ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Արման Կիրակոսյան

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐԵՎՄՏԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ


Բովանդակություն   Տիտղոսաթերթ   Առաջաբան
Գլուխ առաջին
   Գլուխ երկրորդ   Գլուխ երրորդ   Գլուխ չորրորդ   Գլուխ հինգերորդ
Ամփոփում   Գրականության ցանկ   Բովանդակություն (ըստ աղբյուրի)


[ էջ 488 ]

ԱՄՓՈՓՈՒՄ

19-րդ դ. սկզբին Մեծ Բրիտանիան դառնում է աշխարհի առաջատար և հզոր արդյունաբերական, առևտրական, գաղութատիրական տերություններից մեկը: Առաջ անցնելով Եվրոպայի մյուս տերություններից տնտեսական զարգացման մակարդակով, Մեծ Բրիտանիան ձգտում էր ամրապնդել իր առևտրաարդյունաբերական գերակշռությունը: Այդ նպատակի իրագործումն ուղեկցվում էր հարաբերությունների սրմամբ մյուս տերությունների հետ: Ձգտելով խոչընդոտել տերությունների գաղութատիրական ծրագրերին, բրիտանական կառավարությունը մշակեց ուժերի հավասարակշռության պահպանման քաղաքականություն, այն է` խուսափել որևէ եվրոպական տերության չափազանց հզորացումից և համապատասխանաբար իրականացնել նրա հանդեպ մերձեցման կամ թշնամության, սատարելու կամ ճնշելու քաղաքականություն:

19-րդ դ. 30-ական թթ. սկսած աստիճանաբար աճում է Մերձավոր Արևելքի և Բալկանյան թերակղզու նշանակությունը եվրոպական տերությունների քաղաքականության մեջ, սրվում նրանց մրցակցությունն Օսմանյան կայսրության նկատմամբ` քաղաքական և տնտեսական ազդեցություն հաստատելու նպատակով: Օսմանյան կայսրությունը գտնվում էր կարևորագույն ռազմավարական և առևտրական ճանապարհների քառուղիներում, որոնց նկատմամբ հսկողություն հաստատած յուրաքանչյուր եվրոպական պետություն կարող էր դառնալ աշխարհի հզորագույն տերություններից մեկը: Նման աշխարհաքաղաքական իրավիճակի ձևավորման արդյունքում Օսմանյան կայսրությունը դարձավ ուժերի հավասարակշռության եվրոպական համակարգի վճռորոշ հանգույցներից մեկը:

Նապոլեոնական Ֆրանսիայի պարտությունից հետո Մեծ Բրիտանիան սկսում է դիտել Ռուսաստանը որպես Եվրոպայում ուժերի հավասարակշռության պահպանմանը վտանգ ներկայացնող պետություն: Դեռևս 18-րդ դ. վերջին ռուս-թուրքական պատերազմների արդյունքում Ռուսաստանի տարածքային ձեռքբերումները սկսում են անհանգստացնել բրիտանական իշխանություններին, վկայել Եվրոպայում նոր հզոր ուժի երևան գալու մասին: Ռուսաստանի նոր հաջողությունները 1826-1828 թթ. ռուս-պարսկական և, հատկապես, 1828-

[ էջ 489 ]

1829 թթ. ռուս-թուրքական պատերազմների ընթացքում էլ ավելի սրեցին Մեծ Բրիտանիայի մտահոգությունը: Բրիտանական կառավարության հակառուսական դիրքորոշումը վերջնականապես ձևավորվեց 1833 թ. Ունքյար-Իսքելեսիի ռուս-թուրքական պայմանագրի ստորագրումից հետո, որի համաձայն, կողմերը պարտավորվում էին մշտապես խորհրդակցել փոխադարձ անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ, ինչպես նաև օգնել միմյանց երրորդ տերության հարձակման դեպքում:

Օսմանյան կայսրության նկատմամբ բրիտանական նոր արտաքին քաղաքական գծի մշակումն ու ձևավորումը համընկավ արտգործնախարար, իսկ հետագայում վարչապետ Փալմերսթոնի գործունեության հետ: Մերձավորարևելյան ուղղությունը նա համարում էր բրիտանական արտաքին քաղաքականության առաջնային և կարևորագույն խնդիրներից մեկը: Սկսած 30-ական թթ. Մեծ Բրիտանիան հանդես է գալիս Օսմանյան կայսրության տարածքային ամբողջականության պահպանման օգտին: Փալմերսթոնի մերձավորարևելյան քաղաքականությունը հետապնդում էր հետևյալ հիմնական նպատակները. ա/ թույլ չտալ Ռուսաստանի նոր միջամտություն և վերացնել Օսմանյան կայսրության հանդեպ հովանավորության հրա իրավունքը. բ/ ուժեղացնել Մեծ Բրիտանիայի քաղաքական և տնտեսական ազդեցությունը Օսմանյան կայսրության հանդեպ, ապահովել նրա կախվածությունը բրիտանական իշխանություններից. գ/ ապահովել ռազմական, տնտեսական, իրավական բնույթի, քրիստոնյա ժողովուրդների իրավունքներին վերաբերող բարենորոգումների իրագործումը կայսրությունում: Թուրք պետական գործիչները հիմնականում ընդունեցին այդ առաջարկները, ենթադրելով, որ դաշինքն աշխարհի հզորագույն պետության հետ և բարենորոգումների իրագործումն առաջին քայլն է կայսրության գոյության, պահպանման և եվրոպականացման ճանապարհին:

Էթնիկական տեսակետից Օսմանյան կայսրությունն իրենից ներկայացնում էր սոցիալ-տնտեսական և քաղաքական տարբեր մակարդակների վրա գտնվող, մշակութային ու կրոնադավանական զանազան ընդհանրություններին պատկանող 60-ից ավելի ազգերի ու ցեղերի խառնարան: Քրիստոնյա ժողովուրդների տնտեսական դիրքերի ամրապնդումը, ազգային ինքնագիտակցության զարթոնքն ու եվրոպական տերությունների ճնշման ուժեղացումն անհնարին դարձրին սուլթանական իշխանությունների կողմից տարվող կայսրության համընդհանուր մահմեդականացման քաղաքականությունը: Թանզիմաթի առաջին շրջանը նշանավորվեց կայսրության քրիստոնյա հպատակների իրավիճակի

[ էջ 490 ]

հանդեպ նոր գաղափարների ծնունդով: Բարենորոգումների հեղինակ Ռեշիդ փաշան առաջ քաշեց կայսրության բոլոր հպատակների, առանց բացառության, կյանքի, ունեցվածքի և պատվի երաշխիքների ապահովման գաղափարը: Մինչև Ղրիմի պատերազմի սկիզբը կայսրությունում տարածում ստացավ բոլոր հպատակների միասնականության գաղափարը, որը հետզհետե սկսեց օգտագործվել որպես կայսրության թշնամիների և, առաջին հերթին, Ռուսաստանի դեմ երկրի բնակչության համախմբված պայքարի միջոց:

Բրիտանական դիվանագիտությունը լիովին պաշտպանեց և նպաստեց օսմանյան պետական գործիչների բարենորոգչական ծրագրերի իրականացմանը, մասնավորապես ազգային հարցում: Նրա մտահղացմամբ, միայն բարենորոգումների իրագործման միջոցով կարելի էր կանխել ազգային ազատագրական շարժումների աճը, կայսրության քրիստոնյա հպատակների ձգտումը` թոթափել օսմանյան լուծը Ռուսաստանի օգնությամբ: 1840-ական թթ. վերջին բրիտանական կառավարությունը մշակում և Բարձր Դռանն է ներկայացնում կայսրության քրիստոնյա բնակչության իրավիճակի բարելավման հետ առնչվող ծրագիր, որն արտահայտում էր ոչ միայն Մեծ Բրիտանիայի, այլև մյուս արևմտաեվրոպական տերությունների քաղաքականությունը, որը կայանում էր Օսմանյան կայսրության ճնշված քրիստոնյա բնակչության իրավունքների պաշտպանության նախաձեռնությունը Ռուսաստանի ձեռքից առնելու մեջ:

Ղրիմի պատերազմի նախօրյակին աննախադեպ սրվեց Արևելյան հարցը` Օսմանյան կայսրության հետ եվրոպական տերությունների ու Ռուսաստանի հարաբերություններին, թուրքական տիրապետության դեմ ճնշված ժողովուրդների ազատագրական պայքարի հաշվին ռազմաքաղաքական և տնտեսական առավելությունների հասնելու նրանց մրցապայքարին վերաբերող հիմնախնդիրների ամբողջությունը, որը դարձավ եվրոպական տերությունների մերձավորարևելյան քաղաքականության առանցքը: Իրենց յուրահատուկ շահերի հետ մեկտեղ Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային և Ավստրիային միավորում էր երկու հիմնական խնդիր` բարենորոգումների միջոցով ապահովել Օսմանյան կայսրության ռազմաքաղաքական ու տնտեսական հզորացումը և կանխարգելել քրիստոնյա հպատակների ազատագրական շարժումները:

1850-1853 թթ. բրիտանական դիվանագիտությունը և սուլթանական իշխանությունները համագործակցում էին կայսրության ոչ թուրք հպատակների ազատագրական շարժումների ճնշման խնդրում: Մեծ Բրիտանիան պահանջում էր Բարձր Դռնից պատժիչ միջոցներ

[ էջ 491 ]

կիրառել կայսրության այս կամ այն հատվածում ծագող հակաթուրքական ելույթները ճնշելու համար` Ռուսաստանի դիվանագիտական միջամտությունը կանխելու նպատակով: Հետզհետե աճում է բրիտանական հյուպատոսների դերն Օսմանյան կայսրության գավառներում: Այդ պաշտոններին նշանակվում էին չափազանց գործունյա և կարող անձնավորություններ, որոնք շատ դեպքերում ձեռք էին բերում զգալի հեղինակություն և ազդեցություն` նպատակ ունենալով հսկել բարենորոգումների իրագործումը տեղերում:

1853 թ. սկզբին Ռուսաստանի և Բրիտանիայի միջև սկսվում է ակտիվ քաղաքական երկխոսություն Օսմանյան կայսրության ապագայի և քրիստոնյա հպատակների իրավիճակի վերաբերյալ: Բրիտանական կառավարությունը հրաժարվում է Ռուսաստանի առաջարկից` համաձայնության գալու Օսմանյան կայսրության հնարավոր փլուզման դեպքում, և միաժամանակ զգուշացնում, որ չի հանդուրժելու սուլթանին հարկադրող որևէ քաղաքականություն:

Ղրիմի պատերազմի ողջ ընթացքում բրիտանական դիվանագիտությունն ակտիվորեն զբաղվում էր Օսմանյան կայսրության քրիստոնյա հպատակների դրությունը բարելավելու և անհրաժեշտ բարենորոգումների գործընթացը եվրոպական բոլոր տերությունների հսկողության տակ դնելու խնդիրներով: 1856 թ. Փարիզի վեհաժողովի նախօրյակին հրապարակվեց կայսրության փոքրամասնությունների արտոնություններին և իրավունքներին, ֆինանսական, հարկային, իրավական և ոստիկանության համակարգերի բարենորոգումներին վերաբերող սուլթանի շնորհագիրը` Հաթթը Հումայունը: Օգտագործելով այդ հանգամանքը, բրիտանացի դիվանագիտները պնդեցին ձևակերպել պայմանագրում այն միտքը, որ տերությունները այսուհետ իրավունք չունեն, միասնաբար կամ առանձին, միջամտել կայսրության ներքին գործերին:

Թեև Փարիզի պայմանագրում հատուկ հիշատակում չկար Արևմտյան Հայաստանի մասին, սակայն այն անմիջականորեն վերաբերում էր արևմտահայության հետագա ճակատագրին: Պարտություն կրելով պատերազմում, ռուսական բանակն այնուամենայնիվ հաղթանակ էր տարել Կովկասյան ռազմաճակատում, գրավել Կարսն ու հայաշատ այլ շրջաններ: Ռուսաստանի ռազմական հաջողություններն ի ճիգ դարձվեցին Փարիզում, հիմնականում բրիտանական կառավարության քաղականության շնորհիվ: Ղրիմի պատերազմի արդյունքում բրիտանական դիվանագիտությունն էլ ավելի ամրապնդեց իր դիրքերն Օսմանյան կայսրությունում, սահմանափակելով իր գլխավոր հակառակորդի`

[ էջ 492 ]

Ռուսաստանի մերձավորարևելյան քաղաքականությունը: Թեև Օսմանյան կայսրությունը ձևականորեն հայտնվեց պատերազմում հաղթանակած երկրների շարքում, այդուհանդերձ չկարողացավ լուծել իր առջև ծառացած լուրջ քաղաքական և տնտեսական դժվարությունները: Էլ ավելի մեծացավ երկրի կախվածությունն արևմտյան տերություններից, ուժեղացավ իշխանությունների ճնշումը քրիստոնյա փոքրամասնությունների հանդեպ, նոր թափ ստացան ազգային ազատագրական շարժումները:

1850-60-ական թթ. ընթացքում բրիտանական դիվանագետները փորձում էին համոզել սուլթանական իշխանություններին իրականացնել Հաթթը Հումայունում խոստացված բարենորոգումները, բարելավել ոչ թուրք ժողովուրդների դրությունը, հավասարեցնել մահմեդական և քրիստոնյա հպատակների իրավունքները, համոզված լինելով, որ, հակառակ դեպքում, Օսմանյան կայսրությանը սպառնում է մասնատում, նրա փլատակների վրա անկախ պետությունների ստեղծում, որոնք անմիջապես կհայտնվեն Ռուսաստանի ազդեցության ոլորտում: Մեծ Բրիտանիան ողջունեց բարեփոխումների շրջանի թուրք գործիչներ Ալի փաշայի և Ֆուադ փաշայի կողմից մշակված ձուլման կամ օսմանիզմի գաղափարախոսությունը, որի համաձայն, կայսրության բոլոր բնակիչները` անկախ նրանց ազգային կամ կրոնական պատկանելիությունից, հռչակվում էին օսմանյան պետության հպատակներ` օսմանցիներ, զրկելով ոչ թուրք ժողովուրդներին իրենց ազգային ինքնությունից:

Մեծ Բրիտանիան շարունակում էր աջակցել Բարձր Դռանը` ազգային ազատագրական շարժումների դեմ իր մղած պայքարում: Բրիտանական կառավարությունը ֆինանսական և բարոյական աջակցություն ցուցաբերեց Օսմանյան կայսրությանը Հերցեգովինայի և Զեյթունի ապստամբությունների ճնշման, իտալացի հեղափոխականների ակտիվությունը Բալկաններում կանխարգելելու, ինչպես նաև Չեռնոգորիայի հետ պատերազմում շահելու հարցերում: Բրիտանացի դիվանագետներին հետզհետե սկսում է անհանգստացնել թուրք իշխանությունների կողմից հայ բնակչության հանդեպ, մասնավորապես, Զեյթունում և Դիաբեքիրում իրագործվող հալածանքը, ինչը նույնպես կարող էր դառնալ Ռուսաստանի միջամտության առիթ:

Գլադստոնի կառավարման օրոք (1868-1874 թթ.) Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականության առաջնային նպատակն է դառնում Եգիպտոսի և Սուեզի ջրանցքի

[ էջ 493 ]

նկատմամբ անմիջական հսկողության հաստատումը, ինչը հակասության մեջ էր մտնում Օսմանյան կայսրության տարածքային ամբողջականության պահպանման բրիտանական դիվանագիտության հիմնական սկզբունքի հետ: Դրանով է բացատրվում այդ ընթացքում Բրիտանիայի անտարբեր վերաբերմունքը Օսմանյան կայսրության ներքին խնդիրների` բարենորոգումների իրագործման, քրիստոնյա բնակչության ծանր կացության հանդեպ, թեև բրիտանական հյուպատոսները շարունակում էին ուսումնասիրել և տեղեկություններ հաղորդել կայսրության արևելյան վիլայեթներում քրիստոնյա բնակչության և, հիմնականում, հայերի հանդեպ կիրառվող, հետզհետե սաստկացող ճնշումների մասին:

Սուլթանական իշխանությունների քաղաքական, տնտեսական և ազգային ճնշումների հետևանքով 1875 թ. հունիսին Բոսնիայում և Հերցեգովինայում ծագած հզոր հակաթուրքական ապստամբությունն առաջացրեց խորը միջազգային ճգնաժամ: Օսմանյան կայսրության փլուզման և նրա փլատակների վրա նոր, ռուսամետ դիրքորոշում ունեցող պետությունների առաջացման վտանգը վերածվեց եվրոպական դիվանագիտության սուր մրցակցության խնդրի, որը սպառնում էր պատերազմի մեջ ներքաշել ողջ Եվրոպան: Բարենորոգումների անցկացման վերաբերյալ սուլթանական իշխանությունների բոլոր խոստումները մնացին չիրագործված: Մեծ Բրիտանիայի պնդմամբ 1856 թ. Փարիզի վեհաժողովում եվրոպական տերություններին տրված քրիստոնյա ժողովուրդներին հովանավորելու իրավունքը նրանց կողմից օգտագործվեց միմիայն Ռուսաստանի քաղաքականության սահմանափակման նպատակով:

1874-1880 թթ. Մեծ Բրիտանիայում իշխանության գլուխ էր կանգնած պահպանողական կուսակցության ղեկավար Դիզրայելին: Բալկանյան ապստամբության սկզբնական շրջանում բրիտանական դիվանագիտությունն այն կարծիքին էր, որ Բարձր Դուռն իր սեփական ուժերով պետք է լուծի ապստամբների հարցը: Սակայն երբ Ռուսաստանը, Ավստրո-Հունգարիան և Գերմանիան պայմանավորվեցին համատեղ դիվանագիտական քայլեր ձեռնարկել բալկանյան խնդրում, բրիտանական կառավարությունը սկսեց որոնել տերությունների համատեղ գործողությունների այնպիսի ձևեր, որոնք չկապեին նրան որոշակի պարտավորություններով: Մի կողմից Դիզրայելիին ձեռնտու չէր բալկանյան խնդրի խաղաղ կարգավորումը, սակայն մյուս կողմից նա չէր կարող հաշվի չառնել Մեծ Բրիտանիայի և ընդհանրապես Եվրոպայի հասարակական կարծիքը, որը տերությունների կառավարություններից պահանջում էր խնդրի շուտափույթ լուծում:

[ էջ 494 ]

Միաժամանակ Գլադստոնի կողմից ղեկավարվող ուժեղ ընդդիմադիր լիբերալ կուսակցությունը շատ արագ էր արձագանքում պահպանողականների սխալներին, հարցերն անմիջապես ներկայացնելով խորհրդարանի քննարկմանը:

1876 թ. վերջին Դիզրայելին Փարիզի պայմանագիրը ստորագրած պետություններին առաջարկեց հրավիրել համաժողով Կոստանդնուպոլսում` Արևելյան հարցի քննարկման նպատակով: Միաժամանակ բրիտանական դիվանագիտությունը ձգտում էր ամեն ինչ անել, որպեսզի սուլթանական կառավարությունը մերժի տերությունների բոլոր առաջարկները: Նման քաղաքականության միջոցով բրիտանական դիվանագիտությունը փորձում էր պատերազմի մեջ ներքաշել Ռուսաստանն ու Օսմանյան կայսրությունը` նոր գաղութային տարածքներ ձեռք բերելու, Մերձավոր Արևելքում հզոր քաղաքական և տնտեսական ազդեցություն հաստատելու հեռանկարով:

1875-1878 թթ. ընթացքում, թուրքական իշխանությունների կողմից արևմտահայության հանդեպ իրագործվող ճնշման քաղաքականության ուժեղացմանը զուգընթաց, մեծանում է բրիտանական դիվանագիտության հետաքրքրությունը Օսմանյան կայսրության արևելյան վիլայեթներում տիրող իրավիճակի, քրիստոնյա բնակչության դրության նկատմամբ: Եթե մինչ այդ բրիտանական դիվանագիտական փաստաթղթերում հիմնականում տեղ էին գտնում Լիբանանի քրիստոնյաների կամ սլավոնների կացությանը, Բարձր Դռան և տեղական իշխանությունների կողմից մրանց հանդեպ կիրառվող քաղաքականությանը վերաբերող նյութեր, ապա սկսած 70-ական թթ. կեսերից արևմտահայության վիճակը և նրա նկատմամբ արդեն իսկ որոշակի քաղաքականություն դարձած թուրք պաշտոնյաների և քուրդ ֆեոդալակամ վերնախավի ճնշումները, հարստահարությունները, հրկիզումներն ու սպանությունները դառնում են բրիտանացի դիվանագետների ուշադրության առարկա: Նման հետաքրքրության պատճառը կայանում էր նրանում, որ բրիտանացի դիվանագետների գնահատմամբ, Արևմտյան Հայաստանն ուներ ռազմավարական կարևորագույն նշամակություն, որի գրավումը Ռուսաստանի կողմից կարող էր մեծագույն վնաս հասցնել Բրիտանական կայսրության շահերին:

Ստանալով Սան-Ստեֆանոյի ռուս-թուրքական հաշտության պայմանագրի տեքստը, բրիտանական կառավարությունն անհապաղ միջոցների դիմեց` Ռուսաստանին զրկելու Թուրքիայի հանդեպ տարած ռազմական հազթանակի պտուղներից: Դիզրայելին առաջարկեց նույնիսկ դիմել զենքի, բրիտանական ռազմանավերը ուղղություն վերցրին դեպի

[ էջ 495 ]

Մարմարա ծով, երկրում հայտարարվեց մասնակի զորահավաք: Ստեղծված ոչ նպաստավոր պայմաններում Ռուսաստանը հարկադրված էր ստորագրել համաձայնագիր, որով նա հրաժարվեց Արևմտյան Հայաստանում իր գրաված Բայազետ քաղաքից և Ալաշկերտի դաշտից: Բացի այդ, Արևմտյան Հայաստանում բարենորոգումների հարցով զբաղվելու էր ոչ միայն Ռուսաստանը, այլև Մեծ Բրիտանիան: Բրիտանական կառավարությանը հաջողվեց նաև գաղտնի պայմանագիր պարտադրել Բարձր Դռանը, որի համաձայն Մեծ Բրիտանիան գրավում էր Կիպրոս կղզին` փոխարենը պարտավորվելով վերադարձնել պատերազմի ընթացքում Ռուսաստանի գրաված հայկական տարածքները, ինչպես նաև պաշտպանել Օսմանյան կայսրության տարածքային ամբողջականությունն ու շահերը:

1878 թ. Բեռլինի վեհաժողովում Մեծ Բրիտանիայի պատվիրակությունն օգտագործեց Հայկական հարցը սոսկ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով: Նրան հաջողվեց Սան-Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածը փոխարինել Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածով, որը նշանակում էր զրկել Ռուսաստանին Արևմտյան Հայաստանի խնդիրների լուծման մենաշնորհի իրավունքից: Եթե 16-րդ հոդվածի համաձայն ռուսական զորքի ներկայությունը Արևմտյան Հայաստանում կարող էր հանդիսանալ բարենորոգումների իրագործման իրական երաշխիք, ապա 61-րդ հոդվածից չէր երևում, թե ինչպես են Եվրոպայի տերություններն հսկողություն իրականացնելու Բարձր Դռան կողմից ձեռնարկված միջոցառումների հանդեպ: Սան-Ստեֆանոյի պայմանագրում հիշատակվում էր Հայաստան անվանումը, իսկ Բեռլինի դաշնագրում խոսվում էր միայն հայաբնակ մարզերի մասին: Մեծ Բրիտանիայի քաղաքականությունն ընդհանրապես խուսափում էր Հայաստան աշխարհագրական անվանման օգտագործումից` ապագայում նույնիսկ ինքնավար շրջանի ստեղծումը բացառելու նպատակով: Օգտվելով բրիտանական քաղաքականության բարենպաստ դրսևորումներից, 61-րդ հոդվածի ոչ հստակ, հեղհեղուկ ձևակերպումներից, անմիջապես Բեռլինի վեհաժողովից հետո սուլթան Աբդուլ Համիդը որդեգրեց հակահայկական քաղաքականություն` վարչական միավորների վերաձևման և հայ բնակչության ֆիզիկական բնաջնջման միջոցով ՙհայաբնակ շրջաններ՚ հասկացությունը վերացնելու նպատակով:

19-րդ դ. 70-ական թթ. վերջին և 80-ական թթ. սկզբին բրիտանական դիվանագիտությունը զգալի եռանդ ցուցաբերեց հայկական բարենորոգումների հարցում: Մեծ Բրիտանիայի կառավարության նախաձեռնությամբ 1880 թ. եվրոպական

[ էջ 496 ]

տերությունները հայտագրեր ներկայացրին սուլթանական կառավարությանը` պահանջելով անհապաղ իրագործել բարենորոգումների վերաբերյալ ստանձնած իր պարտավորությունները: Մեծ Բրիտանիայի շահագրգիռ քաղաքականությունը Հայկական հարցում պայմանավորված էր Ռուսաստանին Արևմտյան Հայաստանից հեռու պահելու, ինչպես նաև Բարձր Դռան վրա մշտական ճնշում գործադրելով Եգիպտոսի գրավմանը հասնելու ձգտումով: 1882 թ. իրեն օգտին լուծելով Եգիպտական հարցը, 1880-ական թթ. երկրորդ կեսին բրիտանական կառավարությունը թուլացրեց իր քաղաքականությունը Հայկական հարցում, թեպետ Արևմտյան Հայաստանը շարունակում էր մնալ բրիտանական դիվանագիտության սևեռուն ուշադրության կենտրոնում:

1890-ական թթ. սկսած հակահայկական քաղաքականության սաստկացման կապակցությամբ Մեծ Բրիտանիայի կառավարությունը կրկին սկսեց եռանդուն կերպով հանդես գալ բարենորոգումների օգտին: Սակայն բրիտանական դիվանագիտության ձևական բողոքներն ու սպառնալիքները, Մեծ Բրիտանիայի հանրային կարծիքի ընդվզումը չկարողացան կանխել 1894-1896 թթ. Օսմանյան կայսրության բնակչության կոտորածները: 1894 թ. Սասունի իրադարձությունները բողոքի ալիք բարձրացրին Մեծ Բրիտանիայում: Հասարակական կարծիքը մեղադրում էր բրիտանական կառավարությանը հայերի ողբերգության նկատմամբ անտարբերության և մեղսակցության մեջ: Ռոզբերիի լիբերալ կառավարությունը ստիպված էր միանալ եվրոպական տերությունների համատեղ գործողություններին` ի պաշտպանություն արևմտահայերի, պահանջելով Բարձր Դռնից հատուկ հանձնաժողով ստեղծել Սասունի ջարդը հետաքննելու համար: 1895 թ. սկզբին լիբերալ կուսակցությունը որպես խորհրդարանական ընտրությունների կարգախոս առաջ քաշեց հայկական բարենորոգումների և հայերի ազատագրության խնդիրը, իսկ Գլադստոնը ծավալեց հակասուլթանական քարոզչություն` պահանջելով Մեծ Բրիտանիայի անհապաղ միջամտությունը հայկական բարենորոգումների իրականացմանը:

1895 թ. ապրիլին բրիտանական կառավարությունը մշակեց բարենորոգումների նախագիծ, համաձայն որի Արևմտյան Հայաստանին փաստորեն տրվում էր ինքնավարություն` եվրոպական տերությունների հովանու ներքո: Մայիսին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ռուսաստանը Բարձր Դռանը ներկայացրին բարենորոգումների փոքր-ինչ ձևափոխված բրիտանական նախագիծը, որը սուլթանն այդպես էլ չիրագործեց: Հունիսին բրիտանական կառավարությունը քննարկեց Օսմանյան կայսրության դեմ

[ էջ 497 ]

նավատորմ օգտագործելու հնարավորությունը, սակայն որևէ որոշակի եզրակացության չհանգեց: Ռոզբերիի կառավարության անվճռական դիրքորոշումը Հայկական հարցում դարձավ նրա հրաժարականի պատճառը:

Բրիտանական հասարակայնությունը մեծ հույսեր էր կապում Սոլսբերիի պահպանողական կառավարության իշխանության գալու հետ` հավատացած, որ նա ելք կգտնի դուրս գալու մերձավորարևելյան ճգնաժամից և վերջ կտա սուլթանական կառավարության հակահայկական քաղաքականությանը: Մի կողմից` բրիտանական կառավարության շահերը պահանջում էին պաշտպանել Օսմանյան կայսրության ամբողջականությունը, մյուս կողմից` առանց Ռուսաստանի աջակցության ու եվրոպական մյուս տերությունների համաձայնության Մեծ Բրիտանիան արդյունքի հասնել չէր կարող: Սոլսբերին ուղղեց իր ամբողջ ջանքերը Հայկական հարցում անգլո-ռուսական համագործակցություն հաստատելու նպատակին: Հմտորեն քաղարկելով Հայկական հարցում իր քաղաքականության իրական իմաստը` բրիտանական կառավարությունը փորձում էր մերթ Գերմանիայի, մերթ Ռուսաստանի հետ մերձեցմամբ օգտագործել այն իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում ընդլայնելու համար:

1895 թ. սեպտեմբերի Կոստանդնուպոլսի հայկական կոտորածների ժամանակ բրիտանական դիվանագետները բավականին եռանդ ցուցաբերեցին` հետագա ջարդը կանխելու համար: Սակայն ո°չ հայտագրերը, ո°չ էլ բրիտանական խորհրդարանում Թուրքիայի դեմ հնչող ելույթները շոշափելի դրական արդյունք չտվեցին` կոտորածները տարածվեցին նաև կայսրության շրջաններում: 1895 թ. վերջում Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարեց, որ որևէ մեղք չունի Հայկական հարցում ստեղծված բարդ իրավիճակի համար և հանդես է գալիս միմիայն հօգուտ տերությունների համատեղ գործողությունների: Արևմտահայերի ողբերգությունը վերջնականապես ի դերև հանեց բարենորոգումները վերահսկելու բրիտանական կառավարության հույսերը:

Բրիտանական կառավարության և հասարակական շրջանակների հետաքրքրությունը Հայկական հարցի հանդեպ վերստին ուժեղացավ 1896 թ. աշնանը տեղի ունեցած հայկական կոտորածների նոր ալիքի կապակցությամբ: Հոկտեմբերին Սոլսբերին դիմեց եվրոպական տերությունների կառավարություններին` հիմնավորելով համատեղ քայլերի անհրաժեշտությունը Հայկական հարցում և առաջարկեց հրավիրել տերությունների համաժողով` մերձավորարևելյան ճգնաժամը վերջնականապես կարգավորելու նպատակով:

[ էջ 498 ]

Շուտով Կոստանդնուպոլսում գումարված տերությունների դեսպանների համաժողովը մշակեց նոր նախագիծ հայկական բարենորոգումների համար, սակայն այն նույնպես մոռացության տրվեց` սկսված հույն-թուրքական պատերազմի պատճառով:

20-րդ դ. սկզբին բրիտանական դիվանագիտությունը հրաժարվեց որևէ միջամտությունից Հայկական հարցում, վախենալով արագացնել Փոքր Ասիայի մասնատման գործընթացը, որը կարող էր ավարտվել ոչ իր օգտին, և, դեռևս հույս ունենալով, որ թուրքական իշխանությունները կփորձեն բարենորոգումների միջոցով բարելավել իրավիճակը հայկական շրջաններում: Սակայն երիտթուրքական կառավարությունը ոչ միայն չէր պատրաստվում իրականացնել որևէ բարենորոգումներ երկրի արևելյան շրջաններում, այլև հրահրում էր ազգամիջյան թշնամանք, սատարում և քաջալերում տեղական իշխանությունների անօրինականությունները, հայերին պատկանող հողատարածքների բռնագրավումը, Բալկաններից գաղթաց փախստականների բնակեցումը, քրդական ջոկատների ավերիչ հարձակումները հայկական բնակավայրերի վրա, հայկական բնակչության թալանն ու կոտորածները:

Թուրքիայի պարտությունն առաջին Բալկանյան պատերազմում միայն անուղղակիորեն էր շոշափում Մեծ Բրիտանիայի շահերը: Նրա համար ամենամեծ վտանգը կարող էր լինել Ռուսաստանի հաջողությունը Արևմտյան Հայաստանում, որը կսպառնար բրիտանական քաղաքական և տնտեսական նկրտումներին Մերձավոր և Միջին Արևելքում: Տերությունների միջև ստեղծված ոքւժերի հավասարակշռության պայմաններում Թուրքիայի արևելյան շրջանների տարածքային ամբողջականության պահպանումը համապատասխանում էր Մեծ Բրիտանիայի շահերին: Հենց այդ դիրքերից էր բրիտանական կառավարությունը մոտենում այդ ընթացքում Ռուսաստանի կողմից արծարծված հայկական բարենորոգումների հարցի քննարկմանը, ձգտելով առավելագույնս օգտագործել այդ բանակցությունները իր նպատակների համար:

1914 թ. ռուս-թուրքական համաձայնագիրը բարենորոգումների վերաբերյալ լավատեսորեն ընդունվեց բրիտանական կառավարության կողմից, քանի որ այն իրական հնարավորություն էր ստեղծում բարենորոգումներն իրագործելու համար և, որ շատ ավելի կարևոր էր, ոչ Գերմանիային, ոչ էլ Ռուսաստանին առանձնակի առավելություններ չէր ապահովում Օսմանյան կայսրության այդ շրջաններում, այսինքն չէր հակասում Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականության շահերին: Սակայն հայկական

[ էջ 499 ]

բարենորոգումների այդ ծրագիրը նույնպես մնաց թղթի վրա: Առաջին համաշխարհային պատերազմը սկսելուն պես երիտթուրքական կառավարությունը չեղյալ հայտարարեց ռուս-թուրքական համաձայնագիրը: Նոյեմբերի սկզբին, այդպես էլ չկարողանալով ապահովել երիտթուրքական կառավարության չեզոքությունը պատերազմում, Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատերազմ հայտարարեց Թուրքիային:

Այսպիսով, 1830-ական – 1914 թթ. ընթացքում բրիտանական դիվանագիտությունը հաջողությամբ իրականացրեց Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից իր առջև դրված Կոստանդնուպոլիսը, նեղուցներն ու Արևմտյան Հայաստանը Ռուսաստանից պաշտպանելու գերխնդիրը, սակայն այդպես էլ չկարողացավ կյանքի կոչել հայկական բարենորոգումների ծրագրերն ու ապահովել արևմտահայության անվտանգությունը գալիք աշխարհամարտի ընթացքում: 1915 թ. գարնանը, օգտվելով պատերազմի ընձեռած հնարավորությունից, երիտթուրքական կառավարությունը կազմակերպեց և իրագործեց արևմտահայերի տեղահանությունն ու ջարդը, իր համար վերջնականապես «լուծելով» հայկական բարենորոգումների և ընդհանրապես արևմտահայության հարցը: Մեծ Բրիտանիայում բարձրացավ զայրույթի և բողոքի հսկայական ալիք, սակայն այս անգամ բրիտանական դիվանագիտությունը հնարավորություն չունեցավ միջամտելու այլևս նոր բնույթ և բովանդակություն ստացած Հայկական հարցին:

 

Լրացուցիչ տեղեկություններ

Տրամադրել է` Արման Կիրակոսյան։
HTML կոդավորում՝ Լինա Քամալյան։

Հեղինակային իրավունքները՝ Արման Կիրակոսյան։
Հրապարակված է հեղինակի թույլտվությամբ։ Առանց հեղինակի թույլտվության արտատպումը կամ հրապարակումը արգելվում է։

Տես նաև

Арман Киракосян — Великобритания и Армянский вопрос
Джон Киракосян — Младотурки перед судом истории

Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice