրադարձությունների»:136

Նույն օրերին Լոբանով-Ռոստովսկին ասում էր դեսպան Լասսելզին, որ բավականին մտահոգված է Հայկական հարցի զարգացումներով և անհամբեր կերպով սպասում է Կոստանդնուպոլսում ռուսական, բրիտանական և ֆրանսիական դեսպանների միջև բարենորոգումների ներկայացման կապակցությամբ տեղի ունեցող խորհրդատվությունների արդյունքներին: Նրա կարծիքով, բարենորոգումների իրագործումը դժվարեցնում է այն հանգամանքը, որ հայերը ցրված են կայսրության ողջ տարածքով և բնակչության մեծամասնություն են կազմում միայն Բիթլիսում, Անգորայում և Ալեքսանդրետում, որոնք գտնվում են զգալի հեռավորության վրա մեկը մյուսից: Այդ առումով, շարունակում էր նախարարը, հայերի պարագան բավականին տարբերվում է Լիբանանի խնդրից, որտեղ

__________________________________
136 Նույն տեղում, էջ 12:

[ էջ 309 ]

հեշտությամբ հնարավոր դարձավ սահմանել որոշակի մի շրջան և նշանակել քրիստոնյա նահանգապետ:137

Չնայած իր զառամյալ տարիքին, 1895 թ. գարնանը Գլադստոնը ծավալում է լայն հակաթուրքական քարոզչական գործունեություն երկրում: Ի տարբերություն լիբերալների իրական ղեկավար Ռոզբերիի և նրա կողմնակիցների, կուսակցության անդամների մեծամասնությունը, Գլադստոնի ղեկավարությամբ, հանդես էր գալիս Թուրքիայի դեմ ուղղված Մեծ Բրիտանիայի «անհապաղ և միանձնյա» գործողությունների օգտին: Ապրիլին Գլադստոնը հուշագիր է ներկայացնում կառավարությանը, ուր, բազմաթիվ օրինակներ բերելով պատմությունից, փորձում էր ապացուցել, որ թուրքերը միշտ նահանջել են Մեծ Բրիտանիայի կողմից սպառնացող ռազմական վտանգի առջև: Նա գրում էր. «Ներկայիս պայմաններում միակ ճիշտ միջոցը` Թուրքիայի նկատմամբ հարկադրական ճնշման անհրաժեշտությունը, առաջացել է Հայաստանի հանդեպ գոյություն ունեցող հարգանքից, իսկ «տերությունների համերգի» հարցը մեզ ամենևին չպետք է անհանգստացնի...»:138 Ապրիլի 10-ին Սաիդ փաշան հերթական անգամ Աբդուլ Համիդի դժգոհությունն էր հայտնում Քարրիին Գլադստոնի ծավալած գործունեության կապակցությամբ, խնդրելով բրիտանական կառավարությունից, հնարավորության դեպքում, կանխել նրա հաջորդ ելույթները կամ խորհուրդ տալ նրան չափավորելու իր լեզուն: Արտգործնախարարը ոչ նպատակահարմար էր գտնում Գլադստոնի նման ոճի ելույթներն այն պահին, երբ դեռևս շարունակվում է Սասունի դեպքերի հետաքննությունը, իսկ սուլթանը պատրաստվում է ստեղծել հատուկ հանձնաժողով` բարենորոգումների նախապատրաստման և իրագործման նպատակով:139

Ապրիլի 10-ին Քարրին տեղեկացնում էր Քիմբերլիին Աբդուլ Համիդի հետ ունեցած իր նոր հանդիպման մասին: Սուլթանը հայտնում էր բրիտանական դեսպանին իր որոշման մասին` Կրետեի նախկին վալի Թուրխան փաշային «Հայաստանի հարցերով քննության հանձնաժողովի» նախագահ նշանակելու վերաբերյալ, որն անցնելու է իր պարտականությունների կատարմանը տասնօրյա ժամկետում: Այնուհետև սուլթանը

__________________________________
137 Նույն տեղում, էջ 16:
138 Knaplund P. Op. cit., pp. 267-268.
139 FO 424/182, No. 35, p. 28.

[ էջ 310 ]

տեղեկացնում է իր կողմից քաղաքական բանտարկյալների ցուցակի ուսումնասիրման և շատ հայերի ազատ արձակելու իր որոշման մասին:

Քարրին բրիտանական կառավարության անունից շնորհակալություն է հայտնում սուլթանին կատարված լուրջ քայլերի համար, միաժամանակ հայտնելով նրան, որ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ռուսաստանը պատրաստվում են պաշտոնապես Բարձր Դռանը ներկայացնել բարենորոգումների ծրագիր: Աբդուլ Համիդն իր մտահոգությունն է հայտնում այդ կապակցությամբ, պնդելով, որ շատ ավելի նպատակահարմար կլիներ նախագիծը տրամադրել և քննարկել նորաստեղծ հանձնաժողովի հետ, այլ ոչ թե պաշտոնականացնել խնդիրը: Դեսպանը խոստանում է տեղեկացնել այդ մասին իր գործընկերներին, որոնք իր հետ միասին ներկայումս աշխատում են բարենորոգումների ծրագրի վրա: Երբ այն պատրաստ կլինի, շարունակում էր նա, տերությունները կմտածեն ներկայացման ձևի մասին: Չթաքցնելով իր դժգոհությունը, սուլթանը հարցնում է Քարրիին ծրագրի բովանդակության մասին: Վերջինս պատասխանում է, որ այն լիովին համապատասխանում է ներկայումս մեռած տառ դարձած օսմանյան օրենքներին, սակայն դեռևս չի կարող խոսել նախագծի մանրամասների մասին:

Այնուհետև Աբդուլ Համիդը կրկին սկսում է խոսել իր և իր նախորդների կողմից հայերին տրված արտոնությունների, պետական ծառայության մեջ գտնվող նրանց մեծ թվի մասին: Քարրին միջամտում է սակայն, ասելով, որ ներկայումս հայերի ուզածը ոչ թե պաշտոններն են, այլ կյանքի, ունեցվածքի և պատվի անվտանգության ապահովումը: Սուլթանը ձևական ջերմությամբ նշում է, որ «հայերի շարունակական գոյությունը պարզագույն ապացույցն է այն բանի, որ նրանք օգտվել են այդ անվտանգությունից»: Եթե իր նախորդները չհետևեին այդ քաղաքականությանը, շարունակում էր սուլթանը, ապա ներկայումս ոչ մի հայ չէր մնալու երկրում: Սակայն, ըստ իրեն, տեղի է ունեցել հակառակը` հայերը հարուստ են, իսկ թուրքերը աղքատ:

Քարրին պատասխանում է, որ սուլթանի բարի մտադրությունները ոչ մի կասկած չեն հարուցում բրիտանական կառավարությանը, սակայն անկողմնակալ հյուպատոսական գործակալների բազմաթիվ զեկուցագրերը վկայում են այն մասին, որ կայսրության շրջանների իշխանությունները կեղծ տեղեկություններ են ներկայացնում սուլթանական կառավարությանը: Դեսպանը հավաստիացնում է սուլթանին, որ իր կառավարությունը թշնամական որևէ մտադրություն չունի Թուրքիայի հանդեպ և անում է ամեն ինչ երկու


[ էջ 311 ]

երկրների միջև հարաբերությունները բարելավելու ուղղությամբ: Սուլթանը հույս է հայտնում, որ բրիտանական կառավարությունը կկարողանա չեզոքացնել մամուլի թշնամական վերաբերմունքն իր երկրի նկատմամբ: Քարրին ընդգծում է, որ իր կառավարությունը հնարավորություն չունի վերահսկելու մամուլը և ամեն ինչ կախված է թուրքական կառավարությունից, որը ներկայումս արգելել է օտար լրագրողների մուտքը երկիր: Աբդուլ Համիդը պատասխանում է դեսպանին, որ այդ որոշումը կրում է ժամանակավոր բնույթ, քանի որ լրագրողները կարող են խանգարել Սասունի դեպքերի հետաքննությանը:140

Մարտի վերջին - ապրիլի սկզբին բրիտանական հյուպատոսները Էրզրումից, Տրապիզոնից և Դիարբեքիրից Քարրիին հաղորդում էին հայ բնակչության վիճակի վատթարացման, տեղական իշխանությունների և մահմեդականների կողմից անհանդուրժողական վերաբերմունքի արտահայտման փաստերի մասին:141 Ապրիլի 16-ին Քարրին Սաիդ փաշայի ուշադրությունն է հրավիրում այդ փաստերի վրա, նշելով, որ նման կացության շարունակումը կարող է հանգեցնել լուրջ ճգնաժամի, որը աղետալի հետևանքներ կունենա Թուրքական կայսրության համար: Նա խորհուրդ է տալիս նախարարին բացատրել տեղական իշխանություններին, որ հայերի հանդեպ նման վերաբերմունքի յուրաքանչյուր փաստ դժվար կացության է մատնելու կառավարությանը և ենթարկվելու է խստագույն քննադատության:142

Ապրիլի 22-ին Քարրին Քիմբերլիին հաղորդում էր, որ Բարձր Դուռը հրապարակել է կայսրության վիլայեթների ներկայիս վիճակը քննող հանձնաժողովի կազմը, որը բաղկացած էր կառավարական մի շարք պաշտոնյաներից:143

Ապրիլի 27-ին Քարրին Քիմբերլիին տեղեկացնում էր, որ ռուսական և ֆրանսիական կառավարություններն ընդհանուր առմամբ համաձայնել են բարենորոգումների բրիտանական առաջարկների հետ: Ռուսաստանի և Ֆրանսիայի դեսպաններն այն կարծիքին են, գրում էր Քարրին, որ նախագիծը պետք է ներկայացվի սուլթանին անպաշտոն: Սակայն բրիտանական դեսպանի կարծիքով, այն պետք է ներկայացվի սուլթանական

__________________________________
140 Turkey, No. 1 (1896)..., pp. 18-20.
141 Turkey, No. 6 (1896)..., pp. 268-269, 271,274, 276.
142 Turkey, No. 1 (1896)..., p. 20.
143 Նույն տեղում, էջ 29:

[ էջ 312 ]

կառավարությանը երեք դեսպանությունների կողմից առանձին` համաձայնեցված և նույնանման հայտագրերով:144

Թեև ռուսական կառավարությունն իր համաձայնությունն էր հայտնել բարենորոգումների բրիտանական ծրագրին, այն համոզված էր, որ Մեծ Բրիտանիայի դիվանագիտությունը փորձում է օգտագործել Հայկական հարցն իր շահերին համապատասխան: Ռուսական կառավարությունն այն կարծիքին էր, որ հայերի կյանքի պայմանների բարելավմանն ուղղված Մեծ Բրիտանիայի բարենորոգումների քաղաքականության գլխավոր նպատակը կայանում էր Ռուսաստանին Օսմանյան կայսրության քրիստոնյա բնակչության հովանավորության և դրա պատրվակով նրա ներքին գործերին միջամտելու հնարավորությունից զրկելու մեջ: Մայիսի 8-ին իր կառավարությանն ուղղված զեկուցագրում գեներալ-լեյտենանտ Զելյոնին գրում էր, որ Հայկական հարցում բրիտանական դիվանագիտությանը ղեկավարում է ոչ թե մարդասիրությունը և սերը հայերի հանդեպ, այլ այն վտանգը, որը նա տեսնում է ռուսական սևծովյան նավատորմի վերածնման, դեպի Աֆղանստանի և Հնդկաստանի սահմաններն ուղղված Ռուսաստանի առաջխաղացման, վերջին պատերազմից հետո Թուրքիայի հետ հաստատված բարիդրացիական հարաբերությունների մեջ: Անգլիան ձգտում է ստեղծել հայերով բնակեցված «արտոնյալ նահանգ», շարունակում էր Զելյոնին, ինչն ուղղված է Ռուսաստանի և Թուրքիայի քաղաքական շահերի դեմ: Նա գրում էր, որ Ռուսաստանը չի կարող անտարբեր մնալ իր սահմանի մոտ եվրոպական քաղաքական և ռազմական խարիսխի, «Հայկական Բուլղարիայի» ստեղծմանը, որը զրկելու է իրեն տարածաշրջանում «օրինական գերակշիռ ազդեցությունից»:145

Բրիտանական կառավարության ծրագիրը ներկայացնում էր իրենից սուլթանական կառավարությանն ուղղված, հայերով բնակեցված Վանի, Էրզրումի, Սեբաստիայի, Բիթլիսի, Խարբերդի և Դիարբեքիրի վիլայեթների վարչական կառավարման բարելավմանը վերաբերող առաջարկներ: Համաձայն նախագծի. 1/ գերազանցապես հայերով բնակեցված շրջանների կառավարական պաշտոնյաների մեկ երրորդը պետք է կազմված լինի քրիստոնյաներից. 2/ ժանդարմերիան հավասարապես պետք է ներկայացված լինի ինչպես

__________________________________
144 FO 424/182, No. 104, p. 175.
145 АВПР, ф. Политический архив, д. 3440, л. 5-6, 9-10.

[ էջ 313 ]

մահմեդականներով, այնպես էլ քրիստոնյաներով. 3/ հարկահավաքը պետք է կատարվի ոչ թե ժանդարմների, այլ հատուկ պաշտոնյաների կողմից, որոնք նշանակվում են համայնքային խորհուրդների կողմից. 4/ տերությունների համաձայնությամբ վիլայեթների ղեկավար է նշանակվում նահանգապետ-քրիստոնյա, որի գործունեությունը պետք է վերահսկի Կոստանդնուպոլսում գտնվող մահմեդականներից և քրիստոնյաներից բաղկացած խառը հանձնաժողովը. 5/ բարենորոգումների իրագործման գործընթացը պետք է անցկացվի տերությունների ներկայացուցչի` գերագույն կոմիսարի հսկողության ներքո:146 Այսպիսով, բրիտանական նախագծի համաձայն, Արևմտյան Հայաստանը ստանում էր փաստորեն եվրոպական հովանու տակ գտնվող ինքնավարության կարգավիճակ:

Ռուսական կառավարությունը համաձայն չէր բրիտանական նախագծի հետ երկու հիմնական հարցերի կապակցությամբ: Առաջինը` նա բացարձակապես չէր ցանկանում սահմանափակել Բարձր Դռան իրավունքները, պարտադրելով նրան ընդունել տերությունների առաջարկները: Երկրորդը` նա ձգտում էր հասնել այն բանին, որ բարենորոգումներն իրականացվեին կամ ամբողջ քրիստոնյա բնակչության, կամ էլ ընդհանրապես կայսրության ողջ տարածքի համար: Զելյոնին խորհուրդ էր տալիս իր կառավարությանը «երբեք չհամաձայնել ոչ միայն 9 վիլայեթից, այլև նույնիսկ 2 սանջակից կազմված արտոնյալ հայկական նահանգի ստեղծմանը...»:147

Ռուսաստանի դիրքորոշումը լիովին համապատասխանում էր սուլթանական կառավարության քաղաքականությանը, որը կտրականապես դեմ էր եվրոպական տերությունների որևէ միջամտությանն իր ներքին գործերին: Այդ օրերին Զեքքի փաշան ասում էր ռուս գնդապետ Պուտյատային, որ ՙեթե հայերին բարենորոգումներ շնորհել այն տեսքով, ինչպես որ դա շարադրված է նախագծում, դա կնշանակի անել ամեն հնարավորը` անկախ Մեծ Հայաստան ստեղծելու ճանապարհին, և առաջացնել շատ ավելի համառ պահանջներ նրանց կողմից՚:148

__________________________________
146 The Armenian Reforms. - The Spectator, 1895, vol. 74, May 18, p. 675.
147 АВПР, ф. Политический архив, д. 3440, л. 22-23.
148 ՀՀ Կենտրոնական Պատմական Արխիվ, ֆ. «Փաստաթղթերի քաղվածքների հավաքածո», ց. 1, գ. 339, 2-րդ մաս, էջ 95-96:

[ էջ 314 ]

Այն բանից հետո, երբ Ռուսաստանն ու Ֆրանսիան միացան բրիտանական կառավարությանը բարենորոգումներ պահանջելու հարցում, հայտարարելով միաժամանակ, որ սուլթանական կառավարության նկատմամբ հարկադրական որևէ միջոցների չեն գնալու, մայիսի 11-ին Բարձր Դռանը ներկայացվեց ռուս և ֆրանսիացի դեսպանների կողմից էապես խմբագրված և կրճատված բրիտանական նախագիծը: Բարենորոգումների ծրագիրը բաղկացած էր հետևյալ հիմնական առաջարկություններից. 1/ վիլայեթների թվի պակասեցում. 2/ վալիների ընտրություն և նշանակում տերությունների կիսապաշտոնական համաձայնությամբ. 3/ հայ քաղբանտարկյալների ընդհանուր ներում, աքսորված և փախստական հայերի վերադարձ. 4/ դատական համակարգի և բանտերի վիճակի բարելավում. 5/ բարենորոգումների իրագործումը վերահսկող, տերությունների հավանությունը ստացած գերագույն կոմիսարի նշանակում. 6/ պետական երեք մահմեդական և երեք քրիստոնյա պաշտոնյաներից բաղկացած մնայուն հսկող հանձնաժողովի կազմավորում. 7/ Սասունի, Տալվորիկի և այլ տեղերում դեպքերի զոհ դարձած հայերի փոխհատուցում. 8/ կրոնական հավատափոխության ազատ իրավունք. 9/ հայերի առանձնաշնորհումների պահպանում. 10/ Փոքր Ասիայի մյուս շրջանների հայ բնակչության վիճակի բարելավում. 11/ վիլայեթների պաշտոնյաների կարգավիճակին, ոստիկանությանը և ժանդարմերիային, քրդերի և համիդիե հեծելազորի նկատմամբ վերահսկողությանը, հարկահավաքին վերաբերող վարչական բարելավումներ:149

Այսպիսով, ռուսական և ֆրանսիական կառավարությունների ճնշման տակ բրիտանական բարենորոգումների ծրագրից հանվել էին այնպիսի կարևոր հիմնադրույթներ, ինչպիսիք էին վեց վիլայեթների միավորումն ու փաստորեն մեկ հայկական շրջանի ստեղծումը և տերությունների հետ համաձայնեցված քրիստոնյա նահանգապետի նշանակումը:

Արդեն այն ժամանակ Լոնդոնում կանխագուշակում էին, որ նույնիսկ այդ տեսքով ներկայացված բարենորոգումների ծրագիրը դատապարտված է անհաջողության: «Contemporary Review»-ն գրում էր, որ ծրագիրը ներկայացնելուց առաջ Ռոզբերիի

__________________________________
149 Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923) /Պրոֆ. Ջ.Ս. Կիրակոսյանի խմբագրությամբ: Երևան, 1972, էջ 130-147:

[ էջ 315 ]

կառավարությունը պետք է առաջին հերթին բարելավեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, իսկ այնուհետև` գումարեր Բեռլինի պայմանագիրը ստորագրած պետությունների համաժողով:150 «Spectator»-ը նույնպես խորհուրդ էր տալիս կառավարությանը իր ողջ ջանքերն ուղղել Հայկական հարցում Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ մերձեցման ու համագործակցության վրա, քանի որ, առաջինը` ռուսական կառավարությունը երբեք թույլ չի տալու, որ հայերն ընկնեն բողոքական պետության ազդեցության տակ, իսկ երկրորդը` Ֆրանսիան չի ցանկանում Մեծ Բրիտանիայի դիրքերի ամրապնդմամը Միջերկրականի ավազանում, ինչպես որ դա տեղի ունեցավ Եգիպտոսի պարագայում:151 Շաբաթաթերթը նշում էր, որ Բարձր Դռանը ներկայացված «...բարենորոգումները, հավանաբար, չեն իրագործվելու, քանի դեռ չեն ստացել սուլթանի հավանությունը և...որոշակի պայամանագրի տեսք»:152 Իսկ Մակքոլի համոզմամբ, «բարենորոգումների ծրագրի ճակատագրական ճեղքը դարձավ հատկապես բոլոր եվրոպական տերությունների կողմից հսկողության բացակայության հանգամանքը»:153

Բարենորոգումների առաջարկների ներկայացումից անմիջապես հետո Եռյակ Դաշինքի տերություններն արտահայտեցին իրենց դժգոհությունը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի միակողմանի գործողությունների կապակցությամբ: Մայիսի 18-ին Բեռլինում դեսպան Մալլետը հաղորդում էր Քիմբերլիին, որ գերմանական կառավարության նման դիրքորոշման ձևավորմանը նպաստել է նաև Աբդուլ Համիդի դիմումը գերմանական կայսր Վիլհելմ 2-րդին` Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի գործողությունները «սանձելու» խնդրանքով:154 Քննադատելով երեք տերությունների նախաձեռնությունը, Ավստրո-Հունգարիայի արտաքին գործերի նախարար, կոմս Ագենոր Գոլուխովսկին առաջարկում էր բրիտանական կառավարությանը ստեղծել վեց

__________________________________
150 Armenia and the Powers..., pp. 636-637.
151 The Armenian Meeting. - The Spectator, 1895, vol. 74, May 11, p. 643.
152 The Armenian Reforms..., p. 674.
153 Maccoll M. The Sultan and the Powers..., p. 11.
154 Turkey, No. 1 (1895). Part 2..., p. 66.

[ էջ 316 ]

տերությունների ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողով, որն ավելի արդյունավետ կհսկի բարենորոգումների գործընթացը:155

Աբդուլ Համիդն ուշադրությամբ հետևում էր եվրոպական դիվանագիտության գործողություններին, մամուլի և հասարակական կարծիքի դիրքորոշման յուրաքանչյուր փոփոխությանը: Մասնավորապես, եթե սովորաբար բրիտանական հասարակայնությունը անտարբեր էր իր երկրում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ, կարելի էր առանց որևէ վտանգի ոչինչ չձեռնարկել, սակայն երբ մամուլն ու հասարակական կարծիքը միասնաբար հանդես էին գալիս իր իշխանության դեմ, ապա դիմադրությունն անօգուտ էր: Նման պարագայում նա որդեգրում էր խոստանալու և ձգձգելու քաղաքականություն: Ինչպես նշում էր «Spectator»-ը, «ներկայումս սուլթանը մոլեգնաբար դիմադրում է տերությունների առաջարկություններին և փորձում դիվանագիտական խուսահնարքների միջոցով, իսկ ինչպես հայտնի է, թուրքերի դիվանագիտական խուսահնարքները նույնքան անթիվ են, որքան ավազահատիկն օվկիանոսում, խուսափել Հայաստանում բարենորոգումների իրագործումից»:156

Եռյակ Դաշինքի տերությունների դիրքորոշումն անմիջապես արտահայտվեց բարենորոգումների առաջարկների կապակցությամբ հունիսի 3-ին Աբդուլ Համիդի հրապարակած պատասխանում: Քարրին տեղեկացնում էր Քիմբերլիին, որ սուլթանը մերժեց բարենորոգումների իրագործման բոլոր առաջարկված երաշխիքները` գերագույն կոմիսարի նշանակմանը, հսկողության հանձնաժողովի ստեղծմանը, տերությունների հետ վալիների նշանակման համաձայնեցմանը վերաբերող կետերը: Նա նույնիսկ չընդունեց դատարանների, ժանդարմերիայի և ոստիկանության աշխատանքի բարելավման, փախստականների վերադարձի, իրավական հանձնաժողովների, ներման, ջարդի ենթարկվածների փոխհատուցման, բանտերում ստուգումներ կատարելու, հայ բնակչության իրավունքները մյուս վիլայեթներում պաշտպանելու առաջարկները:157 Այսպիսով, սուլթանական կառավարությունը փաստորեն ամբողջությամբ մերժեց Մեծ Բրիտանիայի,

__________________________________
155 Armenia and the Powers..., pp. 637.
156 Mr. Gladstone on Armenia..., p. 164.
157 Turkey, No. 1 (1895). Part 2..., p. 66.

[ էջ 317 ]

Ռուսաստանի և Ֆրանսիայի կողմից ներկայացված բարենորոգումների մայիսյան նախագիծը:

Եկավ պահը, երբ եվրոպական տերությունները որևէ կերպ պետք է պատասխանեին սուլթանական իշխանությունների հանդուգն հայտարարությանը: Սակայն պատասխան այդպես էլ չտրվեց: Անմիջապես հաջորդ օրը դեսպան Լասսելզի հետ ունեցած հանդիպման ժամանակ Ռուսաստանի արտգործնախարարն ասում էր, որ ռուսական կառավարությունը «...բարենորոգումների ծրագրի ներկայացումն ամենևին էլ չէր դիտում որպես վերջնագիր սուլթանին և այդ պատճառով էլ նրա մերժումի կամ դեսպաններին հասցեագրված սուլթանի հակաառաջարկների դեպքում չէր նախատեսում և չի քաջալերելու յուրաքանչյուր հարկադրական միջոցի կիրառում»:158

Ռոզբերիի կառավարությունը անվճռական գտնվեց անկախ գործողություն ձեռնարկելու մեջ: Միջերկրական նավատորմը գտնվում էր Բեյրութում` Արևմտյան Հայաստանից ընդամենը 200-300 կմ հեռավորության վրա: Հունիսի 19-ին կառավարությունը քննարկեց Թուրքիայի դեմ նավատորմն օգտագործելու հնարավորությունը, սակայն որևէ որոշում այդպես էլ չընդունեց: Երեք օր անց կառավարությունը վայր դրեց իր լիազորությունները, իսկ հաջորդ օրը թագուհին ՙհրավիրեց՚ պահպանողական կուսակցության ղեկավար Սոլսբերիին կազմավորել իր կառավարությունը:159

3. ՍՈԼՍԲԵՐԻԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԱՌԱՋԻՆ ԱՄԻՍՆԵՐԻՆ (ՀՈՒՆԻՍ - ՍԵՊՏԵՄԲԵՐ)

1895 թ. Սոլսբերիի հեղինակությունը բավականին բարձր էր ինչպես Մեծ Բրիտանիայում, այնպես էլ արտասահմանում: Նա 65 տարեկան էր և հույս ուներ հանգիստ ավարտել իր հաջող պետական գործունեությունը վարչապետի պաշտոնում: Տկար

__________________________________
158 Նույն տեղում, էջ 73:
159 Douglas R. Op. cit., pp. 121-122.

[ էջ 318 ]

առողջության պատճառով նա ստիպված էր ձմեռներն անցկացնել Ֆրանսիայի հարավում: Սոլսբերիի հետաքրքրությունների ընդգրկումը բավականին լայն էր: Նա լավ գիտեր համաշխարհային դասական գրականությունը, ազատորեն տիրապետում էր ֆրանսերենին, սիրում էր ժամանակ անցկացնել Հաթֆիլդի դղյակի քիմիական լաբորատորիայում: Բրիտանական հասարակայնության աչքերում նա զուգակցում էր իր մեջ վիկտորիանական Անգլիայի քաղաքական գործչին բնորոշ ծանրակշռությունն ու պատկառելիությունը:160

Բրիտանական հասարակայնությունը մեծ հույսեր էր կապում Սոլսբերիի իշխանության գալու հետ, ենթադրելով, որ պահպանողական կուսակցության ղեկավարը կարողանալու է ելք գտնել մերձավորարևելյան ճգնաժամից և վերջ դնել սուլթանական կառավարության հակահայկական քաղաքականությանը: Նույնիսկ ընդդիմադիր կուսակցության ղեկավար Ռոզբերին օգոստոսին իր համոզվածությունն էր հայտնում այն մասին, որ «լորդ Սոլսբերին ստանալու է ոչ միայն կուսակցության, այլև ողջ ժողովրդի աջակցությունը»:161

1895 թ. ընթացքում հրապարակած հոդվածաշարում «Spectator»-ը մեծարում էր նոր վարչապետի կարողություններն ու հնարավորությունները, համարելով նրան արևելյան քաղաքականության մեծ գիտակ` միակն Անգլիայում, որը կկարողանա ելք գտնել ստեղծված իրավիճակից և փրկել Օսմանյան կայսրության կոտորվող հայ բնակչությունը:162 «Հայկական հարց» հոդվածում ասվում էր. «Մենք նույնիսկ մեկ րոպե չենք կասկածում, որ Սոլսբերին անկեղծորեն մտահոգված է այն բանով, թե ինչպես կարելի է օգնել Հայաստանի քրիստոնյա բնակչությանը և վերջ դնել թուրքական բռնություններին»: Ըստ «Spectator»-ի, Սոլսբերիի միակ թերությունը կայանում է իր այն համոզվածության մեջ, որ Թուրքիայի հայ

__________________________________
160 Grenville J.A.S. Lord Salisbury and Foreign Policy. London, 1964, pp. 4-6.
161 Russell G.W.E. Armenia and the Forward Movement. - The Contemporary Review, 1897, vol. 71, p. 21.
162 The Armenian Meeting..., p. 643; The Armenian Question. - The Spectator, 1895, vol. 75, July 27, p. 105; Lord Salisbury in Turkey. - The Spectator, 1895, vol. 75, December 7, p. 808; Our Failure in Turkey. - The Spectator, 1895, vol. 75, December 14, p. 884.

[ էջ 319 ]

բնակչությունը փրկելու Անգլիայի միջամտության արդյունքում կարող է ծագել եվրոպական պատերազմի վտանգ:163

Լիբերալների ներկայացուցիչները Սոլսբերիին մեղադրում էին այն բանում, որ նրա ներկայիս կեցվածքը չի համապատասխանում նրա դիրքորոշմանը Բեռլինի համաժողովի ժամանակ, երբ նա թուրքական իշխանության լծի տակ թողեց Սան-Ստեֆանոյի պայմանագրով «ազատագրված» միլիոնից ավելի քրիստոնյաների: Ջորջ Ռասսելը164 գրում էր, որ այն ժամանակ Սոլսբերին գտնվում էր լորդ Բիքոնսֆիլդի ազդեցության ներքո և նման էր «բանտարկյալի, որը գամված էր շղթաներով իր հաղթական առաջնորդի հաղթակառքին»: Թեև 19-րդ դ. վերջին իրավիճակը փոխվել էր, շարունակում էր Ռասսելը, և «լորդ Սոլսբերին, որը 1878 թ. զբաղեցնում էր ետևի նստատեղը և նվագում երկրորդ ջութակը», 1895 թ. դարձավ «Բրիտանական կայսրության բացարձակ տերը..., սակայն քսան տարվա պատմությունը կրկնվում է իր բոլոր մանրամասներով»:165

Գալով իշխանության, Սոլսբերին որոշեց իր վրա վերցնել նաև Ֆորին Օֆիսի ղեկավարությունը և համատեղության կարգով իրեն տեղակալ նշանակեց Օսմանյան կայսրությունում դեսպան Քարրիին, որի հետ գտնվում էր մտերիմ հարաբերությունների մեջ: Այդ հանգամանքը վկայում է այն մասին, թե ինչպիսի նշանակություն ուներ բրիտանական կառավարության համար արևելյան քաղաքականությունը և, մասնավորապես, Հայկական հարցը: Առաջին հայացքից կարող էր թվալ, որ Սոլսբերին փորձում էր հեռանալ պահպանողականների ավանդական քաղաքականությունից Արևելյան հարցում և պատրաստ էր սատարել Ռուսաստանին` նեղուցները վերահսկելու իր պատմական առաքելությունն իրագործելու խնդրում: Իրականում Սոլսբերին եկել էր այն համոզման, որ Օսմանյան կայսրության փլուզումն անխուսափելի է, սակայն որոշել էր ոչինչ չձեռնարկել այդ ընթացքն արագացնելու ուղղությամբ: Մի կողմից` Բրիտանական կայսրության շահերը

__________________________________
163 The Armenian Question..., p. 105.
164 Ռասսել (Russell) Ջորջ Ուիլյամ (1853-1919) - բրիտանացի քաղաքական գործիչ, լիբերալ կուսակցության ղեկավար անդամ: 1880-1885 թթ.` խորհրդարանի անդամ, 1892-1894 թթ.` Հնդկաստանի գործերի փոխնախարար, 1894-1895 թթ.` ներքին գործերի փոխնախարար, 1889-1895 թթ.` Լոնդոնի քաղաքապետարանի, 1907 թ.` գաղտնի խորհրդի անդամ:
165 Russell G.W.E. Op. cit., p. 22.

[ էջ 320 ]

պահանջում էին պահպանել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը և պաշտպանել սուլթանական կառավարությունը Ռուսաստանի ազդեցությունից, իսկ մյուս կողմից` առանց Ռուսաստանի աջակցության և եվրոպական տերությունների համաձայնության Մեծ Բրիտանիայի քաղաքականությունն Օսմանյան կայսրության նկատմամբ կորցնում էր իր իմաստն ու նշանակությունը: Այդ իսկ պատճառով Սոլսբերին ուղղեց իր ջանքերը Հայկական հարցում ռուս-բրիտանական համագործակցության հաստատմանը, փորձելով համոզել սուլթանին համակերպվել Եգիպտոսի գրավման հետ, փոխել ռուսական բարեկամությունը բրիտանականի հետ` Մեծ Բրիտանիայի ազդեցությունը Օսմանյան կայսրության հանդեպ վերականգնելու նպատակով: Այսպիսով, ճկուն կերպով քողարկելով իր քաղաքականության իրական էությունը Հայկական հարցում, բրիտանական կառավարությունը փորձում էր Գերմանիայի կամ Ռուսաստանի հետ բարեկամություն և համագործակցություն հաստատելու մասին հայտարարություններով ստիպել Աբդուլ Համիդին վերադառնալ իր ազդեցության ոլորտը:

Հունիսին Ֆորին Օֆիսը հրապարակեց արտաքին քաղաքականության ծրագիրը, որի հիմնադրույթներն էին իռլանդական հոմռուլի (ինքնավարության) անվերապահ ժխտումը, Գերմանիայի և Ռուսաստանի հետ մտերիմ բարեկամական հարաբերությունների վերականգնումը, Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ հակասությունների վերացումն Ասիայում և Աֆրիկայում, Հայկական հարցի հմուտ լուծումը: Վերջին խնդրում Սոլսբերին փաստորեն շարունակեց նախկին վարչապետի քաղաքականությունը: Նա պահանջում էր սուլթանական կառավարությունից պատժել Սասունի ջարդի մեղավորներին և իրագործել Բեռլինի պայմանագրով նախատեսված բարենորոգումները: Հայկական հարցին վերաբերող Սոլսբերիի հրահանգները գրեթե ոչնչով չէին տարբերվում նախորդ կառավարության հանձնարարականներից:166

Քարիին ուղղված առաջին նամակում Սոլսբերին հանձնարարում էր դեսպանին ուսումնասիրել Օսմանյան կայսրության դեմ բրիտանական նավատորմի օգտագործման հնարավորությունը` առաջարկված բարենորոգումների ծրագիրը հարկադրաբար իրագործելու նպատակով: Իր հերթին Քարրին վարչապետին է ներկայացնում Կոստանդնուպոլսում բրիտանական առևտրի պալատի նախագահ Ուիտալի նամակը, ուր

__________________________________
166Kennedy A.L. Salisbury. 1830-1903. Portrait of a Statesman. London, 1953, pp. 256-257.

[ էջ 321 ]

նշվում էր, որ բարենորոգումների իրագործումը միմիայն Հայաստանի քրիստոնյա բնակչության կյանքի պայմանները բարելավելու նպատակով ներկայումս անհնարին է` երկրում տիրող մահմեդական մոլեռանդության պատճառով: Նա նպատակահարմար էր գտնում պահանջել սուլթանական կառավարությունից բարենորոգումների իրագործումը ողջ երկրի համար: Հունիսի 27-ի իր նամակում Քարրին ծանոթացնում էր Սոլսբերիին Ֆրանսիայի դեսպան Կամբոնի և մեծ վեզիրի միջև կայացած զրույցի մանրամասները: Դեսպանն ասում էր, որ բրիտանական կառավարության տեղում նա նավատորմը նեղուցներ ուղարկելու փոխարեն կգրավեր ցամաքից Ալեքսանդրետը: Մեծ վեզիրն առարկում էր, որ մյուս տերությունները երբեք այդ բանը թույլ չեն տա: Կամբոնը պատասխանում է. «Եթե Անգլիան պաշտոնապես հայտարարի, որ իր առջև նպատակ է դրել միմիայն բարենորոգումների իրականացումը, համագործակցելու է մյուս տերությունների հետ և իր պահանջների կամ էլ հարցը կարգավորելու նպատակով համաժողով կազմակերպելու Եվրոպայի համաձայնության դեպքում անմիջապես կհեռանա այնտեղից, եվրոպական տերությունների կողմից որևէ առարկություն չի լինի»:167

Ալեքսանդրետի գրավման գործողությունը Սոլսբերիին թվում էր դժվար իրականանալի մի խնդիր` Մերձավոր Արևելքում բրիտանական զորքի փոքրաթիվ լինելու պատճառով: Հուլիսի 1-ին Քարրիին ուղղված նամակում Սոլսբերին առաջարկում է «սրամիտ» մի գաղափար` Տիգրիսով մինչև Հայաստան ծովային արշավ իրագործելու վերաբերյալ: Դեսպանը պատասխանում էր վարչապետին, որ նման ծրագրի իրագործումն անհնարին է գետի բազմաթիվ ծանծաղուտների պատճառով, որոնք կարող են մեծ վնաս հասցնել ռազմանավերին:168

Հուլիսի 10-ին Սոլսբերին իր մոտ է հրավիրում Ռուստեմ փաշային` Հայկական հարցում բրիտանական կառավարության դիրքորոշումը ներկայացնելու նպատակով: Նա նշում էր, որ Օսմանյան կայսրության պահպանումն ու սուլթանի օրինական իրավունքների պաշտպանությունը հանդիսանում են իր կառավարության «լուրջ ցանկությունն» ու մտահոգությունը: Սակայն, շարունակում էր Սոլսբերին, սուլթանը ոչ մի քայլ չի ձեռնարկում Եվրոպայի և, մասնավորապես, Անգլիայի հասարակական կարծիքի պահանջները

__________________________________
167 Douglas R. Op. cit., p. 122.
168 Նույն տեղում, էջ 123:

[ էջ 322 ]

բավարարելու ուղղությամբ: Մերժելով և «անմտություն» համարելով ինքնավարության մասին բոլոր գաղափարները, նա նշում էր, որ հարցի էությունը կայանում է ընդամենը հայերի համար անաչառ և արդարացի վարչակարգ ապահովելու, քրդերի հալածանքը կանխելու մեջ: Սոլսբերին գտնում էր, որ հարցի լավագույն լուծումը կլիներ Եվրոպային վստահություն ներշնչող «վճռական, ազնիվ և չեզոք» նահանգապետի նշանակումը:

Անդրադառնալով երեք տերությունների դեսպանների կողմից սուլթանական կառավարությանը ներկայացված բարենորոգումների ծրագրին, Սոլսբերին ասում էր, որ ամբողջությամբ պաշտպանելու է նախորդ կառավարության քաղաքական գիծն այդ ուղղությամբ և վճռականորեն պահանջելու է Աբդուլ Համիդից նրա շուտափույթ իրագործումը: Իր համոզնամբ, ոչ Գերմանիան, ոչ էլ Ավստրիան և Իտալիան չեն հակառակվելու Մեծ Բրիտանիայի քաղաքականությանը, իսկ Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ արդեն իսկ գոյություն ունի որոշակի համաձայնություն: Ըստ Սոլսբերիի, Օսմանյան կայսրության տարածքային ամբողջականությունն ապահովում է Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի միջև գոյություն ունեցող անհամաձայնության հանգամանքը: Սակայն եթե դեպքերի զարգացումը բերի նրան, որ երկու տերությունների քաղաքականությունն ու հասարակայնության կարծիքը համընկնի, շարունակում էր վարչապետը, Օսմանյան կայսրությունը «պետք է անհայտանա»: Ուստի Սոլսբերին առաջարկում էր ժամանակ չկորցնել և միջոցներ ձեռնարկել բարենորոգումներն իրականացնելու ուղղությամբ:

Ներկայացնելով զրույցի մանրամասները Քարրիին, Սոլսբերին հանձնարարում էր նրան շարունակել պահանջել սուլթանական կառավարությունից մայիսյան ծրագրի իրագործումը: Սակայն եթե Աբդուլ Համիդը շարունակի համառություն ցուցաբերել այդ հարցում, առաջարկվում էր անմիջապես խորհրդակցել Ռուսաստանի կառավարության հետ:169

Հուլիսի 18-ին Օսմանյան կայրության արտգործնախարարը տեղեկացնում էր Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանություններին, որ սուլթանը համապատասխան ցուցում է իջեցրել Բարձր Դռանը` երկրի օրենքներին համապատասխան բարենորոգումների իրականացումն արագացնելու ուղղությամբ: Մասնավոր հանձնարարականներ պետք է իջեցվեն նաև տեղերի վարչական մարմիններին և

______________________________
169 FO 424/183, No. 57, p. 63.

[ էջ 323 ]

ոստիկանությանը` բախումները կանխելու և քրդերի քոչի հսկողություն սահմանելու մասին: Բարենորոգումների իրականացման հսկողությունը դրվում էր Շաքիր փաշայի վրա:170 Երեք օր անց Ռուսաստանի և Ֆրանսիայի դեսպանները համաձայնեցված հայտագրեր են ներկայացնում Բարձր Դռանը, ուր ասվում էր, որ իրենց կառավարություններն առարկություն չունեն Շաքիր փաշայի նշանակման կապակցությամբ, սակայն ցանկանում են նախ պարզել, թե ինչ բարենորոգումների մասին է գնում խոսքը և թե ինչ լիազորություններով է օժտված լինելու փաշան:171 Բրիտանական դեսպանը ներկայացնում է իր կառավարության կարծիքը հուլիսի 25-ին: Բարձր Դռանը ներկայացված հայտագրում նշվում էր, որ եթե իրագործվելիք բարենորոգումները բավարարեն բրիտանական կառավարության պահանջներին, ապա վերջինս չի առարկելու Շաքիր փաշայի նշանակման կապակցությամբ, սակայն միաժամանակ չի կարող պատասխանատվություն կրել նրա համար, քանի որ նրա թեկնածությունը չի համաձայնեցվել տերությունների հետ:172 Մյուս օրը տեղի ունեցած զրույցի ընթացքում Աբդուլ Համիդը հավաստիացնում էր Քարրիին, որ նախարարների խորհուրդը հաստատելու է բարենորոգումների ծրագիրը մի քանի օրից և անմիջապես սկսելու է նրա իրագործումը: Դեսպանը խնդրում էր սուլթանին հաստատումից հետո ծրագրի օրինակներն ուղարկել Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի և Ֆրանսիայի դեսպանություններին:173

Միաժամանակ բրիտանական կառավարությունը փորձում էր համոզել Ռուսաստանին, որ Մեծ Բրիտանիայի ռազմական նավատորմի ժամանակավոր մուտքը Կոստանդնուպոլիս ռուսական շահերին վնասելու բացարձակ նպատակ չի հետապնդում: Հուլիսի 26-ին Սոլսբերին հանձնարարում էր Լասսելզին հավաստիացնել Լոբանով-Ռոստովսկուն, որ բրիտանական կառավարությունը «մտադիր է ապահովել հայ բնակչության համար միմիայն արդարություն և կյանքի ու ունեցվածքի անվտանգություն» և ցանկություն չունի շնորհել նրան «որևէ բացառիկ արտոնություն»:174

______________________________
170 FO 424/183, No. 78, pp. 89-90.
171 FO 424/183, No. 87, p. 96.
172 FO 424/183, No. 111, p. 115.
173 FO 424/183, No. 119, p. 118.
174 FO 424/183, No. 120, p. 118; Grenville J.A.S. Op. cit., p. 30.

[ էջ 324 ]

Հուլիսի 16-ին, լսելով շուրջ 200 վկաների, Սասունի դեպքերի հետաքննության հանձնաժողովն ավարտեց իր աշխատանքը, սակայն վերջնական արդյունքներն այդպես էլ չհրապարակվեցին: Հուլիսի 20-ին հանձնաժողովի եվրոպացի անդամները ներկայացրեցին իրենց դեսպանություններին համատեղ զեկույց հետաքննության վերաբերյալ, ուր ասվում էր, որ Սասունի շրջանուն իրապես տեղի է ունեցել հայ բնակչության համատարած ջարդ, որին մասնակցել է նաև կանոնավոր թուրքական բանակը: Համաձայն զեկուցագրի, հայերի ապստամբ գործողությունների վերաբերյալ փաստերը հետաքննությամբ չեն հաստատվել: Նշվում էր, որ քանի որ ի սկզբանե նախատեսված չէր տեղական իշխանությունների գործողությունների քննությունը, նրանց պատասխանատվության խնդիրն այդպես էլ չբարձրացվեց:175 Այսպիսով, բրիտանական դիվանագիտությունը չկարողացավ հասնել իր առջև դրված հիմնական նպատակին` պատասխանատվության ենթարկել Սասունի ջարդի մեղավորներին:

Օգոստոսի 1-ին սուլթանական կառավարությունը ներկայացնում է երեք տերությունների դեսպանություններին բարենորոգումների թուրքական ծրագիրը: Համեմատելով փաստաթուղթը մայիսյան ծրագրի հետ, Քարրին հաղորդում էր Սոլսբերիին, որ այն փաստորեն լիովին մերժում էր վալիների հինգ տարվա նշանակման, կայմակամների և մյութեսարիֆների խառը համամասնության, մյուդիրների ընտրության, հարկահավաքի և դատարանների բարեկարգման, ժանդարմերիայում քրիստոնյա սպաների ընդգրկման, գյուղական ոստիկանության և այլ կարևոր առաջարկները: Օգոստոսի 3-ին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները քննարկում են Բարձր Դռան ծրագիրը և համաձայնում, որ այն ոչ թե բարենորոգումների ծրագիր է, այլ ընդամենը մայիսյան առաջարկների մերժում:176

Որպես ոչ լուրջ և անբավարար փաստաթուղթ համարելով սուլթանական կառավարության ծրագիրը, օգոստոսի 5-ին Սոլսբերին հանձնարարում էր Լասսելզին պարզել, թե որքան հեռու կարող է գնալ Ռուսաստանը Բարձր Դռան վրա ճնշում գործադրելու հարցում, քանի որ բրիտանական կառավարությունն այլևս համոզվել է, որ բոլոր

________________________________
175 Turkey, No. 1 (1895). Part 1..., p. 134-146; Americans and Armenians. - The Spectator, 1896, vol. 76, February 1, pp. 156-157.
176 Turkey, No. 1 (1896)..., p. 98-100.

[ էջ 325 ]

դիվանագիտական միջոցները սպառված են: Նա առաջարկում էր, որպեսզի Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ռուսաստանը ձեռնարկեն սուլթանին ստիպելու «ավելի եռանդուն միջոցներ»:177 Կրկին անգամ հավաստիացնելով Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի հավատարմատար Կռուպենսկուն, որ բրիտանական կառավարությունը Հայաստանում ինքնավար պետություն ստեղծելու ոչ մի մտադրություն չունի, Սոլսբերին առաջարկում էր օգտագործել Բեռլինի պայմանագրի 61-րդ հոդվածով տերություններին տրված բարենորոգումների իրագործման հանդեպ հսկողություն սահմանելու իրավունքը և համատեղ կերպով ձեռնարկել «ավելի գործուն և արդյունավետ միջոցներ»:178 Օգոստոսի 9-ին Լոբանով-Ռոստովսկին ասում էր Լասսելզին, որ Օսմանյան կայսրության նկատմամբ ուժի կիրառման գաղափարը մեկ կամ բոլոր տերությունների կողմից ընդհանրապես անընդունելի է և անհանդուրժելի ռուսական կառավարության համար: Նա հավատացած էր, որ Կոստանդնուպոլսում երեք տերությունների դեսպանների վճռական և համատեղ գործունեության միջոցով միմիայն կարելի է հասնել դրական արդյունքների:179

Օգոստոսի 6-ին Չեստերում արտասանած իր ելույթում Գլադստոնը դատապարտում էր սուլթանական իշխանությունների հակահայկական քաղաքականությունը, բնութագրում հայերին որպես «քրիստոնեական քաղաքակրթության հնագույն և աշխարհի ամենից խաղաղ, գործունյա և խելամիտ ժողովուրդը», Հայկական հարցի միակ լուծումը տեսնում «թուրքերին Հայաստանից վտարելու մեջ», մեղադրում եվրոպական տերությունների կառավարությունների անտարբեր դիրքորոշումը:180 Հետաքրքրական է, որ չնայած պահպանողական կուսակցության ղեկավար Սոլսբերիի հետ ունեցած թվացող հակամարտությանը, Գլադստոնի հայ ժողովրդի օգտին արտասանած բազմաթիվ ելույթները հետապնդում էին իշխանությունների հեղինակությունը պաշտպանելու նպատակ: Այսպես, Չեստերի հանրահավաքը և Գլադստոնի ելույթը կայացել էին Սոլսբերիի գիտությամբ և համաձայնությամբ, այն նախագահում էր պահպանողական կուսակցության ղեկավար

_________________________________
177 FO 424/183, No. 151, pp. 154-155.
178 Turkey, No. 1 (1896)..., pp. 118-119.
179 Նույն տեղում, էջ 121:
180 Mr. Gladstone on Armenia..., p. 164; Նոր կյանք, 1898, 1 հունիսի, էջ 163:

[ էջ 326 ]

անդամ Վեստմինստերի դուքսը:181 Իր ելույթի վերջում Գլադստոնը հայտարարեց, որ հանրահավաքը կազմակերպված է ոչ թե ներկայիս կառավարության գործողությունների դեմ բողոքի ի նշան, այլ հակառակը, «նրա դիրքերն ամրապնդելու», «նրան ազգային և բարոյական աջակցություն ցուցաբերելու» նպատակով, առանց որի այն բացարձակ իշխանություն ունենալ չի կարող:182 Այսպիսով, լիբերալների պատվավոր ղեկավարը փորձում էր ուղղել հասարակական կարծիքը կառավարության համար ցանկալի հունով:183

Չեստերի հանրահավաքն ընդունեց Գլադստոնի կողմից առաջարկված հետևյալ բանաձևը. «Ներկայիս հանրահավաքը համոզվածություն է հայտնում, որ ողջ ազգը, առանց կուսակցությունների տարբերության, սրտանց պաշտպանելու է Նորին Մեծության կառավարության ձեռնարկած յուրաքանչյուր միջոցառում, որն ուղղված կլինի Թուրքական Հայաստանի բնակչության համար վարչական կառավարման այնպիսի բարենորոգումների ապահովմանը, որոնք կստեղծեն բնակիչների կյանքի, պատվի, կրոնի ու ունեցվածքի լուրջ երաշխիքներ. իրական նշանակություն կարող են ունենալ միայն այն բարենորոգումները, որոնք գտնվում են Եվրոպայի մեծ տերությունների անդուլ հսկողության ներքո»:184 Այսպիսով, ոչ հեռավոր անցյալում Հայկական հարցում Մեծ Բրիտանիայի անկախ և միանձնյա գործողությունների մասին արտահայտվող Գլադստոնն այս անգամ հանդես եկավ եվրոպական տերությունների համատեղ քաղաքականության օգտին: Այդ օրերին Սոլսբերին խոստովանում էր, որ «ազգային պատվի» մասին մտահոգված էր ոչ միայն իր կուսակցությունը, այլև Մեծ Բրիտանիայի ողջ հասարակայնությունը:185

Բրիտանական խորհրդարանը սկսեց իր աշխատանքը օգոստոսի 15-ին, Վիկտորիա թագուհու թագաճառի ընթերցումով, որի Հայկական հարցին վերաբերող մասն ուշադրություն էր գրավում իր խիստ ոճով: Թագուհին նշում էր, որ անհամբերությամբ սպասում է Մեծ

__________________________________
181 Lord Salisbury and Armenia. - The Nation, 1895, vol. 61, August 15, pp. 110-111.
182 Mr. Gladstone on Armenia..., p. 164.
183 Այդ հանգամանքը բացատրվում է հիմնականում նրանով, որ հուլիսի 12-ին սկսված խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին պահպանողական կուսակցության լիարժեք հաղթանակով:
184 Lord Salisbury and Armenia..., p. 110; Mr. Gladstone on Armenia..., p. 164.
185 Grenville J.A.S. Op. cit., p. 8.

[ էջ 327 ]

Բրիտանիայի, Ռուսաստանի և Ֆրանսիայի դեսպանների կողմից առաջարկված բարենորոգումների իրագործմանը վերաբերող սուլթանական կառավարության որոշմանը: Սոլսբերին հանդես եկավ մեղադրական ելույթով սուլթանական կառավարության հասցեին: Նա սպառնում էր Բարձր Դռանը լուրջ հետևանքներով, եթե վերջինս չընդունի Հայաստանում բարենորոգումների իրագործման վերաբերյալ երեք տերությունների առաջարկները: Միաժամանակ նա ափսոսանք էր հայտնում, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի կառավարությունները չեն համաձայնում հարկադրական միջոցներ կիրառել սուլթանական կառավարության դեմ: Նույն ամսին Դուվրում արտասանած ելույթում Սոլսբերին բնութագրում էր Թուրքիան որպես ՙքայքայված կենտրոն, որտեղից հիվանդությունը կարող է տարածվել թուրքական տիրույթներին սահմանակից Եվրոպայի առողջ մասերի վրա՚, կանխագուշակում Օսմանյան կայսրության մոտալուտ կործանումը:186

Օգոստոսի 13-ին Սոլսբերին իր համոզվածությունն էր հայտնում Մեծ Բրիտանիայում Ֆրանսիայի դեսպանի Դե Կուրսելին, որ ներկայիս պայմաններում երեք տերությունները պետք է խիստ դիրքորոշում որդեգրեն Հայկական հարցում և պահանջեն սուլթանական կառավարությունից բարենորոգումների իրագործման հսկողության իրավունք, որն իրենց տրված է Բեռլինի պայմանագրի 61-րդ հոդվածով: Համոզված լինելով, որ Կոստանդնուպոլսից անհնարին է որևէ հսկողություն սահմանել բարենորոգումների իրագործման գործընթացի նկատմամբ, վարչապետն առաջարկում էր պահանջել սուլթանական իշխանություններից ստեղծել հատուկ հանձնաժողով, որը կտեղակայվի հայկական շրջաններում և որի կազմում ընդգրկված կլինեն չորս թուրք պաշտոնյաներ և տերությունների երեք ներկայացուցիչներ: Վերջիններս պետք է օժտված լինեն լիարժեք և հավասար իրավունքներով` ընդհուպ մինչև անկախ հետաքննության անցկացման և դեսպանություններին առանձին զեկույց ներկայացնելու հնարավորությամբ: Հավանություն տալով գաղափարին, դեսպանն իր համոզվածությունն էր հայտնում, որ այն կարժանանա նույնպես ռուսական կառավարության հավանությանը, քանի որ չի ենթադրում հարկադրական որևէ միտումներ և համապատասխանում է պայմանագրի դրույթներին: Նա նշում էր, որ ֆրանսիական կառավարության քաղաքականությունն այս խնդրում կրում է

__________________________________
186 Новое время, 1912, 19 декабря, 1913, 31 мая.

[ էջ 328 ]

«միջնորդական» բնույթ. Ֆրանսիան պաշտպանելու է յուրաքանչյուր որոշում, որը կընդունվի Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի կողմից:187

Օգոստոսի 14-ին Քարրին Սոլսբերիին հաղորդում էր, որ վերջին մի քանի օրվա ընթացքում սուլթանական իշխանությունների դիրքորոշումը Հայկական հարցում բավականին խստացել է և ձեռք է բերել մոլեռանդ բնույթ: Իրեն հասած հավաստի տեղեկության համաձայն, Բարձր Դռան կողմից դեսպան Ռուստեմ փաշային ուղղված հեռագրում ասվում էր, որ սուլթանն արդեն իսկ ընդունել է բարենորոգումների իրագործման իր ծրագիրը և այլ առաջարկների ներկայացումն ու քննարկումն այլևս դիտվելու է որպես հարձակում մահմեդական կրոնի հանդեպ, ինչպես նաև շարժառիթ կհանդիսանա հայերի կողմից այնպիսի հանցագործությունների կազմակերպման համար, ինչպիսիք ժամանակին իրագործել են բուլղարացիները Մակեդոնիայում:188

Երկու օր անց Ռուսաստանի հավատարմատար Կռուպենսկին կրկին Սոլսբերիին հայտնում է իր կառավարության դիրքորոշումը Հայկական հարցում: Հավանություն տալով Սոլսբերիի հսկողություն սահմանելու գաղափարին, նա նշում էր, որ Բարձր Դռանը ներկայացված բարենորոգումների մայիսյան ծրագիրը Ռուսաստանը վերջնագիր չէր համարում և նմանապես չի ցանկանում, որպեսզի տերություններն այն պարտադրեն սուլթանին: Ռուսական կառավարության քննարկմանը ներկայացնելով հսկողության հանձնաժողովի կազմավորման և տեղակայման մասին իր առաջարկը, վարչապետը միաժամանակ փորձում էր համոզել, որ երեք տերությունների դեսպանները պետք է շարունակեն ճնշում գործադրել Բարձր Դռան վրա` վալիների նշանակման ժամկետի սահմանափակման և քրիստոնյա պաշտոնյաների տոկոսի բարձրացման հարցերում:189 Օգոստոսի 19-ին Կռուպենսկին Սոլսբերիին հայտնում էր Լոբանով-Ռոստովսկու պsատասխանը: Վերջինիս կարծիքով, վալիների նշանակման և քրիստոնյա պաշտոնյաների հարցերը հնարավոր չէ բարձրացնել, քանի որ դրանք Աբդուլ Համիդի ամենից անընդունելի

__________________________________
187 FO 424/183, No. 177, p. 187.
188 FO 424/183, No. 178, p. 194.
189 Turkey, No. 1 (1896)..., p. 120.

[ էջ 329 ]

խնդիրներն են: Հսկողության խառը հանձնաժողովի կապակցությամբ Ռուսաստանի արտգործնախարարը ոչ մեկ առարկություն չուներ:190

Սակայն օգոստոսի 21-ին Սոլսբերիի հետ ունեցած հանդիպման ժամանակ Ռուստեմ փաշան սուլթանի անունից կտրականապես մերժում է նույնիսկ հսկողության խառը հանձնաժողովի առաջարկը: Ավելին, նշելով, որ նման առաջարկները հեղինակազրկում են սուլթանին իր մահմեդական հպատակների աչքում, դեսպանը սպառնում էր վարչապետին Թուրքիայի քաղաքականության հնարավոր փոփոխմամբ, որի արդյունքում նա կարող է հայտնվել Ռուսաստանի ձեռքում: Սոլսբերին պատասխանում է, որ հանձնաժողովի պահանջը` ամենից փոքրագույն երաշխիքն էր, որը, Բեռլինի պայմանագրի 61-րդ հոդվածի պարտավորությունների համաձայն, տերությունների կառավարությունները կարող էին ներկայացնել Բարձր Դռանը: «Եթե հանձնաժողովը պարունակում է իր մեջ ոտնձգություն սուլթանի բացառիկ իրավունքների նկատմամբ, - շարունակում էր վարչապետը, - ապա այդ ոտնձգությունը տեղի է ունեցել դեռևս տասնյոթ տարի առաջ, երբ նա վավերացրել է պայմանագիրը»: Ափսոսանք հայտնելով Աբդուլ Համիդի նման մոտեցման կապակցությամբ, ինչը կարող է մեծ վտանգ ներկայացնել Թուրքիայի համար, Սոլսբերին նշում էր, որ այդ երաշխիքն անհրաժեշտ էր տերություններին և կարող էր հանդիսանալ նրանց վերջին գոհացումը:191

Օգոստոսի 24-ին Քարրին Սոլսբերիին հաղորդում էր, որ բարենորոգումների իրագործման հանձնաժողովի կազմում ընդգրկված են Շաքիր փաշան (նախագահ), Դռան հյուպատոսական բաժանմունքի տնօրեն Դանիշ բեյը (տեղակալ), սուլթանի համհարզը և կայսերական դատարանի պաշտոնյաներ: Ըստ դեսպանի տեղեկությունների, Շաքիր փաշան անմիջապես մյուս օրը պետք է մեկներ Էրզրում:192

Իր հերթական գաղտնի զեկուցագրում ( 26 օգոստոսի ) դեսպանը, հավաստի տեղեկատվություն ստանալով մասնավոր աղբյուրից, գրում էր, որ սուլթանական պալատի պաշտոնյաների մի մասը նախընտրում է դիմադրել բրիտանական առաջարկներին, համոզված լինելով, որ դրանք նպատակ ունեն միմիայն վախեցնել Աբդուլ Համիդին, քանի որ

__________________________________
190 Նույն տեղում, էջ 122:
191 FO 424/183, No. 198, p. 233.
192 Turkey, No. 1 (1896)..., p. 123.

[ էջ 330 ]

Ռուսաստանը երբեք չի համագործակցելու Մեծ Բրիտանիայի հետ: Պաշտոնյաների մյուս խումբն այն կարծիքին է, որ նման դիմադրությունը չափազանց վտանգավոր է: Ըստ Քարրիի, ստանալով Ռուստեմ փաշայի զեկուցագիրը Սոլսբերիի վերջին հայտարարությունների մասին, սուլթանը բավականին մտահոգվել է: Բացի այդ, գաղտնի ոստիկանության տվյալների համաձայն, մահմեդական բնակչության շրջանում տիրում է «լուրջ դժգոհություն»:193

Երկու օր անց Քարրիին է այցելում նախկին արտգործնախարար Սաիդ փաշան, որը փոխանցում է նրան Աբդուլ Համիդի հետևյալ ուղերձը. «Եթե կառավարությունը (Մեծ Բրիտանիայի - Ա.Կ.) համաձայնի, որ հսկողության հանձնաժողովը մշտապես գտնվելու է արտաքին գործերի նախարարության ղեկավարության ներքո, իսկ թարգմանները (երեք տերությունների դեսպանությունների - Ա.Կ.) հաղորդակցվեն հանձնաժողովի հետ արտաքին գործերի նախարարության միջոցով, Դուռը կընդունի երեք տերությունների առաջարկների հետևյալ կետերը. գյուղական պահակախմբերի կազմավորում, ժանդարմերիային վերաբերող առաջարկներ, վարչական մարմիններում աշխատող քրիստոնյաների թվի համաչափություն, մյուդիրների նշանակում տեղական իշխանությունների առաջարկով, բանտերի բարելավում»:194 Քարրին նոր էր Լոնդոն հեռագրել ստացված տեղեկատվությունը, երբ հաջորդ առավոտյան Սաիդ փաշան կրկին հայտնվում է դեսպանությունում և, դժգոհելով սուլթանական պալատում տիրող մթնոլորտից, փոխանցում է դեսպանին Բարձր Դռան պայմանների հետևյալ փոփոխության մասին. եթե տերություններն ընդունեն հանձնաժողովի աշխատաձևի այդ տարբերակը, Դուռը կքննարկի տերությունների հետ նաև մյուս հինգ կետերը:195 Մի քանի օր անց նույն պայմանը երեք տերությունների դեսպաններին ներկայացնում է նաև արտգործնախարար Թուրխան փաշան: Հանդիպման ժամանակ Քարրին հայտարարում է, որ ներկայումս տերությունները պահանջում են եվրոպական ներկայացուցիչների մասնակցություն հանձնաժողովի աշխատանքներում: Թուրխան փաշան կտրականապես մերժում է այդ գաղափարը:196

__________________________________
193 FO 424/183, No. 216, p. 254.
194 FO 424/183, No. 224, p. 258.
195 FO 424/183, No. 230, p. 261.
196 FO 424/183, No. 239, p. 264.

[ էջ 331 ]

Սեպտեմբերի 4-ին Լոբանով-Ռոստովսկին Կռուպենսկուն գրում էր, որ ռուսական կառավարությունը բավարարված է, քանի որ Սոլսբերիի առաջարկած հսկողության հանձնաժողովից խուսափելու պատճառով Դուռը համաձայնում է թույլ տալ ուղիղ կապ թարգմանների ու թուրքական հանձնաժողովի միջև և բավարարում է տերությունների գրեթե բոլոր պահանջները` ոչ այնքան կարևոր ձևափոխումներով:197

Քարրին այլ կարծիք ուներ սուլթանական կառավարության առաջարկության մասին: Նա համաձայն չէր այն կարծիքին, որ Բարձր Դուռն ամբողջությամբ ընդունել է երեք դեսպանների ծրագիրը: Ըստ դեսպանի, թուրքական առաջարկը չէր նախատեսում հանձնաժողովի նախագահի քրիստոնյա տեղակալի, հսկողություն վալիների նշանակման նկատմամբ, հայ բնակչության անվտանգության ապահովման միջոցառումներ վեց վիլայեթների սահմաններից դուրս, եկամուտների մի մասի օգտագործում տեղական կարիքների համար, դատարանների աշխատանքի բարեկարգում և այլն: Քարրին առաջարկում էր Սոլսբերիին շարունակել ճնշում գործադրել Բարձր Դռան վրա դեսպանների մայիսյան ծրագիրն ամբողջությամբ ընդունելու նպատակով` խառը հանձնաժողովի գաղափարից հրաժարվելու պայմանով: Նա բացատրում էր իր նոր առաջարկը նրանով, որ իր ռուս և ֆրանսիացի գործընկերներն այնքան էլ հակված չեն ընդունելու խառը հանձնաժողովի գաղափարը, համոզված լինելով, որ, առաջինը` սուլթանն այն կընդունի միմիայն ուժի գործադրման դեպքում և, երկրորդը` հանձնաժողովի եվրոպացի անդամները որևէ ազդեցություն չեն կարող հաստատել թուրք անդամների նկատմամբ, քանի որ նրանք հրահանգներ են ստանալու միմիայն Կոստանդնուպոլսից: Քարրին առաջարկում էր նաև պնդել, որ Բարձր Դուռը հրապարակի բարենորոգումների ծրագիրը հրովարտակի տեսքով և, որպեսզի այն չդառնա «մեռած տառ», շուտափույթ կերպով նշանակել զինվորական փոխհյուպատոսներ արևելյան շրջաններում: Դեսպանը համոզված էր, որ ռուսներին դժվար է լինելու ընդդիմանալ բրիտանական կառավարության յուրաքանչյուր գործողությանը, բացառությամբ Դարդանելի վրա հարձակմանը, քանի որ այն ուղղված է լինելու հայերի իրավիճակի բարելավմանը: Միաժամանակ կասկած չի հարուցում այն փաստը, շարունակում էր Քարրին, որ ռուսներին դուր չի գալիս Բրիտանիայի միջամտությունը Հայկական հարցում, ինչպես նաև այն ազդեցությունը, որը վերջինս ձեռք է բերել Փոքր

__________________________________
197 FO 424/183, No. 262, p. 403.

[ էջ 332 ]

Ասիայի քրիստոնյա բնակչության շրջանում, որն այսօր օգնություն է հայցում միմիայն Անգլիայից:198

Քարրիին ուղղված պատասխան նամակում Սոլսբերին գրում էր, որ եթե Բարձր Դռան բարենորոգումների ծրագիրը ներկայացվի դեսպանություններին գրավոր տեսքով և տարբերվի մայիսյան առաջարկներից ոչ այնքան կարևոր փոփոխություններով, ապա այն կարելի է ընդունել: Միաժամանակ նա նշում էր, որ չի կարելի վստահել մի հանձնաժողովի, որը բաղկացած լինի միմիայն թուրք հպատակներից: Նա վախենում էր, որ հանձնաժողովի աշխատանքը կարող է ձգվել մի քանի տարով: Սոլսբերին իր համաձայնությունն էր հայտնում Քարրիին ծրագրի հրապարակման և ռազմական փոխհյուպատոսներ նշանակելու թույլտվություն ստանալու առաջարկների կապակցությամբ:199

Սեպտեմբերի 9-ին Թուրխան փաշան հայտնում է երեք տերությունների դեսպանություններին, որ սուլթանական կառավարությունը պատրաստ է ընդունելու և իրագործելու բարենորոգումների վեց լրացուցիչ կետերը: Մասնավորապես, նա հույս էր հայտնում, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը բավարարված է Բարձր Դռան այդ առաջարկներով, որոնց իրագործումով վերջնականապես լուծում կստանա Հայկական հարցը, ինչպես նաև խաղաղություն ու կարգ ու կանոն կհաստատվի կայսրության արևելյան շրջաններում: Միաժամանակ արտգործնախարարը նշում էր, որ եթե, հակառակ սպասածի, Թուրքիայում և արտասահմանում բանսարկություններ ստեղծող «հայկական հեղափոխական կոմիտեներն» օգտագործեն ժանդարմերիայում, ոստիկանությունում և վարչական մարմիններում աշխատանքի ընդունված քրիստոնյաների հանգամանքը մահմեդական բնակչության դեմ բռնություններ գործադրելու նպատակով, ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է երեք տերությունների վրա: Որպես օրինակ բերելով վերջերս Երզնկայում և Սեբաստիայում հայկական ջոկատների կազմակերպած բռնությունները, Թուրխան փաշան ասում էր, որ ներկայումս «հայկական հեղափոխական կոմիտեները» փորձում են իրենց գործողություններով հրահրել մահմեդական բնակչությանը հայերի դեմ: Ըստ նախարարի, Բարձր Դուռը հատուկ հրահանգներ է իջեցրել տեղական իշխանություններին` մահմեդականների կողմից պատասխան բռնությունները կանխելու

__________________________________
198 FO 424/183, No. 263, pp. 403-404.
199 FO 424/183, No. 269, p. 405.

[ էջ 333 ]

նպատակով: Եզրակացնելով իր խոսքը, Թուրխան փաշան նշում էր, որ նախկինում հայ բնակչությունը «շատ խաղաղ էր», սակայն ներկայումս, ոգևորված Անգլիայի և մյուս տերությունների համակրանքով, դարձել է «դժգոհ և անկայուն»: Ցանկանալով վերջ դնել այս հարցին, շարունակում էր նախարարը, Բարձր Դուռն ընդունել է բարենորոգումների իրագործման ծրագիր և առաջարկում է տերություններին զգուշացնել հայերին, որ այլ սպասելիքներ նրանք այլևս ունենալ չեն կարող:200

Նույն օրերին Քարրին առանձին հանդիպումներ է ունենում կաթոլիկ հայերի առաջնորդ Ազարյանի և Կոստանդնուպոլսի պատրիարք Իզմիրլյանի հետ:

Ազարյանը հավաստիացնում էր դեսպանին, որ իր համայնքը բացարձակապես չի մասնակցում լուսավորչական հայերի քարոզչությանը, իսկ անձամբ ինքը փորձում է միջնորդ հանդիսանալ վերջիններիս և թուրքական կառավարության միջև: Սակայն հարցը հասել է նրան, շարունակում էր առաջնորդը, որ այդ դիրքորոշման հետևանքով հայ կաթոլիկները դարձել են այն աստիճանի անհանդուրժելի լուսավորչականների համար, որ պատրիարքն ընդհանրապես չի ցանկանում կապ պահել իր հետ: Համոզված լինելով, որ երկու հայ եկեցիների միջև ծագած հակասությունները պետք է լուծվեն խաղաղ միջոցներով, առանց թուրքական դատարանի միջամտության, Ազարյանը խնդրում էր դեսպանին օգտագործել իր ազդեցությունը երկու առաջնորդներին հաշտեցնելու համար: Քարրիի տեղեկությունների համաձայն, Ազարյանն ունի դավաճանի համբավ և նրա դիրքորոշման նման փոփոխությունը կատարվել է «հեղափոխական կոմիտեից» ստացված մահվան սպառնալիքի պատճառով:201

Քարրին հավաստիացնում էր պատրիարքին, որ բրիտանական կառավարությունը մտադիր է ջանք չխնայել քրիստոնյաների կյանքն ու ունեցվածքի անվտանգությունն ապահովելու համար, սակայն նա շարունակելու է գործել այդ հարցում Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ համատեղ: Դեսպանը հարցնում է պատրիարքին, թե արդյոք ինչ՞ տեղեկատվություն ունի նա «հայկական հեղափոխական կոմիտեների» մտադրությունների մասին: Պատրիարքը պատասխանում է, որ որոշակի ոչինչ չգիտի այդ մասին, սակայն հայերի վիճակը վերջերս ավելի է վատթարացել, Անգլիայի և մյուս տերությունների աջակցությամբ զայրացած թուրքական իշխանությունների վերաբերմունքն ընդունել է շատ

__________________________________
200 FO 424/183, No. 318, pp. 434-435.
201 FO 424/183, No. 316, p. 433.

[ էջ 334 ]

ավելի դաժան բնույթ: Պատրիարքի համոզմամբ, միայն եվրոպական տերությունների ճնշման տակ իրականացված բարենորոգումները կարող են վերականգնել խաղաղությունը հայկական շրջաններում:202

Սեպտեմբերի 11-ին Սոլսբերին հայտնում է Ռուստեմ փաշային, որ բրիտանական կառավարությունը պատրաստ է ընդունել Բարձր Դռան առաջարկները և վերջնական լուծում տալ Հայկական հարցին, սակայն մինչ այդ սուլթանը պետք է ապահովի բնակիչների կյանքի ու ունեցվածքի անվտանգության երաշխիքներ: Նա առաջարկում էր սուլթանական կառավարությանը երկու տարբերակ: Առաջինը կայանում էր վարչական մարմիններում համաչափության սկզբունքով քրիստոնյաներին աշխատանքի ընդունելու և մահմեդական ղեկավար պաշտոնյաներին քրիստոնյա տեղակալներ նշանակելու մեջ: Երկրորդ տարբերակի համաձայն, մահմեդական վարչակազմը շարունակում է իր աշխատանքը շրջաններում տեղակայված և մասնակիորեն եվրոպական ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողովի հսկողությամբ: Վերջիններս պետք է զեկուցեն դեսպաններին կատարվող չարաշահումների մասին:

Նույն օրը Սոլսբերին հանձնարարում է Լասսելզին ներկայացնել իր առաջարկները ռուսական կառավարության քննարկմանը:203

Սեպտեմբերի 14-ին Բարձր Դուռը հանձնարարում է Ռուստեմ փաշային ներկայացնել Սոլսբերիին իր դիրքորոշումը: Սուլթանական կառավարությունը միանշանակ մերժում էր եվրոպական ներկայացուցիչներից բաղկացած հսկողության հանձնաժողովի ստեղծման գաղափարը, քանի որ այն միջամտություն է կայսրության ներքին գործերին և նսեմացնում է սուլթանի ինքնիշխան իրավունքները, որոնք երեք տերությունները բազմիցս խոստացել են հարգել: Քրիստոնյա պաշտոնյաների համաչափության առնչությամբ նշվում էր, որ այդ խնդիրը նախատեսված է Բարձր Դռան բարենորոգումների ծրագրի լրացուցիչ վեց առաջարկների երկրորդ կետում, որի համաձայն, վիլայեթների և սանջակների մահմեդական ղեկավարներն ունենալու են քրիստոնյա օգնականներ, իսկ ոստիկանության և ժանդարմերիայի կազմում ընդգրկվելու են նաև քրիստոնյա սպաներ: Բարձր Դռան պատասխանում նշվում էր, որ Սոլսբերիի առաջարկը վեց վիլայեթների կառավարման

__________________________________
202 FO 424/183, No. 317, p. 434.
203 Turkey, No. 1 (1896)..., pp. 142-143.

[ էջ 335 ]

մարմիններում քրիստոնյաների հավասարաչափ ընգրկման մասին փաստորեն կատարված է և հարցը կարելի է համարել փակված:204

Սակայն բրիտանական կառավարությունը չի բավարարվում Բարձր Դռան պատասխանով: Սեպտեմբերի 23-25-ին Ֆորին Օֆիսը քննարկում էր Ֆրանսիայի դեսպանի և Ռուսաստանի հավատարմատարի հետ Կոստանդնուպոլսում երեք տերությունների դիվանագիտական ներկայացուցչությունների հետագա գործողությունները: Բրիտանական դիվանագետների կարծիքով` 1/ բոլոր վալիները կարող են լինել քրիստոնյա. 2/ պետք խստորեն պահպանվի քրիստոնյա մյութեսարիֆների համաչափությունը. 3/ մահմեդական վալիներն ու մյութեսարիֆները պետք է պարտադիր ունենան քրիստոնյա տեղակալներ: Քննարկումների արդյունքում դիվանագետները համաձայնում են Կոստանդնուպոլսում երեք դեսպանների կողմից ներկայացնել Բարձր Դռանը համատեղ մի հայտագիր, որում պետք է բացի վեց կետից պահանջվեր ևս մեկ էական լրացում, և նշվեր, որ եթե 15 օրվա ընթացքում դեսպանությունները չստանան սուլթանական կառավարությունից գրավոր հավանություն, տերությունները վերաբարձրացնելու են խառը հանձնաժողովի ստեղծման առաջարկը:205

Սեպտեմբերի սկզբին սուլթանական կառավարության հանձնաժողովի ղեկավար Շաքիր փաշան ժամանեց Տրապիզոն: Հյուպատոս Լոնգուորթը Քարրիին գրում էր, որ նրա «իշխանությունը բավականին սահմանափակ է», մասնավորապես, տնտեսական և ֆինանսական հարցերում: Իսկ դա նշանակում է, շարունակում էր հյուպատոսը, որ նրա առաքելությունը չափազանց դժվար իրականանալի է, եթե ոչ ապարդյուն:206 Սեպտեմբերի 9-ին Էրզրումում Շաքիր փաշան զրույց է ունենում բրիտանական հյուպատոս Գռեյվզի հետ: Ծանոթացնելով հյուպատոսին ճանապարհաշինության և 210 քրիստոնյա ժանդարմ նշանակելու իր ծրագրերի հետ, Շաքիր փաշան միաժամանակ ավելացնում էր, որ դրանց իրագործումը կապված է դժվարությունների հետ, որոնք են մեծ ծախսերը և, շատ դեպքերում, կառավարական պաշտոնյաների կողմից մահմեդականների և քրիստոնյաների միջև հրահրվող թշնամությունը:207

__________________________________
204 Նույն տեղում, էջ 143-145:
205 FO 424/183, No. 355, 356, pp. 463-465.
206 FO 424/183, No. 338/1, p. 450.
207 FO 424/183, No. 362/1, p. 469.

[ էջ 336 ]

Հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում բրիտանական հյուպատոսներ Լոնգվորթը (Տրապիզոն), Գռեյվզը (Էրզրում), Քամբերբատչը (Անգորա), Բերնհեմը (Ալեքսանդրետ), փոխհյուպատոսներ Հոլվորդը (Վան), Հեմփսոնը (Մուշ), Բոյաջյանը (Խարբերդ) հաղորդում էին դեսպանությանը հայ բնակչության ծանրագույն վիճակի, մահմեդականների և քրիստոնյաների միջև տեղի ունեցող բախումների, քրդական հարձակումների, թուրք պաշտոնյաների կողմից մահմեդական բնակչությանը հայերի դեմ հրահրելու, հայ հեղափոխականների գործողությունների ակտիվացման փաստերի մասին:208 Մասնավորապես, օգոստոսի 26-ին Հեմփսոնը զեկուցում էր Գռեյվզին, որ հավաստի աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն, մահմեդականների ցածր դասի շրջանում ստեղծված է կազմակերպություն, որի խնդիրն է քրիստոնյա բնակչության դեմ բռնի գործողություններ սկսելու միջոցով տապալել ծրագրված բարենորոգումների իրագործումը:209

4. 1895 Թ. ԲՐԻՏԱՆԱ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ

1890-ական թթ. կեսերին գերմանական դիվանագիտության մերձավորարևելյան քաղաքականության հիմնական նպատակն էր` սրել ռուս-բրիտանական հակասությունները, խոչընդոտել Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի համաձայնությանը Օսմանյան կայսրության բաժանման հարցում, հանդես գալ որպես սուլթանական կառավարության անկեղծ բարեկամ: Նման դիրքորոշումը պայմանավորված էր հիմնականում այն հանգամանքով, որ Թուրքիայի բաժանման հարցում ռուս-բրիտանական հնարավոր համաձայնության դեպքում Մեծ Բրիտանիային և Ռուսաստանին հասնելու էր ավարի առյուծի բաժինը: Իր հերթին, Աբդուլ

__________________________________
208 Turkey, No. 1 (1895). Part 1..., pp. 198, 200-203; Turkey, No. 1 (1896)..., pp. 118-119; Turkey, No. 2 (1896). Correspondence Relative to the Armenian Question and Reports from Her Majesty`s Concular Officers in Asiatic Provinces. London, 1896, pp. 2-4, 9-10, 14, 16-17, 21; FO 424/183, No. 208/2, p. 240; No. 219/2, pp. 255-256; No. 251/2, pp. 398-399; No. 280/1, p. 413.
209 FO 424/183, No. 339/2, p. 451.

[ էջ 337 ]

Համիդը ձգտում էր ի դեմս Գերմանիայի հզոր հակակշիռ ստեղծել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի համաձայնեցված քաղաքականության դեմ: Քանի որ 1895 թ. կեսերին ռուսական և բրիտանական կառավարությունները բավականին մոտ էին Հայկական հարցում համաձայնության հասնելու հարցում, գերմանական դիվանագիտությունը որոշեց կանխել այն, փորձելով համապատասխան բանակցություններ վարել սկզբից Մեծ Բրիտանիայի, իսկ նոյեմբերին` Ռուսաստանի հետ: Կայսրության հնարավոր բաժանման դեպքում նա առաջարկեց վերջինիս Կոստանդնուպոլիսն ու նեղուցները: Այսպիսով, գերմանական կառավարության արտաքնապես բարեկամական հարաբերությունները Աբդուլ Համիդի հետ, նրա հոգատարությունը Օսմանյան կայսրության տարածքային ամբողջականության մասին պարզապես պատրանք էին, երիտասարդ գաղութատիրական ախորժակը քողարկելու միջոց:210

Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի շահերի բախումը Պարսկաստանում և Տիբեթում, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հակասությունները Չինաստանում ստիպում էին բրիտանական կառավարությանը մերձեցման եզրեր փնտրել Գերմանիայի հետ: Օգտագործելով Հայկական հարցը, բրիտանական դիվանագիտությունը հմտորեն վարում էր երկակի խաղ` մի կողմից նա վախեցնում էր ռուսական կառավարությանը Գերմանիայի հետ մերձեցման հնարավորությամբ, իսկ մյուս կողմից` առաջարկում գերմանական կառավարությանը համաձայնության հասնել Օսմանյան կայսրության բաժանման հարցում:

1895 թ. հուլիս-օգոստոսին տեղի ունեցած բրիտանա-գերմանական բանակցությունները համարվում են «...նոր ժամանակաշրջանի դիվանագիտության

__________________________________
210 «Այն փաստը, թե ինչ հեշտությամբ և արագությամբ գերմանական կառավարությունը համաձայնեց նպաստել Թուրքիայի բաժանմանը և այդ կապակցությամբ նույնիսկ հանդես բերեց մեծ եռանդ, - գրում էր ռուս պատմաբան Ա.Ս.Սիլինը , - ապացուցում է, թե որքան ոչ ամուր և կեղծ էր Օսմանյան կայսրության պահպանմանն ու նրա հետ բարեկամական հարաբերություններն ամրապնդելուն ուղղված Գերմանիայի պաշտոնական գիծը» (Силин А.С. Из истории политики Бисмарка в восточном вопросе в 1870-1890 годах. - В кн. Вопросы истории внешней политики СССР и международных отношений. М., 1976, с. 217.):

[ էջ 338 ]

պատմության ամենից մութ էջերից մեկը»,211 քանի որ Սոլսբերիի զրույցները գերմանական դեսպանի և կայսր Վիլհելմ 2-րդի հետ ընթանում էին գաղտնի և մինչև օրս իրենց վերջնական լուսաբանումը չեն ստացել:

Գերմանիայի դեսպան Փաուլ Հացֆելդի հետ հուլիսի 9-ին կայացած հերթական հանդիպման ժամանակ Սոլսբերին, խոսելով Թուրքիայում տիրող ծանր և լուրջ կացության մասին, հայտնեց կայսրության բաժանման վերաբերյալ ռուս-բրիտանական համաձայնագիր ստորագրելու իր մտադրության մասին: Ընկալելով վարչապետի խոսքերը որպես ակնարկ, դեսպանը համոզում է Գերմանիայի արտգործնախարար Մարշալ ֆոն Բիբերշտեյնին և նախարարության խորհրդական Ֆրիդրիխ Գոլշտեյնին, որ բրիտանական կառավարությունն իրապես ծրագրել է իրականացնել Օսմանյան կայսրության բաժանում: Հուլիսի 27-ին Սոլսբերին գրում էր Լասսելզին, որ գերմանական դեսպանը չափազանց անհանգստացած է ռուս-բրիտանական համաձայնագրի ստորագրության հնարավորությամբ: Ըստ վարչապետի, Հացֆելդը փորձում էր համոզել իրեն նման համաձայնագիր ստորագրել ոչ թե Ռուսաստանի, այլ Գերմանիայի հետ:212

Բրիտանացի պատմաբան Ջ. Գրենվիլը բացառում է Սոլսբերիի կողմից գերմանական կառավարությանը նման առաջարկի հնարավորությունը, քանի որ նման գործարքի համար ավելի հարմար էր Ռուսաստանը: Նրա կարծիքով, Հացֆերդը պարզապես խեղաթյուրել էր հարցը հանուն Գերմանիայի առջև դրված կարևոր մի նպատակի` գերմանա-բրիտանական հարաբերությունների բարելավման:213 Բրիտանացի պատմաբան Մ. Ջեֆերսոնը նույնպես համոզված է, որ բրիտանական կառավարությունը նման առաջարկով հանդես չի եկել: Վկայակոչելով Սոլսբերիի օրագիրը, նա գրում է, որ Սոլսբերին, լսելով Հացֆելդի իր արտահայտությունների մեկնաբանության մասին, պատասխանում է. «Ես երբեք նման բան չեմ ասել»:214

__________________________________
211 Силин А.С. Экспансия Германии на Ближнем Востоке в конце Х1Х в. М., 1971, с. 209.
212 Grenville J.A.S. Op. cit., pp. 33-34.
213 Նույն տեղում, էջ 25:
214 Jefferson M.M. Lord Salisbury and the Eastern Question, 1890-1898. - The Slavonic and Eastern European Review, 1960, vol. 39, No. 92, December, p. 49.

[ էջ 339 ]

Օգոստոսի սկզբին, համատեղ ծովային զինավարժություններին մասնակցելու առիթով Անգլիա է ժամանում Գերմանիայի կայսր Վիլհելմ 2-րդը: Թագուհու կողմից հյուրին տրված ճաշի ժամանակ կայանում է կայսրի զրույցը Սոլսբերիի հետ: Հացֆելդի համաձայն, այս անգամ Մեծ Բրիտանիայի վարչապետը չակնարկեց Օսմանյան կայսրության բաժանման մասին, այլ խոսեց միմիայն սուլթանի քրիստոնյա հպատակների ծանր կացության շուրջ: Վիլհելմ 2-րդը լավատեսությամբ էր արտահայտվում ապագայում Թուրքիայի ներքին իրավիճակի բարելավման կապակցությամբ և խորհուրդ էր տալիս Սոլսբերիին համոզել Աբդուլ Համիդին ազատվել միմիայն կաշառակեր պաշտոնյաներից: Զրույցից հետո Սոլսբերին եկել էր այն համոզմանը, որ Գերմանիան թշնամաբար է վերաբերվում բրիտանական կառավարության «հայամետ» քաղաքականությանը և պահանջում չանհնգստացնել սուլթանին: Հետագայում նա գրում էր Քարրիին. «Իմ զրույցները Ավստրիայի և Գերմանիայի դեսպանների հետ առավելագույնս պարզ են դարձնում այն հանգամանքը, որ ամբողջ Եվրոպան ընդդիմության մեջ է գտնվում մեր հայկական քաղաքականության կապակցությամբ: Երկու գերմանական տերություններն այն հստակորեն չեն ընկալում, համարելով այն դոնքիշոտյան և վտանգավոր: Ֆրանսիան համակրանք չի տածում այդ քաղաքականության հանդեպ, սակայն նա պետք է աջակցի Ռուսաստանին: Ռուսաստանը նույնպես չի հավանում մեր քաղաքականությունը, սակայն նա ունի հավատի պաշտպանի համբավ և միաժամանակ որոշ չափով նյարդայնանում է իր հայերի (այսինքն ռուսահայերի - Ա.Կ.) պատճառով: Այսպիսով, նա և հետևաբար նաև Ֆրանսիան, պետք է որ մեզ աջակցեն...» 215

Օգոստոսի 6-ին Սոլսբերին հրաժարվում է այցելել Վիլհելմ 2-րդին «Հոգենցոլլերն» զբոսանավի վրա: «Պատմական նշանակություն ունեցող այդ միջադեպը» զգալի լարվածություն մտցրեց երկու երկրների հարաբերությունների մեջ: Բեռլին վերադառնալուն պես կայսրը կազմակերպում է բրիտանական վարչապետին քննադատող հոդվածաշարի հրապարակում «Շտանդարտ» թերթի էջերում:216

Այնուամենայնիվ Վիլհելմ 2-րդը փորձում էր կանխել ռուս-բրիտանական համաձայնությունը Հայկական հարցում: Գերմանական կառավարությունը մտադիր չէր

__________________________________
215 Grenville J.A.S. Op. cit., p. 38.
216 Նույն տեղում, էջ 39:

[ էջ 340 ]

հրաժարվելու Օսմանյան կայսրության բաժանման գաղափարից: Բեռլին ժամանած Մեծ Բրիտանիայի ռազմական կցորդ, գնդապետ Լեոփոլդ Սուեյնի միջոցով կայսրը ծանոթացնում էր բրիտանական կառավարությանը կայսրության բաժանման իր ծրագրի հետ: Նա խոստանում էր աջակցել Մեծ Բրիտանիային սուլթանական կառավարության դեմ ուժի գործադրման հարցում այն պայմանով, որ Գերմանիան, Ավստրո-Հունգարիան և Իտալիան կստանան համապատասխան փոխհատուցում: Գերմանական կայսրն իր համոզվածությունն էր հայտնում, որ Թուրքիայում հասունացել է քաղաքական ճգնաժամ, որին շուտով հետևելու է պալատային հեղաշրջում: Նա առաջարկում էր Անգլիային Եգիպտոսը, Ռուսաստանին` Կոստանդնուպոլիսը, Փոքր Ասիան և մինչև Սալոնիկ ընկած տարածքը, Ավստրո-Հունգարիային` Սալոնիկը, Իտալիային` Միջերկրականի ավազանի տարածքը և Սուդանը: Բացի այդ, Վիլհելմը խորհուրդ էր տալիս բրիտանական կառավարությանը խոստանալ Ռուսաստանին նաև Սիրիան` ռուս-ֆրանսիական հարաբերությունները փչացնելու նպատակով:217

Այսպիսով, այժմ արդեն Գերմանիան էր հանդես գալիս Օսմանյան կայսրության բաժանման նախաձեռնությամբ: Գերմանական կառավարության նման համառությունը շփոթության էր մատնել Սոլսբերիին: Նա սկսում էր արդեն մտածել, որ նման զարգացումները կարող են բերել նրան, որ Մեծ Բրիտանիան, Ղրիմի պատերազմի օրինակով, այս անգամ ինքը կարող է հայտնվել Ռուսաստանի վիճակում:218 Այդ իսկ պատճառով էլ բրիտանական կառավարությունն անտարբերությամբ վերաբերվեց Վիլհելմ 2-րդի ծրագրին, փաստորեն մերժելով այն: Ակնարկելով գերմանական կառավարությանը Թուրքիայի բաժանման տարբերակը, Սոլսբերին հավանաբար փորձում էր շոշափել Գերմանիայի դիրքորոշումը, ինչպես նաև սրել ռուս-գերմանական հարաբերությունները Մերձավոր Արևելքում:

Սուլթանական կառավարությունն այդպես էլ չիմացավ Լոնդոնի և Բեռլինի միջև տարվող գաղտնի բանակցությունների մասին: Իսկ գերմանական կառավարությունը շարունակեց առաջվա պես ցուցաբերել իր «անտարբերությունը» Օսմանյան կայսրությունում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ:

__________________________________
217 Նույն տեղում, էջ 40-41:
218 Силин А.С. Экспансия Германии на Ближнем Востоке..., с. 215.

[ էջ 341 ]

5. ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՀԱՅ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿՈՏՈՐԱԾՆԵՐԸ ԵՎ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ (1895 Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐ - 1896 Թ. ՕԳՈՍՏՈՍ)

Սուլթանական իշխանության դեմ ուղղված Սոլսբերիի, Գլադստոնի, բրիտանական քաղաքական և հասարակական բազմաթիվ այլ գործիչների խորհրդարանային և հրապարակային ելույթները որևէ դրական ազդեցություն չկարողացան գործել Հայաստանում բարենորոգումների իրականացման գործընթացի վրա: Հակառակը, բրիտանական կառավարության գործուն միջնորդությունից և տարբեր գործիչների հայտարարություններից ոգևորված հայ հեղափոխականները, որոնք իրենցից առանձնակի ուժ չէին ներկայացնում, շտապեցին հանդես գալ սուլթան Աբդուլ Համիդի հակահայկական քաղաքականության դեմ: Իրադարձությունների ժամանակակիցներից շատերը նշում էին այն հանգամանքը, որ սուլթանական կառավարությունը հաջողությամբ օգտագործեց հայ հեղափոխական կուսակցությունների գործունեությունը որպես հարմար առիթ` կայսրության հայ բնակչության բնաջնջման ծրագիրն իրականացնելու համար:219 Արտասահմանյան կենտրոններից ղեկավարվող հայ ազգային կուսակցություններն այդ շրջանում իրապես ակտիվացրել էին իրենց գործունեությունը, ձգտելով գլխավորել արևմտահայության հակասուլթանական ելույթները և հրավիրել եվրոպական տերությունների ուշադրությունը Բեռլինի պայմանագրի պարտականությունների կատարմանը: Համոզված լինելով, որ հայ հեղափոխական կոմիտեներն իրենց գործողություններով ձգտում են ապահովել Եվրոպայի միջամտությունը Հայկական հարցում, ամերիկյան հեղինակ էդվին Փիրսը համարում էր այդ հույսն «անմիտ» և «վտանգավոր»:220

__________________________________
219 Hepworth H. Through Armenia on Horseback. London, 1898, p. 282; Pears E. Turkey and its People. London, 1911; Paelian G.H. Landmarks in Armenian History. New York, 1942, p. 62.
220 Pears E. Life of Abdul Hamid. New York, 1917, p. 232.

[ էջ 342 ]

Սեպտեմբերի 28-ին, երբ Կոստանդնուպոլսում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանությունները քննարկում էին բարենորոգումների իրագործման հնարավորություններն ու սուլթանական կառավարության հետ այդ հարցում բանակցելու նոր տարբերակները, դեսպանները նույն բովանդակությամբ նամակներ ստացան «Հնչակյան հայ հեղափոխական կոմիտեից», ուր տեղեկացվում էր, որ մայրաքաղաքի հայ բնակչությունը որոշել է դուրս գալ խաղաղ ցույցի` հայկական շրջաններում բարենորոգումներն իրականացնելու իր ցանկությունն արտահայտելու նպատակով: Փաստաթղթում հույս էր հայտնվում, որ նկատի առնելով ցույցի խաղաղ բնույթը, իշխանությունները չեն օգտագործելու ոստիկանությունն ու բանակը ցուցարարների դեմ: «Ցավալի հետևանքների» պարագայում հեղափոխական կոմիտեն հրաժարվում էր պատասխանատվությունից:221

Սեպտեմբերի 30-ին Կոստանդնուպոլսի հայերը դուրս եկան խաղաղ ցույցի սուլթանի նստավայր Բաբը Ալիի շրջակայքում, պահանջելով սուլթանական կառավարությունից անհապաղ իրականացնել բարենորոգումների ծրագիրը: Ցուցարարները մայիսյան ծրագրի ոգով կազմել էին մի փաստաթուղթ` վարչատարածքային, տնտեսական, դատաիրավական բարեփոխումների պահանջով: Սոլսբերիին ուղղված իր հոկտեմբերի 1-ի հեռագրում Քարրին, հիմնվելով հավաստի աղբյուրների վրա, հետևյալ կերպ է նկարագրում տեղի ունեցած իրադարձությունները: Շուրջ 2 հազ. հայեր (հայ պատմագրության տվյալների համաձայն` 4 հազ. - Ա.Կ.), հիմնականում միջին դասակարգի պատկանող երիտասարդներ, դուրս էին եկել ցույցի` խնդրագիր հանձնելու նպատակով: Ոստիկանությունը կանգնեցնում է նրանց և պահանջում ցրվել: Հայերը մերժում են պահանջը և երբ հրաման է տրվում ձերբակալել ցուցարարների ղեկավարներին, տեղի է ունենում փոխհրաձգություն, որի արդյունքում սպանվում են ոստիկանապետ Սերվեր բեյը, շուրջ 15 ոստիկաններ և 60 հայեր: Ոստիկանությունը ցրում է ցույցը և ձերբակալում մեծ թվով հայերի: Մահակներով զինված թուրքերը բռնում էին հայերին փողոցներում և ոստիկանների ներկայությամբ ծեծելով շատերին սպանում: Ձերբակալվեց շուրջ 500 հայ, որոնց հետ վերաբերվում էին մեծ դաժանությամբ: Ցույցեր տեղի ունեցան նաև քաղաքի այլ շրջաններում, շուրջ հազար զինված հայեր, կանայք և երեխաներ պաշարվել էին ոստիկանության կողմից

__________________________________
221 FO 424/183, No. 371, p. 476.

[ էջ 343 ]

պատրիարքարանի եկեղեցում: Չնայած կարգ ու կանոնը հաստատելու մասին պաշտոնական հայտարարություններին, սպանությունները շարունակվում էին:222

Օգտագործելով թուրք ոստիկանապետի վրա կատարված կրակոցը որպես հարմար պատրվակ, սուլթանական կառավարությունը կազմակերպեց շուրջ 6 հազ. հայերի ջարդ մայրաքաղաքում:223 Մակքոլի կարծիքով, հայերի ցույցը «...միանգամայն օրինական էր և բացարձակապես խաղաղ», սակայն «ճակատագրական» կրակոցն առիթ հանդիսացավ Կոստանդնուպոլսի հայերի ջարդ կազմակերպելու համար: «Ապացույց չկա, - գրում էր նա, - որ սպայի վրա կրակ արձակողը հայ էր: Հռոմի թերթերից մեկում տպագրված վկայության համաձայն, կրակոցը կատարվել էր մեծ վեզիրի թիկնապահներից մեկի կողմից` ...ջարդի համար պատրվակ ստեղծելու նպատակով»:224

«Spectator» շաբաթաթերթը հետևյալ կերպ էր նկարագրում Կոստանդնուպոլսում տեղի ունեցածը. «Բռնության ոչ մի անհրաժեշտություն չկար: Այն ժամանակ, երբ քրիստոնյաների աննշան մի մասը զինված էր միայն ատրճանակներով, քաղաքը բառացիորեն վխտում էր օսմանյան զինվորներով և Օսման Գազին երեք ժամվա ընթացքում կարող էր առանց արյունահեղության անդորր և կարգ ու կանոն հաստատել Կոստանդնուպոլսում...Սակայն մոլեռանդ պալատական վերնախավը որոշեց դաս տալ քրիստոնյաներին. նշան տրվեց սոֆթաներին կամ ինչպես ներկայումս պարզվում է վերազգեստավորված ոստիկաններին...և հայերը հայտնվեցին նրանց իշխանության ներքո... Ընդ որում ոստիկանությունը հրազեն չէր օգտագործում... 24 ժամ անընդմեջ Կոստանդնուպոլսում տիրում էին տեռորն ու բռնությունը...»:225 Միաժամանակ բրիտանական մամուլի որոշ միջոցներ դատապարտեցին ցույցի դուրս եկած հայերին: Այսպես, «Saturday Review»-ն ցույցին հետևած ջարդի ողջ պատասխանատվությունը բարդում էր կազմակերպիչների վրա: Թերթը համարում էր, որ Կոստանդնուպոլսի հայերի կյանքի և ունեցվածքի անվտանգությունն ապահովված էր և բացարձակ կարիքը չկար բողոքելու կառավարության դեմ:226

__________________________________
222 Turkey, No. 2 (1896)..., p. 22.
223 Shahid Bey S. Op. cit., p. 201.
224 Maccoll M. The Constantinople Massacre and its Lesson..., p. 756.
225 The Suspense in Constantinople. - The Spectator, 1895, vol. 75, October 12, p.
476.
226 Saturday Review, 1895, October 5.

[ էջ 344 ]

Հոկտեմբերի 2-ի առավոտյան Կոստանդնուպոլսում Ավստրո-Հունգարիայի դեսպանի տանը կայացավ վեց տերությունների դեսպանների հանդիպումը, ուր որոշում ընդունվեց հանդես գալ համատեղ հայտարարություն` մայրաքաղաքում տեղի ունեցող դեպքերի առնչությամբ: Հետագա արյունահեղությունից խուսափելու նպատակով դեսպանները պահանջեցին Բարձր Դռնից վերականգնել կարգ ու կանոնը քաղաքում միմիայն կառավարական ուժերի միջոցով, բողոքեցին հայերի վրա հարձակում գործող անհատների քաջալերումի, ինչպես նաև ոստիկանության կողմից ձերբակալվածների դաժան սպանությունների դեմ:227

Նույն օրը Քարրին հաղորդում էր Սոլսբերիին, որ արտգործնախարարն ընդունել էր դեսպանների բողոքն անտարբերությամբ, հայտարարելով, որ կառավարությունը ձեռնարկել է բոլոր միջոցները կարգ ու կանոնը և հասարակական անվտանգությունն ապահովելու ուղղությամբ, իսկ ներկայացված փաստերը իրականությանը չեն համապատասխանում: Ըստ դեսպանի, կառավարությունը մեղադրում էր հուզումները հրահրելու մեջ հայ պատրիարքին: Քարրին գաղտնի տեղեկատվություն էր ստացել այն մասին, որ սուլթանն անձամբ ինքն էր մասնավոր հրամաններ իջեցրել պատերազմի և ոստիկանության նախարարներին` վարվել հայերի հետ ծայր աստիճան դաժանությամբ:228 Մեծ վեզիրին ուղղված հեռագրում Քարրին նրա ուշադրությունն էր հրավիրում դեսպանների կողմից արտգործնախարարին ներկայացված հայտարարության վրա և բրիտանական կառավարության անունից պահանջում դադարեցնել հայերի կոտորածները մայրաքաղաքի տարբեր շրջաններում:229

Հոկտեմբերի 4-ին Քարրին այցելում է մեծ վեզիր Քյամիլ փաշային և ներկայացնում նրան իր տրամադրության տակ եղած բազմաթիվ փաստերը` քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների մասին: Դեսպանը խստագույնս պահանջում էր մեծ վեզիրից անհապաղ միջոցներ ձեռնարկել եկեղեցիներում ապաստանած հայերին անվտանգության երաշխիքներ և հնարավորություն տալու` իրենց տները վերադառնալու համար: Ձևացնելով, թե իբր ծանոթ չէ բերված փաստերին, Քյամիլ փաշան, այնուամենայնիվ, իր տրամադրվածությունն էր հայտնում արդար հետաքննություն անցկացնելու մեջ, հրավիրելով

__________________________________
227 Turkey, No. 2 (1896)..., pp. 22, 36.
228 FO 424/184, No. 6, p. 3.
229 Turkey, No. 2(1896)..., p. 23.

[ էջ 345 ]

դեսպանի ներկայացուցչին մասնակցել ստեղծվելիք հանձնաժողովի աշխատանքներին: Նա անհրաժեշտ համարեց նաև անհապաղ լուծում գտնել Հայկական հարցին, նշելով, որ տերությունների և Բարձր Դռան միջև արդեն իսկ համաձայնություն գոյություն ունի բարենորոգումների բոլոր կետերի վերաբերյալ: Նկատելով, որ քննարկվելիք որոշ կետեր դեռևս մնացել են, Քարրին անհրաժեշտ էր համարում հրապարակել բարենորոգումների իրագործման վերաբերյալ որոշումը սուլթանի հրամանագրի տեսքով:230

Հոկտեմբերի 4-ին Սոլսբերիին ուղղված նամակում Վիկտորիա թագուհին, վրդովված Կոստանդնուպոլսում տեղի ունեցող իրադարձություններով, գրում էր նեղուցների գրավման անհրաժեշտության մասին: Նրա կարծիքով, միմիայն այդ միջոցառման իրականացումը կարող է կանխել Օսմանյան կայսրության հայ բնակչության նոր կոտորածները:231

Հաջորդ օրը Քարրին Սոլսբերիին հաղորդում էր, որ մայրաքաղաքի հայ բնակչության շրջանում դեռևս խուճապ է տիրում, եկեղեցիներում կուտակվել են մեծ քանակությամբ փախստականներ, ձերբակալությունները շարունակվում են: Պատրիարքը հայտնել էր բրիտանական դեսպանության թարգմանին, որ անկարող է զսպել ժողովրդին, որը գտնվում է հուսահատության եզրին:

Ըստ դեսպանի, միայն հայկական հիվանդանոցում գտնվող շուրջ 80 դիակների վիճակի քննությունը վկայում է տեղի ունեցած սոսկալի բռնությունների մասին: Դեսպանության կողմից պարբերաբար ստացվող տվյալների համաձայն, սպանված հայերի թիվը պետք է որ շատ մեծ լինի, չհաշված անհայտ կորած, անզեն ծառաների և աշխատավոր մարդկանց զգալի քանակը:

Երեկոյան կայացած դեսպանների հանդիպման ընթացքում որոշում կայացվեց Բարձր Դռանը համատեղ հայտագիր ներկայացնելու մասին: Միաժամանակ բրիտանական կառավարությունը որոշեց վեց ռազմանավ ուղարկել Լեմնոս կղզի:232 Հոկտեմբերի 6-ի հայտագրում, ամփոփելով հավաքված բոլոր փաստերը, տերությունների ներկայացուցիչները մասնավորապես նշում էին, որ իրավիճակը Կոստանդնուպոլսում ոչ միայն չի բարելավվել, այլ ավելի է վատթարացել և եթե ներկայիս իրավիճակը շարունակվի,

__________________________________
230 FO 424/184, No. 14, p. 5.
231 Douglas R. Op. cit., pp. 124-125.
232 Turkey, No. 2 (1896)..., p. 25.

[ էջ 346 ]

հասարակական կարգը լրջորեն կվտանգվի, իսկ անկարգությունները կտարածվեն կայսրության ողջ տարածքով: Նրանք կոչ էին անում Բարձր Դռանը համապատասխան միջոցառումներ ձեռնարկել մահմեդական և քրիստոնյա բնակչության անհանդուրժողականությունը վերացնելու, հասարակական կարգը վերականգնելու, քրիստոնյաների և օտարերկրյա հպատակների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ, իրենց աջակցությունն էին առաջարկում խաղաղության հաստատման, տեղեկատվության տրամադրման և հետաքննություն անցկացնելու հարցերում:233

Նույն օրը, սուլթանի կարգադրությամբ, Արթին փաշան այցելում է պատրիարքարան, ջանալով պատրիարքի հետ միասին համոզել ապաստան գտած հայերին դուրս գալ եկեղեցուց, սակայն վերջիններս հրաժարվում են ենթարկվել, քանի որ հեղափոխական կոմիտեն խորհուրդ էր տվել նրանց մնալ տեղերում և փակ պահել խանութները:234 Ըստ բրիտանական դեսպանության տվյալների, պատրիարքարանի և Գում Գափուի եկեղեցում, որոնք պաշարված էին ոստիկանների կողմից, պատսպարվել էին շուրջ 2 հազ. հայեր:235

Հոկտեմբերի 7-ին Աբդուլ Համիդը Քարրիի մոտ է ուղարկում Զեքքի փաշային: Վերջինս փորձում էր համոզել դեսպանին, որ բրիտանական նավատորմի ներկայությունը Կոստանդնուպոլսի մոտակայքում ավելի է քաջալերում հայ հեղափոխական կոմիտեին և դրդում նրան նոր գործողությունների: Նա խնդրում էր համապատասխան հրաման իջեցնել` ռազմանավերը դեպի Սալոնիկ հեռացնելու մասին: Զեքքի փաշայի համոզմամբ, կարգ ու կանոնը վերականգնվել չի կարող այնքան ժամանակ, քանի դեռ ռազմանավերը գտնվում են Լեմնոսում: Հեղափոխական կոմիտեն հույս ունի, շարունակում էր հրամանատարը, որ, հրահրելով թուրք բնակչությանն արյունահեղության, նա ստիպելու է բրիտանական կառավարությանը մտցնել նավատորմը Կոստանդնուպոլիս և պահանջել ինքնավարություն հայերի համար:

Քարրին պատասխանում է, որ ներկայիս անկարգությունները, եթե նույնիսկ նրանք հրահրել են հայերը, կազմակերպվել են թուրք բնակչության կողմից, ոստիկանության թողտվության պայմաններում, և թուրք կառավարությունը պարտավոր է վերականգնել կարգ

__________________________________
233 Նույն տեղում, էջ 41-42:
234 Նույն տեղում, էջ 25-26:
235 Նույն տեղում, էջ 37:

[ էջ 347 ]

ու կանոնը և փոխադարձ վստահությունը: Եթե դեսպանների հայտագրի պատասխանում Բարձր Դուռը կբավարարի տերությունների պահանջներն այդ ուղղությամբ, ասում էր դեսպանը, նա կփոխանցի բրիտանական կառավարությանը ռազմանավերը Լեմնոսից դուրս բերելու մասին սուլթանի խնդրանքը:

Զրույցի ժամանակ Զեքքի փաշան, փորձելով արդարացնել մայրաքաղաքում տեղի ունեցածը, շարունակաբար կրկնում էր, որ առաջին կրակոցը կատարել են հայերը: Դեսպանը պատասխանում է նրան, որ «տեղի ունեցած անմեղ հայերի համընդհանուր կոտորածներն ու ձերբակալությունները չեն կարող արդարացվել մի քանի հեղափոխականի քրեական գործողությամբ»:236

Հոկտեմբերի 8-ին Քարրին Սոլսբերիին հաղորդում էր նույն օրը Տրապիզոնում տեղի ունեցած հայերի ջարդի մասին: Բրիտանական հյուպատոսից ստացված տեղեկության համաձայն, «հայերի կողոպուտն ու կոտորածները սկսվեցին 10:30-ին և շարունակվեցին մինչև մայրամուտ, կորսվեցին շատ կյանքեր: Գիշերվա ընթացքում կարգ ու կանոնը վերականգնվեց, սակայն սարսափը չի վերացել և զինվորների քանակը բավարար չէ»: Անկարգությունների ընթացքում սպանվել էր 182 հայ և 11 թուրք, վիրավորվել 19 հայ, 26 թուրք և 1 հույն:237 Տրապիզոնում տեղակայված զորքը մասնակցել էր հայերի ջարդին: Նույն փաստը հաստատում էր նաև Ռուսաստանի դեսպան Նելիդովը: Տրապիզոնում ռուսական հյուպատոսության քարտուղարի վկայությամբ, վալին անձամբ ինքն էր զինում քաղաք ժամանած լազերին: Ըստ ռուս դեսպանի տվյալների, հայերի կոտորածները կազմակերպվում են «չափազանց կանխամտածված» ձևով: Սպանվել էին միմիայն հայ լուսավորչականներ, կաթոլիկ և ռուսահպատակ հայերի տները բացարձակ վնաս չէին կրել:238

Հոկտեմբերի 9-ին Բարձր Դուռը պատասխանում է տերությունների համատեղ հայտագրին, ուր հավաստիացնում էր, որ ձեռնարկված միջոցառումները կանխելու են նոր անկարգություններն ու ապահովելու են քրիստոնյաների և օտարերկրյա քաղաքացիների անվտանգությունը: Մասնավորապես նշվում էր, որ մայրաքաղաքի փողոցներով օր ու գիշեր

__________________________________
236 FO 424/184, No. 38, p. 26.
237 Turkey, No. 2 (1896)..., p. 37.
238 FO 424/184, No. 279, pp. 168-169.

[ էջ 348 ]

շրջելու են զինվորական և ոստիկանական պարեկներ, թերթերի և շեյխ-ուլ-իսլամի միջոցով կոչեր ու նախազգուշացումներ են կատարված բնակչությանն ու սոֆթաներին:239

Նույն օրն արտգործնախարար Սաիդ փաշան այցելում է Ֆրանսիայի դեսպանություն, ուր հանդիպում է վեց տերությունների դեսպաններին: Նա հավաստիացնում է նրանց, որ կառավարությունը որոշում է ընդունել թույլատրել եկեղեցիներում պատսպարված հայերին անարգել վերադառնալ իրենց տները` զենքը հանձնելու պայմանով: Դեսպանները որոշում են ուղարկել իրենց թարգմաններին անմիջապես հայկական եկեղեցիներ` հայերին այդ մասին տեղեկացնելու և համոզելու նպատակով: Արդեն իսկ մյուս օրը հայերը սկսում են դուրս գալ եկեղեցիներից և վերադառնալ իրենց տները: Բրիտանական դեսպանության թարգմանի հաշվարկով, եկեղեցիներում պատսպարված հայերի թիվը կազմում էր 2414, որոնցից զինված էր միայն 12 %-ը:240

Հոկտեմբերի 10-ին Քարրին Սոլսբերիին տեղեկացնում էր Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանների հետ ունեցած իր հանդիպման մասին, որի ժամանակ նրանք քննարկել էին Բարձր Դռանը ներկայացվելիք առաջարկները բարենորոգումների և հայերի կյանքն ու ունեցվածքը պաշտպանելու վերաբերյալ: Դեսպանների պատկերացմամբ, բարենորոգումների ծրագիրը պետք է ձևակերպվեր որպես պայմանագիր, ստորոգրվեր Օսմանյան կայսրության և տերությունների կողմից և հրապարակվեր սուլթանի հրամանագրի տեսքով: Այն նախատեսում էր. 1/ քրիստոնյա օգնական Շաքիր փաշայի համար, որի անունը պետք է անպաշտոն կերպով ներկայացվեր տերությունների հաստատմանը. 2/ քրիստոնյաների որոշակի մասմակցություն վարչական մարմիններում, ինչպես նաև վալիի և մյութեսարիֆի պաշտոններում. 3/ թարգմանների անմիջական կապը հսկողության հանձնաժողովի հետ` բարենորոգումների իրագործմանը վերաբերող բողոքների, հաղորդագրությունների և տեղեկատվության ներկայացման միջոցով. 4/ յուրաքանչյուր վիլայեթի բնակչության համաչափությանը համապատասխան քրիստոնյա պաշտոնյաների քանակի սահմանումը հսկողության հանձնաժողովի կողմից. 5/ քրիստոնյա օգնականների նշանակում մահմեդական վալիների և մյութեսարիֆների համար. 6/ դեսպանների բողոքարկման իրավունքը անկարող, ոչ ազնիվ և մոլեռանդ վալիների նշանակման

__________________________________
239 Turkey, No. 2(1896)..., p. 37.
240 Նույն տեղում, էջ 38-39, 43:

[ էջ 349 ]

կապակցությամբ. 7/ գյուղական պահակախմբերի թվի սահմանումը վալիի կողմից` մյուդիրի ներկայացմամբ և տեղական կարիքների պահանջարկով. 8/ դեսպանների դիմումների բավարարումը` բանտերի վիճակի բարելավման, անհիմն ձերբակալությունների բացառման, ներման շնորհման, փախստականների վերահաստատման, համիդիե հեծելազորի գործելակերպի կարգավորման կապակցությամբ. 9/ բարենորոգումների ծրագրի իրագործումը Փոքր Ասիայի բոլոր սանջաներում և կազաներում, որտեղ քրիստոնյաները կազմում են բնակչության զգալի մասը:241

Հոկտեմբերի 11-ին Քարրին հանդիպում է ունենում Աբդուլ Համիդի հետ: Վերջինիս համոզմամբ, անգլիացիների համակրանքը հայերի հանդեպ քաջալերեց նրանց դիմելու «բռնի գործողությունների», որի արդյունքում անգլիական մամուլն էլ ավելի ուժեղացրեց հարձակումներն իր դեմ: Ի պատասխան դեսպանը հայտարարում է, որ բրիտանական կառավարությունը պատասխանատվություն կրել չի կարող ոչ մամուլում տպագրված հոդվածների, ոչ էլ տեղի ունեցած «բռնի գործողությունների» համար, նրա միջամտությունը Հայկական հարցում պայմանավորված է միմիայն ասիական շրջանների հայ բնակչության վիճակի բարելավման ձգտումով: Ըստ Քարրիի, այդ նպատակին է ծառայում բրիտանական կառավարության ցանկությունը բարենորոգումների իրականացման գործընթացն արագացնելու վերաբերյալ: Այդ կապակցությամբ դեսպանը խնդրում է Աբդուլ Համիդին հանձնարարել արտգործնախարարին համագործակցել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանների հետ` բարենորոգումների նոր առաջարկները քննարկելու, հրապարակելու և շուտափույթ կերպով իրագործելու հարցում: Մասնավորապես, շարունակում էր Քարրին, բարենորոգումների իրականացման մասին հայտարարությունը ներկայումս ոչ միայն կբավարարի Եվրոպայի հասարակական կարծիքի պահանջները, այլև կհանդարտեցնի հայերի «քարոզչությունը»: Քարրին հավաստիացնում էր Աբդուլ Համիդին, որ բրիտանական կառավարության պահանջները թշնամական որևէ նպատակ չեն հետապնդում և ուղղված չեն ոչ սուլթանի, ոչ էլ նրա մահմեդական հպատակների դեմ: Հակառակը, նշում էր դեսպանը, բրիտանական կառավարությունը հավատացած է, որ վարչական բարենորոգումների իրագործումն ասիական շրջաններում էական նշանակություն

__________________________________
241 Turkey, No. 1(1896)..., p. 158.

[ էջ 350 ]

ունի կայսրության գոյության համար և բացարձակապես չի կարող վիրավորել մահմեդական բնակչության «դյուրազգացությունը»:242

Այդ օրերին Ավստրո-Հունգարիայում Մեծ Բրիտանիայի դեսպան Էդմունդ Մոնսոնի243 և արտաքին գործերի նախարար Գոլուխովսկու միջև կայացած զրույցների ժամանակ վերջինս իր մտահոգությունն էր հայտնում Հայկական հարցի զարգացումների, Օսմանյան կայսրությունում և, մասնավորապես, Կոստանդնուպոլսում տիրող իրավիճակի կապակցությամբ և ամբողջապես հավանություն էր տալիս բրիտանական կառավարության կողմից այդ ուղղությամբ տարվող գործունեությանը: Փորձելով օգտագործել այդ հանգամանքը, Սոլսբերին հանձնարարում է դեսպանին ամեն կերպ համոզել նախարարին համապատասխան հրահանգ իջեցնել Թուրքիայում իր դեսպանին` Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանների հետ համատեղ Բարձր Դռնից բարենորոգումների իրագործում պահանջելու վերաբերյալ: Սակայն Գոլուխովսկին հասկացնել է տալիս բրիտանական կառավարությանը, որ չի կարող բացահայտորեն միանալ երեք տերությունների պահանջներին` իր դաշնակից Գերմանիայի «անտարբեր» վերաբերմունքի պատճառով, միաժամանակ տեղեկացնելով, որ իր դեսպանը Կոստանդնուպոլսում ցուցում է ստացել, հնարավորության սահմաններում, համոզել սուլթանին ընդունել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի բարենորոգումներին վերաբերող առաջարկները:244

Հոկտեմբերի 13-ին երեք տերությունների դեսպանները հանդիպում են արտաքին գործերի նախարարի Սաիդ փաշային և հանձնում նրան բարենորոգումներին վերաբերող լրացուցիչ առաջարկները: Երկու օր անց նախարարը Քարրիին տեղեկացնում էր, որ հարցը քննարկվելու է նախարարների խորհրդում, որից հետո հրապարակվելու է սուլթանի հրովարտակը բարենորոգումների մասին: Նույն հավաստիացումները տալիս էր նաև մեծ վեզիրի պաշտոնում նշանակված Քյամիլ փաշան:245

__________________________________
242 Turkey, No. 2(1896)..., p. 50.
243 Մոնսոն (Monson) Էդմունդ - բրիտանացի դիվանագետ: 1893-1896 թթ.` դեսպան Ավստրո-Հունգարիայում, 1896-1905 թթ.` Ֆրանսիայում:
244 Նույն տեղում, էջ 43; FO 424/184, No. 81, p. 47.
245 Turkey, No. 1(1896)..., p. 158; Turkey, No. 2 (1896)..., p. 57.

[ էջ 351 ]

Միաժամանակ սուլթանական կառավարությունը նախազգուշացնում էր Քարրիին, որ հայերի համար նախատեսվող բարենորոգումները դժգոհության և վիրավորանքի զգացում են առաջացնում կայսրության մահմեդական հպատակների շրջանում: Մասնավորապես, այդ նպատակով սուլթանի կողմից հոկտեմբերի 15-ին դեսպանի մոտ ուղարկված Զեքքի փաշան նշում էր, որ բրիտանական կառավարության շարունակ պահանջներն այդ ուղղությամբ վտանգավոր իրավիճակ կարող են ստեղծել երկրում, ինչպես նաև վնաս հասցնել երկու պետությունների միջև գոյություն ունեցող հարաբերություններին: Քարրին պատասխանում էր, որ սուլթանի համար «միակ անվտանգ քաղաքականությունը»` առանց հապաղումների բարենորոգումների վերաբերյալ հայտարարության հրապարակումն է, քանի որ Անգլիայի հասարակական կարծիքը ճնշում է գործադրում կառավարության վրա, պահանջելով ձեռնարկել «ուժեղ միջոցներ» և, մասնավորապես, օգտագործել նավատորմը: Հակառակ պարագայում, զգուշացնում էր դեսպանը, ոչ սուլթանը, ոչ էլ իր կայսրությունը չեն փրկվելու իրենց սպառնացող վտանգից:246

Հոկտեմբերի 17-ին Քարրին Սոլսբերիին հաղորդում էր, որ իրեն հասած տեղեկությունների համաձայն, Աբդուլ Համիդը որոշում է ստորագրել` արտգործնախարարի և դեսպանների կողմից համաձայնեցված բարենորոգումների ծրագիրը հաստատելու մասին: Ըստ դեսպանի, հավանաբար ծրագիրը հրապարակվելու է որպես սուլթանի հրովարտակի կամ մեծ վեզիրին ուղղված նամակի լրացում: Իր պատասխան հեռագրում Սոլսբերին «սրտանց շնորհավորում էր» Քարրիին այդ «հաջողության» համար: Այդ կապակցությամբ հայ պատրիարքն իր գոհունակությունն էր հայտնում Քարրիին և հայերի անունից իր շնորհակալությունները հաղորդում բրիտանական դեսպանությանը, խոստանալով համագործակցել իշխանությունների հետ ծրագիրն իրականացնելու գործում և զսպել ապագայում «հեղափոխական քարոզչությունը»: Ինչ վերաբերում է Աբդուլ Համիդին, ապա այդ օրերին նա գտնվում էր «շատ վատ տրամադրության մեջ»: Ռուս դեսպանի հետ ունեցած հանդիպման ժամանակ նա ասում էր, որ որոշել է իրագործել տերություններին խոստացած բարենորոգումների ծրագիրը, սակայն իր մահմեդական հպատակները «լուրջ դժվարություններ» են ստեղծում իրենց պահանջներով: Սուլթանն իր դժգոհությունն էր

__________________________________
246 FO 424/184, No. 135, p. 83.

[ էջ 352 ]

հայտնում հայ պատրիարքից, որը հանդիսանում է «բարենորոգումների քարոզչության հիմնական շարժիչը և անարժան կերպով է իրեն դրսևորում զբաղեցրած պաշտոնում»:247

Հոկտեմբերի 20-ին Քարրին պաշտոնական հայտագիր է ստանում Բարձր Դռնից բարենորոգումների ծրագիրը գործի դնելու վերաբերյալ, որին կցված էր մեծ վեզիրի հանձնարարական նամակը Շաքիր փաշային:248

Մյուս օրը բարենորոգումների նախագծի հրապարակման կապակցությամբ մեծ վեզիրն ասում էր Քարրիին, որ կայսրության մահմեդականների շրջանում գոյություն ունի լուրջ դժգոհություն: Իսկ ըստ դեսպանին հասած տեղեկատվության, մահմեդական բնակչությունն ընդհանուր առմամբ գոհունակությամբ է ընդունել բարենորոգումների գաղափարը, առաջարկելով կիրառել այն երկրի ողջ տարածքում:249

Միաժամանակ Քարրին Սոլսբերիին հաղորդում էր, որ Դարդանելի Մեջիդիե ամրոցից ոչ հեռու գտնվող բլուրի վրա թուրքերն ավարտել են քողարկված մարտկոցի շինարարությունը և արդեն իսկ տեղադրել են այնտեղ 12 թնդանոթ և ականանետ: Նեղուցի ասիկան մասի Համիդիե ու Սուլթանիե և եվրոպական մասի Նամազիե ամրոցներում վերջերս տեղադրվեցին նոր տորպեդներ:250 Այս փաստը վկայում է այն մասին, որ սուլթանական կառավարությունը ոչ մի մտադրություն չուներ իրականացնել բարենորոգումների ծրագիրը և գաղտնի կերպով պատրաստվում էր պաշտպանել նեղուցները Մեծ Բրիտանիայի կամ տերությունների միացյալ նավատորմի հնարավոր հարձակումից:

Հոկտեմբերի 22-ին Քարրին Սոլսբերիին գրում էր, որ ի կատարումն սուլթանական պալատից իջեցված հրահանգների, Տրապիզոնում և Ակհիսարում զինվորական իշխանություններն ու ոստիկանությունը քաջալերում են թուրքերին կոտորել հայերին, քանի որ վերջիններս պատրաստվում են հարձակում գործել մահմեդականների վրա: Միաժամանակ մեծ վեզիրը տեղեկացրել էր դեսպանության թարգման Մարինիչին, որ Հալեպի վիլայեթի Անդրինի և Զեյթունի հայերը զինված հարձակում են գործել թուրքերի վրա: Դեսպանի համոզմամբ, քանի որ զեյթունցիները համարվում են հայ ժողովրդի ամենից

__________________________________
247 FO 424/184, No. 118, p. 68; No. 140, p. 95; No. 121, p. 68; No. 124, p 69; No. 126, p. 69.
248 FO 424/184, No. 127, p. 70.
249 FO 424/184, No. 143, p. 104.
250 FO 424/184, No. 144, p. 104.

[ էջ 353 ]

խիզախ հատվածը, սուլթանական իշխանությունները նախապատրաստում են նրանց ջարդը: Այդ կապակցությամբ նա առաջարկում էր հրաման իջեցնել ծովակալին` դեպքերի նման զարգացման պարագայում Ալեքսանդրետ կամ մոտակա այլ նավահանգիստ ռազմանավեր ուղարկելու մասին: Քարրին անհրաժեշտ էր համարում նաև մյուս տերությունների հետ համատեղ գործողությունների միջոցով կանխել սպասվող «աղետը»:251

Բրիտանացի միսիոներ Չամբերսի վկայությամբ, Ակհիսարում տեղի ունեցած ջարդի ժամանակ սպանվել էին հիմնականում հայ առևտրականներ և խանութպաններ, կողոպտվել և թալանվել էր շուրջ 200 հայերին պատկանող խանութների մեծամասնությունը: Մարդասպանները հիմնականում Բոսնիայից, Բուլղարիայից և Ռումելիայից գաղթած և շրջանում բնակեցված թուրքեր էին, որոնց գործողությունները ղեկավարվում և քաջալերվում էին տեղի իշխանությունների, ոստիկանների և զինվորների կողմից: Ըստ միսիոների, Ակհիսարում հեղափոխական գործունեության ոչ մի հետք գոյություն չուներ, հայերը զինված չէին և բացարձակ ոչ մի դիմադրություն հանդես չեն բերել:252 Ակհիսարի դեպքերի կապակցությամբ սուլթանական կառավարությունը շրջաբերական էր հղել արտասահմանյան երկրներում գործող իր բոլոր ներկայացուցչություններին, ուր փաստերն ամբողջովին խեղաթյուրված էին ի վնաս հայերի, որոնք իբր հարձակում են գործել մահմեդականների վրա:253

Հոկտեմբերի 23-ին Քարրին, հիմնվելով Էրզրումից ստացված հյուպատոս Քամբերբատչի տեղեկությունների վրա, հաղորդում էր Սոլսբերիին Երզնկայում տեղի ունեցած հուզումների մասին, որոնց ժամանակ սպանվել էր մի քանի մահմեդական և շուրջ 60 հայ: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, դեպքերը սկսվել էին այն բանից հետո, երբ մի հայ կրակել էր մոլլայի վրա: Միաժամանակ հյուպատոսը տեղեկացնում էր, որ լազերի և քրդերի հրոսակախմբերը շարունակում են թալանել Էրզրումի շրջանի հայկական գյուղերը:254

__________________________________
251 Turkey, No. 2(1896)..., p. 57.
252 FO 424/184, No. 195/1, pp. 126-128.
253 FO 424/184, No. 153, p. 108.
254 FO 424/184, No. 156, p. 109.

[ էջ 354 ]

Հոկտեմբերի 23-ին մեծ վեզիրը հաղորդում է թարգման Մարինիչին, որ Զեյթունի հայերը հարձակում են գործել Անդրինի շրջանի թուրք բնակչության վրա, տարել անասուններին և վիրավորել երկու ոստիկանների ու 30 մահմեդականների: Ներկայումս հայերն իբր հավաքվում են Դերեդինում և նրանց թիվն օրստօրե մեծանում է: Մարինիչը Քարրիի անունից զգուշացրել էր մեծ վեզիրին հայերի ջարդը կանխելու մասին: Մեծ վեզիրը պատասխանել էր, որ իր հերթին համոզել է պատրիարքին հանգստացնող բնույթի հրահանգներ իջեցնել Զեյթունի և Մարաշի հոգևորականներին:255

Նույն օրը Սոլսբերին հանձնարարում է Ռուսաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ավստրո-Հունգարիայում և Իտալիայում հավատարմագրված իր դեսպաններին բանակցել տերությունների կառավարությունների հետ` Զեյթունում և այլուր կոտորածները կանխելու նպատակով Բարձր Դռան և նրա միջոցով տեղական իշխանությունների նկատմամբ համատեղ ճնշում գործադրելու հարցով: Միաժամանակ նա տեղեկացնում էր դեսպաններին, որ ծովակալությունը հավանաբար շուտով կստանա լիազորություններ` Հալեպի վիլայեթի առափնյա շրջանները ռազմանավեր ուղարկելու վերաբերյալ:256 Միաժամանակ Ֆորին Օֆիսը նամակ է հղում ծովակալությանը, ուր, հաղորդելով Զեյթունում սպասվող թուրքերի և հայերի միջև ընդհարման և դրա արդյունքում հայ բնակչության հնարավոր կոտորածի մասին, առաջարկում էր անհրաժեշտության դեպքում քննարկել Ալեքսանդրետ կամ մեկ այլ մոտակա նավահանգիստ մի քանի ռազմանավ ուղարկելու հարցը: Նշվում էր նաև, որ ճգնաժամի ստեղծման դեպքում Սոլսբերին նպատակահարմար է գտնում, որպեսզի ծովակալին հրամաններ տրվեն անմիջապես դեսպան Քարրիի կողմից: Պատասխան նամակում ծովակալությունն իր դրական կարծիքն էր հայտնում այդ ծրագրի կապակցությամբ:257

Ընդունելով Սոլսբերիի առաջարկը, տերությունների կառավարությունները հանձնարարում են իրենց դեսպաններին բրիտանական դեսպանության հետ համատեղ ձեռնարկել միջոցներ` Հալեպի վիլայեթում և այլուր հայերի կոտորածները կանխելու ուղղությամբ: Հոկտեմբերի 24-ին վեց դեսպանությունների թարգմանները հանդիպում են մեծ

__________________________________
255 FO 424/184, No. 155, pp. 108-109.
256 FO 424/184, No. 157, p. 109.
257 FO 424/184, No. 158, p. 109.

[ էջ 355 ]

վեզիրի հետ և ներկայացնում նրան կառավարությունների պահանջը: Քյամիլ փաշան տեղեկացնում է, որ Բարձր Դռան և հայ պատրիարքի կողմից ձեռնարկված միջոցների շնորհիվ խաղաղություն է հաստատված գրեթե բոլոր շրջաններում: Նա նշում է նույնիսկ, որ բարենորոգումների ծրագրի ընդունման առթիվ Այնթափ քաղաքը ներկայումս տոնական լուսավորության մեջ է:258

Նույն առավոտյան Աբդուլ Համիդն ընդունում է դեսպան Քարրիին` նրա երկու շաբաթով Անգլիա արձակուրդի մեկնելու կապակցությամբ: Սուլթանը հույս էր հայտնում, որ բրիտանական կառավարությունը բավարարված է հայկական բարենորոգումների առնչությամբ ձեռնարկված քայլերով և համարում է հարցը փակված: Դեսպանը պատասխանում է, որ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես են իրագործվելու բարենորոգումները և, մասնավորապես, թե ինչ որակի և կարողության մարդիկ են նշանակվելու շրջանների ղեկավարության պաշտոններում և հսկողության հանձնաժողովի կազմում: Աբդուլ Համիդը հավաստիացնում է Քարրիին, որ ամեն ինչ անելու է` բարենորոգումներն ՙազնվորեն՚ իրագործելու ուղղությամբ: Միաժամանակ նա ցանկություն հայտնեց, որպեսզի բրիտանական կառավարությունը հրապարակայնորեն արտահայտի իր դրական կարծիքը բարենորոգումների իրագործման կապակցությամբ, որը հնարավոր է կփոխի անգլիական մամուլի թշնամական կեցվածքն իր և իր երկրի նկատմամբ:259

Հոկտեմբերի 26-ին Անգորայում բրիտանական հյուպատոսի պաշտոնակատար Ֆոնտանան հաղորդում էր դեսպանին, որ այն բանից հետո, երբ Կոստանդնուպոլսում տեղի ունեցած լուրերը հասնում են քաղաք, մահմեդականները սկսում են գաղտնի կերպով զենք ու զինամթերք ձեռք բերել և բացահայտորեն սպառնալ բնաջնջել բոլոր քրիստոնյաներին: Ստեղծվել էր վեց մոլեռանդ մահմեդականներից կազմված կոմիտե, որը որոշում էր ընդունել հանկարծակի և միաժամանակ հարձակում կազմակերպել քրիստոնյաների դեմ` քաղաքի տարբեր թաղամասերում: Ըստ Ֆոնտանայի, Յոզղատում և Կեսարիայում լարվածությունն ավելի մեծ էր` հայերը փակել էին իրենց խանութները և պատրաստել բարիկադներ:

__________________________________
258 FO 424/184, No. 160, p. 110.
259 FO 424/184, No. 159, p. 110.

[ էջ 356 ]

Մասնավորապես Յոզղատում վիճակը լարում էին վերջերս Մեքքայից վերադարձած և Աբդուլ Համիդի կողմից շքանշաններ ստացած 28 մոլեռանդ և ազդեցիկ մահմեդականներ:260

Հոկտեմբերի 26-ին մեծ վեզիրը տեղեկացնում էր Քարրիին, որ Մարաշում, Էրզրումում և Բիթլիսում հայերը զինված հարձակումներ են գործել մահմեդական բնակչության և մզկիթների վրա, փորձելով հրահրել պատասխան գործողություններ մահմեդականների կողմից: Դեսպանը Սոլսբերիին գրում էր, որ չի կարող առանց կասկածանքի չվերաբերվել այդ տեղեկատվությանը, քանի որ սուլթանական իշխանության կողմից փորձ էր կատարվում ամեն պարագայում մեղավոր համարել հայերին: Քյամիլ փաշան ավելացնում էր, որ Բարձր Դուռը ձեռնարկել է բոլոր հնարավոր միջոցները հուզումները կանխելու ուղղությամբ և դիմել է նաև հայ պատրիարքին` հոգևորականներին ուղղված շրջաբերականի միջոցով հայ բնակչությանը հանգստացնելու նպատակով:261

Անմիջապես հաջորդ օրը Տրապիզոնում Բրիտանիայի հյուպատոսը Քարրիին հաղորդում էր Գյումուշհանեյում տեղի ունեցած հուզումների մասին, սակայն դեռևս հստակ տվյալներ չուներ իրադարձությունների մանրամասների և սպանվածների թվի վերաբերյալ:262 Իսկ փոխհյուպատոս Հեմփսոնը զեկուցում էր Մուշից, որ Բիթլիսում տեղի ունեցած ջարդի ժամանակ սպանվել էր շուրջ 630 հայ: Այդ լուրերի հետևանքով Մուշի հայերը գտնվում էին «սարսափելի խուճափի մեջ» և փակել էին իրենց խանութները: Փոխհյուպատոսը համոզված էր, որ ոչ Մուշում, ոչ էլ այլուր հայերը ցանկություն և հնարավորություն չունեին հարձակումներ գործել մահմեդականների վրա:263

Հոկտեմբերի 28-ին արտգործնախարար Սաիդ փաշան տեղեկացնում էր Մեծ Բրիտանիայի ժամանակավոր հավատարմատար Մայքլ Հերբերտին, որ Մարաշում, Զեյթունում, Բիթլիսում, Գյունեշհանեյում, Բաբերդում և Խարբերդում տեղի ունեցած դեպքերի ժամանակ նախահարձակները հայերն են եղել: Նա հայտարարում էր, որ Բիթլիսում հայերը հարձակվել են մահմեդականների վրա մզկիթում և տեղի ունեցած ընդհարումների ժամանակ սպանվել ու վիրավորվել էր 173 մահմեդական և 179 հայ: Ըստ

__________________________________
260 FO 424/184, No. 301/1, p. 189.
261 FO 424/184, No. 172, p. 115.
262 FO 424/184, No. 179, p. 117.
263 FO 424/184, No. 186, p. 119; No. 188, p. 120.

[ էջ 357 ]

Սաիդ փաշայի, վերջերս ստացված տեղեկությունների համաձայն, հայկական 2 հազ. հրոսակախումբը սպանել էր Զեյթունում 5 ոստիկանի և նրանց հրամանատարին:264

Հոկտեմբերի 28-ին հայ պատրիարքը շրջաբերական նամակ է հղում բրիտանական և մյուս տերությունների դեսպանություններին, ուր խնդրում է նրանց միջամտել և կանխել կոտորածների շարունակումը Փոքր Ասիայում: Հերբերտը պատասխանում էր պատրիարքին, որ դեսպանությունը պարբերաբար բողոքներ է ներկայացնում Բարձր Դռանն այդ կապակցությամբ և նախատեսում է քննարկումներ կազմակերպել մյուս տերությունների դեսպանությունների հետ` համատեղ քայլեր ձեռնարկելու համար:265

Հայ բնակչության կոտորածների առիթով սուլթանական իշխանություններին բողոք ներկայացնելու Հերբերտի առաջարկության կապակցությամբ հոկտեմբերի 29-ին Սոլսբերին խորհուրդ էր տալիս նրան հանդես չգալ «շատ խիստ» հայտարարությամբ, քանի որ այն կարող էր բացասական ազդեցություն ունենալ և ավելի սրել իրավիճակը շարունակվող ջարդի պայմաններում, ինչպես նաև առիթ տալ թուրքերին, որպեսզի նրանք պահանջեն օգնության դադարեցում «թշվառ» հայերին և ստիպեն միսիոներներին հեռանալ այդ շրջաններից:266

Սոլսբերին կարծես թե կանխագուշակեր սուլթանական իշխանությունների հերթական գործողությունները: Արդեն իսկ հաջորդ օրը Հերբերտը հաղորդում էր, որ Բարձր Դուռը` Բիթլիսի իշխանությունների առաջարկով, պահանջել էր միսիոներներին հեռանալ Սասունից: Այդ առիթով թարգման Մարինիչը դատապարտեց այդ որոշումն ու իր ափսոսանքը հայտնեց արտաքին գործերի նախարարին` միսիոներների «բարեգործական մտադրությունները» չհասկանալու համար: Նման բողոք է ներկայացնում նաև ԱՄՆ դեսպանությունը, քանի որ միսիոներների մեծամասնությունը ամերիկյան քաղաքացիներ էին:267

Հոկտեմբերի 30-ին Սաիդ փաշան հարցնում էր Հերբերտին, թե արդյոք բրիտանական կառավարությունը առարկություն կունենա՞, եթե ինքը համատեղության կարգով նշանակվի բարենորոգումների իրագործման հսկողության հանձնաժողովի նախագահ: Հերբերտը

__________________________________
264 FO 424/184, No. 190, p. 120.
265 FO 424/184, No. 298, pp. 185-186.
266 FO 424/184, No. 208, p. 142.
267 FO 424/184, No. 297, pp. 184-185.

[ էջ 358 ]

պատասխանում է, որ բրիտանական կառավարությունը առարկելու է նման համատեղության կապակցությամբ, քանի որ նրա պատկերացմամբ, հանձնաժողովի գործունեությունը պետք է կրի վարչական, այլ ոչ թե քաղաքական բնույթ և ամբողջապես անկախ լինի Բարձր Դռնից: Եթե նախարարը կհրաժարվի իր պաշտոնից, շարունակում էր հավատարմատարը, բրիտանական կառավարությունը միայն կողջունի Սաիդ փաշայի նշանակումը հանձնախողովի նախագահի դիրքում: Նախարարը համաձայնում է Հերբերտի տեսակետի հետ: Հավատարմատարը հույս էր հայտնում, որ Բարձր Դուռը կկարողանա անկախ թեկնածություն ընտրել այդ պաշտոնի համար:268

Հոկտեմբերի 31-ին փոխհյուպատոս Հեմփսոնը հաղորդում էր Մուշից, որ վիլայեթում տիրող իրավիճակը շատ լուրջ է և ինքը, մասնավորապես, շատ է վախենում Սասունից: Նա հավատացած էր, որ տեղի իշխանությունները անկարող են հսկողություն սահմանել քրդերի նկատմամբ, որոնք ամենուրեք հարձակումներ են գործում հայկական գյուղերի վրա, թալանում և սպանում հայերին: Հեմփսոնի վկայությամբ, միսիոներների վերաբերյալ որոշումն ընդունվել է այն պարզ պատճառով, որ շրջանի մահմեդականները հավատացած են, որ նրանք հրահրում են Սասունի հայերին հարձակվելու Մուշի մահմեդական բնակչության վրա:269 Նույն օրը Հերբերտը Սոլսբերիին տեղեկացնում էր, որ Հալեպի վիլայեթի մահմեդականների վերաբերմունքը հայերի հանդեպ օրըստօրե ավելի սպառնալից է դառնում, ընդհանուր վիճակը գնալով ավելի է վատթարանում: Զեյթունցիները շրջապատել են թուրքական զորքը Զեյթունի և Մարաշի միջև, սպասվում է զինվորների համալրում Հալեպից: Ըստ Հերբերտի, թուրքական զորքի պարտությունը կարող է ստեղծել լուրջ հետևանքներ:270

Նոյեմբերի 1-ին Հեմփսոնը հեռագրում էր, որ դեռևս պաշտոնական ոչ մի տեղեկություն չունի Բիթլիսում կատարված դեպքերի մասին, սակայն այլ աղբյուրներից ստացված վկայությունների համաձայն, զոհերի թիվը շատ մեծ է, իսկ ընդհանուր վիճակը քաղաքում բավականին լարված և անվտանգ: Քաղաքի միակ հայկական եկեղեցում հաշվել են շուրջ 400 հայի դիակ: Մուշում տիրող վիճակը նույնպես շատ ծանր է: Ըստ

__________________________________
268 FO 424/184, No. 213, p. 143.
269 FO 424/184, No. 221, p. 146.
270 FO 424/184, No. 224, p. 147.

[ էջ 359 ]

փոխհյուպատոսի, մահմեդականները ներկայումս պահանջում են ոչ միայն հեռացնել քաղաքից միսիոներներին, այլև ստիպում են հայերին ստորագրել խնդրագիր` իրեն ետ կանչելու մասին:271 Իսկ Էրզրումում հյուպատոսի պաշտոնակատարից նույն օրը ստացված տվյալների համաձայն, քաղաքում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ կողոպտվել էին հիմնականում հայկական խանութները, սպանվել էր շուրջ 60 մարդ, որոնց մեծամասնությունը հայեր էին:272

Հերբերտն այցելում է Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքին և, տեղեկացնելով նրան, որ բրիտանական հյուպատոսներից ստացված տեղեկատվության համաձայն, Փոքր Ասիայում տեղի ունեցած բազմաթիվ դեպքերի նախահարձակները հանդիսացել են հայերը, խնդրում էր նրան ամեն ինչ անել` ժողովրդին հանգստացնելու համար: Ընդունելով հեղափոխական շարժման գոյությունը, պատրիարքը պատասխանում էր, որ չի կարող վերահսկել իրավիճակը, քանի որ այն հրահրվում է ռուս գործակալների կողմից, որոնք ֆինանսավորում են քարոզչությունը Թիֆլիսից: Հերբերտի ճնշման տակ պատրիարքը համաձայնում է հանգստության կոչ պարունակող շրջաբերականներ հղել բոլոր եկեղեցիներին:273

Նույն օրը Բլոկը հանդիպում է ունենում մեծ վեզիրի հետ և իր ուշադրությունը հրավիրում արևելյան շրջաններում տիրող լուրջ իրավիճակի վրա: Մեծ վեզիրը փորձում էր համոզել բրիտանացի դիվանագետին, որ կառավարությունն ամեն ինչ անում է կարգ ու կանոնը վերականգնելու համար և արդեն իսկ համապատասխան հրահանգներ է իջեցրել մահմեդականներին` վրեժխնդրությունից խուսափելու ու հանգստությունն ապահովելու կոչերով: Պատկերացնելով, թե ինչ վտանգ է սպառնում Օսմանյան կայսրությանը դեպքերի նման շարունակության դեպքում, նա բարդում էր ողջ մեղքը հայերի վրա, որոնք, գործելով հայկական ընկերությունների հրահանգներով, ամենուրեք նախահարձակ էին և փորձում էին մահմեդական բնակչությանը բռնությունների հրահրելու միջոցով ապահովել տերությունների միջամտությունը: Ըստ մեծ վեզիրի, կառավարությունը մտադիր է կանգնեցնելու շարժումը,

__________________________________
271 Turkey, No. 2(1896)..., p. 79.
272 Նույն տեղում:
273 FO 424/184, No. 237, p. 150.

[ էջ 360 ]

սակայն քանի որ միայն ոստիկանության ուժերով դա անհնար է անել, այն զենքի է կոչել պահեստի 40 գումարտակ, որոնք կկարողանան զսպել մահմեդական բնակչությունը:274

Նոյեմբերի 2-ին Հերբերտը Սոլսբերիին հաղորդում էր, որ Հալեպում բրիտանական հյուպատոս Հենրի Բորնհեմի տեղեկությունների համաձայն, թուրքերը ներխուժել էին Ուրֆայի հայկական թաղամասը և սպանել մեկ հայի: Իշխանությունները ձերբակալում են թուրքերից մի քանիսին, որից հետո արաբներից, քրդերից և թուրքերից կազմված ամբոխը թալանում է հայկական թաղամասը և սպանում մեծ թվով հայերի: Չկարողանալով վերահսկել իրավիճակը, իշխանությունները պահեստային զինվորներ են բերում քաղաք, սակայն նրանք նույնպես միանում են ջարդարարներին:275 Հաջորդ օրը հուզումներ են սկսվում Հալեպում: Մահակներով զինված մեծաթիվ մահմեդական ամբոխը սկսում է թալանել հայերի տները, սակայն քաղաքի իշխանությունները իրենց միջամտությամբ կարողանում են կանխել կոտորածը:276 Դիարբեքիրից ստացված հեռագրի համաձայն, հայերի կողոպուտն ու ջարդը քաղաքում շարունակվում է երեք օր: 500 քրիստոնյա պատսպարվել էին ֆրանսիական հյուպատոսարանի շենքում: Ֆրանսիայի դեսպանությունը խիստ բողոք է ներկայացնում մեծ վեզիրին, սակայն վերջինս հայտարարում է ինչպես միշտ, որ հուզումները սկսվել են այն բանից հետո, երբ հայերը հարձակվել են մահմեդականների վրա մզկիթում: Հերբերտը հավատացած էր, որ մեծ վեզիրի պատասխանը իրականությանը չի համապատասխանում:277 Իսկ էրզրումում բրիտանական հյուպատոսի պաշտոնակատարի տեղեկության համաձայն, քաղաքի շրջակայքի գրեթե բոլոր հայկական բնակավայրերը թալանված են մեծաթիվ հրոսոկախմբերի կողմից: Երզնկայում սպանվել էր 260 հայ և ընդամենը մի քանի թուրք, Բիթլիսում` 120-ից ավելի հայ և 39 թուրք:278

Չնայած բրիտանական դեսպանության առարկություններին, նոյեմբերի 3-ին Շեֆիկ բեյը նշանակվեց հսկողության հանձնաժողովի նախագահ: Հանձնաժողովի մահմեդական անդամներ էին ընտրված Գյուղատնտեսական դրամատան տնօրեն Ջեմալ բեյը, Պետական

__________________________________
274 Turkey, No. 2(1896)..., p. 81.
275 Նույն տեղում, էջ 82:
276 Նույն տեղում, էջ 84:
277 Նույն տեղում, էջ 85:
278 Նույն տեղում, էջ 85-86:

[ էջ 361 ]

խորհրդի անդամ Աբդուլլա բեյը և վճռաբեկ դատարանի քրեական մասի տնօրեն Ջեմալ բեյը: Քրիստոնյա անդամնեերն էին Պետական խորհրդի անդամ, հույն Կոնստանտին Կարաթեոդորին, գլխավոր հաշվապահի գրասենյակի դատախազ, հայ քաթոլիկ Սարգիս Հովհաննես էֆենդին, Դռան իրավական խորհրդատու, նախկինում արդարադատության փոխնախարար, հայ լուսավորչական Դիլբեր էֆենդին:279

Նոյեմբերի 4-ին Հերբերտը Սոլսբերիին տեղեկացնում էր, որ մայրաքաղաքում անհանգիստ լուրեր են շրջում նախապատրաստվող մահմեդական հեղափոխության մասին, սակայն ակնհայտ է, որ շարժումն այսօր չունի իր ղեկավարները: Մեծ վեզիրն անձամբ ինքն էր բավականին մտահոգված մահմեդականների շրջանում տիրող դժգոհության կապակցությամբ, սակայն համոզված էր, որ սուլթանը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները վտանգից խուսափելու համար:

Նույն օրը կայացած տերությունների դիվանագիտական ներկայացուցիչների հանդիպման ժամանակ որոշվել էր, որ կայսրությունում տիրող իրավիճակի պայմաններում նպատակահարմար չէ համատեղ գործողությունների ձեռնարկումը սուլթանական կառավարության դեմ` օտարերկրյա քաղաքացիների անվտանգության ապահովման տեսանկյունից:280 Միաժամանակ վեց տերությունների ներկայացուցիչները քննարկեցին և Բարձր Դռանը ներկայացրին հետևյալ բովանդակության հայտագրերը. «Վեց մեծ տերությունների ներկայացուցիչներն իրենց տեսակետները փոխանակեցին իրենց բոլոր գործակալներից ստացված լուրջ կացության վերաբերյալ: Նրանք լուրջ մտահոգված են շրջանների իրավիճակի կապակցությամբ, որտեղ տիրում է բացարձակ անիշխանություն, որը ոչ մի առնչություն չունի հայկական քարոզչության հետ և որը սպառնում է բոլոր ազգությունների քրիստոնյաներին:

Դիարբեքիրում տարբեր դավանանքների քրիստոնյաները, առանց բացառության, դարձան կոտորածների և կողոպուտի զոհեր, առանց որևէ սադրիչ գործողության իրենց կողմից:

Մոսուլում, Բաղդադում, Սիրիայում, որտեղ որ հայ չկա, հուզումները ստացան վտանգավոր բնույթ:

__________________________________
279 Նույն տեղում, էջ 85:
280 FO 424/184, No. 311, p. 192.

[ էջ 362 ]

Դուռը պետք է որ իմանա, թե ինչ պատահեց 1860 թ. Սիրիայում, որ անիշխանությունը չի կարող մնալ անպատիժ:

Տերությունների ներկայացուցիչները պարտավորվում են ներկայացնել խնդիրն իրենց կառավարություններին, որոնք գործելու են միասին, եթե Դուռն անմիջապես չձեռնարկի արդյունավետ միջոցներ:

Նրանք խնդրում են արտաքին գործերի նախարարին տեղեկացնել, թե ինչ է պատրաստվում անել օսմանյան կառավարությունը` ներկայիս անկարգություններին վերջ դնելու նպատակով»:281

Նույն օրը Հերբերտը հանձնարարում է Բլոկին Աբդուլ Համիդի առաջին քարտուղարի միջոցով զգուշացնել «ներկայիս կացության վտանգի» և համապատասխան միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին: Ի պատասխան, երեկոյան սուլթանն իր ուղերձն է փոխանցում Հերբերտին: Նա տեղեկացնում էր, որ արդեն իսկ վաղը թերթերը տպագրելու են բարենորոգումների ծրագիրը, իր կողմից հատուկ հրահանգներ են իջեցված տեղական իշխանություններին` մահմեդականների նոր հարձակումները քրիստոնյաների նկատմամբ, և հակառակը, կանխելու, ինչպես նաև հուզումների հեղինակներին պատժելու ուղղությամբ: Դժբախտաբար, շարունակում էր սուլթանը, կարգ ու կանոնը վերականգնելու նպատակով անհրաժեշտ համարվեց ներգրավել մեծ թվով զինվորների, սակայն նրանց հրահանգված էր զենք օգտագործել միմիայն ծայրահեղ դեպքերում: Աբդուլ Համիդը խնդրում էր Հերբերտին, չնայած բրիտանական մամուլի վերաբերմունքին իր հանդեպ, փոխանցել Սոլսբերիին իր հարգանքի հավաստիքները: Նա հավատացած էր, որ Սոլսբերին նույնպես շարունակում է բարեկամական զգացմունքներ տածել անձամբ իր և Թուրքիայի նկատմամբ:282

Այդ օրերին Հերբերտը Սոլսբերիին տեղեկացնում էր Զեյթունում տեղի ունեցող դեպքերի մասին: Հալեպում բրիտանական հյուպատոսի տվյալների համաձայն, թեև իշխանությունները 25 հազ. բանակ էին ուղարկել Մարաշ և Զեյթուն, հայերը, որոնց թիվը կազմում էր շուրջ 8 հազ., գրավել էին Զեյթունի միջնաբերդը, փախուստի մատնել կայազորը,

__________________________________
281 Turkey, No. 2(1896)..., p. 116.
282 FO 424/184, No. 322, pp. 195-196.

[ էջ 363 ]

գերի վերցրել 420 թուրք և բռնագրավել երկու թնդանոթ: Ըստ հյուպատոսի, շրջան ուղարկված է ևս 20 գումարտակ և զորքի ընդհանուր թիվը ներկայումս կազմում է 60 հազ.:283

Զեյթունի և Մարաշի իրադարձությունների կապակցությամբ Հերբերտը պատրիարքի մոտ է ուղարկում դեսպանության քարտուղար Էլիոտին: Վերջինս համոզում է պատրիարքին նոր շրջաբերական ուղարկել հայերով բնակեցված շրջանները` նրանց կողմից խաղաղությունն ու հանգստությունն ապահովելու նպատակով: Պատրիարքը կրկնում էր, որ ոչ մի ազդեցություն չունի հեղափոխական շարժման վրա, քանի որ այն ֆինանսավորվում ու զինվում է Թիֆլիսից և ղեկավարվում ռուսական գործակալների կողմից: «Խեղճ, կոտրված հոգու տեր» և «բավականին երկչոտ» արևմտահայությունը, շարունակում էր նա, երբեք ձեռք չէր բարձրացնելու թուրքի վրա: Ըստ պատրիարքի, Եվրոպայի կողմից Սան-Ստեֆանոյի պայմանագիրը տապալելուց հետո Ռուսաստանը ոչինչ չի ձեռնարկում Թուրքիայի քրիստոնյաների վիճակը բարելավելու ուղղությամբ, սպասելով այն օրվան, երբ իրեն, որպես միակ կարող ուժի, կհրավիրեն լուծելու այդ խնդիրը: Պատրիարքը համոզված էր, Ռուսաստանն ինքն է քաջալերում կոտորածները Փոքր Ասիայում այն հույսով, որ պետք է պաշտոնապես հրավիրվի Հայաստանը գրավելու համար: Նա ասում էր, որ թեև ատում է ռուսներին իրենց եսասերության և բռնակալության համար, որոնք ձգտում են ոչնչացնել հայոց լեզուն և կրոնը, սակայն եթե կոտորածները Թուրքիայում շարունակվեն, նա միայն կաղաչի, որպեսզի ռուսական բանակը մտնի Էրզրում և փրկի իր ժողովրդին ջարդից: Համեմատելով Բուլղարիայի և Հայաստանի իրադարձությունները, պատրիարքը նշում էր, որ առաջին դեպքում, երբ բուլղարացիները թուրքերի համատարած ջարդ էին կազմակերպում, Եվրոպան չէր դադարում համակրել նրանց, սակայն երբ որ հուսահատության հասած հայերը մի քանի թուրք են սպանում, տերությունները մեղադրում են ողջ ժողովուրդին և կասկածի տակ դնում նրան օգնելու հարցը:284

Աբդուլ Համիդն այդպես էլ չկատարեց իր խոստումը` բարենորոգումների ծրագիրը հրապարակելու վերաբերյալ: Նոյեմբերի 7-ին Հերբերտը սուլթանի առաջին քարտուղարի մոտ է ուղարկում Բլոկին` բրիտանական կառավարության դժգոհությունն այդ կապակցությամբ հայտնելու համար: Նրան պատասխանում են, որ սուլթանն այն կարծիքին

__________________________________
283 Turkey, No. 2(1896)..., pp. 104-105.
284 FO 424/184, No 376/1, pp. 217-218.

[ էջ 364 ]

է, որ ծրագրի հրապարակումը ներկայումս բացասական ազդեցություն կունենա իր մահմեդական հպատակների շրջանում, որոնք իրենց ամբողջ զայրույթը կթափեն քրիստոնյաների վրա: Մամուլում արդեն իսկ տպագրվել է հաղորդագրություն բարենորոգումների ծրագրի ընդունման կապակցությամբ, հայերն այդ մասին քաջատեղյակ են և ամենևին անհրաժեշտություն չկա ծրագրի մանրամասները հրապարակելու մեջ: Նշվում էր նաև, որ թեև տերությունները գոհունակությամբ են ընդունել բարենորոգումների ծրագրի հաստատման լուրը, պատրիարքը չի բարեհաճել այդ առիթով նույնիսկ շնորհակալություն հայտնել Աբդուլ Համիդին:285

Նոյեմբերի 9-ին Լոնդոնի սիտիի քաղաքապետի ավանդական ճաշկերույթին արտասանած իր ճառում Սոլսբերին նշում էր, որ Աբդուլ Համիդի ծրագիրը լիովին կարող էր բավարարել կայսրության հայ բնակչության պահանջները, եթե սուլթանական կառավարությունն անկեղծսրեն և լրջորեն զբաղվեր խոստացված բարենորոգումների իրագործմամբ: Վարչապետի խոսքերի համաձայն, տերությունները միահամուռ կերպով ցանկանում են պաշտպանել Օսմանյան կայսրության ամբողջականությունը` նոր հիմքերի վրա Թուրքիայի բարեկարգման պայմանով: Հակառակ պարագայում, շարունակում էր Սոլսբերին, Եվրոպան ինքը կզբաղվի այդ հարցով և կստեղծի նոր քաղաքական կազմավորումներ կայսրության փլատակների վրա: Սոլսբերին զգուշացնում էր սուլթանին, որ «եթե նա չդադարեցնի իր դաժանությունները, ապա իր վրա է թափվելու աստծո ցասումը»:286

Անմիջապես հաջորդ օրը Աբդուլ Համիդն իր հերթական ուղերձն է փոխանցում Հերբերտին: Նա գրում էր. «Ես հույս ունեմ Անգլիայի աջակցության վրա և կրկնում եմ, որ Անգլիան պետք է համոզվի իմ խոստումները կատարելու լուրջ ցանկությանս մեջ: Բարենորոգումները շնորհված են և պատճառ չկա կասկածելու, որ նրանք ազնվորեն չեն իրականացվելու: Իմ և այս երկրի շահերից ելնելով բարենորոգումները պետք է իրագործվեն..., սակայն այն կախում ունի կարգ ու կանոնի վերականգնումից և նրանք կարող են ուժի մեջ մտնել հանգստության պայմաններում: Հայերն իրենց բանսարկություններով ու խռովության կոչերով և անկարգությունների հրահրումով ուշացրել են և դեռևս ձգձգում են

__________________________________
285 Turkey, No. 2(1896)..., pp. 107-108.
286 Bliss E.M. Op. cit., pp. 401-402; Russell G.W.E. Op. cit., pp. 23-24; Grenville J.A.S. Op. cit., p. 47.

[ էջ 365 ]

բարենորոգումները: ...Անկարգությանը վերջ դնելու և բարենորոգումներն ինչքան հնարավոր է շուտ իրագործելու հիմնական նպատակով ես մեծ զոհողության գնով զինակոչել եմ մեծ թվով զորքեր և կարծում եմ, որ երկու ամսից պակաս ժամկետում կկարողանամ...վերականգնել կարգ ու կանոնը: ...Թող Անգլիան օգնի ինձ հայերին բարի խորհուրդ տալու գործում..., ասելով նրանց, որ հակառակ պարագայում բարենորոգումները հնարավոր չի լինելու իրագործել այնքան ժամանակ, որքան նրանք շարունակում են քարոզչությունը և ստեղծում անկարգություններ: Ինչու՞ Անգլիան ինձ չի օգնում: Ես դա չեմ կարող հասկանալ: Արդյոք լորդ Սոլսբերին չի՞ ցանկանում ինձ օգնած լինել: Չնայած իմ բոլոր անկեղծ փորձերին ես տեսնում եմ, որ անգլիական թերթերը դեռ վիրավորում են ինձ: Արդյոք նրանք չեն՞ տեսնում, որ ես լրջորեն ջանում եմ ամեն ինչ իր ճիշտ տեղը դնել: Արդյոք հնարավոր չէ՞ մի բան անել նրանց կանգնեցնելու համար: Ես սպասում եմ, որ Անգլիան ինձ մեծ աջակցություն է ցուցաբերեու»: 287

Նոյեմբերի 11-ին Սոլսբերին Հերբերտին հանձնարարում էր իր հիասթափությունն ու զայրույթը հայտնել սուլթանին բարենորոգումների ծրագրի հրապարակումը հետաձգելու կապակցությամբ: Ըստ վարչապետի, բրիտանական կառավարությունը դեռևս ցանկություն ունի աջակցելու սուլթանական իշխանություններին, սակայն միայն այն դեպքում, երբ նրանք պարտադիր կերպով միջոցներ ձեռնարկեն մահմեդականների հարձակումները քրիստոնյա բնակչության նկատմամբ դադարեցնելու և կանխելու ուղղությամբ: Բրիտանական կառավարությանը հասնող տեղեկությունները վկայում են, շարունակում էր Սոլսբերին, որ սուլթանը մեծապես սխալվում է իր այն համոզման մեջ, թե իբր հայերն են հրահրում այդ անկարգությունները: Հակառակը, բրիտանական կառավարության կողմից ստացված տեղեկատվության համաձայն, շատ դեպքերում թուրքական իշխանություններն ու զորքերն են քաջալերում և նույնիսկ մասնակցում տեղի ունեցող բռնություններին:288

Անմիջապես նույն օրը Հերբերտը փոխանցում է սուլթանին հասցեագրված Սոլսբերիի ուղերձը մեծ վեզիրին: Վերջինս կրկնում էր սուլթանի տեսակետն այն մասին, որ այս պահին, երբ մահմեդականները գտնվում են ՙպաղպաջուն՚ վիճակում, բացարձակ վտանգավոր կլինի հրապարակել բարենորոգումների ծրագիրը մամուլում: Միաժամանակ նա բրիտանական

__________________________________
287 Turkey, No. 2(1896)..., p. 127.
288 Նույն տեղում, էջ 122.

[ էջ 366 ]

կառավարության օժանդակությունն էր խնդրում կայսրության համար դժվարին այս պահին: Հերբերտը պատասխանում է, որ քանի որ Բարձր Դուռը շարունակաբար անտեսել և մերժել է բրիտանական կառավարության կողմից ներկայացված կառավարման համակարգը բարելավելու վերաբերյալ բոլոր առաջարկները, ամբողջ պատասխանատվությունը երկրում ստեղծված վիճակի համար ընկնում է իր վրա:289

Նոյեմբերի 11-ին Կոստանդնուպոլսում կայացած մեծ տերությունների դիվանագիտական ներկայացուցիչների հերթական հանդիպման ընթացքում Նելիդովը ռուսական կառավարության անունից առաջարկում է քննարկել ռազմանավերը նեղուցներ մտցնելու հարցը:290 Իր համոզմամբ, տերությունների վեց ռազմանավերի ներկայությունը Կոստանդնուպոլսում կարող է դրական ազդեցություն գործել սուլթանական կառավարության վրա, կանխել ճգնաժամի հետագա խորացումը, ինչպես նաև հնարավորություն կտա խուսափելու քաղաքական բարդույթներ առաջացնող գործողությունների կիրառումից: Տեղեկացնելով Սոլսբերիին, որ մյուս տերությունների ներկայացուցիչները բավականին դրական արձագանքեցին ռուս դեսպանի առաջարկին, Հերբերտը խնդրում էր քննարկել այն և ընդունել համապատասխան որոշում:291

Նոյեմբերի 15-ին Ավստրո-Հունգարիայի, Ֆրանսիայի և Իտալիայի կառավարությունները ընդունում են ռուս դեսպանի առաջարկը, տրամադրելով մեկական

__________________________________
289 Նույն տեղում, էջ 124:
290 Հատկանշական է, որ դեսպան Նելիդովը հանդիսանում էր Ռուսաստանի կողմից Բոսֆորի և Դարդանելի գրավման կրքոտ կողմնակիցներից մեկը : Առաջին անգամ նա բարձրացրել էր այդ հարցը 1892 թ., հիմնավորելով իր առաջարկը Օսմանյան կայսրության ներքին հարցերին տերությունների և, մասնավորապես, Մեծ Բրիտանիայի միջամտության վտանգով: 1895 թ. Կոստանդնուպոլսի հայերի ջարդի ժամանակ դեսպանը կրկին բարձրացնում է այդ հարցը , սակայն մերժում է ստանում, քանի որ արտաքին գործերի նախարար Լոբանով-Ռոստովսկին ընդհանրապես չէր ցանկանում այն քննարկել (Хвостов В.М. Проблемы захвата Босфора в 90-х годах Х1Х в. - Историк-марксист, 1930, т. 20, с. 109-110):
291 Turkey, No. 2(1896)..., pp. 123-124.

[ էջ 367 ]

ռազմանավ` 100 հոգանոց անձնակազմով:292 Մյուս օրը Հերբերտին ուղղված հեռագրում Սոլսբերին նույնպես հաստատում է բրիտանական կառավարության որոշումն այդ կապակցությամբ:293 Նեղուցներում տերությունների ռազմածովային ցույց կազմակերպելու նպատակով Մեծ Բրիտանիայի ծովակալությունը տրամադրում է Միջերկրական նավատորմին պատկանող «Կոկատրիս» ռազմանավը:294

Նոյեմբերի 16-ին Գերմանիայում Մեծ Բրիտանիայի դեսպանը հաղորդում էր Սոլսբերիին, որ գերմանական կառավարությունը նույնպես համաձայնել է ռուսական առաջարկի հետ և տրամադրել է այդ կապակցությամբ «Մոլտկե» ռազմանավը:295

Այն ժամանակ, երբ եվրոպական տերությունները զբաղվում էին Կոստանդնուպոլսում ուժի անօգուտ ցուցադրության կազմակերպմամբ, սուլթանը հայտարարում էր, որ Մեծ Բրիտանիան երբեք չի կարողանալու օգնել հայերին իրականացնելու իրենց երազանքներն ու ձգտումները: Աբդուլ Համիդի խոսքերով, եվրոպական համաժողովի կամ ռազմական միջամտության միջոցով ինքնավարություն ստանալու հայերի պատրանքներին պետք է վերջ դնել: Նա հայտարարում էր, որ հայերն այսօր պարծենում են, որ Մեծ Բրիտանիայի նավատորմը ավելացավ ևս վեց ռազմանավով, իսկ ֆրանսիական նավատորմը դուրս է եկել Միջերկրական, համոզված լինելով, թե իբր Եվրոպան այդ ամենն անում է հատուկ իրենց օգուտի համար:296 Աբդուլ Համիդն այդ օրերին համոզված էր, որ եվրոպական տերությունների կողմից միացյալ ռազմական ելույթ տեղի ունենալ չի կարող, քանի որ Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը երբեք չեն կարողանալու որևէ համաձայնության գալ այդ հարցում:297

Այդ ընթացքում բրիտանական դեսպանությունը շարունակում էր տեղեկատվություն ստանալ շրջաններից հայ բնակչության կոտորածների մասին: Նոյեմբերի 15-ին Հերբերտը

__________________________________
292 Նույն տեղում, էջ 131:
293 Նույն տեղում, էջ 132:
294 FO 424/184, No. 411, p. 231.
295 Turkey, No. 2(1896)..., pp. 137-138.
296 Նույն տեղում, էջ 176:
297 Williams A.W., Gabrielian M.S. Bleeding Armenia. Its History and Horrors. Nez York, 1896, p. 198.

[ էջ 368 ]

Սոլսբերիին տեղեկացնում էր, որ Ալեքսանդրետում Մեծ Բրիտանիայի փոխհյուպատոսի տվյալների համաձայն, երեք օր առաջ թուրքերն ամբողջությամբ ավերել են 300 տուն ունեցող հայկական Օջախլի գյուղը և հրկիզել 30 ագարակ: Հաջորդ օրը նույն ճակատագրին են արժանացել Ուզուլի և Չոք Մարզվան գյուղերը: Ըստ փոխհյուպատոսի, շրջանում տեղակայված կանոնավոր զորքը ոչինչ չի ձեռնարկում կարգ ու կանոն հաստատելու ուղղությամբ, իսկ իշխանությունները շարունակում են մեղքը բարդել հայերի վրա:

Հավատարմատարի հաջորդ հեռագրերի համաձայն, Գյուրունում սպանվել է 4 հազ., Խարբերդում` 500-800 հայ, Սեբաստիայում` 800 հայ և մահմեդական,298 Դիարբեքիրում` 200, Արաբկիրում` 250 հայ:299

Նոյեմբերի 19-ին Բրայտոնում ունեցած իր հերթական ելույթում Սոլսբերին տեղեկացնում էր հավաքվածներին իրեն ուղղված Աբդուլ Համիդի նամակի մասին, ուր սուլթանն իր դժգոհությունն էր հայտնում վարչապետի նոյեմբերի 9-ի ելույթի կապակցությամբ և խնդրում հանդես գալ թուրք-բրիտանական ավանդական բարեկամական հարաբերություններին համապատասխանող նոր ճառով: Սուլթանը հերթական անգամ խոստանում էր շուտով իրագործել բարենորոգումները և հավաստիացնում, որ անձամբ է հսկելու ծրագրի յուրաքանչյուր հոդվածի կատարման ընթացքը: Նա նաև հույս էր հայտնում, որ բրիտանական կառավարությունը որոշում չի կայացնելու ռազմանավերի կապակցությամբ, ինչը կարող է գրգռել հասարակական կարծիքն իր երկրում և խոչընդոտել բարենորոգումների համար անհրաժեշտ խաղաղության հաստատման գործընթացին: Իր ելույթում սակայն Սոլսբերին ընդգծում էր, որ Հայկական հարցում Մեծ Բրիտանիան գործում է համատեղ մյուս տերությունների հետ և ետ չի նահանջելու այդ քաղաքականությունից:300

Աբդուլ Համիդն ամեն կերպ փորձում էր կանխել տերությունների ռազմանավերի մուտքը նեղուցներ: Նոյեմբերի 19-ին դեսպանություններին հասցեագրված իր ուղերձում նա համոզում էր նրանց ետ կանգնել ընդունված որոշումից, վստահեցնելով, որ ձեռնարկել է անհրաժեշտ բոլոր միջոցները կարգ ու կանոնը երկրում վերականգնելու ուղղությամբ: Իրենց

__________________________________
298 Turkey, No. 2(1896)..., p. 130.
299 Նույն տեղում, էջ 138:
300 Вестник Европы, 1895, т. 6, кн. 12, с. 862-863; Turkey, No. 2(1896)..., p. 140.

[ էջ 369 ]

պատասխաններում դեսպանությունները խորհուրդ էին տալիս սուլթանին խոչընդոտներ չհարուցել և ստորագրել ռազմանավերի մուտքը նեղուցներ թույլատրող հրովարտակ, ինչը հնարավորություն կտա կանխելու շատ ավելի խիստ միջոցների կիրառումը և խաղաղեցնելու երկրում ստեղծված իրավիճակը: Միաժամանակ Հերբերտն իր մտահոգությունն էր հայտնում Սոլսբերիին այն մասին, որ այս հարցում սուլթանն առանց պայքարի չի զիջելու:301

Աբդուլ Համիդը Հերբերտի մոտ է ուղարկում նոր նշանակված կայսրության արտաքին գործերի նախարար Թևֆիկ փաշային, որը կրկին փորձում էր համոզել, որ սուլթանական կառավարությունը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները` կարգ ու կանոնը երկրում վերականգնելու ուղղությամբ: Ըստ նախարարի, զինակոչի է ենթարկվել 120 գումարտակ, բոլոր վալիները խիստ կարգադրություններ են ստացել պատժել հայերի վրա հարձակում գործած յուրաքանչյուր մահմեդականի, հատուկ լիազորություններով պաշտոնյաներ են ուղարկված Հայաստանի տարբեր շրջաններ` իշխանություններին իջեցվող հանձնարարությունների կատարումը ստուգելու նպատակով, հուզումների ընթացքում տուժած ինչպես քրիստոնյաները, այնպես էլ մահմեդականները ստանալու են համապատասխան փոխհատուցում պետությունից, համիդիե գնդերը ներկայումս պաշտպանում են հայ բնակչությունը մահմեդականների հարձակումներից:302 Միաժամանակ Հերբերտը տեղեկատվություն է ստանում Ռուսաստանի դեսպանից այն մասին, որ տեղական իշխանություններին իջեցված հանձնարարականների հետ մեկտեղ սուլթանական պալատից նրանց գաղտնի կերպով հրահանգվել է ոչ մի պարագայում կրակ չարձակել մահմեդականների վրա:303

Նոյեմբերի 20-ին Հերբերտի հանձնարարությամբ Բլոկը Աբդուլ Համիդին է հանձնում Սոլսբերիի ուղերձը, ուր վերջինս բրիտանական կառավարության անունից խնդրում էր նրան ներում շնորհել և գթասրտությամբ վերաբերվել ապստամբ զեյթունցիներին: Սուլթանը պատասխանում էր, որ ինչպես իր նախորդներն, այնպես էլ ինքը միշտ գթասրտություն են հանդես բերել նրանց հանդեպ, ովքեր խնդրել են իրենց ներում շնորհել: Եթե զեյթունցիներին որոշվի ներում շնորհել, շարունակում էր սուլթանը, դա պետք է արվի այնպես, որպեսզի

__________________________________
301 Turkey, No. 2(1896)..., p. 141.
302 FO 424/184, No. 554, pp. 198-299.
303 FO 424/184, No. 520, p. 273.

[ էջ 370 ]

օսմանյան կառավարության պատիվը չարատավորվի: Ըստ Աբդուլ Համիդի, զեյթունցիները պետք է դիմեն նման խնդրանքով կամ կառավարությանը կամ Մարաշի պարետին: Սակայն ամեն պարագայում, նշում էր սուլթանը, ինքն արդեն հրամաններ է տվել շրջանի զինվորական և քաղաքացիական իշխանություններին` ամեն կերպ փորձել վերականգնել կարգ ու կանոնը խաղաղ միջոցներով և վնաս չհասցնել նրանց, ովքեր չեն դիմադրելու զորքին: Նա նույնպես հանձնարարել էր Մարաշի պարետին, որն արդեն պատրաստ էր շարժվել դեպի Զեյթուն, սպասել ևս երկու օր, որի ընթացքում հնարավոր է զեյթունցիները հանձնեն իրենց զենքը, ինչպես նաև հուզումների մեղավորներին: Աբդուլ Համիդը խնդրում էր նաև Սոլսբերիին խորհուրդ տալ հայոց պատրիարքին, որպեսզի վերջինս հանգիստ մնալու և բարենորոգումներով բավարարվելու կոչ ուղղի հայերին:304

Նոյեմբերի 20-ին Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Գոշենը տեղեկացնում էր Սոլսբերիին Լոբանով-Ռոստովսկու հետ Հայկական հարցի շուրջ ունեցած իր զրույցի մասին: Վերջինս նշում էր, որ թեև տերություններն իրավունք ունեն պահանջելու սուլթանից վերականգնելու կարգ ու կանոնը կայսրության շրջաններում, սակայն ներկայումս, երբ նրա հպատակները գտնվում են չափազանց գրգռվածության վիճակում, սուլթանին պետք է ժամանակ տալ և վնաս չտալ նրա «բարոյական հեղինակությանը»: «Միջամտության սպառնալիքները», շարունակում էր նախարարը, միայն քայքայում են սուլթանի հեղինակությունը, առանց որի նա ոչինչ չի կարողանալու անել: Դեսպանը համաձայնում էր, որ «միջամտությունը» պետք է պահել որպես վերջին միջոց, սակայն ներկայումս, ըստ իրեն, սուլթանը չի տիրապետում իրավիճակին ու հեղինակություն էլ չունի երկիրը խաղաղեցնելու համար և եթե Փոքր Ասիայի «սարսափելի տեսարանները» կրկին շարունակվեն, տերությունները պետք է կատարեն իրենց պարտականությունները, վերջ դնելով նման «անտանելի» կացությանը: Լոբանով-Ռոստովսկին պատասխանում է դեսպանին հետևյալ կերպ. «Իմ փորձառությունն Արևելքում հուշում է ինձ, որ ներկայումս տեղի ունեցող նման հուզումները շուտով մեռնում են բնական մահով, բացառությամբ այն դեպքերի, երբ ինչ-որ մի տերություն, ելնելով իր սեփական քաղաքական շահերից, հրահրում է ընդդիմադիր տարրերին շարունակել գործողությունը»:305 Ռուսաստանի արտգործնախարարն «ինչ-որ

__________________________________
304 FO 424/184, No. 613/1, p. 328.
305 FO 424/184, No. 570, p. 307.

[ էջ 371 ]

տերության» տակ նկատի ուներ Մեծ Բրիտանիային, իսկ «ընդդիմադիր տարրերի»` հայերին: Ռուսական կառավարությունը համոզված էր, որ հայկական շարժումը հրահրվում և կազմակերպվում է Լոնդոնի կողմից, որը փորձում է այն որպես միջամտության լծակ օգտագործել ինչպես սուլթանական իշխանությունների, այնպես էլ Ռուսաստանի դեմ:

տերության» տակ նկատի ուներ Մեծ Բրիտանիային, իսկ «ընդդիմադիր տարրերի»` հայերին: Ռուսական կառավարությունը համոզված էր, որ հայկական շարժումը հրահրվում և կազմակերպվում է Լոնդոնի կողմից, որը փորձում է այն որպես միջամտության լծակ օգտագործել ինչպես սուլթանական իշխանությունների, այնպես էլ Ռուսաստանի դեմ:Ձգտելով խուսափել քննարկման խորացումից, Գոշենը պատասխանում է, որ բարեբախտաբար դա չի վերաբերվում ներկայիս իրավիճակին, քանի որ տերությունները համատեղ կերպով համաձայնության են եկել հայկական բարենորոգումների հարցում: Սակայն Լոբանով-Ռոստովսկին շարունակում է քննարկումը, անդրադառնալով Փոքր Ասիայում տերությունների ռազմական միջամտության գործնական դժվարություններին: Առաջին հերթին նա նկատի ուներ տարածքի մեծությունը, ուր տեղի են ունենում ներկայիս իրադարձությունները: Այդ դժվարությունը գոյություն չուներ, շարունակում էր նախարարը, երբ Եվրոպայի կողմից Ֆրանսիային մանդատ տրվեց Դամասկոսում վիճակը վերականգնելու համար, քանի որ խոսքը գնում էր մեկ շրջանի մասին: Սակայն ներկայիս պարագայում, նշում էր Լոբանով-Ռոստովսկին, երբ հուզումները տեղի են ունենում Զեյթունում, այնուհետև Դիարբեքիրում և տարածվում այլուր, տերությունները չեն կարողանալու բարեհաջող կերպով միջամտել, քանի որ այդ գործողության համար պետք է գալու հսկայական մի բանակ: Ռուս նախարարը վախենում էր նաև, որ ռազմական միջամտության սպառնալիքները կարող են ոգևորել հայերին նոր գործողությունների, որոնք կհրահրեն թուրքերին նոր արյունահեղությունների և իրապես կստեղծեն տերությունների միջամտության հնարավորություն:306

Նոյեմբերի 21-ին Հերբերտը Սոլսբերիին տեղեկացնում էր Գերմանիայի դեսպանի և Աբդուլ Համիդի միջև կայացած հանդիպման մասին, որի ընթացքում դեսպանը խստագույնս պահանջել էր ենթարկվել տերությունների խորհուրդներին` կայսրությունում կարգ ու կանոնը վերականգնելու կապակցությամբ, ակնարկելով ձեռնարկել այնպիսի համատեղ գործողություններ, որոնց արդյունքում սուլթանը կարող է նույնիսկ գահնկեց լինել: Դեսպանը փոխանցել էր Աբդուլ Համիդին կայսր Վիլհելմի ուղերձը, ուր մասնավորապես ասվում էր. ՙԳերմանիան ամբողջովին համաձայն է Եվրոպայի հետ ինչ կվերաբերի Արևելյան հարցին և կայսրը զգուշացնում է Նորին Մեծությանը, որ նրան տապալելու մեծ վտանգ գոյություն ունի,

__________________________________
306 Նույն տեղում, էջ 308:

[ էջ 372 ]

եթե նա չընդունի քաղաքական այն ուղեգիծը, որը կվերականգնի Եվրոպայի վստահությունը՚: Սուլթանը խոստանում է դեսպանին այսուհետ խորհրդակցել տերությունների ներկայացուցիչների հետ և վերականգնել այսպիսով նրանց վստահությունը:307

Այդ հանդիպման արդյունքում տեղի է ունենում տերությունների ներկայացուցիչների հերթական հանդիպում, ուր որոշվում է Ավստրո-Հունգարիայի ներկայացուցիչ, ավագ դեսպան Մոնսոնի միջոցով սուլթանի ուշադրությունը հրավիրել տերությունների հետևյալ խորհուրդների վրա. պաշտոններից հեռացնել հայ բնակչության կոտորածների համար պատասխանատու բոլոր պաշտոնյաներին, հետաքննություն անցկացնել բռնություններին զինվորների մասնակցության կապակցությամբ և պատժել մեղավորներին, հրապարակել մամուլում վալիներին և զինվորական հրամանատարությանը վերջերս իջեցված հանձնարարությունները` կարգ ու կանոնը վերականգնելու ուղղությամբ, արձակել համապատասխան Հաթթ սուլթանի կողմից, ուր պետք է հնազանդության ու անկարգություններից խուսափելու կոչ արվի իր հպատակներին, լուծել նեղուցներ տերությունների ռազմանավերի մուտքի հարցը, Կոստանդնուպոլսի քրիստոնյա բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով քաղաքի տարբեր շրջանների համար նշանակել պատասխանատու զինվորական հրամանատարներ:308

Նոյեմբերի 22-ին Աբդուլ Համիդը Հերբերտի մոտ է ուղարկում Միդհաթ փաշայի հետևորդ, կայսրության ազատականացման կողմնակից Իսմաիլ Քեմալ բեյին: Վերջինս նշում էր, որ սուլթանը «զզվել է Ռուսաստանից, որին մինչև վերջերս հավատում էր և ցանկանում է շրջվել դեպի Անգլիա և ընդունել ավելի լիբերալ քաղաքականություն»: Դրա փոխարեն սուլթանն առաջարկում էր բրիտանական կառավարությանը հրաժարվել ռազմածովային ցույց կազմակերպելու որոշումից, որը, իր համոզմամբ, ուղղված է անձնապես իր դեմ: Հերբերտը պատասխանում էր, որ քաղաքականության նման փոփոխությունը մեծ ազդեցություն կարող է ունենալ վստահության վերականգնման ուղղությամբ, սակայն տերությունները համոզված կերպով շարունակելու են պնդել ռազմանավերի մուտքի իրենց իրավունքի վրա, որն ուղղված է ոչ թե սուլթանի դեմ, այլ

__________________________________
307 FO 424/184, No. 607, p. 323.
308 FO 424/184, No. 556, pp. 299-300.

[ էջ 373 ]

նպատակ է հետապնդում հանգստացնելու և վերականգնելու օտարերկրյա համայնքների վստահությունը: Եթե նման փոքր հարցը չստանա իր լուծումը, շարունակում էր հավատարմատարը, այն նոր դժվարություններ կստեղծի սուլթանի համար և ավելի կգրգռի հասարակական կարծիքն ինչպես կայսրությունում, այնպես էլ Եվրոպայում: Հերբերտն առաջարկում էր, որպեսզի սուլթանը, իր իսկ շահերից ելնելով, առանց հետաձգման թույլ տա ռազմանավերին մուտք գործել Կոստանդնուպոլիս: Զրույցի վերջում Հերբերտը խորհուրդ է տալիս Իսմաիլ Քեմալ բեյին հայտնել Աբդուլ Համիդին, որպեսզի վերջինս նման առաջարկներով դիմի ոչ միայն բրիտանական, այլև մյուս տերությունների կառավարություններին, որոնք ռազմանավերի հարցում գործում են համատեղ:309

Նույն օրը Հերբերտը Սոլսբերիին տեղեկացնում էր, որ սուլթանական պալատի պաշտոնյաները և ոստիկանության ներկայացուցիչները այցելում են հայերի տները Պերայում ու Ստամբուլում և ցուցակագրում նրանց նոր համընդհանուր ջարդ կազմակերպելու նպատակով: Նման տեղեկատվություն էր ստանում այդ օրերին նաև Ռուսաստանի դեսպանությունը: Հերբերտն անմիջապես ուղերձ է հղում Աբդուլ Համիդին, ուր նշում էր, որ նման փաստերը վտանգում են հասարակական անդորրը և պահանջում էր ձեռնարկել համապատասխան միջոցներ: Նա հիշեցնում էր սուլթանին տերությունների դաշինքի մասին և զգուշացնում, որ նոր հուզումները Կոստանդնուպոլսում կստեղծեն եվրոպական ռազմական միջամտության հնարավորություն և կվտանգեն Օսմանյան կայսրության հետագա գոյությանը:310

Նոյեմբերի 25-ին Կոստանդնուպոլսում տեղի ունեցած դեսպանների հերթական հանդիպումը նվիրված էր սուլթանական կառավարության կողմից ռազմանավերի մուտքի թույլտվության ձգձգմանը: Քննարկման արդյունքում որոշվեց պնդել պայմանագրերով ամրագրված իրենց իրավունքի վրա և եթե սուլթանական կառավարությունն այս անգամ էլ հրաժարվի, նրանք կսահմանեն ժամկետ, որից հետո կձեռնարկվեն այդ իրավունքը ապահովող միջոցառումներ:311

_________________________________
309 FO 424/184, No. 617, p. 330.
310 FO 424/184, No. 618, p. 331.
311 FO 424/184, No. 567, p. 306.

[ էջ 374 ]

Հաջորդ օրը Մեծ Բրիտանիայում Թուրքիայի ժամանակավոր հավատարմատար Մորել բեյը Բարձր Դռան անունից խնդրում էր Սոլսբերիին հրաժարվել բրիտանական ռազմանավի Կոստանդնուպոլիս մտցնելու պահանջից, քանի որ եվրոպական քաղաքացիներին ոչ մի վտանգ չի սպառնում: Նա ընգծում էր, որ «մահմեդական բնակչության մոլեռանդ զգացմունքներն ուղղված էին միմիայն հայերի դեմ» և չէին վերաբերում ոչ արտասահմանցիներին, ոչ էլ մյուս քրիստոնյաներին: Հրաժարվելով քննարկելու հավատարմատարի հետ ռազմանավերի օգտագործման նպատակները, Սոլսբերին հայտարարում է, որ բրիտանական կառավարության քաղաքականությունն այդ հարցում առայժմ մնում է անփոփոխ:312 Նույն պատասխանը Սոլսբերին տալիս է Ռուսաստանի դեսպան Եգոր Ստաալին313, որն իր կառավարության անունից առաջարկում էր հետաձգել իր իսկ կողմից առաջարկված ռազմանավերի խնդրի արծարծումը:314

Նույն օրը մեծ վեզիրը Քարրիին տեղեկացնում էր, որ կառավարությունը հանձնարարական է իջեցրել Մարաշի իշխանություններին, որպեսզի վերջիններս կազմեն քրիստոնյա նշանավոր մարդկանցից բաղկացած հանձնաժողով, որը պետք է մեկնի Զեյթուն և բանակցի նրա բնակիչների հետ: Դեսպանը դրական էր գնահատում Բարձր Դռան որոշումը:315

Նոյեմբերի 27-ին Աբդուլ Համիդն առաջարկում էր Քարրիին Շեֆիկ փաշայի փոխարեն բարենորոգումների իրագործման հսկողության հանձնաժողովի նախագահ նշանակել Դիարբեքիրի վալի Սիրրի փաշային: Նկատի առնելով վերջինիս դրական հատկանիշները, դեսպանն առաջարկում էր Սոլսբերիին համաձայնել նրա թեկնածության հետ:316

Նոյեմբերի 29-ին Աբդուլ Համիդը հրավիրում է Քարրիին զրույցի: Խոսելով բարենորոգումների մասին, սուլթանը նշում էր, որ դժբախտաբար տերությունների մոտ

__________________________________
312 Turkey, No. 2(1896)..., p. 166.
313 Ստաալ Եգոր - ռուս դիվանագետ: 1884-1903 թթ.` դեսպան Մեծ Բրիտանիայում, 1889 թ. Հաագայի համաժողովի նախագահ:
314 Նույն տեղում, էջ 170-171:
315 Նույն տեղում, էջ 170:
316 FO 424/184, No. 586, p. 314.

[ էջ 375 ]

այնպիսի տպավորություն է ստեղծված, որ ինքը անկեղծ չէ դրանք առանց ուշացման իրագործելու իր մտադրությունների մեջ: «Նման միջոցառումը, - շարունակում էր նա, - բնականաբար, պահանջում է երկարատև քննարկում, սակայն..., լինելով մեկ անգամ հավանություն ստացած և ընդունված, այն պետք է ամբողջությամբ իրագործվի: Այնուամենայնիվ, առաջին անհրաժեշտ գործը դա կարգ ու կանոնի վերականգնումն է, որից հետո միայն կարելի կլինի կիրառել բարենորոգումները»: Ըստ սուլթանի, առաջին քայլերն արդեն կատարված են. ընտրված են թեկնածուներ հսկիչների, վալիների և մյութեսարիֆների պաշտոնների համար, Շաքիր փաշան սկսել է կազմավորել քրիստոնյա ոստիկանությունը վեց վիլայեթներում, սակայն գործընթացն ուշացնում են տեղի ունեցող հուզումները:

Քարրին ասում էր, որ բրիտանական կառավարությունը գոհունակությամբ է ընդունել բարենորոգումների հաստատման մասին սուլթանի որոշումը, սակայն, դժբախտաբար, վերջին իրադարձությունները կորցրեցին գոյություն ունեցող վստահությունը: Բարենորոգումների ծրագրի ընդունմանը հետևեցին կոտորածներ հայկական շրջաններում, իրենց տներն ու ունեցվածքը կորցրած և անօգնական մնացած հազարավոր մարդիկ սովի են դատապարտված ձմռան ընթացքում: Դեսպանը տեղեկացնում էր սուլթանին բռնի կերպով հայերին կրոնափոխության ենթարկման փաստերի, ինչպես նաև Մուշում բրիտանական փոխհյուպատոսից ստացված հեռագրի մասին, որի համաձայն, Բիթլիսի իշխանությունները ուժի սպառնալիքի տակ ստիպել են քաղաքի հայերին հեռագիր ուղարկել Կոստանդնուպոլիս, որ տեղի կոտորածները սկսել են հայերը:

Սուլթանն անմիջապես խոստանում է հետաքննություն անցկացնել նշված փաստերի կապակցությամբ և տեղեկացնել դեսպանությանն արդյունքների մասին:

Քարրին շարունակում էր, որ բրիտանական կառավարությունը դժգոհ է սուլթանական կառավարությունից հիմնականում երկու հանգամանքի կապակցությամբ: Առաջինը` դեռևս ոչ ոք չի պատժվել կոտորածների կազմակերպման համար: Երկրորդը` սուլթանը դեռևս չի ստորագրել խոստացված Հաթթը բարենորոգումների մասին:

Անիմաստ համարելով Հաթթի հրապարակումը, Աբդուլ Համիդն ասում էր, որ գործն ավելի կարևոր է, քան խոսքերը կամ հայտարարությունները և եթե ինքը որոշում է ընդունել բարենորոգումների իրագործման վերաբերյալ, նա անպայմանորեն այն պետք է կատարի:

Քարրին փորձում էր բացատրել սուլթանին, որ Հաթթի հրապարակումը չափազանց կարևոր է հետևյալ երեք հանգամանքների համար. 1/ համոզել տերություններին սուլթանի

[ էջ 376 ]

անկեղծության մեջ. 2/ համոզել հայերին, որ իրենք իրապես ստացել են բարենորոգումները. 3/ համոզել մահմեդականներին, որ բարենորոգումներն իրենց շահերը վիրավորող ոչինչ չեն պարունակում: Չհամաձայնելով վերջին երկու փաստարկների հետ, Աբդուլ Համիդն ամեն դեպքում խոստանում է կրկին քննարկել հարցը մեծ վեզիրի ու նախարարների հետ և արդյունքների մասին տեղեկացնել դեսպանին:

Այնուհետև Քարրին անդրադառնում է «ստացիոնարների»` տերությունների ռազմանավերի հայտնի խնդրին և ափսոսանք հայտնում, որ սուլթանը նման կասկածամտությամբ է ընկալում այն: Ըստ դեսպանի, Փարիզի պայմանագրի համաձայն, յուրաքանչյուր տերություն իրավունք ունի Կոստանդնուպոլիս մտցնել երկու «ստացիոնար», որոնց նպատակն է պաշտպանել օտարերկրյա համայնքների անվտանգությունը: Չնայած այն բանին, շարունակում էր դեսպանը, որ սուլթանական կառավարությունը հավաստիացնում է, որ նրանց անվտանգությունն ապահովված է, այնուամենայնիվ, վերջին իրադարձությունները ստեղծել են անվստահության մթնոլորտ, որը պետք է կարգավորվի ռազմանավերի ներկայությամբ: Ըստ դեսպանի, տերությունների կողմից ընդունված որոշումը ելնում է ոչ միայն արտասահմանցիների, այլև Թուրքիայի շահերից, քանի որ նոր պայթյունի դեպքում այս անգամ նավատորմերն են մտնելու Կոստանդնուպոլիս:

Չհամաձայնելով այդ տեսակետի հետ, Աբդուլ Համիդը նշում էր, որ ոստիկանության նախարարության համոզմամբ, ռազմանավերի առկայությունը ոչ թե կկանխի ընդվզումներն, այլ հակառակը, կհրահրի նորերը: «Վտանգ գոյություն չունի: Արդյոք երբևիցե արտասահմանցու քթից արյուն հոսել՞ է մայրաքաղաքում կամ շրջաններում» - հարցնում էր նա դեսպանին: Սուլթանը պնդում էր, որ բրիտանական կառավարությունը հրաժարվի այդ գաղափարից, որին կհետևեն նաև մյուս տերությունները:

Քարրին կրկին անգամ նկատում էր, որ «ստացիոնարները» «...հարկավոր են տերություններին ոչ թե ռազմածովային ցույց կազմակերպելու, այլ վստահությունը վերականգնելու և Նորին Մեծությանն աջակցելու` կարգ ու կանոնը պահպանելու նպատակով: Ուստի որպես Նորին Մեծության և Թուրքիայի բարեկամ ես լրջորեն խնդրում եմ թույլ տալ նավերին մտնել Դարդանել: Նրանք կգան մեկը մյուսի ետևից և ուշադրություն չեն գրավի...»:

[ էջ 377 ]

Կրկին անգամ խնդրելով բրիտանական կառավարությունից հրաժարվել այդ որոշումից, Աբդուլ Համիդն այնուամենայնիվ խոստանում է քննարկել այդ հարցը և տեղեկացնել դեսպանին:317

Դեկտեմբերի 1-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարարն ասում էր Քարրիի, որ Աբդուլ Համիդը դեռևս իր հույսը չի կորցրել, որ Անգլիան վերականգնելու է բարեկամությունն իր երկրի հետ և ստիպելու է մյուս տերություններին նույնպես հանել իրենց պահանջները ռազմանավերի վերաբերյալ:318 Հաջորդ օրը դեսպանը գրում էր Սոլսբերիին, որ, իր կարծիքով, ժամանակը եկել է, որպեսզի տերությունների ներկայացուցիչների վերջին հանդիպման ընթացքում ընդունված որոշման համաձայն, ժամկետ սահմանվի սուլթանական կառավարության կողմից ռազմանավերի համար թույլտվություն ստանալու համար:319 Խոսելով «ստացիոնարների» խնդրի շուրջ Մեծ Բրիտանիայում Ավստրո-Հունգարիայի դեսպանի հետ, Սոլսբերին նշում էր, որ քանի որ ռուսական կառավարությունը մերժում է սուլթանի նկատմամբ որևէ ճնշում գործադրելու փորձերը, տերությունները ստիպված են լինելու, Բարձր Դռան կողմից թույլտվությունը չստանալու դեպքում, կամ լիովին ընդունել իր հաղթանակը կամ էլ հայտարարել, որ եթե նեղուցներ առանց թույլտվության մտնող ռազմանավերի վրա կրակ բացվի, ապա այն դիտվելու է որպես «թշնամական գործողություն», որին կհետևեն պատժամիջոցներ կայսրության տարբեր շրջաններում:320 Դեկտեմբերի 3-ին Ավստրո-Հունգարիայում Մեծ Բրիտանիայի դեսպան Մոնսոնը հաղորդում էր Սոլսբերիին արտգործնախարար Գոլուխովսկու հետ ունեցած իր հանդիպման մասին: Վերջինս կարծիք էր հայտնում, որ սուլթանն այլևս համառել չի կարող, քանի որ Ռուսաստանը, իր տեղեկությունների համաձայն, հանել է իր առարկությունները թույլտվություն պահանջելու վերաբերյալ: Հնարավոր է, շարունակում էր նա, որ մի քանի օրվա ընթացքում սուլթանը թույլ տա նավերին մտնել Կոստանդնուպոլիս: Նախարարի

__________________________________
317 Turkey, No. 2(1896)..., pp. 198-200.
318 FO 424/184, No. 603, p. 322.
319 FO 424/184, No. 643, p. 353.
320 FO 424/184, No. 645, p. 354.

[ էջ 378 ]

համոզմամբ, Ռուսաստանը վախենում էր ջարդել «եվրոպական համերգը», քանի որ այդ դեպքում ամբողջությամբ կարձակի Անգլիայի ձեռքերը:321

1895 թ. ավարտին հստակորեն բացահայտվեց Մեծ Բրիտանիայի արևելյան քաղաքականության ճգնաժամը: Նրա քաղաքականությունն Օսմանյան կայսրության նկատմամբ մշտապես նախատեսում էր բարենորոգումների իրագործման պահանջ հպատակ քրիստոնյա ժողովուրդների համար` սուլթանական կառավարությանը վախեցնելու և իր հովանավորությունն ու շահերի իրականացումն ապահովելու նպատակով: Հովանավորությունն ու բարենորոգումները հանդիսանում էին 1878 թ. Կիպրոսի կոնվենցիայի քաղաքականության բովանդակությունը: Եվ հենց այդ առումով 1895 թ. ճգնաժամային շրջան հանդիսացավ բրիտանական արևելյան քաղաքականության համար: Հայերի ողբերգությունը վերջնականապես կործանեց բրիտանական կառավարության հույսերը` բարենորոգումների գործընթացի նկատմամբ հսկողություն սահմանելու կապակցությամբ: Սուլթան Աբդուլ Համիդի խորամանկ քաղաքականությունը, հայկական կոտորածների ժամանակավոր դադարն ու այդ ընթացքում Հայկական հարցում տերությունների միջև լիարժեք համաձայնության անհնարինությունը նշանակում էին, որ բրիտանական դիվանագիտության քաղաքականությունը չկարողացավ ապահովել որևէ դրական կամ գործնական արդյունքներ: Նույնիսկ «ստացիոնարների» թույլտվությունը հետագայում ստանալու և ռազմանավերը Դարդանել մտցնելու պարագայում չարձանագրվեց որևէ դրական միտում բարենորոգումների իրագործման և կոտորածների դադարեցման հարցում, որում Սոլսբերին մեղադրում էր իր նախորդներին` Ռոզբերիին և Քիմբերլիին, որոնք չկարողացան կանխորոշել Ռուսաստանի և Ֆրանսիայի դիրքորոշումը բարենորոգումների քաղաքականության հանդեպ:322

Սոլսբերին հուսախաբություն ապրեց այն ժամանակ, երբ վերջնականապես պարզ դարձավ, որ ռուսական կառավարությունն իրեն չի սատարելու Հայկական հարցում: Ռուսաստանում մեծ կասկածանքով էին վերաբերվում բրիտանական քաղաքականությանը:

__________________________________
321 FO 424/184, No. 655, p. 361.
322 Penson L.M. The Principles and Methods of Lord Salisbury`s Foreign Policy. - Cambridge Historical Journal, 1935, vol. 87-106, p. 101; Papadopoulos G.S. England and the Near East. 1896-1898. Thessalonika, 1969, pp. 45-47; Grenville J.A.S. Op. cit., p. 50.

[ էջ 379 ]

Ռուսաստանը չէր ցանկանում Մեծ Բրիտանիայի հետ համատեղ հանդես գալ Հայկական հարցում, քանի որ վախենում էր բրիտանական նավատորմի հայտնվելուց Կոստանդնուպոլսում, ինչպես նաև ինքնավար Հայաստանի կազմավորումից, որը կարող էր անմիջապես հայտնվել բրիտանական քաղաքականության ոլորտում և սպառնալիք դառնալ իր հայաբնակ շրջանների համար:323

Իր կողմից Սոլսբերին նույնպես մշտապես պատրաստ էր անմիջապես հակազդելու և կանխելու ռուսական նավատորմի հարձակումը Կոստանդնուպոլսի վրա: Թեև նա կասկածանքով և թերահավատորեն էր վերաբերվում Օսմանյան կայսրության ստատուս քվոն երկար ժամանակ պահպանելու և սուլթանական իշխանության ինքնակալ համակարգի փոփոխության հնարավորությանը, չբացառելով նաև այն հանգամանքը, որ Ղրիմի պատերազմի շրջանի հակառուսական քաղաքականությունը սխալ դուրս եկավ, այնուամենայնիվ շարունակում էր հավատալ և հուսալ, որ Մեծ Բրիտանիայի ավանդական ՙհամբավն ու հեղինակությունը՚ կարողանալու են դեռևս ձեռքից բաց չթողնել Կոստանդնուպոլիսը: Վարչապետը փորձում էր այդ օրերին համոզել կառավարությանը, որպեսզի Քարրիին իրավունք տրվի նեղուցներ մտցնել Միջերկրականի ողջ նավատորմը` սուլթանին սարսափի մեջ պահելու և բրիտանական ազդեցությունը վերականգնելու նպատակով, սակայն այդ առաջարկն այդպես էլ չանցավ: Ծովակալության փորձագետներն այն կարծիքին էին, որ ռուս-ֆրանսիական դաշինքը թեքել է ռազմածովային հավասարակշռությունը Միջերկրականում ոչ Բրիտանիայի օգտին:324 Դեկտեմբերի 3-ին Սոլսբերին գրում էր Գոշենին. «Ես ամենևին էլ Ռուսաստանը Կոստանդնուպոլիսը գրավելուց պահելու քաղաքականության կողմնակից չեմ: Հակառակը, ես մտածում եմ, որ Անգլիայի ղեկավարները, որոնց գործունեությունը բերեց Ղրիմի պատերազմին, սխալ են թույլ տվել: Սակայն Կոստանդնուպոլսի պաշտպանությունը ռուսների գրավումից մոտավարապես կես դար, եթե ոչ ավելի, հանդիսանում է մեր քաղաքական հավատամքը... Մեր փառքն ու համբավը կախված են դրանից... Հրաժարումն այդ սկզբունքից կբերի սարսափելի

__________________________________
323 МИД РФ, Политический архив, д. 3440, 1895 г., л. 5-23; д. 3448, л. 56-70.
324 Clayton C.D. Britain and the Eastern Question: Missolonghi to Gallipoli. London, 1971, pp. 185-186; Taylor R. Salisbury. London, 1975, p. 169.

[ էջ 380 ]

հետևանքների... Քարրիին քարտ բլանշ տրամադրելու մասին կաբինետի մերժումը նշանակում է...հանձնել Կոստանդնուպոլիսը Ռուսաստանին: Եթե Ռուսաստանը վերցնի այն մեզնից շուտ, ապա դարդանելյան ամրոցներն իր զինվորներով անառիկ կդարձնեն քաղաքը. սակայն, մյուս կողմից, եթե մենք առաջինները հայտվենք այնտեղ, մենք կդառնանք շատ ավելի ուժեղ, իսկ մեր ձայնը կլինի շատ ավելի ծանրակշիռ...»:325

1895 թ. նոյեմբերին և դեկտեմբերին Սոլսբերին գտնվում էր չափազանց անհանգիստ վիճակում: Նա պետք է արդարացներ իր քաղաքականությունը բրիտանական հասարակայնության աչքերում, որը գտնվում էր չափազանց գրգռված վիճակում հայկական կոտորածների հետևանքով:326 Այդ շրջանում Ֆորին Օֆիսը բազմաթիվ մեղադրական բնույթի նամակներ էր ստանում տարբեր բրիտանական հասարակական, մարդասիրական և կրոնական կազմակերպություններից: Բացի այդ, Օսմանյան կայսրության հայ բնակչության կոտորածների մասին տեղեկությունները նոր լիցք հաղորդեցին Գլադստոնին, որը նոր կամպանիա գլխավորեց «մեծ մարդասպանի» դեմ:327 Գրգռված հասարակական կարծիքը, կառավարության աջակցության բացակայությունն ու բրիտանա-ռուս-ֆրանսիական համագործակցության տապալումը ստիպում էին Սոլսբերիին մտածել նոր քաղաքականության ձևավորման մասին: Վախենալով իր դեմ տրամադրել Օսմանյան կայսրության տարածքային ամբողջականության եռանդուն կողմնակիցներին` հինգ եվրոպական տերություններին, բրիտանական կառավարության ղեկավարը չկարողացավ և չհամարձակվեց գործել միայնակ: Նրա միակ կոնկրետ առաջարկությունն այժմ կայանում էր սուլթան Աբդուլ Համիդին գահնկեց անելու տերությունների համատեղ գործողությունների մեջ: Դեկտեմբերի կեսերին Սոլսբերին հրաժարվեց ընդունել բրիտանական հայասերների ներկայացուցիչներին Վեստմինստերի դուքսի գլխավորությամբ և նույնիսկ ճնշում գործադրեց ու հետաձգել տվեց վերջինիս և Գլադստոնի հովանավորությամբ հայերին ի

__________________________________
325 Taylor R. Op. cit., p. 170; Grenville J.A.S. Op. cit., p. 28.
326 Հայկական հարցում Մեծ Բրիտանիայի հասարակական կարծիքի դիրքորոշումը տես` Киракосян А.Дж. Великобритания и Армянский вопрос (90-е годы Х1Х века). Ереван, 1990, с. 154-197.
327 Grenville J.A.S. Op. cit., p. 47.

[ էջ 381 ]

պաշտպանություն կազմակերպվող հանրահավաքը:328 Այսպիսով, ակնհայտ դարձավ, որ Հայկական հարցում բրիտանական կառավարության չափազանց ակտիվ քաղաքականության հետևանքով նա հայտնվեց մեկուսացման մեջ ինչպես միջազգային հարաբերությունների ոլորտում, այնպես էլ իր երկրում:

Ի վերջո Աբդուլ Համիդը թույլ տվեց տերությունների «ստացիոնարներին» մտնել Կոստանդնուպոլիս, սակայն այդ բանը տեղի ունեցավ ռուսական կառավարության միջամտության շնորհիվ:329 Դեկտեմբերի 12-16-ը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Իտալիայի և Ավստրո-Հունգարիայի ռազմանավերը հերթով մտան Դարդանել:330

Դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած Թուրքիայում տերությունների դեսպանների հերթական հանդիպման ժամանակ Քարրին պնդում էր, որպեսզի տերություններն ինչ-որ մի բան ձեռնարկեն Փոքր Ասիայում տեղի ունեցած կոտորածների և կողոպուտի առնչությամբ: Մասնավորապես, նա առաջարկում էր, որպեսզի կառավարությունները ձևավորեն միջազգային հանձնաժողով, որն այցելի շրջանները, հետաքննի կատարվածը, լուծի փոխհատուցման և մեղավորների պատժման հետ կապված խնդիրները: Քարրիի տեսակետը պաշտպանում են Ավստրո-Հունգարիայի և Իտալիայի դեսպանները, սակայն Նելիդովը հայտարարում է, որ ինքը հրահանգ ունի մասնակցելու տերությունների միայն այն համատեղ միջոցառումներին, որոնք վերաբերվում են միմիայն օտարերկրացիների պաշտպանությանը: Փոխարենը նա առաջարկում էր շարունակել Բարձր Դռան ուշադրությունը հրավիրել կատարվող փաստերի վրա: Միաժամանակ նա չէր բացառում, որ եթե բրիտանական կառավարությունը հաստատի Քարրիի առաջարկությունը միջազգային հանձնաժողովի վերաբերյալ, ապա դեսպանները կներկայացնեն այն իրենց կառավարությունների քննարկմանը: Տեղեկացնելով Սոլսբերիին այդ հանդիպման մասին, Քարրին խնդրում էր նրան քննարկել իր առաջարկությունը, չնայած տերությունների միջև գոյություն ունեցող հակասություններին:

__________________________________
328 Кавказ, 1895, 12 декабря.
329 FO 424/184, No. 701, p. 385.
330 Turkey, No. 2(1896)..., pp. 208, 211, 224.

[ էջ 382 ]

Ըստ դեսպանի, կայսրության արևելյան շրջաններում տիրող իրավիճակը սարսափելի է, ավերիչ իրադարձությունները տեղի էին ունեցել այն շրջաններում, որտեղ որ պետք է իրագործվեին բարենորոգումները: Դրանց արդյունքում հայերը կոտորվել են բոլոր մեծ քաղաքներում, բացառությամբ Վանի, Սամսունի և Էրզրումի, գրեթե ամբողջությամբ կողոպտվել և քանդվել են հայկական գյուղերը, շուրջ 300 հազ. քրիստոնյաներ ներկայումս գտնվում են ծայրահեղ չքավորության և զրկանքների մեջ:331

Այդ նույն օրերին Կոստանդնուպոլսում տեղի ունեցավ կառավարության փոփոխություն, մասնավորապես, մեծ վեզիր Սաիդ փաշային փոխարինեց Իզզեթ բեյը: Փոփոխությունից անմիջապես առաջ Սաիդ փաշան հայտնվում է բրիտանական դեսպանությունում և ողջունում Քարրիին հետևյալ բառերով. «Սուլթանը խելագարվել է»: Կայացած զրույցի ժամանակ նա անվանում էր սուլթանին «սուտասան, ավազակ և մարդասպան»: Նա հիշում էր Սասունի ջարդից առաջ սուլթանի հետ ունեցած իր զրույցը, երբ վերջինս ասում էր, որ Հայկական հարցը պետք է լուծվի ոչ թե բարենորոգումների, այլ արյան միջոցով: Սաիդ փաշան ասում էր Քարրիին. «Սկզբում ես նշանակություն չէի տալիս նրա խոսքերին: Ես որոշեցի, որ նա նկատի ունի պատերազմը օտար տերության հետ, սակայն միայն հետո հասկացա, որ նա նկատի ուներ հենց ջարդը»: Դեկտեմբերի 11-ին Քարրին գրում էր Սոլսբերիին, որ Սաիդ փաշայի և Գլադստոնի կարծիքները սուլթանի մասին ամբողջապես համընկնում են` երկուսն էլ համարում են Աբդուլ Համիդին Թուրքիայի չարիքը:332

Դեկտեմբերի 16-ին Քարրին Սոլսբերիին հաղորդում էր, որ որոշ տեղեկությունների համաձայն, Աբդուլ Համիդը, բրիտանական հասարակական կարծիքը հանգստացնելու նպատակով, մտադրություն է հայտնել ստեղծել ջարդերի փաստերի հետաքննության հանձնաժողով, որի գործունեությունը գլխավորելու է անձամբ ինքը: Դեսպանը կասկած էր հայտնում, որ այդ հանձնաժողովը, ինչպես և նախկինում ստեղծված բոլոր նման կառույցները, կկարողանա արդյունավետ կերպով կատարել իր առջև դրված խնդիրները:333

__________________________________
331 FO 424/184, No. 703, p. 386; No. 750, pp. 424-425; Turkey, No. 2(1896)..., p. 210.
332 Douglas R. Op. cit., p. 125.
333 FO 424/184, No. 755, p. 427.

[ էջ 383 ]

Սոլսբերիի հանձնարարությամբ այդ օրերին տերությունների մայրաքաղաքներում հավատարմագրված դեսպանները խորհրդատվություններ էին անցկացնում արտգործնախարարների հետ Հայկական հարցի կապակցությամբ: Մասնավորապես, դեկտեմբերի 16-ին Լասսելզը հաղորդում էր Բեռլինից, որ Գերմանիայի արտգործնախարարի կարծիքով, ոչ մի կասկած չկա «սարսափելի ջարդերի կազմակերպման» փաստի առնչությամբ, սակայն ինքն այն տպավորության տակ է, որ որոշ դեպքերում նրանք հրահրված են եղել հայերի կողմից: Նախարարի համոզմամբ, ձմեռվա ընթացքում Օսմանյան կայսրությունում որևէ արտասովոր իրադարձություն տեղի չի ունենալու, սակայն գարնանը, նկատի առնելով սուլթանի իշխանության թուլությունը, հնարավոր են բարդություններ Մակեդոնիայում և Բուլղարիայում:334

Նույն օրը Մոնսոնը հաղորդում էր Վիեննայից, որ Գոլուխովսկու կարծիքով, ներկայումս տերությունները ոչ մի անելիք չունեն Հայկական հարցում, նրանք պետք է ժամանակ տան սուլթանին իրագործելու իր խոստումները` շրջաններում կարգ ու կանոնը վերականգնելու ուղղությամբ: Ինչ վերաբերում է տերությունների միջամտությանը, շարունակում էր նախարարը, ապա ակնհայտ է, որ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի բարենորոգումների իրականացմանը վերաբերող վերջին նախաձեռնությունը աղետալի արդյունք ունեցավ հայերի համար:335

Դեկտեմբերի 17-ին Լոբանով-Ռոստովսկին ասում էր Գոշենին, որ Անգլիայում ապրելու իր երկու տարվա փորձառության ընթացքում իր համար պարզ դարձավ, որ անգլիացիներն աշխարհի ամենա «դյուրագրգիռ» ժողովուրդն են: Իր համոզմամբ, այդ հատկությունն ամբողջությամբ իր արտահայտությունը գտավ Հայկական հարցում, երբ բրիտանական հասարակական կարծիքն իր մարդասիրական գաղափարներով քաջալերեց հայկական կոմիտեներին, հրահրեց հայերին ապստամբության և գրգռեց թուրքերի մոլեռանդությունը: Գոշենը չի համաձայնում նախարարի և ընդհանրապես Ռուսաստանում տարածված այն կարծիքի հետ, թե իբր Մեծ Բրիտանիան պատասխանատու է տեղի

__________________________________
334 FO 424/184, No. 813, p. 482.
335 FO 424/184, No. 816, p. 454.

[ էջ 384 ]

ունեցած ջարդերի համար, քանի որ հրահրել է Հայկական հարցը, ելնելով իր սեփական շահերից:336

Նելիդովի համոզմամբ, տերությունների գործողություններն այսուհետ պետք է սահմանափակվեն միմիայն երկրում ընդհանուր կարգ ու կանոն հաստատելու ձգտումով:337 Դեկտեմբերի 13-ին Լոբանով-Ռոստովսկուն ուղղված հեռագրում նա տեղեկացնում էր, որ Աբդուլ Համիդը թանգարժեք նվերներ և թութուն է ուղարկել Նիկոլայ 2-րդին: Ըստ դեսպանի, Սոլսբերին ամբողջությամբ կորցրել է իր ազդեցությունն ու վստահությունը Թուրքիայի մահմեդական շրջանակներում:338

Դեկտեմբերի 18-ին Քարրիի և Թուրքիայի արտգործնախարարի միջև կայացած հանդիպման ժամանակ վերջինս տեղեկացնում էր, որ զորքը շրջապատել է զեյթունցիներին, սակայն սուլթանը ուշացնում է հարձակումը, հույս ունենալով, որ նրանք ի վերջո հանձվելու են: Բարձր Դռան տեղեկությունների համաձայն, զեյթունցիները այրել և ավերել են մահմեդական գյուղերը, կոտորել գերի ընկածներին, բռնություններ են գործում կանանց և երեխաների հանդեպ:339 Սոլսբերիին հասցեագրված իր դեկտեմբերի 19-ի հերթական զեկուցագրում Քարրին գրում էր, որ դժբախտաբար իրավիճակը կայսրությունում այդպես էլ չի բարելավվում. շրջաններում շարունակվում են քրդերի հարձակումները, ջարդերի պատասխանատուները մնում են անպատիժ, բազմաթիվ անմեղ հայեր դեռևս գտնվում են բանտերում, կառավարությունը չի կարողանում ֆինանսավորել պահեստից կանչված զորքը, վերջինս թալանում է բնակչությանը, բանակը շրջապատել է զեյթունցիներին և իշխանությունները սպառնում են կոտորել նրանց, փորձելով արդարացնել նախատեսվող ջարդը հայերի կողմից իրագործված բռնություններով, անկարգություններ են տեղի ունեցել Կրետեյում, հուզումներ են սպասվում Մակեդոնիայում: «Ֆինանսական դրությունն անհույս է, - շարունակում էր դեսպանը, - և կարծես հնարավոր է, որ հաջորդ գարնանը թուրքական կառավարությունն անկարող գտնվի հաղթահարել իր դժվարությունները»: Քարրիի

__________________________________
336 FO 424/184, No. 815, pp. 483-484.
337 Turkey, No. 2(1896)..., pp. 254-255.
338 Из дневника В.Н.Ламздорфа. - Вопросы истории, 1977, Nо. 6, с. 103-104.
339 Turkey, No. 2(1896)..., p. 226.

[ էջ 385 ]

համոզմամբ, նման իրավիճակն ամբողջությամբ կարող է արդարացնել տերությունների համատեղ գործողությունները` կարգ ու կանոնը կայսրությունում վերականգնելու և ընդհանուր խաղաղությանը սպառնացող հետագա անկարգությունները կանխելու ուղղությամբ: Սակայն դժբախտաբար, գրում էր դեսպանը, Կոստանդնուպոլսում հավատարմագրված տերությունների դեսպանները, Նելիդովի գլխավորությամբ, արտասահմանցիների պաշտպանության հարցով սահմանափակվելու մասին հրահանգներ են ստացել իրենց կառավարություններից և հրաժարվում են համագործակցել այլ խնդիրների շուրջ:340

Դեկտեմբերի 21-ին Քարրին գրում էր Սոլսբերիին, որ զեյթունցիներին կարծես թե առաջարկվել են նախապայմաններ, որոնցից ամենակարևորներն են զենքի վայր դնելն ու ղեկավարների հանձնումն իշխանություններին: Դեսպանի կարծիքով, հայերը չեն ընդունելու այդ պայմաններն ու կոտորվելու են: Այդ կապակցությամբ Քարրին դիմում է Բարձր Դռանը` ամեն պարագայում կոտորածը կանխելու միջոցառումներ ձեռնարկելու պահանջով:341

Այդ օրերին տերությունների դեսպանները խնդրագրեր են ստանում լուսավորչական և կաթոլիկ հայերի առաջնորդներից, ուր առաջարկվում էր, զեյթունցիների պահանջով, որպեսզի տերությունների հյուպատոսները միջնորդներ հանդիսանան Զեյթունի հայերի և իշխանությունների միջև: Քարրիի առաջարկությամբ, դեկտեմբերի 23-ին տեղի է ունենում դեսպանների հանդիպում, ուր որոշվում է դիմել տերությունների կառավարություններին` Հալեպում գտնվող հյուպատոսներին Զեյթուն գործուղելու հարցով:342 Սակայն նույն օրը, Հալեպում բրիտանական հյուպատոսի համաձայն, թուրքական բանակը ռմբակոծում և այրում է Զեյթունի ամրոցն ու գրավում քաղաքը, պաշտպանվողները հեռանում են քաղաքից Քիլիսի ուղղությամբ: Պաշտոնական տվյալների համաձայն, հարձակման ժամանակ սպանվել և վիրավորվել էր ընդամենը 21 թուրք զինվոր, զեյթունցիների կորուստների մասին տեղեկություն դեռևս չկա: Ըստ հյուպատոսի, իշխանությունները թույլ են տվել, որ անզեն հայերը շարժվեն դեպի Մարաշ, միաժամանակ կասկած հայտնելով, որ նրանք դժվար թե անվտանգ տեղ հասնեն, քանի որ քրդերն ու չերքեսները սպասում են նրանց ճանապարհին:

__________________________________
340 Նույն տեղում, էջ 254-255:
341 Նույն տեղում, էջ 227:
342 FO 424/184, No. 821, p. 487.

[ էջ 386 ]

343 Բարձր Դռան հայտարարության համաձայն, թեև բանակը գրավել է ամրոցն ու շրջապատել քաղաքը, դրանով իսկ վերացնելով հիմնական վտանգը, հրամանատարին հրահանգ է իջեցված առաջ շարժվել շատ դանդաղ, հանձնվելու հնարավորություն տալով զեյթունցիներին:344 Բրիտանական հյուպատոսի հաջորդ հեռագրի համաձայն, շուրջ 5 հազ. զեյթունցիներ ներկայումս նահանջել են և ամրապնդվել հարմարավետ մի բարձրունքի վրա, հսկողության տակ առնելով ողջ շրջակայքը: 345

Դեկտեմբերի 28-ին կայացած դեսպանների հանդիպման ժամանակ որոշվում է, որ քանի որ զեյթունցիները դեռևս չեն հանձնվել, պետք է առաջարկել Բարձր Դռանը տերությունների հյուպատոսների միջնորդությունը և եթե այն ընդունվեց, անմիջապես ներկայացնել իշխանություններին զինադադարի ընդունման պահանջ:346 Այդ կապակցությամբ Բարձր Դռանն է ներկայացվում դեսպանությունների թարգմանների համատեղ հաղորդագրությունը:347

Հաջորդ օրը Քարրին Սոլսբերիին գրում էր, որ վստահաբար սուլթանը հրաժարվելու է ընդունել դեսպանների առաջարկը, քանի որ ներկայումս ուժն իր ձեռքում է և հնարավորություն չի կորցնելու ոչնչացնել զեյթունցիներին այնպես, ինչպես դա տեղի ունեցավ սասունցիների պարագայում: Նկատի առնելով մյուս տերությունների և, մասնավորապես, Ռուսաստանի ներկայիս դիրքորոշումը Հայկական հարցում, դեսպանն առաջարկում էր, որ եթե Բարձր Դուռը մերժի կամ ձգձգի վերջին նախաձեռնությունը, ապա պետք է տեղեկացնել դեսպաններին, որ Մեծ Բրիտանիան չի պատրաստվում այս անգամ սառնասրտորեն դիտել, թե ինչպես են կոտորելու զեյթունցիներին և որոշում է կայացրել ամեն պարագայում Զեյթուն ուղարկել գնդապետ Չերմսայդին: Քարրիի համոզմամբ, նման որոշումը ստիպելու է տերություններին ավելի գործուն կերպով մոտենալու հարցին և պահանջելու սուլթանից ընդունել դեսպանների վերջին նախաձեռնությունը:348

__________________________________
343 FO 424/184, No. 828, p. 490.
344 FO 424/184, No. 830, p. 491.
345 FO 424/184, No. 831, p. 491.
346 FO 424/184, No. 834, p. 492.
347 Turkey, No. 2(1896)..., p. 285.
348 FO 424/184, No. 836, p. 492.

[ էջ 387 ]

Դեկտեմբերի 31-ին Քարրին գրում էր Սոլսբերիին, որ «Զեյթունի միջնորդությանը» վերաբերող Բարձր Դռան պատասխանը չի բավարարել դեսպաններին, որոնք որոշել են թարգմանների միջոցով շատ ավելի խիստ պահանջ ներկայացնել իշխանություններին:349 Դեսպանությունների գործունեության արդյունքում 1896 թ. հունվարի 2-ին Թուրքիայի արտգործնախարարը Քարրիին տեղեկացնում էր, որ Բարձր Դուռն ընդունել է Հալեպի հյուպատոսների միջնորդության առաջարկը, որի կապակցությամբ արդեն իսկ իջեցված են համապատասխան հրահանգներ:350 Հալեպում բրիտանացի հյուպատոսից ստացված հեռագրի համաձայն, հունվարի 6-ին զեյթունցիներն ընդունում են տերությունների միջնորդության առաջարկը:351

Հունվարի 1-ին Սոլսբերին ընդունում է Թուրքիայի նոր դեսպան Կոստակի փաշային: Զրույցն ընթանում է հիմնականում 1895 թ. ընթացքում Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած «սարսափելի դեպքերի» վերաբերյալ: Դեսպանը չէր ժխտում տեղի ունեցած «բախումների և ցավալի միջադեպերի» փաստերը, սակայն համարում էր, որ նրանք մեծապես չափազանցված են: Նրա համոզմամբ, նրանց պատճառը կայանում է հայերի շրջանում գոյություն ունեցող «վտանգավոր և լայնածավալ դավադրության» մեջ, որի նպատակն է ոչ թե Թուրքիայի կառավարության բարելավումն, այլ «ինքնավար հայկական պետության ստեղծումը», սակայն ինչն անհնարին է բնակչության ներկայիս տրոհվածության հետևանքով: Սուլթանական կառավարությունն, ըստ դեսպանի, ստիպված էր ճնշել շարժումը, սակայն այն առաջացրեց միաժամանակ նաև մահմեդական հպատակների վրդովմունքն ու բերեց քաղաքացիական պատերազմի, որն անխուսափելիորեն հղի է «սարսափելի բռնություններով» և բնորոշ է բոլոր երկրներին: Կոստակի փաշայի կարծիքով, ներկայումս սուլթանին հնարավորություն է պետք տալ վերականգնելու կարգ ու կանոնը երկրում, որից հետո միմիայն նա կկարողանա իրականացնել բարենորոգումները:

Սոլսբերին դեսպանին պատասխանում է, որ բարենորոգումների իրագործումից շատ ավելի կարևոր է վերականգնել կյանքի և ունեցվածքի անվտանգության խնդիրը կայսրության գրեթե ողջ տարածքում: Անցյալում Անգլիան Թուրքիայի «մտերիմ բարեկամն էր»,

__________________________________
349 Turkey, No. 2(1896)..., p. 280.
350 Նույն տեղում, էջ 281:
351 Նույն տեղում, էջ 289, 291:

[ էջ 388 ]

շարունակում էր վարչապետը, սակայն ներկայումս այն ոչ մի տրամադրություն չունի վերականգնելու այդ բարեկամությունը, քանի դեռ երկրում արյուն է հոսում և քանի դեռ «տիրապետող ազգը» «սարսափելի ճնշումների է» ենթարկում «թույլին»:352

Հունվարի 3-ին Քարրին, հիմնվելով Հալեպում Մեծ Բրիտանիայի հյուպատոս Բառնհեմից ստացված տեղեկությունների վրա, հաղորդում էր Սոլսբերիին Ուրֆայում համիդիե հրոսակախմբերի կողմից կազմակերպված հայերի ջարդի մասին: Պաշտոնական տվյալների համաձայն, սպանվել էր 900 հոգի, սակայն հյուպատոսի կարծիքով` շուրջ 2 հազ.:353 Նույն օրը Սոլսբերին հանձնարարում էր Քարրիին Ռուսաստանի և Ֆրանսիայի դեսպանների հետ համատեղ հրավիրել սուլթանի ուշադրությունը երկրում տիրող իրավիճակի և հայկական շրջանների համար նախատեսված հսկողության հանձնաժողովի կազմավորման անհրաժեշտության վրա:354

Սոլսբերին բավականին հոռետեսորեն էր տրամադրված այդ օրերին Հայկական հարցի զարգացումների առնչությամբ: Թուրքիայի հանդեպ անցյալի քաղաքական ազդեցության վերականգնման անհնարինությունը նա փորձում էր բացատրել հայկական կոտորածներով: Հունվարի 15-ին նա գրում էր թագուհուն, որ «...միայն խոսքերը բավարար չեն նկարագրելու համար այդ սարսափները», սակայն Մեծ Բրիտանիան միայնակ չի կարող գործել Թուրքիայի դեմ:355 Բրիտանական կառավարությունն ամեն կերպ փորձում էր ցույց տալ, որ հանուն հայ ժողովրդի վիճակի զոհաբերում է իր քաղաքական ազդեցությունը Կոստանդնուպոլսում: Սակայն իրականում այն չափազանց մտահոգված էր ռուսական ազդեցության ուժեղացմամբ: Ռուսաստանն ամեն կերպ խուսափում էր Հայկական հարցի կապակցությամբ սուլթանական կառավարության հանդեպ որևէ ճնշում գործադրելուց և նույնիսկ դադարեցրել էր պահանջել ռուս-թուրքական պատերազմի արդյունքում իրեն հասանելիք ռազմատուգանքները: Հունվարի կեսերին Սոլսբերիին հասցեագրած հույժ գաղտնի զեկուցագրում Քարրին գրում էր, թե իբր սուլթանը դիմել էր Նիկոլայ 2-րդին հովանավորության խնդրանքով և առաջարկել դրա փոխարեն տաս տարի ժամկետով գրավել

__________________________________
352 Նույն տեղում, էջ 280-281:
353 Նույն տեղում, էջ 282:
354 Նույն տեղում:
355 Taylor R. Op. cit., p. 168.

[ էջ 389 ]

կայսրության վեց արևելյան նահանգները: Այդ հաղորդագրությունը մեծ խառնաշփոթ առաջացրեց Ֆորին Օֆիսում, սակայն շուտով Սոլսբերին հերքում ստացավ Լոբանով-Ռոստովսկուց: Սակայն այնուամենայնիվ ռուս-թուրքական համաձայնության մասին լուրերն արագ տարածում էին ստանում Անգլիայում: Մասնավորապես, Սոլսբերին չափազանց անհանգստացել էր հունվարի 25-ին «Pall Mall Gazette» թերթում հրապարակված տեղեկատվության կապակցությամբ, որի համաձայն, ռուս-թուրքական համաձայնագիրն իրապես ստորագրված է և որի հիմքում ընկած են Ունքյար-Իսքելեսիի պայմանագրի դրույթները:356 Բրիտանական դիվանագիտությունն իր ակտիվ գործելակերպով փորձում էր խանգարել ռուս-թուրքական դաշինքի կայացմանը, Ռուսաստանում իր դեսպանի հայտարարությունների և դեսպանության հայտագրերի միջոցով ձգտում ապացուցել Հայկական հարցում և կայսրության ընդհանուր վիճակի բարելավման խնդրում համատեղ միջամտության անհրաժեշտությունը: Պատասխանելով հունվարի 16-ի հայտագրին Լոբանով-Ռոստովսկին սակայն նշում էր, որ իրավիճակը Թուրքիայում սկսվել է բարելավվել և ներկայումս անհրաժեշտություն չկա տերությունների միջամտության մեջ: Այնուհետև նա արտահայտվում էր Օսմանյան կայսրության ստատուս քվոյի փոփոխության դեմ, քանի որ սուլթանի կողմից հայտարարված բարեփոխումները լիովին բավարար են երկրում կարգ ու կանոն հաստատելու համար:357

Զեյթունի միջնորդային բանակցություններն ավարտվեցին հունվարի 30-ին` ապստամբության ղեկավարների և իշխանությունների պատվիրակների միջև ստորագրված համաձայնությամբ: Փաստաթղթի պայմանների համաձայն. 1/ զեյթունցիներն ու հովտում ապրող մահմեդականները պարտավորվում էին հանձնել ռազմական զենքը. 2/ հայտարարվում էր ընդհանուր ներում, մի քանի օտարահպատակ հնչակյան ղեկավարներ պետք է վտարվեն երկրից. 3/ զեյթունցիների համար կրճատվում էր ՙմիրի՚ հարկը և չեղյալ էին հայտարարվում նախորդ տուրքերը. 4/ քրիստոնյա կայմակամ նշանակելու խնդիրը կարգավորվելու էր բարենորոգումների ընդհանուր ծրագրի համաձայն:358 Համաձայնագրի

__________________________________
356 Papadopoulos G.S. Op.cit., pp. 56-57.
357 Turkey, No. 2(1896)..., pp. 292-293, 295-296.
358 Turkey, No. 8 (1896). Further Correspondence Relating to the Asiatic Provinces of Turkey (In Continuation of Turkey No. 2 (1896)). London, 1896, pp. 51-54.

[ էջ 390 ]

ստորագրումը մեծ հաղթանակ էր զեյթունցիների և պարտություն իշխանությունների համար: Սուլթանական կառավարությունը պարտադրվեց համաձայնագիր ստորագրել իր իսկ հպատակների հետ, ճանաչելով նրանց որոշ պահանջներն ու իրավունքները: Բանակցությունների հաջող ավարտման գործում մեծ դեր խաղաց Հալեպում Մեծ Բրիտանիայի հյուպատոս Բառնհեմը, որը դրամական նպաստներ ցուցաբերեց զեյթունցիներին և դեռ մի քանի ամիս շարունակեց մնալ Զեյթունում: Հետագայում, 1896 թ. ապրիլին, սուլթանական կառավարությունը փորձեց ազգությամբ թուրք կայմակամ նշանակել Զեյթունի համար, սակայն հիմնականում բրիտանական դեսպանության միջամտության արդյունքում հնարավոր դարձավ բեկանել որոշումը` այդ պաշտոնում նշանակվեց ազգությամբ հույն մի քրիստոնյա:359

Փետրվարի սկզբին Սոլսբերին ելույթ ունեցավ «Nonconformist Unionist Assosiation» -ի առջև ճառով, որը «Spectator» շաբաթաթերթն անվանեց «վերջին ներողությունն» այն բանի համար, որ Մեծ Բրիտանիան չկարողացավ օգնություն ցուցաբերել Օսմանյան կայսրության հայ բնակչությանը: Իր ելույթում բրիտանական կառավարության ղեկավարը հրաժարվեց Մեծ Բրիտանիայի միջամտությունից Հայկական հարցում «ոչ միայն ներկայումս, այլև ապագայում» և հայտարարեց, որ իր երկիրը հատուկ պարտավորություններ չի վերցնում այդ հարցում: Իր կարծիքով, Բեռլինի պայմանագրի պարտավորությունները պետք է հավասարապես կատարվեն այն ստորագրած բոլոր տերությունների կողմից և ուստի Մեծ Բրիտանիան պարտավոր չէ ավելին անել Հայկական հարցում, քան մյուս տերությունները: Իր խոսքերի համաձայն, սուլթանն արել է հնարավորին ամեն ինչ Հայաստանում բարենորոգումներն իրականացնելու համար:360 Այնուհետև նա հայտարարեց տառապող հայ բնակչության պաշտպանության նպատակով ռազմական միջամտության անհնարինության մասին: Նա նշում էր, որ «բաց ծովում նա կհաղթեր հինգ կամ նույնիսկ վեց սուլթանների...»:

__________________________________
359 1895-1896 թթ. Զեյթունի ապստամբության պատմության, տերությունների քաղաքականության, բանակցային գործընթացի մանրամասները տես` Մկրտչյան Լ. Զեյթունի ապստամբությունը 1895-1896 թթ., Երևան, 1995, էջ 180-182, 188, 190-191:
360 Lord Salisbury and Armenia..., p. 193; Gulesian M.H. England`s Hand in Turkish Massacres. - The Arena, 1897, vol. 17, p. 271; Stride W.K. The Immediate Future of Armenia; The Suggestion. - The Forum, 1896, vol. 22, p. 311.

[ էջ 391 ]

361 Ավելի ուշ, ապրիլի 30-ին նա հայտարարեց լորդերի պալատում, որ «մեր նավերը չեն կարող բարձրանալ Տավրոսի գագաթներին»:362

Փետրվարի 10-ին Հայկական հարցի առնչությամբ բրիտանական խորհրդարանում տեղի ունեցած քննարկումների ժամանակ արտգործնախարարի խորհրդարանական տեղակալ Ջորջ Քերզոնը363 հայտարարում էր, որ կառավարության մտադրություններն ու ծրագրերը Աբդուլ Համիդի նկատմամբ հարկադրական միջոցներ կիրառելու վերաբերյալ խափանվեցին Ռուսաստանի կողմից, որին պաշտպանեցին բոլոր եվրոպական տերությունները: Հայտնի ռուսատյաց Աշմեդ Բարտլետը կոչ էր անում Սոլսբերիին վերադառնալ Ռուսաստանի հանդեպ բաց թշնամական Դիզրայելիի քաղաքականությանը: Այդ տրամադրություններին ի պատասխան լիբերալների ղեկավար Ռոզբերին հայտարարեց կուսակցության ակումբում. «Եթե մենք ժամանակին մինչև երկինք էինք բարձրացնում Բեռլինի պայմանագրի հերոսներին, ապա արդյոք մենք իրավունք ունենք՞ նախատելու Ռուսաստանին այն բանի համար, որ նա հրաժարվեց Արևելքում գործողությունների դիմել նույն պայմանագրի հեղինակներից մեկի ընկերակցությամբ»:364

Խորհրդարանական քննարկումների ժամանակ ծովակալության լորդ Գոշենը հայտարարում էր, որ այն պահից, երբ սուլթանը հրաժարվեց անհրաժեշտ բարենորոգումների իրագործումից, «մենք ազատ ենք Օսմանյան կայսրության ամբողջականության պահպանման որևէ պարտավորություններից, քանի որ այն այլևս ոչ մի կարևորություն մեզ համար չի ներկայացնում»: Նման գաղափարներ արտահայտում էին

__________________________________
361 Lord Salisbury and Armenia..., p. 193.
362 Taylor R. Op. cit., p. 168.
363 Քերզոն (Curzon) Ջորջ (1859-1925) - լորդ , բրիտանացի քաղաքական գործիչ և դիվանագետ: 1891-1892 թթ. ` արտգործնախարարի տեղակալ Հնդկաստանի հարցերով, 1895-1898 թթ. ` արտգործնախարարի խորհրդարանական տեղակալ, 1898-1905 թթ. ` Հնդկաստանի փոխթագավոր, 1916 թ. ` ավիացիայի նախարար, 1916-1919 թթ. ` խորհրդի լորդ նախագահ, 1919-1924 թթ. ` արտաքին գործերի նախարար, 1916-1924 թթ. ` լորդերի պալատի ղեկավար:
364 Кавказ, 1896, 28 февраля.

[ էջ 392 ]

շատերը և նույնիսկ կառավարության անդամները: Այսպես, Ջոզեֆ Չեմբերլենը365 պատրաստ էր Կոստանդնուպոլիսը հանձնել Ռուսաստանին և համագործակցել նրա հետ` Օսմանյան կայսրությունը փլուզելու նպատակով:

Սակայն Սոլսբերիի դիրքորոշման մեջ այդպես էլ որևէ փոփոխություն տեղի չունեցավ: Նա համաձայն էր Քարրիի հետ, որ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները ուժեղացրին Ռուսաստանի ազդեցությունը Թուրքիայի նկատմամբ և, հակառակը, թուլացրին Մեծ Բրիտանիայի դիրքերը, սակայն երբևիցե նույնիսկ չէր էլ ենթադրում, որ Կիպրոսի կոնվենցիան կորցրել է իր ուժը: Եվ եթե Սոլսբերին պարտավորվել էր այսուհետ որևէ գործուն միջոցների չդիմել Հայկական հարցում, դա բացատրվում էր ավելի խոշոր և լուրջ ճգնաժամից խուսափելու իր ցանկությամբ: Նշելով, որ ժառանգություն է ստացել Հայկական հարցը լիբերալներից, նա հայտարարում էր լորդերի պալատում, որ ստիպել սուլթանին ներկայումս արդարացիորեն կառավարել իր հայ հպատակներին, դա նշանակում է կանգնել պատերազմի վտանգի առջև ոչ միայն Օսմանյան կայսրության, այլև Ռուսաստանի հետ:366 Մարտին Քերզոնը նույնիսկ հայտարարեց համայքների պալատում, որ Մեծ Բրիտանիայի պարտավորությունը Թուրքիայի ամբողջականությունը պաշտպանելու վերաբերյալ այլևս կորցրել է իր ուժը: Ժամանակակիցների վկայությամբ, Սոլսբերին աշխատում էր այսուհետ հրապարակային ելույթներ չունենալ մինչև «հայկական գործերի սառեցումը»:367

Այսպիսով, բրիտանական կառավարությունը հրաժարվում էր Ռուսաստանի կողմից թշնամություն առաջացնող որևէ քաղաքական դրսևորումներից, մինչև որ Ռուսաստանն ինքը քայլ չձեռնարկի Թուրքիայի դեմ: Նման միջազգային իրավիճակում սուլթան Աբդուլ Համիդը

__________________________________
365 Չեմբերլեն (Chamberlain) Ջոզեֆ (1836-1914) - բրիտանացի քաղաքական գործիչ: Հարում էր լիբերալ կուսակցության ռադիկալ թևին: 1873-1876 թթ. ` Բիրմինգհեմի քաղաքապետ, 1876 թ. ` խորհրդարանի անդամ, 1880-1885, 1886 թթ. ` Գլադստոնի կառավարությունների անդամ, 1895-1903 թթ. ` գաղութների նախարար Սոլսբերիի պահպանողական կառավարությունում:
366 Papadopoulos G.S. Op. cit., p. 48; Marsh P. Lord Salisbury and the Ottoman Massacres. - The Journal of British Studies, 1972, May, vol. X1, No. 2, p. 81.
367 Marsh P. Op.cit., p. 81.

[ էջ 393 ]

զգում էր իրեն բավականին անվտանգ` կայսրության հայ բնակչության նոր կոտորածներ կազմակերպելու համար:

1895 թ. սեպտեմբերին - 1896 թ. հունվարին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայ բնակչության կոտորածները368 տեղի ունեցան սուլթանական կառավարության կողմից նախապես մշակված ծրագրով: Մահմեդական բնակչության կրոնական մոլեռանդությունն արհեստականորեն գրգռելու նպատակով իշխանություններն ուղարկում էին կայսրության բոլոր մասերն իր գործակալներին: Վերջիններս, ըստ սովորականի մզկիթներում հավաքվող մահմեդականներին հայտնում էին սուլթանի կարծիքն այն մասին, որ բոլոր հայերը խռովարարներ են, որոնց նպատակն է հարված հասցնել իսլամին և կոչ էին անում պաշտպանել իրենց հավատն ու պատժել ապստամբ հայերին: Գործակալները հայտարարում էին նաև, որ համաձայն սուրբ օրենքի կանոնների, ապստամբների ունեցվածքը պետք է խլվի հավատացյալների օգտին, իսկ ունեցվածքը պաշտպանող քրիստոնյաները ենթակա են մահվան:369 Կոտորածները սկսելու ազդանշաններն էին քաղաքների մահմեդական թաղամասերից լսվող առանձին կրակոցները կամ շեփորի ձայնը:370 Քաղաքների ջարդերին նախորդում էին քրդական ցեղերի ավերիչ հարձակումները հայկական գյուղերի վրա: Այնուհետև քրդերի, լազերի և չերքեսների ամբոխները ներխուժում էին քաղաք և թուրք բնակչության, զինվորների և ոստիկանների հետ միասին ենթարկում հայ բնակչությանը ջարդի ու թալանի:371 Տեղական իշխանությունները հրահանգներ էին իջեցնում սպանել միմիայն տղամարդկանց: Այսպես, Ակհիսարում մահմեդական բնակչության շրջանում հետևյալ կոչն էր տարածված. «Սպանեք տղամարդկանց, կանայք և երեխաները վերջում հասնելու են մեզ»:372 Կոտորածների զոհ դարձան բացառապես հայերը: Քաղաքների

__________________________________
368 1894-1896 թթ. հայկական կոտորածների տեսական քննությունը տես ` Melson R. A Theoretical Inqiry into the Armenian Massacres of 1894-1896. - Comparative studies in Society and History, 1982, vol. 24, No. 3, July, pp. 481-505:
369 Pears E. Life of Abdul Hamid..., pp. 232-234; Turkey, No. 2(1896)..., pp. 318-322.
370 Russell G.W.E. Op. cit., pp. 11-12; Bliss E.M. Op. cit., p. 463; Pears E. Life of Abdul Hamid..., pp. 234-235.
371 Turkey, No. 2 (1896)..., p. 325; Bliss E.M. Op. cit., pp. 428-434, 475-476.
372 Bliss E. M. Op. cit., p. 477.

[ էջ 394 ]

հույն և հրեա բնակչությունը գրեթե չտուժեց: Հայ բնակչության կոտորածները կրում էին կազմակերպված բնույթ, քանի որ սպանություններին և թալանին մասնակցում էին կանոնավոր զորամասերն ու ոստիկանությունը: Գործողություններն ավարտվում էին նույնքան հանկարծակի, ինչպես որ սկսվում էին` շեփորի ազդանշանով:373 Կոտորածներից հետո շատ քաղաքներում տեղական իշխանությունները ստիպում էին հայերին ստորագրել կեղծ փաստաթուղթ այն մասին, որ անկարգություններն առաջինը սկսել է հայ բնակչությունը:374

1896 թ. սուլթանական կառավարությունը հրապարակեց անհավատալի աստիճանի խեղաթյուրված տվյալներ 1895թ. ընթացքում Փոքր Ասիայում «անկարգությունների» ժամանակ սպանվածների մասին: Համաձայն այդ տվյալների, ընդամենը սպանվել էր 10 հազ. 135 մարդ, որից 1828 մահմեդական, 7863 հայ լուսավորչական, 152 հայ կաթոլիկ և 292 հայ ավետարանական:375 Ռուս գիտնական Լ.Կամարովսկու տվյալներով, միայն հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում զոհվել էր 20 հազ. հայ:376 «Times»-ի տեղեկությունների համաձայն, նոյեմբերի 1-22-ը սպանվել էր 12 հազ. 550,377 ամերիկյան միսիոներ Բլիսի տվյալներով` 40 հազ.,378 ըստ ամերիկյան ամսագրերի` 50 հազ. հայ:379

Ստորև ներկայացնում ենք մի շարք եվրոպական և ամերիկյան աղբյուրների հիման վրա կազմված կոտորածների աղյուսակը.


Կոտորածի վայրը Ժամանակը Զոհերի թիվը
Տրապիզոն Հոկտեմբեր 3-8, 1895 1 100
Ակհիսար --------------- 9 50

________________________________
373 Turkey, No. 2 (1896)..., pp. 320-322; Bliss E.M. Op.cit., pp. 425, 451-466, 478.
374 Turkey, No. 2 (1896)..., pp. 323-330.
375 Кавказ, 1896, 11 июля.
376 Новое слово, 1896, кн. 3, декабрь, с. 176.
377 Вестник Европы, 1895, т. 6, кн. 12, с. 854.
378 Bliss E.M. Op. cit., p. 553.
379 Massacre in Turkey. From Oct. 1, 1895, to Jan. 1, 1896. - Review of Reviews, 1896, vol. 13, p. 197; Mangasarian M. Armenia's Impending Doom. - The Forum, 1896, vol. 21, p. 452.

[ էջ 395 ]

Գյումուշխանե --------------- 11 350
Բայբուրդ --------------- 13 800
Երզնկա --------------- 21 2 000
Բիթլիս --------------- 25 3 000
Բալու --------------- 25 650
Դիարբեքիր --------------- 25 3 000
Կարահիսար --------------- 25 800
Էրզրում --------------- 30 1 500
Բուլանըխ և Խնուս --------------- 30 700
Ուրֆա

--------------- 27 Դեկտեմբեր 30 10 000
Մալաթիա Նոյեմբեր 6 5 000
Արաբկիր --------------- 6 4 000
Գյուրուն --------------- 10 2 000
Սեբաստիա --------------- 12 1 500
Խարբերդ

--------------- 11 2 000
Մուշ --------------- 15 350
Մարզվան --------------- 15 130
Այնթապ --------------- 15 400
Մարաշ

--------------- 18 1 000
Զիլե --------------- 26 300
Կեսարիա --------------- 30 400
Բիրեջիկ Հունվար 1, 1896 900
Ընդամենը 41 930 380
__________________________________
380 Bliss E.M. Op. cit., p. 553; Gabrielian M.S. Op. cit., pp. 257-258; Turkey, No. 2 (1896)..., pp. 318-337; Shahid Bey S. Op. cit., p. 201; Antoine E. Les Massacres d'Armenie. Bruxelles, 1897, pp. 72-79.

[ էջ 396 ]

Այսպիսով, 1895 թ. Օսմանյան կայսրության հայ բնակչության ջարդի զոհերի քանակը հասավ մի թվի, որը բնորոշ էր 19-րդ դ. պատերազմների ժամանակ կանոնավոր բանակների մարտական գործողությունների հետևանքներին, միմիայն այն տարբերությամբ, որ այստեղ կորուստ տվեց միայն մեկ կողմը: Ինչպես գրում էր «Вестник Европы» ամսագիրը, Հայկական հարցը «...ստացավ իր լուծումը ճիշտ թուրքական ճաշակով. մի կողմից` միջոցառումներ են ձեռնարկված հեղափոխական կամ ընդդիմադիր ոգով տոգորված հայերի բնաջնջման համար, մյուս կողմից` հրապարակված է մեծախոստում հրամանագիր, որը կարող է զինաթափել օտարերկրյա դիվանագետներին սուլթանի բարի մտադրություևնների և միջոցառումների պերճախոս թվարկումով»:381

1896 թ. գարնան և ամառվա ամիսների ընթացքում Օսմանյան կայսրությունում տիրում էր համեմատական անդորր: Բրիտանական դիվանագիտությունը զգալի կերպով նվազեցրեց իր ակտիվությունը Հայկական հարցում, դեսպանությունը դադարեց բողոքի հայտագրեր ներկայացնել Բարձր Դռանն, այլևս հազվադեպ էին հնչում բրիտանացի քաղաքական և հասարակական գործիչների մեղադրական ճառերն ու ելույթները: Սակայն Օսմանյան կայսրությունում իրականում այդպես էլ ոչինչ չփոխվեց, սուլթանական կառավարությունը նույնիսկ չէր էլ պատրաստվում բարենորոգումներ իրագործել արևելյան շրջաններում:

Ապրիլի 6-ին Սոլսբերին Քարրիին գրում էր, որ թեև որոշ դեպքերում թուրքական իշխանությունները դրսևորեցին իրենց կարողությունը, սակայն «սպառիչ փորձ» չկատարեցին վարչակազմը բարելավելու, քրդական ցեղախմբերը հսկողության տակ առնելու, բարենորոգումներն իրականացնելու և հսկողության հանձնաժողովի գործունեությունը կազմակերպելու կամ նույնիսկ գոյություն ունեցող օրենքներն իրագործելու ուղղությամբ: Նա նշում էր, որ ներկայումս թեև լուրջ որևէ հուզումներ չկան երկրում, սակայն համատարած անհանգստության ու տագնապի իրավիճակն ամբողջապես կանգնեցրել է արդյունաբերությունն ու առևտուրը: Վարչապետը հանձնարարում էր դեսպանին շարունակել երկրում տիրող իրավիճակի ուսումնասիրությունն ու իշխանությունների ուշադրությունը հրավիրել կեղեքումների և վատ կառավարման փաստերի ու նրանց կանխելու ուղղությամբ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտության վրա: Եվ եթե դեսպանի

__________________________________
381 Вестник Европы, 1895, т. 6, кн. 11, с. 409.

[ էջ 397 ]

ջանքերը որևէ արդյունք չտվեցին և շուտով սկսվեն Օսմանյան կայսրության բարօրությանն և կայունությանը սպառնացող շատ ավելի լուրջ իրադարձություններ, շարունակում էր Սոլսբերին, բրիտանական կառավարությունը, որն իր «բարեկամական խորհուրդներով և նախազգուշացումներով» արել է ամեն ինչ աղետը կասեցնելու ուղղությամբ, բացարձակապես ոչ մի պատասխանատվություն այլևս չի կրելու կատարվածի համար:382

Քրդական հրոսակախմբերի և իշխանությունների կեղեքումների դեմ պայքարի հերոսական փորձ հանդիսացան 1896 թ. հունիսին Արմենական, Հնչակյան և Դաշնակցություն կուսակցությունների կողմից կազմակերպված Վան քաղաքի և շրջակա գյուղերի հայ բնակչության ինքնապաշտպանական մարտերը: Հունիսի 17-18-ին բրիտանական դեսպանությունում ստացված Բարձր Դռան հեռագրերի համաձայն, 1895 թ. անկարգությունների ժամանակ Վանի վիլայեթը զերծ էր մնացել հուզումներից, սակայն ներկայումս հեղափոխականները փորձում են խառնել իրավիճակը, հայերը հարձակումներ են գործում մահմեդականների վրա, քաղաքի և շրջակա գյուղերի հայ բնակչությունը բարիկադվել է Վանի թաղամասերից մեկում և սպանել զգալի թվով մահմեդական հպատակների: Օսմանյան իշխանությունները, նշվում էր հեռագրերում, ձեռնարկել են անհրաժեշտ բոլոր միջոցները քաղաքը շրջապատելու և ապստամբներին մեկուսացնելու ուղղությամբ:383 Հունիսի 20-ին ժամանակավոր հավատարմատար Հերբերտը հաղորդում էր Սոլսբերիին, որ Վանում Մեծ Բրիտանիայի փոխհյուպատոս Ուիլյամսից ստացված տեղեկությունների համաձայն, իրավիճակը քաղաքում չափազանց ճգնաժամային է. քրդերը շրջապատել են քաղաքը, հայերը հաջողությամբ պաշտպանվում են, իսկ տեղական իշխանությունները սպասում են սուլթանի որոշմանը` հայերին ներում շնորհելու և անվտանգությունն ապահովելու վերաբերյալ:384 Ինքնապաշտպանները հաջողությամբ կասեցնում էին քրդական հրոսակախմբերի հարձակումները, սակայն զենքի և զինամթերքի պակասը ստիպում է նրանց ղեկավարներին համաձայնելու Մեծ Բրիտանիայի փոխհյուպատոսի առաջարկությանը` դիմադրությունը դադարեցնելու մասին: Ուիլյամսի միջնորդության շնորհիվ շուրջ 1500 հայ մարտիկ հեռանում են քաղաքից դեպի

__________________________________
382 Turkey, No. 8 (1896)..., pp. 118-119, 121.
383 Նույն տեղում, էջ 206:
384 Նույն տեղում, էջ 206-207:

[ էջ 398 ]

Պարսկաստան: Սակայն սուլթանական կառավարությունը չի կատարում հայ մարտիկների և բնակչության անվտանգությունն ապահովելու իր խոստումը: Պարսկաստանի ճանապարհին թուրքերը հարձակվում են նրանց վրա, որի արդյունքում մեծամասնությունը զոհվում է: Ինչ վերաբերում է Վանին, ապա հունիսի 23-ին թուրք զինվորներն ու համիդեականները անարգել ներխուժում են քաղաքի հայկական թաղամասերը, թալանում և կոտորում հայ բնակչությանը: Ուիլյամսի տեղեկությունների համաձայն, այդ օրը միայն զոհվեց 400 հայ, սակայն իր և տեղական իշխանությունների համագործակցության շնորհիվ, բրիտանական դրոշի ներքո հաջողվեց փրկել շուրջ 15 հազ. հայի կյանք:385

Այսպիսով, արևմտահայերի ազգային ազատագրական պայքարը, իրենց կենսապայմանները բարելավելու, տեղական թուրք իշխանությունների և քոչվոր ցեղերի կողմից հալածանքներն ու կեղեքումները դադարեցնելու նրանց արդարացի պահանջները, եվրոպական և, մասնավորապես, Մեծ Բրիտանիայի հասարակական կարծիքի ճնշման ներքո Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ իրականացնելու բրիտանական քաղաքականությունը վերջին հաշվով հանգեցրին Օսմանյան կայսրության հայ բնակչության ծրագրված բնաջնջման իրագործմանը: Սուլթանական կառավարությունը հաջողությամբ մշակեց և իրականացրեց հայերին կոտորելու մի ամբողջ համակարգ այն շրջաններում, որտեղ նրանք կազմում էին բնակչության զգալի տոկոս, որպեսզի ի չիք դարձնի բարենորոգումներ անցկացնելու տերությունների պահանջները:

6. 1896 Թ. ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԻ ՀԱՅ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿՈՏՈՐԱԾԸ

1896 թ. օգոստոսի 26-ի առավոտյան 31 հոգուց բաղկացած հայ ազատամարտիկների մի խումբ (հիմնականում Դաշնակցություն կուսակցության անդամներ), որոնք զինված էին ատրճանակներով և ուժանակային ռումբերով, գրավեց Օտոմանյան բանկը, սպառնալով պայթեցնել շենքը, եթե սուլթանը շտապ միջոցներ չձեռնարկի Արևմտյան Հայաստանում կոտորածները դադարեցնելու և բարենորոգումներն իրագործելու համար: Միաժամանակ

__________________________________
385 Նույն տեղում, էջ 222:

[ էջ 399 ]

Կոստանդնուպոլսում եվրոպական տերությունների դեսպանությունները ստացան ՀՀԴ վիմատիպ ազդագրերը, ուր ներկայացված էին ազատամարտիկների պահանջները:386

Դրամատան գրավումը չափազանց անհանգստացրեց տերությունների կառավարություններին և այդ պատճառով էլ Կոստանդնուպոլսում իրեց դեսպանները խոստացան կատարել հայերի պահանջները, միայն թե նրանք հեռանան և անվնաս թողնեն դրամատունը: Եվրոպական տերությունների կառավարությունները հույժ շահագրգռված էին դրամատան պահպանմամբ, քանի որ պարբերաբար և կայուն կերպով ֆինանսավորում էին Բարձր Դռանը: 1890-1898 թթ. ընթացքում դրամատունը տերություններից ստացել էր 12 փոխառություն, որոնց ընդհանուր գումարը կազմում էր 12 միլիարդ ֆրանկ:387 Բացի այդ, Օտոմանյան բանկի միջոցով սուլթանական կառավարությունը մշակել էր բարենորոգումների ծրագիր` կայսրության ֆինանսական վիճակը բարելավելու նպատակով: Իրագործելով ֆինանսական վերափոխումներ, Բարձր Դուռը կկարողանար ապահովել իր համար հարաբերական անկախություն և եվրոպական տերությունների, գլխավորապես, Մեծ Բրիտանիայի ճնշումից ազատվելու երաշխիք և անորոշ ժամանակով հետաձգել բարենորոգումների ձեռնարկումն Արևմտյան Հայաստանում:

Սուլթանական իշխանությունները նախապես տեղյակ էին դրամատան գրավման ծրագրի մասին, բայց Աբդուլ Համիդը գիտակցաբար չկասեցրեց հարձակումը, որպեսզի հակահայկական տրամադրություններ հրահրի մայրաքաղաքի մահմեդական բնակչության շրջանում և վանի հայերից եվրոպական հասարակական կարծիքը:388 Այդ օրերին Կամարովսկին գրում էր, որ «թուրք իշխանությունները, նախապես իմանալով Օտոմանյան բանկի վրա հայերի կողմից նախապատրաստվող հարձակման մասին, ոչ միայն միջոցներ չձեռնարկեցին կանխելու դրա իրագործումը, այլև ճարպիկ ոստիկանական գործակալների

__________________________________
386 ՀՀ Կենտրոնական Պատմական Արխիվ, «Փաստաթղթերի քաղվածքների հավաքածո», ց. 1, գ. 51, 2-րդ մաս, էջ 10:
387 Оруджев М.Г. Из истории проникновения германского империализма в Турцию. Баку, 1961, с. 11.
388 The Constantinople Massacre. - The Contemporary Review, 1896, vol. 70, p. 458; The Massacres. - The Spectator, 1896, September 5, vol. 77, p. 292; Kurkjan V.M. A History of Armenia. New York, 1958, p. 296.

[ էջ 400 ]

միջոցով ամեն կերպ բորբոքեցին ոգևորվող հայերի հայրենասիրական խանդավառությունը և այնուհետև օգտվեցին այդ առիթից` զանգվածային կոտորած կազմակերպելու համար...»:389 Իսկ Կոստանդնուպոլսում ԱՄՆ դեսպանության քարտուղար Ռոբերտսի կարծիքով, Աբդուլ Համիդի կառավարությունը հատկապես թույլ տվեց Օտոմանյան բանկի գրավումը, որպեսզի մարդկության աչքում արդարացնի նրան հաջորդած կոտորածը:390

1896 թ. օգոստոսի ընթացքում սուլթանական կառավարությունն առիթ էր փնտրում Կոստանդնուպոլսի հայ բնակչության հերթական ջարդ կազմակերպելու համար: Դրամատան հարձակումից դեռևս մի քանի շաբաթ առաջ մայրաքաղաքի թուրք բնակչությունը սկսել էր հաց պահանջել կառավարությունից: Հակառակ պարագայում մահմեդականները սպառնում էին կողոպուտի ու ջարդի ենթարկել մայրաքաղաքի հայկական թաղամասերը:391 Ամերիկացի միսիոներ Փիրսը վկայում էր, որ կոտորածից առաջ, նամազի ժամանակ Աբդուլ Համիդը մոլեռանդորեն կոչ էր անում մահմեդականներին անխնա կոտորել հայերին:392

Հետաքրքիր է, որ 1896 թ. մայրաքաղաքի հայերի ջարդը սկսվեց սուլթանի հրովարտակի հրապարակման նախորեին, որով հայտարարվում էր, թե եվրոպական տերությունների հետ բանակցություններ են սկսվում Կրետե կղզին Հունաստանին միացնելու հույն բնակչության պահանջի առնչությամբ, իսկ 1895 թ. կոտորածը սկսվեց Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ անցկացնելու մասին սուլթանի հայտարարությունից անմիջապես հետո: Հրապարակավ տեղեկացնելով տերություններին կայսրության որևէ քրիստոնյա փոքրամասնության կենսապայմանների բարելավման համար վերափոխումներ իրականացնելու իր ցանկության մասին, սուլթանը դրանով իսկ քրիստոնյաների դեմ էր գրգռում կայսրության մահմեդական բնակչությանը և կազմակերպած ջարդերի միջոցով կանխում քրիստոնյաներին ինչ-ինչ զիջումներ անելու հանգամանքը:

__________________________________
389 Камаровский Л. Восточный вопрос и его жертвы. - Новое слово, 1896, декабрь, с. 177.
390 Roberts Ch. A Mother of Martyrs. - the Atlantic Monthly, 1899, vol. 83, p. 95.
391 Հնչակ, 1896, 1 սեպտեմբերի, էջ 129:
392 Pears E. Turkey and its People, London, 1911, pp. 40-41.

[ էջ 401 ]

Օգոստոսի 27-ին Կոստանդնուպոլսի տարբեր շրջաններում միաժամանակ հայտնվեցին մոլեռանդ մահմեդականների զինված խմբեր, որոնք միանգամայն բացեիբաց սկսեցին ջարդել հայերին, չհանդիպելով ոչ մի դիմադրություն թուրք ոստիկանների և զինվորների կողմից:393 Ռուս դեսպան Նելիդովը վկայում էր. «...Թուրքական տարբեր թաղամասերից դուրս թափվեցին դանակներով և մահակներով զինված բաշիբոզուկների ամբոխներ, որոնք սկսեցին հարձակվել բոլոր նրանց վրա, ում հայի տեղ էին դնում, և սկսվեց անպաշտպան ու միանգամայն անմեղ քրիստոնյաների ամենաբարբարոս ջարդը: Ոստիկանությունը ոչ միայն մնում էր տեղի ունեցող սարսափների անվրդով ականատեսը, այլև շատ դեպքերում մասնակցում էր սպանություններին ու կողոպուտներին: Զորքերը, որ շատ ուշ երևացին անկարգությունների վայրում, նույնպես ոչինչ չէին ձեռնարկում դրանց դադարեցման համար: Այսպիսով, Ստամբուլի տարբեր վայրերում` Գալաթայում, Բերայում և անգամ մի քանի հեռավոր թաղերում, ընդհուպ մինչև երեկո, ահավոր հաշվեհարդար էր գործադրվում քրիստոնյաների նկատմամբ, ինչը դադարեցնելու համար ոչ մի միջոց չձեռնարկվեց»:394

Կոտորածը տարածվեց հիմնականում հայերի վրա, մայրաքաղաքի մնացած քրիստոնյա բնակչությունը գրեթե չտուժեց: Ռոբերտսի կարծիքով, կոտորածի շարժառիթները ոչ թե կրոնական, այլ քաղաքական բնույթ էին կրում: Նրա խոսքերով, թուրքերը համոզված էին, որ հայերը դավադրություն էին նյութում «սրբազան» սուլթանական կառավարության դեմ: Հայերին թույլատրված էր սպանել, քանի որ թուրք իշխանությունները չէին ցանկանում ընդհարվել իրենց «գազազած» մահմեդական հպատակների հետ, չցանկանալով կորցնել առանց այդ էլ երերված հեղինակությունը:395

Դրամատունը զավթած հայերը պալատ ուղարկեցին դրամատան տնօրենի օգնական Օբուանոյին, որին հանձնարարվել էր հայտնել Աբդուլ Համիդին, որ իրենք դուրս կգան, եթե ապահովվի իրենց բոլոր պահանջների կատարումը: Հենց այդ նույն ժամանակ պալատ էր ներկայացել Ռուսաստանի դեսպանության առաջին թարգման Մաքսիմովը, որին Նելիդովն

__________________________________
393 Вестник Европы, 1896, октябрь, с. 835.
394 ՀՀ Կենտրոնական Պատմական Արխիվ, «Փաստաթղթերի քաղվածքների հավաքածո», ց. 1, գ. 51, 2-րդ մաս, էջ 10:
395 Roberts Ch. Op.cit., p. 92.

[ էջ 402 ]

ուղարկել էր ստեղծված կացության առնչությամբ իր ծառայություններն առաջարկելու սուլթանին: Սուլթանը խնդրում է նրան մասնակցել դրամատունը գրաված հայերի հետ բանակցելուն, խոստանալով նրանց ազատորեն դուրս գալ շենքից և մեկնել Թուրքիայից, եթե հրաժարվեն դրամատունը պայթեցնելու իրենց մտադրությունից: Դրամատան տնօրեն Վինցենտի և Օբուանոյի հետ Մաքսիմովը գնում է դրամատուն` հայերի հետ բանակցելու նպատակով: Երեք ժամ տևած բանակցություններից հետո նրանց վերջապես հաջողվում է համոզել հայերին «...ի շահ իրենց պաշտպանած գործի, որին արդեն հնարավոր ամեն մասնակցություն է ցուցաբերել Եվրոպան, կամովին դուրս գալ դրամատնից և փոխադրվել անգլիական նավ, որպեսզի հաջորդ օրը մեկնեն արտասահման»:396

Թեև «անկարգությունների» գլխավոր պատճառը վերացված էր` դրամատունը գրաված հայերը նրա տնօրեն Վինցենտի զբոսանավով հեռացել էին Կոստանդնուպոլսից, սակայն անդորրը քաղաքում այդպես էլ չվերականգնվեց: Այն միջոցին, երբ Օտոմանյան բանկը դեռ գտնվում էր հայերի ձեռքում, սուլթանական կառավարությունը կազմակերպեց զինված քրդերի, ալբանացիների և լազերի հրոսակախմբերի փոխադրում Կոստանդնուպոլիս, որոնք քաղաքի մոլեռանդ խաժամուժի հետ ձեռք ձեռքի տված սարքեցին հայ բնակչության արյունահեղ սպանդ:397 Նախապես մշակված ծրագրի համաձայն, մարդասպանները զինված էին միատեսակ կապարե ծայրակալներ ունեցող հատուկ մահակներով, դանակներով ու հրազենով: Ինչպես պնդում էր Ալմա Ուիթլինը, արյունոտ գործողության անաղմուկ իրականացման գաղափարը պատկանում էր անձամբ Աբդուլ Համիդին:398 Միջոցներ էին ձեռնարկվել, որ ջարդարարներից ոչ մեկը չմասնակցեր սպանություններին ու կողոպուտներին իր թաղում, որպեսզի հետագայում, եթե տերությունների դեսպանությունները պահանջեն նրանց պատժել, ոչ ոք չկարողանար ճանաչել ու մեղադրել մարդասպանին: Ոստիկանությունն ու զորքերը հրահանգ էին ստացել խոչընդոտել հայերի ամեն մի դիմադրություն և անհրաժեշտության դեպքում աջակցել ամբոխին: Կոտորածի միջոցին, որն անարգել շարունակվել էր երեք օր, ոստիկանությունն ու զորքերը չէին կորցրել հսկողությունը

__________________________________
396 ՀՀ Կենտրոնական Պատմական Արխիվ, ՙՓաստաթղթերի քաղվածքների հավաքածո՚, ց. 1, գ. 51, 2-րդ մաս, էջ 11:
397 История дипломатии. Т.2, М., 1963, с. 336.
398 Wittlin A. Abdul Hamid. The Shadow of God. London, 1949, pp. 177-178.

[ էջ 403 ]

քաղաքի ընդհանուր իրադրության նկատմամբ: Որոշ թաղամասեր` Սկյուտարը, Գում Գափուն և ուրիշներ, անհայտ պատճառներով լիովին վերահսկվում էին և թվում սովորականի նման խաղաղ ու հանգիստ: Կոտորածն ու թալանը առավել դաժան էին ամբողջ Ոսկեղջյուրի երկայնքով` Դոլմաբախչեի դղյակից մինչև Գատըգյուղ և Սառայ Բուռտնիե հրվանդանից մինչև Այվան ապարանքը ձգվող թաղերում, ինչպես նաև Սամաթիայում, Յոթնաշտարակ դղյակի և Ադրիանապոլսյան դարպասի մոտ: Ամենից շատ հայեր սպանվեցին Բերայում: Բազմաթիվ ականատեսների վկայությամբ, որոշ տեղերում արյունը բառացիորեն հոսում էր փողոցներով: Առանց որևէ կարեկցանքի սպանում էին յուրաքանչյուրին, եթե պարզում էին, որ նա հայ է: Զոհ գնացած հայերի մեծամասնությունը բանվորներ էին, հիմնականում բեռնակիրներ, սակայն մոտավորապես հիսուն կանանց հետ ջարդի զոհ դարձան զգալի թվով մտավորականներ, վաճառականներ և ունևոր այլ մարդիկ:399

Նավամատույցի մոտ կանգնած անգլիական «Ռամզես» նավի սպա Ուիլյամ Ջոնսոնը վկայում էր. «Ես երբեք նման դաժանություն չէի տեսել: Հայերին սպանում էին ինչպես առնետների` ոտքերով ու քարերով...Ամեն առավոտյան անհամբերությամբ սպասում էինք անգլիական նավատորմի հայտնվելուն, որպեսզի նա հողմացրիվ աներ այդ վայրը...»:400

Հայերի կոտորածի մասին մի շարք վկայություններ կան «Contemporary Review» հանդեսի «Կոստանդնուպոլսի կոտորածը» խմբագրական հոդվածում: Այսպես, թարգման Մաքսիմովը հանդիպել էր փողոցում երկու թուրքի, որոնք ծեծելով մահվան դուռն էին հասցրել մի հայի: Իր թիկնապահի օգնությամբ նա բռնել էր դրանցից մեկին և տարել մոտակա ոստիկանական տեղամաս, պահանջելով բանտարկել մարդասպանին: Մերժում ստանալով, դիվանագետը տանում է նրան սուլթանական պալատ, որտեղ պարզվում է, որ այդ մարդը թուրք զինվորական սպա է:401

Շատ դեպքերում, երբ դիվանագետները դիմել էին թուրք սպաներին` պահանջելով միջամտել և դադարեցնել անզեն մարդկանց սպանությունները, նրանց պատասխանում էին.

__________________________________
399 ՀՀ Կենտրոնական Պատմական Արխիվ, «Փաստաթղթերի քաղվածքների հավաքածո». ց. 1, գ. 51, 2-րդ մաս, էջ 14:
400 McDermot G. The Great Assassin and the Christians of Armenia. - The Catholic World, 1896, vol. 64, December, pp. 295-305.
401 The Constantinople Massacre. - The Contemporary Review, 1896, vol. 70, p. 460.

[ էջ 404 ]

«Մենք մեր կարգերն ունենք»:402 Մի ականատես պատմում էր, թե ինչպես էր ամբոխը ծեծում հայ քահանայի մի ֆրանսիացու տան առջև: Երբ բնակիչները փորձում են բողոքել, թուրք սպան նրանց պատասխանում է, որ կառավարությունն իրավունք է տվել սպանելու գյավուրներին:403 Հայ բնակչության կոտորածին մասնակցում էին նաև կանայք: Այսպես, դեպքերի ականատեսը վկայում էր, թե ինչպես էր «թուրք կանանց ամբոխը, ճչալով, ծիծաղելով ու ոտքերով տրորելով այն ամենը, ինչ չէր կարող տանել իր հետ, թալանում իրենց կողմից սպանած հայի փոքր կրպակը»:404

Մայրաքաղաքի որոշ շրջաններում հայերը փորձում էին կազմակերպել ինքնապաշտպանություն, սակայն նման դեպքերում գործին միջամտում էին թուրք զինվորները: ԱՄՆ դեսպանության թարգման Լեմլեի վկայությամբ, սպառելով դիմադրության բոլոր հնարավորությունները, Սամաթիայի շրջանի հայ եկեղեցում բարիկադված հայերը մեծ թվով զինվորների էին ներս թողել եկեղեցի և պայթեցրել այն:

Սուլթան Աբդուլ Մեջիդի հավատարիմ քարտուղարի դուստր` հայուհի Մանելյանի վկայությամբ, կոտորածի ժամանակ զոհվել էին նրա երեք որդիները: Երկու օր շարունակ եղբայրները ետ էին մղել թուրք զինվորների գրոհները, սակայն երբ վերջանում են փամփուշտները, նրանք ինքնասպան են լինում: Կինը նետվում էր մի մահացած որդուց մյուսը: Տուն ներխուժած զինվորները մի որոշ ժամանակ լուռ դիտում էին այդ տեսարանը, ապա նրանցից մեկն ասաց. «Թողեք այդ պառավ շանն իր սատկած լակոտների հետ»:405

Կոստանդնուպոլսի կոտորածը մանրամասնորեն նկարագրել էր ռուս հրապարակախոս Օլգա Կայդանովան: «Մեր տեսած ահավոր պատկերները հիմա էլ աչքիս առաջ են, - գրում էր նա, - հազիվ եմ հավատում, որ դա իրոք եղել է...Թուրքերը ջարդում են հայերին: Մի քանի հայեր, որոնք աշխատում էին նավահանգստում, սպանվեցին ակնթարթորեն, տեղնուտեղը` փայտերով գլխներին հասցված մի քանի հարվածով: Մյուսներին նետում էին ամբոխի մեջ, որը վերջ էր տալիս նրանց, քարշ տալիս փողոցով, ոտնակոխ անում փոշու մեջ...Ոստիկանությունն այդ օրը ասպարեզում էր հայտնվում այն

__________________________________
402 Նույն տեղում, էջ 461:
403 Kalopothakes D. The Constantinople Massacres. - The Nation, 1896, October 8, p. 266.
404 The Constantinople Massacre..., p. 460
405 Roberts Ch. Op. cit., pp. 92, 94-96.

[ էջ 405 ]

ժամանակ, երբ ջարդից հետո փողոցները մաքրվում էին դիակներից...Նողկալի թալանը շարունակվեց ամբողջ օրը: Երբ ամբողջ ունեցվածքը կողոպտված էր, սկսեցին ջարդել լուսամուտների շրջանակները, դռները, կողոպտած բարիքը քարշ էին տալիս տարբեր կողմեր...Արևը ծագելուն պես նորից սկսվեց նույնը. հավանաբար գիշերն էլ չդադարած գազանությունները, որոնք մի առ ժամանակ քողարկել էր խավարը, նորից սկսեցին երևալ ամենուրեք: Հայերի բոլոր խանութներն ու կրպակները թալանված էին: Ռուս նավաստիները պատմում էին, որ սպանվածների դիակները չէին հասցնում դուրս տանել»: Կայդանովան այդ ամենն անվանում էր «համատարած և զանգվածային կոտորած, մարդորս»:406

Դիակները քաղաքից դուրս բերելու համար վաղօրոք նախապատրաստվել էին մեծ քանակությամբ սայլեր ու սայլակներ: Ականատեսների վկայությամբ, երեկոյան ժամը տասի մոտ Կոստանդնուպոլսի փողոցներում «հայտնվում էին սպանվածների մարմիններով բեռնված հսկայական սայլեր»:407 Հաշվել էին, որ օրվա ընթացքում Գալաթայից ու Բերայից դուրս էին տարել ամբողջությամբ բեռնված 28 եզնասայլ և 136 սովորական սայլ, մայրաքաղաքի ուրիշ շրջաններից Գատըգյուղի ճանապարհով անցել էր 71 սայլ: Հույն դիվանագետ Կալոպոտակեսը բերում է մի երիտասարդ հայի պատմածը, որը բեռնակիր էր աշխատել Կոստանդնուպոլսի ոստիկանական գլխավոր տեղամասում և ապաստան էր գտել Հունաստանի դեսպանատանը: Ջարդի ժամանակ ոստիկանության պետը բեռնակիրներին ուղարկում էր գերեզմանատուն, ուր սայլերով բերում էին սպանվածների դիակները: Բեռնակիրները, որոնք հիմնականում հայեր էին, առանձնացնում էին մահմեդականների ու հայերի դիակները և թաղում առանձին: Նրանք աշխատում էին ոստիկանների հսկողության ներքո և հնարավորություն չունեին հարյուրավոր դիակների միջից փրկելու ողջ մնացած

__________________________________
406 Братская помощь пострадавшим в Турции армянам. М., 1898, с. 75-80.
407 Амфитеатров А. Армянский вопрос. С.Петербург, 1906, с. 5-6.

[ էջ 406 ]

հայերին, որոնք տնքում էին ու օգնություն աղերսում:408 Մեծ քանակությամբ դիակներ ուղղակի նետվում էին ծովը:409

Կոստանդնուպոլսի իրադարձությունների ականատեսների տեղեկությունները սպանվածների թվաքանակի վերաբերյալ հիմնականում համընկնում են: Ռուսաստանի ռազմական գործակալ, գնդապետ Պեշկովի տվյալների համաձայն, երկու օրվա ընթացքում սպանվել էր ավելի քան 5 հազ. 500 հայ,410 որոշ ականատեսների վկայությամբ` 8 հազ. 750,411 ուրիշների` 10 հազ.,412 և նույնիսկ 13 հազ. 600:413

Այդ օրերին վեց տերությունների դեսպանությունները ապարդյուն փորձեր էին կատարում հայ բնակչության ջարդը դադարեցնելու ուղղությամբ` օգոստոսի 27-ին, 31-ին և սեպտեմբերի 15-ին անօգուտ միացյալ բողոքի հայտագրեր ներկայացնելով Բարձր Դռանը:414 Աբդուլ Համիդի ծննդյան օրը տերությունների դեսպանները հրաժարվեցին դեսպանատներում տոնական հրավառություններ անցկացնելուց: Սակայն բողոքի այդ նշանը նույնպես օգուտ չտվեց: Սեպտեմբերի 5-ին «Spectator»-ը գրում էր. «Տերությունները, անկասկած, անկեղծորեն ձգտում էին կանխել անցած շաբաթ տեղի ունեցած սարսափները, երբ Գալաթան վերածվեց սպանդանոցի. թուրք խաժամուժը տղամարդկանց, կանանց և երեխաներին սպանում էր զինվորների ու ոստիկանության աչքի առաջ...Սուլթանը հիմար չէ, որ վախենա իր ծննդյան օրվա պատվին մոմեր ի ցույց դնելուց դեսպանների

__________________________________
408 Kalopothakes D. Op.cit., pp. 266-267:
409 1896 թ. աշնանը ռուսական «Новое время» պարբերականը բազմանշանակալից գրում էր. «Եվրոպացիները հիմա Կոստանդնուպոլսում ձուկ չեն ուտում: Ես էլ եմ զզվում Բոսֆորի ձկից. այն անչափ ճարպոտ է»:
410 ՀՀ Կենտրոնական Պատմական Արխիվ, ֆ. «Փաստաթղթերի քաղվածքների հավաքածո», ց. 1, գ. 51, 2-րդ մաս, էջ 14:
411 Abbott L. Armenian Question. - The Outlook, 1896, vol. 54, p. 1036; The Constantinople Massacre..., pp. 459-460; Bryce J. Transcaucasia and Ararat. London, 1896, p. 516.
412 Тыркова А. Старая Турция и младотурки. Петроград, 1916, с. 62: Roberts Ch. Op.cit., p. 90.
413 Antoine E. Op.cit., p. 90.
414 Turkey, No. 1(1897). London, 1897, pp. 21, 29, 52.

[ էջ 407 ]

հրաժարվելուց...Սուլթանն այժմ վստահ է, որ Եվրոպայի հակասությունները իրեն տեր դարձրին սեփական տանը և որ հետագայում ինքն այլևս ոչինչ չունի վախենալու արտաքին ճնշումից»:415

Կոստանդնուպոլսի ջարդի օրերին բրիտանական դեսպանությունն առաջվա պես ակտիվ չէր և այս անգամ աչքի չընկավ առանձին նախաձեռնություններով: Քարրին գտնվում էր Լոնդոնում, դեսպանությունը ղեկավարում էր Հերբերտը: Սոլսբերիին ուղղված օգոստոսի 28-ի, 30-ի, 31-ի, սեպտեմբերի 3-ի իր զեկուցագրերում նա գրում էր, որ կոտորածը դադարեցնելու դեսպանությունների փորձերը գլխավորում էր Ռուսաստանի դեսպան Նելիդովը, որը չէր բավարարվում բողոքի անարդյունավետ հայտագրերով: Նա նախազգուշացրել էր սուլթանին, որ եթե կոտորածը չդադարեցվի, ինքը հրամայելու է ռուսական նավերին կրակել Բույուկդերեի վրա: Ինչպես վկայում էր Հերբերտը, ռուս դեսպանի վճռական կեցվածքը հարկադրեց սուլթանին ցրվելու հրաման տալ վայրենի խաժամուժին:416

Եվրոպական դիվանագիտական ներկայացուցչությունները մեծ աշխատանք տարան հազարավոր հայ գաղթականներին փրկելու ուղղությամբ: Դրա շնորհիվ 12 հազ. հայ ապաստան գտավ Բուլղարիայում, շուրջ հազար` Ալեքսանդրիայում, 1200` Աթենքում և Պիրեյում, մի քանի հարյուր` Մարսելում:417

Կոստանդնուպոլսի իրադարձությունները հերթական կոտորածն էին Օսմանյան կայսրության հայ բնակչության ջարդերի շղթայում, որոնք կազմակերպեց Աբդուլ Համիդի կառավարությունը, նպատակ ունենալով բնաջնջել հայերին ոչ միայն իրենց պատմական հայրենիքի` Արևմտյան Հայաստանի տարածքում, այլև ամբողջ երկրում:

7. 1896 թ. ԱՆԳԼՈ-ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ

__________________________________
415 The Massacres. - The Spectator, 1896, vol. 77, September 5, p. 292.
416 Grenville J.A.S. Op.cit., pp. 75-76.
417 Gulesian M.H. Armenian Refugees. - The Arena, 1897, vol. 17, p. 652; Kalopothakes D. Op.cit., pp. 265-266.

[ էջ 408 ]

Սեպտեմբերի սկզբին «Spectator»-ը հույս էր հայտնում, որ տերությունների կառավարություններն ի վերջո համաձայնության կգան Հայկական հարցում: Ամենից ճիշտ լուծումն, ըստ շաբաթաթերթի, կայանում է Օսմանյան կայսրության բաժանման վերաբերյալ տերությունների համաձայնության ստորագրման մեջ, եթե իհարկե Ռուսաստանը դա թույլ տվեց: «Եթե տերությունները համաձայնության չգան, քանի որ Թուրքիայի ստատուս քվոյի քաղաքականությունը հանդիսանում է Եվրոպայում խաղաղության պահպանման երաշխիքը, ապա այդ դեպքում անհրաժեշտ է գահնկեց անել Աբդուլ Համիդին, փոխարինելով նրան նոր սուլթանով»:418

Սեպտեմբերի 22-ին Բրիտանիա ժամանեց Ռուսաստանի կայսր Նիկոլայ 2-րդը կայսրուհու հետ, որոնք թագադրումից հետո շրջագայում էին եվրոպական մայրաքաղաքներով: Այցելության ժամանակ Վիկտորիա թագուհու ամառային նստավայր Բալմորալի ամրոցում (Շոտլանդիա) տեղի ունեցան անգլո-ռուսական բանակցությունները, որոնք հիմնականում նվիրված էին Օսմանյան կայսրությունում տիրող կացությանը և նրա ապագային:

Բրիտանական հասարակայնությունը մեծ հույսեր էր կապում Բալմորալի բանակցությունների հետ: «Spectator»-ն այդ օրերին նշում էր, որ բանակցությունների ընթացքում Նիկոլայ 2-րդը պետք է համոզվի, որ Մեծ Բրիտանիան ոչ մի «գեշ մտադրություններ» չունի, երբ առաջարկում է Ռուսաստանին գահնկեց անել Աբդուլ Համիդին: Շաբաթաթերթը նշում էր, որ Բալմորալում բանակցողները չպետք է մոռանան, որ Եվրոպայում պատերազմի կամ խաղաղության հարցը կախված է Նիկոլայ 2-րդի որոշումից, քանի որ եթե նա նույնիսկ մի քանի խոսք ասի հնագույն քրիստոնյա ժողովրդի օգտին, ապա վերջինս կփրկվի տանջանքներից և հալածանքներից: Ընդգծվում էր այն դրական դերը, որը կարող է խաղալ Ռուսաստանի կայսրը Հայկական հարցում:419 Իսկ «Հնչակ»-ը լավատեսորեն հայտարարում էր, որ իր դիվանագիտական տաղանդի շնորհիվ Սոլսբերին կկարողանա համոզել երիտասարդ կայսրին, որ բրիտանական կառավարությունը որևէ նկրտումներ չունի Հայկական հարցում:420

__________________________________
418 The Massacres..., p. 292.
419 Czar`s Visit. - The Spectator, 1896, vol. 77, September 26, p. 389.
420 Հնչակ, 1896, No. 17:

[ էջ 409 ]

Բալմորալի գաղտնի բանակցությունների միակ աղբյուր են հանդիսանում 1960 թ. բրիտանացի պատմաբան Մարգարետ Ջեֆերսոնի կողմից հրապարակված Սոլսբերիի և Նիկոլայ 2-րդի միջև կայացած զրույցների գրառումները, որոնք կատարել էր անձամբ վարչապետը և ներկայացրել այնուհետև կառավարության քննարկմանը:421 Ռուսական արխիվներում կայսրի զրույցների գրառումները Վիկտորիա թագուհու և Սոլսբերիի հետ հայտնաբերված չեն: Հայտնի է, որ Նիկոլայից բացի բանակցություններին մասնակցում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Նիկոլայ Շիշկինը: Ռուս պատմաբան Բոլխովիտինովի կարծիքով, կայսրի և նախարարի պաշտոնակատարի ներկայությունը բանակցություններին ոչ պարտադիր էր դարձնում պաշտոնական հաշվետվության անհրաժեշտությունը:422 Մեծ Բրիտանիայի իրական դերը Հայկական հարցում պարզաբանելու համար մեծ նշանակություն ունի Բոլխովիտինովի կողմից հրապարակված դեսպան Ստաալի գաղտնի հուշագիրը` հոկտեմբերի 3-ին Սոլսբերիի հետ ունեցած իր զրույցի մասին, որը դեսպանն անվանում էր Բալմորալի բանակցությունների «արձագանքը»:423

Բանակցությունների ժամանակ կողմերն անդրադարձան միջազգային հարաբերությունների տարբեր խնդիրներին, սակայն քննարկման ամենից հիմնական առարկան էր Արևելյան հարցը: Սոլսբերին համոզվեց, որ կայսրը «ներկայումս որոշակիորոն տրամադրված էր Թուրքիայի տարածքային ստատուս քվոյի պահպանման օգտին»: Սակայն միաժամանակ նա ընդունում էր, որ եթե, մի կողմից` յուրաքանչյուր տերության Թուրքիայի որևէ տարածքի գրավման փորձը կարող է սրել հակասությունները տերությունների միջև և պատճառ հանդիսանալ պատերազմի համար, ապա մյուս կողմից` ներկայիս իրավիճակը վտանգավոր է թողնել այնպես, ինչպես որ այն կա, քանի որ մոտ

__________________________________
421 Lord Salisbury`s Conversations with the Tzar at Balmoral, 27 and 29 September, 1896. – The Slavonic and East European Review, 1960, vol. 34, No. 92, December, pp. 216-218.
422 Болховитинов Н.Н. О позиции Солсбери в Восточном вопросе осенью 1896 г. - В кн.: Проблемы британской истории, М., 1973, с. 267.
423 Секретная записка русского посла в Лондоне Е.Е.Стааля о беседе с лордом Солсбери. - В кн.: Проблемы британской истории, М., 1973, с. 272.

[ էջ 410 ]

ապագայում ֆինանսական դժվարությունները կարող են բերել Օսմանյան կայսրության լիիրավ սնանկության, որի արդյունքում հնարավոր կդառնա որևէ տերության, մասնավորապես, Ավստրո-Հունգարիայի միջամտությունը, ինչը նույնպես առիթ կդառնա եվրոպական պատերազմի համար: Կողմերը հանգեցին այն կարծիքին, որ «այնուամենայնիվ անհրաժեշտ է ինչ-որ մի բան ձեռնարկել»:424 Կարելի է եզրակացնել, որ կողմերը միանշանակորոն պաշտպանում էին Օսմանյան կայսրության տարածքային ամբողջականությունը, պատճառաբանելով իրենց դիրքորոշումը հնարավոր պատերազմի վտանգով: Հետագայում, Սոլսբերիի հետ կայացած զրույցի ժամանակ Ստաալը նշում էր, որ «...Թուրքիայի ներկայիս ստատուս քվոյի պաշտպանությունը հանդիսանում է մեր քաղաքականության գլխավոր ուղեգիծն այդ շրջանում»: Նա ապացուցում էր, որ այն «...համապատասխանում է բոլոր տերությունների շահերին և...կստանա եվրոպական համերգի աջակցությունը»:425

Բալմորալում Սոլսբերին առաջարկում էր ուղղել տերությունների գործողությունները ոչ թե Օսմանյան կայսրության ամբողջականության, այլ անձամբ սուլթանի դեմ: Իր հերթին Նիկոլայ 2-րդն «ընդունեց, որ ներկայիս սուլթանի գահընկումը պետք է հանդիսանա անհրաժեշտ միջոց...» կայսրության իրավիճակի բարելավման համար:426 Բրիտանական կառավարության ղեկավարը նույնիսկ առաջարկեց հրահանգներ իջեցնել Կոստանդնուպոլսում երկու տերությունների դեսպաններին այն մասին, «որ սուլթանի փոխարինումը հանդիսանում է խնդիրը լուծելու հարմարագույն միջոցը»: Նա նշում էր, որ սեպտեմբերի 27-ին Ռուսաստանի կայսրը նկատելի հավանությամբ ընդունեց իր այդ առաջարկը,427 սակայն հաջորդ հանդիպման ժամանակ (29 սեպտեմբերի), քննարկելով խնդիրն իր խորհրդատուների հետ, նա հայտարարեց, որ Աբդուլ Համիդի տապալումը ներկայացնում է իրենից բավականին դժվար խնդիր, քանի որ հայտնի չէ, թե ինչպես կվերաբերվեն այդ իրադարձությանը մահմեդականները: Նիկոլայ 2-րդի կարծիքով, «...շատ հավանական է, որ նրանք կհամարեն նոր սուլթանին որպես քրիստոնյաների դրածո և

__________________________________
424 Lord Salisbury`s Conversations..., p. 216.
425 Секретная записка..., с. 273.
426 Lord Salisbury`s Conversations..., p. 216.
427 Նույն տեղում, էջ 217:

[ էջ 411 ]

կհրաժարվեն ենթարկվել նրան կամ էլ հնարավոր է սպանեն նրան»: Սոլսբերին ընդունում էր, որ կայսրի մտավախությունները ոչ անհիմն են, սակայն համարում էր, որ իրադարձությունների զարգացումը կարող է հանգեցնել շատ ավելի լուրջ ճգնաժամի, որին կհետևի Օսմանյան կայսրության ամբողջական փլուզումն ու բաժանումը:428 Հետագայում Ստաալն ասում էր Սոլսբերիին, որ Ռուսաստանը չի կարող ընդունել Մեծ Բրիտանիայի առաջարկը սուլթանին «խնամակալության» տակ առնելու կապակցությամբ: Ռուս դեսպանի կարծիքով, «...ոչինչ չի կարող ապացուցել, որ նույնիսկ գահի փոփոխությունը կարող է իրապես ուղղել ներկայիս կացությունը»: Նա ենթադրում էր, որ օտարերկրյա միջամտության արդյունքում տեղի ունեցած փոփոխությունները ՙկարող են սնունդ տալ մահմեդական մոլեռանդությանը, որն այսօր արդեն բավականին ահարկու է՚:429

Բալմորալյան բանակցությունների ընթացքում Սոլսբերին եկավ այն եզրահանգման, որ Ռուսաստանի շահերը կենտրոնացած են հիմնականում նեղուցների շուրջ: Նիկոլայ 2-րդը նշում էր, որ Բոսֆորն ու Դարդանելը պետք է գտնվեն Ռուսաստանի հսկողության ներքո, քանի որ դրանք «...հանդիսանում են այն սենյակի դուռը, որտեղ որ նա է ապրում և ուստի համառորոն պահանջում է այդ դռան բանալիները»:430 Այսպիսով, չնայած Օսմանյան կայսրության ստատուս քվոյի պաշտպանության քաղաքականությանը, ցարական կառավարությունը միաժամանակ ձգտում էր հսկողություն սահմանել Բոսֆորի և Դարդանելի նկատմամբ: Նեղուցների տիրապետումը նշանակում էր Ռուսաստանի համար ոչ միայն նավերի ազատ ելք Միջերկրական ծով և այնուհետև Սուեզի ջրանցքով դեպի Հնդկական

__________________________________
428 Նույն տեղում, էջ 221:
429 Секретная записка..., с. 272.
430 Դեռևս 1879 թ. Բեռլինում Ռուսաստանի դեսպան Սաբուրովը ասում էր, որ ռուսական շահերի տեսանկյունից գոյություն ունի նեղուցների հարցի մեկ բավարար լուծում, որը ձևակերպված է Նիկոլայ 1-ի հետևյալ խոսքերում. «Մենք պետք է տիրանանք մեր տան բանալիին: Այդ բանալին կարող է ապահովել մեր հարավային սահմանների անվտանգությունը: Բոսֆորի մուտքին տեղադրված մեկ մարտկոցը կփոխարինի մեզ սևծովյան ափի հսկայական տարածքների պաշտպանության համար ներկայումս անհրաժեշտ նավատորմը, բանակը և առաջնակարգ ամրոցների ողջ շղթան» (Сказкин С. Конец австро-русско-германского союза. Т. 1, М., 1928, с. 124):

[ էջ 412 ]

օվկիանոս, այլև փաստացի հսկողություն ամբողջ Թուրքիայի տարածքի հանդեպ, թեև Բալմորալում կայսրը մի քանի անգամ ընդգծում էր, որ ոչ Կոստանդնուպոլսը, ոչ էլ նեղուցների երկու կողմն ընկած Օսմանյան կայսրության տարածքները Ռուսաստանին բացարձակ չեն հետաքրքրում:431

Սոլսբերին ասում էր Նիկոլային, որ Մեծ Բրիտանիան հետաքրքրված չէ նեղուցների հսկողության մեջ և նույնիսկ ակնարկում էր դրանք Ռուսաստանին տրամադրելու հնարավորության մասին, թեև հետագայում չէր թաքցնում Ստաալից, որ չէր ցանկանա տեսնել Բոսֆորի ափերին «հզորագույն Ռուսաստանի կողքին և նրա անունից գործող սուլթանի ուրվականին»:432 Վարչապետը նախազգուշացնում էր կայսրին, որ Ռուսաստանի կողմից նեղուցների միանձնյա տիրապետումը խորապես դիպչելու է Միջերկրական համաձայնագիրը ստորագրած երկրների` Ռումինիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և Ավստրո-Հունգարիայի շահերին:433 Ավստրո-հունգարական կառավարության համոզմամբ, «նեղուցների տիրուհին դարձած տերությունն ամբողջությամբ հսկելու է Բուլղարիայի և Էգեյան ծովի միջև գտնվող Օսմանյան կայսրության շրջանները: Ռուսաստանի հսկողությունը Եվրոպական Թուրքիայի շրջանների նկատմամբ վտանգելու է Ավստրո-Հունգարիայի ամբողջականությանը, սպառնալով խախտել կայսրության սլավոնական և ոչ սլավոնական տարրերի միջև գոյություն ունեցող հավասարակշռությունը»: «Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիային,- նկատում էր Սոլսբերին, - ապա նրա շահերը Միջերկրական ծովում սահմանափակվում են միմիայն Մալթայով և Եգիպտոսով»:434 Բրիտանական

__________________________________
431 Lord Salisbury`s Conversations..., pp. 218-221.
432 Секретная записка..., с. 273.
433 Համաձայնագիրը ստորագրված էր 1887 թ. փետրվարի 12-ին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռումինիայի և Իտալիայի կողմից, իսկ նույն թվականի մարտի 24-ին նրանց միացավ նաև Ավստրո-Հունգարիան: Ստորագրող կողմերը պարտավորվում էջն պահպանել Սև, Էգեյան, Ադրիատիկ և Միջերկրական ծովերի ավազանների ստատուս քվոն:
434 Lord Salisbury`s Conversations..., p. 219. Թուրքիայում Ավստրո-Հունգարիայի դեսպան Կալիցեի և Եգիպտոսում Մեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոս լորդ Կրոմերի միջև կայացած զրույցի ժամանակ վերջինս նշում էր, որ Եգիպտոսի տիրապետումից հետո Բոսֆոր և Դարդանել նեղուցներն, ինչպես և Կոստանդնուպոլիսը դարձել են քիչ կարևոր Մեծ

[ էջ 413 ]

կառավարության ղեկավարը փաստորեն հասկացնել էր տալիս Նիկոլային, որ եթե Ավստրո-Հունգարիան, Ֆրանսիան և Իտալիան հավանություն տան Ռուսաստանի կողմից նեղուցների միանձնյա հսկողության հաստատմանը, ապա Մեծ Բրիտանիան նույնպես այդ բանին չի խոչընդոտելու:

Բանակցությունների ժամանակ կողմերը քննարկեցին նաև Եգիպտոսի և Սուեզի ջրանցքի հարցերը: Նկատի առնելով այն հանգամանքը, որ ցարական Ռուսաստանի քաղաքականությունն այդ ժամանակ ուղղված էր դեպի Հեռավոր Արևելք, ռուսական նավերի ազատ անցումը Սուեզի ջրանցքով ստանում էր հատուկ նշանակություն: Սակայն առանց համապատասխան ազատ մուտքի երաշխիքներ ունենալու Բոսֆորի և Դարդանելի նեղուցները փաստորեն արժեքազրկվում էին: Եգիպտոսի վերաբերյալ Նիկոլայ 2-րդը հայտարարում էր, որ ոչ մի առարկություն չունի Մեծ Բրիտանիայի կողմից նրա գրավման առնչությամբ, սակայն այդ հարցում բավականին մեծ շահագրգռվածություն ունի Ֆրանսիան: Սոլսբերին պատասխանում էր, որ անձամբ ինքը ոչ մի պատասխանատվություն չի կրում Եգիպտոսի գրավման համար և հույս ունի, որ շատ շուտով բրիտանական զորքը դուրս է բերվելու այնտեղից: Միաժամանակ նա նշում էր, բրիտանական բանակը մեծ հաջողությամբ իրականացնում է քաղաքակրթական առաքելություն Եգիպտոսում և եգիպտական ժողովուրդն ինքն է շահագրգռված Մեծ Բրիտանիայի կողմից իր երկրի ժամանակավոր գրավման մեջ: Սոլսբերին հիշեցնում էր Նիկոլայ 2-րդին, որ 1851 թ. Նիկոլայ 1-ինն առաջարկել էր բրիտանական կառավարությանը գրավել Եգիպտոսը Օսմանյան կայսրության բաժանման պարագայում: Կայսրը կրկին ընդգծում էր, որ Ռուսաստանը չի առարկում Մեծ Բրիտանիայի կողմից Եգիպտոսի գրավման կապակցությամբ, իրեն պետք է միմիայն նավերի ազատ անցումը Սուեզի ջրանցքով: Ինչ վերաբերում էր Ֆրանսիայի դիրքորոշմանը, ապա Սոլսբերին առաջարկում էր, որպես փոխհատուցում, տրամադրել նրան Սիրիան:435

Բալմորալյան բանակցությունները ցույց տվեցին, որ Ռուսաստանը շահագրգռված չէր Թուրքիայի մասնատման մեջ, թեև Բոսֆորն ու Դարդանելը չէին կորցրել նրա համար իրենց

__________________________________
Բրիտանիայի, քան Ավստրո- Հունգարիայի համար (Kedourie E. Young Turks, Freemasons and Jews. - Middle Eastern Studies, 1971, No. 1, p. 103)
435 Lord Salisbury`s Conversations..., p. 217.

[ էջ 414 ]

նախկին նշանակությունը: Միաժամանակ ցարական կառավարությունը բավականին անվստահ կեցվածք էր դրսևորում բրիտանական իշխանությունների հանդեպ:436 Հասկանալով դա, Վիկտորիա թագուհին և Սոլսբերին փորձում էին հրապուրել Նիկոլայ 2-րդին անգլո-ռուսական մերձեցման գաղափարով, համոզել, որ երկու տերությունների միջև այլևս հակասություններ գոյություն չունեն ոչ Հեռավոր, ոչ էլ Մերձավոր Արևելքում:437 Իր օրագրում Սոլսբերին գրում էր. «Ես կարծիք արտայտեցի, որը նա (կայսրը) պաշտպանեց, այն մասին, որ ներկայումս պատճառ չկա Ռուսաստանի և Անգլիայի միջև թշնամության համար, բացառությամբ նեղուցների հարցի: Ես նշեցի, որ Անգլիայի հետաքրքրությունն այդ հարցի նկատմամբ այնքան էլ մեծ չէ, ինչպես մյուսների մոտ և կրում է զուտ ծովային բնույթ: Ես համաձայնեցի, որ գոյություն ունեցող տեսությունն այն մասին, որ Կոստանդնուպոլսի թուրքական ղեկավարությունը հանդիսանում է մեր հնդկական կայսրության բաստիոնը, այլևս չպետք է պաշտպանվի»:438

Բանակցությունների ընթացքում կողմերն այդպես էլ որևէ կոնկրետ համաձայնության չեկան: Հոկտեմբերի 3-ին «Spectator»-ը գրում էր, որ դեռևս տեղեկություն չկա, թե արդյոք կողմերն «էֆեկտիվ համաձայնության» հասել են Բալմորալում, թե ոչ, սակայն ակնհայտորեմ հայտնի է, որ նրանք «մի քանի ժամ խորհրդակցել են և որ հանդիպման ժամանակ Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի միջև գոյություն ունեցող խորը ճեղքվածքը չի լայնացել»:439

Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի փոխադարձ մրցակցությունը հանդիսանում էր Մերձավոր Արևելքում միջազգային քաղաքականության հիմքը, որը կարևորագույն գրավականն էր Օսմանյան կայսրության տարածքային ամբողջականության պահպանման համար: Այդ հանգամանքն, իր հերթին, չէր բացառում և նույնիսկ կանխորոշում էր թուրք իշխանությունների կողմից այլևս որդեգրած Օսմանյան կայսրության հայ բնակչության բնաջնջման քաղաքականության անպատիժ շարունակությունը: Բալմորալում կողմերից ոչ

__________________________________
436 Դեռևս 1895 թ. Լոբանով-Ռոստովսկին համարում էր, որ Սոլսբերիի վարքագիծը «հեռու է անբասիր լինելուց և միանգամայն կարող է կասկած հարուցել» (Из дневника В.Н.Ламздорфа. – Вопросы истории, 1977, No. 6, c. 102):
437 Grenville J.A.S. Op.cit., pp. 78-79.
438 Lord Salisbury`s Conversations..., p. 218.
439 Grenville J.A.S. Op.cit., pp. 78-79.

[ էջ 415 ]

մեկը անհանգստություն կամ կարեկցանք չարտահայտեց 1894-1896 թթ. հայերի ջարդի կապակցությամբ, մտածելով միմիայն իրենց տերությունների շահերի մասին: Նրանց քիչ էր մտահոգում սուլթանական լծի տակ տառապող հայ ժողովրդի բախտը: Այսպես, Բալմորալում Նիկոլայ 2-րդը «...ծաղրում էր Անգլիայի որոշ ֆիլանտրոպների առաջարկները, որոնք պահանջում են, որպեսզի Ռուսաստանին իրավունք տրվի Հայաստանը գրավելու համար»: Ռուս կայսրի արտահայտությամբ, Հայաստանի գրավումը կդառնա «բավականին թանկ ձեռնարկում, որը Ռուսաստանին փոխհատուցում չի բերելու...», ինչպես նաև չի օգնելու Օսմանյան կայսրության տարածքով ցրված բոլոր հայերին:440 Իսկ բրիտանական կառավարության ղեկավարը բանակցությունների վերջում հայտարարեց, որ տերությունները պետք է միջոցներ ձեռնարկեն Կոստանդնուպոլսում ապագայում հնարավոր անկարգությունները կանխելու նպատակով, քանի որ նրանք սպառնում են օտարերկրյա հպատակների և դեսպանությունների անձնակազմերի անվտանգությանը:441

8. ՍՈԼՍԲԵՐԻԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՎԵՐՋԻՆ ՓՈՒԼՈՒՄ

Ճիշտ այնպես, ինչպես մեկ տարի առաջ 1896 թ. Կոստանդնուպոլսի հայ բնակչության կոտորածները տարածվեցին Օսմանյան կայսրության ողջ տարածքով, ընդունելով շատ ավելի համատարած և դաժան բնույթ: Բելգիացի հեղինակ Էմիլ Անտուանի հաշվարկներով, 1896 թ. աշնանը Փոքր Ասիայում սպանվեց 186 հազ. 655 հայ:442 Մակքոլի տվյալների

__________________________________
440 Lord Salisbury`s Conversations..., p. 220.
441 The Situation of To-day. - The Spectator, 1896, vol. 77, October 3, p. 426. Պատմաբան Բոլխովիտինովի կարծիքով, «...հին հակասությունների գոյությունը Միջին և նորերի առաջացումը Հեռավոր Արևելքում վերջնական հաշվով կանխորոշեցին այն տարիներին ռուս-անգլիական համաձայնության անհնարինությունը Մերձավոր Արևելքի և նեղուցների խնդիրների շուրջ» (Болховитинов Н.Н. Указ. соч., с. 270):
442 Antoine E. Op.cit., p. 79.

[ էջ 416 ]

համաձայն, 1896 թ. հայկական կոտորածների զոհերի ընդհանուր թիվը հասավ 200 հազ.:443 Արևմտյան Հայաստանի քաղաքներում և գյուղերում տեղի ունեցած կոտորածների հետևանքով հրդեհվել էր 12 հազ. տուն և կրպակ, թալանվել 47 հազ. տուն, պարտադրաբար մահմեդականություն էին ընդունել 40 հազ., անօթևան մնացել և զրկվել ապրուստի միջոցներից շուրջ 400 հազ. հայեր:444

Այսպիսով, 1894-1896 թթ. ընթացքում կոտորված հայերի թիվը գերազանցեց 300 հազարից: Քննության առնելով բազմապիսի աղբյուրներ հայ բնակչության ջարդի մասին, կարելի է գալ հետևյալ եզրահանգումների. կոտորածները կրում էին համատարած, կանխամտածված և կազմակերպված բնույթ, նրանց իրականացնողներն էին ինչպես մոլեռանդ մահմեդական բնակչությունն, այնպես էլ ոստիկանությունն ու կանոնավոր բանակը, աչքի ընկած բոլոր մասնակիցները ստացան շքանշաններ և պաշտոնի բարձրացում, ինչպես 1895, այնպես էլ 1896 թթ. ջարդը հիմնականում սկսվում էր միաժամանակ բոլոր վիլայեթներում, գրեթե բոլոր դեպքերում ջարդը սկսվելու և ավարտվելու ազդանշաններ էին հանդիսանում շեփորի ձայնը կամ հատ կրակոցը:445

Գերմանացի հասարակական քաղաքական գործիչ Փաուլ Ռորբախը, որը 1898 թ. այցելել էր բոլոր հայկական շրջանները, նշում էր, որ այդ սարսափները նման չափերի չէին հասնելու, եթե 1878 թ. տերությունները չպարգևատրեին հայերին «կործանարար նվերով»` Բեռլինի պայմանագրի 61-րդ հոդվածով:446 Այդ հոդվածի շնորհիվ, նշում էր ռուս պատմաբան Խվոստովը, «90-ական թթ. ճգնաժամի ժամանակ Աբդուլ Համիդն ամբողջությամբ հասավ իր նպատակին` պահպանեց նեխած ավատամենատիրական ռեժիմն ու ազգային կրոնական կեղեքումը»:447

Չնայած նրան, որ երկու տարվա ընթացքում Օսմանյան կայսրությունում բնաջնջվեց 300 հազ. ավելի հայ, սուլթանական կառավարությունն այդպես էլ մնաց անպատիժ, իսկ

__________________________________
443 Maccoll M. The Sultan and the Powers..., p. 53.
444 Gabrielian M.S. Op.cit., pp. 257-258.
445 Melson R. Op.cit., pp. 481-505.
446 Rohrbach P. The Contribution of the Armenian Question. - The Forum, 1900, vol. 29, No. 4, pp. 488-489.
447 История дипломатии. Т. 2, М., 1963, с. 344-345.

[ էջ 417 ]

եվրոպական դիվանագիտությունը` ողջ ժողովրդի ողբերգության անտարբեր հանդիսատես: Տերությունների փոխադարձաբար բացառող շահերը փաստորեն հանդիսանում էին քայքայվող Օսմանյան կայսրության պահպանման գլխավոր գործոնը: Իսկ Աբդուլ Համիդը հմտորեն օգտվեց այդ իրավիճակից, որպեսզի ազատվի ոչ ցանկալի քրիստոնեական տարրից, որն, իր համոզմամբ, հանդիսանում էր անհանգստության աղբյուր և կարող էր պատճառ դառնալ օսմանների կայսրության փլուզման համար:

1896 թ. սեպտեմբերի 24-ին Լիվերպուլում կայացավ բազմամարդ բողոքի հանրահավաք սուլթանական կառավարության հակահայկական քաղաքականության դեմ: Մեծ մեղադրական ելույթով հավաքին հանդես եկավ Գլադստոնը: Այն տևեց մեկ ժամ և քսան րոպե և, Գլադստոնի կենսագիր Ֆիլիպ Մագնուսի կարծիքով, հանդիսանում է «նրա կյանքի ամենալավագույն հրապարակային ելույթը»:448 Գլադստոնը սկսեց իր ելույթը նրանով, որ հանդես է գալիս անկախ որևէ կուսակցական պլատֆորմից և իր պարտականությունն է համարում ընդհանրապես հրաժարվել կուսակցական համակրանքից և հիշողություններից: Անցնելով Թուրքիայում հայերի ջարդի հարցին, նա կոչ արեց կառավարությանը անվստահություն հայտնել սուլթանի և նրա իշխանության տեղի ունեցած իրադարձությունները ժխտելու քաղաքականությանը: Գլադստոնը հիշեցնում էր, որ 1876 թ. թուրք կառավարությունը նույնպես փորձում էր ողջ մեղքը բարդել «բուլղարացի խռովարարների և քարոզիչների» վրա: Անդրադառնալով հանրահավաքի նպատակին, նա հայտարարեց, որ այն կայանում է ոչ թե պատժելու կամ վրեժխնդրության, այլ նոր սպանությունները կանխելու մեջ: Ըստ Գլադստոնի, եվրոպական դիվանագիտության որդեգրած քաղաքականությունը չի կարող կանխել նոր կոտորածները, «եվրոպական համերգն» ընդհանրապես էական օգնություն չցուցաբերեց Օսմանյան կայսրության քրիստոնյա բնակչությանը: Նա հիշեցնում էր, որ ներկայիս և նախկին բրիտանական կառավարությունները փորձում էին գործել Հայկական հարցում մյուս տերությունների հետ միասին, սակայն անհաջողություն կրեցին և այսօր կառավարությանն անհրաժեշտ է իմանալ ժողովրդի կամքը: Այդ նպատակով Գլադստոնն առաջարկեց ընդունել բանաձև, ուր Ֆորին Օֆիսին պարտադրվեր միջոցներ ձեռնարկել Թուրքիայում հետագա դաժանությունները կանխելու համար և հայտարարվեր լիվերպուլյան բնակչության պատրաստակամության

__________________________________
448 Magnus Ph. Op.cit., p. 430.

[ էջ 418 ]

մասին` այդ հարցում կառավարությանն աջակցելու մեջ: Գլադստոնի կարծիքով, Անգլիային հարկավոր է հայտարարել, որ նա որևէ շահ չի հետապնդում իր համար և համապատասխան երաշխիքներ ներկայացնել մյուս տերություններին: Անվանելով Աբդուլ Համիդին «մեծ մարդասպան», նա հայտարարեց, որ միջազգային իրավունքի և, մասնավորապես, Կիպրոսի կոնվենցիայի պայմանների համաձայն, Բրիտանիան պարտադրված է միջամտել և եթե անհրաժեշտ է, նույնիսկ միայնակ:449

Չնայած իր տարիքին, Գլադստոնը բավականին գործուն աշխատանք էր տանում համոզելու «ալարկոտ» բրիտանական կառավարությանը որդեգրել «քրիստոնեական բարոյականությանը վայել» քաղաքականություն: Իր որդիներին նա ասում էր, որ ցանկանում է միայն, որպեսզի աստված իրեն ուժ տա` անմարդկային թուրքի դեմ նոր խաչակրաց արշավանք կազմակերպելու համար:450 «Եթե ես լինեի այն տարիքում, որքան 1876 թ., - հայտարարում էր նա, - ես հաճույքով նոր կամպանիա կսկսեի»:451

Գլադստոնի գործունեությունը Հայկական հարցում դարձավ վերջին և ամենից կարևոր պատճառներից մեկը, որը ստիպեց Ռոզբերիին հրաժարվել լիբերալ կուսակցության ղեկավարությունից: 19-րդ դ. վերջին լիբերալների կուսակցությունը շատ լուրջ ճգնաժամ էր ապրում: Նրա ղեկավար անդամներից մեկի, Ջորջ Ռասսելի կարծիքով, լիբերալ կուսակցությունն արտաքին քաղաքականությամբ և, մասնավորապես, Հայկական հարցով զբաղվող ղեկավար չուներ, Ռոզբերին ինքնակառավարում էր հայտարարել և փաստորեն չէր ղեկավարում կուսակցությունը:452 Ռոզբերին պաշտպանում էր Գլադստոնի գաղափարը Հայկական հարցի «անկուսակցականության» մասին: Այդ քաղաքականության համաձայն, առաջինը` Մեծ Բրիտանիան շահադիտական որևէ նկրտում ունենալ չէր կարող, երկրորդը` Հայկական հարցը չպետք է իշխանության համար պայքարի միջոց դառնար քաղաքական կուսակցությունների միջև և երրորդը` խնդրի վերջնական լուծման մեջ պետք է շահագրգռված լիներ ողջ բրիտանական ժողովութդը: Սակայն կուսակցության պաշտոնական ղեկավարը չէր համաձայնում Գլադստոնի այն տեսակետի հետ, որ Մեծ Բրիտանիան ունի Թուրքիայի

__________________________________
449 Knaplund P. Op.cit., pp. 267-268; Magnus Ph. Op.cit., p. 430.
450 Magnus Ph. Op.cit., p. 431.
451 Knaplund P. Op.cit., p. 268.
452 Russell G.W.E. Op.cit., pp. 27-28.

[ էջ 419 ]

սուլթանական կառավարության դեմ առանձին և անշահախնդիր կերպով հանդես գալու իրավունք: Այդ տեսակետը պաշտպանեց կուսակցության անդամների մեծամասնությունը, իսկ Ռոզբերին հրաժարվեց միանալ տարվող «հայասիրական քարոզչությանը»: Հոկտեմբերի 6-ին կուսակցության խորհրդարանական կազմակերպչին ուղղված նամակում նա գրում էր, որ «իմ և լիբերալ կուսակցության զգալի մեծամասնության միջև գոյություն ունեն ակնհայտ տարաձայնություններ Արևելյան հարցի առնչությամբ, իմ կարծիքն այդ հարցում տարբերվում է նաև Գլադստոնի տեսակետի հետ, որը մեծ հեղինակություն է վայելում կուսակցության շարքերում...»:453 Անմիջապես հաջորդ օրը Ռոզբերին նամակ է գրում Գլադստոնին. «Ես ցանկանում եմ, որ Դուք ինձնից իմանաք լիբերալ կուսակցության ղեկավարությունից հրաժարվելու իմ որոշման մասին, թեև այնքան էլ վստահ չեմ, որ ես այն իրապես ղեկավարել եմ: Ես չեմ թաքցնելու, որ Դուք առաջ քաշեցիք և պաշտպանեցիք մի քաղաքականություն, որը ես չէի կարող քաջալերել..., հնարավորություն տալով դժգոհ լիբերալներին ճնշել ինձ Ձեր հեղինակությամբ»: Գլադստոնը նրան պատասխանում էր. «Մեր պաշտոնական հարաբերություններն...ունեցան ողբերգական ավարտ, սակայն Դուք ձգտում եք անել այնպես, որ վարակը չթափանցի մեր անձնական հարաբերությունների մեջ: Արդյոք՞ կզարմացնի Ձեզ, եթե ասեմ, որ առաջին անգամ զգացի մեր միջև գոյություն ունեցող տարբերությունը, երբ կարդացի Ձեր նամակը, որում հաստատվում էր, որ միանձնյա գործողությունը (Թուրքիայի նկատմամբ - Ա.Կ.) կբերի եվրոպական պատերազմի: ...Ես միշտ հավատարիմ եմ եղել հարկադրական միջոցի կիրառմանը, ինչպես նրա փակ, այնպես էլ բաց տեսքով, որպես իմ ողջ քաղաքականության հիմքերից մեկին: Իմ համոզմունքը եղել և մնում է այն, որ առանց նման վերապահ իրավունքի քարոզչությունը ոչ միայն անօգուտ է, այլև նույնքան վնասակար, ինչպես Կոստանդնուպոլսում տեղի ունեցող դիվանագիտական փաստաթղթերի պատերազմը...»:454 Այս խոսքերում էր ամփոփված Թուրքիայի հանդեպ գլադստոնյան քաղաքականության ողջ էությունը, որը, սակայն, 19-րդ դ. ավարտին այլևս ոչ մի հաջողություն ունենալ չէր կարող:

Հոկտեմբերի 10-ին Լոնդոնում կայացավ լիբերալ կուսակցության համաժողովը, որը նվիրված էր Օսմանյան կայսրության հայ բնակչության կոտորածներին: Ռասսելը վկայում

__________________________________
453 At Colchester. - Liberal Magazine, 1896, october 20, p. 483.
454 Magnus Ph. Op.cit., p. 431; Douglas R. Op.cit., p. 131.

[ էջ 420 ]

էր, որ հանդիպման ժամանակ հաղորդվեց Ռոզբերիի հրաժարականի մասին և ընթերցվեց նրա հոկտեմբերի 9-ի ելույթը Էդինբուրգում, որն ամբողջովին «ներծծված էր» Հայկական հարցի «անկուսակցականության» գաղափարով և զուրկ էր որևէ հիմքից: Իրապես, Ռոզբերիի Էդինբուրգի ելույթը դարձավ իր վերջին արդարացումը հայ կոտորածների հանդեպ որդեգրած իր «անտարբեր» քաղաքականության համար: Իր ելույթում նա նշում էր, որ Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը «...բաղկացած է հազար մասերից ու շահերից և մենք իրավունք չունենք զոհաբերելու մնացած ինն հարյուր իննսուն ինը միայն մեկի պատճառով, եթե այն նույնիսկ պահանջում է անհապաղ գործողությունների իրականացում»: Լիբերալների նախկին ղեկավարը նույնիսկ հայտարարեց, որ «հայ ժողովրդի կործանումը հանդիսանում է Մեծ Բրիտանիայի հոգսերի հազարերորդական մասը, ...դատարկ մի բան»:455 «Ես վճռականորեն ընդդիմանալու եմ միանձնյա միջամտության քաղաքականությանը, - շարունակում էր Ռոզբերին, - ...Ես համարում եմ, որ բոլոր կամ գրեթե բոլոր մեծ տերությունները որոշել են դիմադրել նման միջամտությանը: Մեր միանձնյա ելույթը կբերի եվրոպական պատերազմի»:456 Այսպիսով, Ռոզբերիի կարծիքն ամբողջությամբ համընկնում էր Սոլսբերիի պահպանողական կառավարության կողմից որդեգրված պաշտոնական քաղաքականության հետ: Փաստորեն այնպես ստացվեց, որ երբ հին գլադստոնյան կուսակցությունը կշտամբեց Ռոզբերիին Հայկական հարցում իր կողմից հանդես բերած երկչոտության մեջ, նա դադարեց կուսակցության ղեկավար լինելուց:

Լիբերալ կուսակցության համաժողովի կողմից ընդունված բանաձևում ասվում էր. «...Ներկայումս Արևելքում ստեղծված կացությունը գլխավորապես հանդիսանում է անցյալում պահպանողական կուսակցության քաղաքականության արդյունքը: ...Բեռլինի վեհաժողովի մասնակից լորդ Սոլսբերին մասնավորապես պատասխանատու է Հայաստանում գոյություն ունեցող գործերի վիճակի համար և, հետևապես, ...ներկայիս վարչապետին չի կարելի վստահել Հայկական հարցով զբաղվելու իրավունքը»:457 Սակայն իրականում Սոլսբերիի արտաքին քաղաքականության դեմ երկրում որևէ լուրջ ընդդիմություն

__________________________________
455 Lord Rosebery`s Deliverance..., p. 504.
456 Галеви Э. История Англии в эпоху империализма. Т. 1, М., 1957, с. 34; At Colchester..., p. 483.
457 Russell G.W.E. Op.cit., pp. 25-26.

[ էջ 421 ]

գոյություն չուներ: Առանց ղեկավարի մնացած լիբերալ կուսակցության անդամները սթափվեցին բավականին ուշ, քանի որ շուտով Հայկական հարցն ընդհանրապես հանվեց միջազգային քաղաքականության օրակարգից:

Հոկտեմբերի 20-ին Սոլսբերին շրջաբերական նամակ հղեց եվրոպական տերությունների կառավարությունների ղեկավարներին, որում ապացուցում էր Հայկական հարցում համատեղ գործողությունների անհրաժեշտությունը, ելնելով այն հանգամանքից, որ յուրաքանչյուր տերություն իր շահերն ուներ Օսմանյան կայսրությունում: Նա առաջարկում էր հրավիրել համաեվրոպական համաժողով` մերձավորարևելյան ճգնաժամը վերջնականապես կարգավորելու նպատակով:458 Բրիտանական կառավարության ղեկավարը հավատացած էր, որ Ավստրո-Հունգարիայի և Ֆրանսիայի կառավարությունները կհամաձայնեն համաժողովի անցկացմանը, քանի որ չափազանց անհանգստացած էին նեղուցների միակողմանի գրավման հնարավորության կապակցությամբ, իսկ Իտալիան անկասկած հետևելու է Մեծ Բրիտանիային: Սոլսբերին վստահ չէր միմիայն Գերմանիայի դիրքորոշման վրա, թեև հույս ուներ, որ կանցլերը պաշտպանելու է Ավստրո-Հունգարիայի քաղաքականությունը: Վարչապետի համոզմամբ, համաժողովի հաջողությունը կախում ուներ հիմնականում Ռուսաստանի դիրքորոշումից: Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ ունեցած զրույցի ընթացքում Շիշկինն իր համաձայնությունն է տալիս Կոստանդնուպոլսում համաժողովի անցկացման կապակցությամբ այն պայմանով, որ տերությունները ճնշում չեն գործադրելու սուլթանի վրա: Միաժամանակ նա նշում էր, որ վերջին խոսքը Նիկոլայ 2-րդինն է, որը դեռևս մտածում է այդ հարցի շուրջ:459

Լոնդոնի նոր քաղաքապետի պատվին հոկտեմբերի 29-ին տրված ճաշկերույթի ժամանակ արտասանած իր ճառում Սոլսբերին հայտարարում էր, որ եթե անգլիացիներն «...ուղղակի ցանկանային կամ պատժել թուրքական կառավարությունը, կամ էլ անախորժություն պատճառեին նրան, ապա Մեծ Բրիտանիայի մոտ բավականին միջոց կգտնվեր իր մտադրությունն իրագործելու համար, սակայն եթե դուք ցանկանում եք ազատել դաժան ռեժիմից...ինչպես քրիստոնյաներին, այնպես էլ մահմեդականներին, ապա մեր պարտականությունը պետք է կայանա նրանում, որպեսզի հնարավորին չափ մեծ թվով

__________________________________
458 Langer W.L. Diplomacy of Imperialism. 1890-1902. Vol. 1, New York, 1935, pp. 333-334.
459 Grenville J.A.S. Op.cit., p. 85.

[ էջ 422 ]

ազգեր համոզենք գործելու մեզ հետ»: «Եթե եվրոպական համերգը, - շարունակում էր նա, - ցանկություն ունի գործելու, ապա նա իր տրամադրության մեջ ունի այնպիսի միջոցներ, որոնք մենք չունենք: Եթե նա գործել չի ցանկանում կամ եթե դեմ է յուրաքանչյուր սեպարատ գործողությանը, ապա մենք վտանգի և անհաջողության կենթարկենք ոչ միայն մեր ձեռնարկը, այլև առիթ կտանք ընդհարման, որը կարթնացնի եվրոպական պատերազմի բոլոր սարսափները»: Այնուհետև Սոլսբերին նշում էր, որ եվրոպական տերությունների հակասություններն ու շահերն այնքան բարդ են, որ չարժի նրանց բախտախաղի դնել Արևմտյան Հայաստանի համար: Իր ելույթի վերջում նա ասում էր, որ միմիայն սուլթանի միջոցով կարելի կլինի ապահովել Օսմանյան կայսրության քրիստոնյա և մահմեդական բնակչության անվտանգությունն ու կյանքի բարելավումը:460

Նոյեմբերի 23-ին Պետերբուրգում, Նիկոլայ 2-րդի նախագահությամբ կայացած կառավարության նիստի ընթացքում քննարկվում էր Նելիդովի կողմից առաջարկած նեղուցների գրավման ծրագիրը: Դեսպանը զեկուցեց Թուրքիայի ծանր վիճակի և նեղուցներն անհապաղ գրավելու անհրաժեշտության մասին` մոտ ապագայում սպասվող աղետը կանխելու նպատակով: Նելիդովի կարծիքը պաշտպանեցին ռազմական նախարարը և գլխավոր սպայակույտի պետը: Դեմ արտահայտվեց միայն ֆինանսների նախարար Վիտտեն: Վերջինս համոզված էր, որ «այդ խնդիրն ի վերջո կբերի եվրոպական պատերազմի և կխախտի այն հոյակապ քաղաքական և ֆինանսական իրավիճակը, որը ժառանգություն էր մնացել Ռուսական կայսրությանը կայսր Ալեքսանդր 3-րդից»: Քննարկման ավարտին Նիկոլայ 2-րդը հայտարարեց, որ համաձայն է Նելիդովի առաջարկի հետ: Որոշում կայացվեց այնպիսի իրադարձություններ հրահրել Կոստանդնուպոլսում, որոնք իրավունք և հնարավորություն կստեղծեն Բոսֆորը գրավելու համար: Այնուհետև պետք էր կապի մեջ մտնել սուլթանի հետ և, եթե նա կանգներ Ռուսաստանի կողքին, խոստանալ նրան ռուսական հովանավորություն: Դեսպանն անմիջապես մեկնում է Կոստանդնուպոլիս` ծրագիրը նախապատրաստելու նպատակով, սակայն Ֆրանսիայի դիրքորոշումն, ինչպես նաև

__________________________________
460 Кавказ, 1896, 8 ноября.

[ էջ 423 ]

բավականին ուժեղ հակազդեցությունը Վիտտեի և սուրբ սինոդի օբեր-պրոկուրոր Պոբեդոնոսցևի կողմից ստիպեցին կայսրին փոխել իր որոշումը:461

Նոյեմբերի 25-ին Սոլսբերին ստանում է Ռուսաստանի կառավարության համաձայնությունը դեսպանների համաժողովի կազմակերպման կապակցությամբ միայն այն պայմանով, որ տերությունների ներկայացուցիչները «չեն նեղացնելու» սուլթանին:462

Մեծ տերությունների դեսպանների համաժողովը սկսեց իր աշխատանքը դեկտեմբերի 22-ին: Տերությունների միջև անվստահությունն ավելի ուժեղացավ, երբ Նելիդովն առաջին իսկ նիստի ժամանակ հայտարարեց առաջին հերթին Մակեդոնական հարցի քննարկման անհրաժեշտության մասին: Քարրին անհանգստացած էր, որ Մակեդոնական հարցի լուծումը կարձակի Ռուսաստանի ձեռքերը հետագա քայլերի դիմելու համար և այդ իսկ պատճառով էլ պնդեց Օսմանյան կայսրության ընդհանուր վիճակը քննարկելու առաջնահերթության վրա: Այս հարցում նրան պաշտպանեց Ավստրո-Հունգարիայի դեսպան Կալիցեն, որն ընդգծեց, որ Մակեդոնական հարցի լուծումն անկարգություններ կստեղծի Ավստրո-Հունգարիային սահմանակից շրջաններում, կարթնացնի բալկանյան ժողովուրդների ազգային շարժումները և կբերի Օսմանյան կայսրության փլուզմանը: Երբ մասնավոր զրույցի ընթացքում Քարրին անդրադառնում է Եվրոպական Թուրքիայում բարենորոգումներ անցկացնելու գաղափարին, Կալիցեն առարկում է, որ այդ հանգամանքն անպայմանորեն կուժեղացնի Ռուսաստանի ազդեցությունը Բալկաններում:463 Բացի այդ, բրիտանական կառավարությունը եկավ այն եզրահանգման, որ Դարդանելում բրիտանական նավատորմի գործողություններին անխուսափելիորեն հետևելու է Բոսֆորի գրավումը Ռուսաստանի կողմից, որի արդյունքում լրջորեն վտանգվելու են Ավստրո-Հունգարիայի շահերը:464

Մեծ հույսեր կապելով դեսպանների հավաքի հետ, անմիջապես մյուս օրը հայ հեղափոխականները սպառնացին պայթեցնել Ռուսաստանի դեսպանությունը Կոստանդնուպոլսում, եթե նրանց երաշխիքներ չտրվեն, որ երեք ամսից հետո Արևմտյան

__________________________________
461 Витте С.Ю. Воспоминания. Т. 2, М., 1960, с. 100-102; Grenville J.A.S. Op.cit., pp. 87-89.
462 Douglas R. Op.cit., p. 132.
463 Papadopoulos G.S. Op.cit., p. 103.
464 Նույն տեղում, էջ 107:

[ էջ 424 ]

Հայաստանում կիրագործվեն խոստացված բարենորոգումները: Այս անգամ հայերը համոզված էին, որ համաժողովի հաջող ավարտը կախում ունի ռուսական կառավարության դիրքորոշումից:465

1897 թ. հունվարի 6-ին Քարրին հաղորդում էր Սոլսբերիին, որ ձգտում է խուսափել սեփական նախաձեռնություններից համաժողովի ընթացքում, ինչը կարող է պառակտել դեսպաններին երկու հակադիր ճամբարի: Այդ պատճառով էլ նա փորձում էր հասնել միաբանության մասնավոր զրույցների միջոցով:466 Ավստրո-Հունգարիայի և Ռուսաստանի դեսպանների հետ ունեցած մասնավոր քննարկումների ժամանակ Քարրին համաձայնության է հասնում Կոստանդնուպոլսում հնարավոր նոր անկարգությունները կանխելու ուղղությամբ համատեղ գործողություններ ձեռնարկելու հարցում: Որոշում ընդունվեց, որ մայրաքաղաքում նոր ճգնաժամային իրավիճակի ստեղծման և սուլթանական կառավարության կողմից իրավիճակն անմիջապես վերականգնելու անկարողության կամ չկամության դեպքում ռուսական և ավստրիական ռազմանավերը շարվելու են սուլթանական պալատի առջև և կրակ բացեն նրա ուղղությամբ, ընդ որում առաջինը կրակելու է ռուսական, իսկ երկրորդը` ավստրիական «ստացիոնարները»:467

Հունվարի 19-ին Քարրին զեկուցում էր Սոլսբերիին, որ ի վերջո դեսպանները համաձայնեցին, որ Օսմանյան կայսրության եվրոպական և ասիական նահանգներում բարենորոգումներ մշակելու և իրականացնելու նպատակով անհրաժեշտ է կազմել երկու առանձին միջազգային հանձնաժողովներ:468

Համաժողովի ընթացքում Աբդուլ Համիդը բազմիցս փորձում էր պարզել եվրոպական տերությունների մտադրությունները: Երբ իր դեսպանը Մեծ Բրիտանիայում հերթական անգամ դիմում է բրիտանական կառավարությանն այդ հարցով, Սոլսբերին պատասխանում է, որ «խնդրի միակ հնարավոր և անհրաժեշտ լուծումը կայանում է սուլթանի չափազանց

__________________________________
465 Grenville J.A.S. Op.cit., p. 89.
466 Papadopoulos G.S. Op.cit., p. 103.
467 Նույն տեղում, էջ 111:
468 Նույն տեղում, էջ 103:

[ էջ 425 ]

բռնապետական իշխանության սանձահարման մեջ: Այդ կարծիքին էին եվրոպական տերությունների բոլոր դեսպանները»:469

Օսմանյան կասրության փրկության համար առաջնային նշանակություն ուներ նրա ֆինանսական վիճակը: Ֆինանսական դժվարությունները միշտ կարող էին բերել նրան, որ երկիրն ամբողջապես ընկնի տերությունների ֆինանսական հսկողության տակ: Այդ օրերին Ռուսաստանը բազմիցս նախազգուշացնում էր Բարձր Դռանը Ազգային պարտքի ղեկավարման գործերում յուրաքանչյուր միջամտության անթույլատրելիության մասին:470

Հնարավոր է, որ ռուսական կառավարության խորհուրդները յուրովի հասկանալու պատճառով էր, որ համաժողովի աշխատանքի ընթացքում սուլթանը հրապարակում է 1897 թ. երկրի բյուջեն: Նա հատուկ ցույց էր տալիս 781 հազ. 912-ի ավելցուկ, երբ իրականում գոյություն ուներ 2 մլն. 500 հազ. ֆունտ ստեռլինգի դեֆիցիտ: Նման խաբեբայությունը չէր կարող բարձրացնել թուրքական վարկը: Լավագույն պարագայում կառավարությունը կարող էր բարձրացներ տարեկան եկամուտը ազգային պարտքի հաշվին, կամ էլ ուղղակի պարտք վերցնել տերություններից: Սակայն երկարատև քննարկումներից հետո դեսպանները համաձայնեցին երկրի հասարակական կարծիքն իրենց կողմը գրավելու նպատակով ապահովել քաղաքացիական և զինվորական աշխատավարձի վճարումը: Բացի այդ, նրանք նույնպես որոշեցին ստեղծել Թուրքիայի և տերությունների հավասար ներկայացուցիչներից կազմված հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրեր կայսրության ֆինանսական դրությունը, կազմեր իրական բյուջեն և հսկեր նրա կատարման ընթացքը:471

Տերությունների կողմից Օսմանյան կայսրությանը ֆինանսական օգնություն ցուցաբերելու կապակցությամբ հունվարի 25-ին Սոլսբերին գրում էր Քարրիին. «Չի կարելի համոզված կերպով ասել, որ փոխառությունը կարող է փրկել թուրքական կայսրությունը: Մեծ թվով մարդիկ երկրում թուրքական կայսրությունը պահպանելու ցանկություն չունեն և մենք

__________________________________
469 Նույն տեղում, էջ 103-104:
470 Blaisdell D.C. European Financial Control in the Ottoman Empire. New York, 1929, pp. 100-101.
471 Papadopoulos G.S. Op.cit., p. 104.

[ էջ 426 ]

իրավունք չունենք անտեսելու իրենց կարծիքը, մինչև չկարողանանք ապացուցել, որ փրկում ենք այն, ունենալով ապագայի բարելավված կառավարման երաշխիք»:472

Փետրվարի 2-ին եվրոպական տերությունների դեսպաններն ավարտեցին բարենորոգումների ծրագրի քննարկումը, որը բաղկացած էր ընդամենը յոթ կետից. 1/ գերագույն խորհրդի հիմնադրում. 2/ բարենորոգումների իրագործման նկատմամբ հսկողություն իրականացնող հանձնաժողովի ստեղծում. 3/ հսկողության սահմանում երկրի ֆինանսական գործունեության նկատմամբ. 4/ արդարադատության համակարգի բարելավում. 5/ ոստիկանության աշխատանքի բարեկարգում. 6/ քաղաքապետարանների ստեղծում. 7/ մամուլի իրավունքի սահմանում:473 Սակայն շատ շուտով բարենորոգումների այդ ծրագիրը նույնպես մոռացվեց, քանի որ սկսվեց 1897 թ. հույն-թուրքական պատերազմը, որի ժամանակ եվրոպական տերությունները Բարձր Դռան կողքին հանդես եկան Կրետե կղզու ապստամբների դեմ: Դեսպանները եկան միահամուռ կարծիքի, որ «ներկայիս ճգնաժամի ընթացքում անօգուտ է լինելու պահանջել բարենորոգումների իրականացում»:474

Այդ օրերին Աբդուլ Համիդի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ԱՄՆ դեսպան Ալեքսանդր Տերրելն ասում էր. «Ես իրապես կարծում եմ, որ Ձերդ Կայսերական Մեծությունն անհանգստանալու հատուկ պատճառ չունի, քանի որ Դուք հանդիսանում եք միակ միապետը, որի կայսրության ամբողջականությունը երաշխավորված է մեծ տերությունների կողմից: Ոչ մի տերություն չի պաշտպանում Ֆրանսիայի, Անգլիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Ավստրիայի կամ Իտալիայի տիրույթների ամբողջականությունը, սակայն նրանք բոլորը ոչ միայն ձգտում են պահպանել Ձեր կայսրության ամբողջականությունը, այլև սպանում են Կրետեյում հույն-քրիստոնյաներին` իրենց հավատարմությունն ապացուցելու համար»:475

Եվրոպական տերությունների դիվանագիտական ներկայացուցիչների համաժողովը ցույց տվեց, որ տերությունները չէին պատրաստվում փչացնել առանց այդ էլ լարված

__________________________________
472 Նույն տեղում, էջ 106:
473 Նույն տեղում, էջ 111:
474 Նույն տեղում, էջ 112:
475 Terrell A.W. An Interview with Sultan Abdul Hamid. – The Century Magazine, 1897, vol. 55, p. 136.

[ էջ 427 ]

հարաբերությունները Բարձր Դռան հետ: Սուլթանի ինքնիշխան իրավունքները նվաստացնող պահանջներ ներկայացնելով Աբդուլ Համիդին, նրանք սպառնում էին վերաբացել Հայկական հարցը և այդ միջոցով նոր զիջումներ կորզել նրանից: Իսկ Աբդուլ Համիդը կազմակերպում էր հայ բնակչության նոր կոտորածներ, որոնք դառնում էին առևտրի առարկա եվրոպական դիվանագիտության և Բարձր Դռան միջև: Թուրքիայի հազթանակը Հունաստանի նկատմամբ էլ ավելի բարձրացրեց մահմեդականության ոգին և սուլթանի հեղինակությունը, անհնարին դարձնելով հայկական բարենորոգումների իրականացումը:

Այսպիսով, Թուրքիայում բարենորոգումներ իրագործելու բրիտանական դիվանագիտության վերջին փորձը փաստորեն տապալվեց, ինչը նշանակում էր Մեծ Բրիտանիայի ավանդական մերձավորարևելյան քաղաքականության ավարտը: Միաժամանակ անհաջողությամբ պսակվեցին Ռուսաստանի և Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու բրիտանական դիվանագիտության փորձերը: 1897 թ. սկսած Սոլսբերին հող էր նախապատրաստում Մերձավոր Արևելքում բրիտանական քաղաքականության վերափոխության համար: Նույն թվականի հոկտեմբերին Սոլսբերին գրում էր Քարրիին, որ այսուհետ բրիտանական քաղաքականությունը հանգելու է «մեր դիրքերի ուժեղացմանը Նեղոսում և ամեն տեսակի պարտավորություններից խուսափելուն Կոստանդնուպոլսում»:476

__________________________________
476 Clayton C.D. Op.cit., p. 187.

Լրացուցիչ տեղեկություններ

Տրամադրել է` Արման Կիրակոսյան։
HTML կոդավորում՝ Լինա Քամալյան։

Հեղինակային իրավունքները՝ Արման Կիրակոսյան։
Հրապարակված է հեղինակի թույլտվությամբ։ Առանց հեղինակի թույլտվության արտատպումը կամ հրապարակումը արգելվում է։

Տես նաև

Арман Киракосян — Великобритания и Армянский вопрос
Джон Киракосян — Младотурки перед судом истории

Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice